Մարտին Իդեն, Գլուխ XXI

Գրապահարան-ից
12:33, 4 Ապրիլի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XX Մարտին Իդեն, Գլուխ XXII ▶


Վրա հասան հիանալի օրեր, տաք և հաճելի, որ հաճախ լինում են Կալիֆորնիայում ուշ ամռանը, երբ արևը կարծես մշուշով է պատած և մեղմ քամին հազիվ է շարժում նիրհուն օդը։ Թեթև, շուշանաթույր մառախուղը, կարծես գույնզգույն թելերից հյուսած, նստել է ձորերում, բլուրների վրա, որպես մշուշի բիծ․ իսկ ծովածոցից այն կողմ տարածվել է Սան-Ֆրանցիսկո քաղաքը։ Ծովածոցը պսպղում էր, ինչպես հալած մետաղի մի շերտ, որի վրա տեղ֊տեղ երևում էին՝ մերթ անշարժ, մերթ դանդաղորեն հոսանքի ուղղությամբ սահող նավերի առագաստները։ Հեռվում, արծաթագույն մառախուղում, բարձրանում էր Թամալփայսը, Ոսկի Դարպասը նեղ արահետի նման երկարել էր մայր մտնող արևի ճառագայթների տակ, իսկ նրա հետևում կապույտին էր տալիս Խաղաղ օվկիանոսի անսահման տարածությունը, հորիզոնում պատած հոծ ու սպիտակ ամպերով, որոնք մոտալուտ ձմեռվա նախագուշակներն էին։

Արդեն ժամանակն էր, որ ամառն անցներ, բայց դեռևս դանդաղում էր այստեղ՝ բլուրների մեջ, խտացնելով ձորերի բոսոր գույները, և, հոգնածության ու հափրության մշուշասքող պատանքի տակ, հանգիստ ու կամաց մեռնում էր՝ ուրախանալով, որ ապրել է և որ իր կյանքն արգասաբեր է եղել։ Իրենց սիրելի բլրալանջին նստած էին Մարտինն ու Ռութը, իրար շատ մոտիկ՝ գլուխները խոնարհած գրքի էջերին։ Մարտինը կարդում էր բարձրաձայն, իսկ Ռութը լսում էր սիրային բանաստեղծություններ՝ գրված այն կնոջ կողմից, որը սիրում էր Բրաունինգին այնպես, ինչպես կարող են սիրել միայն սակավաթիվ կանայք։

Բայց ընթերցումը դանդաղ էր առաջ գնում։ Չափազանց ուժեղ էր բնության մեջ մարող գեղեցկության թովչանքը։ Տարվա ոսկի եղանակը մեռնում էր այնպես, ինչպես ապրել էր իբրև գեղեցիկ և չզղջացող մեղավոր կին, և թվում էր, թե շրջապատի օդն իսկ արբեցած էր քաղցր հիշողությունների խոնջանքով։ Այդ խոնջանքը թափանցում էր Մարտինի և Ռութի արյան մեջ և կամազուրկ էր անում նրանց, ծիածանի միգով էր պատում բանականությունը և բարոյական սկզբունքները։ Մարտինն անձնատուր էր լինում արբեցնող թուլությանը, ու երբեմն հուր էր հոսում նրա երակներով։ Նրանց գլուխները բոլորովին մոտեցան, և երբ պատահական քամուց Ռութի մազերը կպչում էին նրա այտերին, գրքի տողերը սկսում էին շաղվել նրա աչքի առաջ։

— Իմ կարծիքով, դուք ինքներդ էլ չեք լսում ինչ֊որ կարդում եք,— ասաց Ռութը, երբ նա հանկարծ շփոթվեց ու կորցրեց կարդացած տեղը։ Մարտինը նայեց նրան բոցավառ աչքերով, բայց առանց իրեն մատնելու՝ պատասխանեց․

―– Դուք էլ չեք լսում։ Ինչի՞ մասին էր վերջին սոնետը։

— Չգիտեմ,— ծիծաղեց Ռութը։— Արդեն մոռացա։ Այլևս չարժե կարդալ, շատ է գեղեցիկ օրը։

— Մենք երկար ժամանակ ման գալ չենք կարող,― ասաց Մարտինը լրջորեն,— այնտեղ՝ հորիզոնում, փոթորիկ է պատրաստվում։

Գիրքն ընկավ Մարտինի ձեռքից, և նրանք լուռ նստած էին՝ նայելով նիրհող ծովածոցին երազկոտ, չտեսնող աչքերով։ Ռութը գաղտագողի նայեց Մարտինի վզին։ Ինչ֊որ ուժ, ավելի տիրական, քան ձգողականության օրենքը, ճակատագրի պես հզոր, հանկարծ կլանեց ու տարավ նրան։ Աղջկան հարկավոր էր միայն մի մատնաչափ կռանալ ուսով նրա ուսին կպչելու համար, և դա պատահեց Ռութի կամքից անկախ։ Նա կպավ Մարտինին այնքան թեթև, որքան թիթեռը կկպչի ծաղկին, և անմիջապես զգաց փոխադարձ հպում՝ նույնքան թեթև, զգաց, թե ինչպես Մարտինի ուսը սեղմվեց նրան, և ինչպես սարսուռ անցավ երիտասարդի ամբողջ մարմնով։ Ռութին հարկավոր էր այդ րոպեին ետ քաշվել, բայց նա արդեն չէր հնազանդվում իրեն։ Այն բոլորը, ինչ անում էր նա, կատարվում էր ինքնաբերաբար, առանց նրա կամքի մասնակցության։ Ռութն արդեն ոչնչի մասին չէր մտահոգվում՝ հափշտակված լինելով բերկրալի խելահեղությամբ։

Մարտինի ձեռքն անվճռականորեն երկարեց և գրկեց նրա իրանը։ Ռութը սպասում էր տանջալից հրճվանքով, առանց իմանալու, թե ինչի էր սպասում․ նրա շրթունքներն այրվում էին, սիրտը տրոփում էր, արյունն ավելի ու ավելի արագ էր շրջան անում։ Մարտինը քնքուշ ու կամաց ձգում էր աղջկան դեպի իրեն՝ ավելի ամուր գրկելով նրան։ Ռութն այլևս չէր կարող սպասել։ Նա ջղաձգորեն հառաչեց և անգիտակից շարժումով գլուխը գցեց նրա կրծքին։ Մարտինն արագ հակվեց, և նրանց շրթունքներն իրար հանդիպեցին։

Երևի դա է սերը, մտածեց Ռութը, երբ մի պահ նրան վերադարձավ գիտակցությունը․ եթե դա սեր չէ, այդ դեպքում չափազանց ամոթալի բան է։ Իհարկե, դա կարող է լինել միայն սերը։ Նա սիրում էր այս մարդուն, որի ձեռքերը գրկել էին նրան, որի շրթունքերը սեղմված էին իր շրթունքներին։ Աղջիկն ավելի ամուր հպվեց նրան՝ բնազդական ու հարմարվող մի շարժումով, և հանկարծ համարյա պոկ գալով նրա գրկախառնումից, վճռականորեն և ինքնամոռացությամբ՝ ձեռքերով փաթաթվեց Մարտին Իդենի արևակեզ վզին։ Եվ բավարարված ցանկության ուրախությունն այնքան ուժեղ, այնքան սուր էր, որ հաջորդ ակնթարթում նա մեղմիկ հառաչանքով ձեռքերը բացեց և գրեթե անզգա ընկավ նրա գիրկը։

Արդեն երկար Ժամանակ էր անցել, բայց նրանք ոչ մի խոսք չէին փոխանակել։ Երկու անգամ Մարտինը կռացավ և համբուրեց նրան, և ամեն անգամ աղջկա շրթունքները երկչոտությամբ ընդառաջ էին գնում համբույրին, իսկ մարմինը բնազդաբար հարմար ու հանգիստ դիրք էր փնտրում։ Ռութը չէր կարողանում պոկվել նրանից, և Մարտինը լուռ նստած էր՝ պահելով նրան իր գրկում և չտեսնող աչքերը հառելով ծովածոցի այն կողմը ձգվող ահագին քաղաքին։ Այս անգամ նրա աչքին ոչ մի տեսիլ չէր պատկերանում։ Նա տեսնում էր միայն գույներն ու վառ ճառագայթները՝ տաք, ինչպես այդ հրաշալի օրը, ջերմ՝ ինչպես նրա սերը։ Նա հակվեց դեպի աղջիկը, և Ռութը սկսեց խոսել.

— Դուք ե՞րբ սիրեցիք ինձ,— հարցրեց նա շշնջյունով։

— Առաջին օրվանից, հենց առաջին անգամ, որ ձեզ տեսա։ Դեռ այն ժամանակ սիրեցի, և դրանից հետո օրեցօր ավելի ուժգին եմ սիրել։ Իսկ հիմա առավել ուժգին եմ սիրում, իմ թանկագին։ Ես համարյա խելագարվում եմ։ Գլուխս պտտվում է երջանկությունից։

— Մարտի՛ն, սիրելի՜ս․ որքա՜ն ուրախ եմ, որ կին եմ,— ասաց նա խոր հառաչանքով։

Մարտինը նորից պինդ սեղմեց նրան իր գրկում, հետո մեղմ հարցրեց․

— Իսկ դո՞ւք, ե՞րբ հասկացաք առաջին անգամ։

— Օ՜, ես վաղուց եմ հասկացել այդ, գրեթե իսկույն։

— Նշանակում է, ես կույր եմ եղել, ինչպես չղջիկ,— ճչաց Մարտինը, և նրա ձայնում սրտնեղություն զգացվեց։— Ես դա կռահեցի միայն հիմա, երբ համբուրեցի ձեզ։

— Այդ չէի ուզում ասել։— Աղջիկը մի քիչ ետ քաշվեց և նայեց նրան։— Ես արդեն վաղուց էի հասկացել, որ դուք սիրում եք ինձ։

― Իսկ դո՞ւք,– հարցրեց Մարտինը։

― Այդ բանն ինձ համար պարզվեց գրեթե հանկարծ։— Ռութը խոսում էր շատ մեղմ, նրա աչքերը մշուշով պատվեցին, այտերը վարդագույն դարձան.— չէի հասկանում, մինչև որ դուք գրկեցիք ինձ, և երբեք չէի կարծում, թե կարող եմ ձեզ հետ ամուսնանալ, Մարտին։ Ինչո՞վ դյութեցիք դուք ինձ։

— Չգիտեմ,— ժպտաց նա,— թերևս միայն իմ սիրով։ Իմ սերը կարող էր քարը հալեցնել, ուր մնաց՝ կենդանի կնոջ սիրտը։

— Այդ բոլորը դեռևս նման չէ սիրո, ինչպես ես էի պատկերացնում,— մտածկոտ ասաց Ռութը։

— Իսկ դուք ինչպե՞ս էիք պատկերացնում։

— Ես չէի կարծում, որ սերն այդպես է լինում։

Աղջիկը մի վայրկյան նայեց նրա աչքերին և ապա ասաց՝ հայացքը գետնին հառած։

— Ես ոչինչ չէի հասկանում։

Մարտինը նորից ցանկացավ դեպի իրեն քաշել Ռութին, բայց վարանեց, երկյուղ կրելով, որ կվախեցնի նրան, և միայն նրան գրկած ձեռքը ակամա ցնցվեց թեթևակի։ Այն ժամանակ աղջիկն ինքը ձգվեց դեպի նա, և նրանց շրթունքները դարձյալ ձուլվեցին մի երկար համբույրով։

— Ի՞նչ կասեն իմ ծնողները․․․― հարցրեց նա հանկարծական հուզմունքով։

— Չգիտեմ, բայց հենց որ կամենաք, հեշտությամբ կարող ենք իմանալ։

— Իսկ եթե մայրիկս չհամաձայնի․ ես ոչ մի կերպ չեմ համարձակվի ասել նրան։

— Լավ, ես կասեմ,— արիաբար առաջարկեց Մարտինը։— Ինձ այնպես է թվում, թե ձեր մայրն ինձ չի սիրում, բայց դա ոչինչ, ես կկարողանամ նրա բարեհաճությունը նվաճել։ Նա, ով նվաճեց ձեզ, կարող է նվաճել ում ուզենա, իսկ եթե այդ կհաջողվի․․․

— Այդ դեպքո՞ւմ։

— Միևնույն է, մենք իրար կպատկանենք. բայց ես վստահ եմ, որ ձեր մայրը կհամաձայնի, նա չափազանց ուժգին է սիրում ձեզ։

— Ես չէի ուզենա կոտրել նրա սիրտը,— մտածկոտ ասաց Ռութը։

Մարտինն ուզում էր ասել, որ մայրական սիրտն այդպես հեշտ չի կոտրվում, բայց դրա փոխարեն ասաց․

— Չէ՞ որ սերն աշխարհում ամեն բանից վեհ է։

— Գիտե՞ք, Մարտին, ես երբեմն վախենում եմ ձեզանից։ Ես հիմա էլ եմ վախենում, երբ մտածում եմ, թե ով եք դուք և ինչ եք եղել անցյալում։ Դուք, շատ լավ պետք է վարվեք ինձ հետ։ Մի՛ մոռացեք, որ ես դեռ միանգամայն երեխա եմ, ես դեռ ոչ ոք ի չեմ սիրել։

— Ես էլ, երկուսս էլ երեխաներ ենք։ Եվ մենք շատ երջանիկ ենք. չէ՞ որ մեր առաջին սերը փոխադարձ եղավ։

— Բայց դա չի կարող այդպես լինել,— աղաղակեց հանկարծ աղջիկը՝ արագ և ուժգին մի շարժումով ազատվելով նրա ձեռքից,— չի կարող պատահել, որ դուք․․․ Չէ՞ որ դուք նավաստի եք եղել, իսկ ես գիտեմ, որ նավաստիները․․․

Ռութի ձայնը կտրվեց։

— Սովոր են կին ունենալ ամեն նավահանգստում,― նախադասությունը լրացրեց Մարտինը նրա փոխարեն,― այդ էիք ուզում ասել։

― Այո,— մեղմաձայն պատասխանեց աղջիկը։

— Այդ հո սեր չէ՞,— առարկեց նա հեղինակավոր շեշտով։— Ես եղել եմ շատ նավահանգիստներում, բայց երբեք չեմ զգացել սիրո նմանվող որևէ բան՝ մինչև ձեզ հանդիպելս։ Գիտե՞ք, երբ ես առաջին անգամ ձեր տնից վերադառնում էի, քիչ էր մնացել, որ ինձ ձերբակալեին։

— Ինչպե՞ս թե ձերբակալեին։

— Շատ պարզ։ Ոստիկանը կարծեց, թե հարբած եմ։ Ես իրոք որ հարբած էի... սիրուց։

— Սակայն մենք շեղվում ենք։ Դուք ասացիք, որ մենք երկուսս էլ երեխաներ ենք, իսկ ես ասացի, որ դա չի կարող լինել։ Ահա թե ինչի մասին էր խոսքը։

— Չէ՞ որ ես ձեզ պատասխանեցի, որ անցյալում ոչ ոքի չեմ սիրել,― առարկեց նա,― դուք իմ առաջին, իսկապես առաջին սերն եք։

— Այնուամենայնիվ, դուք նավաստի եք եղել,— պնդում էր աղջիկը։

— Բայց և այնպես առաջին անգամ ձեզ եմ սիրել։

— Այո, բայց չէ՞ որ եղել են կանայք... ուրիշ կանայք․․․ օ՜հ։— Եվ նա հանկարծ սկսեց դառն արտասուք թափել՝ դրանով խիստ զարմացնելով Մարտինին, այնպես որ կարիք եղան բավական շատ համբույրներ նրան հանգստացնելու համար։

Մարտինն ակամա մտաբերեց Կիպլինգի մի տողը. «Բայց նշանավոր լեդին և Ջուդի օ'Գրեդին մյուս բոլոր բաներում հավասար են»։ Մարտինը մտածեց, որ էականում դա ճիշտ է, թեև նրա ընթերցած վեպերն այլ կերպ էին մտածել տալիս։ Այդ վեպերի հիման վրա նա այն գաղափարը կազմեց, որ բարձր դասի մեջ դեպի կինը տանող միակ ճամփան՝ նրան պաշտոնապես առաջարկ անելն է։ Այն միջավայրում, որի ծնունդ է ինքը, աղջիկների և տղաների համար գրկախառնումներն ու փաղաքշանքները սովորական բաներ են, իսկ բարձրագույն դասակարգի նրբազգաց ներկայացուցիչների միջև սիրո արտահայտության նմանօրինակ ձևերն անհնար էին թվում նրան։ Դա նշանակում է, որ վեպերը ստում են․ նա հենց այս րոպեին տեսավ դրա ապացույցը։ Միևնույն անձայն փաղաքշանքը նույն տպավորությունն է առաջացնում և՛ խեղճ բանվորուհիների, և՛ բարձրագույն հասարակության պատկանող աղջիկների մեջ։ Չնայած արտաքին տարբերությանը, նրանք «մյուս բոլոր բաներում հավասար են»։ Նա ինքն էլ կարող էր այդ եզրակացությանը հանգել, եթե հիշեր Հերբերթ Սփենսերին։ Եվ մխիթարելով Ռութին փայփայանքով և համբույրներով՝ Մարտինը բավականությամբ կանգ էր առնում այն մտքի վրա, որ «նշանավոր լեդին և Ջուդի օ'Գրեդին մյուս բոլոր բաներում հավասար են»։ Այդ միտքը Ռութին մոտեցնում էր նրան, ավելի մատչելի դարձնում աղջկան։ Ռութի գեղեցիկ մարմինը, միևնույն է՝ մարմին է, ինչպես այլ որևէ մարմին։ Նրա ամուսնությունը Ռութի հետ բոլորովին էլ անհնարին չէ։ Նրանց միակ տարբերությունը մնում էր դասակարգերի տարբերությունը, բայց դա էլ վերջ ի վերջո զուտ արտաքին զանազանություն է․ կարելի է նկատի չառնել այդ։ Չէ՞ որ Մարտինը կարդացել է հռոմեական մի ստրուկի մասին, որը բարձրացել է մինչև կայսերական ծիրանիի պատմուճանը։ Եթե դա պատահել է, ինչո՞ւ ինքն էլ չի կարող բարձրանալ մինչև Ռութը։ Անարատության, անբիծության, կուլտուրայի և հոգեկան գեղեցկության կեղևի տակ՝ Ռութի մեջ թաքնված է կանացի սովորական բնություն, ճիշտ այնպիսին, ինչպիսին գոյություն ունի Լիզզի Քոննոլլիի և աշխարհի երեսին գտնվող նման բոլոր աղջիկների մեջ։ Այն ամենը, ինչ հնարավոր էր նրանց համար, հնարավոր է և Ռութի համար։ Նա կարող է սիրել, ատել․․․ հավանական է, Ռութն էլ է ունեցել հիստերիա. վերջապես՝ նա կարող է խանդել, և արդեն խանդում է՝ մտածելով Մարտինի անցյալում ունեցած նավահանգստային սիրուհիների մասին։

― Եվ բացի այդ, ես ձեզանից մեծ եմ տարիքով,— հանկարծ ասաց Ռութը՝ նայելով նրա աչքերին,— ձեզանից երեք տարով մեծ եմ։

— Բայց և այնպես դուք երեխա եք․ իսկ կենցաղային փորձառությամբ ես ձեզանից երեսուներեք տարով եմ մեծ,― առարկեց Մարտինը։

Իականում, իհարկե, երկուսն էլ երեխաներ էին ամեն բանում, որ վերաբերում էր սիրո հարցերին և նրանք երեխայաբար, անճարակ ու միամիտ արտահայտում էին իրենց զգացմունքները, չնայած Ռութ ի համալսարանական դիպլոմին և գիտական աստիճանին, չնայած Մարտին փիլիսոփայական գիտելիքներին և կյանքի դժնդակ փորձառությանը։

Նրանք նստել էին՝ մայր մտնող արևի ցոլքով լուսավորված, խոսակցելով այնպես, ինչպես սովորաբար զրուցում են սիրահարները։ Նրանք հիանում էին սիրո հզոր հրաշքով և ճակատագրով, որը մոտեցրեց իրենց, և հաստատ հավատում էին, որ իրար սիրում են այնպես, ինչպես աշխարհում դեռ ոչ ոք չի սիրել։ Նրանք անդադար վերհիշում էին իրենց առաջին հանդիպումը՝ աշխատելով վերակենդանացնել իրարից ստացած տպավորությունները, ջանալով ճշգրիտ որոշել, թե ինչ էին մտածում և զգում այն ժամանակ։

Արևմուտքում ամպերը ծածկեցին մայր մտնող արևր։ Հորիզոնում երկինքը շառագունեց, չորս կողմ ամեն բան խորասուզվեց այդ գույնի մեջ, և Ռութը երգեց. «Մնաս բարո՜վ, երջանիկ օր»։ Նա երգում էր՝ գլուխը դրած Մարտինի ուսին, իսկ ձեռքերը՝ նրա ձեռքերի մեջ, և նրանցից յուրաքանչյուրը այդ պահին իր ձեռքին ուներ մյուսի սիրտը։