Քանի դեռ սպասում է ավտոմեքենան

Գրապահարան-ից
20:56, 25 Հուլիսի 2014 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քանի դեռ սպասում է ավտոմեքենան

հեղինակ՝ Օ'Հենրի
աղբյուր՝ «XIX դարի ամերիկյան պատմվածք»


Երբ մթնշաղը տարածում էր թևերը, մոխրագույն զգեստով մի աղջիկ գալիս էր այդ լուռ, գողտրիկ զբոսայգու մտերմիկ անկյունը, և քանի որ մինչև մութն ընկնելը դեռ կես ժամ կար, նստում էր նստարանին ու գիրք էր կարդում։

Կրկնում եմ, նա մոխրագույն զգեստով էր, որի պարզությունը քողարկում էր ոճի ու կտրվածքի անթերիությունը։ Նրա գլխանոցը երիզված էր նուրբ ու թափանցիկ շղարշով, որի ներքո շողշողում էր աղջկա մեղմիկ, կուսական գեղեցկությամբ օժտված դեմքը։ Արդեն երրորդ օրը, նույն ժամին նա գալիս էր այդ մտերմիկ անկյունը։ Մի երիտասարդ գիտեր այդ մասին։ Նա թափառում էր մոտակայքում՝ հույսը դնելով մեծն պաշտամունքին՝ երջանկությանը մատուցված զոհաբերությունների վրա։ Նրա բարեպաշտությունը փոխհատուցվեց, քանի որ թերթելիս գիրքն աղջկա ձեռքից սահեց ու ընկավ նստարանից երկու քայլ այն կողմ։

Երիտասարդը հապշտապ դեպի գիրքը նետվեց և բարձրացնելով գետնից՝ տվեց աղջկան։ Զբոսայգիներին և հասարակական այլ վայրերին բնորոշ նրա այս վարվելաձևը նրբակրթության և հույսի միախառնում էր՝ հագեցված շրջիկ ոստիկանի հանդեպ չափավոր հարգանքով։ Հաճելի ձայնով նա փորձեց եղանակի մասին մի երկու անկապ բառ ասել (հայտնի է, որ աշխարհի բազմաթիվ դժբախտությունների պատասխանատուն այս կարգի ներածական խոսքն է) ու մի պահ քարացավ՝ թերագնահատելով իր բախտը։

Աղջիկը գնահատող հայացքով զննեց երիտասարդի համեստ, կոկիկ բաճկոնը և հատուկ արտահայտչականությամբ աչքի ընկնող դիմագիծը։

— Եթե ուզում եք, կարող եք նստել,— զնգան հնչեց աղջկա անշտապ կոնտրալտոն։— Ես ուզում եմ, որ դուք նստեք։ Կարդալ այլևս չի լինի, մութն արդեն ընկնում է։ Ես, հիրավի, կգերադասեի զրուցել։

Ճակատագրի ստրուկը հաճոյակատար նստեց աղջկա կողքին։

— Գիտե՞ք,— երիտասարդն իր խոսքը այնպիսի մի հնացած արտահայտությամբ սկսեց, որպիսին բարբառում էին զբոսայգու թափառաշրջիկ հռետորները, երբ հանդիպման ժամանակ սկսում էին իրենց ճառը,— մինչև հիմա տեսածս աղջիկներից ամենագեղեցիկը դուք եք։ Երեկ ես աչք չկտրեցի ձեզնից։ Մի՞թե, անուշիկս, չեք էլ նկատել, որ ինչ֊որ մեկը ձեր այդ շողշողուն աչքերի պատճառով խելքը թռցրել է։

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք... այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք... Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց...

— Իհարկե, գիտեմ։ Իսկ հիմա եկեք թողնենք այդ խոսակցությունը։ Ավելի լավ է, պատմեք այն մարդկանց մասին, որոնք անցնում են մեր կողքով ու գնում՝ յուրաքանչյուրն իր ճանապարհով։ Ո՞ւր են գնում նրանք։ Ինչո՞ւ են այդքան շտապում։ Երջանի՞կ են արդյոք։

Երիտասարդն անմիջապես զգաստացավ։ Նա մի պահ լռեց. ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ դեր է իրեն բաժին ընկել։

— Բավական հետաքրքիր է կողքից դիտել այդ մարդկանց,— սկսեց նա՝ խոսակցի տրամադրությունից ոգևորված։— Մեր առջև է ելնում կյանքի զարմանահրաշ մի դրամա։ Նրանցից մի քանիսը գնում են ընթրելու, մի երկուսը... ը՜ը, մնացածը... տարբեր տեղեր։ Մարդ իմանար, թե ինչ կյանքով են նրանք ապրում։

— Ես չէի ուզենա,— ասաց աղջիկը,— ես այնքան էլ հետաքրքրասեր չեմ։ Իսկ այստեղ գալիս եմ միայն նրա համար, որպեսզի մոտ լինեմ մարդկության բաբախող սրտին։ Իմ կյանքն այնքան կտրված է այդ հասարակ սրտից, որ նրա զարկերը երբեք ինձ չեն հասնում։ Չե՞ք կռահում, թե ինչո՞ւ եմ ձեզ հետ խոսում, պարոն...

— Փարքենսթեքեր,— լրացրեց երիտասարդը և սպասումով ու հույսով լի հայացքն ուղղեց աղջկան։

— Ոչ, անունս ձեզ չեմ ասի,— խոսքը շեշտեց աղջիկը թեթևակի ժպտալով,— այն բավական ճանաչված է։ Անհնար է դարձել լրագրողներին, նույնիսկ լուսանկարիչներին հեռու պահել որոշ ազգանուններից։ Իմ սպասուհու քողն ու գլխարկը ինձ դարձնում են ծպտյալ։ Պետք է միայն տեսնեք, թե ինչպես է ամեն անգամ վարորդն աչքերը չռում վրաս ու կարծում է, թե իր հայացքը չեմ նկատում։ Անկեղծ ասած, գոյություն ունեն հինգ թե վեց ազգանուն, որոնք սրբության սրբոց են համարվում, և իմը ծնվածս օրից դրանցից մեկն է։ Ես այդ ամենը ասում եմ ձեզ պարոն Սթեքենփոր...

— Փարքենսթեքեր,— համեստորեն ուղղեց երիտասարդը։

— Պարոն Փարքենսթեքեր, որովհետև ուզում էի գոնե կյանքում մեկ անգամ զրուցել իսկական մարդու հետ, մարդ, որը չի կուրացել ոսկու անարգ փայլից ու չի փչացել կարծեցյալ բարձր հասարակական դիրքից։ Ես գիտեմ, չեք հավատա, բայց մինչև կոկորդս կուշտ եմ թե՛ այդ հարստությունից՝ ամենուր դրամ, դրամ, և թե՛ բոլոր ինձ շրջապատողներից՝ ամենուրեք փոքրիկ, պարող խաղատիկնիկներ։ Հոգնել եմ ամեն տեսակ զվարճություններից, թանկարժեք զարդերից, ճամփորդություններից, բարձր հասարակությունից, շքեղությունից։

— Իսկ ես միշտ այն կարծիքն եմ ունեցել,— անվճռականորեն խոսեց երիտասարդը,— որ դրամը լավ բան է։

— Նյութապես ապահով կյանք վարելն, անշուշտ, միշտ էլ ցանկալի է։ Բայց երբ միլիոններ ունես, այդ դեպքում...— աղջիկը նախադասությանն ավարտեց հիասթափություն արտահայտող շարժումով։— Ձանձրալի միապաղաղություն՝ զբոսանքներ, ճաշկերույթներ, պարահանդեսներ, ընթրիքներ, և այդ ամենն անսահման հարստության շլացնող փայլով օծված։ Երբեմն շամպայնով լի գավաթիս մեջ զրնգացող սառույցի ձայնից անգամ խելքս թռցնում եմ։

Պարոն Փարքենսթեքերն ասես անկեղծ հետաքրքրասիրությամբ լսում էր աղջկան։

— Ինձ միշտ դուր է եկել հարուստ ու բարձր հասարակության մարդկանց մասին կարդալ ու լսել։ Գուցե փոքր֊ինչ պճնամոլ եմ, բայց սիրում եմ ամեն ինչի մասին ճիշտ տեղեկություն ունենալ։ Ես այնպիսի պատկերացում ունեմ հիմա, որ շամպայնը սառեցնում են շշերով և ոչ թե գավաթի մեջ սառույցի կտորներ գցելով։

Աղջկա անկեղծ զվարճանքի արդյունքը եղավ երաժշտական ծիծաղը, որով նա դիմեց երիտասարդին։

— Ուրեմն, գիտցե՛ք,— խոսեց նա ներողամիտ ձայնով,— որ վերնախավի մարդիկ հաճախ զվարճանում են ավանդույթները խախտելով։ Սառույցը շամպայնի շշի մեջ դնելը վերջերս է մոդա դարձել։ Մտահղացումն ընդունվեց թաթար իշխանի այցելության առիթով Վոլդորֆների տված ճաշի ժամանակ։ Բայց այս քմահաճույքին շուտով փոխարինելու կգա նորը։ Օրինակ, անցյալ շաբաթ Մեդիսոն Ավենյուում տրվող ճաշկերույթի ժամանակ, յուրաքանչյուր հյուրի ափսեի կողքին կաշվե կանաչ ձեռնոց էր դրված, որը նախատեսվում էր օգտագործել ձիթապտուղ ուտելիս։

— Ահա թե ինչ,— անկեղծորեն զարմացավ երիտասարդը։— Իսկապես, որ բարձր հասարակության նեղ շրջանակների բոլոր այդ զվարճությունները հայտնի չեն սովորական մահկանացուներին։

— Երբեմն,— շարունակեց աղջիկը գլուխը թեթևակի շարժելով, իբրև մոլորյալ երիտասարդի խոստովանությունն ընդունող նշան,— մտածում եմ, որ եթե երբևէ սիրեմ մեկին, ապա այդ մեկը կլինի ցածր խավից՝ մարդ, որն աշխատավոր է և ոչ թե պորտաբույծ։ Սակայն հարուստ ու մեծատոհմիկ անձնավորության առջև ծառացած պահանջներն, անշուշտ, սովորական հակումներից առավել ուժեղ կգտնվեն։ Հիմա, օրինակ, երկու երկրպագու ունեմ։ Մեկը գերմանական իշխանության Մեծն Դուքսն է։ Ինձ թվում է, որ նա ունի կամ ունեցել է կին, որին իր սանձարձակությամբ ու դաժանությամբ հասցրել է խելագարության։ Մյուսը անգլիական մարկիզ է՝ այնքան պաղած ու հաշվենկատ, որ ինքս, թերևս, կգերադասեի Դուքսի մոլուցքը։ Բայց ի՞նչն է ինձ հարկադրում պարոն Փոքենսթեքեր, պատմելու ձեզ այս ամենը։

— Փարքենսթեքեր,— հազիվ լսել ձայնով ուղղեց նրան երիտասարդը։— Ազնիվ խոսք, չեք կարող պատկերացնել, թե որքան եմ գնահատում ձեր՝ իմ հանդեպ ունեցած վստահությունը։

Աղջիկը սառն ու անտարբեր հայացք ուղղեց երիտասարդին, որն ընդգծում էր նրանց միջև եղած հասարակական դիրքի տարբերությունը։

— Դուք ի՞նչ մասնագիտություն ունեք, պարոն Փարքենսթեքեր,— հարցրեց աղջիկը։

— Շատ համեստ։ Բայց հույս ունեմ կյանքում մի լավ բանի հասնել։ Դուք լո՞ւրջ ասացիք, որ կարող եք ցածր խավի մարդու սիրել։

— Այո, իհարկե։ Բայց ասացի, որ «կկարողանայի»։ Մի մոռացեք որ գոյություն ունեն դուքսն ու մարկիզը։ Այո, և ոչ մի մասնագիտություն ինձ չափից ավելի անարժան չի թվա, միայն մարդը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ երազում։

— Ես,— հայտնեց պարոն Փարքենսթեքերը,— աշխատում եմ ռեստորանում։

Աղջիկը թեթևակի ցնցվեց։

— Իհարկե, ոչ իբրև մատուցող,— ավելացրեց նա համարյա աղերսագին։— Ճիշտ է, ամեն գործ էլ պատվավոր է, բայց անձնական սպասարկումը, հասկանո՞ւմ եք... սպասավորները...

— Ոչ, մատուցող չեմ։ Գանձապահ եմ։— Այդ պահին, զբոսայգու հակառակ կողմի երկայնքով, փողոցում շողշողացին էլեկտրական ցուցանակի տառերը. «Ռեստորան ...»։— Ես գանձապահ եմ, տեսնում եք, ա՜յ այն ռեստորանում։

Աղջիկը նայեց վարպետորեն պատրաստված ապարանջանի վրայի նրբագեղ ժամացույցին և շտապով վեր կացավ։ Նա գիրքը տեղավորեց գոտկատեղն ի վար իջնող գեղեցիկ պայուսակի մեջ, որի համար գիրքն, անշուշտ, բավական մեծ էր։

— Աշխատանքի չե՞ք գնացել, ի՞նչ է,— հարցրեց աղջիկը։

— Այսօր գիշերն եմ աշխատում,— պատասխանեց երիտասարդը,— մի ժամ հետո նոր կգնամ։ Կարո՞ղ եմ հույս ունենալ, որ սա մեր վերջին հանդիպումը չէ։

— Չգիտեմ։ Գուցեև։ Բայց տրամադրությունս կարող է կտրուկ փոխվել, իսկ դրանից՝ նաև քմահաճույքս։ Ինչևէ, հիմա ես պետք է անմիջապես հեռանամ։ Ճաշի եմ հրավիրված, իսկ հետո թատրոն պիտի գնամ, և ահա նորից միևնույն կախարդական շրջանը։ Դուք, հավանաբար, այստեղ գալուց նկատեցիք զբոսայգու մոտ կանգնած մեքենան։ Գույնն էլ՝ ճեփ֊ճերմակ։

— Կարմիր անիվներո՞վը,— հարցրեց երիտասարդը հոնքերը մտածկոտ կիտելով։

— Այո։ Միշտ այդ մեքենայով եմ այստեղ գալիս։ Պիեռն ինձ սպասում է մուտքի մոտ։ Նա կարծում է, թե ես զբոսայգու այն կողմում գտնվող հրապարակի խանութում գնումներ եմ կատարում։ Կարո՞ղ եք պատկերացնել մի մարդու կյանք, որը ստիպված է խաբել անգամ անձնական վարորդին։ Ցտեսություն։

— Արդեն բոլորովին մութ է,— ասաց պարոն Փարքենսթեքերը,— և այգին լի է բռի, անտաշ մարդկանցով։ Թույլ կտա՞ք ուղեկցել...

— Եթե ձեզ համար իմ ցանկությունը որևէ բան արժե,— ասաց աղջիկը վճռականորեն,— ապա դուք տասը րոպե իմ գնալուց հետո կմնաք այս նստարանին նստած։ Ես չեմ ուզում ձեզ վրա որևէ մեղք բարդել. հավանաբար գիտեք, որ մեքենաների վրա սովորաբար իրենց տերերի մակագրությունն է լինում։ Մեկ անգամ ևս ցտեսություն։

Վեհաշուք կեցվածքով աղջիկը սլացավ դեպի վերջալույս։ Երիտասարդը տեսավ, թե ինչպես նրա գեղիրան մարմինն անցավ արահետով և ուղղվեց դեպի անկյունում կանգնած մեքենան։ Փարքենսթեքերն առանց տատանվելու, ուխտադրժորեն սկսեց ծառերի ետևում թաքնվելով գողեգող հետևել նրան՝ ոչ մի վայրկյան աչքից բաց չթողնելով աղջկան։

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։