Գլխավոր էջ
ՈՒՐ՞
Ահագնանում են ցավերը անմեղ, Որ երկունքի չեն,այլ տառապանքի Ու դիմանում են սրտերը կանթեղ, Վերքեր են տեսել նրանք դարերի:
Վերքեր են տեսել զազիր ու մռայլ Դարձել են վիհեր,ժայռեր են դարձել, Նրանց աչքերից դեռ քարում կա փայլ Առանց մարմնի էլ նույնն են մնացել:
Պարիսպ են կերտել որդոց ի պաշտպան Թախծոտ քարերը դեմ հրի սրի, Որ այգում խաղաղ որդին այգեպան Իր գցած սերմի համը ըմբոշխնի:
Մինչ այդժամ դժնի,մթին դարբնոցում Պողպատե մուրճի հարվածների տակ, Մի քանի բահի երկաթ էր զնգում Ջուրն էր ընկղմվում տձև ու տաք-տաք:
Ու հարվածներով ահագին մուրճի Կռում էր նորից երկաթն իր անձև, Լեզվին էր ընկնում քրտինքը աղի Բայց դեռ մնում էր այն բութ ու տձև:
Զզվել են արդեն հոգնած դարերը Բազում դարբիններ՝ դարերի զավակ Կռել են,կոփել են,զարկել են մուրճերը, Հոգնել են արդեն գործից անհատակ:
Եվ վեր է հառնում մոլուցքով հանկարծ Գլուխն է ջարդում իրեն դարբինի, Բութ տեսքով մոլի,երեր,տարակարծ Արհամարում է դասը դարերի:
Դարբնոցի բակի կաղնին դարավոր Ցնծում էր լուռ,ինքն իրեն համար, Քանզի չի զրկվի կյանքից փառավոր Կացին չէ այն,այլ մի բութ տապար:
Իսկ այգեպանը սուրբ բահը ուսին Պարսպից ելավ,որ նոր շիվ բերիՙ, Խաղաղ գիշեր էր,աստղեր ու լուսին Ուղեկցում էին լուռ՝ինչպես մի փերի:
Ու հոգնած,անմեղ հողագործն հոգսից Գլուխը դրեց մի մեծ սև քարի, Եվ կոպիտ թվաց քարը անթախիծ Նման չէր քարին իրեն պարսպի:
Այդ տեսավ հանկարծ անգործ տապարը, Ու արյուն ծծեց հողը մրմունջով Ցող-արյուն առան թախծոտ քարերը, Ու հեկեկացին ցավից տրտունջով:
Ցավից ճքացին այգու ծառերը, Բահն անտիրական ճչաց իր բախտից, Ախր սովոր էր փորել հողերը Իր խաղաղ ու հեզ,անմեղ տիրոջից:
Մինչդեռ տապարը կորցրած իր ճամփան, Գնում է անէ, անգո անդադրում, Նոր այգիներում զնգում են բահերը, Թախծոտ քարերը պարիսպ կառուցում:
Լուռ են դարերը,նրանք չեն լալիս, Այգուց ստացած պտուղն են ուտում, Իսկ տապարին էլ հաշիվ չեն տալիս, Մի բան էլ այգուց նոր բերք են ուզում: