Հանձնարարություն

Գրապահարան-ից
12:34, 5 Հունվարի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հանձնարարություն

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Էդուարդ Ավագյան

Ճոպաններն արձակեցին և «Սիեթլ–4»-ը սկսեց դանդաղ հեռանալ ափից։ Նրա տախտակամածները լեփ-լեցուն էին բեռներով ու ծանրոցներով, ուր վխտում էր հնդկացիների, շների, ձիապանների, առևտրականների և տուն դարձող ոսկեխույզների խայտաճամուկ ամբոխը։ Դոուսոնի բնակչության կեսից ավելին հավաքվել էր ափին, մեկնողներին ճանապարհելու։ Երբ աստիճանները վեր քաշվեցին և շոգենավը սկսեց ֆարվաթերով գնալ, հրաժեշտի բացականչությունները ավելի ականջ ծակող դարձան։ Բոլորն էլ վերջին պահին հիշեցին, որ մի շատ կարևոր բան չեն ասել և բղավում էին, ջանալով, որ լսեն իրենց ջրի շերտի մյուս կողմում, որը րոպե առ րոպե ավելի էր լայնանում։ Լուի Բոնդելլը, որը մի ձեռքով ոլորում էր իր շեկ բեղերը, իսկ մյուսով հրաժեշտ տալիս ափին կանգնած իր ընկերներին, հանկարծ ինչ-որ բան հիշեց և նետվեց դեպի նավակողը.

– Հե՜յ, Ֆրեդ,– ճչաց նա։– Ֆրե՜դ․․․

Ֆրեդը ուսերով դեսուդեն հրեց ափին կանգնած մարդկանց, առաջ խցկվեց, աշխատելով հասկանալ, թե Լուի Բոնդելլը ի՞նչ է ուզում ասել։ Վերջինիս դեմքը գոռալուց կարմրել էր, բայց բառերը, այնուամենայնիվ, չէին լսվում։ Մինչ այդ, շոգենավի և ափի միջև ընկած ջրի շերտը լայնանում էր ու լայնանում։

– Հե՜յ, նավապետ Սքոթ,– ձայն տվեց Բոնդելլը, շրջվելով դեպի նավապետի կամրջակը,– կանգնեցրե՛ք շոգենավը։

Զրնգաց ազդանշանային զանգը, նավախելի ներքևի մեծ անիվը պտտվեց հակառակ ուղղությամբ ու կանգ առավ։ Նավի վրա և նավամատույցում հավաքվածները օգտվեցին այս հապաղումից, որպեսզի հաղորդեն իրենց ուշացած և արդեն վերջնական ցանկությունները։ Իզուր էր Լուի Բոնդելլը աշխատում, որ իրեն լսեն։ «Սիեթլ–4»-ը կորցրեց ընթացքը։ Գետի հոսանքը սկսեց քշել նավը, և նավապետ Սքոթը ստիպված եղավ առաջ շարժվելու հրաման տալ, հետո նորից կանգնեցրեց մեքենաները։ Նա մի պահ անհետացավ նավապետի խցիկում, ապա հայտնվեց մի մեծ խոսափող ձեռքին։

Հիմա նավապետ Սքոթի ձայնը անսովոր ուժ ստացավ և երբ նա գոռաց տախտակամածին և ափին հավաքված մարդկանց վրա՝ «Բերաններդ փակե՛ք», նրա ձայնը, երևի լսելի եղավ Եղջերվի լեռան վրա և մինչև անգամ Քլոնդայքի փողոցներում։ Նավապետի խցիկից լսված այդ հրամայական ձայնից աղմուկը հանդարտվեց։

– Իսկ հիմա ասեք, թե ի՞նչ էիք ուզում հայտնել,– հրամայեց նավապետ Սքոթը։

– Ֆրեդ Չերչիլլին հաղորդեք… նա այստեղ է, ափին… նրան ասեք, որ անցնի Մաք-Դոնալդի մոտ։ Նրան ես պահ եմ տվել իմ փոքրիկ պայուսակը։ Հայտնեք նրան, որ վերցնի և բերի իր հետ։

Նավապետ Սքոթը վրա հասած լռության մեջ այս ցանկությունը ձայնափողով հայտնեց ափի կանգնածներին.

– Հե՜յ դուք, Ֆրեդ Չերչիլլ, կգնաք Մաք-Դոնալդի մոտ… Նրան մի փոքրիկ պայուսակ են պահ տվել… Լուի Բոնդելլին է պատկանում․․․ Դա շատ կարևոր է… Կբերեք ձեզ հետ… Հասկացա՞ք։

Չերչիլլը ձեռքով նշան արեց, թե հասկացավ։ Ի միջի այլոց, եթե Մաք֊Դոնալդը, որը նավահանգստից մի կես մղոն հեռու էր ապրում, բացեր լուսամուտը, ապա նա էլ կլսեր, թե ինչ են ուզում։ Նորից օդը լցվեց հրաժեշտի ողջույններով հնչեց նավի զանգը և «Սիեթլ–4»-ը առաջ շարժվեց, անցավ սահանքների մոտով և Յուքոնի հոսանքով ներքև գնաց։ Բոնդելլը և Չերչիլը մինչև վերջին րոպեն թափահարում էին ձեռքները, արտահայտելով իրենց փոխադարձ համակրանքը։

Դա ամռանն էր։ Իսկ տարվա վերջին Յուքոնի հոսանքով դեպի վեր գնաց «Ու. Հ. Ուիլլիսը», որի վրա տուն վերադարձող մոտ երկու հարյուր ուղևորներ կային։ Նրանց մեջ էր և Չերչիլլը։ Նրա նավախցում, շորերի պարկի վրա, դրված էր Լուի Բոնդելլի պայուսակը։ Դա փոքր, կաշվե մի պայուսակ էր, մոտ քառասուն ֆունտ քաշով և այդ բանը ստիպում էր Չերչիլլին անհանգստանալ ամեն անգամ, երբ ստիպված էր, թեկուզ կարճ ժամանակով, հեռանալ նավախցից։ Հարևան նավախցում մի մարդ մեծ քանակությամբ ոսկե ավազ էր տանում իր հետ, որը պարզապես թաքցրել էր ճամպրուկում, սպիտակեղենի մեջ, և նրանք ի վերջո, պայմանավորվեցին հերթով հսկել։ Եթե նրանցից մեկը իջնում էր ներքև մի բան ուտելու, մյուսը աչքը չէր հեռացնում երկու նավախցերի դռներից։ Երբ Չերչիլլը ուզում էր վիսթ խաղալ, հարևանը մնում էր տեղում, իսկ երբ վերջինս ուզում էր մի քիչ դուրս գալ, Չերչիլլը, նստելով միջանցքում երկու դռների միջև շինված ծալովի աթոռին, սկսում էր կարդալ չորս տարվա հնություն ունեցող թերթը։

Ձմեռը, դատելով բոլոր նախանշաններից, խոստանում էր շուտ սկսվել և ուղևորները առավոտից մինչև երեկո, նույնիսկ մինչև կեսգիշեր, խոսում էին մի բանի մասին, իրենց կհաջողվի՞ մինչև գետի սառչելը տեղ հասնել, թե՞ ստիպված պիտի լինեն թողնել շոգենավը և սառույցների վրայով շարունակել ճանապարհը։ Հակառակի պես էլ պատահում էին ուղևորությունը ձգձգող հազար ու մի վրդովեցնող դեպքեր։ Երկու անգամ մեքենան ջարդվեց և ստիպված եղան արագ, ոտքի վրա, նորոգել։ Երկու անգամ էլ ձյուն եկավ, ասես զգուշացնելով նրանց ձմռան շուտափույթ գալստյան մասին։ «Ու. Հ․ Ուիլլիսը» իր թույլ մեքենայով ինը անգամ փորձեց հաղթահարել Հինգ Մատների սահանքները, և երբ, վերջապես, հաջողվեց, պարզվեց, որ շոգենավը չորս օրով ուշանում է մինչև անգամ հակառակ իր շատ մոտավոր չվացուցակի։ Այդ ժամանակ հարց ծագեց, «Ֆլորա» շոգենավը նրանց կսպասի՞ արդյոք Արկղի կիրճից վեր։ Արկղի կիրճի և Սպիտակ Նժույգի միջև ընկած հատվածը անմատչելի էր նավերի համար և ուղևորները ոտքով շրջանցում էին սահանքները, որպեսզի մի շոգենավից մյուսը նստեն։ Այդ ժամանակ այս տեղերում հեռախոս գոյություն չուներ և դրա համար էլ «Ֆլորային» զգուշացնելու ոչ մի հնարավորություն չկար, թե «Ուիլլիսը» չնայած չորս օր ուշացումով, այնուամենայնիվ գալիս է։

Երբ «Ուիլլիսը» Սպիտակ Նժույգ հասավ, պարզվեց, որ «Ֆլորան» սահմանված ժամանակից դեռ երեք օր ավելի էր սպասել և գնացել էր մի քանի ժամ առաջ։ Հայտնեցին նաև, որ «Ֆլորան» Թագիշ կայանում կանգ կառնի մինչև կիրակի օրը առավոտվա ժամը ինը։ Այդ բանը նրանք իմացան շաբաթ օրը, ցերեկվա ժամը չորսին։ Ուղևորները հավաքվեցին խորհրդակցելու։ «Ուիլլիսի» վրա կանադական մի մեծ կանոե կար, որը Բեննեթ լճի մուտքին գտնվող ոստիկանական պահակակետի համար էր։ Ուղևորները համաձայնության եկան, որ իրենց վրա են վերցնում կանոեի պատասխանատվությունը և տեղ հասցնելու գործը։ Դրանից հետո սկսեցին կանոեով գնալու համար կամավորներ փնտրել։ «Ֆլորային» հասնելու համար որոշվեց երկու հոգի ընտրել։ Անմիջապես մի քսան մարդ մեկնելու ցանկություն հայտնեց։ Նրանց մեջ էր և Չերչիլլը․ այդպես էր նրա բնավորությունը, չմտածելով Բոնդելլի պայուսակի մասին, ցանկություն հայտնեց գնալու։ Իսկ երբ հիշեց պայուսակը, մտածեց, որ գուցե իրեն չեն ընտրի, բայց այն մարդը, որը հայտնի էր որպես քոլեջի ֆուտբոլային թիմի պետ, որպես մարզիկների ակումբի պրեզիդենտ, որը համարվում էր Յուքոնի ամենալավ շնապաններից և քայլողներից մեկը ու դրա հետ էլ այնպիսի լայնաթիկունք մարդ էր, որ չէր կարող հույս չունենալ, թե իրեն ընտրելու պատիվ չեն անի։ Հանձնարարությունը դրվեց նրա և գերմանացի հսկա Նիք Անտոնսենի վրա։

Մինչ ուղևորների ամբոխը կանոեն ուսերին առած շտապ-շտապ տանում էր, Չերչիլլը վազեց դեպի նավախցիկը։ Նա իր ճամպրուկի պարունակությունը թափեց հատակին և վերցրեց պայուսակը, մտածելով այն պահ տալ հարևանին։ Բայց կապգ առավ երկմտանքի մեջ. չէ՞ որ դա իր ապրանքը չէ և նա, իհարկե, իրավունք չունի ուրիշին վստահելու։ Դրա համար էլ Չերչիլլը վերցրեց պայուսակը և վազեց գետափ, շուտ-շուտ մի ձեռքից մյուսը փոխադրելով, նա մտածում էր, որ այդ պայուսակը իսկապես քառասուն ֆունտից ավելի կլինի։

Չորս անց կես կլիներ, երբ Չերչիլլը և Անտոնսենը ճանապարհ ընկան։ Երեքմղոնանոցի մոտ հոսանքը այնքան ուժեղ էր, որ համարյա թե թիակները չօգտագործեցին։ Նրանք ստիպված եղան գնալ ափով, իրենց հետևից քաշելով պարանը, սայթաքելով քարերի վրա, ճեղքելով մացառների թփուտները, մինչև ծնկները և գոտին խրվելով ջրի մեջ, շարունակ գլորվելով ու ընկնելով։ Եվ երբ ճանապարհին անանցանելի ժայռեր էին հանդիպում, ստիպված էին լինում կանոնե նստել, սրընթաց թիավարել դեպի մյուս ափը, քանի դեռ հոսանքը չէր քշել֊տարել, ու նորից քարշ տալ պարանից կապված կանոեն։ Դա տանջալի աշխատանք էր։ Անտոնսենը քաշում էր պարանից, ինչքան ուժ ուներ, անխոս ու համառ, ինչպես վայել է այդպիսի մի հսկայի, բայց Չերչիլլը, որը ուժեղ մարմին ուներ և անզուսպ կամք, վերջ ի վերջո, նրան ուժասպառ արեց։ Նրանք ոչ մի անգամ կանգ չառան, որ հանգստանան։ Գնում էին, գնում միայն առաջ ու առաջ։ Ցուրտ քամին փչում էր դեմքերին, ձեռքերը սառչում էին և նրանք ստիպված էին լինում ժամանակ առ ժամանակ ձեռքերը իրար խփել, որպեսզի ընդարմացած մատներում վերականգնեն արյան շրջանառությունը։

Երբ մութն ընկավ, հույսները պատահականության վրա դրեցին։ Նրանք ստիպված էին լինում շարունակ ափ ելնել ու քարշ գալ անանցանելի ճանապարհով։ Հագուստները կառչելով թփերից, ծվեն֊ծվեն պատառոտվել էին։ Երկուսի մարմինն էլ քերծված էր և արյունոտված։ Մոտ տասը անգամ մի ափից մյուսը գնալիս, նրանց մակույկը դեմ ընկավ ինչ֊որ կոճղերի և շուռ եկավ։ Երբ դա պատահեց առաջին անգամ, Չերչիլլը մոտ երեք ոտնաչափ սուզվեց ջրի մեջ և փնտրեց պայուսակը։ Որոնելիս կես ժամ կորցրեց և, ի վերջո, ապահովության համար, պայուսակը կապեց մակույկից։ Այսպիսով, քանի դեռ կանոեն կարող էր լող տալ, պայուսակը ապահով էր։ Անտոնսենը նրան ծաղրում էր պայուսակի համար, իսկ առավոտյան սկսեց անիծել, բայց Չերչիլլը իր ուղեկցին չբացատրեց բանի էությունը։

Խոչընդոտները և անհաջողությունները հետապնդում էին նրանց ամեն քայլափոխին։ Գետի մի ոլորանում, որը կտրված էր հզոր սահանքներով, նրանք երկու ժամ կորցրին գահավեժ հոսանքը հաղթահարելու բազմաթիվ փորձեր կատարելիս և մակույկր երկու անգամ շուռ եկավ։ Այստեղ, գետի երկու ափերին էլ, ջրերի խորքերից, բարձրանում էին ուղղաձիգ ժայռերը, այնպես որ հնար չկար մակույկը ո՛չ պարանով քաշել, ոչ էլ ձողով առաջ շարժել, իսկ թիավարելով ոչ մի կերպ չկարողացան հաղթահարել հոսանքը։ Նրանք լարեցին ուժերը և այնպիսի թափով սեղմեցին թիակները, որ թվում էր, թե լարումից սրտներր կրծքավանդակից դուրս կթռչեն։ Բայց ամեն անդամ հոսանքը նրանց ետ էր քշում։ Վերջ ի վերջո նրանց հաջողվեց հաղթահարել այդ սահանքը շնորհիվ մի պարզ պատահականության։ Հենց սահանքի մոտ, երբ նրանք հերթական անհաջողության հանդիպեցին, հոսանքը Չերչիլլի ձեռքից քշեց տարավ ղեկաթիակը և մակույկը խփեց ժայռին։ Չերչիլլը մի կերպ թռավ ժայռի վրա և մի ձեռքով կառչելով ժայռի ճեղքից, մյուսով պահեց սուզվող մակույկր, մինչև որ Անտոնսենը ջրից ելավ։ Հետո նրանք դուրս քաշեցին կանոեն և շունչները ետ բերեցին։ Թարմացած ուժերով նրանք նորից ճանապարհ ընկան այս չարաբաստիկ տեղից և անցան սահանքները։ Նրանք ափին մոտեցան մի փոքր վերևում, անմիջապես ցամաք ելան, գնացին թփերի միջով և իրենց հետևից պարանով քարշ տվեցին մակույկը։

Լուսաբացը վրա հասավ, երբ նրանք դեռ հեռու էին Թագիշ կայանից։ Առավոտվա ժամը իննին նրանք լսեցին «Ֆլորայի» հրաժեշտի սուլոցը։ Եվ երբ ժամը տասին հասան կայանին, ապա տեսան միայն հարավ գնացող շոգենավի ծուխը։ Հեծյալ ոստիկանության կապիտան Ջոնսը հյուրընկալեց բոլորովին ուժասպառ, ցնցոտիավոր այս երկու մարդկանց և կերակրեց, իսկ հետո հավատացնում էր, թե կյանքում երբեք չի տեսել այդպիսի հրեշավոր ախորժակ ունեցողների։ Ուտելուց հետո, չհանելով իրենց ցնցոտիները, նրանք փռվեցին հենց այդտեղ, վառարանի կողքին ու քնեցին։ Մի ժամ հետո Չերչիլլը վեր կացավ, վերցրեց պայուսակը, որ նրա համար բարձի տեղ էր ծառայում և տարավ, տեղավորեց կանոեի մեջ, արթնացրեց Անտոնսենին և նրանք նորից ընկան «Ֆլորայի» հետևից։

– Ի՜նչ ասես, որ չի կարող պատահել,– պատասխանեց Չերչիլլը կապիտան Ջոնսի հորդորանքներին։ – Մեքենան կարող է ջարդվել կամ էլ հազար ու մի բան։ Ես պետք է հասնեմ շոգենավի հետևից, վերադարձնեմ, որ տղաներին վերցնի։

Թագիշ լիճը սպիտակին էր տալիս ուժեղ, աշնանային հանդիպակաց քամուց։ Ալիքները ողողում էին մակույկը և ստիպում, որ նրանցից մեկը ամբողջ ժամանակ ջուրը դուրս թափի։ Ուրեմն, թիավարել կարող էր միայն մեկը։ Այդպիսի պայմաններում առաջ շարժվելը անհնար էր։ Նրանք հասան զառիթափ ափին, դուրս եկան կանոեից, մեկը բռնեց պարանից, իսկ մյուսը սկսեց հետևից հրել մակույկը։ Նրանք կռվում էին քամու դեմ, մինչև գոտին և երբեմն էլ մինչև վիզը խրվում սառը ջրի մեջ։ Հսկայական ալիքները շարունակ ծածկում էին նրանց։ Նրանք չգիտեին ինչ բան է հանգիստը, ինչ բան է դադարը այս ոչ մարդկային, դաժան գոտեմարտում։ Այդ գիշեր Թագիշ լճի ելքի մոտ, ձնաբուքի ժամանակ, նրանք հասան «Ֆլորային»։ Անտոնսենը փռվեց տախտակամածին և իսկույն քուն մտավ։ Չերչիլլը սարսափելի դրության մեջ էր։ Հագուստները հազիվ էին մնում վրան, ցրտահար դեմքը ուռել էր, քսանչորս ժամ անընդհատ աշխատելուց երակները ձգվել էին և նա չէր կարողանում ձեռքը շարժել։ Ոտքերը այնպես էին ցավում, որ կանգնելը անասելի ցավեր էր պատճառում։

«Ֆլորայի» նավապետը ոչ մի գնով չէր համաձայնում վերադառնալ Սպիտակ Նժույգ։ Չերչիլլը համառ էր ու վճռական, բայց նավապետը կամակոր մարդ էր։ Եվ, որպես վերջին փաստարկ, նա հայտարարեց, որ ոչնչի էլ չեն հասնի, թեկուզ «Ֆլորան» վերադառնա, որովհետև Դայայի միակ օվկիանոսային շոգենավը «Աթենացին», մեկնելու է երեքշաբթի առավոտյան, և «Ֆլորան» չի հասցնի վերցնել Ապիտակ Նժույգի մոտ մնացած ուղևորներին ու վերադառնալ մինչև «Աթենացու» մեկնելը։

– «Աթենացին» ե՞րբ է մեկնում,– հարցրեց Չերչիլլը։

– Երեքշաբթի, առավոտյան ժամը յոթին։

– Լա՛վ,– ասաց Չերչիլլը, խռմփացնող Անտոնսենի կողին ոտքով վեր կենալու ազդանշան աալով։– Վերադարձեք Սպիտակ Նժույգ։ Մենք առաջ կգնանք և կպահենք «Աթենացուն»։

Քնահարամ ու շշմած Անտոնսենին նստեցրին կանոեի մեջ և գերմանացին այնքան ժամանակ չէր կարողանում գլխի ընկնել, թե ինչ է կատարվում, մինչև որ նրան թրջեց հսկայական սառն ալիքր և լսեց Չերչիլլի գոռոցը։

– Ի՛նչ է, թիավարելը մոռացե՞լ ես։ Թե ուզո՞ւմ ես, որ ալիքը մեզ տակովանի»։

Արշալույսը վրա հասավ Եղջերվի լեռնանցքում։ Քամին դադարեց, բայց Անտոնսենը արդեն չէր կարողանում թիավարել։ Չերչիլլը կանոեն դուրս քաշեց թեք ափը և նրանք որոշեցին քնել։ Չերչիլլը թևը գլխի տակ այնպես դրեց, որ մի քանի րոպեից հետո ձեռքը թմրում էր․ այդ ժամանակ նա ցավից արթնանում էր, նայում ժամացույցին և գլխի տակ էր դնում մյուս թևը։ Երկու ժամ հետո արթնացրեց Անտոնսենին և նրանք շարունակեցին իրենց ճանապարհը։ Մոտ երեսուն մղոն երկարություն ունեցող Բեննեթ լիճը ջրավազանի նման հանդարտ էր, բայց կես ճանապարհին հանկարծ փլեց հարավային քամին և ջրերը փրփուրից սպիտակ դարձան։ Մի քանի ժամ շարունակ նրանք այնպես էին մաքառում, ինչպես Թագիշ լճում։ Մինչև գոտին և վիզը սառը ջրի մեջ թաղված, նրանք քարշ էին տալիս կամ հրում էին կանոեն։ Ալիքները անընդհատ ծածկում էին նրանց, մինչև որ հաղթանդամ Անտոնսենը ի վերջո բոլորովին ուժասպառ եղավ։ Չերչիլլը անգթորեն քշում էր նրան, բայց երբ Անտոնսենը առաջ շարժվելիս քիչ մնաց խեղդվեր երեք ոտնաչափ խորության մեջ, Չերչիլլը նրան քարշ տվեց դեպի կանոեն։ Չերչիլլը միայնակ շարունակեց պայքարր և կեսօրին հասավ Բեննեթ լճի ելքի մոտ գտնվող ոստիկանական պահակակետին։ Նա փորձեց Անտոնսենին դուրս քաշել կանոեից, բայց չկարողացավ։ Նա ականջ դրեց բոլորովին ուժասպառ եղած իր ընկերոջ շնչառությանը և նախանձեց նրան, երբ մտածեց, թե առջևում իրեն դեռ ինչե՜ր են սպասում։ Անտոնսենը կարող է պառկել ու քնել, իսկ ինքը, որպեսզի չուշանա, պետք է բարձրանա վիթխարի Չիլկութը և իջնի դեպի ծովը։ Իսկական դժվարությունները դեռ առջևում են և Չերչիլլը համարյա թե ափսոսեց, որ իր մեջ բավական ուժեր կան, որի պատճառով էլ մարմնին դեռ շատ տառապանքներ են սպասում։

Չերչիլլը կանոեն ափ հանեց, վերցրեց Բոնդելլի պայուսակը և կաղալով դնաց դեպի ոստիկանական պահակակետը։

– Այնտեղ, ներքևում Դոուսոնից բերված կանոեն է, որը ձերն է,– միանգամից սկսեց նա, երբ սպան թակոցի վրա բաց արեց դուռը,– մեջն էլ՝ կիսակենդան մի մարդ։ Ոչ մի վտանգավոր բան էլ չկա, պարզապես ուժից է ընկել։ Հոգ տարեք նրա մասին։ Իսկ ես շտապում եմ։ Ցտեսություն։ Ուզում եմ հասնել «Աթենացուն»։

Բեննեթ և Լինդերման լճերի միջև մի մղոն երկարությամբ պատվար կար և Չերչիլլը իր վերջին խոսքերը ասաց այդ ճանապարհով վազելիս։ Վազելը ցավ էր պատճառում, բայց նա սեղմում էր ատամները և առաջ սլանում։ Նա մինչև անգամ մոռանում էր ցավը, այնքան որ այրող ատելությամբ էր լցված դեպի պայուսակը։ Դա դաժան փորձություն էր։ Չերչիլլը պայուսակը մի ձեռքից մյուսն էր փոխադրում։ Դնում էր թևի տակ։ Գցում էր ուսին և պայուսակը ամեն քայլափոխին խփվում էր մեջքին։ Շա՜տ դժվար էր ջարդված և ուռած ձեռքերով բռնել պայուսակը, ու նա մի քանի անգամ ցած գցեց։ Մի անգամ երբ մի ձեռքից մյուսն էր փոխադրում, պայուսակը սահեց և ընկավ, Չերչիլլի ոտքն էլ սոթ տվեց և նա փռվեց գետնին։

Հասնելով պատվարի վերջին, Չերչիլլը մեկ դոլլարով հին գոտիներ գնեց և պայուսակը կապեց մեջքից։ Հենց այդտեղ էլ նա մի բարկաս վարձեց, որը նրան տարավ մոտ վեց մղոն հեռու ընկած Լինդերման լճի վերին եզրը, ուր նա հասավ ցերեկվա ժամը չորսին։ «Աթենացին» Դայայից պիտի մեկներ մյուս օրվա առավոտյան, ժամը յոթին։ Մինչև Դայա քսանութ մղոն կլիներ, իսկ առջևում բարձրանում էր Չիլկութը։ Չերչիլլը նստեց, որ ամրացնի կոշիկի կապերը՝ բարձր վերելքից առաջ։ Ու նստելուն պես՝ քնեց։ Չնայած, որ երեսուն վայրկյանից էլ քիչ քնեց, բայց վախեցավ, թև մյուս անգամ ավելի երկար կքնի և դրանից հետո կոշիկների կապերը ամրացրեց արդեն կանգնած վիճակում։ Եվ նույնիսկ կանգնած վիճակում էլ նա միանգամից չէր կարողանում հաղթահարել թուլությունը։ Ինչ-որ մի պահ եղավ, որ նա կորցրեց գիտակցությունը։ Այդ բանը նա հասկացավ այն ժամանակ միայն, երբ թուլացած մարմինը փռվեց գետնին, բայց անմիջապես գիտակցությունը ետ բերեց մկանների ջղաձիգ լարումով և ոտքի վրա մնաց։ Ուշագնաց դրությունից կատարված այս կտրուկ անցումը սրտխառնուք ու դող բերեց։ Չերչիլլը սկսեց բռունցքով հարվածել գլխին, որպեսզի վերադարձնի բթացած ուղեղի առույգությունը։

Ջեկ Բերնսի բեռնաբարձ քարավանը գնում էր դեպի Խառնարան լիճը և Չերչիլլին առաջարկեցին ջորի նստել։ Բերնսը ուզում էր պայուսակը մի ուրիշ ջորու վրա բարձել, բայց Չերչիլլը չտվեց։ Նա պայուսակը կախեց իր թամբի աղեղից։ Սակայն նրա քունը շարունակ տանում և պայուսակը համառ կերպով սահում էր թամբի մեկ այս, մեկ էլ այն կողմը, և Չերչիլլը ամեն անգամ տանջանքով արթնանում էր։ Հետո, երբ արդեն սկսեց մթնել, ջորին դիպավ մի ճյուղի և ճյուղը քերծեց Չերչիլլի դեմքը։ Ի լրումն այդ բոլորի, ջորին ճանապարհից դուրս եկավ ու ընկավ, քարերի մեջ գլորելով և՛ իր հեծյալին, և՛ նրա պայուսակը։ Չերչիլլը գերադասեց շարունակել իր ճանապարհը, ավելի ճիշտ, քարշ գալ այնպիսի զզվելի տեղերով, որ արահետ անգամ չէր կարելի կոչել և իր հետևից քարշ տվեց ջորուն։ Սարսափելի գարշահոտը, որ փչում էր արահետի երկու կողմերից, հուշում էր այն մասին, թե ինչքա՜ն ձիեր են զոհ գնացել մարդկանց ոսկու ծարավին։ Բայց Չերչիլլը ոչինչ չէր զգում։ Նա քնելու համար ուղղակի մեռնում էր։ Սակայն, երբ հասան Երկար լճին, նրա քունը փախավ։ Խորունկ լճի մոտ նա պայուսակը տվեց Բերնսին, որից նա աչքը չէր կտրում աստղերի աղոտ լույսի տակ։ Պայուսակը պետք է անվնաս տեղ հասցներ։

Խառնարան լճի մոտ քարավանը կանգ առավ իջևանատեղում, իսկ Չերչիլլը պայուսակը կապելով մեջքին, սկսեց լանջով դեպի լեռնանցքը մագլցել։ Համարյա թե ուղղահայաց այս զառիթափի վրա նա առաջին անգամ զգաց, թե ինչքա՜ն է հոգնած։ Նա սկսեց խեցգետնի նման չորեքթաթ սողալ, պարզորոշ զգալով իր ձեռքերի ու ոտքերի ծանրությունը։ Ամեն անգամ ոտքը բարձրացնելու համար, նա ստիպված էր լինում ցավեցնելու չափ լարել ուժերը։ Չերչիլլին թվում էր, թե ոտքերին ջրասուզակի արճճե կոշիկներ են և նա հազիվհազ հաղթահարեց թեքվելու և ձեռքով այդ արճիճը շոշափելու ցանկությունը։ Ինչ վերաբերում է Բոնդելլի պայուսակին, ապա անհասկանալի էր թվում, թե քառասուն ֆունտը ինչպե՞ս կարող է այդքան ծանր լինել։ Պայուսակը այնպես էր ճնշում, կարծես թե իր մեջքին մի ամբողջ սար էր տանում, և Չերչիլլը ինքն իրեն չէր հավատում, հիշելով, թե ինչպես մի տարի առաջ բարձրանում էր այս նույն լեռնանցքը, ուսերին հարյուր հիսուն ֆունտ ծանրություն ունեցող մի բեռ։ Եթե այն անգամ նա տանում էր հարյուր հիսուն ֆունտ, ապա Բոնդելլի պայուսակը, երևի, կշռում է հինգ հարյուր ֆունտ։

Խառնարան լճից մինչև լեռնանցքը տանող առաջին վերելքը անցնում էր մի փոքր սառցադաշտի վրայով։ Արահետը այստեղ լավ էր երևում։ Բայց վերևում, սառցադաշտից այն, կողմ, որ անտառային շրջանի սահմանն էր, ոչինչ չկար, բացի մերկ ժայռերի ու հսկայական գլաքարերի քաոսից։ Մթության մեջ արահետը չէր երևում, և նա առաջ էր շարժվում խարխափելով, սովորականից երեք անգամ ավելի շատ ուժ գործադրելով։ Նա լեռնանցքին հասավ ուժեղ ձնաբուքի ժամանակ և իր բախտից հանդիպեց մի փոքրիկ լքված վրանի։ Նա անմիջապես մտավ վրանի տակ։ Այստեղ նա մի քանի հին ու չորացած կարտոֆիլ, մի վեց հատ էլ հում ձու գտավ և ախորժակով կերավ բոլորը։

Երբ քամին ու ձյունը հանդարտվեցին, նա սկսեց իր աներևակայելի վայրէջքը։ Արահետներ չկային, նա գնում էր ինքն էլ չգիտեր, թե ուր, սայթաքում էր և հաճախ, ամենավերջին պահին, նկատում, որ գտնվում է ինչ-որ անդունդի կամ կիրճի եզրին, որի խորությունը պատկերացնել անգամ չէր կարող։ Շուտով ամպերը նորից ծածկեցին աստղերը ու վրա հասած խավարում նա սայթաքեց և մոտ հարյուր ոտնաչափ գլորվեց ներքև։ Վիրավոր ու արյունոտված, նա հայտնվեց մի մեծ փոսի մեջ։ Այստեղ ձիերի դիակների գարշահոտն էր կանգնած։ Փոսը մոտ էր արահետին և, ձիապանները սովորաբար այդտեղ էին նետում վիրավոր ու սատկած ձիերին։ Գարշահոտությունից Չերչիլլի սիրտը խառնեց և ասես մղձավանջի մեջ ընկած, սկսեց վեր մագլցել։ Կես ճանապարհին նա հիշեց պայուսակը։ Պայուսակը փոսի մեջ էր ընկել Չերչիլլի հետ միասին․ գոտիները, երևի, պոկվել էին, և նա բոլորովին մոռացել էր պայուսակի մասին։ Նորից ստիպված եղավ մտնել այդ գարշահոտ փոսը և կես ժամ քարշ գալ ծնկների վրա, խարխափելով փնտրել պայոլսակը։ Մինչև պայուսակը կգտներ, նա հաշվեց յոթանասուն սատկած և մեկ կենդանի ձի, որին ատրճանակով գնդակահար արեց։ Չերչիլլը նայելով իր անցյալին, ուր շատ անգամ արիություն էր ցուցաբերել և հաղթել, առանց երկար մտածելու, ինքն իրեն հայտարարեց, որ պայուսակի համար վերադառնալը իր կյանքի ամենահերոսական արարքն էր։ Այնքան հերոսական, որ փոսից դուրս գալուց առաջ նա երկու անգամ քիչ մնաց ուշագնաց լիներ։

Երբ, վերջապես, հասավ լեռան գահավանդին և Չիլկութի զառիթափ լանջը մնաց հետևում, ճանապարհը հեշտացավ։ Չի կարելի ասել, որ շատ լավ ճանապարհ էր, մինչև անգամ ամենալավ տեղերում, բայց դա միանգամայն տանելի արահետ էր, որով նա կարող էր մարդավարի գնալ, եթե վերին աստիճանի ուժասպառ չլիներ, եթե լապտեր ունենար, որ լուսավորեր ոտքերի տակ և եթե չլիներ Բոնդելլի պայուսակը։ Չերչիլլը այն դրության մեջ էր, որ պայուսակը նրա համար դարձել էր այն ծղոտը, որը, ինչպես առածն է ասում, ջարդել է ուղտի մեջքը։ Նրա ուժը հազիվ էր բավականացնում իրեն տանելու համար, և այդ ավելորդ բեռը նրան գետին էր գլորում ամեն անգամ, երբ ոտքը սայթաքում էր։ Եվ երբ հաջողվում էր ոտքի վրա մնալ, որտեղից որտեղ մթության միջից դուրս էին ցցվում ինչ-որ ճյուղեր, որոնք կառչում էին պայուսակից և նրան ետ քաշում։

Կամաց֊կամաց Չերչիլլը համոզվում էր, որ եթե չհասնի «Աթենացուն», ապա դա կլինի միայն ու միայն պայուսակի պատճառով։ Ընդհանրապես, նրա գիտակցության մեջ երկու բան էր մնացել․ պայուսակը և շոգենավը։ Նա մտածում էր միայն այս երկուսի մասին ու դրանք, չգիտես ինչու, անբաժանելի էին թվում ինչ-որ մի դաժան առաքելությունից, հանուն որի նա թափառում էր ու տանջվում երկար հարյուրամյակների ընթացքում։ Նա գնում էր ու պայքարում, ասես երազում լիներ։ Կարծես երազում էլ նա հասավ Ոչխարի ճամբար։ Նա դանդաղ սալուն մտավ, ուսերը ազատեց գոտիներից և պայուսակը ցանկացավ իջեցնել գետնին։ Պայուսակը պոկվեց նրա ձեռքից և գետին ընկավ ծանր թրխկոցով, որը աննկատելի չմնաց այն երկու տղամարդկանց կողմից, որոնք պատրաստվում էին դուրս գալ։ Չերչիլլը մի բաժակ վիսկի խմեց, գինետան տիրոջը ասաց, որ իրեն արթնացնի տասը րոպե հետո և նստելով, ոտքերը դրեց պայուսակին ու գլուխը հակեց ծնկներին։

Նրա տանջահար մարմինը հոգնածությունից այնպես էր ընդարմացել, որ երբ նրան արթնացրին, անհրաժեշտ եղավ էլի տասը րոպե և մի բաժակ էլ վիսկի, որպեսզի կարողանա ուղղել ոտքերը և ձգել մկանները։

– Հե՜յ, այդպես ո՞ւր ես գնում,– ձայն տվեց գինետան տերը, հետո դուրս եկավ Չերչիլլի հետևից և մթության մեջ նրան տարավ դեպի Կանյոն-սիթիի ճանապարհը։ Գիտակցության ինչ֊որ թույլ կայծեր նրան թելադրում էին, որ ճիշտ ուղղությամբ է գնում և առաջվա նման, ինչպես երազում, Չերչիլլը քայլում էր կիրճի արահետով։

Ինքն էլ չգիտեր, թե ինչը գրավեց նրա ուշադրությունը, բայց իր ուղևորության այդ պահին, քայլելով, ինչպես թվում էր նրան, մի քանի հարյուրամյակ, նա վտանգ զգաց և դուրս քաշեց ատրճանակը։ Եվ դարձյալ կարծես երազում, նա տեսավ, թե ինչպես արահետ ելան երկու տղամարդիկ և պահանջեցին, որ կանգ առնի։ Չերչիլլի ատրճանակը կրակվեց չորս անգամ և տեսավ նրանց ատրճանակների բռնկումը և լսեց կրակոցների ձայները։ Բացի դրանից, նա զգաց, որ ազդրից, վիրավորված է։ Նա տեսավ, թե ինչպես տղամարդկանցից մեկը ընկավ, իսկ երբ մյուսը մոտ վազեց։ Չերչիլլը ծանր ատրճանակով հարվածեց նրա դեմքին։ Հետո շրջվեց և սկսեց փախչել։ Շուտով նա սթափվեց իր կիսաքուն վիճակից և նկատեց, որ կաղալով վազում է արահետով։ Նա համոզված էր, թե այդ բոլորը միայն երազ էր, մինչև չշոշափեց ատրճանակը և համոզվեց, որ կորել է։ Հետո նա մի սուր ցավ զգաց ազդրում և արագ շոշափեց. նրա ձեռքը թրջվեց արյունից։ Այո՛, նա վիրավորված է։ Բայց վերքը վտանգավոր չէր։ Այդ ժամանակ միայն նա վերջնականապես արթնացավ և սկսեց իջնել դեպի Կանյոն-սիթի։

Այնտեղ նա գտավ մի մարդու, որը ձիեր ու սայլ ուներ և սա քսան դոլլար ստանալուց հետո ելավ իր անկողնուց, որպեսզի ձիերը լծի։ Չերչիլլը փռվեց սայլի նստարանին և մեջքից չքանդելով պայուսակը, քնեց։ Սայլը դղրդոցով ընթացավ, անձրևից լպրծուն դարձած գլաքարերի վրայով դեպի ներքև, հովիտը, որը Դայա էր տանում։ Չերչիլլը արթնանում էր միայն այն ժամանակ, երբ սայլի անիվները խփվում էին ավելի մեծ գլաքարերի։ Այդ պահին նա մոտ մեկ ֆուտ վեր էր ցատկում, բայց այդ բանը նրան չէր անհանգստացնում։ Ճանապարհի վերջին մղոնը ավելի հարթ էր և նա շատ պինդ քնեց։

Երբ լուսաբացին նրանք տեղ հասան, սայլապանը վայրենու պես հրեց Չերչիլլին և ականջի տակ գոռաց, որ «Աթենացին» մեկնել է։ Չերչիլլը բութ հայացքով նայեց դատարկ նավահանգստին։

– Այ հրե՜ն, Սքագուեյի մոտ երևում է ծուխը,– ասաց սայլապանը։

Չերչիլլը ոչինչ չէր տեսնում, որովհետև նրա կոպերը ուռել էին, բայց նա ասաց.

– Նա՞ է… Ինձ համար մի մակույկ ճարեք։

Սայլապանը պատրաստակամ մարդ դուրս եկավ, մակույկ գտավ և մի մարդ ճարեց, որը տասը դոլլարով (նախ վարձն ստանալու պայմանով) հանձն առավ թիավարել։ Չերչիլլը վճարեց և նրան օգնեցին մակույկ նստել։ Ինքը մենակ չէր կարողանում մակույկ նստել։ Մինչև Սքագուեյ վեց մղոն էր, և նրա մեջ քնելու երանելի մի ցանկություն առաջացավ։ Բայց նրան ուղեկցող մարդը թիավարել չէր կարողանում, և Չերչիլլն ինքը մի քանի հարյուրամյակ թիավարեց։ Վեց մղոնը առաջ երբեք այդքան երկար ու տանջալից չէր թվացել։ Ոչ ուժեղ, բայց թարմ քամին փչում էր նրանց դիմացից և մակույկը ետ էր քշում։ Չերչիլլը ստամոքսում թուլություն զգաց, սիրտը սկսեց խառնել, ձեռքերը և ոտքերը, բոլորովին փայտացան։ Նրա պահանջով ուղեկցողը աղի ջուր վերցրեց և շաղ տվեց դեմքին։

Երբ նրանք հասան «Աթենացուն»Տ, խարիսխը արդեն բարձրացված էր, իսկ Չերչիլլը արդեն վերջնականապես ուժասպառ էր եղել։

– Կա՜նգ առեք… Կա՜նգ առեք,– խռպոտ ճչաց նա։– Կարևոր բան կա… Կա՜նգ առեք։

Նա գլուխը կախեց կրծքին և քուն մտավ։ Երբ վեց մարդ նրան կամրջակո վեր էին տանում, նա արթնացավ, ձեռքը մեկնեց պայուսակին ու կառչեց նրանից, ինչպես խեղդվողն է կառչում ծղոտից։

Տախտակամածին բոլորը Չերչիլլին էին նայում սարսափով ու հետաքրքրությամբ։ Այն հագուստից, որով նա հեռացել էր Սպիտակ Նժույգից, միայն խղճուկ ցնցոտիներ էին մնացել, ինքն էլ իհարկե մի լավ վիճակի մեջ չէր։ Նա հիսունհինգ ժամ անընդհատ, ուժերի անհավատալի լարումով, եղել էր ճանապարհին։ Այդ ընթացքում նա քնել էր ընդամենը վեց ժամ և իր քաշից քսանհինգ ֆունտ էր կորցրել։ Դեմքը, ձեռքերը և մարմինը քերծված էին ու ջարդված, աչքերը համարյա թե ոչինչ չէին տեսնում։ Չերչիլլը փորձեց վեր կենալ, բայց չկարողացավ կանգնել ոտքերի վրա։ Ձեռքից բաց չթողնելով պայուսակը, նա փռվեց տախտակամածին և ասաց, ինչ֊որ պիտի հայտներ։

– Իսկ հիմա ինձ պառկեցրեք քնելու,– վերջացրեց նա։– Կուտեմ այն ժամանակ, երբ արթնանամ։

Չերչիլլին պատիվ արեցին և կեղտոտ, ցնցոտիապատ, նրան տեղավորեցին նորապսակների նավասենյակում, որը շոգենավի ամենամեծ ու ամենաշքեղ սրահն էր։ Չերչիլլը երկու օր քնեց, հետո լոգանք ընդունեց, սափրվեց, կերավ։ Նա կանգնած էր նավի բազիրքի մոտ և սիգար էր ծխում, երբ տեղ հասան Սպիտակ Նժույգի երկու հարյուր ուղևորները։

Երբ «Աթենացին» Սիեթլ հասավ, Չերչիլլը արդեն բոլորովին կազդուրվել էր և առույգ ափ ելավ Բոնդելլի պայուսակը ձեռքին։ Նա հպարտանում էր պայուսակով։ Այդ պայուսակը Չերչիլչի համար խիզախության, ազնվության ու վստահության մարմնացում էր։

«Ես կատարեցի հանձնարարությունը»,– այսպիսի խոսքերով էր նա արտահայտում իր համար բարձրագույն այդ գաղափարը։ Դեռ ուշ չէր և Չերչիլլը գնաց ուղիղ Բոնդելլի տունը։ Լուի Բոնդելլը նրան ուրախ դիմավորեց, երկու ձեռքերով սեղմեց նրա ձեռքը և տուն քարշ տվեց։

– Օ՜, շնորհակալ եմ, ծերո՛ւկ։ Լավ է, որ բերել ես հետդ,– ասաց Բոնդելլը, վերցնելով պայուսակը։

Նա անփութորեն պայուսակը գցեց թախտին, և Չերչիլլը այդ ծանրությունը զգացած մարդու նման նկատեց, թե ինչպես պայուսակը ամբողջ թափով վեր-վեր թռավ զսպանակների վրա։ Բոնդելլը Չերչիլլի գլխին հարցերի տարափ տեղաց.

– Ո՞նց ես ապրում։ Տղաները ինչպե՞ս են։ Բիլլ Սմիթերսի հետ ի՞նչ է պատահել։ Ի՞նչ է, Դել Բիշոփը դեռ Պյերսի հետ ընկերությո՞ւն է անում։ Նա իմ շները ծախե՞լ է։ Ծծումբի գետում մի բան գտե՞լ են, թե չէ։ Դու շա՜տ լավ ես երևում։ Ո՞ր շոգենավով ես եկել։

Չերչիլլը բոլոր հարցերին էլ մանրամասն պատասխան տվեց, այսպես կես ժամ անցավ և խոսակցության ընթացքում առաջին ընդմիջումը եղավ։

– Լավ չի՞ լինի, որ մի նայես,– առաջարկեց Չերչիլլը, գլխով ցույց տալով պայուսակը։

– Դե, ամեն ինչ կարգին է,– պատասխանեց Բոնդելլը։– Ասա մի տեսնեմ, Միթչելլի ոսկեբեր ավազուտը իսկապե՞ս այնքան տվեց, որքան սպասվում էր։

– Բայց ես կարծում եմ, որ լավ կլիներ նայեիր,– պնդեց Չերչիլլը։– Երբ ես տիրոջն եմ հանձնում ինձ վստահված մի որևէ իր, ուզում եմ համոզվել, որ ամեն բան կարգին է։ Կարող է պատահել իմ քնած ժամանակ մեկը բացած լինի պայուսակը կամ էլ դրա նման մի բան։

– Իսկ այնտեղ ոչ մի կարևոր բան էլ չկա, ծերո՛ւկ։– ծիծաղելով ասաց Բոնդելլը։

– Ոչ մի կարևոր բա՞ն,– կրկնեց Չերչիլլը հազիվ լսելի ձայնով։ Հետո վճռական ասաց.– Լուի, ի՞նչ կա այդ պայուսակում։ Ես ուզում եմ իմանալ։

Լուին զարմացած նրան նայեց, հետո դուրս եկավ սենյակից ու վերադարձավ բանալիների մի կապոց բռնած։ Նա ձեռքը մտցրեց պայուսակի մեջ և այնտեղից հանեց քառասունչորս տրամաչափի մի կոլտ։ Դրան հետևեցին մի քանի տուփ փամփուշտներ՝ ատրճանակի և վինչեստերի համար։

Չերչիլլը վերցրեց պայուսակը և մեջը նայեց։ Հետո շուռ տվեց և թեթևակի թափահարեց։

– Ատրճանակը ժանգոտել է,– նկատեց Բոնդելլը։– Երևի անձրևի տակ է ընկել։

– Այո՛,– պատասխանեց Չերչիլլը։– Ցավում եմ, որ պայուսակի մեջ ջուր է լցվել։ Երևի ես շատ անզգույշ եմ եղել։

Նա վեր կացավ և դուրս եկավ։ Մի տասը րոպե հետո տնից դուրս եկավ և Լուի Բոնդելլը։ Չերչիլլը նստած էր աստիճանների վրա և կզակը հենած ձեռքերին, սևեռուն հայացքով նայում էր խավարին։