Վեցերորդ Բաժին: Գերշահույթի Փոխարկումը Հողային Ռենտայի
հեղինակ՝ Կարլ Մարքս |
ՎԵՑԵՐՈԴ ԲԱԺԻՆ։ ԳԵՐՇԱՀՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱՅԻ
ԵՐԵՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հողայիս սեփականության տարբեր պատմական ձևերի վերլուծումն այս աշխատության սահմաններից դուրս է։ Մենք նրանով զբաղվում ենք լոկ այն չափով, որչափով որ կապիտալի արտադրած հավելյալ արժեքի մի մասը հողային սեփականատիրոջն է բաժին ընկնում։ Այսպիսով ուրեմն, մենք ենթադրում ենք, որ երկրագործությունը, ճիշտ այնպես, ինչպես և մանուֆակտուրան, արդեն ենթարկված է արտադրության կապիտալիստական եղանակին, այսինքն որ գյուղատնտեսությունը վարում են կապիտալիստները, որոնք մնացյալ կապիտալիստներից նախ և առաջ տարբերվում են այն տարրով միայն, որի մեջ ներդրվում է նրանց կապիտալն ու այս կապիտալի կողմից շարժման մեջ դրված վարձու աշխատանքը։ Մեր տեսակետից՝ ֆերմերը ցորեն և այլն արտադրում է ճիշտ այնպես, ինչպես գործարանատերը՝ մանվածք կամ մեքենաներ։ Այն ենթադրությունը, թե արտադրության կապիտալիստական եղանակը նվաճել է գյուղատնտեսությունը, նշանակում է այն էլ, որ հիշյալ եղանակն իշխում է արտադրության ու բուրժուական հասարակության բոլոր ոլորտներում, որ, հետևաբար, իրենց լիակատար հասունությամբ առկա են նաև նրա պայմաններն, ինչպիսիք են՝ կապիտալների ազատ մրցում, նրանց փոխադրումն արտադրության մի ոլորտից մյուսը, միջին շահույթի միահավասար մակարդակը և այլն։ Հողային սեփականության մեր կողմից քննարկվող ձևը նրա մասնահատուկ պատմական մի ձևն է, կապիտալի և արտադրության կապիտալիստական եղանակի ներգործության հետևանքով առաջացած փոխակերպյալ ձևը, ընդ որում փոխակերպման է ենթարկվում կամ ֆեոդալական հողային սեփականությունը կամ թե իբրև սննդաճյուղ վարվող մանր-գյուղացիական երկրագործությունը, որի պայմաններում հողի տիրությանը հանդես է գալիս իբրև անմիջական արտադրողի արտադրության պայմաններից մեկը, իսկ փողի նկատմամբ արտադրողի ունեցած սեփականության իրավունքը ներկայանում է որպես ամենաշահավետ պայման, իբրև նրա արտադրությանն եղանակի ծաղկելու պայման։ Եթե արտադրության կապիտալիստական եղանակն ընդհանրապես ենթադրում է
բանվորների ունեզրկումն աշխատանքի պայմաններից, ապա հողագործության մարզում նա ենթադրում է գյուղական բանվորների ունեզրկումը հողից և նրանց ենթարկումը կապիտալիստին, որը շահույթի համար է երկրագործությունը վարում։ Ուրեմն, մեր ընդունած տեսակետի համար ամենևին նշանակություն չունեցող մի առարկություն կլինի, եթե մեզ հիշեցնեն, թե հողային սեփականության ու երկրագործության ուրիշ ձևեր էլ են գոյություն ունեցել և դեռ գոյություն ունեն։ Այս առարկությունը կարող է վերաբերել այն տնտեսագետներին միայն, որոնք գյուղատնտեսության մեջ վարվող արտադրության կապիտալիստական եղանակն ու սրան համապատասխանող հողային սեփականության ձևը դիտում են ոչ թե որպես պատմական, այլ որպես հավիտենական կատեգորիաներ։
Հողային սեփականության արդի ձևի ուսումնասիրությունը մեզ համար անհրաժեշտ է այն պատճառով, որ ընդհանրապես պետք է ուսումնասիրվեն արտադրության ու շրջանառության այն որոշակի հարաբերությունները, որոնք ծագում են գյուղատնտեսության մեջ կապիտալ ներդրելուց: Առանց սրա՝ կապիտալի վերլուծությունը լրիվ չէր լինի։ Հետևաբար, սահմանափակվում ենք կապիտալի ներդրմամբ բուն երկրագործության մեջ բացառապես, այսինքն այն գլխավոր բուսանյութի արտադրության մեջ, որով ապրում է բնակչությունը։ Մենք կարող ենք ասել՝ ցորենի, որովհետև սա արդի կապիտալիստորեն զարգացած ժողովուրդների գլխավոր սննդամիջոցն է։ (Կամ թե երկրագործության փոխարեն վերցնել հանքարանները, որովհետև օրենքները միևնույն են)։
Ա. Սմիթի խոշոր ծառայություններից մեկն այն է, որ նա ցույց է տվել, թե գյուղատնտեսական մյուս արդյունքների, օրինակ, վշի, ներկաբույսերի արտադրության, ինքնուրույն անասնաբուծության համար կիրառված կապիտալի հողային ռենտան որոշվում է այն հողային ռենտայով, որ տալիս է գլխավոր սննդամիջոցի արտադրության մեջ ներդրված կապիտալը։ Նրա ժամանակվանից դեսն իրապես ոչ մի առաջադիմություն չի կատարվել այս բնագավառում։ Այն, ինչ որ մենք կարող էինք հիշեցնել իբրև սահմանափակումներ կամ լրացումներ, վերաբերում է ոչ թե մեղ զբաղեցնող խնդրին, այլ հողային սեփականության հատուկ ուսումնասիրությանը։ Ուստի մենք ex professo [հատկապես] չենք խոսի այն հողային սեփականության մասին, որն առնչություն չունի ցորենի արտադրության համար նախանշված հողի հետ, այլ տեղ-տեղ նրան կանդրադառնանք լուսաբանման նկատառումով։
Խնդրի քննարկման շրջանակներն ավելի ճիշտ որոշելու համար դեռ պիտի նշենք, որ այստեղ հող ասելով հասկացվում է նաև ջուրը և այլն, որչափով որ սա սեփականատեր ունի, որպես հողի պատկանելիք է ներկայանում։
Հողային սեփականությունը ենթադրում է որոշ անձերի մենաշնորհը՝ տնօրինելու երկրագնդի այս ու այն մասերն իբրև նրանց մասնավոր կամքի բացառիկ ոլորտներ՝ վտարելով բոլոր մյուսներին[1]։ Այս ենթադրությունն անելու դեպքում պահանջվում է բացահայտել այս մենաշնորհի տնտեսական արժեքը, այսինքն նրա շահեցումը կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա։ Այս անձերի իրավաբանական իշխանությունը, որով նրանք օգտագործում և չարարկում են հողագնդի մասերը, ոչինչ չի բացատրում մեզ։ Այս մասերի օգտագործումը ամբողջովին ու միանգամայն կախված է տնտեսական պայմաններից, որոնք նրանց կամքից կախում չունեն։ Հենց իրավաբանական պատկերացում ինքը ոչ մի ուրիշ րտն չի նշանակում, քան այն, որ հողային սեփականատերը իր հողի հետ կարող է վարվել այնպես, ինչպես ամեն մի ապրանքատեր՝ իր ապրանքի հետ և այս պատկերացումը — ազատ մասնավոր հողային սեփականության այս իրավաբանական պատկերացումը — հնադարյան աշխարհում հանդես է գալիս օրգանական հասարակակարգի քայքայման ժամանակաշրջանում միայն, իսկ արդի աշխարհում՝ կապիտալիստական արտադրության զարգացման հետ միայն։ Ասիայում այս պատկերացումը տեղ-տեղ եվրոպացիներն են ներմուծել։ Սկզբնական կուտակմանը վերաբերող բաժնում (I գիրք, XXIV գլուխ) մենք տեսանք, թև ինչպես արտադրության այս եղանակը ենթադրում է մի կողմից՝ անմիջական արտադրողների ազատագրումը հողի մի սոսկական պատկանելիքը լինելու դրությունից (կիսաճորտերի, ճորտերի, ստրուկների և այլոց ձևով), մյուս կողմից՝ ժողովրդի բազմության ունեզրկումը հողից։ Ըստ այսմ հողային սեփականության մենաշնորհը արտադրության կապիտալիստական եղանակի մի պատմական նախադրյալ է և մնում է որպես նրա մշտական պատվանդան, ինչպես պատվանդան է եղել նաև արտադրության այն բոլոր նախկին եղանակների, որոնք հիշվել են մասսաների այս կամ այն ձևով վարվող շահագործման վրա։ Բայց այն ձևը, որի մեջ արտադրության սկսվող կապիտալիստական եղանակը գտնում է հողային սեփականություն, չի համապատասխանում այս եղանակին։ Միմիայն սա ինքն է իրեն համապատասխանող ձևն ստեղծում՝ հողագործությունը կապիտալին ենթարկելով. հենց այս միջոցով ֆեոդալական հողային սեփականությունը, կլանային սեփականությունը կամ թե մանր գյուղացիական սեփականությունը հողային համայնքի [Markgemeinschaft] հետ միասին փոխարկվում են արտադրության այս եղանակին համապատասխանող ձևի, որքան էլ տարբեր լինեն սրանց իրավաբանական ձևերը։ Արտադրության կապիտալիստական եղանակի մեծ հետևանքներից մեկն այն է, որ նա մի կողմից հողագործությունը հասարակության ամենից անզարգացած մասի սոսկ էմպիրիկ ու մեքենաբար ժառանգված զբաղմունքից դարձնում է ագրոնոմիայի գիտակցված ու գիտական կիրառում, որչափով որ սա ընդհանրապես հնարավոր է մասնավոր սեփականության հետ կապված հարաբերությունների շրջանակում[2]. որ նա մի կողմից՝ հողային սեփականությունը լիովին ազատում է տիրապետական ու ծառայական հարաբերություններից, մյուս կողմից՝ հողը իբրև աշխատանքի պայման ամբողջովին անջատում է հողային սեփականությունից ու հողասեփականատիրոջից, որի համար հողն այլևս ուրիշ ոչինչ չի ներկայացնում, քան մի որոշ փողային հարկ, որ հողասեփականատերը իր մենաշնորհի միջոցով վերցնում է արդյունաբերական կապիտալիստից, ֆերմերից. նա այնքան սաստիկ է լուծում այս կապը, որ հողասեփականատերը կարող է իր ամբողջ կյանքը Կոստանդնուպոլսում անցկացնել, այնինչ նրա հողային սեփականությունը գտնվում է Շոտլանդիայում։ Այսպիսով հողային սեփականությունն ստանում է իր զուտ տնտեսական ձևը՝ թոթափելով իր բոլոր նախկին քաղաքական ու սոցիալական ծածկույթներն ու խառնազոդումները, կարճ ասած, այն բոլոր ավանդական կցուկները, որոնք հենց արդյունաբերական կապիտալիստների, այլև, սրանց թեորիական ջատագովների կողմից, ինչպես հետո կտեսնենք, հողային սեփականության դեմ մղած իրենց պայքարի սուր շրջանում պախարակվում էին որպես անօգուտ ու անհեթեթ հավելուկներ։ Մի կողմից՝ հողագործության ռացիոնալացումը, որն առաջին անգամ հնարավորություն է տալիս երկրագործությունը հանրորեն վարելու, մյուս կողմից՝ հողային սեփականությունը աբսուրդի հասցնելը,— սրանք են արտադրության կապիտալիստական եղանակի խոշոր ծառայությունները։ Սա իր պատմական մյուս բոլոր առաջադիմությունների նման այս վերջինն էլ ամենից առաջ ձեռք էր բերում անմիջական արտադրողների լիակատար թշվառացման գնով։
Բուն իսկ առարկային անցնելուց առաջ դեռ անհրաժեշտ է մի քանի նախնական նկատողություններ անել՝ թյուրիմացությունները կանխելու համար։
Ուրեմն, արտադրության կապիտալիստական եղանակի նախադրյալն այս է. իսկական հողագործները վարձու բանվորներն ենք որոնց բանեցնում է կապիտալիստը, վարձակալը, որը գյուղատնտեսությունը վարում է իբրև կապիտալի շահագործման մեկ առանձին մարդ միայն, որպես իր կապիտալի ներդրում արտադրության մի հատուկ ոլորտում։ Այս ֆերմեր-կապիտալիստը հողի սեփականատիրոջը, իր շահագործած հողի սեփականատիրոջը, որոշ ժամկետներում, օրինակ, տարեկան, վճարում է պայմանագրով սահմանված փողի մի որոշ գումար (բոլորովին այնպես, ինչպես փողային կապիտալի փոխառուն վճարում է որոշ տոկոս) իր կապիտալն արտադրության այս հատուկ մարզում կիրառելու թույլտվության համար։ Փողի այս գումարը կոչվում է հողային ռենտա, վճարելիս լինի սա վարելահողերից, շինարարական հողամասերից, հանքարաններից, ձկնորսարաններից, անտառաստաններից և այլն, միևնույն է։ Հողային ռենտան վճարվում է այն ամբողջ ժամանակվա համար, որի ընթացքում հողի սեփականատերը հողը պայմանագրով փոխատրել է, վարձով տվել է վարձակալին։ Հետևաբար, հողային ռենտան այստեղ այն տնտեսական ձևն է, որով հողային սեփականությունը տնտեսապես իրացվում, արժեք է բերում։ Այնուհետև, մենք այստեղ ունենք այն բոլոր երեք դասակարգերը, որոնք միասին ու իրար հակադրվելով կազմում են արդի հասարակության կմախքը՝ վարձու բանվոր, արդյունաբերական կապիտալիստ, հողի սեփականատեր։
Կապիտալը կարող է հողում սևեռվել, նրան միակցվել մասամբ շատ վաղանցուկ կերպով, ինչպես քիմիական բնույթ ունեցող բարելավումների, պարարտացման և այլոց դեպքում, մասամբ էլ ավելի հարատևորեն, ինչպես հեռատար ջրանցքների, ոռոգման կառուցումների, համահարթումների, տնտեսական նպատակների ծառայող շենքերի և այլոց գեպքում։ Հողին այսպես միակցված կապիտալը ես մի ուրիշ տեղ անվանել եմ la terre-capital[3]։ Սա վերաբերում է հիմնական կապիտալի կատեգորիային։ Այն տոկոսը, որ գանձվում է հողին միակցված կապիտալի ու այն բարելավումների համար, որոնց ենթարկվում է հողն իբրև արտադրության գործիք, կարող է մի մասը լինել այն ռենտայի, որ հողի սեփականատիրոջը վճարում է ֆերմերը[4], բայց նա չի կազմում բուն հողային ռենտան, որը վճարվում է հողի, իբրև այսպիսու, օգտագործման համար, գտնվելիս լինի սա բնական վիճակում, թե մշակված լինի, միևնույն է։ Հողային սեփականության սիստեմատիկ քննարկման դեպքում, որը մեր պլանից դուրս է, հողի սեփականատիրոջ եկամտի այս մասը հարկավոր կլիներ մանրամասն քննարկել։ Այստեղ նրա վերարերմամբ բավական է մի քանի խոսք։ Կապիտալի կարճաժամկետային այն ներդրումները, որոնք զուգորդված են հողագործության սովորական արտադրական պրոցեսների հետ, բոլորն առանց բացառության կատարում է ֆերմերը։ Այս ներդրումները, ինչպես և սոսկական մշակումն ընդհանրապես,— եթե սա որոշ չափով ռացիոնալ կերպով է վարվում, ուրեմն չի հանգում հողը բիրտ կերպով ուժասպառ անելուն, ինչպես այդ տեղի ուներ, ասենք, ամերիկյան նախկին ստրկատերերի մոտ,— որից սակայն պայմանագրերով իրենց ապահովում են պարոնայք հողային սեփականատերերը,— այդ ներդրումները բարելավում են հողը[5], բարձրացնում են նրա արդյունքը և հողը սոսկական մատերիայից դարձնում են հող-կապիտալ։ Մշակված հողն ավելի է գնահատվում, քան միևնույն բնական որակն ունեցող անմշակ հողը։ Ավելի հարատև, ավելի երկար ժամանակ օգտագործվող, հողին միակցված հիմնական կապիտալներն էլ մեծ մասամբ, իսկ որոշ ոլորտներում բացառապես, ֆերմերն է ներդրում։ Բայց հենց որ պայմանագրով սահմանված վարձակալության ժամկետն անցնում է,— և սա այն պատճառներից մեկն է, որոնցից դրդված հողի սեփականատերն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացմանը համընթաց ձգտում է կարելվույն չափ կրճատելու վարձակալության ժամկետը, այն ժամանակ հողին միակցված բարելավումներն իբրև սուբստանցի, այսինքն հողի անբաժանելի ակցիդենցներ* [Տես 5 ծան. հետո] բաժին են ընկնում հողի տիրոջը որպես սեփականություն։ Երբ հողի սեփականատերը վարձակալման նոր պայմանագիր է կնքում, նա հողին միակցված կապիտալի համար տրվող տոկոսն ավելացնում է բուն հողային ռենտայի վրա, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նա հողը հիմա վարձով տալիս է նո՞ւյն այն ֆերմերին, որը կատարել է բարելավումները, թե՞ մի ուրիշ ֆերմերի։ Այսպիսով նրա ռենտան ուռչում է. կամ թե չէ՝ եթե նա ծախել ուզում հողը, մենք իսկույն կտեսնենք, թե սրա գինն ինչպես է որոշվում,— այժմ նրա արժեքը բարձրացել է։ Նա ոչ թե լոկ հողն է ծախում, այլ բարելավված հողը, հողին միակցված կապիտալը, որը ոչինչ չի նստել նրա վրա։ Սա է այն գաղտնիքներից մեկը — բոլորովին մի կողմ թողած բուն հողային ռենտայի շարժումը,—որոնց հետևանքը լինում է հողի սեփականատերերի սաստկացող հարստացումը, նրանց ռենտաների հարատև վերելքը, նրանց հողերի աճող փողային արժեքը՝ տնտեսական զարգացման առաջադիմությանը համընթաց։ Այսպիսով հողային սեփականատերերը իրենց մասնավոր գրպանն են դնում հասարակական զարգացման այն հետևանքը, որը գոյացել է առանց նրանց գործակցության,— fruges consumere nati [պտուղները սպառելու համար ծնվածները]։ Բայց այս միաժամանակ մեկն է ռացիոնալ երկրագործություն վարելու ամենամեծ արգելքներից, որովհետև ֆերմերը խուսափում է այն բոլոր բարելավումներից ու ծախսումներից, որոնց լիակատար ետհոսումը չի կարելի ակնկալել իր վարձակալման ժամանակի տևողության ընթացքում, և մենք տեսնում ենք, որ այս հանգամանքը նորից ու նորից է իբրև այսպիսի արգելք հայտարարվել ինչպես անցյալ դարում Ջեմս Անդերսոնի, ռենտայի արդի թեորիայի իսկական հայտնագործողի կողմից, որը միաժամանակ գործնական ֆերմեր ու իր ժամանակին նշանավոր ագրոնոմ էր, այնպես էլ մեր օրերում՝ Անգլիայի հողային սեփականության այժմյան կառուցվածքի հակառակորդների կողմից։
Ա. Ա. Ուոլտոնն այս մասին ասում է „History of the Landed Tenures of Great Britain and Ireland», London 1865, էջ 96, 97. «Մեր երկրում գործող գյուղատնտեսական բազմաթիվ հիմնարկների բոլոր հանքերը չեն կարող շատ նշանավոր կամ թե նկատելի հետևանքներ առաջ բերել հողի բարելավված մշակման իրական առաջադիմության ասպարեզում, քանի դեռ այսպիսի բարելավումները շատ ավելի բարձր աստիճանով մեծացնում են հողային սեփականության արժեքը և բարձրացնում հողատիրոջ ռենտայի գումարը, քան բարելավում են ֆերմերի կամ թև գյուղատնտեսական բանվորի դրությունը։ Ֆերմերները ճիշտ նույնպես, ինչպես հողատերը, սրա կառավարիչը կամ թե հենց գյուղատնտեսական ընկերության նախագահը, լավ գիտեն ընդհանրապես, որ լավ ցամաքուրդը, առատ պարարտացումն ու կարգին տնտեսագործումը՝ զուգորդվելով հողը հիմնովին մաքրելու, և մշակելու համար անհրաժեշտ աշխատանքի աճող կիրառման հետ՝ սքանչելի հետևանքներ առաջ կբերեն ինչպես հողի բարելավման, այնպես էլ արտադրությունն ընդլայնելու ասպարեզում։ Բայց այս բոլորը նշանավոր ծախսեր են պահանջում, և ֆերմերները նույնպես շատ լավ գիտեն, որ իրենք ինչքան շատ էլ բարելավեն հողը կամ թե բարձրացնեն սրա արժեքը, գլխավոր օգուտը ժամանակի ընթացքում հողատերերն են քաղելու սրանից՝ բարձրացրած ռենտաների ու հողի ավելացած արժեքի կերպարանքով։ Ֆերմերները բավական բանիմաց են նկատելու համար այն, ինչ որ հիշյալ ճառախոսները {հողատերն ու նրա կառավարիչը գյուղատնտեսական հանդեսների ժամանակ} տարօրինակ եղանակով միշտ մոռանում են ասել այն, որ ֆերմերների արած բոլոր բարելավումների առյուծի բաժինը վերջիվերջո պետք է հողատիրոջ գրպանը մտնի... Նախորդ վարձակալը որքան էլ բարելաված լինի վարձակալած հողը, նրա հաջորդը յուրաքանչյուր անգամ համոզվելու է, որ հողատերը ռենտան պիտի բարձրացնի համաձայն հողի արժեքի աճմանը, որն առաջացել է նախկին բարելավումների շնորհիվ։
Այս պրոցեսը բուն երկրագործության մեջ դեռ այնպես պայծառ հանդես չի գալիս, ինչպես հողն իբրև շինարարական տեղամաս օգտագործելու դեպքում է խիստ գերակշռող մասն այն հողի, որ Անգլիայում ծառայում է շինարարական նպատակների համար, չի ծախվում իբրև freehold [իբրև սեփականություն], այլ հողի սեփականատերերի կողմից վարձով է տրվում 99 տարով կամ թե ավելի կարճ ժամանակով, եթե այդ հնարավոր է լինում։ Այս ժամկետն անցնելուց հետո շենքերը բուն իսկ հողի հետ միասին բաժին են ընկնում հողատիրոջը։ Նրանք {վարձակալները} պարտավորվում են վարձակալման պայմանաժամն անցնելուց հետո տունը լավ բնակելի վիճակում խոշոր հողատիրոջը հանձնելու, թեև մինչ այդ ժամանակ ուռցրած հողային ռենտա են վճարել։ Վարձակալման պայմանաժամը հազիվ է անցած լինում, և ահա գալիս է հողատիրոջ գործակալը կամ կառավարիչը, զննում է ձեր տունը, հոգում է այն մասին, որ դուք տունը լավ վիճակի մեջ գնեք, այնուհետև ստանձնում է նրա տիրությունը և այն միակցում իր հողատիրոջ գույքին։ Իրողությունն այն է, որ եթե դեռ երկար ժամանակ թույլատրվի այս սիստեմը իր լրիվ ներգործությամբ, թագավորության մեջ ամբողջ տնատիրությունը ճիշտ այնպես, ինչպես գյուղական հողատիրությունը, խոշոր հողատերերի ձեռին կլինի։ Լոնդոնի ամբողջ Westend-ը, Temple Bar-ից հյուսիս ու հարավ, գրեթե բացառապես պատկանում է մի կես դյուժին խոշոր հողատերերի, վարձու է տրված վիթխարի հողային ռենտաներով, և որտեղ վարձակալման պայմանաժամերը լիովին չեն անցել, ապա նրանք արագ հասնում են իրար ետևից։ Թագավորության մեջ այս միևնույնն ավելի մեծ կամ ավելի փոքր աստիճանով վերաբերում է բոլոր քաղաքներին։ Բայց նույնիսկ սրա վրա էլ դեռ կանգ չի առնում բացառիկության ու մենաշնորհի այս ագահ սիստեմը։ Մեր նավահանգստային քաղաքների նավաշինարանային գրեթե բոլոր կառուցումները զավթողական միևնույն պրոցեսի հետևանքով գտնվում են խոշոր հողատեր լևիաթանների ձեռքում» (ն. տ., էջ 93)։ Այս հանգամանքներում պարզ է, որ եթե 1861 թվականի հաշվեհամարը Անգլիայի և Ուելսի Համար 20 066 224-անոց ընդհանուր բնակչության կողքին տալիս է տնատերերի 30 032-անոց մի թիվ, ապա սեփականատերերի հարաբերությունը տների ու բնակչության թվի նկատմամբ բոլորովին ուրիշ կերպարանք կստանար, եթե (խոշոր սեփականատերերը առանձնացվեին մանրերից։
Շենքերի սեփականությանը վերաբերող այս օրինակը կարևոր է, 1) որովհետև պարզ ցույց է տալիս բուն հողային ռենտայի ու հողին միակցված հիմնական կապիտալի տոկոսի տարբերությունն, ընդ որում այո տոկոսը կարող է հողային ռենտայի հավելումը լինել։ Շենքերից ստացվող տոկոսը, ինչպես և երկրագործության պրոցեսում ֆերմերի կողմից հողին միակցված կապիտալի տոկոսը վարձակալման պայմանաժամի ընթացքում բաժին է ընկնում արդյունաբերական կապիտալիստին, շինարարական սպեկուլանտին կամ ֆերմերին և ինքնըստինքյան ոչ մի գործ չունի այն հողային ռենտայի հետ, որը տարեցտարի որոշ ժամկետներում վճարվելու է հողն օգտագործելու դիմաց։ 2) Որովհետև ցույց է տալիս, թե ինչպես հողին միակցված ուրիշի կապիտալը վերջիվերջո հողի հետ միասին բաժին է ընկնում հողատիրոջը և տոկոսի ներգործությամբ բարձրանում է հողի ռենտան։
Մի քանի հեղինակներ, մասամբ իբրև հողային սեփականության ջատագովներ ընդդեմ բուրժուական տնտեսագետների հարձակումների, մասամբ էլ ձգտելով այն բանին, որ արտադրության կապիտալիստական սիստեմը հակադրությունների սիստեմ ի փոխարեն դարձնեն «ներդաշնակությունների» սիստեմ, ինչպես, օրինակ, Կերին, ճգնել են այնպես ներկայացնել գործը, որ իբր թե հողային ռենտան՝ հողային սեփականության այս մասնահատուկ տնտեսական արտահայտությունը, նույնն է, ինչ որ տոկոսը։ Սրանով կջնջվեր հողի սեփականատերերի ու կապիտալիստների միջև եղած հակադրությունը։ Հակառակ մեթոդն է կիրառվել կապիտալիստական արտադրության սկզբնական շրջանում։ Հասարակության մեջ տարածված պատկերացմամբ հողային սեփականությունն այն ժամանակ դեռ համարվում էր մասնավոր սեփականության առաջնական ու հարգարժան ձևը, այնինչ կապիտալի տոկոսը պախարակվում էր որպես վաշխառություն։ Ուստի Դեզլի Նորսը, Լոկկը և ուրիշները կապիտալի տոկոսը ներկայացնում էին իբրև հողային ռենտային համանման մի ձև, ճիշտ այնպես, ինչպես որ Տյուրգոն տոկոսի արդարացումը բխեցնում էր հողային ռենտայի գոյությունից։ Հիշյալ ավելի նոր հեղինակները,— բոլորովին մի կողմ թողած այն հանգամանքը, որ հողային ռենտան կարող է գոյություն ունենալ և գոյություն ունի զուտ կերպարանքով, առանց հողին միակցված կապիտալի համար արվող որևէ տոկոսի ավելադրման,— մոռանում են, որ հողի սեփականատերն այս եղանակով ոչ միայն տnկոս է ստանում ուրիշի կապիտալից, որը նրա վրա ոչինչ չի նստել, այլև, հիշյալից զատ, ձրիաբար առնում է ուրիշի կապիտալն էլ։ Հողային սեփականության արդարացումը, ինչպես և արտադրության յուրաքանչյուր եղանակին համապատասխանող սեփականության ամեն մի այլ ձևի արդարացումն այն է, որ ինքն արտադրության եղանակը պատմական անցողիկ անհրաժեշտություն է ներկայացնում, ուրեմն նույն բնույթն են կրում նաև այն արտադրական հարաբերություններն ու փոխանակային հարաբերությունները, որոնք արտադրության տվյալ եղանակից են ծագում։ Անտարակույս, ինչպես հետո կտեսնենք, հողային սեփականությունը սեփականության մնացյալ տեսակներից նրանով է տարբերվում, որ զարգացման որոշ մակարդակի վրա նա ավելորդ ու վնասակար է ներկայանում նույնիսկ արտադրության կապիտալիստական եղանակի տեսակետից։
Հողային ռենտան կարող է մի ուրիշ ձևով էլ շփոթվել տոկոսի հետ, և այսպիսով նրա մասնահատուկ բնույթը կարող է սխալ ըմբռնվել։ Հողային ռենտան ներկայանում է իբրև փողի մի որոշ գումար, որ հողի սեփականատերը տարեկան կորզում է երկրագնդի մի պատառիկը վարձակալման հանձնելուց։ Մենք տեսանք, թե ինչպես ամեն մի որոշ փողային եկամուտ կարող է կապիտալացվել, այսինքն իբրև մի երևակայական կապիտալի տոկոս նկատվել։ Եթե, օրինակ, միջին տոկոսադրույքը 5% է, ապա ուրեմն 200 £-անոց տարեկան հողային ռենտան էլ կարող է որպես 4 000 £-անոց մի կապիտալի տոկոս նկատվել։ Այս եղանակով է ահա, որ կապիտալացված հողային ռենտան կազմում է հողի առքագինը կամ արժեքը, մի կատեգորիա, որը prima facie [ակնհայտորեն] ճիշտ այնպես, ինչպես աշխատանքի գինը, իռռացիոնալ է, որովհետև հողն աշխատանքի արդյունք չէ, հետևաբար ոչ մի արժեք չունի։ Բայց մյուս կողմից՝ այս իռռացիոնալ ձևի թիկունքում իրական արտադրական հարաբերություն է թաքնված։ Եթե կապիտալիստը 4 000 £-ով գնում է մի հողամաս, որը տարեկան 200 £-անոց հողային ռենտա է տալիս, ապա նա 5%-անոց տարեկան միջին տոկոս է ստանում 4 000 £-ից ճիշտ այնպես, ինչպես որ կլիներ, եթե նա այս կապիտալը ներդրեր տոկոսաբեր թղթերի մեջ կամ թե ուղղակի փոխատրեր 5%-ով։ Այս՝ 4 000 £-անոց կապիտալի արժեքի բարձրացումն է 5%-ով։ Այս ենթադրության համաձայն նա իր կայքի առքագինը 20 տարում փոխհատուցած կլիներ սրա եկամուտների միջոցով։ Ըստ այնմ Անգլիայում հողերի առքագինը հաշվվում է year's purchase-ների [գնվող տարեկան եկամուտների] որոշ թվով, մի բան, որը հողային ռենտայի կապիտալացման մի ուրիշ արտահայտությունն է միայն։ Իրապես այս ո՛չ թե հողի, այլ սրա բերած հողային ռենտայի առքագինն է՝ ընթացիկ տոկոսադրույքի համաձայն հաշված։ Բայց ռենտայի այս կապիտալացումը ենթադրում է ռենտա, մինչդեռ ռենտան չի կարող հետադարձ ընթացքով իր սեփական կապիտալացումից բխեցվել ու սրանով բացատրվել։ Հողային ռենտայի գոյությունը, նրա վաճառքից անկախ, այստեղ, ընդհակառակն, այն նախադրյալն է, որը ելակետ է հանդիսանում։
Սրանից հետևում է, որ հողային ռենտան հաստատուն մեծություն ենթադրելու դեպքում հողագինը կարող է բարձրանալ և կամ ընկնել տոկոսադրույքի բարձրանալուն կամ ընկնելուն հակառակ ուղղությամբ։ Եթե սովորական տոկոսադրույքն ընկնելով 5-ից հասնի 4%-ի, ապա 200 £-անոց տարեկան հողային ռենտան 4 000 £-անոցի փոխարեն 5 000 £-անոց մի կապիտալի տարեկան շահեցում կներկայացներ, և այսպիսով միևնույն հողակտորի գինը 4 000-ից կբարձրանար 5 000 £-ի կամ 20 years purchase-ից կհասնէր 25-ի։ Ընդհակառակն է լինում հակառակ դեպքում։ Այստեղ գործ ունենք հողի գնի շարժման հետ, որն անկախ է հողային ռենտայի շարժումից և միմիայն տոկոսադրույքով է կարգավորվում։ Բայց որովհետև մենք տեսանք, որ շահույթի նորման, հասարակական զարգացման առաջխաղացմանը համընթաց, անկման տենդենց ունի և ուրեմն տոկոսադրույքն էլ նմանապես նույն տենդենցն ունի, որչափով որ սա շահույթի նորմայով է կարգավորվում. որ այնուհետև, — շահույթի նորման էլ մի կողմ թողնելով — փոխատրելի փողային կապիտալի աճման հետևանքով ինքը տոկոսադրույքն էլ անկման տենդենց ունի,— ապա այստեղից հետևում է, որ հողի գինը բարձրանալու տենդենց ունի՝ անկախ հողային ռենտայի շարժումից ու հողի արդյունքների գնի շարժումից, ընդ որում ռենտան հողի արդյունքների գնի մի մասն է կազմ ում։
Բուն իսկ հողային ռենտան այն տոկոսաձևի հետ շփոթելը, որ հողային ռենտան ընդունում է հողի գնորդի աչքում,— մի շփոթում, որը հիմնված է հողային ռենտայի բնության կատարյալ անգիտության վրա,— պետք է ամենատարօրինակ սխալ եզրակացությունների հասցնի։ Որովհետև հողային սեփականությունը բոլոր հին երկրներում համարվում է սեփականության առանձնապես հարգարժան մի ձև, և այնուհետև հողային սեփականություն գնելն էլ կապիտալի հատկապես ապահով ներդրում է համարվում, ապա այն տոկոսադրույքը, որից ելնելով գնում են հողային ռենտան, մեծ մասամբ ավելի ցածր է կանգնած լինում, քան կապիտալի ավելի երկար ժամանակի համար նկատի առնված ուրիշ ներդրումների դեպքում, այնպես որ հող գնողն, օրինակ, միմիայն 4% է ստանում առքագնի դիմաց, այնինչ նույն կապիտալի դիմաց ներդրման այլ պայմաններում 5% կստանար. կամ, որ միևնույնին է հանգում, նա հողային ռենտայի համար ավելի մեծ կապիտալ է վճարում, քան միևնույն տարեկան փողային եկամտի համար կվճարեր ուրիշ ներդրումների դեպքում։ Այստեղից պարոն Թիերը La Proprièté-ին [սեփականությանը] վերաբերող իր առհասարակ լիովին անպետք աշխատության մեջ (որը 1849 թվականին ֆրանսիական Ազգային ժողովում Պրուդոնի դեմ նրա արտասանած ճառի արտատիպն է) եզրակացնում է, թե հողային ռենտան ցածր է, այնինչ այս ապա ցուցում է միայն նրա առքագնի բարձր լինելը։
Այն հանգամանքը, որ կապիտալացված հողային ռենտան ներկայանում է իբրև հողի գին կամ հողի արժեք, և որ այսպիսով հողն ամեն մի ուրիշ ապրանքի նման գնվում ու ծախվում է, մի քանի ջատագովների ձեռին ծառայում է որպես հողային սեփականության արդարացման հիմք, որովհետև, ասում ենք, գնորդը հողային սեփականության դիմաց, ինչպես ամեն մի ուրիշ ապրանքի դիմաց, էկվիվալենտ է վճարեր և հողային սեփականության ամենամեծ մասն այս եղանակով է ձեռից ձեռ անցել։ Բայց այս դեպքում արդարացման նույն հիմքը զորություն կունենար ստրկության վերաբերմամբ ևս, որովհետև ստրկատիրոջ համար, որն ստրկի գինը կանխիկ է վճարել, սրա աշխատանքից ստացած եկամուտը ներկայացնում է միայն սրա գնման վրա ծախսված կապիտալի տոկոսը։ Հողային ռենտայի առուծախից նրա գոյության արդարացումը բխեցնելը նշանակում է ընդհանրապես նրա գոյությունը նրա գոյությամբ էլ արդարացնել։
Հողային ռենտայի,— այսինքն արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա խարսխվող հողային սեփականության ինքնակա, մասնահատուկ տնտեսական ձևի,— գիտական վերլուծության համար որքան կարևոր է հողային ռենտան զուտ կերպարանքով ու հիշյալը կեղծող ու մթագնող ամեն կցուրդներից ազատ քննարկելը, մյուս կողմից՝ հողային սեփականության գործնական հետևանքները հասկանալու համար ու նույնիսկ թեորիապես հասկանալու համար այն իրողությունների բազմությունը, որոնք հակասում են հողային ռենտայի ըմբռնմանը ու նրա բնությանը և սակայն իբրև հողային ռենտայի գոյության ձևեր են հանդես գալիս,— նույնքան կարևոր է ճանաչել այն տարրերը, որոնցից առաջանում են թեորիայի այս մթագնումները։
Գործնականում, իհարկե, որպես հողային ռենտա է ներկայանում այն ամենը, ինչ որ ֆերմերը վարձակալային փողի ձևով վճարում է հողի սեփականատիրոջը՝ հողը մշակելու թույլտվության համար։ Այս տուրքն ինչ բաղադրամասերից էլ որ կազմված լինի, ինչ աղբյուրներից էլ որ առաջացած լինի, նա բուն հողային ռենտայի հետ այն ընդհանուր հատկանիշն ունի, որ երկրագնդի մի պատառիկի վրա ունեցած մենաշնորհը հողի այսպես կոչված սեփականատիրոջը հնարավորություն է տալիս տուրքը գանձելու, կոնտրիբուցիա գնելու։ Նա բուն հողային ռենտայի հետ այն ընդհանուր հատկանիշն ունի, որ որոշում է հողի գինը, որը, ինչպես վերևում ցույց ենք տվել, ուրիշ բան չէ, քան վարձակալությամբ տված հողից ստացվող կապիտալացված եկամուտ։
Մենք արդեն տեսանք, որ հողին միակցված կապիտալի տոկոսը կարող է հողային ռենտայի մի այսպիսի օտարոտի բաղադրամասը կազմել, մի բաղադրամաս, որը, տնտեսական զարգացման առաջադիմությանը համընթաց, հողի ամբողջ ռենտայի մշտապես աճող հավելումը պիտի կազմի։ Բայց դեռ մի կողմ թողնելով այս տոկոսը՝ հնարավոր բան է, որ վարձակալական փողի տակ մասամբ ու հայտնի դեպքերում ամբողջովին,— ուրեմն բուն հողային ռենտայի լիակատար բացակայության ժամանակ, երբ հողն իրոք զրկվում է ամեն մի արժեքից,— հնարավոր է, որ թաքնված լինի մի հանուրդ, ուզում է՝ այս հանուրդը միջին շահույթից լինի, նորմալ աշխատավարձից, թև երկսից միաժամանակ, միևնույն է։ Այս մասը — շահույթի թե աշխատավարձի հանուրդը — այստեղ հողային ռենտայի կերպարանքով է հանդես գալիս, որովհետև փոխանակ արդյունաբերական կապիտալիստին կամ վարձու բանվորին բաժին ընկնելու, ինչպես որ կլիներ նորմալ դեպքում, հողի սեփականատիրոջն է վճարվում վարձակալական փողի ձևով։ Տնտեսագիտորեն խոսելով՝ ոչ մեկ մասն ու ոչ էլ մյուսը հողային ռենտա չեն կազմում, բայց գործնականորեն նա կազմում է հողի սեփականատիրոջ եկամուտը, սրա մենաշնորհի տնտեսական շահեցումը ճիշտ այնպես, ինչպես իսկական հողային ռենտան, և հենց վերջինիս նման էլ որոշիչ ներգործություն է ունենում հողի գնի վրա։
Մենք այստեղ չենք խոսում այն հարաբերությունների մասին, երբ հողային ռենտան, արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող հողային սեփականության այդ արտահայտությունը, ձևականորեն գոյություն ունի, սակայն ինքը, արտադրության կապիտալիստական եղանակը բացակայում է, երբ բուն իսկ ֆերմերը արդյունաբերական կապիտալիստ չէ և նրա տնտեսագործման եղանակը կապիտալիստական չէ։ Իրերի դրությունն այսպես է, օրինակ, Իռլանդիայում։ Այստեղ ֆերմերը ընղհանուր առմամբ մանր գյուղացի է։ Այն, ինչ որ նա իբրև կալութավարձ վճարում է հողի սեփականատիրոջը, հաճախ կլանում է ոչ միայն նրա շահույթի մեկ մասը, այսինքն՝ նրա սեփական հավելյալ աշխատանքի մեկ մասը, որի վրա նա իրավունք ունի որպես աշխատանքի սեփական գործիքների տեր, այլ այն նորմալ աշխատավարձի մի մասն էլ, որ նա աշխատանքի միևնույն քանակի համար կստանար ուրիշ պայմաններում։ Սրանից զատ՝ հողի սեփականատերը, որն այստեղ ոչինչ չի անում հողը բարելավելու ուղղությամբ, ֆերմերին սեփականազրկում է սրա այն փոքրիկ կապիտալից, որը սա մեծ մասամբ իր սեփական աշխատանքով միակցում է հողին,— սեփականազրկում է ճիշտ այնպես, ինչպես որ մի վաշխառու կաներ նման հանգամանքներում։ Տարբերությունն այն է, որ վաշխառուն նման գործառնության դեպքում գոնե ռիսկ է անում իր սեփական կապիտալով։ Այս հարատև կողոպտումը կազմում է իռլանդական հողային օրենսդրության համար մղվող պայքարի առարկան, օրենսդրություն, որն էապես այն բանին է հանգում, թե պետք է ստիպել հողի այն սեփականատիրոջը, որն արձակում է ֆերմերին, որ նա սրան հատուցի սրա կատարած հողաբարելավումների կամ հողին միակցված կապիտալի փոխարեն։ Պալմերստոնը սովորություն ուներ սրա վերաբերմամբ ցինիկորեն պատասխանելու. «Համայնքների պալատը հողի սեփականատերերի պալատ է»։
Մենք չենք խոսում նաև այն բացառիկ հարաբերությունների մասին, երբ նույնիսկ կապիտալիստական արտադրության երկրներում հողի սեփականատերը կարող է այնքան բարձր վարձակալական վճար քամել, որ ոչ մի համապատասխանություն չունի հողի արդյունքի հետ. սրան օրինակ կարող է ծառայել Անգլիայի արդյունաբերական շրջաններում գործարանային բանվորներին մանր հողակտորներ վարձով տալը, լինի սա փոքրիկ պարտեզների համար, թե ազատ ժամերին սիրողաբար երկրագործությամբ պարապելու համար, միևնույն է («Reports of Inspectors of Factories»)։
Մենք խոսում ենք զարգացած կապիտալիստական արտադրություն ունեցող երկրների հողագործական ռենտայի մասին։ Օրինակ, անգլիական ֆերմերների շարքում գտնվում են որոշ թվով մանր կապիտալիստներ, որոնք իրենց դաստիարակության, կրթության, ավանդության, մրցման և այլ հանգամանքների հետևանքով նախանշված և հարկադրված են իրենց կապիտալը երկրագործության մեջ ներդրելու որպես ֆերմերներ։ Նրանք ստիպված են միջինից, ավելի պակաս շահույթով բավականանալու և սրա մի մասը ռենտայի ձևով հողի սեփականատիրոջը տալու։ Այս պայմանով է միայն, որ նրանց թույլատրվում է իրենց կապիտալը հողի մեջ, երկրագործության մեջ ներդրել։ Քանի որ հողի սեփականատերերն ամենուրեք խոշոր ազդեցություն, Անգլիայում՝ նույնիսկ գերակշռող ազդեցություն ունեն օրենսդրության վրա, այդ ազդեցությունը կարող է օգտագործվել՝ ֆերմերների ամբողջ դասակարգին կողոպտելու համար։ Օրինակ, 1815 թվականի հացահատկի օրենքները,— մի հացահարկ, որն, ինչպես հայտնի հ, դրվել էր երկրի վրա՝ հակայակոբինյան պատերազմի ընթացքում անչափ աճած ռենտայի հարատևությունը հողի պարապ սեփականատերերի համար ապահովելու նպատակով,— թեև, բացառիկ պտղաբեր առանձին տարիները չհաշված, այն ներգործությունն ունեցան, որ գյուղատնտեսական արդյունքների գները պահում էին այն մակարդակից վեր, մինչև որը նրանք կնկնեին հացահատկի ազատ ներմուծման դեպքում, բայց նրանք այն հետևանքը չունեցան, որ գներն այնպիսի բարձրության վրա պահեին, որպիսին հողի օրենսդիր սեփականատերերը դեկրետագրել էին իբրև նորմալ գներ, այնպես որ նրանք օրենսդրական սահման կազմեցին օտար հացահատկի ներմուծման համար։ Բայց վարձակալման պայմանագրերը կնքվում էին այս նորմալ գների տպավորության տակ։ Հենց որ պատրանքը ցնդվեց, մի նոր օրենք կազմվեց նոր նորմալ գներով, որը նույնպես ընչաքաղց հողային սեփականության երևակայության անզոր արտահայտությունն էր սոսկ, ինչպես և հներն էին։ Այս եղանակով ֆերմերներին խաբխբում էին 1815-ից մինչև 30-ական թվականները։ Ուստի այս ամբողջ ժամանակաշրջանում մշտական թեման agricultural distress-ն է [երկրագործության ճնշված վիճակը]։ Այստեղից եկավ այս պարբերաշրջանի ընթացքում ֆերմերների մի ամբողջ սերնդի սեփականազրկումն ու կործանումը և նրանց փոխարինումը կապիտալիստների մի նոր դասակարգով[6]։
Բայց շատ ավելի տարածված ու ավելի կարևոր իրողություն է բուն երկրագործական բանվորների աշխատավարձի իջեցումը սրա նորմալ միջին մակարդակից ներքև, այնպես որ աշխատավարձի մի մասը խլվում է բանվորից, կազմում է վարձակալական վճարի մեկ մասը և այսպիսով հողային ռենտայի դիմակի տակ բաժին է ընկնում հողի սեփականատիրոջը՝ փոխանակ բանվորին։ Սա ընդհանուր երևույթ է, օրինակ, Անգլիայում ու Շոտլանդիայում, բացի նպաստավոր դրության մեջ գտնվող մի քանի կոմսություններից։ Աշխատավարձի բարձրությունը հետազոտող պառլամենտական այն հանձնաժողովների աշխատությունները, որոնք Անգլիայում հիմնվեցին հացահատկի օրենքները մտցնելուց առաջ,— մինչև այժմ ամենից արժեքավոր ու գրեթե ամենևին չօգտագործված նյութերն են 19-րդ դարի աշխատավարձի պատմության վերաբերյալ, միևնույն ժամանակ խայտառակության մի կոթող, որ անգլիական արիստոկրատիան ու բուրժուազիան հենց իրենք են կանգնեցրել իրենց,— ակներևորեն, ամեն կասկածից դուրս ապացուցում են, որ հակայակոբինյան պատերազմի ընթացքում գոյություն ունեցած բարձր ռենտադրույքներն ու հողի գնի համապատասխան բարձրացումը մասամբ հետևանք էին լոկ այն բանի, որ աշխատավարձից հանուրդ էր կատարվում և աշխատավարձն իջեցվում նույնիսկ ֆիզիքական մինիմումից էլ ցած. այսինքն՝ նորմալ աշխատավարձի մի մասը տրվում էր հողի սեփականատիրոջը։ Զանազան հանգամանքներ, ի միջի այլոց փողի գնազրկումը, աղքատների վերաբերյալ օրենքների գործադրության եղանակը երկրագործական շրջաններում և այլն, հնարավոր դարձրին հիշյալ գործառնությունը հենց նույն այն ժամանակ, երբ ֆերմերների եկամուտներն անչափ աճում էինք և հողի սեփականատերերը հարստանում էին առասպելական չափերով։ Այո՛, հացահատկի մաքսեր մտցնելու օգտին ինչպես ֆերմերների, այնպես էլ հողի սեփականատերերի բերած գլխավոր փաստարկներից մեկն այն էր, որ ֆիզիքապես անհնարին է հողագործական բանվորների աշխատավարձն էլ ավելի ցած իջեցնել։ Այս կացությունը չի փոխվել էապես, և Անգլիայում, ինչպես նաև բոլոր եվրոպական երկրներում, նորմալ աշխատավարձի մեկ մասն առաջվա պես մտնում է հողային ռենտայի մեջ։ Երբ կոմս Շաֆտսբերին, այն ժամանակ լորդ Էշլին, մարդասեր արիստոկրատներից մեկն, այնքան արտակարգորեն հուզվեց անգլիական գործարանային բանվորների գրությամբ և տասժամյա բանվորական օրվա շուրջը մղվող ագիտացիայի ժամանակ նրանց պառլամենտական պաշտպան կանգնեց, ապա արդյունաբերողների ջատագովները, նրանից վրեժ առնելու համար, մի վիճակագրություն հրապարակեցին նրան պատկանող գյուղերի երկրագործական բանվորների աշխատավարձի վերաբերմամբ (տե՛ս I գիրք, XXIII գլուխ, 5, e. «Բրիտանական երկրագործական պրոլետարիատը»), որը պարզ ցույց տվեց, թե ինչպես այս մարդասերի հողային ռենտայի մի մասը կազմված է սոսկ այն թալանից, որ լորդի համար անում են նրա ֆերմերները՝ երկրագործական բանվորների աշխատավարձն իջեցնելով։ Հրապարակած այդ տվյալները հետաքրքրական են նաև այն պատճառով, որ նրանցում պարունակված իրողությունները համարձակ կարող են տեղ բռնել այն ամենավատթար փաստերի կողքին, որ մերկացրել են 1814 ու 1815 թվականների հանձնաժողովները։ Հազիվ հանգամանքներն ստիպում են, որ հողագործական բանվորների աշխատավարձի ժամանակավոր բարձրացում կկատարվի, և ահա հնչում է ֆերմերների կանչվռտոցն էլ, թե աշխատավարձի բարձրացումը մինչև իր նորմալ մակարդակը, որպիսին գոյություն ունի արդյունաբերության ուրիշ ճյուղերում, անհնարին է իբր և իրենց անխուսափելիորեն պիտի կործանի, եթե հողային ռենտայի իջեցում չկատարվի միաժամանակ։ Հետևաբար, այստեղ այն խոստովանությունն է պարունակվում, թե հողային ռենտայի անվան տակ ֆերմերների ձեռքով հանուրդ է կատարվում աշխատավարձից և վճարվում հողի սեփականատիրոջը։ Օրինակ, 1840—1850 թվականներին Անգլիայում երկրագործական բանվորների աշխատավարձը բարձրացավ այնպիսի հզոր հանգամանքների զուգորդության հետևանքով, ինչպիսիք են՝ Իռլանդիայից տեղի ունեցող արտագաղթը [Exodus], որը վերջ տվեց երկրագործական բանվորների այնտեղից եկող հոսանքին, երկրագործական բնակչության արտակարգ կլանումը գործարանային արդյունաբերության կողմից, զինվորների նկատմամբ եղած պահանջարկը պատերազմի պատճառով, արտակարգ արտագաղթը դեպի Ավստրալիա ու Միացյալ Նահանգները (Կալիֆորնիա) և ուրիշ պատճառներ, որ այստեղ չենք հիշատակում ավելի մանրամասն։ Միաժամանակ այս պարբերաշրջանի ընթացքում, բացառությամբ 1854—1850 անբերքատու թվականների, հացահատկի միջին գներն ընկան ավելի քան 16%-ով։ Վարձակալներն աղաղակում էին, պահանջելով ռենտաները իջեցնել։ Առանձին դեպքերում այս հաջողվեց նրանց։ Իսկ ընդհանրապես նրանք հաջողություն չունեցան այս պահանջով։ Նրանք ելք էին փնտրում արտադրության ծախքերն իջեցնելում, ի միջի այլոց մասսայորեն մտցնելով լոկոմոբիլներ և նոր մեքենաներ, որոնք մասամբ փոխարինում էին ձիերին ու նրանց վտարում տնտեսությունից, իսկ մասամբ էլ երկրագործական բանվորներին արձակելով՝ առաջ էին բերում արհեստական գերբնակչություն և ուրեմն աշխատավարձի նոր իջեցում։ Եվ այս կատարվում էր, չնայած երկրագործական բնակչության ընդհանուր հարաբերական նվազմանն այս տասնամյակի ընթացքում՝ համեմատած ամբողջ բնակչության աճման հետ ու չնայած հողագործական բնակչության բացարձակ նվազմանը մի քանի զուտ երկրագործական շրջաններում[7]։ — Ֆաուսետը, այն ժամանակ Քեմբրիջում քաղաքատնտեսության պրոֆեսոր {մեռել է իբրև գլխավոր փոստապետ 1884 թվին}, Social Science Congress-ում [հասարակական գիտությունների կոնգրեսում] 1865 թվականի հոկտեմբերի 12-ին ասում էր նմանապես. «Երկրագործական բանվորներն սկսել են արտագաղթել, և ֆերմերներն սկսել են գանգատվել, թե իրենք ի վիճակի չեն լինի այնպիսի բարձր ռենտաներ վճարելու, ինչպիսին նրանք սովոր էին հատուցելու, որովհետև արտագաղթի հետևանքով աշխատանքն ավելի է թանկացել»։ Ուրեմն բարձր հողային ռենտան այստեղ ուղղակի նույնացվում է ցածր աշխատավարձի հետ։ Եվ որչափով որ հողի գնի բարձրությունը պայմանավորված է ռենտան բարձրացնող այս հանգամանքով, նույն չավով հողի արժեքի բարձրացումը նույնանում է աշխատանքի արժեքազրկման հետ, հողի գնի բարձր մակարդակը՝ աշխատանքի գնի ցածր մակարդակի հետ։
Միևնույնը վերաբերում է Ֆրանսիային։ «Վարձակալական վճարը բարձրանում է, որովհետև մի կողմում բարձրանում է հացի, գինու, մսի, բանջարեղենի ու պտղի գինը, իսկ մյուս կողմում աշխատանքի գինն անփոփոխ է մնում։ Եթե ծեր մարդիկ աչքի անցկացնեին իրենց հայրերի հաշիվները, մի բան, որ մեզ ետ է տանում մոտ 100 տարով, ապա նրանք կգտնեինք որ այն ժամանակ գյուղական Ֆրանսիայում աշխատանքի օրվա գինը ճիշտ նույնն է եղել, ինչ որ այսօր։ Մսի գինն այն ժամանակվանից դեսը եռապատկվել է... Այս հեղաշրջման զոհն ո՞վ է... Հարո՞ւստը, վարձակալահողի սեփականատե՞րը, թե՞ աղքատը, որ մշակում է այդ հողը... Վարձակալական վճարների բարձրացումը հասարակական քամբախտության ապացույց է։ («Du Mécanisme de la Société en France et en Anglettere». Par M. Rubichon. 2[math]^{me}[/math] édit. Paris 1837, էջ 101)։
Ահա մի քանի օրինակ ռենտայի վերաբերմամբ, որը մի կողմից՝ միջին շահույթից, մյուս կողմից՝ միջին աշխատավարձից կատարված հանուրդի հետևանքն է։
Վերևում վկայակոչված Մորտոնը, գյուղական գործակալ ու գյուղատնտեսական ինժեներ, ասում է, թե շատ վայրերում այն դիտողությունն է արված, որ խոշոր վարձակալահողերի ռենտան ավելի ցածր է, քան ավելի մանրերինը, որովհետև «վերջիններիս համար մղվող մրցումը սովորաբար ավելի մեծ է, քան առաջինների համար, և որովհետև մանր վարձակալները, որոնք հազվադեպ անգամ են ի վիճակի լինում որևէ ուրիշ գործով զբաղվելու, քան գյուղատնտեսությունն է, հարմար գործ գտնելու անհրաժեշտությունից ստիպված՝ հաճախ հոժարում են այնպիսի ռենտա վճարելու, որի մասին իրենք էլ գիտեն, որ շատ բարձր է» (John C. Morton. „The Resources of Estates”. London 1858, էջ 116)։
Սակայն, նրա կարծիքով, Անգլիայու.մ պետք է որ աստիճանաբար ջնջվի այս տարբերությունը, ընդ որում ջնջման այս պրոցեսի վրա, նրա ենթադրությամբ, ուժեղ չափով ներգործում է հենց մանր վարձակալների դասակարգի բարքերից տեղի ունեցող արտագաղթը։ Նույն Մորտոնը մի օրինակ է բերում է երբ ակներևաբար հողային ռենտայի մեջ մտնում է այն հանուրդը, որ կատարվում է բուն իսկ ֆերմերի աշխատավարձից և ուրեմն է՛լ ավելի անկասկածորեն այն մարդկանց աշխատավարձից, որոնց բանեցնում Է ֆերմերը։ Խնդիրը վերաբերում է հենց 70—80 ակրից (30—34 հեկտարից) պակաս վարձակալողներին, որոնք չեն կարող երկլուծ գութան պահել։ «Եթե ֆերմերը իր սեփական ձեռներով նույնպես ջանադիր չի աշխատում, ինչպես յուրաքանչյուր բանվոր, նա չի կարող իր վարձակալահողով ապրել։ Եթե աշխատանքի կատարումը նա իր մարդկանց թողնի, իսկ ինքը սահմանափակվի լոկ վերահսկելով նրանց, ապա ամենայն հավանականությամբ նա շատ շուտ կհամոզվի, որ անկարող է իր ռենտան վճարելու» (ն. տ., էջ 118)։ Մորտոնն այստեղից եզրակացնում է, որ եթե տվյալ վայրում ֆերմերները շատ աղքատ չենք ապա վարձակալահողերը 70 ակրից պակաս չպետք է լինեն որպեսզի ֆերմերները կարողանան երկսից մինչև երեք ձի պահել։
Պարոն Լեսնս դը Լավերնի՝ ինստիտուտի և հողագործության կենտրոնական ընկերության անդամի [Membre de l’Institut et de la Société Centrale d’Agriculture] արտակարգ իմաստությունը։ Իր Economie Rurale de 1’Angletterre [«Անգլիայի գյուղատնտեսական էկոնոմիկան»] գործում (մեջ եմ բերում Ըստ անգլերեն թարգմանության, London 1855) նա տարեկան օգտի հետևյալ համեմատությունն է անում եղջյուրավոր անասունի վերաբերմամբ, որ Ֆրանսիայում աշխատում է, իսկ Անգլիայում՝ ոչ, որովհետև նրան ձին է փոխարինում (էջ 42).
Ֆրանսիա՝ | կաթ | 4 | միլիոն | £ | Անգլիա՝ | կաթ | 16 | միլիոն | £ | |
միս | 26 | » | » | միս | 20 | » | » | |||
աշխատանք | 8 | » | » | աշխատանք | — | » | » | |||
Ընդամենը՝ | 28 | միլիոն | £ | 36 | միլիոն | £։ |
Բայց այստեղ Անգլիայի համար ավելի բարձր արդյունք ստացվում է այն պատճառով, որ նրա սեփական տվյալների համաձայն կաթն Անգլիայում երկու անգամ ավելի թանկ է, քան Ֆրանսիայում, այնինչ նա մսի համար միևնույն գինն է ընդունում երկու երկրումն էլ (էջ 35). հետևաբար անգլիական կաթնարդյունքը կրճատվելով՝ հասնում է 8 միլիոն £-ի, իսկ ամբողջ արդյունքը՝ 28 միլիոն £-ի, ինչպես որ Ֆրանսիայում է։ Պարոն Լավերնն իսկապես չափը մի քիչ անց է կացնում, երբ իր հաշվի մեջ միաժամանակ մտցնում է արդյունքի քանակությունը և գների տարբերությունները, այնպես որ եթե Անգլիան որոշ առարկաներ ավելի թանկ է արտադրում, քան Ֆրանսիան, մի բան, որ, շատ-շա՜տ, ավելի մեծ շահույթ է նշանակում ֆերմերների ու հողի սեփականատերերի համար, այս բանը նրան ներկայանում է իբրև անգլիական հողագործության առավելություն։
Որ պարոն Լավերնը ոչ միայն ծանոթ է անգլիական գյուղատնտեսության տնտեսական հետևանքներին, այլև անգլիական ֆերմերների ու հողատերերի նախապաշարումներն է դավանում, այս նա ապացուցում է 48-րդ էջում. «Սովորաբար մեծ վնաս է շաղկապված հացաբույսերի հետ... նրանք ուժասպառ են անում այն հողը, որը բուսցնում է նրանց»։ Պարոն Լավերնը ոչ միայն այն կարծիքին է, թե մյուս բույսերն այս չեն անում. նա կարծում է դեռ, թե կերաբույսերն ու արմատապտուղները հարստացնում են հողը։ Կերաբույսերն իրենց աճման գլխավոր տարրերը մթնոլորտից են վերցնում, այնինչ հողին ավելի շատ վերադարձնում են, քան թե խլում են նրանից. ուրեմն նրանք կրկնակի եղանակով — թե ուղղակի ու թե կենդանական պարարտանյութերի փոխարկվելով — օժանդակում են այն վնասը փոխհատուցելուն, որ հացաբույսերն ու մյուս ուժասպառիչ կուլտուրաները պատճառել են հողին, ուստի հիմնական դրույթն այն է, որ կերաբույսերն առնվազը պետք է հերթափոխվեն այս կուլտուրաների հետ. հենց այս է Նորֆոլկի ցանքաշրջանառությունը» (էջ 50, 51)։
Զարմանալի չէ, երբ պարոն Լավերնը, որը հավատում է անգլիական գյուղական բարեհոգության արդյունք հանդիսացող այս հեքիաթներին, հավատում է այն բանին էլ, թե հացահատկի մաքսերի վերացումից հետո անգլիական գյուղական բանվորների աշխատավարձը կորցրել է իր նախկին աննորմալ բնույթը։ Տե՛ս այն, ինչ որ ասված է այս մասին I գրքում, գլուխ XXIII, 5, էջ 701—709* [Տես 7 ծան. հետո]։ Սակայն լսենք Ջոն Բրայտի՝ Բիրմինգհամում 1865 թվի դնկտեմբերի 14-ին ասած ճառն էլ։ Այն 5 միլիոն ընտանիքների մասին խոսելուց հետո, որոնք պառլամենտում ներկայացված չեն ամենևին, նա շարունակում է. «Սրանցից Միացյալ թագավորության մեջ 1 միլիոն կամ թե, ավելի ճիշտ, 1 միլիոնից ավելի կան, որոնք մտցված են մուրացիկների չարաբաստիկ ցուցակների մեջ։ Այնուհետև գալիս է մի ուրիշ միլիոն էլ, որոնք դեռ մի կերպ իրենց պահում են մուրացկանության մակարդակից վեր, բայց միշտ վտանգի մեջ են, որ մուրացկան կդառնան։ Սրանց դրությունն ու սրանց հեռանկարներն ավելի բարեհաջող չեն։ Ուշադրության առեք հատկապես հասարակության այս մասի ավելի ստորին, տգետ խավերին։ Նայեցեք նրանց լքվածությանը, նրանց աղքատությանը, նրանց տառապանքներին, նրանց լիակատար անհուսությանը։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում, մինչև անգամ այնտեղի հարավային շտատներում, ստրկության տիրապետության ժամանակ ամեն մի նեգր այն ակնկալությունն ուներ, թե իրեն էլ երբևէ ազատ արձակվելու մի մոմենտ [ein Jubeljahr] կվիճակվի։ Բայց մեր երկրում այս մարդկանց համար, ամենաստորին խավերի այս մասսայի համար,— ես կարող եմ այստեղ ուղղակի ասել, ոչ որևէ բարելավման հույս կա, ոչ էլ նույնիսկ ձգտում դեպի այդ բարելավումը։ Նորերումս դուք լրագրերում կարդացե՞լ եք Ջոն Կրոսսի, Դորսետշիրի մի երկրագործական բանվորի վերաբերյալ երկտողը։ Նա շաբաթվա մեջ բանում էր 6 օր, գերազանց վկայական ուներ իր գործատիրոջից ստացած, որի համար նա աշխատել է 24 տարի 8 շիլլինգ շաբաթավարձով։ Ջոն Կրոսսը իր խրճիթում պետք է 7 երեխայից բաղկացած մի ընտանիք պահեր այս աշխատավարձով։ Իր հիվանդոտ կնոջն ու սրա ծծկեր երեխային տաքացնելու համար նա վերցրել է,— օրենքի լեզուն գործադրելով, կարելի է ասել՝ գողացել է,— 6 պենս արժեք ունեցող փայտե մի ցանկապատ։ Այս զանցանքի համար նա հաշտարար դատավորների կողմից դատապարտվել է 14 կամ թե 20 օրվա բանտարկության։ Ես կարող եմ ձեզ ասել, թե ամբողջ երկրում ու մանավանդ հարավում Ջոն Կրոսսին ման հազարավոր դեպքեր կարելի է գտնել, և թե այդ մարդկանց դրությունն այնպես է, որ ամենից ուղղամիտ հետազոտողն անգամ մինչև հիմա ի վիճակի չի եղել այն գաղտնիքը լուծելու, թե նրանք ինչպես են շունչ ու կենդանություն պահում վրաները։ Իսկ հիմա դուք ձեր հայացքը նետեցեք ամբողջ երկրի վրա և նայեցեք այս 5 միլիոն ընտանիքներին ու բնակչության այս խավի հուսակտուր կացությանը։ Արդյոք չե՞նք կարող խղճով ասել, թե ընտրական իրավունքից զրկված ազգի այս մասսան տանջվում է աշխատանքով, շարունակ քար է քաշում և համարյա ոչ մի հանգիստ չի իմանում։ Սրանց դուք համեմատեցեք իշխող դասակարգի հետ,— բայց եթե ես սկսեմ այսպես խոսել, ինձ կմեղադրեն կոմունիզմի մեջ,— սակայն աշխատանքից հալումաշ եղած ու ձայնազուրկ այո ազգը համեմատեցեք այն մասի հետ, որը կարելի է իշխող դասակարգեր համարել։ Նայեցեք նրանց հարստությանը, նրանց շուք ու փայլին, նրանց պերճանքին։ Նայեցեք նրանց խոնջությանը,— որովհետև նրանց մեջ էլ խոնջություն կա, բայց հղփության խոնջություն,— և դուք կտեսնեք, թե ինչպես են նրանք տեղից տեղ շտապում, կարծես թե աշխարհումս մեկ բան կա միայն՝ նոր բավականություններ հայտնագործելը» („Morning Star”, 1865 թ. դեկտեմբերի 14)։
Հետագա էջերում ցույց է տրված, թե ինչպես հավելյալ աշխատանքը և ուրեմն հավելյալ արդյունքն ընդհանրապես շփոթում են հողային ռենտայի հետ, հավելյալ արդյունքի այս մասի հետ, որը գոնե արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա քանակապես ու որակապես մասնահատուկ որոշում ունի։ Ընդհանրապես հավելյալ աշխատանքի բնաճուն պատվանդանը, այսինքն բնական այն պայմանը, առանց որի հավելյալ աշխատանքը հնարավոր չէ, այն է, որ բնությունը,— լինի երկրի բուսական կամ թե կենդանական արդյունքների, լինի ձկնորսարանների և այլոց արդյունքների ձևով,— ապրուստի անհրաժեշտ միջոցներ է ապահովում մի այնպիսի տևողության աշխատանք գործադրելու դեպքում, որը չի կլանում ամբողջ բանվորական օրը։ Հողագործական աշխատանքի այս բնաճուն արտադրողականությունը (այստեղ երկրագործական աշխատանքի մեջ ներառվում են պարզապես հավաքող, որս անող, ձկնորսությամբ զբաղվող, անասուն բուծող աշխատանքներն էլ) ամեն մի հավելյալ աշխատանքի պատվանդան է, քանի որ սկզբնապես ամեն աշխատանք առաջին հերթին ուղղված է սննդի յուրացման ու արտադրման նպատակին։ (Կենդանին միաժամանակ մորթի է տալիս ավելի ցուրտ կլիմայում տաք հագնվելու համար, սրանից զատ՝ քարանձավային բնակարանները և այլն)։
Հավելյալ արդյունքի ու հողային ռենտայի միևնույն շփոթումը, միայն թե այլ կերպ արտահայտված, գտնում ենք պարոն Դոուվի մոտ։ Երկրագործական աշխատանքն ու արդյունաբերական աշխատանքն սկզբնապես անջատված չեն միմյանցից, երկրորդը զուգորդվում է առաջինի հետ։ Հողագործությամբ զբաղվող ցեղի, տնային համայնքի կամ թե ընտանիքի հավելյալ աշխատանքն ու հավելյալ արդյունքը պարունակում են ինչպես երկրագործական, այնպես էլ արդյունաբերական աշխատանք։ Երկուսն էլ ձեռ ձեռի տված են ընթանում։ Որսը, ձկնորսությունը, հողագործությունը անհնարին են առանց համապատասխան գործիքների։ Հյուսելու, մանելու և այլն աշխատանքներն սկզբնապես կատարվում են իբրև երկրագործական օժանդակ աշխատանքներ։
Մենք առաջներում ցույց ենք տվել, թե ինչպես որ առանձին բանվորի աշխատանքը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի, այսպես էլ բանվոր դասակարգի ամբողջ աշխատանքը կարելի է նույն կերպ բաժանել, այնպես որ այն մասը, որ արտադրում է բանվոր դասակարգի համար բոլոր կենսամիջոցները (սրանց մեջ հաշվվում են դրա համար անհրաժեշտ արտադրության միջոցներն էլ), կատարում է անհրաժեշտ աշխատանքն ամբողջ հասարակության համար։ Բանվոր դասակարգի մնացյալ ամբողջ մասի կատարած աշխատանքը կարելի է նկատել որպես հավելյալ աշխատանք։ Բայց անհրաժեշտ աշխատանքը միայն երկրագործական աշխատանք չի պարունակում ամենևին, այլ բովանդակում է նաև այն աշխատանքը, որն արտադրում է մնացած բոլոր արդյունքները, որոնք անհրաժեշտորեն մտնում են բանվորի միջին սպառման մեջ։ Այնուհետև. ոմանք, հասարակական տեսակետից, միայն անհրաժեշտ աշխատանք են կատարում, որովհետև մյուսները միմիայն հավելյալ աշխատանք են կատարում, և ընդհակառակը։ Այս՝ լոկ աշխատանքի բաժանումն է նրանց միջև։ Հողագործական ու արդյունաբերական բանվորների միջև տեղի ունեցող աշխատանքի բաժանման վերաբերմամբ էլ հարցն ընդհանրապես նույնպես է լուծվում։ Աշխատանքի զուտ արդյունաբերական բնույթին մի կողմում համապատասխանում է նրա զուտ երկրագործական բնույթը մյուս կողմում։ Այս զուտ հողագործական աշխատանքը բնաճուն չէ ամենևին, այլ հասարակական զարգացման արդյունք է ու այն էլ մի շատ նոր արդյունք, որին ամենուրեք չեն հասել բոլորովին, և որը համապատասխանում է արտադրության զարգացման լիովին որոշված մի աստիճանի։ Ինչպես որ երկրագործական աշխատանքի մի մասն առարկայանում է այն արդյունքների մեջ, որոնք կա՛մ միմիայն պերճանքին են ծառայում, կա՛մ էլ հումքեր են ներկայացնում արդյունաբերության համար, բայց ամենևին չեն մտնում սննդի մեջ, էլ չենք խոսում մասսաների սննդի մեջ մտնելու մ ասին, — ճիշտ այնպես էլ մյուս կողմից, արդյունաբերական աշխատանքի մի մասն առարկայանում է այն արդյունքների մեջ, որոնք իբրև սպառման անհրաժեշտ միջոցներ են ծառայում թե՛ երկրագործական ու թե ոչ-երկրագործական բանվորների համար։ Սխալ բան է այս արդյունաբերական աշխատանքը հասարակական տեսակետից իբրև հավելյալ աշխատանք ըմբռնելը։ Արդյունաբերական աշխատանքը իր մի որոշ մասով նույնպես անհրաժեշտ աշխատանք է, ինչպես Հողագործական աշխատանքի անհրաժեշտ մասը։ Այլև նա առաջներում երկրագործական աշխատանքի հետ բնաճունորեն զուգորդված արդյունաբերական աշխատանքի մի մասի ինքնակայացած ձևն է միայն, նրանից հիմա անջատված զուտ հողագործական աշխատանքի փոխադարձ լրացումը։ («Զուտ նյութական կողմից քննելով, տեսնում ենք, օրինակ, որ 500 մեքենայական մանածագործ շատ ավելի մեծ չափերով են հավելյալ գործվածք արտադրում, այսինքն ավելի, քան պահանջվում է իրենց սեփական հագուստի համար)։
Վերջապես, երբ քննության են առնվում հողային ռենտայի դրսևորման ձևերը, այս ինքն այն կալութավարձը, որը հողային ռենտայի անվան տակ տրվում է հողատիրոջը՝ հողը կամ արտադրողական, կամ թե սպառողական նպատակներով օգտագործելու համար, չպետք է մոռանալ, որ այն իրերի գինը, որոնք ինքնըստինքյան արժեք չունեն, այսինքն՝ աշխատանքի արդյունք չեն, ինչպես օրինակ, հողը, կամ թե համենայն դեպս չեն կարող վերարտադրվել աշխատանքի միջոցով, ինչպես օրինակ, հնությունները, որոշ վարպետների գեղարվեստական գործերը և այլն,— կարող է սահմանվել շատ պատահական հանգամանքների կոմբինացիայով։ Մեկ իր ծախելու համար ուրիշ ոչինչ հարկավոր չէ, քան այն, որ նա ընդունակ լինի մենաշնորհի և օտարացման առարկա դառնալու։
Երեք գլխավոր մոլորություն կա, որոնցից պետք է խուսափել հողային ռենտայի քննարկության ժամանակ և որոնք մթագնում են վերլուծությունը։
1) Ռենտայի այն տարբեր ձևերի շփոթումը, որոնք արտադրության հասարակական պրոցեսի զարգացման տարբեր աստիճաններին են համապատասխանում։
Որպիսին էլ որ լինի ռենտայի մասնահատուկ ձևը, նրա բոլոր տիպերի ընդհանուր հատկանիշն այն է, որ ռենտայի յուրացումն այն այն տնտեսական ձևն է, որով իրանում է հողային սեփականությունը, և որ հողային ռենտան իր հերթին ենթադրում է հողային սեփականությունը, որոշ անհատների սեփականություն երկրագնդի որոշ կտորների վերաբերմամբ, անկախ նրանից, թե այս սեփականատերն այն անձն է, որը պետության [das Gemeinwesen = ընդհանրականություն] ներկայացուցիչն է, ինչպես Ասիայում, Եգիպտոսում և այլն, կամ թե այս հողային սեփականությունը որոշ անձնավորությունների սեփականատիրության լոկ կողմնակի հայտանիշն [akzidens] է անմիջական արտադրողների անձի նկատմամբ, ինչպես ստրկատիրական և կամ ճորտատիրական սիստեմների ժամանակ, կամ հիշյալը ոչ-արտադրողների զուտ մասնավոր սեփականություն է բնության վերաբերմամբ, հողի սեփականության սոսկական տիտղոս, կամ թև չէ, վերջապես, սա մի այնպիսի հարաբերություն է հողի նկատմամբ, որը մեկուսացած ու սոցիալապես չզարգացած աշխատանքին առընթեր անմիջաբար ներառված է ներկայանում անմիջական արտադրողների կողմից որոշ հողակտորների արդյունքները արտադրելու և յուրացնելու պրոցեսի մեջ, ինչպես գաղութականների ու մանր գյուղացիական հողատերերի տնտեսություններում։
Ռենտայի տարբեր ձևերի այս ընդհանուր հատկանիշը,— այն, որ նա հանդիսանում է հողային սեփականության տնտեսական իրացումը, իրացումը, իրավաբանական այն պատրանքի, որի շնորհիվ տարբեր անհատներ բացառիկ իրավունքով տիրանում են երկրագնդի որոշ մասերի,— այդ ընդհանուր հատկանիշը խանգարում է նկատելու ռենտայի ձևերի տարբերությունները։
2) Ամեն հողային ռենտա հավելյալ արժեք է, հավելյալ աշխատանքի արդյունք։ Իր անզարգացած ձևում, նատուրալ ռենտայի ձևում նա դեռ ուղղակի հավելյալ արդյունք է։ Այստեղից է առաջ գալիս այն մոլորությունը, որ արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող ռենտան, որը միշտ հավելույթ է շահույթից վեր, այսինքն ապրանքի արժեմասից վեր, որը հենց ինքը հավելյալ արժեքից (հավելյալ աշխատանքից) է կազմված,— որ հավելյալ արժեքի այս առանձին ու մասնահատուկ բաղադրամասը կարելի է արդեն բացատրված համարել, եթե հավելյալ արժեքի ու շահույթի գոյության ընդհանրական պայմանները բացատրված են առհասարակ։ Այս պայմանները հետևյալն են. անմիջական արտադրողները պետք է այն ժամանակից ավելի շատ աշխատեն, որը պահանջվում է իրենց սեփական բանվորական ուժի, հենց իրենց վերարտադրության համար։ Նրանք պետք է ընդհանրապես հավելյալ աշխատանք կատարեն։ Սա սուբեկտիվ պայմանն է։ Իսկ օբեկտիվ պայմանն այն է, որ նրանք դեռ կարողանան հավելյալ աշխատանք կատարել, որ բնական պայմաններն այնպիսի բնույթ կրենք որ նրանց տրամադրելի բանվորական ժամանակի մի մասը բավական լինի նրանց, որպես արտադրողների, իրենց վերարտադրման ու ինքնապահպանման համար, որ նրանց անհրաժեշտ կենսամիջոցների արտադրությունն իրենց ամբողջ բանվորական ուժը չկլանի։ Բնության պտղաբերությունն այստեղ կազմում է մեկ սահմանը, մի ելակետը, մեկ պատվանդանը։ Մյուս սահմանը նրանց աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացումն է։ Քանի որ սննդամիջոցների արտադրությունը նրանց կյանքի ու առհասարակ ամեն արտադրության ամենից առաջնակարգ պայմանն է, ուստի խնդիրն ավելի մոտից քննելով, տեսնում ենք, որ այս արտադրության մեջ կիրառվող աշխատանքը, ուրեմն բառի տնտեսագիտական ամենալայն իմաստով առած երկրագործական աշխատանքը պետք է բավական պտղաբեր լինի, որպեսզի անմիջական արտադրողների տրամադրության տակ գտնվող բանվորական ամբողջ ժամանակը չկլանվի նրանց համար նախանշված սննդամիջոցների արտադրությամբ, հետևաբար հողագործական հավելյալ աշխատանքն ու հողագործական հավելյալ արդյունքը հնարավոր լինեն։ Այնուհետև անհրաժեշտ է, որ հասարակության մի մասի երկրագործական ամբողջ աշխատանքը — անհրաժեշտ աշխատանքն ու հավելյալ աշխատանքը — բավարար լինի ամբողջ հասարակության համար, ուրեմն նաև ոչ-հոգագործական բանվորների համար անհրաժեշտ սննդամիջոցներն արտադրելու, որ, հետևաբար, հնարավոր լինի աշխատանքի այս մեծ բաժանումը երկրագործների ու արդյունաբերողների միջև, նույնպես էլ սնունդ արտադրող ու հումքեր արտադրող հողագործների միջև։ Թեև անմիջաբար սնունդ արտադրողների աշխատանքը հենց բուն իսկ նրանց տեսակետից տրոհվում է անհրաժեշտ ու հավելյալ աշխատանքի, բայց և այնպես նա, հասարակության տեսակետից, ներկայացնում է սննդամիջոցների արտադրության համար պահանջվող անհրաժեշտ աշխատանք միայն։ Սակայն միևնույնը տեղի ունի ամբողջ հասարակության ներսում կատարվող աշխատանքի բաժանման ժամանակ, տարբերվելով առանձին գործանոցի ներսում կատարվող աշխատանքի բաժանումից։ Սա մի առանձին առարկայի արտադրության համար, հասարակության կողմից մեկ առանձին առարկայի նկատմամբ ունեցած հատուկ պահանջմունքը բավարարելու համար անհրաժեշտ աշխատանք է։ Եթե աշխատանքի այս բաշխումը համամասնական է, ապա տարբեր խմբերի արդյունքները ծախվում են իրենց արժեքներով (զարգացման ավելի բարձր աստիճանի վրա՝ իրենց արտադրության գներով), կամ թե այնպիսի գներով, որոնք այս արժեքների կերպափոխություններն են՝ ընդհանրական օրենքների ներգործությամբ սահմանված, որոնք ուրեմն հանգում են արտագրության գներին։ Այստեղ իրոք գործ ունենք արժեքի օրենքի հետ, ինչպես որ նա դրսևորվում է ոչ թե առանձին ապրանքների կամ թե առարկաների վերաբերմամբ, այլ արտագրության առանձին, աշխատանքի բաժանման հետևանքով ինքնակայացած ոլորտների ամեն անգամվա բոլոր արդյունքների վերաբերմամբ, այն իմաստով, որ ոչ միայն յուրաքանչյուր առանձին ապրանքի վրա լոկ անհրաժեշտ բանվորական ժամանակ է գործադրած, այլև հասարակական ամբողջ բանվորական ժամանակից լոկ անհրաժեշտ համամասնական քանակ է գործադրած տարբեր խմբերի վրա։ Որովհետև պահպանվում է այն պայմանը, որ յուրաքանչյուր ապրանք սպառողական արժեք ներկայացնի։ Բայց եթե սպառողական արժեքն առանձին ապրանքի դեպքում կախված է այն բանից, թե նա ինքնըստինքյան բավարարո՞ւմ է մի պահանջմունք, թե՞ ոչ, ապա հասարակական արդյունքների մի որոշ մասսայի սպառողական արժեքը նրանից է կախված, թե նա արդյունքի ամեն մի առանձին տեսակի նկատմամբ գոյություն ունեցող քանակապես որոշ հասարակական պահանջմունքին համապատասխան է և, հետևաբար, այս հասարակական պահանջմունքների համեմատ, որոնք քանակորեն սահմանագծված են, աշխատանքը համամասնորեն է բաշխված արտադրության տարբեր ոլորտների միջև, թե՞ ոչ։ (Այս կետի վրա կանգ առնել՝ արտադրության տարբեր ոլորտների միջև կապիտալի բաշխումը քննարկելիս)։ Հասարակական պահանջմունքը, այսինքն՝ հասարակական մասշտաբ ընդունած սպառողական արժեքն է, որ այստեղ որոշիչ է հանդիսանում հասարակական ամբողջ բանվորական ժամանակի այն քանակների համար, որոնք բաժին են ընկնում արտադրության տարբեր առանձնահատուկ ոլորտների։ Բայց սա նույն այն օրենքն է, որը երևան է գալիս արդեն առանձին ապրանքի նկատմամբ, այն է, որ նրա սպառողական արժեքը նրա փոխանակային արժեքի և ուրեմն նրա արժեքի նախադրյալն է։ Այս կետն անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի միջև եղած հարաբերության հետ կապ ունի այնքան միայն, որ այս համամասնությունը խախտվելու դեպքում չի կարող իրացվել ապրանքի արժեքը, հետևաբար նաև սրանում պարունակված հավելյալ արժեքը։ Օրինակ, ասենք թե համամասնորեն անչափ շատ բամբակագործվածք է արտադրվել, չնայած որ գործվածքային այս ամբողջ արդյունքի մեջ մարմնացած է տվյալ պայմաններում սրա համար անհրաժեշտ բանվորական ժամանակ միայն։ Սակայն այս առանձին ճյուղի մեջ ընդհանրապես անչափ շատ հասարակական աշխատանք է ծախսված, այսինքն՝ արդյունքի մի մասն անօգտակար է։ Ուստի ամբողջ արդյունքը ձախվում է այնպես միայն, որպես թե անհրաժեշտ համամասնությամբ արտադրված լիներ։ Արտադրության տարբեր առանձին ոլորտներում գործադրվող՝ հասարակական բանվորական ժամանակի համապատասխան բաժնեմասերի այս քանակային սահմանն ընդհանրապես արժեքի օրենքի ավելի զարգացած արտահայտությունն է միայն, թեև անհրաժեշտ բանվորական ժամանակն այստեղ մի այլ իմաստ է ստանում։ Լոկ այսքան ու այսքան բանվորական ժամանակ է անհրաժեշտ՝ հասարակական պահանջմունքը բավարարելու, համար։ Սահմանափակումն այստեղ հանդես է գալիս սպառողական արժեքի միջոցով։ Արտադրության տվյալ պայմաններում հասարակությունը կարող է իր ամբողջ բանվորական ժամանակից այսքան ու այսքան միայն գործադրել արդյունքի տվյալ առանձին տեսակի վրա։ Բայց առհասարակ հավելյալ աշխատանքի ու հավելյալ արժեքի սուբեկտիվ ու օբեկտիվ պայմանները ոչ մի կապ չունեն ոչ շահույթի ու ոչ էլ ռենտայի տվյալ որոշակի ձևի հետ։ Նրանք նշանակություն ունեն հավելյալ արժեքի, իբրև այսպիսիի համար, ինչ առանձին ձև էլ որ նա ընդունի։ Ուստի նրանք չեն բացատրում հողային ռենտան։
3J Հենց հողային սեփականության տնտեսական իրացման, հողային ռենտայի զարգացման պրոցեսում է իբրև առանձնապես յուրահատուկ պարագա հանդես գալիս այն, որ հողային ռենտայի գումարն ամենևին չի որոշվում նրա ստացողի գործակցությամբ, այլ հասարակական աշխատանքի զարգացմամբ, որը կատարվում է նրա գործակցությունից անկախ, որի մեջ նա մասնակից չէ։ Ուստի հեշտ է իբրև ռենտայի (ու ընդհանրապես երկրագործական արդյունքի) յուրահատկություն ընդունել այն, ինչ որ ապրանքային արտադրության պատվանդանի վրա,— նախ և առաջ կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա, որը իր ամբողջ ծավալով վերցրած՝ ապրանքային արտադրություն է,— արտադրության բոլոր ճյուղերի ու սրանց բոլոր արդյունքների համար ընդհանուր է։
Հողային ռենտայի բարձրությունն (ու սրան զուգընթաց՝ հողի արժեքը) զարգանում է հասարակական զարգացման պրոցեսի հետ միասին իբրև հասարակական ամբողջ աշխատանքի հետևանք։ Հասարակական զարգացման հետ միասին աճում է մի կողմից շուկան ու հողի արդյունքների նկատմամբ եղած պահանջարկը, մյուս կողմից՝ անմիջաբար աճում է պահանջարկը բուն իսկ հողի նկատմամբ, որն արտադրությանն ուղեկցող մի անհրաժեշտ պայման է տնտեսության ամեն մի հնարավոր, նույնիսկ ոչ-երկրագործական ճյուղերի համար։ Ավելի խորանալով, գտնում ենք, որ ռենտան ու սրա հետ էլ հողի արժեքը — բուն հողագործական ռենտայի մասին միայն խոսելով — աճում է հողի արդյունքների շուկայի ընդլայնման հետ և ուրեմն ոչ-երկրագործական բնակչության աճման հետ, նրա՝ մասամբ սննդամիջոցների, մասամբ էլ հումքերի նկատմամբ ունեցած պահանջմունքի ու պահանջարկի հետ միասին։ Արտադրության կապիտալիստական եղանակի հենց բնույթից է բխում այն, որ երկրագործ բնակչությունը շարունակ պակասում է ոչ-երկրագործականի համեմատությամբ, որովհետև (նեղ իմաստով վերցրած) արդյունաբերության մեջ հաստատուն կապիտալին փոփոխունի համեմատությամբ աճելը զուգորդված է փոփոխուն կապիտալի բացարձակ աճման հետ, թեև հարաբերաբար նա նվազում է. այնինչ երկրագործության մեջ բացարձակորեն է նվազում այն փոփոխուն կապիտալը, որը պահանջվում մի որոշ հողակտոր շահագործելու համար, ուրեմն նա կարող է աճել այն դեպքում միայն, եթե նոր հող է մշակվում, իսկ այս դարձյալ ենթադրում է ոչ-երկրագործական բնակչության էլ ավելի մեծ աճում։
Իսկապես այստեղ գործ ունենք մի երևույթի հետ, որը միմիայն երկրագործությանն ու սրա արդյունքներին չէ հատուկ։ Ընդհակառակը, ապրանքային արտադրության ու սրա բացարձակ ձևի, կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա միևնույնը վերաբերում է նաև արտադրության մյուս բոլոր ճյուղերին ու արդյունքներին։
Այս արդյունքներն ապրանքներ են, այսինքն օգտավետ իրեր, որոնց հատուկ է փոխանակային արժեքն ու այն էլ՝ իրացնելի, փողի վերածելի փոխանակային արժեքն այն չափով միայն, որչափով որ մյուս ապրանքները էկվիվալենտ են կազմում նրանց համար, որչափով մյուս արդյունքները նրանց հանդեպ ելնում են իբրև ապրանքներ ու իբրև արժեքներ. ուրեմն այնչափով, որով նրանք արտադրվում են ոչ թե իբրև գոյության անմիջական միջոցներ բուն իսկ իրենց արտադրողների համար, այլ որպես ապրանքներ, որպես արդյունքներ, որոնք փոխանակային արժեքի (փողի) վերածվելով, իրենց օտարվելով է միայն, որ սպառողական արժեքներ են դառնում։ Այս ապրանքների շուկան զարգանում է աշխատանքի հասարակական բաժանման հետևանքով. արտադրողական աշխատանքների առանձնացումը սրանց համապատասխան արդյունքները փոխադարձաբար ապրանքներ, էկվիվալենտներ է դարձնում իրար համար, նրանց փոխադարձորեն մեկը մյուսի համար իբրև շուկա է ծառայեցնում։ Սա բնավ միմիայն երկրագործական արգյուն,քներին հատուկ մի երևույթ չէ։
Ռենտան իբրև փողային ռենտա կարող է զարգանալ միայն ապրանքային արտադրության, ավելի ճիշտ՝ կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա, և նա զարգանում է նույն այն չափով, որով երկրագործական արտադրությունը դառնում է ապրանքային արտադրություն, հետևաբար, նույն այն չափով, որով ոչ-երկրագործական արտադրությունը զարգանալով ինքնակայանում է նրա հանդեպ. որովհետև հողագործական արդյունքը միևնույն չափով դառնում է ապրանք, փոխանակային արժեք ու արժեք։ Նույն այն չափով, որով կապիտալիստական արտադրության հետ զարգանում է ապրանքային արտադրությանը և ուրեմն արժեքի արտադրությունը, զարգանում է հավելյալ արդյունքի ու հավելյալ արժեքի արտադրությունն էլ։ Բայց միևնույն չափով, որով վերջինս է զարգանում, զարգանում է նաև հողային սեփականության այն ունակությունը, որով նա հողի նկատմամբ ունեցած իր մենաշնորհի միջոցով զավթում է այս հավելյալ արժեքի անընդհատ աճող մի մասը, և ուրեմն բարձրացնում է իր ռենտայի արժեքն ու հենց իրեն՝ հողի գինն էլ։ Հավելյալ արդյունքի ու հավելյալ արժեքի զարգացման ասպարեզում կապիտալիստը դեռ ակտիվ դեր է կատարում։ Այնինչ հողի սեփականատիրոջ անելիքն այն է միայն, որ զավթի հավելյալ արդյունքի ու հավելյալ արժեքի այն բաժինը, որն աճում է առանց նրա գործակցության։ Այս է հողատիրոջ դրության յուրահատկությունը և ոչ թև այն, որ հողի արդյունքների և ուրեմն նաև հողի արժեքն ավելի ու ավելի աճում է այն չափով, որով շուկան ընդլայնվում է սրա համար, պահանջարկը շատանում է, և սրա հետ էլ՝ ապրանքների այն աշխարհը, որը հանդիպակայում է հողի արդյունքին, ուրեմն ուրիշ խոսքով՝ շատանում է ոչ-երկրագործական ապրանք արտադրողների ու ոչ-երկրագործական ապրանքային արտադրության մասսան։ Բայց որովհետև այս կատարվում է առանց նրա գործակցության, ուստի իբրև նրա առանձնահատկությունն է երևան գալիս այն հանգամանքը, որ արժեքի մասսան, հավելյալ արժեքի մասսան ու այս հավելյալ արժեքի մեկ մասի փոխարկումը հողային ռենտայի, կախված է արտադրության հասարակական պրոցեսից, ապրանքային արտադրության զարգացումից ընդհանրապես։ Ուստի Դոուվն, օրինակ, այստեղից է ուզում բխեցնել ռենտան։ Նա պնդում է, թե ռենտան կախված է ոչ թե երկրագործական արդյունքի մասսայից, այլ սրա արժեքից. իսկ վերջինս կախված է ոչ-հողագործական բնակչության մասսայից ու արտադրողականությունից։ Սակայն ամեն մի ուրիշ արդյունքի վերաբերմամբ էլ ճիշտ է այն, որ այդ արդյունքն իբրև ապրանք զարգանում է նրա համար էկվիվալենտներ կազմող մյուս ապրանքների շարքի մասամբ մասսայի, մասամբ բազմազանության հետ միայն։ Այս ցույց ենք տվել արդեն արժեքի ընղհանուր շարադրանքի ժամանակ։ Մի կողմից՝ որևէ արդյունքի փոխանակվելու ունակությունն ընդհանրապես կախված է այն ապրանքների բազմատեսակությունից, որոնք գոյություն ունեն բացի նրանից։ Մյուս կողմից՝ նույն այս հանգամանքից է կախված հատկապես այն քանակը, որով այդ արդյունքը կարող է իբրև ապրանք արտադրվել։
Ոչ մի արտադրող, ո՛չ արդյունաբերողն ու ո՛չ էլ հողագործը, մեկուսացած վերցրած, արժեք կամ ապրանք չի արտադրում։ Նրա արդյունքն արժեք կամ ապրանք դառնում է հասարակական հարաբերությունների որոշ կապակցության մեջ միայն։ Առաջին՝ որչափով որ նա հանդես է գալիս իբրև հասարակական աշխատանքի արտահայտություն, հետևաբար, որչափով որ տվյալ արտադրողի սեփական բանվորական ժամանակը ներկայանում է իբրև ընդհանրապես հասարակական բանվորական ժամանակի մի մաս. երկրորդ՝ նրա աշխատանքի այս հասարակական բնույթը, որպես նրա արդյունքի վրա դրոշմված հասարակական բնույթ, երևան է գալիս նրա արդյունքի փողային բնույթի մեջ ու գնով նախանշված նրա ընդհանրական փոխանակելիության մեջ։
Այսպիսով ուրեմն, եթե մի կողմից ռենտան բացատրելու փոխարեն հավելյալ արժեքը կամ թե էլ ավելի նեղ ըմբռնմամբ հավելյալ արդյունքն են բացատրում, ապա մյուս կողմից այստեղ այն վրիպումն է տեղի ունենում, որ ապրանքների ու արժեքների ձևով հանդես եկող բոլոր արդյունքներին հատուկ բնույթը բացառապես երկրագործական արդյունքներին է վերագրվում։ Այս բացատրությունն էլ ավելի է տափականում,
- ↑ Ոչ մի բան չի կարող ավելի զավեշտական լինել, քան Հեգելի ուսմունքը մասնավոր հողային սեփականության մասին։ Մարդն իբրև անձնավորություն պետք է իրականություն դարձնի իր կամքը որպես արտաքին բնության հոգի, ուստի նա պիտի այս բնությունը իր տիրության տակ առնի իբրև իր մասնավոր սեփականությունը։ Եթե սա «անձնավորության», մարդու, որպես անձի, բնորոշումն է, ապա պիտի հետևեր, որ յուրաքանչյուր մարդ պետք է հողի սեփականատեր լինի, որպեսզի իրականանա իբրև անձնավորություն։ Հողի ազատ մասնավոր սեփականությունը — մի շատ նորաժամանակյա արդյունք— Հեգելի ասելով՝ ոչ թե հասարակական հարաբերություն է, այլ մարդու որպես անձնավորության հարաբերություն «բնության» նկատմամբ, «մարդու բացարձակ իրավունքը յուրացնելու բոլոր իրերը» (Hegel „Philosophie des Rechts“, Berlin 1840, էջ 79 [տես Հեգելի երկերի ռուս. հրատ., հատ. VII, էջ 71])։ Այսքանը պարզ է ամենից առաջ, որ առանձին անհատը չի կարող իր «կամքով» սեփականատեր դառնալ մի ուրիշ անհատի կամքի հակառակ, որը նույնպես ուզում է մարմնանալ հողի միևնույն պատառիկի մեջ։ Սրա համար բոլորովին այլ բաներ են պահանջվում, քան բարի կամքն է։ Այնուհետև բացարձակապես չի կարելի նախատեսել, թե «անձնավորությունը» որտեղ է սահման դնում իր կամքի իրականացմանը, արդյոք նա իր կամքի կեցությունն իրականացնում է մի ամբողջ երկրի մեջ, թե՞ մի ամբողջ կույտ երկրներ են հարկավոր, որպեսզի սրանց յուրացմամբ «ազդարարեմ իմ կամքի գլխավորությունն իրերի հանդեպ»։ Հենց այստեղ ահա Հեգելն ընկնում է բացարձակ փակուղու մեջ։ «Տիրանալու ակտը բոլորովին եզակի բնույթ ունի. ես տիրանում եմ այն իրերին, որոնք իմ մարմնով կարող եմ շոշափել, բայց երկրորդ՝ այն էլ կա միաժամանակ, որ արտաքին իրերը ավելի լայն տարածություն ունեն, քան ես կարող եմ ընդգրկել։ Ըստ այսմ այն, ինչի որ ես տիրանում եմ այսպիսով, մի ուրիշ իրի հետ էլ է կապակցված։ Ես տիրություն անում եմ ձեռքով, բայց ձեռքի տարածման մարդը կարող է ընդլայնվել» (ն. տ., էջ 90 [ռուս. հրատ., էջ 80])։ Բայց այս ուրիշ իրի հետ դարձյալ մի ուրիշն է կապակցված, և այսպիսով չքանում է այն սահմանը, որը պիտի ցույց տա, թե իմ կամքն իբրև հոգի որչափով է ընկղմվելու հողի մեջ։ «Երբ ես տիրանում եմ մի բանի, ապա բանականությունս իսկույն նոր եզրակացության է հանգում, թե ոչ միայն տիրացածս, այլև սրա հետ կապակցվածն էլ է իմը։ Այստեղ պետք է դրական իրավունքը իր կարգադրություններն անի, որովհետև ըմբռնումից այլևս ոչինչ չի կարելի բխեցնել» (էջ 91 [ռուս հրատ. էջ 80])։ «Ըմբռնման» արտակարգորեն միամիտ խոստովանություն է այս և ապացուցում է, թե ըմբռնումը, որը հենց այն գլխից վրիպելով իբրև բացարձակ է ընդունում հողային սեփականության՝ բոլորովին որոշակի ու բուրժուական հասարակությանը պատկանող իրավաբանական պատկերացումը,— հողային սեփականության իրական բնույթի նկատմամբ «ոչինչ» չի ըմբռնում։ Միաժամանակ սրա մեջ այն խոստովանությունն է պարունակվում, թե հասարակական, այսինքն տնտեսական զարգացման փոփոխվող պահանջմունքների հետ «դրական իրավունքը» կարող է և պետք է փոխի իր կարգադրությունները։
- ↑ Միանգամայն պահպանողական ագրոնոմ-քիմիկոսները, ինչպես, օրինակ, Ջոնստոնը, խոստովանում են, որ իսկական ռացիոնալ երկրագործությունն ամենուրեք անհաղթահարելի սահմանապատնեշների է հանդիպում ի դեմս մասնավոր սեփականության։ Նույնն են ընդունում այն հեղինակները, որոնք երկրագնդի նկատմամբ մասնավոր սեփականության մենաշնորհի պաշտպաններն են ex professo [իրենց մասնագիտությամբ]. այսպիսին է, օրինակ, պարոն Շառլ Կոնտը մի եըկհատոր աշխատության մեջ, որի հատուկ նպատակը մասնավոր սեփականության պաշտպանությունն է։ «Մի ժողովուրդ,— ասում է նա,— չի կարող բարօրության ու հզորության իր բնությունից բխող աստիճանին հասնել, եթե հողի այն մասը, որը նրան կերակրում է, այնպիսի նախանշում չստանա, որն ամենից ավելի է համերաշխում ընդհանրական շահի հետ։ Ժողովրդի հարստությունները մեծապես զարգացնելու համար պետք է ըստ կարելույն եզակի ու, որ ամենից գլխավորն է, լուսավորված կամք իր ձեռքն առնի իր երկրամարզի ամեն մի առանձին կտորի տնօրինությունը և յուրաքանչյուր կտոր ծառայեցնի մյուս բոլորի ծաղկմանն օժանդակելուն։ Բայց մի այսպիսի կամքի գոյությունն... անհամատեղելի կլիներ հողը մասնավոր տեղամասերի բաժանելու հետ ու ամեն մի գույքատիրոջ համար երաշխավորված այն իրավունքի հետ, որով նա կարող է իր ունեցվածքը համարյա բացարձակ եղանակով տնօրինել»։ Ջոնստոնը, Կոնտը և ուրիշները, հանդիպելով մասնավոր սեփականության և ամեն մի ռացիոնալ ագրոնոմիայի հակասությանը, լոկ այն են ուշադրության առնում, թե անհրաժեշտ է տվյալ մի երկրի հողը մշակել իբրև մի ամբողջություն։ Բայց հողի առանձին արդյունքների մշակույթի կախումը շուկայի գների տատանումներից ու տվյալ մշակույթի մշտական փոփոխվելը գների այս տատանումների համեմատ և կապիտալիստական արտադրության ամբողջ ոգին, որի նպատակադրումն անմիջական ու շուտափույթ փողային շահույթն է,— հակասում է գիտական գյուղատնտեսությանը, որը կոչված է մարդկային շղթայակցող սերունդների բոլոր մշտական կենսապայմաններն ապահովելուն։ Սրա ակնառու օրինակն անտառաստաններն ենք որոնք լոկ այնտեղ են երբեմն-երբեմն որոշ չափով ընդհանուրի շահի համաձայն շահագործվում, որտեղ նրանք մասնավոր սեփականություն չեն, այլ ենթակա են պետական կառավարման։
- ↑ „Misère de la Philosophie”, էջ 165 [տես Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի երկերի ռուս. հրատ., հատ. V, էջ 408]։ Ես այնտեղ տարբերություն եմ դնում terre-matière-ի ու terre-capital-ի [հող-մատերիայի ու հող-կապիտալի] միջև։ «Բավական է լոկ այն հողամասերում, որոնք արդեն արտադրության միջոցների են վերածված, կապիտալի նոր ներդրումներ անել, և մենք մեծացրած կլինենք հող-կապիտալն՝ առանց մեծացնելու մատերիան, այսինքն՝ հողի տարածությունը... Հող-կապիտալը նույնպես հավիտենական չէ, ինչպես ամեն մի ուրիշ կապիտալ»... Հող-կապիտալը հիմնական կապիտալ է, բայց հիմնական կապիտալը մաշվում է նույնպես, ինչպես և շրջանառու, կապիտալները»։
- ↑ Ես ասում եմ՝ «կարող է», որովհետև որոշ հանգամանքներում այս տոկոսը կարգավորվում է հողային ռենտայի օրենքով, ուստի և, օրինակ, բնական մեծ պտղաբերություն ունեցող նոր հողերի մրցման դեպքում կարող է չքանալ։
- ↑ Տե՛ս Ջեմս Անդերսոն և Կերի։
* Ակցիդենց — սուբստանցի աննշան, անցողիկ հատկություն. իրի աննշան մաս, մանրունք։— Խմբ.։ - ↑ Տե՛ս Anti-Corn-Law Prize-Essays [Հացահատիկային օրենքների դեմ ուղղած կոնկուրսային աշխատություններ]։ Այնուամենայնիվ հացահատիկային օրենքները միշտ գները պահում էին արհեստականորեն ավելի բարձր մակարդակի վրա։ Ավելի հաջողակ ֆերմերների համար այս նպաստավոր էր։ Նրանք շահվում էին այն ընդարմացած վիճակից, որի մեջ պահում էր հովանամաքսն այն ֆերմերների մեծ բազմությանը, որոնք հիմք ունենալով կամ թե անհիմն կերպով հույսները դնում էին բացառիկ միջին գների վրա։
- ↑ Ջոն Կ. Մորտոն. «The Forces used in Agriculture». Զեկուցում Լոնդոնի Society of Arts-ում [Արվեստի ընկերությունում] 1860 թվին. հիմնված է վավերական փաստաթղթերի վրա, որ հավաքել են մոտ 100 ֆերմերից շոտլանդական 12 և անգլիական 35 կոմսության մեջ։
* Կ. Մարքս — «Կապիտալի» հայերեն հրատ., հատ. I, էջ 643—669 կամ Կ. Մարքսի և Ֆր . Էնգելսի երկերի ռուս. հրատ., հատ 17, էջ 738—764։— Խմբ.։