Օպրիչնիկի օրը
հեղինակ՝ Վլադիմիր Սորոկին |
Օպրիչնիկի օրը
Գրիգորի Լուկյանիչին
Վելսկի Սկուռատովին՝ Մալյուտա մականունով
Նորից նույն երազը․ գնում եմ անսահման, ռուսական, հորիզոնն անցնող դաշտով, տեսնում եմ մի սպիտակ նժույգ, գնում եմ դեպի նա, զգում եմ, որ այդ նժույգը առանձնահատուկ, բոլոր նժույգներից ավելի նժույգ է, գեղեցիկ, առաջնորդող, արագավազ, շտապում եմ, բայց հասնել չեմ կարողանում, արագացնում եմ քայլերս, բղավում եմ, կանչում, հանկարծ հասկանում եմ, որ ողջ կյանքս, ճակատագիրս, այդ նժույգի մեջ է ամբողջ հաջողությունս, նա ինձ պետք է օդի պես, վազում եմ, վազում նրա ետևից իսկ նա ընդմիշտ հեռանում է, հեռանում ինձանից, հեռանում հավիտյան, անշրջելի, հեռանում է, հեռանում, հեռանում․․․
Բջջայինս արթնացնում է ինձ․
Մտրակի հարված՝ ճիչ։
Նորից հարված՝ տնքոց։
Երրորդ հարվածը՝ խռխռոց։
Պոյարոկը ձայնագրել է դա Գաղտնի Հրամանում, երբ տանջում էին կառավարչին հեռավոր արևելքից։ Այդ երաժշտությունը մեռածին էլ կարթնացնի։
― Կոմյագան լսում է, ― դնում եմ սառը բջջայինը քնատ֊տաք ականջիս։
― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։ Կոռոստիլյևն է անհանգստացնում, ― կենդանանում է Դեսպանական Հրամանի պաշտոնյայի ձայնը, և միանգամից բջջայինի կողքը օդում, հայտնվում է նրա բեղա֊մտահոգ մռութը։
― Ի՞նչ է պետք։
― Համարձակվում եմ հիշեցնել ձեզ․ այսօր երեկոյան ալբանական դեսպանի ընդունելությունն է։ Պահանջվում է մի դյուժին պաշարման համար։
― Գիտեմ, ― դժգոհ մռթմռթում եմ ես, չնայած ազնվորեն ասած՝ մոռացել էի։
― Ներեցեք անհանգստացնելու համար։ Ծառայութուն է։
Դնում եմ բջջայինը սեղանիկի վրա։ Ինչո՞ւ է դեսպանատան պաշտոնյան հիշեցնում ինձ այդ մասին։ Դե այո․․․ հիմա դեսպանականներն են զբաղվում ձեռքերի լվացման ծեսով։ Մոռացել էի․․․ Առանց աչքերս բացելու, կախում եմ ոտքերս անկողնուց, թափ տալիս գլուխս․ երեկվանից հետո ծանր է։ Շոշափելով գտնում եմ զանգակը, զանգում։ Լսվում է, թե ինչպես պատի ետևում Ֆեդկան վեր է թռչում պառկած տեղից, շտապում, զնգզնգացնում սպասքը։ Նստած եմ արթնանալ չուզեցող կախ գլխով․ երեկ նորից ստիպված էի ընդունել մեծ քանակով, չնայած խոստացել էի խմել և հոտ քաշել միայն մերոնցականների հետ, 99 անգամ զղջումով խոնարհվեցի Ուսպենսկիում,[1] աղոթեցի սուրբ Վոնիֆատիին։ Ամեն ինչ իզո՛ւր։ Ի՜նչ անել, եթե օկոլնի[2]Կիրիլ Իվանովիչին չեմ կարող մերժել։ Նա խելացի է։ Եվ շատ իմաստուն խորհուրդներ է տալիս։ Իսկ ես, ի տարբերություն Պոյարեկի ու Սիվոլայի, գնհատում եմ խելացի մարդկանց։ Ես կարող եմ անսահման երկար լսել նրա իմաստագույն խոսքերը, բայց առանց լավ նստելու նա չխոսկան է․․․
Ներս է մտնում Ֆեդկան․
― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։
Բացում եմ աչքերս։
Ֆեդկան կանգնած է մատուցարնով։ Ինչպես միշտ առավոտյան՝ նրա մռութը ճմրթված է ու տգեղ։ Սկուտեղի վրա են խումհարից հետո ավանդական սպիտակ կվասը, օղու ըմպանակը, կես բաժակ կաղամբի թթվաջուրը։ Խմում եմ թթվաջուրը։ Քթիս մեջ ծակծկում է, բռնվում են այտոսկրերս։ Շունչ քաշելով կուլ եմ տարլիս օղին։ Աչքերս արցունքոտվում են, անորոշացնելով Ֆեդկայի մռութը։ Սկսում եմ համարյա ամեն ինչ հիշել՝ «ով եմ», «որտեղ եմ» և «ինչու»։ Դանդաղորեն, զգույշ ներշնչում եմ։ Խմում եմ կվասը։ Անցնում է Անշարժության Մեծ րոպեն։ Բարձր բխկում եմ, ներսիցս դուրս եկող տնքոցով։ Սրբում են արցունքներս։ Եվ այժմ արդեն հիշում եմ ամեն ինչ։
Ֆեդկան հավաքում է սկուտեղը, և ծնկի գալով, մեկնում ձեռքը։ Հենվելով վեր եմ կենում։ Առավոտյան Ֆեդկայից ավելի վատ հոտ է գալիս քան երեկոյան։ Դա նրա մարմնի առանձնահատկությունն է, ոչինչ չես կարող անել։ Ճիպոտներով գործին չես օգնի։ Ձգվելով և հառաչելով գնում եմ դեպի սրբապատկերները, վառում եմ փոքրիկ լամպը, ծնկի գալիս։ Կարդում եմ առավոտյան աղոթքները, գլուխս խոնարհում։ Ֆեդկան ետևս կանգնած հորանջում է և խաչակնքվում։
Աղոթելով, վեր եմ կենում Ֆեդկային հենվելով։ Գնում եմ լոգարան։ Լվացվում եմ նախօրոք ջրհորից բերված սառը ջրով, որում լողում են սառցի կտորները։ Նայում եմ հայելուն։ Դեմքս թեթևակի ուռած է, ռունգերիս երակները կապտած, մազերս գզգզված։ Քունքերիս հայտնվել են առաջին սպիտակ մազերը։ Մի քիչ շուտ է իմ տարիքի համար։ Բայց ծառայությունը այդպիսի բան է, ոչինչ չես կարող անել։ Ծանր է պետական գործը․․․
Փոքր և մեծ կարիքներս բավարարելուց հետո, մտնում եմ ջակուզի, հավաքում ծրագիրը, գլուխս ետ գցում տաք, հարմար հենարանին։ Նայում եմ առաստաղի նկարներին․ այգում բալ հավաքող աղջիկներին։ Դա հանգստացնում է։ Նայում եմ նրանց ոտքերին, հասած բալով զամբյուղներին։ Ջուրը լցվում է, հագենում օդով, եփում մարմնիս շուրջը։ Ներսից օղին, դրսից փրփուրը՝ կամաց֊կամաց ինձ խելքի են բերում։ Քառորդ ժամ անց պղպջակները հանդարտվում են։ Մի քիչ էլ եմ պառկած մնում։ Սեղմում եմ կոճակը։ Ներս է մտնում Ֆեդկան սավանով և խալաթով։ Օգնում է դուրս գալ ջակուզիից, փաթաթում սավանով, հագցնում խալաթը։ Անցնում եմ ճաշասենյակ։ Տանյուշկան արդեն նախաճաշի սեղան է գցում։ Պատին, մի քիչ հեռու նորությունների փուչիկն է։ Հրամայում եմ ձայնով․
― Նորություններ։
Փուչիկը լուսավորվում է, խաղում Հայրենիքի երկնագույն֊սպիտակ֊կարմիր գույներով ու երկգլխանի ոսկե արծվով, Մեծ Իվանի զանգերով զանգում։ Մի քանի կում ազնվամորու թեյ խմելով նայում եմ նորությունները․ Հարավային Պատի հյուսիս֊կովկասյան մասում նորից կազակների և համապետականների են առևանգել, հեռավոր արևելյան Խողովակը կմնա փակ, մինչև ճապոնացիները խնդրագիր չգրեն, չինացիները մեծացնում են իրենց գաղութները Կրասնոյարսկում և Նովոսիբիրսկում, շարունակվում է ուրալյան գանձարանի փոխանակողների դատավարությունը, Թագավորի հոբելյանի կապակցությամբ թաթարները կառուցում են խելացի պալատներ, Դեղագործական ակադեմիայի ուղեղավորները ավարտում են ծերության գենի ուսումնասիրությունը, Մուրոմյան գուսլյարները[3] երկու համերգ կտան մայրաքաղաքում, կոմս Տրիֆոն Բագրատիոնովիչ Գոլիցինը ծեծել է երիտասարդ կնոջը, հունվարին Սուրբ֊Պետրոգրադի Սեննոյ փողոցում ծեծի չեն ենթարկի, յուանի համեմատությամբ ռուբլին կես կոպեկով կամրապնդվի։
Տանյուշկան մատուցում է պանրիկներ, մեղրով շոգեխաշած շաղգամ։ Ի տարբերություն Ֆեդկայի Տանյուշկան գեղեցիկ է և բուրավետ։
Նրա զգեստը հաճելի խշխշում է։
Թունդ թեյը և լոռամրգի կիսելը վերջնականապես ինձ կյանքի են վերադարձնում։ Վրայիցս փրկարար քրտինք է թափվում։ Տանյուշկան մեկնում է ինձ իր ձեռքով գործված սրբիչը։ Ես մաքրում եմ դեմքս, վեր կենում սեղանի առջևից, խաչակնքվում, շնորհակալություն հայտնում Տիրոջը ուտելիքի համար։
Գործի անցնելու ժամանակն է։
Եկող սափրիչը արդեն սպասում է զգեստասենյակում։ Գնում եմ այնտեղ։ Լռակյաց, ցածրահասակ Սամսոնը խոնարհվում է և նստեցնում ինձ հայելիների առջև, մերսում դեմքս, շփում վիզս լավանդայի յուղով։ Նրա ձեռքերը, ինչպես բոլոր սափրիչների ձեռքերը, տհաճություն են պատճառում։ Բայց ես սկզբունքորեն համաձայն չեմ ցինիկ Մանդելշտամի հետ, որն ասել է․ « իշխանությունը սափրիչների ձեռքերի նման զզվելի է»։ Իշխանությունը հմայիչ է և ձգող, ինչպես չծննդաբերած դերձակուհու ծոցը։ Իսկ սափրիչի ձեռքերը․․․ ինչ արած ― կանանց արգելված է մեր մորուքները խուզել։ Սամսոնը փոքրիկ նարնջագույն «Չինգիզխան» բալլոնից փրփուր է թողնում այտերիս, զգուշորեն տարածում, չկպչելով նեղ, գեղեցիկ մորուքիս, վերցնում է ածելին, սրում գոտով, կծելով ներքևի շրթունքը նշան բռնում, և սկսում սահուն շարժումներով հանել դեմքիս փրփուրը։ Ես ինձ եմ նայում։ Այտերս արդեն այնքան էլ թարմ չեն։ Այս երկու տարիների ընթացքում կես փութ նիհարել եմ։ Աչքերիս տակի կապտությունը դառձել է սովորական։ Մենք բոլորս էլ չենք կարողանում մեր քունն առնել։ Անցյալ գիշերը բացառություն չէր։
Փոխարինելով ածելին էլեկտրական սափրիչով, Սամսոնը ճարպկորեն ուղղում է մորուքիս ճակնդեղանման կղզին։
Ես աչքով եմ անում ինձ․ «Բարի լույս, Կոմյագա»։
Ոչ այնքան հաճելի ձեռքերը դեմքիս են դնում անանուխով թրջված տաք անձեռոցիկը։ Սամսոնը սրբում է դեմքս, կարմրացնում այտերս, խոպոպիկներ սարքում, լաք փչում, անխնա ոսկեփոշի լցնում, աջ ականջիս հագցնում ծանր ոսկե ականջողը ― զանգակ առանց լեզվակի։ Այդպիսի ականջողեր միայն մերոնքականներն են կրում։ Ոչ մի տեղական, համապետական, խորհրդարանական, կամ պալատական տականք, նույնիսկ սուրբ ծննդայն դիմակահանդեսում չի համարձակվի կրել այսպիսի զանգակ։
Սամսոնը ցողում է գլուխս «Վայրի խնձորով, լուռ խոնարհվում և դուրս է գալիս, ― նա իր գործն արել է։ Հայտնվում է Ֆեդկան։ Նրա մռութը նախկինի նման ճմրթված է, բայց հասցրել է փոխել վերնաշապիկը, մաքրել ատամները և լվանալ ձեռքերը։ Նա պատրաստ է ինձ հագցնելու։ Դնում եմ ափս զգեստապահարանի փականակին։ Դուռը ծվծվում է, թարթում է կարմիր լույսը, կաղնե դուռը մի կողմ է շարժվում։ Ամեն առավոտ ես տեսնում եմ իմ բոլոր տասնութ զգեստները։ Նրանց տեսքը ոգեշնչող է։ Այսօր սովորական օր է։ Ուրեմն՝ աշխատանքային հագուստ։
― Գործնական, ― ասում եմ ես Ֆեդկային։
Նա հանում է պահարանից զգեստը, սկսում հագցնել ինձ․ սպիտակ, գործված խաչերով ներքնաշորերը, թեք օձիքով կարմիր վերնաշապիկը, ոսկե և արծաթե թելերով զարդարված դիպակից կարված պիջակը, որը երիզված է կզաքիսի մորթով, թավշյա բորտերով, սաֆյանե[4] երկարաճիտ կոշիկները պղնձե պայտերով։ Պիջակի վերևից Ֆեդկան հագցնում է երկար, բամբակյա աստառով, սև, կոպիտ կտորից կարված կաֆտանը։[5]
Նայելով հայելու մեջ, փակում եմ պահարանը։
Գնում եմ նախասենյակ, նայում ժամացույցին․ 8։03։ Դեռ ժամանակ կա։ Ինձ արդեն սպասում են դայակը՝ Գեորգի Պոբեդոնոսեցի սրբապատկերով, Ֆեդկան՝ գոտիով ու գլխարկով։ Հագնում եմ թավշյա, մորթիով երիզված գլխարկը, թույլ տալիս կապել լայն կաշվե գոտին։ Գոտու ձախ կողմից պղնձյա պատյանի մեջ դաշյունն է, աջից՝ «Ռեբրոֆֆը» փայտյա պատյանում։ Մինչ այդ դայակը խաչակնքում է ինձ։
― Անդրյուշենկա՛, Աստվածամյրը, սուրբ Նիկոլան և Օպտինի ծերունիները քեզ պահապան։
Նրա սուր կզակը ցնցվում է, երկնագույն արցունքակալած աչքերը սիրով են նայում։ Ես խաչակնքվում եմ, համբուրում սուրբ Գեորգիի սրբապատկերը։ Դայակը գրպանս է խցկում «Ժիվիյ վ պոմոսչի Վիշնյավո» մամիկների գործված աղոթքը։
― Հաղթանակ հակառակորդների հանդեպ․․․ մռթմռթում է Ֆեդկան խաչակնքվելով։
Սև սենյակից նայում է Անաստասիան՝ կարմրասպիտակ սառաֆան, շեկ հյուսը ուսին, զմրուխտյա աչքեր։ Այտերի կարմրությունից զգացվում է, որ հուզվում է։ Աչքերը ցած իջեցրեց, արագ խոնարհվեց, և թափ տալով բարձր կուրծքը, անհետացավ կաղնե դռան հետևում։ Իսկ իմ սիրտը հուզվեց այդ խոնարհումից․ նախանցյալ գիշերը կենդանացավ ականջներիս մեջ քաղցր տնքոցով, հպվեց աղջկական մարմնով, տաք շշնջաց, երակներիս միջով վազեց։
Բայց սկսզբում՝ գործը։
Իսկ գործն այսօր շա՜տ֊շատ է։ Եվ հետո այդ ալբանական դեսպանը․․․
Դուրս եկա դեպի մուտքը տանող նախասենյակը։ Այնտեղ արդեն շարք են կանգնել ծառաները․ անասնապահուհին, խոհարարի օգնականը, խոհարարը, դռնապանը, շներին պահող ծառան, տնտեսուհին։
― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլովիչ։
Մինչև հատակ խոնարհվում են։ Անցնելիս գլխով եմ անում նրանց։ Բացում են երկաթյա դռները։ Դուրս եմ գալիս բակ։ Օրն արևոտ է։ Գիշերը ձյուն է եկել՝ եղևնիների, պարսպի, պահակային աշտարակի վրա։ Լա՜վ է, երբ ձյուն կա։ Երկրի կեղտն է ծածկում։ Եվ հոգին է ավելի մաքուր դարձնում։
Կկոցելով աչքերս արևից, շուրջս եմ նայում․ ամբար, խոտանոց, ախոռ՝ բոլորը ինչպես հարկն է սարքված։ Տեղից պոկվել է փորձում շխթայակապ շունը, շնանոցում հաչում են որսորդական շները, ախոռում՝ կանչում է աքլորը։ Բակը մաքրված է, ձյունակույտերը կոկիկ՝ նման են զատկի թխվածքի։ «Նժույգս» կանգնած է դարպասի մոտ, կարմիր՝ վերնաշապիկիս նման, ցածրիկ, մաքուր։ Արևի տակ փայլող թափանցիկ խցիկով։ Նրա կողքին ձիապան Տիմոխան՝ սպասում է շան գլուխը ձեռքին, խոնարհվում։
― Անդրեյ Դանիլովիչ, հավանություն տվեք։ ― Ցույց է տալիս ինձ այսօրվա համար նախատեսված շան գլուխը․ գզգզված գամփռ, չռված աչքերով, սպիտակած լեզվով, ամուր, դեղին ատամներով։ ― Հարմար է։
― Գործի անցիր։
Տիմոխան ճարպկորեն ամրացնում է գլուխը նժույգիս բամպերին, իսկ ավելը բեռնախցիկին։ Ձեռքս դնում եմ մեքենայի փականին, թափանցիկ տանիքը բարձրանում է։ Կիսապառկած նստում եմ սև կաշվե նստատեղին, կոճկվում։ Գործի եմ գցում շարժիչը։ Կաղնե դարպասները բացվում են։ Դուրս եմ գալիս, սլանում նեղ, ուղիղ, ձնածածկ, եղևնիներով շրջապատված ճանապարհով։ Գեղեցիկ է։ Լա՜վ տեղ է։ Հայելու մեջ տեսնում եմ կալվածքս։ Լա՜վ տուն է, հոգի ունի։ Միայն յոթ ամիս եմ ապրում, բայց այնպիսի զգացում ունեմ, որ ծնվել և մեծացել եմ այստեղ։ Նախկինում կալվածքը պատկանում էր Գանձարանի փոխանակողներից մեկին՝ Գոռոխով Իվան Իգնատիչին։ Երբ նա Գանձարանի Մեծ Մաքրման ժամանակ կորցեց լավ վերաբերմունքը և անպաշտպան մնաց, մենք նրան մեր ձեռքը վերցրինք։ Այն ամառ, գանձարանականներից շատերի գլուխները թռան։ Բոբրովին իր հինգ մեղսակիցների հետ երկաթյա վանդակով ողջ Մոսկվայով մեկ պտտեցին, ճիպոտներով ծեծելուց հետո, Լոբնիյ տեղում գլխատեցին։ Գանձարանականների կեսին՝ Մոսկվայից վռնդեցին Ուռալից այն կողմ։ Աշխատանքը շատ էր․․․ Այն ժամանակ Գոռոխովին, ինչպես ընդունված է, սկզբից մռութով գոմաղբի մեջ քարշ տվին, հետո բերանը թղթադրամներով լցրին, կարեցին, հետույքի մեջ մոմ մտցրին և կալվածքի դարպասին կախեցին։ Ընտանիքին ձեռք տալու հրաման չկար։ Իսկ կալվածքը ինձ վրա գրեցին։ Արդար է մեր Տերը։ Եվ փառք աստծո։
Ճանապարհը աջ է թեքվում։
Դուրս եմ գալիս Ռուբլևի ճանապարհը։ Լավն է այն, երկհարկանի, տաս շարքով։ Մտնում եմ ձախ՝ կարմիր շարքը։ Այն մերն է։ Պետականը։ Քանի դեռ կենդանի եմ ու Տիրոջ գործին՝ այս ճանապարհով եմ շարժվելու։
Մեքենաները ճանապարհ են տալիս, տեսնելով օպրիչնիկի շան գլխով կարմիր «ձիուն»։ Շվվոցով կտրում եմ մերձմոսկովյան օդը, սեղմում պեդալը։ Ճանապարհային հերթապահը հարգանքով է նայում։ Հրամայում եմ․
― Ռադիո «Ռուս»
Խցիկում կենդանանում է աղջկական փափուկ ձայնը․
― Ողջ լինեք, Անդրեյ Դանիլիովիչ։ Ի՞նչ եք ցանկանում լսել։
Բոլոր նորություններն արդեն գիտեմ։ Խումհարից հետո հոգիս լավ երգ է ուզում․
― Ինձ համար երգիր տափաստանի ու արծվի մասին։
― Ձեր ցանկությունը կկատարվի։
Մուտք են գործում գուսլյարները, սահուն թափվում են զանգերը, արծաթյա զանգակն է զրնգում, և․
Օհ, դու տափաստան անծայրածիր,
Տափաստան Լայնածիր,
Հեռուն ես ձգվել։
Օհ, տափաստանի արծիվը բարձրանում է։
Օհ, դոնի կազակը
Ուրախանում է։
Երգում է Կարմիր Դրոշի Կրեմլյան երգչախումբը։ Հզոր է երգում, լավ։ Երգը այնպես է զրնգում, որ աչքերիս արցունքներ են հայտնվում։ Սլանում է «մերինս»[6] մայրաքաղաք, արագ անցնում են գյուղերն ու կալվածքները։ Արևը շողում է ձյունածածկ եղևվնիների վրա։ Հոգիս կենդանանում է, մաքրվում, բարձր բան ուզում․․․
Օհ, մի թռչիր արծիվ,
Այդքան ցածր,
Օհ, մի զբոսնիր կազակ,
Ափին այդքան մոտ։
Երգով էլ կմտնեի Մոսկվա, բայց ընդհատեցին։ Զանգում է Պոսոխը։ Նրա խնամված մռութը հայտնվում է գունավոր շրջանակում։
Գրողը քեզ տանի․․․ ― մռթմռթում եմ, հեռացնելով երգը։
― Կոմյագա։
― Ի՞նչ է քեզ պետք։
― Խոսք և գործ։
― Հետո՞։
― Վրիպեցինք ազնվականի հետ։
― Այդ ինչպե՞ս։
― Չկարողացանք արգեված բանը նրա մոտ գցել։
― Ի՜նչ ես ասում։ Ինչո՞ւ ձայն չէիր հանում, հավի գլուխ։
Մենք մինչև վերջին րոպեն սպասում էինք, բայց նրա պահակախումբը հայտնի է, ամեն ինչ հսկում է։
― Բատյան[7] գիտի՞։
―Ո֊ո֊չ։ Կոմյագա, ինքդ ասա նրան, ես վախենում եմ։ Նա դեռ արվարձանների բնակիչների համար է վրաս զայրացած։ Արա այդ, ես պարտք չեմ մնա։
Կանչում եմ Բատյային։ Նրա լայն, շիկավուն մորուքով դեմքը հայտնվում է ղեկի աջ կողմում։
― Բարև, Բատյա։
― Ողջույն, Կոմյագա։ Պատրա՞ստ ես։
― Միշտ պատրաստ եմ, Բատյա, բայց մերոնք հիմար դրության մեջ հայտնվեցին։ Չկարողացան ազնվականի մոտ բան գցել։
― Արդեն պետք էլ չէ․․․ ― Բատյան հորանջում է, ցույց տալով առողջ, ամուր ատամները։ Նրան առանց դրա էլ կարելի է գցել։ Նա անպաշտպան է։ Միայն, ահա թե ինչ․ ընտանիքին վնաս չտաս, հասկացա՞ր։
― Հասկացա, ― գլխով արեցի ես, հեռացրի Բատյային, միացրի Պոսոխին։ ― Լսե՞լ ես։
― Լսել եմ, ― թեթևացած ատամներն է ցույց տալիս նա։ ― Փառք քեզ, Աստված․․․
― Աստվածն այստեղ գործ չունի։ Տիրոջը շնորհակալություն հայտնիր։
― Խոսք և գործ։
― Եվ մի ուշացիր, ուրախ կյանքի սիրահար։
― Ես արդեն տեղում եմ։
Շրջվում եմ դեպի Ուսպենսկի տրակտ[8] Այստեղ անտառը մերինից բարձր է․ հին, դարավոր եղևնիներ։ Շատ բան են տեսել նրանք իրենց կյանքում։ Հիշում են նրանք, հիշում Կարմիր Խռովությունը, հիշում են Սպիտակ խռովությունը, հիշում են Գորշ խռովությունը, հիշում են Ռուսաստանի վերածնունդը։ Հիշում են կերպարանափոխումը։ Մենք փոշի կդառնանք, ուրիշ աշխարհներ կթռչենք, իսկ փառավոր մերձմոսկովյան եղևնիները կանգուն կմնան և վսեմորեն կորորեն ճյուղերը․․․
Ահա թե ազնվականների գործը ինչպես է դասավորվում։ Հիմա որևէ արգելված բան էլ պետք չէ։ Անցյալ շաբաթ այդպես ստացվեց Պրոզորովսկու հետ, հիմա էլ սրա հետ․․․ Տերը որոշել է շատ լուրջ զբաղվել նրանցով։ Ճիշտ է անում։ Գլուխը թռցնելիս, մազերի մասին չեն մտածում։ Սկսել ես գործը, մի ասա որ չես կարող։ Եթե պատրաստվել ես հարվածի՝ հարվածիր։
Տեսնում եմ մերոնցից երկու հոգի կարմիր «նժույգներով»։ Հասնում եմ նրանց, գցում արագությունը։ Մի քիչ էլ միասին ենք առաջ շարժվում և հասնում ազնվազարմ Իվան Իվանովիչ Կունիցինի դարպասին։ Դարպասի մոտ ութ մերոնքական մեքենա կա։ Այստեղ է Պոսոխան, այստեղ են Սիվոլայը, Պոգոդան, Օխլոպը, Զյաբելը, Նագուլը և Կրեպլոն։ Բատյան գլխավորներին գործի չի ուղարկել։ Ճիշտ է Բատյա։ Կունիցինին մերկ ձեռքերով չես վերցնի։ Նրան ջարդելու համար՝ հմտություն է անհրաժեշտ։
Կանգ եմ առնում, դուրս գալիս մեքենայից, բացում բեռնախցիկը, հանում հաստ մահակը։ Մոտենում եմ մերոնց։ Նրանք սպասում են հրամանի։ Բատյան չկա, ուրեմն գլխավորը ես եմ։ Բարևում ենք շատ գործնական։ Նայում եմ պարսպին․ չորս բոլորը, անտառում Գաղտնի Հրամանի հրաձգավորներն են մեզ օգնելու համար։ Կալվածքը Տիրոջ հրամանով շրջապատված է դեռ գիշերվանից։ Որպեսզի ոչ մի մուկ չվազի, կամ նենգ մոծակ չթռչի։
― Բայց ամուր է ազնվականի պարիսպը։ Պոյարոկը զանգ է տալիս ու կրկնում․
Բաց արա, Իվան Իվանիչ։ Ինքնակամ բացիր։
― Առանց դումայի գրագիրների ներս չեք մտնի, մարդասպաններ, ― լսվում է դինամիկից։
― Ավելի վատ կլինի, Իվան Իվանիչ։
― Սրանից վատ չի լինի, շուն։
― Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ Ավելի վատ է Գաղտնի Հրամանում։ Բայց Իվան Իվանիչին այնտեղ պետք չէ հասցնել։ Ինքներս գլուխ կհանենք։ Մերոնք սպասում են։ Ժամանակն է։
Մոտենում եմ պարսպին։ Օպրիչնիկները ապասում են։ Մահակով խփում եմ դարպասին առաջին անգամ։
― Վա՛յ այս տանը։ Խփում եմ երկրորդ անգամ։
― Վա՛յ այս տանը։ Խփում եմ երրորդ անգամ։
― Վա՛յ այս տանը տանը։
Եվ շարժվեց օպրիչնինան։
― Խոսք և գործ։ Հո՛յդա։[9]
― Հո՛յդա։ Խոսք և գործ։
― Խոսք և գործ։
― Հոյդա։ Հոյդա։ Հոյդա։
Թփթփացնում եմ Պոյարեկի ուսին․
― Գործի՛ր։
Պոյարեկն ու Սիվոլայը իրար անցան, դարպասին կպցրին պայթուցիկը։ Բոլորը հեռացան, փակեցին ականջները։ Որոտաց՝ կաղնե դարպասի շուրջը՝ տաշեղներ։ Մենք խցկվեցինք բացված ճեղքը։ Իսկ այնտեղ պահակներն են մահակներով։ Հրազենով պաշտպանվել արգելված է, թե չէ հրաձիգները իրենց կրակով բոլորին կգցեն։ Իսկ դումայի ընդունած օրենքով ― եթե մահակավոր ծառաներից որևէ մեկը կարողանա դիմադրել հարձակմանը, նա չի պատժվի։
Ներխուժում ենք։ Իվան Իվանիչի կալվածքը հարուստ է, բակը ընդարձակ։ Տեղ կա կռվելու համար։ Մեզ սպասում են պահականերն և ծառաները մահակներով ու ցցերով։ Երեք շխթայված շներ փորձում են հարձակվել մեզ վրա։ Այսպիսի մեծ խմբի հետ կռվելը դժվար գործ է։ Պետք է պայմանավորվել։ Պետք է խորամանկություն ցուցաբերել պետական գործը իրագործելու համար։ Բարձրացնում եմ ձեռքս։
― Ինձ լսեք։ Ձեր տերը միևնույն է ապրող չէ։
― Գիտենք, ― բղավում են պահակները։ ― Բայց միևնույն է ստիպված ենք պաշտպանվել։
― Սպասե՛ք։ Եկեք ընտրենք կռվողներին։ Ձերը հաղթեց՝ ունեցվածքով անվնաս կգնաք։ Մերը հաղթեց՝ ամեն ինչ մեզ կմնա։
Մտածմունքի մեջ ընկան պահակները։ Իսկ Սիվոլայը ասաց նրանց․
― Համաձայնեք, քանի մենք բարի ենք։ Միևնույն է ձեզ դուրս ենք անելու, երբ օգնությունը գա։ Օպրիչնիկներին ոչ ոք չի կարող հաղթել։
Նրանք խորհրդակցեցին, բղավեցին․
― Լավ։ Իսկ ինչո՞վ ենք կռվելու։
― Բռունցքներով, ― պատասխանում եմ։
Դուրս է գալիս նրանց մենամարտողը․ դդումանման մռութով աժդահա անասնապահը։ Հանում է վերարկուն, հագնում ձեռնոցները, փսլինքը սրբում։ Բայց մենք դրան պատրաստ ենք։ Պոգոդան Սիվոլայի ձեռքերին է գցում սև վերարկուն, կզաքիսի մորթով երիզված գլխարկը թափ տալիս, դիպակե պիջակը հանում, հանդգնորեն կարմիր մետաքս հագած ուսերը շարժում, ինձ աչքով անում և առաջ դուրս գալիս։ Պոգոդայի առջև, նույնիսկ Մասլոն՝ դեռահաս է։ Բարձրահասակ չէ Պոգոդան, բայց լայնաթիկունք է, պինդ ոսկոռ ունի, ճարպիկ է։ Նրա մռութին հասցնելը դժվար է։ Իսկ նրանից ծեծ ուտելը՝ շատ հեշտ։
Պոգոդան կկոցած աչքերով նայում է մրցակցին։ Խաղում է մետաքսե գոտու հետ․
― Դե ինչ, անշնորհքի մեկը, պատրա՞ստ ես ծեծ ուտել։
― Քեզ մի գովիր, օպրիչնիկ, դեռ կռիվը չսկսած։ Պոգոդան հակառակորդի հետ շրջաններ են կատարում, նշան են բռնում։ Տարբեր է նրանց հագուստը, զբաղեցրած դիրքը, տարբեր տերերի են ծառայում, իսկ ուշադիր նայես՝ նույն ռուսական խմորից են հունցված, ռուս մարդիկ վճռական են։
Շրջապատում ենք նրանց, խառնվում ծառաների հետ։ Բռունցքներով մարտի ժամանակ դա նորմալ է։ Այստեղ բոլորը հավասար են, և հասարակ մարդը, և ազնվականը, և օպրիչնիկը, և հրամայականները։ Բռունցքը ինքը՝ թագավոր է։
Ծիծաղում է Պոգոդան, աչքով անում ծառային, լայն ուսերով խաղում։ Եվ չդիմացավ մուժիկը, նետվեց հարվածելու փթանոց բռունցքով։ Պոգոդան կռանում է, և ուղիղ նրա սրտի տակ կարճ հարված հասցնում։ Զկրտաց նա, բայց դիմացավ։ Պոգոդան նորից պարում է, անամոթ աղջկա նման ուսերը ճոճում, աչքով է անում, վարդագույն լեզուն ցույց տալիս։ Անասնապահը պարերը չի հարգում, կոկորդային ձայներ է հանում, ու նորից պատրաստվում է խփել։ Բայց Պոգոդան նրան կանխում է, ձախից այտին, աջից կողերին՝ հարված, հարված։ Կողերը ճաքեցին։ Իսկ ծանր փթանոց բռունցքից նորից խուսափում է։ Մռնչաց անասնապահը արջի նման թափահարեց բռունցքները, կորցնելով ձեռնոցները։ Միայն թե ոչ մի օգուտ․ նորից հարված սրտի տակ և քթին։ Նահանջում է աժդահան ինչպես արթնացրած արջը։ Միացնում է ձեռքերը, մռնչում, սառը օդին հարվածում։ Բայց ամեն ինչ իզուր է․ հարված, նորից հարված։ Արագ են Պոգոդայի բռունցքները․ ահա արդեն անասնապահի մռութը արյան մեջ է, աչքը վիրավոր, քթից արյուն է կաթում։ Թռչում են ալ կաթիլները, սուտակի պես փայլում ձմեռային արևի տակ, թափվում տրորված ձյան վրա։
Մռայլվում են ծառաները։ Մերոնք իրար աչքով են անում։ Երերում է անասնապահը, ջարդված քթով ֆսֆսացնում, թքում փշրված ատամները։ Հարված, էլի հարված։ Նահանջում է աժդահան, ձեռքերն այնպես է թափահարում, կարծես մեղուներ է քշում։ Իսկ Պոգոդան նրան հանգիստ չի թողնում։ Էլի հարված, էլի։ Ճշգրիտ և ուժեղ է խփում օպրիչնիկը։ Մերոնք սուլում են, ձեռք առնում։ Վերջին հարվածը շատ ուժեղ էր։ Ընկնում է աժդահան մեջքի վրա։ Պոգոդան իր ձևավոր սապոգը դնում է նրա կրծքին, հանում դանակը պատյանից, և նրա մռութին ամբողջ ուժով քսում, խըրթ։ Այ այսպես։ Ի գիտություն։ Ուրիշ կերպ հիմա չի կարելի։
Արյունով, ամեն ինչ հեշտ է անցնում։
Ծառաները քարացան։ Անշնորհքը կտրած մռութը բռնեց, մատների տակից արյուն է թափվում։
Պոգոդան պահում է դանակը, թքում պարտվածի վրա և աչքով անում ծառաներին․
― Այսպես։ Մռութը արյունլվա է։
― Սրանք հայտնի բառեր են։ Մերոնք միշտ այդպես են ասում։ Այդպես է ստացվել։
Ժամանակն է կետ դնել։ Բարձրացնում եմ մահակս․
― Ծնկի՛, անշնորհքներ։
Այսպիսի ակնթարթներին ամեն ինչ միանգամից պարզվում է։ Այնքան լավ է երևում ռուս մարդը։ Շշմած դեմքեր։ Հասարակ մարդկանց դեմքեր։ Սիրում եմ նրանց նայել այսպիսի ժամանակ, ճշմարտության պահին։ Հիմա նրանք հայելի են, որում արտացոլվում ենք մենք և ձմեռային արևը։
Փառք աստծո, պարզ է այս հայելին, չի մթնել ժամանակից։
Մերոնք թուլացան, աշխուժացան։ Եվ միանգամից՝ զանգ Բատյաից․ հետևում է մեզ իր մոսկովյան ապարանքից։
― Ապրե՛ք։
― Ծառայում ենք Ռուսաստանին, Բատյա։ Ի՞նչ անենք տան հետ։
― Պետք է ոչնչացվի։
― Ոչնչացվի՞։ Սա ինչ֊որ նոր բան է․․․ Սովորաբար ճզմված կալվածքը պահում էինք մերոնց համար։ Նախկին ծառաներն էլ անցնում էին նոր տիրոջը։ Ինչպես ինձ մոտ։ Իրար ենք նայում։ Բատյան քմծիծաղում է․
Ի՜նչ եք կանգնել։ Հրամանն այդպիսին է․ տեղը մաքրել։
― Կանենք, Բատյա։
Ահա։ Դատարկ տեղ թողնել։ Նշանակում է՝ կարմիր աքլոր։ Վաղուց այդպիսի բան չէր եղել։ Բայց հրամանը հրաման է։ Այն չի քննարկվում։ Հրամայում եմ ծառաներին․
― Ամեն մեկդ կարող եք ձեր ունեցվածքից մի պարկ վերցնել։ Տալիս ենք երկու րոպե։
Նրանք արդեն հասկացել են, որ տունը կորած է։ Վեր թռան, վազեցին, ցրվեցին իրենց անկյունները ունեցածը հավաքելու, հետն էլ ինչ֊որ ձեռքի տակ ընկնի։ Իսկ մերոնք տանն են նայում․ վանդակապատ պատուհաններին, մետաղյա դռներին, կարմիր աղյուսե պատերին։ Ամեն ինչ շատ հիմնավոր է։ Պատերը լավ են շարված, հարթ։ Վարագույրները իջեցված են, բայց անցքերից աչքեր են նայում։ Այնտեղ տաք օջախ է, վերջին, թաքնված, մահացու վախով լցված օջախ։ Ի՜նչ քաղցր է թափանցել այնտեղ, և դուրս շպրտել նրանց։
Ծառաները մի֊մի պարկ հավաքեցին։ Դանդաղ, հնազանդորեն քարշ են գալիս, կարծես թափառաշրջիկներ։ Թույլ ենք տալիս նրանց գնալ դարպասների մոտ։ Իսկ այնտեղ, կոտրած դռան մոտ հրաձգավորներն են հերթապահում իրենց ճառագայթանետերով։ Թողնում են կալվածքը ծառաները, ետ նայում։ Նայեք, անշնորհքներ, մեզ ինչ։ Հիմա մեր ժամն է։ Շրջապատում ենք տունը, մահակներով խփում պատերին վանդակապատ պատուհաններին։
― Հո՛յդա։
― Հո՛յդա։
― Հո՛յդա։
Հետո երեք անգամ շրջանցում ենք, արևի շարժման ուղղությամբ․
― Մահ այս տանը։
― Մահ այս տանը։
― Մահ այս տանը։
Պոյարոկը պայթուցիկ է ամրացնում երկաթե դռանը։ Ետ ենք գնում, փակում ականջներս ձեռնոցներով։ Պայթուն՝ և չկա դուռը։ Բայց առաջինից հետո, երկրորդ, փայտա դուռն է։ Սիվոլայը հանում է ճառագայթադանակը։ Կապույտ, կատաղի կրակը բարակ շյուղով կպավ դռանը, և ընկավ դռան կտրված կտորը։
Ներս ենք մտնում։ Անշտապ ներս ենք մտնում։ Հիմա արդեն շտապելու կարիք չկա։
Ներսում լռություն է, հանգիստ է։ Լա՜վն է ազնավականի տունը, հարմար է։ Հյուրասենյակը կահավորված է չինացիների մոտ ընդունված ձևով՝ թախտեր, գորգեր, ցածր սեղանիկներ, մարդու հասակ ունեցող ծաղկամաններ, մետաքսի վրա դրված կանաչ նեֆրիտից վիշապներ։ Նորությունների փուչիկները նույնպես չինական են՝ ծռած սև փայտով երիզված։ Արևելյան գարշահոտություն է զգացվում։ Մոդայիկ է, ոչինչ չես կարող անել։ Բարձրանում ենք վերև չինական գորգերով ծածկված լայն աստիճաններով։ Այստեղ օդը հարազատ է՝ լամպի յուղի, փայտի, հին գրքերի, վալերիանկայի հոտ է գալիս։ Սենյակները գերանապատ են։ Սրբիչներով զարդարված, ապակեպատ դարակներով, սնդուկներով, կոմոդներով, սամովարներով և կեռամիկական սալիկներով զարդարված վառարաններով։ Ցրվում ենք սենյակներով։ Մարդ չկա։ Մի՞թե փախել է ոջիլը։ Քայլում ենք, մահճակալների տակ խցկում մահակները, խառնում սպիտակեղենը, զգեստապահարանները ջարդում։ Տան տերը չկա։
Նա հո չէ՞ր կարող ծխնելույզով փախչել, ― փնթփնթում է Պոսոխան։
― Երևի գաղտնի ելք կա տանը, ― մահակով խառնում է կոմոդը Կրեպլոն։
― Պարիսպը շրջապատված է հրաձիգներով, ո՞ւր պիտի փախչեր, ― առարկում եմ ես։
Բարձրանում ենք ձեղնահարկ։ Այստեղ ձմեռային այգի է, քարեր, ջրվեժ, տրենաժյորներ, աստղադիտարան։ Հիմա բոլորն աստղադիտարաններ ունեն․․․ Այ, թե ինչը չեմ կարող հասկանալ․ աստղագիտությունը և աստղաբանությունը մեծագույն գիտություններ են, բայց ի՞նչ գործ ունի այստեղ աստղադիտակը։ Դա հո երազահան գիրք չէ։ Մայրաքաղաքում աստղադիտակների պահանջարկն ուղղակի անհավանական է, գլխի մեջ չտեղավորովող։ Նույնիսկ Բատյան է իր կալվածքում դրել։ Ճիշտ է, նրա մեջ նայելու ժամանակ չունի։
Պոսոխան կարծես կարդում է մտքերս․
― Խոսքները մեկ արած ազնվականներն ու փոխանակողները աստղերին են պլշում։ Ի՞նչ են ուզում այնտեղ տեսնել։ Իրենց մա՞հը։
― Միգուցե Աստծո՞ւն, ― ծիծաղում է Խրուլը, մահակով արմավենուն խփելով։
― Մի զբաղվիր սրբապղծությամբ, ― նկատողություն է անում Բատյայի ձայնը։
― Ներիր, Բատյա, ― խաչակնքվում է Խրուլը, ― սատանան խառնեց․․․
― Ինչո՞ւ եք հին ձևով ման գալիս, հիմարներ, ― անհանգստանում է Բատյան, միացրեք «փնտրիչը»։
Միացնում ենք «փնտրիչը»։ Նա ծվվում է, առաջին հարկն է ցույց տալիս։ Իջնում ենք։ Փնտրիչը տանում է մեզ դեպի երկու չինական ծաղկամանները։ Մեծ, հատակին դրված ծաղկամանները։ Իրար ենք նայում, իրար աչքով անում։ Գլխով եմ անում Խրուլին ու Սիվոլային։ Նրանք բարձրացնում են մահակները և հարվածում ծաղկամաններին։ Նուրբ, ահռելի հրեշների ձվերի կլեպի նման, ճենապակին փշուր֊փշուր է լինում։ Իսկ այդ ձվերից, ասես Կաստորներ ու Պոլլյուքսներ՝[10] ազնվականի երեխաները ոլոռի պես թափվում են գորգերի վրա և աղաղակում։ Երեք, չորս․․․ վեցն են։ Բոլորը շեկ, մեկը մյուսից փոքր։
― Ահա՜ թե ինչ, ― հռհռում է անտեսանելի Բատյան։ ― Տես, թե ինչ է մտածել գողը։
― Վախից խելքը թռցրել է, ― երեխաներին է նայում Սիվոլայը։
Լավ չի նայում։ Բայց մենք երեխաներին ձեռք չենք տալիս․․․ Դե, եթե հրաման լինի ճզմել նրանց, ապա իհարկե։ Իսկ ընդհանրապես, մեզ ավելորդ արյուն պետք չէ։
Մերոնք բռնում են գոռգոռացող երեխաներին, կաքավների նման թևի տակ դրած տանում։ Այնտեղ, դրսում, սպասում է մանկատնից եկած դատաիրավականի աշխատակից կաղ Ավերյան Տրոֆիմիչը իր դեղին ավտոբուսով։ Նա կտեղավորի փոքրիկներին, թույլ չի տա որ կորչեն, կմեծացնի մեծ երկրի ազնիվ քաղաքցիներ։
Մանկանց աղաղակների վրա, ինչպես խայծի վրա, ցանցն են ընկնում ազնվազարմների կանայք․ չդիմացավ Կունիցինի կինը, ոռնաց իր թաքստոցում։ Կնոջ սիրտը քար չէ։ Գնում ենք այդ աղաղակի վրա՝ ճամփան դեպի խոհանոց է տանում։ Անշտապ մտնում ենք։ Շուրջներս նայում։ Լա՜վն է Իվան Իվանիչի խոհանոցը։ Ընդարձակ է և խելացիորեն սարքավորված։ Այստեղ և՛ աշխատանքի համար նախատեսված սեղաններ կան, և՛ սալոջախներ, և՛ պողպատյա ու ապակյա դարակներ սպասքով ու համեմունքներով, և՛ բարդ վառարաններ սառը ու տաք ճառագայթներով, և արտասահմանյան հայ֊տեկ,[11] և՛ խորամանկ օդափոխիչներ, և՛ թափանցիկ սառնարաններ լուսավորումով, և՛ տարբեր տեսակի դանակներ, իսկ մեջտեցում՝ ռուսական վառարան՝ լայն, սպիտակ։ Ապրի՛ Իվան Իվանովիչը։ Ի՞նչ ուղղափառ ճաշ առանց ապուրի ու շիլայի ռուսական վառարանից։ Մի՞թե օտարերկրյա ջեռոցում կարկանդակներն այնպես կթխվեն, ինչպես մեր վառարանում։ Մի՞թե կարելի է այնտեղ կաթը երկար թողնել։ Իսկ հայր֊հացը՞։ Ռուսական հացը ռուսական վառարանում պետք է թխվի, դա ձեզ նունիսկ վերջին աղքատը կասի։
Վառարանի բերանը փակված է պղնդյա կափույրով։ Թխկացնում է ծալված մատով Պոյարեկը․
― Մոխրագույն գայլն է եկել, կարկանդակներ բերել։ Ո՞վ է այստեղ թաքնվել։
Իսկ կափույրի ետևից՝ կնոչ ոռնոց և տղամարու հայհոյանք։ Զայրանում է Իվան Իվանովիչը կնոջ վրա, որ մատնեց իրենց իր աղաղակներով։ Հասկանալի է, իհարկե։ Զգայուն են կանայք, դրա համար էլ նրանց սիրում ենք։
Բացում է վառարանը Պոյարոկը, վերցնում են մերոնք երկար բռնիչներն ու կրակխառնիչը, և նրանցով վառարանի միջից ազնվազարմին ու նրա կնոջը դուրս բերում։ Երկուսն էլ մրոտված են ու դիմադրում են։ Ազնվականի ձեռքերը միանգամից կապում ենք, բերանը փակում ու արմունկներից բռնած բակ տանում։ Իսկ կինը․․․ Կնոջ հետ ստիպված ենք այլ կերպ վարվել։ Այդպես է դրվածքը։ Կապում ենք նրան պարաններով միսը կտրատելու համար նախատեսված սեղանի վրա։ Լա՜վն է նրա կինը․ բարեկազմ, գեղեցիկ դեմքով, մեծ կրծքերով ու հետույքով, տաքարյուն։ ― Բայց սկզբից ազնվազարմը։ Բոլորս դուրս ենք գալիս բակ։ Այնտեղ արդեն սպասում են Զյաբելը ցախավելներով և Նագուլը օճառոտված պարանով։ Քարշ են տալիս նրան օպրիչնիկները ոտքերից բռնած մինչև դարպասը՝ վերջին ճամփան։ Զյաբելն ու Կրեպլոն, նրա ետևից ցախավելներով մաքրում են հետքերը, որպեսզի Տիրոջ գործի հակառակորդի հետքն էլ չմնա Ռուսաստանում։ Նագուլն արդեն բարձրացել է դարպասին, ճարպկորեն պարանն է ամրացնում, առաջին անգամ չէ, որ Ռուսաստանի թշնամիներին է կախում։ Կանգնում ենք դարպասի տակ, ձեռքերով բարձրացնում նրան․
― Խոսք և գործ։
Եվս մի վայրկյան՝ և ճոճվում է Իվան Իվանովիչը օղակի մեջ, թփրտում, խռխռում, վերջին շունչը փչում։
Հանում ենք գլխարկներս, խաչակնքվում։ Հագնում ենք գլխարկները։ Սպասում՝ հոգին դուրս գա։
Գործի քառորդ մասն արված է։ Հիմա՝ կինը։ Վերադառնում ենք տուն։
― Միայն չսպանեք, ― ինչպես միշտ, զգուշացնում է Բատյայի ձայնը։
― Պարզ է, Բատյա։
Այդ կրքոտ գործը մեզ շատ է պետք։ Դա մեզ ուժ է տալիս, որ հաղթենք Ռուսաստանի թշնամիներին։ Այդ գործը պետք է հիմնավոր անել։ Պետք է սկսել ըստ կոչումի և վերջացնել։ Ուրեմն, ես առաջինն եմ։ Իրեն սեղանին է խփում Իվան Իվանովիչի արդեն այրին, բղավում ու տնքում։ Միանգամից հանում եմ շորը, ժանյակներով զարդարված ներքնաշորերը։ Պոյարոկը և Սիվոլայը բարձրացնում ու պահում են նրա սպիտակ, հարթ, կոկիկ ոտքերը։ Սիրում եմ կանաց ոտքերը, առանձնապես ազդրերն ու մատները։ Իվան Իվանովիչի կնոջ ազդրերը գունատ ու զով են, իսկ ոտքերի մատները նուրբ են ու խնամված, վարդագույն լաքով պատված։ Ցնցվում են անօգնական ոտքերը օպրիչնիկների ձեռքում, իսկ մատները լարվածությունից ու վախից դողում են մանր դողով, ցցվում։ Գիտեն Սիվոլայն ու Պոյարեկը իմ թուլությունները, ահա և դողաց կանացի նուրբ կրունկը բերանիս մոտ, վերցնում եմ դողացող մատները բերանս, և նրա մեջ մտցնում ճաղատ ժանտաքիսս։
Ք՜աղցր է։
Այրին ցնցվում է, ինչպես կենդանի վարդագույն խոզուկը շամփուրի վրա։ Ատամներս խրում եմ նրա կրունկի մեջ։ Ճչում է նա, իրեն սեղանին տալիս, իսկ ես հիմնավորապես ավարտում եմ գործս։
― Հո՛յդա։ Հո՛յդա, ― մռթմռթում են օպրիչնիկները և շրջվում։
Կարևո՛ր գործ։
Անհրաժե՛շտ գործ։
Լա՛վ գործ։
Առանց այս գործի միտք չունի հարձակումը, ինչպես ձին առանց ձիավարի․․․ առանց սանձի․․․ սպիտակ նժույգ․․․ գեղեցիկ․․․ խելացի․․․ կախարդված․․․ նժույգ․․․ նուրբ կրակ֊նժույգ․․․ քաղցր․․․ շաքարե ձիուկ առանց ձիավարի․․․ և առանց սանձի․․․ սանձի․․․ սպիտակ սատանայի հետ․․․ քաղցր սատանայի․․․ շաքարե սատանայի սանձ․․․ շաքարե սատանայի սանձ․․․ շաքարե սատանայի սանձ․․․ հեռո՞ւ է մինչև․․․
Քաղցր է թողնել սերմդ պետության թշանմու կնոջ մեջ։
Ավելի քաղցր, քան թշնամու գլուխները թռցնել։
Դուրս են գալիս բերանիցս այրու նուրբ մատները։
Գունավոր ծիածաններ են լողում աչքերիս առաջ։
Զիջում եմ տեղս Պոսոխին։ Վրան կարված մարգարտով նրա անդամը, նման է Իլյա Մուրոմեցի մահակին։
Օխա֊խա, շոգ է ազնվազարմի տանը։ Դուրս եմ գալիս, նստում մուտքի մոտ դրված նստարանին։ Երեխաներին արդեն տարել են։ Ջարդված֊ծեծված ծառայից մնացել են միայն արյան հետքերը։ Հրաձիգները դարպասի մոտ կախվածին են նայում։ Հանում եմ «Ռոդինայի» տուփը, ծխում։ Պայքարում եմ այդ վատ, օտար սովորության հետ։ Չնայած կրճատել եմ սիգարետների քանակը մինչև օրում յոթը, բայց վերջնականապես թողնել չեմ կարողանում, կամք չունեմ։ Հայր Պայիսին աղոթեց, պատվիրեց զղջման կանոնը կարդալ։ Չոգնեց․․․ Սառը քամին տարածում է ծուխը։ Արևն առաջվա պես շողում է, աչքով անում ձյանը։ Սիրում եմ ձմեռը։ Ցուրտը գլուխս մաքրում, առույգացնում է։ Ձմռանը Ռուսաստանում պետական գործերն ավելի արագ են գնում, ավելի լավ։
Դուրս է գալիս Պոսոխան․ բերանը բաց է, քիչ է մնում փսլինքը թափվի, աչերը շաղված են, իր կարմրած անդամն ոչ մի կերպ չի կարողանում տեղը գցել։ Չռվաց ոտքերով իրեն կարգի է բերում։ Պիջակի տակից, գիրք է ընկնում։ Բարձրացնում եմ։ Բացում։ «Սիրված հեքիաթներ»։ Կարդում եմ ներածությունը։
Հին Ռուսիայում Սուրբ, դանակներ չկային, այդ պատճառով տղամարդիկ միսը անդամներով էին կոտրում։
Իսկ գիրքն այնքան են կարդացել, որ մաշվել է, կեղտոտվել, քիչ է մնում յուղը թերթերից կաթի։
― Այս ի՞նչ ես կարդում, անպարկեշտ, ― խփում եմ գիրքը ճակատին։ ― Բատյան տեսնի՝ օպրիչնինայից դուրս կշպրտի։
― Ներիր Կոմյագա, սատանան է մեղավոր, ― մռթմռթում է Պոսոխան։
― Դանակի սայրով ես քայլում, հիմար։ Այդ անվայելությունը արգելված է։ Այդպիսի գրքերի համար Տպագրական Հրամանը մաքրեցին։ Այնտե՞ղ ձեռք գցեցիր։
― Այն ժամանակ ես դեռ օպրիչնինայում չէի։ Կառավարչի տանից գողացա։ Սատանան դրդեց։
― Հասկացիր, հիմար, մենք պաշտպանական երամ ենք։ Մեր միտքը պետք է սառը պահենք, սիրտը՝ մաքուր։
― Հասկանում եմ, հասկանում․․․ ― Պոսոխան ձանձրությով քորում է գլխարկի տակի սև մազերը։
― Տերը կոպիտ արտահայտություններ չի ընդունում։
― Գիտեմ։
― Եթե գիտես՝ վառիր այդ անամոթ գիրքը։
― Կվառեմ, Կոմյագա, խաչով եմ երդվում․․․ ― խաչակնքվում է նա ու գիրքը պահում։
Դուրս են գալիս Նագուլն ու Օխլոպը։ Քանի դեռ չի փակվել դուռը լսում եմ ազնվականի այրու տնքոցները։
― Լա՜վն է անիծվածը, ― Օխլոպը թքում է, գլխարկը հրում ծոծրակին։
Նրան մահի չե՞ն հասցնի, ― հարցնում եմ հանգցնելով սիգարետս նստարանին։
― Չէ, չպետք է որ․․․ ժպտուն, լայնադեմ Նագուլը մաքրում է քիթը ինչ֊որ մեկի սիրով ասեղնգործված սպիտակ թաշկինակով։
Շուտով հայտնվում է Զյաբելը։ Նա հուզված է ու շատախոս։ Զյաբելն էլ իմ նման բարձրագույն համալսարանական կրթություն ունի։
― Որքա՜ն հաճելի է ոչնչացնել Ռուսաստանի թշնամիներին, ― մռթմռթում է նա, գրապանից հանելով առանց ֆիլտրի «Ռոդինայի» տուփը։ ― Չինգիսխանն ասում էր, որ աշխարհի ամենամեծ հաճույքը թշնամիներին հաղթելն է, նրանց ունեցվածքը ոչնչացնելը, նրանց ձիերով մանգալը, նրանց կանանց սիրելը։ Իմաստո՜ւն մարդ էր։
«Ռոդինայի տուփի մեջ են մտնում Նագուլի, Օխլոպի, Զյաբելի մատները։ Հանում եմ իմ ձևավոր, սառը կրակով կայծքարը, վառում նրանց սիգարետները։
― Բոլորդ այս սատանայական խոտի վրա եք նստել։ Գիտե՞ք, որ թութունը անիծված է սրբերի յոթ քարերի վրա։
― Գիտենք, Կոմյագա, ― քմծիծաղում է Նագուլը ծուխը ներս քաշելով։
Այդ ծխով սատանային եք մեծարում։ Սատանան սովորեցրել է մարդկանց ծխել, որպեսզի մարդիկ ծխեն նրան։ Ամեն մի սիգարետ՝ դա նրան մեծարելու համար վառած խունկ է։
― Իսկ ինձ մի նախկին քահանա ասել է, որ նա ով ծխում է՝ Քրիստոսի մարդն է, ― առարկում է Օխլոպը։
― Իսկ մեր գնդում հարյուրապետը միշտ կրկնում էր․ «Ծխեցրած միսը ավելի երկար է պահպանվում», ― հոգոց հանելով Պոսոխան նույնպես սիգարետ է վերցնում։
― Հիմարնե՛ր, ― ասում եմ նրանց։ Մեր տերը չի ծխում, Բատյան էլ է թողել։ Մենք էլ պետք է թոքերս մաքուր պահենք։ Եվ բերաններս։
Լուռ ծխում են ու լսում։
Դուռը բացվում է, դուրս են գալիս մնացածները ազնվականի կնոջ հետ։ Դուրս են բերում նրան մերկ մարմնի վրա գցած ոչխարի մուշտակով։ Մերոնց համար կնոջը չարչարելը՝ սովորական բան է։
― Կենդանի՞ է։
― Այդ բանից հազվադեպ են մեռնում, ― ժպտում է Պոսոխան։ ― Նրան հո չեն խոշտանգել։
Վերցնում եմ նրա թուլացած ձեռքը։ Զարկերակը նշմարվում է։
― Այսպես, կնոջը բարեկամնիերի մոտ գցել։
― Դա մեզ հայտնի է։
Նրան տանում են։ Ժամանակն է գործը վերջացնել։ Օպրիչնիկները տանն են նայում․ տունը հարուստ է, բարիքներով լիքը։ Բայց քանի որ տերը հրամայել է ոչնչացնել, չի կարելի կողոպտել։ Օրենք է։ Ողջ բարիքը Տիրոջ կարմիր աքաղաղին կհասնի։
Նշան եմ տալիս Զյաբելին, նա է մեզ մոտ կրակի գործերով զբաղվում։
― Գործի՛ անցիր։
Նա հանում է պատյանից իր «Ռեբրոֆֆը», հագցնում նրա վրա շշի նմանվող մասը։ Հեռանում ենք տանից։ Զյաբելը նշան է բռնում պատուհանին, կրակում։ Զրնգաց պատուհանը։ Ավելի ենք հեռանում պատուհանից։ Կիսաշրջան կազմում, հանում պատյաններից դաշյունները, բարձրացնում վերև, իջեցնում, թշնամու տանը նշան բռնում․
― Վայ այս տանը։ Վայ այս տանը։ Վայ այս տանը։
Պայթյուն։ Խիտ ծուխը քուլա֊քուլա դուրս է գալիս պատուհաններից։ Թռչում են բեկորները, պատուհանի տաշեղները, ընկնում գետնին։ Կալվածքը վառվում է։ Ահա և նրա մոտ հյուր եկավ Տիրոջ կարմիր աքլորը։
― Ապրե՛ք։ ― Սառը օդում գույնզգույն շրջանակում հայտնվում է Բատյաի դեմքը։ ― Հրաձիգներին բաց թողեք, ինքներդ՝ Ուսպենսի տաճար աղոթելու գնացեք։
Գործի վերջը՝ թագն է։ Գործդ արեցիր՝ համարձակորեն աղոթիր։
Դուրս ենք գալիս դարպասից, աշխատելով հեռու մնալ կախվածից։ Իսկ դարպասից այն կողմ հրաձգավորները լուր տարածողներին են քաշքշում։ Նրանք կանգնած են իրենց ապարատներով, աշխատում են հրդեհը լուսանկարել։ Հիմա արդեն կարելի է։ Նորությունների Հրամանի հետ, հայտնի նոյեմբերից հետո, մեզ մոտ լավ հարաբերություններ են։ Ձեռքով եմ անում հայրուրապետին։ Ապարատները նշան են բռնում հրդեհին և կախվածին։ Ամեն մի տանը, ամեն մի նորությունների փուչիկով մարդիկ նայում են և տեսնում ուղղափառ Տիրոջ և պետության ուժը։ Հասկանում են Բառը և Գործը։
Ինչպես ասում էր մեր տերը․
«Օրենք և կարգ, ― ահա ինչի վրա է կանգնած և կանգնելու մոխրից հառնած Սուրբ Ռուսը։
Սուրբ ճշմարտություն է։
Ինչպես միշտ Ուսպենսկի տաճարում խավար է, տաք ու հանդիսավոր։ Վառվում են մոմերը, փայլում է սրբապատկերների ոսկին, նեղուս հայր Յուվենալիի ձեռքում ծխում է բուրվառը, հնչում է նրա բարակ ձայնը։ Թավ ձայնը՝ սևամորուք, հաստլիկ սարկավագինն է երգչախմբից։ Մենք կանգնած ենք խիտ շարքերով՝ ողջ մոսկովյան օպրիչնինան։ Այստեղ են և՛ Բատյան, և՛ Եռոխան՝ նրա աջ ձեռքը, և՛ Մոսոլը՝ նրա ձախ ձեռքը։ Եվ գլխավորները՝ ես ներառյալ։ Եվ հիմնական մասը։ Եվ երիտասարդները։ Միայն Տերը չկա։ Սովորաբար երկուշաբթի օրերին նա ողորմածորեն գալիս է մեզ հետ աղոթելու։ Բայց այսօր չկա մեր արևափայլը։ Ամբողջովին պետական գործերի մեջ է։ Կամ Րիզպոլոժենիի եկեղեցում, ընտանեկան տաճարում է աղոթում Սուրբ Ռուսի համար։ Տիրոջ ցանկությունը՝ օրենք է և հանելուկ։ Եվ փառք Աստծո։
Սովորական օր է այսօր, երկուշաբթի։ Եվ արարողությունն է սովորական։ Սուրբ Կնունքն անցել է։ Սահնակներով ման եկանք Մոսկվա֊գետով, իջեցրինք խաչը արծաթյա եղևնիներով զարդարված տաղավարի տակ գտնվող սառցանցք֊երդանր[12], կնքում էինք փոքրիկներին, ինքներս էինք սառցե ջրի մեջ ընկղմվում, կրակում թնդանոթներից, խոնարհվում Տիրոջը և Տիրուհուն, քեֆ էինք անում Գրանովիտյանում[13] կրեմլյան շքախմբի և Ներքին Շրջանակի հետ։ Հիմա մինչև Տրնդեզ՝ ոչ մի տոն, առօրյա կյանք։ Պետք է գործով զբաղվել։
«Թող աստված հառնի և թող անհայտանան թշնամիները նրա․․․» ― կարդում է հայր Յուվենալին։
Մենք խաչակնքվում ենք ու խոնարհվում։ Աղոթում եմ Քրիստոսի սիրածս սրբապատկերին՝ Սպաս Յարոե Օկոյին[14], դողում եմ Փրկչի խիստ աչքից։ Ահեղ է Փրկիչը, անդրդում իր Դատում։ Նրա խիստ հայացքից պայքարի ուժ եմ հավաքում, հոգիս ու կամքս ամրապնդում։ Թշնամիների նկատմամբ ատելությունս ավելացնում։ Միտքս սրում։
«Եվ թող ցրվեն Աստծո և մեր Տիրոջ թշնամիները»։
«Թշնամու հանդեպ հաղթանակ պարգևիր․․․»։
Թշնամիները շատ են, դա ճիշտ է։ Հենց Ռուսաստանը հառնեց մոխրից, ընկալեց իրեն, երբ տասնվեց տարի առաջ Պետական հայր Նիկոլայ Պլատոնովիչը դրեց առաջին քարը Արևմտյան պատի հիմքի մեջ, հենց որ մենք սկսեցինք անջատել մեզ դրսում օտարներից, ներսում՝ սատանայականից, տեղն ու տեղը բոլոր անցքերից դուրս եկան զզվելի, չար, թունավոր միջատները։ Ճշմարիտ է՝ մեծ գաղափարը ծնում է մեծ դիմադրություն։ Մեր պետությունը միշտ էլ ունեցել է արտաքին և ներքին թշնամիներ, բայց երբեք այդքան կատաղի չի սրվել պայքարը նրանց հետ, քան Սուրբ Ռուսի Վերածննդի ժամանակաշրջանում։ Մի գլուխ չի, որ գլորվել է Լոբնի տեղից այս տասնվեց տարվա ընթացքում, մի գնացք չէ, որ տարել է բազմաթիվ թշնամիների ու նրանց ընտանիքները Ուրալից այն կողմ, մի «կարմիր աքաղաղ» չի, որ ծուղրուղու է կանչել արևածագին ազնվականների կալվածքներում, մի կառավարիչ չէ, որին տանջել են Գաղտնի Հրամանում, մի մատնիչ նամակ չէ, որ ընկել է Լուբյանկայի Բառի ու Գործի փոստարկղը, մի փոխանակողի բերանը չէ, որ լցրել են հանցավոր թղթադրամներով, մի սարկավագ չէ, որ լողացել է եռացող ջրի մեջ, մի տարաշխարհիկ դեսպան չէ, որ դուրս են վռնդել Մոսկվայից երեք դեղին անարգանքի «մերիններով», մի սուրհանդակ չէ որ նետել են Օստանկինյան աշտարակից բադի թևերը հետույքի մեջ, մի խառնակիչ ծախված գրող չէ, որ խեղդել եմ Մոսկվա֊գետում, մի ազնվազարմ այրի չէ, որ նետել են ծնողների մոտ ոչխարի մուշտակով՝ տկլոր ու անզգա․․․
Ամեն անգամ, երբ կանգնած եմ Ուսպենսկիում մոմը ձեռքիս, գաղտնի միտքս եմ մտածում, միտքս խռովարար․ իսկ եթե մենք չլինեի՞նք։ Տերը ինքնուրույն գլուխ կհանե՞ր։ Բավարա՞ր էին հրաձգավորները, Գաղտնի Հրամանը և Կրեմլյան գունդը։
Եվ երգչախբի երգեցողության ներքո, ինքս ինձ կամաց շշնջում եմ․
Ոչ։
Ընդհանուր սեղանն այսօր սովորական է, Սպիտակ պալատում։
Նստած ենք երկար, կաղնե, անծածկ սեղանների շուրջ։ Ծառաները մատուցում են պաքսիմատի կվաս, օրական ապուր, սև հաց, շոգեխաշած, սոխով տավարի միս և հնդկացորենի շիլա։ Ուտում ենք, կամացուկ զրուցում մեր ծրագրերի մասին։ Ճոճվում են մեր անձայն զանգակները։ Օպրիչնինայի ամեն մի թևը ունի իր ծրագրերն․ մեկը՝ Գաղտնի Հրամանում է այսօր զբաղված, մյուսը՝ Խելացիում, մեկը Դեսպանականում, մեկն էլ Առևտրականում։ Այսօր ես երեք գործ ունեմ։
Առաջինը՝ խեղկատակ֊սկոմորոխներով[15]պետք է զբաղվել, հաստատել տոնական համերգի նոր համարը։
Երկրորդը՝ հանգցնել «աստղը»։ Երրորդը՝ թռչել պայծառատես Պրասկովյա Տոբոլսկայաի մոտ հանձնարարութմաբ։
Նստած եմ իմ տեղում, Բատյաի աջից՝ չորրորդը։ Պատվավոր տեղ է, գործով ձեռք բերված։ Ինձանից ավելի մոտ, նրա աջից Շելետն է, Սամոսյան ու Երոխան։ Ամրակազմ, տպավորիչ արտաքին ունի Բատյան, դեմքով երիտասարդ է, չնայած մազերը ամբողջովին սպիտակ են։ Երբ սեղանի մոտ է՝ հաճելի է նայել․ ուտում է անշտապ, հիմնավոր։ Բատյան՝ հիմքն է մեր, գլխավոր արմատը կաղնու, որի վրա ողջ օպրիչնինան է կանգնած։ Նա առաջինն էր, ում Տերը վստահեց Գործը։ Նրա վրա էր հենվում կրունկով Տերը, երբ բարդ, ճակատագրական ժամանակներ էին Ռուսաստանի համար։ Բատյան դարձավ օպրիչնինաի երկաթյա շղթայի առաջին օղակը։ Նրանից կառչեցին մյուս օղակները, ձուլվեցին, միահյուսվեցին օպրիչնինայի Մեծ Օղակում, դեպի դուրս ուղղեցին սուր փշերը։ Այդ օղակով էլ Տերը ձգեց հիվանդ, փտած, փլուզվող երկիրը, միացրեց, կարծես արնաքամ լինող վիրավոր արջի վիրակապեց։ Եվ ամրացավ արջը ոսկորներով ու մսով, բուժեց վերքերը, ճարպ կուտակեց, մագիլներ աճեցրեց։ Մենք բաց թողեցինք նրա փտաց, թշնամիների կողմից թունավորված արյունը։ Այժմ ռուսական արջի կատաղի գռմռոցը լսվում է ողջ աշխարհում։ Ոչ միայն Չինաստանն ու Եվրոպան, օվկիանոսից այն կողմ էլ են լսում։
Տեսնեմ, Բատյայի մոբիլան կարմրով է թարթում։ Սեղանի մոտ արգելված են կողմնակի խոսակցությունները։ Բոլոր բջջայինները անջատում ենք։ Կարմիր ազդանշանը՝ Պետական գործ է։ Մոտեցնում է Բատյան ականջին մաքուր ոսկուց մոբիլան, որը զրնգում է զանգակով․
― Լսում եմ, Տեր։ Հասկանում եմ։ Հենց հիմա կլինենք, Տեր։
Վեր է կենում Բատյան, արագ հայացք գցում մեզ վրա․
― Վոգուլ, Կոմյագա, Տյագլո, ինձ հետ։
Ահա։ Բատյաի ձայնից զգում եմ՝ ինչ֊որ բան է պատահել։ Վեր ենք կենում, խաչակնքվում, դուրս գալիս ճաշասրահից։ Բատյաի ընտրությունից հասկանում եմ, որ խելացի գործ է սպասվում։ Բոլոր ընտրվածները համալսարանական կրթություն ունեն։ Վոգուլը Սուրբ֊Պետրոգրադում սովորել է ֆինանսական գործը, Տյագլոն Նիժնի֊Նովգորոդում գրքերի արտադրությունն էր ուսումնասիրում, իսկ ես օպրիչնինա գնացի Լոմոնոսովից։ Ոչ, չգնացի․․․ Օպրիչնինա չեն գնում։ Այն չեն ընտրում։ Նա է քեզ ընտրում։ Կամ, ավելի ճիշտ, ինչպես ասում է ինքը, Բատյան, երբ խմած֊հոտքաշած է լինում, «Ալիքն է տանում օպրիչնինա»։ Այն էլ ինչպես է տանում։ Այնպես է տանում, որ գլուխ է պտտում, արյունը եռացնում երակներում, աչքերում կարմիր կայծեր փայլեցում։ Բայց այդ ալիքը կարող է և դուրս շպրտել։ Միանգամից ու անվերադարձ։ Դա՝ մահից էլ վատ է։ Դուրս մնալ օպրիչնինայից նույնն է, ինչ կորցնել երկու ոտքդ։ Ամբողջ կյանքում էլ չես կարող ման գալ, ստիպված պետք է սողաս։
- ↑ Նկատի ունի Ուսպենսկի տաճարը։
- ↑ Պալատական պաշտոն։
- ↑ Գուսլյար ― հին ռուսական բազմալար գուսլի գործիքի վրա նվագող երաժիշտներ
- ↑ Սաֆյան ― վառ գույներով ներկված այծի կամ ոչխարի նուրբ կաշի
- ↑ Կաֆտան ― հին ռուսական, բավական երկար տղամարդու վերնազգեստ
- ↑ Մե՛րին ― ամորձատված ձի, այստեղ՝ հնազանդ ձի
- ↑ Այստեղ զինվորական ստորբաժանումի հրամանատար, որին հարգանքով են վերաբերվում։
- ↑ Տրակտ ― ճանապարհ։
- ↑ մարտական բացականչություն։
- ↑ Կաստոր և Պոլլյուքս ― հին հունական միֆերի հերոսներ, երկվորյակներ
- ↑ Բարձր տեխնոլոգիաների օգտագործում տարբեր բնագավառներում, կենցաղում, շինարարությունում
- ↑ երդան ― նույնն է ինչ սառցանցքը, որում նախապես օրհնելուց հետո կնքվում էին Սուրբ Ծննդյան տոներին, առաջացել է Հորդանան անվանումից։
- ↑ Կրեմլը կազմող շենքերից մեկը, որում նույնանուն մեծ սրահ կա։
- ↑ Սպաս Յարոե Օկո ― քրիստոսի սրբապատկեր, հատկանաշական խիստ, թափանցող հայացքով
- ↑ Սկոմորխ ― շրջիկ ժողովրդայան երաժիշտ֊դերասան