Գլուխ XXVII (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)

Գրապահարան-ից
00:31, 29 Հունիսի 2015 տարբերակ, ՕստապԲենդեր (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Գլուխ XXVII

Իրիկնապահին Վիսկարրան իր հանգստացած ուլանների հետ միասին հովտով դեպի վեր գնաց։ Հնդկացիներին հետապնդելուց հետո նրանք քաղաք էին վերադառնում։ Մոտավորապես մի ժամ հետո ճանապարհին հայտնվեց փոշոտ ու հոգնած մեկ այլ հեծելախումբ, որը շարժվում էր նույն ուղղությամբ։ Հազիվ թե կարելի լիներ դա հեծելախումբ անվանել. այն կազմված էր բեռնված ջորիներից, իսկ մի քանի սայլերի էլ եզներ էին լծված։ Միայն մի մարդ էր ձիով գնում, հագուստից ու կեցվածքից պարզ երևում էր, որ նա քարավանի տերն էր:

Երկար ճանապարհը հոգնեցրել էր և ձիավորին, և ձիուն: Նրանք երկուսն էլ փոշու մեջ կորած էին, բայց այնուամենայնիվ դժվար չէր ճանաչել այդ ձիավորին. դա Կառլոսն էր՝ որսորդը բիզոնների։

Նա արդեն բոլորովին մոտ է իր տանը։ Եվս հինգ մղոն այդ փոշոտ ճանապարհով՝ և նրա աոջև կբացվի իր խղճուկ բնակարանի դուռը։ Եվս մեկ ժամ՝ և պառավ մայրն ու սիրունիկ քույրը կնետվեն նրա գիրկը, և նա քնքշորեն նրանց կսեղմի իր կրծքին։

Որքան անսպասելի կլինի դա նրանց համար։ Դեհ, իհարկե, նրանք իրեն այդքան շուտ չէին սպասում։

Իսկ որքան կուրախանան նրանք։ Չէ՞ որ նրա բախտը արտակարգ բերել էր։ Հիանալի ջորիներ, առատ բեռ. չէ՞ որ դա մի ամբողջ հարստություն է։ Ռոսիտան այժմ նոր զգեստ կունենա, ոչ թե տանը գործած կոպիտ կտորից, այլ մետաքսից կարված, իսկական մետաքսից։ Ժանյակե ծածկոց ու ատլասե ոտնամաններ կունենա և հաջորդ տոնին նա նուրբ գուլպաներ կհագնի... Նա արժանի զույգ կլինի իր ընկերոջ՝ դոն Խուանին։ Իսկ մայրիկը ստիպված չի լինի բավարարվել միայն եգիպտացորենի ըմպելիքներով. նա կարող է խմել թեյ, սուրճ, շոկոլադ, որոնք նրան ավելի շատ դուր կգան։

Նրանց տունը շատ է հին ու վատ, դա պետք է քանդել ու տեղը նորը կառուցել... Ոչ, ավելի լավ է ձիանոց դարձնել, իսկ նոր տունը կարելի է նրա կողքին կառուցել։ Ջորիները վաճառելուց հետո հնարավոր կլինի լավ հողակտոր դնել ու կարգավորել ամբողջ տնտեսությունը։

Իսկ ինչն է խանգարում Կառլոսին անասնապահ դառնալ և հողը վարձակալության տալ կամ հենց օգտագործել որպես արոտավայր։ Դա շատ ավելի պատվաբեր գործ է. այն ժամանակ նա արդեն Սան Իլդեֆոնսոյի վերջին մարդը չի համարվի։ Ոչ մի բան չի կարող նրան խանգարել։ Հենց այդպես էլ պետք է անել։ Միայն թե նա դեռ մեկ անգամ էլ կմեկնի սարահարթ, կայցելի իր բարեկամներին՝ վակոներին, չէ՞ որ նրանք խոստացան... Օ՜հ, նրանց խոստումը հենց այն անկյունաքարն է, որի վրա կառուցված են նրա բոլոր հույսերը։

Մետաքսե զգեստ Ռոսիտային, թանկարժեք ըմպելիքներ պառավ մորը, նոր տուն, արոտավայր, որքան հաճելի է երազել դրանց մասին։ Բայց Կառլոսն ունի մեկ այլ, առավել նվիրական երազանք, որը ծածկում է մնացած բոլորին։ Եթե նա մի անգամ էլ այցելի վակոների երկիրը, ապա կարող է իր այդ երազանքն էլ իրագործել։

Կառլոսը համոզված էր, որ իրեն Կատալինայից բաժանող միակ արգելքը իր աղքատ լինելն էր։ Չէ որ Կատալինայի հայրը, ճիշտն ասած, շատ էլ հարուստներից չէր։ Ճիշտ է, այժմ նա հարուստ է, բայց ընդամենը մի քանի տարի առաջ պարզապես մի աղքատ հանքափոր էր, ոչ ավելի հարուստ, քան Կառլոսը։ Առաջ նրանք հարևաններ էին և այդ հեռավոր անցյալում դոն Ամբրոսիոն ամենևին էլ չէր մտածում, որ այդ տղան՝ Կառլոսը փոքրիկ Կատալինայի համար հարմար ընկեր է:

Իսկ ի՞նչ կարող է ասել այն ժամանակ, երբ որսորդը նույնպես կհարստանա։ «Իհարկե, ոչինչ,– մտածում էր Կառլոսը:– Եթե նրան ապացուցեմ, որ ես իրենից աղքատ չեմ, ապա նա կհամաձայնվի ինձ տալ Կատալինային։ Իսկ ինչո՞ւ, ոչ։ Մայրս ասում է, որ իմ երակներում ճիշտ այնպիսի արյուն է հոսում, ինչ-որ ազնիվ իդալգոյի երակներում։ Եվ եթե վակոների ասածը ճիշտ է, ապա մեկ ուղևորություն ևս՝ և Կառլոսը՝ բիզոնների որսորդը ճիշտ այնքան ոսկի կունենա, որքան հանքահորերի տեր դոն Ամբրոսիոն ունի»։

Ամբողջ ճանապարհին նա այդ մասին էր մտածում։ Օր ու գիշեր նա իր երևակայական դղյակներն էր կառուցում։ Ժամ չէր անցնում առանց Ռոսիտայի համար մետաքսե շոր, մորը՝ թեյ, սուրճ ու շոկոլադ գնելու. նա նոր ռանչո էր կառուցում, արոտավայր էր գնում, Կատալինայի հորը ոսկի էր ցույց տալիս ու խնդրում դստեր ձեռքը։ Երևակայական դղյակներ։

Որքան մոտենում էր տանը, այնքան որոշակի, հասանելի էին դառնում այդ վարդագույն տեսիլքները, և որսորդի դեմքն ավելի էր փայլում երջանկությունից։ Բայց շուտով սարսափը կաղավաղի նրա դիմագծերը...

Մի քանի անգամ նա ուզում էր առաջ նետվել, որպեսզի ժամ առաջ շուտ զգա մորն ու քրոջը տեսնելու հաճույքը, բայց ամեն անգամ զսպում էր իրեն։

– Ոչ,– շշնջում էր նա։– Ավելի լավ է մնամ ջորիների մոտ: Այդպես ավելի հանդիսավոր կլինի: Մենք բոլորս միասին կշարվենք ռանչոյի առաջ: Նրանք կմտածեն, որ ես եկել եմ ինչ-որ օտարականի հետ և նրան են պատկանում այդ ջորիները։ Եվ այն ժամանակ, երբ ես կասեմ, որ այդ բոլորն իմն է, նրանք կկարծեն, թե ես իսկական հնդկացի եմ դարձել և իմ խիզախ ծառաների հետ միասին հարձակում եմ գործել հարավային գավառների վրա։

Եվ Կառլոսը ծիծաղեց բավականությունից։

«Ռոսիտա, իմ սիրունիկ քույր,– մտածեց նա։– Այժմ արդեն դու կամուսնանաս դոն Խուանի հետ։ Հիմա ես կարող եմ իմ համաձայնությունը տալ: Այդպես ավելի լավ կլինի: Նա քաջ է, և երբ ես նորից տափաստան մեկնեմ, նա կարող է պաշտպանել Ռոսիտային։ Ճիշտ է, դա իմ վերջին ճանապարհորդությունը կլինի։ Մեկ անգամ էլ կգնամ՝ և դրանից հետո ինձ ոչ թե պարզապես բիզոնների որսորդ Կառլոս, այլ սինյոր դոն Կառլոս կկանչեն»։

Եվ հարստանալու ու «դոն Կառլոս» դառնալու մտքից նա նորից ծիծաղեց։

«Եվ որքան տարօրինակ է, որ ես ոչ ոքի չհանդիպեցի,– մտածեց նա հետո:– Ճանապարհին ոչ ոք չկա։ Բայց չէ՞ որ դեռ շատ ուշ չէ, արևը դեռ չի անցել ժայռի ետևը։ Ո՞ւր են կորել մարդիկ։ Իսկ ճանապարհին ձիերի բազմաթիվ թարմ հետքեր կան... Հա՜, այստեղ զինվորներ են եղել: Նրանք դեռ նոր հովտով դեպի վեր են գնացել... Բայց մի՞թե այդ է պատճառը, որ ոչ ոք չի երևում։ Եվ նույնիսկ ոչ մի ետ մնացած զինվոր չկա։ Եթե այս հետքերը չլինեին, կմտածեի, որ Սան Իլդեֆոնսոյի վրա հնդկացիներ են հարձակվել։ Բայց եթե ապաչիներն իսկապես հայտնվել են այստեղ, ապա մեր բերդակալը իր բեղավորների հետ միասին երբեք չէր համարձակվի ամրոցից այդքան հեռանալ, ես ճանաչում եմ նրան... Ոչ, սա, այնուամենայնիվ, տարօրինակ է։ Ոչինչ չեմ հասկանում։ Գուցե այսօր որևէ տո՞ն է և բոլորը քաղաք են գնացել»։

– Անտոնիո, բարեկամ, դու ծանո՞թ ես բոլոր տոներին։

– Այսօր տո՞ն է։

– Ոչ, տեր իմ։

– Իսկ որտե՞ղ է ժողովուրդը։

– Ես ինքս էլ չեմ հասկանում, տեր իմ։ Գոնե որևէ մեկը հանդիպեր...

– Ահա հենց ես էլ չեմ հասկանում... Գուցե՞ մոտակայքում վայրի հնդկացիներ են հայտնվել, ի՞նչ ես կարծում։

– Ոչ, տեր իմ, նայեցեք։ Ահա ուլանների հետքերը։ Մի ժամ չկա, որ անցել են։ Որտեղ ուլաններ, այնտեղ հնդկացիներ չեն լինի։

Անտոնիոն դա այնպես ասաց և այդ բառերն արտասանելիս այնպես նայեց, որ Կառլոսն անմիջապես հասկացավ նրա խոսքերի իմաստը, որը կարելի էր այլ ձևով ըմբռնել։ Անտոնիոն ամենևին էլ չէր ուզում ասել, որ եթե ուլաններն այստեղ են եկել, ապա հնդկացիները չէին համարձակվի այս կողմերում հայտնվել։ Ուղիղ հակառակը։ Ոչ թե «հնդկացիներ չկան, որովհետև այստեղ ուլաններ են հայտնվել», այլ «ուլաններն այստեղ են եղել, որովհետև հնդկացիներ չեն հայտնվել». ահա թե ինչ էր ուզում ասել Անտոնիոն։

Կառլոսը հասկացավ նրան ու պատասխանի փոխարեն բարձրաձայն ծիծաղեց, չէ որ նա ինքն էլ էր այդպես մտածում։

Առաջվա նման ճանապարհին ոչ ոք չէր երևում, և դա սկսեց հանգստացնել Կառլոսին: Նրա մտքով դեռ չէր անցնում, որ իր հարազատների հետ կարող էր դժբախտություն պատահած լինել. բայց այս ամայությունը սկսեց կասկածի տեղիք տալ և, կարծես, ինչ-որ լավ բան չէր խոստանում։

Եվ Կառլոսին հոգուն աստիճանաբար իջած թախիծն ամբողջությամբ պատեց նրան, և նա այլևս չէր կարողանում հաղթահարել այդ զգացումը։

Նա դեռ ոչ մի ռանչոյի մոտով չէր անցել։ Ինչպես արդեն ասվեց, նրանց տունը, հովտով դեպի ներքև իջնելիս, ամենավերջինն էր։ Բայց չէ որ բնակիչներն իրենց հոտերն արածացնում են ավելի ներքև ընկած տարածություններում և այս ժամերին սովորաբար նրանք անասուններին տուն են քշում։ Իսկ հիմա ոչ անասուններ են երևում և ոչ էլ հովիվներ։

Ճանապարհի երկու կողմերում ընկած մարգագետինները, ուր սովորաբար արածում էին հոտերը, դատարկ են։ Սա ի՞նչ բան է։

Եվ նրան պատեց անհանգստությունն ու տագնապը։ Այդ անորոշ տագնապը գնալով աճում էր, մինչև որ նա հասավ այնտեղ, որտեղից պետք է շրջվեր։

Ահա վերջապես և շրջադարձը: Նա թեքվեց դեպի տուն տանող ճանապարհն ու անցավ հավերժ կանաչ կաղնիների պուրակը։ Հիմա ռանչոն կերևա։

Կառլոսն ակամայից կանգնեցրեց ձիուն... և այդպես էլ անշարժացավ թամբի վրա, նրա բերանը բաց էր մնացել, քար կտրած հայացքը սարսափելի էր։

Տունը չէր երևում, այն ծածկված էր կակտուսների կանաչ պատնեշով, բայց նրանից վեր նա ինչ-որ չարագուշակ սև գիծ տեսավ, իսկ ազոտեայից տարօրինակ ծուխ էր բարձրանում։

– Արդարադատ Աստված, սա ի՞նչ բան է,– բեկբեկված ձայնով բացականչեց նա, բայց նույն պահին այնպես խթանեց ձիուն, որ վերջինս նետի պես առաջ սլացավ։ Ահա արդեն մինչև ցանկապատն ընկած տարածությունը մնաց ետևում և, վար թռչելով ձիուց, որսորդը նետվեց դեպի տուն։


Շուտով տեղ հասավ նաև ամբողջ քարավանը։ Անտոնիոն շտապով ցանկապատից ներս մտավ։

Այնտեղ, դեռ չհանգած կրակից սևացած պատերի միջև, երկար նստարանի վրա նստած էր նրա տերը։ Կառլոսի գանգրահեր գլուխը կախվել էր։ Գլուխը երկու ձեռքերի մեջ առած, նա ջղաձգորեն մատներն էր իրար սեղմում։

Լսելով քայլերի ձայնը, նա բարձրացրեց աչքերը, բայց միայն մի ակնթարթ:

– Աստվա՜ծ իմ: Մայրս... Քույրս...– կրկնում էր նա։ Նրա գլուխը նորից կախվեց, նա շնչում էր ծանր ու ընդհատընդհատ։

Դա դաժան, անտանելի տանջանքների ժամ էր: Նա կանխազգում էր ահավոր ճշմարտությունը։