Ընկալում․ գեշտալտ-տեսության ներածություն

Գրապահարան-ից


Ընկալում. գեշտալտ-տեսության ներածություն*

հեղինակ՝ Կ. Կոֆկա
թարգմանիչ՝ Ա․ Բեքարյան

Իմ աշխատանքի այս մասում ես կներկայացնեմ տարբեր ոլորտներից վերցված պարզ գիտափորձերի շարք, որը հաստատում է մեր հայեցակարգի արդյունավետությունը: Նկար 1-ի վրա պատկերված աբ, բգ, գդ տարածությունները տարբերվում են աա, բբ, գգ տարածքներից, մինչդեռ բոլորն էլ պատկանում են մի օբյեկտի՝ «ցանկապատի»: Փորձելով նկարագրել այդ տարբերությունը՝ մենք բացահայտում ենք ընկալման մի շատ վառ առանձնահատկություն: Աբ, բգ, գդ սպիտակ տարածքները կազմում են ընդհանուր սպիտակ ֆոնի մասը, մինչդեռ մնացած սպիտակ արանքները սահմանափակվում են համապատասխան սև գծերի միջև ընկած տարածությամբ; դրանք դուրս չեն գալիս այդ սահմաններից և շրջապատող սպիտակ դաշտի մասը չեն կազմում:
Հմուտ դիտորդները նույնիսկ կարող են նկարագրել այդ սպիտակ գծերը եզրափակող կորերը, որոնք փոքր ինչ ներս ծռված են թվում: Այդպիսով մենք տեսնում ենք, որ մեր պատկերի սպիտակ տարածությունը, թեև օբյեկտիվորեն ամեն տեղ միատարր է, սկիզբ է տալիս երկու տարբեր ֆենոմենների. մի դեպքում՝ այն հանդես է գալիս սահմանափակ «գծերի» տեսքով, մինչդեռ մյուս դեպքում՝ տարածվում է ողջ դաշտով մեկ: Այս տարբերությունը բնորոշելու համար մենք ունենք երկու արտահայտիչ բառ. առաջին ֆենոմենը մենք անվանում ենք ֆիգուրա, երկրորդը՝ ֆոն՝ հաշվի առնելով, որ ֆիգուրան, որպես այդպիսին, ընդհանրապես անհնար է առանց ֆոնի:
Անդրադառնանք մեր «ցանկապատին»: Մենք բացահայտեցինք, որ ֆիգուրային վերաբերող սպիտակ տարածքները փակ են, մինչդեռ ֆոնին պատկանող նմանատիպ տարածքները՝ ոչ, թեև օբյեկտիվորեն ոչ մի եզրագծեր չկան ոչ այս, ոչ այն դեպքում: Այստեղ մենք գործ ունենք մեկ շատ ընդհանուր սկզբունքի հետ. հենց ֆոնը միշտ նվազ «ձևավորված» է, քան ֆիգուրան (ֆիգուրա - բառացի՝ ձև, պատկեր թարգմ. ծան.): Ռուբինը [18] առաջինն է համակարգված ուսումնասիրել այդ փաստերը, և հետևյալ շարադրանքը նշանակալիորեն հենվում է նրա աշխատանքների վրա: Նրա մեթոդը բավական արդյունավետ էր ֆիգուրայի և ֆոնի միջև տարբերությունների վերհանման համար: Նա կիրառում էր երկիմաստ երկրաչափական օբյեկտներ, որտեղ որպես ֆիգուրա հերթով կարող էին հանդես գալ պատկերի տարբեր կողմերը: Այդպիսի օբյեկտի պարզ օրինակ արդեն դիտարկել էր Շումանը [19]: Եթե մեր «ցանկապատի» աա, բբ ինտերվալները հավասարեցնենք աբ, բգ-ին, ապա կստանանք հետաքրքրաշարժ երևույթ: Այժմ գիծ կարող է դառնալ բբ-ն, իսկ բգ-ն ֆոնի մի մաս; և հակառակը՝ բգ-ն կարող է հանդես գալ գծի տեսքով, իսկ բբ-ն դառնալ ֆոնի մաս: Ամեն անգամ մենք բացահայտելու ենք նախկին տարբերությունը. գծերը միշտ փակ են անկախ այն բանից, թե ինչ հատվածներով են դրանք սահմանափակվում, մինչդեռ դրանց միջև եղած հեռավորությունները՝ ոչ: Մեկ այլ օրինակ կարող է ծառայել այսպես կոչված սուբյեկտիվ ռիթմը՝ լսողական կամ տեսողական, երբ այն համարդվում է օբյեկտիվորեն միատարր հարվածների կամ առկայծումների շարքի հետ: Այս դեպքում նույնպես մենք հանդիպում ենք սուբյեկտիվ ինտեր- և ինտրամետրիկ ինտերվալների տարբերության հետ, և կրկին անգամ այս սուբյեկտիվ տպավորությունների կապը ժամանակային օբյեկտիվ հատվածների հետ միանշանակ չէ: Ռուբինի աշխատությունից [18] վերարտադրված նկ. 2-ը կարող է ընկալվել մեկ որպես սպիտակ խաչ սև ֆոնի վրա, ապա որպես սև խաչ սպիտակ ֆոնի վրա (եթե անտեսենք այլ՝ նվազ կարևոր էֆեկտները): Համեմատեք ցանկացած խաչ իր ֆոնի հետ և դուք հեշտությամբ կնկատեք, որ ֆոնը միշտ ավելի քիչ կառուցվածքային է, քան ֆիգուրան; ֆոնը կամ ընդհանրապես հստակ ձև չունի, կամ ձգտում է քառակուսու համեմատաբար պարզ ձևի:
Կառուցվածքայնության բարձր մակարդակին համապատասխանում է առավել արտահայտիչ, վառ, ակտիվ ֆիգուրան: Դեռևս Շումանն է նկատել, որ ֆիգուրայի մեջ եղած սպիտակ հատվածները «առավել» են, քան դրսում գտնվողները, ինչը հեշտ է նկատել նրա «ցանկապատի» օրինակում:
Այս օրինակները ցույց են տալիս արդեն հիշատակված փաստը՝ ֆիգուրան միշտ ունի եզրագծեր, եթե նույնիսկ օբյեկտիվորեն դրանք բացակայում են: Լավ ֆիգուրան միշտ «փակ» է, իսկ եզրագծերը իրականացնում են այդ «փակման» գործառույթը: Այդպիսով գիծը, որը բաժանում է ֆիգուրան և ֆոնը, տարբեր ձևով է ազդում դրանցից յուրաքանչյուրի վրա՝ սահմանափակելով ֆիգուրան, այն սահման չի հանդիսանում ֆոնի համար: Ֆոնը չի փոխվում եզրագծի ազդեցությամբ և մասնակիորեն ծածկվելով ֆիգուրայով՝ կարծես ընկած է ֆիգուրայի հետևում և չի ընդհատվում դրանով: Նկ. 3-ում բերված խաչը օգնում է լավ պատկերացնել դա:
Ուշադրություն դարձրեք աղեղներով լցված հատվածներին: Խաչ կազմելով՝ կորերը իրականում վերածվում են աղեղների, այսինքն՝ շրջանագծերի ինքնուրույն հատվածների; իսկ կլոր կազմելով՝ դրանք այլ կերպ են ընկալվում, արդեն միմյանցից չմեկուսացված; այժմ դրանք գիտակցության մեջ հանդես են գալիս որպես ընդհանուր կենտրոն ունեցող շրջանների մի ամբողջ շարքի տեսանելի հատվածներ:
Ֆիգուրայի եզրագծի ազդեցությանը չենթարկվելու ֆոնի հատկությունը սերտ կապված է դրա մեկ այլ, արդեն հիշատակված, հատկության հետ, այն է՝ կառուցվածքայնության ցածր մակարդակի հետ: Մեր վերջին օրինակում դա արտահայտվում է այն հանգամանքով, որ ամբողջական շրջանագծերը ֆոն կազմելու դեպքում առավել պարզ կառուցվածք ունեն, քան աղեղների հավաքածուն, որը կազմում է ֆիգուր՝ խաչ, քանի որ երկրորդ դեպքում ամեն շրջանագծի փոխարեն հայտնվում են չորս աղեղ:
Կառուցվածքայնության ցածր մակարդակը պայմանավորում է ֆոնի և ֆիգուրայի Ռուբինի կողմից նկատված ևս մեկ տարբերություն. ֆոնը առավել ընդգծված «սուբստանցիոնալ» (հիմքային, նախահիմքային - թարգմ. ծան.) բնույթ ունի, իսկ ֆիգուրան՝ «առարկայական»:
Վերադառնանք սահմանափակող գծին: Ֆիգուրայի և ֆոնի վրա դրա տարբեր ազդեցությունից հետևում է նաև այն, որ այն պետք է երկու տարբեր կողմեր ունենա. ներքին և արտաքին; մեկը՝ միացնում է, իսկ մյուսը՝ անջատում, կամ հետևելով Հորնբոշտելին [4] կարելի է ասել, որ դրանցից մեկը գոգավոր է, մյուսը՝ ուռուցիկ, չնայած այդ երկու բառերը հոգեբանական եզրեր չեն; սակայն կարծում եմ, որ դրանք ճիշտ են փոխանցում իրական հոգեբանական տարբերությունները: Ուշադրություն դարձրեք մեր «ցանկապատի» ձախ «գ» գծին և դուք կհասկանաք, ինչի մասին է խոսքը; իրավացիորեն՝ ուղիղի ձախ կողմը՝ պիդն և վանող է, մինչդեռ աջը՝ փափուկ և զիջող: Այս հատկությունների ամբողջական նկարագրությունը տալիս է Հորնբոշտելը, ով հեռանկարի վերափոխման պատրանքները հանգեցնում էր այդ որակների փոփոխմանը. որպեսզի իրականացնել ֆիգուրայի վերափոխում, պետք է գոգավոր սարքել այն, ինչ ուռուցիկ է և ուռուցիկ այն, ինչ գոգավոր է:

Գրականության ցանկ

1. GELB, A. Über den Wegfall der Wahrnehmung von "Oberflächen farben." Zeits. f. Psychol., 1920, 84, 193-257.
2. v. HELMHOLTZ, H. Handbuch der physiologischen Optik. 3 Aufl. Erg. u. her. in Gemeinschaft mit A. Gulistrand und J. v. Kries von W. Nagel.† 3 Bde. Hamburg & Leipzig, 1909-1911 (I. Aufl. 1856-1866).
3. v. HORNBOSTEL, E. M. Über optische Inversion. Psychol. Forsch., 1922, 1, 130,-156.
4. JAENSCH, E. R. und MÜLLER, E. A. Über die Wahrnehmung farbloser Helligkeiten und den Helligkeitskontrast. Über Grundfragen der Farbenpsychologie. Zugleich ein Beitra zur Theorie der Erfahrung. Hn. v. E. R. Jaensch I. Zeits. f. Psychol., 1920, 83, 266-341.
5. JANSCH, E. R. Über den Farbenkontrast und die so genannte Berücksichtigung der farbigen Beleuchtung. Über Grundfragen u.s.w. III. Zeits. f. Sinnesphysiol., 1921, 52, 165-180.
6. KATZ, D. Die Erscheinungsweisen der Farben und ihre Beimflufsung durch die individuelle Erfahrung. Erg. Bd. d. Zeits. f. Psychol. Leipzig: Barth, 1911, pp. xviii+425.
7. KOFFKA, K. Beiträge zur Psychologie der Gestalt. 1. Untersuchungen über den Zusammenhang zwischen Erscheinungsgrösse und Erscheinungsbewegung bei einigen sagenannten optischen Täuschungen, von F. Kenkel. Zeits. f. Psychol., 1913, 67, 358-449.
8. KOFFKA, K The same. IV. Zur Theorie einfachster gesehener Bewegungen. Ein physiologisch-mathamatischer Versuch von K. Koffka. Zeits. f. Psychol., 1919, 82, 257-292.
9. KOFFKA, K. The same. VII. Experimentelle Untersuchungen üiber das Entstehen & Vergehen von Gestalten, von E. Lindemann. Psychol. Forsch., 1922, 2, 5-60.
10. KOFFKA, K. Die Prävalenz der Figur. Kleine Mitteilungen a. d. psychol. Inst. d. Univ. Giessen, 3, Psychol. Forsch., 1922, 2, 147-148.
11. KOFFKA, K. Die Grundlagen der psychischen Entwicklung. Eine Einführung in die Kinderpsychologie. Osterwieck a/H: Zickfeldt, 1921.
12. KÖHLER, W. Über unbemerkte Empfindungen und Urteilstiuschungen. Zeits. f. Psychol., 1913, 66, 51-80.
13. KÖHLER, W. Die physischen Gestalten in Ruhe und im stationären Zustand. Eine naturphilosophische Untersuchung. Braunschweig: Vieweg, 1920, pp. xx+263.
14. KROH, O. Über Farbenkonstang und Farbenstraus formation. Über Grundfragen u.s.w. (S. No. 22), her. v. E. R. Jaensch. IV. Zeits. f. Sinnesphysiol., 1921, 52, 181-186.
15. MARTIN, L. J. Über die Abhängigkeit visueller Vorstellungsbilder vom Denken. Eine experimentelle Untersuchung, Zeits. f. Psychol., 1914-15, 70, 212-275.
16. PILLSBURY, W. B. The Essentials of Psychology. New York: Macmillan Co., 1911, pp. ix+362.
17. RUBIN, E. Synsoplovede Figurer. Studier i psykologisk Analyse. I. del. Kobenhavn og Kristiania: Gyldendal, 1915, pp. xii+228. German edition: Visuell wahrgenommen Figuren. Studien in psychologischer Analyse. I. Teil. Kobenhavn, Christiania, Berlin, London: Gyldendal, 1921.
18. SCHUMANN, F. Beiträge zur Analyse der Gesichtswahrnehmungen. I. Einige Beobachtungen über die Zusammenfassung von Gesichtseindrücken zu Einheiten. Zeits. f. Psychol., 1900, 23, 1-32.
19. TITCHENER, E. B. A Text-Book of Psychology. New York: Macmillan Co., 1910, pp. xx+565.
20. WERTHEIMER, M. Experimentelle Studien üiber des Sehen von Bewegung. Zeits. f. Psychol., 1912, 61, 161-265.
21. WITASEK, St. Psychologie der Raumwahrnehmung dcs Auges.-Die Psychologie in Einzeldarstellungen, her. v. H. Ebbinghous † und E. Meumann, II. Heidelberg: Winter, 1910.