Վերջին թարմացում 19 Սեպտեմբերի 2014, 14:28

Խարույկը

14:28, 19 Սեպտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խարույկը

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Էդուարդ Ավագյան

Ցուրտ ու գորշ օրը դեռ նոր էր բացվել,— շատ ցուրտ ու գորշ մի օր,— երբ մարդը թեքվեց Յուքոնի սառույցների վրա բացված արահետից և սկսեց գնալ բարձրադիր ափով, ուր հազիվ նկատելի շավիղը խիտ եղևնուտի միջով դեպի արևելք էր տանում։ Վերելքը զառիթափ էր և նա վեր բարձրանալով, մի պահ կանգ առավ շունչը ետ բերելու համար և որպեսզի ինքն իրենից թաքցնի այդ թուլությունը, գործնական տեսքով նայեց ժամացույցին։ Սլաքները ժամը ինն էին ցույց տալիս։ Արևը դեռ դուրս չէր եկել, մինչև անգամ նրա նշույլը չկար անամպ երկնքում և դրա համար էլ, չնայած օրը պարզ էր, բայց ամեն ինչ շուրջը թվում էր ծածկված ինչ-որ անորսալի մի մշուշով, կարծես թե թափանցիկ մառախուղը մթագնել էր օրը։ Բայց մարդուն այդ բանը չէր անհանգստացնում։ Նա սովոր էր արևի բացակայությանը։ Արևը վաղուց արդեն չէր երևում և մարդը գիտեր, որ մի քանի օր էլ պիտի անցնի, մինչև որ ճաճանչափայլ սկավառակը հարավ գնալու իր ճանապարհին մի ակնթարթ դուրս նայի հորիզոնից և անմիջապես էլ անհետանա աչքից։

Մարդը իր ուսի վրայից նայեց այնտեղ, որտեղից եկել էր։ Մեկ մղոն լայնությամբ փռված Յուքոնը քարացել էր երեք ոտնաչափ հաստություն ունեցող սառցի շերտի տակ։ Սառույցն էլ ծածկված էր նույնքան հաստ ձյան վերմակով։ Կուսական մաքուր ծածկոցը սառցակույտերի վրա փռված էր ալիքավոր ծալքերով։ Հյուսիս և հարավ, ինչքան աչքը կտրում էր, ծածկված էր անհուն սպիտակությամբ։ Միայն շա՜տ բարակ մուգ մի գիծ, թեքվելով եղևնիներով ծածկված կղզուց, ոլորապտույտ գնում էր դեպի հարավ և նույնպես ոլորապտույտ, գնում էր հյուսիս, ուր անհետանում էր մի ուրիշ, նույնպես եղևնիներով ծածկված կղզու հետևում։ Դա արահետ էր, ձյան մեջ բացված արահետ, որը անցնում էր Յուքոնի վրայով և հինգ հարյուր մղոն հարավ էր գնում, մինչև Չիլկութի լեռնանցքը, մինչև Դայա ու Աղի Ջրերը, յոթ հարյուր մղոն հյուսիս էր գնում, մինչև Դոուսոն ու էլի մի հազար մղոն մինչև Նուլատո և նրանից էլ հեռու, մինչև Բերինգի ծովի ափին ընկած Սեն-Մայքլ քաղաքը․ հազար հինգ հարյուր մղոն ձյունե ճանապարհ։

Եվ այդ բոլորը՝ խորհրդավոր, դեպի անվերջանալի հեռուն գնացող ձյունե ճանապարհը, անարև, մաքուր երկինքը, ճքճքան սառնամանիքը, անսովոր ու չարագույժ միապաղաղ տեսարանը այդ մարդուն չէին վախեցնում։ Եվ ո՛չ այն բանի համար, որ սովոր էր։ Նա չեչակո էր, մի նոր մարդ այս երկրում և առաջին ձմեռն էր անցկացնում այստեղ։ Պարզապես նա, դժբախտաբար, երևակայություն չուներ։ Նա սուր աչք ուներ և արագ էր ընկալում կյանքի երևույթները, բայց միայն երևույթները և ոչ թե նրանց ներքին էությունը։ Զրոյից հիսուն աստիճան ցած նշանակում էր ութսուն աստիճանից ավելի սառնամանիք։ Այդ փաստը նրան ասում էր, որ ճանապարհին շատ ցուրտ ու դժվար կլինի և ուրիշ ոչինչ։ Նա չէր մտածում ո՛չ իր սեփական, ո՛չ էլ ամեն մի կենդանի արարածի դիմացկունության մասին, որոնք կարող են ապրել խիստ սահմանափակ ջերմաստիճանի սահմաններում և չէր խորանում անմահության գոյության կամ էլ տիեզերքում ապրելու ենթադրությունների մեջ։ Զրոյից հիսուն աստիճան ցածր ջերմությունը դաժան ցուրտ էր կանխագուշակում, որից պաշտպանվելու համար պետք են թաթմաններ, ականջակալներ և հաստ քթերով մոքասիններ։ Զրոյից հիսուն աստիճան ցածր նրա համար նշանակում էր պարզապես զրոյից հիսուն աստիճան ցած։ Այն միտքը, որ դա կարող է ինչ-որ մի ավելի մեծ բան նշանակել, նրա մտքով անգամ չէր անցնում։

Դեմքը դարձնելով դեպի արահետը, նա մտազբաղ թքեց։ Լսվեց մի չոր, անսպասելի ճտտոց, որը զարմացրեց նրան։ Նա նորից թքեց։ Եվ նորից, դեռ օդում, ընկնելուց առաջ, թուքը ճտտաց։ Մարդը գիտեր, որ զրոյից հիսուն աստիճան ցած սառնամանիքի ժամանակ թուքը ճտտում է ձյան վրա, իսկ հիմա ճտտաց օդում։ Նշանակում է, սառնամանիքն ավելի է ուժեղացել, իսկ որքա՞ն, չգիտեր։ Բայց դա կարևոր չէր։ Նա պետք է հասներ Հենդերսոնի վտակի աջ գետաբազկին, ուր նրան էին սպասում իր ընկերները։ Նրանք հնդկական գետի ափերից այդտեղ էին հասել լեռնանցքով, իսկ նա գնում էր շրջանցելով, որպեսզի տեսնի, կարելի՞ է արդյոք գարնանը Յուքոնի կղզիների վրա կտրտած գերանները գետով ցած ուղարկել։ Նա ճամբար կհասնի Ժամը վեցին մոտ։ Ճիշտ է այդ ժամանակ մութը արդեն ընկած կլինի, բայց այնտեղ նրան կսպասեն ընկերները, պայծառ բոցկլտացող խարույկը և տաք ընթրիքը։ Իսկ նախաճաշը այստեղ է․ նա ձեռքը դրեց կապոցին, որը ուռեցրել էր մորթե քուրքը։ Նախաճաշը փաթաթված էր թաշկինակի մեջ և ծոցում էր, վերնաշապկի տակ։ Թե չէ բլիթները կարող էին սառչել։ Նա ժպտաց, բավականությամբ հիշելով համեղ նախաճաշի մասին․ յուղով հագեցած բլիթները կես էին արված և մեջը դարսված էին տապակած ճարպի հաստ կտորները։

Նա մտավ եղևնու խիտ անտառը։ Արահետը հազիվ էր նկատվում։ Երևի վաղուցվանից այս տեղերով ոչ ոք չէր անցել։ Սյունը մի ամբողջ ոտնաչափ բարձրություն ուներ և նա ուրախ էր, որ նարտ չէր վերցրել և իր համար հանգիստ գնում է և որ, ընդհանրապես, իր մոտ ոչինչ չկա, բացի թաշկինակի մեջ փաթաթված նախաճաշից։ Սակայն նրան զարմացնում էր, որ այդքան ցուրտ է։ Շատ շուտով նա զգաց, որ քիթն ու այտոսկրները անզգայացել են։ Ինչ խոսք, որ սառնամանիքը կատակ չի անում, մտածեց նա, դեմքը շփելով թաթմաններով։ Խիտ բեղերը և մորուքը պաշտպանում էին այտերն ու կզակը, բայց չէին պաշտպանում լայն այտոսկրները և քիթը, որոնք համարձակ ցցվել էին սառնամանիքին դեմ-հանդիման։

Մարդու հետևից վազում էր տեղական ցեղի գորշ բրդով լծկան մի մեծ շուն, որը ո՛չ արտաքինով, ո՛չ էլ սովորություններով չէր տարբերվում իր եղբորից, վայրի գայլից։ Դաժան ցուրտը տանջում էր կենդանուն։ Շունը գիտեր, որ այդպիսի սառնամանիքին չէր կարելի ճանապարհ գնալ։ Նա բնազդով աելի ճիշտ էր հասկանում իրականությունը, քան մարդը իր բանականությամբ։ Չէ՞ որ սառնամանիքը ոչ միայն հիսունից էր ավելի, այլև վաթսունից, յոթանասունից։ Զրոյից ուղիղ յոթանասունհինգ աստիճան ցածր էր։ Քանի որ, ըստ Ֆարենհայթի, սառեցման կետը զրոյից երեսուներկու աստիճան բարձր է գտնվում, ապա ուղիղ հարյուր յոթ աստիճան սառնամանիք էր։ Շունը ջերմաչափի մասին ոչ մի գաղափար էլ չուներ։ Երեի նրա ուղեղում բացակայում էր ուժեղ սառնամանիքի մասին եղած այն պարզ պատկերացումը, որը գոյություն ունի մարդկային ուղեղում։ Բայց շանը բնազդն էր զգուշացնում։ Շանը պատել էր վախի անորոշ, բայց սուր զգացումը. նա ընկճված գնում էր մարդու հետևից, որսալով նրա ամեն մի շարժումը, կարծես թե սպասում, էր, որ իր տերը ետ կդառնա ճամբար, կամ էլ մի տեղ պատսպարվելով, խարույկ կվառի։ Շունը գիտեր, թե ինչ բան է կրակը, նա կրակ էր տենչում, իսկ թե չկար, կուզեր փորել ձյունը, մտնել մեջը և կծկվելով, պաշտպանել իր ջերմությունը։

Շան շնչառության գոլորշին բյուրեղյա փոշու նման նստում էր մազերին, ամբողջ մռութը ծածկվել էր խիտ եղյամով, մինչև անգամ թերթերունքներն էլ սպիտակին էին տալիս։ Մարդու շեկ մորուքն ու բեղերը նույնպես սառել էին, բայց դրանք ծածկված էին ոչ թե եղյամով, այլ սառցի ամուր կեղևով և ամեն անգամ արտաշնչելիս այդ կեղևը հաստանում էր։ Միաժամանակ նա ծխախոտ էր ծամում և սառցե դնչկալը այնքան ամուր էր սեղմում նրա շրթունքները, որ նա թքել չէր կարողանում և ծխախոտի հյութը սառչում էր ներքևի շրթունքի վրա։ Սառցե մորուքը, սաթի նման դեղին և ամուր, ավելի ու ավելի էր երկարում։ Եթե մարդը գետին գլորվեր, մորուքը ապակու նման փշուր-փշուր կլիներ։ Բայց կզակից կախ ընկած այդ բանը նրան չէր անհանգստացնում։ Այս երկրում ծխախոտ ծամողները միշտ էլ կրում են այդպիսի մորուք, իսկ նա արդեն երկու անգամ ուժեղ սառնամանիքի ժամանակ ճանապարհին է եղել։ Ճիշտ է, այդ սառնամանիքները այնպես ուժեղ չէին, ինչպես այսօր էր, սակայն սպիրտային ջերմաչափը Վաթսուներորդ Մղոնում առաջին անգամ զրոյից հիսուն աստիճան ցածր ցույց տվեց, իսկ երկրորդ անգամ՝ հիսունհինգ։ Անտառի հարթ տեղանքով նա մի քանի մղոն էլ գնաց, հետո կտրեց անցավ թփուտներով ծածկված լալն դաշտը և իջավ դեպի սառած նեղ առվակը։

Սա հենց Հենդերսոնի վտակն էր. այստեղից մինչև գետաբաժանը մոտ տասը մղոն ճանապարհ կար։ Նա նայեց ժամացույցին։ Ուղիղ տասն էր։ Նա մի ժամում չորս մղոն էր գնում, ուրեմն, գետաբաժանին կհասնի տասներկուսն անց կեսին։ Նա որոշեց հենց այնտեղ էլ նշել այդ բանը. հանգստանալ և նախաճաշել։

Շունը պոչը թույլ կախ գցած, հլու-հնազանդ քարշ էր գալիս մարդու հետևից, երբ նա գնում էր սառած հունի վրայով։ Նարտերի թողած հին ակոսները պարզ երևում էին, բայց թարմ հետքերը ծածկվել էին մոտ տասը մատնաչափ հաստությամբ ձյունով։ Երևի մի ամբողջ ամիս այստեղով, ոչ գետի հոսանքն ի վեր, ոչ էլ ի վար, ոչ ոք չէր անցել։ Մարդը վստահ շարունակում էր առաջ գնալ։ Նա սովորություն չուներ մտքերով տարվելու և հիմա ամենևին էլ մտածելու ոչինչ չուներ, բացի նրանից, որ հասնելով գետաբաժանին, կնախաճաշի, իսկ ժամը վեցին կլինի ճամբարում, ընկերների հետ։ Մարդ չկար, որ հետը խոսեր, և միևնույն է նա չէր էլ կարող շրթունքները շարժել, որոնք քարացել մնացել էին սառցե դնչկալում։ Դրա համար էլ նա շարունակում էր լուռումունջ ծամել ծխախոտը և նրա սաթե մորուքը ավելի ու ավելի էր երկարում։

Ժամանակ առ ժամանակ նրա ուղեղում փայլատակում էր այն միտքը, որ սառնամանիքը շատ է ուժեղ, այնքան ուժեղ, որ դրա նմանը երբեք չի տեսել։ Առանց կանգ առնելու, նա շուտ-շուտ թաթմաններով շփում էր այտերն ու քիթը։ Նա այդ անում էր մեքենաբար, մերթ մեկ, մերթ էլ մյուս ձեռքով։ Բայց հենց որ նա ձեռքը հեռացնում էր, նույն պահին էլ այտերը անզգայանում էին, իսկ մի պահ հետո՝ անզգայանում էր քթի ծայրը։ Այտերը ցուրտը կտանի. նա գիտեր այդ բանը և ափսոսում էր, որ քթի համար փաթաթան չի վերցրել, ինչպիսին Բեդն էր կապում, երբ պատրաստվում էր ճանապարհ ընկնելու։ Այդպիսի փաթաթանը այտերն էլ է պաշտպանում սառնամանիքից։ Բայց դա, իսկապես, այնքան էլ կարևոր չէր։ Դե, ասենք, թե այտերը ցուրտը տարավ, ի՞նչ կա որ։ Կցավի, կցավի ու կանցնի, ահա և բոլորը։ Դրանից դեռ ոչ ոք չի մեռել։

Չնայած մարդը գնում էր առանց որևէ բանի մասին մտածել ու, բայց նա արթուն հետևում էր ճանապարհին, նկատելով հունի ամեն մի շեղում, ամեն մի ոլորան ու շրջադարձ, կտրատված ծառերի ամեն մի կույտ և ուշի-ուշով ընտրում էր այն տեղը, ուր պետք է ոտքը դներ։ Մի անգամ, շրջանցելով ոլորանը, նա խրտնած ձիու նման մի կողմ փախավ, թեքվեց և նորից վերադարձավ դեպի արահետը։ Նա գիտեր, որ Հենդերսոնի վտակը մինչև հատակը սառել է. ոչ մի գետակ չի կարող դիմանալ արկտիկական ձմռանը, բայց նա այն էլ գիտեր, որ կան աղբյուրներ, որոնք բխում են լեռան լանջերից և հոսում են ձյան տակից, վտակների սառցե կեղևի վրայով։ Ամենադաժան սառնամանիքն անգամ անզոր է այդ աղբյուրների հանդեպ և նա գիտեր, թե դրանք ինչքա՜ն վտանգավոր են։ Դրանք որոգայթներ էին։ Ձյան տակ գոյանում էին մինչև երեք մատնաչափ, երբեմն էլ երեք ոտնաչափ խորությամբ լճեր։ Հաճախ դրանք ծածկվում էին կես մատնաչափ հաստությամբ կեղևով, որը իր հերթին պատվում էր ձյունով։ Երբեմն էլ սառցե կեղևն ու ջուրը այնպես էին հաջորդում մեկը մյուսին, որ ուղևորը եթե ընկնում էր մեջը, ապա խրվում էր աստիճանաբար, ավելի ու ավելի խորը գնալով և պատահում էր, որ մինչև գոտին թրջվում էր։

Ահա թե ինչու մարդը այդպես վախեցած մի կողմ փախավ։ Նա զգաց, թե ինչպես սառած ձյունը ճզմվեց ոտքերի տակ և լսեց ձյան տակ թաղված սառցե կեղևի ճարճատյունը։ Իսկ այսպիսի սառնամանիքին ոտքերը թրջելը ոչ միայն հաճելի չէ, այլև վտանգավոր է։ Լավագույն դեպքում կուշացնի նրան, որովհետև ստիպված պիտի լինի խարույկ վառել, բոբիկանալ և չորացնել գուլպաներն ու մոքասինները։ Մի հայացք գցելով գետի հունին ու ափերին, նա հասկացավ, որ աղբյուրը հոսում է աջից։ Մտազբաղ մի քիչ կանգնեց, շփեց քիթը և այտերը, հետո դեպի ձախ գնաց։ Նա գնում էր զգույշ, ամեն քայլափոխին ոտքով փորձում էր սառած ձյան ամրությունը։ Անցնելով վտանգավոր տեղից, նա բերանը նորից ծխախոտ գցեց և շարունակեց ճանապարհը ժամում վեց մղոն արագությամբ։

Մոտ երկու ժամ նա այլևս չհանդիպեց այդպիսի ծուղակների։ Սովորաբար դա զգացնել էր տալիս ձյան ծածկույթի արտաքին տեսքը. այդ լճակների վրա ձյունը ծակոտկեն էր, կարծես թե շաքարակալած լիներ։ Բայց էլի, մի անգամ քիչ մնաց խրվեր, իսկ մի ուրիշ անգամ զգալով վտանգը, շանը ստիպեց գնալ առջևից։ Շունը չէր ուզում գնալ։ Նա ետ-ետ էր փախչում այնքան ժամանակ, մինչև որ մարդը քացով քշեց։ Շունը արագ վազ տվեց սպիտակ ու անվերջ ձյուների վրայով։ Հանկարծ նրա առջևի թաթերր խորը խրվեցին ձյան մեջ։ Շունը թպրտաց և անվտանգ տեղ դուրս եկավ։ Թաց թաթերը մի ակնթարթում ծածկվեցին սառցով։ Շունը սկսեց շտապշտապ լիզել, աշխատելով պոկել սառցե կեղևը, հետո պառկեց ձյուների մեջ և կրծեց մագիլների արանքի սառույցը։ Նա այդ անում էր բնազդաբար։ Եթե սառույցը մագիլների մեջ մնա, ապա թաթերը կցավեն։ Նա այդ բանը չգիտեր, պարզապես ենթարկվում էր այն խորհրդավոր ձայնին, որը գալիս էր նրա էության անհասանելի խորքերից։ Բայց մարդը գիտեր այդ, քանի որ մտածում էր դրա մասին, ելնելով իր փորձից, և մի կողմ դնելով աջ ձեռքի թաթմանը, նա օգնեց շանը փշրելու սառցի կտորները։ Նրա մատները մնացին բաց օդում ընդամենր մի րոպե և նա զարմացավ, թե ի՜նչ շուտ փայտացան։ Խոսք չկա, որ սառնամանիքը կատակ չէր անում։ Նա շտապեց հագնել թաթմանները և սկսեց ձեռքը թափով հարվածել կրծքին։

Ժամը իննին բոլորովին լուսացավ։ Բայց արևը, որ ընթանում էր իր ձմեռային ճանապարհով, չափազանց հեռացել էր դեպի հարավ և հորիզոնում չէր երևում։ Երկրագնդի սապատը արևը ծածկել էր մարդուց, որը գնում էր առանց իր հետևից ստվեր գցելու, գնում էր Հենդերսոնի վտակի հունով, կեսօրյա անամպ երկնքի տակ։ Տասներկուսն անց կեսին, առանց մի րոպե ուշանալու, հասավ գետաբաժանին։ Նա ուրախացավ, որ ճիշտ ժամանակին հասավ։ Եթե նույն արագությամբ գնա, ապա ժամը վեցին անպայման կհասնի ընկերներին։ Նա քանդեց քուրքի կոճակները, ձեռքը ծոցը տարավ և հանեց իր նախաճաշը։ Այդ գործողությունը տասնհինգ վայրկյան էլ չտևեց, բայց և այնպես նրա մատները ընդարմացան։ Նա մի քանի անգամ ձեռքը խփեց ոտքին։ Հետո նստեց, ձյունապատ գերանին և ցանկացավ նախաճաշել։ Բայց մատների ցավը այնքան արագ անցավ, որ նա վախեցավ։ Բլիթը բերանը դրեց թե չէ, նա նորից ձեռքը խփեց ծնկանը, հետո հագավ թաթմանը, մերկացնելով մյուս ձեռքը։ Նա այդ ձեռքով վերցրեց բլիթը, տարավ դեպի բերանը, ցանկացավ կծել, բայց չկարողացավ, սառցե դնչկալը խանգարում էր։ Ախր, ինչպե՞ս մոռացավ, որ պետք է խարույկ վառել և այդ մորուքը հալեցնել կրակի մոտ։ Նա ծիծաղեց իր սեփական հիմարության վրա և այդ պահին էլ զգաց, որ ձախ ձեռքի մատները փայտանում են։ Նա նկատեց նաև, որ ոտքի մատները, որոնք տնքում էին նստելիս, արդեն համարյա թե չէին ցավում։ Նա չգիտեր, թե ցավը ինչից անցավ. նրանի՞ց էր, որ ոտքերը տաքացան, թե՞ նրանից, որ թմրել են։ Նա մոքասինների մեջ շարժեց մատները և հասկացավ, որ ընդարմացել են։

Նա իրեն վատ զգաց և արագ-արագ հագնելով թաթմանները, վեր կացավ գերանի վրայից։ Հետո ուժեղ դոփելով՝ ետ ու առաջ քայլեց, որպեսզի տաքացնի ոտքերի մատները։ Սառնամանիքը, ինչ խոսք, կատակ չի անում, մտածեց նա։ Ծծմբային գետակի այն ծերունին չէր խաբում, երբ պատմում էր, թե այստեղ ինչպիսի ցրտեր են լինում։ Իսկ ինքը դեռ նրա վրա ծիծաղեց։ Երբեք չի կարելի չափից դուրս ինքնավստահ լինել։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, դաժան սառնամանիք է։ Նա դոփում էր տեղում, ձեռքերը իրար խփում, մինչև որ վերադարձող տաքությունը ցրեց նրա տագնապները։ Հետո հանեց լուցկին և խարույկի փայտեր հավաքեց։ Վառելիքր թափված էր շուրջը. գարնանային հեղեղները շատ խռիվ էին քշել բերել։ Նա շատ զգույշ էր վարվում, խնամքով պահպանելով թույլ կրակը, մինչև որ խարույկը սկսեց այրվել պայծառ բոցով։ Նրա դեմքի սառցե կեղևը հալվեց և նա խարույկի մոտ տաքանալով, նախաճաշեց։ Նա հաղթեց սառնամանիքին թեկուզև կարճ ժամանակով։ Շունը, կրակից ուրախացած, փռվեց խարույկի մոտ այնպես, որ բոցը տաքացնի, բայց չայրի իրեն։

Ուտելուց հետո մարդը հանգիստ լցրեց ծխամորճը և առանց շտապելու սկսեց ծխել։ Հետո հագավ թաթմանները, ականջով գլխարկի կապերն ամրացրեց և գնաց վտակի աջ գետաբազկով։ Շունը դժգոհ էր, նա չէր ուզում հեռանալ խարույկից։ Այս մարդը պարզապես չգիտեր, թե ինչ բան է սառնամանիքը։ Գուցե նրա նախնիների ամբողջ սերունդն էլ չգիտեր, թե ի՜նչ բան է սառնամանիքը, հարյուր յոթ աստիճանի սառնամանիքը։ Բայց շունը գիտեր, նրա բոլոր նախնիներն էլ գիտեին և նրանցից ժառանգել էր այդ իմացությունը։ Նա գիտեր, որ չի կարելի ճամփա ելնել այսպիսի դաժան սառնամանիքին։ Այդ ժամանակ ավելի լավ է կծիկ դառած պառկել ձյան տակ թաղված բնում և սպասել, մինչև որ անափ տարածությունը, որտեղից գալիս է սառնամանիքը, ծածկվի ամպերով։ Բայց մարդու և շան միջև բարեկամություն չկար։ Շունը մարդու ծառան էր, նրա ստրուկը և նրանից երբեք փաղաքշանք չէր տեսել, տեսել էր միայն մտրակի հարված և լսել խռպոտ, սպառնալից ձայներ, որոնք նախորդում էին հարվածին։ Դրա համար էլ շունը փորձ չարեց իր երկյուղը կիսել մարդու հետ։ Շունը չէր մտածում մարդու հաջողության մասին․ պարզապես իր փրկության համար չէր ուզում հեռանալ խարույկից։ Բայց մարդը սուլեց և այնպիսի ձայնով խոսեց, որը նրան հիշեցնում էր մտրակի մասին. շունը վեր կացավ ու գնաց նրա հետևից։

Մարդը մի նոր ծամոն դրեց բերանը և նրա սաթե մորուքը սկսեց աճել։ Խոնավ շնչառությունից բեղերը, հոնքերը և թերթերունքները անմիջապես ծածկվեցին եղյամով։ Հենդերսոնի վտակի ձախ գետաբազկում, երևի, քիչ լեռնային աղբյուրներ կային և մոտ կես ժամ ճամփորդը ոչ մի վտանգավոր բան չտեսավ։

Իսկ հետո դժբախտություն պատահեց։ Հարթ ու միապաղաղ ձյան վրա, որտեղ ոչ մի վտանգավոր բան էլ չկար, ուր ձյան ծածկոցը թվում էր թե փռված է հաստ, ամուր շերտով, մարդը խրվեց։ Բայց այնքան խոր չխրվեց։ Երբ նա դուրս եկավ ամուր սառցի վրա, նրա ոտքերը մինչև սրունքների կեսը թրջվել էին։

Անհաջողությունը զայրացրեց, և նա հայհոյեց բարձրաձայն։ Նա հույս ուներ ճամբարում, ընկերների մեջ լինել ժամը վեցին մոտ, իսկ հիմա մի ժամ կարող է ուշանալ, որովհետև ստիպված է խարույկ վառել և կոշիկները չորացնել։ Այլ կերպ էլ չէր կարող լինել այսպիսի ցածր ջերմաստիճանի ժամանակ. այդ բանը, գոնե, նա շատ լավ գիտեր։ Մարդը գնաց դեպի զառիթափ ափը և սկսեց վեր բարձրանալ։ Մատղաշ եղևնուտում, թփերի մեջ, լավ վառելիք ճարվեց. ոչ միայն շիվեր ու ոստեր, այլև չոր ճյուղեր և անցյալ տարվա չորացած խոտ։ Նա ձյան վրա մի քանի հաստ փայտ գցեց, որպեսզի խարույկին ամուր հենարան տա և թույլ, դեռևս չբոցավառված կրակը չհանգչի ներքևում հալված ձյունից։ Հետո գրպանից կեչու կեղևի մի գալար հանեց և լուցկին մոտեցրեց դրան։ Կեղևը թղթի նման բռնկվեց։ Վառվող կեղևը դնելով հաստ փայտերի վրա, նա սկսեց կրակի վրա չոր խոտեր և շատ բարակ չոր ոստեր լցնել։

Նա աշխատում էր դանդաղ և զգույշ, պարզ հասկանալով իրեն սպառնացող վտանգը։ Քիչ-քիչ, ինչքան կրակը թեժանում էր, նա սկսեց ավելի հաստ ոստեր գցել։ Նա պպզել էր ձյ ան մեջ և թփերից պոկում էր ճյուղերը ու գցում խարույկը։ նա գիտեր, որ անմիջապես պետք է խարույկ վառել։ Երբ ջերմաչափը ցույց է տալիս զրոյից յոթանասունհինգ աստիճան ցածր, և ոտքերը թաց են, մարդը պետք է անմիջապես խարույկ վառի։ Եթե ոտքերը չոր են, նա կարող է մի կես մղոն վազել և վերականգնել արյան շրջանառությունը։ Բայց ոչ մի վազել էլ չի օգնի արյան շրջանառությունը վերականգնելու համար թաց, փայտացած ոտքերում, զրոյից յոթանասունհինգ աստիճան ցած սառնամանիքի ժամանակ։ Ինչքան էլ արագ ուզում ես վազիր, թաց ոտքերդ ավելի շուտ կսառչեն։

Այդ բոլորը մարդը գիտեր։ Ծծմբային գետակի այն ծերունին դրա մասին ասել էր դեռ աշնանը և հիմա նա նոր գնահատեց ծերունու խորհուրդը։ Նա արդեն ոտքերը բոլորովին չէր զգում։ Կրակ անելու համար ստիպված էր հանել թաթմանները, և մատները անմիջապես թմրեցին։ Մի ժամում չորս մղոն արագությամբ գնալիս, սիրտը դեպի անոթները այնքան արյուն էր մղում, որ թե՛ ձեռքերը, թե՛ ոտքերը տաք էին լինում։ Բայց հենց որ նա կանգ առավ, արյան շրջանառությունը դանդաղեց։ Բևեռային ցուրտը հարձակվեց երկրագնդի չպաշտպանված կետի վրա և մարդը, որ գտնվում էր այդ չպաշտպանված կետում, ընդունեց հարվածի ամբողջ ուժը։ Այդ հարվածի տակ արյունը նահանջեց նրա երակներում։ Արյունն էլ էր կենդանի արարած, ինչպես նաև շունը, և շան նման նա էլ էր ուզում թաքնվել, ծածկվել սարսափելի սառնամանիքից։

Քանի դեռ նա մի ժամում չորս մղոն էր կտրում, արյունը ուզեր-չուզեր հոսում էր մինչև վերջավորությունները, իսկ հիմա ետ գնաց և պահվեց մարմնի թաքստոցներում։ Ձեռքի ու ոտքերի մատները առաջինը զգացին արյան տեղատվությունը։ Թաց ոտքերը ավելի ուժեղ սկսեցին սառչել, մերկ ձեռքերի մատները ավելի փայտացան, չնայած որ մի քիչ դեռ կարողանում էր շարժել։ Քիթը և այտերը ընդարմացան և ամբողջ մարմնով, որը արյունը չէր տաքացնում, մի դող անցավ։

Բայց նա փրկված է։ Ոտքի մատները, այտերը և քիթն են միայն ցրտահարված, չէ՞ որ խարույկը արդեն բոցավառվել է։ Հիմա արդեն կրակի մեջ մի մատ հաստությամբ ճյուղեր էր գցում։ Մի րոպե ևս ու կարելի կլիներ դաստակի հաստության փայտեր գցել և այն ժամանակ նա կարող է հանել թաց ոտնամանները։ Մինչ դրանք կչորանան, ոտքերը կտաքացնի խարույկի մոտ, նրանից հետո, իհարկե, երբ ոտքերը ձյունով կշփի։ Խարույկը շատ լավ բոցավառվեց։ Մարդը փրկված է։ Նա հիշեց Ծծմբային վտակի ծերունու խորհուրդները և ժպտաց։ Նա ինչպիսի համառությամբ էր պնդում, որ մենակ չի կարելի Քլոնդայքում ճամփա գնալ, եթե սառնամանիքը հիսուն աստիճանից ուժեղ է։ Եվ ի՞նչ։ Սառույցը նրա ոտքի տակ ջարդվեց, ինքը բոլորովին մենակ է, բայց էլի փրկվեց։ Այդ փորձված ծերուկները, մտածեց նա, հաճախ կնկա նման վախկոտ են։ Հարկավոր է միայն գլուխը չկորցնել և ամեն ինչ կարգին կլինի։ Իսկական տղամարդը մենակ էլ կարող է գլուխ հանել։ Բայց տարօրինակ է, որ այտերն ու քիթը այդպես շուտ են սառչում։ Երբեք նրա մտքով չէր անցել, որ ձեռքերը կարող են մի ակնթարթում փայտանալ։ Նա հազիվ էր շարժում մատները մեծ դժվարությամբ պահելով ճյուղերը և նրան թվում էր, թե ձեռքերը շատ հեռու են իրենից և իր մարմնին չեն պատկանում։ Երբ նա մի ճյուղ էր բռնում, ստիպված էր լինում նայել ձեռքին, համոզվելու համար, որ իսկապես վերցրել է այդ ճյուղը։ Կապը նրա մատների ծայրերի միջև խզված էր։

Բայց այդ բոլորը կարևոր չէ։ Նրա առջև այրվում է խարույկը, թշշում է ու ճարճատում, և նրա ամեն մի թրթռացող լեզվակը կյանք է խոստանում։ Նա սկսեց քանդել մոքասինները։ Դրանք ծածկված էին սառցե կեղևով։ Հաստ բրդյա գուլպաները, երկաթյա պատյանների պես, սեղմել էին սրունքները, իսկ մոքասինների կապերը ասես կրակի մեջ մնացած ծռմռված պողպատյա լարերի կծիկ լինեին։ Մի քանի րոպե նա ընդարմացած մատներով քաշքշում էր կապերը, բայց հետո, հասկանալով, որ դա իզուր բան է, հանեց դանակը։

Նա չհասցրեց կտրատել կոշիկի կապերը. դժբախտությունը ավելի շուտ վրա հասավ։ Դա նրա մեղքն էր, կամ ավելի ճիշտ, անփութության պատճառը։ Նա իզուր էր խարույկը վառել եղևնու տակ։ Պետք է մի բաց տեղ վառեր։ Ճիշտ է, այսպես ավելի հեշտ էր թփից ճյուղեր պոկելը և ուղղակի կրակի մեջ գցելը։ Բայց եղևնու ճյուղերին, որոնց տակ նա կրակ էր արել, ձյուն կար։ Վաղուց ի վեր քամի չէր եղել և ճյուղերին շատ ձյուն էր նստել։ Ամեն անգամ, երբ նա թփերից ճյուղեր էր պոկում, եղևնին թեթև ցնցվում էր. նրա համար հազիվ նկատելի, բայց բավականին ուժեղ, աղետ բերելու համար։ Վերևի ճյուղերից մեկը ցած թափեց իր բեռը։ Ձյունը թափվեց ներքևի ճյուղի վրա, իր հետևից տանելով և սրա բեռը։ Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև որ ծառի ամբողջ ձյունը թափվեց։ Ջյան հոսքը անսպասելի թափվեց և՛ մարդու, և՛ խարույկի վրա ու խարույկը հանգավ։ Այնտեղ, ուր քիչ առաջ խարույկն էր վառվում, փռվեց փխրուն ձյան թարմ շերտը։

Մարդը սարսափեց։ Կարծես թե նա լսեց իր մահվան դատավճիռը։ Մի րոպե նա նստած էր անշարժ, լուռ նայելով ձյան տակ թաղված խարույկին։ Հետո հանկարծ հանգստացավ։ Գուցե Ծծմբային գետակի ծերունին, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Թե որ նա մի ուղեկից ունենար, իրեն այս վտանգը չէր սպառնա։ Ընկերը կարող էր խարույկ վառել։ Ինչ արած, ուրեմն, ինքը նորից գործի պիտի անցնի, բայց այս անգամ սխալվել չի կարելի։ Մինչև անգամ, եթե նրան հաջողվի կրակ անել, նա, հավանաբար, իր ոտքի մի քանի մատներից կարող է զրկվել։ Ոտքերը, երևի, ուժեղ ցրտահարվել են, իսկ նոր խարույկը այնքան էլ շուտ չի վառվի։

Այսպես էր մտածում, բայց չէր տարվում մտքերով և անգործության մատնվում։ Նա եռանդով աշխատում էր մինչ այդ մտքերը գալիս ու անցնում էին նրա գլխով։ Նա խարույկի համար մի նոր հիմք սարքեց, այժմ արդեն մի բաց տեղ, ուր ոչ մի դավաճան եղևնի չէր կարող մարել։ Հետո հավաքեց նախորդ տարվա խոտը ու չորացած ճյուղերը։ Նրա մատները չէին շարժվում և դրա համար էլ նա չէր վերցնում առանձին ճյուղեր, այլ կիտուկներով էր հավաքում։ Դրանց մեջ շատ փտած փայտեր կային և կանաչ մամուռի գուղձեր, որոնք խարույկի համար պիտանի չէին, բայց նա ուրիշ ելք չուներ։ Նա աշխատում էր առանց դադար առնելու, և մինչև անգամ մի կույտ հաստ ճյուղեր հավաքեց, որպեսզի գցի կրակի մեջ, երբ խարույկը բոցավառվի։ Իսկ շունր նստած էր ձյուների մեջ և անդադար իր տխուր հայացքով նայում էր մարդուն, սպասելով, որ մարդը կրակ կանի, իսկ կրակը դեռ չկար։

Վառելափայտ պատրաստելով, մարդը ձեռքը գրպանը տարավ, կեչու կեղևի մի նոր պարույր հանելու համար։ Նա գիտեր, որ կեղևը գրպանում է և չնայած մատներով չէր զգում, բայց լսում էր, թե ինչպես է խշրտում։ Ինչքա՜ն էլ չարչարվեց, նա չկարողացավ բռնել կեղևը։ Եվ ամբողջ ժամանակ նրան այն միտքն էր տանջում, որ ոտքերը ավելի ու ավելի ուժեղ են փայտանում։ Այս միտքը սարսափեցնում էր նրան, բայց նա հեռու էր վանում այդ մտքերը և հաղթահարում վախը։ Նա ատամներով քաշեց հանեց թաթմանները և սկզբում նստած, իսկ հետո կանգնած, սկսեց ինչքան ուժ ուներ ձեռքերը խփել ազդրերին. իսկ շունը նստած էր ձյան մեջ, առաջին թաթերը փաթաթած փռչոտ, գայլային պոչով, սուր, գայլային ականջները ցցած՝ անընդհատ նայում էր մարդուն։ Եվ մարդը, ձեռքերը թափահարելով և ափերը խփելով ազդրերին, զգում էր, թե իր մեջ ինչպես է կենդանու նկատմամբ բարձրանում այրող նախանձը, կենդանու, որը տաք ու ապահով է իր բնական հագուստի մեջ։

Քիչ հետո մատների ծայրերում նա զգաց կենդանության առաջին հեռավոր նշաններր։ Թույլ ծակոցները դարձան ավելի ուժեղ, մինչև որ փոխվեցին անտանելի ցավի։ Բայց նա ուրախացավ այդ ցավից։ Մի կողմ նետեց աջ ձեռքի թաթմանը և գրպանից հանեց կեղևը։ Մերկ մատները անմիջապես թմրեցին։ Հետո նա հանեց ծծումբային լուցկիների կապուկը։ Բայց սառնամանիքի սառցային շունչը արդեն փայտեցրեց նրա մատները։ Մինչ նա իզուր աշխատում էր լուցկու մի հատ պոկել, ամբողջ կապուկը ընկավ ձյուներին։ Նա ցանկացավ բարձրացնել, բայց չկարողացավ։ Փայտացած մատները ո՛չ զգում էին լուցկիները, ո՛չ էլ կարողանում բռնել։ Նա աշխատում էր չշտապել։ Ստիպեց իրեն չմտածել ցրտահարված ոտքերի, այտոսկրների ու քթի մասին և իր ամբողջ ուշադրությունր լարեց լուցկիների վրա։ Նա աչքերով հետևեց իր ձեռքին, տեսողությունը օգտագործելով շոշափելիքի փոխարեն, և, տեսնելով, որ ձեռքերը բռնել են կապուկը, մատները ծալեց, ավելի շուտ, ցանկացավ ծալել։ Բայց կապը կտրված էր և մատները չէին ենթարկվում նրա կամքին։ Նա հագավ թաթմանը և սկսեց ձեռքը կատաղի կերպով խփել ազդրին։ Հետո երկու ձեռքերով, ձյան հետ միասին, վերցրեց լուցկիները և դրեց իր ծնկանը։ Բայց դա քիչ էր։

Երկար չարչարվելուց հետո նրան հաջողվեց լուցկիները սեղմել ափերի մեջ և մոտեցնել բերնին։ Սառույցը ճռճռոցով փշրվեց, երբ նա ոչ մարդկային ճիգերով բացեց իր ծնոտը։ Նա ներս քաշեց ներքևի շրթունքը, բարձրացրեց վերինը և սկսեց ատամներով իրարից անջատել լուցկիները։ Ի վերջո, այդ բանը հաջողվեց նրան և լուցկին ընկավ նրա ծնկանը։ Բայց դա էլ էր քիչ։ Նա չէր կարող լուցկին վերցնել։ Հետո մի ելք գտավ։ Նա լուցկին ատամներով վերցրեց և սկսեց քսել շալվարին։ Մի քսան անգամ նա լուցկին քսեց ոտքին, մինչև որ վառվեց։ Երբ բոցը բռնկվեց, նա, շարունակելով լուցկին ատամների մեջ պահել, մոտեցրեց կեչու կեղևին։ Բայց այրող ծծումբի կծու ծուխը մտավ նրա քիթն ու թոքերը և նա ջղաձիգ հազաց։ Լուցկին ընկավ ձյուներին և հանգավ։

Ծերունին ճիշտ էր, մտածեց նա, հաղթահարելով իր հուսահատությունը. եթե ջերմաստիճանը հիսունից ցածր է, պետք է երկուսով ճամփա գնալ։ Նա նորից սկսեց ձեռքերը խփել ազդրերին, բայց թմրությունը չանցավ։ Այդ ժամանակ նա ատամներով դուրս քաշեց երկու ձեռքի թաթմաններն էլ և ափերով վերցրեց լուցկիների ամբողջ կապուկը։ Նախաբազկի մկանները դեռ չէին սառել և լարելով ուժերը, նա լուցկիները ամուր սեղմեց ափերի մեջ։ Հետո ամբողջ կապուկը սկսեց քսել շալվարին։ Մի պայծառ բոց բռնկվեց, յոթանասուն հատ ծծմբային լուցկիները մի լուցկու պես վառվեցին։ Ոչ մի քամի չկար և չէր կարելի վախենալ, որ քամին կարող է հանգցնել կրակը։ Նա գլուխը շուռ տվեց, որ չշնչի խեղդող ծուխը և այրվող կապուկը անմիջապես մոտեցրեց կեչու կեղևին։ Հանկարծ նա զգաց, որ աջ ձեռքի մատները վերակենդանանում են։ Վառվող մսի հոտ զգացվեց։ Կաշվի տակ, ինչ-որ մի խոր տեղ, նա այրոցք զգաց։ Հետո այրոցքը մի սուր ցավի փոխվեց։ Բայց նա սեղմելով ատամները, դիմացավ։ Վառվող լուցկիներր մի կերպ մոտեցրեց կեղևին, սակայն ձեռքերը ծածկում էին կրակը և կեղևը չէր այրվում։

Վերջապես, երբ ցավը անտանելի դարձավ, նա ձեռքերը հեռացրեց իրարից։ Կայծկլտացող կապուկը ֆշշոցով ընկավ ձյուներին, բայց կեղևը արդեն վառվում էր։ Նա սկսեց կրակին չոր խոտեր ու շատ բարակ ոստեր ավելացնել։ Վառելիքը ջոկել նա չէր կարողանում, որովհետև ստիպված էր փայտերը ափերով վերցնել։ Խռիվի վրա երբ մամուռ կամ մի ուրիշ բան էր տեսնում, ատամներով էր պոկում։ Նա զգույշ, բայց անշնորհք շարժումներով բորբոքում էր կրակը։ Կրակը կյանք է և ձեռքից բաց թողնել չի կարելի։ Նրա մարմնի մակերեսից ետ քաշված արյունը ստիպում էր, որ դողա և մարդու շարժումները ավելի ու ավելի դժվար էին դառնում։ Եվ ահա, կանաչ եղյամի մի գուղձ ծածկեց հազիվ վառվող կրակը։ Նա ցանկացավ մի կողմ նետել այդ գուղձը, բայց ձեռքերը դողում էին և նա փորփրեց ու հանգցրեց խարույկի թույլ բոցը. մարմրող խոտերն ու ոստերը ցրիվ եկան։ Նա նորից ցանկացավ դարսել դրանք, բայց ինչքա ն էլ աշխատեց, չկարողացավ հաղթահարել դողը և փոքրիկ խարույկը քանդվեց։ Ոստերը մեկը մյուսի հետևից ծուխ արձակեցին ու հանգան։ Վառվող կեղևը իր նպատակին չծառայեց։ Երբ մարդը հուսահատ անտարբերությամբ նայեց իր շուրջը, նրա հայացքը պատահաբար ընկավ շան վրա, որը նստած էր նրա դիմաց, ձյուների մեջ, խարույկի մնացորդների մյուս կողմում։ Կծկված, նա անհանգիստ շուրջն էր նայում, բարձրացնելով առջևի մերթ մեկ, մերթ մյուս թաթը և սպասողական դրության մեջ, տխուր-տրտում նրան էր նայում։

Շան տեսքը նրա մեջ մի խելահեղ միտք արթնացրեց։ Նա հիշեց այն մարդու պատմությունը, որը բքի մեջ էր ընկել և փրկվել էր նրանով, որ սպանել էր իր եզանը ու մտել մորթու մեջ։ Նա կսպանի շանը և իր ձեռքերը կմտցնի նրա տաք մարմնի մեջ, որպեսզի դրանք տաքանան ու կենդանություն ստանան։ Այն ժամանակ մի նոր խարույկ կվառի։ Նա ձայն տվեց շանը և մոտ կանչեց, բայց նրա ձայնը հնչեց երկյուղած և այդ բանը վախեցրեց կենդանուն։ Մարդը երբեք նրա հետ այդ ձայնով չէր խոսել։ Ինչ-որ վատ բանի հոտ էր գալիս. բնածին կասկածամտությունը օգնեց նրան վտանգն զգալու։ Նա չգիտեր, թե դա ինչ վտանգ է, բայց ինչ-որ տեղ, նրա գիտակցության խորքում, շարժվեց մի անորոշ վախ՝ մարդու հանդեպ։ Նա կախ գցեց ականջները և ավելի անհանգիստ կծկվեց, հենվելով առջևի թաթերին, բայց՝ տեղից չշարժվեց։ Այդ ժամանակ մարդը չորեքթաթ սողաց դեպի շունը։ Այս բանը ավելի վախեցրեց, և շունը երկյուղած մի կողմ քաշվեց։

Մարդը նստեց ձյուների մեջ, աշխատելով վերագտնել իր հանգստությունը։ Հետո ատամներով քաշեց հանեց թաթմանները և վեր կացավ։ Ամենից առաջ նա ներքև նայեց, որպեսզի համոզվի, թե իսկապես կանգնա՞ծ է, որովհետև ընդարմացած ոտքերը գետինը չէին զգում։ Բավական էր, որ նա ոտքի կանգնեց, և շան կասկածները ցրվեցին, իսկ երբ հրամայական ձայնով կանչեց, որը շանը հիշեցրեց մտրակի մասին, նա կատարեց իր սովորական պարտքը և մոտեցավ։ Հենց որ շունը հայտնվեց նրանից երկու քայլ հեռավորության վրա, մարդը այլևս չկարողացավ զսպել իրեն։ Նա նետվեց դեպի շունը և անկեղծ զարմացավ, երբ պարզվեց, որ մատները չէին ծալվում և որևէ բան բռնել չէին կարող։ Նա մոռացել էր, որ ձեռքերը ցուրտը տարել է և հիմա ավելի ու ավելի են փայտանում։ Բայց այն պահին, երբ շունը ուզում էր փախչել, նա հասցրեց գրկել նրան։ Հետո նա նստեց ձյուների մեջ՝ կրծքին սեղմելով շանը, իսկ կենդանին գռմռալով ու կաղկանձելով, աշխատում էր դուրս պրծնել նրա գրկից։

Բայց միայն այդքանը նա կարողացավ անել. նստել ձյուների մեջ և գրկի մեջ սեղմել շանը։ Նա հասկանում էր, որ չի կարող սպանել նրան։ Դա անհնար բան էր։ Իր անուժ ձեռքերով ո՛չ կարող էր դանակով խփել, ո՛չ էլ խեղդել։ Նա բաց թողեց շանը և սա պոչը սեղմած ու դեռ շարունակելով գռմռալ, հեռու փախավ։ Մի քսան քայլի վրա նա կանգ առավ և ականջները ցցած, հետաքրքրությամբ նրան նայեց։ Նա աչքերով փնտրեց իր ձեռքերը և տեսավ միայն այն ժամանակ, երբ հայացքը սահեցրեց արմունկից մինչև դաստակը։ Տարօրինակ է, ստիպված է հույսը դնել տեսողության վրա, որպեսզի գտնի սեփական ձեռքերը։ Նա սկսեց կատաղորեն թափահարել ձեռքերը, ափերը խփեց ազդրերին։ Մի հինգ րոպե հետո արյունը ավելի արագ հոսեց երակներով և ղողը անցավ։ Բայց ձեռքի թաթերը առաջվա նման փայտացած էին, նրան թվում էր, թե իր դաստակներից մի-մի կշռաքարեր են կախված։ Թե ինչու էր այդպես զգում, նա չէր կարող բացատրել։

Սպառնացող կործանման տանջող միտքը, սկզբում միայն տարտամ ու խուլ, արթնացավ նրա ուղեղում։ Բայց շուտով այդ անորոշ վախը վերածվեց մահացու վտանգի տանջող գիտակցության։ Բանը նրանում չէ, թե ձեռքի կամ ոտքի մատները ցրտահար կլինեն, մինչև անգամ կարող է ձեռքից ու ոտքից զրկվել, հիմա կենաց ու մահու խնդիր է և փրկության ոչ մի հույս համարյա թե չկար։ Նրան խուճապային մի տագնապ պատեց։ Նա շրշվեց ու սկսեց վազել ձյունածածկ արահետով։ Շունը հետևեց նրան։ Նա վազում էր առանց մտածելու, առանց նպատակի, այնպիսի վախով բռնված, որպիսին նա կյանքում երբեք չէր զգացել։ Մինչ նա սայթաքելով ու թաղվելով ձյուների մեջ վազում էր, նորից կամ աց-կամաց սկսեց տարբերել իր շրջապատը. գետի ափերը, կտրտված ծառերի կիտուկները, մերկ կաղամախիները, գլխավերևում տարածված երկինքը։ Վազելուց նրա դրությունը թեթևացավ։ Նա այլևս ցրտից չէր դողում։ Գուցե, եթե շարունակի այդպես վազել, ոտքերը կտաքանան. գուցե կարող է մինչև իջևանատեղ վազել, ուր նրան սպասում են ընկերները։ Իհարկե, ոտքերի ու ձեռքերի մի քանի մատներից հույսը պիտի կտրի, դեմքն էլ ցրտահարվել է, բայց ընկերները հոգ կտանեն և կփրկեն ինչ որ դեռ հնարավոր է փրկել։ Միաժամանակ գիտակցությունը նրան ասում էր, որ երբեք էլ չի հասնի ընկերներին, որ իջևանատեղը շա՜տ հեռու է, որ ոտքերը բոլորովին փայտացել են, որ շուտով էլ չի կարող շարժվել և կմահանա։ Բայց նա թույլ չտվեց, որ այդ միտքը մակերես ելնի և հրաժարվեց դրան հավատալուց։ Երբեմն այդ միտքը նորից դուրս էր պրծնում և ուշադրություն էր պահանջում, բայց նա վանում էր և ամբողջ ուժով աշխատում ուրիշ բանի մասին մտածել։

Նրան զարմացնում էր, որ, ընդհանրապես, ինքը կարող է վազել, որովհետև ոտքերը բոլորովին ընդարմացել էին և նա չէր զգում, թե ինչպես են տանում իր ծանրությունը, թե ինչպես են դիպչում գետնին։ Մարմինը կարծես թե պոկվել էր գետնից ու սահում էր օդի մեջ։ Նա մի անգամ նկարում տեսել էր թևավոր Մերկուրիին և մտածեց, որ Մերկուրին հենց նույն բանն էր զգում, երբ սահում էր երկրի վրայով։

Մինչև իջևանատեղ վազելու նրա մտադրությունը մի էական պակասություն ուներ. նա ուժ չուներ իրագործելու այդ բանը։ նա սկսեց անընդհատ սայթաքել, հետո ոտքերը փաթ ընկան և, ի վերջո, գլորվեց ձյուների մեջ։ Վեր կենալ այլևս չէր կարող։ Հարկավոր է նստել ու հանգստանալ, մտածեց նա, իսկ հետո պարզապես քայլելով գնալ։ Նստելով ու շունչը ետ բերելով, նա զգաց, որ լավ տաքացել է։ Նա այլևս չէր դողում և մինչև անգամ կրծքի տակ մի դուրեկան ջերմություն էր զգում։ Բայց այտերին ու քթին ձեռք տալով տեսավ, որ նորից ոչինչ չեն զգում։ Մինչև անգամ վազելուց չէին տաքացել։ Ոտքերն ու ձեռքերն էլ չէին տաքացել։ Հետո նրան շանթահարեց այն միտքը, որ իր մարմնի ցրտահարված տեղերը ավելի ու ավելի են շատանում։ Նա ցանկացավ վանել այդ միտքը, մոռանալ, աշխատեց մտածել մի ուրիշ բանի մասին, նա լավ էր հասկանում, որ դա իրեն սարսափ է ներշնչում, իսկ ինքը վախենում էր սարսափին անձնատուր լինելուց։ Բայց այդ միտքը չէր հեռանում, անընդհատ շաղափում էր ուղեղը, մինչև որ նա իրեն բոլորովին փայտացած պատկերացրեց։ Դա նրա ուժերից վեր էր և նա նորից խելագարի պես սկսեց վազել ձյունածածկ արահետով։ Հետո նա ուզում էր քայլելով գնալ, բայց այն միտքը, որ կարող է սառչել ու մահանալ, նրան նորից առաջ քշեց։

Իսկ շունը կրնկակոխ վազում էր նրա հետևից։ Երբ նա երկրորդ անգամ վայր ընկավ, շունը նստեց նրա դիմաց, և պոչը փաթաթելով առջևի ոտքերին, աչալուրջ ու զգաստ սկսեց նրան նայել։ Տեսնելով շանը, որը տաք ու ապահով էր իր մորթու մեջ, նա կատաղեց և այնքան ժամանակ մոլեգնած հայհոյեց, մինչև որ շունը կախեց ականջները, ասես թե ներողություն էր խնդրում։ Այս անգամ դողը ավելի շուտ բռնեց, քան առաջին անգամ ընկնելուց հետո։ Սառնամանիքը հաղթում էր նրան, ամեն կողմից սողոսկում նրա մարմնի մեջ։ Նա ստիպեց իրեն վեր կենալ և մի հարյուր ոտնաչափ էլ չէր վազել, որ օրորվեց և ամբողջ հասակով տապալվեց գետնին։ Դա վախի վերջին նոպան էր։ Շունչը ետ բերելով և սթափվելով, նա նստեց ձյուներին և պատրաստվեց արժանավայել դիմավորել մահվանը։ Ի միջի այլոց, նա այդ բանի մասին այսպիսի բառերով չէր մտածում։ Նա ինքն իրեն ասում էր, որ ավելի հիմար բան չկա, քան հավի պես կտրված գլխով վազելը. հենց այս համեմատությունն էլ անցավ նրա մտքով։ Ի՜նչ արած, քանի որ վիճակված է ցրտից մեռնել, ապա ավելի լավ է տղամարդու պես պահել իրեն։ Անսպասելի ձեռք բերած հանգստության հետ միասին եկան և քնի առաջին նախանշանները։ Վատ չի լինի, մտածեց նա, հավիտյան քնել։ Հենց այսպես, թմրության մեջ։ Սառչելը այնքան էլ սարսափելի չէ, որքան կարծում են։ Ավելի վատ մահեր են պատահում։

Նա պատկերացրեց, թե ընկերները վաղը ինչպես կգտնեն իրեն և հանկարծ տեսավ ինքն իրեն, գնում է արահետով, ընկերների հետ և փնտրում է իր մարմինը։ Ահա նրանց հետ միասին կթեքվի ճանապարհի ոլորանը և կտեսնի իրեն՝ պառկած ձյան վրա։ Նա ինքն իրենից բաժանվել է և կանգնած ընկերների հետ, նայում է իր գետնաթավալ մարմնին։ Իսկ սառնամանիքը, ճիշտն ասած, հանաք բան չէ։ Ահա կվերադառնամ Նահանգները և տանը կպատմեմ, թե ինչ բան է իսկական սառնամանիքը, մտածում էր նա։ Հետո նրա աչքին երևաց Ծծմբային գետակի ծերունին։ Նա պարզ տեսնում էր այդ ծերունուն. սա նստած տաքանում էր կրակի մոտ և հանգիստ ծխում էր։

— Դու ճիշտ էիր, քավթառ, անպայման ճի՛շտ էիր,— մրթմրթաց նա, դառնալով ծերունուն։

Հետո նա թաղվեց մի այնպիսի հաճելի ու հանգստացնող քնի մեջ, որի նմանը իր ամբողջ կյանքում չէր տեսել։ Շունը նստել էր նրա դիմաց և սպասում էր։ Կարճ օրը հանգչում էր երկար ու դանդաղաշարժ մթնշաղի մեջ։ Խարույկի հույս չկար և, բացի դրանից, փորձը թելադրում էր շանը, թե չի պատահում այնպես, որ մարդը նստի ձյան վրա և կրակ չանի։ Երբ մութը թանձրացավ, կրակի կարոտը այնպես պատեց շանը, որ նա կծկված՝ անհամբեր դնելով ու վերցնելով թաթերը, ցածր ձայնով վնգստաց և անմիջապես էլ ականջները ցցեց, սպասելով, որ զայրացած կգոռան։ Բայց մարդը լուռ էր։ Մի քիչ էլ սպասելով, շունը ավելի բարձր վնգստաց։ Հետո մի քիչ էլ սպասեց, ապա սողալով մոտեցավ մարդուն և զգաց մահվան հոտը։ Շունը ետ փախավ նրանից և մազերը բիզ-բիզ կանգնեցին։ Նա մի քիչ էլ դեսուդեն ընկավ, երկարուձիգ ոռնաց պայծառ աստղերի տակ, որոնք գլուխկոնծի էին տալիս ու պարում սառը երկնքում։ Հետո շրջվեց և արագ վազեց ձյունածածկ արահետով դեպի ծանոթ իջևանատեղը, ուր կային ուրիշ մարդիկ, որոնք կարող էին ուտելիք տալ և կրակ անել։