Ամառ առանց այգաբացի - Գլուխ 17

Գրապահարան-ից
13:29, 21 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 16 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 18 ▶


Հակոբի մեքենայի աղմուկը խախտեց մեծ գյուղի պես քուն մտած Հարբիյե թաղի անդորրը։

Մարոյի ծոծրակն այրվում էր Վարդանի ձեռքի տակ։ Նա դեմքը թաքցրել էր ամուսնու կրծքին։ Երրորդ մարդու ներկայությունը նրանց հնարավորություն էր տալիս լռելու։ Ամեն դեպքում թե՛ մեկը, թե՛ մյուսը չէին գտնում այն բառերը, որոնք կհամապատասխանեին այդ պահին։ Վարդանի փաղաքշող ձեռքը Մարոյի պարանոցին արդեն շատ էր, և նրանք սկսել էին հասկանալ, որ իրենց վերամիավորումը ավելի բարդ էր ընթանալու, քան կարծել էին։

Մեքենան կանգ առավ մի նեղ փողոցում, որը գտնվում էր թաղի հենց սրտում և ուր Վարդանը մեկ ամիս առաջ բնակարան էր վարձել։ Հակոբին հրաժեշտ տալուց և իրենց երախտագիտությունը հայտնելուց հետո նրանք հայտնվեցին դատարկ մայթին՝ գազի լապտերի լույսի տակ։ Միայն այդ ժամանակ նրանք պարզորոշ տեսան միմյանց։ Վարդանը պահել էր Մարոյի ճամպրուկը։ Մարոյին նա ծերացած թվաց և ավելի գեղեցիկ։ Նրա քունքերը ճերմակել էին, աչքերի անկյուններում կնճիռներ էին հայտնվել, ճակատը մի քիչ բացվել էր, և դեմքի նիհարությունն ընդգծում էր նրա դիմագծերի առնականությունը։ Նրա հայացքը մեղմացել էր և բարիացել, իսկ այդ հատկանիշները պակասում էին նրան երիտասարդ տարիքում։ Մինչդեռ անցել էր ընդամենը չորս տարի։ Մարոն զգաց, որ իր կոկորդը սեղմվում էր։

— Թովմասը...— սկսեց նա անվստահ ձայնով։

— Գիտեմ։

Նա այդ բառերն արտասանեց հանգիստ ձայնով, ձեռքով նշան անելով, որ Մարոն չշարունակեր։ Նա ուզում էր նայել Մարոյին, քանի դեռ բառերը չէին ներխուժել իր զգացմունքների մեջ։ Նա մոռացել էր Մարոյի նրբին տեսքը, որը միշտ ցանկություն էր առաջացնում նրան պաշտպանելու, և հիմա զարմանում էր, որ նա կարողացել էր դիմանալ տեղահանության սարսափներին, որոնց շատ ավելի ամուր տղամարդիկ և կանայք չէին վերապրել։ Նրա խիստ հայացքը և աչքերում ընթերցվող լուռ տառապանքը է՛լ ավելի ցայտուն էին դարձնում նրա գեղեցկությունը։ Վարդանն ուզեց նրան գրկել և համբուրել, սակայն ինչ-որ կաշկանդվածություն, որի պատճառը միգուցե Մարոյի զուսպ կեցվածքն էր, նրան խանգարեց այդ բանն անելու։

Շփոթմունքը քողարկելու համար նա ասաց.

— Ես գտել եմ Մերձավոր Արևելքի բոլոր մանկատների ցուցակը և սկսել եմ նրանց գրել Թովմայի կապակցությամբ։

— Նա ողջ է, ես դա զգում եմ իմ ողջ էությամբ,— բացականչեց Մարոն դողալով։— Մենք նրան կգտնենք։

— Այո, մենք նրան կգտնենք։

Վարդանը Մարոյին իրեն հետևելու նշան արեց, ներս գնաց և սկսեց բարձրանալ նեղ սանդուղքով։ Գիշերային նավթավառը լուսավորում էր միայն աստիճանավանդակը, մինչդեռ սանդուղքը մնում էր ստվերում։ Մարոն, ծանրաքայլ, մագլցեց աստիճաններով։ Արաբական տարազի լայն շրջազգեստը քողարկում էր նրա մարմինը, և նա ավելի փոքր էր թվում, քան կար։ Հասնելով աստիճանավանդակին՝ Վարդանը ձեռքը դրեց Մարոյի ուսին և ստիպեց նրան շրջվել, նա փորձեց համբուրել նրան, սակայն ապարդյուն, քանի որ Մարոն փարվել էր իրեն՝ դեմքը թաքցնելով նրա կրծքին։

— Հավատս չի գալիս, որ սա երազ չէ,— մրմնջաց նա։— Իսկապես դու ես...

Նա քիչ էր մնում ասեր, որ ինքր ճանաչեց Վարդանի հոտը, սակայն համարեց, որ դա անպատեհ կլիներ, չափից ավելի մտերմիկ։ Նույն վստահալից տոնով ավելացրեց.

— Ես համարյա թե հույսս կորցրել էի։

— Ես քեզ փնտրել եմ անդադար, Մարո։ Ես Գալստյանի այրուց իմացա, որ քեզ և Թովմային մի պաշտոնյա տարել էր իր հետ։

Մարոն լարվեց և նախապատրաստվեց ինքնապաշտպանության՝ սպասելով շարունակությանը։ Վարդանը զգաց դա և հանգստացրեց.

— Ինչպիսի երջանկություն, որ ստիպված չեք եղել հետևել քարավանին մինչև Սիրիա։

Մարոն զգաց, որ Վարդանը իրեն չի հանդիմանելու և հանգստացավ։

— Դու պետք է որ չափազանց հոգնած լինես,— ասաց նա։— Արի։

Պատվանդանին դրված նավթավառը լուսավորում էր միջանցքը, որը ծառայում էր նաև որպես նախասրահ։ Վարդանը բարձրացրեց պատրույգը, կտրեց ծայրը, որպեսզի չմխար։ Բնակարանի պատերը սպիտակեցված էին, սակայն այն կահավորված էր միայն անհրաժեշտ իրերով և ոչ մի նկար չէր զարդարում դրա պատերը։

— Սա ժամանակավոր կացարան է,— ներողություն հայցող տոնով ասաց Վարդանը։

Նա ձեռքը վերցրեց նավթավառը և ցույց տվեց դիմացի սենյակը.

— Հյուրասենյակ։

— Ինչպե՞ս են Մեսրոպյանները,— հարցրեց Մարոն՝ նրան հետևելով։

— Շատ լավ։ Նրանք անհամբերությամբ քեզ էին սպասում։

— Ես երեք անգամ փորձել եմ նրանց նամակ ուղարկել։

— Նրանք ոչ մի նամակ չեն ստացել։

— Իսկ քո եղբա՞յրը։

— Նա Տիրուհու հետ ապաստանել էր Երուսաղեմում։ Նրանք շուտով կվերադառնան։

Հյուրասենյակը կահավորված էր մուգ կարմիր մի բազմոցով, նույն գույնի բազկաթոռով և ցածր փափուկ մի աթոռով, որի վրա դրված էր ուդը։ Լուսամատի մոտ, սեղանին կիտված էին գրքեր և գրելու թուղթ և այն որպես գրասեղան էր ծառայում։ Մարոն մոտեցավ ուդին և երազկոտ տեսքով մատներով հպվեց լարերին և հնչեցրեց դրանք։

— Դու դեռ նվագո՞ւմ ես։

— Այս վերջին տարիներին ես մի դերվիշի շրջիկ խմբի երաժիշտն էի։ Պատկերացնում ես, նույնիսկ անցել եմ Այնթապով։

Մարոն չպատասխանեց և հեռացավ նվագարանից։ Նրանք շարունակեցին ծանոթանալ բնակարանին։ Փոքր խոհանոցին հարող ճաշասենյակից հետո փոքր լոգարանն էր։ Քիչ հեռու երկու դուռ կար։ Վարդանը բացեց նեղ մահճակալով և ցածր պահարանով կահավորված առաջին ննջարանի դուռը։ Նա մռայլ տեսքով ասաց.

— Թովմասի մասին իմանալուց առաջ էր...

Մարոն Վարդանի ձեռքից վերցրեց ճամպրուկը և լույս աշխարհ հանեց նավաստու ճմռթված մի գլխարկ, որը նա թափահարեց տեսքի բերելու համար։

— Այս գլխա՜րկը։— զարմացավ Վարդանը՝ ձեռքը մեկնելով։

— Այո, Արմենինն է։ Թովման պահում էր իր մահճակալի մոտ։ Նրա համար թանկարժեք մասունք էր։

Վարդանը պատկառանքով շուռումուռ էր տալիս գլխարկը։

— Արմեն... Ինչպե՞ս նա մեռավ։

— Առևանգման փորձ կատարող ավազակից ինձ պաշտպանելիս։

Նա սևեռուն հայացքով նայում էր գլխարկին, որ Վարդանը պահել էր ձեռքին։ Գրեթե նվաղած ձայնով նա ավելացրեց։

— Հետո Արաքսին էր, հետո մայրս... Դա սարսափելի էր, Վարդան։

Մարոն մտածեց Թովմայի կորստի ողբերգության մասին, Նուրհանի վշտի մասին և հասկացավ, որ դեռ արիության շատ մեծ պաշարի կարիք է ունենալու։ Վարդանը նրա վշտահար տեսքը վերագրեց տեղահանության հուշերին և վճռեց այլևս իր նախաձեռնությամբ չանդրադառնալ դրանց։ Նա գլխարկը դրեց Թովմայի համար նախատեսված մահճակալին և փակեց դուռը։

Հյուրասենյակի մեծության իրենց ննջարանի լուսամուտը դեպի արևելք էր նայում և դուրս էր գափս ներքին բակը։ Լուսամատի գոգին խղճուկ մի խորդենի ցուցադրում էր իր կարմիր ծաղիկները։ Մարոն մոտեցավ մահճակալի մոտ դրված փոքրիկ սեղանին, որի վրա հարսանյաց մի լուսանկար էր ցուցադրված։

— Սա Արփինե մորաքրոջ լուսանկարն է,— բացատրեց Վարդանը։

Մարոն վերցրեց լուսանկարը և ուշադիր զննեց։ Աստված իմ, ի՜նչ երիտասարդ էին։ Նաև անմեղ և անտեղյակ, թե ինչ էր իրենց սպասում ապագայում։ Ինքն ամեն ինչ կտար այդ ժամանակը վերադարձնելու համար...

— Մենք կվերսկսենք մեր կյանքն այն պահից, ուր կանգ է առել,— ասաց Վարդանը։

Մարոն գլխով արեց՝ ինքն իրեն հարցնելով, թե ինչպե՞ս պետք է դրան հասնեին։ Վարդանն ավելացրեց.

— Մենք կգտնենք Թովմասին, և ամեն ինչ նախկինի պես կլինի։

Հավատո՞ւմ էր նա, թե փորձում էր ինքն իրեն համոզել։ Մարոն գիտեր, որ ինքն այլևս չէր կարողանալու իր հիշողությունից ջնջել այն ամենը, ինչ պատահել էր, ոչ էլ հնարավոր էր այդ ամենը մոռանալ։ Ուստի պետք էր ապրել կեղծելո՞վ։ Նա վայր դրեց լուսանկարը և մոտեցավ կաղնեփայտից պատրաստված կոմոդին, որի վրա դրված էին ածելին, փուզան և սափրվելու օճառը թասի մեջ, և նույն ակնթարթին նա մտովի տեսավ Վարդանին սափրվելիս ձերբակալությանը նախորդող առավոտյան։ Բարձրացնելով աչքերը՝ նա նկատեց իր ամուսնու արտացոլանքը հայելում և իրեն անհարմար զգաց այս սենյակում գտնվելու փաստից, շատ ավելի անհարմար, քան իրենց առաջին ամուսնական գիշերը։ Նա ապարդյուն ինքն իրեն համոզում էր, որ ութ տարի շարունակ ամուսիններ են եղել, ոչինչ չէր օգնում, այս տղամարդը անծանոթ էր։

Վարդանը նրբանկատ կերպով նրան հնարավորություն տվեց ուսումնասիրելու սենյակը, ընտելանալու դրան։ Նա հարցրեց.

— Քաղցած չե՞ս։

— Ոչ, շնորհակալ եմ։

— Ծարա՞վ։

— Գուցե։

— Խմի՞չք։ Թե՞յ։

— Թեյ, խնդրեմ։

— Ես ջուր կտաքացնեմ լվացվելու համար։

Մարոն գլուխը թեքեց, որպեսզի Վարդանը չնկատի, որ ինքը կարմրել էր։ Վարդանը բացեց պահարանը և ցույց տվեց կախիչներին կախված զգեստները.

— Լուսիկն ինձ օգնեց քեզ համար հագուստ և կոշիկներ գնելիս։ Մնացածը դարակներում կգտնես։

Մարոն, զգացվելով այդ ուշադրությունից, վերջապես ժպտաց։

— Դու շատ բարի ես։

Մատների ծայրերով հեռացնելով սև կիսաշրջազգեստը մարմնից՝ նա ասաց.

— Ես սա կհանեմ։

Կռահելով, որ նա ցանկանում էր մենակ մնալ սենյակում հագուստը փոխելու համար, Վարդանն ասաց, որ ինքը Մարոյին կսպասի հյուրասենյակում։

Նա թեժացրեց վառարանի կրակը և, սպասելով, որ ջուրը եռա, մտովի վերանայեց իրենց զրույցը սկսած այն պահից, երբ Մարոն մեքենա նստեց։ Ինչ անհամ նախադասություններ։ Նա այսպես չէր պատկերացրել իրենց հանդիպումը, սակայն այլ կերպ չէր էլ կարող լինել։ Նույնքան շփոթված լինելով, որքան և Մարոն, նա իրեն անզոր էր զգում, շփոթված և անճարակ։ Այս անհամ նախադասությունները անհրաժեշտ պատվար էին երկուսին էլ ցնցող բուռն և անվերահսկելի, միգուցե հակասական զգացմունքների համար։ Հարաբերությունների վերականգնումը պետք է պահանջեր համբերություն և նրբանկատություն։ Այսպիսի տափակ նախադասությունները անհրաժեշտ կլինեն զրույցները լցնելու համար, մինչև իրենք վերստին կվարժվեն միմյանց օրերի և, ինչու չէ, գիշերների ընթացքում։ Մարոն այլևս իր կինը չէր, այլ, ավելի շուտ, մի կին, որին նա սիրել էր, որին նա շարունակում էր սիրել և որին նա վերստին պետք է նվաճեր։

Բազկաթոռի ծայրին նստած Վարդանը ուդ էր նվագում, երբ Մարոն մտավ հյուրասենյակ երկնագույն մետաքսից տնային զգեստը հագած և անշարժացավ դռան բացվածքում։ Նրա գանգուր մազերը թափված էին ուսերին՝ ընդգծելով նրա գեղեցիկ դեմքը։ Նրան չշփոթեցնելու համար Վարդանը աչքը չէր կտրում ուդի լարերից։ Մարոն նստեց բազմոցին, տաք թեյի բաժակի առջև։

— Ես աշխատում եմ Յեդիկալեի կենտրոնական հիվանդանոցում,— ասաց Վարդանը առանց ընդհատելու նվագը,— և որպես կամավոր աշխատում եմ մի մանկատանը։

Ոչինչ չպարտադրող խոսքեր, որոնք համապատասխանում էին իրավիճակին։ Գլխի շարժումով ցույց տալով լուսամուտի դիմաց գտնվող սեղանը՝ նա գրեթե մեղավոր տեսքով ավելացրեց.

— Եվ, բնականաբար, հոդվածներ եմ գրում օտար մամուլի համար։

— Իսկ ես օգտակար չե՞մ կարող լինել այդ մանկատանը։ Չեմ ուզում անգործության մատնվել, քանի սպասում եմ։

— Իհարկե, այնքան գործ կա... Ինչին սպասելո՞վ։

— Թովմայի վերադարձին։ Դու ամենուր գրե՞լ ես։ Սի՞րիա։ Պաղեստի՞ն։ Պարսկաստա՞ն։

— Եվ Կիպրոս։ Եվ Եգիպտոս։ Սակայն մանկատների ցուցակն այնքան մեծ է, որ դեռևս չեմ ավարտել։

— Ես քեզ կօգնեմ։ Վաղվանից գործի կանցնեմ։

Երբ Վարդանը Մարոյին միացավ ննջասենյակում, նա արդեն անկողնում էր և վերմակր քաշել էր մինչև պարանոցը։ Վերմակը բարձրացնելով նրա կողքին պառկելու համար՝ Վարդանը նկատեց, որ բաց վզով և ժանյակներով զարդարված մետաքսյա գիշերանոցի փոխարեն, որը նա գնել էր այս առաջին գիշերվա համար, Մարոն հագել էր մյուս՝ բամբակյա գիշերանոցը, որն ավելի հարմար էր, սակայն գրգռիչ չէր։ Ուղերձը հասկանալի էր, հատկապես որ նրա աչքերը կարմրած էին։ Կողքի պառկած Վարդանը նայում էր Մարոյի գեղեցիկ կիսադեմին, երբ նկատեց նրա պարանոցին կախված մեդալիոնը։ Այդ մեդալիոնը։ Ինքն այն Մարոյին էր նվիրել Բերայի խանութներից մեկում, իրենց ամուսնությունից քիչ անց։ Մարոն բացեց մեդալիոնը, իրենց լուսանկարները ցույց տալու համար։ Վարդանը խաղում էր այդ զարդով, հիանալով, որ միայն զգացմունքային արժեք ունեցող այդ զարդը անցել էր բոլոր այդ տարիների միջով։

— Սվասից միայն սա է մեզ մնացել,— ասաց Մարոն։

— Ոչ, կանք նաև մենք երկուսս։ Եվ Թովմասը։ Մենք նորից կսկսենք, Մարո, և դա ավելի լավ կլինի, քան առաջ էր։

Մարոն գլխով արեց, ջանալով վստահ տեսք ընդունել։ Վարդանը կռացավ և նրան համբուրեց։

— Քնենք,— ասաց նա,— օրը երկար և դժվարին է եղել։

Վարդանը լամպը հանգցրեց և մեջքին պառկեց։ Թեթևություն զգալով, որ Վարդանը չէր պնդում, Մարոն ձեռքը պարզեց և բռնեց նրա ձեռքը, և նրանց մատները միահյուսվեցին։

— Բարի գիշեր, Վարդան։

— Բարի գիշեր, թանկագինս։

Մարոյի ձայնում այնքան երախտագիտություն կար, որ Վարդանը հասկացավ, թե ինչ դիրքորոշում ինքը պետք է որդեգրեր։ Ինքը Մարոյին պետք է ընտրության հնարավորություն տար, հնարավորության, որը նա երբեք չէր ունեցել Ռըզայի հետ։ Դա կլիներ նրանից տարբերվելու լավագույն միջոցը։ Վարդանը ոչ մի իրավունք չուներ Մարոյի նկատմամբ, միայն սիրելու և սեր ներշնչելու իրավունք։ Նա կսպասեր այնքան, մինչև նախաձեռնությունը կստանձներ Մարոն։

Մարոն ճանաչեց այդ նրբազգացությունը, որր բնորոշ էր Վարդանին՝ դիմացինին հարգելու ունակությունը, որի պակասը նա զգացել էր շատ երկար ժամանակ։ Նա ուզում էր այդ ասել նրան, սակայն համապատասխան բառեր չէր գտնում, և մի քիչ ավելի ուժեղ սեղմեց Վարդանի ձեռքը։ Քնա՞ծ էր նա արդյոք։ Նա լսում էր Վարդանի կանոնավոր շնչառաթյունր, մտածելով՝ արդյոք նա գուշակո՞ւմ էր, որ ինքը երբեք չէր դադարել նրան սիրելուց։ Վերմակի տակ նա զգում էր ամուսնու մկանուտ մարմնի ջերմությունը։ Մթության մեջ նրա հոգում խաղաղություն հաստատվեց, որր փոխակերպվեց ապահովության զգացման, որին նա չէր համարձակվում տեղի տալ, վախենալով, որ այն իսկույն կանհայտանար։ Նրան համակեց այն զգացումը, որ այդ տղամարդուց իրեն ոչ մի վտանգ չէր սպառնում։ Այդուհանդերձ վախն ու անվստահությանը այնքան խորն էին արմատավորվել նրա հոգում, որ նա դեռևս չէր կարող անձնատուր լինել։

Նրա աչքերի առաջ հայտնվեց Ռըզա բեյը։ Ոչ թե Այնթապի գավառապետի հպարտ և վստահ դեմքը, ոչ էլ հլու Մարոյին իր կամքին ենթարկող գոռոզ սիրեկանի դեմքը, այլ պարտված մարդու դեմքը, որին նա տեսել էր գերեզմանատանը։ Մարոն նրան չէր խղճում։ Մինչդեռ թվում էր, որ ինքն անկեղծորեն սիրում էր նրան։ Եվ ահա ինքը լիովին անտարբեր էր նրա հանդեպ։ Այն բարդ զգացմունքները, որ Մարոն ուներ նրա նկատմամբ, անհայտացել էին հենց այն պահին, երբ ինքը դուրս էր եկել նրա իշխանության տակից։ Սե՞ր։ Ավելի շուտ կիրք, որին Ռըզան ծնունդ էր տվել՝ հաստատելով այնպիսի հարաբերություններ, որոնց առկայությամբ ինքը կորցնում էր ազատ ընտրության հնարավորությունը, և որոնք նա պահպանում էր, թելադրելով խաղի կանոնները, պարտադրանք և պարգև, քնքշություն և խստության։ Ռըզան իրեն փակել էր անիրական մի աշխարհում, և այդ աշխարհը փլուզվել էր։ Այն պահից ի վեր, որ Ռըզան տիրացել էր իրեն ձիթենու այգում, Մարոն ապրել էր միակ և նույն օրը, ուր ամեն ինչ խառնվում էր իրար։ Միայն Թովմասի, Նուրհանի, Սաֆիյեի և մնացած կանանց, Էմինեի, նույնիսկ Բույուկ խանումի գոյության շնորհիվ էր, որ իր կյանքն Այնթապում միս ու արյուն էր առնում և բաշխվում էր տարիներով։ Ռըզայի հետ իր կապի միջադեպը դուրս էր մնում այդ պատմությունից, այն անժամանակյա էր և կարող էր տևել ինչպես քսան օր, այնպես էլ քսան տարի։

Մարոյի հոգին թեթևացավ, երբ նա հասկացավ, որ ինքը երբեք չէր ափսոսալու այդ մարդուն կորցնելու համար։ Մնում էր Նուրհանը...

✻    ✻



Ինչպես և Վարդանը կանխատեսել էր, մայրաքաղաքի թերթերը չէին դադարում գովաբանել բրիտանական դիվանագետներին, որոնք բանակցել էին Այնթապի գավառապետին ազատելու համար։ Ռըզա բեյը կարծես թե խոստումը կատարել էր, քանի որ բոլոր թերթերում խոսվում էր ավազակների և փրկագնի մասին։ Ավելին, հոդվածներից ոչ մեկում հիշատակություն չկար նրան նվիրված մարդու՝ Պետրիի սպանության մասին։ Հետևաբար Վարդանը կարող էր ենթադրել, որ պատմությունն այդքանով էլ կավարտվեր, եթե, իհարկե, Ռըզան չէր վստահել իրական պատմությունը ոստիկանությանը, և այդ դեպքում կարելի էր անախորժությունների սպասել։ Նա այդ բանը շատ շուտ կիմանար։

Երբ Վարդանը աշխատանքից տուն վերադարձավ՝ հիացավ, տեսնելով Մարոյին կանաչ զգեստով, որը ծածկում էր սրունքների կեսը և բաց էր թողնում նրա կոճերը։ Հետպատերազմյան նորաձևությանը համապատասխան կարված այդ զգեստը նրան շատ էր սազում։

— Դու հիասքա՜նչ ես։

Մարոն ժպտաց և չկարողացավ թաքցնել հուզմունքը։ Գիշերը նրանց միջև հաստատված մտերմությունն անհայտացել էր առավոտյան նախաճաշի եկած Տիրանի հայտնվելուց հետո, և նրանք նորից օտար էին։ Այդուհանդերձ, չնայած իր զուսպ և սառը կեցվածքին, Մարոն երջանիկ էր Վարդանի վերադարձի համար։ Առաջին օրվա համար դա բավարարում էր Վարդանին։ Նա կկարողանար անսահման համբերություն ցուցաբերել, որը, ինչպես նա գիտակցում էր, անհրաժեշտ էր իրենց պարագայում։ Նա համբուրեց Մարոյի այտերը, հարցնելով, թե ինչպես էր նա։ Մարոն ցույց տվեց կնքված և հասցեագրված ծրարների կույտը գրասեղանի անկյունում։

— Ես ավարտեցի ցուցակը։ Բայց չհամարձակվեցի դուրս գալ դրանք ուղարկելու համար։

Նա տատանվեց, մեղավոր տեսքով ավելացնելուց առաջ.

— Հիմարություն է, բայց քաղաքն ինձ վախ է ներշնչում։

Վարդանը հուզված էր։

— Մենք միասին կվարժվենք Կոստանդնուպոլսին։ Վաղը ես ազատ եմ։ Եթե դու ի վիճակի լինես, մենք կայցելենք տարբեր դեսպանատներ և Հայ օգնության կոմիտե՝ տեսնելու, թե նրանք որևէ տեղեկություն ունե՞ն Թովմասի մասին։

— Այո, իհարկե։

Երբ տնից դուրս եկան, Մարոն կառչեց Վարդանի թևից։ Ժամանակին հարազատ եղած թաղը հիմա նրան վախ էր ներշնչում։ Գուցե նրան ազատությո՞ւնն էր վախեցնում, որից նա հետ էր վարժվել։ Նա չէր պատկերացնում, որ այսուհետ ինքը կարող էր գնալ և գալ իր ցանկությամբ և որևէ բան անելու կամ չանելու ընտրությունն ունենալ։

— Մենք շուտ ենք դուրս եկել, արի զբոսնենք, ուզո՞ւմ ես։

Վարդանը հաճույքով ընդունեց այդ առաջարկը։ Մայր մտնող արևը նարնջագույն ցոլքերով արտացոլվում էր վերևի հարկերի լուսամուտների ապակիներից, փողոցի վրայով թևերի սոսափյունով աղավնիների մի երամ անցավ։ Նրանք հասան պողոտային, որը տանում էր Տակսիմի պուրակը։ Նրանց դիմաց Զինվորական դպրոցն էր, որը շրջապատված էր ձիարշավարաններով, որտեղից հեծելազորի մի գունդ վերադառնում էր դեպի ախոռները։ Մարդիկ հավաքված էին հասարակական աղբյուրի մոտ, որից օգտվում էր ամբողջ թաղը։ Կառապանները հերթ էին կանգնել իրենց ձիերին ջուր տալու համար։

— Սուրբ Հակոբ եկեղեցին հեռու չէ...— ասաց Մարոն։

Այնտեղ գնալու համար պետք է ճանապարհից շեղվեին, բայց Վարդանը մտածեց, որ կինը տարիներ շարունակ ոտք չէր դրել եկեղեցի։ Նրանք գնացին պողոտայով, ուր արագ ընթանում էին կառքերն ու ֆայտոնները։ Կամաց-կամաց Մարոն հանգստացավ, քայլվածքն ավելի ճկուն դարձավ, քայլն ավելի վստահ, և նա այլևս չէր կառչում Վարդանի թևից։ Վերջինս դա լավ նշան համարեց և մտածեց, որ Մարոն շատ շուտ կընտելանա Կոստանդնուպոլսի իր կյանքին և իրեն էլ կվարժվի։

— Երբ ուզենաս, մենք կգնանք զբոսնելու Բերայի գլխավոր փողոցով և, ինչպես առաջ էինք անում, «Մարկիզա» կմտնենք թեյ խմելու։ Հիշո՞ւմ ես։

— Այո,— ասաց Մարոն երազկոտ տեսքով։

Մարոն միշտ կապված էր իր հոր՝ Հակոբ Արթինյանի, հովանավոր Սուրբ Հակոբ եկեղեցու հետ, և այնտեղ մտնելով հուզվեց։ Արևի վերջին ճառագայթները ավելի վառ էին դարձրել վիտրաժները և գունավորել էին պատերը։ Խունկի և այրվող մոմերի հոտը Մարոյի սրտում թանկ հուշեր արթնացրեց, և նա ծնկի իջավ։ Երբ սկսեց աղոթել, հեռավոր անցյալի պատկերները ջնջվեցին, քանի որ նա աղոթում էր իր երկու որդիների համար։ Նա երկար ծնկաչոք մնաց։ Նստարանին նստած Վարդանը աչքի պոչով նայում էր Մարոյին և նախանձում էր նրա հավատին, քանի որ ինքը կորցրել էր հավատը։ Նա այլևս գրեթե չէր հավատում, սակայն իրենց միացումը բնորոշելու համար գտնում էր միայն «հրաշք» բառը։ Կամաց-կամաց Մարոյի կիսադեմը փոխարինվեց Արուսյակի կիսադեմով։ Չնայած իր սիրուն Մարոյի նկատմամբ, Ուրգուպի երիտասարդ կինը կենդանի էր Վարդանի սրտում։ Եվ Վարդանը, ներքուստ, նրա համար արտասանեց հոգեհանգստյան աղոթքը։

Եկեղեցուց դուրս գալուց առաջ նրանցից յուրաքանչյուրը երկու մոմ վառեց և այն կանգնեցրեց ավազով լի ամանի մեջ, որն այդ նպատակով դրված էր Աստվածամոր պատկերի առաջ։ Մարոն՝ Թովմասի ու Նուրհանի համար, Վարդանը՝ Թովմասի ու Արուսյակի համար։ Եվ նրանցից ոչ մեկը չհամարձակվեց հարցնել, թե ում համար էր այդ երկրորդ մոմը։

Նրանք արագ հեռացան, որպեսզի չուշանային։ Մարոն ավելի հանգիստ էր, սակայն երբ հասան Շահին բեյ փողոցը, ուր ապրում էին Մեսրոպյանները, նա նորից լարվեց, և այդ լարումն ավելացավ նրանց նպատակակետին մոտենալուն պես։ Հևալով՝ նա կանգ առավ դռանը մի քանի քայլ չհասած։ Վարդանը հասկացավ, որ այդ այցելությունը նրան վախեցնում էր։ Նա շոյեց կնոջ ձեռքը։

— Նրանք այնքան երջանիկ են, որ կարող են քեզ նորից տեսնել։

— Ես նույնպես, սակայն...

Մարոն հոգու խորքում պահեց իրեն միշտ որպես իրենց դստերը վերաբերվող մարդկանց կողմից դատապարտված լինելու վախը։ Վարդանն ուզեց նրան վստահություն ներշնչել։

— Ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ հետ եմ։

Այս վերջին խոսքերը հուզեցին Մարոյին։ «Ես քեզ հետ եմ»՝ շատ ավելին էր, քան պարզապես «Ես քեզ ուղեկցում եմ»։

Արփինե մորաքույրը ձեռքերը երկնքին պարզեց և չկարողացավ արտաբերել այն բառերը, որոնք կարտահայտեին իր հրճվանքը։ Հուզմունքից ճիչեր արձակելով, նա նետվեց Մարոյի վրա և համբուրեց նրա այտերը, հետո ճակատը, հետո նորից այտերը և նորից ճակատը։ Համբույրների արանքում նա ասում էր. «Տերը լսեց մեր ձայնը։ Տերը լսեց մեր ձայնը»։ Հետո հևալով նա գրկեց զարմիկի կնոջն ու անձնատուր եղավ արցունքներին։ Ազդվելով այդ ջերմությունից և համարելով, որ մորաքույրն իրեն չէր դատապարտում, Մարոն նույնպես համբուրեց նրան։

— Մորաքույր, մորաքույր, ես շատ երջանիկ եմ։

Ձեռքերը Մարոյի ուսերին դնելով՝ Արփինեն մի քայլ հետ գնաց և նրան նայեց մոր հիացական հայացքով։

— Դու չես փոխվել։ Դու նույնիսկ է՛լ ավելի ես գեղեցկացել։

Նրա դեմքը լրջացավ և նա ասաց տխուր ձայնով.

— Խե՜ղճ աղջիկ։

Վարդանը գերադասեց ցրել մորաքրոջ վերջին խոսքերի երկիմաստությունը։

— Մի մտածեք, Արփինե մորաքույր, մենք կգտնենք Թովմասին։ Մարոն գրել է արդեն բոլոր որբանոցներին և միսիոներներին, որոնք հավաքում են հայ երեխաներին։

Արփինեն հասկացավ, որ այսպիսով Վարդանը հասկացնում էր, որ ինքը չխոսեր Մարոյի տարած փորձությունների մասին։

Հաջորդը Մեսրոպն էր։ Նրա թաց աչքերը, լայն ժպիտը, տարածած ձեռքերը կանչում էին Մարոյին։

— Արի, քեզ համբուրեմ, աղջիկս։

Նրան մոտենալիս Մարոյին թվաց, որ ինքը նրա աչքերում հետաքրքրասիրության անցողիկ արտահայտություն նշմարեց, կարծես նա պատկերացներ Մարոյին օտար տղամարդու հետ։ Դա պատրանք էր, որը նրան թելադրել էր մեղքի սրված զգացումը։ Սակայն այն, որ նա մի պահ գրեթե աննկատ հապաղեց Մարոյին գրկելուց առաջ և որ փորձում էր ուրախ բացականչություններով քողարկել համբույրի սառնությունը, չվրիպեց Մարոյից։ Քեռու աչքերում նա անկասկած պղծված էր։ Կուլ տալով իր վիշտը՝ Մարոն ուրախ բացականչեց.

— Բոլորովին չի երևում, որ հիվանդ եք եղել, Մեսրոպ քեռի։ Դուք ավելի երիտասարդ եք երևում։

Քեռին հիացած տեսք ուներ, սակայն նրա պատասխանը երկիմաստ հնչեց։

— Հիվանդության ավերածությունները միշտ չէ, որ տեսանելի են։ Դու նույնպես լավ տեսք ունես։

— Ինձ հանձնեք նրան,— բացականչեց Լուսիկը՝ հոր թևքը քաշելով։— Մարոն իմ քույրն է։

Լուսիկի գրկախառնությունն անկեղծ էր, և Մարոն հաճույքով անձնատուր եղավ դրան։ Մի քանի րոպե նրանք լռում էին, սակայն յուրաքանչյուրին թվաց, որ իրենք անփոփոխ վիճակում վերագտան իրենց երբեմնի բարեկամությունը։

— Տղամարդկանց թողնենք հյուրասենյակում, իսկ մենք գնանք խոհանոց,— հայտարարեց Լուսիկը՝ բռնելով Մարոյի թևը։

Վարդանը նստեց բազմոցին։ Մեսրոպը շամպայնի շիշ հանեց, որը նրան նվիրել էր ֆրանսիական դեսպանատան ծառայողներից մեկը, ում համար նա տպագրական աշխատանքներ էր կատարել։

— Եվրոպացիների վերադարձի հետ աշխատանքի պակաս չի զգացվում,— ասաց նա խմիչքը բաժակների մեջ լցնելով։

Նրանք բաժակներն իրար խփեցին։ Քեռին նստեց իր սիրած բազկաթոռին զարմիկի առջև և առաջին կումն անելուց հետո լեզուն հաճույքով ճպճպացրեց։ Հետո, անմիջական տոնով ասաց.

— Մարոն կարծես կաշկանդված լինի։

— Նա այնպիսի ողբերգություն է ապրել, որի մասին դուք անգամ պատկերացում չունեք, Մեսրոպ քեռի։ Մեզնից քչերը կկարողանային անխաթար դուրս գալ այդպիսի փորձություններից։ Նրա ճակատագիրը միահյուսվում է մեր ժողովրդի ճակատագրի հետ, քեռի։ Միգուցե նա անհարմար է զգում մեզ համար, որոնք համեմատաբար ավելի հեշտ ճակատագիր ենք ունեցել։

Ուղերձը պարզորոշ էր, և Մեսրոպը, բարկանալով, որ իրեն դաս են տալիս, մրմնջաց.

— Ես հենց այդ էի ուզում ասել...

Անհարմար վիճակից դուրս գալու համար Վարդանն ասաց.

— Այս շամպայնը շատ բարձր որակի է։

— Իսկապես։ Ես կփորձեմ քեզ համար մի շիշ ճարել։

Որոշ ժամանակ նրանք խոսում էին եղանակի մասին, սակայն հետաքրքրասիրությունից դրդված՝ Մեսրոպը սկսեց հարցեր տալ Վարդանին.

— Ես այսօրվա թերթերն եմ նայել։ Այնտեղ զետեղված էր գավառապետի լուսանկարը։

— Այդ գործը փակված է։

— Դա նա է, որ...

Վարդանը նրան ընդհատեց.

— Մեսրոպ քեռի, ես չեմ ուզում այլևս դրա մասին խոսել և չեմ ուզում, որ Մարոյին հիշեցնեն տեղահանության մասին։ Հնարավորություն տանք նրան, եթե նա կարող է, մոռանալ այն դժբախտությունները, որոնց ականատես է եղել։ Ես կարծում եմ, որ պահանջածս մեծ բան չէ։

Մեսրոպին մնում էր միայն ենթարկվել այդ վճռական տոնին։ Նրա բնական բարությունը և Մարոյի նկատմամբ նրա սերը հաղթող դուրս եկան։

— Խեղճ երեխա,— ասաց նա։— Մեր սերը նրան կօգնի մոռանալ այդ փորձությունները։

Խոհանոցում տարածվել էր տապակած սոխի և քիմիոնի հոտը։ Մարոն ուզում էր Լուսիկին օգնել պատրաստելու խորտիկները։ Արփինեն, որը ստուգում էր ջեռոցի վրա դրված կաթսաները, հարցրեց.

— Ինչո՞ւ չեք գնում Լուսիկի սենյակ զրուցելու։ Ես ամեն ինչ կանեմ։

Մարոն բաստուրմա էր կարտում։

— Թույլ տվեք օգնեմ ձեզ, Արփինե մորաքույր։ Ես այնքան վաղուց գործ չեմ արել։

— Այնտեղ շա՞տ ծառայողներ կային։

— Այո։

— Մայրիկ,— վրդովվեց Լուսիկը։— Մարոն երևի ուզում է մոռանալ այն, ինչ եղել է և նոր կյանք սկսել։ Ես այդպես կանեի։ Իսկ դո՞ւք, մայրիկ։

— Իրավացի ես,– պատասխանեց մայրը սրտնեղած։— Ես հիմար պառավ եմ։

Մարոն նրան գրկեց.

— Այդպես մի ասեք, մորաքույր։ Դուք հրեշտակ եք, և ես ձեզ պաշտում եմ։

— Ա՜հ, ես, ինչպես և բոլորը, թերություններ ունեմ։

Նա շրջվեց, քնքշորեն նայեց Մարոյին և նրա այտը շոյեց, մտածելով այն մասին, որ նա կորցրել էր մորը։

Լուսիկը, որը չափից ավելի զգայուն էր, վատ էր տանում հուզիչ տեսարանները, որոնք նրան հունից հանում էին։

— Դուք լացելու մտադրությո՞ւն ունեք, մայրիկ։ Ավելի ճիշտ կլիներ երգել։

Իր դստերը լավ ճանաչելով՝ Արփինեն պաշտպանվեց ձևականորեն.

— Իսկ ուրախությա՞ն արցունքները, դու դրանց գոյության մասին չգիտե՞ս։

Նրանք ավարտեցին գործը՝ խոսելով առօրյա հոգսերի մասին։ Արփինեն խոսում էր սննդամթերքի գների, որոնք բարձրանում էին, և իրեն անհանգստացնող այտուցված ոտքերի մասին։ Լուսիկը խոսում էր փարիզյան վերջին նորաձևության մասին, որի նմուշները կարելի էր տեսնել գլխավոր փողոցի խանութներում, և բարձրաձայն ծիծաղելով, նա ասաց, որ այնտեղ կարելի է նաև տեսնել ֆրանսիական նավատորմիղի գեղեցիկ սպաներին։ Մարոյին թվում էր, որ ինքը վերադարձել էր 1908 թվականը։ Հին ընկերությունը վերադառնում էր, և նա զգաց, որ մորաքույրն ու քույրը իրեն ընդունում էին առանց վերապահումների։ Այս երկուսին մանրամասներ պետք չէին, որպեսզի պատկերացնեին, թե ինչպիսին էր եղել Մարոյի կյանքը վերջին տարիների ընթացքում, և նրանցից յուրաքանչյուրը գիտեր, որ ինքը նույն ձևով կպահեր իրեն։ Նրանց դիրքորոշումից հանգստանալով՝ Մարոն համաձայնեց Լուսիկին քաղաք ուղեկցել երկու օր հետո։

Խոհանոցի անբռնազբոս մթնոլորտը ճաշասենյակ տեղափոխելու Արփինեի ու Լուսիկի ջանքերին հակառակ, սեղանի շուրջը տիրում էր որոշակի լարվածություն։ Մարոն դարձյալ փակվեց իր խխունջի մեջ, քանի որ Մեսրոպ քեռու հայացքը անընդհատ վերադառնում էր նրա վրա, և այդ հայացքում հետաքրքրասիրություն կար, որը վիրավորում էր Մարոյին։ Նա բարձրաձայն էր խոսում, ծիծաղում էր, պատմում տպարանում տեղի ունեցած ծիծաղելի միջադեպերը, ասում էր, որ փառք էր տալիս Աստծուն, որ նա վերջապես միացրել էր Վարդանին ու Մարոյին, և ցանկանում էր, որ Թովմասն էլ շուտով միանար նրանց, խուսափում էր ակնարկել Մարոյի մոտակա անցյալի մասին, սակայն ամեն ինչ ապարդյուն էր, քանի որ ծեր մարդը չէր կարողանում իր ձայնին բնական հնչեղության տալ։ Բայց դա ցանկության պակասից չէր։ Իրենից անկախ նա մնում էր իր ստացած դաստիարակությունից ժառանգած նախապաշարմունքների և պատվի մասին մի քիչ սահմանափակ պատկերացումների գերին։ Չնայած այն հանգամանքներին, որոնք արդարացնում էին Մարոյին, այդուհանդերձ քեռու աչքերում նա մնում էր որպես հավատարմությունը դրժած կին։ Մեսրոպի հոգում վերակենդանացել էր խանդի և սեփականատիրոջ զգացումը, որոնք Արփինեն արդեն վաղուց ի վեր չէր գրգռում և երբեք առիթ չէր տվել դրան, և նա իրեն պատկերացնում էր իր զարմիկի իրավիճակում։ Այդ բանը բնազդաբար զգում էին մնացած հյուրերը։

Վարդանը սեղանի տակ սեղմեց Մարոյի ձեռքը, որպեսզի նա իմանար, որ ինքը նրա կողմն էր բռնել։ Մարոն դարձավ դեպի Վարդանը և տեսավ նրա սիրահարված հայացքը։ Դրանից նրա տագնապն ավելի խորացավ։

— Տիրանը չի՞ գալու ճաշի,— հարցրեց Վարդանը քեռուն և մորաքրոջը։— Իսկ Արա՞մը։

Լուսիկը կատակով պատասխանեց.

— Նրանք, ինչպես միշտ, ինչ-որ խորհրդավոր գործով են զբաղված։

Նա լուրջ չէր ընկալում եղբոր գործունեությունը, որը նա պատրվակ էր համարում ընտանեկան ապարանով չզբաղվելու համար։ Մեսրոպը բարձր հառաչեց, դարձավ իր զարմիկին և նորից խոսեց իրեն տանջող խնդրի մասին։

— Դու գիտե՞ս, որ նրանք ուզում են Կովկաս՝ Հայաստան գնալ։

Նա նեղացած էր։

— Հետո ի՞նչ,— ասաց Վարդանը՝ ուսերը թոթվելով։— Դուք դեմ չէիք, երբ Պարգևը Նյու Յորք էր գնում։

Մեսրոպը պայթեց.

— Դա կապ չունի։ Նյու Յորքը Նյու Յորք է։ Նյու Յորքում պատերազմ ու սով չկար։

Վարդանը հանդարտեցնող շարժում արեց.

— Մեսրոպ քեռի... Հիշեք, որ Հայաստանն այն է, ինչի համար նա պայքարել է ամբողջ կյանքը։ Դուք պետք է որ վաղուց հասկացած լինեիք, որ նա ձեզ չի փոխարինելու տպարանում։

— Ի՞նչ է լինելու տպարանի վերջը։

— Կվաճառեք և թոշակի կանցնեք։ Կարող եք ճանապարհորդել Արփինե մորաքրոջ հետ։

Ծեր մարդը խեղճացավ.

— Տպարանը ես ժառանգել եմ հորիցս։ Այն օտարի՞ զիջել։ Երբե՛ք։

— Չէի՞ք ասում, որ մտածում էիք Արամի մասին։

Մեսրոպը գլուխը թափ տվեց.

— Այդ տղան տեղում հանգիստ չի մնում։ Նա նմանվում է Տիրանին։ Ի միջի այլոց, նա էլ է ուզում Հայաստան գնալ։

Քանի որ Վարդանի փաստարկները սպառվել էին, նա կես կատակ, կես լուրջ առաջւսրկեց.

— Վերջապես մի օր Լուսիկը կգտնի իր հավանած մարդուն։ Ձեր փեսան...

Երիտասարդ կինը չընկալեց կատակը և վճռական ձայնով ասաց.

— Ես կամուսնանամ, երբ կսիրեմ, և ոչ թե այն պատճառով, որ տպարանին տեր է հարկավոր։

Նա գլուխը թեքեց և հոր աչքերի մեջ նայելով, հարցրեց քաղցրաձայն.

— Իսկ ինչո՞ւ ես չեմ կարող լինել տպարանի տերը։ Ես տիրապետում եմ այդ գործին։

Քեռին սարսափած բացականչեց.

— Մեսրոպյան և դուստր։ Ապա մի սրան տեսե՜ք...

— Դա այդքան էլ վատ գաղափար չէ,— ասաց Արփինե մորաքույրը մտածելուց հետո։— Ես պատկերացնում եմ Լուսիկին գործարար կնոջ դերում։

Ականջներին չհավատալով՝ Մեսրոպը նայեց կնոջը, որը պահպանում էր լրջաթյունը։ Նա գերադասեց չպատասխանել և սկսեց ուտել առանց աչքերը ափսեից կտրելու։

Արփինեն խորամանկ աչքով արեց մյուսներին։

✻    ✻



— Անե՜, անե՜,– բղավում էր Նուրհանը, վազելով անձրևի տակ իր մորը տանող կառքի հետևից։

Մարոն ցնցվեց և արթնացավ, իսկ որդու ձայնը շարունակում էր հնչել ականջներում։ Մղձավանջը նման էր այն երազին, որր տանջում էր իրեն ամիսներ շարունակ Թովմասի անհայտանալուց հետո։ Թովմասն անապատում էր, նրան տարել էր պտտահողմը, և նա բղավում էր «մայրիկ, մայրիկ», իսկ Մարոն չէր կարողանում նույնիսկ ձեռքը շարժել։

Կնոջ կտրուկ շարժումը արթնացրեց Վարդանին։

— Ի՞նչ է պատահել, Մարո։

— Ոչինչ, վատ երազ էր։

Վարդանը կուզենար, որ Մարոն բացատրեր, սակայն, ներողություն խնդրելով արթնացնելու համար և բարի գիշեր մաղթելով, նա մեջքով շրջվեց Վարդանին։ Նա լսեց, թե ինչպես էր Մարոն թաքուն լալիս, կարծելով, որ իր հեկեկոցը չէր լսվում, սակայն Վարդանը չհամարձակվեց նրան հարցեր տալ։ Նա ինչպես միշտ կպատասխաներ, որ ինքն առանց պատճառի ընկճված էր, կամ էլ՝ որ ինքը տանջվում էր Թովմասի համար։ Վարդանը գուշակում էր, որ պատճառն այլ էր։ Ի՞նչ պատճառ։ Իհարկե, մյուսը։ Ռըզա բեյը, որը նույնիսկ հեռվից կանգնած էր իրենց միջև։

Պարզվեց, որ առաջին օրերի նրա համոզմունքը, որ իրենց հարաբերություններր շատ շուտ առաջվա պես կդառնային, սխալմունք էր։ Մարոյի ամաչկոտությունը խոչընդոտ էր դառնում, իսկ զսպությունը՝ սառնություն։ Ամեն երեկո տուն վերադառնալիս նա հայտնաբերում էր, որ Մարոն ավելի էր իրենից հեռացել, ավելի և ավելի բացակա էր։ Իսկ Վարդանի համբերությունը հատում էր, և խանդը բույն էր դնում հոգում։ Չորրորդ օրը Մարոն զգալ տվեց, որ չէր մերժի իրեն, և նրանք սիրեցին իրար։ Կամ գոնե Վարդանը փորձեց այդ բանն անել։

Նա իր անկողնում հայտնաբերեց սառցե մի լուլա, լարված և անշարժ մի կին, որն ի վիճակի չէր հաճույքին տրվելու, կամ գոնե միայն տենչին։ Դա նման չէր Մարոյին, և Վարդանը սարսափով եզրակացրեց, որ Մարոն անտարբեր էր իր նկատմամբ։ Այդ օրվանից նա նրբանկատ և քաղաքավարի էր Մարոյի հետ, սակայն դադարել էր նրան սիրահետել, ապարդյուն սպասելով նախաձեռնության նրա կողմից։ Նախ, անհրաժեշտ էր, որ փլվեր լռության այդ պատվարը, որը Մարոն կառուցել էր իր վշտի շուրջ, և որ լցվեր այն վիհը, որը գոյացել էր նրանց միջև երեք տարվա բաժանումից։ Ինչպես դա պետք է տեղի ունենար, Վարդանը չգիտեր։ Նա սպասում էր և, կնոջ դատարկ կամ այլուր ուղղված հայացքը չտեսնելու համար, նա նստում էր իր աշխատասեղանի առջև և գրում էր մինչև քնելու պահը։ Տարօրինակ կերպով, Մարոյի կեցվածքը թեժացնում էր Վարդանի սրտում Արուսյակի կորստյան վիշտը, և նա շատ հաճախ էր նրան հիշում։ Եվ, հակառակը, այդ պարզ և երջանիկ սիրո հուշը ավելի տանջալի էր դարձնում իր կնոջ հետ կապ հաստատելու անկարողությունը։

Տան ճնշող մթնոլորտից խույս տալու համար, Վարդանը մասնակցում էր մայրաքաղաքի տարբեր հայկական կազմակերպությունների հավաքներին, կազմում էր Իթթիհատի հանցագործների թդթապանակները, մասնակցում էր խաղաղության բանակցությունների նախապատրաստությանը, որոնք հավանաբար տեղի էին ունենալու Ֆրանսիայում։ Եվ երբ ուշ երեկոյան տուն էր վերադառնում, նախ հետաքրքրվում էր փոստով եկած նորություններով։ Թովմասին գտնելու հույսը, որ նրանք շարունակում էին փայփայել, նրանց միավորող միակ կապն էր։

Շաբաթներն անցնում էին։ Բացառությամբ Կոստանդնուպոլսի շրջակայքում գտնվող մանկատներից ստացած բացասական պատասխաններից, նրանք ոչինչ չէին ստացել Զմյուռնիայից, Սիրիայից, Կիպրոսից և այլ վայրերից։ Բոլոր հնարավորություններն օգտագործելու համար, նրանք նամակներ էին գրել Գերմանիայի և Շվեյցարիայի բողոքական եկեղեցիներին, որոնք կարող էին միսիոներներ ունենալ Անատոլիայում պատերազմի ժամանակ։ Իսկ փոստը վատ էր աշխատում։

Վարդանը քնեց։ Մարոն, մեջքին պառկած, նայում էր առաստաղին արտացոլվող փողոցային լույսերին։ Միգուցե ավելի, քան Վարդանը, նա ընկճված էր իրավիճակից և ազդվում էր տեսնելով, թե ինչպես էր նա իրենից հեռանում։ Նա գիտեր, որ իրենց սերը հարատևում էր, և ազդակ էր պետք, որպեսզի դառնար ամուր և կենսունակ առաջվա պես։ Պարզապես իրենք մոռացել էին այդ սերն արտահայտոդ լեզուն։ Ինչ էլ մտածեր Վարդանն այդ կապակցությամբ, այնուամենայնիվ, մեղքը միայն իրենը չէր։ Իրենց երբեմնի սիրային ծեսն այլևս չէր կիրառվում, քանի որ ժամանակն այն ընդհատել էր և իմաստազրկել։ Իրենք պետք է նոր ծես հնարեին, որը կարող էր միայն ինքնաբերաբար ծնվել։ Այդպիսի ծես զույգը ոչնչից կարող էր ստեղծել միայն համատեղ կյանքի ծեգին։ Իսկ այն ծեսը, որը պետք է ստեղծեին Մարոն ու Վարդանը, պետք է իր մեջ ներառեր մոտավոր անցյալը, արմատավորվեր երեք տարվա բաժանման մթության մեջ՝ տառապանքի, վախի և խաբված հույսերի տարիներում, առանց մոռացության մատնելու անցողիկ ուրախությունները և պատրանքները։ Պայմանները չէին նպաստում դրան։ Նախ պետք էր վերացնել այն խոցը, որը թունավորում էր նրանց հարաբերությունները, իսկ իրենցից ոչ մեկը այս պահին չուներ այդ բանն անելու ոչ ուժը, ոչ էլ քաջությունը։

Վարդանը սխալվում էր՝ կարծելով, թե ինքը տանջվում էր Ռըզայի համար։ Իր համար գավառապետը այլևս գոյություն չուներ, ավելի քան մեռած Պետրին, որի գլուխը ջախջախել էր գնդակը։ Այն ցավը, որից նա ազատում չէր գտնում, իրեն պատճառում էր Նուրհանը։ Նուրհանը, որին հիշեցնում էին մանկատան բոլոր երեխաները, և նա աշխատում էր այնտեղ՝ փորձելով դժոխքից ազատված այդ փոքրիկներին մի քիչ սեր պարգևել։ Նուրհանը, որին մոռանալ չէր տալիս նրա եղբորը գտնելու հույսը։ Ինչպես Թովմասի անհայտանալու առաջին շաբաթների ընթացքում, ցավը պակաս անտանելի կլիներ, եթե նա մահացած լիներ։ Մինչ կյանքի վերջը Մարոն ամեն առավոտ պետք է կորցներ այդ երեխային, նրա հիշատակը վառ պահելու փոխարեն։ Ինչպես և Թովմասի դեպքում, ինքը դատապարտված էր հավերժ նրան կորցնելու։ Ինչպես կարող էր նա այդ իրավիճակում սկսել նորից սիրել մի տղամարդու։

Տիրանը, ինչպես և ընտանիքի մնացած անդամները, հասկանում էր, որ Մարոյի և Վարդանի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին։ Նա նույնքան կապված էր երիտասարդ կնոջը, որքան իր քեռորդու հետ, և այն լարվածությունը, որ զգում էր նրանց հարաբերություններում, վշտացնում էր նրան։ Ուստի նրանց ավելի հազվադեպ էր այցելում, քան կուզեր։ Այդ երեկո նա եկավ Վարդանի մոտ անհետաձգելի մի հարցով և իրեն ավելի վստահ զգալու համար, իր հետ բերեց Արամին։

Մարոն սուրճ պատրաստեց և տղամարդկանց միացավ հյուրասենյակում։ Նա սուրճ հրամցրեց Տիրանին, որը տեղավորվել էր բազկաթոռում, և Արամին, որը Վարդանի աշխատասեղանի մոտի աթոռը դրել էր իր ուսուցչի կողքին և նստել։ Մարոն նստեց ամուսնու կողքին բազմոցին։

— Դու հազվադեպ ես գալիս,– ասաց Վարդանը քեռորդուն։

— Դրա համար ծանրակշիռ պատճառներ կան։ Արամն ու ես լրտեսներ ենք դարձել և գաղտնի գործակալներ։

Երիտասարդը, քանի որ Արամը շատ արագ մեծացել էր և այլևս պատանու նման չէր, գլուխը հպարտորեն բարձրացրեց։ Նրա վերին շրթունքի վրա արդեն աղվամազ էր հայտնվել։ Տիրանը սուրճը խմեց՝ հաճույք ստանալով եղբորը սպասեցնելուց։ Հիսաթափվելով նրա զսպությունից, նա բացատրեց.

— Մենք փաստաթղթեր ենք փնտրում, որոնք կարող են պատմության ընթացքը փոխել։ Դատարանում հնչած բազմաթիվ վկայություններից պարզվել է, որ կառավարության ժողովների արձանագրությունները, ներքին գործերի նախարարության շրջաբերականները, ձեռագրերն ու նամակագրությունը, այսինքն տեղահանություններին վերաբերող բոլոր փաստաթդթերր անհայտացել են։ Շատերն այրվել են, մի մասը գողացել են այն մարդիկ, որոնց դրանք բացահայտում են։

— Գիտեմ,— ասաց Վարդանը։

— Սպասիր, նորություններ կան։ Մեզ լուրեր են հասել, որ այդ փաստաթղթերի մի մասը վաճառվում է շատ թանկ գնով։

— Մենք հետքը գտել ենք,— ավելացրեց Արամը։— Սակայն դա նրբին գործ է։ Շատերն են ուզում տարբեր պատճառներով ձեռք բերել այդ փաստաթղթերը, և վաճառողները շատ զգույշ են։

Վարդանը մտածեց, որ տղան շատ ավելի լավ էր մտքերը շարադրում։ Նա օգտագործում էր Տիրանին հատկանշական արտահայտությունները և նախադասությունները, երբեմն նույնիսկ նրա ձայնի երևէջները։

— Պաշտոնական փաստաթղթերի առկայությամբ,— շարունակեց Տիրանը,— մենք կկարողանանք ապացուցել, որ տեղահանությունների քողի տակ երիտթուրքերի կառավարությունր պարզապես ծրագրել էր հայերի բնաջնջումը։

Վարդանը գլխով արեց.

— Դա կամրապնդի մեր դիրքերը դաշնակիցների աչքում գալիք բանակցություններում։ Սակայն շատերը շահագրգռված են, որ այդ փասթաթղթերն անհայտանան, և դա վտանգավոր է մեզ համար։

— Մեզ ոչինչ չի վախեցնում,— համառեց Արամը։

Տիրանը, որն ավելի իրատես էր, ավելացրեց.

— Արժե փորձել։ Օսմանյան դիվանագետները շատ ակտիվ են։ Նրանք հարցականի տակ են դնում ջարդերի ծավալները, որոնց պատասխանատվությունը փորձում են բարդել առանձին անհատների վրա, այդպիսով ազատելով այդ ժամանակաշրջանի կառավարությանը պատասխանատվությունից։ Եթե մենք թույլ տանք, որ նրանք այդ անեն, կգա մի օր, երբ ողջ աշխարհը վստահ չի լինի, որ այդ սարսափելի ոճիրն իրականացվել է։ Ահա թե ինչու պետք չէ հաշվի առնել վտանգները։

Վարդանը համաձայնության նշան արեց.

— Ինչպես դու ես ասում՝ արժե փորձել։

— Իսկ դու, Վարդան, դու ի՞նչ ես հիմա անում։

— Ես հավաքել եմ Գանի բեյի թղթապանակը։

— Դա այն մարդն է, որը Սվա՞ս էր եկել,— հարցրեց Մարոն։

— Հենց նա։

— Օ,– բացականչեց Մարոն,— ես հույս ունեմ, որ նա կախաղան կհանվի, այդ սրիկան։

Տիրանը լեզուն ճլթճլթացրեց՝ իր անվստահությունն արտահայտելու համար։

— Երեք օր առաջ նա փախել է մայրաքաղաքից և, համաձայն տեղեկությունների, Ավստրիա է մեկնել։ Նա հեռակա կդատապարտվի։

Վարդանը Մարոյի կողմը դարձրեց տխրած դեմքը։

— Այդ թղթապանակն ուսումնասիրելիս ես սարսափելի մի բան իմացա։ Գնդապետ Իբրահիմը մահացել է կտտանքներից հարցաքննության ժամանակ։

— Կտտանքների՞ց։ Բայց ինչո՞ւ,— բացականչեց Մարոն սարսափած տեսքով։— Նա թուրք սպա էր։

— Նա ինձ ազատել էր բանտից Հալիթ փաշայի օգնությամբ։ Վերջինս նույնպես սպանվել է։

Մարոն հետաքրքրվեց։

— Ուրեմն նրա շնորհիվ է, որ... Իբրահիմը պատվի մարդ էր, նա ինձ խոստացել էր, որ քեզ չէր լքի։ Ես հույս ունեմ, որ նա Ալլահի դրախտում է։

Տիրանը զարմացավ, որ Մարոն չգիտեր, թե ինչպես էր Վարդանը Սվասից փախել։ Այս երկուսն ուրեմն ոչինչ չէին պատմել իրենց դժբախտությունների և արկածների մասին։ Հետևաբար նրանց հարաբերությունների բարդություններն ավելի լուրջ էին, քան ինքը կարծում էր։

— Կարո՞ղ եմ ծխել,— հարցրեց Արամը, իր բաճկոնի գրպանից անգլիական ծխախոտի տուփ հանելով։

— Խնդրեմ,– ասաց Մարոն, ցույց տալով աշխատասեղանի անկյունում դրված մոխրամանը։

Արամը լուցկին վառեց և աչքի պոչով զննեց Մարոյին։ Նա Արուսյակից գեղեցիկ էր, սակայն պակաս քնքուշ, պակաս աշխույժ և, անկասկած, պակաս արի էր։ Այս մռայլ և լռակյաց քաղաքացի կնոջ հետ Վարդանը կթուլանար և փալաս կդառնար։ Նա ավելի երջանիկ կլիներ Արուսյակի հետ։ Արուսյակի սերը պետք է որ ավելի կենսախինդ լիներ։ Նախօրեին Արամը Տիրանի և Ավետիսի հետ գնացել էր հասարակաց տուն, ուր նա զրկվել էր կուսությունից, և այդ պահից նա համարում էր, որ մեկ հայացք գցելով, ինքը կարող էր դատել կնոջ զգայական ներուժի մասին։

Տիրանը գավաթը սեղանին դրեց և կոկորդը մաքրեց իր այցելության պատճառը բացատրելու համար։

— Ասա, Վարդան.. Դեսոնը՝ ամերիկացի լրագրողը, քեզ արդեն խորհուրդ է տվել Վաշինգտոն գնալ, այդպես չէ՞։

— Նա վստահեցնում էր, որ հայկական հարցին լավագույնս ծառայելու համար հարկավոր է ճնշումներ գործադրել Ներկայացուցիչների պալատի, սենատորների և նախագահի շրջապատի վրա։

— Կոմիտեն նույնպես համոզված է դրանում։

— Այդպես եմ մտածում նաև ես,— ասաց Վարդանը։— Նախագահ Վիլսոնը կողմ է մեր երազած միացյալ Հայաստանի ստեղծմանը, իսկ ամերիկացիները միակն են, որ կարող են այդ գաղափարը պարտադրել խաղաղության կոնֆերանսին։

— Ճիշտ է։ Հետևաբար հարկավոր է այդ տրամադրությունները թեժ պահել, քանի որ կոնֆերանսն ամենայն հավանականությամբ տեղի կունենա միայն հաջորդ տարի։

— Շատ չէ, իսկապես։

— Հատկապես, որ հետնաբեմում ֆինանսական և արդյունաբերական շահեր ունեցողները ճնշումներ են գործադրում քաղաքական գործիչների վրա Օսմանյան կայսրությունը պահպանելու համար։

— Գիտեմ,— ասաց Վարդանը ծամածռվելով։– Սակայն մերոնք էլ բավականաչափ գործունյա են, թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Եվրոպայում։ Ինչպես երևում է, կաթողիկոսն էլ կոչ է արել նախագահ Վիլսոնին։

Տիրանը գլխով արեց և վերցրեց սուրճի գավաթը։ Մարոն հետաքրքրությամբ էր հետևում խոսակցությանը և, ինչպես և Վարդանը, սպասում էր շարունակության։ Նա բավականաչափ լավ գիտեր Տիրանին, որպեսզի հասկանար, որ արդեն մի քանի րոպե էր, ինչ նա պտտվում էր բուն նյութի շուրջ։ Տիրանն այդպես էր վարվում, երբ համոզված չէր իր փաստարկների ճշտության և իր դիրքորոշման հիմնավորվածության վրա։ Նա հազաց պատասխանելուց առաջ.

— Հաշվի առնելով այս իրավիճակը՝ կոմիտեն վճռել է քեզ ուղարկել Վաշինգտոն։

— Վճռե՞լ է,— վեր թռավ Վարդանը։— Արդեն իմ փոխարե՞ն են վճռում։

Տիրանն ուզեց ուղղել իր սխալը.

— Ոչ, այդպես մի ընկալիր։ Կոմիտեն կցանկանար...

Մարոն տագնապով հետևում էր Վարդանին, քանի որ գիտեր, թե որքան էր նա տարված միվորված Հայաստանի գաղափարով։ Այն միտքը, որ նա կարող էր մեկնել, նույնիսկ մի քանի ամսով, նրա համար անտանելի էր։ Վարդանը պատասխանեց կտրուկ տոնով.

— Իմ պատասխանն է՝ ոչ։

— Դու չես կարող հրաժարվել,— աղերսեց Տիրանը։

Վարդանը մեղմացավ.

— Ես չեմ պատկերացնում, թե էլ ի՞նչ պետք է անեմ, ինչ չեն անում Վաշինգտոնում մեր օգտին աշխատող մարդիկ։

— Նրանք քեզ պես տեղահանված չեն եղել։ Դու ականատեսն ես այն ամենի, ինչ տեղի է ունեցել Անատոլիայում։ Քո հոդվածները...

— Կան շատ մարդիկ, որոնք նույնքան բանիմաց են և որոնք շատ երջանիկ կլինեն Ատլանտյան օվկիանոսից այն կողմ հայտնվել։

— Կոմիտեն այդ կարծիքին չէ։

Վարդանը կորցրեց համբերությունը։

— Այդ դեպքում քո կոմիտեն թող ինձ մոտ բերի իմ որդուն, և այն ժամանակ մենք կխոսենք այդ թեմայով։

Տիրանը կարմրեց և մեղավոր հայացք գցեց Մարոյի վրա։ Ներողության փոխարեն նա ասաց.

— Դու իրավացի ես, Վարդան։ Ես նույն ձևով կվարվեի։ Ես խոսում էի լոկ որպես կոմիտեի վստահված անձ։

— Շատ լավ,— ասաց Վարդանը հանգստանալով։– Այդ դեպքում դու կկարողանաս ընկերներիդ համոզիչ բացատրել իմ մերժման պատճառները։

Մարոն իրեն թեթևացած զգաց։

— Էլի սուրճ ուզո՞ւմ եք,— հարցրեց նա սիրալիր տոնով։

Տիրանը ժողովի պատրվակով հրաժեշտ տվեց նրանց։ Նա չէր ուզում երկարաձգել իր այցելությունը, քանի որ վախենում էր, որ խոսակցությունը կանցներ Թովմասի թեմային, իսկ ինքը չէր կիսում նրանց լավատեսությունը որդուն օրերից մի օր գտնելու հարցում։ Այնքան հայ երեխաներ մահացել կամ ձուլվել էին մահմեդական ընտանիքների հետ և չէին արձագանքում ու չէին էլ արձագանքելու իրենց ուղղված կանչերին։

Արամը հանդիսավոր կերպով սեղմեց տանտերերի ձեռքերը։ Սակայն աստիճանավանդակում, երբ Տիրանն ու Վարդանը ժամադրվում էին, նա ցածրաձայն, որպեսզի տղամարդիկ չլսեին, հարցրի Մարոյին.

— Տիկին... Իսկ «Վա-շինգ-տոն-ում» կովբոյներ կա՞ն։

— Մի քանի հոգի երևի կան,— պատասխանեց գվարճացած Մարոն։

Մեծի տեսք ընդունած Արամի հոգում երեխան շատ հեռու չէր թաքնված։

✻    ✻



Փետրվար ամիսն ավարտվեց, և Կոստանդնուպոլսի պուրակներում ծառերը բողբոջեցին։ Մարոն տխրում էր, տեսնելով, թե ինչպես Է այն զույգը, որ իրենք պետք է կազմեին Վարդանի հետ, վերածվում միմյանց հանդեպ հարգալից և հաճելի հարաբերություններ ունեցող մարդկանց ընկերակցության, սակայն որոնք ի վիճակի չէին միմյանց հետ հաղորդակցվել և բացել իրենց հոգու խորքում եղած զգացմունքները։ Մինչդեռ ժամանակին, ութ տարվա ամուսնությունից հետո նրանք անսպառ էին, և օր չէր անցնում, որ նրանք ժամերով չզրուցեին։ Մեկը մյուսին էր վստահում իր հոգսերը, ուրախությունները և երազանքները, որոնք դառնում էին ընդհանուր հոգսեր և ձեռքբերումներ։ Չհաշված այն փոխադարձաբար ասվող խոսքերը, հաճոյախոսությունները, որոնց միակ նպատակն էր ընդգծել մեկի նշանակությունը մյուսի համար։

Այդ ամենն անհայտացել էր, և Մարոն չէր պատկերացնում, թե երբ իրենք կկարողանային այդպիսի հարաբերություններ հաստատել։ Չափից ավելի չասված բաներ կային, որոնք խոչընդոտում էին իրական անկեղծության հայտնվելուն, և դատապարտում էին իրենց լինելու մակերեսային և քաղաքավարի, իսկ դա լռության քողարկված տարատեսակն էր։ Մարոն իրեն պատասխանատու էր զգում նման իրավիճակի համար։ Նրա գաղտնիքն օրեցօր ավեփ էր ծանրանում, և նա չէր կարողանում դրանից ազատվել։ Իսկ այդ ընթացքում երևակայական զույգի հարաբերությունները խաթարվում էին։ Այդ իրավիճակում ամեն օր փոստով եկող բարոյալքող լուրերը նպաստում էին նրանց փոխադարձ ինքնամփոփմանը։ Երբ վերջին մանկատունը նրանց կհայտներ, որ լուր չուներ Թովմասի մասին, եթե այդ բանը պետք է տեղի ունենար, ապա նրանց միացնող վերջին կապը կխզվեր։

Չկարողանալով դիմանալ այդ վիճակին և հուսահատության վերջին աստիճանին հասնելով՝ Մարոն այցելեց Արփինե մորաքրոջը։ Կեսօր էր, երբ, Մարոյի տվյալներով, Լուսիկը տպարանում էր։

— Ես հանպատրաստից եմ եկել,— ներողություն խնդրեց նա։

— Ոչ այդքան, աղջիկս,— ասաց Արփինեն՝ վերցնելով Մարոյի վերարկուն — Ես սպասում էի քո այցին։

Մորաքույրը մայրական տոնով էր խոսում, այն տոնով, որով խոսում են կանայք մխիթարելու, սրտապնդելու և ներելու համար։ Իսկ Մարոն հենց դրա մասին էր երազում։ Արփինեն, որի հետեից Մարոն խոհանոց էր գնում, նրան հիշեցրեց իր մորը՝ Ազնիվ խանումին։ Սակայն եթե մազերի ճերմակությունը մի կողմ դրվեր, նրանք բոլորովին միմյանց նման չէին, ոչ հասակով, ոչ քայլվածքով, ոչ էլ շարժուձևով։ Միայն ձայնն էր։

— Ջուրը եռում է։ Տեսնում ես՝ կանխազգում էի, ջուրը երկուսի համար եմ դրել։

Արփինեն թեյ պատրաստեց։ Չնայած Մարոն շատ կապված էր Լուսիկի հետ, սակայն երբեք չէր մտածի նրա հետ կիսվելու մասին։ Այդ խնդիրներից ի՞նչ կարող էր հասկանալ քսանինը տարեկան անփորձ կինը, որը դեռևս փնտրում էր իր առաջին սերը։ Այդ խոստովանության համար պետք էր մի կին, որն ապրել էր տղամարդու հետ, որն իր զրկում պահել և կերակրել էր փոքր էակների, որոնք նրա համար ավելի թանկ էին, քան իր սեփական կյանքը։ Մայր։

— Մորաքույր...

— Սուս,– ասաց Արփինեն մատը շրթունքներին մոտեցնելով։— Ոչ այստեղ։ Ոչ էլ հյուրասենյակում կամ ճաշասենյակում։ Այս պատերը սովոր չեն։ Արի, վերցրու բաժակդ։

Նա Մարոյին տարավ ամուսնական ննջասենյակը և դուռը փակեց։

— Այստեղ մենք կարող ենք խոսել, պատերն ականջներ չունեն։

Վարագույրները մթնեցնում էին սենյակը, որից վարդի բնահյութի, սափրվելու օճառի, ճանդանի ու նավթալինի հոտ էր գափս։ Ոլորուն սյուներով մեծ մահճակալի և պատի միջև ծվարած պահարանը, զարդասեղանը և մահճասեղանները ծանրաբեռնում էին սենյակը և նեղվածք էին ստեղծում։ Կանայք ստիպված եղան նստել մահճակալի եզրին՝ խաչով և սրբապատկերներով զարդարված պատի դիմաց։ Թեյի բաժակները մահճասեղանին դնելու համար Արփինեն ակնածանքով տեղաշարժեց ձիթենու տերևները, որոնք նա պահպանել էր Ծաղկազարդի տոնից։

Մարոն, որը մի քիչ առաջ խոհանոցում պատրաստ էր խոստովանության, հիմա չէր կարողանում արտաբերել այն նախադասությունը, որն ինքը նախապատրաստել էր վաղօրոք։ Գլուխը կախ նա նյարդայնացած ափերն էր իրար շփում։ Արփինեն իր ափով ծածկեց նրա ձեռքերը և սեղմեց Մարոյի մատները։ Քանի որ Մարոն ոչինչ չէր ասում, մորաքույրը շշնջաց.

— Վարդանի հետ հարաբերությունները չե՞ն կարգավորվում։ Նա չի՞ ներում։

— Նա չգիտի։

— Գուցե ավելի լավ կլիներ նրան ասել։ Նա խելացի և բարի մարդ է։

Մարոն չպատասխանեց։

Մորաքույրը խորը շունչ քաշեց և շշուկով հարցրեց.

— Դու սիրո՞ւմ ես այդ գավառապետին։

— Ոչ։

— Դու այլևս Վարդանին չե՞ս սիրում։

— Խնդիրը այդ չէ։

Արփինեն չկարողացավ թեթևության հոգոցը զսպել։ Սակայն ի՞նչն էր տանջում Մարոյին։ Զարմուհին չէր ասում, և Արփինեն նորից հարցրեց.

— Ինչ-որ բան, որ մենք չգիտե՞նք Թովմասի կապակցությամբ։

— Ոչ։

Վերցնելով բաժակները՝ Արփինեն մեկը Մարոյին տվեց։

— Թեյը սառչում է։

Նրանք խմեցին։ Արփինեն փորձում էր հանդիպել Մարոյի հայացքին, սակայն վերջինս փախցնում էր աչքերը։

— Ի՞նչը չի ստացվում Վարդանի հետ։ Նա փոխվե՞լ է։

— Ես եմ փոխվել։

— Մակայն, Մարո, ես ճանաչում եմ այն կնոջը, որը այցելում էր մեզ։ Լուսիկը ասում է, որ ինքը գտել է իր երբեմնի ընկերուհուն։

Նա մի կում թեյ խմեց և ավելացրեց.

— Վարդանը նույնպես չի փոխվել։ Բայց նաև ճիշտ է այն, որ երբ միասին եք՝ փոխված եք։ Ի՞նչն է ձեզ բաժանում։

— Լռությունը... լռությունը, մորաքույր։

— Լռությո՞ւնը,— հարցրեց Արփինեն զարմացած։— Լռությունն ինքնին ոչինչ է։ Այն կարող է դատարկ լինել և կարող է ինչ-որ բան թաքցնել։ Քոնը կարծես թե մեծ դժբախտություն է պարունակում։

Նա համարում էր, որ ինքը բավականաչափ հարցադրումներ էր արել և հիմա զարմուհին պետք է նախաձեռնություն ցուցաբերեր։

Մարոն վայր դրեց բաժակը և սևեռուն հայացքով նայեց պատին ամրացված փայտե խաչին։ Նրա աչքերը արցունքով լցվեցին։ Նա սեղմեց Արփինեի ազդրը և ասաց դողդոջուն ձայնով։

— Ես այդ գավառապետից երեխա եմ ունեցել, մորաքույր։

Բաժակը դոդաց Արփինեի ձեռքում։ Նա սարսափած ձայնով ասաց.

— Երեխա՞...

— Տղա, Նուրհան։

Այդ անունը տալով՝ Մարոն սկսեց հեկեկալ։ Նա գլուխը դրեց մորաքրոջ հակված ուսին, որը գրկեց նրան և հոնգուր–հոնգուր լացեց մի քանի րոպե։ Արփինեն հիմա ամեն ինչ հասկացավ՝ Մարոյի երբեմն դատարկ հայացքը, նրա բացակայող տեսքը, նրա ձայնում իրենից անկախ հայտնվող տագնապը։ Ծեր կինը բացատրության կարիք չուներ և շատ լավ էր հասկանում այն ողբերգությունը, որ ապրում էր երիտասարդ կինը, և նրա մարմինն ու սիրտը արձագանքում էին նրա ցավին։ Նա շոյեց Մարոյի մազերը։

— Խեղճ փոքրիկ,— շշնջաց նա խուլ ձայնով,— խեղճ փոքրիկ։

— Ես նրան կորցրել եմ առհավետ։ Ի՞նչ է ուզում Աստված ինձնից։ Թող գնա ուրիշներով զբաղվի։

Նա նորից սկսեց լացել՝ կառչելով մորաքրոջ ձեռքից, որը չարձագանքեց սրբապիղծ բառերին։ Աստված պետք է որ ավելի խիստ բառեր լսած լիներ, և նա դրանք հաշվի չէր առնում, քանի որ նա սրտերն էր քննում։ Իսկ ի՞նչ սիրտ կարող էր տառապել այնքան, որքան մեկը մյուսից հետո երկու որդի կորցրած մոր սիրտը։

Արփինեն Մարոյին պառկեցրեց մահճակալին և մնաց կողքին շփելով մեջքը, ինչպես անում էր լացող երեխաների հետ։ Նա աղաչում էր Աստվածամորը, որպեսզի ուժ տար Մարոյին այս փորձությանը դիմանալու համար, և խնդրում էր նրա միջնորդությունը փոքր հրաշքի համար, որ այս վիրավոր կնոջը վերադարձվեին իր որդիները, գոնե ավագը։

Կամաց-կամաց Մարոն հանդարտվեց։ Վիշտը կիսելուց հետո Մարոյին թվաց այն թեթևացել էր։ Նա կողքի շրջվեց, արմունկին հենվեց և նայեց մորաքրոջը առանց մտահոգվելու իր տեսքի մասին։

— Նա հրեշտակ է, մորաքույր։ Զարմանալի է, բայց նա նման է Թովմասին։ Նույնքան ժպտադեմ է, նույն խոշոր և խելացի աչքերը։

— Քանի՞ տարեկան է։

— Երկուս ու կես։ Նա ավելի լավ է նկարում, քան վեց տարեկան երեխան։ Նա տաղանդ ունի։

Մարոն, երազկոտ տեսքով, նկարագրում էր որդուն և պատմում էր, թե որքան արագ էր նա զարգանում։ Արփինեն ուզում էր հարցեր տալ։ Ո՞վ էր արգելել Մարոյին նրան իր հետ վերցնել։ Արդյոք ոչ մի հնարավորություն չկա՞ր նրան տեսնելու։ Սակայն նա ոչինչ չասաց, իր զարմուհու վիշտը չուժգնացնելու համար։ Նուրհանին քնքշորեն հիշելու փաստն անգամ խոսում էր այն մասին, որ Մարոն պատրաստվում էր նրան սգալ։ Գուցե դա ավելի լավ էր, մտածում էր ծեր կինը, քանի որ նա չէր պատկերացնում, թե ինչպես կընդուներ Վարդանն այդ երեխային, որը Մարոն ունեցել էր այլ տղամարդուց։

— Դուք մայր եք ինձ համար, Արփինե մորաքույր։ Ինչպե՞ս կարող եմ ես իմ երախտագիտությունն արտահայտել։

— Ինձ կրկին վստահելով անհրաժեշտության դեպքում։ Եվ բացի դրանից, եթե դու ցանկանում ես, ապա զգացված կլինեմ, եթե դու երբեմն ինձ մայրիկ անվանես։

— Մայրիկ,— կրկնեց Մարոն՝ համբույրներով ծածկելով մորաքրոջ այտերն ու ճակատը։

Վերադառնալով հյուրասենյակ, Մարոն զգաց, որ ազատվել էր ծանր բեռից։ Երբ իր տանջանքն անտանելի դառնար, նա հնարավորություն կունենար գալ և վիշտը կիսել մորաքրոջ հետ։ Նրանց զրույցն ավելի զուսպ դարձավ։

— Մարո, քո տեղը փնեի, Վարդանին կասեի։ Ինձ թվում է, որ դրանից հետո ձեր հարաբերություններն ավելի պարզ կդառնային։

Մարոն վախեցած տեսք ուներ.

— Ես վախենում եմ նրան վիրավորել։ Նա տղամարդ է, իսկ դուք գիտեք, թե որքան բծախնդիր են տղամարդիկ պատվի հարցերում։ Ես երեխա եմ պարգեել ուրիշ տղամարդու, իսկ իր երեխային կորցրել եմ։

— Դու Թովմասին չես կորցրել,— հակաճառեց Արփինեն։— Դու պետք է այդ միտքը գլխիցդ հանես։

Մարոյի դեմքը մռայլվեց.

— Հեշտ չէ։

Արփինեն ձեռքերը դրեց նրա ուսերին և ջերմորեն նրան խրատեց.

— Այս կյանքում ոչինչ հեշտ չէ, աղջիկս։ Այսօր քո կյանքում միայն աղետներ ես տեսնում, մտածիր, որ դա գալիք երջանկության սերմնացանն է։ Աստված գիտի, թե ինչ է անում։ Իսկ դու պետք է արժանի լինես նրա պարգևներին։ Դու պետք է անտրտունջ դիմանաս մինչ այն պահը, երբ նա կպարգևի քեզ վերապահված ընծաները։ Այդպես էր ապրում քո մայրը՝ Ազնիվը, և այդպես եմ սովորել ապրել ես։ Դա միակ ձևն է։

Մարոն կուզենար ունենալ այդ կույր հավատը։ Այդպես մտածելու դեպքում նույնիսկ մահը դադարում էր սարսափելի թվալ։ Այդ հավատի շնորհիվ էր, որ Ազնիվ խանումը փակել էր աչքերն առանց վախենալու, խաղաղությամբ։ Մարոն պետք է բավարարվեր իր փոքր հավատով, որն Աստծուն հնարավորություն էր տալիս սխալվելու։ Իսկ դժվարությունները հաղթահարելու համար ինքը կարիք կունենար դիմելու իր բանականությանը։

✻    ✻



Մեսրոպյանների հյուրասենյակում նստած Նուբար Պալյանը, ինչպես միշտ, երբ լսարան էր ունենում, անսպառ էր։ Նա ասացողի բնական տաղանդ ուներ և գիտեր ունկնդրի ուշադրությունը գրավելու բոլոր հնարքները։ Ցանկացած ամենաննշան միջադեպը նա օգտագործում էր որպես հենակետ մանրամասներով և շեղումներով հարուստ պատմություն կերտելու համար, և ամենաառօրեական իրադարձությունը թրթռուն պատմություն էր դառնում նրա կատարմամբ։ Նա երբեք չէր հեռացել Աֆիոնից, բացառությամբ Կոստանդնուպոլիս կատարվող կարճատև այցելությունները, և Երուսաղեմում նրա անցկացրած աքսորի չորս տարիները նյութ էին տվել իսկապես էպիկական պատմությունների համար։

Այդ կիրակի, Զատկի տոնի կապակցությամբ, նրանք բոլորը եկել էին ճաշելու Մեսրոպյանների տանը և բոլորը լսում էին նրա պատմությունները։ Կինը՝ Տիրուհին, որը նստած էր նրա կողքին, երբեմն միջամտում էր, լրացնելու համար նրա պատմությունը, պնդում էր որևէ մանրամասնի վրա, որր հետագայում պետք է դերակատարություն ունենար։ Այդ դեպքերում Նուբարը հազում էր՝ նրան կարգի հրավիրելով, և նա իսկույն լռում էր մեղավոր տեսքով։ Սակայն նա չէր կարողանում իրեն զսպել և քիչ անց կրկին միջամտում էր։

Տիրուհին տարիների հետ գիրացել էր, և նրա վարդագուն շրջազգեստը, չնայած իր լայնությանը, չէր թաքցնում նրա գիրուկ մարմինը, կարճ թևքերը բաց էին թողնում նրա թմբլիկ թևերը, իսկ ճարպոտ այտերը էլ ավելի կարճ և կլորիկ էին դարձնում նրա քթիկը։ Նրա գիրությունը ստվեր էր գցում աքսորում նրանց կրած զրկանքների և մնացած հայերի հետ հաղթահարած դժվարությունների մասին պատմող շարադրանքի վրա, հատկապես, որ Նուբարը նույնպես գիրացել էր։ Նրա երբեմնի զարգացած մկանները տեղը զիջել էին ճարպին, և նա կարծես կարճացած լիներ։ Նրա խիտ մազերը, որոնցով ժամանակին նա շատ էր հպարտանում, նոսրացել էին և գլխին կուլակ հիշեցնող ճաղատ էր հայտնվել։ Այդուհանդերձ, նրա շարժումները ճկուն էին, ձայնը դյութիչ, իսկ հայացքը՝ ջերմ։

Վարդանը հիացմունքով հայտնաբերել էր, որ եղբայրը չէր կորցրել կենսախնդությունը և ոգեշնչումը, որոնք բնորոշում էին նրան ժամանակին։ Այդպիսին էր Նուբարը։ Նույնիսկ դժվարությունների տակ կքած, երբ ուրիշները թևաթափ կլինեին, նա նորից սկսում էր երազել, հնարքներ էր փնտրում իրավիճակից դուրս գալու և առանց իրեն խնայելու գործի էր լծվում նպատակին հասնելու համար։

Երբ ամուսինը նկարագրեց այն խարխուլ սենյակը, ուր նրանք ապրել էին Երուսաղեմում, Տիրուհին ասաց.

— Բոլոր մարդկանց բախտ չի վիճակվել պատերազմի տարիները պալատում անցկացնելու...

Այս անգամ Նուբարի հազոցը ուղեկցվեց զայրացած հայացքով։ Մեսրոպն իր դժգոհությունն արտահայտեց.

— Զատկի տոնը սիրո տոն է։

Մի պահ բոլորն իրենց անհարմար զգացին։ Արփինեն ոտքի կանգնեց և Տիրուհուն խնդրեց իրեն հետևել.

— Գնանք, ցույց տամ ներկած ձվերը։

Իր մորաքրոջ տիրական ձայնից Տիրուհին հասկացավ, որ չափն անց էր կացրել և որ ներողություն խնդրելն է՛լ ավելի կխորացներ իր աննրբանկատությունը։ Ուստի դուրս եկավ սենյակից։ Մարոն անվրդով էր։ Տիրուհու հակակրանքը նրա համար նորություն չէր։ Պալյանների ընտանիքում Մարոյի հայտնվելուն պես, Տիրուհին նրան ընկալել էր որպես ախոյան, և նրա խանդն իր գագաթնակետին էր հասել Թովմասի ծնվելու հետ, քանի որ ինքը, կարծես թե, դատապարտված էր ամլության։ Իսկ այսօր, երբ նրա դեմքն ու մարմինը կրում էին անցած ժամանակի հետքերը, նա տեսնում էր, որ Մարոն մնացել էր գեղեցիկ ու նրբագեղ։

— Խմիչքը բեր,— խնդրեց Մեսրոպը դստերը։— Մենք կխմենք Նուբարի ու Տիրուհու վերադարձի կապակցությամբ։

Նա ուզում էր միջադեպը հարթել։ Նրա համար Զատկի այս տոնն առանձնահատուկ նշանակություն ուներ՝ խորհրդանշում էր հայ ժողովրդի չարչարանքների վերջը և Հայաստանի հարությունը։ Միակ բանը, որ խաթարում էր նրա տոնական տրամադրությունը, ավագ որդու՝ Պարգևի, որը չէր կարողացել արձակուրդ ստանալ ֆրանսիական բանակից, և Թովմասի բացակայությունն էր, որից դարձյալ նորություններ չկային։ Սակայն դա չէր խանգարում Մեսրոպին փառք տալ Աստծուն, որ մնացածները ներկա էին և համեղ ուտեստներ էին ճաշակում քառասնօրյա պահքից հետո։

Նուբարը սեղմեց Վարդանի ուսը և գրգռված ծիծաղեց։ Նախորդ գիշերը Պաղեստինից ֆրանսիական նավով ժամանելով, նա դեռևս ցնցված էր իրենց հանդիպումից գրեթե դատարկ նավամատույցին։ Չնայած հոգնածությանը՝ եղբայրները զրուցել էին մինչև լուսաբաց։ Նրանց սերը նույնքան վառ էր, չնայած տարիների բաժանմանը, և նոր, ավելի ամուր կամուրջներ գցելու համար նրանք ոգեկոչել էին իրենց ընդհանուր հիշողությունները, հետաձգելով ապագային վերաբերող հարցերը։

Տիրուհու պատճառով տեղի ունեցած միջադեպը կտրեց Նուբարի պատմության թելը, և սեղանի շուրջը առանձին խոսակցություններ սկսվեցին Մեսրոպի և Արամի, Մարոյի ու Տիրանի միջև։ Քեռին խրատում էր Արամին, որպեսզի նա ավելի կանոնավոր աշխատեր տպարանում, ակնարկելով, որ մի օր նա կարող էր դառնալ դրա տերը կամ գոնե կառավարիչը։ Արամը չէր ուզում հիասթափեցնել Մեսրոպին, որն այդքան բարյացակամ էր իրեն ընդունել, սակայն նա չէր ցանկանում իր օրերն ավարտել արհեստանոցի չորս պատերի մեջ։ Հայաստանում նրան արկածներ և ավելի ազնիվ աշխատանք էր սպասում, ինչպես պնդում էր Տիրանը։

Մարոն Տիրանի հետ խոսում էր այն աշխատանքի մասին, որ ինքճ անում էր մանկատանը, իսկ վերջինս հուզմունքով լսում էր նրան։ Այնթապ առաքելությամբ մեկնած մի ընկերոջ միջոցով նա իմացել էր, որ տեղի գավառապետը երեխա էր ունեցել մի հայուհուց։ Նա պարզորոշ հասկանում էր, որ խոսքը Մարոյի մասին էր։ Այս փաստը, որը նա ոչ մեկին չէր բացահայտել, նրա համար հասկանալի էր դարձրել Վարդանի և նրա կնոջ դժվարությունները, նրան մտերմացրել էր եղբոր կնոջ հետ, և նա հասկանում էր նրա հոգեվիճակը։

Կորցնելով իր լսարանը՝ Նուբարը դարձավ դեպի Վարդանը.

— Դերվի՜շ,– բացականչեց նա զվարճացած։— Դա քեզ հե՞տ է պատահել։ Ես շատ անհանգիստ էի քեզ համար, սակայն հոգումս հնչում էր մի թույլ ձայն, որն ասում էր. նրանք նրա հախից հեշտ չեն գա, նա ճարպիկ է։ Եվ ես իրավացի էի։

Նա նորից ծիծաղեց, հետո նրա հոնքերի միջև մի կնճիռ հայտնվեց, և նա լրջացավ։

— Ուրեմն դու տեսե՞լ ես մեր հողերը։

Չնայած խոսակցությունների աղմուկին, այդ նախադասությունը գրավեց բոլորի ուշադրությունը։ Լսվում էր նույնիսկ ճանճի բզզոցը և Վարդանի պատասխանը որպես դատավճիռ հնչեց.

— Դաշտերի երեք քառորդը խոպանի է վերածվել, ոռոգման համակարգը խցանված է ավազով։ Պլանտացիան կարգի բերելու համար ահռելի աշխատանքներ պետք է իրականացվեն։

— Ինչո՞ւ ես անվստահ ասում դա, Վարդան,— հարցրեց Մեսրոպը։

— Որովհետև ոմն Էրկեմ էֆենդի տիրացել է դրան։ Իսկ ես համոզված չեմ, որ կառավարությունը կցանկանա նրան տեղահան անել։

Մեսրոպը նկատեց, որ Նուբարը համամիտ էր եղբոր հետ և գլխով էր անում։ Նա վրդովվեց.

— Ոչ։ Այդ սեփականությունը դուք ստացել եք ձեր հորից և այն պատկանել է ձեր ընտանիքի բազմաթիվ սերունդների։ Նրանք չեն կարող ձեզնից խլել այն։

— Դա արդեն տեղի է ունեցել,— ասաց Նուբարը փիլիսոփայական տոնով։— Հարյուր հազարավոր ագարակներ, առևտրական ձեռնարկություններ, տներ իբր լքվել են հայերի կողմից, իսկ պաշտոնյաները յուրացրել են դրանք։ Ես համամիտ եմ Վարդանի հետ և չեմ պատկերացնում, որ օսմանյան կառավարությունը կցանկանա քշել այդ մարդկանց։

Այդ դիտողությունը պարտվողական համարելով, հիսաթափված Մեսրոպը դարձավ Տիրանին և հայացքով նրա կարծիքը հայցեց։

— Կարծում եմ,— պատասխանեց որդին,— որ իմ քեռորդիները սթափ են մտածում։ Կասկածից վեր է, որ սուլթանի կառավարության համար ինքնասպանության պես բան կլիներ իր դեմ հանել իրեն սատարող ազգաբնակչության մի մասը։

Մեսրոպը հրաժարվում էր ընդունել այն, ինչ մնացածներին ակնհայտ էր թվում.

— Իսկ այդ հանձնաժողովը, որը քննում է հայերից բռնագրավված ունեցվածքի վերադարձի հարցը, գոյություն ունի՞, թե ոչ։

— Աշխատանքն առաջ չի գնում,— ասաց Տիրանը ծամածռվելով։— Լավագույն դեպքում կարելի է ակնկալել դրամական փոխհատուցում հողի և անշարժ գույքի կորստի համար։

Լուսիկն ու Տիրուհին, բաժակներով սկուտեղներր ձեռքին, անշարժացան դռան մեջ։ Վշտացած Մեսրոպը դարձավ Վարդանին.

— Դու ոչինչ չե՞ս անելու, որպեսզի քեզ վերադարձնեն Սվասի տունդ։

— Թող իրենց մնա,— բացականչեց Մարոն։— Մենք երբեք այնտեղ չենք վերադառնա։

Նա իսկույն զղջաց, որ պատասխանեց ամուսնու փոխարեն և, կարմրելով, նրան նայեց։ Վարդանը նրան շարժումով հանգստացրեց։

— Ես Մարոյի հետ համաձայն եմ։

Ոգևորվելով իր տագրոջ դիրքորոշումից՝ Տիրուհին մեկնաբանեց.

— Մարոն իրավացի է։ Մենք նույնպես չենք ուզում Աֆիոն վերադառնալ, այդպես չէ՞, Նուբար։

Բարկանալով, որ կինն այդպես ուղղակիորեն և անպատեհ պահի բացահայտեց իրենց մտադրությունները, Տիրանը մազերը հարդարեց և հազաց։

— Դա ճի՞շտ է,– հարցրեց Մեսրոպը, որը Նուբարի շփոթված տեսքից ամեն ինչ կռահեց։

Նուբարը ձեռքով լայն շարժում արեց և այն սրտին դրեց.

— Դուք ինձ ճանաչում եք։ Ես այն մարդը չեմ, որը նահանջում է հենց առաջին խոչընդոտին հանդիպելիս։ Սակայն ես հորիցս սովորել եմ նաև, խաղաղություն նրա հոգուն, որ պետք չէ համառել անհույս գործի դեպքում։

Մեսրոպը մոռացել էր Նուբարի այդ շնորհքը՝ պատասխանել առանց ոչինչ ասելու։ Նա պնդեց.

— Ի՞նչ ես անելու։

— Աշխատելու եմ լավ գումար ստանալ մեր հողերի դիմաց։ Վարդանը համաձայն է ինձ հետ։

Չբավարարվելով՝ քեռին շարունակեց պնդել.

— Իսկ հետո՞։

Նուբարը գլուխը տմբտմբացրեց և խուսափողական պատասխան տվեց.

— Դե....

Եվ նորից Տիրուհին չկարողացավ իրեն զսպել և փրփրեց.

— Գնալու ենք Միացյալ Նահանգներ։ Սենք այլևս չենք կարողանա ապրել այս երկրում։ Բռնությունները կարող են վերսկսվել ցանկացած ժամանակ։ 1895, 1915, սերունդը մեկ։ Չհաշված տեղական ջարդերը։ Ո՛չ։ Մենք ուզում ենք մեր օրերն ավարտել երջանիկ, մի տեղ, ուր ամեն երեկո պետք չէ հարցնել, թե արդյոք առավոտյան երկինքը չի՞ փլվելու գլխիդ։

Ավանդապահ փնելով՝ Մեսրոպը տանել չէր կարողանում այն ազատությունը, որը ձեռք էին բերել նոր սերնդի կանայք, միջամտելով տղամարդկանց խոսակցությանը։ Նա մատը տնկեց Նուբարի վրա, իսկ Տիրուհուն նայեց խիստ հայացքով.

— Ես Նուբարին եմ դիմում։

Նեղանալով՝ Տիրուհին մեջքը նրան արեց և սկսեց մատուցել խմիչքը։

Վարդանը, նույնքան զարմացած, որքան քեռին, նայեց Նուբարին։ Նուբարը հազաց։ Ի՞նչ կարող էր նա ավելացնել կնոջ խոսքերին։ Տիրուհին ամփոփել էր իր միտքը, բառացիորեն կրկնելով իր որոշ նախադասությունները։ Քեռին գուցե ավելի լա՞վ հասկանար նյութական դրդապատճառները։

— Այնտեղ շատ հնարավորություններ կան ձեռներեց մարդու համար։ Ես մտածում եմ ներմուծումով և արտահանումով զբաղվել։ Պարգևը շատ կապեր ունի Նյու Ցորքում, ես կապեր եմ հաստատել Երուսաղեմում, իսկ մենք միասին...

Քեռին նրան ընդհատեց.

— Պարգև՞ը։ Նա ի՞նչ կապ ունի։

Իր ծրագրերով ոգևորված Նուբարը չափից ավելի էր ասել։ Քանի նա պատասխան էր փնտրում քեռուն հանգստացնելու համար, վերջինս մտահոգ շարունակեց.

— Պարգևը մտադի՞ր է Նյու Ցորք վերադառնալ։ Նա քեզ ասե՞լ է։

Նուբարը չխոստովանեց, որ համագործակցության այդ ծրագրի կապակցությամբ նրանք քեռորդու հետ նամակներ էին փոխանակել։

— Ոչ, չի ասել։ Ես ենթադրում էի, որ նա կարող էր վերադառնալ։

Այդ բացատրությունը չշփոթեցրեց Մեսրոպին, և առավոտից նրան տիրած խանդավառությունն անհայտացավ։ Նա ողջ սրտով հուսացել էր, որ իր ավագ որդին կվերադառնար Կոստանդնուպոլիս, քանի որ չէր կարող այլևս Պալյանների ներկայացուցիչը լինել Նյու Յորքում ափիոնի վաճառքի գործում։ Իր երկու որդիները լքելու էին իրեն, և այս ընտանեկան ճաշը կորցնում էր իմաստը։ Ի՞նչ տեսք է նա ունենալու, երբ կեսօրից հետո իր ծառայողներն ու բարեկամները գային զատկական ավանդական այցելությամբ։ Նա դարձավ դեպի դուռը՝ փնտրելով կնոջ հայացքը։ Լսելով ամանեղենի աղմուկը՝ նա հասկացավ, որ նա ճաշասենյակում էր։

— Գնամ տեսնեմ սեղանը պատրաստ է, թե ոչ,— ասաց նա դուրս գալով սենյակից։ Նա գնաց Արփինեի մոտ, որպեսզի նա իրեն մխիթարեր։

Տիրուհին նստեց ամուսնու կողքին։ Քեռու անվստահ ձայնը նրան զարմացրել էր։

— Ի՞նչ պատահեց նրան,— հարցրեց նա։— Նա պետք է որ ընտելացած լիներ, որ Պարգևը արտասահմանում է ապրում։

Տիրանը երկար հոգոց հանեց և բացատրեց.

— Իմ Հայաստան գնալը նրան շատ է վշտացնում։ Նա մխիթարվում էր, կարծելով, որ Պարգևը վերադառնալու էր։

Նուբարը միշտ շատ շուտ էր լուծումներ գտնում։

— Ինչո՞ւ հորդ ու մորդ հետդ Հայաստան չես տանում։

— Ես նրանց առաջարկել եմ ինձ հետ Հայաստան գնալ։ Հայրս պատասխանեց, որ ծեր ծառերի արմատները նոր տեղում չեն կպչում։ Նրանց պետք է հասկանալ, նրանք այստեղ են ծնվել։ Նրանց համար Հայաստանը առասպելական երկիր է և գտնվում է աշխարհի ծայրին։

— Խուսափենք մեկնումների մասին խոսակցություններից գոնե այսօր, քանի որ Մեսրոպ քեռին և մորաքույրը տոնում են ժամանումները,— ասաց Վարդանը։

Համոզվելով, որ քեռին չէր վերադառնում հյուրասենյակ, նա ցածրաձայն հարցրեց եղբորը.

— Դու կայացրե՞լ ես վերջնական որոշումը, Նուբար։

— Այո։

— Ե՞րբ։

— Սկզբում կփորձեմ մեր հողերի համար փոխհատուցում ստանալ։ Ես ենթադրում եմ, որ մի քանի ամիս կտևի։ Իսկ դո՞ւ, Վարդան։ Դու ինձ ոչինչ չես ասել ապագայի քո ծրագրերի մասին։

Վարդանի և Մարոյի հայացքները հանդիպեցին։ Մարոյի հայացքում կարծես տագնապ լիներ։

— Այս պահին մենք միայն մեկ նպատակ ունենք՝ գտնել Թովմասին։ Հետո...

Նա անորոշ շարժում արեց, քանի որ Մեսրոպը գալիս էր նրանց սեղանի մոտ հրավիրելու։ Նա նորից հանդարտ էր և սովորական աղոթքից հետո ավելացրեց դողդոջուն ձայնով.

— Տեր, ամենակարող Աստված, քո զավակները, որ հավաքվել են այստեղ քո հարության օրը, աղերսում են մեզ վերադարձնել մեր զավակին՝ Թովմաս Պալյանին, որը դաստիարակվել է քո սուրբ անվան պաշտամունքի մեջ։ Ամեն։

Բոլորը խաչակնքվեցին և անշարժ մնացին։ Վարդանը նստելու ազդանշան տվեց՝ բարձրացնելով իր բաժակը.

— Արփինե մորաքրոջ և Մեսրոպ քեռու կենացը։

Մնացածները կրկնեցին կենացը։ Արամը, որը մինչ այդ լուռ էր և մի քիչ շատ էր խմել, մի քանի բառ ասաց խուլ ձայնով.

— Ձեր բոլորի կենացը։ Դուք դարձել եք իմ միակ ընտանիքը։

Արփինեն բռնեց նրա ձեռքը։

— Դու մեր որդին ես, Արամ... Եվ ես քեզ կասեմ այն, ինչ միշտ ասել եմ իմ որդիներին, շատ մի խմիր։

— Ի վերջո այսօր տոն է,— ասաց Մեսրոպը։— Թույլ տուր, որ մի քիչ խմի։

Մեսրոպի լավ տրամադրությունը առերես էր, այդուհանդերձ զատկական այս ճաշկերույթն այդ տանը վերջին ժամանակները տեղի ունեցածներից ամենաաշխույժն էր։

Հյուրերը միաժամանակ մի քանի խոսակցություն էին վարում, որոնք խաչաձևվում էին, մի պահ ընդհատում էին միմյանց, իսկ հետո շարունակվում էին՝ փոխելով նյութը։ Մարոն չէր խոսում և գրեթե չէր լսում։ Նա մտածում էր Նուբարի մեկնելու վճռի մասին և հատկապես Տիրուհու խոսքերի մասին, որոնք այդքան լավ էին բնորոշում իր սեփական վախը, որ հաստատված դեռևս շատ փուխր անդորրը կարող էր նորից փլվել։ Երեկ, ինչպես շատ ուրիշ անգամներ, ինքն արթնացել էր գիշերվա կեսին այն զգացողությունից, որ ոստիկաններր ջարդում էին տան դուռը՝ նորից տեղահանության քարավաններն իրենց ուղարկելու համար։ Եվ ամեն ինչ նորից էր սկսվելու. Վարդանի ձերբակալությունը, մոր մահը, Ռըզա բեյը, Թովմասի անհետանալը, Նուրհանի կորուստը։ Վերականգնվելո՞ւ էր արդյոք մի օր իր հոգու անդորրը։ Փլվելու պատրաստ փուխր աշխարհի մեջ էր մտնում նաև իրենց կազմած զույգը, քանի որ Վարդանին և իրեն դեռևս չէր հաջողվում իսկապես վերականգնել կապը։ Մարոյի մեղքով Վարդանը հրաժարվում էր նրա սիրտը նորից նվաճելու փորձերից, խորասուզվում էր իր աշխատանքի ու հոդվածների մեջ և կամաց-կամաց հեռանում էր Մարոյից։ Եթե այսպես շարունակեին, ապա կնմանվեին այն զույգերին, ուր սերը փոխարինվում էր սովորությամբ, իսկ ջերմությանը փոխարինելու էր գալիս անտարբերությունը։

Մարոն բարձրացրեց աչքերր։ Վարդանն իրեն էր նայում, և դժգոհ էր, որ Մարոն նորից բացակա էր։ Մարոն շրջվեց։ Ինչպե՞ս կարող էր Վարդանին բացատրել իր հոգեվիճակը։

✻    ✻



Մի օր, երբ Վարդանն ու Մարոն տուն վերադարձան որբանոցից, ուր նա մտել էր Մարոյին վերցնելու համար, նրանք տեսան, որ իրենց դռան կողպեքը ջարդված էր։

— Մնա այստեղ,— ասաց Վարդանը Մարոյին, որը գունատվել էր։

Նա մտավ բնակարան համոզվելու համար, որ անկոչ հյուրերը արդեն գնացել էին։ Նրանց ննջարանի զգեստապահարանը շրջված էր մահճակալի վրա, կոմոդների դարակների պարունակությունը գետնին էր։ Խոհանոցի հատակը ծածկված էր կոտրած ամանեղենի բեկորներով, ճաշասենյակի աթոռները կոտրված էին։ Մարոն Վարդանին միացավ հյուրասենյակում, որի բազմոցի երեսը պատռած էր դանակի հարվածներով, իսկ վարագույրները բզկտված էին։ Աչքերին չհավատալով՝ Մարոն սենյակին նայեց, նկատեց գրասեղանը, որի վրայից անհետացել էին Վարդանի թղթերն ու գրքերը, և հուսահատ պատին հենվեց։ Վարդանը նրան մոտեցավ։

— Ոչինչ,— ասաց նա,— ես ամեն ինչ տեղը կդնեմ։

Մարոն հեգնանքով ծիծաղեց և բարկացած բացականչեց.

— Ոչի՜նչ։ Դու համարում ես, որ սա չնչի՞ն բան է։ Մեր դուռը ջարդում են, տունը ավերակի են վերածում և դա ոչի՞նչ է։ Իսկ եթե ես այստեղ լինեի՞։

— Բայց դու այստեղ չէիր,— ասաց նա սառը տոնով։

— Իսկ մյուս անգա՞մ։

Վարդանը պատասխան չգտավ։

— Նրանք կվերադառնան, Վարդան,— շարունակեց նա՝ ցույց տալով սեղանը։— Քո հոդվածների պատճառով։ Նրանք գիշերով կգան քեզ ձերբակալելու, ինչպես Սվասում։

Վարդանը փորձեց հնարավորինս նվազեցնել իրեն սպառնացող վտանգը, սակայն չէր հասցրել բերանը բացել, երբ Մարոն սկսեց հեկեկալ։

Վարդանը գրկեց նրան և ուժգին սեղմեց իրեն՝ հանգստացնելու համար։ Եվ Մարոն, կառչելով նրան, անձնատուր եղավ արցունքներին։ Երբ արցունքների տարափը սպառվեց, Վարդանը շշնջաց.

— Ոչնչից մի վախեցիր, ես այստեղ եմ։

Գլուխը նրա ուսից չվերցնելով՝ Մարոն ասաց ընդհատվեղ ձայնով.

— Դու այնքան հաճախ ես բացակայում։ Մեկ՝ ժողով, մեկ՝ կոմիտե։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դու խուսափում ես ինձնից։

— Միգուցե...— ասաց նա հառաչելով։— Սակայն երբ ես այստեղ եմ լինում, դու ես բացակայում։ Դու այստեղ ես և միևնույն ժամանակ ներկա չես, դատարկ հայացքով, դեմքդ այլայլված տառապանքից։ Ամեն օր ես տեսնում եմ քո կարմրած աչքերը։ Այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, Մարո։

Նա խորը շունչ քաշեց և ավելացրեց.

— Ասա ինձ անկեղծորեն, ես սխա՞լ եմ կատարել՝ քեզ Այնթապից այստեղ բերելով։

Զարմանալով՝ Մարոն գլուխը բարձրացրեց Վարդանի ուսից նրա աչքերի մեջ նայելու համար և բացականչեց.

— Վարդան, դու շատ լավ գիտես, որ ոչ։

— Այդ դեպքում, որտե՞ղ ես դու մտովի դեգերում, եթե ոչ Այնթապում։

Չկարողանալով հերքել այդ պնդումը՝ Մարոն գունատվեց։ Վարդանը շարունակեց խուլ ձայնով.

— Ո՞ւմ համար ես ողբում, եթե ոչ Ռըզա բեյի համար։

— Դու սխալվում ես,— պաշտպանվեց Մարոն։

Տեսնելով Մարոյի բաց դեմքը՝ Վարդանը շփոթվեց։ Նա հավատում էր Մարոյին, և դա ավելի էր խորացնում նրա շփոթմունքը։ Երբ նա լացում էր Թովմասի համար, ապա դա լինում էր իր ներկայությամբ։ Եվ դա փնում էր հատկապես այն դեպքերում, երբ իրենք նոր բացասական պատասխաններ էին ստանում։ Եվ ամեն անգամ Վարդանին հաջողվում էր նրան հույս ներշնչել։ Ուստի ո՞րն էր այն վշտի պատճառը, որը գրեթե անդադար տանջում էր Մարոյին։

Վարդանը բացատրության էր սպասում։ Մարոն թուքը կուլ տվեց և շարունակեց նայել Վարդանի աչքերին։ Նրան հաջողվել էր հաղթահարել ամոթը, և նա կարծես մարտահրավեր նետեր։ Ամեն ինչ այդ պահին պետք է որոշվեր։

— Ռըզա բեյն ինձ պարտադրեց իրեն սիրել... և պահեր էին փնում, որ ինձ թվում էր, թե ես սիրում էի նրան։ Բայց դա այդպես չէր։ Ես նրա պարտապանն էի, ես նրան պարտական էի Թովմասի և իմ կյանքի համար։

Վարդանը, բաբախող սրտով լսում էր, թե ինչպես է նա առաջին անգամ խոսում իր կյանքի այղ միջադեպի մասին։ Նա բռնեց նրա ձեռքը.

— Դու չպետք է արդարանաս, Մարո։ Ջնջենք անցյալը։

— Նախ, պետք է դրա մասին խոսել։ Քանի դեռ մենք հայացք ենք թեքում այդ տարիներից, դրանք որպես պատվար կանգնելու են մեր միջև։

Վարդանը լարված շրթունքներն էր կծում։ Նա գլխով այո արեց։

— Այդ մարդն ինձ փրկեց, հետո ես ինձ նրա գերուհին էի զգում, հետո...

— Մանրամասների կարիքը չկա,— ասաց Վարդանը՝ չցանկանալով, որ նա ավելին ասեր։

— Ոչ, ես պետք է ամեն ինչ ասեմ, ես եղել եմ նրա սիրուհին, ես ապրել եմ նրա կանանց հետ չորս տարի շարունակ։

Վարդանն անշարժ էր։ Մարոն շարունակեց.

— Սակայն ես երբեք չեմ դադարել քեզ սիրել։ Օր չի եղել, որ ես քեզ չհիշեի, չաղոթեի քեզ համար, և ես միշտ ինձ համարել եմ քո կինը։

Վարդանի աչքերն արցունքներով լցվեցին, և նրա ձայնը դողաց.

— Այդ խոսքերն ինձ հաճույք են պատճառում, Մարո։ Իմացիր, որ ես երբեք չեմ դատապարտել քեզ։ Դու արել ես այն, ինչ պետք էր վերապրելու համար... ինձ մոտ վերադառնալու համար։

Նա տատանվեց խոստովանելուց առաջ.

— Ես էլ, այլ կնոջ եմ սիրել։

— Ես գիտեմ,— ասաց Մարոն՝ ուսերը թոթվելով։

— Դու գիտեի՞ր,— զարմացավ Վարդանը։— Իմացիր, որ շարունակում էի քեզ սիրել և ես թողեցի նրա ապահով տունը քեզ փնտրելու համար։

Մարոյի շրթունքներին ժպիտ երևաց։ Հուզմունքից դալալով՝ նրանք երկար իրար էին նայում։ Հետո Վարդանի դեմքը մռայլվեց։

— Այդ դեպքում ես չեմ կարող հասկանալ քեզ տանջող վշտի պատճառը։

Մարոն շիկնեց։ Վարդանը զգաց, թե ինչպես քրտնեց նրա ձեռքը, և նա մեղմորեն պնդեց.

— Էլ ի՞նչ կա։

Ազատ ձեռքով Մարոն երկու անգամ հարվածեց իր կրծքին.

— Թե իմանայիր, ինչպես եմ ես տառապում։ Թե իմանայիր, ոնց եմ տանջվում։ Օ՜, Վարդան, ես տանջվու՜մ եմ, տանջվու՜մ։

Նա շունչ քաշեց և ողբերգական ձայնով գրեթե բղավեց.

— Ես նրանից որդի եմ ունեցել։ Նուրհա՜ն... Նուրհա՜ն։

Երեխայի անունը նա հառաչանքի պես արտաբերեց, կարծես վիրավոր կենդանու ճիչ լիներ։ Վարդանը նրան գրկեց։ Մարոն դողում էր, սակայն պատրաստ էր պաշտպանության։

Վարդանն առաջին պահին թեթևություն զգաց, ընդամենը դա էր։ Հետո հանկարծ հասկացավ իրավիճակը և ամաչեց շաբաթներ իրեն տանջող խանդի համար։ Մարոյին ստիպել էին լքել այդ որդուն, որին նա պետք է որ Թովմասի չափ սիրեր։ Նա կորցրել էր նաև երկրորդ երեխային։ Առանց ցանկանալու, նա հաղորդակից եղավ Մարոյի վշտին այդ երեխայի համար, որին չէր ճանաչում, ուրիշ տղամարդու երեխայի համար նա զգաց գրեթե նույն վիշտը, որ ապրել էր Թովմասի կորստյան մասին լուրը ստանալիս։ Նա Մարոյին ավելի պինդ սեղմեց իրեն։

— Իմ խեղճ սիրելիս... խեղճ սիրելիս։

Ցավակցական այդ խոսքերը ազդանշան եղան Մարոյի համար, որն անձնատուր եղավ իր վշտին։ Այնթապից հեռանալուց ի վեր նրան ուղեկցող լարումն անցնում էր։ Նրա տառապանքը չէր թեթևանալու, սակայն գոնե չէր փնի այդ թաքուն ընկճվածությունը, որը նրան հնարավորություն չէր տափս ապրելու։ Թեթևություն զգալով, որ Վարդանը հարցեր չէր տափս, նա թույլ տվեց, որ Վարդանն իրեն օրորեր իր ուժեղ բազուկներում։

Նա իրեն պարպված էր զգում, ուժասպառ և աչքերով նստելու տեղ փնտրեց։ Հյուրասենյակի տեսքր նրան սթափեցրեց։

— Այսպես չի կարելի շարունակել, Վարդան։

— Ի՞նչ,— ասաց նա՝ չհասկանալով, թե ինչ էր նա ասում։

— Սա,— ասաց նա՝ ցույց տալով սենյակը։— Ես վախենում եմ։

— Արդեն անցել է։

— Ոչ։ Սեղանիդ նայիր։ Նրանք տարել են հոդվածներդ։ Նրանք քեզ հետևում են։ Նորից ամեն ինչ վերսկսվելու է, ինչպես մեր ամուսնության սկզբում։

Վարդանը փորձեց նրան հանգստացնել իր հանգիստ տոնով.

— Այսօր իրավիճակը փոխված է։ Կայսրությունը տանուլ է տվել պատերազմը, և իմ հոդվածներն այլևս հանցագործություն չեն։

— Սակայն սուլյթանի ոստիկանությունը գոյություն ունի։ Եթե նրանք չեն կարող քեզ օրինական կերպով ձերբակալել, ապա...

Նա չկարողացավ բառն արտաբերել։

— Դու զուր քեզ տանջում ես, Մարո։

— Ինքդ չես հավատում քո խոսքերին։ Ես զգում եմ մեզ շրջապատող վտանգը։ Արդեն քանի օր է, ինձ թվում էր, որ մեզ հետևում են։ Իսկ հիմա գիտեմ, որ չէր թվում։

Վարդանն ուսերը վեր քաշեց։

— Ի՞նչ ես ուզում, որ անենք։

— Տեղափոխվենք։

— Նրանք մեզ կգտնեն։

— Դադարիր հոդվածներ գրել։

— Մարո։ Դու իրավունք չունես ինձնից դա պահանջելու։

— Ես չեմ ուզում քեզ նորից կորցնել։ Գուցե ընդմիշտ...

Մարոն սեղմեց Վարդանի թևը։

— Ես վախենում եմ, Վարդան։

Մարոյի աչքերն աղերսում էին։ Կնոջը պատասխանելու փոխարեն, Վարդանը գերադասեց ցրել նրա ուշադրությունը.

— Կողպեքը կոտրված է։ Մենք չենք կարող գիշերն այստեղ մնալ։

Մարոն հուզմունքից աչքաթող էր արել այդ հանգամանքը։ Նա վախով միջանցքի կողմը նայեց։

— Հագուստ վերցրու, մենք հյուրանոց կգնանք։

— Հետս ննջարան արի։

Չնայած Վարդանը նախազգուշացրել էր, Մարոն ցնցվեց՝ տեսնելով ննջարանի վիճակը։ Վարդանը բարձրացրեց զգեստապահարանն ու պատին հենեց։ Մարոն հավաքեց մահճակալին թափված հագուստը։ Բամբակյա գիշերանոցը պատառոտված էր, և Մարոն այն զզվանքով գետնին գցեց։ Մետաքսե գիշերանոցը, որն ավելի թանկ էր, պատահաբար խուսափել էր բարբարոսների դանակից։ Մարոն հարդարանքի պարագաներ վերցրեց, դրեց կտորից ճամպրուկի մեջ, որով եկել էր Այնթապից։ Սանդուղքի վրա Վարդանը ստուգեց իր ատրճանակը բաճկոնի տակ։

— Դու զինվա՞ծ ես,— զարմացավ Մարոն, որը դրանում իր տագնապի հաստատումը տեսավ։

— Պարզապես զգուշություն է։ Կոստանդնուպոլիսը մեծ քաղաք է։

Մութ և ամայի փողոցներով նրանք գնացին մինչև զինվորական դպրոցը, որի առջև կանգնած էին ֆայտոնները։ Մարոն լարված ականջ էր դնում հնարավոր քայլերը լսելու համար և հաճախակի հետ էր նայում։ Կառապաններից մեկը, որը թուղթ էր խաղում գործրնկերների հետ աղբյուրի եզրին դրված ջահի լույսի ներքո, շտապեց նրանց ընդառաջ։ Նրանք գնացին «Բերա Պալաս» հյուրանոցը։

Հյուրանոցի լուսավորված նախասրահը մտնելուն պես, ուր բազմաթիվ օտար զինվորականներ կային, Մարոն հանգստացավ։ Խոսակցությունների աղմուկը, ուր Մարոն տարբերում էր ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն բառեր, նրան լավագույն երաժշտությունը թվաց։ Այս աշխարհն այնքան էր տարբերվում նրանից, որտեղից իրենք նոր ներս էին մտել։

Վարդանը լոգարանով սենյակ վերցրեց և խնդրեց, որպեսզի ճաշը ներսում մատուցեին։

— Սպասավորներից մեկը ձեզ ճաշացանկը կբերի, պարոն։

Ճաշասրահում նվագախումբ էր նվազում, սակայն ո՛չ Մարոն, ո՛չ էլ Վարդանը ցանկություն չունեին այդ ամբոխի մեջ ճաշելու։ Սպասավորը նրանց մինչև սենյակ ուղեկցեց, երկրորդ հարկ, որի լուսամուտները նայում էին դեպի Ղալաթիա տանող պողոտան։

Սպասավորներից մեկր սեղան գցեց լուսամատի առջև, երկրորդը եկավ՝ իր դիմաց հրելով անիվներով փոքր սեղանը, ուր դրված էր Վարդանի պատվիրած ձուկը։ Վարդանը նրանց հավելավճար տվեց։

— Դուք կարող եք գնալ։ Ինքներս մեզ կսպասարկենք։

Լսելով փակվող դռան ձայնը՝ Մարոն, որը հագուստն էր փոխում լոգարանում, հարցրեց.

— Նրանք գնացի՞ն։

— Այո, կարող ես դուրս գալ։

Մարոն եկավ։ Շքեղ գիշերանոցի վրա նա հագել էր մետաքսյա տնային զգեստ, իսկ մազերն արձակել էր ուսերին։ Նրա տեսքից և շփոթվածությունից Վարդանը հասկացավ, որ Մարոն նոր դիրքորոշում էր որդեգրել իր նկատմամբ։ Նրա աչքերի կարմրությունն անցել էր, իսկ դեմքը հանգիստ էր։ Վարդանը չէր կարողանում հավատալ, որ մեկ ժամ առաջ այդ կինը ընկճված վիճակում էր։

— Դու հիասքանչ ես։ Ինձ թվում է, որ ես քեզ տեսնում եմ Փարիզում։ Հիշո՞ւմ ես Ռիվոլի փողոցի այն հյուրանոցը։

Մարոն գլխով արեց։ Իրենց ամուսնական ճանապարհորդությունը... Դա այնքան վաղուց էր և, այդուհանդերձ, այնքան մոտ։

Նրանք խմեցին իրենց սիրո կենացը և երկար համբույր փոխանակեցին։ Նրանք լուռ ուտում էին՝ պերճախոս հայացքներ գցելով միմյանց վրա, երբ փողոցի աղմուկը խաթարեց նրանց անդորրը։ Վարդանը մի կողմ տարավ վարագույրը։ Մի խումբ ցուցարարներ անցնում էին՝ բռունցքները թափահարելով և կոչեր հնչեցնելով։

— Ովքե՞ր են,– հարցրեց Մարոն։

— Ազգայնականներ, որոնք բողոքում են արևմտյան ներկայության դեմ։

Ոստիկանությունը վրա հասավ։ Վարդանը քաշեց վարագույրը։ Կամաց-կամաց աղմուկը մարում էր, երբ կրակոց լսվեց։ Դրան հետևեց տարօրինակ հանդարտություն, հետո փախուստի դոփյունը։

Մարոն, գունատվելով, վայր դրեց դանակն ու պատառաքաղը և տագնապով ամուսնուն նայեց։

— Օրերից մի օր ամեն ինչ նորից տակնուվրա է լինելու, ինչպես ասում էր Տիրուհին, Վարդան, ես այլևս չեմ կարող այս երկրում ապրել։ Ամեն գիշեր տեղահանությունր նորից է սկսվում։

— Մարո, մենք չենք կարող գնալ։

— Ես գիտեմ։ Բայց երբ Թովմասը մեզ հետ կլինի...

Կնոջ խնդրանքը Վարդանին հանկարծակիի բերեց։ Իհարկե, արտագաղթելու միտքը իրեն այցելել էր, հատկապես այն պահից, երբ իմացել էր երկրից հեռանալու Նուբարի որոշման մասին, սակայն մեկնելը իր համար պարտություն կլիներ։

— Մենք ծնվել ենք աշխարհի այս անկյունում, Մարո։

— Մա այլևս մեր հայրենիքը չէ։

— Այստեղ այնքան բան կա անելու մերոնց համար։

— Դու քո բաժինն արել ես։ Հարկավոր է մի քիչ էլ մեր մասին մտածել, մենք քիչ ժամանակ ունենք։ Մենք կարող ենք մեր կյանքը սկսել այլ երկնքի տակ։ Այստեղ ես չեմ կարողանա երջանիկ փնել։ Հողը ներծծված է արյունով, իմ մոր, Արմենի, անհամար մարդկանց արյունով։ Չխոսես ինձ հետ Հայաստանի մասին գոնե այնքան ժամանակ, քանի դեռ մեր հայրենակիցները, որոնք նոր են սկսել կառուցել իրենց երկիրը, ամեն վայրկյան կարող են հայտնվել պատերազմի ճիրաններում։ Ես այլևս ուժ չունեմ շուրջս մեռնող մարդկանց տեսնելու։ Իսկ այն միտքը, որ քեզ նորից կարող են ինձնից խլել, անտանելի է ինձ համար։ Ես ամեն ինչ կորցրել եմ քեզնից բացի, Վարդան, ես ուզում եմ այստեղից գնալ։

Նա հանգիստ էր խոսում, սակայն պերճախոս Էր, և չնայած նրա հանդարտությանը նրա ասածի կարևորությունն ակնհայտ Էր։ Վարդանը մտորումների մեջ ընկավ։

— Նույնիսկ այլ երկրում ապրելով՝ դու կարող ես օգնել մերոնց,— շարունակեց Մարոն։— Քեզ առաջարկում են Վաշինգտոն մեկնել ամերիկյան կառավարության առջև վկայություններ տալու համար։

— Ճիշտ Է,— համաձայնեց Վարդանը։— Սակայն ես չեմ Էլ ուզում դրա մասին մտածել, քանի դեռ մենք չենք պարզել Թովմասի ճակատագիրը։

Հակառակ իր սովորության, նա չօգտագործեց «գտնել» բառը իրենց որդու մասին խոսելիս։ Մարոն ուշադրություն չդարձրեց այդ խոսքերին, որոնք հնարավորություն Էին տալիս ենթադրելու, որ Վարդանը հավանաբար հաշտվել Էր վատթարագույնի հետ։ Մարոն վեր կացավ, շրջանցեց սեղանը, նստեց Վարդանի ծնկներին և գրկեց նրան։

— Երբ Թովմասը մեզ հետ կլինի, մենք կկարողանանք մեկնել Վաշինգտոն։ Կասկածից վեր է, որ հենց այնտեղ դու շատ օգտակար կլինես։ Ես չեմ պահանջում, որ մենք ընդմիշտ գնանք։ Մեկ կամ երկու տարի։ Այդքան է պետք սիրուն նորից ընտելանալու և սարսափները մոռանալու համար։ Մենք կտեսնենք, թե ինչպես Է կյանքը հունի մեջ մտնում այնտեղ...

Մարոյի Կոստանդնուպոլիս գալուց ի վեր Վարդանն առաջին անգամ Էր տեսնում, թե ինչպես Էր տենչը ծնունդ առնում նրա աչքերում։ Եվ նա ուզեց, որ այդ կրակը երբեք չմարեր։

— Ճիշտ Է, այնտեղ ես ավելի լավ կկարողանամ օգնել Հայաստանի կայացմանը։

Մարոն ծիծաղեց և համբուրեց Վարդանի այտը։

— Խոստանո՞ւմ ես, որ մենք կմեկնենք, հենց որ Թովմասը մեզ հետ կլինի։

— Այո։ Եվ որպեսզի գործը չձգձգվի ես հենց հիմա կսկսեմ թղթերը նախապատրաստել ամերիկյան դեսպանատան համար։

Մարոյի ժամանումից հետո նրանք իրար սիրել էին միայն մեկ անգամ։ Վարդանը տենչում Էր Մարոյին, իսկ վերջինս պարտք Էր կատարում, և դա այնքան մեխանիկական կենակցություն Էր և այնքան զերծ Էր սիրուց, որ Վարդանն այլևս չէր դիպել Մարոյին։ Այդ գիշեր նարդոսի բուրմունք արձակող անկողնում Մարոն ինքն անձնատուր եղավ ամուսնուն և տրվեց անմնացորդ՝ և՛ կրքոտ, և՛ քնքուշ, նախաձեռնող և ինքնամոռաց։ Նրանք այդպես պառկեցին տզդրը ազդրին, մատները միահյուսված։ Լռության մեջ նրանք հետևում էին, թե ինչպես էին հաճույքի ալիքները տեղի տալիս, և ինչպես էին հանգչում նրանց հառաչանքների արձագանքները։

Խոստումների և ծրագրերի համար դեռ վաղ էր։ Վարդանը քնքշորեն հարցրեց.

— Քանի՞ տարեկան է Նուրհանը։

Մարոն ցնցվեց։ Ինչպե՞ս կռահեց, որ հենց այղ պահին ինքը հիշել էր իր երկրորդ որդուն։ Նրա կոկորդը սեղմվեց.

— Մոտ երեք տարեկան։

Սի պահ լռություն տիրեց։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ անհնարին էր այդ երեխային վերցնել իր հորից և որ նա ընդմիշտ կորսված էր Մարոյի համար, սակայն նրանցից և ոչ մեկը չէր կարող արտաբերել այդ ճակատագրական դատավճիռը, ինչպես նաև չէին կարող պատրանքների մեջ ընկնել։ Նուրհանի հիշատակը ողբալու փոխարեն, ինչ անում էր սովորաբար Մարոն, նա վճռեց նրան ապրեցնել խոսքի միջոցով։

— Զարմանալի է, բայց նա նման է... նման է Թովմասին։

— Ուրեմն մորը։

— Այո, նա իմ աչքերն ունի։ Նա վարժ է խոսում, բայց քիչ։ Նա երևի ինքնամփոփ կլինի։ Նա նկարելու զարմանալի շնորհք ունի։

Մարոն շնչակտուր լռեց։ Առաջին անգամ լինելով, բավական էր, ինքն ավելի ուշ կշարունակեր։

Նւս գլուխը դրեց Վարդանի կրծքին և լսեց նրա սրտի ուժգին ու արագացած բաբախյունը։ Նա փակեց աչքերը և քնեց աշխարհի մնացած ձայները խլացնող այդ երաժշտության նվագակցության ներքո։

✻    ✻



Վարդանը, ծանրաքայլ, բարձրացավ իրենց բնակարանի աստիճաններով։ Արդեն մի քանի շաբաթ նամակներ չէին գալիս մանկատներից։ Հարկավոր էր հաշտվել իրականության հետ. Թովմասը չէր ընկել միսիոներների ձեռքը։ Եթե նա ողջ էր, ապա գտնվում էր որևէ թուրքի կամ քրդի մոտ որպես աշակերտ, ագարակում աշխատող բանվոր, հովիվ կամ ուղտապան։ Այդ դեպքում նրան հայտնաբերելու հավանականությունը զրոյի էր հավասարվում։ Անհրաժեշտ կլիներ խուզարկել Անատոլիայի, Սիրիայի, Արաբական թերակղզու յուրաքանչյուր քաղաքը, գյուղը, ագարակը։ Վերջին հույսը տեղում աշխատող օգնության տարբեր կոմիտեներն էին, սակայն հազարավոր նմանատիպ դեպքեր կային, իսկ այդ կազմակերպությունները բավականաչափ աշխատողներ չունեին։

Հակառակ իր սովորության Մարոն ամուսնուն ընդառաջ չեկավ։ Վարդանը նրան գտավ բազկաթոռում նստած։ Նա գունատ էր և չէր կարողանում խոսք անգամ արտաբերել։ Նրա ձեռքին մի նամակ կար, որր նա արդեն տասն անգամ կարդացել էր։ Ծրարը գետնին էր ընկած։

— Ո՜չ,— բացականչեց Վարդանը, որը չգիտեր, թե ինչ պետք է աներ՝ ուրախանար, թե վշտանար։

Քարացած Մարոն դարձյալ նրան ոչինչ չբացատրեց։ Նա վերցրեց ծրարը, որի վրա գրված էր Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի Կոստանդնուպոլսի հասցեն։ Դրա մեջ մեկ այլ ծրար կար, որը մարվել էր Շվեյցարիայում և հասցեագրված էր փարիզյան մի թերթի, որի հետ Վարդանը համագործակցում էր։

— Հետո՞,— հարցրեց նա անհամբերությամբ։

Պատասխանելու փոխարեն Մարոն նրան մեկնեց նամակը, որը նա արագ կարդաց։ Նա աչքերին չէր հավատում։ Նամակի ներքևում զմուռսի վրա կնիքով դրված էր իր անունը հայերենով։ Նա բարձրաձայն կարդաց նամակը։

— «Հարգարժան պարոն Վարդան Պալյան։ Ժնևում վերջերս բացված մեր հաստատությունն ընդունում է հայ երեխաների, որոնք մեծ մասամբ, իհարկե, որբեր են։ Այս շաբաթ շվեյցարացի մի միսիոներ մեզ է հանձնել մի հայ երեխայի, որին անցած տարի ինքն ու իր կինը բերել են Բաղդադից։ Այդ երեխան, որը տասը տարեկան է և կրում է Թովմաս անունը, պնդում է, որ իր հոր անունն է Վարդան Պալյան։ Քանի որ ձեր անունն ինձ ծանոթ է բազմաթիվ հոդվածներից, ապա ես ինձ թույլ եմ տալիս գրելու թերթի հաշվին։ Կորցրե՞լ եք արդյոք Թովմաս անունով որդի։ Նա սևահեր է, շագանակագույն աչքեր ունի, կանոնավոր դիմագծերով կանոնավոր դեմք և մի քիչ ավելի բարձրահասակ է, քան իր հասակակիցները։ Չունենալով նրա լուսանկարը՝ ես այս նամակի վրա դնում եմ նրա խոսքերով իր հոր կնիքի պատճենը։ Ես աղոթում եմ Աստծուն, որպեսզի նա ծնողներին վերադարձնի այս տղային և անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին։ Անդրանիկ Բաղրամյան»։

Մարոն լսում էր նամակը, որը նա անգիր էր արել, և գլխով էր անում։

— Այս կնիքն իմն է,— ասաց Վարդանը՝ զննելով զմուռսը։ Այո, սա իմն է։

Մարոն վերջապես վերագտավ խոսելու ունակությունը.

— Թովմւսսն այն վերցրել էր քո գրասեղանից Սվասը լքելուց առաջ։

Վարդանն ապշած նայեց նրան և ճիչ արձակեց։ Նա չկարողացավ արցունքները զսպել և բացականչեց.

— Թովմա՜ս... Թովմա՜ս։ Դու հասկանա՞մ ես, Մարո։ Թովմասը Ժնևում է։

Մարոն ոտքի կանգնեց և նետվեց Վարդանի գիրկը, որը և լալիս էր, և ծիծաղում։ Նա բռնեց կնոջ ուսերից և նրան թափ տվեց.

— Թովմասը։ Մեր Թովմասը։

Մարոն նույնպես հուզմունքից ծիծաղում էր, քանի որ արցունքները սպառել էր օրվա ընթացքում։ Վարդանը նրան գրկեց և հետը պտտվեց։ Նա խոսքեր չէր գտնում և անընդհատ կրկնում էր որդու անունը։

Հանկարծ նա կանգ առավ և հարցրեց.

— Պատասխանե՞լ ես։

— Ես քեզ էի սպասում, որպեսզի միասին պատասխանեինք։

Վարդանը նայեց ժամացույցին.

— Հեռագրատունը դեռ բաց է։ Եթե շտապենք, ապա կհասցնենք։ Արա՛գ։

— Վերարկուի կարիք չկա,— ասաց Վարդանը դռան մոտից,— ապրիլյան այս երեկոն ամենատաքն է աշխարհագործությունից ի վեր։

Փողոցում նա գրկեց Մարոյին և ստիպեց նրան արագ քայլել։ Նրանք շնչակտուր հասան փոստատուն, որի դռներն արդեն փակում էին։ Վարդանը գիտեր, որ բողոքելն անիմաստ էր, չնայած մինչև աշխատանքի ավարտը դեռևս տասը րոպե կար։ Նա ուղղակի դրամ տվեց ծառայողին, որը հարթ մազերով և բարակ բեղերով քառասուն տարեկան տղամարդ էր, և նա համաձայնեց հեռագիրն ուղարկել։

Շտապող ծառայողի անհամբեր հայացքի ներքո Մարոն ու Վարդանը կազմեցին հեռագիրը, որը հասցեագրված էր Անդրանիկ Բաղրամյանին։

— Հարկավոր է մի քանի բառ էլ Թովմասին գրել,— ասաց Մարոն։

— Ի՞նչ ես կարծում. «Խոսքը մեր որդու մասին է։ Կետ։ Մարոն և Վարդանը երջանիկ են, որ նա ողջ է։ Կետ։ Շուտով կժամանենք։ Կետ»։

— Ավելացրու. «Նրան սիրում ենք բոլորից շատ»։

— Դա անհրաժե՞շտ է,— հարցրեց Վարդանը։

— Այո։ Թող իմանա, որ մենք բարկացած չենք նրա փախուստի համար։

Վարդանն ավելացրեց այդ բառերը։ Նրանք համոզվեցին, որ ծառայողը ուղարկեց հեռագիրը և դուրս եկան փոստատնից նրա հետ միասին։ Երբ հեռագրիչը բանալին էր պտտում կողպեքի մեջ, նա, որ կարողանում էր ուղարկել յուրաքանչյուր տառը, սակայն չէր հասկանում բովանդակությունը ֆրանսերենով, հարցրեց հեռագրի բովանդակության մասին։

— Մենք գտել ենք մեր որդուն, որին կորցրել էինք մի քանի տարի առաջ,— բացատրեց Մարոն ոգևորված։

— Օ՜,— բացականչեց տղամարդը, որը վեց երեխա ուներ։— Ես ուրախ եմ ձեզ համար։ Ալլահը մեծ է։

— Թող նա ողորմած լինի ձեր նկատմամբ,— պատասխանեց Վարդանը՝ հրաժեշտ տալով հեռագրիչին։

Ո՛չ Վարդանը, ո՛չ էլ Մարոն ցանկություն չունեին տուն վերադառնալու։

— Գնանք «Մարկիզա»,— առաջարկեց Մարոն։— Մենք այնտեղ նամակ կգրենք Թովմասին։

— Այո, և ճաշենք քաղաքում, որպեսզի նշենք ճակատագրի այս պարգևը։ Վերադարձի ճանապարհին կմտնենք Մեսրոպյանների մոտ և նրանց կհայտնենք այս արտակարգ լուրը։

Թևանցուկ արած՝ նրանք դանդաղ քայլերով գնում էին փողոցով և չափից ավելի հուզված էին խոսելու համար։ Յուրաքանչյուրն ինքն իրեն հարց էր տալիս, թե արդյոք դա երազ չէ՞ր։ Մի քանի փողոց այն կողմ Վարդանը հանկարծ կանգ առավ և նայեց Մարոյին։ Նա ոգեշնչված ասաց.

— Դու քեզ հաշիվ տալի՞ս ես, որ սա զուտ պատահականություն է։ Մեր ձեռնարկած քայլերից և ոչ մեկն արդյունք չտվեց, և ահա այդքան սպասված նորությունը երկնքից է ընկնում գլխներիս։ Իմ հոդվածների շնորհիվ։ Հոյակապ է, չէ՞։ Այդ մարդը մեզ հետ է կապվել, որովհետև կարդացել է իմ անունը թերթերում։

Վախենալով, որ իր երջանկությունը կախված էր հանգամանքների պատահական շղթայից, Մարոն հակաճառեց.

— Պատահականություն, պատահականություն, հեշտ է ասել։ Դու ավելի մոտ ես իրականությանը, երբ ասում ես «երկնքից ընկած»։ Մեզ պատասխանում է Բարձրյալը։

Վարդանը, որը շատ ուրախ էր, չկարողացավ իրեն զսպել և կնոջ հոգու հետ մի քիչ խաղաց.

— Համաձայնենք, որ երկնային նախախնամությունն այնպես արեց, որ այդ Բաղրամյանը լավ թերթեր է կարդում։

Մարոն տրամադիր չէր զվարճանալու։ Նա մտածում էր, թե ինչ վիճակում էր Թովմասը և թե ինչպես կվարվեր իր հետ։