Սնամեջ մարդիկ
Գրապահարան-ից
հեղինակ՝ Թ․ Ս․ Էլիոթ |
- «Պարոն Քուրցը ․․․ մեռավ»
- «Ողորմացեք ծերուկ Գային»
I
- Մենք սնամեջ մարդիկ ենք
- Եւ խրտվիլակներ,
- Խոնարհելով ծղոտով լցված
- Գլուխները մեր։
- Ավաղ ձայներն անտենչ
- Մինչ շշնջում ենք միասին հակված
- Անիմաստ են ու դառնանուն
- Ինչպես քամին չոր խոտի մեջ
- Կամ կոտրված ապակու վրա
- Առնետների ոտքերը՝ խոնավ մառանում։
- Պատկեր առանց ձեւի, երանգ առանց գույնի,
- Կաթվածահար ուժ, ընթացք առանց շարժման։
- Նրանք ովքեր կտրեցին անցան
- Ուղիղ հայացքով մահվան մյուս Արքայությունը
- Հիշում են (եթե հիշում են) մեզ
- Ոչ որպես վայրագ, կորած հոգիների
- Այլ միայն որպես
- Սնամեջ մարդկանց,
- Խրտվիլակների։
II
- Երազների մեջ վախենում եմ աչքեր տեսնել ―
- Մահվան երազի արքայությունում
- Չեն հայտնվում դրանք․
- Այնտեղ աչքերը
- Արեւաշող են՝ ջարդված սյան վրա
- Այնտեղ, մի ծառ է օրորվում
- Իսկ ձայները
- Քամու երգի մեջ
- Մարող աստղից անգամ
- Հեռու են ու ավելի շքեղ։
- Թող ես ավելի մոտ չլինեմ
- Մահվան երազի արքայությունում
- Ինքս էլ կկրեմ
- Նրբին դիմակներ
- Խաչված ցուպեր, առնետի ու ագռավի մորթ
- Ընդարձակ դաշտում
- Եւ միշտ քամուն հնազանդ,
- Ոչ ավելի մոտ․․․
- Միայն չլինի վերջին հանդիպումը
- Աղջամուղջի արքայությունում։
III
- Սա մեռած երկիրն է,
- Կակտուսի երկիրը
- Այստեղ են հառնում քարե
- Կուռքերը եւ ստանում
- Ողորմածությունը մեռյալ ձեռքի
- Հանգչող աստղերի շողի ներքո։
- Այսպես է լինում
- Մահվան մյուս արքայությունում
- Արթնանալ մենակ
- Այն ժամին երբ մենք
- Դողում ենք քնքշանքից
- Շուրթեր որոնք գիտեին համբուրել
- Ջարդված քարին են աղոթք ասում։
IV
- Աչքերն այստեղ չեն
- Այստեղ աչքեր չկան
- Մեռնող աստղերի այս դաշտավայրում
- Սնամեջ դաշտում
- Եւ մեր կորուսյալ արքայությունների
- Ջարդված երախում
- Որ վերջին վայրն է մեր հանդիպման
- Մենք խարխափում ենք կուրացած
- Եւ չենք խոսում
- Հղի գետի ափին կանգնած
- Կուրացած, մինչեւ
- Աչքերն են հայտնվում
- Ինչպես աստղը մշտնջենական
- Կամ աղջամուղջի արքայության
- Վարդը բազմաթերթ
- Որ դատարկ մարդկանց
- Հույսն է հավետ։
V
- Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
- Կակտուսի շուրջը կակտուսի շուրջը
- Շուրջպար ենք բռնել կակտուսի շուրջը
- Առավոտվա ժամը հինգին
- Գաղափարի եւ
- Իրականության միջեւ
- Ընթացքի եւ
- Գործողության միջեւ
- Ստվերն է ընկնում
- Զի քոնն է Արքայությունը
- Հղացման եւ
- Արարման միջեւ
- Զգացմունքի եւ
- Պատասխանի միջեւ
- Ստվերն է ընկնում
- Կյանքը շատ երկար է
- Ցանկության եւ
- Ջղացնցման միջեւ
- Կարողության
- Եւ գոյության միջեւ
- Էության
- Եւ անկման միջեւ
- Ստվերն է ընկնում
- Զի քոնն է Արքայությունը
- Զի քոնն է
- Կյանքը
- Զի քոնն է
- Այսպես է վերջանում աշխարհը
- Այսպես է վերջանում աշխարհը
- Այսպես է վերջանում աշխարհը
- Ոչ թե պայթյունով այլ կաղկանձով։