Երկ ռազմարվեստի մասին

Գրապահարան-ից
23:36, 27 Ապրիլի 2015 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երկ ռազմարվեստի մասին

հեղինակ՝ Սուն Ցզի
թարգմանիչ՝ Ռուբեն Սահակյան

ԵՐԿ ՌԱԶՄԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Գլուխ առաջին։ Հիմնական հաշվարկները

(Ցըզի)

Սուն Ցըզին ասաց. պատերազմը պետության համար մեծ գործ է, կյանքի ու մահվան հարց է, գոյության կամ կործանման ուղի։ Այս հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատուն իմանալ։ Ուստի պատերազմը վճռվում է հինգ գործոններով, նրան համեմատում են (յոթ) հաշվարկների հետ և որոշում են (հետևյալ) դրույթներով. առաջինը՝ Դաո (ուղի), երկրորդը՝ Տյան (երկինք), երրորդը՝ Դի (երկիր), չորրորդը՝ Ցըզյան (զորավար), հինգերորդը՝ Ֆա (օրենք)։

Ուղին՝ երբ ժողովրդի մտքերն ու տիրակալի մտքերը միանման են։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը պատրաստ է տիրակալի հետ մեռնել կամ ապրել, երբ ժողովուրդը չի վախենում հնարավոր վտանգից և վախ չգիտի։

Երկինքը՝ լույսն ու խավարն է, ցուրտը և շոգը, ժամանակի հաջորդականությունն է։

Երկիրը՝ հեռավորությունն ու մոտիկությունն է, անանցանելիությունն է ու անցանելիությունը, լայնն ու նեղը, մահն ու կյանքը։

Զորավարը՝ քաջությունն է, մարդասիրությունն է, արդարությունն է, խստությունն է։

Օրենքը՝ զինվորական կարգ ու կանոնն ու կարգապահությունն է, զորքի ղեկավարումն ու մատակարարումը։

Այս հինգ կանոնները հայտնի են յուրաքանչյուր զորավարի, սակայն հաղթում է նա, ով յուրացրել է դրանք, ով չի յուրացրել, (նա) չի հաղթում։

Ուստի պատերազմը համեմատում են (յոթ) հաշվարկների (հետ) և որոշում (հետևյալ) դրույթներով. տիրակալներից նա, ով ճիշտ կորոշի Ուղին, Երկնքի ու Երկրի վիճակը, ով կատարում է կանոններն ու հրամանները, ով ավելի ուժեղ զորք ունի, ում մոտ հրամանատարներն ու ռազմիկները (շի և ցըզա) ավելի լավ են նախապատրաստված, ով արդարացիորեն պարգևատրում և պատժում է։

Այդ ամենով ես կիմանամ, թե ով հաղթանակ կտոնի և ով պարտություն կկրի։

Այն զորավարը, որը կկիրառի իմ հաշվարկները, հաստատուն կերպով յուրացնելով դրանք, անպայման կհաղթի, թող նա հրամայի զորքերին, (այն) զորահրամանատարը, որ չի հենվում իմ հաշվարկների վրա, չյուրացնելով դրանք, անպայման պարտություն կկրի, այդպիսի զորավարին պետք է հեռացնել։ Եթե զորավարը յուրացրել է հաշվարկները, հաշվի առնելով շահը, դրանք կկազմեն հզորություն, որը կարող է օգտագործվել և այս հաշվարկների սահմաններից դուրս։

Հզորությունը լինում է այն դեպքում, երբ հաշվի են առնում օգուտը և կիրառում են մարտավարությունը։

Պատերազմը խաբեության ուղին է։ Ուստի, եթե դու որևէ բան կարող ես անել, ցույց տուր, որ չես կարող։ Եթե օգտվում ես որևէ բանից, ցույց տուր, որ չես օգտվում, եթե հեռու ես գտնվում, ցույց տուր, որ մոտիկ ես, հակառակորդին հրապուրիր շահով, հակառակորդի մոտ խառնաշփոթ առաջացրու և հաղթիր նրան։ Եթե հակառակորդի մոտ ամեն ինչ առատ է, պատրաստ եղիր, եթե հակառակորդն ուժեղ է քեզանից, խուսափիր նրանից, եթե նա ենթակա է զայրույթի, նրան հավասարակշռությունից հանիր, խոնարհ տեսք ընդունելով, նրա մեջ ինքնավստահություն առաջացրու, թարմ ուժերը ուժասպառ արա, եթե հակառակորդի շրջանում համաձայնություն կա, անկարգություն մտցրու, հարձակվիր հակառակորդի վրա, երբ նա պատրաստված չէ, հայտնվիր այնտեղ, որտեղ նա քեզ չի սպասում։ Սակայն չի կարելի վաղօրոք մատնանշել որևէ եղանակ։

Ընդհանրապես, ով որ ճակատամարտից առաջ նախնական հաշվարկով հաղթանակում է, հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունի, ով մինչև ճակատամարտը նախնական հաշվարկով չի հաղթում, նա քիչ հնարավորություն ունի հաղթելու, առավել ևս չի հաղթում նա, ով որ չունի նախնական հաշվարկներ։ Այս հաշվի առնելով, ինձ համար հասկանալի են հաղթանակն ու պարտությունը։

Գլուխ երկրորդ։ Պատերազմի վարումը

(Ցըզոչժան)

Սուն Ցըզին ասաց. ընդհանրապես պատերազմ վարելու կանոնները հետևյալն են՝ եթե ունես 1000 չիչե (թեթև մարտակառք) և 1000 գեչե (գումակային ծանր կառքեր), 100000 դայցզա (զրահապատ զինվորներ), եթե պարենը զորքի համար պետք է ուղարկել 1000 լիից ավելի, պետք է հաշվի առնել ներքին և արտաքին ծախսերը, հյուրերին ընդունելու ծախսերը, լաքի ու սոսնձի համար նյութեր, ծախսերը մարտակառքերի ու սպառազինության համար, ապա այդ ամենի համար օրական կպահանջվի 1000 ցզին (ոսկի), միայն այդ պայմաններում կարելի է ոտքի հանել հարյուր հազարանոց զորք։

Եթե պատերազմը վարում են, և հաղթանակը երկար ժամանակով հետաձգվում է, ապա զենքր բթանում է, և ծայրը կոտրվում է, եթե ամրոցի պաշարումը երկարաձգվում է, ուժերը սպառվում են, եթե զորքը գտնվում է երկարատև ռազմարշավի, ապա պետության միջոցները չեն բավականացնում։

Եթե զենքը բթանում է, (նրա) ծայրը կոտրվում է, ուժերը հյուծվում են, միջոցները սպառվում են, ապա իշխանները (չժոխոու) դրությունից օգտվելով, քո դեմ դուրս կգան։ Դրանից հետո նույնիսկ իմաստուն խորհրդականները ոչինչ չեն կարող անել։

Ուստի պատերազմում նրա արագ հաղթանակի մասին լսում են նույնիսկ նրա անհմուտ վարման դեպքում և չեն տեսնում հաջողությունը երկարատևության մեջ, նույնիսկ երբ այն վարպետորեն են վարում։

Երբևիցե դեպք չի եղել, որ պատերազմը երկարատև բնույթ կրի և դա շահավետ լինի պետության համար։ Այդ իսկ պատճաոով, նա, ով չի հասկանում ողջ վնասը, որ հասցնում է պատերազմը, նա չի կարող խորությամբ ըմբռնել պատերազմի օգուտը։

Ով կարողանում է պատերազմը վարել, (նա) երկու անգամ զորահավաք չի կատարում, երեք անգամ պարեն չի փոխադրում, սպառազինությունը վերցնում է պետությունից, իսկ պարենը՝ հակառակորդից, ուստի պարենը նրան կբավականացնի։

Պատերազմի ժամանակ պետական գանձարանն աղքատանում է, որովհետև զորքի համար պարենը բերվում է հեռվից։ Երբ պարենը բերվում է հեռվից, ժողովուրդն աղքատանում է։

Զորքի մոտակայքում բնակվող բնակչությունը զորքի համար անհրաժեշտ ամեն ինչ վաճառում է թանկ, երբ ամեն ինչ վաճառվում է թանկ, ժողովրդի ունեցվածքը հատնում է, երբ ունեցվածքը սպառվում է, պարհակները դժվար է կատարել։

Երբ երկրի ուժերը հյուծվում են, ժողովրդի միջոցները սպառվում են, այդ ժամանակ բնակչության տները դատարկվում են, ժողովրդի գույքը նվազում է յոթ տասներորդով։ Տիրակալի գույքը՝ ջարդված սայլեր, հոգնատանջ ձիեր, զրահներ, սաղավարտներ, նետեր, աղեղներ, նիզակներ, մեծ ու փոքր վահաններ, եզներ, մեծ սայլեր՝ այդ ամենը նվազում է վեց տասնորդականով։

Ուստի խելացի զորավարն անպայման սնվում է հակառակորդի հաշվին։ Հակառակորդից վերցրած մեկ չժուն ուտելիքը համապատասխանում է սեփական քսան չժուին, հակառակորդից գրաված մեկ դանը համապատասխանում է սեփական քսան դանին։

Ուստի հակառակորդին սպանում է կատաղությունը, հակառակորդի հարստությունը գրավում է ագահությունը։

Այդ իսկ պատճաոով, եթե կռվի ընթացքում մարտակառքերը գրավեն տասը և ավելի մարտակառք, որպես պարգև, բաժանիր դրանք նրան, ով առաջինն է դրանք գրավել։ Հակառակորդից գրաված մարտակառքերի դրոշակները փոխարինիր քոնով և օգտագործիր այդ մարտակառքերը քոնի հետ։ Գերված ռազմիկների հետ լավ վարվիր և հոգ տար նրանց մասին։ Դա նշանակում է հաղթել հակառակորդին և ավելացնել քո ուժերը։

Այդ իսկ պատճաոով պատերազմը գնահատում է հաղթանակը և չի հարգում երկարատևությունը։

Ուստի պատերազմի էությունը հասկացող զորավարը ղեկավարում է ժողովրդի ճակատագիրը և հանդիսանում է պետության անվտանգության տիրակալը։

Գլուխ երրորդ։ Ռազմավարական հարձակում

(Մոուգուն)

Սուն Ցրզին ասաց. սովորաբար պատերազմի վարման կանոնները հետևյալն են՝ կարևոր է պահպանել հակառակորդի պետությունն անվնաս, քան ջախջախել նրան, կարևոր է պահպանել հակառակորդի ցզյուն անվնաս, քան ջախջախել նրան, կարևոր է պահպանել հակառակորդի լյուն անվնաս, քան ջախջախել նրան, ավելի կարևոր է պահպանել հակառակորդի ու-ն անվնաս, քան ջախջախել նրան։

Ուստի հարյուր անգամ մարտ մղել և հարյուր անգամ հաղթանակ տանել դեռ չի նշանակում լավագույնից լավագույնը։ Լավագույնից լավագույնն այն է, որպեսզի հնազանդեցնել հակառակորդի բանակն առանց մարտի։ Այդ պատճառով պատերազմի բարձրագույն արվեստը հակառակորդի ծրագրերր խախտելն է, որից հետո քայքայել նրա դաշինքները, հաջորդ վայրում ջախջախել նրա զորքերը և, վատթարագույնը՝ ամրոցի պաշարումը։

Ամրոցի պաշարման կանոնների համաձայն, պաշարումր կատարվում է այն դեպքում, երբ դա անխուսափելի է։ Մեծ վահանների, պաշարողական կառքերի, զանազան ռազմական հանդերձանքի նախապատրաստման համար պահանջվում է երեք ամիս, և դա էլ չես հասցնի։ Զորավարը, սակայն, չկարողանալով հաղթահարել իր անհամբերությունը, մրջյունների հոսքի նման նետում է իր ռազմիկներին գրոհի, ուստի և կորցնում է իր ռազմիկների մեկ երրորդը, և, այնուամենայնիվ, ամրոցը մնում է անառիկ։ Այդպիսին է պաշարման բացասական ազդեցությունը։

Ուստի, ով վարպետորեն է վարում պատերազմը, նա հնազանդեցնում է օտար զորքերն առանց ճակատամարտի, գրավում է ամրոցներն առանց պաշարման, ջախջախում է օտար պետություններն առանց երկարատև կամպանիաների։ Ամեն ինչ անվնաս պահպանելով, նա պայքարում է Երկնաբարձունքի տիրապետության համար։ Այդ պատճառով առանց պատերազմ մղելու կարելի է շահ ունենալ։ Դա է ռազմավարական հարձակման կանոնը։

Ուստի գոյություն ունեն պատերազմը վարելու կանոններ՝ եթե քո ուժերը տասն անգամ գերազանցում են հակառակորդին, ապա պետք է շրջապատել նրան, եթե քո ուժերը հինգ անգամ են գերազանցում, պետք է գրոհել հակառակորդի վրա, եթե քո ուժերը երկու անգամ են ավելի հակառակորդի ուժերից՝ պետք է քո զորքը բաժանես երկու մասերի, հավասար ուժեր ունենալու դեպքում կարելի է մարտը վարել, եթե քո ուժերը քիչ են՝ կարելի է պաշտպանվել, եթե քո ուժերը զիջում են հակառակորդին բոլոր պարագաներում, կարողացիր խուսափել մարտից։ Ուստի ոչ մեծ ուժերը կարող են համառ պայքար մղել, սակայն նրանք բոլորն էլ կարող են դառնալ հակառակորդի առավել խոշոր ուժերի գերիները։

Սովորաբար զորավարը պետության հենարանն է։ Եթե այդ հենարանը կատարյալ հատկություններ ունի, (ապա) պետությունն անպայման ուժեղ կլինի, եթե այդ հենարանը թերություններ ունի, ապա պետությունն անպայման թույլ կլինի։

Ուստի զորքը տառապում է իր տիրակալից երեք դեպքում՝

  1. Երբ նա, չգիտենալով, որ զորքը չի կարող հարձակվել, հրամայում է հարձակվել, երբ նա, չգիտենալով, որ զորքը չպետք է նահանջի, նրան հրամայում է նահանջել։ Այդ նշանակում է, որ նա կաշկանդում է զորքը։
  2. Երբ նա, չիմանալով զորքերում գործի էությունը, զորքերի ղեկավարման համար տարածում է այն նույն սկզբունքները, որոնք կիրառվում են պետության ղեկավարման դեպքում։ Նման պարագայում հրամանատարները զորքերում շփոթմունքի մեջ են ընկնում։
  3. Երբ նա, չգիտենալով զորքերի մարտավարությունը, զորավարին նշանակում է այն նույն սկզբունքով, ինչպես պետությունում։ Այդ ժամանակ հրամանատարները զորքերում շփոթմունքի մեջ են ընկնում։

Հետևաբար գոյություն ունեն պատերազմն ապահովող հինգ պայմաններ՝

  • հաղթում է նա, ով գիտի, թե երբ կարելի է կռվել, իսկ երբ չի կարելի.
  • հաղթում է նա, ով կարողանում է ղեկավարել մեծ և փոքր ուժերը.
  • հաղթում է նա, ում մոտ վերևից ներքև գոյություն ունեն միասնական ցանկություններ.
  • հաղթում է նա, ով ցուցաբերում է զգուշություն և սպասում է հակառակորդի անզգուշությանը.
  • հաղթում է նա, ում մոտ զորավարը տաղանդավոր է և նրան թագավորը չի ղեկավարում։

Այս հինգ պայմաններն են դեպի հաղթանակը տանող ուղիները։

Այդ պատճաոով ասում են՝ եթե գիտես նրան և ճանաչում ես քեզ, թեկուզ հարյուր ճակատամարտ վարիր՝ վտանգ չի լինի, եթե գիտես նրան և չես ճանաչում քեզ, մի անգամ կհաղթես և մի անգամ պարտություն կկրես, եթե չգիտես ոչ նրան, ոչ էլ քեզ, (ապա) յուրաքանչյուր ճակատամարտում պարտություն կկրես։

Գլուխ չորրորդ։ Ձև

(Սին)

Սուն Ցըզին ասաց. նա, ով հնում վարպետորեն էր պատերազմը վարում, սկզբում իրեն դնում էր անպարտելի դրության մեջ և հարմար առիթ էր ակնկալում հակառակորդին հաղթելու համար։

Անպարտելիությունը կախված է մեզանից, սակայն հաղթանակի հնարավորությունը գտնվում է հակառակորդի մեջ։ Հետևաբար, ով լավ է կռվում, կարող է իրեն անպարտելի դարձնել, սակայն չի կարող ստիպել հակառակորդին, որպեսզի նա թույլ տա իրեն հաղթել։

Հետևաբար ասվում է՝ կարելի է իմանալ, թե ինչպես է հնարավոր հաղթել, սակայն գործնականում դրան հասնել չես կարող։

Անպարտելիությունը պաշտպանությունն է, հաղթանակի հնարավորությունը հարձակումն է։ Պաշտպանություն՝ նշանակում է ինչ որ թերության առկայություն, հարձակում՝ նշանակում է, որ ամեն ինչ առատ է։

Նա, ով լավ է պաշտպանվում, թաքնվում է իններորդ հողի տակ, նա, ով լավ է հարձակվում, գործում է իններորդ երկնքից։ Ուստի մենք կարող ենք պահպանել մեզ և լիակատար հաղթանակ տանել։

Ով հաղթանակր տեսնում է որպես սովորական մարդ, լավագույնից լավագույնը չէ։ Նրա մասին, ով հաղթանակ կտանի ճակատամարտում, Երկնատակը կասեն. «լավ է կենսագործվել», սակայն դա նույնպես չի լինի լավագույնից լավագույնը։

Ուստի աշնանային փետուրիկ բարձրացնելը մեծ ուժի նշան չէ, տեսնել արևն ու լուսինը դեռ չի նշանակում ունենալ սուր տեսողություն, ամպրոպի որոտը լսելը զգայուն լսողության (նշան) չէ։

Հնում ասում էին այն մասին, թե լավ կռվում էր և հաղթում նա, ում (մարտում) դյուրին էր հաղթել։ Հետևաբար, ով լավ կռվելով հաղթել էր, նա չի ունեցել ոչ հռչակավոր անուն, ոչ էլ հերոսական սխրագործություններ։ Այդ իսկ պատճաոով, նրա ճակատամարտերն ու հաղթանակներն արդյունք էին այն բանի, որ նա սխալներ չի կատարել։ Ով որ սխալներ թույլ չի տալիս՝ նրա կողմից ձեռնարկած ամեն ինչը հաղթանակի է բերում։ Նա հաղթում է արդեն պարտվածին։

Ուստի նա, ով լավ է կռվում այնպիսի դիրք է գրավում, որի դեպքում պարտությունն անհնար է և պահը բաց չի թողնի հակառակորդին պարտության մատնելու համար։ Ահա թե ինչու, զորքը, որ պետք է հաղթի, կռիվ է փնտրում միայն այն բանից հետո, երբ հաղթանակն (արդեն) ապահովված է, պարտության դատապարտված զորքը սկզբում կռվում է, և միայն հետո է հաղթանակ փնտրում։

Ով պատերազմը վարպետորեն է վարում, նա իրականացնում է Ուղին և պահպանում է Օրենքը։ Հետևաբար, նա կարող է ղեկավարել հաղթանակն ու պարտությունը։

Պատերազմի օրենքների համաձայն, գոյություն ունեն առաջին երկարություն (դու), երկրորդ՝ ծավալ (լյան), երրորդ՝ թիվ (շու), չորրորդ՝ քաշ (չեն), հինգերորդ՝ հաղթանակ (շեն)։ Տեղանքը ծնում է երկարություն, երկարությունը ծավալ, ծավալը՝ թիվ, թիվը՝ քաշ, քաշը՝ հաղթանակ։

Ուստի հաղթող զորքը նման է «ի»–ի քաշին «չժուի» քաշի համեմատությամբ, իսկ պարտության դատապարտված զորքը նման է «չժուի» քաշին՝ «ի»–ի համեմատ։

Ճակատամարտում հաղթում է նա, ով նման է 1000 ժեն բարձրությունից դեպի անդունդը գահավիժող կուտակված ջրին։ Այդ է ձևը։