Մարտին Իդեն, Գլուխ XLV

Գրապահարան-ից
12:19, 23 Մայիսի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XLIV Մարտին Իդեն, Գլուխ XLVI ▶


Մի օր Մարտինի մոտ եկավ Քրեյզը, նույն այն Քրեյզը «իսկական մարդկանցից»։ Մարտինն անկեղծ ուրախությամբ ընդունեց նրան և լսեց իր ֆանտաստիկությամբ արտասովոր մի ձեռնարկի նախագծի մասին, որ կարող էր շահագրգռել նրան որպես գրողի, բայց ոչ ֆինանսիստի։ Այդ ծրագիրը բացատրելիս՝ Քրեյզը հանկարծ հիշատակեց «Արևի ամոթանքը» և ասաց, որ դա միանգամայն անիմաստ բան է։

— Սակայն ես այստեղ եկել եմ ոչ թե փիլիսոփայելու,— ընդմիջեց նա ինքն իրեն․— ես ուզում եմ միայն իմանալ, թե դուք հազար դոլլար կմուծե՞ք իմ ձեռնարկության մեջ։

— Ո՛չ, դրա համար ես դեռ այնքան էլ հիմար չեմ,— ասաց Մարտինը,— բայց ես կանեմ մի այլ բան։ Դուք ինձ հնարավորություն տվեցիք անցկացնել իմ կյանքում ամենահետաքրքրական երեկոն. դուք ինձ տվիք այն, որ ոչ մի դրամով չի կարելի գնել։ Հիմա դրամն ինձ համար ոչինչ չարժե։ Ես սիրով հենց այնպես կտամ հազար դոլլար, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն անմոռանալի երեկույթի համար։ Ձեզ դրամ է հարկավոր, իսկ ես չափազանց շատ դրամ ունեմ։ Ուզում եք դրա՞մ ստանալ․ ոչ մի խորամանկության կարիք չկա։ Ստացե՛ք։

Քրեյզը ոչ մի զարմանք չարտահայտեց, նա չեքը կոխեց գրպանը։

— Այս պայմաններով պատրաստ եմ ամեն շաբաթ այդպիսի երեկույթներ սարքել ձեզ համար։

— Չափազանց ո՜ւշ է,— գլուխը տարուբերեց Մարտինը,— դա ինձ համար առաջին ու վերջին այդպիսի երեկոն էր. կարծես դրախտումն էի գտնվում։ Գիտեմ, որ ձեզ համար դրանում ոչ մի առանձին բան չկար, իսկ ինձ համար ամեն ինչ առանձնահատուկ էր։ Դա արդեն չի կրկնվի։ Ես վերջ տվեցի փիլիսոփայությանը։ Այլևս չեմ ուզում լսել դրա մասին։

— Կյանքումս առաջին անգամն է, որ ես դրամ ստացա փիլիսոփայության համար,— նկատեց Քրեյզը՝ ուղղվելով դեպի դուռը,— այն էլ արժեթղթերը՝ միանգամից արժեքազրկվեցին։

Մի օր փողոցով՝ Մարտինի առաջով, կառքի մեջ նստած անցավ միսս Մորզը և ժպտալով բարևեց նրան։ Մարտինը նույնպես ժպտաց և հանեց գլխարկը։ Այդ դեպքը ոչ մի տպավորություն չթողեց նրա վրա։ Մի ամիս առաջ այդ նրան տհաճ կթվար, թերևս զվարճալի, և նա կջանար պատկերացնել իրեն, թե միսս Մորզն ինչպես կզգար իրեն այդ պահին, բայց հիմա այդ հանդիպումը չհասավ նրա գիտակցությանը։ Նա իսկույն մոռացավ այդ, ինչպես կմոռանար, օրինակ այն, որ անցել է կենտրոնական բանկի կամ քաղաքային խորհրդարանի առաջով։ Եվ սակայն նրա ուղեղում անընդհատ չափազանց լարված աշխատանք էր կատարվում։ Շարունակ նույն աննահանջ միտքը հանգիստ չէր տալիս նրան «շա՛տ վաղուց»։ Առավոտները Մարտինը զարթնում էր այդ մտքով, նույն միտքը հալածում էր նրան քնի մեջ։ Ինչով էլ որ սկսեր պարապել, իսկույն ասում էր իրեն «Ամեն ինչ արված էր շա՜տ վաղուց»։ Տրամաբանորեն խորհրդածելով՝ Մարտինը հանգեց այն տխուր եզրակացության, որ հիմա նա ոչ ոք է, ոչինչ է։ Թափառական Մարտ Իդենը և նավաստի Մարտ Իդենը իրական անձնավորություններ էին. նրանք իրոք գոյություն ունեին, բայց մեծ գրող Մարտին Իդենը երբեք գոյություն չի ունեցել։ Մեծ գրող Մարտին Իդենը բազմագլուխ ամբոխի հերյուրած մտացածին մի անձնավորություն է, որին ամբոխը մարմնացրել է թափառական և նավաստի Մարտին Իդենի ֆիզիկական պատյանի մեջ։ Սակայն ինքը հո գիտի, որ այդ ամենը խաբեություն է. բոլորովին էլ արևորդի չէ, որի առաջ ամբոխը խոնարհվում և նրանից ակնածում է։ Հասկանալի է, որ ինքն ավելի լավ գիտեր այդ։

Մարտինը մամուլում կարգում էր իր մասին՝ նայելով իր դիմանկարներին, որոնք տպվում էին ահագին քանակությամբ, և չէր ճանաչում իրեն։ Նա այն պատանին է, որ աճել է, ապրել, սիրել և ուրախացել է կյանքով բանվորական արվարձանում։ Նա ինքն է, որ լավ է վերաբերվել մարդկանց և թեթև սրտով ընդունել ձախորդություններր, ինքն է, որ թափառել է օտար երկրներում, շրջել է Խաղաղ օվկիանոսը երկայնքով ու լայնքով մեկ և գլխավորել իր նման թոկից փախածների խումբը, ինքն է, որ առաջին անգամ գրադարան մտնելով ապշել է գրքերի անվերջ շարքերից, իսկ հետո կարդացել է այդ գրքերն ու սովորել հասկանալ դրանք, ինքն է, որ մինչև ուշ գիշեր չէր հանգցնում լամպը, քնում էր անկողնի մեջ մեխ դնելով և իր հերթին գրել է գրքեր, իսկ այն անկուշտ շատակերը, որին մարդիկ հիմա մրցում էին կերակրել, ինքը չէ։

Այնուամենայնիվ, մի քանի բաներ զվարճացնում էին նրան. բոլոր լրագրողները վիճում էին, որ Մարտին Իդենին հայտնաբերելու պատիվն իրենց է պատկանում։ «Ուորրենի ամսաթերթը» երկար ու բարակ հայտարարեց իր բաժանորդներին, որ նոր տաղանդներ որոնելիս՝ նա առաջինը հանդիպել է Մարտին Իդենին։ «Սպիտակ Մուկը» իրեն էր հասցեագրում այդ արժանիքը. նույնն էր անում «Հյուսիսային տեսությունը», մինչև որ «Երկրագունդը» հանդիսավորապես նշեց, որ աղավաղված «Ծովի երգերը» առաջին անգամ ինքն է տպել։ «Պատանեկություն և չափահասություն» հանդեսը, որը խորամանկորեն ազատվել էր իր պահանջատերերից, ներկայացրեց Մարտին Իդենի նկատմամբ իր իրավունքները։ Իսկ այդ հանդեսը ոչ ոք չէր կարդում, բացի ֆերմերների երեխաներից։ «Անդրցամաքային ամսաթերթն» ու «Մոզը» նույնպես առաջնություն էին պահանջում այն հարցում։ «Սինգլթրի, Դարնլեյ և Ընկերության» մեղմ ձայնը չէր լսվում աղմուկի պատճառով։ Հրատարակչությունը չուներ իր օրգանը, որի մեջ նա կարողանար բարձրաձայն հայտարարել իր իրավունքների մասին։

Թերթերը հաշվում էին Մարտինի հոնորարները։ Չգիտես ինչպես մի քանի հանդեսների կողմից նրան առաջարկված պայմանները հասարակության սեփականություն դարձան, Օքլենդի քարոզիչները, ինչպես և մասնավոր խնդրատուները անվերջ նեղացնում էին նրան բերանացի ու գրավոր խնդիրքներով՝ սակայն բոլորից վատ իրենց պահում էին կանայք։ Նրա լուսանկարները տարածվել էին ահագին քանակությամբ, իսկ թղթակիցները ջանք չխնայեցին ամենավառ գույներով նկարագրելու նրա «բրոնզե դեմքը», «հուժկու ուսերը» — «հստակ, հանգիստ հայացքը», «ժուժկալ մարդու փոս ընկած այտերը»։ Այդ «ժուժկալ մարդու այտերը» առանձնապես ծիծաղեցրին Մարտինին, երբ նա հիշեց իր պատանեկության փոթորկալի տարիները։ Շատ հաճախ հասարակության մեջ այս կամ այն կինը այնպես էր նայում նրան, որ կարծես գնահատում ու ջոկում էր նրան։ Մարտինը ծիծաղում էր՝ հիշելով Բրիսենդենի նախազգուշացումները։ Ո՛չ, կանայք երբեք չեն փչացնելու նրան, դա անկասկած է, դրան վերջ է տվել նա։

Մի օր, երբ Մարտինն ուղեկցում էր Լիզզիին երեկոյան դպրոց, աղջիկը նկատեց, որ մոտից անցնող գեղեցիկ, լավ հագնված և, ինչպես երևում է, հարուստ մի կին նայեց Մարտինին։ Այդ հայացքում անպատշաճ կամ երկիմաստ ոչինչ չկար, բայց Լիզզին սարսռեց բարկությունից, որովհետև իսկույն հասկացավ, թե ինչ է նշանակում այդ նայվածքը։ Մարտինն իմանալով աղջկա բարկության պատճառը, ասաց նրան, որ արդեն վաղուց է սովոր այդպիսի նայվածքների և սառնասիրտ է դրանց վերաբերմամբ։

— Չի կարո՜ղ պատահել,— աղաղակեց Լիզզին փայլատակող աչքերով,— նշանակում է՝ դուք հիվանդ եք։

— Ես դեռ երբեք այսքան առողջ չեմ եղել, նույնիսկ հինգ ֆունտ ավելացել է իմ քաշը։

— Ես չեմ ասում, թե դուք ֆիզիկապես եք հիվանդ, ես խոսում եմ ձեր հոգու մասին։ Ձեր գլխում ինչ֊որ բան կարգին չէ. մինչև անգամ տեսնում եմ այդ։ Մի՞թե ես մարդ չեմ և չեմ հասկանում։

Մարտինը մտածկոտ քայլում էր նրա կողքով։

— Ես շատ կուզենայի, որ դուք շուտով հաղթահարեք այդ,— բացականչեց հանկարծ Լիզզին։— Դուք չեք կարող անտարբեր վերաբերվել կանանց... մանավանդ, երբ նրանք այդպես են նայում ձեզ․ դա անբնական է։ Հո դուք փոքր տղա չե՞ք։ Ազնիվ խոսք, ուրախ կլինեի, եթե վերջապես հայտնվի մի կին, որը սթափեցնի ձեզ։

Լիզզիին ճանապարհ գցելուց հետո Մարտինը վերադարձավ «Մետրոպոլ»։

Նա նստեց թիկնաթոռին և հայացքն ուղղեց անորոշություն, առանց շարժվելու և առանց մտածելու որևէ բանի մասին։ Միայն ժամանակ առ ժամանակ երևում և անհետանում էին հեռավոր անցյալի ուրվականները։ Նա անտարբեր դիտում էր տեսիլքները, որոնք իրեն թվում էին որպես աղոտ երազներ, բայց Մարտինը քնած չէր։ Հանկարծ բացեց աչքերը և նայեց ժամացույցին։ Ժամը ճիշտ ութն էր. գործ չուներ անելու, քնելու համար էլ շուտ էր։ Եվ նա նորից ընկղմվեց երազկոտ, կիսաքուն վիճակի մեջ, և տեսիլքները երկար շարանով դարձյալ անցան նրա աչքի առջևով։ Այդ տեսիլքներում նշանակալից ոչինչ չկար։ Շարունակ կրկնվում էր մի տեսարան՝ խիտ սաղարթ, որի արանքներից արևի ճառագայթներն էին շողշողում։

Դուռը ծեծեցին, և նա ստիպված եղավ ուշքի գալ։ Նա քնած չէր և դռան թխկթխկոցը նրա ուղեղում առաջացրեց հեռագրի, նամակի, լվացքատնից սպիտակեղեն բերող սպասավորի պատկերացում։ Նա հիշեց Ջոյին, և ինքն իրեն հարց տալով, թե որտեղ կարող է գտնվել Ջոն, Մարտինը բղավեց.

— Մտե՛ք։

Շարունակելով մտածել Ջոյի մասին՝ նա մինչև անգամ շուռ չեկավ դռան կողմը նայելու։ Դուռը կամացուկ բացվեց, բայց Մարտինն արդեն մոռացել էր դռան բախյունը, և նրա աչքին նորից սկսեցին տեսիլքներ երևալ։ Հանկարծ հետևից կանացի լացի ձայն լսվեց որոշակի․ այդ լացը ճնշված ու զուսպ էր։ Մարտինը մի ակնթարթում տեղից վեր թռավ։

— Ռո՛ւթ,— բացականչեց նա զարմացած և գրեթե վախեցած։

Ռութի դեմքը դժգույն և տխուր էր։ Նա կանգնած էր դռան մոտ, մի ձեռքով բռնել էր այն, իսկ մյուս ձեռքը սեղմել էր կրծքին։ Հանկարծ նա աղերսագին երկարեց Մարտինին իր երկու ձեռքերը և քայլեց դեպի առաջ։ Նստեցնելով նրան բազկաթոռին՝ Մարտինը նկատեց, որ նրա մատները շատ սառն են։ Նա մոտեցրեց մի այլ բազկաթոռ և նստեց նրա արմունկակալին։ Շփոթությունից չէր կարողանում խոսել։ Ռութի հետ իր ունեցած սիրային պատմությունը վաղուց թաղված էր նրա սրտում։ Նա այնպես էր զգում՝ կարծես «Մետրոպոլ» հյուրանոցի տեղում կանգնած լիներ «Տաք աղբյուրների» լվացքատունը և նրան առաջարկած լինեին զբաղվել ամբողջ շաբաթվա լվացքով։ Նա մի քանի անգամ փորձեց խոսակցություն սկսել, բայց ամեն անգամ էլ չէր համարձակվում։

— Ոչ ոք չգիտե, որ ես այստեղ եմ,— ասաց Ռութը ցածր ձայնով և թախանձագին ժպտալով։

— Ի՞նչ ասացիք,— հարցրեց Մարտինը։

Նրա ձայնի հնչյունը զարմացրեց հենց իրեն։

Ռութը կրկնեց իր խոսքերը։

— Օ՜,— բացականչեց Մարտինը՝ ասելու ուրիշ բան չգտնելով։

— Ես տեսա, որ դուք մտաք հյուրանոց և, մի քիչ սպասելով, ձեր հետևից եկա։

— Օ՜,— կրկնեց Մարտինը։

Դեռ երբեք նրա լեզուն այսքան կաշկանդված չէր եղել։ Անկասկած՝ նրա բոլոր մտքերը գլխից դուրս էին թռել։ Նա զգում էր, որ լռությունն անհարմար է դառնում, սակայն մահվան սպառնալիքի տակ էլ չէր կարող գտնել, թե ինչից սկսի խոսակցությունը։ Իրոք ավելի լավ կլիներ, եթե նա այժմ գտնվեր «Տաք աղբյուրների» լվացքատանը. նա լուռ վեր կքաշեր թևքերը և կսկսեր աշխատանքը։

— Ուրեմն, դուք ինձ հետևե՞լ եք,— ասաց նա վերջապես։

Ռութը խորամանկորեն գլխով արեց և քանդեց իր կրծքի շարֆը։

— Ես նախ տեսա ձեզ փողոցում այն աղջկա հետ․․․

— Այո,— ասաց նա պարզապես,— ես ուղեկցում էի նրան մինչև երեկոյան դպրոցը։

— Մի՞թե դուք ուրախ չեք ինձ տեսնելով,― հարցրեց Ռութը մի նոր ընդմիջումից հետո։

— Այո՜, այո՜,— պատասխանեց նա հապճեպ,— բայց խոհեմությո՞ւն է, որ դուք մենակ եք եկել այստեղ։

— Ես աննկատելիորեն արագ անցա․ ոչ ոք չգիտի, որ ես այստեղ եմ, շատ էի ուզում տեսնել ձեզ։ Ես եկա ասելու, որ հասկանում եմ, թե ինչ հիմարն էի։ Եկա, որովհետև այլևս չէի կարող, որովհետև սիրտս հրամայում էր ինձ գալ․․․ որովհետև ուզում էի գալ։

Ռութը վեր կացավ և մոտեցավ Մարտինին։ Նա իր ձեռքը դրեց Մարտինի ուսին և մի պահ կանգնած էր այդպես՝ խոր և հաճախակի շունչ քաշելով, հետո մի արագ շարժումով ընկավ նրա գիրկը։ Բնությունից բարի և զգայուն, Մարտինը հասկացավ, որ ինքն էլ պետք է գրկի նրան, հակառակ դեպքում այնքան կվիրավորի նրան, որքան տղամարդը կարող է վիրավորել կնոջը։ Բայց նրա գրկախառնման մեջ ո՛չ ջերմություն կար, ո՛չ փաղաքշանք։ Նա պարզապես ձեռքերով գրկեց Ռութին, բայց իր մարմինը չէր սարսռում, ինչպես լինում էր անցյալում, և նա զգում էր միայն, որ դա անհարմար ու ամոթ է։

— Դուք ինչո՞ւ եք դողում այդպես,— հարցրեց նա։— Մրսո՞ւմ եք, չտաքացնե՞մ բուխարին արդյոք։

Մարտինը մի շարժում արեց՝ ցանկանալով ազատվել, բայց Ռութն ավելի պինդ կպավ նրան։

― Սա ջղային դող է,— պատասխանեց աղջիկը՝ ատամները կափկափելով,— ես հիմա ինձ կհավաքեմ, արդեն լավ եմ զգում։

Ռութի դողը աստիճանաբար դադարեց։ Մարտինը շարունակում էր պահել նրան իր գրկում, բայց այլևս չէր զարմանում։ Նա հիմա արդեն գիտե, թե ինչու է եկել Ռութը։

— Մայրիկս ուզում էր, որ ես ամուսնանամ Չարլի Հեփգուդի հետ,— հայտարարեց նա։

— Չարլի Հեփգուդի՞, դա այն երիտասարդը չէ՞, որ միշտ գռեհկություններ էր անում,— քրթմնջաց Մարտինը։ Մի քիչ լռելուց հետո ավելացրեց,– իսկ հիմա ձեր մայրիկն ուզում է, որ դուք ինձ հետ ամուսնանաք...

Նա ասաց այդ առանց հարցական շեշտի, այդ ասաց բոլորովին վստահ, և նրա աչքի առաջով անցան իր ստացած հոնորարների թվանշանների երկար սյունակները։

— Մայրիկս հիմա չի հակառակվի,— ասաց Ռութը։

— Նա հարմար ամուսին է համարում ինձ ձեզ համար։

Ռութը խոնարհեց գլուխը։

— Բայց չէ՞ որ ես ավելի լավ չդարձա այն օրից, երբ նա քանդեց մեր նշանադրությունը,— մտածկոտ ասաց Մարտինը։— Ես չեմ փոխվել. նույն Մարտին Իդենն եմ։ Ես մինչև անգամ վատթարացել եմ. հիմա ծխում եմ։ Զգո՞ւմ եք ծխախոտի հոտը։

Պատասխանի փոխարեն Ռութը ուրախ և կոկետությամբ իր ձեռքը տարավ նրա շրթունքներին՝ սպասելով սովորական համբույրի։ Բայց Մարտինի շրթունքներն անշարժ մնացին։ Նա սպասեց, մինչև որ Ռութն իջեցրեց իր ձեռքը, հետո շարունակեց.

— Ես չեմ փոխվել, չեմ մտել ծառայության. մտադիր էլ չեմ ծառայության մտնելու։ Եվ ես առաջվա պես պնդում եմ, որ Հերբերթ Սփենսերը մեծ ու ազնիվ մարդ է, իսկ դատավոր Բլոունթը՝ գռեհիկ էշ։ Ես երեկ ճաշել եմ նրա մոտ և հաստատ գիտեմ այդ։

— Իսկ ինչո՞ւ չընդունեցիք իմ հայրիկի հրավերը,― հարցրեց Ռութը։

— Որտեղի՞ց դիտեք այդ. ո՞վ ուղարկեց նրան ինձ մոտ, ձեր մա՞յրը։

Ռութը լուռ մնաց։

— Իհարկե, նա. ես այդպես էլ կարծում էի։ Պիտի ենթադրել, որ դուք էլ եկել եք հիմա ձեր մոր պնդումով։

— Ոչ ոք չգիտե, որ ես այստեղ եմ,― եռանդագին առարկեց Ռութը։— Մի՞թե կարծում եք, որ մայրս թույլ կտար ինձ այդ։

— Որ նա կթույլատրեր ձեզ ամուսնանալ ինձ հետ, ես դրանում չեմ կասկածում։

Ռութը աղեկտուր ձայնով ճչաց․

― Ա՜հ, Մարտին, դաժան մի՛ լինեք, դուք մինչև իսկ չհամբուրեցիք ինձ ոչ մի անգամ։ Դուք իսկական քա՛ր եք։ Բայց մտածեցեք, թե ես համարձակվել եմ ինչպիսի քայլ անելու։— Նա չորս կողմը նայեց երկյուղով, միաժամանակ և հետաքրքրությամբ։— Մտածեցեք, թե ո՜ւր եմ եկել ես։

«Ես կարող էի մեռնել ձեզ համար»,― Մարտինը հիշեց Լիզզիի խոսքերը։

— Իսկ ինչո՞ւ դուք չհամարձակվեցիք այդ անել ավելի առաջ,— հարցրեց Մարտինը խիստ տոնով,— երբ ես ապրում էի խցիկում, երբ ես սոված էի։ Չէ որ այն ժամանակ էլ ես նույն Մարտին Իդենն էի և որպես մարդ, և որպես գրող։ Վերջերս ես շատ հաճախ եմ տվել ինձ այդ հարցը, և ոչ միայն ձեր վերաբերմամբ, այլև բոլորի։ Տեսնո՞ւմ եք, ես չեմ փոխվել, թեպետ հանկարծ իմ արժեքի երևութապես բարձրանալը կարող է այդ միտքն առաջացնել։ Ինքս աշխատում եմ ինձ համոզել, որ ես փոխվել եմ, բայց ես նույնն եմ, ո՛չ մի նոր տաղանդ, ո՛չ մի նոր առաքինություն չունեմ։ Իմ ուղեղը մնաց այն, ինչ որ էր։ Մինչև անգամ գրականության և փիլիսոփայության նկատմամբ նոր հայացքներ չունեմ։ Իմ անձնավորության արժեքը չի ավելացել այն ժամանակից, երբ ես ապրում էի անհայտ ու միայնակ։ Միայն զարմանում եմ, թե ինչո՞ւ ես հանկարծ ամեն տեղ ցանկալի հյուր դարձա։ Անկասկած, մարդկանց հարկավոր եմ ոչ թե ես ինքս, որովհետև ես նույն Մարտին Իդենն եմ, որին նրանք սրանից առաջ չէին ուզում ճանաչել։ Նշանակում է, որ նրանք իմ մեջ գնահատում են մի այլ բան, այնպիսի բան, որը ոչ մի կապ չունի իմ հատկությունների հետ, որը ինձ հետ ընդհանուր ոչինչ չունի։ Ասե՞մ ձեզ, թե ինչն է գնահատվում իմ մեջ, այն, որ ես բոլորի կողմից ճանաչվել եմ։ Բայց չէ՞ որ այս ճանաչումն ինձանից դուրս է գտնվում, դա գոյություն ունի ուրիշների մտքում։ Բացի այդ, ինձ հարգում են հիմա այն դրամի համար, որը ես վաստակել եմ ու վաստակում եմ։ Բայց այդ դրամը հո իմ անձնավորությունը չէ, դրամը մնում է բանկում և Թոմի, Դիկի ու Հարիի գրպաններում։ Այդ ճանաչման ու դրամի համա՞ր է, որ դուք այժմ ուզում եք ինձ։

— Դուք փշրում եք իմ սիրտը,— հառաչեց Ռութը։— Դուք գիտեք, որ ես սիրում եմ ձեզ, որ ես այստեղ եկել եմ միայն նրա համար, որ սիրում եմ ձեզ։

― Վախենում եմ, որ դուք ոչ բոլորովին հասկացաք ինձ,— մեղմորեն նկատեց Մարտինը։— Ասացեք ինձ ահա թե ինչ․ ինչո՞ւ դուք հիմա ավելի ուժեղ եք սիրում ինձ, քան այն օրերին, երբ դուք այնքան վճռականություն ունեցաք, որ հրաժարվեցիք ինձանից։

— Ներեցեք և մոռացեք,— կրակոտ տոնով ճչաց Ռութը։— Ես միշտ էլ սիրել եմ ձեզ, լսո՞ւմ եք, միշտ։ Ահա թե ինչու այստեղ եմ և գրկում եմ ձեզ։

— Ես հիմա շատ կասկածամիտ եմ դարձել. ամեն ինչ դնում եմ կշեռքին։ Ձեր սերն էլ ուզում եմ կշռել և տեսնել թե դա ի՛նչ բան է։

Ռութը հանկարծ ազատվեց նրա գրկախառնումից, ուղղվեց և ուշադիր նայեց նրան։ Նա կարծես ուզում էր մի բան ասել, բայց լուռ մնաց։

— Ուզո՞ւմ եք իմանալ, թե ես ինչ եմ մտածում այդ մասին,— շարունակեց նա։— Երբ ես այնպիսին էի, ինչպիսին մնացել եմ մինչև այժմ, ինձ ոչ ոք չէր ուզում ճանաչել, բացի իմ դասակարգի մարդկանցից։ Երբ իմ գրքերն արդեն գրված էին, այդ աշխատությունները կարդացողներից ոչ մեկը խրախուսական ոչ մի խոսք չասաց։ Ընդհակառակը, ինձ կշտամբում էին, որ ես առհասարակ գրում եմ՝ գտնելով, որ ես զբաղվում եմ ինչ֊որ ամոթալի և դատապարտելի գործերով։ Բոլորն ասում էին ինձ լոկ մի բան, գնա՛ աշխատիր։

Ռութը բողոքի շարժում արեց։

— Այո, այո,— շարունակեց Մարտինը,— ճիշտ է, դուք խոսում էիք ոչ թե աշխատանքի, այլ «կարիերայի» մասին։ «Աշխատանք» բառը, ինչպես և իմ գրվածքներից շատերը, ձեզ դուր չեն գալիս, կոպիտ են։ Բայց հավատացնում եմ ձեզ, որ իմ տեսակետից ավելի կոպիտ էր այն, որ բոլորր համոզում էին ինձ գործի անցնել, կարծես ուզում էին ուղիղ ճամփի բերել ինչ-որ մի անբարոյական արարածի։ Սակայն, դառնանք բուն հարցին։ Իմ գրվածքների հրատարակումն ու հասարակության կողմից գնահատումը փոփոխություն առաջացրին ձեր զգացումների մեջ։ Դուք մերժեցիք ամուսնանալ Մարտին Իդենի հետ, թեպետ այն բոլորը, ինչ լույս է տեսել հիմա, գրված էր դեռ այն ժամանակ։ Ձեր սերը նրա հանդեպ բավականաչափ ուժեղ չէր, որպեսզի դուք այն ժամանակ ամուսնանայիք նրա հետ, իսկ հիմա ձեր սերը բավականաչափ ուժեղ դուրս եկավ և, անտարակույս, այդ զարմանալի փաստի բացատրությունը պիտի որոնել հենց այն բանում, որ ես նշանավոր եմ դարձել։ Այդ դեպքում ես չեմ խոսում իմ եկամուտների մասին. թերևս դուք չեք մտածել դրանց մասին, թեև ձեր ծնողների համար, հավանական է, դա էլ շատ մեծ նշանակություն ունի։ Այդ ամենն ինձ համար այնքան էլ հաճելի չէ։ Իսկ ամենավատն այն է, որ դա ստիպում է ինձ կասկած ունենալ սիրո, սրբազան սիրո նկատմամբ։ Մի՞թե սերն էլ պետք է սնվի փառքով ու ամբոխի գնահատականով։ Ակներև է, որ դա այդպես է։ Ես այնքան շատ եմ մտածել դրա մասին, որ ի վերջո գլուխս պտույտ է գալիս։

— Խե՜ղճ գլուխ,— Ռութը ձեռքով քնքշորեն շոյեց նրա մաղերը։— Թող նա այլևս պտույտ չգա, թող նա վերջապես հանգստանա։ Մարտի՛ն, սկսենք սկզբից։ Ես գիտեմ, որ թույլ գտնվեցի՝ զիջելով մայրիկիս համառ պահանջներին։ Ես չպետք է անեի այդ։ Չէ՞ որ դուք շատ հաճախ հասել եք ամենաթողության և մարդկային թուլությունների հանդեպ ներողամտության մասին։ Ներողամիտ եղեք իմ նկատմամբ, ներեցե՛ք ինձ։

— Օ՜, ես ներում եմ,— բացականչեց Մարտինն անհամբեր։— Հեշտ է ներել, երբ ներելու բան չկա։ Ձեր վարմունքը կարիք չունի ներման․ դուք վարվեցիք ձեր հայացքների համաձայն։ Ես էլ կարող եմ ներողություն խնդրել ձեզանից, որ իր ժամանակին չընտրեցի ծառայության մի ասպարեզ։

— Ես ձեր լավն էի ցանկանում,— առարկեց Ռութը եռանդադին,— չէի կարող ձեր լավը չցանկանալ, քանի որ սիրում էի ձեզ։

— Ճիշտ է, բայց դուք իմ լավը ցանկանալով, քիչ էր մնացել, որ կործանեիք ինձ։ Այո, այո, քիչ էր մնացել, որ ոչնչացնեիք իմ ստեղծագործությունը, իմ ապագան։ Ես բնությամբ ռեալիստ եմ, իսկ բուրժուական կուլտուրան չի հանդուրժում ռեալիզմը։ Բուրժուազիան երկչոտ է, նա վախենում է կյանքից։ Եվ դուք ինձ ուզում էիք ստիպել վախենալ կյանքից։ Դուք ձգտում էիք արգելափակել ինձ նեղ վանդակում։ Դուք ուզում էիք ինձ ստիպել, որ ես խոնարհվեմ կեղծ արժեքների առաջ, ուզում էիք իմ վզին փաթաթել անիրական, գռեհիկ բարոյականությունը։— Տեսնելով, որ Ռութն ուզում է առարկել, Մարտինը շարունակեց։— Ես ընդունում եմ, որ այդ գռեհկությունը միանգամայն անկեղծ է, բայց և այնպես նա կազմում է բուրժուական քաղաքակրթության, կուլտուրայի հիմքը։ Դուք ուզում էիք կաղապարել ինձ ձեր ձևի, վերածել ինձ ձեր դասակարգին պատկանող մարդու տոգորված ձեր դասակարգի բարոյականությամբ և ձեր դասակարգի նախապաշարումներով։

Մարտինը տխրությամբ շարժեց գլուխը։

— Դուք հիմա էլ չեք հասկանում ինձ։ Դուք իմ խոսքերին բոլորովին չեք տալիս այն իմաստը, որը ես ներդնում եմ դրանց մեջ։ Ձեզ համար զուտ ֆանտազիա է այն ամենը, որ ասում եմ ես, իսկ ինձ համար դա իսկական իրականություն է։ Լավագույն դեպքում դուք զվարճանում եք ու զարմանում, որ ցեխից դուրս եկած մի տղա հանկարծ հասել է այնտեղ, որ մինչև անգամ համարձակվում է քննադատել ձեր դասակարգը և նրան գռեհիկ անվանել։

Ռութը հոգնած գլխով հենվեց նրա ուսին և ջղային դողը նորից բռնեց նրան։ Մարտինը կանգ առավ մի րոպե՝ սպասելով, որ աղջիկը թերևս խոսի, և շարունակեց.

— Իսկ հիմա դուք ուզում եք վերածնել մեր սե՜րը, դուք ուզում եք ամուսնանալ ինձ հետ, դուք ուզում եք ինձ։ Բայց չէ՞ որ կարող է պատահել՝ ջանացեք ինձ հասկանալ, որ իմ գրքերը լույս չտեսնեին և գնահատականի չարժանանային, բայց և այնպես ես կլինեի այն, ինչ ես եմ, իսկ դուք երբեք չէիք գա ինձ մոտ։ Միայն այդ գրքերը... դրանց թող գրողը

— Մի՛ հայհոյեք,— ընդհատեց նրան Ռութը։

Մարտինը ծիծաղեց չարախինդ։

— Այո, այո,— ասաց նա։— Այն պահին, երբ հարց է դրված ձեր կյանքի ամբողջ երջանկության մասին, դուք վախենում եք կոպիտ խոսք լսելուց. գուք առաջվա պես վախենում եք կյանքից։

Ռութը ցնցվեց այդ խոսքերից, որոնք կարծես արժեքից զրկում էին նրա այժմյան քայլի էությունը, բայց և այնպես նրան թվաց, թե Մարտինն անիրավացի է իր նկատմամբ, և վշտացավ։

Մի որոշ ժամանակ նրանք նստած էին լուռ, Ռութը՝ անձնատուր իր տխուր խորհրդածություններին և չիմանալով, թե ինչ անի, իսկ Մարտինը՝ հիշելով անցյալի իր սերը։ Նա հիմա պարզ հասկացավ, որ ինքը երբեք չի սիրել Ռութին։ Նա սիրել է մի ոմն իդեալական Ռութի, երկնային էակի՝ ստեղծված նրա երևակայությամբ, պայծառ ու լուսաճաճանչ ոգուն, որին նա գովերգել է իր սիրային պոեմներում, իսկական Ռութին, բուրժուա աղջկանը բուրժուական հոգեբանությամբ ու սահմանափակ մտահորիզոնով, նա երբեք չի սիրել։

Հանկարծ Ռութը սկսեց խոսել.

— Ես ընդունում եմ, որ ձեր ասածներից շատ բան իրավացի է։ Ես իրոք վախենում էի կյանքից, ես բավական ուժեղ չէի սիրում ձեզ, բայց հիմա սովորեցի ավելի ուժեղ սիրել։ Ես սիրում եմ ձեզ, ինչպես դուք կաք, ինչպես էիք առաջ։ Ես ձեզ սիրում եմ այն ամենի համար, ինչ ձեզ տարբերում է իմ դասակարգի մարդկանցից։ Թող ձեր հայացքները երբեմն անհասկանալի լինեն ինձ. ես կսովորեմ հասկանալ դրանք, պետք է սովորեմ հասկանալ դրանք։ Ձեր ծխելը, ձեր հայհոյելը... այդ բոլորը ձեր էության մասն են կազմում, և ես սիրում եմ ձեզ նաև դրանց համար։ Ես շատ բան կսովորեմ։ Վերջին տասը րոպեում արդեն շատ բան սովորեցի։ Մի՞թե նախկինում երբևէ կվճռեի գալ այստեղ ձեզ մոտ։ Ա՜հ, Մարտին...

Ռութը հեկեկաց, դեմքը հպեց Մարտինի կրծքին։ Հանկարծ նա զգաց, որ Մարտինը, իրենից բաժանվելուց հետո առաջին անգամ, քնքշորեն ու խանդաղատանքօվ գրկեց նրան։ Ռութը, զգալով այդ, նրան նայեց ցոլացող աչքերով։

— Չափազանց ո՜ւշ է,— ասաց Մարտինը։ Նա հիշեց Լիզզիի խոսքերը։— Ես հիվանդ եմ, Ռութ... ո՛չ ֆիզիկապես, իմ հոգին, իմ ուղեղն է հիվանդ։ Ինձ համար ամեն ինչ կորցրել է իր արժեքը։ Ես ոչինչ չեմ ուզում։ Եթե դուք գայիք վեց ամիս առաջ, ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, իսկ հիմա արդեն ուշ է, չափազանց ուշ։

— Ոչ, ուշ չէ,— աղաղակեց Ռութը,— ես կապացուցեմ այդ. կապացուցեմ, որ իմ սերը դասակարգային նախապաշարումներից ուժեղ է։ Ես պատրաստ եմ հրաժարվել այն ամենից, ինչ այնքան թանկ է բուրժուազիային։ Ես այլևս չեմ վախենում կյանքից, կհեռանամ հորիցս ու մորիցս, կխայտառակեմ իմ անունը։ Ես հիմա պատրաստ եմ ընդմիշտ մնալ ձեզ հետ, եթե դուք ուզում եք, և կկարողանամ դրանում պարծանք և ուրախություն գտնել ինձ համար։ Եթե ժամանակին ես դավաճանել եմ սիրույն, այժմ պատրաստ եմ զոհաբերել դրա համար այն ամենը, ինչ այն ժամանակ մղեց ինձ դավաճանության։

Ռութը կանգնել էր Մարտինի առաջ փայլատակող աչքերով։

— Սպասում եմ,— ասաց նա,— սպասում եմ, Մարտի՛ն, որ դուք «այո» ասեք։ Նայե՛ք ինձ։

«Ի՜նչ հրաշալի է,— մտածեց Մարտինը՝ նայելով նրան,— նա քավել է բոլոր իր նախկին սխալները, իսկական կին է դարձել, վերջապես պոկել, դեն է գցել բուրժուական պայմանականությունների երկաթե շղթաները։ Այդ բոլորը հիանալի է, փառահեղ, անհավատալի արիություն․․․ Բայց ի՞նչ է կատարվում իմ մեջ»։

Ռութի այդ հայտարարությունը բոլորովին չհուզեց Մարտինին։ Նա միայն խելքով էր գնահատում աղջկա վարմունքը։ Դա հրդեհ պիտի առաջացներ նրա մեջ, իսկ նա բավականացավ սառնորեն գնահատելով այդ։ Նրա սիրտը չմորմոքվեց․ ոչ մի ցանկություն աղջկա նկատմամբ չզարթնեց նրա մեջ։ Նա նորից հիշեց Լիզզիի խոսքը։

— Ես հիվանդ եմ, շատ հիվանդ եմ,— ասաց Մարտինը՝ ձեռքի հուսահատ մի շարժումով։— Մինչ այժմ չէի էլ կասկածում, որ այսքան հիվանդ եմ, ինչ֊որ բան է պատահել ինձ։ Ես երբեք չեմ վախեցել կյանքից, և երբեք չէի կարող պատկերացնել, որ հագեցել եմ կյանքից։ Կյանքն այնքան է լիացրել ինձ, որ ես այլևս ոչ մի բանի ցանկություն չունեմ։ Եթե տեղ մնացած լիներ, ես հիմա կուզեի ունենալ ձեզ։ Տեսնո՞ւմ եք, թե ինչքա՜ն հիվանդ եմ։

Նա գցեց գլուխը թիկնաթոռի հենակին և փակեց աչքերը, և ինչպես լացող երեխան միանգամից մոռանում է իր բոլոր դառնությունները, երբ արցունքների միջով նայում է արևի ճառագայթների խաղին, այնպես էլ Մարտինը մոռացավ և՛ հիվանդությունը, և՛ Ռութի ներկայությունը, և՛ ամեն բան աշխարհում՝ դիտելով հանկարծ իր աչքին երևացած տեսիլքը արևի ճառագայթներով շողշողուն խիտ սաղարթը։ Այդ սաղարթը չափազանց կանաչ էր, շլացնում էր աչքերը, բայց նա շարունակում էր նայել ինքն էլ չիմանալով թե ինչու։

Մարտինը սթափվեց՝ լսելով դռան բռնակի ճռռոցը։ Ռութը կանգնած էր դռան մոտ։

— Ինչպե՞ս դուրս գամ այստեղից,— աղիողորմ հարցրեց նա,― վախենում եմ։

— Ա՜հ, ներեցե՛ք ինձ,— բղավեց նա՝ տեղից վեր թռչելով։— Ինքս էլ չգիտեմ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ես մոռացա, որ դուք այստեղ եք։

Նա ձեռքով շփեց ճակատը։

— Տեսնո՞ւմ եք, որ ես բոլորովին վատառողջ եմ։ Ես կուղեկցեմ ձեզ մինչև ձեր տունը։ Կարող ենք դուրս գալ հետևի դռնով. մեզ ոչ ոք չի նկատի. միայն թե իջեցրեք ձեր քողը։

Ռութը պինդ բռնել էր նրա ձեռքը. նրանք գնում էին նեղ միջանցքներով ու կիսամութ սանդուղքներով։

— Դե, հիմա ես վտանգից ազատ եմ,— ասաց նա՝ դուրս գալով փողոց, և ուզեց թողնել Մարտինի ձեռքը։

— Ես կուղեկցեմ ձեզ մինչև տուն,— ասաց նա։

— Ո՛չ, ո՛չ,— առարկեց Ռութը,— պետք չէ։

Ռութը նորից փորձեց ազատել իր ձեռքը. մի պահ դա հետաքրքրություն առաջացրեց Մարտինի մեջ։ Թվում էր, թե Ռութը հենց հիմա էլ է վախենում որևէ բանից, երբ նրա համար ոչ մի վտանգ չի մնացել։ Կարծես Ռութը ուզում էր շուտով պոկ գալ նրանից, և Մարտինը վերագրում էր դա պարզապես ջղային հակազդեցության։ Այդ պատճառով Մարտինը բռնած պահեց նրա ձեռքը և տարավ նրան դեպի տուն։ Երբ նրանք մոտենում էին անկյունին, Մարտինը հանկարծ տեսավ երկար վերարկու հագած մի մարդու, որը հապճեպ անհետացավ՝ մտնելով մի տան դարպասը։ Դռան առջևով անցնելիս՝ Մարտինը նայեց ներս և չնայած որ անծանոթն իր օձիքը բարձրացրել էր, նա վստահ էր, որ դա Ռութի եղբայրը՝ Նորմանն է։

Ճանապարհին Ռութն ու Մարտինը գրեթե չէին խոսում, Ռութը տխուր էր, իսկ Մարտինը սառնասիրտ։ Նա ասաց Ռութին, թե շուտով գնալու է Խաղաղ օվկիանոսի կղզիները, իսկ Ռութն իր կողմից ներողություն խնդրեց նրանից իր անակնկալ այցելության համար։ Դրանով էլ վերջացավ։ Նրանք բաժանվեցին Ռութի տան դռանը։ Նրանք սեղմեցին իրար ձեռք, բարի գիշեր մաղթեցին, ընդսմին Մարտինը հանդիսավորապես բարձրացրեց գլխարկը։ Դուռը փակվեց։ Մարտինը մի գլանակ վառեց և ետ դարձավ հյուրանոց գնալու։ Հիմա անցնելով դատարկ դռան առաջով, ուր թաքնվել էր Նորմանը, Մարտինը կանգ առավ և մի րոպե մտքերով տարվեց։

— Ռութը ստեց,— ասաց նա բարձրաձայն։— Նա ուզում էր ինձ հավատացներ, որ վճռական ու համարձակ քայլ է արել, մինչդեռ նրա եղբայրն այդ ամբողջ ժամանակ սպասում էր նրան, որպեսզի ետ տանի տուն։

Նա քրքջաց։

— Ա՜հ, այդ բուրժուանե՜րը։ Երբ ես աղքատ էի, մինչև անգամ չէի համարձակվում մոտենալ նրա քրոջը, իսկ երբ բանկում ընթացիկ հաշիվ ունեցա, նա ինքն է բերում ինձ մոտ իր քրոջը։

Մարտինն ուզում էր շարունակել իր ճամփան, երբ հանկարծ ինչ֊որ թափառաշրջիկ մոտենալով նրան, դիպավ նրա արմունկին։

— Կարո՞ղ եք մի քսանհինգ սենթանոց տալ ինձ, միստր, գիշերվա օթևանի համար։

Այդ ձայնը ստիպեց Մարտինին իսկույն ետ նայել։ Հաջորդ ակնթարթին նա արդեն պինդ սեղմում էր Ջոյի ձեռքը։

― Հիշո՞ւմ ես, ես ասում էի քեզ, որ մենք կհանդիպենք,— ասում էր Ջոն։— Ես նախազգում էի այդ։ Ահա և հանդիպեցինք։

— Երևում է, որ դու շատ լավ ես,— ասաց Մարտինը հիացած,— մինչև անգամ կարծես, չաղացել ես։

— Հենց այդպես է,— հաստատեց Ջոն, ուրախ ժպտալով։― Այն օրվանից, երբ ես թափառաշրջիկ դարձա, հասկացա, թե ի՜նչ է նշանակում կյանքը։ Ես երեսուն ֆունտ ավելացրի իմ քաշը և հրաշալի եմ զգում ինձ։ Առաջներում աշխատանքն այնքան էր հյուծել ինձ, որ միայն ոսկոր ու կաշի էր մնացել ինձանից, իսկ այսպիսի կյանքն իսկական իմ ուզածն է։

— Սակայն դու ողորմություն ես խնդրում գիշերային օթևանի համար,— տնազ արեց Մարտինը նրան,— իսկ գիշերը ցուրտ է։

— Հը՞, գիշերային օթևանի համար ողորմությո՞ւն եմ խնդրում։— Ջոն գրպանից հանեց մի բուռ դրամ։— Ինձ բավական էր և սա,— խոստովանեց նա,— դու բարի մարդ երևացիր աչքիս, դրա համար էլ ես ուզեցի ճանկել։

Մարտինը հռհռաց։

— Քո մոտի դրամը կբավե նաև խմելու,― նկատեց նա։

Ջոն դրամները ետ դրեց գրպանը։

— Ես հիմա չեմ խմում,— հայտարարեց նա,— խմելու ցանկություն չունեմ։ Քեզնից բաժանվելուց հետո միայն մի անգամ եմ խմել, այն էլ հիմարացա և խմեցի դատարկ ստամոքսով։ Երբ ես անասունի նման աշխատում էի, անասունի նման էլ խմում էի. հիմա, որ ապրում եմ մարդավարի, մարդավարի էլ խմում եմ։ Երբեմն կոնծում եմ մի փոքր բաժակ, և դրանով էլ բանը վերջանում է։

Մարտինը պայմանավորվեց հանդիպել նրա հետ հաջորդ օրը և մտավ հյուրանոց։ Նախասրահում նա նայեց շոգենավերի չվացուցակը։ Հինգ օր հետո Թաիթի էր մեկնում «Մարիպոզա» շոգենավը։

— Հեռախոսով մի նավախցիկ պատվիրեցեք ինձ համար,— ասաց նա հյուրանոցի գրագրին,—բայց ոչ վերևում, այլ ներքևում, ձախ կողմը, չմոռանա՛ք։

Իր սենյակը մտնելով՝ Մարտինը անկողին մտավ և անվրդով քնեց։ Նրա ուղեղն արդեն չէր ընդունում տպավորություններ. մինչև անգամ Ջոյի հետ հանդիպման մեծ ուրախությունը վաղանցիկ եղավ։ Դա շարունակվեց մի պահ, իսկ հաջորդ պահին Մարտինն արդեն ափսոսաց, որ հանդիպել է լվացքատան նախկին ընկերոջը, որովհետև նա մինչև անգամ չէր ուզում զրուցել։ Որ հինգ օրից հետո կմեկնի իր սիրելի օվկիանոսը, դա էլ չէր ուրախացնում նրան։ Նա փակեց աչքերը և խաղաղ քնեց ութ ժամ շարունակ. դեսուդեն շուռ չէր գալիս անկողնում, երազ չէր տեսնում։ Նա հանգստանում էր գիշերային ինքնամոռացության մեջ և ամեն անգամ էլ անպայման ափսոսում էր, որ զարթնեց։ Կյանքը հոգնեցնում ու տանջում էր նրան, իսկ ժամանակը նրա համար իսկական չարչարանք էր։