«Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» Սպասում

Գրապահարան-ից
17:04, 10 Հուլիսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բլուրներն ասես ճերմակ փղեր

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Նա սենյակ մտավ՝ ծածկելու պատուհանները, երբ մենք դեռ անկողնում էինք, ու տեսա, որ տեսքը հիվանդի է։ Նա դողում էր՝ դեմքը ճեփ֊ճերմակ, քայլում էր հուշիկ, ասես շարժվելը ցավ էր պատճառում։

— Ի՞նչ է եղել, Schatz[1]։

— Գլո՛ւխս է ցավում։

— Լավ կլինի՝ գնաս տեղդ մտնես։

— Չէ՛, լա՛վ եմ։

— Գնա՛ տեղդ մտիր։ Հագնվեմ֊պրծնեմ՝ կգամ։

Երբ ներքեւ իջա, նա հագնված նստած էր բուխարու կողքին՝ մի շատ հիվանդ ու թշվառ ինը տարեկան տղեկ։ Ձեռքս ճակատին դրեցի, տեսա, որ ջերմում է։

— Գնա վերեւ, տեղդ մտիր,— ասացի,— հիվա՛նդ ես։

— Լա՛վ եմ, լա՛վ,— ասաց նա։

Երբ բժիշկը եկավ, չափեց տղայի ջերմությունը։

— Ինչքա՞ն է,— հարցրի նրան։

— Հարյուր երկու։

Ներքեւում բժիշկը տարբեր գույնի պատիճներով երեք տարբեր դեղ թողեց՝ օգտագործման ցուցումներով։ Դրանցից մեկը ջերմն իջեցնելու համար էր, մյուսը լուծողական էր, երրորդը՝ թթվայնությունը նվազեցնող։ Գրիպի մանրէները կարող են գոյություն ունենալ միայն թթվային միջավայրում, բացատրեց նա։ Նա ասես ամեն ինչ գիտեր գրիպի վերաբերյալ եւ ասաց, որ անհանգստանալու հարկ չկա, եթե ջերմությունը հարյուր չորս աստիճանից չի անցնում։ Սա թեթեւ գրիպի տեսակ է, եւ վտանգ չկա, եթե խույս տրվի թոքերի բորբոքումից։

Երբ սենյակ դարձա, գրի առա տղայի ջերմությունն ու ժամը, թե որ պատիճը երբ տամ խմելու։

— Ուզո՞ւմ ես՝ կարդամ քեզ համար։

— Լա՛վ, թե ինքդ ես ուզում,— ասաց տղան։ Նրա դեմքը շատ էր գունատ, իսկ աչքերի տակ՝ մութ շրջանակներ։ Նա լուռ պառկած էր անկողնուն՝ միանգամայն անհաղորդ շուրջը կատարվածին։

Ես բարձրաձայն մի քանի բան կարդացի Հովարդ Փայլի «Ծովահենների մասին» գրքից, բայց հո տեսնում էի, որ կարդացածիս նա չի հետեւում։

— Ո՞նց ես, Schatz,— հարցրի։

— Էլի նույնը՝ ոնց կայի,— ասաց նա։

Ես նստեցի անկողնու եզրին ու կարդացի ինքս ինձ համար՝ սպասելով դեղ տալու ժամին։ Բնական կլիներ, որ նա արդեն քնած լիներ, բայց երբ գլուխս բարձրացրի գրքից, տեսա, որ նա հայացքը հառել է մահճակալի եզրին՝ շատ տարօրինակ ձեւով։

— Էդ ինչի՞ չես փորձում քնել։ Ես քեզ կարթնացնեմ, երբ դեղիդ ժամը գա։

— Ավելի լավ է՝ զարթուն մնամ։

Մի որոշ ժամանակ անց նա դարձավ ինձ, թե՝ պե՛տք չի հետս էդքան մնաս, պա՛, եթե ձանձրացար։

— Չէ՛, ի՞նչ ձանձրանալ։

— Չէ՛, գիտես, ուզում եմ ասել, թե պետք չի, եթե դա քեզ կձանձրացնի։

Ես մտածում էի, թե նա գուցե մի քիչ զառանցում է, ու նշանակված պատիճները ժամը տասնմեկին տալուց հետո մի կարճ ընթացք տանից դուրս եկա։

Պարզկա, ցուրտ օր էր․ գետինը ծածկված էր եղյամով, որն այնպես էր սառած, ասես մերկացած բոլոր ծառերը, թփերը, չորացած ոստերն ու ամբողջ խոտը, մերկ գետինը նաեւ՝ սառցով են պատված։ Ես պստլիկ սետերիս կարճ զբոսանքի տարա ճամփով ու սառած գետակի երկայնքով, բայց դյուրին չէր կանգնել կամ քայլել հայելանման սառած գետնին, եւ կարմրավուն շնիկս գայթում էր ու սլլում, ես ինքս էլ երկու անգամ թափով վայր ընկա, հրացանս էլ գցեցի, որը սառույցի վրա ահագին տեղ ինձնից հեռու թռավ։

Մենք խրտնեցինք լորի մի ընտանիքի, որ բույն էր դրել բարձրադիր կավալից ափի դարավանդին կախ֊կախ մացառների տակ, ու խփեցի երկուսին այն պահին, երբ թռչում էին դարալանջով։ Լորերից մի քանիսը թառեցին ճյուղերին, բայց մեծ մասը ցիրուցան եղավ մացառներում ու, որպեսզի դրանց նորից ետ բերեմ, ստիպված եղա մի քանի անգամ ցատկոտել սառած, չորացած մացառների վրայով։ Քանի դեռ հավասարակշռությունս էի մի կերպ պահում սառած, զսպանակված թփերին, լորերը դուրս թռան՝ դժվարացնելով կրակելը, ու ես խփեցի երկուսին, հինգին բաց թողեցի եւ ետ դարձա՝ գոհ, որ լոր գտա հենց տանս մոտ, ուրախ, որ դեռ ինչքան էլ կհերիքի հաջորդ օրը բռնելու։

Տանն ասացին, որ տղան ոչ ոքի չի թողել իր սենյակ մտնել։

— Չմտնե՛ս,— ասաց նա։— Չեմ ուզում, որ դու էլ վարակվես։

Ես մոտեցա ու տեսա, որ նա ինչպես թողել էի, այնպես էլ կար՝ խիստ գունատ, միայն այտերը տենդից վառվում էին, եւ լուռ հայացքը առաջվա պես հառած էր անկողնու ծայրին։

Ես չափեցի ջերմությունը։

— Ինչքա՞ն է։

— Ոնց որ մի հարյուր,— ասացի ես։ Ջերմաչափը հարյուր երկու ու չորս տասնորդական էր ցույց տալիս։

— Առաջ հարյուր երկու էր,— ասաց նա։

— Էդ ո՞վ ասաց։

— Բժիշկը։ Ջերմությունդ բարձր չի,— ասացի։— Կարիք չկա՛ մտահոգվելու։

— Իսկ դու մի՛ մտածիր,— ասացի։— Մի՛ հուզվիր ու վե՛րջ։

— Էդպես եմ անում, էլի՛,— ասաց նա եւ ուղիղ առջեւը նայեց։ Երեւում էր, որ նա ինչ֊որ բանի վրա էր սեւեռված։

— Ապա մի սա ջրով խմիր։

— Կարծում ես՝ կօգնի՞։

— Իհարկե՛, կօգնի։

Ես նստեցի անկողնու մոտ, բացեցի «Ծովահենների մասին» գիրքն ու սկսեցի կարդալ, բայց տեսա, որ չի հետեւում, ուստի կանգ առա։

— Ի՞նչ ես կարծում, քանի՞ ժամից կմեռնեմ։

— Ի՞նչ։

— Ինչքա՞ն մնաց մեռնելուս։

— Չե՛ս մեռնի։ Քեզ էդ ի՞նչ է եղել։

— Չէ, մեռնելո՛ւ եմ։ Լսեցի, որ ասաց՝ հարյուր երկու։

— Մարդիկ հարյուր երկուսից չեն մեռնում։ Էդ ի՞նչ հիմար բաներ ես ասում։

— Չէ, մեռնո՛ւմ են։ Ֆրանսիայում դպրոցի տղաներն ինձ ասում էին, որ երբ ջերմությունը քառասունչորս աստիճան է, մարդ չի կարող կենդանի մնալ։ Իմը հարյուր երկո՛ւ է։

Նա ամբողջ օրն էր մեռնելուն սպասում՝ առավոտյան իննից սկսած։

— Է՜, խեղճ պստլիկ,— ասացի ես։— Խե՜ղճ պստլիկ։ Դա ոնց որ, ասենք, մղոններն ու կիլոմետրերը։ Դու չե՛ս մեռնի։ Էդ պարզապես ուրիշ ջերմաչափ է։ Էդ մեկով երեսունյոթը նորմալ է։ Էս մեկով՝ իննսունութը։

— Համոզվա՞ծ ես։

— Հա՛, իհա՛րկե,— ասացի։— Ոնց որ, ասենք, մղոնն ու կիլոմետրը։ Հիշո՞ւմ ես, երբ մեքենան անցնում է յոթանասուն մղոն, քանի՞ կիլոմետր է։

— Ա՜,— ասաց նա։

Սակայն անկողնում թիկնակին ձգած նրա սեւեռուն հայացքը դեռ երկար չէր թուլանում։ Լարվածությունը, որի մեջ էր ինքը, դեռ երկար ժամանակ եւս չէր թուլանում, բայցեւայնպես հաջորդ օրն արդեն տկարությունը տեղի տվեց, ու նա այլեւս դյուրությամբ էր լալիս դատարկ բաների վրա։
  1. der Schatz (գերմ․)— սիրելիս, բարեկամս