Մարտին Իդեն, Գլուխ XXXIII
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXII | Մարտին Իդեն, Գլուխ XXXIV ▶ |
Մարտինը շարունակում էր տանուլ տալ խաղը։ Ինչքան էլ ջանում էր խնայողություն անել, բայց և այնպես գրվածքներից ստացված վաստակը չէր բավարարում մինչև անգամ առօրյա ծախսը։ Նա ի վերջո ստիպված եղավ գրավ դնել սև կոստյումը, դրանով իրեն զրկելով Մորզերին այցելելու հնարավորությունից, երբ նրանք Գոհունակության տոնի առթիվ ճաշի էին հրավիրել իրեն։ Ռութը շատ վշտացավ՝ իմանալով նրա մերժման պատճառը, նա պարզապես վհատվել էր։ Մարտինը նրան խոստացավ գալ ասելով, որ անձամբ կգնա «Անդրցամաքային ամսաթերթի» խմբագրատուն՝ իրեն հասանելիք հինգ դոլլարը ստանալու և այդ գրամով դուրս կգրի իր կոստյումը։
Այդ առավոտյան նա Մարիից փոխ վերցրեց տասը սենթ։ Նրա համար ավելի հեշտ էր այդ գումարը խնդրել Բրիսենդենից, բայց այդ թափառականը հանկարծ անհետացավ հորիզոնից. արդեն երկու շաբաթ էր, որ նա չէր գալիս Մարտինի սենյակը, իսկ Մարտինը զուր էր գլուխ կոտրում գուշակելու համար, թե որտեղ կարող է լինել նա։ Մարտինին տասը սենթ հարկավոր էր լաստանավով ծովածոցն անցնելու համար, հասնելով Սան-Ֆրանցիսկո, նա ոտով գնաց Մարքեթ փողոցով և սկսեց մտածել, թե ինչ պետք է անի, եթե չհաջողվի դրամ ստանալ։ Մինչև անգամ Օքլենդ վերադառնալը սպառնում էր մի առեղծված դառնալ այդ դեպքում, որովհետև Սան֊Ֆրանցիսկոյում նա չուներ ոչ ոք, որից կարողանար փոխ առնել տասը սենթ։
«Անդրցամաքային ամսաթերթի» խմբագրատան դուռը կիսաբաց էր, և Մարտինը, ակամա, կանգնելով դռան առաջ, լսեց հետևյալ խոսակցությունը.
— Բանը դրանում չէ, միստր Ֆորդ (Մարտինը գիտեր, որ խմբագրի ազգանունը Ֆորդ էր)․ հարցն այն է, թե դուք կարո՞ղ եք վճարել ինձ. այսինքն՝ հասկանալի է, կանխիկ դրամով։ Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ հեռանկարներ ունի «Անդրցամաքայինը» և դուք ինչ եք անելու առաջիկա տարում։ Ես պահանջում եմ, որ դուք վճարեք ինձ իմ աշխատանքի համար՝ ուրիշ ոչինչ։ Եվ ես ասում եմ ձեզ, որ մինչև դուք չվճարեք ձեր պարտքը՝ մինչև վերջին սենթը, ծննդյան համարը տպագրական մեքենային չի հանձնվելու։ Ցտեսությո՛ւն։ Երբ դրամ ունենաք, անցեք ինձ մոտ։
Դուռը բացվեց և Մարտինի կողքից արագ անցավ մի մարդ՝ բռունցքները սեղմած և հայհոյանքներ քրթմնջալով։ Մարտինը ավելի հարմար նկատեց սպասել տասնհինգ րոպե։ Մի քիչ փողոցում թափառելուց հետո նա վերադարձավ, հրեց դուռը և կյանքում առաջին անգամ ոտք դրեց մի խմբագրատան շեմքը։ Երևում էր, որ այստեղ ընդունված չէր այցետոմս ներկայացնել, որովհետև մի տղա պարզապես անցավ միջնորմի հետևը և ասաց, որ ինչ֊որ մեկր հարցնում է միստր Ֆորդին։ Վերադառնալով նա առաջնորդեց Մարտինին խըմբագրի առանձնասենյակը՝ խմբագրության սրբություն սրրբոցը։ Մարտինին ամենից առաջ զարմացրեց սենյակում տիրող արտասովոր խառնակությունը։ Հետո նա տեսավ սեղանի առաջ նստած երիտասարդ տեսքով մի պարոնի, որն ակնհայտ հետաքրքրությամբ նայում էր իրեն։ Մարտինը զարմացավ նրա դեմքի հանդարտ արտահայտության վրա։ Տպարանապետի հետ կռիվը, անկասկած, նրա տրամադրության վրա ամենևին չէր ազդել։
— Ես... ես Մարտին Իդենն եմ,— սկսեց Մարտինը («և եկել եմ ստանալու իմ հինգ դոլլարը»,— ուզում էր ասել նա)։
Բայց դա առաջին խմբագիրն էր, որի հետ երես առ երես էր հանդիպում, և Մարտինը չէր ուզում հենց սկզբից խիստ խոսել նրա հետ։ Նա զարմացավ, որ միստր Ֆորդը ոտքի կանգնեց ու բացականչեց․
— Ի՜նչ եք ասում,— և հաջորդ րոպեին հանդիսավորությամբ սեղմեց նրա ձեռքը։— Եթե իմանայիք, թե ես ինչքա՜ն ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալուս, միստր Իդեն։ Ես շատ հաճախ եմ մտածել ձեր մասին, ջանացել պատկերացնեի թե ինչ տեսք ունեք․․․
Մի քիչ ետ քաշվելով՝ միստր Ֆորդը հիացած զննեց Մարտինին, որի կարկատած կոստյումն այնքան էլ արժանի չէր ուշադիր ուսումնասիրության, թեև Մարիա Սիլվան խնամքով արդուկել էր նրա տաբաթը։
— Ես ենթադրում էի, թե դուք շատ ավելի տարիքով եք։ Ձեր պատմվածքը լի է հասուն մտքերով և գրված է շատ ուժեղ։ Դուք իսկական վարպետ եք, ես հասկացա այդ կարդալով առաջին երեք֊չորս տողը։ Ուղո՞ւմ եք պատմեմ, թե ինչպես առաջին անգամ կարդացի ձեր պատմվածքը։ Բայց ո՛չ. ես ուզում եմ նախ ծանոթացնել ձեզ մեր աշխատակիցների հետ։
Շարունակելով խոսել՝ միստր Ֆորդն առաջնորդեց նրան ընդհանուր սենյակ, ուր ներկայացրեց իր տեղակալին՝ միստր Ուայթին, փոքրիկ նիհար մի մարդու՝ սառույցի պես պաղ ձեռքերով, ջերմախտով տառապողի դեմքով և ցանցառ մետաքսանման մորուքով։
— Իսկ սա միստր Էնդսն է՝ մեր գործերի կառավարիչը։
Մարտինը սեղմեց այդ ուրախ, ճաղատ պարոնի ձեռքը։ Նա դեմքով դեռևս բավական երիտասարդ էր, թեև զարդարված էր երկար ու սպիտակ մորուքով՝ խնամքով խուզված իր կնոջ կողմից, որը կիրակի օրերը զբաղվում էր այդ գործով, միաժամանակ ածիլելով և նրա ծոծրակը։
Նրանք երեքով շրջապատեցին Մարտինին և խոսում էին՝ միաժամանակ գովեստներ շռայլելով նրա հասցեին մինչև որ Մարտինին վերջ ի վերջո թվաց, թե նրանք պարզապես ջանում են իր գլուխը յուղել։
— Մենք հաճախ զարմանում էինք, թե դուք ինչու ոչ մի անգամ չեք այցելում,— բացականչեց միստր Ուայթը։
— Ես դրամ չունեի ծովածոցն անցնելու համար,— պատասխանեց Մարտինը՝ վճռելով ցույց տալ նրանց դրանով, որ դրամի կարիք ունի։
«Ամեն պարագայում իմ հագի «պարահանդեսային» զգեստը պերճախոս կերպով վկայում է կարիքի մասին»,—մտածեց նա ինքն իրեն։
Հետագա խոսակցության ընթացքում Մարտինն ամեն անգամ, երբ առիթ էր ներկայանում, ակնարկում էր իր այցելության նպատակը, բայց նրա տաղանդի երկրպագուները խուլ էին մնում այդ հարցում։ Նրանք շարունակում էին դովերգել նրան, պատմում էին, թե ինչպես հիացել են նրա պատմվածքով իրենք, իրենց կանայք և աղջիկները, բայց ոչ ոք չակնարկեց, թե մտադիր են վճարել նրա պատմվածքի համար։
— Ես պատմեցի՞ ձեզ, թե ինչպես առաջին անգամ կարդացի ձեր պատմվածքը,— հարցրեց միստր Ֆորդը։— Իհարկե՝ ոչ։ Ես գալիս էի Նյու-Յորքից, և երբ գնացքը կանգ առավ Օգդենում, թերթավաճառը վագոն մտավ՝ բերելով «Անդրցամաքայինի» վերջին համարը։
«Աստված իմ,— մտածեց Մարտինը,— դուք կարող եք ճամփորդել պուլմանյան վագոնով, իսկ ես սոված եմ և չեմ կարող պոկել ձեզանից իմ հալալ վաստակած հինգ դոլլարը»։ Կատաղությունը բռնեց նրան։ «Անդրցամաքային ամսաթերթի»՝ իր հանդեպ գործած ոճիրը հրեշավոր էր թվում, նա հիշեց զրկանքների ու քաղցի ամիսները, հիշեց, որ երեկվանից ոչինչ չի կերել, իսկ մինչ այդ շատ քիչ բանով է սնվել։ Զայրույթը խփեց նրա գլուխը, և նա կատաղությունից կարմրեց։ Այս արարածները մինչև անգամ ավազակներ չեն, սրանք պարզապես մանր խաբեբաներ ու գողեր են։ Սրանք կորզել են իրենից պատմվածքը սուտ խոստումով ու խաբեբայությամբ։ Լա՜վ, ինքը ցույց կտա սրանց։
Եվ Մարտինը մտովի երդվեց չհեռանալ խմբագրատնից մինչև լրիվ չստանա իրեն հասանելիք դրամը։ Մանավանդ որ դրամ չունի մինչև անգամ Օքլենդ վերադառնալու համար։ Մարտինը դեռևս զսպում էր իրեն, բայց նրա դեմքին երևաց այնպիսի մի արտահայտություն, որը շփոթեցրեց և մինչև անգամ վախեցրեց խոսակիցներին։
Նրանք սկսեցին գովեստներ շռայլել ավելի մեծ եռանդով։ Միստր Ֆորդը դարձյալ սկսեց պատմել, թե ինչպես առաջին անգամ կարդաց «Զանգերի ղողանջը», և միստր Էնդսը հայտնեց, որ իր եղբոր դուստրը բարձր է գնահատում այդ պատմվածքը, իսկ այդ եղբոր դուստրը ուսուցչուհի է Ալամեդայի դպրոցում ։
— Ես եկել եմ ձեզանից դրամ ստանալու,— հայտարարեց հանկարծ Մարտինը,— դուք պետք է վճարեք ինձ հինգ դոլլար՝ ձեր բոլորի այնքան հավանած այդ պատմվածքի տպվելուց անմիջապես հետո։
Սիստր Ֆորդի դեմքն այնպիսի արտահայտություն ստացավ, որ իբր պատրաստ է անմիջապես վճարել, նա շոշափեց իր գրպանը և, հանկարծ դառնալով դեպի միստր Էնդսը, հայտարարեց որ դրամը մոռացել է տանը։ Միստր Էնդսր տխուր նայեց նրան և բնազդաբար ձեռքով պահպանեց իր տաբաթի գրպանը։ Դրանից Մարտինը հասկացավ, որ նրա մոտ դրամ կա։
— Ցավում եմ,— ասաց միստր Էնդսը,— բայց ես հենց նոր հաշիվներս մաքրեցի տպարանի հետ, և ամբողջ կանխիկ դրամը տվեցի։ Իհարկե, իմ կողմից շատ անմտածված բան էր այդքան քիչ դրամ վերցնելը, բայց... հասկանո՞ւմ եք, վճարման ժամկետը դեռ չի հասել, իսկ տպարանապետն եկավ և սկսեց խնդրել, որ մենք սիրալիրության համար կանխավճար տանք նրան, իսկ դա բոլորովին անսպասելի էր։
Նրանք երկուսն էլ նայեցին միստր Ուայթին, բայց նա ծիծաղեց ու թոթվեց ուսերը։ Ամեն պարագայում նրա խիղճը հանգիստ էր։ Նա աշխատանքի էր մտել «Անդրցամաքային ամսաթերթը», որպեսզի ուսումնասիրի լրագրային գործը, բայց դրա փոխարեն ստիպված էր եղել ուսումնասիրել ֆինանսական քաղաքականությունը։ «Ամսաթերթը» չորս ամիս է, որ ռոճիկ չի տվել նրան, բայց նա արդեն հասկանում է, որ ավելի կարևոր է տպարանին բավարարելը, քան խմբագրի տեղակալի աշխատավարձը վճարելը։
— Շատ անճոռնի բան ստացվեց, միստր Իդեն,— ասաց միստր Ֆորդը շնորհալի ձայնով,— դուք հանկարծակիի բերեցիք մեզ։ Ահա թե մենք ինչ կանենք, ձեզ չեք կուղարկենք վաղը առավոտյան։ Միստր Էնդս, միստր Իդենի հասցեն գրա՞ծ է ձեզ մոտ։
Այո, միստր էնդսի մոտ կա նրա հասցեն և վաղը առավոտ առաջին գործը կլինի ուղարկել այդ չեքը։ Մարտինը այնքան էլ չէր հասկանում ֆինանսական և բանկային գործերը, բայց և այնպես վճռեց, որ եթե նրանք չեք են տալու վաղը, կարող են տալ և այսօր։
— Այդպես ուրեմն, միստր Իդեն, որոշված է, վաղը չեք կուղարկվի ձեզ։
— Ինձ դրամ է հարկավոր այսօր, ո՛չ թե վաղը,— հաստատ ասաց Մարտինը։
— Հանգամանքների դժբախտ դասավորություն ստացվեց։ Եթե մի այլ օր հանդիպեիք...— սկսեց միստր Ֆորդը, բայց միստր Էնդսը, որը ինչպես երևում է ավելի դյուրագրգիռ խառնվածքի տեր էր, ընդմիջեց նրան.
— Միստր Ֆորդն արդեն բացատրեց ձեզ իրադրությոլնր,— ասաց նա կոպիտ ձևով,— նույնն արեցի նաև ես։ Չեքը կուղարկվի ձեզ վաղը։
— Ես էլ բացատրեցի ձեզ,— կտրականապես ասաց Մարտինը,— որ դրամն ինձ հարկավոր է այսօր։
Նա զգաց, որ իր զարկերակն սկսեց ավելի արագ խփել գործերի կառավար չի կոպիտ հայտարարությունից հետո, բացի այդ, վերջինիս մի քանի շարժումներից Մարտինը եզրակացրեց, որ «Ամսաթերթի» կանխիկ դրամը գտնվում է անկասկած նրա գրպանում։
— Շատ վատ ստացվեց...— ուզում էր նորից սկսել միստր Ֆորդը։
Սակայն այդ րոպեին միստր Էնդսը անհամբեր մի շարժումով շուռ եկավ, ինչպես երևում է սենյակից դուրս գնալու մտադրությամբ։ Նույն պահին Մարտինը խոյացավ նրա վրա և բռնեց նրա բկից այնպես, որ նրա ձյունասպիտակ մորուքը ուղղվեց դեպի առաստաղը՝ քառասունհինգ աստիճանի անկյուն կազմելով։ Միստր Ֆորդն ու միստր Ուայթը, սարսափից պապանձված, նայում էին, թե ինչպես Մարտինը Հաշտարխանի գորգի պես թափ էր տալիս իրենց գործերի կառավարչին։
— Դե՞, դո՜ւք, երիտասարդ տաղանդների պատվարժա՜ն շահագործող,— գոռաց Մարտինը,— քսակը բաց արեք, ապա թե ոչ ես կթոթափեմ ձեր գրպանը, թեկուզ միայն մանր դրամներ լինեն այնտեղ։
Հետո նա երեսը շուռ տալով դեպի վախեցած երկու դիտողները՝ ավելացերց.
— Իսկ դուք հեռու կացեք, հակառակ դեպքում ձեզանից մեկնումեկը կտուժի։
Միստր Էնդսը գրեթե շնչահեղձ էր լինում, այդ պատճառով Մարտինը թեթևակի թուլացրեց նրա կոկորդը սեղմող մատները, որպեսզի նրան հնարավորություն տա համաձայնություն հայտնելու իր առաջարկած պայմանին։ Գործերի կառավարիչը մի քանի անգամ տաբաթի գրպանը խառնելուց հետո վերջապես հանեց չորս դոլլար և տասնհինգ սենթ։
— Շո՛ւռ տվեք գրպանը,— հրամայեց նրան Մարտինը։
Տասը սենթանոց մի դրամ էլ դուրս եկավ։ Ավելի վստահ լինելու համար՝ Մարտինը երկու, անգամ հաշվեց իր ավարը։
— Այժմ հերթը ձերն է,— բղավեց նա միստր Ֆորդին.— յոթանասունհինգ սենթ էլ ունեմ ստանալու։
Միստր Ֆորդը չառարկեց, բայց նրա գրպանում ճարվեց միայն վաթսուն սենթ։
— Էլ չկա՞,— հարցրեց Մարտինը սպառնալից՝ վերցնելով դրամը։— Ի՞նչ կա ձեր ժիլետի գրպաններում։
Իր ազնվությունն ապացուցելու համար՝ միստր Ֆորդը շուռ տվեց իր երկու գրպանները։ Դրանց մեկի միջից գետնին ընկավ քառակուսի մի կարտոն։ Միստր Ֆորդը վերցրեց այդ և ուզում էր ետ դնել իր գրպանը, բայց Մարտինը բացականչեց․
— Ի՞նչ է դա, լաստանավի տո՞մս․ տվեք տեսնեմ։ Դա տասը սենթ արժե։ Ուրեմն հիմա, այդ տոմսն էլ հաշվելով ստացվեց չորս դոլլար իննսունհինգ սենթ։ Դե՜, էլի հինգ սենթ։
Նա այնպես վայրագ նայեց միստր Ուայթին, որ այդ ճղճիմ արարածը իսկույն տվեց նրան մի նիկելե դրամ։
— Շնորհակալ եմ,— արտասանեց Մարտինը դիմելով նրանց բոլորին,— մնաք բարով։
— Ավազա՛կ,— շշնջաց նրա հետևից միստր Էնդսը։
— Խաբեբա՛, — պատասխանեց Մարտինը՝ իր հետևից փակելով դուռը։
Մարտինը ոգևորված էր իր հաղթանակով, այնքան ոդևորված, որ հիշելով տասնհինգ դոլլարը, որ պարտական էր նրան «Մոզ» ամսաթերթը «Փերին ու մարգարիտը» պատմվածքի համար, վճռեց անհապաղ գանձել նաև այդ պարտքը։ Բայց «Մոզի» խմբագրատանը նստած էին մաքուր հագնված ինչ֊որ երիտասարդներ, պարզապես ավազակներ, որոնք սովոր են կողոպտել և՛ ամեն ինչ, և՛ բոլորին, առանց բացառելու նաև իրար։ Մարտինը կոտրատեց կահույքի մի մասը, բայց խմբագիրը, որն ուսանողության տարիներին աթլետիզմի մրցանակ էր ստացել, գործերի կառավարչի, հայտարարություններ հավաքող գործակալի և դռնապանի օգնությամբ, դռնից դուրս հանեց Մարտինին և մինչև անգամ օգնեց նրան չափազանց արագ իջնելու սանդուղքներից։
— Դարձյալ եկեք, միստր Իդեն, միշտ ուրախ կլինենք ձեզ տեսնելու,— ծիծաղելով բղավում էին նրա հետևից։
Մարտինը գետնից վեր կենալով, նույնպես ժպտաց։
— Թու,— մրթմրթաց նայելով նրանց,— «Անդրցամաքայինի» խուժանը վախլիկ այծեր դուրս եկան, իսկ դուք մրցանակի արժանի ըմբշտամտրտիկներ։
Դրան իբրև պատասխան՝ մյուսները նորից հռհռացին։
— Ես պետք է ասեմ ձեզ, Մարտին Իդեն,— ասաց «Մոզի» խմբագիրը,— որ դուք, որպես բանաստեղծ, վատ չեք պաշտպանվում։ Թույլ տվեք հարցնել, որտե՞ղ եք սովորել այդ բրա ռուլեն։
— Այնտեղ, որտեղ դուք սովորել եք այս կրկնակի նելսոնը,— պատասխանեց Մարտինը,— ամեն պարագայում ձեր աչքի տակ կապույտ հետք կմնա։
— Հուսով եմ, որ ձեր էլ վիզը քոր կգա,— սիրալիր առարկեց խմբագիրը։— Ի՞նչ եք ասում, չգնա՞նք խմելու մենք բոլորս ի պատիվ դրա, իհարկե ոչ վզի, այլ ի պատիվ մեր ծանոթության։
— Ես հաղթված եմ, հետևաբար պետք է համաձայնեմ,— պատասխանեց Մարտինը։
Բոլորը միասին, կողոպտողներն ու կողոպտվածը խմեցին՝ բարեկամաբար համաձայնելով, որ ճակատամարտը շահել են ուժեղներր, այդ պատճառով էլ «Փերին և մարգարիտը» պատմվածքի համար հասանելիք տասնհինգ դոլլարը իրավացիորեն պատկանում է «Մոզին»։