Տիրակալը

Գրապահարան-ից
Տիրակալը

հեղինակ՝ Նիկոլո Մաքիավելի
թարգմանիչ՝ Ալբերտ Բարսեղյան

Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին պայծառափայլություն Լորենցո Մեդիչիին

Տիրակալների բարեհաճությանը արժանանալու համար մարդիկ սովորաբար նվիրաբերում են իրենց ունեցած ամենաթանկարժեք իրը, կամ էլ մի այլ բան, ինչով հույս ունեն մեծագույն բավականություն պատճառել նրան, այսինքն՝ նժույգ ձի, զենք, թանկարժեք դիպակ ու քար և տիրակալների մեծությանը վայել զանազան այլ ընծաներ։ Իսկ ես, կամենալով Ձերդ պայծառափայլությանը հավաստել իմ նվիրվածությունը՝ ինչքիս մեջ չգտա առավել թանկ ու արժեքավոր մի բան, քան երևելի մարդկանց վարքի մասին իմ գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել առկա եղելությունից բազմամյա փորձի և անցյալի անցուդարձի անխոնջ ուսումնասիրության շնորհիվ։ Շատ ժամանակ ու ջանքեր ներդնելով իմ ամբարածը իմաստավորելու համար, փորձ արեցի խոհերս ամփոփել մի երկասիրության մեջ և որպես նվեր մատուցանել Ձերդ պայծառափայլությանը։ Թեև ենթադրում եմ, որ սույն մատյանը անարժան է Ձեր ուշադրությանը, այնուամենայնիվ, հուսով եմ Դուք Ձեր ներողամտությամբ հանդերձ հաճությամբ կընդունեք՝ քաջ գիտակցելով, որ ես ի զորու չեմ Ձեզ ավելի արժեքավոր նվեր մատուցանել։ Դրա շնորհիվ, կարճ միջոցում, հաղորդակից կլինեք բազում վտանգներով ու տագնապներով ձեռք բերված իմ գիտելիքների շտեմարանին։ Աստ չեմ հոգացել ոչ զարդարուն ոճի, ոչ խոսքի ճոխության, բարեհնչունության, ոչ էլ արտաքին զարդարանքի ու փայլի մասին, որոնցով բազում գրիչներ ջանում են պաճուճել իրենց երկերը։

Ցանկությունս է, որ գրվածքս մնա անհայտության մեջ, կամ էլ ճանաչ դառնա շնորհիվ նյութի անսովորության ու կարևորության։

Թող հանդգնություն չհամարվի, որ ստորին ու աննշան կոչումով մեկը հանձն է առնել քննել տիրակալների գործքն ու խորհուրդներ տալ նրանց։ Ինչպես բնանկար վրձնելիս գեղանկարիչը պետք է իջնի հովիտ՝ հայացք գցի բլուրների ու լեռների վրա և վեր բարձրանա՝ հայացքով զննի հովիտը, ճիշտ այդպես էլ ժողովրդի էությունը ըմբռնելու համար հարկ է լինել տիրակալ, իսկ տիրակալների էության մեջ թափանցելու համար պետք է սերված լինել ժողովրդի ծոցից։

Ձերդ պայծառափայլությունը սույն համեստ նվերը թող ընդունի նույն զգացումով, որով ես եմ համակված։ Եթե բարեհաճեք ուշի ուշով ընթերցել իմ մատյան գիրքը ու խորհել նրա շուրջ, կզգաք, որ կամեցել եմ Ձերդ պայծառափայլությանը տեսնել այնպես վեհ, ինչպես վերուստ հաստել է ճակատագիրը Ձեր արժանիքների հանգույն։

Ու այն բարձունքից, ուր թևածում է Ձերդ պայծառափայլությունը, եթե երբևէ հայացք նետի այն ստորոտի վրա, ուր դեգերում եմ ես, կտեսնի, թե որքան անողոք է եղել ճակատագիրն իմ հանդեպ՝ պես պես ծանր փորձությունների ենթարկելով նվաստիս։


Գլուխ I։ Քանի տեսակի պետություններ են լինում և ինչպես են ձեռք բերվում

Անցյալում կամ ներկայում մարդկանց վրա իշխած բոլոր պետությունները և տերությունները եղել են հանրապետություն, կամ միահեծան կառավարվող միապետություն։ Վերջիններս կարող են լինել ժառանգած, եթե տիրակալի տոհմը իշխել է երկար ժամանակ, կամ նորելուկ։ Նոր կարող է լինել ամբողջ պետությունը (այդպիսին է Միլանը Ֆրանչեսկո Սֆորցայի համար), կամ դրա մի մասը, որը նվաճման հետևանքով միացվել է ժառանգված պետությանը (այդպիսին է Նեապոլի թագավորությունը Իսպանիայի թագավորի համար)։ Նոր պետությունները լինում են երկու տեսակի՝ պետություններ, որտեղ հպատակները ընտելացել ու հնազանդվել են տիրակալներին, և պետություններ, որտեղ նրանք վաղնջական ժամանակներից ապրել են ազատ։ Պետությունները ձեռք են բերվում սեփական կամ ուրիշի զենքով, ճակատագրի բարեհաճությամբ կամ քաջությամբ։