Լեռան տանձ

Գրապահարան-ից
19:30, 18 Հուլիսի 2015 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Այս ամենը՝ տղաքը մինչև Գինինա, լեռան տանձ պիտի ուտենք ըսելով, տանողը Ղլնճին Գաբոն եղավ։

Տղաքը,ամեն օրվան պես, ցերեկվան ճաշերնին գացին կերան ու եկան։ Կալերը պարպվեր էին. կոթինքը, տեղ֊տեղ մնացած հողերը, ավազը անգամ ավլեր, տարեր էին, մեջը ցորեն կըլլա, հավերը կպճռքեին, կուտեին ըսելով։ Տղաքը պիտի խաղային։ Ոմանք «քռնա» ուզեցին, ուրիշներ՝ «գալիպարան»: Երբ Գաբոն Բեկցի մամուն Դավիթին հետ եկավ՝

— Տղաք,— ըսավ,— ո՞վ մեզի հետ կուգա լեռան տանձ ուտելու՝ Գինանա լեռը։ Շատ հեռու չէ՝ հոսկե մինչև Ապուզտայի մեր գեղին արտերը ։ Այնչափ անգամ չէ։ Հոսկե մինչև վերի Չայլուն կա ու չկա։ Իրիկուն չեղած՝ նորեն մեր տուներն ենք։ Տասը, տասներկու ծառ կա։ Գինանցոց տղաքը մեզի ըսին։ Տանձերը թափեր են ծառերուն տակը։ Ոչ ուտող կա, ոչ ալ՝ ժողվող։ Անանկ հասունցեր են, որ վրան ելլել, թոթվելու գործ չկա։ Իրենք իրենցմե փըթ֊փըթ կթափին, վար կիյնան։ Մեղր եղեր են, մեղր: Տեր չունին, ըսին։ Կերեք, որչափ կրնաք։ Կուզեք ժողվեցեք, տուն տարեք։ Մարդ բան չըսեր։

— Դուք գաք, չգաք, մենք երկուքս կերթանք,— ավելցուցին։

— Ես կուգամ,— ըսավ Եսիկանց Թորոսը, Գաբոյին խոսածներեն ոգևորվելով։

— Ես ալ կուգամ,— ըսավ Ավետենց Մկըրչը։

— Մենք ալ կուգանք,— գոչեցին, տասնըերեք տղա էին, ամենքը միասին՝ ոտքի ելլելով։ Մեջերնին երկուքը պզտիկ էին, մյուսներուն պես կապույտ կտավե շալվար ու սալթա չէին հագեր դեռ, իրենց մայրերուն կարած էնթարիով էին։

— Մենք ալ ձեր հետ կուգանք,— ըսին,— մենք չենք հոգնիր, ձենե աղեկ կքալենք։

Գաբոն չուզեց, որ տուներուն լուր տային։ Թող չգիտնային։ Կըլլա, որ կարգիլեին, չէին ձգեր երթալու։ Ինք ու Դավիթը առջևեն, խումբով Վերի Լեղաղբյուր իջան։ Մարդ չկար։ Արտքաղեն հետո ո՞վ կըլլար հոն։ Ճակատի մեծ ու երկու կողմի երկու փողրակներեն ջուրերը ի՜նչ ուժգնությամբ կնետվեին երեք կարգի երեքական գուռերուն մեջ, անոնցմե ալ՝ ձորը, հոնկե ալ՝ ո՞ւր կերթային, ո՞վ գիտեր։

— Տղաք, մինչև Գինանա՝ ճամբան ջուր չկա, գիտցած եղեք,— ըսին Գաբոն ու Դավիթը։

Թող չըլլար: Տղաքը մոտեցան փողրակներուն, խմեցին ու խմեցին, լեղի֊մեղի, ինչ կուզեր ըլլար. քիթերնեն, բերաններնեն դուրս հորդելու աստիճան՝ փորերնին ջուրով լեցվեցան, տավուլ դարձան։ Վրա֊գլուխնին ալ ջուրերեն ցայտքերեն խխում եղան, բայց ամառ էր դեռ, կչորնային։

Շատերը մեկ անգամ խմելեն չգոհացան, քիչ եկավ, նորեն ծարավցան, նորեն խմեցին, հակառակ Ավետենց Մկըրչին ազդարարության.

— Տղաք, մի խմեք, լեղի ջուր է, ներսիդինիդ կփրփրի, բերանիդ կչորնա։

Գաբոն ու Դավիթն ալ խմեցին։ Ո՞վ մտիկ կըներ Մկըրչին ըսածներուն:

Դաշտ ելան։ Հուլիսի պես տաք կըլլար։ Քաղված արտերուն խոզաններուն դեղինը արևին ճառագայթներեն՝ խտղտացուց ամենուն աչքերը: Ճը՜ռռ... ճը՜ռռ... ճը՜ռռ... կկանչեին ծղրիթները դաշտին բյուրավոր անկյուններեն ու ամեն քայլափոխի՝ մարախներ կցատկտեին խումբին առջևեն։

— Ծօ՜...— պոռաց Արսենը։

— Ի՞նչ կա,— հարցուցին տղաքը։

— Սունկ մը, սունկ մը բուսեր է արտին թումբը, չե՞ք տեսներ։

— Ան սունկ չէ, քար է, ճերմակ քար մըն է,— ըսին տղաքը, չհավատալով։— Ամառը սունկ կըլլա՞, սունկը գարունը կըլլա։

— Չքալե՞ք, ծո՛,— պոռաց Գաբոն՝ հրամայող շեշտով մը, երբ ետին դարձավ ու տեսավ, որ տղաքը կեցեր են ու կվիճաբանին։

Մինչև լեռանը փեշը վազեց Արսենը։ Չէր սխալած: Իրավցնե՝ սունկ մըն էր, նուրբ ու երկայն ցողունով մը, որ, տեղը ջրուտ ըլլալուն՝ ինչպե՜ս թե բուսեր էր, զգուշությունով մը, որ չփշրվի, բերավ ու ամենուն ցուցուց։

Ճամբան շատ փոշոտ ըլլալուն՝ տղաքը խոզաններուն մեջեն քալեցին, ցրված խումբերով։ Տեր Գենարին արտին մեջ Օհանը աղվոր բիր մը գտավ։ Ամենքն ալ ուզեցին, որ իրենց տար, բայց Օհանը կուտա՞ր, ինք պիտի գործածեր։ Արտի մը մեջ ալ՝ այդ առտու իրենցմե առաջ նստող ու ճաշողներ եղեր էին, նետված սոխի կեղևներեն ու մնացորդներեն կհասկցվեր։ Քովն ալ ծխախոտի տուփ մը մոռցեր էին, մինչև կափարիչը ծխախոտով լեցուն, սիկարի թուղթով, աբեթով, կայծքարով, հրահանով միասին։ Առաջին տեսնողը Նշանը եղավ: «Պապուս կտանիմ» ըսավ ու առավ։ Բայց տղաքը կթողե՞ին իրեն, որ պապուն տաներ։ Ամենքը հավաքվեցան, տուփը քաշեցին ձեռքեն ու բացին։ Ճիկառաներ փաթթեցին, հրահանով վառեցին ու ծխելով քալեցին։ Ու պարպված տուփը Նշանին տվին, որ ինչ կուզեր՝ ըներ։

— Տղաք,— ըսավ Ավետենց Մկըրչը,— կուզե՞ք, որ երթանք ու ծառերուն տակը տանձ չգտնենք։

— Հայտի պե,— ըսին ամեն կողմեն, ու ատանկ ենթադրության վրա խորհիլ անգամ չուզեցին։

Անկյունադարձե մը Գինանա լեռը ու տանձերու ծառերը երևցան: Ոգևորվեցան։ Ւնչպե՜ս պիտի ուտեին, անգամ մը որ՝ հոն հասնեին։ Բայց դեռ շատ քալել պետք էր: Իսկ ամենքը ծարավցած էին, կայրեր ներսիդինին, կպապակեին։ Լեղաղբյուրի ջուրը ըրավ այս ծարավությունը։ Ի՜նչ անխելքություն ըրին ու խմեցին։

— Տղաք, ես ծարավութենես կմեռնիմ,— ըսավ Սլոյենց Վարդանը,— ալ չեմ կրնար քալել։ Ես Քարսաղբյուր պիտի իջնամ ու կուշտ ու կուռ մը խմեմ, ինչքան հեռու կուզե ըլլա։ Ես կերթամ։

— Շատ կուշանանք,— ըսավ Գաբոն։

— Թող ուշանանք,— պատասխանեց,— տասնըհինգ հոգի ենք, ինչե՞ն պիտի վախնանք։ Հում֊հում կուտենք մեզի ծուռ նայողը։

Ո՞վ, որը՞ ծարավ չէր տղոցմեն։ Ամենքը, քալելով չէ՝ վազելով, Քարսաղբյուրի ձորը իջան, որ մութ, կապարագույն ժայռերու մեջեն երկու տեղե, երկու ակերե կբխեր։ Ափով պետք էր որ խմեին։ Ափով ինչքա՞ն ջուր կխմվեր, որ գոհացներ իրենց ծարավը։ Պառկեցան իրենց փորերուն վրա՝ ակերուն բոլորտիքը, ու՝ խմեցին ու խմեցին, ու խորունկ օ՜խ մը քաշելով, խմողը լեռը ելավ, ծաոերուն ուղղությունովը։

Մկըրչին խորհրդածությունր ճիշտ ելավ։ Տանձ չկար՝ ոչ գետինը, ոչ ծառերուն վրա։ Թող չորցած մը, փտած մը ըլլար, թող կեսը կերված մը, նետված մը ըլլար, թող քարտանձ մը ըլլար։ Այծերուն աղբեն, սև սպլտուրներեն զատ՝ բան չէր երևնար ծառերուն տակը։

— Ասո՞նց համար մեզ մինչև հոս բերիր, Ղլնճին տղան։ Ասո՞նք են տանձերդ,— ըսին տղաքը Գաբոյին։ Ու հայհոյեցին։

— Գինանցոց ջան ձագերը մեզ խաբեցին, որքան հայհոյեք՝ իրավունք ունիք,— ըսավ Գաբոն։

Իրիկուն եղավ։ Արևը մարեցավ Ուրանիկի լեռներուն ետին։

— Հիմա ինտո՞ր գյուղ պիտի դառնանք, ատոր վրա խորհինք,— ըսին ամենքը։

— Շուտ հասնելու համար՝ լեռներեն, աճեբ, չե՞նք կրնար երթալ,— ըսին քանի մը հոգի։

— Ճամբա չես գիտեր՝ ինտո՞ր կերթաս,— պատասխանեցին։

— Հիմա գյուղը, մեր տուները ի՞նչ կըլլան մեզի համար՝ որ ուշացանք,— ըսին։

Ջորիի մը վրա նստած ջորևոր մը, կզկալ մը, այսինքն՝ մորուսավոր մը, եկավ, ու տղոց բազմության վրա նայելով, զարմացավ։

— Ալլա՜հ, ալլա՜հ, այսչափ տղաք, գիշերով, այս լեռան գլուխը, այս ծառերուն տակ եկեր եք, ի՞նչ կընեք, չոճուխլար, դուք ո՞ւրտեղացի եք։

— Մենք թեղուտցի ենք,— ըսին և՝ ինչու ու ինչպես հոս գալերնին պատմեցին:

Ղաֆուռցի էր, ղզլպաշ էր կզկալը:

— Ձեր մեջ հեչ խելք ունեցող մը չկա՞,— ըսավ,— Ղաֆուռին, Թափուռին, Գինանային, երեք գյուղերուն չոպանները ամեն օր հոս են, տանձ կթողո՞ւն աս ծառերուն վրա։ Եվ թե՝ լեռնեն մի երթաք, ճամբա չեք գիտեր, գիշերով ինտո՞ր կերթաք։ Մեղք եք, մեկ տեղերնիդ՝ կիյնաք, կկոտրեք, դուք նորեն ձեր ճամբովը գացեք:

Տղաքը նորեն իրենց եկած ճամբան իջան, քալեցին ու քալեցին, և ի՜նչ արագ֊արագ, գյուղ հասնելու համար։ Ամենեն պզտիկները անգամ՝ Եսիկանց մեկալ տանը Ճանոն, Եշտենց Աղան, Պետենց Պեկոն, տասը տարեկան ալ չկային, ոտքերնին ալ կոշիկ չկար, չլչլներովը էին, չլչլները ձեռքերնին առին, բուճերով՝ այսինքն գուլպաներով, մեծերեն աղեկ կքալեին։

Սուրբ Օհանին առջևն որ եկան, Թոսունենց Կողիկը դիմացնին ելավ, որ իր գյուղը կդառնար։

— Ծո՛, տղաք, ո՞ւր էիք մինչև հիմա, ի՞նչ եղաք, ո՞ւր մնացիք,— ըսավ,— գեղը ձեզի համար ելավ, ելավ ու իջավ, տակնուվրա եղավ։ Գեղով ամենքը ոտքի վրա են, ոչ նստան, ոչ ճաշեցին. կնիկները «աս տղոցը գլխուն փորձանք մը եկավ անպատճառ» ըսելով կծեծկվին, կուլան ու կողբան ձեզի համար։ Երկու Արմտանները, Ապուշտան, Զնզնուտը, երկու Աղըլտերեները, երկու Չայլուները, Ուրանիկը, Ղարապապան, Ղարակապանը, ալ աշխարհքը տեղ չձգեցին ու մարդ ղրկեցին, ուր գացին՝ «հոս չկան, չգիտենք» ըսին։ Մեկերնիդ առաջ վազեցեք, լուր տարեք գյուղը, ըսեք, թե՝ հոս ենք, կուգանք ամենքս ալ։

— Տղաք, փառավոր ծեծ մը պիտի ուտենք գեղեն այս գիշեր,— ըսավ Ավետենց Մկըրչը:— Ամենեն փառավորը քուկդ է, Ղլնճին տղան։

Գաբոն գլուխը փարտեց.

—Հը՜, հը՜, — ըրավ։

— Հը՜֊հըդ՝ ի՞նչ է,— շարունակեց Մկըրչը,— Կեռո Գևորգը, Հայթան, Շերպեթենց Մքայելը՝ դուք ժողովուրդը դռները ձգեցիք, ըսեն ու ծեծեն նե՝ ի՞նչ պիտի ընես, ի՞նչ պիտի ըսես, ծո՛։

— Մեկ մը որ՝ չքալեցին, պիտի ըսեմ։ Լեղաղբյուրը կեցան, ջուր խմեցին, «նորեն ծարավցանք» ըսին, ելան մինչև Քարսաղբյուրը գացին, ջուր խմեցին, ճամբտին կեցան։ Անկե ետքը՝ թող չգային, պիտի ըսեմ, զոռո՞վ առի, հետս տարի։ Ես ու Դավիթը պիտի երթայիք։ Իրենք ալ ոտքի ելան, հետերնիս եկան։ Մենք ի՞նչ ընենք։ Ես հոս հանցանք ունի՞մ, պիտի ըսեմ։

— Լեռան տանձին տեղ ծեծը ուտենք տե, քեզի ալ՝ «մեջերնին մեծը դուն էիր, աս պզտիկներուն երկու տարիքն ունիս» ըսեն, դուն նորեն՝ լեզվիդ տուր։