Ծովագայլը
հեղինակ՝ Ջեկ Լոնդոն |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
THE SEA-WOLF by Jack London
«Ծովագայլը» վեպը առաջին անգամ տպագրվել է 1904 թվականի հունվար—նոյեմբեր ամիսներին «Սենչուրի մեգեզին» հանդեսում և նույն տարի էլ լույս է տեսել առանձին հրատարակությամբ Նյու-Յորքում։
Բովանդակություն
- 1 Գլուխ առաջին
- 2 Գլուխ երկրորդ
- 3 Գլուխ երրորդ
- 4 Գլուխ չորրորդ
- 5 Գլուխ հինգերորդ
- 6 Գլուխ վեցերորդ
- 7 Գլուխ յոթերորդ
- 8 Գլուխ ութերորդ
- 9 Գլուխ իններորդ
- 10 Գլուխ տասներորդ
- 11 Գլուխ տասնմեկերորդ
- 12 Գլուխ տասներկուերորդ
- 13 Գլուխ տասներեքերորդ
- 14 Գլուխ տասնչորսերորդ
- 15 Գլուխ տասնհինգերորդ
- 16 Գլուխ տասնվեցերորդ
- 17 Գլուխ տասնյոթերորդ
- 18 Գլուխ տասնութերորդ
- 19 Գլուխ տասնիններորդ
- 20 Գլուխ քսաներորդ
- 21 Գլուխ քսանմեկերորդ
- 22 Գլուխ քսաներկուերորդ
- 23 Գլուխ քսաներեքերորդ
- 24 Գլուխ քսանչորսերորդ
- 25 Գլուխ քսանհինգերորդ
Գլուխ առաջին
Ճիշտն ասած, չգիտեմ որտեղից սկսեմ, թեև երբեմն կատակի համար դրա բուն սկզբնապատճառը համարում եմ Չարլի Ֆարասեթին։ Նա մի ամառանոց ուներ Միլլ-Վելլիում՝ Թամալփես լեռան ստորոտում, որտեղ իր ազատ ժամանակն էր անցկացնում ձմեռվա ամիսներին և ուղեղը հանգստացնելու համար կարդում էր Նիցշե ու Շոպենհաուեր։ Իսկ ամռանը նախընտրում էր տաք ու փոշոտ քաղաքում ապրել և անվերջ աշխատել։ Եթե ես ամեն շաբաթ օր նրան այցելելու և մինչև երկուշաբթի առավոտ նրա մոտ մնալու սովորություն չունենայի, ապա հունվար ամսի այդ հիշարժան երկուշաբթի օրր Սան-Ֆրանցիսկոյի ծովախորշում չէի լինի։
Կարող եմ ասել, որ ապահով նավի վրա էի, քանի որ «Մարտինեզը» նոր շոգենավ էր և իր չորրորդ կամ հինգերորդ ճանապարհորդությունն էր կատարում Սաուսալիտոյի և Սան-Ֆրանցիսկոչի միջև։ Մեզ սպառնացող վտանգը ծովածոցը ծածկող մշուշն էր, իսկ ես, ծովային չլինելով, այդ բանը չէի հասկանում։ Լավ հիշում եմ, որ հանգիստ ու զվարթ տրամադրությամբ տեղավորվեցի վերևի տախտակամածի առաջամասում՝ ղեկորդի խցիկի ճիշտ ներքևը, և այնուհետև իմ երևակայությունն սկսեց զբաղվել մշուշի գաղտնիքով։ Փչում էր թարմ զեփյուռը, և ես միառժամանակ մենակ էի մնացել այդ խոնավ մթության մեջ, թեև ոչ բոլորովին մենակ, քանի որ տարտամորեն զգում էի ղեկորդի ներկայությունը, ինչպես և մի ուրիշ անձնավորության ներկայությունը, ըստ երևույթին՝ նավապետի, որը գտնվում էր վերևի ապակեպատ խցիկում։
Հիշում եմ, մտածում էի, թե ինչքա՜ն լավ է, որ աշխարհում աշխատանքի բաժանում գոյություն ունի և, հետևապես, ծովածոցի մյուս կողմն ապրող բարեկամիս այցելելու համար ես պետք չունեի ուսումնասիրելու մշուշները, քամիները, մակընթացություններն ու նավագնացության կանոնները։ Լավ է, որ յուրաքանչյուր բնագավառում մասնագետներ կան, խորհրդածում էի ես։ Ղեկորդի և նավապետի մասնագիտական գիտելիքները ծառայում են հազարավոր մարդկանց, որոնք, ինձ նման, ոչինչ չգիտեն ծովի և նավագնացության մասին։ Եվ այսպես, փոխանակ ուժս վատնելու բազմապիսի գիտելիքներ ձեռք բերելու համար, ես այն կենտրոնացնում եմ միայն մի քանի առանձին հարցերի վրա, ինչպիսին է, օրինակ, Էդգար Պոյի դերը ամերիկյան գրականության մեջ, մի թեմա, որին, ի միջի այլոց, նվիրված էր «Ատլանտիկի» վերջին համարում տպագրած հոդվածս։ Երբ նոր էի շոգենավ բարձրացել, ընդհանուր նավասենյակից անցնելիս մեծ գոհունակաթյամբ նկատել էի, որ մի գիրուկ ջենթլմեն կարդում էր «Ատլանտիկում» տպա րած հոդվածս։ Այդ հանգամանքն էլ է վկայում աշխատանքի բաժանման առավելությունների, մասին։ Ղեկորդի և նավապետի մասնագիտական գիտելիքները գիրուկ ջենթլմենին հնարավորություն էին տալիս ոչ միայն ծանոթանալու Պոյի վերաբերյալ իմ մասնագիտական գիտելիքներին, այլև, միաժամանակ, նրան ապահով փոխադրում էին Սաուսալիտոյից Սան-Ֆրանցիսկո։
Մի կարմրադեմ մարդ նավասենյակից տախտակամած դուրս եկավ և դուռը շրխկացնելով խորհրդածություններս ընդհատեց հենց այն պահին, երբ մտքումս նշում էի իմ հաջորդ հոդվածի նյութը, որը որոշել էի վերնագրել «Ազատության անհրաժեշտությունը։ Աղերս հօգուտ արվեստագետի»։ Նորեկը մի հայացք նետեց դեպի ղեկորդի խցիկը, զննեց շրջապատող մշուշը, տախտակամածի վրա մի քիչ ման եկավ կաղալով (նա, ակնհայտորեն, արհեստական ոտքեր ուներ) և ի վերջո կանգնեց կողքիս՝ ոտքերը լայն բացած։ Նրա դեմքը խորին գոհունակություն էր արտահայտում։ Ինձ թվաց, և ես չէի սխալվում, թե նա ամբողջ կյանքը ծովի վրա էր անցկացրել։
— Այ, այսպիսի գարշելի եղանակն է, որ ժամանակից առաջ սպիտակեցնում է մարդկանց մազերը,— ասաց նա, գլխի շարժումով ցուչց տալով ղեկորդի խցիկը։
— Չէի կարծում, որ եղանակը առանձնապես որևէ ճիգ է պահանջում,— պատասխանեցի։— Ինձ թվում է, թե գործը պարզ է այբուրենի պես։ Ուղղությունն իմանում են կողմնացույցի միջոցով, գիտեն հեռավորությունն ու արագությունը։ Միայն մնում է մաթեմատիկական ճշգրիտ հաշվումներ անել։
— Ճի՜գ պահանջել...— փնչաց նա,— պա՜րզ է այբուբենի պես... մաթեմատիկական հաշվումներ...
Նա մարմինը ետ թեքեց, կարծես հավասարակշռությունը պահելու համար, և հայացքը սևեռեց վրաս։
— Իսկ ի՞նչ կասեիք այս մակընթացության մասին, որը խուժում է Ոսկե Դարբասը,— հարցրեց, ավելի շուտ՝ գոռաց նա,— ինչպիսի՞ արագություն կամ ի՞նչ ուղղություն ունի նա... Լսո՞ւմ եք այդ ձայնը... Դա խարսխանիշի զանգակն է։ Եվ մենք գնում ենք ուղիղ խարսխանիշի վրա... Ա՛յ, տեսե՛ք, արդեն փոխում ենք ուղղությունը...
Մշուշի միջից լսվում էր զանգակի ողբագին ղողանջը, և ես տեսա, թե ինչպես ղեկորդը արագ պտտեցնում է ղեկանիվը։ Զանգակը, որը առաջ ճիշտ մեր դիմացն էր, այժմ ղողանջում էր կողքից։ Մեր նավի շչակը խռպոտ սուլում էր, իսկ մշուշի միջից մերթ ընդ մերթ լսվում էին ուրիշ սուլոցներ։
— Փոքր շոգենավերն են,— նկատեց ուղեկիցս, գլխով ցույց տալով աջ կողմը, որտեղից լսվում էին սուլոցները։— Իսկ սա, լսո՞ւմ եք, եղջերափողի ձայն է։ Հավանորեն, ինչ-որ գետանավից է։ Հե՜յ, գետանավի ղեկո՛րդ, զգո՜ւյշ... Ա՛յ, այդպես էլ գիտեի։ Հիմա մեկնումեկի գլխին փորձանք է պայթելու...
Անտեսանելի գետանավի շչակը շարունակ սուլոցներ էր արձակում, իսկ եղջերափողը՝ սարսափահար ճչում։
— Հիմա արդեն հարգանքներ են մատուցում միմյանց և շտապում են իրարից հեռանալ,— շարունակեց կարմրադեմ մարդը, երբ տագնապալի ձայները դադարեցին։
Նա ինձ բացատրեց, թե ինչ էին իրար հասկացնում շչակն ու փողը։ Խոսելիս նրա դեմքը ճառագայթում ու աչքերը փայլատակում էին։
— Ա՛յ, այս շչոցը ձախ կողմում գտնվող շոգենավից է, մյուս խռխռոցը որ լսում եք, մեզ է հասնում, եթե չեմ սխալվում, շոգիով աշխատող մի երկկայմանավից, որը ծովածոցից գալով, գնում է մակընթացության դեմ։
Այդ պահին, շատ մոտից, ճիշտ մեր դիմացից, մի սուր, խելացնոր սուլոց լսվեց։ «Մարտինեզը» դրան պատասխանեց գոնգի հարվածներով։ Մեր շոգենավի անիվները կանգնեցին, նրանց զարկերը ջրում մի պահ դադարելուց հետո նորից սկսեցին գործել։ Սուր սուլոցը, ինչպես ծղրիդի ճռճռոց հսկա գազանների մռնչյունների մեջ, դարձյալ լսվեց մշուշում, այս անգամ կողքից, և աստիճանաբար մեղմացավ։ Ես նայեցի իմ զրուցակցին՝ բացատրության համար։
— Ինչ-որ հանդուգն կատեր է,— ասաց նա։— Ես համարյա ուզում էի, որ ընկղմեինք այդ փոքրիկ ամբարտավանին։ Այդպիսիները մեծ վնասներ են պատճառում և, վերջ ի վերջո, ինչի՞ են պետք։ Մի որևէ ավանակ նստում է դրանցից մեկի մեջ, ըստ բախտի քշում և հիմարի պես սուլում, որպեսզի բոլորը մի կողմ քաշվեն, որովհետև այդ ի՜նքն է գալիս և իրեն պատիվ չի բերի հեռու քաշվելը... Այդ ի՜նքն է գալիս... Եվ դու պետք է ճանապարհ տաս, որովհետև ճանապարհի իրավունքը միայն նրանն է։ Տարրական քաղաքավարությո՜ւն... Այսպիսիները նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում այդ...
Զրուցակցիս անբացատրելի բարկությունը բավական զվարճացրեց ինձ, և մինչդեռ նա, վրդովված, կաղալով ճեմում էր, ես նորից սկսեցի մտածել մշուշի ռոմանտիկայի մասին։ Եվ իսկապես ռոմանտիկա կար այդ մշուշի մեջ, որը խոր գաղտնիքի մոխրագույն ստվերի պես կախված էր տիեզերքում պտտվող երկրագնդի վրա, այնինչ մարդիկ՝ լույսի և կայծի այդ մասնիկները, տառապում են աշխատանքի անհագ ծարավից, և փայտե կամ պողպատե նժույգներ հեծած՝ ուղղվում են դեպի գաղտնիքի սիրտը, կուրորեն խարխափելով ճանապարհ են որոնում Անտեսանելիի միջով և ինքնավստահ աղմկում են ու աղաղակում, թեև իրականում համակված են կասկածով ու վախով։
Իմ զրուցակցի ձայնը հանկարծ ինձ սթափեցրեց և ես ծիծաղեցի։ Չէ՞ որ ինքս էլ փաստորեն խարխափում էի ու դեգերում, երբ կարծում էի, թե բաց աչքերով արշավում եմ գաղտնիքի թագավորության մեջ։
― Էհե՜յ, ինչ-որ նավ մեր կողմն է գալիս,— ասում էր նա։— Լսո՞ւմ եք ձայնը. նա արագ է գալիս և ուղիղ դեպի մեզ։ Ըստ երևույթին, նա դեռ մեզ չի լսում։ Քամին փչում է հակառակ կողմից։
Զով զեփյուռը փչում էր մեր ուղղությամբ, և ես պարզ լսում էի սուլիչի ձայնը, որը գալիս էր կողքից։
— Գետանա՞վ է,— հարցրի ես։
Նա գլխով արեց և ավելացրեց.
— Թե չէ այսպես արագ մեր վրա չէր գա։— Նա մի կարճ քրքիջ արձակեց։— Մերոնք վերևում անհանգստանում են...
Նայեցի վերև։ Նավապետը գլուխը և ուսերը դուրս էր հանել ղեկորդի խցիկից և լարված դիտում էր մշուշը, կարծես ջանում էր կամքի ուժով նրա խորքը թափանցել։ Նրա դեմքը անհանգստություն էր արտահայտում։ Ուղեկիցս, որը նավաբազրիքին էր մոտեցել և նույն լարվածությամբ նայում էր անտեսանելի վտանգի կողմը, նույնպես հուզված էր։
Այնուհետև ամեն ինչ տեղի ունեցավ անըմբռնելի արագությամբ։ Մշուշը հանկարծ երկուսի բաժանվեց, ասես դանակի հարվածով, և անծանոթ շոգենավի ցռուկը ջրից բարձրացավ, իր հետ քաշելով մշուշի ծվեններ, որոնք կախված էին ինչպես ջրիմուռները բիբլիական կետի երախից։ Ես նկատեցի այդ նավի ղեկորդի խցիկը, որտեղից դուրս էր ցցված սպիտակամորուս մի մարդ։ Նրա հագին կար կա պույտ համազգեստ, և ես հիշում եմ, թե նա որքան կոկիկ տեսք և հանգիստ արտահայտություն ուներ։ Նրա հանգստությունը, տվյալ հանգամանքներում, պարզապես սարսափելի էր։ Նա կարծես սովոր էր հպատակվելու ճակատագրին, նրա հետ քայլելու ձեռք-ձեռքի, իսկ այժմ սառնարյունությամբ հաշվում էր հարվածի ուժգնությունը։ Խցիկից դուրս ցցված՝ նա մտազբաղ հայացքով մեր կողմը նայեց, ասես որոշելու համար ընհարման ճիշտ կետը։ Նա ոչ մի ուշադրություն չդարձրեց, երբ մեր ղեկորդը կատաղությամբ գոչեց. «Ահա՛ թե ինչ արեցիք»։
Այժմ, անցածը վերհիշելիս նոր եմ ըմբռնում, որ այդ նկատղությունն այնքան բացորոշ էր, որ ավելորդ էր դարձնում ինքնապաշտպանության որևէ փորձ։
— Կառչեցեք որևէ տեղից ու պահեք ձեզ,— ասաց ինձ կարմրադեմ մարդը։ Նրա գրգռվածությունը բոլորովին անցել էր, կարծես նա այժմ վարակվել էր գերբնական հանդարտութւամբ։
— Հիմա դուք կլսեք կանանց ճղճղոցը,— ասաց նա մռայլ, համարյա դառն արտահայտությամբ, և ինձ թվաց, թե անցյալում էլ արդեն այդ փորձն ունեցել էր։
Նախքան նրա խորհրդին հետևելը նավերն իրար բախվեցի Ըստ երևույթին, մյուս շոդենավը մեզ խփեց մեջտեղից, բայց ես չտեսա, թե ինչպես, որովհետև «Մարտինեզը» ուժգին թեքվեց, և նույն պահին լսվեց ջարդվող տախտակների ճարճատյունը։ Ես ընկա թրջված տախտակամածի վրա և դեռ չէի հասցրել ոտքի կանգնել, երբ լսեցի կանանց ճչոցը։ Ես համոզված եմ, որ այդ ճչոցն էր բոլոր լեղապատառ ձայների մեջ ամենաաննկարագրելին, որ ինձ խուճապի մատնեց։ Իսկույն մտաբերեցի, որ փրկագոտիները պահված են նավասրահում, բայց սրահի դռան առաջ ընդհարվեցի մոլեգնորեն դուրս խուժող մարդկանց ու կանանց, որոնք ինձ ետ շպրտեցին։ Թե ինչ տեղի ունեցավ հաջորդ մի քանի վայրկյանների ընթանում, չգիտեմ, միայն հիշում եմ, որ նավաստիները գոոտեկալներից փրկագոտիներ էին իջեցնում, իսկ կարմրադեմ մարդը դրանք հագցնում էր հիստերիկայի մատնված մի խումբ կանանց։ Այդ պատկերն իմ հիշողության մեջ այնքան հստակ և ուժեղ է դրոշմված, որ այժմ էլ աչքիս առջև տեսնում եմ իր բոլոր մանրամասներով․ նավասրահի միջնորմին բացված ատամնաձև եզերքով անցքը, դրա միջով ելումուտ անող մոխրագույն մեգը, փափուկ բազմոցները, որոնց վրա խռնված են հանկարծական փախուստի ամեն տեսակ իրեղեն ապացույցներ՝ ծանրոցներ, ուղետոպրակներ, հովանոցներ, ճանապարհորդական վերմակներ․ իմ հոդվածը կարդացող գիրուկ ջենթլմենը, որը խցանե փրկագոտի հագած, ամսագիրը դեռ ձեռքին, միօրինակ համառությամբ ինձ հարց է տալիս, թե, արդյո՞ք իմ կարծիքով որևէ լուրջ վտանգ սպառնում է մեզ․ կարմրադեմ մարդը, որն իր արհեստական ոտքերով խիզախորեն քայլելով, փրկագոտի է հագցնում բոլոր մոտեցողներին. և վերջապես՝ կանանց խելացնոր վայնասունը։
Կանանց այդ վայնասունր ամենից ավելի էր ազդում իմ ջղերի վրա։ Ըստ երևույթին, այն ազդում էր նաև կարմրադեմ մարդու ջղերի վրա, որովհետև ես ականատես եղա ևս մի տեսարանի, որը երբեք չի ջնջվելու իմ հիշողությունից. գիրուկ ջենթլմենը ամսագիրը վերարկուի գրպանն է խոթում և հետաքրքրությամբ նայում շուրջը. գունատ ու սարսափահար կանայք, իրար խառնված, լայնաբաց բերաններով ճղճղում են միաձայն, ինչպես կործանված հոգիների մի ամբողջ երգչախումբ, կարմրադեմ մարդը, զայրույթից շառագունած ու ձեռքերը շանթարձակ դիրքով բարձրացրած՝ գոռում է․ «Լռեցե՛ք, օ՜, լռեցե՛ք»։
Հիշում եմ, թե ինչպես այդ տեսարանը հանկարծ իմ ծիծաղը բերեց, բայց հաջորդ վայրկյանին զգացի, որ ինքս էլ հիստերիկայի եմ մատնվում, որովհետև այդ կանայք, վերջ ի վերջո, ինձ համար հարազատ էին, ինչպես իմ մայրն ու քույրերը, և մահից ահաբեկված՝ չէին ուզում մեռնել։ Նույնպես հիշում եմ, որ նրանց ձայներն ինձ հանկարծ հիշեցրին մսագործի դանակի տակ պառկած խոզերի ճղճղոցը և այդ կենդանի նմանությունն ինձ ցնցեց։ Այդ կանայք, որոնք ընդունակ էին ամենավեհ զգացմունքների և ամենագողտրիկ մտերմությունների, այժմ լայնաբաց բերաններով ճղճղում էին։ Նրանք ուզում էին ապրել, բայց անօգնական էին, ինչպես թակարդ ընկած առնետներ, և ճղավում էին։
Այդ տեսարանից սարսափահար՝ ուղղվեցի դեպի տախտակամածը և, ինձ վատ զգալով, նետվեցի մի նստարանի վրա։ Ես աղոտ կերպով տեսնում էի վազվզող մարդկանց, լսում նրանց գոռգոռոցը, երբ նրանք մակույկներ էին ծով իջեցնում։ Այդ ամենը հար ու նման էր այն նկարագրություններին, որ ես կարդացել էի գրքերում։ Ամբարձիչ թոկասարքերը խռնված էին։ Ամեն ինչ անկանոն էր գործում։ Մեկ էլ ծով իջեցրին կանանցով և երեխաներով լի մի մակույկ, որի խցանները չէին ագուցված։ Նա իսկույն լցվեց ջրով և շրջվեց։ Մի այլ մակույկ իջեցրին միայն մեկ ծայրից, իսկ մյուս ծայրը կախ մնաց ամբարձիչ թոկից, և հենց այդ դիրքում էլ թողեցին նրբան։ Աղետը պատճառող շոգենավը չէր երևում, թեև շուրջս խռնվածներից ոմանք ասում էին, թե այնտեղից անպայման նավակներ կուղարկվեն օգնության։
Իջա ներքևի տախտակամածը։ «Մարտինեզը» արագորեն ընկղմվում էր և ջուրն արդեն հասել էր նավեզրին։ Ճամփորդներից շատերը ծով էին նետվում։ Ուրիշները, որոնք արդեն ծովում էին, գոռալով պաղատում էին, որ իրենց դարձյալ նավ բարձրացնեն, բայց նրանց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում։ Հանկարծ միահամուռ աղաղակ բարձրացավ, թե ընկղմվում ենք։ Ընդհանուր խուճապից վարակվելով, ես էլ ուրիշների հետ ծով նետվեցի։ Թե ինչ ձևով նետվեցի, այդ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ դրանից հետո իսկույն հասկացա, թե ինչո՞ւ ջրում գտնվողները ուզում էին նորից նավ բարձրանալ։ Ջուրը սառն էր, անտանելի սառը։ Սուզվելիս ես զգացի կրակի այրոցի նման սուր ցավ, որը մինչև ողնածուծս թափանցեց։ Թվաց, թե մահն ինձ սեղմում է իր ճիրանների մեջ։ Վախից ու ցնցումից ակամա շնչեցի և նախքան փրկագոտին ինձ մակերես կհաներ, թոքերս լցվեցին ջրով։ Կոկորդիս ու թոքերիս մեջ լցված աղի ու դառնահամ ջուրը խեղդում էր ինձ։
Բայց ամենից տանջալին ցուրտն էր։ Ինձ թվաց, թե հազիվ մի քանի րոպե կապրեմ։ Շուրջս մարդիկ մաքառում ու թպրտում էին ջրի մեջ և իրար կանչում։ Ես լսեցի նաև թիակների աղմուկ։ Ակնհայտորեն, մյուս շոգենավը մակույկներ էր իջեցրել։ Անցավ մի որոշ ժամանակ, և ես զարմանքով անդրադարձա, որ տակավին կենդանի եմ։ Բայց ոտքերս արդեն զգայազուրկ էին դարձել և սիրտս պատել էր սառեցնող մի թմրություն, որը գնալով ավելի էր սաստկանում։ Փոքր ալիքների փրփրացող գագաթները փշրվում էին վրաս, լցվում բերանիս մեջ և ջրախեղդ անում ինձ։
Իմ շուրջը ձայներն սկսել էին անորոշ դառնալ, երբ մի վերջին, հուսահատական, միահամուռ աղաղակ լսվեց հեռվից և ես հասկացա, որ «Մարտինեզը» ընկղմվեց։ Դրանից հետո, չգիտեմ որքան ժամանակ հետո, հանկարծ սարսափով անդրադարձա, որ բոլորովին մենակ եմ։ Ոչ մի աղմուկ, ոչ մի կանչ. միայն ալիքների ձայնը, որը մշուշի պատճառով ինչ-որ մոգական հնչեղություն ու խորություն էր ստացել։ Խուճապը, որը առաջանում է բազմության մեջ, մի տեսակ ընդհանուր շահագրգռվածություն է ստեղծում և այդ պատճառով էլ այնքան ահավոր չէ, որքան այն, որին մարդ մատնվում է, երբ մենակ է։ Ահա այդպիսի խուճապի մատնվեցի։ Ո՞ւր էին ինձ տանում ալիքները։ Կարմրադեմ մարդն ասել էր, որ մակընթացությունը Ոսկե Դարբասի միջով հեռանում է։ Արդյո՞ք քշվում էի դեպի բաց ծովը։ Փրկագոտին, որի շնորհիվ ծփում էի, կարող էր որևէ ժամանակ քայքայվել։ Լսել էի, որ դրանք պատրաստվում են թղթից և եղեգնափայտից, որոնք թրջվելուց հետո շուտով կորցնում են լողալու հատկությունը։ Ես բնավ չգիտեի լողալ։ Եվ ահա մեն-մենակ ծփում էի գորշ անեզրության մեջ։ Խոստովանում եմ, որ այդ պահին ինչ-որ խելագարություն եկավ վրաս և ես սկսեցի շոգենավի կանանց պես բարձրաձայն ճչալ և թմրած ձեռքերով ջուրը ծեծել։
Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ տևեց այդ դրությունը, որովհետև մտքիս մեջ տիրում էր մի տեսակ դատարկություն, որի րնթացքում պատահածները հիշում եմ միայն այն չափով, ինչ չափով մարդ կարող է հիշել խռովահույզ ու տաժանելի քնի ժամանակ պատահած բաները։ Երբ ուշքի եկա, կարծես դարեր էին անցել։ Հանկարծ իմ գլխավերևում տեսա մշուշից դուրս ցցված մի նավացռուկ և օդով ուռած երեք եռանկյուն առագաստ, մեկը մյուսի վերևում։ Ջուրը ճեղքելիս ցռուկը, փրփուր ու պղպջակ բարձրացնելով, առաջանում էր ուղիղ դեպի ինձ։ Փորձեցի ձայն տալ, բայց այլևս վրաս ուժ չէր մնացել։ Ցռուկը ալիքի մեջ խրվեց և քիչ էր մնում ինձ խփեր. նրա արձակած ջրի ցայտունքն անցավ գլխիս վրայով։ Այնուհետև իմ կողքով սահեց նավի սև, երկար կողը, որն այնքան մոտիկ էր, որ նույնիսկ կարող էի ձեռքովս դիպչել։ Ես խելագարի հաստատամտությամբ որոշեցի նրան հասնել և եղունգներով կառչել փայտից, սակայն, ձեռքերս թուլացել ու ընդարմացել էին։ Նորից փորձեցի գոռալ, բայց կոկորդս ոչ մի ձայն չարտաբերեց։ Նավի խելամասն արդեն անհետանում էր ալիքների խոր գոգավորության մեջ, երբ հանկարծ նշմարեցի երկու մարդկանց, որոնցից մեկը կանգնած էր ղեկանիվի առաջ, իսկ մյուսը հանգիստ սիգար էր ծխում։ Սիգարի ծուխը դուրս փչելով, նա գլուխը դանդաղ շուռ տվեց դեպի ջուրը և նայեց իմ ուղղությամբ։ Այդ հայացքը անտարբեր ու չնախամտածված այն շարժումներից էր, որը մարդ երբեմն կատարում է, երբ առանձնապես որևէ անելիք չունի և կատարում է սոսկ նրա համար, որ շարժվելու պահանջ է զգում։
Բայց այդ հայացքից կախված էր իմ կյանքը կամ մահը։ Նավը արագորեն անհետանում էր մշուշի մեջ։ Ես տեսա ղեկորի թիկունքը և մյուս մարդու գլուխը, որը դանդաղ շրջվում էր։ Նրա հայացքը սահեց ջրի երեսին և պատահաբար ուղղվեց իմ կողմը։ Նրա դեմքը զուրկ էր որևէ արտահայտությունից, ինչպես այդ լինում է, երբ մարդ թաղված է խոր մտքերի մեջ։ Ես վախենում էի, որ եթե նույնիսկ նրա հայացքր վրաս ընկնի, նա կարող է ինձ չտեսնել։ Եվ ահա, նրա հայացքը վրաս ընկավ և նրա աչքերը շեշտակի իմ աչքերի մեջ նայեցին։ Նա ինձ տեսավ, քանի որ խոյացավ դեպի ղեկանիվը, ղեկորդին մեկ կողմ հրեց և սկսեց արագ-արագ պտտեցնել ղեկանիվը, միաժամանակ ինչ-որ հրամաններ արձակելով։ Նավն իր ընթացքից շեղվեց և մշուշի մեջ սլանալով՝ շուտով անհետացավ։
Ես զգացի, որ ուշքս գնում է և կամքիս ամբողջ ուժով ջանացի մաքառել գիտակցությունս պաշարող հեղձուցիչ դատարկության ու խավարի դեմ։ Մի քիչ անց լսեցի թիակների աղմուկ, որը հետզհետե մոտենում էր, և ապա՝ ինչ-որ մարդու ձայն։ Երբ մակույկը բոլորովին մոտեցավ, մարդը բարկությամբ գոչեց.
― Գրո՛ղը տանի... Ինչո՞ւ ծպտուն չես հանում։
«Այդ ինձ է վերաբերում», մտածեցի և նույն պահին դատարկությունն ու խավարը պատեցին գիտակցությունս։
Գլուխ երկրորդ
Ինձ թվաց, թե լայնարձակ ճոճումներով օրորվում եմ տիեզերական տարածության մեջ։ Առկայծող, լուսավոր կետեր էին անցնում իմ կողքով։ Ես գիտակցում էի, որ դրանք աստղեր և շողշողուն գիսավորներ են, որ ուղեկցում են արևների շուրջը կատարած իմ թռիչքին։ Երբ հասա ճոճման վերջին ծայրը, որտեղից պետք է դառնայի դեպի ետ, ինչ-որ հսկա մի գունդ սկսեց որոտաձայն զնգալ։ Հանգիստ ծփալով դարերի գրկում, ես երկար ըմբոշխնեցի իմ տիտանական թռիչքը։
Բայց հետզհետե փոփոխվեց իմ երազը, որովհետև արդեն հասկանում էի, որ դա երազ էր։ Տատանումների լայնությունը գնալով ավելի փոքրացավ։ Այժմ զգում էի, որ ինձ մեկ կողմից մյուսն են նետում զայրացուցիչ արագությամբ։ Երկնային տարածության մեջ իմ թռիչքներն այնքան արագ էին, որ հազիվ կարողանում էի շնչել։ Գոնգը ավելի հաճախ և ավելի մոլեգին էր որոտում։ Ես նրա յուրաքանչյուր հարվածին սպասում էի անասելի սարսափով։ Այնուհետև թվաց, թե ինձ քարշ են տալիս կոշտ, արևից շիկացած ավազի վրա։ Դրան հաջորդեց մի անտանելի տանջանքի զգացում։ Մաշկս կարծես խանձվում էր կրակի վրա։ Գոնգն այժմ հնչում էր մահազանգի նման։ Առկայծող փայլուն կետերը անվերջանալի հոսանքով սլանում էին իմ մոտով, ասես աստղային ամբողջ համակարգությունը դատարկության մեջ էր թափվում։ Ես, հևասպառ ու շնչակտուր, աչքերս բացեցի։ Երկու մարդ, ծունկի եկած, ջանում էին ինձ ուշքի բերել։ Լայն ճոճումները, ուրեմն, նավի տատանումներն էին ալիքների վրա, սարսաւիազդու գոնգը՝ պատից կախված թավան էր, որը զրնգում ու զնգզնգում էր նավի յուրաքանչյուր ցնցումից, իսկ այրող կոշտ ավազը՝ մերկ կուրծքս շփող մարդու կոշտ ձեռքերն էին։ Ցավից տնքացի և կիսով չափ բարձրացրի գլուխս։ Կուրծքս քերծվել ու կարմրել էր։ Ես նկատեցի, որ բզկտված ու բորբոքված մաշկիս վրա արյան գնդիկներ են գոյացել։
― Հերի՛ք է, Յոնսոն,— ասաց մյուս մարդը,― չե՞ս տեսնում, որ ջենթլմենի ողջ մաշկը կլպեցիր։
Նա, որ կոչվում էր Յոնսոն, սկանդինավյան տիպի հուժկու մի մարդ, դադարեց շփելուց և ոտքի կանգնեց անճոռնի ձևով։ Մյուսը, առոգանությունից դատելով, պետք է անկասկած կոկնի լիներ։ Կանոնավոր գծերով, քաղցր-մեղցր, համարյա կանացի դեմքը այն տպավորությունն էր թողնում, որ մոր կաթի հետ նա ներծծել է լոնդոնյան եկեղեցիների զանգակների ղողանջները։ Գլուխը ծածկող քաթանե կեղտոտ թասակը և բարակ ազդրերից կախված կոպիտ գոգնոցը վկայում էին, որ նա խոհարար է չափազանց աղտոտ մի ցռկանավում, որտեղ գտնվում էի նաև ես։
— Իսկ հիմա ինչպե՞ս եք զգում ձեզ, սըր,— հարցրեց նա ստորաքարշ կեղծ ժպիտով, որն, ըստ երևույթին, ժառանգել էր դրամական նվեր ակնկալելու սովոր նախահայրերից։
Փոխանակ պատասխանելու, տնքալով մի կերպ բարձրացա տեղիցս և Յոնսոնի օգնությամբ ոտքի կանգնեցի։ Թավայի զրնգոցը սարսափելի ազդում էր ջղերիս վրա։ Ես դեռ չէի կարողանում մտքերս հավաքել։ Հենվելով միջնորմին, որն այն աստիճան յուղոտ ու կեղտոտ էր, որ ատամներս ակամա սեղմեցի, ես հասա այդ անտանելի թավային, որը կախված էր օջախասալի վերևում, վերցրի և շպրտեցի ածուխի արկղի մեջ։
Խոհարարը քմծիծաղով ժպտաց իմ ջղայնության այդօրինակ դրսևորման վրա և ձեռքիս մեջ խցկեց մի գավաթ, որից շոգի էր բարձրանում.
— Խմեցեք,— ասաց նա,— սա կօգնի։
Դա նավի սուրճն էր, նողկալի մի հեղուկ, որի տաքությունը, այնուհանդերձ, կազդուրեց ինձ։ Սուրճը խմելիս ես մի հայացք նետեցի իմ բորբոքված, արյունոտ կրծքին, ապա դիմեցի սկանդինավցուն.
— Շնորհակալ եմ, միստր Յոնսոն,— ասացի ես։— Բայց չե՞ք կարծում, որ մարմնիս վրա չափից ավելի հերոսական միջոցառումներ եք գործադրել։
Նա իմ կշտամբանքը կռահեց ոչ այնքան իմ խոսքերիցք որքան կրծքիս ուղղած իմ հայացքից, և պատասխանի վախարեն ցույց տվեց իր ձեռքի ափը, որը լի էր կոշտուկներով։ Ես շոշափեցի նրա ափի խարտոցանման կոշտուկները և այդ հպումից առաջացած սարսափելի զգացողությունից ատամներս մի անգամ ևս ակամա սեղմվեցին։
— Եմ անունը Ջոնսոն է, ոչ թե Յոնսոն,― ասաց նա դանդաղ, բայց շատ ճիշտ անգլերենով, ուր հազիվ նկատելի էր օտար առոգանության որևէ երանգ։
Նրա բաց-կապույտ աչքերում կար մեղմ բողոքի, բայց դրա հետ մեկտեղ ինչ-որ ամոթխած անկեղծության ու քաջության արտահայտություն, որն իմ մեջ խոր համակրանք առաջացրեց այդ մարդու նկատմամբ։
— Շնորհակալ եմ, միստր Ջոնսոն,— ասացի ես, ուղղելով իմ սխալը և ձեռքս մեկնեցի նրան։
Նա վարանեց, ամաչկոտ ու անշնորհք շարժումով նախ մեկ, հետո մյուս ոտքի վրա հենեց մարմինը և ապա շփոթված, ձեռքս բռնելով, սրտանց սեղմեց։
— Որևէ չոր զգեստ ունե՞ք, որ փոխվեմ,— հարցրի խոհարարին։
— Այո, սըր,— ասաց նա զվարթ փութկոտությամբ,— եթե դեմ չեք, սըր, որ իմ հագուստները հագնեք, ես հիմա կգնամ ներքև և իրեղենների տոպրակս աչքի կանցկացնեմ։
Նա դռնից դուրս խոյացավ, ավելի շուտ սահեց այնպիսի արագությամբ ու ճկունությամբ, որ հատուկ է ոչ այնքան կատվի, որքան սողունի։ Սողալու այս հատկությունը, ինչպես հետո պիտի իմանայի, հավանաբար, նրա բնավորության ամենացայտուն արտահայտությունն էր։
— Իսկ որտե՞ղ եմ ես գտնվում,— հարցրի Ջոնսոնին, որը, ենթադրում էի (և չեմ սխալվել), թե նավաստիներից մեկն է։— Ի՞նչ նավ է սա և ո՞ւր է գնում։
— Ֆարալոնյան կղղիների մոտերքն ենք և գնում ենք դեպի հարավ-արևմուտք,— ասաց նա դանդաղ ու կանոնավոր, կարծես ջանալով անսխալ խոսել անգլերեն և պատասխանել ըստ իմ հարցերի հաջորդականության։— Սա երկկայմանավ է, կոչվում է «Ուրվական» և գնում է դեպի Ճապոնիայի ափերը՝ ծովակատուներ որսալու։
— Իսկ ո՞վ է նավապետը։ Ես պետք է նրան տեսնեմ, հենց որ հագնվեմ։
Ջոնսոնի դեմքին գծագրվեց շփոթության արտահայտություն։ Նա մի պահ վարանեց, ապա իր բառապաշարից մի լրիվ նախադասություն կազմելով, ասաց․
— Նավապետը Գայլ Լարսենն է, այդպես են անվանում նրան բոլորը։ Ես բնավ չեմ լսել նրա իսկական անունը։ Բայց լավ կանեք, որ նրա հետ մեղմ խոսեք։ Նա այսօր կատաղած է։ Նրա օգնականը․․․
Նա չվերջացրեց․ հխոհարարը ներս էր սողոսկել։
― Դե, չքվի՛ր այստեղից, Յոնսոն,— ասաց նա։— Գուցե ծերուկը քո կարիքը զգա տախտակամածի վրա, այսօր նրան ջղայնացնելու օր չէ։
Ջոնսոնը, հնազանդվելով, ուղղվեց դեպի դուռը և միաժամանակ խոհարարի ուսի վրայից նշանակալից կերպով ու արտակարգ հանդիսավորությամբ ինձ աչքով արեց, կարծես ընդգծելու համար իր կիսատ մնացած դիտողության իմաստն ու նավապետի հետ մեղմ խոսելու անհրաժեշտությունը։
Խոհարարի թևից կախված էին ճմրթած, կեղտոտ, տգեղ հագուստներ, որոնցից թթու հոտ էր գալիս։
— Սրանք դեռ թաց էին, սըր, երբ հավաքեցի,— նա հարկ համարեց ինձ բացատրել,— այնպես որ պետք է յոլա գնաք, մինչև ձեր հագուստները կրակի մոտ չորացնեմ։
Միջնորմին կառչելով, նավի ցնցումներից տատանվելով, խոհարարի օգնությամբ վերջապես հագա բրդյա կոպիտ ներքնաշապիկը, որի կոշտ շփումից մաշկս ակամա փշաքաղվեց։ Նա նկատեց իմ դեմքի ծամածռությունը և քմծիծաղ տվեց։
— Ինձ թվում է, որ դուք սովոր չեք այսպիսի բաների, որովհետև ձեր մաշկը կնոջ մաշկի պես փափուկ է։ Ես առաջին հայացքից բոլորովին համոզվեցի, որ դուք ջենթլմեն եք։
Առաջին րոպեից իսկ ես նրա հանդեպ հակակրություն էի զգացել, իսկ երբ նա ինձ օգնում էր հագնվել, այդ հակակրանքն ավելի սաստկացավ։ Նրա հպումի մեջ ինչ-որ վանող բան կար։ Ես խորշում էի նրա ձեռքից, և մարմինս կարծես ընդվզում էր, երբ նա դիպչում էր ինձ։ Այս տհաճ զգացումը և մյուս կողմից՝ սալօջախի վրա եռացող ու քլթքլթացող կաթսաներից բարձրացող հոտը ինձ մղում էին դուրս, դեպի մաքուր օդ։ Բացի դրանից, անհրաժեշտ էր նավապետին տեսնել ու խոսել հետը ինձ ցամաք հանելու մասին։
Խոհարարն ինձ հագցրեց բամբակե էժանագին մի շապիկ, որի օձիքը մաշված էր, իսկ կրծքի վրա կային նշաններ, որոնք, ըստ երևույթին, արյան բծեր էին։ Օգնելով հանդերձ, նա ինձ վրա տեղում էր չքմեղանքների և բացատրությունների մի անվերջ տարափ։ Ես հագա գործավորի մաշիկներ և կապույտ, գունաթափ մի տաբատ, որի ոտքերից մեկը առնվազն տասը մատնաչափ կարճ էր մյուսից։ Գուցե հենց սատանան էր ճանկռել տաբատի այդ ոտքը, որպեսզի դրա միջով խոհարարի հոգին դուրս քաշի, սակայն հոգի չգտնելով, պոկել էր պատյանը։
— Բայց ես դեռ չգիտեմ, ո՞ւմ պետք է շնորհակալություն հայտնել այս սիրալիրության համար,— հարցրեցի ես, երբ լրիվ զգեստավորվեցի։ Մի փոքր գդակ զարդարում էր գլուխս, հագել էի կեղտոտ, գծավոր, բամբակե մի բաճկոն , որը մինչև գոտկատեղս էր հասնում և որի թևերը հազիվ էին իջնում արմունկից մի քիչ ներքև։
Խոհարարը, քծնող ժպիտը դեմքին, խոնարհաբար մեջքն ուղղեց։ Ատլանտյան օվկիանոսի վրա կատարած իմ ճանապարհորդություններից կուտակել եմ բավական փորձ և լավ եմ ճանաչում դեմքի այն արտահայտությունը, որ ունենում են նավի սպասավորները ճանապարհորդության վերջում։ Ուստի կարող էի երդվել, որ նա սպասում էր վարձատրության։ Բայց հիմա, երբ նրան ավելի մոտիկից եմ ճանաչում, բոլորովին համոզված եմ, որ նա այդ դիրքը ընդունել էր անգիտակցաբար։ Դա, անկասկած, ժառանգական ստրկամտության արդյունք էր։
— Մագրիջ, սը՛ր,— ասաց նա քծնող արտահայտությամբ, և նրա կանացի դեմքին դծադրվեց հեզահամբույր մի ժպիտ։— Թոմաս Մագրիջ, սըր, ձեզ ծառայելու միշտ պատրաստ։
— Շատ բարի, Թոմաս,— ասացի ես,— երբ չորանա իմ հագուստը, ես քեզ չեմ մոռանա...
Նրա դեմքը պայծառացավ և աչքերը փայլեցին. ասես հոգու խորքում նախահայրերը խլրտացին հնօրյա վարձատրությունների աղոտ հիշատակներով։
— Շնորհակալ եմ, սը՛ր,— ասաց նա շատ խոնարհ ու հաճոյակատար արտահայտությամբ։
Ես ուղղվեցի դեպի դուռը։ Խոհարարը մի կողմ քաշվեց ճանապարհ տալու համար, և ես դուրս եկա տախտակամած։ Ջրի մեջ երկար մնալուց հետո ես ինձ դեռ թույլ էի զգում։ Հենց այդ պահին փչեց քամու մի ուժեղ հոսանք և ես, տատանվող տախտակամածի վրա երերալով, ի վերջո, հասա նավասենյակի անկյունը, որին կռթնեցի ինձ պահելու համար։ Երկկայմանավը խիստ թեքված՝ մեկ սուզվում էր օվկիանոսի լայն ալիքների խորքը, մեկ բարձրանում նրանց գագաթը։ Եթե նավը գնում էր դեպի հարավ-արևմուտք, ինչպես ասել էր Ջոնսոնը, ապա, իմ հաշվով՝ քամին փչում էր մոտավորապես հարավից։ Մշուշն արդեն անհետացել էր և նրա փոխարեն արևը փայլփլում էր ջրի երեսին։ Ես նայեցի արևելյան կողմը, որտեղ պետք է գտնվեր Կալիֆորնիան, բայց ոչինչ չկարողացա տեսնել, բացի ցած փռված մշուշի շերտից, այն մշուշի, որն առաջացրեց «Մարտինեզի» աղետը և ինձ գցեց ներկա անբաղձալի դրության մեջ։ Հյուսիսում, մեզանից ոչ շատ հեռու, ջրից դուրս էին ցցվել մերկ ժայռեր, որոնցից մեկի վրա մի փարոս տեսա։ Հարավ-արևմտյան կողմում, գրեթե մեր ուղղության վրա, ես նշմարեցի ինչ-որ նավի բրգաձև առագաստների ուրվագծերը։
Հորիզոնի ուսումնասիրությունն ավարտելուց հետո ուշադրությունս դարձրի դեպի իմ անմիջական շրջապատը։ Եվ առաջին մտածումս այն եղավ, որ մահից մազապուրծ փրկված որևէ նավաբեկյալ պետք է արժանանար ավելի ուշադրության, քան ես արժանացա։ Բացի ղեկանիվի մոտ կանգնած նավաստուց, որը ձեղնախցիկի վրայով հետաքրքրությամբ նայում էր ինձ, ոչ ոք ուշադրություն չդարձրեց ինձ վրա։
Բոլորը, ըստ երևույթին, զբաղված էին տախտակամածի մեջտեղում տեղի ունեցող իրադարձությամբ։ Այնտեղ, ամբարածածկի երկայնքին, մեջքի վրա պառկած էր մի հաղթանդամ մարդ։ Նրա լայնաբաց շապկի տակից երևում էր խիտ, սև մազերով ծածկված կուրծքը, որը հիշեցնում էր այծի կամ շան բրդոտ մարմինը։ Դեմքն ու վիզը ամբողջովին ծածկված էին սև մորուքով, որի մեջ կային հատուկենտ սպիտակ մազեր, և որը թավ ու ցցուն պետք է լիներ, եթե թաց չլիներ։ Աչքերը փակ էին. ըստ երևույթին, նա ուշագնաց էր։ Կիսաբաց բերանից լսվում էր աղմկալի շնչառություն, իսկ կուրծքը հևում էր, ասես շնչահեղձությունից։ Նավաստիներից մեկը պարանով կապված անջրանցիկ կտորից դույլը մերթ ընդ մերթ գցում էր ծովը և, սովորական պարտականություն կատարելու տեսքով, վեր քաշում ու պարունակությունը թափում էր գիտակցությունը կորցրած մարդու վրա։
Ամբարածածկի մոտ, զայրույթից սիգարի ծայրը կատաղորեն խածոտելով, անցուդարձ էր անում այն մարդը, որի պատահական հայացքն ինձ փրկել էր մահից։ Նրա հասակը հինգ ոտնաչափ և տասը կամ գուցե տասուկես մատնաչափ կլիներ, բայց ինձ վրա տպավորություն գործեց ոչ թե նրա հասակը, այլ, առաջին հերթին՝ նրա ուժը։ Թեև նա հաղթանդամ էր, լայն կրծքով և ուսերով, այնուամենայնիվ, ես նրան ծանրամարմին չէի համարի։ Նրա մեջ ինչ-որ ջղուտ, առաձգական ուժ կար, որը հատուկ է նիհար ու ջլապինդ մարդկանց, և որն այս ամրակազմ մարդուն տալիս էր հսկա գորիլլայի նմանություն։ Նա ոչ թե արտաքուստ նման էր գորիլլայի. իմ խոսքը վերաբերում է նրա ուժին, անկախ նրա արտաքին տեսքից։ Դա այնպիսի ուժ էր, որ մենք սովոր ենք վերագրել սկզբնական էակներին՝ վայրի անասուններին ու մեր նախահայրերին, որոնք, ըստ մեր երևակայության, ապրում էին ծառերի վրա։ Այդ վայրի, կատաղի ու կենսունակ ուժը կյանքի բուն էությունն է հենց նրա համար, որ իր մեջ պարունակում է շարժման կարողությունը և այն սկզբնանյութը, որից կերտվել են բազմատեսակ կենդանի արարածները։ Կարճ ասած, դա այն ուժն է, որը դալարում է գլխատված օձի մարմինը կամ այն կենդանությունը, որ դեռ շարունակվում է սպանված կրիայի մեջ և ցնցում ու դողացնում է նրա տձև մսագունդը։
Ահա այսպիսին էր այն տպավորությունը, որ ինձ վրա թողեց տախտակամածի վրա երթևեկող մարդը։ Ամուր դնելով ոտքերը, նա քայլում էր հաստատ ու վստահ։ Նրա մկանների յուրաքանչյուր շարժումը, ուսերի ցնցումից մինչև շրթների պրկումը սիգարի շուրջը, վճռական էր և կարծես բխում էր արտակարգ ու գերիշխող ուժից։ Բայց այդ արտաքին ուժը, որն արտահայտվում էր ամեն մի շարժումի մեջ, կարծես արտացոլումն էր ինչ-որ ավելի մեծ ուժի, որը թաքնված էր ներսում, քնած վիճակի մեջ, բայց որը կարող էր որևէ ժամանակ զարթնել առյուծի կատաղության կամ մրրիկի պոռթկումի պես սարսափելի ու տիրական։
Խոհարարը գլուխը դուրս հանեց խոհանոցի դռնից և խրախուսական ձևով ժպտաց ինձ, միաժամանակ բթամատը շարժելով դեպի այն մարդը, որը քայլում էր ամբարածածկի շուրջը։ Այսպիսով ես հասկացա, որ նա է նավապետը, կամ, խոհարարի արտահայտությամբ ասած, «ծերուկը», որի հետ պետք է խոսեի և խնդրեի, որ ինձ մի կերպ ցամաք հանի։ Ես առաջ շարժվեցի, համոզված լինելով, որ բուռն վեճ պետք է ծագի իմ և նավապետի միջև։ Բայց հենց նույն րոպեին մի ուժեղ նոպա ցնցեց դժբախտ մարդուն, որը պառկած էր հատակին։ Նա սկսեց ջղաձգորեն գալարվել։ Մեջքի մկանները ձգվեցին, թաց մորուքով կզակը ցցվեց ավելի վեր, իսկ կուրծքը բնազդական ճիգով ուռեց ավելի օդ շնչելու համար։ Ես թեև չէի տեսնում նրա մաշկը, բայց կռահում էի, որ այն սկսել էր ծիրանագույն դառնալ։
Նավապետը կամ Գայլ Լարսենը, ինչպես նրան կոչում էին նավաստիները, դադարեց քայլել և սկսեց դիտել մահամերձ մարդուն։ Կենաց և մահու վերջին պայքարն այնքան կատաղի էր, որ ջուր բերող նավաստին կանգ առավ և աչքերը չռած հետաքրքրությամբ նայեց մահամերձին, իսկ ձեռքի դույլը թեքվեց և ջուրն սկսեց թափվել հատակին։ Մահամերձը կրունկները թափահարեց, ոտքերը վերջին գերագույն ճիգով պրկեց և սկսեց գլուխը աջ ու ձախ օրորել։ Ապա դեմքի մկանները թուլացան, գլուխն անշարժացավ և ասես խոր թեթևացման մի հառաչ դուրս թռավ շրթներից։ Երբ կզակը կախվեց ու վերևի շուրթը բարձրացավ, երևաց ծխախոտից դեղնած ատամների երկու շարքը, և դիմագծերը քարացան դիվային ժպիտի մեջ։ Այդ պահին ինձ թվաց, թե նա ծագրում էր այն աշխարհը, որին խաբել ու հեռացել էր։
Հետո կատարվեց մի զարմանալի բան։ Նավապետը հանկարծ ահեղ փոթորկի նման պոռթկաց մեռածի վրա։ Հիշոցների ամբողջ մի հեղեղ թափվեց նրա բերանից։ Դրանք միայն հասարակ հայհոյանքներ կամ անվայել արտահայտություններ չէին։ Յուրաքանչյուր բառը մի սրբապղծություն էր, և այդ բառերը բազմատեսակ էին։ Նրանք ճարճատում ու շառաչում էին էլեկտրական կայծերի պես։ Ես երբեք կյանքումս այդպիսի խոսքեր չէի լսել, ոչ էլ կարող էի պատկերացնել այդպիսի բան։ Բայց քանի որ առհասարակ հետաքրքրվում եմ արտահայտչական ինքնատիպ ձևերով և հյութալի դարձվածքներով, պետք է խոստովանեմ, որ բոլորից ավելի ես գնահատեցի գործածվող փոխաբերությունների արտակարգ պատկերավորությունն ու կենսունակությունը, նրանց բացարձակ սրբապղծությունը։ Որքան որ հասկացա, այդ պոռթկումի պատճառը հետևյալն էր. հանգուցյալը, որը նավապետի օգնականն էր, Սան-Ֆրանցիսկոյից ճանապարհվելուց առաջ չափից ավելի էր կոնծել ու նավագնացության հենց սկզբին աննրբանկատություն էր ունեցել մեռնելու, այդպիսով, Գայլ Լարսենին թողնելով առանց օգնականի։
Ավելորդ է հիշեցնել, գոնե իմ բարեկամներին, որ ես ներքուստ խորապես վիրավորվեցի։ Հիշոցներն ու լուտանքները ինձ միշտ նողկանք են պատճառել։ Մարմինս մի տեսակ թուլացավ, սիրտս մղկտաց, գլուխս պտտվեց։ Ինձ համար մահը միշտ ունեցել է վեհ հանդիսավորություն, որովհետև միշտ ժամանել է խաղաղ, մեծաշուք սրբությամբ։ Մահվան այլանդակ և սոսկալի կողմը մինչև օրս ինձ դեռևս անհայտ էր։ Գայլ Լարսենի բերանից ժայթքող սարսափելի արտահայտությունների պատկերավորությունը գնահատելով հանդերձ, ես ցնցվեցի անբացատրելի ուժով։ Այդ խոսքերի այրող շունչը բավական էր թառամեցնելու մեռածի դեմքը, և ես պիտի չզարմանայի, եթե նրա թաց մորուքը հանկարծ գանգրանալով ու բոցավառվելով, ծուխ արձակեր։ Սակայն մեռածը անվրդով էր։ Նա շարունակում էր ժպտալ հեգնական արտահայտությամբ, որի մեջ կար անպատկառ ծաղրանք ու մարտահրավեր։ Այդ պահին գերիշխողը նա էր։
Գլուխ երրորդ
Գայլ Լարսենը այնքան անակնկալ դադարեցրեց իր հիշոցները, որքան անակնկալ սկսել էր։ Նա նորից վառեց սիգարը և շուրջը նայեց։ Նրա հայացքն ընկավ խոհարարի վրա։
— Այդ դո՞ւ ես, խոհարար,— ասաց նա մի յուրօրինակ քաղցրությամբ, որի մեջ զգացվում էր պողպատի սառնություն ու կարծրություն։
— Այո, սը՛ր,–— պատասխանեց խոհարարը հաճոյակատար ու աղերսական ստորաքարշությամբ։
— Ինձ թվում է, թե վիզդ չափից ավելի ես դուրս երկարել։ Այդ վնասակար է, գիտե՞ս։ Օգնականս մեռավ, և չեմ ուզում հիմա քեզ էլ կորցնել։ Դու պետք է շա՜տ զգույշ լինես առողջությանդ նկատմամբ, խոհարա՛ր։ Հասկանալի՞ է։
Վերջին խոսքը, ուժգնորեն հակադրվելով նախորդ խոսքերի քաղցրությանը, հնչեց ինչպես մտրակի շաչյուն, որի ներքո սարսռաց խոհարարը։
— Այո, սը՛ր,— ասաց նա խղճուկ ձայնով և նրա դուրս երկարած գլուխն իսկույն անհետացավ խոհանոցում։
Այս շշպռումից հետո, որը բաժին էր ընկել միայն խոհարարին, նավակազմի մնացյալ անդամները լծվեցին իրենց պարտականություններին։ Սակայն մի քանի մարդ, որոնք, ըստ երևույթին, նավազներ չէին, ցածրաձայն զրուցելով շարունակեցին ման գալ նավասանդուղքի շուրջը, որը գտնվում էր ամբարածածկի և խոհանոցի միջև։ Ես հետո իմացա, որ նրանք որսորդներ են, ծովակատվի որսորդներ, որոնք վայելում են շատ ավելի առանձնաշնորհյալ դիրք, քան հասարակ նավաստիները։
— Յոհանսե՛ն,— գոչեց Գայլ Լարսենը, և նավաստիներից մեկը հլու հնազանդությամբ նրան մոտեցավ։— Գնա՛, ասեղն ու հրիչը բեր և այս դատարկապորտին կարիր։ Մի առագաստ էլ ճարիր մառանից։ Դե, շարժվի՛ր։
— Իսկ ոտքերին ի՞նչ կապեմ, սըր,― հարցրեց նավաստին, սովորական «այո՛, սըը»-ից հետո։
― Մի բաս կմտածենք,— պատասխանեց Գայլ Լարսենը և, ձայնը բարձրացնելով, կանչեց խոհարարին։
Թոմաս Մագրիջը խոհանոցից հանկարծ դուրս նետվեց, ինչպես խաղալիքե զսպանակավոր սատանան դուրս է ցցվում իր տուփից։
― Իջի՛ր ամբար և մի պարկ քարածուխ բեր։
— Ձեզանից որևէ մեկը աստվածաշունչ կամ աղոթագիրք ունի՞,— հարցրեց նավապետը, այս անգամ դիմելով որսորդներին, որոնք ման էին գալիս նավասանդուղքի շուրջը։
Նրանք գլուխները բացասաբար շարժեցին և նրանցից մեկը կատակով ասաց ինչ-որ բան, որը չլսեցի, բայց որն ընդհանուր ծիծաղ առաջացրեց։
Գայլ Լարսենը նույն հարցը նավաստիներին տվեց։ Աստվածաշունչն ու աղոթագիրքը, ըստ երևույթին, հազվագյուտ առարկաներ էին այս նավի վրա։ Նավաստիներից մեկը գնաց ներքև՝ պահնորդներին հարցնելու և մի քանի րոպեից վերադառնալով, հայտնեց, որ նրանք էլ չունեն։
Նավապետը ուսերը թոթվեց։
— Այդ դեպքում նրան ջուրը կգցենք առանց շաղակրատության։ Բայց եկեղեցականի տեսքով մեր նավաբեկյալը գուցե անգիր իմանա ծովային թաղման աղոթքը։
Այս խոսքերն ասելիս Գայլ Լարսենը հանկարծ շրջվեց դեպի ինձ։
— Դուք քահանա եք, այո՞,— հարցրեց նա։
Որսորդները, նրանք թվով վեցն էին, միանգամից շուռ եկան և նայեցին ինձ։ Ես, ցավոք, գիտակցում էի, որ ագռավի տեսք ունեի։ Ի տես իմ կերպարանքին բարձրացավ մի այնպիսի հռհռոց, որ հատակին փռված ժպտացող դիակի ներկայությունն անգամ չօգնեց մեղմելու։ Այդ հռհռոցը փոթորկոտ ու անզուսպ էր, ինչպես ծովը, և բխում էր բիրտ զգացումներից ու բթացած զգայությունից, որ հատուկ են միայն անկիրթ ու անտաշ բնավորություններին։
Գայլ Լարսենը չծիծաղեց, թեև նրա մոխրագույն աչքերը գոհունակությամբ փայլեցին։ Նա մոտեցավ ինձ, և միայն այդ ժամանակ ես առաջին անգամ նշմարեցի բուն մարդը՝ անկախ արտաքինից և հիշոցների հեղեղից։ Շեշտված գծերով, լայն, քառակուսի և լեցուն դեմքը առաջին հայացքից խոշոր է թվում։ Բայց ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի խոշորության տպավորությանը շուտով չքանում է և դրա վախարեն քո մեջ հաստատվում է այն համոզմունքը, որ այդ մարդու էության խորքում թաքնված է հոգևոր ու իմացական ահեղ ու վիթխարի մի ուժ։ Ծնոտը, կզակը և աչքերի վերևում ցցված ճակատը արտակարգ ուժի տպավորություն էին թողնում և միաժամանակ վկայում անտեսանելի հոգու անհուն քաշության ու կորովի մասին։ Ուղղակի անհնար է այդպիսի հոգու խորքը չափել, սահմանները որոշել և որևէ ճանաչված վերնագրի տակ բնութագրել։
Աչքերը, ինձ վիճակվեց դրանք լավ ճանաչել, խոշոր էին, գեղեցիկ, իրարից հեռու, արվեստագետի աչքերի պես։ Նրանք ստվերապատված էին կամարաձև, թավ ու սև հոնքերի ու լայն ճակատի տակ։ Այդ աչքերի գույնը այնքան փոփոխական էր, որ անընդհատ տարբեր երանգներ էր ընդունում, ինչպես փողփողուն մետաքսը՝ արևի տակ։ Նրանք մերթ բաց մոխրագույն էին, մերթ մուգ, մերթ կանաչավուն, մերթ էլ խորունկ ծովի պես ջինջ կապուտակ։ Այդ աչքերը հազար ու մի դիմակներով սքողում էին հոգին և միայն հազվադեպ առիթներով նրան թույլ էին տալիս իր ամբողջ մերկությամբ դուրս խոյանալու դեպի հրաշալի մի արկածախնդրություն։ Այդ աչքերը կարող էին կապարագույն երկնքի մռայլությունն ստանալ, կարող էին հրացայտ կայծեր արձակել, նման շաչող թրի փայլատակումներին, կարող էին բևեռային սառնությամբ նայել և կամ մեղմանալով ջերմանալ, բռնկվել սիրո բոցով, կարող էին հզոր, առնական, գրավիչ ու հրամայող դառնալ և հրապուրել ու իշխել կանանց, մինչև որ նրանք հանձնվեին հաճույքով, հրճվանքով, ինքնամոռաց հափշտակությամբ։
Բայց վերադառնանք մեր պատմությանը։ Ես նավապետին պատասխանեցի, որ հոգևորական չեմ և, դժբախտաբար, չեմ կարող թաղման արարողություն կատարել։ Նա կտրուկ հարցրեց․
— Իսկ ինչպե՞ս եք ձեր ապրուստը հայթայթում։
Պետք է խոստովանեմ, որ այդպիսի հարց դեռ ոչ ոք ինձ չէր տվել և ես ինքս էլ դրան երբեք չեմ անդրադարձել։ Մի պահ շփոթվեցի և նախքան ուշքի գալս անմտորեն թոթովեցի․
— Ես․․․ ես ջենթլմեն եմ։
Նրա շրթունքն ստացավ արհամարհական արտահայտություն։
— Ես աշխատել եմ և աշխատում եմ,— գոչեցի աշխույժով, կարծես նա իմ դատավորը լիներ կամ ես կարիք ունենայի ինքնապաշտպանության, և հենց նույն պահին գիտակցեցի, որ իմ կողմից կատարյալ տխմարություն էր այդ առթիվ անգամ բացատրություն տալը։
— Աշխատում եք ձեր ապրուստի՞ համար։
Նա այս հարցը տվեց այնպիսի հրամայական և տիրական ձևով, որ ես բոլորովին շվարեցի և, ինչպես պիտի ասեր Ֆարասեթը, «բթացա» այն աշակերտի նման, որը դողդողում է խստաբարո ուսուցչի առջև։
— Ո՞վ է ձեզ կերակրում,— եղավ նրա հաջորդ հարցումը։
— Ես եկամտատեր եմ,— պատասխանեցի արժանավորությամբ և հենց նույն վայրկյանին պատրաստ էի լեզուս կծել իմ պատասխանի համար։— Սակայն այս ամենը, թույլ տվեք ասելու, ոչ մի առնչություն չունի այն հարցի հետ, որի համար եկել եմ ձեզ տեսնելու։
Բայց նա անտեսեց իմ բողոքը։
— Ո՞վ է ապահովել այդ եկամուտը, հը՞... Այդպես էլ ենթադրում էի՝ ձեր հայրը։ Դուք կանգնում եք նրա ոտքերի վրա։ Դուք երբեք չեք ունեցել ձեր սեփական ոտքերը և չեք կարող նույնիսկ մեկ օր ինքնուրույն քայլելով ձեր փորը երեք անգամ կշտացնել։ Ցո՛ւյց տվեք ձեր ձեռքը։
Ամեհի ուժը, որ քնած էր նրա մեջ, կարծես սկսել էր արթնանալ։ Նախքան որևէ բան հասկանալս, նա երկու քայլ առաջ եկավ և աջ ձեռքս ամուր բռնելով վեր բարձրացրեց ցուցադրելու համար։ Ես փորձեցի ազատվել, բայց նրա մատները առանց ճիգի այնպես սեղմեցին ձեռքս, որ ինձ թվաց, թե այն ճմլվում է։ Նման դրության մեջ դժվար է արժանավորությունը պահպանելը։ Ես չէի կարող աշակերտի նման գալարվել ու քացի տալ, ոչ էլ հարձակվել այնպիսի մի գազանի վրա, որը կարող էր սոսկ մեկ շարժումով ձեռքս կոտրել։ Մնում էր միայն անշարժ կանգնել և կուլ տալ անարգանքը։
Ես ժամանակ ունեցա նկատելու, որ հանգուցյալի գրպանները դատարկվել էին ու նրանց պարունակությունբ զետեղվել էր տախտակամածի վրա, իսկ դիակը, հեգնական ժպիտը դեմքին, փաթաթվել էր առագաստի մեջ, որի ծալքերը նավաստի Յոհանսենը իրար էր կարում հաստ, սպիտակ թելով. նա ասեղը մղում էր ափի մեջ պահած ինչ-որ կաշվի կտորով։
Գայլ Լարսենը արհամարհական շարժումով բաց թողեց ձեռքս։
— Ձեռքեր, որոնք փափուկ են մնացել մեռած հոր աշխատանքի շնորհիվ։ Նրանք ոչ մի բանի պետք չեն գա, բացի աման լվանալուց և ճաշ եփելուց։
— Ես ցանկանում եմ ցամաք դուրս գալ,— պատասխանեցի վճռական տոնով, որովհետև ինքնավստահությունս վերջապես վերականգնվել էր։— Ես ձեզ կվճարեմ, ինչքան որ հարկավոր է ձեր քաշելիք նեղության և ճանապարհորդության ուշացման համար։
Նա հետաքրքրությամբ նայեց ինձ, և աչքերը փայլեցին ծաղրանքով։
— Ես ունեմ ուրիշ առաջարկություն, որը ձեր օգտին է։ Իմ օգնականը մեռել է և ես պաշտոնների փոփոխումներ պետք է անեմ նավի անձնակազմի մեջ։ Նավաստիներից մեկը փոխարինելու է օգնականիս, սպասյակը նավաստու տեղն է գրավելու, դուք էլ կգրավեք սպասյակի տեղը։ Պայմանագիր ստորագրեցեք այս նավագնացության համար։ Ամիսը քսան դոլլար և ուտելիք։ Հը՞, ի՞նչ կասեք։ Եվ նկատի ունեցեք, որ դա ձեր հոգու փրկության համար է։ Դուք որպես մարդ կվերածնվեք, ժամանակի ընթացքում կսովորեք ձեր սեփական ոտքերի վրա կանգնել, և նույնիսկ՝ մի քիչ էլ քայլել։
Ես ուշադրություն չդարձրի նրա խոսքերին։ Հարավ-արևմտյան կողմում նկատածս նավի առագաստները ավելի մեծ ու որոշակի էին դարձել։ Դա «Ուրվականի» տիպի մի երկկայմանավ էր, բայց համեմատաբար ավելի փոքր էր երևում։ Նավը ոստոստելով ու թռչկոտելով՝ մի գեղեցիկ տեսարան էր ներկայացնում։ Նա գալիս էր դեպի մեզ և, ըստ երևույթին, մեր մոտով էր անցնելու։ Քամին շուտով ուժեղացավ, իսկ արևը մի քանի աղոտ ճառագայթ արձակելուց հետո անհետացավ։ Ծովը անփայլ կապարի գույն ստանալով, սկսեց ալեկոծվել և սպիտակ փրփուրներ ժայթքել դեպի երկինք։ Մեր նավը թեքվեց կողքի վրա և ընթացքն արագացրեց։ Քամու սաստկությունից նրա թեքված կողը պառկեց ջրի երեսին, այդ կողմի տախտակամածը մի պահ ծածկվեց ջրով, և ամբարածածկի վրա նստող որսորդները հարկադրվեցին ոտքներն շտապ վեր քաշել։
— Այդ նավը,— ասացի ես մի փոքր դադարից հետո,― շուտով անցնելու է մեր մոտով։ Քանի որ նա գնում է հակառակ ուղղությամբ, ամենայն հավանականությամբ գնում է Սան-Ֆրանցիսկո։
— Շատ հավանական է,— պատասխանեց Գայլ Լարսենը և շուռ գալով դոչեց․— Խոհարար, հե՜յ, խոհարար։
Թոմաս Մագրիջը խոհանոցից դուրս սլացավ։
— Որտե՞ղ է այդ տղան։ Ասա՛, որ իրեն կանչում եմ։
— Շատ լավ, սըր։— Եվ Մագրիջը նետվեց դեպի նավախելը ու չքացավ ղեկանիվի մոտ գտնվող սանդուղքի անցքից։ Հազիվ մի վայրկյան անց, նա դուրս եկավ։ Նրան կրնկակոխ հետևում էր ամրակազմ, մռայլ ու խոժոռադեմ մի երիտասարդ, որը մոտ տասնութ-տասնինը տարեկան կլիներ։
— Ահա նա, սը՛ր,— ասաց խոհարարը։
Սակայն Գայլ Լարսենը, նրան անտեսելով, ուղղակի դիմեց սպասյակին։
— Ինչպե՞ս է անունդ։
— Ջորջ Լիչ, սը՛ր,— եղավ նոթոտ պատասխանը։ Տղայի վերաբերմունքից պարզ երևում էր, որ նա գուշակել էր, թե ինչու էր կանչվել։
— Դա իռլանդական անուն չէ,— ասաց նավապետը խիստ և կտրուկ,— Օ'Թուլը կամ Մակ-Կարթին ավելի կսազեին մռութիդ։ Շատ հավանական է, որ քո մոր մառանում թաքնված է եղել ինչ-որ իռլանդացի...
Ես նկատեցի, որ այս նախատինքի վրա պատանու բռունցքը սեղմվեց, և արյունը խուժեց դեմքը։
— Բայց թողնենք այդ,—շարունակեց Գայլ Լարսենը։— Դու կարող ես հիմնավոր պատճառներ ունենալ ազգանունդ փոխելու։ Ինձ համար միևնույն է, միայն թե գործդ լավ կատարես։ Դու, անկասկած, Թելեգրաֆ Հիլլի կողմերից ես։ Այդ երևում է հենց քո մռութից։ Այդ կողմերից եկողներդ կոպիտ եք և կրկնակի գարշելի։ Ես ճանաչում եմ բոլորիդ։ Բայց քեզ համար ավելի լավ կլինի, որ բնավորությունդ փոխես, քանի դեռ աշխատում ես այս նավի վրա։ Պա՞րզ է։ Ի միջի այլոց, ո՞վ է քեզ հանձնարարել։
— Մակ-Կրիկի և Սվենսոն գործակալությունը։
— Սը՛ր․․․— որոտաց Գայլ Լարսենը։
— Մակ-Կրիկի և Սվենսոն գործակալությունը, սը՛ր,— ուղղեց պատանին, որի աչքերը զայրույթից փայլատակում էին։
— Ո՞վ ստացավ կանխավճարը։
— Նրանք, սը՛ր։
— Այդպես էլ կարծում էի։ Քեզ շատ ձեռնտու էր, որ նրանք ստանային։ Երևի ժամանակին գլխի ընկար, որ ինչ-որ մարդիկ քեզ որոնում են․․․
Մեկ ակնթարթում տղան կերպարանափոխվեց ու վայրագ տեսք ստացավ։ Նա կռանալով կծկվեց, կարծես նետվելու համար, և դեմքն ստացավ կատաղած գազանի արտահայտություն։ Նա մռնչաց․
— Դա մի․․․
— Մի ի՞նչ...– հարցրեց Գայլ Լարսենը, որի ձայնի մեջ տարօրինակ մեղմություն կար, կարծես նրան չափազանց հետաքրքիր էր իմանալ չարտասանված բառը։
Պատանին մի պահ վարանեց և ապա իրեն զսպելով՝ ասաց․
— Ոչ մի բան, սը՛ր։ Խոսքս ետ եմ վերցնում։
— Եվ դրանով ապացուցում ես, որ ես ճիշտ եմ ասել,— նկատեց նավապետը բավարարված ժպիտով։— Քանի՞ տարեկան ես։
— Նոր տասնվեցս մտա, սը՛ր։
— Սուտ ես ասում։ Դու տասնութը անց կլինես, թեև այդ հասակի համար էլ խոշորակազմ ես և ձիու մկաններ ունես։ Հավաքի՛ր իրերդ, գնա առաջամաս և տեղավորվիր նավաստիների խցում։ Սրանից հետո կդառնաս թիավար։ Քեզ առաջ եմ քաշում, տե՛ս։
Առանց սպասելու տղայի պատասխանին, նավապետը դարձավ այն նավաստուն, որը հենց նոր վերջացրել էր դիակը առագաստի մեջ կարելու տխուր պարտականությունը։
— Յոհանսե՛ն, որևէ բան գիտե՞ս նավագնացության մասին։
— Ո՛չ, սըր։
— Դե լավ, միևնույն է, սրանից հետո կլինես օգնականս։ Իրերդ փոխադրիր օգնականի խուցը։
— Ա՛յ, ա՛յ, սըր,— պատասխանեց Յոհանսենը ուրախությամբ և ուղղվեց դեպի նավի առաջամասը։
Մինչ այդ, նախկին սպասյակը դեռ տեղից չէր շարժվել։
— Ի՞նչ ես սպասում,— հարցրեց Գայլ Լարսենը։
— Իմ ստորագրած պայմանագիրը նավակ թիավարելու համար չէր, սը՛ր,— պատասխանեց տղան։— Ես ստորագրել եմ սպասյակի պաշտոնի համար։ Եվ ես չեմ ուզում թիավարել։
— Հավաքի՛ր իրերդ և գնա՛ առաջամաս։
Այս անգամ Գայլ Լարսենի հրամանը հնչեց ահեղ ու տիրական։ Տղան խոժոռությամբ նայեց նրան, բայց տեղից չշարժվեց։
Գայլ Լարսենը դարձյալ դրսևորեց իր ահավոր ուժը։ Բանը տեղի ունեցավ բոլորովին անակնկալ կերպով և այնպիսի արագությամբ, որ սկսվելն ու վերջանալը մեկ եղավ։ Մեկ ոստյունով նա կտրեց վեց ոտնաչափ հեռավորությունը և բռունցքի մի հարված հասցրեց երիտասարդի փորին։ Այդ պահին ինձ թվաց, թե ես եմ հարվածն ստացողը, և մի սուր ցավ զգացի փորիս մեջ։ Այս պարագան հիշատակում եմ, ցույց տալու համար, թե այդ շրջանում որքան զգայուն էին ջղերս, և ես որքան անսովոր էի վայրագ տեսարանների։ Սպասյակը, որի քաշը կլիներ առնվազն հարյուր վաթսունհինգ ֆունտ, ինքն իր վրա ծալվեց։ Նրա թուլացած մարմինը կախվեց Լարսենի բռունցքի շուրջը, ինչպես ձեռնափայտի գլխից կախված թաց լաթի կտոր։ Այնուհետև ես տեսա, թե ինչպես նրա մարմինը բարձրացավ և օդում մի կամար գծելով, ընկավ տախտակամածի վրա, գլուխը և ուսերը խփելով հատակին։ Դիակի կողքին փռվելով, նա սկսեց գալարվել ցավից։
— Ապա՞,— հարցրեց ինձ Լարսենը,— որոշեցի՞ք, թե չէ։
Ես նայեցի մոտեցող երկկայմանավին, որն այժմ գրեթե հավասարվել էր մեզ և գտնվում էր մոտ երկու հարյուր յարդ հեռավորության վրա։ Դա նուրբ ու վայելչագեղ մի նավ էր։ Նրա առագաստներից մեկի վրա երևում էր մի խոշոր, սև թվանշան, և, որովհետև ես տեսել էի նավերի նկարներ, ի սկույն գլխի ընկա, որ դա ղեկորդանավ է։
— Ի՞նչ նավ է դա,— հարցրի ես։
— «Լեյդի Մայն» ղեկորդանավն է,— պատասխանեց Լարսենը խոժոռ արտահայտությամբ։— Տարել էր ղեկորդներին և հիմա վերադառնում է Սան-Ֆրանցիսկո։ Այս հողմով հինգ կամ վեց ժամից հետո տեղ կհասնի։
— Ուրեմն բարի եղեք նրանց ազդանշան տալ, որ ինձ տանեն ցամաք։
— Ցավոք՝ ազդանշանների գիրքը կորցրել եմ,— պատասխանեց նա, և որսորդները ժպտացին։
Շեշտակի նայելով նրա աչքերի մեջ, ես մի պահ մտածեցի։ Հենց նոր տեսել էի նրա սարսափելի վարմունքը սպասյակի հետ և գիտեի, որ նա ինձ հետ էլ նույն ձևով կամ նույնիսկ ավելի վատ կարող է վարվել։ Եվ ահա, մի պահ վարանելուց հետո ես կատարեցի մի բան, որը համարում եմ իմ կյանքի ամենախիզախ արարքը։ Ես վազեցի դեպի նավեզր և ձեռքերս շարժելով, գոչեցի․
― Հե՜յ, «Լեյդի Մա՜յն», ինձ տարեք ցամաք։ Ձեզ հազար դոլլար, եթե ինձ ցամաք հանեք։
Ես սպասեցի, դիտելով այն երկու մարդկանց, որոնք կանգնած էին մյուս նավի ղեկանիվի մոտ։ Նրանցից մեկը վարում էր ղեկանիվը, իսկ մյուսը ձայնափողը մոտեցնում էր շրթներին։ Ես գլուխս ետ չդարձրի, չնայած որ ամեն վայրկյան կարող էի մի մահացու հարված ստանալ թիկունքումս կանգնած մարդ-գազանից։ Վերջապես, մի ամբողջ դար թվացող ժամանակամիջոցից հետո, այլևս չդիմացա և շուռ գալով շուրջս նայեցի։ Լարսենը տեղից չէր շարժվել։ Նա կանգնած էր նույն դիրքում և նավի ցնցումներից թեթևակի տատանվելով, մի նոր սիգար էր վառում։
— Ի՞նչ կա, բա՞ն է պատահել,— հարցրին « Լեյդի Մայնից»։
— Այո՛, այո՚,— բղավեցի թոքերիս ամբողջ ուժով։— Կենաց և մահու հարց է։ Հազար դոլլար, եթե ինձ ցամաք հանեք։
— Տղաները չափից ավելի են կոնծել Ֆրիսկոյում,— գոչեց Գայլ Լարսենը,— իսկ սա,— ավելացրեց նա, բթամատով ցույց տալով ինձ,— այս րոպեիս երևակայում է կապիկներ ու ծովի օձեր։
«Լեյդի Մայնից» խոսող մարդը ձայնափողի միջով ծիծաղեց և ղեկորդանավը անցավ մեր կողքով։
— Գրողի ծոցն ուղարկեցեք նրան,— լսվեց վերջին անգամ ձայնափողի միջով, և երկու մարդիկ ձեռքով հրաժեշտ տվին մեզ։
Ես հուսահատությամբ կռացա բազրիքի վրա և տեսա, թե ինչպիսի արագությամբ է լայնանում սառը ջրի շերտը, որը մեզ բաժանում է նրբագեղ, փոքր երկկայմանավից։ Հինգ կամ վեց ժամից նա հասնելու է Սան-Ֆրանցիսկո․․․ Ինձ թվաց, թե գլուխս պիտի տրաքվի։ Սիրտս ուժգին տրոփում էր և կոկորդս խեղդվում էր ինչ-որ բանից։ Փրփրուն մի ալիք, նավի կողին զարնվելով, աղի ջրափոշի ցայտեցրեց դեմքիս։ Քամին սկսեց թափով փչել և «Ուրվականի» կողը քամու հակառակ ուղղությամբ թեքվելով, խորացավ ջրի մեջ։ Ես լսում էի տախտակամածի վրա խուժող ալիքների աղմուկը։
Քիչ հետո, շուռ գալով, տեսա պատանի սպասյակին, որը դժվարությամբ ջանում էր ոտքի կանգնել։ Նրա դեմքը մեռելի նման գունատ էր և ցավից այլանդակված։ Նա հիվանդ էր երևում։
— Հետո՞, Լիչ, գնո՞ւմ ես առաջամաս,— հարցրեց Գայլ Լարսենը։
— Այո, սը՛ր,— պատասխանեց երկյուղից ընկճված պատանին։
— Իսկ դո՞ւ,— հարցրեց նա ինձ։
— Ես ձեզ կվճարեմ հազար...— սկսեցի ես, բայց նա ինձ ընդհատեց։
— Վերջ տուր․․․ համաձա՞յն ես սպասյակի պաշտոն կատարել, թե՞ ուզում ես, որ քեզ էլ մի լավ տրորեմ...
Ի՞նչ կարող էի անել։ Անասունի նման ծեծ ուտելը կամ սպանվելը ոչնչով չէր կարող ինձ օգնել։ Ես շեշտակի նայեցի նրա անողորմ, մոխրագույն աչքերին։ այդ գրանիտյա աչքերի մեջ բացակայում էին մարդկային հոգու լույսն ու ջերմությունը։ Ուրիշների աչքերում կարելի է տեսնել հոգու շարժումները, բայց սրա աչքերը սառը և մոխրագույն էին, ինչպես ծովը։
— Համաձա՞յն ես։
— Այո՛,— պատասխանեցի։
— Ասա՝ այո, սը՛ր։
— Այո, սը՛ր,— ուղղեցի ես։
— Ինչպե՞ս է ազգանունդ։
— Վան-Վեյդեն, սըր։
— Իսկ անո՞ւնդ։
— Հեմֆրի, սըր, Հեմֆրի Վան-Վեյդեն։
— Տարի՞քդ։
— Երեսունհինգ, սը՛ր։
— Բավական է։ Հիմա գնա խոհարարի մոտ և սովորիր պարտականություններդ։
Եվ այսպիսով, հակառակ իմ կամքին, ես Գայլ Լարսենի ստրուկը դարձա լոկ այն պատճառով, որ նա ինձանից ուժեղ էր։ Այն Ժամանակ այս ամենը ինձ թվում էր երազի նման։ Այժմ, երբ վերհիշում եմ, դարձյալ երազի նման է թվում, և միշտ էլ ինձ պիտի թվա անհավատալի ու հրեշային, ինչպես ահավոր մի մղձավանջ։
— Սպասի՛ր, դեռ մի՛ գնա։
Ես, որ քայլում էի դեպի խոհանոց, հլու-հնազանդ կանգ առա։
— Յոհանսե՛ն, բոլորին այստեղ կանչիր։ Հիմա, երբ ամեն ինչ կարգին է, կարող ենք թաղումը կատարել ու տախտակամածն ազատել այդ ավելորդ բեռից։
Մինչ Յոհանսենը ներքևից կանչում էր հերթապահներին, երկու նավաստի նավապետի կարգադրությամբ առագաստի մեջ կարված դիակը զետեղեցին ամբարածածկի վրա։ Նավի երկու եզրին ամրացված էին մակույկներ, հատակները դեպի վեր դարձած։ Մի քանի նավաստի բարձրացրին ամբարածածկը ահազդու բեռան հետ, փոխադրեցին նավի թեքված կողմը և զետեղեցին մակույկների վրա՝ դիակի ոտքերը դեպի դուրս։ Ոտքերին կապել էին քարածուխի տոպրակը, որը բերել էր խոհարարը։
Ես միշտ պատկերացրել էի, որ նավի վրա թաղման ծիսակատարությունը չափազանց հանդիսավոր ու երկյուղալի մի արարողություն է, սակայն այս հուղարկավորությունը ինձ միանգամից հիասթափեցրեց։ Որսորդներից մեկը՝ փոքրակազմ և սևաչյա մի մարդ, որին մյուսները Սմոք էին անվանում, պատմում էր անեկդոտներ, դրանք համեմելով հիշոցներով ու լկտի արտահայտություններով։ Ունկնդրող որսորդները ամեն րոպե բարձրաձայն հռհռում էին, և այդ հնչում էր ինչպես գայլերի խմբական ոռնոց կամ ինչ-որ դժոխային շների հաչոց։ Նավաստիները կոշիկները թխկթխկացնելով հավաքվում էին նավախելում, իսկ հերթապահներից մի քանիսը, քնատությունից աչքերը շփելով, ցածրաձայն խոսում էին իրար հետ։ Նրանց դեմքերին անհանգիստ ու չարագույժ արտահայտություն կար։ Ակնհայտ էր, որ նրանց դուր չէր գալիս այսպիսի նավապետի հրամանի տակ ծառայելու և այնքան ձախորդ սկսված ճանապարհորդություն կատարելու հեռանկարը։ Նրանք մերթ ընդ մերթ գաղտնի նայում էին Գայլ Լարսենին, և ես նկատում էի, որ վախենում էին այդ մարդուց։
Նավապետը մոտեցավ դիակին, և բոլորը գդակները հանեցին։ Ես աչքով հետևում էի բոլորին։ Տախտակամածի վրա քսան մարդ կար, ղեկորդին ու ինձ էլ հաշված՝ քսաներկու։ Իմ հետաքրքրասիրությունը ներելի էր, քանի որ, ըստ երեվույթին, ինձ վիճակված էր այդ մարդկանց հետ այս ծփացող փոքրիկ աշխարհում փակված մնալ շաբաթներ, գուցե և ամիսներ։ Նավաստիները մեծ մասամբ անգլիացիներ ու սկանդինավցիներ էին և ունեին ծանր, բթամիտ դեմքեր։ Իսկ որսորդների դեմքերը, որոնք ավելի կորովի էին ու ավելի այլազան, ծածկված էին խոր ակոսներով և կրում էին սանձարձակ կրքերի դրոշմը։ Ես զարմանքով նկատեցի, որ Գայլ Լարսենի դեմքը սրանց պես չար կամ նենգավոր չէր։ Ճիշտ է, նրա դեմքի վրա էլ ակոսներ կային, բայց այդ ակոսներն արտահայտում էին վճռականություն և հաստատակամություն։ Լարսենի դեմքը թվում էր անկեղծ ու սրտաբաց, հատկապես նրա համար, որ սափրված էր ու ողորկ։ Ես հազիվ կարող էի հավատալ (մինչև պատահեց հաջորդ միջադեպը), որ այդպիսի դեմք ունեցող մարդը ընդունակ է վարվելու այնպես, ինչպես նա վարվեց սպասյակի հետ։
Հազիվ էր նա բերանը բացել, երբ քամին հանկարծ սաստկացավ, և նավը ուժեղ թեքվեց մի կողի վրա։ Քամին կարծես մի կատաղի երգ էր սուլում թոկասարքի միջով։ Որսորդներից ոմանք, անհանգստացած, երկինք նայեցին։ Նավի այն կողմը, ուր գտնվում էր դիակը, թաղված էր ջրի մեջ, և երբ նավը նորից շտկվեց, ջուրը ողողեց տախտակամածը և մինչև կոճերը թրջեց մեր ոտքերը։ Շուտով սկսվեց մի տեղատարափ անձրև, որի կաթիլները կարկուտի պես ծանր էին։ Երբ անձրևը դադարեց, Գայլ Լարսենը սկսեց խոսել։ Գլխաբաց նավաստիները նավի շարժումներից խմբովին տատանվում էին իրենց ոտքերի վրա։
— Ես հիշում եմ ծիսակատարության միայն մի մասը,— ասաց նա,— որը հետևյալն է․ «Եվ մարմինը պետք է գցել ծովը»։ Ուստի գցեցե՛ք նրան ծովը։
Նա լռեց։ Նավաստիները բռնեցին նավամբարի կափարիչը, որի վրա դրված էր դիակը։ Նրանք շվարած տեսք ունեին. նրանց, անկասկած, շփոթեցրել էր արարողության կարճատևությունը։ Լարսենը կատաղությամբ գոռաց.
— Գրողը տանի, այս ծայրից բարձրացրեք, ի՞նչ է պատահել ձեզ։
Նրանք խղճալի շտապողականությամբ բարձրացրին կափարիչի ծայրը, և դիակը, ասես մի շուն լիներ, ոտնիվայր ծովն ընկավ։ Ոտքերին ամրացված քարածուխի տոպրակը նրան ցած քաշեց և իսկույն անհետացրեց ջրի մեջ։
— Յոհանսե՛ն,— կտրուկ շեշտով կանչեց Գայլ Լարսենը իր նոր օգնականին,— նավաստիներին տախտակամածի վրա պահիր, քանի դեռ նրանք այստեղ են։ Հավաքե՛լ առագաստները, դե՛հ, շո՛ւտ։ Հարավ-արևելյան քամին ուր որ է կսկսի։ Փաթաթեցեք նաև միջնակայմի առագաստը։
Եվ ահա, տախտակամածի վրա սկսվեց մի եռուզեռ։ Յոհանսենը արձակում էր հրամաններ, և նավազները քաշում կամ թուլացնում էին ամեն տեսակ պարանները, իսկ այդ ամենը, բնականաբար, անհասկանալի էր ինձ նման ցամաքաբնակ մարդու համար։ Բայց ամենից ավելի ինձ զարմացնում էր այդ մարդկանց անզգայությունը։ Նրանց համար մեռել թաղելը մի հասարակ միջադեպ էր, որ վերջացավ ու մոռացվեց այն րոպեից, երբ առագաստի մեջ կարված և ոտքերին քարածուխի տոպրակ ամրացրած դիակը ծովը գցեցին։ Այնուհետև նավը շարունակեց իր ճանապարհը, և ընդհատված աշխատանքը նորից աշխուժացավ։ Ոչ ոք չէր ազդվել։ Որսորդները, Սմոքի մի նոր անեկդոտն ունկնդրելով, քրքջում էին, նավաստիները քաշում ու ձգում էին պարանները, նրանցից երկուսը մագլցում էին կայմը, Գայլ Լարսենը զննում էր ամպամած երկինքը, մինչդեռ մեռելը, որն անշուք հեռացել էր կյանքից ու թաղվել այնքան զազրելի ձևով, դեռ շարունակում էր սուզվել, սուզվել...
Հենց այդ պահին հանկարծ միտքս հեղեղեցին ծովի տարերայնության ահավոր դաժանությունն ու անողորմությունը, և կյանքն ինձ թվաց կեղծ ու էժանագին, անասնական ու անձև մի բան, ինչ-որ անմիտ թպրտոց կեղտոտ տիղմի մեջ։ Ես հենվեցի նավաբազրիքին և փրփրացող ալիքների վրայով հայացքս ուղղեցի դեպի հեռավոր մշուշը, որը ծածկում էր Սան-Ֆրանցիսկոն և Կալիֆորնիայի ծովափը։ Հորդառատ անձրևի պատճառով հազիվ էի կարողանում տեսնել ծովափնյա մշուշը։ Իսկ այս տարօրինակ նավը, իր սարսափելի անձնակազմով, քամուց և ալիքներից մղված՝ ոստոստելով հեռանում էր դեպի հարավ-արևմուտք, դեպի ամայի ու անծայրածիր Խաղաղ օվկիանոսը։
Գլուխ չորրորդ
Նոր շրջապատիս հարմարվելու համար թափած բոլոր ջանքերս միայն նվաստացում և վիշտ պատճառեցին ինձ «Ուրվականի» վրա։ Մագրիջը, որին նավաստիները կոչում էին «Բժիշկ», որսորդները՝ «Թոմմի», իսկ Գայլ Լարսենը՝ «Խոհարար», իսկույն փոխվեց և բոլորովին ուրիշ մարդ դարձավ։
Իմ դրության փոփոխումը համապատասխան փոփոխություն առաջացրեց նրա վերաբերմունքի մեջ՝ դեպի ինձ։ Նա, որ առաջ ստորաքարշ ու քծնող էր, հանկարծ դարձավ իշխող և կռվարար։ Նրա աչքում ես այլևս «լեյդի»-ի փափուկ ձեռքերով նրբագեղ ջենթլմենը չէի, այլ հասարակ ու անարժեք մի սպասյակ։
Նա սկսեց անհեթեթ համառությամբ պահանջել, որ ես իրեն կոչեմ «միստր Մագրիջ», իսկ իմ պարտականություններն ինձ բացատրելիս նրա վարվելակերպը ուղղակի անհանդուրժելի էր։ Բացի ընդհանուր նավասենյակում և հարակից չորս խցերում սպասարկելուց, ես պարտավոր էի նաև նրան օգնել խոհանոցում։ Կարտոֆիլ մաքրելու կամ ճարպոտ կաթսաներ լվալու գործում իմ անգիտությունը նրա համար դարձել էր անվերջ զարմանքի և քմծիծաղի աղբյուր։ Նա չէր ուզում նկատի ունենալ նախկին դիրքս կամ, ավելի շուտ՝ այն կյանքն ու զբաղմունքը, որոնց ես սովոր էի։ Սա սոսկ մի մասն էր այն վերաբերմունքի, որ նա որդեգրեց իմ նկատմամբ, և պետք է խոստովանեմ՝ առաջին օրը դեռ չվերջացած, ես նրան ատում էի ավելի սաստիկ, քան երբևէ ատել եմ որևէ մեկին իմ ողջ կյանքում։
Առաջին օրն ինձ համար ավելի ծանր եղավ հենց նրա համար, որ «Ուրվականը» նավարկում էր հավաքված առագաստներով (այսպիսի արտահայտությունները միայն հետագայում ես սովորեցի) և սլանում էր հարավ-արևելյան քամիների կամ, ինչպես միստր Մագրիջը անվանում էր, «ոռնացողների» միջով։ Ժամը հինգն անց կեսին նրա կարգադրությամբ փռեցի նավասենյակի սեղանը, որի վրա տեղավորեցի փոթորկոտ եղանակի հատուկ ափսեներ, ապա խոհանոցից բերի թեյը և ուտելիքը։ Այս առթիվ պետք է պատմեմ ալեկոծ ծովի հետ իմ ունեցած առաջին ծանոթության մասին։
― Զգո՜ւյշ, թե չէ ջուրը կընկնես,— եղավ միստր Մագրիջի պատվերը, երբ ես խոհանոցից դուրս եկա՝ մեկ ձեռքումս մի խոշոր թեյաման և մյուս թևիս տակ մի քանի բոքոն նոր թխած հաց։ Որսորդներից մեկը՝ բարձրահասակ և անշնորհք տեսքով մի մարդ, որին Հենդերսոն էին կոչում, այդ րոպեին «երրորդ կարգից» (որսորդները կատակի համար այդպես էին անվանում իրենց ընդհանուր խուցը) գնում էր դեպի նավասենյակ։ Գայլ Լարսենը նավախելի հարթակի վրա ծխում էր իր հավիտենական սիգարը։
— Ահա գալի՜ս է, ճանկդ գցիր որևէ բանի,— գոչեց խոհարարը։
Ես կանգ առա, որովհետև չէի իմանում, թե ինչն էր գալիս, և նկատեցի, որ խոհանոցի դուռը չխկոցով փակվեց իմ հետևից։ Հենդերսոնը գժի նման նետվեց կայմապարանի վրա և արագ մագլցելով, իմ գլխից մի քանի ոտնաչափ վեր բարձրացավ։ Նույն պահին տեսա փրփրացող վիթխարի մի ալիք, որը կանգնել էր նավեզրից շատ բարձր, ուղղակի իմ վերև։ Ուղեղս արագ չէր աշխատում, որովհետև այստեղ ամեն ինչ ինձ համար նոր էր ու տարօրինակ։ Ես զգացի, որ վտանգի մեջ եմ, բայց միայն այդքան։ Սարսափից մնացել էի տեղումս գամված։ Այդ րոպեին Գայլ Լարսենը հարթակի վրայից ինձ ձայն տվեց.
— Որևէ տեղից կառչի՛ր, հե՜յ, Հե՛մփ։
Բայց արդեն ուշ էր։ Ես նետվեցի դեպի կայմապարանը՝ նրանից կառչելու համար, բայց նույն վայրկյանին վրաս փլվեց ջրեղեն պարիսպը։ Այն, ինչ պատահեց դրանից հետո, միանգամայն խառնաշփոթ էր։ Ջրի տակ թաղված՝ շնչասպառ խեղդվում էի։ Ես ընկել էի հատակին ու մարմինս անընդհատ թավալվում ու քշվում էր դեսուդեն։ Մի քանի անգամ ընդհարվեցի կարծր իրերի և աջ ծունկս սարսափելի մի հարված ստացավ։ Ի վերջո ալիքը նահանջեց և ես սկսեցի նորից թարմ օդ շնչել։ Հեղեղը ինձ խփել էր խոհանոցի միջնորմին, քշել էր միջնահարկի սանդուղքի մոտ և տարել տախտակամածի մեկ ծայրից մինչև մյուսը։ Ծնկիս ցավը անտանելի էր. չէի կարող աջ ոտքի վրա կանգնել, գոնե ինձ այդպես էր թվում։ Ես համոզված էի, որ ոտքս ջարդվել է։ Նույն պահին խոհարարը սկսեց գոռգոռալ խոհանոցի դռնից․
― Հե՜յ, լսի՛ր, դու դեռ շա՞տ ես տնտնալու այդտեղ։ Ո՞ւր է թեյամանը։ Ծովը գցեցիր, հա՞։ Ա՛յ, դրա համար դու արժանի ես, որ դատարկ գլուխդ ջարդվեր։
Ես մի կերպ ոտքի կանգնեցի։ Խոշոր թեյամանը դեռ ձեռքումս էր։ Կաղալով հասա խոհանոց և թեյամանը երկարեցի նրան։ Բայց նա զայրույթից հևում էր կամ այդպես էր ձևացնում։
— Դու իսկապես կախականջի մեկն ես։ Վերջ ի վերջո դու ինչի՞ ես պետք, ասա՛, ուզում եմ իմանալ, ինչի՞ ես պետք։ Նույնիսկ չես կարող մի թեյաման տանել առանց թափելու։ Հիմա ստիպված եմ նորից ջուր եռացնել։
— Իսկ ինչո՞ւ ես նվնվում,— նա կրկին պոռթկաց նոր կատաղությամբ,— որովհետև քնքուշ տոտիկդ ցավեցրիր, հա՞։ Մայրիկի պաշտելի մանկիկը իր փոքրիկ տոտիկը ցավեցրել է...
Ես չէի նվնվում, թեև դեմքս կարող էր ծամածռված լինել ցավից։ Ամբողջ ուժս հավաքելով, ատամներս սեղմեցի և կաղալով գնացի խոհանոցից նավասենյակ ու նավասենյակից խոհանաց, առանց որևէ նոր պատահարի։ Հիշյալ արկածն ինձ համար ունեցավ երկու հետևանք։ Նախ՝ վիրավորվեց իմ ծնկոսկրը, որը մնաց առանց բուժման և ինձ տանջեց երկար ամիսներ։ Բացի դրանից, ես ստացա «Հեմփ» հեգնանունը, որով ինձ կանչել էր Գայլ Լարսենը խելամասի հարթակից։ Այնուհետև նավի վրա բոլորն ինձ այդ անունով էին կոչում, մինչև որ վերջ ի վերջո այնքան ընտելացա, որ ինձ այլևս թվում էր, թե անունս իրոք Հեմփ է և միշտ էլ Հեմփ է եղել։
Հեշտ պարտականություն չէր սպասարկել այն սեղանին, որի շուրջը նստում էին Գայլ Լարսենը, Յոհանսենը և վեց որսորդները։ Նախ պիտի ասել, որ նավասենյակը փոքր էր և այնտեղ շարժվելը՝ ինձ համար չափազանց դժվար, մանավանդ նավի ուժեղ տատանումների ժամանակ։ Բայց ամենից ավելի ինձ ցավ ու զարմանք պատճառեց բացարձակ անտարբերությունն այն մարդկանց, որոնց ծառայում էի։ Ծունկս գնալով ավելի ու ավելի էր ուռչում, իսկ ցավի սաստկությունից ես ինձ զգում էի թույլ ու հիվանդ։ Երբեմն նավասենյակի հայելու մեջ տեսնում էի դեմքս, որը գունատ, ձգված ու մեռելատիպ էր դարձել ցավից։ Այդ մարդիկ, բնականաբար, տեսնում էին վիճակս, բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, չէր խոսում այդ մասին, այնպես որ ես ինձ գրեթե երախտապարտ զգացի, երբ Գայլ Լարսենը մի անգամ (այդ պահին լվանում էի ամանները) ասաց.
― Մի՛ անհանգստացիր այդ չնչին բանի համար։ Ժամանակի ընթացքում կամաց-կամաց կվարժվես այդ տեսակ բաների։ Գուցե մի քիչ հաշմանդամ կդառնաս, բայց, այնուամենայնիվ, կսովորես քայլել․․․
— Դուք,— շարունակեց նա,— այս տեսակ արտահայտությունները պարադոքս եք անվանում, այո՛։
Նա, ըստ երևույթին, գոհ մնաց, երբ գլխով հաստատական նշան արեցի և պատասխանեցի ընդունված «այո, սը՛ր»–ով։
— Ենթադրում եմ, որ դուք մի քիչ հասկանում եք գրականությունից, այո՞։ Շատ լավ։ Ես ձեզ հետ պետք է երբեմն զրույցներ ունենամ։
Ապա, առանց սպասելու պատասխանիս, նա մեջքը դարձրեց և դուրս եկավ տախտակամած։
Այդ գիշեր, երբ ավարտեցի իմ անհատնում պարտականությունները, ինձ ուղարկեցին քնելու որսորդների խցում, որտեղ մի ավելորդ մահճակալ կար։ Ես ուրախ էի, որ վերջապես հեռացա խոհարարի գարշելի ներկայությունից և հնարավորություն ունեցա ոտքերիս հանգիստ տալու։ Ինձ զարմանք պատճառեց այն, որ հագուստներս չորացել էին վրաս, բայց մրսածության նշաններ չէի զգում, չնայպծ «Մարտինեզն» ընկղմվելուց հետո երկար մնացել էի ծովում, իսկ այսօր «Ուրվականի» վրա թրջվել էի ալիքից։ Սովորական պայմաններում նման պատահարներից հետո ես պառկած կլինեի անկողնում՝ մի փորձառու բուժքրոջ խնամքի տակ։
Բայց ծունկս սարսափելի նեղում էր և այնքան էր ուռել, որ թվում էր, թե ծնկոսկրը խախտվել է տեղից։ Մահճակալի վրա նստած՝ զննում էի ծունկս (բոլոր որսորդներն էլ ներկա էին և բարձրաձայն զրուցում ու ծխում էին), երբ Հենդերսոնը հարևանցի մի հայացք գցեց ծնկիս։
― Զզվելի տեսք ունի,— նկատեց նա,— շորով փաթաթիր և ամեն ինչ լավ կլինի։
Միայն այդքան։ Մինչդեռ ցամաքում ինձ պառկեցրած կլինեին, և վիրաբույժը ինձ կխնամեր, խստորեն պատվիրելով, որ տեղիցս չշարժվեմ և միայն ու միայն հանգստանամ։ Բայց պետք է արդարամիտ լինեմ այս մարդկանց նկատմամբ։ Ճիշտ է, սրանք անտարբեր են դեպի իմ տանջանքը, բայց հավասարապես անտարբեր են նաև դեպի իրենցը՝ որևէ բան պատահելու դեպքում։ Իմ կարծիքով, դրա առաջին պատճառը սովորությունն է, իսկ երկրորդը՝ զգայնության բթացած լինելը։ Ես համոզված եմ, որ նուրբ և զգայուն կազմվածքով մարդը միևնույն վերքից կրկնապատիկ կամ եռապատիկ ավելի ցավ պետք է զգա, քան սրանք։
Չնայած շատ հոգնած և ուժասպառ էի, ծնկիս ցավը չթողեց, որ քնեմ։ Հազիվ էի ինձ զսպում, որ բարձրաձայն չտնքամ։ Իմ տանը, ինչ խոսք, ես ազատորեն կարձագանքեի իմ ցավերին, բայց այս անզգա շրջապատն ինձ դատապարտում էր դժնդակ զսպվածության։ Որովհետև այս մարդիկ վայրենիների վարմունք ունեն. մեծ պատահարների դեպքում ստոիկ են, մինչդեռ մանրուքների կապակցությամբ նման են երեխաների։ Հիշում եմ, թե ինչպես մեր ճանապարհորդության ընթացքում որսորդներից մեկի՝ Քերֆուտի մատը ջախջախվեց և նա ոչ մի ծպտուն չհանեց, նույնիսկ դեմքի արտահայտությունը չփոխեց։ Այնինչ, ես մի քանի անգամ տեսել եմ, թե այդ նույն մարդը ինչպիսի կատաղությամբ լուտանքներ է տեղացել չնչին առիթներով։
Հենց այս րոպեին էլ նա գոռում ու մռնչում է, ձեռքերը օդի մեջ շարժում ու ճիվաղի պես հայհոյում պարզապես նրա համար, որ որսորդներից մեկի հետ համաձայն չէ՝ փոկի ձագը ի ծնե լողալ իմանո՞ւմ է, թե ոչ։ Նա պնդում է, թե իմանում է և հենց ծնված վայրկյանից էլ լողում է։ Իսկ ընդդիմախոսը նեղ ու խորամանկ աչքերով նիհար մի յանկի, որը կոչվում է Լետիմեր, ընդհակառակը, պնդում է, թե փոկի ձագը ծնվում է ցամաքի վրա հենց այն պատճառով, որ լողալ չի իմանում, և որ մայրն է նրան լողալ սովորեցնում, ինչպես թռչուններն իրենց ձագերին սովորեցնում են թռչել։
Մյուս որսորղները, սեղանի վրա հակված կամ անկողնում պառկած, թույլ էին տալիս, որ հակառակորդները վիճեն, բայց նրանք մեծ հետաքրքրությամբ հետևում էին, երբեմն մեկի կամ մյուսի կողմն էին բռնում, երբեմն էլ բոլորը միաժամանակ խոսում այնպես, որ նրանց ձայնի ալիքները պատերին ընդհարվելով ու անդրադառնալով, նեղ խցի մեջ հնչում էին ինչպես արհեստական որոտումներ։ Վիճաբանության նյութը դատարկ ու երեխայական էր, բայց վիճողների մտածելակերպը՝ առավել ևս մանկական։ Նրանց ասածների մեջ տրամաբանություն գրեթե չկար։ Այս մարդկանց մոտ կար մի բան ենթադրելու, հաստատելու կամ ժխտելու յուրահատուկ մեթոդ։ Ապացուցելու համար, որ փոկի ձագը ի ծնե իմանում է կամ չի իմանում լողալ, նրանք պարզապես իրենց կարծիքն արձակում էին, ինչպես մարտահրավեր, և այնուհետև սկսում էին հարձակվել ընդդիմախոսի դատողության, տրամաբանության, ազգության կամ անցյալի վրա։ Հերքումը տեղի էր ունենում ճիշտ նույն ձևով։ Ես այս պատմեցի միայն ցույց տալու համար մտավոր մակարդակն այն մարդկանց, որոնց հետ ինձ վիճակվել էր շփման մեջ լինել։ Իմացականության տեսակետից նրանք պարզապես հասակավոր երեխաներ էին։
Նրանք ծխում, անվերջ ծխում էին, գործածելով էժանագին և գարշահոտ ծխախոտներ։ Սենյակի օդը թանձրացել էր ծխով։ Այդ ծուխը և փոթորկի միջով ընթացող նավի տատանումները ինձ անպայման ծովախտով կվարակեին, եթե ես ենթակա լինեի այդ հիվանդության։ Անկախ ամեն ինչից, սիրտս արդեն խառնում էր, թեև այդ կարող էր ցավի և ուժասպառության պատճառով լինել։
Մահճակալի վրա պառկած՝ սկսեցի խորհրդածել։ Բնականաբար, ամենից առաջ կանգ առա իմ ներկա դրության վրա։ Ուղղակի աներևակայելի և անհավատալի էր, որ ես՝ Հեմֆրի Վան-Վեյդենս, գրականությամբ ու արվեստով զբաղվող ուսումնականս, սպասյակ դառնայի ինչ-որ երկկայմանավի վրա, որը Բերինգյան ծով էր գնում ծովակատուներ որսալու։ Իմ կյանքում ֆիզիկական ծանր աշխատանք կամ խոհանոցային պարտականություններ երբեք չէի կատարել։ Ես միշտ խաղաղ, միօրինակ ու նստակյաց կյանք եմ վարել, բավականաչափ եկամուտով ապահովված ճգնավոր գիտնականի բարեկեցիկ կյանք։ Փոթորկալի կյանքը և ծանր մարմնամարզությունը ոչ մի ժամանակ ինձ չեն հրապուրել։ Ես միշտ եղել եմ գրքերի ցեց. այսպես էին կոչում ինձ հայրս և քույրերս իմ մանկության ժամանակ։ Ամբողջ կյանքում միայն մեկ անգամ մասնակցել եմ տուրիստական արշավանքի, որից շուտով հրաժարվել ու վերադարձել եմ տան հանգստակեցությունն ու հարմարավետությունը վայելելու։ Եվ ահա, այժմ առջևս բացվում էր սեղան փռելու, կարտոֆիլ մաքրելու և ամաններ լվալու անհատնում աշխատանքի տխուր հեռանկարը։ Իսկ ես ֆիզիկապես ուժեղ չեմ, ճիշտ է, բժիշկները միշտ ասել են, որ հոյակապ կազմվածք ունեմ, բայց ես մարմինս երբեք չեմ մարզել վարժություններով։ Իմ մկանները փոքր ու փափուկ են, ինչպես կանանցը։ Գոնե այդպես էին ասում ինձ բժիշկները, որոնք հաճախ փորձում էին համոզել, որ մարմնամարզությամբ զբաղվեմ։
Այս մտքերը իմ խորհրդածության մի մասն էին միայն, ես դրանք պատմում եմ, որպեսզի նախօրոք ինձ արդարացնեմ այն նվաստ ու անօգնական դերի համար, որ ինձ վիճակվեց խաղալ։
Խորհրդածում էի նաև մորս ու քույրերիս մասին և պատկերացնում նրանց վիշտը։ Նրանք հավանաբար ենթադրում են, որ ես «Մարտինեզի» աղետից զոհվածների թվումն եմ, չթաղված դիակների թվում։ Իմ երևակայության մեջ կարդում էի թերթերի վերնագրերը և տեսնում համալսարանական ակումբի ընկերներիս, որոնք գլուխներն օրորելով ասում են. «Խե՜ղճ տղա»։ Ես վերհիշում էի Տարլի Ֆարասեթին այնպես, ինչպես նրան տեսել էի մեր հրաժեշտի առավոտը, երբ խալաթը հագին նստել էր փափուկ բազմոցի վրա, պատուհանի մոտ, և պատգամախոսի նման արտասանում էր իր հոռետես էպիգրամները։
«Ուրվականը» օրորվելով մագլցում էր լեռնակուտակ ալիքների վրա, սահում ու սուզվում փրփրադեզ գոգավորությունների մեջ և իր ճամփան շարունակում դեպի Խաղաղ օվկիանոսի սիրտը, ինձ էլ տանելով իր հետ։ Ես լսում էի ոռնացող քամու ձայնը, որն ականջիս հասնում էր ինչպես խուլ մռնչոց։ Երբեմն վերևից ոտնաձայներ էին լսվում։ Շուրջս ամեն ինչ ճարճատում էր. փայտյա ամրակապերը ճչում, հառաչում և հեծում էին հազար ու մի ձևերով։ Որսորդները դեռ վիճում ու իրար վրա կռկռում էին մարդանման գորտերի պես։ Օդը լցված էր հայհոյանքներով և անվայել արտահայտություններով։ Ես տեսնում էի նրանց կարմրած և զայրալից դեմքերը, որոնց վայրագ արտահայտությունն ավելի այլանդակվում և ընդգծվում էր տատանվող ճրագի աղոտ դեղնագույն լույսի տակ։ Ծխի ամպերի միջով մահճակալները թվում էին գազանանոցի որջեր։ Պատից կախված էին մոմլաթե զգեստներ ու ծովային կոշիկներ, իսկ դարակների վրա դրված էին մանրագնդակի հրացաններ և ակոսավոր փողանցքով հրացաններ։ Այս ամբողջ տեսարանը հիշեցնում էր հին օրերի ելուզակներին ու ծովահեններին։ Գրգռված երևակայությունս ինձ չէր թողնում քնել։ Դա երկար, շատ երկար մի գիշեր էր՝ տխուր, հոգնեցուցիչ և անվերջանալի մի գիշեր։
Գլուխ հինգերորդ
Այդ եղավ առաջին և վերջին գիշերը, որ ես քնեցի որսորդների խցում։ Հաջորդ օրր Գայլ Լարսենը իր խցից վռնդեց նոր օգնականին՝ Յոհանսենին, և ուղարկեց որսորդների խուցը, որպեսզի այնուհետև այդտեղ քնի։ Իսկ ես տեղափոխվեցի մի փոքրիկ խուց, որ ճանապարհորդության առաջին օրը զբաղեցրել էին երկու հոգի։ Այս փոփոխության պատճառը շուտով պարզ դարձավ որսորդներին, որոնք չափաղանց դժգոհեցին։ Բանն այն է, որ Յոհանսենը ամեն գիշեր քնի մեջ վերապրում էր օրվա տպավորությունները։ Քնած ժամանակ նրա բարձրաձայն խոսակցությունները, գոռում-գոչյուններն ու արձակած հրամանները անհանդուրժելի էին եղել Գայլ Լարսենի համար, որն այդ անախորժությունը փաթաթել էր որսորդների վզին։
Ամբողջ գիշեր անքուն անցկացնելուց հետո ես արթնացա թույլ ու տանջահար, որպեսզի «Ուրվականի» վրա կաղալով կատարեմ երկրորդ օրվա պարտականություններս։ Առավոտյան ժամը հինգն անց էր կես, երբ Թոմաս Մագրիջը ինձ հրմշտկելով, վեր կացրեց, ճիշտ այնպես, ինչպես ԲԻլլ Սայքսը արթնացնում էր իր շանը։ Բայց միստր Մագրիջը իր կոպտության փոխարեն ստացավ նույնպիսի վերաբերմունք, տոկոսով հանդերձ։ Նրա հանած աղմուկը (որի կարիքը չկար, քանի որ ես ամբողջ գիշեր աչք չէի փակել) հավանորեն արթնացրել էր որսորդներից մեկնումեկին, որովհետև նույն րոպեին մի ծանր կոշիկ շվաց կիսախավարի միջով, և միստր Մագրիջը ցավից մի սուր ճիչ արձակելուց հետո, խոնարհաբար ներողություն խնդրեց բոլորից։ Ավելի ուշ, խոհանոցում նկատեցի, որ նրա ականջը վիրավորվել և ուռել էր։ Այդ ականջը երբեք չվերստացավ իր բնական ձևը և հետագայում նավաստիների կողմից կոչվեց «կաղամբի տերև»։
Ինձ համար այդ օրը լցվեց բազմատեսակ անախորժություններով։ Նախորդ գիշեր ես խոհանոցից վերցրել էի չորացած շորերս։ Առավոտյան առաջին գործս եղավ խոհարարի զգեստները հանել և իմը հագնել։ Հետո քսակս փնտրեցի։ Բացի մանր փողից (իմ հիշողությունը շատ սուր է այսպիսի հարցերում), նրա մեջ կար հարյուր ութսունհինգ դոլլար՝ ոսկով և թղթադրամով։ Քսակը գրպանումս էր, սակայն նրա պարունակությունը, բացի մանր արծաթից, անհետացել էր։ Երբ տախտակամած բարձրացա խոհանոցում իմ պարտականություններն սկսելու համար, պակասած փողի մասին հարց տվի խոհարարին։ Թեև նրանից սպասում էի կոպիտ պատասխան, բայց երբեք չէի ակնկալում այն կատաղի ճառը, որով նա ինձ դիմավորեց։
— Լսի՜ր, Հե՛մփ,— սկսեց նա խռպոտ ձայնով, և նրա աչքերը փայլեցին չարությամբ,— դու, ինչ է, ուզում ես քիթ ու մռութդ ջարդե՞մ։ Եթե կարծում ես, որ ես գող եմ, ապա կարծիքդ քեզ պահիր, թե չէ՝ շատ կզղջաս սխալիդ համար։ Ուրեմն այս է քո երախտագիտությունը, հա՞։ Դու այստեղ եկար թշվառ ու ողորմելի վիճակում, ես քեզ իմ խոհանոցը բերի, մարդավարի խնամեցի, և ահա թե՛ ինչ եմ ստանում դրա փոխարեն։ Մյուս անգամ կարող ես գրողի ծոցը գնալ։ Իսկ հիմա հարկավոր է քեզ լավ դաս տալ։
Այս ասելով, նա բռունցքները բարձրացրած մոտեցավ ինձ։ Պետք է ամոթով խոստովանեմ, որ հարվածից խուսափելով, խոհանոցից դուրս փախա։ Ուրիշ ի՞նչ կարող էի անել։ Ուժը, միմիայն բիրտ ուժն էր իշխում այս հրեշային նավի վրա։ Խոսելը և համոզելը այստեղ ընդունված չեն։ Երևակայեցեք միջակ կազմվածքով, նիհար, թույլ ու չզարգացած մկաններով մի մարդու, որը վարել է խաղաղ ու նստակյաց կյանք և սովոր չէ ոչ մի տեսակի կոպտության, այդպիսի մարդը ի՞նչ կարող է անել։ Այս մարդ-գազաններին դիմագրավելը այնքան անմտություն կլիներ, որքան կատաղած ցլի դեմ մարտնչելը։
Այսպես էի մտածում ես այն ժամանակ և ջանում ինձ արդարացնել ու խիղճս հանգստացնել։ Բայց նման ինքնարդարացումը չէր բավարարում։ Նույնիսկ այսօր, երբ հիշում եմ այդ դեպքերը, դարձյալ չեմ կարող ինձ լրիվ արդարացնել։ Սակայն ես այնպիսի դրության մեջ էի, որ հնարավոր չէր բանականության թելադրությամբ վարվել, հետևաբար, ստիպված էի գործել առանց կշռադատելու։ Եթե իմ այդ դրությունը օրինավոր տրամաբանությամբ քննենք, ապա կարելի է ասել, որ իմ արարքի մեջ ամաչելու ոչինչ չկար։ Բայց, այնուամենայնիվ, ամեն անգամ, երբ վերհիշում եմ այդ դեպքերը, հոգուս մեջ բարձրանում է ամոթի զգացմունք, որովհետև զգում եմ, որ տղամարդու ինքնասիրությունս հազար ու մի ձևերով ոտնահարվել ու վիրավորվել է։
Սակայն վերադառնանք մեր պատմությանը։ Ես այնպիսի արագությամբ դուրս թռա խոհանոցից, որ ծունկս անտանելի ցավեց և ստիպված եղա նստել նավախելի հարթակի եզրին։ Բայց խոհարարն ինձ չէր հետապնդում։
— Նայեցե՛ք այդ վախկոտին, տեսեք, թե ինչպե՞ս է փախչում,— գոչում էր նա,— այն էլ ցավող տոտիկով․․․ Ետ վերադարձիր, մայրիկի խե՛ղճ, փոքրի՜կ պաշտելի։ Մի՛ վախեցիր, քեզ չեմ ծեծի։
Ես ետ եկա և սկսեցի իմ աշխատանքը։ Այսպիսով, ժամանակավորապես վերջացավ այդ միջադեպը, որը, սակայն, հետագայում պիտի բարդանար։ Ես նավասենյակում պատրաստեցի նախաճաշի սեղանը և ժամը յոթին սպասարկեցի որսորդներին ու նավապետին։ Փոթորիկը գիշերվա ընթացքում մեղմացել էր, թեև ծովը դեռ ալեկոծ էր և քամին՝ ուժեղ։ Վաղ առավոտյան հերթապահները պարզել էին բոլոր առագաստները, բացի առաջամասի երեք առագաստներից, որոնք, ինչպես իմացա խոսակցություններից, պետք է պարզվեին նախաճաշից անմիջապես հետո։ Իմացա նույնպես, որ Գայլ Լարսենը ուզում է փոթորկից օգտվելով, նավարկել դեպի օվկիանոսի այն մասը, որտեղ կարող էինք հանդիպել հյուսիս-արևելյան պասսատներին։ Նա հաշվում էր, որ այդ մշտական քամու շնորհիվ կկարողանա կատարել դեպի ճապոնիա ուղևորության մեծ մասը, ապա թեքվել հարավ՝ դեպի հասարակածը, իսկ Ասիայի եզերքներին մոտենալուց հետո՝ նորից ուղղվել դեպի հյուսիս։
Նախաճաշից հետո ինձ սպասում էր մի նոր ու անխուսափելի ձախորդություն։ Ամանները լվանալուց հետո նավասենյակի վառարանը մաքրեցի և մոխիրը տախտակամած տարա, որպեսզի թափեմ ծովը։ Գայլ Լարսենը և Հենդերսոնը ղեկանիվի մոտ կանգնած աշխուժորեն զրուցում էին։ Նավաստի Ջոնսոնը վարում էր ղեկանիվը։ Երբ ուղղվում էի դեպի նավի հողմընթաց եզրը, նա հանկարծ գլուխը ցնցեց, և ես կարծեցի, թե ինձ բարևում է։ Իրականում, նա փորձում էր ինձ հասկացնել, որ մոխիրը թափեմ նավի հողմազերծ եզրից։ Բայց ես գլխի չընկա, անցա Գայլ Լարսենի ու որսորդի կողքով և մոխիրը ծովը թափեցի։ Քամին մոխիրը ետ քշեց ոչ միայն իմ, այլև Հենդերսոնի ու Լարսենի վրա։ Հենց նույն վայրկյանին Լարսենը կատաղությամբ ինձ այնպիսի մի աքացի հասցրեց, ինչպիսին հասցնում են փողոցի շներին։ Ես երբեք չէի պատկերացրել, որ աքացին կարող է այդքան ցավ պատճառել։ Երերալով ու ետ-ետ ընկրկելով, հենվեցի ձեղնախցիկի միջնորմին դրեթե ուշագնաց վիճակում։ Ամեն ինչ շարժվում էր աչքերիս առաջ և գլուխս պտտվում էր։ Ցավն ինձ հաղթահարում էր, բայց, այնուամենայնիվ, կարողացա սողալով մոտենալ նավեզրին։ Գայլ Լարսենը ինձ չհանդիպեց։ Նա փոշին թափ տվեց հագուստից և վերսկսեց իր զրույցը Հենդերսոնի հետ։ Յոհանսենը, որը նավախելի հարթակից ամեն ինչ տեսել էր, երկու նավաստի ուղարկեց, որպեսզի տախտակամածը մաքրեն։
Նույն առավոտ, ավելի ուշ, ես անակնկալի եկա, կանգնելով բոլորովին նորօրինակ մի փաստի առաջ։ Խոհարարի կարգադրությամբ գնացել էի Գայլ Լարսենի խուցը կարգի գցելու և անկողինը շտկելու։ Պատի վրա՝ անկողնի գլխավերևում, գրքերով լի մի դարակ կար։ Դրանք աչքի անցկացնելիս, զարմանքով կարդացի Շեքսպիրի, Թեննիսոնի, Էդգար Պոյի և Դը-Քուինսիի անունները։ Այնտեղ կային նաև գիտական գրքեր, որոնք պատկանում էին այնպիսի մարդկանց գրչին, ինչպիսիք են Տինդալը, Պրոկտորը և Դարվինը։ Բացի աստղագիտության և ֆիզիկայի վերաբերյալ գրքերից, ես նկատեցի Բուլֆինչի «Դիցաբանության դարաշրջանը», Շոուի «Անգլիական և ամերիկյան գրականության պատմությունը», Ջոնսոնի «Բնագիտության պատմությունը» երկու մեծ հատորով, ինչպես և քերականության մի շարք գրքեր՝ Մետկալֆի, Ռիդի և Կելլոգի հեղինակություններից։ Չկարողացա ժպիտս զսպել, երբ տեսա «Անգլերեն լեզու՝ քարոզիչների համար» գրքի մեկ օրինակը։
Ես չէի կարող որևէ առնչություն գտնել այս գրքերի ու նրանց տիրոջ միջև և տարակուսում էի, որ նա իրոք կարող է դրանք կարդալ։ Բայց երբ սկսեցի անկողինը շտկել, վերմակների միջև գտա Բրաունինգի մի հատորը՝ Քեմբրիջյան հրատարակությամբ, որը Գայլ Լարսենը ակներևորեն կարդալիս էր եղել քնելուց առաջ։ Գիրքը բացված էր «Պատշգամբում» բանաստեղծության վրա, և ես նկատեցի, որ այդ էջում որոշ պարբերություններ ընդգծված էին մատիտով։ Նավի ցնցումից գիրքը ձեռքիցս վայր ընկավ և միջից դուրս սահեց թղթի մի թերթիկ, որի վրա կային մատիտով արված երկրաչափական գծագրություններ և հաշվումներ։
Նշանակում է, որ այդ սարսափելի մարդը, չնայած իր կոպտություններին, տգետ ու թանձրամիտ չէր։ Մի ակնթարթում նա ինձ համար դարձավ մի առեղծված։ Նրա բնավորության միայն այս կամ մյուս կողմը ինձ համար կատարելապես հասկանալի էր, բայց երկու կողմերի համատեղությունը՝ ուղղակի անըմբռնելի։ Ես արդեն նկատել էի, որ Լարսենը խոսում էր հիանալի լեզվով և միայն երբեմն այն աղավաղում էր չնչին անճշտություններով։ Նավաստիների և որսորդների հետ խոսելիս նա թույլ էր տալիս այնպիսի սխալներ, որոնք հատուկ են ժարգոնի ոճական դարձվածքներին, բայց երբ հազվադեպ առիթներով ինձ էր դիմում, ապա խոսում էր ճիշտ և մաքուր լեզվով։
Նրա բնավորության այս նոր կողմի բացահայտումը ինչ-որ չափով ինձ քաջալերեց, և ես որոշեցի նրա հետ խոսել իմ կորած փողի մասին։
— Ինձ կողոպտել են,— ասացի նրան ավելի ուշ, երբ նա մենակ անցուդարձ էր անում տախտակամածի վրա։
— Սը՛ր,— ուղղեց նա ինձ ոչ թե կոպիտ, այլ խիստ տոնով։
— Ինձ կողոպտել են, սը՛ր,— ուղղեցի ես։
— Այդ ինչպե՞ս է պատահել,— հարցրեց նա։
Ես պատմեցի, թե հագուստս թողել էի խոհանոցում, որ չորանա, իսկ հետո, երբ կորուստի մասին ակնարկել էի խոհարարին, նա փորձել էր ծեծել ինձ։
Իմ պատմությունը լսելով, Գայլ Լարսենը ժպտաց։
— Խոհարարն է թռցրել,— եզրակացրեց նա։— Բայց չե՞ք կարծում, որ ձեր ողորմելի կյանքն ինչ-որ գին պետք է ունենա։ Բացի դրանից, թող սա դաս լինի ձեզ։ Այսուհետև կսովորեք ինքներդ պահպանել ձեր փողը։ Ենթադրում եմ, որ սրանից առաջ այդ հարցով զբաղվում էր ձեր հավատարմատարը կամ գործերի կառավարիչը։
Այս խոսքերի տակ ես զգում էի նրա հանդարտ հեգնանքը, բայց, այնուհանդերձ, հարցրի․
— Ինչպե՞ս անեմ, որ փողը ետ ստանամ։
— Դա ձեր գործն է։ Դուք հիմա հավատարմատար կամ գործերի կառավարիչ չունեք, այնպես որ պետք է ինքներդ գործեք։ Ձեր ստացած յուրաքանչյուր դոլլարին պետք է շատ ամուր կառչեք։ Ով իր փողը ցրիվ է տալիս, ինչպես դուք եք արել, արժանի է կողոպտվելու։ Դուք նույնիսկ մեղավոր եք։ իրավունք չունեք փորձության մատնելու ձեր մերձավորներին։ Դուք գայթակղեցրիք խոհարարին և նա փորձության մեջ ընկավ։ Այդպիսով, վտանգի ենթարկեցիք նրա անմահ հոգին։ Ի դեպ, հավատո՞ւմ եք հոգու անմահությանը։
Այս հարցը տալիս՝ նրա հոնքերը ծուլորեն վեր բարձրացան, և ինձ թվաց, թե նրա ներաշխարհը բացվում է իմ առաջ ու հայացքս սուզվում է նրա հոգու խորքը։ Բայց դա պարզապես պատրանք էր։ Ես վստահ եմ, որ ոչ ոք երբևէ չի կարողացել խորանալ Գայլ Լարսենի հոգու մեջ։ Հետագայում միայն հասկացա, որ նրա մենավոր հոգին միշտ ծածկված է դիմակի տակ, թեև հազվագեպ առիթներով ձևացնում է, թե դուրս է գալիս դիմակի հետևից։
— Անմահությունը կարդում եմ ձեր աչքերի մեջ,— պաաասխանեցի ես, փորձի համար զանց առնելով «սը՛ր»-ը, որովհետև կարծում էի, որ մեր զրույցի մտերմականությունը արդարացնում է այդ զանցառումը։
Նա ուշադրություն չդարձրեց դրան։
— Դուք, րստ երևույթին, ուզում եք ասել, որ նրանց մեջ տեսնում եք ինչ-որ բան, որը կենդանի է, սակայն չի ապրելու առհավետ։
— Ես կարգում եմ դրանից ավելին,— շարունակեցի քաջաբար։
— Նշանակում է՝ կարդում եք գիտակցությունը։ Դուք կարդում եք կենդանի կյանքի գիտակցությունը, ոչ թե կյանքի հավիտենականությունը։
Որքան հստակ էր նա մտածում և որքան լավ արտահայտում իր միտքը։ Նա դադարեց ինձ հետաքրքրությամբ նայելուց և շուռ գալով, սկսեց դիտել կապարագույն ծովը։ Նրա աչքերն ստացան սառն արտահայտություն և բերանի շուրջն ավելի ընդգծվեցին խորշոմները։ Նա ակնհայտորեն մաղձոտ տրամադրության մեջ էր։
— Իսկ ինչի՞ համար,— հարցրեց նա հանկարծ, նորից, դառնալով դեպի ինձ։— Եթե ես անմահ լինեի, դա ի՞նչ նպատակի համար կլիներ։
Ես լուռ մնացի։ Ինչպե՞ս կարող էի իմ իդեալիզմը բացատրել այս մարդուն։ Ինչպե՞ս կարող էի բառերով բացատրել այն, որը միայն զգում եմ, որը հնչում է ինչպես քնի մեջ լսված երաժշտություն, որին հավատում եմ, բայց չեմ կարող խոսքերով բնութագրել։
— Ի՞նչ բանի եք հավատում, ուրեմն,― հարցրի իմ հերթին։
— Ես հավատում եմ, որ կյանքը մի անհեթեթ իրարանցում է,— պատասխանեց նա իսկույն։— Այն նման է փրփուրի, թթխմորի, մի բանի, որը շարժվում է և կարող է շարժվել մի րոպե, մի ժամ, մի տարի, հարյուր տարի, բայց դատապարտված է ի վերջո դադարելու։ Խոշորները ուտում են փոքրերին, որպեսզի շարունակեն շարժվել, ուժեղները ուտում են տկարներին, որպեսզի պահպան են իրենց ուժը։ Ովքեր բախտավոր են, ուտում են ամենից շատ և շարժվում ամենից երկար, ահա և ամենը։ Դուք ի՞նչ կարծիքի եք այդ արարածների մասին։
Ձեռքի անհամբեր շարժումով նա ցույց տվեց մի խումբ նավաստիների, որոնք տախտակամածի կենտրոնում ձգում էին պարանները։
— Սրանք շարժվում են, բայց շարժվում է և մեդուզան։ Նրանք աշխատում են, որպեսզի ուտեն և դրա շնորհիվ կարողանան շարժվել։ Աշխատում են իրենց փորի համար, իսկ փորը աշխատում է նրանց կյանքի պահպանման համար։ Եվ դա մի շրջանակ է, որից չես կարող դուրս գալ և ոչ մի տեղ չես հասնի։ Ոչ էլ նրանք կարող են դուրս գալ։ Նրանք ի վերջո կանգ կառնեն և այլևս չեն շարժվի՝ կմեռնեն։
— Նրանք երազներ ունեն,— ընդհատեցի ես,— փայլուն, լուսավոր երազներ․․․
— Միայն ուտելիքի մասին,— վճռականորեն եզրակացրեց նա։
— Եվ դրանից ավելի․․․
— Միա՜յն ուտելիքի։ Ավելի մեծ ախորժակի և ավելի մեծ հաջողության, որպեսզի ախորժակը ավելի լավ հագեցնեն։— Նրա ձայնը խստորեն էր հնչում։— Որովհետև տեսնո՞ւմ եք, նրանք երազում են բարեհաջող ճանապարհորդություններ կատարելու, ավելի փող վաստակելու, նավապետի օգնական դառնալու, մի խոսքով, իրենց դիրքն ամրացնելու մասին, որպեսզի կողոպտեն իրենց նմաններին, ամբողջ գիշերն անցկացնեն իրենց տանը, լավ ուտեն և սև աշխատանքր ուրիշներին կատարել տան։ Դուք էլ, ես էլ նույնպիսին ենք։ Տարբերությունը միայն նրանում է, որ մենք ավելի շատ և ավելի լավ ենք ուտում։ Ներկայումս ես եմ նրանց ու ձեզ լափում։ Բայց անցյալում դուք ավելի շատ եք լափել, քան ես։ Դուք քնել եք փափուկ անկողինների մեջ, հագել եք տաք և լավ հագուստներ, կերել եք համեղ ճաշեր։ Իսկ ո՞վ է ստեղծել այդ անկողինները, այդ հագուստները, այդ ճաշերը։ Ոչ դուք։ Դուք ոչինչ չեք վաստակել ձեր սեփական քրտինքով։ Դուք ապրել եք եկամուտով, որը ձեր հայրն է վաստակել։ Դուք նման եք ճայի, որը խոյանում է ջրագռավների վրա և հափշտակում նրանց բռնած ձկները։ Դուք պատկանում եք այն մարդկանց խմբին, որոնք կազմել են, այսպես կոչված, կառավարություն, դարձել են մյուս բոլոր մարդկանց տերերը և լափում են ուրիշ մարդկանց ուտելիքը, որը վերջիններս կուզենային իրենք ուտել։ Դուք հագնում եք տաք հագուստներ, իսկ նրանք, ովքեր շինում են այդ հագուստները, ոչ միայն մրսում են ցնցոտիների մեջ, այլև ձեզնից, ձեր հավատարմատարից կամ ձեր փողերը տնօրինող գործակալից աշխատանք են խնդրում։
— Բայց սա բոլորովին այլ հարց է,— գոչեցի ես։
— Բնավ երբեք։— Նա այժմ խոսում էր արագ և աչքերը բոցավառվել էին։— Այս տեսակ կյանքը խոզություն է։ Ի՞նչ օգուտ կամ իմաստ ունի խոզության անմահությունը։ Ի՞նչ նպատակի է ձգտում այս ամենը։ Ինչի՞ մասին է այս բոլորը։ Դուք երբևէ ուտելիք չեք ստեղծել։ Եվ սակայն ձեր կերած կամ վատնած ուտելիքով կարելի էր փրկել տասնյակ թշվառների կյանքը, որոնք ստեղծել են ուտելիքը և զրկվել դրանից։ Անմահության ո՞ր նպատակին եք ծառայում դուք։ Եվ կամ՝ նրանք։ Մի րոպե նկատի ունեցեք ձեզ ու ինձ։ Ի՞նչ արժեք ունի ձեր այդ պանծալի անմահությունը, երբ ձեր կյանքը ընդհարվում է իմին։ Դուք ցանկանում եք վերադառնալ ցամաք, որը նպաստավոր վայր է ձեր յուրահատուկ խոզության համար։ Իսկ իմ քմահաճույքն ուզում է ձեզ պահել այս նավի վրա, որտեղ ծաղկում է ի՛մ խոզությունը։ Եվ ես ձեզ կպահեմ։ Ես կարող եմ ձեզ վերափոխել կամ ջախջախել։ Դուք կարող եք մեռնել այսօր, այս շաբաթվա ընթացքում և կամ մի ամիս հետո։ Ես կարող եմ ձեզ սպանել հենց հիմա, բռունցքի մեկ հարվածով, որովհետև թույլ ու ողորմելի արարած եք։ Բայց եթե մենք անմահներ լինեինք, ապա ինչո՞ւ այս բաները պիտի անեինք։ Խոզավայել արարքները, որ մենք արել ենք մեր ամբողջ կյանքում, անմահներին վայել արարքներ չեն։ Հետևապես, ինչի՞ համար է այս ամենը։ Ինչո՞ւ եմ ձեզ այստեղ պահել․․․
— Որովհետև դուք եք ավելի ուժեղը,— թոթովեցի ես։
— Իսկ ինչո՞ւ եմ ավելի ուժեղ,— շարունակեց նա, իր հարցերով տարված,— որովհետև իմ մեջ այդ թթխմորից ավելի շատ կա։ Մի՞թե չեք տեսնում, մի՞թե չեք հասկանում։
— Բայց այդպիսի կյանքը բոլորովին անհույս կլիներ,— բողոքեցի ես։
— Համաձայն եմ ձեզ հետ,― պատասխանեց նա։— Ուրեմն ինչո՞ւ ենք շարժվում, չէ՞ որ շարժվել նշանակում է ապրել։ Իսկ եթե չշարժվեինք և կենսալի թթխմորի մասնիկները չլինեինք, ապա անհուսություն չէր լինի։ Բայց, և հենց սրանում է ամբողջ հարցը․ մենք ուզում ենք ապրել ու շարժվել, չնայած կյանքի անիմաստությանը։ Ուզում ենք, որովհետև կյանքի բնությունն այնպիսին է, որ պետք է անպայման շարժվի։ Եթե այդպես չլիներ, ապա կյանքը կդադարեր։ Հենց կյանքի պատճառով, որ ձեր մեջ կա, դուք երազում եք անմահության մասին։ Ձեր մեջ եղող կյանքը ձգտում է հավերժական ղառնալ։ Հավերժական խոզություն...
Նա հանկարծ կրունկների վրա շուռ եկավ և սկսեց հեռանալ։ Բայց երբ խելամասի հարթակին հասավ, կանգ առնելով, կանչեց ինձ իր մոտ։
— Ի միջի այլոց, որքա՞ն էր խոհարարի թռցրած գումարը,— հարցրեց նա։
— Հարյուր ութսունհինգ դոլլար, սը՛ր,— պատասխանեցի ես։
Նա գլխով արեց։ Մի րոպե հետո, երբ սանդուղքով իջնում էի նավասենյակ, որպեսզի սեղանը սարքեմ, լսեցի, թե ինչպես նա բարձրաձայն հայհոյում է մի քանի նավաստիների։
Գլուխ վեցերորդ
Հաջորդ առավոտ փոթորիկն արդեն մեղմացել էր, և «Ուրվականը» թեթև օրորվում էր խաղաղած ծովի վրա։ Քամին բոլորովին դադարել էր, բայց երբեմն փչում էին մեղմ զեփյուռներ։ Գայլ Լարսենը նավախելի հարթակի վրա շարունակ անցուդարձ էր անում և զննում հյուսիս-արևելյան կողմը, որտեղից պետք է փչեին պասսատները։
Բոլոր նավաստիները տախտակամածի վրա էին և կարգի էին բերում մակույկները որսորդության առաջիկա շրջանի համար։ Նավում յոթ մակույկ կար։ Նրանցից մեկը նավապետինն էր, իսկ մյուս վեցը՝ որսորդներինը։ Յուրաքանչյուր մակույկի անձնակազմը բաղկացած էր մեկ որսորդից, մեկ թիավարից և մեկ նավուղիղից։ Երկկայմանավի վրա թիավարներն ու նավուղիղները կազմում են նավազախումբը, իսկ որսորդները ղեկավարում են հերթապահ խմբերը և նույնպես ենթարկվում են նավապետին։
Ես հիմա արդեն գիտեի այս ամենը, ինչպես և այլ մանրամասներ։ «Ուրվականը» համարվում էր Սան-Ֆրանցիսկոյի և Վիկտորիայի նավատորմերի ամենաարագընթաց երկկայմանավը։ Մի ժամանակ այն եղել էր անձնական զբոսանավ և կառուցված էր հատկապես սրընթաց ճանապարհորդության համար։ Նրա շրջագծերն ու սարքվածը, չնայած դրանց մասին ոչինչ չգիտեմ, ինքնըստինքյան այդ են վկայում։ Երեկ, երկրորդ հերթապահության ժամանակ, Ջոնսոնի հետ կարճատև զրույց ունեցա, և նա ինձ պատմեց այս մանրամասները։ Նա խոսում էր նավի սիրահար մարդկանց հատուկ խանդավառությամբ, այնպես, ինչպես ուրիշ մարդիկ խոսում են ձիերի մասին։ Բայց մեր ճանապարհորդության հեռանկարի վերաբերյալ նա հոռետեսությամբ արտահայտվեց, և ես այնպես հասկացա, որ Գայլ Լարսենը շատ վատ համբավ է վայելում որսորդանավերի նավապետների շրջանում։ «Ուրվականի» վրա ծառայելու ցանկությունն էր միայն Ջոնսոնին մղել, որ պայմանագիր ստորագրի այս ճանապարհորդության համար, բայց հիմա նա արդեն սկսել էր զղջալ։
Նա ինձ ասաց, որ «Ուրվականը» ութսուն տոննանոց երկկայմանավ է և ունի հիանալի կառուցվածք։ Նավի լայնքը քսաներեք ոտնաչափ է, իսկ երկայնքը՝ իննսուն ոտնաչափից ավելի։ Կապարապատ ողնափայտի անսովոր (և միաժամանակ անհայտ) ծանրությունը նրան օժտում է բացառիկ աներերությամբ և առագաստների համար ապահովում հսկայական տարածություն։ Տախտակամածից մինչև գլխավոր միջնակայմի գագաթը հարյուր ոտնաչափ է, այնինչ առաջակայմի բարձրությունը՝ ութ կամ տասը ոտնաչափով պակաս։ Ես այս մանրամասները հիշատակում եմ պարզապես գաղափար տալու համար քսաներկու մարդ պարունակող այդ ծփուն մանրաշխարհի ծավալի մասին։ Դա մի իսկական մանրաշխարհ է, մի հյուլե, մի կետ, և ես զարմանում եմ, թե մարդիկ ինչպես են համարձակվում այսպիսի փոքր և դյուրաբեկ կառուցվածքի վրա նավարկել բաց ծովում։
Գայլ Լարսենը մեծ համբավ է վայելում որպես առագաստանավի խիզախ նավապետ։ Ես այդ մասին իմացա Հենդերսոնի և կալիֆորնիացի մի այլ որսորդի՝ Ստենդիշի, զրույցից։ Երկու տարի առաջ, Բերինգյան ծովում, փոթորկի ժամանակ «Ուրվականի» կայմերը կոտրվել էին։ Դրանից հեսա Գայլ Լարսենը կանգնեցրել էր այժմյան կայմերը, որոնք ավելի ամուր և ավելի ծանր են։ Նոր կայմեր հաստատելու առթիվ Գայլ Լարսենն իբր ասել էր, թե ինքն ավելի շուտ կնախընտրեր, որ նավը շրջվեր, քան դրանք նորից կոտրվեին։
Բացի Յոհանսենից, որը հափշտակված է իր նոր պաշտոնով, նավի վրա ծառայողներից յուրաքանչյուրը ինչ-որ առանձին բացատրություն ունի արդարացնելու իր ներկայությունը «Ուրվականի» վրա։ Նավակազմի կեսը բաղկացած է հեռավոր ճանապարհորդություններ կատարող նավաստիներից, որոնք պատճառաբանում են, թե նախօրոք ոչինչ չգիտեին ո՛չ նավի, ո՛չ էլ նավապետի մասին։ Նրանք, որոնք տեղյակ են իրերի դրությանը, փսփսալով պատմում են, թե որսորդները առաջնակարգ նշանառուներ լինելով հանդերձ, իրենց կռվարարությամբ և անկարգությամբ այնքան հռչակ են հանել, որ մաքուր համբավ վայելող որևէ նավ նրանց հետ պայմանագիր չի ստորագրում։
Ես ծանոթություն հաստատեցի նաև մի այլ նավաստու հետ, որը կոչվում է Լուիս։ Սա կլոր և գվարթ դեմքով մի իռլանդացի է Նոր-Շոթլանդիայից և միշտ պատրաստ է շաղակրատելու, հենց որ ունկնդիր գտնի։ Ճաշից հետո, երբ խոհարարը ներքևում քնած էր և ես հավիտենական կարտոֆիլն էի մաքրում, Լուիսը խոհանոց մտավ մի քիչ «լեզուն քրքրելու» համար։ Նա նավի վրա իր ներկայությունը բացատրեց նրանով, որ պայմանագիր ստորագրել էր հարբած վիճակում և նորից ու նորից հավաստիացրեց, թե գգաստ վիճակում երբեք այդպիսի բան չէր անի։ Ես իմացա, որ նա ավելի քան տասնյակ տարիներ կանոնավորապես մասնակցել է ծովակատվի որսին, և համարվում է որսորդական նավատորմի երկու կամ երեք լավագույն նավուղիղներից մեկը։
— Է՜հ, սիրելիս,— ասաց նա մռայլ արտահայտությամբ գլուխն օրորելով,— սա ամենավատ երկկայմանավն է, որ դու ընտրել ես, թեև ինձ պես հարբած չէիր այդ րոպեին։ Ծովակատվի որսը որևէ նավաստու համար դրախտային է ուրիշ նավի վրա։ Նավապետի օգնականը եղավ առաջին մեռնողը, բայց հիշի՛ր իմ խոսքերը, մինչև ճանապարհորդության վերջը դեռ ուրիշ շատ մեռնողներ կլինեն այստեղ։ Մեր մեջ ասած, այդ Գայլ Լարսենը մի իսկական հրեշ է, իսկ «Ուրվականը» իսկական դժոխք եղավ այն օրից, երբ Գայլ Լարսենը նշանակվեց նավապետ։ Ես շատ բան գիտեմ նրա մասին։ Օրինակ, ես չեմ մոռացել, որ երկու տարի առաջ Հակոդատեում վեճի բռնվելով, նա իր նավաստիներից չորսին սպանեց։ Այն ժամանակ ես ծառայում էի «Էմմա Լ․-ի» վրա, որը խարիսխ էր նետել «Ուրվականից» երեք հարյուր ոտնաչափ հեռու։ Այդ նույն տարին նա բռունցքի մեկ հարվածով սպանեց մի ուրիշ մարդու։ Այո, նրան մյուս աշխարհ ուղարկեց։ Նրա գլուխը ջախջախել էր, ինչպես հավկիթի կեղև։ Ես նույնպես գիտեմ, թե նա ինչ խաղ խաղաց Քուրա կղզու կառավարչի ու ոստիկանապետի գլխին, երկուսն էլ ճապոնացի ջենթլմեններ, որոնք նավ էին եկել որպես նրա հյուրերը, հետները բերելով իրենց կանանց. ա՜յ թե սիրուն տիկնիկներ էին. հար ու նման այն նկարներին, որ տեսնում ես հովհարների վրա։ Իսկ երբ հասավ խարիսխ վերցնելու ժամանակը, Լարսենը ամուսիններին իջեցրեց իրենց մակույկը, ապա նավը շարժվեց իբր պատահաբար, և նա չհասցրեց իջեցնել կանանց... Դրանից մի շաբաթ հետո միայն նա խեղճ տիկիններին ցամաք հանեց կղզու մյուս կողմը և նրանք ստիպված եղան տուն վերադառնալ լեռնային ճանապարհներով, հագներին ունենալով իրենց ծղոտե փոքրիկ սանդալները, որոնք չէին կարող դիմանալ նույնիսկ մեկ մղոն քայլելուն։ Այս ամենը ես գիտեմ։ Այդ Գայլ Լարսենը մի իսկական գազան է, նա այն մեծ գազանն է, որի մասին հիշատակված է հայտնության գրքում։ Եվ նրա վերջը լավ չի լինելու։ Բայց միտդ լավ պահիր, ես քեզ ոչինչ չեմ ասել, նրա մասին ոչ մի բառ չեմ փսփսացել... Որովհետև չաղ Լուիսը պետք է կենդանի վերադառնա այս ճանապարհորդությունից, անգամ, եթե մյուս բոլորը ձկներին կեր դառնան։
— Գայլ Լարսեն... — խռպոտ ձսւյնով վերսկսեց Լուիսը մի րոպե հետո։— Պարզ չէ՝ այդ անվան իմաստը։ Գա՜յլ... Եվ իրոք գայլ է նա։ Կան մարդիկ, որ քարսիրտ են, իսկ նա բոլորովին սիրտ չունի։ Գայլ, հենց գայլ է նա։ Զարմանո՞ւմ ես, որ նրան այդպես են կոչում։
— Բայց եթե նա ճանաչված է որպես այդպիսին,― առարկեցի ես,— ապա ինչպե՞ս է կարողանում մարդիկ ճարել, որ այս նավում ծառայեն իր ձեռքի տակ։
— Իսկ ինչպե՞ս է, որ մարդիկ ճարվում են որևէ աշխատանք անելու համար, լինի դա ծովի կամ ցամաքի վրա,— հարցրեց Լուիսը կելտական յուրահատուկ տաքարյունությամբ։— Մի՞թե ինձ կգտնեիր այս նավի վրա, եթե խոզի պես հարբած վիճակում չստորագրեի պայմանագիրը։ Կան նաև մարդիկ, ինչպես այդ որսորդներն են, որոնք չեն կարող ավելի լավ նավի վրա աշխատանք գտնել, կան և ուրիշներ, ինչպես, օրինակ, առաջամասի այդ խեղճ նավաստիները, որոնք դեռ ոչնչից տեղյակ չեն։ Բայց նրանք կիմանան, իհարկե, կիմանան, և կանիծեն այն օրը, որ աշխարհ են եկել։ Ես ցավում եմ այդ թշվառների համար, բայց ամենից առաջ մտածում եմ խեղճ չաղ Լուիսի և նրան սպասող փորձանքների մասին։ Նորից կրկնում եմ, ես ոչ մի բառ չեմ շշնջացել, լավ հիշիր այղ, ոչ մի բառ։
— Այդ որսորդները անզգամներ են,— նորից սկսեց Լուիսը, որը, ըստ երևույթին, տառապում էր շատախոսության ախտով։— Սպասիր և կտեսնես, թե ինչպես նրանք շուտով կսկսեն կռվել և իրենց ցույց տալ։ Բայց Գայլ Լարսենը նրանց հախից կգա և ահը կխոթի նրանց սև ու նեխած սրտերի մեջ։ Վերցրու, օրինակ, իմ որսորդին՝ Հոռներին։ Նա այնքան հանդարտ տեսք ունի, այնքան հեզահամբույր ու քաղցրախոս է, աղջկա նման, որ թվում է, թե նույնիսկ կարագը չի հալվի բերանում։ Բայց, չնայած դրան, անցյալ տարի նա սպանեց իմ մակույկի նավուղիղին։ Ասացին, թե դա մի տխուր, պատահական արկած է, բայց ես հետո Յոքոհամայում հանդիպեցի նույն մակույկի թիավարին, և նա ինձ ամեն ինչ պատմեց։ Գալով Սմոքին, այդ փոքր սև դևին, ապա ռուսները նրան երեք տարի նստեցրին Սիբիրի աղահանքերում որսագողության համար, որ նա արել էր Պղնձի կղզում, որը ռուսական մի արգելամաս է։ Նրա ձեռքերն ու ոտքերր շղթայեցին իր մեղսակից ընկերոջ հետ։ Այնտեղ նա ինչ-որ վեճ կամ կռիվ է ունեցել այդ ընկերոջ հետ և նրան ուղարկել է հանքի վերնամասը․․․ ուղարկել է մաս-մաս, աղի դույլերի մեջ, մի օր մեկ ոտքը, հաջորդ օրը թևը, մյուս օրը գլուխը, և այսպես շարունակաբար։
— Բայց արդյոք ճի՞շտ եք ասում,— գոչեցի ես՝ սարսափից ընկճված։
— Ասո՞ւմ,— պատասխանեց նա փայլակի արագությամբ,— ես ոչինչ չեմ ասում։ Ես համր ու խուլ եմ, ինչպիսին դու ինքդ էլ պետք է լինես, հենց քո մոր հոգու համար։ Եթե ես իմ բերանը բացել եմ, ապա այդ արել եմ միայն գովելու համար նրանց ու նրան... Անիծվի նրա հոգին և տա՛ աստված, որ նա տասը հազար տարի այրվի քավարանում ու հետո գնա դժոխքի ամենախոր հատակը․․․
Ջոնսոնը (այն նավաստին, որը մարմինս շփելիս մաշկս գրեթե պոկել էր, երբ առաջին անգամ ինձ բարձրացրին նավ) ամբողջ նավազախմբի մեջ ամենաուղղամիտ մարդն էր։ Նա չափազանց պարզ էր։ Նրա պարկեշտությունն ու արիությունը երևում էին հենց առաջին հայացքից, իսկ համեստությունը կարող էր նույնիսկ շփոթվել երկչոտության հետ։ Սակայն նա երկչոտ չէր։ Նա ուներ իր համոզմունքները պաշտպանելու քաջություն ու այդ քաշության վստահությունը։ Այդ բանը դրսևորվեց մեր առաջին հանդիպման օրը, երբ նա թուլյ չտվեց, որ իր անունը աղավաղելով, Յոնսոն կոչեն։ Նրա բնավորության այդ գիծը նկատի ունենալով, Լուիսն արեց հետևյալ մարգարեական դատողությունը։
― Այդ համառ Ջոնսոնը պայծառ տղա է, առաջամասում աշխատող նավաստիներից ամենալավը։ Նա մեր մակույկի թիավարն է։ Բայց երևում է, որ նա Գայլ Լարսենի հետ մի օր անպայման կընդհարվի։ Ես այդ լավ գիտեմ։ Ես տեսնում եմ, որ այդ մոտենում է այնպես, ինչպես փոթորիկը երկնքից։ Ես Ջոնսոնի հետ եղբոր պես զրույց ունեցա, բայց նա ոչ մի ցանկություն չունի բռնկվող կրակը մարելու։ Եթե որևէ բան նրան դուր չի գալիս, նա սկսում է փնթփնթալ, իսկ նավի վրա միշտ էլ կգտնվի մի մատնիչ, որը կարող է այդ մասին Գայլին իմաց տալ։ Գայլը ուժեղ է, իսկ գայլերր ատում են ուրիշ ուժեղներին։ Նա տեսնում է, որ Ջոնսոնը ուժեղ է, ծնկի եկողը չի և ընդունակ չի քծնելու, երբ նրան հայհոյում են կամ մռութին հարված հասցնում։ Փոթորիկը մոտենում է, այո, մոտենում է... իսկ այն ժամանակ աստված գիտի, թե որտեղից պիտի գտնեմ նրա պես ուրիշ թիավար։ Դու գիտե՞ս, որ երբ նավապետը «Յոնսոն» կանչեց, այդ հիմարը նրան պատասխանեցհ «Իմ անունը Ջոնսոն է, սըր» և սկսեց իր անվան տառերը մեկ-մեկ հեգել։ Այդ վայրկյանին պետք է տեսնեիր Գայլի դեմքը։ Ես կարծեցի, որ նույն րոպեին նա կհարձակվի Ջոնսոնի վրա։ Նա այդ չարեց, բայց մի օր անպայման կանի ու կջարդի նրան, այլապես ես ոչինչ չգիտեմ ծովի վրա ապրող մարդկանց վարվելակերպի մասին։
Թոմաս Մագրիջը գնալով անտանելի է դառնում։ Ես հարկադրված եմ նրան «միստր» կամ «սըր» կոչել յուրաքանչյուր նախադասության մեջ։ Նրա լկտիության պատճառներից մեկն այն է, որ Գայլ Լարսենը, ըստ երևույթին, բարյացակամ է նրա նկատմամբ։ Ընդհանրապես չլսված բան է, որ որևէ նավապետ մտերիմ լինի նավի խոհարարի հետ, բայց Գայլ Լարսենը փաստորեն այդպես է վարվում։ Արդեն երկու կամ երեք առիթներով նա գլուխը մտցրել է խոհանոցի դռնից և բարեհոգությամբ ծաղրել Մագրիջին։ Իսկ այսօր ճաշից հետո, նավախելում կանգնած, լրիվ տասնհինգ րոպե նա շաղակրատեց խոհարարի հետ։ Երբ այդ զրույցից հետո Մագրիջը խոհանոց վերադարձավ, նրա յուղալի դեմքը ուրախությունից ճառագայթում էր։ Աշխատելիս նա քթի տակ մրմնջում էր ինչոր փողոցային երգեր՝ ջղեր քայքայող աններդաշնակ ու ճաթած խզզոցներով։
— Ես միշտ էլ իմացել եմ պետերի հետ վարվելու ձևը,— ասաց նա մտերմական տոնով։— Ես գիտեմ, թե ինչպես պետք է գնահատել տամ իմ արժանիքները։ Օրինակ, իմ նախկին նավապետի օրով ես ուզածս րոպեին ուղղակի մտնում էի նրա խուցը ընկերաբար զրուցելու և միասին մի բաժակ խմելու համար։ «Մագրիջ,— ասում էր նա,— Մագրի՛ջ, դու պետք է այլ կոչում ունենայիր»։ «Իսկ ի՞նչ կոչում», հարցնում էի ես։ «Դու պետք է ջենթլմեն ծնված լինեիր և երբեք չաշխատեիր քո ապրուստի համար»։ Թող աստված ինձ պատժի, Հեմփ, եթե ճիշտ չեմ ասում։ Իսկ ես նստում էի նրա խցում, ոնց որ իմ տանը, ծխում էի նրա սիգարները և խմում նրա ռոմը։
Այս շաղակրատությունն ինձ ուղղակի կատաղեցնում էր։ Ես կյանքումս երբեք չէի լսել մարդկային մի ձայն, որը այսքան ատելի լիներ։ Այս մարդու փաղաքշական ու շողոքորթ տոնը, նրա կեղծ ժպիտը և հրեշային պարծենկոտությունը այնպես ազդեցին ջղերիս վրա, որ ամբողջ մարմնով սկսեցի դողալ։ Նա, անկասկած, ամենազզվելի և ամենագարշելի անձնավորությունն էր, որին երբևէ հանդիպել եմ։ Դրա հետ մեկտեղ, նա ճաշերը աննկարագրելիորեն կեղտոտ էր եփում։ Եվ քանի որ նավի բոլոր ուտելիքները անցնում էին նրա ձեռքով, ապա ստիպված էի լինում զգուշությամբ ընտրել իմ ուտելիքը, ջոկելով այն բաները, որոնք համեմատաբար նվազ կեղտոտ էին։
Կոշտ աշխատանքի անվարժ լինելով, ձեռքերս ինձ շատ էին նեղում։ Եղունգներս իրենց փայլը կորցրին ու սևացան, իսկ ձեռքերիս մաշկը արդեն այնքան էր կեղտոտվել, որ նույնիսկ խոզանակով հնարավոր չէր մաքրել։ Ափերիս մեջ սկսեցին կոշտուկներ գոյանալ, իսկ մի անգամ, երբ նավի ցնցումից հավասարակշռությունս կորցրի, արմունկս վառարանին քսվելով սաստիկ այրվեց։ Ծունկս չէր լավանում, ուռուցքը չէր իջել, իսկ ծնկոսկրը դեռ տեղը չէր ընկել։ Առավոտից մինչև գիշեր կաղալով գնալ-գալը, իհարկե, չէր կարող նպաստել դրա բուժմանը։ Իսկ բուժման համար ինձ հարկավոր էր հանգստանալ։
Հանգստանալ․․․ Անցյալում երբեք չէի իմացել այս բառի իսկական նշանակությունը։ Ես իմ ամբողջ կյանքում հանգստանում էի, առանց իմանալու, թե ինչ է նշանակում այդ։ Իսկ այժմ, եթե ինձ վիճակվեր մի կես ժամ անշարժ նստել և ոչինչ չանել, նույնիսկ չմտածել, դա կլիներ աշխարհի ամենահաճելի բանը։ Բայց մյուս կողմից, այս ամենը ինձ համար մի տեսակ հայտնություն եղավ։ Հիմա արդեն հասկանում ու գնահատում եմ աշխատավոր մարդկանց կյանքը։ Ես երբեք չէի պատկերացրել, որ աշխատանքը կարող է այսքան ծանր լինել։ Առավոտյան ժամը հինգն անց կեսից մինչև գիշերվա ժամը տասը ես բոլորի ստրուկն եմ և ոչ մի րոպե չեմ կարող հանգստանալ, բացի այն կարճ վայրկյաններից, որ կարող եմ գողանալ երեկոյան հերթապահության վերջում։ Բավական է մի րոպե կանգնեմ դիտելու արևի տակ կայծկլտացող ծովը կամ նայեմ, թե ինչպես մի որևէ նավաստի բարձրանում է խելամասի թեք կայմի վրա կամ մագլցում կայմապարանով, և ահա հետևիցս կլսեմ խոհարարի նողկալի ձայնը. «Հ՜եյ, Հե՛մփ, աշխատանքից փախել ես, հա՞, ես քեզ հետևում եմ, լավ իմացիր»։
Որսորդների խցում նկատվում են աճող խռովության նշաններ և խոսք է պտտվում, թե Սմոքը և Հենդերսոնը կռվել են իրար հետ։ Հենդերսոնը մնացած որսորդներից ամենալավն է, սառնարյուն մի մարդ, որին դժվար է զայրացնել։ Բայց, ըստ երևույթին, նա ի վերջո զայրացել էր, քանի որ Սմոքի դեմքը չանգռվել էր ու աչքի տակը կապտել։ Վերջինս առանձնապես չարացած տեսք ուներ, երբ ընթրիքի ժամանակ եկավ նավասենյակ։
Ընթրիքից առաջ ականատես եղա մի դաժան դեպքի, որը ցույց տվեց, թե ինչքան բիրտ ու անզգամ են այդ մարդիկ։ Նավազախմբում կա Հարրիսոն անունով մի նորընծա նավաստի, անշնորհք տեսքով մի գեղջուկ երիտասարդ, որը, հավանորեն, արկածախնդրության հեռանկարներով խանդավառված՝ կատարում էր իր առաջին ճանապարհորդությունը։ Թեթև ու փոփոխական քամիների պատճառով նավը հաճախ շեղվում է ճանապարհից և առագաստները շրջվում են մեկ կողմից մյուսը։ Այդպիսի դեպքերում մի որևէ նավաստի ուղարկվում է վերև, որպեսզի ցռկակայմի առագաստը տեղափոխի։ Հարրիսոնը վերևում էր, երբ պարանը պատահաբար խճճվեց այն ճախարակի մեջ, որի միջով անցնելով, երկարում էր մինչև ցռկակայմի գագաթը։ Որքան ես հասկացա, պարանը ազատելու երկու միջոց կար. կա՛մ առագաստը ցածրացնել, մի բան, որ համեմատաբար ավելի հեշտ էր ու անվտանգ, և կամ պարանով մագլցել մինչև կայմի ծայրը. իսկ դա չափազանց արկածալի գործողություն էր։
Յոհանսենը Հարրիսոնին հրամայեց մագլցել պարանով։ Բոլորի համար պարզ էր, որ տղան վախենում է։ Եվ իրոք, բարակ ու ճոճվող պարաններով տախտակամածից ութսուն ոտնաչափ վեր մագլցելը վախենալու բան էր։ Եթե քամին համաչափ փչեր, ապա վտանգն այդքան մեծ չէր լինի։ Բայց «Ուրվականը» տատանվում էր լայն ալիքների վրա և յուրաքանչյուր տատանումից առագաստն աղմուկով թպրտում էր, իսկ պարանները մեկ թուլանում էին, մեկ էլ հանկարծ ցնցվելով պրկվում։ Նրանք կարող էին մարդուն թափ տալ այնպես, ինչպես մտրակով թափ կտայիր դրա վրա նստած ճանճին։
Հարրիսոնը լսեց հրամանը և հասկացավ, թե իրենից ինչ է պահանջվում, բայց, այնուամենայնիվ, վարանեց։ Ըստ երևույթին, նա իր կյանքում առաջին անգամ էր այսպիսի գործողություն կատարելու։ Յոհանսենը, որը վարակվել էր Գայլ Լարսենի տիրական վարվելակերպից, սկսեց հայհոյանքների մի տարափ տեղալ։
— Բավակա՛ն է, Յոհանսեն,— ասաց Լարսենը խստությամբ։― Դու պետք է իմանաս, որ այս նավի վրա միայն ես իրավունք ունեմ հայհոյելու։ Եթե քո օգնության կարիքն ունենամ, կասեմ։
— Լռում եմ, սըր,— պատասխանեց օգնականը հեզությամբ։
Այդ պահին Հարրիսոնն արդեն սկսել էր մագլցել։ Ես դիտում էի խոհանոցի դռնից ու տեսնում, որ նա ամբողջ մարմնով դողում է, ինչպես ջերմից։ Նա բարձրանում էր մատնաչափ առ մատնաչափ, շատ դանդաղ և զգույշ։ Ջինջ երկնքի դեմ ուրվագծված նրա մարմինը նման էր ոստայնի թելերի վրա սահող մի հսկա սարդի։
Հարրիսոնի վերելքը կատարվում էր թեթև թեքության վրա։ Առագաստը շատ բարձր էր և կայմն ի վեր երկարող պարանը անցնում էր զանազան ճախարակների միջով, որոնք ծառայում էին որպես հենարան նրա ոտքերի և ձեռքերի համար։ Բայց վատն այն էր, որ քամին բավականին ուժեղ ու համաչափ չէր, որպեսզի միշտ լցված պահեր առագաստը։ Երբ Հարրիսոնը հասավ ճանապարհի կեսին, «Ուրվականը» հանկարծ թեքվեց քամու ուղղությամբ և սահեց երկու ալիքի արանքը։ Հարրիսոնը դադարեց բարձրանալ և ամուր փաթաթվեց պարանին։ Ութսուն ոտնաչափ ներքևից ես տեսնում էի, թե նրա մկաններն ինչպես էին պրկված կյանքի այդ օրհասական պայքարում։ Նույն րոպեին առագաստը դատարկվեց, և կայմը ճկվեց դեպի նավի կենտրոնը։ Չնայած այդ ամենը շատ արագ կատարվեց, ես նկատեցի, որ պարանը նավաստու ծանրությունից թուլացավ, կայմը հանկարծակի ճոճվեց դեպի նախկին դիրքը, մեծ առագաստը թնդանոթի պես որոտալով ուռեց, և երեք շարք առագաստամերակներ մեծ առագաստին խփվեցին այնպիսի աղմուկով, որ կարծես հրացանի կրակոցներ լինեին։ Հարրիսոնը, պարանին կառչած, գլխապտույտ պատճառող մի թռիչք կատարեց օդում։ Բայց այդ թոիչքը իսկույն կանգ առավ։ Պարանը հանկարծ ձգվեց և կատարեց ճանճը թափ տվող մտրակի դերը։ Հարրիսոնր չկարողացավ իրեն պահել։ Նրա մեկ ձեռքը անջատվեց պարանից, մյուսը հուսահատորեն շարունակեց կառչել, բայց միայն մի վայրկյան։ Նա ցած կգլորվեր, եթե պատահականորեն ոտքերով չսեղմեր պարանը, որից կախվեց գլխիվայր։ Ապա, մի հանկարծակի ճիգով նա կարողացավ նորից ձեռքով բռնել պարանը, բայց երկար ժամանակ տևեց, մինչև որ վերականգնեց իր նախկին դիրքը։ Դրանից հետո նա անշարժ սպասեց արգահատելի տեսքով։
— Գրազ կգամ, որ նա ախորժակ չունի ընթրելու,― լսեցի Գայլ Լարսենի ձայնը, որ գալիս էր խոհանոցի անկյունից։— Զգո՛ւյշ, Յոհանսեն, մի կողմ քաշվիր, վրադ է ընկնում...
Եվ իրոք, Հարրիսոնը շատ վատ վիճակի մեջ էր, ծովախտով բռնվածի նման։ Նա երկար ժամանակ կառչած մնաց իր անկայուն կախարանից, չհամարձակվելով որևէ շարժում անել։ Սակայն Յոհանսենը կատաղորեն ստիպում էր նրան գործն ավարտել։
— Ամո՜թ և նախատի՜նք,— քրթմնջաց Ջոնսոնը դանդաղ, բայց մաքուր անգլերենով։ Նա կանգնած էր ինձանից մի քանի քայլ հեռու, գլխավոր թոկասարքի մոտ։— Տղան բավականին ջանասեր է։ Եթե հնարավորություն տան, կսովորի։ Բայց սա․․․— նա մի պահ լռեց, մինչև որ հիշեց «մարդասպանություն» բառը, որով ուզում էր իր վերջնական վճիռն արձակել։
— Սո՛ւս կաց,— շշնջաց նրան Լուիսը,— մայրիկիդ սիրույն, լեզուդ քեզ պահիր։
Բայց Ջոնսոնը, առանց մեղմանալու, շարունակեց քրթմնջալ․
— Լսեք,— ասաց Գայլ Լարսենին որսորդներից մեկը՝ Ստենդիշը,— նա իմ մակույկի թիավարն է և ես չեմ ուզում նրան կորցնել։
— Գիտեմ, Ստենդիշ,— եղավ պատասխանը։— Բայց նա քո թիավարն է, երբ մակույկիդ մեջ է։ Իսկ երբ նավի վրա է, ապա իմ նավաստին է, և ես նրա հետ կարող եմ վարվել այնպես, ինչպես կուզեմ։
— Բայց դա պատճառ չէ, որ...— վերսկսեց Ստենդիշը կրքոտությամբ։
— Բավական է, շատ մի հուզվիր,― խորհուրդ տվեց Գայլ Լարսենը։— Ես իմ խոսքն ասացի, և վե՛րջ։ Այդ մարդն իմն է, և ես կարող եմ եփել և ուտել, եթե ցանկանամ։
Որսորդի աչքերը կատաղությամբ փայլեցին, բայց նա լռեց և շուռ գալով, ուղղվեց դեպի որսորդների խուցը։ Սանդուղքի վրա նա կանգ առավ և սկսեց դիտել Հարրիսոնին։ Այժմ բոլոր նավաստիները տախտակամածի վրա էին և բոլորի հայացքները բարձրացել էին վերև, ուր մարդկային մի կյանք գոտեմարտում էր մահվան հետ։ Ինձ ուղղակի զարհուրանք էր պատճառում այն մարդկանց անգթությունը, որոնց արդյունաբերական վարչակարգը տվել էր իշխանություն ուրիշ մարդկանց կյանքի վրա։ Ես, որ միշտ հեռու էի ապրել կյանքի հորձանուտից, երբեք չէի պատկերացրել, որ մարդու, աշխատանքը այս ձևով է կազմակերպված։ Մարդկային կյանքն ինձ միշտ թվացել էր գերագույն սրբություն, իսկ այստեղ այն համարվում էր ոչնչություն, մի զրո՝ առևտրի թվաբանության մեջ։ Պետք է ասեմ, սակայն, որ նավաստիները կարեկցում էին իրենց ընկերոջը, ինչպես, օրինակ, Ջոնսոնը։ Բայց պետերը նավապետն ու որսորդները, անգթորեն անտարբեր էին։ Ինչ վերաբերում է Ստենդիշի բողոքին, ապա դա պարզապես բխում էր այն հանգամանքից, որ նա չէր ուզում կորցնել իր թիավարին։ Եթե Հարրիսոնը մի այլ որսորդի թիավարը լիներ, Ստենդիշն էլ մյուսների նման պիտի զվարճանար։
Բայց վերադառնանք Հարրիսոնին։ Յոհանսենը մի ամբողջ տասը րոպե նրան նախատեց ու անարգեց, մինչև որ խեղճ տղան նորից սկսեց շարժվել։ Ի վերջո նա հասավ ցռկաձողի գագաթը, և կայմաթևի վրա հեծնելով, հնարավորություն ունեցավ ավելի դյուրությամբ իրեն պահելու։ Նա ազատեց խճճված թոկը։ Այժմ նա կարող էր վերադառնալ, պարանով սահելով դեպի կայմը։ Բայց նրա ջղերն արդեն պրկվել էին, և նա վախենում էր իր վտանգավոր դիրքը փոխարինել ավելի վտանգավոր վայրէջքի հետ։
Հարրիսոնր հայացքով չափեց իր կտրելիք օդային ճանապարհը և ապա նայեց ներքև՝ տախտակամածին։ Նրա աչքերը սարսափից լայնացան և մարմինը սկսեց ուժգին դողդողալ։ Ես չէի տեսել ոչ մի մարդկային դեմք, որի վրա վախը այդքան ուժեղ դրոշմված լիներ։ Յոհանսենը իզուր էր նրան հրամայում իջնել։ Ամեն վայրկյան նա կարող էր վայր ընկնել ցռկաձողից, բայց նա սարսափից անդամալուծվել էր։ Գայլ Լարսենը, որ ճեմում էր Սմոքի հետ զրուցելով, այլևս ուշադրություն չէր դարձնում Հարրիսոնին։ Նա միայն մի անգամ խիստ ձայնով գոռաց ղեկորդին.
— Ա՜յ մարդ, դու շեղվեցիր ճիշտ ուղղությունից։ Ավելի ուշադիր եղիր, եթե չես ուզում, որ գլխիդ փորձանք բերեմ։
— Իսկույն, սը՛ր,— պատասխանեց ղեկորդր և անիվը մի քիչ ետ պտտեցրեց։
Ղեկորդի հանցանքն այն էր, որ նավի ուղղությունը դիտմամբ մի քիչ շեղել էր, որպեսզի թեթև քամին առաջակայմի առագաստը ուռեցնելով անշարժացներ։ Նա ուզեցել էր այդ ձևով օգնել դժբախտ Հարրիսոնին, գիտենալով հանդերձ, որ նման թերացումը կարող է Գայլ Լարսենի զայրույթն իր վրա հրավիրել։
Ժամանակն անցնում էր, իսկ լարված դրությունը սոսկալի էր ինձ համար։ Թոմաս Մագրիջը այդ դեպքը ծիծաղելի էր համարում և շարունակ գլուխը դուրս էր ցցում խոհանոցի դռնից, որպեսզի լկտի կատակներ բաց թողնի։ Այդ ահազդեցիկ րոպեներին իմ ատելությունը նրա նկատմամբ հետզհետե ավելի ու ավելի սաստկանալով, կիկլոպյան չափերի հասավ։ Եվ առաջին անգամ իմ կյանքում սպանելու ցանկություն ունեցա, «արյան ծարավ» զգացի, ինչպես սովոր են ասել պատկերավոր դարձվածքների սիրահար գրողները։ Մարդկային կյանքը, ընդհանուր առմամբ, ինձ համար կարող էր դեռ սրբազան լինել, բայց Թոմաս Մագրիջի դեպքում այն դարձել էր չափազանց սրբապիղծ։ Ես ուղղակի սարսափեցի, երբ գիտակցեցի, որ «արյան ծարավ» եմ զգում, և մտքումս իսկույն ծագեց մի հարց, արդյո՞ք ես էլ եմ վարակվում իմ շրջապատի վայրագությունից, ես, որ նույնիսկ ամենաբացահայտ ոճիրների առնչությամբ ժխտել եմ մահապատժի իրավունքն ու արդարացիությունը։
Կես ժամ անցավ այսպես, որից հետո հանկարծ նկատեցի, որ Ջոնսոնը ու Լուիսը վիճում են իրար հետ։ Վեճը վերջացավ նրանով, որ Ջոնսոնը իր թևը քաշելով, ազատեց Լուիսի ձեռքից, որ ջանում էր իրեն պահել, և հեռացավ։ Նա կտրեց անցավ տախտակամածը և, նետվելով դեպի կայմապարանը, սկսեց վեր մագլցել։ Բայց Գայլ Լարսենի սուր աչքը իսկույն նկատեց նրան։
— Լսիր, է՛յ, այդ ի՞նչ գործի ես,— գոչեց նա։
Ջոնսոնի վերելքը մի պահ դադարեց։ Նա նայեց ուղիղ նավապետի աչքերի մեջ և դանդաղ պատասխանեց.
— Ուզում եմ այդ տղային իջեցնել։
— Ցա՛ծ իջիր այդ պարանից, և իսկույն, լսո՞ւմ ես, ցա՛ծ իջիր։
Ջոնսոնը վարանեց. բայց նավապետներին հնազանդվելու երկարամյա սովորությունն ի վերջո հաղթեց։ Նա դժդոհությամբ վար ցատկեց և հեռացավ։
Ժամը հինգն անց կեսին ես նավասենյակ գնացի սեղանը փռելու, բայց հազիվ էի գիտակցում, թե ինչ եմ անում, որովհետև իմ մտքից ու աչքերից չէր հեռանում այդ գունատ նավաստին, որը ճոճվող ցռկակայմից կառչած՝ դողդողում էր ինչպես ծիծաղելի մի բզեզ։ Ժամը վեցին, ընթրիքի ժամանակ, երբ ճաշը բերելու համար խոհանոց էի գնում, տեսա Հարրիսոնին նույն դիրքում։ Սեղանի վրա խոսակցությունը դառնում էր ուրիշ նյութերի շուրջ։ Ըստ երևույթին, ոչ ոք չէր հետաքրքրվում այն մարդով, որի կյանքը մահվան սպառնալիքի տակ էր պահվում պարզապես զվարճության համար։ Բայց մի անգամ ևս խոհանոց գնալիս ուրախությամբ նկատեցի, որ Հարրիսոնը երերալով կայմապարանից իջնում է նավամբարի անցքը ծածկող կափարիչի վրա։ Վերջապես, քաջությունը հավաքելով, նա խիզախել էր իջնել։
Այս պատահարի պատմությունը վերջացնելուց առաջ ես կուզեի համառոտակի անդրադառնալ այն զրույցին, որ հետո Գայլ Լարսենի հետ ունեցա նավասենյակում, ամանները հավաքելու ժամանակ։
— Այսօր հիվանդի տեսք ունեք,— սկսեց նա։— Ի՞նչ է պատահել։
Երևում է նա գիտեր, թե ինչու վատ էի զգում Հարրիսոնի պես, և պարզապես ուզում էր ինձ խոսեցնել։ Ես պատասխանեցի.
— Այդ տղայի նկատմամբ ցուցաբերված վայրագ վերաբերմունքի պատճառով ես վատ եմ զգում։
Նա մի կարճ քրքիջ արձակեց.
— Եվ դա նման է, ենթադրում եմ, ծովախտի սրտախառնուքի։ Ոմանք ենթակա են դրան, ուրիշները՝ ոչ։
— Այդպես չէ,— առարկեցի ես։
— Ճիշտ այդպես է,— շարունակեց նա։— Ցամաքը նույնքան լի է վայրագությամբ, որքան ծովը՝ շարժումով։ Ոմանք առաջինից են սրտախառնուք զգում, ոմանք երկրորդից։ Դա է միակ պատճառը։
— Դուք, որ մարդկային կյանքը այդպես ծաղրում եք, մի՞թե նրան ոչ մի արժեք չեք տալիս։
— Արժե՞ք, ի՞նչ արժեք։— Նա նայեց ինձ և թեպետ աչքերն անշարժ էին, ինձ թվաց, թե նրանցում ինչ-որ լպիրշ ժպիտ կա։— Ի՞նչ տեսակ արժեք։ Ինչպե՞ս եք չափում կյանքը։ Ո՞վ է այն գնահատում։
— Ես։
— Իսկ դա ի՞նչ արժեք ունի ձեզ համար, ուզում եմ ասել ուրիշի կյանքը։ Ասացեք տեսնեմ, ի՞նչ արժե այն։
Կյանքի արժե՞քը։ Ինչպե՞ս կարելի է կյանքի համար ինչ-որ շոշափելի արժեք որոշել։ Ես, որ մտքերս միշտ արտահայտել եմ հեշտությամբ, Գայլ Լարսենի ներկայությամբ կորցնում եմ պերճախոսությունս։ Այդ բանը մասամբ վերագրում եմ Գայլ Լարսենի ուժեղ անհատականության, մեծ մասամբ էլ նրա բոլորովին յուրօրինակ հայացքներին։ Ուրիշ մատերիալիստների հետ վիճելիս, գոնե սկզբում, ընգհանուր տեասկետներ եմ ունեցել, մինչդեռ սրա հետ ոչ մի ընդհանուր բան չեմ ունենում։ Գուցե սրա մտածելակերպի տարրական պարզությունն է ինձ շփոթեցնում։ Նա այնքան ուղիղ է դիմում գեպի նյութի միջուկը, իսկույն հարցը մերկացնում բոլոր ավելորդ մանրամասներից և այն դնում այնքան անառարկելի ձևով, որ ես կորցնում եմ ոտքիս տակի հողը, կարծես ընկնում եմ խոր ջրի մեջ, որտեղից դժվար է դուրս գալ։ Կյանքի արժեք․․․ Ինչպե՞ս կարող էի այս հարցին շտապ պատասխանել։ Մարդկային կյանքի սրբությունը ես ընդունել էի որպես աքսիոմա։ Որ կյանքն, ըստ էության, սրբություն է, դա ակներև մի ճշմարտություն է, որին երբեք չէի տարակուսել։ Այնպես որ, երբ Լարսենը կասկածի տակ դրեց այդ ճշմարտությունը, ես շփոթվեցի։
— Մենք ձեզ հետ այս մասին էինք խոսում երեկ,― ասաց նա։— Ես պնդում էի, որ կյանքը նման է փրփուրի, մի ինչ-որ թթխմորի, որը լափում է ամեն ինչ, որպեսզի ինքն ապրի, իսկ ապրելը՝ դա հաջողակ խոզություն է։ Պահանջի և մատուցման տեսակետից կյանքը ամենաէժան բանն է աշխարհում։ Աշխարհում հսկայական քանակությամբ ջուր, հող և օդ կա, բայց ծնվող կյանքերի թիվը ուղղակի անսահման է։ Բնությունը շռայլ է։ Վերցրեք, օրինակ, ձկներն ու նրանց միլիոնավոր ձվերը։ Կամ վերցրեք ձեզ ու ինձ։ Յուրաքանչյուրիս գոտկատեղում միլիոնավոր կյանքերի կարելիություն կա։ Եթե ժամանակ և հնարավորություն ունենանք լույս աշխարհ բերելու մեր մեջ գտնվող յուրաքանչյուր չծնված կյանքը, ապա մենք կդառնանք ժողովուրդների հայրեր և մայրցամաքներ կզբաղեցնենք։ Կյա՞նք։ Է՜հ, նա ոչ մի արժեք չունի։ Էժան բաների մեջ նա ամենաէժանն է։ Նա ամեն դուռ ծեծում է մուրացկանի պես։ Բնությունը շռայլորեն արտահեղում է կյանքը։ Որտեղ միայն մեկ կյանքի համար տեղ կա, բնությունը ցանում է հազար կյանքեր, որոնք շարունակ ուտում են իրար, մինչև որ ի վերջո մնում է ամենաուժեղ և ամենախոզային կյանքը։
— Դուք կարդացել եք Դարվինը,― նկատեցի ես։— Բայց դուք նրան սխալ եք մեկնաբանում, երբ հանգում եք այն եզրակացության, թե գոյության պայքարը հաստատում է կյանքի սանձարձակ փչացման վերաբերյալ ձեր տեսակետը։
Նա ուսերը թոթվեց։
— Դուք նկատի ունեք միայն մարդկային կյանքը, քանի որ կենդանիներին, ձկներին ու թռչուններին փչացնում եք այնքան շատ, որքան և ես կամ ուրիշը։ Այնինչ, մարդկային կյանքը ոչնչով չի տարբերվում այլ կյանքերից, թեև ձեզ թվում է, թե տարբերվում է, և կարծում եք, թե կարող եք պատճառը բացատրել։ Ինչո՞ւ պետք է ժլատությամբ պահպանեմ այս կյանքը, որն այնքան էժանագին է և գրեթե անարժեք։ Նավաստիները համեմատաբար շատ ավելի են, քան ծովերի վրա գտնվող նավերը, որ կարողանաս բոլորին աշխատանք տալ։ Նույնպես բանվորները շատ ավելի են, քան նրանց աշխատանքի մեջ ներգրավելու համար պետք եղած գործարաններն ու մեքենաները։ Դուք, որ ապրում եք ցամաքի վրա, լավ գիտեք, որ աղքատ մարդկանց բնակեցնում են քաղաքների կեղտոտ ծայրամասերում և նրանց մատնում սովի ու համաճարակի։ Բայց, այնուամենայնիվ, դեռ մնում են մի փշուր հացի և մսի (որը դարձյալ փչացրած կյանք է) պակասից մեռնող այնքան շատ աղքատներ, որ չգիտես՝ ի՞նչ անես նրանց հետ։ Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես լոնդոնյան նավակայքերի բարձողները կռվում են վայրի գազանների նման պարզապես աշխատանք ստանալու հնարավորության համար։
Նա ուղղվեց դեպի սանդուղքը, բայց գլուխը շուռ տվեց՝ մի վերջին խոսք ավելացնելու համար.
— Կյանքի արժեքը այնքան է, որքան ինքը՝ կյանքը տալիս է իրեն։ Իսկ նա, իհարկե, իրեն գերագնահատում է, քանի որ անխուսափելիորեն կանխատրամադրված է հօգուտ իրեն։ Վերցրեք թեկուզ այն նավաստուն, որը կառչել էր կայմից։ Նա այնպես էր կառչել, որ կարծես մի թանկագին էակ լիներ, ադամանդից կամ սուտակից ավելի բարձրարժեք մի գանձ։ Իսկ ձեզ համար մի՞թե նա այդքան արժեք ունի։ Ո՛չ։ Ի՞նձ համար։ Բոլորովին ոչ։ Ի՞ր համար։ Այո՛։ Բայց ես չեմ ընդունում նրա ինքնագնահատումը։ Նա ողբալիորեն գերագնահատում է իրեն։ Դեռ շատ կյանքեր կան, որ սպասում են ծնվելու։ Եթե նա ընկներ և ուղեղը տախտակամածի վրա շաղ գար ինչպես մեղրով խորիսխը, աշխարհը դրանից չէր տուժի, որովհետև չափազանց շատ կյանքեր են արտադրվում։ Նա միայն իր համար արժեք ունի, իսկ այդ արժեքն անիրական է, դրա ապացույցն այն է, որ մարդը մեռած վիճակում չի կարող գիտակցել, որ կորցրել է իր կյանքը։ Այդ նավաստին իրեն գնահատել է սուտակներից ու ադամանդներից ավելի թանկ։ Եթե նա ընկներ, ապա սուտակներն ու ադամանդները թափված կլինեին տախտակամածի վրա և մի դույլ ջրով կքշվեին ծով, իսկ ինքը նույնիսկ չէր գիտակցի նրանց կորուստը։ Հասկանո՞ւմ եք։ Ի՞նչ կարող եք պատասխանել սրան։
— Որ դուք գոնե հետևողական եք,— կարողացա միայն ասել և շարունակեցի հավաքել ամանները։
Գլուխ յոթերորդ
Երեք օրվա փոփոխական քամիներից հետո վերջապես հասանք պասսատներին։ Հակառակ ծնկիս ցավին, գիշերը լավ հանգստանալուց հետո, առավոտյան տախտակամած բարձրացա և տեսա, որ «Ուրվականը» փրփրոտ ալիքների վրա սլանում է բոլոր առագաստները պարզած, բացի առաջամասի եռանկյուն առագաստից։ Որքա՜ն հիանալի են հզոր պասսատները։ Մենք նավարկեցինք ամբողջ օրը, գիշերը, հաջորդ օրը, օրեր շարունակ, իսկ ուժեղ ու համաչափ քամին միշտ փչում էր հետևից։ Նավը գնում էր ինքն իրեն և կարիք չկար առագաստների թոկերը ձգելու, քաշելու կամ առագաստների դիրքը փոխելու։ Նավաստիների համար ոչ մի աշխատանք չկար, բացի ղեկանիվը վարելուց։ Մայրամուտից հետո նրանք թոկերը թուլացնում էին, իսկ առավոտյան, երբ, ցողի խոնավությունն անցնելով, թոկերի ձգվածությունը մեղմանում էր, նորից էին ձգում։ Ահա և բոլորը։
Մեր ընթացքի արագությունը տասը, տասնմեկ, տասներկու հանգույց է։ Նպաստավոր հողմը հյուսիս-արևելյան կողմից միշտ փչում է համաչափ և մեզ առաջ մղում օրական երկու հարյուր հիսուն մղոն։ Ինձ տխրեցնում և միաժամանակ ուրախացնում է այդ արագությունը, որով մենք հեռանում ենք Սան-Ֆրանցիսկոյից և մոտենում հասարակածին։ Յուրաքանչյուր օր եղանակը զգալիորեն ավելի է տաքանում։ Երեկոյան հերթափոխի ժամանակ նավաստիները հանված գալիս են տախտակամած և դույլերով իրար վրա ջուր լցնում։ Թռչող ձկներն արդեն սկսում են հայտնվել, և գիշերվա հերթապահները տախտակամածի վրա հաճախ սողալով բռնում են նավի վրա ընկածներին։ Առավոտյան նրանք Թոմաս Մագրիջին լիուլի կաշառում են, և ահա խոհանոցը լցվում է տապակվող ձկան ախորժելի հոտով։ Երբեմն էլ Ջոնսոնը նավացռուկի մոտ բռնում է դելֆիններ, և այդպիսի առիթներով բոլորին հյուրասիրում են այդ շողշողուն գեղեցկուհիների մսով։
Ջոնսոնը իր ամբողջ ազատ ժամանակն անց է կացնում նավացռուկի մոտ կամ բարձրանամ կայմահարթակի վրա և դիտում, թե ինչպես «Ուրվականը» հողմից մղվելով ճեղքում է ալիքները։ Նրա, աչքերը լցվում են խանդավառությամբ ու հիացմունքով, երբ հուզմունքով ու հափշտակությամբ դիտում են ուռչող առագաստները, ջրի փրփալից հետքը և նավի ծփանքն ու սլացքը հեղուկ լեռների վրայով, որոնք վեհաշուք երթով ուղեկցում են մեզ։
Ցերեկներն ու գիշերները «հիանալի ու վայրի ցնծության տոն են», և թեպետ իմ տաղտկալի աշխատանքի պատճառով ես ազատ ժամանակ քիչ եմ ունենում, այնուամենայնիվ, երբեմն մի քանի վայրկյանով փախչում եմ խոհանոցից և դիտում փառավոր տեսարանի անվերջ գեղեցկությունը, որի գոյության մասին անցյալում նույնիսկ պատկերացում չունեի։ Վերևում՝ երկնքի անբիծ կապույտը, նավացռուկի մոտ՝ լաջվարթ սատինի նման փայլուն ծովը, իսկ հորիզոնի շուրջը՝ սպիտակ, բրդանման ամպեր, անշարժ ու անփոփոխ, ասես արծաթյա զարդեր երկնային անարատ փիրուզի վրա...
Ես չեմ կարող մոռանալ այն գիշերը, երբ, փոխանակ քնելու, նավի առաջամասում հարթակի վրա պառկած դիտում էի կլկլացող պսպղուն փրփուրները, որոնք ցայտում էին ցռուկի երկու կողմերում։ Նրանց կլկլոցը հնչում էր, ինչպես խաղաղ ձորում մամռապատ քարերի վրայից թափվող առվակի կարկաչը։ Փրփուրների այդ մրմունջը ինձ այնքան հմայեց, որ բոլորովին վերանալով, ես դադարեցի սպասավոր «Հեմփը» կամ Վան-Վեյդենը լինելուց, որն իր կյանքի երեսունհինգ, տարին վատնել է գրքերի վրա։ Բայց իմ հետևից մի ձայն ինձ ուշքի բերեց։ Դա Գայլ Լարսենի հզոր ու գերազանցորեն ինքնավստահ ձայնն էր, որ այդ պահին հնչում էր մեղմ, ներդաշնակվելով արտասանվող խոսքերի իմաստին․
Օ՜, որքա՜ն շքեղ է գիշերը արևադարձային գոտում,
Երբ նավի հետքը երկարում է ջրի վրա,
Ինչպես արծաթյա ժապավեն։
Տաք ու պայծառ է երկինքը,
Իսկ նավի հաստատուն ողնուցը աղմկելով սահում է
Մոլորակներով զարդարված ծովի երեսին,
Ուր խրտնած կետի մեջքը հանկարծ բռնկվում է կայծերով.
Առավոտյան նավի մետաղյա տախտակները
Փայլփլում են արևի տակ,
Եվ թոկերի վրա պսպղում են ցողի կաթիլներ,
Իսկ մենք, սիրելի աղջիկ, նավարկում ենք դեպի հարավ,
Նավարկում հին ճանապարհով, որը միշտ նոր է մեզ համար։
— Ինչպե՞ս է, հավանո՞ւմ եք, Հեմփ,— հարցրեց նա՝ բանաստեղծությանը և հանգամանքներին պատշաճող մի կարճ լռությունից հետո։
Ես նայեցի նրան։ Նրա դեմքը շողում էր լույսով, ինչպես ինքը ծովը, և աչքերը ճառագայթում էին աստղերի պես։
— Ինձ առնվազն զարմացնում է այն, որ դուք ընդունակ եք խանդավառվելու,— պատասխանեցի ես սառնությամբ։
— Բայց չէ՞ որ սա խոսում է ապրելու և կյանքի մասին,— գոչեց նա։
— Որը էժանագին է և անարժեք...— ասացի ես, վերադարձնելով նրան իր իսկ սեփական խոսքերը։
Նա խնդաց, և ես առաջին անգամ նրա ձայնի մեջ լսեցի անկեղծ զվարթության հնչյունը։
— Է՜հ, ես չեմ կարողանում ձեզ հասկացնել, ձեր գլխի մեջ մտցնել, թե ինչ բան է կյանքը։ Նա անարժեք է, բայց արժեք ունի միայն իր համար։ Ես ձեզ կարող եմ ասել, որ հենց այս վայրկյանիս կյանքն ինձ թվում է չափազանց թանկագին։ Այն ուղղակի անգին է։ Սա, անշուշտ, մի ահավոր գերագնահատություն է, որ անում եմ անկախ իմ կամքից։ Փաստորեն իմ մեջ գտնվող կյանքն է, որ իրեն գնահատում է այդքան բարձր։
Նա կարծես բառեր էր փնտրում իր մտքերն արտահայտելու։ Մի պահ լռելուց հետո, շարունակեց.
— Գիտե՞ք, այս րոպեիս ես համակված եմ զարմանալիորեն բարձր տրամադրությամբ։ Ինձ թվում է, թե բոլոր ժամանակները արձագանքում են իմ միջով, և բոլոր ուժերը կուտակվել են իմ մեջ։ Ինձ թվում է, թե ճանաչում եմ ճշմարտությունը և կարող եմ զանազանել բարին չարից, ճիշտը սխալից, թե հայացքս պայծառ է ու թափանցող։ Ես այս րոպեին նույնիսկ կկարողանայի հավատալ աստծուն։ Բայց...— այստեղ նրա ձայնը փոխվեց և դեմքի փայլն անհետացավ,— որտեղի՞ց է այս բարձր տրամադրությունը, ապրելու այս ուրախությունը, կյանքի այս հրճվանքը, այս, եթե կարելի է ասել, ներշնչումը։ Այս ամենը առաջանում է այն ժամանակ, երբ մարդուս մարսողությունը լավ վիճակի մեջ է, ստամոքսը՝ կանոնավոր, ախորժակը՝ բաց, և ամեն ինչ կարգին է։ Ապրելու խաբկանքը, արյան մեջ հոսող շամպայնը, թթխմորի փրփրումը՝ սրանք են, որ ոմանց մղում են ծառայելու վեհ գաղափարների, ուրիշներին՝ տեսնելու աստծուն կամ, եթե չեն տեսնում, նրան ստեղծելու։ Ահա և բոլորը՝ կյանքի արբեցությունը, թթխմորի պղպջումը և կենդանի լինելու հիվանդագին գիտակցությամբ վարակված կյանքի խլրտումը։ Բայց ափսո՜ս, վաղը ես դրա համար պիտի հատուցեմ, ինչպես հատուցում է հարբեցողը։ Ես պիտի գիտակցեմ, որ պետք է մեռնեմ, ամենայն հավանականությամբ ծովի վրա, որ պետք է դադարեմ ինձ համար սողալուց, որպեսզի սողամ ծովի փտության համար, որպեսզի դիակ դառնալով ուտվեմ, և մկաններիս ամբողջ ուժն ու շարժունակությունը փոխանցվեն ձկների լողակներին, թեփուկներին ու աղիքներին։ Ափսո՜ս և նորից ափսո՜ս։ Շամպայնր փչացավ, նրա պղպջակներն ու կայծկլտուքը հանգան և այն դարձավ մի անհամ խմիչք։
Նա հարթակից վագրի ծանրությամբ ու ճկունությամբ ցատկեց տախտակամածի վրա և հեռացավ անակնկալ կերպով, այնպես, ինչպես մոտեցել էր։ «Ուրվականը» շարունակում էր իր ճանապարհը, նավացռուկի մոտ փրփուրների կլկլոցն այժմ կարծես հնչում էր խռխռոցի նման։ Ես ունկնդրեցի այդ խռխռոցին, մինչև որ Գայլ Լարսենի հոգեզմայլությունից դեպի հուսահատություն կատարած արագ վայրէջքի տպավորությունը կամացկամաց ջնջվեց իմ մտքում։ Ապա ինձ հասավ տախտակամածի վրա նստած մի նավաստու հնչեղ տենորը՝ «Պասսատի երգը» երգելիս․
Նավաստիների սիրած հողմն եմ ես՝
Համաչափ, ուժեղ ու հավատարիմ։
Թռչում եմ ամպի միջով շանթի պես
Ծովի վերևում ես հարավային,
Անվերջ հսկում եմ ես նավերի չուն,
Հավատարիմ եմ, ինչպես շուն զգաստ։
Ցերեկը ուժգին փչում եմ, փչում,
Լուսընկա գիշեր փքում առագաստ։
Գլուխ ութերորդ
Գայլ Լարսենը իր տարօրինակ տրամադրությունների և արտառոցությունների պատճառով երբեմն ինձ թվում է խելագար կամ առնվազն կիսախելագար։ Իսկ ուրիշ առիթներով ես նրան համարում եմ մեծ մարդ, չդրսևորված մի հանճար։ Սակայն ի վերջո համոզվեցի, որ նա նախամարդու կատարյալ տիպարն է, բայց ծնվելով հազար տարի կամ հազար սերունդ ավելի ուշ, այս դարի բարձր քաղաքակրթության պայմաններում հանդիսանում է ժամանակագրական մի վրիպակ։ Նա, անկասկած, ծայրահեղորեն անհատապաշտ է։ Բացի դրանից, չափազանց միայնակ է։ Նրա և նավակազմի մյուս մարդկանց միջև ընդհանուր ոչինչ չկա։ Ֆիզիկական արտակարգ ուժն ու մտային մեծ կարողությունը նրան բաժանում են ուրիշներից։ Մյուսները, նույնիսկ որսորդները, նրա համար սոսկ երեխաներ են, և նա նրանց հետ վարվում է ինչպես երեխաների։ Միայն զիջողաբար է իջնում նրանց մա կարդակին և հետները խաղում, ինչպես մարդ խաղում է շնիկների հետ։ Եվ կամ կենդանահերձի դաժան ձեռքով շոշափում է նրանց մտքերը, զննում հոգիները, իմանալու համար, թե ինչպիսի հոգևոր նյութից են պատրաստված։
Ես շատ անգամ նկատել եմ, որ սեղանի շուրջը նա նախատում է այս կամ այն որսորդին և սառը, սևեռուն, բայց միաժամանակ ինչ-որ կարեկցող հայացքով նայում դիմացինին, սպասում նրա պատասխանին, վերաբերմունքին կամ անզոր կատաղությանը այնպիսի հետաքրքրությամբ, որ ինձ պես կողմնակի դիտող ու կռահող մարդը կարող է միայն ծիծաղել։ Ինչ վերաբերում է սեփական կատաղության պոռթկումներին, ապա ես համողված եմ, որ դրանք իրական չեն, երբեմն դրսևորվում են սոսկ փորձի նպատակով, բայց ընդհանրապես բխում են շրջապատի մարդկանց հանդեպ նրա որդեգրած վարվելակերպից, որը կարծես դարձել է սովորություն։ Բացի իր օգնականի մահվան միջադեպից, ես Գայլ Լարսենին իսկապես զայրացած չեմ տեսել, ոչ էլ ուզում եմ նրան տեսնել կատաղության այն վիճակում, երբ նրա բովանդակ ուժը սանձազերծվում ու սկսում է գործել։
Քանի որ խոսք եղավ արտառոցությունների մասին, ես պիտի պատմեմ, թե նավասենյակում ինչ պատահեց Թոմաս Մագրիջին, և միաժամանակ իմ ասելիքն ավարտեմ այն դեպքի մասին, որն արդեն մեկ-երկու անգամ ակնարկել եմ։
Մի օր, ճաշից հետո, ես նոր էի կարգի բերել նավասենյակը, երբ Գայլ Լարսենը և Թոմաս Մագրիջը սանդուղքով ցած իջան։ Չնայած խոհարարի շնաբույնը բացվում է նավասենյակի վրա, նա երբեք չի համարձակվում նավասենյակում դեգերել, թեև օրական մեկ կամ երկու անդամ սահելով գնում-գալիս է երկչոտ ուրվականի պես։
— Ուրեմն դու գիտես «Նապոլեոն» խաղալ,— ասում էր Գայլ Լարսենը գոհ ձայնով։— Ես պետք է գուշակեի, որ դու, որպես անգլիացի, կիմանաս խաղալ։ Ես ինքս այն սովորել եմ անգլիական նավերի վրա։
Թոմաս Մագրիջը իրեն կորցրել էր։ Ողորմելի ապուշը անչափ ուրախ էր, որ նավապետը զրուցում էր իր հետ։ Նրա ընդունած տեսքը և բարձր դասի մարդկանց վարվելաձևը պա աճենահանելու համար թափած տանջալի ջանքերը նողկանք պիտի պատճառեին, եթե ծիծաղելի չլինեին։ Նա բոլոբովին անտեսեց իմ ներկայությունը, թեև ես այնպես ենթագրեցի, որ պարզապես ի վիճակի չէր ինձ տեսնելու։ Նրա պղտոր ու ջրոտ աչքերր ծփում էին ամառային ծույլ ալիքների նման, բայց թե նրանցում երանության ինչպիսի տեսիլքներ էին պարփակված, այդ կռահելն իմ երևակայության ուժերից վեր էր։
— Խաղաթղթերը տուր, Հե՛մփ,— հրամայեց ինձ Գայլ Լարսենը, երբ նստեցին սեղանի մոտ։— Բեր նաև սիգարներս և վիսկին, որ անկողնիս տակի արկղումն են։
Երբ պահանջված իրերով վերադարձա, խոհարարը տարտամ կերպով ակնարկում էր այն մասին, որ իր ծննդյան հետ կապված ինչ-որ գաղտնիք կա, թե ինքը մի ջենթլմենի մոլորված կամ ճամփից շեղված զավակն է, թե իրեն հեռացրել են Անգլիայից և փող են վճարում, որպեսզի չվերադառնա։ «Առատաձեռն վճարում են, սըր,— բացատրում էր նա,— շա՜տ առատաձեռն, միայն նրա համար, որ միշտ հեռու մնամ Անգլիայից»։
Ես բերեցի խմիչքի սովորական ըմպանակներ, բայը Գայլ Լարսենը հոնքերը կիտեց, գլուխը թափահարեց և ձեռքի նշանով հասկացրեց, որ բաժակներ բերեմ։ Նա բաժակների մինչև երկու երրորդը վիսկի (Թոմաս Մագրիջի որակումով՝ «ջենթլմենների խմիչք») լցրեց։ Նրանք բաժակները խփեցին ու խմեցին փառավոր «Նապոլեոն» խաղի կենացը, ապա սիգարները վառեցին և խաղաթղթերը խառնելուց հետո սկսեցին խաղալ։
Նրանք փողով էին խաղում և հետզհետե ավելացրին գումարները։ Վիսկին խմում էին առանց ջուր խառնելու։ Երբ շիշը դատարկվեց, ես նորը բերեցի։ Չգիտեմ՝ Գայլ Լարսենը խարդախում էր, թե ոչ, մի բան, որ նա միանգամայն ընդունակ էր անելու, բայց շարունակ շահում էր։ Խոհարարը մի քանի անգամ ուղևորվեց դեպի իր խցիկը փող բերելու։ Յուրաքանչյուր ուղևորությունը կատարելիս նա ավելի մեծ հոխորտանքներ էր դուրս տալիս, բայց, այնուհանդերձ, մի քանի դոլլարից ավելի չէր բերում։ Նա սկսեց հարբել և մտերմական դառնալ, այլևս չէր կարողանում ուղիղ նստել և հազիվ էր զանազանում խաղաթղթերի թվանշանները։ Պատրաստվելով նորից ուղղվել դեպի խցիկը, նա իր յուղոտ ցուցամատով ճանկեց Գայլ Լարսենի զգեստի կոճակածակը և բթացած արտահայտությամբ հայտարարեց.
— Փոդ ունե՜մ, ես ձեզ ասում եմ, որ փող ունե՜մ։ Ես ջենթլմենի զավակ եմ...
Գայլ Լարսենը խմիչքից չէր ազդվել, չնայած հավասար խմում էր և ամեն անգամ իր բաժակը լցնում մյուսի չափ, նույնիսկ՝ ավելի։ Նրա դեմքին ոչ մի փոփոխություն չէի նկատում։ Երևում է նրան նույնիսկ չէին զվարճացնում խոհարարի խեղկատակությունները։
Վերջ ի վերջո, բարձրագոչ հայտարարելով, որ ինքը գիտե ջենթլմենի նման տարվել, խոհարարը դրեց իր վերջին դրամը և տարվեց։ Այնուհետև նա գլուխը հակեց ձեռքերի վրա ու լաց եղավ։ Գայլ Լարսենը հետաքրքրությամբ նայեց նրան, կարծես ցանկանալով հերձել ու հոգին ուսումնա-սիրել, բայց, ըստ երևույթին, միտքը փոխեց, եզրակացնելով, որ այնտեղ ոչինչ չկա ուսումնասիրելու։
― Հե՛մփ, բարեհաճեցեք միստր Մագրիջի թևը մտնել և օգնել, որ տախտակամած բարձրանա,— ասաց Գայլ Լարսենը ընդդծված քաղաքավարությամբ։— Նա իրեն լավ չի զգում։
― Եվ Ջոնսոնին ասեք,— ավելացրեց նա ցածր, միայն ինձ լսելի ձայնով,— որ նրան ուշքի բերի մի քանի դույլ աղի ջրով։
Տախտակամածի վրա ես միստր Մագրիջին հանձնեցի երկու նավաստիների, որոնք ժպտացին, իմանալով, թե բանն ինչումն է։ Միստր Մագրիջը քնաթաթախ վիճակում մռթմռթում էր, թե ջենթլմենի որդի է։ Երբ սանդուղքով իջնում էի սեղանը հավաքելու, լսեցի նրա ճիչը, որ արձակում էր առաջին դույլ ջուրն ընդունելիս։
Գայլ Լարսենը հաշվում էր շահած փողերը։
— Ճիշտ հարյուր ութսունհինգ դոլլար,— ասաց նա բարձրաձայն։— Այդպես էլ կարծում էի։ Ստահակը եկել էր նավ առանց մի սենթ ունենալու։
— Ձեր շահած գումարը իմն է, սըր,— ասացի ես քաջաբար։
Նա նայեց ինձ զավեշտական ժպիտով։
— Հեմփ, մի ժամանակ ես էլ քերականություն անցել եմ և կարծում եմ, որ դուք բայերի ժամանակները իրար հետ շփոթում եք։ Դուք պետք է ասեք «իմն էր» և ոչ թե «իմն է»։
— Հարցր վերաբերում է ոչ թե քերականությանը, այլ էթիկային,— պատասխանեցի ես։
Նա մի պահ մտածեց պատասխանելուց առաջ․
— Գիտե՞ք, Հեմփ,— սկսեց նա մեղմ լրջությամբ, որի մեջ կար անըմբռնելի մի թախիծ,— սա առաջին անգամն է, որ ես որևէ մարդու բերանից լսում եմ էթիկա, բառը։ Դուք և ես միակ մարդիկն ենք այս նավի վրա, որ գիտենք դրա նշանակությունը։
Մի նոր լռությունից հետո նա շարունակեց,
— Իմ կյանքում ես մի ժամանակ երազում էի լինել այն մարդկանց շրջապատում, որոնք խոսում են այդպիսի լեզվով, երազում էի, որ մի օր վեր կբարձրանամ իմ շրջապատի մակարդակից և կշփվեմ ու կզրուցեմ այն մարդկանց հետ, որոնք խոսում են այնպիսի նյութերի մասին, ինչպիսին է էթիկան։ Եվ սա առաջին անգամն է, որ ես լսում եմ այդ բառի արտասանվելը։ Այս ամենը ի միջի այլոց։ Իսկ դուք, ըստ էության, սխալվում եք։ Հարցը վերաբերում է ո՛չ քերականությանը, ո՛չ էլ էթիկային, այլ փաստին։
— Հասկանալի է,— ասացի ես,— փաստն այն է, որ փողը ձեր ձեռքում է։
Նրա դեմքը պայծառացավ։ Ըստ երևույթին, նրան դուր եկավ իմ խելամտությունը։
— Բայց դուք,— շարունակեցի,— խուսափում եք բուն հարցից, որը կապված է իրավունքի հետ։
— Ահ,— բացականչեց նա բերանի արհամարհական ծամածռությամբ,— ես տեսնում եմ, որ տակավին հավատում եք այնպիսի բաների, ինչպիսիք են իրավունքը և անիրավությունը։
— Իսկ դուք չե՞ք հավատում։ Բնա՞վ։
— Մազաչափ անգամ։ Ով ուժեղ է՝ իրավունք ունի, ով տկար է՝ անիրավ է, ուրիշ ոչինչ։ Կամ ավելի ճիշտ կլիներ ասել լավ բան է ուժեղ լինելը, իսկ վատ՝ տկար լինելը։ Այլ խոսքով, հաճելի է ուժեղ լինելը, որովհետև օգտավետ է, անհաճո է տկար լինելը, որովհետև վնասաբեր է։ Հենց հիմա, օրինակ, այս փողն ունենալը հաճելի բան է, լա՜վ է այն ունենալը։ Քանի որ ես ի վիճակի եմ սրան տիրանալու, ապա անիրավ կլինեմ դեպի ինձ ու իմ մեջ եղող կյանքը, եթե այն զիջեմ ձեզ և այդպիսով ինձ զրկեմ սեփականության հաճույքից։
— Փողը պահելով՝ դուք ինձ անիրավում եք,— առարկեցի ես։
— Բնավ երբեք։ Ոչ ոք չի կարող ուրիշին անիրավել։ Մարդ կարող է միայն իրեն անիրավել։ Ես փորձով տեսել եմ, որ միշտ սխալվել եմ, երբ ուրիշների շահերն եմ նկատի ունեցել։ Ի՞նչ եք կարծում։ Երբ թթխմորի երկու տարբեր մասնիկները ձգտեն իրար լափել, մի՞թե դրանով միմյանց կանիրավեն։ Բնությունը նրանց ստեղծել է այնպես, որ իրար ուտեն և ջանան իրենք չուտվել։ Այդ գծից շեղվելով, նրանք պարզապես կմեղանչեն։
— Ուրեմն դուք ալտրուիզմի չե՞ք հավատում,— հարցրեցի ես։
Այս բառը, ըստ երևույթին, նրան ծանոթ թվաց, բայց, այնուամենայնիվ, նա մի պահ մտածեց։
— Սպասեք տեսնեմ, դա պետք է մոտավորապես նշանակի՝ իրար օժանդակել, այնպես չէ՞։
— Որոշ տեսակետով ինչ-որ առնչություն ունի այդ հասկացողության հետ,— պատասխանեցի ես, առանց զարմանալու, որ նման բացեր կան նրա բառապաշարում, որը, նրա գիտելիքների պես, ձեռք էր բերված լոկ ընթերցասիրության և ինքնազարգացման շնորհիվ։ Ոչ ոք չէր ղեկավարել նրա պարապմունքները։ Նա շատ էր մտածել, բայց քիչ էր զրուցել կամ բնավ չէր զրուցել։— Ալտրուիստական արարքն այն է, որ կատարվում է ուրիշների լավության համար։ Այդպիսի արարքը անշահախնդիր է, ի հակադրություն այն արարքին, որը մարդ կատարում է իր անձի համար և որը եսասիրական է։
Նա գլխով արեց.
— Այո՛, այո՛, հիմա հիշեցի․ այդ բառին ես հանդիպել եմ Սպենսերի մոտ։
— Սպենսերի՞,— գոչեցի ես,— դուք կարդացե՞լ եք։
— Ոչ շատ,— խոստովանեց նա։— Նրա «Գլխավոր հիմունքները» լավ հասկացել եմ, բայց «Կենսաբանությունը» կարդալիս իմ առագաստի ամբողջ քամին դատարկվեց, իսկ երբ ընթերցում էի «Հոգեբանությունը», ինձ թվում էր, թե գլխիվայր ընկել եմ հարավային մրրկոտ ծովի մեջ։ Անկեղծ ասած, ես չէի հասկանում, թե, վերջ ի վերջո, նա ինչ էր ուզում ասել։ Իմ չհասկանալը նախ վերագրեցի մտային անկարողությանս, բայց հետո հասա այն եզրակացության, որ բավականաչափ պատրաստված չեմ։ Ես պետք եղած հիմքը չունեի։ Միայն Սպենսերն ու ես գիտեինք, թե որքան աշխատեցրի ուղեղս։ Բայց «Էթիկայի ծանոթություններից» որոշ բաներ քաղեցի։ Այնտեղ էր, որ հանդիպեցի ալտրուիզմ բառին և հիմա հիշում եմ, թե ինչ իմաստով էր այն գործածված։
Ես զարմանում էի, թե այս մարդը ի՞նչ կարող էր քաղած լինել Սպենսերի աշխատությունից։ Որքան հիշում եմ, Սպենսերը մարդկային իդեալական վարքագծի հիմքը համարում է ալտրուիզմը՝ այլասիրությունը։ Գայլ Լարսենը, ակնհայտորեն, մեծ փիլիսոփայի ուսմունքից ջոկել էր այն, ինչ համապատասխան էր իր պահանջներին ու ցանկությանը, իսկ մնացածը դեն էր գցել։
― Ուրիշ ի՞նչ կարդացիք այնտեղ,— հարցրի ես։
Նա հոնքերը կիտեց։ Դա նշան էր մտավոր ճիգի՝ բանաձևելու համար այնպիսի մտքեր, որ նա անցյալում երբեք չէր արտահայտել խոսքերով։ Ես ինձ հպարտ էի զգում։ Այժմ ես էի զննում նրա հոգին այնպես, ինչպես նա սովոր է զննել ուրիշների հոգիները։ Ես պեղում էի մի կուսական երկրամաս։ Տարօրինակ, սարսափելիորեն տարօրինակ մի տեսարան էր պարզվում իմ աչքերի առաջ։
— Կարճ ասած,— սկսեց նա,― Սպենսերը հարցը դնում է մոտավորապես այսպես։ Նախ՝ մարդ պետք է գործի իր շահերի համաձայն. այդպես գործելը բարոյական է և լավ։ Այնուհետև, նա պետք է գործի հօգուտ իր երեխաների։ Եվ, վերջապես, պետք է գործի մարդկության օգտի համար։
— Իսկ ամենաբարձր, ամենավսեմ և ամենաճիշտ վարքագիծն այն է,— ընդհատեցի ես,— որ մարդ գործում է միաժամանակ իր, երեխաների և մարդկության համար։
— Ես կողմնակից չեմ դրան,— պատասխանեց նա։— Դրա ոչ անհրաժեշտությունն եմ տեսնում, ոչ էլ ողջամտությունը։ Ես կբացառեի մարդկությունն ու երեխաները։ Նրանց համար ես ոչինչ չէի զոհի։ Այդ բոլորը ցեխոտ զգայնություն է, գոնե նրանց համար, ովքեր չեն հավատում հավիտենական կյանքին, և դուք պետք է ինքներդ այդ հասկանաք։ Եթե ես անմահ լինեի, ապա ալտրուիզմը կհանդիսանար մի շահավետ առաջարկ։ Բայց քանի որ իմ առջև կանգնած է մահը և իմ մեջ գտնվում է միայն կարճ ժամանակի համար գալարվող ու ճչացող թթխմորը, ապա անբարոյականություն կլիներ որևէ զոհողություն անելը։ Որևէ զոհողություն, որը ինձնից պակասեցնելու է թեկուզ մեկ գալարման կամ մեկ ճիչի հնարավորություն, ինքնըստինքյան, ապուշ և չար արարք է։ Եթե ես ուզում եմ կյանքից քաղել առավելագույն օգուտը, ապա ուրիշի համար չպետք է կորցնեմ ոչ մի ավելորդ գալարում կամ ճիչ։ Ինձ սպասող հավիտենական անշարժությունը ոչինչ չի շահի կամ կորցնի նրա համար, որ ես անձնազոհություն կամ եսասիրություն եմ արել հողի վրա սողացող թթխմոր եղածս ժամանակ։
— Նշանակում է՝ դուք անհատապաշտ ու մատերիալիստ եք և, բնականաբար՝ հեդոնիստ։
— Մեծ-մեծ բառեր,— ժպտաց նա։— Իսկ ի՞նչ է հեդոնիստը։
Երբ ես բացատրեցի, նա գլխով հավանության նշան արեց։
— Բացի դրանից,— շարունակեցի ես,— չի կարելի ձեզ վստահել նույնիսկ ամենափոքր հարցերում, որոնցում ձեր եսասիրությունը որևէ շահագրգռություն ունի։
— Դուք արդեն սկսում եք հասկանալ,— ասաց նա ուրախությամբ։
— Եվ ձեր մեջ բոլորովին բացակայում է այն, ինչը մարդիկ անվանում են բարոյականություն։
— Ճիշտ է։
— Դուք այնպիսի մարդ եք, որից միշտ պետք է վախենալ...
— Միանգամայն ճիշտ եք ասում։
— Եվ վախենալ այնպես, ինչպես մարդ, վախենում է օձից, վագրից կամ շնաձկից։
— Ա՛յ, հիմա ինձ ճանաչում եք,— ասաց նա,― և ճանաչում եք այնպես, ինչպես ճանաչում են բոլորը։ Ուրիշները ինձ «Գայլ» են անվանում։
— Դուք մի տեսակ հրեշ եք,— ավելացրի ես հանդգնորեն,― մի Կալիբան, որը խորհրդածում էր Սետեբոսի մասին և որը ազատ ժամերին վարվում էր ձեզ պես, ըստ իր քմահաճույքի ու երևակայության։
Այդ համեմատությունից նրա ճակատը կնճռոտվեց։ Նա չէր հասկանում։ Իսկույն կռահեցի, որ այդ պոեմը չէր կարդացել։
— Ես նոր եմ սկսել Բրաունինգ կարդալ,— խոստովանեց նա,— և նրան հասկանալը չափազանց դժվար է։ Դեռ շատ առաջ չեմ գնացել, բայց արդեն բավականին խճճվել եմ։
Չերկարացնելու համար ասեմ, որ նրա խցից դիրքը բերեցի և բարձրաձայն կարդացի «Կալիբան» պոեմը։ Նա հիացավ։ Երկում բացահայտված մտածողության եղանակը և երևույթներն ընկալելու ձևը բոլորովին պարզ էին և Գայլ Լարսենի համար միանգամայն հասկանալի։ Նա մերթ ընդ մերթ ընդհատում էր իր մեկնաբանությամբ ու դիտողություններով։ Երբ վերջացրի, նա ինձ ընթերցել տվեց երկրորդ և ապա երրորդ անգամ։ Մենք սկսեցինք վիճել փիլիսոփայության, գիտության, էվոլյուցիայի և կրոնի մասին։ Նա թույլ էր տալիս անճշտություններ, որոնք հատուկ են ինքնուս մարդկանց և խոսում էր նախնական մտքերին հատուկ համոզվածությամբ ու պարզությամբ։ Նրա մտածողության զորությունը հենց իր պարզության մեջ էր, իսկ նրա մատերիալիզմը շատ ավելի համոզիչ էր, քան Չարլի Ֆարասեթի նուրբ ու բարդ մատերիալիզմը։ Դրանով չեմ ուզում ասել, թե Լարսենը կարող էր համոզել ինձ նման անհողդողդ և, ինչպես Ֆարասեթն ասում է՝ «ի ծնե» իդեալիստին։ Բայց նա այնպիսի ուժգնությամբ գրոհեց իմ համոզմունքների վերջին ամրոցի վրա, որ ակամա նրա հանդեպ հարգանք զգացի, առանց, սակայն, նրա կարծիքները բաժանելու։
Ժամանակն անցնում էր։ Ընթրիքի ժամը մոտեցավ, բայց սեղանը դեռ պատրաստված չէր։ Ես սկսեցի անհանգստանալ։ Իսկ երբ Թոմաս Մագրիջը սանդուղքի վերևից չարացած ու զայրացած նայեց ինձ, ես պատրաստվեցի անցնել իմ պարտականությանը։ Բայց Գայլ Լարսենը գոչեց։
— Խոհարար, այսօր դու ինքդ պետք է դեսուդեն ընկնես։ Ես Հեմփի հետ զբաղված եմ, այնպես որ դու պետք է մի կերպ սպասարկես առանց նրան։
Եվ դարձյալ պատահեց մի աննախրնթաց բան։ Այդ երեկո ես սեղան նստեցի նավապետի և որսորդների հետ, իսկ Թոմաս Մագրիջը մեզ սպասարկեց, հետո էլ ամանները լվաց։ Ես գուշակեցի, որ Գայլ Լարսենի այդ քմահաճույքը՝ կալիբանա կան մի տրամադրություն, հետագայում ինձ անախորժություն է բերելու։ Բայց մինչ այդ մենք երկար զրուցեցինք, ի մեծ տհաճություն որսորդների, որոնք ոչ մի բառ չէին հասկանում։
Գլուխ իններորդ
Ես երեք օր հանգստացա և այդ երանելի օրերն անցկացրի Գայլ Լարսենի հետ։ Ուտում էի նավասենյակում և ուրիշ ոչինչ չէի անում, բացի կյանքի, գրականության և տիեզերքի մասին զրուցելուց, մինչդեռ Թոմաս Մագրիջը զայրանում ու կատաղում էր և կատարում թե՛ իմ և թե՛ իր աշխատանքը։
— Զգուշացի՛ր փոթորկից, ա՜յ, քեզ բան եմ ասում,— ինձ զգուշացրեց Լուիսը, երբ նրա հետ տախտակամածի վրա կես ժամ ազատ մնացի։ Այդ միջոցին Գայլ Լարսենը հարթում էր որսորդների միջև ծագած ինչ-որ վեճ։
— Չես իմանում, թե ինչ կարող է պատահել,― պա տասխանեց Լուիսը, երբ խնդրեցի, որ ավելի որոշ բացատրություն տա։— Այդ մարդը այնքան փոփոխական է, որքան քամու կամ ծովի հոսանքները։ Երբեք չես կարող դուշակել նրա հետագա վերաբերմունքը։ Հազիվ կարծում ես, որ նրան ճանաչում ես և հետը հաշտ ու համերաշխ ես, և ահա նա հանկարծ շուռ կգա, կնետվի վրադ և կպատռի ու քուրջ կդարձնի գեղեցիկ եղանակի համար քո պարզած առագաստը։
Հետևաբար, շատ չզարմացա, երբ ինձ վրա պայթեց այն փոթորիկը, որի մասին Լուիսը նախազգուշացրել էր։ Ես ու Գայլ Լարսենը տաքացած վիճում էինք, իհարկե՛, կյանքի մասին, երբ ես, չափազանց հանդգնացած, սկսեցի քննադատել նրա վարմունքը և հենց նրան՝ Գայլ Լարսենին։ Ես փաստորեն հերձում էի նրան և նրա հոգին զննում այնքան ուշադիր ու մանրակրկիտ կերպով, ինչքան ինքը սովորաբար անում էր ուրիշների վերաբերմամբ։ Գուցե իմ թերությունն է, որ առհասարակ սուր եմ խոսում։ Իսկ այս դեպքում, զսպվածությունը մեկ կողմ թողնելով, վիրավորեցի և խարազանեցի Լարսենին, մինչև որ նա մռնչաց։ Արևից թխացած նրա դեմքը ցասումից մթնեց և աչքերը փայլատակեցին։ Այդ աչքերի մեջ այլևս անմեղություն և ողջամտություն չկար, նրանցում բոցավառվում էր միայն խելագարի ահավոր կատաղությունը։ Ես իմ առջև տեսա գայլը, այն էլ՝ մոլեգնած գայլը։
Նա մի խուլ մռնչյուն արձակեց և ցատկելով վրաս, բռնեց թևիցս։ Հավաքելով ողջ քաջությունս, ուղիղ նայեցի նրա աչքերի մեջ, չնայած ներքնապես դողում էի։ Բայց այդ մարդու վիթխարի ուժը խորտակեց արիությունս։ Նա մեկ ձեռքով բռնել էր իմ թևր և երբ այն սեղմեց, ես թուլացա ու բարձրաձայն ճչացի։ Ինձ թվաց, թե ոտքերս կտրվում են գետնից։ Պարզապես չէի կարողանում ուղիղ կանգնել և դիմանալ տանջանքին։ Մկաններս ինձ չէին հնազանդվում։ Ցավը չափազանց ուժեղ էր։ Թևս ճմլվում էր, ասես մինչև ոսկրածուծը։
Լարսենը հանկարծ ուշքի եկավ և աչքերը նորից փայլեցին գիտակցությամբ։ Նա բաց թողեց թևս, արձակելով մի կարճ ծիծաղ, որը նման էր մռնչոցի։ Բոլորովին թուլացած ես ընկա հատակին։ Նա նստեց, վառեց մի սիգար և սկսեց դիտել ինձ, ինչպես կատուն դիտում է մկանը։ Ցավից գալարվելիս, ես նրա աչքերում տեսնում էի այն արտահայտությունը, որը հաճախ նկատել էի, զարմանք ու երկբայություն՝ իրեն մշտապես հետաքրքրող այն հարցի մասին, թե ինչի՞ համար է այս ամենը։
Ի վերջո, մի կերպ կանգնեցի ոտքերիս վրա և սանդուղքով վերև բարձրացա։ «Գեղեցիկ եղանակը» վերջ էր գտել և ինձ ուրիշ բան չէր մնում՝ բացի խոհանոց վերադառնալուց։ Ձախ թևս ընդարմացած էր, կարծես անդամալուծված։ Երկար օրեր անցան, մինչև որ կարողացա թևս շարժել և շաբաթներ՝ մինչև որ թմրությունն ու ցավը բոլորովին անցան։ Այնինչ, Լարսենը փաստորեն ոչինչ չէր արել, բացի ձեռքով թևս սեղմելուց, նույնիսկ առանց ոլորելու կամ ցնցելու։ Նա պարզապես մատները փակել էր թևիս շուրջը և սեղմել։
Թե տակավին ինչ կարող էր ինձ հետ պատահել, այդ մասին լրիվ գաղափար կազմեցի միայն հաջորդ օրը, երբ Գայլ Լարսենը գլուխը խոհանոցից ներս խոթելով, որպես բարեկամության վերականգնման նշան, հարցրեց, թե ինչպես է թևիս ցավը։
— Կարող էր և ավելի վատ լինել,— ժպտացի ես։
Ես կարտոֆիլ էի մաքրում։ Գայլ Լարսենը թավայից վերցրեց մի խոշոր, ամուր և չմաքրված կարտոֆիլ։ Նա ձեռքը փակելով սեղմեց և կարտոֆիլը մատների արանքից դուրս ցայտեց խմորի նման։ Հետո մնացած միջուկը գցեց թավայի մեջ, շուռ եկավ ու հեռացավ։ Միայն այդ ժամանակ ես հստակ պատկերացում ունեցա, թե ինչ կարող էր ինձ վիճակվել, եթե այդ գազանն ինձ վրա կիրառած լիներ իր ամբողջ ուժը։
Համենայն դեպս, երեք օրվա հանգիստը ինձ համար օգտավետ եղավ, որովհետև այդպիսով ծունկս հնարավորություն ունեցավ մի քիչ լավանալու։ Ցավը համեմատաբար նվազեց, ուռուցքը զգալիորեն իջավ և ծնկոսկրը նստեց իր տեղը։ Բայց այդ նույն երեք օրվա հանգիստն առաջացրեց այն անախորժությունը, որը նախատեսել էի։ Թոմաս Մագրիջը ակներևորեն մտադրվել էր ինձնից վրեժ լուծել իմ վայելած հանգստի համար։ Նա սկսեց ինձ հետ կոպիտ վարվել, շարունակ հայհոյել և իր աշխատանքը բեռնել ինձ վրա։ Նա նույնիսկ փորձեց բռունցք բարձրացնել վրաս, բայց ես ինքս էլ արդեն սկսել էի գազանանալ, և այնպես սարսափելի մռռացի, որ նա վախեցավ ու ետ կանգնեց։ Ընդունում եմ, որ հրապուրիչ տեսարան չէի ներկայացնում այդ րոպեին, երբ ես Հեմֆրի Վան-Վեյդենս, ինչ-որ աղմկալի նավի խոհանոցում իմ աշխտտանքի վրա կռացած՝ դեմքս դարձրել էի ինձ ծեծելու պատրաստվող մի անպիտանի դեմքին և շրթներս երկարելով մռռում էի շան պես, իսկ աչքերս փայլում էին անհուսությամբ, վախով և անհուսությունից ու վախից բխող քաջությամբ։ Ինձ համար տհաճ է իմ այդ պատկերը, որը մոտիկից հիշեցնում է թակարդն ընկած առնետին։ Չեմ ուզում դա վերհիշել։ Բայց, այնուամենայնիվ, ազդեցիկ էր, քանի որ սպառնացող բռունցքը չիջավ վրաս։
Թոմաս Մագրիջն ընկրկեց, ինձ նայելով այնպիսի չարությամբ ու ատելությամբ, ինչպես նայում էի նրան ես։ Մենք նման էինք նույն վանդակի մեջ փակված երկու գազանների, որոնք իրար ցույց են տալիս սպառնագին ակռաներ։ Մագրիջը վախկոտ էր, նա չհամարձակվեց ինձ հարվածել, որովհետև ես չընկճվեցի իր առջև։ Ուստի ինձ ահաբեկելու համար մի ուրիշ միջոց ընտրեց։ Խոհանոցում կար միայն մի դանակ, որը քիչ թե շատ կարգին էր և որի երկար սայրը երկարամյա գործածությունից բարակել էր։ Այդ դանակը արտակարգորեն չարագուշակ տեսք ուներ։ Սկզբում ես ամեն անգամ այն օգտագործելիս սարսռում էի։ Մագրիջը Յոհանսենից փոխ առավ մի հեսանաքար և լծվեց դանակը սրելու գործին։ Նա այդ անում էր մեծ ցուցասիրությամբ, իսկ սրելու ընթացքում նշանակալից կերպով նայում էր ինձ։ Ամբողջ ժամանակ նա զբաղված էր սրելով։ Հենց որ ազատ րոպե էր գտնում, իսկույն մեջտեղ էր հանում դանակն ու հեսանաքարը և սկսում էր սրել։ Ի վերջո, դանակի սայրն ստացավ ածելիի սրություն։ Խոհարարը նրա սրությունը փորձում էր իր եղունգի կամ բթամատի վրա։ Երբեմն էլ ձեռքի մազն էր ածիլում և աչքը կկոցելով նայում սայրի երկայնությամբ, մանրակրկիտ զննում և ամեն անգամ ինչ-որ չնչին թերություն գտնում կամ, գոնե, այդպես ձևացնում։ Հետո նորից սկսում էր սայրը քսել հեսանաքարին և սրում էր, հա՛ սրում։ Իսկ դա այնքան ծիծաղելի էր, որ իմ մեջ արթնանում էր բարձրաձայն ծիծաղելու տրամադրություն։
Բայց դրությունը, այնուամենայնիվ, բավականին լուրջ էր, որովհետև Մագրիջն իրոք կարող էր այդ դանակը գործածել։ Ես զգացի, որ ինչպես իմ, այնպես էլ նրա վախկոտության մեջ կար ինչ-որ քաջություն, որը կարող էր նրան մղել դեպի այդ արարքը, որից նա հատկապես վախենում էր։
«Խոհարարը իր դանակը սրում է Հեմփի համար», իրար փսփսում էին նավաստիները, որոնցից ոմանք նույնիսկ հրահրում էին նրան։ Նա հանգիստ ընդունում էր այդ փսփսուկները, հաճույք էր զգում և ահազդու խորհրդավորությամբ գլուխը շարժում հաստատական իմաստով։ Բայց ահա, նախկին սպասյակ Ջորջ Լիչը մի անգամ համարձակվեց ինչ–որ կոպիտ կատակ անել այս նյութի շուրջը։
Լիչը մեկն էր այն նավաստիներից, որոնք թղթախաղի օրը կարգադրություն էին ստացել Մագրիջի վրա դույլով ջուր լցնելու։ Ըստ երևույթին, նա այդ պարտականությունը կատարել էր այնպիսի եռանդով, որ Մագրիջը նրա դեմ ոխ էր պահել։ Այնպես որ, երբ Լիչը խոհարարին վիրավորեց, սա պատասխանեց հիշոցներով, ինչ-որ ակնարկություններ արեց նրա «կեղտոտ» նախահայրերի հասցեին, և նրան սպառնաց այն դանակով, որ սրում էր ինձ համար։ Լիչը ծիծաղելով շարունակեց կատակել և, մինչև ուշքի կգայինք, թե ինչ է պատահում, դանակի արագ հարվածով նրա արմունկից մինչև դաստակը մի խորունկ ճեղք բացվեց։ Խոհարարը ետ ցատկեց և դեմքի ճիվաղային արտահայտությամբ դանակն առաջ ցցեց պաշտպանողական դիրքով։ Լիչն իրեն չկորցրեց, չնայած արյունը առատ հոսում էր, ինչպես ջուրը՝ աղբյուրից։
— Ես քեզ ցույց կտամ, խոհարա՛ր,— ասաց նա,— քեզ հետ հաշիվս լավ կմաքրեմ։ Իսկ դրա համար չեմ շտապի։ Կգամ մի այնպիսի ժամանակ, երբ այդ դանակը ձեռքիդ չի լինի։
Այդ ասելուց հետո նա շուռ եկավ ու հեռացավ։ Մագրիջի դեմքը վախից գունատվել էր թե իր արածի համար և թե այն վրեժի համար, որ դանակահար Լիչը վաղ կամ ուշ պիտի լուծեր իրենից։ Բայց դրանից հետո նա իմ նկատմամբ սկսեց ավելի վայրագ վերաբերմունք ցուցաբերել, քան երբևէ։ Թեև նա վախեցած էր ստանալիք հատուցումի հեռանկարից, բայց կարծում էր, որ Լիչին խփելով, ահազդու դաս էր տվել ինձ, և դրա համար դարձավ ավելի բռնակալ ու լկտի։ Բացի այդ, ի տես իր թափած արյան, նրա մեջ արթնացել էր մի կիրք, որը նման էր խելագարության։ Այժմ նա ամեն րոպե զգում էր արյուն թափելու ցանկություն։ Թեև այդ ցանկության հոգեբանությունը չափազանց խրթին էր, այնուամենայնիվ, խոհարարի մտքերը ես պարզ կարդում էի, ինչպես մի բաց գրքում։
Անցան օրեր։ «Ուրվականը» միշտ սլանում էր քամու ուղղությամբ։ Ես Մագրիջի աչքերի մեջ նկատում էի աճող խելագարություն։ Եվ պետք է խոստովանեմ, որ սկսել էի վախենալ, սաստիկ վախենալ։ Ամբողջ օրեր նա դանակը սրում, անվերջ սրում էր։ Երբ դանակի սրությունը քննելիս նա նայում էր ինձ, աչքերը ստանում էին գիշատիչ գազանի արտահայտություն։ Ես վախենում էի թիկունքս դարձնել դեպի նա, և երբ ուզում էի խոհանոցից դուրս գալ, քայլում էի ետ-ետ դեպի դուռը, ի մեծ զվարճություն նավաստիների ու որսորդների, որոնք հատկապես գալիս հավաքվում էին, որպեսզի դիտեն այդ ներկայացումը։ Ես չափազանց լարված դրության մեջ էի։ Երբեմն ինձ թվում էր, թե կխելագարվեմ։ Եվ արտասովոր բան չէր լինի խելագարվելը այսպիսի մի նավի վրա, որը լի է խելագար ու վայրագ մարդկանցով։ Իմ կյանքը ամեն ժամ, ամեն րոպե վտանգի տակ էր։ Հոգիս տագնապի մեջ էր, բայց ամբողջ նավում չկար մեկը, որ կարեկցեր ինձ և օգնության հասներ։ Երբեմն մտածում էի դիմել Գայլ Լարսենի պաշտպանությանը, բայց կյանքի վրա հեգնանքով նայող և դիվային ծաղրանքով լի նրա աչքերը մտաբերելով, զսպում էի ինձ։ Լինում էին պահեր, երբ լրջորեն խորհրդածում էի ինքնասպանության մասին։ Այդպիսի պահերին իմ լավատես փիլիսոփայության ամբողջ ուժը գործի էի դնում, որպեսզի ինձ ետ պահեմ գիշերվա մթության մեջ ծովը նետվելու գաղափարից։
Գայլ Լարսենը մի քանի անգամ փորձեց ինձ ներգրավել վիճաբանության մեջ, բայց ես հակիրճ պատասխաններ տվի և խուսափեցի նրանից։ Ի վերջո, նա ինձ կարգադրեց միառժամանակ նորից իր հետ սեղան նստել նավասենյակում, թողնելով, որ խոհարարը կատարի իմ պարտականությունները։ Այդ առթիվ ես նրան բացեիբաց բացատրեցի, թե ինչ եմ քաշում Թոմաս Մագրիջի ձեռքից այն երեք օրերի պատճառով, որոնց ընթացքում ինքը՝ Լարսենը, իմ նկատմամբ սիրալիրություն էր ցույց տվել։
Գայլ Լարսենը ժպտուն աչքերով դիտեց ինձ։
— Ուրեմն վախենում եք, հա՞,— հարցրեց նա ծաղրանքով։
— Այո՛,— պատասխանեցի ես համարձակ և անկեղծ,— վախենում եմ։
— Դուք բոլորդ այդպես եք,— գոչեց նա, համարյա զայրացած,— դուք չափազանց զգայուն եք ձեր անմահ հոգիների նկատմամբ և վախենում եք մեռնելուց։ Բավական է, որ մի վախկոտի ձեռքում սրած դանակ տեսնեք, և ահա կյանքից կառչելու ձգտումն իսկույն ձեզ մոռացնել կտա ձեր հիմար համոզմունքները։ Բայց չէ՞ որ, սիրելիս, ձեր հոգին անմահ է։ Դուք աստված եք, իսկ աստծուն հնարավոր չէ սպանել։ Խոհարարը չի կարող ձեզ վնաս պատճառել։ Դուք համոզված եք, որ հարություն պիտի առնեք, ուրեմն ինչի՞ց եք վախենում։ Դուք հավիտենական կյանք ունեք ձեր առջև։ Անմահության տեսակետից, դուք միլիոնատեր եք, մի միլիոնատեր, որի հարստությունը չի կարող կորչել, ավելի երկար կտևի, քան աստղերը և այնքան անսահման է, որքան տարածությունն ու ժամանակը։ Հնարավոր չէ սպառել ձեր դրամագլուխը։ Անմահությունը մի բան է, որ ոչ սկիզբ ունի, ոչ վախճան։ Հավիտենականությունն ամենուրեք հավիտենականություն է. այնպես որ, եթե դուք այժմ այստեղ մեռնեք, այսուհետև կշարունակեք ապրել մի այլ տեղ։ Եվ ի՜նչ հիանալի բան է՝ թոթափել այս մսակույտը, ազատել բանտարկված հոգին և նրան թռիչք տալ... Խոհարարը չի կարող ձեզ վնաս պատճառել։ Նա միայն կարող է ձեզ մղել դեպի այն ճանապարհը, որով դուք պիտի հավիտյան ընթանաք։ Իսկ եթե դուք առայժմ չեք ուզում մղվել դեպի այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ ինքներդ չեք մղում խոհարարին։ Ըստ ձեր համոզմունքների, նա ևս անմահ միլիոնատեր է։ Դուք չեք կարող նրան սնանկացնել։ Նրա բաժնետոմսերը երբեք չեն արժեքազրկվելու։ Նրան սպանելով, դուք չեք կարող կարճել նրա կյանքի տևողությունը, քանի որ նրա կյանքն էլ անսկիզբ է և անվախճան։ Այդ մարդը պետք է ինչ-որ տեղ, ինչ-որ ձևով շարունակի ապրել։ եթե այդպես է, ապա մղեցեք նրան այնտեղ։ Մի դանակ խրեցեք նրա մարմնի մեջ և ազատ արձակեցեք հոգին։ Այդ հողին տանջվում է մի գարշելի բանտի մեջ, և դուք նրան միայն լավություն արած կլինեք դուռը խորտակելով։ Եվ ո՞վ գիտե, գուցե այդ տգեղ մարմնից մի գեղեցիկ հոգի դուրս գա ու սլանա երկինք։ Մղեցե՛ք նրան այնտեղ, և ես ձեզ կնշանակեմ նրա տեղը, նա ստանում է ամիսը քառասունհինգ դոլլար։
Պարզ էր, որ Գայլ Լարսենից կարեկցանք կամ օգնություն չէի կարող հուսալ։ Ես պետք է ապավինեի միայն իմ ուժերին։ Վախից բխող խիզախությունն ինձ թելադրեց Թոմաս Մագրիջի դեմ պայքարել հենց նրա զենքերով։ Յոհանսենից մի հեսանաքար փոխ առա։ Մակույկավար Լուիսը մի անգամ ինձանից շաքար և խտացրած կաթ էր խնդրել։ Այդպիսի բարձրորակ սննդամթերքը պահվում էր նավասենյակի ներքևում գտնվող մառանում։ Մի պատեհ առիթից օգտվելով, ես գողացա հինգ տուփ կաթ, և այդ գիշեր, երբ Լուիսը հերթապահում էր տախտակամածի վրա, դրանք փոխանակեցի մի դաշույնի հետ, որը Թոմաս Մագրիջի խոհանոցային դանակի պես երկար ու ահազդու էր։ Դաշույնը ժանգոտ և բութ էր, բայց ես ու Լուիսը այն կարգի բերինք, ես պտտեցրի հեսանը, իսկ նա սրեց սայրը։ Այդ գիշեր սովորականից ավելի հանգիստ քնեցի։
Հաջորդ առավոտ նախաճաշից հետո Մագրիջը դարձյալ սկսեց իր դանակը սրել։ Ես ծունկի եկած մաքրում էի վառարանի մոխիրը, միաժամանակ զգուշությամբ հետևում նրան։ Մոխիրը ծովը թափելուց հետո, երբ վերադարձա խոհանոց, նա խոսում էր Հարրիսոնի հետ, որի պարզ ու անկեղծ դեմքն այդ պահին արտահայտում էր զարմանք ու հիացմունք։
— Այո,— ասում էր Մագրիջը,— և ի՞նչ արեց դատավորը. ինձ միայն երկու տարի նստեցրեց Ռեդինգի բանտում։ Բայց ես բանի տեղ չդրի։ Կարևորը այն էր, որ այդ սրիկայի հետ հաշիվը մաքրեցի։ Պետք է տեսնեիր նրան։ Դանակս ճիշտ սրա նման էր։ Ես այն խոթեցի, ոնց որ կարագի մեջ։ Միայն նրա ճչոցը ի՛նչ ասես արժեր...— Խոհարարը մի հայացք նետեց իմ ուղղությամբ, ստուգելու համար, թե լսո՞ւմ եմ և շարունակեց.— «Ես միտումնավոր չարեցի, Թոմմի,― սկսեց նվնվալ նա,— թող աստված ինձ պատժի, եթե սուտ եմ ասում»։ «Ես քո դասը հիմա կտամ», ասացի և նետվեցի վրան։ Նրա մաշկը շերտ-շերտ կտրատեցի, իսկ այդ ամբողջ ժամանակ նա միայն ճղճղում էր։ Նա մի անգամ ձեռքով բռնեց դանակը և վարձեց հեռացնել, բայց ես ետ քաշեցի և մատները կտրեցի մինչև ոսկորը։ Քեզ ասում եմ՝ տեսնելու բան էր նրա ռեխը...
Նավապետի օգնականի ձայնը ընդհատեց այս արյունաշունչ պատմությունը, և Հարրիսոնը ուղղվեց դեպի նավախել։ Մագրիջը նստեց խոհանոցի բարձր շեմքին և նորից սկսեց դանակը սրել։ Ես բահը մեկ կողմ դրի և հանգիստ նստեցի ածուխի արկղի վրա, դեմքս դարձնելով դեպի խոհարարը։ Նա մի չար հայացք գցեց ինձ վրա։ Ես շարունակեցի իմ հանգիստ տեսքը պահպանել և, թեև սիրտս ուժգին խփում էր, Լուիսի դաշույնը դուրս քաշելով, սկսեցի սրել հեսանաքարի վրա։ Սպասում էի, որ խոհարարը մի որևէ պոռթկում կունենա, բայց, ի մեծ զարմանս իմ, նա կարծես չնկատեց, թե ինչ եմ անում։ Նա շարունակեց իր դանակը սրել։ Ես էլ նույնը արեցի։ Եվ այդպես երկու ժամ անընդհատ մենք դեմ-դիմաց նստած՝ սրեցինք, սրեցինք, սրեցինք, մինչև որ նավում լուր տարածվեց այդ մասին, և նավի անձնակազմի գրեթե կեսը եկավ հավաքվեց խոհանոցի դռան առջև մեզ դիտելու։
Ամեն կողմից խրախուսանք և խորհուրդներ էին շռայլվում։ Նույնիսկ Ջոք Հոռները սակավախոս ու հանդարտ որսորդը, որ արտաքուստ թվում էր, թե մկանն իսկ չի վիրավորի, ինձ խորհուրդ տվեց, որ փոխանակ կողոսկրին հարվածելու, դաշույնը խրեմ փորի մեջ և միաժամանակ սայրը պտտեցնեմ «իսպանական դարձվածքով»։ Լիչը, իր վիրակապված թևը ցուցադրելով, խնդրում էր, որ խոհարարի մարմնի կտորներից գոնե մի քանիսն իրեն թողնեմ։ Իսկ Գայլ Լարսենը մի երկու անգամ նավահարթակի եզերքից հետաքրքրությամբ հետևեց մեր գործունեությանը, որն իր մեկնաբանությամբ՝ կենարար թթխմորի գալարումն էր։
Չեմ ծածկում, որ այդ պահին իմ աչքում էլ կյանքը ցածը արժեք ստացավ։ Նրանում ոչ մի գեղեցիկ կամ աստվածային բան չկար, միայն երկու վախկոտ արարածներ, որոնք դեմդիմաց նստած պողպատ էին սրում քարի վրա, և առավել կամ նվազ վախկոտ ուրիշ էակներ, որոնք դիտում էին այդ արարքը։ Համոզված եմ, որ այդ հանդիսատեսների կեսն անհամբեր սպասում էր, որ մենք միմյանց արյունը թափենք։ Դա կլիներ մի զվարճալի տեսարան։ Ես չեմ կարծում, որ նրանցից որևէ մեկը կմիջամտեր, եթե մենք մահու և կենաց կռվի բռնվենք իրար հետ։
Մյուս կողմից, ամբողջ եղելությունը մանկական բնույթ ուներ և իսկապես ծիծաղելի էր։ Սրել, սրել, սրել։ Հեմֆրի Վան-Վեյդենրը ինչ-որ նավի խոհանոցում սրում է դաշույնը և սայրի սրությունը ստուգում բթամատի վրա... Բոլոր դրությունների մեջ սա ամենից աներևակայելին էր։ Իմ ծանոթներից ոչ մեկը չէր կարող դրան հավատալ։ Իզուր չէ, որ իմ ամբողջ կյանքում ինձ անվանել են «փափկասուն Վան-Վեյդեն», և այն հանգամանքը, որ «փափկասուն Վան-Վեյդենը» ընդունակ է այդպիսի բան անելու, ուղղակի մի հայտնություն էր հենց իր՝ Վան-Վեյդենի համար, որը չգիտեր ուրախանա՞, թե ամաչի։
Բայց այդ օրը ոչինչ չպատահեց։ Երկու ժամ սրելուց հետո Թոմաս Մագրիջը մեկ կողմ դրեց դանակն ու հեսանաքարը և ձեռքը մեկնեց ինձ։
— Ինչո՞ւ ենք այդ հիմարներին զվարճացնում,— ասաց նա։— Նրանց ուշքը չի գնում մեզ համար, և նրանք ուրախությամբ կդիտեն, եթե մենք իրար կոկորդ կտրենք։ Դու այնքան էլ վատը չես, Հեմփ։ Դու, ինչպես յանկիներդ ասում եք, «դյուրավառ» ես, և ես ինչ-որ չափով հավանում եմ քեզ։ Դե՛հ, եկ և տո՛ւր ձեռքդ...
Թեև ես վախկոտ էի, բայց տեսա, որ նա ինձ գերազանցեց վախկոտության մեջ։ Սա որոշակի հաղթանակ էր ինձ համար և ես չուզեցի այն նսեմացնել, ախոյանիս գարշելի ձեռքը թոթվելով։
— Դե լավ,— ասաց նա առանց վիրավորվելու,— չես ուզում՝ մի տա, բայց միևնույն է, դու ինձ դուր ես գալիս։— Եվ անախորժ դրությունից իրեն փրկելու համար նա կատաղությամբ դարձավ գեպի հանդիսատեսները։— Կորե՛ք այստեղից, անպետք տխմարներ։
Այս հրամանը ավելի ազդեցիկ դարձավ, երբ խոհարարի ձեռքում երևաց եռացող ջրի կաթսան։ Նավաստիները արտորանքով խույս տվին։ Այդպիսով, Թոմաս Մագրիջն էլ տարավ մի հաղթանակ, որը մեղմացրեց ինձնից կրած պարտության ծանրությունը։ Սակայն նա բավականին զգույշ եղավ և չփորձեց որսորդներին էլ վռնդել։
— Ինչպես երևում է, խոհարարը ընկճվեց,— ասաց Սմոքը Հոռներին։
— Ինչ խոսք,— պատասխանեց մյուսը։— Սրանից հետո Հեմփը կլինի խոհանոցի տերն ու տիրականը, իսկ խոհարարը լեզուն իրեն կքաշի։
Մագրիջը լսեց և մի արագ նայվածք նետեց իմ կողմը։ Բայց ես ձևացրի, թե այդ խոսակցությանը չեմ հետևել։ Ես վստահ չէի, որ իմ հաղթանակը լրիվ ու վերջնական է, բայց որոշել էի, որ իմ ձեռք բերած նվաճումից ոչինչ չզիջեմ։ Սակայն Սմոքի գուշակությունը շուտով իրականացավ։ Խոհարարը ինձ հետ ավելի քծնող և ստրկահաճ դարձավ, քան նայնիսկ Գայլ Լարսենի հետ։ Ես այլևս նրան ոչ միստր, ոչ էլ սըր էի կոչում, ոչ ճարպոտ ամաններն էի լվանում, ոչ էլ կարտոֆիլ մաքրում։ Ես կատարում էի լոկ իմ պարտականությունները, այն էլ՝ ուզածս ժամանակ և ուզածս ձևով։ Դաշույնը պատյանի մեջ դրած՝ միշտ կրում էի ազդրիս վրա, նավաստիավայել ձևով, իսկ Թոմաս Մագրիջի նկատմամբ որդեգրել էի տիրական, կոպիտ և արհամարհական վերաբերմունք։
Գլուխ տասներորդ
Գայլ Լարսենի հետ իմ մտերմությունը ջերմանում է, եթե կարելի է մտերմություն կոչել այն փոխհարաբերությունը, որ կա տիրոջ և ծառայի կամ ավելի շուտ թագավորի ու նրա խեղկատակի միջև։ Լարսենի համար ես պարզապես մի խաղալիք եմ, և նա ինձ գնահատում է միայն այնքան, որքան երեխան իր խաղալիքը։ Իմ պարտականությունն է զվարճացնել, և քանի դեռ զվարճացնում եմ, ամեն ինչ կարգին է։ Բայց բավական է, որ նա ձանձրանա ինձանից կամ մռայլ տրամադրությամբ համակվի, և ես իսկույն նավասենյակից կուղարկվեմ խոհանոց, այդպիսի դեպքում ինձ նույնիսկ բախտավոր համարելով, որ ողջ-առողջ եմ պրծել։
Ես կամաց-կամաց սկսում եմ հասկանալ, թե որքան միայնակ է այդ մարդը։ Նավի վրա չկա որևէ մեկը, որ չատի նրան կամ չվախենա նրանից, իսկ մյուս կողմից, չկա որևէ մեկը, որին նա չարհամարհի։ Թվում է, թե նրա մեջ գտնվող ահագին ուժը համապատասխան արտահայտություն չգտնելով աշխատանքի մեջ, լափում ու սպանում է նրան։ Այս հպարտ հոգին Լուցիֆերի վիճակում կլիներ, եթե աքսորված լիներ թոմլիսոնյան անհոգի ուրվականների աշխարհը։
Այս միայնակությունը, որն ինքնըստինքյան ծանր վիճակ է, Լարսենի մոտ ավելի է խորացել իր ցեղի վաղնջական մելամաղձության հետևանքով։ Նրան ճանաչելով, ես սկսեցի ավելի լավ հասկանալ սկանդինավյան հինավուրց դիցաբանությունը։ Այդ սպիտակամաշկ ու խարտիշահեր վայրենիները, որոնք ստեղծել էին աստվածների մի սարսափելի աշխարհ, ունեին այս մարդու հոգեկան խառնվածքը։ Գայլ Լարսենի մեջ չկար լատինական ցեղերի ծիծաղասեր ներկայացուցիչների թեթևամտությունը։ Նրա ծիծաղը միայն վայրագ զվարթության արտահայտություն է։ Բայց նա հաղվադեպ է ծիծաղում։ Առհասարակ նա տրտում է։ Եվ այդ տրտմությունը գալիս է իր ցեղի խոր արմատներից։ Դա նախահայրերի ժառանգությունն է։ Այդ տրտմությունն է, որ հիշյալ ժողովրդին դարձրել է ողջախոհ, մաքրակենցաղ և մոլեռանդորեն բարոյական։ Հենց նույն բարոյականությունը հետագայում անգլիացիների մեջ հասել է իր բարձրակետին ի դեմս պուրիտանիզմի և ի դեմս միսիս Գրենդիի։
Բայց, իրականում, հիշյալ մելամաղձությունը բխել էր կրոնի առավել օրհասական ձևերից։ Իսկ Գայլ Լարսենը զրկված է կրոնի շնորհած մխիթարությունից։ Նրա կոպիտ մատերիալիզմը չէր թույլատրում այդ։ Այնպես որ մռայլ տրամադրության պահերին նա դառնում է վայրենի։ Եթե նա այդքան սարսափելի չլիներ, ես կարող էի երբեմն նրան կարեկցել, ինչպես որ պատահեց երեք օր առաջ։ Ես մտել էի նրա խուցը ջրամանը լցնելու համար և նրան գտա այնտեղ։ Նա ինձ չնկատեց։ Նա գլուխը բռնել էր ձեռքերի մեջ, իսկ ուսերը ցնցվում էին, կարծես հեծկլտանքից։ Թվում էր, թե ինչ-որ խոր վիշտ տանջում էր նրան։ Ես անձայն հեռանում էի, երբ նա հառաչեց. «Աստվա՜ծ, աստվա՜ծ»։ Նա իհարկե աստծուն չէր կանչում. դա պարզապես մի բացականչություն էր, որը սակայն բխում էր հոգու ընդերքից։
Ճաշի ժամանակ նա որսորդներին հարցրեց, թե գլխացավի դեմ որևէ դեղորայք չունե՞ն, իսկ երեկոյան, չնայած իր ուժեղ կազմվածքին, պղտոր հայացքով դեսուդեն էր գլորվում նավասենյակում։
— Ես կյանքումս երբեք չեմ հիվանդացել, Հեմփ,— ասաց նա, երբ նրան առաջնորդում էի իր խուցը,― ոչ էլ գլխացավ եմ ունեցել, բացի այն ժամանակից, երբ գանգս վեց մատնաչափ ճեղքել էին երկաթե ձողով և նոր էր բուժվում։
Այդ անտանելի գլխացավը տևեց երեք օր և նա տառապեց լուռ, կարեկցանքից զուրկ և բոլորովին միայնակ, ինչպես տառապում են վայրի գազանները և ինչպես, ըստ երևույթին, սովոր են տառապել այս նավի վրա։
Բայց այս առավոտ, երբ նրա խուցը մտա, որ անկողինը սարքեմ և ամեն ինչ կարգի բերեմ, ես նրան գտա առողջ և աշխատանքով կլանված։ Սեղանն ու անկողինը ծածկված էին թղթերով, որոնց վրա կային գծագրություններ և հաշիվներ։ Կարկինը և անկյունաչափ գործիքը ձեռքին, նա ինչ-որ գծագրություն էր արտագրում խոշոր ու թափանցիկ թղթի վրա։
— Հելլո՜, Հեմփ,— ողջունեց նա ինձ պարզությամբ,— ահա արդեն վերջացնում եմ։ Ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչպես է ստացվել։
— Ի՞նչ բան է դա։
— Սա ծովայինների համար աշխատանքի խնայողության մի հնար է, որի շնորհիվ ծովագնացությունը դառնում է այբուբենի չափ պարզ,— պատասխանեց նա զվարթությամբ։— Դրանից հետո նույնիսկ երեխան կկարողանա նավը վարել։ Այլևս երկար-բարակ հաշվումների կարիք չի լինի։ Բավական է նույնիսկ մշուշապատ գիշերում միայն մեկ աստղ տեսնեք և ահա իսկույն կիմանաք, թե որտեղ եք գտնվում։ Նայեցե՛ք։ Այս թափանցիկ թուղթը զետեղում եմ աստղերի քարտեզի վրա և այն պտտեցնում հյուսիսային աստղի շուրջը։ Թղթի վրա գծել եմ բարձրության շրջանակներն ու պելենգի գծերը։ Թուղթը տեղավորելով մի աստղի վրա՝ պտտեցնում եմ, մինչև որ գալիս ծածկում է ներքևի քարտեզի եզրին նշված թվանշանները, և այդպիսով անմիջապես գտնում եմ նավի ճիշտ տեղանքը։
Նրա ձայնի մեջ հաղթական հնչյուն կար, իսկ աչքերը, որոնք այս առավոտ ջինջ կապույտ էին ծովի նման, կայծկլտում էին։
— Դուք պետք է որ մաթեմատիկայի մեջ ուժեղ լինեք,— ասացի ես։— Դպրոցո՞ւմ եք սովորել։
— Դժբախտաբար դպրոցի երեսը չեմ տեսել,― պատասխանեց նա։— Սովորել եմ ինքնաշխատությամբ։
— Իսկ ի՞նչ եք կարծում,— հարցրեց նա հանկարծ,— ինչո՞ւ եմ ընտրել այս բանը։ Արդյո՞ք ոտքերիս հետքերը թողնելու համար ժամանակի ավազի վրա։— Նա արձակեց իր ծաղրական ահավոր ծիծաղներից մեկը։— Ամենևին ոչ։ Պարզապես գյուտարարության պատենտ ստանալու, փող շահելու, ամեն տեսակ խոզությամբ զվարճանալու համար և թողնելու, որ ուրիշները կատարեն աշխատանքը։ Ահա այդ է իմ նպատակը։ Անկախ դրանից, ինձ համար մեծ բավարարություն էր այս գծագրության խնդիրը լուծելը։
— Ստեղծագործական հաճույք,— մրմնջացի ես։
— Հավանորեն, այդպես պետք է անվանել։ Դա ապրելու հաճույքի մի այլ արտահայտությունն է, շարժման հաղթանակը նյութի վրա, կենդանությանը՝ մահվան վրա, թթխմորի հպարտանքը հենց նրա համար, որ փրփրում է։
Ես ձեռքերս հուսահատությամբ բարձրացրի, որպես բողոքի նշան նրա անուղղելի մատերիալիզմի դեմ և շարունակեցի անկողինը սարքել։ Իսկ նա շարունակեց թվանշաններ ու գծեր արտագրել թափանցիկ թղթի վրա։ Այդ աշխատանքը պահանջում էր վերին աստիճանի ճշգրտություն ու նրբություն, և ես հիանում էի, թե ինչպես է նա կարողանում իր վիթխարի ուժը մեղմացնելով, հասցնել պահանջված քնքշությանը։
Անկողինը սարքելուց որոշ ժամանակ հետո ես հանկարծ անդրադարձա, որ հափշտակված դիտում եմ Գայլ Լարսենին։ Նա իսկապես գեղեցիկ տղամարդ է, դեղեցիկ՝ առնական իմաստով։ Ես դարձյալ զարմանքով նկատեցի, որ նրա դեմքից բոլորովին բացակայում են չարությունը, մոլությունն ու նենգությունը։ Դա միանգամայն անմեղ մարդու դեմք էր։ Միտքս ավելի պարզ դարձնելու համար ավելացնեմ, որ դա այնպիսի մի մարդու դեմք է, որը կա՛մ անընդունակ է իր խղճին հակառակ գործելու, կա՛մ բացարձակապես զուրկ է խղճից։ Եվ ես հակված եմ ընդունելու երկրորդ ենթադրությունը։ Նա ատավիզմի հոյակապ մի նմուշ է, այնքան հարազատորեն նախնական, որ կարծես աշխարհ եկած լիներ նախքան բարոյականության զարգացումը մարդկանց մեջ։ Նա ոչ թե անբարոյական է, այլ պարզապես բարոյազուրկ։
Ինչպես քիչ առաջ ասացի, նրա դեմքը առնական իմաստով՝ գեղեցիկ է, մաքուր սափրված, յուրաքանչյուր դիմագիծը այնքան հստակ ու պարզորոշ, ինչպես դիմաքանդակի վրա։ Արևից ու ծովից թխացած մաշկը ստացել է մուգ բրոնզի գույն, որն ինքնին խոսում է տարերքի դեմ մղված պայքարների մասին և միաժամանակ նրան տալիս է վայրենի ու հոյակապ տեսք։ Շրթները թեև լիքն են, բայց արտահայտում են այն հաստատամտությունն ու խստությունը, որոնք հատուկ են բարակ շրթներին։ Բերանը, կզակը և ծնոտը նույնպես արտահայտում են հաստատամտություն, խստություն և, միաժամանակ, մոլեգնություն ու անզսպություն։ Իսկ քիթը հիշեցնում է այն կարգի մարդկանց, որոնք ծնվում են հաղթելու և իշխելու համար։ Կարելի է այն կոչել հունական կամ հռոմեական քիթ, թեև առաջինի համեմատությամբ մի քիչ խոշոր է, իսկ երկրորդի համեմատությամբ մի քիչ փոքր։ Չնայած նրա դեմքը, ամբողջությամբ վերցրած, ուժի ու կատաղության մարմնացումն է, այնուամենայնիվ, նրան տանջող ժառանգական հնամենի մելամաղձությունը կարծես խորացրել է աչքերի և բերանի շուրջն եղած ծալերն ու ճակատի խորշոմները և դեմքին խոշորություն ու ավարտվածություն տվել։
Եվ այսպես, ես անդրադարձա, որ անշարժ կանգնած ուսումնասիրում եմ Լարսենին։ Չեմ կարող բացատրել, թե որքան էր ինձ հետաքրքրում այդ մարդը։ Ո՞վ էր նա։ Ի՞նչ էր նա։ Ինչպիսի՞ն էր եղել նրա կյանքը։ Թվում է, թե նա օժտված է մեծ կարողությամբ և ունի բազմաթիվ կարելիություններ։ Ուրեմն ինչո՞ւ է նա մի հասարակ նավապետ ծովակատվի որսորդության գնացող ինչ-որ երկկայմանավի վրա և ահավոր վայրագության համբավ է միայն վայելում որսորդների շրջանակում։
Եվ ահա, հետաքրքրությունս հանկարծ դուրս պոռթկաց խոսքերի մի ամբողջ հեղեղով։
— Դուք ինչո՞ւ աչքի ընկնող գործեր չեք կատարել։ Ձեր մեջ եղած ուժի շնորհիվ կարող էիք մեծ բարձունքների հասնել։ Զուրկ լինելով բարոյականության հասկացողությունից, դուք կարող էիք աշխարհը նվաճել և ձեր առաջ ծունկի բերել բոլորին։ Ահա արդեն հասել եք ձեր կյանքի և ուժի բարձրակետին, որտեղից սկսվելու են վայրէջքն ու նվազումը, բայց, այնուամենայնիվ, քարշ եք տալիս խեղճ ու անշուք մի գոյություն, որսում եք ծովային անասուններ, որպեսզի գոհացնեք կանանց պճնամոլությունն ու սնափառությունը, կանանց, որոնք, ձեր խոսքերով ասած, զվարճանում են խոզության մեջ։ Ձեր վարած կյանքում ոչ մի վսեմ բան չկա։ Ինչո՞ւ դուք ձեր զարմանալի ուժով աչքի ընկնող ոչ մի բան չեք կատարել։ Ձեզ ոչինչ, բացարձակապես ոչինչ չէր կարող խանգարել։ Ուրեմն բանն ինչո՞ւմն է։ Արդյո՞ք փառասիրություն չունեիք կամ արդյո՞ք որևէ գայթակղության զոհ եղաք։ Վերջապես ի՞նչ է պատահել, ինչո՞ւմն է բանը։
Նա աչքերը բարձրացրել էր իմ պոռթկումի սկզբում և հանգիստ հետևում էր ինձ։ Վերջապես ավարտեցի ելույթս ու կանգնած մնացի, հևասպառ ու ահաբեկ։ Նա մի պահ սպասեց, կարծես մտածում էր, թե որտեղից սկսի և ապա ասաց.
— Հեմփ, դուք գիտե՞ք այն սերմանողի առակը, որ գնացել էր արտ՝ ցանելու։ Եթե հիշում եք «սերմի մի քանիսն ընկան քարքարոտ ու սակավահող տեղեր և շուտով ծլեցին, որովհետև հողը խորունկ չէր։ Բայց երբ արևը ծագեց, նրանք խանձվեցին և քանի որ արմատ չունեին, իսկույն չորացան։ Իսկ մի քանիսն ընկան փշաթփերի շուրջը և փշերն աճելով խեղդեցին նրանց»։
— Հետո՞,— հարցրի ես։
— Հետո,— ասաց նա կատակով,— լավ արդյունք չստացվեց։ Ես այդ սերմերից մեկն եմ։
Նա գլուխը կախեց և շարունակեց արտագրությունը։ Ես վերջացրի աշխատանքս և երբ դուռը բացեցի դուրս գնալու, նա ասաց.
— Հե՛մփ, եթե նայեք քարտեզին, Նորվեգիայի արևմտյան ծովեզերքի մոտ կտեսնեք Ռոմսդալ-Ֆյորդ անունով մի ծովախորշ։ Ծնվել եմ ա դտեղից մոտ հարյուր մղոն հեռու։ Ես դանիացի եմ։ Իմ ծնողները երկուսն էլ դանիացի են։ Թե ինչո՞ւ և ինչպե՞ս են նրանք եկել արևմտյան ծովափի այդ ցուրտ, ամայի անկյունը, այդ մասին ոչինչ չեմ իմացել և ոչինչ չգիտեմ։ Մնացած մանրամասներն ինձ հայտնի են։ Ծնողներս չքավոր էին և անգրագետ։ Նրանց հայրերն ու պապերն էլ չքավոր ու անգրագետ էին, բոլորն էլ ծովի մշակներ, որոնք ալիքների վրա ցանում էին իրենց որդիներին, մի սովորություն, որը սկիզբ է առել անհիշատակ ժամանակներից։ Ահա և բոլորը, ուրիշ ոչինչ չկա ավելացնելու։
— Շատ բան կա,— առարկեցի ես։— Ձեր կյանքը դեռևս մութ է ինձ համար։
— Ուրիշ ինչի՞ մասին պատմեմ,— ասաց նա մռայլ մոլեգնությամբ։— Զրկանքներով լի մանկության և չքավոր կյանքի՞ մասին, այն մասին, որ սնվում էի միայն ձկո՞վ, թե՞ այն մասին, որ հազիվ լողալ սովորած՝ սկսեցի գնալ ձկնորսության։ Եղբայրների՞ս մասին, որոնք մեկը մյուսի հետևից գնացին հեռավոր ծովեր ու էլ չվերադարձան։ Ի՞մ մասին, որ գրել–կարդալ սովորելու հնարավորություն չունենալով, տասը տարեկան հասակում սպասյակ դարձա ծովի ափին երթևեկող հին նավերի վրա։ Անհամ ուտելիքների և կոպիտ վերաբերմունքի՞ մասին, առավոտից մինչև գիշեր ստացած քացիների և հարվածների՞ մւսսին, որոնք փոխարինում էին խոսքին, թե՞ վախի, ատելության ու տառապանքի մասին, որոնցով միայն սնվում էր հոգիս։ Ես չեմ ուզում այղ բան երբ հիշել։ Նույնիսկ հիմա, երբ հիշում եմ, ուղեղս պաշարվում է մի տեսակ խելագարությամբ։ Երբ մեծացա, ես կարող էի այդ նավապետներից ոմանց սպանել, բայց այդ ժամանակ կյանքն ինձ գցել էր այլ ճանապարհների վրա։ Վերջերս վերադարձա հայրենիք, բայց, դժբախտաբար, նրանք մեռել էին, բացի մեկից, որը իմ պատանեկության շրջանում ղեկավագ էր, իսկ հետո դարձել էր նավապետ։ Ես նրան դարձրի հաշմանդամ։ Նա այսուհետև երբեք չի կարող քայլել։
— Բայց դուք, որ բնավ դպրոց չեք գնացել և կարդում եք Սպենսեր ու Դարվին, ինչպե՞ս սովորեցիք գրել, կարդալ։
— Անգլիական առևտրական նավերի վրա։ Տասներկու տարեկան հասակում սպասյակ էի, տասնչորս տարեկանում՝ կրտսեր նավաստի, տասնվեց տարեկանում՝ հասարակ նավաստի, տասնյոթ տարեկանում՝ ավագ նավաստի և, միաժամանակ, առաջնակարգ կռվարար։ Անհուն փառասիրություն, անսահման մենություն, անօգնական, բարեկամներից զուրկ... այս պայմաններում ես գործի լծվեցի և մեն-մենակ սովորեցի նավագնացություն, մաթեմատիկա, բնագիտություն, գրականություն և այլն, և այլն։ Իսկ երբ հասա կյանքի բարձրակետին, ինչպես ասում եք դուք, որտեղից սկսվում են իմ վայրէջքն ու նվազումը, դարձա ինչ-որ երկկայմանավի տերն ու պետը։ Չնչին նվաճում, այնպես չէ՞։ Եվ երբ արևը ծագեց, ես խանձվեցի և քանի որ արմատ չունեի, իսկույն չորացա։
— Սակայն պատմությունը մեզ ասում է ստրուկների մասին, որոնք հետագայում կրեցին ծիրանագույն պատմուճան,— նկատեցի ես։
— Պատմությունը խոսում է նաև այն հնարավորությունների մասին, որ ունեցան ծիրանի պատմուճան կրելու աստիճանին հասնող այդ ստրուկները,— պատասխանեց նա մռայլությամբ։— Ոչ ոք չի կարող անձամբ ստեղծել այդ հնարավորությունները։ Բոլոր երևելի մարդիկ միայն օգտվել են հնարավորությունից, երբ այն ներկայացել է։ Այդպես է արել և Կորսիկացին։ Ես էլ նրա պես երազել եմ մեծ բաներ։ Եվ ես էլ կօգտվեի հնարավորությունից, բայց այն երբեք չի ներկայացել։ Փշերն աճեցին ու խեղդեցին ինձ։ Ես կարող եմ քեզ ասել, Հե՛մփ, որ այժմ դուք իմ մասին ավելի բան գիտեք, բան որևէ մեկը, բացի իմ սեփական եղբորից։
— Իսկ որտե՞ղ է ձեր եղբայրը, ի՞նչ է անում նա։
— Նա «Մակեդոնիա» շոգենավի պետն է և զբաղվում է ծովակատվի որսորդությամբ։ Մենք հավանորեն նրան կհանդիպենք ճապոնիայի ծովեզերքում։ Նրան անվանում են Մահ Լարսեն։
— Մա՜հ Լարսեն,— գոչեցի ես ակամա։— Նա նմա՞ն է ձեզ։
— Հազիվ թե։ Անխելք մի անասուն է։ Նա ունի իմ... իմ...
— Վայրագությունը,— թելադրեցի ես։
— Այո, շնորհակալ եմ, որ հուշեցիք, իմ ամբողջ վայրագությունը։ Բայց նա հազիվ կարող է գրել ու կարդալ։
— Իսկ նա երբեք չի՞ փիլիսոփայում կյանքի մասին,— հարցրի ես։
— Ոչ,— պատասխանեց Գայլ Լարսենը անասելի տխրությամբ։— Եվ նա երջանիկ է հենց նրա համար, որ հանգիստ է թողել կյանքի փիլիսոփայությունը։ Նա այնքան է զբաղված կյանքով, որ ժամանակ չունի կյանքի մասին խորհրդածելու։ Իմ սխալը այն էր, որ սկսեցի գիրք կարդալ։
Գլուխ տասնմեկերորդ
«Ուրվականը» հասել է Խաղաղ օվկիանոսում իր գծած աղեղի ամենահարավային մասը և արդեն սկսել է թեքվել հյուսիս–արևմուտք։ Ըստ իմ լսածի, մենք այժմ նավարկում ենք դեպի ինչ-որ մեկուսացած կղզյակ, որտեղից պետք է խմելու ջուր վերցնենք և հետո մեր ուղևորությունը շարունակենք դեպի ճապոնիայի ծովեզրը՝ ծովակատվի որսորդության։ Որսորդները ստուգում են իրենց հրացանները և կրակելու վարժություններ անում, իսկ նավաստիները պատրաստում են մակույկների առագաստները, թիակները պատում են կաշվով և թիակալների շուրջր փսիաթ են փաթաթում, որպեսզի անաղմուկ ու գաղտագողի մոտենան ծովակատուներին, մի խոսքով, աշխատում են, որ Լիչի պատկերավոր արտահայտությամբ ասած, ամեն ինչ կարգին ու գեղեցիկ լինի, ինչպես «խնձորի կարկանդակ»։
Լիչի թևը, ի միջի այլոց, բոլորովին բուժվել է, թեև վերքի սպին կմնա մինչև կյանքի վերջը։ Թոմաս Մագրիջը նրանից վախենում է ինչպես մահից և մութը կոխելուց հետո չի համարձակվում տախտակամած դուրս գալ։ Նավի առաջամասում երբեմն կռիվներ են բռնկվում։ Լուիսն ինձ ասում է, թե նավաստիների բամբասանքները նավապետի ականջն են հասել, և նավաստիները մի լավ ծեծել են մատնիչներից երկուսին։ Նա գլուխը տարակուսանքով օրորում է, երբ խոսում է իր մակույկի թիավար Ջոնսոնի ապագայի մասին։ Ջոնսոնը համարձակորեն հայտնել է կարծիքներ և երկու-երեք անգամ ընդհարվել է Գայլ Լարսենի հետ՝ իր անվան արտասանման կապակցությամբ։ Իսկ Յոհանսենին նա անցյալ գիշեր մի լավ ծեծել է, որից հետո նավապետի օգնականն սկսել է ճիշտ արտասանել նրա անունը։ Բայց կասկածից դուրս է, որ Ջոնսոնը չի կարող Գայլ Լարսենին ծեծել։
Լուիսը Մահ Լարսենի մասին տվեց լրացուցիչ տեղեկություններ, որոնք համապատասխանում են նավապետի արած հակիրճ նկարագրությանը։ Մենք, հավանորեն, կհանդիպենք Մահ Լարսենին ճապոնիայի մոտերքում։ Այդ կապակցությամբ Լուիսն արեց հետևյալ մարգարեական գուշակությունը. «Եվ կտեսնես, որ նրանց միջև մի մեծ կռիվ կպայթի, որովհետև նրանք գայլի ձագերի պես իրար ատում են»։
Մահ Լարսենը նավապետն է «Մակեդոնիայի», որը ծովային արդյունաբերական նավատորմի միակ շոգենավն է և ունի տասնչորս մակույկ, մինչդեռ երկկայմանավերն ունեն միայն վեց հատ։ Ասվում է, թե շոգենավի վրա թնդանոթ էլ կա, թե շոգենավը տարօրինակ արշավանքներ է կատարում, գաղտնի կերպով ափիոն է ներմուծում Միացյալ նահանգներ, զենք ներմուծում Չինաստան, նեգրեր առևանգում գերեվաճառության համար և բացեիբաց զբաղվում է ծովահենությամբ։ Ես չեմ կարող Լուիսին չհավատալ, որովհետև մինչև հիմա նրա ասածների մեջ սուտ չեմ գտել, ընդ որում, նա խորապես և բազմակողմանիորեն ճանաչում է ծովակատվի որսորդությունն ու դրանով զբաղվող մարդկանց։
Այս դժոխային նավի վրա դրությունը շարունակ լարված է։ Ինչպես խոհանոցում և նավաստիների ընդհանուր խցում, այնպես էլ որսորդների խցում մարդիկ կատաղորեն վիճում, կռվում և միմյանց կյանքին սպառնում են։ Որսորդներն ամեն րոպե սպասում են, որ Սմոքը և Հենդերսոնը, որոնց հին վեճը դեռ չի հարթվել, նորից կընդհարվեն և իրար կխփեն։ Իսկ Գայլ Լարսենն զգուշացրել է, որ եթե այդպիսի բան պատահի, ինքը կսպանի կենդանի մնացողին։ Նա բացեիբաց հայտարարում է, որ այդ որոշումն ընդունել է ոչ թե բարոյական սկզբունքներից ելնելով, այլ այն նկատառումով, որ որսորդներից յուրաքանչյուրը իրեն պետք է որսորդության ժամանակ, իսկ դրանից հետո նրանք կարող են իրար սպանել կամ ուտել, դա իր համար միևնույն է։ Լարսենն ասում է, որ եթե նրանք իրենց կրքերը զսպեն մինչև որսորդության ավարտը, ապա ինքը կխոստանա սարքել մի արքայական խրախճանք, որի ընթացքում նրանք ազատ կլինեն իրար հետ հաշիվներ մաքրելու։ Թող այն ժամանակ սպանողները սպանվածների դիակները ծովը գցեն ու մի պատմություն հորինելով բացատրեն, թե վերջիններս ծովում կորել են։ Ես կարծում եմ, որ Գայլ Լարսենի սառնարյուն անգթությունը զարհուրանք է պատճառում նույնիսկ որսորդներին, որոնք, դաժան լինելով հանդերձ, վախենում են նրանից։
Թոմաս Մագրիջը շան պես հպատակվում է ինձ, իսկ ես, իմ հերթին, գաղտնապես սարսափում եմ նրանից, որովհետև նրա հոգում հանկարծ կարող է վախից ծնվել խիզախություն (մի զարմանալի երևույթ, որին ծանոթ եմ սեփական փորձից) և նրան մղել կյանքս խլելու։ Ծունկս շատ ավելի լավ է հիմա, թեև երբեմն ցավում է երկար ժամանակով, իսկ փայտացած թևս, որ Գայլ Լարսենը սեղմելով ճմլել էր, աստիճանաբար ապաքինվում է։ Ընդհանուր առմամբ առողջությունս այժմ գերազանց է և ինձ շատ լավ եմ զգում։ Մկաններս գնալով զարգանում ու կարծրանում են։ Սակայն ձեռքերս ցավալի տեսք ունեն։ Նրանք կարծես խաշված լինեն եռացած ջրի մեջ։ Եղունգներս բորոքվել են, եղունգներս փշրվել ու սևացել, իսկ ձեռքերիս ափերում կոշտուկներ գոյացել։ Բացի դրանից, մաշկիս վրա առաջացել են չիբաններ։ Դա, ըստ երևույթին, նավի ճաշերից է, որովհետև անցյալում երբեք այդպիսի բան չէր պատահել ինձ։
Սրանից երկու օր առաջ մեծապես զվարճացա, տեսնելով, որ Գայլ Լարսենը Աստվածաշունչ է կարդում։ Իմ ուղևորության առաջին օրը ապարդյուն կերպով Աստվածաշունչ որոնելուց հետո, ի վերջո, դրանից մի օրինակ գտել էին մեռած օգնականի սնդուկում։ Ես զարմացա, թե ի՞նչը կարող էր հետաքրքրել Գայլ Լարսենին։ Եվ նա ինձ համար բարձր ձայնով կարդաց մի հատված «Ժողովողից»։ Այդ հատվածը կարդալով, նա կարծես ինձ հաղորդում էր իր սեփական մտքերը։ Նրա ձայնը, որը խոր ու թախծալի էր հնչում փակ խցիկի մեջ, ուղղակի հմայեց ինձ։ Թեև նա զարգացած չէ, բայց, այնուամենայնիվ, հիանալի գիտե, թե ինչպես պետք է արտահայտել գրավոր խոսքի իմաստը։ Ես ունկնդրում եմ նրա ձայնին, որի մեջ նախնիների մելամաղձությունն է կարծես թրթռում և որը երբեք չեմ կարող մոռանալ։ Նա կարդում է.
«Ինձ համար դիզեցի նաև արծաթ, ոսկի և թագավորական ու գավառական գանձեր, ունեցա երգիչներ և երգչուհիներ, և մարդկանց որդիների զվարճությունները և ամեն տեսակ շքեղություն։
Եվ մեծացա ու բարգավաճեցի ինձանից առաջ Երուսաղեմում եղած բոլոր մարդկանցից ավելի, նաև իմաստությունս կար ինձ մոտ։
Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և այն աշխատանքին, որ աշխատելով արել էի, և տեսա, որ ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկա։
«Ամեն ինչ հավասարապես պատահում է բոլորին. արդարին և ամբարիշտին, բարի մարդուն, մաքուրին և անմաքուրին, զոհ անողին և զոհ չանողին, անմեղին ու մեղավորին, երդում անողին և երդումից վախեցողին։
Արեգակի տակ եղած բոլոր գործերում վատն այն է, որ բոլորին պատահում է միևնույնը։ Ու նաև մարդկանց որդիների սիրտը լցված է չարությամբ, և խենթություն կա նրանց սրտում, երբ դեռ ապրում են, իսկ վերջը իջնում են մեռելների մոտ։
Քանզի ով ընկեր է մյուս ապրողներին, հույս կա նրանից, վասնզի ողջ շունը լավ է մեռած առյուծից։
Քանզի կենդանի մնացողները գիտեն, որ մեռնելու են, բայց մեռածները ոչինչ չգիտեն և այլևս վարձատրություն էլ չունեն, որովհետև նրանց հիշատակը մոռացվել է։
Նրանց սերն էլ, նրանց ատելությունն էլ, նրանց նախանձն էլ կորել են վաղուց, և նրանց համար այլևս հավիտյան բաժին չկա արեգակի տակ եղած բոլոր բաների մեջ։»
— Տեսնո՞ւմ եք, Հեմփ,— ասաց նա, գիրքը իր մատի վրա փակելով ու ինձ նայելով.— Իմաստությունը, որը Երուսաղեմում Իսրայել ժողովրդի թագավորն էր, մտածում էր ինձ պես։ Դուք ինձ հոռետես եք անվանում, մի՞թե սա ամենասև հոռետեսություն չէ. «Ամեն ինչ ունայնություն է և հոգու տանջանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկա», «Ամենը իբրև թե ամենքի համար է», «միևնույնը պատահում է բոլորին»՝ հիմարին ու խելոքին, մաքուրին և անմաքուրին, մեղավորին ու սրբին, իսկ այն, որ պատահում է, բոլորին՝ մահն է, որը, նրա ասելով, չարիք է։ Այդ իմաստունը սիրում էր կյանքը և չէր ուզում մեռնել, և ասում է. «Որովհետև ողջ շունը լավ է մեռած առյուծից»։ Նա գերադասում էր ունայնությունն ու տանջանքը, քան գերեզմանի լռությունն ու անշարժությունը։ Նույնպես և ես։ Սողալը խոզություն է։ Բայց չսողալու, հողակույտի կամ ժայռի վրա անշարժանալու պատկերացումն անգամ նողկալի է։ Այն հակասում է իմ մեջ գտնվող կյանքին, որի էությունը շարժման մեջ է, շարժման ուժի մեջ, շարժման ուժի գիտակցության մեջ։ Կյանքը, ինքնին, մի անբավարարություն է, բայց մոտալուտ մահվան գաղափարը առավել ևս անբավարարություն է։
— Ուրեմն դուք ավելի վատ եք, քան Օմար Խայամը,— ասացի ես։— Երիտասարդ տարիների երկար մտորումներից հետո նա գոնե բավարարություն գտավ և իր մատերիալիզմը դարձրեց ուրախության աղբյուր։
— Ո՞վ է Օմար Խայամը,— հարցրեց Գայլ Լարսենը, և այնուհետև ո՛չ այդ օրը, ո՛չ էլ հաջորդ երկու օրերին ես որևէ այլ աշխատանք չկատարեցի։
Իր պատահական ընթերցումների ընթացքում Լարսենը չէր հանդիպել «Ռուբայաթին», այնպես որ դա մի թանկագին հայտնագործություն եղավ նրա համար։ Քառյակների մեծ մասը՝ մոտ յոթանասունհինգ տոկոսը, անգիր գիտեի, իսկ մնացածներն առանց դժվարության հիշեցի։ Մենք ժամերով քննարկում էինք առանձին քառյակներ, և Լարսենը նրանցում գտնում էր վշտի և ըմբոստության արտահայտություններ, մի բան, որ ես ինքս երբեք չէի կարող հայտնաբերել։ Իմ արտասանության մեջ ես գուցե մտցնում էի որոշ զվարթություն, որը հատուկ է իմ խառնվածքին, բայց Լարսենը, որը իր հիանալի հիշողության շնորհիվ երկրորդ ու շատ հաճախ առաջին ընթերցումից հետո նույն տները անգիր էր անում, նրանց մեջ դնում էր հուզմունք և կրքոտ ընդվզում, որոնք գրեթե համոզում էին ունկնդրին։
Ես հետաքրքրվեցի, թե ո՞ր քառյակն է ամենից ավելի դուր գալիս նրան և չզարմացա, երբ նա ընտրեց այն, որը գրված էր ինչ-որ պատահական գրգռվածության ժամանակ և անհարիր էր պարսիկ պոետի լավատես փիլիսոփայությանն ու կյանքի վերաբերյալ ունեցած կենսուրախ հայացքներին.
Որտեղից-որտեղ ծագեց այդ անկոչ «որտեղի՞ց» հարցը,
Որին անհապաղ հաջորդեց միշտ նույն «դեպի ո՞ւր» հարցը։
Օ՜, պետք է վերուստ արգելված գինուց շատ թասեր խմեմ,
Որ էլ չհիշեմ սին ունայնության լիրբ առեղծվածը։
— Հոյակա՜պ է,— բացականչեց Գայլ Լարսենը,— հոյակապ։ Սա ամեն ինչ ասում է։ Լրբություն։ Նա չէր կարող սրանից լավ բառ գործածել։
Ես իզուր ժխտեցի ու բողոքեցի։ Նա իր փաստարկներով ինձ հեղեղեց ու ջախջախեց։
— Կյանքը իր էությամբ չի կարող այլ կերպ լինել։ Երբ կյանքն իմանում է, որ պետք է դադարի ապրելուց, ըմբոստանում է։ Նա այլ կերպ չի կարող վարվել։ Աստվածաշնչի իմաստունը գտավ, որ կյանքը և կյանքի գործերը ունայնություն են, տանջանք ու չարիք, բայց միաժամանակ նա գտավ, որ մեռնելը, այսինքն՝ ունայն լինելուց ու տանջվելուց դադարելը, ավելի մեծ չարիք է։ Նա շարունակ ցավում է, որ բոլորին էլ նույն բախտն է սպասում։ Այդպես է մտածում նաև Խայամը, և ես, և դուք, նույնիսկ դուք, որովհետև դուք ըմբոստացաք մահվան դեմ, երբ խոհարարն սկսեց դանակ սրել ձեր կյանքին վերջ տալու համար։ Դուք վախեցաք մեռնելուց։ Ձեր մեջ գտնվող և ձեր էությունը կազմող կյանքը, որը ձեզանից ավելի ուժեղ է, չուզեց մեռնել։ Դուք խոսում էիք անմ ահության բնազդի մասին։ Իսկ ես խոսում եմ կյանքի բնազդի մասին, կյանքի, որը ձգտում է ապրել և որը, երբ մոտենում է մահը, հաղթահարում է այսպես կոչված անմահության բնազդը։ Նա հաղթահարեց ձեր մեջ գտնվող անմահության բնազդը, այդ չեք կարող ուրանալ, որովհետև մի գիժ խոհարար սկսեց ձեր դեմ դանակ սրել։
— Դուք վախենում եք խոհարարից։ Վախենում եք նաև ինձանից, մի՛ ուրանաք։ Եթե ես ձեր կոկորդից բռնեմ, այ այսպես,— նա բռնեց իմ կոկորդը, և շնչառությունս կտրվեց,— և սկսեմ սեղմել ահա այսպես, ահա այսպե՛ս, ապա ձեր անմահության բնազդը կուչ կգա, իսկ կյանքի բնազդը, որը ձգտում է ապրել, կհուզվի, և դուք կմաքառեք ձեզ փրկելու համար։ Հը՞։ Ձեր աչքերի մեջ ես տեսնում եմ մահվան սարսափը։ Դուք ձեռքներդ թափահարում եք օդում, ձեր խղճուկ ուժն ի գործ եք դնում, որպեսզի կյանքի համար պայքարեք։ Այժմ ձեր ձեռքը կառչում է թևիցս, բայց թևս հազիվ է այն զգում, կարծես մի թիթեռնիկ նստած լինի վրան։ Ձեր կուրծքը հևում է, լեզուն դուրս կախվում, դեմքը կապտում, աչքերն աստիճանաբար նվաղում. «Ապրե՜լ, ապրե՜լ, ապրե՜լ», հառաչում եք դուք և հառաչում, որպեսզի այստեղ ապրեք և այժմ ապրեք և ոչ թե՝ հետո։ Դուք արդեն տարակուսում եք ձեր անմահության մասին, չէ՞։ Հա՜, հա՜։ Դրա մասին այլևս վստահ չեք, ուստի չեք ուզում այն վտանգել։ Դուք այժմ հավատում եք, որ այս է իսկական կյանքը։ Ահա ձեր աչքերի առաջ ամեն ինչ հետզհետե ավելի է խավարում։ Դա մահվան խավարն է՝ լինելուց դադարելը, զգալուց դագարելը, շարժվելուց դադարելը։ Այդ խավարը շրջապատում, խտանում ու բարձրանում է ձեր շուրջը։ Ձեր աչքերը անշարժանում են, ապակու տեսք ստանում։ Իմ ձայնը ձեր ականջին հնչում է աղոտ ու հեռավոր։ Դուք այլևս չեք տեսնում ինձ։ Այնուհանդերձ, մաքառում եք իմ ձեռքի մեջ։ Ոտքերով քացի եք տալիս։ Ձեր մարմինը գալարվում ու կծկվում է օձի պես։ Ձեր կուրծքը հևում է ու ձգվում։ Ապրե՜լ, ապրե՜լ, ապրե՜լ...
Ես այլևս ոչինչ չլսեցի։ Գիտակցությունս աղոտվեց այն խավարում, որը նա այնքան կենդանի կերպով նկարագրել էր։ Երբ ուշքի եկա, տեսա, որ պառկել եմ հատակին, իսկ նա սիգար է ծխում և նայում ինձ մտածկոտ հայացքով։ Նրա աչքերի մեջ փայլում էր ինձ հայտնի հետաքրքրությունը։
— Կարողացա՞ ձեզ համոզել,— հարցրեց նա։— Դե՛, վերցրեք, խմեք սրանից։ Ես ուզում եմ ձեզ մի քանի հարց տալ։
Ես գլուխս բացասաբար օրորեցի, առանց հատակից բարձրանալու։
— Ձեր փաստարկները շատ... բռի են,— կարողացա դժվարությամբ արտաբերել իմ ցավատանջ կոկորդից։
— Մի կես ժամից բոլորովին կլավանաք,— հավաստիացրեց նա։— Խոստանում եմ սրանից հետո ֆիզիկական ուժ չգործադրել։ Վեր կացեք։ Կարող եք աթոռին նստել։
Եվ քանի որ ես այդ հրեշի ձեռքում մի խաղալիք էի, Օմար Խայամի ու Ժողավողի վերաբերյալ զրույցը վերսկսվեց և շարունակվեց մինչև ուշ գիշեր։
Գլուխ տասներկուերորդ
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում ես ականատես եղա գազանության մի ահավոր տոնահանդեսի, որը նավասենյակից մինչև նավի առաջամասը մոլեգնեց, ինչպես համաճարակ։ Չգիտեմ որտեղից սկսեմ պատմել։ Իրականում, Գայլ Լարսենն էր այդ ամենի պատճառը։ Նավաստիների փոխհարաբերությունները, որոնք լարված ու սրված էին վեճերի, կռիվների ու ատելության հետևանքով, այժմ գտնվում էին խախուտ հավասարակշռության վիճակում, և չար կրքերը, տափաստանի խոտի պես, դյուրավ բոցավառվում էին։
Թոմաս Մագրիջը խարդախ, լրտես ու մատնիչ է։ Նավապետի սիրալիրությանը վերստին արժանանալու համար նրան հասցնում էր նավաստիների զրույցները։ Նա էր, ես վստահ եմ, որ Գայլ Լարսենին իմաց տվեց Ջոնսոնի անզգուշաբար հայտնած գանգատները։ Ջոնսոնը նավի կրպակից գնել էր մոմլաթե մի զգեստ և գտնելով, որ այն շատ ցածր որակի է, համարձակորեն հայտնել էր իր կարծիքը։ Նավի կրպակը մի տեսակ փոքր պահեստ է, որտեղ վաճառվում են ծովագնացության ժամանակ անհրաժեշտ ապրանքներ։ Այդպիսի կրպակներ գտնվում են որսորդական բոլոր երկկայմանավերի վրա։ Նավաստիների գնած ապրանքների արժեքը գանձվում է հետո, որսորդությունից նրանց բաժին ընկած գումարից, որովհետև ինչպես որսորդները, այնպես էլ թիավարներն ու նավուղիղները ռոճիկի փոխարեն ստանում են իրենց մակույկով որսած յուրաքանչյուր ծովակատվի մորթու արժեքի մի որոշ տոկոսը։
Բայց ես ոչինչ չգիտեի կրպակում Ջոնսոնի հայտնած գանգատի մասին, ուստի այն տեսարանը, որին ականատես եղա, ինձ ցնցեց իր անակնկալությամբ։ Ես նոր էի ավլել նավասենյակի հատակը, և Գայլ Լարսենը փորձում էր ինձ խոսեցնել Համլետի մասին, որը շեքսպիրյան հերոսներից նրա ամենասիրելին էր, երբ հանկարծ նավասանդուղքով Ջոնսոնի ընկերակցությամբ վար իջավ Յոհանսենը։ Ջոնսոնը, ըստ ծովային սովորության, գդակը հանեց և հարգալից կանգնեց խցի մեջտեղը։ Նավի օրորումից տատանվելով, նա նայում էր նավապետի դեմքին։
— Դուռը ծածկի՛ր և քաշի՛ր սողնակը,— ասաց ինձ Գայլ Լարսենը։
Նրա հրամանը կատարելիս նկատեցի, որ Ջոնսոնի աչքերում փայլեց անհանգստության ինչ-որ նշույլ, բայց չհասկացա պատճառը։ Ես ոչինչ չկարողացա կռահել, մինչև որ դեպքը փաստորեն կատարվեց։ Այնինչ Ջոնսոնը հենց սկզբից գիտեր պատահելիքը և արիությամբ սպասում էր դրան։ Նրա այդ վերաբերմունքի մեջ ես տեսա Գայլ Լարսենի մատերիալիզմի լիակատար հերքումը։ Նավաստի Ջոնսոնը համակված էր գաղափարով, սկզբունքով, հավատով ու անկեղծությամբ։ Նա արդար էր և գիտեր, որ արդար է, հենց դրա համար էլ չէր վախենում։ Եթե հարկ լիներ, նա ճշմարտության համար կմեռներ, բայց հավատարիմ կմնար իր սկզբունքներին և անկեղծ կլիներ իր հոգու հետ։ Նրանում պատկերված էր հոգու հաղթանակը մարմնի վրա, հոգու բարոյական անընկճելի վեհությունը, որը ոչ մի արգելք չի ճանաչում և հավիտենականությունից ու անմահությունից բխող վստահությամբ ու քաջությամբ բարձրանում է ավելի վեր, քան ժամանակը, տարածությունն ու նյութը։
Բայց վերադառնանք մեր պատմությանը։ Երբ Ջոնսոնի աչքերում նշմարեցի անհանգստության նշույլ, դա վերագրեցի նրա բնածին ամաչկոտությանն ու շփոթմունքին։ Օգնական Յոհանսենը մեկ կողմ էր կանգնել, նրանից մի քանի ոտնաչափ հեռու, իսկ Գայլ Լարսենը նստած էր պտտվող աթոռներից մեկի վրա, նավաստու ճիշտ դիմացը, երեք յարդ հեռու։ Երբ դուռը փակելով սողնակը քաշեցի, նավասենյակում լռություն տիրեց, որը տևեց մի ամբողջ րոպե։ Այն խզեց Գայլ Լարսենը։
— Յոնսո՛ն,— սկսեց նա։
— Իմ անունր Ջոնսոն է, սը՛ր,— քաջաբար ուղղեց նավաստին։
— Դե լավ, թող Ջոնսոն լինի, գրողը տանի... Դու կարո՞ղ ես դուշակել, թե ինչո՞ւ կանչել տվի քեզ։
— Ե՛վ այո, և՛ ոչ, սը՛ր,— եղավ անշտապ պատասխանը։— Ես իմ պարտականությունը լավ եմ կատարում, օգնականը այդ գիտե, դուք էլ գիտեք, սը՛ր։ Այնպես որ իմ մասին ոչ ոք չի կարող գանգատվել։
— Ա՞յդ է ամենը,— հարցրեց Գայլ Լարսենը ցածր ու մեղմ ձայնով։
— Ես գիտեմ, որ իմ դեմ ինչ-որ հակառակություն ունեք,— շարունակեց Ջոնսոնը կշռադատված և միապաղաղ դանդաղությամբ։ — Դուք ինձ չեք սիրում։ Դուք... դուք...
— Շարունակիր,— խրախուսեց Գայլ Լարսենը։— Մի վախեցիր իմ զգացմունքները վիրավորելուց։
— Ես չեմ վախենում,— պատասխանեց նավաստին և արևից թխացած այտերը զայրույթից թեթևակի շառագունեցին։— Եթե դանդաղ եմ խոսում, պատճառն այն է, որ հայրենիքից հեռացել եմ ոչ այնքան վաղուց, որքան դուք։ Ահա, թե ինչումն է բանը, սը՛ր։
— Երևի ուզում ես ասել, որ այնքան քաջ ես, որ չես ուզում հպատակվել նավի կարգապահության կանոններին։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ասում։
— Ես անգլերեն գիտեմ և հասկանում եմ ձեր ասածը, սը՛ր,— պատասխանեց Ջոնսոնը, որի այտերը ավելի շառագունեցին անգլերեն լեզվի իր իմացության մասին եղած ակնարկությունից հետո։
— Ջոնսո՛ն,— ասաց Գայլ Լարսենը՝ ներածական խոսքերը բավական համարելով և դիմելով բուն հարցին,— ես լսել եմ, որ դու գոհ չես քո գնած մոմլաթե զգեստից։
— Այո, գոհ չեմ։ Զգեստը վատորակ է։
— Եվ այդ մասին շաղ ես տալիս դեսուդեն, չէ՞։
— Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, սը՛ր,― պատասխանեց նավաստին համարձակորեն, միևնույն ժամանակ չմոռանալով ծովային ծառայության մեջ ընդունված հարգալիրությունը, որը պահանջում է յուրաքանչյուր խոսքի վերջում ավելացնել «սը՛ր»։
Այդ րոպեին իմ հայացքը պատահաբար ընկավ Յոհանսենի վրա։ Նա իր խոշոր բռունցքներն անընդհատ փակում ու բացում էր և Ջոնսոնին դիտում այնպիսի չարությամբ, որ դեմքն ստացել էր դիվային արտահայտություն։ Նրա աչքի ներքևում թեթև սևություն կար, որը դեռ չէր անցել այն հարվածից հետո, որ ստացել էր Ջոնսոնից հենց մի քանի օր առաջ։ Այդ ժամանակ միայն կռահեցի, որ կատարվելու է մի սարսափելի բան, բայց թե ի՞նչ, չէի կարող պատկերացնել։
— Դու գիտե՞ս, թե ինչ է սպասում այն մարդկանց, որոնք համարձակվում են այդպիսի խոսքեր ասել իմ կրպակի և իմ մասին,— հարցրեց Գայլ Լարսենը։
— Գիտեմ, սը՛ր,— եղավ պատասխանը։
— Իսկ ի՞նչ,— հարցրեց Գայլ Լարսենը խիստ և հրամայական։
— Հենց այն, որ դուք և ձեր օգնականը պատրաստվում եք անել, սը՛ր։
— Սրան նայեցեք, Հեմփ,— դիմեց ինձ Գայլ Լարսենը,— նայեցեք փոշու այս կենդանի հյուլեին, նյութի այս կույտին, որը շարժվում է, շնչում, համարձակվում է ինձ մարտահրավեր կարդալ և խորապես համոզված է, որ ինքը կազմված է ինչ–որ բարձրորակ տարրերից։ Հավատալով իրավունքի և ազնվության վերաբերյալ մարդկանց հնարած առասպելներին, նա ձգտում է դրանց հավատարիմ մնալ հակառակ սպառնալիքներին և տանջանքներին։ Ի՞նչ կարծիքի եք նրա մասին, Հեմփ, ի՞նչ կարծիքի եք։
— Ես այն կարծիքին եմ, որ նա ձեզանից ավելի լավ մարդ է,— պատասխանեցի ես, ցանկանալով ինձ վրա շեղել նրա զայրույթի մի մասը, որ, զգում էի, պիտի պայթեր Ջոնսոնի գլխին։— Այդ առասպելները, ինչպես դուք անվանում եք, ներկայացնում են ազնվությունն ու քաշությունը։ Դուք չեք հավատում այդ առասպելներին, դուք չունեք երազներ և իդեալներ։
Նա գլուխը շարժեց վայրագ գոհունակությամբ։
— Միանգամայն ճիշտ է, Հեմփ, միանգամայն ճիշտ։ Ես չեմ հավատում ազնվություն ու քաջություն ներկայացնող առասպելներին։ «Կենդանի շունը ավելի լավ է մեռած առյուծից», ասում եմ ես Ժողովողի նման։ Իմ միակ ուսմունքը նպատակահարմարության ուսմունքն է, որն օգնում է կենդանի մնալու։ Երբ այս թթխմորի մասնիկը, որին կոչում ենք «Ջոնսոն», դադարի թթխմորի մասնիկ լինելուց, նա կդառնա փոշի ու աճյուն, և նրանում կմնա այնքան ազնվություն, որքան կա փոշու և աճյունի մեջ, մինչդեռ ես դեռ կշարունակեմ ապրել ու մոլեգնել։
Մի պահ լուռ մնալուց հետո, նա հարցրեց.
— Գիտե՞ք ինչ եմ անելու հիմա։
Ես գլուխս թափահարեցի։
— Հիմա ես կգործադրեմ մոլեգնելու իրավունքս և ձեզ ցույց կտամ, թե ինչ կկատարվի ազնվության հետ։ Նայեցե՛ք։
Նա գտնվում էր Ջոնսոնից երեք յարդ հեռու, այսինքն՝ ինը ոտնաչափ... և նստած վիճակում։ Հանկարծ նա աթոռից թռիչք կատարեց առանց ոտքի կանգնելու, այնպես, ինչպես նստած դիրքից միանգամից ոստնում է վագրը։ Եվ վագրի նման էլ նա կտրեց այդ տարածությունը։ Այնուհետև սանձազերծվեց նրա կատաղության ողջ հորձանքը, որի դեմ Ջոնսոնը իզուր ջանաց պաշտպանվել։ Վերջինս մեկ թևով պատսպարում էր ստամոքսը, մյուսով՝ գլուխը։ Բայց Լարսենը բռունցքի ջախջախիչ մի հարված հասցրեց ուղղակի նրա կրծքին։ Ջոնսոնի շունչը մեկեն կտրվեց և ապա նա սկսեց հռնդյունով հևալ տապար թափահարող մարդու պես։ Ընկրկելով ու մեկ կողմից մյուսը տատանվելով, նա ջանաց հավասարակշռությունը վերագտնել։
Ես չեմ կարող նկարագրել հաջորդող ահավոր տեսարանի՝ մանրամասները։ Այն ուղղակի ընգվզեցուցիչ էր։ Նույնիսկ այսօր, երբ վերհիշում եմ, գլուխս պտույտ է գալիս։ Ջոնսոնը քաջաբար մաքառեց, սակայն նա չէր կարող հաղթել Գայլ Լարսենին, առավել ևս՝ Գայլ Լարսենին ու օգնականին։ Սարասփելի էր այդ պայքարը։ Ես չէի կարող երևակայել, որ որևէ մարդկային էակ ընդունակ է այդքան տանջանքի դիմանալու և, այնուհանդերձ, շարունակելու պայքարը։ Իսկ Ջոնսոնը շարունակեց պայքարել։ Իհարկե, Ջոնսոնը ամենայնչին հավանականությունն իսկ չուներ նրանց հաղթահարելու, և նա ինձ պես լավ գիտեր այդ, բայց բնածին քաջությունը նրան մղում էր դիմադրելու մինչև վերջ։
Ես այլևս կարողություն չունեի դիտելու։ Ինձ թվաց, թե կխելագարվեմ։ Ուստի, աստիճաններով վեր վագեցի, որպեսզի դուռը բացելով փախչեմ տախտակամած։ Բայց Գայլ Լարսենը, իր գոհին թողնելով և իր ահագին թռիչքներից մեկը կատարելով, ինձ բռնեց և նետեց սենյակի ամենահեռավոր անկյունը։
— Սա կյանքի արտահայտություններից մեկն է, Հեմփ,— ասաց նա հեգնանքով,— մնացեք և դիտեք։ Այս առիթով փաստական տվյալներ կհավաքեք հոգու անմահության մասին։ Ընդ որում, դուք գիտեք, որ մենք անկարող ենք Ջոնսոնի հոգուն վնաս հասցնել։ Մենք կարող ենք խորտակել միայն նրա վաղանցուկ պատյանը։
Ծեծը շարունակվեց մոտ տասը րոպե ևս, բայց ինձ թվաց, թե ամբողջ դարեր անցան։ Գայլ Լարսենը և Յոհանսենը իրենց, ամբողջ ուժով ծեծում էին խեղճին։ Նրանք բռունցքով հարվածում, ծանր կոշիկներով խփում էին նրան, գետին փռում, ոտքի կանգնեցնում ու նորից հարվածում։ Նավաստու աչքերը մթագնել էին, և նա այլևս չէր տեսնում, արյունը հոսում էր քթից, բերանից, ականջներից և խուցը սպանդանոցի տեսք էր ստացել։ Երբ նա անկարող դարձավ ոտքի կանգնելու, նրանք շարունակեցին քացիներ տալ նրա գետնատարած մարմնին։
— Մեղմացրու, Յոհանսեն, թափը մեղմացրու,— ասաց վերջապես Լարսենը։
Բայց օգնականի հոգում մոլեգնել էր գազանը, այնպես որ Գայլ Լարսենը ստիպված եղավ ձեռքով նրան ետ հրել։ Ձեռքի այդ հպումը արտաքուստ մեղմ թվաց, բայց Յոհանսենը խցանի պես ետ-ետ թավալվեց և նրա գլուխը շրխկոցով խփվեց խցի միջնորմին։ Նա գետին գլորվեց և մի պահ գրեթե զգայազուրկ մնաց, դժվարությամբ շնչելռվ և աչքերը թարթելով ապուշի նման։
— Դուռը բա՛ց, Հեմփ,— հրամայեց Լարսենը։
Ես հնազանդվեցի, և այդ երկու գազանները անկենդան մարմինը քաշելով աստիճաններից բարձրացրին, ինչպես աղբի տոպրակ, և նեղ դռնից դուրս հանեցին։ Տախտակամածի վրա ղեկանիվի մոտ կանգնած էր Լուիսը՝ Ջոնսոնի մակույկակից ընկերը։ Արյունը Ջոնսոնի քթից ցայտեց նրա կոշիկների վրա։ Բայց Լուիսը անվրդով շարունակեց ղեկանիվը վարել, առանց հայացքը կողմնացույցից հեռացնելու։
Բոլորովին այլ կերպ վարվեց Լիչը՝ նախկին սպասյակը։ Նրա վերաբերմունքը բոլորիս խոր զարմանք պատճառեց։ Նա ուղղվեց դեպի նավախել և, առանց որևէ հրահանգ ստացած լինելու, Ջոնսոնին քաշելով, տարավ նավի առաջամասը, որտեղ նրան հանգիստ դիրքով պառկեցրեց և սկսեց վերքերը խնամել, որքան կարող էր։ Ջոնսոնը այնպես էր այլանդակվել, որ դարձել էր անճանաչելի։ Նրա դեմքը մի քանի րոպեի ընթացքում այնքան ուռել ու գունաթափվել էր, որ ամբողջովին կորցրել էր մարդկային դիմագծերը։
Բայց գանք Լիչի վերաբերմունքին։ Մինչև որ նավասենյակը մաքրեցի ու կարգի բերի, նա Ջոնսոնին պետք եղած խնամքը տվել էր արդեն։ Ես տախտակամած բարձրացա, որպեսզի թարմ օդ շնչեմ ու լարված ջղերս մի քիչ հանսգտացնեմ։ Գայլ Լարսենը սիգար ծխելով զննում էր նավի ընթացքի արագությունը չափող գործիքը, որը սովորաբար կախվում էր նավախելից, իսկ այժմ ինչ-որ պատճառով բարձրացրել էին վերև։ Հանկարծ իմ ականջին հասավ Լիչի ձայնը, որն անզուսպ կատաղությունից խռխռում ու դողդողում էր։ Ես շուռ եկա ու տեսա, որ նա կանգնած է նավահարթակի ճիշտ ներքևը։ Դեմքը գունատ ու ձգված էր, աչքերը՝ բոցավառ, բռունցքները՝ վեր բարձրացրած։
— Թող աստված քո հոգին դժոխք ուղարկի, Գայլ Լարսեն։ Դժոխքը դեռ քիչ է քեզ համար... Ստո՛ր, մարդասպա՛ն, խո՛զ, ահա թե ինչ ես դու,— գոռում էր նա։
Ես կարծես շանթահար, վայրկյան առ վայրկյան սպասում էի նրա ոչնչացմանը։ Բայց երևի Գայլ Լարսենն այդ րոպեին տրամադիր չէր նրան ոչնչացնելու։ Նա դանդաղ մոտեցավ նավահարթակի եզրին և ձեղնախցի միջնորմին հենվելով մտածկոտ հետաքրքրությամբ սկսեց դիտել բորբոքված երիտասարդի դեմքը։
Իսկ սա Գայլ Լարսենի երեսին շպրտում էր այնպիսի մեղադրանքներ, որ ոչ ոք երբևէ չէր համարձակվել անել։ Նավաստիները երկչոտությամբ հավաքվեցին նավի առաջամասում գտնվող ամբարածածկի մոտ և սկսեցին ունկնդրել ու դիտել։ Որսորդներն իրենց խցից ուրախ-զվարթ բարձրացան տախտակամած, բայց երբ Լիչը շարունակեց լուտանքները, ես նկատեցի, որ նրանց դեմքերը լրջացան։ Նրանք նույնիսկ սարսափեցին։ Ոչ թե տղայի ահավոր խոսքերից, այլ նրա ահավոր հանդգնության պատճառով։ Թվում էր, թե հնարավոր չէ, որ որևէ կենդանի էակ հանդգնի այդպիսի վիրավորական խոսքեր ասել Գայլ Լարսենի երեսին։ Անձամբ ես ուղղակի հիացած էի այդ երիտասարդով, որի մեջ տեսնում էի հոգու անմահության փառապանծ անպարտելիությունը, հոգու, որը բարձրացել էր ավելի վեր, քան մարմինն ու մարմնի վախը մահից։ Նա ինձ հիշեցնում էր մարդկանց մեղքերը դատապարտող հին մարգարեներին։
Եվ ինչպիսի դատապարտություն էր սա... Լիչը Գայլ Լարսենի հոգին մերկացրել էր և ենթարկել մարդկանց արհամարհանքին, նրա վրա թափում էր աստծո և երկնքի անեծքները, նրան կիզում կշտամբանքների հրաշեկ տաքությամբ, կշտամբանքներ, որոնք կաթոլիկ եկեղեցու միջնադարյան բանադրանքների բուրմունքն ունեին։ Մեղադրանքների ամբողջ շարանն ավարտելով, նա, ի վերջո, հասավ զայրույթի բարձրակետը, որը վեհ էր և գրեթե աստվածային։ Այնուհետև, ծայրահեղ ուժասպառությունից՝ սուզվեց տգեղ ու անվայել հայհոյանքների վիհը։
Լիչի կատաղությունը խելագարության հավասարվեց։ Նրա բերանը փրփրել էր, կոկորդը երբեմն խռխռում ու խեղդվում էր և անհասկանալի բառեր արտաբերում։ Իսկ այս ամբողջ ժամանակամիջոցում Գայլ Լարսենը, հանգիստ ու անվրդով, արմունկին հենված՝ նայում էր ցած, կարծես համակված էր խոր հետաքրքրությամբ։ Կենդանի թթխմորի այս կատաղի փրփրումը, շարժվող նյութի այս ահավոր ըմբոստացումն ու զայրույթը նրան զարմացնում ու հետաքրքրում էին։
Ես և մյուս բոլոր ներկաները րոպե առ րոպե սպասում էինք, որ նա կնետվի երիտասարդի վրա և կջախջախի նրան։
Բայց ինչ-որ քմահաճույքի բերմամբ, նա այդ չարեց։ Նրա սիգարը մարել էր, իսկ նա դեռ շարունակում էր դիտել լուռ և հետաքրքրությամբ։
Լիչը, ի վերջո, մատնվեց անզոր կատաղության։
— Խո՛զ, խո՛զ, խո՜զ,— գոռում էր նա իր ձայնի ամբողջ ուժով,— ինչո՞ւ չես իջնում և չես սպանում ինձ, մարդասպա՛ն։ Դու կարող ես այդ անել... Բայց ես չեմ վախենում։ Ոչ ոք չի կարող քեզ արգելել։ Հազար անգամ ավելի լավ է մեռնել և քեզանից հեռու լինել, քան թե ապրել և մնալ ճիրաններիդ մեջ։ Դեհ, եկ, ստո՛ր։ Սպանիր ինձ, սպանիր, սպանի՛ր...
Հենց այդ րոպեին Թոմաս Մագրիջի պիղծ հոգին նրան մղեց դեպի գործողության վայրը։ Նա ամբողջ ժամանակ ունկնդրում էր խոհանոցի դռնից, բայց հիմա դուրս եկավ իբրև թե աղբը ծովը թափելու, մինչդեռ, իրականում, ուզում էր դիտել սպանության տեսարանը, որը, համոզված էր, անպայման տեղի կունենա։ Նա շողոքորթ ժպիտով նայեց Գայլ Լարսենին, որը, ըստ երևույթին, չնկատեց նրան։ Բայց խոհարարը ոչ միայն լիրբ էր, այլև անմիտ, բոլորովին անմիտ։ Նա Լիչին դիմելով ասաց.
— Ի՞նչ կեղտոտ լեզու ես գործածում, ուղղակի զզվելի...
Լիչի անզոր կատաղությունը հանկարծ թափ ստացավ։ Ահա՛ վերջապես մեկը, որի օձիքից կարելի էր բռնել։ Լիչի հետ ունեցած ընդհարումից հետո առաջին անգամն էր, որ Մագրիջը խոհանոցից դուրս էր եկել առանց դանակի։ Նա հազիվ էր խոսքը վերջացրել, երբ Լիչը բռունցքի մեկ հարվածով նրան գետին տապալեց։ Երեք անգամ Մագրիջը ոտքի կանգնեց և փորձեց խոհանոց փախչել, բայց յուրաքանչյուր անգամ նավաստին մեկ հարվածով նրան փռում էր տախտակամածի վրա։
— Օգնեցե՜ք,— բղավեց խոհարարը,— օգնեցե՜ք, հեռացրեք նրան, ի՞նչ եք կանգնել, հեռացրե՛ք նրան...
Որսորդները ծիծաղեցին սոսկ թեթևացման զգացումից։ Ողբերգությունը վերջացել էր և սկսվել էր զավեշտախաղը։ Նավաստիները համարձակություն ստացան և ժպտալով ու իրար հրելով մոտեցան՝ ատելի խոհարարի ծեծ ուտելը դիտելու։ Նույնիսկ իմ հոգու խորքից մի անսահման հրճվանք բարձրացավ։ Պետք է խոստովանեմ, որ ես մեծ հաճույքով էի դիտում, թե ինչպես Լիչը ծեծում էր Թոմաս Մագրիջին, թեև դա գրեթե նույնքան սարսափելի էր, որքան այն ծեծը, որին ենթարկվեց Ջոնսոնը խոհարարի մատնության պատճառով։ Բայց Գայլ Լարսենի դեմքի արտահայտությունն ամենևին չփոխվեց։ Նա իր դիրքն անգամ չփոխեց և շարունակեց նույն հետաքրքրությամբ դիտել ներքևի իրադարձությունը։ Թեև Լարսենը համոզված պրագմատիստ էր, այնուամենայնիվ, ինձ թվաց, թե այդ րոպեին նա ուսումնասիրում էր կյանքի խաղն ու շարժումները, որպեսզի նրա մասին ինչ-որ նորություն հայտնաբերի, նրա անմիտ գալարումների մեջ գտնի անցյալում իր ուշադրությունից վրիպած մի այնպիսի մանրամասնություն, որի շնորհիվ կարելի լինի թափանցել կյանքի գաղտնիքը և պարզել նրա մութ կողմերը։
Ինչ վերաբերում է ծեծին, ապա այն հար ու նման էր նրան, որին ականատես էի եղել նավասենյակում։ Խոհարարը ապարդյուն ջանքեր էր թափում պաշտպանվելու կատաղած նավաստուց և զուր փորձեր կատարում՝ նավասենյակ հասնելով այնտեղ ապաստանել։ Ամեն առիթով նա ձգտում էր նավասենյակի կողմը գլորվել, այդ ուղղությամբ էր սողում, այդ ուղղությամբ ընկնում։ Բայց հարվածները իրար հաջորդում էին գլխապտույտ արագությամբ։ Լիչը նրան դեսուդեն շպրտեց փետրադնգակի նման, մինչև որ նա անշարժ փռվեց հատակին։ Այն ժամանակ նավաստին սկսեց ոտքով հարվածել նրան։ Ոչ ոք չէր միջամտում։ Լիչը կարող էր սպանել, բայց, ըստ երևույթին, իր վրեժը լիուլի լուծած համարելով՝ թողեց տապալված հակառակորդին, որը շան պես կաղկանձում էր, և հեռացավ։
Բայց այս երկու դեպքերն օրվա ծրագրի նախերգանքն էին միայն։ Երեկոյան դեմ Սմոքը և Հենդերսոնը ընդհարվեցին իրար հետ։ Հանկարծ լսվեց կրակոցների աղմուկ և մնացյալ չորս որսորդները միջնահարկից խուճապահար վերև բարձրացան։ Միաժամանակ նավասանդուղքի բացվածքից բարձրացավ թանձր ու այրող ծուխ, որպիսին միշտ գոյանում է սև վառոդից, և այդ ծխի միջով Գայլ Լարսենը ներքև խոյացավ։ Կռվի ու հարվածների աղմուկը հասնում էր մինչև մեր ականջը։ Սմոքը և Հենդերսոնը երկուսն էլ վիրավորվել էին, բայց Գայլ Լարսենը նրանց ծեծում էր, որովհետև իր հրամանն անտեսելով, նրանք իրար խեղանդամ էին դարձրել նախքան որսն սկսելը։ Երկուսն էլ բավականին ծանր վիրավորվել էին, այնպես որ Գայլ Լարսենը նրանց ծեծելուց հետո ձեռնարկեց վիրահատության, խնամեց վերքերը որքան կարող էր, և դրանք փաթաթեց վիրակապով։ Ես նրան օգնում էի։ Նա շոշափում էր վերքերը և փամփուշտների բացած անցքերը մաքրում։ Վիրավորները քաջաբար դիմանում էին այդ բիրտ վիրահատությանը, որ կատարվում էր առանց թմրեցման։ Ցավին տոկալու համար նրանք միայն մի-մի բաժակ թունդ վիսկի էին խմել։
Այնուհետև, երեկոյան, առաջին հերթապահության միջոցին, տուրուդմբոց բարձրացավ նավի առաջամասում։ Դա առաջացել էր այն ասեկոսեների և բամբասանքների կապակցությամբ, որոնք Ջոնսոնի ծեծի պատճառ էին հանդիսացել։ Ահագին աղմուկից և նավաստիների դեմքերի վրա գոյացած ուռուցքներից ու կապտուցներից պարզվեց, որ առաջամասի նավազախմբի մի մասը փառավորապես մշակել էր մյուս մասին։
Երեկոյան երկրորդ հերթափոխությունն ավարտվեց մի նոր կռվով։ Այս անգամ կռվեցին Յոհանսենը և յանկիի նմանող նիհարակազմ որսորդ Լետիմերը։ Պատճառն այն էր, որ վերջինս շարունակ տրտնջում էր, թե Յոհանսենը քնած ժամանակ խռմփում ու բարձրաձայն խոսում է։ Չնայած Յոհանսենը մի լավ ծեծ կերավ, նա որսորդներին դարձյալ չթողեց քնել, որովհետև ամբողջ գիշերը անդադար կռվում էր երանավետ նիրհի մեջ։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ամբողջ գիշերը տանջվեցի մղձավանջների մեջ։ Օրն անցել էր ահավոր երազի պես։ Մի վայրագության հաջորդել էր մի ուրիշ վայրագություն, բոցավառ կրքերն ու սառնարյուն անգթությունը մարդկանց մղել էին իրենց նմանների կյանքին սպառնալու, ծեծելու, խեղդելու, կոտորելու։ Ջղերս ցնցվել էին և բանականությունս ընդվզել էր։ Անցյալում գրեթե գաղափար չունեի մարդու գազանության մասին։ Ես կյանքը ճանաչել էի միայն իր մաքուր, մտավորական կողմերով։ Ճիշտ է, ծանոթացել էի դաժանության հետ, բայց դա մտավոր դաժանությունն էր, ինչպես, օրինակ, Չարլի Ֆարասեթի խայթող հեգնանքը, ակումբի ընկերներիս անողորմ էպիգրամներն ու կոպիտ սրամտությունները, իսկ ուսանողական տարիներին՝ դասախոսների թունոտ նկատողությունները։ Ահա և բոլորը։ Բայց զայրույթի ոխը հանել ուրիշների մարմինը կապտացնելով և արյուն թափելով, դա ինձ համար զարմանալի ու ահավոր նորություն էր։ Զուր չէր, որ ինձ անվանում էին «փափկասուն Վան-Վեյդեն», մտածում էի անհանգիստ շուռումուռ գալով անկողնում, երբ մղձավանջը դադարում էր մի պահ։ Պարզ է, որ անցյալում կյանքին բոլորովին անգիտակ եմ եղել։ Գտնելով, որ Գայլ Լարսենի գարշելի փիլիսոփայությունը ավելի ճիշտ է բացատրում կյանքը, քան իմը, ես դառնորեն ծիծաղեցի ինձ վրա։
Մտքերի այս նոր ուղղությունն ինձ սոսկում պատճառեց։ Զգացի, որ շրջապատի շարունակական վայրագություններն սկսել էին բացասական ազդեցություն ունենալ վրաս։ Այդ ազդեցությունն Ապառնում էր կործանել այն ամենը, ինչ լավ ու պայծառ էր կյանքում։ Բանականությունս ինձ խրատում էր, որ Թոմաս Մագրիջի կերած ծեծն ինքնին վատ բան էր, բայց, այնուամենայնիվ, հոգիս հրճվում էր այն հիշելով։ Եվ նույնիսկ, երբ ճնշվում էի իմ մեղքի ծանրության տակ, քանի որ մեղք է այդպիսի բանի համար հրճվելը, դարձյալ ծիծաղում էի անմիտ զվարճությամբ։ Ես այլևս նախկին Հեմֆրի Վան-Վեյդենը չէի, այլ «Ուրվական» երկկայմանավի սպասյակ Հեմփը։ Իմ նավապետը Գայլ Լարսենն էր, Թոմաս Մագրիջն ու մյուսները ընկերներս էին, և ինձ վրա շարունակ դրոշմվում էր այն կնիքը, որով դրոշմվել էին նրանք բոլորը։
Գլուխ տասներեքերորդ
Հաջորդ երեք օրը ես կատարեցի թե՛ իմ և թե Թոմաս Մագրիջի պարտականությունները։ Պետք է պարծանքով ասեմ, որ պատրաստում էի բավականին համեղ ճաշեր։ Ես գիտեմ, որ Գայլ Լարսենի հավանությանն արժանացա և նավաստիները գոհ էին ինձանից այն կարճատև ժամանակամիջոցում, երբ ղեկավարում էի խոհանոցը։
— Առաջին անգամ է, որ մաքուր ճաշ կերա այս նավում,— ասաց ինձ Հարրիսոնը խոհանոցի դռան առջև, երբ առաջամասից վերադարձրեց դատարկ ամաններն ու կաթսան։— Թոմմիի կերակուրներից, չգիտես ինչու, միշտ ճենճի հոտ էր գալիս և ես կարծում եմ, որ Սան-Ֆրանցիսկոն թողնելուց հետո նա իր շապիկը դեռ չի փոխել։
— Իսկ ես ոչ թե կարծում եմ, այլ գիտեմ, որ այդպես է,— պատասխանեցի։
— Գրազ կգամ, որ դրանով էլ մտնում է անկողին,— շարունակեց Հարրիսոնը։
— Եվ չես տարվի, որովհետև նա միշտ նույն շապիկն է հագնում և այս ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի անգամ վրայից չի հանել։
Բայց Գայլ Լարսենը խոհարարին երեք օրից ավելի չթողեց բուժվել։ Չորրորդ օրը ծոծրակից բռնելով նրան անկողնուց դուրս քաշեցին, և նա կաղալով ու տնքտնքալով սկսեց աշխատանքը։ Աչքերն այնքան էին ուռել ու փակվել, որ հազիվ կարողանում էր տեսնել։ Նա նվնվաց ու արտասվեց, բայց Գայլ Լարսենը անողոք մնաց։
— Եվ նայիր, որ սրանից հետո մեզ աղբ ու կեղտաջուր չհրամցնես,— եղավ նրա վերջին պատվերը։— Այլևս ոչ մի կեղտ կամ ճենճ, լավ իմացիր, իսկ շապիկդ մեկ-մեկ կլվանաս, թե չէ ծովի լոգանք ընդունել կտամ, հասկանալի՞ է։
Թոմաս Մագրիջը, ուժից ընկած, երերալով թափառում էր խոհանոցում, երբ նավի արագ ցնցումից քիչ մնաց գետին տապալվեր։ Փորձելով հավասարակշռությունը պահպանել, նա ձեռքը երկարեց վառարանի երկաթե ձողին, որը կաթսաները պահում էր վար սահելուց, բայց վրիպեց, և ձեռքը ամբողջ թափով ու ծանրությամբ կպավ վառարանի հրաշեկ սալիկին։ Լսվեց մի թշշոց, տարածվեց այրվող մսի հոտ և միաժամանակ ցավի մի սուր ճիչ բարձրացավ։
— Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, ես ի՞նչ մեղք եմ գործել,— լալով ողբաց խոհարարը՝ ածուխի արկղի վրա նստելով և այրված ձեռքը թափահարելով։— Ինչո՞ւ այս բոլոր փորձանքները հենց իմ գլխին են դալիս։ Օ՜հ, ի՞նչ զզվելի է իմ բախտը։ Եվ այս ամենը պատահում է ինձ, որ միշտ ջանում եմ ոչ մեկին վնաս չպատճառել...
Արցունքները հոսում էին նրա ուռած ու գունատ այտերից, երբ հանկարծ ցավից կծկված դեմքը վայրի արտահայտություն ստացավ։
— Օ՜հ, ես ատում եմ նրան,— ասաց նա ատամները կրճտացնելով,— ատո՜ւմ եմ նրան։
— Ո՞ւմ,— հարցրեցի ես, բայց ողորմելի թշվառը նորից սկսեց իր չար բախտը ողբալ։ Ավելի հեշտ էր գուշակել, թե նա ում է ատում, քան՝ ում է սիրում։ Որովհետև նկատել էի, որ այդ մարդու մեջ կա մի չար ոգի, որը նրան մղում է բոլորին ատել։ Երբեմն ինձ թվում է, թե Մագրիջն ատում է նույնիսկ իրեն, որովհետև կյանքը նրա հետ վարվել է շատ անհեթեթ ու հրեշային ձևով։ Այդպիսի պահերին իմ հոգում արթնանում է խոր հակակրանք նրա հանդեպ, և ես ամաչում եմ, որ երբևէ ուրախացել եմ նրա դժբախտությունների կամ տառապանքների համար։ Կյանքը անարդար է եղել այդ մարդու նկատմամբ և խաղացել է կեղտոտ խաղ, ստեղծելով նրան այնպես, ինչպես կա։ Դրանից հետո կյանքը շարունակել է նույն կեղտոտ խաղը խաղալ նրա հետ։ Արդյո՞ք նա հնարավորություն ունեցել է այլ կերպ լինելու։ Եվ կարծես իմ չարտահայտած մտքին պատասխանելու համար խոհարարը ողբագին ճչաց.
— Ես երբեք ոչ մի հնարավորություն չեմ ունեցել կյանքումս։ Ոչ ոք ինձ դպրոց չի ուղարկել, ինձ չի կերակրել կամ քիթս չի մաքրել իմ մանկության ժամանակ։ Ո՞վ է բան արել ինձ համար, հը՞, հարցնում եմ, ո՞վ...
— Ոչինչ, Թոմմի,— ասացի ես և հանգստացնելու համար ձեռքս դրի նրա ուսին,— մի տխրիր, վերջը լավ կլինի։ Դու դեռ երկար կյանք ունես քո առաջ և կարող ես դառնալ այն, ինչ ուզում ես։
— Սուտ բան է, ստո՜ր սուտ,— գոչեց նա երեսիս, թոթափելով իմ ձեռքը,— և դու գիտես, որ սուտ է։ Ես շինված եմ թափթփուկներից և այլևս չեմ կարող վերափոխվել։ Քո պարագան տարբեր է, Հեմփ։ Դու ջենթլմեն ես ծնվել։ Դու երբեք չես իմացել, թե ինչ է նշանակում քաղցած ման գալ, սոված քնել, երբ ամբողջ գիշեր դատարկ փորդ ճմլվում է, հա ճմլվում, կարծես մի առնետ լինի այնտեղ։ Ո՛չ, այլևս ոչինչ չի օգնի։ Եթե ես վաղը Միացյալ Նահանգների նախագահը դառնամ, մի՞թե կկարողանամ հատուցել իմ մանկության օրերի զրկանքները, երբ քաղցած փորով ման էի գալիս։ Հարց եմ տալիս, մի՞թե այդ հնարավոր է։
— Ես ծնվել եմ զրկվելու և տանջվելու համար,— շարունակեց նա։— Ես ավելի տանջանք եմ կրել, քան տասը մարդու տանջանքը իրար գումարած։ Այո։ Իմ անիծված կյանքի կեսը ես անց եմ կացրել հիվանդանոցներում։ Ջերմով պառկել եմ Ասպինվոլում, Լավանայում, Նյու-Օռլեանում։ Վեց ամիս լնդախտով տառապել եմ Բարբադոսում։ Հոնոլուլուում վարակվել եմ ծաղկախտով, Շանհայում երկու ոտքերս ջարդվել են, Ունալասկայում թոքերի բորբոքում եմ ստացել, Ֆրիսկոյում երեք կողոսկր կոտրվել են և ամբողջ մարմինս գալարվել է ցավից։ Իսկ հիմա նայիր ինձ, նայի՛ր։ Կողոսկրներս նորից խախտեցին ու ջարդեցին։ Շուտով կսկսեմ արյուն թքել։ Հարցնում եմ, ինչպե՞ս կարելի է այս բոլորի փոխարենը հատուցել։ Եվ ո՞վ կհատուցի, Աստվա՞ծ։ Երևի աստված ինձ ատեց այն օրը, երբ պայմանագիր ստորագրեցի այս անիծյալ նավով ճանապարհորդելու։
Ճակատագրի դեմ զայրույթը տևեց ավելի քան մեկ ժամ, որից հետո խոհարարը նորից սկսեց աշխատանքը, կաղալով, հառաչելով, աչքերը լի ատելությամբ ամբողջ աշխարհի դեմ։ Նրա ախտորոշումը, սակայն, ճիշտ դուրս եկավ, որովհետև սկսեց հաճախ հիվանդանալ։ Այդպիսի դեպքերում արյուն էր թքում և ունենում սուր ցավեր։ Բայց, ինչպես ինքն ասել էր, կարծես աստված նրան այնքան էր ատում, որ չէր թողնում մեռնի։ Որովհետև նա, ի վերջո, առողջացավ և առաջվանից ավելի չարացավ։
Անցավ մի քանի օր, և Ջոնսոնն էլ տախտակամած դուրս եկավ ու սկսեց աշխատել, բայց ոչ սրտանց։ Նա դեռ հիվանդ էր, և ես մի քանի առիթով նկատեցի, որ դժվարությամբ է մագլցում կայմապարանով կամ ուժասպառ կռանում ղեկանիվի վրա։ Բայց ամենից վատն այն է, որ նա հոգեպես ընկճված էր։ Հիմա նա սկսել էր ստորաքարշություն անել Գայլ Լարսենի առաջ, իսկ Յոհանսենի առաջ համարյա սողում էր։ Մինչդեռ Լիչի վարմունքը տարբեր էր։ Նա տախտակամածի վրա ման էր գալիս ինչպես վագրի կորյուն և բացեիբաց ցույց էր տալիս իր ատելությունը Գայլ Լարսենի և Յոհանսենի նկատմամբ։
— Ես դեռ քո հախից կգամ, ծռաթաթ շվեդացի,— լսեցի, որ նա ասում էր Յոհանսենին մի գիշեր, տախտակամածի վրա։
Յոհանսենը հայհոյեց մթության մեջ և հենց նույն վայրկյանին ինչ-որ մի իր ուժգին բախվեց խոհանոցի միջնորմին։ Դրան հաջորդեց մի նոր հիշոց, հետո ծաղրական մի քրքիջ։ Երբ ամեն ինչ խաղաղվեց, ես դուրս եկա։ Միջնորմի կարծր փայտի մեջ ավելի քան մեկ մատնաչափ խորությամբ խրված էր մի ծանր դանակ։ Հազիվ մի քանի րոպե էր անցել, երբ օգնականը ետ եկավ և սկսեց դանակը փնտրել, բայց ես արդեն վեցրել էի, և հաջորդ օրը թաքուն վերադարձրի Լիչին։ Երբ դանակը հանձնեցի, նա ժպտաց և այդ ժպիտի մեջ ավելի անկեղծ շնորհակալություն կար, քան բազմաթիվ երկարապատում ճառերի մեջ, որ սովոր են արտասանել իմ դասակարգի մարդիկ։
Ես, ի տարբերություն նավակազմի մնացյալ անդամների, ոչ ոքի հետ կռվի մեջ չէի հիմա և վայելում էի բոլորի սիրալիրությունը։ Որսորդները, ճիշտ է, պարզապես հանդուրժում էին ինձ, բայց նրանցից ոչ մեկն ինձ չէր ատում։ Սմոքը և Հենդերսոնը, որոնք կամաց-կամաց ապաքինվում էին և տախտակամածի վրանալաթե ամպհովանու ներքո օր ու գիշեր ճոճվում իրենց կախմահիճների մեջ, ինձ հավաստիացրին, թե ես նրանց ավելի լավ եմ խնամում, քան հիվանդանոցի որևէ բուժքույր։ Նրանք ավելացրին, թե ճանապարհորդության վերջում, երբ իրենց հասանելիք գումարներն ստանան, ինձ չեն մոռանա (կարծես թե ես փողի կարիք ունեի... Ես, որ կարող էի նրանց գնել իրենց ունեցած-չունեցածով, գնել ամբոդջ երկկայմանավը, նույնիսկ քսան հատ այդպիսի երկկայմանավ...)։ Բայց ինձ վիճակված էր նրանց խնամելու և վերքերը կապելու պարտականությունը, և ես անում էի ձեռքիցս եկածը։
Գայլ Լարսենը նորից ունեցավ գլխացավի ուժեղ նոպա, որը տևեց երկու օր։ Ըստ երևույթին, նա չափազանց տանջվում էր, որովհետև ոչ միայն ինձ կանչեց իր մոտ, այլև հրահանգներիս հնազանդվեց երեխայի հլությամբ։ Բայց ինչ էլ որ արեցի, ցավերը չմեղմացան։ Իմ խորհրդով նա թողեց ծխելն ու խմելը։ Ինձ ուղղակի զարմանք էր պատճառում, թե ինչո՞ւ նրա պես հոյակապ կենդանին պիտի գլխացավ ունենա։
— Քեզ ասում եմ, որ աստծու մատը խառն է,— բացատրեց Լուիսը։— Նա պատժվում է իր սև գործերի համար և դեռ պիտի պատժվի, եթե...
— Եթե ի՞նչ,— հարցրի ես։
— Եթե աստված չվարանի իր պարտականությունը կատարելիս... Բայց իմ ի՞նչ գործն է այս տեսակ բաներ ասել...
Ես սխալվեցի, երբ քիչ առաջ ասացի, թե վայելում եմ բոլորի սիրալիրությունը։ Թոմաս Մագրիջը ոչ միայն շարունակում է ինձ ատել, այլև ատելու համար գտել է նաև մի նոր պատճառ։ Երկար մտածելուց հետո վերջապես գլխի ընկա, թե բանն ինչումն է։ Նա ինձ ատում է, որովհետև ես ծնվել եմ իրենից ավելի երջանիկ աստղի տակ, իր խոսքերով ասած, ջենթլմեն եմ ծնվել։
— Իմ շուրջը դեռ ոչ մի մեռել չեմ տեսնում...— կատակով ասացի Լուիսին, երբ Սմոքը և Հենդերսոնը բարեկամաբար զրուցելով, կատարում էին տախտակամածի վրա քայլելու առաջին վարժությունը։
Լուիսը իր մոխրագույն, խորամանկ աչքերով զննեց ինձ և գլուխն օրորեց չարագուշակ արտահայտությամբ։
— Ես քեզ ասում եմ, որ փոթորիկը մոտենում է, իսկ երբ նա սկսի փչել ու ոռնալ, այն ժամանակ պինդ կառչիր պարաններից... Ես վաղուց զգացել եմ, որ նա պիտի պայթի, հիմա էլ տեսնում եմ նրան այնպես, ինչպես խավարում մոտեցող նավի ուրվագիծը։ Նա արդեն մոտ է, շա՜տ մոտ։
— Իսկ ո՞վ է լինելու առաջին զոհը,— հարցրեցի ես։
— Համենայն դեպս, ոչ գիրուկ Լուիսը, այդ մասին կարող եմ քեզ վստահեցնել,— ծիծաղեց նա։— Ես իմ ներսում զգում եմ, որ մյուս տարի այս ժամանակ պիտի լինեմ մայրիկիս մոտ և պիտի նայեմ նրա աչքերի մեջ, որոնք հոգնած են ծովը դիտելուց և հինգ որդիների վերադարձին սպասելուց։
— Լուիսը քեզ ի՞նչ էր ասում,— ինձ հետո հարցրեց Թոմաս Մագրիջը։
— Ասում էր, թե մի օր տուն պիտի վերադառնա իր մայրիկին տեսնելու,― պատասխանեցի դիվանագիտորեն։
— Իսկ ես երբեք մայրիկ չեմ ունեցել,— ասաց խոհարարը, անփայլ ու անհույս աչքերը սևեռելով իմ աչքերի մեջ։
Գլուխ տասնչորսերորդ
Ինձ թվում է, թե ես երբեք ըստ արժանվույն չեմ գնահատել կին էակին։ Թեպետ կանանց ընկերության համար առանձնապես ուշքս չի գնացել, բայց, այնուամենայնիվ, ամբողջ կյանքս անց եմ կացրել նրանց շրջապատում։ Մայրս և քույրերս միշտ եղել են շուրջս, սակայն ես միշտ ջանացել եմ փախչել նրանցից, որովհետև նրանք ինձ ծայրաստիճան նեղում էին առողջությանս նկատմամբ ցուցաբերած հոգատարությամբ և պարբերաբար սենյակս ներխուժելով ու այնտեղ տիրող կանոնավոր խառնաշփոթությունը (որն իմ հպարտության առարկան էր) ավելի խառնաշփոթ ու նվազ կանոնավոր վիճակի վերածելով, թեև այդպիսով սենյակն ստանում էր բավականին կոկիկ տեսք։ Նրանց դուրս գալուց հետո ես բնավ չէի կարողանում ոչ մի բան գտնել։ Բայց հիմա, ավա՜ղ, որքան հաճելի պիտի լիներ նրանց ներկայությունն զգալ իմ շուրջը և լսել նրանց շրջազգեստի շրշյունը, որը սրտանց ատում էի ժամանակին։ Ես վստահ եմ, որ եթե ինձ վիճակվի տուն վերադառնալ, այլևս երբեք չպիտի ջղայնանամ նրանց վրա։ Թող նրանք գիշեր-ցերեկ ինձ կուշտուկուռ կերակրեն, խնամեն, ամեն րոպե սենյակս մաքրեն ու կարգի բերեն, ես իմ աթոռում ընկողմանած՝ հանգիստ պիտի դիտեմ և շնորհակալ լինեմ բախտիս, որ մայր և քույրեր ունեմ։
Այս հուշերը ծնունդ տվին այլ խորհրդածությունների։ Որտեղ են այժմ «Ուրվականի» վրա աշխատող քսան մարդկանց մայրերը։ Անբնական ու անառողջ երևույթ է, որ այդ մարդիկ բոլորովին հեռու ապրեն կանանցից և առանձին թափառեն աշխարհի չորս կողմը։ Դրա անխուսափելի արդյունքներն են կոպտությունն ու վայրենությունը։ Ինձ շրջապատող այս մարդիկ պետք է քույրեր, կին ու աղջիկներ ունենան։ Միայն այդ դեպքում նրանք կարող են մեղմ, քաղցրաբարո և գորովալիր լինել։ Բայց բանն այն է, որ նրանցից ոչ մեկը ամուսնացած չէ։ Նրանցից ոչ մեկը չի կապվել մի լավ կնոջ հետ և չի կրել այն բարերար ազդեցությունը, որ անդիմադրելի կերպով իր շուրջը կտարածի այդպիսի էակը։ Նրանց կյանքը անհավասարակշիռ է։ Նրանց առնականությունը, որ ի բնե անասնական է, արտակարգորեն զարգացել է, այնինչ նրանց բնավորության հոգեկան կողմը բթացել, համարյա անզգա է դարձել։
Այս մարդիկ կազմում են ամուրիների մի հավաքածու։ Նրանք բրտորեն ընդհարվում են իրար հետ և այդ ընդհարումների հետևանքով օրեցօր դառնում ավելի կարծրասիրտ։ Երբեմն նույնիսկ չեմ հավատում, որ նրանք երբևէ մայր են ունեցել։ Թվում է, թե նրանք որևէ սեռի չպատկանող կիսագազան ու կիսամարդ էակների ինչ-որ յուրօրինակ ցեղ են և ծնվում են արևի տակ տաքացող ձվերից, կրիաների պես, և կենդանություն ստանում անբնական ձևով։ Նրանք իրենց ժամանակը լցնում են կոպտությամբ ու չարությամբ, և ի վերջո մեռնում են այնքան անփառունակ, ինչքան եղել են իրենց կյանքում։
Նման մտքերի ազդեցության տակ երեկ գիշեր զրույց ունեցա Յոհանսենի հետ։ Մեր ճանապարհորդության սկզբից դա առաջին անպաշտոն զրույցն էր, որ նա բարեհաճեց ինձ հետ ունենալ։ Նա ինձ հայտնեց, որ Շվեդիան թողել է տասնութ տարեկան հասակում, այժմ երեսունութ տարեկան է, իսկ այդ ամբողջ ժամանակամիջոցում երբեք տուն չի վերադարձել։ Երկու տարի առաջ Չիլիի պանդոկներից մեկում հանդիպել է մի հայրենակից նավաստու, որից իմացել է, որ մայրը տակավին կենդանի է։
— Նա հիմա պետք է բավական պառաված լինի,— ավելացրեց Յոհանսենը, մտազբաղ նայելով կողմնացույցին, և ապա մի խիստ հայացք նետեց Հարրիսոնի վրա, որը մեկ կողմնամաս շեղել էր նավի ուղղությունը։
— Իսկ ե՞րբ եք նրան գրել վերջին անգամ։
Նա սկսեց բարձրաձայն հաշվել.
— Ութսունմեկ... չէ, ութսուներկու... թե՞ ութսուներեք... Այո՛, ութսուներեք թվականին։ Սրանից տասը տարի առաջ, Մադագասկարի մի փոքրիկ նավահանգստից։ Այն ժամանակ ծառայում էի առևտրական նավի վրա։
— Գիտե՞ս ինչ,— շարունակեց նա, կարծես օվկիանոսի վրայով դիմելով լքված մորը,— ամեն տարի պատրաստվում էի տուն գնալ։ Այնպես որ, ի՞նչ միտք ուներ գրելը։ Ընդամենը մեկ տարուց կվերադառնամ, ասում էի ես ինձ։ Եվ ամեն տարի պատահում էր մի բան ու չէի կարողանում գնալ։ Բայց ահա, հիմա դարձել եմ օգնական։ Երբ Ֆրիսկոյում ստանամ ինձ հասանելիքը՝ մոտ հինգ հարյուր դոլլար, ծառայության կմտնեմ հորն հրվանդանից Լիվերպուլ գնացող մի առագաստանավի վրա և այդպիսով մի քիչ ավելի փող կաշխատեմ։ Այնտեղից էլ տուն կվերադառնամ։ Այն ժամանակ պառավը այլևս կարիք չի ունենա աշխատելու։
— Իսկ նա դեռ աշխատո՞ւմ է։ Քանի՞ տարեկան կլինի հիմա։
— Մոտ յոթանասուն,― պատասխանեց նա և պարծանքով ավելացրեց,— մեր երկրում մենք աշխատում ենք ծնված օրից մինչև մեռնելը։ Ահա թե ինչու ապրում ենք այդքան երկար։ Ես մինչև հարյուր պիտի ապրեմ։
Երբեք չեմ մոռանա այդ զրույցը։ Այդ խոսքերը վերջին խոսքերն էին, որ ես լսեցի Յոհանսենի բերանից։ Եվ գուցե դրանք իրոք ամենավերջին խոսքերն էին, որ նա արտասանել էր։
Այդ գիշեր, խցիկս գնալու ժամանակ մտածեցի, որ այնտեղ շատ հեղձուցիչ էր քնելու համար։ Գիշերը խաղաղ էր։ Մենք արդեն դուրս էինք եկել պասսատների գոտուց, և «Ուրվականը» ժամում հազիվ առաջանում էր մեկ հանգույց։ Խցիկից մի բարձ ու մի ծածկոց վերցնելով, բարձրացա տախտակամած։
Հարրիսոնի կողքով անցնելիս, նայեցի կողմնացույցին, որն ամրացված էր ձեղնախցիկի վրա, և նկատեցի, որ ղեկանիվը երեք կողմնամաս շեղվել էր ընթացքից։ Մտածելով, որ Հարրիսոնը քնած է, ես ցանկացա նրան փրկել հանդիմանությունից կամ ավելի վատ դրությունից և սկսեցի խոսել նրա հետ։ Բայց նա քնած չէր։ Աչքերը լայն բացված էին և սևեռուն։ Նա այնքան այլայլված էր, որ ի վիճակի չէր պատասխանելու։
— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես,— հիվա՞նդ ես։ Նա գլուխը թափահարեց և խոր թառանչով շունչ քաշեց նոր արթնացողի նման։
— Դե, ուղղությունը շտկիր,— հանգիմանեցի ես։ Նա ղեկանիվը պտտեցրեց, կողմնացույցի սլաքը կամաց-կամաց ուղղվեց դեպի հյուսիս-արևմուտք և մի քանի թեթև ցնցումներից հետո անշարժացավ։
Բարձն ու ծածկոցը թևիս տակ սեղմած՝ պատրաստվում էի հեռանալ, երբ հանկարծ ուշադրությունս գրավեց ինչ-որ շարժվող բան նավեզրի բազրիքի վրա։ Տեսա մի ձեռք, որը պինդ կառչել էր բազրիքի գերանից, իսկ այդ ձեռքից ջուր էր կաթկթում։ Հետո մի երկրորդ ձեռք ևս երևաց մթության մեջ և միացավ մյուսին։ Ես ապշահար դիտում էի։ Ո՞վ կարող էր լինել ծովի խորքից եկող այդ այցելուն։ Թեև նրա ինքնությունն ինձ անհայտ էր, բայց, համենայն դեպս, տեսնում էի, որ նա մագլցում էր ուղեչափի պարանով։ Ապա մի գլուխ երևաց, թացությունից հարթված մազերով, և աչքերից ու դեմքից իսկույն ճանաչեցի Գայլ Լարսենին։ Նրա աջ այտը կարմրել էր գլխի վերքից հոսող արյունից։
Ընդոստ շարժումով նա բարձրացավ նավ և, տախտակամածի վրա կանգնելով, մի արագ նայվածք նետեց ղեկանիվի մոտ կանգնած նավաստու ուղղությամբ, կարծես ստուգելու համար նրա ինքնությունը և համոզվելու, թե նրանից որևէ վտանգ կարո՞ղ է գալ։ Հագուստից հոսող ջրի քչքչոցը ակամայից գրավեց իմ ուշադրությունը։ Երբ նա շարժվեց իմ կողմը, ես բնազդաբար ետ քաշվեցի, որովհետև նրա աչքերը մահ էին սպառնում։
— Մի՛ վախենա, Հեմփ,— ասաց նա ցածր ձայնով։— Որտե՞ղ է օգնականը։
Ես գլուխս թափահարեցի, հասկացնելու համար, որ չգիտեմ։
— Յոհանսե՛ն,— կանչեց նա ցածր ձայնով,― Յոհանսե՛ն,— ապա դիմելով Հարրիսոնին, հարցրեց.— Որտե՞ղ է նա։
Երիտասարդ նավաստին, ըստ երևույթին, ուշքի էր եկել, որովհետև բավականին հանդարտ պատասխանեց.
— Չգիտեմ, սը՛ր։ Քիչ առաջ գնում էր դեպի առաջամաս։
— Ես էլ առաջամաս գնացի, բայց, ինչպես տեսնում ես, նույն կողմից չվերադարձա։ Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու։
— Երևում է, որ ընկել եք ծովը, սը՛ր։
— Նրան փնտրե՞մ որսորդների խցում,— հարցրեցի։
Գայլ Լարսենը գլուխը թափահարեց։
— Նրան այնտեղ չես գտնի, Հեմփ։ Ե՛կ ինձ հետ։ Քո իրերը այստեղ թող։
Ես կրնկակոխ հետևեցի նրան։ Տախտակամածի վրա ոչ մի շարժում չկար։
— Այդ անիծյալ որսորդները,— փնթփնթաց նա,— այնքան ծույլ են, որ չեն կարող չորս ժամ հերթապահություն դիմանալ։
Նավի առաջամասում գտանք քնած երեք նավաստիների։ Գայլ Լարսենը նրանց մեկ-մեկ շուռ տվեց մեջքի վրա և զննեց յուրաքանչյուրի դեմքը։ Նրանք կազմում էին տախտակամածի հերթապահ խումբը։ Նավի կանոնների համաձայն, հանդարտ եղանակին բոլոր հերթապահները կարող էին քնել, բացի ավագից, ղեկորդից և ազդանշորդից։
— Ո՞վ է ազդանշորդը,— հարցրեց նավապետը։
— Ես եմ, սը՛ր։— Թեթևակի դողացող ձայնով պատասխանեց Հոլիոկը, որը հին նավաստիներից էր։— Հենց նոր աչքերս մի թեթև փակեցի, սըր։ Ներեցեք, սըր։ Այդ այլևս չի կրկնվի։
— Տախտակամածի վրա ոչինչ չե՞ս լսել կամ նկատել։
— Ոչ, սըր, ես...
Բայց Գայլ Լարսենը արդեն շուռ էր եկել, զզվանք արտահայտող մի քրթմնջոց արձակելով։ Նա հեռացավ նավաստուց, որը զարմանքից աչքերը շփում էր այսքան էժան պրծնելու համար։
— Կամա՛ց, աղմուկ չհանե՛ս,— շշնջալով զգուշացրեց ինձ Գայլ Լարսենը և կռանալով՝ սկսեց իջնել նավաստիների ընդհանուր խուցը տանող սանդուղքով։
Սրտատրոփ հետևեցի նրան։ Ես չգիտեի, թե ինչ է պատահելու, ինչպես և չգիտեի, թե ինչ էր պատահել։ Բայց, համենայն դեպս, գիտեի, որ արյուն էր թափվել, և Գայլ Լարսենը քմահաճույքի համար չէ, որ նետվել էր ծովը ու գանգը ջախջախել։ Բացի դրանից, տարօրինակ էր նաև Յոհանսենի բացակայությունը։
Ես առաջին անգամ էի մտնում նավաստիների ընդհանուր խուցը և չեմ կարող շուտով մոռանալ այն տպավորությունը, որ կրեցի, երբ սանդուղքի ամենացածր աստիճանին կանգնած նայեցի շուրջս։ Սենյակը եռանկյունաձև էր, կառուցված էր նավացռուկի ճիշտ ներքևում, իսկ պատերի մոտ շարված էին երկհարկ անկողիններ, ընդամենը տասներկու հատ։ Սենյակն իր ծավալով հավասար էր Գրաբ Սթրիթի խցերին։ Այստեղ տասներկու նավաստիներ պառկում էին, ուտում և կենցաղային այլ պահանջներ գոհացնում։ Տանը իմ ննջասենյակը թեև մեծ չէր, բայց կարող էր այսպիսի տասը խուց բովանդակել, իսկ եթե առաստաղի ցածրությունն էլ հաշվի առնենք, ապա՝ առնվազն քսանը։
Խցում օդը ծանր էր և այդտեղից գալիս էր ինչ-որ բորբոսի թթու հոտ։ Ճոճվող լամպի աղոտ լույսի տակ նկատեցի, որ միջնորմները ամբողջովին ղբաղեցված են ծովային կոշիկ-ներով, մոմլաթե զգեստներով և ամեն տեսակ մաքուր կամ կեղտոտ հագուստներով։ Դրանք նավի յուրաքանչյուր տատանման հետ միջնորմին քսվելով, օրորվում էին և հանում մի աղմուկ, որը հիշեցնում էր տանիքին կամ պատերին քսվող ծառերի խշխշոցը։ Ինչ-որ տեղ կախված կոշիկը անկանոն ընդմիջումներով խփվում էր միջնորմին։ Թեև ծովը հանդարտ էր, բայց տախտակներն ու գերանները միահամուռ ճռնչում էին, իսկ ներքևից լսվում էր անդնդախոր ջրերի ձայնը։
Այս ամենը, սակայն, բնավ չէր խանգարում քնածներին։ Այդտեղ կար ութ մարդ, ներառյալ և այն երկուսը, որ ազատվել էին հերթապահությունից։ Օդը թանձրացել էր նրանց շնչառության հոտով և լցվել խռմփոցի, հառաչանքների ու խուլ հռնդյունների աղմուկով։ Դա հիշեցնում էր վայրի մարդկանց քունը։ Բայց արդյո՞ք նրանք իրոք քնած էին, արդյոք բոլո՞րն էին քնած կամ արդյոք վաղո՞ւց էին քնած։ Ահա այն հարցերը, որոնք հավանորեն զբաղեցնում էին Գայլ Լարսենի ուղեղը։ Ստուգելու համար, թե ովքե՞ր են քնած ձևանում և ովքեր են իրոք քնած, նա դիմեց մի հնարքի, որն ինձ հիշեցրեց Բոկկաչչոյի պատմվածքներից մեկը։
Ճոճվող շրջանակից վերցնելով լամպը, նա հանձնեց ինձ և իր քննությունն սկսեց նավեզրի կողմը շարված անկողիններից։ Վերևի անկողնում պառկած էր հավայացի գեղեցիկ մի նավազ, որին կոչում էին Ուֆտի-Ուֆտի։ Նա պառկած էր մեջքի վրա և շնչում էր կանացի մեղմությամբ։ Մի ձեռքը դրել էր գլխի տակ, իսկ մյուսը՝ ծածկոցի վրա։ Գայլ Լարսենը բռնեց նրա դաստակը և սկսեց հաշվել երակազարկը։ Այդ միջոցին նավաստին արթնացավ։ Նա արթնացավ այնպես հանգիստ, ինչպես քնում էր և նույնիսկ տեղից չշարժվեց։ Միայն աչքերը շարժվեցին։ Այդ սև ու խոշոր աչքերը լայն բացվելով, անթարթ նայեցին մեզ։ Գայլ Լարսենը մատը նրա շրթներին դրեց որպես լռության նշան, և աչքերը նորից փակվեցին։
Ներքևի անկողնում պառկած էր գեր Լուիսը՝ շոգից քրտնաթաթախ։ Նա քնած էր ծանր, անկեղծ մրափով։ Երբ Գայլ Լարսենը նրա դաստակը բռնեց, նա անհանգիստ շարժվեց ու կռացավ այնպիսի դիրքով, որ մի պահ մարմինը հենվեց միայն ուսերի և կրունկների վրա։ Նույն պահին շրթները շարժվեցին և արտասանեցին հետևյալ առեղծվածային խոսքերը.
— Շիլլինգը մեկ քառորդ արժե, բայց դու ուշադրություն դարձրու երեք պեննի դրամների վրա, թե չէ պանդոկապետը դրանք զոռով վզիդ կփաթաթի քո վեց պենսի փոխարեն։
Ապա մի կողմի վրա շուռ եկավ և խոր հառաչանք արձակելուց հետո շարունակեց.
― Վեց պենսը կոչվում է «թաննըր», շիլլինգը կոչվում է «բոբ», իսկ թե քսանհինգ ստեռլինգանոց թղթադրամը ինչ է կոչվում՝ չգիտեմ։
Համոզված լինելով, որ Լուիսը և հավայացին իսկապես քնած են, Գայլ Լարսենը մոտեցավ նույն կողմի հաջորդ զույգ անկողիններին, որոնցում պառկած էին, ինչպես տեսանք լամպի լույսով, Լիչը և Ջոնսոնը։
Գայլ Լարսենը կռացավ դեպի ներքևի անկողինը, որպեսզի Ջոնսոնի զարկերակը քննի։ Ես կանգնած էի լամպը ձեռքիս, երբ տեսա, որ Լիչը բարձրացրեց գլուխը և իր անկողնի եզերքից գաղտագողի ներքև նայեց՝ տեսնելու, թե ինչ է կատարվում։ Նա, ըստ երևույթին, գուշակել էր Գայլ Լարսենի հնարքը և հասկացել, որ հայտնաբերումն անխուսափելի է, որովհետև իսկույն լամպը ձեռիցս խլեց, և սենյակը հանկարծ թաղվեց մթութ յան մեջ։ Նույն վայրկյանին Լիչը ցած նետվեց՝ Ուղիղ Գայլ Լարսենի վրա։
Խավարում լսվեցին ձայներ, որոնք հիշեցնում էին ցուլի և գայլի ընդհարումը։ Լարսենի կոկորդից բարձրացավ մի խուլ, կատաղի բառաչ, իսկ Լիչը մռնչաց, ինչպես հուսահատ, արյան ծարավի մի գազան։ Ջոնսոնը իսկույն միացավ Լիչին, և ինձ համար պարզ դարձավ, որ վերջին մի քանի օրերի նրա ստրկահաճ վերաբերմունքը ծրագրված էր միայն խաբելու համար։
Մթության մեջ տեղի ունեցող պայքարն ինձ այնպիսի սարսափ ազդեց, որ սանդուղքին հենված անշարժացա, դողահար, վեր բարձրանալու անկարող։ Ես նորից ունեցա սրտախառնուքի այն զգացողությունը, որ ունենում էի ամեն անգամ, երբ ականատես էի լինում ֆիզիկական բռնության տեսարանների։ Այս դեպքում, ճիշտ է, ոչինչ չէի տեսնում, բայց լսում էի ընդհարումի ձայնը, մարմնին խփվող ուժգին հարվածների խուլ աղմուկը։ Ապա լսվեց գրկախառն մարմինների անկման թնդյուն, ծանր շնչառություններ, ցավի կարճ և արագ ճիչեր։
Ըստ երևույթին, ուրիշներն էլ էին մասնակցել նավապետին և օգնականին սպանելու համար կազմակերպված դավադրությանը, որովհետև ձայներից զատելով հասկացա, որ Լիչին ու Ջոնսոնին այժմ միացել են նոր ուժեր։
— Մեկնումեկը թող ինձ դանակ տա,— գոչեց Լիչը։
— Գլխին խփիր և ուղեղը շաղ տուր,— գոռաց Ջոնսոնը։
Բայց Գայլ Լարսենն իր արձակած առաջին բառաչից հետո այլևս ձայն չէր հանում և լուռ ու մռայլ մաքառում էր իր կյանքի համար։ Նա նեղն էր ընկել։ Ցած գլորվելուց հետո չէր կարողացել ոտքի կանգնել և, հակառակ ահավոր ուժին, զգացի, որ նրա դրությունն անհույս է։
Կռվի թափի մասին վառ պատկերացում ունեցա միայն այն ժամանակ, երբ ալեկոծվող մարմինների փոթորիկն ինձ տապալեց, և ես ճմլվածք ստացա։ Բայց այդ խառնաշփոթության ընթացքում մի կերպ կարողացա սողոսկելով մտնել ներքևի ազատ անկողիններից մեկի մեջ, որը կռվադաշտից հեռու էր։
— Բոլորդ այստե՛ղ, բռնել ենք նրան, բռնե՜լ ենք,— գոչեց Լիչը։
— Ո՞ւմ,— հարցրին ոմանք, որոնք, նոր զարթնած լինելով, չէին իմանում, թե ինչ է կատարվում։
— Անիծյալ օգնականին,— խորամանկությամբ պատասխանեց Լիչը շնչակտուր ձայնով։
Այս հայտարարությունն ընդունվեց ուրախության աղաղակներով, և այդ րոպեից Գայլ Լարսենը գործ ունեցավ յոթ հուժկու նավաստիների հետ։ Միայն Լուիսը, կարծում եմ, չմասնակցեց։ Խուցը նման էր հափշտակիչի դեմ կատաղած մեղուների փոթորկահույզ փեթակին։
— Հե՜յ, ի՞նչ է կատարվում այդտեղ,— գոչեց Լետիմերը սանդուղքի բացվածքից։ Բայց նա զգուշացավ իջնել գրգռված կրքերի մութ դժոխքը, որտեղից բարձրացող աղմուկն էր լսվում միայն։
— Մեկն ու մեկդ դանակ տվեք ինձ, դանա՜կ,— աղերսեց Լիչը, երբ մի պահ մեղմացավ աղմուկը։
Հարձակվողների բազմությունը խառնաշփոթություն էր առաջացրել։ Նրանք խանգարում էին իրար, իսկ Գայլ Լարսենը սոսկ մի նպատակ էր հետապնդում՝ կամաց-կամաց սողալով մոտենալ սանդուղքին։ Եվ այդ նրան հաջողվեց։ Հակառակ խոր մթությանը, ես կարողացա ձայներից դատելով հետևել նրա առաջխաղացմանը։ Միայն տիտանը կարող էր անել այն, ինչ նա արեց սանդուղքին հասնելուց հետո։ Սանդուղքի աստիճաններից կառչելով, նա կարողացավ իր թևերի ուժի շնորհիվ բարձրանալ հատակից, կանգնել ամբողջ հասակով և, մաքառելով հանդերձ, դանդաղորեն մագլցել վերև, չնայած հարձակվողների խումբն ամեն կերպ ջանում էր նրան ետ քաշել ու նորից փռել հատակին։
Այս տեսարանի վերջին մասն ինձ հաջողվեց պարզ տեսնել, որովհետև Լետիմերը, ի վերջո, բերել էր մի լապտեր և պահում էր այնպիսի դիրքով, որ լույսը նավասանդուղքի բացվածքից ուղիղ իջնում էր ցած։ Գայլ Լարսենը հասել էր սանդուղքի գրեթե գագաթը, բայց ես նրան չէի տեսնում։ Իմ տեղից երևում էր միայն նրան կառչած մարմինների զանգվածը, որը հսկա, բազմոտանի սարդի պես մագլցում էր վերև և ետ ու առաջ ճոճվում նավի տատանումների հետ։ Այդ միաձույլ զանգվածը դանդաղ բարձրանում էր սանդուղքի աստիճաններով։ Մի անգամ ցնցվեց և քիչ էր մնում ցած գլորվեր, բայց իր հավասարակշռությունը վերագտնելով, նորից շարունակեց վերելքը։
— Այդ ո՞վ է այնտեղ,— գոչեց Լետիմերը։
Լապտերի լույսի տակ նշմարեցի նրա դեմքը, որ շվարած արտահայտությամբ հակվել էր ներքև։
— Ես եմ, Լարսենը,— ասաց մի խեղդուկ ձայն խմբի միջից։
Լետիմերն իր ազատ ձեռքը մեկնեց։ Ներքևից իսկույն մի ձեռք դուրս սլացավ։ Լետիմերը բռնեց այն ու վեր քաշեց։ Վերջին մի քանի աստիճանի վերելքը կատարվեց արագ թափով։ Այնուհետև Գայլ Լարսենի մյուս ձեռքը կառչեց անցքի եզրից։ Մարմինների զանգվածը սանդուղքից պոկվեց, բայց առանձին նավաստիներ դեռևս փաթաթվում էին փախչող ոսոխին։ Սակայն Գայլ Լարսենը նրանց գլուխները խփում էր անցքի սուր եզրին և ոտքերով ուժգին քացիներ տալիս։ Նրանք մեկը մյուսի հետևից ցած գլորվեցին։ Վերջին ընկնողը Լիչը եղավ։ Ամենավերևի աստիճանից նա գլխիվայր գլորվեց հատակին փռված իր ընկերների վրա։ Գայլ Լարսենն ու լապտերը անհետացան, և մենք մնացինք մթության մեջ։
Գլուխ տասնհինգերորդ
Նավասանդուղքի բոլորտիքը փռված նավաստիները հիշոցներ ու հառաչանքներ արձակելով կամաց-կամաց ոտքի ելան։
— Լամպը վառեցե՛ք, բթամատս հոդից դուրս է ընկել,— ասաց նավաստիներից մեկը՝ Պարսոնսը, թուխ ու մռայլ մի մարդ, որը Ստենդիշի մակույկի նավուղիղն էր, այն մակույկի, որի թիավարը Հարրիսոնն էր։
— Ես լամպը գցել եմ հատակին, ինչ-որ մի անկյունում պետք է լինի,— ասաց Լիչը, նստելով այն անկողնու եզրին, որտեղ թաքնվել էի ես։ Խարխափման խշշոցներից ու լուցկիների չխկոցներից հետո վերջապես վառվեց լամպը, որի ծխացող ու աղոտ լույսի տակ բոբիկ ոտքերով մարդիկ շարժվում էին դեսուդեն, և իրենց վերքերը խնամում ու կապում։ Ուֆտի-Ուֆտին բռնել էր Պարսոնսի բթամատը, ուժով ձգում էր այն, ապա ետ հրելով՝ ջանում հոդի մեջ տեղավորել։ Նկատեցի, որ հավայացի նավաստու մատների հոդերը ևս վիրավորվել էին և մաշկը ճեղքվել էր այնքան խոր, որ ոսկորները երևում էին։ Նա մատները ցույց տվեց ժպտալով և իր գեղեցիկ, ճերմակ ատամները ցուցադրելով բացատրեց, որ դրանք վիրավորվել էին, երբ բռունցքով խփել էր Գայլ Լարսենի բերանին։
— Ուրեմն այդ դո՛ւ էիր, հա՞, սևամորթ սրիկա,— զայրացած հարցրեց Քելլին՝ իռլանդական ծագումով ամերիկացի նախկին մի բարձող, որը ծովի վրա իր առաջին ուղևորությունն էր կատարում և Քերֆուտի մակույկի թիավարն էր։
Նա դուրս թքեց իր արյունաշաղախ ատամները և սպառնալից դեմքով մոտեցավ Ուֆտի-Ուֆտիին։ Հավայացին մեկ ոստյունով խոյացավ դեպի իր անկողինը և երկրորդ ոստյունով առաջ նետվեց՝ մի երկար դանակ շողացնելով ձեռքում։
— Դե, վերջ տվեք, գլուխ եք տանում,— միջամտեց Լիչը։ Ակնհայտորեն նա, հակառակ իր ջահելության ու անփորձության, այդ խմբի պարագլուխն էր։— Հեռացի՛ր, Քելլի, և Ուֆտիին հանգիստ թող։ Խավարի մեջ նա որտեղի՞ց իմանար, որ այդ դու էիր։
Քելլին մռթմռթալով տեղի տվեց, իսկ հավայացին երախտապարտ ժպիտով պսպղացրեց սպիտակ ատամները։ Նա գեղեցիկ էր. նրա մարմնի գծերը գրեթե կանացի քնքշություն ունեին, իսկ խոշոր աչքերի մեջ կար մեղմ ու երազկոտ արտահայտություն, որը հակասում էր կռիվներում նրա վաստակած համբավին։
— Ինչպե՞ս կարողացավ փախչել,— հարցրեց Ջոնսոնը։ Նա նստած էր իր անկողնի եզրին, և դեմքն արտահայտում էր խոր հուսահատություն ու թախիծ։ Նա դեռ հևում էր հոգնածությունից։ Նրա շապիկն ամբողջովին պատառոտվել էր կռվի ընթացքում։ Վիրավոր այտից արյունը հոսում էր մերկ կրծքի վրա և կարմիր ներկելով սպիտակ զիստը, կաթկթում էր հատակին։
— Կարողացավ, որովհետև, ինչպես քեզ ասել եմ, նա իսկական դև է,— պատասխանեց Լիչը և կատաղած ոտքի կանգնեց։ Հուսախաբությունից նրա աչքերը լցվեցին արցունքով։
— Եվ ձեզանից ոչ մեկն ինձ դանակ չտվեց...— ողբում էր նա անդադար։
Բայց մյուս նավաստիներն այժմ վախենում էին գալիք հետևանքներից, այնպես որ ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրան։
— Նա ինչպե՞ս կարող է իմանալ, թե ովքեր էին հարձակվողները, եթե որևէ մեկը չմատնի,— ասաց Քելլին, դաժան հայացքով նայելով շրջապատողներին։
— Հենց աոաջին հայացքից կհասկանա,— պատասխանեց Պարսոնսը,— բավական է, օրինակ, որ միայն մի հայացք գցի դեմքիդ։
— Նրան կասես, որ տախտակամածը տեղից վեր նետվելով, ատամներդ դուրս թափեց,— ժպտաց Լուիսը, որը միակ մարդն էր, որ անկողնուց դուրս չէր եկել և հրճվում էր, որ իր մասնակցության մասին վկայող որևէ վերք չուներ։— Սպասեցեք, մինչև որ վաղը նա ձեր մռութները տեսնի,— քրքջաց նա։
— Կասենք, որ նրան Յոհանսենի տեղը դրեցինք,— ասաց նավաստիներից մեկը։
Մի ուրիշն ավելացրեց.
— Ես գիտեմ, թե ինչ պիտի ասեմ։ Կասեմ, թե կռվի աղմուկ լսելով, անկողնուց դուրս թռա, բայց քաշածս նեղության համար բռունցքի մի հարված ստացա կզակիս և դրանից հետո ես էլ մասնակցեցի, առանց իմանալու, թե մթի մեջ ո՞ւմ էի հարվածում կամ ի՞նչ էր կատարվում։
— Եվ կասես, որ ամբողջ ժամանակ կարծում էիր, թե ինձ ես հարվածում,— ասաց Քելլին, որի դեմքը մի պահ պայծառացավ։
Լիչը և Ջոնսոնը չէին մասնակցում այս խոսակցությանը, և պարզ երևում էր, որ ընկերները գիտակցում էին, որ ամենախիստ պատիժը նրանք են կրելու, որ նրանց դրությունն անհույս է, որ նրանց մահ է սպասում։ Լիչը ընկերների վախկոտությունը միառժամանակ հանդուրժելուց հետո վերջապես պոռթկաց.
— Դուք ինձ զզվեցնում եք։ Մի խումբ փսլնքոտներ եք։ Եթե բերաններդ շաղ տալու փոխարեն ձեռքներդ գործի դնեիք, նրա հաշիվը հիմա մաքրված կլիներ։ Ինչո՞ւ ոչ մեկդ ինձ դանակ չտվեց, երբ խնդրեցի... Դուք ինձ զզվեցնում եք։ Այնպես եք իրար խառնվել, որ կարծես նա ձեզ պիտի սպանի, երբ ձեռքն ընկնեք։ Բայց դուք լավ գիտեք, որ նա չի կարող այդ անել։ Նրան ձեռնտու չէ այդ։ Այստեղ գործակալներ չկան, որ նրա համար ուրիշ նավաստիներ ճարեն, դուք նրան հարկավոր եք որսորդության համար, և շատ հարկավոր։ Ովքե՞ր պիտի թիավարեն, առագաստները պարզեն կամ ղեկանիվի առաջ կանգնենք եթե նա ձեզ կորցնի։ Ամբողջ փոթորիկը միայն իմ և Ջոնսոնի գլխին է պայթելու։ Դեհ, անկողին մտեք և ծածկեցեք ձեր մռութները։ Ես ուզում եմ քնել։
— Ճիշտ է, ճիշտ է,— արձագանքեց Պարսոնսը,— գուցե մեզ չսպանի։ Բայց լավ հիշեցեք իմ խոսքերը, սրանից հետո կյանքը մեզ համար դժոխք է լինելու այս նավի վրա։
Այդ ամբողջ ժամանակամիջոցում ես սարսափով մտածում էի իմ աննախանձելի դրության մասին։ Ի՞նչ էր պատահելու ինձ, եթե այս մարդիկ հայտնաբերեին իմ ներկայությունը։ Ես չէի կարող դիմադրելով նահանջել և դուրս գալ այստեղից Գայլ Լարսենի պես։ Եվ ահա այդ վայրկյանին Լետիմերը սանդուղքի անցքից ինձ կանչեց.
― Հե՛մփ, նավապետը կանչում է քեզ։
— Նա այստեղ չէ,— պատասխանեց Պարսոնսը։
— Այստեղ է,— ասացի ես, դուրս սահելով անկողնուց և ջանալով ձայնս հաստատ ու համարձակ պահել։
Նավաստիներն ապշահար նայեցին ինձ։ Նրանց դեմքերն արտահայտում էին վախ և, միաժամանակ, վախից բխող դիվային չարություն։
— Գալիս եմ,— գոչեցի Լետիմերին։
— Ո՛չ, չես գնում,— գոռաց Քելլին, կանգնելով իմ և սանդուղքի միջև, և ձեռքը մոտեցրեց կոկորդիս։— Ա՜խ դու անիծյալ սողուն։ Ես քո բերանը մեկընդմիշտ կփակեմ։
— Թո՛ղ նրան,— հրամայեց Լիչը։
— Ո՛չ մի դեպքում,— եղավ զայրալից պատասխանը։
Լիչը, որ նստած էր անկողնի եզրին, տեղից չշարժվեց։
— Քեզ ասում եմ՝ թո՛ղ նրան,— կրկնեց նա, բայց այս անգամ նրա ձայնը հնչեց խիստ ու վճռական։
Իռլանդացին տատանվեց։ Ես մի քայլ արի նրա ուղղությամբ, և նա մի կողմ քաշվեց։ Երբ հասա սանդուղքին, մի պահ շուռ եկա և հայացքս պտտեցրի այդ վայրագ ու չարացած դեմքերին, որոնք կիսախավարի միջից նայում էին ինձ։ Եվ հոգիս հանկարծ համակվեց խոր կարեկցությամբ։ Ես հիշեցի խոհարարի խոսքերը։ Աստված որքա՜ն պետք է ատեր նրանց, որ ենթարկեր այսքան տանջանքի։
— Ես ոչինչ չեմ տեսել և ոչինչ չեմ լսել, հավատացեք խոսքիս,— ասացի հանդարտ ձայնով։
— Ես ձեզ ասում եմ, որ նա չի մատնի,— ասում էր Լիչը, երբ ես բարձրանում էի սանդուղքով։— Նա նավապետին սիրում է այնքան, որքան և ես կամ դուք։
Գայլ Լարսենին գտա իր խցում, մերկ ու արյունլվա։ Նա սպասում էր և ինձ ողջունեց իր հեգնական ժպիտով։
— Եկեք և գործի անցեք, բժիշկ։ Երևում է, այս ճանապարհորդության ընթացքում մեծ փորձ եք ձեռք բերելու։ Ես չգիտեմ, թե առանց ձեզ ինչ կլիներ «Ուրվականը», բայց եթե իսկապես ընդունակ լինեի ազնիվ զգացմունքների, ապա կասեի, որ նրա նավապետը խորապես երախտապարտ է ձեզ։
Ես արդեն գիտեի դեղորայքի արկղի պարունակությունը և սկսեցի պատրաստել ինչ որ անհրաժեշտ է, և վառարանի վրա ջուր տաքացրի, որպեսզի վերքերը խնամեմ։ Իսկ Գայլ Լարսենը խցում ման էր գալիս, խոսում, ծիծաղում և երբեմն էլ իր վերքերը քննում։ Առաջին անգամն էր, որ նրան մերկ էի տեսնում։ Նրա մարմինն ինձ խոր հիացմունք պատճառեց։ Մարմնի պաշտամունքն իմ թուլություններից չի եղել բնավ, բայց, այնուամենայնիվ, բավականաչափ գեղարվեստական ճաշակ ունեմ գնահատելու համար մարմնի հրաշքը։
Պետք է խոստովանեմ, որ Լարսենի մարմինն ինձ հմայեց իր գծերի կատարելությամբ և, եթե կարելի է այսպես ասել, իր ահարկու գեղեցկությամբ։ Քիչ առաջ նավաստիներին տեսել էի ընդհանուր խցում։ Նրանցից ոմանք թեև ունեին խոշոր մկաններ, բայց յուրաքանչյուրը ինչ-որ մի թերություն ուներ. կա՛մ մարմնի մի մասը պետք եղածից ավելի էր զարգացած, մի այլ մասը՝ պետք եղածից պակաս, կա՛մ համաչափությունը խախտող մի որևէ ծռություն, կա՛մ շատ կարճ և կա՛մ շատ երկար ոտքեր։ Ոմանք չափազանց ջլուտ էին, ոմանք՝ չափազանց ոսկրոտ, ոմանք էլ փոքրակազմ։ Միայն Ուֆտի-Ուֆտին ուներ գեղեցիկ մարմին, բայց այդ գեղեցկությունը ինչ-որ կանացի էր։
Իսկ Գայլ Լարսենը առնական տիպար էր, նրա մարմնի կատարելությունը գրեթե աստվածային էր։ Երբ նա քայլում էր կամ ձեռքը բարձրացնում, հոյակապ մկանները ցնցվում ու շարժվում էին ատլասանման մաշկի տակ։ Ես մոռացա ասելու, որ նրա թխությունը միայն դեմքին էր։ Մինչդեռ մարմինը սկանդինավյան ցեղերին հատուկ սպիտակություն ուներ։ Երբ նա ձեռքը բարձրացրեց գլխի վերքը շոշափելու համար, ես նկատեցի, որ թևի մկաններն սպիտակ մաշկի տակ խաղում են ինչպես կենդանիներ։ Այդ նույն մկաններն էին, որ մի անգամ քիչ մնաց ինձ մյուս աշխարհն ուղարկեին և իմ աչքերի առաջ սպանիչ հարվածներ էին տվել ուրիշներին։ Ես չէի կարողանում հայացքս հեռացնել նրանից. անշարժ կանգնել էի, իսկ ձեռքումս բռնած վիրակապի կծիկը քանդվելով, գլորվում էր հատակին։
Գայլ Լարսենը նայեց ինձ, և միայն այդ ժամանակ անդրադարձա, որ նրան եմ դիտում։
— Աստված ձեզ գեղեցիկ է կերտել,— ասացի ես։
— Իսկապե՞ս։ Ես էլ եմ այդպես կարծում և հաճախ խորհրդածել եմ, թե ինչի համար է,— պատասխանեց նա։
— Նպատակի...— սկսեցի ես։
— Օգտակարությա՛ն,— ընդհատեց նա։— Այս մարմինը ստեղծված է գործելու համար։ Այս մկաններն ստեղծված են, որպեսզի սեղմեն, պատառոտեն ու ոչնչացնեն նրանց, ովքեր կկանգնեն իմ ճանապարհին։ Բայց մտածե՞լ եք արդյոք ուրիշ մարդկանց մասին։ Նրանք էլ ունեն այս կամ այն ձևի մկաններ, որոնք ստեղծված են սեղմելու, պատառոտելու և ոչնչացնելու։ Եվ երբ նրանք իմ կյանքին սպառնան, ապա ես նրանց ավելի ուժեղ կսեղմեմ, ավելի խոր կպատառոտեմ և ավելի լրիվ կոչնչացնեմ։ Այստեղ ի՞նչ գործ ունի նպատակը։ Բուն պատճառը օգտակարությունն է։
— Այդ արդեն գեղեցիկ չէ,— առարկեցի ես։
— Ուզում եք ասել, որ կյանքը գեղեցիկ չէ,— ժպտաց նա։— Եվ սակայն պնդում եք, որ մարմինս գեղեցիկ է կերտվւսծ։ Ա՛յ, տեսե՛ք։
Նա սրունքներն իրարից հեռացրեց և, ոտքերի մատները ճանկի պես պրկելով, ճնշեց հատակին։ Եվ ահա նրա մաշկի տակ սկսեցին ցնցվել ու գալարվել մկանների կծիկներ, հանգույցներ ու գնդեր։
— Շոշափեցե՛ք,— հրամայեց նա։
Մկանները երկաթի պես կարծր էին։ Ես նկատեցի, որ նրա ամբողջ մարմինը կծկվել ու լարվել էր։ Մկանները մեղմորեն շարժվելով ուռչում էին զիստերի շուրջը, կռնակի վրա և ուսերի երկարությամբ։ Նա ձեռքերը մի քիչ բարձրացրեց և թևերի մկաններն ամփոփվեցին, ապա սկսեց մատները հետզհետե ծալել, մինչև որ ձեռքերը ճիրանների տեսք ստացան։ Նույնիսկ աչքերի արտահայտությունը փոխվեց, նրանցում հայտնվեցին կշռադատություն, զգաստություն և մարտական զգացում։
— Կայունություն, հավասարակշռություն,— ասաց նա, միանգամից թուլացնելով մկանները և մարմնին հանգիստ դիրք տալով։— Ոտքեր, որոնք ամուր կառչում են գետնին, սրունքներ, որոնք հաստատ կանգնում են, ձեռքեր, ատամներ ու եղունգներ, որոնցով կարող եմ պայքարել սպանելու և թույլ չտալու, որ ինձ սպանեն։ Նպատա՞կ։ Ավելի ճիշտ բառն է «օգտակարություն»։
Ես չվիճեցի։ Իմ աչքերի առաջ տեսնում էի վայրի գազանի մեխանիզմը, որն ինձ վրա գործում էր նույնքան խոր տպավորություն, որքան կգործեր մի հսկա զրահանավի կամ անդրատլանտյան շոգենավի մեքենաների տեսքը։
Մտաբերելով նավաստիների խցում տեղի ունեցած կատաղի կռիվը, ես զարմացա, որ Լարսենի վերքերը մեծ մասամբ թեթև էին։ Եվ պետք է հպարտությամբ ասեմ, որ դրանք խնամեցի մեծ ճարպկությամբ։ Բացի մի քանի խոր վերքերից, մնացածները պարզապես քերծվածքներ ու ճմլվածքներ էին։ Ծովն ընկնելուց առաջ ստացած հարվածից գանգի մաշկը մի քանի մատնաչափ երկարությամբ ճեղքվել էր։ Նրա ցուցմունքներով ես ածիլեցի վերքը շրջապատող մազերը և, մաքրելուց հետո, կտրեցի։ Բացի այդ, գզգզվել էր սրունքի վերևի մասը, կարծես միսը կծոտել էր մի բուլդոգ։ Լարսենը բացատրեց, որ կռվի սկզբում նավաստիներից մեկն ատամներով կպել էր սրունքից, որից և կախված մնացել էր մինչև վերջ։ Սանդուղքի գագաթը հասնելուց հետո միայն կարողացել էր նրանից պոկվել։
— Ի դեպ, Հեմփ, ես նկատել եմ, որ դուք խելքը գլխին մարդ եք,— ասաց Գայլ Լարսենը, երբ վերջացրի վիրաբուժական աշխատանքը։— Ինչպես գիտեք, հիմա ես օգնական չունեմ։ Սրանից հետո դուք պահակահերթի կկանգնեք, կստանաք ամիսը յոթանասունհինգ դոլլար և նավի վրա բոլորը ձեզ կկոչեն միստր Վան-Վեյդեն։
— Բայը ես նավագնացությունից ոչինչ չեմ հասկանում,— պատասխանեցի ապշած։
— Այդ անհրաժեշտ չէ։
— Ես իսկապես չեմ ձգտում բարձր պաշտոնների։ Իմ ներկա համեստ դիրքում անգամ կյանքս անհաստատ է։ Ոչ, ես փորձ չունեմ։ Միջակությունն էլ, ինչպես տեսնում եք, իր առավելությունն ունի։
Նա միայն ժպտաց, հարցն արդեն լուծված համարելով։
— Ես չեմ ուզում օգնական նշանակվել այս դժոխային նավի վրա,— գոչեցի վրդովված։
Նրա դեմքը իսկույն խստացավ և աչքերը փայլեցին անողոք արտահայտությամբ։ Նա մոտեցավ խցի դռանը և ասաց.
— Իսկ այժմ բարի գիշեր, միստր Վան-Վեյդեն։
— Բարի գիշեր, միստր Լարսեն,― պատասխանեցի թույլ ձայնով։
Գլուխ տասնվեցերորդ
Չեմ կարող ասել, թե օգնականի պաշտոնը ինձ ավելի մեծ բավականություն պատճառեց, քան ամաններ լվանալու տհաճությունից ազատվելը։ Բոլորովին անտեղյակ էի օգնականի պարտականություններին և կարող էի շատ սխալներ թույլ տալ, եթե նավաստիները բարյացակամ վերաբերմունք ցույց չտային իմ նկատմամբ։ Ես գաղափար չունեի նավասարքերի մասին և նույնիսկ չգիտեի, թե ինչպես պետք է պարզել առագաստները։ Բայց նավաստիներն իրենց ցուցմունքներով օգնում էին, և մասնավորապես Լուիսը հիանալի ուսուցիչ եղավ ինձ համար։ Իմ ստորադասների հետ որևէ բախում չունեցա։
Որսորդների հետ դրությունն այլ էր։ Նրանք առավել կամ նվազ չափով ծանոթ էին ծովին և ինձ վրա նայում էին որպես ծիծաղի առարկա։ Ճիշտն ասած, ինձ համար էլ ծիծաղելի էր, որ լինելով բոլոր ծովայինների մեջ միակ ցամաքայինը, դարձել էի նավապետի օգնական։ Սակայն ուրիշների կողմից ծիծաղի առարկա դառնալը բոլորովին այլ բան էր։ Ես Լարսենին չբողոքեցի, բայց նա ինքը պահանջեց, որ իմ նկատմամբ ամենախիստ կերպով կիրառվի ծովային վարվելակարգը, մի բան, որին խեղճ Յոհանսենը այս աստիճան բնավ չէր արժանացել։ Մի շարք նկատողություններից, վեճերից ու սպառնալիքներից հետո նրան հաջողվեց որսորդներին կարգի բերել։ Նավի վրա ես բոլորի համար դարձա «միստր Վան-Վեյդեն», և միայն անպաշտոն հանգամանքներում ինքը՝ Գայլ Լարսենն ինձ անվանում էր «Հեմփ»։
Իսկապես զվարճալի էր։ Երբեմն ընթրիքի ընթացքում քամին մի քանի կողմնամաս շեղում էր նավի ուղղությունը, և երբ ես վեր էի կենում, որպեսզի նավասենյակից դուրս գամ, նավապետն ասում էր. «Միստր Վան-Վեյդեն, բարի եղեք ղեկանիվը ձախ ուղղելու»։ Իսկ ես բարձրանում էի տախտակամած, կանչում Լուիսին և հարցնում, թե ինչ պետք է անել։ Նրա ցուցմունքների շնորհիվ մի քանի րոպեում գործողությունը լրիվ սովորելով, սկսում էի հրամաններ արձակել։ Հիշում եմ, որ մի անգամ Գայլ Լարսենը հայտնվեց ճիշտ այն րոպեին, երբ սկսել էի հրամաններ տալ։ Նա իր սիգարը ծխելով հանգիստ դիտեց մինչև գործողության ավարտը, ապա նավահարթակի վրա բարձրանալով, մոտեցավ ինձ։
— Հեմփ... ներեցեք... միստր Վան-Վեյդեն, շնորհավորում եմ ձեզ,— ասաց նա։— Ես կարծում եմ, որ այժմ դուք կարող եք ձեր հոր ոտքերը ետ ուղարկել գերեզման։ Դուք արդեն գտել եք ձեր սեփական ոտքերը և կարող եք կանգնել նրանց վրա։ Եթե մի քիչ ևս սովորեք պարանների գործածությունը, առագաստներ պարզելու ձևը և վարժվեք փոթորիկներին, ապա այս ուղևորության վերջում կկարողանաք որևէ առափնյա երկկայմանավ ղեկավարել։
Այդ ժամանակաշրջանում, այսինքն՝ Յոհանսենի մահից մինչև որսի վայրը հասնելը, ես վայելեցի «Ուրվականի» վրա իմ ապրած կյանքի ամենահաճելի օրերը։ Գայլ Լարսենը իմ հանդեպ ուշադիր էր, նավաստիներն ինձ օգնում էին, Թոմաս Մագրիջի հետ իմ փոխհարաբերությունն այլևս լարված չէր։ Պետք է խոստովանեմ, որ ժամանակի ընթացքում ես իմ նկատմամբ համակվեցի թաքուն հպարտությամբ։ Չնայած այն տարօրինակ իրադրությանը, որ ես, ցամաքայինս, հանկարծ դարձել էի նավի երկրորդ պետը, պետք է ասեմ, որ իմ նոր պաշտոնի պարտականությունները լավ էի կատարում։ Այդ կարճ ժամանակամիջոցում ես գոհ էի ինձանից և նույնիսկ սկսել էի հաճույք զգալ «Ուրվականի» տատանումներից։ Մենք արևադարձային գոտուց ընթանում էինք հյուսիս-արևմտյան ուղղությամբ, դեպի մի կղզյակ, որտեղից պետք է խմելու ջրի նոր պաշար վերցնեինք։
Բայց իմ երջանկաթյունը անխառն չէր։ Դա համեմատաբար նվազ տանջանքների մի շրջան էր, որ սահում էր նախկին մեծ տանջանքների և ապագա մեծ տանջանքների արանքում։ Ինչ վերաբերում է նավաստիներին, ապա նրանց համար «Ուրվականը» դարձել էր մի աննկարագրելի դժոխք։ Գայլ Լարսենը նրանց հանդեպ լցված էր վրեժխնդրությամբ իր դեմ մահափորձ կատարելու և խցում իր վրա հարձակվելու համար։ Նա օր ու գիշեր անդադար և ամեն կերպ ճգնում էր նրանց կյանքը անտանելի դարձնել։
Նա լավ գիտեր մանրուքների նշանակության հոգեբանությունը և մանրուքների միջոցով ստեղծում էր գրգռության առիթներ ու նավաստիներին հասցնում մինչև խելագարության եզրը։ Մի անգամ տեսա, թե ինչպես նա Հարրիսոնին անկողնուց հանել տվեց, որպեսզի սխալ տեղ դրված ներկի վրձինը ճիշտ տեղում դնի, իսկ պահակահերթի նավաստիներին խոր քնից արթնացնելով հրամայեց, որ գնան Հարրիսոնի հետևից ու տեսնեն, թե նա ինչպես է կատարում իրեն տրված հրահանգը։ Դա, իհարկե, մի չնչին դեպք է, բայց երբ այն բազմապատկվում է հազար ու մի տարբեր ձևերով (որոնք ճարտարորեն հնարվում են Գայլ Լարսենի նման մարդու կողմից), ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի վիճակ է ստեղծվում նավաստիների ներաշխարհում։
Նավաստիները, բնականաբար, տրտնջում էին և հաճախ պոռթկումներ ունենում։ Այդպիսի առիթներով տեղում էին բռունցքի հարվածներ և յուրաքանչյուր անգամ երկու կամ երեք նավաստի վերքեր էին ստանում այն գազանի ձեռքից, որը փաստորեն նրանց տերն ու տիրականն էր։ Բայց հնարավոր չէր նրա դեմ որևէ միացյալ գործողություն ձեռնարկել, քանի որ զենքի պահեստները գտնվում էին նավապետի և որսորդների խցերում։
Մասնավորապես Լիչը և Ջոնսոնն էին Գայլ Լարսենի դիվային չարության զոհերը։ Տեսնելով Ջոնսոնի դեմքին ու աչքերում դրոշմված խոր թախիծը, սիրտս արյունոտվում էր։ Սակայն Լիչի պարագան տարբեր էր։ Կռվարար գազանի տրամադրությունը նրա մեջ շատ ուժեղ էր։ Նա համակված էր այնպիսի անհագ կատաղությամբ, որը ժամանակ չէր թողնում վշտի համար։ Նրա շրթները ծամածռվել էին ու ստացել մռնչալու պատրաստ մնայուն մի դիրք։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր Գայլ Լարսենին, շրթներից բարձրանում էր, ըստ երևույթին, անգիտակցաբար, ահավոր ու սպառնագին մի մռնչյուն։ Ես հաճախ տեսել եմ, որ նա աչքերով հետևում է նավապետին, ինչպես գազանը իր պահապանին, և ատամների միջով խուլ մռնչոցներ արձակում։
Պատահեց, որ մի անգամ օրը ցերեկով ես նրա ուսին դիպա՝ ինչ-որ հրաման տալու համար։ Նա մեջքը դարձրել էր դեպի ինձ։ Ձեռքիս հպումը զգալով, նա հանկարծ վեր ցատկեց և ետ նայելով մռնչաց։ Նա ինձ շփոթել էր ատած մարդու հետ։
Թե՛ Լիչը և թե՛ Ջոնսոնը առաջին իսկ հնարավորության դեպքում կսպանեին Գայլ Լարսենին, բայց այդ հնարավորությունը երբեք չէր ներկայանում։ Գայլ Լարսենը բավականին խոհեմ էր։ Բացի դրանից, նրանք որևէ հարմար զենք չունեին ձեռքի տակ։ Իսկ միայն մերկ կռուփով ոչինչ չէին կարող անել։ Ժամանակ առ ժամանակ Գայլ Լարսենը կովի էր բռնվում Լիչի հետ, որը բռունցքներով, ատամներով ու եղունգներով դիմադրում էր, ինչպես վայրի կատու, մինչև որ, ի վերջո, ուժասպառ և ուշագնաց, փռվում էր հատակին։ Բայց, այնուամենայնիվ, նա երբեք չէր խուսափում նոր ընդհարումներից։ Իր մեջ եղած սատանան մարտահրավեր էր կարդում Գայլ Լարսենի մեջ նստած սատանային։ Բավական է, որ տախտակամածի վրա նրանք իրար հանդիպեին, և ահա սկսում էին իրար հայհոյել, մռմռալ, կռվել։ Ես տեսել եմ, թե ինչպես Լիչը մի անգամ Գայլ Լարսենի վրա նետվեց առանց պատճառի կամ նախազգուշացման։ Մի ուրիշ անգամ, նշան բռնելով, նա նետեց իր ծանր դանակը, որը միայն մի մատնաչափով վրիպեց նավապետի կոկորդից։ Մի այլ առիթով, կայմաձողի վերևի հարթակից նա պողպատյա մի կեռ գցեց Գայլ Լարսենի վրա, նավի տատանման ժամանակ այդպիսի նշանառությունը բավականին դժվար առաջադրանք էր, բայց, չնայած դրան, կեռը օդում սուլելով, յոթանասունհինգ ոտնաչափ բարձրությունից վայր ընկավ և նրա սուր ծայրը երկու մատնաչափ խրվեց տախտակամածի կարծր տախտակի մեջ, հազիվ վրիպելով Գայլ Լարսենի գլխից հենց այն պահին, երբ նա դուրս էր գալիս նավասանդուղքի անցքից։ Մի անգամ էլ Լիչը ծածուկ մտավ որսորդների խուցը, այնտեղից վերցրեց լցված մի հրացան, բայց երբ պատրաստվում էր դուրս խոյանալ, Քերֆուտը բռնեց ու զինաթափ արեց նրան։
Ես հաճախ զարմանքով մտածել եմ, թե ինչու Գայլ Լարսենը նրան չէր սպանում, որպեսզի մեկընդմիշտ ազատվի նրանից։ Նա, ընդհակառակը, միայն ծիծաղում էր և, ըստ երևույթին, հաճույք զգում այդ լարված դրությունից։ Այդ վտանգավոր խաղը նրա համար ուներ այն հրապույրը, որը զգում են գազանազուսպները՝ վայրի կենդանիներին ընտելացնելիս։
— Երբ Կյանքր մազից է կախված, ապա դա յուրահատուկ գրգիռ է հաղորդում մարդուս,— բացատրեց նա ինձ։— Մարդը բնականից խաղամոլ է, իսկ կյանքը՝ ամենա խոշոր խաղագումարը։ Եվ որքան մեծ լինի վտանգը, այնքան ավելի խոր կլինի գրգիռը։ Ինչո՞ւ ինձ զրկեմ Լիչին մոլեգնության չափ գրգռելու հաճույքից։ Դրանով ես նրան էլ լավություն եմ անում։ Այսպիսով, ծայրահեղ գրգիռը երկուստեք է լինում։ Հիմա նրա կյանքը շատ ավելի հարուստ է ապրումներով, քան նավախելում գտնվող որևէ նավաստու կյանքը, թեև նա չի գիտակցում այդ։ Նա ունի այն, ինչ մյուսները չունեն, նպատակ, ինչ-որ բան կատարելու և վերջացնելու առաջադրանք, ինձ սպանելու ցանկություն, այն հույսը, որ ինքը կկարողանա ինձ սպանել։ Նա ամբողջ հոգով ձգտում է այդ նպատակին։ Իսկապես, Հեմփ, նա ամենախոր ապրումներ է ըմբոշխնում։ Ես կասկածում եմ, թե արդյո՞ք նա երբևէ ապրել է այսքան ուժգին և այսքան հրատապ կյանքով, և երբեմն անկեղծորեն նախանձում եմ նրան, երբ տեսնում եմ, թե ինչպես կատաղելով հասնում է կրքի ու մոլեգնության բարձունքները։
— Բայց գա ստորություն է, ստորությո՜ւն,— գոչեցի ես։— Որովհետև բոլոր առավելությունները ձեր կողմն են։
— Մեր երկուսից ո՞վ է ավելի ստորը, դո՞ւք, թե ես,— հարցրեց նա լրջությամբ։— Անախորժ դրության դեպքում դուք անմիջապես համաձայնության եք գալիս ձեր խղճի հետ։ Եթե իրապես քաջ լինեիք, իրապես անկեղծ լինեիք դեպի ձեզ, ապա կմիանայիք Լիչին ու Ջոնսոնին։ Բայց դուք վախենում եք, վախենո՛ւմ։ Դուք միայն ուզում եք ապրել։ Ձեր մեջ գտնվող կյանքը ճչում է, ամեն գնով ապրել է ուզում։ Դուք վարում եք արհամարհելի մի կյանք, որն անհամատեղելի է ձեր լավագույն երազների հետ, դուք մեղանչում եք ձեր բարոյականության ողորմելի կանոնների դեմ և, եթե իրոք գոյություն ունի դժոխքը, ուղիղ դիմում եք այնտեղ։ Ես համեմատաբար ավելի քաջ եմ։ Ես չեմ մեղանչում, քանի որ հավատարիմ եմ իմ մեջ եղած կյանքի պատվիրաններին։ Ես գոնե անկեղծ եմ իմ հոգու հանդեպ, մինչդեռ դուք այդպես չեք։
Նրա ասածների մեջ դառը ճշմարտություն կար։ Գուցե, վերջ ի վերջո, ես իրոք ստոր դեր էի խաղում։ Եվ որքան խորը մտածեցի այդ մասին, այնքան ավելի համոզվեցի, որ իմ պարտականությունն է հետևել Գայլ Լարսենի խորհրդին, միանալ Լիչին ու Ջոնսոնին և ջանալ նրան սպանել։ Այստեղ վճռական դեր խաղաց, կարծեմ, իմ մաքրակրոն նախահայրերի խստաբարո խիղճը, որ երբեմն ջատագովում էր դաժանությունը և արդարացնում նույնիսկ սպանությունը, որպես ճիշտ արարք։ Ես կենտրոնացա այդ գաղափարի վրա։ Այո՛, բարոյական վեհ գործ կլիներ աշխարհը փրկել մի այսպիսի հրեշից։ Այդպիսով մարդկությունը ավելի երջանիկ կլիներ, իսկ կյանքը՝ ավելի քաղցր ու հաճելի։
Ես այս մասին երկար խորհրդածում էի և, անկողնում անքուն պառկած, կշռադատում ողջ իրադրության հետ կապված փաստերի անվերջանալի շարքը։ Գիշերային հերթապահությունների ժամանակ, երբ Գայլ Լարսենը լինում էր ներքևում, ես զրույցներ էի ունենում Լիչի և Ջոնսոնի հետ։ Նրանք երկուսն էլ կորցրել էին ամեն հույս, Ջոնսոնը՝ իր հուսալքվող բնավորության պատճառով, իսկ Լիչը նրա համար, որ ընդունայն մաքառելով, սպառել էր իր ուժը։ Բայց մի գիշեր նա կրքոտությամբ ձեռքս սեղմելով ասաց.
— Ես կարծում եմ, որ դուք ազնիվ մարդ եք, միստր Վան-Վեյդեն։ Բայց ձեռք քաշեցեք այս գործից և ձեր բերանը փակ պահեք։ Մեր երգը երգված է, ես այդ գիտեմ։ Բայց եթե մի օր շատ նեղն ընկնենք, գուցե դուք կարողանաք մեզ օգնել։
Հաջորդ օրը, երբ Ուենրայթ կղզին երևաց հողմընթաց կողմում, Գայլ Լարսենը մարգարեական մի գուշակություն արեց։ Նա հարձակվել էր Ջոնսոնի վրա, Լիչը, իր հերթին, հարձակվել էր նրա վրա, և նա նոր էր զգետնել երկուսին։
— Լի՛չ,— ասաց նա,— դու գիտե՞ս, որ մի օր քեզ պիտի սպանեմ։
Նավաստին, որպես պատասխան, միայն մռռաց։
— Իսկ դո՛ւ, Ջոնսոն, այս կյանքից այնքան կզզվես, որ ինքդ քեզ ծովը կնետես, առանց սպասելու, որ ես քո հաշիվը մաքրեմ։ Հիշի՛ր իմ այս խոսքերը։
— Սա թելադրանք է,— ավելացրեց նա, դիմելով ինձ։— Եվ ես ձեր մի ամսվա աշխատավարձի վրա գրազ կգամ, որ նա կհետևի այս թելադրանքին։
Հույս ունեի, որ նրա զոհերը փախչելու հնարավորություն կունենան, երբ բոլորր զբաղված լինեն տակառները ջուր լցնելով։ Բայց Գայլ Լարսենը լավ տեղ էր ընտրել։ «Ուրվականը» խարիսխ գցեց ալեբախության գծից կես մղոն հեռու, մի ամայի ծովափի դիմաց։ Ծովակում բացվում էր մի խորունկ կիրճ, շրջապատված հրաբխային սեպ ժայռերով, որոնց վրա անհնար էր մագլցել։ Եվ այստեղ, ափ իջած նավապետի անմիջական հսկողության տակ, Լիչը և Ջոնսոնը լցնում էին տակառները և գլորելով ծովեզր հասցնում։ Նրանք ոչ մի հնարավորություն չունեին խույս տալու և նետվելու նավակներից մեկնումեկի մեջ։
Սակայն Հարրիսոնը և Քելլին այդ փորձն արեցին։ Նրանք կազմում էին նավակներից մեկի անձնակազմը և նրանց պարտականությունն էր երթևեկել երկկայմանավի և կղզու միջև, յուրաքանչյուր անգամ փոխադրելով միայն մեկ տակառ։ Ճաշից անմիջապես առաջ, դատարկ տակառով դեպի ծովափ գնալիս, նրանք փոխեցին նավակի ուղղությունը և թեքվեցին ձախ, փորձելով շրջանցել հրվանդանը, որ ծովի մեջ երկարելով, նրանց բաժանում էր փրկությունից։ Այնտեղ, փրփրալի ծովափի հետևում, գտնվում էին ճապոնական գաղութաբնակների նկարչագեղ գյուղերն ու գեղածիծաղ հովիտները, որոնք տարածվում էին դեպի կղզու խորքերը։ Եթե փախստականներին հաջողվեր ապահով հասնել այնտեղ, ապա Գայլ Լարսենը այլևս ոչինչ չէր կարող անել նրանց։
Ես նկատել էի, որ Հենդերսոնն ու Սմոքը առավոտից ի վեր թափառում էին տախտակամածի վրա, բայց միայն հիմա հասկացա դրա պատճառը։ Նրանք հրացանները վերցրին և սկսեցին հանգիստ կրակել փախստականների վրա։ Դա նշանառության սառնարյուն մի ցուցադրություն էր։ Սկզբում գնդակներն անվնաս թռչկոտում էին մակույկի երկու կողմերում, բայց երբ նավաստիները շարունակեցին խիզախորեն թիավարել, գնդակները հետզհետե ավելի մոտեցան մակույկին։
— Հիմա նայիր, թե ինչպես պիտի ծակեմ Քելլի աջ թիակը,— ասաց Սմոքը, ավելի ուշադրությամբ նշան բռնելով։
Ես նայում էի հեռադիտակով, և երբ նա կրակեց, տեսա, որ թիակը ուժգին ցնցվեց։ Հենդերսոնը ևս կրակեց նույն թիակի վրա, և մակույկը պտույտ գործեց իր տեղում։ Մնացած երկու թիակներն էլ շուտով ջախջախվեցին։ Նավաստիները փորձեցին կոտրած թիակներով թիավարել, բայց դրանք ևս, գնդակոծվելով, դուրս թռան նրանց ձեռքերից։ Այն ժամանակ Քելլին պոկեց մակույկի հատակի տախտակներից մեկը և սկսեց դրանով թիավարել, բայց հանկարծ ցավից ճչալով թողեց այն։ Գնդակը ծակել էր տախտակը, և փշերը վիրավորել էին նրա ձեռքը։ Դրանից հետո նրանք այլևս հրաժարվեցին փախուստի գաղափարից։ Եվ մակույկը ինքն իրեն ծփաց ալիքների վրա, մինչև որ Գայլ Լարսենը ցամաքից ուղարկեց մի մակույկ, որը պարանով քաշելով՝ նրան ցամաք բերեց։
Երեկոյան դեմ խարիսխ վերցնելով հեռացանք կղզուց։ Դրանից հետո մենք պետք է երեք կամ չորս ամիս շարունակ ծովակատու որսայինք։ Այդ հեռանկարն իսկապես շատ մռայլ էր, և ես իմ աշխատանքին լծվեցի ծանր սրտով։ «Ուրվականի» վրա կարծես տիրում էր հուղարկավորների տխրություն։ Գայլ Լարսենը իր տարօրինակ ու տանջալի գլխացավերից մեկի պատճառով ընկել էր անկողին։ Հարրիսոնը վհատ տեսքով կանգնում էր ղեկանիվի մոտ և ամբողջ մարմնով հենվում նրան, կարծես ոտքերն անկարող էին պահելու մարմնի ծանրությունը։ Մնացած նավաստիները լուռ էին ու մռայլ։
Ես մի անդամ Քելլիին հանդիպեցի նավի առաջամասում։ Նա կուչ էր եկել ամբարածածկի վրա, գլուխը ծնկներին հենած, ձեռքը գլխի շուրջը, բոլորովին հուսալքված վիճակում։
Մի ուրիշ անգամ նավացռուկի մոտ տեսա Ջոնսոնին, որը հատակին պառկած անթարթ աչքերով դիտում էր ներքևում փրփրացող ալիքները։ Այդ վայրկյանին հիշեցի Գայլ Լարսենի մարգարեական թելադրանքը։ Այն կարծես սկսել էր ներգործել նավաստու վրա։ Ես փորձեցի ցրել նրա մռայլ մտքերը և կանչեցի նրան, բայց նա թախծոտ ժպտաց և տեղից չշարժվեց։
Երբ վերադարձա նավախել, Լիչը մոտեցավ ինձ։
— Ձեզնից մի բան պիտի խնդրեմ, միստր Վան–Վեյդեն,— ասաց նա։— Եթե ձեզ հաջողվի վերադառնալ Ֆրիսկո, բարի եղեք փնտրելու Մաթ Մաք-Քարթիին։ Նա իմ հայրն է։ Նա կոշկակար է և ապրում է Մեյֆեր հացագործարանի հետևում գտնվող բլրի վրա։ Բոլորը գիտեն նրա խանութը, այնպես որ դժվար չէ գտնելը։ Ասեք նրան, որ ես զղջացել եմ իմ արածների և նրան պատճառած վշտերի համար... և ասեք իմ կողմից. «Աստված քեզ օրհնի»։
Ես նախ գլխով արեցի, բայց հետո ասացի.
— Մենք բոլորս էլ կվերադառնանք Սան-Ֆրանցիսկո, Լիչ, և դու ինձ հետ կլինես, երբ ես գնամ Մաթ Մաք-Քարթիի մոտ։
— Երանի ձեր ասածը ճիշտ դուրս գա,— ասաց նա, ձեռքս թոթվելով,— բայց չեմ կարող հավատալ։ Գայլ Լարսենը ինձ կսպանի, ես գիտեմ։ Ես միայն ցանկանում եմ, որ շուտ անի այդ։
Երբ նա հեռացավ, զգացի, որ ինքս էլ նույնն էի ցանկանում։ Քանի որ այդ պիտի կատարվեր, գոնե շուտ կատարվեր։ Նավում տիրող ընդհանուր թախիծը ազդել էր և ինձ վրա։ Ճգնաժամն անխուսափելի էր։ Եվ երբ տախտակամածի վրա ժամերով ման էի գալիս, հետզհետե ինձ ավելի ակնհայտ էր դառնում, որ ես սկսել եմ Գայլ Լարսենի նողկալի գաղափարներով վարակվել։ Ի՞նչ էր այս ամենի նպատակը։ Ո՞ւր կմնար կյանքի վեհությունը, եթե թույլ տրվեր, որ մարդկային հոգիները կործանվեն այսպիսի սանձարձակությամբ։ Ուրեմն կյանքը, վերջին հաշվով, էժանագին ու զազրելի մի կատակ է, և որքան շուտ վերջանա, այնքան լավ։ Այո՛, վերջ տալ կյանքին։ Ես էլ, Ջոնսոնի նման, նավեզրից ցած կռացա ու տենչանքով ծովը դիտեցի, համոզված, որ վաղ թե ուշ պիտի սուզվեմ խորը, խորր, խորը մոռացության ցուրտ ու կանաչ անդունդի մեջ։
Գլուխ տասնյոթերորդ
Տարօրինակ է, որ հակառակ մեր բոլորի ակնկալության, «Ուրվականի» վրա որևէ նշանակալից դեպք չպատահեց։ Մենք նավարկեցինք հյուսիս-արևմտյան ուղղությամբ, մինչև հասանք ճապոնիայի ափերը և հանդիպեցինք ծովակատուների երամին։ Ծովակատուները, անծայրածիր Խաղաղ օվկիանոսի չգիտես որ մասից գալով, այժմ կատարում էին իրենց տարեկան գաղթը դեպի հյուսիս, ուր գտնվում է Բերինգյան ծովի ծվարավայրը։ Մենք սկսեցինք ծովակատուների հետ դեպի հյուսիս նավարկել, ճանապարհին սպանելով ու ոչնչացնելով նրանց, մորթազերծ դիակները շնաձկներին նետելով և աղելով մորթիները, որպեսզի դրանք հետո մեծ քաղաքների կանանց շնորհագեղ ուսերը զարդարեն։
Դա մի անողոք ջարդ էր, որ կատարվում էր միայն ի սեր կանանց։ Ոչ ոք ծովակատվի միսը կամ ճարպը չի ուտում։ Հաջող որսորդության օրերի վերջում նավի տախտակամածը ծածկվում էր ճարպից ու արյունից լպրծուն դարձած մորթերով ու մորթազերծ մարմիններով, իսկ նավեզրի ջրատար խողովակներից կարմիր վտակներ էին հոսում։ Առագաստները, պարաններն ու նավաբազրիքը ծածկվում էին արյան ցայտուքներով, իսկ նավաստիները, գործի լծված մսագործների պես, արյունաթաթախ ձեռքերով եռանդագին աշխատում էին, դանակով պոկում իրենց սպանած ծովային այդ գեղեցիկ կենդանիների մորթերը։
Իմ պարտականությունն էր հաշվել մակույկներից նավ վախադրվող ծովակատուները, վերահսկել մաշկումի գործողությունը և նայել, որ այդ աշխատանքից հետո նավաստիները տախտակամածը լվանան ու ամեն ինչ նորից կարգի բերեն։ Դա տհաճ պարտականություն էր։ Թե՛ հոգիս և թե՛ ստամոքսս ընդվզում էին դրա դեմ։ Բայց մյուս կողմից բազմաթիվ մարդկանց հրամայելն ու ղեկավարելը մի տեսակ բավարարություն էր պատճառում։ Դա նպաստեց իմ կազմակերպչական ընդունակությունների զարգացմանը։ Զգում էի, որ գնալով ավելի պինդ ու տոկուն էի դառնում, մի հանգամանք, որ կարող էր միայն օգտակար լինել «փափկասուն» Վան-Վեյդենի համար։
Սկսում էի հասկանալ, որ այլևս չէի կարող դառնալ առաջվա մարդը։ Թեև մարդկային կյանքի նկատմամբ հավատս ու հույսս դեռ դիմադրում էին Գայլ Լարսենի կործանիչ քննադատությանը, բայց, այնուամենայնիվ, նրա ազդեցության տակ մի շարք երկրորդական հարցերի վերաբերյալ իմ հայացքները որոշ փոփոխության ենթարկվեցին։ Նա իմ առաջ բացել էր իրական աշխարհը, որի մասին փաստորեն ոչինչ չգիտեի և որից միշտ խուսափել էի։ Այժմ ես սովորեցի ավելի մոտիկից դիտել շրջապատի կյանքը, ընդունել, որ աշխարհում կան այնպիսի բաներ, ինչպիսիք են ռեալ փաստերը, դուրս գալ վերացական գաղափարների ոլորտից և արժեքավորել կյանքի կոնկրետ ու օբյեկտիվ երևույթները։
Որսի վայրը հասնելուց հետո Գայլ Լարսենին տեսնելու ավելի շատ առիթներ ունեցա։ Երբ եղանակը լավ էր և ծովակատուները վխտում էին մեր շուրջը, ամբողջ նավակազմը լինում էր մակույկներում, իսկ նավի վրա մնում էինք նա և ես, ինչպես և Թոմաս Մագրիջը, որին հաշվի չէինք առնում։ Բայց մենք էլ պարապ չէինք նստում։ Վեց մակույկները երկկայմանավից բաժանվում և հովհարի ձևով իրարից հեռանում էին, մինչև որ հողմընթաց կողմի առաջին և քամու հակընթաց կողմի վերջին մակույկի միջև բացվում էր տասից քսան մղոն տարածություն։ Հետո բոլորը առաջանում էին իրար հետ զուգահեռ և միայն մութը կոխելուց հետո կամ եղանակը վատանալու դեպքում ետ էին գալիս։ Մեր պարտականությունն էր «Ուրվականը» վարել քամու հակընթաց ուղղությամբ գնացող վերջին մակույկի հետևից, որպեսզի մրրիկի կամ փոթորիկի դեպքում բոլոր մակույկները քամու օգնությամբ կարողանան մեզ մոտենալ։
Երկու մարդու համար այնքան էլ հեշտ գործ չէ «Ուրվականի» նման նավը ղեկավարել, մանավանդ ուժեղ քամիների ժամանակ, պարզել կամ հավաքել առագաստները և միաժամանակ հետևել մակույկներին։ Այդ ամենը ես պետք է սովորեի, այն էլ շուտով։ Ղեկանիվ վարելը հեշտությամբ սովորեցի, բայց կայմաձողի վրա բարձրանալը, ամբողջ մարմնով պարաններից կախված ճոճվելն ու մագլցելը շատ ավելի դժվար էր։ Սակայն այդ էլ կարճ ժամանակում սովորեցի, որովհետև ինչ–որ կատաղի ցանկություն ինձ մղում էր բարձրանալ Գայլ Լարսենի աչքում և ցույց տալ, որ ոչ միայն դատողություններով, այլև գործով կարող եմ հաստատել ապրելու իրավունքս։ Ես նույնիսկ հրճվանք էի զգում, երբ մագլցում էի կայմի գագաթը և միայն ոտքերով կառչելով նրան, այդ վտանգավոր բարձրությունից հեռադիտակով դիտում ծովը՝ մակույկները գտնելու համար։
Մի պայծառ օր մակույկները սովորականից վաղ մեկնեցին։ Նրանք իրարից հեռանալով տարածվեցին անսահման ծովի երեսին, և որսորդների հրացանաձգության աղմուկը հետզհետե մեղմանալով դարձավ գրեթե անլսելի։ Արևմտյան կողմից փչում էր շատ թույլ քամի։ Մինչև որ մենք նավը շարժման մեջ դրինք, որպեսզի հետևենք հողմի հակընթաց ուղղությամբ գնացող վերջին մակույկին, քամին բոլորովին դադարեց։ Կայմի գագաթից տեսա, թե ինչպես վեց մակույկները, որոնք ծովակատուներին հետապնդելով ընթանում էին դեպի արևմուտք, մեկը մյուսի հետևից անհետացան հորիզոնի հետևում։ Մենք հիմա անկարող էինք նրանց հետևել։ «Ուրվականը» հազիվ տատանվում էր հանդարտ ջրի երեսին։ Գայլ Լարսենն սկսեց անհանգստանալ։ Բարոմետրը ցած էր իջնում, իսկ արևելյան կողմում երևացող ամպերը նրան դուր չէին գալիս։ Նա չնվազող աչալրջությամբ զննում էր երկինքը։
— Եթե այստեղից հանկարծ վրա տա,— ասաց նա,― և ուժեղ փչելով մեզ հեռացնի մակույկներից, ապա որսորդների և նավաստիների անկողինների մեծ մասը այսուհետև դատարկ կմնա...
Ժամը տասնմեկի մոտերքը ծովի մակերեսը հարթ ու ողորկ էր, ինչպես ապակի։ Կեսօրին տոթն ուղղակի անտանելի դարձավ, չնայած բավական վեր էինք հյուսիսային լայնությունից։ Օդում քամու նշույլ իսկ չկար։ Մթնոլորտը ճնշող ու հեղձուցիչ էր, կալիֆորնիացիների արտահայտությամբ՝ «երկրաշարժին նախորդող մթնոլորտ էր»։ Այս ամենի մեջ կար ինչ-որ չարագուշակ բան, որն անշոշափելի ձևերով զգալ էր տալիս գալիք աղետը։ Արևելյան կողմում ամպերը հետզհետե պատեցին երկինքը և սկսեցին մեզ մոտենալ դժոխային սև լեռն երի պես։ Սրանցում ուրվագծվող կիրճերը, քարայրները, անդունդներն ու ստվերները այնքան պարզ զանազանվում էին, որ մարդկային աչքն անզգայաբար որոնում էր ալեբախության սպիտակ գիծն ու այն ծովափնյա անձավները, որոնց մեջ կոհակները խումում են մռնչալով։ Իսկ մեր նավը տակավին շարունակում էր մեղմ օրորվել, և քամին դեռ չէր բարձրանում։
— Սա ոչ թե փոթորիկ է,— ասաց Գայլ Լարսենը,― այլ մայր բնությունն է, որ շուտով կկանգնի հետևի ոտքերի վրա և իր ամբողջ ուժով այնպես կոռնա, որ մենք կսկսենք թպրտալ։ Ես վախենում եմ, Հեմփ, որ մեր մակույկների կեսը կորցնենք։ Լավ կանեք՝ բարձրանաք վերև և թուլացնեք վերնակայմերի առագաստները։
— Բայց եթե այդպես ուժեղ պիտի ոռնա, մենք երկուսով ի՞նչ կարող ենք անել,— հարցրի ես մի տեսակ բողոքի արտահայտությամբ։
— Մենք պետք է օգտագործենք քամու առաջին թափը և մակույկների հետևից գնանք նախքան առագաստների պատռվելը։ Դրանից հետո ինչ ուզում է թող լինի։ Կայմերը կդիմանան, ես ու դու էլ պետք է տոկանք, թեև այնքան էլ հեշտ չէ։
Օդը դեռ հանդարտ էր։ Մենք շտապ ճաշեցինք։ Ես անհանգստանում էի տասնութ մարդկանց ճակատագրով, որոնք կորել էին հորիզոնի հետևում, իսկ երկնքում թավալվող ու հետզհետե մոտեցող լեռնանման ամպերը սարսափ էին պատճառում։ Գայլ Լարսենը արտաքուստ հանդարտ էր, բայց երբ տախտակամած վերադարձանք, նկատեցի, որ նրա ռունգները ուռել էին, իսկ շարժումները՝ զգալիորեն ավելի արագացել։ Նրա դիմագծերը ձգվել ու ստացել էին խիստ արտահայտություն, բայց կապույտ աչքերում, որոնք այդ օրը անսովոր կերպով պայծառ էին, կար ինչոր տարօրինակ փայլ, կայծկլտող ու շողացող մի լույս։ Ինձ թվաց, թե նա համակված է մի տեսակ վայրի ուրախությամբ, հրճվում է մոտալուտ պայքարի համար և սարսռում այն գիտակցությունից, որ հասել են գերագույն ապրումի րոպեները, երբ կյանքի մակընթացությունը բարձրանում է ինչպես հեղեղ։
Առանց նկատելու իմ ներկայությունը, հավանորեն, անգիտակցաբար, նա բարձրաձայն ծիծաղեց։ Այդ ծաղրական ծիծաղը կարծես մի մարտահրավեր էր, ուղղված մոտեցող փոթորկին։ Այսօր էլ դեռ հիշում եմ նրա կերպարանքը, որը կանգնած էր ինչպես «Հազար ու մի գիշերների» թզուկը՝ հսկայատիպ չար ոգու դիմաց։ Այո, նա մարտահրավեր էր նետում ճակատագրին ու չէր վախենում։
Հետո նա մոտեցավ խոհանոցի դռանը։
— Խոհարա՛ր,— ասաց նա,— երբ ամանների ու կաթսաների գործը վերջացնես, հարկավոր կլինես տախտակամածի վրա։ Պատրաստ սպասիր իմ կանչին։
Ապա, նկատելով իր վրա ուղղված իմ հիացական հայացքը, ասաց.
— Հե՛մփ, սա ավելի լավ է, քան վիսկին, թեև ձեր Օմար Խայամը այս մասին ոչինչ չի ասել։ Ինձ թվում է, որ նա կյանքը լրիվ լի ապրել։
Երկնքի արևմտյան մասն այժմ մթնել էր։ Արևը խավարել էր ու չէր երևում։ Թեև ցերեկվա ժամը երկուսն էր, բայց մի ցնորական մթնշաղ, որը ծակծկված էր բեկբեկվող ծիրանագույն ճառագայթներով, շրջապատել էր մեզ։ Այդ ծիրանագույն մթնշաղի մեջ Գայլ Լարսենի դեմքը հուրհրատել ու բոցավառվել էր, և իմ քրքրված երևակայությանը թվաց, թե նրա գլուխը շրջանակվել էր լուսապսակով։ Մեր շուրջը տիրում էր անսովոր հանդարտություն, մինչդեռ բոլոր նշաններն ու երևույթները ազդարարում էին մոտեցող ահավոր, որոտալից փոթորկի մասին։ Հեղձուցիչ տոթը դարձել էր անտանելի։ Ճակատս ողողված էր քրաինքով, որը կաթիլ–կաթիլ հոսում էր քթիցս։ Հանկարծ ինձ թվաց, թե պիտի ուշաթափվեմ և ձեռքս երկարեցի բազրիքի գերանին՝ հենվելու համար։
Հենց այդ րոպեին սզգացի քամու թեթև հևքը, որը արևելյան կողմից եկավ ու անցավ շնչի պես։ Թեև պարզած առագաստները չշարժվեցին, բայց դեմքս զգաց այդ հևքը և զովացավ։
— Խոհարա՛ր,— կանչեց Գայլ Լարսենը ցածր ձայնով։
Թոմաս Մագրիջը ցույց տվեց իր ահաբեկված ու ողորմելի դեմքը։
— Արձակի՛ր և տեղափոխիր կայմաթևի լիսեռապարանը։ Երբ առագաստն սկսի ուռչել, թուլացրու թոկասարքը և լիսեռապարանը նորից տեղը դիր։ Եթե որևէ սխալ անես, դա կլինի վերջինը քո կյանքում, հասկանալի՞ է։
— Միստր Վան-Վեյդեն, պատրաստ եղեք առաջակայմի առագաստները պարզելու։ Դրանից անմիջապես հետո կարելի եղածին չափ շուտ պարզեք վերնակայմի առագաստները։ Որքան արագ շարժվեք, գործն այնքան հեշտ կլինի։ Իսկ եթե խոհարարը դանդաղի, խփեք նրա ռեխին։
Ես զգացի նրա խոսքերում թաքնված մեծարանքը, և ինձ դուր եկավ հատկապես այն, որ ինձ տրված հրահանգներին սպառնալիքներ չէին ընկերանում։ Նավի ցռուկը դարձած էր դեպի հյուսիս–արևմուտք, իսկ Գայլ Լարսենի նպատակն էր «Ուրվականին» հողմընթաց ուղղություն տալ քամու հենց առաջին թափից։
— Քամին փչելու է նավի հետևից,— բացատրեց նա ինձ։— Իսկ հրացանների վերջին կրակոցներից դատելով՝ նավակներն ուղղվում էին դեպի հարավ։
Նա շուռ եկավ և մոտեցավ ղեկանիվին, իսկ ես գնացի առաջամասը և կանգնեցի եռանկյուն առագաստի մոտ։ Նորից քամու մի թույլ շունչ անցավ, հետո՝ մի շունչ ևս։ Առագաստը թեթևակի սկսեց թփթփալ։
― Փա՜ռք աստծո, որ մրրիկը միանգամից ամբողջ թափով չի մոտենում, միստր Վան-Վեյդեն,— բացականչեց խոհարարը սրտաբուխ ջերմությամբ։
Նույնքան ուրախ էի և ես, որովհետև արդեն բավական փորձ ունենալով հասկանում էի, որ հանկարծակի մրրիկը խիստ աղետալի կլինի պարզած առագաստներով նավի համար։ Քամին մի քիչ ուժեղացավ, առագաստները փքվեցին, և «Ուրվականն» սկսեց շարժվել։ Գայլ Լարսենը ղեկանիվը պտտեցրեց դեպի ձախ, և մենք սկսեցինք ավելի արագ ընթանալ։ Քամին այժմ փչում էր ուղիղ նավի հետևից և հետզհետե ուժեղանում էր։ Առաջամասի առագաստներն սկսեցին աղմուկով թփթփալ։ Ես չէի տեսնում, թե ինչ է կատարվում տախտակամածի մյուս մասում, բայց զգում էի, որ երբ առաջակայմի առագաստները քամուց ուռչում էին, նավն ամեն անգամ հանկարծակի բարձրանում ու թեքվում էր մեկ կողմի վրա։ Ես զբաղվեցի եռանկյուն առագաստներով, ու երբ այդ պարտականությունը վերջացավ, «Ուրվականը» արդեն սլանում էր հարավ-արևմտյան ուղղությամբ, քամին փչում էր հետևից, և բոլոր առագաստները հակված էին գեպի աջ։ Չնայած ծանր աշխատանքից սիրտս խփում էր մուրճի պես, առանց մի րոպե հանգստանալու արագ մագլցեցի վերև և նախքան քամու ուժեղանալը հավաքեցի վերնակայմի առագաստները։ Հետո գնացի նավախել նոր հրահանգներ ստանալու։
Գայլ Լարսենը գլխով հավանության նշան արեց և ինձ հանձնեց ղեկանիվը։ Հողմը գնալով ուժեղանում էր և ծովը ալեկոծվում։ Մոտավորապես մի ժամ կանգնեցի ղեկանիվի վոտ, բայց վարելը հետզհետե ավելի դժվարանում էր։ Ես այնքան փորձ չունեի, որ կարողանայի ղեկանիվը վարել այսպիսի եղանակին։
— Հիմա վեր բարձրացեք և հեռադիտակով փնտրեցեք մակույկները։ Մենք անցել ենք առնվազն տասը հանգույց և հիմա գնամ ենք տասներկուսից տասներեք հանգույցի արագությամբ։ Իմ պառավ «Ուրվականը» գիտե արագ քայլել...
Որպես դիտարան ընտրեցի առաջակայմի ամենավերևի հարթակը, որը յոթանասուն ոտնաչափ բարձր էր տախտակամածից։ Հետազոտելով իմ առջև փռված ծովի դատարկ տարածությունը, լրիվ գիտակցեցի, որ պետք է շատ շտապենք, եթե ուզում ենք փրկել մեր մարդկանց։ Ալեկոծ ծովը դիտելիս տարակուսում էի, որ որևէ մակույկ մնացած լինի։ Ինձ անհնար էր թվում, որ մակույկի պես դյուրաբեկ կառույցը իրոք կկարողանա դիմանալ մոլեգնած ջրին ու քամուն։
Ես չէի կարող զգալ հողմի ամբողջ թափը, քանի որ նրա ուղղությամբ էինք ընթանում։ Բայց երբ իմ բարձր դիտարանից ներքև նայեցի, մի պահ թվաց, թե գտնվում եմ «Ուրվականից» դուրս և հեռվից եմ նայում նրան։ Սլացող նավի շրջագծերը հստակորեն սահմանազատվում էին փրփրացող ալիքներից։ Երբեմն նա ճեղքում էր լեռնանման մի կոհակ, և այն ժամանակ նրա թեքված եզրը դառնում էր անտեսանելի, իսկ տախտակամածը մինչև նավամբարների դռնակները ողողվում էր ջրով։ Ամեն անգամ, երբ նավը թեքվում էր մեկ կողմից մյուսը, ես օդում շշմեցուցիչ արագությամբ աղեղնաձև թռիչք էի գործում և թվում էր, թե գտնվում եմ դեպի վեր շրջված հսկա մի ճոճանակի վրա, որի տատանումների լայնությունը երբեմն հասնում էր յոթանասուն ոտնաչափի։ Այս գլխապտույտ տատանումներից մեկի ընթացքում հոգիս սարսափով լցվեց և ես ձեռքով–ոտքով փաթաթվեցի կայմին։ Թուլացած և դողդոջուն՝ այլևս չէի կարող կորած մակույկները փնտրել կամ որևէ բան տեսնել ծովի երեսին։ Միայն լսում էի, թե ինչպես ծովը մռնչում էր, սպառնալով կուլ տալ «Ուրվականը»։
Սակայն ինձ ուշքի բերեց այն միտքը, թե մեր մարդկանց կյանքը վտանգի տակ է։ Եվ ինձ անտեսելով, սկսեցի նրանց որոնել։ Մի ամբողջ ժամ ոչինչ չտեսա, բացի ամայի ծովից։ Բայց լույսի մի շերտ հանկարծ լուսավորեց ծովը, նրա մոլեգնած մակերեսին հաղորդելով արծաթյա երանգ, և նույն պահին նկատեցի ինչ-որ փոքր սև բիծ, որը սլացավ լեռնացող մի կոհակի գագաթը, հետո իսկույն անհետացավ նրա գոգում։ Ես համբերությամբ սպասեցի։ Սև բիծը դարձյալ երևաց կատաղած ալիքների մեջ, նավի ցռուկից երկու կողմնամաս դեպի ձախ։ Չփորձեցի ձայն տալ, բայց ձեռքի շարժումով այդ մասին հաղորդեցի Գայլ Լարսենին։ Նա փոխեց նավի ուղղությունը, և երբ սև բիծը հայտնվեց ուղիղ մեր դիմաց, ես ձեռքով հաստատական նշան արեցի։
Փոքրիկ բիծը այնքան շուտով մեծացավ, որ առաջին անգամ լրիվ պատկերացում ունեցա մեր ընթացքի արագության մասին։ Գայլ Լարսենը նշան արեց, որ ներքև իջնեմ։ Երբ ես ղեկանիվի մոտ նրա կողքին կանգնեցի, նա հրահանգ տվեց, որ նավը կանգնեցնենք։
— Հիմա ամբողջ դժոխքը կարող է փուլ գալ մեզ վրա,— զգուշացրեց նա,— բայց դրան ուշադրություն մի դարձրեք։ Դուք միայն ձեր պարտականությունը կատարեցեք և նայեք, որ խոհարարը առաջակայմի թոկասարքից չհեռանա։
Տախտակամածի աջ և ձախ կողմերը հավասարապես ողողված էին ջրով, այնպես որ առաջամաս գնալու համար ճանապարհ ընտրելու հարց չծագեց։ Մի կերպ տեղ հասնելուց հետո Թոմաս Մագրիջին բացատրեցի իր անելիքը և ապա կայմապարանով մի քանի ոտնաչափ վերև մագլցեցի։ Մակույկը հիմա արդեն շատ մոտ էր, և պարզ տեսնում էի, որ ցռուկը քամու դեմ դարձրած՝ նա ծփում էր տեղում, որպես խարիսխ ունենալով կայմն ու առագաստը, որոնք ծով էին գցվել այդ նպատակով։ Մակույկում գտնվող երեք հոգին ջուր էին դատարկում։ Յուրաքանչյուր բարձրացող ալիք նրանց ծածկում էր տեսողությունից, և ես սրտատրոփ սպասում էի, վախենալով, որ գուցե նրանք երբեք չհայտնվեն։ Բայց մակույկը հանկարծ նորից էր հայտնվում փրփրացող ալիքների գագաթին՝ ցռուկը դեպի վեր, այնքան ուղղահայաց դիրքով, որ կարծես կանգնում էր իր մութ ու թաց հետույքի վրա։ Հետո գլխիվայր թավալվում էր ջրային անդունդի մեջ։ Այդպիսի ակնթարթային պահերին մակույկի ներքնամասը երևում էր իր ամբողջ երկարությամբ, և հայացքս ընդգրկում էր երեք մարդկանց, որոնք խելահեղ աճապարանքով ջուր էին դատարկում։ Ամեն անգամ մակույկի հայտնվելը ինձ հրաշք էր թվում։
«Ուրվականը» հանկարծ ընթացքը փոխեց ու սկսեց հեռանալ։ Ես սարսափով մտածեցի, որ Գայլ Լարսենը, դրությունն անհույս համարելով, հրաժարվել է մակույկները փրկելու մտքից, բայց հետո կռահեցի, որ նա փորձում էր նավը կանգնեցնել։ Շտապեցի իջնել տախտակամած, որպեսզի պատրաստ լինեմ օգնելու։ Քամին այժմ դեմից էր, իսկ մակույկը՝ մեր առջևը, բայց բավականին հեռու։ Ես մեկեն զգացի, որ նավն իր հավասարակշռությունը վերագտել է, իսկ նրա արագությունը՝ ավելացել։ Նա սկսեց տեղում ճփալ՝ քիթը քամուն դարձրած։
Երբ նավը բոլորովին ուղիղ դիրք ստացավ, քամին, որից մենք մինչ այդ խուսափում էինք, ուժեղ թափով հարձակվեց մեր վրա։ Անփորձ լինելով, ես դժբախտաբար դեմքս դարձրել էի դեպի քամին։ Նա վրա հասավ ինչպես մի թանձր պատնեշ և թոքերս լցրեց օդով, որը չէի կարող արտաշնչել։ Շնչահեղձությունից խեղդվում էի, երբ հանկարծ «Ուրվականը» թեքվեց մի կողմի վրա, և ես տեսա, որ մի վիթխարի ալիք կանգնել է իմ գլխավերևում։ Իսկույն շուռ եկա և, շունչս պահած, նորից նայեցի։ Ալիքը հակվել էր «Ուրվականի» վրա։ Ես շեշտակի նայեցի նրան։ Արևի լույսը շողում էր գագաթին, իսկ լուսաթափանց, կանաչավուն գոգի խորքում երևում էին կաթնանման փրփուրի շերտեր։
Կոհակը փուլ եկավ նավի վրա և ստեղծեց մի դժոխային խառնաշփոթություն։ Ամեն ինչ կատարվեց միանգամից։ Ես ստացա մի ջախջախիչ հարված, որն զգացի ամբողջ մարմնիս վրա, և հատակին փռվելով թաղվեցի ջրի տակ։ Նույն պահին մտքովս անցավ, որ հենց սա է այն սոսկալի վախճանը, որի մասին երբեմն լսել էի, չքանալ ծովում... Հարվածի ուժգնությունից դեսուդեն գլորվեցի, մինչև որ այլևս չկարողացա շունչս պահել և աղի ջուրը շնչեցի թոքերիս մեջ։ Բայց այդ ամբողջ ժամանակամիջոցում ոչ մի րոպե չմոռացա, որ պետք է առաջակայմի եռանկյուն առագաստը դեպի հողմընթաց կողմն ուղղեմ։ Ես մահից չէի սարսափում և համոզված էի, որ մի կերպ կփրկվեմ։ Գայլ Լարսենի հրամանը իմ աղոտված գիտակցության մեջ հնչում էր անդադար, և մի պահ թվաց, թե նա ղեկանիվի մոտ կանգնած մաքառում է թավալվող վայրի ալիքների ու մոլեգին փոթորկի դեմ, ջանալով իր կամքը պարտադրել տարերքին։
Հորձանքը կատաղությամբ ինձ զարկեց ինչ-որ բանի, որը, ըստ երևույթին, նավաբազրիքն էր։ Ես նորից շունչ քաշեցի և այս անգամ թոքերս լցվեցին մաքուր օդով։ Երբ փորձեցի կանգնել, գլուխս ինչ-որ տեղ խփեցի և նորից ընկա չորեքթաթ։ Ալիքը ինձ քշել էր առաջամասի հարթակի ներքևը։ Սողալով մագլցելիս ես անցա Թոմաս Մագրիջի վրայով, որը կծկված տնքում էր։ Բայց նրանով զբաղվելու ժամանակ չունեի։ Հարկավոր էր նախ առագաստն ուղղել։
Երբ տախտակամած դուրս եկա, ինձ թվաց, թե մեր վերջն արդեն հասել է։ Ամեն կողմից լսվում էին տախտակների ճարճատյուն, երկաթների զնգոց, պատռվող առագաստների շառաչ։ «Ուրվականը» քայքայվում ու խորտակվում էր։ Առաջակայմի վերևի ու ներքևի առագաստները, որ մենք թուլացրել էինք, որպեսզի քամուց ուռչեն և ժամանակ չէինք ունեցել պարանով կայմին փաթաթելու, այժմ թփթփում ու պատռվում էին, իսկ ծանր կայմաթևը, շրխկալով, մեկ նավակողից մյուսին էր խփում։ Օդում թռչկոտում էին քանդված բեկորներ, իսկ պոկված պարաններն ու թոկերը սուլելով գալարվում էին օձերի նման։ Ի լրումն այս ամենի՝ ցռկակայմն էլ շրխկոցով ընկավ տախտակամածի վրա։
Այն ընկավ ինձնից հազիվ մի քանի մատնաչափ հեռու, և այդ հանգամանքն ինձ մղեց արագ գործելու։ Գուցե դրությունը անհուսալի չէր։ Ես հիշեցի Գայլ Լարսենի նախազգուշացումը։ Նա ակնկալում էր, որ ամբողջ դժոխքը փուլ կգա մեր վրա, և այդ իրոք կատարվել էր։ Բայց որտե՞ղ էր այժմ ինքը՝ Լարսենը։ Հանկարծ նկատեցի, որ հզոր մկանները գործի լծած՝ նա հավաքում է միջնակայմի մեծ առագաստը։ Հենց այդ պահին նավի խելամասը վերև բարձրացավ, և նրա կերպարանքն ուրվագծվեց մի հսկա ալիքի դեմ։ Այս ամենը, և ավելին՝ քաոսի և կործանման մի ամբողջ աշխարհ, ես տեսա, լսեցի ու գիտակցեցի ընդամենը տասնհինգ վայրկյանի ընթացքում։
Առանց նայելու, թե ինչ է պատահել մակույկին, ես նետվեցի դեպի եռանկյուն առագաստի թոկասարքը։ Առագաստը թփթփում էր, մեկ՝ օդով լցվում, մեկ՝ դատարկվում ուժգին շաչյուններով։ Ամբողջ ուժս լարելով սկսեցի թոկն աստիճանաբար ձգել. ամեն անգամ, երբ առագաստը թուլանալով կախվում էր, նորից ձգում էի թոկը և պտտեցնելով ամրացնում։ Ես անում էի, ինչ կարող էի։ Թոկն այնքան ուժեղ էի քաշում, որ ի վերջո մատներիս ծայրերը պլոկվեցին. դեռ շարունակում էի իմ աշխատանքը, երբ վերևի երկու փոքր առագաստները հանկարծակի պայթեցին և աղմուկով ծովն ընկան։
Բայց ես շարունակում էի ձգել, և ամեն անգամ, երբ առագաստը մի քիչ դատարկվում էր, թոկի թուլացած մասը կրկնակի պտույտով փաթաթում էի կայմին։ Այնուհետև թոկն սկսեց ավելի հեշտությամբ տեղի տալ։ Գայլ Լարսենը օգնության հասավ։ Նա թոկը ցած էր քաշում, իսկ ես փաթաթում էի թուլացած մասը։
— Պինդ ամրացրեք,— գոչեց նա,— հետո եկեք ինձ հետ։
Նրան հետևելիս նկատեցի, որ չնայած տիրող ավերածությանը, նավում ինչ-որ չափով կարգը պահպանվել էր։ «Ուրվականը» ծփում էր տեղում։ Նա դեռ ի վիճակի էր պայքարելու և պայքարում էր։ Թեև մնացած առագաստները պոկվել ու քանդվել էին, բայց եռանկյուն առագաստը, որը դուրս էր բերված նավի հողմընթաց կողմը, և միջնակայմի մեծ առագաստը, որը լրիվ պարզված էր, անվնաս էին մնացել և կարողանում էին նավի ցռուկը պահել մոլեգնած ալիքների դեմ։
Մինչդեռ Գայլ Լարսենը կարգի կբերեր ամբարձիչ կռունկը, ես աչքերով փնտրեցի մակույկն ու տեսա, որ նա գտնվում է մի հսկա ալիքի գագաթին, մեզնից հազիվ քսան ոտնաչափ հեռու, հողմաղերծ կողմում։ Գայլ Լարսենը հաշվել ու գործել էր այնքան ճշգրիտ, որ նավը ծփալով շարժվում էր ուղիղ դեպի մակույկը։ Մնում էր միայն ամբարձիչ սարքի թոկերն իջեցնել, մակույկը երկու ծայրերից կեռերով բռնել ու նավ բարձրացնել։ Սակայն այդ գործողությունը իմ նկարագրածի չափ հեշտ չկատարվեց։
Մակույկի ցռուկին նստած էր Քերֆուտը, մեջտեղում՝ Քելլին, իսկ խելամ ասում՝ Ուֆտի-Ուֆտին։ Երբ ավելի մոտեցանք, նավը սահեց ջրի գոգավորության մեջ, իսկ մակույկը հետզհետե բարձրացավ ալիքի գագաթը, մինչև որ ճիշտ իմ վերևում ես տեսա երեք ծովայիններին, որոնք գլուխները վար հակած՝ նայում էին մեզ։ Հետևյալ վայրկյանին նավն էր վերև խոյանում, մինչդեռ մակուչկը սահում էր անդունդի մեջ։ Ինձ թվաց, թե հաջորդ անգամ «Ուրվականը» անխուսափելիորեն կխփի ու կխորտակի այդ փոքրիկ ձվակեղևը։
Բայց ամենապատեհ վայրկյանին ես ձեռքիս թոկը նետեցի Ուֆտի-Ուֆտիին, իսկ Գայլ Լարսենն իր ձեռքինը նետեց Քերֆուտին։ Թոկերի կեռերը իսկույն ամրացվեցին և երեք մարդիկ, հարմար րոպեն որսալով, միաժամանակ նետվեցին նավի վրա։ Երբ «Ուրվականի» թեքված եզրը հեռացավ ջրի մակերեսից, մենք մակույկն զգուշությամբ վեր քաշեցինք և տախտակամածի վրա պառկեցրինք շրջված դիրքով։ Ես նկատեցի, որ Քերֆուտի ձախ ձեռքից արյուն է հոսում։ Նրա միջնամատը ճմլվել էր մինչև ոսկորը։ Բայց նա ցավի ոչ մի նշան ցույց չտվեց և աջ ձեռքով մեզ օգնեց մակույկն իր տեղում կապելու։
— Ուֆտի՛, պատրաստվիր եռանկյուն առագաստը տեղափոխելու,— հրամայեց Գայլ Լարսենը հենց այն վայրկյանին, երբ դեռ նոր էինք մակույկը կապել։— Քելլի՛, շտապիր խելամաս և թուլացրու միջնակայմի առագաստի թոկասարքը։ Իսկ դու, Քերֆուտ, ցռուկ գնա և տես, թե ինչ է պատահել խոհարարին։ Միստր Վան-Վեյդեն, նորից բարձրացեք կայմահարթակ և ճանապարհին կտրեցեք բոլոր ավելորդ պարանները։
Այս հրամաններն արձակելուց հետո նա վագրի ոստումներով խոյացավ դեպի ղեկանիվը։ Մինչ ես կայմապարանով մագլցում էի վերև, «Ուրվականն» սկսեց դանդաղ շարժվել քամու հակընթաց ուղղությամբ։ Բայց երբ նորից ալիքի գիրկը սուզվեցինք և նավը ողողվեց, այլևս ոչ մի առագաստ չէր մնացել, որ ջուրը տանի։ Ես դեռ չէի հասել կայմահարթակ, և քամու ուժգնությունից մարմինս այնպես էր կպել թոկասարքին, որ գրեթե անհնար էր վայր ընկնել։ Այդ պահին «Ուրվականը» հանկարծ այնպիսի խոր թեքում ունեցավ, որ կայմերը միանգամից հավասարվեցին ջրի մակերեսին։ Ես հայացքս ուղղեցի դեպի նավի տախտակամածը, որը գտնվում էր ոչ թե իմ ներքևը, այլ ինձ հավասար մակարդակի վրա։ Բայց տախտակամածն անհետացել էր կատաղորեն թավալվող մի ալիքի տակ։ Ջրից դուրս էին ցցվել միայն երկու կայմ, և ուրիշ ոչինչ։ Ջրի տակ մի վայրկյան թաղված մնալուց հետո «Ուրվականը» սկսեց աստիճանաբար դուրս գալ։ Կողմնակի ճնշումից ազատվելով և կամաց-կամաց ուղղվելով, նա ջրից դուրս ցցվեց, ինչպես կետը ցցում է իր մեջքը, ջրի երես բարձրանալիս։
Այնուհետև նա սրընթաց սլացավ մոլեգնած ալիքների միջով, մինչ ես, ճանճի նման կայմահարթակին թառած, փնտրում էի մյուս մակույկները։ Կես ժամ հետո նկատեցի մի շրջված մակույկ, որից հուսահատորեն կառչել էին Ջոք Հոռները, գիրուկ Լուիսը և Ջոնսոնը։ Այս անգամ ես մնացի վերևում։ Գայլ Լարսենին հաջողվեց նավը կանգնեցնել առանց վթարի ենթարկելու։ Առաջվա նման «Ուրվականը» ծփալով մոտեցավ մակույկին։ Նավաստիները թոկերն ամրացրին ու դրանց ծայրերը նետեցին աղետյալներին, որոնք կապիկների նման մագլցելով, ցատկեցին նավեզրը։ Երբ մակույկը բարձրացնում էին վերև, նա ուժեղ խփվեց նավի կողին ու ջախջախվեց։ Բայց նավաստիներն ապահով կապեցին այն, քանի որ կարելի էր հետագայում նորոգել։
«Ուրվականը» դարձյալ քշվեց մրրիկից, և այս անգամ այնպես թաղվեց ջրի մեջ, որ մի պահ թվաց, թե այլևս ջրի երեսը չի բարձրանա։ Նույնիսկ ղեկանիվը, որը ղեկորդի գոտկատեղից շատ ավելի բարձր է, լրիվ ծածկվեց ջրով։ Այդ պահին զարմանալիորեն մենակ զգացի ինձ աստծո հետ։ Ինձ թվաց, թե մենակ եմ նրա հետ և դիտում եմ նրա ցասման քաոսը։ Բայց ղեկանիվը նորից երևաց և ես նշմարեցի Գայլ Լարսենի լայն ուսերը։ Ղեկանիվի մատները պինդ սեղմած՝ նա նավին պարտադրում էր ընթանալ իր ուզած ուղղությամբ և, որպես երկրային մի աստված, ետ էր մղում հարձակվող ալիքները, տիրապետում փոթորկին, ծառայեցնում այն իր նպատակին։ Օհ, ի՜նչ հրաշք, իսկապես, ի՜նչ հրաշք է այն փաստը, որ չնչին մարդ արարածը կարող է ապրել, շնչել, գործել և կատաղած վիթխարի տարերքի դեմ վարել փայտե ու կտավե մի դյուրաբեկ շինվածք։
«Ուրվականը» նորից դուրս եկավ ալիքի գոգից, մեջքը վերև, բարձրացրեց և խոյացավ ոռնացող քամու դեմ։ Արդեն ժամը հինգն անց էր կես։ Կես ժամ հետո, երբ օրն աստիճանաբար անհետանում էր աղոտ ու չարաշուք մթնշաղի մեջ, ես նշմարեցի երրորդ մակույկը։ Այն ևս շրջված էր, բայց շուրջը ոչ ոք չէր երևում։ Գայլ Լարսենը կրկնեց իր մանևրը, նախ հեռացավ, ապա շուռ եկավ հողմընթաց ուղղությամբ և թողեց, որ նավը ծփալով մոտենա մակույկին։ Բայց այս անգամ նա մոտ քառասուն ոտնաչափ սխալ կատարեց և մակույկն անցավ խելամասի կողքով։
— Համար չորս մակույկն է,— դոչեց Ուֆտի-Ուֆտին, որի սուր աչքերը իսկույն կարդացին համարն այն ակնթարթում, երբ մակույկը բարձրացավ փրփուրների տակից։
Դա Հենդերսոնի մակույկն էր, նրա հետ կորել էին Հոլիոկը և Վիլյամսը, որը հեռավոր ծովերում նավարկող նավաստիներից էր։ Նրանք, անկասկած, կորել էին, բայց մակույկը մնացել էր անվնաս։ Գայլ Լարսենը մի վերջին հուսահատ ճիգ էլ գործ դրեց այն փրկելու համար։ Ես կայմահարթակից իջել էի տախտակամած և տեսա, թե ինչպես Հոռները և Քերֆուտը ապարդյուն կերպով առարկում էին այդ փորձի դեմ։
— Տերը վկա՛, չեմ թողնի, որ մրրիկն ինձանից խլի մակույկս, անգամ եթե դժոխքից փչի,— գոռաց Գայլ Լարսենը և, չնայած մենք մոտ էինք կանգնած, նրա ձայնը հնչեց այնքան թույլ ու հեռավոր, կարծես գալիս էր անսահմանությունից։
— Միստր Վան-Վեյդեն,— գոչեց նա, և ինձ թվաց, թե փոթորկի մռնչոցի միջով ինչ-որ շշնջյուն եմ լսում։— Կանգնեցե՛ք եռանկյուն առագաստի մոտ, Ջոնսոնի և Ուֆտիի հետ։ Իսկ դուք՝ մնացածներդ, շտապեցեք միջնակայմի մեծ առագաստի մոտ և արագ... եթե չեք ուզում, որ ձեզ ուղարկեմ հանդերձյալ աշխարհը։ Հասկանալի՞ է։
Երբ նա ղեկանիվը պտտեցնելով նավի քիթը շրջեց, որսորդներին ուրիշ բան չմնաց անել բացի հնազանդելուց և ջանալուց, որ վտանգավոր ձեռնարկը հաջողությամբ գլուխ բերվի։ Վտանգի ահագնությունը միայն այն ժամանակ ըմբռնեցի, երբ նորից թաղվեցինք ալիքի տակ, և ես հազիվ կարողացա կառչել առաջակայմի ներքևի գերանից։ Բայց մատներս իսկույն թուլացան և ես, նավեզրից սահելով, ընկա ծովը։ Ես լողալ չգիտեի, բայց դեռ ջրի մեջ չսուզված՝ մի նոր ալիք ինձ նետեց ուղղակի տախտակամածի վրա։ Նույն վայրկյանին մի ուժեղ ձեռք ինձ բռնեց, և երբ «Ուրվականը» նորից ջրի երեսը բարձրացավ, տեսա, որ իմ կյանքով պարտական եմ Ջոնսոնին։ Նա անհանգստացած նայում էր շուրջը, և ես նկատեցի, որ Քելլին, որը վերջին րոպեին եկել էր առաջամաս, անհետացել է։
Քանի որ մակույկը խուսափել էր մեզնից և այլևս հնարավոր չէր երկկայմանավը բերել առաջվա դիրքին, Գայլ Լարսենը ստիպված եղավ դիմել ուրիշ միջոցառումի։ Նա նավը քշեց քամու ուղղությամբ և ապա, դարձնելով, նրա ձախ կողմը մոտեցրեց մակույկին։
— Հոյակա՜պ է...— գոչեց Ջոնսոնը իմ ականջին, երբ նավը նորից հաջողությամբ դուրս եկավ մեզ հեղեղող ջրի տակից։ Ես գիտեի, որ նա նկատի ուներ ոչ թե Գայլ Լարսենի ճարտարությունը, այլ հենց «Ուրվականի» հիանալի դարձումը։ Հիմա արդեն այնքան մթնել էր, որ մակույկն այլևս չէր երևում։ Բայց հակառակ բոլոր դժվարություններին, Գայլ Լարսենը շարունակում էր նավը քշել, կարծես առաջնորդվելով ինչ–որ անսխալական բնազդից։ Թեև մենք ամբողջ ժամանակ կիսով չափ թաղված էինք ջրի մեջ, սակայն նավն այլևս կողի վրա չէր պառկում։ «Ուրվականը» ուղիղ ծփաց դեպի շրջված մակույկը, բայց երբ այն բարձրացնում էին վերև, նրա տախտակները ջախջախվեցին։
Դրանից հետո լծվեցինք մի սարսափելի աշխատանքի, որը տևեց մոտ երկու ժամ։ Բոլորս՝ երկու որսորդները, երեք նավաստիները, Գայլ Լարսենը և ես, հավաքեցինք եռանկյուն առագաստն ու միջնակայմի առագաստը։ Առագաստների քչության պատճառով տախտակամածը համեմատաբար քիչ ենթարկվեց նոր ողողումների, և «Ուրվականը» խցանի պես սկսեց թռչկոտել ու ծփալ ջրի երեսին։
Ես արդեն վիրավորել էի մատներս, այնպես որ առագաստները հավաքելու ժամանակ աչքերիցս ցավի արցունքներ էին հոսում։ Եվ երբ այդ աշխատանքը վերջացավ, տղամարդու արիությունս կորցնելով, գլորվեցի հատակին՝ ուժասպառությունից գրեթե մահամերձ։
332
Թոմաս Մագրիջին սատկած մկան պես դուրս քաշեցին նավահարթակի տակից, որտեղ պատսպարվել էր վախից։ Ես հետևում էի, թե ինչպես նրան քարշ են տալիս դեպի ընդհանուր նավասենյակ, երբ հանկարծ խոր զարմանքով նկատեցի, որ խոհանոցը չքացել է։ Նրա տեղում տախտակամածի վրա մնացել էր դատարկ տարածություն։
Բոլորին գտա ընդհանուր նավասենյակում։ Այնտեղ էին նաև նավաստիները։ Փոքր վառարանի վրա սուրճ էր եփվում։ Մինչև սրճի եփվելը վիսկի խմեցինք և կրծեցինք չոր պաքսիմատ։ Կյանքումս երբեք այդքան ախորժակով չէի կերել և տաք սուրճը երբեք այնքան համով չէր թվացել։ «Ուրվականը» թռչկոտում էր, ցնցվում ու տատանվում այնպիսի մոլեգնությամբ, որ նույնիսկ նավաստիները չէին կարողանում քայլել առանց որևէ բանի հենվելու։ Մի քանի առիթով «զդո՜ւյշ» կանչից հետո մենք խմբովին գլորվեցինք ձախակողմյան խցերի միջնորմների վրա, որոնք նավի յուրաքանչյուր թեքումից հորիզոնական գիրք էին ստանում։
— Գրողի ծոցը հերթապահությունը,— ասաց Գայլ Լարսենը, երբ վերջացրինք կերուխումը։— Տախտակամածի վրա այլևս ոչինչ չենք կարող անել։ Եթե որևէ բան մոտենա մեզ, միևնույն է, բախումից չենք կարող խուսափել։ Դե՛հ, բոլորդ էլ գնացեք ու մի քիչ քնեք։
Նավաստիները գնացին նավի առաջամասը, ճանապարհին տեղավորելով ազդանշանի ջահերը, իսկ որսորդները մնացին ընդհանուր նավասենյակում քնելու, որովհետև իրենց խուցը տանող անցքի կափարիչը բանալը վտանգավոր էր։ Գայլ Լարսենը և ես, երկուսով, կտրեցինք Քերֆուտի ճմլված մատը և վերքը կապեցինք։ Մագրիջը, որ հարկադրված էր ճաշ եփել, սուրճ մատուցել, վառարանի կրակն անշեջ պահել, ու ամբողջ ժամանակ գանգատվում էր կողացավից, հիմա սկսեց պնդել, թե կողոսկրներից մեկը կամ երկուսը ջարդված են։ Քննությունից պարզվեց, որ իրականում երեք կողոսկր է ջարդվել։ Բայց նրա բուժումը հաջորդ օրվան հետաձգեցինք գլխավորապես այն պատճառով, որ ես ոչինչ չգիտեի ջարդված կողոսկրների մասին և նախ պետք է այդ մասին որոշ գրականություն կարդայի։
— Իմ կարծիքով, չարժեր, որ մի ջախջախված մակույկի համար Քելլիի կյանքը զոհեինք,— ասացի ես Գայլ Լարսենին։
— Քելլին ինքն էլ ոչ մի արժեք չէր ներկայացնում,— պատասխանեց նա։— Բարի գիշեր։
Ինձ թվում էր, թե այս ամբողջ պատահարներից հետո չպիտի կարողանայի քնել, մանավանդ որ մատներիս վերքերն անտանելի ցավում էին, միտքս տանջվում էր մնացած երեք մակույկների հետ կորած մարդկանց համար, իսկ մյուս կողմից՝ «Ուրվականը» կատաղորեն ոստոստում էր ալիքների վրա։ Բայց գլուխս հազիվ էի բարձին դրել, երբ անչափ հոգնածությունից աչքերս փակվեցին ու մինչև լույս քնեցի, մինչդեռ «Ուրվականը» առանց ղեկորդի շարունակում էր ճանապարհը փոթորկի միջով։
Գլուխ տասնութերորդ
Հաջորդ օրը մինչ փոթորիկը գնալով մեղմանում էր, Գայլ Լարսենը և ես մարդակազմության ու վիրաբուժության վերաբերյալ գրքեր թերթեցինք և ապա Մագրիջի կողոսկրները տեղը գցեցինք։ Հետո, երբ ալեկոծությունը մի քիչ հանդարտվեց, «Ուրվականը» սկսեց հեռանալ փոթորկի շրջանից և թեթևակի ուղղվեց դեպի արևելք։ Նույն ժամանակամիջոցում նավաստիները նորոգում էին մակույկներն ու պատրաստում նոր առագաստներ։ Մենք հաճախ հանդիպում էինք կորած մակույկներ փնտրող որսորդական երկկայմանավերի, որոնցից շատերն իրենց ճանապարհին փրկել էին ուրիշ երկկայմանավերի պատկանող մակույկներ ու անձնակազմեր։ Այդ երկկայմանավերի մեծ մասը գտնվում էր մեզանից արևմուտք, իսկ ծովում ցրված մակույկները խելակորույս խուճապի ժամանակ ապաստան էին գտել հենց առաջին հանդիպած նավի վրա։
Մեր մակույկներից երկուսին, իրենց լրիվ անձնակազմով, վերցրինք «Սիսկս» երկկայմանավից։ Այնուհետև, ի մեծ ուրախություն Գայլ Լարսենի և ի մեծ տրտմություն ինձ, «Սան– Դիեգոյից» հավաքեցին Սմոքին, Նիլսոնին ու Լիչին։ Հինգ օր հետո մեր անձնակազմը, բացի Հենդերսոնից, Հոլիոկից, Վիլյամսից ու Քելլիից, դարձյալ նավի վրա էր։ Ուստի որոշվեց վերսկսել որսորդությունը։
Հյուսիսային ուղղությամբ ծովակատուների երամին հետևելիս մենք հանդիպեցինք ծովային վտանգավոր մշուշների։ Երբ մակույկները իջեցնում էինք ծով, դեռ ջրի երեսին չհասած նրանք անհետանում էին մառախուղի մեջ, իսկ երկկայմանավից կանոնավոր ընդմիջումներով հնչեցնում էինք եղջերափողը և քառորդ ժամը մեկ հրանոթի կրակոցով ազդանշան տալիս։ Հաճախ մակույկները կորչում էին, հետո գտնվում։ Ծովային սովորության համաձայն, երբ որևէ երկկայմանավ փրկում էր որսորդության ընթացքում կորած մակույկները, դրանք հետո վերադարձնում էր տիրոջը։ Բայց Գայլ Լարսենը, ինչպես կարելի է ակնկալել, մեկ մակույկ պակաս ունենալով, տիրացավ հանդիպած առաջին մակույկին, որի անձնակազմին ստիպեց «Ուրվականի» համար որսալ, իսկ երբ նրանց երկկայմանավը երևաց, Լարսենը թույլ չտվեց վերադառնալ։ Հիշում եմ, թե ինչպես նա հրացանի փողը որսորդի ու երկու նավաստիների կրծքին ուղղելով պարտադրեց ներքև իջնել այն պահին, երբ նրանց երկկայմանավն անցնում էր մեր մոտով և նավապետը տեղեկություն էր հարցնում իր անձնակազմի մասին։
Թոմաս Մագրիջը, տարօրինակ համառությամբ կյանքին կառչելով, շուտով սկսեց կաղալով նորից կատարել իր կրկնակի պարտականությունը որպես խոհարար ու սպասյակ։ Ջոնսոնը և Լիչը կոպտությունների ու ծեծի էին ենթարկվում ավելի քան երբևէ, և կռահում էին, որ որսորդության սեզոնի ավարտին վերջ կգտնի նաև իրենց կյանքը։ Իսկ մնացյալ նավաստիներն իրենց անողորմ տիրոջ շնորհիվ շան կյանք էին վարում և շան պես անընդհատ աշխատում։ Ինչ վերաբերում է Գայլ Լարսենի և իմ փոխհարաբերությանը, տպա այն բավականին գոհացուցիչ էր, թեև ինձ շարունակ տանջում էր այն միտքը, թե իմ պարտքն է նրան սպանել։ Ես անչափ հմայված էի նրանով ու միաժամանակ չափազանց վախենում էի նրանից։ Համենայն դեպս, չէի կարողանում նրան մահամերձ կամ մեռած վիճակում պատկերացնել։ Նրա մեջ կա ինչ-որ անթառամ երիտասարդության հատուկ տոկունություն, որը խանգարում է այդպիսի տեսարանի պատկերացումը։ Ես նրան միայն կարող եմ պատկերացնել կենսունակ, տիրապետող, կործանող և հավերժ կենդանի։
Ծովակատուների ամենախիտ շրջանում, երբ ուժեղ ալեկոծության պատճառով մակույկները ծով չէին իջեցվում, Գայլ Լարսենը իր հետ վերցնում էր երկու թիավար ու մի նավուղիղ և գնում էր որսի։ Դա նրա հաճույքներից մեկն էր։ Լավ նշանառու լինելով, նա որսում ու բերում էր բազմաթիվ ծովակատուներ, հաճախ այնպիսի փոթորկոտ եղանակներին, երբ որսալը, որսորդների կարծիքով, միանգամայն անհնար է։ Նրա համար կարծես օդի չափ անհրաժեշտ է՝ ոգի ի բռին պայքարել ահավոր վտանգների դեմ։
Ես գնալով ավելի ու ավելի էի տիրապետում ծովագնացության գիտելիքներին։ Մի օր, երբ եղանակը պարզ էր, մի բան, որ արդեն հազվադեպ էր մեր ճանապարհորդության այդ շրջանում, ես բավարարություն ունեցա անձամբ ղեկավարելու «Ուրվականը» և հավաքելու մակույկները։ Գայլ Լարսենը տառապում էր ուժեղ գլխացավով, այնպես որ առավոտից մինչև երեկո ես կանգնեցի ղեկանիվի առջև, հետևեցի ամենավերջին մակույկին, նավը կանգնեցրի և վեց մակույկները, մեկը մյուսի հետևից, բարձրացնել տվի վերև, առանց որևէ խորհուրդ կամ հրահանգ ստանալու նավապետից։
Երբեմն-երբեմն պատահում էինք մրրիկների, որովհետև գտնվում էինք փոթորկոտ գոտում, իսկ հունիսի կեսին վրա հասավ մի թայֆուն, որն ինձ համար եղավ կարևոր ու հիշարժան իրադարձություն, որովհետև զգալի փոփոխություն մտցրեց կյանքիս մեջ։ Մենք, ըստ երևույթին, գտնվում էինք այդ բոլորակապտույտ փոթորկի կենտրոնում, բայց Գայլ Լարսենը կարողացավ դուրս բերել նավը և ուղղել դեպի հարավ, նախ փոքրացած եռանկյուն առագաստով, ապա՝ այն բոլորովին հավաքելով։ Ես կյանքումս չէի տեսել այդպիսի ահագին կոհակներ։ Նախկինում իմ տեսած ալիքները պարզապես վետվետումներ էին այդ կոհակների համեմատությամբ, որոնց կատարներն իրարից բաժանվում էին կես մղոնով և բարձրանում ավելի վեր, քան մեր ամենաերկար կայմի գագաթը։ Հետևաբար Գայլ Լարսենը չհամարձակվեց նավը տեղում ծփացնել, չնայած որ քշվում էինք դեպի հարավ և այդպիսով հեռանում ծովակատուների երամից։
Երբ թայֆունը մեղմացավ, մենք արդեն գտնվում էինք անդրատլանտյան շոգենավերի ճանապարհի վրա, և այստեղ, ի մեծ զարմանք որսորդների, մեզ շրջապատեց ծովակատուների մի երկրորդ երամ, որը, ըստ որսորդների հայտարարության, «վերջապահ գունդն» էր։ Դա շատ անսովոր մի երևույթ էր։ Իսկույն հրաման արձակվեց մակույկներն իջեցնել։ Սկսվեց հրացանների կրակոցը, և անողորմ սպանդը շարունակվեց մինչև երեկո։
Ահա այդ երեկոյան էր, որ Լիչը մոտեցավ ինձ։ Ես նոր էի վերջացրել վերջին մակույկի բերած մորթիների հաշվարկումը, երբ նա կանգնեց իմ կողքին և մթության մեջ ցածրաձայն ասաց.
— Կարո՞ղ եք ինձ ասել, միստր Վան-Վեյդեն, թե որքան հեռու ենք ցամաքից և ո՞ր կողմն է Յոկոհաման։
Սիրտս ուրախությունից խայտաց, որովհետև կռահեցի նրա միտքը։ Ես նրան հայտնեցի, թե Յոկոհաման գտնվում է հինգ հարյուր մղոն դեպի հյուսիս-արևմուտք։
— Շնորհակալ եմ, սը՛ր,— ասաց նա և անհետացավ խավարում։
Հաջորդ առավոտյան № 3 մակույկը, Ջոնսոնը և Լիչը չքացել էին։ Չքացել էին նաև մյուս մակույկների ջրի տակառներն ու սննդամթերքի արկղները, ինչպես և փախստականների անկողիններն ու իրեղենների տոպրակները։ Գայլ Լարսենը գազազած էր։ Նա առագաստները պարզեց և նավն ուղղեց դեպի հյուսիս–արևմուտք։ Մինչ նա կատաղած առյուծի նման անցուդարձ էր անում տախտակամածի վրա, երկու որսորդ կայմահարթակներից հեռադիտակով խուզարկում էին ծովը։ Գայլ Լարսենը քաջ գիտեր փախստականների հանդեպ իմ ունեցած համակրանքը և դրա համար էլ ինձ վերև չէր ուղարկել նրանց որոնելու։ Քամին մեղմ էր, բայց անկանոն, այնպես որ ավելի հեշտ կլիներ հարդի տոպրակում ընկած որևէ ասեղ գտնել, քան անսահման կապույտ տարածության մեջ կորած փոքր մակույկը։ Այնուամենայնիվ, Գայլ Լարսենը «Ուրվականի» ընթացքը հնարավորին չափ արագացրեց, որպեսզի փախստականների և ցամաքի միջև դիրք գրավի։ Այդ գոտին հասնելուց հետո նա սկսեց ետ ու առաջ նավարկել այն մասում, որտեղից, իր կարծիքով, պետք է անցներ մակույկը։
Խուզարկության երրորդ օրվա առավոտյան, ժամը ութը հայտարարող զանգակի հարվածներից քիչ հետո, Սմոքը իր կայմահարթակից գոչեց, թե մակույկը երևում է։ Բոլոր նավաստիներն իսկույն մոտեցան նավեզրին։ Արևմուտքից փչող կծու քամին խոստանում էր հետզհետե ավելի սաստկանալ։ Քամու ներհակ կողմում, արշալույսի ճառագայթների տակ արծաթագույն ցոլքեր արձակող ծովի վետվետուն մակերեսին հայտնվեց մի սև բիծ, որը մերթ երևում, մերթ անհետանում էր։
Նավի ընթացքը փոխելով, մենք սլացանք այդ բծի ուղղությամբ։ Սիրտս ճնշված էր, ասես կապարի ծանրության տակ։ Պատահելիքը նախատեսելով, ես հիվանդի պես գլխապտույտ էի զգում, և երբ Գայլ Լարսենի աչքերում տեսա հաղթանակի փայլատակումը, տեսողությունս հանկարծ պղտորվեց ու նրա վրա նետվելու մի ներքին անդիմադրելի մղում զգացի։ Լիչին ու Ջոնսոնին սպառնացող մոտալուտ խոշտանգման գաղափարն ինձ այնքան կատաղեցրեց, որ, ըստ երևույթին, խելքս կորցրի։ Ես խոյացա դեպի որսորդների խուցը, վերցրի լցված մի հրացան և հազիվ սկսել էի տախտակամած բարձրանալ, երբ լսեցի մի ձայն, որն ապշահար գոչում էր.
— Հի՜նհ մարդ կա մակույկի մեջ...
Ես, թուլացած ու դողդոջուն, սանդուղքի բազրիքին հենվեցի։ Տախտակամածի վրա գտնվող մյուս նավաստիներն իրենց դիտողություններում հաստատում էին նույն իրողությունը։ Ծնկներս ծալվեցին և ես նստեցի աստիճանների վրա։ Երբ մի քիչ զգաստացա, իմ ձեռնարկելիք արարքի գիտակցությունը խոր սարսափով համակեց ինձ։ Շնորհակալ լինելով բախտիս, հրացանը տեղը դրի և բարձրացա տախտակամած։
Ոչ ոք չէր նկատել իմ բացակայությունը։ Նավակն արդեն բավական մոտ էր, և մենք նկատեցինք, որ այն ավելի մեծ է որսորդական մակույկներից ու տարբեր կառուցվածք ունի։ Երբ բոլորովին մոտեցանք, նավակում գտնվողներն իրենց առագաստը հավաքեցին, կայմը իջեցրին և թիակները թիակալների վրա հաստատելով, սպասեցին, որ նավը կանգնեցնենք ու նրանց տախտակամած բարձրացնենք։
Սմոքը, որը կայմահարթակից իջել և այժմ կանգնած էր ինձ մոտ, նշանակալից կերպով քրքջաց։ Ես հարցական հայացքով նայեցի նրան։
— Խառնաշփոթություն է սկսվելու,— քրքրջաց նա։
— Ինչո՞ւ,— հարցրի ես։
Սա նորից քրքհաց։
— Չե՞ք տեսնում, թե ով կա այնտեղ, խելամասի խորքում։ Եթե նա կին չէ, ապա ես սրանից հետո կհրաժարվեմ ծովակատու որսալուց...
Ես ուշի-ուշով նայեցի, բայց չհամոզվեցի, մինչև որ բացականչություններ բարձրացան ամեն կողմից։ Նավակում կային չորս տղամարդ, իսկ հինգերորդը, անկասկած, կին էր։ Բոլորս էլ չափազանց գրգռվել էինք, բացի Գայլ Լարսենից, որն ակներևորեն հուսախաբվել էր, որ դա իր մակույկը չէ և իր չարակամության զոհերը չկային։
Մենք եռանկյուն առագաստը պարզեցինք հողմընթաց ուղղությամբ, միջնակայմի առագաստի թոկասարքը թուլացրինք և նավն սկսեց ծփալ իր տեղում։ Նավակում գտնվողները թիակի մի քանի հարվածով հասան «Ուրվականի» մոտ։ Այժմ ես կարողացա ավելի պարզ տեսնել կնոջը։ Նա փաթաթված էր խոշոր վերարկուի մեջ, որովհետև առավոտը ցուրտ էր։ Ուստի ես տեսա միայն նրա դեմքը և բաց-շագանակագույն մազափնջերը, որոնք դուրս էին թափվել ծովային գդակի տակից։ Աչքերը խոշոր էին, շագանակագույն ու լուսաշող, բերանը գեղեցիկ և զգայուն, իսկ նուրբ ու ձվաձև դեմքը, արևից ու քամուց այրվելով, կարմրել էր։
Այդ պահին ինձ թվաց, թե նա ինչ-որ այլ աշխարհից եկած էակ է։ Եվ նրա նկատմամբ զգացի այն անզուսպ մղումը, որ սովահար մարդն ունենում է դեպի հացը։ Չէ՞ որ երկար ժամանակից ի վեր որևէ կնոջ չէի տեսել։ Ահա թե ինչ բան է կին արարածը, մտածեցի ես, այս միտքը խոր զարմանքով, գրեթե ապշությամբ, համակեց ինձ. ես մոռացա նավապետի օգնականի պարտականություններս և չմասնակցեցի նորեկներին նավ բարձրացնելու գործին։ Նավաստիներից մեկը կնոջը գրկելով, բարձրացրեց ու հանձնեց Գայլ Լարսենին, որը ձեռքերը մեկնել էր դեպի ներքև։ Նույն պահին անծանոթուհին նկատեց մեր հետաքրքիր դեմքերը և զվարճությունից ժպտաց այնպիսի քաղցրությամբ, ինչպես կանայք միայն կարող են ժպտալ։ Ես վաղուց չէի տեսել նման ժպիտ և արդեն մոռացել էի, որ աշխարհում այդպիսի ժպիտներ գոյություն ունեն։
— Միստր Վան-Վեյգե՛ն։
Գայլ Լարսենի ձայնը հանկարծ սթափեցրեց ինձ։
— Բարեհաճեցեք այս տիկնոջը առաջնորդել ներքև ու նրա համար հարմարություններ ստեղծել։ Խոհարարին կարգադրեցեք, որ կարգի բերի ձախակողմյան նավեզրի ազատ խցիկը։ Տեսեք նաև, թե ինչ կարող եք անել տիկնոջ դեմքի համար, որը խիստ այրվել է։
Նա կտրուկ շարժումով շուռ եկավ և, եկվոր տղամարդկանց մոտենալով, սկսեց հարցուփորձել։ Հորձանքը նրանց նավակը քշել, հեռացրել էր ցամաքից, իսկ դա, ինչպես ասաց փրկվածներից մեկը, «պարզապես խայտառակություն էր», քանի որ նավակը այնքան մոտ էր Յոկոհամային։
Անծանոթուհուն ուղեկցելիս, ինձ չափազանց երկչոտ էի զգում և միաժամանակ՝ անճարտար։ Կարծես կյանքումս առաջին անգամ էի հասկանում, թե ինչքան շնորհալի ու դյուրաբեկ էակ է կինը։ Աստիճաններով իջնելիս ես նրա թևը բռնեցի օգնելու համար, և ապշությամբ նկատեցի, թե որքան փոքր ու փափուկ է այդ թևը։ Որպես կին, նա իրոք նուրբ ու քնքուշ էր, իսկ ինձ համար՝ այնքան եթերային, որ վախենում էի, թե թևը կճզմվի իմ ձեռքի սեղմումից։ Այս ամենը ես անկեղծությամբ պատմում եմ միայն բացատրելու համար, թե կանանց շրջապատից երկար զրկվելուց հետո ինչպիսին էր իմ տպավորությունն ընդհանրապես կանանց և մասնավորապես Մոդ Բրուստերի նկատմամբ։
— Կարիք չկա, որ ինձ համար այդքան նեղություն քաշեք,— առարկեց նա, երբ խնդրեցի նստել բազկաթոռին, որը շտապ բերել էի Գայլ Լարսենի խցից։— Այս առավոտ րոպե առ րոպե սպասում էինք, որ ցամաքը կտեսնենք։ Երևի գիշերը նավահանգիստ կհասնենք, այո՞։
Մոտավոր ապագայի նկատմամբ նրա անմեղ հավատն ինձ շփոթության մատնեց։ Ինչպե՞ս բացատրել իրերի ճշմարիտ դրությունը, խոսել այդ տարօրինակ մարդու մասին, որը հպարտ շրջում է ծովի վրա, ինչպես չարաշուք ճակատագիր, և պատմել այն ամենը, որ տեսել էի վերջին ամիսների ընթացքում։ Ես ագնվորեն պատասխանեցի.
— Եթե մեր նավապետի փոխարեն մի ուրիշը լիներ, ես ձեզ կասեի, որ վաղը առավոտ Յոկոհամա կհասնենք։ Բայց մեր նավապետը տարօրինակ մարդ է, և ես ձեզ խնդրում եմ պատրաստ լինել ամեն ինչի, հասկանո՞ւմ եք, ամեն ինչի։
— Ես... ես խոստովանում եմ, որ ձեզ չեմ հասկանում...— նա մի պահ վարանեց և նրա աչքերում երևաց ոչ թե վախի, այլ վրդովմունքի արտահայտություն։— Կամ գուցե սխալվել եմ կարծելով, որ նավաբեկյալների նկատմամբ միշտ ուշադիր են լինում։ Այնքան չնչին բան է դա. չէ՞ որ շատ մոտ ենք ցամաքին։
— Ճիշտն ասած, այդ չգիտեմ,— աշխատեցի հանգստացնել նրան։— Ես պարզապես ուզեցի ձեզ նախապատրաստել վատագույնին, եթե այն իրոք պետք է պատահի։ Այդ մարդը՝ նավապետը, մի գազանաբարո հրեշ է, և ոչ ոք չի կարող կռահել, թե ինչպիսին կլինի նրա հաջորդ արտառոց արարքը։
Ես սկսել էի հուզվել, բայց նա ինձ ընդհատեց.
— Այո, այո, հասկանում եմ,— ասաց նա թույլ ձայնով։ Ակնհայտորեն նա դժվարությամբ էր կարողանում մտքերը հավաքել։ Պարզ երևում էր, որ հոգնածությունից հանկարծ կուշաթափվի։
Նա այլևս ոչ մի հարց չտվեց, ես էլ իմ կողմից ուրիշ ակնարկություններ չարեցի և, հետևելով Գայլ Լարսենի հրահանգին, ջանացի հանգստավետության բոլոր հնարավոր պայմաններն ստեղծել։ Տանտիրուհուն վայել փութեռանդությամբ դեսուդեն ընկնելով, հանգստացուցիչ օծանելիքներ ճարեցի այրվածքի համար, Գայլ Լարսենի սեփական պահեստը խուժելով, այնտեղից վերցրի մի շիշ պորտվեյն և ապա, Թոմաս Մագրիջին կանչելով, իմ հսկողության տակ կարգի բերել տվի ազատ խցիկը։
Քամին արագորեն սաստկանում էր և նավաթեքումները գնալով ավելի էին ուժեղանում։ Երբ խցիկը կարգի բերվեց, «Ուրվականը» ալիքները ճեղքելով սլանում էր սրնթաց։ Ես բոլորովին մոռացել էի Լիչի և Ջոնսոնի գոյությունը, երբ հանկարծ «ահա մակույկը» աղաղակը որոտի նման ականջիս հասավ նավասանդուղքի բաց անցքի միջով։ Դա Սմոքի ձայնն էր, որ գալիս էր կայմահարթակից։ Ես մի հայացք նետեցի եկվորուհու վրա, բայց նա հոգնած, աչքերը փակ, հենվել էր բազկաթոռի թիկունքին։ Ենթադրելով, որ նա կարող է լսած լինել Սմոքի աղաղակը, որոշեցի թույլ չտալ, որ ականատես լինի այն վայրագ տեսարանին, որն անպայման պիտի հաջորդեր փախստականների ձերբակալությանը։ Բայց նա ուժասպառ էր։ Ավելի լավ։ Ուրեմն, թո՛ղ քնի։
Տախտակամածի վրա կտրուկ հրամաններ արձակվեցին, լսվեցին ոտնաձայներ ու առագաստների շաչոցներ, և «Ուրվականը» իր ընթացքը փոխեց։ Բայց շուռ գալիս նավը թեքվեց մեկ կողմի վրա, և խցիկում բազկաթոռն սկսեց սահել։ Ես ցատկեցի և ճիշտ ժամանակին կարողացա իմ ուղեկցուհուն պահել, որ չգլորվի հատակին։
Նրա նվաղուն ու քնաթաթախ աչքերը զարմանքով ինձ նայեցին։ Իսկ երբ նրան առաջնորդում էի իր խցիկը, ոտքերր քայլելիս երերում ու սայթաքում էին։ Թոմաս Մագրիջը նշանակալից արտահայտությամբ ժպտաց երեսիս։ Ես նրան դուրս քշեցի և հրամայեցի գնալ ու խոհանոցի գործերով զբաղվել։ Նա իր վրեժը լուծեց՝ գունազարդված կերպով որսորդներին պատմելով, թե ես ինձ դրսևորել եմ որպես առաջնակարգ «լեյդիի աղախին»։
Անծանոթուհին ամբողջ մարմնով հենվեց վրաս և ինձ թվաց, թե բազկաթոռից մինչև խցիկ հասնելը նա ճանապարհին նորից է քնել։ Իմ կարծիքը հաստատվեց, երբ նավի մի հանկարծական ցնցումից նա գլորվեց անկողնու վրա։ Նա գլուխը բարձրացրեց, թմրած արտահայտությամբ ժպտաց ու նորից թաղվեց քնի մեջ։ Ես նրա գլուխը տեղավորեցի մի բարձի վրա, որը վերցրել էի Գայլ Լարսենի անկողնուց, նրան ծածկեցի երկու ծանր վերմակով և դուրս եկա։
Գլուխ տասնիններորդ
Տախտակամած բարձրանալով, տեսա, որ «Ուրվականը» մոտենում է փախստականների մակույկին, որը ցոկակայմի առագաստը պարզած՝ մեզ պես ընթանում էր քամու հակառակ ուղղությամբ։ Ամբողջ նավազախումբը տախտակամածի վրա էր, որովհետև բոլորն էլ գիտեին, թե ինչ է կատարվելու, երբ Լիչը և Ջոնսոնը նավ բարձրացվեն։
Զանգակի չորս ղողանջ լսվեց, Լուիսը խելամաս ելավ, որպեսզի ղեկորդին փոխարինի։ Օդը խոնավ էր և ես նկատեցի, որ նա հագել էր մոմլաթե վերարկու։
— Քո կարծիքով ի՞նչ կարող է պատահել,— հարցրի ես։
— Հողմից դատելով մի թեթև փոթորիկ, սըր,— պատասխանեց նա։— Եվ թեթև անձրև, այնքան, որ միայն մեր ականջները մի քիչ կթրջվեն, ոչ ավելի։
Մի խոշոր կոհակ, ցռուկին խփելով, մեկ կողմնամաս շեղեց նավի ընթացքը և նույն պահին եռանկյուն առագաստների արանքից երևաց մակույկը։
— Ինչքա՜ն վատ եղավ, որ հայտնաբերեցինք նրանց,— ասացի ես։
Լուիսը մի կողմնամաս պտտեց ղեկանիվը և կարճ լռությունից հետո ասաց.
— Ես կարծում եմ, որ նրանք երբեք չեն հասնի ցամաք։
— Մի՞թե։
— Այո, սըր։ Չե՞ք զգում այս քամին։— Նույն պահին քամու մի թեթև հոսանք թեքեց երկկայմանավի ընթացքը և Լուիսր իսկույն ղեկանիվը պտտեց՝ դուրս գալու համար հոսանքից։— Այդ ձվի կեղևը չի կարող դիմանալ ծովին, որ ալեկոծվելու է մի ժամից,— շարունակեց նա։— Նրանց համար մեծ բախտավորություն է, որ օգնության ենք հասնում։
Գայլ Լարսենը, որը տախտակամածի վրա խոսում էր նորեկ նավաստիների հետ, մոտեցավ նավախելի հարթակին։ Այդ րոպեին նրա քայլվածքում սովորականից ավելի էր շեշտված կատուներին հատուկ ճկունությունը, և աչքերը փայլում էին դաժանությամբ։
— Երեքը՝ յուղ քսող են, իսկ չորրորդը՝ մեխանիկ,— ասաց նա, ինձ ողջունելով։— Բայց նրանց նավաստի կդարձնենք կամ թիավար։ Իսկ ինչպե՞ս է տիկինը։
Տիկնոջ մասին նրա հիշատակությունը, չգիտեմ ինչու, դանակի պես խոցեց ինձ։ Ես կարծեցի, թե այդ զգացողությունը պարզապես անմիտ դժկամության արդյունք է, սակայն ինձանից անկախ, չկարողացա դրանից ազատվել։ Պատասխանի փոխարեն ես ուսերս թոթվեցի։
Գայլ Լարսենը շրթները կլորացնելով մի երկար, ծաղրական սուլոց արձակեց։
— Ինչպե՞ս է նրա անունը։
— Չգիտեմ,— պատասխանեցի ես,― նա քնած է։ Շատ հոգնած է երևում։ Ճիշտն ասած՝ ես ինքս ձեզանից տեղեկություն եմ սպասում։ Ի՞նչ նավից են նրանք։
— Փոստային «Տոկիո քաղաք» շոգենավից, որը Ֆրիսկոյից գնում էր Յոկոհամա,― պատասխանեց նա։— Այդ հնացած տաշտը խորտակվել է թայֆունի ժամանակ։ Մաղի նման բացվել է վերից-վար։ Իսկ սրանք չորս օր ալիքների խաղալիք են դարձել... Ուրեմն չգիտե՞ք, թե ո՞վ է նա, օրիո՞րդ է, տիկի՞ն, թե՞ այրի։ Դե լա՜վ, լա՜վ...
Նա ծաղրական արտահայտությամբ գլուխը շարժեց և ինձ նայեց ծիծաղկոտ աչքերով։
— Դուք...— սկսեցի ես, և քիչ էր մնում հարցնեի, թե նավաբեկյալներին Յոկոհամա հասցնելո՞ւ է։
— Ես՝ ի՞նչ...— հարցրեց նա։
— Ի՞նչ եք մտադիր անել Լիչին ու Ջոնսոնին։
Նա գլուխն օրորեց։
— Ճիշտն ասած՝ չգիտեմ, Հեմփ։ Հիմա, որ նավաբեկյալներն ավելացան անձնակազմի վրա, արդեն պետք եղածին չափ մարդ ունեմ նավում։
— Լիչը և Ջոնսոնը արդեն բավական տանջվեցին այս փախուստի ժամանակ։ Գուցե ձեր վերաբերմունքը փոխեիք նրանց նկատմամբ։ Լավ կլիներ, որ նրանց ետ ընդունեիք և փորձեիք հետները մեղմ վարվել։ Այն, ինչ նրանք արեցին, պարզապես ստիպված էին անելու։
— Իսկ ո՞վ է ստիպել, ե՞ս։
— Այո, դուք,— պատասխանեցի հաստատակամությամբ։— Եվ ես ձեզ նախազգուշացնում եմ, Գայլ Լարսեն, որ կարող եմ իմ կյանքից հրաժարվելով ձեզ սպանել, եթե շարունակեք այդ խեղճ մարդկանց հետ վատ վարվել։
— Կեցցե՛ս,— գոչեց նա,— հպարտ եմ ձեզանով, Հեմփ։ Վրեժխնդրության զգացմունքի շնորհիվ դուք ձեր սեփական ոտքերը գտաք և դարձաք ինքնուրույն անհատականություն։ Դուք դժբախտ էիք այն ժամանակ, երբ հեշտ կյանք էիք վարում, իսկ այժմ արգեն զարգանում եք։ Հենց դրա համար էլ ձեզ ավելի եմ հավանում։
Նրա ձայնի հնչյունը հանկարծ փոխվեց և դեմքը լուրջ արտահայտություն ստացավ։
— Դուք հավատո՞ւմ եք խոստումների,— հարցրեց նա։— Արդյո՞ք նվիրական բաներ են դրանք։
— Անշուշտ,— պատասխանեցի ես։
— Այդ դեպքում ես ձեզ առաջարկում եմ հետևյալ համաձայնությունը,— շարունակեց Գայլ Լարսենը, որ անզուգական դերասան էր։— Եթե խոստանամ ձեռք չտալ Լիչին ու Ջոնսոնին, դուք էլ կխոստանա՞ք ինձ սպանելու փորձ չանել... Բայց չկարծեք, թե ձեզանից վախենում եմ,— շտապեց ավելացնել նա,— բնավ չկարծեք, թե վախենում եմ։
Ես հազիվ էի հավատում ականջներիս։ Ի՞նչ էր պատահել այս մարդուն։
— Համաձա՞յն եք,— հարցրեց նա անհամբերությամբ։
— Համաձայն եմ,— պատասխանեցի ես։
Նա ձեռքը մեկնեց, և երբ ջերմորեն սեղմում էի այն, նրա աչքերում որոշակիորեն տեսա դիվային ծաղրանքի ինչ-որ նշույլ, որը տևեց միայն մի ակնթարթ։
Նավախելի հարթակից ուղղվեցինք դեպի հողմազերծ կողմը։ Հիմա մակույկն արդեն շատ մոտ էր, և փախստականների դրությունը՝ հուսահատական։ Ջոնսոնը ղեկն էր վարում, իսկ Լիչը՝ ջուրը դատարկում։ Մենք նրանցից կրկնապատիկ արագ էինք առաջանում։ Գայլ Լարսենը Լուիսին նշան արեց, որ մի քիչ շեղի նավի ուղղությունը, և մենք մոտ քսան ոտնաչափով անցանք մակույկը՝ հողմընթաց կողմից։ Այդպիսով «Ուրվականը» խափանեց մակույկի քամին, որի առագաստը, դատարկվելով, կախ ընկավ։ Երբ մակույկը հորիզոնական դիրք ստացավ, երկու նավաստիները շտապ փոխեցին իրենց դիրքը՝ նույն րոպեին մի հսկա ալիք մեզ բարձրացրեց վերև, իսկ մակույկը սահեց ալիքի գոգը։
Այդ պահին Լիչը և Ջոնսոնը վերև նայելով, դիտեցին իրենց ընկերներին, որոնք շարված էին նավաբազրիքի երկայնքով։ Բայց նավից ոչ ոք չողջունեց նրանց։ Նրանք արդեն մեռյալներ էին իրենց ընկերների աչքում, և երկու կողմերի միջև բացված էր այն վիհը, որը բաժանում է կյանքը մահից։
Հաջորդ րոպեին մակույկր գտնվում էր նավախելի հարթակի դիմաց, որտեղ կանգնել էինք ես և Գայլ Լարսենը։ Այժմ մենք սահում էինք ալիքի գոգավորության մեջ, իսկ նրանք բարձրանում էին նրա կատարը։ Ջոնսոնը նայեց ինձ, և ես տեսա նրա նիհարած, տանջալից դեմքը։ Երբ ձեռքով ողջունեցի, նա պատասխանեց անհույս և վհատ շարժումով, ասես հրաժեշտ էր տալիս։ Ես Լիչի աչքերին չհանդիպեցի, որովհետև նա նայում էր Գայլ Լարսենին խոր ու անհաշտ ատելությունից ծամածռված դեմքով։
Հետո նրանք հայտնվեցին նավի հետևում։ Նրանց առագաստը հանկարծ օդով լցվեց, և դյուրաբեկ մակույկը այնքան ուժեղ թեքվեց, որ քիչ մնաց շրջվեր։ Նույն րոպեին մի ահագին կոհակ խոյացավ վերև, ապա փուլ եկավ մակույկի վրա, ձյունասպիտակ փրփուրներ արձակելով։ Մակույկը նորից հայտնվեց, կիսով չափ ողողված։ Այժմ Լիչը ջուր էր դատարկում, իսկ Ջոնսոնը, հուսահատ ու դժգույն դեմքով, կառչած էր խելամասի թիակին։
Գայլ Լարսենը մի կարճ, դաժան քրքիջ արձակեց և ուղղվեց դեպի հարթակի հողմընթաց եզրը։ Ես կարծում էի, թե «Ուրվականը» կանգնեցնելու հրաման կտա, բայց նա ոչ մի նշան չարեց, և նավը շարունակեց իր ընթացքը։ Լուիսը անվրդով կանգնած էր ղեկանիվի մոտ, բայց առաջամասում խմբված նավաստիները հուզված դեմքերով մեր կողմն էին նայում։ «Ուրվականը» շարունակեց հեռանալ և մակույկը հետզհետե փոքրանալով, վերածվեց մի պստլիկ կետի։ Այն ժամանակ հնչեց Գայլ Լարսենի ձայնը, և նավաստիները հրահանգ ստացան՝ նավը շրջել դեպի աջ։
Մենք ընթացել էինք քամու հակառակ ուղղությամբ և ավելի քան երկու մղոն հեռացել ալիքների դեմ մաքառող մակույկից, երբ նավաստիները եռանկյուն առագաստը հավաքեցին, և նավն սկսեց ծփալ իր տեղում։ Որսորդական մակույկները քամու դեմ նավարկելու հարմարություններ չունեն։ Դրա համար որսի ժամանակ նրանք ընդհանրապես հողմընթաց դիրք են գրավում, և երբ քամին ուժեղանում է, նրանց քշում է դեպի երկկայմանավը։ Իսկ այժմ, այս անծայրածիր ամայության մեջ Լիչը և Ջոնսոնը ուրիշ ոչ մի ապաստան չունեին, բացի «Ուրվականից»։ Ուստի նրանք սկսեցին հաստատակամորեն նավարկել քամու դեմ։ Սակայն այսպիսի ալեկոծ ծովի վրա առաջանալը բավական դժվար էր։ Մեկ րոպեից մյուսը մակույկը կարող էր խորտակվել մոլեգնած ալիքների մեջ։ Քանի-քանի անգամ մենք տեսանք, թե ինչպես նա բարձրանում է կոհակների գագաթը և խցանի նման ետ շպրտվում։
Ջոնսոնը առաջնակարգ նավաստի էր։ Նա փոքր նավակներին նույնքան քաջածանոթ էր, որքան և երկկայմանավերին։ Մեկուկես ժամ հետո նա արդեն մոտեցել էր մեզ, անցել էր «Ուրվականի» նավախելը և ձգտում էր ավելի առաջ գնալ։
— Վերջապես մտքներդ փոխեցի՞ք,— մռթմռթաց Գայլ Լարսենը, որը խոսում էր ինքն իրեն և միաժամանակ դիմում փախստականներին, կարծես նրանք կարող էին իրեն լսել։— Ուրեմն ուզում եք նավ վերադառնալ, հա՞։ Որ այդպես է, մեզ հետևեցեք, ինչքան ուզում եք։
― Քշի՛ր քամու ուղղությամբ,— գոչեց նա Ուֆտի-Ուֆտիին, որը, Լուիսին փոխարինելով, վարում էր ղեկանիվը։
Հրամաններն իրար հաջորդեցին։ Առաջակայմի և միջնակայմի առագաստների թոկերը թուլացվեցին, և նավը ճամփա ելավ։ «Ուրվականը» սլանում էր քամուն համընթաց, թռչկոտելով ալիքների վրա, երբ Ջոնսոնը, որը գտնվում էր մոտ հարյուր ոտնաչափ հեռու, մահն աչքն առնելով, առագաստի պարանը թուլացրեց և խաչաձև կտրեց «Ուրվականի» ակոսած հետքը։ Գայլ Լարսենը նորից քրքջաց և ձեռքով փախստականներին հրավիրեց, որ նավին հետևեն։ Ակնհայտորեն նա ուզում էր նրանց հոգու հետ խաղալ և փոխանակ ծեծելու՝ մի լավ դաս տալ, թեև դա վտանգավոր դաս էր, քանի որ դյուրաբեկ նավակը կարող էր ամեն րոպե խորտակվել։
Ջոնսոնը շտապ փոխեց մակույկի ընթացքը և սկսեց մեզ հետևել։ Նա ոչ մի այլ ելք չուներ։ Մահը ամեն կողմից դարանակալ հետապնդում էր նրանց, վաղ թե ուշ այդ հսկա կոհակներից մեկը պիտի փուլ գար մակույկի վրա և, շրջելով, պիտի անցներ վրայից։
— Մահվան ահը մտել է նրանց փորը...— ցածրաձայն ասաց Լուիսը, երբ անցնում էի նրա կողքով՝ եռանկյուն առագաստները հավաքել տալու համար։
— Գայլ Լարսենը շուտով նավը կկանգնեցնի և նրանց կվերցնի,— պատասխանեցի ես զվարթությամբ։— Նա, ըստ երևույթին, ուզում է նրանց մի լավ դաս տալ, ուրիշ ոչինչ։
Լուիսը նայեց ինձ խորաթափանց հայացքով։
— Այդպե՞ս եք կարծում,— հարցրեց նա։
— Անշուշտ,— պատասխանեցի ես։— Իսկ դո՞ւ։
— Ես հիմա մտածում եմ միայն իմ մաշկի մասին,– եղավ նրա պատասխանը։— Բայց ինձ մեծ զարմանք է պատճառում իրերի այս վիճակը։ Ահա թե ինչպիսի փորձանքի մեջ գցեց ինձ Ֆրիսկոյում խմածս վիսկին... Բայց դուք ավելի մեծ փորձանքի մեջ ընկաք այդ կնոջ պատճառով։ Է՜հ, միայն ես գիտեմ, թե դուք ինչքա՛ն միամիտ եք։
— Ի՞նչ ես ուզում ասել,— իսկույն հարցրի ես, որովհետև այդ սլաքն արձակելուց հետո նա պատրաստվում էր հեռանալ։
— Ինչ եմ ուզում ասե՞լ,— գոչեց նա։— Գոնե դուք չպետք է այդ հարցը տայիք... Կարևորն այն չէ, թե ես ինչ եմ ուզում ասել, այլ այն, թե Գայլը ի՞նչ է ասելու։ Այո, Գայլը, հենց ինքը՝ Գայլը։
— Որևէ փորձանքի դեպքում իմ կողմը կլինե՞ս,— հարցրի ես բնազդաբար, որովհետև նա ճշգրտորեն արտահայտել էր իմ հոգում թաքնված վախը։
— Ձեր կո՞ղմը։ Ես միայն գիրուկ Լուիսի կողմը կլինեմ, իսկ փորձանքը բավականին մեծ է լինելու։ Սա դեռ սկիզբն է, ես ձեզ բան եմ ասում, սա դեռ միայն սկիզբն է։
— Ես չէի կարծում, որ այդքան վախկոտ ես,— ասացի հեգնանքով։
Նա մի արհամարհական հայացք նետեց ինձ վրա։
— Եթե ես մատս մատիս չխփեցի այդ խեղճ հիմարի համար,— ասաց նա, ձեռքը շարժելով նավախելի կողմը գտնվող մակույկի ուղղությամբ,— կարծում եք այնքան տխմա՞ր եմ, որ գլուխս ջարդել տամ մի կնոջ համար, որին երբեք չէի տեսել սրանից առաջ։
Ես քամահրանքով շուռ եկա և ուղղվեցի դեպի նավախել։
— Հայեկի առագաստը հավաքել տվեք, միստր Վան-Վեյդեն,— ասաց Գայլ Լարսենը, երբ նավահարթակ բարձրացա։
Ես հանգստացա փախստականների ճակատագրի համար։ Ակնհայտ էր, որ Լարսենը չէր ուզում շատ հեռանալ նրանցից։ Այս միտքն ինձ հուսադրեց, և ես իսկույն գործադրեցի հրամանը։ Հազիվ էի հրահանգներ տվել, երբ մի քանի նավաստի փութեռանդությամբ նետվեցին թոկերի վրա, իսկ ուրիշները կայմապարանով մագլցեցին վերև։ Գայլ Լարսենը նկատեց այս փութեռանդությունը և նրա դեմքին մի չարաշուք ժպիտ գծագրվեց։
Մենք շարունակեցինք հեռանալ, և երբ մակույկը մի քանի մղոն ետ մնաց, նավը կանգնեցրինք ու սպասեցինք։ Բոլորս դիտում էինք մակույկի մոտենալը, անդամ Գայլ Լարսենը, որը միակ անվրդով մարդն էր նավի վրա։ Լուիսը, որը դիտում էր սևեռուն հայացքով, չկարողացավ թաքցնել հուզմունքը, որ բացահայտ երևում էր դեմքին։
Մակույկը կանաչ ու փրփրուն ջրի վրա տատանվելով, ավելի ու ավելի էր մոտենում։ Նա ինչ-որ կենդանի էակի նման մագլցում էր հսկա կոհակների գագաթը, վայր սահելով անհետանում էր, ապա նորից երևում և ցռուկը տնկած՝ վեր նետվում։ Երբեմն թվում էր, թե այդ փոքրիկ մակույկն այլևս անկարող է տոկալու, և սակայն յուրաքանչյուր գլխապտույտ թռիչքով նա մի նոր հրաշք էր գործում։ Մեկ էլ ուժեղ մի անձրև սկսվեց և քիչ հետո ջրային շղարշի միջից մակույկը դուրս ցցվեց, համարյա նավի կողքին։
— Դեպի քամի՛ն,— գոչեց գայլ Լարսենը և, ինքն անձամբ նետվելով ղեկանիվի վրա, սկսեց արագ-արագ պտտել այն։
«Ուրվականը» նորից հեռացավ քամու ուղղությամբ, և Ջոնսոնն ու Լիչը մոտ երկու ժամ մեզ հետևեցին։ Մենք կանգնում էինք, ապա նորից հեռանում, նորից կանգնում, նորից առաջանում, իսկ այդ ամբողջ ժամանակ մեր հետևից եկող փոքրիկ առագաստը սլանում էր կոհակների գագաթը և թավալվում անդնդախոր գոգավորությունների մեջ։ Մակույկը մեզնից մոտ քառորդ մղոն հեռու էր, երբ անձրևի մի նոր տարափ ծածկեց նրան մեր տեսողությունից։ Այլևս մակույկը չտեսանք։ Քամին ցրեց ամպերը, բայց ջրի մակերեսին առագաստի ոչ մի հետք չկար։ Ինձ թվաց, թե մակույկի սև հատակը մի ակնթարթ տեսա փլվող մի կոհակի կատարին։ Միայն այդքան։ Ջոնսոնի և Լիչի համար գոյության պայքարը դադարել էր։
Նավաստիները շարունակեցին խմբված մնալ տախտակամածին։ Ոչ ոք ներքև չէր իջել, ոչ ոք չէր խոսում։ Նրանք նույնիսկ հայացքներ չէին փոխանակում։ Բոլորը ապշահար, խոր մտքերի մեջ թաղված, կարծես ջանում էին լրիվ ըմբռնել այն, ինչ տեղի էր ունեցել։ Բայց Գայլ Լարսենը նրանց ժամանակ չտվեց մտածելու։ Նա իսկույն հրամայեց փոխել նավի ընթացքը, ոչ թե դեպի Յոհոկամա, այլ դեպի ծովակատուների երամը։ Բայց այս անգամ նավաստիներն առանց փութեռանդության լծվեցին աշխատանքի, և ես լսեցի հայհոյանքներ, որ արտաբերվում էին շնչասպառ, մռայլ ու անկենդան շրրթներից։ Սակայն որսորդների հոգեվիճակը տարբեր էր։ Անդիմադրելի Սմոքն սկսեց ինչ-որ պատմություն անել, և նրանք՝ իրենց խուցն իջան ահագնաձայն քրքջալով։
Երբ խոհանոցի մոտով գնում էի նավախել, ինձ մոտեցավ նորեկ մեխանիկը։ Նրա դեմքը գունատ էր և շրթները դողդողում էին։
— Ի սեր աստծո, սը՛ր, այս ինչ տեսակ նավ է,— գոչեց նա։
— Դուք աչքեր ունեք և կարող եք ինքներդ տեսնել,— պատասխանեցի գրեթե կոպտությամբ, որովհետև սիրտս լցված էր վշտով ու վախով։
— Այդպե՞ս եք հարգում ձեր խոստումը,― ասացի ես, մոտենալով Գայլ Լարսենին։
— Խոստում տալու ժամանակ ես հանձն չառա նրանց նավ բարձրացնել,— պատասխանեց նա։— Եվ վերջ ի վերջո պետք է ընդունեք, որ նրանց վրա ձեռք չբարձրացրի։
Նա ծիծաղեց և ապա շարունակեց.
— Ինձնից հեռու՝ նրանց վրա ձեռք բարձրացնելը...
Ես չպատասխանեցի։ Ուղեղս այնքան խառնաշփոթ վիճակումն էր, որ անկարող էի խոսել։ Ես գիտակցում էի, որ մտքերս հավաքելու համար ժամանակ է հարկավոր։ Այդ կինը, որն այժմ քնած է ներքևի խցիկում, ինձ համար ստեղծել է մի պարտավորություն, որը պետք է նկատի ունենամ։ Միակ տրամաբանական միտքը, որը ծագեց գլխումս, թելադրեց ինձ, որ նրան որևէ չափով օգտակար լինելու համար պետք է խուսափեմ հախուռն քայլերից։
Գլուխ քսաներորդ
Օրվա մնացած մասն անցավ առանց որևէ միջադեպի։ Մեղմ փոթորիկը մեր «ականջները մի քիչ թրջեց» ու հետո սկսեց հանդարտվել։ Գայլ Լարսենը նոր մեխանիկի և յուղ քսող երեք բանվորների հետ տաք վեճ ունեցավ և ի վերջո կարգադրեց, որ նրանք տարբեր մակույկներում ծառայեն որսորդների հրամայության տակ և նավի վրա պահնորդություն անեն։ Ապա նրանց ծովային նոր հանդերձանք տվին և ուղարկեցին նավի առաջամասը։ Բողոքելով, բայց առանց ձայները շատ բարձրացնելու, նրանք հեռացան։ Այն, ինչ արդեն տեսել էին, նրանց սարսափ էր ազդել, իսկ այն, ինչ նավաստիներն առաջամասում հապճեպ պատմեցին, բավական եղավ նրանց հոգում մարելու ըմբոստության ամենավերջին կայծը։
Միսս Բրուստերը,― նրա անունը իմացել էինք մեխանիկից,— դեռ քնած էր։ Ընթրիքի ժամանակ ես որսորդներին խնդրեցի ավելի ցածր խոսել, որպեսզի նրա քունը չխանգարեն։ Օրիորդն իր խցից դուրս եկավ միայն հաջորդ առավոտյան։ Ես ուզում էի այնպես դասավորել, որ ճաշերի ժամանակ նա առանձին սեղան նստի, բայց Գայլ Լարսենը առարկեց, ասելով.
— Ինչացո՞ւ է նա, որ նավասենյակի սեղանն ու սեղանակիցները անարժան լինեն նրա ընկերությանը։
Այնուամենայնիվ, սեղանի շուրջ միսս Բրուստերի ներկայությունը բավականին զվարճալի դրություն ստեղծեց։ Որսորդները համրի նման պապանձվեցին։ Միայն Ջոք Հոռները և Սմոքը, որոնք ամոթխած չէին, մեկ-մեկ գաղտագողի հայացքներ էին գցում նրա վրա և երբեմն նույնիսկ մասնակցում զրույցին։ Մնացած չորսը, աչքերը հառած իրենց ափսեներին, պատառները ծամում էին մտածված կանոնավորությամբ, իսկ նրանց ականջները համապատասխանորեն երերում էին ծնոտի յուրաքանչյուր շարժումից, ինչպես անասուններինը։
Գայլ Լարսենը սկզբում քիչ էր խոսում և բավականանում էր միայն պատասխանելով իրեն ուղղված հարցերին։ Նա ամոթխած չէր։ Ընդհակառակն, շատ հեռու էր այդպիսին լինելուց։ Բայց միսս Բրուստերը մի նոր տիպ էր և նրա ճանաչած մյուս կանանցից բոլորովին տարբեր դասի էր պատկանում։ Հետևաբար նա պարզապես հետաքրքրված էր։ Նա ուսումնասիրում էր անծանոթուհուն, որի դեմքից իր հայացքը հազվադեպորեն էր միայն հեռացնում, այն էլ նրա ձեռքերի կամ ուսերի շարժումներին հետևելու համար։ Ես ինքս էլ ուսումնասիրում էի կնոջը, և թեպետ ընդհանրապես զրույցը ես էի վարում նրա հետ, այնուամենայնիվ, զգում էի, որ մի քիչ ամաչում եմ և լիովին չեմ տիրապետում ինձ։ Այնինչ Գայլ Լարսենը կատարյալ հավասարակշռության և գերագույն ինքնավստահության մարմնավորումն էր, որին ոչինչ չէր կարող վրդովել։ Նա կանանցից նույնքան քիչ էր երկյուղ կրում, որքան փոթորկից ու պայքարից։
— Իսկ ե՞րբ ենք Յոկոհամա հասնելու,— հարցրեց հյուրը, դիմելով նրան և նայելով ուղիղ նրա աչքերի մեջ։
Հարցը արվել էր առանց այլևայլության։ Ծնոտները մեկեն դադարեցին շարժվելուց, ականջները դադարեցին երերալուց և, թեպետ հայացքները շարունակ գամված էին ափսեներին, յուրաքանչյուրն անհագ հետաքրքրությամբ սպասում էր պատասխանին։
— Չորս ամսից, գուցե և երեք ամսից, եթե որսորդության ժամանակաշրջանը շուտ վերջանա,— պատասխանեց Գայլ Լարսենը։
Միսս Բրուստերի շունչը մի պահ կտրվեց, ապա նա թոթովելով ասաց.
— Ես... ես կարծում էի... Ինձ թվում էր, թե Յոկոհաման մեկ օրվա հեռավորության վրա է միայն։ Դուք...— այստեղ նա լռեց և հայացքը պտտեց սեղանի շուրջը բոլորված անկարեկից դեմքերին, որոնք հակված էին ափսեների վրա։— Դուք իրավունք չունեք այդպես վարվելու,— վերջացրեց նա։
— Այդ հարցը դուք պետք է քննարկեք միստր Վան-Վեյդենի հետ,— պատասխանեց Գայլ Լարսենը և ծաղրական արտահայտությամբ գլխով ինձ ցույց տվեց։— Միստր Վան-Վեյդենը մեծ հեղինակություն է իրավունքի վերաբերյալ հարցերում։ Մինչդեռ ես, որպես պարզ նավաստի, այդ հարցին այլ կերպ եմ նայում։ Ձեզ համար, հավանորեն, դժբախտություն է մեզ հետ մնալը, մինչդեռ մեզ համար դա, անկասկած, մեծ բարեբախտություն է։
Նա ժպտալով նայեց միսս Բրուստերին, որի աչքերը խոնարհվեցին այդ սևեռուն հայացքի առաջ, ապա նորից բարձրացան և մարտահրավերի արտահայտությամբ ուղղվեցին ինձ։ Ես նրա աչքերում կարդացի անխոս հարցը. ճի՞շտ է այդ։ Բայց ես որոշել էի արտաքուստ չեզոքի դեր խաղալ, ուստի չպատասխանեցի։
— Ի՞նչ է ձեր կարծիքը,— հարցրեց նա։
— Կարծում եմ, որ ձեր դրությունն աննախանձելի է, մանավանդ եթե առաջիկա մի քանի ամսում կատարելիք անհետաձգելի գործեր ունեք։ Բայց քանի որ ասում եք, թե Ճապոնիա եք գնում առողջական պատճառներով, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ «Ուրվականի» վրա ավելի կկազդուրվեք, քան որևէ ուրիշ տեղ։
Նրա աչքերը կայծկլտածին զայրույթից և այս անգամ ես ինքս խոնարհեցի աչքերս, միաժամանակ զգալով, որ այտերս կարմրում են նրա հայացքի տակ։ Ես վարվել էի վախկոտի նման, բայց ուրիշ ի՞նչ կարող էի անել։
— Միստր Վան-Վեյդենը խոսում է որպես հեղինակություն,— ծիծաղեց Գայլ Լարսենը։
Ես գլխով արեցի, իսկ միսս Բրուստերը, որն արդեն տիրապետում էր իրեն, ակնկալությամբ սպասեց։
— Չի կարելի ասել, որ միստր Վան-Վեյդենը արժանի է մեծ գովասանքի.— շարունակեց Գայլ Լարսենը,— բայց, այնուամենայնիվ, նա զարմանալի աճ է ապրել։ Դուք պետք է նրան տեսնեիք այն օրը, երբ նավ եկավ։ Նրանից ավելի թույլ ու ողորմելի մարդկային նմուշ դժվար էր պատկերացնել։ Այնպես չէ՞, Քերֆուտ։
Քերֆուտը այնքան անակնկալի եկավ իրեն ուղղված այս հանկարծակի հարցից, որ դանակը ձեռքից ընկավ հատակին և նա հաստատական իմաստով ինչ-որ բառաչյուն արձակեց։
— Կարտոֆիլ մաքրելն ու ամաններ լվալը նպաստեցին նրա աճին, ճի՞շտ է, Քերֆուտ։
Հարգարժան սեղանակիցը նորից բառաչեց։
— Իսկ այժմ նայեցե՛ք նրան։ Ճիշտ է, նա այն չէ, որին կարելի է անվանել ջլապինդ, բայց, այնուհանդերձ, հիմա ունի ավելի մկաններ, քան այն ժամանակ, երբ առաջին անգամ հայտնվեց նավի վրա։ Բացի դրանից, նա հիմա կանգնում է իր սեփական ոտքերի վրա։ Նրան նայելիս դուք չեք կարող հավատալ, որ առաջ իրոք անկարող էր կանգնել իր ոտքերի վրա։
Որսորդները քթների տակ ծիծաղեցին, բայց միսս Բրուստերն ինձ նայեց համակրանքով, իսկ դա՝ ավելի քան հատուցեց Գայլ Լարսենի լկտիությունը։ Ճիշտն ասած, այնքան երկար ժամանակից ի վեր որևէ մեկն իմ նկատմամբ համակրություն չէր ցուցաբերել, որ ես զգացվեցի և հաճույքով դարձա օրիորդի կամավոր ստրուկը։ Բայց ես զայրացել էի Գայլ Լարսենի դեմ։ Նա վիրավորական ակնարկություններով մարտահրավեր էր նետել տղամարդու արժանապատվությանս և ինձ գրգռել, հայտարարելով, թե իբր իր շնորհիվ եմ գտել սեփական ոտքերս։
— Գուցե ճիշտ է, որ սովորել եմ սեփական ոտքերի վրա կանգնել,— պատասխանեցի ես,— բայց ուրիշների ոտքերը տրորել տակավին չեմ սովորել։
Նա անպատկառ հայացքով ինձ նայեց։
— Ուրեմն ձեր վերադաստիարակությունը դեռ չի ավարտվել,— ասաց նա չորությամբ և դիմեց միսս Բրուստերին,— մենք չափազանց հյուրամեծար ենք «Ուրվականի» վրա, միստր Վան-Վեյդենը լավ գիտե այդ։ Եվ ամեն ինչ անում ենք, որպեսզի հյուրերն իրենց զգան, ինչպես տանը։ Ճի՞շտ է, միստր Վան-Վեյդեն։
— Այո, այն աստիճան, որ նրանց ստիպում եք կարտոֆիլ մաքրել և աման լվանալ,— պատասխանեցի ես,— դեռ չհաշված այն, որ գորովագին բարեկամությունից մղված՝ նրանց վզերն եք ոլորում։
— Ես խնդրում եմ, որ միստր Վան-Վեյդենի խոսքերից դատելով, մեր մասին վատ պատկերացում չունենաք,― միջամտեց Գայլ Լարսենը կեղծ անհանգստությամբ։— Նկատի ունեցեք, միսս Բրուստեր, որ նա իր գոտու մեջ դաշույն է կրում, իսկ դա, հը՛մ, չափազանց անսովոր բան է նավապետի օգնականի համար։ Շատ հարգարժան լինելով հանդերձ, միստր Վան-Վեյդենը երբեմն, ինչպե՞ս բացատրեմ... կռվարար է։ Այնպես որ անհրաժեշտ է լինում խիստ միջոցառումների դիմել։ Իր հանդարտ րոպեներին նա բավականաչափ արդարամիտ ու կշռադատող է, և քանի որ այս րոպեիս նա հանդարտ է, ես կարծում եմ չի ժխտի, որ դեռ երեկ սպառնաց իմ կյանքին վերջ տալ։
Քիչ էր մնում, որ զայրույթից շնչահեղձ լինեի, այդ պահին աչքերս, անկասկած, կատաղի արտահայտություն էին ստացել։ Գայլ Լարսենը սեղանակցուհու ուշադրությունը հրավիրեց ինձ վրա։
— Ահա՛, նայեցեք նրան։ Նա չի կարողանում իրեն զսպել անգամ ձեր ներկայությամբ։ Իհարկե, նա սովոր չէ կանանց շրջապատին։ Ես պետք է զինվեմ, որպեսզի համարձակվեմ նրա հետ տախտակամած բարձրանալ։
— Շատ ցավալի է, շա՜տ ցավալի,— շարունակեց նա շշնջալով և գլուխը կեղծ տրտմությամբ օրորելով։ Որսորդները որոտաձայն հռհռացին։
Փոքր սենյակում բառաչող ու մռնչացող այդ մարդկանց խռպոտ հռհռոցի մեջ ինչ-որ վայրի բան կար։ Փաստորեն ամբողջ շրջապատը վայրի էր։ Դիտելով անծանոթ կնոջը և ըմբռնելով, թե նա որքան անհամատեղելի է այս շրջապատի հետ, ես առաջին անգամ գիտակցեցի, որ ինքս էլ կազմում եմ նույն շրջապատի անբաժանելի մի մասը։ Այժմ ես ճանաչում եմ այս մարդկանց, գիտեմ նրանը հոգեբանությունը, ինքս էլ նրանցից մեկն եմ, ապրում եմ նրանց պես և նրանց պես զբաղվում ծովակատվի որսորդությամբ, ուտում եմ ծովակատու որսացողների ճաշերը և մտածում նրանց մտածելակերպով։ Ինձ համար այլևս տարօրինակ չէին նրանց կոշտ զգեստները, կոպիտ դեմքերը, վայրի հռհռոցը, ինչպես և խցերի տատանվող միջնորմներն ու օրորվող լամպերը։
Երբ կարագ էի քսում հացի շերտին, հայացքս պատահմամբ ընկավ ձեռքիս վրա։ Ոսկրահոդերիս մաշկը պլոկվել ու բորբոքվել էր, մատներս ուռել էին, եղունգներս սև կեղտով երիզվել։ Ես անդրադարձա, որ մորուքս երկարել ու թանձր վերմակի պես փռվել էր վիզս ի վար, բաճկոնիս թևերը ճմրթվել էին և կապտագույն շապիկիս օձիքի կոճակը պոկվել էր։
Դաշույնը, որի մասին ակնարկել էր Գայլ Լարսենը, պատյանով հանդերձ կախված էր իմ գոտուց։ Մինչև հիմա ինձ շատ բնական էր թվում դաշույնի ներկայությունը, բայց երբ նայեցի միսս Բրուստերի աչքերով, այն ժամանակ միայն գիտակցեցի, թե նրան որքան տարօրինակ պետք է թվան և՛ դաշույնը, և՛ մնացյալ բոլոր մանրամասները։
Սակայն միսս Բրուստերը գուշակեց Գայլ Լարսենի խոսքերում թաքնված ծաղրանքը և ինձ շնորհեց համակրալից մի նոր հայացք։ Բայց նրա աչքերում կար նաև զարմանքի արտահայտություն, որովհետև Գայլ Լարսենի ծաղրանքը ամբողջ իրադրությունը ավելի անըմբռնելի էր դարձնում նրա մտքում։
— Գուցե մեզ հանդիպող մի որևէ նավ ինձ վերցնի,— առաջարկեց նա։
— Այս կողմերում ոչ մի նավի չենք հանդիպելու, բացի որսորդական երկկայմանավերից,— պատասխանեց Գայլ Լարսենը։
— Բայց ես հագուստ չունեմ,— առարկեց միսս Բրուստերը։— Դուք երևի մոռանում եք, սը՛ր, որ ես տղամարդ չեմ և վարժ չեմ այն թափառական ու անհոգ կյանքին, որ, ըստ երևույթին, վարում եք դուք և ձեր մարդիկ։
— Որքան շուտ վարժվեք, այնքան լավ,— պատասխանեց Գայլ Լարսենը։— Ես ձեզ կտամ կտորեղեն, ասեղ ու դերձան։ Կարծում եմ, որ մեկ-երկու ձեռք հագուստ կարելը ձեզ համար այնքան էլ դժվար չէ։
Միսս Բրուստերը շրթները ծամածռեց, կարծես հայտնելու համար իր անգիտությունը կարուձևի հարցերում։ Ինձ համար շատ պարզ էր, որ նա շփոթված ու վախեցած է, բայց քաջաբար ջանում է թաքցնել իր հոգեվիճակը։
— Ենթադրում եմ, որ դուք էլ միստր Վան-Վեյդենի պես սովոր եք, որ ուրիշները կատարեն ձեր գործերը։ Այնուհանդերձ, կարծում եմ, որ եթե ձեզ համար մի քիչ աշխատանք կատարեք, դրանից ձեր հոդերը չեն խախտվի։ Ի միջի այլոց, դուք ի՞նչ եք անում ձեր ապրուստը հոգալու համար։
Միսս Բրուստերը նայեց նրան անսքող զարմանքով։
— Հավատացնում եմ, որ վիրավորելու մտքով չեմ հարցնամ այդ։ Բայց մարդիկ ուտում են և հետևաբար պետք է մի կերպ հայթայթեն իրենց ապրուստը։ Սրանք, օրինակ, ապրելու համար ծովակատու են որսում։ Նույն նպատակով էլ ես ղեկավարում եմ այս երկկայմանավը։ Միստր Վան-Վեյդենը, գոնե ժամանակավորապես, իր աղի ճաշը վաստակում է ինձ օգնելով։ Իսկ դո՞ւք ինչով եք զբաղվում։
Միսս Բրուստերը ուսերը թոթվեց։
— Դո՞ւք եք ձեզ կերակրում, թե ուրիշն է աշխատում ու ձեզ կերակրում։
— Պետք է խոստովանեմ, որ ուրիշն է ինձ կերակրել իմ կյանքի մեծ մասի ընթացքում,— ծիծաղեց օրիորդը, արիաբար ջանալով նույն ծաղրական տոնը պահպանել, թեև ես նկատում էի, որ նրա աչքերում սարսափը փոխնիփոխ ավելանում ու նվազում էր Գայլ Լարսենի հետ խոսելիս։
— Եվ ես ենթադրում եմ, որ ուրիշն է ձեզ համար ձեր անկողինը փռում, այո՞։
— Ես ինքս էլ եմ անկողին փռել։
— Հաճա՞խ։
Օրիորդը կեղծ տխրությամբ գլուխը բացասական օրորեց։
— Դուք գիտե՞ք, թե Միացյալ Նահանգներում ինչ են անում չքավորներին, որոնք, ձեզ նման, չեն աշխատում իրենց ապրուստի համար։
— Ես չափազանց անգիտակ եմ,— խոստովանեց միսս Բրուստերը,— ի՞նչ են անում այն չքավորներին, որոնք, ինձ նման, չեն աշխատում։
— Բանտ են ուղարկում։ Այդ դեպքում ապրուստի համար չաշխատելու հանցանքը կոչվում է դատարկապորտություն։ Եթե ես միստր Վան–Վեյդեն լինեի, որը հավերժորեն հանգերգում է իրավունքի և անարդարության հարցերի մասին, ապա կհարցնեի, թե ի՞նչ իրավունքով եք դուք ապրում, եթե ոչինչ չեք անում ձեր գոյությունը արդարացնելու համար։
— Բայց քանի որ դուք միստր Վան-Վեյդեն չեք, ապա ես պարտավոր չեմ պատասխանելու, այո՞։
Նրա սարսափահար աչքերի միջից փայլեց մի ժպիտ, որն այնքան հուզիչ էր, որ սիրտս մղկտաց։ Ես զգացի, որ պետք է մի կերպ միջամտեմ ու խոսակցության նյութը փոխեմ։
— Դուք երբևէ մի դոլլար վաստակե՞լ եք ձեր սեփական աշխատանքով,— հաղթական քինախնդրությամբ հարցրեց Գայլ Լարսենը, նախապես վստահ ստանալիք պատասխանին։
— Այո, վաստակել եմ,— դանդաղ պատասխանեց օրիորդը, իսկ ես, տեսնելով Գայլ Լարսենի ձգված դեմքը, քիչ մնաց բարձրաձայն ծիծաղեի։— Հիշում եմ, որ երբ փոքր աղջիկ էի, մի անգամ հայրս ինձ մեկ դոլլար տվեց, որպեսզի հինգ րոպե բացարձակապես լուռ ու խելոք մնամ։
Գայլ Լարսենը ներողամտաբար ժպտաց։
— Բայց դա շատ վաղուց էր,— շարունակեց միսս Բրուստերը։— Եվ դուք, անշուշտ, ինը տարեկան աղջկանից չէիք պահանջի, որ նա վաստակի իր ապրուստը։
— Բայց այժմ,— հարեց նա մի կարճ դադարից հետո,— ես վաստակում եմ տարեկան հազար ութ հարյուր դոլլար։
Բոլոր հա յացքները միաժամանակ պոկվեցին ափսեներից և ուղղվեցին միսս Բրուստերի դեմքին։ Տարեկան հազար ութ հարյուր դոլլար վաստակող կինն իրոք արժանի է ուշադրության՝ Գայլ Լարսենը չթաքցրեց իր հիացմունքը։
— Դա ռոճի՞կ է, թե գործավարձ,— հարցրեց նա։
— Գործավարձ,— փութկոտությամբ պատասխանեց օրիորդը։
— Հազար ութ հարյուր...— հաշվեց Գայլ Լարսենը,— այդ նշանակում է ամիսը հարյուր հիսուն դոլլար։ Դե լավ, միսս Բրուստեր, «Ուրվականի» վրա էլ առատաձեռնություն կգտնեք։ Դուք աշխատավարձ կստանաք այնքան ժամանակ, քանի դեռ մեզ մոտ եք։
Օրիորդը ոչինչ չպատասխանեց։ Նա այս մարդու քմահաճույքներին դեռ ծանոթ չէր և չգիտեր, թե ինչպես պետք է վերաբերվել դրանց։
— Ես մոռացա հարցնելու ձեր զբաղմունքի բնույթը,— շարունակեց Լարսենը քաղցրությամբ։— Ինչպիսի՞ առարկաներ եք արտադրում և ի՞նչ նյութեղեններ ու գործիքներ են հարկավոր ձեզ։
— Թուղթ և մատիտ,— ծիծաղեց օրիորդը,— և չմոռանամ, նաև մի գրամեքենա։
— Ուրեմն, դուք... Մոդ Բրուստերն եք,— ասացի ես այնպես դանդաղ և համոզված, որ կարծես նրան ամբաստանում էի ինչ–որ հանցագործության համար։
Նա հետաքրքրությամբ նայեց ինձ։
— Որտեղի՞ց գիտեք։
— Ասացեք, ճի՞շտ է։
Նա գլխի շարժումով հաստատեց իր ինքնությունը։ Շփոթվելու հերթը հիմա Գայլ Լարսենինն էր։ Այդ կախարդական անունը նրան ոչինչ չէր ասում։ Ես հպարտ էի, որ այն ինձ համար նշանակություն ուներ, և այդ ձանձրալի զրույցի ընթացքում առաջին անդամ զգացի իմ անժխտելի գերազանցությունը Գայլ Լարսենի հանդեպ։
— Հիշում եմ, որ ինչ-որ գրախոսական եմ գրել մի փոքրիկ հատորի մասին...— անհոգ արտահայտությամբ սկսեցի ես, բայց նա ինձ ընդհատեց։
— Դո՞ւք...— գոչեց նա։— Ուրեմն դուք...
Այժմ նա ինձ դիտում էր լայնաբաց, ապշահար աչքերով։
Ես էլ իմ հերթին, գլխի շարժումով հաստատեցի իմ ինքնությունը։
— Դուք Հեմֆրի Վան-Վեյդե՜նն եք...— ավարտեց նա իր խոսքը։ Ապա թեթևացման մի հառաչանք արձակելով, անգիտակցաբար նայեց Գայլ Լարսենին և բացականչեց.— Օ՜հ, որքա՜ն ուրախ եմ...
— Ես հիշում եմ այդ գրախոսականը,— շտապ ավելացրեց նա, զգալով իր բացականչության անպատշաճությունը,— դա չափից ավելի փաղաքշական գրախոսական էր։
— Բնավ երբեք,— առարկեցի ես ասպետորեն։— Երևի դուք թերագնահատում եք իմ զգաստ դատողությունը և արժեքազրկում իմ քննադատությունը։ Համենայն դեպս, մեր բոլոր գրաքննադատներն իմ կարծիքին էին։ Մի՞թե Լանգը ձեր «հանդուրժված համբույրը» չդասեց անգլերեն գրող բանաստեղծուհիների լավագույն չորս սոնետների շարքը։
— Բայց դուք ինձ անվանել էիք Ամերիկայի միսիս Մեյնելը։
— Մի՞թե ճիշտ չէր այդ,— հարցրի ես։
— Բանր դրանում չէ,— պատասխանեց նսւ։— Ես պարզապես վիրավորվել էի։
— Մենք անհայտը չափում ենք հայտնի երևույթների միջոցով,— պատասխանեցի ես ակադեմիական նրբագույն ոճով։— Որպես գրաքննադատ, ես պարտավոր էի ձեր տեղը որոշել գրականության մեջ։ Իսկ այժմ դուք ինքներդ եք չափանիշ դարձել։ Ձեր հինգ բարակ հատորները իմ դարակումն են, դրանց կողքին շարված են երկու ավելի հաստ հատորները՝ ձեր ակնարկն երբ, որոնք, թույլ տվեք ասել, լիովին համարժեք են ձեր բանաստեղծություններին, թեև դժվարանում եմ որոշել, թե դրանցից ո՞րն է ամենաբարձր գովասանքին արժանի։ Հեռու չէ այն օրը, երբ Անգլիայում կհայտնվի մի անհայտ բանաստեղծուհի, որին գրաքննադատները կանվանեն Անգլիյի Մոդ Բրուստերը։
— Դուք չափազանց բարյացակամ եք,— շշնջաց նա, և նրա խոսքերի ու խոսելաձևի պայմանականությունն իմ մեջ արթնացրեց հեռավոր աշխարհում ապրած նախկին կյանքիս հետ առնչվող բազմաթիվ հուշեր, և ես հուզմունքից սարսռացի։ Այդ հուզմունքը թաթախված էր քաղցր հիշողություններով և միաժամանակ՝ թախծալի հայրենաբաղձությամբ։
— Այդպես, ուրեմն, դուք Մոդ Բրուստերն եք,― ասացի ես հանդիսավորությամբ և նայեցի նրան։
— Իսկ դուք՝ Հեմֆրի Վան-Վեյդենը,— արձագանքեց նա, ինձ նայելով նույնպիսի հանդիսավորությամբ ու հարգանքով։— Որքան տարօրինակ է... Իսկապես ոչինչ չեմ հասկանում։ Ի դեպ, կարելի՞ է արդյոք ակնկալել, որ ձեր զուսպ գրչի տակից դուրս գա անզուսպորեն ռոմանտիկ մի ծովային պատմություն։
— Ոչ, հավատացնում եմ ձեզ, որ ես այստեղ նյութեր չեմ հավաքում,— եղավ իմ պատասխանը։— Վեպ գրելու ոչ հակում, ոչ էլ կարողություն ունեմ։
— Ասացեք խնդրեմ, դուք ինչո՞ւ միշտ թաղված եք մնում Կալիֆորնիայում,― հարցրեց նա մի պահ լռությունից հետո։— Ձեր կողմից դա անսիրալիրություն է։ Մենք արևելյան նահանգներում համարյա չենք տեսել ձեզ՝ ամերիկյան գրականության Երկրորդ ուսուցչապետին
Ես գլխի խոնարհումով հրաժարվեցի ինձ շռայլված մեծարանքից։
— Մի անդամ Ֆիլադելֆիայում քիչ էր մնացել, որ իրար հանդիպեինք,— ասացի ես։— Բրոունինգի առնչությամբ ինչ–որ հավաքույթ էր կայանալու և դուք պետք է զեկուցում կարդայիք։ Բայց իմ գնացքը չորս ժամով ուշացավ։
Այնուհեաև մենք մոռացանք մեր շրջապատը և տարվեցինք զրույցով, բոլորովին անտեսելով Գայլ Լարսենին, որը լուռ և ուշադիր հետևում էր մեզ։ Որսորդները, վեր կենալով, բարձրացան տախտակամած։ Միայն Գայլ Լարսենը մնաց մեզ հետ։ Հանկարծ նկատեցի, թե ինչպես իր աթոռի թիկունքին հենված՝ նա հետաքրքրությամբ ունկնդրում էր իրեն անծանոթ մի աշխարհի պատկանող մեր խոսակցությանը։ Եվ ես խոսքս կտրեցի նախադասության կեսին։ Ներկան իր բոլոր վտանգներով ու արհավիրքներով ահեղորեն լցվեց իմ առաջ։ Միսս Բրուստերը կարծես նույն զգացմունքն ունեցավ, և երբ նայեց Գայլ Լարսենին, հանկարծ աչքերը լցվեցին անորոշ ու անանուն մի սարսափով։
Լարսենը վեր կացավ և արհեստական մի ծիծաղ արձակեց։ Այդ ծիծաղը հնչեց մետաղի սառնությամբ։
— Ինձ վրա ուշադրություն մի դարձնեք,— ասաց նա, ձեռքը թափահարելով ինքնաստորացման արտահայտությամբ։— Ես հաշվի մեջ չեմ։ Շարունակեցե՛ք, խնդրեմ, շարունակեցե՛ք։
Բայց մեր զրույցի դարպասներն արդեն փակվել էին, այնպես որ մենք էլ վեր կացանք՝ արհեստականորեն ծիծաղելով։
Գլուխ քսանմեկերորդ
Գայլ Լարսենը դառնացել էր, որ միսս Բրուստերն ու ես սեղանի շուրջը զրուցելիս իրեն անտեսել էինք։ Այդ դառնությունը պիտի մի կերպ արտահայտվեր, և Թոմաս Մագրիջին վիճակվեց զոհ դառնալ։ Խոհարարը չէր բարելավել իր սովորույթները, չէր փոխել նաև շապիկը, թեև պնդում էր, թե փոխել է։ Սակայն ոչ շապիկի տեսքն էր հաստատում նրա այդ պնդումը, ոչ էլ յուղոտ վառարանը, կաթսան ու թավան էին վկայում խոհանոցի մաքրության մասին։
— Քեզ ժամանակին նախազգուշացրել էի, խոհարա՛ր,— ասաց Գայլ Լարսենը,— ուստի պետք է հիմա պատիժդ կրես։
Մագրիջի դեմքը գունատվեց իր մրե շպարի տակ, և երբ Գայլ Լարսենը երկու նավաստի կանչեց ու հրամայեց պարանը բերել, թշվառականը լեղապատառ դուրս փախավ խոհանոցից և սկսեց աջ ու ձախ վազվզել տախտակամածի վրա, մինչ նավաստիները նրան ծիծաղելով հետ ապնդում էին։ Նրանց համար գերագույն հաճույք կլիներ՝ խոհարարին մի լավ թաթախել ծովում, որովհետև նա ամենանողկալի կերակուրներն էր ուղարկում նավաստիների խուցը։ Պայմանները նպաստեցին այդ ձեռնարկությանը։ «Ուրվականը» ընթանում էր ժամը հազիվ երեք մղոն արագությամբ, և ծովը բավականին հանդարտ էր։ Բայց խոհարարը վախենում էր ջրի մեջ սուզվելուց։ Հավանորեն, նա անցյալում տեսել էր ուրիշների սուզվելը։ Բացի դրանից, ջուրը չափազանց սառն էր, իսկ խոհարարի առողջությունը՝ ոչ այնքան նախանձելի։
Պահակահերթի նավաստիներն ու որսորդները, ինչպես լինում է այսպիսի դեպքերում, տախտակամած բարձրացան դիտելու զվարճախաղը։ Մագրիջը, ըստ երևույթին, չափից ավելի էր սարսափում ջրից, և նա ցուցաբերեց այնպիսի ճկունություն ու արագաշարժություն, որպիսին բնավ չէինք ակնկալում։ Հասնելով խոհանոցի և հարթակի անկյունին, նա կատվի պես ցատկեց ձեղնախցիկի կտուրի վրա և վազեց դեպի նավախել։ Բայց նավաստիները նրա ճանապարհը կտրեցին, և նա ետ վազեց, անցավ ձեղնախցիկի ու խոհանոցի կտուրները, ցատկեց տախտակամածի վրա և խոյացավ դեպի առաջամաս։ Թիավար Հարրիսոնը կրնկակոխ հետապնդելով մոտենում էր նրան։ Բայց Մագրիջը հանկարծական թռիչք կատարելով հասավ եռանկյուն առագաստի պարանին։ Այդ տեղի ունեցավ մի ակնթարթում։ Պարանից կախված՝ նա նետվեց դեպի առաջ և երկու ոտքով խփեց Հարրիսոնի փորին։ Նավաստին ակամա ճիչ արձակելով, երկտակվեց ու փռվեց հատակին։
Որսորդներն այդ սխրագործությունը ոզջունեցին ծափահարություններով ու որոտալից քրքիջներով։ Մագրիջը առաջակայմի մոտ ճողոպրեց իրեն հալածողների ձեռքերից և դարձյալ խոյացավ առաջ, սողանցելով նավաստիների միջով, ինչպես ֆուտբոլի դաշտում հարձակվողն անցնում է մյուս խաղացողների արանքով։ Ապա բարձրացավ հարթակի վրա և վազեց դեպի նավախել։ Նա այնքան արագ էր վազում, որ ձեղնախցիկի անկյունը շրջանցելիս սայթաքեց ու գլորվելով բախվեց ղեկանիվի առաջ կանգնած Նիլսոնի ոտքերին։ Երկուսը միասին փռվեցին տախտակումածի վրա, բայց միայն Մագրիջը վեր կացավ։ Բախտի տարօրինակ քմահաճույքով նրա դյուրաբեկ մարմինը կոտրել էր ուժեղ նավաստու ոտքը, ինչպես մի ծղոտ։
Ղեկանիվի մոտ Նիլսոնին փոխարինեց Պարսոնսը, և հետապնդումը շարունակվեց։ Խոհարարն ու նավաստիները տախտակամածի ամբողջ շրջանը նորից ու նորից բոլորեցին։ Մագրիջը վազում էր սարսափից խելացնոր, նավաստիները նրան հետապնդում ու գոռգոռալով իրար հրահանգներ էին տալիս, իսկ որսորդները ահագնաձայն ծիծաղում ու խրախուսում էին։ Ամբարածածկի մոտ խոհարարը վայր ընկավ, ու նրա վրա թափվեցին երեք նավաստի, բայց նա օձաձկան պես դուրս սահեց մարմինների կույտի տակից ու սլացավ դեպի գլխավոր կայմապարանը։ Նրա բերանը արյունոտվել էր, իսկ չարաղետ շապիկը՝ բոլորովին գզգզվել ու ծվենների վերածվել։ Նա մագլցեց թոկով, հետո բարձրացավ պարանե ելարանով ու հասավ կայմի գագաթը։
Վեց նավաստիներ, հետևելով նրան, խռնվեցին կայմահարթակի վրա, որտեղ նրանց մի մասը մնաց ու սպասեց, իսկ երկուսը՝ Ուֆտի-Ուֆտին և Բլեկը (Լետիմերի թիավարը), շարունակեցին մագլցել կայմը կանգուն պահող պողպատե բարակ թելերով։
Դա վտանգավոր ձեռնարկ էր, որովհետև գտնվելով տախտակամածից ավելի քան հարյուր ոտնաչափ բարձր և մարմինը միայն ձեռքերով բարձրացնելով, նրանք ի վիճակի չէին պաշտպանվելու Մագրիջի քացիներից։ Մագրիջը կատաղորեն քացիներ տվեց, մինչև որ ի վերջո Ուֆտի-Ուֆտին պարանից կախվեց միայն մեկ ձեռքով և մյուսով բռնեց նրա ոտքը։ Բլեկը, նույն հնարին դիմելով, կառչեց խոհարարի մյուս ոտքից։ Այնուհետև, գրկախառնվելով, ճոճվելով ու մաքառելով, նրանք երեքով վայր սահեցին և ընկան կայմահարթակի վրա կանգնած նավաստիների ձեռքերի մեջ։
Օդային պայքարն ավարտվեց և Թոմաս Մագրիջին իջեցրին տախտակամած։ Նա կաղկանձում էր և արյունով փրփրակալած բերանից ինչ-որ անորոշ ու անհասկանալի խոսքեր արտաբերում։ Գայլ Լարսենը պարանի ծայրում հանգուցավոր օղակ սարքեց և անցկացրեց խոհարարի թևի տակ։ Հետո նրան տարան նավախել և գցեցին ծովը։ Պարանը բաց թողեցին քառասուն, հիսուն, վաթսուն ոտնաչափ, մինչև որ Գայլլ Լարսենը գոչեց.
— Բավակա՛ն է։
Ուֆտի–Ուֆտին պարանն ամրացրեց ճոպանակոճին։ Երբ նավը հաջորդ ալիքի վրայից ցած սահեց, նրա խելը վեր բարձրացավ և պարանը ինքնաբերաբար ձգելով խոհարարին հանեց ջրի երես։
Դա մի գթաշարժ տեսարան էր։ Թեև Մագրիջը չէր կարող խեղդվել և կատուների պես յոթ հոգի ուներ, այնուամենայնիվ, կրում էր խեղդվողի բոլոր տանջանքները։ «Ուրվականը» առաջանում էր շատ դանդաղ։ Ամեն անգամ, երբ նավախելը բարձրանում էր ալիքի վրա, պարանը ձգվում էր ու խեղճ թշվառականին հանում ջրի մակերեսը, և սա հազիվ ժամանակ էր ունենում շունչ քաշելու։ Բայց մինչև նավախելի հաջորդ բարձրանալը, որը տեղի էր ունենում երկար ընդմիջումով, պարանը թուլացած էր լինում, և խոհարարը մնում էր ջրի մեջ սուզված։
Ես բոլորովին մոռացել էի Մոդ Բրուստերի գոյությունը և նրան հանկարծ հիշեցի հենց այն վայրկյանին, երբ նա հուշիկ մոտենալով կանգնեց իմ կողքին։ Նավ գալուց հետո նա առաջին անգամ էր հայտնվում տախտակամածի վրա։ Նրա հայտնությունը գիմավորվեց մեռելային լռությամբ։
— Ի՞նչ է այս զվարճության պատճառը,— հարցրեց նա։
— Նավապետ Լարսենին հարցրեք,— պատասխանեցի ես հանդարտ ու սառնարյուն, թեև ներքուստ արյունս եռում էր այն մտքից, թե այժմ օրիորդը ականատես է լինելու այս վայրագ տեսարանին։
Իմ խորհրդին հետևելով, նա պատրաստվում էր Գայլ Լարսենին դիմել, երբ հայացքն ընկավ Ուֆտի-Ուֆտիի վրա, որն իր գեղեցիկ ու ճկուն մարմնի բովանդակ շքեղությամբ կանգնած էր ճիշտ մեր դիմաց, պարանի ծայրը ձեռքին։
— Ձո՞ւկ եք որսում,— հարցրեց օրիորդը նրան։
Նա չպատասխանեց, բայց աչքերը, որ սևեռած էին ծովի վրա, հանկարծ փայլատակեցին։
— Շնաձո՛ւկ, սը՛ր,— գոչեց նա։
— Քաշեցե՛ք պարանը, արա՛գ, բոլո՛րդ միասին,— գոռաց Գայլ Լարսենը և ամենից առաջ ինքը նետվեց պարանի վրա։
Մագրիջը լսեց Ուֆտի-Ուֆտիի նախազգուշացնող աղաղակը և սկսեց խելացնոր ճչալ։ Ես տեսա մի սև լողակ, որը ջուրը ճեղքելով խոհարարին էր մոտենում ավելի սրընթաց, քան մենք նրան քաշում էինք դեպի նավը։ Մենք և շնաձուկը հաջողության հավասար հավանականություններ ունեինք, և հաջորդ մի քանի վայրկյանները պետք է որոշեին խոհարարի բախտը։ Երբ Մագրիջն արդեն հասել էր ճիշտ մեր ներքևը, նավախելը հանկարծ իջավ անցնող ալիքի գոգավորության մեջ և այդպիսով շնաձուկը առավելություն շահեց։ Լողակը անհետացավ, և շնաձկան ճերմակ փորը ջրի մեջ փայլեց՝ արագորեն վեր խոյանալիս։ Գայլ Լարսենը գրեթե նույն արագությամբ գործեց։ Նա իր ամբողջ ուժը ներդրեց մի հզոր ցնցումի մեջ և խոհարարի մարմինը ջրից դուրս սլացավ։ Նրա հետևից դուրս սլացավ և շնաձուկը։ Մագրիջը ոտքերը վեր քաշեց և թվաց, թե մարդակեր գազանը հազիվ դիպավ նրա մեկ ոտքին։ Մագրիջը մի սուր ճիչ արձակեց և նույն վայրկյանին շնաձուկը ճողփյունով նորից սուզվեց ջրի մեջ։ Խոհարարին վերև բարձրացրին ինչպես կարթով որսած մի ձուկ։ Նավաբազրիքի վրայով նա չորեքթաթ ընկավ տախտակամածի վրա և սկսեց գլորվել ու թպրտալ։
Բայց տախտակամածի վրա արյան շատրվան էր ցայտում։ Մագրիջի աջ ոտքը չկար, շնաձուկը այն թռցրել էր ուղիղ կոճից։ Ես նայեցի Մոդ Բրուստերին։ Նրա դեմքը գունատվել էր և աչքերը լայնացել էին սոսկումից։ Նա նայում էր ոչ թե Մագրիջին, այլ Գայլ Լարսենին։ Վերջինս զգաց նրա հայացքը և, իր կտրուկ ծիծաղներից մեկն արձակելով, ասաց.
— Տղամարդու խաղեր են սրանք, միսս Բրուստեր։ Գուցե ավելի կոպիտ են, քան նրանք, որոնց դուք սովոր եք, բայց, այնուամենայնիվ, տղամարդու խաղեր են։ Շնաձուկը հաշվի մեջ չէր։ Նա...
Հենց նույն վայրկյանին Մագրիջը, որը գլուխը բարձրացնելով ստուգել էր իր ոտքի կորուստը, տախտակամածի վրա թավալվելով մոտեցավ և ատամները խոր թաղեց նավապետի ոտքի մեջ։ Գայլ Լարսենը հանդարտ կռացավ և բթամատով ու ցուցամատով սեղմեց խոհարարի ծնոտը, ճիշտ ականջների ներքևում։ Մագրիջի բերանը ինքնաբերաբար բացվեց, և Գայլ Լարսենը ազատ առաջ քայլեց։
— Ինչպես ասում էի,— շարունակեց նա, կարծես անսովոր ոչինչ պատահած չլիներ,— շնաձուկը հաշվի մեջ չէր։ Նա հանդես եկավ, եթե կարելի է այսպես ասել, որպես նախախնամության ձեռքը։
Մոդ Բրուստերը կարծես ոչինչ չլսեց, բայց աչքերը լցվեցին աննկարագրելի նողկանքով, և նա պատրաստվեց հեռանալ։ Սակայն հազիվ էր շարժվել, երբ ամբողջ մարմնով տատանվեց և ձեռքը թուլորեն մեկնեց դեպի ինձ։ Ես ճիշտ ժամանակին կարողացա նրան պահել ընկնելուց և օգնեցի, որ նստի ձեղնախցիկի վրա։ Կարծում էի՝ ուշքը կգնա, բայց նա իրեն իշխեց։
— Բարեհաճեցեք մի երակակալ բերել, միստր Վան–Վեյդեն,— կանչեց ինձ Գայլ Լարսենը։
Ես վարանում էի։ Միսս Բրուստերի շրթները շարժվեցին, բայց չկարողացան ոչ մի խոսք արտաբերել։ Եվ նա աչքերով ինձ հրամայեց, այնքան պարզ, ինչպես խոսքը, գնալ ու օգնել դժբախտ աղետյալին։
— Խնդրում եմ,— շշնջաց նա ի վերջո, և ես ակամա հնազանդվեցի։
Արդեն այնքան ճարպկություն էի ձեռք բերել վիրաբուժության մեջ, որ Գայլ Լարսենը միայն մի քանի խորհուրդ տվեց ու հեռացավ, ինձ մոտ թողնելով երկու նավաստի որպես օգնական։ Նա այժմ իր պարտքն էր համարում վրեժ լուծել շնաձկից։ Նավեզրից պարանով իջեցրին մի խոշոր կարթ, որին ամրացված էր խոզի աղած ճարպ։ Ես հազիվ էի փակել Մագրիջի վնասված մի քանի երակներն ու անոթները, երբ նավաստիներն սկսեցին երգելով վեր քաշել մեղավոր շնաձկանը։ Ես նրան չտեսա, բայց իմ օգնականները մեկը մյուսի հետևից ինձ թողեցին մի քանի րոպեով և վազեցին տախտակամածի կենտրոնը տեսնելու, թե ինչ է կատարվում։ Շնաձուկը իր տասնվեց ոտնաչափ հասակով կախված էր միջնակայմից, նրա երախը լծակներով բացեցին մինչև վերջին սահմանը և մեջը զետեղեցին փայտե ամուր, երկու ծայրը սրած մի ցից։ Երբ լծակները հեռացրին, ծնոտներն ամրացան ցցի ծայրերին։ Դրանից հետո կարթի պարանը կտրեցին և շնաձուկն ընկավ ծովը։ Այժմ, հակառակ իր ամբողջ հզորությանը, նա դարձ,ել էր անկարող և դատապարտված էր ղանդաղ սովամահության։ Այդ կենդանի դիակը նվազ արժանի էր նման պատժի, քան պատիժը հնարող մարդը։
Գլուխ քսաներկուերորդ
Երբ միսս Բրուստերը մոտեցավ ինձ, ես արդեն գլխի էի ընկել, թե բանն ինչումն է, մոտ տաս րոպե դիտել էի, թե ինչպես նա եռանդագին խոսում է մեխանիկի հետ։ Ձեռքով լռություն հանձնարարելով, ես նրան հեռացրի ղեկորդի լսողությունից։ Մանկամարդ կնոջ դեմքը գունատ ու ձգված էր, իսկ խոշոր աչքերը, որոնք վճռականությամբ լցվելով, ավելի էին մեծացել, թափանցող հայացքով նայում էին ինձ։ Ես մի տեսակ երկչոտություն, նույնիսկ երկյուղ զգացի, տեսնելով, որ նա ուզում է զննել հեմֆրի Վան-Վեյդենի հոգին, մինչդեռ Հեմֆրի Վան-Վեյդենը հպարտանալու առանձնապես ոչինչ չուներ այն օրից, երբ ոտք էր գրել «Ուրվականի» վրա։
Մենք քայլեցինք մինչև հարթակի եզրը և այնտեղ նա շրջվեց ու կանգնեց իմ դիմաց։ Ես շուրջս նայեցի՝ ստուգելու համար, թե որևէ մեկը կա՞ մոտերքում։
— Ի՞նչ է պատահել,— հարցրի քաղցրությամբ, բայց նրա դեմքի ձգվածությունը չթուլացավ։
— Ես ընդունում եմ, որ այսօրվա դեպքը պատահական արկածի հետևանք է,― սկսեց նա։— Բայց քիչ առաջ խոսում էի միստր Հեսկինսի հետ և նա ինձ հայտնեց, թե մեր փրկության օրը, երբ ես խցիկում էի, երկու մարդկանց խեղդեցին, կանխամտածված կերպով խեղդեցին... սպանեցին։
Նրա ձայնի մեջ հարցական հնչյուն կար և նա ինձ նայում էր մեղադրական հայացքով, կարծես ես ինքս հանցավոր կամ առնվազն մեղսակից էի այդ գործում։
— Ձեզ հասած տեղեկությունը շատ ճիշտ է,— պատասխանեցի ես։— Այդ երկու մարդկանց իրոք սպանեցին։
— Եվ դուք թո՞ւյլ տվեցիք,— գոչեց նա։
— Ավելի ճիշտ կլիներ, եթե հարցնեիք, թե ես կարո՞ղ էի արգելել,— պատասխանեցի մեղմությամբ։
— Բայց դուք փորձեցի՞ք արգելել,— նա շեշտեց «փորձեցիք»-ը և նրա ձայնի մեջ ինչ-որ աղերսանք կար։— Օ՜, ո՛չ, չփորձեցիք,— շտապեց նա, գուշակելով իմ պատասխանը։— Իսկ ինչո՞ւ չփորձեցիք։
Ես ուսերս թոթվեցի.
— Դուք մոռանում եք, միսս Բրուստեր, որ նոր բնակիչ եք այս փոքրիկ աշխարհում և դեռ չգիտեք, թե ինչպիսի օրենքներով է այն ղեկավարվում։ Դուք ձեզ հետ բերել եք մի շարք գեղեցիկ հասկացողություններ ազնվության, մարդկայնության, վերաբերմունքի և նման այլ բաների մասին։ Բայց շուտով կհամոզվեք, որ դրանք գոյություն չունեն այս շրջապատում,— ասացի ես և ակամա հառաչելով ավելացրի։— Ես դրանում վաղուց եմ համոզվել։
Նա գլուխն օրորեց թերահավատությամբ։
— Իսկ դուք ի՞նչ խորհուրդ կտայիք,— հարցրի ես,― կուզենայի՞ք, որ մի դաշույն, հրացան կամ կացին վերցնելով, սպանեի այդ մարդուն։
Նա վախեցած ետ քաշվեց։
— Ոչ, իհարկե, ոչ։
— Հապա ի՞նչ անեի, ի՞նձ սպանեի։
— Դուք միայն ֆիզիկական միջոցառումների մասին եք խոսում,— առարկեց նա։— Գոյություն ունի նաև հոգեկան արիություն, իսկ հոգեկան արիությունը բնավ անազդեցիկ չէ։
— Ա՛հ,— ժպտացի ես,— դուք խորհուրդ եք տալիս, որ ոչ նրան սպանեմ, ոչ էլ ինձ, այլ թողնեմ, որ նա ինձ սպանի։
Նա պատրաստվում էր խոսել, բայց ես ձեռքի նշանով արգելեցի նրան և շարունակեցի։
— Բարոյական արիությունը անարժեք գույք է այս փոքրիկ, ծփացող աշխարհում։ Օրինակ, Լիչը սպանված նավասաիներից մեկը, հոգեկան անսահման արիություն ուներ։ Նույնպիսին էր և մյուս նավաստին՝ Ջոնսոնը։ Բայց այդ առաքինությունը ոչ միայն նրանց չօգնեց, այլև նրանց կործանման պատճառ եղավ։ Նույնը կպատահի նաև ինձ հետ, եթե փորձեմ կիրառել հոգեկան այն չնչին արիությունը, որ դեռ մնացել է իմ մեջ։ Դուք պետք է հասկանաք, միսս Բրուստեր, և մեկընդմիշտ հասկանաք, որ այդ մարդը ճիվաղ է։ Նա զուրկ է խղճից։ Նրա համար ոչ մի սրբություն չկա, նրա համար ոչ մի արարք սարսափելի չէ։ Նրա քմահաճույքով է, որ ես բռնի պահվում եմ այս նավի վրա և դարձյալ նրա քմահաճույքով է, որ դեռ կենդանի եմ։ Ես ոչինչ չեմ անում և ոչինչ չեմ կարող անել, որովհետև այդ հրեշի գերին եմ, ինչպես դուք էլ նրա գերին եք հիմա, որովհետև ես ապրել եմ ուզում, ինչպես դուք ևս ապրել պիտի ուզենաք, որովհետև անկարող եմ պայքարել ու նրան հաղթել, ինչպես դուք ևս անկարող պիտի լինեք պայքարել ու նրան հաղթել։
Նա լռում էր, սպասելով, որ շարունակեմ։
— Ի՞նչ է մնում անել։ Ես թույլի դրության մեջ եմ։ Ուստի լռում եմ, հանդուրժում եմ անարգանքը, ինչպես դուք ևս պիտի լռեք ու հանդուրժեք։ Եվ դա խելոք բան է։ Դա լավագույն բանն է, որ կարող ենք անել, եթե ուզում ենք ապրել։ Հաղթանակը միշտ զորավորինը չէ։ Քանի որ մենք այնքան ուժեղ չենք, որ կարողանանք պայքարել այդ մարդու դեմ, ապա պետք է մեր նպատակը թաքցնենք և հաղթենք, եթե հնարավոր է հաղթել, միայն խորամանկությամբ։ Եթե ուզում եք իմ խորհուրդն իմանալ, ահա թե ինչ կասեի ես։ Գիտեմ, որ իմ դրությունը վտանգավոր է, և կարող եմ անկեղծորեն ասել, որ ձերը՝ նույնիսկ ավելի վտանգավոր է։ Մենք պետք է իրար թիկունք կանգնենք առանց արտաքուստ ցույց տալու և համատեղ գործենք գազանի համաձայնությամբ։ Ես չեմ կարող բացեիբաց պաշտպանել ձեզ, դուք էլ, ձեր հերթին, պետք է լուռ մնաք հակառակ բոլոր նվաստացումներին, որոնց Գայլ Լարսենը կարող է ենթարկել ինձ։ Այդ մարդուն չպետք է հակաճառել, ոչ էլ նրա կամքին հակառակել։ Մենք պետք է ջանանք ժպտերես ու բարեկամական լինել նրա հետ, որքան էլ դա վանողական թվա մեզ։
Նա ձեռքով ճակատը շփեց շվարած արտահայտությամբ և ասաց.
— Դեռևս չեմ հասկանում։
— Դուք պետք է անեք այն, ինչ ձեզ ասում եմ,— ընդհատեցի հեղինակավոր շեշտով, որավետև հանկարծ նշմարեցի, որ Գայլ Լարսենը տախտակամածի վրա Լետիմերի հետ ճեմելով, նայում է մեր կողմը։— Արեք ինչպես ասում եմ և շուտով կհամոզվեք, որ ես իրավացի եմ։
— Իսկ ի՞նչ պետք է անեմ,— ասաց նա, նկատելով Գայլ Լարսենի ուղղությամբ նետած անհանգիստ հայացքս և տպավորվելով իմ լուրջ վերաբերմունքից, մի բան, որ շոյեց ինքնասիրությունս։
— Ամենից առաջ՝ մեկ կողմ թողեցեք հոգեկան արիության վերաբերյալ ձեր մտքերը,— կտրուկ պատասխանեցի ես։— Այգ մարդուն մի թշնամացրեք ձեր դեմ։ Բարեկամական եղեք, խոսակցեցեք նրա հետ, զրույցներ ունեցեք գրականության ու արվեստի մասին, նա սիրում է այդ թեմաները։ Պիտի տեսնեք, որ նա հետաքրքիր ունկնդիր է և հիմար մարդ չէ։ Եվ հենց ձեր օգտի համար խուսափեցեք նավի վրա տեղի ունեցող գազանաբարո տեսարաններին ականատես լինելուց։ Այդպիսով դուք կհեշտացնեք ձեր կատարելիք դերը։
— Նշանակում է՝ ես պետք է ստեմ,— ասաց նա ընդվզումով,― պետք է ստեմ թե՛ խոսքով, թե՛ գործով։
Գայլ Լարսենը, Լետիմերից բաժանվելով, քայլում էր դեպի մեր կողմը։ Ես հուսահատության մատնվեցի։
— Խնդրում եմ, հասկացեք ինձ,— ասացի արտորանքով։— Մարդկանց և կյանքի մասին ձեր ամբողջ փորձը ոչ մի արժեք չունի այստեղ։ Դուք ձեր փորձը պետք է սկզբից սկսեք։ Ես գիտեմ և տեսնում եմ, որ, բացի այլ ձևերից, դուք սովոր եք ձեր աչքերով էլ մարդկանց ենթարկել ձեզ, և որ ձեր հոգեկան արիությունը խոսում է ձեր աչքերի միջով։ Ձեր աչքերով արդեն հրամայել եք ինձ և հպատակեցրել։ Բայց այդ միջոցը մի գործագրեք Գայլ Լարսենի վրա։ Դուք ավելի հեշտությամբ կարող եք առյուծին հպատակեցնել, քան նրան, նա ձեզ ծաղրուծանակի կենթարկի։ Նա կարող է... Ես միշտ հպարտացել եմ, որ հայտնաբերել եմ այդ տաղանդը,— ասացի ես խոսակցության նյութը փոխելով ճիշտ այն պահին, երբ Գայլ Լարսենը հարթակի վրա բարձրանալով միացավ մեզ։— Խմբագիրները նրանից վախենում էին, իսկ հրատարակիչները նույնիսկ չէին ուզում լսել նրա մասին։ Իմ կարծիքն ու նրա տաղանդը գնահատվեցին միայն այն ժամանակ, երբ նրա «Դարբնոցը» հսկա հաջողություն ունեցավ։
— Եվ դա պարզապես լրագրային բանաստեղծություն էր,— հանդարտորեն ինձ աջակցեց օրիորդը։
— Այսինքն՝ առաջին անգամ այն լույս է տեսել լրագրի էջերում,— պատասխանեցի ես,— բայց այդ չի նշանակում, թե թերթի խմբագիրները նախօրոք չէին կարդացել պոեմը։
— Հարրիսի մասին ենք խոսում,— ասացի ես, դիմելով Գայլ Լարսենին։
— Ա՛հ,— ասաց նա,— ես հիշում եմ «Դարբնոցը»։ Այն տոգորված է գեղեցիկ զգացմունքներով և անսահման հավատով դեպի մարդկային պատրանքները։ Ի միջի այլոց, միստր Վան-Վեյդեն, լավ կանեք, եթե մեր խոհարարին տեսնեք։ Նա գանգատվում է ցավերից և գալարվում է անկողնում։
Այսպես կտրուկ ձևով հարթակից հեռացվելուց հետո ես գնացի Մագրիչի մոտ ու տեսա, որ նա խոր քնած է իմ սրսկած մորֆինի ազդեցությամբ։ Չշտապեցի տախտակամած վերադառնալ, բայց երբ այնտեղ հասա, գոհունակությամբ նկատեցի, որ միսս Բրուստերը ոգևորությամբ զրուցում է Գայլ Լարսենի հետ։ Ինչպես ասացի, դա ինձ գոհունակություն պատճառեց։ Նշանակում է՝ նա հետևում էր իմ խորհուրդին։ Բայց, այնուամենայնիվ, մի քիչ ցավ ու վիրավորանք զգացի, տեսնելով, որ նա ընդունակ է կատարելու մի առաջարկություն, որը սկզբում նրան ակնհայտորեն դուր չէր եկել։
Գլուխ քսաներեքերորդ
Ուժեղ քամիները, համաչափ փչելով, «Ուրվականը» քշեցին հյուսիսային ուղղությամբ, դեպի ծովակատուների երամը։ Մենք նրանց հանդիպեցինք քառասունչորսերորդ զուգահեռականից վերև, փոթորկի ու ալեկոծության ընթացքում, երբ հողմն անդագար վանում էր ծովի վրա տարածված մշուշի շերտը։ Երբեմն, օրեր շարունակ, արևի երես չէինք տեսնում, ոչ էլ կարողանում էինք հետազոտություն կատարել։ Երբեմն էլ հողմը ջրի մակերեսը մաքրում էր մշուշից, և ալիքները վետվետում ու փայլփլում էին։ Այն ժամանակ մենք որոշում էինք մեր տեղանքը։ Նման դեպքերում եղանակը մեկից մինչև երեք օր պարզ էր լինում, ապա մառախուղը դարձյալ իջնում էր առաջվանից ավելի թանձր։
Որսորդությունը դառնում էր վտանգավոր։ Բայց չնայած դրան, ամեն առավոտ մակույկներն իջեցվում էին ծով, իսկույն կլանվում գորշ մթության մեջ և մինչև գիշեր չէին երևում։ Երբեմն նրանք վերադառնում էին շատ ուշ և մշուշի միջով, ծովային ուրվականների պես, մեկը մյուսի հետևից մոտենում էին մեզ։ Ուենրայթը՝ այն որսորդը, որին Գայլ Լարսենը առևանգել էր մակույկի և անձնակազմի հետ, թանձր շղարշով քողարկված ծովից օգտվելով, փախուստ տվեց։ Մի առավոտ նա իր երկու նավաստիների հետ անհետացավ մառախուղի մեջ և այլևս չվերադարձավ։ Օրեր հետո միայն իմացանք, որ նրանք մեկ երկկայմանավից մյուսն անցնելով, վերջապես գտել են իրենցը։
Ես էլ մտադրվել էի հետևել նրանց օրինակին, բայց առիթը երբեք չէր ներկայանում։ Մակույկով ծով իջնելը չէր մտնում նավապետի օգնականի պարտականությունների մեջ և, չնայած խորամանկությամբ ջանում էի այդ իրավունքը ձեռք բերել, Գայլ Լարսենը երբեք չէր շնորհում այն։ Եթե շնորհեր, ապա ես մի կերպ կկարողանայի միսս Բրուստերին հետս տանել։ Նրա դրությունը գնալով այնպես էր բարդանում, որ վախենում էի նույնիսկ անդրադառնալ դրան։ Ես ակամա խուսափում էի այդ մտքից, որը չար ոգու նման հալածում էր ինձ։
Ժամանակին կարդացել էի ծովային կյանքին վերաբերող վեպեր, որոնց մեջ միշտ էլ հանդես է գալիս մի կին՝ տղամարդկանցով լի նավի վրա։ Հիմա նոր գլխի ընկա, որ ես երբեք չէի հասկացել նման դրության խոր նշանակությունը, թեև վիպասաններն այն մշակում ու զարգացնում էին ամենայն բազմակողմանիությամբ։ Այդ դրությունը ստեղծվել էր նաև այստեղ, և ես գտնվում էի նրա հետ դեմ հանդիման։ Ինձ առավելապես մտատանջում էր այն հանգամանքը, որ հերոսուհին Մոդ Բրուստերն էր, նա, որ անցյալում ինձ հմայել էր իր բանաստեղծություններով, իսկ այժմ հմայում է իր անձով։
Անհնար է պատկերացնել մի հերոսուհի, որն ավելի անհամատեղելի լինի այս շրջապատի հետ, քան Մոդը։ Նա չքնաղ և օդային մի էակ է, ուռենու նման օրորվող մարմնով, թեթև ու շնորհալի շարժումներով։ Ինձ միշտ թվացել է, որ նա երբեք չի քայլում գետնի վրա կամ, համենայն դեպս, չի քայլում ուրիշ մահկանացուների ձևով։ Նա ունի զմայլելի ճկունություն, շարժվում է անբացատրելի եթերայնությամբ և որևէ մեկին մոտենում այնպես հուշիկ, որ կարծես օդում ծփացող փետուր կամ անձայն թևերով մի թռչուն լինի։
Նա նման է դրեզդենյան ճենապակուց կերտված արձանի։ Հիշողությանս մեջ մշտապես տպավորվել է նրա այն հատկությունը, որը կարելի է անվանել դյուրաբեկություն։ Ինչպես առաջին անգամ, երբ նրա թևը բռնելով օգնեցի սանդուղքի աստիճաններով իջնելու, այնպես էլ ուրիշ անգամներ, ինձ միշտ թվացել է, թե որևէ կոպիտ հպումից նա կարող է իսկույն փշրվել։ Ես երբեք չեմ տեսել մարմնի ու հոգու այդպիսի կատարյալ ներդաշնակություն։ Գրաքննադատները նրա բանաստեղծությունները բնութագրել են որպես վսեմ ու ոգեշունչ, հենց նույն բառերով էլ կարելի է բնութագրել նրա արտաքինը։ Նրա մարմինը կարծես հաղորդակից է հոգուն, օժտված է նույնանման հատկություններով և ամենանուրբ թելերով կապվում է կյանքին։ Արդարև, նա այնքան թեթև էր քայլում, որ կարծես հողեղեն կոշտ տարրը բացակայում էր նրա կազմվածքի մեջ։
Միսս Բրաստերը Գայլ Լարսենի ամենացայտուն հակադրությունն է։ Նրանցից յուրաքանչյուրը մյուսի լիակատար բացասումն է։ Մի առավոտ ես նրանց տեսա տախտակամածի վրա միասին քայլելիս, և մտքումս նրանց նմանեցրի մարդկային հասարակության զարգացման սանդուղքի երկու ծայրագույն աստիճաններին։ Մեկը ամեն տեսակ վայրենության գագաթնակետն է, մյուսը նրբագույն քաղաքակրթության ամենահղկված արտադրանքը։ Ճիշտ է, Գայլ Լարսենը օժտված է արտասովոր բանականությամբ, բայց այն ծառայում է միայն զարգացնելու նրա վայրի բնազդները և հենց դրանով էլ նրան դարձնում ավելի ահարկու։ Նա ուժեղ է, ունի հոյակապ մկաններ, և թեպետ քայլում է պնդակազմ մարդու հաստատ ու վստահ քայլվածքով, այնուամենայնիվ, այդ քայլվածքի մեջ ծանրության տպավորություն թողնող ոչինչ չկա։ Նրա յուրաքանչյուր քայլափոխը ջունգլիների ու անապատների գազաններին հիշեցնող ինչ-որ բան ունի։ Կատվի ճկունության հետ մեկտեղ նա օժտված է ամեհի ուժով։ Ես նրան նմանեցնում եմ որսացող ու հոշոտող մի հսկա վագրի։ Եվ, իրոք, նա նման է վագրի։ Թափանցող փայլը, որ մեկ-մեկ բռնկվում է նրա աչքերում, հար ու նման է այն թափանցող փայլին, որ նկատել եմ վանդակի մեջ բանտարկված ընձառյուծի կամ այլ գիշատիչ գազանների աչքերում։
Բայց այդ առավոտ, երբ նրանք ճեմում էին միասին, նշմարեցի, որ ինքը՝ միսս Բրուստերը վերջ տվեց շրջագայությանը։ Նավասանդուղքի մոտ կանգնած էի, երբ նրանք մոտեցան ինձ։ Թեև մանկամարդ կինը արտաքուստ ոչինչ ցույց չէր տալիս, բայց զգացի, որ նա սաստիկ հուզված է։ Ինձ նայելով, նա մի հասարակ դիտողություն արեց և բավականին անբռնազբոսիկ ծիծաղեց, սակայն նրա աչքերը, կարծես դյութված, ակամա ուղղվեցին Գայլ Լարսենի աչքերին, ապա խոնարհվեցին։ Նրանք խոնարհվեցին այնքան դանդաղ, որ ես կարողացա տեսնել նրանց մեջ լցվող սարսափը։
Բայց սարսափի պատճառը ես կարդացի Գայլ Լարսենի աչքերում։ Նրա աչքերում, որոնք սովորաբար մոխրագույն, սառը և խիստ էին, այդ վայրկյանին դարձել էին ջերմ, մեղմ ու ոսկեշող։ Նրանցում պարում էին փոքրիկ կայծեր, որոնք մեկ աղոտանում ու մարում էին, մեկ՝ բոցավառվում ու բազմանում, մինչև որ ամբողջ բիբը հեղեղվում էր լուսափայլ պայծառությամբ։ Գուցե դրանից էր այդ ոսկեշող երանգը։ Այդ ոսկեշող, հրապուրիչ, տիրական, միաժամանակ կախարդող ու հրամայող աչքերը բարձրագոչ հայտարարում էին եռացող արյան ցանկությունը, մի բան, որ ոչ մի կին չէր կարող չհասկանալ, ո՜ւր մնաց Մոդ Բրուստերը։
Օրիորդի սարսափը հաղորդվեց ինձ և այդ գերագույն սարսափի պահին ես ըմբռնեցի, թե որքան թանկագին էակ է նա ինձ համար։ Այն գիտակցությունը, թե ես սիրում եմ նրան, ինձ երկյուղի մատնեց։ Սերն ու երկյուղը սիրտս այնպես սեղմեցին, որ արյունս միաժամանակ թե՛ սառեց, թե՛ մրրկածուփ եռաց։ Նույն պահին զգացի, որ ինձանից դուրս և ինձանից վեր գտնվող մի ուժ, հակառակ իմ կամքին, հայացքս նորից է բևեռում Գայլ Լարսենի աչքերին։ Բայց նա արդեն տիրապետել էր իրեն։ Ոսկեշող գույնն ու պարող կայծերը անհետացել էին և աչքերը դարձել էին առաջվա պես մոխրագույն, սառը և խիստ։ Նա կտրուկ շարժումով գլուխ տվեց ու հեռացավ։
— Ես վախենում եմ,— շշնջաց Մոդը սարսռալով,— անչափ վախենում եմ։
Ես էլ էի վախենում։ Բացի այդ, իմ մեջ գտնվող սիրո հայտնագործությունից միտքս տակնուվրա էր եղել։ Այնուամենայնիվ, կարողացա հանդարտությամբ պատասխանել.
— Ամեն ինչ լավ կլինի, միսս Բրուստեր, հավատացեք ինձ, ամեն ինչ լավ կլինի։
Նա պատասխանեց երախտագիտական մեղմ ժպիտով, որից սիրտս ուժգին բաբախեց, ապա նավասանդուղքի աստիճաններով ներքև իջավ։
Ես երկար մնացի կանգնած իմ տեղում։ Ինձ հարկավոր էր ինքնամփոփվել և ըմբռնել ստեղծված նոր իրադրության նշանակությունը։ Սերը վրա էր հասել մի այնպիսի ժամանակ, երբ բնավ չէի սպասում նրան, և վրա էր հասել խանգարիչ պայմաններում։ Կանքի մասին փիլիսոփայելիս ես միշտ ընդունել եմ, որ վաղ կամ ուշ սերը անխուսափելիորեն կգա։ Բայց երկարամյա գրքամոլությունը ինձ դարձրել էր անուշադիր, սերը դիմավորելու անպատրաստ։
Եվ ահա սերը եկավ... Մոդ Բրուստերը... Ես հանկարծ վերհիշեցի նրա բանաստեղծությունների առաջին բարակ հատորյակը, որը դրված էր գրասեղանիս վրա, և իմ աչքերի առաջ երևացին նաև գրքերի դարակում շարված մյուս հատորյակները։ Ինչպիսի հրճվանքով էի ողջունել նրանցից յուրաքանչյուրը։ Ամեն տարի լույս էր տեսնում մեկ հատոր, և այդ հատորն ինձ համար հանդիսանում էր տարվա խոշորագույն իրադարձությունը։ Ես նրանց մեջ գտնում էի հարազատ զգացմունքներ ու գաղափարներ և մտքով եղբայրանում էի նրանց հետ։ Այժմ նրանց տեղը իմ սրտումն է։
Իմ սրտո՞ւմ... Հանկարծ մտքերս տարբեր ընթացք ստացան։ Ես կարծես ինձանից դուրս կանգնեցի և սկսեցի երկբայությամբ ինձ դիտել։ Մոդ Բրուստեր... Ես՝ Հեմֆրի Վան–Վեյդենս, որին Չարլի Ֆարասեթը մկրտել էր «սառնարյուն ձուկ», «անզգա հրեշ», «վերլուծության դև» մակդիրներով. ահա սիրահարված եմ... Միտքս, առանց որևէ ակնհայտ պատճառի, այժմ փոխադրվեց ուրիշ տեղ, ես մեկեն հիշեցի անձնանունների տեղեկագրքում զետեղված կենսագրական փոքրիկ մի ծանոթագրություն և ինձուինձ ասացի. «Նա ծնվել է Քեմբրիջում և քսանյոթ տարեկան է»։ Ապա ավելացրի. «Քսանյոթ տարեկան է, բայց դեռ ազատ է և սիրահարված չէ»... Սակայն ինչի՞ց իմանայի, որ սիրահարված չէ։ Նորածին խանդի սուր ցավը մեկ անգամից փարատեց իմ նախկին տարակույսները։ Այլևս կասկած չի կարող լինել։ Քանի որ խանդում եմ, նշանակում է սիրում եմ։ Եվ այն կինը, որին սիրում եմ, Մոդ Բրուստերն է։
Ես՝ Հեմֆրի Վան-Վեյդենս, սիրահարված եմ... Տարակույսները նորից պաշարեցին ինձ։ Ոչ թե որովհետև սիրուց վախենում էի կամ դժկամում՝ նրան հանդիպել։ Ընդհակառակը, լինելով ծայրաստիճանի իդեալիստ, ես միշտ սերը գնահատել եմ որպես աշխարհի ամենավեհ զգացմունքը, գոյության վսեմագույն նպատակը, ուրախության ու երջանկության այն ամենաքաղցր բարձրակետը, որտեղ կյանքը սարսռում է խայտանքից, այն գերագույն բանը, որ մարդ միայն կարող է ողջունել, ընդունել և իր սրտում զետեղել։ Եվ սակայն հիմա, երբ սերն արդեն եկել էր, ես չէի կարողանում հավատալ դրան։ Մի՞թե կարող եմ այդքան բախտավոր լինել։ Սերը չափազանց մեծ բախտավորություն է, որպեսզի իրական լինի։ Ես մեկեն հիշեցի Սայմոնսի հետևյալ տողերը.
Երկար տարիներ աշխարհում կանանց
Քեզ որոնելով, թափառել եմ ես...
Բայց ես վաղուց դադարել էի որոնելուց։ Ինձ համար չէ այդ գերագույն երջանկությունը, մտածել էի ես։ Ֆարասեթը իրավացի էր։ Ես սովորական մարդկանց պես չէի, ես «անզգա հրեշ» էի, մի տարօրինակ գրքամոլ, որն ընդունակ է նվիրվելու միայն իմացական հաճույքների։ Թեև ամբողջ կյանքումս շրջապատված եմ եղել կանանցով, բայց նրանց գնահատել եմ սոսկ գեղագիտական տեսանկյունից։ Ես հաճախ ինձ համարել եմ մարդկային հասարակությունից հեռու ապրող մի վանական, որին բնությունը զլացել է տալ մշտատև կամ անցավոր այն կրքերը, որ ուրիշների մեջ տեսնում ու լիովին հասկանում էի։ Բայց ահա սերը վերջապես եկավ։ Եվ եկավ անակնկալ, առանց նախազգուշացման։
Խոր հոգեզմայլությամբ համակված հեռացա նավասանդուղքից և սկսեցի շրջել տախտակամածի վրա, մրմնջալով Էլիզաբեթ Բրոունինգի այս տողերը.
Տարիներ առաջ, լքելով մարդկանց,
Տեսիլքների հետ ապրեցի մենակ։
Տեսա, որ նրանք ընկեր են ազնիվ,
Նրանց մեղեդին թովիչ է ու թանկ։
Բայց հիմա ավելի թովիչ մի երաժշտություն էր հնչում իմ ականջներում և ես բոլորովին խուլ ու կույր էի դեպի շրջապատս։ Հանկարծ Գայլ Լարսենի խիստ ձայնը սթափեցրեց ինձ։
— Գրողը տանի, ի՞նչ գործ ունեք այստեղ,― գոչում էր նա։
Ես ճեմում էի տախտակամածի այն մասում, որ նավաստիները ներկում էին, և հենց այդ վայրկյանին քիչ էր մնում ոտքով շրջեի ներկի գայլը։
— Դուք, ինչ է, քնաշրջի՞կ եք, թե արևահար,— գոռաց նա։
— Ոչ, անմարսողությունից եմ տառապում,— պատասխանեցի ես և, կարծես ոչինչ պատահած չլիներ, շարունակեցի շրջագայությունը։ I
Գլուխ քսանչորսերորդ
Իմ կյանքի ամենավառ հիշատակներն այն դեպքերն են, որոնք տեղի ունեցան «Ուրվականի» վրա Մոդ Բրուստերի նկատմամբ իմ սիրո հայտնաբերումին հաջորդող քառասուն ժամերի ընթացքում։ Ամբողջ կյանքս խաղաղ միջավայրում անցկացնելուց հետո, երեսունհինգ տարեկան հասակում ապրեցի ամենաանհավատալի արկածներով լի մի շրջան։ Իմ կյանքում որևէ քառասուն ժամվա մեջ երբեք այսքան բազմաթիվ ու ցնցող դեպքեր չէին պատահել։ Ամեն անգամ, երբ դրանք վերհիշում եմ, հպարտության մի փոքրիկ ձայն ինձ փսփսում է (և ես չեմ կարող նրան ականջ չդնել), թե տվյալ հանգամանքներում այնքան էլ վատ դեր չեմ խաղացել։
Նախ սկսենք այնտեղից, որ Գայլ Լարսենը ճաշի ժամանակ որսորդներին հայտարարեց, թե այսուհետև նրանք պետք է ճաշեն իրենց ընդհանուր խցում։ Դա աննախընթաց մի խախտում էր, որովհետև, ընդունված կարգի համաձայն, որսորդական երկկայմանավերի վրա որսորդներն անպաշտոն կերպով համարվում էին սպաներ։ Նա որևէ բացատրություն չտվեց, բայց պատճառը բավականին ակնհայտ էր։ Հոռները և Սմոքը սկսել էին Մոդ Բրուստերին սիրտ թովել, մի բան, որ ինքնըստինքյան ծիծաղելի էր և օրիորդին ոչ մի կերպ չէր վիրավորում, բայց Գայլ Լարսենին բացահայտորեն դուր չէր գալիս։
Հայտարարությունն ընդունվեց մռայլ լռությամբ։ Չորս որսորդները նշանակալից նայեցին իրենց վտարման պատճառը հանդիսացող մյուս երկուսին։ Ջոք Հոռները, զուսպ լինելով, վրդովմունքի ոչ մի նշան ցույց չտվեց, մինչդեռ Սմոքի ճակատը շառագունեց և նա բերանը բացեց խոսելու համար։ Գայլ Լարսենը, պողպատյա սառը փայլը աչքերում, դիտում էր նրան և սպասում։ Բայց Սմոքը բերանը նորից փակեց առանց մի բառ արտաբերելու։
— Բա՞ն էիր ասելու,— հարցրեց նրան Գայլ Լարսենը հարձկողական տոնով։
Դա մի մարտահրավեր էր, բայց Սմոքը հրաժարվեց այն ընդունելուց։
— Ինչի՞ մասին,— հարցրեց նա այնպիսի անմեղ արտահայտությամբ, որ Գայլ Լարսենը հուսախաբվեց, և մյուսները ժպտացին։
— Չգիտեմ,— պատասխանեց Գայլ Լարսենը դժգոհ։— Ինձ թվաց, թե ցանկություն ունեիր մի ուժեղ աքացի ստանալու։
— Ինչի՞ համար,— հարցրեց անվրդով Սմոքը։
Սմոքի ընկերակիցներն այժմ լայնաբերան ժպտում էին։ Նավապետը կարող էր նրան սպանել, և ես չեմ կասկածում, որ արյուն կհոսեր, եթե Մոդ Բրուստերը ներկա չլիներ։ Ընդ որում, նրա ներկայության պատճառով էր, որ Սմոքն այդպես վարվեց։ Չափազանց խոհեմ և զգույշ լինելով, որսորդը խուսափեց Գայլ Լարսենին գրգռելուց այնպիսի ժամանակ, երբ նրա զայրույթը կարող էր դրսևորվել բառերից ավելի բուռն արտահայտություններով։ Ես, այնուամենայնիվ, վախենում էի, որ բանը կհասներ ծեծկռտուքի, բայց ղեկորդի աղաղակը թուլացրեց լարվածությունը և դրությունը փրկվեց։
— Ծո՜ւխ հորիզոնում,— լսվեց նավասանդուղքի բաց անցքի միջով։
— Ո՞ր կողմից,— գոռաց Գայլ Լարսենը նստած տեղից։
— Ուղիղ նա վախելի հետևից, սըր։
— Գուցե ռուսական շոգենավ է,— կարծիք հայտնեց Լետիմերը։
Այդ խոսքի վրա մյուս որսորդների դեմքերը մռայլվեցին։ Ռուս ականշոգենավ նշանակում է միայն մի բան՝ հածանավ։ Որսորդները թեև ճշգրիտ չգիտեին «Ուրվականի» տեղանքը, բայց, այնուամենայնիվ, գիտեին, որ մոտեցել ենք արգելված ջրերի սահմանին, իսկ Գայլ Լարսենը հայտնի էր որպես հռչակավոր որսագող։ Բոլորի հայացքներն ուղղվեցին նրան։
— Մենք բոլորովին ապահով ենք,— հավաստիացրեց նա ծիծաղելով։— Մի անհանգստացիր, Սմոք, այս անգամ քեզ աղի հանքերը չեն տանի։ Բայց ահա թե ինչ եմ ասելու ձեզ։ Ես գրազ կգամ, մեկի դեմ հինգ, որ դա «Մակեդոնիան» է։
Ոչ ոք չընդունեց գրազի առաջարկությունը, և նա ավելացրեց.
— Եթե դա իրոք «Մակեդոնիան» է, ապա մեկի դեմ տասը գրազ կգամ, որ նա մեզ հետ ընդհարում կունենա։
— Ոչ, շնորհակալ եմ,— ասաց Լետիմերը։— Ես դեմ չեմ փողս կորստի ենթարկելու, պայմանով, որ շահելու ինչ-որ հավանականություն ունենամ։ Երբեք չի պատահել, որ դուք և ձեր այդ եղբայրը իրար հանդիպեք առանց ընդհարվելու։ Հետևաբար, ես ինքս մեկի դեմ քսան գրազ կգամ, որ ընդհարում լինելու է։
Բոլորը ժպտացին, Գայլ Լարսենն էլ նրանց հետ, և ճաշը խաղաղ անցավ շնորհիվ իմ համբերության, որովհետև դրանից հետո նավապետն ինձ հետ վարվեց ամենագարշելի ձևով, մեկ հեգնելով, մեկ հովանավորողի ձևեր ընդունելով, մինչև որ սկսեցի զսպված կատաղությունից ամբողջ մարմնով դողալ։ Բայց ես գիտակցում էի, որ Մոդ Բրուստերի սիրույն պետք է ինձ զսպեմ, և վարձատրված զգացի, երբ նրա հայացքը, մի ակնթարթ աչքերիս հանդիպելով, լեզվի պես պարզ ասացին. «Քաջ եղեք, դիմացեք»։
Ճաշից հետո տախտակամած բարձրացանք։ Ուրիշ նավի հետ հանդիպումը հաճելի իրադարձություն էր մեր այս միօրինակ ճանապարհորդության ժամանակ, իսկ այն ենթադրությունը, թե դա Մահ Լարսենի «Մակեդոնիան» է, առավել ես գրգռիչ էր։
Նախորդ օրվա ուժեղ քամին ու ալեկոծ ծովը հետզհետե հանդարտվում էին, այնպես որ հիմա հնարավոր էր մակույկներ իջեցնել որսալու համար։ Որսը խոստանում էր շահավետ լինել։ Արևածագից սկսած մենք նավարկել էինք դատարկ ծովում, ուր ծովակատուներ չկային, իսկ այժմ մոտենում էինք մի խոշոր երամի։
Շոգենավի ծուխը թեև մղոններով հեռու էր նավախելից, բայց արագորեն մոտենում էր, երբ մակույկները ծով իջեցրինք։ Մակույկները, ցրվելով, սկսեցին առաջանալ դեպի հյուսիս։ Ժամանակ առ ժամանակ տեսնում էինք, թե ինչպես նրանցից մեկնումեկի առագաստը ցածրանում էր, ապա արձակվում էին հրացանի կրակոցներ, հետո առագաստը նորից էր բարձրանում։ Ծովակատուները բազմաթիվ էին, քամին բոլորովին մեղմացել էր և ամեն ինչ նպաստում էր, որ որսը առատ լինի։ Երբ «Ուրվականը» սկսեց ընթանալ ամենավերջին մակույկի հողմազերծ կողմից, նկատեցինք, որ ջրի երեսը ծածկված է քնած ծովակատուներով։ Ես բնավ չէի տեսել այդքան խիտ երամ։ Նրանք վխտում էին մեր չորս բոչորը և երկուսով, երեքով կամ փոքր խմբերով խաղաղ մրափում ջրի երեսին, ծույլ շնիկների նման։
Մոտեցող ծխի հետ աստիճանաբար մեծանում էին շոգննավի մարմինն ու նրա տախտակամածի վերնակառուցքը։ Դա «Մակեդոնիան» էր։ Ես երկդիտակով կարդացի նրա անունը, երբ նա անցնում էր մեր աջ կողմով, հազիվ մեկ մղոն հեռավորության վրա։ Գայլ Լարսենը վայրագ հայացքով դիտում էր շոգենավը, իսկ Մոդ Բրուստերը համակված էր հետաքրքրությամբ։
— Իսկ ո՞ւր է այդ ընդհարումը, որի մասին այդքան վստահ էիք,— հարցրեց նա զվարթությամբ։
Նավապետը քմծիծաղով նայեց օրիորդին, և նրա դիմագծերը վայրկենապես մեղմացան։
— Դուք, ի՞նչ է, ակնկալում էիք, որ նրանք իսկույն նավ կբարձրանան ու մեր կոկորդները կկտրե՞ն։
— Դրա նման մի բան,— խոստովանեց օրիորդը։— Գիտե՞ք, ծովակատվի որսորդները այնքան նոր ու տարօրինակ են ինձ համար, որ կարող եմ ամեն ինչ ակնկալել։
Նավապետը հաստատական իմաստով գլուխը շարժեց։
— Շատ ճիշտ է, շատ ճիշտ։ Ձեր սխալը լոկ այն է, որ չկարողացաք ակնկալել ամենավատը։
— Իսկ ի՞նչ կարող է լինել ավելի վատ, քան մեր կոկորդները կտրելը,— հարցրեց օրիորդը չքնաղ ու անմեղ զարմանքով։
— Մեր քսակները կտրելը,— պատասխանեց նավապետը։— Այսօրվա օրս մարդն այնպես է ստեղծված, որ նրա ապրելու կարողությունը որոշվում է միայն իր ունեցած փողով։
— «Ով իմ քսակն է գողանում, նա աղբ է գողանում»,— մեջբերեց օրիորդը։
— Ով իմ քսակն է գողանում, նա գողանում է ապրելու իրավունքս, ասում է, ընդհակառակը, հին առածը,— պատասխանեց Գայլ Լարսենը։— Որովհետև նա գողանում է իմ հացը, միսը, անկողինը և այդպիսով վտանգում է իմ կյանքը։ Դուք գիտե՞ք, որ բավական չեն այն հաստատությունները, որոնք ձրի հաց և ապուր են բաժանում աղքատներին, և նրանք, ովքեր իրենց քսակի մեջ ոչինչ չունեն, սովորաբար մեռնում են և մեռնում ամենախղճալի ձևով... եթե, անշուշտ, անկարող են շուտով նորից լցնելու իրենց քսակները։
— Բայց չի երևում, որ այդ շոգենավը հետամուտ է ձեր քսակը գողանալու։
— Սպասեցեք և կտեսնեք,— եղավ մռայլ պատասխանը։
Եվ իրոք, երկար սպասելու, կարիք չունեցանք։ «Մակեդոնիան» մեր մակույկների գծից մի քանի մղոն առաջ անցնելով, սկսեց իր մակույկներն իջեցնել։ Մենք գիտեինք, որ մեր հինգ մակույկի դիմաց (վեցերորդ մակույկով փախել էր Ուենրայթը) «Մակեդոնիան» ուներ տասնչորս հատ։ Նա սկզբում մի քանի նավակ իջեցրեց քամու հակընթաց կողմում, մեր վերջին նավակից բավական հեռու, հետո շարունակեց դարձյալ իջեցնել մեր գծի ամբողջ երկարությամբ և մեր ամենամոտ նավակի հողմընթաց կողմում, դարձյալ բավական հեռու։ Այդպիսով, մերոնց որսորդությունը խանգարվեց։ Մեր հետևում ծովակատուներ չկային, իսկ առջևում տասնչորս նավակների շարանը հսկա ավելի նման ավլում-տանում էր իր դիմաց գտնվող երամը։
Մեր մակույկները որսացին միայն երկու-երեք մղոն տարածության վրա, որը նրանց բաժանում էր «Մակեդոնիայի» մակույկներից, և ապա վերադարձան։ Քամին գրեթե դադարել էր, օվկիանոսը գնալով ավելի էր խաղաղվում և մեր առջև գտնվում էր ծովակատուների մի ահագին երամ։ Դա որսորդության համար հիանալի օր էր։ Այդպիսի օրեր հազիվ երկու-երեք անգամ են լինում որևէ բարեհաջող որսաշրջանի ամբողջ ընթացքում։ Նավ բարձրացող նավաստիներն ու որսորդները սաստիկ զայրացել էին։ Նրանցից յուրաքանչյուրն իրեն կողոպտված էր համարում։ Նավակները բարձրացնելիս, նրանք այնպես էին հայհոյում, որ եթե հայհոյանքները որևէ ներգործիչ ուժ ունենային, Մահ Լարսենի հաշիվն ընդմիշտ մաքրված կլիներ։
— Տասը հավիտենականություն տևող մահ ու անեծք նրան,— գոչեց Լուիսը, նշանակալից մի հայացք ուղղելով ինձ, երբ իր մակույկը կապելուց հետո նստեց հանգստանալու։
— Ասացեք, խնդրեմ, կարո՞ղ եք կռահել, թե ինչն է նրանց հոգիների համար ամենակենսական բանը,— գոչեց Գայլ Լարսենը։— Ի՞նչն է դա, հավա՞տը, սե՞րը, վեհ գաղափարնե՞րը, բարի՞ն, գեղեցի՞կը, ճշմարի՞տը։
— Դա՝ արդարության վիրավորված զգացմունքն է,— ասաց Մոդ Բրուստերը, միանալով մեր խոսակցությանը։
Նա կանգնած էր մեզանից մոտ տասը ոտնաչափ հեռու, մեկ ձեռքով բռնել էր միջնակայմի պարանը, և մարմինը օրորվում էր նավի մեղմ տատանումներից։ Նա բարձր չխոսեց, բայց նրա ձայնը հնչեց մաքուր ու հստակ, ինչպես զանգակի ղողանջը։ Ես հազիվ համարձակվեցի նայել նրան, վախենալով, որ ինձ կմատնեմ։ Նավաստու գդակի տակից հորդող բաց-շադգանակագույն մազերը, արևից փայլփլելով, լուսապսակ էին կազմել ձվաձև դեմքի շուրջը։ Նա իսկապես հմայիչ էր և դրա հետ մեկտեղ ինչ–որ ոգեղեն տեսք ուներ, եթե ոչ հրեշտակային։ Կյանքի նկատմամբ իմ հին հիացմունքը ամբողջովին վերակենդանացավ ի տես կյանքի այս զմայլելի մարմնավորման, և այդ պահին իմ աչքում միանգամայն ծիծաղելի ու ծաղրելի թվաց Գայլ Լարսենի սառը մեկնաբանությունը կյանքի ու նրա նշանակության մասին։
— Դուք էլ սենտիմենտալ եք միստր Վան-Վեյդենի պես,— քմծիծաղեց Լարսենը։— Այս մարդիկ հայհոյում են, որովհետև իրենց ցանկությունների իրականացումը խանգարվեց։ Այդ է բոլորը։ Իսկ որո՞նք են նրանց ցանկությունները։ Ափ ելնել, առատ որսից ձեռք բերած փողով համեղ ճաշեր, փափուկ անկողին, կին ու գինի, ցոփություն ու անասնականություն վայելել։ Այս ցանկությունները արտահայտում են նրանց բուն էությունը, նրանց բարձրագույն ձգտումները, եթե կուզեք՝ նրանց իդեալները։ Այո, նրանց զգացմունքների այս ցուցադրությունը սրտագրավ տեսարան չէ, բայց, այնուամենայնիվ, վկայում է, թե այդ մարդիկ որքան խորն են ազդվել, թե որքան խորն են ազդվել նրանց քսակները։ Որովհետև, ձեռք դնել նրանց քսակների վրա՝ նշանակում է ձեռք դնել նրանց հոգիների վրա։
— Բայց ձեր վերաբերմունքից բնավ չի երևում, որ ձեր քսակի վրա ձեռք է դրվել,— ասաց օրիորդը ժպտալով։
— Նշանակում է՝ ես տարբեր ձևով եմ վարվում, երբ ձեռք են դնում իմ քսակի ու հոգու վրա։ Լոնդոնյան շուկայի ընթացիկ գներով՝ մեր այսօրվա որսալիք ծովակատուների մորթիներն առնվազն հազար հինգ հարյուր դոլլարի շահ կբերեին, եթե «Մակեդոնիան» մեզ չկողոպտեր։
— Դուք շատ հանգիստ եք խոսում,— սկսեց Մոդ Բրուստերը։
— Բայց ներքուստ հանգիստ չեմ,— ընդհատեց նա,— ես կսպանեի ինձ կողոպտող մարդուն։ Այո, այո, գիտեմ, այդ մարդը իմ եղբայրն է... Զգացմունքներ... Է՜հ...
Նրա դեմքի արտահայտությունը հանկարծ փոխվեց, և երբ նա շարունակեց խոսել, ձայնը հնչեց մեղմ ու անկեղծ։
— Դուք, սենտիմենտալ էակներդ, պետք է որ երջանիկ լինեք, իսկապես երջանիկ, որովհետև երազելով գտնում եք, որ կյանքը լավ է։ Եվ քանի որ ձեզ այդպես է թվում, դուք էլ ձեզ լավ եք զգում։ Դե ասացեք, դուք գտնո՞ւմ եք, որ ես լավ մարդ եմ։
— Ձեր արտաքինը բավականին լավն է,— ես տվեցի իմ գնահատականը։
— Ձեր մեջ կան լավության բոլոր կարողությունները,— եղավ Մոդ Բրուստերի պատասխանը։
— Այդպես էլ գիտեի,— գրեթե զայրացած գոչեց նա, նայելով օրիորդին։— Ձեր ասածները դատարկ խոսքեր են ինձ համար։ Ձեր հայտնած մտքի մեջ որոշ ու հստակ ոչինչ չկա։ Դուք չեք կարող այդ միտքը ձեր ափի մեջ դնել ու վրան նայել։ Դա, ըստ էության, նույնիսկ միտք չէ, այլ ինչ-որ զգացմունք, որը պատրանքի ծնունդ է և ոչ թե մտածողության արդյունք։
Երբ նա վերսկսեց, նրա ձայնը դարձյալ մեղմացել էր ու հնչում էր անկեղծ։
— Գիտե՞ք, ես երբեմն ցանկություն եմ ունենում, որ ինքս էլ կյանքի փաստերի նկատմամբ կույր լինեմ և երազներով ու պատրանքներով ապրեմ։ Իհարկե, դրանք բոլորը սուտ ու սխալ են և հակասում են առողջ դատողությանը։ Բայց չնայած դրան, իմ տրամաբանությունն ասում է, թե սուտ ու սխալ լինելով հանդերձ, երազներն ու պատրանքները ավելի մեծ հաճույք են պարգևում։ Առանց հաճույքի կյանքը անարժեք բան է։ Ապրելու համար աշխատել և չվարձատրվել՝ դա ավելի վատ է, քան մահը։ Ով ավելի հաճույք է ստանում, նա ավելի լրիվ է ապրում, համենայն դեպս, ձեր երազներն ու պատրանքները ձեզ նվազ են վրդովում ու ավելի բավարարություն են ընծայում, քան իմ փաստերը՝ ինձ։
Նա գլուխը մեղմ օրորեց և սկսեց խորհել.
— Ես հաճախ, շատ հաճախ տարակուսում եմ տրամաբանության լիարժեքության վրա, և ինձ թվում է, որ երազներն ավելի կենսահաստատ են ու գոհացուցիչ։ Հուզական վայելքը ավելի լիակատար ու երկարատև է, քան իմացական վայելքը։ Բացի դրանից, իմացական վայելքներին հաջորդում է թախիծը, մինչդեռ հուզական վայելքները պարզապես մի քիչ բթացնում են զգայարանները, որոնք, սակայն, շուտով վերակազդուրվում են։ Ես ձեզ նախանձում եմ, ուղղակի նախանձում։
Նա հանկարծ լռեց, և նրա շրթներին գծագրվեց յուրահատուկ ու տարօրինակ քմծիծաղը։ Նա ավելացրեց.
— Բայց ես ձեզ նախանձում եմ ուղեղով, նկատի ունեցեք այդ, և ոչ թե սրտով։ Տրամաբանությունս է թելադրում այդ նախանձը, որովհետև նախանձը մտքի արտադրանք է։ Ես նման եմ այն զգաստ մարդուն, որը նայում է հարբածի վրա և զգաստությունից ձանձրացած՝ ցանկանում ինքն էլ հարբել։
— Կամ այն խելոք մարդու նման, որը խելագարներին նայելով, ցանկանում է խելագար լինել,— ծիծաղեցի ես։
— Ճիշտ այդպես,— ասաց նա։— Դուք մի զույգ երանելի, սնանկացած խելագարներ եք։ Ձեր թղթապանակում ոչ մի փաստ չկա։
— Բայց և այնպես մենք ծախսում ենք նույնքան առատաձեռնությամբ, որքան դուք,— պատասխանեց օրիորդը։
— Նույնիսկ ավելի առատաձեռնությամբ, քանի որ դա ոչ մի արժեք չունի ձեզ համար։
— Հենց նրա համար, որ մենք պարտք ենք անում հավերժությունից,— ասաց միսս Բրուստերը։
— Որտեղից էլ առնեք կամ կարծեք, որ առնում եք, միևնույն է, դուք ծախսում եք ձեր չունեցածը։ Այնուամենայնիվ, դուք դրա փոխարեն ավելի մեծ վարձատրություն եք ստանում, քան ես ստանում եմ իմ ծախսածի համար, որը ձեռք եմ բերել քրտինքով։
— Ուրեմն ինչո՞ւ չեք փոխում ձեր փողի տեսակը,— հարցրեց Մոդ Բրուստերը կատակելով։
Գայլ Լարսենը մի արագ հայացք գցեց օրիորդի վրա, որի մեջ փայլեց ինչ-որ հույսի նշույլ, ապա ասաց տրտմությամբ.
— Շատ ուշ է։ Գուցե կուզենայի, բայց այլևս չեմ կարող։ Իմ դրամապանակը լցված է հին փողով, ընդ որում դրանից ազատվել հնարավոր չէ։ Ես երբեք ի վիճակի չեմ լինի գնահատելու այլ տեսակի փող, քան իմը։
Նա լռեց և նրա մտածկոտ հայացքը Մոդ Բրուստերի վրայից սահելով, ուղղվեց դեպի հանդարտ ծովի մակերեսը։ Հինավուրց նախնիներից ժառանգած վաղնջական թախիծն այնքան ուժեղ էր համակել նրա հոգին, որ նա ամբողջ մարմնով սարսռաց։ Նրա խորհրդածությունները հետզհետե բորբոքեցին նրան և կարելի էր ակնկալել, որ նա մի որևէ դիվային արարք կգործի։ Ես հիշեցի Չարլի Ֆարասեթին և հասկացա, որ այս մարդու թախիծը այն պատիժն է, որ մատերիալիզմը տնօրինում է մատերիալիստորեն մտածող յուրաքանչյուր մարդու։
Գլուխ քսանհինգերորդ
— Դուք տախտակամածի վրա եղել եք, միստր Վան-Վեյդեն,— ասաց Գայլ Լարսենը հաջորդ առավոտ նախաճաշի ժամանակ,— ինչպե՞ս է եղանակը։
— Բավականին պարզ,— պատասխանեցի ես, դիտելով նավասանդուղքի բացվածքից հոսող արևի լույսը։— Արևմտյան մեղմ քամի, որը խոստանում է ուժեղանալ, եթե ճիշտ է Լուիսի կանխատեսությունը։
Նա գոհունակությամբ գլուխը շարժեց։
— Մառախուղի նշաններ չկա՞ն։
— Խիտ շերտեր կան հյուսիսում և հյուսիս-արևմուտքում։
Նա նորից գլուխը շարժեց, այս անգամ ավելի մեծ գոհունակությամբ։
— Իսկ ի՞նչ լուր «Մակեդոնիայից»։
— Անհետացել է,— պատասխանեցի ես։
Ես կարող էի երդվել, որ այդ տեղեկությունից նրա տրամադրությունն ընկավ, բայց չէի հասկանում, թե ինչո՞ւ պետք է նա դրանից հուսախաբվեր։
Պատճառը շուտով պարզվեց։
— Ծո՜ւխ,— լսվեց տախտակամածից, և Լարսենի դեմքը մեկեն պայծառացավ։
— Հիանալի՛,— բացականչեց նա և սեղանը թողնելով, իսկույն տախտակամած բարձրացավ ու գնաց որսորդների ընդհանուր խուցը, որտեղ վերջիններս իրենց տարագրության առաջին նախաճաշն էին անում։
Մոդ Բրուստերը և ես գրեթե ձեռք չտվինք մեր առջև դրված ուտելիքներին։ Լուռ ու մտահոգ իրար նայելով, ականջ էինք դնում Գայլ Լարսենի ձայնին, որը մեզ հասնում էր միջնորմի հետևից։ Նա երկար խոսեց և նրա ճառի վերջավորությունն ընդունվեց վայրի գոռգոռոցով։ Միջնորմը հաստ էր, և մենք չէինք լսում նավապետի խոսքերը, բայց, ըստ երևույթին, նրա ճառը խոր տպավորություն գործեց, քանի որ գոռգոռոցին հաջորդեցին ուրախության որոտալի բացականչություններ։
Տախտակամածի վրա եռուզեռ սկսվեց, և ես գուշակեցի, որ նավաստիները կանչվել են վերև և պատրաստվում են ծով իջեցնել մակույկները։ Մոդ Բրուստերը ինձ հետ տախտակամած բարձրացավ, բայց ես նրան թողեցի նավահարթակի ծայրում, որտեղից նա կարող էր տեսարանը դիտել առանց մասնակցելու։ Նավաստիները, երևի, արդեն գիտեին ձեռնարկության շարժառիթը, իսկ աշխատանքում ներդրած նրանց եռանդը վկայում էր ընդհանուր խանդավառության մասին։ Որսորդները տախտակամած փոխադրեցին մանրագնդակի հրացաններ, փամփուշտի արկղեր և բոլորովին արտասովոր մի բան. ակոսավոր փողանցքով հրացաններ։ Նրանք միայն հադվադեպ առիթներով էին իրենց հետ տանում ակոսավոր վաղանցքով հրացան, որովհետև դրա գնդակով խփված ծովակատուներն առանց բացառության սուզվում են ջրի տակ, նախքան մակույկին հասնելը։ Բայց այսօր յուրաքանչյուր որսորդ վերցրել էր այդպիսի մի հրացան և գնդակների մեծ պաշար։ Ես նկատեցի, որ նրանք գոհունակությամբ ժպտում էին, դիտելով «Մակեդոնիայի» ծուխը, որը արևմտյան կողմից մոտենալով, հետզհետե բարձրանում էր ավելի վերև։
Հհինգ մակույկներն իսկույն իջեցվեցին ծով։ Նախորդ օրվա նման, հովհարի ձևով տարածվելով, նրանք ուղղվեցին դեպի հյուսիս, իսկ մենք «Ուրվականը» քշեցինք նրանց հետեվից։ Ես միառժամանակ հետաքրքրությամբ գիտեցի մեր մակույկները, բայց նրանց շարժումների մեջ արտակարգ ոչինչ չնկատեցի։ Որսորդներն իջեցնում էին առագաստները, խփում էին ծովակատուներ, նորից պարզում էին առագաստները և սովորականի պես շարունակում իրենց ճանապարհը։ «Մակեդոնիան» կրկնեց նախորդ օրվա մանևրը և մեր դիմաց իջեցրեց իր մակույկները՝ ծովը «ավլելու» նպատակով։ Որպեսզի տասնչորս մակույկներ կարողանան ազատորեն որսալ, անհրաժեշտ է, որ նրանք ցրվեն ծովի լայն տարածության վրա, իսկ շոգենավը, մեր ճանապարհը ամբողջովին կտրելուց հետո, ուղղվեց դեպի հյուսիս, շարունակելով մակույկներ իջեցնել։
— Ի՞նչ եք մտադիր անել,— հարցրի Գայլ Լարսենին, չկարողանալով ավելի երկար զսպել հետաքրքրությունս։
— Այդ ձեզ չի վերաբերում,— պատասխանեց նա խստությամբ։— Համենայն դեպս, հազար տարի սպասելու պետք չի լինի, որպեսզի իմանաք։ Մինչ այդ միայն աղոթեցեք, որ քամին ուժեղանա։
— Դե լավ, կարող եմ ասել,— ավելացրեց նա, մի պահ լռելուց հետո։— Ես ուզում եմ իմ այդ եղբորը խմեցնել ինձ համար պատրաստած իր դեղը։ Կարճ ասած՝ ուզում եմ ինքս ավլել ծովը և այդ անել ոչ միայն մեկ օր, այլ որսորդության ամբողջ շրջանի ընթացքում, եթե, իհարկե, բախտը ինձ ժպտա։
— Իսկ եթե չժպտա՞,— հարցրի ես։
— Այդ հանգամանքը ես նկատի չեմ առել,— ծիծաղեց նա։— Պետք է անպայման ժպտա, թե չէ՝ կորած ենք։
Նա կանգնեց ղեկանիվի առաջ, իսկ ես գնացի նավաստիների ընդհանուր խուցը, որտեղ պառկած էին երկու վիրավորները՝ Նիլսոնը և Մագրիջը։ Նիլսոնը, ինչպես և պետք էր ակնկալել, զվարթ էր, որովհետև ջարդված ոտքը արագ բուժվում էր, իսկ խոհարարը համակված էր այնպիսի հուսահատ տխրությամբ, որ ես խոր կարեկցանք զգացի այդ դժբախտ արարածի նկատմամբ։ Զարմանալին այն է, որ նա դեռ ապրում էր և կառչում կյանքին։ Տարիների թշվառությունը քայքայել էր նրա վտիտ մարմինը, բայց, այնուամենայնիվ, կյանքի կայծը նրա հոգում այժմ ավելի վառ էր, քան երբևէ։
— Արհեստական ոտքով, որպիսին հիմա հիանալի են պատրաստում, դու կկարողանաս անվերջ քարշ գալ նավերի խոհանոցներում,— վստահեցրի նրան զվարթությամբ։
Բայց նրա պատասխանը լուրջ էր, ավելի շուտ՝ հանդիսավոր.
— Ես այդ մասին չդիտեմ, միստր Վան-Վեյդեն, բայց գիտեմ մի բան, որ ես երբեք չպիտի ուրախանամ, մինչև չտեսնեմ այդ դժոխքի շան սատկելը։ Նա ինձնից երկար չի կարող ապրել։ Նա իրավունք չունի ապրելու և, ինչպես գրված է սուրբ գրքում, «Նա պետք է մեռնի տանջվելով»։ Իսկ ես կավելացնեմ՝ «Ամե՜ն, որքան շուտ, այնքան լավ»։
Երբ տախտակամած վերադարձա, Գայլ Լարսենը մեկ ձեռքով ղեկանիվն էր վարում, իսկ մյուսով ծովային հեռադիտակը բռնած՝ զննում էր մակույկների դիրքը, հատուկ ուշադրությամբ հետևելով «Մակեդոնիայի» շարժումներին։ Մեր մակույկների դիրքում միակ նկատելի փոփոխությունն այն էր, որ նրանք մոտեցել էին քամու հոսանքին և ուղղվում էին դեպի հյուսիս-արևմուտք։ Բայց ես դեռ չէի կարողանում հասկանալ այդ մանևրի միտքը, որովհետև նրանց առջև գտնվում էին «Մակեդոնիայի» հինգ մակույկները, որոնք նույնպես ընթանում էին քամու ուղղությամբ։ Այնուհետև նրանք թեթևակի թեքվեցին դեպի արևմուտք, հետզհետե հեռանալով իրենց գծի մնացյալ մակույկներից։ Մեր մակույկներն առաջանում էին թե՛ առագաստների և թե՛ թիակների օգնությամբ։ Թիավարում էին նույնիսկ որսորդները և այդպիսով օգտագործվում էին յուրաքանչյուր մակույկի երեք զույգ թիակները։ Մեր մակույկները շուտով մոտեցան նրանց, որոնց կարելի է դիպուկ կերպով անվանել «թշնամի»։
«Մակեդոնիայի» ծուխը փոքրացել ու աղոտացել էր հյուսիս-արևելյան հորիզոնում, իսկ ինքը շոգենավը, արդեն դարձել էր անտեսանելի։ Մինչև հիմա մենք դանդաղ թափառում էինք, և մեր ասագաստները գրեթե ամբողջ ժամանակ ծածանվում էին քամուց։ Նույնիսկ երկու անգամ երկկայմանավը կարճ ժամանակով կանգնեց և սկսեց տեղում ծփալ։ Բայց այժմ այդ թափառումին վերջ դրվեց։ Թոկա սարքերը կարգի բերվեցին, և Գայլ Լարսենը արագացրեց «Ուրվականի» ընթացքը։ Մենք անցանք մեր մակույկների գիծը և մոտեցանք թշնամու գծի առաջին նավակին։
— Եռանկյուն առագաստը իջեցրե՛ք, միստր Վան-Վեյդեն,— հրամայեց Գայլ Լարսենը,— և պատրաստ եղեք հավաքելու։
Ես վազեցի դեպի առաջամաս և երբ իջեցրի առագաստը, «Ուրվականը» արդեն սահում էր թշնամու մակույկի հողմընթաց կողմով, մոտ հարյուր ոտնաչափ հեռվից։ Մակույկում գտնվող երեք ծովայինները կասկածով դիտում էին մեզ։ Նրանք կողոպտել էին մեր ծովակատուները և ճանաչում էին Գայլ Լարսենին կամ գոնե լսել էին նրա հռչակի մասին։ Ես նկատեցի, որ որսորդը, մի հսկա սկանդինավցի, նստած էր ցռուկին, հրացանը ծնկների վրա պատրաստ պահած, և կարող էր մեկ ակնթարթում բարձրացնել և կրակել։ Երբ մենք նրանց հավասարվեցինք, Գայլ Լարսենը, ձեռքով ողջունելով, գոչեց.
— Մեզ մոտ բարձրացեք, մի քիչ ծնոտ շարժենք։
Որսորդական երկկայմանավերում «ծնոտ շարժել» միաժամանակ նշանակում է «այցելել» և «շաղակրատել»։ Դա հանդիսանում է նավազների այն յուրահատուկ բարբաջանքը, որը հաճելի մի ընդմիջում է ծովային միօրինակ կյանքում։
«Ուրվականը» մտավ քամու հոսանքի մեջ, իսկ ես առաջամասում իմ գործը վերջացնելով, շտապեցի նավախել, որպեսզի օգնեմ միջնակայմի թոկասարքը կարգի բերող նավաստիներին։
— Խնդրում եմ, միսս Բրուստեր, տախտակամածի վրա մնացեք,— ասաց Գայլ Լարսենը և ուղղվեց դեպի առաջամաս՝ իր հյուրին ընդունելու։— Դուք նույնպես, միստր Վան-Վեյդեն։
Մակույկի նավաստիներն առագաստն իջեցրին և թիավարելով, մոտեցան մեզ։ Որսորդը՝ ոսկեմարուս, ինչպես ծովի առասպելական արքա, նավաբազրիքի վրայով ցատկեց տախտակամած։ Բայց հակառակ իր վիթխարի մարմնին, նա կարծես վախենում էր։ Նրա դեմքը բացահայտորեն կասկած ու անվստահություն էր արտահայտում։ Սակայն երբ նկատեց, որ բացի Գայլ Լարսենից ու ինձնից ուրիշ ոչ ոք չկա տախտակամածի վրա և տեսավ, որ իր երկու նավաստիները միացել են իրեն, նրա մազոտ ու անկեղծ դեմքը պայծառացավ։ Նա համոզվեց, որ վախենալու պատճառ չկա։ Այդ աժդահան կարծես մի Գողիաթ լիներ Գայլ Լարսենի կողքին։ Նրա հասակի բարձրությունը կլիներ վեց ստնաչափ և ութ կամ ինը մատնաչափ, իսկ քաշը, ինչպես հետո իմացա, երկու հարյուր քառասուն ֆունտ էր։ Նրա մարմնում ճարպ չկար. լոկ մկան ու ոսկոր։
Երբ Գայլ Լարսենը նավասանդուղքին մոտենալով առաջարկեց իջնել ներքև, որսորդի աչքերը նորից անհանգստացան։ Բայց իր բարձունքից նայելավ նավապետին, նա իսկույն ներշնչվեց ինքնավստահությամբ։ Որովհետև Գայլ Լարսենը, թեև հաղթանդամ, այդ հսկայի մոտ գաճաճ էր երևում։ Այսպիսով վարանումը վերջնականապես փարատվեց, և նրանք իջան նավասենյակ։ Մինչ այդ, նորեկ թիավարները, ըստ ընդունված սովորության, գնացին առաջամաս՝ նավաստիներին այցելելու։
Հանկարծ ընդհանուր խցից լսվեց մի ահարկու, ցնցող մռնչոց, որին անմիջապես հետևեց մոլեգին պայքարի աղմուկը։ Դա՝ ընձառյուծի և առյուծի կռիվն էր, և առյուծն էր ամբողջ ժամանակ մռնչացողը։ Լարսենը՝ ընձառյուծն էր։
— Ահա մեր հյուրընկալության նվիրականությունը,— դառնությամբ ասացի Մոդ Բրուստերին։
Նա գլուխը հաստատական օրորեց և ես նրա դեմքին նկատեցի սրտխառնուքի նշաններ, նման այն սրտխառնուքներին, որ «Ուրվականի» վրա սկզբի շաբաթներին պատճառում էին ինձ կատաղի կռիվների աղմուկը կամ տեսարանը։
― Ավելի լավ չէ՞ առաջամաս գնանք, մինչև այս ամենը վերջանա,— խորհուրդ տվի ես։
Բայց նա գլուխը թափահարեց և նայեց ինձ սրտաշարժ հայացքով։ Նա չէր վախեցել, նրան պարզապես զարհուրանք էր պատճառում մարդկային գազանությունը։
— Դուք պետք է հասկանաք,— ասացի առիթից օգտվելով,— որ ես ստիպված եմ այսպես ձեռնպահ մնալու և հիմա, և հետագայում, որպեսզի... որպեսզի կարողանամ, եթե հնարավոր է, մեր երկուսի կյանքր փրկել այս դժոխքից։— Ապա ավելացրի։— Ինձ համար էլ հաճելի չէ իմ այս դերը։
— Հասկանում եմ,— ասաց օրիորդը թույլ ու հեռավոր ձայնով, և նրա աչքերն ասացին, որ նա իրոք ինձ հասկանում է։
Ներքևից եկող աղմուկը շուտով դադարեց։ Գայլ Լարսենը մենակ բարձրացավ տախտակամած։ Նրա բրոնզագույն դեմքը թեթևակի կարմրել էր, բացի դրանից, պայքարի ոչ մի նշան չէր երևում։
— Այդ երկու նավաստիներին այստեղ կանչեցեք, միստր Վան-Վեյդեն,— ասաց նա։
Ես հնազանդվեցի, և մի քանի րոպե հետո նրանք արդեն կանգնել էին նավապետի առջև։
— Վերև բարձրացրե՛ք ձեր մակույկը,— հրամայեց նրանց Գայլ Լարսենը։— Ձեր որսորդը որոշեց միառժամանակ մնալ այստեղ և չի ուզում, որ մակույկը նավի կողքին խփվելով վնասվի։
Տեսնելով, որ նավաստիները վարանում են, նա ավելի խիստ շեշտով գոչեց.
— Ձեզ ասում եմ մակույկը վերև բարձրացրե՛ք։
— Ո՞վ է իմանում, գուցե հարկավոր լինի որոշ ժամանակ մեզ հետ նավարկել,— շարունակեց նա, այս անգամ մեղմ ու հանդարտ ձայնով, որի մեջ, սակայն, ինչ-որ սպառնալից հնչյուն կար։— Հետևաբար, ավելի լավ է, որ հենց սկզբից բարեկամներ լինենք։
Տեսնելով, որ նավաստիները դեռ վարանում են, Գայլ Լարսենը ձայնը բարձրացրեց.
— Դե՛հ, արա՛գ... Մահ Լարսենը ձեզ ցատկռտել էր տալիս, դուք այդ լավ գիտեք։
Նրա բղավոցը նկատելիորեն արագացրեց նավաստիների շարժումները, և նրանք շուտով մակույկը նավ բարձրացրին։ Այնուհետև Գայլ Լարսենը ինձ հրամայեց եռանկյուն առագաստները տեղափոխել, իսկ ինքր կանգնեց ղեկանիվի առաջ և «Ուրվականը» ուղղեց գեպի «Մակեդոնիայի» երկրորդ մակույկը։
Ճանապարհին, միառժամանակ ազատ լինելով, ես ուշադրությունս դարձրի նավակների դիրքերին։ Մեր մակույկներից երկուսը հարձակվել էին «Մակեդոնիայի» երրորդ հողմընթաց մակույկի վրա, իսկ մնացած երեքը չորրորդի վրա։ Թշնամու հինգերորդ մակույկը, ետ դառնալով, օգնության էր գալիս ամենամոտ ընկերոջը։ Կռիվը տեղի էր ունենում երկար հեռավորությունների վրա, և ակոսավոր հրացանները անդադար կրակում էին։ Ծովը սկսել էր քամուց ալեկոծվել, և դա խանգարում էր ճշգրիտ նշանառությանը։ Երբ ավելի մոտեցանք, նկատեցինք, թե ինչպես գնդակները հաճախ ոստոստում են ալիքների վրա։
Այն մակույկը, որին հետապնդում էինք, մեզնից խույս տալու համար շեղվեց իր ուղուց և, նավարկելով հողմընթաց ուղղությամբ, մոտեցավ իր ընկերներին՝ նրանց հետ մեր մակույկների հարձակումը ետ մղելու նպատակով։
Ես չկարողացա տեսնել, թե հետո ինչ տեղի ունեցավ, որովհետև ստիպված եղա հեռանալ առագաստներով զբաղվելու համար։ Երբ անցնում էի հարթակի վրայով, Գայլ Լարսենը «Մակեդոնիայի» երկու նավաստիներին հրամայեց գնալ առաջամասի խուցը։ Նրանք թեև դժկամություն ցույց տվին բայց հնազանդվեցին։ Այնուհետև նա միսս Բրուստերին առաջարկեց ներքև իջնել և, նկատելով օրիորդի աչքերում լցվող սարսափը, ժպտաց։
— Ներքևում սարսափելի ոչինչ չկա,— ասաց նա,— կա միայն մի մարդ, որբ կապկպված է և անվնաս։ Այստեղ կարող են փամփուշտներ ընկնել, իսկ ես չեմ ուզում, որ դուք սպանվեք։
Հազիվ էր նա խոսքը վերջացրել, երբ մի պատահական գնդակ կպավ ղեկանիվի պղնձյա մատներից մեկին, նրա ձեռքերի ճիշտ մեջտեղում, և ահագին ճայթյունով օդ նետվեց։
— Տեսնո՞ւմ եք,— ասաց նա օրիորդին, և ապա դիմեց ինձ,— միստր Վան-Վեյդեն, կանգնեցե՛ք ղեկանիվի առաջ։
Մոդ Բրուստերը նավասանդուղքի աստիճաններով իջավ այնքան, որ միայն գլուխը մնաց բացվածքից դուրս։ Գայլ Լարսենը մի ակոսավոր հրացան վերցնելով, մեջը փամփուշտ էր տեղավորում։ Ես աչքերով միսս Բրուստերին թախանձեցի ներքև իջնել, բայց նա ժպտալով ասաց.
— Գուցե մենք թույլ արարածներ ենք և սեփական ոտքեր չունենք, բայց, այնուամենայնիվ, կարող ենք նավապետ Լարսենին ցույց տալ, որ գոնե նրա պես քաջ ենք։
Նավապետը օրիորդին ուղղեց մի արագ, հիացական հայացք։
— Այդ խոսքի համար ձեզ հարյուր տոկոսով ավելի եմ հավանում,— ասաց նա։— Տաղա՜նդ, խե՜լք, քաջությո՜ւն... Ինչպիսի՜ զուգադիպություն... Ձեզ պես գրական սալոնների անդամուհուն որքա՜ն պիտի սազեր ծովահենների պարագլուխի կինը լինել... Այդ մասին մենք հետո կխոսենք,― ժպտաց նա, երբ մի գնդակ խրվեց խցի միջնորմի մեջ։
Ես նկատեցի, որ խոսելիս նրա աչքերում դարձյալ շողաց ոսկեգույն փայլը, և օրիորդի աչքերը նորից լցվեցին սարսափով։
— Մենք ավելի քաջ ենք,— շտապեցի ասել ես։— Գոնե իմ մասին խոսելով, կարող եմ ասել, որ ավելի քաջ եմ, քան նավապետ Լարսենը։
Ես էլ, իմ հերթին, արժանացա մի արագ հայացքի։ Գայլ Լարսենը, հավանորեն, մտածում էր, թե ծաղրում եմ։ Ես ղեկանիվը մի քանի կողմնամաս պտտեցի, որպեսզի «Ուրվականը» տանեմ քամու ուղղությամբ, հետո նորից անշարժ պահեցի իմ ձեռքում։ Գայլ Լարսենը դեռ սպասում էր բացատրության։ Ես նրան ցույց տվի իմ ծնկները։
— Տեսեք,— ասացի,— նրանք թեթևակի ղողում են։ Պատճառն այն է, որ վախենում եմ, մարմինս վախենում է։ Ես մտքով վախենում եմ, որովհետև չեմ ուզում մեռնել։ Բայց հոգիս իշխում է իմ դողացող մարմնի և ահաբեկված մտքի վրա։ Հետևաբար, ես ավելի քան անվեհեր եմ։ Ես քաջ եմ։ Ձեր մարմինը չի դողում։ Դուք չեք վախենում։ Վտանգին դիմագրավելը ոչ միայն դժվար չէ ձեզ համար, այլ նույնիսկ հաճույք է։ Դուք ըմբոշխնում եք այդ։ Դուք կարող եք անվեհեր լինել, միստր Լարսեն, բայց պետք է ընդունեք, որ քաջը ես եմ։
— Իրավացի եք,— իսկույն ընդունեց նա։— Ես այդ մասին այդ ձևով երբեք չէի մտածել։ Բայց արդյո՞ք դրա հակառակն էլ է ճիշտ։ Եթե դուք ինձնից ավելի քաջ եք, դա նշանակո՞ւմ է, որ ես ձեզնից ավելի վախկոտ եմ։
Մենք երկուսով ծիծաղեցինք այդ անհեթեթ եզրակացության վրա և նա, մեկ ոտքով չոքելով, հրացանի փողը հենեց նավեզրի բազրիքին։ «Ուրվականի» վրա ընկած փամփուշտները արձակվել էին մոտ մեկ մղոն հեռվից, բայց հիմա մենք այդ հեռավորության կեսն արդեն կտրել էինք։ Գայլ Լարսենը ուշադրությամբ նշան բռնելով, երեք անգամ կրակեց։ Առաջին գնդակն ընկավ մակույկից հիսուն ոտնաչափ հեռու, հողմընթաց կողմում, երկրորդը՝ մակույկի կողքին, իսկ երրորդ կրակոցին նավուղիղը բաց թողեց խելամասի թիակը և գլորվեց մակույկի հատակը։
— Այսքանը նրանց բավական է,— ասաց Գայլ Լարսենը, ոտքի կանգնելով։— Ինձ ձեռնտու չէ սպանել որսորդին և հավանական է, որ թիավարը չիմանա ղեկ վարել։ Այդ դեպքում որսորդը չի կարող թե՛ ղեկ վարել և թե՛ միաժամանակ կրակել։
Նրա կանխատեսությունը ճիշտ դուրս եկավ։ Նավակն իսկույն պտտվեց քամուց, և որսորդը, խելամաս ցատկելով, նավուղիղի տեղը գրավեց։ Այսպիսով, այդ մակույկից կրակոցը դադարեց, թեև մյուսները դեռ աշխուժով շարունակում էին հրաձգությունը։
Որսորդը նորից հողմընթաց ուղղություն տվեց մակույկին, բայց մենք կրկնակի արագությամբ ընթանալով՝ հետզհետե մոտենում էինք նրան։ Մեր միջև մոտ հարյուր յարդ հեռավորություն էր մնացել, երբ նկատեցի, որ թիավարը որսորդին հրացան է մեկնում։ Գայլ Լարսենը տախտակամածի միջնամասը գնաց և կախարանից իջեցրեց հաստ պարանի մի բոլորակ։ Հետո, նավաբազրիքից ցած նայելով՝ հրացանի կոթը հենեց ուսին։ Որսորդը երկու անգամ փորձեց խելամասի թիակը բաց թողնել ու հրացանը վերցնել, բայց երկու անգամն էլ վարանեց։ Այժմ «Ուրվականը» փրփուր ցայտելով անցնում էր մակույկի կողքով։
— Հե՜յ, դո՛ւ,— գոչեց հանկարծ Գայլ Լարսենը թիավարին,— վերցրո՛ւ պարանը։
Եվ միևնույն ժամանակ նա գցեց պարանի բոլորակը, որը թիավարին դիպչելով, քիչ մնաց գլորեր հատակի վրա։ Բայց թիավարը չհնազանդվեց և որսորդին նայելով սպասեց հրացանի։ Որսորդը տատանվում էր։ Հրացանը դրված էր նրա ծնկների մեջ, բայց եթե կրակելու համար նա թիակը թողներ, ապա մակույկը կարող էր շուռ գալ և ընդհարվել երկկայմանավին։ Բացի դրանից, նա տեսնում էր, որ Գայլ Լարսենը հրացանն ուղղել է իր վրա և իրեն կսպանի նախքան ինքը կկարողանա հրացանը գործի գնել։
— Վերցրու,— հանգիստ ասաց նա թիավարին։
Նավաստին հնազանդվեց և պարանի ծայրը կապեց առջևի նստարանից, իսկ երբ պարանը բավականաչափ ձգվեց, նա սկսեց պարանի ավելորդ մասը աստիճանաբար բաց թողնել։ Մակույկն իսկույն հեռացավ երկկայմանավից և, որսորդը, ղեկը վարելով, մեզ հետ ընթացավ մոտ քսան ոտնաչափ հեռվից։
— Առագաստը հավաքեցեք և մոտեցեք,— հրամայեց Գայլ Լարսենը։
Մեկ ձեռքում հրացանը պահած, մյուս ձեռքով նա իջեցրեց թոկասարքը։ Երբ թոկերը մակույկի ցռուկին ու խելին ամրացվեցին, և երկու ծովայինները պատրաստվեցին նավ բարձրանալ, որսորդն իր հրացանը վերցրեց, որպես թե ապահով տեղ դնելու համար։
— Ցա՛ծ գցիր,— գոչեց Գայլ Լարսենը, և որսորդը հրացանը գցեց այնպես արագ, կարծես թե այրում էր ձեռքը։
Նավեզր բարձրանալով, երկու կալանավորներն իրենց մակույկը քաշեցին վեր և Գայլ Լարսենի հսկողության տակ վիրավոր նավուղիղին փոխադրեցին նավաստիների խուցը։
— Եթե մեր հինգ մակույկներն էլ ձեզ ու ինձ պես լավ կատարեն իրենց պարտականությունը, ապա նավի անձնակազմը շուտով կբազմանա,— ասաց ինձ Գայլ Լարսենը։
— Այն մարդը, որի վրա կրակեցիք... հուսով եմ, որ նա... — թոթովեց Մոդ Բրուստերը։
— Միայն ուսից է վիրավորվել,— պատասխանեց Գայլ Լարսենը,— լուրջ բան չէ, միստր Վան-Վեյդենը երեք-չորս շաբաթում նրա վերքը հիանալի կբուժի։ Սակայն, ինչպես երևում է, նրան չի հաջողվի բուժել այդ տղաներին,― ավելացրեց նա, մատնացույց անելով «Մակեդոնիայի» երրորդ մակույկը, որի ուղղությամբ ես վարում էի նավը և որին արդեն բավական մոտեցել էինք։— Դա Սմոքի և Հոռների կատարած գործն է։ Ես նրանց ասել էի, որ ինձ հարկավոր են կենդանի մարդիկ և ոչ թե դիակներ։ Բայց նպատակին խփելը այնքա՜ն մեծ հաճույք է, մանավանդ երբ գիտես լավ կրակել... Դուք երբևէ զգացե՞լ եք այդ հաճույքը, միստր Վան-Վեյդեն։
Ես գլխով բացասական նշան արեցի և սկսեցի դիտել նրանց «գործը»։ Նրանք իրոք արյունահեղ գործ էին կատարել և իրենց զոհերին լքելով՝ միացել էին մեր մյուս երեք մակույկներին ու նրանց հետ այժմ հարձակվում էին թշնամու մնացյալ երկու մակույկի վրա։ Լքված մակույկը հարբածի պես տատանվում էր ալիքների վրա, իսկ թուլացած առագաստը թպրտում ու չփչփում էր քամուց։ Որսորդն ու թիավարը անբնական դիրքով փռվել էին հատակին, իսկ նավուղիղի մարմինը կիսով չափ դուրս էր կախված մակույկի եզրից. նրա ձեռքերը ակոսում էին ջուրը և գլուխն օրորվում էր մեկ կողմից մյուսը։
— Մի՛ նայեք, միսս Բրուստեր, խնդրում եմ, մի՛ նայեք,— թախանձեցի ես և գոհ մնացի, երբ նա ինձ լսեց և այդպիսով իրեն խնայեց սրտաճմլիկ տեսարանի պատճառելիք զարհուրանքից։
— Վարեցեք ուղիղ դեպի մակույկները, միստր Վան-Վեյդեն,— հրամայեց Գայլ Լարսենը։
Երբ մակույկներին մոտեցանք, հրաձգությունը արդեն դադարել էր և կռիվը վերջացել։ «Մակեդոնիայի» երկու մակույկները գերի էին ընկել մերոնց ձեռքը և այժմ յոթն էլ իրար մոտ խմբված՝ սպասում էին, որ նավ բարձրացվեն։
— Նայեցե՛ք,— գոչեցի ես ակամա և ձեռքով ցույց տվի հյուսիս-արևելյան կողմը։
Հորիզոնի վրա նորից էր հայտնվել «Մակեդոնիայի» փոքր ծուխը։
— Այո, ես նրան հետևում եմ,— եղավ Գայլ Լարսենի հանդարտ պատասխանը։— Նա հայացքով չափեց մեր և մշուշի միջև ընկած հեռավորությունը, ապա երեսը մի կողմ դարձրեց՝ քամու ուժգնությունն զգալու համար։— Ես կարծում եմ ճիշտ ժամանակին կհասնենք... Բայց գուք կարող եք չկասկածել, որ իմ օրհնյալ եղբայրը կռահել է մեր փոքրիկ խաղը և հիմա ամբողջ թափով գալիս է մեզ վրա։ Այ, տեսե՛ք։
Ծխի ծվենը արագորեն մեծացել ու բարձրացել էր։
— Միևնույն է, քեզ պիտի հաղթեմ, եղբայր իմ,— քրքջաց նա,— պիտի հաղթեմ, թեկուզ հնամաշ մեքենադ ջարդուփշուր անես իմ հետևից հասնելու համար։
Երբ նավր կանգնեցրինք, տախտակամածի վրա տիրեց շտապ, բայց կանոնավոր իրարանցում։ Մակույկները բոլոր կողմերից նավ բարձրացվեցին։ Հենց որ կալանավորները ոտք դրին նավի վրա, մեր որսորդները նրանց իսկույն առաջնորդեցին նավաստիների ընդհանուր խուցը, մինչդեռ մեր նավաստիները մակույկները բարձրացնում էին և խառնիխուռն գցում տախտակամածի վրա, առանց կապելու։ Վերջին նավակը ջրից անջատվելով, դեռ թոկերից կախված, օրորվում էր, երբ մենք ճամփա ընկանք բոլոր առագաստները պարզած և պարանները թուլացրած։
Հարկավոր էր շտապել։ «Մակեդոնիան» իր ծխնելույզից սև ու թանձր ծուխ արձակելով մոտենում էր հյուսիս–արևելքից։ Իր մնացած մակույկներն աչքաթող անելով, նա ընթացքը փոխել էր, որպեսզի մեզ կանխի։ Նա ոչ թե դեպի մեզ էր գալիս, այլ ջանում էր մեզնից անցնել։ Մեր ճանապարհները, անկյան երկու կողմերի պես, պետք է իրար հանդիպեին մշուշի եզրում։ Միայն այնտեղ կարող էր «Մակեդոնիան» մեզ բռնել։ «Ուրվականի» միակ հույսն էր՝ այդ կետն անցնել, նախքան «Մակեդոնիայի» հասնելը։
Գայլ Լարսենը ղեկն էր վարում և կայծկլտացող աչքերով հետևում այս մրցության հաջողությունը ապահովող յուրաքանչյուր մանրամասնի։ Նա մերթ զննում էր ծովը և ստուգում քամու փոփոխությունները, մերթ դիտում էր «Մակեդոնիան», մերթ հայացքը շրջում մեկ առագաստից մյուսը և հրամայում փոքր-ինչ թուլացնել մի որևէ թոկասարք կամ փոքր-ինչ պրկել մի ուրիշը, որպեսզի կարողանա առավելագույն չափով օգտագործել «Ուրվականի» սրընթացության անգամ ամենահետին հնարավորությունները։ Բոլոր վեճերն ու կռիվները մոռացվել էին, և զարմանքով դիտում էի, թե ինչպես նավաստիները, որոնք այնքան երկար հանդուրժել էին Գայլ Լարսենի կոպտությունները, այժմ ամենայն փութեռանդությամբ կատարում էին նրա հրամանները։ Երբ նավը ալիքների վրա թռչկոտելով սլանում էր, հանկարծ հիշեցի տարաբախտ Ջոնսոնին և ցավեցի, որ հիմա նա մեզ հետ չէ. նա այնքա՜ն սիրում էր «Ուրվականը» և հիանում նրա սրընթացությամբ։
— Ակոսավոր հրացանները ձեռքի տակ ունեցեք, տղե՛րք,— գոչեց Գայլ Լարսենը որսորդներին, և սրանք հինգն էլ հրացանները բռնած, նավի հողմազերծ եզրին շարվելով սպասեցին։
«Մակեդոնիան» հիմա հազիվ մեկ մղոն հեռու էր մեզանից և առաջանում էր այնպիսի խելահեղ արագությամբ, որ դուրս ժայթքող սև ծխի հոսանքը ծխնելույզի հետ ուղիղ անկյուն էր կազմել։ Նա սլանում էր ժամը տասնյոթ հանգույց արագությամբ։ «Ծովի միջով սլանում, երկինքն է կանչում», մեջբերեց Գայլ Լարսենը շոգենավը դիտելով։ Մենք առաջանում էինք հազիվ ինը հանգույց արագությամբ, բայց մառախուղի շերտը արդեն շատ մոտ էր։
Հանկարծ «Մակեդոնիայի» տախտակամածից ծխի ամպ բարձրացավ։ Մենք լսեցինք մի ուժեղ որոտ և նույն վայրկյանին միջնակայմի մեծ առագաստի վրա մի կլոր ծակ բացվեց։ Նրանք կրակում էին այն փոքր թնդանոթից, որի գոյության մասին արդեն լսել էինք։ Մեր նավաստիները հավաքվեցին տախտակամածի մեջտեղը և գդակները օդում ծածանելով՝ ծաղրական գոռգոռոց բարձրացրին։ Շոգենավի վրա նորից ծխի ամպ բարձրացավ, նորից մի որոտ թնդաց և այս անգամ ռումբն ընկավ նավախելից մոտ քսան ոտնաչափ հեռու և ալիքների վրա երկու անգամ ոստոստելուց հետո սուզվեց ջրի խորքը։
Բայց «Մակեդոնիայից» ոչ մի հրացանաձգություն չկար, որովհետև նրա որսորդների մի մասը կալանավորված էր, իսկ մյուս մասը գտնվում էր մակույկներում։ Երբ երկու նավի միջև մնաց միայն կես մղոն տարածություն, մի երրորդ ռումբ նոր ծակ բացեց մեր միջնակայմի առագաստի վրա։ Այնուհետև մենք մտանք մառախուղի մեջ, որը թանձր ու խոնավ շղարշի նման իսկույն սքողեց մեզ։
Միջավայրի հանկարծական փոփոխությունը ուղղակի ապշեցուցիչ էր։ Մի վայրկյան առաջ մենք սահում էինք արևի լույսի միջով, երկինքը պայծառ էր մեր վերևում, կոհակները թավալվում էին մինչև հորիզոն և շոգենավը ծուխ, կրակ ու ռումբ ժայթքելով, խելահեղորեն խոյանում էր մեզ վրա։ Եվ ահա հանկարծ մի ակնթարթում արևը խավարեց, երկինքն անհետացավ, նույնիսկ մեր կայմերի գագաթները դարձան անտեսանելի, և մեր տեսողությունը այնպես աղոտվեց, որ կարծես շուրջը դիտում էինք արցունքակալած աչքերով։ Մոխրագույն մշուշը սահում էր մեր կողքով բարակ անձրևի պես։ Մեր զգեստների բրդյա թելերը, մեր գլուխների ու դեմքերի մազերը ամբողջովին ծածկվել էին բյուրեղյա փայլուն գնդիկներով։ Թոկասարքերը խոնավությունից թրջվել էին, ջուրը կաթկթում էր մեր հագուստներից, իսկ գերանների ներքևի կողմում ջրի կաթիլները կախվել էին երկար, դողդոջուն շարքերով և նավի յուրաքանչյուր ցնցումից անձրևի պես թափվում էին մեզ վրա։ Կոկորդս սեղմվում էր և դժվարությամբ էի շնչում։ Ինչպես որ ալիքների վրա սուրացող նավի ձայները մառախուղին հանդիպելով անդրադառնում են, նույնը կատարվում է նաև գաղափարների հետ։ Միտքը դադարում է խորհրդածելուց այն աշխարհի մասին, որ գտնվում է շրջապատի թանձր ծածկույթից անդին։ Ասես բովանդակ տիեզերքը խտացած լիներ այս փոքր տարածության մեջ, որի սահմաններն այնքան նեղ են, որ անզգայաբար ուզում ես ձեռքերդ երկարելով դրանք հետ հրել։ Եվ թվում է, թե այս մոխրագույն պարիսպներից դուրս այլ աշխարհ չկա, թե մնացած աշխարհը սոսկ երազ է կամ երազի վերհուշ։
Դա մոգական, զարմանահրաշ մի երևույթ էր։ Ես նայեցի Մոդ Բրուստերին և հասկացա, որ նա էլ նույնպիսի տպավորության տակ է։ Ապա նայեցի Գայլ Լարսենին, բայց նրա դեմքը որևէ հուզմունք չէր արտահայտում։ Նրան զբաղեցնում էր լոկ անմիջական, փաստացի ներկան։ Նա դեռ կանգնած էր ղեկանիվի առաջ, և ես զգացի, որ չափում է ժամանակի ընթացքը, հաշվում «Ուրվականի» յուրաքանչյուր թեքման կամ ոստումի տևողությունը։
— Գնացեք առաջամաս և շրջադարձի պատրաստության տեսեք,— ասաց նա ինձ ցածր ձայնով։— Ամենից առաջ զբաղվել հայեկի առագաստով, յուրաքանչյուր թոկասարքի մոտ մարդ կանգնեցնեք, թող ոչ ոք ծպտուն չհանի, ճախարակները պտտել առանց ճռճռոցի։ Ոչ մի ձայն, հասկացե՛ք, ոչ մի աղմուկ։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, շրջադարձի հրամանը հաղորդվեց բերնեբերան, և «Ուրվականը» գրեթե առանց աղմուկի շրջվեց։ Իսկ այն չնչին աղմուկը, որ լսվեց (մի քանի առագաստի չփչփոց ու մեկ-երկու ճախարակի ճռռոց) գարմանալիորեն չարաշուք հնչեց մեզ պարուրող թանձր մառախուղի մեջ։
Հազիվ էինք մի քիչ առաջացել, երբ մառախուղն սկսեց արագորեն նոսրանալ։ Կարճ ժամանակ անց մենք նորից արևի լույսով ողողվեցինք և լայնատարած ծովը մինչև հորիզոն փռվեց մեր աչքերի առաջ։ Բայց ծովը կարծես դատարկ էր հիմա։ Ջրի մակերեսին այլևս չկար ցասումնալի «Մակեդոնիան», և երկինքը այլևս չէր սևանում նրա ծխով։
Գայլ Լարսենը շուտով գտավ քամու հոսանքը և սկսեց նավարկել մառախուղի եզերքով։ Նրա հնարքը ակնհայտ էր։ Նա մառախուղի մեջ մտել էր շոգենավի հողմընթաց կողմից։ Եվ մինչ շոգենավը կուրորեն խոյացել էր մառախուղի մեջ՝ նրան բռնելու հույսով, նա, շուռ գալով, դուրս էր եկել իր պատսպարանից և այժմ ընթանում էր քամու հակառակ ուղղությամբ։ Այս հաջող փախուստից հետո Մահ Լարսենի համար հիմա ավելի դժվար է եղբորը գտնել, քան ասեղը՝ հարդի տոպրակում։
Գայլ Լարսենը երկար չնավարկեց։ Առաջակայմի և միջնակայմի առագաստները տեղափոխելով և հայեկի առագաստը նորից պարզելով, մենք դարձյալ ուղղվեցինք դեպի մառախուղը։ Երբ մառախուղի մեջ մտանք, հանկարծ նշմարեցի ինչ-որ շոգենավի աղոտ ուրվագիծ, որը սահում էր հակառակ ուղղությամբ։ Ես մի արագ հայացք գցեցի Գայլ Լարսենի վրա։ Թեև մենք խորացել էինք մշուշի մեջ, բայց տեսա, որ նա գլխով արեց։ Նա էլ էր նշմարել։ Դա «Մակեդոնիան» էր։ Մահ Լարսենը գուշակել էր մեր մանևրը, բայց մի քիչ ուշացել էր մեզ կանխելու։ Կասկած չկա, որ մենք խույս էինք տվել առանց նկատվելու։
— Նա չի կարող այս հետապնդումը շարունակել,— ասաց Գայլ Լարսենը։— Որովհետև պետք է վերադառնա իր մակույկները հավաքելու։ Մեկնումեկին ուղարկեցեք այստեղ ղեկանիվի մոտ, միստր Վան-Վեյդեն։ Մենք պետք է առայժմ այս ուղղությամբ նավարկենք։ Լավ կանեք, եթե պահնորդներ նշանակեք, որովհետև այս գիշեր դեսուդեն չենք թափառելու։
— Ես ուրախությամբ հինդ հարյուր դոլլար կտայի,― ավելացրեց նա,— որպեսզի միայն հինգ րոպե «Մակեդոնիայի» վրա գտնվեի և եղբորս հայհոյանքները լսեի։
— Իսկ հիմա, միստր Վան-Վեյդեն,— ասաց նա, երբ իրեն փոխարինեցին ղեկանիվի առաջ,— մենք պետք է հյուրասիրենք այդ նորեկներին։ Առատ վիսկի տվեք որսորդներին, մի քանի շիշ էլ ուղարկեցեք նավաստիների համար։ Գրազ կգամ, որ մինչև վաղը նրանք բոլորն էլ մեր կողմը կանցնեն և Գայլ Լարսենի համար կորսան նույնքան մեծ քանակությամբ, որքան որսում էին Մահ Լարսենի համար։
— Բայց սրանք էլ չե՞ն փախչի Ուենրայթի նման,— հարցրի ես։
Նա խորամանկորեն ծիծաղեց։
— Չեն կարող փախչել, որովհետև մեր որսորդները չեն թողնի։ Ես մերոնց խոստացել եմ մեկ դոլլար՝ նոր որսորդների որսալիք յուրաքանչյուր ծովակատվի մորթու դիմաց։ Նրանց այսօրվա ոգևորությունը մեծ մասամբ դրա համար էր։ Ոչ, ոչ, մերոնք չեն թողնի, որ փախչեն։ Իսկ այժմ առաջամաս գնացեք և զբաղվեցեք բուժման պարտականություններով։ Հավանորեն, բազմաթիվ վիրավորներ են սպասում ձեզ այնտեղ։