Գիշատիչների խնջույքը
հեղինակ՝ Վահե Քաչա |
* * *
Բրիժիտ Մանսեն վերջին անգամ նայեց սեղանին և գոհ մնաց։ Ոչինչ չէր պակասում։ Նույնիսկ՝ աղամանները, որ միշտ մոռանում էր խոհանոցի դարակում։ Հաշվեց ափսեները, ավելի շուտ կնքեց, «Ֆրանսուազ, Վիլկեր, Պիեռ…»։ Նա վստահ էր, որ այս ձևով ոչ մեկին չի մոռանա։ Նայեց ժամացույցին, վեցն անց կես էր։
— Էլ ի՞նչ ես անում։
Վիկտորը՝ նրա ամուսինը, չպատասխանեց։ Մկրատով զինված, թղթից երիզներ էր կտրում և փռում սեղանին։ Բրիժիտը չհամառեց և բացեց խոհանոցի դուռը։ Փռի մեջ երկու հավ էր տապակվում, և բուրմունքը հաճելիորեն խտուտ տվեց նրա ռունգերը։ Կարտոֆիլը կճպված և օղակ֊օղակ կտրտված էր։ Աղանդերները փռված էին ափսեների մեջ։ Նա հաճույքով պատկերացրեց, թե հրավիրվածները ինչպես պիտի զարմանան նման խնջույքից։ Երկու տարի կլիներ, ինչ ճտի համը մոռացել էր։ Օկուպացիայից հետո առաջին անգամ էր, որ հաջողվել էր այսքան մթերք հավաքել։ Վերջապես, իր տարեդարձն էր… Մտածելով քսաներկու տարվա մասին, բնազդաբար նայեց լվացարանի վերևը կախված հայելու մեջ։ Գտավ, որ ինքը գեղեցիկ է ու ախորժաբեր։ «Ուտելու բան եմ»,— մտածեց նա։ Շրջազգեստի բացվածքը ավելի էր ընդգծում նրա կուրծքը։ Շագանակագույն մազերը ալիքաձև իջնում էին մերկ ուսերին։
— Բրիժի՛տ։
Նա անմիջապես չպատասխանեց։ Սպասեց։ Վիկտորի ձայնը երկրորդ անգամ հնչեց.
— Բրիժի՛տ, ջուր բեր։
Առանց շտապելու մի բաժակ լցրեց։
— Շա՞տ ծարավ ես։
— Ծարավ չեմ։ Սա բանի համար է…
Ջուրը լցրեց սպիտակավուն փոշու մեջ և սկսեց մատներով մածուկ սարքել։
— Սոսնձի համար է,— բացատրեց նա,— տեսնո՞ւմ ես, մի փոքր սոսինձ եմ քսում թղթի ծայրին և…
Նա բարձրացրեց թղթե երիզը և կպցրեց պատուհանի ապակուն։
— Ռմբակոծության դեպքում ապակիները շատ չեն փշրվի։
Բրիժիտը ծռմռեց երեսը.
— Եվ դու ամեն տեղ պիտի կպցնե՞ս։
— Բոլոր պատուհաններին։
Վիկտորը մոտ երեսուն տարեկան կլիներ։ Բարձրահասակ էր, նիհար, մանրախնդիր և սիրում էր տանը բան֊ման սարքել։ Ծնողներից ժառանգություն էր ստացել մի գրախանութ և մի ընդարձակ բնակարան, որտեղ Բրիժիտի հետ էր ապրում։
— Կարող էիր ուրիշ օր ընտրել։ Դու նույնիսկ չես սափրվել։ Մեր հյուրերը ուր որ է կգան։
Վիկտորը ժպտաց և կնոջ այտը համբուրեց։
— Ես իմ հյուրերից չեմ քաշվում։ Նրանք իմ բարեկամներն են։
— Զգույշ, կաթում է…
Նա երիզները կպցրեց հյուրասրահի երեք պատուհաններին, զննեց, ձեռքերը փալասով սրբեց։
— Կարծես վիրակապ լինի,— ասաց Բրիժիտը,— մարդիկ պիտի կարծեն, թե մեր ապակիները կոտրված են և որ հնարավորություն չունենք գցելու։
Վիկտորը զվարճացած ժպտաց և սիգարեթի տուփը փնտրեց գրպաններում։
— Ես բռնագրավել եմ քո տուփը։ Այսօր հինգ հատ ծխել ես։
— Իսկ ծխուկնե՞րը։
— Պահել եմ։ Մի ուրիշ օր կտամ քեզ, երբ որ վատ տրամադրության մեջ լինես։
— Այնուամենայնիվ, զայրացուցիչ է, որ չես կարող սիգարեթ հայթայթել։
— Օրական տասը տուփ են առաջարկում ինձ սև շուկայում։
— Այո, բայց ի՞նչ գնով։
Բրիժիտը մի անզոր շարժում արեց։
— Պատերազմից հետո տեղը կհանես։
— Պատերազմից հետո։ Ամբողջ օրը այդ խոսքն եմ լսում։ Պատերազմից հետո։ Իսկ դու գիտե՞ս, թե պատերազմից հետո ինչ կհորինեն։ Մի ուրիշ լարի վրա կսկսեն նվագել. «Երբ գործերը, պատերազմից առաջվա պես գնան» կամ սրա պես մի բան։ Կտեսնես, պատերազմից հետո ավելի վատ կլինի… Եթե ողջ մնանք։
Բրիժիտը վազեց խոհանոց և մի վառած սիգարեթով վերադարձավ, որը Վիկտորի շրթունքների մեջ դրեց։ Վերջինս ծուխը մի քանի անգամ ներս քաշեց։
— Սափրվեմ,— ասաց նա։
Բրիժիտը կանգնեց փողոց նայող պատուհանի առջև։ Նա հայացքով, զամբյուղը ձեռքին քայլող մի ծեր կնոջ երկար հետևեց։ Մարդիկ էին գնում գալիս, դպրոցականներ, մի ջահել կին, որն անդադար ետ էր նայում, կարծես իրեն հետևում էին, լավ հագնված մի մարդ, որը սրածայր ձեռնափայտով մայթերին ընկած հատուկենտ ծխուկներն էր հավաքում, գերմանացի ջահել զինվորներ, որ սուլում էին… Եվ քանի որ բնակարանը առաջին հարկում էր, վերարկուի մեջ կծկված մի մարդ մոտեցավ, երկու սալիկ շոկոլադ մեկնեց և մատներով գինը ցույց տվեց։ Բրիժիտը բացասաբար շարժեց գլուխը։ Մարդը չպնդեց և շարունակեց պատերը սափրել։ Բրիժիտը գերմանացիներին չէր ատում։ Չէր էլ սիրում։ Բրիժիտը գտնում էր, որ նրանք կիրթ են և սառը։ Իր ամուսնու գրախանութում, մի քանի անգամ, սպաների էր հանդիպել։ Նրանք գիտեին, թե ինչ են ուզում։ Առանց առևտուր անելու, վճարում են, ողջունում և դուրս գալիս։ Բրիժիտը առանց ատելության էր նայում օկուպացիային։ Կյանքը հոսում էր առանց բախումների. շաբաթը մեկ ֆիլմ, մի քանի գիրք, ձայնապնակներ, բարեկամներ… Իր լավագույն բարեկամները, որոնց հրավիրել էր այս երեկո, 1942 թվականի հոկտեմբերի 4֊ին…
— Կարծես զանգեցին։
Նա շրջվեց ու տեսավ Վիկտորին, որը փրփրապատ վրձինով դուռը ցույց տվեց։
— Գնում եմ, դու շտապիր…
Պչրանքով նայեց հայելու մեջ ու վազեց դուռը բացելու։ Դան Վիլկերն էր՝ առաջին հրավիրվածը։ Վիլկերը՝ իր անբաժան շան հետ։
— Ես շուտ չե՞մ եկել։ Կարո՞ղ եմ մտնել։
— Այդ մյուսներն են, որ ուշացել են։
Բրիժիտը օգնեց նրան թեթև վերարկուն հանելու։ Վիլկերը վաթսունհինգ տարեկան էր և ուշադիր հետևում էր իր առողջությանը։ Հարուստ էր, մարմնեղ, զվարթ երեսով և, ոչ մի առիթ չփախցնելով, ըմբոշխնում էր կյանքի ամեն մի պահը։ Նա ամեն ինչից օգուտ էր քաղում. արևոտ օրը, բուխարիկի մոտ անցկացրած անձրևոտ օրվա չափ ոգևորում էր նրան. սննդարար ճաշը նրան մարսողական հաբերից պակաս հաճույք չէր պատճառում, որոնք նա մեծ բավականությամբ ծծում էր։ Պատերազմից առաջ զբաղվում էր արտահանումով և ներմուծումով։ Երկու տարի է չէր աշխատում և շատ լավ էր զգում։ Նա հաճախ էր գալիս Մանսեների մոտ և նրանց էլ լավ օրերին հրավիրում էր գյուղ՝ իր առանձնատունը։ Բրիժիտին նա էր ծանոթացրել Վիկտորի հետ։
— Սեղանը գցվա՞ծ է։
Նա կարծես գոհ էր, պտտվում էր սեղանի շուրջը, հետո բարձրացրեց սեղանի տակ խաղացող շանը և սկսեց շոյել։
— Տեսա՞ք։
Բրիժիտը պատուհանները ցույց տվեց։ Վիլկերը շարժեց գլուխը.
— Վաղուց պետք է կպցրած լիներ այդ թղթերը։ Այսինքն՝ երբեք ուշ չէ…
Երևաց Վիկտորը՝ մաքուր ածիլված։
— Ի՞նչ նորություն կա։
Նա սովորություն ուներ միշտ այդ հարցը տալու, որը գրգռում էր կնոջը։
— Շարունակ պատերազմ է,— պատասխանեց Վիլկերը։— Հաստատ աղբյուրներից իմացա, որ այս առավոտ «մեր սիրելի բարեկամները» լուրջ կորուստներ են կրել։
«Սիրելի բարեկամները» գերմանացիք էին։ Վիկտորը մատը քսեց այտին, որպեսզի տեսնի, երեսը կտրե՞լ է, թե՞ ոչ։ Վիլկերն ավելացրեց.
— Խոսում էին քսան խփված ինքնաթիռների մասին։ Այս առավոտ տնից դուրս եկե՞լ եք։
— Բրիժիտը մեկ անգամ դուրս եկավ գնումներ կատարելու։
— «Մեր սիրելի բարեկամները» շատ լարված են։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս այս քանի օրը տնից դուրս չգալ։ Հանգստացիր, Քրեյզի։
Շունը ցատկեց գետին և անհետացավ սեղանի տակ։
— Մի ուրիշ նորություն։ Ձեզ հանգիստ հայտարարում եմ, որ վեց ամսից պատերազմը կվերջանա։ Ես դեռ մեծահոգի եմ, նրանց շատ ժամանակ եմ տալիս…
Վիկտորը զարմացած էր.
— Բայց նրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել։
— Փարատիր մոլորություններդ։ Նրանք սպառված են։ Մենք դեռ կխոսենք դրա մասին…
— Ավելի լավ,— հառաչեց Բրիժիտը։— Ես ատում եմ պատերազմը։
Նա հատկապես պատերազմի շուրջը բացվող խոսակցություններն էր ատում։ Անվերջանալի ճառեր, որոնցից քունը տանում և հորանջում էր։ Բայց Վիլկերի սիրելի թեման պատերազմն էր։ Նա սիրում էր խոսել դրանց շուրջը, մեկնաբանել նորությունները, հաղորդագրությունների տակ թաքնված իմաստը գուշակել։ Բրիժիտը իր պատրաստած աղահացի ձողիկներն էր դնում սեղանին։ Վիլկերը ձեռքերը տարածեց և զարմանքի արտահայտություն տվեց դեմքին.
— Եվ ես մոռացա քո նվերը տալ։
Նա վազեց միջանցք և վերարկուի գրպանից խայտաբղետ ժապավենով կապկպված մի տուփ հանեց։
— Հիմա բացե՞մ,— հարցրեց Բրիժիտը։
— Սպասենք մյուսներին,— առաջարկեց Վիկտորը։
Բրիժիտը ձևացրեց, թե չլսեց։ Նրա արագաշարժ մատների տակ ժապավենը քանդվեց։ Տուփի ծածկոցը բացեց.
— Հրաշալի՜ է…
Ապարանջանը հագցրեց դաստակին, ձեռքը ետ տարավ, որպեսզի հեռվից նայի։
— Դուք խելագար ծախսեր եք անում։
Վիլկերը բավարարված ժպտաց.
— Բնական է։ Մի՞թե դու իմ լավ բարեկամը չես։ Գնա բաց, զանգեցին…
Բրիժիտը վազեց և զվարթորեն հայտարարեց.
— Պիեռը և Տիմակովը եկան։ Մտե՛ք, պարոնայք, դուք այնքան էլ շուտ չեք եկել։
Պիեռը կույր էր։ Տեսողությունը կորցրել էր պատերազմի առաջին օրերին։ Ապրում էր ծնողների հետ և Բրիժիտին վաղուց էր ճանաչում։ Նրանք համարյա մի տարիքի էին։
— Դուք փողոցում հանդիպեցի՞ք։
— Ես նրա մոտ էի,— պատասխանեց Տիմակովը։
Տիմակովը երեսուն տարեկան էր։ Բարձրահասակ, թխամազ և շատ ազատ էր պահում իրեն։ Ճարտարապետ էր և սիրում էր միայնությունը. օրերով մնում էր իր ստուդիայում, կարդում, խորհում, նախագծում էր։ Նա Վիկտորի պատանեկան ընկերն էր և նրան ճանաչում էր դեռ լիցեյից։ Նա էլ էր սիրում Բրիժիտի զվարթ բնավորությունը։
— Ֆրանսուազը դեռ չի՞ եկել։
— Համբերիր, ուր որ է կերևա։
Պիեռը մի ծաղկեփունջ էր բերել։ Բրիժիտը վազեց, դրեց ծաղկամանի մեջ։ Տիմակովի նվերն ավելի օրիգինալ էր. նա բերել էր կալվադոսի ցանցապատ մի շիշ, որի վրա հին դրամներ էր կպցրել։ Վիլկերը զննեց և գլուխը ճոճեց.
— Կեցցե՛ս, Տիմակով, ես քեզանից այսպիսի տաղանդավոր բան չէի սպասում։
Պիեռը շիշն առավ և շոշափեց.
— Ճիշտ քսաներկու դրամ։ Դու չե՞ս նկատել, Բրիժիտ։
Ոչ ոք չէր նկատել։
— Քո հաջորդ տարեդարձին մի դրամ կավելացնես։
Բրիժիտը հուզված էր։
— Նստեք։ Հիմա խմիչք կբերեմ։
Պատերազմից առաջ գնված ապերիտիվը փնտրեց։ Տիմակովը բացեց, հոտ քաշեց շշի բերանից։
— Լավ է, շատ լավն է…
— Կալվադոսը ճաշից առաջ կխմենք։ Քո տարեդարձը ե՞րբ ես նշելու, Պիեռ։
Պիեռը շփոթված, սև ակնոցը դրեց.
— Երբ որ ուզեք,— ասաց նա։
— Դու հիմա մեզնից թաքցնում ես քո տարիքը։
— Ես գիտեմ նա երբ է ծնվել,— ասաց Բրիժիտը,— կարող եմ ծննդյան թիվը հայտնել։
Պիեռը զարմացած էր։
— Նա ծնվել է 1919 թվականի մարտի 4֊ին, ճիշտ չէ՞։
— Ճիշտ է։
Տիմակովը միանգամից դատարկեց բաժակը։
— Ես կարծում էի, թե ավելի մեծ է։
Վիլկերը բացականչեց.
— Բայց նա գրեթե պատանի է։
Ուզում էր ավելացնել. «Ես շատ կուզեի նրա տեղը լինել», բայց հրաժարվեց այդ մտքից։ Հանկարծ մտածեց, որ իր վաթսունհինգ տարին և իր աչքերի լույսը ավելի է գերադասում, չնայած ոսկե շրջանակով ակնոց էր դնում։ Անսպասելիորեն խղճաց Պիեռին։ Վիլկերը նրա հագուստը զննեց, աչքերը հապաղեցին փողկապի հանգույցի և սափրված դեմքի վրա։ «Բարեբախտաբար, ծնողները ապահովված մարդիկ են»,— մտածեց նա։ Հետո դանդաղ, կում անելով խմեց իր բաժակը և տրտնջաց.
— Այս զզվելի պատերազմը։
Բրիժիտը մռութ սարքեց.
— Նորից չսկսեք…
Ինչպե՞ս կարողացավ լսել։
— Ներիր ինձ, սիրելի Բրիժիտ, բայց ես կարծում էի…
Լռություն։ Վիլկերը հանգիստ իր բաժակը դրեց աթոռակին, որպեսզի պատասխան գտնի.
— Ես մտածում էի պարետային ժամի մասին։ Նորից ետ են գցել։
— Կեսգիշերին է, չէ՞։
— Ճիշտ կեսգիշերին։ Մի ժամանակ գիշերվա երկուսին էր…
— Քիչ ողբանք,— ասաց Տիմակովը։— Կեսգիշերը շատ պատշաճ ժամ է։
— Իհարկե՛, իհարկե՛,— շտապեց ավելացնել Վիլկերը,— բայց փաստն է կարևորը։ Մտածե՜լ միայն, որ կեսգիշերին իրավունք չունենք փողոցում լինելու։ Դա զայրացուցի՛չ է…
Նա ուզում էր ուրիշ բառ ասել, ավելի զուսպ։ Վիկտորը ժպտաց։
— Կեսգիշերից հետո ո՞ւր ես ուզում գնալ։
— Ոչ մի տեղ,— պատասխանեց,— բայց երեկոն փչանում է, երբ մտածում ես, որ կեսգիշերին…
Նա ինքն իրեն բացատրեց.
— Ես չափազանցնում եմ,— ասաց նա։— Ես շատ ուրախ եմ՝ այս երեկո ձեր մեջ լինելուս համար։ Է՛հ, տարիքով մարդկանց նկատմամբ պետք է ներողամիտ լինել։ Ես Պիեռի պես քսան տարեկան չեմ, ուզում եմ ասել Բրիժիտի պես…
— Բրիժիտի կենացը,— հանկարծակի ասաց Պիեռը։
Նա խմեց, լեզվով աննկատելիորեն մաքրեց թաց շրթունքները և բաժակը վստահ դրեց բազկաթոռի կողքի աթոռակին։ Նա չէր սիրում մյուս կույրերի պես վարանել։ Բոլոր դեպքերում նա գնում էր ուղիղ դեպի նպատակը։ Պիեռը միայն այդ երեկո իր հետ հավաքված բարեկամներին էր այցելում։ Նրանք միևնույն թաղամասում էին ապրում։ Առանց ճանապարհը հարցնելու գնում էր նրանց մոտ։ Բնակարանների տեղադրությունը գիտեր և առանց բանի դիպչելու, հեշտությամբ կողմնորոշվում էր։ Շաբաթների տառապանքից հետո, խավարի մեջ զարթնելով, նա վախենում էր միայնությունից։ Հին բարեկամները նրան չէին լքել։ Հիվանդի տեղ չէին դնում։ Պիեռի մայրը, որ սովորություն ուներ բարձրաձայն կարդալու թերթերը, ձայնը մի փոքր բարձրացնում էր նրա համար։ Քույրը, որը ձայնապնակներ էր հավաքում, եռապատկեց գնումները։ Պիեռը մի կիրք հայտնաբերեց իր մեջ՝ գրականությունը։ Ժամերով փակվում էր իր սենյակում, էջեր գրոտում։ Սպասում էր պատերազմի վախճանին, կարծես զինադադարը պիտի վերադարձներ իր տեսողությանը։ Համոզված էր՝ ինչ֊որ տեղ, Ամերիկայում, գոյություն ունի մի մասնագետ, որը կբուժի։ Եվ քանի որ իրեն ժամանակավոր կույր էր համարում, այդ հույսով ապրում էր։
— Լսիր, Տիմակով, դու վերջերս նամակ ստանո՞ւմ ես։
Տիմակովի քույրը արտասահմանում էր ապրում։
— Դեռ մի բան էլ ավելին՝ ծանրոց։
— Եվ ձեռք տված չէ՞ր։
— Երկու պուլովեր, երեք շապիկ և մի ժիլետ։ Ես անհամբեր սպասում եմ ձմռանը, որպեսզի զուգվեմ։
Վիլկերը կատակեց։
— Դու կապեր կունենաս։ «Մեր սիրելի բարեկամները» այդպիսի ծանրոցը ձեռքից բաց չէին թողնի։
— Շատ զարմանալի էր,— համաձայնեց Տիմակովը։
Հեռախոսը զանգեց։ Բրիժիտը վերցրեց լսափողը։
— Համարյա բոլորն այստեղ են… Ֆրանսուազը չկա… Էլ երկար֊բարակ մի խոսեք, մենք ձեզ սպասում ենք… Լո՞ւրջ է…
Նա լսափողը փակեց ու բացատրեց.
— Լեննին հիվանդ է… Անկողնում է… Ալո՞… Բայց դուք կարող եք գալ… Մենք ձեզ երկար չենք պահի։ Ես հույս եմ դնում ձեզ վրա։ Համբուրեք նրան իմ փոխարեն։ Ցտեսություն…
Վիկտորը նայեց ժամացույցին և մտքում հաշվեց, թե ժամանակն ինչպես օգտագործի. յոթն անց կես՝ ճաշ, որը կտևի մինչև ժամը ինը։ Ժամը իննին և ինն անց կեսի միջև՝ մարսել և զրուցել։ Ժամանակ կունենա՞ն արդյոք թուղթ խաղալու։ Տասից մինչև տասներկուսին քառորդ պակաս… Հնարավոր է։ Հյուրերը հեռու չեն ապրում և պարետային ժամից հինգ րոպե առաջ տանը կլինեն։ Նա ուզում էր առանց կնոջը նեղացնելու պոկեր խաղալ։
— Վառվածի հոտ է գալիս,— ասաց նա։
Բրիժիտը գլուխը բարձրացրեց, հոտ քաշեց և վազեց դեպի խոհանոց։ Վիկտորն ասաց Տիմակովին.
— Հանգստացիր, ճաշը չի վառվել։ Ես դիտմամբ ասացի, որ Բրիժիտին հեռացնեմ։ Ի՞նչ կասես, ճաշից հետո պոկեր չխաղա՞նք։
— Լավ միտք է։
— Այդ միտքը դու պետք է տաս։ Ինն անց կեսին խաղաթղթերը կպահանջես, համաձա՞յն ես։
— Եղած է։ Իսկ խաղընկերները ովքե՞ր են։
— Դու, դոկտորը, Ֆրանսուազը և ես։ Վիլկերը Պիեռի ու Բրիժիտի հետ կզրուցի։ Խոշոր գումարով չենք խաղա։ Սը՛սս… Գալիս է։
Բրիժիտը ծուռ նայեց ամուսնուն։ Նա ամեն ինչ հասկացել էր։
— Հը՞,— վրա բերեց Վիկտորը։
— Կեղծ տագնապ էր,— ասաց նա։
Նա մի քանի վայրկյան մտածեց և հայտարարեց.
— Դուք ճաշից հետո թուղթ չեք խաղա։
Վիկտորը շունչը կտրած նայեց Տիմակովին։ Վերջինս հռհռում էր։
— Ես այդպես էլ գիտեի,— ասաց Բրիժիտը։— Ես ձեզ հայտնում եմ…
Նա մի զորեղ սպառնալիք փնտրեց…
— Ես թաքցրել եմ թղթերը։ Եթե ուզում եք խաղալ, ճիշտ ժամանակն է, որպեսզի վազեք ծխախոտի կրպակ։
Վիկտորը թոթվեց ուսերը.
— Ինչպե՞ս կարող ենք համարձակվել քո ծննդյան օրը թուղթ խաղալ։ Հանգիստ կճաշենք, կխոսենք, երաժշտություն կլսենք, ծխուկներ կծխենք… Ահա։
Պիեռը ժպտաց։
— Լավ ծրագիր է։ Բայց մենք ծխուկ չենք ծխի։ Նայե՛ք…
Նա գրպանից մի տուփ հանեց, մեջը հինգ սիգար։ Վիկտորը ուշադիր զննեց.
— Հավաննայի սիգար։ Անհավատալի՜ է։
— Գնդապետ Նեստինգի նվերն է։ Թոշակի գնալով, ծխախոտի առևտրի իրավունք է ստացել։
Տիմակովը գլխով արեց.
— Ես ճանաչում եմ Նեստինգին,— ասաց նա,— բայց չգիտեի, որ գնդապետ է։ Կարծում էի, թե ամենաշատը լեյտենանտ է։ Բոլոր ռազմի դաշտերում վազելուց հետո այժմ պիտի աթոռին նստի, ծխախոտի քարտեր կտրի ու մանր վերադարձնի…
Վիլկերը զարմացած էր.
— Դու չգիտես, Տիմակով, որ մեր գնդապետը շատ գոհ է այդ առևտրից… Եվ ճշտենք, նրա կինն է քարտերը կտրում…
Դռան զանգ։
— Այս անգամ Ֆրանսուազն է,— ասաց Բրիժիտը։
Իսկապես Ֆրանսուազն էր։ Մոտ երեսուն տարեկան, բարձրահասակ և շատ գեղեցիկ։ Նա վստահություն ներշնչող կապույտ աչքեր ուներ։ Քիմիկոս էր, աշխատում էր մի լաբորատորիայում։
— Շոկոլա՛դ,— գոչեց Բրիժիտը՝ նրա բերած տուփն առնելով։
Ֆրանսուազը ընկավ բազկաթոռին։
— Տուն չեմ մտել։ Կներեք տեսքիս համար…
Նա շալվար էր հագել ու սպիտակ շապիկ։
— Չե՞ս մրսում,— հարցրեց Վիլկերը,— ես վերարկու եմ հագել։ Երեկոները զով է լինում։
Գալանտ Տիմակովը հուշեց.
— Ես բաճկոնս կտամ նրան։
Բրիժիտը առարկեց.
— Կամաց, Տիմակով։ Ես իմ վերարկուն կտամ…
Բրիժիտը սիրում էր նրան ազգանունով կոչել։ Ֆրանսուազը ժպտաց.
— Հանգստացեք, ես չեմ մրսում։
— Ժամը քանի՞սն է,— հանկարծ հարցրեց Պիեռը։
Ժամանակ առ ժամանակ նա անսպասելի հարցեր էր շպրտում, որպեսզի կտրեր իր վրա բռնացող միայնությունը։ Երբ մի պահ չէին պատասխանում, նրան թվում էր, թե մարդիկ իրեն չեն տեսնում։
— Ժամը յոթն է,— պատասխանեց Ֆրանսուազը։— Քաղցա՞ծ ես։
— Այնքան էլ չէ, բայց կուզեի լուրերը լսել։
Տիմակովը ռադիոընդունիչի կոճակը պտտեց։
— Պատուհանները փա՞կ են,— անհանգստացավ Վիլկերը։— Պատերն ականջ ունեն։
Վիկտորը հանգստացրեց նրան.
— Մեր պատերը հաստ են։ Այս ժամին գեստապոն սնվում է…
Ռադիոընդունիչից մի հեռավոր ձայն եկավ։ Մի խառնակված ձայն։ Տիմակովը այդ ալիքի վրա չպահեց և սկսեց երաժշտություն փնտրել։
— Տանգո՛։ Եթե հոգնած չես, Ֆրանսուազ, ես քեզ պարի հրապարակ կհրավիրեմ։
Ֆրանսուազը կանգնեց.
— Ես հոգնած չեմ։
Տիմակովը ձեռքը տարավ նրա մեջքին։ Հիացմունքի բացականչություններ հնչեցին նրանց առաջին քայլերից.
— Նա մասնագետի պես է պարում։
— Քեֆս դեռ բացված չէ,— ասաց Տիմակովը։— Հիմա կտեսնեք։
Նրա զորեղ ձեռքերի մեջ Ֆրանսուազը փխրուն էր թվում։ Տիմակովը նրան թեքում էր, թողնում, նորից բռնում…
— Բրավո՛, բրավո՛…
Բոլորը շուռ եկան։ Դոկտոր Քարտը ծափահարում էր։
— Ինչպե՞ս ներս մտաք,— հարցրեց Բրիժիտը։
— Դռնով։
— Բա՞ց էր։
— Ես փակեցի,— ասաց Քարտը։
Դոկտոր Քարտը նրանց ընտանեկան բժիշկն էր։ Կարճահասակ էր, նիհար, ջղային և միշտ զբաղված էր։ Նա շատ էր աշխատում։ Շատ բարեխիղճ էր և բազմաթիվ հաճախորդներ ուներ։ Վիկտորը աթոռը հրեց նրա կողմը։
— Հուսով եմ, որ Լեննին շատ հիվանդ չէ։
— Մի թեթև տկարություն է։ Երկու֊երեք օրվա բան է։ Շարունակե՛ք, շարունակե՛ք…
Տիմակովը սրբեց ճակատը։ Շոգում էր։
— Սեղան ենք նստում,— հայտարարեց Բրիժիտը,— Վիկտորը ցույց կտա ձեր տեղերը…
Վերջինս առարկեց.
— Առանց ձևականությունների։ Ամեն մեկը թող իր ուզած տեղը նստի։
Ճաշասրահն ընդարձակ էր և ճաշակով կահավորված։ Ժամանակակից նկարները զվարթացնում էին պատերը։ Բուֆետը Տիմակովի նախագծով էր պատրաստված։ Բազմագույն մոմերով երեք աշտանակներ։ Ֆրանսուազը նստեց Պիեռի և Տիմակովի միջև։
— Ես մոռացա քո նվերը բերել,— ասաց դոկտորը։— Գուցե հասցնեմ, գնամ բերեմ։
Բրիժիտը չհամաձայնեց.
— Մի ուրիշ օր կբերեք։
Դոկտորը վշտացած էր.
— Ծաղկաման էր,— ասաց նա։— Ես փաթաթեցի, դրեցի սեղանին և մոռացա։
Պիեռը ճոճեց դանակը.
— Դու շատ ես աշխատում,— ասաց նա։— Դու ինձ մի բան ես խոստացել և մոռացել ես…
Դոկտորը հոնքերը կիտեց.
— Ես քեզ բա՞ն եմ խոստացել։ Այո՛, այո՛… Ճիշտ ես ասում։ Ներիր ինձ, սիրելի Պիեռ…
Նա բոլորին վկա կանչեց.
— Ես աններելի եմ։ Իմ հաճախորդներից մեկը ինձ ծխամորճ նվիրեց… Մի ծխամորճ, որի նմանը այլևս չեն պատրաստում… Ես այն խոստացա Պիեռին և մոռացա…
— Դու ծերանո՜ւմ ես,— կատակեց Վիլկերը։
Դոկտորը իր կարճ հասակով մեկ ձգվեց.
— Ուզում ես ասել, որ իսկական տարի՞քս է։ Ես օրը տասներկու ժամ աշխատում եմ…
Ուզում էր մի սրամտություն ասել, մի խայթող նախադասությամբ պատասխանել, բայց բառերը ինքնաբերաբար չէին գալիս։ Բառերը ավելի ուշ էին գալիս, երբ նա մենակ էր լինում և մի տեսակ կատաղությամբ մտածում էր. «Ես պետք է այսպես ասեի»։
Բրիժիտը աղանդերները բերեց և հպարտ դրեց սեղանին։ Ֆրանսուազը զարմացած գոչեց.
— Մենա՞կ ես պատրաստել։
— Իհարկե, սա դեռ ամբողջը չէ։
— Դե լավ, Բրիժիտ, համեստ եղիր,— ասաց Վիկտորը։— Պիեռը սովամահ է լինում։
Ֆրանսուազը Պիեռի ափսեն վերցրեց։
— Պոմիդոր, կանաչեղեն, խոզապուխտ, ձվեր…
Առատորեն լցրեց։ Ֆրանսուազը շատ էր սիրում Պիեռին։ Վաղուց ծանոթ էր նրան։
Տիմակովը գոչեց.
— Կարծես պատերազմ չկա։ Համեղ ու առատ, գինին հոսում է, ձեր կենա՛ցը։
Միանգամից դատարկեց բաժակը և շրխկոցով դրեց սեղանին։
— Վայրենի՜ է,— ասաց Բրիժիտը։
Տիմակովի աչքերը փայլում էին, հետո նա գլուխը կախեց, ժպտալով և գոհ, առանց մի խոսք ասելու սկսեց ուտել։
— Եվս պոմիդորի մի կտոր, որը բոշերին[1] չի հասնի,— ասաց Վիկտորը՝ պատառաքաղով ծակելով։
Նա գիտեր, որ այդ կատակը զայրացնում է իր կնոջը։ Եվ իսկապես, Բրիժիտը գլուխը բարձրացրեց, նայեց նրա աչքերի մեջ և ուսերը թոթվեց։
— Թե որ այդքան ուժեղ ես,— ասաց Վիլկերը դոկտորին,— փորձիր բացել այս շիշը։
Դոկտորը շիշը վերցրեց ու զննեց.
— Ես ուժեղ չեմ, բայց հուսով եմ, որ կբացեմ։
Հեշտությամբ բացեց, լցրեց։ Վիլկերը հարցրեց նրան.
— Քանի՞ կալորիա կա մի բաժակի մեջ։
— Կալորիայով մի զբաղվիր, դատարկիր բաժակդ… Ա՛ռ, էլի խմիր։
Վիկտորը անձեռոցիկի ծայրով բերանը սրբեց և ելավ։ Նա պատուհանները բացեց, ծածկոցափեղկերը փակեց և լույսը վառեց։
— Բայց դեռ լույս է։
— Այժմ հանգիստ եմ,— ասաց նա,— վերջերս քիչ մնաց մեզ տուգանեին, որովհետև վատ փակված ծածկոցափեղկերի տակից լույս էր թափանցում։
Պիեռը հանդիսավորությամբ բարձրացրեց բաժակը.
— Ես խմում եմ խաղաղության կենացը։
Բաժակը մի քանի վայրկյան բարձր պահեց, հետո դատարկեց, մտածելով, որ մյուսները հետևել են իր օրինակին։ Դոկտորն էլ ասաց.
— Խաղաղության կենացը։
— Բարեկամության կենացը,— ասաց Տիմակովը։
Եվ ճպպացրեց շրթունքներով։
— Կանաչեղեն էլ չե՞ք ուզում։
Այդ պահին մի կրակոց պայթեց փողոցում։ Բոլորը քարացան։
— Կրակո՞ց էր,— հարցրեց Բրիժիտը։
Ոչ ոք չպատասխանեց։ Տեղնուտեղը, երեք ուրիշ կրակոցներ պատռեցին լռությունը։ Քայլերի ձայն լսվեց, հետո լռություն տիրեց… Տիմակովը վեր կացավ, որ տեսնի, թե ինչ է կատարվում։ Վիլկերը կանգնեցրեց նրան։
— Անզգույշ ես, պատուհանը մի բաց…
Նա ցածր ձայնով էր խոսում։ Տիմակովը մնաց տեղում, վարանեց, հետո բաժակը պարպեց։
— Կարծես թե մեկի վրա են հարձակվել,— ասաց Պիեռը։
— Սո՛ւս, այդքան բարձր մի խոսիր։
Վիլկերը ձեռքը տարավ ճակատին, դժվարությամբ կուլ տվեց պատառը, որը երկար ծամում էր։ Դոկտորն անհանգիստ ականջ էր դնում։ Արդյոք իրեն չե՞ն կանչի վիրավորներ բուժելու։ Տիմակովը լուռ նորից սկսեց ուտել։ Բոլորը կարծում էին, որ նոր կրակոցներ պիտի պայթեն։ Բայց ոչինչ չկար։
— Լսո՞ւմ եք…
Սապոգների ձայն։ Ինչ֊որ մեկը գերմաներեն հրամաններ էր տալիս.
— Sie brauchen eine gute Lehre! Ich werde telefonieren[2].
— Լսեցի՞ր,— հարցրեց Պիեռը։
— Ի՞նչ են ասում,— հարցրեց Բրիժիտը։
— Լռե՛ք, լռե՛ք…
Վիլկերը քրտնել էր։ Մի երկար լռություն տիրեց։
— Մենք խաղաղ թաղամասում ենք ապրում,— ասաց Վիլկերը,— առաջին անգամ եմ կրակոցներ լսում։ Չե՞ն գնացել։
Բեռնատար մեքենայի արգելակիչների աղմուկ լսվեց։ Վիլկերը վեր կացավ, մոտեցավ պատուհանին, փորձեց ծածկոցափեղկերի արանքից նայել։ Հետո ետ դարձավ և տագնապահար հայտարարեց.
— Տունը պաշարված է։
* * *
Բռունցքի հարվածները մրճահարեցին դուռը։ Վիկտորը հարցական նայեց Վիլկերին։ Վերջինս չպատասխանեց։ Հարվածները կրկնապատկվեցին։
— Պետք է բացել,— ասաց Պիեռը։
Վիկտորը վեր կացավ, մի քանի քայլ արեց, նայեց հյուրերին։
Բոլորն այստեղ են, անշարժ, համերաշխ նստած սեղանի շուրջը։
Վիկտորը դուռը բացեց, և անմիջապես, երեք զինված զինվոր, նրան հրելով նետվեցին ճաշասենյակ։ Մի փոքրիկ միջանցք մուտքի դուռը բաժանում էր ճաշասենյակից։ Գեստապոյի մի սպա սենյակ մտավ։ Նա բարձրահասակ էր և նիհար։ Լողում էր համազգեստի մեջ։ Սրածայր դեմք ուներ, կապույտ աչքեր և հեռուն նայող հայացք։ Անխոս նայեց ներկաներին, աչքերով ինչ֊որ բան փնտրեց։ Անցավ հյուրասենյակ, ռադիոընդունիչը միացրեց և տեսնելով, որ պարային եղանակ է, անջատեց։ Տիմակովը ներքուստ ուրախացավ, որ Լոնդոնի վերջին լուրերը հաղորդող ալիքի վրա չէր պահել։
Սպան դիմեց զինվորներին.
— Warten Sie auf mich in Korridor[3].
Զինվորները գնացին միջանցք։ Սպան ձեռքերը մեջքին դրած մի քանի քայլ արեց և ընդհատ ձայնով ասաց.
— Քիչ առաջ, ձեր պատուհանի տակ, գերմանացի երկու սպայի վրա կրակեցին։ Նրանք մեռան։ Մարդասպանները…
Նա շեշտեց այդ բառը, հայացքը խստացրեց, կարծես ուզում էր տեսնել, թե որևէ մեկը չի՞ բողոքում։ Հետո շարունակեց.
— Մարդասպանները նրանց թիկունքին կրակելուց հետո փախան։ Սա երրորդ սպանությունն է այս շաբաթվա մեջ։ Մենք ստիպված ենք խիստ միջոցների դիմել։ Գերմանացի մեկ սպանված զինվորի համար մենք տասը պատանդ ենք վերցնում։
Լռություն տիրեց։ Վիլկերը ձեռքը բարձրացրեց, որ խոսի։ Նա կերկերուն ձայնով ասաց.
— Մենք գործ չունենք այդպիսի բաների հետ։ Մենք հանգիստ ճաշում էինք… Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։
Սպան սկսեց ետ ու առաջ քայլել.
— Այսուհետև, հակառակ ձեր կամքի, ստիպված կլինեք քաղաքականությամբ զբաղվել։ Մարդասպանները գիտեն, որ իրենց փոխարեն անմեղներն են հատուցում։ Ձեր թաղամասում սպանվել է երկու զինվորական։ Ինձ քսան պատանդ է պետք։
Նա ծխախոտ վառեց, ծուխը ուժգին փչեց.
— Ո՞վ է ապրում այս տանը։
Լռություն։ Վիլկերի դեմքին ոչ մի մկան չշարժվեց։ Սպան մատով Վիլկերին նշեց.
— Դո՞ւք։
— Ոչ, ես չեմ։
— Ես եմ,— ասաց Վիկտորը առանց տեղից բարձրանալու։
Բրիժիտն անմիջապես գոռաց.
— Նա անմեղ է։ Նա ոչինչ չի՛ արել։
Սպան դիմեց Վիկտորին.
— Այս շենքում քանի՞ բնակարան կա։
Վիկտորը թուքը կուլ տվեց ու ասաց.
— Տասը բնակարան։
— Հիանալի է։ Յուրաքանչյուր բնակարանից երկու պատանդ կվերցնենք։ Այդպես ավելի արդար կլինի։
Մի դժգույն ժպիտ խաղաց նրա դեմքին։ Նա դուրս եկավ, հրամաններ տվեց և ճաշասրահ վերադարձավ։ Զինվորները ցրվել էին աստիճանների վրա։ Քիչ հետո սարսափահար ձայներ, անհույս աղաղակներ ու անզոր կանչեր լսվեցին։ Բայց տիրողը սապոգների աղմուկն էր։
Սպան հարցրեց.
— Ձեր կարծիքով, արդարացի՞ է մեր զինվորներին սպանելը։
Վիլկերը համարձակվեց ասել.
— Արդարացի չէ, բայց մենք գործ չունենք դրա հետ։ Մենք բարեկամներ ենք՝ Բրիժիտի տարեդարձն ենք նշում…
— Դո՞ւք եք Բրիժիտը,— հարցրեց սպան, Ֆրանսուազին ցույց տալով։
— Ոչ, նա չէ,— ասաց Վիլկերը։
— Ցավում եմ,— ասաց սպան,— բայց պատերազմ է։ Մենք տասնութ պատանդ վերցրել ենք։ Երկու հոգի էլ պիտի վերցնենք։
Ոչ ոք բերան չէր բացում, բոլորը ջլատվել էին, սպան հերթով հայացքը հառեց նրանցից յուրաքանչյուրի վրա.
— Իմ զինվորները կընտրեն,— ասաց նա։
Սպան դուրս եկավ սենյակից։ Նրա ձայնը միջանցքում հնչեց։ Մի երկար լռություն տիրեց։ Հյուրերը ապշած իրար էին նայում։ Նրանք դեռ ուշքի չէին եկել… Այնքա՜ն անսպասելի էր այս բոլորը… Լռությունն անձկորեն երկարեց։ Ի՞նչ են անում։ Ինչի՞ են սպասում։ Սպան նորից հայտնվեց։ Նա հանգիստ էր երևում.
— Այս թիթեռների հավաքածուն ձե՞րն է։
Նա դիմեց Վիկտորին։ Վերջինս չհասկացավ.
— Թիթեռները,— կրկնեց գերմանացին։
— Իմն են,— թոթովեց Վիկտորը։
Նա հիշեց, որ միջանցքի պատերը զարդարված էին թիթեռների բազմաթիվ նմուշներով, որոնք հայրն էր հավաքել երիտասարդ ժամանակ։ Քանի՜ տարի էր, կախված էին այնտեղ։ Նույնիսկ չէր նկատում։
— Շատ հետաքրքիր հավաքածու է,— ասաց սպան։
Վիկտորը կարծեց, թե կատակ է անում։ Հետո հանկարծ ասաց.
— Կարող եք տանել։
Սպան բացասաբար շարժեց գլուխը.
— Ես ավարառու չեմ,— ասաց նա,— բայց սիրում եմ մոտիկից նայել։ Ինձ շատ են հետաքրքրում։ Ես էլ եմ թիթեռ հավաքում։
Մի տարօրինակ ժպիտ նրա ատամները բացեց։
— Ես զինվորներին ուղարկել եմ,— ասաց նա,— բայց տունը մնում է շրջապատված։
Հյուրերի աչքերում հույս առկայծեց։ Սպան ավելացրեց.
— Բայց և այնպես, ինձ երկու պատանդ է պետք։ Պարոնայք և տիկնայք, այդ ընտրությունը թողնում եմ ձեզ։ Երկու պատանդ ընտրեք ձեր միջից։ Մի շտապեք, ինձ երկու ժամ է պետք այս հետաքրքիր հավաքածուն նայելու համար։ Պարոն Վիկտոր, ինձ մի խոշորացույց կտա՞ք։
Նա միջանցքի դուռը իր ետևից փակեց։
* * *
— Սա կատակ է,— ասաց Պիեռը։
Վիկտորը փակոցափեղկերի միջով նայեց դուրս.
— Կատակ չէ։ Տունը դեռ շրջապատված է։
— Բայց մենք չենք կարող երկու պատանդ ընտրել մեր միջից,— նշեց Պիեռը։— Սա անմարդկային է։ Սա հրեշավոր արարք է։
Նրա շրթունքներին լորձունքի փուչիկներ էին պայթում։ Դոկտորը քրտինքի մեջ կորած էր։
— Չի կարելի հարցը այդպես դնել,— ասաց նա։— Մենք միջնադարում չենք ապրում։
Վիլկերն օձիքի կոճակները բացեց, որպեսզի կարգավորի արյան հոսքը դեպի գլուխը։
— Մենք չենք կարող ընտրել։ Մենք բոլորս բարեկամներ ենք։ Եթե, իհարկե, կամավորներ չլինեն…
Նա լռեց, սպասեց պատասխանի։
— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Տիմակովը։
— Ոչինչ,— գոչեց Վիլկերը։
— Մի թելադրեք, Վիլկեր,— ասաց Պիեռը լրջորեն։
— Բայց ես ոչինչ չթելադրեցի… Ես… Ես ինքս գուցե որպես պատանդ գնամ…
— Դա անարդար կլինի,— գոչեց Բրիժիտը։— Չենք թողնի, որ գնաք…
Աչքերով ամուսնուն փնտրեց, կարծես նա պիտի հաստատեր այդ միտքը, բայց Վիկտորը լուռ էր։ Վիլկերը չպնդեց։ Նա փողկապը բացեց, երկու կոճակ քանդեց…
— Հանգիստ, հանգիստ, մեզ չկորցնենք։ Ի մի բերենք…
Տիմակովը մի կտոր խոզապուխտ կտրեց իր ափսեի մեջ, հանգիստ կուլ տվեց և ասաց.
— Ի մի բերելու բան չկա։ Երկու գերմանացի է սպանվել։ Գեստապոն վրեժ է լուծում։ Մենք երկու ժամ ունենք, որպեսզի երկու պատանդ ընտրենք Ֆրիցի համար։
Դոկտորը բարձրացրեց գլուխը.
— Նրա անունը Ֆրի՞ց է։ Դու ճանաչո՞ւմ ես նրան։
— Ֆրից կամ Հանս։ Ես նրան չեմ ճանաչում։
Ֆրանսուազը հարցրեց.
— Իսկ շենքի մյուս բնակիչների հետ ի՞նչ պիտի լինի։
Վիկտորը մի անզոր շարժում արեց։
— Նրանց խցկեցին մի բեռնատարի մեջ։ Տասնութ պատանդ։ Կարող են մեզ հանգիստ թողնել։
Բրիժիտը չէր համարձակվում ճաշի շարունակությունը մատուցել. ճտերը, կանաչ սիսեռը։ Նա դեռ չէր գիտակցել, որ գերմանացին երկու պատանդ է ուզում։ Երկու պատանդ, որոնք իր ճաշասենյակում են։
Վիկտորը գտավ խոշորացույցը։
— Գնամ խոսեմ հետը,— ասաց նա։
— Այնտեղ մի գնա,— գոչեց Բրիժիտը։
— Նա ինձնից խոշորացույց խնդրեց։
Վիլկերը համաձայնեց.
— Նրան ասա, որ մենք խաղաղ քաղաքացիներ ենք… Պարկեշտ մարդիկ ենք… Խաղաղ մարդիկ ենք…
Վիկտորը դուռը թակեց և մտավ։ Միջանցքը վատ էր լուսավորված։ Սպան ոտքի վրա շրջանակների մեջ դրված և պատից կախված թիթեռները մոտիկից զննում էր։
— Խոշորացույց ունե՞ք,— ասաց նա առանց շրջվելու։
Վիկտորը խոշորացույցը մեկնեց նրան։ Սպան վերցրեց, կռացավ։
Հինգ րոպե հետո նա շրջվեց.
— Դուք սքանչելի հավաքածու ունեք,— ասաց նա։
— Իմ հայրը շատ էր հետաքրքրվում թիթեռներով։
Վիկտորին թվում էր, թե դատարկության մեջ է խոսում։ Բայց սպան լրջորեն հետաքրքրված էր։
— Այս գինանդրոմորֆին նայեք,— ասաց նա։—Առաջին հայացքից կարծես սովորական թիթեռ լինի։ Կռացեք, խոշորացույցով նայեք…
Վիկտորը կռացավ և ոչ մի արտասովոր բան չտեսավ։ Սպան բացատրեց.
— Սա միաժամանակ և՛ որձ է, և՛ էգ։ Բաժանման գիծը անցնում է մարմնի մեջտեղով՝ գլխից մինչև ետնամաս և միջատին երկու կեսի բաժանում. մի մասը արական, մյուսը՝ իգական։
— Եթե ուզում եք, վերցրեք…— համարձակվեց ասել Վիկտորը։ Սպան առարկեց.
— Ոչ, ոչ, ես միայն նայում եմ։ Անբարեխիղճ առևտրականները հավաքածու կազմողներին վաճառում էին կեղծ գինանդրոմորֆներ. բնական օրինակները վիրահատման դանակով կտրում են, հետո, արական և իգական մասերը խնամքով իրար կպցնում։
Սպան ծիծաղեց, բայց նրա հայացքը մնաց հեռվում։ Միայն դեմքի մկանները կծկվեցին։
Վիկտորը շփոթված էր։ Ուզում էր հարցեր տալ, զրույց բացել, բայց դժվար էր շփման մեջ մտնել մի մարդու հետ, որի անունը չգիտես։ Գերմանացու վարքը այնքան էլ տրամադրող չէր. նա այնպիսի ուշադրությամբ էր զննում թիթեռները, կարծես ամբողջ աշխարհը մոռացել էր։
— Ես մի ուրիշ հավաքածու ունեմ, ավելի հարուստ։
Կարծեց, թե գերմանացին կհարցնի, խոսք կբացի։ Բայց նա չէր շարժվում։ Վիկտորը շարունակեց.
— Շատ հազվագյուտ հավաքածու է, իմ խանութում…
Վերջապես գերմանացին շրջվեց.
— Ժամանակ չեմ ունենա,— ասաց նա։— Ես այստեղ եղածով էլ կբավարարվեմ։
— Արդյոք անհամեստություն չի՞ լինի ձեր անունը հարցնել:
— Բոլորովին։ Իմ անունն է Կուրտ Կաուբախ։
— Լսեք, պարոն Կուրտ…
Վիկտորը զգաց, որ իր ձայնը դողում է։ Վախենում էր։
— Դժվարին կացության մեջ եք դրել մեզ… Իսկապես խղճի հարց է, հասկանո՞ւմ եք… Մենք բոլորս բարեկամներ ենք…
— Գիտեմ,— սառը պատասխանեց Կուրտը,— բայց եթե երկու ժամվա մեջ չորոշեք, ես ստիպված կլինեմ երկու պատանդ վերցնել։
— Դուք ինքներդ կընտրե՞ք։
Նրանց հայացքները հանդիպեցին։ Վիկտորին թվաց, թե Կուրտը արդեն ընտրում է իրեն։ Գլուխը շրջեց, շունչ առավ։ Օդը ցավ պատճառելով թափանցեց թոքերը։
— Ես մայոր Կարլ Ֆոբերին եմ ճանաչում…
Հիշողությունը լարեց, բայց որքան ճգնում էր, այնքան ավելի դատարկվում էր գլուխը։
— Մեզ մոտ շատ է եկել… Գրքեր գնելու…
Ոչ մի ազդեցություն։ Վիկտորը շարունակեց.
— Մի օր էլ միասին մի բաժակ գինի խմեցինք։
Կուրտի սառը հայացքը ստիպեց նրան լռել։ Վատ տրամադրությամբ դուրս եկավ միջանցքից։
Ճաշասենյակ մտնելուն պես նկատեց, որ հազիվ է ոտքի վրա մնում. չնայած ուժերի լարումին, նրա ոտքերը դողում էին։ Գլխով անորոշ մի միտք անցավ. «Բարեկամներիս առջև արժանապատվությունս չպետք է կորցնեմ»։ Առանց մի խոսք ասելու ընկավ բազկաթոռին. նրան թվում էր, թե ձայնն էլ է դողում։
— Նա իսկապես հետաքրքրվո՞ւմ է թիթեռներով,— հարցրեց Տիմակովը։
— Նա հասկանում է,— պատասխանեց Վիկտորը։
— Դարձյալ երկու պատա՞նդ է ուզում։
Վիկտորը թուքը կուլ տվեց և չհամարձակվեց կնոջը նայել. վերջինս հայացքը հառել էր նրա վրա։
— Դարձյալ ուզում է։
Լռություն տիրեց։ Բրիժիտը հարցրեց.
— Պատանդներին ի՞նչ են անում։
Լռություն։
— Պատանդների երկու տեսակ կա,— ասաց Պիեռը։— Մեկը, որ գնդակահարում են, մյուսը՝ ուղարկում են Գերմանիա կամ համակենտրոնացման ճամբարներ։
Տիմակովը իր առջևի ափսեն հրեց.
— Ըստ քեզ, մենք ո՞ր տեսակին ենք պատկանում։
— Չգիտեմ,— մի փոքր չորությամբ պատասխանեց Պիեռը,— բայց դժվար չէ իմանալ։
Պիեռը, հավանաբար, մտածում էր այդ մասին։
— Գնամ մեր հյուրին հարցնեմ,— ասաց նա։— Կարո՞ղ է ինձ որպես պատանդ վերցնել։
Բրիժիտը միանգամից չհասկացավ։ Նա մոռացել էր, որ Պիեռը կույր է։
— Եթե համաձայնեց, ուրեմն մենք առաջին տեսակին ենք պատկանում. որովհետև, ի՞նչ իմաստ ունի համակենտրոնացման ճամբարը կույրերով լցնել։ Եվ մենք կիմանանք մեր վիճակը։
— Նա վեր կացավ և շարժվեց դեպի դուռը։
— Նա կոչվում է Կուրտ Կաուբախ,— ասաց Վիկտորը։
* * *
— Քաղցած չե՞ք։
Վիկտորը ծուռ նայեց կնոջը։
— Մի հավաքիր։ Տեղումդ մնա։
Վիլկերը վիճակը պարզելու համար, կարիք չուներ Պիեռին սպասելու։ Նա գիտեր, որ պատանդներին գնդակահարում են։ Գիտեր, որ մահը գոյություն ունի։ Երկու շաբաթ առաջ մի պատահարի վկա եղավ. զինվորական բեռնատարը մի անցորդի ճզմեց։ Վիլկերը ճիշտ նրա ետևից էր գնում։ Գիտեր, որ այն աշխարհը գնալու համար մեկ ակնթարթ էր պետք, և, որ ոչինչ այնքան տմարդի չէ, որքան ողբերգական վախճանը։ Մի քանի րոպեում փոխում է մի ամբողջ գոյություն, դուրս է գցում կյանքի խաղաղ ընթացքից։ Օրինակ այս տարեդարձի ճաշը։ Մի անզոր կատաղություն ցնցեց նրան։ Մի փոքր հաշիվ արեց. յոթ հոգի են։ Սպան երկու պատանդ է ուզում։ Մի փոքր հնարավորություն ունի դուրս պրծնելու։ «Հանգիստ, հանգիստ,— մտածեց նա,— ամեն ինչ կորած չէ»։ Սպասելով Պիեռին, մտքերը ցրելու համար բազմոցի վրա ննջող շանը կանչեց և սկսեց շոյել։
— Ահա նա։
Պիեռը դուռը փակեց ետևից։ Նա գունատ էր։ Իր աթոռը փնտրեց, լուռ նստեց։
— Նա չկամեցավ իմ հարցերին պատասխանել,— ասաց նա։— Բայց պատրաստ է ինձ որպես պատանդ վերցնել։ Հետևաբար…
Դոկտորը ձեռքը զարկեց սեղանին։
— Դա անթույլատրելի է։ Առանց պատճառի մարդկանց չեն գնդակահարում։ Պետք է մի բան անել։ Գնամ հետը խոսեմ։
Տիմակովը գլուխը քորեց.
— Դու կգրգռես նրան։ Անօգուտ է… Մտածենք։
— Մտածենք, մտածենք,— համաձայնեց Վիլկերը։
Հետո հանկարծ, դիմեց Ֆրանսուազին։
— Գեստապոյից մարդ չես ճանաչո՞ւմ։
Ֆրանսուազը գինու բաժակը տեղը դրեց, շրթունքները սրբեց.
— Ոչ մեկին չեմ ճանաչում,— հանգիստ ասաց նա։
Վիլկերը զղջաց միանգամից Ֆրանսուազին դիմելու համար։ Փորձեց հետահաս լինել.
— Դրությունը լուրջ է,— ասաց նա։— Ոչ մի րոպե չպետք է կորցնենք… Հուսով եմ, որ ինձ հասկացաք։ Մենք բոլորս էլ հայրենասեր ենք, բայց եթե մեզնից մեկնումեկը գեստապոյում վերի նստածներից որևէ մեկին ճանաչում է… Դուք ինձ հասկանո՞ւմ եք։ Մենք տարբեր մասնագիտություններ ունենք… Գուցե մեզնից մեկնումեկը ստիպված է եղել գործ ունենալ գեստապոյի որևէ սպայի հետ։
— Երբեք,— ասաց Պիեռը։
Վիլկերն ուսերը թոթվեց.
— Ծիծաղելի չլինենք։ Օրինակ՝ ես… Ես մի երկու֊երեք անգամ զրուցել եմ գերմանացի սպաների հետ և կարծում եմ, որ ոչ ոք նրանց համախոհի տեղը չի դնի ինձ։ Էլ ի՞նչ եք ուզում, երկու տարի է այստեղ են։ Ամեն օր շփվում ենք նրանց հետ։ Եվ անկեղծորեն պիտի ասեմ, որ սպաների մեջ խելացի մարդիկ կան…
Նա լռեց, սպասեց իր խոսքերի ազդեցությանը։
Վիկտորը խոսեց.
— Ամեն օր գերմանացիներ են լինում ինձ մոտ։ Գալիս են գրքեր գնելու։ Ես չեմ կարող նրանց դուրս անել… Ես համաձայն եմ Վիլկերի հետ… Եթե որևէ մեկը գեստապոյի սպա է ճանաչում…
— Ի՞նչ կարող ենք անել,—հարցրեց Տիմակովը։
— Որևէ մեկին ճանաչո՞ւմ ես։
— Ոչ։
Վիլկերին թվաց, թե նա ստում է.
— Լսիր, Տիմակով։
— Ազնիվ խոսք, ոչ մեկին չեմ ճանաչում։
Վիկտորը նորից խոսեց.
— Եթե որևէ մեկին ճանաչում եք, կարող եք զանգ տալ, խնդրել, որ մեզ ազատի այս կեղտոտ պատմությունից։
Դոկտորը նիհար ձեռքերը խաչեց.
— Անցյալ տարի ես գնդապետ Ուլտրիխտի կնոջն էի բուժում… Ինձ շտապ կանչեցին… Նրանք ապրում են մեր թաղամասում։
— Ո՞ր փողոցում,— հարցրեց Վիլկերը։
— Շահան փողոցում։
— Ո՞ր համարը։
Դոկտորի ճակատին երկու կնճիռ խաչվեցին.
— Գիշերային ռեստորանի վրա։
— Տասնինը համարն է,— ասաց Վիլկերը։— Ո՞ր հարկն է։
— Երրորդ հարկ, ձախ կողմը։
Վիկտորն արդեն թերթում էր տեղեկատուն։ Նա, տենդագին, էջերն էր շրջում։
— Տասնիննում երեք համար կա,— ասաց նա։— Երեքն էլ կզանգենք։ Գնդապետը, հավանաբար, սենյակ է վարձել։
Նա էջը պատռեց, նետվեց դեպի հեռախոսը և փութով համարը հավաքեց։
— Ալո՞, 21037֊ն է։ Գնդապետ Ուլտրիխտի բնակարա՞նն է։
Անմիջապես կախեց, ուրիշ համար հավաքեց։
— Միայն թե տանը լինի։
Լսափողը տվեց դոկտորին։ Զանգը հնչեց.
— Ալո՞, գնդապետ Ուլտրի՞խտն է։
Թեթևացած շունչ քաշեցին։ Մի բռնի ժպիտ աղավաղեց դոկտորի բերանը։ Նա չէր ուզում իր հուզմունքը ցույց տալ։ Տառերը դժվարությամբ էին դուրս գալիս սեղմված կոկորդից, նախադասությունների ճիշտ վերջում ձայնը դողում էր։ Բերանը ավելի ծռեց, որ ձայնը բարակի։ Ֆրանսուազին թվաց, թե ուրիշ մարդ է խոսում։
— Հիշո՞ւմ եք ինձ, գնդապետ։ Դոկտոր Քարտը… Անցյալ տարի… Հիանալի է… Ինչպե՞ս է տիկին Ուլտրիխտը։
Նա ծածկեց լսափողը։ Ճակատը քրտինքով էր պատած։ Խեղճացած ձայնով ասաց.
— Նա մահացել է։
Վիլկերը սառնասրտությունը չկորցրեց.
— Ցավակցություն հայտնիր և բացատրիր նրան…
Դոկտորը վարանեց մի պահ, հետո բերանը ծռեց.
— Խորապես ցնցված եմ… Չգիտեմ ինչպես… Այնքան անսպասելի էր… Այո, այո, հասկանում եմ… Կյանք է… Ցտեսություն, գնդապետ։
Չհամարձակվելով բարեկամներին նայել, մեղավոր տեսքով, լսափողը դրեց։
— Շատ հիմար բան ստացվեց,— ասաց Վիլկերը։— Այսպիսի առիթը չպետք է փախցնեինք։ Մենք իրավունք չունենք ամենափոքր հնարավորությունն անգամ կորցնելու։ Պետք է նորից զանգել գնդապետին։
Եվ քանի որ ոչ ոք չարձագանքեց, նա սկսեց համարը հավաքել.
— Ե՞րբ է մահացել։
— Չորս ամիս է արդեն,— ասաց դոկտորը տրտում ձայնով։
— Ուրեմն դու մեղք չունես։
— Արդյոք խոհեմ կլինի՞ նորից զանգելը։
Վիլկերը թոթվեց ուսերը.
— Ի՞նչ ունենք կորցնելու։ Ինձ թվում է, թե մի լավ տղի հետ գործ ունենք։ Առ, խոսիր հետը…
Դոկտորը բերանը ծռեց.
— Նորից ես եմ, սիրելի գնդապետ… Ես ներողություն եմ խնդրում ձեզ ձանձրացնելու համար, բայց մի անհեթեթ պատմության մեջ եմ ընկել։ Բարեկամիս մոտից եմ զանգում… Մենք հանգիստ ճաշում էինք…
Պիեռը ուշադիր լսում էր։ Նա ատում էր գերմանացիներին՝ բոլորին։ Քիչ առաջ, Կուրտի հետ խոսելիս, չէր ասել իր կուրության պատճառները։ Փոշմանել էր գերմանացու հետ խոսելու համար, որովհետև Վիլկերի պես վստահ էր, որ պատանդները կգնդակահարվեն։
— Ալո։ Նա արդեն տասնութ պատանդ վերցրել է… Կարո՞ղ եք մեզ օգնել։ Մենք իսկապես, բանից հեռու ենք…
Նա լսափողը փակեց.
— Ուզում է մայորի հետ խոսել։ Կանչեք նրան… Շո՛ւտ…
Ոչ ոք չշարժվեց։
— Ժամանակ մի՛ կորցրեք… Շուտ արեք…
— Գնում եմ,— ասաց Վիկտորը։
Նա Կուրտին գտավ նույն դիրքում ոտքի վրա, հավաքածուն ուշադիր զննելիս։
— Մսյո Կաուբախ…
Վերջինս դանդաղ շրջվեց։
— Գնդապետ Ուլտրիխտը ուզում է խոսել ձեզ հետ… Մեր ընդհանուր բարեկամն է,— ավելացրեց նա, առանց իմանալու, թե ինչու։
Կուրտը չշարժվեց։ Նա փչեց խոշորացույցի վրա, զգույշ սրբեց.
— Գիտեք,— ասաց նա,— որ ես այստեղ նշանավոր ավստրալիական Hepialidae֊ն նկատեցի։ Ձեր հայրը ճանապարհորդե՞լ է։
Հեռախոսալարի մյուս ծայրում գնդապետի համբերությունը պիտի արդեն հատած լիներ։ Վիկտորը պատասխանեց.
— Ոչ, ոչ, նա գնել է այդ հավաքածուն… Դուք չե՞ք ուզում մոտենալ հեռախոսին։
Կուրտը խոշորացույցը դրեց սեղանին։ Նա հանգիստ էր երևում.
— Գալիս եմ, պարոն Մանսե։
Նրա բացակա հայացքը ոչ մեկի վրա կանգ չառավ։ Լսափողը հանգիստ վերցրեց.
— Կուրտ Կաուբախ։ Ich höre[4].
Ուշադիր լսեց, ոչ մի բառ չասաց և լսափողը մեկնեց դոկտորին։
Վերջինս շփոթված շշնջաց. «Շնորհակալություն, գնդապետ» և լսափողը դրեց։ Կուրտը նայեց ժամացույցին.
— Գերմանացի երկու սպաները, որոնք ստորաբար սպանվեցին, հանգիստ զբոսնում էին։ Վաղը, նույն ձևով, ուրիշ սպաներ կսպանվեն։ Եվ այդպես շարունակ։ Մենք ստիպված ենք դաժանորեն գործել, որպեսզի սթափեցնենք մեղավորներին։ Այդ սպաները ընտանիք ունեին, երեխաներ։ Եթե ոճիրները շարունակվեն, և մենք չգտնենք հանցավորներին, ստիպված կլինենք ձեզ նման անմեղներին պատժել։ Դուք յոթ հոգի եք, ես ընդամենը երկու պատանդ եմ պահանջում։ Ցտեսություն։
* * *
— Հանգի՛ստ, հանգի՛ստ,— ասաց Վիլկերը։
Նա հանեց քրտնած ակնոցը և թաշկինակով ապակիները սրբեց։
— Հանգիստ,— կրկնեց նա։
Ոչ ոք չէր խոսում։ Կուրտի խոսքերից հետո նրանք զգացին իրենց վիճակի լրջությունը։ Այդ վերջին օրերը սպանությունները շատացել էին։ Գերմանացիք դաժանորեն էին գործում։ Վիլկերը ակնոցը հագավ, թաշկինակը գրպանը դրեց և ցածր ձայնով ասաց.
— Մենք չգիտենք, թե Կաուբախն ում է ընտրել։ Նա կարող է ինձ ընտրել, ինչպես և Վիկտորին կարող է ընտրել… Հայտնի չէ, թե ում կընտրի։
Լռեց, նայեց մյուսների դեմքերին։ Վիկտորն ուզում էր խոսել, բայց Վիլկերն առաջ ընկավ.
— Ես գիտեմ, թե ինչ ես ասելու, մենք ինքներս կարող ենք ընտրել… Օրինակ՝ վիճակ գցել։
— Ո՛չ, ո՛չ, ո՛չ,— ասաց դոկտորը։— Ո՛չ այդ ձևով։ Ուրիշ բան գտնենք։
— Տունը դեռ շրջապատվա՞ծ է,— հարցրեց Պիեռը։
— Այո։
Կարծում էին, թե Պիեռը մի բան կառաջարկի, բայց նա լռեց։ Տիմակովը, որն իրեն ավելի ազատ էր զգում, գինու մի շիշ բացեց, լցրեց մի մեծ բաժակի մեջ ու միանգամից խմեց։
— Մի բան մտածեցի,— հանգիստ ասաց նա։
Վիլկերի աչքերը փայլեցին։ Տիմակովը օրիգինալ մարդ էր։ Նա կարող էր հետաքրքիր բան մտածել։
— Լսում ենք քեզ։
Տիմակովը գոտին ձգեց և աչքերը կկոցեց.
— Մենք առնետների պես թակարդի մեջ ենք այս տանը։ Ինձ հասկացա՞ք։
Նա իր բաժակը նորից լցրեց։
— Առանց հանելուկների։ Շարունակի՛ր…
— Երբ նավը ծակվում է, առնետները ճողոպրում են։ Կրակ տա՛նք…
Բրիժիտը, որ ուշադիր լսում էր, բողոքեց.
— Տունը վառե՞նք։ Խե՞նթ ես, ի՜նչ է։
Տիմակովը մի անզոր շարժում արեց։
— Մի ուրիշ բան գտեք,— ասաց Բրիժիտը։— Ես չեմ թողնի, որ կրակ տաք…
Վիլկերը խորհեց։ Այնքան էլ վատ միտք չէր։ Նա թողեց, որ դոկտորը խոսի։
— Ի՞նչ կպատահի, եթե հրդեհ սարքենք։ Մենք առաջին հարկում ենք, կարող ենք պատուհանից դուրս գալ… Բայց դրսում գերմանացիներ կան…
— Իհարկե,— ասաց Տիմակովը,— բայց նրանց հաշվե՞լ եք։ Հինգ հոգի են։ Մենք կօգտվենք հրշեջների գալուց և կփախչենք։
Բրիժիտը ընդհատեց նրանց.
— Ես չեմ թողնի, որ իմ տունը վառեք։
Արտասվելու չափ շրթունքները սեղմած, դարձավ ամուսնուն.
— Մի բան ասա նրանց…
Վիկտորը լուռ մնաց։ Վիլկերը ձեռքը դրեց Բրիժիտի ուսին.
— Տան մասին մի մտածիր։ Չի քանդվի…
Կրակը, հրշեջները, իրարանցումը, թաղեցիները…
— Փայլուն գաղափար է,— ասաց նա։— Պետք է արագ անել։ Վիկտո՛ր…
Վերջինս կարծես երազում լիներ։ Ուզում էին այրել իր տունը։
— Հենց հիմա՞ պիտի վառեք,— ասաց նա։
— Հնարավորին չափ շուտ,— պատասխանեց Վիլկերը,— եթե արժեքավոր իրեր ունես…
— Ո՛չ, ո՛չ,— վերջին անգամ բռղոքեց Բրիժիտը։
Վիլկերը համբերությունը հատած դիմեց Վիկտորին.
— Ասա թող ձայնը կտրի։ Եվ շուտ։ Հետդ վերցրու նվազագույնը…
Սենյակը պտտվեց Վիկտորի աչքերի առջև։ Ի՞նչ վերցնի։ Նայեց շուրջը։ Ամեն ինչ թանկագին թվաց։ Տարիներով ուշադրությունից դուրս մնացած իրերը տեսանելի դարձան։ Գրամեքենան կտանի, նամակները, զարդերը, ձայնապնակները… Ո՛չ, ձայնապնակները չի վերցնի։ Ափսոսանքով ձեռք քաշեց նրանցից… Բրամս, Մոցարտ… Ո՛չ, ո՛չ…
Հագուստները կվերցնի։
Երկու կրակոց պայթեցին դրսում։ Դոկտորը վեր թռավ.
— Պատանդներին են գնդակահարո՞ւմ։
Ոչ ոք չպատասխանեց։ Վիլկերը մոտեցավ պատուհանին։
— Ոչինչ չեմ տեսնում,— ասաց նա։
— Նրանք տեղնուտեղը սպանելու ընդունակ են։
— Ես ընդամենը երկու կրակոց լսեցի,— ասաց Պիեռը։
— Երևի մի նոր մահափորձ էր։
Վիլկերը ավելի լայն բացեց փեղկերը։
— Ամեն ինչ հանգիստ է,— ասաց նա։— Զինվորները դեռ այստեղ են։
Վիկտորը կրակոցները լսելով, մի կողմ թողեց այն բոլոր իրերը, որոնք ուզում էր իր հետ վերցնել։ Ոչինչ, խանութը կմնա նրան։
— Եթե մենք փախչենք,— ասաց նա,— ես չեմ կարողանա իմ խանութը բացել։ Գերմանացիները մեզ կփնտրեն։
— Հանգիստ, հանգիստ,— ասաց Վիլկերը։— Ես մի տուն ունեմ գյուղում։ Կգնանք, մի որոշ ժամանակ կթաքնվենք այնտեղ։ Հետո ամեն ինչ կհարթվի։ Հիմա ամենակարևորը՝ այս տնից դուրս գալն է։ Վերջիվերջո մենք հանցավոր չենք։ Նրանք ուրիշ պատանդներ կվերցնեն…
Մի տենդագին անհամբերություն գրավեց յուրաքանչյուրին։ Նրանք ուզում էին դուրս գալ այդ տնից, թաղամասից։ Գնալ, ուր որ աչքը կտրի։ Բոլորը ազգականներ ունեին գավառում… Տիմակովը լուցկու տուփը թափահարեց.
— Որտե՞ղ կրակ տանք։
Պիեռն անհանգստացավ.
— Ոչինչ չե՞ք մոռացել։
Նրան թվում էր, թե դուռը հիմա կբացվի և Կուրտը կտանի նրանց որպես պատանդ, հատկապես այդ խորհրդավոր կրակոցներից հետո։
— Ես զանգ կտամ հրշեջներին,— ասաց Վիկտորը։
— Սկզբում կրակ տանք։
— Տասը րոպեում կհասնեն։
— Լավ, զանգ տուր։
Վիկտորը հավաքեց համարը։ Նրա ձեռքը դողում էր։ Քրտինքի խոշոր կաթիլներ էին հոսում ճակատով։ Կարծես արհավիրքի մեջ էր։
— Ալո, հրշեջնե՞րն են, այստեղ…
Նա մոռացավ փողոցի անունը։ Մտքերը խռնվեցին։ Դարձավ Բրիժիտին.
— Փողոցի անունը ինչպե՞ս է։
— Ո՞ր փողոցի,— հարցրեց վերջինս։
— Մեր փողոցի։ Ալո, հրշեջնե՛ր։ Մատիկ փողոցից է… Շուտ եկե՛ք, հրդե՛հ է։
Լսափողը կախեց։
— Գալիս են,— ասաց նա գունատված։
Դոկտորը բարձրացրեց ձեռքերը.
— Քանի որ նրանք գալիս են, ուրեմն մենք կարիք չունենք վառելու։
— Ոչ, պետք է։ Ծուխ է պետք։ Պետք է խուճապ ստեղծել։
— Որտեղի՞ց սկսենք։
— Խոհանոցից։
Բոլորը միանգամից նետվեցին խոհանոց, առանց զգալու, որ գոռում են։ Խոհանոցը ընդարձակ էր, ժամանակակից և մաքուր։ Տարեդարձի կարկանդակը սառնարանի վրա էր։ Շամպայնի գավաթները շարված էին սեղանին։ Այնպես ջինջ էր այդ ամենը… Մի պահ նրանք վարանեցին։
— Վարագույրները պետք է վառել։
Տիմակովը մի լուցկի վառեց, նայեց Վիկտորին, կարծես հավանության էր սպասում, հետո կրակը մոտեցրեց վարագույրներին։ Բոցը կլանեց գործվածքը, առանց տարածվելու մագլցեց, հետո հանգավ։
— Արա՛գ, հրշեջները հիմա կգան։
Նա երկրորդ լուցկին վառեց։
— Նավթ է պետք։
— Նավթ չունենք,— ասաց Բրիժիտը։
— Իսկ սպի՞րտ։
Վիկտորը մի շիշ բերեց.
— Ետ գնացեք։
Տիմակովը շշի կեսը լցրեց սեղանին և վառած լուցկին գցեց։ Կապտավուն մի բոց ցատկեց։ Վիկտորը ծնոտները սեղմած, իր սեղանի այրվելն էր նայում։ Ինչքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի կրակը մյուս կարասիներն էլ ոչնչացնի։ Այս պատերից եկող հուշերը որքա՞ն ժամանակում կթաղի։ Նա անձկանոք սպասում էր հրշեջների ազդանշանին։ Վերջիվերջո, վնասներն էլ այնքան շատ չեն լինի։
— Ի՞նչ է կատարվում պարոնայք։
Նրանք անակնկալի եկած շրջվեցին։ Կուրտ Կաուբախը, առանց մի բան հասկանալու, նայում էր նրանց։ Ծխում էր։ Վիլկերը ուզեց վախեցնել նրան.
— Հրդե՛հ,— ասաց նա։— Փախե՛ք։
Կաուբախը կրնկի հարվածով դուռը ծածկեց։ Գլխի ընկավ։ Մի հեգնական ժպիտ կծկեց նրա նիհար դեմքը։ Սիգարեթի մոխիրը հատակին թափեց և շրթունքների միջից, ծուխը ծուլորեն փչեց։
— Ես ձեզ սպասում եմ միջանցքում,— ասաց նա։— Առաջին իսկ դուրս եկողի վրա կկրակեմ։ Ինքներդ պարզեք։
Նա հանգիստ դուրս եկավ խոհանոցից։
— Պետք է շուտ հանգցնել։
Կրակը հասել էր վարագույրներին։ Վիկտորը երկու ծորակն էլ բացեց, սկսեց կաթսաները բաժանել։
— Հանգի՛ստ, հանգի՛ստ,— ասաց Վիլկերը,— ջուր տվեք…
Տասը րոպե հետո կրակը հանգցրեցին։ Կիսով չափ վառված սեղանից տհաճ հոտ էր գալիս։ Վարագույրի վրա մի փոքրիկ կրակ համառորեն դեռ ծխում էր։
— Կարո՞ղ ենք դուրս գալ,— հարցրեց Վիլկերը։
— Լրիվ հանգցրե՞լ եք։
— Այո։
— Ուրեմն կարող եք դուրս գալ,— ասաց սպան։
Ձեռքերը խաչած, սեղանին հենված, նրանց էր սպասում։
— Լավ մտածեք,— ասաց նա։— Ինչո՞ւ եք ձեր կյանքը իզուր վտանգում։ Դուք յոթ հոգի եք։ Իսկ ես ընդամենը երկու պատանդ եմ պահանջում։ Ցտեսություն։
* * *
— Տիմակով, քո գաղափարը առանձնապես մի բան չէր,— ասաց Վիլկերը։
— Բայց մենք միասին ընդունեցինք։
— Իհարկե, իհարկե,— շարունակեց Վիլկերը։— Բայց այդ գաղափարը մի բան չէր։ Ես հիմա եմ գիտակցում։ Մենք երեխայություն արեցինք։
Տիմակովը չպատասխանեց։ Նա գինու շիշը զննեց, որը համարյա դատարկել էր, մազոտ կուրծքը շապիկի մի կոճակի չափով բացեց։ Շոգում էր։
— Հիմա ի՞նչ անենք,— հարցրեց Վիկտորը։
Դոկտորը գլուխը մի ձեռքին դրած մտածեց։ Մռայլ ձայնով ասաց.
— Թողնենք բախտի քմահաճույքին։
Արդյոք սա լավագույն լուծումը չէ՞ր։
— Գնդապետի կինը ինչի՞ց է մահացել։
Դոկտորը չշարժվեց։ Վիլկերը հարցրեց.
— Դու էիր բուժում նրան։ Ինչի՞ց մահացավ։
— Երիկամներն էին հիվանդ։ Այսինքն… Ես նրան ընդամենը մեկ անգամ եմ տեսել։
— Ոչ ոք քեզ չի մեղադրում նրա մահվան մեջ,— ասաց Վիլկերը։
Դոկտորը վեր թռավ.
— Ա՛յդ էր պակաս։
Մթնոլորտը լարված էր։ Վիլկերը ետ ու առաջ էր անում։ Ժամանակ առ ժամանակ կանգնում էր բուֆետի հայելու առջև, կարծես ուզում էր գիտակցել, որ ինքը իսկապես գտնվում էր այն ճաշասենյակում, որտեղից երկու պատանդ պիտի գնան։ Ֆրանսուազն իր եղունգներն էր զննում։ Դոկտորը և Պիեռը մյուսների պես անշարժ խորհում էին, մինչդեռ Տիմակովը դատարկ շշի հետ էր խաղում։
— Ճակատագրի քմահաճույքին թողնելը շատ հեշտ է,— հանկարծակի ասաց Պիեռը։
Նա չափազանց լուրջ էր։ Երկար հասունացրել էր իր մտքերը։
— Ինձ լսո՞ւմ եք,— քաղաքավարի հարցրեց նա։
Վիլկերը ինչ֊որ բան մռթմռթաց։ Ֆրանսուազը հարցրեց։
— Իսկ դու ե՞լք ես գտել։
Պիեռը մատնանշեց իր կուրծքը։
— Այս շքանշաններին նայեք,— ասաց նա։
Մի քանի վայրկյան սպասեց և շարունակեց.
— Ես դրանցով բնավ չեմ հպարտանում, որովհետև ինձ վրա թանկ են նստել։ Մի կողմ եմ դնում մանրուքները… Ռազմաճակատ… Հոսպիտալ… Կատարյալ գիշեր… Ես սոսկալի պահեր եմ ապրել։ Եվ ընդամենը մի քանի ամիս է, որ սկսում եմ կյանքի համը զգալ։ Ես նորից կազմակերպվել եմ։ Կարդում եմ, այսինքն՝ ինձ համար կարդում են, ձայնապնակներ եմ լսում, գրում եմ, իմ թողած արահետին եմ վերադառնում։ Ես հարմարվեցի մեծ ճիգերի գնով, ինչպես ինքներդ գիտեք։ Այժմ ես ինձ նայում եմ որպես մի բնական արարածի…
Նա անսպասելիորեն կտրեց իր վայելուչ խոսելաձևը և բռունցքը ծնկին խփեց։ Հետո շպրտեց ընդհատ ձայնով.
— Ես հիմա չեմ ուզում այդպես ապուշ ձևով մեռնել… Ես չեմ ուզում առանց իմ ոսոխի աչքերին նայել կարողանալու գնդակահարվել։ Դուք իրավունք չունեք ճակատագրի քմահաճույքին թողնելու։ Ձեր վեց հոգու միջից պիտի ընտրեք երկու պատանդ։ Եթե դուք այդ չանեք, գերմանացին առաջին հերթին ինձ կընտրի։ Նա ինձ ատում է, նա պետք է որ տեսած լինի իմ շքանշանները։ Ես շատ բան եմ արել հայրենիքի համար… Շա՛տ, շա՛տ…
Բառերը հուզմունքից կորան։ Ձայնը խեղդվեց կոկորդում։ Նա շրթունքները սեղմեց։
Հրշեջների ազդանշանը լռությունը խախտեց։ Տիմակովը մթնոլորտը թեթևացնելու համար ասաց.
— Հրշեջները գալիս են մեզ օգնելու։
Սառը լռությամբ ընդունեցին այս խոսքերը։ Փողոցում մի քանի հրաման տվեցին։ Ազդանշանը հեռացավ։
Վիլկերը նայում էր Պիեռին։ Կարծես առաջին անգամ էր տեսնում նրան։ Մի ժամ առաջ խղճում էր Պիեռին։ Այժմ պայքարում էր ինքն իր դեմ, որ նրան չատի։ «Ի՜նչ արագությամբ փոխվեց այս ամենը»,— մտածում էր նա։ Վիլկերը գորովանք էր տածում Պիեռի նկատմամբ։ Վեց տարի էր, ճանաչում էր նրան։ Վեց տարվա խանդաղատանք, երկու րոպեի ատելություն։ Ատելությունը գորովանքը ջնջեց։ Խուսափեց մյուսների մասին մտածել։ Ուշադրությունը կենտրոնացրեց Պիեռի վրա։
Տիմակովը հանգիստ ասաց.
— Գնամ լոգանք առնեմ։
Նրա գլխով միշտ տարօրինակ բաներ էին անցնում։
— Մի անհանգստացեք։ Ես ճամփան գիտեմ։
Մեջքը քորելով, դուրս եկավ ճաշասրահից: Մի քանի վայրկյան հետո դոկտորը, որը ցանկություն ուներ մեկնումեկիի խաթրին դիպչելու, հայտարարեց.
— Ես գտնում եմ, որ նրա վարքը շատ անվայելուչ է։ Նախ և առաջ. լողանալու համար չեն հյուր գալիս։
Ֆրանսուազն առարկեց.
— Բրիժիտը և Վիկտորը նրա բարեկամներն են։ Եթե նա լոգանք ընդունելու ցանկություն ունի…
— Գուցե ես ճիշտ չարտահայտվեցի։ Մեզ պետք է կենտրոնանալ, մեզ պետք է համերաշխ լինել, այնինչ նա գնում է լոգանք առնելու։ Դա անթույլատրելի է։ Ի՞նչ է, լոգանքի սրահ չունի՞ իր տանը, թե՞ խնայողություն է անում…
— Տիմակովի մեջ հրեական արյուն չկա՞։
Բոլորը դարձան Պիեռի կողմը։ Ի՞նչ էր ուզում ասել այդ խոսքերով։
— Ոչ ոք չգիտի,— ասաց Վիլկերը։
Հետո իր ասածը մեղմելով, ավելացրեց.
— Ոչ բոլոր հրեաներն են խնայող։
— Գիտեմ, գիտեմ,— ընդհատեց Պիեռը։— Բայց ես ուզում էի իմանալ, Տիմակովը հրեա՞ է, թե ոչ։
— Ինչո՞ւ։
Պիեռը ձայն չհանեց։
— Իսկ եթե հրեա՞ է…— ասաց Ֆրանսուազը։
— Եթե նա հրեա է, ապա ամեն ինչ փոխվում է։
— Կամաց, կամաց,— ասաց Ֆրանսուազը։
Պիեռը ձեռքով արեց.
— Մենք նրան չենք ծախի, հանգստացիր։ Բայց գոնե Կաուբախի համառության պատճառը կիմանանք։ Նա, հավանաբար, կասկածում է, որ Տիմակովը հրեա է։
— Իսկ եթե նա հրեա չէ՞։
— Ստուգելը հեշտ է։ Լոգանքով է զբաղված։ Վիլկերը մեզ կասի, հրեա է, թե՝ ոչ։
— Կարծո՞ւմ եք,— հարցրեց վերջինս։
Նա արդեն ուղղվում էր դեպի լողասրահ։
— Ինչի՞ց պիտի իմանա, որ Տիմակովը հրեա է,— հարցրեց Բրիժիտը։
Վիկտորը ինչ֊որ բան շշնջաց նրա ականջին։ Բրիժիտը շատ զարմացավ։ Երկու րոպե հետո, վերադարձավ Վիլկերը։
— Անընդհատ մեջքով էր կանգնած,— ասաց նա։— Ես չկարողացա ստուգել։
— Նա իսկապե՞ս լողանում էր։
— Ցնցուղի տակ է։ Օճառվում էր, երգում։ Կարծես այս պատուհասի մեջ չլինի։
— Գուցե հարբած է։
— Կարծում եմ։
— Կրակ տուր ինձ, Վիլկեր,— ասաց Պիեռը։
Նրա հրամայական տոնը դուր չեկավ Վիլկերին։ Բայց հրահանը տվեց։ Պիեռը գրպանից մի սիգարեթ հանեց և վառեց։
— Հրեաների պատճառով է, որ այս վիճակում ենք,— ասաց նա,— նրանք զայրացրել են գերմանացիներին։ Գոնե ռազմաճակատում ոչ մի հրեա չկար։ Բոլորն իրենց հարստությունն առած թաքնվել էին։
Դիվային մի գաղափար անցավ Վիլկերի գլխով։ Մի քանի վայրկյան դիմադրեց, բայց այդ գաղափարն ավելի զորեղ էր… Մի աթոռ վերցրեց, դրեց միջանցքի դռան մոտ և հեծնեց վրան։
— Ռազմաճակատում ինչքա՞ն մնացիր։
— Վեց ամիս,— ասաց Պիեռը ոխով։— Վեց ամիս ես քնեցի խրամատներում, կռվեցի ցեխի մեջ։ Դուք չգիտեք, թե դա ինչ է։
Դոկտորն ուզեց առարկել, բայց Վիլկերը ձեռքով նշան արեց, որ լռի։
— Մեր զենքերը կարծես խաղալիքներ լինեին…
Վիլկերը կամաց ոտքը առաջ տարավ, և ճաշասենյակը միջանցքից բաժանող դուռը բացեց. միջանցքում Կաուբախն էր։
— Գերմանացի շա՞տ ես սպանել։
Պիեռը մի անորոշ շարժում արեց։ Դոկտորը, որ հետևում էր Վիլկերին, վեր կացավ և, նեղացած, հյուրասրահ գնաց։ Վիկտորը և Բրիժիտը հետևեցին նրան։ Ֆրանսուազը ոչինչ չնկատեց։ Նա մեջքով էր նստած։
— Քանի՞ գերմանացի ես սպանել,— համառեց Վիլկերը։
— Չգիտեմ։ Երեք կամ չորս։
— Դու ուզո՞ւմ էիր սպանել։
Վիլկերը նկատեց, որ քրտնել է։ Նա գիտակցում էր իր արարքը, բայց բառերը հակառակ իր կամքին, հորդում էին բերանից։
— Ես ատում եմ գերմանացիներին,— ասաց Պիեռը։
Դուռը կիսաբաց էր։ Կուրտը պետք է, որ լսեր նրանց խոսակցությունը։
— Ինչո՞ւ ես ատում նրանց։
Պիեռը չպատասխանեց։ Արդյոք որևէ բա՞ն էր կասկածում։
— Ես նրանց միշտ ատել եմ։ Իսկ դու նրանց սիրո՞ւմ ես։
Վիլկերը գունատվեց։ Այդ հարցը չէր սպասում։ Դուռը փակեց, շշնջաց.
— Ես ատում եմ պատերազմը։
Հետո ոտքը նորից մոտեցրեց դռանը, որպեսզի խոսակցությանը համաձայն, բացի կամ փակի։
— Աչքերս նռնակի բեկորներից խավարեցին։
— Ես քեզ հասկանում եմ, ես հասկանում եմ,— ասաց Վիլկերը։
— Կարծում եմ, որ դու հասկանում ես, թե ինչ իրավունքով ես չեմ ուզում խառնվել այս պատանդների պատմությանը։
Վիլկերը չպատասխանեց։
— Դուք բոլորդ համաձա՞յն եք,— հարցրեց Պիեռը։— Պատասխանիր, Վիկտոր։
Վիլկերը վեր կացավ աթոռից.
— Նրանք գնացին գինի բերելու… Հրահանս տո՛ւր։
* * *
— Gefällt Ihnen diese Sammlung?[5]
Կուրտ Կաուբախը շրջվեց, նայեց Վիլկերին։ Նրա հայացքը մի քանի վայրկյան աշխուժացավ.
— Դուք կոլեկցիոնե՞ր եք։
— Ոչ, բայց իմ բարեկամի մոտ շատ հազվագյուտ տեսակներ կան։
— Իսկ որտե՞ղ է այդ բարեկամը։
Վիլկերը քաջալերված պատասխանեց.
— Այստեղից մի քանի կիլոմետրի վրա է ապրում։ Եթե ուզում եք, ես կարող եմ այդ թիթեռները ձեզ համար ճարել։ Այսօր և վաղը կգնամ դրանց ետևից…
Սպան խոշորացույցը թևքով սրբեց և միօրինակ ձայնով ասաց.
— Սարսափելի թանկ կլինեն։
Վիլկերը հենց դրան էր սպասում։ Բառերը խճողվեցին նրա շուրթերի վրա.
— Ոչի՜նչ, ոչի՜նչ, ես ձեզ նվիրում եմ։ Դատարկ բա՜ն է…
Միջանցքի լույսը չարագուշակ էր։ Կուրտի դեմքը խավարի մեջ էր։ Վիլկերը միայն նրա շրթունքների շարժումն էր տեսնում։
— Շատ շնորհակալ եմ, պարոն… պարո՛ն…
— Վիլկեր։ Դան Վիլկեր։
Ինչո՞ւ է անունը հարցնում։ Մի տհաճ սարսուռ ցնցեց նրան.
— Վիլկերը իմ իսկական անունը չէ,— շտապով ավելացրեց նա։
Եվ քանի որ սպան լուռ էր, բացատրեց.
— Ես ծագումով պարսիկ եմ, բայց վաղուց այստեղ եմ ապրում։ Ստիպված էի ազգանունս փոխել… Հասկանո՞ւմ եք…
Կուրտը խոշորացույցը խաղացրեց.
— Դուք հետաքրքիր անձնավորություն եք, պարոն Վիլկեր։
Արդյոք չբարկացրե՞ց գերմանացուն։ Դրանով ի՞նչ էր ուզում ասել։ Փորձեց կատակել.
— Sie wollen damit sagen, dass ich ein alter Knaker bin?[6]
— Այնքան էլ ծեր չեք։ Գերմաներենը որտե՞ղ եք սովորել։
Վիլկերը ցնծաց.
— Ձեզ մոտ, Բեռլինում, 1930 թվականին։ Երկու տարի ապրեցի այնտեղ…
— Իսկ ինչո՞ւ Գերմանիայում չմնացիք։
Վիլկերը շփոթվեց։ Նա ընդամենը երեք ամիս էր եղել Բեռլինում, այն էլ գործով։ Գերմաներենը դպրոցում էր սովորել։
— Անկեղծ ասած, փոշմանել եմ,— ասաց նա։— Հորս պատճառով չմնացի։ Նա այստեղ գործեր ուներ։
Զգաց, որ իր խոսքերը կեղծ են հնչում, բայց այնպիսի եռանդով էր ասում… Կուրտը ձգվեց, աչքերը տրորեց և մեջքով դարձավ նրան։ Մի քանի վայրկյան լռությունից հետո ասաց.
— Գուցե, ցտեսությո՞ւն, պարոն Վիլկեր։
Վիլկերը վատ տրամադրությամբ վերադարձավ բարեկամների մոտ։
* * *
Դոկտորը, սեղանի անկյունի մոտ նստած, գլուխը ձեռքին հենած, արդեն մի կես ժամ մտածում էր։ Նա վերջապես կարողացավ կանոնավորել մտքերը։ Իրար հաջորդող փաստարկներով հաջողացրեց ուղեղը փարատել խուճապի հուզումներից։ Միտքն այժմ պայծառացել էր, այլևս չէր քրտնում։ Իրավիճակը քննեց, կարծես հիվանդի առջև լիներ.
«Յոթ հոգի ենք,— մտածեց նա,— եթե մենք ինքներս ընտրելու լինենք, ես չեմ պրծնի, ես կպաշտպանվեմ։ Եթե սպան ընտրի, ես փրկվելու հույս կունենամ»։ Կասկածե՞ց արդյոք, որ բոլորը նույն միտքն են որոճում։ «Սառնասիրտ պետք է լինել,— մտածեց նա։— Իսկ եթե ինձ ընտրի՞…»։ Մի ահավոր ճիգ գործադրեց, որ չխելագարվի։ Բոլոր սարսափները մի կողմ վանեց նյարդերի միջից և զգաց, թե ինչպես է տրոփում սիրտը։ «Եթե ինձ ընտրի, կասեմ, որ բժիշկ եմ։ Ինձ հավանաբար չեն գնդակահարի, բայց գուցե Գերմանիա ուղարկեն»։ Գնալ Գերմանիա… այսինքն՝ լքել կնոջը, տունը, հաճախորդներին։ Հանկարծակի վեր թռավ, փողկապի հանգույցը շտկեց, հազաց և հանգիստ ասաց.
— Ես գնում եմ։
Վիլկերը վեր ցատկեց.
— Ո՞ւր ես գնում։
Վիլկերը մտածեց, թե նա գնում է որպես պատանդ հանձնվելու։ Նման արարք սպասում էր նրանից։ Չէ որ նա բժիշկ է։
— Ես գնում եմ տուն,— ասաց դոկտորը,— իմ կինը հիվանդ է։
Բոլորը զարմացած նայեցին նրան։ Պիեռը գլուխը բարձրացրեց։
— Կաուբախը քեզ չի թողնի,— ասաց Վիկտորը։
Վիլկերը մի վատ նախազգացում ունեցավ։ Իսկ եթե սպան նրան թողնի՞։
Ընդամենը վեց հոգով կմնան…
— Դու իրավունք չունես մեզ լքելու,— ասաց Վիլկերը։
Դոկտորը դրան էր սպասում։
— Դուրս գալուց հետո ես ձեզ համար ավելի օգտակար կլինեմ,— պատասխանեց նա։— Ես կգնամ գնդապետի մոտ։ Նրան կբացատրեմ իրավիճակը։
— Գնդապետը ոչինչ չի կարող անել մեզ համար։ Իսկ երկու ժամ հետո պարետային ժամ է։ Պետք է մի ուրիշ բան մտածել։
Վիկտորը հարցրեց.
— Ինչպե՞ս պիտի գնաս։
Դոկտորն աշխուժացավ։
— Դռնո՜վ։ Դուք միայն սպային կասեք, որ ինձ պատանդ չեք ընտրում։
Այդ խոսքերի վրա Վիլկերի շունչը կտրվեց։ Այդ մասին չէր մտածել։ Փայլուն գաղափար էր։ Ինքն էլ պետք է օգտվի դրանից։ Պետք է համոզել բարեկամներին… Զգո՜ւյշ, զգո՜ւյշ…
— Եվ դու կարծում ես, որ Կաուբախը կհամաձայնի՞։
— Իհարկե, նա ընդամենը երկու պատանդ է ուզում։ Գնացեք ասեք, որ ինձ ազատ եք թողնում։
Վիկտորը մոլորված նայեց Վիլկերին։ Վերջինս մի ընդոստ շարժում արեց։
— Հենց որ դուրս գաս, ի՞նչ կանես,— հարցրեց նա, փորձելով հանգիստ մնալ։
— Ես կգնամ գնդապետի մոտ։
— Դու մի ուրիշ գնդապետ գիտե՞ս, թե նույն գնդապետն է։
Դոկտորը զարմացավ.
— Նույնը։
— Որի կինը մահացե՞լ է, ամուրի՞ն։
— Իմ մեղքով չի մահացել։
Վիլկերն այնպիսի զարմացած տեսքով նայեց իր շուրջը, կարծես բոլորին վկա էր բերում.
— Ես ասացի՞, թե դու ես սպանել։
Դոկտորի համբերությունը սպառվեց.
— Բառախաղով չզբաղվենք։ Անկեղծ լինե՛նք…
Վիլկերը պայթեց.
— Ես էլ ա՛յդ եմ ուզում. անկեղծ լինե՛նք։ Անկեղծ ասա՛, քո կողմից ազնիվ բան կլինի՞ մեզ լքելը։ Անկեղծ ասա՛, դու կարծո՞ւմ ես, որ մեզ համար կարող ես որևէ բան անել։ Անկեղծ ասա, մեզ ապուշի տեղ ես դրե՞լ…
Դոկտորը փլվեց աթոռին և ոչինչ չասաց։ Վիլկերը շարունակեց.
— Ես էլ մի քանի սպաների գիտեմ, բայց անկեղծ ասած, նրանք ոչինչ չեն կարող անել մեզ համար։
Լռեցին։ «Հեռու չգնանք,— մտածեց Վիլկերը։— Մի ժամ հետո, գուցե մեկնումեկին գտնեմ, համոզեմ, որ թողնեն գնամ»։ Նա փափկեց և ձեռքը դրեց դոկտորի ուսին։
— Քո վարմունքը բնական է,— ասաց նա։— Կինդ հիվանդ է, դու անհանգիստ ես… Ես քո դրության մեջ մտնում եմ…
Բայց դոկտորն իրեն պարտված չէր համարում։ Նա թափով վեր կացավ և կրկնեց.
— Ես գնում եմ։
Ձայնը մի քիչ դողաց.
— Ես դիմում եմ ռիսկի։ Պատուհանով եմ գնում…
Այդ մթնոլորտը այլևս տանել չէր կարող։
— Բայց դա ինքնասպանություն է,— գոռաց Վիկտորը։— Զինվորները կկրակեն…
— Ավելի վատ, ավելի վատ,— կրկնեց դոկտորը։— Ես գնում եմ…
Պիեռը, որ դեռ ոչինչ չէր ասել, ելք հուշեց.
— Գերմանացիները առանց վարանելու կկրակեն։ Ես բաժանում եմ Վիկտորի կարծիքը։ Դա ինքնասպանություն է։ Այդ դեպքում ավելի գերադասելի է որպես պատանդ հանձնվելը։ Դուք մեզ ծառայություն կմատուցեք և սպանվելու վտանգին չեք ենթարկվի։
Դոկտորը համառեց.
— Ես գնում եմ։ Այլևս չե՛մ կարող…
Նա բացեց պատուհանը։ Բարձրացավ պատուհանի գոգին։ Վիկտորը ճիշտ ժամանակին հասցրեց լույսը հանգցնել. լուսաքողարկում էր։ Վիլկերն ապշած, դեռ չէր անդրադառնում կատարվածին։ Հետո մտածեց, որ եթե դոկտորը սպանվեր, արդեն կլուծվեր մի պատանդի հարցը։ Բայց եթե միայն վիրավորվե՞ր…
Նրանք ականջ դրեցին, սպասելով կրակոցների։ Կուչ եկան պատի ետևը։ Մի քանի վայրկյան անցավ։ Ոչ մի աղմուկ։ Ոտնաձայներ։ Հետո լռություն։ Զարմացած իրար նայեցին, հետո վեր թռան։ Զանգեցին։ Մի րոպե Կուրտ Կաուբախը դուռը բացեց և դոկտորին ճաշասրահը ցույց տվեց.
— Ես միայն ձեր բարեկամների համաձայնությամբ ձեզ կթողնեմ, որ գնաք։ Դուք դարձյալ յոթ հոգի եք։ Ես ընդամենը երկու պատանդ եմ պահանջում։ Ցտեսություն։
* * *
Տիմակովը ցնցուղի շղթան թողեց, սպասեց, որ ջրի վերջին կաթիլները հոսեն մարմնի վրայից, թափահարեց իրեն և դուրս եկավ լողասրահից։ Գոլորշուց թեթևակի քրտնած հայելին պղտորեց նրա պատկերը։ Մոտեցավ հայելուն և նկատեց, որ դեմքը մազոտվել է, չնայած որ կեսօրին էր սափրվել։ Նորից թափ տվեց իրեն, և ջրի կաթիլները քրտնած հայելու վրա արահետներ բացեցին։ Նա փաթաթվեց խալաթի մեջ և իրեն հրաշալի զգաց։ Իհարկե, քիչ էր խմել, բայց խմիչքը այն դեպքում էր թմրեցնում ուղեղը, երբ նա չէր հակազդում։ Մտքերը մեքենայի պես թափ առան, սկսեցին գործել, երեկոյի տարբեր պահերն արձանագրեց. հետո ուղեղը մեռյալ կետը գցեց և կիսաքուն գիտակցությամբ, սկսեց զվարճանալ հազար ու մի մանրուքով, որոնց մեջ ոչ մի ծիծաղելի բան չկար։ Հիշում էր, թե ինչպիսի արտահայտություն ուներ Վիլկերը Կուրտի ներս մտնելու պահին… Դոկտորին էր հիշում… Վիկտորին։ Ծիծաղից ցնցվելով, մտավ ճաշասրահ։ Այնտեղ կարծեցին, թե ուր որ է ծիծաղից կպայթի։ Միայն Ֆրանսուազն էր անտարբեր։ Տիմակովը վերջապես զսպեց իրեն և խալաթը թաց մարմնին սեղմելով, նստեց աթոռին։ Վիլկերը ոչնչացնող հայացք նետեց նրա վրա.
— Էլի խմեցի՞ր…
Տիմակովը առանց Վիլկերի կողմը նայելու, գլուխը շարժեց, որպեսզի նրան ավելի չգրգռի։ Չգիտեր, որ դոկտորը փախուստի փորձ է արել և մեղավոր տեսքով վերադարձել։ Ծիծաղելու ցանկությունը կամաց֊կամաց կորավ, բայց հիմա սկսեց զկրտալ։ Այսքանից հետո ի՞նչ ուներ կորցնելու։ Մի հնարավորություն ուներ ազատվելու։ Մտածեց, որ գուցե վերջին անգամն է լոգանք ընդունում և որ մի ժամ հետո Տիմակովն այլևս չի լինի… Պաղարյունությամբ ընդունեց մահվան գաղափարը և ներքուստ ողջունեց իրեն՝ քսան տարեկանից «ներքին աշխարհ» ունենալու համար։ Նա երկար տարիներ խորհել էր, կարդացել, միայնություն փնտրել։ Արդեն «հասունացել» էր և կարող էր ուզած իրադրության առջև դեմուդեմ կանգնել։ Ինչի՞ն էր պետք «ներքին աշխարհը», եթե հիմա պիտի պարտվեր։ Այժմ պահն էր, որ կուտակված եռանդի պաշարը զոհաբերման գնով օգտագործեր։ Նա կասկածել էր, որ երբևիցե դրա կարիքը կզգա։ Խոր շունչ քաշեց և հաճույքից ցնծաց։ Ամեն ինչ նրան հստակ էր երևում։ Նա սավառնում էր, թևածում Վիլկերի, դոկտորի, Վիկտորի… գեստապոյի վրա. պատերազմը կարծես գնդասեղի գլուխ լիներ, վաղուց այսպիսի հրճվանք չէր ապրել։ Խոսքերը, որ կարող էին ծիծաղեցնել մյուսներին, խտուտ տվեցին նրա լեզուն։ «Դեռ շուտ է,— մտածեց նա։— Քիչ հետո»։ Նա դեռ ուզում էր մի քիչ խաղալ, դեռ ուզում էր ըմբոշխնել այդ առավելությունը, որը հստակություն էր պարգևում նրան…
— Բրիժիտը հղի է,— խոստովանեց Վիկտորը։
Վիլկերը շրթունքները կծեց. «Ասում է, որ մեր գութը շարժի»։ Դոկտորն աչքերը չռեց.
— Որքա՞ն ժամանակ է,— հարցրեց նա։
— Երկու ամիս։
Նա կանխեց մյուս հարցերը.
— Մենք ուզում էինք նորությունը այսօր հայտնել։
Միայն Ֆրանսուազը որոշ ուրախություն ցուցաբերեց, մյուսները նեղված, համարյա թշնամական լռությամբ ընդունեցին այդ լուրը։
Վիկտորն ավելացրեց.
— Դու պարտավոր ես քննել, դոկտոր։
Վերջինս ուսերը թոթվեց.
— Եթե հղի է, ուրեմն հղի է։ Առանց բժիշկ լինելու էլ կարելի է ստուգել։
Բրիժիտն ակամայից կարմրեց։ Նա դժգոհ էր ամուսնուց՝ այդ լուրը հայտնելու համար, բայց մտածեց, որ Վիկտորը հավանաբար իր հաշիվներն ունի։
— Հիմա բոլորս էլ հղի ենք,— շպրտեց Պիեռը։— Եթե Բրիժիտը հղի է, Կուրտը գուցե նրան խնայի…
— Նա փոխարենը Վիկտորին կվերցնի,— զկրտալով շարունակեց Տիմակովը։
Եվ տեղնուտեղը ավելացրեց.
— Չէ, Վիկտորին էլ չի վերցնի։ Նա ընտանիքի հայր է դառնալու։
Վիլկերը, որ մտածում էր, ձեռքերը բարձրացրեց։
— Լսեք ինձ,— ասաց նա։— Մենք բավականին ժամանակ կորցրեցինք։ Կուրտը պահանջում է, որ երկու պատանդ որոշենք։ Ժամանակն է, որ այդ անենք։
Լռություն տիրեց։ Պիեռը բողոքեց.
— Ինչո՞ւ եք ինձ նայում։ Ես չեմ ուզում պատանդ դառնալ։
— Ոչ ոք քեզ չի նայում,— ասաց Վիլկերը։
— Ոչ, ես զգում եմ ձեր հայացքը։ Ես ձեզ ասացի։ Ես շատ բան եմ արել հայրենիքի համար։ Ձեր միջից ընտրեք պատանդներին։ Ես ցանկություն չունեմ ամոթանքի պատին խաչվելու։ Ես աչքերս եմ տվել։ Այդքանը հերիք է։ Այժմ ձե՛ր հերթն է։
Վիլկերը սկսեց մատների վրա հաշվել.
— Պիեռին չհաշվենք, որովհետև նա կույր է։ Բրիժիտին չհաշվենք, որովհետև նա հղի է։ Վիկտորին չհաշվենք, որովհետև ընտանիքի հայր է դառնում։ Քարտին չհաշվենք, որովհետև բժիշկ է։ Ֆրանսուազին չհաշվենք, որովհետև գեղեցիկ է։ Խաղատախտակի վրա ընդամենը երկու զինվոր է մնում. Տիմակովը և ես։ Համաձա՞յն եք։
Ոչ ոք չպատասխանեց։ Որոշ ժամանակ հետո Պիեռը խախտեց լռությունը.
— Կներեք ինձ,— ասաց նա, բայց ես համաձայն եմ։— Վիլկերը ամենից տարիքովն է։ Նա ապրել է… Կներես, Վիլկեր… Դու լավ ես ապրել։ Վաթսունհինգ տարեկան ես։ Դու ամեն ինչ տեսել ես։ Մի քանի տարի է մնում, որ ապրես… Հասկանում ես։ Ես ստիպված եմ այսպես խոսել, հասկանում ես…
Վիլկերը գունատվեց և հարցրեց.
— Իսկ Տիմակո՞վը։
— Տիմակովը հագեցած է ամեն ինչից,— շարունակեց Պիեռը։— Նա զբաղված է ինքն իրենով։ Կարճ ժամանակվա ընթացքում նա ամեն ինչ ճաշակել է։ Կներես ինձ, Տիմակով, բայց մի՞թե ճիշտ չեմ։
— Ճիշտ է,— իրենից անկախ ասաց Տիմակովը։
Վիլկերը շնչահեղձ եղավ.
— Դու լկտի ես, Պիեռ, կներես ինձ… Դու շատ բաներ աչքաթող ես անում… Եթե կույր չլինեիր, կտեսնեիր, որ ես լիարժեք կյանքով եմ ապրում… Որ ես ձեր միջի ամենաջահելն եմ… Իհարկե, մի քանի կնճիռ կտեսնեիր… Քառասուն տարվա հոգսերից առաջացած կնճիռներ… Կնճիռներ որոնք ուզում են կորցրածի տեղը հանել՝ ինձ ապրելու համար մնացած այս մի քանի տարում, ինչպես դու ինքդ լավ ասացիր…
Պիեռն առարկեց.
— Ես լկտիություն անելու մտադրություն չունեի։ Եթե իմ խոսքերը քեզ վիրավորեցին, ապա վերագրիր կատարված դեպքերին…
Վիլկերը ձեռքերը խաչեց և սկսեց ետ ու առաջ քայլել։ Պիեռի խոսքերը զայրացրին նրան։
— Մի գաղափար ծագեց գլխումս,— հանկարծ ասաց նա։
Նա դիմեց դոկտորին.
— Դու ընտանեկան բժիշկ ես։ Արդեն քանի տարի մեզ բուժում ես։ Ասա, մեր մեջ անբուժելի հիվանդ կա՞, թե ոչ։ Օրինակ՝ ապագա քաղցկեղավոր։
— Ծիծաղելի բան ես ասում։
— Ինչո՞ւ։ Գուցե ես մի ցավ ունեմ, որ առողջ տեսքիս տակ ինձ կրծում է։ Եթե ընդամենը մի քանի ամիս է մնում ինձ ապրելու, ես ինձ կզոհաբերեմ։
Բոլորը բնազդաբար գլուխները բարձրացրին, կարծես ուզում էին ցույց տալ, որ լավ են զգում։
— Ձեզ քննելու կարիք չունեմ,— ասաց դոկտորը։— Դուք բոլորդ առողջ եք…
— Ճշտենք։ Օրինակ՝ Վիկտորը…
Վերջինս աչքերը կկոցեց։ Վիլկերը համառեց.
— Կոխի մանրէներ, չարորակ ուռուցք…
— Ոչինչ,— ասաց դոկտորը։— Նա առողջ է։ Ճիշտն ասած…
— Ճիշտն ասած՝ ի՞նչ…
— Համարյա ոչինչ։ Կարող եմ ասել։
Վիկտորը սրտի զարկերը զգաց։ Պատահմամբ իրենից հիվանդություն չե՞ն թաքցրել, որի մասին ինքը չգիտի։
— Ասա,— ասաց նա։
— Նշագեղձերը խախուտ են։ Ի միջի այլոց, ես նրան խորհուրդ եմ տվել վիրահատել։
— Այդքա՞ն,— համառեց Վիլկերը։
— Այդքան։ Ուրիշ բան չեմ տեսնում…
— Լավ։ Անցնենք Բրիժիտին…
Դոկտորն իր կամքից անկախ խոսում էր։ Նա իրեն Վիլկերի իշխանության տակ էր զգում։
— Բրիժիտը առողջ է։
— Կարո՞ղ է անխաթար ծննդաբերել։
— Կարծում եմ, այո։
Նա նեղված լռեց։ Բրիժիտը հարցրեց.
— Դուք կարո՞ղ եք անկեղծ լինել։ Կարո՞ղ եք ամեն ինչ ասել։
— Բայց ես ասելու բան չունեմ։ Անցած ամիս ես քեզ քննեցի… Դու շատ առողջ ես… Հա… Լյարդիդ վրա պիտի ուշադրություն դարձնես։ Վատ չի լինի, որ կույր աղիքդ հեռացնես։ Քո ստամոքսային խանգարումները դրանից են…
— Դա շտա՞պ է։
— Ոչ, ոչ։ Ի դեպ, այս քանի օրը քեզ կքննեմ…
— Անցնենք առաջ,— ասաց Վիլկերը։— Պիեռը…
Դոկտորը շրջվեց նրա կողմը։ Պիեռը չշարժվեց։
— Բան չկա ասելու։
— Ոչ,— առարկեց Պիեռը։— Ասա նրանց, որ երեք տարի է, վեներական հիվանդություն ունեմ և մինչև հիմա էլ հետևանքներից տառապում եմ։ Հանգստացրեք նրանց, սիֆիլիս չէ…
Դոկտորը թոթվեց ուսերը.
— Սովորական ջերմամիզաթյուն է, որ վատ են բուժել։ Լուրջ բան չէ։
— Ժառանգական հիվանդություն չկա՞։
Պիեռը շարունակեց.
— Պատերազմում կորցրել եմ աչքերս։ Առաջին կույրն եմ մեր ընտանիքում։ Իմ ապուպապը փորը բռնած է մահացել։ Գուցե քաղցկեղ ուներ կամ կույր աղիքն էր ցավում։ Երբեք չենք իմանա։
Վիլկերը զգաց, որ Պիեռի հետ բանը կռվով կվերջանա, ուստի և չհամառեց։
— Իսկ Ֆրանսուա՞զը։
— Ոչինչ չունի։
— Մի բան կլինի։
Դոկտորն ինքն իրենից անկախ ասաց.
— Նա այլևս երբեք երեխա չի կարող ունենալ։
Ֆրանսուազը շփոթվեց, հետո ժպտաց.
— Դու ինձ երբեք չես ասել այդ մասին։
Դոկտորը զարմացավ.
— Ոչ մի անգամ չեմ ասե՞լ։
Նա մտածեց.
— Գուցե այս բոլորից հետո հնարավոր է… Հասկանում եմ։ Հանգամանքները…
Բոլորը գիտեին, որ նրա ամուսինը զոհվել է պատերազմում և, որ նա միտք չունի նորից ամուսնանալու։
— Իսկ դո՞ւ, դոկտոր։
— Ե՞ս։ Ես լավ եմ զգում։ Այդպես է թվում ինձ։
— Իսկ գլխացավերը՞։
Դոկտորը ծուռ ժպտաց.
— Ի՞նչ գլխացավեր։
— Դե, բոլորս էլ գիտենք, որ դու գլխացավեր ունես։ Մենք բոլորս գիտենք նաև, որ քո եղբայրը քաղցկեղից մահացավ։
— Քաղցկեղի ժառանգականությունը պարտադիր չէ։ Իմ գլխացավերը գերհոգնածությունից են։ Ես շատ եմ աշխատում։ Եթե քաղցկեղ ունենայի, ես առաջինը կիմանայի…
— Սա սովորական ձևականություն է,— ավելացրեց Վիլկերը։— Իսկ ե՞ս։
— Վատ մարսողությունից բացի, առանձնապես բան չեմ տեսնում։
— Սիրտս միշտ ամուր է եղել։
— Պիտի խոստովանեմ, որ քո սիրտը ժայռի պես ամուր է։
Վիլկերը հազաց։
— Քո կարծիքով դեռ քանի՞ տարի կարող եմ ապրել։ Հի՞նգ տարի, տա՞սը տարի, քսա՞ն տարի։
Դոկտորը ձեռքերն անզոր տարածեց.
— Դու ինձնից շատ բան ես պահանջում։
— Այնուամենայնիվ, մի թիվ ասա։
— Չգիտեմ, քսան տարի, եթե քեզ հաճելի է…
— Քսան տարի հետո, ես ութսունհինգ տարեկան կլինեմ։ Տպավորիչ տարիք է։ Բայց կարծում եմ, որ այս ճանապարհի վրա կանգ չեմ առնի…
Նա կչկչաց և մի բաժակ գինի խմեց։
— Տիմակովին մոռացանք։
— Ես կորովի կլինեմ։
Դոկտորը շփոթված էր.
— Տիմակովին երբեք չեմ քննել։ Ենթադրում եմ, որ նա երբեք հիվանդ չի եղել։
Տիմակովը բաժակը լցրեց և կամաց խմեց։
— Ֆրանսուազ և Բրիժիտ։ Փակեցեք ձեր գեղեցիկ աչքերը։ Բժիշկը պետք է ինձ լսի, իսկ ես հանվելու կարիք չեմ զգա…
Նա խալաթը հանեց։ Մերկ, մկանոտ, մազոտ տնկվեց սենյակի մեջտեղը։ Բրիժիտը շրջվեց, Ֆրանսուազը մի ամսագիր էր թերթում։
— Մոտեցեք, դոկտոր, մոտեցեք…
Նրա աչքերը փայլում էին։ Ոտքերը և ձեռքերը բացած սպասում էր։ Դոկտորը մի անհեթեթ վախ զգաց։ Երբեք Տիմակովին այդ տեսանկյունից չէր նայել։ «Հարբած է,— մտածեց նա։— Գուցե ուզում է…»։
— Հը՛, դոկտոր, մոտեցեք, ձեզ վատ բան չեմ անի…
Մկանները ձգած կանգնել էր, անհամբեր էր։
— Բան չկա, բան չկա,— ասաց դոկտորը առանց աթոռից ելնելու։
Տիմակովը կուրծքը ձգեց.
— Եթե դուք չգաք, ես կմոտենամ ձեզ։ Ես ուզում եմ իմ առողջական վիճակի համար ապահով լինել։
Նա ցնծում էր, բայց աշխատում էր իր ուրախությունը ցույց չտալ։ Դոկտորն ավելի կծկվեց։
— Հիվա՞նդ ես… Որևէ տեղդ ցավո՞ւմ է։
— Այո,— որոտաց Տիմակովը։
— Լավ, պառկիր բազմոցի վրա։ Կքննեմ քեզ…
Տիմակովը շպրտվեց բազմոցի վրա։ Նա արագ էր շնչում։ Դոկտորը զգույշ մոտեցավ, նայեց աչքերին, հետո գլուխը դրեց կրծքին։ Երկար լռեց, հետո առանց մի բառ ասելու եկավ, նստեց տեղը։
— Հը՞, դոկտոր,— հարցրեց Տիմակովը։
Դոկտորը համառորեն լռեց։ Վիլկերը հարցական նայեց նրան։
— Շա՞տ հիվանդ եմ։
Վերջապես, դոկտորը շփոթված պատասխանեց (կատա՞կ էր անում, թե մի պստիկ վրեժ լուծելու միջոց էր գտել).
— Հիմա ոչինչ չեմ կարող ասել։
Տիմակովը հագավ խալաթը։
— Շա՞տ լուրջ է։
— Ոչինչ չեմ կարող ասել։
— Բայց վերջիվերջո, մեր բարեկամների գաղտնիքները բացեցիք։
— Միևնույն բանը չէ։
Տիմակովը հանգիստ, մի շիշ բացեց.
— Թախիծս խեղդեմ…
Մի ծանր լռություն տիրեց։
Երկու կրակոց պայթեց փողոցում։ Վիլկերը, լարված նյարդերով, վարագույրները բացեց։
— Տունը շարունակ շրջապատված է,— ասաց նա։— Բայց զինվորները չկրակեցին։
Ոչ ոք խոսելու ցանկություն չուներ։ Վիլկերը նստեց դոկտորի մոտ և բարձրաձայն ասաց.
— Անցագիրդ դեռ կա՞։
— Դեռ կա։
— Ուրեմն պարետային ժամից հետո, հանգիստ կարող ես ման գալ։
— Ինչպես և բոլոր բժիշկները։
Վիլկերը մատները ճթճթացրեց։
— Դուք՝ բժիշկներդ, բախտավոր եք։ Ամեն տեղ առավելություններ ունեք։ Ձեզ գրկաբաց են ընդունում։
Նա առանց ձայնը բարձրացնելու հանկարծ տոնը փոխեց.
— Իսկ դու գիտե՞ս, որ բանտարկված ֆրանսիացիք քո կարիքն ունեն։ Անկեղծ ասա, գիտե՞ս։
Դոկտորը շփոթվեց.
— Գուցե,— ասաց նա,— բայց ի՞նչ կարող եմ անել նրանց համար։
— Մտածիր… Հազարավոր ռազմագերիներ բարոյապես և ֆիզիկապես տառապում են համակենտրոնացման ճամբարներում և գործարաններում։ Բժիշկը նրանց համար միշտ անհրաժեշտ կլինի։
— Ի՞նչ ես ուզում ասել։
Վիլկերը գլուխը ճոճեց։
— Լսիր, բարեկամ, մենք իրար վաղուց գիտենք։ Մեր միջև մանր բաներ թող չլինեն։ Եթե դու խնդրես սպային, որ քեզ պատանդ վերցնի և ուղարկի Գերմանիա, կարծում ես կմերժի՞։ Հատկապես քեզ նման բժշկին։ Մի՞թե կարծում ես, որ պիտի ասի. «Մենք բժշկի կարիք չունենք»։
Դոկտորը գալարվում էր աթոռի վրա։
— Հնարավոր է,— ասաց նա։— Բայց նա կարող է ինձ գերմանական ճամբար ուղարկել գերմանացի զինվորներ բուժելու։
— Բայց հիվանդներն ազգություն չունեն։
Դոկտորը վատ զգաց։ Նիհար ձեռքերը խաչեց։
— Գիտեմ,— ասաց նա։— Բայց զահլաս կգնա գերմանացի զինվորներ բուժելով։ Եվ հետո շատ գործ ունեմ այստեղ։ Մի մոռացիր, որ այստեղ էլ հիվանդներ եմ բուժում…
— Իհարկե, բայց հասկացիր դրությունը։ Մենք առնետների պես թակարդն ենք ընկել։ Դու ուզած ձևով կազատվես, իսկ ե՞ս… Եթե ինձ պատանդ վերցնեն, ես կկորչեմ։ Ես ոչինչ չեմ կարող անել։ Լավ մտածիր…
— Ամեն ինչ մտածել եմ։
Վիլկերը վեր կացավ, մի թերթ վերցրեց և սկսեց հով անել։ Հետո թաղվեց բազկաթոռի մեջ և սկսեց հայացքը պտտել ներկաների վրա, կարծես զոհ էր որոնում։
— Քո կարծիքով, ես բուժվելու հույս ունե՞մ։
Դոկտորը զարմացած նայեց Պիեռին.
— Ինչո՞ւ ես այդպիսի հարց տալիս։
— Ես իմ պատճառներն ունեմ։
— Չլինի՞ թե ուզում ես պատանդ դառնալ։
Դոկտորը աթոռը մոտեցրեց։ Մյուսները նրանց խոսակցությունը չէին կարող լսել։
— Չգիտեմ,— ասաց նա։
Պիեռն, իհարկե, կատարյալ պատանդ էր։ Ի՞նչ պիտի անեին որ այդ կույրի հետ։ Մի օր հետո բաց կթողնեն։ Կարող են նաև գնդակահարել, բայց դոկտորն այդ ենթադրությունից հրաժարվեց։ Մտածեց իր կնոջ մասին, տան մասին, հավաքած փողերի մասին…
— Դու շատ լավ գիտես,— համառեց Պիեռը։— Դու ինձ բազմաթիվ անգամ քննել ես։
— Աստված իմ… Քեզ ինչպե՞ս ասեմ։ Այս պահիս միջոց չեմ գտնում։ Եթե միայն հրաշքը…
Նա անկեղծ էր։
— Իսկ Ամերիկայո՞ւմ, պատերազմից հետո։
— Դու դատապարտված ես ամբողջ կյանքում կույր մնալու,— ցածրաձայն ասաց նա։
Պիեռը գլուխը կախեց, կարծես հարված ստացավ։ Նրա ուսերը թուլացան։ Դոկտորն ուզում էր մեղմել ասածները։
— Հասկացիր ինձ…— սկսեց նա։
Եվ լռեց։ Չլինի թե ուզում էր նրան հուշել, որ պատանդ գնա։ Այդ միտքը մի պահ ծագեց գլխում, բայց անհրաժեշտ բառեր չգտավ։ Գուցե Վիլկերը համոզի…
— Ես կբուժվեմ,— հանկարծ բարձրաձայն ասաց Պիեռը։
— Բան չեղա՞վ։
Խալաթի մեջ փաթաթված Տիմակովը մոտեցող Վիլկերին տեսնելով, ձեռքերը խաչեց կրծքին և աչքերը փակեց։
— Խեղճ Տիմակով…
Նա աչքերը բացեց, գլխով շիշը ցույց տվեց։ Վիլկերը նրա բաժակը լցրեց, կարծես դեղ էր տալիս։
— Ծանր վիճակի մեջ ենք,— ասաց Վիլկերը տրտում ձայնով։— Պատերազմ, գեստապո, ավերակներ։ Եվ դեռ այս բոլորը ոչինչ։ Պատերազմից հետո ավելի վատ կլինի։ Պատերազմից հետո… Բայց ինձ թվում է, պատերազմը դեռ տասը տարի կտևի։
Նա գիտեր, որ Տիմակովի միջոցները շատ սուղ են։
— Ի՞նչ պիտի անես, եթե պատերազմը մի քանի տարով երկարի։ Շատ ապերախտ արհեստ ես ընտրել։ Պատերաղմի ժամանակ միայն ապաստարաններ և ամրություններ են կառուցում։
Տիմակովն աչքերը փակեց։ Վիլկերի ձայնը ավելի ծանրացավ.
— Անկեղծ ասած, չէի ուզի քո տեղը լինել… Ո՞րն է քո ապագան։ Ի՞նչ ես արել մինչև հիմա… Բացարձակապես ոչինչ։ Ապագադ ավելի մռայլ է։ Կարո՞ղ ես արհեստդ փոխել։ Ես քեզ առանց քանոնի, առանց մատիտի և առանց տախտակի չեմ տեսնում… Գուցե ձեռք քաշես, մի ուրիշ բանով զբաղվես։ Ի՞նչ կասեիր հաշվապահի պաշտոնի մասին… Դեռ այդ պաշտոնն էլ պետք է ճարել… Անկեղծ եմ ասում, Տիմակով, վշտացած եմ… Ուրիշ պատճառներ էլ կան… Դու լսեցի՞ր դոկտորի կանխագուշակումները։ Չնայած արտաքին տեսքիդ, քո առողջությունը փայլուն չէ… Ուզում եմ ասել, որ բուժվելու ժամանակն է… Վաղուց ժամանակն է… Վերջիվերջո, քո մեղքով չէ… Կյանքն է այդպես։ Զզվելի է, զզվելի՛, զզվելի՛… Եթե քաջ լինեի, մի գնդակ կարձակեի գանգիս։ Արագ է կատարվում… Ինչպես հայրդ… Մի օր զզվեց աշխարհից և մի գնդակ արձակեց գանգին… Ես նրանով հիանում եմ… Ինչո՞ւ համառել… Գերմանացիք երկար կմնան… Նրանք երբեք չեն գնա… Եվ դու, Տիմակով, օրերով, ամիսներով, տարիներով, գազանի պես պիտի պտտվես քո սենյակում և մի օր կտեսնես, որ սպիտակ թղթի վրա մի ուղիղ գիծ քաշելու խիզախություն անգամ չի մնացել մեջդ…
Նա լռեց, սպասեց իր խոսքերի ազդեցությանը։ Տիմակովն աչքերը բացեց և վեր կացավ.
— Բարեկամներ,— ասաց նա,— ես մի կարևոր նորություն ունեմ ձեզ հայտնելու։
Բոլորը աչքերը չռեցին նրա վրա։ Տիմակովը հոգնած ձայնով ասաց.
— Ես գնում եմ նորից լոգանք ընդունելու։
Դոկտորի կողքով անցնելիս, Վիլկերը համենայն դեպս ասաց.
— Մտածիր։
Նա նստեց Ֆրանսուազի կողքին։
— Այս երեկո շատախոս չես,— ասաց Վիլկերը։— Քո ձայնը չեմ լսել։
Ֆրանսուազը շարունակեց մատը բաժակի բերանին քսել։
— Ասելիք չունեմ։ Սպասում եմ։
— Արդարև… Սպասում ես, ինչպես մենք։
Հետո ձայնի երանգը փոխեց և նայեց նրա աչքերի մեջ.
— Մի վարորդ մի անցորդի մեքենայի տակ գցեց։ Նրա առաջին արարքը ո՞րը կլինի. բարձրացնում է անցորդին և փող առաջարկում։ Ճի՞շտ է, թե՞ ոչ։
Ֆրանսուազը չշարժվեց։ Ի՞նչ էր ուզում ասել։ Վիլկերը շարունակեց.
— Մի հարուստ մարդ մի նշանավոր նկարչի խնդրում է, որ իրեն նկարի։ Նրանք անմիջապես գնի մասին են համաձայնում։ Ճի՞շտ է։ Լավ։ Մի խանդոտ ամուսին դիմում է մի գործակալի, որ իր կնոջը հետևի։ Ի՞նչ է առաջարկում։ Փող։ Դատարանը երեք ամսվա ազատազրկման կամ մի որոշակի գումար մուծելու վճիռ է հանում։ Ի՞նչ է անում ամբաստանյալը։ Գումարն է մուծում։ Ազատությունը, սերը, արվեստը և վերքերը գնվում են։ Բաներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն, բայց առարկայանում են և մի մեծ չափի տակ մտնում։ Կշեռքի մի նժարին խառը դնում են բարեկամությունը, թշնամանքը, խարդախությունը, սերը, բարոյական և մարմնական վերքերը, իսկ մյուս նժարին դնում ես մի չեկ։ Զննում ես կշեռքը։ Ի՞նչ է կատարվում։ Ո՞ր նժարն է իջնում։ Պատասխանի՛ր…
Նա գրպանից մի չեկ հանեց, թիվը գրեց, ստորագրեց։
— Ես գիտեմ,— ասաց նա,— որ դու եղբայր ունես սանատորիայում, նա փողի կարիք ունի։ Սանատորիայից դուրս գալուց հետո էլ փողի կարիք կունենա։ Ես չեկը դնում եմ կշեռքի թաթին։ Համաձա՞յն ես։
Ֆրանսուազը զննեց չեկը։ Վիլկերը քաջալերված շարունակեց.
— Քո կարծիքով ի՞նչ պիտի անեն կին պատանդի հետ։ Կաուբախը երկու պատանդ է վերցնելու մեր միջից՝ առանց սեռերի խտրականության։ Գիշերը կանցկացնես որևէ զորանոցում, իսկ վաղ առավոտյան քեզ կթողնեն։ Չեկը քեզ կպատկանի։ Գուցե իմ առաջարկները քեզ լկտի թվան, բայց սա բանականության ձայնն է։ Կնոջ հետ ի՞նչ պիտի անեն։
— Ես կմտածեմ,— ասաց Ֆրանսուազը։
— Կարող ես չեկը քեզ մոտ պահել։
— Դեռ ոչ, ես կմտածեմ։
Այդ պահին Տիմակովը ներխուժեց սենյակ։ Նրա ոտքերը թաց էին։
— Երկու հանճարեղ միտք ծնվեց գլխումս,— ասաց նա։— Վիկտոր, Վիլկեր, օգնեք ինձ…
Տիմակովը նրանց տարավ նախասենյակ։
— Դաշնամուրը տեղափոխում ենք։
— Ինչո՞ւ։
— Գաղտնիք է։ Օգնեք ինձ։
Նրանք դաշնամուրը հրեցին ճաշասենյակ։
— Բրիժիտ, նստիր դաշնամուրի մոտ։
Բրիժիտն անսաց։
— Հիանալի է, հիանալի։ Դոկտոր, միջանցքի դուռը չե՞ք բացի։
Վերջինս վարանեց, հետո բացեց դուռը։
— Իսկ հիմա լռություն։ Բրիժիտը Բեթհովենի սոնատը կնվագի մեզ համար, Կաուբախին գերմանական կոմպոզիտորով կկակղեցնենք… Լռությո՛ւն…
Բրիժիտի մատները սահեցին ստեղների վրայով։ Առաջին հնչյունները միաձույլ արձակվեցին դաշնամուրից… Եըաժշտությունը չեզոքացրեց կրքերը։ Կիսախավարի մեջ թաղված ճաշասենյակում Բեթհովենը տիրեց։ Միայն Տիմակովն էր նայում կիսաբաց դռանը։ Կաուբախը չերևաց։
— Մեր հյուրը գերմանական երաժշտություն չի սիրում,— գոչեց Տիմակովը։
Բոլորը նայեցին կիսաբաց դռանը. մարդ չկար։ Տիմակովն իջեցրեց ձայնը։
— Երաժշտություն չի սիրում, բայց…
Նրա հայացքը կանգ առավ յուրաքանչյուրի վրա.
— Բայց նա անպայման սիրում է կանանց։
Տիմակովը սիգար վառեց, հենվեց դաշնամուրին և մի մատով մի տարածված եղանակ նվագեց։ Վերջապես Վիկտորը արձագանքեց.
— Կին որքան ուզես կճարենք,— ասաց նա։— Ես կարող եմ նրան հասցեներ տալ։
— Իհարկե՛, իհարկե՛,— անսպասելիորեն ասաց խոհերի մեջ թաղված Վիլկերը։
Վիկտորը շարունակեց.
— Բոլոր ունևոր ամուրիները Բերնարդենի հեռախոսն ունեն։ Ամենագեղեցիկ աղջիկները նրա մոտ են։ Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց…
— Մենք կվճարենք,— ասաց Պիեռը։
Տիմակովը փչեց սիգարի վրա, ծխախոտը ճթճթաց.
— Մենք չենք կարող Կուրտին միջնորդի մոտ ուղարկել…
— Բայց Բերնարդենը միջնորդ չէ,— առարկեց Վիկտորը։— Նա քաղաքի բոլոր նշանավոր մարդկանց գիտե…
— Նշանավոր մարդիկ նրան գիտեն,— ասաց Տիմակովը,— և գիտեն, թե ինչի համար… Հը՛մ… Բայց հարցը այդ չէ… Մենք շեղվում ենք։ Մենք չենք կարող Կաուբախին որևէ տեղ ուղարկել։ Լուրջ մտածենք։ Մեր ձեռքի տակ մեկ ժամ կա։ Վիլկե՛ր, բացատրիր նրանց իրավիճակը։
Վիլկերը շփոթված էր.
— Կացությանը շատ փափուկ է…— ասաց նա։— Ես շատ լավ հասկացա… Այսպես… Կաուբախն առաջին հայացքից անասուն է։ Համաձա՞յն եք։ Անասուն է, և դեռ ավելին, սադի՛ստ։ Մտնում է տունդ և սառնասրտորեն պատանդներ է վերցնում։ Դեռ ավելին, պահանջում է մարդկանցից, որ իրենք իրենց միջից ընտրեն… Հը՛մ… Եվ հանկարծ, թիթեռների հավաքածուն տեսնելով, զեղումներ է ունենում։ Համարյա անհավատալի բան է… Համաձա՞յն եք… Թիթեռների շնորհիվ երկու ժամ մտածելու հնարավորություն ենք ձեռք բերում… Հը՛մ… Երկարաձգումից ներում մի քայլ է։
— Մի կնոջ քայլ,— ճշտեց Տիմակովը։
Վիլկերը ավելի վստահ դարձավ.
— Այո… Կինը թիթեռի պես մի բան է։ Հավաքածուի մոտ եղած կինը նրան դուր կգա…
Նա լռեց։ Մի ճնշող լռություն տիրեց։
— Իսկ ո՞ւր է այդ կինը,— հարցրեց Վիկտորը։
Ոչ ոք չպատասխանեց։ Բրիժիտը նայեց Ֆրանսուազին։ Տիմակովը մատներով տկտկացրեց դաշնամուրի վրա։
— Ես շատ լավ հասկացա,— ասաց Պիեռը։— Ընդամենը երկու կին կա այստեղ։ Նրանցից մեկը պիտի պառկի գերմանացու հետ։ Հավանություն չեմ տալիս այդ գաղափարին։
— Ես էլ,— ասաց Վիկտորը,— մի ուրիշ բան գտնենք։
Վիլկերը ձեռքերը բարձրացրեց երկինք։
— Խոհեմ լինենք,— ասաց նա։— Մենք ամենափոքր առիթը պիտի օգտագործենք, ուրիշ ելք չունենք։ Եթե Վիկտորը թիթեռներ չունենար, մենք հիմա հինգ հոգի կլինեինք։ Մտածե՛ք… Տրամաբանող եղե՛ք… Դեռ հայտնի չէ, Կաուբախը կպառկի՞ նրանցից մեկի հետ թե՞ ոչ… Դա պարզապես խայծ է։
Տիմակովը խալաթը վրա բերեց և ասաց.
— Պե՛տք է որ նա պառկի։ Իհարկե, կինը կդիմադրի, բայց կպառկի։ Միջանցքում բազմոց կա։ Ես լուրջ եմ ասում։ Ամենամեծ մտերմությունը բարձի վրա է լինում։
— Բայց վերջիվերջո,— գոչեց Վիկտորը,— քո կարծիքով Կաուբախը մեր աչքի առջև պիտի հանվի ու հաճույքից մռմռա՞։
— Դուռը կփակենք։
— Ո՛չ, ո՛չ, դա անհեթեթ բան է։
Հետո նրա աչքերի մեջ նայեց.
— Ո՞վ կպառկի նրա հետ։ Իհարկե, ոչ իմ կինը։
Նորից լռություն։ Վիլկերը, որ մտածում էր, առաջարկեց.
— Մենք երբեք չենք իմանա, թե ով պառկեց Կաուբախի հետ։ Մենք բոլորս լողարան կգնանք։ Ֆրանսուազը և Բրիժիտը կմնան այստեղ և կորոշեն։ Երբ որ նրանք կկանչեն, մենք կվերադառնանք։
Ֆրանսուազը ժպտաց.
— Վիլկերը միշտ փայլուն մտքեր է ունենում,— ասաց նա։— Բայց ես սկզբից ասում եմ, որ Կաուբախի հետ չեմ պառկի։
— Դու իրավունք չունես այդպես խոսելու,— ասաց Վիլկերը։
— Ես առավել ևս չեմ պառկի Կաուբախի հետ,— ասաց Բրիժիտը։
— Մի՛ շտապիր… Ես, Ֆրանսուազին եմ դիմում։
Նա պատճառաբանություններ փնտրեց։
— Մենք որոշեցինք… Հավատա ինձ, որ սրտովս չէ։ Բայց մի ուրիշ հնարավորություն չունենք, պատերազմ է… Մեր խնդիրները մի դժվարացրու… Նախ և առաջ. դու ավելի սազական ես։ Բրիժիտն ամուսնացած է… Ամուսինն այստեղ է… Նա փորձ քիչ ունի։ Ուզում եմ ասել…
Մտքի թելը կորցրեց։ Հետո փոխեց տոնը.
— Եթե Կաուբախը զինվորական չլիներ… Մերոնցից լիներ, կպառկեի՞ր հետը։
Ֆրանսուազի աչքերը զայրույթից փայլում էին.
— Գուցե,— շպրտեց նա։
Վիլկերը թափ առավ.
— Արի կես ժամ պատկերացրու, որ զինվոր չէ։ Ավելի շուտ, համոզիր քեզ, որ պատերազմը վերջացել է, որ զինադադար է, որ մի օր մեր ազգերը կբարեկամանան։ Ո՞վ գիտե։
Սենյակը պղտորվեց Ֆրանսուազի աչքերի առջև.
— Ողջերը գուցե։ Իսկ սպանվածնե՞րը։ Նրանք, որ մեռնում են հիմա։ Նրանք, որ երեկ մեռան, նրանք, որ երբեք զինադադարի իրավունք չեն ունենա։ Նրանք գնում են լեղի բերանով, տկար, չբավարարված։ Մենք վերջիվերջո կհաշտվենք այս բոլորի հետ։ Դրոշներ կծածանվեն, երաժշտություն կլինի։ Մենք կպարենք մեր մեռելների վրա։ Երբևէ մտածե՞լ եք այդ դառը թագավորության մասին, որ արձագանքվում է մեր ոտքերի տակ։ Դա այն թագավորությունն է, որտեղ երկու հաշտված երկրների իրար վրա կիտված մեռելներն են։ Ես լսում եմ նրանց հեծեծանքները։ Եվ ես ամաչում եմ։ Պահեր են լինում, երբ ուզում եմ, որ պատերազմը հավերժորեն տևի, որպեսզի հաշտության փողերի ձայնի միջից ամուսնուս ձայնը չլսեմ. «Իսկ ե՞ս, իսկ ե՞ս…»։
Զայրույթի արցունքներ էին հոսում նրա այտերով։ Վիլկերը չհամառեց։ Աչքի պոչով նայեց Բրիժիտին։ Բրիժիտը շփոթվեց։
— Սիրելի Բրիժիտ, մենք բոլորս գիտենք, որ դու երբեք չես դավաճանել ամուսնուդ…
Վիկտորի հայացքը փաթաթվեց Վիլկերին։ Ի՞նչ էր ուզում ասել։ Ընտանիքի լավագույն բարեկամն էր։ Ինչպե՞ս էր կարողանում այդպիսի բաներ ասել։ Վիկտորի ձեռքերը կծկվեցին։ Պետք է պաշտպանել Բրիժիտին, նա շատ զգայուն էր բառերի նկատմամբ։
— Ո՛չ,— ասաց նա,— Բրիժիտն ինձ արդեն դավաճանել է։ Ճի՞շտ է թե ոչ, Բրիժիտ։
Բրիժիտը խուճապահար նայեց նրան։
— Պատասխանի՛ր։
Նա հայացքն իջեցրեց և հառեց ձեռքերին.
— Մի անգամ,— շշնջաց նա։
— Կյա՜նք է, կանցնի, կգնա,— ձգեց զարմացած Վիլկերը։
Արդյոք լո՞ւրջ էր ասում Բրիժիտը։ Նա սկսեց հիշողությունը պրպտել… Վերջիվերջո, դա հնարավոր է։
— Չշեղվենք մեր նյութից,— շարունակեց Վիլկերը։— Սիրելի Բրիժիտ, ժամանակը գնում է…
— Ի՞նչ պիտի անեմ,— հարցրեց Բրիժիտը։
Վիլկերը նայեց Վիկտորին։ Եվ քանի որ վերջինս լուռ էր, նրա թևը մտավ և տարավ պատուհանի մոտ։
— Պետք է համոզել նրան,— ասաց նա։— Նա կոզիր է։ Գեղեցիկ է, դուր կգա գերմանացուն։ Ես գիտեմ, դու հիմա վառվում ես, բայց զգացմունքների տեղը չէ։ Դու խելացի ես։ Դա քո շահն է և, իհարկե, նաև մեր շահը։ Դու լսեցիր Ֆրանսուազի պատասխանը։ Եթե նրան ուղարկենք Կաուբախի մոտ, ապա վերջինս երկու պատանդ վերցնելու փոխարեն մեզ բոլորիս կգնդակահարի։ Բրիժիտը մեղմ է…
Մի կծու ժպիտ սահեց Վիկտորի շրթունքներով, բայց նա ոչինչ չասաց։
— Չափազանցնելու կարիք չկա,— շարունակեց Վիլկերը։— Դատարկ բաների համար չարժե գլուխ կորցնել։ Օրական հիսուն հազար կին դավաճանում են իրենց ամուսիններին… Հապա հիշիր. դու առնվազն տասներկու ամուսնացած կնոջ հետ պառկած կլինես։ Եվ հետո, Բրիժիտը Կաուբախի հետ չի պառկի։ Նա իրեն կզոհի… Մի խոսքով հիմարություն մի անի։ Մի ուրիշ բան էլ ասեմ. դու Բրիժիտին համոզիր, ես ձեր պարտքը կմոռանամ։ Մի առարկիր… Ես բավական հարուստ եմ, որպեսզի այս երկու տարվա պարտքը մոռանամ։ Վիկտո՛ր, նայի՛ր աչքերիս։ Մի՞թե ես ձեր երկուսի բարեկամը չեմ։ Եթե այս զոհաբերությունը պահանջում եմ, ուրեմն դու պիտի համոզված լինես, որ լավն ու վատը կշռել եմ։ Ես քեզ հենց այնպես չեմ ասում։
Վիկտորը խոր շունչ քաշեց և գնաց տեղը նստեց.
— Բրիժիտը կարող է գործել այնպես, ինչպես ինքը կուզի,— վերջապես ասաց նա։
Վիլկերը թեքվեց և Բրիժիտի ականջին շշնջաց.
— Սիրելի Բրիժիտ, մեր վիճակը քեզնից է կախված… Մենք հույս ունենք, որ դու անհրաժեշտ բառեր կգտնես… Կաուբախն անասուն չէ… Բավական է միայն նրա թույլ տեղը գտնել և ասել, որ մեզ հանգիստ թողնի։
Բրիժիտը, աչքերը կիսախուփ, ճիգ գործադրելով լսում էր.
— Իսկ եթե նա չուզենա ինձ հետ պառկել։
Վիլկերը գլուխը շարժեց.
— Դու կին ես… Ես չպիտի սովորեցնեմ քեզ։ Դու գիտես ինչպես են հրապուրում տղամարդուն։ Դա հե՛շտ է… Հե՛շտ։ Դու գեղեցիկ ես, դու ցանկալի ես… Բավական է միայն մատդ շարժես… Սկսիր հետը շաղակրատել, հարցեր տուր թիթեռների մասին, հետո…
Նա ձայնը իջեցրեց.
— Դու ոչինչ չես վտանգում, դու արդեն հղի ես… Հը՛մ… Խոսիր հետը Վիկտորի մասին, իմ մասին… Ասա, որ մենք պարկեշտ մարդիկ ենք, որ քաղաքականությամբ չենք զբաղվում…
Բրիժիտը վեր կացավ, մի քայլ արեց։ Նայեց իր հյուրերին, շրթունքները սեղմեց, ամուսնու հայացքը փնտրեց, բայց այդ հայացքը դատարկ էր։ Ուզեց նախապես պատրաստած բառերն ասել, բայց նրա շրթունքներն այրող բառերը լեզվից պոկ չեկան։ Դռան բռնակը պտտեց և շպրտեց որպես մարտահրավեր.
— Բերնարդենի հասցեն երբվանի՞ց գիտես։
Առանց սպասելու ամուսնու պատասխանին, միջանցքի դուռը ետևից փակեց։
Վիկտորը երկար ժամանակ վիրավորի պես մնաց անշարժ։ Նրա ուղեղը հրաժարվում էր աչքերն այրող պատկերներն արձանագրել. իր կինը Կաուբախի հետ։ Հետո, կամաց֊կամաց, արյունը սկսեց ետ գալ. «Ես կսպանեմ Կաուբախին»,— մտածեց նա, բայց մնաց նստած։ Լսողությունը լարեց, աշխատելով կասկածելի աղմուկ լսել. հառաչանք…. կահույքի ճռճռոց… «Ծիծաղելի է, նա հենց նոր մտավ»։ Ինչպե՞ս պիտի ձեռնարկի։ Անմիջապես կհանվի՞։ Ի՞նչ է հագել շրջազգեստի տակ։ Նա այլևս չէր հիշում… Հա՛, մի փոքրիկ վարտիք և մի սպիտակ կրծկալ… Աշխատեց այդ մանրուքները մի կողմ վանել և անմիջապես Բրիժիտին պատկերացրեց Կաուբախի ծանրության տակ ճզմված։ Գուցե Կաուբախն ուրիշ բան է սիրում… Տեղնուտեղը մեկ ուրիշ տեսարան պատկերացրեց և նրա սիրտը կանգ առավ։ Գերմանացուն պատկերացրեց բազմոցի վրա՝ ձեռքերը մեջքին տարածած, իսկ Բրիժիտը…
Վիկտորը կծկված կոկորդով, դարձավ իր հյուրերին։ Վերջիններս լուռ էին։
— Խոստովանի՛ր, Վիլկեր, որ պառկել ես Բրիժիտի հետ։
Վիլկերը, որ սպասում էր Վիկտորի խոսքերին, պատասխանեց.
— Երբե՛ք, նույնիսկ չեմ մտածել դրա մասին։
— Իսկ դո՞ւ, Տիմակով։
— Ո՛չ, ո՛չ…
— Իսկ դո՞ւ, դոկտոր… Դու բժիշկ ես… Դու առիթ ունեցած կլինես…
Դոկտորը գլուխը տնկեց.
— Ո՛չ, Վիկտոր, ո՛չ, ո՛չ։ Ես Բրիժիտին իմ աղջկա տեղն եմ դնում։
Վիկտորը նայեց Պիեռին և որոշեց նրան չհարցնել։ Հետո նայեց Ֆրանսուազին.
— Այնքան էլ գեղեցիկ չէր արածդ… Բրիժիտն ամուսնացած է…
Ֆրանսուազը չշարժվեց։ Վիկտորը տաքացավ.
— Միայն դու չես այրիացել պատերազմից։ Չլինի՞ թե ուզում ես ինձ համոզել, որ երկու տարի է ոչ մի տղամարդու չես հանդիպել։ Չի՛ կարող պատահել… Ուրեմն ինչ կարիք կար… Բրիժիտն ամուսնացած է, ես այստեղ եմ, իմ բարեկամների հետ… Իսկ դու ազատ ես… Դու կարող էիր նրա փոխարեն գնալ… Դու էլ նրա պես գեղեցիկ ես… Դու ավելի չաղ ես… Գերմանացիք սիրում են գեր կանանց… Քո զիստերը պիտի որ ավելի հաստ լինեն… Բաց արա՛ տեսնենք քո զիստերը…
Ատամները սեղմած հևում էր։ Ֆրանսուազը չշարժվեց։ Իսկ լսե՞ց։ Վիկտորը դարձավ մյուսներին.
— Ես ուզում եմ տեսնել նրա զիստերը…
Մի ճնշող լռություն տիրեց, հետո Վիկտորը ձեռ քաշեց Ֆրանսուազից և դարձավ Վիլկերին.
— Բոլորը գիտեն, որ դու դավաճանում ես քո կնոջը։
Վիլկերը որոշել էր լուռ մնալ։ Ինքն էլ, եթե Վիկտորի տեղը լիներ, նույնը պիտի աներ։ Քրտինքի խոշոր կաթիլներ էին ծածկել Վիկտորի ճակատը.
— Քո կինը հրեշտակ է, իսկ դու վաղուց դավաճանում ես նրան։ Չե՞ս ամաչում։ Հապա մի քեզ նայիր, քավթառ ես դու, բայց ջահել աղջիկների ետևից ես վազում… Բա չե՞ս ամաչում…
Նա կծու խոսքեր փնտրեց, բայց բառերը կորցրել էին ճկունությունը և նպատակին չէին հասնում։
— Դու կարծում ես, որ փող ունես, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի՞ է… Աղջիկները փողերիդ համար են պառկում քեզ հետ։ Ուրիշ ի՞նչ կարող ես նրանց տալ։ Դու ծեր ես, բայց փող ունես…
Նա խրվում էր չարախոսությունների մեջ։ Լռեց, հազաց և կպավ Տիմակովից.
— Խալաթդ փակիր… Մեզ գրգռելու հոգ մի տար… Մենք տղաներ չենք սիրում։ Եվ չկարծես, թե ինձ հետ մի բան կստացվի…
Ինչո՞ւ էր Տիմակովին արվամոլ անվանում։ Չգիտեր։ Նրան թվում էր, թե ինքը չի խոսում։ Գիտեր, որ Տիմակովը միայն կանանց է սիրում, բայց լեզուն այլևս իր մտքերը չէր արտահայտում։ Լռության մեջ միայն իր սեփական ձայնն էր լսում.
— Դու դեռ ջահել ես Տիմակով։ Ժամանակն է, որ խելքի գաս։ Ինչպե՞ս ես կարողանում տղամարդու հետ սեր անել։
Տիմակովը չպատասխանեց։ Չէր ուզում Վիկտորին ավելի գրգռել։ Վիկտորի ակնարկները զվարճացնում էին նրան։
— Դե խոստովանիր, Տիմակով, որ դու կեղտոտ պեգե ես։
Տիմակովը չպատասխանեց։ Վիկտորը կպավ դոկտորից.
— Դոկտոր, գլուխս ցավում է։ Հանվե՛ք։ Դու միայն այս բառը գիտես. հանվե՛ք։ Քանի՞ կին ես դատարկ տեղը մերկացրել։ Ի դեպ, անցյալ տարվա գեղեցիկ բուժքույրը ի՞նչ եղավ։ Նա, կարծեմ, նույնիսկ քո կնոջը հետաքրքրեց։ Տեսնո՞ւմ ես… Ես շատ բան գիտեմ… Եվ դեռ բոլորը չեմ ասում…
Մի ջղային ծիծաղ ցնցեց նրան.
— Հիշո՞ւմ ես անցյալ տարվա Կաղանդին։ Դու չէիր ուզում տնից դուրս գալ։ Ուզում էիր Նոր Տարին ընտանիքում տոնել… Քո կնոջ և բուժքրոջ հետ։ Եթե քո հաճախորդները իմանային, թե ի՜նչ է կատարվել… Այնպիսի բաներ էին ասում…
Դոկտորը խոր շունչ քաշեց և շրջվեց։ Վիկտորը լռեց։ Նա մի բաժակ գինի լցրեց ու կամաց խմեց։
— Իսկ ե՞ս,— լրջորեն ասաց Պիեռը,— դու ինձ մոռացար։
Վիկտորը բաժակը տեղը դրեց.
— Դու լավ կանես, որ ռեխդ փակես, սեռական կյանք չես ունեցել, բայց վեներական հիվանդությամբ ես վարակվել։
Զգաց, որ իր ասածները ոչ մի միտք չունեն, բայց ավելի վատ։ Դուրս եկավ ճաշասրահից, որ գլուխը ծորակի տակ պահի։ Այլևս չէր ուզում Բրիժիտի մասին մտածել։ Ծորակը բացելուց առաջ վերադարձավ ճաշասենյակ, որպեսզի տեսնի, թե բարեկամները իր վրա չե՞ն ծիծաղում։ Ոչ ոք տեղից չէր շարժվել։ Հանգստացած մի անձեռոցիկ շպրտեց սեղանին.
— Եթե Կաուբախը անձեռոցիկ ուզի…
Թողեց, որ սառը ջուրը հոսի գլխին։
— Դեռ չի վերադարձե՞լ։
Միջանցքից ոչ մի ձայն չէր գալիս։ Վիկտորը նոր պատրվակներ փնտրեց, որպեսզի բարեկամների վրա հարձակվի։ Վիլկերը գուշակեց նրա ցանկությունը և նրան տարավ պատուհանի մոտ.
— Վերջացրի՞ր հիմարություններդ։ Եթե ես կին լինեի, Բրիժիտի պես կվարվեի։ Նա վստահ է, որ իր կաշին կփրկի։ Մենք ընդամենը վեց հոգով կմնանք։ Մեր հնարավորությունները նվազում են։ Կաուբախը քեզ էլ կխնայի, դա հաստատ է, ուրեմն մի քիչ խոհեմ եղիր… Մե՛նք ենք վտանգում մեր կյանքը…
Խոսելու ընթացքում նրա գլխում մի դիվական միտք ծագեց. դարձավ մյուսներին և ասաց.
— Ես մի տասը հոգու զանգ տամ ու կանչեմ այստեղ։ Գերմանացին երկու պատանդ է ուզում։ Նա այդ երկուսին ամբողջ խմբից կընտրի։
Պիեռը վեր կացավ.
— Խելագարվե՞լ ես, ինչ է։
— Որքան շատ լինենք, այնքան դուրս պրծնելու մեր հնարավորությունները կմեծանան։ Ես մի քսան հոգու զանգ կտամ։
— Գերմանացիք չեն թողնի, որ տանը մոտենան,— ասաց Տիմակովը։
— Ես Կաուբախին կասեմ, որ թողնի։ Ամենից առաջ ես կզանգեմ…
— Ի՞նչ ես ասելու նրանց։
Վիլկերը չպատասխանեց։ Նա մի համար հավաքեց և հազաց.
— Ալո, Բերժ։ Վիլկերն է։ Այս ժամին պառկե՞լ ես։ Ես Մանսեի մոտ եմ։ Կնոջ տարեդարձն է։ Չես ուզո՞ւմ մեզ միանալ։
— …
— Շամպայն կա, սիգարեթներ, երաժշտություն։ Գալի՞ս ես։
— …
— Բնավ, դու մեզ չես խանգարի։ Ընդհակառակը։ Թող խենթերը շատանան… Հեծանիվով արի։ Աշխարհի ծայրին չէ։ Ես կրկնում եմ, որ նախապատերազմյան շամպայն կա։ Մի տասը շիշ։ Եվ հետո քո բոլոր բարեկամներին կտեսնես։ Գալի՞ս ես։
— …
— Տիմակովն էլ այստեղ է, լավ տրամադրության մեջ է։ Դոկտոր Քարտը, գեղեցկուհի Ֆրանսուազը։ Մենք մի քիչ հարբած ենք։ Գալի՞ս ես։
— …
— Ավելի վատ քեզ համար։
Լսափողը կախեց, նայեց ծոցատետրին։ Մի նոր համար հավաքեց և նկատեց, որ Պիեռն անջատել է հեռախոսը։ Ուսերը թոթվեց, սկսեց ետ ու առաջ քայլել։
— Ի՞նչ է անում այնտեղ,— հարցրեց Վիկտորը, նայելով միջանցքի դռանը։
Դոկտորը Վիկտորի խոսքերը չէր մարսել։ Սառը նայեց նրան՝ պատասխանեց.
— Դու շատ լավ գիտես, թե ինչ է անում։
Զարմացավ, իր մեջ այդքան ատելություն գտնելով։ Տարիներ էր ապրել, առանց զայրույթի ամենափոքր նշան իսկ ցույց տալու։ Կարծում էր, թե չար զգացմունքներից հեռու էր։ Նա ավելացրեց.
— Ուզում ես, որ նկարե՞մ։
Նրա ներսում կարծես թե մի շղթա էր հյուսվում. անխղճությունը, հիմարությունը, զայրույթը, վախը հյուսվում էին իրար մեջ։
Վիկտորը որտեղի՞ց է իմացել, որ ինքը դարպասում է իր բուժքրոջը։ Եվ ինչո՞ւ երբեք չի խոսել դրա մասին, թեկուզ կատակով։ Վիկտորը հետևում էր դոկտորին.
— Մի սրան լսե՛ք,— ասաց նա։— Նա ուզում է ինձ ավելի ստորացնել։ Կարծես թե Բրիժիտին ես եմ առաջարկել Կաուբախի մոտ գնալ։
Դոկտորը չշարունակեց։ Հանկարծ մտածեց, որ իր վիճակը Բրիժիտից կարող է կախված լինել։ Նա փափկեց.
— Ես չեմ ուզում քեզ ստորացնել Վիկտոր, բայց ի սեր աստծո, հանգիստ մնա… Դանակը ոսկորին է հասել։
Նա մի կտոր խոզապուխտ կտրեց և կատաղորեն ծամեց։ Վիկտորի շրթունքները թրջվեցին.
— Ինձ համար էլ է դանակը ոսկորին հասել… Դուք կարծում եք, որ հե՞շտ է։
— Սը՛ս… Ահա նա…
Իսկապես, դուռը բացվեց ու հայտնվեց Բրիժիտը։ Վիկտորն անմիջապես հայացքով կերավ նրան։ Կասկածելի հետքեր փնտրեց։ Մազերը խառնված չէին։ Շրջազգեստի վրա ծալքեր չկան։ Բրիժիտը, բավականին անբռնազբոսիկ, եկավ առաջ։ Անտարբեր հայացքով նայեց հյուրերին, հետո դաշնամուրի աթոռին նստեց և մեջքը արեց նրանց։ Նա մի անտարբեր ձայնով ասաց.
— Ոչինչ չի լինի անել։ Կաուբախն ավելի համառորեն է պահանջում երկու պատանդներին…
Նա աթոռի հետ շրջվեց ու ավելացրեց.
— Կես ժամ է մնացել ընտրելու համար։
Սառը քրտինքը պատեց Վիլկերի մարմինը։ Վիկտորը ցնծաց.
— Ես ձեզ ասում էի։ Մեր զոհաբերությունը ոչինչ չտվեց։
Տիմակովը, որ մնացել էր դաշնամուրին հենված, խալաթը վրա բերեց.
— Ոչ,— ասաց նա։— Տվեց…
Նրանք զարմացած իրար նայեցին։ Տիմակովն ավելացրեց.
— Բրիժիտը քաջությամբ մտավ։ Քանի որ այդ միտքն իմն էր, ես հրապարակավ խոստովանում եմ իմ հանցանքը։ Ես պատանդ եմ դառնում։
Նա վեհանձնորեն ուղղվեց դեպի լողասրահ։
— Անկեղծ ասած, ես չէի կարծում, որ Տիմակովն այդպիսի քայլի ընդունակ է,—բացականչեց Վիլկերը։— Մեզ մնում է միայն երկրորդ պատանդը ընտրել։
Նա որոշեց Ֆրանսուազին համոզել։ Նստեց նրա կողքին.
— Սիրելի Ֆրանսուազ…
Նրա խոսելու հետ մի մեծ տաղտուկ պատեց Ֆրանսուազին։ Մանկության հուշերը հորդեցին գլխում։ Իրեն տեսավ դասարանում՝ պատմության դասատուին լսելիս։ Նա բարձրահասակ էր, նուրբ, մաքուր սափրված։ Հիշեց, որ անուշահոտությամբ էր օծվում։ Մինչև հիմա էլ վարսավիրանոցի մոտով անցնելիս, այդ սիրտ խառնող հոտն էր առնում։ Տասնհինգ տարեկան՝ կուսանոցի պանսիոնատում էր և սիրահարված էր Սարենին։ Այդ ժամանակ ինքը շիկահեր էր, այտերին փոսիկներ կային և փողփողուն գույներով շրջազգեստ էր հագնում։ Այսինքն՝ ամբողջ դասարանն էր սիրահարված Սարենին։ Նա բակալավրի քննություններին էր պատրաստվում… Ավելի ուշ, առաջին անգամ, իր աչքերի մեջ նայող տղային սիրահարվեց։ Հետո հանդիպեց Լյուքին… Այս հիշողությունից խանդաղատանքի մի ալիք տարածվեց նրա սրտում, ամեն ինչ խավարեց աչքերի առջև։ Լյուքը մեռած էր։ Մեռած և թաղված…
— Համաձայն եմ, համաձայն եմ, ես պատանդ կգնամ,— ասաց նա։— Ես պատանդ կգնամ։
Վիլկերը շունչ քաշեց, ուզեց մի բան էլ ավելացնել։
— Խնդրում եմ, մի խոսեք։ Ես կգնամ…
Վիկտորը կնոջը նշան արեց, որ իր հետևից հյուրասենյակ գա։ Բրիժիտը վարանեց, հետո վեր կացավ։
— Լսում եմ քեզ,— ասաց Վիկտորը։
Նրա նյարդերը մաշկի տակ այրվում էին։ Կատաղությունից շնչահեղձ էր լինում։ Բրիժիտը հանգիստ պատասխանեց.
— Ես պատմելու բան չունեմ։
— Բրիժիտ, ես այլևս չեմ կարող…
Նրան թվաց, թե այլևս չի կարող խոսել, եղունգները խրեց կնոջ ձեռքերի մեջ։
— Վիկտոր, ցավեցնում ես…
Նա կամաց էր խոսում, անկեղծ։ Վիկտորը զգաց, որ իր եղունգները խորն են գնացել, որ ցավեցնում է։ Առավել ևս…
— Ուրեմն այդքա՞նը։
— Վիկտոր, ոչինչ չի՛ եղել…
Ձեռքը մտքից ավելի արագ հարվածեց կնոջ այտին։ Առաջին անգամն էր ապտակում նրան։ Բրիժիտը շշմած էր։ Տեղնուտեղը մի մեծ խղճահարություն պատեց Վիկտորին։ Ամուր գրկեց կնոջը և համբույրներով ծածկեց նրան։
— Սիրելի՜ս, սիրելի՜ս… սարսափելի է…. Ես չգիտեի, որ այսքան սիրում եմ քեզ… Բայց ճշմարտությունը ինձ պիտի ասես, հասկանո՞ւմ ես, անորոշությունը… Ճշմարտությունը պիտի ասես ինձ… Ես գիտեմ, ես մեղավոր եմ, բայց դու պիտի դիմադրեիր… Հասկանո՞ւմ ես…
Բառերը դժվարությամբ էին դուրս գալիս նրա կոկորդից։ Համբուրում էր կնոջ վիզը, աչքերը, բերանը։ Չէր զգում, թե ինչ է կատարվում իր հետ։ Ուզում էր ծեծել, գորովանքի մեջ խեղդել, բաժանվել, հեռավոր ճամփորդության գնալ հետը։ Բրիժիտը հնազանդորեն թողնում էր, որ Վիկտորն ուզածն անի։ Վերջապես նա հանգստացավ և հանկարծակի ասաց.
— Երկուսով էլ պատանդ գնանք։
— Լսեցի՞ք։
Նրանք ականջ դրեցին։ Տագնապի ազդանշան էր։
— Ռմբակոծություն է,— ասաց դոկտորը։— Պետք է ապաստարան գնալ։
— Ամենամոտիկ ապաստարանը հարևան փողոցում է։ Պետք է Կաուբախին հայտնել։
Այժմ բոլոր շչակները ոռնում էին։ Առաջին ռումբերը քաղաքի վրա ընկան։ Կաուբախը միջանցքի դուռը բացեց։ Նա հանգիստ էր, անբռնազբոսիկ։ Խոշորացույցը շարունակ ձեռքին էր։
— Առանց խենթությունների,— ասաց նա սուր ձայնով։— Պա՞րզ է։ Ոչ ոք դուրս չգա բնակարանից։ Ցտեսություն։
Նա դուռը ծածկեց։ Դոկտորը ծայր աստիճան հուզված դիմեց Բրիժիտին.
— Բրիժիտ, մի բան ասա այդ անասունին։ Մենք չենք կարող այստեղ մնալ։
— Ինչո՞ւ ես Բրիժիտին դիմում,— հարցրեց Վիկտորը։
Դոկտորն անհամբեր էր.
— Չգիտեմ, Բրիժիտը կամ Ֆրանսուազը։— Բրիժիտն իրավունք ունի ազատվելու։
Վիկտորն ուսերը թոթվեց.
— Տիմակովն ո՞ւր է։
Մի ռումբ սուլեց նրանց գլխավերևում։ Բոլորն ընկան հատակին։ Ռումբը շատ մոտիկ պայթեց։
— Այնքան էլ հեռու չընկավ,— ասաց Վիլկերը վախեցած ձայնով։
Գերմանացիք հակահարված էին տալիս։ Տասը րոպե շարունակ երկնքում սոսկալի դղրդոց էր։ Հակաօդային հրանոթները անդադար կրակում էին։ Վիլկերը գլուխը ձեռքերի մեջ առած, ռումբերի սուլոցով անկման տեղն էր որոշում։ Նա լսում էր, իսկ կողքին դոկտորը շնչահեղձ էր լինում։ Հանկարծ, ռումբի մի ծակող սուլոց օդը ճեղքեց. «Վերջ, մեր գլխին է գալիս»։ Նա աչքերը փակեց, ձեռքերը կատաղորեն քսեց գետնին, կարծես ուզում էր սարսափեցնող մտքերը հեռու վանել։ Ռումբը հարևան փողոցում պայթեց, բայց պայթյունի ալիքը ապակիները փշրեց։ Հետո լռություն տիրեց.
— Քեզ բան չի դիպե՞լ, Վիլկեր։
Աչքերը բացեց և բոլորին ոտքի վրա տեսնելով, զարմացավ։
— Վեր եմ կենում,— ասաց նա։
Մկանները չէին հնազանդվում նրան։ Վիկտորը կռացավ, որ բարձրացնի։
— Թող,— ասաց նա։— Վեր եմ կենում։
Մկանները վերջապես բացվեցին և երկու րոպե հետո, նա ոտքի վրա էր։ Կարծես ծերացած լիներ։ Կնճիռները խորացել էին նրա դեմքին։ Նա ընկավ մի աթոռի վրա, թևերը շարժեց, համոզվելու, որ վիրավորված չէ։ Բրիժիտը ապակու կտորներն էր ավլում և հավաքում մի անկյունում։ Դոկտորը բաճկոնի վրայի փոշին էր թափ տալիս։
— Ես դեռ ողջ եմ։
Տիմակովը հայտնվեց։ Նա ձեռքերի վրա Վիլկերի շունն էր բերում։ Բերեց, դրեց հատակին, տիրոջ մոտ։ Շան փորի վրա սոսկալի արնածոր մի վերք կար։ Լեզուն կախ գցած, հոգեվարքի մեջ էր։ Վիլկերը վեր թռավ.
— Ի՞նչ է պատահել։
— Պատուհանի մոտ էր։ Ապակու կտոր է դիպել։ Թողնում եմ ձեզ։
Տիմակովը վերադարձավ լողասրահ։ Բոլորը կռացել էին շան վրա։ Արյունը ցայտում էր վերքից և տարածվում հատակին։ Վիկտորը վատ զգալով, Բրիժիտին տարավ մի կողմ։ Պատռված փորոտիքով կենդանու պատկերը ուրիշ տեսարաններ էր հիշեցնում։ Շան արյունը մարդու արյան պես կարմիր էր, իսկ փորոտիքը, կարծես մարդու փորոտիք լիներ։
— Ո՛չ, ո՛չ, մենք պատանդ չենք գնա,— ասաց նա։
Նա տաքացավ.
— Եթե նույնիսկ պառկել ես Կաուբախի հետ… Ես քեզ կներեմ… Ի՜նչ փույթ։ Կյանքը մեր առջևում է… Ես կմոռանամ…
Նա կնոջը ամուր գրկեց։
— Չի՛ կարելի այստեղ թողնել,— ասաց Ֆրանսուազը՝ շանը ցույց տալով։
Վիլկերը փորձեց առարկել.
— Բայց նա սատկած չէ։
— Պե՛տք է հեռացնել։
Ֆրանսուազի նյարդերը ծայր աստիճան լարված էին։ Նա քիչ էր մնում փսխեր։
— Դոկտոր, հեռացրե՛ք…
— Խե՜ղճ Քրեյզի,— ողբաց Վիլկերը։
Դոկտորը իրեն ստիպելով շունը վերցրեց և տարավ խոհանոց։
— Պետք է արյունը մաքրել,— համառեց Ֆրանսուազը։
Բրիժիտը գնաց թաց շոր բերելու։ Ֆրանսուազը կռացավ և Վիլկերի ականջին շշնջաց.
— Ես մտադրությունս փոխեցի։ Պետք է ուրիշ պատանդ գտնել։
Վիլկերն ուժասպառ աչքերը փակեց։
— Ես քեզ առաջվա պես սիրում եմ Բրիժիտ։
Վիկտորը զարմացած գլուխը բարձրացրեց։ Պիեռն էր։ Բրիժիտը շրջվեց նրա կողմը։
— Ես քեզ միշտ սիրել եմ, բայց դու գերադասեցիր Վիկտորի հետ ամուսնանալ…
Նա խոսում էր հանգիստ, առանց ձայնը բարձրացնելու, կարծես միայն Բրիժիտի հետ լիներ։ Վիկտորը կարծեց, թե քնած է և երազում է խոսում։ Դեմքի վրա ոչ մի մկան չէր շարժվում։
— Դու հիշո՞ւմ ես մեր առաջին ժամադրությունը։
Մի տխուր ժպիտ հայտնվեց նրա շրթունքներին։ Վիկտորն ուզում էր միջամտել, բայց Ֆրանսուազը նշան արեց, որ լռի։ Պիեռը շարունակեց.
— Ես յուրաքանչյուր մանրուք հիշում եմ։ Դու սպիտակ շապիկ էիր հագել և շագանակագույն շրջազգեստ, իսկ պարանոցիդ՝ ծխագույն ժապավեն կար… Երեկվա պես հիշում եմ… Նաև արևային ակնոց էիր դրել։ Արևոտ օր էր, բայց դու ուզում էիր, որ կինո գնայինք։ Հիշո՞ւմ ես։
Պատասխան չկար։ Պիեռը ավելի հանգիստ խոսեց.
— Ես գիտեմ, որ դու ուշադիր լսում ես։ Ես գիտեմ նաև, որ Վիկտորը կողքիդ է։ Ես քեզ միշտ սիրել եմ Բրիժիտ։ Այժմ ավելի, քան երբեք։ Եթե չկուրանայի, կամուսնանայի քեզ հետ։ Ես պետք է քեզ ասեի այդ մասին։ Այժմ ես թեթևացած եմ…
Մի ճնշող լռություն տիրեց։ Վիլկերը հանկարծ, կարծես վերջին ճիգով, վեր կացավ և ասաց.
— Բարեկամնե՜րս, բարեկամնե՜րս, խնայե՛ք ինձ։ Ես այլևս քաջություն չունեմ պայքարելու։ Ինձ մի քանի տարվա կյանք է մնում, թողեք հանգիստ ապրեմ։ Հավատացնում եմ ձեզ, որ հանգստի և ապավենի իրավունք ունեմ, առանց դրա կյանքը լիակատար չի լինի։ Ես տառապել եմ երիտասարդ հասակում, ես պայքարել եմ։ Թողեք, որ իմ կյանքը իր բնական ընթացքով գնա։ Ես պրպտում եմ իմ հուշերը և ոչ մի բիծ չեմ տեսնում։ Ես իմ միջոցների չափով օգնել եմ բոլորին։
Նա շունչ առավ և շարունակեց.
— Մի օր իրերս գրավ դրեցի, որ ընկերոջս օգնեմ։ Նա երբեք չիմացավ այդ մասին։ Մի ուրիշ օր էլ մի այլ բարեկամի պարտքերը վճարեցի։ Հինգ տարի շարունակ, ես մի որոշակի գումար եմ ուղարկել մի տղայի, որին հազիվ էի ճանաչում, որպեսզի իր ուսումը կիսատ չթողնի։ Եվ լավ լսեք… Դուք ինձ տխմարի, միամիտի տեղ կդնեք… Ավելի վատ։ Ես ձեզ երբեք չեմ ասել այդ մասին. երբ ես ամուսնացա, իմ կինը հղի էր… Ինձնից չէ… Ուրիշից։ Եվ ես գիտեի։ Բայց և այնպես, ամուսնացա։ Որովհետև կամ ես շատ բարի էի, կամ էլ շատ հիմար։ Բարեկամնե՜րս…
Հուզմունքը խեղդում էր նրան։ Նա անկեղծ էր։
— Բարեկամնե՜րս, ինձ պետք է խղճալ։ Ես ձեր հոր տեղն եմ գալիս…
Նա հարբածի պես գնաց տեղը նստեց, գլուխը ետ գցեց և աչքերը փակեց…
Դոկտորն անմիջապես, առանց տեղից ելնելու, սկսեց պատառաքաղով սեղանը թակել.
— Իմ մասնավոր կյանքը ձեզ չեմ պատմի։ Այն ձեզ հայտնի է։ Ես պաշտում եմ իմ կնոջը։ (Նա պաշտում է ինձ)։ Բայց դուք անծանոթ եք իմ ամենօրյա զոհաբերություններին։ Ես գիշեր֊ցերեկ աշխատում եմ։ Կարող եմ ձեզ ասել, որ հարյուրավոր հիվանդներ եմ բուժել, առանց մի սու պահանջելու։ Ահա, թե ինչ պիտի հայտնեմ ձեզ. իրավունք ունե՞մ ես որպես պատանդ գնալու, իրավունք ունե՞մ հիվանդներին լքելու։ Իհարկե, ուրիշ բժիշկներ կան, բայց իմ հիվանդները… Քանի՜ տարի է բուժում եմ նրանց։ Ես նրանց ժառանգականությունը գիտեմ, գիտեմ նրանց թույլ կողմերը, որոնք մի ուրիշ բժիշկ, գուցե, չկասկածի։ Ո՛չ, ո՛չ… Առանց ինքնագովաբանման կասեմ, իմ կարիքը դեռ զգում են։ Մարդկայնորեն ասած, դուք պիտի ինձ խնայեք։
Նա պատառաքաղը գցեց և նայեց բոլորի աչքերին։ Վիկտորը պարտավորված զգաց խոսք առնելու.
— Բրիժիտը սպասում է երեխայի։ Իմ պարտքն է նրա կողքին մնալ։ Ես ոչ մեկին ո՛չ սպանել եմ, ո՛չ թալանել։ Ես հանգիստ և ազնիվ կյանք եմ վարում։ Ինձ և Բրիժիտին պիտի խնայեք։ Մենք տունուտեղ ունենք, երեխաներ կունենանք…
Նա դոկտորի սառը հայացքին հանդիպեց.
— Ես հերոսական արարքներ չեմ գործել, բայց կարող եմ մի գաղտնիք բացել։ Իմ գրախանութի նկուղում, մի շաբաթ, դիմադրության մի մասնակից եմ պահել, որին փնտրում էին գերմանացիք։
Տիմակովը թաց մազերով, դռանը հենված, խոսակցությունն էր լսում։ Վիկտորը շարունակեց.
— Ես կարող եմ դիմադրության ուրիշ մասնակիցների էլ օգուտ տալ։ Նրանք իմ հասցեն գիտեն։ Ես գուցե ինքս էլ միանամ դիմադրությանը…
Լռություն տիրեց։ Պիեռը վեր կացավ.
— Անջատիչը որտե՞ղ է,— հարցրեց նա։
— Դռան մոտ,— պատասխանեց Բրիժիտը։
— Տար ինձ դռան մոտ։
Բրիժիտը ձեռքը տվեց նրան։ Պիեռը լույսը հանգցրեց, և սենյակը թաղվեց խավարի մեջ։
— Դուք բոլորդ ձեր բարի արարքները ցուցադրեցիք։ Դուք բոլորդ արժանի եք խնայվելու։ Հրահանդ հանգցրո՛ւ, Վիկտոր։
Երկար լռություն տիրեց։ Գուցե երկու րոպե։
— Ձեր համբերությունը արդեն հատնում է,— ասաց Պիեռը։— Մի քանի րոպե անցավ և դուք չեք կարողանում խավարը տանել։
Մի ջղային ծիծաղ ցնցեց նրան.
— Այժմ պատկերացրեք, որ ոչ թե տասը րոպե, այլ այս ամբողջ կյանքը խավարում պիտի ապրեք, ի՞նչ կանեիք դուք։ Ես գիտեմ ձեր պատասխանը, պիտի ասեք, որ կգերադասեիք մեռնել։ Դա սկզբում են ասում։ Հետո կասեք՝ պետք է ընտելանալ դրան։ Հենց դա պատահեց ինձ հետ։ Նահատակի պես տառապեցի, որպեսզի ընտելանամ։ Այժմ հանդուրժում եմ խավարը և գտել եմ կյանքի իմաստը։
Նրա ձայնը անսպասելիորեն բարձրացավ.
— Այս բոլոր զոհաբերություններից հետո ես ավելի արժանի եմ խնայվելու։ Ահա ամբողջը։ Կարող ես լույսը վառել, Բրիժիտ։
Բրիժիտը վառեց։
— Վիլկերն անհետացել է,— անտարբեր ձայնով հայտնեց Տիմակովը։
Իսկապես, Վիլկերն այլևս ճաշասենյակում չէր։
— Բայց, վերջիվերջո ո՞ւր է գնացել։ Ես նրան չեմ գտնում,— Վիկտորը նայեց հյուրերին.
— Հո չէր աներևութանա։ Պատուհանները փակ են։
— Նորից փնտրենք։
Նրանք բոլոր սենյակները զննեցին։ Նայեցին բոլոր մահճակալների տակ։
— Կտեսնեք, Կաուբախը հիմա կգա պատանդներին վերցնելու։
— Որտե՞ղ կարող էր թաքնվել։— Վիկտորը հանկարծ անցյալ շաբաթ գնված և խոհանոցում դրված պահարանը հիշեց։
— Եկե՛ք,— ասաց նա։
Նրանք մտան խոհանոց։ Հատակը թաց էր։ Վիկտորը բացեց պահարանը։
— Վիլկե՛ր։
Ոչ մի պատասխան։ Վիկտորն ականջը կպցրեց պահարանին.
— Այնտեղ է, ես լսում եմ նրա շնչառությունը…
— Ինչպե՞ս է տեղավորվել այնտեղ,— զարմացավ դոկտորը։— Երևի պպզել է։ Բանալի չունե՞ս։
— Ընդամենը մեկ բանալի կա։
— Դուրս արի՛, Վիլկեր,— ասաց դոկտորը։— Գիտենք, որ այդտեղ ես։
Վերջապես նրանք մի խուլ ձայն լսեցին.
— Գնացե՛ք, գնացե՛ք։ Մոռացե՜ք ինձ։
— Եթե դուրս չգաս, մենք ստիպված կլինենք փականը կոտրել։
— Մոռացե՜ք ինձ, մոռացե՜ք ինձ,— աղաչեց Վիլկերը։— Ես ոչ մի հնարավորություն չունեմ փրկվելու։ Ես ձեզ համար մի պատանդ ճարեցի։ Մյուսին էլ ձեր միջից ջոկեք։ Տիմակով, ասա նրանց, որ… որ ես փրկվելու ոչ մի հնարավորություն չունեմ։ Կաուբախը ինձ կջոկի։ Հենց որ եկավ, ես այդ զգացի։ Իմ տեսքը նրան դուր չեկավ։
Վիկտորը մուրճի հարվածով փականը կոտրեց։ Վիլկերը քրտնած, շնչահեղձ, աչքերը կարմրած, պպզել էր պահարանի մեջ։ Նա լուռ վեր կացավ, խուսափելով բարեկամներին նայել, թաշկինակը բացեց և քրտինքը մաքրեց։ Նրանք ճաշասենյակ վերադարձան։ Պիեռը տեղից չէր շարժվել։
— Իսկ դո՞ւ, Ֆրանսուազ, պատմելու բան չունե՞ս։
Ֆրանսուազը ոտքը ոտքին գցեց։
— Չունեմ,— ասաց նա։
— Լավ հիշիր, մի բան կգտնես։
— Ոչ, չունեմ։
— Ոչ մի զոհաբերում չե՞ս արել։ Դիմադրության մասնակից չե՞ս թաքցրել։ Փող չե՞ս բաշխել։ Հիվանդ չե՞ս բուժել։
— Ես պատմելու բան չունեմ,— կրկնեց Ֆրանսուազը։
Պիեռն ավելացրեց.
— Այսինքն՝ ամուսնուդ ես կորցրել։ Դա արդեն շատ է։
Ֆրանսուազը լուռ էր։ Նա վերցրեց Բրիժիտի մեկնած լիմոնադի բաժակը և դրեց սեղանին։ Ո՛չ ծարավ էր, ո՛չ էլ խոսելու ցանկություն ուներ։
— Տարօրինակ գույն ունի այդ լիմոնադը,— ասաց Վիլկերը։
Դոկտորն իր բաժակը զննեց։
— Սախարինի լիմոնադ է,— պատասխանեց Բրիժիտը։
— Իսկապես, տարօրինակ գույնի ունի,— շարունակեց Վիլկերը։
Ի՞նչ էր ուզում ասել։ Բրիժիտը մի կում արեց.
— Պատերազմական լիմոնադ է։
— Ծարավ չեմ,— ասաց Վիլկերը։
Նա բաժակը դրեց սեղանին։ Դոկտորը հետևեց նրան։ Տիմակովը խմեց իր լիմոնադը, լեզուն քսեց շրթունքներին և ասաց.
— Այժմ իմ հերթն է բարի արարքներ ցուցադրելու։ Ահա. տասնհինգ տարեկան՝ անկարգության համար քոլեջից վռնդվել եմ։ Քսան տարեկան՝ քիչ մնաց հարևանուհուս բռնաբարեմ։ Անկեղծորեն։ Իմ ամենամեծ հաճույքն էր պոկեր խաղալ և խարդախել։ Ես հրաշքով պաշտպանեցի ճարտարապետական դիպլոմը։
— Դատարկ բաներ են,— ասաց Վիլկերը։
— Դա դեռ բոլորը չէ։ Տարիներ շարունակ, Ֆրանսուազին եմ տենչացել։ Դու չգիտեի՞ր։ Շարունակում եմ։ Ես մի ընկերակից ունեի։ Նա ինձ կանխավճար տվեց։ Ես այդ գումարը կազինոյի մեջ մի երեկոյի ընթացքում կորցրեցի… Ի՜նչ երեկո էր… Կարճ կտրեմ։ Անցած շաբաթ ինձ առաջարկեցին դիմադրության մասնակից դառնալ։ Ես հրաժարվեցի, որովհետև հայրենասեր չեմ։ Ես ատում եմ բոլոր համազգեստները…
— Դա քո իրավունքն է,— ասաց Վիլկերը։
— Սա դեռ բոլորը չէ։ Ես ամենավատ արարքը դեռ պահել եմ վերջում հայտարարելու… Ամենամեծ խաբեբայությունը… Կներեք, որ ծիծաղում եմ… Ուրեմն այսպես, ես մտադրությունս փոխեցի։ Ես հրաժարվում եմ պատանդ գնալ։
Տիմակովի որոշումը անհուսության մեջ գցեց Վիլկերին։
— Դուք իրավունք չունե՛ք…
— Արդեն հետս «դուք»֊ով ե՞ս խոսում։ Ոչ, ես իրավունք ունեմ։ Ես մտադրությունս փոխեցի։
Նա կուրծքը քորեց, մի քանի մազ պոկեց, սկսեց արմատները զննել։
— Ես միայն երկու լուծում եմ տեսնում. քվեարկություն անենք կամ թողնենք ճակատագրի քմահաճույքին։
— Քվեարկե՛նք, քվեարկե՛նք,— գոչեց Վիլկերը։
Նա հանեց ծոցատետրը, մի քանի թերթ պոկեց.
— Բոլորը համաձա՞յն են։
Դոկտորը, որպեսզի ավելի լավ մտածելու ժամանակ շահի, հարցրեց.
— Ես լավ չեմ հասկանում։
Վիլկերը բացատրեց.
— Ես յուրաքանչյուրիդ մի կտոր թուղթ կտամ։ Դուք երկու անուն կնշեք։ Նրանք, ովքեր մեծամասնության կողմից կնշվեն, կգնան որպես պատանդ։ Համաձա՞յն եք։ Մենք յոթ հոգի ենք։ Չորս ձայն է պետք։
Նա համոզված էր, որ ոչ ոք չի համարձակվի իր անունը գրել։ Վիկտորը և Բրիժիտը իր կողմից կլինեն։ Նա ինքն իրեն ողջունեց, Բրիժիտին թանկարժեք նվեր բերելու համար։ Ֆրանսուազը և դոկտորը նույնպես չեն համարձակվի։ Միայն Տիմակովից էր վախենում։ Թերթիկները բաժանեց, մի մատիտ առավ, մտածեց և երկու անուն նշեց։
— Տպագիր տառերով կգրեք,— զգուշացրեց նա։
Տիմակովը պատասխանեց.
— Իմ ձեռագիրը ոչ ոք չի ճանաչի…
Նա նայեց Վիլկերի աչքերի մեջ։ Վերջինս վատ զգաց։ Դոկտորը մատիտը վեր բռնած մտածում էր։ Նա վարանում էր։ Հետո հանկարծակի որոշում ընդունեց, երկու անուն նշեց և թուղթը ծալեց։ Ֆրանսուազը Բրիժիտի հայացքից հանկարծակիի եկավ։ Արդյոք իր անո՞ւնն է գրում։ Վիկտորը, առանց վարանելու երկու անուն էր գրել և մտածում էր. այս մարդիկ, որ իրեն շրջապատել են, իսկական բարեկամնե՞ր են, թե՞ ոչ։ Նրան թվաց, թե առաջին անգամն է տեսնում այդ մարդկանց։ Նրանց չէր ատում, բայց ապշել էր անսպասելի հայտնագործումից։ Նրանց անուններն էր կրկնում. Վիլկեր… Պիեռ… Տիմակով… Այդ բոլոր անունները մտերիմ էին հնչում նրա ականջին, բայց աչքերը տարօրինակ կերպարանքներ էին արձանագրում։ Երբեք Վիլկերին այդքան ծերացած չէր տեսել։ Երբեք պահարանի մեջ պպզած չէր տեսել։ Երբեք չէր տեսել, որ դոկտորը պատառաքաղով սեղանը նյարդայնորեն թակեր։ Ոչ էլ Տիմակովին էր տեսել խալաթով… Կարծես վատ կրկնօրինակված ֆիլմ դիտեր։ Ուրեմն բարեկամությունը մի սովորական ջրդեղ էր։ Նա մի կողմ վանեց այդ ենթադրությունը։ Պայքարում էր այդ գաղափարի դեմ… Հետո իրեն մենակ զգաց աշխարհում։ Ո՛չ, ո՛չ, մտածեց նա, առանց բարեկամության ջերմության ես չեմ կարող ապրել։ Իր շուրջը մսից և արյունից կազմված արարածներ տեսնելու կարիքն ուներ։ Արարածներ, որոնք իր առողջության մասին կհարցնեին, որոնք կհետաքրքրվեին իր գործերով, իր երջանկությամբ։ Ուշադրությունը կնոջ վրա կենտրոնացրեց. «Շատ եմ տառապեցրել»,— բայց այնքան էլ վստահ չէր դրանում։
— Թուղթդ տուր ինձ, Վիկտոր։
Նա թուղթը մեկնեց, ձեռքերը խաչեց։ Վիլկերը արդյունքներն էր կարդում։
— Պիեռը և Տիմակովը։
Թուղթը ցույց տվեց և դրեց ափսեի մեջ։ Երկրորդ թուղթը վերցրեց.
— Ֆրանսուազը և դոկտորը։
Հազաց և շարունակեց.
— Պիեռը և Վիլկերը։
Թուղթը նորից կարդաց և դրեց ափսեի մեջ։
— Բրիժիտը և Պիեռը… Պիեռը երեք անգամ նշված է։ Շարունակում եմ։ Ֆրանսուազը և Վիկտորը։
Նա մի անզոր շարժում արեց.
— Մեծամասնություն չկա։ Քվեարկությունը անարդյունք է։
Մի տարօրինակ ժպիտ Պիեռի դեմքը աղավաղեց.
— Այսինքն՝ ընդամենը մեկ ձայն է պակասում, որպեսզի ես պատանդ դառնամ։ Շնորհակալ եմ ձեզանից։
Տիմակովը լուցկիով քվեաթղթերը վառեց։ Պիեռը վեր կացավ.
— Ես մի առաջարկություն, ունեմ,— ասաց նա։
Նա լռեց ու շարունակեց.
— Բրիժիտ և Վիկտոր, գնացեք, ինձ սպասեք կողքի սենյակում…— Բրիժիտը վեր կացավ, Վիկտորը հետևեց նրան։
— Սպասեք ինձ…
Նրանք դուրս եկան ճաշասենյակից։ Պիեռը նրանց ոտնաձայներին ականջ դրեց, հետո իր հերթին վեր կացավ և ուղղվեց դեպի հյուրասենյակ, կարծես ուզում էր դուռը փակել։ Նա փնտրեց դռան բռնակը։
— Քանի որ ինձ երեք անգամ նշել եք, ես ստիպված եմ այսպես գործել։ Հյուրասենյակի դուռը մեր ետևից կփակեմ։ Ով որ փորձի այս դուռը բացել, նրան…
Նա հանգիստ բաճկոնի գրպանից ատրճանակ հանեց և ցույց տվեց…
— Պա՞րզ է։ Ձեզ մնում է միայն ձեր միջև քվեարկել։
Բանալին երկու անգամ դարձնելով, դուռը փակեց։ Վիլկերը վեր թռավ.
— Դա անարդար բան է,— գոչեց նա,— դու իրավունք չունես այդպես վարվելու… Ընդամենը չորս հոգով ենք մնացել։ Բաց արե՛ք…
Պիեռի վարմունքն այնքան անսպասելի էր, որ մյուսները մի պահ ապշած էին մնացել։ Միայն Վիլկերն անմիջապես վեր թռավ։ Նա սկսեց դուռը թակել.
— Բաց արե՛ք…
Ոչ մի պատասխան։
— Ես ձեր անունը չեմ գրել։ Երդվո՜ւմ եմ, բաց արե՛ք…
— Համառելն իզուր է,— ասաց Տիմակովը։— Նա չի բացի։
Վիլկերը կատաղությամբ նայեց նրան.
— Դուք չեք գիտակցում, թե ինչ է կատարվում։ Կաուբախը ուր որ է կգա։
Դոկտորը հառաչեց.
— Կինս հիվանդ է։ Ես չէի ուզում տնից դուրս գալ… Դուք ինձ ստիպեցիք…
— Ես էլ չէի ուզում այստեղ գալ,— ասաց Վիլկերը։— Ավելի լավ կանեի գնայի ֆիլմ նայելու։
Նա նորից թակեց.
— Սիրելի Բրիժի՛տ, բաց արե՛ք…
Հետո փորձեց դուռը կոտրել։
— Հետները խոսեմ,— ասաց Ֆրանսուազը։
Նա Վիլկերին խնդրեց տեղը նստել և հաստատուն ձայնով ասաց.
— Բաց արա՛, Պիեռ։
Ոչ մի պատասխան։
— Դու իրավունք չունես ինձ թողնելու։ Ես էլ եմ պատերազմել, ի՛մ ձևով։ Դու լավ գիտես…
Վիլկերը չարախնդաց.
— Ընդամենը երեք հոգով կմնանք։
Ֆրանսուազը շարունակեց.
— Ես չեմ ուզում պատանդ դառնալ…
Տիմակովը հոնքերը կիտեց. մի՞թե Ֆրանսուազն էր այդպես խոսում։ Նա էլ կորցրեց ինքնասիրությունը…
— Ինձ լսո՞ւմ ես, Պիեռ։ Դու իրավունք չունես ինձ թողնելու…
Վերջապես Պիեռը խոսեց.
— Համաձայն եմ, դուռը բացում եմ, բայց միայն դու կմտնես։
Դուռը կիսաբաց արեց։ Ատրճանակը ամուր բռնել էր։ Ֆրանսուազը սահեց հյուրասենյակ։
Մի պահ լռությունից հետո Վիլկերը դիմեց Տիմակովին.
— Ես էլ եմ սեռական հարաբերություններ ունենում։ Ես դեռ բիձա չեմ, ինչպես դու ես կարծում։ Հապա մի գեղեցիկ աղջիկ բեր ինձ, և դու կտեսնես…
Նա զգում էր, որ իր խոսքերը բնավ տեղին չեն, բայց ավելի վատ։ Ուզում էր մի քանի բան ստուգել։
— Իհարկե, իհարկե,— պատասխանեց Տիմակովը։
— Հավատա, որ կարող եմ կանանց բավարարել։ Ես վաթսունվեց տարեկան եմ, բայց բնավ թույլ չեմ։
— Ինչ կա որ,— մեքենայորեն ասաց Տիմակովը։
— Ի միջի այլոց, դոկտորը քեզ կասի։ Այդպես չէ՞, դոկտոր։
Վերջինս մի անհամբեր շարժում արեց։
— Դեռ մյուսների պես չեմ ծխում։ Ես ուժերի ծաղկման մեջ եմ։
— Ի՞նչ ես ուզում ասել,— կտրուկ հարցրեց Տիմակովը։
Վիլկերը չշփոթվեց.
— Ուզում էի քեզ պատմել այդ մասին։ Ահա բոլորը։
Խելքը թռցրե՞լ էր, ինչ է։
— Ժամանա՞կ ես գտել քո սխրանքների մասին պատմելու,— ասաց Տիմակովը։— Դա ինձ բոլորովին չի հետաքրքրում…
Վիլկերը լռեց և կատաղությամբ նայեց նրան։ Իսկապես, ինչո՞ւ էր այդ բաների մասին պատմում… Չգիտեր։
— Շատ տգեղ էր նրանց կողմից…
Դոկտորը նախադասությունը չավարտեց։ Դուռը բացվեց և Ֆրանսուազը երևաց։ Նա ատրճանակն էր բռնել։ Նրա ետևում կանգնել էին Պիեռը, Վիկտորը և Բրիժիտը։
— Մենք բոլոր իրավունքներն ունենք ապրելու,— ասաց Ֆրանսուազը։
Ուզում էր մի նախադասություն էլ ավելացնել, բայց չասաց։ Ատրճանակը դուրս շպրտեց պատուհանից։
— Նստե՛ք։
Բոլորը սեղանի շուրջը նստեցին։ Վիկտորը չէր համարձակվում բարեկամներին նայել։ Բրիժիտը շրթունքներն էր ուռցրել։ Պիեռը քրտնել էր։
Կեսգիշերին մոտ էր։ Օդը հեղձուցիչ էր դարձել։ Մի քանի կայծակներ ակոսեցին երկինքը։ Ճաշասենյակի լույսը թրթռում էր։ Ծխախոտի վատ հանգցրած մի ծխուկ սիրտ խառնող հոտ էր գցել։ Կիսով չափ դատարկ ափսեները, գրգռված մատներով հացի տրորված և սևացած միջուկները, անավարտ ճաշը խեղդող մթնոլորտ էին ստեղծում։ Նյարդերը սպասումից լարված էին։ Ոչ ոք չէր համարձակվում խոսել։
Հանկարծ փողոցում մի քանի կրակոցներ պայթեցին, հետո երկար լռություն տիրեց։ Քիչ անց ծանր ոտնաձայներ արձագանքվեցին փողոցում։ Քայլերը մոտեցան և միջանցքում կանգ առան։
Կաուբախի հեռավոր և աղոտ ձայնը, հիվանդանոցի միջանցքում խոսող բժշկի ձայնի նման, լռությունը խռովեց։ Կրունկի մի քանի չրխկոցներ և նորից լռություն։ Հանկարծ դուռը բացվեց և հայտնվեց Կաուբախը։ Նա խոշորացույցը քսեց այտին, աչքերը կկոցեց… Ֆրանսուազը գերմանացու հայացքը զգաց իր վրա։ Նայեց նրա աչքերի մեջ և աչքերը մշուշվեցին… Ամուսնու մահվան բոթը վերապրեց։ Այն պահին եղած յուրաքանչյուր իրը նորից տեսավ։ Հիշեց ամեն մի խոսքը։ Չէր լացել, որովհետև անզոր կատաղությունը կծկել էր նրա նյարդերը։ Այսօր առաջին անգամ զարթեցնում էր այդ հուշերը։ Իսկ մինչ այս պահում էր որպես դարման։ Ժամն էր արդեն օգնություն կանչելու։ Նա զգուշորեն Կաուբախին խավարի միջից դուրս հանեց և խորը շունչ քաշեց։ Նա պատրաստ էր։
Դոկտորը սկսեց պատառաքաղի հետ խաղալ։ Նա գիտեր, որ Կաուբախն իրեն էր նայում։ Փորձեց պաղարյունությունը չկորցնել. «Թողնել, որ այս զզվելի պահն անցնի»։ Աչքերը չռեց և մտածեց կնոջ մասին։ Արյան հորձանքը պղտորեց նրա ուղեղը։ Ուզում էր խոսել, ասել իրեն շրջապատող մարդկանց, որ հայտնեն իր կնոջը, մխիթարեն նրան, բայց կարծես մղձավանջի մեջ լիներ և կարծես լեզուն պոկված էր։ Ուշադրությունը կենտրոնացրեց պատառաքաղի ցատկերին. ավելի ու ավելի նյարդային էր սեղանին խփում։ Անկարող էր մտքերը հանգուցել…
Պիեռը, սեղմված կոկորդով, զգում էր, թե Կաուբախից եկող ջերմությունը ինչպես է ճնշում իրեն։ Ակամայից ձեռքը դրեց կրծքին, որպեսզի թաքցնի շքանշանները։ Նա այստեղ էր, այդքան զոհաբերություններից հետո, անպաշտպան կծկված։ Մի անսահման խղճահարություն համակեց նրան։ Կաթիլ֊կաթիլ հոսող արցունքն զգաց ձեռքի վրա։ Փորձեց զսպել, բայց իզուր։ Ամեն մի կաթիլի այրոցը զգաց իր այտերի վրա։
Վիլկերը, քրտնած մարմնով, կարծում էր, թե ուր որ է, սիրտը կպայթի։ Թաքուն նայեց Կաուբախին, փորձելով նրան համոզել, որ ինքը վախենում է, որ ինքը մարդկային արարած է… Ֆրանսուազի համար պատրաստած չեկը բռնել էր ձեռքին։ Եթե Կաուբախը որպես պատանդ իրեն վերցնի, մի տեսակցություն կխնդրի և չեկը կսահեցնի ձեռքերի մեջ. «Գերմանական զինվորների այրիներին»։ Իսկ Կաուբախի համար մի ուրիշ, ավելի կարևոր չեկ կգրի։ Իր գյուղական տունը կնվիրի գեստապոյին… Դիմադրության մասնակիցներին կմատնի… Եվ վերջապես պետք կգա գերմանացիներին…
Բրիժիտն արհամարհանքով էր պատասխանում Կաուբախի հայացքին։ Կհամարձակվի՞ իրեն որպես պատանդ վերցնել։ Չի՛ կարող պատահել։
Վիկտորը մոլորված, հայացքը հառել էր կոշիկներին։ Նա ձեռքը դրեց կնոջ ուսին։ Վայրկյաններն էր հաշվում…
Տիմակովը կանգնած հանգիստ ծխում էր։ Նա կարողացել էր տիրապետել ինքն իրեն և գազանային հրճվանքով իր «ներքին աշխարհի» շնորհիվ ստացած հոգեկան անդորրն էր վայելում։ Նույնիսկ չէր մտածում այն մեռյալների մասին, որոնց սիրել էր։ Մխիթարվելու համար օգնություն չէր կանչում։ Նրանց կարիքը չուներ։ Նա համարյա ուզում էր պատանդ դառնալ, և առանց ապաշավի, առանց մի խոսքի գնդակահարվել դռան առջև։ Գուցե մի քանի րոպե էր մնացել ապրելու։ Եթե կարողանա նույն անդորրով այդ մի քանի րոպեն ապրել (դրանում վստահ էր), ապա ջանքը կհատուցվի։ Միայնությունը, մտածմունքների տասը տարին՝ այս մի քանի րոպեի համար։ Արժե՛ր։ Նրա սիրտը համաչափ էր խփում, մաշկը չէր քրտնել, միտքը խռովված չէր։ Նա հեշտանքով սիգարի ծուխն էր փչում։ Մահվան խորհուրդի մասին չէր մտածում։ Սկի՞զբ։ Վե՞րջ։ Ի՜նչ կարևոր է։ Կտեսնե՛նք, էլի։ Մի երկու վայրկյան փորձեց մտածել իր սիրած հեղինակների մասին, որոնք մեռած էին։ Ո՛չ, ո՛չ,— մտածեց նա։— Ես իմ մահով կմեռնեմ։ Մի հստակ մահ՝ առանց հեգնանքի։ Ինքնասպանություն՝ առանց մտածելու միջոցների անպատեհության մասին։ Մի պատշաճ և ազդու ինքնասպանություն։ Տիմակովը գոյություն ունի։ Տիմակովն այլևս չկա։ Նա սավառնում էր և կատակելու ցանկություն ուներ։
Կաուբախը թեթև հազաց և խոշորացույցը դրեց դաշնամուրին։ Նրա ամբողջ մարմինը ձգվեց։ Նիհար դեմքի վրա ամենափոքր մկանն անգամ խաղաց։ Հայացքը մնաց հեռվում, կարծես նա չէր խոսում։ Հատու ձայնը սեփական կոկորդը քերեց։ Նա ասաց.
— Պարոնայք և տիկնայք, դուք ազատ եք։
Սենյակից դուրս գալուց առաջ, ավելացրեց.
— Մեղավորներին քիչ առաջ բռնեցին։
Արձանների պես քարացած, միանգամից չանդրադարձան նրա խոսքերին։ Կաուբախի հեռացող ոտնաձայները լսեցին։ Նրա արձակած հրամանները լսեցին։ Գիշերվա մեջ անհետացող բեռնատարների հռնդոցը լսեցին։
Բրիժիտը վեր կացավ, պատուհանից նայեց դուրս.
— Այլևս մարդ չկա, բոլորը գնացել են։
Դոկտորը պատառաքաղը դրեց և ասաց.
— Կնոջս զանգ տամ։
Վիլկերը անձեռոցիկով երեսը սրբեց, շապիկի կոճակները կոճկեց և ուղղեց փողկապը։ Պիեռը վարանոտ քայլերով ուղղվեց դեպի լողասրահ։ Ֆրանսուազը և Վիլկերը չէին շարժվում։ Տիմակովը սիգարի մոխիրը թափեց մոխրամանի մեջ։
Դոկտորը հեռախոսը միացրեց.
— Դո՞ւ ես… Գիտեմ, ուշ է… Առանձնապես մի բան չէր, հետո՛ կպատմեմ…
Լսափողը կախեց։ Վիլկերը մի համար հավաքեց.
— Խե՜ղճ կին, խե՜ղճ կին, եթե իմանաս, թե մեզ ինչ պատահեց… Պատկերացրու…
Նա երկար բացատրեց և դարձավ Բրիժիտին.
— Կինս հարցնում է, թե ապարանջանը քեզ դուր է եկե՞լ։ Վաղը կգա քեզ տեսնելու…
Նա կախեց լսափողը, ճակատի քրտինքը սրբեց.
— Ա՜յ քեզ երեկո, ա՜յ քեզ երեկո…
Արդեն մոռացել էր, թե որտեղ է։ Չեկը դեռ ձեռքին էր։
— Զզվելի երեկո էր,— ասաց Վիկտորը։
— Կարևորն այն է, որ մենք ողջ և առողջ ենք,— ասաց Վիլկերը։— Ճիշտ չե՞մ ասում, դոկտոր։
Դոկտորն աչքերը չռեց.
— Ճիշտ ես ասում,— ասաց նա։
Ֆրանսուազը մտախոհ էր։ Վերջապես ասաց.
— Ես միտք եմ անում, թե Կաուբախն իրո՞ք պատանդներ վերցնելու ցանկություն ուներ։
— Ի՞նչ ես ուզում ասել։
— Ոչինչ։ Ես ինքս ինձ հարցնում եմ։
Վիլկերը մռթմռթաց.
— Իհարկե, ուզում էր… Այդ տեսակ վայրենիները…
Պիեռը ներս եկավ։ Նա դեմքն էր լվացել։
— Ես գնում եմ տուն,— ասաց նա։— Որևէ մեկը չի՞ ուզի ինձ ուղեկցել։
— Ո՜չ,— պատասխանեց Տիմակովը։— Ոչ ոք։
Նրանք զարմացած և նեղված իրար նայեցին։ Տիմակովն ավելացրեց.
— Ոչ ոք, որովհետև արդեն պարետային ժամ է։ Մենք ստիպված ենք գիշերն այստեղ անցկացնել։
Վիլկերը վեր թռավ.
— Ճիշտ է ասում։ Պարետային ժամ է։ Ես այդ մասին չէի մտածել։
Նրա դեմքը փայլեց.
— Այդ Տիմակովը ոչինչ չի մոռանում։
— Ի՞նչ պիտի անենք։
Վիկտորը շշկլված վեր կացավ տեղից։
— Չգիտեմ,— ասաց նա։— Կդասավորենք… Բրիժիտը կզբաղեցնի ձեզ։ Ո՞ւր է նա։
Բրիժիտը երևաց։ Նա տարեդարձի կարկանդակը բերեց և դրեց սեղանին։ Վիլկերը դողացող ձեռքերով մի լուցկի վառեց, որ մոմերը կպցնի։
— Դե, ուժեղ փչի՛ր։
Բրիժիտը երկու ագամ փչեց, որ բոլոր մոմերը հանգցնի։ Նա կարկանդակը կտորների բաժանեց։
— Ես քաղցած չեմ,— ասաց Վիկտորը։
— Մոտ ե՛կ, Վիկտոր,— ասաց Վիլկերը,— մի կտոր վերցրու։ Տրամադրությունդ կբարձրացնի… Ես էլ քաղցած չեմ, բայց մի կտոր էլ կվերցնեմ… Պետք է վերջացնել այս կարկանդակը։ Բժիշկ, հասկացրու նրանց, որ ճիշտ եմ ասում։
Դոկտորը լուռ էր, հետո պատասխանեց.
— Վիլկերը ճիշտ է ասում։ Ստիպիր քեզ ուտել։ Կնոջդ տարեդարձն է։
Տիմակովը մի կտոր դրեց ափսեի մեջ և մատուցեց Ֆրանսուազին։
— Ինչպե՞ս ես։
Ֆրանսուազը այնպես նայեց նրան, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Մազերը ետ գցեց և ժպտաց.
— Ոչինչ,— ասաց նա,— իսկ դո՞ւ։
Առաջին անգամ էր, որ նրա հետ «դու»֊ով էր խոսում։
— Ոչինչ,— պատասխանեց Տիմակովը։
Բրիժիտը գնաց խոհանոց մի շիշ գինի բերելու։ Վիկտորը հետևեց նրան։ Բրիժիտը նայեց ամուսնուն, հետո նրա գիրկը ընկավ, չկարողանալով արցունքները զսպել։ Դա այնքան անսպասելի էր, որ Վիկտորը ցնցվեց։
— Ինչո՞ւ ես լալիս։ Պետք չէ… Աչքերդ սրբիր։
Ուզում էր Բրիժիտին թողնել, բայց վերջինս ավելի ամուր կառչեց նրանից։ Հետո թողեց.
— Դու ինձ սիրո՞ւմ ես։
— Այո, ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ…
— Ի՞նչ պիտի անենք մեր հյուրերի հետ։
— Ես նրանց կտեղավորեմ,— ասաց Բրիժիտը։— Տեղ ունենք… մնա մոտս։
Նրանք վերադարձան հյուրերի մոտ։ Վիլկերը բաժակը բարձրացրեց։
— Մենք դժվարին պահեր ապրեցինք,— ասաց նա։— Պետք է մոռանալ… Պետք է ամեն ինչ մոռանալ… Հասկանո՞ւմ եք… Պատերազմ է… Պետք է ետ֊ետ գնալ… Ուրեմն այսպես. մենք հենց նոր եկանք… Ամեն մեկը մի փոքրիկ նվեր է բերել… Անկեղծորեն… Բրիժիտի տարեդարձն է… Մենք սեղան ենք նստում և սկսում կարկանդակից… Անկեղծորեն…
Տիմակովն իր բաժակն առավ և գնաց հյուրասենյակի կիսախավարի մեջ։ Նա բոլորին տեսնում էր։ Մի կում խմեց։ Ի՜նչ տարօրինակ է այս բոլորը,— մտածեց նա։— Օրինակ Վիլկերը։ Պատրաստված մարդ է… Հանգիստ կյանք է վարել։ Կարդացել է… Գուցե փիլիսոփա է։ Մի բան որոշակի է. իր ամբողջ կյանքում մրջյուն անգամ չի տրորել… Ահա Վիլկերն ինչպիսին որ կա… Նա անցնում է իմ կողքով, և ես նրան հրում եմ։ Վիլկերը, որ հիսուն տարի առանց ձայնը բարձրացնելու ապրել էր, փոխվում է։ Նա գունատվում է, գործում է, հրում է ինձ… Գրեթե ինձ սպանելու ցանկություն ունի։ Հապա տարօրինակ չէ՞… Ինչո՞ւ։ Բնազդն է… Բնազդը… Բայց դպրոցում մեզ բնազդը զսպել չեն սովորեցնում։ Վա՛հ, կյանքի օրենքն է… Մենք բոլորս գիշատիչներ ենք… Փոքրիկ, սիրուն, լավ վարժեցրած գիշատիչներ, և մենք շղթայի կարիք չունենք։ Մեր շղթան կոչվում է կարգուկանոն… Մենք ենթարկվում ենք միֆերին… Օձերի պես տարիներ շարունակ մնում ենք անշարժ… Հետո, միանգամից, ցատկում ենք մեր զոհի վրա… Լավ կամ վատ՝ մարսում ենք և թաղվում մեր անշարժության մեջ ու մոռանում… Ինչ֊որ բան դեռ խախուտ է… Իսկապես, ինչ֊որ բան դեռ խախուտ է… Իսկապես, իսկապես, ինչ֊որ բան դեռ խախուտ է…