Չորրորդ Բաժին: Ապրանքային Կապիտալի Ու Փողային Կապիտալի Փոխարկումն Ապրանքային-Առևտրային Կապիտալի Ու Փողային-Առևտրային Կապիտալի

Գրապահարան-ից
Երրորդ հատոր: Գիրք երրորդ - Կապիտալիստական Արտադրության Ամբողջական Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ՓՈՂԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈԽԱՐԿՈՒՄՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ՓՈՂԱՅԻն-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ (ՎԱՃԱՌԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ)

ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ-ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Վաճառականական կամ առևտրային կապիտալը տրոհվում է երկու ձևի կամ ենթատեսակի՝ ապրանքային-առևտրային կապիտալի, ու փողային-առևտրային կապիտալի, որոնք հիմա մենք պետք է ավելի մանրամասն բնորոշենք, որչափով որ այս հարկավոր է կապիտալն իր հիմնական կառուցվածքով վերլուծելու համար։ Եվ այս հարկավոր է մանավանդ այն պատճառով, որ արդի տնտեսագիտությունը, նույնիսկ ի դեմս իր լավագույն ներկայացուցիչների, առևտրային կապիտալն ուղղակի խառնաշփոթում է արդյունաբերական կապիտալի հետ և փաստորեն բոլորովին աչքաթող է անում նրա բնորոշ առանձնահատկությունները։



Ապրանքային կապիտալի շարժումը վերլուծել ենք II գրքում [գլ. III]։ Հասարակության ամբողջ կապիտալը քննելիս տեսնում ենք, որ նրա մի մասը, թեև միշտ ուրիշ տարրերից կազմված ու նույնիսկ փոփոխվող մեծությամբ, մշտապես գտնվում է շուկայում իբրև ապրանք, որը պետք է փողի փոխարկվի, մի ուրիշ մասը շուկայում գտնվում է փողի ձևով՝ ապրանքի փոխարկվելու համար։ Նա միշտ ներգրավված է լինում այս փոխանցման, ձևի այս կերպարանափոխության շարժման մեջ։ Որչափով որ շրջանառության պրոցեսի մեջ գտնվող կապիտալի այս ֆունկցիան ընդհանրապես ինքնուրույնանում է իբրև մի առանձին կապիտալի հատուկ ֆունկցիա, ֆիքսացիայի է ենթարկվում իբրև աշխատանքի բաժանման հետևանքով կապիտալիստների մի հատուկ տարբերակի համար նախանշված մի ֆունկցիա, այնչափով, ապրանքային կապիտալը դառնում է ապրանքային-առևտրային կապիտալ կամ առևտրային կապիտալ։

Մենք արդեն պարզաբանել ենք (II գիրք, VI գլուխ, «Շրջանառության ծախքերը», 2 ու 3), թե որչափով պետք է տրանսպորտի արդյունաբերությունը, սպառման համար պիտանի ձևով կատարվող՝ ապրանքների պահպանումն ու բաշխումը նկատել իբրև արտադրության պրոցեսներ, որոնք հարատևում են շրջանառության պրոցեսի մեջ։ Ապրանքային կապիտալի շրջանառության այս միջնադեպքերը մասամբ շփոթվում են վաճառականական կամ ապրանքային-առևտրային կապիտալի բուն ֆունկցիաների հետ. նրանք մասամբ գործնականում էլ շաղկապվում են վերջինիս բուն մասնահատուկ ֆունկցիաների հետ, թեև աշխատանքի հասարակական բաժանման զարգացմանը զուգընթաց վաճառականական կապիտալի ֆունկցիան առաջ է գալիս զուտ կերպարանքով էլ, այսինքն նշած ռեալ ֆունկցիաներից անջատ ու նրանց հանդեպ՝ ինքնուրույն կերպով։ Մեր նպատակի համար կարևոր է կապիտալի այս առանձին աեսակի [Gestalt] մասնահատուկ տարբերության որոշումը, և մենք կարող ենք ուրեմն հիշյալ ֆունկցիաները հաշվի չառնել։ Որչափով որ սոսկ շրջանառության պրոցեսի մեջ գործող կապիտալը, հատկապես ապրանքային-առևտրային կապիտալը, հիշյալ ֆունկցիաները մասամբ շաղկապում է իր ֆունկցիաների հետ, նա երևան է գալիս իր ոչ զուտ ձևով։ Հիշյալ ֆունկցիաները դեն դնելուց ու զատելուց հետո մենք ստանում ենք նրա զուտ ձևը։

Մենք տեսանք, որ կապիտալի գոյությունն իբրև ապրանքային կապիտալի գոյություն, ու այն կերպարանափոխությունը, որ նա, իբրև ապրանքային կապիտալ, կրում է շրջանառության ոլորտում, շուկայում — մի կերպարանափոխություն, որը հանգում է առքի ու վաճառքի, հանգում է ապրանքային կապիտալի փոխարկմանը փողային կապիտալի ու փողային կապիտալի փոխարկմանը ապրանքային կապիտալի — կազմում է արդյունաբերական կապիտալի վերարտադրության պրոցեսի, ուրեմն նրա արտադրության ամբողջ պրոցեսի մի փուլը, բայց որ նա միաժամանակ իր այս ֆունկցիայում իբրև շրջանառության կապիտալ տարբերվում է ինքն իրենից իբրև արտադրողական կապիտալից։ Սրանք միևնույն կապիտալի գոյության երկու առանձնացած, տարբեր ձևերն են։ Հասարակական ամբողջ կապիտալի մի մասն իր գոյության այս ձևով շարունակ գտնվում է շուկայում, իբրև շրջանառության կապիտալ, ներգրավվում է կերպարանափոխության այս պրոցեսի մեջ, թեև ամեն մի առանձին կապիտալի համար նրա գոյությունն իբրև ապրանքային կապիտալի գոյություն ու նրա, իբրև այդպիսինի, կերպարանափոխությունը կազմում է նրա արտադրության պրոցեսի անընդհատության մշտապես չքացող ու մշտապես նորից երևան եկող անցման մի կետը, անցման մի փուլը միայն, և ուրեմն չնայած այն բանին, որ ապրանքային կապիտալի շուկայում գտնվող տարրերը մշտապես փոխվում են, որովհետև նրանք մշտապես դուրս են կորզվում ապրանքային շուկայից և դարձյալ մշտապես ապրանքային շուկային են վերադարձվում իբրև արտադրության պրոցեսի նոր արդյունք։

Ապրանքային-առևտրային կապիտալն արդ ոչ այլ ինչ է, բայց եթե մշտապես շուկայում գտնվող, մշտապես կերպարանափոխության պրոցեսում գտնվող ու մշտապես շրջանառության ոլորտի կողմից ներգրավված այս չրջանառության կապիտալի մի մասի փոխակերպյալ ձևը։ Մենք ասում ենք մի մասի, որովհետև ապրանքների վաճառքի ու նրանց գնման մի մասը մշտապես կատարվում է հենց ուղղակի արդյունաբերական կապիտալիստների միջև։ Այս հետազոտության մեջ մենք բոլորովին մի կողմ ենք թողնում այս մասը, որովհետև սա բոլորովին չի նպաստում վաճառականական, կապիտալի գաղափարի որոշման, նրա մասնահատուկ բնության ըմբռնման գործին, և մյուս կողմից էլ այն պատճառով, որ հիշյալ մասը մեր նպատակի համար սպառիչ կերպով արդեն քննարկված է II գրքում։

Ապրանք գնող ու վաճառող առևտրականն իբրև ընդհանրապես կապիտալիստ հանդես է գալիս շուկայում նախ և առաջ իբրև ներկայացուցիչ փողային մի որոշ գումարի, որ նա կանխավճարում է իբրև կապիտալիստ, այսինքն որը նա x-ից (գումարի սկզբնական արժեքից) ուզում է դարձնել x + Δx (այս գումարը, պլյուս սրան բաժին ընկնող շահույթը)։ Բայց նրա համար ոչ միայն իբրև ընդհանրապես կապիտալիստի, այլ հատկապես իբրև ապրանք գնող ու վաճառող առևտրականի համար ինքնըստինքյան հասկանալի է, որ իր կապիտալն սկզբնապես պետք է փողային կապիտալի ձևով հանդես գա շուկայում, որովհետև նա ինքը ոչ մի ապրանք չի արտադրում, այլ նրանցով միմիայն առևտուր է անում, միջնորդում է նրանց շարժմանը, իսկ նրանցով առևտուր անելու համար նա պետք է նախ ապրանք գնի, ուրեմն փողային կապիտալի տեր լինի։

Ենթադրենք, ապրանք գնող ու վաճառող մի առևտրական 3 000 ֆ. ստ. մի գումար, որի արժեքը, իբրև առևտրական կապիտալի արժեք, նա մեծացնում է։ Նա այս 3 000 ֆ. ստ.-ով գնում է, օրինակ, կտավի գործարանատիրոջից 30 000 կանգուն կտավ, կանգունը 2 շիլլինգով։ Նա ծախում է այս 30 000 կանգունը։ Ե/թե շահույթի տարեկան միջին նորման = 10%, և նա բոլոր վերադիր ծախքերը հանելուց հետո 10% տարեկան շահույթ է ստանում, ապա նա տարվա վերջում 3 000 ֆ. ստ. դարձրած է լինում 3 300 ֆ. ստ.։ Թե նա ինչպես է ձեռք բերում այս շահույթը, այս մի հարց է, որ մենք հետո միայն կհետազոտենք։ Այստեղ մենք ուզում ենք ամենից առաջ նրա կապիտալի շարժման սոսկական ձևը քննել։ Նա 3000 ֆ. ստ.-ով միշտ կտավ է գնում և միշտ այս կտավը ծախում է. մշտապես կրկնում է ծախելու համար կատարվող գնման այս ակտը, Փ—Ա—Փ´, կապիտալի այս պարզ ձևը, որն ամբողջովին դատապարտված է շրջանառության պրոցեսի մեջ մնալու՝ չընդհատվելով արտադրության պրոցեսի ինտերվալներով, այն պրոցեսի, որն առևտրական կապիտալի սեփական շարժումից ու ֆունկցիայից դուրս է գտնվում։

Արդ, ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում ապրանքային-առևտրային այս կապիտալն ապրանքային կապիտալի հետ, իբրև արդյունաբերական կապիտալի գոյության մի սոսկական ձևի հետ։ Ինչ վերաբերում է կտավ արտադրող գործարանատիրոջը, ապա սա վաճառականի փողով իրացրել է իր կտավի արժեքը, կատարել է իր ապրանքային կապիտալի կերպարանափոխության առաջին փուլը, նրա փոխարկումը փողի և հիմա կարող է — այլ հավասար պարագաներում — փողը ետփոխարկել մանվածքի, ածխի, աշխատավարձի և այլն, մյուս կողմից՝ կենսամիջոցների և այլն, որպեսզի իր եկամուտն սպառի. հետևաբար, մի կողմ թողնելով եկամտի ծախսելը, նա կարող է շարունակել վերարտադրության պրոցեսը։

Բայց թեև նրա, կտավ արտադրողի, համար տեղի է ունեցել կտավի կերպարանափոխումը փողի, այսինքն նրա վաճառքը, բայց այս կերպարանափոխումը դեռ տեղի չի ունեցել բուն իսկ կտավի համար։ Կտավն առաջվա նման դարձյալ գտնվում է շուկայում իբրև ապրանքային կապիտալ, որը դեռ պետք է իր առաջին կերպարանափոխությունը կատարի, պետք է ծախվի։ Այս կտավի հետ ոչ մի փոփոխություն չի կատարվել, բացի իր տիրոջ անձնավորության փոփոխությունից։ Կտավն իր սեփական կոչման համաձայն, պրոցեսի մեջ բռնած իր տեղի համաձայն առաջվա նման ապրանքային կապիտալ է, ծախելի ապրանք. միայն թև նա հիմա վաճառականի ձեռքում է, այնինչ առաջ արտադրողի ձեռքում էր։ Կտավը ծախելու, նրա կերպարանափոխության առաջին փուլն սպասավորելու ֆունկցիան արտադրողից վերցրել է վաճառականը և դարձրել իր հատուկ պրոֆեսիան, այնինչ առաջ այս մի ֆունկցիա էր, որ արտադրողին էր մնում կատարելու այն բանից հետո, երբ նա ավարտվում էր կտավ արտադրելու ֆունկցիան։

Դիցուք թե վաճառականին չի հաջողվում 30 000 կանգունը ծախել այն ժամանակի ընթացքում, որը հարկավոր է կտավ արտադրողին՝ նորից 30 000 կանգուն 3 000 ֆ. ստ. արժեքով շուկա նետելու համար։ Վաճառականը չի կարող այս քանակն էլ նորից գնել, որովհետև նա դեռ պահեստանոցում ունի չծախված 30 000 կանգուն, որոնք դեռ նրա համար ետփոխարկված չեն փողային կապիտալի։ Այս դեպքում վրա է հասնում մի կանգառում, վերարտադրության ընդհատում։ Կտավ արտադրողն անշուշտ կարոդ էր իր տրամադրության տակ ունենալ լրացուցիչ փողային կապիտալ, որը նա կարող կլիներ, 30 000 կանգուն ծախելուց անկախ, փոխարկել արտադրողական կապիտալի և այսպիսով շարունակել արտադրության պրոցեսը։ Բայց այս ենթադրությունը բնավ ոչինչ չի փոխում։ Որչափով որ 30 000 կանգունի համար կանխավճարված կապիտալն է նկատի առնվում, նրա վերարտադրության պրոցեսն ընդհատված է և մնում է ընդհատված։ Հետևաբար, այստեղ փաստացի կերպով ու ակնհայտորեն երևում է, որ վաճառականի գործառնություններն ուրիշ ոչինչ չեն, բայց եթե այնպիսի գործառնություններ, որոնք ընդհանրապես պետք են արտադրողի ապրանքային կապիտալը փողի փոխարկելու համար, այնպիսի գործառնություններ, որոնք սպասավորում են ապրանքային կապիտալի ֆունկցիաները շրջանառության պրոցեսի ու վերարտադրության պրոցեսի մեջ։ Եթե անկախ վաճառականի փոխարեն արտադրողի մի հասարակ գործակատար զբաղվեր բացառապես այս վաճառքով ու սրանից զատ նաև գնումով, ապա այս կապը ոչ մի վայրկյան չէր սքողվի։

Այսպիսով ուրեմն ապրանքային-առևտրային կապիտալն ուրիշ ոչինչ չի ամենևին, բայց եթե արտադրողի ապրանքային կապիտալ, որը պետք է կատարի փողի փոխարկվելու իր պրոցեսը, իբրև ապրանքային կապիտալ պետք է իր ֆունկցիան շուկայում իրագործի, լոկ այն տարբերությամբ, որ արտադրողի անցողիկ գործառնություն լինելու փոխարեն այս ֆունկցիան հիմա երևան է գալիս իբրև կապիտալիստների մի առանձին տեսակի, ապրանք գնող ու վաճառող առևտրականների, բացառիկ գործառնություն ինքնուրույնանում է որպես կապիտալի ներդրման մի հատուկ բնագավառ։ Ի միջի այլոց այս երևան է գալիս նաև ապրանքային առևտրային կապիտալի շրջանառության մասնահատուկ ձևի մեջ։ Վաճառականը գնում է ապրանքը և հետո ծախում այն, այսինքն՝ Փ—Ա—Փ´։ Պարզ ապրանքային շրջանառության մեջ կամ նույնիսկ այն ապրանքային շրջանառության մեջ, որ հանդես է գալիս իբրև արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցես՝ Ա´—Փ—Ա, շրջանառությունն այնպես է սպասավորվում, որ փողի ամեն մի միավոր երկու անգամ է ձեռքից-ձեռք անցնում։ Կտավ արտադրողը ծախում է իր ապրանքը, կտավը, այս դարձնում է փող. գնորդի փողն անցնում է կտավ արտադրողի ձեռքը։ Սա նույն ալս փողով գնում է մանվածք, ածուխ, աշխատանք և այլն, դարձյալ ծախսում է միևնույն փողը կտավի արժեքն այնպիսի ապրանքների ետփոխարկելու համար, որոնք կտավի արտադրատարրերն են կազմում։ Այն ապրանքը, որ նա գնում է, նույն ապրանքը չի, միևնույն տեսակի ապրանք չի, ինչ որ նա ծախում է։ Նա ծախել է արդյունքներ և գնել արտադրամիջոցներ։ Բայց այլ է հարաբերությունը վաճառականական կապիտալի շարժման մեջ։ կտավավաճառը 3 000 ֆ. ստ.-ով գնում է 30 000 կանգուն կտավ, նա նույն 30 000 կանգուն կտավը ծախում է՝ շրջանառությունից փողային կապիտալ (3 000 ֆ. ոտ., այլև շահույթ) դուրս կորզելու համար։ Հետևաբար, այստեղ ոչ թե փողի միևնույն միավորը, այլ միևնույն ապրանքն է երկու անգամ փոխում իր տեղը. ապրանքը վաճառորդի ձեռքից անցնում է գնորդի ձեռքը և գնորդի ձեռքից, որ հիմա վաճառորդ է դարձել, անցնում է մի ուրիշ գնորդի ձեռք։ Նա ծախվում է երկու անգամ և կարող է դեռ շատ անգամ էլ ծախվել, եթե մեջտեղ խցկվեն մի շարք վաճառականներ էլ. և հենց այս կրկնվող վաճառքի, միևնույն ապրանքի երկու անգամ տեղափոխվելու շնորհիվ է միայն, որ ապրանքի գնման համար կանխավճարված փողը ետ է կորզվում առաջին գնորդի կողմից, սպասավորվում է փողի ետհոսումը դեպի առաջին գնորդը։ Մի դեպքում Ա´—Փ—Ա-ն միջնորդավորվում է միևնույն փողի երկու անգամ տեղափոխվելը, այնպես որ ապրանքը մի կերպարանքով օտարվում է և մի ուրիշ կերպարանքով ձեռք բերվում։ Մյուս դեպքում Փ—Ա—Փ´-ն միջնորդավորում է միևնույն ապրանքի երկու անգամ տեղափոխվելը, այնպես որ կանխավճարված փողը նորից ետ է կորզվում շրջանառությունից։ Սրանից հենց երևում է, որ ապրանքը դեռ վերջնականապես ծախված չէ, եթե արտադրողի ձեռքից վաճառականի ձեռքն է անցել, և որ վերջինս դեռ միայն շարունակում է վաճառքի հետագա գործառնությունը — կամ ապրանքային կապիտալի ֆունկցիայի կիրառումը։ Բայց սրանից երևում է միաժամանակ հետևյալը։ Այն, ինչ որ արտադրողական կապիտալիստի համար Ա—Փ է, ապրանքային կապիտալի վաղանցուկ կերպարանք ունեցող նրա կապիտալի մի սոսկական ֆունկցիա է, կաճառականի համար Փ—Ա—Փ´ է, նրա կողմից կանխավճարված փողային կապիտալի արժեքի մեծացման մի հատուկ պրոցես է։ Ապրանքի ձևափոխության մի փուլն այստեղ վաճառականի վերաբերմամբ հանդես է գալիս իբրև Փ—Ա—Փ´, հետևաբար իբրև մի հատուկ տեսակ կապիտալի էվոլուցիա։

Վաճառականն ապրանքը, այս դեպքում կտավը, վերջնականապես ծախում է սպառորդին, լինի սա արտադրողական սպառորդ (օրինակ, մի ճերմակարար), թե մի անհատական սպառորդ, որը կտավն իր մասնավոր սպառման համար է օգտագործում։ Սրա հետևանքով վաճառականին է վերադառնում նրա կանխավճարած կապիտալը (շահույթի հետ միասին), և նա կարող է գործառնությունը նորից սկսել։ Եթե կտավը գնելիս փողը լոկ իբրև վճարման միջոց գործեր, այնպես որ վաճառականը հնարավորություն ունենար ապրանքն ստանալուց վեց շաբաթ հետո միայն վճարելու և եթե նա կտավը ծախեր այս ժամանակից առաջ, ապա նա կարող էր կտավ արտադրողի հասանելիքը վճարել՝ առանց իր կողմից փողային կապիտալ կանխավճարելու։ Եթե նա կտավը չծախեր, ապա պետք է 3 000 ֆ. ստ. կանխավճարեր վճարման ժամկետին, փոխանակ անմիջապես կտավն իրեն հանձնելիս վճարելու. իսկ եթե շուկայի գների անկման հետևանքով կտավը նա ծախեր սրա առքագնից ցած, ապա նա պետք է պակասող մասն իր սեփական կապիտալից փոխհատուցեր։

Արդ, տպրանքային-առևտրային կապիտալին ի՞նչն է ինքնուրույնորեն գործող մի կապիտալի բնույթ տալիս, այնինչ նա արտադրողի ձեռքում, որն ինքն է վաճառում իր ապրանքը, ակներևորեն հանդես է գալիս լոկ իբրև սրա կապիտալի մի հատուկ ձև նրա վերարտադրության պրոցեսի մի հատուկ փուլի մեջ, երբ նա շրջանառության ոլորտում է գտնվում։

Առաջին՝ այն, որ ապրանքային կապիտալն իր վերջնական փոխարկումը փողի, ուրեմն իր առաջին փոփոխությունը, իրեն իբրև. ապրանքային կապիտալի հատուկ ֆունկցիան շուկայում կատարում է իը արտադրողից տարբերվող մի գործակալի ձեռքում, և որ ապրանքային կապիտալի այս ֆունկցիան իրացվում է վաճառականի գործառնություններով, նրա առուծախերով, այնպես որ այս գործառնությունները կերպարանավորվում են իբրև արդյունաբերական կապիտալի մնացած ֆունկցիաներից զատված, հատուկ և ուրեմն ինքնուրույն զբաղմունք առևտրի բնագավառում։ Այս աշխատանքի հասարակական բաժանման մի առանձին ձև է, ընդորում այն ֆունկցիայի մի մասը, որ պետք է կատարվեր կապիտալի թերարտադրության պրոցեսի մի հատուկ փուլի, այն է՝ շրջանառության փուլի մեջ, հանդես է դալիս իբրև արտադրողներից տարբեր մի հատուկ գործակալի՝ շրջանառության գործակալի բացառիկ ֆունկցիա։ Բայց այս հատուկ զբաղմունքը սրանով դեռ ամենևին չի հանդիսանում մի հատուկ կապիտալի ֆունկցիա, կապիտալի, որը տարբեր է իր վերարտադրության պրոցեսի մեջ գտնվող արդյունաբերական կապիտալից և ինքնուրույն է նրա նկատմամբ. և իրոք հիշյալ զբաղմունքը չի էլ ներկայանում իբրև այսպիսին այնտեղ, որտեղ ապրանքների առուտուրը կատարվում է հասարակ կոմմի-վոյաժերների կամ թե արդյունաբերական կապիտալիստի այլ անմիջական գործակալների միջոցով։ Հետևաբար այստեղ դեռ մի երկրորդ մոմենտ էլ է գործում։

Երկրորդ՝ այս կատարվում է այն պատճառով, որ շրջանառության ինքնուրույն գործակալը, վաճառականը, կանխավճարում է այս դեպքում փողային կապիտալ (սեփական կամ թե փոխառած)։ Այն, ինչ որ իր վերարտադրության պրոցեսում գտնվող արդյունաբերական կապիտալի համար ներկայանում է իբրև Ա—Փ, այսինքն ապրանքային կապիտալի փոխարկում փողային կապիտալի կամ սոսկական վաճառք, վաճառականի համար հանդիսանում է Փ—Ա—Փ´, այսինքն, միևնույն ապրանքի առ ու ծախ, և ուրեմն ետհոսումն այն փողային կապիտալի, որը գնման ժամանակ նրանից հեռանում է և վաճառքի ժամանակ վերադառնում նրան։

Միշտ Ա—Փ-ն, ապրանքային կապիտալի փոխարկումը փողային կապիտալի, մի պրոցես, որը վաճառականի համար Փ—Ա—Փ է հանդիսանում, որչափով որ սա կապիտալ է կանխավճարում արտադրողից ապրանք գնելիս.— Ա—Փ-ն միշտ էլ ապրանքային կապիտալի առաջին ձևափոխությունն է, թեև միևնույն ակտը կարող է մի արտադրողի համար կամ թե իր վերարտադրության պրոցեսի մեջ գտնվող արդյունաբերական կապիտալի համար ներկայանալ իբրև Փ—Ա,, փողի ետփոխարկում ապրանքի (արտադրամիջոցների), կամ թե իբրև ձևափոխության երկրորդ փուլ։ Կտավ արտադրողի համար Ա—Փ-ն առաջին ձևափոխությունն էր՝ ապրանքային կապիտալի փոխարկումը փողային կապիտալի։ Այս ակտը վաճառականի համար հանդիսանում է Փ—Ա, նրա փողային կապիտալի փոխարկումն ապրանքային կապիտալի։ Եթե հիմա նա կտավը ծախում է ճերմակարարին, ապա այս ակտը ճերմակարարի համար հանդիսանում է Փ—Ա, փողային կապիտալի փոխարկում արտադրողական կապիտալի, կամ թե նրա՝ ապրանքային կապիտալի երկրորդ ձևափոխությունը. իսկ վաճառականի համար հիշյալն Ա—Փ է, նրա գնած կտավի վաճառք։ Բայց իրոք այն ապրանքային կապիտալը, որ արտադրել է կտավի գործարանատերը, միմիայն հիմա է վերջնականապես ծախվում, կամ թե վաճառականի այս Փ—Ա—Փ-ն լոկ միջնորդավորող պրոցես է երկու արտադրողների միջև կատարվող Ա—Փ-ի համար։ Կամ թե ընդունենք, որ կտավի գործարանատերը ծախած կտավի արժեքի մի մասով մանվածք է գնում մի մանվածավաճառից։ Այսպիսով նրա համար այս Փ—Ա է։ Բայց վաճառականի համար, որը ծախում է մանվածքը, այս Ա—Փ է, մանվածքի վերավաճառք. իսկ բուն իսկ մանվածքի իբրև ապրանքային կապիտալի վերաբերմամբ այս միմիայն նրա վերջնական վաճառք է, որով նա շրջանառության ոլորտից անցնում է սպառման ոլորտը՝ հանդիսանալով Ա—Փ, նրա առաջին ձևափոխության վերջնական ավարտումը։ Այսպես, ուրեմն, վաճառականը գնում է արդյունաբերական կապիտալիստից թե նրան ծախում, նրա Փ—Ա—Փ-ն, վաճառականական կապիտալի շրջապտույտը, միշտ արտահայտում է լոկ այն, ինչ որ բուն իսկ ապրանքային կապիտալի վերաբերմամբ, իբրև վերարտադրվող արդյունաբերական կապիտալի անցման ձևի վերաբերմամբ սոսկ Ա—Փ, նրա առաջին ձևափոխության կատարումն է միայն։ Վաճառականական կապիտալի Փ—Ա ակտը միաժամանակ Ա—Փ ակտ է միմիայն արդյունաբերական կապիտալիստի համար, բայց ոչ թե նրա արտադրած ապրանքային կապիտալի համար. այս՝ ապրանքային կապիտալի լոկ մի անցում է արդյունաբերողի ձեռքից չրջանառության գործակալների ձեռքը. և միմիայն վաճառականական կապիտալի Ա—Փ-ն է, որ գործող ապրանքային կապիտալի համար վերջնական Ա—Փ է ներկայացնում։ Փ—Ա—Փ-ն միևնույն ապրանքային կապիտալի երկու Ա—Փ ակտն է, նույնի երկու հաջորդական վաճառքը, որոնք լոկ միջնորդավորում են նրա վերջին ու ավարտական վաճառումը։

Հետևաբար, երբ ապրանքային կապիտալը դառնում է ապրանքային֊ առևտրային կապիտալ, նա ինքնուրույն տեսակի կապիտալի կերպարանք է ընդունում լոկ այն պատճառով, որ վաճառականը փողային կապիտալ է կանխավճարում, որն իր արժեքով մեծանում է իբրև կապիտալ, գործում է իբրև կապիտալ լոկ այն չափով, որչափով բացառապես զբաղված է լինում նրանով, որ միջնորդավորում է ապրանքային կապիտալի ձևափոխությունը, նրա իբրև ապրանքային կապիտալի ֆունկցիան, այսինքն նրա փոխարկումը փողի, և նա այս անում է ապրանքների մշտական առ ու ծախով։ Այս՝ նրա բացառիկ գործառնությունն է. արդյունաբերական կապիտալի շրջանառության պրոցեսը միջնորդավորող այս գործունեությունը բացառիկ ֆունկցիան է այն փողային կապիտալի, որով վաճառականն գործառում։ Այս ֆունկցիայի միջոցով նա իր փողը դարձնում է փողային կապիտալ, այնպես որ նրա Փ-ն ներկայանում է իբրև Փ—Ա—Փ´, և նույն պրոցեսի միջոցով նա ապրանքային կապիտալը փոխարկում է ապրանքային-առևտրային կապիտալի։

Ապրանքային-աւռևտրային կապիտալը, որչափով ու քանի դեռ գոյություն ունի ապրանքային կապիտալի ձևով, հասարակական ամբողջ կապիտալի վերարտադրության պրոցեսի նկատմամբ ուրիշ ոչ մի բան չի ակներևաբար, բայց եթե արդյունաբերական կապիտալի դեռ շուկայում գտնվող, իր ձևափոխության պրոցեսն անցնող այն մասը, որ հիմա գոյություն ունի և գործում է իբրև ապրանքային կապիտալ։ Հետևաբար վաճառականի կողմից կանխավճարված փողային կապիտալը միայն, որ նախանշված է, բացառապես առ ու ծախի համար, ուստի և երբեք ուրիշ ձև չի ընդունում, բացի ապրանքային կապիտալի ու փողային կապիտալի ձևից, երբեք արտադրողական կապիտալի ձևի մեջ չի պարուրվում և միշտ արգելափակված է մնում կապիտալի շրջանառության ոլորտում,— միմիայն այս փողային կապիտալն է, որ մենք հիմա պիտի քննենք կապիտալի վերարտադրության ամբողջ պրոցեսի առնչությամբ։

Երբ արտադրողը, կտավի գործարանատերը, իր 30 000 կանգունը 3 000 ֆ. ստ.-ով ծախում է վաճառականին, նա այսպիսով ձեռք բերած փողով գնում է անհրաժեշտ արտադրամիջոցները, և նրա կապիտալը նորից մտնում է արտադրության պրոցեսի մեջ. նրա արտադրության պրոցեսը հարատևում, շարունակվում է անընդհատ։ Կտավի գործարանատիրոջ համար տեղի է ունեցել նրա ապրանքի փոխարկումը փողի։ Բայց բուն իսկ կտավի համար, ինչպես տեսանք, փոխարկումը դեռ տեղի չի ունեցել։ Կտավը դեռ վերջնականապես փողի չի ետփոխարկվել, իբրև սպառողական արժեք դեռ չի մտել սպառման ոլորտը, լինի այս արտադրողական կամ թե անհատական սպառում, միևնույն է։ Կտավավաճառը հիմա շուկայում երևան է գալիս իբրև ներկայացուցիչ նույն այն ապրանքային կապիտալի, որի ներկայացուցիչն այնտեղ սկզբնապես կտավ արտադրողն էր։ Վերջինիս համար ձևափոխության պրոցեսը կարճացել է, բայց միմիայն նրա համար, որ շարունակվի վաճառականի ձեռքում։

Եթե կտավ արտադրողն ստիպված լիներ սպասելու, մինչև որ իր կտավն իրոք դադարեր ապրանք լինելուց, մինչև որ նա անցներ վերջին գնորդին, արտադրողական կամ թե անհատական սպառորդին, ապա նրա վերարտադրության պրոցեսը կընդհատվեր։ Կամ թե չէ՝ այս չընդհատելու համար նա պետք է իր գործառնությունները սահմանափակեր, իր կտավի մի ավելի փոքր մասը դարձներ մանվածք, ածուխ, աշխատանք և այլն, կարճ ասած՝ դարձներ արտադրողական կապիտալի տարրեր, ու նրա մի ավելի մեծ մասը պետք է իր մոտ պահեր իբրև պահեստի փող այն նպատակով, որ երբ իր կապիտալի մի մասն, իբրև ապրանք շուկայում է գտնվում, մյուս մասը կարողանա արտադրության պրոցեսը շարունակել, այնպես որ, երբ սա իբրև ապրանք շուկա է մտնում, մյուս մասը ետ է հոսում փողի ձևով։ Նրա կապիտալի այս բաժանումը վաճառականի միջամտելու հետևանքով չի վերանում։ Բայց եթե վերջինս չլիներ, պահեստի փողի ձևով գոյություն ունեցող շրջանառության, կապիտալի մասը պետք է միշտ ավելի մեծ լիներ արտադրողական կապիտալի ձևով գործադրվող մասի համեմատությամբ, և սրան համապատասխան էլ վերարտադրության մասշտաբը կսահմանափակվեր։ Սրա փոխարեն՝ արտադրողը հիմա կարող է իր կապիտալի մի ավելի մեծ մասը միշտ կիրառել բուն արտադրության պրոցեսի մեջ, մի ավելի փոքր մասը իբրև պահեստի փող։

Բայց սրա փոխարեն այժմ հասարակական կապիտալի մի ուրիշ մաս է միշտ գտնվում շրջանառության ոլորտի մեջ վաճառականական կապիտալի ձևով։ Սա միշտ գործածվում է ապրանք գնելու և ծախելու համար միայն։ Այսպիսով թվում է, թե լոկ այն անձերի մի փոփոխություն է կատարվում, որոնց ձեռքին է գտնվում այս կապիտալը։

Եթե վաճառականն իր 3 000 ֆ. ստ.-ով ոչ թե կտավ գներ, այն նորից ծախելու դիտավորությամբ, այլ այս 3 000 ֆ. ստ. հենց ինքը գործադրեր արտադրողաբար, ապա հասարակության արտադրողական կապիտալը կմեծանար։ Այն ժամանակ անշուշտ կտավ արտադրողը պետք է ստիպված լիներ իր կապիտալի մի ավելի զգալի մասը պահելու իբրև պահեստի փող. նույնպես պետք է վարվեր հիմա արդյունաբերական կապիտալիստ դարձած վաճառականն էլ։ Մյուս կողմից՝ եթե վաճառականը վաճառական է մնում ապա արտադրողը տնտեսում է վաճառքի ժամանակը, որ նա կարող է կիրառել արտադրության պրոցեսին հսկելու համար, այնինչ վաճառականն իր ամբողջ ժամանակը պետք է գործադրի ծախելու վրա։

Եթե վաճառականական կապիտալը չի գերազանցում իր անհրաժեշտ համամասնությունից [ամբողջ կապիտալի նկատմամբ], ապա այս դեպքում պետք է ընդունել.

1) որ աշխատանքի բաժանման հետևանքով այն կապիտալը, որ բացառապես առ ու ծախով է զբաղված (իսկ ապրանքներ գնելու համար հատկացվող փողից զատ՝ այս կապիտալին է վերաբերում նաև այն փողը, որը պետք է ծախսվի վաճառականի գործը վարելու համար անհրաժեշտ աշխատանքի վրա, վաճառականի հաստատուն կապիտալի, պահեստանոցների շենքերի, տրանսպորտի և այլոց վրա),— ավելի փոքր է, քան կլիներ այն ժամանակ, եթե արդյունաբերական կապիտալիստն ինքն ստիպված լիներ իր գործի ամբողջ վաճառականական մասը վարելու.

2) որ — որովհետև վաճառականը բացառապես այս գործով է պարապում — ոչ միայն արտադրողի ապրանքը նրա համար ավելի շուտ է փողի փոխարկվում, այլ և հենց ապրանքային կապիտալն էլ իր ձևափոխությունն ավելի արագ է կատարում, քան կկատարեր արտադրողի ձեռքում.

3) որ վաճառականական ամբողջ կապիտալն արդյունաբերական կապիտալի համեմատությամբ դիտելու դեպքում կերևա, որ վաճառականական կապիտալի մի պտույտը կարող է ներկայացնել ոչ միայն բազմաթիվ կապիտալների պտույտներն արտադրության մի ոլորտում, այլ և մի շարք կապիտալների պտույտներն արտադրության տարբեր ոլորտներում։ Առաջինը տեղի է ունենում, եթե, օրինակ, կտավավաճառն այն բանից հետո, երբ իր 3 000 ֆ. ստ.-ով գնել է մի կտավ արտադրողի արդյունքը և այն նորից վաճառել, նախքան միևնույն արտադրողը նորից նույնքան ապրանք շուկա կնետեր — գնում է մի ուրիշ կամ թե մի քանի այլ կտավ արտադրողների արդյունքը և այս դարձյալ ծախում՝ այսպիսով արտադրության միևնույն ոլորտում տարբեր կապիտալների պտույտները միջնորդավորելով։ Երկրորդը տեղի է ունենում, եթե վաճառականն, օրինակ, կտավը ծախելուց հետո հիմա մետաքս է գնում, հետևաբար նա արտադրության մի ուրիշ ոլորտում է միջնորդավորում կապիտալի պտույտը։

Ընդհանուր առմամբ պետք է հետևյալը նկատել. արդյունաբերական կապիտալի պտույտը սահմանափակված է ոչ մի այն շրջանառության ժամանակով, այլ նաև արտադրության ժամանակով։ Վաճառականական կապիտալի պտույտը, որչափով որ սա ապրանքի լոկ մի որոշ տեսակով է առուտուր տնում, սահմանափակված է ոչ թե մի արդյունաբերական կապիտալի պտույտով, այլ միևնույն արտադրաճյուղի բոլոր արդյունաբերական կապիտալների պտույտով։ Այն բանից հետո, երբ վաճառականը մեկի կտավը գնել ու ծախել է, նա կարող է ուրիշինը գնել ու ծախել նախքան այն, երբ առաջինը նորից ապրանք կնետի շուկան։ Այսպիսով ուրեմն, միևնույն վաճառականական կապիտալը հաջորդաբար կարող է սպասավորել մի արտադրաճյուդի մեջ դրված կապիտալների տարբեր պտույտները. այնպես որ նրա պտույտը չի նույնանում արդյունաբերական մի առանձին կապիտալի պտույտների հետ և հետևաբար չի փոխարինում սոսկ այն պահեստի փողը, որ այս արդյունաբերական առանձին կապիտալիստը պետք է ունենար in petto [առձեռն]։ Վաճառականական կապիտալի պտույտն արտադրության մի ոլորտում բնականաբար սահմանափակվում է նույն ոլորտի ամբողջ արտադրության ծավալով։ Բայց նա չի սահմանափակվում միևնույն ոլորտում գործող ամեն մի առանձին կապիտալի արտադրության սահմաններով կամ թե նրա պաուտաժամտնակով, որքան որ վերջինս պայմանավորվում է արտադրության ժամանակով։ Ենթադրենք, A-ն մատակարարում է մի ապրանք, որը երեք ամիս է պահանջում իր արտադրության համար։ Այն բանից հետո, երբ վաճառականը գնել ու ծախել է այս ապրանքը, ասենք, մի ամսում, նա կարող է ուրիշ արտադրողից միևնույն արդյունքը գնել ու ծախել։ Կամ թե այն բանից հետո, երբ նա, օրինակ, ծախել է մի ֆերմերի հացահատիկը, կարող է միևնույն փողով երկրորդինը գնել ու ծախել և այլն։ Նրա կապիտալի պտույտը սահմանափակված է հացահատիկի այն մասսայով, որ նա կարող է մի տվյալ ժամանակվա ընթացքում, օրինակ, մի տարում, հաջորդաբար գնել ու ծախել, այնինչ ֆերմերի կապիտալի պտույտը, մի կողմ թողած պտուտաժամանակը, սահմանափակված է արտադրաժամանակով, որը մի տարի է տևում։

Բայց միևնույն վաճառականական կապիտալի պտույտը նույն հաջողությամբ կարող է սպասավորել տարբեր արտադրաճյուղերի կապիտալների պտույտները։

Որչափով որ միևնույն վաճառականական կապիտալը տարբեր պտույտներում ծառայում է տարբեր ապրանքային կապիտալները հաջորդաբար փողի փոխարկելու գործին, ուրեմն հիշյալները հերթով գնում է և ծախում, նա որպես փողային կապիտալ, միևնույն ֆունկցիան է կատարում ապրանքային կապիտալի նկատմամբ, ինչ որ ընդհանրապես իր պտույտների թվով տվյալ մի ժամանակաշրջանում փողն է կատարում ապրանքների նկատմամբ։

Վաճառականական կապիտալի պտույտը նույնը չի, ինչ որ է հավասար մեծության մի արդյունաբերական կապիտալի պտույտը կամ թե նրա մի անգամվա վերարտադրությունը. ընդհակառակը, նա հավասար է այսպիսի կապիտալների մի որոշ թվի պտույտների գումարին, լինի այս արտադրության նույն թե տարբեր ոլորտներում, միևնույն է։ Որքան ավելի արագ է պտույտ գործում վաճառաւկանական կապիտալը, այնքան ավելի փոքր է փողային կապիտալի այն ամբողջ մասը, որ գործում է իբրև վաճառականական կապիտալ. որքան ավելի դանդաղ է այն պտույտ գործում, այնքան ավելի մեծ է հիշյալ մասը։ Որքան ավելի քիչ է զարգացած արտադրությունը, այնքան ավելի մեծ է վաճառականական կապիտալի գումարն ընդհանրապես շրջանառության մեջ նետված ապրանքների գումարի համեմատությամբ, բայց նա նույնքան ավելի փոքր է բացարձակորեն կամ համեմատած արտադրության ավելի զարգացած պայմաններում գործող վաճառականական կապիտալի հետ։ Եթե ընդհակառակն է՝ ընդհակառակը։ Ուստի այսպիսի անզարգացած պայմաններում բուն փողային կապիտալի մեծագույն մասը գտնվում է վաճառականների ձեռքում, որոնց կարողությունն այսպիսով մյուսների հանդեպ կազմում է փողային կարողություն։

Վաճառականի կողմից կանխավճարվող փողային կապիտալի շրջանառության արագությունը կախված է 1) այն արագությունից, որով նորոգվում է արտադրության պրոցեսը, և միմյանց հետ միահյուսվում են արտադրության տարբեր պրոցեսները, 2) սպառման արագությունից։

Անհրաժեշտ չի, որ սոսկ վերևում քննած պտույտը կատարելու տամար վաճառականական կապիտալն իր արժեքի ամբողջ մեծությամբ նախ ապրանք գնի և հետո միայն ծախի։ Այլ վաճառականը երկու շարժումն էլ միաժամանակ է կատարում։ Այս դեպքում նրա կապիտալը բաժանվում է երկու մասի։ Մեկը կազմված է ապրանքային կապիտալից, իսկ մյուսը փողային կապիտալից։ Նա մի տեղ գնում է և սրանով իր փողն ապրանք է դարձնում։ Նա մի այլ տեղ ծախում է և սրանով ապրանքային կապիտալի մի ուրիշ մասը դարձնում է փող։ Մի կողմից՝ նրա մոտ ետ է հոսում նրա կապիտալն իբրև փողային կապիտալ, այնինչ մյուս կողմից՝ ապրանքային կապիտալն է հոսում դեպի նա։ Որքան ավելի մեծ է այն մասը, որ գոյություն ունի մի ձևով, այնքան ավելի փոքր է մյուս ձևով եղող մասը։ Այս մասերը զիջում են միմյանց իրենց տեղերը և փոխադարձաբար հավասարակշռվում են։ Եթե փողի, իբրև շրջանառության միջոցի, գործադրման հետ շաղկապվում է փողի, իբրև վճարման միջոցի, գործադրումն ու սրանից բողբոջող վարկային սիստեմը, ապա վաճառականական կապիտալի փողային մասն է՛լ ավելի է նվազում այն գործարքների մեծության համեմատությամբ, որ կատարում է այս .վաճառականական կապիտալը։ Եթե ես 3 000 ֆ. ստ.-ով գինի եմ գնում 3 ամիս ժամանակով և գինին ծախում եմ կանխիկ փողով նախքան 3 ամիսն անցնելը, ապա այս գործարքի համար ոչ մի կոպեկ կանխավճարելու կարիք չկա։ Այս դեպքում լույսի պես պարզ է նաև, որ փողային կապիտալը, որն այստեղ հանդես է գալիս իբրև վաճառականական կապիտալ, ուրիշ ոչ մի բան չի, բայց եթե նույն ինքն արդյունաբերական կապիտալը փողային կապիտալի իր ձևով, իր այն վիճակում, երբ նա փողի ձևով ետ է հոսում դեպի ինքը։ (Որ այն արտադրողը, որը 3 000 ֆ. ստ.-ով ծախել է ապրանքը 3 ամիս ժամկետով, կարող է սրա դիմաց ստացած մուրհակը, այսինքն պարտագիրը ղեղչել բանկիրի մոտ, այս պարագան ամենևին չի փոխում գործի էությունը և ոչ մի կապ չունի ապրանքի առևտրով զբաղվող առևտրականի կապիտալի հետ)։ Եթե այդ ժամանակամիջոցում ապրանքի շուկայի գներն իջնեին, ենթադրենք, -ով, վաճառականը ոչ միայն ոչ մի շահույթ չէր ստանա, այլ ընդհանրապես միմիայն 2 700 ֆ. ստ. ետ կստանար 3 000 ֆ. ստ.-ի փոխարեն։ Նա ստիպված կլիներ 300 ֆ. ստ. էլ վրան գնելու, որ պարտքը վճարի։ Այս 300 ֆ. ստ.-ը կգործեին լոկ իբրև պահեստի գումար՝ գների տարբերությունը հավասարակշռելու համար։ Բայց միևնույնը վերաբերում է արտադրողին էլ։ Եթե սա ինքը ծախեր իջած գներով, ապա նույնպես 300 ֆ. ստ. կկորցներ և չէր կարող արտադրությունը միևնույն մասշտաբով նորից սկսել առանց պահեստի կապիտալի։

Կտավավաճառը 3 000 ֆ. ստ.-ով կտավ է գնում գործարանատիրոջից. սա այս 3 000 ֆ. ստ.-ից, օրինակ, 2 000-ը վճարում է մանվածք գնելու համար. այս մանվածքը նա գնում է մանվածքավաճառից։ Այն փողը, որ գործարանատերը վճարում է մանվածքավաճառին, կտավավաճառի փողը չի, որովհետև սա իր փողի դիմաց ապրանք է ստացել այս գումարի չափով։ Սա գործարանատիրոջ սեփական կապիտալի փողային ձևն է։ Մանվածքավաճառի ձեռքում այս 2 000 ֆ. ստ. երևան է գալիս հիմա իբրև նրա մոտ ետհոսաղ փողային կապիտալ. բայց ո՞րչափով է նա փողային կապիտալ,

եթե տարբերվում է այս 2000 ֆ. ստ.-ից, որպես կտավի թոթափած փողային ձևից ու մանվածքի ընդունած փողային ձևից։ Եթե մանվածքավաճառը վարկով է գնել և իր վճարման ժամկետը հասնելուց առաջ կանխիկ է վաճառել, ապա այս 2 000 ֆ. ստ.-ի մեջ ոչ մի կոպեկ չկա վաճառականի կապիտալից, որով սա տարբերվեր այն փողային ձևից, որ ընդունում է ինքն արդյունաբերական կապիտալը իր շրջապտույտի պրոցեսի մեջ։ Ապրաքնքային-առևտրային կապիտալը, որչափով որ սա ուրեմն արդյունաբերական կապիտալի սոսկական ձև չի, որն ապրանքային կապիտալի կամ թե փողային կապիտալի կերպարանքով գտնվում է վաճառականի ձեռքում,— ոչ այլ ինչ է, բայց եթե փողային կապիտալի այն մասը, որը պատկանում է հենց իրեն վաճառականին և գործի է դրվում ապրանքներ առնելիս ու ծախելիս։ Այս մասը կրճատված մասշտաբով ներկայացնում է արտադրության համար կանխավճարված կապիտալի այն մասը, որն իբրև պահեստի փող, իբրև գնելամիջոց միշտ պետք է գտնվեր արդյունաբերողների ձեռքում և միշտ պետք է շրջան գործեր, իբրև փողային կապիտալ։ Այս մասը փոքրացած մասշտաբով հիմա գտնվում է վաճառական կապիտալիստների ձեռքում՝ իբրև այսպիսին միշտ գործելով շրջանառության պրոցեսի մեջ։ Սա ամբողջ կապիտալի այն մասն է, որը, մի կողմ թողած եկամտի ծախսումը, միշտ պետք է իբրև գնման միջոց շրջան գործի շուկայում՝ վերարտադրության պրոցեսի անընդհատությունն ապահովելու, համար։ Հիշյալ մասն այնքան ավելի փոքր է ամբողջ կապիտալի համեմատությամբ, որքան ավելի արագ է կատարվում վերարտադրության պրոցեսը և որքան ավելի է զարգացած փողի իբրև վճարման միջոցի ֆունկցիան, այսինքն որքան ավելի է զարգացած վարկային սիստեմը[1]։

Վաճառականական կապիտալն ուրիշ բան չի, բայց եթե շրջանառության ոլորտում գործող կապիտալ։ Շրջանառության պրոցեսը վերարտադրության ամբողջ պրոցեսի մի փուլն է։ Բայց շրջանառության պրոցեսում արժեք, ուրեմն և հավելյալ արժեք բնավ չի արտադրվում։ Տեղի են ունենում արժեքի միևնույն մասսայի ձևափոխություններ միայն։ Այստեղ իրոք ուրիշ ոչինչ չի կատարվում, բայց եթե ապրանքների ձևափոխություն, որն իբրև այսպիսին ոչ մի առնչություն չունի արժեքի ստեղծման կամ նրա փոփոխման հետ։ Եթե արտադրված ապրանքը ծախելու ժամանակ հավելյալ արժեք է իրացվում, ապա այս կատարվում է, որովհետև այս հավելյալ արժեքն արդեն գոյություն ունի ապրանքի մեջ. ուստի երկրորդ ակտի ժամանսակ, այսինքն փողային կապիտալն ապրանքի (արտադրության տարրերի) հետ վերափոխանակելու ժամանակ գնորդի կողմից նույնպես ոչ մի հավելյալ արժեք չի իրացվում, այլ այստեղ փողն արտադրամիջոցների ու բանվորական ուժի հետ փոխանակելու միջոցով հավելյալ արժեքի արտադրությունն է նախապատրաստում միայն։ Ընդհակառակը։ Որչափով որ այս ձևափոխությունները ժամանակ են պահանջում շրջանառության համար, ժամանակ, որի ընթացքում կապիտալն ընդհանրապես չի արտադրում, ուրեմն չի արտադրում և ոչ մի հավելյալ արժեք, հիշյալ ժամանակը սահմանափակում է արժեքի ստեղծումը, և հավելյալ արժեքը, վերցրած իբրև շահույթի նորմա, կարտահայտվի շրջանառության ժամանակի տևողության ճիշտ հակառակ հարաբերությամբ։ Հետևաբար վաճառականական կապիտալը չի ստեղծում ոչ արժեք, ոչ էլ հավելյալ արժեք, այսինքն անմիջաբար չի ստեղծում։ Որչափով որ նա օժանդակում է շրջանառության ժամանակը կարճացնելուն, նա կարող է անուղղակի օգնել արդյունաբերական կապիտալիստի կողմից արտադրվող հավելյալ արժեքի շատանալուն։ Որչափով որ նա օգնում է շուկան ընդարձակելուն և միջնորդավորում է աշխատանքի բաժանումը կապիտալների միջև, ուրեմն կապիտալին հնարավորություն է տալիս ավելի մեծ մասշտաբով աշխատելու, նրա ֆունկցիան զարկ է տալիս արդյունաբերական կապիտալի արտադրողականությանն ու սրա կուտակմանը։ Որչափով որ նա կարճացնում է շրջանառության ժամանակը, նույնչափով բարձրացնում է հավելյալ արժեքի հարաբերությունը կանխավճարված կապիտալի նկատմամբ, ուրեմն բարձրացնում է շահույթի նորման։ Որչափով որ նա կապիտալի մի ավելի փոքր մասն է թողնում շրջանառության ոլորտի մեջ իբրև փողային կապիտալ, այնչափով նա մեծացնում է կապիտալի այն մայսր, որը գործադրվում է ուղղակի արտադրության մեջ։



  1. Որպեսզի կարողանա վաճառականական կապիտալն արտադրողական կապիտալի շարքը դասել, Ռամսեյն այն շփոթում է տրանսպորտի արդյունաբերության հետ և առևտուրն անվանում է „The transport of commodities from one place to another“ [«ապրանքների փոխադրություն մի տեղից մի ուրիշ տեղ»] („An Essay on the Distribution of Wealth“, 1830, էջ 19)։ Միևնույն շփոթությանը հանդիպում ենք Վերրիի („Meditazioni sull‘ Economia Politica“, 1804, էջ 32) և Սեյի մոտ էլ („Traité d’Economie Poltique“, հ. I, էջ 14-15)։— Իր „Elements of Political Economy“ աշխատության մեջ (Andover and New-York, 1835) Ս. Ֆ. Նյումենն ասում է. «Հասարակության գոյություն ունեցող տնտեսական կառուցվածքի պայմաններում այն ակտը, որ կատարում է արտադրողի ու սպառողի միջև կանգնած վաճառականը՝ առաջինին կապիտալ կանխավճարելով և նրա դիմաց արդյունքներ ստանալով և նույն այս արդյունքները վերջինին հանձնելով, ընդորում նա ետ է ստանում կապիտալը, այս ակտը մի գործարք է, որը հեշտացնում է հասարակության տնտեսական պրոցեսը և արժեք է միակցում այն արդյունքին, որի վերաբերմամբ կատարված է այս ակտը» (էջ 174)։ Այսպիսով արտադրողն ու սպառորդը վաճառականի միջամտության հետևանքով փող ու ժամանակ են տնտեսում։ Այս ծառայությունը կապիտալի ու աշխատանքի կանխավճարում է պահանջում և պետք է վարձատրվի, «որովհետև սա արժեք է միակցում արդյունքներին, քանի որ միևնույն արդյունքները գտնվելով ապառորդների ձեռքում՝ ավելի մեծ արժեք ունեն, քան ունեին արտադրողների ձեռքում»։ Եվ այսպիսով առևտուրը նրան էլ, ճիշտ ինչպես և պարոն Սեյին, թվում է «strictly an act of production» [«արտադրության ակտ բառի ստույգ իմաստով»] (էջ 175)։ Նյումենի այս հայացքը հիմնովին սխալ է։ Ապրանքի սպառողական արժեքն ավելի մեծ է սպառորդի ձեռքում, քան արտադրողի ձեռքում, որովհետև նա լոկ այստեղ է իրացվում ընդհանրապես։ Չէ՞ որ մի ապրանքի սպառողական արժեքն իրացվում է, իր ֆունկցիայի մեջ է մտնում այն ժամանակ միայն, երբ ապրանքն անցնում է սպառման ոլորտը։ Արտադրողի ձեռքում նա գոյություն ունի պոտենցիալ ձևով միայն։ Բայց մի ապրանքի համար երկու անգամ չեն վճարում,— նախ նրա փոխանակային արժեքի և հետո էլ սրանից դուրս, նրա սպառողական արժեքի համար։ Վճարելով նրա փոխանակային արժեքի համար, ես յուրացնում եմ նրա սպառողական արժեքը։ Եվ փոխանակային արժեքն ամենափոքրիկ չափով անգամ չի աճում այն բանի հետևանքավ, որ արտադրողի կամ թե միջնավաճառորդի ձեռքից ապրանքն անցնում է սպառորդի ձեռքը։