Մատանիների Տիրակալը

Գրապահարան-ից
Մատանիների տիրակալը․ Երկու ամրոց

հեղինակ՝ Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին
թարգմանիչ՝ Նարեկ Պողոսյան

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



Նախաբան

Ձեր առջև «Մատանիների տիրակալը» եռագրության երկրորդ տարեգրությունն է: Առաջին տարեգրությունում պատմվում էր այն մասին, թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց, որ Ֆրոդոյի մատանին հենց համիշխանության մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր մատանիները: Պատմվում էր նաև այն մասին, թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակայելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել մատանին: Մատանու գլխավոր պահապան նշանակվում է Ֆրոդոն, որից հետո ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն ու մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի լեռ, որպեսզի մատանին ոչնչացնեն նրա ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով, որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասը՝ Գենդալֆը Մորիայի քարանձավներով առաջնորդում է պահապաններին՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը: Բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև, անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը: Այնտեղ պահապանները պետք է որոշեն գնալ արևելք՝ Մորդոր, թե Մինաս Թիրիթ՝ Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց թշնամու հետ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից մատանին։ Առաջին տարեգրությունը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ տարեգրությունում կիմանանք պահապանների հետագա ճակատագիրը:

ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ

Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը

Արագորնը վազում էր կածանով դեպի վեր՝ անընդհատ կռանալով և փնտրելով թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գտնել հոբիթների հետքը, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն, ինչ փնտրում էր:

— Նշանակում է ճիշտ ճանապարհի վրա եմ,— ասաց նա բարձրաձայն,— Ֆրոդոն ուղևորվել է դեպի գագաթը: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար:

Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առջև կբացվի ինչ-որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակ չկար, բայց նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևն արդեն հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ոչինչ չտեսավ, բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի տափաստանը: Այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ-որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի արևմտյան կողմում փռված անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում լսվում էին ինչ-որ ճչոցներ, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը. բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:

— Բորոմիրի եղջերափո՛ղը, նա օգնություն է կանչում,— բացականչեց Արագորնը և սլացավ աստճաններով ներքև: — Վա՜յ ինձ,— կրկնում էր նա ընթացքում,— դաժան ճակատագիրը հետապնդում է ինձ: Այսօր ինչ էլ որ անեմ վերածվում է չարիքի... Իսկ Սեմն ո՞ւր կորավ:

Այդ ընթացքում ճչոցներն ու աղմուկը սկսեցին ուժեղանալ, իսկ փողի ձայնը` թուլանալ, ասես փչողը հուսահատված լիներ օգնություն կանչելուց: Կատաղի ու սահմռկեցուցիչ օրքերի ոռնոցից հետո հանկարծ եղջերափողի ձայնը մարեց: Արագորնին քիչ էր մնում վազել, բայց, մինչ նա կհասներ սարի ստորոտին, աղմուկն արդեն կտրվել էր: Թեքվելով ձախ` այնտեղ, որտեղից լսվում էին ձայները, Արագորնը հասկացավ, որ աղմուկր հեռանում է: Շուտով ամեն ինչ լռեց: Ճանկելով արևի տակ շողշողացող սուրը` Արագորնը ճչաց. «Էլենդի՛լ, Էլենդի՛լ», և ցատկեց առաջ՝ ջարդելով թփուտները: Պարտ Գալենից մեկ մղոն հեռու, մի ոչ մեծ բացատում, նա գտավ Բորոմիրին: Վերջինս նստած էր հսկայական ծառի տակ, մեջքով հենված բնին, ասես հանգստանում էր: Սակայն Արագորնի աչքերն անմիջապես նկատեցին ռազմիկի կրծքին ցցված նետերի սև ծայրերը: Բորոմիրը ձեռքի մեջ դեռ սեղմում էր ջարդված սրի բռնակը, իսկ կողքին ընկած էր երկու մասի բաժանված եղջերափողը: Շուրջը թափթփված էին սպանված օրքերի մարմինները:

Արագորնը ծնկի իջավ Բորոմիրի կողքին: Նա բացեց աչքերը և փորձեց ինչ-որ բան ասել: Վերջապես ծնոտները շարժվեցին:

— Ես փորձում էի խլել մատանին Ֆրոդոյից,— դժվարությամբ արտաբերեց նա: — Ես ընդունում եմ իմ մեղքը: Բայց ես պատասխան տվեցի դրա համար:

Բորոմիրի հայացքը սահեց սպանված օրքերի վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել ավելի քան քսան օրք:

— Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց նրանց չսպանեցին, միայն կապկպեցին:

Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:

— Մնաս բարո՛վ, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Իսկ ես... Ես պարտվեցի:

— Ո՛չ,— չհամաձայնեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,— ո՛չ, Բորոմի՛ր, դու հաղթե՛լ ես: Եվ մե՛ծ է քո հաղթանակը: Հանգչի՛ր խաղաղությամբ, Գոնդորը կանգու՛ն կմնա:

Բորոմիրը թուլացած ժպտաց:

— Պատասխանի՛ր, ու՞ր գնացին օրքերը, Ֆրոդոն նու՞յնպես նրանց հետ է,— հարցրեց Արագորնը:

Սակայն Բորոմիրն արդեն հավիտյան լռել էր:

— Վա՜յ մեզ,— բացականչեց Արագորնը՝ ցնցված մինչև հոգու խորքը: — Դենետորի հետնորդը հեռացավ աշխարհից, ինչպիսի՜ դառը վերջաբան: Մատանու եղբայրությունը փլուզվեց, սա նաև իմ պարտությունն է: Իզուր Գենդալֆը վստահեց ինձ ջոկատի ճակատագիրը: Ես չփարատեցի նրա հույսերը: Ի՞նչ անեմ հիմա: Բորոմիրը խնդրեց գնալ Գոնդոր: Այդ է ուզում նաև իմ սիրտը, բայց ո՞ւր է մատանին, որտե՞ղ է պահապանը, որտե՞ղ փնտրեմ նրանց, ինչպե՞ս փրկեմ բռնած գործը:

Նա ծնկաչոք հեկեկում էր՝ բռնած Բորոմիրի ձեռքը: Այդպես էլ նրան գտան Ջիմլին ու Լեգոլասը, որոնք իջել էին արևմտյան լանջով և անաղմուկ, ինչպես որսորդները, եկել-հասել մարտի դաշտ: Ջիմլին ձեռքի մեջ սեղմում էր կացինը, իսկ Լեգոլասը՝ երկար դաշույնը. նրա նետերը վերջացել էին: Դուրս գալով բացատ՝ երկուսն էլ քարացան անսպասելիությունից, բայց հետո ամեն ինչ հասկացան և, դառնությամբ լցված, կախեցին գլուխները: Լեգոլասը մոտեցավ Արագորնին:

— Ավա՜ղ,— բացականչեց նա,— մենք հետապնդում էինք օրքերին և շատերին ոչնչացրեցինք անտառում, բայց ավելի լավ է այստեղ լինեինք: Մենք լսեցինք փողի ձայնը և շտապեցինք այստեղ, բայց, երևում է, ուշացել ենք... Բարոմիրը մահացո՞ւ է վիրավորվել: Իսկ դո՞ւ:

— Նա մեռած է,— պատասխանեց Արագորնը: — Ես՝ քերծվածք անգամ չունեմ: Ես, ինչպես դուք, չափազանց ուշ հասա, Բորոմիրը ընկել էր՝ պաշտպանելով հոբիթներին, քանի դեռ ես գագաթին էի:

— Հոբիթների՞ն,— բացականչեց Ջիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:

— Չգիտեմ,— հոգնած պատասխանեց Արագորնը: — Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Սակայն ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի հետևից և չգիտեմ, Ֆրոդոն ու Սեմն էլ են եղել նրանց հետ, թե ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք հիմա:

— Առաջին հերթին պետք է թաղել Բորոմիրին,— ասաց Լեգոլասը,— հո չե՞նք թողնելու այս գարշելի լեշերի մեջ:

— Միայն թե արագ,— ավելացրեց Ջիմլին: — Բորոմիրին դա նույնպես դուր չէր գա: Եթե մեր ընկերները ողջ են, պետք է փրկել նրանց թշնամու ձեռքից:

— Բայց մենք չգիտենք՝ նրանց հե՞տ է արդյոք պահապանը,— հիշեցրեց Արագորնը,— մի՞թե մենք կթողնենք նրան մենակ, չէ՞ որ մենք առաջին հերթին պարտավորվել ենք նրան օգնել: Չարագուշակ ընտրության առջև ենք կանգնած:

— Եթե այդպես է, եկեք սկզբում կատարենք մեր գլխավոր պարտքը,— նորից առաջարկեց Լեգոլասը: — Բորոմիրին արժանի գերեզման մենք չենք կարող կառուցել՝ ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ էլ գործիք, գուցե քարերով դամբարա՞ն կառուցենք:

— Դա երկար և ծանր աշխատանք է,— չհամաձայնեց Ջիմլին: — Այստեղ քարեր չկան, պետք է բերել գետի մոտից:

— Մենք կդնենք Բորոմիրի մարմինը նավակի մեջ,— որոշեց Արագորնը,— իսկ կողքին կդնենք նրա և սպանված թշնամիների զենքերը: Իսկ նավակը կհրենք դեպի ջրվեժը: Թող Անդուինը ընդունի սպանված ռազմիկին: Գոնդորի մեծ գետն ինքը կհոգա, որպեսզի ոչ ոք չհամարձակվի անարգել նրա աճյունը:

Նրանք արագ հավաքեցին սպանված օրքերի զենքերը, սաղավարտները և վահանները՝ կիտելով դրանք միմյանց վրա:

— Տեսե՛ք,— բացականչեց Արագորնը:

Նա տձև զենքերի կույտի միջից դուրս քաշեց երկու տերևաձև դաշույն, որոնց վրա կարմիր և ոսկեգույն գրվածքներ կային: Շուտով գտնվեցին նաև պատյանները, որոնք զարդարված էին փոքրիկ, կարմիր քարերով:

— Այս դաշույնները օրքերինը չեն,— հաղթական ասաց նա: — Սրանք պատկանում են հոբիթներին: Ամեն ինչ պարզ է. նրանք զինաթափել են գերիներին, բայց նրանց զենքերը վախեցել են վերցնել, չէ՞ որ դրանք պատրաստված են Արևմտյան Երկրում և դրանց վրա նզովք է գրված, որը մահացու է Մորդորի սպասավորների համար: Նշանակում է մեր բարեկամներն անզեն են, եթե, իհարկե, ողջ են: Ես կվերցնեմ սրանք, գուցե դեռ հաջողվի վերադարձնել իրենց տերերին, թեպետ հույսը շատ փոքր է:

— Իսկ ես գնամ նետերս հավաքեմ,— ասաց Լեգոլասը,— կապարճս դատարկ է:

Շուտով նրա կապարճը լիցքավորվեց անվնաս մնացած նետերով: Արագորնը ուշադիր զննում էր օրքերի դիակները:

— Ոչ բոլոր օրքերն են Մորդորից,— նկատեց նա: — Եթե ես մի փոքր հասկանում եմ օրքերի ցեղատեսակներից, ապա այստեղ կան մի քանի հյուսիսային գոբլիններ՝ Մառախլապատ Լեռներից: Բայց կան նաև ուրիշներ, որոնք ինձ անծանոթ են, նրանք նույնիսկ այլ կերպ են զինված...

Նա ցույց տվեց չորս թխամաշկ և շիլաչք օրքերի դիակներ: Դրանք հսկայական էին՝ մեծ ձեռքերով, ամուր, մկանուտ ոտքերով: Սովորական յաթաղանների փոխարեն նրանց գոտիներից կախված էին կարճ սրեր՝ լայն շեղբերով, իսկ նրանց աղեղները չափերով ու տեսքով ոչնչով չէին տարբերվում սովորական մարդկանց աղեղներից: Վահանների վրա դաջված էր անծանոթ զինանշան՝ սև դաշտում սպիտակ ձեռքի տեսքով, իսկ սաղավարտներին երևում էր ռունագիր «Ս» տառը՝ պատրաստված ինչ-որ փայլուն մետաղից:

— Ես դեռ չեմ հանդիպել այսպիսի զինանշան,— մտամոլոր ասաց Արագորնը: — Կուզենաի իմանալ՝ ի՞նչ են նշանակում այս նշանները:

— «Ս» Սաուրոն,— ենթադրեց Ջիմլին,— հասկանալը դժվար չէ:

— Ո՛չ,— Ջիմլիի տարբերակը մերժեց Լեգոլասը,— Սաուրոնը տանել չի կարողանում էլֆերի ռուները:

— Եվ հետո նա երբեք չի օգտագործում իր իսկական անունը ու չի թողնում ո՛չ գրել, ո՛չ արտաբերել,— ավելացրեց Արագորնը: — Նույնիսկ սպիտակը նրա գույնը չէ: Բարադ Դուրին հպատակվող օրքերի զինանշանը Բոսոր Աչքն է:

Նա մտախոհվեց և վերջապես ասաց. «Ինձ թվում է՝ «Ս» նշանակում է Սարուման: Իզենգարդում ինչ-որ բան այն չէ, և արևմտյան երկրներում այլևս ապահով ճանապարհներ չկան: Դրանից էլ վախենում էր Գենդալֆը... Դավաճան Սարումանը ինչ-որ կերպ իմացել է մեր արշավի մասին: Երևի նրա ականջին մեր առաջնորդի անկման լուրն էլ է հասել: Հնարավոր է Մորիայի օրքերին հաջողվել է չեզոքացնել Լորիենի զգոնությունը, բայց, հնարավոր է նաև, որ նրանք շրջանցել են Լորիենը և գնացել են Իզենգարդ այլ ճանապարհներով: Օրքերը վատ քայլորդներ չեն, սակայն Սարումանը շատ տարբերակներ ունի լուրեր հայթհայթելու... Հիշո՞ւմ եք թռչուններին»:

— Լա՛վ, լա՛վ, ժամանակ չկա գլուխ ջարդելու հանելուկների վրա,— արագացրեց Ջիմլին: — Գնա՛նք, տանե՛նք Բորոմիրին գետի մոտ:

— Պետք է գուշակել հանելուկները, եթե ուզում ենք գտնել ճիշտ ճանապարհը,— առարկեց Արագորնը:

— Իսկ կա՞ այդ ճիշտ ճանապարհը,— կասկածեց թզուկը:

Ջիմլին կացինով մի քանի ճյուղեր կտրեց, Արագորնն ու Լեգոլասը լարերով կապեցին դրանք, վրան փռեցին թիկնոցը և այդ ինքնաշեն պատգարակով տեղափոխեցին ռազմիկի աճյունը գետի մոտ: Ինչպես նաև ավարը, որը պետք է առաջնորդեր նրան դեպի նրա վերջին հանգրվանը: Գետը մոտիկ էր, բայց Բորոմիրի պես հաղթանդամ մարդուն նույնիսկ երեքով տանելը դժվար էր: Արագորնը մնաց գետի մոտ՝ հսկելու մարմինը, իսկ Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին հոսանքն ի վեր՝ դեպի Պարտ Գալեն: Մինչև ճամբար մոտ երկու մղոն կլիներ, և բավականին երկար ժամանակ պահանջվեց, մինչև նորից լսվեցին էլֆի և թզուկի զվարթ ձայները, որոնք, աշխատելով ափից չհեռանալ, վերադարձան Արագորնի մոտ:

— Տարօրինակ է,— ասաց Լեգոլասը,— ափին երկու մակույկ կար: Երրորդը չգտանք:

— Օրքերն այնտեղ է՞լ են եղել,— զգաստացավ Արագորնը:

— Օրքերի հետքեր այնտեղ չկան,— պատասխանեց Ջիմլին: — Եվ հետո, եթե նրանք այնտեղ եղած լինեին, ապա բոլոր նավակները տարած կլինեին՝ ուղեբեռն էլ հետը:

— Երբ վերադառնանք՝ կտեսնեմ ինչումն է բանը,— որոշեց Արագորնը:

Բորոմիրին պառկեցրին նավակի հատակին: Այն պետք է դառնար նրա հուղարկավորության դամբարանը: Բարձի փոխարեն գլխի տակ դրված էր ծալված Էլֆական թիկնոցը՝ մոխրագույն գլխանոցով: Գոնդորցու ուսերը ծածկում էին նրա սև ու երկար մազերը: Լորիենի տիրուհու նվերը՝ ոսկե գոտին, փայլփլում էր արևի տակ: Սաղավարտը դրեցին նրա կողքին, ջարդված եղջերափողն ու կոտրված թուրը՝ կրծքին, իսկ ոտքերի տակ՝ սպանված թշնամիների զենքերը: Բարեկամները նստելով ազատ նավակը, կապեցին հուղարկավորության նավակը իրենց նավակից և լողացին հոսանքի ուղղությամբ: Թիավարում էին լուռ՝ աշխատելով ափին մոտ մնալ, բայց շուտով արագնթաց հոսանքը պարուրեց մակույկը և Պարտ Գալենի կանաչ մարգագետինները մնացին հետևում: Արևը, որ արդեն թեքվում էր դեպի արևմուտք, պայծառ լուսավորում էր Թոլ Բրանդիրի թեք լանջը: Բարեկամները լողում էին դեպի հարավ, մինչև որ հորիզոնում երևաց Ռաուրոս ջրվեժի ոսկե լուսապսակը, որը ջրի շիթերից բաղկացած մի ամպ էր՝ քուլա-քուլա կախված անդունդի վրա: Անքամի օդը սկսեց տատանվել աղմուկից ու որոտից:

Այստեղ Բորոմիրի մակույկը արձակեցին: Գոնդորցու դեմքը խաղաղություն ու հանգստություն էր ճառագում: Մակույկն օրորվում էր սահող ալիքների վրա: Հոսանքն արագ առավ նավակին իր գիրկն ու տարավ: Բարեկամները թիավարում էին ամբողջ ուժով, որպեսզի իրենք էլ չհետևեն Բորոմիրին: Նավակը սրնթաց հեռանում էր և շուտով այն վերածվեց սև փոքրիկ կետի ու կորավ ոսկեգույն հեռվում: Ջրվեժը առանց դադարի շառաչում էր: Գետն ընդունեց Բորոմիրին, Դենետորի որդուն, և Մինաս Թիրիթը հավիտյան կորցրեց նրան: Այլևս երբեք նա չի բարձրանա սպիտակ աշտարակի աստիճաններով, սակայն Գոնդորում դեռ երկար կպատմեն էլֆական նավակի մասին, որն անվնաս անցել էր ջրվեժի փրփրուն հորձանուտը, լողացել մինչև Օսգիլիաթ և, կտրելով մեծ գետը, գիշերային աստղերի լույսի ներքո դուրս եկել անծայրածիր ծով:

Երեք ընկերները լուռ նայում էին Բորոմիրի հետևից: Վերջապես Արագորնը գոչեց.

— Սպիտակ աշտարակից դեռ երկար են նայելու հեռուն, հուսալով տեսնել նրան տուն տանող ճանապարհին, բայց Բորոմիրն այլևս չի վերադառնա ո՛չ լեռներից, ո՛չ էլ ծովի ափերից:

Եվ նա սկսեց դանդաղ երգել.

Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին,
Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին,
«Թափառակա՛ն քամի, պատմի՛ր, թափառակա՛ն քամի, ասա՛
Դեռ երկա՞ր պիտի սգացող աշարակը նայի արևմուտքին:
Օգնի՛ր գտնել մեծն Բորոմիրին,
Լուսինը դեռ փայլո՞ւմ է նրա ճամփին»:
«Յոթ հորձանուտների միջով է անցել ու գետը հատել
Եվ հյուսիսային մշուշում կորել, այլևս նրան չեմ տեսել,
Միգուցե հյուսիսային քամի՞ն է նրա փողի ձայնը լսել»:
«Աշտարակից արևմուտք եմ նայում, ու իմ սիրտն է լացում,
Նա հատել է անապատները ու կորել անհուն հեռվում,
Արևմտյան ճանապարհներին այլևս ոչ ոքի չեմ տեսնում»:


Արագորնին փոխարինելով՝ երգեց Լեգոլասը.


Առած իր մեջ աղ ու ավազ Կեսօրի քամին է սուրում,
Կանգնում է դարպասի մոտ ու ձայնն է նրա զրնգուն:
«Ի՞նչ է կատարվում աշխարհում՝ արևի ու լուսնի ներքո,
Ու՞ր է Բորոմիրն արդար, հապաղում է նա,
Ու տխուր եմ ես հիմա»:
«Մի՛ հարցրու քամուց մահկանացուի մասին,
Մի՞թե քիչ ափեր են մնացել ավազի տակին,
Սև ու սպիտակ ափեր, երկնքի և ջրի մրրիկում,
Մի՞թե քիչ մահկանացուներ են հարավ՝ դեպի ծով լողում:
Հարցրու հյուսիսային քամուն, միգուցե նա՞ իմանա»:
«Օ՜ Բորոմի՛ր, դեպի ծով ճամփան հարավ է տանում:
Ծովային թռչունների ճիչերի ներքո, դարպասի մոտ կանգնած՝
Սպասում էի լուրի, քո մասին, բայց դու այդպես էլ հետ չվերադարձար»:


Նորից երգեց Արագորնը.


Հյուսիսային քամին թակում է դարպասն արքայական,
Ձայնն է որոտում նրա՝ աղմկոտ ջրվեժի նման:
«Վճիտ ջրերի քամի, խնդրում եմ քեզ, պատասխա՛ն տուր,
Ու՞ր է Բորոմիրն անվախ, վաղուց սպասում ենք գլխիկոր»:
«Եղջերափողը որոտաց անտառում,— պատասխանեց Թոլ Բրանդիրը,—
Շատերն ընկան այդ մարտում, վերջում ընկավ Բորոմիրը,
Վահանը նրա երկուկես եղավ, և կոտրվեց թուրը,
Չկախեց այդպես էլ նա, գլուխն ու հզոր ուսերը:
Նավակում նրան դրեցին, համբուրեցին ճակատը,
Եվ ոսկեգույն անդունդն ընդունեց նրա աճյունը»:
«Աշտարակն այլևս անդունդից այլ կողմ աչքերը չի դարձնի,
Քանի դեռ աշխարհը չի վերացել ու վառվել լուսապսակը ոսկի»:

Հուղարկավորության երգն ավարտվեց: Բարեկամները, ամբողջ ուժով թիավարելով, վերադարձան Պարտ Գալեն:

— Դուք թողեցիք ինձ արևելյան քամին,— ասաց Ջիմլին,— բայց ես դրա մասին չեմ երգի:

— Ճիշտ կանես,— պատասխանեց Արագորնը: — Երբ Մինաս Թիրիթում փչում է արևելյան քամին, նրան մի կերպ տանում են, բայց հարցեր չեն տալիս: Լա՛վ, վերջ այդ մասին, Բորոմիրը գնաց իր ճանապարհով, մենք էլ շտապենք կատարելու մեր ճանապարհի ընտրությունը:

Նավակի քիթը դեռ չէր հասցրել դիպչել ափին, երբ Արագորնը դուրս ցատկեց նավակից և արագորեն սկսեց հետազոտել տարածքը՝ անըդհատ կռանալով ու ուշադիր զննելով:

— Օրքերն այստեղ չեն եղել,— ասաց նա: — Մնացածի մասին հաստատ ոչինչ չեմ կարող ասել: Մեր հետքերը շատ են խառնվել, բայց ես չեմ կարող հաստատ ասել, որ Ֆրոդոյի անհետանալուց հետո այստեղ հոբիթներ չեն եղել:

Նա վերադարձավ ափի մոտ և սկսեց զննել խոնավ գետինը:

— Այստեղ բավականին լավ պահպանված հետքեր կան,— նկատեց նա: — Հոբիթներից մեկը երևացել է այստեղ: Նա մտել է ջուրը, հետո նորից վերադարձել ափ, բայց ե՞րբ է դա կատարվել, չեմ կարող ասել:

— Եվ ինչպե՞ս ես պատրաստվում լուծել այդ հանելուկը,— հարցրեց Ջիմլին:

Արագորնը միանգամից չպատասխանեց: Նա վերադարձավ ճամբար և սկսեց տնտղել ուղեպարկերը:

— Այստեղ երկու ուսապարկ է պակասում, այդ թվում նաև ամենամեծն ու ծանրը,— վերջապես ասաց նա: — Իսկ ամենածանրը կրում էր Սեմը: Ահա և ձեզ հանելուկի պատասխանը: Ֆրոդոն նստել է նավակը և հեռացել իր ծառայի հետ: Երևում է նա վերադարձել է այստեղ մեր բացակայության ժամանակ: Սեմին ես վերջին անգամ տեսել եմ վերև տանող կածանի մոտ: Ես կանչեցի նրան ինձ հետ, բայց երևում է, նա չի լսել: Հասկացել է ինչ կա Ֆրոդոյի մտքին ու վազքով հետ է վերադարձել: Սեմից այդքան հեշտ չես ազատվի:

— Բայց ինչո՞ւ է նա ուզեցել ազատվել մեզանից, Ինչո՞ւ մեզ չի զգուշացրել,— շփոթված հարցրեց Ջիմլին: — Տարօրինակ արարք է:

— Տարօրինակ, բայց խիզախ,— առարկեց Արագորնը: — Սեմը ճիշտ էր... Ֆրոդոն չէր ուզում առաջնորդել ընկերներին դեպի մահ՝ Մորդոր, չնայած հասկանում էր, որ ինքը պետք է գնա: Այն ժամանակ, երբ նա մենակ թափառում էր լեռան վրա, ինչ-որ անսպասելի բան է տեղի ունեցել, որն էլ օգնել է նրան հաղթել վախը և որոշում կայացնել:

— Գուցե նա հանդիպել է օրքերին ու փախե՞լ է,— ենթադրեց Լեգոլասը:

— Այո՛, փախել է,— պատասխանեց Արագորնը,— բայց դժվար թե օրքերից:

Արագորնը չկիսեց ընկերների հետ իր վերջին մտքերը: Բորոմիրի խոստովանությունը նա երկար ժամանակ գաղտնիք էր պահում:

— Ամեն ինչ արդեն պարզ է,— ասաց Լեգոլասը,— Ֆրոդոն այլևս այս ափին չէ: Նավակը կարող էր վերցնել միայն նա, իսկ Սեմը գնացել է նրա հետ: Այլապես ինչպե՞ս բացատրել ուղեպարկերի անհետացումը:

— Ուրեմն մնում է երկուսից մեկը,— ամփոփեց Ջիմլին,— կա՛մ մենք նստում ենք վերջին նավակը ու փորձում ենք հասնել Ֆրոդոյին, կա՛մ էլ գնում ենք օրքերի հետքերով: Երկու դեպքում էլ հույսը շատ աղոտ է: Թանկարժեք ժամանակն արդեն բաց է թողնված:

— Թողեք մտածեմ,— ասաց Արագորնը,— և թող իմ ընտրությունը ճիշտ լինի ու վերջ դնի ձախորդություններին, որոնք այսօր հետապնդում են մեզ:

Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց. — Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, այնքան, մինչև հասնենք:

Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը, տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին և հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնելու օրքերի հետքը:

— Միայն օրքերն են այսպես կոխկրտում խոտերը,— փնթփնթաց Լեգոլասը: — Կարելի է մտածել, թե նրանց դուր է գալիս ջարդել այն ամենը, ինչն աճում է ու ձգվում դեպի արևը:

— Բայց դա չի խանգարում, որ նրանք արագ քայլեն,— նկատեց Արագորնը: — Եվ, ի դեպ՝ նրանք երբեք չեն հոգնում: Իսկ մենք, երևում է, շուտով դուրս կգանք չոր ու քարքարոտ տեղանք և ինձ հարկավոր է շատ ուշադիր լինել հետքը չկորցնելու համար:

— Դե ինչ, առա՛ջ,— բացականչեց Ջիմլին,— թզուկները նույնպես գերազանց քայլորդներ են ու ոչ մի բանում չեն զիջում օրքերին: Բայց հետապնդումը երկար է լինելու: Մենք թույլ տվեցինք նրանց շատ հեռու գնալ:

— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Այսօր մեզ բոլորիս չէր խանգարի թզուկի տոկունություն ունենալ, բայց, առա՛ջ, կա հույս, թե ոչ՝ մենք չենք նահանջի և վա՛յ մեզ, եթե չհասնենք նրանց: Այս հետապնդումը դեռ իր տեղն է գրավելու էլֆերի, մարդկանց ու թզուկների ասույթներում: Առա՛ջ, երեք որսորդներ:

Նա առաջ սուրաց ինչպես եղջերուն: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին հետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց-կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին դրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերներն անհետացան քարերի հետևում:

Գլուխ երկրորդ. Ռոհանի հեծյալները

Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, սակայն երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:

Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը գնալով բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերը ավելի հարթ էին՝ ակոսված ձորերով և նեղ ճեղքերով: Երեք հետապնդողներն ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից՝ վար, դեպի գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:

— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆենգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի գետանցումը:

— Ուր էլ վազեն, դեպի գետը հաստատ չեն գնա,— արձագանքեց Արագորնը: — Կարծում եմ մեր թշնամիները չեն համարձակվի երկար զբոսնել Ռոհանի տափաստաններում և կաշխատեն ամենակարճ ճանապարհով թողնել դրանք հետևում, եթե իհարկե Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք հյուսիս:

Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, որի հատակին՝ քարերի արանքում, տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում՝ լեռան մոխրագույն լանջերը, որոնք սևին էին տալիս մոխրագույն աղջամուղջում: Ճանապարհորդները ևս մեկ մղոն քայլեցին դեպի հյուսիս: Արագորնն անընդհատ կռանալով ուշադիր զննում էր յուրաքանչյուր խոռոչ ու ելուստ: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:

— Մենք արդեն հասել ենք նրանցից մի քանիսին,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:

Ուշադիր նայելով Արագորնն ու Ջիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվողը իրականում ոչ թե բլուր է, այլ միմյանց վրա թափթփված հինգ օրքերի մարմիններ: Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ դրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծված էր օրքերի մուգ արյունով:

— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց Ջիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:

— Ինչ էլ որ եղած լինի, մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Ով սպանում է օրքերին, նա հաստատ մեր դաշնակիցն է: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:

— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: — Ռոհիրիմները այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ-որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:

— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,— հարցրեց Ջիմլին:

— Իրենց թշնամիներին իրենք են հետները բերել,— ասաց Արագորնը: — Բոլոր սպանված օրքերը հյուսիսից են, հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ զինանշանով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց միջև կռիվ է ծագել: Այս չարագործների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ՝ ճանապարհի ընտրությունից:

— Կամ էլ գերիների պատճառով են վիճել,— ավելացրեց Ջիմլին: — Հուսով եմ հոբիթները այս պատմությունից անվնաս են դուրս եկել:

Արագորնը ուշադիր հետազոտեց տարածքը, բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվեց: Արևելքում երկինքը կամաց-կամաց սկսեց գունատվել, և աստղերը մեկը մյուսի հետևից հանգան: Սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճանապարհորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին, քարերի միջով, իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով, իսկ ափերը ծածկված էին կանաչով:

— Վերջապե՛ս,— բացականչեց Արագորնը,— ահա և հետքը, որը մենք փնտրում էինք: Նրանք գնում են առվի երկայնքով դեպի վեր: Ճիշտ ուղղությամբ ենք գնում, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են այս կողմ:

Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով՝ թռչկոտելով ողորկ քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերն իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր ճամփորդների մազերը ու ծածանում թիկնոցների ծայրերը: Բարեկամները հետ դարձան: Գետի այն կողմում բլուրներն արդեն լուսավորվել էին լուսաբացի առաջին ճառագայթներից: Մթագնած գագաթների հետևից երևաց արեգակի բոսոր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Կանաչեցին Ռոհանյան լայնարձակ տափաստանները, ճերմակեցին գետափնյա հովիտներում փռված մշուշները, իսկ հեռու-հեռվում, մի երեսուն լիգ, կամ ավելի այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակեցին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:

— Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր,— բացականչեց Արագորնը,— Երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր: Ա՜խ, եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ճանապարհն ինձ այլ կողմ է տանում...

Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր:


Դու լայնարձակ ես՝ լեռներից մինչև ծով,

Օրհնյալ են հողերդ՝ լեռներից մինչև ծով:

Սպիտակ Ծառը լույսով է ողողվել,

Թագավորների շեմքն է լույսով ողողվել:

Դու ուժն ես աշտարակների, ամրոց ես ու գահ,

Որը ոսկուց էլ է պայծառ:

Թագադրված միթրիլե թևերով---------------------------------------(խոսքը գնում է միթրիլե թևերով Գոնդորյան թագի մասին)

Դու նայում ես արևմուռքին:

Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը,

Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:


— Իսկ հիմա գնանք,— ասաց նա՝ աչքերը հառելով արևմուտք, որտեղ փռված էր նրա ճանապարհը:

Ճանապարհը լեռան լանջով կտրուկ իջնում էր վար: Քսան սաժեն ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված Արևելյան Ռոհանյան Պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևում. առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը: (Ռոհանը դա նույն Մուստանգրիմն է, որի մասին պատմվում էր առաջին գրքում):

— Տեսե՛ք,— բացականչեց Լեգոլասը՝ ձեռքը մեկնելով դեպի գունատ երկինքը: — Նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է թռչում: Երևում է հետ է վերադառնում, հյուսիս, և շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:

— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի նա իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ, թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ-որ բան է շարժվում և շատ ավելի մոտ է: Կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված:

— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Այն բավականին հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:

— Ինձ թվում է այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,— առույգացավ Ջիմլին: — Եկեք արագ գտնենք վայրեջքի ամենակարճ ճանապարհը:

— Օրքերն արդեն գտել են,— նկատեց Արագորնը:

Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին շպրտված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված, մի խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրց արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:

Վերջին աստիճանը հաղթահարելով՝ ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե այն ինչպես է խուլ խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:

Ճանապարհորդներին թվաց, թե ձմեռը մնաց հետևում, ժայռերի և քարերի մեջ: Օդն այստեղ թարմ էր ու տաք, քամին իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում և կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել էր ջրի ափին:

— Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,— հիանում էր նա: — Շնչում ու մոռանում ես, որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:

— Մենք թեթև ենք հագնված, և կարող ենք երկաթյա զրահներով օրքերից ավելի արագ վազել,— ասաց Արագորնը: — Գուցեև մեզ հաջողվի կրճատել մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:

Եվ Ճանապարհորդներն իրար հետևից սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն, կոխկրտված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք, և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.

— Սպասե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն, շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:

— Ես ճիշտ էի,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է՝ Մերին ավելի բարձրահասակ է: Տեսե՛ք:

Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր հաճարենու մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:

— Ախր սա էլֆական թիկնոցի ամրակա՜լն է,— միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու Ջիմլին:

— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:

— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց Ջիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, նշանակում է, անիմաստ չենք վազում:

— Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, սիրտս այրվում է, երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես ուր՝ ինչպես գառներին սպանդի...

Արեգակն անցել էր իր ճանապարհի կեսը և դանդաղ թեքվում էր դեպի արևմուտք: Հարավից՝ ծովից, թեթև ամպեր եկան, բայց հարթավայրի քամին ցրեց դրանք: Շուտով արևը հատեց հորիզոնը, և Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Սակայն բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի:

Երբ սկսեց մթնել, Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրն ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, ավելի քան տասներկու լիգ մնացել էր հեռվում:

— Մենք պետք է ծանր ընտրություն կատարենք,— ասաց Արագորնը: — Մնանք այստեղ գիշերե՞նք, թե վազենք այնքան, մինչև ուժասպառ լինենք:

— Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,— ասաց Լեգոլասը:

— Օրքերին, ինչ է, հանգիստ պետք չէ՞,— զարմացավ Ջիմլին:

— Հազվագյուտ օրք չի վախենա բաց հարթավայրից, մանավանդ ցերեկով, արևի լույսի տակ,— առարկեց Լեգոլասը: — Իսկ սրանք չվախեցան: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի:

— Բայց մթության մեջ մենք կարող ենք կորցնել հետքը,— նկատեց Ջիմլին:

— Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ,— ասաց Լեգոլասը: — Ինչքան որ տեսնում են իմ աչքերը՝ արահետը չի փոխում իր ուղին:

— Գուցեև չկորցնենք արահետը,— միջամտեց Արագորնը,— բայց, ամեն դեպքում, եթե հանկարծ կորցնենք հետքը, ստիպված կլինենք հետ վերադառնալ, իսկ դրա համար երկար ժամանակ կպահանջվի:

— Եվ հետո,— ավելացրեց Ջիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ: Օրինակ՝ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:

— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա անսխալ եմ կարդացել հետքերը, ապա Սպիտակ Ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործները ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:

— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց Ջիմլին,— և հետո հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ մեջ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:

— Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք՝ նրանք երկար չեն վազի: Սակայն ինչպես ենք նրանց օգնելու, դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:

— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Ջիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:

— Ես զգուշացնում էի, որ ընտրությունը ծանր է լինելու,— հիշեցրեց Արագորնը: — Եվ այսպես, ի՞նչ ենք որոշում:

— Վերջին խոսքը քոնն է,— ասաց Ջիմլին: —Դու հմուտ որսորդ ես: Որոշիր, և մենք կհնազանդվենք:

— Սիրտս առաջ է թռչում,— ասաց Լեգոլասը,— բայց մենք պետք է միասին մնանք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:

— Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,— հառաչեց Արագորնը: — Այն պահից սկսած, երբ մենք հետևում թողեցինք Քարե Հսկաներին, ես անընդհատ սխալվում եմ:

Նա լռեց՝ նայելով հյուսիս-արևմուտքում թանձրացող խավարին:

— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ-որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել և շուտ էլ մայր է մտնում:

— Միևնույնն է երկինքն անպամած է,– փնթփնթաց Ջիմլին: –Է՜հ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...

— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի է պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է մատանու պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը գրեթե չունենք: Թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:

Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի այն ժամանակից ի վեր, երբ առաջնորդեց պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված նա արդեն ոտքի վրա էր: Ջիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառը անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս:

— Նրանք շատ են հեռացել,— տխուր ասաց նա, շրջվելով դեպի Արագորնը: — Սիրտս ասում է ինձ, որ ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են: Այժմ միայն արծիվը կհասնի նրանց...

— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, ինչքան ուժներս հերիքի,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր Ջիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:

— Բայց դեռ մութ է: — Թզուկը նստելով տրորեց աչքերը: — Մինչև չլուսանա, նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի, թեկուզ սարի գլուխը բարձրանա:

— Վախենում եմ ես նրանց այլևս ոչ մի տեղից չեմ տեսնի,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքո, ո՛չ էլ արևի:

— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— առարկեց Արագորնը: — Մի՞թե հողը չի տնքում այդ չարագործների սապոգների հարվածներից:

Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Ջիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքը սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց մոխրագույն կիսախավարը: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:

— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարթավայրն ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ-որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրընթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ի՞նչ է կատարվում այս հողերում:

— Շարժվեցի՛նք,— գոչեց Լեգոլասը:

Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչամոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, այն էլ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ Լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով դրա թարմացնող ու կենարար ուժը:

Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս-արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջերը, որոնք, ալիք-ալիք հեռանալով, վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքը ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ո՛չ մարդու, ո՛չ գազանի: Սակայն ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որը թաքնված էր մշուշում և այստեղից չէր երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիներն իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:

Մութն ընկնելուն պես ճանապարհորդները կանգ առան: Երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղեր չկային:

— Գնալով ավելի շատ եմ զղջում կորցրած ժամանակի համար,— հուսահատ ձայնով ասաց Լեգոլասը: — Չարագործ օրքերն այնպես են սլանում, ասես Սաուրոնն ինքն է մտրակով նրանց քշում:

— Նշանակում է, վե՛րջ մեր այսքան ջանքերին ու փայփայած հույսին,— ատամները կրճտացրեց Ջիմլին:

— Հույսին հնարավոր է, բայց ջանքերին ո՛չ,— արձագանքեց Արագորնը: — Հետ չենք դառնա, դա հաստատ: Բայց ինչքա՜ն եմ ես հոգնել... — Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.

— Այստեղ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին էլ չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ-որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ-որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ-որ անտեսանելի արգելքներ տարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելել, որքան սիրտս:

— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք, դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:

— Սարումանն է,— ցածրաձայն ասաց Արագորնը: — Դե, նա մեզ չի՛ կարող հետ դարձնել, բայց գիշերել՝ ստիպված ենք: Տեսնու՞մ եք: Լուսինը կրկին թաքնվել է ամպերի հետևում: Իսկ հետքը առաջվա պես հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ:

Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե, նա առհասարակ քնել էր:

— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:

Արագորնն ու Ջիմլին արագ վեր կացան և, առանց ժամանակ կորցնելու, ջոկատը շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:

— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզր:

— Ո՛չ հյուսիսում, ո՛չ ել արևմուտքում ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց Ջիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը: Մեկ էլ տեսար՝ անտառն երևաց:

— Չի երևա,— առարկեց Արագորնը: — Բլուրները դեռ ութ լիգ էլ ձգվում են դեպի հյուսիս, եթե ճիշտ եմ հիշում, իսկ այնտեղից մինչև անտառեզր կլինի երևի տասնհինգ լիգ:

— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Ջիմլին: — Պարտադիր չէ, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...

Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամներն անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլքի: Ջիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե՛ ճանապարհին, թե՛ աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ՝ ժամանակ առ ժամանակ կռանալով ու զննելով հետքը. նա հույս ուներ արահետում կրկին ինչ-որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չէին դիպչում գետնին՝ համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես ասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:

— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:

Արագորնն ու Ջիմլին հոգնած հետևեցին նրան: Բլուրը մի փոքր առանձնացած էր մյուսներից: Մինչ նրանք կբարձրանային, արևը վերջնականապես կորավ հորիզոնում և իրիկնային կիսախավարի վարագույրը պարուրեց հարթավայրը: Բարեկամների աչքերի առջև բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ-որ բան էր սևին տալիս թանձրացող մթության մեջ: Մառախլապատ Լեռնաշղթան էր սկսում, որի ստորոտին էլ հենց փռված էր անտառը:

— Ոչինչ չի երևում,— ասաց Ջիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:

— Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,— պատասխանեց Արագորնը:

— Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի և կփչի արևելքից,— խոստացավ Լեգոլասը: — Հանգստանանք, եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի, թե մեզ առավոտյան ինչ կարող է սպասվել: Լուսաբացը հաճախ է անակնկալ լուրեր բերում:

— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, և ի՞նչ օգուտ,— ուսերը թոթվեց Ջիմլին:

Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Ջիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով՝ նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մե՛կ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մե՛կ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ-որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:

Արևելքում, ինչքան աչքդ կտրեր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառը, բայց դեռ մոտ տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթը: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքն ուղիղ այնտեղ էր տանում:

Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծյալներ, շատ հեծյալներ: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:

Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Ջիմլին լսում էր խոտերի խշշոցը:

— Հեծյալնե՛ր են,— ոտքի թռչելով բղավեց Արագորնը,: — Հեծյալների մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:

— Ճիշտ է,– հաստատեց Լեգոլասը: — Հարյուր և հինգ հոգի կլինեն: Խարտյաշ մազերով են, իսկ զրահները կայծկլտում են արևի տակ: Նրանց առաջնորդը բարձրահասակ մարդ է:

— Սուր են էլֆերի աչքերը,— ժպտաց Արագորնը:

— Եվ ի՞նչ դժվար բան կա այստեղ,— ուսերը թոթվեց Լեգոլասը: — Նրանք ընդամնեը հինգ լիգ են հեռու այստեղից:

— Հինգ լիգ են հեռու, թե մեկ՝ կարևոր չէ,— ձեռքը թափ տվեց Ջիմլին: — Միևնույնն է բաց դաշտում հանդիպումից չենք խուսափի: Շարժվենք առա՞ջ, թե՞ սպասենք այստեղ:

— Սպասե՛նք,— որոշեց Արագորնը: — Մեր ուժերը սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծյալները մեզանից առա՞ջ են անցել: Նրանք էլ են օրքերի հետքով արշավում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում:

— Կամ սուր նիզակներ,— քմծիծաղեց Ջիմլին:

— Ձիերից երեքն առանց հեծյալների են,— ասաց Լեգոլասը,— բայց հոբիթների չեմ տեսնում նրանց հետ:

— Ես չասացի, որ լուրերն անպայման բարի են լինելու,— ասաց Արագորնը: — Սակայն, ինչպիսին էլ որ լինեն՝ սպասել է պետք, մինչև հասնեն:

Բարեկամներն իջան բլրի գագաթից. չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին՝ նրանք, փաթաթվելով թիկնոցների մեջ, նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, և սպասումը գնալով ծանրանում էր: Ջիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:

— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: — Գուցե մենք այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:

— Ես եղել եմ Ռոհանում,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են և մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրց, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել Ռոհիրիմերը: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը: (Մուստանգրիմցիների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի, Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, և անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիներն օրքերին չեն խղճում:

— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց Ջիմլին:

— Բորոմիրը դրան չէր հավատում,— ասաց Արագորնը,— ես՝ նույնպես:

— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտիկ են:

Վերջապես նույնիսկ Ջիմլին լսեց հեռվից եկող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին, և բլրի հետևից երևացին ոոհանցիները, որոնք, խթանելով իրենց ձիերին, սլանում էին առաջ՝ շրջանցելով բլուրը: Տափաստանը դղրդում էր սմբակների դոփյունից: Շարքը շարքի հետևից անցնում էր ջոկատը ճանապարհորդների առջևով: Հեծյալները ուժեղ, ամրակազմ տեսք ունեին, զինված էին ու զրահապատ, թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքերին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչերը ծածանվում էին քամուց:

Թեև ժամանակ առ ժամանակ հեծյալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջը, բայց կարծես ոչ մեկը չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոչեց.

— Ի՞նչ նորություններ կան հյուսիսում, Ռո՛հանի հեծյալներ:

Զարմանալի վարպետությամբ հեծյալները կանգնեցրին իրենց նժույգներին և արագորեն շրջապատեցին անծանոթներին: Բարեկամները հայտնվեցին ռոհանցիների շրջափակման մեջ: Արագորնը անշարժ կանգնել էր, իսկ Ջիմլին ու Լեգոլասը շարունակում էին նստած մնալ՝ սպասելով դեպքերի զարգացմանը: Հեծյալները կանգ առան ու նիզակներն ուղղեցին դեպի օտարականները: Նրանց առաջնորդը մի գլուխ բարձր էր մնացած ռազմիկներից: Նրա սաղավարտի հետևի մասում ծածանվում էր ձիու պոչից պատրաստված սպիտակ մազափունջը: Նա առաջ եկավ՝ նիզակի ծայրը ուղղելով Արագորնի կրծքին: Արագորնը տեղից չշարժվեց:

— Ովքե՞ր եք դուք, և ի՞նչ գործ ունեք այստեղ,— համընդհանուր լեզվով հարցրեց հեծյալը: Նրա խիստ ձայնն ու առոգանությունը թզուկին ու էլֆին հիշեցրին Բորոմիրին:

— Ինձ Պանդուխտ են անվանում,— պատասխանեց Արագորնը,— հյուսիսից եմ եկել, օրքերին եմ հետապնդում:

Առաջնորդն իջավ ձիուց՝ նիզակը տալով զինակիցներից մեկին: Դուրս քաշելով սուրը պատյանից, նա մոտեցավ Արագորնին և զարմացած հայացքով ոտքից գլուխ չափչփեց նրան:

— Սկզբում ես ինքս ձեզ օրքերի տեղ դրեցի, բայց հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ... — վերջապես ասաց նա: — Սակայն, ձեզանից ի՞նչ որսորդ: Ո՞վ է հետապնդում օրքերին այսպիսի ջոկատով: Նրանք շատ ճարպիկ են կռվի դաշտում և լավ զինված են: Էլ չխոսեմ նրանց քանակից: Բախտներդ բերել է, որ չեք հանդիպել նրանց, թե չէ որսորդներից կվերածվեիք որսի: Բայց գիտե՞ս ինչ, Պանդուխտ, քո մեջ ինչ-որ տարօրինակ բան կա: — Նա ուշադիր հայացք նետեց Արագորնի վրա: — Պանդուխտ... Մի՞թե դա անուն է: Նույնիսկ հագուստդ է տարօրինակ: Որտեղի՞ց հայտնվեցիք: Ինչպե՞ս կարող էինք ձեզ չնկատել: Գուցե դուք էլֆե՞ր եք:

— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— մեզանից միայն մեկն է էլֆ՝ Լեգոլասը, հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհը անցել է Լոթլորիենով, որի տիրուհին, ի նշան բարեկամության, մեզ ճանապարհել է նվերներով:

Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:

— Ստացվում է, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկե Անտառում,— ասաց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց, եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ և խաբեության ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:

Ջիմլին վեր կացավ տեղից և տապարը ձեռքին, ոտքերը լայն բացած, կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:

— Սկզբում ասա քո անունը, հեծյա՛լ, և հետո կիմանաս իմը,— հպարտ գոչեց նա:

— Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,— խստացավ ռոհանցին՝ չափելով Ջիմլիին ոտից գլուխ,— բայց թող քո ասա՛ծը լինի: Ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ զորավարը:

— Այդ դեպքում լսի՛ր ինձ, Էոմե՛ր, Էոմունդի՛ որդի,— գոչեց թզուկը: —Ես Ջի՛մլին եմ, Գլոյնի որդին՝ Սարատակի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան, ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն, ինչը չգիտես:

Ռոհանցու աչքերը փայլատակեցին: Շրջափակման օղակն ավելի նեղացավ: Նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդների կրծքերին:

— Ես կթռցնեի քո գլուխը, թզու՛կ, մորուքիդ հետ միասին, եթե դու գոնե մի փոքր բարձրահասակ լինեիր,— ցասումով գոչեց Էոմերը:

— Դու կմեռնես ավելի շուտ, քան թուրդ կհասցնի հարվածե՛լ,— կայծակնային արագությամբ աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը: — Նա մենակ չէ այստեղ:

Էոմերը բարձրացրեց սուրը, և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Ջիմլիի միջև:

— Ներիր մեզ Էոմե՛ր,— ասաց նա,— եթե դու մեզ ճանաչեիր, ապա կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ո՛չ Ռոհանին, ո՛չ էլ նրա ժողովրդին: Նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:

— Լա՛վ,— պատասխանեց Էոմերը՝ իջեցնելով սուրը,— բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Ասա՛ ինձ քո իսկական անունը:

— Սկզբում ասա թե ու՛մ ես դու հպատակվում,— առարկեց Արագորնը: — Մորդորի Սև Տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:

— Ես հպատակվում եմ իմ տիրակալ Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,— պատասխանեց Էոմերը: — Մենք չենք հպատակվում Սև Տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Սակայն եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն: Մեզ անընդհատ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականները թող չնեղանան՝ նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում, և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:

— Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,— ասաց Արագորնը,— բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում, և եթե ընտրություն ունենայի, այլ կերպ կվարվեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին պատանդ են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքո՞վ ես, թե՞ ձիով: Սլանում ես առանց հետ նայելու և ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Եվ չես էլ հաշվում շա՞տ են թշնամիներդ, թե՞ քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում նրանց կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզեն չեմ:

Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլեց էլֆական պատյանը:

— Էլենդի՛լ,— բարձր ձայնով գոչեց Արագորնը: — Ես Արագո՛րնն եմ, Արաթորնի որդի՛ն: Էլեսսար են նաև ինձ կոչում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես Դունադան եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդը: Քո առջև Էլենդիլի կոտրված սուրն է, վերածնված կայծակը: Այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնե՞ս ինձ, թե՞ կխանգարես:

Ջիմլին ու Լեգոլասը ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը ակամա հիշեցին Անդուինի Քարե Հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:

Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:

— Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,— մրթմրթաց նա: — Ասույթներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ՝ անմիջապես խոտի միջից... Բայց, ասա՛ ինձ, օ՛ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Եվ ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը... Շատ օրեր են անցել այն պահից, երբ Բորոմիրը՝ Դենետորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք փոխարինաբար տվել, առանց հեծյալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:

— Ես բերել եմ ձեզ ընտրություն,— պատասխանեց Արագորնը: — Փոխանցիր Թեոդենին՝ Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել՝ կա՛մ Սաուրոնի կողմից, կա՛մ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա պես, և քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Սակայն այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի՝ ես ինքս թագավորին կհանդիպեմ: Իսկ հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր, որ ես հետապնդում եմ օրքերին, որոնք պատանդ են վերցրել մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:

— Հետապնդելն իմաստ չունի,— ասաց Էոմերը,— օրքերը ոչնչացված են:

— Իսկ մեր ընկերնե՞րը:

— Մենք միայն օրքերի ենք տեսել:

— Բայց դա իսկապես տարօրինակ է,— գոչեց Արագորնը: — Իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին: Մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են: Դուք նրանց երեխաների տեղ կընդունեիք: Ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով, և այս նույն թիկնոցներից են կրում:

— Այնտեղ ո՛չ երեխաներ կային, ո՛չ էլ թզուկներ,— ասաց Էոմերը: — Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլուխ ու այրել: Մնացորդները դեռ ծխում են:

— Մեր ընկերները ո՛չ թզուկներ են, ո՛չ էլ երեխաներ,— առարկեց Ջիմլին: — Նրանք հոբիթներ են:

— Հոբիթնե՞ր,— զարմացավ Էոմերը,— այդ ի՞նչ ցեղ է: Տարօրինակ անվանում ունեն:

— Անվանումն էլ է տարօրինակ, ժողովուրդն էլ,— համաձայնեց Ջիմլին: — Այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Որքան հասկացա՝ գուշակության բառերն այստեղ էլ են հասել: Այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին: Ուրեմն՝ կոլոտիկները հենց հոբիթներն են:

— Կոլոտիկներ,— քմծիծաղեց Էոմերի կողքին կանգնած ռոհանցին: — Ինչեր ասես որ չես լսի հիմա: Կոլոտիկներն այն փոքրիկ մարդուկներն են՝ հյուսիսային հին հեքիաթներից: Մենք ինչ է, հեքիաթո՞ւմ ենք, թե՞ այնուամենայնիվ գտնվում ենք ռոհանյան հարթավայրում, պայծառ արևի ներքո:

— Լինում է, որ իրարից չես տարբերում,— պատասխանեց Արագորնը: — Մեզանից հետո ապրողներն էլ մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն: Դու ասում ես, որ մենք կանգնած ենք հարթավայրում, իսկ հարթավայրի մասին մի՞թե երգեր չկան:

— Ժամանակը չի սպասում տեր իմ,— անհամբեր խոսեց ռոհանցին, ուշադրություն չդարձնելով Արագորնի վրա: — Հարկավոր է շտապել հարավ: Թողնենք այս խելագարներին իրենց զառանցանքներով: Թե՞ կհրամայես կապկպել նրանց և տանել թագավորի մո՞տ:

— Հանգի՛ստ, Էոթա՛յն,— ասաց նրան Էոմերը անցնելով ռոհաներենի,— սպասի՛ր մի քանի րոպե: Գնացե՛ք, հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք: Գնում ենք Էնտուոշի գետանցում:

Էոթայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:

— Տարօրինակ են զրույցներդ Արագո՛րն,— ասաց նա,— բայց ես զգում եմ, որ դու չես խաբում: Մենք՝ ռոհանցիներս, երբեք չենք ստում, այդ պատճառով էլ մեզ հեշտ չէ խաբել: Չնայած ինչ-որ բան թաքցնում ես: Կպատմե՞ս ինձ ձեր ճանապարհորդության իրական նպատակի մասին:

— Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:

— Գե՛նդալֆը,— գոչեց Էոմերը,— Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում: Բայց զգուշացնում եմ, նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ: Լինում էր նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ: Բայց լինում էր, որ անհետանում էր մի քանի տարով և ամեն անգամ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան սկսեցին անվանել Գենդալֆ չարագույժ: Եվ իսկապես, այս ամառվա նրա վերջին այցելությունից հետո անախորժությունները սկսվեցին՝ Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆը զգուշացրեց, որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են նախապատրաստվում: Նա ասաց, որ բանտարկված է եղել Օրթհանքում և հրաշքով է փրկվել: Խնդրեց, որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց, թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը, ինչպես հայտնի է, հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել. նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:

— Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,— ասաց Արագորնը: — Նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց, ավա՜ղ, Գենդալֆը այլևս չի կարողանա հեծել նժույգին: Նա գահավիժեց Մորիայի խավար անդունդն ու հավիտյան հեռացավ աշխարհից:

— Վշտալի լուր է,— ասաց Էոմերը: — Համենայն դեպս ինձ, և ինձ նմանների համար: Սակայն ոչ բոլորն են այդպես մտածում: Թագավորի արքունիքում լինես՝ ինքդ կհամոզվես:

— Այդ լուրն ավելի դառն է, քան դուք՝ ռոհանցիներդ, կարող եք պատկերացնել,— տխուր պատասխանեց Արագորնը: — Կարճ ժամանակ անց դրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը ես էի առաջնորդում և տարա նրանց Լոթլորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել, Էոմե՛ր: Այնպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք մեծ գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը, և այնտեղ իր մահը գտավ Բորոմիրը: Նրան նետահարեցին այն նույն օրքերը, որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:

— Վա՜յ մեզ,— մինչև հոգու խորքը ցնցված բղավեց Էոմերը: — Բորոմիրի մահը չափազանց մեծ կորու՛ստ է Մինաս Թիրիթի և մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր, և նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում: Պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում, քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս: Բորոմիրը իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է, ճակատագիրն այլ կերպ է որոշել... Իսկ ինչու՞ Գոնդորից լուր չի եկել: Ե՞րբ է այդ ամենը կատարվել:

— Չորս օր առաջ,— պատասխանեց Արագորնը: — Հենց այդ երեկո էլ մենք ճանապարհ ընկանք Թոլ Բրանդիրի ստորոտից և հիմա կանգնած ենք այստեղ քո առջև:

— Ինչպես թե... ոտքո՞վ,— չհասկացավ Էոմերը:

— Այո, ինչպես տեսնում ես:

Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:

— Պանդու՜խտ... սխալ են քեզ անվանել, օ՛ Արաթորնի որդի, պետք է Թռչող Ոտքեր անվանեին: Ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Չորս անգամ քսան և հինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ, օ՛ պարոն, ի՞նչ անեմ ես հիմա: Մենք շտապում ենք, պետք է հետ վերադառնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց Սև Տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, թեև արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ և չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, և նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ զորավարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, և ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնտուոշի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները՝ իրենց արագավազ ձիերով:

— Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,— դուրս թռավ Ջիմլիի բերանից:

— Ո՛չ, և երբեք էլ չե՛նք վճարի: — Էոմերի աչքերը փայլեցին: — Ինձ է՛լ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ Սև Տիրակալն ուզում էր մեզանից նժույգներ գնել և լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, և հիմա այդ ցեղից գրեթե չի մնացել: Ահա, թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում՝ առանց ներում բեկումի: Սակայն վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել, և արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներին, լեռնային ավազակներին և արդեն փակել է Ռոհանյան Լեռնանցքը: Աչքներս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ: Արևմուտքում՝ թշնամիներ, արևելքում՝ թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է՝ խորամանկ ու հմուտ, և բացի այդ, նա նաև փոխակերպուկ է: Ասում են, հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով և ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի այս ժամին:

— Ես կգամ Էդորաս հենց կարողանամ,— խոստացավ Արագորնը:

— Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընթանում, և վախենում եմ, որ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել, և արքունիքը հիմա անպաշտպան է մնացել: Բայց ես չէի կարող այլ կերպ վարվել. հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մեծ ջոկատ է իջել Արևելյան Պատով, իսկ նրանց վահաններին՝ Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով: Այդ հրեշավոր լուրն իմանալով, ես իմ ջոկատը հավաքեցի ու ճանապարհ ընկա: Երկու օր առաջ, մայրամուտին, Ֆենգորնի անտառեզրին հասանք օրքերի հետևից: Մենք շրջապատեցինք նրանց և, երեկ առավոտյան, հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ ռազմիկ կորցրի և տասներկու ձի: Օրքերն ավելի շատ էին, քան մենք կարծում էինք: Արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին: Իսկական հսկաներ էին, կրկին Սպիտակ Ձեռքի զինանշանով, կատաղի և ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե՛ հարավում, թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Մենք ձեզ ձիեր կտանք: Սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն, եթե նրանք ներեն ինձ Ոսկե Անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն, ինչ խոսում են մեր կողմերում: Ուրախ կլինեմ, եթե այդպես չլինի:

— Քո խոսքերը բարի են,— ասաց Արագորնը,— շնորհակալ եմ: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից և գալ քո ետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն:

— Հույս չկա,— ասաց Էոմերը: — Հյուսիսային սահմաններում դու նրանց չես գտնի:

— Բայց նրանք հետևում էլ չեն մնացել: Մենք ճանապարհին՝ Արևելյան Պատից ոչ հեռու, հստակ նշանի հանդիպեցինք և գիտենք, որ նրանցից գոնե մեկը այդ ժամանակ դեռ ողջ էր: Պատից այս կողմ ուրիշ ոչ մի արտառոց բան չի հանդիպել: Արահետը ուղիղ այս կողմ է գալիս, և այլ հետքեր չկան, եթե, իհարկե, հետքագետի իմ վարպետությունն ինձ չի դավաճանել:

— Այդ դեպքում ո՞ւր են նրանք անհետացել:

— Չգիտեմ: Մտածում եմ, որ նրանք սպանված են և այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես, և ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան: Մարտից առաջ նրանք փախել են անտառ: Երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես, որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել:

— Կարող եմ երդվել, որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,— ասաց Էոմերը: — Իսկ եթե ինչ-որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից, ուրեմն նա հաստատ ամենաքիչը էլֆ կախարդ է:

— Մեր բարեկամները հագնված են ինչպես մենք,— նկատեց Արագորնը,— իսկ դուք մեզ չնկատեցիք:

— Այո, ճիշտ է, այդ մասին ես մոռացել էի,— համաձայնեց Էոմերը: — Եվ առհասարակ այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան, որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում: Թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն և նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ. Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողեր: Եվ վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես:

— Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,— ասաց Արագորնը: — Չարն ու բարին տեղերով չեն փոխվել. ինչպես առաջ էր՝ այնպես էլ հիմա է, և՛ մարդկանց մոտ, և՛ էլֆերի, և՛ թզուկների: Ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել: Ոսկե անտառում էլ է ամեն ինչ այնպես, ինչպես քո տանը:

— Ճշմարիտ, որ այդպես է,— համաձայնեց Էոմերը: — Ես հավատում եմ քեզ: Սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են, և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո չե՞նք կռվելու հարյուրը երեքի դեմ:

— Կարծում եմ ձեր օրենքները գրված են այլ դեպքերի համար,— առարկեց Արագորնը: — Սակայն, արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում, սակայն ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի, Թենգելի որդու հետ՝ նույնպես:Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու, ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրել կա՛մ օգնիր մեզ, կա՛մ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ:

Էոմերը մի քանի վայրկյան լռեց և վերջապես որոշում ընդունեց:

— Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատն անհամբեր սպասում է հրամանի, որ ինչքան հնարավոր է արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը գնալով ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով և, բացի այդ, ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը, կամ հասկանաք որ ապարդյուն էիք փնտրում, վերադարձրե՛ք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի, որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը և, հնարավոր է, նույնիսկ, կյանքը: Ինձ հուսախաբ չանես:

— Չե՛մ անի,— խոստացավ Արագորնը:

Մեծ էր Էոմերի զինակիցների զարմանքը, երբ նա հրամայեց ազատ նժույգներին տալ օտարականներին: Շատերը կասկածամիտ հայացքներ գցեցին, բայց միայն Էոթայնը համարձակվեց բարձրաձայն արտահայտվել.

— Գուցե արժե տալ ձիերին այս օտարականին, որը Գոնդորի տիրակալներից է սերում՝ եթե հավատանք նրա խոսքին, բայց չլսված բան է, որ ռոհանյան նժույգին հեծնի թզուկը:

— Հանգստացիր, այդպիսի բան չի՛ եղել, չի՛ էլ լինի,— արձագանքեց Ջիմլին: — Ես ավելի լավ է ոտքով գնամ, քան բարձրանամ այդ գազանի վրա: Չե՛մ բարձրանա, եթե նույնիսկ ուժով ստիպեն: Ես ոտքով էլ հետ չեմ մնա:

— Կմնաս,— նկատեց Արագորնը: — Մենք ժամանակ չունենք և չենք կարող հետյոտնի արագությամբ ընթանալ:

— Ջիմլի, բարեկամս, մի անհանգստացիր,— հանգստացրեց նրան Լեգոլասը,— մենք երկուսով մի ձիով կգնանք, և դու անհանգստանալու կարիք չես ունենա: Ես կվարեմ ձին:

Արագորնին տարան մեծ, մոխրագույն ձիու մոտ:

— Նրա անունը Հասուֆել է,— ասաց Էոմերը: — Թո՛ղ որ նա քեզ հավատարիմ լինի, և թո՛ղ քո բախտն ավելի բերի, քան նրա նախկին տիրոջ՝ Գարուլֆի բախտը:

Լեգոլասի ձին այնքան էլ մեծ չէր, որքան Արագորնինը, բայց տաքարյուն էր ու ճարպիկ: Անունը Արոդ էր: Լեգոլասը խնդրեց հանել թամբը ձիու վրայից:

— Առանց թամբի էլ յոլա կգնամ,— ասաց նա և մեծ թեթևությամբ թռավ ձիու մեջքին:

Չնայած բոլորի զարմանքին՝ Արոդը հանգիստ հնազանդվեց: Թվում էր, թե նա առանց բառերի հասկանում է իր նոր հեծյալին. էլֆերը հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ: Երբ Ջիմլիին նստեցրին Լեգոլասի հետևում, նա այպես ամուր կառչեց էլֆից, ասես նրա համար ձի հեծնելը նույնքան տհաճ լիներ, որքան Սեմի համար նավակ նստելը:

— Բարի ճանապա՜րհ, ցանկանում եմ գտնեք այն, ինչ փնտրում եք,— բարեմաղթեց Էոմերը: — Ինչքան հնարավոր է շուտ վերադարձեք, և թող մեր սրերը փայլատակեն միասին:

— Ես կվերադառնա՛մ,— գոչեց Արագորնը:

— Ես է՛լ,— խոստացավ Ջիմլին: — Մենք դեռ կզրուցենք Լորիենի տիրուհու մասին, և ես քեզ կսովորեցնեմ ավելի քաղաքավալի լինել:

— Կտեսնենք,— պատասխանեց Էոմերը: — Այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը, և նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:

Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Ջիմլին հետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որպեսզի հանկարծ չկորցնի հետքը: Նա այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի. մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը իջավ ձիուց, արագորեն հետազոտեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով՝ աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:

— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է, հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց դրանցից ոչ մեկը չի տանում հետ՝դեպի Անդուին: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:

Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան և ծածկեցին արևը: Կամաց-կամաց Ֆենգորնը մոտենում էր, և նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին, ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:

Արդեն երեկո էր, երբ նրանք վերջապես հասան անտառեզրին և առաջին ծառերի միջև հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, իսկ կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ և սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական, ջարդված սաղավարտով գլուխը, որի վրա դեռ զանազանվում էր Սպիտակ Ձեռքի զինանշանը: Քիչ այն կողմ, գետից ոչ հեռու, սևին էր տալիս թարմ հողով ծածկված և տորֆով ամրացված գերեզմանաթումբը՝ վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց, մինչև Արագորնն ու ընկերները հետազոտեցին տարածքն ու շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր, և անտառը պատվում էր մշուշով: Մերիի ու Փինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:

— Ամեն ինչ ապարդյուն է,— տխուր ասաց Ջիմլին: — Շատ հանելուկներ ենք գուշակել, ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենում եմ հոբիթների ածխացած ոսկորները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե, իհարկե, այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:

— Իսկ Գենդալֆը կողմ էր,— առարկեց Լեգոլասը:

— Դե, Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին և առաջինն էլ զոհվեց,— պատասխանեց Ջիմլին: — Սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:

— Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով, որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակել,— ասաց Արագորնը,— այլ որովհետև կան գործեր, որոնցից հրաժարվելը պատիվ չի բերում: Նա հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր, որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ: Երևի ես առայժմ այստեղ մնամ և մի քիչ էլ զննեմ: Առավել ևս, որ մինչև լուսաբաց տեղից շարժվել չենք պատրաստվում:

Նրանք ճամբար խփեցին մարտի դաշտից ոչ հեռու բուսնած լայն, տարածված ճյուղերով մի ծառի տակ, որը շագանակենի էր հիշեցնում: Ճյուղերին դեռ պահպանվում էին նախորդ տարվանից մնացած, չորացած ձեռքի մատների պես լայն ու դարչնագույն տերևները, որոնք տխուր սոսափում էին գիշերային քամու յուրաքանչյուր հպումից:

Ջիմլիի ատամները ցրտից չխկչխկում էին: Ընկերներից ամեն մեկն իր հետ միայն մի բարակ ծածկոց էր կրում:

— Եկեք խարույկ վառենք,— առաջարկեց թզուկը: — Ես արդեն ոչ մի բանից չեմ վախենում: Եթե նույնիսկ օրքերը թռչեն դեպի կրակը, ինչպես թիթեռները դեպի լույսը, ինձ համար արդեն միևնույնն է:

— Եթե հոբիթները թափառում են անտառում, խարույկի լույսը նրանց այստեղ կբերեր,— ավելացրեց Լեգոլասը:

— Չես իմանա խարույկի լույսն էլ ում այստեղ կբերի բացի օրքերից ու հոբիթներից,— ասաց Արագորնը: — Մենք երկու լիգ ենք հեռու դավաճան Սարումանի տիրույթները տանող լեռնանցքից: Եվ բացի այդ՝ մենք Ֆենգորնի անտառեզրին ենք գտնվում: Ասում են այստեղի ծառերին դիպչելը վտանգավոր է:

— Բայց, նայի՛ր, Ռոհիրիմները մեծ խարույկ են վառել երեկ և հաստատ մի ծառ չեն տապալել,— առարկեց Ջիմլին: — Գիշերն էլ այստեղ են անցկացրել, և նրանց հետ ոչինչ չի պատահել:

— Ռոհանցիները քանակով ավելի շատ էին, քան մենք,— հիշեցրեց Արագորնը: — Եվ առհասարակ Ֆենգորնի զայրույթը նրանց չի վախեցնում: Նրանք հազվադեպ են այս կողմերում երևում, անտառի խորքն էլ երբեք չեն մտնում: Իսկ մեզ ճանապարհը կարող է դեպի անտառի խորքը տանել, զգու՛յշ եղեք, ծառերին ձեռք չտաք:

— Դրա կարիքը չկա,— ասաց Ջիմլին: — Ռոհանցիները բավականաչափ փայտ են թողել և, բացի այդ, տարածքը լի է գետնին թափթփված չոր ճյուղերով:

Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ, մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով առաջ թեքված նայում էր անտառի անթափանց պատին՝ ասես ինչ-որ հեռավոր ձայներ էր լսում: Վերջապես թզուկը փոքրիկ, բայց պայծառ խարույկ վառեց, և երեք ընկերները հավաքվեցին խարույկի շուրջը՝ իրենց մարմնով ծածկելով խարույկի լույսը ավելորդ աչքերից: Լեգոլասը պատահաբար բարձրացրեց գլուխը և նայեց խարույկի վրա կռացած երկար ճյուղերին:

— Տեսե՛ք,— զարմացած բացականչեց նա,— կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:

Հնարավոր է՝ նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց, որ ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշոցով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց, և երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր, թե միայն իրեն հայտնի ինչ-որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:

— Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին,— ասաց նա: — Ասում էր, որ անտառի խորքը չգնանք: — Ի՞նչ ես կարծում, ինչու՞, Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ-որ ասույթների մասին պատմում: Ինչի՞ մասին է խոսվում այնտեղ:

— Շատ ասույթներ կան Գոնդորում, և ոչ միայն այնտեղ,— պատասխանեց Արագորնը: — Եթե Սելեբորնի խոսքերը չլինեին, ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորստի է մատնված: Ինքս էի ուզում քեզ հարցնել, ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ: Բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:

— Դու շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը,— ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները, մարդկանց լեզվով՝ էնտերը: Այս անտառը շատ-շատ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:

— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճում է Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները ինչ-որ տեղ ազգականներ են: Դրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից: Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:

— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց Ջիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:

Բարեկամները վիճակ գցեցին, թե ով է առաջինը գիշերապահ մնալու: Ջիմլին առաջինն էր: Արագորնն ու Լեգոլասը պառկեցին հանգստանալու: Արագորնը շրջվեց դեպի Ջիմլին ու քնկոտ ձայնով ասաց.

— Հիշիր, Ջիմլի, ոչ մի դեպքում ո՛չ ճյուղ, ո՛չ թուփ հանկարծ չկտրես: Եվ աշխատիր անտառ չգնալ ցախ հավաքելու, եթե նույնիսկ խարույկը հանգչի: Ծայրահեղ դեպքում ձայն տուր ինձ:

Այս խոսքերով էլ նա շրջվեց կողքի և քիչ անց արդեն քնած էր մեռածի քնով: Լեգոլասն անշարժ պառկել էր՝ երկար ձեռքերը խաչած կրծքին: Նրա բաց աչքերում խառնվել էին երազն ու գիշերային կիսաիրականությունը, քանզի այդպես են քնում էլֆերը: Ջիմլին նստել էր խարույկի կողքին և մտամոլոր շոշափում էր տապարի շեղբը: Շուրջը լռություն էր տիրում, միայն տերևներն էին առաջվա պես սոսափում գլխավերևում:

Հանկարծ Ջիմլին բարձրացրեց հայացքն ու քարացավ: Խարույկի լույսով լուսավորված տարածքի եզրին, գավազանին հենված, կանգնած էր մի ծերունի՝ փաթաթված երկար թիկնոցով: Լայնեզր գլխարկը ծածկում էր նրա դեմքը: Ջիմլին վեր թռավ, զարմանքից նույնիսկ ճչալ չհասցնելով, թեպետ անմիջապես հասկացավ, որ ընկել են Սարումանի ծուղակը: Թզուկի կտրուկ շարժումներն արթացրին Արագորնին ու Լեգոլասին, որոնք, գլուխները բարձրացնելով, նույնպես նկատեցին անծանոթին: Ծերունին լուռ կանգնած էր ու չէր շարժվում:

— Քեզ ի՞նչ է պետք, հայրիկ,— հարցրեց Արագորնը, կտրուկ ոտքի կանգնելով: — Եթե մրսած ես, մոտեցիր, տաքացիր խարույկի մոտ:

Նա առաջ գնաց, բայց ծերունին անհետացավ, ասես չէր էլ եղել: Մոտակայքում հետքեր չէին երևում, իսկ կրակից հեռու գնալ չհամարձակվեցին. լուսինը վաղուց անհետացել էր, ու շուրջն անթափանց խավար էր տիրում: Հանկարծ Լեգոլասը ճչաց.

— Ձիե՛րը, ձիե՛րը չկան:

Ձիերն անհետ կորել էին: Նրանք պոկել էին գետնի մեջ խրված սեպերն ու կորել անհայտ ուղղությամբ: Ճակատագրի նոր հարվածից ցնցված՝ երեք ընկերները երկար ժամանակ անշարժ ու լուռ կանգնած էին: Նրանք գտնվում էին Ֆենգորնի անտառեզրին, և այդ ամայի վայրում ինչ-որ մեկից օգնության սպասելն անիմաստ էր: Ռոհանցիների բնակավայրերն այստեղից շատ հեռու էին: Մի պահ, կարծես թե, նրանց ականջին հասավ ձիերի հեռավոր խրխնջյունը, և հետո լռություն տիրեց: Լսվում էր միայն տերևների թեթև խշշոցը:

— Եվ այսպես, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,— վերջապես ասաց Արագորնը: — Ո՛չ հասնել նրանց, ո՛չ էլ գտնել չենք կարող: Ի՜նչ արած, կփորձենք առանց ձիերի յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Մենք ոտքով սկսեցինք հետապնդումը, և բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...

— Ոտքե՞ր,— հոգնած փնթփնթաց Ջիմլին,— ոտքերը քայլելու համար են, բայց կերակրել մեզ նրանք չեն կարող:

Նա ցախ ավելացրեց խարույկին և նստեց կողքին:

— Դեռ բոլորովին վեջերս դու ոչ մի գնով չէիր ցանկանում հեծնել ձիուն,— ծիծաղեց Լեգոլասը: — Եթե այսպես շարունակվի, շուտով հեծյալ էլ կդառնաս:

— Երևում է նման առիթ էլ չի հանդիսանա,— քմծիծաղեց Ջիմլին:

— Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— ասաց նա մի փոքր լռելուց հետո,— ես մտածում եմ, որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ ուղղակի վախեցրել նրանց: Ամեն դեպքում ոչինչ էլ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները այսքանով չեն վերջանալու:

— Նկատի կունենամ խոսքդ,— ասաց Արագորնը,— բայց, ծերունու գլխին գլխարկ էր, ոչ թե գլխանոց: Թեպետ, դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Գիտե՞ս ինչ, Ջիմլի, դու ավելի լավ է պառկիր ու հանգստացիր, իսկ քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք է մի քիչ խորհեմ: Հետո կքնեմ:

Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Ջիմլին, որից հետո վերջապես լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:

Գլուխ երրորդ. Ուրուք Հայ

Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...

Նա ուշքի եկավ և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր, և գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի ու հասկացավ, որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, իսկ կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ-որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:

Փինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ, և նա կարողացավ երազն ու իրականությունը իրարից տարբերել: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան, մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում, և եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք նկատելով իրենց՝ հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց հետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու-երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:

Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Իրենք սլացան դեպի ճամբար, բայց շատ հեռանալ չհաջողվեց. նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ, Բորոմիրն էր. գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:

«Երևի ինչ-որ ծանր բանով հարվածել են գլխիս,— ենթադրեց հոբիթը: — Հետաքրքիր է, ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրին: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք, և ու՞ր են իրենց քարշ տալիս»:

Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտը խառնում էր:

«Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,— մտածեց նա: — Մեկ է, ինձանից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել և նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը, կամ մեկ ուրիշը այդ բեռը կրկին հետ վերադարձնեին: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:»

Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ-որ բան կռկռաց հարևանին:

— Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են, դու՛, փոքրաչափի՛կ,— ասաց նա, շրջվելով դեպի Փինը և անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն: — Եվ քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարհին այս ու այնտեղ պառկես: Դեռ կհասցնես փոշմանել, որ ոտքեր ունես:

— Ինձ որ մնար դու կփոշմանեիր, որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,— շարունակեց մյուսը,— այ թե կճղճղաիր, փոքրիկ առնետ:

Նա կռացավ Փինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:

— Հանգստացի՛ր, թե չէ այ սրա համը կտեսնես,— ասաց նա և սկսեց Փինի գլխավերևում տարուբերել սև բռնակով, երկար, ատամնավոր դաշույնը: — Լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկ էլ տեսար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այդ իզենգարդցիները: Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ:

Եվ շարունակեց անիծել՝ ատամները կրճտացնելով և թուքը շաղ տալով:

Վախեցած Փինը սսկվեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն, նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում, և թեև օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընթանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում. ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին և ստիպված էին համընդհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:

— Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,— բողոքեց ինչ-որ մեկը,– հիմա զվարճանալու ժամանակը չէ:

— Դե, հա, ոչինչ չես կարող անել,— ասաց մյուսը,— բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է, իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել:

— Հրամանը մնում է հրամա՛ն,— թավ ձայնով գոռաց երրորդը,— մոռացե՞լ եք ինչ է: «Բոլորին սպանել բացի կոլոտիկներից, դրանց արագ ու անվնաս հասցնել տեղ»: Ահա այդպե՛ս:

— Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,— հարցրեցին միանգամից մի քանի ձայն,— սրանց հետ, ի՞նչ է, զվարճանալն ավելի՞ հետաքրքիր է:

— Դե, չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ-որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆակա՜ն է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:

— Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի, եթե ինքներս խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:

— Ախ, ինչ հետաքրքի՜ր է,— լսվեց ինչ-որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար, քան մյուսներինը: — Արժի ասածներդ հասցնել նրան՝ ում պետք է: Գերիներին տանջել չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:

— Ինձ էլ,— ասաց թավ ձայնը: — Հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնա՛ս:»

— Իսկ մենք այդպիսի հրաման չունե՛նք,— առաջին օրքը չէր ուզում հանձնվել: — Մենք լեռներից ենք իջել՝ սրանց սատկացնելու ու վրեժխնդիր լինելու համար, հասկացա՞ր: Սատկացրե՛ք սրանց տղաներ ու հայդա դեպի հյուսիս, տուն:

— Ձենդ կտրի՛ր,— թավ ձայնը կտրեց նրա խոսքը: — Ես Ուգլու՛կն եմ, հասկացա՞ր, ե՛ս եմ այստեղ գլխավորը: Ու ես քեզ ասում եմ, որ մենք գնում ենք Իզենգարդ, հետն էլ ամենակարճ ճանապարհով:

— Ես ինչ-որ չեմ հասկանում, էդ երբվանի՞ց Սարումանը Ամենատես Աչքից կարևոր դարձավ,— նորից խոսեց առաջին ձայնը: — Վերադառնանք Լուգբուրզ, տղանե՛ր: Անիմա՛ստ է էստեղ ցցվել:

— Լուգբուրզ դժվար կլինի գնալ,— առարկեց մի նոր ձայն,— պետք է անցնել Մեծ Գետի մյուս ափը, բայց մենք փոքրաքանակ ենք, իսկ Գետի բոլոր անցումները հսկվում են:

— Բայց ես ինչ-որ մի կերպ անցել եմ չէ՞,— առարկեց զզվելի ձայնը: — Այստեղից հյուսիս՝ գետի արևելյան ափին, Թևավոր Նազգուլը մեզ է սպասում:

— Ախ, ահա՜ թե ինչ, ուրեմն դու վերցնում ես գերիներին ու ճողոպրում Լուգբուրզ՝ ստանալով ամբողջ փառքն ու պարգևները, իսկ մենք պետք է դեռ այս ձիաբույծների երկիրը կտրենք-անցնենք ու հետն էլ դատարկ ձեռքերո՞վ: Է՜լ ինչ կուզեիր: Չէ, էդ մեկը չանցավ, պետք է գնալ միասին: Այս հողերը շատ վտանգավոր են ու լի կեղտոտ ապստամբներով ու ավազակներով:

— Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,— մռնչաց Ուգլուկը: — Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում, խոզի՛ ճտեր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք, հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուք Հա՛յ ենք, իսկական կռվողներ: Այդ մե՛նք նետահարեցինք Մեծ ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, Սպիտակ Ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ հետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ե՛ս: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:

— Դու ավելին ասացիր, քան պետք էր, Ուգլու՛կ,— քմծիծաղեց զզվելի ձայնը: — Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ-որ մեկին դուր չգալ. կորոշեն, որ էդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Էդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնա՛կն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց Ամենատես Աչքը առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտե՛մ թե ինչի մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:

Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով մի օրք: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:

Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու, նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց և անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը, դիպչելով անգիտակից պառկած Մերիին, սայթաքեց և հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը: Ուգլուկի կողմնակիցները անցան նրա կողքով և մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց, չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:

— Թողն՛ել զենքերը,— մռնչաց Ուգլուկը,— հերիք է ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, Հասկացա՞ք:

— Պետք է գործի անցնել, քանի դեռ այս աժդահակը հանդարտեցնում է իր ոհմակին,— մտածեց Փինը:

Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը, ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փինը չէր տեսնում դաշույնը, սակայն հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:

Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց, և գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել, և ոչ թե մեջքին, այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին, և շունչը պահած պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքն ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանը արդեն կտրված էր: Հոբիթը արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց՝ միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, նա կարող էր ակնթարթորեն ազատվել դրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փինը պառկեց ու քարացավ՝ ասես տեղից չէր էլ շարժվել:

— Գերիներին ինձ մո՛տ,— հրամայեց Ուգլուկը,— և թողնե՛լ հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք՝ ինչ-որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:

Օրքերից մեկը բարձրացնելով Փինին գցեց շալակը՝ գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի, մազոտ վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:

Որոշ ժամանակ անց նրան կրկին շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում փռված անշարժ, անթափանց մշուշի ծովին: Ինչ-որ տեղից լսվում էր ջրի քչքչոցը:

— Հետախույզները վերադարձան,— հաղորդեց ինչ-որ մեկը:

— Զեկուցե՛ք, Ի՞նչ եք տեսել,— խռխռաց Ուգլուկը:

— Ոչ մի կարևոր բան, միայն մի հեծյալ ծլկեց արևմուտք: Ճանապարհն ազա՛տ է:

— Հիմա դեռ ազատ է, իսկ հետո՞: Հիմարնե՛ր, խելքներդ չհասա՞վ նետահարեիք նրան: Նա տագնապ կբարձրացնի, և այդ անիծյալ ձիաբույծները վաղն առավոտյան մեծ ջոկատով այստեղ կլինեն: Ստիպված ենք կրկնապատիկ արագ վազել:

Փինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր:

— Հապա մի նստի՛ր,— հրամայեց նա: — Իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք: Մենք լավ հնարքներ գիտենք՝ դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուք Հայ կռվողները լա՛վ գիտեն իրենց գործը:

Նա քանդեց Փինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ և ընկավ: Ուգլուկը, բռնելով մազերից, կրկին բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի ատամների արանքն ու ինչ-որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:

— Ու՞ր է մյուսը,— գոռաց Ուգլուկը:

Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիթը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ-որ սև քսուկ վերցնելով, շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց և սկսեց հուսահատ պայքարել:

Օրքերը ծափ զարկեցին ու հռհռացին:

— Դուրը չի գալիս դարմանը,— քրքջում էին նրանք: — Չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ՝ հրամանը կատարելուց հետո:

Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ՝ շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով՝ կոպիտ, բայց արդյունավետ: Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի կողքին՝ գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: հետագայում վերքը լավացավ, սակայն սպին ամբողջ կյանքում մնաց:

— Բարև Փի՛ն,— ասաց Մերին: — Փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:

— Լռե՛լ,— գոռաց Ուգլուկը: — Լեզուդ քե՛զ քաշիր, քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որ իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավի:

Օրքերը սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը քայլում էին ջոկատի հետ միասին, բայց իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց և հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:

— Առա՛ջ,— բղավեց Ուգլուկը: — Դեպի արևմուտք ու մի քիչ հյուսի՛ս: Առջևից կգնա Լուգդուշը, հե՛տ չմնալ:

— Իսկ լուսաբացին ի՞նչ պետք է անենք,— ակնարկեց հյուսիսցիներից մեկը:

— Երկու ո՛տք էլ փոխ առնենք,— նրա խոսքը կտրեց Ուգլուկը: — Իսկ դու ի՞նչ էիր կարծում: Գուցե նստենք խոտին ու սպասենք սպիտակամաշկների՞ն:

— Ախր մենք չե՛նք կարող արևածագից հետո վազել:

— Կվազե՛ք, էն էլ ո՛նց կվազեք,— խոստացավ Ուգլուկը: — Եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ սպիտակ ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրելի որջը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք: Ապա վազքո՛վ, վազքով, տխմարնե՛ր, շուտով լույսը կբացվի՛:

Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրմշտելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվա՝ վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը քարշ էր գալիս ջոկատի վերջից: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել և մտածում էր՝ դեռ երկա՞ր կդիմանա արյոք: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց դրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առջև անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր, թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը և վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր սապոգներով տրորված արահետում:

Քարափից մոտավորապես մեկ մղոն հեռու Ճանապարհը սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:

— Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ կամա՛ց,— հետևից մռնչաց Ուգլուկը:

Հանկարծակի Փինի գլխում մի միտք փայլատակեց, և նա առանց ժամանակ կորցնելու գործի անցավ: Նա նետվեց դեպի աջ և, շրջանցելով ձեռքերը տարածած հսկիչին, սուզվեց մշուշի մեջ, բայց սայթաքելով, փռվեց խոտերի վրա:

— Կանգնի՛ր,— ոռնաց Ուգլուկը:

Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փինին և, մշուշի միջից բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:

«Փախչել չի հաջողվի,— մտածեց Փինը,— բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան:» Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:

«Երևի մինչև աշխարհի վերջը այստեղ ընկած էլ կմնա,— մտածեց նա: — Եվ ինչու՞ ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:»

Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը հազիվ զսպեց գոռոցը:

— Հերի՛ք է,— գոռաց վրա հասած Ուգլուկը: — Նա դեռ երկար պիտի վազի. մտրակդ օգտագործիր միայն ծայրահեղ դեպքում:

Նա շրջվեց դեպի հոբիթը.

— Իսկ դու չերևակայես, թե դրանով պրծար: Ես ոչինչ չեմ մոռանում ու հատուցման ժամը դեռ կգա: Առա՛ջ ընկիր:

Փինն ու Մերին չէին հիշում, թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ հետևում մնացած հույսի նշույլը գնալով ավելի էր աղոտանում: Նրանք վազում էին ու վազում՝ աշխատելով հետ չմնալ օրքերից, իսկ հետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով:

Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջ: Նրան բարձրացրեցին և պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշեր է, թե՞ իր աչքերն են խավարել:

Հեռվից ինչ-որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարը սկսեց նահանջել, և Փինը ուշքի գալով հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առջև ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց. սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:

Վերջացնելով ծամելը Փինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:

Օրքերը տաքացած վիճում էին՝ զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ, հարավ, մյուսները՝ արևելք:

— Լա՛վ, բավակա՛ն է,— գոռաց Ուգլուկը,— եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն ծլկե՛ք: Ահա՛, այնտե՛ղ է անտառը,— ասաց նա՝ մատը տնկելով դեպի առաջ,— նշան բռնեք ուղիղ այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ-որ մեկն էլ է ուզում գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:

Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:

— Դե՛հ, այժմ զբաղվենք Գրիշնակով ու վերջապես կարգ ու կանոն կտիրի,— հայտարարեց Ուգլուկը:

Բայց նույնիսկ նրա ցեղակից օրքերը սկսեցին երկմտել և անհանգիստ հայացքներ նետել դեպի հարավ:

— Գիտեմ, գիտեմ,— մռնչաց Ուգլուկը,— անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո և մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Ոչի՛նչ, մենք Ուրուքներ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք դրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտե՛նք:

Փինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում. Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտն ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա փայլում էր Բոսոր Աչքի զինանշանը:

Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ:

— Հը՞, այդ ինչի՞ վերադարձաք,— խռխռաց նա,— չլինի՞ մտափոխվել եք:

— Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,— իրեն չկորցրեց Գրիշնակը: — Գերիները ո՞ղջ են:

— Ահա՛ թե ինչ,— փնչացրեց Ուգլուկը: — Դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե էլի՞ ինչ-որ բան ես մոռացել: Հիշում եմ շտապում էիր, շնչակտուր չքացար:

— Մի տխմարի ենք էստեղ մոռացել,— խայթեց Գրիշնակը,— բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսո՛ս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը և եկել եմ նրանց օգնության:

— Պահո՜,— հռհռաց Ուգլուկը,— ապրե՛ս: Միայն թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է երկու ոտք էլ փոխ առած Լուգբուրզ ծլկեիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք Նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն սպանել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե Նազգուլների մասին զրույցներն ամբողջությամբ կեղտոտ հորինվածք չեն:

— Նազգուլ, Նազգուլ,— ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը: — Դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շա՜տ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: — Եվ նա զայրացած փնչացրեց: — Դու պետք է իմանայիր, որ նրանք Ամենատես Աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցու՛յց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:

— Դու ինչ-որ չափից ավելին գիտես քան պետք է,— հեգնեց Ուգլուկը: — Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու մի՛շտ այդպես է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքիր, վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ենք ձեր հետևից:

Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուք Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:

Փինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազմզոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու ետ, առաջ ու ետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից, և հանգիստ, առանց հոգնելու, չափում անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վայրկյանները...

Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:

— Այ քեզ ճիճուներ,— ծաղրում էին նրանց իզենգարդցիները,— ինչ է, կակղե՞լ եք: Այ թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:

Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց, որ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով, սրնըթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգ լողորդներին:

Ի զարմանս Փինի, իզենգարդցիները սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների հետևն ու տափաստանն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես արագացրին ընթացքը: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն ընթացքը չէին դանդաղեցնում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրելու՝ անտառին հասնելու համար:

«Բայց հասցնելու են»,— մտածեց Փինը:

Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձում էին շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:

«Տեսնես ի՞նչ ժողովուրդ է այստեղ բնակվում»,— մտածում էր Փինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու և Մեծ Աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, Չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային ջոկատում: Ու՞մ մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը, և ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է, և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավարար չէր փրկվելու համար:

— Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,— հանկարծ վախեցավ Փինը: — Չեմ կարծում, որ այստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել:

Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ միասին՝ չտարբերելով նրանց օրքերից:

Հեծյալների շարքերում նկատվում էին նաև աղեղնավորներ, որոնք հմտացած էին ընթացքի ժամանակ նետ արձակելուն: Լարելով աղեղները նրանք սլանում էին առաջ, նշան բռնում, նետահարում ետ մնացած օրքերին և հետո նորից հետ վերադառնում՝ խուսափելով թշնամիների պատասխան ուղարկված նետերից: Օրքերը վայրի կատաղությամբ պատասխան նետերի տարափ էին տեղում, բայց կանգնել չէին համարձակվում: Հեծյալները մի քանի անգամ կրկնեցին այդ հնարքը, և շուտով հոբիթը նկատեց, որ նրանք արդեն հասել են իզենգարդցիներին: Փինի «ձիու» առջևից վազող օրքը հանկարծ ցնցվեց, ընկավ ու անշարժացավ:

Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառը շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր. ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:

— Բռնվեցինք,— ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,— ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ: Եվ ինչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:

— Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,— հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը: — Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին և հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը, հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորցեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծերի ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:

Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Փինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում դաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:

— Գլուխս չի աշխատում,— շշուկով ասաց Մերին,— հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:

— Գալեթնե՛րը,— հիշեց Փինը,— մենք Լեմբա՛ս ունենք: Ինձ մոտ մի քանի կտոր պիտի լինի: Իսկ քեզ մո՞տ: Նրանք կարծեմ մեզ չեն խուզարկել, միայն մեր սրերն են հափշտակել:

— Հա, իմ գրպաններում էլ պիտի լինի,— պատասխանեց Մերին,— բայց հիմա երևի ամբողջը փշրվել է: Ամեն դեպքում բերանով գրպանիս չեմ հասնի:

— Իսկ ինչու՞ բերանով, իմ...

Այդ պահին Փինը մի լավ հարված ստացավ և հասկացավ, որ վեճը դադարել է, օրքերն էլ ուշադիր են:

Անքամի և ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրա-ոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում, և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում և ակնթարթորեն կորչում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:

— Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,— հայհոյեց Փինին և Մերիին հսկող օրքերից մեկը: — Իսկ մե՞նք ինչու ենք նստել: Հավաքվեինք բոլորով ու հարվածեինք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է ի՞նչի մասին է նա հիմա մտածում:

— Հիմա կիմանա՛ս,— լսվեց Ուգլուկի մռնչոցը: — Ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ձևանում ու չգիտի՞ ինչ անել: Սրա՛ն տեսեք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չե՛ք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ի՞նչ կռվող: Չէ, իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան շատ են, որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, Հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում մնացած մարդուկներից: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են, թե ինչպես է փչում գիշերային քամին, հասկացա՞ր: Չէ, նրանք մեր հախից կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:

Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը գործը թողած պառկեցին խոտերին: Հանգստանում ու վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում, և Փինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:

Օրքերին երկար հանգստանալ չհաջողվեց: Հեծյալները չէին պատրաստվում խաղաղ սպասել լուսաբացին: Ճամբարի արևմտյան մասում հանկարծակի տարածված վայնասունը ստիպեց բոլորին վեր ցատկել տեղներից: Մի քանի Ռոհանցիներ անաղմուկ մոտեցել էին բլրի ստորոտին, սողալով բարձրացել լանջն ի վեր, մի քանի օրք սատկացրել և անհետ կորել: Ուգլուկը սլացավ խառնաշփոթը ցրելու:

Մերին ու Փինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր. երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության միջից հայտնվեց Գրիշնակի այլանդակ կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:

— Դե, իմ ճստիկներ,— փաղաքշական շշնջաց Գրիշնակը,— ինչպե՞ս եք հանգստանում: Այնքան էլ հարմար չի չէ՞ այստեղ: Մի կողմում մտրակներ ու յաթաղաններ են, մյուսում նիզակներ... Իզուր եք խցկվել այս պատմության մեջ, էսպիսի մեծ գործերը ձեր պես փոքրիկների համար չեն:

Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:

Հանկարծ Փինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց, թե լսում է օրքի մտքերը: «Գրիշնակը գիտի՛ մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզնից, քանի դեռ Ուգլուկն այստեղ չէ: Գուցե նա որոշել է մատանին վերցնել իրե՞ն»: Փինի սիրտը վախից ճմլվեց և նա սկսեց տենդագին մտածել, թե ինչպես օգտագործի ստեղծված իրավիճակն իր օգտին:

— Իզուր ես փնտրում, այդքան հեշտ Այն չես գտնի,— շշնջաց նա:

Ա՞յն,— Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի ուսը: — Ի՞նչ Այն, ինչի՞ մասին ես խոսում, ճստիկս:

Փինը մի վայրկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Եվ ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան իմ սքանչելի»:

Գրիշնակի մատները ցնցվեցին:

— Օհօ՛,— համարյա անձայն շշնջաց նա,— ա՛յ թե ինչ նկատի ունես: Շա՜տ վտանգավոր է շատ բան իմանալը ճստիկներս, շատ վտանգավոր է:

— Հնարավոր է,— պատասխանեց Մերին, անմիջապես հասկանալով, թե ինչ կա ընկերոջ մտքին: — Շատ վտանգավոր է, և ոչ միայն մեզ համար: Չնայած դա քո խնդիրն է: Դու ուզում ես տիրանալ Նրան այդպես չէ՞: Իսկ ի՞նչ կտաս փոխարենը:

— Տիրանա՞լ, ինչի՞ն,— կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին: — Ինչ կտամ Փոխարե՞նը: Ինչպե՞ս թե ինչ կտամ:

— Հենց այդպես,— հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց Փինը: — Մթության մեջ դու ոչինչ չես գտնի, եթե մենք քեզ չօգնենք: Ուզու՞մ ես խնայել ուժերդ ու ժամանակդ՝ արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:

— Իմ սիրելի փոքրիկ հիմարիկներ,— խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,— մենք կքամենք ձեր միջից այն ամենը՝ ինչ դուք գիտեք, և կստանանք այն ամենը՝ ինչ դուք ունեք, միայն ժամանա՛կ տվեք: Դուք դեռ կզղջաք, որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի, այնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքնե՛րդ կտեսնեք: Շտապելու հարկ էլ չի լինի: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ ճստիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն այդքան հիմար չէ:

— Չենք էլ կասկածում,— համաձայնեց Մերին,— բայց քո տունը դեռ շատ հեռու է, և դու միևնույնն է Այն չես ստանա: Եթե նույնիսկ մեզ Իզենգարդ քարշ տաք, մեծ գոբլին Գրիշնակն Այն երբեք չի տեսնի, ինչպես իր ականջները: Սարումանն ամեն ինչ կվերցնի իրեն, դա պարզից էլ պարզ է: Արագ մտածիր, եթե չես ուզում ձեռնունայն մնալ:

Գրիշնակի համբերությունը սպառվեց: Սարումանի անունը նրան վերջնականապես հունից հանեց: Ժամանակն անցնում էր, իսկ հեռվից լսվող աղմուկը աստճանաբար դադարում էր: Մի քիչ էլ ու կհայտնվի Ուգլուկն իր տղաներով...

— Դե ասե՛ք, ո՞ր մեկիդ մոտ է Այն,— խռխռաց օրքը:

— Գո՛լլում գոլլու՛մ,— արտաբերեց Փինը:

— Կապանքները, կապանքները արձակիր,— ավելացրեց Մերին:

Օրքի ձեռքերը ցնցվեցին:

— Զզվելի, փոքրիկ վնասատուներ,— ֆշշացրեց նա,— ուրեմն ոտքներիդ կապե՞րն արձակեմ: Ես ձեր ոսկորնե՛րը հատ-հատ կհաշվեմ, կտոր-կտոր կա՛նեմ, բայց կգտնեմ: Ինչի՞ս են պետք ձեր ոտքերը, ես ինքս ձեզ այստեղից կտանեմ, և ոչ մեկն ինձ չի խանգարի:

Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերանները և ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին, Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով և, սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր, թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ խարույկ էր ցրում սև մթությունը:

Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած, շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ-որ բան գոռաց:

Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ, և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել, որ նրանք փախչեն, կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն խոցեց Գրիշնակի աջ ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վայրկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:

Հոբիթները քարացած պառկած էին այնտեղ, որտեղ նրանց թողել էր Գրիշնակը: հեծյալին օգնության եկավ մեկ ևս մեկը: Նժույգը, կամ տեսնելով, կամ էլ զգալով հոբիթների հոտը, ցատկեց նրանց վրայով, բայց հեծյալը չնկատեց գետնին կուչ եկած էլֆական թիկնոցներով կոլոտիկներին, որոնք, քիչ առաջ ապրած սարսափի ազդեցության տակ, վախենում էին նույիսկ շնչել:

Վերջապես Մերին շարժվեց և ցածրաձայն շշնջաց.

— Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց, մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:

Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և, առանց երկար մտածելու, որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց, և կարող էին փախչել՝ ուր ուզում էին:

—Էհ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կարող էինք փախչել էստեղից,— հոգոց հանեց Մերին: — Ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:

— Խնայիր ուժերդ,— ծիծաղեց Փինը: — Ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ Լեմբաս ծամիր:

Փինը մի շարժումով ազատվեց կապանքներից և ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին ու մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ նրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթները սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց՝ սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց Փինը:

— Փախչելու ժամանակն է,— ասաց նա: — Բայց, մի վարկյա՛ն:

Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:

— Գնացինք,— ասաց Փինը պարանները կտրատելուց հետո: — Մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ:

Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց, միևնույնն է, նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից և հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:

Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր, և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց-կամաց գունատվում էր:

— Պետք է ինչ-որ տեղ թաքնվել,— ասաց Փինը,— թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ, ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: — Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին — Հո պարաննե՛ր չեն, իսկակա՛ն պողպատալար: Բայց ոտքերս քիչ քիչ շարժունակ են դառնում: Իսկ դո՞ւ ինչպես ես:

Մերին ոտքի կանգնեց:

— Կարծես թե չեմ ընկնում,— ասաց նա: — Լեմբասն ինձ, կարելի է ասել, կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես այդ գալեթներին ավելի եմ վստահում, քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... Արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմենք, որ մոռանանք դրա համն ու այլևս չհիշենք:

— Միայն թե, ոչ այստեղով,— զգուշացրեց Փինը,— այստեղ ափը զառիվայր է: Արի՛ հետևիցս:

Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը գնալով լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ, և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ-որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր, վայրի տեղանքում, որտեղ, ինչ-որ մեկից օգնություն սպասել, անիմաստ է:

— Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,— ասում էր Մերին: — Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ փրչոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ-որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը, թե՞ այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը, վախենում եմ, էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես, թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես՝ ի տարբերություն քեզ, Ռիվենդելում ժամանակս անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտուոշ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են ու Ֆենգորնի անտառը:

Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ, հսկա ծառերի ստվերում՝ նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:

— Դե ինչ, առա՛ջ պարոն Բրենդիզայք,— ասաց Փինը: — Իսկ, գուցե... հե՞տ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ, դա քո սովորած գլխից չի՞ թռել:

— Չի թռել,— համաձայնեց Մերին,— բայց, հիմա, իմ կարծիքով, ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտադաշտ:

Եվ նա քայլեց առաջ ու մտավ հսկայական ծառերի ճյուղերի տակ: Ծառերն այնքան ծեր էին թվում, որ անհնար էր եզրակացնել նրանց տարիքը: Նրանց ճյուղերից, երկար մորուքների պես, կախված քարաքոսը հանգիստ տատանվում էր քամուց: Հոբիթները, երկյուղած հայացքով, վերջին անգամ նայեցին մթին անտառից դուրս: Կիսախավարում նրանք հիշեցնում էին երկու փոքրիկ էլֆերի: Հենց այդպիսի տեսք ունեին առաջնածինները, երբ զարմացած ու վախվորած դուրս էին նայում վայրի անտառից, տեսնելով նորաստեղծ աշխարհի առաջին արևածագը...

Հեռու՜-հեռվում, մեծ գետի այն կողմում, շագանակագույն տափաստանների ետևում, սկսվեց ալ կարմիր այգաբացը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները. արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց. պատրաստվում էին հարձակման:

Մերիի ու Փինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին և արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում հետևից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ և չար մարտական ճիչով շարժվեց դեպի անտառ՝ ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:

— Հերիք է նայենք,— որոշեց Մերին: — Ուգլուկն է իր չարագործներով: Ես ցանկություն չունեմ կրկին հանդիպել նրան:

Հոբիթները շրջվեցին և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի եզրին, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, սուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ՝ խողխողեց նրան: Իսկ տափաստանում սրատես հեծյալները հետապնդելով վերջին փախստականներին ոչնչացրեցին: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում, թշնամիների դիակները հավաքելով իրար վրա, հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ Ուրուք Հայ օրքերի արշավանքը: Ոչ Մորդորում, ոչ էլ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց օրքերի հետ: Բայց, միևնույնն է, խարույկի ծուխը բարձրանալով երկինք, շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:

Գլուխ չորորդ. Ծառմորուսը

Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին մթին թավուտներում՝ բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր դեպի արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնաց հետևում, և հոբիթները դանդաղեցրին ընթացքը: Ինչ-որ տարօրինակ զգացում համակեց նրանց, շնչելը դժվարացավ, օդը չէր հերիքում:

Վերջապես Մերին կանգ առավ:

— Էսպես մենք հեռու չենք գնա,— ասաց նա շնչահեղձ լինելով: — Գոնե մի քիչ թարմ օդ լիներ:

— Կամ, ծայրահեղ դեպքում, մի կում ջուր,— ասաց Փինը,— կոկորդս չորացել է:

Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և կռանալով մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը մի կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և չլմփացնելով ջրին հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:

— Հը, դեռ չե՞ս հասցրել մոլորվել,— հետաքրքրվեց Փինը՝ հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին: — Եթե ինչ, մենք կարող ենք պարզապես գնալ Էնտուոշի երկայնքով: Հետո, որ մոլորվենք, ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով հետ կվերադառնանք:

— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:

— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,— ընդունեց Փինը: — Տուկբորոյի մոտակայքում՝ Սմիալում, գտնվող Տուկերի մեծ բույնն է հիշեցնում, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է, ոչ կահույքն են վերադասավորել, ոչ էլ ընդանրապես ինչ-որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուրավոր տարիներ են անցել՝ ինչ նա մեռել է, բայց մահից հետո էնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Իսկ ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները ոչինչ են: Հապա մի նայի՛ր էս մորուքներին ու բեղերին, բա տերևնե՜րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե, իհարկե, էստեղ գարուն ընդհանրապես լինում է:

— Համենայն դեպս էստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Սև Անտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները: Չարքանտառում անթափանց մութ է ու խավար, էնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ էստեղ ուղղակի մութ է ու ինչ-որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե էստեղ գազաններ ապրեն, չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է էստեղ երկար մնալ ու ապրել:

— Հոբիթներն էլ չեն ապրի,— համաձայնեց Փինը: — Ցանկություն չունեմ զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք էստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես՝ մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր խնայողությունների վիճակը:

— Ի՜նչ խնայողություններ,— պատասխանեց Մերին,— ոչ մի խնայողություն էլ չունեք, բացի մի քանի Լեմբասից: Ամեն ինչ մնաց էնտեղ, նավակներում:

Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական գալեթները կարող էին բավականացնել երևի մի չորս հինգ օր, այն էլ մի կերպ, գոտիները պիդ ձգած վիճակում:

— Ծածկոցներ էլ չունենք որ ծածկվենք,— ասաց Մերին: — Որ կողմ էլ շարժվենք, գիշերն ատամներս չխկչխկացնելու ենք:

— Դե լավ, ճանապարհին մի բան կմտածենք,— ձեռքը թափ տվեց Փինը: — Գնանք, առավոտն արդեն երևի վերջանում է:

Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին՝ երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:

— Նայի՛ր,— ուրախացավ Մերին,— մինչ մենք էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի հետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տեսնե՛նք:

Բայց լույսն այնքան էլ մոտ չէր, որքան թվում էր, և հոբիթները բավական երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր: Վերջապես հոբիթների դիմաց մի քարե ժայռ երևաց, որը կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում, և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով, բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերը այնպես էին ձգվել դեպի արևով լուսավորված քարքարոտ մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, բայց այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես, իսկ նրանց ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և, հեռանալով, թողել իր հիասքանչ փայլը...

Քարափը բավականին նման էր կոպիտ ու անհարթ աստիճանների, և թվում էր, թե ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, դա քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:

— Բեր մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին,— թարմ օդ կշնչենք, ձեռքի հետ էլ տարածքը կուսումնասիրենք:

Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին և վերջին աստիճանը հաղթահարելով հայտվեցին չորացած, ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և շունչները տեղը բերելով նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները իջնում էին դեպի տափաստանը, իսկ անտառի եզրից դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, որոնց քամին քշում էր անտառի կողմը:

— Քամին փոխվում է,— նկատեց Մերին: — Նորից արևելքից է փչում: Ցրտոտ է այստեղ:

— Հա, ցուրտ է,— համաձայնեց Փինը: — Վախենում եմ, որ այս լավ եղանակը միայն խաբկանք է և, շուտով, ամեն ինչ կրկին գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր, ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերի ներքո: Այն նույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալ:

— Սկսում է դուր գա՞լ: Ապա մի սպասի՛ր: Դա լավ է, շատ լավ է,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, ապա մի շրջվեք դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ արդեն վաղուց դուր չեք գալիս, բայց, շտապել պե՛տք չէ: Շրջվեք, շրջվեք:

Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ թրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և, առանց վզի, միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա, թե ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչա-մոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:

Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչ էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդաղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտող փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:

— Հռում հում,— մրթմրթաց ինչ-որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է, բայց... միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ-որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, ապա նոր լսեի՝ առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:

Փինը դեռ առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետքրքրասիրություն էր առաջանում, բայց ոչ վախ: Եվ շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:

— Ասա խնդրեմ, ո՞վ ես դու, և ի՞նչ ես անում այստեղ,— հարցրեց նա:

Հսկայի աչքերն անհասկանալի, մի քիչ էլ խուսափողական արտահայտություն ստացան, հորերը փակվեցին, կրկին բացվեցին:

— Հռում, ահա թե ինչ,— դմբդմբաց ցածր բասը,— դե, լա՛վ: Ես Էնտ եմ, համենայն դեպս շատերն ինձ այդպես են անվանում: Այո, այո, հենց Էնտ, ավելի ճիշտ գլխավոր Էնտ, բայց, միևնույն ժամանակ, ինձ նաև Ֆենգորն են անվանում և մեկ էլ Ծառմորուս: Թող լինի Ծառմորուս:

— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:

— Հո՜պ,— ասաց Ծառմորուսը: — Օհո, դե արի ու այդքանը մի վայրկյանում բացատրի՛ր: Մի քիչ հանգիստ: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեզ: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես, ջահել ժամանակ, անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Ապա մի սպասեք, եկեք հիշենք...


Այժմ, եկեք սովորենք ապրողների ցուցակը:

Սկզբում, անվանենք չորս ազատ ժողովուրդներին:

Էլֆերը՝ ամենահնագույնները, բոլորից,

Թզուկները՝ վարպետները, մթին քարաձավներից,

Էնտերը հողածին, լեռների պես ծեր,

Եվ մարդիկ՝ մահկանացուները, ձիերի վարպետ:


Հըմ, հմ, հըմ:


Կուղբերը շինարար, թռկոտան այծերը,

Կռվարար վարազները, մեղվաբույծ արջերը,

Վախկոտ նապաստակներն ու սոված գայլերը:


Հըմ, հմ, հըմ:


Արծիվները բարձունքներում, գոմեշները տափաստաններում,

Բազեներն արագաթև, եղջերուներն անտառներում,

Կարապները ձյունաճերմակ և օձերը սառնարյուն...


— Հռում, հում... հըմ, հու՜մ... Ի՞նչ անենք: Ռում տում, ռում տա տում, ռումտի տա տում... Այո, դա շատ երկար ցուցակ էր, բայց դուք այնտեղ չկայիք:

— Ստացվում է, որ հին ցուցակներն իրենց իրավունք են վերապահել մեր մասին լռե՛լ,— դժգոհեց Մերին: — Եվ հին առասպելներում էլ մենք չկանք: Բայց, միևնույնն է, մենք արդեն երկար ժամանակ է գոյություն ունենք: Մենք հոբիթներ ենք:

— Գուցե, մի տո՞ղ էլ ավելացնեք ցուցակում,— առաջարկեց Փինը:


Բույներում ապրող փոքրիկ հոբիթները...


— Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,— ավելացրեց նա,— և ցուցակը ճիշտ կլինի:

— Հը՜մ, դե լավ, վատ չի մտածված,— ասաց Ծառմորուսը,— այդպես էլ կանենք: — Ուրեմն դուք ստորգետնյա որջերո՞ւմ եք ապրում: Լավ է, շատ լավ է: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանում: Իմ կարծիքով, էլֆական հնչողություն չունի, իսկ հին բառերը՝ բոլորը, էլֆերից են ծնունդ առել. Միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:

— Մեզ ոչ ոք էլ հոբիթ չի անվանում, մենք, ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,— ասաց Փինը:

— Հու՛մ, հըմ... հանգիստ, հանգիստ, ոչ այդքան հապճեպ: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես որ գնա, պատահաբար, ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:

— Բայց մենք մեր անունները չէինք էլ թաքցնում,— զարմացավ Մերին: — Ես՝ օրինակ, Բրենդիզայքն եմ, Մերիադոք Բրենդիզայքը, բայց ինձ, հաճախ, ուղղակի Մերի են ասում:

— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փին:

— Հըմ, հըմ... բայց դուք, ոնց տեսնում եմ, լավ հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, ձեր լեզվով ասած կան արարածներ, որ նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես ուրեմն, ես կարող եմ Մերի և Փին անվանել ձեզ, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ, ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Առաջին հերթին, դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ, հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք, ինքներս էլ, միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա: — Հիմա պատմեք ինձ, ի՞նչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, էստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչն այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց, տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստ:

— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, իսկ դու ասում ես, հանգիստ: Գուցե չշտապե՞նք: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում, և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:

— Գիտեի, գիտեի, և հիմա էլ գիտեմ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:

— Գիտեինք, տխուր ուղղեց Փինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և առաջնորդը:

— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — «Ձեզ» հետ, ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք «մի բան անել ձեզ, առանց ձեր կարծիքը հարցնելու»: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ-որ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ էլ: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհը համընկնի: Բայց ինչու՞ եք դուք մեծարգո Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:

— Է՜հ,— տխուր հոգոց հանեց Փինը,— կյանքը հա, շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս դրանում չի մասնակցում:

— Հում... հըմ... — դմբդմբաց Ծառմորուսը: — Հըմ... լավ... — Նա լռեց և երկար նայեց հոբիթներին: — Հում, դե, չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... շարունակե՛ք:

— Եթե ուզում ես ավելին իմանալ,— ասաց Մերին,— մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ այն չի կորել և զրուցել: Դու երևի հոգնած կլինես չէ՞ մեզ պահելուց:

— Հըմ, հոգնա՞ծ: Չէ, չեմ հոգնել, ես այդքան էլ հեշտ չեմ հոգնում: Բայց նստել էլ՝ ես երբեք չեմ նստում: Ես այնքան էլ... ըըը, ոնց ասեմ: Ես այնքան էլ «ծալվող» չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... Դուք ինչպե՞ս եք այն անվանում:

— Սա՞ր,— հուշեց Փինը:

— Քի՞վ, ելու՞ստ,— շարունակեց Մերին:

— Սա՞ր, քի՞վ,— մտախոհ կրկնեց Ծառմորուսը: — Հա, կարծես թե սկսում եմ հիշել: Սա՛ր: Բայց, ինչ կարճ անուն է նրա համար, ով կանգնած է այստեղ շա՜տ-շա՜տ վաղուց, դեռ այն ժամանակներից, երբ աշխարհը նոր էր ընդունել իր այժմյան տեսքը: Լավ, թող լինի սար: Իջնենք սարից ու ճամփա ընկնենք:

— Իսկ ու՞ր ենք գնում,— հարցրեց Մերին:

— Իմ տուն, ավելի ճիշտ, իմ տներից մեկը,— պատասխանեց Ծառմորուսը:

— Իսկ այն հեռու՞ է:

— Չգիտեմ, ձեզ համար երևի հա: Իսկ դա կարևո՞ր է:

— Դե, գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,— բացատրեց Մերին: — Եվ ուտելիք էլ, կարելի է ասել, չունենք:

— Օ՛, հըմ, այդ մասին մի անհանգստացեք,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես, իսկ երբ որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:

Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն և հանդիսավոր իջնել աստիճաններով վար:

Հասնելով գետնին, նա առանց հապաղելու, վստահորեն և ազատ, շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհը ձգվում էր դեպի վերև՝ լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած էին խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կային ծառեր, որոնք ցնցվում էին, երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր, մրթմրթալով և քթի տակ ինչ-որ անվերջանալի երգ երգելով:

Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, և հետո շատ բան ունեին մտածելու ու զարմանալու: Բայց, որոշ ժամանակ անց, Փինը արիանալով նորից խոսեց.

— Ծառմորուս, ա՛յ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց:

— Հըմ, ճշմարի՞տ,— դմբդմբաց էնտը: — Դե, եթե դուք էստեղից որոշեիք գնալ էնտեղ և ինձ հարցնեիք, ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներում խճճվելուց, թե չէ մեկ էլ տեսար էլի, մի բան պատահեց: Լաուրելինդորենան, մի ժամանակ այդպես էին էլֆերն այդ երկիրը կոչում, բայց հիմա անունը կարճացել է և դարձել է ուղղակի Լոթլորիեն: Միգուցե ճիշտ են արել, չգիտեմ: Այդ անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: Է՜հ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց հիմա այն ուղղակի Անուրջների Ծաղիկ է դարձել: Այո, այդ անտառները սովորական չեն և ամեն մեկը չէ, որ կարողանում է այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... Այո, դա սովորական երկիր չէ, թեև, հիմա այնտեղ թախիծ է իջել, և Լոթլորիենից ուրախությունը հեռանում է: Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) — դմբդմբաց նա: — Լսել եմ, նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, մեկուսացել են իրենց անտառներում: Հիմա ոչ Ոսկե անտառը, ոչ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները, և ամեն ինչ մնում է անփոփոխ:

— Այսի՞նքն,— չհասկացավ Փինը,— և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:

— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և, ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը, սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում, առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած՝ հիմա էլ կան:

— Երևի այն հյուսիսային, ծեր անտառի պես հա՞,– ճշտեց Փինը:

— Դե, հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան թավուտներ, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս, մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստյարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք՝ հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե, այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ, կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն Լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ, և հզոր: Բա օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:

Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ, սկզբում քթի տակ, հետո, աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:


Թասարինենի մարգագետիններում թափառում էի ես գարնանը, ---------------(Նան-Թասսարիոնը (Թասարինենը) տարածք է Բելերիենդում, Սիրիոն գետի ափին, ներկայում խորտակված ջրի տակ)

Ա՜խ, ինչ բուրավետ էր արթնացող Նան-Թասարիոնը:

Ու ես ասում էի. «դա լավ է, լավ է»:

Հանգստանում էի Օսիրիանդի թեղիների տակ ամռանը, ----------------------(Օսիրիանդ, յոթ գետերի երկիրը: Բելերիենդի խորտակումից հետո նրա մի մասը մնացել է ցամաքում:

Ա՜խ, ինչ քաղցրալուր էին յոթ գետերը խոխոջում: ----------------------------Հետագայում այնտեղ է գտնվել Գիլ-գալադի թագավորությունը)

Ու ես մտածում էի. «ավելի լավ չի՛ լինում»:

Իսկ աշնանը քայլում էի Նելդորետի թղկիների տակ: -------------------------(Նելդորետ (Թաուր-նա-Նելդոր) անտառ Բելերիենդում)

Ա՜խ, ինչ ոսկեգույն էր Թաուր-նա-Նելդորը:

Դա ավելին էր, քան ես սպասում էի:

Ձմռանն էլ զբոսնում էի Դորտոնիոնյան Սոճիների տակ, ------------------------(Դորտոնիոն (Օրոդ-նա-Թհոն) Բելերիենդի հյուսիսային մասը, այստեղ սկզբում ապրել են Էդայնի տոհմի մարդիկ)

Ա՜խ, Օրոդ-նա-Թհոնի սև ու սպիտակ ձմեռը:

Եվ ես չէի կարող չերգել այդ երկնքի տակ:

Բայց այժմ այդ հողերը խորտակվել են ջրի տակ,

Ու զբոսնում եմ հիմա իմ Ֆենգորնի ստվերի տակ:

Ամբարոնէ, Թաուրեմորնէ, Ալդալոմէ,

Որտեղ արմատները շատ խորն են իջնում հողի տակ,

Որտեղ տարիներն են անցել տերևների չափ,

Թաուրեմորնալոմէ...


Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր, և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում երևացին զառիվայր լանջերը. Մշուշապատ Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթի՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտն էր սկսվում: Էնտուոշ գետը, կամ, ավելի ճիշտ, դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով, քարից քար թռչկոտելով, վազում էր ընդառաջ: Աջ կողմում սկսվում էր հարթ, կանաչապատ լանջը, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առաջ բացվում էր երկինքը, որտեղ, ամպերի միջև տարածված լճերում, լողում էին առաջին աստղերը:

Ծառմորուսը գրեթե առանց քայլերը դադաղեցնելու սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Հանկարծակի հոբիթների աչքերի առջև սարը նահանջեց, և մի լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ և ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, որոնք ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները ասես ողջունելով շրշացին: Մուտքից ներս լայն, հարթ տարածություն էր բացվում: Դա լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ֆուտ բարձրություն ունեին, իսկ նրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը՝ ինչքան մուտքից հեռու, այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու տակ մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում, թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից, մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ, քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում, նորից միանում Էնտուոշին:

— Հու՛մ... հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը՝ ավելի ճիշտ անվանման սկիզբը, կհնչի այսպես. «Ակունքահին Սրահ»: Այս վայրն ինձ հոգեհարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք: Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին, նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:

Էնտը մի քիչ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը երկու մեծ անոթ դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե նրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձերքերը պահեց անոթների վրա, ջուրը սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ գույներով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ, և փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ կանգնած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ, և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձա-կարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:

— Դե ինչ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,— ասաց Ծառմորուսը: — Դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանա՛ք:

Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ-որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայական, մյուս երկուսը՝ փոքր:

— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— բացատրեց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և ոտքները օդում թափահարելով սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում, այն նույն ջրից, որը նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ-որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:

Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով, թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը շարժվեցին և միանգամից սկսեցին աճել, վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և վերջապես իր գավաթը բարձրացնելով դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:

—Ահ-հա,— վերջապես արտաշնչեց նա՝ բաժակը դնելով սեղանին: — Հու՛մ, հը՛մ: Դե իսկ հիմա կարելի է զրուցել: Նստեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:

Աջ կողմում՝ պատի տակ, գետնից երկու ֆուտ բարձրությամբ մի ընդարձակ մահիճ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու պտերով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճի վրա և ձեռքերը գլխի տակ դնելով ձգվեց ամբողջ մարմնով, նայելով անձավի առաստաղին խաղացող երփներանգ ցոլքերին՝ նման տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փինը տեղավորվեցին նրա կողքին, խոտով լցված բարձերի վրա:

— Դե հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,— ասաց Ծառմորուսը:

հոբիթներն իրենց պատմությունը սկսեցին ամենասկզբից, սկսած այն օրից, երբ լքեցին Հոբիթստանը: Պատմությունը բավականին խճճված ստացվեց: Նրանք անըդհատ ընդհատում էին միմյանց, խառնում հերթականությունը, և էնտն էլ էր հաճախ ընդհատում պատմողին, խնդրում ետ գնալ ու պատմել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների մասին, կամ առաջ գնալ և պատմել ավելի ուշ կատարվածները: Մատանու մասին հոբիթները ոչինչ չասացին, ինչպես նաև այն մասին, թե ինչու են ճանապարհ ընկել և ուր են գնում: Դե իսկ էնտն էլ հարցեր չտվեց:

Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում, հարցնում էր Սև Հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Հավերժական անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից և Գալադրիելից: Ծառմորուսը ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրա հարևան երկրները, և հանկարծակի մի տարօրինակ հարց տվեց.

— Իսկ էնտեղ, ձեր կողմերում Էնտերի չե՞ք հանդիպել: Չէ՞: Համոզվա՞ծ եք: Դե... հում... ոչ թե էնտերի այլ... հըմ...էնտերի կանանց:

— Կանա՞նց,— զարմացավ Փինը,— իսկ ի՞նչ տեսք ունեն նրանք, երևի քեզ նմա՞ն են:

— Հըմ... երևի ոչ այնքան... թերևս, արդեն ես էլ չեմ հիշում ինչ տեսք ունեին նրանք,— մի քիչ մտածելուց հետո խոստովանեց Ծառմորուսը: — Բայց ինձ թվում է ձեր երկիրը նրանց դուր կգար, դրա համար էլ հարցրեցի:

Ծեր էնտին հատկապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթները սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:

— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթները սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց երևում է Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք թե լավ՝ կիմանամ իր ժամանակին: Ահ, արմատ ու ոստիկ, այ քեզ զարմանալի գործ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել է նաև վաղուց մոռացված իննյակը և հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, ներառում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելը ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:

— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:

— Հում, հըմ, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը չի կռվում իմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրանք բուժեցին մեր համրությունը, և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած որ մեր ճանապարհները վաղուց են բաժանվել: Բայց իհարկե աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի և միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում... — Ծառմորուսը խուլ, զզվանքով լի ձայնով դմբդմբաց: — Ո՞նց էին դրանք կոչվում... Ախ հա, օրքերը, օրքերն ու իրենց տերերը: Ես իհարկե անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր, և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, մի կերպ յոլա կգնամ: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում, մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ, կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ-որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվել Սարումանի հետ:

— Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,— մեջ ընկավ Փինը,— դու նրա մասին ինչ-որ բան գիտե՞ս:

— Սարումանը հրաշագործ է, դրանով ամեն ինչ ասված է: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից անմիջապես հետո, բայց նավերով եկան, թե այլ կերպ՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոստում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, սակայն հետո նրա փառքը սկսեց աճել: Ասում են, նրան ընտրել են որպես Սպիտակ Խորհրդի գերագույն և, երևի, իզուր էլ ընտրել են: Գուցե նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չա՞րը: Թեպետ այն ժամանակ նա իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես զրուցել եմ նրա հետ: Կար ժամանակ, երբ նա հաճախ էր թափառում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ-որ բան անելուց առաջ և մեծ հետաքրությամբ լսում էր իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, թեև անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում: Չեմ հիշում մի դեպք, որ նա ինձ ինչ-որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ, ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչն աճում է ու շնչում, նրան հետքրքիր չէ, եթե իհարկե ինչ-որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Իսկ հիմա արդեն պարզ է, որ նա նաև դավաճա՛ն է: Գարշելի օրքերի հե՛տ է կապվել: Բռում հու՛մ: Ու դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ-որ բան է արել, ինչ-որ մի վտանգավոր բան: Այդ Իզենգարդցիները ավելի շատ մարկանց են նման, քան օրքերի: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերը արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե նա ինչ-որ կերպ խաչասերել է օրքերին ու մարդկա՞նց: Եթե այդպես է, դա մեծ չարագործություն է:

Էնտը ինչ-որ բան դնդնաց, ասես ինչ-որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:

— Ես էլ զարամանում եմ, թե այդ օրքերն ինչպես են հանդգնել այդպես ազատ զբոսնել իմ անտառում,— շարունակեց նա: — Միայն վերջերս հասկացա, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավականին երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա տխմարներն այստեղ չարագործություններ են կատարում: Անտառի եզրին բազմաթիվ ծառեր են արմատախիլ արել, դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են, գցում և թողնում, որ փտեն, թեև մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու անհագ վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը: Արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց, երբ դեռ կաղին ու ընկույզ էին: Նրանցից ամեն մեկը իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա ես լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է:

Ծարմորուսը հանկարծակի վեր թռավ տեղից, կանգնեց և ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից ցից եղավ:

— Ես վե՛րջ կտամ այդ ամենին,— որոտաց նա: — Դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ-որ բանում կօգնեք ինձ և ձեր բարեկամներին: Եթե Սարումանը չչեզոքացվի, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի միջև: Միասին գնում ենք Իզենգարդ:

— Այո, մենք կգանք քեզ հետ,— ասաց Մերին,— և կփորձենք օգտակար լինել:

— Իհա՛րկե կգանք,— ոգևորվորվեց Փինը: — Կուզենայի, որ Սպիտակ Ձեռքին գահընկեց անեին: Եթե նույնիսկ ինձանից ոչ մի օգուտ չլինի, ես միևնույնն է կգամ. երբեք չեմ մոռանա Ուգլուկին ու Սարումանին: Մեր զբոսանքն էլ չեմ մոռանա Ռոհանի վայրի հողերում:

— Շատ լավ, շատ լավ,— հավանություն տվեց Ծառմորուսը: — Բայց ես մի քիչ շտապեցի, իսկ շտապել չի կարելի: Պետք չէր այսպես տաքանալ, ավելի լավ է գնամ հովանամ ու մի քիչ մտածեմ: Հեշտ է ասել «հերիք է», բայց միայն դա բավարար չէ գործն առաջ տանելու համար:

Ծեր էնտը դանդաղ ուղղվեց դեպի մուտքը և կանգնեց ջրի շիթերի տակ: Մի քանի րոպե անց նա ծիծաղեց, թափահարեց իրեն և վերադարձավ: Ջրի կաթիլները նրա վրայից ընկնելով գետնին բոցավառվում էին կարմիր ու կանաչ գույներով: Էնտը նորից պառկեց ու լռեց:

Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր թե ինչ-որ բան է մատների վրա հաշվում:

— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... այ այ այ... Վերջ: Դժբախտությունն այն է, որ մերոնցից քչերն են մնացել,— ասաց նա շրջվելով դեպի հոբիթները: — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. Ֆենգորնը՝ այսինքն ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը: Այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևը այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է: Անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է և, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ նա գոնե ձմեռը արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Կաշվակեղևը Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Հաստակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա ցեղակիցներից շատերին, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե իհարկե կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավականին դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՛ս, շատ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:

— Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք այսեղ,— զարմացավ Փինը,— մի՞թե բոլորը մահացել են:

— Դե, չէ իհարկե,— ասաց Ծառմորուսը: — Իր մահով, այսքան դարերի ընթացքում, ոչ ոք չի մահացել: զոհվելը հա՛, պատահել է զոհվել են, բայց շատերը քուն են մտել ու փայտացել... Թեպետ էնտերը երբեք էլ շատ չեն եղել: Մենք չենք բազմանում, փոքրիկ էնտիկներ՝ ինչպես կասեիք դուք, չկան, արդեն շատ դարեր են անցել, ինչ մեզ մոտ փոքրիկներ չեն ծնվում: Հասկանու՞մ եք, մենք կորցրել ենք մեր կանանց:

— Այ քեզ դժբախտություն,— մռայլվեց Փինը: — Իսկ ինչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:

— Չե՛ն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե էլֆերը, թե մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, միթե՞ այդ երգերն այլևս չեն հնչում:

— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Գուցե դու այդ մասին ինչ-որ բա՞ն պատմես, կամ երգե՞ս:

— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերը արշավի դուրս գան:

— Դա բավականին տարօրինակ և տխուր պատմություն է,— մի քիչ լռելուց հետո սկսեց նա: — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜ հրաշագեղ Ֆիմբրեթիլ, թեթևոտն Կեչուհի, օ՜ պատանեկության տարիներ... Մենք միասին էինք ապրում և միասին էլ դեգերում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում, զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին: Նրանց դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախնադարյան անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերը էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել իրենց հոտի հետ: Նրանք միայն ուզում էին, որ ծառերը լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամաց-կամաց Էնտերի կանայք այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Եվ երբ Խավարը պարտություն կրեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Եվ ահա մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Բայց մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Այդ տարածքը հիմա մարդիկ անվանում են Շագանակագույն Հարթավայր:

Հիշում եմ այսօրվա պես, իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ օրիորդից, որի հետ ես թափառում էի նախնադարյան անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Եվ ահա մենք հատեցինք Անդուինը և հասնելով մեր կանանց հողերին, աավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմը ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանաց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես էին նրանք գնում դեպի արևելք, երրորդները արևմոուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Մեր փնտրտուքներն ապարդյուն էին: Ա՜խ, ինչպես էինք մենք վշտացել: Սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, կանչում նրանց անուններով: Ինչ չքնաղ անուններ ունեին նրանք... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Հիմա հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր մեծ փնտրտուքի մասին, և այդ երգերից մի քանիսը մարդիկ էլ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և նրանց, և մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե նրանք, և թե մենք, կկորցնենք այն ամենը՝ ինչը հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնը ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերը այդ մասին երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը մեծ գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այդ երգը մեր լեզվով երգեինք, այն շա՜տ-շա՜տ երկար կստացվեր: Բայց մենք ագիր գիտենք այն և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.


-ԷՆՏ-


Երբ գարնանը կանաչում են տերևները, և ճյուղերն են հյութալի,

Երբ քայլերը լայն են, շնչառությունը՝ խորը, և քամին է դուրալի,

Երբ արևն է պայծառ շողում ու ջերմացնում վայրի անտառը,

Վերադարձի՛ր ինձ մոտ և ասա, որ չկա իմ երկրից չքնաղը:


-ԷՆՏՈՒՀԻ-


Երբ գարունն է շրջում դաշտերում, և եգիպտացորենն է աճում,

Երբ իմ այգում սպիտակ ձյան պես ծաղիկներն են ծաղկում,

Երբ անձրև է գալիս արևային և բուրմունքով լցնում օդը,

Ես չե՛մ վերադառնա, որովհետև չքնաղ է իմ երկիրը:


-ԷՆՏ-


Երբ ամառն է գալիս անտառ, պայծառ արև, տերև ոսկեգույն,

Սաղարթի տակ՝ թավուտներում, անտառային երազներն են թափառում,

Երբ արևմտյան քամին երգում է անտառում, և քաղցր է նրա ձայնը,

Վերադարձիր ինձ մոտ և ասա, որ չքնաղ է իմ երկիրը:


-ԷՆՏՈՒՀԻ-


Երբ ամառը քաղցրացնում է պտուղները և հատապտուղները վառում,

Երբ դաշտերը դառնում են ոսկեգույն, և բերքահավաք է այգում,

Երբ արևմտյան քամին է կանչում, ու քաղցր է նրա ձայնը,

Ես չեմ վերադառնա քո անտառ, որովհետև չքնաղ է իմ երկիրը:


-ԷՆՏ-


Երբ ձմեռն է գալիս անտառ, և ծառերն են մերկանում,

Թավուտներում մութ է, մռայլ, գիշերը ցերեկից չի տարբերվում,

Եվ երբ քամին սառնաշունչ արևմուտքից անձրև է բերում,

Ես ինքս քեզ կփնտրեմ, առանց քեզ չեմ կարողանում:


-ԷՆՏՈՒՀԻ-


Երբ կգա սառը ձմեռը, այգիները կմեռնեն, երգ ու ծիծաղ կմարի,

Խավարը կտիրի աշխարհին, և մեր չարչարանքը կկորչի,

Կփնտրենք մենք իրար և կհանդիպենք կրկին,

Եվ սառն անձրևի ներքո դեպի արևմուտք կգնանք միասին:


-ԵՐԿՈՒՍՈՎ-


Հեռու երկիր կգնանք միասին արևմտյան ճանապարհով,

Եվ կգտնենք ինչ փնտրում էինք, ու կապրենք հանգիստ սրտով:


— Ահա այսպես,— երգը վերջացնելուց և մի քիչ լռելուց հետո ասաց Ծառմորուսը: — Էլֆական երգ է, դե պարզ է, տրա-լյա-լյա, մեկ-երկու, խոսքերն արագ վերջանում են ու վերջ: Բայց իմաստը ճիշտ է փոխանցված: Թեպետ էնտերը ավելի երկար կարող էին այդ մասին պատմել, եթե ժամանակ ունենային... Դե լավ, ժամանակն է կանգնել ու մի քիչ քնել: Իսկ դուք որտե՞ղ եք կանգնելու:

— Հոբիթները պառկած են քնում,— ասաց Մերին: — Մենք, եթե կարելի է, այս մահճին կքնենք:

— Պառկա՞ծ,— զարմացավ էնտը: — Ախ հա՜, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ և խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր:

Հոբիթները բառձրացան փափուկ մահճի վրա, պառկեցին և ծածկվեցին պտերի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ ու ջերմ: Անոթների լույսը աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շաղշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր էնտի ուրվագիծը՝ անշարժ կանգնած և ձերքերը վեր բարձրացրած: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը թափվելով էնտի գլխին ու ուսերին կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու ներքո էլ հոբիթները քնեցին:

Երբ նրանք արթնացան, արևի շողերն արդեն պայծառ լուսավորում էին լայնարձակ սրահը, թափանցելով անձավի մուտքից ներս: Երկնային բարձունքներում արևմտյան քամին սրնթանց քշում էր ամպերի ծվենները: Ծառմորուսը տարածքում չէր երևում, և հոբիթները որոշեցին լվացվել քարե ավազանում, բայց դեռ չէին հասցրել ավարտել, երբ լսվեց նրա մրթմրթոցը, ապա ծառուղում ինչ-որ բան երգելով հայտնվեց էնտը:

— Հըմ, հում: Բարի լույս Մերի և Փին: Ինչքա՜ն երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք և կգնանք էնտմութ:

Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական հացը(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը, նրանց կողքին կանգնած, ինչ-որ անհասկանալի լեզվով երգ էր քթի տակ երգում՝ նայելով երկնքին: Գուցե էնտերեն էր, կամ էլֆերեն:

— Իսկ որտե՞ղ է այդ ձեր էնտմութը,— վերջապես համարձակվեց հարցնել Փինը:

— Հում, ի՞նչ, էնտմու՞թը: — Ծառմորուսը շրջվեց դեպի հոբիթները: — Հարցն այնքան էլ ճիշտ չէ: Էնտմութը ոչ թե ինչ-որ տեղ է՝ ասենք սար կամ բացատ, էնտմութը դա էնտերի հավաքույթ է, խորհուրդ, և պետք է ասեմ, որ վերջին ժամանակներս էնտերը հազվադեպ են խորհուրդ հրավիրում: Բայց այսօր ինձ հաջողվեց շատերին համոզել, և նրանք խոստացան, որ կգան: Հավաքվելու ենք այնտեղ, որտեղ միշտ հավաքվել ենք՝ Կախարդված հովտում, ինչպես այդ վայրը անվանել են մարդիկ: Այն այստեղից հարավ է գտնվում, պետք է մինչև կեսօր այնտեղ լինենք:

Շուտով նրանք ճանապարհ ընկան: Ծառմորուսը հոբիթներին կրկին նստեցրել էր ձեռքերին: Սրահի մուտքի մոտից նա թեքվեց աջ, անցավ արագահոս գետակի վրայով և գրեթե անտառազուրկ, բարձր լեռների լանջերի երկարությամբ քայլեց դեպի հարավ: Լանջերին տեղ-տեղ կանաչին էին տալիս կեչիները և արոսենիները, իսկ ավելի բարձրադիր գոտիներում սևին էին տալիս սոճիները: Շուտով Ծառմորուսը հեռացավ լեռներից և մտավ անտառի թավուտները: Այդպիսի վիթխարի և հաստաբուն ծառեր հոբիթները ոչ մի տեղ չէին տեսել: Այդ հսկաների սաղարթների տակ շնչելը նորից դժվարացավ, թեպետ հոբիթները շուտով հարմարվեցին և դադարեցին ուշադրություն դարձնել դրան: Էնտը խոսակցություն չէր բացում, միայն անդադար ինչ-որ բան էր դնդնում խուլ բասով. «Բում, բում, ռումբում, բուռուռում, բում, դարար բում, բում, դարար բում», անընդհատ փոխելով ռիթմն ու տոնայնությունը: Ժամանակ առ ժամանակ հոբիթներին թվում էր, թե անտառի խորքից պատասխան մրթմրթոց է լսվում և խուլ, տարօրինակ արձագանք, որը մեկ գալիս էր գետնի տակից, մեկ վերևից՝ սաղարթների միջից, և մեկ էլ հենց ծառերի բների խորքից: Սակայն Ծառմորուսը ոչ կանգնում էր, ոչ էլ այս ու այն կողմ նայում:

Նրանք երկար գնացին: Փինը փորձում էր հաշվել էնտի քայլերը, բայց երեք հազարից հետո հաշիվը խառնեց և ձեռ քաշեց այդ գործից: Հենց այդ ժամանակ էլ Ծառմորուսը դանդաղեցրեց ընթացքը: Վերջապես նա կանգ առավ, հոբիթներին իջեցրեց գետնին, ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրեց բերանին և փչեց նրանց մեջ. «Հու՜մ, Հու՜մ»: Անտառը որոտաց նրա ձայնից և կրկնվող արձագանքից: Հեռվից լսվեց նմանատիպ «Հու՜մ, Հու՜մ», բայց դա արդեն պատասխան էր, ոչ թե արձագանք:

Էնտը նորից բարձրացրեց հոբիթներին և շարունակեց քայլել, բայց անընդհատ կանգնում էր, նորից փչում «եղջերափողից», և ամեն նոր կանչից հետո պատասխանը լսվում էր ավելի մոտիկից: Վերջապես առջևում հոբիթներին անծանոթ մշտադալար ծառերի պատ երևաց: Ճյուղերը սկսվում էին հենց արմատներից և ծածկված էին խիտ, մուգ, փշարմավի պես փայլուն տերևներով, բայց առանց փշերի: Ձիթապտղի երանգով, խոշոր, փայլուն կոկոններով ծաղկաբույլերը զարդարում էին ճյուղերը:

Ծառմորուսը թեքվեց ձախ, և շուտով վիթխարի կենդանի ցանկապատը փակեց ճանապարհը, և միայն մի տրորված կածան էր տանում զառիվայր լանջով ներքև՝ դեպի լայնարձակ շրջանաձև խորունկ հովիտը, շրջապատված դարավոր վթխարի ծառերով, որի լանջերն ու հատակը ծածկված էին կանաչ խոտով: Կենդանի ցանկապատից այն կողմ ծառեր չէին աճում, բացի հովտի հատակին կանգնած երեք բարձրահասակ, գեղեցիկ և արծաթափայլ կեչիներից: Արևելքից ու արևմուտքից ևս երկու կածան էին իջնում հովիտ:

Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել, մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին, ինպես հոբիթը հոբիթին, բայց դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց, միևնույնն է զգացվում էր, որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Մյուսները բարձրահասակ, հզոր, գեղեցիկ, հարթ կեղևով էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, սակայն ոչ պատանիներ, ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն մոտ քսան Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել և նույնքան էլ իջնում էին կածաններով:

Սկզբում հոբիթները շշմած էին էնտերի բազմազանությունից: Նրանցից ամեն մեկի կեղևն իր անհատական գույնը ուներ, ձեռքերի ու ոտքերի երկարությունը տարբեր էր, տարբերվում էին հասակով և նույնիսկ ձեռքերի մատների քանակով(երեքից մինչև իննը): Միայն երկուսն էին, որ ինչ-որ չափով նման էին Ծառմորուսին, և ըստ երևույթին պատկանում էին կամ կաղնու ծառատեսակի, կամ հաճարենու: Մյուսները հիշեցնում էին այլ ծառերի: Ոմանք նման էին շագանակենու(մուգ կեղևով և կարճ, հզոր ոտքերով), մյուսները հացենու(բարձրահասակ, մոխրագույն, երկար ոտքերով), երրորդները եղևնու(սրանք ամենաբարձրահասակն էին), իսկ կեչիների, արոսենիների և լորենիների մասին էլ չխոսենք: Բայց երբ էնտերը շրջապատելով Ծառմորուսին, գլուխները կախած սկսեցին ուշադիր զննել օտար հյուրերին ու ցածր, մեղեդային ձայնով դնդնալ, անմիջապես զգացվեց, որ նրանք նման են իրար և բոլորը միևնույն աչքերն ունեն: Ճիշտ է ոչ այնքան խորունկ, որքան Ծառմորուսինը, բայց հավասարապես խոհուն, անշտապողական, հանգիստ, և իհարկե խորքում առկայծող կանաչ կրակով:

Վերջապես բոլորը տեղում էին: Էնտերը լայն շրջանակով հավաքվեցին Ծառմորուսի շուրջը և սկսեցին իրենց տարօրինակ ու անհասկանալի զրույցը: Մեկը սկսում էր դնդնալ, երկրորդը շարունակում էր, մյուսները հավանություն տալով գլխով էին անում, և շուտով մի ամբողջ երգչախմբի որոտ տարածվեց հովտում: Ձայները մեկ աստիճանաբար բարձրանում էին, մեկ իջնում, միևնույն միապաղաղ ռիթմով: Չնայած Փինը ոչ մի բառ չէր հասկանում (էնտերը ամենայն հավանականությամբ իրենց լեզվով էին խոսում), բայց սկզբում նրան դուր էր գալիս այդ հանդիսավոր երգ-զրույցը: Սակայն որոշ ժամանակ անց այդ ամենը նրան ձանձրացրեց, և նա սկսեց լրջորեն անհանգստանալ, որ էնտերը դեռ նույնիսկ չեն հասցրել բարի լույս մաղթել միմյանց: Չէ՞ որ նրանք չեն սիրում շտապել: Ժամանակն անցնում էր, բայց երգը չէր ավարտվում... Իսկ ի՞նչ կլինի, եթե Ծառմորուսը որոշի հաշվառում անցկացնել, հետաքրքիր է քանի՞ օր դրա համար կպահանջվի:

«Կուզենայի իմանալ, էնտերեն ինչպե՞ս կլինի այո և ոչ »,— մտածեց նա և լայն հորանջեց:

Դա Ծառմորուսի աչքից չվրիպեց:

— Հըմ, հո, հեյ, Փին,— ասաց նա: Էնտերը լռեցին: — Ես բացարձակապես մոռացել էի, որ դուք շտապ ժողովուրդ եք: Չնայած ու՞մ չի ձանձրացնի անհասկանալի լեզվով զրույցը: Գնացեք զբոսնեք: Ես ձեզ ներկայացրեցի, էնտերը ձեզ ուշադիր զննեցին, համաձայնեցին, որ դուք օրքեր չեք, և որոշեցին ցուցակում մի տող էլ ավելացնել: Առայժմ այդքանն ենք որոշել, բայց ասեմ ձեզ, որ շատ արագ ենք որոշել: Եթե ուզում եք, կարող եք զբոսնել հովտում: Ա՜յ այն լանջին աղբյուր կա, ջուրը շատ լավն է ու մաքուր, կարող եք խմել ու թարմանալ: Իսկ մենք դեռ պետք է մինչև բուն թեմային անցնելը էլի որոշ բաների մասին խոսենք: Ես ժամանակ առ ժամանակ ձեզ կհանդիպեմ և կասեմ, թե ինչպես են գործերը ընթանում:

Նա հոբիթներին իջեցրեց գետնին: Մինչև հեռանալը Մերին ու Փինը խոնարհվեցին և էնտերին խորը գլուխ տվեցին: Դա էնտերին բավականին զվարճացրեց, դատելով նրանց գոհունակություն արտահայտող գվվոցից և աչքերում կայծկլտացող կանաչ կրակից: Բայց շուտով նրանք նորից շրջվեցին և շարունակեցին իրենց անվերջանալի երգը, իսկ հոբիթները թողնելով նրանց, սկսեցին արևմտյան կածանով բարձրանալ վեր: Հասնելով կենդանի ցանկապատին, նրանք անցան նեղ կածանով և հայտվեցին ցանկապատի մյուս կողմում: Առջևում երևում էր ծառերով ծածկված լանջը, իսկ հեռվում, անտառածածկ բլուրներից այն կողմ, փայլում էր ձյունաճերմակ լեռան գագաթը: Ձախ կողմում հոբիթների աչքերի առաջ բացվում էր դեպի մոխրագույն հեռուն գնացող անտառը: Հեռու՜ հորիզոնում մի կանաչ շերտ էր երևում, և Մերին հասկացավ, որ դա Ռոհանյան Հարթավայրի սկիզբն է:

— Տեսնես ո՞ր կողմում է Իզենգարդը,— հետաքրքրվեց Փինը:

— Եթե իմանայի որտեղ ենք, գուցե և ասեի,— արձագանքեց Մերին: — Այս լեռը, պետք է մտածել, Մեթեդրեսն է: Իսկ Իզենգարդը, եթե ճիշտ եմ հիշում, փռված է լեռան հովանու ներքո գտնվող խորը կիրճում: Մեթեդրեսի լանջերը դեպի ստորոտ են իջնում պատառաքաղի ատամների պես: հենց այդ ատամներից մեկի արանքում էլ թաքնված է Իզենգարդը: Տեսնու՞մ ես, այնտեղ ինչ-որ մշուշ է երևում: Գուցե դա ոչ թե մշուշ է, այլ ծո՞ւխ:

— Իսկ ի՞նչ տեսք ունի այդ Իզենգարդը,— հարցրեց Փինը: — Էնտերը կարո՞ղ են մոտենալ նրան, թե՞ նույնիսկ փորձելն իմաստ չունի:

— Չգիտեմ,— ասաց Մերին: — Իզենգարդը այսպես ասած օղակ է՝ շրջապատված բլուրներով կամ ժայռերով, իսկ օղակի մեջտեղում կանգնած է գրանիտե բարձր աշտարակը, որը կոչվում է Օրթհանք: Այնտեղ էլ ապրում է Սարումանը: Իզենգարդ կարելի է մտնել միայն դարպասներով, չնայած ես չգիտեմ մի դարպաս կա այնտեղ, թե՞ մի քանի: Դարպասից գետ է հոսում դեպի դուրս. այն սկսվում է ինչ-որ տեղ լեռներում և գալարվում դեպի Ռոհանյան Լեռնանցքը: Ինձ թվում է այդ անառիկ ամրոցը էնտերի ատամների բանը չէ... Բայց, ասեմ քեզ, որ էնտերը այդքան էլ հասարակ չեն, ինչքան թվում են: Տեսքից կարծես թե անվնաս են, նույնիսկ մի քիչ ծիծաղելի են, բայց դա միայն տեսքի՛ց: Նրանք իհարկե տարօրինակ արարածներ են, հանգիստ, համբերատար, շատ դառնություններ են տեսել, դրա համար էլ զարմանալի չէ, որ մի տեսակ տխուր են: Բայց կարծում եմ նրանց հնարավոր է զայրացնել, և եթե դա հանկարծ կատարվի, ես չէի ուզենա հայտնվել նրանց ճանապարհին:

— Թերևս ես հասկանում եմ ինչ նկատի ունես,— գլխով արեց Փինը: — Մի բան է ծեր, խելոք ցուլը, որը խոտին հանգիստ նստած որոճում է, և մեկ այլ բան է, երբ նրան համբերությունից հանեն՝ ոտքերդ փոխ առ ու ծլկիր: Ընդ որում, փոփախությունը կարող է կատարվել մի ակնթարթում: Հետաքրքիր է, կհաջողվի՞ արդյոք Ծառմորուսին նրանց տեղից շարժել: Նա հաստատ կփորձի, բայց վախենում եմ դա այդքան էլ հեշտ չէ, այո՛, շա՛տ դժվար է: Վերցրու թեկուզ հենց Ծառմորուսին, տեսա՞ր ինչպես բորբոքվեց երեկ գիշեր: Բայց նույնքան արագ էլ հանգստացավ...

Հոբիթները մի քիչ էլ կանգնեցին ու հետ դարձան: Էնտերի միալար գվվոցը շարունակվում էր առաջվա պես մեկ իջնել, մեկ բարձրանալ: Երևում էր, որ խորհուրդը դեռ երկար է տևելու: Արևն արդեն բավականաչափ վեր էր բարձրացել: Ճառագայթները թափանցում էին հովիտ, ոսկեզօծելով հանդիպակած լանջը և երեք կեչիների կատարները: Այդ լանջին հոբիթները նկատեցին խոտերի մեջ արծաթին տվող աղբյուրը և, առանց ցած իջնելու հովիտը շրջանցելով, շտապեցին այնտեղ: Ա՜խ ինչ հաճելի էր անշտապ քայլել փափուկ, սառը խոտի վրայով: Շուտով նրանք հասան գետնի տակից բխող աղբյուրին և, խմելով նրա մաքուր, սառնորակ ջրից, նստեցին մամռոտ քարին, նայելով հովտի հատակին խաղացող արևի շերտերին ու ամպերի ստվերներին: Ձայների գվվոցը դեռ կախված էր Կախարդական հովտի գլխին: Հոբիթներին թվում էր, թե իրենք ընկել են ինչ-որ ուրիշ աշխարհ, անսահման օտար այն ամենից, ինչը նրանք տեսել էին մինչև հիմա, և ինչին սովոր էին: Լաց լինելու աստիճան ցանկություն առաջացավ տեսնել ընկերների հարազատ դեմքերը և լսել նրանց ձայները: Հետաքրքիր է, ինչպե՞ս են Ֆրոդոն, Սեմը և Պանդուխտը:

Վերջապես Էնտերի ձայները լռեցին, և քիչ անց հայտնվեց Ծառմորուսը, մեկ այլ էնտի ուղեկցությամբ:

— Հըմ հում, ահա և ես,— ասաց նա: — Երևի հոգնել եք հա՞, անհամբեր եք: Վախենում եմ, որ մի քիչ էլ պետք է համբերեք, ավելի ճիշտ ևս մի այսքան, կամ նույնիսկ ավելի շատ: Կան էնտեր, որոնք Իզենգարդից շատ հեռու են ապրում: Պետք է նրանց հետ ևս քննարկել գործը և, առհասարակ, ես առավոտյան ոչ բոլորին եմ հասցրել տեսնել ու զգուշացնել: Երբ բոլորը տեղյակ կլինեն, այդ ժամանակ էլ վերջնական որոշում կկայացնենք: Թեպետ, ժամանակը ավելի շատ պետք է խոսելու, բացատրելու համար՝ որոշում մենք արագ ենք կայացնում: Այնպես որ պատրաստ եղեք, այսօր էնտմութը չի վերջանալու: Ըստ երևույթին մենք դեռ մի երկու օր էլ կզրուցենք: Որպեսզի չձանձրանաք, ես ձեզ համար ընկեր եմ բերել: Նա մոտակայքում է ապրում: Նրա էլֆերեն անունը Բրեգալադ է: Նա ասում է, որ արդեն որոշում է կայացրել և քննարկելու էլ ոչինչ չունի: Հըմ, հմ: Նա երևի ամենաշտապողական էնտն է անտառում: Համոզված եմ, որ կընկերանաք նրա հետ: դե՛հ, ցտեսություն: — Եվ Ծառմորուսը հեռացավ:

Բրեգալադը հանդիսավոր և լրջորեն զննում էր հոբիթներին, որոնք էլ իրենց հերթին նայում էին էնտին, մտածելով, թե երբ նա կարտահայտի իր «շտապողականությունը»: Հոբիթների նոր ընկերը բարձրահասակ էր և, ըստ երևույթին, ավելի երիտասարդ սերնդի էնտերից էր: Նրա ձեռքերի կեղևը հարթ էր ու փայլուն, շրթունքները ալ կարմիր էին, մազերը մոխրա-կանաչ: Նա կարողանում էր առանց դժվարության ճկվել յուրաքանչյուր ուղղությամբ՝ ինչպես բարակ ծառն է քամուց ճկվում: Վերջապես էնտը խոսեց: Նրա ձայնը զրնգուն էր՝ ինչպես Ծառմորուսինը, միայն թե ավելի բարակ ու ավելի բարձր:

— Հա, հըմ, բարեկամներս, եկեք գնանք զբոսնենք,— առաջարկեց նա: — Ես Բրեգալադն եմ, կամ ձեր լեզվով՝ Արագամիտը: Դա իհարկե մականուն է, ոչ թե անուն: Ինձ այդպես են անվանում այն օրվանից, երբ պատասխանեցի «այո՛» մեր ծերերից մեկին, չհասցնելով մինչև վերջ լսել նրա հարցը: Բայց ես նաև մնացածներից արագ եմ խմում: Պատահում է, որ մինչ նրանք կհասցնեն թրջել մորուքները, ես արդեն շրթունքներս եմ մաքրում: Մի խոսքով, եկե՛ք ինձ հետ:

Նա կռացավ և երկարամատ ձեռքերը մեկնեց հոբիթներին: Ամբողջ օրը նրանք զբոսնում էին անտառում, երգեր երգում ու ծիծաղում: Արագամիտը ուրախ էր և հաճախ էր ծիծաղում: Արևը դուրս էր նայում ամպերի հետևից՝ նա ուրախ ծիծաղում էր, ճանապարհին աղբյուր էր հանդիպում՝ նա ծիծաղում էր և ջուր ցայում գլխին ու ոտքերին: Նա ծիծաղում էր՝ լսելով թավուտից եկող, հոբիթներին անհասկանալի, շշուկը, ծիծաղում էր, երբ շրշում էին տերևները: Իսկ արոսենի տեսնելով կանգնում էր, ձեռքը մեկնում դեպի ծառը և, ասես քամուց օրօրվելով, սկսում էր երկար ու ձիգ երգել:

Մթնշաղին նա հոբիթներին իր տուն տարավ, եթե իհարկե կարելի է տուն անվանել լանջի հովանու ներքո, խիտ կանաչի մեջ ընկած մամռոտ քարը: Նրա տան շուրջը արոսենիներ էին աճում, իսկ քիչ այն կողմ՝ լանջի վրա, խոխոջում էր աղբյուրը (էլ ի՞նչ էնտի տուն առանց ջրի): Բրեգալադն ու հոբիթները զրուցում էին՝ մինչև որ անտառի վրա իջավ գիշերը: Կախարդված հովտից լսվում էր էնտերի գվվոցը, միայն թե հիմա այն ասես ավելի հզոր էր ու վճռական: Երբեմն ինչ-որ մի ձայն առանձնանում էր ընդհանուր գվվոցից և հնչում ավելի բարձր ու անհանգիստ տոնով, իսկ միալար աղմուկը թուլանում էր: Բայց Բրեգալադը ուշադրություն չէր դարձնում և ցածրաձայն զրուցում էր հոբիթների հետ համընդհանուր լեզվով: Հոբիթներն իմացան, որ նա Կաշվակեղևի տոհմից է: Այն վայրը, որտեղ նա ապրում էր իր հարազատների հետ, ավերել էին օրքերը: Միայն հիմա նրանք հասկացան, թե ինչու էր Բրեգալադը «շտապում», երբ հարցը վերաբերվում էր օրքերին:

— Իմ հայրենիքում այնքան շատ արոսենիներ կային,— տխուր շշնջում էր Բրեգալադը: — Նրանք աճում էին ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն և անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին (արոսենու պտուղը Անգլիայում ուտելու չի համարվում) և առարկել, ասելով, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթները ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ-որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գալիս այդտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...


Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե,

Օ արոսենի, մազերդ ճերմակ ծաղիկներով զարդարված,

Օ իմ արոսենի, հիշում եմ կանգնած էիր ամռան պես պայծառ:

Կեղևդ փայլուն էր, տերևդ թեթև, ձայնդ մեղեդային ու փափուկ,

Կանաչ ու կարմիր պսակը գլխիդ, դու շրշում էիր կամացուկ:

Օ արոսենի մեռած, չորացել են քո մազերը և դարձել են մոխրագույն,

Պսակդ ընկել է, և հավիտյան լռել ձայնդ սիրասուն:

Օ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե...


Եվ հոբիիթները քնեցին Բրեգալադի մեղեդային երգի տակ, որը բոլոր լեզուներով ողբում էր իր արոսենիների մահը:

Հաջորդ օրն առավոտյան նրանք նորից գնացին զբոսնելու և ամբողջ օրն անցկացրին միասին, բայց Բրեգալադի «տանից» հեռու չգնացին: Օրվա մեծ մասը լուռ նստած էին Լանջի հովանու ներքո: Օրը ցրտել էր, սառը քամի էր փչում, ամպերը ծածկել էին երկինքը, և արևը հազվադեպ էր երևում: Էնտմութը դեռ շարունակվում էր, և առաջվա պես լսվում էր էնտերի միալար գվվոցը, մեկ աստիճանաբար բարձրանալով ու հզորանալով, մեկ էլ իջնելով ու խլանալով:

Եկավ երկրորդ գիշերը, իսկ էնտերը երգում ու երգում էին սրընթաց սլացող խիտ ամպերի ներքո, որոնց միջև տարածված երկնքի փոքրիկ պատառիկներում առկայծում էին աստղերը:

Եվ ահա սկսվեց երրորդ առավոտը, գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ աղմուկի և նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին հանգստացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեև ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:

Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին և երկիրը լուսավորվեց արևի ճառագայթներով: Հանկարծակի հոբիթները նկատեցին, որ անսովոր լռություն է տիրում: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Էնտերի գվվոցը կտրվել էր: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Կախարդված հովտի կողմը: Եվ հանկարծակի անտառը թնդաց բարձր և հզոր կանչից. «Ռա՛-հու՛մ-ռա՛»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վայրկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն և նրան հաջորդեց հզոր քայլերգը.


Քայլում ենք թմբուկի հարվածների տա՛կ

Տարամ-դարամ դարան-դա-տա՛մ:


Էնտերի մոտենալուն զուգընթաց երգի ձայնը բարձրանում էր:


Գնում ենք մենք, որ կռիվ տանք

Տարամ-դարամ-դարամ:


Բրեգալադը գրկեց հոբիթներին և շտապեց քայլերթին ընդառաջ: Վերջապես հոբիթները տեսան քայլերթի մասնակիցներին. էնտերը շարք կազմած վիթխարի քայլերով իջնում էին դեպի իրենց: Նրանց առաջնորդում էր Ծառմորուսը, իսկ նրա հետևից գալիս էին ավելի քան հիսուն էնտ: Քայլում էին երկու շարքով, և ռիթմի տակ հավասար դոփելով ծափ էին զարկում: Նրանց աչքերը փայլում էին:

— Հում, հու՛մ, ահա և մե՛նք, գնու՛մ ենք, գնու՛մ վերջապես,— Բրեգալադին ու հոբիթներին տեսնելով գոչեց Ծառմորուսը: — Դե՛հ, եկեք, միացե՛ք մեզ: Մենք գնում ենք Իզենգա՛րդ:

— Դեպի Իզենգա՛րդ,— միաձայն գոչեցին քայերթի մասնակիցները: — Դեպի Իզենգա՛րդ:


Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,

Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ,

Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ,

Կվերցնենք Իզենգարդը գրոհո՛վ:

Հարազատ ճյուղեր են հիմա ճարճատում,

Իզենգարդի վառարաններում,

Եվ մենք գնում ենք քայլերթով, արագ,

Դարձնելու մահվան երկիրն ավերակ:

Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,

Ճակատագրին ընդառա՛ջ:


Այդպես էին երգում էնտերը, քայլելով դեպի հարավ:

Բրեգալադը փայլատակող աչքերով միացավ քայլերթին և իր տեղը գրավեց Ծառմորուսի կողքին: Ծեր էնտը վերցրեց հոբիթներին, տեղավորեց իր ուսերին, և նրանք հանդիսավոր շարժվեցին առաջ: Հոբիթների սրտիկները թփրտում էր, բայց գլուխները բարձր էին պահում: Նրանք գիտեին, որ վաղ թե ուշ մի բան լինելու է, բայց այսպիսի հանկարծակի փոփոխության չէին սպասում և մինչև հոգու խորքը ցնցված էին: Այդպես է լինում, երբ քանդվում է գետի վրայի ամբարտակը, և ազատված ջուրը գահավիժելով ցած՝ սրբում տանում է իր ճանապարհին հանիպած ամեն ինչ...

— Բայց էնտերը բավականին արագ որոշում ընդունեցին, չէ՞,— համարձակություն հավաքելով հարցրեց Փինը, երբ երգն ավարտվեց, ու միայն ոտքերի դոփյունի ձայնն էր լսվում:

— Ասում ես արա՞գ,— արձագանքեց Ծառմորուսը: — Հում, թերևս դու ճիշտ ես, այո՛, ավելի արագ քան ես սպասում էի: Արդեն շատ դարեր ես չեի տեսել նրանց այսպես զայրացած: Մենք՝ էնտերս չենք սիրում զայրանալ ու շատ հազվադեպ ենք զայրանում և միայն այն դեպքում, երբ զգում ենք, որ մեր ծառերին ու մեզ մեծ վտանգ է սպառնում: Բայց վաղուց արդեն մեզ ոչինչ ու ոչ ոք չի սպառնացել, համենայն դեպս Սաուրոնի և Արևմուտքի մարդկանց պատերազմի ժամանակներից ի վեր: Եվ ահա հայտնվել են օրքերը, աջ ու ձախ ծառեր են տապալում. ռառու՛մ, և վառելիք պատրաստում: Լավ, ասենք վառելիք են պատրաստում, չնայած դա էլ է հանցագործություն, բայց ամեն ինչ չափ ունի... Ահա թե ինչն է մեզ այդպես զայրացրել: Եվ բացի այդ Սարումանը մեր հարևանն է, հարևանը պիտի օգնի քեզ, բայց ահա խնդրեմ՝ նրանց համախոհն է: Հրաշագործներից մենք այլ բան ենք սպասում, նրանք կոչված են պահապանել, այլ ոչ թե քանդել: Այդպիսի դավաճանության համար ոչ էլֆերը, ոչ մարդիկ, և ոչ էլ էնտերը համապատասխան անեծք չունեն: Մա՛հ Սարումանին:

— Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասը,— կասկածանքով հարցրեց Մերին:

— Հում... Իսկ ինչու՞ ոչ: Դու երևի չգիտես, թե ինչքան ենք մենք ուժեղ: Լսե՞լ ես թրոլների մասին: Թրոլները շատ ուժեղ են: Նրանց թշնամին է ստեղծել Մեծ Խավարի տարիներին, մեր պատկերով ու նմանությամբ, ի ծաղր մեզ, ինչպես օրքերին ի ծաղր էլֆերի: Բայց մենք թրոլներից ուժեղ ենք: Մենք պատրաստված ենք Միջերկրի ոսկորներից: Մենք կարող ենք ջարդել քարերը ծառերի արմատների պես, բայց արագ, շատ ավելի արագ, հատկապես եթե մեզ ինչպես հարկն է զայրացնեն: Եթե մեզ կացիններով չտապալեն, չվառեն, կամ ինչ-որ կախարդանքով հախներիցս չգան, որը շատ դժվար է, բայց անհնարին չէ, մենք ջարդուփշուր կանենք Իզենգարդը՝ վերածելով մանր բեկորների:

— Բայց Սարումանը կփորձի դա կանխել, այդպես չէ՞:

— Հըմ: Դե, հա, իհարկե: Ես այդ մասին բավականին երկար մտածել եմ: Բայց գիտեք ինչ. էնտերից շատերը ինձանից ջահել են շատ ծառային սերունդներ: Նրանք բոլորը հիմա տաքացած են և միայն մի բան են ուզում՝ քարուքանդ անել Իզենգարդը: Հետո իհարկե կհանդարտվեն, կսկսեն ավելի սառը դատել, բայց դա կլինի ոչ շուտ, քան կգա իրիկնային ըմպելիքի ժամանակը: Շա՛տ ըմպելիք կպահանջվի նրանց ծարավը հագեցնելու համար: Բայց հիմա դրա ժամանակը չէ, թող քայլեն առաջ ու երգեն: Ճանապարհը երկար է, խորհելու համար դեռ բավականին ժամանակ կա:

Եվ Ծառմորուսը միացավ երգողներին: Բայց շուտով նրա երգելը վերածվեց մրթմրթոցի, հետո ընդհանրապես լռեց: Փինը նկատեց, որ ծեր էնտի ճակատը կնճռոտվել է: Քիչ անց, երբ նա բարձրացրեց աչքերը, հոբիթն այնտեղ տխրություն տեսավ: Սակայն այդ տխրության մեջ վիշտ չկար, կանաչ կրակը ավելի էր բոցավառվել, բայց կրակի լույսը ասես հեռվից գալուց լիներ, նրա մտքերի մթին խորքերից:

— Իհարկե ամեն ինչ կարող է պատահել բարեկամներ,— դանդաղ ասաց ծեր էնտը: — Հնարավոր է մենք գնում ենք ճակատագրին ընդառաջ, և այս արշավը վերջինն է մեր կյանքում: Բայց եթե մենք մնայինք տանը և անգործության մատնվեինք, վաղ թե ուշ ճակատագիրը մեր դուռն էլ կթակեր: Վրեժ լուծելու ցանկությունը վաղուց է հասունացել մեր սրտերում, այդ պատճառով էլ մենք գնում են Իզենգարդ առանց հապաղելու: Ոչ, մենք չենք շտապել, որոշումը կայացված է ճիշտ ժամանակին: Եթե սա էնտերի վերջին արշավն է, թող որ այն արժանի լինի երգի: Այո,— հոգոց հանեց նա: — Գուցե և կզոհվենք, բայց գոնե մյուսներին կօգնենք: Ես իհարկե կնախընտրեի սպասել գուշակված օրվան, երբ կգտնվեին մեր կանայք: Շատ կուզենայի ևս մեկ անգամ հանդիպել Ֆիմբրեթիլին: Սակայն չմոռանանք, որ երգերի, ինչպես և ծառերի պտուղները հասունանում են սահմանված ժամանակին, բայց պատահում է նաև այնպես, որ չորանում են ու անվերադարձ ոչնչանում...

Էնտերը շարունակում էին առաջ ընթանալ: Անցնելով ստորոտի երկայնքով ձգվող նեղ, երկար կիրճի միջով, նրանք սկսեցին բարձրանալ Մշուշապատի լեռնագագաթներից մեկի արևմտյան զառիվայր լանջն ի վեր: Անտառը մնաց ետևում, կեչիների պուրակներ սկսվեցին: Քիչ անց դրանք էլ մնացին հետևում և ձգվեցին դատարկ լանջերը. միայն տեղ-տեղ առանձին աճած սոճիներ էին հանդիպում: Արևը դանդաղ մտավ մթագնած լեռան հետևը: Երեկո էր սկսվում:

Փինը հետ նայեց: Ի՞նչ է կատարվում: Կամ նոր էնտեր էին ավելացել, կամ... Ձանձրալի, դատարկ լանջը ծածկվել էր ծառերով: Բայց ամենազարմանալին այն էր, որ այդ ծառերը շարժվում էին: Մի՞թե Ֆենգորնն արթնացել է հավերժական քնից և ծառերի զորք է ուղարկում պատերազմ: Փինը տրորեց աչքերը, մտածելով, որ դա տեսողական պատրանք է, բայց բարձր ծառերի մոխրագույն ուրվագծերը շարունակում էին շարժվել: Նրանք գալիս էին էնտերի հետևից: Տարօրինակ աղմուկ էր հասնում Փինի ականջներին, նման քամուց սոսափող սաղարթների ձայնի:

Լեռան գագաթը մոտենում էր, բոլոր երգերը լռել էին: Սկսվել էր գիշերը, և լեռներում լռություն էր տիրում. միայն հողն էր ցնցվում էնտերի ոտքերի տակ, և ինչ-որ շրշյուն էր լսվում հետևից, նման բազմաթիվ շշնջացող ձայների: Լեռան գագաթին անտառային զորքը կանգ առավ: Ներքևում սև անդունդ էր, որի հատակին ինչ-որ տեղ փռված էր Սարումանի հովիտը՝ Նան Կուրունիրը:

— Գիշե՛ր է տիրում Իզենգարդում,— գոչեց Ծառմորուսը:

Գլուխ հինգերորդ. Սպիտակ ձիավորը

— Մինչև ոսկորներս սառել եմ,— ատամները չխկչխկացնելով բողոքեց Ջիմլին և սկսեց ոտքերով դոփել գետնին ու ծափ զարկել որ տաքանա: Գիշերը վերջանում էր:

Լուսադեմին բարեկամները նախաճաշ պատրաստեցին և որոշեցին ևս մեկ անգամ զննել մարտադաշտը` հուսալով գտնել հոբիթների հետքը:

— Չմոռանաք երեկվա ծերունու մասին,— հիշեցրեց Ջիմլին,— ես շատ ավելի հանգիստ կլինեմ, եթե նրա հետքերը գտնվեն:

— Եվ ի՞նչ կա այդտեղ հանգստացնող,— ուսերը թոթվեց Լեգոլասը:

— Դե, եթե քայլում է հողի վրայով ու սովորական հետքեր թողնում, նշանակում է նա ուղղակի մի հասարակ ծերունի է, ուրիշ ոչինչ,— բացատրեց թզուկը:

— Գուցե և դու ճիշտ ես, համաձայնեց էլֆը,— բայց այստեղ նույնիսկ ծանր սապոգները հետք չեն թողնի: Խոտն այստեղ չափազանց բարձր է ու ճկուն:

— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Ջիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չգտնի, նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե նա հիմա է՞լ է մեզ հետևում անտառից:

— Բացառված չէ,— ասաց Արագորնը: — Թեպետ, դժվար թե: Ինձ ձիերն են մտահոգում: Ջիմլի, դու ասացիր, որ նրանց ինչ-որ մեկը վախեցրեց, և նրանք փախան: Բայց իմ կարծիքով դա այդպես չէ: Լեգոլաս, իսկ դու լսեցի՞ր նրանց խրխնջոցը, քո կարծիքով նրանք վախեցա՞ծ էին:

— Ամենևին: Ես շատ լավ էի նրանց լսում: Եթե մթությունը և մեր սեփական վախը չլիներ, կմտածեի, որ ձիերը ուրախությունից են վրնջում, ասես հանդիպած լինեին իրենց հին ընկերոջը:

— Ինձ էլ այդպես թվաց,— ասաց Արագորնը: — Բայց ես չեմ կարող լուծել այդ հանելուկը, մինչև ձիերը չգտնվեն: Լա՛վ, շուտով արևը կծագի, հանելուկները հետո կլուծենք: Սկսենք հենց մեր ճամբարից, հարկավոր է որքան հնարավոր է ուշադիր հետազոտել տարածքը: Մեր խնդիրը հոբիթների հետքը գտնելն է, գիշերային հյուրի մասին հետո կմտածենք: Եթե նրանց ինչ-որ կերպ հաջողվել է փախչել, ապա նրանք կարող էին թաքնվել միայն անտառում, այլապես նրանց անմիջապես կտեսնեին: Եթե այստեղից մինչև անտառեզր ոչինչ չգտնենք, կվերադառնանք ու կրկին կհետազոտենք մարտադաշտը, իսկ հետո մոխրակույտը: Չնայած դժվար թե մոխիրների մեջ ինչ-որ բան գտնենք, ռոհանցիները չափազանց լավ գիտեն իրենց գործը:

Բարեկամները սկսեցին չորեքթաթ հետազոտել հողը, շոշափոլով յուրաքանչյուր ցողուն: Ծառը, որի անշունչ տերևները թեթև սոսափում էին արևելյան սառը քամուց, լուռ թախիծով հետևում էր նրանց: Արագորնը դանդաղ հեռացավ մի կողմ: Հետևում թողնելով գետամերձ պահապան կրակից մնացած մոխրակույտը, նա շարժվեց դեպի բլուրը, որտեղ տեղի էր ունեցել մարտը: Հանկարծ նա կանգ առավ և այնքան ցածր կռացավ, որ քիթը քսվեց խոտերին: Հետո նա շրջվեց և ձայնեց ընկերներին: Լեգոլասն ու Ջիմլին շտապեցին Արագորնի մոտ:

— Վերջապե՛ս,— գոչեց հետքագետը, գետնից բարձրացնելով ճմրթված, կիսաչորացած, մեծ շագանակա-ոսգեգույն տերևը: — Սա լորիենյան մելլորնի տերև է, վրան փշրանքներ կան, տեսնու՞մ եք: Խոտերի մեջ էլ փշրանքներ կան: Իսկ սա ի՞նչ է: Տեսե՛ք, կտրված պարաններ:

— Եվ դանակ, որով կտրատել են պարանները,— Ավելացրեց Ջիմլին, դուրս քաշելով մինչև կոթը հողի մեջ խրված ատամնավոր դանակը: Գտնվեց նաև պատյանը:

— Օրքի դանակ է,— որոշեց նա՝ զզվանքով բռնելով կոթից, որն ուներ այլանդակ, ծուռ աչքերով, հեգնալից քմծիծաղը բերանին գլխի տեսք:

— Ախր սա հանելուկների հանելուկն է,— բացականչեց Լեգոլասը: — Եվ այսպես, ոտ ու ձեռը կապկպված գերին հանգիստ լքում է օրքերին, աննկատ անցնում բլուրը շրջապատած ռոհանցիների քթի տակով, նստում բաց դաշտում՝ բոլորի աչքի առաջ, և օրքի դանակով ազատվում կապանքներից: Ոչինչ չեմ հասկանում: Եթե նրա ոտքերը կապկպված էին, ինչպե՞ս է կարողացել փախչել: Իսկ եթե միայն ձեռքերը, այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել դանակով աշխատել: Իսկ եթե նա ընդհանրապես կապկպված չի եղել, այդ դեպքում այս պարաններն ինչի՞ համար են: Լավ, ենթադրենք նա այս ամենը արել է, բա հետո՞: Աղավնյակն իրենից գոհ նստում է խոտին և առանց շտապելու լեմբաս ծամում: Անմիջապես զգացվում է, որ հոբիթ է այս ամենի հեղինակը: Առանց լորիենյան տերևի էլ ամեն ինչ պարզ է: Դե, իսկ ուտելուց հետո, պետք է հասկանալ, թևեր է աճեցրել ու երգով թռել անտառ: Նրան գտնելը հեշտից էլ հեշտ է, միայն թռչել է պետք սովորել:

— Կախարդանք է,— եզրափակեց Ջիմլին: — Այն ծերունին հենց այնպես չէր այստեղ թափառում: Ի՞նչ կասես Արագո՛րն, գուցե ինչ-որ մի բան կավելացնե՞ս:

— Այո, կփորձեմ,— ժպտաց հետքագետը: — Բանն այն է, որ այստեղ այլ հետքեր էլ կան, թեև դուք դրանք չնկատեցիք: Համաձայն եմ, որ այստեղ հոբիթ է եղել, և որ նրա ձեռքերը, կամ ոտքերը ազատ են եղել: Ավելի շուտ ձեռքերը, դա հեշտացնում է խնդիրը: Բայց նա ոչ թե փախել է, այլ նրան այստեղ բերել են: Մի քիչ այն կողմ արյուն է թափված, օրքի արյուն: Եվ բացի այդ հեծյալները ինչ-որ ծանր բան են քարշ տվել խոտի վրայով: Ըստ երևույթին նրանք այստեղ ինչ-որ օրք են բռնացրել, սպանել և դիակը քարշ տվել խարույկի մոտ: Դե իսկ հոբիթին չեն նկատել մի հասարակ պատճառով. ամեն ինչ գիշերն է տեղի ունեցել, իսկ փախստականը զգեստավորված է էլֆական թիկնոցով: Բնականաբար խեղճը մահու չափ հոգնած ու քաղցած է եղել, և ոչ մի զարմանալի բան էլ չկա, որ նա սպանված թշնամու դանակով կապանքներից ազատվելով որոշել է մի քիչ հանգստանալ ու սնվել: Ուղեբեռ չի ունեցել, ըստ երևույթին Լեմբասը գրպանում է եղել: Հըմ, իսկական հոբիթային արարք... Ես ասում եմ «հոբիթ» և «նա», բայց շատ հնարավոր է, որ նրանք երկուսն էլ փրկվել են: Հուսով եմ, որ այդպես է, ապացույցներ դեռ չկան...

— Բայց ինչպե՞ս է նա կարողացել ձեռքերն ազատել,— տարակուսեց Ջիմլին:

— Ինչը չգիտեմ չեմ կարող ասել,— պատասխանեց Արագորնը: — Չգիտեմ նաև այն, թե ինչու է օրքը նրան քարշ տվել այստեղ, հաստատ ոչ փրկելու նպատակով: Այնուամենայնիվ ամեն ինչ քիչ-քիչ բացահայտվում է: Ես վաղուց եմ ինքս ինձ հարց տալիս, թե ինչու օրքերը Բորոմիրին սպանելուց հետո Մերիին ու Փինին ձեռք չտվեցին: Եվ հետո նրանք հանգիստ կարող էին հարձակվել մեր ճամբարի վրա, բայց նախնտրել են արագ հեռանալ: Գուցե նրանք որոշել են, որ գերեվարել են մատանու պահապանին և նրա ծառայի՞ն: Չնայած, դժվար... դժվար թե տերերը այդպիսի կարևոր գաղտնիքը վստահեին նրանց: Օրքերը հուսալի արարածներ չեն: Կարծում եմ նրանց ուղղակի հրամայված է եղել ամեն գնով գերեվարել հոբիթներին և հասցնել տեղ կենդանի վիճակում: Դե, իսկ օրքերից մեկը որոշել է մարտից առաջ ծլկել թանկարժեք ավարի հետ միասին: Դավաճանության հոտ է գալիս, բայց դա նրանց արյան մեջ է, զարմանալու ոչինչ չկա: Հավանաբար ինչ-որ մի հանդուգն օրք որոշել է միայնակ տիրել խոստացված պարգևներին, կամ գուցե այլ պլաններ է ունեցել... Ես այդպես եմ կարծում: Իհարկե կարելի է և այլ կերպ մեկնաբանել, բայց այնուամենայնիվ մի բան հաստատ գիտենք. մեր ընկերներից մեկին, կամ գուցե երկուսին, հաջողվել է փախչել: Մեր խնդիրն է գտնել նրանց և օգնել, ռոհանցիները կսպասեն: Մեր ընկերներից մեկը փախել է անտառ. պետք է մի կողմ դնել կասկածներն ու վախը և գտնել նրան:

— Նույնիսկ չգիտեմ էլ ինչն է ինձ ավելի շատ վախեցնում՝ Ֆե՞նգորնը, թե ոտքով Ռոհան գնալը,— փնթփնթաց Ջմիլին:

— Դե ուրեմն գնում ենք անտառ,— ասաց Արագորնը:

Շուտով նոր, հազիվ նշմարելի հետքեր հայտնաբերվեցին Էնտուոշի ափին և անտառեզրին՝ վիթխարի ծառի հովանու տակ: Բայց հողը չոր էր և մի քանի հազիվ նշմարելի բծերով ոչինչ եզրակացնել հնարավոր չէր:

— Այստեղ հոբիթներ են եղել, ծայրահեղ դեպքում մեկ հոբիթ. նա կանգ է առել, շրջվել, հետ նայել, ապա նորից շրջվել ու վազել անտառի խորքը,— ասաց Արագորնը:

— Նշանակում է ստիպված ենք մտնել Ֆենգորնի թավուտները,— ասաց Ջիմլին: — Միայն թե հեչ սրտովս չի այս անտառը: Մեզ զգուշացրել են այստեղ չմտնել: Լավ կլիներ հետքերը մեկ այլ տեղ տանեին:

— Ինքան էլ որ ինձ վախեցնեն այս անտառի մասին ասույթներով, ես չեմ կարծում, որ այն չարի կացարան է,— առարկեց Լեգոլասը:

Նա թեքվեց առաջ, լայն բացված աչքերով նայեց անտառի կիսախավարին և լարված ականջ դրեց:

— Ոչ, այս անտառը չար չէ,— վստահ ասաց նա: — Եթե նույնսկ չարը բնակվում է նրա մեջ, ապա այստեղից բավականին հեռու: Ականջիս հազիվ լսելի արձագանք է հասնում հեռավոր մթին թավուտներից, որտեղ չար սրտով ծառեր են բնակվում: Բայց այստեղ չարություն չի զգացվում, միայն զգուշություն և զայրույթ:

— Դե, նրանք իմ վրա զայրանալու պատճառ չունեն,— ուրախացավ Ջիմլին: — Ես քո անտառին դեռ ոչ մի վնաս չեմ պատճառել:

— Միայն ա՛յդ էր պակաս, որ վնաս պատճառեիր: Բայց իսկապես, այս անտառը ինչ-որ մեկից դաժանորեն վիրավորված է: Այնտեղ՝ խորքում, ինչ-որ բան է հասունանում և շատ շուտով ժայթքելու է: Զգու՞մ եք լարավածությունը: Նույնիսկ շնչելն է դժվար:

— Այո, իսկապես տոթ է,— համաձայնեց թզուկը: — Այստեղ ավելի լուսավոր է քան Չարքանտառում, բայց ինչ-որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը, և ծառերն էլ բորբոսնած են:

— Ֆենգորնը ծեր է, այո, շատ ծեր է,— հոգոց հանեց էլֆը: — Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ հաճույքով կզբոսնեի այստեղ:

— Չեմ կասկածում,— փնչացրեց Ջիմլին: — Ի վերջո դու անտառային էլֆ ես: Թեպետ բոլոր էլֆերն էլ տարօրինակ ժողովուրդ են: Բայց գիտե՞ս, դու ինձ մի քիչ սփոփեցիր: Եթե Լեգոլասը որոշել է գնալ, ես էլ կգնամ: Միայն թե դու աղեղդ պատրաստ պահիր, իսկ ես տապարս: Ես ծառերին չեմ դիպչի,— շտապ ավելացրեց նա՝ զգուշորեն նայելով ծառին, որի տակ նրանք կանգնած էին: — Բայց եթե երեկվա ծերունին կրկին մեզ հանդիպի, այս անգամ նա ինձ անակնկալի չի բերի: Առա՛ջ:

Եվ նրանք մտան անտառ: Արագորնը փնտրում էր հետքերը և ընտրում ճանապարհը: Հետքեր չկային, և հողը ծածկված էր անցյալ տարվանից մնացած չոր տերևների գորգով, բայց ներքին ձայնը հուշում էր նրան, որ հոբիթները գետից հեռու չեն գնա: Ի վերջո, կրկին անգամ վերադառնալով գետի մոտ, Արագորնը նոր հետքեր հայտնաբերեց: Դա այն նույն վայրն էր, որտեղ Մերին ու Փինը որոշեցին հանգստանալ և ոտքերով ջրին չլմփացնել: Կասկածները վերջնականապես ցրվեցին. հոբիթները երկուսով էին, ընդ որում մեկը ծանրաքաշ, մյուսն ավելի թեթև:

— Լավ նորություններ են,— ասաց Արագորնը,— բայց սրանք արդեն երկու օրվա հետքեր են: Դատելով հետքերից հոբիթները հեռացել են գետից և գնացել թավուտի խորքը:

— Եվ ի՞նչ ենք այդ դեպքում անելու,— մռայլվեց Ջիմլին,— հո ամբողջ անտառը ոտքի տակ չենք տա: Պարենը գրեթե վերջացել է: Եթե շատ երկար փնտրենք նրանց, ապա ոչնչով օգնել չենք կարող, բացառությամբ՝ գտնվելուց հետո կողքներին նստած միասին սովից մեռնելուց, դրանով էլ ապացուցելով մեր ընկերությունը...

— Եթե ուրիշ ոչինչ չկարողանանք անել, ինչ արած, այդպես էլ կլինի,— ասաց Արագորնը: — Գնացի՛նք:

Շուտով նրանք կանգնած էին Ծառմորուսի քարափի դիմաց և նայում էին անհարթ ու կոպիտ աստիճաններին: Վազող ամպերի միջից երևաց արեգակը, և մի պահ անտառը ճանապարհորդներին թվաց ոչ այնքան մոխրագույն ու մռայլ, որքան սկզբում:

— Եկեք բարձրանանք վերև ու շուրջը նայենք,— առաջարկեց Լեգոլասը: — Այստեղ շնչելու օդ չկա: Լավ կլիներ մի քիչ մաքուր օդ շնչեինք:

Ասվածն արված էր, շուտով էլֆն ու թզուկը արդեն վերևում էին: Արագորնը մնաց ներքևում: Նա աստիճաններն էր հետազոտում:

— Գրեթե համոզված եմ, որ մեր ընկերները եղել են այստեղ,— վերջապես ասաց նա: — Բայց այստեղ ուրիշ հետքեր էլ կան, շատ տարօրինակ, ինձ անծանոթ հետքեր: Գուցե վերևից ինչ-որ հուշող բան երևա և հասկանա՞նք, թե հոբիթները որ կողմ են գնացել:

Հասնելով ընկերներին նա ուղղվեց և նայեց շուրջը, բայց կարևոր ոչինչ չտեսավ: Քիվը ձգվում էր հարավից արևելք, բայց հարավում տեսարանը փակում էր ժայռը, իսկ արևելքում ինչքան աչքդ կտրեր միօրինակ ծառերի շարքեր էին իջնում դեպի հարթավայր:

— Մենք ճանապարհորդեցինք շատ երկար պտույտով,— ասաց Լեգոլասը: — Փոխարենը հիմա ամբողջ ջոկատով անվտանգ կանգնած կլինեինք այստեղ: Պետք էր միայն Մեծ Գետով ճանապարհորդության երկրորդ կամ երրորդ օրը թեքվել արևմուտք... Ճիշտ են ասում, որ երբեք չես իմանա ուր կտանի քեզ ճանապարհը:

— Բայց մենք չէինք ուզում Ֆենգորն գալ,— նկատեց Ջիմլին:

— Չէինք ուզում, բայց եկանք և... ծուղակն ընկանք: Նայի՛ր:

— Որտե՞ղ,— զարմացավ Ջիմլին:

— Ներքևում, ծառերի տա՛կ:

— Ոչինչ չե՛մ տեսնում: Ոչ բոլորի աչքերն են էլֆերի աչքերի պես սրատես:

— Սս՛ս, կամա՛ց, նայե՛ք: — Լեգոլասը ձեռքը պարզեց ներքև: — Այնտե՛ղ, ներքևում, որտեղից մենք եկել ենք: Այդ նա՛ է, մի՞թե դու նրան չես տեսնում: Ա՜յ այնտեղ, ծառերի տակ:

— Այ հիմա տեսնում եմ,— շշուկով արձագանքեց Ջիմլին: — Նայի՛ր, Արագո՛րն, ի՞նչ էի ես ասում: Երեկվա ծերունին է: Համա թե ցնցոտիներ են հագին, կեղտոտ, մոխրագույն...Միանգամից չես զանազանի:

Արագորնը ուշադիր նայեց ցույց տված ուղղությամբ: Իսկապես, ինչ-որ մեկը կորացած, դանդաղորեն մոտենում էր քարափին: Նա քայլում էր հոգնած, հենվելով ծուռումուռ փայտին, և բավականին նման էր ծեր չքավորի: Քայլում էր գլուխը կախ՝ առանց ժայռին նայելու: Եթե այդ չքավորը հանդիպեր մեկ այլ վայրում, նրանք առանց մտածելու բարյացակամորեն կողջունեին նրան, բայց հիմա երեքն էլ լուռ սպասում էին, իրենք էլ չիմանալով ինչի: Տարօրինակ զգացողություն էր համակել նրանց: Մոտեցող ծերունու մեջ իշխանություն և զորություն էր զգացվում, և ամենայն հավանականությամբ թշնամական զորություն: Ջիմլին լայն բացված աչքերով նայում էր նրան, և վերջապես համբերությունը կորցնելով պայթեց.

— Ու՞ր է աղեղդ, Լեգոլա՛ս, արագ լարիր այն և պատրա՛ստ եղիր, դա Սարումա՛նն է: Եթե նա խոսի մենք կորած ենք: Նա կկախարդի մեզ: Նետահարի՛ր նրան:

Լեգոլասը ուսից իջեցրեց աղեղը, դանդաղ ձգեց աղեղնալարը և նորից բաց թողեց: Թվում էր, թե ինչ-որ մի ուժ է նրան հետ պահում:

— Քեզ ի՞նչ եղավ: Ինչի՞ ես սպասում,— կատաղած շշնջաց Ջիմլին:

— Լեգոլասն իրավացի է,— հանգիստ ասաց Արագորնը: — Մենք կարող ենք վախենալ ու կասկածել, դա մեր իրավունքն է, բայց նետահարել անծանոթ ծերունուն, առանց նրա հետ խոսելու և առանց զգուշացնելու, մենք իրավունք չունենք: Սպասենք, տեսնենք ինչ է լինելու:

Այդ ընթացքում ծերունին արագացրեց քայլերը և զարամանալիորեն արագ հասնելով քարափի ստորոտին բարձրացրեց գլուխն ու նայեց վերև: Բարեկամները լուռ նայում էին նրան:

Ծերունին ձայն չէր հանում: Նրա դեմքը չէր երևում, աչքերը ծածկված էին գլխանոցով, իսկ գլխանոցի վրայից հագել էր սրածայր, լայնեզր գլխարկ, որը թանձր ստվեր էր գցում նրա դեմքին: Միայն քթի ծայրն էր երևում և ճերմակած մորուքը, բայց Արագորնին թվաց, թե նրա թաքնված հոնքերի տակից փայլեցին սուր և խորաթափանց աչքերը: Վեջապես ծերունին խախտեց լռությունը:

— Ահա և մենք հանդիպեցինք բարեկամներս,— մեղմ ձայնով խոսեց նա: — Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել, կիջնե՞ք, թե ինքս ձեզ մոտ բարձրանամ: — Եվ պատասխանի չսպասելով սկսեց արագ բարձրանալ աստճաններով:

— Արա՛գ, կանգնեցրու նրան Լեգոլա՛ս,— ճչաց Ջիմլին:

— Ես կարծեմ ասացի, որ ուզում եմ ձեզ հետ խոսել, ուրիշ ոչինչ,— առանց կանգ առնելու կրկնեց ծերունին: — Ապա մի ցած գցի՛ր աղեղդ, պարոն էլֆ:

Լեգոլասը ցած գցեց աղեղն ու նետերը, և ձեռքերը թուլացած կախվեցին:

— Իսկ դու, պարոն թզուկ, բարի եղիր ձեռքդ հեռու տար տապարից, այն դեռ քեզ պետք չի գա:

Ջիմլին ցնցվեց ու քարացավ, անքթիթ նայելով ծերունուն: Ծերունին թեթևորեն, քարայծի պես ցատկոտելով բարձրանում էր կոպիտ աստիճաններով: Եվ ու՞ր կորավ նրա հոգնածությունը: Երբ նա ոտք դրեց քիվին, մոխրագույն ցնցոտիների տակից ինչ-որ սպիտակ բան փայլփլաց, բայց ընկերները որոշեցին, որ դա իրենց թվաց: Ջիմլին տենդագին օդ կուլ տվեց, և դա լռության մեջ սուլոցի պես հնչեց:

— Կրկնում եմ, սա բավականին հաջող հանդիպում է,— մոտենալով նրանց ասաց ծերունին:

Նա կանգ առավ ընկերներից երկու քայլի վրա, հենվեց գավազանին, թեքվեց առաջ և գլխանոցի տակից սևեռուն նայեց նրանց:

— Եվ ի՞նչ եք անում այս կողմերում: Էլֆ, թզուկ և մարդ, երեքն էլ հագնված էլֆերի պես: Անտարակույս դուք շատ բան կարող էիք պատմել, այսպիսի ընկերակցության հաճախ չես հանդիպի:

— Երևում է բավականին ծանոթ ես այս անտառին,— ասաց Արագորնը,— ճի՞շտ եմ ասում:

— Դե, չէ, այդքան էլ լավ չէ,— պատասխանեց ծերունին: — Ֆենգորնը ճանաչելու համար մի քանի կյանք է պետք ապրել: Բայց ես երբեմն լինում եմ այստեղ:

— Կարելի՞ է իմանալ ինչպես է քո անունը, և ինչի՞ մասին ես ուզում մեզ հետ խոսել,— հարցրեց Արագորնը: — Առավոտն արդեն վերջանում է, իսկ մեր գործը չի կարող սպասել:

— Ես արդեն ասացի ինչ ուզում էի,— քմծիծաղեց ծերունին: — Մասնավորապես՝ ի՞նչ եք անում այստեղ և ի՞նչն է ձեզ այս կողմերը բերել: Ինչ մնում է իմ անունին... նա երկարատև և ցածրաձայն ծիծաղեց:

Արագորնի մարմնով սառը դող անցավ, բայց դա վախ չէր. այդպես է լինում, երբ հանկարծակի սառը քամի է փչում և դեմքիդ սառցե անձրևի կաթիլներ ցանում:

— Իմ անունը,— վերջացնելով ծիծաղել կրկնեց ծերունին,— մի՞թե դեռ մինչև հիմա չկռահեցիք, չէ՞ որ այն ձեզ ծանոթ է: Այո, այո, կարծում եմ ծանոթ է... լավ, ասացե՛ք, ի՞նչ եք անում այստեղ:

Երեքից ոչ մեկը ձայն չհանեց:

— Իմ փոխարեն մեկ ուրիշը ձեր լռությունը ձեր օգտին չէր գնահատի,— գլուխն օրօրեց ծերունին: — Բարեբախտաբար, ես արդեն որոշ բաներ գիտեմ ձեր մասին: Դուք գնում եք երկու երիտասարդ հոբիթների հետքերով, այդպես չէ՞: Պետք չէ այնպես ինձ վրա նայել, ասես առաջին անգամ եք այդ բառը լսում: Լսե՛լ եք, շա՛տ եք լսել, և ես էլ եմ լսել: Ուրեմն այսպես, նախանցյալ օրը նրանք բարձրացել են այստեղ և անսպասելի հանդիպում ունեցել: Դա ձեզ կհանգստացնի՞: Երևի ուզում եք իմանալ նաև, թե ու՞ր են նրանց տարել: Դե լավ, գուցե ես կարողանամ որոշ լուրեր հաղորդել ձեզ այդ մասին: Բայց ինչու՞ ենք մենք կանգնած: Ինչպես արդեն հասկացաք, առայժմ շտապելու տեղ չունեք, այնպես որ եկեք նստենք և հանգիստ զրուցենք:

Ծերունին շրջվեց և գնաց դեպի ժայռի տակ թափված քարերի կույտը: Եվ անմիջապես, ասես կախարդանքը ցրվեց, երեքն էլ ուշքի եկան ու վերստացան շարժվելու ունակությունը: Ջիմլին հափշտակեց տապարը, Արագորնը մերկացրեց սուրը, Լեգոլասը գետնից բարձրացրեց աղեղը: Ուշադրություն չդարձնելով նրանց վրա, ծերունին նստեց ցածր և հարթ քարին: Մոխրագույն թիկնոցի ծայրերը բացվեցին, և բոլորը հստակ տեսան, որ անծանոթը ոտից գլուխ սպիտակ է հագած:

— Սա՛րուման,— բղավեց Ջիմլին և տապարը ձեռքին առաջ նետվեց: — Պատասխանի՛ր, որտե՞ղ ես թաքցրել մեր ընկերներին: Ի՞նչ ես արել նրանց: Անմիջապես պատասխանի՛ր, թե չէ գլխարկիդ վրա մի այնպիսի մեծության անցք կբացեմ, որ նույնիսկ հրաշագործի համար դժվար կլինի շտկելը:

Բայց ծերունին ավելի արագ գտնվեց: Նա անմիջապես վեր կացավ տեղից և արագորեն ցատկեց բարձր ժայռաբեկորի վրա: Բոլորին թվաց, թե նա հանկարծակի ահագնացավ: Մոխրագույն ցնցոտիներն ընկան գետնին և փայլփլաց սպիտակ հագուստը: Նա բարձրացրեց գավազանը և Ջիմլիի տապարը զրնգալով ընկավ գետնին: Արագորնի սուրը կրակի պես փայլատակեց, Լեգոլասը բարձր ճչաց և նրա արձակած նետը կայծակի պես բռնկվելով, սլացավ երկիք:

— Միթրանդի՛ր,— բացականչեց նա,— Միթրանդի՛ր:

— Ես ասացի չէ՞, որ սա բավականին հաջող հանդիպում է, Լեգոլա՛ս,— արձագանքեց ծերունին:

Երեքն էլ խոսելու ունակությունը կորցրած նայում էին նրան: Ծերունու մազերը ձյան պես սպիտակ էին, ճերմակ հագուստը փայլում էր արևի տակ, աչքերը կայծկլտում էին թավ հոնքերի տակից արևի ճառագայթների պես: Նրա բարձրացրած ձեռքը մեծ զորություն էր ճառագում: Բարեկամները քար կտրած կանգնել էին, չիմանալով՝ զարմանա՞լ, վախենա՞լ, թե՞ ուրախանալ:

Վերջապես Արագորնը ուշքի եկավ:

— Գե՛նդալֆ,– բացականչեց նա,— այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ որ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:

Ջիմլին լուռ ծնկի իջավ և ձեռքերով փակեց աչքերը:

— Գենդալֆ... — կրկնեց ծերունին, ասես վերհիշելով վաղուց մոռացված այդ անունը: — Այո, այդպես էին մի ժամանակ ինձ անվանում:

Նա իջավ ժայռից, վերցրեց մոխրագույն ցնցոտիները և նորից փաթաթվեց դրանց մեջ: Բոլորին թվաց, թե հենց նոր երկնքում շողացող պայծառ արևը հանկարծակի թաքնվեց ամպերի հետևում:

— Այո, կարող եք ինձ առաջվա պես Գենդալֆ անվանել,— ասաց հրաշագործը, և նրա ձայնը հնչեց ինչպես առաջ. դարձավ հին ընկերոջ և առաջնորդի ձայնը: — Վեր կաց, իմ բարի Ջիմլի, դու մեղավոր չես, և դու ինձ չես վնասել: Եվ առհասարակ բարկամներս, ձեր զենքերն անկարող են ինձ վնաս պատճառել: Դե՛, ապա առույգացե՛ք, մենք կրկին հանդիպեցինք: Պատմությունն այլ ընթացք է ստանում: Մեծ փոթորիկ է մոտենում, բայց քամին արդեն փոխել է իր ուղղությունը: — Նա ձեռքը դրեց Ջիմլիի գլխին: Թզուկը բարձրացրեց աչքերը և հանկարծ ուրախ ծիծաղեց:

— Այդ դու՞ ես իսկապես, Գենդալֆ,— բացականչեց նա,— բայց ինչու՞ ես սպիտակ հագուստով:

— Իմ գույնն արդեն սպիտակն է,— պատասխանեց հրաշագործը: — Կարելի է նույնիսկ ասել, որ ես հիմա Սարումանն եմ, ավելի ճիշտ, այն Սարումանը, ինչպիսին որ նա պետք է լիներ: Բայց դա թող մնա հետո, պատմեք ինձ ձեր մասին: Այն ժամանակից ի վեր, ինչ մենք բաժանվեցինք, ես անցել եմ բոսոր կրակի և խորը ջրերի միջով: Շատ բան եմ մոռացել նրանից, ինչ գիտեի առաջ և շատ բան եմ սովորել նորից՝ ինչը մոռացել էի: Ես տեսնում եմ ամենահեռու հեռուները, բայց, միևնույն ժամանակ, հաճախ չեմ տեսնում այն, ինչը ընկած է ոտքերիս տակ... Դե, պատմե՛ք ձեր մասին:

— Բայց ի՞նչ ես ուզում իմանալ,— հարցրեց Արագորնը: — Քիչ ժամանակ չի պահանջվի պատմելու այն ամենը, ինչ տեղի ունեցավ Մորիայի կամրջի մոտ մեր բաժանումից հետո: Գուցե դու՞ սկզբից նորություններ պատմես հոբիթներից: Դու նրանց տեսե՞լ ես: Նրանց հետ ամեն ինչ կարգի՞ն է:

— Ոչ, ես նրանց չեմ տեսել և չեմ փնտրել,— պատասխանեց Գենդալֆը: — Էմին Մուիլի կիրճերը պարուրված էին խավարով, և մինչև արծվի լուր բերելը ես չգիտեի, որ նրանք գերի են ընկել:

— Արծվի՞,— բացականչեց Լեգոլասը,— ես տեսե՛լ եմ այդ արծվին երկնային բարձունքներում: Վերջին անգամ երեք օր առաջ՝ Էմին Մուիլի գլխին:

— Այո,— հաստատեց Գենդալֆը,— դա Գվահիր Քամիխեղդն է, այն նույն արծիվը, որը դուրս բերեց ինձ Օրթհանքից: Ես նրան ուղարկել էի ճախրելու մեծ գետի վրայով և նորություններ հայթհայթելու: Գվահիրը սուր աչք ունի, բայց նույնիսկ նա չի կարող տեսնել, թե ինչ է կատարվում ծառերի ստվերում: Թեպետ նրան ինչ-որ բան հաջողվել էր տեսնել, դե իսկ մնացածը ես ինքս իմացա: Մատանին հիմա գտնվում է իմ հասանելիության սահմաններից դուրս, և ես այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Ջոկատի անդամներից էլ ոչ ոք չի կարող: Այն վտանգի մեջ էր և քիչ էր մնում թշնամու ձեռքն ընկներ, բայց վերջին պահին ինձ հաջողվեց Սաուրոնի ուշադրությունը շեղել: Ես նստել էի բարձրադիր վայրում և պայքարում էի Սև Ամրոցի դեմ: Ստվերը հեռացավ, բայց ես մահու չափ հոգնել էի և երկար ժամանակ թափառում էի մոռացումի խավարում:

— Նշանակում է դու գիտե՞ս Ֆրոդոյի մասին,— բացականչեց Ջիմլին: — Ինչպե՞ս է նա:

— Դա ես չեմ կարող ասել: Նա փրկվեց մեծ վտանգից, բայց նրա ճանապարհին դեռ շատ վտանգներ կան: Ես միայն գիտեմ, որ նա որոշել է մենակ գնալ Մորդոր և արդեն ճանապարհ է ընկել:

— Նա մենակ չի գնացել,— ասաց Լեգոլասը: — Մենք կարծում ենք, որ Սեմը գնացել է նրա հետ:

— Ահա՜ թե ինչ,— բացականչեց Գենդալֆը, և նրա աչքերը փայլեցին: Նա թեթևացած ժպտաց: — Իսկապե՞ս: Դա ինձ համար նորություն էր, բայց դա ինձ չի զարմացնում: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ է: Սիրտս բավականին թեթևացավ: Պատմեք ինձ ամեն ինչ, մոտ նստեք և պատմեք ձեր ճանապարհորդության մասին:

Բարեկամները նստեցին գետնին, Գենդալֆի ոտքերի տակ, և Արագորնը սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան և հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին և փակ աչքերով լսում էր: Վերջապես, երբ Արագորնը սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճանապարհորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:

— Դու ոչ բոլորը պատմեցիր, ինչը գիտես, և ինչը գլխի ես ընկել, բարեկամս,— ցածրաձայն ասաց նա: — Խեղճ Բորոմիր: Ես չգիտեի նրա մահվան մասին: Այդպիսի մարդու, զորավարի և ռազմիկի համար դա ծանր փորձություն էր: Գալադրիելը զգուշացրել էր ինձ, որ Բորոմիրին մեծ վտանգ է սպառնում, բայց, փաստորեն, նա ի վերջո կարողացել է հաղթել ինքն իրեն: Ես ուրախ եմ դրա համար: Մենք իզուր չէ, որ վերցրեցինք մեզ հետ երկու երիտասարդ հոբիթներին, թեկուզ հենց հանուն Բորոմիրի... Բայց իրականում ոչ միայն հանուն նրա: Օրքերը նրանց քարշ են տվել Ֆենգորն և դա ճակատագրական է լինելու նրանց համար: Ամպրոպից էլ չես խուսափի: Այո... Երբեմն մանր քարերը թափվելով լեռնային ձնահոսք են առաջացնում: Նույնիսկ հիմա, երբ մենք այստեղ նստած խաղաղ զրուցում ենք, ես արդեն լսում եմ առաջին խուլ դղրդյունները: Սարումանի բախտը չի բերի, եթե ամբարտակի փլուզման ժամանակ իր ամրոցի պատերից դուրս լինի:

— Մի բանում դու ընդհանրապես չես փոխվել բարեկամս,— ժպտաց Արագորնը: — Դու առաջվա պես հանելուկներով ես խոսում:

— Հանելուկներո՞վ,— արձագանքեց Գենդալֆը,— ոչ, ես ուղղակի ինքս ինձ հետ էի խոսում: Հին սովորություն է. որպես զրուցակից ընտրել ներկաներից ամենաիմաստունին: Երիտասարդներին բացատրելը երկար է տևում:

Նա ծիծաղեց, բայց հիմա արդեն նրա ծիծաղը ջերմ էր ու քնքուշ, ինչպես արևի ճառագայթները:

— Նույնիսկ Հնագույն Արևմուտքի երկարակյացների համեմատությամբ ինձ երիտասարդ չես համարի,— ասաց Արագորնը: — Փորձիր բացատրել, իսկ ես կաշխատեմ հասկանալ:

— Լա՜վ, Ինչպես բացատրեմ, որ բոլորիդ էլ հասկանալի լինի,— մտահոգվեց Գեննդալֆը: — Դե լավ, կփորձեմ բացատրել ինչքան հնարավոր է կարճ ու հասկանալի: Թշնամին, իհարկե, վաղուց արդեն գիտի, որ մատանին լքել է իր թաքստոցը, և որ այն հոբիթի է վստահված: Նա գիտի քանի հոգով ենք մենք դուրս եկել Ռիվենդելից, ովքեր ենք մենք և որտեղից ենք: Սակայն նրան դեռ պարզ չէ, թե որն է մեր նպատակը: Նա կարծում է, որ մենք, ամենայն հավանականությամբ, փորձում ենք ինչքան հնարավոր է արագ հասնել Մինաս Թիրիթ, քանզի ինքը մեր տեղը այդպես կվարվեր: Սաուրոնի կարծիքով մենք իր համար մեծ վտանգ ենք ներկայացնում, և հիմա նա մեծ վախով սպասում է ինչ-որ հզոր հակառակորդի հանկարծակի հայտնվելուն, որը մատանին կդնի մատին և պատերազմ կհայտարարի Մորդորին, կգրավի Բարադ Դուրը և ինքը կնստի Սև Տիրակալի գահին: Բայց այն, որ մենք ուզում ենք միայն գրավել Բարադ Դուրը և ոչ թե փոխել նրա տիրակալին, վեր է նրա ընկալումից: Նույնիսկ իր ամենամթին երազներում նա չի տեսնում այն, որ մենք ուզում ենք ոչնչացնել մատանին: Կարող եք համարել դա ճակատագրի նվեր և հաջողության հասնելու վերջին հույսը: Վախենալով հանկարծակի հարձակումից նա որոշել է առաջ անցնել մեզանից և նախահարձակ լինել, քանզի եթե առաջին հարվածը բավականաչափ հզոր լինի, երկրորդի կարիքը կարող է և չլինել: Այդ պատճառով էլ թշնամին պատրաստվում է Գոնդորի դեմ դուրս բերել այդքան չարչարանքով հավաքած իր ողջ ուժերը: Իմաստու՛ն հիմար: Եթե նա այդ ուժերը օգտագործեր Մորդորի պաշտպանությունն ամրացնելու նպատակով և իր ողջ սև զորությունը կենտրոնացներ մատանու պահապանին որսալու վրա, ոչ մի շնչավոր չէր կարողանա թափանցել Մորդոր, և մենք այլևս ոչ մի հույս չէինք ունենա: Ոչ մատանին, ոչ էլ նրա պահապանը չէին կարողանա թաքնվել թշնամու աչքից: Բայց Ամենատես Աչքը Մորդորի սահմանները չի հսկում: Այն ուղղված է դեպի Մինաս Թիրիթ, և շատ շուտով ահեղ փոթորիկը կհարվածի այդ քաղաքին: Քանզի թշնամին արդեն գիտի, որ լրտեսները, որոնք ուղարկված էին ջոկատի գործունեությանը խոչնդոտելու, ձախողվել են: Մատանին չի գտնվել, պատանդ վերցված հոբիթներ չկան: Եթե օրքերին հաջողվեր գոնե մեկ հոբիթի պատանդ վերցնել և հասցնել Մորդոր, դա ծանր հարված կլիներ մեզ համար, և հնարավոր է, նույնիսկ, ճակատագրական: Բայց մի ծանրացրեք ձեր սրտերը մռայլ մտքերով, թե ինչ ծանր փորձությունների կենթարկվեր մեր փոքրիկների փխրուն կամքը Սև Ամրոցում: Քանզի թշնամին այս անգամ անհաջողություն կրեց ի շնորհիվ Սարումանի:

— Նշանակում է, Սարումանը դավաճա՞ն չէ,— զարմացավ Ջիմլին:

— Իհարկե դավաճան է,— ասաց Գենդալֆը: — Կրկնակի՛ դավաճան է: Տարօրինակ է չէ՞: Այն ամենից, ինչը կատարվեց վերջին ժամանակներս, Իզենգարդի դավաճանությունը ամենածանրն էր: Սարումանը հիմա բավականին հզորացել է, և ոչ միայն որպես հրաշագործ. նա դարձել է տիրակալ և հրամանատար: Նա սպառնում է ռոհանցիներին պատերազմով, զրկելով Մինաս Թիրիթին աջակցությունից հենց այն ժամանակ, երբ գլխավոր հարվածը մոտենում է արևելքից... Սակայն դավաճանության զենքը միշտ էլ վտանգավոր է առաջին հերթին նրա համար, ով այն կրում է: Սարումանը նույնպես ուզում է տիրանալ մատանուն, կամ ծայրահեղ դեպքում մի երկու հոբիթ ձեռք գցել ինչ-որ մութ նպատակների համար: Բայց համախմբելով ուժերը մեր թշնամիները հասան միայն մի բանի. Մերին ու Փինը անհավատալի արագությամբ տեղափոխվեցին Ֆենգորն, որտեղ նրանք ոչ մի այլ կերպ չէին կարող հասնել, և հասան ճիշտ ժամանակին: Այժմ Սարումանին և Սաուրոնին տանջում են կասկածները, և նրանց ծրագրերը խառնվել են: Ռոհանցի հեծյալների շնորհիվ Մորդորում չգիտեն անտառեզրին տեղի ունեցած մարտի մասին, բայց Սև Տիրակալին զեկուցել են, որ Էմին Մուիլի մոտակայքում երկու հոբիթ են պատանդ վերցվել: Գիտի նաև այն, որ չնայած իր կամակատարների պնդմանը, գերիներին տարել են Իզենգարդ: Նշանակում է, նա հիմա պետք է զգուշանա ոչ միայն Մինաս Թիրիթից, այլ նաև Օրթհանքից: Եթե Մինաս Թիրիթն ընկնի, Սարումանի բանը բուրդ կլինի...

— Ցավալին միայն այն է, որ այդ երկու իշխանատենչ չարագործների միջև ընկած են մեր բարեկամների հողերը,— հոգոց հանեց Ջիմլին: — Եթե Մորդորի և Իզենգարդի միջև այլ երկրներ չլինեին, թող իրար արյուն խմեին, իսկ մենք հանգիստ նստած կհետևեինք, թե ինչով է այդ ամենը վերջանալու:

— Ոչ, հաղթողը կդառնար ավելի ուժեղ, քան հիմա երկուսը միասին, և կասկածներն էլ կցրվեին,— չհամաձայնեց Գենդալֆը: — Եվ առհասարակ Իզենգարդը չի կարող պատերազմել Մորդորի դեմ, քանի դեռ մատանին Սարումանի ձեռքը չի ընկել: Իսկ մատանին նրա ձեռքը այլևս չի ընկնի: Նա դեռ չգիտի՛ թե ինչ է իրեն սպասվում: Եվ առհասարակ նա շատ բան չգիտի: Նա այնպես էր շտապում տիրանալ թանկարժեք ավարին, որ չկարողացավ տանը սպասել և դուրս եկավ իր սպասավորներին ընդառաջ, բայց ուշացավ. մարտն ավարտվել էր, և նրա ոհմակից միայն մի կույտ մոխիր էր մնացել: Սակայն նա երկար չի մնացել այստեղ: Ես կարդում եմ նրա մտքերը և գիտեմ, որ նա կասկածում է: Անտառի գիտությունից նա ոչինչ չի հասկանում: Նա կարծում է, որ ռոհանցիները սպանել և այրել են բոլորին, իսկ հոբիթներ նրանց հետ եղել են թե ոչ, նա չգիտի: Չգիտի նաև այն, որ իր օրքերը վիճել են մորդորցիների հետ: Եվ Թևավոր Սուրհանդակի մասին էլ դեռ չի լսել:

— Թևավոր Սուրհանդակի՞,— ընդհատեց Լեգոլասը: — Ես լորիենյան աղեղով Սերն Գեբիրի ոլորանի գլխին ինչ-որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ գետի այն կողմը: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:

— Նետերով նրան չես սպանի,— ասաց Գենդալֆը: — Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց հեծյալն արդեն նոր ձի է հեծել: Քանզի դա Նազգուլ է եղել, Ինը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով նրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին և կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ Գետը, և Սարումանը ոչինչ չգիտի Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն մատանին է. Եղե՞լ է արդյոք մատանին մարտի դաշտում, և եթե եղել է, ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհանցիների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի մատանին և կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, և այդ պատճառով էլ նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռացել է Ծառմորուսի մասին:

— Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,— ժպտաց Արագորնը: — Ես չգիտեմ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և իզուր ժամանակ կորցրել:

— Մի վայրկյան սպասիր,— ընդհատեց նրան Ջիմլին: — Սկզբում ես ուզում եմ մեկ այլ հարց ճշտել: Գենդալֆ, երեկ գիշեր մենք քե՞զ ենք տեսել, թ՞ե Սարումանին:

— Երեկ գիշեր ես այստեղ չեմ եղել,— պատասխանեց Գենդալֆը: — Ըստ երևույթին դուք Սարումանին եք տեսել: Երևում է մենք իսկապես իրար այդքան նման ենք: Ահա թե ինչու էիր սպառնում ծակել իմ գլխարկը: Այդ դեպքում արարքդ ներելի է:

— Լավ, Լավ,— ասաց Ջիմլին,— ես ուրախ եմ, որ դա դու չես եղել:

— Այո իմ բարի թզուկ,— կրկին ծիծաղեց Գենդալֆը: — Հաճելի է իմանալ, որ ամեն ինչում չէ, որ սխալվում ես: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից: Բայց ես առհասարակ վիրավորված չեմ ձեր սառը ընդունելությունից: Ինչպես կարող եմ քեզ մեղադրել, եթե ինքս էի ձեզ բոլորիդ անընհատ պնդում, որ եթե գործ ունես թշնամու հետ, ոչ մի բանի և ոչ մեկի մի վստահիր, նույնիսկ սեփական ստվերիդ: Փա՛ռք քեզ Ջիմլի, որդի՛ Գլոյնի: Գուցե քեզ դեռ հաջողվի ինձ և Սարումանին միասին տեսնել, այդ ժամանակ էլ կտարբերես:

— Հոբիթների մասին էինք խոսում,— հիշեցրեց Լեգոլասը: — Մենք այդքան ջանք ու եռանդ թափեցինք նրանց գտնելու համար, իսկ դու, երևում է, գիտես, թե որտեղ են Մերին ու Փինը և լռում ես:

— Նրանք Ծառմորուսի և մյուս էնտերի հետ են,— ասաց Գենդալֆը:

— Էնտերի՞,— բացականչեց Արագորնը,— ստացվում է, որ անտառի խորքում ապրող ծառերի պահապան հսկաների մասին հին ասույթները չե՞ն ստում: Նշանակում է էնտերը մինչև հիմա գոյությու՞ն ունեն: Ես կարծում էի, որ նրանք ուղղակի հնագույն ժամանակների խաբուսիկ արձագանք են, կամ էլ ռոհանցիների հնարանք:

— Ռոհանցիների հնարա՜նք,— բացականչեց Լեգոլասը: — Չարքանտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեպետ, մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի... նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է էլֆերեն, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ-որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:

— Դե արի ու պատասխանիր,— հոգոց հանեց Գենդալֆը: — Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավականին երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է, այս անտառի գլխավոր անտառապահը, Էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլաս: Մերիի և Փինի բախտը կարգին բերել է: Նրանք հադիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է եղել. Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից անհանգստացնող լուրեր է լսում: Չորս օր առաջ ես հանդիպել եմ նրան. նա թափառում էր անտառում և, ըստ երևույթին, նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի նրա հետ, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը, և ես ուժասպառ էի եղել թշնամու Աչքի դեմ պայքարում: Նա նույնպես ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:

— Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,— ենթադրեց Ջիմլին: — Եվ հետո դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի որ Ֆենգորնը վտանգավոր է և ավելի լավ է հեռու մնալ նրանից:

— Վտանգավո՜ր է, իհարկե,— քմծիծաղեց Գենդալֆը: — Ես էլ եմ վտանգավոր, շատ ավելի վտանգավոր քան դու պատկերացնում ես: Ինձանից վտանգավոր ոչ մեկի դու չես հանդիպի քո ճանապարհին, եթե իհարկե ձեզ պատանդ չվերցնեն և չտանեն Սև տիրակալի գահի մոտ: Եվ Արագորնն էլ է վտանգավոր, Լեգոլասն էլ: Դու հիմա բոլոր կողմերից շրջապատված ես վտանգավոր, հզոր ռազմիկներով գումարած ես՝ հրաշագործս: Եվ դու էլ ես վտանգավոր Ջի՛մլի, որդի Գլոյնի: Դե Իհարկե Ֆենգորնը վտանգավոր է, և հատկապես վտանգավոր է ամեն տեսակ կացնավորների համար: Ծառմորուսն էլ է սարսափելի վտանգավոր, բայց միևնույն ժամանակ նա իր անտառի բարի և իմաստուն հովիվն է: Նա երկար ժամանակ զսպել է իր զայրույթը, կուլ տվել վիրավորանքը, բայց հիմա նրա համբերության բաժակը լցվել է և թափվելով պռունկներից խորտակել ողջ անտառը: Հոբիթների հայտնվելը և այն, ինչ նրանք պատմել են, դարձել է վերջին կաթիլը: Գետը դուրս է եկել իր ափերից և հիմա նրա հզոր ջրերը սրընթաց սլանում են դեպի Իզենգարդ՝ Սարումանին և նրա փայտահատներին ջրասույզ անելու: Տեղի է ունենալու այն, ինչը տեղի չի ունեցել ավագ դարաշրջանի ժամանակից ի վեր. էնտերը արթնացել են դարավոր քնից և հայտնաբերել, որ իրենք ուժեղ են:

— Եվ ի՞նչ են նրանք պատրաստվում անել,— զարմացած հարցրեց Լեգոլասը:

— Չգիտեմ,— պատասխանեց Գենդալֆը: — Կարծում եմ նրանք էլ դեռ պարզ չգիտեն ինչի են ընդունակ: — Նա լռեց, գլուխը կախեց և խորասուզվեց մտքերի մեջ:

Մյուսները լուռ նայում էին նրան: Ամպի ճեղքից ընկած արևի ճառագայթը լուսավորել էր նրա ձեռքերը և բուռ արած ափերը ասես կենդանի գավաթներ լինեին՝ լցված լույսով: Վերջապես նա բարձրացրեց աչքերը և նայեց արևին:

— Առավոտը վերջանում է,— ասաց նա: — Ճանապարհ ընկնելու ժամանակն է:

— Մենք գնում ենք փնտրելու հոբիթներին և Ծառմորուսի՞ն,— հարցրեց Արագորնը:

—Ոչ,— պատասխանեց Գենգալֆը,— մեր ճանապարհն այլ է: Ես ձեզ հույս տվեցի, բայց հույսը դեռ հաղթանակ չի: Մեզ և մեր բոլոր բարեկամներին ճակատամարտ է սպասվում, և այդ ճակատամարտում միայն մատանին կարող է մեզ հաղթանակի վստահություն ներշնչել: Սիրտս լցված է թախիծով ու մեծ վախով, քանզի առջևում սպասվում են մեծ կորուստներ, և հնարավոր է, որ մենք կորցնենք այն ամենը, ինչ ունենք: Ես Գենդալֆն եմ, Գենդալֆ Ճերմակը, բայց Սև ուժերը դեռ հզոր են:

Նա վեր կացավ և ձեքի ափով աչքերն արևից պաշտպանելով նայեց արևելք: Թվում էր, թե նա մյուսների հայացքին անհասանելի ինչ-որ բան է տեսնում: Հետո գլուխն օրօրեց և ցածրաձայն ասաց.

— Ոչ, նա դուրս է եկել մեր հասանելիության սահմաններից: Մենք պետք է ուրախ լինենք: Համենայն դեպս մատանին այլևս չի կարող մեզ գայթակղել: Ստիպված ենք գնալ վտանգին ընդառաջ, և հավանականությունը քիչ է, որ կհաղթենք, բայց մենք պետք է ուրախ լինենք, որ ազատվեցինք ավելի մահացու վտանգից, որի հանդեպ մենք անզոր էինք: — Նա շրջվեց: — Դե ինչ, Արագո՛րն, Արաթհորնի որդի: Մի՛ զղջա Էմին Մուիլի լանջերին քո կատարած ընտրության համար, ձեր հետապնդումն ապարդուն չէր: Դու հաղթահարել ես սիրտդ կրծող կասկածները, լսել խղճիդ ձայնին և ճիշտ ընտրություն կատարել: Ահա և պարգևը. մեր հանդիպումը կայացավ ճիշտ ժամանակին: Մի քիչ էլ, և ուշ կլիներ: Քո ընկերները կատարել են իրենց պարտքը: Այժմ դու պետք է կատարես Էոմերին տված խոստումդ: Հարկավոր է շտապել Էդորաս, Թեոդենին օգնության: Ռոհանը քո կարիքն ունի, և թող քո Անդրիլը կայծակից էլ վա՛ռ փայլատակի մարտի դաշտում: Ռոհանը պատերազմի մեջ է հիմա, բայց Թեոդենի թուլությունը ավելի սարսափելի է, քան պատերազմը:

— Ուրեմն մենք այլևս չե՞նք տեսնի մեր զվարթ հոբիթներին,— հարցրեց Լեգոլասը:

— Ես այդպիսի բան չասացի,— պատասխանեց Գենդալֆը: — Ինչ իմանաս ի՞նչ է սպասվում մեզ առջևում: Գնացեք այնտեղ, որտեղ դուք պետք եք, լցվեք համբերությամբ և մի կորցրեք հույսը: Գնում ենք Էդորա՛ս: Ես էլ եմ գալիս ձեզ հետ:

— Էդորասը հեռու է, և ոտքով գնալը դժվար կլինի՝ ծեր լինես, թե երիտասարդ,— գլուխն օրօրեց Արագորնը: — Վախենում եմ, որ մինչ մենք հասնենք այնտեղ, պատերազմը ավարտված կլինի:

— Տեսնենք, տեսնենք,— ասաց Գենդալֆը: — Դե, դուք գալի՞ս եք ինձ հետ:

— Այո, գալիս ենք,— պատասխանեց Արագորնը: — Բայց կարծում եմ դու այնտեղ մեզանից շուտ կհասնես, եթե ուզես:

Նա վեր կացավ և երկար նայեց Գենդալֆին: Մյուսները լուռ նայում էին նրանց: Արագորնը՝ Արաթհորնի որդին, բարձրահասակ և խստադեմ, ինչպես մի ժայռ, կանգնած էր ձեռքը դրած սրին, նման հնագույն արքայի, որը եկել էր ծովային մշուշի այն կողմից և հանգրվանել Միջերկրի ափերին, որ իշխի մարդկային ցեղին: Բայց նրա դիմաց կանգնած, գավազանին հենված, տարիների ծանրությունից կորացած, ճերմակ լույս ճառագող ծերունին օժտված էր այնպիսի զորությամբ, որի առաջ երկրային արքայի իշխանությունը անզոր էր:

— Մ՞իթե ես ճշմարտությունը չեմ ասում Գենդալֆ, որ դու ամեն դեպքում ավելի արագ կգտնվես ինձանից,— վերջապես ասաց Արագորնը: — Եվ մի բան էլ կասեմ քեզ. դու՝ մեր առաջնորդն ես և մեր ոգու դրոշը: Սև Տիրակալը Իննյակ ունի, իսկ մենք միայն մեկը: Բայց մեր Ճերմակ Հեծյալը զորեղ է նրա Իննյակից: Նա անցել է կրակի միջով, վերադարձել Սև անդունդից, և Մատանեկիր Ուրվականները անզոր են նրա առջև: Մենք կգանք քո հետևից, ուր էլ որ մեզ առաջնորդես:

— Այո, այդպես էլ կլինի,— հաստատեց Լեգոլասը,— բայց Գե՛նդալֆ, ես ուզում եմ իմանալ, թե ինչ կատարվեց քեզ հետ Մորիայում: Մի՞թե դու այդպես էլ ոչինչ չես պատմի: Մի քանի րոպե տրամադրիր մեզ և պատմիր, թե ինչպես փրկվեցիր:

— Ես առանց այն էլ շատ ուշացա,— ասաց Գենդալֆը: — Ժամանակը քիչ է, բայց եթե նույնիսկ մի տարի ժամանակ էլ ունենաի, ես ձեզ ամեն ինչ չէի պատմի:

— Այդ դեպքում համառոտ պատմիր գոնե այն, ինչ կարող ես,— Լեգոլասին միացավ Ջիմլին: — Դե պատմիր, Գենդալֆ, ինչպե՞ս կարողացար Բալրոգից ազատվել:

— Դրա անունը մի՛ տուր,— մթագնեց հրաշագործը: — Նրա դեմքի վրայով տառապանքի ստվեր անցավ, և նա երկար լռեց: — Ես երկար ընկա,— վերջապես դանդաղ և դժկամորեն խոսեց նա: — Չափազանց երկար: Նա ընկնում էր ինձ հետ, և նրա կրակը այրում էր ինձ: Ի վերջո նա կմոխրացներ ինձ, բայց մենք հասանք հատակին և մեզ կուլ տվեցին ընդերքի սև ջրերը: Խավարը շրջապատեց մեզ, իսկ ջուրը մահու չափ սառն էր և իմ սիրտը քիչ էր մնում հավիտյան սառցակալեր:

— Խորն է անդունդը Դուրինի կամրջի տակ, և ոչ ոք դեռ չի չափել նրա խորությունը,— կիսաձայն ասաց Ջիմլին:

— Այնուամենայնիվ այդ անդունդը հատակ ունի՝ լույսի և երևակայության սահմաններից դուրս,— ասաց հրաշագործը: — Եվ ես հայտնվեցի այնտեղ՝ աշխարհի քարե հիմքում: Նա դեռ ինձ հետ էր, և զրկվելով կրակից պատվել էր սառը լորձով ու նմանվել լպրծուն ու զորեղ վիշապ օձի: Եվ այնտեղ՝ շնչավոր աշխարհի ընդերքում, որտեղ ժամանակ գոյություն չունի, մենք շարունակում էինք կռվել: Նա սեղմում էր ինձ իր օղակների մեջ, իսկ ես հարվածներ էի հասցնում նրան, մինչև որ վերջապես նա փախավ և փորձեց թաքնվել մթին թունելներում: Այդ թունելները և անցումները Դուրինի թզուկները չեն փորել օ՛ Ջիմլի, Գլոյնի որդի: Թզուկների փորած ամենախորը թունելներից էլ խորն է այդ ընդերքը, և այդ հավերժական խավարում, լեռների քարե արմատների մեջ անանուն արարածներ են բնակվում, որոնց մասին նույնիսկ Սաուրոնը չգիտի, քանզի նրանք Սև Տիրակալից էլ հին են: Ես եղել եմ այնտեղ, բայց այդ ահասարսուռ վայրի մասին չեմ պատմի, որովհետև չեմ ուզում այդ պատմություններով մթագնել արևի լույսը: Այդ հուսահատության մեջ միակ հույսս իմ թշնամին էր, և ես կրնկակոխ հետապնդում էի նրան: Եվ ընդերքի Չարքը, ուզեր թե չուզեր, դուրս բերեց ինձ Քազադ-Դումի ստորգետնյա անցումները, որոնք նա գիտեր, ինչպես ոչ ոք: Մենք անընդհատ բարձրանում էինք վեր, մինչև որ հասանք Անվերջանալի Սանդուղքին:

— Այդ Սանդուղքն արդեն վաղուց մոռացված է,— հոգոց հանեց Ջիմլին: — Ոմանք ասում են, որ այն երբեք էլ չի եղել, և դա ուղղակի հեքիաթ է, իսկ մյուսները կարծում են, որ եղել է, բայց վաղուց ավերվել է:

— Դա հեքիաթ չէ, և ոչ էլ Սանդուղքն ավերված է,— ասաց Գենդալֆը: — Այն հազարավոր աստիճաններ ունի. ամենախորը ընդերքից սկսվելով, գալարաձև բարձրանում է ամենաբարձր գագաթը և վերջանում Դուրինի աշտարակում, որը փորված է Զիրագ-Զիգիլի գագաթին ապառաժի մեջ(Զիրագ-Զիգիլ. էլֆերեն Քելեբդիլ. համընդհանուր լեզվով Արծաթատամ. Լեռնագագաթ Մշուշապատ լեռներում, երեք գագաթներից (Քարադրաս, Ֆանուիդոլ, Քելեբդիլ) ամենաարևմտյանը): Այնտեղ՝ Քելեբդիլի գագաթին, ձյան մեջ մի միայնակ պատուհան կար, որին հասնել կարելի էր միայն գլխապտույտ բարձրության վրա կախված նեղ քիվով, նման ամպերից էլ վեր գտնվող արծվի բույնի: Արևը անգթորեն այրում էր լեռան գլուխը, բայց ներքևում լանջերն ու հաթավայրերը ծածկված էին ամպերի հաստ շերտով: Իմ թշնամին նետվեց պատուհանից ներս, և ես հետևեցի նրան: Եվ ահա նա նորից բռնկվեց կրակով: Եթե ինչ-որ մեկը տեսներ մեր ահեղ մենամարտը, այդ մասին գրված երգերը կհնչեին դարեդար... — Գենդալֆը հանկարծակի ծիծաղեց: — Թեպետ, ի՞նչ կպատմեին նրանք այդ երգում: Եթե ինչ-որ մեկը տեսներ էլ, կմտածեր, որ Քելեբդիլի գլխին ահեղ փոթորիկ է. նա միայն կլսեր որոտի ձայնը և կտեսներ լեռան գագաթին բռնկվող կայծակներն ու լանջերին պարող կրակի լեզուները... Մեր շուրջն ամեն ինչ կորել էր թանձր ծխի և տաք գոլորշու մեջ, իսկ երկնքից սառույց էր թափվում: Վերջապես ես ցած գցեցի իմ հակառակորդին: նա ընկնելով բարձունքից ջարդեց լեռան լանջը և կորավ տեսողությունից: Խավարը կլանեց ինձ, և ես երկար թափառում էի Ժամանակից ու մտքից դուրս ճանապարհներով, որոնց մասին ոչինչ չեմ խոսի: Մերկ վիճակում ինձ նորից վերադարձրեցին աշխարհ, կարճ ժամանակով, որպեսզի վերջացնեմ սկսածս գործը, և այդպես մերկ էլ ես պառկած էի լեռան գագաթին: Ես միայնակ էի և մոռացված ամենքի կողմից: Այդ քարե բարձունքից դեպի ներքև ճանապարհ չկար. Դուրինի աշտարակն ավերվել էր, պատուհանն անհետացել, իսկ փլուզված Սանդուղքը զմռսվել էր այրված քարաբեկորներով: Այդպես պառկած ես նայում էի երկնքին. աստղերը պտույտ էին գործում իմ գլխավերևում, և ամեն օրը թվում էր մի ամբողջ կյանք: Աշխարհի բոլոր ծայրերից ապրող աշխարհի շշունջն էր հասնում իմ ականջներին. նորածինների ճիչն ու մեռնողների վերջին շունչը, երգն ու լացը, քարերի հավերժական տրտունջը... Այդպես էլ ինձ գտավ Գվահիր Քամիխեղդը: Նա վերցրեց ինձ և տարավ:

— Դու իսկական նեղության ընկեր ես, իսկ ես քո հավերժական բեռը,— ասացի ես նրան:

— Բեռ էիր մի ժամանակ,— ասաց նա,— բայց ոչ հիմա: Ասես կարապի փետուր լինես իմ ճանկերում: Արևի ճառագայթներն անցնում են քո միջով: Ես, թերևս, քեզ էլ պետք չեմ. եթե նույնիսկ բացեմ ճանկերս դու չես ընկնի, քամին կվերցնի քեզ իր գիրկն ու կտանի:

— Ոչ, բաց մի թող ինձ,— խնդրեցի ես՝ զգալով իմ մեջ վերադարձող կյանքի շունչը: — Ավելի լավ է տար ինձ Լոթլորիեն:

— Տիրուհի Գալադրիելն ինձ այդպես էլ կարգադրել է,— պատասխանեց նա:

Այդպես էլ ես հասա Քարաս Գալադհոն: Պարզվեց, որ դուք վերջերս եք այնտեղից հեռացել: Եվ ես մնացի այնտեղ, այդ հավերժ երիտասարդ երկրում, որտեղ ժամանակը բուժում է և չի ծերացնում: Կամաց-կամաց ես կազդուրվեցի և զգեստավորվեցի սպիտակ հագուստով: Մինչ այնտեղից հեռանալը շատ խորհուրդներ տվեցի, ինքս էլ շատ խորհուրդներ առա, և եկա այստեղ գաղտնի ու անհայտ արահետներով: Ես ձեզ ուղերձ եմ բերել: Ահա թե ինչ են ինձ խնդրել փոխանցել Արագորնին.


Որտե՞ղ են հիմա Դունադանները, Էլեսա՛ր,

Ինչո՞ւ են թափառում քո ազգակիցները հեռուներում անհուրընկալ:

Մոտենում է ժամը, և կորուսյալներն ի հայտ կգան

Մոխրագույն ջոկատը կգա հյուսիսից և Դունադանները կկանգնեն պաշտպան:

Բայց մութ է քեզ համար ընտրված ճանապարհը,

Ծով տանող ճամփան հսկում են մեռյալները:


Իսկ Լեգոլասին տիրուհին փոխանցել է ահա թե ինչ.


Լեգոլա՛ս, Կանա՛չ տերև անտառում ծնված,

Ապրել ես երկար, բայց զգուշացիր, եթե հանկարծ

Ճայի ճիչ լսես արևաշող ծովի ափերին,

Թող հանգիստ գտնի սիրտդ անտառում, ոչ ավելին:


Գենդալֆը լռեց և փակեց աչքերը:

— Փաստորեն նա ինձ ոչինչ չի՞ փոխանցել,— գլուխը կախեց Ջիմլին:

— Մութ են նրա խոսքերը,— ասաց Լեգոլասը,— ես չկարողացա հասկանալ նրանց նշանակությունը:

— Ինձ համար դա մխիթարանք չէ,— փնթփնթաց Ջիմլին:

— Եվ ի՞նչ ես դու ուզում,— հարցրեց Լեգոլասը: — Գուցե ուզում ես իմանալ, թե ինչ մա՞հ է քեզ սպասվում:

— Այո՛, եթե բացի դրանից նա ուրիշ ոչինչ չունի փոխանցելու:

— Այդ ինչի՞ մասին եք խոսում,— աչքերը բացելով հարցրեց Գենդալֆը: — Այո, ես կարծես հասկանում եմ նրա բառերի նշանակությունը: Ներիր Ջիմլի, ես ուղղակի խորհում էի դրանց իմաստի շուրջ: Քեզ էլ է նա ինչ-որ բան փոխանցել, միայն թե այնտեղ ոչ հանելուկ կա, ոչ էլ մռայլ մտքեր: Ահա թե ինչ է նա փոխանցել քեզ.

«Փոխանցիր իմ ողջույնը Ջիմլիին՝ Գլոյնի որդուն: Որտեղ էլ դու լինես, իմ վարսերի պահապան, իմ մտքերը քեզ հետ են: Բայց մի մոռացիր ավելի ուշադիր նայել ծառին, նախքան կհասցնես հարվածդ»:

— Երջանիկ ժամանակ դու վերադարձար մեզ մոտ Գե՛նդալֆ,— բացականչեց թզուկը և ոտքի ցատկելով, սկսեց տապարը թափահարելով ինչ-որ երգ երգել թզուկների լեզվով: — Սրբազան է այսուհետ Գենդալֆի գլուխը, բայց հաջորդ անգամ ես չեմ վրիպի և իմ հարվածն անողոք կլինի:

— Հաջորդ անգամին քիչ է մնացել,— խոստացավ Գենդալֆը և վեր կացավ: — Խոսակցությունների ժամանակն ավարտվեց բարեկամներս: Ճանապարհ ընկնելու ժամանակն է:

Նա կրկին ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը և աստիճաններով իջավ ներքև: Մյուսները հետևեցին նրան: Նրանք արագորեն իջան լանջից, հասան էնտուոշի ափը և ափի երկայնքով դուրս եկան անտառեզր: Մինչև հարթավայր ոչ ոք ոչինչ չխոսեց: Ձիերն առաջվա պես չէին երևում:

— Մեր ձիերը այդպես էլ չվերադարձան,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ստիպված ենք ոտքով գնալ:

— Ոչ, ես ժամանակ չունեմ ոտքով քայլելու,— ասաց Գենդալֆը: Նա ուղղվեց և այնպես ուժգին սուլեց, որ մյուսները զարմացած նայեցին միմյանց. դժվար էր նման բան սպասել սպիտակամորուս ծերունուց: Երեք անգամ սուլեց գենդալֆը, և հանկարծ բոլորին թվաց, թե քամին խրխնջոցի ձայն է բերում: Արագորնը պառկեց և ականջը դրեց գետնին, բայց դեռ մի քանի վայրկյան էլ չէր անցել, երբ բոլորը պարզ լսեցին սմբակների դոփյունը:

— Սա մի ձիու սմբակների ձայն չէ,— ասաց Արագորնը:

— Իհարկե,— հանգիստ հաստատեց Գենդալֆը,— մի նժույգը չի կարող չորս հոգու տանել:

— Նրանք երե՛քն են,— ուշադիր նայելով հարթավայրին գոչեց Լեգելասը: — Տեսե՛ք, այն մեկը Հասուֆելն է, իսկ նրա ետևում՝ իմ Արոդը: Բայց առջևից սլանում է ևս մեկը. ինչ հսկա՜ է, կյանքումս այդպիսի նժույգ չեմ տեսել:

— Եվ չես էլ տեսնի,– ասաց Գենդալֆը: — Դա Լուսաչն է (Shadowfax կամ Sceadu faex, իրականում Գնեդալֆի նժույգի անունը թարգմանաբար նշանակում է մոխրագույն բաշ, Մոխրաբաշ, բայց քանի որ առաջին գրքում թարգմանված է Լուսաչ-Светозар, այլ ոչ թե Մոխրաբաշ-Серогрив, ավելի լավ է թող այդպես էլ մնա): Նա Մեարաս ցեղատեսակի ազնվազարմ նժույգների առաջնորդն է: Այսպիսի մեկ այլ նժույգ չի տեսել նույնիսկ Թեոդենը՝ Ռոհանի թագավորը: Տեսե՛ք, նրա մազը փայլում է ինչպես արծաթը, և վարգում է նա այնքան սահուն, ասես ջրի հոսանք լինի: Նա եկել է իր Ճերմակ Հեծյալի հետևից, և այսուհետ մենք անբաժան կլինենք:

Մինչ ծեր հրաշագործը խոսում էր, ներքևում երևաց հսկայական նժույգը և արծաթափայլ բաշը քամուն տված, լայն վարգերով սկսեց բարձրանալ լանջն ի վեր: Նրա ետևից վազող մյուս երկուսը բավականին հետ էին մնացել: Գենդալֆին տեսնելով Լուսաչը դանդաղեցրեց ընթացքը, բարձր խրխնջաց և տիրոջը մոտենալով դրեց իր հպարտ գլուխը նրա ուսին: Վերջինս քնքշորեն շոյեց նժույգի պարանոցը:

— Հեռու է այստեղից Ռիվենդելը, ընկեր իմ,— ասաց նա,— բայց դու հասար ճի՛շտ ժամանակին: Այժմ մենք կարշավենք միասին, և աշխարհում ոչինչ այլևս մեզ չի՛ բաժանի:

Շուտով մյուս երկու նժույգներն էլ հասան ճանապարհորդներին և ասես հրամանի սպասելով լուռ կանգնեցին մի կողմ:

— Մենք ուղևորվում ենք Մեդուսելդ, ձեր տիրակալի արքունիքը,— ասաց նրանց Գենդալֆը: Նժույգներն ասես հասկանալով կախեցին գլուխները: — Մենք քիչ ժամանակ ունենք և, ձեր թույլտվությամբ, կգնանք ձեր մեջքին նստած: Սլացե՛ք ամբողջ թափով: Հասուֆելը կտանի Արագորնին, Արոդը՝ Լեգոլասին: Ջիմլին կգա ինձ հետ. հուսով եմ՝ Լուսաչի համար ծանր չի լինի կրկնակի բեռը: Իսկ հիմա ջուր խմեք և ճանապարհ ընկնենք:

— Ես սկսում եմ հասկանալ ինչ պատահեց գիշերը,— ասաց Լեգոլասը, թեթևորեն թռչելով Արոդի մեջքին: — Եթե նույնիսկ ինչ-որ մեկը վախեցրել էր մեր ձիերին, միևնույնն է նրանք ուրախությունից էին խրխնջում, որովհետև հանդիպել էին իրենց առաջնորդ Լուսաչին: Դու գիտեի՞ր որ նա մոտակայքում է, Գենդալֆ:

— Գիտեի,— պատասխանեց հրաշագործը: — Ես մտքումս կանչում էի նրան և հորդորում ինչքան հնարավոր է շուտ գալ այստեղ: Չէ՞ որ դեռ երեկ նա Ռոհանի հեռավոր հարավում էր: Իսկ հիմա նորից արծաթե նետի պես կսլանա հետ:

Գենդալֆը ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ առաջ՝ միաժամանակ հետևելով որ իր ընկերները հետ չմնան: Շուտով նա կտրուկ թեքվեց դեպի գետը, գտավ ափ իջնող արահետը, արագորեն հատեց գետը և հարթ, ծառազուրկ հարթավայրով արշավեց հարավ: Քամին ալեկոծում էր մոխրագույն խոտի անծայրածիր ծովը: Ոչ ճանապարհ և ոչ էլ արահետներ չկային հարթավայրում, բայց Լուսաչը սլանում էր առանց ընթացքը դանդաղեցնելու:

— Մենք Էդորաս ենք գնում ամենակարճ ճանապարհով,– բացատրեց Գենդալֆը: — Այն գտնվում է Սպիտակ Լեռների ստորոտում: Այնտեղ տանող գլխավոր ճանապարհը, ճիշտ է, չոր է ու մաքուր, բայց այն երկար է: Այսպես ճանապարհ չկա, բայց դուք մի անհագստացեք, Լուսաչը լավ է ճանաչում այս տեղանքը և կտանի մեզ, ուր որ պետք է:

Երկար ժամանակ նրանք գնում էին հարթավայրով և գետափնյա մարգագետիններով: Որոշ վայրերում խոտը հասնում էր ճանապարհորդների ծնկներին, և նրանց թվում էր, թե իրենք լողում են ալեկոծվող կանաչա-մոխրագույն ծովում: Երբեմն առջևում հանդիպում էին խոտերի մեջ թաքնված լճակներ, կամ ճանապարհը խցանում էին եղեգնուտները, որոնց տակ թաքնված էին նենգ ճահիճները, բայց Լուսաչը լավ գիտեր ճանապարհը, իսկ մյուս երկուսը անշեղորեն հետևում էին նրան: Արևն աստիճանաբար թեքվում էր դեպի արևմուտք. սկսվում էր մայրամուտը: Շուտով ճանապարհորդների աչքերի առաջ բոսոր գունդը սկսեց սուզվել խոտի ծովի մեջ, ալ կարմիր ներկելով երկու հեռավոր լեռների լանջերը: Հորիզոնից ծխի ամպ էր երկինք բարձրանում՝ արնագույն ներկելով առանց այդ էլ կարմիր գունդը: Ասես մայրամուտն այրվելուց լիներ:

— Ա՜յ այնտեղ Ռոհանյան լեռնանցքն է,— ասաց Գենդալֆը ցույց տալով արևմուտք: — Իսկ այնտեղ՝ մի քիչ դեպի հյուսիս, Իզենգարդն է:

— Մեծ ծխի ամպ եմ տեսնում,— ասաց Լեգոլասը: — Ի՞նչ կարող է դա նշանակել:

— Պատերազմ,— կտրուկ պատասխանեց Գենդալֆը: — Առա՛ջ:

Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում

Մայրամուտն ավարտվեց, սկսվեց մթնշաղը և վրա հասավ գիշերը: Ճանապարհորդները սլանում էին ամբողջ թափով: Երբ վերջապես նրանք կանգ առան և իջան ձիերից, նույնիսկ Արագորնի մեջքն ու ուսերն էին ընդդարմացել: Գենդալֆն իր ուղեկիցներին մի քանի ժամ տվեց հանգստանալու համար: Ջիմլին և Լեգոլասը անմիջապես քնեցին: Արագորնը մեջքի վրա պառկած, ձեռքերը լայն տարածած նայում էր երկնքին, և միայն Գենդալֆն էր, որ կանգնած, գավազանին հենված, նայում էր հորիզոնը պարուրած խավարին: Շուրջը խոր լռություն էր տիրում. հարթավայրն ասես քարացել էր: Գիշերային սառը քամին քշեց տարավ խիտ ամպերը, և մշուշոտ երկնքում փայլեց լուսինը: Գենդալֆն արթնացրեց մյուսներին, և նրանք նորից սլացան առաջ լուսնի սառը շողերի ներքո նույնքան արագ, որքան ցերեկը:

Ժամերն անցնում էին, բայց նրանք այևս կանգ չէին առնում: Ջիմլին սկսեց նիրհել և քիչ էր մնում ընկներ նժույգի վրայից, բայց Գենդալֆը ժամանակին բռնեց նրան, ապա թափ տվեց: Արոդն ու Հասուֆելը հոգնած, բայց հպարտ, հետ չէին մնում իրենց անխոնջ առաջնորդից, ավելի ճիշտ՝ առջևում հազիվ երևացող նրա մոխրագույն ստվերից: Գունատ լուսինը դանդաղորեն մտնում էր արևմտյան հորիզոնը պարուրած ամպերի հետևը: Շատ մղոններ մնացին հետևում:

Սկսվեց սառնաշունչ լուսաբացը: Արևելքում խավարին փոխարինեց մոխրագույն աղջամուղջը, և վերջապես Էմին Մուիլի հեռավոր, մթին պատի հետևից երևացին արեգակի առաջին շողերը: Սկսվեց պայծառ և ջինջ այգաբացը: Քամին աղմկում էր ցրտից կորացած խոտերի մեջ: Հանկարծակի Լուսաչը կտրուկ կանգ առավ և բարձր խրխնջաց: Գենդալֆը ձեռքը մեկնեց առաջ:

— Տեսե՛ք,— բացականչեց նա,— և նրա ուղեկիցները բարձրացրեցին իրենց հոգնած աչքերը:

Արջևում վեր էր խոյանում հարավային լեռնաշղթան՝ ձյունապատ լեռնագագաթներով և խորունկ կիրճերով: Ստորոտից կանաչ լեզուների պես դեպի նախալեռներն էին ձգվում մարգագետինները և, բարձրանալով լանջն ի վեր, կորչում էին նեղ ու մռայլ կիրճերում, որտեղ գիշերը դեռ չէր զիջել իր տեղը լուսաբացին: Ճամփորդների աչքերի առջև տարածվել էր լայնարձակ հովիտը, որն ասես ծովախորշ լիներ լեռների մեջ թաղված: Հովտի մյուս ծայրում վեր էր բարձրանում հսկայական, սուր ծայրով հողմահար ժայռը, իսկ մուտքը ժամապահի պես հսկում էր միայնակ բլուրը: Բլրի գլուխը լուսավորվել էր այգաբացի առաջին ճառագայթներից, իսկ նրա հովանու տակ արծաթե թելի պես կայծկլտում էր գետի ոլորանը, որի հեռավոր ափին բարեկամները ոսկու փայլ նկատեցին:

— Դե, Լեգոլա՛ս,— ասաց Գենդալֆը,— ասա՛ մեզ, ի՞նչ ես տեսնում այնտեղ:

Լեգոլասը ձեռքը դրեց ճակատին՝ ստվերելով աչքերը առավոտյան արևի ցածր շողերից:

— Ձյունապատ բարձունքներից ներքև է վազում սպիտակ հոսանքը,— սկսեց նա: — Այնտեղ, որտեղ այն դուրս է գալիս կիրճի ստվերից, կանաչ բլուր եմ տեսնում: Բլուրը շրջապատված է հզոր, սրածայր պարիսպներով և խրամապատված է: Ամրոցի պարիսպների հետևից երևում են տների տանիքները, իսկ կենտրոնում, կանաչ մարգագետնի վրա, վեր է խոյանում հսկա ապարանքը: Այնպես է փայլում, որ թվում է, թե պատված է ոսկով: Եվ դռների մոտի սյուներն էլ են ոսկուց: Մուտքի մոտ փայփլող զրահներով ռազմիկներ են կանգնած, բայց տարածքը դատարկ է. երևի ռոհանցիները դեռ քնած են:

— Ամրոցը կոչվում է Էդորաս,— ասաց Գենդալֆը,— իսկ Ոսկե Ապարանքը՝ Մեդուսելդ: Այնտեղ ապրում է Թեոդենը՝ Թենգելի որդին, ռոհանցիների առաջնորդը: Լավ է, որ լուսաբացին հասանք այստեղ: Էդորաս տանող ճանապարհն ազատ է, բայց, այնուամենայնիվ, զգույշ եղեք: Ռոհանի սահմաններում պատերազմ է ընթանում և, ինչ էլ մեզ հեռվից թվա, Ռոհիրիմները քնած չեն: Խորհուրդ եմ տալիս շրջահայաց լինել: Ձեզ գոռոզ չպահեք և ոչ մի դեպքում զենք չհանեք. հարկավոր է, որ մեզ ինքնակամ թողնեն Թեոդենի մոտ:

Պարզկա և ջինջ առավոտ էր, և թռչունները երգում էին գլխավերևում, երբ Ճանապարհորդները մոտեցան գետին: Այն լեռներից հարթավայր իջնելով լայն ոլորան էր գծում և, ճանապարհը հատելով, գնում էր դեպի արևելք, միանալու ափերը եղեգներով ծածկված Էնտուոշին: Շուրջն ամեն ինչ կանաչ էր: Գետի կանաչապատ ափերը և ափամերձ խոնավ մարգագետինները բնակեցված էին ուռիներով: Այս հարավային երկրում դրանց ճյուղերի ծայրերն արդեն գարնանային կարմրություն էին ստացել: Ըստ երևույթին, գետն անցնում էին ծանծաղուտով՝ դատելով ձիերի սմբակների հետքերով ծածկված ափերից: Ճանապարհորդներն անցան գետի մյուս ափը և դուրս եկան դեպի բլուրը տանող լայն ճանապարհը: Քիչ անց ճանապարհը թեքվեց դեպի քարերով պատնեշված բլրի ստորոտը և սկսեց գնալ կանաչապատ գերեզմանաթմբերի կողքով, որոնց արևմտյան լանջերն ասես ձյուապատ լինեին. խոտը ծածկված էր փոքրիկ աստղիկներ հիշեցնող մանր, սպիտակ ծաղիկներով:

— Տեսեք ինչ պայծառ աչքեր ունի այս խոտը,— ասաց Գենդալֆը՝ ձեռքը մեկնելով դեպի ծաղիկները: — Դրանց Հավերժահուշ են ասում, կամ, այստեղի լեզվով, Սիմբելմինե: Այս ծաղիկները մշտադալար են, բայց աճում են միայն գերեզմանաթմբերին: Այստեղ հավերժական քնով քնած են Թեոդենի արժանահիշատակ նախնիները:

— Յոթ գերեզմանաթումբ ձախից և իննը աջից,— հաշվեց Արագորնը:

— Այն ժամանակներից ի վեր, ինչ կառուցվել է Ոսկե ապարանքը, շատ սերունդներ են հեռացել աշխարհից:

— Մեզ մոտ՝ Սև անտառում, այդ ընթացքում հինգ հարյուր անգամ ծառերից թափվել են կարմիր տերևները,— ասաց Լեգոլասը,— Բայց մեզ համար դա մեծ ժամկետ չէ:

— Ռոհանի չափանիշներով դա շատ երկար ժամանակ է,— առարկեց Արագորնը: — Այն ժամանակներից, երբ կառուցում էին այդ ապարանքը, մնացել են միայն երգեր, իսկ տարիները հեռացել են և կորել անցյալի մշուշում: Այժմ նրանք այս երկիրը համարում են իրենց հայրենիքը և իրենց պապենական հողը, իսկ լեզուն այնքան է փոխվել, որ անհասկանալի է դարձել հյուսիսում ապրող նրանց ազգակիցների համար: — Եվ նա սկսեց ցածրաձայն ինչ-որ երգ երգել Լեգոլասին և Ջիմլիին անծանոթ լեզվով, բայց մեղեդին նրանց դուր եկավ:

— Ըստ երևույթին ռոհաներեն ես երգում,— ասաց Լեգոլասը: — Այդ լեզուն նման է այս հողին. մեկ հանգիստ է և ազատ, մեկ կոպիտ ու խիստ ինչպես լեռները: Բառերը չեմ հասկանում և չգիտեմ ինչի մասին է երգը, բայց դրա մեջ ինչ-որ թախիծ կա միայն մահկանացուներին բնորոշ...

— Կփորձեմ ձեզ համար թարգմանել այն,— ասաց Արագորնը,— բայց չգիտեմ, կստացվի՞ արդյոք:


Որտե՞ղ են այժմ նժույգն ու հեծյալը,

Չեմ լսում ձայնը եղջերափողի,

Որտե՞ղ են սաղավարտն ու զրահը

Հպարտ, ոսկեմազ հեծյալի:

Որտե՞ղ է խարույկի բոսոր կրակը,

Չեմ լսում տավիղի ձայնը մեղրածոր,

Որտե՞ղ մնացին գարունն ու ամառը,

Եվ աշունը՝ բերքառատ ու ոսկեշող:

Ինչպես փոթորիկը լեռան գագաթին

Ինչպես քամին դաշտերում,

Հեռացան այդ օրերը, անցան, գնացին

Կորան հեռավոր լեռների մշուշում:

Ո՞վ է հիմա հավաքելու

Մոխիրն այրված անտառների,

Ո՞վ է հետ վերադարձնելու

Տարիներն անդարձ ծովի այն կողմից:


— Վաղուց մոռացված ռոհանցի աշուղը հնում այդպես է երգել Էորլ Երիտասարդի մասին: Շարունակության մեջ ասվում է, որ երիտասարդ դյուցազնը այստեղ է արշավել հյուսիսից, և որ նրա նժույգը՝ Ֆելարոֆը, թռչնի թևեր ուներ ոտքերին: Մարդիկ մինչև հիմա էլ երեկոները խարույկի շուրջը նստած երգում են այս երգը:

Լռելյայն գերեզմանաթմբերը մնացին հետևում: Ճանապարհորդները սկսեցին բարձրանալ կանաչ բլուրների լանջերին գալարվող ոլորապտույտ ճանապարհով և վեջապես մոտեցան Էդորասի հզոր և ամուր դարպասին: Դարպասի մոտ մի քանի տասնյակ շողշողացող զրահներով ռազմիկներ էին նստած, որոնք, տեսնելով ճանապարհորդներին, վեր թռան տեղներից և, նիզակները խաչելով, փակեցին նրանց ճանապարհը:

— Կա՛նգ առեք օտարականնե՛ր,— գոռացին նրանք իրենց լեզվով: — Ասացե՛ք, ովքե՞ր եք դուք և ի՞նչ գործով եք եկել Էդորաս:

Նրանց աչքերը զարմանք էին արտահայտում, բայց ոչ բարյացակամություն, իսկ Գենդալֆին նրանք առհասարակ թշնամաբար էին նայում:

— Ես հասկանում եմ ձեր լեզուն,— ասաց Գենդալֆը ռոհաներեն,— բայց օտարերկրացիները պարտավոր չեն հասկանալ: Ինչո՞ւ չեք խոսում համընդհանուր լեզվով, եթե ուզում եք, որ ձեզ պատասխանեն:

— Դա Թեոդեն արքայի կամքն է,— պատասխանեց ժամապահներից մեկը: — Այս դարպասից ներս ոչ ոք իրավունք չունի մտնել, բացառությամբ նրանց, ովքեր գիտեն մեր լեզուն: Պատերազմի օրերին մենք ներս ենք թողնում միայն մեր ազգակիցներին և Մունդբուրգից ուղարկված գոնդորցիներին: Ովքե՞ր եք դուք, տարօրինակ զգեստներով օտարականներ, որ այդպես անվրդով զբոսնում եք մեր հարթավայրում նժույգներով, որոնք ջրի երկու կաթիլի պես նման են մեր ձիերին: Մենք վաղուց ենք այստեղ ժամապահում և երկար ժամանակ է հետևում ենք ձեզ: Առաջին անգամ ենք տեսնում ձեզ պես տարօրինակ հեծյալների: Եվ այդ ազնվազարմ նժույգը, որը երկու հեծյալ է տանում... Եթե իմ աչքերը կախարդված չեն ինչ-որ հմայախոսքերով և ինձ չեն խաբում, ապա ես կասեմ, որ այդ նժույգը Մեարաս ցեղից է: Պատասխանի՛ր, կախար՞րդ ես դու, թե՞ լրտեսն ես Սարումանի: Իսկ գուցե դուք չար ուրվականնե՞ր եք: Պատասխանի՛ր, արա՛գ:

— Մենք ուրվականներ չենք,— Գենդալֆի փոխարեն պատասխանեց Արագորնը,— և աչքերդ էլ քեզ չեն խաբում: Սրանք իսկապես ձեր նժույգներն են և դու այդ մասին նախքան հարցդ տալը արդեն գիտեիր: Քո կարծիքով ձիագողերը կվերադարձնե՞ին գողացված ձիերին: Սրանք Հասուֆելն ու Արոդն են, որոնց մեզ փոխարինաբար տվել է Էոմերը, Ռոհանի երրորդ զորավարը: Մենք խոստացել էինք հետ վերադարձնել նրանց և, ինչպես տեսնում ես, եկել ենք, որ վերադարձնենք: Էոմերը դեռ չի՞ վերադարձել, թե՞ չի զգուշացրել ձեզ:

Ժամապահի աչքերը մտահոգ տեսք ստացան:

— Էոմերի մասին ես ոչինչ չեմ կարող ասել,— ասաց նա,— բայց եթե դուք ճիշտ եք ասում, ապա, անտարակույս, Թեոդենը գիտի ձեր մասին: Շատ հնարավոր է, որ նա հիմա սպասում է ձեզ: Երկու օր առաջ երեկոյան այստեղ բարեհաճեց Օձալեզուն և հայտարարեց թագավորի նոր հրամանը. այսուհետ օտարականների մուտքն Էդորաս արգելվում է:

— Օձալեզու՞ն,— խոսեց Գենդալֆը, ոտից գլուխ չափելով ժամապահին: — Այևս ոչ մի խո՛սք: Ես եկել եմ խոսելու Ռոհանի թագավորի հետ, ո՛չ թե ինչ-որ Օձալեզվի: Իմ գործը չի կարող սպասել. զեկուցիր թագավորին մեր գալստյան մասին, կամ ուղարկիր ինչ-որ մեկին: — Գենդալֆի աչքերը փայլատակեցին թավ հոնքերի տակից, և նա խիստ հայացք նետեց ռոհանցու վրա:

— Լավ, ես կզեկուցեմ ձեր մասին,— դանդաղ ասաց ժամապահը: — Բայց, ովքե՞ր եք դուք: Եվ Ինչպե՞ս ներկայացնեմ ձեզ թագավորին: Հոգնած ծերունու տեսք ունես, սակայն, իմ կարծիքով, այդ տեսքի տակ մեծ ուժ և վճռականություն կա թաքնված:

— Դե ինչ, սուր աչք ունես և ճիշտ ես նկատել,— ասաց հրաշագործը: — Քանզի ես Գենալֆն եմ: Ես վերադարձել եմ և, ինչպես տեսնում ես, հետ եմ բերել ձեր նժույգին: Նայի՛ր, սա Լուսաչն է, նժույգներից լավագույնը, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկին նա չի ենթարկվում: Ինձանից աջ Արագորնն է՝ Արաթհորնի որդին, Գոնդորի արքաների ժառանգորդը: Նա Մունդբուրգ է գնում: Իսկ ինձանից ձախ կանգնած են էլֆ Լեգոլասն ու թզուկ Ջիմլին, մեր բարեկամները: Գնա՛, ասա թագավորին, որ մենք կանգնած ենք դարպասի մոտ և ուզում ենք խոսել իր հետ, եթե նա մեզ թույլ կտա մտնել իր ապարանքը:

— Տարօրինակ են ձեր անունները, բայց եթե դուք պնդում եք, ես կզեկուցեմ ձեր մասին,— զիջեց ժամապահը: — Սպասեք դարպասի մոտ, մինչև ես կբերեմ թագավորի պատասխանը: Բայց առանձնակի հույս չտածեք, հիմա մութ ժամանակներ են...

Եվ նա արագ քայլերով հեռացավ, թողնելով օտարականներին իր ընկերների հսկողության տակ:

Շուտով նա վերադարձավ:

— Հետևեք ինձ,— ասաց նա: — Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք զենքերը, ներառյալ նաև գավազանը թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:

Անհյուրընկալ դռներըը բացվեցին, և Ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը՝ շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով, իր քարե հունի մեջ, քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ՝ կանաչ մարգագետնի վրա, վեր էր բարձրանում մի ընդարձակ թումբ, որի ստորոտին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այնտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե սանդուղքը տանում էր դեպի դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները պսպղում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք սովորական մահկանացուներից ավելի բարձրահասակ են:

— Հասանք,— ասաց ուղեկցող ժամապահը: — Դե, ես պետք է վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր նկատմամբ բարեհաճ գտնվի:

Նա շրջվեց և արագ հեռացավ: Ճանապարհորդներն աստիճաններով բարձրացան վերև: Թագավորի թիկնապահները լուռ նայում էին նրանց: Երբ Գենդալֆը ոտքը դրեց վերջին աստիճանին, դռնապանները վեր կացան տեղներից և քաղաքավարությամբ ողջունեցին հյուրերին ռոհանցիներին հատուկ ձևով.

— Խաղաղությո՛ւն ձեզ, հեռվի՛ց եկած օտարականներ:

Նրանք շրջեցին սրերը բռնակներով դեպի առաջ՝ ի նշան խաղաղության: Բռնակները զարդարված էին կանաչ քարերով և փայլփլում էին արևի տակ: Դռնապաններից մեկը առաջ եկավ և համընդհանուր լեզվով ասաց.

— Ես Համան եմ, Թեոդենի թիկնապահը: Ստիպված եմ խնդրել ձեզ, որ ձեր զենքերը թողնեք այստեղ:

Լեգոլասն իր արծաթե բռնակով դաշույնը, կապարճը և աղեղը տվեց նրան:

— Լավ կհսկես,— ասաց նա: — Այդ զենքերն ինձ նվիրել է Գալադրիելը, Ոսկե Անտառի տիրուհին:

Դռնապանի աչքերը զարմանքից կլորացան: Արագ կռանալով, նա էլֆի զենքերը դրեց պատի տակ և անմիջապես հետ ընկրկեց՝ ասես վախենալով, որ դրանք կխայթեն իրեն:

— Ոչ ոք դրանց չի դիպչի,— հավաստիացրեց նա:

Արագորնը տատանվում էր:

— Դա իմ կամքին հակառակ է,— ասաց նա,— բաժանվել Անդրիլից և դնել այն օտար ձեռքերի մեջ:

— Բայց դա Թեոդենի կամքն է,— առարկեց Համան:

— Չեմ կարծում, որ Թեոդենի, Թենգելի որդու՝ թեև նա Ռոհանի տիրակալն է՝ կամքն օրենք է Արագորնի, Արաթհորնի որդու, Էլենդիլի ժառանգի համար,— գոչեց Արագորնը:

— Այս դղյակի տերը Թեոդենն է, ոչ թե Արագորնը, եթե նույնիսկ նա փոխարիներ Դենեթորին Գոնդորի գահին,— կտրեց Համան՝ փակելով ճանապարհը և սրի շեղբը շրջելով դեպի օտարականները:

— Անիմաստ խոսակցություն է,— նկատեց Գենդալֆը: — Թագավորն անհանգստանալու ոչինչ չունի, բայց պետք չէ հակառակվել այստեղի օրենքներին: Այս դղյակի տիրակալը Թեոդենն է, և որքան էլ անգիտակից թվան նրա հրամանները, ստիպված ենք հնազանդվել:

— Դա այդպես է,— հաստատեց Արագորնը: — Եվ ես կհնազանդվեի տան տիրոջ կամքին՝ թեկուզ այդ տունը խրճիթ լիներ անտառում, եթե իմ սուրը Անդրիլը չլիներ:

— Ինչ անուն էլ որ քո սուրը ունենա, միևնույնն է դու կթողնես այն այստեղ,— ասաց Համան,— եթե չես ուզում միայնակ կռվել Էդորասի բոլոր ռազմիկների դեմ:

— Իսկ ինչո՞ւ միայնակ,— առաջ գալով խոսեց Ջիմլին՝ ձեռքով շոյելով տապարի սայրը և մռայլ նայելով թիկնապահին ասես մի ծառի, որին որոշել էր կտրել: — Նա միայնա՛կ չէ:

— Հանգի՛ստ,— տիրական ձայնով հրամայեց Գենդալֆը,— այստեղ թշնամիներ չկան: Մենք ձեր բարեկամներն ու դաշնակիցներն ենք, և վեճը մեր միջև միայն Սաուրոնին է ձեռնտու: — Նա չարագույժ ծիծաղեց: — Ժամանակը թանկ է: Ընդունիր իմ սուրը, քաջարի՛ Համա, և այն նույնպես լավ կհսկես: Գլամդրինգ է դրա անունը, և կռել են այն էլֆերը դեռ առաջին դարաշրջանում: Ճանապա՛րհ տուր ինձ: Հետևիր ինձ, Արագո՛րն:

Արագորնը դանդաղ արձակեց գոտին և սուրը դրեց պատի տակ:

— Ես այն թողնում եմ այստեղ,— ասաց նա,— բայց արգելու՛մ եմ դիպչել: Տես հա՜, թող ոչ ոք չդիպչի իմ սրին: Այս էլֆական պատյանի տակ թաքցված է մի սուր, որը կոտրվել և կռվել է նորից: Այն առաջին անգամ կռել Է Թելչարը դեռևս ավագ դարաշրջանում:

— Դուք ասես անցած օրերի հին երգի թևերով եկած լինեք,— մի քայլ հետ ընկրկելով, մրթմրթաց կատարելապես զարմացած դռնապանը: Նա հարգալիր նայեց Արագորնին: — Կարվի այնպես, ինչպես դուք եք կարգադրում, Պարո՛ն:

— Դե ինչ,— ասաց Ջիմլին,— այդ դեպքում ես էլ կթողնեմ իմ տապարն այստեղ: Անդրիլի կողքին այն իրեն նսեմացած չի զգա: — Եվ նա դրեց իր տապարը պատի տակ, Անդրիլի կողքին: — Մենք կատարեցինք քո պահանջը, ուղեկցիր մեզ քո տիրոջ մոտ:

Սակայն դռնապանը հապաղում էր:

— Գավազանդ նույնպես,— ասաց նա Գենդալֆին: — Ներիր բայց, այն ևս պետք է մնա այստեղ:

— Դա արդեն չեղավ,— ասաց Գենդալֆը: — Մի բան է զգուշությունը, թեկուզ ավելորդ, բայց մեկ այլ բան է անքաղաքավարությունը: Ես ծեր եմ: Եթե դու ինձ գավազանով ներս չթողնես, ապա ես այնքան կնստեմ այստեղ, մինչև Թեոդենն անձամբ բարեհաճի գալ ինձ մոտ:

Արագորնը ծիծաղեց.

— Ամենքի համար էլ դժվար է վստահել օտարին մի բան, որն իր համար թանկ է: Բայց լսիր, միթե՞ դու իսկապես կզրկես կորացած ծերունուն իր միակ հենարանից: Իսկ առանց դրա թույլ չես տա՞ ներս մտնել:

— Հրաշագործի ձեռքին գավազանը կարող է ավելին լինել, քան պարզապես ծերունական ձեռնափայտ,— առարկեց Համան՝ կասկածանքով զննելով հացենու փայտից պատրաստված գավազանը, որին հենված էր Գենդալֆը: — Բայց նման դեպքերում իսկական տղամարդը և ռազմիկը պետք է վստահի իր իմաստությանն ու ներքին ձայնին, ոչ թե սպասի հրամանի: Ես հավատում եմ, որ դուք բարի նպատակներով եք եկել այստեղ, հավատում եմ որ պատվախնդիր մարդիկ եք և ինձ հուսախաբ չեք անի: Կարող եք ներս մտնել:

Դռնապանները բարձրացրեցին ծանր փականները, հրեցին փեղկերը, և դուռը ճռռալով բացվեց: Հյուրերը ներս մտան: Լեռնային թարմ, մաքուր օդից հետո դղյակի ներսը կիսամութ և տոթ թվաց ճամփորդներին: Երկար, ընդարձակ դահլիճում, որի առաստաղը պահում էին հզոր սյուները, կիսախավար էր տիրում, և միայն արևմտյան բարձրադիր պատուհաններից էին արևի պայծառ շողերը ներս թափանցում: Որպես ծխնելույզ ծառայող առաստաղին բացված անցքից երևում էր կապույտ երկինքը: Երբ ճամփորդների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք նկատեցին, որ հատակը պատված է գույնզգույն քարերով, որոնց վրա, ոտքերի տակից սկսելով, ճյուղավորվում էին ռունագրերն ու միահյուսվում անհասկանալի նախշերը: Փորագրազարդ, ոսկեզօծ սյուները փայլում էին խամրած ոսկու պես և երփներանգ ցոլքեր տարածում դահլիճում: Պատերին կախված ժամանակի ընթացքում խունացած հսկայական գորգերի վրա, որոնք դահլիճի խորքը գնալով կորչում էին կիսախավարում, պատկերված էին հնագույն հերոսների սխրանքները: Սակայն գորգերից մեկը լուսավորված էր արևի պայծառ լույսով, որի վրա սպիտակ նժույգով երիտասարդ հեծյալ էր պատկերված: Հեծյալը փչում էր իր մեծ եղջերափողը, և նրա խարտյաշ մազերը ծածանվում էին քամուց: Նժույգը գլուխը բարձրացրած խրխնջում էր. նրա ալ կարմիր ռունգերը լայնացել էին ճակատամարտի սպասումից, իսկ սմբակների տակ փոթորկվում էին կանաչ, փրփրաբաշ ալիքները:

— Տեսնու՞մ եք, դա Էորլ Երիտասարդն է հյուսիսից արշավում, շտապում է Քելեբրանթի ճակատամարտին,— ցույց տվեց Արագորնը:

Բարեկամներն անցան սրահի կենտոնում ծխացող օջախի կողքով և կանգ առան: Դահլիճի մյուս ծայրին երեք աստիճաններով բարձր գահավորակի վրա դրված ոսկեզօծ գահին նստած էր զառամյալ, ծերությունից թզուկ թվացող մի ծերունի: Բարակ, ադամանդե մեծ քարով ոսկյա թագի տակից ուսերին էին թափվում խիտ, ալեհեր մազերը, իսկ ճերմակ մորուքը իջնում էր մինչև ծնկները: Բայց նրա աչքերը դեռ այրվում էին պայծառ կրակով և, օտարականներին տեսնելով, ավելի պայծառ բոցավառվեցին: Գահի հետևում կանգնած էր սպիտակ զգեստով մի երիտասարդ կին, իսկ թագավորի ոտքերի տակ, աստիճաններին, նստած էր գունատ, բայց իմաստուն դեմքով մի մարդ, որը կիսախուփ կոպերի տակից ուշադիր զննում էր եկվորներին:

Որոշ ժամանակ լռություն էր տիրում: Ծերունին լուռ զննում էր հյուրերին:

Վերջապես Գենդալֆը խախտեց լռությունը.

— Ողջույն քեզ, Թեոդե՛ն, Թենգելի՛ որդի: Ինչպես տեսնում ես, ես վերադարձել եմ, քանզի փոթորիկը մոտենում է, և այս ծանր ժամին բոլոր բարեկամները պետք է համախմբվեն, այլապես մեզ առանձին-առանձին կոչնչացնեն:

Ծերունին դանդաղ վեր կացավ՝ հենվելով կարճ, սպիտակ ոսկորից պատրաստված գլխիկով սև ձեռնափայտին: Էլֆն ու թզուկը զարմանքով նկատեցին, որ թագավորը, չնայած ծերությունից կորացած մամնին, բավականին բարձրահասակ է: Դժվար չէր կռահել, որ երիտասարդ տարիներին նա հզոր, բարձրահասակ կեցվածք է ունեցել:

— Քեզ էլ ողջույն, Գենդալֆ,— ասաց նա: — Եթե ջերմ ընդունելության էիր սպասում, պետք է ասեմ, որ իզուր էիր սպասում: Դու արժանի չես դրան, քո ներկայությունը ցանկալի չէ այս տանը: Դու միշտ էլ չարագույժ լուրերի բանբեր ես եղել: Դժբախտությունները գալիս են քո հետևից ինչպես ագռավները, և նրանց մթին երամը ավելի ու ավելի է մեծանում: Ես քեզ չեմ խաբի. երբ իմացա, որ Լուսաչը վերադարձել է, շատ ուրախացա, բայց ավելի շատ ուրախացա, որ նա առանց հեծյալի է վերադարձել և, երբ Էոմերը բերեց քո մահվան լուրը, ես չսգացի: Բայց խոսակցությունները հազվադեպ են ճշմարիտ լինում: Եվ ահա դու կրկին բարեհաճել ես, իսկ քո հետևում, ինչպես միշտ, ավելի մեծ դժբախտություններ են, քան նրանք, որոնց միջով մենք հիմա անցնում ենք: Ասա՛ ինձ, Գենդալֆ Չարաբաստիկ Ագռավ, ինչի՞ համար պետք է գրկաբաց ընդունեմ քեզ:

Եվ նա դանդաղ իջավ իր ոսկեզօծ գահին:

— Արդարացի են քո խոսքերը, տե՛ր իմ,— ասաց աստիճաններին նստած գունատ մարդը: — Դեռ հինգ օր էլ չի անցել, ինչ արևելյան սահմաններից ստացել ենք քո որդի Թեոդրեդի՝ Ռոհանի երկրորդ զորավարի մահվան ցավալի լուրը: Իսկ Էոմերին վստահել չի կարելի. տվեք նրան ինքնուրույն գործելու հնարավորություն և Ոսկզօծ Ապարանքն անմիջապես կմնա առանց պաշտպանության: Բացի այդ, Գոնդորից քիչ առաջ լուր է եկել, որ Սև Տիրակալը պատրաստվում է պատերազմի: Ահա թե ինչպիսի ծանր ժամանակ է ընտրել այս անտուն թափառաշրջիկը այցելության համար: Եվ իսկապես, ինչու՞ պետք է ողջունենք քեզ, Գե՛նդալֆ Չարաբաստիկ Ագռավ: Լա՛թսպել է պետք է քեզ անվանել, Չարագո՛ւյժ, և սուրհանդակին էլ, ինչպես գիտես, ընդունում են իր բերած լուրերին համապատասխան: — Նա մռայլ քմծիծաղ տվեց և, բարձրացնելով ծանր կոպերը, չարությամբ նայեց հյուրերին:

— Իմ բարեկամ Օձալեզու, դու իմաստուն ես համարվում և, անտարակույս, հուսալի թիկունք ես ծառայում քո թագավորին,— հանգիստ պատասխանեց Գենդալֆը,— բայց ամեն ինչ երկու երես ունի: Պատահում է, որ վատ լուրերի հետ միասին, ձեռք ձեռքի տված գալիս է նաև օգնությունը: Ոմանք անձամբ են չարություն տարածում, իսկ իսկական բարեկամները խաղաղ և բարգավաճ օրերին դեգերում են հեռավոր հողերում, իսկ երբ մոտենում է վտանգը, նրանք հայտնվում են, որ օգնության ձեռք մեկնեն:

— Դա այդպես է,— արձագանքեց Օձալեզուն: — Բայց կան նաև երրորդները, որ գալիս են, փորփրում, քիթները խոթում ուրիշների գործերի մեջ: Այդպիսի բարեկամները ոչնչով չեն տարբերվում գիշակերներից, որոնք լեշերով են սնվում: Արդյոք մենք քեզանից օգնություն տեսե՞լ ենք երբևէ, Չարաբաստի՛կ Ագռավ: Եվ ի՞նչ օգնություն ես բերել դու հիմա: Հիշում եմ անցյալ անգամ ինքդ օգնության կարիք ունեիր, և թագավորը քեզ թույլ տվեց նժույգ ընտրել, որ ինչքան հնարավոր է արագ հեռանաս այստեղից: Եվ ի զարմանք բոլորի, դու համարձակվեցիր ընտրել Լուսաչի՛ն: Դրանով դու թագավորին մեծ ցավ պատճառեցիր, բայց, երկար մտածելով, շատերը որոշեցին, որ պատրաստ են վճարել ցանկացած գին, միայն թե որքան հնարավոր է արագ ազատվեն քեզանից: Եվ ահա դու նորից այստեղ ես, և հիմա կսկսվի հին երգը. դու նորից կսկսես օգնություն մուրալ, իսկ քեզանից օգնություն մենք այդպես էլ չենք ստանա: Ինչ-որ չեմ տեսնում այստեղ քո զորքին: Ու՞ր են հեծյալները, նիզակները, զրահները: Ահա թե ինչն եմ ես անվանում օգնություն: Այդպիսի օգնությունից մենք չէինք հրաժարվի: Իսկ դու երեք մոխրագույն ցնցոտիավոր ես բերել քո հետևից և վե՛րջ: Թեպետ դու ավելի շատ ես մուրացիկի նման քան նրանք...

— Տեսնում եմ անքաղաքավարի են սկսել դիմավորել քո տանը օտարականներին օ՛ Թեոդեն, Թե՛նգելի որդի,— գոչեց Գենդալֆը: — Մի՞թե քիչ առաջ դռնապանը չներկայացրեց քեզ իմ բարեկամներին: Ռոհիրիմների տիրակալներն այնքան էլ հաճախ չեն պատիվ ունեցել ընդունելու այսպիսի պատվարժան հյուրերի, և զենքները, որ նրանք թողեցին քո դռան շեմին, արժանի են բոլոր ժամանակների և բոլոր ժողովուրդների ամենաքաջարի և հզոր դյուցազուններին: Իմ ընկերները մոխրագույն թիկնոցներ են կրում, որովհետև դա է Լոթլորիենի էլֆերի գույնը, որոնք նվիրել են նրանց այդ հագուստները: Այդ թիկնոցները պաշտպանել են նրանց բազմաթիվ վտանգներից և բերել, հասցրել քո տուն:

— Փաստորեն Էոմերը չէր ստում, և դուք իսկապես դաշինքի մեջ եք Ոսկե Անտառի Կախարդուհու հետ,— քմծիծաղեց Օձալեզուն: — Ահա՜ թե ինչ: Զարմանալու ոչինչ չկա, Դուիմորդենում(Լորիենի ռոհաներեն անվանումը) միշտ էլ խաբեյության որոգայթներ են հյուսել:

Ջիմլին մի քայլ առաջ գնաց, բայց Գենդալֆի ձեռքը իջավ նրա ուսին, և նա կանգ առավ:


Դուիմորդենում, Լորիենում

Հազվադեպ է օտարը լինում:

Մահկանացուի աչքից հեռու, թաքնված,

Փայլում է այդ երկիրը ինչպես ադամանդ:

Գալադրիել, Գալադրիել,

Վճիտ են քո երկրի ջրերը,

Սպիտակ են քո երկրի աստղերը:

Կուսական են անտառները

Դուիմորդենի, Լորիենի,

Արդար, մաքուր ու չպղծված

Քան մտքերը մահկանացուների:


Այդպես երգեց Գենդալֆը և հանկարծ, ասես ինչ-որ կախարդանքով կերպարանափոխվեց: Նա դեն նետեց հին թիկնոցը, ուղղվեց, գավազանով խփեց հատակին և հստակ, սառը ձայնով գոչեց.

— Իմաստունը խուսափում է խոսել այն մասին, ինչը չգիտի, օ՛ Գրիմա, Գալմոդի որդի: Դու վերածվել ես անուղեղ որդի, օձի՛, որ ֆշշացնում է տեղի և անտեղի: Դե լռի՛ր և թաքցրո՛ւ փտած լեզուդ: Ես դրա համար չեմ անցել կրակի և մահվան միջով, որ արդարանամ ինչ-որ ստոր, քծնող ծառայի առջև:

Նա բարձրացրեց գավազանը և լսվեց ամպրոպի որոտը: Պատուհաններից ընկնող արևի լույսը խավարեց, դահլիճն ընկղմվեց թանձր խավարի մեջ: Օջախի կրակն արագորեն հանգավ և միայն մի կույտ ածուխներ մնացին: Ամեն ինչ թաղվեց մթության մեջ, բացի Գենդալֆի բարձրահասակ, ճերմակ ուրվագծից, որ կանգնած էր օջախի մոտ, բոսորագույն ածուխների լույսի ներքո:

Մթության մեջ լսվեց Օձալեզվի ֆշշոցը.

— Ախր ես զգուշացնում էի, չէ՞, տիրակա՛լ, որ անհրաժեշտ է խլել նրա գավազանը: Բթամիտ և դավաճան Համան խորտակեց մեզ:

Լույսի խուրձ բռնկվեց. բոլորին թվաց, թե կայծակը հարվածեց տանիքին: Հետո լռություն տիրեց: Օձսլեզուն բերանքսիվայր ընկած էր հատակին:

— Իսկ այժմ լսի՛ր ինձ, Թեոդե՛ն, Թե՛նգելի որդի,— գոչեց Գենդալֆը,— դու օգնությո՞ւն էիր փնտրում: — Նա բարձրացրեց գավազանը և ցույց տվեց առաստաղի անցքը: Խավարը սկսեց ցրվել և ամպերի հետևից երևաց կապույտ երկինքը: — Արիացի՛ր, Ռոհիրիմների՛ տիրակալ, Սև ստվերը դեռ ամենազոր չէ: Լսի՛ր իմ խոսքերը: Ավելի լավ օգնություն քեզ ոչ ոք չի առաջարկի: Ես պատրաստ եմ դառնալ քո խորհրդատուն, իսկ դու պատրա՞ստ ես լսել իմ խորհուրդները: Սակայն իմ խոսքերը բոլորի ականջների համար չեն: Դո՛ւրս արի տանդ շեմքից և շուրջդ նայիր: Չափազանց երկար ես նստել կիսախավարում, լսելով կեղծ զրույցները, որոնցով ուզում էին շեղել քեզ ճիշտ ճանապարհից:

Թեոդենը դանդաղ ոտքի կանգնեց: Դահլիճը աստիճանաբար լուսավորվում էր: Երիտասարդ կինը բռնեց ծերունու ձեռքը, և թագավորը օրիորդի օգնությամբ անվստահ քայլերով իջավ աստիճաններով ու կաղալով քայլեց դեպի ելքը: Օձալեզուն անշարժ պառկած էր: Մոտենալով դռներին Գենդալֆը բարձր թակեց:

— Բացե՛ք,— բղավեց նա: — Ռոհիրիմների տիրակա՛լն է գալիս:

Դռները ճռռալով բացվեցին և սառը քամին ներխուժեց դահլիճ:

— Կարգադրիր թիկնապահներիդ իջնել ներքև,— ասաց Գենդալֆը Թեոդենին: — Եվ դուք նույնպես հեռացեք կարճ ժամանակով, օրիո՛րդ, թողեք նրան իմ խնամքին:

— Գնա, Էովին, դո՛ւստր քրոջ,— ասաց թագավորը: — Վախի և կասկածի ժամանակներն անցան:

Երիտասարդ կինը դանդաղ վարադարձավ դահլիճ: Դռների մոտ նա կանգ առավ և շրջվեց: Նրա հայացքը խիստ էր, մտածկոտ, լցված Թեոդենի հանդեպ տածած խղճահարությամբ ու տխրությամբ: Նա գեղեցիկ էր, բարեկազմ, բարձրահասակ, սպիտակ զգեստով և արծաթե գոտիով: Փխրուն էր թվում առաջին հայացքից, բայց միևնույն ժամանակ պողպատից էլ ամուր և ուժեղ կամքով, ինչպես վայել է հնագույն ռազմիկների արքայական տոհմի ժառանգին:

Այդպիսին տեսավ առաջին անգամ Արագորնը Ռոհիրիմների արքայադուստր Էովինին, չքնաղ, բայց դեռ ոչ կանացի հասուն գեղեցկությամբ, սառը՝ ինչպես գարնանային առավոտը, որ դեռ չի հասցրել լցվել պայծառ գույներով: Իսկ նա նայեց Արագորնին՝ բարձրահասակ, մոխրագույն զգեստով վսեմ թափառականին, և տեսավ նրա մեջ հզոր ռազմիկի և դյուցազունի՝ իմաստնացած բազմաթիվ ծանր տարիների դաժան փորձություններից: Մի ակնթարթ Էովինը քարացավ, աչքը չկտրելով Արագորնից, ապա շրջվեց և արագ հեռացավ:

— Իսկ հիմա, տիրակալ, շուրջդ նայիր,— ասաց Գենդալֆը: — Նայիր քո երկրին և շնչիր նրա թարմ օդը:

Բլրի բարձունքից աչքերի առաջ բացվում էին Ռոհանի կանաչ հարթավայրերը, որոնք, գետի մոտից սկսվելով, կորչում էին մոխրագույն հեռվում: Քամին քշում էր հեռավոր անձրևների թեք վարագույրները: Արևմուտքում դեռ մոլեգնում էին մռայլ, փոթորկաբեր ամպերը, բայց քամին արդեն հյուսիսից էր փչում, և արևելքից եկած փոթորիկը աստիճանաբար հեռանում էր հարավ՝ դեպի ծովը: Հանկարծակի արևի շողը ճեղքեց ամպերը և ընկավ բլրի վրա: Փայլփլացին անձրևի արծաթե թելերը, իսկ հեռվում բյուրեղապակյա ժապավենի պես կայծկլտաց գետը:

— Այստեղ շա՛տ ավելի լուսավոր է,— գոչեց Թեոդենը:

— Դու իրավացի ես,— ասաց Գենդալֆը: — Եվ տարիներն էլ այնքան չեն ծանրացել քո ուսերին, որքան որոշ բարի կամեցողներ ներշնչում են քեզ: Դե՛ն նետիր այդ ձեռնափայտը:

Սև ձեռնափայտն ընկավ թագավորի ձեռքից և գլորվեց քարերի վրա: Թեոդենը դանդաղ ուղղեց փայտացած, ասես ինչ-որ բեռի տակ կորացած մեջքը, հայացքն ուղղեց դեպի երկինք և նրա աչքերը փայլեցին երկնային կապույտով:

— Մութ էին իմ երազները,— ասաց նա,— բայց այժմ ես արթնացել եմ: Ափսոս, որ ավելի շուտ չես եկել, Գե՛նդալֆ: Վախենում եմ հիմա արդեն ուշ է: Իմ տոհմը վերջին օրերն է ապրում, և այս ապարանքը, որ Բրեգոն է կառուցել Էորլի որդի՝ երկար կանգուն չի մնա: Ռոհանի թագավորների գահը կոչնչանա պատերազմի հրդեհի կրակում: Ի՞նչ անեմ ես հիմա:

— Դու դեռ շա՛տ բան կարող ես անել,— ասաց Գենդալֆը,— բայց, սկզբում, ուղարկիր ինչ-որ մեկին Էոմերի հետևից: Դու նրան կալանքի տակ ես պահում Գրիմայի խորհրդով, որին բոլորը, բացի քեզանից, Օձալեզու են կոչում: Այդպե՞ս է:

— Այդպես է,— պատասխանեց Թեոդենը,— բայց Էոմերը ըմբոստացավ իմ հրամանին և իմ գահի մոտ Գրիմային սպառնաց մահով:

— Կարելի է սիրել քեզ և միևնույն ժամանակ չսիրել Օձալեզվին, առավել ևս նրա խորհուրդները,— առարկեց Գենդալֆը:

— Միգուցե... Բարի՛, ես կկատարեմ քո խնդրանքը: Կանչիր Համային, որպես թիկնապահ նա իրեն լա՜վ արդարացրեց: Տեսնենք որպես հանձնակատար ինպե՞ս իրեն կդրսևորի: Թող մի մեղավորը բերի մյուսին:

Այդ ամենը նա ասաց խստորեն, բայց, նայելով Գենդալֆին, ժպտաց, և նրա դեմքի տագնապից ու կեղծ խնամքից առաջացած կնճիռները հարթվեցին ու այլևս չհայտնվեցին:

Համան հեռացավ կատարելու հրամանը, իսկ Գենդալֆն ուղեկցեց թագավորին նստարանի մոտ և ինքն էլ նստեց աստիճաններին՝ նրա ոտքերի տակ: Արագորնը և մյուսները կանգնեցին նրանց կողքին:

— Ես ժամանակ չունեմ պատմելու քեզ այն ամենը, ինչը դու պետք է իմանաս,— սկսեց Գենդալֆը,— բայց եթե իմ հույսերը փարատվեն, շուտով ես կկարողանամ պատմել քեզ ողջ ճշմարտությունը սկզբից մինչև վերջ: Իմացած եղիր, օ՛ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է սպառնում, այնքան մեծ, որքան դու նույնիսկ քո մթին երազներում չես տեսել, որ Օձալեզուն էր քեզ ներշնչում: Սակայն դու քնած չես այլևս: Դու սթափվել ես, օ՛ թագավոր: Գոնդորը և Ռոհանը միայնակ չեն: Թշնամին ավելի ուժեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:

Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ-որ բան ասաց, բայց նրա խոսքերը բացի թագավորից ոչ ոք չլսեց: Թագավորի աչքերը փայլատակեցին. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով մեկ և շրջվեց դեպի արևելք: Գենդալֆը նույնպես ոտքի ելավ, կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:

— ճշմարիտ որ այդպես է,— բարձր և հստակ ձայնով խոսեց Գենդալֆը,— մեր հույսը հիմա այնտեղ է, որտեղ գտնվում է մեր ամենամեծ վախը: Ամեն ինչ մազից է կախված: Բայց, ամեն դեպքում, հույս կա, միայն թե կարողանանք մինչ այդժամ դիմանալ:

Գենդալֆին և Թեոդենին հետևելով՝ մյուսներն էլ իրենց հայացքները դարձրեցին արևելք: Առջևում անծայրածիր տարածություն էր և մոխրագույն մշուշի մեջ թաղված հորիզոն, բայց նրանք մտովի տեղափոխվեցին լեռներից այն կողմ ընկած մահաբեր Խավարի Երկիրը: Որտե՞ղ է հիմա մատանու պահապանը: Եվ իսկապես, ինչքա՜ն բարակ է թելը, որից կախված է ընդհանուր ճակատագիրը: Լեգոլասը լարեց տեսողությունը, և էլֆի սուր աչքերը նկատեցին հեռու՜ հեռավոր գոնդորյան պահակային աշտարակի գագաթին ընկած արևի պայծառ ցոլքը, իսկ աշտարակից այն կողմ՝ աննկարագրելի հեռավորության վրա, հազիվ նկատելի բոսոր կրակի սպառնալի հրացոլքը:

Թեոդենը ծանրացած նստեց նստարանին. ասես ծերունական թուլությունը՝ պայքարելով Գենդալֆի կամքի հետ, հաղթանակ տարավ:

— Ավա՜ղ,— ասաց նա,— չարագույժ օրեր բաժին ընկան ինձ կյանքիս մայրամուտին: Ես էլ հույս ունեի կյանքիս վերջին տարիներն ապրել խաղաղության մեջ, որին արժանացել եմ: Ավա՜ղ քաջարի Բորոմիրին: Ջահելները զոհվում են հերոսի մահով, իսկ ծերերը անիմաստ ձգում են իրենց օրերը և ավելի ծերանում:

Եվ նա հոգնած ձեռքերը դրեց ծնկներին:

— Ձեռքերդ կվերականգնեն իրենց երբեմնի ուժը, երբ կրկին սեղմեն սրիդ բռնակը,— ասաց Գենդալֆը:

Թեոդենը վեր կացավ տեղից և ձեռքը տարավ դեպի ազդրը, բայց սուր չկար այնտեղ:

— Որտե՞ղ է պահել Գրիման իմ սուրը,— քթի տակ փնթփնթաց նա:

— Վերցրու այս մեկը, տիրակա՛լ,— լսվեց ինչ-որ մեկի բարձր ձայնը: — Այն միշտ էլ հավատարմորեն ծառայել է քեզ:

Երկու ռազմիկ անաղմուկ մոտեցել էին նրանց և կանգնել մի քանի քայլ այն կողմ: Նրանցից մեկը Էոմերն էր, առանց սաղավարտի և զրահի: Նա ծնկի իջած բռնել էր առանց պատյանի թրի շեղբից և բռնակը մեկնել Թեոդենին:

— Ի՞նչ է սա նշանակում,— խստորեն հարցրեց թագավորը՝ շրջվելով դեպի Էոմերը: Երկու ռազմիկներն էլ զարմանքից քարացան, ասես չճանաչելով իրենց թագավորին: Նրանց առջև կանգնած էր ալեհեր մազերով, բայց վեհ և փառահեղ մի տղամարդ: Ու՞ր էր կորել այն կորացած ծերունին, որին վերջին ժամանակներս նրանք տեսել էին միայն ձեռնափայտին հենված, կծկված, նստած իր գահին:

— Դա իմ մեղքն է տիրակալ,— դողալով խոսեց Համան: — Իմ հասկանալով, դու ներեցիր և ազատ արձակեցիր Էոմերին, և ես այնքան ուրախացա, որ, երևի, սխալ թույլ տվեցի: Ես որոշեցի, որ նա կրկին Ռոհանի երրորդ զորավարն է, և պետք է կատարել նրա խնդրանքը ու վերադարձնել նրա սուրը:

— Ես սուրը խնդրեցի միայն նրա համար, որ դնեմ քո ոտքերի տակ, տիրակա՛լ,— գոչեց Էոմերը:

Լռություն տիրեց: Թեոդենը ոտից գլուխ չափում էր իր առջև ծնկի իջած Էոմերին: Բոլորն անշարժ կանգնած էին:

— Գուցե սուրդ վերցնե՞ս,— լռությունը խախտեց Գենդալֆը:

Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց սրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքը աչքի առաջ լցվում է ուժով և եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը, և սոլուցով ճեղքելով օդը, մի քանի շրջան գծեց իր գլխավերևում: Այնուհետև նա բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր մայրենի լեզվով:


Դե ոտքի՛ ելեք, շու՛տ արեք, Թեոդենի հեծյալներ,

Խավա՛րն է թանձրանում արևելքում,

Եվ մեզ սպասվում են բազում սխրանքներ,

Թամբե՛ք ձիերին, և թող փչե՛ն եղջերափողերը,

Առա՛ջ, Էորլինգնե՛ր:


Թիկնապահները որոշեցին, որ թագավորը կանչում է իրենց և նետվեցին աստիճաններով վեր: Տեսնելով իրենց տիրակալին՝ նրանք ապշած կանգ առան, ապա, մի մարդու պես դնելով իրենց սրերը թագավորի ոտքերի տակ՝ գոչեցին.

— Հրամայի՛ր, թագավո՛ր:

— Ուեստու Թեոդեն հա՛լ (առողջ եղիր, Թեոդե՛ն),— բացականչեց Էոմերը: — Մեծ ուրախություն է մեզ համար տեսնել երբեմնի մեծության զարթոնքը: Դե հիմա թող ինչ-որ մեկը համարձակվի ասել, որ Գենդալֆը միայն չարիք է բերում:

— Հետ վերցրու սուրդ, Էոմե՛ր, քրո՛ջ որդի,— ասաց թագավորը: — Հա՛մա, գնա իմ սրի հետևից, Գրիման է պահպանում այն: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, դու ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել:

— Դու արդեն դրա կարիքը չունես,— ժպտաց Գենդալֆը: — Իմ խորհուրդն էր՝ վստահել Էոմերին և ոչ թե ստախոս ու խորամանկ Օձալեզվին: Մի կողմ նետիր ափսոսանքն ու վախը, ժամանակն է գործի անցնել: Թող բոլորը, ովքեր կարողանում են թամբին նստել, առանց հապաղելու արշավեն արևմուտք, ինչպես Էոմերն էր ձեզ խորհուրդ տալիս: Պետք է, քանի դեռ ուշ չէ, Սարումանի հարցը լուծել: Եթե մենք չհաղթենք Սարումանին, ապա ամեն ինչ կորած է, իսկ եթե հաղթենք՝ մեզ նոր գործեր են սպասում: Բոլորը, ովքեր մնում են այստեղ՝ ծերերը, կանայք և երեխաները, պետք է թաքնվեն լեռներում. Ռոհիրիմները այնտեղ ապաստարան ունեն՝ հատուկ այսպիսի իրավիճակների համար նախատեսված: Թող մարդիկ ուտելիք վերցնեն իրենց հետ, բայց թույլ չտաս չափից շատ բարձել ձիերին ավելորդ իրերով ու գանձերով: Խոսքը գնում է կյանքի և մահվան մասին:

— Քո խորհուրդն իմ սրտով է,— համաձայնեց Թեոդենը: — Թող ռոհանցիները պատրաստվեն արշավի՛: Իսկ դուք, իմ բարեկամներ... Ճիշտ ասացիր, Գենդալֆ, մենք անքաղաքավարի ենք դարձել: Դուք ամբողջ գիշեր արշավել եք: Հիմա արդեն կեսօր է, իսկ դուք դեռ ոչ քնել եք, ոչ հաց կերել: Հիմա ձեզ համար ննջասենյակներ կպատրաստեն, բայց սկզբում պետք է միասին սեղան նստենք:

— Ոչ, տիրակա՛լ,— առարկեց Արագորնը,— հոգնած ճանապարհորդների համար դեռ վաղ է հանգիստ փնտրել: Ռոհանի ռազմիկները պետք է հենց այսօր ճանապարհ ընկնեն, իսկ մենք՝ սուրը, տապարը և աղեղը, կմիանանք նրանց: Մեր զենքերը չպետք է ծուլորեն պառկած մնան քո ապարանքի դռների տակ: Ես խոստացել եմ Էոմերին, որ կկռվեմ նրա հետ ուս ուսի տված:

— Այդժամ հույս կա, որ հաղթանակը մե՛րը կլինի,— գոչեց Էոմերը:

— Հույս կա,— հաստատեց Գենդալֆը,— բայց Իզենգարդն ամուր է: Եվ բացի այդ՝ ավելի սարսափելի վտանգներ են մոտենում... Մի՛ հապաղիր, Թեոդե՛ն: Մեր արշավանքն սկսելուց անմիջապես հետո տար քո ժողովրդին Դունհորրոյի թաքստոցը, որ լեռներում է:

— Ոչ Գենդալֆ, դու, երևի, ինքդ էլ չգիտես, թե ինչ մեծ բուժակ ես: Այն պահից սկսած, երբ դու ինձ բուժեցիր՝ ամեն ինչ փոխվեց: Ես ի՛նքս կառաջնորդեմ իմ զորքին, և եթե ճակատագիրն այդպես որոշի՝ կընկնեմ առաջին շարքերում: Այդժամ իմ քունը հանգիստ կլինի:

— Այդ դեպքում նույնիսկ ռոհանցիների պարտությունը փառավոր կլինի և կարժանանա երգի,— բացականչեց Արագորնը:

Շուրջը կանգնած ռազմիկները զենքերը զարկեցին իրար և գոչեցին.

— Կեցցե՛ թագավորը, առա՛ջ, Էորլինգնե՛ր:

— Բայց չի կարելի առանց առաջնորդի թողնել քո ժողովրդին,— հիշեցրեց Գենդալֆը: — Ո՞վ պետք է կառավարի նրանց քո բացակայության ընթացքում:

–Ես կմտածեմ այդ մասին,– պատասխանեց Թեոդենը: –Իմիջայլոց, ահա և իմ խորհդատուն:

Դռեների մեջ հայտնվեց Համան, իսկ նրա հետևից, երկու ռազմիկների ուղեկցությամբ, Գրիմա Օձալեզուն: Նրա դեմքը մեռելային գունատ էր, արևի տակ հայտնվելով՝ աչքերը թարթում էր կույրի պես: Մոտենալով՝ Համան ծնկի իջավ և Թեոդենին մեկնեց ոսկեզօծ պատյանով ու կանաչ քարերով զարդարված երկար սուրը:

— Ահա քո հնագույն սուրը՝ Հերուգրիմը, օ՛ թագավոր,— ասաց նա: — Այն հայտնաբերվեց Գրիմայի սնդուկում, որի բանալիները նա ոչ մի կերպ չէր ուզում տալ: Այնտեղ այլ իրեր էլ կային, որ վաղուց կորած են համարվում:

— Սու՛տ է,— բղավեց Օձալեզուն: — Տիրակալն ինքն է ինձ տվել իր սուրը՝ պահպանելու համար:

— Եվ հիմա էլ վերցնում է հետ,— ասաց Թեոդենը,— ինչ-որ բան քո սրտով չի՞:

— Ի՜նչ ես ասում, տիրակա՛լ,— շտապ վրա բերեց Օձալեզուն: — Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին՝ ինչքան կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զրուցի այս ձանձրացնող հյուրերի հետ: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:

— Ցանկանում եմ,— պատասխանեց Թեոդենը: — Սեղա՛ն գցեք ինձ և իմ հյուրերի համար, մենք միասին ենք ճաշելու: Զորքը այսօր ևեթ պետք է շարժվի: Ուղարկե՛ք մունետիկներին, թող հավաք հայտարարեն և կանչեն բոլորին, ովքեր մոտակայքում են ապրում: Բոլոր տղամարդիկ և տղաները, ովքեր տիրապետում են զենքին և ի վիճակի են ձի հեծնել, թող թամբեն իրենց ձիերին և կեսօրից հետո երկրորդ ժամին հավաքվեն դարպասի մոտ:

— Ա՜խ, տիրակալ,— բացականչեց Օձալեզուն,— հենց դրանից էլ ես վախենում էի: Այս կախարդը կախարդել է քեզ: Մի՞թե դու ոչ մեկին չես թողնի հսկելու քո պապերի կառուցած Ոսկեզօծ ապարանքն ու քո գանձարանը: Մի՞թե թագավորն առանց հսկողության կմնա:

— Կախարդե՞լ է ասում ես,— կրկնեց Թեոդենը: — Իսկ իմ կարծիքով, այս կախարդանքն ավելի օգտակար է, քան քո խորհուրդները: Քո «հոգատարության» պատճառով ես քիչ էր մնում սկսեի չորեքթաթ սողալ: Այստեղ ոչ ոք չի մնալու, և դա քեզ էլ է վերաբերվում: Գրիման կարշավի զորքի հետ: Շտապի՛ր, դու դեռ կհացնես սրիդ վրայի ժանգը մաքրել:

— Ողորմա ինձ, տիրակա՛լ,— գետնին փռվելով տնքաց Օձալեզուն: — Խղճա դժբախտ Գրիմային, ով տվել է քեզ այն ամենը ինչ ունի՝ չխնայելով նույնիսկ սեփական առողջությունը: Մի՛ ուղարկիր ինձ, թող մնամ քեզ հետ: Ես կխնամեմ քեզ մինչև վերջ: Մի՛ վտարիր քո հավատարիմ Գրիմային:

— Կխղճամ,— պատասխանեց Թեոդենը: — Կխղճամ և չեմ վտարի քեզ: Ես իմ հեծյալների հետ գնում եմ պատերազմ: Դու կգաս ինձ հետ և կռվելով իմ կողքին՝ կապացուցես քո հավատարմությունը:

Օձալեզուն հուսահատ նայեց շուրջը կանգնածներին՝ ծուղակն ընկած և որսորդներով շրջապատված գազանի պես, ասես փնտրելով ամենաթույլ օղակը: Հանելով իր երկար, գունատ լեզուն՝ նա տենդագին լպստեց դողացող շրթունքները:

— Նման վճռականություն սպասելի էր Էորլի ժառանգից, ինչքան էլ որ ծեր լինի նա,— վերջապես ասաց նա: — Բայց եթե թագավորի նոր բարեկամները սիրեին նրան, կխղճային ծերունուն: Ես տեսնում եմ, որ ուշացել եմ, և հիմա տիրակալը նոր խորհրդատուներ ունի, որոնց, ինչպես երևում է, թագավորի մահը այնքան չի վշտացնի, որքան Գրիմային: Տեսնում եմ, տիրակա՛լ, քեզ հակառակը համոզել այևս չի ստացվի: Այդ դեպքում, գոնե լսիր իմ վերջին խնդրանքը: Էդորասին կառավարիչ է պետք, հավատարիմ մի մարդ, ով ծանոթ է քո մտքերին և սրբորեն կատարում է քո հրամանները: Վստահի՛ր այդ գործը Գրիմային, քո հավատարիմ և փորձված խորհրդականին: Այդ դեպքում, մինչև քո վերադառնալը, դու հանգիստ կլինես քո ժողովրդի և քո գանձարանի համար: Իսկ ես անհամբեր կսպասեմ քո վերադարձին, որը, ավա՜ղ գրեթե անհույս է:

Էոմերը ծիծաղեց:

— Իսկ եթե քո այդ խնդրանքն էլ մերժեն, այն ժամանակ ի՞նչ կանես հոգատար Օձալեզու: Ինչքա՞ն կնսեմանա, էլ ի՞նչ աշխատանք կհամաձայնես կատարել, միայն թե պատերազմ չգնաս: Բեռնակիր կլինե՞ս: Սնունդ պետք է տարվի լեռներ: Չնայած, կասկածում եմ, որ քեզ ուտելիքի պարկ վստահեն:

— Ոչ, Էոմե՛ր, դու երևի այնքան էլ լավ չես հասկանում, թե ինչ կա այս հոգատար խորհրդականի մտքին,— ասաց Գենդալֆը, սուր և ուշադիր հայացք նետելով Օձալեզվի վրա: — Նա վտանգավոր և խորամանկ խաղ է խաղում հիմա և նույնիսկ մոտ է հաղթանակին: Ինչքան թանկագին ժամանակ եմ ես սրա վրա ծախսում... Պառկե՛լ, խորամանկ օձ,— ճչաց նա հանկարծ ահարկու ձայնով: — Պառկի՛ր և սողա՛: Ասա,՛ վաղու՞ց ես Սարումանին վաճառվել: Ի՞նչ է նա խոստացել փոխարենը: Երբ բոլոր ռազմիկները զոհվեն, դու կստանաս քո բաժին գանձերը և կնոջը, որին ցանկանում ես, այդպես չէ՞: Դու արդեն երկար ժամանակ է քո կիսաբաց կոպերի տակից ուշադիր հետևում ես նրա ամեն մի քայլը:

Էոմերը ձեռքը տարավ սրին:

— Ես գիտե՛ի այդ մասին,— գոչեց նա,— և հենց դրա համար էլ պատրաստ էի սպանել նրան տիրակալի աչքերի առաջ: Բայց չգիտեի, որ նա նաև դավաճա՛ն է: — Եվ նա առաջ գնաց, բայց Գենդալֆը կանգնեցրեց նրան:

— Հանգստացի՛ր, Էովինին այլևս վտանգ չի սպառնում,— ասաց նա: — Իսկ դու, Օձալեզու... Քո իսկական տիրոջը դու բավականին լավ ես ծառայել, և նա քեզ պարտական է հիմա: Բայց Սարումանը մոռացկոտ է և չի սիրում իր պարտքերը վճարել, այնպես որ խորհուրդ եմ տալիս շտապ գնալ նրա մոտ և հիշեցնել քո կատարած ծառայությունների մասին, թե չէ մեկ էլ տեսար՝ մոռացավ, և դու մնացիր ձեռնունայն:

— Ստու՛մ ես,— ֆշշացրեց Օձալեզուն:

— Այդ բառը բավականին հաճախ է դուրս գալիս քո շուրթերից,— ասաց Գենդալֆը: — Ոչ, ես չեմ ստում: Նայիր այս խորամանկ օձին, Թեոդե՛ն: Վտանգավոր է վերցնել նրան քեզ հետ, բայց այստեղ էլ թողնել չի կարելի: Հանուն արդարության նրան պետք է մահապատժի ենթարկել: Բայց նա դավաճան չի ծնվել: երկար ժամանակ նա հավատարիմ ծառայել է քեզ: Ձի տուր նրան, և թող ուր ուզում է գնա: Դատիր նրան իր ընտրած ճանապարհով:

— Լսու՞մ ես, Գրիմա Օձալեզու,— դիմեց Թեոդենը Գրիմային: — Ընտրի՛ր, կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը, կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես:

Օձալեզուն դանդաղ ոտքի կանգնեց ու ևս մեկ անգամ հերթով նայեց բոլորին: Վերջում նայեց Թեոդենին, բացեց բերանը, ասես պատրաստվում էր ինչ-որ բան ասել և հանկարծ ամբողջ մարմնով ձգվեց: Ձեռքերը տենդագին դողում էին, իսկ դեմքին այնպիսի չար արտահայտություն էր գծագրվել, որ բոլորն ակամա ընկրկեցին: Նա մերկացրեց ատամները և հանկարծակի թքեց թագավորի ոտքերի տակ, ապա նետվեց աստիճաններով վար:

— Հետևե՛ք նրան,— կարգադրեց Թեոդենը: —Ուշադիր եղեք, որ ոչ մեկին վնաս չպատճառի, բայց ձեռք չտալ և չկանգնեցնել: Եթե ուզենա ձի վերցնել՝ կտաք:

— Իսկ կգտնվի՞ այդպիսի ձի, որը կցանկանա նրան տանել,— կասկածեց Էոմերը:

Թիկնապահներից մեկը վազեց դավաճանի հետևից, իսկ մյուսը գնաց շատրվանի մոտ, սաղավարտով ջուր վերցրեց և վերադառնալով՝ լվաց Օձալեզվի թքից պղծված քարերը:

— Իսկ հիմա, իմ հյուրեր,— ասաց Թեոդենը,— գնանք զրուցենք կարճատև ճաշկերույթի շուրջ:

Հյուրերը Թեոդենի հետևից վերադարձան դահլիճ: Ներքևում արդեն լսվում էր մունետիկների ձայները և մարտական եղջերափողերի կանչերը: Թագավորը հրամայել էր ճանապարհ ընկնել, հենց որ հավաքվեն և զինվեն մոտակա տարածքների բոլոր հեծյալները:

Թագավորական սեղանին Թեոդենի հետ միասին նստեցին նաև Էոմերը և չորս հյուրերը: Էովինը սպասարկում էր թագավորին: Ճաշում էին արագ և լուռ, միայն Թեոդենն էր հարցուփորձ անում Գենդալֆին Սարումանից:

— Ոչ ոք չգիտի, թե երբ նա դավաճան դարձավ,— ասում էր Գենդալֆը: — Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ երբ նրա սիրտը կամաց-կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այն ժամանակ Օձալեզուն հեշտությամբ էր կատարում իր խնդիրը, և Սարումանը արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր և անում: Քանզի սահմանները այն ժամանակ բաց էին, և օտարականները հանգիստ թափառում էին ձեր երկրում: Իսկ Օձալեզուն անընդհատ քո ականջին խորհուրդներ էր շշնջում՝ թունավորելով իր թույնով քո մտքերը, սառեցնելով սիրտդ և թուլացնելով կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կուրորեն հավատում էիր նրան: Հիշու՞մ ես ինչպես էի քեզ զգուշացնում Սարումանի մասին, երբ Օրթհանքից փախչելուց հետո եկել էի այստեղ: Դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձալեզվի խաղը բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ էր հորինում և բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ և հանգամանքներից ելնելով խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր նա պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդելու օրքերի ջոկատին, և եթե Էոմերը չհակառակվեր Օձալեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է, դա այն ավարը չէ, ինչի մասին երազում է Սարումանը, բայց օրքերը գողացել են մեր ջոկատից երկուսին, որոնք տեղյակ են այն գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին ես նույնիսկ քեզ հետ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել, օ՛ թագավոր: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել:

— Ես պարտական եմ Էոմերին,— ասաց Թեոդենը: — Տաքարյուն և համարձակ զրույցների հետևում հավատարիմ սիրտ է թաքնված:

— Ավելի լավ է ասես, որ եթե աչքի մեջ շյուղ է ընկնում, երբեմն ճշմարտություն էլ է սուտ թվում,— ասաց Գենդալֆը:

— Այո, իմ աչքերը կուրացել էին,— համաձայնեց Թեոդենը,— բայց ամենից շատ ես քեզ եմ պարտական, Գենդա՛լֆ: Դու կրկին ճիշտ ժամանակին հայտնվեցիր: Մինչ արշավի դուրս գալը ես կուզենաի քեզ պարգևատրել թագավորական ընծայով: Ընտրի՛ր, ինչ ցանկանում ես, իմ գանձերը՝ քո գանձերն են: Միայն չխնդրես ինձանից իմ սուրը:

— Ճիշտ ժամանակին եմ հայտնվել, թե ոչ, ցույց կտա ապագան,— պատասխանեց Գենդալֆը: — Իսկ ինչ մնում է նվերին, տիրակա՛լ, ես կընտրեմ այն, առանց ինչի չեմ կարող յոլա գնալ: Նվիրիր ինձ Լուսաչին: Ես նրան փոխարինաբար էի վերցրել, այդպես էր մեր պայմանավորվածությունը, բայց հիմա ես ուղևորվում եմ մահացու վտանգին ընդառաջ. մեկ արծաթն ընդդեմ ինը սևերի: Ես չեմ ցանկանում վտանգի ենթարկել մի բան, որը ինձ չի պատկանում: Եվ բացի այդ Լուսաչի հետ ինձ կապում է հավատարիմ բարեկամությունը:

— Լավ ընտրություն է,— ասաց Թեոդենը: — Այս անգամ ես հաճույքով տալիս եմ քեզ այն, ինչ դու խնդրում ես, բայց իմացի՛ր, դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ Միջերկրում գոյություն չունի: Նրա մեջ արթնացել են անցյալի հզոր նժույգները, բայց նրա նմաններ այլևս չեն ծնվի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դուք սրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ և զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ընտրեք, քանի դեռ ժամանակ ունենք, և թող դրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ:

Զինանոցից զրահներ բերեցին, և շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ և շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆը օղազրահից հրաժարվեց, իսկ Ջիմլիին այն ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ-որ բան գտնվեր, ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Ջիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ համապատասխան էր նրա կլոր գլխին, և մի ոչ մեծ վահան, որի վրա, կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զինանշանը:

— Թող այն պաշպանի քեզ ճակատամարտի ժամանակ,— ասաց Թեոդենը: — Այդ վահանը պատրաստվել է ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես փոքր տղա էի:

Ջիմլին խոնարհվեց:

— Հպա՛րտ եմ, որ նման պատվի եմ արժանացել, Մարկի՛ տիրակալ,— հանդիսավոր ասաց նա,— և կաշխատեմ չխայտառակել քո զինանշանը: Եվ ճշմարիտ, ավելի լավ է ես ձին կրեմ վահանիս վրա, քան նա ինձ իր մեջքին: Ես իմ երկու ոտքը ավելի եմ նախընտրում, քան ձիու չորսը: Բայց ես պետք կգամ, կարող ես չկասկածել:

— Բացառված չէ,— ասաց Թեոդենը:

Նա ոտքի կանգնեց, և Էովինը մի գավաթ գինի ձեռքին մոտեցավ նրան:

— Ֆերթու Թեոդեն Հա՛լ (բարի ճանապարհ, Թեոդեն),— բացականչեց նա: — Խմիր այս գավաթից, օ՛ թագավոր, այս բարի ժամին: Թող հաջողությունը քեզ հետ լինի: Վերադարձիր հաղթանակո՛վ:

Թեոդենը համտեսեց գինին, և Էովինը գավաթը հերթով մատուցեց մյուս հյուրերին: Արագորնի առջև նա հանկարծ կանգ առավ և իր շողշողացող աչքերով նայեց նրան: Արագորնը նայեց նրա չքնաղ դեմքին և պատասխանեց ժպիտով, բայց գավաթն ընդունելուց պատահաբար դիպավ նրա ձեռքին և զգաց, թե ինչպես ցնցվեցին Էոմունդի դստեր մատները:

— Ողջույն Արագո՛րն, Արաթհորնի՛ որդի,— ասաց Էովինը:

— Քեզ էլ ողջույն, Ռո՛հանի արքայադուստր,— պատասխանեց Արագորնը, բայց նրա դեմքը մթագնեց, և ժպիտը մարեց:

Երբ բոլորը խմեցին գինու գավաթից, Թեոդենը վեր կացավ և ուղղվեց դեպի ելքը: Դռների մոտ արդեն հավաքվել և նրան էին սպասում մունետիկները, ռոհանյան իշխանները, զորավարները, ովքեր ապրում էին Էդորասում ու մոտակա բնակավայրերում:

— Լսե՛ք ինձ, Էորլի որդիներ,— դիմեց նա հավաքվածներին: — Ես ուղևորվում եմ արշավի, և հնարավոր է, որ այն վերջինը լինի իմ կյանքում: Ես Ժառանգորդ չունեմ, քանզի իմ միակ որդի Թեոդրեդը զոհվել է մարտում: Այս պահից սկսած իմ ժառանգորդն եմ հայտարարում Էոմերին՝ իմ քրոջ որդուն: Բայց եթե այնպես ստացվի, որ Էոմերը չվերադառնա, ինքներդ թագավոր կընտրեք ձեզ համար: Սակայն հարկավոր է մինչև մեր վերադարձը Էդորասի կառավարիչ նշանակել ինչ-որ մեկին: Ձեզանից ո՞վ կմնա այստեղ՝ հսկելու քաղաքը:

Ոչ ոք ձայն չհանեց:

— Միթե՞ ոչ մեկին չեք առաջարկի: Ու՞մ վստահեմ իմ ժողովրդին:

— Էորլի տոհմին,— բոլորի փոխարեն խոսեց Համան:

— Ես չեմ կարող Էոմերից բաժանվել, և նա ինքն էլ չի համաձայնի բաժանվել ինձանից,— առարկեց թագավորը,— իսկ նա վերջինն է Էորլի տոհմից:

— Ես Էոմերի մասին չեմ խոսում,— պատասխանեց Համան,— և հետո, Էոմերը վերջինը չէ: Էոմերին քույր ունի՝ Էովինը, Էոմունդի դուստրը: Նա քաջ է և ազնիվ, և բոլորը սիրում են նրան: Թո՛ղ Էովինը գլխավորի Էորլի ժողովրդին:

— Թող այդպես լինի,— որոշեց Թեոդենը: — Մունետիկնե՛ր, տեղեկացրեք ժողովրդին այդ մասին:

Թագավորը նստեց Ոսկեզօծ Ապարանքի մուտքի մոտ գտնվող քարե գահին, և Էովինը ծնկի իջնելով նրա դիմաց թուր և թանկարժեք զրահ ընդունեց նրա ձեռքից:

— Մնաս բարով, դու՛ստր քրոջ,— ասաց Թեոդենը: — Մութ է մեր բաժանման ժամը, բայց գուցե դեռ էլի հանդիպենք Ոսկեզօծ Ապարանքում: Իսկ եթե մենք պարտություն կրենք, հիշի՛ր, Դունհորրոյի ամրոցն ամուր է և այնտեղ կարելի է երկար ժամանակ պաշտպանվել:

— Մի ասա այդպես, օ՛ թագավոր— ասաց Էովինը: — Ես կհաշվեմ օրերը՝ մինչև դուք վերադառանք, և այդ օրերից ամեն մեկը ինձ մի տարի կթվա:

Եվ այդպես խոսելով, նա նայեց Արագորնին:

— Թագավորը կվերադառնա,— ասաց Արագորնը,— մի՛ վախեցիր: Ճակատագրական պատերազմը մեզ սպասվում Է ոչ թե արևմուտքում, այլ արևելքում:

Թեոդենը ոտքի կանգնեց և Գենդալֆի հետ իջավ աստիճաններով: Մյուսները հետևեցին նրանց: Դարպասի մոտ Արագորնը վերջին անգամ շրջվեց: Ապարանքի մոտ, ամենավերին աստիճանին, միայնակ կանգնած էր Էովինը՝ ձեռքերը դրած սրի բռնակին: Շողշողացող զրահներով և սաղավարտով նա արծաթե արձան էր հիշեցնում:

Ջիմլին տապարն ուսը գցած քայլում էր Լեգոլասի կողքից:

— Վերջապե՛ս շարժվեցինք,— ասաց նա: — Մարդիկ, մինչև գործին անցնելը, շատ են երկար բարակ խոսում, իսկ իմ ձեռքերը քոր են գալիս, տապարս էլ անհամբեր է: Թեպետ չեմ կասկածում, որ ռոհանցիները ուժեղ կռվողներ են, բայց ձիերի վրա կռվել՝ դա ինձ համար չէ: Ինչպե՞ս պետք է կռվեմ ձիու վրա նստած: Չէ, ավելի լավ է կռվեմ իմ սեփական ոտքերի վրա ամուր կանգնած, ոչ թե պարկի պես ճոճվեմ Գենդալֆի թիկունքին:

— Անվտանգ տեղ է,— ծիծաղեց Լեգոլասը,— բայց մի տխրիր: Գենդալֆը կռիվը սկսելուց առաջ քեզ գետնին կիջեցնի, և կարծում եմ, Լուսաչն էլ չի առարկի: Տապարը հեծյալի զենք չէ:

— Դե թզուկներից ի՞նչ հեծյալ,— տապարի սայրը շոյելով փնթփնթաց Ջիմլին: — Ձիու վրայից, երևի, միայն մարդկանց ծոծրակները սափրելն է հարմար, ոչ թե օրքերի գլուխներ թռցնելը:

Դարպասի մոտ մեծ զորք էր հավաքվել: Այնտեղ և ծերեր կային և երիտասարդներ, հազարից ավելի մարդ էր եկել և բոլորն էլ ձիերին հեծած պատրաստ սպասում էին: Նիզակների պատը երիտասարդ անտառ էր հիշեցնում: Թեոդենին դիմավորեցին բարձր և ուրախ կանչերով, ապա բերեցին թագավորական նժույգին՝ Սպիտակաբաշ անունով: Արագորնին և Լեգոլասին նույնպես նժույգներ տվեցին: Ջիմլին իրեն անհարմարավետ էր զգում և արդեն խոժոռվել էր, երբ Էոմերը մոտեցավ նրան:

— Ողջու՛յն Ջիմլի, որդի՛ Գլոյնի,— դեռ հեռվից կանչեց նա: — Ներիր, որ մինչև հիմա ժամանակ չունեցա քեզանից քաղաքավարության դասեր վերցնելու, բայց, գուցե, թողնենք հետո՞: Խոստանում եմ, որ անքաղաքավարի բառեր Լորիենի տիրուհու մասին ինձանից այլևս չես լսի:

— Համարիր, որ ժամանակավորապես մոռացել եմ մեր վեճի մասին, Էոմունդի՛ որդի,— պատասխանեց Ջիմլին,— բայց եթե քեզ բախտ վիճակվի քո աչքերով տեսնել տիրուհի Գալադրիելին, դու պետք է ընդունես, որ նա աշխարհում ամենագեղեցիկն է: Թե չէ՝ վերջ մեր բարեկամությանը:

— Թող այդպես լինի,— ասաց Էոմերը: — Բայց, մինչ այդ, ներիր ինձ և նստիր իմ թամբին: Գենդալֆը Ռոհանի թագավորի հետ առջևից է գնալու: Հրաբաշը համաձայն է երկու հոգու տանել, վերջին խոսքը քոնն է:

— Համաձայն եմ և շնորհակալ,— պատասխանեց զգացված Ջիմլին,— բայց թող իմ ընկեր Լեգոլասը մեր կողքից արշավի:

— Որոշված է,— ասաց Էոմերը,— Լեգոլասը կարշավի ձախից, Արագորնը՝ աջից, և թող ինչ-որ մեկը փորձի մեզ կանգնեցնե՛լ:

— Ու՞ր է Լուսաչը,— հարցրեց Գենդալֆը:

— Արածում է գետի ափին և ոչ մեկին մոտ չի թողնում,— պատասխանեցին նրան: — Ա՜յ այնտեղ, գետանցումի մոտ արծաթե ստվեր է երևում: Այդ նա է:

Գենդալֆը սուլեց և անունով կանչեց նժույգին: Լուսաչը թափահարեց բաշը, խրխնջաց և նետի պես սլացավ տիրոջ մոտ:

— Եթե արևմտյան քամին մարմին ունենար, նա այս նժույգին նման կլիներ,— հիացած գոչեց Էոմերը, երբ Լուսաչը մոտեցավ տիրոջը և գլուխը դրեց նրա ուսին:

— Երևում է նվերն արդեն վաղուց քեզ է պատկանում,— ժպիտը մորուքի մեջ թաքցնելով ասաց Թեոդենը: — Լսե՛ք բոլորդ: Այսուհետ, իմ բարեկամ Գենդալֆ Մոխրագույն Թիկնոցին՝ իմաստուններից ամենաիմաստունին, հայտարարում եմ Ռոհանի պատվարժան հյուր և Էեորլինգների առաջնորդ: Այդպես կլինի, քանի դեռ էորլի որդիներն իշխում են Ռոհանում: Եվ որպես պարգև՝ թագավորը նվիրում է նրան Լուսաչին, ամենաազնվազարմ նշույգին:

— Շնորհակալ եմ քեզ, թագավո՛ր Թեոդեն,— արձագանքեց Գենդալֆը: — Նա մի կողմ նետեց մոխրագույն թիկնոցն ու գլխարկը և ցատկեց նժույգի վրա: Հրաշագործը ոչ զրահ ուներ, ոչ սաղավարտ. ձյունաճերմակ մազերը ծածանվում էին քամուց, իսկ հագուստը փայլում էր կուրացուցիչ ճերմակությամբ:

— Մեզ հետ է մեր Սպիտակ Ձիավո՛րը,— բացականչեց Արագորնը, և բոլորը միացան նրա կանչին.

— Կեցցե՛ն թագավորը և Սպիտակ Ձիավորը, առա՛ջ, Էորլինգնե՛ր:

Շեփորները կանչեցին, նժույգները ծառս եղան, նիզակները զարկվեցին վահաններին: Վերջապես թագավորը բարձրացրեց ձեռքը, և Ռոհիրիմների վերջին զորքը քամու պես արշավեց արևմուտք:

Էովինը, երկար ժամանակ ապարանքի մուտքի մոտ անշարժ կանգնած, հետևում էր նիզակների ծայրերից անդրադարձող ոսկեգույն ցոլքերին:

Գլուխ յոթերորդ. Հելմյան Իջվածք

Երբ հեծյալները հեռանում էին Էդորասից, արևն արդեն թեքվել էր դեպի արևմուտք և շողում էր ուղիղ նրանց աչքերին՝ լցնելով ռոհանյան հարթավայրը ոսկեգույն մեգով: Ճանապարհը մեկ բարձրանալով, մեկ իջնելով, ձգվում էր Սպիտակ Լեռների ստորոտով, երբեմն անցնելով արագնթաց լեռնային գետակների ծանծաղուտներով: Աջակողմյան հեռվում սկսեցին երևալ մայրամուտի շողերով լուսավորված Մշուշապատ լեռները: Իրիկնանում էր:

Զորքն ամբողջ թափով սլանում էր առաջ, քանզի ժամանակ քիչ էր մնում: Վախենալով ուշանալ՝ հեծյալները արշավում էին գրեթե առանց կանգ առնելու: Ռոհանյան նժույգները Միջերկրում փառաբանված էին իրենց տոկունությամբ և արագավազությամբ, բայց ճանապարհը երկար էր. Էդորասից մինչև Իզենի գետանցում, որտեղ Թեոդենը հույս ունել միանալ Սարումանի բանակի ճնշմանը դիմակայող զորքին, ուղիղ գծով քառասուն լիգ կլիներ:

Եկավ գիշերը և հարթավայրը թաղվեց մթության մեջ: Վերջապես թագավորը կանգ առնելու հրաման տվեց: Արդեն հինգ ժամ էր անցել, ինչ նրանք դուրս էին եկել Էդորասից, և հետևում շատ լիգեր էին մնացել, բայց զորքը դեռևս ճանապարհի կեսն էր անցել: Ռոհանցիները լայն շրջանով ճամբար խփեցին բաց երկնքի տակ, աստղերի և լուսնի գունատ լույսի ներքո: Խարույկներ որոշեցին չվառել. վտանգը մոտ էր և ամեն ինչ սպասելի էր: Ճամբարը բոլոր կողմերից շրջապատվեց ժամապահ հեծյալներով, և հետախույզներ ուղարկվեցին առաջ: Բայց գիշերային ճնշող ժամերը անցան խաղաղ և հնչեցին առավոտն ազդարարող եղջերափողերը: Մեկ ժամ էլ չէր անցել, երբ զորքը շարժվեց առաջ:

Երկինքն առաջվա պես մաքուր էր, բայց օդը լցվել էր ծանրությամբ: Տարվա այս եղանակի համար, ինչ-որ, չափից ավելի տոթ էր: Ծագող արևը թույլ լուսավորում էր վաղորդյան մեգի միջով, բայց հորիզոնում դեռ փոթորկվում էր խավարը: Թվում էր, թե արևելքից փոթորիկ է մոտենում: Հեռվում, հյուսիս արևելքից դեպի Մշուշապատ Լեռների ստորոտն էր գալարվում թանձր մառախուղը:

Գենդալֆը շրջվեց դեպի կողք-կողքի ընթացող Լեգոլասն ու Էոմերը:

— Ինձ էլֆական աչքեր են պետք Լեգոլաս: Ապա մի նայիր այնտեղ, դու մեկ լիգի վրա տարբերում ես իրարից ճնճղուկին և դեղձանիկին: Ի՞նչ է կատարվում Իզենգարդի պարիսպների տակ:

— Մինչև Իզենգարդ դեռ շատ լիգեր կան,— պատասխանեց Լեգոլասը ձեռքով աչքերին հովար անելով: — Շրջապատող լանջերը պատված են խիտ մշուշով, որի մեջ ինչ-որ բան է շարժվում, բայց թե ինչ է դա, անհասկանալի է: Տարօրինակ մշուշ է: Թեպետ, դա ոչ մշուշ է, ոչ էլ ծուխ, ավելի շատ թանձր ստվեր է հիշեցնում, որի ծագումն ինձ անհայտ է: Այնպիսի զգացողություն է, ասես այդ ստվերը տարածում է ինչ-որ մեկը, կամ ինչ-որ մի բան... կարելի է մտածել, որ հովիտը շրջապատվել է անծայրածիր անտառի կիսախավարով: Բայց ստվերը տեղում կանգնած չի մնում, այլ լանջերն ի վար դանդաղ սողում է ներքև գետի երկայնքով...

— Իսկ մեզ կրնկակոխ հետապնդում է մորդորյան փոթորիկը,— ասաց Գենդալֆը: — Գիշերը ծանր է լինելու:

Տոթը գնալով ծանրանում էր: Կեսօրին սև ամպերը հասան զորքին: Երկինքը սրընթաց պատվեց մռայլ վարագույրով, և շուտով զորքի առջևում կուրացուցիչ լուսարձակեց նրա փոթորկվող ծայրը: Արևի արնակարմիր սկավառակը, խորտակվելով խտացող մշուշում, իր վերջին շողերով լուսավորեց Եռագագաթ Թրայհիրնի զառիվայր լանջերը՝ մուգ ոսկեգույն ցոլքով անդրադառնալով նիզակների և զրահների վրա: Այդ երեք գագաթները խոսում էին այն մասին, որ զորքը մոտեցել է Սպիտակ Լեռների վերջին՝ ամենահյուսիսային գագաթներին: Մայրամուտն արդեն վերջանում էր, երբ հորիզոնում մի փոքրիկ սև կետ երևաց. ինչ-որ հեծյալ էր շտապում զորքին ընդառաջ: Առաջապահ ջոկատը կանգ առավ:

Երբ հեծյալը մոտեցավ, երևաց, որ նա մի հոգնած ռազմիկ է, ջարդված սաղավարտով և ճեղքված վահանով: Նա դանդաղ իջավ ձիուց և շունչը տեղը բերելով խռպոտ ձայնով խոսեց.

— Էոմերը ձեզ հե՞տ է: Վերջապե՛ս: Բայց դու ուշացել ես, Էոմե՛ր, և դուք չափազանց քիչ եք: Այն ժամանակվանից, ինչ Թեոդրեդն ընկավ, հաջողությունը թիկունք է դարձրել մեզ: Երեկ մեզ ստիպեցին նահանջել Իզենի այս ափը, և մենք ծանր կորուստներ կրեցինք: Շատերը զոհվեցին գետանցումի վրա: Գիշերը թշնամին համալրվեց մեծաքանակ թարմ ուժերով. երևի Իզենգարդում ոչ մի զինվոր չի մնացել: Որպես հավելում, Սարումանը մեր դեմ զինել է նաև վայրի լեռնեցիներին և Դունլենդի գետամերձ հովվական ցեղերին: Թշնամին ավելի շուտ քանակով է հաղթանակ տանում, քան ուժով: Նրանք գրոհով ճեղքեցին մեր պաշտպանությունը: Վեսթֆոլդցի Էրքենբրանդը հավաքեց, ում կարողացավ և պատսպարվեց Հելմյան Իջվածքիի ամրոցում, իսկ մնացածները ցրվեցին հարթավայրով մեկ: Որտե՞ղ է Էոմերը: Ասացեք նրան, որ հույս չկա, թող վերադառնա Էորաս, քանի դեռ Իզենգարդի գայլերը այստեղ չեն հասել:

Մինչ այդ պահը Թեոդենը, իր թիկնապահների թիկունքում թաքնված, լուռ լսում էր, բայց երբ հեծյալն ավարտեց իր խոսքը, նա առաջ եկավ:

— Ապա մի մոտ եկ, Քեո՛րլ,— ասաց նա: — Ես այստեղ եմ, ոչ թե Էդորասում, և ինչպես տեսնում ես, զորքը ես եմ ղեկավարում: Էորլինգների վերջին զորքն է դուրս եկել արշավի և առանց կռվի հետ չի վերադառնա:

Ռազմիկի դեմքը զարմանքից և ուրախությունից լուսավորվեց: Նա հպարտորեն ուղղվեց, ապա ծնկի իջավ և իր մերկացրած սուրը մեկնեց թագավորին:

— Հրամայի՛ր, տիրակա՛լ,— գոչեց նա,— և ներիր ինձ: Ես կարծում էի...

— Որ ես կորացած, ինչպես ծառը ձյան ծանրության տակ, նստած եմ Մեդուսելդում իմ գահի՞ն: Այո, այդպես էր, երբ դու լքեցիր Էդորասը, բայց արևմտյան քամին թափ տվեց ծառի վրայի ձյունը: Այս ռազմիկին թարմ նժույգ տվե՛ք: Առա՜ջ, գնում ենք Էրքենբրանդին օգնությա՛ն:

Այդ ընթացքում Գենդալֆն առաջ ընկած նայում էր Իզենգարդի կողմը՝ երբեմն շրջվելով ու նայելով մայրամուտին:

— Առաջնորդիր զորքիդ Հելմյան Իջվածք, Թեոդե՛ն,— վերադառնալով գոչեց նա: — Չմոտենաս գետանցումին և երկար չմնաս հարթավայրում: Ես պետք է կարճ ժամանակով լքեմ քեզ: Լուսաչը հուսախաբ չի անի, ինձ շտապ գործեր են սպասում: — Նա շրջվեց դեպի Արագորնն ու էոմերը: — Պահպանե՛ք թագավորին: կհանդիպենք Հորնբուրգի դարպասի մոտ: Հաջողությու՜ն:

Նա ինչ-որ բան շշնջաց Լուսաչի ականջին, և նժույգը սլացավ, ինչպես աղեղից բաց թողնված նետը. առկայծեց արծաթե ցոլքը, փչեց քամին, և նա անհետացավ տեսողությունից: Թագավորի նժույգը՝ Սպիտակաբաշը, ծառս եղավ և խռպոտ խրխնջաց, պատրաստ հետևելու Լուսաչին, բայց ո՞վ կարող է հասնել Լուսաչի հետևից, բացի արագաթև թռչունից:

— Եվ ինչպե՞ս դա հասկանալ,— Համային հարցրեց թագավորի թիկնապահներից մեկը:

— Գենդալֆ Մոխրագույնը ինչ-որ տեղ է շտապում,— պատասխանեց Համան: — Նա միշտ էլ անսպասելի է հայտնվում և անսպասելի էլ անհետանում:

— Օձալեզուն անմիջապես կբացատրեր նրա անհետացման պատճառը, եթե այստեղ լիներ,— ասաց թիկնապահը:

— Չեմ կասկածում,— արձագանքեց Համան,— բայց ես, ավելի լավ է, սպասեմ Գենդալֆի վերադարձին:

— Սպասիր, սպասիր, գուցե և վերադառնա,— փնթփնթաց թիկնապահը:

Լքելով գետանցում տանող ճանապարհը, զորքը շրջվեց և արշավեց դեպի հարավ: Սկսվեց գիշերը, սակայն ռոհանցիները կանգ չառան: Լեռները մոտենում էին: Թրայհիրնի եռաժանին թաղվել էր խավարի մեջ, և միայն երկինքն էր աղոտ լուսավորված գագաթների հետևում: Առջևում՝ Վեսթֆոլդյան Հովտի մյուս ծայրում, լայնարձակ կանաչ մարգագետինը խորանալով լեռների մեջ վերջանում էր նեղ կիրճով: Տեղի բնակիչները այդ կիրճն անվանում էին Հելմյան Իջվածք՝ ի պատիվ հնագույն դյուցազնի, որը մի ժամանակ այդտեղ թշնամիներից ապաստան էր գտել: Նեղ, խորը կիրճը բարձրանում էր վեր՝ խրվելով Թրայհիրնի լանջը և վերջանում հզոր, քարքարոտ ժայռերի պատով, որի ծերպերում բույն էին դրել ագռավները: Կիրճի բերանին, Հելմյան ամրոցի դարպասի դիմաց, վեր էր խոյանում մի ժայռ, որը քարե հնագույն պարսպով միանում էր լեռնաշղթայի հյուսիսային զառիվայր լանջին: Ժայռի գլխին հզոր աշտարակ էր կառուցված՝ շրջապատված անառիկ պատերով: Պատմում էին, որ այդ բերդը հին ժամանակներում առասպելական հսկաների օգնությամբ կառուցել են անդրծովյան դյուցազունները: Ամրոցը կոչվում էր Հորնբուրգ(եղջերափող+ամրոց), քանզի բավական էր կիրճում փչեր եղջերափողը, և արձագանքը հարյուրապատիկ անգամ թնդում էր կիրճով մեկ ու թվում էր, թե հիմա լեռնային քարանձավներից դուրս կսլանա հնագույն ժամանակներից մոռացված զորքը... Կիրճի մուտքը փակում էր դեպի հարավ ձգվող և լեռնաշղթայի հարավային լանջին միացող քարե պարիսպը: Պարսպի միջով քարե խողովակ էր գցված, որի միջով դեպի հովիտ էր հոսում Հելմյան գետակը և, բաժանելով կանաչ մարգագետինը երկու մասի, վազում էր դեպի Հելմյան հողապատնեշը, իսկ այնտեղից իջնում էր ներքև՝ դեպի Վեսթֆոլդյան հովիտը: Հենց այդ կիրճում էլ թաքնվել էին Վեսթֆոլդի՝ ռոհանի սահմանամերձ գավառի, տիրակալ Էրքենբրանդի վերջին ռազմիկները: Երբ փոթորկաբեր ամպերը սկսեցին մոտենալ, այդ իմաստուն ռազմիկը թարմացրեց ամրոցի պատերը, և Հորնբուրգը կրկին հզոր ու անառիկ բերդ դարձավ:

Ռոհանցիները դեռ չէին հասել կիրճի բերանին, երբ նրանց ականջներին հասան ինչ-որ ճչոցներ, որոնց հաջորդեց եղջերափողի ձայնը: Հետախույզները տագնապ էին բարձրացրել: Մթության մեջ լսվեց նետերի սուլոցը: Հետախուզներից մեկը, հասնելով զորքին, կանգնեցրեց ձիուն և զեկուցեց թագավորին, որ տափաստանում թափառում են գայլերին հեծած օրքերը, իսկ օրքերի և վայրի լեռնեցիների հսկայական զորքը անցել է գետանցումը և, ըստ երևույթին, շարժվում է դեպի Հելմյան Իջվածք:

— Նահանջի ժամանակ մեր ռազմիկներից շատերն են այնտեղ զոհվել,— ասաց նա: — Մենք տեսանք նրանց դիակները: Բացի այդ հարթավայրում ցրված բազմաթիվ ջոկատներ կան, որոնց ոչ ոք չի առաջնորդում: Էրքենբրանդից դեռևս նորություն չկա: Ամենայն հավանականությամբ նա զոհվել է, իսկ եթե ոչ, ապա Հորնբուրգի դարպասին էլ դժվար հասնի:

— Իսկ Գենդալֆին չե՞ք տեսել,— հարցրեց Թեոդենը:

— Տեսել ենք, տիրակալ: Շատերն են տեսել վիթխարի նժույգին հեծած մրրիկի պես այս ու այն կողմ սլացող ալեհեր ծերունուն: Ոմանք նրան Սարումանի տեղն են դրել: Նա սլացել է դեպի Իզենգարդ: Ասում են դրանից մեկ օր առաջ Օձալեզվին էլ են տեսել՝ օրքերի ուղեկցությամբ հյուսիս արշավելուց:

— Օձալեզվի բախտը չի բերի, եթե Գենդալֆը հասնի նրան,— քմծիծաղեց Թեոդենը: — Եվ այսպես, իմ երկու խորհրդականներն էլ ինձ լքեցին, և՛ հինը, և՛ նորը: Սակայն մեր հետագա անելիքը պարզից էլ պարզ է. անկախ նրանից վերադարձել է Էրքենբրանդը թե ոչ, պետք է գնալ Հելմյան ամրոց, ինչպես խորհուրդ էր տալիս Գենդալֆը: Թշնամու ուժերի քանակը հայտնի՞ է:

— Այո, անթիվ-անհամար են,— հոգոց հանեց հետախույզը: — Իհարկե, երբ նահանջում ես, աչքիդ թշնամու մեկ զինվորը երկուսն է երևում, բայց ես խոսել եմ քաջարի ու անվախ մարդկանց հետ, և նրանք ասում են, որ թշնամու ուժերը մի քանի անգամ գերազանցում են մերոնց:

— Դե ուրեմն շտապենք,— ասաց Էոմերը: — Եթե մեր և Հորնբուրգի միջև թշնամական հրոսակախմբներ կան, ապա հարկավոր է արագ ճեղքել-անցնել նրանց միջով: Հելմյան Իջվածքում քարանձավներ կան, որտեղ կարող են հազարավոր ռազմիկներ թաքնվել, իսկ այդ քարանձավներից՝ կարելի է գաղտնի անցումներով նահանջել լեռներ:

— Գաղտնի անցումներին չի կարելի վստահել,— առարկեց թագավորը,— Սարումանը վաղուցվանից հետևում է այս հողերին: Բայց բերդում երկար դիմանալ հնարավոր է: Առա՛ջ:

Այժմ Արագորնը, Լեգոլասը և Էոմերը գնում էին զորքի առջևից: Ճանապարհը մթության միջով տանում էր դեպի վեր, և որքան խավարը թանձրանում էր, այնքան դանդաղ էր ընթանում զորքը: Ճանապարհին օրքերի մանր ջոկատներ էին հանդիպում, բայց, ռոհանցիներին տեսնելով, անմիջապես փախուստի էին դիմում՝ խուսափելով բախումից:

— Վախենում եմ լուրը, որ թագավորն ինքն է առաջնորդում զորքին, շուտով կհասնի Սարումանին կամ նրան, ով առաջնորդում է նրա հրոսակներին,— նկատեց Էոմերը:

Թիկունքում որոտը աստիճանաբար բարձրանում էր: Քամին հեռվից ինչ-որ անհասկանալի, խռպոտ երգեցողության ձայներ էր բերում: Կիրճով բավականին վեր բարձրանալով՝ հեծյալները կանգ առան և շրջվեցին հետ: Ներքևում առկայծում էին անթիվ-անհամար ջահերի մանր կրակները: Ջահերի մի մասը անկանոն ցրված էր հարթավայրով մեկ, ասես հարթավայրը հանկարծակի պատված լիներ կարմիր ծաղիկներով, իսկ մյուս մասը ոլորապտույտ գալարներով սողում էր դեպի վեր: Երբեմն մշուշում այստեղ-այնտեղ ինչ-որ բան էր բռնկվում:

— Մեծ զորք է մեզ կրնկակոխ հետևում,— ասաց Արագորնը:

— Նրանք կրակ են իրենց հետ բերում և այրում են այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին,— գոչեց Թեոդենը: — Խոտի դեզերը, խրճիթները, ծառերը... Հարուստ հովիտ էր և շատ մարդիկ էին ապրում այստեղ: Ավա՜ղ իմ ժողովրդին:

— Ա՜խ, եթե հիմա ցերեկ լիներ,— բացականչեց Արագորնը,— մենք լեռներից հեղեղի պես կգահավիժեինք նրանց վրա: Ինձ վշտացնում է այն փաստը, որ մենք փախչում ենք:

— Քիչ է մնացել փախչելուն,— նկատեց Էոմերը,— Հելմյան հողապատնեշն արդեն մոտ է: Այնտեղ կիրճով մեկ տարածվող հին խրամուղի կա՝ շրջապատված հուսալի պատնեշով: Իսկ այնտեղից մինչև Հորնբուրգի դարպասը մեկ լիգից ավելի չի լինի: Հասնենք հողապատնեշին՝ կշրջվենք և մարտի կբռնվենք:

— Ոչ,— ասաց Թեոդենը: — Մենք չենք կարող պաշտպանել հողապատնեշը՝ զորքը փոքր է: Այն ձգվում է կիրճով մեկ, իսկ անցումը բավականին լայն է:

— Դե, եթե գործերն այդքան վատ են՝ այնտեղ միայն վերջապահ ջոկատ կթողնենք,— առաջարկեց Էոմերը:

Երբ վերջապես զորքը հասավ Հողապատնեշին, երկնքում ոչ աստղեր կային, ոչ էլ լուսինն էր լուսավորում: Լայն անցումով դեպի հովիտ էր հոսում գետակը, իսկ նրա երկայնքով ձգվում էր Հորնբուրգ տանող ճանապարհը: Խրամուղու մթին իջվածքի հետևում հանկարծակի երևաց Արգելապատնեշի հսկայական սև ստվերը, որի մյուս կողմից լսվեց ժամապահի կանչը:

— Դիմավորե՛ք Թագավոր Թեոդենին և նրա զորքին,— պատասխանեց Էոմերը: — Ձեզ հետ խոսում է Էոմերը՝ Էոմունդի որդին:

— Հիանա՜լի նորություններ են,— ուրախացավ ժամապահը,— նման բան մենք նույնիսկ հուսալ չէինք համարձակվում: Շտապե՛ք, թշնամին մոտենում է:

Զորքն անցավ հողապատնեշը և կանգ առավ գետակի կողքին՝ հարթ լանջի վրա: Ի ուրախություն բոլորի, պարզվեց, որ Էրքենբրանդը դարպասը պաշտպանելու համար բավականաչափ ռազմիկներ է թողել կիրճում, և բացի այդ, հարթավայրում ցրված հեծյալներից շատերը հասցրել են նահաջել բերդ:

— Հորնբուրգում, թերևս, հազարից ավելի զենքին տիրապետող հետյոտն ռազմիկներ կգտնվեն,— զեկուցեց Հողապատնեշը պահպանող ջոկատի հրամանատար ծեր Գամլինգը: — Բայց մեծամասնությունը՝ ինչպես ես, արդեն շատ ձմեռներ են տեսել, իսկ մյուսների՝ ինչպես իմ թոռան, շրթունքների վրայի կաթը դեռ չի չորացել: Ի՞նչ է պատահել Էրքենբրանդին: Երեկ մեզ լուրեր հասան, որ նա Վեսթֆոլդի լավագույն հեծյալների ջոկատի հետ նահանջում է Հելմյան Իջվածք, բայց նա այդպես էլ չհայտնվեց:

— Վախենում եմ նա այլևս չի հայտնվի,— գլուխն օրօրեց Էոմերը: — Հետախույզները նրան չեն տեսել, իսկ թշնամու զորքը լցրել է ամբողջ հովիտը:

— Այնուամենայնիվ ես հույս ունեմ, որ Էրքենբրանդին կհաջողվի փրկվել,— ասաց Թեոդենը: — Նա իսկական հերոս է: Նրա մեջ նորից վերածնվել է Հելմ Երկաթյա Ձեռքը... Բայց մենք չենք կարող նրան այստեղ սպասել, հարկավոր է ամրապնդվել բերդում: Դուք սննդի բավականաչափ պաշարներ ունե՞ք: Մենք պաշարման չենք նախապատրաստվել՝ մտածելով որ մարտի ենք գնում:

— Վեսթֆոլդի բնակչության երեք քարորդը՝ ծերերը, կանայք և երեխաները, ապաստան են գտել կիրճի քարանձավներում,— պատասխանեց Գամլինգը: — Բայց, միևնույնն է, պաշարները երկար ժամանակ կբավականացնեն. նրանք այստեղ են բերել իրենց անասուններին և նույնիսկ նրանց կերը:

— Բավականին խելամիտ են,— հավանություն տվեց Էոմերը: — Թշնամիները այրում և ոչնչացնում են իրենց ճանապարհին ամեն ինչ:

— Հելմյան ամրոցը թալանելը շատ ավելի դժվար է, դա նրանց վրա բավականին թանկ կնստի,— հառաչեց Գամլինգը:

Զորքը շարժվեց առաջ: Բոլորն իջան ձիերից, երկար շղթայով ձիերի սանձերից բռնած անցան գետը և Հորնբուրգի դարպասով մտան ամրոց: Ներսում նրանց դիմավորեցին համընդհանուր ուրախությամբ և նոր հույսով: Հիմա արդեն Հորնբուրգը բավականաչափ պաշտպաններ ուներ:

Էոմերն իր ջոկատներին արագ նախապատրաստեց մարտի: Թագավորն իր շքախմբի և հարյուրից ավելի Վեսթֆոլդցիների հետ մնաց պաշտպանելու Հորնբուրգը, իսկ մնացած բոլորին Էոմերը տեղակայեց պարսպի վրա և աշտարակի մոտ, որտեղ սպասվում էր գլխավոր հարվածը: Ձիերին տարան կիրճի խորքը, նրանց հսկելու համար թողնելով միայն մի քանի պահակ: Իջվածքը պաշտպանող պարիսպը քսան ֆուտ բարձրություն ուներ և այնքան լայն էր, որ չորս ռազմիկ ուս ուսի տված կարող էին հանգիստ տեղավորվել: Պարսպի ատամնավոր եզրապատը թաքցնում էր ռազմիկներին անցանկալի աչքերից, և միայն ամենաբարձրահասակները կարող էին նայել ատամների արանքից: Պարսպի վրա այստեղ-այնտեղ սևին էին տալիս հրակնատները, իսկ ներսի կողմից ամրոցի բակ իջնելու համար սանդուղք էր ամրացված: Երեք այդպիսի սանդուղքներ էլ ամրացված էին դրսի կողմից: Սակայն ամրոցի արտաքին պատը կատարելապես հարթ էր, և վիթխարի քարերը այնքան վարպետորեն էին միմյանց վրա դրված, որ նույնիսկ ամենաճարպիկ մարդը չէր կարող փոքրիկ ճեղք գտնել ոտքը դնելու համար: Եվ բացի այդ պարիսպը մի փոքր թեքությամբ կախվում էր կիրճի վրա, ինչպես ծովափնյա ժայռը, որի վրա բարձրանալ հնարավոր չէ:

Ջիմլին կանգնած էր հենված եզրապատին, իսկ Լեգոլասը նստել էր եզրապատի ատամների միջև և աղեղը ստուգելով նայում էր խավարին:

— Այստեղ ինձ դուր է գալիս,— ասաց թզուկը ոտքերով դոփելով քարերին: — Ինչքան լեռներին մոտ, այնքան սիրտս ավելի թեթև է: Գերազա՛նց ժայռեր են: Այս հողն ամուր ոսկորներ ունի. ես դա զգացի դեռ այն ժամանակ, երբ մենք իջանք ձիերից: Էհ, տվեք ինձ մի տարի ժամանակ ու հարյուր թզուկ, և մենք այս ամրոցը այնպիսի բերդի կվերածենք, որ զորքերը կփշրվեն նրա պատերին, ինչպես ալիքներն են փշրվում հարվածելով ծովափնյա ժայռերին:

— Հավատում եմ,— արձագանքեց Լեգոլասը,— և դա զարմանալի չէ: Դուք՝ թզուկներդ, տարօրինակ ժողովուրդ եք: Իսկ ինձ այս տեղը ճիշտն ասած բոլորովին դուր չի գալիս: Նույնիսկ արևածագն ինձ հակառակը չի ապացուցի: Բայց դու ինձ մխիթարեցիր, Ջիմլի, և ես ուրախ եմ, որ իմ կողքին ամուր, հաստ ոտքերով, մարտական տապարը ձեռքին թզուկ է կանգնած: Ափսոս, որ դու մենակ ես և քո ցեղակիցներից ուրիշ ոչ ոք չկա այստեղ: Բայց ավելի լավ կլիներ, եթե Չարքանտառից հարյուր էլֆ նետաձիգ լինեին այստեղ: Մենք նրանց կարիքը շատ ենք զգալու: Ռոհիրիմները վատ նետաձիգներ չեն, բայց նրանց մեջ քիչ են անվրեպ նշանառուները, շատ քիչ են:

— Նետ արձակելու համար հիմա բավականին մութ է,— առարկեց Ջիմլին,— և առհասարակ հիմա քնելու ժամ է: Ազնիվ խոսք, այսպիսի քնկոտ թզուկ՝ ինչպիսին ես եմ, դեռ աշխարհը չի տեսել: Հեծյալ լինելը հեշտ գործ չէ... բայց իմ տապարը պատրաստ է մարտի, տվեք ինձ տասնյակ օրք, և իմ քնկոտությունից հետք չի մնա:

Ժամանակը դանդաղ էր անցնում: Ներքևում՝ հովտում, դեռ այրվում էին հրդեհված բնակավայրերը: Այժմ Իզենգարդյան զորքը անաղմուկ էր մոտենում, և միայն հովտում կրակե օձերի պես գալարվող ջահերի լույսն էր մատնում նրանց:

Հանկարծակի հողապատնեշի մոտից սահմռկեցուցիչ ոռնոց լսվեց, որին հաջորդեց ռոհանցիների կատաղի մարտական ճիչը: Անցումի մոտ մի պահ կուտակվեցին բոցավառվող ջահերը, բայց հաջորդ ակնթարթին ցրիվ եկան այս ու այն կողմ և չքացան: Լսվեցին գետափնյա մարգագետնով դեպի Հորնբուրգ սլացող հեծյալների ձայները. վերջապահ ջոկատը գրեթե առանց կորուստ կրելու նահանջեց դարպասից ներս:

— Գրոհում են պատնե՛շը,— ճչացին նրանք: — Մենք արձակեցինք բոլոր նետերը, խրամուղին և անցումը խցանված են օրքերի դիակներով: Բայց դա նրանց երկար չի կասեցնի, կիրճի երկայնքով մեկ մրջյունների պես մագլցում են պատնեշի վրա: Սակայն մենք նրանց լավ դաս տվեցինք, և ջահերով գրոհել այլևս չեն համարձակվի:

Կեսգիշերն անցավ: Անթափանց խավար էր տիրում: Անշարժ, հեղձուկ օդը ամպրոպ էր կանխագուշակում: Հանկարծակի կուրացուցիչ բռնկումը լուսավորեց ամպերը, և արևելքում հսկայական ճյուղավորված կայծակը հարվածեց բլուրներին: Մի ակնթարթ տարածքը լուսավորվեց, և պարսպի վրա գտնվողները տեսան, որ պատնեշն ու մինչև պարիսպ ընկած տարածքը հեղեղված են սև զորքով, որոնց մի մասը կարճահասակ, լայնաթիկունք օրքեր են, մյուսները՝ բարձրահասակ, մռայլ տեսքով, ածուխի պես սև վահաններով և բարձր սաղավարտներով մարտիկներ: Պատնեշի վրա շարունակ նորերն էին հայտնվում և սև գետի պես հոսելով խրամուղու անցումով, հեղեղում էին կիրճը:

Լսվեց ամպրոպի որոտը, և սկսվեց տեղատարափ անձրևը: Մեկ այլ անձրև՝ այս անգամ արդեն նետերի, փլվեց պարիսպներին: Նետերը զրնգալով խփվելով քարերին անդրադառնում էին և կայծեր արձակում, բայց նրանցից մի քանիսը հասան իրենց նշանակետին: Այդպես սկսվեց Հելմյան Կիրճի գրոհը, բայց ամրոցը չընդունեց մարտահրավերը և պատասխան ոչ մի նետ չարձակեց: Հարձակվողները շփոթվելով պարիսպների և քարերի ահեղ լռությունից տատանվեցին: Բայց կայծակները իրար հետևից ճեղքում էին խավարի վարագույրը, և օրքերը առույգանալով ոռնացին, նիզակներն ու յաթաղաները թափահարեցին ու նետերի տարափ տեղացին պարսպի վրա կանգնած ռազմիկների վրա: Ռոհանցիները զարմացած նայում էին չարագույժ սև փոթորկից ալեկոծվող հովտին, որտեղ, ասես ցորենի արտում քամու պեռթկումից, տարուբերվում էին պողպատյա մահաբեր ցողունները: Հնչեցին պղնձե շեփորները, և օրքերն անցան հարձակման: Մի մասը հեղեղեցին պարիսպը, իսկ մյուսները՝ ամենաբարձրահասակները, Դունլենդի վայրի լեռնեցիների հետ նետվեցին դեպի Հորնբուրգի դարպասը: Փայլատակեց կայծակը, և նրանց սաղավարտներին ու վահաններին մի պահ երևաց մահացու գունատ Ճերմակ Ձեռքը: Թշնամիներն արագորեն հաղթահարեցին թեքությունը և հասան դարպասին:

Այս անգամ ամրոցը պատասխանեց: Նետերի տարափ և քարերի կարկուտ տեղաց հարձակվողների գլխին: Թշնամիների շարքերը ցնցվեցին և ցաքուցրիվ եղան, բայց անմիջապես հավաքվելով նորից հարձակվեցին դարպասի վրա, հետո նորից ցրվեցին, նորից հարձակվեցին, և հարձակվողների սև ալիքը մակընթացության ալիքի պես ամեն անգամ համառորեն ավելի էր բարձրանում: Կրկին հնչեցին շեփորները, և դունլենդցիները վայրի մռնչյունով անցան հարձակման: Նրանք հսկայական վահանները գլխավերևում պահած, պաշտպանվելով նետերից ու քարերից, երկու երկաթապատ գերան էին քարշ տալիս դարպասի մոտ, իսկ օրք նետաձիգները թաքնվելով նրանց թիկունքում պարիսպների վրա նետերի անձրև էին տեղում: Այս անգամ թշնամու ջոկատը վստահորեն հասավ դարպասին, և բաբանները խլացուցիչ որոտով հարվածեցին դարպասաճաղերին: Եթե պարսպի գլխից նետված քարերը հասնում էին իրենց նշանակետին, և թշնամիներից ինչ-որ մեկն ընկնում էր, ապա նրա տեղն անմիջապես զբաղեցնում էին երկու նորերը և հզոր բաբանները կրկին թափ հավաքելով ավելի ուժեղ էին հարվածում դարպասին:

Էոմերն ու Արագորնը կանգնած էին պարսպի վրա: Թշնամիների ռազմատենչ բղավոցների և բաբանների խուլ հարվածների ձայնը հասնում էր նրանց ականջներին: Երբ հերթական կայծակը լուսավորեց տարածքը, նրանք հասկացան որ դարպասին մեծ վտանգ է սպառնում:

— Առա՜ջ,— ճչաց Արագորնը,— եկել է ժամանակը միասին մերկացնելու սրերը, Էոմե՛ր:

Նրանք նետվեցին աստիճաններով ներքև՝ ամրոցի բակը, ճանապարհին ևս մի քանի քաջարի ռազմիկ վերցնելով իրենց հետ: Պարսպի արևմտյան կողմում, այնտեղ, որտեղ պատը միանում էր լեռան ելուստին, գաղտնի դուռ էր բացվում դեպի կիրճ: Դռան մյուս կողմում, պարսպի երկայնքով անդունդի վրա կախված նեղ գոգավորություն էր սկսվում, որը տանում էր դեպի դարպասը: Էոմերն ու Արագորնը առաջինը անցան դռնով, իսկ մյուսները հետևեցին նրանց: Երկու մերկացած սրերը փայլատակեցին միասին:

— Գո՛ւթվայն,— բացականչեց Էոմերը,— Գութվայն և Ռո՛հան:

— Ա՛նդրիլ,— արձագանքեց Արագորնը,— Անդրիլ և Դու՛նադան:

Եվ նրանք մխրճվեցին թշնամու ջոկատի մեջ: Անդրիլը փայլատակում էր սպիտակ կրակով և սարսափազդու հարվածներ հասցնում:

— Ա՛նդրիլը, Ա՛նդրիլն է անցել հարձակման,— բացականչեցին պարսպի վրայից: — Սուրը, որ կոտրվել էր, կռվե՛լ է կրկին:

Թշնամիները թիկունքից հարվածի չէին սպասում: Նրանք սարսափահար գցեցին բաբանները և սկսեցին պաշտպանվել, բայց շուտով վահանների սև պատը, ասես կայծակի հարվածից, ցրիվ եկավ, և թշնամիները խուճապահար փախուստի դիմեցին: Մի մասը հասցրեցին փախչել, մյուսները խոցված ընկան գետնին, իսկ երրորդներին նետեցին անդունդը: Օրք նետաձիգները հապշտապ, առանց նշան բռնելու արձակեցին իրենց վերջին նետերը և նույնպես փախուստի դիմեցին:

Էոմերն ու Արագորնը որոշ ժամանակ մնացին դարպասի մոտ: Ամպրոպը դեռ շարունակվում էր, և կայծակները առաջվա պես լուսավորում էին երկինքը, բայց որոտը արդեն հեռվից էր գալիս՝ հարավային լեռնագագաթների կողմից: Հյուսիսից կրկին սառը քամի փչեց: Գլխավերևում սլացող մթագնած ամպերից միայն ծվեններ մնացին, և երկնքում փայլեցին աստղերը: Շուտով արևմուտքում երևաց նաև դեղին լուսինը և լուսավորեց կիրճի լանջերը:

— Ճիշտ ժամանակին հասանք,— ասաց Արագորնը, զննելով դարպասը: Հսկայական երկաթյա ճաղերը ծռվել էին, փականները տեղաշարժվել, ճաղերից մի քանիսը նույնիսկ ճաքճքել էին:

— Այո, բայց այստեղ երկար մնալ չի կարելի,— ասաց Էոմերը: — Նայի՛ր: — Նա ձեռքը պարզեց պատնեշի կողմը: Գետի այն կողմում մարդկանց և օրքերի ամբոխը նորից էր հավաքվում: Լսվեց նետերի սուլոցը և մի քանիսը զրնգալով հարվածեցին քարերին: — Գնա՛նք, հարկավոր է դարպասը ներսի կողմից ամրացնել գերաններով և քարերով զմռսել: Արագացնե՛նք:

Նրանք սլացան հետ: Այդ ընթացքում երկու տասնյակ օրք, որոնք թաքնվել էին իրենց ցեղակիցների դիակների տակ, անաղմուկ ոտքի ելան և հետևեցին նրանց: Օրքերից երկուսը կախվեցին Էոմերի ոտքերից, տապալեցին գետնին և հաջորդ վայրկյանին նստելով նրա վրա մերկացրեցին յաթաղանները: Բայց այդ պահին խավարից դուրս թռավ մինչ այդ ոչ մեկի կողմից չնկատված փոքրիկ, սև կերպարանքը, և հնչեց խռպոտ ճիչը. «Բարու՛կ Քազադ, Քազադ այ-մենու՛», և երկու անգամ փայլատակեց տապարը: Երկու գլխատված թշնամի փլվեցին գետնին, մնացածները փախան:

Արագորնը վատ բան կանխազգալով վերադարձավ, բայց Էոմերն արդեն ոտքի վրա էր:

Դուռը փակեցին, դարպասը ներսի կողմից ամրացրեցին գերաններով և քարերով զմռսեցին: Վերջապես երբ գործն ավարտեցին, Էոմերը շրջվեց դեպի իր փրկիչը:

— Շնորհակալ եմ քեզ, Ջի՛մլի, Գլոյնի՛ որդի,— ասաց նա: — Ես չգիտեի, որ դու եկել ես մեզ հետ: Ճիշտ են ասում, որ անկոչ հյուրն ամենաթանկագինն է: Ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ:

— Ուղղակի որոշեցի գալ ձեր հետևից, որ չքնեմ,— համեստորեն պատասխանեց թզուկը,— բայց հետո տեսա լեռնեցիներին և հասկացա, որ ինձ համար նրանք չափից ավելի բարձրահասակ են: Դե, հետո նստեցի քարերին և սկսեցի նայել, թե ինչպես եք սրերով աշխատում:

— Դժվար է լինելու ինձ համար վերադարձնել պարտքդ,— ասաց Էոմերը:

— Մինչև լուսաբաց բավականին ժամանակ կա, դեռ կհասցնես,— ծիծաղեց թզուկը: — Բայց ես առանց այդ էլ գոհ եմ, իմ տապարը Մորիայից այս կողմ բացի փայտից ուրիշ ոչինչ չէր կտրել:

— Արդեն երկու,— պարծեցավ Ջիմլին, շոյելով տապարի սայրը: Նա վերադարձել էր պարսպի վրա, որտեղ նրան սպասում էր Լեգոլասը:

— Ընդամե՞նը,— արձագանքեց Էլֆը: — Իսկ իմ հաշիվը շատ ավելին է: Գնամ նետերս հավաքեմ, կապարճիս մեջ նետ չի մնացել: Իմ հաշվին արդեն երկու տասնյակ սպանվածներ կան: Բայց դրանք ընդամենը տերևներ են, իսկ անտառը դեռ կանգնած է...

Երկինքն արագորեն մաքրվում էր: Մայր մտնող լուսինը վառ լուսավորում էր, բայց լույսը ռոհանցիներին հույս չպարգևեց: Թշնամիների հորդաները աչքերի առաջ բազմապատկվում էին, ջոկատը ջոկատի հետևից հեղեղելով կիրճը: Դարպասի մոտ դուրս գալը կարճ ժամանակով նրանց հետ շպրտեց, բայց շուտով թշնամիներն ավելի կատաղի գրոհի անցան: Իզենգարդյան ամբոխը պարիսպների տակ մռնչում ու ալեկոծվում էր ինչպես փոթորկոտ ծովը: Օրքերն ու վայրի լեռնեցիները մոլեգնած հարձակվում էին պարսպի ամբողջ երկարությամբ, կեռմաններով պարաններ նետում, որոնք կառչում էին եզրապատի ատամներից: Ռոհանցիները չէին հասցնում կտրատել դրանք: Շուտով պարիսպը ծածկվեց հարյուրավոր երկար սանդուղքներով, որոնց մեծամասնությունը անմիջապես էլ փլվեց ներքև և ջարդվեց քարերի վրա, բայց ընկածների փոխարեն անընդհատ նորերն էին բուսնում: Օրքերը մագլցում էին դրանց վրա, ինչպես հարավային անտառների կապիկները: Պարիսպների տակ, ինչպես անապատում փոթորկի ժամանակ, դիակների և վիրավորների նորանոր բլուրներ էին աճում: Սարսափելի ավազաբլուրները բարձրանում ու բարձրանում էին, բայց թշնամիների հրոսակները առաջվա պես անընդհատ ավելանում էին:

Ռոհանցիները զգում էին, որ իրեց ուժերը սպառվելու վրա են: Նրանց կապարճները դատարկվել էին, տեգերն ու նիզակները վերջացել, սրերը բթացել, վահանները ճաքճքել: Երեք անգամ Էոմերն ու Արագորնը մի քանի քաջարի ռազմիկների հետ դուրս եկան դարպասի մոտ, երեք անգամ թշնամիների գլխավերևում փայլատակեց Անդրիլը, երեք անգամ թշնամիները Հելմյան դարպասի մոտից հետ շպրտվեցին...

Հանկարծակի պաշարվածների թիկունքում աղմուկ և բղավոցներ լսվեցին: Օրքերը ճարպկորեն, առնետների պես անաղմուկ անցել էին պարսպի միջով անցնող խողովակով, լուռ նստել ժայռերի ստվերում, մինչև բոլոր ռազմիկները նետվեն պարիսպների վրա` կասեցնելու հերթական ավելի կատաղի գրոհը, ապա դուրս եկել թաքստոցից և վազել թիկունք: Նրանցից առաջինները արդեն հասել էին ձիերին պահպանող ջոկատին և մարտի մեջ մտել:

Ջիմլին ցած նետվեց պարսպի վրայից` ցնցելով ժայռերը կատաղի կանչով. «Քազադ, Քազադ», և վազելով կիրճի խորքը գործի դրեց իր տապարը:

— Այա-օ՜յ,— ճչում էր նա,— օրքերը թափանցել են կի՜րճ, այա-օ՜յ, Լեգոլա՜ս, այստե՜ղ երկուսիս էլ կբավականացնի, Լեգոլա՜ս, Քազադ այ-մենու՜:

Ծեր Գամլինգը, որը աշտարակից հետևում էր ճակատամարտին, ընդհանուր աղմուկի միջից լսեց թզուկի կանչը և հասկացավ, որ գործերը վատ են:

— Օրքերը թափանցել են նե՛րս,— ճչաց նա,— Հե՛լմ, Հե՛լմ, առա՛ջ, Հելմի պաշտպաններ: — Եվ այդպես կանչելով նա աստիճաններով ցած նետվեց, ճանապարհին վեսթֆոլդցիների ջոկատ հավաքելով:

Գամլինգի ջոկատն այնպես կատաղի և անսպասելի հարձակվեց օրքերի վրա, որ նրանք չկարողացան դիմակայել: Շուտով նրանք թշնամիներին քշեցին դեպի ժայռերով շրջապատված անկյունը, և շատերն այնտեղ իրենց մահը գտան, իսկ ողջ մնացածները ոռնալով փախան Իջվածքի խորքը, որտեղ նրանց դիմավորեցին գաղտնի քարանձավները հսկող ռազմիկների սրերը:

— Քսանմե՛կ,— բացականչեց Ջիմլին, տապալելով վերջին օրքին: — Ահա և մենք հավասարվեցինք իմ ընկեր Լեգոլասին:

— Հարկավոր է փակել այդ առնետների անցքը,— փնթփնթաց Գամլինգը: — Ինձ ասել են, որ եթե գործ ունես քարի հետ, դիմիր թզուկի օգնությանը: Օգնի՛ր մեզ, բարի՛ Ջիմլի:

— Մարտական տապարով քար չես տաշի,— նկատեց Ջիմլին,— եղունգներով՝ նույնպես: Լավ, կփորձեմ անել, ինչ կարող եմ:

Ջիմլիի խորհրդով վեսթֆոլդցի ռազմիկները ոչ մեծ գլաքարերով և ժայռաբեկորներով զմռսեցին խողովակը` ջրի համար թողնելով միայն մի փոքր ճեղք: Անձրևից հետո վարարած հոսանքը արագ կուտակվեց ելքի մոտ, և ժայռերի միջև աստճանաբար լճակ գոյացավ:

— Վերևում չոր է,— ասաց Ջիմլին,— գնանք, Գամլինգ, տեսնենք ինչպես են ընթանում գործերը պարսպի վրա:

Լեգոլասը, Արագորնի և Էոմերի հետ կանգնած, մաքրում էր իր երկար դաշույնը: Ճակատամարտը կարճ ժամանակով դադարել էր, անհաջող գրոհից հետո թշնամիները հետ էին քաշվել:

— Քսանմե՛կ,— հայտարարեց Ջիմլին:

— Վատ չէ,— ասաց Լեգոլասը,— բայց իմ հաշվին արդեն երկու դյուժին սպանված թշնամի կա: Ստիպված եղա, ինչպես տեսնում ես, դաշույնով աշխատել:

Էոմերն ու Արագորնը կանգնած էին, հոգնած հենված սրերին: Ձախ կողմից՝ պարսպի տակից, ճչոցներ, որոտ ու շառաչյուն լսվեց, և ճակատամարտը վերսկսվեց: Սակայն Հորնբուրգը, ինչպես ժայռը փոթորկվող ծովում, առաջվա պես անսասան կանգնած էր: Դարպասից մի կույտ երկաթի ջարդոն էր մնացել, բայց գերաններից և քարերից պատրաստված արգելապատնեշը դեռ ոչ մի օրք չէր հաղթահարել:

Արագորնը նայեց գունատ աստղերին, մայր մտնող լուսնին և ասաց.

— Այս գիշերը երկար է, ինչպես տարիները: Ինչու՞ է լուսաբացն այսպես հապաղում:

— Լուսաբացն արդեն մոտ է,— պատասխանեց նրա կողքին կանգնած Գամլինգը,— բայց, վախենում եմ, այն մեզ պաշարումից չի ազատի:

— Այգաբացը միշտ էլ հույս է բերում մարդկանց,— առարկեց Արագորնը:

— Այս իզենգարդյան զորքին` Սարումանի չար կախարդանքով աճեցված կիսամարդկանց և կիսաօրքերին, արևի լույսը չի վախեցնի,— գլուխն օրօրեց Գամլինգը: — Իսկ վայրի լեռնեցիներին` առավել ևս: Լսու՞մ եք, թե ինչ են նրանք բղավում:

— Լսելը` լսում ենք,— արձագանքեց Էոմերը,— բայց նրանց բղավոցներն իմ ականջին հասկանալի չեն և ավելի շատ գազանի ոռնոց են հիշեցնում, քան մարդու խոսք:

— Լեռնեցիները Դունլենդի լեզվով են բղավում,— ասաց Գամլինգը: — Ես գիտեմ այդ լեզուն, թեև այն շատ հին է: Մի ժամանակ Մարկի արևմտյան հովիտներում ապրող բոլոր մարդիկ այդ լեզվով էին խոսում: Ակա՛նջ դրեք: Նրանք խորը ատելություն են տածում մեր նկատմամբ և ուրախ են. կարծում են, որ մեր պարտությունն արդեն անխուսափելի է: Նրանք գոռում են. «Որտե՞ղ է ձեր թագավորը, թագավորին այստե՛ղ բերեք: Մա՛հ Ֆորգոյլներին, թող կորչե՛ն շիկամազները: Մա՛հ հյուսիսից եկած զավթիչներին»: Տեսնու՞մ եք ինչ անուններով են նրանք մեզ պատվում: Նրանք դեռ չեն մոռացել հին վիրավորանքը, երբ հինգ հարյուր տարի առաջ Գոնդորը ռոհանյան հարթավայրերը տվեց Էորլ Երիտասարդին և դաշինք կնքեց նրա հետ, ոչ թե դունլենդցիների: Իսկ Սարումանը բորբոքել է այդ հին վիրավորանքը, և հիմա կատաղած լեռնեցիներին էլ չես հանգստացնի: Նրանք չեն նահանջի ոչ գիշերը, ոչ էլ ցերեկը, մինչև Թեոդենին գերի չվերցնեն, կամ չզոհվեն:

— Եվ այնուամենայնիվ այգաբացը հույս է բերում,— ասաց Արագորնը: — Իսկ ճի՞շտ են ասում, որ Հորնբուրգը երբեք թշնամիների ձեռքը չի ընկել և չի ընկնի, քանի դեռ նրա պաշտպանները ողջ են:

— Այո, աշուղներն այդպես են երգում,— հաստատեց Էոմերը:

— Դե ուրեմն մե՛նք էլ լինենք արժանի պաշտպաններ և չկորցնենք հույսը,— գոչեց Արագորնը:

Նա դեռ չէր հասցրել ավարտել խոսքը, երբ նորից հնչեցին շեփորները: Կիրճը թնդաց պայթյունի որոտից. ներքևում փայլատակեց կրակը, և ծխի թանձր ամպ բարձրացավ երկինք: Պարիսպը փլվեց, և ազատություն ստացած ջուրը թշշալով ու փրփրելով դուրս վազեց պատի վրա առաջացած վիթխարի անցքից, որտեղ արդեն կուտակվել էին օրքերի սև հրոսակները:

— Անիծյալ Սարումանի կախարդա՛նքն է,— ճչաց Արագորնը,— մինչ մենք այստեղ զրուցում էինք, նրանք կրկին թափանցեցին խողովակի մեջ և Օրթհանքի կախարդական կրակով պայթեցրին պարիսպը: Էլե՜նդիլ, Էլե՜նդիլ,— և նա նետվեց ներքև:

Այդ նույն ակնթարթին օրքերը կրկին սանդուղքներ մոտեցրին պարիսպներին և հարյուրներով սկսեցին մագլցել պատին: Վերջին գրոհը սև ալիքի պես սրբեց տարավ բոլոր նրանց, ովքեր դեռ մնացել էին պարիսպների վրա: Պաշտպանների մի մասը, պայքարելով լուրաքանչյուր թիզի համար, նահանջեց դեպի քարանձավները, իսկ մյուս մասն ապաստան գտավ ամրոցում:

Կիրճից լայն սանդուղք էր բարձրանում դեպի Հորնբուրգի ետնամուտքի դարպասը: Առաջին աստիճանների վրա, փայլատակող Անդրիլը ձեռքին, կանգնած էր Արագորնը: Օրքերը, սարսափով համակված, չէին համարձակվում մոտենալ: Ռոհանցիները, մեկիկ-մեկիկ ճանապարհ հարթելով թշնամու միջով, հասնում էին ամրոցին և վազելով բարձրանում աստիճաններով վեր՝ դեպի դարպասը: Ամենավերին աստիճանին, մի ոտքի վրա ծնկի իջած, քարացել էր Լեգոլասը: Նրա մոտ միայն մի նետ էր մնացել, և էլֆը աղեղը լարած ուշադիր հետևում էր օրքերի ամբոխին` պատրաստ նետահարելու յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր ոտք դնել աստիճաններին:

— Բոլորն արդեն անվտանգ տեղում են, Արագո՛րն,— կանչեց նա: — Բարձրացիր դարպասի մո՛տ:

Արագորնը շրջվեց ու վազեց վերև, բայց հոգնածությունից ոտքերը ծալվեցին և նա սայթաքեց: Օրքերը, ուրախ ոռնոցով թաթերն առաջ պարզած, նետվեցին նրա հետևից: Ամենաառաջինը մեռած ընկավ աստիճաններին. Լեգոլասի վերջին նետը մխրճվեց նրա կոկորդը: Մյուսները ցատկեցին նրա դիակի վրայով և շարունակեցին վեր բարձրանալ, բայց վերևից ինչ-որ մեկը վիթխարի քար գլորեց, որը սրբեց տարավ բոլորին: Դարպասը շառաչյունով փակվեց Արագորնի հետևից:

— Վատ են գործերը, բարեկամներս,— ճակատի քրտինքը մաքրելով ասաց նա:

— Իրավացի ես,— պատասխանեց Լեգոլասը,— բայց դու մեզ հետ ես, և ամեն ինչ դեռ կորած չէ: Իսկ ու՞ր է Ջիմլին:

— Չգիտեմ,— արձագանքեց Արագորնը: — Վերջին անգամ տեսել եմ բակում՝ պարսպի մոտ, բայց հետո ես կորցրեցի նրան իմ տեսողությունից:

— Վա՜յ վա՜յ վա՜յ, վատ նորություններ են,— վշտացավ Լեգոլասը:

— Ջիմլին ուժեղ և քաջարի մարտիկ է,— հանգստացրեց նրան Արագորնը: — Հուսանք նրան հաջողվել է նահանջել քարանձավներ: Այնտեղ ավելի անվտանգ է, քան այստեղ՝ ամրոցում: Իսկ քարանձավներում թզուկներն իրենց զգում են, ինչպես տանը:

— Հուսանք,— հոգոց հանեց Լեգոլասը: — Բայց ես կնախընտրեի տեսնել նրան այստեղ, մեզ հետ: Իմիջայլոց, կիմանար նաև, որ իմ հաշիվն արդեն հասել է երեսունիննի:

— Եթե նա կարողանա ճեղքել օրքերի հորդան և հասնել քարանձավներին, ապա դու հաստատ պարտություն կկրես,— ծիծաղեց Արագորնը: — Երբեք մտքովս չէր անցնի, որ տապարով կարելի է այդպես հմտորեն աշխատել:

— Գնամ նետեր փնտրեմ,— ասաց Լեգոլասը: — Ա՜խ, երբ է այս գիշերը վերջանալու: Ինձ ցերեկային լույս է հարկավոր ավելի լավ նշան բռնելու համար:

Արագորնը գնաց աշտարակ: Այնտեղ նրան մտահոգիչ լուր հաղորդեցին. Էոմերն աշտարակում չէր:

— Ոչ, նա այստեղ չի եկել,— նրա հարցին պատասխանեց վեսթֆոլդցի ռազմիկներից մեկը: — Վերջին անգամ նրան տեսել եմ դարպասի մոտ: Նրա հետ մի քանի ռազմիկներ կային, Գամլինգը և թզուկը: Բայց ինձ չհաջողվեց մոտենալ նրանց:

Արագորնը բարձրացավ վերին սենյակները: Նեղ պատուհանի բացվածքում սևին էր տալիս թագավորի ուրվագիծը: Թեոդենը նայում էր ներքև՝ հովտին:

— Ինչպե՞ս են գործերը, Արագո՛րն,— հարցրեց նա:

— Կիրճը պաշտպանող պարիսպը թշնամիների ձեռքին է, տիրակալ: Պաշտպանությունը ճեղքված է, բայց շատերին հաջողվեց նահանջել այստեղ, աշտարակ:

— Իսկ Էոմե՞րը:

— Ոչ, Էոմերն այստեղ չէ: Սակայն շատերը նահանջեցին դեպի քարաձավներ, և ասում են, որ Էոմերն էլ է նրանց հետ եղել: Այնտեղ, որտեղ կիրճը նեղանում է, նրանք կարող էին հետ շպրտել թշնամուն և թաքնվել քարանձավներում: Բայց երկար նրանք կդիմանան այնտեղ թե ոչ, չեմ կարող ասել:

— Ամեն դեպքում մեզանից երկար կդիմանան: Այնտեղ բավականաչափ պարեն կա, և օդն էլ թարմ է. ժայռերի մեջ օդանցքներ կան բացված: Եթե մուտքը լավ հսկեն, ոչ ոք չի կարողանա թափանցել ներս, այնպես որ կարող ես հանգիստ լինել. նրանք երկար կդիմանան:

— Օրքերին Օրթհանքում ինչ-որ կախարդական զենքով են զինել,— ասաց Արագորնը: — Կործանիչ կրակով, որը ոչնչացնում է իր ճանապարհին ամեն ինչ: Նրանք այդ կրակի օգնությամբ գրավեցին պարիսպը, այլապես մենք պարիսպը նրանց չէինք հանձնի: Եթե նույնիսկ թշնամիները չկարողանան թափանցել քարանձավներ, նրանք կպայթեցնեն մուտքերը և բոլորին կփակեն ներսում... Մի խոսքով, ոչինչ չենք կարող անել, մեզ մնում է միայն մտածել ամրոցի պաշտպանության մասին:

— Շունչս կտրվում է այս բանտում,— հոգոց հանեց թագավորը: — Եթե ես կարողանայի նժույգին հեծած, նիզակը ձեռքիս, դուրս գալ բաց դաշտ՝ հետևիցս տանելով իմ ռազմիկներին, գուցե նորից զգայի ճակատամարտի բերկրանքը և փառավոր վերջաբանի արժանանայի: Իսկ այստեղ ես անզոր եմ:

— Դու գտնվում ես Ռոհանի ամենաանառիկ ամրոցում,— հիշեցրեց Արագորնը: — Այստեղ մենք շատ ավելի լավ ենք պաշտպանված, քան Էդորասում, կամ նույնիսկ Դունհորրոյի թաքսոցում, որ լեռներում է:

— Այո, Հորնբուրգը ոչ մի անգամ թշնամու ձեռքը չի ընկել,— ասաց Թեոդենը,— բայց այս անգամ ես դրանում համոզված չեմ: Աշխարհը փոխվում է, և դարավոր ամրոցները փոշիանում են աչքի առաջ: Եվ առհասարակ, ոչ մի ամրոց չի կարող դիմակայել այս մոլագար ատելությամբ լցված հսկայական զորքին: Եթե իմանայի, որ Իզենգարդն այսքան հզորացել է, գուցե և չշտապեի ուժերս չափել Սարումանի հետ, ինչքան էլ որ կուրորեն հավատայի Գենդալֆի խոսքին: Հիմա նրա խորհուրդները այնքան էլ իմաստուն չեն թվում, որքան այն ժամանակ Էդորասում, առավոտյան արևի շողերի ներքո:

— Ժամանակից շուտ Գենդալֆի խորհուրդների մասին մի դատիր, տիրակա՛լ,— առարկեց Արագորնը:

— Վերջը մոտ է,— ասաց Թեոդենը: — Բայց ես չեմ ուզում մնալ այստեղ և սպասել մահվան, ինչպես ծուղակն ընկած ծեր փորսուղը: Սպիտակաբաշը, Հասուֆելը և իմ թիկնազորի մյուս նժույգները բակում մեզ են սպասում: Լուսադեմին ես կհրամայեմ կփչել Հելմի մեծ եղջերափողը և կարշավեմ թշնամուն ընդառաջ: Դու կարշավե՞ս ինձ հետ, Արաթհորնի որդի: Գուցե դեռ մեզ հաջողվի ճեղքել նրանց պաշտպանությունը և դուրս գալ պաշարումից, իսկ եթե ոչ, կզոհվենք մարտում և կարժանանանք երգի, եթե իհարկե մինչ այդժամ կմնա ինչ-որ մեկը, որ երգի մեր մասին...

— Ես կարշավեմ քեզ հետ, Թագավոր,— պատասխանեց Արագորնը:

Բաժանվելով Թեոդենից, նա դուրս եկավ ամրոցից, բարձրացավ արտաքին պատի վրա և, ամրոցի շուրջը պտույտ կատարելով, հանգստացրեց ռազմիկներին՝ օգնելով նրանց հետ մղել ամենակատաղի գրոհները: Լեգոլասը կրնկակոխ հետևում էր նրան: Ներքևում ժամանակ առ ժամանակ խլացուցիչ որոտով կրակ էր բռնկվում, և ժայռերը ցնցվում էին ուժգին պայթյուններից: Օրքերը կրկին ու կրկին պատերին էին նետում կեռմաններով պարանները, մոտեցնում սանդուղքները, կրկին ու կրկին փորձում մագլցել պատի վրա, իսկ ռոհանցիները ցած էին նետում նրանց, և այդպես անվերջ... Հայտնվելով գլխավոր դարպասի գլխին, Արագորնը, ուշադրություն չդարձնելով նետերի ու տեգերի անձրևին, կանգ առավ և նայեց հեռուն: Արևելքում երկինքը փոքր ինչ գունատվել էր. սկսվում էր լուսաբացը:

Արագորնը ափն առաջ պարզած բարձրացրեց ձեռքը՝ ի նշան բանակցությունների:

— Իջիր ցա՛ծ, արի այստե՛ղ,— ծաղրանքով ոռնացին օրքերը: — Եթե ուզում ես բանակցել՝ իջիր մեզ մո՛տ: Եվ չմոռանաս հետդ բերել թագավորին: Մենք Ուրուք Հայ անպարտելի մարտիկներ ենք և, միևնույնն է, դուրս կհանենք քո տիրակալիկին իր որջից: Ավելի լավ է իր կամքով գա: Դե շուտ արա, բե՛ր թագավորին, թաքնվելը նրան չի՛ փրկի:

— Թագավորն ինքն է որոշում՝ դուրս գա, թե մնա ամրոցում,— պատասխանեց Արագորնը:

— Եթե այդպես է, դու՞ ինչու ես ցատկել այդտեղ: Քեզ ի՞նչ է պետք: Ուզում ես հաշվել, թե որքան ենք մնացե՞լ: Մենք Ուրուք Հա՛յ ենք, մեզ թիվ ու քանակ չկա՛:

— Ես դուրս եմ եկել լուսաբացը դիմավորելու,— ասաց Արագորնը:

— Իսկ մեզ ի՞նչ քո լուսաբացը: Մենք Ուրուք Հա՛յ ենք, մենք կռվում ենք և՛ ցերեկը, և՛ գիշերը, մեզ ո՛չ արևն է վախեցնում, ո՛չ էլ ամպրոպը: Մենք եկել ենք սպանելու, և կարևոր չէ, արևն է երկնքում կախված, թե լուսինը: Ինչի՞դ է պետք լուսաբացը:

— Չես կարող իմանալ, թե ինչ կբերի նոր օրն իր հետ,— պատասխանեց Արագորնը: — Ավելի լավ է, քանի շուտ է հեռացեք այստեղից, թե չէ մեկ էլ տեսար ճակատագիրը երես թեքեց ձեզանից:

— Իջիր պատի վրայից, թե չէ կնետահարե՛նք,— գոռացին ի պատասխան: — Բանակցողի՛ս նայեք: Ասելիք չունե՛ս, ուղղակի ժամանակ ես ձգում, կորի՛ր:

— Եվ այնուամենայնիվ ես ձեզ ինչ-որ բան կասեմ,— հանգիստ ասաց Արագորնը: — Մինչև հիմա դեռ ոչ մեկին չի հաջողվել գրոհով վերցնել այս բերդը: Հեռացեք: Եթե ոչ, գթության չսպասեք: Ձեզանից ոչ մեկը այստեղից ողջ չի հեռանալու, նույնիսկ սուրհանդակ չի մնալու, որ պատմի, թե ինչ կատարվեց: Դուք չեք էլ պատկերացնում, թե ինչ է ձեզ սպասվում:

Այնպես վստահ և տիրական էր խոսում Արագորնը, միայնակ կանգնած ջարդված դարպասի գլխին, թշնամու անհամար հրոսակներին դեմ հանդիման, որ լեռնեցիներից շատերը զգուշավոր նայեցին ձորի ուղղությամբ, իսկ մյուսները հայացքները հառեցին երկինք: Բայց օրքերը միայն չարությամբ հռհռացին և պատի վրա նետերի ու տեգերի տարափ տեղացին: Սակայն Արագորնն արդեն իջել էր պատից:

Խլացուցիչ դղրդյուն լսվեց, և կրակի լեզուներ խոյացան երկինք: Դարպասի կամարը, որի վրա քիչ առաջ կանգնած էր Արագորնը, փլուզվեց, և փոշու թանձր ամպը պարուրեց տարածքը: Պայթյունի ալիքից պաշտպանական ամրությունը ցրիվ եկավ այս ու այն կողմ: Արագորնը նետվեց ամրոց՝ թագավորի մոտ:

Օրքերը ուրախացած ոռնացին՝ պատրաստվելով պատի վրա առաջացած բացվածքից ներխուժել ամրոցի բակը, բայց հանկարծ նրանց թիկունքից խուլ աղմուկ լսվեց, նման մոտեցող փոթորկի ձայնի: Թշնամու զորքը, ուշադրությամբ ականջ դնելով, քարացավ: Վերջին շարքերից հարյուրավոր ձայներ գոռացին, որ լուսաբացն իր հետ իսկապես ինչ-որ տարօրինակ բան է բերում: Եվ այդ պահին աշտարակի գլխից անսպասելի ու սարսափազդու հնչեց Հելմի մեծ եղջերափողը:

Թշնամիները երերացին: Օրքերից շատերը փլվեցին գետնին և թաթերով փակեցին ականջները: Կիրճը պատասխանեց հզոր արձագանքով. ասես անտեսանելի փողհարները յուրաքանչյուր ժայռի և քարափի գլխից ընդունում էին մարտակոչը: Ամրոցի պաշտպանները ուրախ զարմանքով բարձրացրեցին գլուխները և ականջ դրեցին անվերջանալի արձագանքին: Եղջերափողի կանչը բազմապատկվում ու բազմապատկվում էր՝ տարածվելով շրջակա լեռներում, և նրան պատասխանում էին նորանոր եղջերափողերի ձայներ՝ հնչեղ ու ահարկու:

— Հե՛լմ, Հե՛լմ,— աղաղակեցին ռոհանցիները,— Հ՛ելմն է արթնացել հավերժական քնից և եկել մեզ օգնության: Կեցցե՛ն Հելմը և թագավոր Թեոդե՜նը:

Եվ այդ պահին զարմացած զորքի առջև հայտնվեց թագավորը: Նրա նժույգը ճերմակ էր, ինչպես ձյունը, մի ձեռքին փայլում էր ոսկեզօծ վահանը, իսկ մյուս ձեռքին արծաթափայլ նիզակը: Թագավորի աջ կողմից ընթանում էր Արագորնը՝ Էլենդիլի ժառանգը, իսկ նրանց հետևից գալիս էին Էորլի տոհմի բարձրաստիճան իշխանները: Գիշերը նահանջեց՝ իր տեղը զիջելով լուսաբացին:

— Առա՜ջ, Էորլի՛ որդիներ:

Այդ մարտակոչը շուրթերին, թագավորի հեծելազորը, աղմուկով և դղրդյունով, հեղեղի պես փլվեց թշնամիների գլխին: Մրրիկի պես ցաք ու ցրիվ տալով իրենց ճանապարհին ամեն ինչ, սլացան նրանք դարպասից մինչև գետը՝ տրորելով և ջախջախելով թշնամուն, ինչպես քամին խոտին: Կիրճի կողմից բարձր աղաղակներ լսվեցին. ողջ մնացած ռազմիկներն էին դուրս եկել քարանձավներից և մխրճվել թշնամու զորքի մեջ: Հորնբուրգի բոլոր պաշտպանները, ովքեր ընդունակ էին զենք բռնել, դուրս էին եկել մարտի: Լեռներում դեռ հնչում էր եղջերափողերի արձագանքը:

Թագավորն իր ասպետների հետ սլանում էր առաջ: Ոչ թշնամու լավագույն զինվորները, ոչ հաղթանդամ լեռնեցիները, ոչ էլ նրանց հրամանատարները չկարողացան դիմակայել թագավորին ու նրա շքախմբին: Նրանք բոլորը ընկնում էին գլխատված կամ խողխողված, կամ փախչում առանց հետ նայելու: Թիկունքով շրջվելով նիզակներին և սրերին, թշնամիները փախչում էին գոռալով ու ոռնալով, քանզի նոր օրվա այգաբացը մեծ սարսափի և տարակուսանքի մեջ էր գցել նրանց:

Այդպես դուրս եկավ Հելմյան ամրոցից Թեոդեն արքան, այդպես ճանապարհ հարթեց նա թշնամիների զորքի միջով մինչև հողապատնեշ: Հողապատնեշի մոտ նրանք կանգ առան արևածագի շողերի ներքո, փայլատակող զրահներով ու զենքերով, և քարացան՝ նայելով ներքև՝ հովտին, որն անճանաչելիորեն փոխվել էր:

Այնտեղ, որտեղ երեկ կանաչ ալիքների պես տարածվում էին բլուրները, սևին էր տալիս խիտ անտառը: Հսկա ծառերը, մերկ ու լուռ, սպիտակավուն սաղարթներով, ճյուղերը միմյանց հյուսած և արմատները կանաչ խոտերի մեջ տարածած, շարք առ շարք անշարժ կանգնած էին: Ծառերի տակ թագավորում էր խավարը: Այդ անանուն անտառի եզրից մինչև հողապատնեշ կլիներ ընդամենը մի երեք հարյուր սաժեն, որտեղ էլ կուտակվել էր Սարումանի վիթխարի զորքը: Իզենգարդցիները հայտնվել էին երկու կրակի միջև. մի կողմից ահեղ թագավորն էր, մյուս կողմից ահարկու անտառը: Հելմյան ամրոցից մինչև հողապատնեշ ամբողջ տարածքը դատարկվել էր, բայց հողապատնեշից ներքև՝ թվում էր, թե սև ճանճերի հսկայական պարս է բզզում ու գալարվում այս ու այն կողմ: Զուր էին օրքերը ջանք թափում մագլցել կիրճը շրջապատող լանջերին. արևելյան լեռները չափազանց կտրուկ էին, իսկ արևմուտքից մոտենում էր անխուսափելի մահը:

Հանկարծակի բլրի կատարին, ասես մի աստղ ծագող արևի շողերի ներքո, երևաց փայլատակող սպիտակ հագուստով հեծյալը: Հնչեցին եղջերափողերը: Սպիտակ ձիավորի հետևում բուսնեցին հազարից ավելի հետյոտն ռազմիկներ, և այդ հազարանոց զորքը մերկացրած սրերով գահավիժեց լանջն ի վար: Զորքի առջևից սլանում էր բարձրահասակ, ատլետիկ կազմվածքով, կարմիր վահանը ձեռքին զորեղ մի դյուցազն:

— Է՛րքենբրանդ,— միաձայն գոռացին ռոհանցիները,— Է՛րքենբրանդ:

— Տեսե՛ք, Սպիտակ Ձիավո՛րը,— բացականչեց Արագորնը,— Գենդալֆը մեզ հե՛տ է կրկին:

— Միթրանդի՛ր, Միթրանդի՛ր,— Արագորնին միացավ Լեգոլասը: — Այ սա իսկապես կախարդա՜նք է: Արա՛գ, ես ուզում եմ տեսնել այդ անտառը, քանի դեռ կախարդանքը չի ցրվել:

Իզենգարդի հրոսակները ոռնալով ու ղժժալով գալարվում էին երկու կրակի արանքում: Աշտարակից կրկին հնչեց եղջերափողի ձայնը, և թագավորի հեծելազորն անցնելով հողապատնեշի անցումը, քառատրոփ արշավով սլացավ հարձակման: Բլուրների լանջերից հեղեղի պես ցած էին գահավիժում Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդի ռազմիկները, իսկ առջևից, ինչպես թեթևոտն եղնիկը, սմբակներով հազիվ դիպչելով գետնին, լանջի վրայով թռչում էր Լուսաչը: Սպիտակ Ձիավորի ահեղ տեսքից թշնամիները վերջնականապես խելագարվեցին: Լեռնեցիները գլուխները կորցրած բերանքսիվայր փռվեցին գետնին, օրքերը ղժժալով ցած գցեցին նիզակներն ու դաշույնները և իրար գլուխ ջարդելով փախուստի դիմեցին: Անհամար զորքը աչքի առաջ ցրվում էր, ինչպես քամուց քշվող սև ծխի ամպը: Սարսափից խելագարված օրքերը փրկություն որոնելով թաքնվեցին ծառերի տակ՝ մթին անտառի մռայլ խավարում, բայց այնտեղից դուրս գալ նրանցից ոչ մեկին այլևս չհաջողվեց:

Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ

Այդպես գարնանային պարզկա առավոտյան, Հելմյան գետակի ափին՝ կանաչ մարգագետնում, կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրիմները: Բայց զարմանքն ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայացքները հառեցին կախարդական անտառին:

Հանկարծակի հաղթական ճիչեր լսվեցին, և կիրճից երևացին քարանձավներից դուրս եկած ռազմիկները, որոնց հետ էին նաև ծեր Գամլինգը, Էոմունդի որդի Էոմերը և թզուկ Ջիմլին: Ջիմլիի գլխին սաղավարտ չկար և գլուխը փաթաթված էր արյունոտ լաթի կտորով, բայց ձայնն առաջվա պես հնչում էր առույգ ու բարձր:

— Քառասուներկու, թանկագի՛ն ընկեր Լեգոլաս,— դեռ հեռվից ձայնեց նա: — Ավա՜ղ, իմ տապարի սայրը բթացել է. վերջին օրքը պողպատյա օձիք ուներ:

— Դու ինձանից մեկով առաջ ես անցել,— արձագանքեց Լեգոլասը,— բայց ես չեմ տխրում: Կարևորը՝ դու ողջ-առողջ ես և կարողանում ես ոտքի վրա կանգնած մնալ:

— Ողջու՛յն, քրո՛ջ որդի,— գոչեց Թեոդենը,— ուրախ եմ քեզ ողջ և անվնաս տեսնել:

— Քե՛զ էլ ողջույն, Ռոհիրիմների՛ թագավոր,— պատասխանեց Էոմերը խոնարհվելով: — Ինչպես տեսնում ես, գիշերը վերջացավ և եկավ նոր օրը, թեև այն իր հետ բավականին տարօրինակ բաներ բերեց...

Նա կրկին շրջվեց և զարմացած հայացքով նայեց անտառին, ապա Գենդալֆին:

— Դու կրկին անսպասելի հայտնվեցիր օրհասական ժամին, երբ քեզ այլևս ոչ մեկ չէր սպասում,— գոչեց նա:

— Ինչպես թե չէիք սպասում,— հոնքերը վեր բարձրացրեց Գենդալֆը: — Չէ՞ որ ես ասացի ձեզ, որ կվերադառնամ և, նույնիսկ, հանդիպման վայրը նշեցի:

— Բայց դու ժամ չնշեցիր և չասացիր, թե դա ինչպես տեղի կունենա: Տարօրինակ օգնություն ես բերել դու մեզ, Գե՛նդալֆ Ճերմակ: Դու իսկապես մեծ հրաշագործ ես:

— Գուցե և այդպես է,— պատասխանեց Գենդալֆը,— բայց ես դեռ ոչ մի հրաշագործություն չեմ արել: Ես միայն ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդ եմ տվել և օգտվել եմ Լուսաչի արագությունից, իսկ հաղթանակի համար դուք պարտական եք ձեր քաջությանը և Վեսթֆոլդցի ռազմիկների տոկունությանը. նրանք ամբողջ գիշեր առանց կանգառի քայլել են:

Բայց բոլորը շարունակում էին համր զարմանքով նայել Գենդալֆին և, ժամանակ առ ժամանակ աչքները տրորելով, հայացք նետել անտառի վրա: Մի՞թե Գենդալֆը ոչինչ չի տեսնում:

Գենդալֆը զվարթ ծիծաղեց:

— Ա՜խ դուք ծառերին նկատի ունեք,— ասաց նա: — Մի անհանգստացեք, ես տեսնում եմ դրանց նույնքան պարզ, որքան դուք, սակայն ես կապ չունեմ դրանց հետ: Նույնիսկ իմաստունները չեն կարող հրամայել անտառին: Ուղղակի ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան ես մտածել էի և ավելի հաջող, քան ես կարող էի հուսալ:

— Այդ դեպքում, եթե ոչ քո, ապա ու՞մ կախարդանքն է դա,— հարցրեց Թեոդենը: — Հաստատ ոչ Սարումանինը... Մի՞թե գործին ինչ-որ երրորդ հրաշագործ կա խառնված, որի մասին մենք ոչինչ չգիտենք:

— Կախարդանքն այստեղ կապ չունի,— ասաց Գենդալֆը: — Ոտքի է ելել ավելի հինավուրց ու զորեղ մի ուժ, որը հայտնվել է Միջերկրում ավելի վաղ, քան հնչել են էլֆերի առաջին երգերը, և երկաթին է հարվածել առաջին մուրճը:


Երբ դեռ երկաթը չէր հայտնաբերվել,

Եվ կացինը ծառ չէր կտրել,

Երբ դեռ երիտասարդ լեռներ էին

Լուսնի լույսի տակ,

Երբ մատանիները դեռ չէին կռվել,

Եվ չարը դեռ չէր ծնվել,

Թափառում էին նրանք անտառում

Ծառերի սաղարթների տակ:


— Եվ ո՞րն է քո հանելուկի պատասխանը,— հարցրեց Թեոդենը:

— Եթե ուզում ես իմանալ պատասխանը, ստիպված ես ինձ հետ գալ Իզենգարդ,— պատասխանեց Գենդալֆը:

— Իզենգա՞րդ,— միաձայն բղավեցին բոլորը:

— Այո, Իզենգարդ,— կրկնեց Գենդալֆը: — Ես գնում եմ այնտեղ, և ցանկացողները կարող են գալ ինձ հետ: Այնտեղ մենք բավականին հետաքրքիր բաների ականատես կլինենք:

— Եթե նույնիսկ Մարկի բոլոր ռազմիկները հավաքվեն, ինչ-որ հմայքով բուժվեն նրանց վերքերը և անցնի հոգնածությունը, մենք չափազանց քիչ ենք Սարումանի ամրոցը գրավելու համար,— խոժոռվեց Թեոդենը:

— Եվ այնուամենայնիվ, ես գնում եմ Իզենգարդ,— անվրդով կրկնեց Գենդալֆը: — Ճիշտ է, կարճ ժամանակով՝ արևելքում թանձրանում է խավարը: Սպասիր ինձ Էդորասում, թագավո՛ր, լուսինը դեռ չբոլորած ես այնտեղ կլինեմ:

— Ոչ,— պատասխանեց Թեոդենը: — Լուսաբացից առաջ՝ սև ժամին, ես թերագնահատեցի քեզ և կասկածեցի քեզ վրա, բայց հիմա մենք էլ չենք բաժանվի: Ես կգամ քեզ հետ, եթե դա է քո խորհուրդը:

— Ես պետք է խոսեմ Սարումանի հետ և, ինչքան հնարավոր է, շտապ,— բացատրեց Գենգալֆը: — Սարումանը քեզ շատ չարիք է պատճառել, թագավո՛ր, և ես ուզում եմ, որ դու ներկա լինես այդ զրույցին: Բայց եթե գնում ենք, ապա ինչքան արագ ճանապարհ ընկնենք, այնքան լավ:

— Իմ ռազմիկները ճակատամարտում հոգնել են,— ասաց Թեոդենը,— և, ճիշտ ասած, ես էլ եմ հոգնել: Մենք երկար ճանապարհ ենք անցել և անքուն գիշեր անցկացրել: Ավա՜ղ, բայց ես ծեր եմ, և Օձալեզուն դրանում մեղավոր չէ: Դա հիվանդություն է, որը նույնիսկ Գենդալֆը չի կարող բուժել:

— Այդ դեպքում բոլորը, ովքեր գալու են մեզ հետ, թող հիմա հանգստանան,— համաձայնեց Գենդալֆը: — Մթնշաղին ճանապարհ կընկնենք: Ճիշտն ասած, ավելի լավ, թող մեր արշավը ինչքան հնարավոր է գաղտնի մնա: Բայց շատ մարդ չվերցնես հետդ, Թեոդեն, մենք գնում են ոչ թե կռվելու, այլ բանակցելու:

Թագավորը մի քանի հեծյալ ընտրեց, որոնք ճակատամարտում անվնաս էին մնացել, կարգադրեց նրանց ընտրել ամենաարագավազ ձիերին և շտապել Ռոհանի բոլոր ծայրերն ու հաղորդել բոլորին հաղթանակի լուրը: Բոլորին՝ և՛ ծերերին և՛ երիտասարդներին, կարգադրված էր շտապել Էդորաս. լիալուսնից երկու օր հետո բոլոր ռոհանցիները, ովքեր ընդունակ էին զենք կրելու, պետք է ներկայանային զորահավաքին: Թագավորն իր հետ Իզենգարդ գնալու համար ընտրեց Էոմերին և իր թիկնապահներից քսան հոգու: Գենդալֆի հետ գնալու ցանկություն հայտնեցին նաև Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին: Չնայած վնասվածքին՝ թզուկը չցանկացավ մնալ:

— հարվածն այնքան էլ ուժեղ չէր,— ասաց նա: — Սաղավարտը պաշտպանեց ինձ: Ո՛չ, դատարկ քերծվածքի պատճառով ես այստեղ չեմ մնա:

— Քանի դեռ հանգստանում ենք, ես կզբաղվեմ քո վերքով,— ասաց Արագորնը:

Թագավորը վերադարձավ Հորնբուրգ և քնեց խաղաղ քնով, ինչպես չէր քնել երկար տարիներ: Թիկնապահները նույնպես գնացին հանգստանալու: Մնացած բոլորը, բացառությամբ վիրավորները, գնացին հողին հանձնելու զոհվածների մարմինները:

Ոչ մի օրք կենդանի չէր մնացել: Ամբողջ մարտի դաշտը ծածկված էր նրանց անհաշիվ դիակներով: Բայց լեռնեցիներից շատերը գերի էին հանձնվել. նրանք մահու չափ վախեցած էին և ներում էին աղերսում: Ռոհանցիները խլեցին նրանց զենքերը և ուղարկեցին աշխատելու:

— Օգնեք վերականգնել այն ամենը, ինչն ինքներդ եք քանդել օրքերի հետ,— ասաց նրանց Էրքենբրանդը,— և երդում տվեք, որ այլևս երբեք զենքը ձեռքներիդ չեք անցնի Իզենի գետանցումը և օգնություն չեք ցուցաբերի մարդկային ցեղի թշնամիներին: Հետո կարող եք գնալ ձեր երկիրը: Սարումանը ձեզ իր խաբեության ծուղակն է գցել: Ձեզանից շատերը կյանքով հատուցեցին նրա ստերին հավատալու համար, բայց եթե դուք հաղթեիք, ապա, միևնույնն է, ավելի թանկ կվճարեիք:

Լեռնեցիները չէին հավատում իրենց ականջներին. Սարումանը հավաստիացրել էր նրանց, որ ռոհանցիները դաժան են և իրենց գերիներին ողջ-ողջ այրում են:

Հորնբուրգի դիմացի դաշտում երկու դամբանաբլուր վեր բարձրացան, որոնցից մեկի տակ իրենց հանգիստը գտան զոհված Վեսթֆոլդցիների մարմինները, իսկ մյուսի տակ՝ Էդորասցիների: Համային՝ թագավորի գլխավոր թիկնապահին, որը զոհվել էր պաշտպանելով դարպասը, թաղեցին առանձին, պարսպի տակ:

Օրքերի դիակները հավաքեցին և անտառի եզրին կիտեցին իրար վրա: Հսկայական բլուր բարձրացավ և ռոհանցիները անհանգստացան. այդքան մեծ քանակության դիակները ոչ հնարավոր էր հողին հանձնել, ոչ էլ վառել: Խարույկ վառելու համար բավականաչափ փայտ չկար, իսկ խորհրդավոր անտառին, եթե նույնիսկ Գենդալֆը զգուշացրած էլ չլիներ, ոչ ոք չէր համարձակվում մոտենալ:

— Թողեք այնպես, ինչպես կա,— ասաց Գենդալֆը: — Առավոտյան, իմ կարծիքով, ամեն ինչ կհարթվի:

Երեկոյան մոտ թագավորն ու նրա ջոկատը ճանապարհի պատրաստություն տեսան: Հուղարկավորությունը դեռ չէր ավարտվել: Թագավորը սգաց Համայի մահը և առաջինը մի բուռ հող լցրեց նրա գերեզմանին:

— Սարումանն իսկապես մեծ վիշտ պատճառեց ինձ և իմ ժողովրդին,— գոչեց նա: — Ես երբե՛ք դա չեմ մոռանա, և երբ մենք հանդիպենք, կհիշեցնեմ նրան այդ մասին:

Արևն արդեն մտնում էր կիրճի արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ վերջապես Թեոդենը Գենդալֆի և մյուսների հետ ճանապարհ ընկավ: Նրանց ճանապարհելու էին եկել ռոհանի հեծյալները, վեսթֆոլդցիները, ծերերն ու երիտասարդները, կանայք և երեխաները, թե՛ ճակատամարտի մասնակիցները, թե՛ քարանձավներում թաքնվածնները: Բոլորը հնչեղ, բարձր ձայնով երգեցին հաղթանակի հիմնը և լռեցին՝ սարսափով նայելով խորհրդավոր ծառերին:

Ջոկատը մոտեցավ անտառի եզրին և կանգ առավ: Ո՛չ մարդիկ, ո՛չ էլ ձիերը չէին համարձակվում մտնել անտառ: Նրանց առջև փռված էր մշուշի մեջ թաված ծառերի ահարկու մոխրագույն պատը, որոնց երկար ճյուղերը տարածվել էին ինչ-որ մեկին ճանկելու պատրաստ ձեռքերի պես: Արմատները նման էին ինչ-որ անհայտ հրեշի շոշափուկների, իսկ դրանց տակ սև անցքեր էին երևում: Սակայն Գենդալֆն առանց տատանվելու շարժվեց առաջ, և մյուսները հետևեցին նրան: Այնտեղ, որտեղ Հորնբուրգ տանող ճանապարհը սուզվում էր անտառ, ծառերի շարքն այնքան էլ խիտ չէր, և ճյուղերի արանքից լույս էր թափանցում: Շուտով հեծյալները զարմանքով հայտնաբերեցին, որ ճանապարհը շարունակում է առաջ գնալ, իսկ նրա կողքով առաջվա պես հոսում է Հելմյան գետակը: Գլխավերևում երկնքի նեղ շերտ էր երևում՝ լցված ոսկեգույն լույսով, բայց, ճանապարհի եզրից այն կողմ, ծառերը թաղվում էին մթության մեջ, որը մի քանի քայլ այն կողմ գնալով խտանում և վերածվում էր անթափանց խավարի, որտեղ ինչ-որ բան էր ճռռում, տնքում ու տրտնջում: Հեռվից խուլ ճիչեր էին լսվում, անխոս հեծեծանք և անհասկանալի ձայներ... Բայց ո՛չ օրքեր, ո՛չ էլ այլ արարածներ ճանապարհին չհանդիպեցին:

Լեգոլասն ու Ջիմլին ընթանում էին միասին՝ աշխատելով Գենդալֆից հետ չմնալ, որովհետև թզուկը վախենում էր անտառից:

— Այստեղ տոթ է,— Գենդալֆին ասաց Լեգոլասը: — Ես մաշկով զգում եմ, թե ինչքան մեծ է այս անտառի զայրույթը: Զգու՞մ ես ինչպես է օդը տատանվում:

— Զգում եմ,– պատասխանեց հրաշագործը:

— Իսկ ի՞նչ պատահեց այդ չարաբաստիկ օրքերին,— հարցրեց Լեգոլասը:

— Այդ մասին, կարծում եմ, ոչ ոք երբևէ ոչինչ չի իմանա,— պատասխանեց Գենդալֆը:

Որոշ ժամանակ նրանք ընթանում էին լուռ: Լեգոլասն անընդհատ աջ ու ձախ էր նայում և մի անգամ նույնիսկ ցանկացավ կանգնեցնել ձիուն, որ ականջ դնի անտառի շշունջին, բայց Ջիմլին չհամաձայնեց:

— Այսպիսի տարօրինակ ծառեր կյանքումս չեմ տեսել,— զարմանում էր էլֆը: — Ախր ես բազմաթիվ զորեղ կաղնիներ եմ տեսել, հետևել դրանց՝ կաղինից մինչև խոր ծերություն... Կուզենայի թափառել այստեղ: Այս ծառերը կարողանում են միմյանց հետ զրուցել իրենց ուրույն ձևով. գուցե ժամանակի ընթացքում սովորեի հասկանալ դրանց լեզուն:

— Միայն ոչ դա,— վախեցավ Ջիմլին: — Ավելի լավ է արի այս ծառերին հանգիստ թողնենք: Ես այսպես էլ եմ նրանց հասկանում: Նրանք խորը ատելություն են տածում բոլոր երկոտանիների նկատմամբ և հիմա զրուցում են միայն մի բանի մասին. ինչ տարբերակով ճզմեն ու խեղդեն մեզ, որ ավելի ճիշտ լինի:

— Սխալվում ես, ոչ բոլորին համատարած,— առարկեց Լեգոլասը: — Նրանք ատում են միայն օրքերին: Բան այն է, որ ծառերն այս կողմերից չեն: Իմ կարծիքով նրանք Ֆենգորնի խորքերից են եկել և էլֆերի ու մարդկանց մասին շատ քիչ բան գիտեն: Այո, Ջիմլի, ահա թե որտեղից են նրանք. ինձ այդպես է թվում:

— Դե հա, Ֆենգորնը Միջերկրի բոլոր անտառներից ամենավտանգավորն է,— փնթփնթաց Ջիմլին: — Ճիշտ է, նրանք մեզ շատ են օգնել, և ես, կարծես թե, պետք է երախտապարտ լինեմ նրանց, բայց սիրել նրանց... Չէ, ազատեք: Հիացիր նրանցով ինչքան ուզում ես, բայց ես այս կողմերում շատ ավելի մեծ հրաշալիքի եմ հանդիպել: Բոլոր ժամանակների ծառերն ու անտառները կտայի դրանց համար: Մինչև հիմա հիացմունքս չի անցնում: Մարդիկ տարօրինակ արարածներ են, Լեգոլա՛ս: Ամբողջ հյուսիսում նման հրաշալիք գոյություն չունի, և դրանք պատկանւմ են մարդկանց: Իսկ ի՞նչպես են նրանք անվանում դրանց. «Քարանձավնե՜ր»: Քարանձավներ, որոնք պատերազմի օրերին որպես ապաստարան են ծառայում, իսկ խաղաղ օրերին հացահատիկի շտեմարան: Թանկագին Լեգոլաս, արդյոք գիտե՞ս, թե ինչ լայնարձակ, հիասքանչ սրահներ են թաքնված Հելմյան Իջվածքը շրջապատող լեռների ընդերքում: Եթե թզուկները դրանց մասին իմանային՝ անվերջանալի շարքերով կհոսեին այստեղ՝ տեսնելու այդ քարանձավները. այո, այո, և մուտքի համար կվճարեին մաքուր ոսկով:

— Իսկ ես ոսկի չեմ խնայի դուրս գալու համար, եթե պատահաբար այնտեղ ընկնեմ,— հայտարարեց Լեգոլասը:

— Դու չես տեսել այդ քարանձավները, այդ պատճառով էլ ներում եմ հիմար կատակդ,— ասաց Ջիմլին: — Մի՞թե Չարքանտառի էլֆերի ստորգետնյա ապարանքը հրաշալի չէ, որն, ի դեպ, թզուկներն են օգնել կառուցել: Դե, ուրեմն իմացիր, այդ ապարանքն ընդամենը մի խղճուկ որջ է այստեղի քարանձավների համեմատությամբ: Ինչե՜ր արժեն միայն այն վիթխարի սրահները, որտեղ մշտապես հնչում է երփներանգ շիթերի հանգիստ մեղեդին, կամ հավերժական կաթոցքը լճերի գլխին, որոնք չքնաղ են, ինչպես Քելեդ-Զարամը՝ աստղերի լույսի ներքո... Իսկ երբ վառում են կանթեղները, և մարդիկ քայլում են արձագանքող սրահների ավազե հատակի վրայով, Լեգոլաս, ողորկ պատերի վրա սկսում են կայծկլտալ ադամանդները, լեռնային բյուրեղները և թանկարժեք հանքաքարերի երակները: Այնուհետև, երբ լույսը տաքացնում է մարմարի շերտերը, ծալքերը սկսում են փայլել ու խորհրդավոր լույս արձակել՝ կիսաթափանցիկ, ինչպես տիրուհի Գալադրիելի ձեռքերը: Բա ոլորաձև սյուները, Լեգոլաս, որոնց վրա հենված են սրահի կամարները... Սպիտակ, մանուշակագույն, վարդագույն ինչպես այգաբացը... Այդ տարօրինակ սյուները աճում են գույնզգույն հատակից և բարձրանում վեր՝ միանալու առաստաղից կախված կայծկլտացող շթաքարերին, այդ սառցե բյուրեղներին, թևերին, սառցակալած ամպերին, հարվածելու պատրաստ նիզակներին, գլխիվայր շրջված պալատի աշտարակներին, որոնք անդրադառնում են սառույցի բարակ շերտով ծածկված անշարժ լճերի մակերևույթին... Իսկ մակերևույթի սառցե հայելու մեջ զարմանահրաշ տեսիլքներ են երևում, քաղաքներ են ուրվագծվում, որոնք նույնիսկ Դուրինը չի տեսել իր երազներում: Պարզորոշ երևում են դրանց փողոցները, հեռուն գնացող սյունազարդ կամարները, որոնք ներքև իջնելով կորչում են սև անդունդում, որտեղ լույսը չի կարողանում թափանցել: Հանկարծ՝ կա՛թ, ընկնում է արծաթե կաթիլը. մակերևույթի հայելին կնճռոտում են տարածվող շրջանաձև ալիքները, աշտարակները ճկվում ու տատանվում են, ինչպես ջրիմուռները և կորալները ծովային քարաձավներում: Հետո գալիս է երեկոն, տեսիլքները թարթում են ու կորչում, և ամեն ինչ սուզվում է մթության մեջ. ջահերը տեղափոխվում են հաջորդ սրահ և սկսվում է հաջորդ զարմանահրաշ տեսիլքը: Իսկ սրահներն անհաշիվ են, Լեգոլաս, դահլիճը փոխարինում է դահլիճին, գմբեթը՝ գմբեթին, հետո աստիճաններ են սկսվում, որոնք տանում են դեպի ոլորապտույտ անցումները, իսկ դրանք ձգվում են դեպի լեռների սիրտը... Քրանձավնե՛ր: Ոչ թե քարանձավներ, այլ Հելմյան Իջվածքի ստորգետնյա պալատնե՛ր: Օրհնյալ է ուղին, որ բերեց ինձ այս կողմերը, և ես հնարավորություն ունեցա տեսնելու այդ պալատները: Լաց էի լինում, երբ հեռանում էի այնտեղից...

— Դե որ այդպես է, թանկագին Ջիմլի,— ժպտաց Լեգոլասը,— մաղթում եմ քեզ ողջ մնալ գալիք պատերազմում, վերադառնալ այս կողմերը և կրկին տեսնել քեզ այդքան դուր եկած քարանձավները: Միայն թե քո ցեղակիցներին դրանց մասին չպատմես. դատելով քո խոսքերից, այդ քարանձավներում պետք չէ ոչ մի բանի ձեռք տալ, իսկ թզուկներն իրենց մուրճերով ամեն ինչ կփչացնեն:

— Դու ոչինչ չես հասկանում,— նեղացավ Ջիմլին: — Ոչ մի թզուկի սիրտ անտարբեր չի մնա նման գեղեցկության հանդեպ: Դուրինի որդիներն այստեղ չէին գա թանկարժեք քարեր հայթհայթելու, նույնիսկ ոսկով և ադամանդով նրանց չէիր գայթակղի: Մի՞թե դու կկտրեիր գարանային ծաղիկներով ծածկված ծառը: Մենք ձեռք չեինք տա այդ քարե ծաղկանոցին և այն մեզ համար հրաշագեղ արգելոց կդառնար, որտեղ կարելի է միայն զբոսնել ու հիանալ: Մեր ամբողջ աշխատանքը կկայանար նրանում, որ դանդաղ, խնամքով կհարվածեինք այստեղ-այնտեղ՝ երբեմն օրվա մեջ միայն մի փոքրիկ քարի կտոր պոկելով, և տարեցտարի քարանձավները կընդլայնվեին, նոր սրահներ կբացվեին, որոնք հիմա թաղված են հավերժական խավարում, և որոնց գոյության մասին գուշակում ես միայն նկատելով ճեղքերի հետևում թաքնված դատարկությունը: Ամեն տեղ կշողշողային լույսերը, ինչպես մի ժամանակ Քազադ-Դումում, և խավարը, որ թագավորում է այնտեղ այդ լեռների ստեղծման օրվանից, կնահանջեր: Եվ երբ մենք ցանկանայինք հանգստանալ, միայն այդ ժամանակ թույլ կտայինք վերադառնալ...

— Դու ինձ զարմացրիր, Ջիմլի,— խոստովանեց Լեգոլասը: — Ես չգիտեի, որ դու կարող ես այդպես պերճապոս լինել: Նույնիսկ սկսում եմ ափսոսալ, որ չեմ տեսել այդ քարանձավները: Գիտե՞ս ինչ, արի պայման կապենք: Եթե երկուսս էլ ողջ մնանք, որը քիչ հավանական է, ապա կճանապարհորդենք միասին: Դու կթափառես ինձ հետ Ֆենգորնի անտառում, իսկ ես՝ քեզ հետ, Հելմյան Իջվածքի քարանձավներում: Համաձա՞յն ես:

— Ճիշտն ասած ես Ֆենգորնը շատ հեռվից կշրջանցեի, բայց, լավ, թող քո ասածը լինի: Սակայն խոստացիր, որ Ֆենգորնից հետո մենք անհապաղ կայցելենք քարանձավներ, և դու կկիսես ինձ հետ իմ հիացմունքը:

— Որոշված է,— հավանություն տվեց Լեգոլասը: — Բայց ավա՜ղ, մենք առաժմ պետք է մոռանանք և՛ Ֆենգորնի, և՛ քարանձավների մասին: Նայի՛ր, անտառն արդեն վերջանում է: Մինչև Իզենգարդ դեռ շա՞տ ճանապարհ կա, Գենդալֆ:

— Մոտ տասնհինգ լիգ, եթե հաշվենք ուղիղ գծով, ինչպես թռչում են Սարումանի ագռավները: Կիրճի բերանից միչև գետանցում՝ հինգ լիգ, իսկ այնտեղից մինչև Իզենգարդի դարպասը՝ տասը: Բայց ամբողջ գիշեր գնալու անհրաժեշտություն չկա: Կգիշերենք, կհանգստանանք:

— Իսկ ի՞նչ է սպասվում մեզ ճանապարհի վերջում,— հարցրեց Ջիմլին: — Դու, իհարկե, արդեն նախապես գիտես, իսկ ես նույնիսկ չեմ էլ կռահում:

— Ոչ, ես ինքս էլ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց հրածագործը: — Ես անցյալ գիշեր եմ այնտեղ եղել, իսկ այս ընթացքում շատ բան կարող է կատարված լինել: Բայց, կարծում եմ, որ անիմաստ չենք գնում, և դու չես բողոքի, թեև դրա պատճառով ստիպված եղար լքել Ալգարոնդի փայլփլուն քարանձավները:

Վերջապես անտառը մնաց հետևում, և պարզվեց, որ նրանք գտնվում են կիրճի սկզբնամասում, որտեղ ճանապարհը միանում էր գլխավոր ուղուն: Ուղին տանում էր արևելք՝ Էդորաս, և արևմուտք՝ դեպի Իզենի գետանցումը: Անտառի եզրին Լեգոլասը կանգնեցրեց ձիուն, շրջվեց, վերջին անգամ ափսոսանքով նայեց անտառին և հանկարծակի բարձր ճչաց.

— Տեսե՛ք, այնտեղ աչքե՛ր կան: Ինչ-որ մեկը ճյուղերի միջից մե՛զ է նայում: Կյանքումս այդպիսի աչքեր չե՛մ տեսել:

Մյուսները, նրա գոռոցից անհանգստացած, կանգ առան և նույնպես շրջվեցին: Լեգոլասն արդեն ուզում էր հետ սլանալ, բայց Ջիմլին թույլ չտվեց:

— Կանգնի՛ր,– ճչաց նա,— եթե դու խելագարվել ես, դա քո գործն է, բայց սկզբում թույլ տուր իջնեմ, ես ոչ մի աչքեր տեսնելու ցանկություն չունե՛մ:

— Մի շտապիր, Լեգոլաս,— էլֆին հանգստացրեց Գենդալֆը: — Հիմա դրա ժամանակը չի, դեռ կհասցնես տեսնել այդ անտառը:

Այդ պահին երեք տարօրինակ արարածներ դուրս եկան անտառից՝ բարձրահասակ, ինչպես թրոլները, տասներկու ֆուտից ոչ պակաս հասակով, ձիգ և ուժեղ: Նրանք հիշեցնում էին երիտասարդ ծառերի. երկար, բազմամատ ոտքեր ու ձեռքեր ունեին, կոշտ մազեր, մամուռ հիշեցնող երկար, կանաչա-մոխրագույն մորուքներ: Հագներին ինչ-որ պիրկ, մոխրա-շագանակագույն հագուստ էր, կամ, գուցե դա ոչ թե հագուստ էր, այլ կեղև՞: Տարօրինակ արարածները, հանգիստ և լրջորեն, հեծյալների գլխի վրայից, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու՝ նայում էին հյուսիս: Հանկարծակի նրանք ձեռքերը խողովակաձև ոլորելով մոտեցրին բերաններին և զրնգուն ձայներ արձակեցին՝ մաքուր, ինչպես եղջերափողի կանչը, բայց շատ ավելի բարդ ու մեղեդային: Լսվեցին պատասխան կանչերը, և հեծյալները շրջվելով հարթավայրի կողմը, տեսան, որ այնտեղից ևս մի քանի նմանօրինակ արարածներ են մոտենում անտառին: Նրանց քայլվածքը նման էր ճահճային ձկնկուլների քայլվածքին, բայց քայլերը շատ ավելի մեծ էին ու արագ: Հեծյալները չկարողացան զսպել զարմանքի ճիչերը, իսկ մի քանիսը նույնիսկ հափշտակեցին սրերը:

— Թողեք զենքերը,— ասաց Գենդալֆը,— դրանք պարզապես հովիվներ են: Նրանք թշնամի չեն մեզ, ավելին, մենք նրանց ընդհանրապես հետաքրքիր չենք:

Երևում է Գենդալֆը գիտեր ինչ է ասում: Հսկաները, նույնիսկ հայացքի չարժանացնելով մարդկանց, մտան անտառ և անհետացան տեսադաշտից:

— Հովիվնե՛ր,— ուշքի գալով խոսեց Թեոդենը,— իսկ ու՞ր է նրանց նախիրը: Ովքե՞ր են նրանք, Գենդալֆ: Երևում է դու նրանց մասին ինչ-որ բան գիտես:

— Նրանք ծառերի հովիվներն են,— պատասխանեց հրաշագործը: — Մի՞թե դու մոռացել ես հեքիաթները, որ պատմում են ձեզ մոտ երեկոները խարույկի շուրջ: Հարցրու ձեր երեխաներին: Նրանք հեշտությամբ կգտնեն ճիշտ պատասխանը հնագույն առասպելների խճճված ցանցում և կպատասխանեն քո հարցին: Դու տեսար Ֆենգորնյան անտառի էնտերին, թագավոր: Ձեր լեզվով այդ անտառը Էնտվուդ է անվանվում: Դուք՝ ռոհանցիներդ, էնտերի համար ընդամենը վաղանցիկ ստվեր եք: Տարիները, որոնք անցել են Էորլ Երիտասարդից մինչև ծերունի Թեոդեն, նրանց համար ոչինչ են, իսկ քո փառավոր նախնիների կատարած բոլոր գործերն ու սխրագործությունները՝ քիչ կարևորություն ունեցող ակնթարթ:

Թագավորը երկար ժամանակ լռում էր:

— Էնտե՛ր,— վերջապես խոսեց նա: — Իսկապես, եթե ավելի ուշադիր նայես առասպելների մշուշին, ծառերի այս հրաշքը մի քիչ ավելի բացատրելի կդառնա: Տարօրինակ ժամանակներ են հիմա: Մենք դարերով արածացրել ենք մեր նախիրները, հողագործությամբ զբաղվել, տներ կառուցել, զենքեր կռել, օգնել գոնդորցիներին մարտեր մղել Մինաս Թիրիթի թշնամիների դեմ՝ համարելով այդ ամենը սովորական մարդկային կյանք: Մեզ թվում էր, թե բոլորն են այդպես ապրում և մեզ քիչ էր հետաքրքրում, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններից դուրս: Այդ մասին, ճիշտ է, պատմում էին հնագույն երգերը, բայց մենք արագ մոռանում էինք դրանք, կամ երգում էինք միայն մեր երեխաների համար, հենց այնպես, սովորության համաձայն: Եվ ահա, չափազանց անսպասելի, այդ երգերն իրականություն են դառնում:

— Դու պետք է ուրախ լինես դրա համար, թագավոր Թեոդեն,— ասաց Գենդալֆը: — Ինչպես տեսնում ես ոչ միայն մարդկանց կյանքին է վտանգ սպառնում: Վտանգի մեջ են հայտնվել նաև այլ արարածներ, այդ թվում նրանք՝ ում դուք հեքիաթ էիք համարում: Դուք մենակ չեք, դուք դաշնակիցներ ունեք, թեև ոչինչ չգիտեք նրանց մասին:

— Նույնիսկ չգիտեմ, ուրախանամ, թե տխրեմ,— պատասխանեց Թեոդենը: — Եթե նույնիսկ մենք հաղթենք, ինձ թվում է Միջերկիրը պատերազմի կրակում կզրկվի իր գեղեցկությունից, գաղտնիքներից և հրաշքներից:

— Հուսանք, որ չի զրկվի,— ասաց Գենդալֆը: — Թեպետ սաուրոնյան գարշանքը հնարավոր չէ մինչև վերջ արմատախիլ անել, նրա հետքը հավիտյան կմնա: Բայց ինչ արած, մեզ էլ այդպիսի ճակատագիր է բաժին ընկել: Դե, առա՛ջ, շարունակենք մեր ընտրած ճանապարհը:

Անտառն ու կիրճը թողնելով հետևում՝ ջոկատն ուղղություն վերցրեց դեպի գետանցում: Լեգոլասը, հաղթահարելով մնալու ցանկությունը, հետևեց մյուսներին: Արևն արդեն մայր էր մտել, բայց, երբ նրանք դուրս եկան լեռների ստվերից և թեքվեցին արևմուտք՝ Ռոհանյան Լեռնանցքի կողմը՝ տեսան, որ երկինքն այնտեղ դեռ ներկված է մայրամուտի գույնով, իսկ ամպերը վառվում են բոսոր կրակով: Բոսորագույն երկնքի ֆոնին սև թռչուններ էին պտույտներ գործում, որոնցից մի քանիսը, աղիողորմ ճիչեր արձակելով, թռան-անցան ջոկատի գլխավերևով. վերադառնում էին իրենց լեռնային բները:

— Գիշակերները փառավոր խնջույք են արել,— նկատեց Էոմերը:

Նրանք ընթանում էին առանց շտապելու: Մթնում էր: Բոլորած լուսինը դանդաղ բարձրանում էր երկնակամար՝ արծաթափայլ, սառը լույսով ողողելով բլուրները, որոնք մերթ բարձրանում էին, մեկ իջնում, ինչպես հսկայական մոխրագույն ծովի ալիքները: Չորս ժամ անց հեծյալները մոտեցան գետանցումին: Գետն այստեղ հոսում էր երկար ծանծաղուտներով, անցնելով բարձր խոտերով ծածկված բլուրների արանքով: Քամին իր հետ գայլերի ոռնոց բերեց, և կսկիծը պատեց հեծյալների սրտերը. այստեղ իրենց մահն էին գտել բազմաթիվ ռոհանցի ռազմիկներ:

Ճանապարհն իջնում էր կիրճը, դուրս գալիս գետափ, սուզվում ջրի մեջ և հայտնվելով հակառակ ափին՝ բարձրանում էր բլրի գլուխը: Հարթ քարերից պատրաստված երեք նեղ արահետները և նրանց միջև ընկած, ձիերի սմբակների հետքերով ծածկված ծանծաղուտները տանում էին դեպի գետի մեջտեղում ընկած մերկ կղզյակը, իսկ այնտեղից՝ մյուս ափը: Հեծյալները նայում էին գետանցումին և զարմանում. գետն այստեղ սովորաբար աղմկում ու գալարվում էր քարերի միջև, և նրա ձայնը լսելի էր դեռ հեռվից, բայց հիմա լռություն էր տիրում: Հունը գրեթե ցամաքել էր՝ մերկացնելով հատակի գլաքարերը և ծանծաղուտների մոխրագույն ավազը:

— Այս ի՞նչ տարօրինակ պատկեր է,— զարմացավ Էոմերը,— ի՞նչ է կատարվել գետի հետ: Սարումանը ոչնչացրել է հնարավոր ամեն ինչ, մի՞թե նույնիսկ Իզենին չի խնայել:

— Երևում է այդպես է,— պատասխանեց Գենդալֆը:

— Ավա՜ղ,— գոչեց Թեոդենը,— մի՞թե մենք գնալու ենք այն նույն ճանապարհով, որտեղ վայրի գազանները հոշոտում են Մարկի քաջարի ռազմիկների մարմինները:

— Այո, գնալու ենք հենց այդ ճանապարհով,— պատասխանեց Գենդալֆը: — Ես հասկանում եմ քո վիշտը, թագավոր, բայց շրջակա լեռների գայլերը չեն հոշոտել քո ռազմիկներին: Նրանք հիմա լափում են իրենց ընկերների՝ օրքերի դիակները: Դե, այդպիսին է նրանց ընկերությունը: Առա՛ջ:

Ջոկատն իջավ գետի ափը: Գայլերը տեսնելով նրանց, դադարեցին ոռնալ և թաքնվեցին՝ սարսափած Գենդալֆի ու նրա նժույգի, լուսնի շողերով լուսավորված, արծաթափայլ, ահեղ տեսքից: Հեծյալները հասան կղզյակին, որտեղ քիչ առաջ ոռնում էին գայլերը: Ափից մթության մեջ կայծկլտացող աչքեր էին հետևում նրանց:

— Տեսեք,— ցույց տվեց Գենդալֆը,— մեր բարեկամները վատ չեն աշխատել:

Կզյակի մեջտեղում քարերով շրջապատված և վրան նիզակներ խրված մի դամբանաբլուր էր վեր բարձրանում:

— Այստեղ իրենց հանգիստն են գտել գետանցումի մարտի ժամանակ զոհված ռոհանցի ռազմիկները,— ասաց Գենդալֆը:

— Թող հո՛ղը թեթև լինի նրանց գլխին,— գոչեց Էոմերը: — Ժամանակի ընթացքում նիզակներն ու թրերը կոչնչանան, բայց այս դամբանաբլուրը հավերժ կանգուն կմնա՝ հսկելու Իզենի գետանցումը:

— Այս գործում էլ է չէ՞ քո մատը խառը, թանկագին Գենդալֆ,— հարցրեց Թեոդենը: — Շատ բան ես հասցրել անել երեկ երեկոյան և գիշերը:

— Շնորհակալություն Լուսաչին և էլի ինչ-որ մեկին,— պատասխանեց Գենդալֆը: — Ես սլանում էի մեծ արագությամբ և շատ վայրերում հասցրեցի լինել: Քանի դեռ դամբանաբլուրը չի կորել տեսադաշտից՝ ուզում եմ ձեզ սփոփել. շատ ռազմիկներ են զոհվել գետանցումի մարտի ժամանակ, սակայն խոսակցությունները չափազանցացրել են զոհվածների քանակը: Մեծամասնությունը ցրվել է հարթավայրով մեկ: Ես հավաքել եմ բոլորին՝ ում կարողացա գտնել: Նրանց մի մասին, Վեսթֆոլդցի Գրիմբոլդի հրամանատարության ներքո, ուղարկեցի Էրքենբրանդին օգնության, իսկ մյուս մասին հանձնարարեցի հուղարկավորել զոհվածներին: Եվ երբ նրանք ավարտեցին հուղարկավորությունը, ուղարկեցի նրանց զորավար Էլֆհելմի մոտ: նրանք հիմա շտապում են Էդորաս: Սարումանը, ինչքանով որ ինձ հայտնի է, ձեր դեմ է հանել իր ողջ ուժերը: Եվ այնուամենայնիվ, ես վախենում էի, որ գալդարձյակներին հեծած օրքերի մանր ջոկատները և պատահական ավազակները կփորձեն այցելել Էդորաս, որը մնացել է առանց հսկողության: Բայց հիմա ես վստահ եմ և դու վախենալու ոչինչ չունես: Քո ապարանքին ոչ մի վտանգ չի սպառնում:

— Ուրախ կլինեի այնտեղ վերադառնալ,— ասաց Թեոդենը,— թեկուզ՝ կարճ ժամանակով:

Հրաժեշտ տալով վշտալի դամբանաբլրին՝ ջոկատը անցավ գետը և բարձրացավ մյուս ափը: Նրանք դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ կրկին լսվեց գայլերի չարագույժ ոռնոցը: Գետանցումից Իզենգարդ տանող հնագույն ճանապարհը սկզբում գնում էր գետի երկայնքով, նրա հետ թեքվելով սկզբում արևելք՝ հետո՝ հյուսիս, բայց շուտով հեռացավ գետից և սկսեց ուղիղ գծով տանել դեպի լեռների ստորոտը, որտեղ թաքնված էր Իզենգարդի դարպասը: Հեծյալներն ընթանում էին ճանապարհի եզրով. գետինն այնտեղ չոր էր՝ ծածկված խիտ խոտով: ընթանում էին ավելի արագ, քան առաջ, և կեսգիշերին մոտ գետանցումը մոտ հինգ լիգ մնաց հետևում: Ջոկատը կանգ առավ գիշերելու. թագավորը հոգնել էր: Նրանք բավականին մոտ էին Մառախլապատ Լեռների ստորոտին, և Նան Կուրունիրը շրջապատող լեռնալանջերն արդեն ձգվում էին նրանց ընդառաջ: Հովիտն ընկղմված էր թանձր խավարի մեջ: Լուսինը թեքվել էր արևմուտք և կորել լեռների հետևում, բայց նրա վերջին շողերը դեռ լուսավորում էին երկինքը: Խավարի մեջ թաղված հովտից դեպի երկինք էր բարձրանում հսկայական ծխի սյունը, և լուսնի շողերից լուսավորվելով, քուլա-քուլա տարածվում աստղազարդ երկնքում:

— Դա ի՞նչ կարող է լինել, Գենդալֆ,— հարցրեց Արագորնը: — Ասես ողջ Կախարդական հովիտն այրվելուց լինի:

— Վերջին ժամանակներս այս հովտից մշտապես ծուխ է բարձրանում,— ասաց Էոմերը,— բայց նման բան, թերևս, ես էլ չեմ տեսել: Սակայն այն ավելի շատ գոլորշու է նման, քան ծխի: Սարոմանն ինչ-որ նորություն է մեզ համար նախապատրաստում: Գուցե եռացրել է Իզենի ջրերը, և այդ պատճառով էլ հունը դատա՞րկ է:

— Ամեն ինչ հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Վաղը կիմանանք, թե ինչով է զբաղված այնտեղ Սարումանը, իսկ հիմա փորձեք հանգստանալ:

Ջոկատը ճամբար խփեց Իզենի լուռ, դատարկ հունի ափին: Ով կարող էր քնել՝ քնեց: Սակայն գիշերվա կեսին ժամապահների ճիչը արթնացրեց բոլորին: Լուսին չկար, գլխավերևում առկայծում էին աստղերը, իսկ գետանցումի կողմից ինչ-որ սև, գիշերվա խավարից էլ սև, ամպ էր սողում գետի երկու ափերով՝ դանդաղ մոտենալով ճամբարին:

— Տեղից չշարժվե՛ք,— հրամայեց Գենդալֆը: — Զենքերին ձեռք չտալ, սպասե՛ք, հիմա կանցնի:

Ճամբարը թաղվեց թանձր մշուշի մեջ: Վերևում դեռ մի քանի աստղ էին հազիվ նշմարվում, բայց սև մութը շրջապատել էր նրանց երկու կողմերից. թվում էր, թե ջոկատը հայտնվել է երկու սև պատերի միջև: Ինչ-որ ձայներ էին լսվում՝ շշունջ, տնքոց, ծանր, երկարատև հոգոց, և ասես ի պատասխան հողը ցնցվում էր: Այդ ամենը ասես մի ամբողջ հավիտենականություն տևաց, բայց, վերջ ի վերջո, խավարը ցրվեց, և սարսափազդու ձայները լռեցին. ամպը հեռացավ դեպի հյուսիս և կորավ լեռներում:

Իսկ հարավում՝ Հելմյան Իջվածքում, կեսգիշերից հետո ուժգին աղմուկ բարձրացավ, ասես կիրճով փոթորիկ անցավ: Հողը դղրդաց: Բոլորին պատեց սարսափը և մինչև լուսաբաց ոչ ոք չհամարձակվեց ամրոցից դուրս գալ: Առավոտյան մի քանի համարձակներ դուրս եկան ամրոցից և ապշած քարացան. սպանված օրքերը չքացել էին: Չքացել էին նաև ծառերը: Կիրճի ներքևամասում խոտն այնպես էր տրորված, ասես ինչ-որ հսկաներ ամբողջ գիշեր այդտեղով քշել էին իրենց նախիրները: Իսկ հողապատնեշից մեկ մղոն ներքև սևին էր տալիս թարմ հողով ծածկված մի վիթխարի փոս, որի վրա քարերի թումբ էր վեր խոյանում: Մարդիկ որոշեցին, որ այդ փոսում թաղված են սպանված օրքերը: Բայց թե ու՞ր կորան անտառ փախած անհամար հրոսակները՝ ոչ ոք այդպես էլ չիմացավ: Հետագայում քարերի թմբին երբևէ ոչ մի մարդու ոտք չդիպավ, և այնտեղ այլևս խոտ չէր աճում: Այդ վայրն անվանեցին Մեռյալ Գերեզմանաթումբ: Իսկ տարօրինակ ծառերը ինչպես հայտնվել էին՝ այնպես էլ հեռացան, կրկին վերադարձան Ֆենգորնի մթին թավուտները և նրանց այլևս երբեք կիրճում չտեսան: Այդպես նրանք վրեժ լուծեցին օրքերից:

Այդ գիշեր ոչ թագավորը, ոչ էլ մյուսները այլևս չքնեցին, բայց գիշերն անցավ խաղաղ, և միայն առավոտյան կողմ Իզենը հանկարծակի կենդանացավ: Ջուրը ողողեց դատարկ հունը և գետը սկսեց առաջվա պես աղմկել՝ փրփրելով ու եռ գալով: Լուսադեմին ջոկատը կրկին շարժվեց առաջ: Սկսվեց գունատ, գորշ օրը: Մշուշը պատել էր երկինքը, որտեղ, արևելքում ինչ-որ տեղ, ծագում էր անտեսանելի արևը: Մառախուղից ծանրացած խոնավ օդը հագեցած էր գարշահոտությամբ: Ընթանում էին դանդաղ, այժմ արդեն լայն, չոր և խնամված ճանապարհով: Ձախ կողմում, մշուշի միջից, աղոտ երևում էր երկար լեռնաշղթան: Վերջապես ջոկատը մտավ Նան Կուրունիր՝ Կախարդական հովիտ, որի միակ մուտքը հարավից էր: Մի ժամանակ դա կանաչապատ, գեղեցիկ հովիտ էր, որի միջով, սնուցվելով աղբյուրների, անձրևաջրերի և լեռնային հոսքերի ջրերից, հոսում էր հորդառատ Իզենը, և ամբողջ հովիտը ծաղկունք էր ապրում:

Սակայն դա վաղուց էր: Իզենգարդի պատերի տակ մինչև հիմա էլ Սարումանի ստրուկների կողմից մշակվող փոքրիկ հողակտորներ էին պահպանվում, բայց հովտի մեծ մասը վեր էր ածվել ամայի անապատի՝ ծածկված տատասկներով ու փշերով: Լանջերին տարածվել էին մոշի թփուտները, որոնց խիտ ծածկույթի տակ բնակություն էին հաստատել փոքրիկ գազանիկները: Ծառեր չկային, բայց փտող խոտի մեջ այստեղ-այնտեղ երևում էին այրված կոճղեր՝ առաջվա թավուտների մնացորդները: Տխուր լռությունը խախտում էր միայն քարքարոտ հունի մեջ շառաչող Իզենը: Հողի վրայով լողում էին գոլորշու մռայլ ամպերը և գնում, հավաքվում շրջակա ձորերում: Ջոկատը լուռ առաջ էր ընթանում: Շատերի սիրտը կրծում էր կասկածը. ինչի՞ համար նրանք այստեղ եկան, ի՞նչ է նրանց սպասվում ճանապարհի վերջում:

Մի քանի մղոն գնալով ճաանապարհը վերածվեց լայն, սալարկված ուղու: Մեծ, հարթ քարերը այնպես սերտորեն էին միմյանց կողքի շարված, որ նրանց միջև ընկած ճեղքերում չեր աճում ոչ մի ցողուն: Ուղու երկու կողմերով ձգվում էին խորը ջրատարները՝ մինչև պռունկները լցված կարկաչող ջրով: Վերջապես առջևում, մառախուղի միջից, անսպասելի մի հսկայական սյուն հայտնվեց, որի սև պատվանդանին, սպիտակ ներկված, մեծ քարե ձեռք էր տեղադրված: Ձեռքի ցուցամատը ցույց էր տալիս դեպի հյուսիս: Պարզ դարձավ, որ Իզենգարդի դարպասն արդեն մոտ է: Թեև մշուշի միջից ոչինչ չէր երևում, հեծյալների սրտերը լցվեցին ճնշող ծանրությամբ:

Մշուշապատ Լեռների ստորոտում գտնվող ամրոցը, որը մարդիկ անվանել էին Իզենգարդ, արդեն հազարավոր տարիներ վեր էր խոյանում Կախարդական հովտում: Այն հայտնվել էր այն նույն ժամանակ, երբ առաջացել էին լեռները, բայց նումենորցի վարպետները ջանք չէին խնայել ամրոցը կատարելության հասցնելու համար, և Սարումանն էլ, որ բնակություն էր հաստատել այստեղ անհիշելի ժամանակներից՝ ձեռքերը ծալած չէր նստել:

Ահա թե ինչ տեսք ուներ Իզենգարդը, երբ այնտեղ, իր հզորության գագաթնակետին, բնակություն հաստատեց Սարումանը՝ դառնալով բոլոր հրաշագործների և կախարդների գերագույնը: Վիթխարի պատը, նման ուղղաձիգ ժայռերի շղթայի, հեռանում էր լեռնաշղթայից, պտտվում ամրոցի շուրջը և նորից խրվում լեռան կողը: Պատի մեջ, հարավային կողմում, փորված էր միակ մուտքը՝ մեծ, կիսաշրջանաձև դարպասը: Սև ժայռի միջով ձգվում էր երկար թունելը՝ երկու կողմերից փակված հզոր, երկաթակուռ դռներով: Պողպատյա ծխնիները մեծ սեպերով ամրացված էին հենց ժայռից, և դարպասի դռները այնքան սահուն էին գնում-գալիս, որ ձեռքի թեթև հրումով, և ամենակարևորը՝ անաղմուկ, կարելի էր առանց դժվարության բացել դարպասը: Արձագանքող թունելի մյուս կողմում հսկայական շրջանաձև տարածություն էր բացվում, նման թավայի կամ կաթսայի, որի մի ծայրից մյուսը կլիներ մոտ մեկ լիգ: մի ժամանակ այդ թավան ծածկված էր կանաչ այգիներով, իսկ նրանց միջով ձգվում էին գեղեցիկ ծառուղիները, և ամեն տեղ լսվում էր սարերից իջնող առվակների քչքչոցըը, որոնք թափվում էին կապուտակ լիճը: Բայց Սարումանի տիրակալության վերջին տարիներին կանաչն առհասարակ վերացել էր: Ծառուղիները վեր էին ածվել մեծ, մուգ քարերով սալարկված ուղիների, որոնց երկայնքով, ծառերի փոխարեն, շարքերով ձգվում էին մարմարե, պղնձե և երկաթե սյուները՝ կապված միմյանց ծանր շղթաներով:

Իզենգարդի պատերը վեր էին ածվել բնակելի տների: Ներսի կողմից, պատերի մեջ, բազմաթիվ սենյակներ, սրահներ և միջանցքներ էին փորված, և այժմ մերկացած թավայի ներսում, պատերի վրա, սևին էին տալիս անթիվ-անհամար դռների և լուսամուտների բացվածքները: Ժայռի մեջ փորված այդ քաղաքում հազարավոր բնակիչներ էին ապրում՝ աշխատավորներ, ստրուկներ, մարտիկներ, իսկ ստորգետնյա նկուղներում բազմանում էին գայլերը: Այնտեղ էին գտնվում նաև տրաքվելու աստիճան լցված զինանոցները: Թավայի հատակը նույնպես ամբողջովին փորված էր: Ստերգետնյա հորերն ու անցումները՝ ծածկված ցածր գմբեթներով, բավականին խորն էին իջնում գետնի տակ, և լուսնի շողերի ներքո Իզենգարդը նմանվում էր վիթխարի գերեզմանոցի, որտեղ ասես արթնացել էին մեռյալները, քանզի թավայի հատակը անընդհատ բզզում ու ցնցվում էր: Պարուրաձև աստիճանները իջնում էին խորը ընդերքը, որտեղ գտնվում էին գանձարանները, պահեստները, զինանոցները, դարբնոցները և հսկայական վառարանները: Այնտեղ անդադար պտտվում էին երկաթյա անիվները և որոտում էին մուրճերը: Գիշերները հատակի անցքերը թանձր քուլաներով ծուխ էին ժայթքում՝ լուսարձակելով կարմիր, կապույտ, կամ թունավոր-կանաչ գույներով: Շղթայակապ ուղիները տանում էին թավայի կենտրոնը, որտեղ անսովոր տեսքով մի աշտարակ էր վեր խոյանում: Այդ աշտարակը կառուցել էին այն նույն հնագույն շինարարները, որոնք կտրել-փորել էին Իզենգարդը շրջապատող ժայռերի պարիսպը, բայց, ամեն դեպքում, դժվար էր հավատալ, որ այն մարդու ձեռքով է ստեղծված: Թվում էր, թե հին ժամանակներում այն ստեղծել են լեռները՝ իրենց մարմնից ու ոսկորից: Սև, փայլուն աշտարակը բաղկացած էր չորս հզոր, բազմանիստ սյուներից, որոնք ամենավերևում բաժանվում էին չորս սրածայր գագաթների, նման դաշույնների շեղբերի: Այդ գագաթների մեջտեղում, գետնից հինգ հարյուր ֆուտ բարձրության վրա, մի փոքրիկ դիտահարթակ կար, որի հատակը ծածկված էր տարօրինակ նշաններով: Օրթհանք՝ այդպես էր կոչվում Սարումանի մռայլ աշտարակը, որը, կա՛մ պատահականորեն, կա՛մ ճակատագրի բերումով, էլֆերեն նշանակում էր Սար-Ժանիք, իսկ ռոհաներեն՝ Խորամանկ Միտք:

Իզենգարդն իսկապես անառիկ ամրոց էր, բայց մի ժամանակ այն նաև գեղեցիկ էր: Այնտեղ առաջներում ապրում էին Գոնդորի արևմտյան սահմանները պահպանող ազնվազարմ իշխաններն ու տիրակալները, և իմաստունները, որոնք ուսումնասիրում էին աստղերը: Սակայն Սարումանը կամաց-կամաց վերափոխեց աշտարակը՝ հարմարեցնելով իր փոփոխական պլաններին, և ինչպես նրան թվում էր, բավականին կատարելագործեց՝ անդադար կահավորելով նորանոր սարքերով, և անկեղծորեն մտածում էր, որ աշտարակի կառուցման փառքը պատկանում է միայն և միայն իրեն: Բայց նա սխալվում էր. բոլոր խելացի մտահղացումներըը և բազմաթիվ գյուտերը, հանուն որոնց նա թողել էր իր երբեմնի իմաստությունը, սկզբից միչև վերջ գալիս էին Մորդորից: Սարումանը հասել էր միայն մի բանի՝ ստեղծել էր փոքրացված պատճեն, ստրկական շողոքորթույամբ կրկնելով հսկայական Բարադ-դուրր՝ Սև Ամրոցը, իր վիթխարի պատնեշներով, զինանոցներով, բանտախցերով և հրեշավոր հրե ընդերքով, որի Սև տիրակալը՝ պաշտպանված աներևակայելի քանակության զորքով և անառիկ պարսպներով, իր հզորության գագաթնակետին, միայն չարամտորեն ծիծաղում էր իր մրցակցի շողոքորթության վրա և սպասում իր ժամին:

Այդպես էին նկարագրում խոսակցությունները Սարումանի ամրոցը: Խոսակցությունները, որովհետև վերջին սերնդի ռոհանցիներից ոչ մեկը չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրանցից ինչ-որ մեկը թափանցել ամրոցի դարպասից ներս, բացառությամբ երևի Օձալեզվի ու նրա նման մի քանիսի: Բայց այդպիսինները Իզենգարդ էին թափանցում գաղտնի և իրենց տեսածի մասին ոչինչ չէին խոսում:

Գենդալֆն առաջինը անցավ Սպիտակ ձեռքով քարե սյան կողքով: Միայն այդ ժամանակ հեծյալները մեծ զարմանքով նկատեցին, որ ձեռքը, ինչպես թվում էր սկզբում, ամբողջությամբ սպիտակ չէ, այլ ասես ծածկված լինի չորացած արյան բծերով, իսկ ավելի ուշադիր նայելով հասկացան, որ եղունգները ներկված են կարմիր գույնով: Սակայն Գենդալֆը առաջվա պես հանգիստ շարժվեց առաջ, և վերջապես մյուսները վախը սրտներում հետևեցին նրան: Բոլորը սկսեցին ակամա կասկածել, որ հովտում ջրհեղեղ է տեղի ունեցել. տարածքն ամբողջությամբ ծածկված էր պղտոր ջրափոսերով, իսկ քարերի մեջ խոխոջում էին առվակները:

Վերջապես Գենդալֆը կանգ առավ և նշան արեց իր ուղեկիցներին մոտենալ: Պարզ դարձավ, որ առջևում մշուշն աստիճանաբար ցրվում է: Երևաց գունատ արևը: Կեսօրն անց էր: Նրանց առջևում Իզենգարդի դարպասն էր:

Ավելի ճիշտ կլինի ասել դարպաս այլևս գույություն չուներ: Ճաքճքված ու ծռմռված դռներն ընկած էին գետնին, իսկ շուրջը թափթփված էին բազմաթիվ քարերի սուր բեկորները: Դարպասի կամարն անվնաս էր մնացել, բայց կամարի հետևում դատարկություն էր. թունելի տանիքը փլվել էր, իսկ պատերը կիսով չափ քանդվել էին ու պատվել հսկայական ճեղքերով: Պահապան աշտարակները հոդս էին ցնդել: Եթե Մեծ ծովը թափեր իր զայրույթը Իզենգարդի վրա, նույնիսկ նա իրենից հետո այդքան մեծ ավերակներ չէր թողնի:

Ժայռերի օղակով շրջապատված կաթսան ողողված էր թշշացող, պղպջակներ արձակող ջրով, իսկ գոլորշու ամպը պարուրել էր ամբողջ տարածքը: Այդ տաք կաթսայում ճոճվելով լողում էին գերաններ, արկղեր, սաղավարտներ և ելի ինչ-որ ճմլված բեկորներ: Ոլորված, ծռմռված սյուները, որոնցից մի քանիսը ջարդվել էին, դեռ ցցված էին ջրի երեսին, սակայն բոլոր ուղիները ջրասույզ էին եղել: Հեռվում, գոլորշու ամպով պարուրված, վեր էր խոյանում միայնակ քարե կղզին՝ Օրթհանքը, առաջվա պես բարձր ու սև: Աշտարակին, որի ստորոտին էին զարնվում պղտոր ալիքները, հեղեղը ոչ մի վնաս չէր պատճառել:

Թագավորն ու նրա թիկնապահները լուռ զամանքով նայում էին՝ չհավատալով իրենց տեսածին: Պարզ էր, որ Սարումանի իշխանության վերջը եկել էր, բայց թե ինչպե՞ս էր դա տեղի ունեցել՝ անհայտ էր: Ավելի ուշադիր դիտելով ավերակները, հանկարծ նրանք ծռմռված դռների մոտ, փլատակների կույտի վրա, նկատեցին երկու փոքրիկների: Երկուսն էլ մոխրագույն էին հագած, որի շնորհիվ նրանց քարերից զանազանելը գրեթե անհնար էր: Նրանց շուրջը թափթփված էին շշեր, բաժակներ ու ամաններ. երևում էր, որ տարօրինակ դռնապանները քիչ առաջ տեղը տեղին ճաշել են և հիմա, այդ գործից հոգնած, պառկած հանգստանում են: Նրանցից մեկը, դատելով ամեն ինչից, ննջում էր, իսկ մյուսը պառկել էր ոտը ոտին գցած, ձեռքերը դրած գլխի տակ և բերանից կապտավուն ծխի օղակներ էր բաց թողնում:

Թեոդենը, Էոմերը և մյուսները նայում էին փոքրիկ անծանոթներին չքողարկված զարմանքով: Տարօրինակ դռնապանները նրանց ավելի շատ էին զարմացրել, քան Իզենգարդի ավերածությունները: Սակայն, մինչդեռ թագավորը վեր կստանար խոսելու ունակությունը, բերանից ծխի օղակներ բաց թողնող փոքրիկ մարդուկը տեսավ մշուշից դուրս եկած հեծյալներին և ոտքի թռավ: Ոչ ավել, ոչ պակաս երիտասարդ, միայն թե մարդու կես հասակին: Նա կանգնած էր բաց գլխով, որի վրա գանգրանում էր շագանակագույն մազերի դեզը, իսկ հագին կեղտոտ, մոխրագույն թիկնոց, ինչպիսին Գենդալֆի ու նրա ուղեկիցների հագին էր, երբ նրանք հայտնվեցին Էդորասում: Ձեռքը դնելով կրծքին՝ նա խորը գլուխ տվեց: Հետո, ասես հրաշագործին ու նրա ուղեկիցներին չնկատելով, դիմեց Էոմերին ու թագավորին.

— Բարի գալուստ Իզենգարդ, Ողորմած տիրակալներ,— գոչեց նա: — Մենք այստեղ դռնապանների դեր ենք կատարում: Ես Մերիադոքն եմ, Սարադոքի որդին, իսկ իմ զինակից ընկերը, որին՝ ավա՜ղ հաղթել է հոգնածությունը,— այդտեղ նա իր ընկերոջը մի լավ քացի տվեց,— Փերեգրինն է, Փալադինի որդին, փառապանծ Տուկի տոհմից: Մեր տունն այստեղից հեռու է, հյուսիսում: Ամրոցի տերը՝ Սարումանը, իր աշտարակում է: Այս պահին նա գաղտնի ժողով է անում ոմն Օձալեզվի հետ և խորապես ափսոսում է, որ զրկված է նման բարձրաստիճան հյուրերին անձամբ դիմավորելու հնարավորությունից:

— Այդ էր պակաս, կդիմավորեր, բա ինչ,— ծիծաղեց Գենդալֆը: — Ուրեմն Սարումա՞նն է կարգադրել ձեզ հսկել ջարդված դարպասն ու դիմավորել հյուրերին, եթե, իհարկե, ուժ կունենաս կտրվելու շշից ու ափսեից:

— Ոչ, հարգարժան սըր, տիրակալ Սարումանը չափազանց զբաղված է նման մանրուքների համար,— լուրջ դեմքը պահպանելով պատասխանեց Մերին: — Վերջին ժամանակներս նա նույնիսկ կարճ հանգստի ժամանակ չունի: Մենք այստեղ կանգնած ենք ոմն Ծառմորուսի կարգադրությամբ, ով Իզենգարդի այժմյան կառավարիչն է: Նա կարգադրել է մեզ դիմավորել Ռոհանի տիրակալին պատշաճ խոսքերով: Հուսով եմ համեստ ունակություններս թույլ տվեցին կատարել ինձ վստահված պարտականությունը:

Իսկ ընկերները հեչ հա՞, ես ու Լեգոլասը, ոնց հասկացա,— այլևս չկարողանալով իրեն զսպել բացականչեց Ջիմլին: — Ա՜խ դուք անպիտաննե՛ր, ա՜խ դուք փրչոտ ոտքերով ծույլիկնե՛ր: Ա՛յ թե վազեցինք մենք ձեր պատճառով երկու հարյուր լիգ անտառներով, դաշտերով ու ճահիճներով: Մենք անցանք պատերազմի ու մահվան միջով, որ փրկենք ձեզ, իսկ դուք, պարզվում է, այստեղ փռված քեֆ եք անում ձեզ համար, ասես ոչինչ չի եղել, ու դեռ մի բան էլ ծխու՜մ եք: Եվ որտեղի՞ց եք ծխելու խոտ հայթյայթել, անպիտաննե՛ր: Այ քեզ, մուրճ ու աքցան: Եթե բարկությունից և ուրախությունից չպայթեմ, դա կլինի իսկական հրա՛շք:

— Լավ ես ասում, Ջիմլի,— ծիծաղեց Լեգոլասը: — Միայն թե սկզբում ես կհետաքրքրվեի, թե որտեղի՞ց նրանց գինին:

— Վազելը հա, լավ վազում եք, բայց վազելով խելք չես հավաքի,— մի աչքը բացելով արձագանքեց Փինը: — Հաղթողները, ինչպես տեսնում եք, նստած են գրաված ամրոցի դարպասի դիմաց և օգտվում են դրա բարիքներից: Իսկ դու դեռ հարցնում ես, թե որտեղի՞ց մեզ այս համեստ, բայց արդար քրտինքով վաստակած ավարը:

— Արդար քրտինքո՞վ,— բացականչեց Ջիմլին: — Կյանքումս չե՛մ հավատա:

Հեծյալները ծիծաղեցին:

— Կասկած չկա, մենք հին ընկերների հանդիպման ականատեսներ ենք,— ասաց Թեոդենը: — Ուրեմն այդ նրա՞նք են ձեր կորած ընկերները, Գենդալֆ: Երևում է վերջին ժամանակներս մեր ճակատագիրն է ամեն քայլափոխի հանդիպել նոր հրաշքի: Այն պահից, երբ ես լքեցի իմ ապարանքը, չի եղել մի օր, որ չզարմանամ: Եվ ահա իմ առջև ևս մեկ հեքիաթային ժողովուրդ է կանգնած: Դուք երևի կոլոտիկներ եք, հա՞, կամ, ինչպես մեզ մոտ են ասում՝ հոլբիտլաններ:

— Հոբիթներ, տիրակա՛լ, քո թույլտվությամբ,— ասաց Մերին:

— Հոբիթներ,— կրկնեց Թեոդենը: — Ձեր լեզուն զարմանալիորեն փոխվել է: Սակայն այդպես էլ է լավ հնչում, թող լինի հոբիթներ: Պետք է ասեմ, որ առասպելները զիջում են իրականությանը:

— Մերին խոնարհվեց: Փինը վեր կացավ և հետևեց նրա օրինակին:

— Դու իսկապես մեծահոգի ես, տիրակալ,— ասաց նա: — Համենայն դեպս, ես հուսով եմ, որ քո խոսքերը ճիշտ հասկացա: Սակայն դու նույնպես մեզ զարմացրիր: Մենք շատ երկրներում ենք եղել, բայց դու առաջինն ես, ով լսել է հոբիթների մասին:

— Բանն այն է, որ իմ ժողովուրդն այստեղ է եկել հյուսիսից,— պատասխանեց Թեոդենը: — Բայց ես ձեզ չեմ խաբի, մենք էլ գրեթե ոչինչ չգիտենք հոբիթների մասին: Ճիշտ է, հեքիաթներում հիշատակվում է կոլոտիկների ցեղի մասին, որոնք ապրում են աշխարհի ծայրին, լեռներից ու գետերից այն կողմ, ավազաբլուրների մեջ կառուցված որջերում: Բայց ձեր կատարած գործերի մասին առասպելները լռում են: Ինչպես ասվում է հեքիաթներում, հոբիթները սխրանքների չեն ձգտում, խուսափում են մարդկանցից, կարողանում են արագ ու անաղմուկ թաքնվել: Մեկ էլ թռչունների պես ճռվողել: Սակայն, դատելով ամեն ինչից, ձեր մասին ավելի շատ բան կարելի է պատմել:

— Այո, տիրակալ, կարելի է,— հաստատեց Մերին:

— Օրինակ,— ասաց Թեոդենը,— ես չգիտեի, որ հոբիթները կարողանում են բերանից ծուխ բաց թողնել:

— Զարմանալու ոչինչ չկա,— հաճույքով սկսեց պատմել Մերին: — Ծուխ բաց թողնելու արվեստը հոբիթները սովորել են բոլորովին վերջերս, մի քանի սերունդ առաջ: Առաջին անգամ ծխելու խոտ իր այգում աճեցրել է Թոբոլդ Զուռնաչը Խորահովտից, որ Հոբիթստանի հարավային մասում է: Հոբիթների տարեգրությամբ դա տեղի է ունեցել հազար յութանասուն թվականին: Իսկ առաջին անգամ Ծերուկ Թոբին այդ խոտը գտել է...

— Զգույշ եղիր, թագավոր,— միջամտեց Գենդալֆը: — Հոբիթներին միայն թույլ տուր՝ նրանք նույնիսկ ավերակների մեջ նստած կարող են ժամերով քննարկել քեֆեր և ուրախություններ, կամ պատմել չնչին դեպքեր իրենց հայրերի, պապերի, ապուպապերի կյանքից, ընդհուպ մինչև իններորդ պորտ: Տվեք նրանց կամք՝ և դուք կորած եք, եթե իհարկե նրանք ոգևորվեն ձեր համբերատար տեսքից: Հետո՛ կլսենք ծխելու խոտի մասին պատմությունը: Որտե՞ղ է Ծառմորուսը, Մերի:

— Երևի Կաթսայի հյուսիսային մասում,— պատասխանեց Մերին: — Նա գնաց ջուր խմելու՝ մաքուր ջուր, այդպես ասաց: Էնտերը գրեթե բոլորն այնտեղ են, վերջացնում են մնացած մի քանի գործերը:

Մերին ցույց տվեց ծխացող լճի ուղղությամբ: Նրանք ականջ դրեցին. և իսկապես, այդ կողմից ինչ-որ խուլ դղրդյուն էր գալիս, նման հեղեղի ձայնի: Հու՜մ, Հու՜մ, լսվում էր մյուս ափից: Թվում էր, թե այնտեղ հադիսավոր փչում են եղջերափողերը:

— Իսկ Օրթհանքը, երևի, մնացել է առանց հսկողությա՞ն,— հարցրեց Գենդալֆը:

— Բա ջուրն ինչի՞ համար է էնտեղ ծփում,— արձագանքեց Մերին: — Եվ բացի այդ Արագամիտն ու մի քանի էնտեր հսկում են աշտարակը: Հսկում են, էն էլ ո՛նց: Եթե ուշադիր նայեք, կտեսնեք որ ջրից դուրս ցցված ոչ բոլոր սյուներն են Սարումանին պատկանում: Արագամիտն իմ կարծիքով ա՜յ այնտեղ է, աշտարակի տակ, աստճանների մոտ:

— Այո, ճիշտ ես, այնտեղ բարձրահասակ, գորշ էնտ է կանգնած,— հաստատեց Լեգոլասը: — Ձեռքերը կախած անշարժ կանգնած է, սովորական ծառից չես տարբերի:

— Իմիջայլոց կեսօրն անց է, բայց մենք առավոտից բերաններս մի փշուր անգամ չենք դրել,— ասաց Գենդալֆը: — Սակայն ես պետք է նախ մի քանի խոսք փոխանակեմ Ծառմորուսի հետ: Նա ոչինչ չի՞ խնդրել ինձ փոխանցել, թե՞ ուտելով տարված մոռացել եք:

— Էդ ինչու էդպես,— ասաց Մերին: — Շատ լավ էլ փոխանցել է: Ես արդեն հասել էի դրան, բայց ինձ շեղեցին կողմնակի զրույցներով: Ծառմորուսը խնդրել է փոխանցել ձեզ, որ եթե Ռոհանի տիրակալն ու Գենդալֆը բարեհաճեն գալ հյուսիսային պատի մոտ, ապա առանց դժվարության կգտնեն իրեն, իսկ ինքը շատ ուրախ կլինի հանդիպել նրանց: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ հյուրերը այնտեղ միայն Ծառմորուսին չեն գտնի: Այնտեղ ձեզ սպասվում է համեղ ճաշկերույթ, որի պարագաները ավերակների մեջ փնտրել-գտել են ձեր խոնարհ ծառաները: — Եվ նա կրկին խոնարհվեց:

— Այ դա արդեն լա՜վ է,— ծիծաղեց Գենդալֆը: — Դե ինչ, թագավոր Թեոդեն, կգա՞ս ինձ հետ Ծառմորուսի մոտ: Ճիշտ է, պետք է շրջանցենք լիճը, բայց դա հեռու չէ: Երբ դու տեսնես Ծառմորուսին, քեզ համար շատ բան հասկանալի կդառնա: Քանզի Ծառմորուսը՝ դա հենց Ֆենգորնն է, ապրող էնտերից ամենածերը և էնտերի ցեղի առաջնորդը: Նրա շուրթերից դու կլսես Միջերկրի ամենահին լեզուն:

— Այո, կգամ,— պատասխանեց Թեոդենը: — Ցտեսությու՛ն, պարոնայք հոբիթներ: Հուսով եմ տեսնել ձեզ իմ ապարանքում: Ես կնստեցնեմ ձեզ իմ կողքին, և դուք կպատմեք ինչի մասին ուզեք: Օրինակ՝ ձեր նախնիների մասին, Թոբոլդի և նրա ծխելու խոտի մասին, թեկուզ առավոտից իրիկուն: Հաջողությու՛ն:

Հոբիթները խորը գլուխ տվեցին:

— Ահա թե ինչպիսին է Ռոհանի տիրակալը,— ցածրաձայն ասաց Փինը: — Տեսար դու: Քաղաքավարի ծերունի է:

Գլուխ իններորդ. Փլատակներ

Գենդալֆն ու Թագավորը թիկնապահների հետ գնացին շրջանցելու Իզենգարդի ավերակները: Ջիմլին, Արագորնը և Լեգոլասը մնացին հոբիթների հետ: Հասուֆելին ու Արոդին թողեցին արածելու, իսկ իրենք նստեցին քարերի վրա՝ հոբիթների կողքին:

— Դե ինչ, հետապնդումը վերջացավ, աղավնյակներս, և մենք կրկին հանդիպեցինք, բայց թե ինչպես եք դուք այստեղ հայտնվել, ինձ համար անհայտ է,— ասաց Արագորնը:

— Այո,— շարունակեց Լեգոլասը,— մինչդեռ աշխարհի մեծամեծները քննարկում են մեծ գործերը, վատ չէր լինի, որ մենք՝ որսորդներս, ստանայինք մեզ հուզող հարցերի պատասխանը: Մենք ձեր հետքով մինչև Ֆենգորնի անտառ վազել ենք, բայց բաներ կան, որ մինչև հիմա մեզ համար հանելուկ են, և մենք կուզենայինք իմանալ, թե ինչ է եղել իրականում:

— Մեզ էլ չէր խանգարի որոշ հարցեր ճշտել,— ասաց Մերին: — Ճիշտ է, Ծառմորուսը որոշ բաներ մեզ պատմել է, բայց դա բավական չէ: Հիմա ձեր հերթն է:

— Մեր հե՞րթն է,— վրդովվեց Լեգոլասը: — Ո՞վ էր ում հետապնդում: Մենք՝ ձե՛զ: այնպես որ դու՛ք էլ սկսեք առաջինը պատմել:

— Առաջինը, բայց հետո,— առարկեց Ջիմլին: — Ուտելուց հետո պատմությունն ավելի լավ կընթանա: Գլուխս ցավում է սովից, իսկ արևն էլ արդեն թեքվել է արևմուտք: Դուք կարող եք քավել ձեր մեղքը, անբաննե՛ր: Դե, ո՞ւր է ձեր ավարը: Գլու՛խ էիք գովում: Հյուրասիրությունը ձեր պարտքի մի մասը կհատուցի:

— Հիմա մենք քեզ կառույգացնենք,— խոստացավ Փինը: — Ուզում եք այստե՞ղ ճաշել, թե հարմարավետության համար Սարումանի նախկին պահակատանը, ա՜յ այնտեղ, կամարի տակ: Մենք ստիպված եղանք այստեղ ճաշել, որովհետև այլ ընտրություն չունեիք՝ պետք է դիմավորեինք ձեզ: Դե մենք էլ աչքներս չորս արած սպասում էինք, որ հանկարծ բաց չթողնենք...

— Հմ, ոչ թե չորս արած, այլ կես, քնկոտնե՛ր,— ուղղեց Ջիմլին: — Ինչ մնում է այդ օրքերի որջին, ես այնտեղ գնալ չեմ ցանկանում: Եվ նրանց ուտելիքի մնացորդներին էլ ձեռք չեմ տա:

— Քեզ ոչ ոք չի խնդրում ձեռք տալ օրքերի ուտելիքին,— ծիծաղեց Մերին: — Օրքերի ուտելիքից՝ շնորհակակալությու՛ն, մենք էլ ենք կուշտ, և մինչև կյանքներիս վերջը էլ չենք ցանկանա: Բայց Իզենգարդում, բացի օրքերից, այլ ժողովուրդներ էլ են բնակվել: Հասկանում ես, Սարումանի խելքը հերիքել է չվստահել օրքերին: Դարպասի հսկողությունը նա միայն մարդկանց էր վստահում՝ և, ըստ երևույթին, ամենահավատարիմ մարդկանց: Համենայն դեպս, Սարումանը բարեհաճ էր նրանց նկատմամբ և լավ էլ կերակրում էր:

— Եվ ծխելու խոտ էլ էր տալիս, հա՞,— չարախնդորեն հարցրեց Ջիմլին:

— Չէ, էդ մեկը դժվար թե,— ծիծաղեց Մերին: — Բայց դա ուրիշ պատմություն է: Այդ մասին՝ ուտելուց հետո:

— Դեհ, համոզեցիք, գնացինք ճաշելու,— տեղից վեր կացավ թզուկը:

Երեքն էլ հոբիթների հետևից անցան կամարի տակով, թեքվեցին ձախ և, բարձրանալով անվնաս մնացած աստիճաններով, մտան պահակատուն: Դռների մյուս կողմում լայն, հարմարավետ սենյակ հայտնաբերվեց, որի հակառակ պատին ևս երկու՝ ավելի փոքր, դռներ կային, իսկ կողքի պատին՝ բուխարի: Ժայռափոր սենյակի լուսամուտները բացվում էին դեպի թունել, և, ըստ երևույթին, մի ժամանակ այստեղ մթություն էր տիրել, բայց հիմա փլուզված տանիքից պայծառ լույս էր ներս թափանցում: Բուխարու մեջ կրակ էր բոցկլտում:

— Ես եմ վառել,— ասաց Փինը: — Որոշեցի, որ կրակը չէր խանգարի, մանավանդ որ դրսում մառախուղ է: Միայն թե մեր գտած վառելիքն այնքան էլ շատ չի, և փայտն էլ թաց է: Ինքներդ եք հասկանում, չոր ոչինչ չես գտնի այստեղ: Շնորհակալություն՝ ծխնելույզը լավ է քաշում, խողովակը բարձր է, ըստ երևույթին դուրս է գալիս ինչ-որ տեղ սարերում: Մի խոսքով, կրակը, ինչպես տեսնում եք, վառվում է: Հիմա ձեզ համար կարմրահաց կպատրաստեմ: Հացը, ցավոք սրտի, երեք-չորս օրվա է և արդեն չորացել է:

Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին տեղավորվեցին երկար սեղանի մոտ, իսկ հոբիթները չքացան ներսի դռներից մեկի հետևում:

— Այնտեղ նրանց մթերանոցն էր,— բացատրեց Փինը, երբ նրանք վերադարձան բեռնված ամաններով, գավաթներով, դանակներով և սննդի այլ պարագաներով: — Բարեբախտաբար ջուրն այնտեղ չի հասել:

— Կարող ես քիթդ չցցել, պարոն Ջիմլի: —Մերին ուրախ թփթփացրեց թզուկի ուսին: — Սա քեզ համար օրքի լափ չէ, այլ ամենաիսկական մարդասնունդ, ինչպես կասեր Ծառմորուսը: Ի՞նչ կխմեք՝ գինի՞, թե՞ գարեջուր: Այստեղ գարեջրի տակառիկ կա՝ և, պետք է ասեմ, վատ գարեջուր չի: Իսկ սա բարձր որակի աղ դրած խոզի միս է: Տապակած բեկոն կցանկանաի՞ք համտեսել: Ափսոս միայն, համեմունքներ չունենք, վերջին օրերին սննդի առաքումը գրեթե ընդհատվել է: Բացի մսեղենից կարող եմ առաջարկել միայն հաց, կարագ ու մեղր: Գո՞հ եք:

— Այ թե հոբիթներ եմ ասել,— ծիծաղեց Ջիմլին,— համարեք, որ ձեր պարտքը բավականին կրճատվեց:

Շուտով երեքն էլ զբաղված էին ուտելով: Հոբիթները, որքան էլ տարօրինակ թվա, նստեցին նրանց կողքին և հետևեցին նրանց օրինակին:

— Ուզես, թե չուզես, պետք է ընկերակցես հյուրերին,— հոգոց հանեցին նրանք:

—Ա՜խ, ինչ հյուրընկալ տանտերե՜ր են,— ծիծաղեց Լեգոլասը: — Սակայն ես կասկածում եմ, որ եթե մենք չլինեինք, դուք ինքներդ ձեզ էլ վատ չէիք ընկերակցի, հետո ինչ, որ նոր եք ճաշել:

— Հա, իսկ ինչի՞ չէ որ,— համեստորեն պատասխանեց Փինը: — Օրքերը քիչ էր մնում մեզ սովից սպանեին, դե մինչ այդ էլ, պետք է ասեմ, առատ չէինք սնվում: Վաղուցվանից ուզածերիս պես չենք սնվել:

— Սովածացել են խեղճերը... Բայց ձեր վրայից չի երևում, որ սոված եք մնացել,— նկատեց Արագորնը: — Տեսքից փթթում եք:

— Ես էլ եմ այդ ասում,— համաձայնեց Ջիմլին, գարեջրի գավաթից մի կում անելով: — Սկսենք նրանից, որ ձեր գանգուրները, մեր բաժանումից հետո, կրկնակի երկարել ու փարթամացել են: Եվ դուք ինքներդ էլ, հիշում եմ, ավելի կարճ էիք: Մի քիչ աճել եք, թեև ձեր հասակում էլ չեն աճում... — Այդ ձեր Ծառմորուսը, երևում է, ձեզ սոված չի պահել:

— Այո, թերևս, սոված չենք մնացել,— համաձայնեց Մերին: — Բայց էնտերը՝ նրանք մենակ խմում են, երբեմն չէր խանգարի նաև ուտել: Չեմ վիճում, Ծառմուրուսի ըմպելիքները կշտացնող են, էլֆերի Լեմբասը՝ նույնպես, բայց մեկ-մեկ հարկավոր է ճաշացանկը փոխել:

— Ուրեմն դուք խմել եք էնտերի ջրի՞ց,— բացականչեց Լեգոլասը: — Ամեն ինչ հասկանալի է, նշանակում է Ջիմլին ճի՛շտ է նկատել: Մենք շատ երգեր ունենք Ֆենգորնյան հրաշալի աղբյուրների մասին:

— Այդ անտառի մասին շատ են զարմանալի բաներ պատմում,— հաստատեց Արագորնը,— բայց ես երբեք չեմ եղել նրա խորքերում: Պատմե՛ք մեզ Ֆենգորնի և էնտերի մասին:

— Էնտերի՞,— մտածկոտ ձգեց Փինը: — Էնտերը... Դե, առաջին հերթին, էնտերը տարբեր են լինում, բայց նրանց աչքերը... դե, արտասովոր են: — Նա բառեր փնտրեց, հետո ձեռքը թափ տվեց: — Դե ի՞նչ ասեմ,— նորից սկսեց նա,— դուք ինքներդ էլ տեսել եք արդեն նրանց, թեպետ, հեռվից: համենայն դեպս նրանք հաստատ ձեզ տեսել են և տեղեկացրել են Ծառմորուսին: Լավ, դեռ էլի կտեսնեք նրանց և այդ ժամանակ էլ ինքներդ կորոշեք, թե ինչպիսին են նրանք:

— Մի րոպե,— ընդհատեց Ջիմլին,— մենք կեսերից սկսեցինք: Եկեք ամեն ինչ հերթով պատմեք: Սկսեք այն օրվանից, երբ մեր Եղբայրությունը փլուզվեց:

— Կպատմենք, կպատմենք, միայն ժամանակը հերիքի,— հավաստիացրեց Մերին: — Բայց սկզբում, եթե դուք կշտացել եք, լցրեք ձեր ծխամորճները, իսկ ես կրակ կբերեմ: Եկեք կարճ ժամանակով պատկերացնենք, թե Հոբիթստանում ենք, կամ ծայրահեղ դեպքում՝ Ազատքում:

Նա գրպանից կաշվե քսակ հանեց՝ լցված ծխախոտով:

— Ծխելու խոտ ինչքան ուզես կա,— ասաց նա: Քանի դեռ բարի ենք՝ լցրեք գրպաններդ: Այսօր առավոտյան ես ու Փինը փրկարարական աշխատանքներ էինք կատարում՝ ինչ ասես այստեղ չի լողում: Ահա և Փինը երկու տակառիկ որսաց, երևի ինչ-որ ստորգետնյա նկուղից էին դուրս լողացել: Դե մենք էլ չամաչեցինք, բացեցինք, իսկ այնտեղ՝ առաջին կարգի ծխելու խոտ, և առհասարակ չթրջված:

Ջիմլին մի պտղունց խոտ վերցրեց, ձեռքի մեջ տրորեց ու հոտոտեց:

— Եվ հոտն է լավը, և շոշափելն է հաճելի,— ասաց նա:

— Ի՞նչ հաճելի, ախր սա լավից էլ լավն է,— վրդովվեց Մերին: — Իմ թանկագին Ջիմլի, տերևները՝ Խորահովտից են: Այդ տակառիկների վրա խարանված էր Զուռնաչների ընտանեկան նշանը: Չեմ կարողանում պատկերացնել, թե ինչպես է այստեղ հայտնվել Խորահովտի բերքը: Երևի Սարումանը դրանք իր համար էր պահում: Չգիտեի, որ մեր ապրանքները այսքան հեռու են առաքվում: Դե ինչ, փորձե՞նք:

— Մեծ ուրախությամբ, եթե ծխամորճ ունենայի,— հառաչեց Ջիմլին: — Ես ես այն կորցրել եմ դեռ Մորիայում, եթե ոչ ավելի շուտ: Իսկ ծխամորճ չե՞ք որսացել:

— Ավա՜ղ,— ասաց Մերին,— չենք որսացել: Ինչ–ինչ, բայց ծխամորճ չենք գտել, նույնիսկ այստեղ, մառանում: Երևում է Սարումանը մենակ է զվարճացել և ոչ մեկի հետ չի կիսվել: Իհարկե կարելի է գնալ Օրթհանքի դուռը թակել ու ծխամորճ խնդրել, բայց, երևի չարժի: Եթե ընկերություն է, ուրեմն ընկերություն է՝ մի ծխամորճով երկուսով յոլա կգնանք:

— Սպասիր, սպասիր,— ասաց նրան Փինը: — Նա ձեռքը մտցրեց ծոցագրպանը և այնտեղից փոքրիկ տոպրակ հանեց՝ քուղով կապված: — Այս գանձերը ես սրտիս մոտ եմ կրում, դրանք ինձ համար մատանուց էլ թանկ են: Ահա նրանցից մեկը՝ իմ հին ծխամորճը: Իսկ սա էլ մյուսը. տեսեք, գրեթե նոր է: Միջերկրի կեսը հետս շրջել են, իսկ ես հա մտածում էի. «Եվ ինչու՞ եմ սրանք հետս քարշ տալիս»: Մտքովս էլ չէր անցնում, որ այսքան հեռու վայրերում ծխելու խոտ կգտնեմ, երբ իմը վերջանա: Դե, ինչպես տեսնում եք՝ պետք եկան: — Եվ նա թզուկին մեկնեց հաստ գլխով ու կարճ ծայրով ծխամորճը: — Պարտքս տվեցի՞:

— Պա՞րտքդ,— բացականչեց Ջիմլին,— օ՜ հոբիթներից ազնվագույնդ, այժմ ես ինքս եմ քեզ պարտական:

— Դուք ինչպես կուզեք, իսկ ես գնամ թարմ օդ շնչեմ,— ասաց Լեգոլասը: — Այնտեղ և քամին է զով, և երկինք կա գլխավերևում:

— Մենք էլ ենք գալիս,— ոտքի կանգնեց Արագորնը:

Նրանք դուրս եկան պահակատնից և նստեցին դարպասի մոտ, քարերի վրա: Այստեղից տեսարան էր բացվում դեպի ներքևում փռված հովիտը. մշուշը աստիճանաբար ցրվում էր:

— Դե, իսկ այժմ կարող ենք հանգստանալ,— ասաց Արագորնը,— շտապելու տեղ չունենք: Նստենք ավերակների մեջ և ամեն ինչ մանրամասն քննարկենք՝ ինչպես կասեր Գենդալֆը, որն ավա՜ղ, չի կարող հիմա մեզ միանալ: Չեմ էլ հիշում վերջին անգամ երբ եմ այսպես հոգնել:

Նա փաթաթվեց մոխրագույն թիկնոցի մեջ՝ թաքցնելով օղազրահը, երկար ոտքերը մեկնեց առաջ, պառկեց մեջքի վրա և բերանից ծխի բարակ շիթ բաց թողեց:

— Աչքերիս չեմ հավատում,— ձեռքերը տարածեց Փինը,— հետքագետ Պանդուխտն է վերադարձել:

— Նա ոչ մի տեղ էլ չէր գնացել,— ասաց Արագորնը: — Ես և Պանդուխտ եմ, և Դունադան՝ գոնդորի ռազմիկ և հյուսիսցի հետքագետ:

Որոշ ժամանակ նրանք լուռ ծոխում էին: Հարավային լեռնագագաթների գլխավերևով լողում էին բարձր, սպիտակ ամպերը, որոնց արանքից հովտի վրա էին ընկել արևի թեք ճառագայթները: Լեգոլասը, անշարժ պառած, անթարթ աչքերով նայում էր արևին ու կիսաձայն ինչ-որ բան երգում: Որոշ ժամանակ անց նա վեր կացավ և նստեց:

— Լավ, հերիք պառկենք,— ասաց նա: — Ժամանակն անցնում է, մշուշը վաղուց ցրվել է, երկինքն էլ պարզ է: Միայն դու՛ք եք ծխով շրջապատված: Զարմանալի ժողովուրդ եք: Ու՞ր է խոստացված պատմությունը:

— Իմ պատմությունը սկսվում է խավարում,— ասաց Փինը: — Արթնանում եմ՝ տեսնում պառկած եմ, կապկպված ձեռքերով ու ոտքերով, իսկ շուրջս օրքեր են... Մի վարկյա՛ն, այսօր ի՞նչ օր է:

— Հոբիթական օրացույցով մարտի հինգն է,— արձագանքեց Արագորնը:

Փինը սկսեց մատների վրա հաշվել.

— Ընդամենը ինը օր առաջ... Իսկ թվում է, թե մի արդեն տարի անցել է, և չնայած այդ այդ օրերի կեսն ասես սարսափելի երազ լիներ, առաջին երեք օրը ես լավ եմ հիշում: Եթե մոռանամ, Մերին ինձ կուղղի, միայն թե կներեք, բայց առանց մանրամասների՝ մտրակները, կեղտը, գարշահոտությունը և նման բաները ավելի լավ կլինի չհիշել:

Եվ Փինը պատմեց բարեկամներին Բորոմիրի վերջին մարտի մասին, Էմին Մուիլից Ֆենգորն արշավի մասին, իսկ նրանք լսում էին ու գլխով անում, երբ պատմությունը համընկնում էր իրենց գուշակությունների հետ:

— Ահա և գանձերը, որ գցել էիք ճանապարհին,— ասաց Արագորնը: — Կարող եք ուրախանալ. դրանք չեն կորել:

Նա քանդեց գոտին և վրայից հանեց երկու դաշույն՝ իրենց պատյաններով:

— Այ քեզ բա՜ն,— ուրախացավ Մերին,— ինչ-ինչ, բայց դրանք նորից տեսնելու հույս չունեի: Իմիջայլոց իմ դաշույնը հացրել է թաթախվել ինչ-որ մեկի արյան մեջ: Բայց հետո Ուգլուկը միջամտեց ու մեր զենքերը խլեց ձեռքներիցս: Այ թե կրճտացնում էր ատամները այդ դաշույնների տեսքից: Արդեն մտածում էի, որ վերջս եկել է, բայց նա միայն մի կողմ նետեց դրանք՝ ասես դրանք վառվող ածուխ լինեին:

— Սա էլ քո ամրակալը, Փին,— ասաց Արագորնը: — Ես այն լավ եմ պահել, չէ՞ որ այն անգին է:

— Թե չէ ես չգիտեմ,— պատասխանեց Փինը: — Սիրտս կսկծում էր դրանից բաժանվելիս, բայց ի՞նչ կարող էի անել: Այլ տարբերակ չունեի:

— Ճիշտ ես արել,— ասաց Արագորնը,— ով չի կարողանում անհրաժեշտ ժամին բաժանվել իր գանձերից, իր համար դրանք բեռ են դառնում: Խելացի ես վարվել:

— Լավ, իսկ ինչպե՞ս եք կարողացել կապանքներից ազատվել,— հարցրեց Ջիմլին: — Ա՜յ թե գործ եք արել: Բախտներդ բերել է, իհարկե, բայց, ինչպես ասում են, ամեն բախտավոր չի որ շահում է: Երկու ձեռքով կառչել եք բախտից ու բաց չեք թողել: Կեցցե՛ք:

— Կառչելը կառչել են, բայց հետքեր չեն թողել,— ասաց Լեգոլասը: — Ա՛յ թե հանելուկի առաջ կանգնեցրիք: Ես արդեն մտածում էի, որ թևեր եք աճեցրել:

— Ավաղ, ոչ,— հոգոց հանեց Փինը: — Ուղղակի Դուք Գրիշնակի մասին չգիտեք: — Նրա մարմնով դող անցավ, և նա լռեց: Ամենաասարսափելի պահերի մասին պատմում էր Մերին՝ խուզարկության, Գրիշնակի տաք ու գարշահոտ շնչառության, երկաթյա աքցանների պես ամուր, մազոտ թաթերի մասին:

— Ինձ անհանգստացնում են այդ մորդորցի, կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, լուգբուրզցի օրքերը,— մտածկոտ ասաց Արագորնը: — Նրանց խոսքերից դուրս է գալիս, որ Սև Տիրակալն ու նրա սպասավորները դեռ այդ ժամանակ շատ բան են իմացել: Եվ բացի այդ, Գրիշնակը, դատելով ձեր պատմածից, հասցրել է տեղեկակություն ուղարկել իզենգարդցիների հետ արյունալի բախման մասին գետի այն կողմ, և այժմ նրա Ամենատես Աչքը հետևում է Իզենգարդին: Սակայն Սարումանը առանց այդ էլ հայտնվեց ծուղակում, որը, ի դեպ, ինքն էլ լարել էր:

— Դե, հա, ով էլ հաղթի, Սարումանին լավ բան չի սպասվում,— ասաց Մերին: — Նրա գործերը լավ չեն ընթանում այն պահից, երբ նա իր օրքերին ուղարկեց Ռոհան:

— Իմիջայլոց մենք տեսել ենք այդ ծեր սրիկային,— ասաց Ջիմլին: — Ֆենգորնի անտառեզրին, եթե հավատանք Գենդալֆին: Նա ասում է որ դա կարող էր լինել միայն Սարումանը:

— Իսկ դա ե՞րբ է եղել,— հարցրեց Փինը:

— Հինգ գիշեր առաջ,— պատասխանեց Արագորնը:

— Սպասեք... Հինգ գիշեր առա՞ջ: Էդ նշանակում է, որ մենք մոտենում ենք պատմության այն մասին, որը դուք դեռ չգիտեք: Ծառմորուսին մենք հանդիպեցինք առավոտյան, մարտից հետո: Երեկոյան գիշերեցինք Ակունքային Սրահում՝ դա նրա տներից մեկն է, իսկ հաջորդ օրը գնացինք Էնտմութ, բայց դա ոչ թե վայր է, այլ էնտերի հավաքույթ, և, ճիշտն ասած, ավելի արտասովոր բան կյանքումս չէի տեսել: Այն շարունակվեց ամբողջ օրը և էլի երկու օր, իսկ մենք գիշերում էինք Արագամիտ անունով Էնտի մոտ: Իսկ երրորդ օրը երեկոյան նրանք համաձայնության եկան ու ժայթքեցին... Ա՜յ թե տեսարան էր: Անտառը քարացավ, ոնց որ ամպրոպ կուտակեր, ու հետո պայթեց: Ա՜խ, միայն լսեիք նրանց քայլերթի երգը:

— Եթե Սարումանն այդ երգը լսեր, հիմա նա այստեղից հարյուր լիգ հեռու կլիներ, ընդ որում, ամբողջ ճանապարհը կվազեր առանց հետ նայելու,— ավելացրեց Փինը:


Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,

Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ,

Պատերազմ ենք գնում շարքո՛վ, երգո՛վ,

Կվերցնենք Իզենգարդը գրոհո՛վ:


— Դա, իհարկե, միայն սկիզբն է: Երգը երկար էր, թեպետ վերջում արդեն բառեր էլ չկար, մենակ փողերն էին հնչում ու թմբուկները որոտում: Ախր շա՜տ լավ էր նրանց մոտ ստացվում: Ճիշտ է, սկզբում մտածեցի, որ նրանք ուղղակի աղմկում են, բայց հիմա գիտեմ. նրանք հենց այնպես չեն աղմկում:

— Մթնում էր, երբ մենք հասանք լեռան գագաթը,— շարունակեց Մերին: — Նան Կուրունիրը փռված էր ներքևում: հենց այդ ժամանակ էլ ինձ առաջին անգամ թվաց, թե Անտառը գալիս է մեր հետևից: Դե, մտածում եմ, քնած եմ ու էնտային երազներ եմ տեսնում: Բայց ոչ, Փինը նույնպես նկատել էր: Մենք երկուսս էլ կարգին վախեցանք, բայց ինչում էր բանը՝ իմացանք հետո:

Պարզվեց դրանք հուորններ էին՝ այդպես են էնտերը կոչում նրանց «կարճ լեզվով»: Ծառմորուսից նրանց մասին ոչինչ չես կորզի, բայց ես կարծում եմ, որ նրանք կարծես թե նույն էնտերն են, միայն թե փայտացած, ծառի նմանված, համենայն դեպս, տեսքից չես տարբերի: Նրանց կարելի է հանդիպել որտեղ ասես, նույնիսկ անտառեզրին: Իրենց համար լուռ կանգնած դիտում են, ծառերին հետևում, իսկ անտառի խորքերում՝ ամենամութ թավուտներում, դրանցից, երևի, հազարներով կլինեն:

Նրանք սարսափելի ուժ ունեն, և կարողանում են պարուրել իրենց շուրջը խավարով, դրա համար էլ չես նկատի, որ շարժվում են: Բայց նրանք, էն էլ ոնց են շարժվում, մանավանդ եթե զայրանան: Կանգնած ես քեզ համար, նայում ես երկնքին, քամու շրշոցն ես լսում, մեկ էլ հո՛պ՝ կանգնած ես անտառում, և բոլոր կողմերից դեպի քեզ են ձգվում հսկայական ճյուղերը... Իմիջայլոց, նրանք խոսել գիտեն և խոսում են էնտերի հետ, այդ պատճառով էլ, ինչպես ասաց Ծառմորուսը, նրանց հուորն են անվանում: Բայց առհասարակ նրանք տարօրինակ են ու վայրի: Ես, օրինակ, չեի ցանկանա մենակ՝ առանց իսկական էնտերի, հանդիպել նրանց: Մի խոսքով, կեսգիշերին հյուսիսային կողմից իջնում ենք Կախարդական հովիտ՝ առջևում էնտերն են, հետևում՝ հուորնների մթին պատը: Մենք նրանց, իհարկե, չէինք տեսնում, բայց շուրջը այնպիսի ճռռոց ու ճայթյուն էր տարածվել, թեկուզ ականջներդ փակիր: Մութ, ամպամած գիշեր էր: Հուորններն արդեն այնքան էին տաքացել, որ աղմկում էին՝ ասես անտառում փոթորիկ լիներ: Լուսինն այդպես էլ ամպերի հետևից չերևաց, և շուտով, կեսգիշերից մեկ ժամ անց, հովտի հյուսիսային լանջը պատվեց խիտ անտառով: Մոտակայքում ոչ ոք չկար՝ ոչ թշնամի, ոչ բարեկամ: Միայն աշտարակի վերին պատուհանն էր լուսարձակում ու վերջ: Ծառմորուսը մի քանի էնտերի հետ առաջացավ դարպասին ավելի մոտ ու դարան մտավ: Ես ու Փինը նստած էինք նրա ուսերին և զգում էինք, ինչպես է նա լարվել: Սակայն էնտերը՝ նրանք, եթե նույնիսկ չափազանց լարված են, միևնույնն է շատ զգույշ ու համբերատար են: Նրանք քարացել էին, ինչպես արձանները, միայն շնչում էին ու ականջ դնում: Հանկարծ շուրջը հո որո՛տ չբարձրացավ: Հնչեցին շեփորները, Իզենգարդի պատերով դող անցավ: Մենք արդեն մտածում էինք. «վերջ, մեզ նկատեցին, հիմա կռիվը կսկսվի»: Բայց բանը դրանում չէր: Սարումանի զորքն էր դուրս գալիս արշավանքի: Ես գրեթե ոչինչ չգիտեմ ոչ այդ ճակատամարտի մասին, ոչ էլ ռոհանցի հեծյալների մասին, բայց ամեն ինչ պարզ էր. Սարումանն ուզում էր մի հարվածով թագավորի և նրա զորքի հարցը վերջնականապես լուծել: Նա բառիս բուն իմաստով դատարկեց ամրոցը: Ես տեսնում էի, թե ինչպես են օրքերը շարքերով դուրս գալիս. սև պողպատե հրոսակներ, հետո գայդարձյակներին հեծած ջոկատներ: Հետո մարդիկ՝ էլի անթիվ անհամար, ջահերի լույսի տակ երևում էին նրանց դեմքերը: Սովորական մարդիկ էին, բարձրահասակ, թուխ մազերով, մռայլ, բայց ոչ չար: Հետո երևացին մյուսները... Այ դրանք արդեն սարսափելի էին: Հասակով՝ մարդ են, բայց տեսքից գոբլինի են նման. շիլաչք, ժանիքները մերկացրած, իրենք էլ չարացած: Եվ գիտե՞ք ինչ: Աչքերիս առաջ միանգամից այն լեռնամոտցի հարավցին կանգնեց: Միայն թե նա, այնուամենայնիվ, այդքան էլ շատ չէր օրքի նման, որքան սրանք:

— Ես էլ նրան հիշեցի,— ասաց Արագորնը: — Հելմյան Իջվածքում այդ կիսաօրքերից շատ ենք տեսել: Այժմ հասկանալի է. այդ հարավցին Սարումանի լրտեսն էր, բայց նա Սև Հեծյալների հետ դավադրության մեջ էր, թե հավատարիմ էր իր տիրոջը՝ դժվար է ասել: Այդ տականքները՝ երբեք չես հասկանա, թե երբ են միմյանց հավատարիմ, և երբ են իրար խաբում...

— Կարճ ասած, նրանք բոլորը միասին կլինեին ամենաքիչը տաս հազար,— շարունակեց Մերին: — Մեկ ժամ պահանջվեց, որ դարպասից դուրս գան: Մի մասը շարժվեց դեպի Գետանցում, մյուսները՝ ուղիղ արևելք. այնտեղ կամուջ կա, այստեղից մեկ լիգ հեռավորության վրա, որտեղ գետը մտնում է խորունկ կիրճը: Եթե ամբողջ հասակով կանգնեք՝ կերևա: Այսպես ուրեմն, զորքը բաժանվեց և ամենքը գնացին իրենց ճանապարհով՝ խռպոտ երգելով ու բարձր հռհռալով: Էհ, մտածեցի ես, ռոհանցիների բանը, թերևս, բուրդ է լինելու: Բայց Ծառմորուսը նույնիսկ մորուքը չշարժեց: Նա ասաց. «Դրանց հետ ես գործ չունեմ, այս գիշեր իմ տեղը Իզենգարդում է: Տեսնենք ամու՞ր են այդոք այստեղի քարերը»:

Անթափանց մթության մեջ ոչինչ զանազանել հնարավոր չեր, բայց ինձ թվաց, թե հենց դարպասը փակվեց, հուորնները շարժվեցին զորքի հետևից: Երևում է նրանց գործը հենց օրքերի հետ էր: Առավոտյան նրանք արդեն բավականին հեռու էին, և միայն հովտի բերանին դեռ ինչ-որ մութ ամպ էր երևում:

Հենց որ Սարումանի զորքը հեռացավ, եկավ մեր հերթը: Ծառմորուսը մեզ իջեցրեց գետնին, մոտեցավ դարպասին ու սկսեց հարվածել դռներին՝ թե, հե՛յ, Սարումա՛ն, դու՛րս արի: Վերևից նետերի ու քարերի կարկուտ տեղաց: Դե, նետերը էնտերի համար ոչինչ են, միայն թեթև ծակում են՝ ինչպես ճանճի խայթոցը, և հունից հանում: Էնտին կարելի է ասեղնաբարձիկի պես ծակծկել թունավոր նետերով, իսկ նա իսկի չի էլ նկատի: Թույնը նրանց չի վնասում, դե իսկ կաշին էլ ծառի կեղևից հաստ է: Երևի միայն, եթե ամբողջ ուժով հարվածես կացնով... Այ կացիններ նրանք չեն սիրում: Սակայն շատ փայտահատներ կպահանջվեն մեկ էնտին տապալելու համար, որովհետև մեկ անգամ հարվածելուց հետո ողջ հաստատ չես մնա: Նրանց ձեռքերը այնքան ուժեղ են, որ պողպատը ճկում են, ինչպես բարակ ոստը: Այսպես ուրեմն, երբ Ծառմորուսին ծակծկեցին առաջին նետերը, նա զայրացավ ու սկսեց մի քիչ «շտապել», ինչպես ինքն է ասում: Այսպես գոռաց. «Հռու՜մ, հու՜մ», և, չգիտես որտեղից, մի դյուժին էնտ հասան օգնության: Իսկ զայրացած էնտը՝ դա արդեն կատակ բան չէ: Նրանք հարձակվեցին ժայռի վրա, ձեռքները խրեցին քարերի մեջ ու սկսեցին շերտ առ շերտ փշրել հա փշրել, ոնց-որ հացի կեղև: Սովորաբար ծառերն այդ աշխատանքը կատարում են հարյուր տարում, իսկ այստեղ, աչքներս չթարթած, գործն արդեն ավարտված էր: Էնտերը հրում էին, քաշում, պոկում, ցնցում, հարվածում, և հինգ րոպե անց՝ բու՛մ բա՛խ, թրա՛խ, դարպասի հսկայական դռները փլվեցին գետնին: Հո դղրդյու՛ն չեր բարձրացել... Մյուս էնտերը թափվեցին պատերի վրա ու սկսեցին քանդել՝ ինչպես նապաստակն է բույն փորում ավազի մեջ: Չգիտեմ ինչ էր այդ ամենի մասին մտածում Սարումանը, բայց ամենայն հավանականությամբ, նա չգիտեր ինչ անել: Վերջին ժամանակներս, ինչպես ես հասկացա, նրա մոգական ուժը նվազել է, և հետո կասկածում եմ, որ վախեցել էր: Դե, ո՞վ լինի, որ չվախենա. փախչելու տեղ չկա, ստրուկներ չկան, երկաթյա անիվներն ու սարքերը ոչ ոք չի հսկում, իսկ նա՝ առանց այդ ամենի, ոնց որ առանց ձեռքերի ու ոտքերի... Այո, ծերուկ Գենդալֆը բոլորովին ուրիշ է: Եվ ինչու՞ է Սարումանը այդպես փառաբանված: Ուղղակի ժամանակին նրա խորամանկությունը հերիքել է ամրապնդվել Իզենգարդում, քանի դեռ ուրիշները չեն զբաղեցրել այն, ահա և բոլորը որոշել են, որ նա չափից դուրս խելացի է:

— Դա այդպես չէ,— առարկեց Արագորնը: — Կար ժամանակ, երբ Սարումանն իսկապես մեծ իմաստուն էր և արժանի իր փառքին: Նրա գիտելիքները շատ խորն էին, միտքը ճկուն, ձեռքերը հմուտ, և ամենակարևորը՝ կարողանում էր տիրել ուրիշների մտքերին: Նա կարողանում էր համոզել նույնիսկ ամենաիմաստուններին, իսկ սովորական մարդկանց կարող էր առանց դժվարության վախեցնել: Այդ ունակությունը նա չի կորցրել, նույնիսկ հիմա, երբ պարտություն է կրել: Շատ քչերը Միջերկրում կարող են դիմակայել նրա խոսքերին, երբ նրա հետ միայնակ մնան: Գենդալֆը, Էլրոնդը և Գալադրիելը, իհարկե, չէին հնազանդվի նրա կամքին, մանավանդ հիմա, երբ նրա չարագործությունները տեսանելի են դարձել բոլորին: Սակայն Միջերկրում քիչ են նրանց նմանները:

— Էնտերի մասին կարող եք չանհանգստանալ,— ասաց Փինը: — Մի անգամ Սարումանին հաջողվել է նրանց խաբել, բայց դա նրան այլևս չի հաջողվի: Սարումանն առհասարակ էնտերից բան չի հասկանում, և մեծ սխալ թույլ տվեց, երբ իր ծրագրերում նրանց հաշվի չառավ: Նրա ծրագրերում էնտերը տեղ չունեն, իսկ վերանայելու համար արդեն չափազանց ուշ է. այժմ նրանք գործի են անցել: Մի խոսքով, Երբ մենք հայտնվեցինք Իզենգարդում, ամրոցում մնացած Սարումանյան առնետները փորձեցին ծլկել հանդիպած յուրաքանչյուր ճեղքով: Էնտերը մարդկանց բռնեցին, հարցաքննեցին ու բաց թողեցին: Նրանք երեք դյուժինից ավելի չէին լինի, համենայն դեպս, մենք այդքան հաշվեցինք: Դե, իսկ օրքերից դժվար ինչ-որ մեկին հաջողված լինի ծլկել. էնտերից գուցե և հաջողվել է, բայց հուորններից՝ բացառված է: Իսկ նրանք այդ ժամանակ դեռ բոլորը չէ, որ լքել էին հովիտը, և Իզենգարդը դեռևս սերտորեն շրջափակված էր:

Երբ հարավային պատի մեծ մասը վերածվեց մանր քարաբեկորների, կայազորի վերջին մնացորդներն արդեն փախել էին, և Սարումանը մնացել էր միայնակ: Այդ ժամանակ նա ինքն էլ որոշեց ծլկել: Երևի այդ ամբողջ ընթացքում կանգնած էր դարպասի մոտ, ճանապարհում էր իր շքեղ զորքին: Երբ էնտերը թափանցեցին դարպասից ներս, նա ստիպված եղավ խուճապահար փախչել: Սկզբում նրան չէին նկատել, սակայն հետո երկինքը մաքրվեց, փայլեցին աստղերը, իսկ էնտերին աստղերի լույսն էլ բավական է: Արագամիտը նկատեց նրան ու հո չի՛ գոռում. «Ծառասպա՛նը, ծառասպա՛նը»: Նա առհասարակ բարի էնտ է, սակայն կատաղի ատելությամբ ատում է Սարումանին. վերջինիս օրքերը կացիններով տապալել են նրա սիրելի արոսենիները: Այսպես ուրեմն, Արագամիտը նետվեց Սարումանի հետևից՝ իսկ վազում է նա, եթե պետք է, քամուց էլ արագ: Այդ պահին ես էլ հեռվում մի գունատ կերպարանք նկատեցի. նա վազում էր մի սյունից մյուսը և արդեն հասել էր աշտարակի աստիճաններին: Եվս մի ակնթարթ՝ և Արագամիտը կխեղդեր նրան: Սարումանին հաջողվեց սահել դռներից ներս:

Փակվելով Օրթհանքում, նա անմիջապես գործի գցեց իր թանկագին սարքերը, իսկ այդ ժամանակ Իզենգարդն արդեն լի էր էնտերով: Ոմանք վազել էին Արագամիտի հետևից, մյուսները ներս էին թափանցել արևելքից ու հյուսիսից՝ ոչնչացնելով ամեն ինչ: Եվ հանկարծ հորերից ու նկուղներից կրակ ու թունավոր ծուխ ժայթքեց: Մի քանի էնտ ուժեղ այրվածքներ ստացան և նույնիսկ պատվեցին խանձողներով, իսկ նրանցից մեկը՝ եթե չեմ սխալվում, Հաճարոսկր էր անունը, բարձրահասակ գեղեցիկ էնտ էր, ընկավ ինչ-որ հեղուկ կրակի շիթի մեջ և ջահի պես բոցավառվեց: Ա՛յ թե սարսափելի էր:

Այստեղ էնտերն իսկապես կատաղությունից խելագարվեցին: Ես էլ՝ հիմարս, մտածում էի, որ նրանք արդեն կարգին կատաղած են, էլ տեղ չկա: Բայց միայն տեսնեիք, թե ինչ կատարվեց: Կաթսան բառիս բուն իմաստով սկսեց եռ գալ: Էնտերն այնպես էին մռնչում, սուլում, գոռում, որ միայն այդ աղմուկից քարերը սկսեցին ճեղքվել ու փուլ գալ: Ես ու Մերին թաքնվել էինք ինչ-որ խոռոչում և թիկնոցներով փակել ականջներս:

Ասես փոթորիկ հարվածեց Իզենգարդին: Էտերը ձողիկների պես պոկում էին սյուները, հորերը արագորեն լցնում քարաբեկորներով ու խճաքարերով, իսկ ուղիների քարե սալիկները թռչում էին օդում՝ ինչպես տերևները փոթորկի ժամանակ: Եվ այդ մոլեգնած փոթորկի մեջտեղում, անխորտակելի ժայռի պես, կանգնած էր Օրթհանքի աշտարակը: Երկաթբեկորների ու քարերի կարկուտը աշտարակին ոչ մի վնաս չէր պատճառում:

Շնորհակալություն, Ծառմորուսը գլուխը չէր կորցրել. իմիջայլոց, բարեբախտաբար, նա նույնիսկ այրվածքներ չէր ստացել: Թվում էր, թե էնտերը, մոռանալով զգուշության մասին, հիմա կվնասեն իրենց, իսկ Սարումանն այդ իրարանցումից օգտվելով կծլկի ինչ-որ ստորգետնյա գաղտնի անցումով: Էնտերն ամբողջ ուժով հարվածում էին աշտարակի ողորկ պատերին, բայց, իհարկե, ապարդյուն: Երևում է այն կախարդված էր, բայց այդ դեպքում աշտարակը պահպանող հմայախոսքերը Սարումանի կախարդանքից հաստատ ավելի հին էին ու ավելի հզոր: Մի խոսքով էնտերին չհաջողվեց նույնիսկ փոքրիկ ճեղք բացել, միայն ուռուցքներ ստացան: Այդ ժամանակ էլ Ծառմորուսը դուրս եկավ կենտրոն և այնպես բղավեց, որ նրա ձայնը խլացրեց ողջ աղմուկն ու դղրդյունը: Մեռելային լռություն տիրեց: Այդ պահին աշտարակի վերին պատուհանից չարախինդ ծիծաղ լսվեց, որը էնտերի վրա անդրադարձավ տարօրինակ կերպով. հենց նոր կատաղությունից եռ էին գալիս, և հանկարծ մի ակնթարթում դարձան մռայլ, սառնարյուն ու հանգիստ. վերադարձան դարպասի մոտ, շրջապատեցին Ծառմորուսին ու քարացան: Վերջինս սկսեց ինչ-որ բան խոսել իրենց լեզվով, և, ես այնպես հասկացա, որ նա բացատրում էր իր ծրագիրը, որը, ամենայն հավանականությամբ, վաղուց էր ձևավորվել նրա գլխում: Էնտերը լսեցին նրան, հետո լուռ անհետացան մոխրագույն աղջամուղջում: Արդեն լուսանում էր: Երևի աշտարակի մոտ ժամապահներ էին մնացել, բայց նրանք, ըստ երևույթին, թաքնվել էին ստվերում և քարացել, այնպես որ մենք նրանց չէինք նկատում: Մնացած բոլորը գնացին հյուսիս՝ հովտի հեռավոր ծայրը, և ասես չքացան. այդ օրն այլևս նրանց չտեսանք: Նրանք զբաղված էին ինչ-որ գործով, բայց ինչ գործով՝ անհայտ էր: Մենք մնացինք միայնակ: Երկար, տաղտկալի ու մռայլ օր էր. թափառում էինք կաթսայում, աշխատելով հեռու մնալ Օրթհանքի պատուհաններից՝ ախր շատ սպառնալի տեսք ունեին դրանք: Իսկ հետո բավական երկար ժամանակ վատնեցինք ուտելիք փնտրելու վրա, բայց ոչինչ չգտնելով, նստեցինք մի հանգիստ տեղ և սկսեցինք զրուցել՝ գուշակելով, թե ինչպես են ընթանում գործերը Ռոհանում, և որտեղ են հիմա մեր ջոկատի մյուս անդամները: Երբեմն հեռվից՝ լեռներից, դղրդյուն էր լսվում, քարեր էին թափվում, և հնչեղ արձանգանքը տարածվում էր հովտում: Կեսօրից հետո գնացինք նայելու, թե ինչ է կատարվում: Հովտի բերանին՝ լանջի վրա, տարածվել էր հուորնների մութ անտառը: Հյուսիսային կողմում նույնպես նրանց հանդիպեցինք, բայց մոտենալ չհամարձակվեցինք, միայն հեռվից լսում էինք նրանց մթին պատի միջից եկող ճայթյունն ու որոտը: Հետո պարզվեց, որ էնտերը հուորնների հետ գետի համար նոր հուն են փորում, պատնեշներ կառուցում, ջրամբարներ: Նրանք ուզում էին Իզենի և մոտակա բոլոր աղբյուրների ու առուների ջրերը բաց թողնել նոր հունով: Մենք չխանգարեցինք նրանց և վերադարձանք դարպասի մոտ, իսկ մթնշաղին Ծառմորուսը եկավ մեզ այցելության: Նա ինչ-որ բան էր դնդնում քթի տակ և, ըստ երևույթին, գոհ էր: Մոտենալով մեզ, նա ձգվեց, տարածեց իր երկար ձեռքերը և խորը շունչ քաշեց: Ես հարցրեցի նրան, չի՞ հոգնել արդյոք: «Հոգնե՞լ,— կրկնեց նա,— թերևս, կա մի քիչ... Փայտացել եմ մի փոքր: Ա՛յ թե հիմա մի քիչ Էնտուոշի ջրից լիներ, հո չէի խմի: Փառավոր աշխատանք ենք կատարել. այսօրվա մեջ ավելի շատ քար ենք ջարդել ու հող փորել, քան վերջին հարյուր տարիների ընթացքում: Բայց հիմա գրեթե ամեն ինչ ավարտված է: Երբ գիշերը գա, հեռու կմնաք դարպասից, և այդ... ինչպես էր... թունելի՛ց: Այնտեղով ջուր է հոսելու՝ սկզբում շատ կեղտոտ ու պղտոր, մինչև սրբի-տանի Սարումանի ողջ աղբը և տարածքը մաքրվի: Իսկ հետո Իզենը նորից բաց կթողնենք հին հունով, թող հոսի ինչպես առաջ»: Ծառմորուսը վերջացրեց և սկսեց պատերից քարաբեկորներ պոկելով զվարճանալ: Ես ու Մերին սկսեցինք գիշերելու հարմար տեղ փնտրել, որ համ փորձանքից հեռու լինենք, համ էլ մի քիչ քնենք: Այստեղ էլ կատարվեց ամենաանսպասելին. ճանապարհից ձիու սմբակների դոփյուն լսվեց: Ինչ-որ հեծյալ էր սրընթաց մոտենում դարպասին: Մենք մտանք քարերի հետևը, իսկ Ծառմորուսը թաքնվեց կամարի տակ, ստվերում: Եվ ահա դարպասին է մոտենում մի հսկայական նժույգ, ոչ թե նժույգ, այլ ինչ-որ արծաթե բռնկու՛մ: Արդեն մթնել էր, բայց մենք կարողացանք տեսնել հեծյալի դեմքը. այն՝ թվում էր, թե լույս է ճառագում: Հեծյալը սպիտակ հագուստով էր: Ես նստեցի ու բերանս բաց նրան էի նայում: Ուզում էի կանչել՝ լեզուս չէր ենթարկվում: Սակայն կանչելու հարկ չեղավ: Հեծյալը կանգ առավ մեր կողքին և սկսեց ոտքից գլուխ չափել մեզ: Այստեղ ես վերջապես արտաբերեցի. «Գե՛նդալֆ»: Եվ ի՞նչ եք կարծում, նա ի՞նչ պատասխանեց: Կարծում եք ասաց. «Բարև Փին, ինչ հաճելի անակնկա՞լ է»: Հմ, Է՜լ ինչ կուզեիք: Վրաս այնպես գոռաց. «Վե՛ր կաց, Տու՛կ, անբա՛նի մեկը: Որտե՞ղ գտնեմ Ծառմորուսին այս թոհուբոհի մեջ, ամպրո՛պը ձեզ տանի: Գտե՛ք նրան, արա՛գ:»

Ծառմորուսը լսեց նրա ձայնը և առաջ եկավ: Տարօրինակ հանդիպում էր: Թվում էր, թե ոչ մեկը, ոչ էլ մյուսն առհասարակ չզարմացան, և դա ինձ զարմացրեց երևի ամենից շատ: Գենդալֆն ակնհայտորեն գիտեր, որ այստեղ հանդիպելու է Ծառմորուսին, իսկ վերջինս էլ, ըստ երևույթին, հենց դրա համար էլ եկել էր դարպասի մոտ, որ դիմավորի նրան: Ախր մենք ծեր էնտին պատմել էինք, թե ինչպես նա զոհվեց Մորիայի խորխորատներում: Ես անմիջապես հիշեցի, թե ինչպես նա այն ժամանակ տարօրինակ կերպով մեզ նայեց: Պետք է ենթադրել, որ այն ժամանակ նա արդեն հասցրել էր հանդիպել Գենդալֆին, կամ ինչ-որ բան իմացել, բայց մեզ այդ մասին պատմել չցանկացավ: Դե, այդպիաին է նրա կարգախոսը. «Մի՛ շտապիր»: Իմիջայլոց ոչ ոքի, նույնիսկ էլֆերի, մոտ ընդունված չէ խոսել Գենդալֆի ու նրա գործերի մասին, երբ նա մոտակայքում չէ: «Հու՛մ, Գենդալֆ,— ասաց Ծառմորուսը,— ես ուրախ եմ որ դու եկար: Ջրի, անտառի, արմատների, քարերի հետ ինքս էլ գլուխ կհանեմ, բայց ինչպե՞ս վարվել հրաշագործի հետ: Չգիտեմ ինչ անեմ»: — «Ծառմորու՛ս,— ասաց Գենդալֆը,— ինձ քո օգնությունն է պետք: Դու շատ բան ես հասցրել անել, բայց ավելի շատ է պետք անել: Ինձ հարկավոր է ինչ-որ մի բան անել օրքերի տասը հազարանոց զորքի հետ»:

Նրանք հեռացան խորհրդակցելու: Երևի Ծառմորուսն այդ ամենը համարեց չափազանց «արագ», բայց Գենդալֆն իրոք շատ էր շտապում: Նա դեռ քայլելու ընթացքում սկսեց խոսել, բայց շուտով նրանց ձայները մարեցին: Շատ կարճ զրուցեցին, ամենաշատը քառորդ ժամ: Հետո վերադարձան: Երևում է Գենդալֆի սիրտը թեթևացել էր: Մի քիչ պայծառացել էր և նույնիսկ ասաց, որ ուրախ է մեզ տեսնել: «Լսիր Գե՛նդալֆ,— բացականչեցի ես,— որտեղ էիր կորել: Չե՞ս տեսել մյուսներին»: — «Ես որտեղ որ էի, հիմա այնտեղ չեմ,— պատասխանեց նա գենդալֆյան ոճով: — Այո, մյուսներից ոմանց, ես, թերևս, տեսել եմ: Բայց հիմա պատմելու ժամանակը չէ: Ծանր գիշեր է լինելու, այնպես որ ես պետք է շտապեմ: Հնարավոր է, սակայն, առավոտն ուրախալի լինի, և այդ ժամանակ էլ մենք կրկին կհանդիպենք: Իսկ առայժմ զգույշ եղեք և հեռու մնացեք Օրթհանքից: Ցտեսությու՛ն»:

Երբ նա հեռացավ, Ծառմորուսը մտահոգ տեսք ընդունեց և սկսեց խորհել: Ըստ երևույթին նա միանգամից շատ բան էր իմացել Գենդալֆից և հիմա նստած դանդաղ մարսում էր: Որոշ ժամանակ անց նայեց մեզ վրա և ասաց. «Հըմ, այո, պարզվում է դուք այնքան էլ շտապիկներ չեք: Այնքան էլ շատ բան չէիք պատմել, որքան գիտեիք, և պատմել եք ճիշտ այնքան, որքան պետք է եղել: Հըմ, այո, լուրերի մի ամբողջ դեզ, և դրանցից գլուխդ չես ազատի: Ահա քեզ, Ծառմորուս, ևս մի կույտ գործ»:

Սակայն մինչ նա կհեռանար, մենք նրանից որոշ բաներ դուրս քաշեցինք, թեև, այդ լուրերը մեզ չուրախացրին: Վշտացանք, ճիշտ է, միայն ձեր երեքի պատճառով, իսկ Ֆրոդոյի, Սեմի և խեղճ Բորոմիրի մասին նույնիսկ մտածել մոռացանք: Պարզվում է, ձեզ մեծ ճակատամարտ էր սպասվում, և պարզ չէր, այնտեղից ողջ կվերադառնա՞ք արդյոք:

«Ոչինչ, հուորնները կօգնեն»,— ասաց Ծառմորուսը: Հետո նա գնաց և մինչև առավոտ նրան այլևս չտեսանք...

Մութ գիշեր էր: Տեղավորվել էինք խճքարերի մի մեծ կույտի վրա, իսկ շուրջը բացարձակ խավար էր, ոչինչ զանազանել հնարավոր չէր: Ասես ծածկված լինեինք մշուշե խիտ ծածկոցով: Օդը հեղձուկ էր, շուրջն ամեն ինչ ճարճատում էր, շրշում, փնթփնթում... Ըստ երևույթին հարյուրավոր հուորններ էին անցնում մեր կողքով՝ շտապում էին ձեզ օգնության: Կեսգիշերին մոտ հարավից ամրոպի որոտ լսվեց. Ռոհանի գլխին կայծակներ էին փայլատակում՝ մի ակնթարթ ցրելով խավարը, և ցուցադրելով հեռավոր, սև ու սպիտակ գագաթները: Մեզ մոտ՝ լեռներում, նույնպես ամպրոպ էր որոտում, սակայն բոլորովին այլ կերպ, և հովիտը լցվում էր արձագանքով:

Կեսգիշերից հետո էնտերը քանդեցին իրենց ամբարտակները, և հավաքված ջուրը հյուսիսային պատի վրայի խոռոչից սկսեց լցվել Իզենգարդ: Հուորնները հեռացան, նրանց խավարը ցրվեց, և ապրոպը նույպես աստիճանաբար մարեց հեռվում: Լուսինն արդեն թեքվում էր դեպի արևմտյան գագաթը:

Իզենգարդն սկսեց աստիճանաբար լցվել ջրով, սև, պղտոր առուները տարածվեցին ամբողջ կաթսայով մեկ՝ վերածվելով լճակների, որոնք փայլում էին լուսնի լույսի ներքո: Ջուրն անընդհատ նոր հորեր կամ նկուղներ էր գտնում, և այնտեղից խլացուցիչ թշշոցով սկսում էր գոլորշու սպիտակ քուլաներ բարձրանալ: Երբեմն խորքերում ինչ-որ բան էր դղրդում, և կրակ էր դուրս ժայթքում: Շուտով Օրթհանքը պարուրվեց գոլորշու վիթխարի ամպով և նմանվեց ամպերով շրջապատված բարձրադիր լեռան գագաթի, որը ներքևից լուսավորվել էր բոսորագույն բռնկումներով, իսկ վերևից՝ լուսնի շողերով: Իսկ ջուրը լցվում էր հա լցվում: Իզենգարդը եռում էր, ինչպես կաթսայով կրակի վրա դրված արգանակը:

— Երեկ գիշեր, երբ մենք մոտենում էինք Նան Կուրունիր հովտին, Իզենգարդի գլխին իսկապես գոլորշու և ծխի ամպեր էին կուտակվել,— ասաց Արագորնը: — Մենք արդեն սկսել էինք զգուշանալ, որ Սարումանը մեր մոտենալուն զգուգընթաց ինչ-որ չար կախարդանքի է նախապատրաստվում:

— Միայն ոչ նա,— ծիծաղեց Փինը: — Նա նստած էր իր աշտարակում և երևի խեղդվում էր ծխից: Ըստ երևույթին ծիծաղելու ցանկություն այլևս չուներ: Երեկ առավոտյան ջրասույզ եղան վերջին հորերը, և իզենգարդյան կաթսայի գլխին խիտ մառախուղ կուտակվեց: Մենք թաքնվել էինք պահակատանը և, պետք է ասեմ, կարգին վախեցել էինք, հատկապես երբ ջուրը սկսեց թափվել պռունկներից: Այն ողողել էր հին թունելը և հասել մեր սենյակի շեմքին: Մենք արդեն որոշել էինք, որ գործերը վատ են, և որ թակարդն ենք ընկել՝ ինչպես օրքերը որջում: Բայց, բարեբախտաբար, մթերանոցում ևս մեկ դուռ գտնվեց, իսկ դռան հետևում պարուրաձև սանդուղք, որը տանում էր վերև՝ դարպասի կամարի գլուխը: Մենք նստեցինք կամարի վրա և նայում էինք իզենգարդյան մեծ ջրհեղեղին: Էնտերը անընդհատ ջուր էին ավելացնում, որպեսզի հանգցնեն բոլոր կրակներն ու ջրասույզ անեն բոլոր ստորգետնյա հորերն ու անցումները: Խիտ մառախուղը կախվել էր Իզենգարդի գլխին և ասես մոտ մեկ լիգ բարձրությամբ վիթխարի սունկ լիներ: Երեկոյան արևելյան գագաթների գլխին ծիածան հայտվեց, որից հետո լանջերում մի այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ մայրամուտը չէր երևում: Հետո ամեն ինչ լռեց, և միայն հեռվից լսվում էր գայլերի թախծոտ ոռնոցը: Դե իսկ գիշերը էնտերը փակեցին ջրի ճամփան և բաց թողեցին Իզենի ջրերը հին հունով: Այդպես էլ ամեն ինչ վերջացավ:

Ջուրը սկսեց աստիճանաբար իջնել. երևի գետնի տակ՝ նկուղներում, արտահոսքի ինչ-որ ուղիներ կան: Է՜հ, հեչ չեմ նախանձում Սարումանին՝ որ պատուհանից էլ նայես, ոչինչ չես տեսնի, բացի աղբից ու ցեխից... Ճիշտն ասած մենք էլ էինք տխրել, շուրջը բացարձակ ամայություն էր՝ ոչ մի շնչավոր արարած: Ոչ էնտ կար մոտակայքում, ոչ էլ նորություններ: Ամբողջ գիշեր նստած էինք կամարի վրա. ցուրտ էր ու խոնավ, նույնիսկ քնել չկարողացանք: Մեզ մի զգացում էր համակել, որ շուտով ինչ-որ բան է լինելու: Ախր Սարումանը դեռ նստած էր իր աշտարակում: Եվ իսկապես գիշերն ինչ-որ աղմուկ բարձրացավ, ասես հովտում ուժեղ քամի սկսվեց: Երևի հարավ գնացած էնտերն ու հուորններն էին վերադառնում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին գնալ, բայց ու՞ր՝ մի հարցրեք, չգիտեմ ու վերջ: Սկսվեց խոնավ ու մառախլապատ առավոտը: Մենք իջանք ներքև, թափառեցինք՝ ոչ մի շնչավոր արարած... Դե, ահա և ամբողջ պատմությունը: Այդ ամենից հետո այժմ այստեղ հանգիստ է ու խաղաղ: Իսկ ամենակարևորը, քանի որ Գենդալֆը եկել է, այստեղ բոլորովին անվտանգ է: Ա՜խ, այնպես կքնեի...

Լռեցին: Ջիմլին նորից լցրեց իր ծխամորճը:

— Մի բան ինձ համար դեռևս հանելուկ է,— վառելով ծխամորճը և ծուխ բաց թողնելով խոսեց նա: — Օձալեզուն: Դու ասացիր Թեոդենին, որ նա Սարումանի հետ է: Ինչպե՞ս է նա այնտեղ հայտնվել:

— Ախ, հա, մոռացա պատմել,— մտաբերեց Փինը: — Այսօր առավոտյան բարեհաճեց: Հազիվ էինք հասցրել կրակ վառել ու նախաճաշել, մեկ էլ հանկարծ հայտնվեց Ծառմորուսը: Պահակատանը նստած լսում ենք, թե ինչպես է նա դարպասի մոտ դնդնում ու կանչում մեզ անուններով: «Եկել եմ տեսնեմ ինչպես եք,— ասում է,— և ձեզ համար նորություններ եմ բերել: Հուորններն են վերադարձել: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այո, այո, ուղղակի հրաշալի: — Ծիծաղում է ու ձեռքերով խփում ազդրերին: — Իզենգարդյան փայտահատների հարցը լուծված է,— ասում է,— վե՛րջ օրքերի կացիններին: Մեզ մոտ հարավից հյուրեր են գալիս և շուտով այստեղ կլինեն: Նրանցից մի քանիսին, թերևս, ուրախ կլինեք տեսնել»:

Նա դեռ չէր հասցրել վերջացնել, երբ ճանապարհից սմբակների դոփյուն լսվեց: Մենք նետվեցինք դարպասի մոտ և աչքներս հառեցինք մառախուղին. մտածում ենք հիմա կհայտնվի Գենդալֆը՝ Պանդուխտի և հաղթանակած զորքի ուղեկցությամբ, բայց... Մառախուղի միջից մի հեծյալ հայտնվեց՝ պառավ, տանջված ձիով, և ինքն էլ տեսքից բավական անհրապույր: Տեսնելով ջարդուխուրդ եղած դարպասը և մնացած ամեն ինչը, նա բացեց բերանը և զարմանքից կանաչեց: Այնպես էր ցնցված տեսածից, որ սկզբում չնկատեց մեզ: Երբ վերջապես նրա հայացքն ընկավ մեզ վրա, նա ճչաց և ասպանդակեց ձիուն, որ ծլկի, բայց Ծառմորուսը երկու-երեք քայլ արեց, մեկնեց իր երկար ձեռքը և պոկեց նրան թամբի վրայից: Ձին սարսափահար սլացավ մի կողմի վրա, իսկ անծանոթը վախից քիչ էր մնում լեզուն կուլ տա: Ծառմորուսը բաց թողեց նրան, և նա անմիջապես ընկավ գետնին: Սողում է ու ասում. «Ես,— ասում է,— Գրիման եմ, թագավոր Թեոդենի բարեկամն ու խորհրդատուն: Ինձ,— ասում է,— Թեոդենն է ուղարկել Սարումանի մոտ անհետաձգելի լուրերով: Ոչ ոք չհամարձակվեց գալ,— ասում է,— հարթավայրով մեկ վխտում են չարագործ օրքերը: Դե ահա ինձ ուղարկեցին: Սարսափելի զրկանքներ քաշեցի,— ասում է,— մահու չափ հոգնել եմ, մեկ օր է՝ սոված եմ: Գայլերն ընկել էին իմ հետևից,— ասում է,— դեպի հյուսիս մեծ շրջադարձ կատարեցի»: Բայց ես նկատեցի, թե ինչպես է նա խեթ-խեթ նայում Ծառմորուսին ու մտածում եմ. «խաբում է»: Իսկ Ծառմորուսը ուշադիր և երկար-երկար նրան նայեց՝ ինչպես միայն ինքն է կարող, և սա քիչ մնաց գետինը մտնի: Հետո Ծառմորուսն ասում է. «Հըմ, հըմ, ես քեզ վաղուց եմ սպասում, սիրելիդ իմ Օձալեզու»: Սա վերջնականապես սփրթնեց և սպասում է, թե հետո ինչ է լինելու, իսկ Ծառմորուսը թե. «Գենդալֆն արդեն եղել է այստեղ, այնպես որ ես գիտեմ քո մասին ինչ պետք է, և գիտեմ, թե քեզ հետ ինչպես վարվեմ: Գենդալֆն ասաց, որ բոլոր առնետները նույն թակարդում լինեն: Այդպես էլ կանեմ: Դե, արագացրու: Իզենգարդի տերը հիմա ես եմ, իսկ Սարումանը փակված է իր աշտարակում: Գնա նրա մոտ, անհապաղ լուրերդ էլ կհայտնես»:

«Թո՛ղ ինձ, ի՛նքս կգնամ,— ճչաց Օձալեզուն: — Ճանապարհը գիտե՛մ:»

«Առաջ գիտեիր, էդ իհարկե,— ասաց Ծառմորուսը,— բայց հիմա այստեղ շատ բան է փոխվել: Թեպետ, գնա, ինքդ համոզվիր»:

Օձալեզուն կաղալով շտապեց դարպասից ներս, մենք էլ՝ նրա հետևից: Անցավ թունելը, նայեց շուրջը, տեսավ պարիսպների և Օրթհանքի միջև ընկած ճահիճը, ապա շրջվեց ու հետ վերադարձավ:

«Թո՛ղ հեռանամ,— սկսեց խնդրել նա,— թո՛ղ հեռանամ: Իմ լուրերն այլևս անիմաստ են»:

«Ինչը ճիշտ է, ճիշտ է,— ասաց Ծառմորուսը,— բայց դու ստիպված ես ընտրել. կամ դու կմնաս ինձ հետ և մենք կսպասենք քո թագավորին ու Գենդալֆին, կամ մտիր ջուրը: Ընտրի՛ր»:

Օձալեզուն թագավորի անունը լսեց ու վախից ցնցվեց: Որոշեց մտնել ջուրը, բայց վերջին պահին փոշմանեց:

«Ես լողալ չգիտեմ»,— վնգստաց նա:

«Այնտեղ խորը չէ,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ջուրը, ճիշտ է, կեղտոտ է, բայց դա քեզ չի վնասի»:

Տարբերակ չկար, ստիպված էր ջուրը մտնել: Շուտով ջուրը հասավ նրա կզակին, հետո մենք տեսանք, որ նա լողում է՝ կառչած ինչ-որ փայտից կամ տակառիկից: Ծառմորուսը ուղեկցում էր նրան:

«Հասավ մի կերպ,— վերադառնալով ասաց նա: — Տեսա, թե ինչպես է սողում աստիճաններով, իսկը թրջված առնետ: Աշտարակում ինչպես նստած էին, այնպես էլ մնացել են նստած. դռան հետևից ձեռք հայտնվեց և քաշեց նրան ներս: Հույս ունեմ ընդունելությունը ջերմ էր, իր ծառայություններին համապատասխան: Իսկ ես գնամ լվացվեմ, մաքրվեմ այս խյուսից: Եթե ինչ-որ մեկը ինձ հարցնի՝ ես հյուսիսային մասում եմ, թե չէ այստեղ մաքուր ջուր չես գտնի. ոչ հնարավոր է խմել, ոչ լվացվել, իսկ էնտը առանց դրա չի կարող: Իսկ դուք, փոքրիկներ, ոչ մի տեղ չգնաք, մնացեք այստեղ և դարպասը հսկեք: Նկատի ունեցեք, այստեղ է գալիս նաև Ռոհանյան Արոտավայրերի տիրակալը: Նրան կընդունեք, ինչպես ձեզ մոտ ընդունված է, առավել ևս, նա այստեղ է գալիս հաղթանակած. նրա զորքը քիչ առաջ օրքերի դեմ մեծ ճակատամարտում հաղթանակ է տարել: Մտքովս անցնում է, որ դուք նրան ավելի լավ կդիմավորեք, քան անտառային էնտը: Շատ տիրակալներ է ունեցել ռոհանյան կանաչ հարթավայրը, բայց ես ոչ միայն նրանց լեզուն չգիտեմ, այլ նույնիսկ անուններն եմ մոռացել: Նրանց, երևի, մարդասնունդ պետք կլինի: Հոգ տարեք այդ մասին, փնտրեք, փորձեք թագավորին արժանի սնունդ գտել, եթե դա, իհարկե, հնարավոր է»: Դե, մենք էլ արեցինք, ինչ կարողացանք: Ահա և ամբողջ պատմությունը: Սակայն ես կուզենաի իմանալ, թե ով է այդ Օձալեզուն: Նա իսկապե՞ս թագավորի խորհրդատուն է եղել:

— Եղել է,— հաստատեց Արագորնը: — Բայց, միևնույն ժամանակ, նա նաև Սարումանի լրտեսն էր, նրա ծառան: Սակայն ճակատագիրը նրան չխնայեց. տեսնել փլատակները այն մեծության, որին նա համարում էր հզոր և անպարտելի՝ արդեն ինքնին ծանր պատիժ է: Բայց, վախենում եմ, նրա համար ամենավատը դեռ առջևում է:

— Այո, հազիվ թե Ծառմորուսը բարությունից ելնելով նրան ուղարկեց Օրթհանք,— ասաց Մերին: — Նա շատ մռայլ էր ծիծաղում, երբ գնում էր լվացվելու ու ջուր խմելու: Նա գնաց, իսկ մենք անցանք գործի: Հարկավոր է քրքրել բոլոր նկուղները և ջրից որսալ այն ամենը՝ ինչը ուտելու համար պիտանի էր: Մենք երկու-երեք մառան գտանք՝ ջուրը, բարեբախտաբար, դրանց չեր հասել: Եվ Հանկարծ ան քեզ՝ մի քանի էնտ հայտնվեցին Ծառմորուսից և տարան գրեթե ամեն ինչ:

«Մեզ,— ասում են,— մարդասնունդ է հարկավոր քսանհինգ մարդու համար»: Նրանք ինչ-որ կեերպ կարողացել էին իմանալ ձեր քանակը, մինչ դուք ճանապարհին էիք: Ձեզ երեքիդ, երևում է նույպես ներառել էին թագավորի շքախմբում: Բայց դուք մի անհանգստացեք՝ դուք ոչինչ չեք կորցրել: Հավատացնում եմ ձեզ, մենք մեզ չենք նեղացրել, ընդհակառակը՝ էնտերը նրանց համար խմիչք չտարան:

«Ի՞նչ են խմելու»,— հարցնում եմ նրանց:

«Պարզ է թե ինչ,— պատասխանում են,— Իզենի ջուրը համ էնտերին կբավականացնի, համ մարդկանց»: Ես, իհարկե, կարծում եմ, որ էնտերը հասցրել են իրենց հատուկ ջրից ինչ-որ խմելիք պատրաստել: Այ, կտեսնեք, Գենդալֆը հիմա կվերադառնա գանգուր մորուքով: Մի խոսքով, երբ նրանք գնացին, մենք զգացին որ կարգին հոգնել ու սովածացել ենք: Բայց բողոքելը անխելքություն կլիներ. մեր չարչարանքները առատորեն վարձատրվեցին: Մինչ մենք մարդասնունդ գտնելու համար քրքրում էինք ամեն անկյուն, Փինը իսկական գանձ հայտնաբերեց՝ Զուռնաչների ապրանքանիշով տակառիկներ: «Ծխելու խոտը՝ դա նույնիսկ սննդից էլ հրաշալի է»,— հայտարարեց նա: Ահա և ամբողջ պատմությու՛նը:

— Այո, այժմ ամեն ինչ հասկանալի է,— հավանություն տվեց Ջիմլին:

— Բացառությամբ մի բանի,— մտահոգ ասաց Արագորնը,— ինչպե՞ս է Խորահովտի ծխելու խոտըը հայտնվել Իզենգարդում: Այդ մեկը ես բոլորովին չեմ հասկանում: Ես առաջին անգամ եմ Իզենգարդում, բայց շատ եմ թափառել այս կողմերում և լավ գիտեմ Ռոհանի ու Հոբիթստանի միջև ընկած հողերը: Արդեն շատ տարիներ այդ ամայի հողերով ոչ առևտրական, ոչ էլ սովորական ճանապարհներ չեն անցնում: Վախենում եմ Սարումանը Հոբիթստանում ինչ-որ մեկի հետ գաղտնի կապեր է պահպանում: Օձալեզուներ միայն թագավորի արքունիքում չեն հանդիպում... Տակառիկների վրա տարեթիվ կա՞ր:

— Կար,— ասաց Փինը: — Հազար չորս հարյուր տասնյոթ թվականի բերք է, այսինքն, անցյալ տարվա... ոչ, կներեք, նախանցյալ տարվա: Ի դեպ, լավ տարի էր:

— Դե, ինչ չարագործություններ էլ նա կատարած լինի, այդ ամենն արդեն անցյալում է,— ասաց Արագորնը: — Իսկ եթե ոչ, մենք, միևնույնն է, շատ հեռու ենք և ոչնչով չենք կարող օգնել: Միայն թե չմոռանանք այդ մասին ասել Գենդալֆին, թեև մեծ գործերի համեմատությամբ, առաջին հայացքից, դա կարող է մանրուք թվալ...

— Հետաքրքիիր է, այդ ինչ մեծ գործեր են նրան այսքան ուշացնում,— միջամտեց Մերին: — Կեսօրն անց է, շուտով օրը կվերջանա: Գուցե գնանք զբոսնե՞նք: Չե՞ս ուզում տեսնել Իզենգարդը, Պանդուխտ: Միայն թե այն հիմա անշուք տեսք ունի:

Գլուխ տասը. Սարումանի Ձայնը

Նրանք անցան քանդված թունելով, բարձրացան քարերի կույտի վրա, և նրանց աչքերի առջև հայտնվեց Օրթհանքի սև զանգվածը, որի պատուհան հրակնատները մռայլ և սպառնալից հսկում էին ավերված ամրոցը: Ջուրը գրեթե ամբողջովին իջել էր: Այստեղ և այնտեղ դեռևս պղտոր ջրափոս էին մնացել՝ ծածկված էր փրփուրով և աղբով, բայց հսկայական կաթսայի մեծ մասն արդեն ձերբազատվել էր ջրից: Ամբողջ հատակը ծածկված էր տիղմով, այս ու այնտեղ սևին էին տալիս հորանցքերը և ծուռումուռ սյուները: Եզրերը պատված էին ինչ-որ մանր բեկորներով, նման ծովափնյա խճաքարերի: Կաթսայի բերանից կանաչ, խիտ բուսականությամբ ծածկված հովիտ էր սկսվում, որը բարձրանում էր դեպի երկու գագաթների միջև փռված կիրճը: Հակառակ կողմում բարեկամները հեծյալների նկատեցին, որոնք շարժվում էին դեպի Օրթհանք:

— Գենդալֆն է Թեոդենի և շքախմբի հետ,— ասաց Լեգոլասը: — Եկեք գնանք նրանց ընդառաջ:

— Միայն թե զգույշ եղեք,— ասաց Մերին,— սալաքարերը հեռացել են իրարից, մեկ էլ տեսար գահավիժեցիք ինչ-որ անհատակ հորի մեջ:

Բարեկամները շարժվեցին առաջ՝ զգուշորեն ստուգելով դարպասից դեպի Օրթհանք ձգվող նախկին ճանապարհի յուրաքանչյուր սալաքարը: Հեծյալները նկատեցին նրանց և կանգ առան՝ սպասելով նրանց ժայռի ստվերում: Գենդալֆը շարժվեց առաջ՝ նրանց դիմավորելու:

— Մենք Ծառմորուսի հետ բավականին հետաքրքիր զրույց ունեցանք և ապագայի համար որոշ պլաններ քննարկեցինք,— հասնելով բարեկամներին ասաց նա: — Բացի այդ մենք վերջապես մի փոքր հանգստացանք: Ժամանակն է կրկին ճանապարհ ընկնել: Հուսով եմ, բարեկամներս, որ դուք է՞լ եք հանգստացել և սնվել:

— Իհարկե,— պատասխանեց Մերին: — Ի դեպ, մեր զրույցը սկսվեց և ավարտվեց ծխամորճով: Մենք հիմա, կարելի է ասել, Սարումանի վրա այնքան էլ բարկացած չենք:

— Ճշմարի՞տ,— ասաց Գենդալֆը: — Իսկ ես դեռ բարկացած եմ, հատկապես, որ մենք նրա հետ շուտով զրույց ենք ունենալւ: Դա վտանգավոր է, և հնարավոր է նույնիսկ անիմաստ, բայց անխուսափելի: Ով ուզում է, կարող է գալ ինձ հետ, բայց զգուշության մասին չմոռանաք. Սարումանը կատակել չի սիրում, նկատի ունեցեք:

— Ես կգամ քեզ հետ,— ասաց Ջիմլին: — Ուզում եմ տեսնել Սարումանին և ստուգել, իսկապե՞ս դուք այդքան նման եք:

— Ինչպե՞ս ես ստուգելու, թանկագին թզուկ,— հարցրեց Գենդալֆը: — Եթե Սարումանը ցանկանա, ապա հեշտությամբ կնմանվի ինձ: կարծում ես կկարողանա՞ս դիմադրել նրա կամքին: Լավ, այնտեղ պարզ կլինի: Գուցե համեստությունը թույկ չտա նրան երևալ այսքան բազմազան հյուրերի աչքին: Թեպետ, էնտերին զգուշացրել եմ, որ տարածքում չերևան, այնպես որ, հուսով եմ, նա ռիսկի կդիմի:

— Իսկ ի՞նչ վտանգավոր բան կա այստեղ,— զարմացավ Փինը: — Նա, ինչ է, կրա՞կ կտեղա մեզ վրա, թե՞ կկախարդի հեռվից:

— Վերջինը, ամենայն հավանականությամբ,— ասաց Գենդալֆը: — Եթե դուք զգույշ չլինեք, նա կօգտվի ձեր թեթևամտությունից: Ոչ ոք չգիտի, թե ինչ զենքեր ունի նա դեռ և ինչ ուժեր կցանկանա գործածել: Ծուղակն ընկած գազանը միշտ էլ վտանգավոր է, իսկ Սարումանն օժտված է այնպիսի զորությամբ, որի մասին դուք չեք էլ կասկածում: Զգուշացե՛ք նրա ձայնից:

Այդպես նրանք մոտեցան Օրթհանքին: Աշտարակն ամբողջությամբ սև էր և փոքր ինչ փայլուն, ինչպես քարը անձրևից հետո: Այն սրածայր, ասես նոր սրված, եզրեր ուներ: Մի քանի քերծվածքները և ստորոտին թափված մանր բեկորները հիշեցնում էին էնտերի անզոր զայրույթի մասին: Աջ կողմում, սյուների միջև, մի մեծ դուռ կար, իսկ դռան գլխին՝ երկաթյա ճաղերով պատշգամբ: Դեպի մուտքը տանող քսանյոթ աստիճանները ինչ-որ անհայտ կերպով կերտված էին նույն սև քարից, որից պատրաստված էր աշտարակը: Այլ մուտքեր չկային, բացառությամբ բարձր ու նեղ պատուհանների՝ թաքնված խորը խորշերում:

Մոտենալով աստիճաններին՝ Գենդալֆն ու Թեոդենը իջան ձիերից:

— Ես բարձրանում եմ դռների մոտ,— ասաց Գենդալֆը: — Ես եղել եմ Օրթհանքում և Սարումանի խարդավանքներն ինձ անակնկալի չեն բերի:

— Ես կբարձրանամ քեզ հետ,— ասաց թագավորը: — Ես ծեր եմ, և ինձ այլևս ոչինչ չի սարսափեցնի: Ուզում եմ խոսել ինձ այդքան չարություն պատճառած թշնամուս հետ: Էոմերը կգա ինձ հետ. նա կօգնի ինձ, եթե հանկարծ իմ ծեր ոտքերը որոշեն չենթարկվել:

— Թող այդպես լինի,— ասաց Գենդալֆը: — Ինձ հետ կգա Արագորնը: Մուսները թող սպասեն այստեղ: Նրանք այստեղից էլ ամեն ինչ կտեսնեն և կլսեն:

— Ոչ,— առարկեց Ջիմլին,— ես և Լեգոլասը համաձայն չենք լինել ուղղակի դիտորդներ: Մենք այստեղ միակ ներկայացուցիչներն ենք մեր ցեղերի և ուզում ենք ներկա լինել:

— Լավ, հետևեք մեզ,— ասաց Գենդալֆը և Թեոդենի հետ աստիճաններով դանդաղ վեր բարձրացավ:

Ռոհանցի հեծյալները, որոնք հավաքվել էին աստիճանների երկու կողմերում, անհանգիստ հայացներ էին նետում հսկայական աշտարակի վրա՝ մտահոգվելով իրենց տիրակալի համար: Մերին ու Փինը նստեցին առաջին աստիճանների վրա: Երկուսն էլ իրենց անհարմար ու ավելորդ էին զգում և փոքր ինչ վախենում էին:

— Այստեղից մինչև դարպաս, երևի, կես լիգ պետք է վազել ցեխերի միջով,— մրթմրթաց Փինը: Լավ կլիներ սուսուփուս ծլկեինք ու թաքնվեինք պահակատանը: Եվ ինչու՞ մենք այստեղ խցկվեցինք: Ու՞մ ենք մենք այստեղ պետք:

Գենդալֆը մոտեցավ Օրթհանքի դռանը և գավազանով բարձր թակեց: Դուռը պատասխանեց խուլ արձագանքով:

— Սարումա՛ն,— բարձր և տիրական կանչեց Գենդալֆը,— դու՛րս արի:

Մի քանի վայրկյան ամեն ինչ լուռ էր: Վերջապես պատշգամբում մի պատուհան բացվեց, բայց սև բացվածքում դատարկություն էր:

— Ո՞վ է,— հարցրեցին այնտեղից,— ի՞նչ է ձեզ պետք:

Թեոդենը ցնցվեց և աչքերը վեր բարձրացրեց:

— Ես ճանաչում եմ այս ձայնը,— ասաց նա: — Անիծյալ լինի այն օրը, երբ առաջին անգամ լսեցի այն:

— Գնա՛ և կանչի՛ր Սարումանին, եթե հիմա դու նրա կամակատարն ես, Գրիմա Օձալեզու,— կարգադրեց Գենդալֆը: — Արագացրու՛, մենք ավելորդ ժամանակ չունենք:

Պատուհանը փակվեց: Նրանք սպասում էին: Հանկարծ աշտարակից մեկ այլ ձայն լսվեց՝ ցածր, թավշյա, և առաջին իսկ հնչյունից հմայող: Նրանք, ովքեր առնաց անհրաժեշտ զգուշության լսում էին այդ ձայնը՝ հետագայում չէին կարողանում ոչինչ կրկնել իրենց լսածից, իսկ եթե ինչ-որ մեկն էլ կարողանում էր, ապա զարանում էր, թե ինչքան քիչ ուժ կա այդ նույն բառերում, երբ դրանք լսվում են մեկ այլ մարդու շուրթերից: Հիշողության մեջ հիմնականում անբացատրելի հրճվանք էր պահպանվում, և այն ամենը, ինչ ասում էր այդ ձայնը, այնքան իմաստուն ու անվիճելի էր թվում, որ լսողի սրտում ցանկություն էր առաջանում արագորեն, առանց մտածելու համաձայնվել այդ ձայնի հետ, որպեսզի նույնքան իմաստուն թվա: Այդ ձայնից հետո մյուսների ձայները, ովքեր կանգնած էին մոտակայքում, թվում էին կոպիտ, անշնորք և ծիծաղելի, իսկ եթե նաև հակառակվում էին Սարումանին, հմայվածները վիճողի նկատմամբ լցվում էին զայրույթով: Ոմանց վրա կախարդանքը ազդում էր միայն այն դեպքում, երբ ձայնը դիմում էր հենց նրանց, իսկ երբ Սարումանը դիմում էր մեկ ուրիշին, նրանք անմիջապես սթափվում էին ու սկսում քմծիծաղել աճպարարի ֆոկուսը բացահայտած մարդու պես: Սակայն շատերին կախարդում էր ոչ թե նրա խոսքերի իմաստը, այլ հենց ձայնի հնչողությունը, և այդպիսինների համար կարևոր չէր, թե ում է դիմում ձայնը: Նրանք հավետ ընկնում էին հմայքի տակ և որտեղ էլ լինեին, նրանց ականջների մեջ անընդմեջ լսում էր այդ քնքուշ ձայնը, որը բացատրում էր նրանց, համոզում, դրդում: Սարումանին ոչ ոք չէր կարող անտարբերությամբ լսել, ոչ մեկ չէր կարող անտեսել նրա խնդրանքը, կամ հակառակվել նրա կամքին՝ առանց իր ողջ կամքն ու միտքը լարելու:

— Դե, ի՞նչ է պատահել,— հանդիմանանքով հարցրեց ձայնը: — Ինչու՞ եք ինձ անհանգստացնում: Ինչու՞ գիշեր-ցերեկ հանգիստ չեք տալիս:

Դա կարծես մի բարեսիրտ, խաղաղ մարդու ձայն լիներ, որն անկեղծորեն տխրել էր պատճառված վիրավորանքից, որին արժանի չէր:

Բոլորը ցնցվեցին՝ բարձրացնելով հայացքները: Ոչ մեկ չէր լսել, թե ինչպես էր Սարումանը հայտնվել պատշգամբում: Ճաղերի հետևում մի ծերունի էր կանգնած և վերևից նայում էր նրանց: Նա փաթաթված էր մի ընդարձակ թիկնոցի մեջ, որի գույնը դժվար էր որոշել, քանզի բավական էր միայն աչքերը թարթել, և գույնը փոխվում էր: Ծերունին երկար դեմք ուներ, բարձր ճակատ և խորը, սև, անհատակ աչքեր: Նրա հայացքը ջերմ էր, խորաթափանց և փոքր ինչ հոգնած: Սպիտակ մազերի և մորուքի մեջ դեռ սև մազեր էին պահպանվում՝ հատկապես շրթունքների շրջանում:

— Նման է, բայց ոչ այնքան,— քրթմնջաց Ջիմլին:

— Դե ինչ, եկեք խոսենք,— շարունակեց փափուկ ձայնը: — Ձեզանից առնվազն երկուսին ես գիտեմ անունով: Գենդալֆին ես շատ լավ եմ ճանաչում՝ հազիվ թե նա եկած լինի օգնություն, կամ խորհուրդ ստանալու: Բայց դու, Թեոդեն, Էորլի փառապանծ տոհմի ազնիվ ժառանգ, եռակի փառաբանված Թենգելի արժանի որդի, ինչու՞ խաղաղությամբ չես եկել: Ես վաղուց էի ցանկանում տեսնել քեզ, օ՛ արևմտյան թագավորներից հզորագույնդ: Երբեք այդքան եռանդագին չեմ ձգտել հանդիպել քեզ, որքան վերջին տարիներին: Հույս ունեի հետ պահել քեզ անխհեմ խորհուրդներից, որոնց դու այդպես կուրորեն հետևում էիր: Մի՞թե ես ուշացել եմ: Չնայած վիրավորանքներին, որ ավա՜ղ, պատճառել են ինձ ռոհանցիները, ես քեզ օգնություն եմ առաջարկում, քանզի ճանապարհի վերջում, որը դու ընտրել ես, քեզ անխուսափելի մահ է սպասվում: Անկեղծորեն, միայն ես կարող եմ քեզ փրկության ձեռք մեկնել:

Թեոդենը բացեց բերանը, ասես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց բառերը քարացան նրա շուրթերին: Նա բարձրացրեց աչքերը և նայեց Սարումանին, որը կռացել էր ճաղերի վրա և թագավորին հառել իր սև, խորաթափանց աչքերը, ապա նայեց Գենդալֆին. ըստ երևույթին, թագավորին տանջում էին կասկածները: Գենդալֆը կանգնած էր լուռ, ասես չէր նկատում, թե ինչ է տեղի ունենում: Կարելի էր մտածել, թե նա ինչ-որ ազդանշանի է սպասում, որը դեռ չկա: Հմայված հեծյալերը ձիերի վրա անհանգիստ շարժումներ արեցին, շշուկով հավանութուն տվեցին Սարումանի խոսքերին և կրկին լռեցին: Դեռ ոչ մի անգամ, մտածում էին նրանք, Գենդալֆը այդպես քաղաքավարի և հարգանքով չէր խոսել իրենց տիրակալի հետ: Ինչպե՞ս էր նա համարձակվում այդպես կոպիտ և անհարգալիր խոսել թագավորի հետ: Այդ հասարակ մարդկանց սրտերը լցվեցին մեծ վախով. իսկ եթե Գենդալֆն իսկապես Ռոհանին սխալ ուղղությա՞մբ է տանում, և բոլորին սպասվում է անփառունակ վերջաբա՞ն: իսկ Սարումանը փրկության ճանապարհ է առաջարկում և նրա խոսքերը լցված են լույսով:

Ծանր լռություն տիրեց: Հանկարծակի լռությունը խախտեց թզուկ Ջիմլին:

— Այս կախարդի խոսքերում ամեն ինչ գլխիվայր է շրջված,— գոչեց նա, ամուր սեղմելով տապարի կոթը: — Այս օրթհանքյան խաբեբայի լեզվով փրկել՝ նշանակում է սպանել, իսկ օգնություն՝ նշանակում է դավաճանություն: Բոլորին ամեն ինչ պարզ է, միայն թե մենք այստեղ չենք եկել նրանից օգնություն և փրկություն խնդրելու:

— Հանգի՛ստ,— ասաց Սարումանը, և մի ակնթարթ նրա ձայնը կորցրեց իր հմայքը, իսկ աչքերը կայծկլտացին: Ես հիմա քեզ հետ չեմ խոսում, օ՛ Ջիմլի, որդի Գլոյնի: Քո տունը այստեղից շատ հեռու է, և այս երկրի խնդրները քեզ չեն վերաբերվում: Սակայն ես գիտեմ, որ դու քո կամքով չես ներքաշվել Ռոհանի գործերի մեջ և չեմ մեղադրում քեզ: Ի դեպ, չեմ կասկածում, որ դու կռվել ես քաջաբար: Բայց խնդրում եմ քեզ, թույլ տուր սկզբում խոսել իմ հարևան և երբեմնի ընկեր Ռոհանի թագավորի հետ: Ի՞նչ կասես, թագավոր Թեոդեն, ուզու՞մ ես խաղաղություն կնքել ինձ հետ: Ընդունե՞ս իմ օգնությունը, որ հիմնված է դարավոր իմաստության վրա: Կմիավորվե՞նք արդյոք մենք Սև Ստվերի դեմ, կօգնե՞նք արդյոք միմյանց շտկելու չարիքը, որ իր հետ բերեց պատերազմը: Մոռանա՛նք փոխադարձ վիրավորանքները, և թող մեր հողերը ծաղկեն առաջվանից ավելի փարթամ:

Թեոդենը լռում էր: Նայելով նրա դեմքին, ոչ ոք չէր կարող ասել, կասկածնե՞րն էին նրան տանջում, թե՞ զայրույթը: Էոմերը չդիմացավ:

— Լսի՛ր ինձ, տիրակա՛լ,— գոչեց նա,— ահա և վտանգը, որի մասին զգուշացնում էր Գենդալֆը: Մի՞թե մենք այդքան թանկ գնով հաղթանակ տարանք միայն դրա համար, որ բերաններս բաց լսենք թունավոր լեզվին մեղր քսած այս ծեր խաբեբայի զրույցները: Այսպես կխոսեր շներով շրջապատված գայլը, եթե հանկարծ խոսելու ունակություն ձեռք բերեր: Ախր ինչո՞վ կարող է նա քեզ օգնել: Ուղղակի ուզում է ամեն գնով խուսափել արժանի պատժից, ահա և ամենը: Մի՞թե դու բանակցությունների մեջ կմտնես այս դավաճանի և մարդասպանի հետ: Հիշի՛ր Թեոդրեդին, հիշի՛ր Գետանցումը, հիշի՛ր Համայի գերեզմանը, որ Հելմյան Իջվածքում է:

— Թունավոր լեզվի՞ն: Արդյոք այդ դու՞ չես ուզում խայթել թիկունքից, օձի՛ ճուտ,— չկարողացավ չարությունը զսպել Սարումանը: — Սակայն արի չվիճենք Էոմե՛ր, որդի՛ Էոմունդի: — Սարումանի ձայնը կրկին փափկեց: — Ամեն մեկին մի բան է տրված: Դու քաջարի դյուցազն ես, փառք ու պատիվ քեզ: Տիրակալիդ հրամանով սպանիր առանց խղճալու, դա է քո փառավոր ճակատագիրը, բայց մի խառնվիր պետական գործերին, որոնցից բան չես հասկանում: Բայց եթե քեզ վիճակված է ժառանգել գահը, ապա բարեկամներ ընտրելուց խելամիտ եղիր: Սարումանի բարեկամությունը և Օրթհանքի իշխանությունը մերժելը խելամիտ արարք չէ: Դրանից չի կարելի հրաժարվել, նույնիսկ եթե անցյալում մեր միջև թյուրիմացություններ են եղել: Մեկ ճակատամարտում հաղթանակ տանել դեռ չի նշանակում պատերազմում հաղթել: Այո, դուք հաղթանակ տարաք, բայց շատ կասկածելի դաշնակցի օգնությամբ, որի վրա հույս դնել այլևս չեք կարող: Անտառային այդ արարածները հուսալի դաշնակիցներ չեն: Ինչ իմանաս, գուցե մի օր էլ դուք հայտնվեք անտառի ստվերում, քանզի նրանք ատում են մարդկանց: Թագավոր Թեոդեն, մի՞թե ես մարդասպանի անուն եմ վաստակել միայն այն պատճառով, որ արդար մարտում զոհվել են քո քաջարի ռազմիկները: Երբ պատերազմ է սկսվում, թեև ես պատերազմ չէի ուզում, զոհերն անխուսափելի են: Եթե դու շարունակես ինձ մարդասպան անվանել, ապա ես կպատասխանեմ քեզ, որ այդ դեպքում Էորլի ողջ տոոհմը ոտքից գլուխ թաթախված է արյան մեջ, քանզի ձեր վարած պատերազմների հաշիվը վաղուց խառնվել է, և մեկ անգամ չի եղել, որ դուք եք առաջինը հարձակվել ձեր անհնազանդ ու համարձակ հարևանների վրա: Սակայն հաղթելուց հետո խաղաղություն եք կնքել նրանց հետ, քանզի ավելի լավ է վատ խաղաղություն, քան վեճ ու կռիվ: Եվ այսպես, խոսքը քոնն է, թագավոր Թեոդեն, խաղաղության դաշիննք կնքենք և կրկին դառնանք բարեկամնե՞ր: Դա միայն մենք կարող ենք որոշել, ուրիշ ոչ մեկ:

— Այո, մենք խաղաղություն ենք ուզում,— վերջապես դժվարությամբ և խռպոտ ձայնով խոսեց Թեոդենը: Ռոհանցիները ցնծացին ուրախ բացականչություններով, բայց թագավորը բարձրացրեց ձեռքը և արդեն մաքուր ձայնով շարունակեց. — այո, մենք խաղաղություն ենք ուզում և խաղաղություն կտիրի, երբ ոչնչացնենք այն ամենը, ինչը ստեղծել եք դու և քո Սև Տիրակալը: Դու ստախոս ես, Սարուման, իսկ սուտը սրտեր է ապականում: Դու ինձ օգնության ձեռք ես մեկնում, բայց ձեռքի փոխարեն ես տեսնում եմ Մորդորյան ճիրան՝ երկար և սուր: Պատերազմը սկսվել է քո պատճառով. եթե նույնիսկ տասնապատիկ իմաստուն լինիր, դա պատճառ չէ, և դու իրավունք չունես ինձանից և իմ ժողովրդից ստրկական հնազանդություն պահանջելու: Իսկ եթե պատերազմը դու չես սկսել, միևնույնն է, այդ քո օրքերն են հրդեհել Վեսթֆոլդը և խեղդամահ արել երեխաներին, այդ նրանք են կտոր-կտոր արել Համայի անշունչ մարմինը Հորնբուրգի դարպասի տակ: Ո՛չ, խաղաղություն կտիրի միայն այն ժամանակ, երբ քո մարմինը կախված կլինի հենց այդ ճաղերից և համեղ պատառ կդառնա քո իսկ ագռավների համար: Ահա Էորլի տան դատավճիռը: Գուցեև ես արժանի չեմ իմ նախնիներին, սակայն քո ստրուկը երբեք չե՛մ դառնա: Քծնիր և դավաճանիր ուրիշներին, թեպետ, վախենում եմ, որ ձայնդ այլևս նախկին զորությունը չունի:

Ռոհանցիները, ասես արթնանալով քնից, զարմանքով նայեցին Թեոդենին: Սարումանի երգեցիկ ձայնից հետո թագավորի ձայնը նրանց ագռավի կռռռոց էր հիշեցնում: Բայց Սարումանը կորցրեց ինքնատիրապետումը, չկարողացավ զսպել կատաղությունը և գավազանը մեկնած կտրուկ առաջ թեքվեց ճաղերի վրայով, ասես ուզում էր հարվածել թագավորին: Շատերին նույնիսկ թվաց, թե նա մի ակնթարթ նմանվեց խայթելու պատրաստ օձի:

— Ա՜խ կախված,— ֆշշացրեց նա, և բոլորը ցնցվեցին նրա զայրույթից աաղավաղված ձայնի փոփոխությունից: — Անմիտ խելագա՛ր: Տեսնում եմ մանկության գիրկն ես ընկել: Ի՞նչ է Էորլի տունը, եթե ոչ ծղոտով ծածկված հեղձուկ խրճիթ, որտեղ քո վայրենիները, անասունի պես հարբած, կոպիտ երգեր են երգում, իսկ նրանց լակոտները քոսոտ շների հետ սողում են սեղանների տակ: Այդ դու՛ պետք է օրորվես պարանից կախված: Բայց ոչինչ, օղակն արդեն ձգվում է: Նա, ով ձգում է այդ օղակը, չի շտապում, բայց այն, թեև դանդաղ, բայց ամուր սեղմվում է: Խեղդվե՛ք, եթե դա է քո կամքը: — Սարումանի ձայնը փոխվեց, կախարդը աստիճանաբար տիրապետեց իրեն: — Չգիտեմ, ճիշտն ասած, ինչի համար եմ խոսքեր շռայլում, որտեղի՞ց ինձ այսքան համբերություն: Դու էլ չես ինձ պետք, ձիապան Թեոդեն, դու, և քո վախկոտ զորքը, որը փախչում է մարտի դաշտից նույնքան արագ, որքան հարձակվում է: Շատ ջրեր են հոսել այն պահից, երբ ես առաջին անգամ առաջարկեցի քեզ դառնալ իմ դաշնակիցը, թեև դու արժանի չէիր այդ պատվին ո՛չ խելքով, ո՛չ էլ քաջությամբ: Այսօր ես կրկնեցի իմ առաջարկը, որպեսզի նրանք, ում դու տանում ես մահվան ընդառաջ, հասկանան վերջապես, թե ինչ վտանգավոր ճանապարհի վրա են կանգնած: Դու պատասխանեցիր ինձ պարծենկոտ չարամտությամբ: Ի՜նչ արած, թող այդպե՛ս լինի: Կորե՛ք ձեր խրճիթները:

Բայց դու՛, Գե՛նդալֆ, ամենից շատ ես վշտանում եմ քո պատճառով և, ներիր, ամաչում եմ քո փոխարեն: Ու՞մ հետ ես դու ինձ մոտ եկել: Չէ՞ որ դու հպարտ ես, Գենդալֆ, և հպարտանալու իրավունք ունես. մտքերդ ազնիվ են, աչքերդ սրատես և խորաթափանց: Կլսե՞ս իմ խորհուրդը:

Գենդալֆը շարժվեց և բարձրացրեց հայացքը:

— Մեր վերջին հանդիպման ժամանակ դու ինչ-որ բա՞ն ես մոռացել ինձ ասել,— հարցրեց նա: — Կամ, գուցե, ուզում ես հե՞տ վերցնել խոսքերդ:

Սարումանը լռեց:

— Հե՞տ վերցնել խոսքերս,— մտահոգ ու զարմացած կրկնեց նա: — Ինչու՞ հետ վերցնեմ: Քեզ համար անհանգստանալով, քո մասին հոգ տանելով, փորձում էի օգնել քեզ իմաստուն խորհուրդներով, բայց դու չէիր ուզում ինձ լսել: Դու հպարտ ես, և չես սիրում, երբ քեզ խորհուրդներ են տալիս, բայց ես քեզ չեմ դատապարտում, չէ՞ որ դու իմաստուն ես: Բայց այն ժամանակ, իմ կարծիքով, դու սխալվեցիր: Դու չուզեցար ինձ հասկանալ, իսկ ես բոլորովին այլ բան էի ուզում: Ես, ուղղակի, այնպես էի ուզում քեզ դարձի բերել ճիշտ ուղու վրա, որ կորցրեցի համբերությունս... Հավատա, ես զղջում եմ կատարվածի համար և թշնամանք չեմ տածում քո հանդեպ: Նույնիսկ հիմա, թեև դու այստեղ ես եկել մի խումբ անգրագետ վայրենիների ուղեկցությամբ, ես պատրաստ եմ գրկել քեզ: Մի՞թե մենք կարող ենք վիճել, չէ՞ որ մենք միևնույն հնագույն եղբայրության, Միջերկրի իմաստունների խորհրդի անդամ ենք: Մեր բարեկամությունը երկուսիս էլ ձեռնտու է: Մենք դեռ շատ բան կարող էինք անել միասին: Թողնենք անիմաստ վեճերը, հասկանանք միմյանց և չներգրավենք կողմնակի անձանց մեր գործերին: Թող մեր որոշումները օրե՛նք լինեն նրանց համար: Մի խոսքով, ես պատրաստ եմ մոռանալ անցյալը և ընդունել քեզ: Հանուն ընդհանուր բարորության, զսպի՛ր հպարտությունդ, լսիր իմ խորհուրդը: Բարձրացիր ինձ մո՛տ:

Այնքան զորություն և գայթակղություն կար այդ վերջին փորձի մեջ, որ ներկաները, լսածից ցնցված, լուռ քարացել էին: Այս անգամ կախարդական ձայնը բոլորովին այլ ազդեցություն ունեցավ: Նրանք լսում էին, թե ինչպես է բարի, մեծահոգի թագավորը հոգնած նկատողություն անում անհնազանդ, բայց դեռ իր սրտին սիրելի իշխանավորներին, և նույնիսկ նրա շուրթերից հնչող այդ կշտամբանքները թվում էին ողորմած բարություն: Նրանք իրենց ավելորդ էին զգում, ինչպես երեխաները, որոնք մեղավոր տեսքով ականջ են դնում մեծերի զրույցին՝ փորձելով իրենց համար հասկանալի բառեր գտնել այդ զրույցից և գուշակել, թե ինչ պատիժ է իրենց սպասվում և ինչ ճակատագիր է իրենց համար որոշվում: Այո, այդ երկու իմաստունները ավելի ազնվածին են, քան բոլոր մահկանացու թագավորները: Իհարկե, նրանք կհասկանան միմյանց: Հիմա Գենդալֆը կբարձրանա աշտարակ, և այնտեղ՝ Օրթհանքի վերին սենյակներում, երկու ճերմակահեր կախարդները կզրուցեն հասարակ մտքին անհասկանալի բաների մասին, իսկ մնացած բոլորը կմնան փակ դռների մոտ՝ սպասելով պատժի և հետագա կարգադրությունների: Նույնիսկ Թեոդենը, մի պահ կասկածով լցված, ակամա մտածեց. «Այո, նա կդավաճանի և կլքի մեզ, մենք կորած ենք»:

Սակայն Գենդալֆը միայն ծիծաղեց: Պատրանքը ցրվեց, ինչպես ծխի ամպը:

— Ա՜խ, Սարուման, Սարուման,— շարունակելով ծիծաղել ասաց նա: — Ոչ, Սարուման, դու բաց թողեցիր քո հնարավորությունը: Դու պետք է ծաղրածու լինեիր, հարգելիս, վաստակեիր քո հացը՝ կրկնօրինակելով արքայական խորհրդականներին, և մեծ հաջողություն կունենաիր արքունիքում: Հասկանա՞նք, ասում ես, միմյանց: Վախենում եմ, դու ինձ այլևս չես հասկանա, Սարումա՛ն: Դե, իսկ ես քեզ չափազանց լավ եմ հասկանում: Ես հիշում եմ քո խոսքերը շատ ավելի լավ, քան դու կարծում ես, դե, գործերի մասին էլ չխոսեմ: Իմ վերջին այցելության ժամանակ դու Մորդորի բանտապանն էիր, որտեղ էլ ուզում էիր ինձ ուղարկել: Ո՛չ, չես խաբի: Հյուրին, որ մի անգամ փախել է տանիքով, կրկին դռնով մտնել այլևս չես համոզի: Թերևս, ես չեմ բարձրանա: Սակայն դու ևս վերջին անգամ լսիր ինձ, Սարումա՛ն: Գուցե ի՞նքդ իջնես ինձ մոտ: Ինչպես տեսնում ես, քո անմատչելի Իզենգարդը ավերակ է դարձել: Գուցե քո մյուս հույսերը ևս նույն ճակատագրի՞ն արժանանան: Ավելի լավ չէ՞ թողնել դրանք: Սթափվիր և շուրջդ նայիր, Սարումա՛ն: Մի խոսքով, չե՞ս կարծում, որ պետք է իջնես:

Սարումանի դեմքի վրայով ստվեր անցավ, և նա մահացու գունատվեց: Դեմքից կարելի էր գուշակել, որ նրան տանջում են կասկածները. ծանր էր մնալ աշտարակում, բայց վախենում էր լքել ապաստանը: Մի ակնթարթ նա տատանվում էր, և բոլորը շունչները պահած սպասում էին: Վերջապես չարագործը խոսեց, և նրա ձայնը հնչեց սառը և սուր. հպարտությունը և ատելությունը հաղթեցին:

— Իջնե՞մ, ե՞ս,— ծաղրալից քմծիծաղով հարցրեց նա: — Իջնեմ և անզեն հանձնվեմ զինված ավազակների ողորմածությանը, որ ավելի լա՞վ լսեմ նրանց: Ես այստեղից էլ եմ լավ լսում, շնորհակալ եմ: Ես այնքան էլ հիմար չեմ, որ հավատամ քեզ, Գենդալֆ: Կարծում ես չգիտե՞մ, թե որտեղ են թաքնված անտառային վայրի չարքերը, որ սպաում են քո հրամանին...

— Դավաճանի աչքին ամենուր ծուղակներ են երևում,— հոգնած պատասխանեց Գենդալֆը,— բայց դու կարող ես չվախենալ սեփական կաշվիդ համար: Քեզ ոչ ոք չի դիպչի: Եթե դու իսկապես ինձ հասկանայիր, ինչպես պարծենում ես, ապա չէիր վախենա: Ընդհակառակը, ես կարող եմ պաշտպանել քեզ: Վերջին հնարավորությունն է քեզ տրվում, Սարումա՛ն: Լքիր Օրթհանքը սեփական կամքով՝ և դու ազատ ես:

— Վատ չի հնչում,— քմծիծաղեց Սարումանը: — Գենդալֆ Մոխրագույնը, ինչպես միշտ, քաղաքավարի է և ներողամիտ: Իհարկե, առանց ինձ Օրթհանքում քեզ ավելի հարմար կզգաս, բայց այդ ինչու՞ ես պետք է հեռանամ սեփական տանից: Եվ ի՞նչ է նշանակում «ազատ ես»: Ազատ եմ որոշակի պայմաններո՞վ:

— Քեզ, երևի, պատուհաններից երևում է, թե ինչու լքես Օրթհանքը,— արձագանքեց Գենդալֆը: — Եթե լավ մտածես, էլի պատճառներ կգտնես. քո հրոսակները ոչնչացված են, հարևաններիդ համար այժմ թշնամի ես, իսկ նոր տիրոջդ խաբել ես, կամ փորձել ես խաբել: Իմացած եղիր, եթե նա հայացքը դարձնի այս կողմ՝ դա կլինի մոխրացնող հայացք: Ասելով «Ազատ ես», ես նկատի ունեմ, որ իսկապես ազատ ես. առանց պարտավորությունների, առանց հսկողության, առանց շղթաների: գնա, ուր ցանկանում ես, նույնիսկ Մորդոր, եթե ուզում ես, միայն թե մի պայմանով. դու կտաս ինձ Օրթհանքի բանալին և քո գավազանը: հետագայում, եթե արժանի լինես, կրկին հետ կստանաս. դրանք վերցվում են որպես երաշխիք:

Սարումանի դեմքը կատաղությունից աղավաղվեց և սևացավ, աչքերը բոցկլտացին կարմիր կրակով: Նա խելագարի պես հռհռաց:

— Հետագայու՞մ,— ճչաց նա, և չկարողանալով իրենց զսպել, սկսեց ծղրտալ,— հետագայու՞մ: Հետագայում այդ ե՞րբ: Երբ կստանաս Բարադ Դուրի բանալիները, բոլոր յոթ արքաների թագերը և հինգ հրաշագործների գավազաննե՞րը: Ինչպիսի՜ համեստություն: Այդ ժամանակ իմ օգնությունը դժվար թե քեզ պետք լինի: Ո՛չ, ես ավելի՛ կարևոր գործեր ունեմ: Հեռացի՛ր այստեղից, հիմար մի՛ եղիր: Գնա հանգստացի՛ր, հետո՛ կխոսենք, ժամանակ դեռ կա: Եթե հանկարծ քեզ պետք լինեմ, կարող ես գալ, միայն թե առանց այս ավազակների ամբոխի և այդ խղճուկ արարածների, որ կախված են պոչիցդ: Ցտեսությու՛ն:

Նա շրջվեց և անհետացավ դռան մթին բացվածքում:

— Վերադարձի՛ր, Սարումա՛ն,— տիրական ձայնով գոչեց Գենդալֆը:

Ի զարմանս բոլորի, Սարումանը դանդաղ, ասես իր կամքին հակառակ, շրջվեց և վերադարձավ պատշգամբ: Դժվարությամբ շունչը տեղը բերելով, նա հենվեց ճաղերին: Նրա աջ ձեռքը աքցանի պես ամուր սեղմում էր մեծ, սև գավազանը:

— Քեզ ոչ ոք թույլ չտվեց հեռանալ,— խստորեն ասաց Գենդալֆը: — Ես դեռ չեմ վերջացրել խոսքս: Տեսնում եմ առաջվա իմաստությունը այևս չունես: Ցավում եմ քեզ համար: Դու կարող էիր հաղթահարել չարությունդ, թողնել խելագար ծրագրերդ և բարի գործեր անել, բայց ընտրեցիր՝ մնալ աշտարակում և կրծել թակարդը, որը ինքդ ես լարել: Ի՜նչ արած, մնա այդտեղ, բայց զգուշացնում եմ. այդտեղից այլևս դուրս չես գա, եթե, իհարկե, արևելքից դեպի Օրթհանք չձգվի սև ձեռքը: Լսի՛ր, Սարումա՛ն,— գոչեց նա, և նրա ձայնը հնչեց բարձր ու տիրական,— լսի՛ր և ականջիդ օղ արա: Ես այլևս այն Գենդալֆ Մոխրագույնը չեմ, որին դու մի ժամանակ դավաճանեցիր: Ես Գենդալֆ Ճերմակն եմ. ես անցել եմ մահվան միջով և վերադարձել: Իսկ դու այսուհետ անգույն ես, և ես քեզ վտարում եմ իմաստունների Լուսավոր Խորհրդից: — Նա բարձրացրեց ձեռքը և բարձր ու խիստ ձայնով գոչեց. Սարումա՛ն, դու զրկվա՛ծ ես գավազանից:

Ճայթյուն լսվեց. գավազանը Սարումանի ձեռքում երկու մասի բաժանվեց: Գավազանի գլխիկն ընկավ Գենդալֆի ոտքերի տակ:

— Հիմա կարող ես գնա՛լ,— գոչեց Գենդալֆը:

Սարումանը ճչաց, օրօրվեց, ընկավ և սողալով չքացավ կիսախավարում: Նույն ակնթարթին վերևից նետված ինչ որ ծանր, փայլուն մի բան բախվեց պատշգամբի ճաղերին և անդրադառնալով, գրեթե Գենդալֆի գլխին դիպչելով, ընկավ աստիճանների վրա: Ճաղերը զրնգացին հարվածից և ծռվեցին, իսկ աստիճանը, կայծեր արձակելով, ճեղքվեց: Սակայն նետված առարկան անվնաս մնաց. այն գլորվեց աստիճաններով վար: Դա ինչ-որ բյուրեղապակյա գունդ էր՝ խորքում բոսորագույն կրակով: Փինը նետվեց առաջ և, մինչ այն կհայտնվեր ջրում, հասցրեց բռնել:

— Վախկոտ սրիկա՛,— ճչաց Էոմերը:

— Դա Սարումանը չէր,— գլուխն օրորեց Գենդալֆը: — Գունդն ընկավ վերևի պատուհանից: Երևում է, դա Օձալեզուն էր մեզ հրաժեշտ տալիս, բայց՝ անհաջող:

— Անհաջող, որովհետև չկարողացավ որոշել, թե ում է ավելի շատ ատում՝ քեզ, թե Սարումանին,— ենթադրեց Արագորնը:

— Հնարավոր է,— համաձայնեց Գենդալֆը: — Այդ երկուսը դժվար թե միմյանց համար դժբախտության մխիթարանք դառնան: Վախենում եմ, որ իրար կոկորդ կկրծեն: Թեպետ, արդար պատիժ է: Եթե Օձալեզուն կենդանի դուրս պրծնի Օրթհանքից, նրա բախտը կբերի, թեև նա արժանի չէ դրան... Սպասիր, բարեկամս, ապա ինձ տուր այդ գունդը, ո՞վ քեզ թույլ տվեց ձեռք տալ դրան,— բացականչեց նա՝ կտրուկ շրջվելով և տեսնելով Փինին, որը դանդաղ բարձրանում էր աստիճաններով՝ ձեռքին ինչ-որ մի ծանր բան: Նա վազեց Փինին ընդառաջ և, հոբիթի ձեռքից վերցնելով մուգ գունդը, փաթաթեց իր թիկնոցի մեջ: — Ես ինքս հոգ կտանեմ սրա մասին,— ասաց նա: — Հըմ, այո, թերևս, Սարումանը մեկ այլ բան կնախընտրեր ինձ վրա նետել:

— Նրա մոտ առանց դրա էլ նետելու հարմար ինչ-որ մի բան կգտնվի,— նկատեց Ջիմլին: — Ավելի լավ է հեռանանք այստեղից, եթե խոսակցությունն ավարտված է:

— Խոսակցությունն ավարտված է,— ասաց Գենդալֆը: — Գնա՛նք:

Նրանք շրջվեցին և իջան աստիճաններով: Ռոհանցիները ցնծագին ողջունեցին թագավորին և Գենդալֆին: Սարումանի կախարդանքը ցրվել էր. բոլորը տեսել էին, թե ինչպես Գենդալֆի կարգադրությամբ Սարումանը վերադարձավ պատշգամբ, ապա խայտառակված, սողալով հեռացավ:

— Ահա և վերջ,— ասաց Գենդալֆը: — Այժմ հարկավոր է տեսնել Ծառմորուսին և պատմել նրան մեր զրույցի մասին:

— Իսկ ինչ է, կարծում ես նա չգիտի՞ այդ մասին,— զարմացավ Մերին: — Մի՞թե դու այլ բան էիր սպասում:

— Թերևս, չէի սպասում,— համաձայնեց հրաշագործը: — Չնայած, մի պահ քիչ էր մնում համաձայնվեր... Ես ստպված էի գնալ դրան՝ մասամբ խղճահարությունից դրդված, մասամբ էլ... Հարկավոր էր ցույց տալ Սարումանին, որ նրա ձայնը կորցրել է նախկին ուժը: Չի կարելի միաժամանակ լինել համ խորհրդական, համ բռնակալ: Եթե գաղտնիքը բացահայտվում է, այն այլևս հնարավոր չէ ստերով թաքցնել: Սարումանը ծուղակն ընկավ. նա փորձեց առանձին-առանձին գայթակղել իր զոհերին միմյանց ներկայությամբ: Իսկ հետո նրան ընտրության հնարավորություն տրվեց, և դա արդար ընտրություն էր: Ես առաջարկեցի նրան հրաժարվել Մորդորի հետ համագործակցությունից, հրաժարվել նախկին ծրագրերից և ուղղվել, շտկել իր կատարածը: Նա բոլորից լավ գիտի, թե ինչի կարիք ունենք մենք, և կարող էր մեզ լավ օգնություն ցուցաբերել, սակայն նախընտրեց իր անզոր չարությունը և Օրթհանքի հուսալի պատերը: Չի ցանկանում օգնել, ուզում է միայն հրամայե՛լ: Նրա գլխին արդեն կախվել է Մորդորի սարսափելի ստվերը, իսկ նա դեռ հույս ունի կասեցնել փոթորիկը: Դժբա՛խտ հիմար: Եթե Մորդորից ուժեր ուղարկվեն այստեղ, Իզենգարդը մի ակնթարթում հողին կհավասարվի: Այդ մենք չենք կարողանում քանդել Օրթհանքը, բայց Սաուրոնը... Ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է նա անել:

— Իսկ եթե Սաուրոնը պարտություն կրի, այն ժամանակ ի՞նչ ես պատրաստվում անել Սարումանի հետ,— հարցրեց Փինը:

— Ե՞ս: Ոչինչ էլ չեմ պատրաստվում անել,— պատասխանեց Գենդալֆը: — Ինձ նրա նկատմամբ իշխանություն պետք չէ: Իսկ թե ինչ կկատարվի նրա հետ, դա ես չեմ կարող ասել: Իհարկե, ցավալի է, որ անցյալում բարի և զորեղ ուժը հիմա խեղդվում է այդ աշտարակում... Իսկ այ մեր գործերը վատ չեն ընթանում:Երբեք չես կարող գուշակել, թե ճակատագիրը ինչ անակնկալ կմատուցի. ատելությունը ինքն իրեն է վնաս: Նույնիսկ եթե կարողանաինք թափանցել Օրթհանք, երևի ավելի մեծ գանձ չէինք գտնի, քան գունդը, որ մեզ վրա նետեց Օձալեզուն:

Այդ պահին աշտարակի պատուհանից հուսահատ ճիչ լսվեց և կտրուկ կտրվեց:

— Երևում է, Սարումանն ինձ հետ համաձայն է,— եզրակացրեց Գենդալֆը:

Նրանք շարժվեցին դեպի ավերված դարպասը և հազիվ էին դուրս եկել կամարի տակից, երբ քարերի հետևից հայտնվեց Ծառմորուսը, իսկ նրա հետևից՝ ևս երկու տասնյակ էնտ: Արագորնը, Լեգոլասը և Ջիմլին զարմացած նայում էին նրանց:

— Իմիջայլոց, ահա և իմ երեք բարեկամները, Ծառմորուս,— ասաց Գենդալֆը: — Ես քեզ պատմել եմ նրանց մասին, հիշու՞մ ես:

Եվ նա հերթով ներկայացրեց նրանց: Ծեր էնտը երկար և ուշադիր զննեց նրանց, ապա հերթով ողջունեց: Լեգոլասին նա հատուկ վերաբերմունք ցույց տվեց:

— Իմ բարեկամ էլֆ, ասում են, դու հեռվի՞ց ես եկել, Չարքանտառի թավուտների՞ց: Մի ժամանակ դա շատ մեծ անտառ էր:

— Այն հիմա էլ է մեծ,— պատասխանեց Լեգոլասը,— թեև ոչ այնքան, որ մենք՝ բնակիչներս, հոգնենք ծառերի հետ շփվելուց: Ես երազում եմ թափառել Ֆենգորնի անտառում: Չէ՞ որ որ ես միայն անտառեզրին եմ հասցրել լինել և ցավում եմ, որ այդքան արագ լքեցի ձեր անտառը:

Ծառմուրոսի աչքերը փայլեցին հրճվանքից:

— Հուսով եմ, քո երազանքը կիրականանա ավելի վաղ, քան այս լեռները կհասցնեն ծերանալ,— հանդիսավոր ասաց նա:

— Այո, ես կուզենայի, որ այն շուտ իրականանար,— խոնարհվելով բացականչեց Լեգոլասը: — Ես իմ ընկերոջ հետ պայման եմ կնքել. Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, մենք երկուսով կայցելենք Ֆենգորն՝ քո թույլտվությամբ, իհարկե:

— Էլֆերը միշտ էլ ցանկալի հյուրեր են մեզ համար,— ասաց Ծառմորուսը:

— Խոսքը թզուկի մասին չէ,— նկատեց Լեգոլասը,— այլ Ջիմլիի, Գլոյնի որդու:

Ջիմլին մինչև գետին խոնարհվեց, և նրա տապարը, սահելով գոտու արանքից, զրնգալով ընկավ քարերի վրա:

— Հում, հըմ, այ քեզ բան,— ասաց Ծառմորուսը, կասկածանքով նայելով Ջիմլիին,— թզուկ, և այն էլ տապարո՞վ: Չգիտեմ, չգիտեմ: Էլֆերին մենք սիրում ենք, բայց դժվար բան ես խնդրում, թանկագին Լեգոլաս: Հըմ, հում, այս ի՞նչ արտասովոր ընկերություն է:

— Գուցեև արտասովոր է ինչ-որ մեկի համար,— ասաց Լեգոլասը,— բայց քանի դեռ Ջիմլին ողջ է, առանց նրա ես Ֆենգորն ոտք չեմ դնի: Իմացած եղիր, օ Ֆենգորն, Ֆենգորնյան անտառի տիրակալ, որ իմ ընկերոջ տապարը նախատեսված է ոչ թե ծառ, այլ օրքերի գլուխներ կտրելու համար: Հորնբուրգի մարտի ժամանակ նա քառասուներկու օրք տապալեց:

— Հում, դե լավ,— ասաց Ծառմորուսը,— դա իմ սրտով է, հաճելի է լսել: Լավ, ինչ կլինի կլինի, պետք չէ շտապել դեպքերին ընդառաջ: Մանավանդ, որ արդեն բաժանվելու ժամանակն է: Օրը թեքվում է դեպի երեկո, իսկ Գենդալֆն ասաց, որ պետք է մինչև մութն ընկնելը ճանապարհ ընկնեք: Ռոհանի թագավորը նույնպես շտապում է իր տուն:

— Այո, մենք պետք է անհապաղ ճամփա ընկնենք,— հաստատեց Գանդալֆը: — Իմիջայլոց, վախենում եմ, որ դռնապաններիդ ստիպված ենք վերցնել մեզ հետ: Դու առանց նրանց էլ յոլա կգնաս:

— Գնալը՝ կգնամ,— հոգոց հանեց Ծառմորուսը,— բայց կկարոտեմ նրանց: մենք շատ արագ, այսպես ասած՝ շտապելով բարեկամացանք, որը ինձ համար էլ է զարմանալի. երևում է, մանկության գիրկն եմ ընկնում, շտապողական եմ դառնում... Բայց աշխարհում արդեն երկար ժամանակ է ոչ մի նոր բան չի հայտնվել՝ ո՛չ արևի տակ, ո՛չ էլ լուսնի: Եվ հանկարծ ա՛յ քեզ: Ոչ, ով-ով, բայց նրանք իմ հիշողության մեջ կմնան: Ես արդեն ավելացրել եմ նրանց ցուցակում, կկարգադրեմ էնտերին սովորել.


Էնտերը հողածին, լեռների պես ծեր,

Հսկայաքայլ, ջուր խմող,

Հոբիթները ընդմիշտ սոված,

Զվարթ, փոքրիկ ժողովուրդ:


Այդ երկու ցեղերը այսուհետ բարեկամ կլինեն, և այդպես կլինի, քանի դեռ ծառերիի վրա տերևներ են աճում: Բարի ճանապա՜րհ: Եթե ձեր սքանչելի Հոբիթստանում լուրեր իմանաք, ինձ տեղյակ պահեք: Գլխի եք ընկնում չէ՞ ինչի մասին եմ խոսում: Մեկ էլ տեսար իսկապես հանդիպեցիք մեր կանանց, կամ լսեցիք նրանց մասին: Եվ դուք ինքներդ էլ ժամանակ առ ժամանակ այցելե՛ք:

— Անպայման,— մեկ ձայնով պատասխանեցին Մերին ու Փինը և արագ շրջվեցին:

Ծառմորուսը երկար նայեց նրանց և մտահոգ գլուխն օրորեց: Ապա Գենդալֆին ասաց.

— Ուրեմն, Սարումանը վախեցա՞վ դուրս գալ: Ես այդպես էլ գիտեի: Նրա սիրտը փտել է, ինչպես հուորնի ներսը: Չնայած, եթե ես էլ պարտություն կրեի, և իմ բոլոր ծառերը ոչնչացված լինեին, ես էլ կթաքնվեի իմ ապաստանում և դուրս չէի գա:

— Իզուր ես համեմատում,— առարկեց Գենդալֆը: — Չէ՞ որ դու չես պատրաստվում ամբողջ աշխարհը լցնել քո ծառերով, ի վնաս բոլոր մյուս շնչավորների: Իսկ Սարումանը նախընտրեց հոգում պահպանել սև ատելությունը բոլորի նկատմամբ և նոր ցանցեր հյուսել: Օրթհանքի բանալին ձեռքից չես խլի, բայց նրան այնտեղից դուրս թողնել չի կարելի:

— Մի անհանգստացիր, էնտերն այդ մասին հոգ կտանեն,— խոստացավ Ծառմորուսը: — Առանց իմ թույլտվության նա մի քայլ էլ չի անի: Մենք գիշեր-ցերեկ կհսկենք Իզենգարդը:

— Հենց այդ մասին էլ ուզում էի քեզ խնդրել,— ասաց Գենդալֆը: Գոնե մի հոգս կպակասի: Այժմ ես կրող եմ հանգիստ հեռանալ և զբաղվել այլ գործերով: Միայն թե շրջահայաց եղեք: Ջուրը իջել է, և վախենում եմ, որ միայն աշտարակի շուրջը պահապաններ կանգնեցնելը բավարար չէ: Շատ հնարավոր է, որ ամրոցում ստորգետնյա խոր թունելներ լինեն: Սարումանն անկասկած կփորձի օգտվել դրանցից: Երևի արժե ևս մեկ անգամ ջրասույզ անել Իզենգարդը, թող այն վերածվի լճի, քանի դեռ բոլոր անցումները չեք գտել: Հարկավոր է ջրասույզ անել բոլոր ստորգետնյա թունելները, հորերը, քարանձավները: Միայն այդ դեպքում Սարումանը ստիպված կլինի հարմարվել իր ճակատագրին: Թող նստի աշտարակում ու պատուհանից նայի:

— Թող այդ գործը էնտերին,— ասաց Ծառմորուսը: Մենք կսանրենք ամբողջ հովիտը և կնայենք յուրաքանչյուր քարի տակ: Հետո այստեղ Ֆենգորնի խորքերից հինավուրց, վայրի ծառեր կբերենք: Մենք այս վայրը կանվանենք Պահապան Անտառ: Առանց մեր թույլտվության նույնիսկ սկյուռիկը այստեղ չի մտնի, կարող ես հանգիստ լինել: Քանի տարի որ նա տանջել է էնտերին, յոթ անգամ այդքան տարի մենք կհսկենք նրան և չե՛նք հոգնի:

Գլուխ տասնմեկ. Փալանթիր

Արևն արդեն մտնում էր արևմտյան լեռնագագաթների հետևը, երբ Գենդալֆը, նրա ուղեկիցները և թագավորն իր հեծյալներով լքեցին Իզենգարդը: Գենդալֆն իր հետևում նստեցրել էր Մերիին, իսկ Արագորնը՝ Փինին: Թագավորական շքախմբի երկու հեծյալներ քառատրոփ արշավով սլացան առաջ և կորան տեսողությունից, իսկ մնացածները վարգում էին առանց շտապելու:

Էնտերը հավաքվել էին դարպասի մոտ, բարձրացրել երկար ձեռքերը և արձանների պես քարացել: Ճանապարհի ոլորանին Մերին ու Փինը, ասես հրամանով, շրջվեցին: Երկինքը դեռ լուսավոր էր, բայց լեռնալանջերի ստվերներն արդեն ծածկել էին Իզենգարդը, և մոխրագույն ավերակները դանդաղ սուզվում էին մթության մեջ: Էնտերը գնացել էին, պարիսպների մոտ մնացել էր միայն Ծառմորուսը: Հեռվից նա նման էր կտրված կատարով չորացած ծառի, և հոբիթները հիշեցին, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցին նրան Ֆենգորնի անտառեզրից ոչ հեռու՝ արևավառ ժայռի գլխին:

Առջևում երևաց Սպիտակ Ձեռքով սյունը. այն դեռ պահպանվում էր, բայց Ձեռքը, մանր բեկերների բաժանված, ընկած էր գետնին: Ճանապարհի անմիջապես մեջտեղում, կիսախավարում սպիտակին էր տալիս Ձեռքի ցուցամատը, որի եղունգը այժմ արդեն սև էր թվում:

— Էնտերը ոչինչ բաց չեն թողել,— նկատեց Գենդալֆը:

Ջոկատը շարունակեց առաջ ընթանալ: Մթնշաղը խտանում էր:

— Դեռ երկա՞ր պիտի գնանք, Գենդալֆ,— երկար լռությունից հետո խոսեց Մերին: Չգիտեմ դու ինչ ես մտածում «պոչիցդ կախված խղճուկ արարածի մասին», որը բռնվել է քո թիկնոցից, բայց պետք է ասեմ, որ այդ «խղճուկ արարածը» հոգնել է և ուզում է հանգստանալ:

— Փաստորեն լսել ես և նույնիսկ վիրավորվել,— խոժոռվեց Գենդալֆը: Մոռացի՛ր այդ մասին և այլևս չհիշատակես: Ասա շնորյակալություն, որ Սարումանը չզբաղվեց ձեզանով: Նա ձեր վրա աչք էր դրել և ամբողջ ընթացքում խեթ-խեթ նայում էր: Եթե ուզում ես, կարող ես նույնիսկ հպարտանալ. հիմա նա միայն քո և Փինի մասին է մտածում: Մասնավորապես՝ ովքեր եք դուք, որտեղից եք հայտնվել, ինչ է ձեզ հայտնի, ձեզ են պատանդ վերցրել թե՝ ոչ, և եթե ձեզ են վերցրել, ինչպես եք դուք փրկվել, այն դեպքում, երբ բոլոր օրքերը ոչնչացված են: Ահա այդպիսի մանր հանելուկներ են տանջում մեծն Սարումանին: Այնպես որ, թանկագին Մերիադոք, ուրախ եղիր, որ վիրավորանքով պրծար:

— Զգացված եմ,— ասաց Մերին,— բայց իմ կարծիքով, քո թիկունքում ճոճվելն ավելի մեծ պատիվ է, թեկուզ միայն այն պատճառով, որ կարող եմ կրկնել հարցս. դեռ երկա՞ր ենք գնալու:

— Ա՛յ քեզ անհամբեր հոբիթ,— ծիծաղեց Գենդալֆը: — Թերևս ամեն հրաշագործի վրա պետք է մեկական հոբիթ նշանակել, որպեսզի նրանք հետևեն իրենց խոսքերին: Ներիր, որ քեզ առանց պատասխանի թողեցի: Առանձնակի շտապելու հարկ չկա. մի քանի ժամ կգնանք, մինչև դուրս գանք հովտից: Այնտեղ էլ կանգ կառնենք: Իսկ առավոտյան քառատրոփ կսլանանք: Սկզբում մենք որոշել էինք միանգամից Էդորաս գնալ, բայց հետո պլանները փոխվեցին: Սուրհանդակներ ուղարկվեցին Հելմյան Իջվածք, որ կզգուշացնեն, որ առավոտյան թագավորը ժամանելու է այնտեղ, իսկ այնտեղից, նոր ռազմիկներ հավաքագրելով, շարժվելու է լեռնային արահետներով դեպի Դունհորոյի թաքստոցը: Այսուհետ բաց երկնքի տակ, առանց թաքնվելու, վտանգավոր է գնալ նույնիսկ գիշերը: Կգնան երկու-երեք հոգուց բաղկացած խմբերով:

— Մեկ քեզանից բառ անգամ չես լսի, մեկ էլ՝ ստացիր մեկ դյուժին,— ծիծաղեց Մերին: — Ախր ես միայն հարցրեցի, երկա՞ր ենք դեռ գնալու: Որտեղի՞ց ամանամ, թե ինչ է այդ Հելմյան Իջվածքը, էլ չասեմ մյուսների մասին: Ես այստեղ ոչ մի բանի տեղ չգիտեմ:

— Եթե ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում, ուրեմն՝ սովորի՛ր: Իսկ ինձ այլևս մի անհանգստացրու, ես պետք է խորհեմ:

— լավ, լավ, հենց նստենք խարույկի շուրջ, կկպչեմ Պանդուխտից, նա քո պես զայրացկոտ չէ: Միայն ասա, ինչու պետք է թաքնվենք, մի՞թե մենք չհաղթեցինք ճակատամարտում:

— Հաղթելը հաղթեցինք, բայց դա միայն սկիզբն է: Եվ բացի այդ, հաղթանակի պատճառով մենք հիմա ավելի մեծ վտանգի մեջ ենք, քան առաջ: Իզենգարդն ու Մորդորը ինչ-որ կերպ կապված են իրար, թեև միչև հիմա չգիտեմ, թե ինչպես են այդքան արագ փոխանակվում նորություններով: Ինչ-որ բաներ գուշակում եմ, բայց վստահ չեմ, ճի՞շտ եմ արդյոք... Այժմ Բարադ-Դուրի Աչքը կրկնակի ուշադրությամբ է զննում Կախարդական Հովիտը և Ռոհանյան հարթավայրը: Ինչքան քիչ բան տեսնի, այնքան լավ:

Ոլորապտույտ ճանապարհը առանց շտապելու մոտենում էր հովտի բերանին: Իզենի ջրերի աղմուկը մեկ մոտենում, մեկ հեռանում էր: Սարերից իջավ գիշերը: Մառախուղը ամբողջությամբ ցրվեց, փչեց սառը քամին: Արևելքում փայլեց լուսինը: Աջակողմյան լեռները հետզհետե վերածվեցին մերկ բլուրների: Առջևում փռված էր անծայրածիր, մոխրագույն հարթավայրը:

Վերջապես Ջոկատը, թեքվեց աջ և անցնելով մեկ ու կես լիգ փափուկ խոտով ծածկված գորգի վրայով, կանգ առավ կանաչապատ կիրճում, Դոլ-Բարենի՝ Մշուշապատ Լեռնաշխթայի վերջին գագաթի, հովանու ներքո, որի գագաթը ծածկված էր հավամրգու խիտ թփերով: Կիրճի լանջերը պատված էին նախորդ տարվանից մնացած ձարխոտով, բայց բուրավետ հողը արդեն ծածկվել էր գարնանային խիտ, կանաչ բուսականությամբ: Հեծյալները ճամբար խփեցին կիրճի եզրին աճած ալոճենու թփուտների մոտ: Մինչև կեսգիշեր դեռ երկու ժամ կար: Խարույկ վառեցին մի մեծ, ծառի պես տարածված մասուրի թփի արմատների տակ, որը թեև ծեր էր ու կարծրացած, բայց՝ ամուր. ճյուղերի ծայրերին արդեն ուռչում էին պտուղները:

Ժամապահներ նշանակվեցին, իսկ մյուսները ընթրեցին, փաթաթվեցին թիկնոցների և ծածկոցների մեջ և քնեցին: Հոբիթները տեղավորվեցին անկյունում, ձարխոտի տերևների կույտի վրա: Մերիի քունը տանում էր, բայց Փինի քունը, չգիտես ինչու, փախել էր: Նա անընդհատ շուռումուռ էր գալիս ու ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել, իսկ ձարխոտի տերևները նրա տակ խշշում էին ու ճարճատում:

Մերին չդիմացավ:

— Ի՞նչ ես ջարդվում,— հարցրեց նա,— չլինի՞ մրջնանոցի վրա ես պառկել:

— Չէ, ուղղակի անհարմար է,— արձագանքեց Փինը: — Փորձում եմ հիշել, թե երբ եմ վերջին անգամ փափուկ անկողնում քնել:

Մերին հորանջեց:

— Մատներիդ վրա հաշվիր,— խորհուրդ տվեց նա: — Երկար մտածելու ի՞նչ կա, Լորիենից էս կողմ չես քնել:

— Չէ, չէ, նկատի ունեմ իսկական անկողին իսկական ննջարանում:

— Ուրեմն Ազատքից էս կողմ,— փնթփնթաց Մերին: — Իսկ ես այսօր որտեղ ասես պատրաստ եմ քնել:

— Դե քեզ ինչ կա, Մերի,— մի քիչ լռելուց հետո նորից խոսեց Փինը,— դու Գենդալֆի հետ էիր գալիս:

— Ու ի՞նչ:

— Դե, նրանից շատ բան իմացած կլինես... Թարմ նորություններ:

— Իհարկե, սովորականից էլ շատ: Բայց դու ամեն ինչ լսել ես. մենք ձեր կողքից էինք ընթանում ու բարձր էինք խոսում: Եթե որոշել ես էլի ինչ-որ բան կորզել նրանից, վաղը կարող ես նրա հետ գնալ, եթե իհարկե նա դեմ չլինի:

— Իսկապե՞ս: Հրաշալի է: Իսկ նա առաջվա պես քչախո՞ս է: Չի փոխվել, չէ՞:

— Ճիշտն ասած փոխվել է,— ասաց Մերին, ուշքի գալով թմբիրից ու չհասկանալով, թե ինչ ճանճ է կծել ընկերոջը: — Բայց չգիտեմ ոնց բացատրեմ: Իմ կարծիքով նա և՛ բարիացել է, և՛ կոպտացել: Մեկ շարունակ ծիծաղում է, մեկ այնքան մռայլ է, որ վախենում ես հարց տալ: Մի խոսքով և՛ փոխվել է, և՛ չի փոխվել, դեռ գլուխ չեմ հանում: Չնայած շատ է փոխվել: Հիշիր, թե Սարումանին ինչ օրը գցեց: Առաջ Սարումանը Գենդալֆից բարձր էր և գլխավորում էր նրանց Խորհուրդը, չգիտեմ էդ ինչ Խորհուրդ է: Սարուման Ճերմակ էին նրան մեծարում, իսկ այժմ Գենդալֆն է ճերմակ: Նա Սարումանին ստիպեց հետ վերադառնալ և կոտրեց նրա գավազանը: Իսկ հետո հրամայեց հեռանալ, և նա սողալով հեռացավ:

— Եթե Գենդալֆը փոխվել է, ապա հաստատ ավելի ծածկամիտ է դարձել,— հոգոց հանեց Փինը: — Վերցնենք թեկուզ էդ... դե, բյուրեղապակյա գունդը: Կարծես թե նա գոհ էր, որ ձեռք է բերել այն: Կամ գիտի, կամ գուշակում է, թե դա ինչի համար է: Իսկ մեզ կես խոսք էլ չի ասում, բայց ախր գունդը ես բռնեցի, եթե ես չլինեի, այն կխորտակվեր ջրում: «Սպասիր, բարեկամս, տուր այստեղ», և վերջ՝ լռություն: Եվ իսկապես, ինչի՞ համար է էդ գունդը: Ծանր էր շատ... — Վերջին բառերը Փինը քրթմնջաց քթի տակ, ասես ինքն իր հետ էր խոսում:

— Ըհը,— ասաց Մերին,— ահա թե ինչի համար էիր շուռումուռ գալիս: Լսիր, Փին, հիշիր Գարալդի ասացվածքը, որ Սեմը սիրում էր կրկնել. «Իմաստունների գործերի մեջ քիթդ մի խոթիր՝ գլուխդ կկորցնես»:

— Դե գիտես, վերջին ամիսներին մենք կամա թե ակամա մինչև ականջներս խրվել ենք իմաստունների գործերի մեջ,— առարկեց Փինը: Եվ գլուխներս էլ անընդհատ վտանգված են: Մեծ պարգև չէր լինի՝ նայել այդ գնդին:

— Լավ կլինի քնես,— խորհուրդ տվեց Մերին: — Կիմանաս իր ժամանակին: Իմիջայլոց, հետաքրքրասիրության հարցում դեռևս ոչ մի Տուկ չի անցել Բրենդիզայքներին, բայց, ոնց հասկացա, գիշերվա կեսին որոշել ես տեղը հանե՞լ: Վախենում եմ ճիշտ ժամանակ չես ընտրել:

— Ենթադրենք, իսկ ի՞նչ վատ բան կա էդտեղ: Ես միայն ասացի, որ ուզում եմ նայել էդ գնդին, բայց կնայե՛ս, ո՛նց չէ: Գենդալֆն էնպես է նստել վրան, ասես հավը՝ ձվի վրա: Դու էլ էդտեղից. չի կարելի հա չի կարելի, քնիր հա քնիր: Ապրե՛ս:

— Խնդրեմ, ասաց Մերին: — Կներես, աղավնյակս, բայց մի կերպ դիմացիր մինչև առավոտ: Կարթնանանք, կնախաճաշենք՝ էն ժամանակ կտեսնես, թե ինչ հետաքրքրասերն եմ: Երկուսով Գենդալֆի հախից կգանք: Բայց հիմա էլ չեմ կարողանում, մինչև ականջներս հորանջում եմ: Բարի գիշե՛ր:

Փինը չպատասխանեց: Նա դադարեց շուռումուռ գալ, բայց, միևնույնն է, քնել չէր կարողանում և զայրանում էր խաղաղ քնած Մերիի վրա: Այժմ, երբ արդեն քար լռություն էր տիրում, մուգ գնդի մասին մտքերը ավելի աներեսաբար էին տանջում նրան: Նա կրկին ու կրկին ձեռքերի մեջ տարօրինակ ծանրություն էր զգում, իսկ աչքերի առջև անընդատ հառնում էր գնդի խորհրդավոր բոսորագույն խորքը, որտեղ նա հասցրեց մի ակնթարթ նայել: Փինը կրկին անհանգիստ շարժում արեց, շրջվեց մյուս կողքի վրա և փորձեց մտածել այլ բանի մասին:

Ի վերջո նրա համբերությունը սպառվեց: Նա վեր կացավ և շուրջը նայեց: Ցուրտ էր: Ստիպված ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ: Սառը սպիտակ լուսինը նայում էր ուղիղ կիրճին, թփուտները սև ստվերներ էին տարածում: Բոլորը քնած էին: Ժամապահները ոչ մի տեղ չէին երևում. ըստ երևույթին բարձրացել էին բլրի գլուխը, կամ թաքնվել ձարխոտի մացառուտներում: Ինչ-որ տարօրինակ և անդիմադրելի ուժի թելադրանքով, Փինը գաղտագողի սողաց այնտեղ, որտեղ պառկած էր Գենդալֆը և նայեց նրա դեմքին: Թվում էր, թե հրաշագործը խորը քնած է, բայց նրա աչքերը կիսաբաց էին, և երկար թարթիչների տակից փայլում էին սպիտակուցները: Փինը հապշտապ նահանջեց, բայց Գենդալֆը չշարժվեց, և հոբիթը, ասես ինչ-որ մեկը նրան հրում էր, շրջանցեց Գեդալֆին ու մոտեցավ նրան թիկունքից: Գենդալֆը քնած էր ծածկված ծածկոցով և վրան գցված թիկնոցով: Նրա աջ ձեռքի և մարմնի արանքում ինչ-որ կլոր բան էր երևում, փաթաթված սև լաթի կտորի մեջ: Թվում էր, թե Գենդալֆի ձեռքը հենց նոր է սև կապոցի վրայից սահել գետնին:

Գրեթե առանց շնչելու, Փինը զգուշորեն մոտեցավ, ծնկի իջավ և, գաղտագողի ձեռքերը մեկնելով, բարձրացրեց կապոցը: Այն ավելի թեթև էր, քան կարելի էր սպասել: «Ինչ-որ լաթեր են»,— որոշեց Փինը և այդ մտքից հանգստացավ: Սակայն կապոցը տեղը չդրեց, այլ ուղղվեց՝ սեղմելով այն ձեռքերի մեջ: Այդ պահին նրա գլխում նոր միտք ծագեց. նա գաղտագողի հեռացավ և վարադարձավ մի մեծ գլաքար ձեռքին: Կրկին ծնկի գալով, նա արագ պոկեց լաթի կտորը գնդի վրայից, գլաքարը փաթաթեց դրա մեջ և դրեց առաջվա տեղը: Միայն այդ ժամանակ նա վերջապես հայացքը գցեց ձեռքին մնացած առարկայի վրա: Ցանկությունը կատարվեց. ծնկների մոտ դրված էր այն նույն բյուրեղապակյա գունդը, միայն թե հիմա այն մեռած էր ու սև: Փինը բարձրացրեց այն, հապշտապ ծածկեց թիկնոցի ծայրով և արդեն ուզում էր հեռանալ, երբ հանկարծ Գենդալֆը շարժվեց և քնի մեջ ինչ-որ բան փնթփնթաց անհասկանալի լեզվով: Հրաշագործի ձեռքը շոշափեց կապոցը, մատները թուլացան, նա հանգիստ շունչ քաշեց և լռեց:

«Տխմար ես դու հարյուրապատիկ,— ինքն իրեն հայհոյեց Փինը: — Ահավոր փորձանքի մեջ ես ընկնելու, Փերեգրի՛ն Տուկ, հաստատ բան եմ քեզ ասում: Հենց հիմա տե՛ղը դիր»: Սակայն քիչ առաջվա քաջությունն ասես չէր էլ եղել. ծնկները դողում էին, և նա չէր համարձակվում կրկին մոտենալ Գենդալֆին, առավել ևս՝ ձեռքի տակից հանել գլաքարը: «Ոչինչ չի ստացվի,— մտածեց նա,— ես նրան կարթնացնեմ: Հարկավոր է սկզբում հանգստանալ: Դե լավ, գոնե կտեսնեմ, թե էս ինչ գունդ է, որ անիմաստ չլինի: Միայն թե ո՛չ էստեղ»:

Նա ոտքերի մատների ծայրերի վրա վերադարձավ և հարմարվեց Մերիից ոչ հեռու մի կանաչ բլրակի վրա: Կիրճի ծայրից երևաց լուսինը:

Փինը նստել էր ծնկները լայն բացած և կռացել գնդի վրա, նման երեխայի, որը մի ափսե ուտելիք ձեռքին թաքնվել էր տան մի անկյունում, որպեսզի ոչ մեկի հետ չկիսի: Թիկնոցն ընկած էր կողքին: Հոբիթի հայացքը գամվել էր բյուրեղապակյա գնդին: Շուրջը քար լռություն էր և օդը զրնգում էր հոբիթի ականջների մեջ: Գունդը սկզբում սև էր, սաթե-սև, և թեթև փայլում էր լուսնի լույսի տակ, հետո հետզհետե ներսից լուսավորվեց և Փինի հայացքը գամեց իր վրա այնպիսի անդիմադրելի ուժով, որ հոբիթն այլևս չէր կարողանում շրջվել: Այն արագորեն ավելի ու ավելի էր բոցավառվում և թվում էր, թե պտտվում է հոբիթի ձեռքերի մեջ, բայց ոչ, այդ գունդը չէր պտտվում, այլ խորքի բոսոր կրակը: Հանկարծ կրակը հանգավ: Հոբիթը հառաչեց, տնքաց և փորձեց կտրվել գնդից, բայց արդեն ուշ էր. նա չկարողացավ ոչ ուղղվել, ոչ ձեռքերը հեռացնել, միայն ավելի ու ավելի էր կռանում գնդի վրա՝ և հանկարծ քարացավ: Շրթունքներն անձայն շարժվում էին: Մի ակնթարթ անց նա խեղդվողի ձայնով ճչաց, ընկավ մեջքի վրա ու անշարժացավ:

Նրա հուսահատ, սարսափազդու ճիչը արթնացրեց բոլորին: Ժամապահները լանջից ցած նետվեցին: Շուտով ողջ ճամբարն արդեն ոտքի վրա էր:

— Ա՜խ դու փոքրիկ գող,— գոչեց Գենդալֆը, արագորեն թիկնոցով ծածկելով բյուրեղյա գունդը: — Էհ, Փին, որ փորձանք չլինի, դու կաս ու կաս: — Նա ծնկի իջավ հոբիթի կողքին: Փինը պառկած էր քարացած, նրա բաց աչքերը անշարժ նայում էին երկնքին: — Ա՛յ քեզ շրջադարձ: Տեսնես ի՞նչ փորձանք է գլխին բերել, և ինչպե՞ս կանդրադառնա այն մեզ վրա:

Հրաշագործի դեմքը մռայլվեց: Նա բռնեց Փինի ձեռքը, ականջ դրեց նրա շնչառությանը, հետո ձեռքը դրեց նրա ճակատին: Հոբիթի մարմնով դող անցավ, և նրա աչքերը փակվեցին: Նա կրկին Ճչաց, նստեց ու հայացքը հառեց իր վրա կռացած լուսնի լույսից գունատ դեմքերին:

— Այդ խաղալիքը քեզ համա՛ր չէ, Սարումա՛ն,— զիլ ու անկենդան ձայնով ճչաց նա: — Ես անմիջապես դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:

Հոբիթը վեր թռավ և ուզում էր փախչել, բայց Գենդալֆը ամուր ու նրբորեն բռնեց նրան:

— Փերեգրի՛ն Տուկ,— գոչեց նա,— վերադարձի՛ր:

Հոբիթը հանգստանալով բռնվեց հրաշագործի ամուր և հուսալի ձեռքից:

— Գե՛նդալֆ,— բացականչեց նա,— Գե՛նդալֆ, ների՛ր ինձ:

— Ներե՞մ,— խոժոռվեց հրաշագործը: — սկզբում ասա, ինչի՞ համար:

— Ես ձեռքիդ տակից տարա գունդը և նայեցի նրա մեջ,— կմկմալով ասաց Փինը: — Եվ այնքան սարսափազդու բաներ տեսա, որ սիրտս վախից կանգնեց: Ուզում էի փախչել, բայց կտրվել հնարավոր չէր: Հետո հայտնվեց Նա... Եվ սկսեց ինձ հարցաքննել: Էնպես էր նայում վրաս... ու... ու էլ բան չեմ հիշում:

— Չէ, այդպես չեղավ,— խոժոռվեց Գենդալֆը: — Ի՞նչ ես տեսել, ինչի՞ մասին էր նա հարցնում, ի՞նչ ես դու նրան ասել:

Հոբիթը փակեց աչքերը և ցնցվեց, բայց ոչ մի խոսք չասաց: Բոլորը լուռ նայում էին նրան, բացի Մերիից՝ վերջինս շրջվեց: Գենդալֆը բարձրացրեց հոնքերը:

— Խոսի՛ր,— հրամայեց նա:

Փինը խոսեց՝ սկզբում դանդաղ, կմկմալով, հետո աստիճանաբար նրա ձայնը սկսեց պարզվել ու հնչեց ավելի հստակ:

— Ես տեսա սև երկինք և ամրոցի բարձր, ատամնավոր պարիսպներ,— ասաց նա: — Եվ վերևում փոքրիկ աստղեր: Ինձ թվաց, թե ընկել եմ ինչ-որ հեռավոր երկիր և տեսնում եմ այն, ինչը եղել է շա՜տ վաղուց, բայց տեսնում եմ պարզ ու հստակ: Հանկարծ աստղերը սկսեցին հանգչել և նորից առկայծել: Ես հասկացա, որ աստղերի լույսը հանգցնում են ինչ-որ թևավոր հրեշներ. թվում էր, թե հսկայական չղջիկներ են թևածում աշտարակի շուրջը: Կարծում եմ, նրանք ինն էին: Հանկարծ մեկը թռավ ուղիղ դեպի ինձ և սկսեց մեծանալ: Ա՝խ, ինչ սարսափազդու էր նրա... Ոչ, ոչ, մի՛ ստիպեք ինձ այդ մասին պատմել... Ես փորձեցի գցել գունդը ու փախչել, որովհետև թվում էր, թե նա հիմա դուրս կգա գնդի միջից և կնետվի ինձ վրա: Բայց այն միայն ծածկեց ամբողջ երկինքը ու կորավ: Հետո հայտնվեց Նա: Նա չէր խոսում, բայց ես ամեն ինչ հասկանում էի:

«Փաստորեն դու վերադարձար: Ինչու՞ էիր այսքան երկար ժամանակ լռում»:

— Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ ժամանակ նա հարցրեց. «Ո՞վ ես դու»: Ես շարունակում էի լռել: Նա սկսեց ինձ տանջել և, երբ այլևս հնարավոր չէր դիմանալ, ասացի. «Հոբիթ եմ»: Ինձ թվում է դա օգնեց նրան ինձ տեսնել: Նա նայեց վրաս ու սկսեց հռհռալ: Դա ուղղակի անտանելի էր, ասես ինձ դաշույններով ծակծկեցին: Փորձում էի ազատվել, բայց նա չէր թողնում: «Սպասի՛ր,— ասաց նա,— շուտով կրկին կտեսնվենք: Իսկ առայժմ ասա Սարումանին, որ այդ խաղալիքը նրա համար չէ: Ես հենց հիմա դրա հետևից կուղարկեմ: Հասկացա՞ր: Այդպես էլ փոխանցի՛ր:» Եվ նորից չարությամբ հռհռաց: Ինձ թվաց, թե հիմա մանր կտորների կբաժանվեմ: Մահից էլ սարսափելի էր... Ո՛չ, ո՛չ, այլևս չե՛մ կարող, այլևս ոչինչ չե՛մ հիշում:

— Նայիր աչքերիս մե՛ջ,— հրամայեց Գենդալֆը:

Փինը հնազանդվեց և նայեց նրա աչքերի մեջ: Հրաշագործը որոշ ժամանակ լուռ զննում էր հոբիթին: Վերջապես Գենդալֆի դեմքը մեղմացավ, և վրայով ժպիտի ստվեր սահեց: Նա շոյեց Փինի գլուխը:

— Լավ,— ասաց նա,— կարող ես էլ չխոսել: Քեզ հետ ոչ մի սարսափելի բան չի կատարվել: Աչքերդ, տեսնում եմ, չեն խաբում, իսկ ստից ես վախենում էի ամենից շատ: Դու, իհարկե, հիմար ես, Փերեգրին Տուկ, բայց ազնիվ հիմար ես: Քո փոխարեն ավելի խելացի մեկը լիներ, նա գուցե, ամեն ինչ փչացներ: Սակայն նկատի ունեցի՛ր. քեզ և քո ընկերներին փրկեց երջանիկ պատահականությունը, բայց չկարծես, թե ամեն անգամ բախտդ կբերի: Եթե նա քեզ ինչպես հարկն է հարցաքններ, դու չէիր դիմանա տանջանքին և կպատմեիր նրան ամենը, ինչ գիտես և կկործանեիր մեզ բոլորիս: Բայց նա, բարեբախտաբար շտապել է: Հասկանում ես, նրան ավելի շատ ոչ թե տեղեկություններն են հետաքրքրել, այլ դու՝ ինքդ, և որոշել է անհապաղ ստանալ քեզ և առանց շտապելու հարցաքննել Սև Ամրոցում: Ի՞նչ ես դողում: Քիթդ խոթել ես հրաշագործների գործերի մե՞ջ: Ուրեմն ամեն ինչի պատրաստ եղի՛ր: Լավ, լավ, ես ներում եմ քեզ: Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ, որքան սպասում էի:

Նա խնամքով բարցրացրեց հոբիթին և տարավ, պառկեցրեց ձարխոտե անկողնում: Մերին հետևեց նրանց և նստեց Փինի կողքին:

— Պառկիր, հանգստացիր և փորձիր քնել, Փին,— ասաց Գենդալֆը: — Եվ այսուհետ ավելի շատ վստահիր ինձ: Իսկ եթե նորից ձեռքերդ քոս ընկնեն, միանգամից ասա, այդ հիվանդությունը հեշտ է բուժել: Եվ հանկարծ մտքովդ չանցնի՛ ձեռքիս տակ կրկին գլաքար դնես: Առայժմ մնացեք երկուսով, դա ձեզ օգտակար կլինի:

Հրաշագործը վերադարձավ մնացածների մոտ. նրանք, Օրթհանքի Քարի շուրջը հավաքված, կանգնած էին մռայլ ու տագնապահար:

— Փորձանքը եկավ կեսգիշերին և մեզ անակնկալի բերեց,— ասաց հրաշագործը: — Հրաշքով փրկվեցինք:

— Իսկ հոբի՞թը, ինչպե՞ս է Փինը,— հարցրեց Արագորնը:

— Կարծում եմ ամեն ինչ լավ կլինի,— պատասխանեց Գենդալֆը: — Նրա հետ երկար չեն խոսել, իսկ հոբիթները զարմանալի դիմացկուն ժողովուրդ են: Ապրած սարսափի հիշողությունը նույնպես, կարծում եմ, արագ կանցնի: Այո, թերևս, շատ արագ: Արագորն, կվերցնե՞ս պահպանելու Օրթհանքի Քարը: Ճիշտ է, այն պահպանելը վտանգավոր է, բայց...

— Նայած ում համար,— առարկեց Արագորնը: — Այս Քարն օրինական տեր ունի, որի համար այն այնքան էլ վտանգավոր չէ: Քանզի այժմ հայտնի է, որ դա Օրթհանքի փալանթիրն է՝ Էլենդիլի գանձարանից, և այն Օրթհանքում տեղադրել են Գոնդորի իշխանները: Ճակատագրական ժամը մոտենում է և իմ Քարն ինձ պետք կգա:

Գենդալֆը նայեց Արագորնին և հանկարծ, ի զարմանս բոլորի, խորը գլուխ տալով, թիկնոցով փաթաթված Քարը մեկնեց Արագորնին:

— Ընդունիր այն, տիրակա՛լ,,— ասաց նա,— և թող այն երաշխիք լինի մնացած գանձերի, որոնք կվերադարձվեն քեզ ապագայում: Բայց թույլ տուր ամեն դեպքում խորհուրդ տալ քեզ. մի՛ օգտագործիր այն, քանի դեռ ժամանակը չի եկել: Զգու՛յշ եղիր:

— Ես այսքան ժամանակ երբևէ եղե՞լ եմ անզգույշ կամ շտապողական,— հարցրեց Արագորնը:

— Երբեք,— ասաց Գենդալֆը: — Եվ չնահանջես ճանապարհի վերջում: Ամեն դեպքում գաղտնի պահիր այն: Եվ թող բոլոր ներկաները նույնպես իմանան. ոչ ոք, և հատկապես հոբիթ Փերեգրին Տուկը, չպետք է իմանա, թե որտեղ է պահված Քարը: Փինի դժբախտությունն այն է, որ նա դեռ Իզենգարդում բռնեց այդ Քարը, իսկ դա թույլ տալ չէր կարելի: Ես պետք է առաջ անցնեի Փինից և ինքս վերցնեի Քարը: Սակայն ես զբաղված էի Սարումանով, և անմիջապես չհասկացա, թե դա ինչ Քար է: Իսկ հետո, երբ ես խորհում էի այդ հանելուկի շուրջ, ինձ հաղթահարեց հոգնածությունը և ես ինձ համար աննկատ քնեցի: Բայց այժմ ամեն ինչ պարզ է:

— Այո, կասկած չի կարող լինել,— հաստատեց Արագորնը: — Այժմ մենք գիտենք, թե ինչպես էին հաղորդակցվում Իզենգարդն ու Մորդորը: Մի գաղտնիք պակասեց:

— Տարօրինակ զորություն ունեն մեր թշնամիները, բայց նրանց թուլությունները ևս տարօրինակ են,— ասաց Թեոդենը: Իզուր չէին հնում ասում. «չարը խժռում է ինքն իրեն»:

— Շատ հաճախ այդպես էլ լինում է,— հաստատեց Գենդալֆը: — Բայց այս անգամ մեր բախտը աներևակայելի բերեց: Հոբիթի արարքը, ըստ երևույթին, փրկեց ինձ հրեշավոր սխալից: Ախր ես արդեն ուզում էի ինքս փորձարկել Քարը, ստուգել, թե այն ինչի է ընդունակ: Եթե ես անեի դա՝ ստիպված կլինեի մրցակցել մեծագույն կախարդի մոգության դեմ, իսկ ես դեռ պատրաստ չեմ նման փորձության, և կարող է պատահել, որ այն առհասարակ ինձ համար չէ: Եթե նույնիսկ ուժերս բավականացնեին, և ես չնկնեի նրա իշխանության տակ, միևնույնն է, նա կտեսներ ինձ, իսկ դա մեզ համար մահին հավասար է՝ քանի դեռ ժամանակը չի եկել բացեիբաց մարտնչելու:

— իմ կարծիքով ժամանակն արդեն եկել է,— ասաց Արագորնը:

— Դեռ ոչ,— առարկեց Գենդալֆը: — Քանի դեռ թշնամին շփոթմունքի մեջ է, մենք պետք է օգտվենք դրանից: Նա հիմա կարծում է, որ Քարը Օրթհանքում է. իսկ ինչու՞ ոչ: Այսինքն, այտեղ է բանտարկված նաև հոբիթը, և Սարումանը, նրան տանջելու համար, ստիպել է նայել կախարդական Քարին: Նա տեսել է հոբիթին և լսել նրա ձայնը, և հիմա անհամբեր սպասում է, թե երբ պատանդին կտեղափոխեն Սև Ամրոց: Քանի դեռ սխալմունքը չի բացահայտվել, պետք է օգտագործել այդ ժամանակը: Մենք առանց այդ էլ երկար հանգստացանք, հարկավոր է շտապել: Իզենգարդի շրջակայքում երկար մնալ չի կարելի: Ես կարշավեմ առաջ և ինձ հետ կվերցնեմ Փերեգրին Տուկին: Դա նրա համար ավելի օգտակար կլինի, քան անքուն պառկելն ու մտածելը:

— Ինձ հետ կմնան Էոմերը և տասը թիկնապահներ,— որոշեց թագավորը: — Այգաբացին առաջ կշարժվենք: Մյուսները Թող Արագորնի հետ սլանան առաջ:

— Քո կամքն է, տիրակալ,— ասաց Գենդալֆը,— բայց գնացեք լեռներ, Հելմյան Իջվածք:

Այդ պահին նրանց ծածկեց հսկայական ստվերը, և լուսինը հանկարծ հանգավ: Թիկնապահները ճչալով փռվեցին գետնին՝ ձեռքերով ծածկելով գլուխները: Բոլորին պատեց կույր սարսափը և մահվան սարսուռը: Սարսափահար նայելով վերև, նրանք տեսան, որ վիթխարի թևավոր հրեշը սև ամպի պես մի պահ ծածկեց լուսինը: Նա շրջան գծեց և հողմի պես սլացավ հյուսիս՝ ճանապարհին կուլ տալով աստղերին: Միջերկրի ոչ մի քամի չէր կարող հասնել նրա հետևից:

Բոլորը քարացել էին: Գենդալֆը կանգնած, լարված սեղմած բռունցքները, հայացքով ուղեկցում էր հրեշին:

— Նա՛զգուլ,— բացականչեց նա վերջապես,— Մորդորի սուրհանդա՛կը: Փոթորիկը մոտենու՛մ է, Նազգուլը հատել է Մեծ Գե՛տը: Արա՛գ: Արշավե՛ք, արշավե՛ք, մի՛ սպասեք լուսաբացին: Եվ մի՛ սպասեք նրանց, ովքեր հապաղում են: Արա՛գ:

Նա նետվեց առաջ՝ ճանապարհին կանչելով Լուսաչին: Արագորնը շտապեց նրա հետևից: Վազելով հոբիթների մոտ, Գենդալֆն առանց բացատրության բարձրացրեց Փինին ձեռքերի վրա:

— Այս անգամ ինձ հետ կգաս,— ասաց նա: — Կտեսնես, թե ինչպես է սլանում Լուսաչը:

Լուսաչն արդեն սպասում էր նրան: Գենդալֆն ուսին գցեց իր ոչ մեծ տոոպրակը, թռավ Լուսաչի մեջքին և ընդունեց Արագորնից ծածկոցի և թիկնոցի մեջ փաթաթված Փինին:

— Մնաք բարո՛վ, չհապաղե՛ք,— բղավեց նա: — Սլացի՛ր, Լուսա՛չ:

Գեղեցիկ նժույգը թափահարեց գլուխը, նրա ծածանվող պոչը շողշողաց լուսնի լույսի տակ: Նա պոկվեց տեղից, թռչելով գետնի վրայով և սլացավ, ինչպես հյուսիսային քամին լեռներից:

— Հիանալի՛ գիշեր էր, փառավորապես հանգստացա՛նք,— Արագորնին ասաց բարկացած Մերին: — Զարմանու՛մ եմ ոմանց բախտի վրա: Տեսա՛ր դու, քունը չէ՛ր տանում՝ չքնեց, ուզում էր գնալ Գենդալֆի հետ՝ խնդրե՛մ: Եվ այն դեպքում, երբ արժեր նրան քարի վերածել ու ընդմիշտ թողնել այստեղ, որ հետագա սերունդներին զգուշացու՛մ լինի:

— Իս եթե Փինի փոխարեն դու վերցնեիր Օրթհանքի Քարը, կարծում ես, քեզ ավելի լա՞վ կպահեիր,— հարցրեց Արագորնը: — Կասկածում եմ, ոչինչ հաստատ հնարավոր չէ ասել: Մի խոսքով քո բախտը չբերեց. ստիպված ես գալ ինձ հետ: Գնա հավաքվիր, և եթե Փինը ինչ-որ բան մոռացել է, վերցրու հետդ: Շու՛տ արա:

Լուսաչը սլանում էր մութ հարթավայրով, և կարիք չկար նրան ո՛չ ուղղորդելու, ո՛չ վարելու: Դեռ մի ժամ էլ չէր անցել, երբ նրանք արդեն հատեցին Իզենի գետանցումը: Դամբանաբլրի մոխրագույն ստվերը և նիզակների սառը փայլը մնացին հետևում:

Փինը քիչ-քիչ ուշքի էր գալիս: Նա տաքացել էր, թեև դեմքին սառը, սուր քամի էր փչում: Իսկ կարևորը՝ Գենդալֆը կողքին էր: Սարսափազդու Քարը և լուսինը ծածկող հրեշավոր ստվերը մնացել էին հետևում, լեռնային մշուշում և վերածվել վատ երազի, որի ազդեցությունն անցել էր: Նա ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց:

— Ես չգիտեի, որ դու առանց թամբի ես արշավում, Գենդալֆ,— ասաց նա:

— Առհասարակ ես էլֆերի պես չեմ արշավում,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց Լուսաչը լծասարք չի հանդուրժում. նա կամ համաձայն է քեզ տանել, կամ ոչ: Իսկ եթե նա վերցնում է քեզ, ապա հոգ է տանում, որ չընկնես: Եվ չես ընկնի, եթե ինքդ չուզենաս:

— Իսկ ի՞նչ արագությամբ է նա սլանում,— հարցրեց Փինը: — Դատելով քամուց, կարելի է եզրակացնել, որ շատ արագ, բայց այնքան սահուն ենք ընդանում, որ առհասարակ չի զգացվում:

— Նա հիմա ամենաարագավազ ձիուց էլ արագ է սլանում,— պատասխանեց Գենդալֆը,— բայց դա Լուսաչի համար հեչ բան է: Ուղղակի մենք հիմա բարձրանում ենք և հարթավայրն էլ անհարթ է: Ահա՛ և Սպիտակ Լեռները: Տես, ինչ պարզ են երևում աստղերի ֆոնին: Տեսնու՞մ ես երեք գագաթները, որ ասես երեք եղջյուր լինեն: Դա Թրայհրինի եռաժանին է: Շուտով կհասնենք ճամփաբաժանին, և դու կտեսնես Հելմյան կիրճը, որտեղ երկու գիշեր առաջ տեղի ունեցավ ճակատամարտը:

Փինը կարճ ժամանակով լռեց: Նա լսում էր, թե ինչպես է Գենդալֆը քթի տակ ինչ-որ երգերի պատառիկներ երգում անծանոթ լեզուներով: մղոնը մղոնի հետևից մնում էին հետևում: Վերջապես հոբիթը հանդիպակած քամու աղմուկի միջից զանազանեց հերթական, արդեն հասկանալի, երգի բառերը.


Մեծ արքաներ և մեծ նավեր

Երեք անգամ երեք,

Ի՞նչ են բերել նավերով նրանք

Անդրծովյան հեռավոր երկրից:

Յոթ աստղ և յոթ քար

Եվ մեկ սպիտակ ծառ...


— Ինչի՞ մասին ես երգում, Գենդալֆ,— հարցրեց Փինը:

— Փորձում եմ հիշել հինավուրց երգերը,— պատասխանեց հրաշագործը: — Այդ երգերում պահպանվում են հնագույն ավանդությունները: Հոբիթները, երևի, վաղուց մոռացել են դրանք, նույնիսկ այն մի քանի հատվածները, որ գիտեին...

— Ոչ բոլորն ենք մոռացել,— առարկեց Փինը: — Մենք, իմիջայլոց, սեփական երգեր էլ ունենք, բայց դրանք քեզ դժվար թե հետաքրքրեն: Թեպետ այդ մեկը ես երբեք չէի լսել: ինչի՞ մասին է այտեղ երգվում: Յոթ աստղ, յոթ քար...

Հնագույն արքաների փալանթիրների մասին,— պատասխանեց հրաշագործը:

— Փալանթիրնե՞ր: Իսկ ի՞նչ է փալանթիրը:

— Փալանթիր՝ նշանակում է «հեռատես»: Օրթհանքի Քարը դրանցից մեկն է:

— Դուրս է գալիս... որ այն բոլորովին էլ թշնամի՞ն չի ստեղծել:

— Ոչ, թշնամին չի ստեղծել,— ասաց հրաշագործը: — Եվ ոչ էլ Սարումանը: Նման հմտություն հասանելի չէ ո՛չ Սաուրոնին, ո՛չ էլ Սարումանին: Փալանթիրները բերվել են Միջերկիր հեռավոր Էլդեմար երկրից, որը գտնվում է արևմուտքում, արևից էլ այն կողմ: Այդ Քարերը ստեղծել են Նոլդոր էլֆերը, կամ հնարավոր է, նույնիսկ, Ֆեանորն ինքը: Դա շատ վաղուց է եղել, այնքան վաղուց, որ տարիների հաշիվը մոռացվել է... Սակայն չկա մի այնպիսի բան, որ Սաուրոնը չկարողանա օգտագործել իր չար նպատակների համար: Հենց այդ պատճառով էլ Սարումանը բռնվել է: Փալանթիրն է կործանել նրան: Օգտագործել իրը, որի մեջ ավելի մեծ իմաստություն է դրված, քան քո սեփականն է, միշտ էլ կործանարար է: Բայց նա ինքն է մեղավոր: Հիմա՛ր: Նա թաքցրել է Քարը և օգտագործել իր սեփական նպատակների համար: Խորհրդում էլ ոչ մի անգամ Փալանթիրների մասին բառ անգամ չի ասել: Իսկ մենք ժամանակ չունեինք մտածելու Գոնդորի Փալանթիրների մասին, և այն մասին, թե ինչ ճակատագրի են արժանացել դրանք այդ թագավորությունը ցնցած ավերիչ պատերազմների ժամանակ: Մարդկանց հիշողության մեջ էլ չեն դրանք պահպանվել. նույնիսկ Գոնդորում շատ քչերն են հիշում դրանց մասին, իսկ Արնորի դունադանների գլխում պահպանվել է միայն այդ միակ երգը:

— Իսկ ինչպե՞ս էին անցյալի մարդիկ օգտագործում այդ Փալանթիրները,— հարցրեց Փինը, զարմացած, որ իր բոլոր հարցերին պատասխանում են և մտածելով, թե որքան երկար կտևի Գենդալֆի այդ տրամադրությունը:

— Դրանց օգնությամբ նրանք տեսնում էին, թե ինչ է կատարվում հեռվում և կարողանում էին մտովի խոսել միմյանց հետ,— ասաց Գենդալֆը: — Փալանթիրների շնորհիվ էր, որ նրանց հաջողվեց այդքան երկար պահպանել Գոնդորի ամբողջականությունը: Փալանթիրները տեղադրված էին Մինաս Անորում, Մինաս Իթիլում և Օրթհանքում: Սակայն բոլորը ենթարկվում էին գլխավոր փալանթիրին. այն գտնվում էր Օսգիլիաթում՝ Աստղային Գմբեթի տակ, որը հիմա ավերված է: Մնացած երեքը պահպանվում էին հեռավոր հյուսիսում: Էլրոնդի տանը պատմում են, որ դրանցից մեկը գտնվում էր Անումինասում, մյուսը՝ Ամոն Սուլում, և երրորդը՝ Էլենդիլի Քարը, Աշտարակների Բլուրներում, որտեղից երևում են Միտլոնդ գետը և մոխրագույն նավերը, որ գտնվում են Լունի ծովածոցում: Փալանթիրները կարողանում էին ազատ կապ հաստատել միմյանց հետ, ընդ որում բոլոր գոնդորյան Քարերը բաց էին Օսգիլիաթի հայացքի համար: Եվ ահա, պարզվում է, որ միայն Օրթհանքն է դիմացել ժամանակի ճնշմանը և իզենգարդյան աշտարակի Քարը երբեք չի լքել իր ապաստանը: Սակայն ի՞նչ կարող էր ցույց տալ այդ Քարն իր տիրոջը, եթե մյուսների հետ կապը կտրված էր: Երևի միայն վաղեմի օրերի իրադարձություններ, ճիշտ է, էլի վատ չէ, բայց, երևում է, Սարումանին դա բավարար չէր: Նա օր-օրի ավելի հեռու էր դիտում, մինչև որ վերջապես հայացքն ընկավ Բարադ-Դուրի վրա: Այդտեղ էլ նա բռնվեց: Ո՜վ գիտի, թե որտեղ են այժմ Արնորի և Գոնդորի Քարերը, հողի տա՞կ են թաքնված, թե՞ ծովի ջրերի խորքում: Բայց, բոլոր դեպքերում, դրանցից մեկն ընկել է Սաուրոնի ձեռքը և դարձել նրա զենքը: Ինձ թվում է, դա Մինաս Իթիլի Քարն է, քանզի այդ ամրոցը նա վաղուց է գրավել և դարձրել չարի կացարան՝ այն հիմա անվանվում է Մինաս Մորգուլ: Դժվար չէ հասկանալ, թե ինչպես է գերվել և շղթայվել Սարումանի թափառող հայացքը, և ինչպես են այդ պահից սկսած վախեցրել ու ահաբեկել նրան: Օրը օրի վրա, տարին տարու վրա Սաուրոնը մեկ համոզելով, մեկ սպառնալով սկսել է կառավարել Սարումանին. գիշատիչը հայտնվել է մեկ այլ գիշատչի ճանկերում... Այժմ Օրթհանքի Քարը դարձել է Բարադ-Դուրի կախարդական հայելին. յուրաքանչյուր ոք, ով կնայի դրա մեջ, անմիջապես կտեղափոխվի ուղիղ Սև Ամրոց և կտեսնի միայն այն, ինչը կուզենա է Սև Տիրակալը, եթե, իհարկե, օժտված չէ երկաթյա կամքով: Իսկ ինչպե՜ս է այն դեպի իրեն ձգում: Ես ինքս եմ դա զգացել: Այն հիմա էլ է ինձ հրապուրում. ուզում եմ փորձել ուժերս, ստուգել, կարո՞ղ եմ արդյոք ազատել փալանթիրը Սաուրոնի իշխանությունից և ուղղել հայացքս՝ որտեղ կուզենամ: Ես կտեսնեի հիասքանչ Թիրիոնը՝ կորած անհուն ծովի ալիքների և ժամանակի մշուշում, կտեսնեի Ֆեանորի անհավատալի գործերը, կփորձեի թափանցել նրա անըմբռնելի մտքերի մեջ, գուցե նույնիսկ տեսնեի նրան աշխատանքի ժամանակ, երբ Ոսկե և Սպիտակ ծառերը ծածկված էին ծաղիկներով...

Գենդալֆը հոգոց հանեց և լռեց:

— Ափսոս, որ այդ մասին ես ոչինչ չգիտեի,— ասաց Փինը: — Իրոք, չէի հասկանում, թե ինչ եմ անում...

— Լավ էլ հասկանում էիր,— ասաց Գենդալֆը: — Գիտեիր, որ վատ ու հիմար բան ես անում և ինքդ էլ քեզ զգուշացնում էիր այդ մասին, բայց չլսեցիր ներքին ձայնիդ: Իսկ ես քեզ այն ժամանակ չզգուշացրեցի, որովհետև միայն հիմա, ճանապարհին խորհելով, այդ ամենը հասկացա: Սակայն նույնիսկ եթե ես քեզ զգուշացնեի, կարծում ես, դա քեզ կկասեցնե՞ր: Բոլորովին էլ ո՛չ: Քանզի դժվար է հավատալ, որ կրակն այրում է, քանի դեռ ձեռքդ չես պահել կրակի վրա: Իսկ հիմա, երբ արդեն այրվել ես, նախքան ձեռքդ կրակին տանելը ավելի երկար կմտածես:

— Ինչի՜ մասին ես խոսում,— վախեցավ Փինը,— արջևս դիր բոլոր յոթ Քարերը, և ես կփակեմ աչքերս ու ձեռքերս կխոթեմ գրպաններս:

— Ուրախ եմ լսել,— ասաց Գենդալֆը,— հենց դրա համար էլ պատմում էի այդ ամենը:

— Հա, մեկ էլ ուզում էի իմանալ... — սկսեց Փինը:

— Ողորմա՜,— բացականչեց Գենդալֆը: — Եթե բավարարեմ քո հետաքրքրասիրությունը պատմություններով, ապա մնացած օրերս ստպված կլինեմ անդադար խոսելով անցկացնել: Դե, Է՞լ ինչ ես ուզում իմանալ:

— Ե՞ս: Բոլոր աստղերի անունները, բոլոր արարածների անունները, Միջերկիր աշխարհի պատմությունը, անդրծովյան երկրների պատմությունը,— ծիծաղեց Փինը: — Բայց ես չեմ շտապում, կարող եմ սպասել: Այն սև ամպի մասին էի ուզում հարցնել, որ ծածկեց լուսինը... Դու բղավեցիր. «Մորդորի Սուրհանդա՛կը»: Դա ի՞նչ է նշանակում: Ի՞նչ էր նրան պետք Իզենգարդում:

— Դա թևավոր Սև հեծյալ էր, Նազգուլ,— պատասխանեց Գենդալֆը: — Ի՞նչ էր պետք: Դե, օրինակ տանել քեզ իր հետ Սև Ամրոց:

— Բայց նա իմ հետևից չէր չէ՞ թռչում,— սարսռաց Փինը: — Չէ՞ որ նա դեռ չէր կարող իմանալ, որ ես...

— Իհարկե չէր կարող,— հաստատեց Գենդալֆը: — Ուղիղ գծով Օրթհանքից Բարադ-Դուր կլինի երկու հարյուր լիգ: Նույնիսկ նազգուլին այդ տարածությունը թռչելու համար առնվազն երեք-չորս ժամ է անհրաժեշտ: Սակայն Սարումանը, իհարկե, օրքերի ջոկատն ուղարկելուց հետո նայել է Քարին՝ տեսնելու, թե ինչպես են ընթանում գործերը, և թշնամին, երևի, կարդացել է նրա մտքերը և իմացել ավելի շատ, քան Սարումանը կուզենար: Սուրհանդակը թռչում էր իմանալու, թե ինչով է զբաղված Սարումանը: Բայց դա չի նշանակում, որ քո հետևից չեն գա: Կգան, մի կասկածիր: Կգան, և շատ շուտով: Եվ Սարումանը կհայտնվի ծուղակում: Գերուն հանձնել նա չի կարող, փալանթիր այլևս չունի: Նշանակում է նա կտրված է աշխարհից, և կարևորը՝ Սաուրոնի հարցերը անպատասխան կմնան: Սաուրոնը, բնականաբար, կորոշի, որ Սարումանը թաքցնում է գերուն և դիտմաբ չի նայում Քարին: Իսկ Նազգուլի առջև արդարանալ՝ անիմաստ գործ է: Իզենգարդը, ճիշտ է, ավերված է, բայց հետո՞ ինչ: Տերը դեռ ողջ է և իր համար նստած է աշտարակում: Մի խոսքով, ցանկանում է Սարումանը թե՝ ոչ, Սաուրոնի աչքերում նա կդառնա ապստամբ և անհնազանդ: Սակայն նա հրաժարվեց մեր օգնությունից, իսկ կարող էր մի ակնթարթում ազատվել բոլոր անախորժություններից: Թե ինչ է նա հիմա անելու, դա մեծ առեղծված է: Կարծում եմ, սակայն, որ քանի դեռ նա մնում է Օրթհանքում, նույնիսկ Ինյակը չի կարող նրա հախից գալ: Ըստ երևույթին, նա հույս ունի դիմադրել: Նա նույնիսկ կարող է Նազգուլ գերի վերցնել, կամ գոնե սպանել նրա տակի թևավոր հրեշին... Եթե դա նրա մոտ ստացվի, թող ռոհանցիները ավելի լավ հսկեն իրենց ձիերին: Բայց ինչով կավարտվի այդ ամենը մեզ համար, չեմ կարող ասել: Բացառված չէ, որ զայրույթը կստիպի Սաուրոնին հետաձգել Սարումանի հետ հաշիվները մաքրելը: Նա կարող է Սարումանից իմանալ, որ ես եղել եմ Իզենգարդում և կանգնած եմ եղել Օրթհանքի աստիճաններին, իսկ իմ հետևում կանգնած են եղել նրան այդքան հետաքրքիր հոբիթները: Գուցե նա իմանա նաև, որ հայտնվել է Էլենդիլի ժառանգը և կանգնած է եղել իմ կողքին: Եթե ռոհանյան զրահները չեն շփոթեցրել Օձալեզվին, նա կհիշի, թե ով է Արագորնը և ինչ պահանջներ է նա ներկայացնում: Հենց դրանից էլ ամենաշատը վախենում եմ: Եվ ահա մենք փախչում ենք վտանգից, թեպետ, ճիշտն ասած, ավելի մեծ վտանգին ընդառաջ: Քանզի Լուսաչը տանում է մեզ Խավարի Երկիր, Փերեգրի՛ն Տուկ:

Փինը չպատասխանեց, միայն ավելի պինդ փաթաթվեց թիկնոցի մեջ, ասես նրան պատեց հանկարծակի ցուրտը: Շուրջը միայն անծայրածիր մոխրագույն հարթավայր էր:

— Տեսնու՞մ ես,— ցույց տվեց Գենդալֆը: — Մենք մոտենում ենք Վեսթֆոլդի հովիտներին: Լուսաչը դուրս է եկել ուղի և հիմա սլանում է ուղիղ արևմուտք: Ա՜յ այն մուգ բիծը Արևմտյան Կիրճի մուտքն է. եթե թեքվեինք այնտեղ, կարող էինք այցելել Ագլարոնդ՝ Փայլփլուն Քարանձավներ: Բայց դրանց մասին ինձ հարցեր չտաս. հարցրու Ջիմլիին, երբ կրկին հանդիպես նրան, և կիմանաս այդ ժամանակ, թե ինչ երկար պատասխաններ են ունենում կարճ հարցերը: Սակայն այդ Քարաձավներն այս անգամ դու չես տեսնի. մեր ճանապարհորդության նպատակն այլ է: Շուտով դրանք կմնան հեռու՜ հետևում:

— Ինչպես թե, իսկ ես մտածում էի, որ մենք գնում ենք Հելմյան Իջվածք,— զարմացավ Փինը: — Եվ ու՞ր ենք մենք գնում այդ դեպքում:

— Մինաս Թիրիթ, քանի դեռ պատերազմի ալիքները չեն շրջապատել այն:

— Օհո, իսկ այն հեռու՞ է:

— Հեռու է,— պատասխանեց Գենդալֆը: — Երեք անգամ ավելի հեռու է, քան Թեոդեն թագավորի Ոսկե Ապարանքը, իսկ մինչև այնտեղ հարյուր հիսուն լիգ կլինի, եթե թռչես Մորդորի սուրհանդակի պես ուղիղ գծով: Լուսաչի ճանապարհն ավելի երկար է, բայց կտեսնենք, թե ով առաջինը կհասնի: Մենք մինչև առավոտ կսլանանք, իսկ հետո կհանգստանանք ինչ-որ տեղ լեռներում՝ հանգստանալ պետք է նույնիսկ Լուսաչին: Լավ կլիներ մինչ այդժամ հասնեինք Էդորաս: Փորձիր քնել: Երբ արթնանաս՝ կտեսնես արևի առաջին ճառագայթների ցոլքը Էորլի տան ոսկեզօծ տանիքին: Եվս երկու օր անց մեզ կծածկի Մինդոլուին լեռան մանուշակագույն ստվերը և լուսաբացը կդիմավորենք Դենեթորի մեծ ամրոցի սպիտակ պարիսպների տակ:

Սլացի՛ր, Լուսաչ, սլացիր, իմ հավատարի՛մ ընկեր, ինչպես դեռ երբեք չես սլացել: Դու այս մարգագետիններում ես մեծացել և ճանաչում ես այստեղ յուրաքանչուր քար: Առա՜ջ, աբմողջ հույսը քո վրա է:

Լուսաչը թափահարեց գլուխը, բարձր խրխնջաց, ասես լսեց մարտական եղջերափողի կանչը, և այնպես նետվեց առաջ, որ սմբակների տակից կայծեր թռան, և գիշերվա խավարը նահանջեց նրա առջև:

Փինն աստիճանաբար ընկղմվում էր քնի մեջ, և նրան թվում էր, թե նժույգն անշարժ է, ինչպես քարե արձանը, իսկ սմբակների տակով, քամու աղմուկի և սուլոցի ուղեկցությամբ, սլանում է հողը:

ԳԻՐՔ ՉՈՐՈՐԴ

Գլուխ առաջին. Սմեագորլի սանձահարումը

— Հայտնվել ենք փակուղում, տեր իմ,— ասաց Սեմ Գեմջին: Նա, անհույս կորացած, կանգնած էր Ֆրոդոյի կողքին և լայն բացված աչքերով նայում էր խավարին:

Երրորդ անգամ էր արդեն մթնում, ինչ նրանք փախել էին ընկերներից, եթե իհարկե չէին խառնել հաշիվը՝ առանց դադարի մագլցելով Էմին Մուիլի բարձրավանդակի քարքարոտ լանջերով ու քարափներով: Երբեմն նրանք դեմ էին առնում պատնեշի և ստիպված էին լինում վերադառնալ իրենց հետքերով, իսկ երբեմն էլ հայտնաբերում էին, որ շրջան գծելով դուրս են եկել այնտեղ, որտեղ եղել էին մի քանի ժամ առաջ:Եվ այնուհանդերձ Սեմն ու Ֆրոդոն անշեղորեն շարժվում էին դեպի արևելք՝ աշխատելով հնարավորինս չհեռանալ քարերի և ժայռերի այդ տարօրինակ լաբիրինթոսի արտաքին եզրից: Լեռների մռայլ և անառիկ պատը ամենուրեք ուղղահայաց կախվում էր ներքև: Ստորոտում, ժայռաբեկերների ու խճաքարերի կույտերից այն կողմ, տարածվում էր կանաչա-մանուշակագույն տաղտկալի ճահճուտը, մեռած ու անշարժ: Նույնիսկ թռչուններ չկային այնտեղ:

Հոբիթները կանգնած էին բարձր, լերկ ու ձանձրալի քարափի եզրին, որի ստորոտը կորչում էր մշուշում, իսկ նրանց հետևում վեր էր խոյանում ամպերով պարուրված հողմահար ժայռերի քաոսը: Արևելքից սառը քամի էր փչում: Գիշեր էր իջնում ճահճուտի վրա. պղտոր-կանաչ գույնը գույնը փոխվում էր մոխրա-շագանակագույնի: Աջակողմյան հեռվում անանցանելի մշուշ էր, բայց ցերեկը, երբ երևում էր արեգակը, այնտեղ փայլում էր Անդուինի ժապավենը: Սակայն հոբիթները չէին նայում ոչ Գետից այն կողմ, ոչ Գոնդորի ուղղությամբ, թեև այնտեղ ինչ-որ տեղ գտնվում էին նրանց բարեկամները: նրանք նայում էին բոլորովին այլ կողմ՝ այնտեղ, որտեղից մոտենում էր փոթորկալից գիշերը, որտեղ տարածվում էր հեռավոր լեռների մութ գիծը, նման անշարժ ծխի քուլաների: Ժամանակ առ ժամանակ այնտեղ, երկնքի ու երկրի սահմանին, ինչ-որ բոսորագույն բռնկումներ էին երևում:

— Փակուղում... — հոգոց հանեց Սեմը: — Առջևում տարածող այդ երկիրը Միջերկրի միակ վայրն է, որտեղ ես բոլորովին չեմ ուզում գնալ, բայց ահա քեզ խնդրեմ՝ մեզ հենց էնտեղ է պետք: Պետքը պետք է, բայց ոնց պտտվում ես, ճամփա չկա: Երևում է, մենք առհասարակ սխալ ուղղությամբ ենք շարժվել: Ներքև իջնելու հնար չկա, իսկ եթե իջնես էլ՝ մինչև ականջներդ կխրվես դժվարանցանելի ճահճուտում: Թու՛, բա հոտը, զգու՞մ եք: — Եվ քիթը ֆսֆսացրեց:

— Հա, զգում եմ,— արձագանքեց Ֆրոդոն, բայց տեղից չշարժվեց: Նրա հայացքը գամված էր հորիզոնի մութ գծին, որտեղ մերթ ընդ մերթ բռնկվում էր բոսոր կրակը:

— Մորդոր,— կիսաձայն քրթմնջաց նա: — Եթե ստիպված եմ այնտեղ գնալ, ապա ի՞նչ իմաստ ունի ձգելը: Ինչքան արագ հասնենք, այնքան շուտ կվերջացնենք:

Նա ցնցվեց: Քամին թափանցում էր մինչև ոսկորները, բայց թարմություն չկար դրա մեջ, միայն խիտ, ծանր գարշահոտություն:

— Դե լավ,— վերջապես հայացքը շրջելով ասաց Ֆրոդոն: — Փակուղին փակուղի, բայց գիշերն այստեղ մնալ չի կարելի: Արի հարմար, անքամի տեղ գտնենք և գիշերենք: Իսկ առավոտյան մեկ էլ տեսար դուրս պրծանք:

— Դուրս կպրծնենք, ոնց չէ,— փնթփնթաց Սեմը,— ու էնպես տեղ կընկնենք, որտեղից առհասարակ էլ դուրս չենք գա: Սխալ ճանապարհով ենք գնում, ահա թե ինչ:

— Ոչ, կարծում եմ ճանապարհ կգտնվի,— ասաց Ֆրոդոն: — Եթե ինձ վիճակված է ընկնել խավարի տիրույթ, ապա ինչ էլ լինի, ճանապարհ կգտնվի: Այլ հարց է՝ դա ինչ ճանապարհ կլինի, չա՞ր, թե՞ բարի: Մեր հույսն արագության վրա է, հապաղելը հավասար է մահվան: Իսկ մենք՝ ահա խնդրեմ, նորից ենք խրվել: Գուցե Սև Ամրոցի չար կա՞մքն է մեզ հակառակվում: Էհ, ինչ էլ անեմ ես՝ հիմարս, ամեն ինչ թարս է ստացվում. պետք էր վաղուց հեռանալ ջոկատից, դեռ հյուսիսում: Կշրջանցեինք Էմին Մուիլը և հարթ, չոր հարթավայրով կգնայինք արևելք Ճակատամարտի Դաշտով, իսկ այնտեղից Մորդորն արդեն հեռու չէ: Իսկ հիմա հետդարձի ճանապարհ այլևս չենք գտնի, և բացի այդ, Գետի ափերին վխտում են օրքերը: Ամեն մի կորցրած օրը հաշիվ է, իսկ մենք հա պտտվում ենք... Գիտես, Սեմ, ես հոգնել եմ, ազնիվ խոսք: Հոգնել եմ ու չգիտեմ ինչ անենք: Ուտելիք գոնե ունե՞նք:

— Հա, բայց միայն էդ, ինչ էին դրանք... գալեթներից, տեր իմ: Ուրիշ բան չունենք: Բայց բավականաչափ պաշար ունենք: Երբ առաջին անգամ փորձեցի դրանք, մտածում էի, որ դրանցից հետո էլ ուրշ բան չեմ ուզի: Իսկ հիմա ուզում եմ: Հիմա որ մի կտոր սովորական հաց լիներ ու մի գավաթ, կամ թեկուզ կես գավաթ գարեջուր՝ այ դա ուրի՜շ բան: հետս կաթսա ու թավա եմ վերցրել, բայց օգու՞տը: Էստեղ ոչ կրակ կվառես, ոչ էլ սարքելու բան կա: Իսկի խոտ չես գտնի, որ եփես:

Նրանք հեռացան քարափի եզրից և իջան քարքարոտ ձորակը: Մայր մտնող արևը կորել էր ամպերի հետևում, և գիշերը շուտ եկավ: Շատ վատ քնեցին. ցուրտը խանգարում էր, և նրանք անընդհատ շուռումուռ էին գալիս մի կողքից մյուսը վիթխարի ժայռերով շրջապատված իրենց քարե ապաստանում: Սակայն այդ քարերը պաշտպանում էին նրանց արևելյան քամուց:

— Դուք դրանք այևս չե՞ք տեսել, տեր իմ,— հարցրեց Սեմը, երբ նրանք, մոխրագույն աղջամուղջում նստած, առավոտյան ցրտից դողալով, ծամում էին էլֆական գալեթները:

— Ոչ,— ասաց Ֆրոդոն,— ես արդեն երկու գիշեր է ոչ լսել եմ, ոչ տեսել:

— Ես էլ,— ասաց Սեմը: — Բ՛ռռ, ա՛յ թե վախեցրին ինձ էդ աչքերը: Գուցե մենք վերջապես ազատվեցի՞նք այդ նողկալի արարածից: Գոլլում... Ա՛յ թե ձեռքս կընկնի, գո՛լլում ցույց կտամ դրան:

— Հուսով եմ բանը դրան չի հասնի,— ասաց Ֆրոդոն: — Չգիտեմ, թե ինչպես է հետևել, բայց այժմ, երևում է, կորցրել է հետքը: Չոր քարերի ոչ միայն հետք՝ հոտ էլ չի մնա, թեպետ շան հոտառություն ունի նա...

— Լավ կլինի, եթե կորցրած լինի,— հոգոց հանեց Սեմը,— բայց ավելի լավ կլիներ, եթե նրանից առհասարակ ազատվեինք:

— Համամիտ եմ,— ասաց Ֆրոդոն,— առանց նրա էլ յոլա կգնանք: Բայց հիմա ինձ այլ բան է անհանգստացնում: Հարկավոր է ինչքան հնարավոր է արագ իջնել այս լեռներից: Զզվու՛մ եմ արդեն. արևելքից նայում են, փնտրում, իսկ մենք, ոնց որ հատուկ, կանգնել ենք քարափի գլխին, այնինչ մեր և խավարի միջև, որ փռված է այնտեղ, ոչինչ չկա, միայն մեռյալ ճահիճներ: Իսկ դրանցից այն կողմ՝ Աչքը... Գնա՛նք, արա՛գ, այսօր մենք անպայման պետք է իջնե՛նք այստեղից:

Բայց օրն անցավ, եկավ երեկոն, իսկ նրանք առաջվա պես պտտվում էին վերևում. ներքև ճանապարհ չկար ու չկար: Երբեմն քարե անապատի լռության միջից թվում էր, թե բոբիկ ոտքերի քստքստոց է գալիս, կամ ընկնող քարերի ձայն: Հոբիթները կանգնում էին ու լարում լսողությունը՝ ոչ մի ձայն, միայն քամին էր հառաչում՝ հարվածելով ժայռերին, բայց նույնիսկ այդ ձայնը հիշեցնում էր նրանց, թե ինչպես էր նա ատամների արանքից սուլոցով ներս քաշում օդը:

Լեռնաշխթայի արտաքին պատը, որտեղով նրանք գնում էին ամբողջ օրը, աստիճանաբար թեքվում էր հյուսիս: Եզրի երկայնքով ձգվում էր հողմահար, բայց բավականաչափ լայն քիվը՝ ծածկված մանր ճեղքերով: Ճեղքերը գնալով ավելի հաճախ էին հանդիպում, ավելի խորն էին դառնում, և Ֆրոդոն ու Սեմը դրանք շրջանցելու համար աստիճանաբար հեռանում էին դեպի ձախ՝ լեռնաշղթայի խորքը՝ մղոնը մղոնի հետևից աննկատ իջնելով գագաթից:

Վերջապես ստիպված եղան կանգ առնել: Պատը կտրուկ թեքվում էր դեպի գետը, իսկ առջում սևին էր տալիս մի նոր ճեղք, որը մինչ այդ պատահած բոլոր ճեղքերից ամենախորն էր: Ճեղքի մյուս կողմում ժայռը կտրուկ բարձրանում էր վեր: Այդ մոխրագույն,ուղղհայաց պատը ասես կտրված լիներ հսկայական կացնով: Դեպի առաջ ճանապարհ չկար, մնում էր ընտրել՝ աջ գնալ, թե ձախ: Գնալ ձախ՝ նշանակում էր դժվարին վերելք բարձրանալ և նորից մտնել քարե լաբիրինթոսի խորքը, իսկ աջ գնալով դուրս էին գալիս անդունդի եզրը:

— Ստիպված ենք իջնել ներքև և թեքվել աջ, Սեմ,— ասաց Ֆրոդոն: — Տեսնենք այդ ձորը մեզ ուր դուրս կբերի:

— Անդունդի եզրը,— մռայլ արձագանքեց Սեմը:

Ճեղքն ավելի երկար ու խորն էր, քան թվում էր սկզբում: Շուտով հոբիթները թերաճ, ծուռումուռ ծառերի հանդիպեցին. հիմնականում գաճաճ կեչիներ էին, և հազվադեպ՝ սոճիներ: Մեծ մասը չորացած էին, մեռած՝ արևելյան քամին անգթորեն քայքայել էր: Ըստ երևույթին մի ժամանակ, երբ եղանակը ավելի մեղմ էր, այստեղ անտառ էր եղել՝ չորացած կոճղերը ցցված էին մինչև անդունդի եզրը: Ձորի հատակը ծածկված էր մանր քարերով և կտրուկ իջնում էր ներքև: Երբ վերջապես հոբիթները հասան անդունդի եզրին, Ֆրոդոն պառկեց փորի վրա և նայեց ներքև:

— Հապա նայի՛ր,— ասաց նա,— կարգին իջել ենք: Իսկ գուցե ժայռե՞րն են իջել: Ինձ թվում է գործներս բավականին հեշտացավ:

Սեմը ծնկի իջավ նրա կողքին և դժկամությամբ նայեց ներքև: Հետո խեթ-խեթ նայեց ձախ կողմում վեր խոյացող ժայռին:

— Հեշտացավ, բա ո՜նց,— մրթմրթաց նա: — Երևի իջնելն ավելի հեշտ կլինի, քան բարձրանալը: Թռչել չգիտես՝ ցատկիր:

— Ցատկելու համար շատ է բարձր,— ասաց Ֆրոդոն: Նա հայացքով չափեց բարձրությունը: — Տասնութ սաժեն կլինի, ոչ ավելի:

— Կցատկենք,— հավատացրեց Սեմը: — Ա՜խ, տանել չեմ կարողանում նայել ներքև էսպիսի բարձրոււթյունից: Բայց նայելը, այնուամենայնիվ, իջնելուց հեշտ է:

— Ամեն դեպքում իջնել պետք է,— որոշեց Ֆրոդոն: — Համենայն դեպս արժե փորձել: Նայիր, ժայռն էլ է այստեղ ուրիշ, հարթ է ու ճեղքապատ:

Եվ իսկապես պատն այստեղ առաջվա պես ուղղաձիգ չէր: Հիմա այն ավելի շատ փլուզված հիմքով հողապատնեշ էր հիշեցնում, և ամբողջ մակերևույթը ծածկված էր ճեղքերով ու ծալքերով, որոնք տեղ-տեղ նման էին անհարթ աստիճանների:

— Եթե իջնում ենք, բեր ժամանակ չկորցնենք,— ասա Ֆրոդոն: — Շուտ է մթնում և, ինձ թվում է, շուտով ամպրոպ է լինելու:

Հեռավոր լեռները պարուրած աղոտ մշուշը, հետզհետե խտանալով, վերածվեց թանձր խավարի և սողաց դեպի արևմուտք: Ուժեղացող քամին իր հետ ամպրոպի որոտ բերեց: Ֆրոդոն հոտոտեց օդը, կասկածանքով նայեց երկնքին, կապեց գոտին թիկնոցի վրայից, ուղղեց մեջքից կախված տոպրակն ու քայլեց դեպի անդունդի եզրը:

— Պետք է փորձել,— ասաց նա:

— Որ էդպես է՝ լավ,— մռայլ համաձայնեց Սեմը: — Միայն թե առաջինը ես կփորձեմ:

— Դու՞,— զարմացավ Ֆրոդոն: — Այդ ի՞նչ ճանճ քեզ կծեց: Քիչ առաջ լսել էլ չէիր ուզում այդ մասին: Արագ ես կարծիքդ փոխում:

— Ոչ մի բան էլ չեմ փոխում,— առարկեց Սեմը: — ուղղակի կարծում եմ, տեր իմ, որ առաջ պետք է իջնի նա, ով առաջինն է սայթաքում: Թե չէ մեկ էլ տեսար ընկա ձեր գլխին: Համ ես կզոհվեմ, համ էլ ձեզ հետս քարշ կտամ:

Եվ մինչ Ֆրոդոն կհասցներ աչքերը թարթել, Սեմը նստեց, ոտքերը կախեց, շրջվեց փորի վրա ու կախվեց ներքև՝ փորձելով որևէ ելուստ գտնել ոտքը դնելու համար:

— Կանգնի՛ր, Սե՛մ, հիմարի՛ մեկը,— ճչաց Ֆրոդոն: — Կընկնես կջարդվես, գոնե սկզբում նայիր ուր ես նետվում: Հե՛տ արի: — Նա բռնեց Սեմի թևատակերից և բարձրաձրեց նրան վերև: — Սպասիր մի փոքր, շտապելու հարկ չկա: Նա պառկեց փորի վրա ու նայեց ներքև, բայց շատ բան չտեսավ. մթնում էր, թեև արևը դեռ մայր չէր մտել: — Այո, կարծում եմ կհաղթահարենք այս վայրեջքը,— մի փոքր լռելուց հետո ասաց նա: — Ես՝ հաստատ կհաղթահարեմ: Դու էլ, եթե քեզ հիմարի տեղ չդնես: Անշտապ ու զգուշորեն իջիր իմ հետևից:

— Ինքներդ ձեզ առույգացնու՞մ եք,— ասաց Սեմը: — Ախր ներքևում ոչինչ չի երևում: Իսկ եթե կեսն իջնենք ու ոտք դնելու տեղ էլ չլինի՞:

— Հետ կվերադառնանք,— առաջարկեց Ֆրոդոն:

— Ասելը հեշտ է,— առարկեց Սեմը: — Իմ կարծիքով ավելի լավ է սպասել մինչև առավոտ: Գոնե լույս կլինի:

— Ոչ մի դեպքու՛մ,— բարկացավ Ֆրոդոն: — Ինձ համար ամեն ժամը, ամեն րոպեն թա՛նկ է: Ես իջնու՛մ եմ: Իսկ դու խելոք նստիր մինչև հետ կգամ, կամ կկանչեմ:

Մատներով կառչելով քարե ելուստից, նա սկսեց զգուշորեն սողալ պատի վրայով, կախվեց ձեռքրի վրա և շոշափելով ոտքերի համար հենակետ գտավ:

— Առաջին քայլն արված է,— հայտարարեց նա,— այստեղ հատակ կա. ձգվում է դեպի աջ ու լայնանում: Կարելի է կանգնել առանց ձեռքերով բռնվելու: Հիմա... — Բայց այդտեղ նրա ձայնը կտրվեց:

Արևելքից սրընթաց եկող խավարը մի ակնթարթում պատեց ողջ երկնակամարը: Գլխավերևում ճայթեց ամպրոպը, և կուրացուցիչ կայծակը հարվածեց ժայռերին: Սրընթաց փչեց կատաղած քամին՝ իր հետ բերելով մի երկարաձիգ, սահմռկեցնող ոռնոց՝ այն նույն ոռնոցը, որ լսել էին Հոբիթստանում: Նույնիսկ այնտեղ՝ հարազատ անտառներում, հոբիթների արյունը սառավ երակնեում, իսկ այստեղ, տանից հեռու ամայի լեռնորում, այդ ոռնոցը հարյուրապատիկ սարսափելի թվաց և խոցեց նրանց սրտերը սարսափի և հուսահատության սառցե շեղբով: Երկու հոբիթի շունչն էլ կտրվեց, սրտերը դադարեցին բաբախել: Սեմը բերանքսիվայր ընկավ գետնին, Ֆրոդոն ակամա թուլացրեց մատները և ձեռքերով փակեց ականջները: Բայց կտրուկ շարժումից օրորվեց, սայթաքեց և սրտաճմլիկ ճիչ արձակելով սահեց ներքև:

Սեմը լսեց Ֆրոդոյի ճիչը և, ինքն իրեն հաղթահարելով, սողաց դեպի եզրը:

— Տե՜ր իմ,— կանչեց նա,— տե՜ր իմ:

Պատասխան չկար: Սեմը նկատեց, որ ամբողջ մարմնով դողում է: Դողը հաղթահարելով, նա խորը շունչ քաշեց և նորից կանչեց.

— Տե՜ր իմ:

Քամին հափշտակեց նրա ճիչը և տարավ լեռների խորքը: Բայց այդ պահին Սեմի ականջներին հասավ թույլ, հազիվ լսելի պատասխանը.

— Ես այստեղ եմ, այստե՜ղ: Միայն թե ոչինչ չեմ տեսնում:

Սեմը հազիվ էր լսում Ֆրոդոյի ձայնը, բայց Ֆրոդոն, ինչպես շուտով պարզվեց, այնքան էլ հեռու չէր սահել: Նա չէր ընկել, միայն սահել էր փորի վրա՝ բարեբախտաբար ժայռը հարթ էր, իսկ քամին թիկունքից էր փչում, և հայտնվել էր ավելի լայն ելուստի վրա: Նրա սիրտը կատաղի բաբախում էր: Ավելի հարմար տեղավորվելով՝ նա դեմքով սեղմվեց սառը քարին: Շուրջը սևից էլ սև էր. կամ խավարն էր խտացել, կամ աչքերն էին դադարել տեսնել: «Գուցե կուրացե՞լ եմ»,— վախեցավ Ֆրոդոն և փորձեց շունչը տեղը բերել:

— Վերադարձե՜ք, վերադարձե՜ք,— անթափանց մթությունից լսվեց Սեմի վախեցած ձայնը:

— Չե՛մ կարող,— արձագանքեց Ֆրոդոն,— ես ոչինչ չեմ տեսնում: — Այստեղ բռնվելու տեղ էլ չկա, հազիվ եմ շարժվում:

— Ո՞նց օգնեմ ձեզ, տեր իմ, ո՞նց օգնեմ,— գոռաց Սեմը՝ կախվելով անդունդի վրա: Էդ ինչու՞ տերը ոչինչ չի տեսնում: Դե հա, մութ է, իհարկե, բայց ոչ այնքան, որ ոչինչ չերևա: Նա Ֆրոդոյին տեսնում էր. միայնակ մոխրագույն կերպարանք՝ տարածված ժայռի վրա: Երևալը երևում է, բայց ո՞նց հասնի նրան:

Կրկին որոտաց ամպրոպը, և սառցե անձրև ու կարկուտ տեղաց: Քարափը մի ակնթարթում ծածկվեց գորշ վարագույրով:

— Հիմա կիջնեմ ձեզ մո՛տ,— գոռաց Սեմը, թեև գաղափար չուներ, թե իջնելուց հետո ինչով կարող է օգնել տիրոջը:

— Ո՛չ, ո՛չ, սպասիր,— ճչաց Ֆրոդոն: Նրա ձայնն ամրացավ: — Ես հիմա ուշքի կգամ, արդեն լավ եմ: Մի՛ շտապիր: Միևնույնն է, առանց պարանի ոչինչ չի ստացվի:

— Պարա՜ն,— ուրախությունից թեթևացած բացականչեց Սեմը: — Ա՜խ դու հիմար: Քեզ կախե՛լ է պետք այդ պարանից՝ մյուս հիմարներին ի տե՛ս: Դու դատարկագլուխ հիմար ես, Սեմ Գեմջի, ինչպես կասեր իմ ծերուկը: Պարա՛ն...

— Հերի՛ք է հիմարություններ դուրս տաս,— ճչաց Ֆրոդոն՝ չիմանալով բարկանա, թե ծիծաղի: — Քո ծերուկն այստեղ ի՞նչ կապ ունի: Ուզում ես ասել, որ գրպանումդ պարա՞ն կա: Դրա համա՞ր ես ինքդ քեզ հայհոյում: Այդ դեպքում գտի՛ր այն ու գցիր այստե՛ղ:

— Ոչ թե գրպանում, տեր իմ, այլ տոպրակում: Այ քեզ բան, հարյուրավոր մղոններ քարշ եմ տվել հետս, բայց հենց պետք եկավ, մոռացա:

— Դե ուրեմն դադարիր խոսել ու ծայրը գցիր ինձ:

Սեմը մի ակնթարթում քանդեց տոպրակի բերանը և սկսեց փնտրել: Հատակին իսկապես մի կծիկ թավշյա մոխրագույն լորիենյան պարան գտնվեց: Սեմը պարանի ծայրը նետեց տիրոջը: Ֆրոդոյի աչքերը պատած խավարի վարագույրը հետզհետե նահանջում էր, տեսողությունը կամաց-կամաց վերականգնվում էր: Նա հստակ տեսավ պարանի ծայրը. այն օրորվում էր քամուց, և Ֆրոդոյին թվաց, թե արծաթավուն լույս է ճառագում: Գլուխը դադարեց պտտվել: Պարանի ծայրը բռնելով, հոբիթն այն փաթաթեց մարմնի շուրջը և երկու ձեռքերով ամուր կառչեց:

Սեմը հետ գնաց, ոտքերով հենվեց կոճղին և սկսեց ձգել: Մեկ ձգվելով, մեկ ոտքերով ժառի վրայով մագլցելով, Ֆրոդոն բարձրացավ վերև և անուժ փլվեց քարերի վրա:

Ամպրոպի որոտը հեռացել էր, բայց անձրևը թափվում էր առաջվա պես: Հոբիթները սողացին ձորի խորքը և թաքնվեցին քարերի հովանու տակ, սակայն դա նրանց այնքան էլ չօգնեց: Ձորի հատակով արդեն առուներ էին հոսում, որոնք շուտով հավաքվելով փրփրուն հոսանք դարձան: Հոսանքը անդունդի եզրից ջրվեժի պես թափվում էր ցած:

— Ես այնտեղ կամ կխեղդվեի, կամ հոսանքն ինձ ուղղակի կքշեր ներքև,— ասաց Ֆրոդոն: — Հրաշք է, որ պարան գտնվեց:

— Հրաշք կլիներ, եթե ես՝ ցրվածս, ավելի շուտ հիշեի դրա մասին,— փնչացրեց Սեմը: — Ախր երբ հեռանում էինք էլֆերի երկրից, նրանք ամեն նավակում երեքական կծիկ պարան դրեցին: Հիշու՞մ եք, տեր իմ: Նրանց պարանը ինձ շատ դուր եկավ, և ես կծիկներից մեկը գցեցի տոպրակս: Թվում է, թե հարյուր տարի է անցել: «Մեկ անգամ չէ, որ պետք կգան» — էդպես ասաց ինձ այն ժամանակ Հալդիրը: Կամ մեկ ուրիշը, չեմ հիշում: Եվ նա իրավացի էր:

— Ափսոս մտքովս չի անցել մի կծիկ էլ ես վերցնեի,— ասաց Ֆրոդոն: — Թեպետ այնպես արագ փախանք, որ մտածելու ժամանակ էլ չունեցանք: — Էհ, մի կծիկ էլ լիներ, հիմա հեշտությամբ կիջնեինք ներքև: Ապա ստուգիր, Սեմ, ինչքա՞ն է երկարությունը:

Սեմը սկսեց պարանը փաթաթել արմունկին:

— Հինգ, տաս, քսան, երեսուն... քառասուն կանգունից պակաս չի լինի,— ասաց նա:

— Չի՛ կարող պատահել,— ուրախացավ Ֆրոդոն:

— Չի՞ կարող,— կրկնեց Սեմը: — Զարմանալի ժողովուրդ են էլֆերը: Տեսքից պարանը կարծես թե բարակ է, բայց հո՛ ամուր չէ: Ու փափուկ-փափուկ: Պստլիկ կծիկ, ու տեղ էլ չի՛ զբաղեցնում: Զարմանալի ժողովուրդ են, ճիշտ եմ ասում:

— Քառասուն կանգուն... — հաշվում էր, Ֆրոդոն: — Պետք է որ հերիքի: Եթե մինչև գիշերը գալը ամպրոպը վերջանա, թերևս, կփորձեմ իջնել:

— Անձրևն արդեն համարյա կտրվում է,— նկատեց Սեմը: — Բայց պարոն Ֆրոդո, արժե՞ արդյոք ռիսկի դիմել այս մթության մեջ: Իսկ այն ոռնոցը, ինչ է, մոռացե՞լ եք: Մինչև հիմա դեռ ականջներիս մեջ է: Հաստատ Սև Հեծյալ էր... Շնորհակալություն՝ թռչել չգիտեն: Իսկ գուցե սովորե՞լ են: Եկեք ավելի լավ է մինչև առավոտ մնանք այս փոսում:

— Իսկ ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի րոպե չի կարելի մնալ,— ասաց Ֆրոդոն: — Ճահիճների հետևից Սև Երկիրն է ուշադիր հետևում, իսկ մենք կանգնած ենք այստեղ ի տես:

Այս խոսքերով էլ նա վեր կացավ ու վճռականորեն գնաց դեպի անդունդի եզրը: Արևելքում երկինքը աստիճանաբար մաքրվում էր: Երկնքով լողում էին ծանր, խոնավությամբ հագեցած ամպերի վերջին ծվենները: Նույնիսկ Էմին Մուիլի գլխին կուտակված փոթորիկը, որտեղ հապաղում էր Սաուրոնի մութ միտքը, կամաց-կամաց շրջվեց արևմուտք և փլվեց Անդուինի հովտի գլխին՝ պարուրելով Մինաս Թիրիթը մռայլ, չարագույժ խավարով: Հետո դանդաղ սահեց Գոնդորի վրայով դեպի Ռոհանի հարթավայրը և մթնեցրեց մայրամուտը ռոհանցի հեծյալների աչքերի առջև, որոնք սլանում էին այդ պահին դեպի հարավ: Բայց այստեղ, գարշահոտ ճահիճների և քարե անապատի գլխին, կրկին երևաց մուգ կապույտ երկինքը, և շուտով այնտեղ առկայծեցին մի քանի գունատ աստղեր՝ ասես փոքրիկ սպիտակ անցքեր լուսնի վրա գցված ծածկոցի վրա:

— Ի՜նչ լավ է նորից տեսնել,— բացականչեց Ֆրոդոն՝ ամբողջ կրծքով խորը շնչելով: — Ես էլ մի պահ մտածեցի, թե կուրացել եմ՝ կայծակից, կամ ավելի վատ բանից: Ոչինչ չէի տեսնում, ու մեկ էլ հանկարծ տեսա այդ մոխրագույն պարանի ծայրը: Ինձ նույնիսկ թվաց, թե այն լուսարձակում է:

— Իսկապես, մթության մեջ պարանն ասես արծաթից լինի,— հաստատեց Սեմը: — Առաջ ես դա չէի նկատել: Չնայած որտեղի՞ց պետք է նկատած լինեի, եթե տոպրակիս հատակին մինչև հիմա ընկած էր: Եթե դուք այդպես պնդում եք, որ մենք այսօր իջնենք, ապա ասեք ինձ, ինչպե՞ս եք պատրաստվում օգտագործել պարանը: Քառասուն կանգունը, ըստ երևույթին, տասնութ սաժեն կլինի: Պետք է որ հերիքի, եթե ճիշտ եք հաշվել բարձրությունը:

— Կապիր կոճղից, Սեմ,— մի փոքր մտածելուց հետո կարգադրեց Ֆրոդոն: — Այս անգամ թող քո ասածով լինի, կիջնես առաջինը: Ես քեզ կիջեցնեմ, բայց չմոռանաս. հրվիր ժայռից ոտքերով ու ձեռքերով: Եթե մեկ-երկու անգամ ինչ-որ ելուստ գտնես, կանգնես վրան ու թողնես, որ մի փոքր հանգստանամ, դա միայն կօգնի գործին: Հասնես հատակին, պարանն ինձ կտաս՝ ու ես քո հետևից: Ես արդեն լավ եմ ինձ զգում:

— ինչպես կասեք,— մռայլ ասաց Սեմը: — Լավ, ինչ լինելու է, թող լինի:

Նա պարանը կապեց կոճղից, մյուս ծայրը փաթաթեց գոտկատեղին, շրջվեց ու դժկամությամբ սողաց դեպի անդունդը:

Պարզվեց, որ իջնելն այնքան էլ սարսափելի չէր, որքան նրան թվում էր: Պարանն ինչ-որ վստահություն էր ներշնչում Սեմին, թեև, ամեն անգամ ներքև նայելուց, նա վախեցած փակում էր աչքերը: Միայն մի դժվարին տեղ հանդիպեց. ժայռը բոլորովին հարթ էր և, Սեմը հենվելու տեղ չգտնելով, ամբողջ ծանրությամբ կախվեց պարանից: Սակայն Ֆրոդոն ուշադիր էր. նա դանդաղ ու հավասարաչափ բաց էր թողնում պարանը, և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Ամենից շատ Սեմը վախենում էր, որ պարանը կավարտվի, իսկ թռչելու համար դեռ բարձր կլինի: Բայց երբ նա ոտքի կանգնեց ու բղավեց. «հասե՛լ եմ», Ֆրոդոյի ձեռքին դեռ բավականին մեծ կտոր պարան էր մնացել: Սեմի ձայնը գերազանց լսվում էր, բայց նրան տեսնել հնարավոր չէր. էլֆական մոխրագույն թիկնոցը լուծվել էր մթնշաղում:

Ֆրոդոյի վայրեջքն ավելի երկար տևեց: Նա պարանը փաթաթեց մարմնի շուրջը, ստուգեց, ամուր է արդյոք այն կապված կոճղից, կարճացրեց՝ եթե ինչ-որ բան լինի, կկախվի օդում, ոչ թե կծեփվի գետնին, և սկսեց իջնել: Նա չէր ուզում ռիսկի դիմել և աշխատում էր օգտագործել ամեն մի ելուստ՝ ի տարբերություն Սեմի, Ֆրոդոն այնքան էլ չէր վստահում այդ բարակ մոխրագույն լարին: Սակայն երկու անգամ, միևնույնն է, ստիպված եղավ վստահել. ժայռը բոլորովին հարթ էր, և նույնիսկ նրա հոբիթական ճարպիկ մատները ճեղք անգամ չգտան կառչելու համար: Բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և շուտով Ֆրոդոն արդեն կանգնած էր Սեմի կողքին:

— Ուռա՛,— թեթևացած բացականչեց նա,— իջա՛նք վերջապես: Մնաս բարո՜վ, Էմին Մուիլ: Լավ, բա հետո՞: Էհ, այ կտեսնես, մենք դեռ կարոտով ենք հիշելու այս քարերը, երբ ոտքներիս տակ սկսի ճողփալ:

Սեմը չպատասխանեց. նա նայում էր քարափին, որտեղից իջել էին:

— Ցրվածի՛ մեկը,— դժգոհում էր նա,— ուռա՛ծ գլուխ: Իմ պարա՜նը: Ախր այն կապված է վերևում՝ կոճղից, իսկ մենք ահա՛ թե որտեղ ենք: Էհ, փառավոր սանդուղք թողեցինք այդ չարագործ Գոլլումի համար: Միայն ցուցանակն է բացակայում. «Հոբիթները գնացել են ա՜յ այն ուղղությամբ»: Էդպես էլ գիտեի, որ մի բան թարս է գնալու. ախր շա՜տ հեշտ իջանք:

— Դե,— ասաց Ֆրոդոն,— եթե կարողանաս հնարել, թե ինչպես կարելի է իջնել սարից, իսկ հետո պարանը արձակել ու վերցնել հետդ, ապա ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել «ուռած գլուխն» ու մնացած մականունները. է՞լ ինչպես էր քեզ պատվում ծերուկդ: Բարձրացիր վերև, արձակիր ու իջիր, եթե ուզում ես, իսկ ես կնայեմ:

Սեմը ծոծրակը քորեց:

— Չէ, չգիտեմ, թե ինչպես կարելի է դա անել, ներեցեք,— խոստովանեց նա: — Ուղղակի ափսոս է պարանը, ձեռքս չի գնում թողնել էստեղ: — Նա նրբորեն ձգեց այն: — Դժվար է բաժանվել էլֆերի նվերից: Իսկ եթե հանկարծ Գալադրիելն ի՞նքը հյուսած լինի մեզ համար: Գալադրիել...

Սեմը վշտացած օրորեց գլուխը, լռեց, նայեց վերև ու, ասես հրաժեշտ տալով, վերջին անգամ քաշեց պարանի ծայրից:

Ի զարմանս հոբիթների, պարանը արձակվեց կոճղից: Անսպասելիությունից Սեմն ընկավ մեջքի վրա, իսկ պարանի փափուկ օղակները ոտքից գլուխ ծածկեցին նրան: Ֆրոդոն չկարողացավ ծիծաղը զսպել:

— Հետաքրքիր է, ո՞վ է հանգույցը կապել,— հարցրեց նա: — Դեռ շնորհակալություն, որ ավելի շուտ չարձակվեց: Ես էլ հանգիստ կախվել էի. մտածում եմ, Սեմը հուսախաբ չի անի:

— Ես, իհարկե սար մագլցելու վարպետ չեմ, տեր իմ,— նեղացած ասաց Սեմը,— բայց պարաններից ու հանգույցներից, ներողություն ենք խնդրում: Դա, ձեր թույլտվությամբ, մեր ընտանեկան արհեստն է: Վերցնենք թեկուզ իմ նախապապին. նա, իսկ հետո էլ հորեղբայր Էնդին, դե, իմ ծերուկի ավագ եղբայրը, երկար տարիներ պարանի արտադրամաս ունեին: Եվ ոչ Հոբիթստանում, ոչ էլ մեկ ուրիշ տեղ ինձանից լավ պարան կապող չեք գտնի:

— Դե, այդ դեպքում, երևի, պարանը կտրվե՞լ է: Ինչ-որ սուր ելուստի հետ շփումից:

— Էդպիսի բան չկա՛,— ավելի վիրավորվեց Սեմը: Նա կռացավ և հետազոտեց պարանի ծայրը: — Չի կտրվել, տեսե՛ք, նույնիսկ վնասված չէ:

— Դե ուրեմն հանգույցն է արձակվել,— պնդեց Ֆրոդոն:

Սեմը գլուխն օրորեց և չպատասխանեց: Նա մտախոհ շոշափում էր պարանը:

— Մտածեք ինչ ուզում եք, պարոն Ֆրոդո,— վերջապես ասաց նա,— բայց ես կարծում եմ այն ինքն իրեն արձակվեց, երբ ես կանչեցի:

Նա ճարպկորեն փաթաթեց պարանը և խնամքով տեղավորեց ուղեպարկի մեջ:

— Թող այդպես լինի,— համաձայնեց Ֆրոդոն,— կարևորն այն է, որ մենք նորից պարան ունենք: Եկ ավելի լավ է մտածենք, թե ինչ պետք է անենք: Շուտով Գիշերը կսկսվի: Տես ի՜նչ աստղեր են, լուսնի մասին էլ չեմ խոսում:

— Նայում ես, ու սիրտդ ուրախանում է, չէ՞,— նայելով երկնքին ասաց Սեմը: — Դրանց մեջ ինչ-որ էլֆական բան կա: Եվ լուսինն էլ է մեծացել այս երկու օրվա ընթացքում, որ թաքնված էր ամպերի հետևում: Հո չի՜ փայլում:

— Այո, բայց լիալուսնին դեռ մի քանի օր կա: Կարծում եմ, չարժե հիմա խցկվել ճահճուտը, թե չէ մեկ էլ տեսար խրվեցինք...

Այդպես, մթնշաղի քողի տակ, հոբիթները սկսեցին իրենց ճանապարհորդության նոր փուլը: Որոշ տարածություն քայլելով, Սեմը շրջվեց: Անդունդի եզրին սևին էր տալիս ձորի բերանը, որտեղից նրանք իջել էին:

— Լավ է, որ պարանն էնտեղ կախված չմնաց,— ասաց նա: — Բարդ խնդրի առջև կանգնեցրինք էդ լպրծունին, դե թող հիմա մտածի, թե ուր ենք կորել: Տեսնենք ոնց է իր լպրծուն թաթերով թռչկոտելու ելուստից ելուստ:

Նրանք հեռացան քարափի ստորոտից և սկսեցին իջնել կտրուկ զառիթափով՝ շրջանցելով ժայռաբեկորները և առաջանալով քիչ առաջ տեղացած հեղեղից լպրծուն քարերի վրայով: Սակայն դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ ճանապարհը փակեց մի նոր ճեղք: Այն այնքան էլ լայն չէր, բայց մթության մեջ վրայով թռչել չարժեր: Խորքում խոխոջում էր առվակը: Ձախ կողմում ճեղքը շրջադարձ էր կատարում դեպի հյուսիս, և նորից գնում դեպի լեռները՝ փակելով ճանապարհը: Մինչև առավոտ ճանապարհը շարունակելն իմաստ չուներ:

— Չգնա՞նք ժայռերի երկայնքով դեպի հարավ,— առաջարկեց Սեմը: — Գուցե ինչ-որ չոր որջ կամ քարանձավ գտնենք:

— Գնանք,— համաձայնեց Ֆրոդոն: — Ես հոգնել եմ և այլևս ուժ չունեմ թափառել այս քարերի մեջ, թեպետ հապաղել էլ չեմ ուզում: Էհ, գոնե արահետ գտնեինք՝ մինչև ուժերս սպառվելը կգնայի ու կգնայի...

Էմին Մուիլի քարքարոտ ստորոտով գնալը նույնքան դժվար դուրս եկավ, որքան վերևում: Սեմն այդպես էլ ոչ որջ գտավ, որտեղ կարելի էր հանգստանալ, ոչ էլ քարանձավ՝ միայն լերկ քարե պատ, իսկ գլխին մռայլ ժայռեր՝ մեկը մյուսից բարձր և ուղղաձիգ: Վերջապես, բոլորովին ուժասպառ, հոբիթները տեղավորվեցին քարափից ոչ հեռու մի վիթխարի քարի մոտ: Նստեցին կողք կողքի, տաքանալու համար սեղմվեցին միմյանց, և քունը կամաց-կամաց սկսեց հաղթահարել նրանց՝ պայքարելու ուժ չկար: Գլխավերևում լողում էր պայծառ լուսինը, որի սպիտակավուն լույսի ներքո փայլում էին սառը, խոժոռ ժայռերը: մոխրագույն կիսախավարում քարերի լաբիրինթոսը սև ստվերներ էր տարածում:

— Լավ,— ասաց Ֆրոդոն, վեր կենալով ու ավելի պինդ փաթաթվելով թիկնուցի մեջ,— վերցրու իմ ծածկոցը ու քնիր, իսկ ես կմնամ պահակ: Կթափառեմ մի քիչ...

Հանկարծ նա քարացավ և, կռանալով՝ բռնեց Սեմի ձեռքը:

— Այն ի՞նչ է,— շշնջաց նա,— նայի՛ր, այնտե՛ղ, քարափի՛ն:

Սեմը նայեց նշված ուղղությամբ ու ցածր սուլեց.

— Բարև ձեզ,— ասաց նա,— չհասցրեցինք ձանձրանալ, կրկին հայտնվեց: Ախր դա Գո՛լլումն է: Ես էլ, հիմարս, մտածում էի, վե՛րջ խաբեցինք, էլ չի իջնի: Չէ, դուք մենակ նայեք դրան. սարդը քեզ օրինակ:

Ուղղաձիգ և, ինչպես թվում էր գունատ լուսնի լույսի տակ, գրեթե հարթ պատի վրայով, բարակ վերջույթները քարի վրա տարածած, ինչ-որ փոքրիկ, սև ստվեր էր սողում: Երևում է այդ արարածի ճկուն, կառչուն մատները պատի վրա ինչ-որ ճեղքեր ու ելուստներ էին գտնում, որոնք հոբիթները նույնիսկ չէին տեսնում, ինչ մնաց կառչեին դրանցից, բայց հեռվից թվում էր, թե արարածը սողում է միջատների պես՝ կպչուն ոտքերի օգնությամբ: Արարածը շարժվում էր գլխիվայր, և ասես հոտոտում էր ճանապարհը: Ժամանակ առ ժամանակ նա գլուխը դանդաղ բարձրանում էր և պտտում աջ ու ձախ, իսկ աչքերը գունատ կրակով առկայծում էին մթության մեջ: Երբեմն արարածը խեթ-խեթ նայում էր լուսնին և անմիջապես կկոցում աչքերը:

— Կարծում եք, տեսնու՞մ է մեզ,— շշնջաց Սեմը:

— Չգիտեմ,— ցածր պատասխանեց Ֆրոդոն,— բայց կարծում եմ, որ ոչ: Էլֆական թինոցները մթության մեջ նույնիսկ բարեկամների աչքից են քողարկում: Ես՝ օրինակ, ստվերում երկու քայլի վրա քեզ չեմ տեսնում: Բացի այդ լսել եմ, որ նա լույս չի սիրում՝ ո՛չ լուսնի, ո՛չ արևի:

— Բա ինչո՞ւ է էդ դեպքում հենց էս կողմ սողում:

— Կամա՛ց, Սե՛մ,— շշնջաց Ֆրոդոն: — Գուցե նա մեր հո՞տն է առել: Եվ լսում է, կարծես թե նա, էլֆերից ոչ վատ: Երևի ինչ-որ բան լսել է: Օրինակ՝ մեր ձայները: Ախր իջնելուց էնպես էինք գոռում... Եվ քիչ առաջ էլ շշուկով չէինք խոսում:

— Դե, նա ինձ արդեն զզվեցրերց,— ասաց Սեմը: — Մինչև հիմա դիմացել եմ, բայց հերիք է: Ուզում եմ նրան մի քանի փաղաքշական խոսք ասել, մանավանդ որ, նրանից փախչել, երևում է, չի ստացվի:

Եվ գլխին քաշելով մոխրագույն գլխանոցը, Սեմը սողաց դեպի քարափը:

— Զգո՛ւյշ,— հետևելով նրան շշնջաց Ֆրոդոն,— չվախեցնե՛ս նրան: Նա ավելի վտանգավոր է, քան թվում է:

Սև արարածն արդեն իջել էր ճանապարհի երեք քառորդը, և տասնինգ ֆուտից պակաս էր մնում մինչև քարափի ստորոտը: Հոբիթները, դարան մտած քարաբեկորի հետևում, ուշադիր հետևում էին Գոլլումին: Վերջինս, ըստ երևույթին, կամ հայտնվել էր փակուղում, կամ ինչ-որ բանից անհանգստացել էր: Լսվեց նրա ֆսֆսոցը, հետո նա չարությամբ ֆշշացրեց՝ ասես հայհոյեց, բարձրացրեց գլուխն ու, հոբիթներին թվաց, թե թքեց: Այնուհետև կրկին շարժվեց առաջ: Եվ լսվեց նրա խռպոտ, ճռճռան ձայնը:

— Ախ, սսս, զգույշշ, իմ սքանչելի: Շտապեսսս՝ վիզդ կկոտրեսսս: Մենք չչենք ուզում մեր վիզը կոտրել, չէ՞, սսքանչելի: Չէ, չե՛նք ուզում, գո՛լլում, գո՛լլում: — Նա կրկին բարձրացրեց աչքերը, նայեց լուսնին և կկոցեց: — Մենք ատու՛մ ենք այն,— ֆշշացրեց նա,— զզվելի՛, զզվելի վախկոտ լույսսսսս: Այն լրտեսում է մեզ, իմ սքանչելի, խցկվում է մեր աչքերի մե՛ջ:

Որքան նա իջնում էր ներքև, այնքան նրա խռպոտ ձայնը ավելի հստակ էր հնչում.

— Որտե՞ղ է այն, որտե՞ղ է իմ սքանչելին: Այն մե՛ր Սքանչելին է, մե՛րը, մենք հե՛տ ենք ուզում այն: Գողե՛ր, գողե՛ր, կեղտոտ փոքրիկ գողե՛ր: Որտե՞ղ ենք նրանք, որտե՞ղ է իմ աքանչելին, ստորնե՛ր, ատելինե՛ր:

— Երևում է չգիտի հա՞, որ մենք էսռեղ ենք,— շշնջաց Սեմը: — Իսկ ի՞նչն է նա անվանում Սքանչելի, երևի...

— Սսսս,— շշնջաց Ֆրոդոն,— նա արդեն մոտ է, կլսի՛:

Եվ իսկապես, Գոլլումը հանկարծ կտրուկ կանգ առավ, և նրա մեծ գլուխը պտտվեց այս ու այն կողմ՝ ասես ականջ էր դնում:

Սեմը զսպեց իրեն, թեև ձեռքերը դողում էին: Նա զայրույթով ու զզվանքով զննում էր չարաբախտ արարածին: Գոլլումը կրկին սողաց՝ ինչ-որ բան քթի տակ շշնջալով ու ֆշշացնելով:

Ի վերջո նա կախվեց հոբիթների գլխավերևում, գետնից տասներկու ֆուտ բարձրության վրա: Ժայռն այստեղ կախված էր ու հարթ, և նույնսկ Գոլլումը կառչելու տեղ չգտավ: Նա փորձեց շրջվել ոտքերով ներքև և թռչել, բայց չկարողացավ կառչած մնալ և, սուր ճիչ արձակելով, ընկավ՝ սարդի պես ձեռքերը սեղմելով մարմնին:

Սեմը դուրս թռավ թաքստոցից, երկու ցատկով հասավ Գոլլումին և, մինչ վերջինս կհասցներ ուշքի գալ, նստեց նրա վրա: Սակայն նույնիսկ անակնկալի եկած Գոլլումն իրեն չկորցրեց: Սեմը դեռ չէր հասցրել թշնամուն ինչպես հարկն է սեղմել գետնին, երբ վերջինիս ճկուն ձեռքերն ու ոտքերը փաթաթվեցին հոբիթին և սեղմեցին նրան, թույլ չտալով շարժվել: Կպչուն մատները շոշափեցին կոկորդը, սուր ատամները խրվեցին ուսը: Սեմը միայն հասցրեց գլխով ուժեղ հարվածել Գոլլումի դեմքին: Գոլլումը ֆշշացրեց ու թքեց, բայց ձեռքերը բաց չթողեց:

Եթե Սեմը մենակ լիներ, ամեն ինչ վատ կվերջանար: Բայց Ֆրոդոն, Ջարդողը պատյանից դուրս քաշելով, նետվեց օգնության: Նա բռնեց Գոլլումի նոսր, յուղոտ մազերից և գլուխը շրջեց այնպես, որ նրա չարությամբ լցված գունատ աչքերը նայեն երկնքին:

— Բա՛ց թող նրան, Գոլլում,— հրամայեց Ֆրոդոն: — Սա Ջարդողն է և այն շա՛տ սուր է: Դու արդեն մի անգամ տեսել ես այն: Բա՛ց թող, թե չէ կոկորդդ կկտրե՛մ:

Գոլլումը թուլացավ և կակղամորթի պես բացվեց: Սեմը ոտքի կանգնեց, շփեց վնասված ուսը և բարկացած նայեց անօգնական թշնամուն, բայց ձեռքը չբարձրացավ հարվածել նրան՝ հակառակորդը խղճալի նվնվում էր ու սողում նրա ոտքերի առաջ:

— Պետք չէ մեզ նեղացնել: Թույլ մի տուր նրանց նեղացնել մեզ, իմ սքանչելի: Փոքրիկ, բարի հոբիթսները մեզ չեն նեղացնի չէ՞: Մենք ոչ մի վատ բան չէինք ուզում անել: Մենք մեզ համար գնում էինք, իսկ նրանք նետվեցին մեզ վրա, ինչպես կատուն՝ խեղճ մկան: Մենք այնքան միայնակ ենք, գո՛լլում: Եթե նրանք բարի լինեն, մենք էլ խելոք-խելոք կլինենք, ճի՞շտ է, իմ սքանչելի:

— Եվ ի՞նչ անենք նրա հետ,— հարցրեց Սեմը: — Իմ կարծիքն է՝ պինդ կապե՛լ նրան, որ էլ մեր հետևից չկարողանա՛ քարշ գալ:

— Դա կսսսպանի մեզ, կսպանի, կսպանի,— վնգստաց Գոլլումը: — Դաժա՛ն հոբիթսներ: Նրանք ուզում են կապել մեզզ և թողնել այսստեղ, սսառը քարերի վրա, գո՛լլում, գո՛լլում:

— Ոչ, ասաց Ֆրոդոն,— եթե սպանել, ապա միանգամից: Բայց հիմա նրան սպանելը մեզ պատիվ չի բերի: Խղճու՛կ արարած: Ախր նա մեզ դեռ ոչ մի վնաս չի տվել:

— Ո՞նց չի տվել,— զարմացավ Սեմը, ուսը շփելով: — Ուղղակի չհասցրեց, բայց պատրաստվում էր: Սպասեք, դեռ կհասցնի: Քնած ժամանակ կխեղդի մեզ, ահա թե ինչ կա նրա մտքին:

— Երևի դու ճիշտ ես,— ասաց Ֆրոդոն,— բայց մտադրության համար չեն սպանում:

Նա մտածմունքի մեջ ընկավ: Գուլլումն անշարժ պառկած էր, նույնիսկ չէր նվնվում: Սեմը, պարտված հակառակորդի գլխավերևում կանգնած, բարկացած աչքերով չափչփում էր նրան: Ֆրոդոյին հանկարծ թվաց, թե նրա ականջներում ցածր, բայց հստակ հնչեցին անցյալի ձայները.

«Ի՜նչ ափսոս է, որ Բիլբոն այդ սրկային չի դաշունահարել այն ժամանակ, երբ այդքան հարմար առիթ կար»:

«Ասում ես՝ ափսո՞ս: Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը. առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի»:

«Իսկ ես չեմ խղճում Գոլլումին, բոլորովին չեմ խղճում: Նա արժանի՛ է մահվան»:

«Արժանին՝ արժանի է, խոսք չկա: Եվ նա, և շատ ուրիշներ, որ ապրում են մինչև հիմա: Իսկ հապա մի հաշվիր այնպիսիններին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են: Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույնն ստանա: Քանի ու ոչ՝ ուրեմն մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել, քանզի նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել»:

— Դու ճիշտ ես, թող քո ասածը լինի,— սուրն իջեցնելով, բարձրաձայն ասաց նա: — Թեև ես վախենում եմ, բայց ձեռք չեմ տա նրան: Քանզի երբ հանդիպեցի նրան երես առ երես, սիրտս լցվեց խղճահարությամբ:

Սեմը զարմացած նայեց տիրոջը, որը խոսում էր կամ ինքն իր հետ, կամ՝ ինչ որ աներևույթ մեկի: Գոլլումը բարձրացրեց գլուխը:

— Այ-յո, այո, մենք խեղճ ենք, խեղճ ենք ու դժբախտ, իմ սքանչելի,— վնգստաց նա: — Վատ ենք մենք ապրում, վատ: Բարի հոբիթսները չեն սսպանի մեզզզ, չ-չեն սպանի:

— Ոչ, չեն սպանի,— ասաց Ֆրոդոն: — Բայց բաց էլ չեն թողնի: Քո մեջ մեծ չարություն ու խորամանկություն կա, Գոլլում: Ստիպված ես գալ մեզ հետ, դե իսկ մենք քեզ կհետևենք: Բայց դու պետք է օգնես մեզ՝ բարությանը պատասխանում են բարությամբ: Չէ՞ որ մենք քեզ խղճացինք:

—Այո, այոսսս, մենք համաձայն ենք,— բացականչեց Գոլլումն ու նստեց: — Բարի հոբիթսներ: Մենք կգնանք նրանց հետ և մթության մեջ անկատելի արահետներ կփնտրենք նրանց համար, այո: Իսկ ու՞ր են գնում հոբիթսները այս սառը, քարե երկրով: Մեզ հետաքրքիր է, շշատ հետաքրքիր է, չէ՞ իմ սքանչելի:

Նա նայեց հոբիթներին, և նրա գունատ աչքերում կայծկլտաց խորամանկ, ագահ կրակը:

Սեմը կատաղած նայեց նրան, բայց զսպելով իրեն, սեղմեց ատամները. նա զգում էր, որ խանգարել չի կարելի, տերն ինչ-որ մտահղացում ունի: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյի պատասխանը նրան շատ զարմացրեց:

Ֆրոդոն նայեց ուղիղ Գոլլումի աչքերի մեջ, վերջինս խառնված փախցրեց հայացքը:

— Դու գիտես, թե ուր ենք մենք գնում, Սմեագորլ,— ցածր, բայց խստորեն ասաց նա: — Եթե չգիտես էլ, ապա կռահում ես: Մենք գնում ենք Մորդոր, դա առանց այդ էլ պարզ է: Դու գիտես ճանապարհը, այդպես չէ՞:

— Ախ, սսս,— սուլեց Գոլլումը, փակելով ականջները, ասես Ֆրոդոյի ասածները ցավեցրին նրա ականջները: — Մենք կռահում էինք, այո, մենք կռահում էինք: Մենք չենք ուզում, որ հոբիթսները այնտեղ գնան, ճի՞շտ է, սքանչելի: Ինչի՞ համար են բարի հոբիթսները այնտեղ գնում: Այնտեղ մոխիր է ու փոշի, կոկորդդ չորանում է, իսկ ջուր չկա, այնտեղ ամենուր փոսեր են փորված և վխտում են օրքերը, շշատ, շշատ օրքեր: Հոբիթսները լավն են, պետք չէ այնտ-տեղ գնալ:

— Ուրեմն դու այնտեղ եղե՞լ ես,— կտրուկ հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու կամքիդ հակառակ ուզում ես այնտե՞ղ վերադառնալ:

— Այո, այո, ո՛չչ, ծղրտաց Գոլլումը: — Դա պատահաբար ստացվեց, ճի՞շտ է, սքանչելի: Այո, այո, պատահաբար: Նորից մենք չենք ուզում, ոչ, ոչ: — Հանկարծ նրա ձայնն անճանաչելիորեն փոխվեց. նա սկսեց հեծկլտալ, խեղդվել և դիմել անհայտ մեկին: — Թողե՛ք ինձ, գո՛լլում, գո՛լլում: Ցավու՛մ է: Իմ խեղճ թաթեր, գո՛լլում: Ես, մենք, ոչ, ես չե՛մ ուզում վերադառնալ, ես չե՛մ կարող գտնել այն: Ես հոգնե՛լ եմ: Ես, մենք չենք կարող գտնել այն, գո՛լլում, գո՛լլում, այն ոչ մի տեղ չկա: Նրանք հսկում են, նրանք երբեք չեն քնում: Թզուկները, մարդիկ, էլֆերը, ահարկու էլֆերն իրենց վառվող աչքերով շատ հեռու են տեսնում: Չեմ կարող այն գտնել, ախխ: —Նա վեր թռավ և շրջվելով դեպի արևելք, իր նիհար, ոսկրոտ բռունցքով սպառնաց ինչ-որ մեկին: — Մենք չե՛նք փնտրի այն,— գոռաց նա,— քեզ համար՝ չե՛նք փնտրի: — Եվ կրկին թուլանալով, կպավ գետնին: — Գո՛լլումմ գո՛լլում, մի՛ նայիր մեզ, հեռացի՛ր, գնա քնի՛ր:

— Նա քո ասելով չի գնա, Սմեագորլ, և ո՛չ էլ կքնի,— ասաց Ֆրոդոն: — Բայց եթե դու իսկապես ուզում ես նրանից ազատվել, պետք է ինձ օգնես: Դու պետք է ցույց տաս ինձ նրա մոտ տանող ճանապարհը: Միայն մինչև դարպասը, ներս կարող ես չմտնել:

Գոլլումը կրկին նստեց և կիսախուփ աչքերի տակից նայեց Ֆրոդոյին:

Նա այնտեղ է,— ծղրտաց նա,— նա միշտ էլ այնտեղ է: Օրքերը կուղեկցեն: Այստեղ՝ Գետի արևելյան ափին, նրանք վխտում են հազարներով: Մի՛ խնդրիր Սմեագորլին, խեղճ, խե՛ղճ Սմեագորլ: Նա հեռացել է, վաղուց հեռացել է: Նրանից խլել են Սքանչելին և Սմեագորլը կորել է:

— Եթե դու գաս մեզ հետ, գուցե նա գտնվի,— ասաց Ֆրոդոն:

— Ոչ, ոչ, երբե՛ք,— վշտացած արձագանքեց Գոլլումը,— նրա Սքանչելին կորել է:

— Վե՛ր կաց,— կարգադրեց Ֆրոդոն:

Գոլլումը վեր կացավ և մեջքով սեղմվեց պատին:

— Պատասխանի՛ր,— ասաց Ֆրոդոն,— քեզ համար ցերե՞կն է հեշտ փնտրել ճանապարհը, թե՞ գիշերը: Մենք հոգնել ենք, բայց եթե դու ընտրես գիշերը, մենք հենց հիմա ճանապարհ կընկնենք:

— Մեծ լույսը ցավեցնում է մեր աչքերը,— բողոքեց Գոլլումը: — Սպիտակ դեմքը երկնքում է, մենք հիմա չենք գնա, ոչ: Պետք է սպասել: Շ-շուտով, շուտով այն կկորչի սարրերի հետևում, այո: Առայժմ մի քիչ հանգստացեք, բարի հոբիթսներ:

— Այդ դեպքում նստիր,— ասաց Ֆրոդոն,— և չփորձե՛ս ծլկել:

Հոբիթները նստեցին Գոլլումի աջ և ձախ կողմերում, հենվեցին պատին և ոտքները մեկնեցին: Սեմն ու Ֆրոդոն պայմանավորվելու ոչինչ չունեին. երկուսն էլ հասկանում էին որ քնել չին կարելի:

Լուսինը հանգիստ լողում էր իր ճանապարհով: Ժայռերի երկար ստվերները ձգվեցին հովտով մեկ, և տարածքը մթնեց: Երկինքը գնալով լցվում էր վառ փայլող աստղերով: Ոչ ոք չէր շարժվում: Գոլլումը նստել էր՝ դունչը հենած ծնկներին և ձեռքերն ու ոտքերը տարածել գետնին: Աչքերը փակ էին, բայց զգացում էր որ ամբողջ մարմնով լարված է. ըստ երևույթին ականջները սրած սպասում էր:

Ֆրոդոն թաքուն նայեց Սեմին: Նրանց աչքերը հանդիպեցին, և երկուսն էլ առանց խոսքերի միմյանց հասկացան: Երկուսն էլ միաժաամանակ թուլացան, հետ գցեցին գլուխները և փակեցին աչքերը: Լռոթյան մեջ լսվում էր նրանց համաչափ շնչառությունը: Գոլլումի ձեռքերը դողացին: Նա գլուխը գրեթե աննկատ թեքեց ձախ, հետո աջ, ապա բացեց սկզբում մի աչքը, հետո՝ մյուս: Հոբիթները ոչ մի շարժում չարեցին: Հանկարծ Գոլլումը զարմանալի ճարպկությամբ վեր ցատկեց տեղից և նետվեց խավարի գիրկը, ինչպես գորտը կամ մորեխը: Բայց Ֆրոդոն ու Սեմը հենց դրան էլ սպասում էին: Գոլլումը երկու ցատկ էլ չհասցրեց կատարել, երբ Սեմը հետևից թռավ նրա մեջքին, իսկ Ֆրոդոն բռնեց ոտքից և գցեց նրան գետնին:

— Ահա և քո պարանը մեկ անգամ էլ պետք եկավ, Սեմ,— ատամների արանքից ասաց Ֆրոդոն:

Սեմն արագ ուղեպարկից հանեց պարանը:

— Այդ ու՞ր էիր շտապում սառը, կոշտ քարերի վրայով, պարոն Գոլլում,— հետաքրքրվեց նա: — Մեզ հետաքրքիր է, շատ-շատ հետաքրքիր է: Քո բարեկամ օրքերի՞ն էիր ուզում այցելել: Ախ դու կեղտոտ, խաբեբա՛ արարած: Այս պարանով ոչ թե ոտքդ, այլ վիզդ է պետք կապել, ու շատ ամուր:

Գոլլումը հանգիստ պառկած էր, ասես քիչ առաջ ինքը չէր փորձում փախչել: Նա չպատասխանեց Սեմին, միայն ատելությամբ լի հայացք նետեց նրա վրա:

— Մեզ միայն պետք է, որ նա չկարողանա փախչել,— ասաց Ֆրոդոն: — Ոտքերը մի կապիր, նա պետք է քայլի: Ձեռքերը նույնպես, նա չորեքթաթ էլ է վազում: Կապիր միայն մի ոտքը և պարանի ծայրը պահիր ձեռքիդ:

Մինչ Սեմը կապում էր, Ֆրոդոն հսկում էր Գոլլումին: Արդյունքն անսպասելի էր. Գոլլումը հանկարծ սկսեց սրտաճմլիկ վնգստալ և թավալվել գետնին՝ փորձելով ատամներով հասնել հանգույցին և կրծել այն: Ի վերջո ստիպված եղան հավատալ, որ Գոլլումն չի ձևացնում: Ֆրոդոն ստուգեց՝ հո ամու՞ր չի կապված: Բայց հանգույցն այստեղ ակնհայտորեն կապ չուներ: Սեմն ավելի բարի դուրս եկավ, քան նրա զրույցները:

— Ինչու՞մն է բանը,— հարցրեց նա Գոլլումին: — Ուզում էիր փախչել, մենք էլ քեզ կապեցինք, բայց ցավ պատճառել բոլորովին չէինք ուզում:

— Ցավու՛մ է, ցավու՛մ է,— սուլում էր Գոլլումը: — Այն սառեցնու՛մ է, այն կծու՛մ է: Անիծյալ էլֆերն են հյուսել այն: Չա՛ր, դաժա՛ն հոբիթսներ: Ահա՛ թե ինչու էինք մենք ուզում փախչել, իմ սքանչելի, ահա՛ թե ինչու: Մենք կռահում էինք, որ նրանք մեզ կտանջեն: Նրանք էլֆերի հե՛տ են շփվում, սարսափազդու և սրատես էլֆերի՛: Հանե՛ք այն, հանե՛ք, ցավու՛մ է:

— Ոչ, չեմ հանի,— ասաց Ֆրոդոն: — Եթե միայն... — Նա մի վայրկյան մտածեց,— եթե միայն դու այնպիսի խոստում տաս, որ ես հավատամ:

— Երդվում ենք, երդվում ենք, որ լսող կլինենք, այո, այո-սսս,— տնքում էր Գոլլումը, շարունակելով ոտքը բռնած գալարվել: — Ցավո՛ւմ է, հանե՛ք այն:

— Երդվու՞մ ես,— հարցրեց Ֆրոդոն:

— Սմեագորլը երդվում է,— հանկարծ պարզ ձայնով ասաց Գոլլումն ու տարօրինիակ, փայլող աչքերով նայեց Ֆրոդոյին: — Սմեագորլը երդվում է Սքանչելիի վրա:

Ֆրոդոն ուղղվեց, և նրա խոսքերն ու խիստ ձայնը կրկին զարմացրին Սեմին:

— Սքանչելիի վրա՞,— ասաց նա,— և դու դեռ համարձակվու՞մ ես: Լա՛վ մտածիր:

Իսկ այս մեկը՝ Ամենազորը, կտիրի մյուսներին

Բոլորին սև շղթաներով կկապի երկրում մթին:

— Դու հասկանու՞մ ես, թե ինչ է քեզ սպառնում, Սմեագորլ: Իմացած եղիր, այդ երդումը քեզ ամուր կկապի: Բայց սքանչելին քեզանից նենգ է: Այն կարող է դավաճանել քեզ: Զգուշացի՛ր:

Գոլլումը կծկվեց և փակեց ականջները:

— Սքանչելիի վրա՛, Սքանչելիի վրա՛,— կրկնեց նա:

— Երդվում ես, որ ի՞նչ կանես,— հարցրեց Ֆրոդոն:

— Որ լսող կլինեմ, Սեմագորլը լսող կլինի ու խելոք,— հայտարարեց Գոլլումը:

Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ և դողդողալով, ասես սեփական խոսքերից մահացու վախենալով, խռպոտ շշնջաց.

— Սմեագորլը երդվում է, որ երբեք, երբեք չի տա այն Նրան: Նա չի ստանա այն, երբե՛ք: Սմեագորլը կփրկի Սքանչելին, միայն թե թողեք, որ նա երդվի Սքանչելիի վրա:

— Ոչ, չեմ թողնի,— կտրեց Ֆրոդոն՝ խղճահարությամբ բայց խստորեն նայելով Գոլլումին: — Դու հույս ունես տեսնել և շոշափել Այն, թեև գերազանց գիտես, որ միայն Նրա տեսքից կկորցնես քեզ: Երդվիր Սքանչելիով, այլ ոչ թե Սքանչելիի վրա, եթե իրոք որոշել ես երդվել: Քանզի դու գիտես, թե որտեղ է Այն: Այո, Սմեագորլ, լավ գիտես: Այն՝ քո առջև է:

Մի ակնթարթ Սեմին թվաց, թե տերը աճեց, իսկ Գոլլումը փոքրացավ ու ավելի խղճալի դարձավ: Ֆրոդոն՝ ահեղ մի ստվեր հզոր տիրակալի, որը թաքցնում էր իր կուրացուցիչ փայլը մոխրագույն հանդերձանքի տակ, և նրա ոտքերի տակ՝ ինչ-որ խղճուկ շնիկ: Սակայն այդ երկուսը ինչ-որ իմաստով ազգականներ լինեին ասես և առանց բառերի հասկանում էին միմյանց: Հանկարծ Գոլլումը վեր թռավ և շան պես սկսեց ցատկոտել Ֆրոդոյի շուրջը, գրկել նրա ոտքերը:

— Վե՛րջ տուր,— հրամայեց Ֆրոդոն: — Երդվի՛ր:

— Մենք երդվում ենք, այո, այո, ես երդվու՛մ եմ,— արձագանքեց Գոլլումը: — Երդվում եմ հավատարիմ լինել Սքանչելիի տիրոջը: Տերը լավն է, Սմեագորլը խելոք կլինի, գո՛լլում, գո՛լլում: — Եվ նա հանկարծ կրկին լաց եղավ և ձգվեց դեպի պարանը՝ փորձելով կրծել այն:

— Արձակիր պարանը, Սեմ,— կարգադրեց Ֆրոդոն:

Սեմը դժկամությամբ հնազանդվեց: Գոլլումը անմիջապես վեր թռավ և սկսեց ցատկոտել նրանց շուրջը, նման ծեծված մի շան, որին տերը ներել էր և շոյել գլուխը: Այդ պահից սկսած Գոլլումի մեջ փոփոխություն սկսվեց: Նա գրեթե դադարեց ֆշշացնել ու նվնվալ, դադարեց դիմել միայն ինքն իրեն ու իր սքանչելուն և այդ պատվին արժանացրեց նաև հոբիթներին: Նա կծկվում էր ու ցնցվում նրանց անսպասելի շարժումներից, վախենում էր մոտ գնալ և մահու չափ վախենում էր դիպչել էլֆական թիկնոցներին, բայց ընդհանուր առմամբ իրեն բարեկամաբար էր պահում: Նա կաշվից դուրս էր գալիս, որ ինչ-որ բանում ծառայի տիրոջը և քծնում էր նրան: Երբ տերը ինչ-որ կատակ էր անում՝ նա ծիծաղից ցնցվում էր, երբ բարի խոսք էր ասում՝ ցատկոտում էր ու ցնծում, իսկ երբ կշտամբում էր նրան՝ սկսում էր լաց լինել ու նվնվալ: Սեմը գեթե չէր խոսում նրա հետ և ոչ մի բանում նրան չէր վստահում. նոր Գոլլումը՝ Գոլլում-Սմեագորլը, նրան ավելի քիչ էր դուր գալիս և ավելի կասկածելի էր, քան հինը:

— Լավ Գոլլում, կամ ինչ է այժմ քո անունը,— ասաց նա: — Գնա՛նք: Լուսինը թաքնվել է, գիշերն արդեն ավարտվում է: Ժամանակն է ճանապարհ ընկնել:

— Այո, այո,— անմիջապես համաձայնեց Գոլլումը: — Ճահիճների միջով միայն մի ճանապարհ կա, և այդ ե՛ս եմ այն գտել: Օրքերն այնտեղ չեն գնում, նրանք չգիտեն այդ ճանապարհը: Օրքերը վախենում են ճահիճներից, նրանց շրջանցում են դրանք շատ-շատ հեռվից: Ձեր բախտը բերել է, շատ է բերել, որ դուք այստեղ եք ընկել: Եվ լավ է, որ հանդիպել եք Սմեագորլին, այո: Սմեագորլը ձեզ կուղեկցի, հետևեք Սմեագորլին:

Նա վազեց առաջ և շրջվեց՝ հարցական նայելով հոբիթներին, ինչպես շունը, որը կանչում է տերերին զբոսնելու:

— Սպասի՛ր,— բղավեց Սեմը,— շատ հեռու մի գնա, հասկացա՞ր: Ես քո հետևից կրնկակող գալիս եմ և եթե ինչ՝ պարանը ձեռքիս է:

— Ոչ, ոչ,— վախեցավ Գոլլումը,— Սմեագորլը չի փախչի, Սմեագորլը երդում է տվել:

Խոր գիշեր էր, երբ նրանք աստղերի պայծառ լույսի ներքո ճանապարհ ընկան: Գոլլումը տարավ նրանց հետ՝ դեպի հյուսիս, բայց շուտով կտրուկ թեքվեց աջ և, հետևում թողնելով Էմին Մուիլի ուղղաձիգ պատերը, քարակույտերի միջով իջավ ներքև՝ ուղիղ դեպի մեծ ճահճուտը: Երեք ստվերները արագ և անաղմուկ չքացան գիշերվա խավարում: Մորդորի դարպասի արջև փռված հսկայական ճահճային անապատում թագավորում էր մռայլ լռությունը:

Գլուխ երկրորդ. Անցում ճահիճների միջով

Գոլլումն ընթանում էր հավասարաչափ արագ և երկու ոտքով, և չորեքթաթ, վիզն առաջ պարզած ու գլուխը տնկած: Ֆրոդոն ու Սեմը հազիվ էին հասնում նրա հետևից, բայց նա, երևում է, միտքը փոխել էր և ծլկել չէր պատրաստվում: Երբ նրանք հետ էին մնում, նա կանգ էր առնում, շրջվում ու սպասում հոբիթներին: Շուտով նրանք հասան ճեղքվածքին, որն արդեն մեկ անգամ արգելափակել էր Ֆրոդոյի և Սեմի ճանապարհը, սակայն այս անգամ արդեն ճահիճների մոտ:

— Այս կո՛ղմ,— կանչեց Գոլլումը,— այստեղ ներքևում արահետ կա, այո, այո: Մենք այդ արարետով կգնանք-կգնանք ա՜յ այնտեղ: — Նա ձեռքը թափ տվեց ճահճուտի ուղղությոամբ:

Գիշերային թարմ զեփյուռի հետ խառնված ծանր գարշահոտություն փչեց ճամփորդների դեմքին: Գոլլումը հետազոտեց ճեղքվածքի եզրը և վերջապես կանչեց հոբիթներին.

— Այստե՛ղ, այստեղով հեշտությամբ կարելի է իջնել: Սմեագորլը մի անգամ իջել է, այո: Ես եղել եմ այստեղ, երբ թաքնվում էի օրքերից:

Հոբիթները իջան նրա հետևից մշուշի մեջ՝ պարզվեց, իսկապես հեշտ էր: Տասներկու ֆուտ լայնությամբ և տասնհինգ ֆուտ խորությամբ իջվածքը Էմին Մուիլի լանջերից իջնող և ճահճուտը սնուցող անհաշիվ առուներից մեկի հունն էր: Գոլլումը թեքվեց աջ և, ակնհայտ հաճույքով չլմփացնելով, սկսեց գնալ առվակի քարե հատակով: Ջուրը նրան դուր էր գալիս. նա կամացուկ ծիծաղում էր և նույնիսկ քթի տակ երգի պես ինչ-որ մի բան դնդնում.

Կոշտ, քարքարոտ հողերը
Կծում են մեր ձեռքերը,
Խայթում են մեր ոտքերը:
Ժայռերն ու քարերը
Մերկ են, ինչպես ծեր ոսկորները
Բայց կրծելն իմաստ չունի
Ատամներս կջարդվի:
Իսկ թաց ու փափուկ առուն
Շոյում է մեր հոգնած ոտքերը
Եվ մենք ուրախանում ենք...

— Հա՛, հա՛: Եվ ինչի՞ համար ենք մենք ուրախանում,— հարցրեց նա, խեթ-խեթ նայելով հոբիթներին: — Հիմա կասենք ինչ համար: Այն ժամանակ նա կռահեց, հավետ ատելի Պարկինսը: Նրա աչքերը չարությամբ կայծկլտացին մթության մեջ, և դա Սեմի աչքից չվրիպեց:

Գոլլումը շարունակեց.

Ապրում է, բայց չի շնչում,
Ականջ չունի, չի լսում:
Մահվան պես սառն է նա,
Չի զնգզնգում զրահը նրա:
խմում է, խմում՝ չի հագենում,
Թպրտում է նա ցամաքում:
Կղզին սար է նրա համար,
Աղբյուրը՝ քամու պոռթկում:
Փայլոմ է նա, առկայծում,
Տեսնում եմ ու ուրախանում:
Համեղ ձկնիկ, լողա, լողա,
Արի մեզ մոտ հյութեղ պատառ:

Գոլլումի երգն անհանգստացրեց Սեմին, և նա կրկին հիշեց այն, ինչն անհանգստացնում էր նրան դեռ այն պահից սկսած, երբ Ֆրոդոն որոշեց Գոլլումին վերցնել որպես ուղեկցող: Հետաքրքիր է, ինչո՞վ պետք է նա սնվի: Սեմը կռահում էր, որ տերը այդ մասին չի մտածել: Եվ առհասարակ՝ ինչո՞վ է Գոլլումը սնվել իր միայնակ թափառումների ժամանակ: «Վատ է սնվել,— մտածեց Սեմը,— անմիջապես երևում է, որ սոված է մնացել: Իսկ եթե ձուկ չբռնվի, գուցե նա չզզվի և փորձի հոբիթի մի՞ս համտեսել: Կքնենք՝ ու հա՛մփ, երկուսիս էլ կուտի: Դե, Սեմ Գեմջի, ուշադիր եղիր, ամբողջ հույսը քո վրա է:»

Նրանք երկար քայլեցին մութ, ոլորուն ճեղքվածքի հատակով, այնքան երկար, որ հոգնած հոբիթներին թվաց, թե ճահիճներին երբեք չեն հասնի: Ճեղքվածքը շրջադարձ կատարեց դեպի արևելք, լայնացավ և դարձավ ոչ այնքան խորը: Վերջապես երկինքը գունատվեց և մոխրագույն երանգ ստացավ: Գոլլումը հոգնածության նշաններ չէր ցուցաբերում, բայց այնուամենայնիվ բարձրացրեց գլուխը, նայեց երկնքին և կանգ առավ:

— Շուտով օրը կսկսվի,— անձայն շշնջաց նա, ասես օրը կարող էր լսել ու հարձակվել նրա վրա: Սմեագորլը կթաքնվի այստեղ, ես կթաքնվեմ, և Դեղին Դեմքը ինձ չի նկատի:

— Իսկ մենք ուրախ կլինեինք տեսնել արեգակը,— հոգոց հանեց Ֆրոդոն,— բայց մենք այնպես ենք հոգնել, որ ուժ չկա վերև բարձրանալու:

— Պետք չէ ուրախանալ Դեղին Դեմքի համար,— նեղացավ Գոլլումը: — Այն մեզ կմատնի: Խելացի, բարի հոբիթսները կթաքնվեն Սմեագորլի հետ: Շուրջը օրքեր և այլ գարշելի արարածներ են վխտում: Նրանք շատ հեռու են տեսնում: Մնացեք այստեղ և թաքնվեք Սմեագորլի հետ:

Նրանք տեղավորվեցին ճեղքվածքի կտրուկ լանջի տակ, որն այստեղ արդեն սովորական մարդու հասակին էր: Առուն հոսում էր մյուս լանջի տակով, ոտքերի տակ չոր էր: Ֆրոդոն ու Սեմը նստեցին մեծ, հարթ քարի վրա և հոգնած փլվեցին լանջին: Գոլլումը, ոտքերով չլմփացնելով, զբոսնում էր առվի մեջ:

— Հարկավոր է նախաճաշել,— ասաց Ֆրոդոն: — Սմեագորլ, դու սովա՞ծ ես: Մենք էլ գրեթե ոչինչ չունենք, բայց եղածը կկիսենք:

«Սոված» բառը լսելով՝ Գոլլումի խոշոր աչքերը հյուծված դեմքի վրա ավելի որոշակի ընդգծվեցին և փայլեցին կանաչ կրակով: Նա նույնիսկ մի ակնթարթ խոսեց հին, գոլլումյան ֆսֆսացող ձայնով.

— Մենք սովածացել ենք, շատ ենք սովածացել, իմ սքանչելի: Իսկ ի՞նչ են նրանք ուտում: Հյութալի ձկնի՞կ: — Նա սուր, դեղին ատամների արանքից դուրս հանեց երկար լեզուն ու ագահորեն լպստեց անգույն շրթունքները:

— Ոչ, մենք ձուկ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Միայն սա,— նա մի կտոր լեմբաս ցույց տվեց,— և մեկ էլ ջուր, եթե այստեղի ջուրը կարելի է խմել:

— Այո, այո-սսս, ջուրը մաքուր է, պատասխանեց Գոլլումը: — Խմեք, խմեք, քանի դեռ կարելի է: Բայց այդ ի՞նչ է նրանց ձեռքին, իմ սքանչելի: Այն համե՞ղ է, այն խրխրթա՞ն է:

Ֆրոդոն տերևով փաթաթված գալեթից մի կտոր կոտրեց և տերևի հետ միասին տվեց Գոլլումին: Գոլլումը հոտոտեց տերևը, և նրա դեմքը զզվանքից ու չարությունից ծամածռվեց:

— Սմեագորլը գիտի՛ այս հոտը,— ֆշշացրեց նա: — Այս տերևները էլֆերի երկրի՛ց են: Թու՛, գարշելի հո՛տ ունեն: Սմեագորլը մագլցել է այդ ծառերի վրա, և այդ հոտը կպել է նրա ձեռքերին ու ոտքերին, իմ խեղճ ձեռքերի՛ն, իմ սիրելի ոտքերի՛ն: — Նա մի կողմ նետեց տերևը, Լեմբասից կծեց մի կտոր, ծամեց, ապա թքեց ու հազաց: — Ախխխ, ոչ, ոչ,— թքոտելով բղավեց նա,— խեղճ Սմեագորլը ձեր պատճառով քիչ էր մնում խեղդվեր: Փոշի՛ և մոխի՛ր, մենք չենք կարող ուտել այն: Սմեագորլը ստիպված կլինի սոված մնալ: Բայց նա չի նեղանում, ոչ, ոչ: Հոբիթսները բարի են, Սմեագորլը խոստացել է: Նա սոված կմնա: Հոբիթսների ուտելիքը Սմեագորլը չի կարող ուտել: Խեղճ, խե՛ղճ Սմեագորլ:

— Ափսոս,— ասաց Ֆրոդոն,— բայց ես ոչնչով չեմ կարող քեզ օգնել: Այս սնունդը, կարծում եմ, քեզ միայն օգուտ կտար, եթե դու ինքդ քեզ հաղթահարեիր: Սակայն, կարծում եմ, դեռևս չարժե նույնիսկ փորձել:

Հոբիթները լուռ ուտում էին իրենց գալեթները: Սեմը նկատեց, որ դրանք ավելի համեղ են դարձել. Գոլլումը նրան հիշեցրեց, թե ինչ համեղ և հիանալի ուտելիք է Լեմբասը, բայց նաև փչացրեց Սեմի ախորժակը՝ աչքերով ուղեկցելով յուրաքանչյուր կտորը, ինչպես տիրոջից համեղ պատառի սպասող շունը: Միայն այն ժամանակ, երբ հոբիթները ուտելը վերջացրին ու պառկեցին հանգստանալու, Գոլլումը, ըստ երևույթին, համոզվեց, որ ոչ մի համեղ բան իրենից չեն թաքցնում, հեռացավ մի քանի քայլ այն կողմ, նստեց ու սկսեց թնկթնկալ:

— Տե՛ր իմ,— բարձրաձայն կանչեց Սեմը. նրա համար միևնույնն էր, լսում է Գոլլումը, թե ոչ: — Հարկավոր է քնել, տեր իմ, բայց երկուսս էլ միաժամանակ չենք կարող՝ տես ինչ սոված աչքերով է այդ ավազակը մեզ նայում: Հետո ի՞նչ, որ նա «խոստացել է»: Գոլլում է նա, թե Սմեագոլլում՝ դրանից սովորությունները չեն փոխվում: Դուք հիմա քնեք, տեր իմ, իսկ ես ձեզ կարթնացնեմ, երբ էլ չկարողանամ ինձ զսպել: Քանի դեռ նա մեզ հետ է և ձեռքերն էլ ազատ են, կքնենք հերթափոխով, ինչպես առաջ:

— Երևի դու ճիշտ ես, Սեմ,— բացահայտ և առանց ձայնը ցածրացնելու ասաց Ֆրոդոն: — Նա իսկապես փոխվել է, բայց ինչպես և որքան՝ դեռ հայտնի չէ: Սակայն, իմ կարծիքով, մենք առայժմ վախենալու ոչինչ չունենք: Լավ, եթե ուզում ես, կհանգստանանք հերթով: Երկու ժամից ինձ արթնացրու:

Ֆրոդոն այնքան հոգնած էր, որ վերջին խոսքից անմիջապես հետո գլուխը կախեց կրծքին ու քնեց: Իսկ Գոլլումը, ըստ երևույթին, մոռացել էր իր վախերը և փախչելու միտք չուներ: Նա կծկվեց ու քնեց, ասես ոչինչ չէր եղել և, չնայած նրան, որ կասկածելի սուլում էր ատամների արանքից, քարի պես անշարժ պառկած էր: Սեմը, մի փոքր նստելով նրանց կողքին, հանկարծ վախեցավ, որ, քնածների համաչափ շնչառությունը լսելով, ինքն էլ կքնի: Նա վեր կացավ, մոտեցավ Գոլլումին և թեթև հրեց նրան: Գոլլումի ձեռքերը բացվեցին, մատները ցնցվեցին՝ և ուրիշ ոչինչ: Սեմը կռացավ և նրա ականջին շշնջաց. «համեղ ձկնիկ»,— բայց Գոլլումը նույնիսկ ականջը չշարժեց և շարունակեց առաջվա պես սուլել:

Սեմը ծոծրակը քորեց:

— Երևում է իսկապես քնած է,— մրթմրթաց նա: — Եթե ես նրա նման լինեի, այս լպրծունը այլևս չէր արթնանա...

Նա հոգոց հանեց, քշեց գլխում ծագած գայթակղիչ մտքերը, որ սուրն այստեղ է, պարանի համար էլ հեռու գնալ պետք չէ, ապա գնաց ու նստեց տիրոջ կողքին:

Երբ նա աչքերը բացեց, գլխավերևում երկինքը չափից ավելի աղոտ թվաց: Նախաճաշի ժամանակ շատ ավելի լուսավոր էր: Սեմը տեղից վեր թռավ և հասկացավ, որ եթե ինքը այսպես առույգ է ու սոված, նշանակում է ամբողջ օրը քնել է՝ երևի ինը ժամից ոչ պակաս: Ֆրոդոն դեռ չէր արթնացել, իսկ Գոլլումը մոտակայքում չէր երևում: Սեմն արդեն ուզում էր կշտամբել ինքն իրեն և սկսեց հիշել բոլոր այն անբարեհաճ մականունները, որոնցով, կատարելով իր հայրական պարտքը, պարգևատրում էր նրան Ծերուկ Գեմջին, բայց հետո հասկացավ, որ տերը ճիշտ էր. ոչ ոքից պաշտպանվելու հարկ չկար՝ Գոլլումն անհետացել էր և նրանք երկուսն էլ ողջ էին. ոչ ոք նրանց քնի մեջ չէր խեղդել:

— Ու՞ր է այդ անպիտանը,— բարձրաձայն հարցրեց Սեմը, փոքր ինչ խղճի խայթ զգալով իր կասկածանքի համար: — Տեսնես որտե՞ղ է քարշ գալիս:

— Ոչ հեռու, ոչ հեռու,— վերևից պատասխանեց ձայնը:

Սեմը նայեց վերև: Իրիկնային երկնքի ֆոնին գծագրվեց Գոլլումի մեծ գլուխն ու ցցված ականջները:

— Հեյ, ի՞նչ ես անում այդտեղ,— հարցրեց Սեմը: Ծանոթ կերպարանքի տեսքից նրա կասկածամտությունն անմիջապես վերադարձավ:

— Սմեագորլը սոված է,— ասաց Գոլլումը: — Նա շուտով կվերադառնա:

— Հապա իջի՛ր էդտեղից, ու՞մ եմ ասում,— գոռաց նրա վրա Սեմը:

Սակայն Գոլլումն արդեն անհետացել էր: Սեմի ճչոցներից Ֆրոդոն արթնացավ և աչքերը տրորելով նստեց:

— Բարև,— ասաց նա,— ի՞նչ է պատահել: Ժամը քանի՞սն է:

— Դեռ չգիտեմ,— պատասխանեց Սեմը,— բայց արևը, կարծես թե, մայր է մտել: Իսկ Գոլլումը ծլկեց: Ասաց՝ սոված է:

— Մի անհագստացիր,— ասաց Ֆրոդոն,— կվերադառնա, այ կտեսնես: Դա անխուսափելի է: Որոշ ժամանակ երդումը նրան կպահի, և բացի այդ՝ իր Սքանչելուց էլ չի կարող բաժանվել:

Ֆրոդոն ավելի հանգստացավ, երբ իմացավ, որ մի ամբողջ օր խաղաղ քնել են սոված և չկապված Գոլլումի կողքին:

— Զուր մի հիշիր ծերուկիդ,— ասաց նա Սեմին: — Հազիվ էիր ոտքի վրա մնում, իսկ հիմա հանգստացել ես: Համաձայնվիր, որ ամեն ինչ լավ ստացվեց, և երկուսս էլ հիանալի հանգստացանք: Առջևում դժվար ճանապարհ է, ավելի դժվար, քան մինչև հիմա:

— Ուտելիքի գործը վատ է,— նկատեց Սեմը: — Մոտավորապես որքա՞ն ժամանակ կպահանջվի գործն ավարտին հասցնելու համար: Իսկ հետո, երբ ավարտին հասցնենք, ի՞նչ պետք է անենք: Բան չեմ ասում, այս ճանապարհային գալեթները, իհարկե, հիանալի են, շնորհակալություն էլֆ հացթուխներին, բայց միևնույնն է, դրանցով, կոպիտ ասած, ստամոքսդ չես լցնի: Եվ հետո մի դժբախտություն էլ կա. ինչքան շատ ենք ուտում, էնքան քիչ է մնում: Եթե գոտիներս պինդ ձգենք, երևի երեք շաբաթ կբավականացնի: Վերջին ժամանակներս չափն անցանք: Եվ իզուր:

— Ես չգիտեմ, թե ինչքան ժամանակ է հարկավոր,— պատասխանեց Ֆրոդոն: — Մենք չափազանց երկար թափառեցինք լեռներում: Բայց ահա՛ թե ինչ կասեմ քեզ, Սեմ Գեմջի, իմ թանկագի՛ն հոբիթ, իմ ամենալա՛վ ընկեր: Պետք չէ մտածել, թե ինչ կլինի հետո, երբ, ինչպես դու ես ասում, գործն ավարտին հասցնենք: Հույսը շատ աղոտ է, բայց եթե հանկարծ մեզ հաջողվի ավարտին հասցնել, ո՞վ գիտի, թե դրանից հետո ի՜նչ կլինի: Պատկերացրու՝ համիշխանության մատանին ընկնում է կրակի մեջ, իսկ մենք երկու քայլի վրա ենք: Ի՞նչ ես կարծում, ուտելիքի մասին մտածելու ժամանակ կունենա՞ս: Կասկածում եմ, որ դրանից հետո մեզ ուտելիք պետք կլինի: Չէ, կարծում եմ ինչ-որ մի կերպ քարշ կգանք մինչև Ճակատագրի Լեռ և ամեն ինչ կավարտվի: Ավելին, ինձ թվում է նույնիսկ դա իմ ուժերից վեր է:

Սեմը լուռ գլխով արեց, բռնեց տիրոջ ձեռքը, կռացավ, սակայն չհամբուրեց՝ միայն մի քանի կաթիլ արտասուք թափեց: Հետո շրջվեց, թևքով սրբեց աչքերը, վեր կացավ և սկսեց հետ ու առաջ գնալ՝ փորձելով քթի տակ ինչ-որ մեղեդի սուլել, ապա խեղդված ձայնով ասաց.

— Եվ ու՞ր կորավ այդ չարագործը:

Գոլլումն իրեն սպասեցնել չտվեց. անձայն, գաղտագողի մոտեցավ և բուսնեց նրանց դիմաց: Նա թուքը շաղ տալով ինչ-որ բան էր ծամում: Ձեռքերն ու դեմքը ծածկված էին սև ցեխով: Թե ինչ էր ծամում, հոբիթները չհետաքրքրվեցին:

«Բզեզներ, ճիճուներ, և ինչ-որ տզրուկներ, երևի,— մտածեց Սեմը: — Բ՛ռռ, զզվելի արարած: Խղճուկ թափառաշրջիկ»:

Գոլլումը նույնպես ոչինչ չասաց, մինչև որ չլվացվեց ու մի կուշտ ջուր չխմեց: Հետո շրթունքները լիզելով մոտեցավ նրանց:

— Այ հիմա ուրիշ բան,— ասաց նա: — Հանգստացա՞ք: Պատրա՞ստ եք շարունակել ճանապարհը: Բարի հոբիթսները քաղցր քնեցին: Հիմա արդեն հավատու՞մ եք Սմեագորլին: Դե լավ է, շատ-շատ լավ է:

Շարունակեցին ճանապարհը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նախորդ օրը: Ճեղքվածքը գնալով ավելի հարթ ու մակերեսային էր դառնում, իսկ հատակը՝ ավելի ուղիղ: Լանջերը գնալով վեր էին ածվում սովորական ափերի: Գիշերը վերջանում էր, բայց լուսինն ու ամպերը կորել էին ամպերի հետևում, և միայն օդում տարածվող մոխրագույն կիսախավարից կարելի էր կռահել, որ լուսանում է:

Վաղ առավոտյան, ցրտից դողալով, նրանք հասան առվի բերանին: Ափերը վերածվեցին մամռոտ թմբերի: Առուն, խոխոջալով, շրջանցում էր վերջին քարակույտերը և կորչում գորշ ճահճուտում: Չոր եղեգները շրշում ու ճարճատում էին, թեև օդում քամի չկար:

Առջևում, աղոտ մթնշաղում, տարածում էին անծայրածիր ճահիճները: Սև, փտած ջրի վրա լողում էին գոլորշու ամպերը: Կանգնած օդը հագեցած էր ծանր գարշահոտությամբ: Հարավում, հեռու՜-հեռվում, երևում էին Մորդորի ժայռոտ պարիսպները՝ ասես սև, փոթորկաբեր ամպերի պատ մշուշոտ ծովի վրա:

Հոբիթները հիմա ամբողջությամբ գտնվում էին Գոլլումի ձեռքում: Նրանք չգիտեին, և այդ մշուշի մեջ չէին էլ կարող զանազանել, որ, ըստ էության, գտնվում են Ճահճուտի հյուսիսային ծայրին: Եթե հոբիթներն այդ տարածքն ավելի լավ իմանային, նրանք կարող էին մի քանի օր զոհաբերելով հետ վերադառնալ, շրջանցել ճահճուտը և, գնալով դեպի հյուսիս, պինդ չոր ճանապարհներով հասնել Դագորլադի ամայի հարթավայրը, որտեղ, Մորդորի դարպասի դիմաց, հին ժամանակներում մեծ ճակատամարտ էր տեղի ունեցել: Թեպետ, այդ ճանապարհով նրանք դժվար թե տեղ հասնեին. ամայի, քարքարոտ անապատում թաքնվելու տեղ չկար, և բացի այդ այնտեղով գիշեր-ցերեկ տեղաշարժվում էին օրքերն ու Սաուրոնի մյուս կամակատարները: Նույնիսկ լորիենյան թիկնոցները հոբիթներին չէին փրկի:

— Դե, ո՞ր կողմ ենք գնում, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Պարտադիր պետք է գնանք այս գարշահոտ ճահճուտո՞վ:

— Պարտադիր չէ, պարտադիր չէ,— ասաց Գոլլումը: — Հոբիթսները կարող են ավելի արագ հասնել սև լեռներին և պատվել Նրան իրենց ներկայությամբ: Մի քիչ հետ, մի քիչ կողք,— նա իր ցամաքած ձեռքն ուղղեց դեպի հյուսիս արևելք,— և հոբիթսները դուրս կգան չոր, պինդ ճանապարհի վրա, իսկ այնտեղի բոլոր ճանապարհները տանում են միայն մի ուղղությամբ՝ Նրա մոտ, այո, այո: Եվ Ինքը գիշեր-ցերեկ հսկում է դրանք: Այնտեղ վխտում են օրքերը և շատ ուրախ կլինեն հյուրերի համար: Կբռնեն ու քարշ կտան ուղիղ Նրա մոտ: Հենց այնտեղ էլ Ինքը մի ժամանակ նկատեց Սմեագորլին, և նրան բռնեցին: — Գոլլումի մարմնով դող անցավ: — Բայց այդ ժամանակվանից Սմեագորլը շատ բան է սովորել, այո, այո, նա աչքեր ունի, և ոտքերն ու քիթն էլ զուր տեղը չեն: Ես հիմա այլ ճանապարհներ գիտեմ: Դժվար՝ այո, ոչ այնքան կարճ՝ այո, բայց՝ ավելի ապահով: Այնտեղ Ինքը ձեզ չի տեսնի: Եկեք Սմեագորլի հետևից: Սմեագորլը ձեզ կտանի ճահիճների միջով, որտեղ խիտ մառախուղ է, լավ մառախուղ: Եկեք Սմեագորլի հետևից, և այդ ժամանակ, հնարավոր է, որ կհասցնեք շատ հեռու գնալ, մինչ Ինքը կնկատի ու կբռնի ձեզ:

Անքամի և ամպամած առավոտ էր: Ճահիճների գլխին ծանրացել էր գարշահոտ մշուշը: Խիտ, ցածր ամպերը ծածկել էին ամբողջ երկինքը: Գոլլումն ուրախանում էր, որ արև չկա և շտապեցնում էր հոբիթներին: Հազիվ մի փոքր հանգստանալով, նրանք կրկին ճանապարհ ընկան և շուտով սուզվեցին անթափանց մշուշի մեջ: Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մորդորի սև լեռները կորան տեսողությունից: Քայլում էին մեկը մյուսի հետևից՝ Գոլլումը, Սեմը, Ֆրոդոն:

Ամենից շատ հոգնել էր Ֆրոդոն, և ինչքան էլ նրանք դանդաղ գնային, միևնույնն է, նա հետ էր մնում: Շուտով պարզվեց, որ ճահճուտը համատարած չէ: Այն բաղկացած էր մանր ջրափոսերի շղթաներից, խոնավ ջրիմուռերից և պղտոր առուներից, որոնց միջով ձգվում էր ոլորապտույտ արահետը, որը փորձառու ուղեկիցը կարող էր հեշտությամբ գտնել: Գոլլումը բավականաչափ փորձ ուներ, սակայն այստեղ պահանջվում էր նրա ողջ հմտությունը: Նա հոտոտում էր, գլուխը պտտում այս ու այն կողմ և քթի տակ անընդհատ ինչ-որ բան փնթփնթում: Երբեմն նա բարձրացնում էր ձեռքը, նշան անում հոբիթներին կանգ առնել, իսկ ինքը չորեքթաթ սողում էր առաջ, ստուգում՝ շատ խորը չէ արդյոք, երբեմն էլ ականջը դնում էր գետնին ու լսում:

Շուրջն ամեն ինչ միօրինակ ու ձանձրալի էր: Այդ լքված վայրում դեռևս թագավորում էր ցուրտ ձմեռը: Կանաչ ընդհանրապես չկար՝ միայն մանուշակագույն, փրփակալած ջրիմուռեր, որոնք օրորվում էին պղտոր, մռայլ ջրերի վրա: Տեղ-տեղ մառախուղի միջից ուրվագծվում էին չոր խոտերի փնջեր և եղեգի փտած ցողուններ՝ հին, մոռացված ամառվա խղճուկ ուրվականներ:

Կեսօրին թեթևակի պայծառացավ, մառախուղը բարձրացավ, նոսրացավ և թափանցիկ դարձավ: Ինչ-որ տեղ, խիտ մշուշի գլխին, ջինջ, լազուր երկնքում փայլում էր պայծառ արեգակը, սակայն այստեղ՝ ներքևում, հաստ գոլորշու ամպի միջից երևում էր միայն նրա դժգույն ուրվականը: Այն չէր տաքացնում, չէր գունավորում ճահիճների այդ մեռյալ աշխարհը, բայց, միևնույնն է, Գոլլումը ցնցվում էր ու տրտնջում: Վերջապես նա հայտարարեց, որ գնալ այլևս հնարավոր չէ: Ասես հետապնդվող փոքրիկ գազանիկներ, նրանք կծկվեցին եղեգների խիտ մացառուտի եզրին: Խոր լռություն էր տիրում, միայն չորացած խոտերի ու եղեգների անգույն ցողուններն էին երբեմն շրշում՝ անշարժ օդում տարածվող աննկատելի, մեղմ քամուց:

— Գոնե մի թռչնակ լիներ,— տխուր ասաց Սեմը:

— Այստեղ թռչուններ չկան,— ասաց Գոլլումը: — Համեղ թռչնակներ... — Նա լիզեց շրթունքները: — Օձեր, ճիճուներ, տզրուկներ, ջրում ապրող անհամ, զզվելի արարածներ՝ այո, թռչնակներ՝ ոչ: — Նա հառաչեց:

Սեմը զզվանքով նայեց նրան:

Այդպես անցավ Գոլլումի հետ ճանապարհորդության երրորդ օրը: Մինչդեռ այլ, երջանիկ ու լուսավոր երկրներում կերկարեին իրիկնային ստվերները՝ նրանք կրկին ճանապարհ ընկան: Հազվադեպ էին կանգ առնում, բայց ոչ թե հանգստանալու համար, այլ Գոլլումի պատճառով. նա առաջ էր ընթանում չափազանց դանդաղ, ավելի ուշադիր ընտրում ճանապարհը և հաճախ շփոթված կանգ առնում: Նրանք հասել էին Մեռյալ ճահճուտների ամենախորքը, և այնտեղ շատ մութ էր ու մռայլ:

Առաջ էին ընթանում իծաշարուկով, դանդաղ, կորացած, աչքները չկտրելով Գոլլումից և ճշգրտությամբ կրկնելով նրա շարժումները: Ջրափոսերը վերածվեցին լճերի, և չոր հող գտնելը, որտեղ ոտքերը մինչև ծնկները չէին խրվում բլթացող ցեխի մեջ, գնալով ավելի էր դժվարանում: Սակայն հոբիթները, բարեբախտաբար թեթև էին, այլապես նրանցից ոչ մեկը կենդանի դուրս չէր պրծնի ճահճուտից:

Շուտով այնքան մթնեց, որ թվում էր, թե օդն էլ է սևացել ու խտացել, իսկ շնչելը՝ դժվարացել: Երբ հայտնվեցին կրակները, Սեմը տրորեց աչքերը՝ մտածելով, որ խելագարվում է: Առաջին լույսը նա տեսավ պատահաբար, աչքի ծայրով՝ գունատ, լուսավոր կետ, որը առկայծեց մի պահ ու արագ հանգավ: Բայց շուտով հայտնվեցին էլի ու էլի՝ մի մասը հիշեցնում էին ծխի լուսավոր շիթեր, մյուսները՝ կրակի մութ լեզուներ, նման անտեսանելի մոմերի պարող կրակների: Կրակներից մի քանիսը թռչկոտում էին ու դողում, ասես անտեսանելի ձեռքերը փորձում էին դրանք փաթաթել ուրվականային ծածկոցով: Բայց ինչու՞ են լռում Ֆրոդոն ու Գոլլումը: Ի վերջո Սեմը չդիմացավ:

— Ի՞նչ է կատարվում, Գոլլում,— շշնջաց նա: — Ի՞նչ կրակներ են սրանք: Տես, մենք ամբողջովին շրջապատված ենք, գուցե սա ծուղա՞կ է: Որտեղի՞ց սրանք հայտնվեցին:

Գոլլումը բարձրացրեց գլուխը: Նա սողում էր չորեքթաթ՝ շոշափելով և հոտոտելով սև ցեխը:

— Շրջապատել են, այո,— շշնջաց նա ի պատասխան: — Գայթակղում են մեզ: Դրանք հուղարկավորության կրակներ են, այրվում են մեռելների գլխին, այո, այո: Ուշադրություն մի դարձրու, մի՛ նայիր դրանց: Թող իրենց համար այրվեն: Ո՞ւր է տերը:

Սեմը շրջվեց: Ֆրոդոն կրկին հետ էր մնացել ու նույնիսկ չէր երևում: Սեմը մի քանի քայլ հետ վերադարձավ՝ չհամարձակվելով շատ հեռու գնալ, և ցածր, բարակ ձայնով կանչեց տիրոջը: Եվ հանկարծ նա նկատեց Ֆրոդոյին. վերջինս կանգնած էր անշարժ, մտքերի մեջ խորասուզված և անքթիթ նայում էր կրակներին: Անօգնական կախված ձեռքերից ջուր և ցեխ էր կաթկթում:

— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Մի նայեք դրանց: Գոլլումն ասում է, որ չի կարելի նայել: Եկեք ավելի լավ է հետ չմնանք: Հարկավոր է արագ հեռանալ այս անիծյալ տեղից... Եթե դա հնարավոր է, իհարկե:

— Լավ,— պատասխանեց Ֆրոդոն, ասես քնից արթնանալով: — Գնանք:

Սեմը շրջվեց և շտապեց հասնել Գոլլումին, բայց անզգույշ շարժում անելով սայթաքեց, կառչեց ինչ-որ լպրծուն արմատից և ընկավ: Ձեռքերը խրվեցին գարշահոտ տիղմի մեջ, և քիչ էր մնում գլխովին սուզվեր: Հազիվ լսելի ֆշշոց լսվեց, Սեմի դեմքին փչեց անտանելի գարշահոտությունը, լույսերն առկայծեցին, պարեցին և սկսեցին մոտենալ: Մի պահ Սեմին ջրի մակերևույթը դեպի խորքը տանող սև պատուհան թվաց, որի մեջ նայելով, նա մի կերպ ձեռքերը ջրից դուրս հանեց և վախեցած ճչալով հետ նահանջեց:

— Ջրի տակ մեռելնե՛ր են,— սարսափահար ճչաց նա: — Շա՜տ-շա՜տ դեմքեր, մեռելայի՛ն դեմքեր:

— Այո, այո, Մեռյալ Ճահիճներ, այդպես են սրանք կոչվում,— չարությամբ քմծիծաղ տվեց Գոլլումը: — Երբ վառվում են կրակները, ջրի մեջ նայել չի կարելի:

— Ովքե՞ր են նրանք,— դեռ վախից դողալով Ֆրոդոյին հարցրեց Սեմը: — Որտեղի՞ց հայտնվեցին:

— Չգիտեմ,— քնկոտ ձայնով ասաց Ֆրոդոն: Թվում էր, թե նա դեռ վերջնականապես չի սթափվել: — Ես էլ տեսա նրանց: Նրանք հայտնվեցին, երբ վառվեցին կրակները: Նրանք պառկած են ջրի սև խորքում և նայում են իրենց մեռած աչքերով: Չար, սարսափազդու դեմքեր, բայց կան նաև ուրիշներ՝ տխուր ու ազնվածին: Մեռելներից շատերը գեղեցիկ ու հպարտ դեմքեր ունեն, արծաթավուն մազեր, իսկ մազերի մեջ՝ ջրիմուռեր... Բայց նրանք բոլորը մեռած են, ամբողջությամբ փտած և անդրշիրիմյան լույս են արձակում: — Ֆրոդոն ձեռքերով փակեց աչքերը: — Չգիտեմ ովքեր են նրանք, բայց ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց ու էլֆերի: Եվ օրքերի նրանց կողքին:

— Այո, այո,— ասաց Գոլլումը: — Բոլորը մեռած են, բոլորը փտած են՝ էլֆերը, օրքերը, մարդիկ: Դրա համար էլ ճահճուտն անվանվում է Մեռյալ: Այստեղ մեծ ճակատամարտ է տեղի ունեցել, փոքրիկ Սմեագորլին այդ մասին պատել են, ինձ տատիկս է պատմել, երբ դեռ Սքանչելին չէր գտնվել: Մե՛ծ ճակատամարտ է եղել: Բարձրահասակ մարդիկ մեծ սրերով, սարսափելի էլֆերն ու ոռնացող օրքերը կռվել են այս հարթավայրում շատ օրեր, շատ ամիսներ, Սև Դարպասի մոտ: Հետո հայտնվել են ճահիճները, մեծացել ու կուլ են տվել սպանված ռազմիկների մարմինները:

— Բայց այդ ճակատամարտը շատ դարեր առաջ է եղել,— կասկածեց Սեմը: — Այդ մեռելներից միայն ոսկորներ պետք է մնացած լինեին, իսկ մենք տեսանք նրանց դեմքերը: Դա ի՞նչ կարող է լինել: Չար կախարդա՞նք:

— Չգիտեմ, չգիտեմ, Սմեագորլը չգիտի,— պատասխանեց Գոլլումը: — Նրանց չես կարող հասնել, շոշափել, ոչ: Մենք մի անգամ փորձել ենք, չէ՞, իմ սքանչելի: Այո, ես մի անգամ փորձել եմ: Աչքը նրանց տեսնում է, բայց ատամը չի բռնում, իմ սքանչելի: Ոչ, իմ սքանչելի, նրանք մեռած են, նրանք տեսիլքներ են:

Սեմը մռայլ ու զզվանքով լի հայացքով նայեց Գոլլումին՝ հասկանալով թե ինչու էր նա ուզում շոշափել մեռելներին:

— Դե, ես մինչև կոկորդս կուշտ եմ էդ մեռելներից,— փնթփնթաց նա: — Հարկավոր է էստեղից հեռանալ, և ինչքան հնարավոր է՝ արագ:

— Այո, այո, արագ, ինչքան հնարավոր է արագ,— գլխով արեց Գոլլումը: — Բայց շտապել չի կարելի: հարկավոր է գնալ արագ, բայց զգույշ, թե չէ հոբիթսները կսուզվեն մեռելների մոտ և իրենց սեփական փոքրիկ կրակները կվառեն: Հետևե՛ք Սմեագորլին, մի՛ նայեք կրակներին:

Նա սողաց դեպի աջ՝ արահետ փնտրելով լճակը շրջանցելու համար: Հոբիթներն աշխատում էին հետ չմնալ նրանից, ակամա կրկնելով Գոլլումի շարժումները և, մինչև գետին կռացած, սողում էին նրա հետևից: «Մի քիչ էլ, ու մենք կվերածվենք ևս երկու փոքրիկ Գոլումների, այո, այո, իմ սքանչելի,— մտածեց Սեմը»:

Վերջապես արահետ գտնվեց, և նրանք, մեկ սողալով, մեկ ճումբից ճումբ թռչկոտելով առաջ շարժվեցին ճահճուտի միջով: Մի քանի անգամ նահանջեցին, մի քանի անգամ խրվեցին ցեխի մեջ՝ գարշահոտ, ինչպես կեղտաջրերի հորը, և շուտով երեքն էլ մինչև կոկորդները ծածկվեցին լպրծուն, զզվելի տիղմով ու նրանց վրայից գարշահոտություն փչեց:

Ուշ գիշերով, լուսաբացին մոտ, նրանք վերջապես ոտքերի տակ ավելի չոր հող զգացին: Գոլլումը ֆշշացնում էր ու անընդհատ քթի տակ փնթփնթում, բայց գոհ տեսք ուներ: Միայն իրեն հայտնի ինչ-որ նշաններով, կամ հոտառությամբ, կամ իր արտասովոր հիշողությամբ, նա, ըստ երևույթին, հասկացել էր, որ այժմ գտնվում են անվտանգ տեղում և հիմա վստահ էր ու գիտեր, թե ուր գնալ:

— Դե, իսկ հիմա առա՛ջ,— հրամայեց նա: — Խելացի՛, քա՛ջ հոբիթսներ: Նրանք շա՜տ-շա՜տ հոգնել են, իմ սքանչելի, ու մենք էլ ենք հոգնել: Բայց հարկավոր է արագ հեռանալ այստեղից, տանել տիրոջը չար կրակներից հեռու, այո, այո, հեռու:

Այս խոսքերով էլ նա նետվեց առաջ և գրեթե վազելով սկսեց գնալ եղեգնուտը երկու մասի բաժանող հողի բարակ շերտի վրայով: Հոբիթները սայթաքելով շտապեցին նրա հետևից: Բայց հանկարծ Գոլլումը նորից կանգ առավ, հոտոտեց և անհանգստացած ֆշշացրեց՝ երևում է կրկին ինչ-որ բանից դժգոհ էր:

— Ի՞նչ է պատահել,— փնթփնթալով վրա հասավ Սեմը: Նրան թվաց, թե Գոլլումը զզվանքով փնչացնում է: — Ի՞նչ ես էդպես հոտոտում: Ես գարշահոտությունից քիթս եմ սեղմել, որ աչքերս ճակատս չթռչեն: Քո վրայից էլ է գարշելի հոտ գալիս, տիրոջ վրայից էլ: Էստեղ ամեն մի ցողուն գարշելի հոտ է արձակում:

— Այո, այո, և Սեմի վրայից էլ պակաս հոտ չի գալիս,— արձագանքեց Գոլլումը: — Խեղճ Սմեագորլի համար հոտոտելը դժվար է, բայց հնազանդ Սմեագորլը դիմանում է: Նա ուզում է օգնել բարի տիրոջը: Բայց գարշահոտությունը ոչինչ, ոչինչ: Օդում ինչ-որ բան այն չէ: Սմեագորլը զգում է, և դա նրան հեչ դուր չի գալիս:

Նա կրկին շարժվեց առաջ, սակայն գնալով ավելի էր անհանգստանում, անընդհատ կանգնում էր, վիզը ձգում ու ականջ դնում: Սկզբում հոբիթները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչն է նրան անհանգստացնում: Եվ հանկարծ երեքն էլ միանգամից քարացան ու ականջները սրեցին: Ֆրոդոյի ու Սեմի ականջին հասավ հեռվից եկող երկարաձիգ, կատաղի ու սահմռկեցուցիչ ոռնոցը: Հոբիթները ցնցվեցին ու միաժամանակ զգացին, թե ինչպես օդը տատանվեց ու մահացու սառնություն փչեց: Հետո լսվեց մոտեցող քամու ձայնը: Կրակները տատանվեցին, գունատվեցին ու մարեցին:

Գոլլումը չէր շարժվում: Նա կանգնած դողում էր ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթում: Քամին մռնչոցով ու սուլոցով փլվեց ճահիճների գլխին, պատառոտեց մշուշի անթափանց ծածկոցը, և շուտով երկնային բարձունքներում երևացին ամպերն ու լուսինը:

Լուսնի տեսքից հոբիթները մի ակնթարթ ուրախացան, բայց Գոլլումը սեղմվեց գետնին՝ բոլոր անեծքներով անիծելով ատելի Սպիտակ Դեմքին: Ֆրոդուն ու Սեմը նայում էին երկնքին, ագահորեն կուլ տալիս թարմ օդը: Հանկարծ նրանք տեսան այն, ինչից այդքան վախենում էր Գոլլումը: Անիծված լեռների կողմից մի փոքրիկ, սև ամպ էր սրընթաց մոտենում՝ Մորդորի սև խավարից անջատված մի մութ ստվեր, հսկայական, սարսափազդու թևավոր մի արարած: Սահմռկեցուցիչ ճիչ արձակելով, այն մի պահ ծածկեց լուսինը և, առաջ անցնելով քամուց, սլացավ արևմուտք:

Հոբիթները բերանքսիվայր ընկան և անօգնական սեղմվեցին սառը գետնին: Անդրշիրիմյան սարսափազդու ուրվականը վերադարձավ: Այժմ նա ավելի ցածր էր թռչում, ուղիղ նրանց գլխավերևով՝ վիթխարի թևերի հարվածներով ցրելով գարշահոտ մշուշը: Մահացու սարսափ սփռելով, նա կրկին սլացավ Մորդոր՝ հետապնդվելով Սաուրոնի զայրույթով: Քամին մռնչալով սուրաց նրա հետևից, և մեկ րոպե անց մերկացած ճահիճների վրա լռություն իջավ: Առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվում էր լուսնի անհամաչափ լույսով լուսավորված մերկ անապատը, իսկ հեռվում սպառնալից վեր էին խոյանում Խավարի Լեռները:

Սեմն ու Ֆրոդոն աչքները տրորելով ոտքի կանգնեցին, նման երեխաների, որոնք սթափվել են տհաճ երազից և հայտնաբերել, որ շուրջը սովորական մթություն է, և ամեն ինչ խաղաղ է: Բայց Գոլլումը, ասես շանթահար, անշարժ պառկած էր: Հոբիթները դժվարությամբ ոտքի կանգնեցրին նրան, բայց նա ոչ մի կերպ չէր ուզում նայել վերև և կրկին ընկավ ծնկների վրա՝ գլուխը ծածկելով մեծ, հարթ ափերով:

— Ուրվականնե՛րը,— տնքաց նա,— Թևավոր ուրվականնե՛րը: Սքանչելիի ծառանե՛րը: Նրանք ամեն ինչ տեսնում են, ամեն, ամե՛ն ինչ: Նրանցից չես թաքնվի: Անիծյա՛լ լինի Սպիտակ Դեմքը: Նրանք ամեն ինչ կպատմեն Նրան: Նա կտեսնի մեզ, կճանաչի մեզ, գո՛լլում, գո՛լլում, գո՛լլում:

Եվ միայն այն ժամանակ, երբ լուսինը մտավ հեռավոր Թոլ Բրանդիրի հետևը, Գոլլումը վերջապես համաձայնեց վեր կենալ և շարունակել ճանապարհը:

Այդ ժամանակից ի վեր Սեմը սկսեց նկատել, որ Գոլլումը կրկին փոխվում է: Նա ավելի շատ էր քծնում հոբիթներին՝ ցույց տալով նրանց իր անսահման նվիրվածությունը, բայց Սեմին անհանգստացնում էր նրա տարօրինակ հայացքը, երբ նա գաղտնի նայում էր իրենց և հատկապես՝ Ֆրոդոյին: Եվ բացի այդ, գնալով ավելի հաճախակի էր վերադառնում իր հին, գոլլումյան խոսելաոճին: Սակայն Սեմին ավելի շատ մտահոգում էր Ֆրոդոն: Նա չափազանց հոգնած տեսք ուներ, սպառվելու աստիճան հոգնած ու հյուծված: Ֆրոդոն այդ մասին ոչինչ չէր խոսում, նա առհասարակ գրեթե ոչինչ չէր խոսում և ոչ մի բանից չէր դժգոհում, սակայն քայլում էր կորացած, ասես ինչ-որ անտանելի բեռի տակ կռացած և թվում էր, թե այդ բեռը գնալով ավելի է ծանրանում: Սեմն անընդհատ խնդրում էր Գոլլումին կանգ առնել ու սպասել տիրոջը:

Եվ իսկապես, Մորդորի դարպասին մոտենալուն զուգընթաց Ֆրոդոյի պարանոցից կախված Մատանին գնալով ծանրանում էր, կորացնում նրան ու սեղմում գետնին: Բայց Ֆրոդոյին ավելի շատ անհանգստացնում էր Աչքը. այդ նրա, այլ ոչ թե մատանու պատճառով էր Ֆրոդոն կծկվում ու գլուխը քաշում ուսերի մեջ: Նա ինքն իր մեջ Աչք էր անվանում ուժասպառ անող զգացողությունը, որ իրեն փնտրում է թշնամական սարսափազդու կամքը, որի համար ոչինչ են բոլոր երկնային ու երկրային արգելքները՝ մշուշ, ամպեր, ժայռեր, որը ուր որ է կգտնի, կբացահայտի ու կմոխրացնի իր ոչնչացնող հայացքով: Այդ հայացքից թաքնվել հնարավոր չէ, վերջին պատնեշները դարձել են բարակ և անհուսալի: Ֆրոդոն ճշգրիտ գիտեր, թե որտեղ է ակունքը այդ մահացու կամքի, գիտեր այնպես, ինչպես փակ աչքերով զգում ես, թե որտեղից են ընկնում կիզիչ արևի ճառագայթները: Մահացու ճառագայթը այրում էր նրա դեմքը, այդ պատճառով էլ Ֆրոդոն կախում էր գլուխը:

Գոլլումը նույնպես, դատելով ամեն ինչից, դրա նման ինչ-որ մի բան էր զգում: Բայց ինչ էր կատարվում նրա չորացած սրտում, ինչն էր նրան ավելի շատ տանջում՝ մշտապես փնտրող Աչքը, Մատանու հանդեպ տածած կարոտը, որը ստանալու համար պետք էր միայն ձեռքը մեկնել, թե նվաստացուցիչ խոստումը, որ տվել էր ոչ այնքան իր սեփական կամքով, որքան սառը պողպատի հանդեպ տածած վախից՝ դա հոբիթները չգիտեին: Չնյայած Ֆրոդոն այդ մասին չէր էլ մտածում, իսկ Սեմը հիմնականում մտածում էր տիրոջ մասին՝ գրեթե չնկատելով իր մտավախությունները: Այժմ նա քայլում էր Ֆրոդոյի հետևից և ոչ մի վայրկյան չէր կորցնում նրան իր տեսողությունից. օգնում էր, երբ նա սայթաքում էր և փորձում ուրախացնել անփույթ կատակներով:

Երբ լույսը բացվեց, հոբիթներն ապշեցին՝ տեսնելով, թե ինչքան են մոտեցել ու մեծացել չարագուշակ լեռները: Այժմ Մորդորի պարիսպները բոլորովին այլ տեսք ունեին: Դա արդեն ոչ թե պարզապես հորիզոնում երևացող, իր մեջ անորոշ սպառնալիք թաքցնող ամպերի պատ էր, այլ հսկայական սև աշտարակների շարք, որոնք մռայլ հսկում էին առջևում տարածված ամայի տեղանքը: Ճահիճները վերջացան, բայց շուրջը դեռ սևին էին տալիս տորֆապատ բծերն ու ձգվում էին ցեխապատ, ճաքճքած հողերը: Առջևում սկսվում էին երկար, հարթ լանջեր՝ մերկ ու ամայի, իսկ ավելի վեր՝ Մորդորի դարպասի դիմաց, տարածվում էր մեռյալ անապատը:

Քանի դեռ շարունակվում էր մոխրագույն, մռայլ օրը, Հոբիթներն ու Գոլլումը որդերի պես կծկվել էին մի մեծ, սև քարի տակ՝ թաքնվելով Թևավոր Սարսափի դաժան, սրատես աչքերից: Ճանապարհորդության մնացած մասն անցավ վախի մթնոլորտում: Հոբիթների հիշողության մեջ ոչինչ էր մնացել, բացի շարունակ աճող վախից, և ոչնչով հնարավոր չէր սփոփվել ու հանգստանալ: Երկու գիշեր նրանք քարշ էին գալիս այդ տաղտկալի, անճանապարհ տեղանքով: Օդն այստեղ չոր էր, հագեցած դառնությամբ, շնչելը դժվարանում էր, կոկորդը չորանում էր:

Գոլլումի հետ ճանապարհորդության հինգերորդ առավոտյան նրանք կրկին կանգ առան: Արջևում, մոխրագույն մշուշում, վեր էին խոյանում հսկայական լեռները, որոնց գագաթները թաղված էին ամպերի մեջ: Լեռների ստորոտն ամրացված էր հզոր, անառիկ ժայռերով ու հողմահար բլուրների երկար շղթաներով, որոնցից ամենամոտին հասնելու համար դեռ տասներկու մղոն պետք էր քայլել: Ֆրոդոն նայեց շուրջն ու սարսափեց: Իհարկե նողկալի էին Մեռյալ Ճահիճներն ու չորացած անապատը, բայց հարյուր անգամ ավելի հրեշավոր էր այն, ինչը բացվում էր նրա աչքերի արջև լուսաբացի շողերի ներքո: Ինչքան էլ տհաճ լինեին Մեռյալ Ճահիճները, այնտեղ գոնե գարունը կարողանում էր թափանցել, պարուրել կանաչավուն շղարշով, իսկ այստեղ՝ ո՛չ գարուն, ո՛չ էլ ամառ չէր կարող լինել: Այստեղ կենդանության ոչ մի նշույլ չկար, նույնիսկ կեղտով սնվող բորբոս չկար: Ամեն տեղ ծխում էին մոխրով ծածկված, կամ սպիտակավուն ցեխով լցված փոսերը, և թվում էր, թե այդ ամենը լեռներն են փսխել: Ցերեկային լույսը, ասես չուզենալով, լուսավորում էր անվերջանալի շարքերով ձգվող քարակույտերի դամբանաբլուրներն ու այրված, մոխրացած հողերը՝ ասես գերեզմանոց առանց մեռելների:

Այդպիսին էր Մորդորի առջև տարածված անապատը՝ ստրուկների չարքաշ աշխատանքի հավերժ հուշարձան, որը կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ չարի բոլոր գործերը մոխիր կդառնան: Ոչինչ և ոչ ոք չէր կարող բուժել այդ պղծված վայրը: Միայն Մեծ Ծովի ալիքները կաող էին ծածկել այն տեսողությունից և մոռացության մատնել:

— Սիրտս խառնում է,— ասաց Սեմը:

Ֆրոդոն ոչինչ չասաց: Նրանք հապաղում էին՝ ասես չցանկանալով խորասուզվել քնի մեջ, որտեղ նրանց սպասվում են ծանր մղձավանջներ, թեև քաջ գիտեին, որ դեպի առավոտ տանող միակ ճանապարհը անցնում է այդ մղձավանջների միջով: Գնալով ավելի էր լուսանում: Փոսերն ու այրված հողն արդեն երևում էին սարսափելի պարզությամբ: Ամպերի և երկար ծխի շերտերի արանքում երևաց արեգակը, բայց այստեղ նույնիսկ արևի ճառագայթներն էին պղծված: Այս անգամ բացվող օրը հոբիթներին չսփոփեց. լույսը նրանց չէր օգնում, այլ թվում էր, թե ծառայում է թշնամուն՝ լուսավորելով նրանց իրենց ողջ անօգնականությամբ՝ փոքրիկ, ծվծվան արարածներ, մոլորված Սև Տիրակալի ծխացող մոխրակույտերում:

Հոգնածությունից ուժասպառ եղած, նրանք սկսեցին հանգստանալու տեղ փնտրել: Նստեցին մոխրապատ բլուրի հովանու տակ, բայց բլուրը հեղձուցիչ ծուխ էր արձակում, և շուտով երեքն էլ սկսեցին հազալ ու շնչահեղձ լինել: Առաջինը չդիմացավ Գոլլումը: Թքոտելով և անեծքներ թափելով, նա վեր կացավ և, առանց հոբիթներին նայելու, չորեքթաթ սողաց հեռու: Սեմն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, և շուտով մի մեծ, շրջանաձև փոս հայտնաբերվեց՝ Մորդորի կողմից քողարկված լեռան երկայնքով ձգվող հողապատնեշով: Փոսի մեջ ցուրտ էր ու տհաճ, հատակը ծածկված էր խիտ, գարշահոտ, յուղալի ցեխով: Այդ գարշելի փոսում էլ նրանք որոշեցին թաքնվել՝ հուսալով, որ այդտեղ Ամենատես Աչքը նրանց չի գտնի:

Օրը դանդաղ էր անցնում: Հոբիթները ծարավից թուլացել էին, բայց թույլ տվեցին իրենց միայն թրջել բերանները՝ վերջին անգամ տափաշշերը լցրել էին քարքարոտ կիրճի առվից, որը հիմա նրանց քաղցր տեսիլք էր թվում: Որոշեցին քնել հերթով: Սկզբում, չնայած հոգնածությանը, հոբիթներից ոչ մեկի քունը չէր տանում, բայց, երբ արևը թաքնվեց հսկայական ամպի հետևում, Սեմը ննջեց: Ֆրոդոն սկսեց հերթապահել: Նա պառկեց մեջքի վրա, բայց դրանից նրա բեռը չթեթևացավ: Այդպես պառկած նա նայում էր մշուշոտ երկնքին, և նրա աչքերի առջևով անցնում էին տարօրինակ, ուրվականային տեսիլքներ՝ սլանում էին սև ձիավորներ, անցյալի մշուշից դուրս էին լողում ծանոթ դեմքեր... Ֆրոդոն կորցրեց ժամանակի զգացողությունը, իրականությունը խառնվեց անուրջներին, և նա մոռացության գիրկն ընկավ:

Սեմը բացեց աչքերը. նրան թվաց, թե տերը կանչում է իրեն: Արդեն երեկո էր: Ֆրոդոն, սակայն, Սեմին կանչել չէր կարող. նա այնքան խորն էր քնել, որ, ներքև սահելով, գրեթե հասել էր փոսի հատակին: Գոլլումը նստած էր տիրոջ կողքին: Սեմին մի պահ թվաց, թե Գոլլումն ուզում է արթնացնել Ֆրոդոյին, բայց ոչ, նա խոսում էր ինքն իր հետ: Սմեագորլը վիճում էր ինչ-որ մեկի հետ, որը խոսում էր նրա ձայնով՝ սուլելով ու ֆշշացնելով: Նրա աչքերն առկայծում էին մեկ սպիտակ, մեկ կանաչ կրակով:

— Սմեագորլը խոստացել է,— ասում էր առաջինը:

— Այո-այո, իմ սքանչելի,— պատասխանում էր երկրորդը,— մենք խոստացել ենք պահպանել մեր Սքանչելին և չտալ Նրան, ոչ: Բայց Սքանչելին գնում է ուղիղ Նրա մոտ, այո, ամեն քայլափոխի ավելի՛ է մոտենու՛մ: Ի՞նչ է պ-պատրասվում անել հոբիթսը մեր Սքանչելիի հետ: Մեզ հետաքրքիր է, շշշատ հետաքրքիր է:

— Ես չգիտեմ, ոչինչ չեմ կարող անել: Այն տիրոջ մոտ է: Սմեագորլը խոստացել է օգնել տիրոջը:

— Այո-այո, օգնել մեր Սքանչելիի տիրոջը: Իսկ եթե մե՞նք դառնանք Սքանչելիի տերը: Մենք կօգնենք ինքներս մեզ և կկատարենք խոստումը:

— Բայց Սմեագորլը խոստացել է շա՜տ-շատ լսող լինել: Հոբիթսը բարի՛ է, նա Սմեագորլի ոտքն ազատեց չար պարանից: Նա ինձ հետ քնքշորեն է խոսում:

— Սմեագորլը խոստացել է լսո՞ղ լինել, հա՞, իմ սքանչելի: Դե արի լս-սող լինենք ու ձկան պես խելոք, բայց ոչ թե հոբիթսների հետ, քաղցրիկս, այլ ինքներս մեզ: Բարի հոբիթսին մենք ոչ մի վատ բան չենք անի, ոչ, իհարկե ոչ:

— Բայց Սքանչելին լսել է մեր երդումը,— առարկեց Սմեագորլի ձայնը:

— Ուրեմն վերցրու Այն մեզ,— պատասխանեց մյուս ձայնը,— և ինքդ դարձիր Սքանչելիի տերը: Իսկ մյուս՝ զզվելի հոբիթսը, որ շարունակ մեզ կասկածում է, դեռ կսողա մեր առջև, կսողա ու կքծնի, գո՛լլում:

— Իսկ բարի հոբի՞թսը:

— Ոչ, նրան չենք դիպչի: Եթե մենք չենք ուզում, կարող ենք չստիպել նրան սողալ: Բայց, մյուս կողմից, նա Պարկինս է, իմ սքանչելի, այո՛, այո՛, Բե՛գինս: Այդ Բե՛գինսը գողացավ Այն մեզանից: Նա գտավ Սքանչելիին և մեզ չասեց, այո՛, ոչինչ չասեց: Մենք ատու՛մ ենք Պարկինսներին:

— Ո՛չ, ո՛չ այս Պարկինսին:

— Բոլոր Պարկինսներն ատելի՛ են: Բոլորը, ովքեր տիրում են Սքանչելիին: Այն պետք է մե՛րը լինի:

— Բայց Ինքը կտեսնի, Ինքը կիմանա: Նա կխլի Սքանչելին մեզանից:

— Ինքն առանց այդ էլ ամեն ինչ տեսնում է, ամեն ինչ գիտի: Նա լսսել է մեր հիմար խոսսստումները և գիտի, որ չ-չենք կատարել իր հրամանը, այո: Հարկավոր է խլել Սքանչելին: Ուրվականներն ամեն տեղ փնտրում են: Խլե՛լ:

— Բայց Նրան չտա՛լ:

— Իհարկե չտալ, քաղցրիկսսս: Ինքդ մտածիր. երբ Սքանչելին մերը լինի, մենք կարող ենք փախչել նույնիսկ Նրանից, հը՞մ: Մենք ուժեղ կլինենք, ավելի ուժեղ, քան Որվականները: Տիրակալ Սմեագո՞րլ, մեծն Գոլլու՞մ: Գոլլում Մեծագու՛յն: Ամեն օր ձկնիկ կուտենք, օրը երեք անգամ, թարմ, համեղ, հենց ծովից: Ամենասքանչելի՛ Գոլլում: Հարկավոր է խլե՛լ Այն: Խլե՛լ, խլե՛լ, խլե՛լ:

— Բայց նրանք երկուսով են: Արագ կարթնանան ու կսպանեն մեզ,— վնգստաց Սմեագորլը՝ գործադրելով վերջին ջանքերը: — Ոչ հիմա: Դեռ շուտ է: Հետո:

— Մենք կարոտե՛լ ենք, ուզու՛մ ենք, բայց... — Այստեղ երկար լռություն տիրեց՝ ըստ երևույթին երկրորդը մտածում էր: — Ասում ես, հետո՞: Թերևս... Գուցե, Նա՞ մեզ կօգնի: Այո, հաստատ կօգնի, այո:

— Ո՛չ, ո՛չ, այդպես չի՛ կարելի,— վնգստաց Սմեագորլը:

— Այո-այո, մենք էլ ուժ չունենք դիմանալու, ուժ չունե՛նք:

Ամեն անգամ, երբ խոսում էր երկրորդ ձայնը, Գոլլումի երկար թաթը դանդաղ սողում էր դեպի Ֆրոդոն, բայց, երբ սկսում էր խոսել Սմեագորլը, կտրուկ հետ էր քաշվում: Վերջապես երկու թաթն էլ, դողալով ու ցնցվելով, ձգվեցին դեպի Ֆրոդոյի կոկորդը:

Սեմն անշարժ պառկած ուշադիր լսում էր՝ կիսաբաց կոպերի արանքից հետևելով Գոլլումի յուրաքանրյուր շարժումին: Ա՛յ քեզ բան: Ինքն էլ հիմարաբար մտածում էր, թե Գոլլումը սոված է, դրա համար էլ վտանգավոր է՝ մեկ էլ տեսար խժռեց, չհասցրեցիր նույնիսկ ուշքի գալ: Այժմ նա հասկանում էր, որ ամեն ինչ շատ ավելի սարսափելի է: Մատանին անդիմադրելի ուժով ձգում էր Գոլլումին: Ինքը՝ դա, իհարկե, Սև Տիրակալն է, բայց ո՞վ է Նա, որի մասին հիշատակվեց վերջում: Երևի չարագործ Գոլլումն իր թափառումների ժամանակ ընկերացել է ինչ-որ մի գարշելի արարածի հետ: Բայց Սեմը երկար չմտածեց այդ մասին. իրավիճակը գնալով ավելի վտանգավոր էր դառնում, ժամանակն էր միջամտել: Նրա ձեռքերն ու ոտքերը ասես արճիճով լցված լինեին, բայց, այնուամենայնիվ, նա դժվարությամբ վեր կացավ ու նստեց: Ինչ-որ բան Սեմին հուշում էր, որ հարկավոր է զգույշ լինել և ձևացնել, թե ոչինչ չի լսել: Նա բարձրաձայն հոգոց հանեց, հորանջեց և քնկոտ ձայնով հարցրեց.

— Հե՛յ, ժամը քանի՞սն է:

Գոլլումը ֆշշացրեց, սպառնալից կեցվածք ընդունեց, բայց անմիջապես էլ թուլացավ, կպավ գետնին և չորեքթաթ սողաց վերև:

— Բարի՛ հոբիթսներ: Բարի Սեմ,— վերևից ասաց նա: — Քնկոտների մեկն եք դուք, այո, քնկոտների մեկը: Միայն հնազանդ Սմեագորլն էր հսկում: Արդեն իրիկուն է, մութն ընկնում է: Ժամանակն է գնալ:

— «Հըմ, իհարկե ժամանակն է,— մտածեց Սեմը,— ժամանակն է քեզանից ազատվե՛լ:» Բայց անմիջապես էլ գլուխն աշխատեցրեց ու հասկացավ, որ ավելի ճիշտ կլինի Գոլլումին տեսադաշտում պահել:

— Ե՛ս քո ինչն եմ ասել, լավ կլիներ խեղդվեիր, պրծնեինք,— փնթփնթաց նա, սողաց ներքև և արթնացրեց Ֆրոդոյին:

Տարօրինակ էր, բայց Ֆրոդոն արթնացավ թարմացած, հանգստացած: Նա լավ երազ էր տեսել: Սև ստվերը կարճ ժամանակով նահանջել էր, և այստեղ, այս հիվանդ, այլանդակ երկրում, նրան բարի տեսլքներ էին այցելել: Հիշողության մեջ ոչինչ չէր մնացել, բայց սիրտը ջերմացել էր, հոգին թեթևացել, և Բեռն էլ այնքան չէր ճնշում: Գոլլումը ողջունեց ֆրոդոյին, ինչպես շունը տիրոջը: Նա հրճվանքով թռչկոտում էր Ֆրոդոյի շուրջը, ճտտացնում երկար մատները և շոյում Ֆրոդոյի ծնկները: Վերջինս ժպտաց նրան:

— Լավ, լավ,— ասաց նա: — Ապրես, Սմեագորլ, դու հուսալի ուղեկից ես, հավատարիմ ծառայեցիր մեզ: Մենք արդեն գրեթե հասել ենք, մնում է վերջին քայլը: Տար մեզ դարպասի մոտ, և քեզանից էլ ոչինչ չեմ պահանջի: Տար դարպասի մոտ՝ և կարող ես գնալ, ուր ուզում ես, միայն թե ոչ մեր թշնամիների մոտ:

— Դարպասի մո՞տ: — Գոլլումը զարմանքից ու վախից նույնիսկ ծղրտաց: — Տերն ասում է, տար դարպասի մո՞տ: Այո, այդպես էլ ասաց, իսկ հնազանդ Սմեագորլը անում է այն ամենը, ինչ կարգադրում է տերը, այո-այո: Այ հիմա մոտիկ կգնանք և, տերը, գուցե, միտքը կփոխի: Ոչ մի լավ բան չկա դարպասի մոտ, ոչ մի լավ բան:

— Լա՛վ, լա՛վ, մոռացա՛նք քեզ հարցնել,— նրա խոսքը կտրեց Սեմը: — Գնա՛նք, ավարտե՛նք սկսած գործը:

Մթնում էր: Նրանք դուրս եկան փոսից և դանդաղ շարժվեցին առաջ: Բայց դեռ չէին հասցրել մի քանի քայլ անել, երբ նրանց կրկին պատեց սարսափը՝ այն նույն սարսափը, որ զգացել էին առաջ, երբ նրանց գլխավերևով փոթորկի պես անցավ Թևավոր Ուրվականը: Նրանք ընկան գարշահոտ հողին և քարացան, բայց այս անգամ երկինքը չմթագնեց. երևում է, Բարադ-Դուրի չարագուշակ սուրհանդակը բարձր էր թռչում: Փոքր ինչ սպասելով, Գոլլումը վերջապես վեր կացավ և, ցնցվելով ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով, գաղտագողի սողաց առաջ:

Կեսգիշերից մոտավորապես մեկ ժամ անց սարսափը կրկին մեխեց նրանց գետնին, բայց այս անգամ սարսափի աղբյուրն ավելի հեռու էր, ավելի բարձր. Ուրվականը ամպերից էլ բարձր էր թռչում և փոթորկի պես սլացավ արևմուտք:

Այս անգամ Գոլլումը վախից բոլորովին ուժասպառ էր եղել: Նա ցնցվում էր ու նվնվում, որ ամեն ինչ վերջացած է, իրենց նկատել են, և հիմա թշնամին ամեն ինչ գիտի:

— Երեք անգա՛մ,— վնգստաց նա,— երե՛ք: Նրանք զգու՛մ են, զգու՛մ են Սքանչելիին, նրանք Սքանչելիի սպասավորներն են... Այլևս գնալ չի կարելի: Կբռնե՛ն մեզ, կբռնեեեն...

Համոզելն ու ջերմ խոսքերը օգուտ չտվեցին: Միայն այն ժամանակ, երբ Ֆրոդոն ստիպված ձեռքը տարավ սրին և բարկացած բղավեց նրա վրա, Գոլլումը վեր կացավ և ծեծված շան պես սողաց առաջ:

Այդպես, մինչև երկար ու տառապալից գիշերվա ավարտն ու ահարկու լուսաբացի գալը, քայլում էին նրանք, լուռ՝ ոչինչ չտեսնելով և չլսելով: Միայն քամին էր չարագուշակ սուլում նրանց ականջներում:

Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է

Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում, գունատ երկնքի ֆոնին, սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:

Արևմուտքից Մորդորը պաշտպաված է Էֆել Դուաթի մռայլ լեռնաշղթայով, կամ Մթամած Լեռներով, իսկ հյուսիսով ձգվում է մոխրագույն, սրածայր գագաթներով ու մերկ լանջերով Էրեդ Լիթուին: Միասին նրանք մեծ և անառիկ պատ են ստեղծում, որի տակ փռված են այրված, մռայլ տափաստաններ Լիթլեդը և Գորգորոթը, իսկ նրանց միջև ծփում են Նուրնենի՝ ներքին ծովի, դառնահամ ջրերը: Հյուսիս-արևմուտքում այդ երկու լեռնաշղթաները մոտենում են միմյանց և գրեթե հատվում՝ մեջտեղում թողնելով միայն մի նեղ, խորը կիրճ: Դա Քիրիթ Գորգորն է՝ Ուրվականների Կիրճը, թշնամու երկիր տանող միակ ուղին: Կիրճը երկու կողմերից շրջապատված է բարձր, հզոր ժայռերով, իսկ մոտքի մոտ, աջ և ձախ կողմերում, սև, ուղղաձիգ, լերկ քարափների գլխին վեր են խոյանում երկու վիթխարի աշտարակներ, որոնք անվանվում են Մորդորի Ժանիքներ: Դրանք կառուցվել են հին ժամանակներում՝ Սաուրոնի պարտությունից հետո, երբ Գոնդորը փառքի և հզորության գագաթնակետին էր: Երբ Սև Տիրակալը պարտություն կրեց և փախուստի դիմեց, Գոնդորցիները կառուցեցին այդ աշտարակները, որպեսզի նա այլևս չհամարձակվի վերադառնալ իր հին տիրույթները: Սակայն Գոնդորի իշխանությունը հետզհետե թուլացավ, մարդիկ դարձան անհոգ, և երկար ժամանակ պահապան աշտարակները դատարկության և մոռացության էին մատնված: Հետո Սաուրոնը վերադարձավ, աշտարակները վերակառուցվեցին և լցվեցին մինչև ատամները զինված զորքով, և հազարավոր անքուն աչքեր պատուհան-հրակնատներից գիշեր-ցերեկ նայում էին հյուսիս, արևելք և արևմուտք:

Հետագայում Սև Տիրակալը կիրճն արգելափակեց հզոր, քարե պարսպով, և մեծ, երկաթյա դարպասով: Պարսպի ատամնավոր գագաթին օր ու գիշեր հետ ու առաջ էին քայլում ժամապահները: Կիրճը շրջապատող ժայռերի ստորոտում հայրուրավոր քարանձավներ փորվեցին ու անցումներ բացվեցին: Այնտեղ վխտում էին ռազմատենչ մրջյունների պես մշտապես մարտի պատրաստ օրքերը: Անցնել Մորդորի կծող ժանիքների մոտով կարող էին միայն նրանք, ովքեր կանչված էին Սաուրոնի կողմից, կամ նրանք, ովքեր գիտեին Մորանոնը (Սև Դարպասը) բացող գաղտնաբառը:

Սեմն ու Ֆրոդոն համր հուսահատությամբ նայում էին աշտարակներին ու պարսպին: Նույնիսկ հեռվից, վաղորդյան աղոտ լույսի ներքո, երևում էին պարսպի գլխին կանգնած ժամապահներն ու դարպասը հսկող պահակները: հոբիթները դուրս էին նայում Էֆել Դուաթի ամենահյուսիսային լեռան ստվերում թաքնված քարե խոռոչից: Նրանց թաքստոցից մինչև մոտակա աշտարակը ագռավի թռիչքով կկլիներ մոտավորապես հարյուր սաժեն: Աշտարակի գլխից ծուխ էր բարձրանում՝ թվում էր, թե խորքում՝ լեռան ընդերքում, կրակ է բոցկլտում:

Օրը բացվեց: Անկյանք ժայռերի հետևից երևաց գունատ, դեղին արևը: Հանկարծակի պահապան աշտարակները թնդացին բազմաթիվ շեփորների ձայնից: Բոլոր կողմերից, լեռներից ու կիրճերից, պատասխանեցին անտեսանելի զորանոցներն ու պահապան դիրքերը, Բարադ-Դուրի խորքերում որոտացին թմբուկները, հնչեցին եղջերափողերը, և տափաստանով մեկ տարածվեց չարագույժ արձագանքը: Մորդորում սկսվեց անմխիթար սարսափով և ծանր աշխատանքով հագեցած նոր օրը: Գիշերային ժամապահներին փոխարինեցին նորերը՝ առույգ, վայրագ ու սրատես: Վիթխարի դարպասը աղոտ, մետաղյա փայլ էր արձակում:

— Ահա խնդրեմ,— ասաց Սեմը,— դարպասի մոտ ենք: Միայն թե ինձ թվում է, որ նրանք մեզ ներս չեն հրավիրի: Այ թե հիմա ծերուկիս ձեռքն ընկնեի... Կգտներ, թե ինչ ասել: Եվ իսկապես, քանի՜-քանի անգամ է ասել ինձ. «Հիշիր, Սեմ, քիթդ մի խոթիր էնտեղ, որտեղ քեզ չեն հրավիրում»: Ափսոս, որ էլ չեմ լսի նրա ձայնը. կասկածում եմ, որ երբևէ կտեսնեմ նրան: Էհ... հաճույքով կլսեի նրան, թեկուզ ամբողջ օրը բարկացած փնթփնթար, կնստեի ու կլսեի: Սիրում էր կրկնել. «Ասում էի չէ՞ քեզ, Սեմ...»: Կուզենայի ևս մեկ անգամ տեսնել նրան, բայց նախ մի լավ կլվացվեի, թե չէ չէր ճանաչի... Դե ի՞նչ: կարծում եմ նույնիսկ իմաստ չունի հարցնել «Իսկ հիմա ու՞ր»: Ախր գնալու տեղ չկա, եթե, իհարկե, չենք պատրաստվում գնալ օրքերին խորը գլուխ տալ և խնդրել, որ մեզ ներս ուղեկցեն:

— Ո՛չ, ո՛չ, պետք չէ գնալ օրքերի մոտ,— վախեցավ Գոլլումը: — Գնալ այլևս չի կարելի: Սմեագորլն այդպես էլ ասում էր. կհասնենք դարպասին՝ կտեսնենք: Ահա և տեսնում ենք: Այո-այո, իմ սքանչելի, նայում ենք ու տեսնում: Սմեագորլը գիտեր, որ հոբիթներն այստեղով չեն անցնի, օ՜ այո, Սմեագորլը դա գիտեր:

— Էդ դեպքում ինչու՞ մեզ էստեղ բերեցիր, չա՛րը քեզ տանի,— բարկացած հարցրեց Սեմը, թեև հարցը, իհարկե հիմար էր և անարդար:

— Որովհետև տերն էր այդպես կարգադրել: Տերն ասաց. տար մեզ դարպասի մոտ: Եվ Սմեագորլը հնազանդվեց: Տերն ավելի լավ գիտի, նա իմաստուն է:

— Այո, ես եմ կարգադրել,— հաստատեց Ֆրոդոն: Նա մռայլ, խիստ և վճռական տեսք ուներ: Կեղտոտ էր, հյուծված ու մահացու հոգնած, սակայն կանգնած էր ուղիղ, վճռական, և աչքերը պարզվել էին: — Կարգադրել եմ, որովհետև ինձ ասված է գնալ Մորդոր, իսկ այնտեղ տանող այլ ճանապարհ ես չգիտեմ: Նշանակում է պետք է գնամ այս ճանապարհով: Եվ չեմ խնդում որևէ մեկին ինձ ուղեկցել:

— Ո՛չ, ո՛չ, տե՛ր, չի՛ կարելի,— բղավեց Գոլլումը, գլուխը կորցրած կառչելով Ֆրոդոյից: — Չի՛ կարելի այս ճանապարհով, չի՛ կարելի: Պետք չէ՛ տալ Սքանչելին Նրան: Նա մեզ բոլորիս կխժռի, ամբողջ աշխարհը կխժռի, եթե Սքանչելին ստանա: Պահիր Սքանչելին քեզ, բարի տեր, խղճա Սմեագորլին: Մի տուր Սքանչելին նրան: Իսկ ավելի լավ է՝ հեռացիր, գնա ավելի լավ, պայծառ երկրներ, իսկ Սքանչելին վերադարձրու խեղճ Սմեագորլին, հա՞: Սմեագորլը կթաքցնի այն ապահով տեղում, նա շա՜տ-շատ բարի գործեր կանի, հատկապես բարի հոբիթսների համար: Իսկ հոբիթսները կգնան տուն: Պետք չէ՛ գնալ դարպասի մոտ:

— Ինձ ասված է գնալ Մորդոր՝ նշանակում է, այդպես է պետք,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն պետք է ներս մտնել դարպասով: Ինչ լինելու է, թող լինի:

Սեմը ոչինչ չասաց: Ինչ իմաստ ունի լեզվին զոռ տալը. առանց այդ էլ տիրոջ դեմքին ամեն ինչ գրված է: Անկեղծ ասած նա հենց սկզբից էլ հաջողության հասնելու հույս չուներ: Սակայն Սեմը կենսուրախ հոբիթ էր, և քանի դեռ հուսահատվելը հնարավոր էր հետաձգել, նա չէր շտապում: Այս անգամ որևէ ելք կարծես թե չէր երևում, բայց հետո ինչ. նա տիրոջ հետ է, և այսքան երկար ճանապարհ են միասին անցել, հո անտեղի չկպավ նրա պոչից, որ հիմա մենակ թողնի: Ո՛չ, տերը միայնակ Մորդոր չի գնա: Սեմը կգնա նրա հետ: Եվ բացի այդ՝ չկա չարիք առանց բարիքի. գոնե Գոլլումից կազատվեն:

Բայց Գոլլումն ակնհայտ չէր ուզում, որ իրենից ազատվեն: Նա ծնկի էր իջել Ֆրոդոյի դիմաց, վնգստում ու ձեռքերն էր կոտրատում:

— Այստեղով հնարավոր չէ անցնել, տե՛ր,— պաղատագին վնգստում էր նա: — Մեկ այլ ճանապարհ էլ կա: Այո, այո, բոլորովին այլ ճանապարհ՝ մութ, գաղտնի, աննկատ: Բայց Սմեագորլը գիտի, Սմեագորլը ցույց կտա դրա տեղը:

— Այլ ճանապա՞րհ,— կասկածանքով հարցրեց Ֆրոդոն՝ սևեռուն նայելով ոտքերի տակ դողդողացող Գոլլումին:

— Այո-այո-սսս, բոլորովին այլ: Սմեագորլն է գտել այն: Եկեք գնանք տեսնենք, գուցե այն հիմա էլ կա:

— Նախկինում դու դրա մասին ոչինչ չես ասել:

— Ոչ, բայց տերն էլ չի հարցրել: Տերը չի ասել, թե ինչ է ուզում անել: Նա ոչնինչ չի ասել խեղճ Սմեագորլին: Նա ասաց. Սմեագորլ, տար ինձ դարպասի մոտ՝ և հաջողություն: Սմեագորլը կարող է հիմա փախչել հեռու ու լավ լինել: Բայց այժմ տերն ասում է. ես որոշել եմ Մորդոր մտնել դարպասով: Սմեագորլը վախենում է. նա չի ուզում կորցնել բարի տիրոջը: Եվ նա խոստացել է, տերը ստիպել է նրան երդվել, և նա երդվել է, որ կփրկի Սքանչելին: Բայց հիմա տերը կընկնի Նրա ձեռքը, եթե այստեղով գնա: Ինքը կխլի այն տիրոջ ձեռքից ու կհագնի իր սև մատին: Սմեագորլն ուզում է փրկել և՛ տիրոջը, և՛ Սքանչելին, ահա և նա հիշեց մյուս ճանապարհի մասին: Նա մի անգամ գնացել է այդ ճանապարհով: Տերը բարի է: Սմեագորլը լավն է, հնազանդ է, նա ուզում է օգնել:

Սեմը խոժոռվեց: Եթե նա կարողանար հայացքով շաղափել Գոլլումին, ապա վերջինս վաղուց մաղի պես ծակծկված կլիներ: Նրա համար այդ ամենը չափից դուրս կասկածելի էր: Գոլլումը կարծես թե չէր ձևացնում, իսկապես անհանգստացած էր և ամեն գնով փորձում էր օգնել Ֆրոդոյին: Բայց Սեմը հիշում էր, թե նա ինչպես էր ինքն իր հետ խոսում և չէր կարողանում հավատալ, որ մեկ շաբաթ առաջ հարություն առած հին, բարի Սմեագորլը վեճում այդքան հեշտ հաղթանակ է տարել: Ամեն դեպքում վերջին խոսքը Գոլլումն ասաց, ոչ թե Սմեագորլը: Շատ հավանական է, մտածում էր Սեմը, որ Սմեագորլն ու Գոլլումը (կամ, ինչպես ինքն էր իր մեջ նրանց անվանում՝ Լպրծունն ու Գարշելին) հաշտվել ու համաձայնության են եկել: Երկուսն էլ հավասարապես չէին ուզում, որ Ֆրոդոյին գերի վերցնեն ու Մատանին ընկնի թշնամու ձեռքը, այլ գերադասում էին, որ Ֆրոդոն մնա տեսադաշտում՝ համենայն դեպս, քանի դեռ Գարշելին հույս ունի հետ ստանալ իր Սքանչելին: Ինչ վերաբերում է մյուս ճանապարհին՝ Սեմը դրա գոյությանն այնքան էլ չէր հավատում:

«Շնորհակալություն գոնե, երկուսն էլ չգիտեն, թե ինչու է տերը Մորդոր գնում,— մտածեց Սեմը: — Փորձանքից չէինք խուսափի, եթե իմանային, որ Ֆրոդոն պատրաստվում է ոչնչացնել իրենց Սքանչելին: Գարշելին մահու չափ վախենում է թշնամուց. նրան, կարծես թե, ազատ են արձակել պայմանով: Նա մեզ առանց աչքը թարթելու կմատնի՝ միայն թե թշնամին չմտածի, որ ինքը մեզ օգնում է: Իսկ եթե իմանա, որ ուզում ենք իր Սքանչելին ոչնչացնել՝ ոչ մի բանի առաջ կանգ չի առնի: Համենայն դեպս ես էդպես եմ հասկանում: Հույս ունեմ, որ Ֆրոդոն նրա հետ զգույշ կլինի: Ճիշտ է տերն իմաստուն է, բայց սիրտը շատ բարի է, և թե ինչպես կվարվի՝ ոչ մի Գեմջի չի կարող գուշակել»:

Ֆրոդոն Գոլլումին անմիջապես չպատասխանեց: Մինչդեռ Սեմը խորհում էր ու կասկածում, նա նայում էր Քիրիթ Գորգորի սև ժայռերին: Ճեղքը, որտեղ նրանք թաքնվել էին, գտնվում էր մի ոչ մեծ բլրի լանջին՝ կախված ձորի բերանին, որի մյուս կողմում արևմտյան պահապան աշտարակն էր: Լուսաբացի շողերի ներքո հստակ երևում էին դեպի Մորդորի դարպասը տանող փոշոտ ճանապարհները: Մեկը շրջադարձ էր կատարում դեպի հյուսիս, մյուսը գնում էր արևմուտք և կորչում Էրեդ Լիթուիի ստորոտը պարուրած մշուշում, իսկ երրորդը շրջանցում էր աշտարակը, սուզվում ձորը, դուրս գալիս և անցնում հոբիթների թաքստոցի կողքով: Ապա շրջադարձ էր կատարում դեպի Էֆել Դուաթի արևմտյան լանջերը, կորչում Մթամած լեռների լանջերը պարուրած խիտ ստվերում և, աչքի համար արդեն հազիվ նկատելի, հայտնվում Անդուինի ափերից ոչ հեռու՝ լեռների և գետի միջև:

Ուշադիր նայելով, Ֆրոդոն նկատեց, որ Դրագորլադյան հարթավայրում ինչ-որ աշխուժություն է տիրում: Թվում էր, թե այնտեղ, Ճահճուտն ու ամայի հողերը պատած մշուշի քողի տակ, հսկայական զորք է շարժվում: Մշուշի մեջ ժամանակ առ ժամանակ փայլփլում էին նիզակներ և սաղավարտներ, ճանապարհներով տարբեր կողմերից մոտենում էին հեծյալների ջոկատներ: Ֆրոդոն հիշեց ընդամենը մի քանի օր առաջ Ամոն Հենի գագաթին իրեն այցելած տեսիլքը. թվում էր, թե տարիներ են անցել: Եվ հանկարծ հասկացավ, որ հույսը, որը մի ակնթարթ ջերմացրեց նրա սիրտը, ունայն էր: Հնչում էին շեփորները, բայց դրանք մարտի չէին կանչում, այլ ողջունում էին: Այդ գոնդորցի ռազմիկների ուրվականները չէին Սև Տիրակալից վրեժխնդիր լինելու համար դուրս եկել փառքով պսակված հին գերեզմաններից: Ոչ, դրանք այլ ռասայի մարդիկ էին, որոնք Սև Տիրակալի կոչով եկել էին հեռավոր Արևմուտքից: Գիշերել էին դարպասից ոչ հեռու և այժմ շտապում էին միանալ Մորդորի անդադար մեծացող հզոր բանակին: Եվ հանկարծ Ֆրոդոն հասկացավ, որ միայնակ կանգնած է անհամար թշնամիների դիմաց, և ամեն վայրկյան կարող են իրեն նկատել: Նա արագորեն գլխին քաշեց մոխրագույն գլխանոցը, արագ իջավ քարե խոռոչի մեջ և դիմեց Գոլլումին:

— Սմեագորլ,— ասաց նա,— ես մի անգամ էլ եմ վստահում քեզ: Երևում է, այդպես է պետք: Ըստ երևույթին դա իմ ճակատագիրն է՝ օգնություն ստանալ նրանից, ումից ամենաքիչն էի սպասում, իսկ քո ճակատագիրն է օգնել ինձ, թեև այդքան ժամանակ հետապնդում էիր մեզ չար միտումներով: Մինչև հիմա դու պահել ես քո խոստումը և արժանի ես միայն շնորհակալության: Եվ իսկապես,— ավելացրեց նա՝ նայելով Սեմին,— երկու անգամ մենք ամբողջությամբ քո ձեռքում ենք եղել, բայց դու մեզ ոչ մի վնաս չես պատճառել: Եվ դու չես տրվել գայթակղությանը գողանալ ինձանից այն, ինչն այդքան տենչում ես: Տե՛ս, հուսախաբ չանես երրորդ անգամ: Եվ հիշի՛ր, Սմեագորլ, դու մեծ վտանգի մեջ ես:

— Այո-այո, տե՛ր,— գլխով արեց Գոլլումը,— սարսափելի վտանգի մեջ: Սմեագորլի ծնկները վախից դողում են, բայց նա չի փախչում: Նա պետք է օգնի տիրոջը:

— Ես այն վտանգը նկատի չունեմ, որը մեզ բոլորիս է սպառնում,— ասաց Ֆրոդոն: — Շատ ավելի մեծ սպառնալիք է կախվել քո գլխին: Դու երդվել ես Սքանչելիով, ինչպես ինքդ ես անվանում՝ չեմ ասի ինչը: Չմոռանա՛ս այդ մասին: Սքանչելին հիշում է քո երդումը, բայց միևնույն ժամանակ այն կփորձի նենգաբար աղավաղել քո մտքերը, որ դու դրժես քո խոստումը: Այն արդեն փորձում է քեզ հրապուրել: Հենց նոր հիմարաբար ինքդ քեզ բացահայտեցիր: Դու ասացիր. «Վերադարձրու Սքանչելին Սմեագորլին»: Այլևս երբե՛ք չկրկնես այդ խոսքերը: Գլխիցդ ցրի՛ր այդ մասին բոլոր մտքերը: Դու էլ երբեք այն հետ չես ստանա: Իսկ եթե չդիմանաս գայթակղությանը՝ դու կորած ես: Դու էլ երբեք այն հետ չես ստանա, Սմեագորլ, բայց եթե այլ ելք չլինի, ես կհագնեմ քո Սքանչելին, իսկ այն արդեն վաղուց ենթարկել է քեզ իրեն: Ես կհագնեմ Սքանչելին և կսկսեմ հրամայել քեզ, իսկ դու ստիպված կլինես հնազանդվել, եթե նույնիսկ հրամայեմ քարափից ցած թռչել, կամ նետվել կրակի մեջ: Զգուշացի՛ր, որովհետև հենց այդպիսին է լինելու իմ հրամանը: Զգուշացի՛ր, Սմեագո՛րլ:

Սեմը գուհունակությամբ և տարակուսանքով նայեց Ֆրոդոյին. նա տիրոջը այդպիսին երբեք չէր տեսել, և այդպիսի խոսքեր էլ երբեք չէր լսել նրանից: Նա էլ միշտ մտածում էր, որ սիրելի պարոն Ֆրոդոն չափազանց բարի է ու մի քիչ էլ կույր: Սակայն դա չէր խանգարում Սեմին հավատալ, որ նա, միևնույնն է, ամենախելացին է աշխարհում (բացառությամբ, թերևս, ծեր պարոն Բիլբոյի և Գենդալֆի): Երևում է, Գոլլումն էլ էր այդպես մտածում՝ թեև նրան դա ներելի էր, նա ընդամենը մեկ շաբաթ էր, որ ճանաչում էր Ֆրոդոյին: Նա նույնպես պարոն Ֆրոդոյի բարությունը շփոթում էր կուրության հետ, և այժմ նրա խոսքերից ապշել ու սարսափահար էր եղել: Նա փռվեց Ֆրոդոյի ոտքերի տակ և հազիվ երկու բառ կարողացավ արտասանել. «Բարի տեր, բարի տեր»:

Ֆրոդոն մի փոքր սպասեց, որ Գոլլումը հանգստանա, ապա արդեն ավելի փափուկ տոնով ասաց.

— Դե ինչ, Գոլլում, կամ Սմեագորլ՝ եթե քեզ այդպես է դուր գալիս, պատմիր, այդ ի՞նչ այլ ճանապարհ է, բացատրիր, ինչո՞վ է այն ավելի ապահով սրանից: Միայն թե արագ, ես շտապում եմ:

Բայց Գոլլումն անմխիթար վիճակում էր. Ֆրոդոյի սպառնալիքները նրան ահավոր ընկճել էին: Նրանից ինչ-որ բան իմանալը գրեթե անհնար էր՝ նա անվերջ մրթմրթում էր, սուլում, սողում հոբիթների ոտքերի տակ և խնդրում նրանց, որ խղճան «դժբախտ Սմեագորլին»: Ի վերջո նա մի փոքր հանգստացավ, և Ֆրոդոն մի կերպ կարողացավ հասկանալ հետևյալը. եթե գնաս հարավային ճանապարհով՝ Էֆել Դուաթի երկայնքով, ապա վաղ թե ուշ կհասնես խիտ ծառերով շրջապատված խաչմերուկին: Աջ գնաս՝ կհասնես Օսգիլիաթին և Անդուինի վրայի կամուրջին, ուղիղ՝ կընկնես հարավային երկրներ:

— Ուղիղ, ուղիղ, անընդհատ ուղիղ,— ասում էր Գոլլումը: — Մենք այդ ճանապարհով երբեք չենք գնացել, բայց ասում են, որ եթե հարյուր լիգ գնաս, ապա կտեսնես Մեծ Ջուրը, որը երբեք հանգիստ չունի: Այնտեղ շա՜տ-շատ ձուկ կա և մեծ թռչուններ, որոնք ձուկ են ուտում: Համե՛ղ թռչուններ: Մենք այնտեղ երբեք չենք եղել: Շատ ափսոս: Բայց դա դեռ ամենը չէ: Հետո, ասում են, բոլորովին այլ երկրներ են սկսվում, Բայց այնտեղ Դեղին Դեմքը ուժեղ կծում է, ամպեր էլ գրեթե չկան: Իսկ մարդիկ սև դեմքեր ունեն ու սարսափելի չար են: Մենք այնտեղ չենք ուզում գնալ:

— Չենք ուզում, չենք ուզում,— հաստատեց Ֆրոդոն,— և չենք էլ գնա: Իսկ ու՞ր է տանում երրորդ ճանապարհը:

— Այո-այո, երրորդ ճանապարհ էլ կա,— ասաց Գոլլումը,— ճանապարհ դեպի աջ: Այն միանգամից սկսում է բարձրանալ, անընդհատ վեր ու վեր, մեկ ուղիղ, մեկ ոլորաններով, դեպի բարձունքի սև ստվերները: Հետո շրջանցում է սև ժայռը և՝ տեսնում ես, անմիջապես տեսնում ես այն հենց քո դիմաց, այո: Եվ ուզում ես շտապ թաքնվել ինչ-որ մի տեղ, օ՜ այո:

— Ու ի՞նչ ես տեսնում: Ի՞նչ է հենց քո դիմաց:

— Հին ամրոց, շա՜տ հին, իսկ այժմ նաև շատ սարսափելի: Մենք շատ հեքիաթներ ենք լսել հարավից այդ ամրոցի մասին, երբ Սմեագորլը դեռ փոքրիկ էր: Այո-այո, երեկոները նստում էին Մեծ Գետի ափին, ուռիների տակ և հեքիաթներ պատմում: Եվ Գետն էլ էր ժամանակ ջահել, գո՛լլում, գո՛լլում:

Նա հեծկլտաց և սկսեց մրմնջալ: Հոբիթները համբերատար սպասում էին:

— Հա, հարավի հեքիաթները,— վերջապես շարունակեց Գոլլումը,— բարձրահասակ, հստակ աչքերով մարդկանց մասին, նրանց քարե տների մասին, սարերի պես բարձր, արծաթե թագով թագավորի և Սպիտակ Ծառի մասին: Հրաշալի հեքիաթներ են: Մարդիկ աշտարակներ են կառուցել մինչև երկինք, որոնցից ամենաբարձրը արծաթա-սպիտակավուն էր: Այդ աշտարակում պահվում էր Լուսնաքարը, իսկ աշտարակի շուրջը բարձր, սպիտակ պարիսպներ էին:

— Դա երևի Մինաս Իթիլն է, Ծագող Լուսնի ամրոցը, որը կառուցել է Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին,— ասաց Ֆրոդոն: — Այդ նա է կտրել Թշնամու մատը:

— Այո-այո, նրա սև ձեռքի վրա միայն չորս մատ կա,— ցնցվելով, հաստատեց Գոլլումը: — Բայց նրան չորսն էլ է լիովին բավարար: Նա ատում է Իսիլդուրի ամրոցը:

— Իսկ կա՞ մի բան, որը նա չի ատում,— հոգոց հանեց Ֆրոդոն: — Բայց մեր ինչի՞ն է պետք Ծագող Լուսնի Ամրոցը:

— Ամրոցը, տեր, ինչպես կար, այնպես էլ մնում է: Մեծ աշտարակ, սպիտակ տներ և ամրոցը շրջապատող պարիսպներ՝ միայն թե ամրոցը վատն է դարձել, տգեղ: Ինքը այն գրավել է շա՜տ վաղուց, և հիմա այնտեղ սարսափելի-սարսափելի է: Ով տեսնում է այն, ուզում է սողալ հեռու ու թաքնվել դրա ստվերից: Բայց տերը ստիպված է գնալ այդ ճանապարհով, որովհետև այլ ճանապարհ չկա: Լեռներն այնտեղ այնքան էլ բարձր չեն, հին ճանապարհը բարձրանում է լեռների գագաթը՝ մինչև մութ անցումը, իսկ հետո ներքև, ներքև, դեպի Գորգորոթ: — Գոլլումը վերջին բառերն ասաց շշունջով և դողդողալով:

— Ու ի՞նչ օգուտ մեզ դրանից,— միջամտեց Սեմը: — Թշնամին, կարծում եմ, իր չորս մատի պես գիտի այդ լեռները, և այդ ճանապարհը հսկում է ճիշտ այնպես, ինչպես այս մեկը: Վերջիվերջո աշտարակը դատարկ չէ, չէ՞, երևի:

— Օ ոչ, այն դատարկ չէ,— շշնջաց Գոլլումը: — Թվում է, թե դատարկ է, բայց դատարկ չէ, ոչ: Այնտեղ շա՜տ սարսափելի արարածներ են ապրում: Օրքեր, այո, օրքեր, նրանք ամենուր են, բայց նաև ուրիշներ, օրքերից սարսափելի, շատ ավելի սարսափելի: Ճանապարհը գնում է պատերի տակով և մտնում դարպասից ներս: Եվ նրանք ներսից հետևում են ճանապարհին՝ նրանք, Լուռ Դիտորդները:

— Շնորհակալություն խորհրդի համար,— ասաց Սեմը: — Մենք, նշանակում է, պետք է չգիտեմ քանի լիգ քարշ գանք դեպի հարավ և հայտնվենք էլ ավելի վատ ծուղակում, քան ա՞յս է:

— Ոչ, ոչ,— բողոքեց Գոլլումը,— թող հոբիթները մտածեն, թող նրանք փորձեն գլխի ընկնել: Ինքը այնտեղից հարձակման չի սպասում: Նրա աչքն ամենուր թափանցում է, բայց մի ուղղությամբ նայում է հաճախակի, իսկ մյուս ուղղությամբ՝ հազվադեպ: Նա չի կարող միաժամանակ ամեն ինչ տեսնել: Նա վաղուց գրավել է Մթամած Լեռներից մինչև Գետն ընկած հողերը, հսկում է բոլոր կամուրջները և մտածում է, որ Լուսնային Ամրոց կարելի է թափանցել միայն կամուրջները գրոհելով, կամ նավակներով, իսկ նավակները չես թաքցնի, նա կտեսնի դրանք:

— Որտեղից գիտես, թե Ինքը ինչ է մտածում և ուր է նայում,— հարցրեց Սեմը: — Վերջերս նրա հետ զրուցե՞լ ես, ինչ է: Թե՞ օրքերի հետ ես հասցրել փսփսալ:

— Վատ հոբիթ, հիմար,— վիրավորվեց Գոլլումը և, զայրացած աչքերը փայլեցնելով Սեմի վրա, կրկին շրջվեց դեպի Ֆրոդոն: — Սմեագորլը խոսել է օրքերի հետ, իհարկե, խոսել է, բայց այն ժամանակ նա դեռ չէր հանդիպել տիրոջը: Նա շատերի հետ է խոսել և հարցուփորձ արել, շատ տեղերում է եղել: Եվ հիմա կրկնում է, ինչ որ նրան ասել են: Ինքը հյուսիսից է վտանգի սպասում, նշանակում է, որ մեզ համար սա ամենավտանգավոր ճանապարհն է: Շուտով նա դուրս կգա Սև Դարպասից, շատ շուտով՝ նրա հսկա զորքը կարող է դուրս գալ միայն Դարպասով: Իսկ արևմուտքից նա հարձակման չի սպասում: Եվ հետո, այնտեղ հսկում են Լուռ Դիտորդները:

— Ընտիր է, այլ կերպ չես ասի,— փնթփնթաց Սեմը՝ չցանկանալով հավատալ: — Փաստորեն գնում ենք էնտեղ, ծեծում ենք դարպասն ու հարցնում. «Ներեցեք խնդեմ, մենք ճի՞շտ ենք Մորդոր գնում»: Թե՞ նրանք այնքան լուռ են, որ չեն պատասխանի: Իմաստը ո՞րն է: Ավելի լավ չէ՞ բախտներս էստեղ փորձենք: Համենայն դեպս, անիմաստ տեղը այդքան ճանապարհ չենք գնա:

— Պետք չէ կատակել,— ֆշշացրեց Գոլլումը: — Ծիծաղելի չէ, բոլորովին ծիծաղելի չէ: Մորդոր գնալու կարիք ընդհանրապես չկա, բայց քանի որ տերն ասում է. «ես պետք է գնամ, հարկավոր է գնալ», նշանակում է, հարկավոր է ինչ-որ բան անել, փորձել: Սակայն սարսափելի ամրոց գնալու կարիք չկա, ոչ, իհարկե ոչ: Սմեագորլը կօգնի տիրոջը, այո, խելոք, հնազանդ Սմեագորլը կօգնի, թեև Սմեագորլին չեն ասում, թե ինչի համար է տերը գնում Մորդոր: Սմեագորլը միշտ էլ օգնում է: Նա գիտի, այդ նա է գտել, միայն նա գիտի:

— Եվ ի՞նչ ես այնտեղ գտել,— հարցրեց Ֆրոդոն: Գոլլումը կպավ նրա ոտքերին և ֆշացրեց.

— Արահետ, փոքրիկ արահետ: Այն տանում է լեռներ՝ հետո սկսվում է սանդուղքը երկար, նեղ սանդուղքը: Մեկ սանդուղք, երկու, երեք, իսկ հետո,— այստեղ նա սկսեց շշնջալ գրեթե անլսելի,— անցում, մու՜թ-մութ անցում, որին հաջորդում է փոքրիկ, նեղ կիրճը և էլի մեկ արահետ: Այդ արահետով մի անգամ Սմեագորլը փրկվել է խավարից, բայց դա շատ տարիներ առաջ էր: Գուցե արահետն այլևս չկա, իսկ գուցեև կա, գուցեև կա...

— Էհ, հեչ սրտովս չի այդ ամենը, հեչ սրտովս չի,— ասաց Սեմը: — Ինչ-որ չափից ավելի հեշտ է ամեն ինչ: Եթե այդ արահետը դեռ կա, ապա հաստատ այն նույնպես հսկում են: Այն ժամանակ հսկվու՞մ էր, Գոլլում: — Այդ պահին նրան թվաց, որ Գոլլումի աչքերուն առակյծեցին կանաչ կրակով: Գոլլումը քթի տակ ինչ-որ փնթփնթաց, բայց բարձրաձայն ոչինչ չասեց:

— Հսկու՞մ են թե ոչ,— խստորեն հարցրեց Ֆրոդոն: — Եվ դու իսկապես փրկվե՞լ ես խավարից, Սմեագորլ, թե՞ քեզ պարզապես բաց են թողել և հանձնարարություն տվել: Այդպես էր կարծում Արագորնը՝ նա, ով մի քանի տարի առաջ գտավ քեզ Մեռյալ Ճահիճների մոտակայքում:

— Ս-սու՛տ է,— ֆշշացրեց Գոլլումը: Արագորնի անունը լսելով նա կատաղեց, և աչքերը չարագուշակ փայլեցին: — Նա զրպարտե՛լ է ինձ, այո՛, զրպարտե՛լ է: Ես ի՛նքս եմ փախել, ի՛նքս, մենա՛կ: Այո, ինձ հրամայված էր փնտրել Սքանչելին, և ես փնտրում էի այն, իհարկե, բա էլ ո՞նց: Բայց Սևի համար չէի փնտրում, ոչ: Սքանչելին՝ մերն է, այո, այն իմն է եղել: Ինքս եմ փախել ձեզ ասում եմ:

Ֆրոդոն չգիտես ինչու համոզված էր, որ Գոլլումն այս անգամ գրեթե չի ստում, որ նա իսկապես գտել է Մորդորից դուրս գալու ելքը՝ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության: Համենայն դեպս Ֆրոդոն նկատեց, որ Գոլլումն ասաց «ես», այլ ոչ թե «մենք», իսկ դա մոռացված ազնվության ու ճշտախոսության հազվադեպ բռնկումների ժամանակ էր տեղի ունենում: Եվ այնուամենայնիվ, թեկուզ Գոլլումը չէր ստում, Ֆրոդոն գիտեր, որ չի կարելի մոռանալ Թշնամու նենգության մասին: Գոլլումի այդ «փրկությունը» շատ հավանական է, որ կատարվել էր Սաուրոնի իմացությամբ և թույտվությամբ: Եվ Գոլլումն էլ, հստակ երևում էր, որ ինչ-որ բան թաքցնում է:

— Մի անգամ էլ եմ քեզ հարցնում,— ասաց Ֆրոդոն,— հսկու՞մ են այդ արահետը թե ոչ:

Սակայն Արագորնի անունը Գոլլումին գցեց ամենամռայլ տրամադրության մեջ: Նրա համար վիրավորական էր, որ իր խոսքերը կասկածի տակ են դնում, կրկնակի վիրավորական էր, որովհետև մոլի ստախոսը կյանքում մի անգամ ճիշտ էր խոսացել՝ դե, գրեթե ճիշտ, և իրեն չէին հավատում:

— Հսկու՞մ են թե ոչ,— կրկնեց Ֆրոդոն:

— Այո-այո Գուցե և հսկում են,— մռայլ փնթփնթաց Գոլլումը: — Այս երկրում ամեն ինչ հսկողության տակ է: Տերը պետք է փորձի գնալ այդ ճանապարհով, կամ էլ թող գնա տուն: Այլ ճանապարհ չկա:

Այլև ոչ մի խոսք նրանից չկարողացան դուրս քաշել: Այդ լեռնային անցումի անունը նա չգիտեր, կամ ուղղակի չուզեցավ ասել:

Իսկ կոչվում էր այն Քիրիթ Ունգոլ, և այդ անունը շատերի մոտ էր սարսափ առաջացնում: Արագորնը, երևի, անմիջապես կբացատրեր նրանց, թե ինչ է դա նշանակում, իսկ Գենդալֆը ճիշտ ժամանակին կզգուշացներ նրանց, բայց ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը նրանց հետ չէր, նրանք երկուսն էլ կանգնած էին Իզենգարդի փլատակների մեջտեղում՝ Օրթհանքի աստիճաններին, և Գենդալֆը, ժամանակ կորցնելով, գալիս էր դավաճան Սարումանի հախից: Սակայն, նույնիսկ այն ժամանակ, երբ արտասանվեց դատավճիռը, երբ փալանթիրը կայծերի խուրձ սփռելով ճեղքեց գրանիտե աստիճանները, Գենդալֆը հիշում էր Ֆրոդոյի ու Սեմի մասին և մտովի փնտրում նրանց, որպեսզի խրախուսի և հուսադրի:

Հնարավոր է Ֆրոդոն, ինքն էլ չգիտակցելով, զգաց այդ անտեսանելի աջակցությունը, ինչպես եղել էր առաջ՝ Ամոն Հենի գագաթին, թեպետև նա մտածում էր, որ Մորիայի սև անդունդը կուլ է տվել Գենդալֆին: Նա երկար ժամանակ լուռ նստած, գլուխը կախ վերհիշում էր այն ամենը, ինչ լսել էր Գենդալֆից, սակայն ապարդյուն՝ այս իրավիճակին հարմար խորհուրդ հրաշագործը, կարծես թե, չէր տվել: Ավա՜ղ, ճակատագիրը չափազանց շուտ զրկեց նրանց իմաստուն առաջնորդից և խորհրդատուից: Սև Երկիրն այն ժամանակ դեռ այնքա՜ն հեռու էր: Ինչպես այնտեղ թափանցել, այդ մասին Գենդալֆը երբևէ ոչինչ չէր ասել: Իսկ գուցե նա ինքն է՞լ չգիտեր: Մի ժամանակ նա թափանցել էր Դուլ Գուլդուր՝ թշնամու հյուսիսային ամրոցը, բայց եղե՞լ էր արդյոք Մորդորում, Բարադ-Դուրում և Հրամեջ Լեռան մոտ Սաուրոնի վերադարձից հետո: Դժվար թե: Նշանակում է նա՝ հոբիթստանցի կոլոտիկը, հասարակ հոբիթը հեռավոր, խաղաղ գյուղից, պետք է հրաշագործերից և դյուցազուններից ավելի համարձակ ու խելացի գտնվի և փորձի գտնել ճանապարհը, որով չէին համարձակվի գնալ նույնիսկ նրանք: Չար վիճակ է ընկել իրեն: Սակայն նա ինքն ընտրեց իր ճակատագիրը, նստած իր հարմարավետ հյուրասենյակում, անցյալ տարվա այն հիշարժան գարնանը՝ հեռավոր ու արտասովոր, որն այժմ ասես աշխարհի պատանեկության մասին գրքից մի գլուխ լիներ, այն ժամանակների մասին, երբ ծաղկում էին Ոսկե և Արծաթե Ծառերը... Ծանր ընտրություն էր սպասվում: Ո՞ր ճանապարհով գնալ: Իսկ եթե երկու ճանապարհներն էլ տանում են դեպի սարսափելի մահ՝ ապա հարց է առաջանում, ի՞նչ օգուտ ընտրությունից:

Օրը շարունակվում էր: Մոխրագույն խոռոչի վրա, որտեղ թաքնվել էին երեք ճանապարհորդները, խոր լռություն էր իջել: Լռությունը գրեթե առարկայական էր՝ թվում էր, թե այն խիտ վերմակի պես պարուրում ու բաժանում էր նրանց մնացյալ աշխարհից: Վերևում երևում էր մշուշի շերտերով ակոսված, անսահման հեռու, բարձր, դժգույն երկինքը: Օդի անշարժ շերտերը երկնքի և երկրի միջև թվում էր, թե հագեցած են ծանր, ճնշող մտքերով:

Երկնքի բարձունքներում թռչող ոչ մի արծիվ չէր կարող տարբերել մոխրագույն թիկնոցների մեջ փաթաթված լուռ, անշարժ հոբիթներին: Գուցե նա կարողանար տեսնել գետնին տարածված Գոլլումին. ոչ ավել ոչ պակաս սովից մեռած մարդկային երեխայի դիակ, ցնցոտիներով հազիվ ծածկված, միայն կաշի ու ոսկոր... «Դրա համար նույնիսկ չարժե իջնել»,— կմտածեր, երևի, արծիվը:

Ֆրոդոն նստել էր՝ դունչը հենած ծնկներին, իսկ Սեմը ձեռքերը գլխի տակ դրած, գլխանոցը աչքերին քաշած պառկել էր մեջքի վրա և նայում էր դատարկ, ամայի երկնքին: Երկար ժամանակ երկինքը դատարկ էր, բայց հանկարծ Սեմին թվաց, թե այնտեղ ինչ-որ ստվեր է պտույտներ գործում՝ սև թռչու՞ն, թե ինչ-որ չտեսնված թևավոր արարած: Պտտվեց, պտտվեց, մի պահ քարացավ խոռոչի գլխին՝ և կորավ: Նրա հետևից հայտնվեցին էլի երկուսը, իսկ հետո նաև երրորդը: Սեմը միայն փոքրիկ, սև բծեր էր տեսնում, բայց չգիտես ինչու գիտեր, որ իրականում դրանք հսկայական թևերով վիթխարի հրեշներ են: Նա կծկվեց՝ թաքցնելով դեմքը: Նրան պարուրեց այն նույն վախը, որը նա զգում էր Սև Հեծյալների մոտենալուն զուգընթաց՝ սահմռկեցուցիչ ոռնոցով քարացնող, ուժասպառ անող, քամու թևերով թռչող սարսափ և լուսինը ծածկող սև ստվեր: Այս անգամ, սակայն, սարսափն առաջվա պես չկոտրեց հոբիթների կամքը և չսառեցրեց նրանց հոգին՝ աղբյուրը հեռու էր: Բայց այնուամենայնիվ այն զգացվում էր, և Ֆրոդոն նույնպես զգաց: Նրա մտքերն ընդհատվեցին, հոբիթը ցնցվեց, բայց գլուխը չբարձրացրեց: Գոլլումը վայրկենապես սարդի պես կուչ եկավ: Թևավոր ստվերները մի քանի պտույտ գործեցին և կտրուկ իջնելով, սրընթաց վերադարձան իրենց Մորդորը: Սեմը թեթևացած շունչ քաշեց:

— Նորից Հեծյալները, և նորից երկնքում,— շշնջաց նա: — Էս անգամ ես նրանց պարզ տեսա: Ի՞նչ եք կարծում, նրանք կարո՞ղ են մեզ տեսնել, այն էլ այդպիսի բարձրությունից: Այն Սև Հեծյալները, դե, որ նախկինում էին, ցերեկը կարծես թե վատ էին տեսնում, չէ՞:

— Կարծես թե այո,— ասաց Ֆրոդոն,— բայց փոխարենը ձիերն էին լավ տեսնում: Իսկ այս թևավոր արարածները, հավանական է, ցանկացած գիշակեր թռչունից էլ լավ են տեսնում: Իրականում հենց գիշակերի էլ նման են, միայն թե շատ մեծ են: Նրանք ինչ-որ բան են փնտրում: Թշնամին զգոնացել է:

Սարսափի զգացողությունը չքացավ, բայց և լռության գմբեթն էլ ասես չէր էլ եղել. քիչ առաջ հոբիթները կտրված էին ամբողջ աշխարհից, ասես թաքնված լինեին անտեսանելի, ապահով կղզյակում, իսկ հիմա զգում էին, որ կրկին խոցելի են բոլոր կողմերից: Անհանգստության զգացումը վերադարձավ, իսկ Ֆրոդոն դեռևս ոչինչ չէր որոշել: Նրա աչքերը փակ էին. նա կամ ննջում էր, կամ խորհրդակցում ինքն իր հետ՝ սպասելով սրտի կամ հիշողության խորհրդին: Վերջապես նա շարժվեց ու ոտքի կանգնեց. թվում էր, թե պատրաստվում է հայտարարել իր որոշումը: Բայց նա ասաց.

— Լսու՞մ եք: Այս ի՞նչ է:

Վախենալու առիթ կար, նոր փորձանք էր մոտենում: Հստակ երգեցողություն և խռպոտ ճիչեր էին լսվում՝ սկզբում հեռվից, ապա ավելի ու ավելի մոտիկից: Բոլորի գլխում նույն միտքը փայլատակեց. Սև Թևերը նկատել են իրենց և զինված մարտիկներ ուղարկել: Թեև նրանք շատ արագ հայտնվեցին, բայց դա ոչ ոքի չզարմացրեց. Սաուրոնի սարսափելի սպասավորների համար, թվում էր, անկարելի ոչինչ չկա: Հոբիթներն ու Գոլլումը կպան գետնին ու ականջ դրեցին: Զենքերի շաչունն ու ձայներն արդեն լսվում էին շատ մոտիկից: Ֆրոդոն ու Սեմը ձեռքները տարան սրերին. նահանջելու տեղ չկար:

Գոլլումը սարդի պես սողաց դեպի խոռոչի եզրը, առանց գլուխը դուրս հանելու զգուշությամբ դուրս նայեց երկու քարերի արանքից և քարացավ՝ անշարժ, անձայն: Այդ ընթացքում ձայները սկսեցին հեռանալ, թուլանալ և վերջապես լռեցին: Մորանոնի պարսպի վրայից լսվեց եղջերափողի ձայնը: Գոլլումն անձայն վերադարձավ:

— Նորից մարդիկ են Մորդոր գնում,— ցածրաձայն ասաց նա,— սև դեմքերով մարդիկ: Մենք առաջ այդպիսի մարդկանց չենք տեսել, ոչ: Սմեագորլը չի տեսել այդպիսի դաժան մարդկանց: Նրանք սև աչքեր ունեն և երկար, սև մազեր, իսկ ականջներին՝ ոսկե օղակներ: Այո, այո, շատ ոսկի կա նրանց վրա, սիրուն ոսկի: Մի քանիսի այտերը կարմիր են ներկված: կարմիր թիկնոցներով, կարմիր դրոշներով, և նիզակների ծայրակալներն էլ են կարմիր: Իսկ վահանները կլոր են, դեղին ու սև, մեջտեղում՝ մեծ, սուր փշեր: Վատ մարդիկ են: Անմիջապես երևում է, որ չար են ու դաժան: Իսկը օրքեր, միայն թե ավելի բարձրահասակ: Սմեագորլը կարծում է, որ նրանք հարավից են, Մեծ Գետի բերանի երկրներից. նրանք հարավային ճանապարհով էին գալիս: Գնացին Սև Դարպասի կողմը, բայց հնարավոր է, որ նրանց հետևից էլի կգան: Անընդհատ մարդիկ են գնում Մորդոր: Մի օր նրանք բոլորը կհայտնվեն այնտեղ, և ոչ մեկ չի մնա:

— Իսկ նրանց հետ օլիֆանթներ չկա՞յին,— հետաքրքրվեց Սեմը, մոռանալով ամեն տեսակ վախ:

— Ոչ, ոչ մի օլիֆանթ էլ չկար... Իսկ ովքե՞ր են օլիֆանտները,— հարցրեց Գոլլումը:

Սեմը վեր կացավ, ձեռքերը դրեց մեջքին (նա միշտ այդպես էր անում, երբ «բանաստեղծություն էր ասում») և սկսեց.

Ես գորշ եմ, ինչպես մուկը,
Եվ մեծ, ինչպես տունը:
Քիթս նման է օձի,
Իսկ ոտքերս սյուների:
Սիրում եմ խոտի վրա պառկել
Ու մեծ ծառեր տապալել:
Մեծ եղջյուրներ բերանիս
Ես գալիս եմ հարավից,
Ականջներով ծափ տալիս
Ցնցվում է հողը տակիս:
Թափառում եմ հազար տարի,
Թափառում եմ հարյուր դար,
Քնելու երբեք չեմ պառկում,
Ու ապրում եմ շատ երկար:
Օլիֆանթ եմ կոչվում ես,
Իմաստուն, հսկա և ծեր,
հարավում եմ ապրում ես,
Կենդանին եմ ամենամեծ:
Եթե մի անգամ ինձ տեսել ես՝
Կուզենաս տեսնել կրկին,
Եթե երբեք չես տեսել,
Չես հավատա, որ ես կամ:
Օլիֆանթ եմ ես կոչվում,
Եվ ես երբեք չեմ ստում:

— Ահա էսպիսի բանաստեղծություն եմ լսել մեր Հոբիթստանում,— վերջացնելով, ասաց Սեմը: — Գուցե այդ ամենը հիմարություն է, իսկ գուցեև ոչ: Մենք էլ շատ հեքիաթներ և պատմություններ ունենք, այդ թվում նաև հարավային երկրների մասին: Եղել է, որ հին ժամանակներում հոբիթները երբեմն ճանապարհորդել են: Շատերն անհետ կորել են, իսկ վերադարձողների պատմածներին ոչ ոք չի հավատացել: Ինչպես ասում են. մի բան է՝ «նորություններ Լեռնամոտից», որոնց ոչ ոք չի հավատում, և այլ բան է «Լուրեր են պտտվում Հոբիթստանում»: Բայց ես հաճախ եմ պատմություններ լսել հարավում ապրող Աժդահաների մասին: Մեզ մոտ նրանց թխադեմ են ասում, և մարտնչում են նրանք իբրև թե օլիֆանթների վրա նստած: Օլիֆանթներն իրենց մեջքին տներ ու աշտարակներ են տանում և ծառեր ու քարեր են միմյանց վրա նետում: Երբ ասացիր, որ կարմիր ներկված այտերով, ոսկե օղակներով հարավի մարդկանց տեսար, միանգամից բերանիցս թռավ. «Իսկ օլիֆանթներ չկա՞յին նրանց հետ», որովհետև եթե լինեին, ապա ես հաստատ նրան տեսնելու համար քիթս դուրս կհանեի: Բայց, հնարավոր է, որ այդպիսի կենդանիներ առհասարակ աշխարհում գոյություն չունեն... — Նա հոգոց հանեց:

— Ոչ, օլիֆանթներ չկային,— կրկնեց Գոլլումը: — Սմեագորլը դրանց մասին երբեք չի լսել և տեսնել էլ չի ուզում: Սմեագորլը չի ուզում, որ այդպիսի գազաններ լինեն աշխարհում: Նա ուզում է շուտ հեռանալ այստեղից և ավելի լավ տեղ թաքնվել: Սմեագորլն ուզում է, որ տերը հեռանա այստեղից: Բարի տերը կգա Սմեագորլի հետ, չէ՞:

Ֆրոդոն վեր կացավ: Նա չկարողացավ ծիծաղը զսպել, երբ Սեմը սկսեց օլիֆանթի մասին հին, մանկական բանաստեղծություն ասել, և ծիծաղն օգնեց նրան որոշում ընդունել:

— Էհ, ա՛յ թե օլիֆանթների հազարանոց զորք ունենայինք, զորքի արջևում ճերմակ օլիֆանթ, և Գենդալֆն էլ վրան,— բացականչեց նա: Այդ ժամանակ, երևի, հեշտությամբ կնեխուժեինք այս այս մռայլ երկիրը: Բայց մենք օլիֆանթներ չունենք, ունենք միայն հոգնած ոտքեր, և ամբողջ հույսը դրանց վրա է: Դե լավ, Սմեագորլ, երեքը հաջողակ թիվ է, երրորդ անգամ գուցե բախտներս ավելի շատ բերի: Ես կգամ քեզ հետ:

— Լավ տեր, խելացի տեր, բարի տեր,— ուրախացած բացականչեց Գոլլումը, գրկելով Ֆրոդոյի ոտքերը: — Ամենալա՛վ տեր: Հանգստացեք, բարի հոբիթներ, թաքնվեք քարերի ստվերում ու հանգստացեք, մինչև Դեղին Դեմքը հեռանա: Կհեռանա ու՝ արագ-արագ կգնանք: Կվազենք արագ ու անաղմուկ, ինչպես ստվերները:

Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված

Օրվա մնացած մասը հանգստանում էին, թաքնվելով արևի լույսից, և միայն այն ժամանակ, երբ ստվերները երկարեցին ու խոռոչը թաղվեց մթնշաղի մեջ, հոբիթներն աղքատիկ ընթրիք արեցին, մի քանի կում ջուր խմեցին և ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսան: Գոլլումը գալեթների տեսքից դեմքը կնճռոտեց, բայց ջրից չհրաժարվեց:

— Շուտով մի կուշտ կխմենք,— շրթունքները լպստելով հուսադրեց նա: Այնտեղ, ուր գնում ենք, լեռներից լավ ջուր է հոսում դեպի Մեծ Գետը, համեղ ջուր, այո: Գուցե այնտեղ Սմեագորլն ուտելիք էլ գտնի: Նա շատ է սովածացել, այո, շատ, գո՛լլում: — Նա իր մեծ, հարթ թաթերը դրեց նիհարած փորին, և աչքերն առկայծեցին կանաչ կրակով:

Մթնշաղն արդեն խտանում էր, երբ նրանք սողալով դուրս եկան խոռոչից և ճանապարհ ընկան: Երեք աղոտ ստվերներ ցոլացին խոռոչի եզրին և ուրվականների պես լուծվեցին ճամփեզրի քարերին: Լիալուսնին ընդամենը երեք օր էր մնացել, բայց լուսինը գրեթե մինչև կեսգիշեր թաքնված էր սարերի հետևում, այնպես որ ստիպված էին գնալ լիակատար մթության մեջ: Մորդորի ժանիքներից մեկի գլխին կարմիր լույս էր առկայծում, որից բացի ուրիշ ոչինչ չէր հիշեցնում Մորանոնի աչալուրջ պահակների մասին:

Այդ կարմիր աչքը ասես հետապնդում էր փախստականներին, մինչ նրանք, սայթաքելով քարերի մեջ, շտապում էին հեռանալ այդ չարագուշակ վայրից: Ճանապարհ դուրս գալ չէին համարձակվում և աշխատում էին, ինչքան հնարավոր է, ճամփեզրից չհեռանալ: Վերջապես կեսգիշերն անց, երբ նրանք արդեն բավականին հոգնել էին (միայն մի անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով), աչքը վերածվեց փոքրիկ կարմիր կետի և շուտով անհետացավ. դա նշանակում էր, որ նրանք շրջանցել էին ամենահյուսիսային ժայռերն ու շրջվել դեպի հարավ:

Տարօրինակ թեթևություն զգալով, ճամփորդները կրկին նստեցին հանգստանալու՝ շատ կարճ ժամանակով: Գոլլումն անընդհատ շտապեցնում էր նրանց: Ըստ նրա հաշվարկների, Մորանոնից մինչև Օսգիլիաթի մոտակայքում գտնվող խաչմերուկը մնում էր մոտ երեսուն լիգ, և նա ուզում էր հաղթահարել այդ տարածությունը չորս գիշերվա ընթացքում: Այդ պատճառով էլ հոբիթները, հաղթահարելով հոգնածությունը, կրկին ճանապարհ ընկան և գնացին այնքան ժամանակ, մինչև լուսաբացը սկսեց տարածվել մոխրագույն, անկյանք անապատի վրա: Գրեթե ութ լիգ հաղթահարված էր, բայց հոբիթները ուժասպառ էին եղել, չնայած ռիսկի դիմել էլ պետք չէր:

Լույսը բացվեց, և հոբիթները տեսան, որ հողն այստեղ այնքան էլ պատռված ու ճանկռոտված չէ, որքան Մորդորի Դարպասի մոտակայքում: Ձախ կողմում առաջվա պես սպառնալի վեր էին խոյանում լեռները, բայց ճանապարհը, որն առավոտյան լուսի տակ արդեն լավ երևում էր, ավելի ու ավելի էր հեռանում լեռների սև ստորոտից՝ իր տեղը զիջելով հարթ լանջերին, որոնք, ասես մութ ամպերով պարուրված, ամբողջությամբ ծածկված էին մռայլ անտառներով: Ճանապարհի մյուս կողմում, որտեղով քայլում էին հոբիթները, տարածվում էր վայրի, բլրաշատ տափաստանը՝ ծածկված հոնի, ավելի, հավամրգու և այլ անծանոթ թփուտներով: Այստեղ և այնտեղ ցցված էին մի քանի սոճիներ: Գրեթե մոռանալով հոգնածության մասին, հոբիթերը կրկին առույգացան ու հոգով արիացան. ամբողջ կրծքով շնչում էին թարմ, բուրումնավետ օդը, որը հիշեցնում էր նրանց հեռավոր Հյուսիսային Երկրամասը: Ի՜նչ հրաշալի էր ժամանակավոր ազատվել սարսափից և հայտնվել այս տեղանքում, որը դեռ բոլորովին վերջերս էր հայտնվել Սև Տիրակալի հպատակության տակ և դեռ չէր հասցրել ամայանալ: Բայց հոբիթները չէին մոռացել վտանգի մասին, գիտեին, որ Սև Դարպասն ու աշտարակ ժանիքները դեռ մոտ են, թեև լեռների մռայլ զանգվածը ծածկել էր դրանք տեսողությունից: Հարկավոր էր հուսալի ապաստան գտնել, որտեղ նրանք կարող էին թաքնվել անցանկալի աչքերից և սպասել մութն ընկնելուն:

Օրն անցավ անհանգիստ: Հոբիթները պառկել էին հավամրգու թփերի մեջ և հաշվում էին մեկը մյուսից տաղտկալի, իրարից ոչնչով չտարբերվող ցերեկային ժամերը: Լեռների ստվերը դեռ ընկնում էր նրանց վրա, արևն էլ թաքնվել էր գորշ ամպերի հետևում: Ֆրոդոյին մի քանի անգամ հաջողվեց քնել խորը, խաղաղ քնով՝ այժմ նա կամ լիովին վստահում էր Գոլլումին, կամ էլ նրան հետևելու համար չափազանց հոգնած էր: Բայց Սեմը ննջում էր մի աչքը բաց. հետո ինչ, որ Գոլլումը, թեև երբեմն ցնցվում է, բայց շնթռած է մեռածի պես, ստորը: Այդպիսի երազների համար գլուխը թռցնելն էլ քիչ է (նա ինչ-որ գոլլումային ծածուկ երազներ է տեսնում): Սակայն, հնարավոր է նաև, որ անքնության պատճառը սովն էր. Սեմը լրջորեն սկսել էր կարոտել տնական տաք, ախորժելի ուտելիքը:

Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ էլ հետյոտն զինվորներ չհայտնվեցին. գիշերն անցավ խաղաղ: Ճանապարհը կառուցվել էր վաղուց մոռացված ժամանակներում: Մորանոնի մոտ, երևում է, վերանորոգել էին, բայց Դարպասից երեսուն լիգ այն կողմ այն ծածկված էր խիտ բուսականությամբ՝ վայրի բնությունն իր գործը տեսել էր: Սակայն մարդկային աշխատանքի հետքերը դեռ չէին վերացել. սալահատակի հին քարերը դեռ պառկած էին իրենց տեղերում, և ճանապարհը ուղիղ գծով ձգվում էր դեպի հարավ-արևմուտք՝ հատելով ու երկու մասի բաժանելով իր առջև հայտնված բլուրները և անցնելով առուների վրա գցված հինավուրց, քարե լայն կամուրջների վրայով: Բայց շուտով կառուցապատման բոլոր հետքերն աստիճանաբար անհետացան, և միայն երբեմն-երբեմն ճամփեզրին թփերի արանքից կոտրված սյուն էր երևում, կամ ոտքերի տակ՝ ճաքճքած, մամուռով պատված սալաքար: Ճամփեզրը և, հետզհետե, նաև ճանապարհը ծածկվեցին հավամրգու թփերով, պտերով ու մատղաշ ծառերով, և ի վերջո ուղին վերածվեց լքված երկրամասի ամայի ճանապարհահատվածի, սակայն այն ևս առաջվա պես ուղիղ, առանց գալարվելու, տանում էր նրանց դեպի նպատակադրված կետը ամենակարճ երթուղով:

Այդպես նրանք հասան հյուսիսային եզրը մի երկրի, որը մարդիկ մի ժամանակ կոչում էին Իթիլիեն՝ երանելի երկիր, զառիվայր լանջերով մագլցող անտառներով և շառաչող ջրվեժներով: Զարմանահրաշ գիշեր էր, լուսինը գրեթե բոլորել էր, երկինքն աստղազարդ էր, և օդը գնալով ավելի բուրավետ էր դառնում: Սակայն դա Գոլլումին ակնհայտ դուր չէր գալիս. նա փնչացնում էր ու դժգոհ փնթփնթում: Լուսաբացի առաջին շողերի հետ փոքրիկ ջոկատը կրկին կանգ առավ:

Ճանապարհը, հատելով քարքարոտ ժայռը, անցնում էր խորը, երկար կիրճով, որի լանջերը մեջտեղում բոլորովին ուղղաձիգ էին դառնում: Կիրճի վերջնամասում հոբիթները մագլցեցին արևմտյան լանջին և շուրջը նայեցին:

Երբ վերջնականապես լուսացավ, նրանք տեսան, որ լեռները տեղաշարժվել են ու լայն աղեղով նահանջել արևելք: Արևմտյան կողմում սահուն ներքև էին իջնում միգապատ նուրբ լանջերը: Ամենուրեք ցրված էին ոչ մեծ պուրակներ՝ միմյանցից առանձնացված ընդարձակ բացատներով: Բացի խեժաբույր եղևնիներից, մայրիներից և նոճիներից կային նաև այլ փշատերև ծառեր, որոնց մասին Հոբիթստանում չէին լսել, իսկ պայծառ լույսով ողողված մարգագետինները լի էին անուշահոտ խոտերով ու թփերով:

Ռիվենդելը և հարազատ Հոբիթստանը արդեն շատ վաղուց մնացել էին հեռու հյուսիսում, բայց ողջ ճանապարհորդության ընթացքում միայն այստեղ հոբիթները զգացին գարնան զարթոնքը: Գարնան շունչը զգացվում էր ամենուրեք. մամուռի և տորֆի շերտերը ծածկվել էին մատղաշ ծիլերով, կվենիները կանաչել էին, խոտի միջից դուրս էին նայում զարմացած ծաղիկները և երգում էին թռչունները: Իթիլիենը՝ Գոնդորի լքված, վայրի պարտեզը, նույնիսկ այժմ դեռ պահպանում էր առաջվա հմայքը՝ ասես գզգզված, բայց դեռ գեղեցիկ անտառային հավերժահարս:

Իթիլիենից Հարավ և արևմուտք տարածվում էր Անդուինի տաք, արևոտ հովիտը: Արևելյան քամիներից այս տարածաշրջանը, առանց արևի ճառագայթների ճամփան փակելու, պահպանում էր Էֆել Դուաթի լեռնաշղթան, հյուսիսից պաշտպանում էին Էմին Մուիլի լանջերը, բայց հարավից Իթիլիենը ամբողջովին բաց էր ջերմ, խոնավ ծովային քամիների համար: Այստեղ մեծ քանակությամբ դեռևս հնագույն ժամանակներում տնկված հսկա ծառեր էին պահպանվել, որոնց մասին հիմա ոչ ոք հոգ չէր տանում, և դրանք դանդաղ ծերանում էին՝ շրջապատված իրենց բազմաթիվ երիրտասարդ ու անխոհեմ սերունդներով: Խիտ շարքերով տարածվում էին անուշաբույր կարմրանները, ձիթենիներն ու դափնիները, հադիպում էին գիհու և մրտենու թփուտներ: Խոտածածկ սալաքարերի վրա տարածվել էին ուրցի կոշտ թփերը, եղեսպակը ծաղկել էր կապույտ, կարմիր ու գունատ-կանաչ ծաղիկներով, գանգրանում էր մաղադանոսը, առաջին ծիլերն էր արձակում անուշահոտ վայրի սուսամբարը: Կային նաև այլ բույսեր, որոնց մասին Սեմն ընդհանրապես գաղափար չուներ: Քարափներն ու քարքարոտ լանջերը պատվել էին քարկոտրուկներով ու թանթռնիկներով, բացատներում արթնացել էին կովածաղիկները, գլխով էին անում կիսաբաց կոկոններով շուշաններն ու նարցիսները, և խիտ, փարթամ-կանաչ խոտով էին շրջապատվել լճակները, որտեղ հանգստանում էին լեռնային առուների սառնորակ ջրերը դեպի Անդուին ճանապարհին:

Ճամփորդները լքեցին ճանապարհը, լանջով իջան ներքև և գլխովին սուզվեցին բուրավետ խոտերի ու թփերի մեջ: Գոլլումը հազում էր ու թքոտում, իսկ հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով, և հանկարծ Սեմը ծիծաղեց՝ բայց ուրախությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էր: Նրանք իջան արագահոս առվի երկայնքով և շուտով հասան մի լեռնային լճակի մոտ, որը հնում քարե ավազան էր եղել: Այժմ դրա կիսաքանդ պատերը ծածկված էին մամուռով և մասուրի թփերով: Ավազանի շուրջը շարքերով տարածվել էին հիրիկները, իսկ ջրի մութ, թեթև ալիքներից առկայծող մակերևույթին տատանվում էին ջրաշուշանները: Լճակը խորն էր ու վճիտ. ձվաձև քարե ավազանի մյուս կողմում, հազիվ լսելի խոխոջյունով, ջուրը հոսում էր ավազանից դուրս:

Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ որ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին ու նոր վերքերով՝ հնադրայան ճակատամարտերի և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքերով: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այնտեղ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր տարվել անծանոթ ծառերն ու թփերը զննելով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն ինքը հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:

— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ, ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ:

Լճակից փոքր ինչ վերև նրանք նախորդ տարվա ձարխոտի մուգ-շագանակագույն խիտ մացառուտներ հայտնաբերեցին: Ձարխոտի շերտից վերև սկսվում էր դափնիների պուրակը, իսկ բլրի գլուխը պսակված էր մայրիներով: Այստեղ էլ որոշեցին անցկացնել օրը, որը, իմիջայլոց, խոստանում էր լինել պարզ ու արևոտ: Ի՜նչ լավ կլիներ այդպիսի մի օր զբոսնել Իթիլիենի պուրակներում ու բացատներում: Բայց, թեև օրքերը տանել չեն կարողանում արևի լույսը, անտառում բավարար քանակությամբ թաքստեցներ ու մթին վայրեր կային, որտեղ նրանք կարող էին թաքնվել և հսկողություն իրականացնել: Եվ ոչ միայն օրքերը. այստեղ այլ աչքեր էլ կարող էին լինել՝ Սաուրոնը շատ կամակատարներ ունի: Եվ Գոլլումն էլ ոչ մի դեպքում տեղից չի շարժվի, քանի դեռ երկնքում փայլում է Դեղին Դեմքը, իսկ այն ահա ուր որ է դուրս կգա Էֆել Դուաթի մթին լանջերի հետևից և կսկսի, ի հեճուկս Գոլլումի, լուսավորել ու տաքացնել:

Սեմը քայլում էր ու խորհում ուտելիքի մասին: Այժմ, երբ անհաղթահարելի Դարպասը մնացել էր հետևում, և հորիզոնում կրկին փայլում էր հույսը, նա բոլորովին մտադիր չէր ապրուստի հարցը վստահել ճակատագրին, թեև, ինչպես երևում էր, Ֆրոդոն հենց այդպես էլ արել էր: Ինչ կլինի իրենց հետ, եթե գործը հաջողվի ավարտին հասցնել: Ամեն դեպքում էլֆական գալեթները հարկավոր է պահել սև օրվա համար՝ դա Սեմի համար ակնհայտ էր: Մի անգամ նա հաշվեց, որ դրանք երեք շաբաթից ավելի չեն կբավականացնի: Այդ օրվանից արդեն անցել էր վեց օր:

«Դժվար թե մենք այդ ժամանակահատվածում հասնենք Հրամեջ Լեռանը, եթե միայն բախտներս չբերի,— մտածում էր Սեմը: — Իսկ հետո՞ ինչ կլինի: Բա որ ուզենանք վերադառնա՞լ: Իսկ ինչու՞ ոչ»:

Եվ բացի այդ, գիշերային զբոսանքից և լվացվել-ջուր խմելուց հետո նրան տանջում էր սովորականից ավելի անտանելի քաղցը: Հագեցնել այն կարող էր միայն ընթրիքը Պարկուտի Զառիթափ-Նրբանցքի հին տան խոհանոցի կրակի կողքին... Հանկարծ նա հասկացավ ու շրջվեց դեպի Գոլլումը, որն արդեն չորեքթաթ հոտոտելով պատրաստվում էր չքանալ մի կողմի վրա իր գործերով:

— Հեյ, Գոլլում,— կանչեց Սեմը,— այդ ու՞ր ես պատրաստվում գնալ: Որս անելու՞: Ահա թե ինչ, ծեր հոտոտան. դու մեր ուտելիքից քիթդ ես կնճռոտում, և ինձ էլ է այն արդեն ձանձրացրել, իսկ դու, վերջերս, ինչքան որ հիշում եմ, միշտ պատրաստ ես ծառայելու: Միգուցե ինչ-որ ուտելի՞ք գտնես սոված հոբիթի ատամին հարմար:

— Հնարավոր է և գտնեմ, շատ հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը: — Սմեագորլը միշտ էլ օգնում է, երբ նրան խնդրում են... Երբ խնդրում են քնքշորեն:

— Լավ,— ասաց Սեմը: — Դե ուրեմն ես քեզ քնքշորեն խնդրում եմ: Իսկ եթե դա քիչ է, ապա խոնարհաբար եմ խնդրում:

Գոլլումը չքացավ: Ֆրոդոն մի քանի կտոր Լեմբաս կերավ, ավելի խորը թաղվեց ձարխոտի մեջ և քնեց: Սեմը նայեց նրան: Դեռ նոր-նոր էր լուսանում, բայց տիրոջ դեմքն ու հոգնած, գետնին տարածված ձեռքերը պարզ երևում էին: Նա հանկարծ հիշեց, թե ինչպես էր Ֆրոդոն քնում ու քնում Էլրոնդի տանը և ինքը ժամերով նայում էր նրան: Այդ օրերին, վիրավոր տիրոջ անկողնու մոտ հերթապահելու ժամանակ, Սեմը նկատում էր, որ ժամանակ առ ժամանակ Ֆրոդոն ասես լուսարձակում է ներսից: Հիմա արդեն հաստատ լուսարձակում էր, և լույսը ավելի պայծառ էր: Ոչ վախ, ոչ մտահոգություն չկար Ֆրոդոյի գեղեցիկ, բայց ծերացած դեմքին, սակայն թվում էր, ոչ թե ամիսներ, այլ շատ տարիներ են անցել: Ասես ժամանակի փորագրիչը երկար ու հմտորեն աշխատել էր նրա դեմքի վրա, և ահա աշխատանքի արդյունքը երևում է ու՝ թեև Ֆրոդոյի դիմագծերը չէին փոխվել, բայց դեմքը ծածկվել էր անհաշիվ մանր կնճիռներով: Սեմ Գեմջին, ճիշտ է, չէր խորհում այդպիսի խորաթափանց բառերով. նա միայն գլուխն օրորեց ու մրթմրթաց.

— Դե ինչ ասես էստեղ, սիրում եմ նրան և վերջ: Նա հենց այդպիսին է որ կա, այո... նույնիսկ մի քիչ լուսարձակում է: Էլ ինչ էդտեղ... Սիրում եմ՝ ահա և ողջ պատմությունը:

Գոլլումն աննկատելի վերադարձավ, գաղտագողի նայեց Սեմի թիկունքից, բայց տեսնելով Ֆրոդոյի դեմքը, փակեց աչքերը և լուռ սողաց հեռու: Սեմը մոտեցավ նրան: Գոլլումն ինչ-որ բան էր ծամում և անորոշ փնթփնթում քթի տակ: Նրա առջև ընկած էին երկու ոչ մեծ ճագար, և նա ագահորեն նայում էր դրանց:

— Սմեագորլը միշտ էլ օգնում է,— ասաց նա: — Նա ճագարներ է բերել, համեղ ճագարներ: Բայց տերը քնել է, և գուցե Սեմը նու՞յնպես ցանկանում է քնել: Գուցե նա հիմա ճագարներին էլ չի՞ ուզում: Սմեագորլը շատ է չարչարվել, որ օգնի, բայց ճագարները մեկ րոպեում չեն բռնվում:

Սեմը, սակայն դեմ չէր ճագարներին՝ մանավանդ եփված վիճակում, և այդպես էլ ասաց Գոլլումին: Բոլոր հոբիթներն էլ, անշուշտ, եփել-թափելուց լավ են՝ նրանց դա սովորեցնում են ավելի շուտ, քան կարդալը (որը, պատահում է, որ չեն էլ սովորեցնում), իսկ Սեմը այդ գործում վարպետ էր համարվում նույնիսկ հոբիթների շրջանում: Երբ հարմար առիթ էր լինում, նա միշտ էլ ինչ-որ բան էր պատրաստում և կերակրում ջոկատի անդամներին: Իսկ երբ ջոկատը ցրվեց, լավատեսորեն տրամադրված Սեմը չցանկացավ բաժանվել իր գլխավոր ունեցվածքից. աբեթից, կայծքարից, երկու փոքրիկ կաթսաներից՝ մեկը մյուսի մեջ, փայտյա գդալից, երկճյուղ պատառաքաղից և մի քանի շամփուրից: Իսկ ավելի խորը և ավելի խնամքով թաքցված էր փայտյա տուփի մեջ պահված գլխավոր և անփոխարիելի գանձը՝ մի բուռ աղ: Մնում էր միայն խարույկ վառել և էլի որոշ բաներ հայթայթել: Այդ ուղղությամբ խորհելով, Սեմը հանեց դանակը, մաքրեց, սրեց և սկսեց մաշկել ճագարներին: Նա չէր ցանկանում նույնիսկ մեկ ակնթարթ առանց հսկողության թողնել քնած Ֆրոդոյին:

— Լսիր, Գոլլում,— ասաց նա,— ես քեզ համար ևս մեկ գործ ունեմ: Հապա գնա ու այս կաթսաներով ջուր բեր:

— Սմեագորլը կգնա ջուր բերելու, եթե նրան խնդրում են,— համաձայնեց Գոլլումը: — Բայց հոբիթի ինչի՞ն է պետք այդքան ջուրը: Նա արդեն լվացվել է և կուշտ խմել:

— Էդպես է պետք,— ասաց Սեմը,— եթե չես կարողանում գլխի ընկնել, շուտով կտեսնես: Եվ ինչքան արագ բերես ջուրը, այնքան շուտ կտեսնես: Միայն թե կաթսաները չվնասես, էդ գոլլումային գլխովդ պատասխանատու ես դրանց համար, լսեցի՞ր:

Գոլլումը գնաց: Մինչ նա ջուր կբերեր, Սեմը կրկին մոտեցավ Ֆրոդոյին և նայեց նրան: Ֆրոդոն առաջվա պես խաղաղ քնած էր, բայց այս անգամ Սեմին առանձնապես ցնցեց նրա դեմքի նիհարությունը:

— Շա՜տ է հյուծվել,— հառաչելով ասաց նա,— կաշին ու ոսկորն է մնացել: Ոնց որ հեչ հոբիթ չլինի: Դե լավ, հենց ճագարներին պատրաստեմ՝ անմիջապես կարթնացնեմ նրան:

Սեմը չոր ձարխոտ հավաքեց և բարձրացավ բլրի գլուխը ցախ բերելու: Նա մայրու կոտրված ճյուղ գտավ, որը երկար ժամանակ կբավականացներ: Հետո վերադարձավ, լանջի վրա փոս փորեց, ճյուղը մասնատեց, դասավորեց փոսի մեջ և արագորեն խարույկ վառեց: Խարույկը գրեթե չէր ծխում և մայրու քաղցր բուրմունք էր տարածում: Երբ Գոլլումը քթի տակ փնթփնթալով վերադարձավ, զգուշորեն բերելով ջրով լի կաթսաները, Սեմն արդեն հաստ ճյուղեր էր ավելացնում կրակին ու պաշտպանում այն քամուց:

Կաթսաները դնելով գետնին, Գոլլումը հանկարծ տեսավ, թե ինչով է զբաղված Սեմը և, բարկացած ու միևնույն ժամանակ մահու չափ վախեցած, սուր ճիչ արձակեց:

— Ա՜խ, ոչ-սսս,— բացականչեց նա,— հիմա՛ր հոբիթներ, անմիտ, այո՛, անմի՛տ: Նրանք չպետք է այդ անեն:

— Ի՞նչ չպետք է անեն,— զարմացած գլուխը բարձրացրեց Սեմը:

— Չպետք է զզվելի կարմիր լեզուներին բաց թողնեն,— ֆշշացրեց Գոլլումը: Կրակ, կրակ չի՛ կարելի, այն վտանգավո՛ր է: Այն կծու՛մ է, այն այրու՛մ է, այն մեզ կմատնի թշնամիներին, այո-այո, թշնամիների՛ն:

— Դե, ես էդպես չեմ կարծում,— ասաց Սեմը: — Չի մատնի, եթե խոնավ ճյուղեր խարույկի մեջ չգցենք: Ամեն դեպքում ես պատրաստ եմ ռիսկի դիմել, որովհետև ուզում եմ եփել այս ճագարներին:

— Եփել ճագարների՞ն,— հուսահատ բղավեց Գոլլումը: — փչացնել միսը, հիանալի միսը, որը հայթայթել և հիմար հոբիթին է տվել Սմեագո՞րլը: Ինչի՞ համար: Ինչի՞ համար, անմի՛տ հոբիթ: Ճագարները երիտասարդ են, հյութալի, համեղ: Ուտե՛լ նրանց: կե՛ր նրանց, կե՛ր հենց այդպես:

Եվ Գոլլումը հափշտակեց արդեն մաշկած ու խարույկի կողքին դրված նապաստակներից մեկը:

— Դե-դե, թաթդ քեզ քաշիր,— կասեցրեց նրան Սեմը: — Ճաշակին ընկեր չկա: Դու հրեն մեր գալեթներից քիթդ ես կնճռոտում, իսկ ես հում միս չեմ կարող բերանս տանել: Դու ճագարներին ինձ ես տվել, իսկ մնացածն արդեն իմ գործն է: Կուզեմ՝ կեփեմ, չեմ ուզի՝ չեմ եփի: Բայց այնուամենայնիվ որոշել եմ եփել: Չես ուզում տեսնել՝ շրջվիր: Գնա քո համար էլի բռնիր ու ինչ ուզում ես արա, միայն իմ աչքից հեռու: Դու խարույկը չես տեսնի, ես էլ՝ քեզ, և երկուսիս համար էլ լավ կլինի: Հանգիստ եղիր, ուշադիր կլինեմ, որ ծուխ չարձակի:

Գոլլումը փնթփնթալով սողաց ու կորավ ձարխոտի մեջ, իսկ Սեմն անցավ գործի:

— Ի՞նչ է անհրաժեշտ հոբիթին ճագար պատրաստելու համար,— հարցրեց նա ինքն իրեն: — հոտավետ խոտեր, արմատներ և հատկապես կարտոֆիլ: Իսկ հացի մասին ավելի լավ կլինի չհիշել: Դե, կանաչեղենի համար, թերևս, հեռու գնալ պետք չէ: Գո՛լլում,— ցածրաձայն կանչեց նա,— բարի եղիր, մի ծառայություն էլ մատուցիր:

Գոլլումը գլուխը դուրս հանեց թփերի միջից:

— Մի քանի հատ դափնու տերև պոկիր, մի պտղունց ուրց և մի ցողուն եղեսպակ: Միայն թե արագ, քանի դեռ ջուրը չի եռացել:

— Ո՛չ,— ասաց Գոլլումը,— Սմեագորլը նեղացած է: Եվ Սմեագորլը չի սիրում գարշելի խոտեր: Նա խոտեր ու արմատներ չի ուտում ոչ, իմ սքանչելի, միայն եթե շա՜տ-շատ սոված է լինում, ու մեկ էլ երբ հիվանդանում է, խեղճ, խեղճ Սմեագորլ:

— Եթե խեղճ Սմեագորլը հենց հիմա չհնազանդվի, ապա ջուրը կտաքանա ու շատ ուժեղ կկծի նրան,— սպառնաց Սեմը: — Չար Սեմը նրա քիթը կմտցնի եռացող ջրի մեջ, այո, իմ սքանչելի: Եթե հիմա տարվա այլ եղանակ լիներ, ես նրան կուղարկեի շաղգամ, գազար և կարտոֆիլ բերելու, այո: Գրազ կգամ, որ էստեղ շատ արմատապտուղներ են աճում: Էհ, ա՛յ թե հիմա կես դյուժին կարտոֆիլ լիներ:

— Ոչ, ոչ, Սմեագորլը ոչ մի տեղ չի գնա, իմ սքանչելի,— ֆշշացրեց Գոլլումը: Նա վախենում է գնալ, և նա շատ հոգնած է, իսկ հոբիթը վատն է, հոբիթը շատ-շատ վատն է ու չար: Սմեագորլը չի փորփրի հողը, չի փնտրի շաղգամ ու գազար: Եվ ոչ էլ կարտոխիլ: Իսկ ի՞նչ է կարտոխիլը, հը՞մ, իմ սքանչելի:

— Կար-տո-ֆիլ,— ուղղեց Սեմը: — Կարտոֆիլն իմ ծերուկի ամենամեծ ուրախությունն է և դատարկ փորը լցնելու հիանալի միջոց: Բայց հիմա կաորղ ես իզուր չփնտրել, միևնույնն է չես գտնի: Դու ավելի լավ է գնա խոտեր հավաքիր, ու ես քեզ լավ կվերաբերվեմ: Իսկ եթե դու ինձ լսես ու նոր կյանք սկսես, ապա ես մի օր քեզ համար իսկական կարտոֆիլ կպատրաստեմ: Խորոված ձուկ ու տապակած կարտոֆիլ Ս. Գեմջիի բանաձևով՝ նույնիսկ դու չես հրաժարվի:

— Ոչ, ոչ, կհրաժարվենք: Չի կարելի փչացնել հյութալի ձուկը: Ավելի լավ է հիմա ինձ հում ձուկ տուր, իսկ գարշելի կարտոֆիլը կարող ես քեզ պահել:

— Էհ, դու անուղղելի ես,— ձեռքը թափ տվեց Սեմը: — Գնա քնիր:

Ի վերջո նա առանց Գոլլումի էլ գործը գլուխ բերեց՝ բարեբախտաբար շատ հեռանալու կարիք չկար և Սեմը, առանց Ֆրոդոյին տեսադաշտից կորցնելու, հավաքեց բորոր անհրաժեշտ խոտերն ու տերևները: Հետո վերադարձավ, նստեց կրակի մոտ, խարույկի մեջ ցախ գցեց ու սկսեց խորհել՝ սպասելով ջրի եռալուն: Օրը բացվեց, տաքացավ, խոտերի վրայի շաղը չորացավ: Շուտով խոտերով համեմված ճագարները հայտնվեցին կաթսայի մեջ, բայց ժամանակը դանդաղ էր անցնում, և Սեմը քիչ մնաց ննջեր: Մոտավորապես մեկ ժամ Սեմն անցկացրեց կաթսայի մոտ՝ ժամանակ առ ժամանակ պատառաքաղով ստուգելով միսը և համտեսելով արգանակը:

Երբ ամեն ինչ պատրաստ էր, նա վերցրեց կաթսան կրակի վրայից և գնաց տիրոջն արթնացնելու: Ֆրոդոն բացեց աչքերը, տեսավ իր վրա կռացած Սեմին և վերջնականապես արթնացավ՝ կտրվելով խաղաղ, հաճելի երազներից:

— Բարև Սեմ,— ասաց նա,— ինչու՞ քնած չես: Ինչ-որ բա՞ն է պատահել: Ժամը քանի՞սն է:

— Արդեն երկու ժամ է լուսացել է,— պատասխանեց Սեմը: — Մեր հոբիթականով ութն անց կես կլինի: Ամեն ինչ կարգին է, բայց ոչ այնքան, որովհետև ո՛չ կարտոֆիլ ունեմ, ո՛չ սոխ: Մսով արգանակ եմ պատրաստել, պարոն Ֆրոդո, գնանք նախաճաշեք: Միայն թե ստիպված եք, երևի, բաժակով: Կամ կարելի է նաև հենց կաթսայից: Շատ ափսոս, որ ափսեներ չեմ վերցրել հետս:

Ֆրոդոն հորանջեց և ամբողջ մարմնով ձգվեց:

— Ավելի լավ կլիներ քնեիր, Սեմ,— ասաց նա,— այստեղ խարույկ վառելը վտանգավոր է: Բայց ես, իրոք, ահավոր սոված եմ: Հմմ, ի՜նչ ախորժելի հոտ է տարածվել: Այդ ի՞նչ ես եփել:

— Սմեագորլի նվերն է,— բացատրեց Սեմը,— երկու ճագար: Բայց հիմա երևի փոշմանել ու եղունգներն է կրծում: Մեջը բացի մսից ոչինչ չկա, շնորհակալություն գոնե, որ համեմունք գտնվեց:

Նրանք ավելի հարմար տեղավորվեցին և սկսեցին խփշտել արգանակը հենց կաթսայից՝ փոխանցելով միմյանց գդալն ու պատառաքաղը: Եվ բացի այդ մեկ գալեթ կիսեցին ու կերան՝ մի խոսքով լավ խնջույք արեցին:

— Ֆյու-ու, Գոլլում,— սուլելով, կանչեց Սեմը,— արի էստեղ: Միտքդս փոխիր, քանի դեռ ուշ չէ: Չե՞ս ուզում եփված ճագարի միս համտեսել: Էստեղ դեռ բավականին մնացել է:

Սակայն պատասխան չկար:

— Ի՜նչ արած, ստիպված ենք ամբողջն ուտել,— հոգոց հանեց Սեմը: — Կարծում եմ նա իրեն չի նեղացնի. երևի գնացել է իր համար որս անելու:

— Ու հետո դու կգնաս քնելու,— ասաց Ֆրոդոն:

— Ես, հա, կքնեմ, բայց դուք չքնեք, տեր իմ,— խնդրեց Սեմը: — Նրա հետ հարկավոր է զգույշ լինել: Համենայն դեպս նրա մեջ դեռ Գարշելիից շատ բան կա, դե, դուք ինձ հասկացաք, հին Գոլլում-չաարագործից, նկատի ունեմ: Եվ Գարշելին գնալով ուժեղանում է, հիշեք էս խոսքս: Սկզբում, համոզված եղեք, կփորձի խեղդել ինձ: Վատ ենք մենք նրա հետ յոլա գնում, Սեմը նրան դուր չի գալիս, այո-սսս, իմ սքանչելի, բոլորովին դուր չի գալիս:

Նրանք կերան ամբողջը, և Սեմը իջավ ներքև՝ լվանալու կաթսաները: Լվացավ, վերջացրեց, վեր կացավ և նայեց բլրին: Այդ պահին արևը դուրս լողաց լեռները պարուրած մշուշից և իր պայծառ ճառագայթներով ոսկեզօծեց շրջակա ծառերն ու բացատները: Հենց այդ ժամանակ Սեմը նկատեց, որ լանջի վրայից բարակ, մոխրագույն ծուխ է բարձրանում դեպի երկինք՝ արևի ճառագայթների պատճառով հստակ տեսանելի: Սեմը ցնցվեց՝ հասկանալով, որ դա իր խարույկի ծուխն է, որը մոռացել էր հանգցնել:

— Ընտիր է, խոսք չկա, թափթփվածի մեկը,— քրթմնջաց նա և վազքով հետ դարձավ, բայց հանկարծ կանգ առավ և ականջները սրեց: Ինչ որ մեկը սուլե՞ց, թե՞ թվաց: Իսկ գուցե ինչ-որ անծանոթ թռչու՞ն էր: Բայց եթե իսկապես սուլեցին, ապա ոչ այնտեղից, որտեղ Ֆրոդոն է: Այդ պահին լսվեց պատասխան սուլոցը, բայց արդեն բոլորովին այլ տեղից: Սեմը սլացավ վերև:

Պարզվեց, փոքր ճյուղերից մեկը, այվելով, հասել էր ձարխոտին, հրկիզել, իսկ ձարխոտը մոխրացրել էր շրջակա խոտը: Սեմը շտապ կոխկրտեց կրակը, ցրեց մոխիրը, խարույկի հետքերը ծածկեց տորֆով և անաղմուկ սողաց Ֆրոդոյի ուղղությամբ:

— Լսեցի՞ք,— շշնջաց նա Ֆրոդոյին,— մեկը սուլեց, մյուսը պատասխանեց: Մեկ րոպե առաջ: Ես, իհարկե, հուսով եմ, որ դա թռչուն էր, բայց կարծում եմ, որ հատուկ էին թռչունի նմանակում: Վախենում եմ նույնիսկ ասել, բայց իմ խարուկը ծխում էր: Եթե իմ պատճառով փորձանքի մեջ ընկնենք՝ երբեք դա ինձ չեմ ների, թեև, կարող է պատահել, որ մեզ անմիջապես սպանեն ու դրա կարիքը չլինի:

— Շ-շշշ,— շշնջաց Ֆրոդոն: — Կարծես թե ձայներ են:

Հոբիթներն ակնթարթորեն կապեցին ուղեպարկերը, ավելի խորը թաքնվեցին ձարխոտի մեջ և, ականջները սրած, քարացան: Արդեն կասկած չկար, որ դրաք ձայներ են. ցածր, զգույշ, բայց շատ մոտիկ, ավելին՝ գնալով մոտենում էին: Հանկարծ գրեթե հոբիթների մոտ լսվեց ինչ-որ մեկի ձայնը:

— Ահա՛ խարույկի հետքը: Ծուխն այստեղից էր բարձրանում: Նա հեռու փախչել չէր կարող. ըստ ևրևույթին, թաքնվել է պտերի մեջ: Հիմա մենք նրան կբռնենք, ինչպես ծուղակն ընկած ճագարին, և կպարզենք, թե ով է ու որտեղից է:

— Եվ կիմանանք, ինչ որ հնարավոր է,— արձագանքեց մեկ այլ ձայն:

Չորս մարդ տարբեր կողմերից մտան մացառուտի մեջ: Փախչելու տեղ չկար, իսկ թաքնվելն անիմաստ էր. Ֆրոդոն ու Սեմը ոտքի ցատկեցին, մեջք-մեջքի տվեցին և հափշտակեցին սրերը:

Այն, ինչ տեսան, նրանց շատ զարմացրեց, բայց հետապնդողներն ավելի զարմացած էին: Չորս բարձրահասակ ռազմիկներ ապշած նայում էին հոբիթներին: Նրանցից երկուսը ձեռքերին բռնած ունեին փայլուն ծայրերով նիզակներ, իսկ մյուս երկուսը՝ գրեթե մարդու հասակի աղեղներ, իսկ ուսերին կապարճներ՝ լիցքավորված կանաչ փետուրներով նետերով: Բոլորի գոտիներից սրեր էին կախված: Հագել էին նրանք կանաչա-դարչնագույն հանդերձներ՝ըստ երևույթին այդ գույնը քողարկում էր նրանց անցանկալի աչքերից: նույն գույնի էին նաև ձեռնոցները, գլխանոցները և դեմքերի դիմակները: Երևում էին միայն աչքերը՝ պարզ ու պայծառ: Ֆրոդոն անմիջապես հիշեց Բորոմիրին. այդ մարդիկ նման էին նրան հասակով, պահվածքով և խոսելավոճով:

— Ինչ փնտրում էինք՝ չգտանք,— ասաց մեկը: — Բայց, այդ դեպքում ի՞նչ ենք գտել:

— Նրանք օրքեր չեն,— ասաց մյուսը, բաց թողնելով սրի բռնակը: Նա ձեռքը տարել էր սրին՝ տեսնելով Ջարդողը Ֆրոդոյի ձեռքին:

— Էլֆե՞ր են,— անվստահ ենթադրեց երրորդը:

— Ոչ, էլֆեր չեն,— բացառեց չորորդը, ամենաբարձրահասակը և, դատելով ամեն ինչից, չորսից գլխավորը: — Էլֆերը վերջերս Իթիլիեն չեն գալիս՝ շրջանցում են: Բացի այդ, ինչպես հայտնի է, էլֆերը գեղեցիկ ժողովուրդ են:

— Երևում է մեր գեղեցկությամբ ձեզ չզարմացրինք,— ասաց Սեմը: — Շնորհակալություն բարի խոսքերի համար: Իսկ դուք, երբ դադարեք քննարկել մեր արտաքինը, շնորհ կանե՞ք ներկայանալ և բացատրել, թե ինչու խանգարեցիք երկու հոգնած ճանապարհորդների հանգիստը:

Բարձրահասակ ռազմիկը մռայլ ծիծաղեց:

— Ես Ֆարամիրն եմ, Գոնդորի զորավարը,— ասաց նա: — Թափառականներ այս կողմերում չեն լինում, միայն ծառաներ՝ մութ, կամ լուսավոր ուժերի:

— Այնուամենայնիվ մենք ոչ մեկին չենք ծառայում,— առարկեց Ֆրոդոն: — Անկախ նրանից, թե ինչ է մտածում զորավար Ֆարամիրը, մենք՝ սովորական ճանապարհորդներ ենք, և ուրիշ ոչինչ:

— Այդ դեպքում արագ պատասխանեք, ովքեր եք դուք և ուր եք գնում,— գոչեց Ֆարամիրը: — Մենք ժամանակ չունենք հանելուկներ լուծելու և բանակցություններ վարելու: Եվ ու՞ր է ձեր երրորդ ընկերը:

— Երրո՞րդ:

— Նա վազվզում էր այնտեղ, լճակի մոտ: Բավականին անհրապույր տեսք ուներ, օրք-լրտեսի էր նման, կամ գուցե նրանց օգնականն էր: Աղվեսի պես խորամանկ էր, ինչ-որ հրաշքով կարողացավ ծլկել:

— Չգիտեմ, թե որտեղ կարող է նա լինել,— ասաց Ֆրոդոն: — Նա մեր պատահական ուղեկիցն է, ես նրա համար պատասխանատու չեմ: Բայց եթե ձեր ձեռքն ընկնի, խնայեք նրան. բերեք կամ ուղարկեք մեզ մոտ: Դա մի թշվառ, ողորմելի արարած է, բայց այնպես է ստացվել, որ այժմ գտնվում է իմ խնամքի տակ: Ինչ վերաբերվում է մեզ՝ մենք հոբիթներ ենք հեռավոր Հոբիթստանից, որը գտնվում է այստեղից հյուսիս-արևմուտք, լեռներից ու արագահոս գետերից այն կողմ: Ես Ֆրոդոն եմ, Դրոգոյի որդին, իսկ սա՝ Սեմուայսն է, Հեմֆասթի որդին, շատ արժանապատիվ մի հոբիթ, որին ես վերցրել եմ ինձ մոտ ծառայության: Մենք եկել ենք հեռվից՝ Ռիվենդելից, որը հայտնի է նաև որպես Իմլադրիս:

Այստեղ Ֆարամիրը զգաստացավ և սկսեց ավելի ուշադիր լսել:

Ֆրոդոն շարունակեց.

— Մեզ հետ ևս յոթ հոգի կային. մեկը զոհվեց Մորիայում, իսկ մյուսներից բաժանվեցինք Պարտ Գալենում, որ Ռաուրոս ջրվեժի մոտ է: Այդ վեցից երկուսը մեր ցեղակիցներն են, ինչպես նաև թզուկ, էլֆ և երկու մարդ՝ Արագորնն ու Բորոմիրը: Վերջինս ծնունդով Մինաս Թիրիթից էր, որ հարավում է:

— Բորոմի՛րը,— բացականչեցին չորսն էլ միաժամանակ:

— Բորոմի՞րը, Փոխարքա Դենեթորի որդի՞ն,— կրկնեց Ֆարամիրը, և նրա դեմքը տարօրինակ կերպով խստացավ: — Նշանակում է, դուք ճանապարհորդել եք Բորոմիրի հե՞տ: Շատ կարևոր նորություն է, եթե, իհարկե, դուք չեք ստում: Ուրեմն գիտեցեք, փոքրիկ ճանապարհորդներ, որ Բորոմիրը՝ Դենեթորի որդին, Սպիտակ Աշտարակի գերագույն պահապանն էր և մեր գլխավոր զորահրամանատարը: Վատ են մեր գործերն առանց նրա: Ինչպե՞ս հայտնվեցիք Բորոմիրի հետ միևնույն ջոկատում: Արագ պատասխանեք, արևն արդեն բարձրանում է:

— Դու լսե՞լ ես առեղծվածային բառերը, որոնց պատասխանը ստանալու համար Բորոմիրը եկել էր Ռիվենդել,— հարցին հարցով պատասխանեց Ֆրոդոն:

Եվ Իմլադրիսում նորից են կռում
Կոտրված Սուրն առաջնորդի...

— Այո, այդ բառերն ինձ հայտնի են,— զարմացած պատասխանեց Ֆարամիրը: — Դա նշան է, որ դուք չեք ստում:

— Ուրեմն այսպես, Կոտրված Սուրը պատկանում էր Արագորնին, որի մասին ես հիշատակեցի,— շարունակեց Ֆրոդոն,— իսկ մենք՝ կոլոտիկներ ենք, որոնց մասին խոսվում էր գուշակության մեջ:

— Այդ մեկը ես տեսնում եմ,— մտահոգ ասաց Ֆարամիրը: — Ավելի ճիշտ տեսնում եմ, որ կարող է և այդպես լինել: Իսկ Իսիլդուրի Անեծքը, դա ի՞նչ է:

— Դա առայժմ գաղտնի է,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ժամանակի ընթացքում, հավանաբար, կբացահայտվի:

— Դուք պետք է մեզ շատ բան պարզաբանեք,— ասաց Ֆարամիրը: — Մենք պետք է իմանանք, թե ինչն է ձեզ ստիպել այդքան երկար ճանապարհ կտրել և հայտնվել մի երկրում, որի գլխին կախվել է ստվերը: — Նա Գլխով արեց դեպի լեռները: — Սակայն ոչ հիմա: Մեզ այլ գործեր են սպասվում: Արդյոք գիտե՞իք, որ մահացու վտանգ էր ձեզ սպառնում: Դուք հեռու չէիք գնա՝ ո՛չ ճանապարհով, ո՛չ էլ շրջակա անտառներով: Այսօր այստեղ մեծ սպանդ է տեղի ունենալու: Արդյունքում՝ կա՛մ մահ, կա՛մ հապշտապ նահանջ դեպի Անդուին: Ես ձեզ կթողնեմ երկու ռազմիկների հսկողության տակ: Այդպես ավելի լավ կլինի և՛ ձեզ համար, և՛ ինձ համար: Իմաստունը չի վստահի առաջին պատահածին՝ հատկապես այս հողերում: Եթե ես վերադառնամ, կշարունակենք մեր զրույցը:

— Հաջողությու՛ն քեզ,— ասաց Ֆրոդոն, խոնարհվելով: — Մտածիր իմ մասին, ինչ ուզում ես, բայց ես բարեկամ եմ բոլորին, ովքեր պայքարում են Ընդհանուր Թշնամու դեմ: Մենք կգայինք քեզ հետ, բայց քիչ հավանական է, որ նման հզոր և ամրակազմ ռազմիկներին անհրաժեշտ լինի կոլոտիկների օգնությունը: Թող փայլատակե՛ն ձեր սրերը:

— Ինչ ուզում ես ասա, բայց կոլոտիկները քաղաքավարի ժողովուրդ են,— քմծիծաղեց Ֆարամիրը: — Հաջողությու՛ն:

Հոբիթները կրկին նստեցին ձարխոտի վրա՝ միմյանց հետ չկիսվելով իրեն մտքերն ու կասկածները: Երկու ռազմիկներ մնացին կանգնած հոբիթներից ոչ հեռու, դափնու արևից թրթռացող ստվերում: Նրանք երբեմն հանում էին դիմակները, քանի որ օրը շոգ էր, և Ֆրոդոն կարողանում էր ավելի լավ զննել նրանց: Գեղեցիկ մարդիկ էին, սպիտակամաշկ, սև մազերով, մոխրագույն աչքերով, իսկ դեմքերը հպարտ էին ու թախծոտ: Ռազմիկները ցածրաձայն զրուցում էին՝ սկզբում համընդհանուր լեզվով, օգտագործելով, սակայն, հնացած բառեր և արտահայտություններ, իսկ հետո՝ անծանոթ լեզվով: Որոշ ժամանակ լսելով, Ֆրոդոն զարմացած գիտակցեց, որ նրանք խոսում են էլֆերեն, կամ, համենայն հեպս, էլֆերենին շատ նման լեզվով: Նա սկսեց ուշադիր զննել ռազմիկներին, քանզի հասկացավ, որ նրանք հարավի Դունադաններ են, Արևմտյան Ասպետների հետնորդներ:

Վերջապես Ֆրոդոն որոշեց խոսել նրանց հետ, բայց ռազմիկները պատասխանում էին դժկամությամբ և զգուշությամբ: Ներկայացան նրանք որպես Մաբլունգ և Դամրոդ, գոնդորցի ռամիկներ և իթիլիենյան հետքագետներ, քանզի նրանց նախնիներն ապրել էին Իթիլիենում, երբ այն դեռ գրավված չէր: Հենց այդպիսի մարդկանցից էր Դենեթորը հետախույզներ ընտրում, և նրանք գաղտնի անցնում էին Անդուինի մյուս ափը (ինչպես և որտեղ՝ ռազմիկները չասացին), որպեսզի հանկարծակի հարձակումներով ջարդուփշուր անեն ու սարսափի մեջ պահեն Էֆել Դուաթի և Մեծ Գետի միջև թափառող օրքերին և Սաուրոնի այլ սպասավորներին:

— Այստեղից մինչև Մեծ Գետի արևելյան ափը տասը լիգ կլինի,— ասաց Մաբլունգը: — Այսքան հեռու մենք հազվադեպ ենք գալիս: Բայց այսօր հատուկ դեպք է. ծուղակ ենք պատրաստում Հարադից եկած մարդկանց համար, անիծյա՛լ լինեն նրանք:

— Անիծյալ լինեն այդ հարավցիները,— կրկնեց Դամրոդը: — Ասում են Գոնդորը մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ է եղել Հարադի թագավորությունների հետ, թեև բարեկամություն մրամց հետ երբեք չի եղել: Այդ ժամանակներում Գոնդորի սահմանները տարածվում էին շատ հեռու, մինչև Անգուինի գետաբերանը, և Ումբարը՝ Հարավցիների մեզ ամենամոտ թագավորությունը, եղել է մեր հպատակության տակ: Շատ ջրեր են հոսել և շատ սերունդներ են փոխվել այդ ժամանակից ի վեր: Երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չունեինք: Միայն վերջերս իմացանք, որ Սաուրոնը գայթակղել է նրանց խոստումներով, և նրանք անցել են թշնամու կողմը՝ ավելի ճիշտ կրկին անցել են թշնամում կողմը, քանզի նրանք, ինչպես և շատ արևմտյան ցեղեր, միշտ էլ մեծ պատրաստակամությամբ էին հնազանդվում նրան: Ավա՜ղ, Գոնդորի օրերը հաշված են և Մինաս Թիրիթի պարիսպները երկար կանգուն չեն մնա, քանզի թշնամու չարությունն ու զորությունն անսահման է:

— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր: Այստեղ, վերևում, որտեղ ճանապարհն անցնում է ճեղքվածքի վրայով: Ճանապարհը, հա անցնում է, բայց նրանք չեն անցնի: Ֆարամիրը նրանց չի թողնի. այժմ նա մեր մշտական առաջնորդն է և, նույնիսկ ամենամահաբեր մարտերում նա միշտ էլ առաջին շարքերում է: Բայց առայժմ մահը նրան շրջանցում է. ճակատագիրը, երևի, խնայում է նրան այլ նպատակների համար:

Խոսակցությունը դադարեց՝ իր տեղը զիջելով լարված լռությանը: Բոլորը քարացած լսում էին: Սեմը դուրս նայեց իր ձարխոտե թաքստոցից և հոբիթային սրատես աչքերով տեսավ, որ ծառերի արանքում ռազմիկներ են երևում՝ շատ ռազմիկներ: Մեկ առ մեկ, մեկը մյուսի հետևից, բարձրանոմ էին նրանք լանջն ի վեր՝ թաքնվելով ծառերի և թփուտների ստվերում, երբեմն սողալով, երբեմն վազելով, բայց գրեթե աննկատելի՝ շնորհիվ իրենց կանաչա-դարչնագույն հանդերձների: Նրանք բոլորը գլխանոցներով, դիմակներով ու ձեռնոցներով էին և զինված էին ճիշտ այնպես, ինչպես ֆարամիրն ու նրա ուղեկիցները: Անցան ու անհետացան բլրի հետևում: Արևն ավելի բարձրացավ, ստվերները կրճատվեցին:

«Եվ ու՞ր կորավ այդ անիծյալ Գոլլումը,— մտածեց Սեմը, ավելի խորը թաքնվելով ձարխոտի մեջ: — Եթե օրքի տեղ դնեն՝ նրանից թաց տեղ էլ չի մնա: Եվ Դեղին Դեմքն էլ, կարծես թե, որոշել է թշվառին այրել... Լավ, նրա հախից էդքան հեշտ չես գա, կարծում եմ ինքն իր մասին հոգ կտանի»:

Սեմը պառկեց Ֆրոդոյի կողքին, ննջեց՝ և արթնացավ եղջերափողերի հեռավոր ձայներից: Արթնացավ, նստեց ու շուրջը նայեց: Արևն անխնա այրում էր: Պահապան ռազմիկները կանգնած էին ծառերի ստվրում և լարված լսում էին: Հանկարծ եղջերափողերը ավելի բարձր հնչեցին: Կասկած չկար՝ ձայները գալիս էին վերևից: Մարտակոչ և վայրի աղաղակներ հասան Սեմի ականջներին, բայց՝ խուլ, ասես ձայները գալիս էին ինչ-որ քարանձավի միջից: Հանկարծ մարտի ձայները որոտացին ուղիղ նրանց գլխավերևում: Ճռնչաց պողպատը, սրերը զրնգոցով խրվեցին երկաթյա սաղավարտների մեջ, նիզակները հարվածեցին վահաններին, ճիչերը խառնվեցին հուսահատ ոռնոցներին, և հնչեց բարձր կոչը. Գո՛նդոր, Գո՛նդոր:

— Ասես հարյուր դարբիններ մուրճերով հարվածելուց լինեն զնդաններին,— ասաց Սեմը Ֆրոդոյին: — Լավ կլիներ նրանց ասել, որ էլ չմոտենան, ես էսպես էլ եմ լավ լսում, շնորհակալությու՛ն:

Բայց աղմուկը մոտենում էր:

— Գալի՛ս են,— բղավեց Դամրոդը,— տեսե՛ք, ոմանց հաջողվել է անցնե՛լ: Նրանք վազու՛մ են, տեսե՛ք: Մերոնք կրկնկակոխ հետևու՛մ են, և ամենաառջևում Ֆարամի՛րն է:

Սեմը, հետաքրքրասիրությունից այրվելով, միացավ հսկողներին: Նա բարձրացավ դափնու ամենաստորին ճյուղին և տեսավ լանջով ներքև վազող թխամաշկ, կարմիր հանդերձներով մարդկանց. կանաչ հանդերձներով ռազմիկները հասնում էին նրանց հետևից և հենց ընթացքից հարվածում սրերով: Նետերը սուլոցով ճեղքում էին օդը: Հանկարծ թաքստոցի վերևից, փոքրիկ բլրակի վրայից, ճյուղերը կոտրելով, նրանց գլխին փլվեց մի մարդ և քիչ մնաց տրորեր Ֆրոդոյին՝ բերանքսիվայր փռվելով նրանից մի քանի ֆուտ այն կողմ: Ոսկե վզնոցի տակից երևում էին պարանոցին ցցված կանաչափետուր նետերը, կարմիր թիկնոցը պատառոտված էր, պղնձե օղազրահը տեղ-տեղ խրվել էր մարմնի մեջ, տեղ-տեղ՝ պատռվել, իսկ ոսկեզօծ թելերով հյուսված մորուքը ներծծված էր արյունով: Նրա շագանակագույն ձեռքը դեռ սեղմում էր կոտրված սրի բռնակը:

Այդպես Սեմն առաջին անգամ տեսավ, թե ինչպիսի կատաղությամբ են մարդիկ կռվում միմյանց հետ, և դա նրան բոլորովին դուր չեկավ: Նա ուրախ էր, որ գոնե չի տեսնում չի տեսնում մահացածի դեմքը: «Տեսնես ինչպե՞ս էր նրա անունը,— մտածում էր նա,— որտեղի՞ց էր եկել, չա՞ր էր արդյոք նրա սիտը, թե խաբեությամբ ու սպառնալով էին ուղարկել նրան հեռավոր երկրներ: Գուցե նա բոլորովին էլ չէր ուզում կռվել, այլ ուզում էր խաղաղ կյանք վարել»: Այդ մտքերը մի ակնթարթ փայլատակեցին Սեմի գլխում, բայց իսկույն էլ ցնդեցին, քանզի հազիվ էր Մաբլունգը քայլ արել դեպի նահատակը, երբ հանկարծ նոր, շատ ավելի բարձր աղմուկ բարձրացավ՝ ճչում էին, գոռում ու սարսափահար ոռնում: Հաջորդ ակնթարթին եղջերափողի ձայնը կամ, ավելի ճիշտ՝ մռնչյունը խլացրեց մնացած աղմուկը, ապա հողը ցնցվեց սարսափելի դղրդյունից՝ ասես լանջն ի վար ծանր գերաններ էին գլորվում:

— Զգուշացի՛ր, զգուշացի՛ր,— գոռաց Դամրոդն ընկերոջը: — Վալարնե՛րը մեզ պահապան, մումա՛կը, մումա՛կը:

Ի զարմանք, ի սարսափ և ի անասելի ուրախություն Սեմի, ծառերի հետևից, ջարդելով ու դեսուդեն նետելով դրանք, հայտնվեց մի վիթխարի գազան: Ցրիվ տալով արգելքները, հրեշը սլացավ լանջն ի վար: Հսկայական, ինչպես տունը՝ ոչ, ավելի մեծ, նա Սեմին մոխրագույն կաշվով կենդանի սար թվաց: Ճիշտ է, վախից աչքիդ մեկը երկուսն է երևում, բայց հարադյան մումակն իսկապես աննախադեպ մեծության հրեշ էր, որից այժմ Միջերկրում այլևս չես հանդիպի: Նրա հեռավոր ժառանգները մինչև հիմա էլ շարունակում են թափառել աշխարհում, բայց դրանք գաճաճներ են իրենց վեհապանծ նախնիների համեմատությամբ: Հրեշը սլանում էր ուղիղ ռազմիկների ու հոբիթների ուղղությամբ, բայց վերջին պահին թեքվեց այլ կողմ և հողը դղրդացնելով անցավ նրանց մոտով: Ոտքերը ասես ծառեր լինեին, ականջները ծածանվում էին հսկայական առագաստների պես, երկար կնճիթը ցցվել և օրորվում էր խայթելու պատրաստ օձի պես, իսկ փոքրիկ կարմիր աչքերը վառվում էին ատելության կրակով: Դեպի վեր ոլորված, ոսկեզօծ ժապավեններով զարդարված եղջերանման ժանիքներից արյուն էր կաթում: Վրան գցված ոսկեկարմիր ծածկոցը ծվեն-ծվեն էր եղել, սապատավոր մեջքին դեռ երևում էին փոքրիկ աշտարակի մնացորդները, որը, ըստ երևույթին, շրջվել էր, երբ գազանը սլացել էր ծառերի միջով: Հրեշի պարանոցից, վերջին ուժերը լարելով, կառչել էր մի մարդ: Ներքևից նա շատ փոքրիկ էր թվում, բայց իր ցեղակիցների մեջ, երևի, աժդահա էր համարվում:

Գազանը կատաղությունից կուրացած սլացավ առաջ, ջուր ցայտեցնելով անցավ քարե ավազանի միջով և շարունակեց ճանապարհը՝ ջարդելով ճանապարհին հանդիպած ծառերը: Նետերը միայն քերծում էին նրա կաշին և, առանց վնաս պատճառելու, սահում ներքև: Հարավցիներն ու գոնդորցիները փախչում էին նրա առջևից, իսկ ով չէր հասցնում, գազանը կնճիթով բռնում էր նրանց, բարձրացնում վեր և շպրտում գետնին: Շուտով, վերջին անգամ շեփորահարելով, նա կորավ տեսադաշտից: Թե ինչ պատահեց նրա հետ հետագայում, Սեմն այդպես էլ չիմացավ: Գուցե նա, մինչ օտար երկրներում ոչնչանալը, դեռ երկար թափառեց ազատության մեջ, իսկ գուցե կույր կատաղությամբ համակված ընկավ ճանապարհին հանդիպած խորը փոսը, կամ հնարավոր է, հասավ Մեծ Գետին և հավիտյանս անհետացավ նրա ջրերում:

Սեմը հիացած շունչը տեղը բերեց:

— Դա Օ՛լիֆանթ էր,— բացականչեց նա: — Նշանակում է օլիֆանթներ կան, և ես հենց նոր մեկին տեսա: Ա՜յ սա կյանք է: Տանը ո՛չ ոք չի հավատա: Դե, եթե ամեն ինչ վեջացավ, ես գնացի քնելու:

— Քնիր, քանի դեռ կարող ես,— ասաց Մաբլունգը,— բայց շուտով հրամանատարը կվերադառնա, եթե դեռ ողջ է, և մենք առանց հապաղելու ճանապարհ կընկնենք: Երբ մեր հաղթանակի լուրը հասնի թշնամուն, մեր հետևից հետապնդողներ կուղարկեն:

— Միայն թե հեռանալուց չաղմկեք,— քնկոտ ձայնով ասաց Սեմը: — Կարիք չկա խանգարել իմ քունը, ամբողջ գիշեր ճանապարհին եմ եղել:

Մաբլունգը ծիծաղեց:

— Չեմ կարծում, որ հրամանատարը ձեզ այստեղ կթողնի, պարոն Սեմուայս,— ասաց նա: — Թեպետ, ինքներդ կտեսնեք:

Գլուխ հինգերորդ. Պատուհան դեպի արևմուտք

Սեմին թվաց, թե իրեն երկու րոպե էլ չթողեցին քնել: Մինչդեռ նա արթնացել էր երեք ժամ անց, և արևն արդեն վաղուց հատել էր կեսօրը: Ֆարամիրը վերադարձել էր՝ իր հետ բերելով շատ-շատ ռազմիկներ. բոլոր ողջ մնացածները հավաքվել էին բլրի լանջին՝ ընդհանուր հաշվով երկու կամ երեք հարյուր: Ռազմիկները նստել էին լայն կիսաշրջանով: Կենտրոնում նստած էր Ֆարամիրը, իսկ նրա դիմաց կանգնած էր Ֆրոդոն: Այդ ամենը տարօրինակ կերպով հիշեցնում էր գերու հարցաքննություն:

Սեմն աննկատելի դուրս եկավ պտերի միջից ու տեղավորվեց կիսաշրջանի եզրին՝ այդտեղից ամեն ինչ լսվում ու երևում էր: Ականջները սրելով, նա սկսեց լարված նայել Ֆրոդոյին ու Ֆարամիրին՝ պատրաստ յուրաքանչյուր պահի շտապել տիրոջն օգնության: Դիմակն այլևս չէր ծածկում Ֆարամիրի խիստ ու տիրական դեմքը. նրա Ֆրոդոյին ուղղված մոխրագույն, պողպատյա աչքերը սուր էին, խորաթափանց ու մտախոհ:

Շուտով Սեմը հասկացավ, որ Ֆարամիրի համար կասկածելի են Ֆրոդոյի պատմության բացթողումները, որոնց պատճառով պարզ չէր, թե ինչ պատճառով է նա ջոկատի հետ դուրս եկել Ռիվենդելից, ինչու է բաժանվել Բորոմիրից և ուր է գնում այժմ: Իսկ ամենաշատը նա հետաքրքրվում էր Իսիլդուրի Անեծքով. նա անընդհատ խոսք էր բացում այդ մասին և երևում էր, որ հասկացել է, որ ամենակարևորը իրենից թաքցնում են:

— Իսիլդուրի Անեծքը Գոնդոր է բերելու կոլոտիկը, եթե հավատանք գուշակությանը,— ասաց նա: Եթե կոլոտիկը համարձակություն է ունեցել իր վրա վերցնել Իսիլդուրի անեծքը, և եթե դու հենց այդ կոլոտիկն ես, նշանակում է, քեզ հայտնի է, թե դա ինչ Անեծք է, և դու այն ցույց ես տվել Խորհրդին, որի մասին ասում ես, իսկ Բորոմիրը տեսել է այն: Այդպե՞ս է, թե ոչ:

Ֆրոդոն չպատասխանեց:

— Նշանակում է, այդպես է,— որոշեց Ֆարամիրը: — Դու ծածկամտում ես, սակայն այն ամենը, ինչ վերաբերվում է Բորոմիրին, վերաբերվում է նաև ինձ: Ըստ հնագույն ասույթների, Իսիլդուրին խոցել է օրքի նետը, բայց այդպիսի նետեր շատ կան, և Բորոմիրը միայն կծիծաղեր, եթե նրան սովորական նետ ցույց տային ու հայտարարեին, որ դա Իսիլդուրի Անեծքն է: Եվ ի՞նչ է դա: Դու եղել ես դրա պահապա՞նը: Դու ասում ես, որ այն գաղտնի է: Գուցե ի՞նքդ ես որոշել թաքցնել:

— Ոչ, ես չեմ որոշել,— պատասխանեց Ֆրոդոն: — Այն ինձ չի պատկանում, չի պատկանում նաև մահկանացուներից ոչ մեկին, ո՛չ ամենամեծերին, ոչ էլ առավել աննշաններին: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ կա, ով իրավունք ունի ժառանգել այն, ապա դա Արագորնն է, Արաթհորնի որդին, որի մասին արդեն ասել եմ: Մորիայից մինչև Ռաուրոս նա մեր ջոկատի առաջնորդն էր:

— Իսկ ինչու՞ նա, այլ ոչ թե Բորոմիրը, իշխանը ամրոցի, որը հիմնել են Էլենդիլի որդիները:

— Որովհետև Արագորնը Իսիլդուրի, Էլենդիլի որդու անմիջական ժառանգն է: Էլենդիլին է պատկանում սուրը, որը հիմա նա կրում է:

Զարմանքի գվվոց անցավ հավաքվածների շարքերով: Լսվեցին բացականչություններ.

— Էլենդիլի սու՛րը, Մինաս Թիրիթ է գալիս Էլենդիլի սու՛րը: Բարի՛ լուրեր են:

Սակայն Ֆարամիրը նույնիսկ հոնքը չշարժեց:

— Գուցեև այդպես է,— ասաց նա,— Բայց նման մեծ պահանջները պետք է նաև ապացուցել: Եթե այդ Արագորնը ժամանի Մինաս Թիրիթ, նրանից անվիճարկելի ապացույցներ կպահանջեն: Մենք վեց օր առաջ ենք քաղաքը լքել, բայց դեռևս Մինաս Թիրիթ չի ժամանել ո՛չ նա, ո՛չ էլ ձեր ջոկատից մեկ ուրիշը:

— Բորոմիրն ընդունեց Արագորնի իրավունքները,— ասաց Ֆրոդոն: Նշանակում է, նա հիմնավոր պատճառներ ուներ: Եթե նա այստեղ լիներ, ապա կպատասխաներ քո բոլոր հարցերին: Մի քանի օր առաջ մենք բաժանվեցինք նրանից Ռաուրոսի մոտ, և նա պատրաստվում էր այնտեղից ուղիղ Մինաս Թիրիթ գնալ, այնպես որ, տուն վերադառնալով, դու ամեն ինչ կիմանաս: Բորոմիրին, ինչպես նաև ջոկատում բոլորին հայտնի էր իմ այնտեղ գտնվելու պատճառը, որովհետև այդ մասին Խորհրդում հայտարարեց Էլրոնդը՝ Իմլադրիսի տիրակալը: Էլրոնդի հանձնարարությունն է բերել ինձ այստեղ, բայց ես իրավունք չունեմ խոսել այդ մասին ոչ մեկի հետ, բացի ջոկատի անդամներից: Կարող եմ միայն ասել, որ նրանք, ովքեր կռվում են թշնամու դեմ, չպետք է իմ ճանապարհին կանգնեն:

Թեև Ֆրոդոյի սիրտը կրծում էր վախը, բայց նա խոսում էր արժանապատվորեն, և Սեմը մտքում հավանություն էր տալիս դրան: Սակայն Ֆարամիրը բավարարված չէր:

— Այսպե՛ս,— ասաց նա: — Ուրեմն դու խորհուրդ ես տալիս ինձ չմիջամտել ուրիշների գործերի մեջ, վերադառնալ տուն և թողնել քեզ գնալ քո ուզած ուղղությա՞մբ: Բորոմիրը, իբր, կվերադառնա ու ամեն ինչ կբացատրի: Կվերադառնա՞, ասում ես: Դու Բորոմիրի ընկե՞րն էիր:

Ֆրոդոն անմիջապես հիշեց, թե ինչպես Բորոմիրը հարձակվեց իր վրա և մի փոքր ուշացրեց պատասխանը: Ֆարամիրի հայացքը խստացավ:

— Բորոմիրը ջոկատի արժանի անդամն էր, և մենք միասին շատ դժվարություններ ենք կրել,— վերջապես ասաց նա: — Այո նա իմ ընկերն էր, ամենայն դեպս իմ կողմից այդպես էր:

Ֆարամիրը մռայլ ժպտաց.

— Եվ դու կտխրե՞իր՝ իմանալով, որ նա զոհվել է:

— Իհարկե կտխրեի,— հանկարծակիի եկած պատասխանեց Ֆրոդոն: Նա նայեց Ֆարամիրի աչքերին և շփոթվեց: — Զոհվե՞լ է: Ուզում ես ասել, որ նա մեռած է և դու այդ մասին ամենասկզբից էլ գիտե՞իր: Թե՞ պարզապես փորձում ես ինձ դատարկ խոսքերով: Ուզում ես խաբեությամբ ինձանից խո՞սք քաշել:

— Ես նույնիսկ օրքից խաբեությամբ խոսք չեմ քաշի,— պատասխանեց Ֆարամիրը:

— Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս է նա զոհվել, որտեղի՞ց գիտես այդ մասին: Չէ՞ որ ինքդ ասացիր, որ մեր ջոկատից ոչ մեկը Մինաս Թիրիթ չի ժամանել:

— Թե ինչպես է նա զոհվել, այդ մասին ես հույս ունեի իմանալ նրա ընկերոջից և ուղեկցից:

— Բայց երբ մենք բաժանվեցինք, նա ողջ և առողջ էր: Եվ, որքանով որ ինձ հայտնի է, հիմա էլ է ողջ: Թեպետ, մահը այժմ դարանակալում է ամեն քայլափոխի:

— Այո, ամեն քայլափոխի,— հաստատեց Ֆարամիրը: — Եվ ամենից վտանգավորը՝ դավաճանությունն է:

Սեմը լսեց, լսեց՝ և այնպես բարկացավ, որ բոլորովին կորցրեց համբերությունը: Ֆարամիրի վերջին խոսքերը նրան հունից հանեցին. նա ցատկեց տեղից, վազեց կիսաշրջանի կենտրոնը և դիմեց տիրոջը.

— Ներող եղեք, տեր իմ,— ասաց նա,— բայց ինչքա՞ն կարելի է հանդուրժել: Նա ոչ մի իրավունք չունի ձեզ հետ էդպես խոսել, մանավանդ այն ամենից հետո, ինչի միջով դուք անցաք հանուն իրենց իսկ՝ անշնորհակալ հսկաների:

Ահա թե ինչ, հրամանատա՛ր,— նա կանգնեց Ֆարամիրի առջև, ձեռքերը գոտկատեղին, այն նույն տեսքով, որով նախատում էր փոքրիկ հոբիթներին, երբ նրանք չէին կարողանում ինչպես հարկն է բացատրել, թե ինչ են անում ուրիշի այգում: Դժգոհության ձայներ լսվեցին, սակայն ռազմիկների մեծ մասը չկարողացան զսպել ժպիտները. ախր շատ զվարճալի էր՝ տեսնել փոքրիկ կատաղած հոբիթին, որը ոտքերը լայն բացած, ձեռքերը գոտկատեղին կանգնել էր իրենց խստադեմ առաջնորդի դիմաց՝ նման բան ամեն օր չես տեսնի:

— Ահա թե ինչ կասեմ քեզ,— շարունակեց Սեմը: — Այդ ի՞նչ ես ուզում դրանով ասել: Վերջացրու հեռվից մոտիկանալ ու պա՛րզ խոսիր, թե չէ մինչ դու էստեղ անիմաստ պրպտումներով ես զբաղված, օրքերը կգան մեզ կշրջապատեն ու հախներիցս կգան: Եթե դու կարծում ես, որ իմ տերը սպանել է ձեր Բորոմիրին ու փախել, ապա անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է քո գլուխը, թեկուզ սպանիր: Եվ չմոռանաս ասել, թե ինչ ես պատրաստվում անել մեզ հետ: Ցավալի է, ի դեպ, որ ոմանք բառերով թշնամու գլխավոր հակառակորդներն են, բայց ուրիշների ճանապարհին խոչնդոտ են հանդիսանում, թեև նրանք պայքարում են իրենցից ոչ պակաս: Ա՛յ թե թշնամին կուրախանար, որ քեզ տեսներ. կմտածեր, որ նոր դաշնակից է գտել:

— Հանգի՛ստ,— առանց որևէ զայրույթի ասաց Ֆարամիրը: — Մի խանգարիր տիրոջդ խոսել, նա քեզանից անհամեմատ խելացի է: Ես առանց քեզ էլ գիտեմ, որ այստեղ մնալը վտանգավոր է, սակայն ուզում եմ արդար որոշում ընդունել, մանավանդ որ խնդիրը բարդ է: Եթե ես գործեի նույն շտապողականությամբ, ինչ որ դու, ապա վաղուց հրամայած կլինեի ձեզ սպանել, քանզի ինձ խստորեն կարգադրված է սպանել բոլորին, ովքեր թափառում են այստեղ առանց Գոնդորի տիրակալի թույտվության: Սակայն ես առանց ծայրահեղ անհրաժեշտության չեմ սպանում ոչ մի կենդանի արարածի, և անհրաժեշտության դեպքում էլ մեծ դժկամությամբ եմ այդ քայլին դիմում: Եվ անիմաստ պրպտումներով էլ չեմ զբաղված, համոզված եղիր: Նստիր տիրոջդ կողքին և լռի՛ր:

Սեմը կարմրած դեմքով ծանրորեն իջավ գետնին: Ֆարամիրը կրկին դիմեց Ֆրոդոյին.

— Դու հարցրեցիր, թե որտեղից ես գիտեմ, որ Դենեթորի որդին զոհվել է: Վատ լուրերը թևավոր են: Իսկ գիշերը, ինչպես ասում են, հարազատ սրտերը միմյանց զգում են և մտովի լուրեր ուղարկում: Բորոմիրն իմ հարազատ եղբայրն է: — Նրա հայացքը վշտից մռայլվեց: — Պատասխանիր, դու նրա հանդերձանքից ինչ-որ բան հիշու՞մ ես:

Ֆրոդոն կրկին ուշացրեց պատասխանը՝ վախենալով նոր ծուղակից և փորձելով հասկանալ, թե ինչով կարող է այդ ամենը վերջանալ: Նա գրեթե հրաշքով կարողացավ փրկել մատանին ագահությունից ու մեծամտությունից կուրացած Բորոմիրից, բայց ինչպես կարելի էր այն պահպանել գտնվելով հզոր դյուցազունների շրջապատման մեջ՝ գաղափար անգամ չուներ: Ֆրոդոն, սակայն, սրտով զգում էր, որ Դենեթորի կրտսեր որդին ավելի շրջահայաց, խելամիտ և հուսալի է, քան իր մեծ եղբայրը:

— Այո, ես հիշում եմ Բորոմիրի եղջերափողը,— ասաց նա:

— Ճիշտ է,— ասաց Ֆարամիրը,— նշանակում է դու իսկապես հանդիպել ես իմ եղբորը: Փորձիր հիշել այդ եղջերափողը, պատկերացրու այն աչքերիդ առջև. դա մեծ եղջերափող էր, բերված արևելքից, պատրաստված էր վայրի գոմեշի եղջյուրից, արծաթով շրջանակված և զարդարված հնագույն ռունագրերով: Շատ սերունդներ՝ համաձայն ավանդույթի, այդ եղջերափողը ժառանգել է ավագ որդին, և կա համոզմունք, որ եթե նա ճակատագրական ժամին Գոնդորի հնագույն սահմանների տարածքում փչի եղջերեփողը, ապա նրա կոչը ամենուր լսելի կլինի:

Իթիլիեն մեկնելուց հինգ օր առաջ, իսկ այս պահից սկսած տասնմեկ օր առաջ ես լսել եմ այդ կոչը: Այն գալիս էր հյուսիսից, բայց ձայնը շատ թույլ էր, ասես ականջիս էր հասնում ոչ թե ձայնը, այլ հեռավոր, թվացյալ արձագանքը: Ես ու հայրս դա վատ նախանշան համարեցինք, քանզի այն պահից սկսած, երբ Բորոմիրը մեկնեց հեռավոր Իմլադրիս, մենք ոչ մի լուր չէինք ստացել նրանից և ոչ մի սահմանապահ նրան չէր տեսել: Իսկ դրանից երեք օր հետո ինձ հետ շատ արտասովոր բան կատարվեց: Մշուշոտ գիշերով, գունատ լուսնի լույսի ներքո նստած էի ես Անդուինի ափին, նայում էի ջրերի դանդաղ հոսքին ու լսում եղեգների տխուր սոսափյունը: Պետք է ասեմ, որ մենք մշտական հսկողություն ենք իրականացնում գետի ափին՝ Օսգիլիաթի մոտակայքում, որովհետև թշնամիներն անցնում են գետը և ավազակային հարձակումներ կատարում մեր հողի վրա: Այդ օրն իմ հերթն էր, բայց կեսգիշերյան այդ ժամին ամեն ինչ հանգիստ էր ու լուռ: Եվ հանկարծ՝ եթե, իհարկե դա պատրանք չէր, ես մի օտարերկյա արծաթավուն նավակ տեսա ջրի վրա՝ բարձր, սանրավոր քթով: Այն լողում էր ինքն իրեն: Ես ցնցվեցի, քանզի նավակը շրջապատված էր դժգույն լույսով, բայց այնուամենայնիվ վեր կացա, գնացի դեպի ափ և մտա ջուրը՝ ասես այդ նավակը ձգում էր ինձ ինչ-որ անհայտ ուժով: Այն շրջվեց դեպի իմ կողմը, մոտեցավ և դանդաղ անցավ իմ կողքով, բայց ես չհամարձակվեցի դիպչել նրան: Նավակը ծանր էր բեռնված ու խորն էր իջել ջրի մեջ, և երբ անցավ իմ կողքով, ինձ թվաց, թե մինչև եզրերը լցված է թափանցիկ, լուսարձակող ջրով, իսկ հատակին, ջրի մեջ ընկղմված, խաղաղ քնով հանգչում էր մի ռազմիկ: Մարմինն ամբողջովին ծածկված էր վերքերով, կոտրված սուրը դրված էր ծնկներին: Դա իմ եղբայրն էր՝ Բորոմիրը, և նա մեռած էր: Ես ճանաչեցի նրա սուրն ու զրահները, նրա սիրելի դեմքը... Միայն եղջերափողն էր պակասում, և կար մի իր, որը նորություն էր ինձ համար՝ ոսկե տերևներից հյուսված հրաշալի գեղեցկության մի գոտի: «Բորոմի՛ր,— բացականչեցի ես,— որտե՞ղ է քո եղջերափողը, այդ ու՞ր ես լողում, Բորոմի՛ր:» Բայց արդեն ուշ էր. նավակը հեռացավ, վերջին անգամ առկայծեց գիշերվա խավարում և կորավ տեսողությունից: Չգիտեմ երազ էր դա, թե իրականություն, սական արթնացում չհաջորդեց: Այդ օրվանից ես վստահ եմ, որ իմ եղբայրը զոհվել է, և Մեծ Գետը տանում է նրա մարմինը դեպի ծով:

— Ավա՜ղ,— ասաց Ֆրոդոն,— ես հենց այդպիսին էլ հիշում եմ Բորոմիրին: Ոսկե գոտին նրան նվիրել էր տիրուհի Գալադրիելը: Այս մոխրագույն թիկնոցներն էլ է նա է նվիրել: Ահա և ամրակալը, որը նույնպես Լորիենից է:

Նա Ֆարամիրին ցույց տվեց պարանոցի մոտ ամրացված արծաթա-կանաչավուն ամրակալը: Ֆարամիրը ուշադիր զննեց այն:

— Գեղեցիկ ամրակալ է,— ասաց նա: — Այո, այն պատրաստված է նույն վարպետությամբ, ինչ որ գոտին: Նշանակում է ձեր ճանապարհն անցել է Լորիենո՞վ: Հնում այդ երկրամասն անվանվում էր Լաուրելինդորենան, բայց ահա արդեն շատ սերունդներ այնտեղ ոչ մի մարդ ոտք չի դրել: — Ֆարամիրի ձայնը փափկեց, և նա նոր զարմանքով նայեց Ֆրոդոյին: — Դե ինչ, այժմ շատ բան արդեն հասկանալի է, ինչը սկզբում տարօրինակ էր թվում: Էլի ինչ-որ բան չե՞ս պատմի: Քանզի ցավալի է մտածել, որ Բորոմիրը զոհվել է մենակ՝ գտնվելով հայրենի հողին այդքան մոտ:

— Ոչինչով չեմ կարող սփոփել քեզ,— ասաց Ֆրոդոն,— բայց քո պատմությունն ինձ սարսափելի է թվում: Երևի վատ նշան է: Քեզ տեսիլք է այցելել` չար ճակատագրի ուրվականը՝ անցյալի, իսկ գուցեև ապագայի: Իսկ գուցե դա պարզապես թշնամական խաբուսիկ կախարդա՞նք է: Մեռյալ Ճահաիճներում ես փառապանծ ռազմիկների պատկերներ տեսա ջրի տակ, սակայն դա, երևի, թշնամու չար կախարդանքն էր:

— Ոչ, թշնամին այստեղ կապ չունի,— առարկեց Ֆարամիրը: — Նրա կախարդանքից սիրտդ լցնում է զզվանքով, իսկ ես զգացի միայն վիշտ ու կարեկցանք:

— Բայց ինչպե՞ս կարող էր նման բան կատարվել իրականում,— հարցրեց Ֆրոդոն: — Ոչ մի նավակ չի կարող անվնաս անցնել Թոլ Բրանդիրի ջրվեժը: Բացի այդ, Բորոմիրը մտադիր էր հայրենիք վերադառնալ Էնտուոշ գետով և ռոհանյան հարթավայրով: Արդյոք հնարավո՞ր է, որ մակույկն անցնի փրփրուն ջրվեժի հորձանուով և չսուզվի, այլ միայն լցվի ջրով:

— Չգիտեմ,— ասաց Ֆարամիրը: — Իսկ դա ի՞նչ նավակ է, որտեղի՞ց է:

— Լորիենից,— պատասխանեց Ֆրոդոն: — Այդպիսի երեք նավակներով մենք իջանք Անդուինի հոսանքն ի վար մինչև ջրվեժը: Դրանք նույնպես էլֆական են:

— Դուք եղել եք Թաքնված երկրում,— ասաց Ֆարամիրը,— բայց, ինձ թվում է, այդպես էլ չեք հասկացել, թե որքան հզոր է այդ երկրի կախարդանքը: Նրանք, ովքեր տեսել են Ոսկե Անտառի թովիչ տիրուհուն, չպետք է զարմանան, եթե հետևանքներ լինեն: Մահկանացուների համար վտանգավոր է լքել մեր իրական աշխարհը. վերադարձից հետո նրանք այլևս այն չեն լինի, ինչ որ առաջ էին: Այդպես է ասվում ասույթներում: Բորոմիր, օ՛ Բորոմիր,— բացականչեց նա,— ի՞նչ է ասել քեզ տիրուհին, որի նկատմամբ մահն իշխանություն չունի: Ի՞նչ է տեսել նա քո աչքերում, ի՞նչ է արթնացրել քո սրտում, ինչու՞ ես գնացել Լաուրելինդորենան, ինչու՞ չես վերադարձել քո ճանապարհով, սլացել ռոհանյան նժույգին հեծած ու վաղ առավոտյան ոտք դրել հայրենի շեմ:

Նա կրկին շջվեց դեպի Ֆրոդոն և մեղմացավ.

— Եվ այդ բոլոր հարցերին դու, երևի, կարող ես պատասխանել, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Բայց ո՛չ այստեղ և ո՛չ հիմա: Սակայն, որպեսզի դու չմտածես, որ ինձ ուղղակի տեսիլք է այցելել, իմացիր, որ Բորոմիրի եղջերափողը վերադարձել է իրականում, բայց տապարով կամ սրով երկու մասի բաժանված: Կտորները գտնվել են առանձին-առանձին. մեկը գտել են շամբուտում Գոնդորի հյուսիսային սահմանի պահապանները՝ Էնտվեյի գետաբերանից ներքև, մյուսը լողում էր Անդուինի հոսանքն ի վար՝ այն գտել է մի լողորդ: Տարօրինակ զուգադիպություններ են, սակայն, ինչպես ասում են, մահը չես կարող թաքցնել: Եվ ահա ավագ որդուն պատկանող եղջերափողի երկու կտորները հայտնվել են Դենեթորի ծնկներին: Այժմ նա իր բարձր գահին նստած սպասում է սոսկալի լուրերի: Դու չե՞ս խոսի այն մասին, թե ինչպես է երկու մասի բաժանվել եղջերափողը:

— Չեմ խոսի այն մասին, ինչը չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Սակայն, եթե դու չես սխալվում քո հաշվարկներում, ապա ձայնը լսել ես այն նույն օրը, երբ մենք բաժանվեցինք, երբ ես ու իմ ծառան լքեցինք ջոկատը: Քո պատմությունից իմ սիրտը լցվում է սարսափով: Եթե Բորոմիրն ընկել է փորձանքի մեջ և սպանվել, ապա վախենում եմ, որ մնացած իմ ուղեկիցներն էլ են զոհվել՝ և՛ ընկերները, և՛ ցեղակիցները: Գուցե դու դադարե՞ս ինձ կասկածել և թողնես գնամ իմ ճանապարհո՞վ: Ես հոգնել եմ, ինձ տանջում է վիշտը և կրծում սարսափը: Բայց ինչ-որ բան կա, որ ես պետք է անեմ կամ գոնե փորձեմ անել, նախքան ինձ կսպանեն ինչպես նրանց: Եթե մեր ջոկատից մնացել ենք միայն մենք՝ երկու կոլոտիկներս, ապա առավել ևս հարկավոր է շտապել: Վերադարձիր քո երկիր, օ՜ Ֆարամիր, Գոնդորի քաջարի զորավար, պաշտպանիր այն մինչև արյան վերջին կաթիլը, իսկ թույլ տուր գնալ իմ ճակատագրին ընդառաջ:

— Քո խոսքերի մեջ քիչ մխիթարություն կա ինձ համար,— ասաց Ֆարամիրը,— սակայն իզուր ես դու վախենում ու ընկճվում: Եթե ոչ Լորիենի էլֆերը, ո՞վ է այդ դեպքում հանդերձել Բորոմիրին վերջին ուղևորության: Հաստատ ոչ օրքերը, լրտեսները Թշնամու՝ թո՛ղ չհնչի նրա անունը: Նշանակում է ոչ բոլորն են սպանվել: Բայց անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել մեր հյուսիսային սահմանի մերձակայքում, դու, Ֆրոդո, մաքրվեցիր կասկածներից: Տարիների փորձությունները սովորեցրել են ինձ ճանաչել մարդկանց իրենց դեմքերով ու զրույցներով, այնպես որ, կարծում եմ, որ կոլոտիկների հարցում էլ չեմ սխալվում: Թեպետ,— այստեղ նա վերջապես ժպտաց,— քո մեջ ինչ-որ տարօրինակ բան կա, Ֆրոդո, հնարավոր է, էլֆական: Եվ մեր զրույցն էլ շատ ավելի կարևոր է, քան ինձ թվում էր սկզբում: Համաձայն մեր օրենքների, ես պարտավոր եմ տանել ձեզ Մինաս Թիրիթ, Դենեթորի գահ մոտ: Ըստ արդարության, ես արժանի կլինեմ մահապատժի, եթե գործեմ ի վնաս իմ ժողովրդի: Այդ պատճառով էլ չեմ ուզում շտապ որոշում ընդունել: Իսկ հիմա հարկավոր է այստեղից անհապաղ հեռանալ:

Նա թեթևորեն ոտքի ցատկեց և արագ հրահանգներ տվեց: Ռազմիկները մի ակնթարթում մանր ջոկատների բաժանվեցին և արագ անհետացան ծառերի ու ժայռերի ստվերում: Շուտով մնացին միայն Մաբլունգն ու Դամրոդը:

— Դուք, Ֆրոդո և Սեմուայս, կգաք իմ թիկնապաների և ինձ հետ,— ասաց Ֆարամիրը: — Միևնույնն է դեպի հարավ ճանապարհը ձեզ համար առայժմ փակ է: Այսօրվա ծուղակից հետո այն կրկնակի ուշադրությամբ կհսկեն: Բայց դուք առանց այդ էլ այսօր հեռու չէիք գնա՝ հազիվ եք ոտքի վրա մնում: Մենք էլ ենք հոգնել: Այստեղից տասը մղոն հեռու մենք գաղտնի ապաստարան ունենք և հիմա ուղևորվում ենք այնտեղ: Օրքերը և թշնամու լրտեսները դեռևս չեն հայտնաբերել այն, բայց եթե նույնիսկ հայտնաբերեն, հեշտությամբ այն չեն գրավի, ինչպիսի զորք էլ որ ուղարկեն: Այնտեղ մենք կհանգստանանք, իսկ մեզ հետ էլ՝ դուք: Իսկ առավոռյան ես կորոշեմ ինչպես վարվել ձեզ հետ, որ հա՛մ ինձ համար լավ լինի, հա՛մ ձեզ համար:

Ֆրոդոյին մնում էր միայն ընդունել նրա առաջարկ-հրամանը: Եվ իրոք, գոնդորցիների հարձակումից հետո Իթիլիենով գնալը չափազանց վտանգավոր էր:

Նրանք անմիջապես ճանապարհը ընկան. առջևում՝ Մաբլունգն ու Դամրոդը, իսկ նրանց հետևից՝ Ֆարամիրն ու հոբիթները: Շրջնացելով լճակը, որտեղ հոբիթները առավոտյան լվացվել էին, նրանք անցան առվի վրայով, բարձրացան կտրուկ բլրի գլուխը և, հայտնվելով կանաչ ծառերի ստվերում, սկսեցին ինջնել հարթ լանջով ներքև ու ներքև: Ֆարամիրը քայլում էր արագ՝ հարմարվելով, սակայն, հոբիթների քայլքին և ցածրաձայն շարունակում զրույցը:

— Մեր զրույցն ընդհատվեց,— ասում էր նա,— բայց ոչ միայն այն պատճառով, որ, ինչպես հիշեցրեց ինձ պարոն Սեմուայսը, ժամանակ չունենք, այլ նաև որպեսզի ավելորդ ականջներ մեզ չլսեն, քանզի բաներ կան, որոնք բացեիբաց քննարկելու կարիք չկա: Ահա թե ինչու ես սկսեցի հարցեր տալ իմ եղբոր և նրա ճակատագրի մասին՝ շրջանցելով Իսիլդուր Անեծքը: Դու շատ բաների մասին լռեցիր, Ֆրոդո:

— Ես ոչ մի բառ չեմ ստել, թեև ողջ ճշմարտությունն էլ չեմ պատմել,— արձագանքեց Ֆրոդոն: — Պատմել եմ այնքան, որքան ինձ թույատրված է:

— Ես քեզ չեմ կշտամբում,— ասաց Ֆարամիրը: — Դու պատվով դուրս եկար դժվար փորձությունից, և քեզ շատ խելացի ու ճիշտ պահեցիր: Սակայն ես տեսնում եմ նաև, թե ինչ կա քո խոսքերի հետևում: Բորոմիրի հետ դուք ընկերներ չեք եղել՝ համենայն դեպս բաժանվել եք ոչ որպես բարեկամներ: նա, երևում է, նեղացրել է՝ և՛ քեզ, և՛ պարոն Սեմուայսին: Ես շատ էի սիրում իմ եղբորը և ուրախ կլինեմ նրա մահվան վրեժը լուծել, բայց ես նաև գիտեի նրան, ինչպես ոչ ոք: Ըստ երևույթին դա տեղի է ունեցել Իսիլդուրի անեծքի պատճառով. պատրաստ եմ գրազ գալ, որ դրա պատճառով է ձեր ջոկատը ցրվել: Ինձ համար պարզ է, որ դա ինչ-որ հզոր թալիսման է, և այն տարաձայնություններ է ստեղծում համախոհների միջև՝ եթե հավատանք հնագույն ասույթներին: Ճի՞շտ գուշակեցի:

— Ճիշտ է, բայց ոչ այնքան,— ասաց Ֆրոդոն: — Տարաձայնություններ մեր ջոկատում չեն եղել, միայն կասկած՝ ինչ ճանապարհ ընտրել և ուր գնալ Էմին Մույլից: Իսկ հնագույն ասույթները, եթե խոսքը դրան հասավ, սովորեցնում են մեզ անմտածված զրույցներ չանել, երբ խոսքը գնում է... թալիսմանների մասին:

— Այդպես էլ մտածում էի. նշանակում է տարաձայնություններ եղել են միայն Բորոմիրի հետ: Նա ուզեցել է թալիսմանը հասցնել Միաս Թիրիթ: Ի՜նչ ցավալի է ճակատագիրը դասավորվել. Դու, որ վերջինն ես տեսել նրան, չես կարող խոսել տվածդ երդման պատճառով, և չես կարող պատմել ինձ ամենակարևորը՝ թե ինչ է եղել նրա սրտում մահից առաջ: Սխալվել է նա, թե ոչ, բայց վստահ եմ, որ մահացել է պատվով և հաղթահարել ինքն իրեն: Նրա դեմքը մահից հետո ավելի գեղեցիկ էր այն էլֆական նավակում, քան կենդանության օրոք: Ներիր ինձ, Ֆրոդո, որ այդպես համառորեն փորձում էի խոսք քաշել քեզանից Իսիլդուրի Անեծքի մասին: Ոչ դրա ժամանակն էր, ոչ էլ տեղը, բայց ես չհասցրեցի այդքանը հասկանալ. մարտը ծանր էր, և ինձ այլ մտքեր էին զբաղեցնում: Բայց հենց հասկացա, անմիջապես խոսակցությունը շրջեցի այլ կողմ: Քանզի մեր քաղաքի իշխանները, այսինքն մենք, պահպանում են հնագույն իմաստնությունները, որոնց մասին Գոնդորի սահմաններից դուրս ոչ ոք չգիտի: Մենք չենք պատկանում Էլենդիլի տոհմին, սակայն մեր երակներում էլ է նումենորյան արյուն հոսում: Մենք Մարդիլի տոհմից ենք, որին պատերազմ գնալուց առաջ փոխարքա նշանակեց Էարնուր արքան՝ վերջին արքան Անարիոնի տոհմից: Նա ժառանգներ չուներ, և մի օր պատերազմից չվերադարձավ: Այդ օրվանից արդեն շատ դարեր մեզ մոտ իշխում են փոխարքաները: Ես հիշում եմ, թե ինչպես էր դեռ պատանի ժամանակ Բորոմիրն ամբողջ ժամանակ նեղվում էր, որ մեր հայրը թագավոր չէ, երբ մենք միասին ուսումնասիրում էինք մեր երկրի տարեգրությունը և մեր նախնիների պատմությունը: «Եվ քանի՞ հարյուր տարի է անհրաժեշտ, որ փոխարքան դառնա արքա, եթե թագավորը չի վերադառնում»,— հարցնում էր նա: «Այլ երկրներում, որտեղ թագավորների տոհմն այնքան էլ ազնվածին չէ, մի քանի տարին էլ կբավարարեր,— պատասխանում էր նրան մեր հայրը,— բայց Գոնդորում տասը հազար տարին էլ բավական չէ:» Ավա՜ղ, խեղճ Բորոմիր: Այդ ամենը քեզ ինչ-որ բան ասու՞մ է նրա մասին:

— Ասում է,— պատասխանեց Ֆրոդոն,— սակայն նա միշտ էլ հարգանքով էր վերաբերվում Արագորնին:

— Դա անկասկած,— ասաց Ֆարամիրը: — Եթե նա ընդունել է գահի նկատմամբ նրա իրավունքը, նշանակում է, ճանաչել է նրան որպես իր թագավոր: Բայց բանը չի հասել ամենադժվարին փորձություններին: Ով գիտի, թե ինչ կկատարվեր, եթե նրանք վերադառնային Մինաս Թիրիթ, գուցե պատերազմը վերածեր նրանց հակառակորդների... Սակայն թողնենք դա: Ես ասացի, որ Դենեթորի տոհմը պահպանում է հնագույն իմաստնություններն ու ավանդույթները: Մեր գանձարանում հին գրքեր ու բազմալեզու գրեր են պահպանվում՝ գրված հնամաշ մագաղաթների, քարե սալիկների, ոսկե և արծաթե թիթեղների վրա: Դրանցից շատերը մեզ մոտ այլևս ոչ ոք կարդալ չի կարող, իսկ մնացածներին այնքան վաղուց ձեռք չեն տվել, որ ամբողջովին կորել են փոշու մեջ: Բայց ես ուսունասիրել եմ դրանք և որոշ բաներ գիտեմ: Այդ գանձերի պատճառով մեզ երբեմն այցելում էր Մոխրագույն Թափառականը. առաջին անգամ ես նրան տեսել եմ դեռ երեխա ժամանակ, բայց դրանից հետո նա էլի է այցելել մեզ երկու, կամ երեք անգամ:

— Մոխրագույն Թափառակա՞նը,— ընդհատեց նրան Ֆրոդոն: — Իսկ ինչպե՞ս է նրա անունը:

— Մենք, ինչպես էլֆերը, նրան Միթրանդիր էինք անվանում,— ասաց Ֆարամիրը: — Եվ դա, կարծես թե, նրա սրտով էր: «Տարբեր երկրներում ինձ տարբեր կերպ են կոչում,— ասում էր նա: — Էլֆերի համար ես Միթրանդիր եմ, թզուկների համար՝ Տարկուն: Մոռացված արևմտյան երկրներում՝ իմ հեռավոր երիտասարդության օրերին, ինձ կոչում էին Օլորին, հարավում ճանաչում են որպես Ինկանուս, հյուսիսում՝ Գենդալֆ: Իսկ արևելքում երբեք չեմ լինում:»

— Գե՛նդալֆը,— բացականչեց Ֆրոդոն: — Այդպես էլ գուշակում էի: Գենդալֆ Մոխրագույնը մեր բարեկամն էր, մեր անգնահատելի խորհրդատուն և ջոկատի առաջնորդը: Նա զոհվեց Մորիայում:

— Միթրանդիրը զոհվե՜լ է,— բացականչեց Ֆարամիրը,— իրոք որ չար ճակատագիր է ձեզ բաժին ընկել: Հավատս չի գալիս, որ նման մեծ իմաստունը՝ դժվարին ժամանակների մեր հավատարիմ օգնականը, կարող էր զոհվել: Ինչպիսի՜ իմաստունից զրկվեց աշխարհը, որքա՜ն գիտելիքներ նա տարավ իր հետ... Բայց դու վստա՞հ ես, որ նա զոհվել է: Գուցե նա լքել է ձեզ այլ անհետաձգելի գործերի պատճառո՞վ:

— Վստահ եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ես տեսա, թե ինչպես նրան կուլ տվեց անհատակ անդունդը:

— Երևի սարսափելի պատմություններով են հղի քո խոսքերը,— ասաց Ֆարամիրը: — Սոսկալի է այն, ինչ կատարվել է: Գուցե երեկոյան ավելի՞ հանգամանորեն պատմես: Այժմ ես հասկանում եմ, որ Միթրանդիրը ոչ միայն մեծ իմաստուն էր ու գրքերի գիտակ, այլ նաև ճակատագրեր տնորինող էր՝ նրա մասնակցությամբ էին կատարվում մեր օրերի բոլոր հերոսական գործողությունները: Եթե նա Գոնդորում լիներ, երբ ես ու եղբայրս գիշերը մարգարեական երազ տեսանք, հավանաբար, կբացատրեր մեզ այդ խոսքերի իմաստը, և Ազատք սուրհանդակ ուղարկելու կարիք չէր լինի: Բայց հնարավոր է և չէր բացատրի, և Բորոմիրը, միևնույնն է ճակատագրից չէր խուսափի: Միթրանդիրը երբեք չէր խոսում մեզ հետ ապագայի մասին և չէր պատմում իր պլանների մասին: Դենեթորի թույտվությամբ՝ չգիտեմ, թե դա ինչպես էր նրան հաջողվել՝ նա թափանցել էր մեր գանձարան, և այնտեղ ես օգտվեցի նրա գիտելիքների հազիվհազ մի փոքր բացված շտեմարանից, բայց շատ քիչ՝ նա ժլատ ուսուցիչ էր: Ամենից շատ նրան հետաքրքրում էին դրագոլադյան հարթավայրում տեղի ունեցած մեծ ճակատամարտի և Գոնդորի ստեղծման մասին տարեգությունները, երբ պարտություն կրեց և գահնկեց արվեց նա, ում անունը ես չեմ տա: Նա քրքրում էր հնագույն ձեռագրերը և շատ բաների մասին մեզ հարցուփորձ անում: Անընդհատ հարցնում էր Իսիլդուրի մասին, թեև մենք նրա մասին այնքան էլ շատ բան չգիտենք: Ոչ ոք հաստատ չգիտի, թե նա ինչպես է զոհվել:

Ֆարամիրը ձայնն իջեցրեց և սկսեց խոսել շշուկով.

— Սակայն ես որոշ բաներ իմացա, որոշ բաներ էլ կռահեցի, թեև իմ կռահումները խիստ գաղտնի եմ պահում: Եվ իմացա ահա թե ինչ. Իսիլդուրը ձեռք է բերել ինչ-որ հույժ կարևոր իր, որը պատկանել է թշնամուն, թող չհնչի նրա անունը, և Գոնդորից հեռանալուց այն վերցրել է իր հետ: Այդ օրվանից նրան այլևս մահկանացուներից ոչ ոք չի տեսել: Եվ ինձ թվում է, որ ես հասկանում եմ, թե ինչ էր փնտրում Միթրանդիրը: Սակայն այն ժամանակ ես մտածում էի, որ նա ուղղակի սիրում է հինը ուսումնասիրել և այդ փնտրտուքները միայն հետաքրքրասիրության հետևանք են: Բայց երբ մենք փորձեցինք հասկանալ խորհրդավոր մարգարեության խոսքերի իմաստը, ես եկա այն եզրակացության, որ Իսիլդուրի Անեծքը հենց այդ իրն է: Ասույթներից մեկում ասվում է, որ Իսիլդուրն ընկել է ծուղակը և զոհվել օրքի նետից: Միայն և միայն դա ես կարողացա իմանալ Միթրանդիրից: Չգիտեմ թե դա ինչ իր է և ինչի համար է պետք եկել Իսիլդուրին. ըստ երևույթին թշնամու ինչ-որ հզոր զենք է, բայց, դատելով ամեն ինչից, շատ վտանգավոր: Եվ եթե այն ճակատամարտում հաջողություն է խոստանում, ապա անշուշտ հպարտ, անվախ, բայց հաճախ անխոհեմ Բորոմիրը, որ երազում էր Մինաս Թիրիթի հաղթանակի և իր սեփական ռազմական փառքի մասին, հաստատ կցանկանար տիրապետել այդ զենքին: Ավա՜ղ, չար ժամի նա գնաց Ռիվենդել: Ե՛վ հայրս, և՛ մեծերի խորհուրդը ինձ ընտրեցին Ռիվենդել գնալու համար, բայց նա իրենը պնդեց՝ պատճառաբանելով, որ ինքը մեծն է, որ ավելի փորձառու է և ավելի ուժեղ (և դա իրոք այդպես է): Սակայն պետք չէ ինձանից վախենալ, Ֆրոդո: Եթե ես այդ իրը գտնեի ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար, եթե նույնիսկ Մինաս Թիրիթին ոչնչացում սպառնար, իսկ փրկությունը կայանար իմ ձեռքում գտնվող այդ զենքի մեջ: Ո՛չ հանուն իմ երկրի բարօրության, ո՛չ էլ հանուն սեփական փառքի ես չէի վերցնի Սև Տիրակալի զենքը: Այդպիսի գնով ձեռք բերված հաղթանակն ինձ պետք չէ, Ֆրոդո, որդի Դրոգոյի:

— Խորհուրդը նույնպես այդպես որոշեց,— ասաց Ֆրոդոն: — Եվ ինձ էլ չի պետք: Ու առհասարակ եթե իմ կամքով լիներ, ապա ես հեռու կմնայի այդ ամենից:

— Ինչ մնում է ինձ,— ասաց Ֆարամիրը,— ես երազում եմ, որ կրկին ծաղկի Սպիտակ Ծառը, որ Մինաս Թիրիթ վերադառնա արծաթե թագը, և նրա հետ՝ խաղաղությունը: Կուզենայի տեսնել Մինաս Թիրիթը՝ ոչ, Մինաս Անորը այնպիսին, ինչպիսին հին ժամանակներում էր՝ լուսավոր, բարձր ու հրաշագեղ, ինչպես թագուհիների թագուհին, որի առաջ խամրում են մնացած բոլորը: Հրաշագեղ, բայց ոչ ահեղ՝ շրջապատված ստրուկներով, նույնիսկ եթե ստրուկները կամավոր են շղթայված և գոհ են իրենց տիրուհուց: Պատերազմն անխուսափելի է. մենք պետք է պաշտպանենք ապրելու մեր իրավունքը, քանզի թշնամին ձգտում է կուլ տալ ամեն ինչ և բոլորին: Սակայն իմ սրտով չեն ո՛չ սուր թրերի փայլը, ո՛չ արագընթաց նետերի սուլոցը, ոչ էլ փառքը մեծ զորավարի: Բայց այդ ամենն անհրաժեշտ է, որպեսզի պաշտպանենք այն, ինչը սիրում ենք՝ նումենորցիների հիմնած հրաշաքեղ քաղաքը: Ես սիրում եմ այդ քաղաքն իր անցյալի համար, իր հիշողության համար, իմաստության ու գեղեցկության համար: Ուզում եմ որ սիրեն իմ երկիրը, այլ ոչ թե վախենան, և հարգեն, ինչպես հարգում են ճերմակահեր իմաստունին: Այնպես որ մի վախեցիր ինձանից: Ես չեմ ստիպի քեզ պատմել այն ամենը, ինչ գիտես, նույնիսկ չեմ փորձի իմանալ՝ ճիշտ են արդյոք իմ կռահումները: Եթե միայն դու ինքդ չվստահես ինձ. այդ դեպքում կփորձեմ օգնել քեզ խորհուրդներով և, հնարավոր է նաև, գործով:

Ֆրոդոն ոչինչ չպատասխանեց: Նա հազիվ էր զսպում իրեն, որ չտրվի ցանկությանը՝ բացվել այդ խստադեմ, բայց դեռ երիտասարդ ռազմիկի առջև, որն այնքա՜ն իմաստուն ու մեծահոգի էր թվում: Որքա՛ն պետք կգային խորհուրդները, նրա օգնությունը... Բայց ինչ-որ բան նրան հետ էր պահում: Նրա սիրտը լցված էր վախով ու տագնապով, չէ՞ որ եթե իրոք ինը պահապաններից ողջ են մնացել միայն ինքն ու Սեմը, ապա ամեն ինչի համար պատասխանատու են միայն իրենք: Ավելորդ կասկածամտությունն ավելի գերադասելի է, քան կույր վստահությունը: Բորոմիրի և մատանու ազդեցության տակ նրա սարսափելի վերափոխման մասին հիշողությունները դեռ թարմ էին, հատկապես երբ Ֆրոդոն նայում էր Ֆարամիրին և լսում նրա ձայնը: Եղբայրներն այնքա՜ն տարբեր էին իրարից և, միևնույն ժամանակ, սարսափելի նման:

Շարունակությունը նրանք քայլում էին լուռ, անաղմուկ, գրեթե աննկատելի հինավուրց ծառերի մոխրա-կանաչ ստվերում, որոնց սաղարթներում երգում էին թռչնակները, և փայլում էին արևի տակ Իթիլիենի մշտադալար անտառների հարթ տերևները:

Սեմը չէր խառնվում խոսակցությանը, սակայն աշխատում էր ոչ մի բառ բաց չթողնել, բայց միևնույն ժամանակ նրա հոբիթական զգայուն լսողությունից չէր խուսափում շրջապատող անտառի ոչ մի շրշյուն: Գոլլումի մասին ոչ ոք այլևս չէր հիշում, և նա ուրախ էր դրա համար, թեև գիտակցում էր, որ Լպրծունից այդքան հեշտ չեն ազատվի: Շուտով նա նկատեց, որ իրենք անտառում մենակ չեն. բացի առջևում մերթ ընդ մերթ երևացող Դամրոդից ու Մաբլունգից, շուրջը նաև այլ ռազմիկներ կային, որոնք, արագ և անաղմուկ սահելով ծառերի միջով, շտապում էին դեպի նշանակված վայրը:

Հանկարծ ասես ինչ-որ մեկի հայացքը ծակեց նրա թիկունքը: Սեմը շրջվեց: Ծառերից մեկի հետևին ինչ-որ փոքրիկ, մութ կերպարանք ցոլաց: Սեմն ուզում էր բացել բերանը, որ հայտնի մյուսներին, բայց մտածեց ու ձեռքը թափ տվեց:

«Երևի թվաց,— ասաց նա ինքն իրեն: — Եվ կարիք էլ չկա հիշեցնել էդ անպիտանի մասին, եթե նրանք նախընտրում են չհիշել: Էհ, ես ինքս էլ շատ բան կտայի, միայն թե նրա մասին այլևս չհիշեի»:

Վերջապես անտառը նոսրացավ և լանջն ավելի կտրուկ դարձավ: Նրանք թեքվեցին աջ, և քիչ անց առջևում լսվեց գետակի խոխոջյունը: Դա այն նույն առվակն էր, որը լցվում էր քարե ավազանը և թափվում մյուս կողմից: Այժմ այն վերածվել էր արագ հոսքի, որի քարե հունը ձգվում էր տոսախի և փշարմավի ճյուղերով ստվերված նեղ, խորը կիրճի հատակով: Արևմուտքում երևում էին ոսկեգույն մեգով պարուրված գետափնյա մարգագետիններն ու հովիտները, և մայր մտնող արևի ճառագայթների տակ փայլում էին Անդուինի լայնատարած ջրերը:

— Իսկ այժմ, ցավոք, ես ստիպված եմ անքաղաքավարի լինել,— ասսաց Ֆարամիրը: — Հուսով եմ, դա ինձ կներվի. ես առանց այդ էլ արդեն շատ հրամաններ եմ խախտել՝ չեմ սպանել ձեզ և չեմ կապել: օրենքը մեկն է բոլորի համար. ոչ ոք, նույնիսկ ռոհանցիները՝ մեր դաշնակիցները չպետք է տեսնեն գաղտնի արահետը, որտեղով ձեզ պետք է տանեմ: Ստիպված ենք կապել ձեր աչքերը:

— Արա ինչպես գիտես,— ասաց Ֆրոդոն,— էլֆերը նույնպես կապում են օտարականների աչքերը, եթե այդ է պահանջում անհրաժեշտությունը: Կապված աչքերով ենք մենք մուտք գործել հրաշագեղ Լոթլորիեն: Թզուկ Ջիմլիին դա դուր չեկավ, բայց հոբիթներն առանձնապես չառարկեցին:

— Նույնպիսի հրաշագեղ վայր ես ձեզ չեմ խոստանում,— ասաց Ֆարամիրը,— սակայն ուրախ եմ, որ համաձայնեցիք. չէի ուզենա ստիպել ձեզ:

Նա կամացուկ կանչեց՝ և ակնթարթորեն ծառերի հետևից հայտնվեցին Մաբլունգն ու Դամրոդը:

— Կապեք մեր հյուրերի աչքերը,— կարգադրեց Ֆարամիրը: — բայց աշխատեք որ դա նրանց անհարմարություն չպատճառի: Ձեռքերը կապել պարտադիր չէ. նրանք խոստանում են, որ չեն փորձի գուղունի նայել: Ես հավատում եմ նրանց և կթողնեի, որ պարզապես գնային փակ աչքերով, բայց նրանք կարող են սայթաքել և պատահաբար բացել: Ի դեպ՝ ուշադիր եղեք, որ չսայթաքեն:

Թիկնապահները կապեցին հոբիթների աչքերը կանաչ շարֆերով և գլխանոցները կիպ քաշեցին նրանց աչքերին: Նրանցից մեկը բռնեց Ֆրոդոյի ձեռքը, մյուսը՝ Սեմի: Զբոսանքն արևոտ Իթիլիենով Ֆրոդոյի և Սեմի համար վերջացավ ճամփորդությամբ խավարի մեջ, և թե ուր էին նրանց տանում, մնում էր միայն գուշակել: Շուտով արահետը կտրուկ իջավ ներքև, մտավ ինչ-որ անցում և այնքան նեղացավ, որ ստիպված էին գնալ իծաշարուկ՝ քսվելով քարե պատերին: Թիկնապահները քայլում էին հոբիթների հետևից՝ ձեռքները դրած նրանց ուսերին, և ուղորդում էին նրանց, երբ ճանապարհը թեքվում էր այլ կողմ: Տեղ-տեղ փակ աչքերով գնալը անհնար էր դառնում. այդ ժամանակ հոբիթներին գրկում էին, տանում որոշ ժամանակ, ապա նորից իջեցնում գետնին: Աջ կողմից լսվում էր աստիճանաբար ուժեղացող ջրի ձայնը: Որոշ ժամանակ անց երթը դադարեցվեց: Մաբլունգն ու Դամրոդը մի քանի անգամ պտտեցին հոբիթներին, և վերջիններս վերջնականապես դադարեցին հասկանալ, թե որտեղ է հյուսիսը, և որտեղ հարավը: Սկսվեց վերջին, կարճ վերելքը: Ցրտեց, ջրի աղմուկը հեռացավ: Հոբիթներին կրկին գրկեցին և տարան ներքև երկար-երկար աստիճաններով, որոնք շուտով թեքվեցին դեպի ժայռի անկյունը: Հանկարծ նրանց խլացրեց ջրի աղմուկը: Թվում էր, ջուրն այժմ շրջապատում է նրանց բոլոր կողմերից. այն թափվում էր ներքև, ցայտում քարերի վրա և ողողում նրանց այտերն ու ձեռքերը հազարավոր մանր կաթիլներով: Հոբիթներին նորից դրեցին գետնին, և որոշ ժամանակ նրանք կանգնած էին լուռ, աչքները փակ, շփոթված և վախեցած: Թիկունքից լսվեց Ֆարամիրի ձայնը.

— Արձակեք աչքակապերը:

Գլխանոցները հետ գցվեցին, շարֆերն արձակվեցին, և հոբիթներն անակնկալի եկած, թարթեցին աչքերը:

Նրանք կանգնած էին հարթ, թաց ու լպրծուն քարերի վրա: Հետևում սևին էր տալիս ժայռի մեջ փորված խորդուբորդ կամարը, իսկ առջևում, հենց նրանց դիմաց, կայծկլտում էր ջրի բարակ վարագույրը: Մայր մտնող արևի ճառագայթներն ընկնում էին ուղիղ թափանցիկ շիթերի վրա, և կարմիր լույսը, բեկվելով, ցրվում էր անհամար, բազմագույն կայծերով: Թվում էր, թե նրանք հայտնվել են էլֆական ամրոցում և կանգնած են պատուհանի մոտ, իսկ նրանց առջև վարագույր է՝ պատրաստված ոսկե և արծաթե թելերից, սուտակներից, շափյուղաներից ու մեղեսիկներից, և այդ ամենը ասես այրվում է բոսոր կրակով:

— Ահա և պարգևը ձեր համբերության համար,— ասաց Ֆարամիրը: — Տեղ ենք հասել ճիշտ ժամանակին. արևը մայր է մտնում: Ձեր առջև Մայրամուտի Պատուհանն է՝ Հեննեթ Աննունը, Իթիլիենի՝ շողշողացող ջրերի երկրի ամենագեղեցիկ ջրվեժը: Օտարներից շատ քչերն են տեսել այն: Բայց ավա՜ղ, Մայրամուտի պատուհանին արժանի պալատ այստեղ չկա: Գնա՛նք, ինքներդ կտեսնեք:

Նրա վերջին բառերի հետ արևը մայր մտավ, կրակը հանգավ, և ջրե վարագույրը խամրեց: Նրանք անցան խորդուբորդ կամարի տակով և հայտնվեցին անհարթ առաստաղով մեծ, ժայռափոր սրահում: Ջահերի աղոտ ցոլքերը խաղում էին սրահի պատերին: Արդեն շատ մարդիկ էին սրահում հավաքվել, բայց մութ, նեղ անցումի միջից հայտնվում էին նորերը՝ երկու երկու, երեք-երեք: Երբ հոբիթների աչքերը հարմարվեցին կիսախավարին, նրանք տեսան, որ քարաձավը շատ ավելի մեծ է, քան թվում էր սկզբում, և այնտեղ զենքի և սննդի խոշոր պաշարներ կան կուտակած:

— Ահա և մեր ապաստարանը,— ասաց Ֆարամիրը: — Շքեղ չէ, բայց գիշերը կքնեք հանգիստ ու անվտանգ: Չոր է, ուտելիք ինչքան ուզես կա, ինչը փոխհատուցում է կրակի պակասը: Մի ժամանակ գետը հոսել է կամարի տակով, բայց հնագույն վարպետները հունը փոխել են, բարձրացրել, և այժմ ջրվեժը թափվում է կրկնակի բարձրությունից: Անձավի բոլոր անցքերը փակված են՝ ո՛չ ջուր, ո՛չ անկոչ հյուրեր այստեղ չեն կարող թափանցել: Այստեղից դուրս գալու երկու ճանապարհ կա միայն. մեկով դուք եկաք փակ աչքերով, և մյուսը տանում է ջրե պատուհանով ներքև, խորը լճի մեջ, որի հատակը ծածկված է սուր քարերով: Հանգստացեք, մինչև բոլորը վերադառնան: Շուտով ընթրիքի ժամն է:

Հոբիթներին տարան անձավի անկյունը, որտեղ ցածր մահիճ էր դրված: Մարդիկ արագ, առանց իրարանցումի և վեճերի պատրաստվում էին ընթրիքի: Պատերի տակից բերեցին սեղաներեսները, դրեցին սրահի մեջտեղում դրված իշոտնուկների վրա և արագորեն շարեցին սպասքը՝ մեծամասամբ հասարակ, բայց որակյալ ու գեղեցիկ. ափսեներ, բաժակներ, սկուտեղներ՝ մի մասը պատրաստված կավից և ջնարակված, իսկ մյուս մասը՝ տոսախափայտից, ողորկ, փայլուն: Այստեղ և այնտեղ փայլում էին բրոնզե գավաթները, իսկ կենտրոնական սեղանի վրա, որտեղ պետք է նստեր Ֆարամիրը, արծաթե գավաթ դրեցին: Ֆարամիրը քայլում էր սրահում և ցածրաձայն հարցուփորձ անում նորեկներին: Ոմանք ուղարկված էին հետապնդելու հարավցիների ջախջախված ջոկատը, իսկ մյուսները՝ ամենավերջում եկածները, մնացել էին ճանապարհը հսկելու և տեսնելու, թե ինչ է կատարվում: Հարավցիներից ոչ ոք չէր փրկվել, բացի հսկայական մումակից՝ նրան չէին հետևել: Ճանապարհներին լռություն էր տիրում, նույնիսկ օրք-լրտեսներն չկային:

— Դու նու՞յնպես ոչինչ չես տեսել և չես լսել, Անբորն,— հարցրեց Ֆարամիրը վերջին ներս մտնողին:

— Թերևս, ոչ, առաջնորդ,— պատասխանեց վերջինս: — Օրքերն ինչ-որ տեղ թաքնվել են: Սակայն, եթե ինձ չի թվացել, ես ինչ-որ արտասովոր արարածի հանդիպեցի: Արդեն մթնշաղ էր, իսկ մթության մեջ ամեն ինչ ավելի մեծ է թվում, քան կա իրականում: Երևի, դա ուղղակի սկյուռ էր:

Սեմը սրեց ականջները:

— Բայց եթե սկյուռ էր, ապա ամբողջովին սև և առանց պոչի: Ստվերի պես սահեց ու թաքնվեց ծառի հետևում: Հետո նայում եմ, մագլցում է վերև: Քեզ դուր չի գալիս, երբ առանց պատճառի սպանում են գազաններին, այդ պատճառով էլ ես չնետահարեցի նրան: Բացի այդ, մութ էր, իսկ այդ գազանիկն ակնթարթորեն թաքնվեց տերևների մեջ: Ես, ճիշտ է, մի փոքր էլ կանգնեցի՝ ամեն դեպքում այդ կենդանին ինձ կասկածելի թվաց՝ իսկ հետո, երբ վերջապես որոշեցի հեռանալ, ինձ թվաց, թե վերևից ֆշշոց է գալիս: Բայց ոչ, թերևս, դա սկյուռ էր, ուղղակի սովորականից մեծ: Հնարավոր է, գազանները փախչում են թշնամուց, թող չհնչի նրա անունը, և Չարքանտառից գալիս են մեզ մոտ: Ասում են, այնտեղ սև սկյուռիկներ կան:

— Չի բացառվում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն, եթե դու ճիշտ ես, դա վատ նշան է: Մեզ այստեղ Չարքանտառից փախստականներ պետք չեն: Այդ էր միայն պակասում:

Սեմին թվաց, որ վերջին բառերն ասելով, Ֆարամիրը նայեց իրենց, բայց նա մտածեց, որ ավելի լավ է լռել: Հոբիթները պառկել էին կողք կողքի, նայում էին ջահերի ցոլքերին և սրահում քայլող ու ցածրաձայն զրուցող մարդկանց: Հետո Ֆրոդոն աննկատելի քնեց:

Սեմը ինքն իրեն համոզում էր չքնել: «Արի ու իմացիր,— մտածում էր նա,— Մարդկանց գործը դժվար է: Իզուր չեն ասում. լեզվից մեղր է կաթում, սրտից՝ թույն: — Նա մինչև ականջները հորանջեց: — Էհ, որ մի շաբաթ քնեի՝ կարգին կթարմանայի... Բայց ենթադրենք չքնեցի՝ ի՞նչ կարող եմ անել, եթե ինչ-որ բան լինի: Միևնույնն է, էստեղ շատ հսկաներ կան մի հոբիթի համար... Եվ այնուամենայնիվ չքնես, Սեմ Գեմջի, չհամարձավկե՛ս քնել»:

Եվ չհամարձակվեց: Դռան բացվածքը մթագնեց, մոխրագույն ջրե վարագույրը կորավ մթության մեջ: Բայց թափվող ջրի միօրինակ աղմուկը չդադարեց ո՛չ երեկոյան, ո՛չ գիշերը, ո՛չ առավոտյան: Ջրի ձայնը օրոր էր ասում, և Սեմը, չկարողանալով այլևս իրեն զսպել, բռունցքներով կատաղորեն տրորեց աչքերը:

Նոր ջահեր վառվեցին: Մի տակառիկ գինի գլորելով բերեցին, բացեցին սննդի արկղերը և ջրվեժից ջուր բերեցին: Լվացվեցին: Ֆարամիրի առջև պղնձե կոնք դրեցին, սպիտակ սրբիչ բերեցին, և նա սկսեց լվացվել:

— Արթնացրեք հյուրերին,— կարգադրեց նա,— և ջուր տվեք նրանց լվացվելու համար: Ընթրիքի ժամանակն է:

Ֆրոդոն նստեց, հորանջեց ու ձգվեց: Սեմը տարակուսած նայում էր բարձրահասակ ռազմիկին, որը ջրով լի կոնքը ձեռքին խոնարհվել էր նրա առաջ:

— Դրեք գետնին, եթե կարելի է, պարո՛ն,— վերջապես ասաց նա: — Այդպես և՛ ինձ, և՛ ձեզ ավելի հարմար կլինի:

Ի զարմանս և ուրախություն շրջապատողների, նա գլուխը մտցրեց կոնքի մեջ և, փնչացնելով, ջուր շփեց պարանոցին ու ականջներին:

— Ձեզ մոտ մի՞շտ են ընթրիքից առաջ լվանում գլուխը,— Հարցրեց հոբիթներին սպասարկող ռազմիկը:

— Ոչ, սովորաբար մենք դա անում ենք նախաճաշից առաջ,— պատասխանեց Սեմը: — Բայց եթե երկար ժամանակ չես քնել, սառը ջուր ցանիր գլխիդ՝ և կթարմանաս, ինչպես տերևները անձրևից: Ֆ-ֆու-ու՛: Այ հիմա երևի ուժերս կբավականացնեն, որ ընթրիքի ժամանակ չքնեմ:

Հոբիթներին տարան և նստեցրին Ֆարամիրի կողքին, կաշվապատ տակառիկների վրա՝ ավելի բարձր, քան նստարանները, որոնց վրա նստած էին ռազմիկները: Հանկարծ բոլորը ոտքի կանգնեցին, դեմքով շրջվեցին դեպի դեպի արևմուտք, և մեկ րոպե լռություն տիրեց: Ֆարամիրը հոբիթներին նշան արեց նույն կերպ վարվել:

— Ճաշկերույթից առաջ,— նստելով, ասաց Ֆարամիրը,— մենք ուղղում ենք մեր հայացքները դեպի անհետացած Նումենորը, դեպի Օրհնյալ Երկիրը՝ էլֆերի ծննդավայրը, և ավելի հեռու, դեպի Նախասկզբնական աշխարհը, որ հավերժական է: Դուք այդպիսի սովորույթ չունե՞ք:

— Ոչ, գլուխն օրորեց Ֆրոդոն՝ իրեն անկիրթ ու տգետ զգալով: — Բայց մեզ մոտ ճաշից առաջ հյուրերը խոնարհվում ու գլուխ են տալիս տան տիրոջը, իսկ ճաշից հետո շնորհակալություն հայտնում:

— Դա մեզ մոտ էլ է ընդունված,— ասաց Ֆարամիրը:

Երկարատև թափառական կյանքից հետո, սոված ու սառած աստղերի տակ գիշերելուց հետո գոնդորցիների ընթրիքը իսկական խնջույք թվաց հոբիթներին. սառը, անուշահոտ ոսկեգույն գինի, հաց ու կարագ, տավարի միս, չորացրած մրգեր ու թարմ պանիր, և որպես հավելում՝ մաքուր ձեռքեր, ափսեներ ու դանակներ: Ֆրոդոն ու Սեմը չհրաժարվեցին ոչ մի բանից. աշխուժորեն կերան այն ամենը, ինչ առաջարկեցին և չհրաժարվեցին ո՛չ երկրորդ մասնաբաժնից, ո՛չ երրորդ: Գինին տաքացրեց նրանց հոգնած մարմինները. հոբիթները զվաարթացան, թեթևացան, և նրանց հոգում հանգստություն տիրեց՝ առաջին անգամ Լոթլորիենը լքելուց հետո: Երբ ընթրիքն ավարտվեց, Ֆարամիրը նրանց տարավ դեպի անցավի խորքում գտնվող վարագույրով կիսածածկված խորշը: Այնտեղ բազկաթոռ և երկու փոքրիկ աթոռ բերեցին: Խորշում փոքրիկ կավե ճրագ էր վառվում:

— Շուտով դուք երևի քնել կուզենաք,— ասաց Ֆարամիրը,— հատկապես պատվարժան Սեմուայսը. նա մինչև ընթրիքի սկսվելը ոչ մի րոպե աչք չփակեց: Կամ վախենում էր, որ քնելուց հետո ախորժակը կբթանա, կամ տիրոջն էր պահպանում ինձանից: Սակայն առատ ընթրիքից հետո անմիջապես քնելը վնասակար է, հատկապես եթե մինչ այդ երկար ժամանակ վատ ես սնվել: Եկեք այժմ զրուցենք: Դուք, ըստ երևույթին, Ռիվենդելից հեռանալուց հետո բազում արկածներ եք ունեցել և պատմելու շատ բան կունենաք: Եվ կարծում եմ, որ չի խանգարի ավելի մոտիկից ծանոթանալ երկրին, որտեղ այժմ դուք գտնվում եք: Պատմեք ինջ իմ եղբայր Բորոմիրի, ծերուկ Միթրանդիրի և Լորիենի զարմանահրաշ ժողովրդի մասին:

Ֆրոդոյի քունը փախել էր, և նա զրուցելուն բոլորովին դեմ չէր: Բայց, թեև համեղ սննդից ու գինուց նրա լեզուն բացվել էր, նա, միևնույնն է, զգոնությունը չէր կորցրել: Սեմը բարեհամբույր ժպտում էր և քթի տակ մռմռում իր համար, բայց սկզբում սահմանափակվում էր լսողի դերով և միայն երբեմն գլխով էր անում ու հաստատում:

Ֆրոդոն Ֆարամիրին բազում պատմություններ պատմեց՝ խնամքով շրջանցելով մատանին և արշավի իրական նպատակը, փոխարենը, սակայն, նկարագրեց Բորոմիրի քաջությունը և նրա բոլոր սխրանքները՝ մարտը գայլդարձյակների հետ, Քարադրասի ձյուների մեջ նրա ցուցաբերած արիությունն ու տոկունությունը, մարտը Մորիայի քարանձավներում, որտեղ զոհվեց Գենդալֆը: Կամրջի մոտ տեղի ունեցած մարտի պատմությունը ցնցեց Ֆարամիրին:

— Հավանաբար Բորոմիրի սրտով չի եղել փախչել օրքերից,— ասաց նա: — Նրան չէր կանգնեցնի նույնիսկ այդ հրե չարքը՝ Բալրո՞գ նրան անվանեցիր: Ես վստահ եմ. նույնիսկ եթե վերջինն է հեռացել մարտի դաշտից, միևնույնն է, ահավոր դժգոհ է մնացել մարտի արյունքից:

— Նա վերջինն է հեռացել,— հաստատեց Ֆրոդոն: — Արագորնը գնում էր առջևից. միայն նա գիտեր ճանապարհը Գենդալֆից բացի: Եթե մեզ՝ կոլոտիկներիս պաշտպանելու հարկ չլիներ, ո՛չ Բորոմիրը, ո՛չ Արագորնը ոչ մի դեպքում չէին նահանջի:

— Գուցե ավելի լավ կլիներ իմ եղբայրը զոհվեր Միթրանդիրի հետ Կամրջի վրա և խուսափեր Ռաուրոսի մոտ չար ճակատագրի հետ հանդիպումից,— հոգոց հանեց Ֆարամիրը:

— Գուցե... Բայց պատմիր, ինչպես խոստացել էիր, ձեր մասին,— ասաց Ֆրոդոն՝ զգուշանալով զրույցի վտանգավոր շրջադարձից: — Հաճույքով կլսեի Մինաս Իթիլի և Օսգիլիաթի մասին, անպարտելի Մինաս Թիրիթի մասին: Ինչո՞վ կվերջանա պատրազմը: Հույս կա՞, որ քաղաքը կանգուն կմնա:

— Հու՞յս,— կրկնեց Ֆարամիրը: — Հույսը մենք վաղուց ենք կորցրել: Վերականգնել այն կարող է, երևի, Էլենդիլի սուրը, բայց չեմ կարծում, որ այդ փառապանծ սուրն ինչ որ բան կփոխի՝ երևի միայն կհետաձգի պարտության սև օրը: Եվ այդ օրը շուտով կգա, եթե միայն մենք մարդկանցից կամ էլֆերից անակնկալ օգնություն չստանանք: Քանզի թշնամին գնալով հզորանում է, իսկ մենք թուլանում: Մեր ժողովուրդն անկում է ապրում, այս աշնանից հետո գարուն չի հաջորդի:

Մի ժամանակ նումենորցիները բնակություն էին հաստատել Մեծ Հողի բոլոր ափերին, բայց նրանցից շատերը տրվեցին չարին, և նրանց թագավորությունն աստիճանաբար ոչնչացավ: Շատերը նվիրվեցին Խավարի գործերին և հրապուրվեցին սև մոգությամբ, իսկ մյուսները մատնվեցին ծուլության, սկսեցին վիճել, պատերազմել իրար մեջ, մինչև բոլորովին ուժասպառ եղան, և նրանց արնաքամ հողերը գրավեցին վայրենիները:

Սակայն ավանդույթը ոչինչ չի ասում այն մասին, որ Գոնդորը երբևէ զբաղվել է սև մոգությամբ, և թշնամուն, թող չհնչի նրա անունը, մեզ մոտ չեն մեծարել: Հնագույն Արւմուտքի իմաստնությունն գեղեցկությունը դարեր շարունակ պահպանվել է Էլենդիլի թագավորությունում և ապրում է այնտեղ մինչև հիմա: Բայց հպարտությունը պառակտեց Գոնդորը. տիրակալներն աստիճանաբար կորցրեցին մտքի սթափությունն ու որոշեցին, որ Թշնամին հեռացել է ընդմիշտ, այնինչ նա միայն արտաքսված էր, բայց ոչ ոչնչացված:

Մահը միշտ էլ շրջել է մեր մեջ, քանզի նումենորցիները հավերժական կյանք էին տենչում, ինչպես այն հնագույն ժամանակներում, երբ կորցրեցին իրենց թագավորությունը՝ հավերժական կյանք, որում ամեն ինչ անփոփոխ կմնար: Թագավորները բնակիչների տներից շքեղ դամբարաններ էին կառուցում, իսկ հին մագաղաթների վրա գրված նախնիների անուններն ավելի հաճելի էին նրանց ականջին, քան իրենց ժառանգների անունները: Անժառանգ տիրակալները հնացող պալատներում նստած խորհում էին իրենց ծագումնաբանության հանելուկների մասին, զառամյալ երեցները գաղտնի սենյակներում խորհրդավոր էլիքսիրներ էին պատրաստում, բարձրանում էին սառը աշտարակների գլուխը և հարցեր տալիս աստղերին: Եվ այդպես առանց ժառանգ թողնելու մահացավ վերջին թագավորը Անարիոնի տոհմից:

Փոխարքաներն ավելի հաջողակ ու հեռատես դուրս եկան: Նրանց իմաստնությունը առաջին հերթին կայացավ նրանում, որ կարողացան համախմբել մեր ժողովրդին և բարեկամություն հաստատել ափամերձ ցեղերի և Էրեդ Նիմրիսի տոկուն լեռնեցիների հետ՝ համալրելով նրանցով իրենց բանակները: Բացի այդ, նրանք դաշինք կնքեցին հպարտ հյուսիսցիների հետ, որոնք անհանգստացնում էին մեզ իրենց ասպատակություններով: Այդ մարդիկ կատաղի են ու ռազմատենչ, բայց մեզ հեռավոր ազգականներ են գալիս, ի տարբերություն արևելքի վայրի քոչվորների և դաժան հարադցիների:

Քիրիոնի՝ տասներկուերորդ փոխարքայի օրոք (իմ հայրը քսանվեցերորդն է) նրանք մեզ օգնության հասան Քելեբրանթի ճակատամարտում և ջախջախեցին մեր հյուսիսային նահանգների վրա հարձակված թշնամիներին: Դրա համար էլ մենք Քելենարդոնի մինչ այդ գրեթե անմարդաբնակ հարթավայրը տվեցինք նրանց, և այդ օրվանից այն սկսեց կոչվել Ռոհանյան հարթավայր: Մենք այդ ժողովրդին անվանում ենք Ռոհիրիմներ, երամակների տերեր: Նրանք դարձան մեր դաշնակիցները և ապացուցեցին իրենց հավատարմությունը՝ դժվարին պահին մշտապես օգնության հասնելով և պահպանելով մեր հյուսիսային սահմանները ընդհուպ մինչև Ռոհանյան Լեռնանցքը: Նրանք ծանոթացան մեր ավանդույթների հետ, ընդօրինակեցին մեր սովորույթները և սովորեցին այն ամենը, ինչ ցանկացան: Անհրաժեշտության դեպքում նրանց տիրակալները խոսում են մեր լեզվով, բայց հիմնականում Ռոհիրիմները պահպանում են իրենց նախնիների սովորույթները, հավատարիմ են իրենց ավանդույթներին և խոսում են իրեն հյուսիսային բարբառով: Մենք սիրեցինք այդ ոսկեմազ, ամրակազմ ու պայծառ աչքերով ժողովրդին, այդ բարձրահասակ այրերին, և նրանց արիությամբ չզիջող սլացիկ աղջիկներին: Նրանq մեջ մենք տեսնում ենք Ավագ Դարաշրջանի արտացոլքը, երբ մարդկային ցեղը դեռ երիտասարդ էր: Ավանդույթների պահպաններն ասում են, որ մենք նրանց հետ պատկանում ենք միևնույն հնագույն տոհմին, որից առաջացել են նումենորցիները, բայց նրանք չեն սերում, ինչպես մենք, էլֆերի բարեկամ Հադոր Ոսկեհերից, այլ՝ նրա որդիներից, որոնք Երկրորդ Դարաշրջանի սկզբին չարձագանքեցին կոչին և չլողացին արևմուտք՝ Նումենոր: Ըստ մեր ավանդության, մարդկային ցեղը բաժանվում է երեք խմբի. Բարձրագույն՝ Արևմուտքի մարդիկ կամ նումենորցիները, Միջին՝ Մթնշաղի Մարդիկ, այսինքն ռոհանցիներն ու հյուսիսում ապրող նրանց ազգակիցները և Պարզունակ՝ Խավարի Մարդիկ: Այժմ, սակայն, ռոհանցիները շատ բաներով նմանվել են մեզ. արհեստներում հմտացել են, շարժուձևը փափկել է, դարձել են բարեկիրթ, իսկ մենք, ընդհակառակը, նմանվել ենք նրանց և այժմ Բարձրագույն կոչվելու իրավունք, թերևս, չունենք: Մենք հավասարվել ենք Միջին Ժողովրդին, դարձել Մթնշաղի մարդիկ, թեև պահպանում ենք Բարձրագույն օրերի հիշողությունը... Քանզի մենք, ինչպես ռոհանցիները, բարձր ենք գնահատում ռազմական քաջությունն ու սխրագործությունները. ճիշտ է, մեզ մոտ դեռևս կարծում են, որ ռազմիկը բացի կռվելուց պետք է այլ բաներ էլ իմանա, սակայն, միևնույնն է, ռազմական արվեստը բարձր է գնահահատվում մնացած ամեն ինչից: Այդ է պահանջում ժամանակը: Այդ պատճառով էլ իր քաջության համար Բորոմիրը համարվում էր Գոնդորի ամենապատվավոր մարդկանցից մեկը: Եվ նա իսկապես քաջ զորավար էր: Շատ վաղուցվանից Մինաս Թիրիթի տիրակալները այդպիսի կոփված, հզոր և անվեհեր ժառանգորդ չեն ունեցել: Ոչ ոք չէր կարող փչել Մեծ եղջերափողն այնպես, ինչպես Բորոմիրը...

Ֆարամիրը հոգոց հանեց ու լռեց:

— Դուք համարյա ոչինչ չասացիք էլֆերի մասին, պարոն,— քաջություն հավաքելով ասաց Սեմը: Նա նկատեց, որ Ֆարամիրը էլֆերի մասին մեծ հարգանքով է խոսում, և դա ավելին էր Սեմի համար, քան նրա քաղաքավարությունը, բարյացակամությունը, համեղ ընթրիքն ու որակյալ գինին: Դրանով նա շահեց Սեմի վստահությունը և որոշակի ցրեց նրա կասկածները:

— Այո, իսկապես,— ասաց Ֆարամիրը,— բայց ես էլֆերի մասին շատ բան չգիտեմ: Պետք է ասեմ, որ դու, առանց իմանալու, անդրադարձար մեր բնավորության գծերից մեկին, որը շատ է փոխվել նումենորցիներից միջերկրացիներ դառնալուց հետո: Եթե դու Միթրանդիրի ուղեկիցն ես եղել և զրուցել ես Էլրոնդի հետ, պիտի որ իմանաս, որ նումենորցիների նախնիները՝ Էդաին մարդիկ, առաջին պատերազմներում էլֆերի հետ կողք կողքի կռվել են Խավարի դեմ: Որպես պարգև նրանք ստացել են Միջծովյան թագավորությունը, որտեղից երևում են Օրհնյալ երկրի ափերը: Սակայն երբ Խավարի վարագույրը տարածվեց Միջերկրում, Թշնամու խարդավանքները պառակտեցին էլֆերին ու մարդկանց, և ժամանակի ընթացքում նրանք ավելի հեռացան իրարից, գնացին ամենքն իրենց ճանապարհով: Այժմ մարդիկ վախենում են էլֆերից և չեն վստահում նրանց, չնայած նրան, որ քիչ բան գիտեն Էլդար ժողովրդի մասին: Եվ մենք էլ՝ գոնդորցիներս, որոշակի ժամանակից սկսած այդ հարցում նմանվել ենք ռոհանցիներին, քանզի նրանք, չնայած Սև Տիրակալին թշնամի լինելուն, խուսափում են էլֆերից և Ոսկե Անտառի մասին խոսում են վախով: Սակայն մեր մեջ դեռ հանդիպում են համարձակներ, ովքեր բարեկամություն են անում էլֆերի հետ: Նրանցից ոմանք գաղտնի լքում են Գոնդորը և հեռանում Լորիեն. ճիշտ է, վերադառնում են նրանք հազվադեպ... Ինչ վերաբերվում է ինձ, ես Լորիենի բնակիչների հետ հանդիպում չեմ փնտրում. ինձ թվում է մեր օրերում Առաջանածինների հետ շփվելը մահկանացուների համար վտանգավոր է: Այնուամենայնիվ ես նախանձում եմ ձեզ, որ տեսել եք Ճերմակ Տիրուհուն և զրուցել նրա հետ:

— Լորիենի տիրուհի՜ն, Գալադիե՜լը,— երազկոտ բացականչեց Սեմը: — Ա՛յ թե տեսնեիք նրան, պարո՛ն, աչք կտրել չի լինում: Ես մի սովորական հոբիթ եմ և զբաղվում եմ այգեգործությամբ, իսկ գլխիցդ վերև, ինչպես ասում են, չես թռչի, և բանաստեղծությունների մասով, ինքներդ եք հասկանում, էնքան էլ լավ չեմ՝ էնպես, ինչ-որ ծիծաղելի բան երբեմն, բայց իսկական բանաստեղծություն՝ էդ մեկը չէ: Դրա համար էլ չեմ կարող նկարագրել, թե ինչպիսին է նա: Էստեղ երգ է հարկավոր: Ձեզ Պանդուխտն է պետք, դե, Արագորնը, կամ ծեր պարոն Բիլբոն. այ նրանք հեշտությամբ կնկարագրեին: Բայց ես էլ այնուամենայնիվ նրա մասին մեծ ուրախությամբ երգ կհորինեի: Նա այնքան գեղեցի՜կ է, այնքան չքնաղ... Գիտեք, երբեմն նման է մեծ, ծաղկած ծառի, երբեմն էլ փոքրիկ, քամուց օրորվող ճերմակ նարցիսի: Ադամանդից կարծր և լուսնի լույսից փափուկ՝ ահա թե ինչպիսին է նա: Ջերմ է արևի ճառագայթների պես և սառն է, ինչպես աստղազարդ գիշերը: Հպարտ, վեհապանծ, ինչպես ձյունապատ լեռները, իսկ խնդուն է, ինչպես երիցուկների ծաղկեպսակը գլխին սովորական աղջնակը: Տեսնում եք, էսքան անհեթեթություններ ասացի, բայց ապարդյուն:

— Այո, երևում է նա իսկապես հմայիչ է,— ասաց Ֆարամիրը: — Մահացու է այդ հմայքը:

— Չեի ասի որ մահացու է,— առարկեց Սեմը: — Իմ կարծիքով հենց մարդիկ են Լորիեն բերում իրենց կործանումը: Բերում են ու զարմանում, թե էս ինչպե՞ս ստացվեց, հաստատ կախարդե՛լ են: Տիրուհին, իհարկե, վտանգավոր է, և էն էլ ինչքան, թեկուզ այն պատճառով, որ նրա մեջ շա՜տ մեծ ուժ կա: Կարելի է ջարդուփշուր լինել՝ բախվելով էդ ուժին, ինչպես նավը՝ ժայռին, կամ խորտակվել, ինչպես հոբիթը՝ գետում: Սակայն ո՛չ ժայռը, ո՛չ գետը մեղավոր չեն, ճի՞շտ է: Իսկ Բորո...

Սեմը շփոթվեց, կմկմաց և կարմրեց:

— Դեհ, «Իսկ Բորոմիրը»... ա՞դ էիր ուզում ուզում ասեիր,— հարցրեց Ֆարամիրը: — Շարունակի՛ր, նա է՞լ էր իր կործանումը Լորիեն բերել:

— Այո, տեր իմ, իհարկե ներող եղեք, բայց բերել էր, թեև ձեր եղբայրը հրաշալի մարդ էր, եթե ինձ կարելի է նրա մասին դատել: Բայց դուք, մի խոսքով, ինքներդ էլ արդեն կռահեցիք: Ես հենց ամենասկզբից՝ Ազատքից սկսած հետևում էի Բորոմիրին: մենակ թե չմտածեք, թե ես նրան չեի վստահում կամ նրա վատն էի ցանկանում, ուղղակի ես, ինքներդ եք հասկանում, տիրոջս պետք է պահպանեի, և ահա թե ինչ ձեզ կասեմ. հենց Լորիենում Բորոմիրն առաջին անգամ վերջնականապես հասկացավ ինքն իրեն, իսկ ես վաղուց էի դա հասկացել: Հասկացավ, թե ինչ է ինքն ուզում: Իսկ նա հենց առաջին ակնթարթից ցանկացավ Թշնամու Մատանին:

— Սե՛մ,— սարսափահար բացականչեց Ֆրոդոն: Նա մտքերի մեջ էր ընկել և սթափվեց չափազանց ուշ:

— Փրկե՛ք ինձ,— գոռաց Սեմը՝ սպիտակելով ինչպես կավիճը, ապա կարմրելով մինչև մազերի ծայրը: — Նորից դու՛րս տվեցի: Քանի անգամ է ծերուկս ասել. «Բերանդ մեծ բացելու դեպքում ոտքովդ փակի՛ր»: Եվ ճի՛շտ էր ասում: Ա՜խ, չարն ինձ տանի, այս ի՜նչ արեցի:

Լսեցեք ինձ, պարո՛ն,— դիմեց նա Ֆարամիրին՝ հավաքելով իր ողջ քաջությունը: — Դուք իրավունք չունեք նեղացնելու տիրոջը, նա մեղավոր չէ, որ իր ծառան ապուշ է: Դուք էնքան լավ էիք խոսում, հատկապես էլֆերի մասին, դե, ես էլ բերանս չափից ավելի բացեցի: Սակայն, ինչպես ասում են, խոսքը պետք է գործով ապացուցել: Էնպես որ գործով ցույց տվեք: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա:

— Այոոո՜, երևում է ստիպված եմ ցույց տալ,— տարօրինակ ժպիտը շուրթերին դանդաղ ու ցածր ձայնով ասաց Ֆարամիրը: — Հըմ... Ահա և բոլոր հանելուկների պատասխանը: Համիշխանության Մատանին, որը համարվում էր ընդմիշտ կորած, գտնվել է: Ուրեմն Բորոմիրը փորձել է ուժով խլել այն ձեզանից, իսկ դուք փախե՞լ եք: Փախել եք ու եկել ուղիղ ինձ մոտ: Լքված երկիր, երկու կոլոտիկ, զորք իմ հրամանատարության տակ և իմ առջև՝ Մատանիների Մատանին: Դեհ, ցույց տուր քեզ գործի մեջ, Ֆարամի՛ր, Գո՛նդորի զորավար: Հը՛մ:

Նա կանգնեց ողջ հասակով մեկ՝ խիստ ու տիրական, և նրա մոխրագույն աչքերը փայլատակեցին: Ֆրոդոն ու Սեմը վեր թռան աթոռներից և մեջքով սեղմվեցին պատին՝ ջղաձգորեն շոշափելով սրերի բռնակները: Լիակատար լռություն տիրեց. բոլորը լուռ ու զարմացած նայում էին նրանց: Բայց Ֆարամիրը կրկին նստեց բազկաթոռին, կամացուկ ծիծաղեց, և հանկարծ նորից խոժոռվեց:

— Խե՛ղճ Բորոմիր, ինչպիսի՛ ծանր փորձության միջով է նա անցել,— գոչեց նա: — Որքան վիշտ պատճառեցիք դուք ինձ, երկու թափառականներդ հեռավոր երկրից, որ կրում եք ձեզ հետ կործանումը մարդկության... Սակայն ես դատում եմ հոբիթների մասին ավելի ճիշտ, քան դուք՝ մարդկանց: Մենք՝ գոնդորցիներս, միշտ ասում ենք ճշմարտոթյունը: Մենք հազվադեպ ենք պարծենում և պահում ենք մեր խոստումը նոիյնիսկ մահվան սպառնալիքի տակ: «Եթե տեսնեի այդ իրը ճանապարհին ընկած, չէի կռանա այն վերցնելու համար»՝ այդպիսին էին իմ խոսքերը: Ուստի եթե նույնիսկ այժմ այն ցանկանամ՝ չէ՞ որ ես չգիտեի, թե խոսքն ինչի մասին է՝ ասածս ինձ համար հավասար է երդման, իսկ երդումը չի կարելի խախտել: Սակայն ես չեմ փափագում այն: Գուցե այն պատճառով, որ լավ գիտեմ. «Փորձանքներ կան, որոնցից ավելի լավ է հեռու մնալ»: Հանգստացեք և նստեք: Իսկ դու մխիթարվիր, Սեմուայս: Թեև դու բերանիցդ թռցրիր, բայց դա, իմ կարծիքով, նախանշված էր ճակատագրով: Դու հավատարիմ և նվիրված սիրտ ունես՝ այն ավելի հեռատես է, քան քո աչքերը: Եվ այս անգամ էլ քեզ հուսախաբ չարեց: Հնարավոր է դու նույնիսկ օգնեցիր քո սիրելի տիրոջը. կաշխատեմ անել ինձանից կախված ամեն ինչ, որ քո բերանմացությունը ծառայի նրա օգտին: Դեհ, մխիթարվիր: Սակայն այլևս Դրա մասին բարձրաձայն չխոսես: Թող այսօրվա վրիպումն առաջինն ու վերջինը լինի:

Հոբիթները կրկին նստեցին աթոռներին և լռեցին: Ռազմիկները վերադարձան իրենց զրույցին և գինուն՝ որոշելով, որ իրենց հրամանատարը պարզապես անզգույշ կատակ արեց և վախեցրեց փոքրիկներին, բայց այժմ ամեն ինչ անցած է:

— Վերջապես մենք հասկացանք իրար, Ֆրոդո,— ասաց Ֆարամիրը: — Եթե դու, ինքդ չուզենալով, վերցրել ես այդ իրը ուրիշների խնդրանքով, ապա ընդունիր իմ հարգանքն ու կարեկցանքը: Եվ ես զարմանում եմ քո վրա. այդպիսի զենք ես կրում և նույնիսկ չես փորձում կիրառել դրա զորությունը: Դուք իմ առջև նոր աշխարհ եք բացում, որի մասին ես ոչինչ չգիտեի: Եթե բոլոր կոլոտիկները նման են ձեզ՝ երկուսիդ, ապա հավանաբար ձեր երկրում խաղաղություն և բարգավաճություն է տիրում: Եվ այգեպաններն էլ մեծ հարգանք են այնտեղ վայելում:

— Ամեն ինչ չէ, որ մեզ մոտ լավ է,— պատասխանեց Ֆրոդոն,— բայց այգեպաններն իրոք հարգված են:

— Եվ այնուամենայնիվ, կարծում եմ, նույնիսկ այնտեղ, ձեր այգիների ստվերում, դուք երբեմն հոգնում եք, ինչպես բոլորը, ում վրա շողում է այս աշխարհի արևը: Իսկ այստեղ դուք տանից հեռու եք և ճանապարհից հոգնած: Այսօրվա համար բավական է: Երկուսդ էլ հանգիստ քնեք՝ եթե կարող եք: Մի՛ վախեցեք: Ես չեմ ուզում ո՛չ տեսնել, ո՛չ դիպչել դրան, չեմ ուզում իմանալ դրա մասին ավելին, քան գիտեմ՝ իմացածս ինձ բավական է: Վտանգը շատ մեծ է. նոր գայթակղությունը կարող է իմ ուժերից վեր լինել, և հնարավոր է ես ավելի թույլ գտնվեմ, քան Ֆրոդոն՝ Դրոգոյի որդին: Գնացեք հանգստացեք, բայց նախ ասեք ինձ, եթե դա ձեր կամքին դեմ չէ, ու՞ր եք գնում և ի՞նչ եք պատրաստվում անել: Քանզի ես պետք է արթուն մնամ և խորհեմ: Առավոտյան մենք կբաժանվենք և կգնանք ամենքս մեր ճանապարհով:

Ապրած ցնցումներից ու վախից Ֆրոդոն ամբողջ մարմնով դողում էր: Հոգնածությունն ամպի պես պարուրել էր նրան. ո՛չ խորամանկել, ո՛չ պայքարել նա այևս ի վիճակի չէր:

— Ես Մորդոր գնալու ճանապարհ եմ փնտրում,— հազիվ լսելի արտաբերեց նա,— ճանապարհ դեպի Գորգորոթ, դեպի Հրամեջ Լեռը՝ գցելու այն Ճակատագրի Անդունդը: Այդպես է կարգադրել Գենդալֆը: Բայց ինձ թվում է, ես այնտեղ երբեք չեմ հասնի:

Ֆարամիրը անասելի զարմացած նայում էր հոբիթին: Հետո նրբորեն բռնեց նրան, երբ հանկարծ վերջինս օրօրվեց, հոգատարությոամբ գրկեց, տարավ պառկեցրեց մահճի վրա և ջերմ ծածկեց: Ֆրոդոն իսկույն ընկավ խոր քնի մեջ:

Կողքին մեկ այլ մահճակալ էր դրված ծառայի համար: Սեմը մի փոքր մտածեց, ապա, մինչև գետին խոնարհվելով, դիմեց Ֆարամիրին.

— Բարի գիշեր, զորավար տեր իմ: Դուք գործով ապացուցեցիք:

— Ապացուցեցի՞— կրկնեց Ֆարամիրը:

— այո, տեր իմ, և հրաշալի ապացուցեցիք, ամենաբարձր հատկանիշներով:

Ֆարամիրը ժպտաց:

Ծառայի համար դու շատ հանդուգն ես, պատվարժան Սեմուայս: Բայց ոչ. լսել գովասանք նրա շուրթերից, ով ինքն է արժանի գովասանքի՝ ամենամեծ պարգևն է: Բայց ես դեռ չեմ արժանացել դրան, քանզի հենց սկսզբից էլ մտադիր էի այդպես վարվել:

— Հիշու՞մ եք, դուք ասացիք իմ տիրոջը, որ նրա մեջ ինչ-որ էլֆական բան կա,— ասաց Սեմը: — Դա և՛ ճիշտ է, և՛ այդպես է: Իսկ ես ձեզ կասեմ, որ դուք ինչ-որ բանով նման եք, երևի, Գենդալֆին, հրաշագործներին:

— Ահա թե ինչ,— ասաց Ֆարամիրը: — Երևի նումենորյան արյան ազդեցությունն ես զգում: Բարի գիշեր:

Գլուխ վեցերորդ. Արգելված լճակը

Ֆրոդոն արթնացավ, և տեսնելով իր վրա խոնարհված Ֆարամիրին, վախեցած նստեց ու ընկրկեց:

— Վախենալ պետք չէ,— ասաց Ֆարամիրը:

— Իսկ ինչ է, արդեն առավո՞տ է,— հորանջելով, հարցրեց Ֆրոդոն:

— Դեռ ոչ, բայց գիշերն արդեն ավարտվում է, և լուսինը շուտով մայր կմտնի: Չե՞ս ուզում տեսնել: Բացի դրանից, ես շտապ ուզում եմ քեզ հետ խորհրդակցել: Ներիր, որ ստիպված եղա արթնացնել քեզ, բայց դա կարևոր է: Կգա՞ս:

— Կգամ,— արձագանքեց Ֆրոդոն և, դուրս սողալով տաք ծածկոցի ու մորթիների տակից, ցրտից դողաց՝ քարե սրահում կրակ չէին վառել: Լռության մեջ ջրվեժը սովորականից ավելի բարձր էր աղմկում: Ֆրոդոն վրան գցեց թիկնոցը և հետևեց Ֆարամիրին:

Սեմն իսկույն արթնացավ՝ ասես ինչ-որ վտանգի զգացումից դրդված, տեսավ տիրոջ դատարկ մահիճը և ոտքի ցատկեց: Կամարի աղոտ, սպիտակավուն լույսով ողողված բացվածքում երկու մութ կերպարանք երևացին՝ մեկը փոքրիկ, մյուսը բարձրահասակ: Նա շտապեց նրանց հետևից՝ անցնելով պատերի տակ գցված ներքնակների վրա քնած ռազմիկների կողքով, հասավ կամարին և տեսավ, որ ջրե վարագույրը դարձել է շողշողուն մետաքսե ծածկոց, դրվագված արծաթով, զարդարված մարգարիտներով և ներծծված լուսնի լույսով: Բայց Սեմը հիանալու ժամանակ չուներ. նա շրջվեց ու վազեց տիրոջ հետևից, որն անհետացավ կողմնային միջանցքի սև բացվածքում: Մութ միջանցքի մյուս կողմում թաց քարե աստիճաններ սկսվեցին. բարձրանալով աստիճաններով՝ Սեմը հայտնվեց մի փոքրիկ քարե սենյակում: Վերևից՝ նեղ, երկար ճեղքից լույս էր թափանցում. այնտեղ գունատ առկայծում էր երկինքը: Աստիճանները դարձան երկուսը. մեկը տանում էր ուղիղ, ըստ երևույթին դեպի գետի բարձրադիր ափը, մյուսը թեքվում էր ձախ: Այդ կողմ էլ թեքվեց Ֆարամիրը: Աստիճանները կտրուկ բարձրանում էին վեր:

Վերջապես դուրս լողացին խավարից և հայտնվեցին մի ընդարձակ, անցանկապատ հարթակում: Աջ կողմում խլացուցիչ աղմուկով սանդղավանդից սանդղավանդ էր թափվում լեռնային գետակը և, գահավիժելով ներքև, փրփրուն շիթերով լցվում էր ողորկ պատերով ջրատարի մեջ: Այնուհետև խլթխլթալով սրընթաց սլանում էր հարթակի մոտով և, հասնելով ժայռի եզրին, գահավիժում էր անդունդը: Այնտեղ՝ անդունդի եզրին, ժամապահ էր կանգնած և անշարժ նայում էր ներքև: Ֆրոդոն մի կերպ հայացքը կտրեց ոտքերի մոտ եռացող փրփրուն ջրից և նայեց շուրջը: Սառած աշխարհը քարացել էր լուսաբացի սպասումով: Արևմուտքում դեպի հորիզոն էր սահում կլոր սպիտակ լուսինը: Ներքևում լայնարձակ հովիտը թաղվել էր մշուշի մեջ, որի խիտ ծածկոցի տակ ինչ-որ տեղ գլորվում էին Անդուինի մութ ջրերը: Գետի մյուս կողմում խավարի միջից վեր էին բարձրանում ուրվականային լույսով փայլող Էրեդ Նիմրիսի՝ Գոնդորի Սպիտակ Լեռների հավերժական ձյունով ծածկված սրածայր գագաթները: Որոշ ժամանակ Ֆրոդոն բարձր հարթակի վրա կանգնած նայում էր և հանկարծ սարսռաց՝ մտածելով անծայրածիր գիշերային տրածության մեջ կորած իր երբեմնի ուղեկիցների մասին: Որտե՞ղ են հիմա նրանք, քնա՞ծ են արդյոք, թե՞ քայլում են ինչ-որ անհայտ ճանապարհով՝ եթե միայն մշուշը չի պարուրում նրանց մեռած, փայտացած մարմինները... Ինչու՞ արթնացրին իրեն հաճելի մոռացումից, ինչի՞ համար բերեցին այստեղ: ի՜նչ լավ էր քնել ու ոչինչ չհիշել:

Սեմը նույնպես չէր կարողանում պատասխանել այդ հարցին և, այլևս չկարողանալով իրեն զսպել, շշնջաց Ֆրոդոյի ականջին.

— Հազվագյուտ տեսարան է, տեր իմ, խոսք չկա, մենակ թե սարսափելի ցուրտ է, մինչև ոսկորներս թափանցում է: Ի՞նչ է կատարվում:

Բայց Ֆարամիրը լսեց նրա ասածը և պատասխանեց.

— Լուսնամոտ է Գոնդորի վրա: Չքնաղ Իթիլը, լքելով Միջերկիրը, վերջին հայացքն է գցում ալեհեր Մինդոլուինի վրա: Հանուն այսպիսի տեսարանի արժե և մի փոքր սառչել: Բայց ես ձեզ այլ նպատակով եմ այստեղ բերել: Իսկ քեզ, Սեմուայս, ես առհասարակ չեմ կանչել, ուստի դու արժանի ես դրան՝ զգոնությունը լավ է չափավոր: Ոչինչ, երբ վերադառնանք, մի կում գինին կշտկի այդ հարցը: Ապա մի նայե՛ք ներքև:

նա մոտեցավ լուռ ժամապահին և կանգնեց անդունդի եզրին: Ֆրոդոն հետևեց նրան: Սեմը հապաղեց. նա առանց այդ էլ իրեն անհարմար էր զգում լպրծուն քարերի վրա, և դեռ մի բան էլ այդպիսի բարձրության վրա:

Ֆարամիրն ու Ֆրոդոն նայեցին ներքև: Ներքևում ջրվեժի փրփրուն ճերմակ շիթերը թափվում էին եռացող ավազանի մեջ, մութ շրջապտույտներով տարածվում ձվաձև լճակի մակերևույթին, ապա ջուրը նեղ ջրատարով թշշալով վազում էր դեպի թեքավուն հովիտը, որտեղ և աստիճանաբար հանգստանում էր: Լուսնի թեք լույսը դեռ ընկնում էր ջրվեժի ստորոտին և փայլում անհանգիստ լճակի մակերևույթին: Հանկարծ Ֆրոդոն մոտակա ափին ինչ-որ փոքրիկ մութ կերպարանք նկատեց: Բայց փոքրիկ կերպարանքը, ասես զգալով հոբիթի հայացքը, անմիջապես սուզվեց և չքացավ սև ջրի մեջ՝ ճեղքելով այն ինչպես նետը, կամ վերևից նետված քարը:

Ֆարամիրը շրջվեց դեպի ժամապահը.

— Հիմա՞ ինչ կասես, Անբորն: Սկյու՞ռ է կամ, գուցե ալկիո՞ն: Չարքանտառի լճերում սև ալկիոններ հանդիպու՞մ են: Եվ գիշերը ընդ որում:

— Չգիտեմ, թե սա ինչ արարած է, բայց թռչուն չէ հաստատ,— պատասխանեց Անբորնը: — Չորս վերջույթ ունի, սուզվում է մարդու նման և բավականին հմտորեն: Ի՞նչ է նրան այստեղ պետք: Ճանապարհ վարագույրի միջով դեպի մեր կացարա՞ն: Երևում է մեզ ի վերջո հայտնաբերել են: ինձ մոտ աղեղ կա, և բացի դրանից, ևս չորս նետաձիգի կարգադրել եմ շրջապատել լճակը: Սպասում ենք քո հրամանին, առաջնո՛րդ:

— Դե ինչ, նետահարե՞նք,— հարցրեց Ֆարամիրը՝ արագ շրջվելով դեպի Ֆրոդոն:

Ֆրոդոն մի վայրկյան հապաղեց:

— Ոչ,— ասաց նա,— պետք չէ, խնդրում եմ ձեզ, մի նետահարեք:

Սեմը քիչ էր մնում առաջ ընկներ տիրոջից և բղավեր «այո՛», բայց չհամարձակվեց: Նա ոչինչ չէր տեսնում հետևից, բայց անմիջապես հասկացավ թե ում մասին է խոսքը:

— Ուրեմն, այդ արարածը ծանո՞թ է քեզ,— հարցրեց Ֆարամիրը: — Այդ դեպքում բացատրիր, ինչու՞ պետք է խնայեմ նրան: Մեր ամբողջ զրույցի ընթացքում դու ոչ մի անգամ չհիշատակեցիր քո տարօրինակ ուղեկցին, և ես որոշեցի հարցեր չտալ, միայն կարգադրեցի բռնել նրան և բերել այստեղ: Ուղարկեցի իմ լավագույն որսորդներին, բայց նա այնպես ճարպկորեն խույս տվեց նրանցից, որ ոչ ոք չհասցրեց տեսնել, բացի Անբորնից՝ նա տեսել էր նրան երեկ երեկոյան: Բայց այժմ ձեր ուղեկիցի գործած մեղքն ավելի լուրջ է, քան Իթիլիենի սարերում ճագար բռնելը: Նա համարձակվել է թափանցել Հեննեթ Աննուն, իսկ դրա համար հատուցում են կյանքով: Իսկապես զարմանում եմ նրա վրա. այդպես ճարպիկ է խորամանկ, բայց լողում է լճակում ուղիղ մեր պատուհանի տակ: Գուցե նա մտածում է, որ մարդիկ գիշերը քնած են, ոչինչ չեն տեսնում և ժամապահներ էլ չե՞ն թողնում: Ինչպե՞ս բացատրել նրա պահվածքը:

— Քո հարցը միանգամից երկու պատասխան ունի,— ասաց Ֆրոդոն: — Նախ՝ նա մարդկանց մասին նա քիչ բան գիտի և, չնայած իր խորամանկությանը, բացարձակ գաղափար չունի, որ իրեն հետևում են, քանզի ձեր ապաստարանը շատ լավ է քողարկված: Երկրորդ՝ նրան այստեղ է ձգում ամենակուլ ցանկությունը, որն ավելի ուժեղ է նրա մեջ, քան զգուշությունը:

— Ուրեմն, նրան ինչ-որ բա՞ն է ձգում դեպի այստեղ,— ձայնը ցածրացնելով հարցրեց Ֆարամիրը: — Նա ինչ է, գիտի՞ քո գաղտնիքի մասին:

— Այո, գիտի: Այն երկար տարիներ նրան է պատկանել:

— Նրա՞ն: — Ֆարամիրը հազիվ զսպեց զարմանքի բացականչությունը: — Ես էլ կարծում էի, թե բոլոր հանելուկներն անցյալում են: Ուրեմն, նա այստեղ է եկել այդ իրի հետևի՞ց:

— Հնարավոր է: Այն շատ թանկ է նրա համար: Բայց հիմա այլ բան է նրան ձգում:

— Եվ ի՞նչ է նա փնտրում:

— Ձկնիկ,— պատասխանեց Ֆրոդոն: — Տեսե՛ք:

Նրանք կրկին հայացքներն ուղղեցին ներքև՝ լճակին: Հեռավոր ափին, որտեղ ընկնում էր ժայռի ստվերը, ջրից դուրս լողաց արարածի սև գլուխը: Ինչ որ բան արծաթին տվեց, ջրի վրայով օղակներ վազեցին: Արարածը լողաց դեպի ափ, գորտի ճարպկությամբ դուրս ցատկեց ջրից, նստեց և ատամները խրեց ինչ-որ արծաթավուն բանի մեջ, որը պսպղում էր ժայռերի հետևն անցնող լուսնի վերջին շողերից:

Ֆարամիրը ցածրաձայն ծիծաղեց:

— Իսկապես ձկնիկ է,— ասաց նա: — Դե, դա այնքան էլ սարսափելի չէ: Ասենք, Հեննեթ Աննունի լճակի ձուկը նրա վրա շատ թանկ կնստի:

— Նա իմ նշանառության տակ է,— ասաց Անբորնը: — Նետահարե՞մ, թե ոչ: Անկոչ հյուրերին այստեղ միայն մի բան է սպասվում՝ մահ:

— Սպասիր, Անբորն,— կանգնեցրեց նրան Ֆարամիրը: — Ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Ի՞նչ կասես, Ֆրոդո, ինչու՞ պետք է նրան խնայենք:

— Նա ուղղակի մի խղճուկ ու սովահար արարած է,— պատասխանեց Ֆրոդոն: — Եվ չգիտի, թե ինչ է իրեն սպառնում: Արդեն միայն դրա համար Գենդալֆը՝ ձեր ասած Միթրանդիրը, կխնդրեր ձեզ չսպանել նրան: Բայց նա նաև այլ պատճառներ ուներ: Էլֆերին էլ էր արգելել սպանել նրան. հաստատ չգիտեմ, թե ինչու, իսկ կռահումներիս մասին ավելի լավ է լռեմ: Գլխավորը՝ այս արարածն անմիջական առնչություն ունի իմ հանձնարարության հետ: Նախքան ձեզ հանդիպելը նա մեր ուղեկցորդն էր:

— Ձեր ուղեկցո՞րդը,— կրկնց Ֆարամիրը,— ա՛յ քեզ տարօրինակ նորություն: Ամեն ինչ գնալով ավելի է բարդանում: Ես շատ բան եմ պատրաստ անել քեզ համար, Ֆրոդո, բայց սա արդեն չափազանց է. թողնել այս լպրծուն չարագործին հանգիստ հեռանալ, որպեսզի հետո կրկին ձեզ միանա, եթե, իհարկե, ցանականա, կամ ընկնի օրքերի ձեռքը և պատմի բոլորը, ինչ գիտի՞: Ոչ, հարկավոր է նրան սպանել կամ գոնե բռնել: Բռնել և անմիջապես սպանել: Բայց ինչպե՞ս բռնել այդ լպրծունին, ինչպե՞ս չեզոքացնել առանց սրընթաց նետի:

— Թույլ տուր ես իջնեմ և կամացուկ մոտենամ նրան,— առաջարկեց Ֆրոդոն: — Իսկ դուք աղեղները ձգեք և պատրաստ եղեք. եթե նրան բաց թողնեմ, կարող եք ինձ նետահարել: Խոստանում եմ, որ չեմ փախչի:

— Գնա, բայց արա՛գ,— ասաց Ֆարամիրը,— եթե նրա բախտը բերի և ողջ մնա այսօր, ապա ամբողջ կյանքում պարտավոր կլինի քեզ հավատարմորեն ծառայել: Անմբորն, ուղեկիր Ֆրոդոյին լճակի ափը, միայն թե շատ զգույշ. այդ արարածը սուր աչքեր և ականջներ ունի: Տուր ինձ աղեղդ:

Անբորնն ինչ-որ բան փնթփնթաց, բայց հնազանդվեց և հոբիթի հետ պարուրաձև աստիճաններով իջավ ներքև, իսկ այնտեղից՝ մյուս աստիճաններով կրկին վերև, և վերջապես հայտնվեցին նեղ ելքի մոտ, որը քողարկված էր խիտ թփուտներով: Ֆրոդոն զգուշությամբ մի կողմ հրեց ճյուղերը և հայտնվեց ուղղակիորեն լճի ափին: Մթնել էր, լճակի մակերևույթը սևացել, խամրել էին նաև ջրվեժի շիթերը՝ այժմ դրանք արտացոլում էին միայն երկնքի արևմտյան կողմի աղոտ լուսավորված հատվածը, որտեղ անհետացել էր լուսինը: Գոլլումը ոչ մի տեղ չէր երևում: Ֆրոդոն մի քանի քայլ առաջ գնաց: Անբորնը անձայն հետևեց նրան:

— Գնա՛,— շշնջաց նա Ֆրոդոյի ականջին: — Միայն թե զգույշ. աջ կողմում զառիթափ է: Եթե սայթաքես՝ երևի միայն ձկնորս ընկերդ քեզ կկարողանա օգնել: Եվ չմոռանաս, որ նետաձիգները զգոն հետևում են, թեև դու նրանց չես տեսնում:

Ֆրոդոն չորեքթաթ՝ Գոլլումի պես սողալով շարժվեց առաջ: Ափի քարերը հարթ էին, բայց խոնավ ու լպրծուն: Ֆրոդոն կանգ առավ ու ականջ դրեց: Սկզբում նրա ականջին էր հասնում միայն ջրվեժի աղմուկը, հետո, սակայն, մթության միջից սուլոց ու փնթփնթոց լսվեց.

— Ձկնիկ, համեղ ձկնիկ: Սպիտակ Դեմքը կորավ, իմ սքանչելի, վերջապես կորավ, այո-սսս: Կարելի է հանգիսստ ձկնիկ ուտել: Ա՜խ ոչ, ոչ հանգիստ, սսքանչելի: Կորա՛վ մեր Սքանչելին, այո՛, կորա՛վ: Գարշելի, ստո՛ր հոբիթսներ: Լքեցին մեզզ, գո՛լլում, այո, լքեցցին: Եվ Սքանչելին տարան իրենց հետ: Խեղճ Սմեագորլը մնաց մեն-մենակ: Սսքանչելին չկա: Գարշելի՛ մարդիկ: Ուզում են գողանալ իմ Սքանչելին: Ատելի՛ գողեր, մենք ատու՛մ ենք նրանց, այո՛: Ձկնիկը լավն է, համեղ, կուտենք ու կուժեղանանք: Աչքերը հեռու կտեսնեն, մատները կդառնան կառչուն, այո-սսս: Մենք նրանց բոլորին կխեղդենք, սքանչելի, այո-այո, կխեղդենք: Լավ ձկնիկ, համե՛ղ ձկնիկ...

Եվ այդպես փնթփնթոցը շարունակվում էր գրեթե առանց դադարի, ինչպես ջրվեժի աղմուկը՝ ընդհատվելով միայն ուտելու ընթացքում արձակած ճպճպոցով ու խլթխլոցով: Ֆրոդոն ցնցվեց զզվանքից ու խղճահարությունից: Գոնե նա լռեր, գոնե այլևս երբեք ինքը չլսեր այդ ձայնը: Անբորնը երկու քայլի վրա է, կարելի է հետ սողալ և ասել նրան. թող նետահարեն: Երևի չեն վրիպի. Գոլլումը ագահորեն ձուկ է կրծում և մոռացել է զգուշության մասին: Մեկ անվրեպ նետ, և Ֆրոդոն այլևս երբեք չի լսի այդ սղոցող նվնվոցը: Բայց ոչ, չի կարելի, Գոլլումն իրավասու է ապավինել իրեն: Ծառան իրավունք ունի ապավինել տիրոջը, լինել նրա հովանավորության տակ: Առանց Գոլլումի իրենք վաղուց պառկած կլինեին Մեռյալ Ճահիճների հատակին: Բացի դրանից, Ֆրոդոն բնազդորեն զգում էր, որ Գենդալֆը հավանություն չէր տա այդ սպանությանը:

— Սմեագո՛րլ,— ցածրաձայն կանչեց նա:

— Ձկնիկ, համեղ ձկնիկ,— ֆսֆում էր ձայնը:

— Սմեագո՛րլ,— ավելի բարձր կանչեց Ֆրոդոն:

Ձայնը լռեց:

— Սմեագորլ, տերը վերադարձել է, նա փնտրում է քեզ: Տերն այստեղ է: Արի այստեղ, Սմեա՛գորլ:

Պատասխանի փոխարեն ցածր սուլոց լսվեց, ասես Գոլլումը փորձում էր հանգստացնել շնչառությունը:

— Արի այստեղ, Սմեագո՛րլ,— կրկնեց Ֆրոդոն: — Այդտեղ վտանգավոր է: Եթե մարդիկ գտնեն քեզ, վերջդ կտան: Շուտ արի այստեղ, եթե չես ուզում մեռնել: Արի՛, տերն այստե՛ղ է:

— Ո՛չ,— ասաց ձայնը: — Չա՛ր տեր: լքեց խեղճ Սմեագորլին ու իր համար նոր բարեկամներ ճարեց: Թող տերն սպասի: Սմեագորլը զբաղված է:

— Մենք ժամանակ չունենք,— ասաց Ֆրոդոն: — Ձուկը վերցրու հետդ: Գնա՛նք:

— Ո՛չ: Սմեագորլը պիտի ուտի վերջացնի կիսատ մնացած ձկնիկին:

— Սմեագո՛րլ,— հուսահատված ճչաց Ֆրոդոն,— Սքանչելին կբարկանա: Ա՛յ հիմա կվերցնեմ ու կասեմ. թո՛ղ փուշը մնա Սմեագորլի կոկորդում ու նա խեղդվի: Սմեագորլը կխեղդվի ու այլևս չի ուտի ձկնիկ: Արի՛, Սքանչելին սպասու՛մ է:

Չարացած ֆշշոց լսվեց: Գոլլումը չորեքթաթ դուրս սողաց մթության միջից՝ ճիշտ և ճիշտ անկարգ շան նման, երբ նրան կանչում է տերը: Ատամների արաքից դուրս էր ցցվել կիսակերած ձկան պոչը, իսկ ձեռքին բռնել էր մեկ ուրիշը՝ դեռ անվնաս: Նա մոտեցավ Ֆրոդոյին և, աչքերը փայլեցնելով, հոտոտեց նրան: Հետո բերանից հանեց ձկան մնացորդը և ուղղվեց:

— Լա՛վ տեր,— շշնջաց նա: — Բարի հոբիթս, վերադարձել է խեղճ Սմեագորլի մոտ: Սմեագորլը հնազանդ է, հենց կանչեցին՝ անմիջապես եկավ: Գնանք այստեղից արագ-արագ, գնանք, հա՞: Թաքնվենք ծառերի հետևում, քանի դեմքերը կորել են: Այո-այո, գնա՛նք, արա՛գ:

— Այո, շուտով կգնանք,— ասաց Ֆրոդոն: — Բայց ոչ հիմա: Ես կգամ քեզ հետ, ինչպես խոստացել էի: Եվ նորից եմ խոստանում: Բայց հետո: Հիմա վտանգավոր է: Ես կփրկեմ քեզ, բայց դու պետք է ինձ հավատաս:

— Հավատալ տիրո՞ջը,— զգուշացավ Գոլլումը: — Ինչի՞ համար: Ինչու՞ միանգամից չգնալ: Իսկ ու՞ր է կորել մյուս՝ կոպիտ, զզվելի հոբիթը: Որտե՞ղ է նա:

— Այնտեղ, վերևում,— պատասխանեց Ֆրոդոն՝ ձեռքը մեկնելով ջրվեժի կողմը: — Ես առանց նրա չեմ գա: Գնանք, վերադառնանք նրա մոտ:

Հոբիթն իրեն վատ զգաց: Չափից ավելի նենգաբար չի՞ նա խաբում խեղճին: Նա, իհարկե, չէր վախենում, որ Ֆարամիրը կհրամայի սպանել Գոլլումին, բայց կռահում էր, որ կկապեն խեղճին և վատ կվերաբերվեն նրա հետ: Ֆրոդոն չէր ուզում մատնել Գոլլումին, առավել ևս, որ վերջինս դավաճանության մեծ փորձ ուներ: Ինչպես նրան հետո բացատրել, մի՞թե նա կհավատա, որ Ֆրոդոն փրկել է իր կյանքը և որ այլ կերպ չէր կարող փրկել: Լավ կլիներ չկորցնել վստահությունը, բայց ինչպե՞ս:

— Դե, Սմեագորլ, գնանք,— ասաց նա: — Այլապես Սքանչելին կբարկանա: Մենք կգնանք գետով վերև: Դե, արագացրու: Դու կգնաս առջևից, ես՝ հետևից:

Գոլլումը սողաց առաջ լճակի եզրով, կասկածանքով հոտոտեց, կանգ առավ և գլուխը բարձրացրեց:

— Այստեղ ինչ-որ մեկը կա՛,— ֆսֆսաց նա: — Բայց ոչ հոբիթ: Ուրի՛շ մեկը:

Նա հետ դարձավ: Ուռուցիկ աչքերում առկայծեց կանաչ կրակը:

— Տերը խաբու՛մ է: Չա՛ր տեր, ատելի՛ դավաճան: — Նա թքեց Ֆրոդոյի վրա. կառչուն, գունատ մատները երկարեցին դեպի հոբիթի կոկորդը:

Այդ պահին Ֆրոդոյի հետևում բուսնեց Անբորնի սև կերպարանքը. նրա ամուր ձեռքը կառչեց Գոլլումի կոկորդից և մեխեց նրան գետնին: Գոլլումը գալարվեց, թաց ու լպրծուն ինչպես օձաձուկը, և փորձեց ազատվել՝ ճանկռելով ու կծելով ինչպես կատուն: Բայց խավարի միջից ևս երկու մարդ բուսնեցին:

— Ապա հանգստացի՛ր,— հրամայեց նրանցից մեկը: — Այլապես նետերով այնպես կծակծկենք, որ նմանվես ոզնու՛:

Գոլլումը թուլացավ, վնգստաց ու թնկթնկաց: Նրան անմիջապես ամուր կապեցին:

— Պետք չէ այդքան ամուր,— անհանգստացավ Ֆրոդոն,— նա ձեզ պես ուժեղ չէ: Ցավ մի պատճառեք նրան, և նա կհանդարտվի: Սմեագո՛րլ, նրանք քեզ չեն նեղացնի: Ես կգամ քեզ հետ, և ամեն ինչ լավ կլինի, կյանքովս եմ երաշխավորում: հավատա՛ տիրոջը:

Գոլլումը շրջվեց և թքեց նրա վրա: Ռազմիկները պարկ հագցրին դժբախտ ձկնորսի գլխին, ապա բարձրացրին և տարան:

Ֆրոդոն քայլեց նրանց հետևից, ընկճված ու վշտացած՝ իրեն վերջին սրիկա զգալով: Վերադարձան նույն ճանապարհով, իջան աստիճաններով և կրկին հայտնվեցին քարե սրահում, որտեղ արդեն երկու կամ երեք ջահ էին վառվում: Սեմն արդեն այնտեղ էր. նա դիմավորեց նրանց և ոչ բարի հայացքով նայեց պարկին:

— Բռնեցի՞ն աղավնյակին,— հարցրեց նա Ֆրոդոյին:

— Այո: Ոչ, ավելի ճիշտ չբռնեցին. նա ինքը եկավ ինձ մոտ, որովհետև հավատաց իմ խոսքերին: Ես չէի ուզում, որ նրան կապեն, առավել ևս այդքան ամուր: Հուսով եմ, ամեն ինչ լավ կվերջանա, բայց ես ամաչում եմ իմ արածից:

— Ինձ էլ դուր չեկավ,— հոգոց հանեց Սեմը,— բայց էնտեղ որտեղ էդ չարագործի մատը խառն է, ամեն ինչ միշտ թարս ու շիտակ է ստացվում:

Այդ պահին ռազմիկներից մեկը մոտեցավ նրանց և գլխով արեց դեպի խորշը՝ հրավիրելով նրանց Ֆարամիրի մոտ: Ֆարամիրը նստած էր հին տեղում. նրա գլխավերևում ամրացրած ջահը կրկին վառել էին: Նա հոբիթներին մատնացույց արեց աթոռակները:

— Գինի բերեք հյուրերի համար,— կարգադրեց նա: — Եվ գերուն էլ այստեղ բերեք:

Գինի բերեցին, հետո Գոլլումին գրկած հայտնվեց Անբորնը: Նա պարկի միջից դուրս քաշեց Գոլլումին, դրեց գետնին և կանգնեց նրա հետևում՝ ձեռքերը դնելով ուսերին: Վերջինս աչքերն էր կկոցում՝ թաքցնելով հայացքում առկայծող չարությունը գունատ ու ուռած կոպերի տակ: Խղճալի տեսք ուներ նա. մատներից ջուր էր կաթում, բերանից ձկան հոտ էր փչում (ձկներից մեկը դեռ սեղմում էր ձեռքի մեջ), թաց, նոսր մազերը կպել էին ճակատից և ասես չորացած ջրիմուռեր լինեին, իսկ քթից ծլունք էր կաթում:

— Արձակե՛ք մեզզզ, արձակե՛ք,— պահանջում էր նա,— պարանը ցավեցնում է մեզզզ, այո, ցավեցնում է, իսկ մենք ոչ մի վատ բան չե՛նք արել:

— Ոչ մի վատ բա՞ն,— հարցրեց Ֆարամիրը՝ սևեռուն նայելով իր առջև կանգնած խղճալի արարածին: Նրա դեմքն անփոփոխ էր՝ ո՛չ զայրույթ, ո՛չ խղճահարություն, ո՛չ զարմանք չկար հայացքի մեջ: — Վստա՞հ ես: Մի՞թե դու երբեք չես արել մի բան, որի համար արժեր քեզ կապել կամ ավելի խիստ պատժել: Թեպետ այդ մասին, բարեբախտաբար, ես չէ, որ պիտի դատեմ: Բայց այս գիշեր դու արժանացել ես մահվան, քանզի մեր լճակից ձուկ բռնելու համար հատուցում են կյանքով:

Գոլլումը ցած գցեց ձուկը:

— Մենք չենք ուզում ձկնիկ,— ասաց նա:

— Ձկան պատճառով չէ, որ պիտի հատուցես,— ասաց Ֆարամիրը: — Բոլորը, ովքեր հանդգնում են թափանցել այստեղ և տեսնել արգելված լճակը, հատուցում են կյանքով: Ես քեզ գթացի միայն Ֆրոդոյի պատճառով, որովհետև նա պնդում է, որ ինչ-որ բանով պարտական է քեզ: Բայց ես եմ այստեղ որոշում, և դու պետք է արդարանաս իմ առաջ: Ասա տեսնեմ ի՞նչ է քո անունը, որտեղի՞ց ես, ու՞ր ես գնում, ի՞նչ ես փնտրում:

— Մենք կորել ենք, կորել ենք,— տնքաց Գոլլումը: — Մենք անուն չունենք: Ոչինչ չենք փնտրում: Սքանչելին չկա, ոչինչ չկա: Ամեն ինչ դատարկ է, դատարկ ու սոված: Մենք շատ սոված ենք, այո, սոված ենք: Երկու գարշելի, փոքրիկ ու փշոտ ձկնկների պատճառով նրանք ասում են. պետք է կյանքով հատուցես: Իմաստուն են նրանք և արդար, օ այո՛, շա՜տ արդար:

— Գուցե իմաստնությամբ չենք փայլում,— ասաց Ֆարամիրը,— բայց արդարությունը հարգում ենք և կվարվենք արդար, ինչպես հուշում է մեզ մեր համեստ իմաստնությունը: Արձակիր նրա կապանքները, Ֆրոդո:

Ֆարամիրը գոտու տակից դուրս քաշեց դանակը և տվեց Ֆրոդոյին: Գոլլումը, ճիշտ չհասկանալով ասվածը, ճչաց ու փռվեց գետնին:

— Դե, դե, Սմեագորլ, ի՞նչ ես անում,— բացականչեց Ֆրոդոն: — Վստահիր ինձ, ես քեզ չեմ լքի: Հարցերին ճիշտը պատասխանիր, դրանից դու միայն կշահես:

Նա կտրատեց Գոլլումի դաստակներին ու կոճերին կապված պարանները և օգնեց նրան ոտքի կանգնել:

— Մոտեցի՛ր,— հրամայեց Ֆարամիրը,— նայիր ուղիղ աչքերիս մե՛ջ: Քեզ ծանո՞թ է այս տեղանքի անունը: Նախկինում այստեղ եղե՞լ ես:

Գոլլումը դանդաղ, չուզենալով բարձրացրեց գունատ աչքերը և նայեց Ֆարամիրն: Նրա հայացքը հանդիպեց գոնդորցի ռազմիկի սևեռուն ու պարզ հայացքին: Լռություն տիրեց: Վերջապես Գոլլումն իջեցրեց գլուխը և նստեց գետնին՝ դողալով ամբողջ մարմնով:

— Մենք ոչինչ չգիտենք ու չենք ուզում իմանալ,— վնգստաց նա: Երբեք այստեղ չենք եղել: Երբեք այստեղ չենք վերադառնա:

— Քո հոգում շատ փակ դռներ ու պատուհաններ կան, իսկ դրանց հետևում մութ է, ինչպես նկուղում,— ասաց Ֆարամիրը: — Սակայն ես զգում եմ, որ հիմա դու անկեղծ ես: Ավելի լավ քեզ համար: Ինչո՞վ կարող ես երդվել, որ էլ երբեք չես վերադառնա այստեղ և ոչ մի կենդանի արարածի չես պատմի այս վայրի մասին:

— Տերը գիտի թե ինչով,— պատասխանեց Գոլլումը՝ խեթ նայելով Ֆրոդոյին: — Այո, այո, գիտի: Մենք երդում կտանք տիրոջը, եթե նա մեզ փրկի: Մենք կերդվենք Սքանչելիով, այո-սսս:

Նա սողաց Ֆրոդոյի ոտքերի մոտ ու վնգստաց.

— Փրկիր մեզ, բա՛րի տեր, Սմեագորլը երդվում է Սքանչելիով, նա էլ երբեք, երբե՛ք այստեղ չի վերադառնա: Նա ոչ մեկին չի պատմի, իմ սքանչելի, ո՛չ մեկին, երբե՛ք:

— Դու նրան հավատու՞մ ես,— հարցրեց Ֆարամիրը:

— Այո,— ասաց Ֆրոդոն: — Եվ դու ստիպված ես կամ հավատալ, կամ ի կատար ածել ձեր երկրի օրենքըը: Դրանից առավել ոչնչի չես հասնի: Բայց ես խոստացա, որ եթե նա մոտենա ինձ, ապա նրա հետ ոչինչ չի պատահի: Եվ չէի ուզենա խոստումս դրժել:

Ֆարամիրը մի պահ մտածմունքի մեջ ընկավ:

— Լավ,— վերջապես ասաց նա,— հանձնում եմ քեզ տիրոջդ՝ Ֆրոդոյին, Դրոգոյի որդուն: Թող նա հայտարարի, թե ինչ է մտադիր անել քեզ հետ:

— Սկզբում ինքդ ասա ինձ, զորավար Ֆարամիր,— ասաց Ֆրոդոն խոնարհվելով,— ի՞նչ որոշում ես կայացրել նշված Ֆրոդոյի հետ կապված: Քանի դեռ դու վերջնական որոշում չես ընդունել, Ֆրոդոն չի կարող տնօրինել ո՛չ իր, ո՛չ իր ուղեկիցների ճակատագրերը: Դու քո որոշումը թողեցիր վաղվան, և ահա արդեն լույսը բացվում է...

— Այդ դեպքում ես կհայտարարեմ իմ որոշումը,— ասաց Ֆարամիրը: — Եվ այսպես, Ֆրոդո, իշխանությամբ ինձ շնորհված, հայտարարում եմ, որ Գոնդորի հնագույն սահմանների տարածքում կարող ես գնալ, ուր ցանկանաս՝ դու ազատ ես: Միայն մեկ բացառությամբ. ո՛չ դու, ո՛չ քո ուղեկիցները չպետք է վերադառնաք այստեղ, որտեղ հիմա կանգնած եք, առանց հատուկ հրավերի: Սույն վճիռը ուժի մեջ է մեկ տարի և մեկ օր, ապա կորցնում է իր ուժը, եթե մինչև նշված ժամանակի լրանալը չբարեհաճես Մինաս Թիրիթ ու չներկայանաս տիրակալին և փոխարքային: Իսկ եթե ներկայանաս՝ ես կխնդրեմ նրա թույլտվությունը երկարաձգելու քո իրավունքը և դարձնելու այն ցմահ: Մինչ այդ ամեն ոք, ում դու կվերցնես քո խնամքի տակ, կստանա իմ հովանավորությունը, և Գոնդարի վահանը կլինի նրա պահապանը: Բավարարվա՞ծ ես արդյոք դու:

Ֆրոդոն մինչև գետին խոնարհվեց:

— Բավարարված եմ,— ասաց նա,— և պատրաստ եմ ծառայել քեզ, եթե միայն իմ ծառայությունը ինչ-որ արժեք ունի նման ազնվաբարո և խիզախ զորավարի աչքերում:

— Ունի և շատ,— պատասխանեց Ֆարամիրը: — Իսկ հիմա պատասխանիր. վերցնու՞մ ես արդյոք դու քո խնամքի տակ Սմեագորլ անունը կրող այս արարածին:

— Այո, վերցնում եմ վերոնշյալ Սմեագորլին իմ խնամքի տակ,— հաստատեց Ֆրոդոն:

Սեմը բարձրաձայն հոգոց հանեց, բայց ոչ այն պատճառով, որ նրան ձանձրացրին չափից ավելի հաճոյախոսությունները՝ ոչ, նա, ինչպես և ցանկացած հոբիթ, հավանություն էր տալիս նման արարողություններին: Ճիշտն ասած, Հոբիթստանում այդպիսի խոսակցությունը երեք անգամ ավելի շատ խոսքեր ու խոնարհումներ կպահանջեր:

— Այսուհետ հիշիր,— ասաց Ֆարամիրը, դիմելով Գոլլումին,— քո վրա ծանրացած է մահվան դատավճիռը, բայց քանի դեռ դու ուղեկցում ես Ֆրոդոյին, մեր կողմից քեզ ոչինչ չի սպառնում: Սակայն եթե գոնդորցիները մեր հողերում տեսնեն քեզ առանց Ֆրոդոյի, ապա վճիռն ի կատար կածվի: Եվ թող արագ ու չար մահի արժանանաս, լինի դա Գոնդորում, թե նրա սահմաններից դուրս, եթե չարաշահես տիրոջդ վստահությունը: Իսկ այժմ պատասխանի՛ր. ու՞ր եք դուք գնում: Ֆրոդոն ասաց, որ դու իր ուղեկցորդն ես եղել: Ու՞ր էիր նրան տանում:

Գոլլումը պատասխան չտվեց:

— Չպատասխանել չի ստացվի,— խոժոռվեց Ֆարամիրը: — Պատասխանիր, այլապես կզրկեմ քեզ ողորմածությունից, և պատիժն ավելի խիստ կլինի:

Գոլլումը շարունակում էր լռել:

— Ես կպատասխանեմ նրա փոխարեն,— միջամտեց Ֆրոդոն: — Նա, իմ խնդրանքով, մեզ տարավ Սև Դարպասի մոտ, բայց պարզվեց, որ Դարպասով անցնելն անհնար է:

— Սև երկրում չհսկվող դարպասներ չկան,— ասաց Ֆարամիրը:

— Համոզվելով, որ անցնել հնարավոր չէ, մենք շրջվեցինք ու շարժվեցինք Հարավային ճանապարհով,— շարունակեց Ֆրոդոն,— քանզի Գոլլումն ասաց, որ այնտեղ՝ Մինաս Իթիլի մոտակայքում, ևս մեկ արահետ կա:

— Մինաս Մորգուլի,— ուղղեց Ֆարամիրը:

— Ամբողջը չհասկացա,— ասաց Ֆրոդոն,— բայց, կարծես թե, հին ամրոցի հյուսիսային կողմից արահետ է բարձրանում դեպի լեռներ: Այդ արահետը տանում է լեռնանցք, իսկ այնտեղից՝ ներքև... դե... մյուս կողմը:

— Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես է կոչվում այդ լեռնացքը:

— Ոչ,— պատասխանեց Ֆրոդոն:

— Ուրեմն, իմացիր. կոչվում է այն Քիրիթ Ունգոլ:

Գոլլումը սուլոցով ներս քաշեց օդը և քթի տակ ինչ-որ բան փնթփնթաց:

— Այդպե՞ս է,— հարցրեց Ֆարամիրը՝ շրջվելով դեպի նա:

— Ո՛չ,— բղավեց Գոլլումը և հանկարծ կարճ ճիչ արձակեց, ասես նրան դաշույնով ծակեցին. — այո, այո, մենք լսել ենք այդ անունը: Բայց մեր ինչի՞ն է պետք իմանալ այդ անունը: Տերն ասաց, որ իրեն հարկավոր է թափանցել այնտեղ: Եվ եթե կա արահետ, նշանակում է, պետք է փորձել: Այլևս ոչ մի տեղով անցնել չի լինի, ոչ, այլ արահետ չկա:

— Չկա՞,— հարցրեց Ֆարամիրը: — Որտեղի՞ց գիտես: Չէ՞ որ ոչ ոք երբևէ չի ուսումնասիրել մռայլ երկրի սահմանները:

Նա երկար ու մտախոհ նայեց Գոլլումին: Վերջապես ասաց.

— Տար նրան այստեղից, Անբորն: Մեղմ եղիր հետը, բայց աչքդ չկտրես: Իսկ դու, Սմեագորլ, մտքովդ չանցկացնես սուզվել լիճը. այնտեղ շատ սուր քարեր կան, և դու կզոհվես ժամանակից շուտ: Գնա և ձուկդ վերցրու հետդ:

Գոլլումը երեքտակված քարշ եկավ դեպի ելքը: Անբորնը հետևեց նրան, դուրս եկավ խորշից և քաշեց վարագույրը:

— Ֆրոդո, իմ կարծիքով քո որոշումը խելամիտ չէ,— ասաց Ֆարամիրը: — Ավելի լավ է բաժանվես այդ արարածից: Չար և անհուսալի արարած է դա:

— Դե, ոչ բոլորովին անհուսալի,— առարկեց Ֆրոդոն:

— Գուցեև ոչ բոլորովին,— համաձայնեց Ֆարամիրը,— բայց չարը քայքայել է նրա ներսը, ինչպես ժանգը: Ճանապարհը նրա ուղեկցությամբ լավ բանի չի հանգեցնի: Բաժանվիր նրանից, և ես ուղեկցորդներ կնշանակեմ ու թույլ կտամ նրան լքել Գոնդորի սահմանները յուրաքանչյուր ուղղությամբ՝ դա կարող է ընտրել ինքը:

— Նա չի համաձայնի,— ասաց Ֆրոդոն,— քարշ կգա իմ հետքերով, ինչպես վաղուց է քարշ գալիս: Եվ վերջապես, ես նրան խոստացել եմ իմ պաշտպանությունը և ասել, որ չեմ լքի իրեն. ես խոստացել եմ գնալ նրա հետ, ինչ ճանապարհ էլ նա ընտրի: Մի՞թե խորհուրդ ես տալիս ինձ բռնել դավաճանության ուղին:

— Ոչ,— ասաց Ֆարամիրը,— բայց սիրտս չի ուզում, որ գնաս նրա հետ: Իհարկե մի բան է՝ դրժել սեփական խոսքդ, այլ բան է՝ խորհուրդ տալ նունը բարեկամիդ, որը կուրորեն քայլում է անդունդի եզրով... Բայց դու ճիշտ ես. եթե նա, միևնույնն է, քարշ է գալու քո հետևից, ապա ավելի լավ է աչքի առաջ լինի: Սակայն ես վստահ եմ, որ չարժե նրա հետ գնալ Քիրիթ Ունգոլով: Նա քեզ չի ասել բոլորը, ինչ գիտի՝ ես դա կարդացի նրա աչքերում: Մի՛ գնա Քիրիթ Ունգոլ:

— Այդ դեպքում ու՞ր գնամ,— հարցրեց Ֆրոդոն,— վերադառնամ Սև Դարպասի մոտ և հանձնվեմ պահակների ողորմածությա՞նը: Դու ինչ որ բա՞ն գիտես այդ լեռնանցքի մասին: Ինչու՞ է այդ անունը այդպիսի սարսափ տարածում:

— Ստույգ ոչինչ չգիտեմ,— պատասխանեց Ֆարամիրը: — Գոնդորցիները վաղուց արդեն Հարավային Ուղուց այն կողմ չեն գնում, էլ չեմ խոսում Մթամած Լեռների մասին: Ծերունական ասույթներ և հեքիաթներ՝ ահա այն ամենը ինչի վրա կարելի է հիմնվել: Բայց մարդկանց հիշողության մեջ մնացած բոլոր ասույթներում ասվում է, որ լեռնացքը Մինաս Մորգուլի վերևում ինչ-որ անհայտ սարսափ է թաքցնում: Քիրիթ Ունգոլ անունը լսելուց մեր երեցներն ու ավանդույթների գիտակները գունատվում են ու լռում: Մինաս Մորգուլի հովիտը վաղուց է ընկել Մութ Ուժերի ձեռքը, և նույնիսկ այն ժամանակ, երբ Թշնամին արտաքսված էր, իսկ Իթիլիենը գրեթե ամբողջովին պատկանում էր մեզ, այդ հրեշավոր հովիտը ահ ու սարսափ էր տարածում: Ինչպես քեզ հայտնի է, մի ժամանակ այդ սարսափելի ամրոցը հպարտ ու գեղեցիկ է եղել ու կոչվել է Մինաս Իթիլ և համարվել է Մինաս Թիրիթի երկվորյակ քույրը: Բայց հետո այն նվաճել են չար մարդիկ՝ Թշնամու նախկին հպատակները, որոնք նրա արտաքսումից հետո, չունենալով հող ու տիրակալ, երկար ժամանակ ավազակությամբ ու թալանով էին զբաղվում: Ասում են, այդ մարդանց առաջնորդները Չարի կողմից ստրկացված նումենորցիներ են եղել: Թշնամին նրանց հզոր Մատանիներ է տվել, և Մատանիները կուլ են տվել նրանց՝ դարձնելով կենդանի ուրվականներ, չար ու ահարկու: Նրանք Մինաս Իթիլը դարձրել են իրենց բնակատեղին՝ պարուրելով ամրոցը և շրջակա հովիտը ունայնությամբ: Թվում էր, թե ամրոցը դատարկ է, բայց դա միայն թվում էր, քանզի այնտեղ բնակություն էր հաստատել անմարմին սարսափը: Ինն էին նրանք՝ այդ ուրվականները: Եվ ահա, երբ նրանց տիրակալի վերադարձը, որը գաղտնի նախապատրաստում էին, դարձավ իրականություն, նրանք անչափ հզորացան: Սարսափի կացարանի դռները բացվեցին, և Ինը Հեծյալները դուրս եկան աշխարհ, և մենք չկարողացանք կասեցնել նրանց: Մի՛ մոտեցիր նրանց որջին: Քեզ կնկատեն: Այդ ամրոցն անքուն չարի կացարան է՝ լցված մշտապես արթուն անկոպ աչքերով: Մի՛ գնա այդ ճանապարհով:

— Իսկ ո՞ր ճանապարհով կհրամայես գնալ,— հարցրեց Ֆրոդոն: — Չէ՞ որ դու ասացիր, որ չես կարող ինքդ տանել ինձ լեռներ, առավել ևս՝ անցկացնել մյուս կողմը: Իսկ ես պետք է անցնեմ այդ լեռների մյուս կողմը, քանզի հանդիսավոր խոստում եմ տվել Խորհրդի առջև, որ կգտնեմ այնտեղ տանող ճանապարհը կամ կզոհվեմ: Իսկ եթե վախենամ սոսկալի ճակատագրից ու ճանապարհի կեսից նահանջեմ, ապա ու՞ր կգնամ, ինչպե՞ս երևամ մարդկանց ու էլֆերի աչքերին: Մի՞թե դու ուզում ես, որ ես մեկնեմ Գոնդոր և այնտեղ տանեմ այս իրը, որին տիրանալու մոլուցքը խելագարության հասցրեց քո եղբորը: Ի՞նչ կախարդանքով կպարուրի այն Մինաս Թիրիթը: Մի՞թե ամեն ինչ կավարտվի նրանով, որ կունենանք ոչ թե մեկ, այլ երկու Մինաս Մորգուլ: Եվ կժպտան նրանք միմյանց Գետի երկու կողմերից, իսկ նրանց միջև կտարածվի մեռյալ հողը, լքված, քայքայված...

— Ոչ, ես դա չեմ ուզում,— ասաց Ֆարամիրը:

— Իսկ ի՞նչ խորհուրդ կտաս անել այդ դեպքում:

— Չգիտեմ: Բայց ցավալի է ինձ համար միտքը, որ դու գնում ես մահին կամ խոշտանգումներին ընդառաջ: Եվ չեմ կարծում, որ Միթրանդիրը քեզ համար կընտրեր հենց այդ ճանապարհը:

— Բայց Միթրանդիրն այստեղ չէ, և ես ստիպված եմ ինքս ընտրել: Իսկ այլ ուղի գտնելու ժամանակ չունեմ...

— Ճակատագրական ընտրություն է և անհուսալի նախաձեռնություն,— ասաց Ֆարամիրը: — Ի՜նչ արած, թող այդպես լինի: Բայց լսիր ինձ գոնե այս հարցում. զգուշացիր քո ուղեկցորդից, Սմեագորլից: Նրա խղճի վրա մեկ սպանություն չէ, որ ծանրացած է: Ես դա կարդացի նրա աչքերում: — Նա հառաչեց: — Դե ինչ, մենք հանդիպեցինք և այժմ բաժանվում ենք, Ֆրոդո, որդի Դրոգոյի: Դու կարիք չունես մխիթարանքի խոսքերի, և դժվար թե մենք էլ երբևէ հանդիպենք այս աշխարհում: Թող իմ օրհնությունն ուղեկցի և՛ քեզ, և՛ քո ցեղակիցներին: Իսկ այժմ մի քիչ հանգստացիր, մինչ քեզ համար ճանապարհային սնունդ կպատրաստեն: Կուզենայի իմանալ, թե ինչպես է ստացվել, որ այդ լպրծուն արարածը երկար տարիներ տիրել է իրին, որի մասին խոսում էինք, և ինչպես է այն կորցրել... Բայց էլ չեմ ուզում քեզ անհանգստացնել: Եթե դու, անկախ ամեն ինչից, վերադառնաս մահվան խավարից ապրողների աշխարհ, ապա մենք կնստենք ամրոցի ճերմակ պատին, արևի տակ, ժպիտով կհիշենք անցյալի դժբախտությունները՝ և դու կպատմես ինձ այդ մասին: Իսկ մինչ այդ անհայտ ժամանակի կամ ինչ-որ այլ ժամանակի գալը, որը տեսանելի չէ նույնիսկ Նումենորի Հեռատես Քարերին՝ մնաս բարով:

Ֆարամիրը վեր կացավ, խորը գլուխ տվեց Ֆրոդոյին, բացեց վարագույրը և դուրս եկավ:

Գլուխ յոթերորդ. Դեպի ուղիների խաչմերուկ

Ֆրոդոն ու Սեմը վերադարձան իրենց անկյունը և պառկեցին հանգստանալու: Մարդիկ արդեն արթնանում էին. սկսվում էր հոգսերով հագեցած նոր օրը: Շուտով լվացվելու համար ջուր բերեցին, հետո հոբիթներին ուղեկցեցին երեք հոգու համար բացված սեղանի մոտ, որտեղ արդեն նստած էր Ֆարամիրը: Նա ամբողջ օրը չէր քնել, չէր հանգստացել մարտից հետո, բայց ասես բնավ էլ չէր հոգնել: Նախաճաշեցին և անմիջապես վեր կացան:

— Սովը չի տանջի ձեզ ճանապարհին,— ասաց Ֆարամիրը: — Դուք քիչ սնունդ ունեիք, ուստի ես կարգադրել եմ ձեր տոպրակներում լրացուցիչ պաշար դնել: Ծարավից չեք պապակվի՝ Իթիլիենը ջրով հարուստ է, բայց զգուշացեք Իմլադ Մորգուլից՝ Ապրող Մահվան հովտից հոսող առուներից ջուր խմելուց: Եվ մի բան էլ. իմ հետախույզները վրադարձել են, նույնիսկ նրանք, ովքեր հասել են մինչև Մորանոն: Եվ բոլորը զեկուցում են, որ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Տարացքը դատարկվել է, Ճանապարհներն ամայի են: Քայլերի ձայն չի լսվում, եղջերափող չի փչում, աղեղնալար չի ծնգում: Սև երկրի վրա, թող չհնչի նրա անունը, լռություն է իջել: Չգիտեմ, թե ինչ է նախագուշագում այդ լռությունը, բայց, կարծում եմ, հանգուցալուծումը չի ուշանա: Մեծ փոթորիկ է մոտենում: Շտապեք, քանի դեռ կարող եք: Եթե պատրաստ եք՝ գնանք, շուտով արևը դուրս կգա Մթամած Լեռների հետվից:

Հոբիթներին հանձնեցին ծանրացած տոպրակները և երկու ամուր, երկաթյա ծայրակալերով, փայլեցված փայտյա ցուպեր, որոնց քանդակված բռնակների միջով կաշվե օղակներ էին անցկացված:

— Ավելի արժանի նվերներ չգտնվեցին,— ասաց Ֆարամիրը,— վերցրեք գոնե այս ցուպերը: Լեռներում ու անճանապարհ վայրերում սրանք անփոխարինելի են: Էրեդ Նիմրիսի լեռնեցիները նույնպես սրանցից են օգտագործում՝ ճիշտ է ձեր ցուպերը սովորականից կարճ են. դրանք կտրվել են ձեր հասակին համապատասխան և նորից մետաղապատվել: Պատրաստված են լեբետրոնի ամուր փայտից. այդ փայտը սիրված է գոնդորցի ատաղձագործների կողմից և կա համոզմունք, իբր այդ փայտի մեջ կախարդական ուժ կա, որը օգնում է գտնել այն, ինչ փնտրում ես և բարհաջող վերադառնալ: Թո՛ղ որ պահպանվի այդ հրաշք ուժը նույնիսկ չարագույժ խավարի երկրում:

Հոբիթները մինչև գետին խոնարհվեցին:

Օ՜ հյուրընկալ տեր,— ասաց Ֆրոդոն,— Էլրոնդ Կիսաէլֆը կանխագուշակել էր ինձ, որ ճանապարհին ես բարեկամի կհանդիպեմ նույնիսկ ամենաանհավանական վայրում: Եվ իսկապես, ես հույս բոլորովին չունեի հանդիպել նման հյուրընկալի և բարեկամի: Մեր հանդիպումը նույնիսկ չարիքն է վերածում մեծագույն բարիքի:

Մեկնելու նախապատրաստումներն ավարտվեցին: Ինչ որ անկյունից կամ գաղտնի հորից դուրս բերեցին Գոլլումին. նա ինքնագոհ տեսք ուներ և այնպես խղճալի չէր, ինչպես երեկ, սակայն ջանում էր Ֆրոդոյից չհեռանալ և խուսափում էր Ֆարամիրի հայացքից:

— Ձեր ուղկցի աչքերը մենք կփակենք,— ասաց Ֆարամիրը,— բայց դու և քո ծառա Սեմուայսը կարող եք այդպես գալ, եթե ցանկանում եք:

Բայց երբ աչքակապը ձեռքին մոտեցան Գոլլումին, նա ծղրտաց, խույս տվեց և կառչեց Ֆրոդոյից: Վերջինս ասաց.

— Երեքիս աչքերն էլ կապեք, և առաջինը՝ իմ. գուցե այդ ժամանակ նա հասկանա, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն նեղացնել:

Այդպես էլ արեցին: Այնուհետև աստիճաններով և անցումներով հոբիթներին դուրս բերեցին Հեննեթ Աննունի քարանձավից, և շուտով նրանց դեմքերին փչեց առավոտյան անուշահոտ ու թարմ օդը: Մի որոշ ժամանակ ևս գնացին փակ աչքերով, իջան սարի ստորոտը, և վերջապես Ֆարամիրի ձայնը կարգադրեց հանել աչքակապերը:

Նրանք կրկին կանգնած էին անտառի սաղարթի տակ, և գլխավերևում շրշում էին տերևները: Ջրի աղմուկը դադարել էր. ջրվեժը և կիրճը, որտեղով վազում էր գետակը, թաքնվել էին սարի հարավային լանջի հետևում: Արևմտյան կողմում ծառերի բների արանքից լույս էր թափանցում, ասես հողն այդտեղ հանկարծակի ավարտվում էր ու սկսվում էր երկինքը:

— Այստեղ մեր ուղիները բաժանվում են,— ասաց Ֆարամիրը: — Լսեք իմ խորհուրդը և առայժմ մի թեքվեք դեպի արևելք: Գնացեք ուղիղ և դեռ երկար ժամանակ անտառը ձեզ կքողարկի: Շուտով վայրեջք կսկսվի դեպի լայնարձակ հովիտը՝ տեղ-տեղ կտրուկ, տեղ-տեղ հարթ: Աշխատեք անտառի ծածկույթից դուրս չգալ: Կարծում եմ սկզբնական շրջանում կարող եք գնալ նույնիսկ ցերեկը. ամենուր կեղծ խաղաղություն է տիրում, այնպես որ առայժմ ձեզ ոչինչ չի սպառնում: Օգտվե՛ք դրանից:

Նա գրկեց հոբիթներին, իր երկրի սովորության համաձայն ձեռքերը դրեց նրանց ուսերին և, կռանալով, համբուրեց ճակատները:

— Մնաք բարով,— ասաց նա,— գնացեք, և թո՛ղ որ բոլոր բարի մարդկանց կամքը ձեզ հետ լինի:

Հոբիթներն ի պատասխան մինչև գետին խոնարհվեցին: Ֆարամիրը շրջվեց և առանց հետ նայելու հեռացավ այնտեղ, որտեղ սպասում էին երկու թիկնապահները: Հոբիթներն աչքներն էլ չհասցրին թարթել, երբ երեք ռազմիկներն անհետացան ծառերի հետևում ու կորան անտառում: Այնտեղ, որտեղ հենց նոր կանգնած էր Ֆարամիրը, դատարկություն էր տիրում, և թվում էր, թե այն ամենը, ինչ կատարվել էր, ուղղակի երազ էր:

Ֆրոդոն հառաչեց և շրջվեց դեպի հարավ: Գոլլումը փորփրում էր մամուռը արմատների տակ՝ ցուցադրելով իր արհամարանքը բոլոր տեսակի հրաժեշտի արարողությունների նկատմաբ:

«Էլի սոված է,— մտածեց Սեմը: — Էհ, նորից ամեն ինչ սկզբից»:

— Գնացի՞ն վերջապես,— հարցրեց Գոլլումը: — Գարշելի՛, չա՛ր մարդիկ: Սմեագորլի վիզը մինչև հիմա ցավում է, այո: Գնա՛նք այստեղից:

— Գնալը՝ գնանք,— ասաց Ֆրոդոն,— բայց եթե դրանից բացի ուրիշ ոչինչ չես կարող ասել նրանց մասին, ովքեր խղճացին քեզ և ազատ արձակեցին, ապա ավելի լավ է լռի՛ր:

— Բարի տեր,— ասաց Գոլլումը,— մի՞թե Սմեագորլը չի կարող կատակել: Նա միշտ էլ ներում է բոլորին, այո, այո, և տիրոջ ստերն էլ ներեց: Տերը բարի է, և Սմեագորլն էլ հնազանդ է:

Ֆրոդոն ու Սեմը չպատասխանեցին: Ուսերին գցելով փոքրիկ պարկերը, նրանք վերցրին ցուպերը և քայլեցին առաջ իթիլիենյան անտառի թավուտներով: Օրվա ընթացքում հանգստացան միայն երկու անգամ և կերան Ֆարամիրի տված սնունդը՝ չորացրած մրգեր և աղ դրած միս: Այդ պաշարները պետք է երկար ժամանակ բավարարեին: Հայտնաբերվեց նաև հաց, բայց միայն այնքան, որ չհասցներ չորանալ: Գոլլումն ուտելիքից հրաժարվեց:

Արևը, շարունակելով մնալ անտեսանելի, բարձրացավ վերև, անցավ կեսօրը և արդեն սկսում էր թեքվել դեպի մայրամուտ՝ իր թեք ճառագայթներով թեթև ոսկեզօծելով խոտը և ծառերի սաղարթները: Շուրջը կանաչ կիսախավար ու խոր լռություն էր տիրում: Նույնիսկ թռչուններ չկային. նրանք բոլորը կամ թռել էին հեռու, կամ կորցրել երգելու ունակությունը:

Լուռ անտառում արագ մթնում էր, և ճամփորդները գրեթե ուժասպառ կանգ առան՝ չսպասելով գիշերվա գալուն: Հեննեթ Աննունը յոթ լիգ մնացել էր հետևում: Ֆրոդոն անմիջապես պառկեց մամռոտ գետնին ծեր ծառի տակ և առանց արթնանալու քնեց ամբողջ գիշեր: Սեմը պառկել էր տիրոջ կողքին, բայց հանգիստ քնել չէր կարող. նա շարունակ բարձրացնում էր գլուխը և ականջ դնում, բայց Գոլլումը մոտակայքում չէր երևում՝ նա չքացավ, հենց հոբիթները պառկեցին գիշերելու ու այդպես էլ չերևաց: Քնել էր արդյոք նա մոտակայքում մի մեկուսի փոսի մեջ, թե ամբողջ գիշեր առանց աչք փակելու մտածել էր սնունդ հայթհայթելու մասին՝ հոբիթներն այպես էլ չիմացան: Նա վերադարձավ միայն լուսաբացի առաջին շողերի հետ և արթնացրեց քնածներին:

— Հարկավոր է արթնանալ, այո, նրանք պետք է վեր կենան,— ասաց նա: — Դեռ երկար պետք է գնանք, հարավ ու հետո արևելք: Հոբիթսները պետք է է շտապեն:

Երկրորդ օրը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր նախորդից՝ միայն լռությունն էր թվում ավելի խորը: Օդը ծառերի տակ ծանրացել էր, գնալով շնչելը դժվարանում էր: Երևալով, փոթորիկ էր մոտենում: Գոլլումը շարունակ կանգ էր առնում, հոտոտում օդը, ինչ-որ բան փնթփնթում և ստիպում հոբիթներին արագացնել քայլերը:

Երեկոյան մոտ՝ երկրորդ դադարից քիչ անց, անտառը նոսրացավ: Ծառերը դարձան ավելի բարձր և միմյանցից ավելի հեռու: Դեռ նոր-նոր զմրուխտե-շագանակագույն բողբոջներով ծածկված հաստ բներով հսկայական փշարմավները մռայլ ու հանդիսավոր վեր էին բարձրանում լայնարձակ բացատներում, որտեղ մոտալուտ գիշերվա սպասումով արդեն փակվել էին ծիծեռնախոտի և հողմածաղկի սպիտակ և երկնագույն ծաղիկները, անտառային բացատներն ամբողջությամբ ծածկված էին հակինթների խիտ տերևներով, որոնց մեջ արդեն երևում էին հասունացող ծաղկաբույլերը: Շուրջը ո՛չ գազաններ կային, ո՛չ թռչուններ, բայց Գոլլումը վախենում էր բաց տարածքներից, ուստի նրանք հատում էին բացատերը վազքով՝ աշխատելով դուրս չգալ ծառերի ստվերներից:

Արդեն մթնշաղ էր, երբ հոբիթերը հասան անտառեզրին և նստեցին մի ծեր, սապատավոր ծառի տակ, որի օձանման արմատները ցցվել էին սորուն զառիթափի գլխին: Ներքևում փռված էր մռայլ մշուշով պարուրված խորունկ հովիտը, որի մյուս կողմում նորից խտանում ու դեպի հարավ էր ձգվում երեկոյան աղոտ լույսից մոխրա-կապույտ անտառը: Աջակողմյան հեռվում մայրամուտը բոսորագույն էր ներկել գոնդորյան լեռների գագաթները: Ձախ կողմում խտանում էր մութը՝ այնտեղ, ինչպես հրեշավոր աշտարակների շարք, վեր էին խոյանում Մորդորի պատերը: Մթության մեջ սկսվում էր հովիտը, որը, ավելի ու ավելի ընդլայնվելով, իջնում էր դեպի Անդուինը: Հովտի հատակով գլորվում էր արագահոս գետակը՝ իր խոխոջյունով խախտելով խոր լռությունը: Մոտակա ափի երկայնքով ձգվում էր ճանապարհի սպիտակավուն ժապավենը և կորչում սառը մշուշի մեջ, որտեղ մայրամուտի շողերը չէին թափանցում: Ֆրոդոյին թվաց, թե այնտեղ, մթության մեջ, զանազանվում են հնագույն քաղաքի հազիվ նկատելի ուրվագծերը՝ կիսաքանդված հսկա աշտարակների մշուշի մեջ լողացող սրաձողերը...

Նա շրջվեց դեպի Գոլլումը.

— Դու գիտե՞ս, թե մենք որտեղ ենք գտնվում:

— Այո, տեր: Վտանգավոր վայրեր են: Այդ ճանապարհը Լուսնային Ամրոցից իջնում է դեպի Գետի ափին գտնվող ավերված քաղաքը, այո: Վատ վայր է, շատ վատ, այնտեղ անհաշիվ օրքեր են վխտում: Պե՛տք չէր լսել մարդկանց: Հոբիթները հեռացել են ճիշտ ճանապարհից, շատ են հեռացել: Հիմա հարկավոր է գնալ արևելք, ա՜յ այնտեղ, վերև: — Նա ոսկրոտ ձեռքը թափահարեց մթին լեռնագագաթների ուղղությամբ: — Բայց ճանապարհով գնալ չի կարելի, ոչ: Այն հսկում են ամրոցից ուղարկված չար մարդիկ:

Ֆրոդոն նայեց Ճանապարհին: Այն ամայի էր, ոչ մի շարժում չկար, թվում էր վաղուց լքված և տանում էր դեպի մշուշապատ քաղաքի ավերակները: Սակայն օդում անորոշ սպառնալիք էր զգացվում, ասես իրոք այդ ճանապարհով գնում-գալիս էին աչքի համար անտեսանելի ինչ-որ արարածներ: Եվս մեկ անգամ նայելով խավարի մեջ սուզվող հեռավոր սրաձողերին, Ֆրոդոն ցնցվեց: Մորգուլդուինի՝ Ուրվականների հովտից հոսող թունավոր գետակի շառաչյունը նրան սառն ու անողոք թվաց:

— Ի՞նչ անենք հիմա,— հարցրեց նա: — Այսօր երկար ճանապարհ ենք կտրել: Հարկավոր է անտառում տեղ գտնել, որտեղ կարելի է թաքնվել...

— Գիշերը թաքնվելու կարիք չկա, գիշերն առանց այդ էլ մութ է,— արձագնաքեց Գոլլումը: — Այժմ հոբիթները պետք է ցերեկը թաքնվեն, այո-այո, միայն ցերեկը:

— Դե լավ, լավ,— փնթփնթաց Սեմը,— հանգստանալ, մեկ է, պետք է, թեկուզ մինչև կեսգիշեր, հետո նոր կարելի է և գնալ, եթե դու իրոք ճանապարհը գիտես:

Գոլլումը դժկամությամբ համաձայնեց, և նրանք սկսեցին բարձրանալ լանջն ի վեր՝ փնտրելով, թե որտեղ կարելի է գիշերել: Նա վախենում էր գիշերել գետնին՝ չափազանց մոտ էր ահարկու ճանապարհը: Ոչ մեծ փնտրտուքներից հետո որոշեցին մագլցել մի մեծ կաղնու վրա և թաքնվել հսկայական ճյուղերի արանքում: Այդ ծառի վրա նրանց նկատելն անհնարին էր. գիշերվա գալու հետ սաղարթի տակ անթափանց մթություն տիրեց: Ֆրոդոն ու Սեմը չորացրած մրգեր ու հաց կերան, ապա վրայից ջուր խմեցին, իսկ Գոլլումն անմիջապես կծկվեց ու քնեց: Բայց հոբիթներն այդպես էլ աչք չփակեցին:

Գոլլումն արթնացավ, ըստ երևույթին, կեսգիշերին: Հոբիթներն առաջինը նրա գունատ կրակով վառվող աչքերը տեսան: Նա ականջ էր դնում ու հոտոտում. հոբիթները վաղուց նկատել էին, որ այդպես է նա որոշում ժամանակը, հատկապես գիշերը:

— Դե, հանգստացե՞լ ենք, լավ քնե՞լ ենք,— վերջապես հարցրեց նա: — Հարկավոր է գնա՛լ:

— Ո՛չ հանգստացել ենք, ո՛չ էլ քնել,— փնթփնաց Սեմը: — Բայց եթե հարկավոր է, ուրեմն գնանք:

Աչքները չթարթած, Գոլլումը հայտնվեց ներքևում՝ վայրեջք կատարելով միանգամից չորս թաթի վրա: Հոբիթները դանդաղ իջան նրա հետևից: Հասնելով գետնին՝ նրան անմիջապես, առանց ժամանակ կորցնելու Գոլլումի հետևից քայլեցին վերև՝ մթին լանջն ի վեր: Այնքան մութ էր, որ նրանք ոչինչ չէին տեսնում իրենց առջև և երբեմն բախվում էին ծառերի բներին: Սկսվեցին փոսեր, բլրակներ, գնալը դժվարացավ, բայց Գոլլումին դա առհասարակ չէր անհանգստացնում: Նա վստահորեն տանում էր հոբիթներին մոշի թփուտների արանքով, մերթ շրջանցելով մութ փոսերն ու խոռոչները, մերթ իջնելով թփուտաշատ ձորակների մեջ, որոնց հակառակ լանջերն ավելի բարձր էին ու կտրուկ, և այդպիսով նրանք շարունակ բարձրանում էին: Առաջին կանգառի ժամանակ հետ նայելով՝ նրանք տեսան, որ անտառը մնացել է հեռու ներքևում. այն ասես հսկայական խիտ ստվեր լիներ, խտացած մթություն: Արևմուտքում դեռևս մի քանի աղոտ աստղեր էին առկայծում, բայց արևելքից, կուլ տալով իր ճանապարհին ամեն ինչ, անթափանց խավար էր մոտենում: Մի պահ մոտեցող խավարի միջից դուրս լողաց մայր մտնող լուսինը, բայց այն պղտոր-դեղին էր ու չարագուշակ:

Վերջապես Գոլլումը շրջվեց դեպի հոբիթները:

— Շուտով լույսը կբացվի,— ասաց նա: — Հոբիթները պետք է շտապեն: Ցերեկով չի կարելի մնալ բաց տարածքում, այստեղ չի կարելի մնալ: Արա՛գ:

Նա արագացրեց քայլերը: Հոբիթները, վերջին ուժերը հավաքելով, քարշ եկան նրա հետևից: Շուտով զառիվայր վերելք սկսվեց. լանջը ծածկված էր խոպանուկի, հապալասի և մամխի անանցանելի թփուտներով, թեև տեղ-տեղ հանդիպում էին նաև մոխրացած բացատներ՝ վերջերս տեղի ունեցած հրդեհների հետքեր: Որքան մոտենում էին գագաթին, այնքան ավելի էին շատանում խոպանուկի թփուտները: Ծեր և բարձր այդ թփերը, ներքևամասում մերկացած ու հյուծված, վերևում խիտ ճյուղավորված էին ու ծածկված դեղին ծաղիկներով, որոնք թույլ բույր էին արձակում և ասես լուսարձակում էին մթության մեջ: Հոբիթները քայլում էին փշոտ ու մամռոտ գորգի վրայով և գրեթե առանց կռանալու անցնում թփերի միջով՝ փշերը բարձր էին աճած և չէին խանգարում: Բլրի գագաթին նրանք կանգ առան և սողոսկեցին խոպանուկի թփուտի տակ, որի ճյուղերը կռացել էին մինչև գետին: Խոպանուկի ճյուղերը միահյուսվել էին մասուրի չորացած ճյուղերի հետ՝ ձևավորելով տաղավարի պես մի բան, որի համար որպես հեծաններ ծառայում էին խոպանուկի չոր ճյուղերը, իսկ որպես տանիք՝ մատղաշ ընձյուղներն ու գարնանային առաջին տերևները: Հայտնվելով «տաղավարի» ներսում, ճամփորդները հոգնած պառկեցին գետնին՝ ուժ չունենալով մտածել նույնիսկ ուտելու մասին: Ճյուղերի արանքից երևում էր, որ գիշերը կամաց նահանջում է:

Բայց մեռյալ, գորշ մթնշաղը այդպես էլ օր չդարձավ: Արևելքում ցածր ամպերի տակ քարացել էր աղոտ կարմիր հրացոլքը, որը դժվար էր արշալույս անվանել: Էֆել Դուաթի խոժոռ ժայռերը նայում էին լայնարձակ, քարքարոտ հովտին: Գիշերը, չցանկանալով իր տեղը զիջել լուսաբացին, սև, անձև մշուշով պարուրել էր լեռների ստորոտները, բայց ատամնավոր գագաթները, սուր և ահարկու, հստակ ուրվագծվում էին կարմիր հրացոլքի ֆոնին: Աջ կողմում դեպի արևմուտք էր ձգվում խավարի մեջ սուզված սև ու մռայլ երկար լեռնաշղթան:

— Իսկ հիմա՞ ուր,— հարցրեց Ֆրոդոն: — Ա՜յ այնտեղ, այն սև բլրի հետևում, դա ինչ է, Մորգուլի հովտի մո՞ւտքն է:

— Իմ կարծիքով դեռ վաղ է որոշել,— ասաց Սեմը: — Հուսով եմ մինչև օրվա վերջ, եթե, իհարկե, սա օր է, էստեղից չենք շարժվի:

— Հնարավոր է, հնարավոր է,— արձագանքեց Գոլլումը,— բայց պառկել չի կարելի, հարկավոր է շտապել, հարկավոր է շտապ հասնել խաչմերուկին, այո-այո, խաչմերուկին: Տերը ճիշտ է, նա տեսնում է, ուր պետք է գնալ, այո, այնտեղ պետք է գնալ:

Մորդորի վրայի կարմիր հրացոլքը մարեց: Մթնշաղը խտացավ: Արևելքից խիտ մշուշ էր քուլա-քուլա սողում՝ պարուրելով հովիտը: Ֆրոդոն ու Սեմը հաց կերան ու պառկեցին, բայց Գոլլումը չէր ուզում հանգստանալ: Նա կրկին հրաժարվեց հոբիթների ուտելիքից. միայն մի քանի կում ջուր խմեց, քթի տակ փնթփնթալով դուրս սողաց թփուտի տակից և շուտով կորավ տեսողությունից:

— Երևի գնաց որս անելու, հորանջելով ասաց Սեմը:

— Այս անգամ առաջինը քնելու հերթը նրանն էր, և նա անմիջապես օգտվեց դրանից: Երազում նա տեսավ, իբր քայլում է Պարկուտի այգում և ինչ-որ բան փնտրում, իսկ մեջքին պարկ է կախված՝ այնքան ծանր, որ ծանրությունից կորացել է ու չի կարողանում ուղղվել: Այգին չգիտես ինչու ամբողջովին լցվել է մոլախոտերով, իսկ ներքևի ցանկապատի մոտի ծաղկաթմբերը ծածկվել են փշերով ու պտերով: «Ահագին գործ կա անելու, իսկ ես հակառակի պես էնպես եմ հոգնել... — ասաց նա քթի տակ և հանկարծ հիշեց, թե ինչ էր փնտրում: — Ծխամո՜րճ,— բարձրաձայն բացականչեց նա և արթնացավ:»

— Այ քեզ հիմար,— նախատեց նա ինքն իրեն՝ բացելով աչքերը և զարմանալով, թե այդ ինչու է պառկած ցանկապատի տակ: Հետո հասկացավ, որ ծխամորճը փնտրել պետք չէ՝ այն պարկի մեջ է, բայց նախ՝ ծխելու խոտ չկա, և հետո՝ ինքը հարյուրավոր մղոններ հեռու է Պարկուտից: Նա նստեց: Այդ ինչու՞ տերն իրեն չի արթնացրել: Ոնց որ թե երեկո՞ է արդեն:

— Էդ դուք էդպես էլ չե՞ք քնել, տեր իմ,— հարցրեց նա վախեցած: — Ժամը քանի՞սն է: Ոնց որ թե արդեն ուշ է:

— Ոչ, ուշ չէ,— պատասխանեց Ֆրոդոն: — Ուղղակի այսօր չգիտես ինչու չի լուսանում, այլ հակառակը, հա մթնում ու մթնում է: Իմ կարծիքով դեռ կեսօր էլ չկա: Դու ընդամենը երեք ժամ ես քնել:

— Հետաքրքիր է, էդ ինչու է էդպես,— զարմացավ Սեմը: — Կարող է պատահել փոթորի՞կ է մոտենում: Էդ դեպքում մեր գործը վատից էլ վատ է: Լավ կլիներ մի ավելի խորը որջ գտնեինք, թե չէ ոնց որ ցանկապատի տակ պառկած լինենք: — Նա ականջ դրեց: — Այդ ինչ է, ամպրո՞պ, թմբուկնե՞ր, թե՞ էլ ինչ կարող է լինել:

— Չգիտեմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Վաղուցվանից է որոտում: Երբեմն այնպես է թնդում, որ գետինը դղրդում է: Երբեմն էլ թվում է, թե ուղղակի օդն է զրնգում ականջներումս...

Սեմը շուրջը նայեց:

— Իսկ Գո՞լլումն ուր է,— հարցրեց նա,— մի՞թե դեռ չի երևացել:

— Չէ, չի երևացել,— պատասխանեց Ֆրոդոն: — Ոչ տեսել եմ, ոչ լսել:

— Դե լավ, մեծ կորուստ չէ,— ասաց Սեմը: — Էդպիսի ավելորդ բեռ, որից կուզենայի ժամ առաջ ազատվել, դեռ երբեք չէի վերցրել հետս: Էդ նրան իսկի նման չէ՝ հարյուր մղոն հետներս քարշ գա, իսկ հետո վերցնի ու կորչի, և էն ժամանակ, երբ իրոք պետք է: Չնայած պետք է թե ոչ՝ դա դեռ հարց է:

— Դու էլի մոռացար ճահիճները,— հանդիմանեց Ֆրոդոն: — Հուսով եմ, նրա հետ ոչինչ չի պատահել:

— Իսկ ես հուսով եմ, որ նա ինչ-որ գարշելի բան չի ծրագրում,— փնթփնթաց Սեմը: — Կամ գոնե չի ընկել ուրիշի ձեռքը: Թե չէ վիճակներս լավ չի լինի:

Այդ պահին կրկին տարածվեց տարօրինակ որոտը, բայց ավելի մոտիկ և ավելի բարձր: Հողը ոտքերի տակ դղրդաց:

— Մեր վիճակն արդեն լավ չէ,— նկատեց Ֆրոդոն: — Վախենում եմ, մեր ճանապարհորդությունը մոտենում է իր ավարտին:

— Գուցե և էդպես է,— համաձայնեց Սեմը,— բայց ինչպես ասում էր իմ ծերուկը. «Քանի դեռ ողջ ես, հույսդ մի կորցրու»: Եվ հետո էլ սովորաբար ավելացնում էր. «Իսկ եթե դեռ ողջ ես, ուրեմն ուտել էլ կուզենաս»: Հաց կերեք, տեր իմ, ու քնեք:

— Մութ է, թե լույս՝ կեսօրը՝ կեսօր է, ու արդեն վերջանում է,— ասաց Սեմն ինքն իրեն: Նա դուրս էր նայում թաքստոցից և տեսնում միևնույն մթամած ու առանց ստվերների աշխարհը: Շրջապատող ամեն ինչ գնալով ավելի ու ավելի էր սուզվում անգույն, անթափանց մշուշի մեջ: Հեղձուկ էր և միևնույն ժամանակ ցուրտ: Ֆրոդոն անհանգիստ շուռումուռ էր գալիս ու քնի մեջ փնթփնթում: Երկու անգամ Սեմին թվաց, որ տերը կանչում է Գենդալֆին: Ժամանակը դարձավ անվերջություն... Եվ հանկարծ հետևում ֆշշոց լսվեց: Սեմը շրջվեց ու տեսավ չորեքթաթ քարացած Գոլլումին. նրա աչքերը փայլում էին:

— Արթնացե՛ք, արթնացե՛ք, ծույլիկներ,— շշնջաց նա: — Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք, հապաղել չի կարելի: հարկավոր է գնալ, այո՛, հե՛նց հիմա գնալ: Հապաղել չի՛ կարելի:

Սեմը զարմացած նայեց նրան: Գոլլումն ամբողջ մարմնով դողում էր՝ կամ վախից, կամ հուզմունքից:

— Հենց հիմա՞: Քեզ ի՞նչ պատահեց: Դեռ շուտ է, նույնիսկ ընթրիքի ժամը չի եկել՝ պարկեշտ երկրներում, իհարկե, որտեղ ընթրում են ճիշտ ժամին:

— Հիմա՛ր հոբիթ, անխելք,— ֆշշացրեց Գոլլումը: — Պարկեշտ երկրները հեռու են, իսկ մենք՝ այստեղ ենք: Ժամանակը գնում է, ժամանակը վազում է, հետո ուշ կլինի: Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ: Արթնացի՛ր, տե՛ր, արթնացի՛ր:

Եվ նա ցնցեց Ֆրոդոյի ուսը և այնպես ուժգին, որ վերջինս, վեր թռչելով, ակամա բռնեց Գոլլումի ձեռքը՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Գոլլումը կտրուկ ազատվեց ու ընկրկեց:

— Հոբիթները չպետք է հիմար լինեն,— ֆշշացրեց նա: — Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ:

Այլևս ոչինչ նրանից իմանալ չհաջողվեց: Որտեղ էր կորել նա, և ինչու էր պետք շտապել՝ մնաց հարցական: Սեմը համակվեց ամենամռայլ կասկածներով և չէր թաքցնում այդ, բայց ինչ էր մտածում տերը՝ անհնար էր գուշակել: Ֆրոդոն միայն հառաչեց, ուղեպարկը գցեց ուսին և Գոլլումի հետևից խորացավ թանձրացող մթության մեջ: Գոլլումը վստահորեն իջավ լանջով ներքև՝ փորձելով որտեղ հնարավոր է մնալ ստվերում, իսկ բաց տարածություններն անցնել վազելով: Բայց այնպիսի խավար էր տիրում, որ ամենասրատես գազանն անգամ չէր նկատի նրանց, մանավանդ մոխրագույն թիկնոցներով ու կիպ քաշած գլխանոցներով: Գազանը նաև ոչինչ չէր լսի, քանի որ նրանք քայլում էին բոլորովին անաղմուկ: Այդպես նրանք անհետացան ստվերների մեջ, և ոչ ճյուղ նրանց ոտքի տակ ճարճատեց, ոչ տերև խշշաց:

Մոտ մեկ ժամ նրանք գնում էին առաջ խորը լռության մեջ, որը երբեմն խախտվում էր անորոշ դղրդյունով, նման հեռավոր ամպրոպի, կամ թմբկահարության ձայնի: Փոքր ինչ իջնելով, նրանք թեքվեցին և սկսեցին գնալ դեպի հարավ՝ չշեղվելով ո՛չ, աջ, ո՛չ ձախ, որքան որ թույլ էր տալիս խորդուբորդ լանջը: Վերջապես հեռվում փոքրիկ ու մթին պուրակ երևաց: Մոտենալով, հոբիթները հասկացան, որ հեռավորություն խաբում էր նրանց. իրականում պուրակի ծառերը չափազանց մեծ էին ու ծեր: Դրանց բները կարծես իսկական աշտարակներ լինեին, բայց կատարները մեռած էին՝ կամ փոթորիկն էր պատառոտել, կամ կայծակը մոխրացրել: Սակայն փոթորիկը չէր կարողացել արմատախիլ անել հողի ընդերքում թաղված դարավոր արմատները:

— Խաչմերուկը, այո, այո, խաչմերուկը,— շշնջաց Գոլլումը: Դա առաջին բառն էր, որ նա ասաց ճանապարհ դուրս գալուց հետո: — Մենք այնտեղ պիտի գնանք:

Թեքվելով ձախ, նա տարավ հոբիթներին լանջն ի վեր՝ և նրանք անսպասելիորեն հայտնվեցին ճանապարհի վրա: Դա նույն Հարավային Ուղին էր, որը շրջանցելով լեռների ստորոտները, այժմ ձգվում էր ուղիղ դեպի խաչմերուկը և անհետանում հսկայական ծառերի օղակում:

— Այլ ճանապարհ չկա,— շշնջաց Գոլլումը: — Չենք կարող այստեղ շրջանցել, միայն՝ ճանապարհով: Պետք է գնալ խաչմերուկ: Արա՛գ, ոչինչ մի՛ խոսեք:

Գաղտագողի, ասես լրտեսներ թշնամու թիկունքում, նրանք դուրս եկան Ուղի և, ինչպես անշշուկ վայրի կատուները որսի ժամանակ, սկսեցին գնալ քարքարոտ ճամփեզրով: Վերջապես նրանք հասան ծառերին, որոնք ասես ավերված, փլված տանիքով սրահի սյունաշարք լինեին մռայլ երկնքի տակ: Ծառերի ճյուղերը միահյուսվել էին՝ ինչպես հսկայական կամարներ: Շրջանի կենտրոնում հատվում էին չորս ուղիներ: Մորանոնյան ուղին, բերելով ճամփորդներին խաչմերուկ, շարունակում էր իր ճանապարհը դեպի հարավ. մյուսը, որը գալիս էր հինավուրց Օսգիլիաթից, հատում էր խաչմերուկը և, դուրս գալով ծառերի օղակից, կորչում էր խավարում, որը պարուրել էր արևելյան հողերը: Հենց այնտեղ էլ հարկավոր էր գնալ:

Մի ակնթարթ վախեցած շուրջը նայելով, Ֆրոդոն հանկարծակի ցնցվեց. մթության մեջ լույս փայլատակեց: Սեմի դեմքը լուսավորվեց հեռավոր հրացոլքից: Արագ շրջվելով դեպի լույսի աղբյուրը, Ֆրոդոն հասկացավ, որ նայում է Օսգիլիաթ տանող ճանապարհին: Ուղիղ, ինչպես ձգված ժապավեն, այն իջնում էր լանջով ներքև և կորչում հեռվում: Այնտեղ՝ արևմուտքում, ստվերում թաղված տրտում Գոնդորից այն կողմ, արևը դուրս էր եկել աշխարհը պարուրած մութ ծածկոցի տակից և, վառվելով ահեղ կրակով, իջնում էր ծովի վրա, որին խավարը դեռ չէր դիպել: Արևի ճառագայթը մի ակնթարթ լուսավորեց խաչմերուկի կենտրոնում գտնվող վիթխարի նստած մարդու քանդակը, փառահեղ, ինչպես Անդուինի հսկաները: Ժամանակը քայքայել էր արձանը, բայց այն նաև վերջերս խեղել և այլանդակել էին: Գլուխը կոտրել էին, գլխի փոխարեն կլոր քար տեղադրել և վրան կոպիտ ու ծաղրական դեմք նկարել ճակատին միակ մեծ ու կարմիր աչքով: Արձանի ծնկները, շքեղ գահը և պատվանդանը ծածկված էին անիմաստ խզբզոցներով և զզվելի նշաններով, որոնք օգտագործում էին Մորդորի ստրուկները:

Եվ հանկարծ վերջին ճառագայթները լուսավորեցին քարե թագավորի գլուխը, որն ընկած էր ճամփեզրին:

— Նայիր՛, Սե՛մ,— բացականչեց Ֆրոդոն՝ զարմանքից մոռանալով զգուշության մասին,— նայի՛ր, արքան կրկին թա՛գ ունի:

Ակնախոռոչները դատարկ էին, իսկ քարե մորուքը կիսով չափ ջարդված, բայց արքայի բարձր ու խրոխտ ճակատն առաջվա պես զարդարում էր արծաթե և ոսկե թագը: Ասես ի նշան հարգանքի, այն պարուրել էին անհայտ ծաղիկների փոքրիկ, սպիտակ աստղիկների նման գլխիկները, իսկ քարե գանգուրների մեջ տարածվել էին թանթռնիկի դեղին ծաղիկները:

— Նրանք չե՛ն կարող հավերժ հաղթել,— բացականչեց Ֆրոդոն:

Բայց այդ պահին արևի ճառագայթները չքացան. արևը մայր մտավ, ասես ինչ-որ մեկը փչեց հանգցրեց աշխարհի ծայրին գտնվող ջահը, և գիշերային խավարը դարձավ ավելի սև:

Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները

Գոլլումը կախվեց Ֆրոդոյի թիկնոցից՝ ցնցվելով վախից ու անհամբերությունից:

— Հարկավոր է գնա՛լ,— ֆշշացրեց նա,— այստեղ չի՛ կարելի կանգնել: Արա՛գ:

Ֆրոդոն չուզենալով շրջվեց թիկունքով դեպի արևմուտք և իր ուղեկցորդի հետևից դուրս եկավ ծառերի օղակից այն ճանապարհով, որը տանում էր լեռներ: Սկզբում ճանապարհը գնում էր ուղիղ, բայց շուտով սկսեց թեքվել հարավ՝ դեպի հսկայական ժայռի ստորոտը: Ճանապարհը սուզվում էր առջևում փռված անթափանց խավարի մեջ և, կրկին թեքվելով դեպի արևմուտք, կտրուկ բարձրանում էր վեր:

Ֆրոդոն ու Սեմը առաջ էին ընթանում ծանր սրտով՝ ուժ չունենալով մտածել վերահաս վտանգի մասին: Ֆրոդոն քայլում էր կորացած. բեռը կրկին ճնշում էր նրան և կքում գետնին: Իթիլիենում նա գրեթե մոռացել էր դրա մասին, բայց հենց որ նրանք անցան խաչմերուկը, այն կրկին սկսեց ծանրանալ և տանջել նրան: Ամեն քայլափոխին գնալն ավելի էր դժվարանում: Հասկանալով, որ ճանապարհը սկսում է բարձրանալ, նա բարձրացրեց հոգնած աչքերը՝ և հանկարծ տեսավ այն, ինչի մասին զգուշացնում էր Գոլլումը՝ Մատանեկիր Ուրվականների ամրոցը: Հոբիթը ցնցվեց ու նետվեց ճամփեզրին գտնվող քարերի հետևը:

Մթին, երկար ու նեղ հովիտը մխրճվում էր լեռների մեջ: Հովտի հեռավոր ծայրին, բարձր, Ժայռոտ գահին, կառուցված ասես Էֆել Դուաթի սև ծնկներին, վեր էին խոյանում Մինաս Մորգուլ ամրոցի աշտարակն ու պարիսպները: Շուրջն ամեն ինչ, և՛ երկինքը, և՛ հողը կուլ էր տվել անթափանց մութը, սակայն ամրոցը լուսարձակում էր: Բայց ոչ լուսնի լույսով, որով մի ժամանակ լցված էին Մինաս Իթիլի մարմարե պատերը և լուսավորում էին շրջակա լեռները: Ոչ, այժմ ամրոցը դժգույն էր, բայց ոչ այնպիսին, ինչպիսին լինում է լուսինը, երբ հիվանդ ու դալուկ դանդաղ մտնում է ստվերի մեջ՝ մոտալուտ խավարումի սպասումով: Երևի այդ պատերի փայլն ավելի շատ հիշեցնում էր ֆոսֆորացած նեխող աղբանոց, կամ ճահճային կրակ նահատակի վրա, կրակ, որը այրում է, բայց բացի իրենից ոչինչ չի լուսավորում: Ամրոցի պատերի ու աշտարակի մեջ փորված անհամար պատուհաններն ասես սև խոռոչներ լինեին դեպի դատարկություն, իսկ աշտարակի գմբեթը դանդաղ պտտվում էր՝ սկզբում մի կողմի վրա, ապա՝ մյուս, ինչպես երախը բաց հրեշավոր ուրվականի գլուխ: Երեք ճամփորդները կծկվեցին ու մի ակնթնարթ քարացան ասես կախարդված՝ չկարողանալով հայացքները կտրել աշտարակից: Առաջինը սթափվեց Գոլլումը: Նա լուռ կառչեց հոբիթների թիկնոցներից և քարշ տվեց նրանց առաջ: Յուրաքանչյուր քայլը տանջալի էր ու դժվար, ժամանակն ասես դանդաղեցրել էր իր ընթացքը և, մինչ ոտքը, կտրվելով գետնից, կրկին իջնում էր գետնին, հոբիթներին թվում էր, թե անցնում են ոչ թե վայրկյաններ, այլ՝ րոպեներ, տանջալի ու անվերջանալի:

Այդպես նրանք վերջապես հասան սպիտակ, կամարակապ կամրջին: Կամրջի մոտ ճանապարհն աղոտ լուսարձակում էր: Այն անցնում էր հոսքի վրայով և գնում դեպի ամրոցի սև երախի նման դարպասը: Գետակի ափերին տարածվել էին մշուշի մեջ թաղված լայնարձակ մարգագետիններ, որոնք ամբողջությամբ ծածկված էին դալուկ լույս արձակող ծաղիկներով: Դրանք լուսարձակում էին իրենց ուրույն ձևով, գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ սարսափելի, ծնված ասես մղձավանջից, և թույլ, բայց գերեզմանային նեխահոտ էին տարածում: Կամուրջը տանում էր մարգագետնից մարգագետին. մուտքը հսկում էին քարից վարպետորեն քանդակված անհայտ հրեշների արձաններ՝ կես գազան, կես մարդ, սարսափելի իրենց անբնականությամբ: Ջուրը հոսում էր անաղմուկ՝ պարուրելով կամուրջը սպիտակ գոլորշով, բայց գոլորշին չէր այրում, այլ ընդհակառակը, մահացու սառնություն էր տարածում:

Հողը փախավ Ֆրոդոյի ոտքերի տակից, հոբիթի բանականությունը մթագնեց: հանկարծ, ասես ինչ-որ մեկը հրեց նրան, ձեռքերով օդը որսալով նա նետվեց դեպի կամուրջը: Հոբիթի գլուխն անօգնական տարուբերվում էր: Սեմն ու Գոլլումը նետվեցին նրա հետևից: Սեմը հասնելով տիրոջ հետևից բռնեց նրան հենց այն պահին, երբ վերջինս սայթաքեց և քիչ էր մնում ընկներ կամրջի շեմին:

— Ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ,— շշնջաց Գոլլումը, բայց նրա ձայնը լռության մեջ սուլոցից էլ բարձր հնչեց: Գոլլումը սարսափահար ընկավ գետնին և կծկվեց:

— Տե՛ր իմ,— շնչեց Սեմը հենց տիրոջ ականջի մեջ,— վերադարձե՛ք: Հե՛տ դարձեք, այնտեղ չի՛ կարելի, Գոլլումն ասում է որ մենք մյուս կողմ պիտի գնանք: Այս անգամ նույնիսկ ես նրա հետ համաձայն եմ:

Ֆրոդոն ձեռքով շփեց ճակատը և հայացքը դանդաղ հեռացրեց ամրոցից: Լուսարձակող ամրոցը ձգում էր նրան դեպի իրեն, և նա դժվարությամբ էր զսպում աղոտ առկայծող ճանապարհով դեպի դարպասը նետվելու անհագ ցանկությունը: Վերջապես վերջին ջանքերը գործադրելով նա շրջվեց, բայց Մատանին չհնազանդվեց՝ ծանրորեն ձգելով Ֆրոդոյի վզից կախված շղթան ու քաշելով նրան դեպի կամուրջը: Երբ հոբիթը շրջվեց, նա ասես մի ակնթարթ կուրացավ և աչքերի առջև անթափանց խավար տիրեց: Գոլլումը վախեցած գազանի պես գետնին կպած սողալով հեռանում էր, և արդեն գրեթե կորել մթության մեջ: Սեմն օգնելով և ուղղորդելով սայթաքող տիրոջը, շտապեց նրա հետևից: Գետի ափից ոչ հեռու ժայռի մեջ խոռոչ էր սևին տալիս. Գոլլումը սուզվեց դրա մեջ: Սեմը, գնալով նրա հետևից, հայտնաբերեց որ մյուս կողմում նեղ արահետ է սկսվում: Ճանապարհի մոտ այն նույնպես լուսարձակում էր, բայց, անցնելով մեռելային ծաղիկներով մարգագետինները, այն կամաց սևանալով ոլորապտույտ բարձրանում էր հովտի հյուսիսային լանջը: Հոբիթները բարձրանում էին միասին. Գոլլումը կորչում էր առջևում և երբեմն վերադառնում, որպեսզի շտապեցնի նրանց: Նրա աչքերը վառվում էին դժգույն-կանաչ կրակով՝ գուցե արտացոլում էին Մինաս Մորգուլի մեռելային լույսը, կամ գուցե ի պատասխան Մորգուլին բռնկվել էին սեփական ահարկու կրակով: Ֆրոդոն ու Սեմը շարունակ երկակի նշանառության տակ էին զգում իրենց. առջևում Գոլլումի ահարկու հայացքն էր, իսկ երբ վախվորած հետ էին նայում, տեսնում էին աշտարակի դատարկ պատուհանները, որոնք, թվում էր, անքթիթ և ուշադիր հետևում են:

Այդպես բարձրանում էին նրանք դանդաղ ու դժվարությամբ, և միայն այն ժամանակ, երբ նեխած գոլորշիները մնացին հեռու ներքևում, շնչելը հեշտացավ և աչքերի առաջ պարզվեց: Բայց հիմա էլ ձեռքերն ու ոտքերն էին նվվում անասելի հոգնածությունից, ասես հոբիթները ծանր բեռի տակ կքված ամբողջ գիշեր քայլել էին կամ թիավարել հոսանքին հակառակ: Ճանապարհը շարունակելու ուժ չկար. ստիպված եղան կանգ առնել և հանգստանալ:

Ֆրոդոն առաջինը կանգ առավ և անուժ փռվեց քարերին: Նրանք գտնվում էին լերկ ժայռի կատարին: Այդտեղից արահետը շարունակվում էր անդունդի վրա կախված քիվի վրայով, շրջանցում հովիտը և, կտրուկ բարձրանալով գրեթե ուղղաձիգ լանջն ի վեր, կորչում էր խավարում:

— Ես պետք է մի փոքր հանգստանամ, Սեմ,— հազիվ լսելի շշնջաց Ֆրոդոն: — Չեմ կարող բառերով արտահայտել, Սեմ, իմ ընկեր, թե որքան ծանր է Այն: Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք շարունակել Այն տանել: Հիմա ես պետք է հանգստանամ, այլապես այնտեղով չեմ անցնի: — Եվ նա ցույց տվեց անդունդի եզրով ձգվող նեղ արահետը:

— Սսսս՛, սսսս՛,— ֆշշաց Գոլլումը՝ արագ վերադառնալով հոբիթների մոտ: — Սսսս՛: — Նա մատը սեղմեց շուրթերին, կատաղորեն թափահարեց գլուխը ու քաշեց Ֆրոդոյի թևից՝ ցույց տալով արահետը և նշաններով հասկացնելով, որ պետք է շտապել, բայց Ֆրոդոն նունիսկ շարժվել չէր կարող:

— Մի փոքր էլ սպասիր,— կրկնեց նա,— մի փոքր էլ:

Հոգնածությունը ճնշում էր նրան ինչպես քարը, բայց դա պարզապես հոգնածություն չէր. նրա մարմինն ու հոգին ուժաթափ էին եղել, ասես ինչ-որ անհայտ կախարդանքի շնորհիվ:

— Ես պետք է հանգստանամ,— ևս մեկ անգամ կրկնեց նա:

Ֆրոդոյի պատասխանը Գոլլումին հունից հանեց: Վախից նա դադարեց բացատրվել նշաններով և, ասես վախենալով անտեսանելի ականջներից, բերանը ձեռքով փակեց ու շշնջաց.

— Միայն թե ոչ այստեղ, ո՛չ, ո՛չ: Այստեղ չի՛ կարելի հանգստանալ, հիմարներ: Մեզ կտեսնեն, մեզ կամրջից կտեսնեն: Գնա՛նք այստեղից, արա՛գ, դեպի վե՛ր:

— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Նա նորից ճիշտ է ասում, այստեղ չի կարելի մնալ:

— Լավ,— թույլ ձայնով արձագանքեց Ֆրոդոն, ասես քնի մեջ,— կփորձեմ:

Եվ դժվարությամբ ոտքի կանգնեց:

Բայց արդեն ուշ էր: Ժայռը ոտքերի տակ ցնցվեց: Հզոր դղրդյունը, շատ ավելի հզոր, քան նրանք լսել էին առաջ, տարածվեց ստորգետնյա խորքերում և արձագանքեց լեռներում: Հանկարծ հյուսիս-արևելքում երկինքը լուսավորվեց կուրացուցիչ կրակե բռնկումից, և ցածր ամպերը բոսորագույն ներկվեցին: Այդ քարացած, մեռելային սառը լույսով ողողված հովտում կարմիր բռնկումը հրեշավոր դաժան ու կուրացուցիչ թվաց: Գորգորոթի բարձրավանդակի լեռների քարե ատամնավոր գագաթները սև շեղբերի պես մխրճվեցին արյունաթաթախ երկնքի մեջ: Որոտաց ամպրոպը:

Եվ Մինաս Մորգուլը պատասխանեց: Աշտարակից ու մոտակա բլուրներից երկինք խոյացան մեռելային-կանաչ կայծակներ և կապույտ կրակի ճյուղավորված նիզակներ: Հողը տնքաց: Ամրոցից, ասես ամպրոպին ի պատասխան, վայրի ոռնոց լսվեց: Այդ ոռնոցը, խառնվելով սուր, գիշակեր թռչունների ծղրտոցներ հիշեցնող աղմուկին և կատաղությունից ու սարսափից խելակորույս ձիերի զիլ խրխնջոցին, սառեցրեց արյունը երակներում, բայց ամեն ինչ խլացրեց ականջ ծակող սահմռկեցնող զիլ ճիչը, որը գնալով դարձավ ավելի ու ավելի ծակող, մինչև որ հասավ լսելիության ամենավերին սահմանագծին: Հոբիթները ջղաձգորեն փռվեցին գետնին ու ձեռքերով փակեցին ականջները: Ճիչը փոխարինվեց երկար, չարագույժ կաղկանձով՝ և հանկարծ կտրվեց: Ֆրոդոն դանդաղ բարձրացրեց գլուխը: Նեղ հովտի մյուս ծայրում գրեթե աչքերի մակարդակին սպիտակին էին տալիս մահաբեր ամրոցի պարիսպները, բայց այժմ ամրոցի դարպասը՝ հրեշավոր, ֆոսֆորափայլ ատամներով երախը, լայն բացված էր: Այնտեղից զորք էր դուրս գալիս:

Զինվորները բոլորը սև զրահներով էին՝ սև, ինչպես գիշերը: Աղոտ լուսարձակող պատերի ու ճանապարհի ֆոնին նրանք հրաշալի երևում էին՝ շարք առ շարք, արագ ու անաղմուկ դուրս էին հորդում դարպասից, և թվում էր, որ վերջ չի լինի նրանց: Առջևից ընթանում էր հեծելազորը, որը գլխավորում էր սևազգեստ մի հեծյալ. նա զգալիորեն բարձրահասակ էր բոլորից: Հեծյալի գլխին, գլխանոցով կիսաքողարկված, մահացու փայլով առկայծում էր թագանման սաղավարտը: Ահա հեծյալը մոտեցավ կամրջին... Ֆրոդոն կախարդված նայում էր՝ չկարողանալով ո՛չ աչքերը թարթել, ո՛չ հայացքը հեռացնել: Չէ՞ որ դա Ինը Մատանեկիրների գլխավորն էր: Մի՞թե նա վերադարձել է երկիր, որպեսզի ճակատամարտի տանի իր զարհուրելի զորքին: Այո, այդ նա էր՝ սարսափազդու, չորացած, մեռած թագավորը, որի ցառցե ձեռքը մի ժամանակ Ֆրոդոյի ուսն էր խրել մահացու դաշույնը: Հին վերքը ցավից բաբախեց, սիրտը լցվեց անտանելի սառցե սառնությամբ:

Եվ մինչդեռ Ֆրոդոն փայտացած, վախից քարացած կանգնած էր, Հեծյալը, հասնելով կամրջին, հանկարծ կանգ առավ: Կանգ առավ նաև զորքը: Մեռյալ լռություն տիրեց: Մի՞թե Ուրվական Արքան լսեց Մատանու կանչը: Գուցե նա վարանեց այն պատճառով, որ այլ զորություն զգաց իր հովտու՞մ: Վախով պսակված սև գլուխը անտեսանելի աչքերով ծակելով խավարը թեքվեց մի կողմ, ապա՝ մյուս: Ֆրոդոն քարացել էր, ինչպես օձի հայացքից հմայված թռչունը: Նրա ականջներում համառորեն, քան երբևէ, հնչում էր հրամանը՝ հագնել Մատանին: Բայց այս անգամ նա բոլորովին չէր ուզում հնազանդվել: Գիտեր, որ Մատանին միայն իրեն կմատնի. նաև գիտեր, որ նույնիսկ եթե Մատանին հագնի մատին՝ ինքն այդքան ուժ չունի Մորգուլի տիրակալի դեմ պայքարելու՝ դեռևս չունի: Մահացու վախը շղթայել էր Ֆրոդոյի կամքը, բայց, միևնույնն է, հոբիթը չէր արձագանքում ուրվականի հրամանին: Նա միայն զգում էր, որ հզոր, օտար ուժը ճնշում է իրեն, տիրում է իր ձեռքին, և ինքը, փայտացած, ասես այդ ամենն իր հետ չի կատարվում, առանց տեսնելու զգում է, որ իր ձեռքը, այլ կամքով առաջնորդվելով, սողում է դեպի շղթան, որից կախված է Մատանին: Բայց այդ պահին արթնացավ նրա սեփական կամքը՝ և ստիպեց ձեռքին հնազանդվել: Մատանու փոխարեն մատներն ինչ-որ կարծր, սառը բան սեղմեցին՝ Գալադրիելի բյուրեղապակե անոթը, որը նա մշտապես պահում էր սրտի մոտ և գրեթե մոռացել էր դրա գոյության մասին: Հենց որ ձեռքը դիպավ անոթին, Մատանին հագնելու ցանկությունն ակնթարթորեն չքացավ, ասես չէր էլ եղել: Ֆրոդոն շունչը տեղը բերեց և ուժասպառ գլուխը կախեց կրծքին:

Նույն ակնթարթին Ուրվական Արքան շրջվեց, խթանեց ձիուն անցավ կամուրջը: Սև զորաբանակը շարժվեց նրա հետևից: Հնարավոր է, էլֆական թիկնոցը պաշտպանեց նրա անտեսանելի հայացքից, կամ գուցե փոքրիկ թշնամու կամքը, անհայտ աջակցություն ստանալով, կարողացավ կարողացավ շեղել Նազգուլի միտքը: Բայց նա նաև շտապում էր: Ժամը եկել էր. Կախարդ արքան, հետևելով իր ամենազոր տիրակալի հրամանին, առաջնորդում էր զորաբանակը դեպի արևմուտք:

Շուտով նրա ահարկու սև ստվերը կորավ ճանապարհը պարուրող խավարի մեջ, իսկ սև շարքերը դեռ անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Իսիլդուրի իշխանության տարիներից այս կողմ դեռևս այդպիսի հսկայական զորաբանակ չէր դուրս եկել այդ հովտից, այդպիսի սարսափելի ու ահեղ զորագնդեր երբևէ չէին անցել Անդուինը: Եվ այնուամենայնիվ դա միայն մեկն էր Մորդորի բազմաթիվ զորքերից, և նույնիսկ ոչ ամենամեծը:

Ֆրոդոն սթափվեց ու շարժվեց: Եվ հանկարծ հիշեց Ֆարամիրին:

«Ահա և փոթորիկն սկսվեց,— մտածեց նա: — Պողպատե ամպը սլանում է դեպի Օսգիլիաթ: Կհասցնի՞ արդյոք Ֆարամիրը ժամանակին անցնել Գետը: Նա կռահում էր, որ ճակատագրական ժամը հեռու չէ, բայց արդյո՞ք անակնկալի չեն բերի նրան: Գոնդորցիները կկարողանա՞ն արդյոք գետանցոււմները պաշպանել, երբ Ուրվական Արքան ինքն է մոտենում դրանց: Չէ որ դա Մորդարի միակ զորաբանակը չէ: Դրան կհետևեն մյուսները... Ես ուշացա, ամեն ինչ կորած է: Չպետք է դանդաղեի ճանապարհին: Նույնիսկ եթե հաջողվի իրականացնել այն, ինչի համար ինձ այստեղ են ուղարկել, միևնույնն է, ոչ ոք այդ մասին երբևէ չի իմանա: Ամեն ինչ իզուր է»:

Նա նստել էր վշտից ուժասպառ, և դեմքի վրայով հոսում էին արցունքները, իսկ Մորդորյան հրոսակները անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Հանկարծ ինչ-որ հեռու տեղից, ասես Հոբիթստանում արևոտ առավոտյան, երբ արդեն ժամն է արթնանալու և բացվում են դռները, լսվեց Սեմի ձայնը.

Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, արթնացե՛ք:

Եթե նա ավելացներ. «Նախաճաշը սառչում է», Ֆրոդոն բոլորովին չէր զարմանա: Բայց Սեմն այլ բան էր ուզում ասել:

— Արթնացեք, տեր իմ,— կրկնեց նա: — Նրանք անցան:

Մինաս Մորգուկի դարպասը շառաչելով փակվեց: Վերջին նիզակներն անհետացան խավարում: Աշտարակն առաջվա պես սպառնալի հսկում էր հովիտը, բայց աչքի առաջ խամրում էր՝ լույսերը գնալով մարում էին և ամրոցը կրկին պարուրվում էր մռայլ խավարով: Կրկին տիրեց նախկին լռությունը, որը, սակայն, աչալուրջ էր. առաջվա պես բոլոր սև խոռոչներից նայում էին անքուն աչքերը:

— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, նրանք հեռացան: Եվ մենք էլ լավ կլինի շարժվենք տեղից: Էստեղ դեռ ոմանք մնացել են, աչքերով ոմանք, եթե, իհարկե, դրանք աչքերով են տեսնում, հասկանու՞մ եք: Որքան երկար էստեղ մնանք, էնքան արագ մեզ կգտնեն: Գնանք, պարոն Ֆրոդո, հեռանանք էստեղից:

Ֆրոդոն նայեց Սեմին և վեր կացավ: Հույսը չէր վերադարձել, բայց թուլությունն անցել էր: Նա նույնիսկ մռայլ ժպտաց. չնայած ամեն ինչին, հանկարծ հասկացավ, որ պետք է վերջին ջանքերը գործադրի և կատարի իր պարտքը, իսկ կիմանան այդ մասին Ֆարամիրը, Արագորնը, Էլրոնդը, Գալադրիելը կամ Գենդալֆը՝ դա արդեն իրեն չի վերաբերվում: Նա մի ձեռքում բռնել էր ցուպը, մյուս ձեռքում՝ լուսարձակող անոթը: Նկատելով, որ մատների արանքից լույս է թափանցում, նա կրկին թաքցրեց անոթը կրծքի տակ և թիկունքով շրջվեց դեպի Մորգուլյան ամրոցը՝ հազիվ նկատելի, գորշ ու խավարած: Նա պատրաստ էր շարունակել ճանապարհը:

Տեսնելով, որ Մինաս Մորգուլի դարպասը բացվում է, Գոլլումը լքել էր հոբիթներին ու թաքնվել խավարում: Այժմ, երբ ամեն ինչ վերջացավ, նա սողալով հետ վերադարձավ. ձեռքերը դողում էին, ատամները՝ չխկչխկում:

— Հիմարնե՛ր, տխմարնե՛ր,— ֆշշացրեց նա,— չի՛ կարելի հապաղել: Թող նրանք չմտածեն, թե պրծան: Վտանգը չի հեռացել, շտապե՛ք:

Հոբիթներն առանց պատասխանելու նրա հետևից բարձրացան անդունդի եզրով ձգվող կտրուկ արահետով: Այդ վերելքը սարսափելի էր ու չափազանց դժվար նույնիսկ քիչ առաջ կրած սարսափներից հետո, բայց, բարեբախտաբար, այն կարճ տևեց: Արահետը շրջանցեց անդունդը, և հանկարծակի առջևում մի ճեղքվածք բացվեց: Այդպես նրանք հասան Գոլլումի խոստացած առաջին սանդուղքին: Այնպիսի մթություն էր տիրում, որ հոբիթները չէին տեսնում իրենց առաջ մեկնած ձեռքերը, միայն մի քանի ֆուտ այն կողմ աղոտ կրակով առկայծում էին Գոլլումի աչքերը:

— Զգույշ,— վերևից շշնջաց Գոլլումը,— այստեղ աստիճաններ են, շատ, շատ աստճաններ: Պետք է զգույշ լինել:

Եվ իրոք, զգուշության մասին հարկավոր էր հոգ տանել: Երկու կողմերից ձգվում էին քարե պատերը, և հոբիթները թեթևացած շունչ էին քաշում՝ մտածելով, որ գնալը հեշտացավ, բայց սանդուղքը գրեթե ոուղղաձիգ էր, և որքան վերև էին բարձրանում, այնքան ավելի էին զգուշանում թիկունքում փռված սև անդունդից: Վերևում աստիճանները նեղ էին ու անհարթ, մաշված էին ու սայթաքուն, իսկ երբեմն էլ պարզապես փշրվում էին ոտքերի տակ: Հոբիթները համառորեն բարձրանում էին վեր՝ հուսահատ կառչելով վերևի աստիճաններից ընդդարմացած ձեռքերով ու ստիպում նվվացող ծնկներին ծալվել և ուղղվել, իսկ սանդուղքը գնալով ավելի խորն էր մխրճվում լեռան մեջ, և ավելի ու ավելի էին բարձրանում պատերը գլխավերևում:

Ի վերջո, երբ ուժերը վերջնականապես սպառվեցին, և հոբիթները արդեն պատրաստ էին հանձնվել, վերևում կրկին առկայծեցին Գոլլումի աչքերը:

— Բարձրացանք,— շշնջաց նա: — Առաջին սանդուղքը վերջացավ: Բավականին բարձր մագլցեցին խելացի հոբիթները: Մի քանի աստիճան էլ՝ ու վերջ: Օ՛ այո:

Սայթաքելով ու ծանր շնչելով, Սեմը, իսկ նրա հետևից էլ Ֆրոդոն սողալով հասան վերջին աստիճանին ու նստեցին վրան՝ ձեռքերով շփելով ծնկներն ու սրունքները: Առջևում մութ անցում էր սկսվում, որը նույնպես վերև էր տանում, բայց արդեն ոչ այնքան կտրուկ ու առանց աստիճանների:

Գոլլումը թույլ չտվեց հոբիթներին երկար հանգստանալ:

— Դեռ մի սանդուղք էլ կա,— ասաց նա: — Շատ ավելի երկար: Այդ մեկն էլ բարձրանանք՝ ու այն ժամանակ կհանգստանաք: Այստեղ դեռ շուտ է:

Սեմը տնքաց:

Երկա՞ր, ասում ես,— հարցրեց նա:

— Այո, այո, երկար: Սակայն ավելի հեշտ: Հոբիթները մագլցեցին ուղիղ սանդուղքով, իսկ հիմա ոլորունն է սկսվում:

— Իսկ հետո՞,— հարցրեց Սեմը:

— Հետո կտեսնենք,— ցածր պատասխանեց Գոլլումը: — Օ այո, կտեսնենք:

— Դու ոնց որ ասում էիր, որ հետո թունել է սկսվում, էդպես չէ՞,— շարունակեց Սեմը: — Մութ-մութ թունե՞լ:

— Այո-այո, թունել,— ասաց Գոլլումը,— բայց սկզբում հոբիթները կհանգստանան: Երբ հոբիթները հասնեն այնտեղ, նրանք կտեսնեն այն հենց իրենց դիմաց: Եթե կարողանան բարձրանալ, իհարկե, դա ամենավերևն է, օ այո:

Ֆրոդոն սարսռաց: Բարձրանալուց նա քրտնել էր, իսկ հիմա սկսեց մրսել. հագուստը կպել էր մարմնին, մութ անցումում խաղում էր անտեսանելի բարձունքներից փչող միջանցուկ քամին: Նա կանգնեց ու թափահարեց իրեն:

— Լավ, գնա՛նք,— ասաց նա: — Իմաստ չունի այստեղ մնալ:

Անցումը, թվում էր, վերջ չունի: Ճամփորդների դեմքին փչող սառը, միջանցուկ քամին շուտով վերածվեց ուժգին քամու: Երևում է, լեռներն իրենց մահացու շնչով ուզում էին կոտրել հոբիթների կամքը, փորձում էին ամեն գնով փակել նրանց ճանապարհը դեպի իրենց գաղտնիքները՝ աշխատելով քշել նրանց հետ ու նետել մութ վիհը: Վերջապես Սեմն ու Ֆրոդոն, աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափելով, հասկացան, որ անցումն ավարտվել է: Որևէ բան տեսնելը գրեթե անհնար էր: Այստեղ ու այնտեղ խավարից դուրս էին լողում անդեմ զանգվածներ ու անորոշ գորշ ստվերներ: Ժամանակ առ ժամանակ ցածր ամպերը լուսավորվում էին բոսորագույն աղոտ հրացոլքով, և մի ակնթարթ երևում էին աջ կողմում ու առջևում քարացած սրածայր ժայռերը՝ ոչ ավել ոչ պակաս երկինքը պահող հսկայական սյուներ: Հոբիթներն ու Գոլլումն արդեն հայրուրավոր ֆուտեր բարձրացել էին և գտնվում էին լայն խորշում: Ձախ կողմում ապառաժ էր, աջ կողմում՝ անդունդ:

Գոլլումը կպավ ժայռին ու շարունակեց առաջ գնալ: Վերելքն ավարտվել էր, բայց քարուքանդ արահետով խավարի մեջ առաջ գնալն առաջվա պես վտանգավոր էր. բացի այդ, արահետը տեղ տեղ խցանված էր թափված քարաբեկորներով: Ստիպված էին գնալ դանդաղ ու չափազանց զգույշ: Թե որքան ժամանակ էր անցել, ինչ նրանք մտել էին Մորգուլյան հովիտ, ոչ Սեմը, ոչ էլ Ֆրոդոն չէին կարողանում գուշակել: Անվերջանալի գիշերը, թվում էր, չի վերջանալու:

Վերջապես առջևում քարե պատ հայտնվեց, և նոր սանդուղք սկսվեց: Կրկին կարճատև դադար, ու կրկին վերելք՝ երկար, հոգնեցուցիչ: Բայց այս անգամ աստիճանները ժայռերի մեջ չէին մխրճվում. լեռան թեքություն այնքան էլ կտրուկ չէր, և սանդուղքը բարձրանում էր լանջի վրայով՝ օձի պես գալարվելով մեկ աջ, մեկ՝ ձախ: Հերթական անգամ, երբ աստիճանները բավական շատ աջ գնացին, ճամփորդները հայտնվեցին անդունդի եզրին, և ներքևում երևաց Մորգուլի կիրճը: Այնտեղ՝ հատակին, լուսատիտիկների երկար թելի պես առկայծում էր ուրվական ճանապարհը, որ մեռյալ քաղաքից տանում էր դեպի Անանուն Լեռնանցք: Ֆրոդոն շտապ շրջեց հայացքը:

Իսկ արահետ-սանդուղքը հա բարձրանում էր, ոլորվում, ձգվում, մինչև որ վերջապես հոբիթներին դուրս բերեց մի նոր մակարդակի վրա, որտեղ արահետը վերջնականապես լքում էր գլխավոր անցումը և նեղ, կողմնային խորշով բարձրանում դեպի Էֆել Դուաթի բարձունքները: Երկու կողմերում աղոտ զանազանվում էին բարձր, քարե սյուներ և ատամնավոր գագաթներ, իսկ դրանց միջև սևին էին տալիս ճեղքվածքներն ու խորխորատները, որտեղ անհաշիվ ձմեռները դարերով կրծել ու փշրել էին երբեք արևի երես չտեսած քարերը: Կարմիր հրացոլքը գնալով պայծառանում էր, բայց անհնար էր հասկանալ՝ լուսաբա՞ց էր արդյոք սկսվում Խավարի Երկրում, թե՞ Գորգորոթի սարսափազդու բարձրավանդակում մոլեգնող հրդեների հրացոլքն էր՝ Սաուրոնի չար գործերի հետևանքը: Նայելով վերև, Ֆրոդոն տեսավ (ճիշտ է, դեռ շատ հեռու) ճանապարհի վերջը՝ ամենաբարձր գագաթը կարմիր երկնքում, որն ակոսված էր երկու սրածայր ժայռերի արանքում գտնվող նեղ կիրճով:

Ֆրոդոն կանգ առավ ու ավելի ուշադիր նայեց: Ձախ ժայռն ավելի բարձր էր ու ավելի նեղ, բայց տարօրինակն այն էր, որ այնտեղ կարմիր կրակ էր առկայծում՝ գուցե բոսոր երկի՞նքն էր երևում ինչ-որ ճեղքից: Բայց ոչ, դա աշտարակ էր, սև աշտարակ՝ կառուցված այնտեղ անցումը հսկելու համար: Ֆրոդոն դիպավ Սեմի ձեռքին ու ցույց տվեց վերև:

— Օհո, բարև ձեզ,— սուլեց Սեմը և նայեց Գոլլումին: — Ստացվում է, որ քո գաղտնի անցումը այնուամենայնիվ հսկու՞մ են: Հապա մի խոստովանիր, դու այդ մասին գիտեի՞ր:

— Այստեղ բոլոր ճանապարհներն էլ հսկվում են,— հանգիստ պատասխանեց Գոլլումը: — Առանց դրա ինչպե՞ս կլիներ: Բայց հոբիթներն ինչ-որ կերպ ուզում են չէ՞ անցնել, նշանակում է, պետք է փորձել: Այստեղ, գուցե, ավելի վատ են հսկում: Գուցե բոլորը գնացել են մեծ պատերազմի: Այո, հնարավոր է և գնացել են, շա՛տ հնարավոր է:

— Գուցե, գուցե... — մռայլ փնչացրեց Սեմը: — Լավ, անցումը դեռ դեռու է: Դեռ պետք է բարձրանալ ու բարձրանալ: Ու հետո նոր թունելը: Լավ կլիներ հանգստանայիք, տեր իմ: Չգիտեմ գիշեր է հիմա, թե ցերեկ, բայց արդեն շատ ժամեր մենք առանց դադարի քարշ ենք գալիս...

— Այո, հանգստանալ պետք է,— համաձայնեց Ֆրոդոն: — Եկեք միայն թաքնվենք քամուց: Հարկավոր է ուժ հավաքել վերջին անգամվա համար:

Ֆրոդոյին իսկապես թվում էր, որ ճանապարհը գրեթե ավարտված է: Լեռան մյուս կողմում սպասվող սարսափները, գործը, որ պետք է ավարտին հասցվեր՝ այդ ամենը դեռ շատ հեռու էր թվում և չէր անհանգստացնում նրան: Նա միայն մտածում էր, թե ինչպես խաբել պահակներին և հաղթահարել անառիկ անցումը: Գլխավորը՝ կատարել այդ անհնարին քայլը, իսկ այնտեղ մի բան կլինի, ինչ-որ կերպ ամեն ինչ կդասավորվի: Համենայն դեպս այդպես էր նրան թվում այդ մութ ժամին Քիրիթ Ունգոլի մոտակայքում, երբ նրանք, վերջնականապես սպառված, քարշ էին գալիս քարե ստվերների մեջ:

Սուր քարերի արանքում փոքրիկ խորշ գտնվեց: Ֆրոդոն ու Սեմը մտան այնտեղ և խորքում տեղավորվեցին: Գոլլումը կծկվեց ելքի մոտ: Հարմար տեղավորվելով՝ հոբիթներն ընթրեցին: Դա, ըստ երևույթին, վերջին ընթրիքն էր Խավարի Երկիր իջնելուց առաջ: Ով գիտի, գուցե և վերջինը կյանքում... Հոբիթները կերան գոնդորական հացը, կոտրեցին էլֆական գալեթից մեկական կտոր և ջուր խմեցին: Բայց ջուրը հարկավոր էր խնայել, և հոբիթները միայն բերանները թրջեցին:

— Չեմ պատկերացնում, որտեղի՞ց պետք է ջուր ճարենք,— անհանգստանում էր Սեմը: — Օրքերը ջուր խմու՞մ են, թե՞ ոնց:

— Խմելը՝ խմում են,— ասաց Ֆրոդոն,— բայց իմաստ չունի այդ մասին նույնիսկ խոսել: Նրանց խմիչքը մեզ համար չէ:

— Ուրեմն, հարկավոր է անպայման ջուր լցնել տափաշշերը,— որոշեց Սեմը: — Առայժմ, սակայն, ոչ մի տեղ քչքչոց կամ կաթոց չեմ լսել: Իմիջայլոց, Ֆարամիրն ասում էր որ Մորգուլյան հովռում կարծես թե ջուրը թունավորված է և խմել չի կարելի:

— Նա ասաց. «Չխմեք Իմլադ Մորգուլից հոսող ջուրը»,— առարկեց Ֆրոդոն,— իսկ մենք արդեն դուրս ենք եկել հովտի գլուխը, ու եթե առվակ հանդիպենք, ապա խնդրեմ:

— Մեկ է, եթե էդպիսի առվակ գտնվեր, ես չէի համարձակվի էնտեղից ջուր խմել,— ասաց Սեմը: — Դե, եթե միայն ծարավից մեռնելուց լինեմ: Դուրս չի գալիս էս տեղերը: — Նա հոտոտեց օդը: — Տարօրինակ հոտ է գալիս, զգու՞մ եք: Ծանր հոտ է ինչ-որ: Էհ, դուրս չի գալիս էստեղ:

— Ինձ այստեղ ոչինչ դուր չի գալիս,— արձագանքեց Ֆրոդոն: — Ո՛չ ժայռերը, ո՛չ հողը, ո՛չ ջուրը, ո՛չ էլ օդը: Այստեղ ամեն ինչ պղծված է, անիծված: Բայց ինչ կարող ես անել, մեր ճամփան այստեղով է գնում:

— Էդ մեկը ճիշտ է,— գլխով արեց Սեմը: — Նախօրոք իմանայինք ուր ենք գնում, հիմա դժվար թե էստեղ նստած լինեինք: Բայց երևի միշտ էլ էդպես է լինում: Վերցնենք բոլոր մեծ գործերը, որոնց մասին խոսվում է հին հեքիաթներում ու ասքերում՝ դե, արկածները, էդպես եմ ես դրանք անվանում: Առաջ մտածում էի որ բոլոր հայտնի հերոսներն իրենք են իրենց գլխին արկածներ բերում, ման են գալիս ու փնտրում՝ չկա՞ արդյոք որևէ տեղ որևէ արկած: Դե նրանք սովորական ժողովուրդ չեն, իսկ կյանքը ձանձրալի է, ահա և ճամփա են ընկնում իրենց գլխին արկածներ փնտրելու՝ հենց էնպես, հաճույքի համար: Բայց հիմա երկար մտածեցի ու հասկացա, որ էն հեքիաթներում, դե, որ ամենալավն են, որ իսկականից մինչև հոգուդ խորքը մտնում են, իրականում էդպես չէ: Էսպես որ նայում ես, հա, իբր հեքիաթային մարդիկ ուղղակի վերցրել ու գնացել են էդ ճամփով, ոնց որ դուք ասացիք. մեր ճամփան էլ էստեղով է գնում: Բայց ես մտածում եմ, որ նրանք շատ անգամ կարող էին հրաժարվել ու թողնել գնալ տուն, ինչպես և մենք, բայց ոչ ոք չի նահանջել: Իսկ եթե ինչ-որ մեկն էլ նահանջել է՝ նրանց մասին մենք ոչինչ չգիտենք, որովհետև հեքիաթները նրանց մասին չեն: Հեքիաթները պատմում են մենակ նրանց մասին, ովքեր չեն նահանջել ու հայտնվել են ոչ էնտեղ, որտեղ կուզենային հայտնվել: Ու պետք է ասեմ, որ ոչ բոլորն են երջանիկ ավարտել: Համենայն դեպս որ էդ հերոսներին հարցնես, էդպես չեն ասի, որ ամեն ինչ լավ է: Թեկուզ հենց ծեր պարոն Բիլբոն. վերադարձավ տուն, սկսեց ապրել իր համար, նայում ես՝ ամեն ինչ լավ է, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ փոխվել է, էլ էն չէ, հասկանու՞մ եք: Բայց, իհարկե, ավելի լավ է հենց էդպիսի լավ ավարտով հեքիաթի մեջ ընկնել, թեև կարող է պատահել, որ դա հեքիաթներից ամենալավը չէ: Իսկ մենք, հետաքրքիր է, ի՞նչ հեքիաթի մեջ ենք ընկել:

— Այո, հետաքրքիր է,— համաձայնեց Ֆրոդոն: — Բայց ես դա չգիտեմ: Իսկական հեքիաթում, երևի, այդպես էլ լինում է: Վերցրու յուրաքանչյուր ասք, որ սիրում ես: Դու, հնարավոր է, գիտես կամ կռահում ես, ինչով այն կվերջանա, բայց հերոսները հո չգիտեն: Եվ դու չես էլ ուզում, որ նրանք իմանան:

— Իհարկե, տեր իմ, չես ուզում: Թեկուզ հենց Բերենը. նա մտքով էլ չէր անցկացնում, որ իրեն վիճակված է հասնել Թանգորոդրիմ ու պոկել Սիլմարիլը Երկաթե Թագի վրայից, բայց՝ արեց: Ու էն էլ ասեմ, որ էնտեղ հազարապատիկ ավելի սարսափելի էր, քան էստեղ: Բայց նրա մասին հեքիաթը երկար-երկար է, էնտեղ և՛ ուրախություն կա, և՛ տխրություն, իսկ վերջում, նայում ես, ոչ մեկը, ոչ մյուսը... Իսկ Սիրմարիլը վերջ ի վերջո Էարենդիլիլը ստացավ: Իսկ հետո... Օհ, տեր իմ, ախր ես էդ մասին ո՛չ մի անգամ չէի մտածել. չէ՞ որ էդ Սիրմարիլի մի մասնիկն էլ մեզ մոտ է, էդ բյուրեղապակե անոթում, որ տիրուհին է ձեզ տվել... Ահա՛ քեզ խնդրեմ, մենք, պարզվում է, էդ նույն հեքիաթում ենք, ու այն շարունակվում է: Փաստորեն էդ բոլոր հեքիաթները երբեք չե՞ն ավարտվում:

— Այո, Սեմ, չեն ավարտվում,— պատասխանեց Ֆրոդոն: — Միայն հերոսներն են փողվում. գալիս են, ավարտում իրենց գործը, գնում, իսկ հեքիաթը շարունակվում է: Մեր պատմությունն էլ վաղ թե ուշ կավարտվի:

— Ու էդ ժամանակ կկարողանանք հանգստանալ ու քնել,— ասաց Սեմն ու մռայլ ծիծաղեց: — Ախր լուրջ եմ ասում, տեր իմ. քնել, հանգստանալ, իսկ հետո վեր կենալ ու գնալ այգում աշխատելու: Ինձ, իրականում հենց էդ է մենակ պետք, իսկ հերոսություն անել՝ էդ թող ուրիշներն անեն, ես ուր, հերոսությունն ուր: Իսկ ընդհանրապես հետաքրքիր է, մենք հեքիաթի կամ երգի մեջ կհայտնվե՞նք: Դե, արդեն ընկել ենք, էդ պարզ է, ուրիշ բան նկատի ունեմ. էն որ երեկոները բուխարում մոտ նստած պատմում են: Գուցե մեր մասին է՞լ պատմեն, կամ շատ-շատ տարիներ հետո մեծ, հաստ, կարմիր ու սև տառերով գրքից կարդա՞ն: Հայրը կասի. «Իսկ հիմա եկեք լսենք Պահապան Ֆրոդոյի ու Մատանու պատմությունը» Եվ երեխաները կուրախանան. «Օ՜հ, այո, դա մեր ամենասիրած պատմություններից մեկն է: Իսկ Ֆրոդոն շատ քաջ էր, չէ՞, հայրիկ»: — «Այո, տղաս, Ֆրոդոն Հոբիթստանի պատմության մեջ ամենահաճանաչված հոբիթն է եղել, իսկ դա հանա՛ք բան չէ»:

— Հաստա՛տ հանաք բան չէ,— ամբողջ սրտով ուրախ ու զրնգուն ծիծաղեց Ֆրոդոն: Շա՜տ-շատ վաղուցվանից այդպիսի զրնգուն ծիծաղ չէր լսվել այս կողմերում, համենայն դեպս Մինչև Միջերկրում Սաուրոնի հայտնվելը: Սեմին հանկարծ թվաց, որ քարերն ուշադիր լսում են, իսկ ժայռերը շարժվում ու կռանում են իրենց վրա: Բայց Ֆրոդոն ոչինչ չէր նկատում և շարունակում էր ծիծաղել:

— Ախ, Սեմ,— արցունքները մաքրելով ասաց նա,— լսում եմ քեզ ու այնպես եմ ուրախանում, ասես մեր մասին արդեն գրել են գրքում: Բայց դու մոռացար մյուս գլխավոր հերոսի՝ Սեմուայս Անկոտրումի մասին: «Հայրիկ, ես Սեմի մասին էլ եմ ուզում լսել: Ինչու՞ նրա մասին չես պատմում, ես սիրում եմ նրա զրույցները, դրանք այնքան ծիծաղելի են... Ֆրոդոն առանց Սեմի հեռու չէր գնա, չէ՞, հայրիկ»:

— Էհ, տեր իմ,— նեղացավ Սեմը,— ես լուրջ եմ բան եմ ասում, իսկ դուք վրաս ծիծաղում եք:

— Ես էլ եմ լուրջ ասում,— առարկեց Ֆրոդոն,— ավելի լուրջ չի լինում: Միայն թե մեր հեքիաթը դեռ չի վերջացել, Սեմ, մենք հասել ենք ամենամռայլ գլխին: Ամենայն հավանականությամբ կգտնվեն այնպիսինները, որ կասեն. «Հայրիկ, գիրքը փակիր, էլ մի կարդա, շարունակությունը չենք ուզում լսել»:

— Հնարավոր է,— ասաց Սեմը,— բայց ես նրանց փոխարեն էդպես չէի ասի: Երբ ամեն ինչ արդեն գրված է, ու հեքիաթը պատրաստ է, էնտեղ թեկուզ Գոլլումին ավելացրու, ինչ-որ մեկին նա էլ լավը կթվա: Ախր նա մեր կողքին է անընդհատ, ոչ թե նրանց... Չէ՞ որ նա էլ է սիրել մի ժամանակ հեքիաթներ լսել՝ եթե իրեն հավատանք: Հետաքրքիր է, նա իրեն հերո՞ս է համարում, թե՞ չարագործ: Հե՛յ, Գոլլում,— կանչեց նա,— ուզու՞մ ես հերոս լինել... Էս ու՞ր նորից կորավ:

Ո՛չ ելքի մոտ, ո՛չ էլ մոտակայքում Գոլլումը չէր երևում: Ուտելուն նա չմասնակցեց, միայն, ինչպես միշտ, մի քիչ ջուր խմեց ու կծկվեց, որ քնի: Առաջ երբ կորչում էր, հոբիթները չէին անհանգստանում, մտածում էին որ գնում է որս անելու: Եվ ահա նորից է կորել, բայց հիմա՞ ուր է գնացել:

— Ինձ դուր չի գալիս, որ նա էսպես, առանց մի խոսք ասելու կորչում է,— մռայլվեց Սեմը: — Արի ու հասկացիր, թե ինչ կա մտքին: Մանավանդ հիմա, ախր էստեղ ուտելու բան չկա, ի՞նչ պետք է նա գտնի: Համեղ քա՞ր: Էստեղ նույնիսկ մամուռ չի աճում:

— Հանգիստ թող նրան,— ասաց Ֆրոդոն: — Քեզ համար ի՞նչ տարբերություն: Առանց նրա մենք այսքան հեռու չէինք գնա ու անցումն էլ երբեք չէինք գտնի: Ինչպես որ կա, Էնպես էլ ընդունիր՝ եթե նույնիսկ երկակի խաղ է խաղում, ոչինչ չենք կարող անել:

— Ճիշտ եք ասում, բայց ես ավելի հանգիստ եմ, երբ նա աչքիս առաջ է,— չէր հանգստանում Սեմը: — Մանավանդ, եթե երկակի խաղ է խաղում: Հիշու՞մ եք, ոնց նա հրաժարվեց պատասխանել, հսկու՞մ են անցումը, թե՞ ոչ: Եվ ահա խնդրեմ, հրեն աշտարակը: Հնարավոր է դատարկ է, հնարավոր է և ոչ: Գուցե նա նրանց մո՞տ է գնացել. դե նրանց, ովքեր աշտարակում նստած են, օրքերի, կամ չգիտեմ էլ ում...

— Չէ, չեմ կարծում,— ասաց Ֆրոդոն,— եթե նույնիսկ մտքին վատ բան կա՝ և երևում է, այդպես էլ կա, դու, միևնույնն է, սխալվում ես: Ո՛չ օրքերին, ո՛չ էլ Սաուրոնի մյուս սպասավորներին նա չի բերի: Այլապես ինչու՞ պետք է նա այսքան երկար սպասեր, բերեր հասցներ այստեղ, մանավանդ որ այդքան վախենում է այս երկրից: Հարյուր անգամ կարող էր մեզ մատնել մեր հանդիպելու պահից սկսած... Ոչ, եթե ինչ-որ բան էլ մտածել է, ապա հույսը դրել է իր վրա ու կանի իր ձևով՝ սուսիկ փուսիկ:

— Դե լավ, երևի դուք ճիշտ եք, տեր իմ,— ասաց Սեմը: — Բայց եթե էդպես է, դրա մեջ ուրախանալու բան չկա: Նա ինձ, չեմ կասկածում, փտած փորոտիքի համար էլ կմատնի օրքերին: Բայց ես ախր մոռացել եմ. Բա Սքանչելի՛ն: Չէ, հենց սկզբից էլ նրա ճակատին գրված էր. «Տվեք Սքանչելին խեղճ Սմեագորլին»: Ու եթե մտքում մի բան կա, ապա հաստատ էդ ուղղությամբ: Բայց ինչու՞ նա մեզ էստեղ բերեց: Չէ, ավելի պարզ հարց տվեք, Էդ մեկը չգիտեմ:

— Դե նա, երևի, ինքն էլ չգիտի ինչու,— ասաց Ֆրոդոն: — Գլխում այնպիսի խառնաշփոթ է, որ դժվար թե այնտեղ ինչ-որ հստակ պլան հասունանա: Կարծում եմ, նրա գլուխը հիմնականում զբաղված է իր Սքանչելին Թշնամուց փրկելու մտքերով, պահպանում է այն, քանի դեռ կարողանում է: Եթե Թշնամին ստանա Մատանին, Գոլլումի համար ամեն ինչ կվերջանա: Մյուս կողմից էլ ժամանակ է ձգում ու սպասում հարմար պահի:

— Դե ես էդպես էլ ասում էի՝ Լպրծունն ու Գարշելին,— գլխով արեց Սեմը: — Ինչքան մոտենում ենք թշնամական հողերին, էնքան Գարշելին ավելի է գլուխ բարձրացնում: Հիշեք իմ խոսքը. հենց որ հասնենք անցումին, նա իր Սքանչելին էդտեղից էն կողմ էդպես հանգիստ բաց չի թողնի, անպայման ինչ-որ մի բան կհնարի:

— Անցումին դեռ պետք է հասնել,— նկատեց Ֆրոդոն:

— Ճիշտ է չենք հասել, ու հենց դրա համար հիմա պետք է ավելի ուշադիր լինել: Հենց քնեցինք, Գարշելին հո էստեղ է ու էստեղ: Դե ես էդ իմ մասին եմ ասում, իսկ դուք, տեր իմ, կարող եք հանգիստ քնել, կուրախացնեք ինձ: Ես ձեզ կհսկեմ: Մենակ մոտ նստեք ու մի անհանգստացեք, հիմա ես ձեզ կգրկեմ՝ ու հապա թող մեկը առանձ ձեր հավատարիմ Սեմի իմացության համարձակվի ձեզ դիպչե՛լ:

— Քնել,— ասաց Ֆրոդոն ու հառաչեց, նման մի ճամփորդի, ով անապատում զովաշունչ կանաչ միրաժ է տեսնում: — Այո, թերևս, հաճույքով կքնեմ... Նույնիսկ այստեղ:

— Քնեք, տեր իմ, դրեք ձեր գլուխն իմ ծնկներին ու քնեք:

Այդպես էլ գտավ նրանց Գոլլումը, երբ մի քանի ժամ հետո վերադարձավ. նա դուրս սողաց առջևում խտացած խավարից ու սողեսող մոտեցավ քնածներն: Սեմը նստած էր, հենված ժայռին ու ծանր շնչում էր քնի մեջ, իսկ խորը քնած Ֆրոդոն պառկած էր գլուխը նրա ծնկներին դրած: Սեմի թուխ ձեռքը ծածկում էր Ֆրոդոյի գունատ ճակատը, մյուս ձեռքը նա դրել էր տիրոջ կրծքին: Երկուսի դեմքերն էլ խաղաղ էին ու անվրդով:

Գոլլումը նայեց նրանց, և հանկարծ նրա նիհար, սոված դեմքին տարօրինակ արտահայտություն հայտնվեց: Աչքերի գիշատիչ կրակը հանգավ. դրանք խամրեցին գունաթափվեցին և դարձան ծեր ու հոգնած: Հանկարծ նա ցնցվեց, ասես ցավից, ապա շրջվեց, նայեց անցումի կողմը և գլուխն օրորեց. թվում էր, նրա մտքում ինչ-որ ներքին վեճ է ընթանում: Հետո մոտեցավ ու դողացող ձեռքով նրբորեն դիպավ Ֆրոդոյի ծնկին՝ ավելի շուտ ոչ թե դիպավ այլ շոյեց: Եթե քնածներն այդ պահին նրան տեսնեին, կմտածեին, որ իրենց առջև զառամյալ, հյուծված, տարիքն անցած մի անծանոթ հոբիթ է, ով վաղուց կորցրել է իր հարազատներին ու ընկերներին, ընդմիշտ բաժանվել իր մանկության տարիների թարմ մարգագետիններից ու զրնգուն առվակներից և վերածվել սովահար, խղճալի ու թշվառ մի ծերունու...

Գոլլումի հպումներից Ֆրոդոն շարժվեց ու կամացուկ ճչաց քնի մեջ: Սեմը նույն վայրկյանին արթնացավ, տեսավ Գոլլումին ու մի բան հասկացավ՝ որ վերջինս «ձեռք է տալիս» տիրոջը:

— Հե՛յ, դու,— խստորեն ասաց նա,— էդ ի՞նչ ես անում:

— Ոչինչ, ոչինչ,— ցածր արձագնաքեց Գոլլումը: — Տերը բարի է:

— Բարին՝ բարի է, առանց քեզ էլ գիտեմ,— ասաց Սեմը: — Դու ավելի լավ է ասա տեսնեմ որտե՞ղ էիր քարշ գալիս, ի՞նչ նենգ պլան էիր մշակում, ստոր, ծե՛ր չարագործ:

Գոլլումն ընկրկեց. ծանր կոպերի տակ բռնկվեցին կանաչ կրակները: Այժմ նա արդեն սարդ էր հիշեցնում, ոչ թե ծեր հոբիթ՝ չորեքթաթ, ոտքերը չռած, գլուխը ներս քաշած, իսկ աչքերը գրեթե դուրս էին եկել ակնախնձորներից: Կարճատև ակնթնարթն անցավ, անվերադարձ հեռացավ:

— Նենգ, ստոր,— Ֆշշացրեց նա,— հոբիթներն այնքան քաղաքավարի են միշտ, այո-սսս: Լա՛վ հոբիթսներ: Սմեագորլը տանում է նրան գաղտնի արահետներով, որոնց մասին ոչ ոք, բացի նրանից, չգիտի: Նա հոգնած է, ծարավ, այո, ծարավ, բայց գնում է, փնտրում, ճամփան գտնում, իսկ հոբիթսները նրան նենգ ու ստոր են անվանում: Շատ լավ ընկերներ ունի նա, այո, իմ սքանչելի, շատ լավ:

Սեմը փոքր ինչ զղջաց ասածների համար, բայց նրա ասածներին չհավատաց:

— Դե լավ,— ասաց նա,— ներող եղիր: Ուղղակի դու ինձ արթնացրիր, հասկանու՞մ ես: Իսկ ես չպետք է քնեի, դրա համար էլ տաքացա մի քիչ: Պարոն Ֆրոդոն շատ է հոգնել: Համոզեցի նրան, որ քնի, ասացի, որ կհսկեմ, բայց տես թե ինչ ստացվեց: Ներիր: Իսկ դու ու՞ր էիր կորել:

— Քարշ էի գալիս ու ստոր պլան մշակում,— պատասխանեց Գոլլումը: Աչքերի կանաչ կրակը չմարեց:

— Դե, ինչպես կուզես,— ասաց Սեմը,— քո գործն է: Համենայն դեպս էնքան էլ հեռու չեմ ճշմարտությունից: Լավ, ժամանակն է երեքով գնանք քարշ գալու: Ժամը քանի՞սն է: Օրը փոխվե՞լ է, թե՞ դեռ ոչ:

— Փոխվել է,— նետեց Գոլլումը: — Երբ հոբիթները քնում էին, արդեն փոխվել էր: Այստեղ չի կարելի քնել, շատ վտանգավոր է, բայց հիմար հոբիթները քնել էին: Իսկ խեղճ Սմեագորլը հսկում էր նրանց ու ստոր պլան մշակում:

— Ի՞նչ ես կպել էդ բառից, հերի՛ք է, բեր մոռանանք,— բարկացավ Սեմը: — Ավելի լավ է ես տիրոջն արթնացնեմ:

Նա քնքշորեն հետ գցեց Ֆրոդոյի ճակատին ընկած մազերը և, կռանալով, կամացուկ ասաց.

— Արթնացեք, տեր իմ, ժամանակն է:

Ֆրոդոն շարժվեց, բացեց աչքերը և, տեսնելով իր վրա կռացած Սեմի դեմքը, ժպտաց:

— Շուտ չե՞ս արթնացնում, Սեմ,— հարցրեց նա: — Դեռ մութ է ախր:

— Էստեղ միշտ էլ մութ է, տեր իմ,— ասաց Սեմը: — Գոլլումն է վերադարձել, ասում է արդեն օրը փոխվել է, գնալու ժամանակն է: Վերջին անգամն է:

Ֆրոդոն խորը շունչ քաշեց ու նստեց:

— Վերջին անգա՞մն է, ասում ես: Դե լավ: Բարև, Սմեագորլ: Ուտելու բան գտա՞ր քեզ համար: Հանգստացա՞ր:

— Սմեագորլը ժամանակ չունի ուտելիք փնտրելու, հանգստանալու,— պատասխանեց Գոլլումը: — Նա քարշ է գալիս ու ստորություն անում:

— Ինչու՞ ես ինքդ քեզ վիրավորում, Սմեագորլ,— զարմացավ Ֆրոդոն: — Եթե նույնիսկ արժանի ես, միևնույնն է, խելամիտ չէ:

— Սմեագորլն ինքն իրեն չի վիրավորում,— պատասխանեց Գոլլումը: — Այդ բարի պարոն Սեմն է նրան վիրավորում, նա խելացի հոբիթ է, ամեն ինչ գիտի:

Ֆրոդոն նայեց Սեմին:

— Այո, տեր իմ, եղել է նման բան,— խոստովանեց Սեմը: — Ճիշտն ասած լեզվիցս թռավ, բայց հասկանում եք, արթնանում եմ՝ իսկ նա ձեզ ձեռք է տալիս: Արդեն ներողություն եմ խնդրել, բայց, երևում է, իզուր:

— Ժամանակ եք գտել վիճելու,— հանդիմանեց Ֆրոդոն: — Եկեք հաշտվենք ու մոռանանք այդ մասին: Ահա թե ինչ, Սմեագորլ. կարծես թե ժամանակը եկել է, դու քո խոստումը կատարեցիր: Շարունակությունն ինքներս էլ կգնանք, ճի՞շտ է: Ուր գնալ, հասկանալի է, անցումն արդեն երևում է, և եթե ուրիշ ինչ-որ արտառոց բան չկա, նշանակում է, դու քո գործն արել ես: Կարող ես վերադառնալ և գնալ այնտեղ, որտեղ կարելի է ուտել ու հանգստանալ, որտեղ թշնամու սպասավորները քեզ չեն բռնի: Օրը կգա, և ես քեզ վարձահատույց կլինեմ՝ ես կամ մեկ ուրիշը, ով ինձ հիշում է:

— Ոչ, ոչ, ոչ, դեռ ոչ,— վախեցած ճչաց Գոլլումը: — Հոբիթները չեն կարող ճանապարհը գտնել, ոչ: Առջևում թունելն է, Սմեագորլը պետք է գնա նրանց հետ: Ոչ ուտել, ոչ քնել նրան դեռ չի կարելի, ոչ, դեռ ոչ:

Գլուխ իներորդ. Շելոբի որջը

Գուցե իսկապես ցերեկ էր, ինչպես հավատացնում էր Գոլլումը, բայց հոբիթների համար այն գրեթե չէր ոչնչով տարբերվում գիշերից. երևի միայն ծանր երկինքը գլխավերևում արդեն այնքան էլ անթափանց սև չէր թվում: Այժմ այն ավելի շատ ծխից հյուսված ցածր տանիք էր հիշեցնում: Համատարած խավարի փոխարեն, որ դեռ պահպանվում էր ճեղքերում ու ձորերում, Մութ Երկիրը պարուրված էր մոխրագույն, մառախլապատ մթնշաղով: Հոբիթները ձեռք ձեռքի տված քայլում էին Գոլլումի հետևից նեղ, երկար իջվածքի հատակով, որի երկու կողմերում ցցված էին կոպիտ արձաններ հիշեցնող վիթխարի քարաբեկորներ ու սյուներ: Շուրջը խոր լռություն էր տիրում: Առջևում, մոտ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր հսկայական ժայռի մոխրագույն կտրվածքը՝ ուղղաձիգ ու բարձր: Այն աստիճանաբար մոտենում էր, մեծանում, մինչև որ վերջապես սև պատի պես ծածկեց ամբողջ աշխարհը: Ժայռի ստորոտը թաղված էր խիտ ստվերի մեջ: Սեմը հոտոտեց օդը և կնճռոտեց դեմքը:

— Թու՛, հո հոտ չէ,— փնթփնթաց նա,— ուղղակի սպանում է:

Ճամփորդները շարունակեցին առաջ գնալ, և շուտով ժայռի ստվերը ծածկեց նրանց: Քիչ անց պատի մեջտեղում ուրվագծվեց թունելի սև բերանը:

— Ահա այն, թունելի մուտքը,— ցածր ասաց Գոլլումը: — Այստեղից սկսվում է անցումը:

Նա չասաց, թե ինչպես էր կոչվում այդ անցումը: Իսկ կոչվում էր այն Թորեք Ունգոլ, կամ Շելոբի որջը: Նողկալի հոտը փչում էր հենց այնտեղից: Բայց դա նման չէր այն թեթև նեխահոտին, որ արձակում էին Մորգուլի մարգագետինները, ոչ, դա խիտ, ուժեղ գարշահոտ էր, ասես ներսում մի այնպիսի հրեշավոր գարշանքի կույտ էր նեխում, որը նույնիսկ անուն չունի:

— Այլ կերպ հնարավոր չէ՞ անցնել, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն:

— Ոչ-ոչ,— արձագանքեց Գոլլումը,— միայն այստեղով:

— Ուզում ես ասել, որ դու եղե՞լ ես էս անցքի մեջ,— հարցրեց Սեմը: — Թու՛: Դե հա, քեզ համար գարշահոտությունն ի՜նչ խոչնդոտ է որ...

Գոլլումի աչքերը չարագուշակ փայլատակեցին:

— Նա չգիտի, թե ինչն է մեզ համար խոչնդոտ, ճի՞շտ է, իմ սքանչելի: Ոչ, իհարկե չգիտի: Ուղղակի Սմեագորլը համբերատար է, այո-սսս: Այո, նա եղել է այստեղ, անցել է դրա միջով մի կողմից մյուսը, այո: Այլ ճանապարհ չկա:

— Իսկ ի՞նչն է էնտեղ էսպիսի նողկալի հոտ արձակում,— հարցրեց Սեմը: — Ասես... Ոչ, ավելի լավ է ոչինչ չասեմ: Հավանաբար օրքերի ինչ-որ աղբանոց է, որտեղ նրանք մի հարյուր տարի չեմ ասի թե ինչ աղբ են կուտակել:

— Օրքերի է, թե ոչ, ոչինչ չենք կարող անել,— ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն մեզ այստեղ է պետք:

Հոբիթները խորը շունչ քաշեցին և մտան ներս: Մի քանի քայլ հետո նրանց կլանեց զարհուրելի անթափանց խավարը: Մորիայից հետո հոբիթներն այդպիսի մթության մեջ չէին հայտնվել, թեև այստեղ, եթե միայն դա հնարավոր է, խավարն ավելի սև խիտ էր թվում: Մորիայում գոնե միջանցուկ քամիներ կային, քայլերն արձագանքում էին ու տարածության զգացում ստեղծում, իսկ այստեղ ոչինչ չկար, բացի ծանր գարշահոտությամբ հագեցած խավարից, որում խլանում էր ցանկացած ձայն: Նրանք դանդաղ գնում էին սև, խիտ մշուշի միջով, որն ասես առաջանում էր հենց խավարից, և երբ հոբիթները փորձում էին շունչ քաշել, այդ գարշահոտ մշուշը ոչ միայն նրանց աչքերն էր կուրացնում, այլև հոգին. այն ջնջում էր գույների, ձևերի և լույսի մասին բոլոր հիշողությունները: Միայն հավերժական գիշեր, որը միշտ եղել է ու կլինի, և չկա ուրիշ ոչինչ, բացի գիշերից:

Բոլոր զգայարաններից մնացել էր միայն շոշափելիքը, և շուտով նրանց ձեռքերի մատներն ու ոտնաթաթերը ցավագին զգայնություն ձեռք բերեցին: Ի զարմանս հոբիթների, պարզվեց, որ պատերը ողորկ են ու հարթ: Հատակը, բացառությամբ հազվադեպ հանդիպող կարճ աստիճանների, նույնպես հարթ էր և հաստատուն թեքությամբ բարձրանում էր: Դա բավական լայն, բարձր կամարներով թունել էր: Սեմն ու Ֆրոդոն գնում էին կողք կողքի, ձեռքները լայն պարզած՝ աշխատելով դիպչել թունելի պատերին, բայց շուտով կորցրին իրար և միմյանց դիպչել այլևս չէին կարողանում:

Գոլլումն առաջինն էր մտել թունել, և թվում էր, թե ամբողջ ժամանակ գնում է մի քանի քայլ առջևից: Սկզբում հոբիթները լսում էին նրա սուլող շնչառությունն ու հևոցը, բայց որոշ ժամանակ անց նրանց բոլոր զգայարանները բթացան՝ նույնիսկ շոշափելիքն ու լսողությունը: Անհավանական ջանքեր գործադրելով, հոբիթներն առաջ էին գնում՝ գործի դնելով իրենց ողջ կամքը. այն նույն կամքը, որը նրանց բերեց թունել և որն էլ առաջ էր մղում նրանց, որպեսզի դուրս բերի այնտեղից:

Երևի շուտով՝ երևի, որովհետև ժամանակն ու հեռավորությունը դադարել էին գոյություն ունենալ՝ Սեմն աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափեց և հասկացավ, որ կողմնային միջանցք է սկսվում: Այնտեղի օդն այնքան էլ ծանր չէր, և մի պահ նույնիսկ թվաց, թե թեթև քամի է փչում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին առաջ գնալ:

— Էստեղ էլի անցումներ կան,— մեծ դժվարությամբ շշնջաց Սեմը: — Ահա թե որտեղ են օրքերն ապրում ուրախանում:

Շուտով ևս երեք կամ չորս կողմնային միջանցքներ հանդիպեցին՝ սկզբում աջ կողմում, հետո՝ ձախ, որտեղով գնում էր Ֆրոդոն: Դրանք ավելի լայն էին, բայց հոբիթները շարունակում էին գնալ ուղիղ՝ գլխավոր անցումը ոչ մի կողմ չէր թեքվում և անընդհատ բարձրանում էր: Բայց ինչու՞ այն ոչ մի կերպ չի ավարտվում, դեռ որքա՞ն պետք է դիմանալ, կբավականացնի՞ արդյոք նրանց կամքը մինչև վերջ: Որքան բարձրանում էին, այնքան շնչելը դժվարանում էր, և հոբիթներին երբեմն թվում էր, թե օդը դարձել է թանձր, շոշափելի ժելե: Նրանց գլուխները ժամանակ առ ժամանակ դիպչում էին առաստաղից կախված ինչ-որ շոշափուկների, կամ գուցե բույսերի, իսկ գարշահոտությունը գնալով ուժեղանում էր: Հոբիթներին թվում էր, թե բոլոր զգայարաններից մնացել է միայն հոտառությունը՝ և միայն այն պատճառով, որ իրենք տառապեն: Մեկ ժամ, երկու ժամ, երեք՝ որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք գտնվում են այս անցքում: Մի քանի օ՞ր: Իսկ գուցե շաբա՞թ: Սեմը հեռացավ պատից, գտավ Ֆրոդոյի ձեռքը, և նրանք ձեռք-ձեռքի տված շարունակեցին գնալ:

Հանկարծ Ֆրոդոն (նա դեռ բռնած էր ձախ պատից) դատարկություն շոշափեց և քիչ էր մնում ընկներ. հերթական կողմնային միջանցքը մինչ այդ հանդիպածներից ամենալայնն էր: Այնտեղից այնպիսի գարշահոտություն էր փչում և այնքան մեծ էր զգացումը, որ այնտեղ ինչ-որ հրեշավոր չարություն կա թաքնված, որ Ֆրոդոն քիչ մնաց կորցներ գիտակցությունը: Սեմը նույնպես չդիմացավ, սայթաքեց և ձեռքերն առաջ պարզած ընկավ: Հաղթահարելով սրտխառնոցն ու վախը, Ֆրոդոն ճանկեց Սեմի ձեռքը:

— Վե՛ր կաց,— հազիվ լսելի ու խռպոտ շշնջաց նա,— և՛ գարշահոտության, և՛ վտանգի աղբյուրն այստեղ է թաքնված: Առա՛ջ, արա՛գ:

Հավաքելով ուժերի վերջին մնացորդները, նա թափահարեց Սեմին, ոտքի կանգնեցրեց նրան ու առաջ նետվեց: Սեմը սայթաքելով քայլում էր նրա կողքից. մեկ քայլ, երկու քայլ, երեք, վեց... Ըստ երևույթին սարսափելի անցումը մնաց հետևում, որովհետև հանկարծ քայլելը հեշտացավ՝ ասես անտեսանելի թշնամական կամքը մի ակնթարթ բաց թողեց նրանց: Դեռևս իրար ձեռք բռնած, հոբիթները շարունակեցին գնալ, բայց դեռ չէին հսացրել տասը քայլ անել, երբ հանդիպեցին նոր դժվարության: Թունելը դարձյալ ճյուղավորվում էր, և մթության մեջ հնարավոր չէր որոշել, թե որն է ավելի լայն, որն է թեքվում, ու որն է գնում ուղիղ: Ու՞ր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ: Երկուսն էլ հասկանում էին, որ սխալ ընտրությունը նշանակում է մահ:

— Ու՞ր կորավ Գոլլումը,— շնչակտուր շշնջաց Սեմը,— ինչու՞ նա մեզ չսպասեց:

— Սմեագո՛րլ,— փորձեց կանչել Ֆրոդոն,— Սմեագո՛րլ: — Բայց նրա ձայնն ընդհատվեց և արտասանած անունը քարացավ շուրթերին: Պատասխան չկար՝ օդն անշարժ էր ու անարձագանք:

— Իմ կարծիքով էս անգամ վերջնականապես ծլկեց,— փնչացրեց Սեմը: — Տեղ հասցրեց, շնորհակալությու՛ն. ա՛յ թե ուր էր նա մեզ բերում, պարզվում է: Դեհ, Գոլլում, ձեռքս ընկար՝ գլու՛խդ պոկելու եմ:

Վերջապես նրանք շոշափելով հայտնաբերեցին, որ դեպի ձախ ճանապարհ չկա. այն կամ զմռսված էր քարերով, կամ ավարտվում էր փակուղով:

— Ձախ հնարավոր չէ գնալ,— ասաց Ֆրոդոն: — Նշանակում է, ինչ էլ որ մեզ այնտեղ սպասելիս լինի, ստիպված ենք գնանք աջ անցումով:

— Մենակ թե արագ,— բղավեց Սեմը,— էստեղ ինչ-որ մեկը կա, Գոլլումից շատ ավելի սարսափելի ինչ-որ մեկը: Ես թիկունքով զգում եմ նրա հայացքը:

Հազիվ էին մի քանի քայլ առաջ գնացել, երբ հետևում ինչ-որ քլթքլթոց լսվեց, հանկարծակի ու սարսափելի՝ հատկապես ստորգետնյա ծանր լռության մեջ, որն ավարտվեց երկար ու թունավոր սուլոցով: Հոբիթները սարսափահար շրջվեցին, բայց ոչինչ չտեսան: Նրանք քարացան անհայտ սպառնալիքի սպասումով:

— Ծուղա՛կ է,— շշնջաց Սեմը՝ ձեռքը դնելով սրի կոթին: Նա հիշեց Մառախլապատ Գերեզմանոցը, որտեղ ձեռք էր բերել այդ թուրը. այնտեղ նույնպես մութ էր:

«Էհ, ա՛յ թե ծերուկ Թոմն էստեղ լիներ»,— մտածեց նա:

Բայց Թոմը հեռու էր, իսկ խավարը շրջապատում էր նրան բոլոր կողմերից: Զայրույթի ու մութ հուսահատության ճիրանները սեղմեցին նրա սիրտը: Հանկարծ նրան թվաց, որ ինքը լույս է տեսնում: Բայց դա իրական լույս չէր, այլ ներքին լույս, որը ճառագում էր հոբիթի ներսում: Լույսն անասելի պայծառ էր՝ ինչպես արևի լույսը բանտարկյալի աչքերի համար, որը երկար ժամանակ նստած է եղել ստորգետնյա զնդանում: Այն հանկարծ գունավորվեց, դարձավ կանաչ, ոսկեգույն, արծաթագույն, ապա կուրացրեց շլացուցիչ ճերմակությամբ... Ինչ-որ տեղ հեռվում, ասես էլֆական նկարի մեջ, Սեմը տեսավ տիրուհի Գալադրիելին՝ կանգնած լորիենյան խոտի վրա նվերները ձեռքին: «Իսկ քեզ, Մատանու Պահապան,— լսեց նա հեռավոր, բայց հստակ ձայնը,— վերջում եմ ընծա տալիս»:

Քլթքլթացող սուլոցը գնալով ավելի մոտիկից էր լսվում, ասես անշտապ, բայց անշեղորեն, սաստիկ գարշահոտություն տարածելով, հոբիթներին էր մոտենում ինչ-որ ահռելի հատվածոտանի արարած:

— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— կրկին խոսալու ունակություն ձեռք բերելով ճչաց Սեմը,— տիրուհու նվե՛րը: Ապակե աստղի՛կը: Հիշու՞մ եք. «Որքան սև է խավարը, այնքան ավելի պայծառ է այն լուսավորում»: Ապակե աստղի՛կը:

— Աստղի՞կը,— մրթմրթաց Ֆրոդոն ասես քնի մեջ՝ առանց հասկանալու: — Ախ այո՛, աստղիկը: Ինչպես կարող էի մոռանալ դրա մասին: «Երբ մնացած բոլոր լույսերը մարեն, այն խավարի մեջ քեզ ճանապարհ ցույց կտա»: Իսկապես, միակ փրկությունը դրա մեջ է: Ահա այն՝ խավարը, և թո՛ղ որ վառվի լու՛յսը:

Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը դանդաղ դուրս քաշեց ծոցագրպանից Գալադրիելի անոթը: Սկզբում այն հազիվ էր առկայծում, ինչպես նոր ծագող աստղը մշուշոտ երկնքում, բայց հետո պայծառ լուսավորվեց և վերջապես բոցավառվեց պայծառ, արծաթավուն կրակով: Եվ վառվե՛ց անմար լույսը, ասես Էարենդիլն ինքն էր վերջին Սիրմարիլը ճակատին մայրամուտի արահետներով երկնքից իջել թունել: Խավարը նահանջեց դեպի թունելի պատերը, և այժմ անոթը, թվում էր, շողշողում է բյուրեղապակյա գնդի մեջտեղում ու Ֆրոդոյի ձեռքի վրա ճերմակ կայծերի խուրձ սփռում:

Ֆրոդոն ապշած նայում էր զարմանահրաշ նվերին, որը երկար ժամանակ կրել էր կրծքի տակ՝ չիմանալով դրա իսկական արժեքը: Նա գրեթե մոռացել էր այդ նվերի մասին և հիշեց միայն մորգուլյան հովտում, բայց չօգտագործեց՝ վախենալով, որ այն ազդանշան կլինի թշնամիների համար:

Այա Էարենդիլ Էլենիոն Անկալի՛մա,— բացականչեց նա՝ ինքն էլ չիմանալով, թե ինչ են նշանակում և այդ բառերը և որտեղից հայտնվեցին իր շուրթերին, քանզի թվում էր, որ այդ բառերն արտասանում է մեկ այլ ձայն՝ զրնգուն ու հստակ, որը չի խլանում թունելի խավարում:

Բայց կան նաև այլ ուժեր` թաքնված Միջերկրի մթին խորքերում, գիշերային ուժեր, չարագույժ, հինավուրց ու հզոր: Այդ խավարածին հրեշը, որ մոտենում էր հոբիթներին, անհիշելի ժամանակներում արդեն լսել էր այդ կանչը հենց էլֆերից, լսել էր ու չէր վախեցել: Ի՞նչը կարող էր կանգնեցնել նրան հիմա: Եվ Ֆրոդոն զգաց խավարի մեջ տարածվող նրա կատարյալ, մահացու չարությունը, մարմնով զգաց նրա զննող, անողոք հայացքը: Ոչ հեռու, կողմնային անցումի մոտ, որտեղ նրանք քիչ էր մնում կորցնեին գիտակցությունը, մթության մեջ աչքեր հայտնվեցին՝ ավելի ճիշտ մանր աչքերի երկու կուտակում, յուրաքանչյուրը կազմված մի քանի բիբերից: Սպառնալիքը տեսանելի կերպարանք ձեռք բերեց: Ապակե աստղիկի լույսն արտացոլվեց հրեշի աչքերում՝ փշրվելով հազարավոր լուսաբեկորների, իսկ այդ հազարավոր չարագուշակ բիբերի խորքերում վառվեց սեփական, մահացու գունատ կրակը: Հրեշավոր ու նողկալի էին այդ կենդանու աչքերը, որոնք ցուղակն ընկած որսի տեսքից լցվել էին չար ու գիշատիչ հրճվանքով:

Ֆրոդոն ու Սեմը, սառը սարսափով համակված, սարսռալով հետ նահանջեցին՝ հայացքները չկտրելով այդ անթարթ, մահաբեր աչքերից, որոնք դանդաղ մոտենում էին: Ֆրոդոյի ձեռքը դողաց, և նա դանդաղ իջեցրեց անոթը: Եվ հանկարծ հանգստություն տիրեց հոբիթներին, ասես քարացնող սարսափը մի պահ մարեց: Հոբիթները շրջվեցին ու խուճապահար սկսեցին վազել, բայց աչքերն ուղղակի որոշել էին զվարճանալ զոհերի հոգեվարքի թփրտոցով՝ վազելու ընթացքում հետ նայելով Ֆրոդոն սարսափահար տեսավ, որ դրանք մեծ ցատկերով արագորեն մոտենում են: Եվ նա զգաց, թե ինչպես է իրեն հետզհետե պարուրում մահվան անտանելի հոտը:

— Կանգնի՛ր, Սե՛մ, կանգնի՛ր,— հուսահատված բղավեց նա: — Փախչելն անիմաստ է:

Աչքերն անշտապ մոտենում էին:

— Գալա՛դրիել,— բացականչեց Ֆրոդոն և մեծ չարչարանքով կրկին անոթը բարձրացրեց վեր: Աչքերը կանգ առան և մի պահ թեքվեցին այլ կողմ, ասես համակվեցին ինչ-որ կասկածով: Ֆրոդոյի սիրտը բոցկլտաց: Չհասկանալով, թե ինչ է անում, լցված քաջությամբ կամ հուսահատությամբ, կամ, հնարավոր է, խելագարությամբ, նա ձախ ձեռքով բռնեց անոթը, իսկ աջով մերկացրեց թուրը: Սուր և հուսալի էլֆական պողպատը շողշողաց ապակե աստղիկի արծաթավուն լույսի տակ՝ բոցավառվելով կապույտ կրակով: Մի ձեռքին աստղիկը, իսկ մյուսում՝ թուրը, Ֆրոդո Պարկինսը՝ փոքրիկ հոբիթը փոքրիկ Հոբիթստանից, հաստատուն քայլերով գնաց սարսափազդու աչքերին ընդառաջ:

Եվ աչքերը տատանվեցին: Որքան լույսը մոտենում էր, այնքան ավելի հստակ էր դրանց մեջ շփոթություն կարդացվում: Ի վերջո աչքերը խամրեցին ու ընկրկեցին այդ ատելի ու աննախադեպ լույսից: Ո՛չ արևի, ո՛չ լուսնի և ո՛չ էլ աստղերի լույսը չէր թափանցում այդ որջը, բայց ահա այս անգամ աստղն ինքն էր իջել լեռների ընդերքը և մոտենում էր... Եվ աչքերը տատանվում էին... Մեկը մյուսի հետևից դրանք հանգան, ապա այնտեղ, որտեղ լույսը չէր հասնում, շրշոց լսվեց: Մի ակնթարթ հակառակ ուղղությամբ շրջվող հսկայական սև ստվեր երևաց: Աչքերն անհետացան:

— Տե՛ր իմ, տե՛ր իմ,— բղավում էր Սեմը: Նա մերկացրած թուրը ձեռքին պատրաստ պահած քայլում էր Ֆրոդոյի հետևից: — Կեցցե՛ն աստղերը: Փա՛ռք ու պատիվ մեզ: Եթե էլֆերն իմանային, հաստա՛տ էս մասին երգ կհնարեին: Լավ կլիներ ողջ մնալ և պատմել էլֆերին, իսկ հետո նստել ու լսել, թե ինչպես են մեր մասին երգում: Բայց էլ մի՛ գնացեք առաջ, տե՛ր իմ: Պետք չէ գնալ դրանց որջը: Հիմա՝ կամ երբե՛ք: Եկեք արա՛գ հեռանանք էս նողկալի անցքից:

Նրանք շրջվեցին ու շարունակեցին գնալ, ապա սկսեցին վազել: Թունելը կտրուկ բարձրանում էր, և գարշահոտ ամպը, որով լցված էր որջը, արագորեն նոսրանում էր: Հոբիթների ոտքերը կրկին լցվեցին ուժով, սրտերը թեթևացան: Սակայն թունելը պահպանող արարածի չարությունը չէր մեղմանում: Մի ակնթարթ կուրացած, բայց դեռ չպարտված այդ արարածը թաքնված էր ինչ-որ տեղ հետևում և չէր պատրաստվում հոբիթներին կենդանի բաց թողնել: Վերջապես սառը, թույլ քամի փչեց: Ահա՛ և թունելի վերջը: Հասա՛ն: Հոբիթները շնչակտուր նետվեցին առաջ՝ հույս ունենալով կրկին երկինք տեսնել գլխավերևում, սակայն, հարվածելով ինչ-որ առաձգական բանի, շպրտվեցին հետ: Անցումի ելքը փակ էր, բայց խոչնդոտը ոչ թե քարից էր, այլ ինչ-որ փափուկ ու առաձգական նյութից: Այն ո՛չ կտրվում էր, ո՛չ ձգվում, և անցնել հնարավոր չէր: Օդն անցնում էր այդ պատնեշի միջով, իսկ լույսը՝ ոչ: Հոբիթները մի անգամ էլ փորձեցին ճեղքել այն՝ ու կրկին հետ շպրտվեցին:

Անոթը բարձրացնելով վերև, Ֆրոդոն իր առջև մոխրագույն թաղանթ տեսավ: Այն կլանում էր աստղային անոթի լույսը և չէր լուսավորվում. թվում էր թե դա ստվեր է՝ ստվեր, որը գոյություն ունի անկախ լույսից, և հետևաբար լույսն անկարող էր ցրել այն: Հոբիթներն ուշադիր նայելով հասկացան, որ դա սարդոստայն հիշեցնող հյուսվածք է, միայն թե սովորական սարդոստայնից ավելի խիտ ու յուրաքանչյուր թելը պարանի հաստությամբ:

Սեմը մռայլ ծիծաղեց:

— Սարդոստա՛ն է,— բացականչեց նա: — Ընդամենը սարդոստա՞յն: Հըմ... Բայց հո՛ սարդ չի գործողը: Արա՛գ, եկեք կտրե՛նք այն:

Նա բարձրացրեց թուրը և ցասումով հարվածեց թաղանթին, բայց այն անվնաս մնաց. միայն աղեղնալարի պես տատանվեց և վերադարձավ նախկին տեղը՝ հետ շպրտելով Սեմի ձեռքը: Հոբիթը երեք անգամ ամբողջ ուժով հարվածեց, և վերջապես անհամար թելերից մեկը կտրվեց: Այն սուլելով ցատկոտեց օդում և մտրակի պես հարվածեց Սեմի ձեռքին: Սեմը ցավից ճչաց, հետ ցատկեց ու վնասված ձեռքը մոտեցրեց բերանին՝ փչելու:

— Էս տեմպերով մի շաբաթում էլ չենք վերջացնի,— ընկճված ասաց նա: — Ի՞նչ անենք: Աչքերը դեռ չե՞ն երևում:

— Ոչ, դեռ չեն երևում,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ես դեռևս զգում եմ դրանց հայացքը. եթե նույնիսկ այս պահին ինձ չեն նայում, ապա հաստատ մտածում են իմ մասին: Երևի ինչ-որ բան են ծրագրում: Եթե հակարծ աստղիկի լույսը թուլանա կամ հանգչի, կրկին կհայտնվեն ու վայրկենապես կհարձակվեն:

— Թակարդն ընկանք վերջը,— դառնացած ասաց Սեմը՝ կատաղությունից մոռանալով հոգնածության ու հուսահատության մասին: — Ճիշտ ինչպես մոծակները ցանցում: Թող սատկի՛ էդ Գոլլումը: Ֆարամիրը նրան շուտափույթ ու չար մահ խոստացավ. ցանկանում եմ, որ հե՛նց էդպես էլ լինի:

— Մեզ դա հիմա չի օգնի,— ասաց Ֆրոդոն: — Սպասի՛ր, հապա արի տեսնենք ինչի է ընդունակ Ջարդողը: Սա էլֆական թուր է ի վերջո, իսկ Բելերիենդի մթին խորքերում, որտեղ այն կռել են, այս սարդոստայնից հաստատ եղել է: Ուշադիր հետևիր աչքերին ու հարկ եղած դեպքում հեռու քշիր դրանց: Ահա, վերցրու՛ աստղիկը: Մի՛ վախեցիր, բարձր պահիր այն ու զգոն եղիր:

Ֆրոդոն մոտ գնաց, ամբողջ ուժով հարվածեց խիտ, մոխրագույն թաղանթին և անմիջապես հետ ցատկեց: Երկնագույն լուսարձակող սրի շեղբը հեշտությամբ կտրեց սարդոստայնը, ինչպես մանգաղի սայրը՝ խոտը: Սարդոստայնի թելերը սուլելով ցատկոտեցին, պարուրաձև ոլորվեցին՝ ու անօգնական կախվեցին: Սկզբի համար վատ չէր:

Ֆրոդոն իրար հետևից հարվածներ տեղաց, մինչև որ վերջապես կտրեց բոլոր այն թելերը, որոնց կարողացավ հասնել: Վերևի մասում մնացած սարդոստայնը տարուբերվում էր, ինչպես վարագույրը՝ քամուց: Ճանապարհն ազատ էր:

— Գնացի՛նք,— գոռաց Ֆրոդոն,— արա՛գ, ար՛ագ:

Նրանք եղան մահվան ատամների արանքում ու դո՛ւրս պրծան այնտեղից: Ֆրոդոյին վայրի ուրախություն պատեց, գլուխը պտտվում էր, ասես մի լավ գավաթ գինուց: Նա բարձր ճչալով դուրս թռավ թունելից: Որջը պարուրած գարշահոտ խավարից հետո սև երկիրն արևաշող վայր թվաց: Սակայն մռայլ օրն արդեն վերջանում էր. արյունոտ մայրամուտն ավարտվել էր ու Մորդորի վրա գորշ մթնշաղ էր իջել: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյին թվում էր, թե լեռան գագաթի հետևում շողում է հույսով լի լուսաբացը: Իսկ գագաթն այնքա՜ն մոտ էր: Եվս մի փոքր՝ և ահա այն, Քիրիթ Ունգոլի լեռնանցքը՝ ճեղքվածքը լեռան սև գագաթին երկու սրածայր ժայռերի արանքում: Ցատկ դեպի առաջ, կարճ վազք՝ և մյուս կողմում են:

— Լեռնա՛նցքը, Սե՛մ,— գոռաց Ֆրոդոն, չնկատելով, թե ինչ զիլ ու անկաշկանդ է հնչում իր ձայնը՝ ազատվելով թունելի խեղդող մշուշից,— լեռնա՛նցքը, վազե՛նք: Երկու-երեք րոպե՝ և մենք այնտե՛ղ ենք: Կանցնե՛նք, հապա մի թող փորձեն կանգնեցնե՛լ:

Սեմն ինչքան ուժ ուներ, շտապեց տիրոջ հետևից, բայց՝ թեև ազատության մեջ գտնվելու ուրախությունը նրան էլ էր համակել, նա զգուշությունը չէր կորցրել և անընդատ շրջվում ու նայում էր թունելի սև բերանին՝ վախենալով, որ աչքերը, կամ դրանց սարսափելի տերը դուրս կթռչեն այնտեղից ու կսկսեն հետապնդել: Սակայն նրանք վատ էին ճանաչում Շելոբին և չգիտեին, թե որքան է նա խորամանկ: Նրա որջը շատ ելքեր ուներ:

Նա վաղուց էր ապրում էր այդտեղ՝ սարդի կերպարանքով այդ չարի ծնունդը: Մի ժամանակ դրա նմաններն ապրում էին հնագույն արևմուտքում, էլֆերի երկրում, որը կուլ տվեցին ծովի ալիքները: Այդպիսի մեկ այլ հրեշի հետ էր կռվել Բերենը Դորիաթի Սարսափի լեռներում և, իջնելով լեռներից, տեսել լուսնի շողերի ներքո կանաչ մարգագետնում խնդակաթի ծաղիկների մեջ պարող Լութիենին:

Ոչ ոք չգիտե, թե ինչպես է Շելոբը փրկվել ոչնչացող այդ երկրից ու հայտնվել Մորդորում, քանզի այդ սև օրերի մասին շատ քիչ հիշողություններ ու ավանդություններ են պահպանվել: Սակայն նա այստեղ էր հայտնվել շատ ավելի առաջ, քան Սաուրոնը, շատ ավելի առաջ, քան առաջին քարը կդրվեր Բարադ-Դուրի հիմքում: Նա չէր ճանաչում ոչ մի տիրակալ, սնվում էր մարդկանց ու էլֆերի արյունով և անդադար գիրանում ու ճարպակալում՝ մտածելով նորանոր արյունալի խնջույքների մասին ու մթին սարդոստայն գործելով ողջ աշխարհի համար, քանզի բոլոր կենդանի արարածները նրա համար դեռ չկերված ուտելիք էին, իսկ խավարը՝ նրա փսխունքը: Նրա անհաշիվ սերունդները՝ այն արուների վիժվածքները, որոնց ինքն էր ծնել մի ժամանակ ու ինքն էլ խժռել զուգավորումից հետո, սարեսար, հովտե հովիտ տարածվել ու էֆել Դուաթից հասել էին մինչև Չարքանտառ և Դուլ Գուլդուր: Սակայն ոչ ոք չէր կարող համեմատվել նրա հետ, Մեծն Շելոբի, Ունգոլիանթի վերջին զավակի, որին նա թողել էր որպես հրաժեշտի նվեր դժբախտ աշխարհին:

Տարիներ առաջ նրան հադիպեց ամեն մութ տեղ քիթը խոթող Գոլլում-Սեմագորլը, և դեռ այդ ժամանակ՝ այն վաղեմի օրերին, ծնկի իջավ նրա առջև ու ընդունեց նրան որպես իր տիրուհի: Այդ օրվանից նրա չարության մռայլ ստվերը կախվեց Գոլլումի գլխին ու դարձավ վերջինիս բոլոր թափառումների մշտական ուղեկիցը՝ հուսալիորեն պաշտպանելով նրան լույսից ու զղջումից: Եվ Գոլլումը խոստացավ նրան ուտելիք բերել: Սակայն նրանց ցանկությունները տարբեր էին. նրան չէին հետաքրքրում աշտարակները, մատանիները և մտքի ու ձեռքերի շնորհիվ ստեղծված այլ իրերը: Նա ծարավի էր միայն մի բանի՝ սպանել բոլոր ապրող արարածներին, խմել նրանց կենարար հյութը և ուռչել այնքան, մինչև որ լեռներն այլև չկարողանան իրեն պահել և նույնիսկ խավարի համար նեղություն լինի իրեն տեղավորելը:

Սակայն այդ ցանկությունը կատարվելուն դեռ շատ ժամանակ կար: Ահա արդեն երկար տարիներ նա սոված տոչորվում էր իր որջում, որովհետև Սաուրոնի զորությունը գնալով մեծանում էր, և լույսն ու կենդանի արարածներն այլևս չէին թափանցում նրա տիրույթներ: Հովտում գտնվող քաղաքն ավերակ էր դարձել, և վաղուց արդեն ո՛չ էլֆ, ո՛չ մարդ չէր մոտեցել նրա որջին: Միայն չարաբախտ օրքեր՝ տհաճ ու կոպիտ ուտելիք: Սակայն Շելոբը չէր կարող չսնվել, և որքան էլ օրքերը նրա որջը շրջանցող նորանոր ոլորուն միջանցքներ փորեին, նա միևնույնն է, միշտ էլ հաջողացնում էր մի որևէ անբախտ օրքի իր ցանցը գցել: Սակայն նա արդեն երկար ժամանակ համեղ պատառի կարոտ էր, և ահա Գոլլումը կատարել էր իր խոստումը:

«Կտեսնենք, այո, դեռ կտեսնենք,— Էմին Մուիլից մինչև Մորգուլյան հովիտ վտանգավոր ճանապարհորդության ընթացքում հաճախ էր ինքն իրեն ասում Գոլլումը, երբ նրան տիրում էին չար մտքերը: — Հասնենք այնտեղ՝ կտեսնենք: Եթե այնպես պատահի, որ նա ոսկորներն ու լաթերը դեն նետի, մենք կգտնենք այն: Օ այո, մենք կգտնենք այն, հետ կստանանք մեր Սքանչելին, և դա նրա նվերը կլինի խեղճ Սմեագորլին այդպիսի համեղ սնունդ բերեու համար: Եվ մենք կփրկենք Սքանչելին, այո, կփրկենք, ինչպես խոստացել էինք: Իսկ հետո, երբ Սքանչելին մերը կլինի, մենք նրան... ցո՛ւյց կտանք: Մենք նրա հետ հաշիվներս կմաքրենք, իմ սքանչելի: Մենք հետո բոլորի հե՛տ հաշիվներս կմաքրենք»:

Այդպիսի մտքեր էին հասունանում նրա հոգու մթին անկյուններում: Եվ նա, հույս ունենալով թաքցնել մտածածը նույնիսկ նրանից, կրկին եկավ Շելոբի մոտ ու խոնարհվեց նրա առջև, մինչ հոբիթները խաղաղ քնած էին:

Ինչ վերաբերվում է Սաուրոնին, նա գիտեր Շելոբի և նրա որջի մասին: Նրան հաճելի էր այդ արարածի անվերահսկելի չարությունը, հաճելի էր և օգտակար՝ դեպի Մորդոր տանող այդ հինավուրց ճանապարհի համար ավելի լավ պահապան, քան Շելոբն էր, նա, թերևս չէր կարող գտնել: Օրքերն իհարկե, օգտակար ստրուկներ են, բայց նա օրքեր շատ ուներ: Թող Շելոբը սնվի նրանցով ու սպասելի ավելի լավ ժամանակների: Եվ ինչպես տերն է համեղ պատառներ նետում իր կատվի առաջ («կատվիկս». այդպես էր նա անվանում նրան, բայց Շելոբը նրան էլ էր արհամարհում), այդպես էլ Սաուրոնն էր կերակրում նրան՝ խոշտանգելուց հետո նրա մոտ երբեմն գերիներ ուղարկելով: Գերուն բերում, գցում էին նրա որջը, իսկ հետո զեկուցում Սաուրոնին, թե ինչ խաղ է այս անգամ խաղացել Շելոբը:

Այդպես էլ ապրում էին նրանք ամեն մեկն իր համար, իրենք իրենցից գոհ՝ չվախենալով ոչ մեկի հարձակումից ու զայրույթից և հավասարապես ատելով ողջ աշխարհին: Դեռ երբեք ոչ մի զոհ դուրս չէր պրծել Շելոբի հյուսած ցանցերից: Եվ սարսափելի էր այժմ նրա քաղցած զայրույթը:

Խեղճ Սեմը ոչինչ չգիտեր այդ հրեշավոր չարության մասին, բայց շարունակ աճող վախով զգում էր, որ անտեսանելի ու մահացու սպառնալիք է կախվում իրենց գլխին: Ի վերջ վախն այնքան ուժգնացավ, որ նա, այլևս չկարողանալով վազել, անցավ քայլքի. ոտքերն այլևս չէին ենթարկվում: Սարսափը շրջապատել էր նրանց բոլոր կողմերից: Առջևում՝ լեռնացնքում, թշնամիներն էին, իսկ տերը՝ որտե՞ղ է նրա գլուխը՝ ամեն ինչի մասին մոռացած վազում էր ուղիղ նրանց ընդառաջ: Հայացքը կտրելով սև քարանձավից ու ձախ կողմում փռված թանձր մշուշից, Սեմը կրկին նայեց առաջ՝ և խուճապի մեջ ընկավ: Նախ՝ Ֆրոդոյի մերկացրած սրի շեղբն այրվում էր վառ երկնագույն կրակով, և հետո՝ թեև երկինքը լեռնանցքի գլխին վաղուց խավարել էր, աշտարակում կարմիր կրակ էր առկայծում:

— Օրքերն են,— փնչացրեց Սեմը: — Կանցնենք, բա ոնց չենք անցնի: Ախր օրքերն ուղղակի վխտում են էստեղ, էլ չասեմ, որ այլ տականքներ էլ կլինեն:

Հիշելով զգուշության մասին, որը ճամփորդության ընթացքում դարձել էր նրա բնավորության գլխավոր գծերից մեկը, նա ձեռքով ծածկեց թանկագին անոթը: Ձեռքը լցվեց կենդանի արյան տաք գույնով: Լույսը կարող էր մատնել նրանց, և Սեմը, թաքցնելով անոթը ծոցագրպանում, թիկնոցի փեշերը վրա բերեց: Այնուհետև նա արագացրեց քայլերը. հարկավոր էր հասնել տիրոջը: Բայց տերն արագ էր վազում: Նրա արդեն առնվազն քսան քայլ տարածություն էր բաժանում, իսկ Ֆրոդոն շարունակում էր սլանալ ամբողջ թափով՝ ուր որ է նա կձուլվի մոխրագույն մշուշին ու կկորչի, ինչպես ստվերը՝ ստվերների մեջ...

Հազիվ էր Սեմը թաքցրել լուսարձակող անոթը, երբ հայտնվեց Նա: Առջևում, ձախ կողմում ցցված ժայռի ստվերում թաքնված սև անցքից հանկարծակի դուրս սողաց անտանելի այլանդակ մի հրեշ: Այդպիսի հրեշ հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ ամենասարսափելի մղձավանջում: Այդ արարածը նման էր սարդի, բայց ավելի մեծ էր, քան ցանկացած գիշատիչ գազան և, որ ամենակարևորն է, շատ ավելի սարսափելի, քանզի նրա աչքերը նայում էին անողոքաբար ու դաժանաբար: Դրանք այն նույն հրեշավոր աչքերն էին՝ ավելի ճիշտ, աչքերի բազմությունը, ու կրկին այրվում էին ահարկու կրակով: Նրա պոզավոր գլուխը ցցված էր կարճ, անշարժ վզի վրա, իսկ հսկայական, անասելի չափերի ուռած մարմինը ճոճվում էր ընթացքի ժամանակ ու հարվածում երկար ոտքերին: Սև մեջքը ծածկված էր մանուշակագույն բծերով, իսկ սպիտակավուն փորը աղոտ լուսարձակում էր: Սարդակերպ հրեշի ոտքերը ծալվում էին մարմնի վերևում և ծածկված էին պողպատյա ասեղներ հիշեցնող կոշտ մազերով: Յուրաքանչյուր ոտքն ավարվում էր սուր ճիրանով:

Քարշ տալով հսկայական, փափուկ փորը և ծալված վերջույթները որջից դուրս եկող մյուս ելքի միջով՝ Շելոբը մերթ վազելով, մերթ մեծ թռիչքներ գործելով սոսկալի արագությամբ սլացավ առաջ՝ ճրթճրթացնելով ոտքերը: Սեմը հայտնվեց հետևում, Ֆրոդոն՝ առջևում, իսկ Շելոբը՝ մեջտեղում: Հնարավոր է՝ նա չնկատեց Սեմին, կամ նկատելով, որ լուսարձակող անոթը նրա ձեռքին է, որոշեց առայժմ ձեռք չտալ և կենտրոնացավ Ֆրոդոյի վրա, որը ոչինչ չնկատելով ու ոչինչ չզգալով գլուխը կորցրած վազում էր: Սակայն Շելոբն ավելի արագաշարժ էր: Եվս մի քանի ցատկ՝ և նա կհասներ Ֆրոդոյին:

Սեմը շունչ հավաքեց և ինչքան ուժ ուներ գոռաց.

— Շրջվե՛ք, տե՛ր իմ, հե՛տ նայեք, ես... — Բայց նրա ճիչն ընդհատվեց:

Երկար, կպչուն ձեռքը փակեց նրա բերանը, իսկ մյուս ձեռքը փաթաթվեց նրա պարանոցին: Սեմին ոտք գցեցին, և նա, հավասարակշռությունը կորցնելով, փռվեց գետնին ու հայտնվեց հակառակորդի գրկում:

— Բռնվե՛ց,— ֆշշացրեց Գոլլումը նրա ականջին,— վերջապես նա մեր ձեռքն ընկավ, գարշելի, ատելի հոբիթսը, այո-սսս, իմ սքանչելի: Մենք կխեղդենք սրան, իսկ նրան կհասնի մյուսը: Մենք նրան ձեռք չենք տա, թող նրան Շելոբը, իսկ Սմեագորլը կպահի երդումը և ձեռք չի տա տիրոջը, ոչ-ոչ, ձեռք չի տա: Փոխարենը նա կզբաղվի քեզանով, ստո՛ր, ծե՛ր չարագործ: — Եվ նա թքեց Սեմի ծոծրակին:

Անսպասելի դավաճանությունից ու խոչնդոտից անակնկալի եկած, հասկանալով, որ տերն ահա ուր որ է կզոհվի, Սեմն այնպես փրփրեց, որ նույնիսկ Գոլլումը ապշեց: Նա Սեմին դանդաղաշարժ ու հիմար էր հոբիթ էր համարում, և նման ճարպկություն նրանից բոլորովին չէր սպասում: Այդպիսի ամուր սեղմումից նույնիսկ ինքը չէր կարող այդքան արագ ու ճարպկորեն ազատվել: Սեմն ազատվեց բերանը սեղմող ձեռքից և մղվեց սկզբում առաջ, հետո՝ հետ՝ փորձելով ազատվել պարանոցին փաթաթված երկրորդ ձեռքից: Նրա աջ ձեռքում թուրն էր, իսկ ձախ ձեռքից կաշվե հանգույցով կախված էր Ֆարամիր տված գավազանը: Սեմը շրջվելու և թշնամուն թրով հարվածելու հուսահատ փորձ արեց, բայց Գոլլումն ավելի արագ գտնվեց. նա անմիջապես բռնեց Սեմի դաստակից ու սկսեց թևը ոլորել: Գոլլումի մատներն աքցանի պես ամուր էին: Ի վերջո Սեմը ցավից ճչաց ու ցած գցեց թուրը: Այդ ընթացքում Գոլլումի մյուս ձեռքը գնալով ավելի ամուր էր սեղմում նրա կոկորդը...

Սեմը, հավաքելով վերջին ուժերը, կտրուկ ցատկեց առաջ, ոտքի կանգնեց՝ և անսպասելի ընկավ մեջքի վրա:

Նույնիսկ այդ հասարակ հնարքը Գոլլումին անակնկալի բերեց, և նա տապալվեց գետնին: Սեմն իր ողջ ծանրությամբ փլվեց նրա փորին: Գոլլումը չարացած ֆշշացրեց, և մի ակնթարթ Սեմի կոկորդը սեղմող ձեռքը թուլացավ, սակայն հոբիթի աջ ձեռքը նա այդպես էլ բաց չթողեց:

Սեմը կտրուկ առաջ նետվեց, ոտքի կանգնեց, պտտվեց աջ, ազատվեց պարանոցին փաթաթված ձեռքից և, մի կողմ հրելով դեռ իր աջ ձեռքից կախված Գոլլումին, ամբողջ ուժով գավազանով խփեց նրա դաստակին: Գոլլումը խղճալի ոռնոցով բաց թողեց Սեմի ձեռքը: Հոբիթը հարձակման անցավ ու ևս մեկ ջախջախիչ հարված հասցրեց: Սակայն Գոլլումը հասցրեց շրջվել և հարվածը գլխի փոխարեն իջավ նրա մեջքին. գավազանը ճարճատյունով կոտրվեց: Գոլլումին այդքանը լիովին բավական էր: Նա սովոր էր հարձակվել հետևից և հազվադեպ էր ձախողվում: Բայց այս անգամ նրան փորձանքի մեջ գցեց սեփական չարությունը. հարկավոր էր նախ երկու ձեռքով կառչել հակառակորդի կոկորդից ու հետո նոր չարախնդալ: Որքան հրաշալի էր նա ամեն ինչ պլանավորել, և ինչպես ամեն ինչ թարս գնաց այն պահից սկսած, երբ մթության մեջ հանկարծ վառվեց զզվելի լույսը:

Այժմ նա կանգնած էր ուժով իրեն գրեթե հավասար կատաղած թշնամու առջև և իսկական կռվել բոլորովին չէր ցանկանում: Սուլեց գետնից բարձրացված թուրը. Գոլլումն ավելի խղճալի ոռնաց, ընկրկեց, իջավ չորեքթաթ և գորտի պես ցատկոտելով սլացավ դեպի քարանձավ:

Սեմը թուրը ձեռքին վազեց նրա հետևից: Մի ակնթարթ, Գոլլումին սպանելու կատաղի ցանկությամբ համակված, նա մոռացավ ամեն ինչ, բայց երբ երեսին փչեց թունելի սև գարշահոտը, հոբիթին ասես ամպրոպ հարվածեց. նա բոլորովին մոռացել էր Ֆրոդոյի և հրեշի մասին: Կտրուկ շրջվելով՝ նա կայծակնային արագությամբ սլացավ արահետով վեր՝ բարձր կանչելով տիրոջը: Բայց արդեն ուշ էր: Գոլլումի պլանն այնուամենայնիվ ամբողջությամբ չէր ձախողվել:

Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը

Ֆրոդոն պառկած էր մեջքի վրա, իսկ պիղծ արարածը, կռացած նրա վրա, այնքան էր տարված իր զոհով, որ չէր նկատում Սեմին ու չէր լսում նրա բղավոցները, մինչև որ վերջինս բոլորովին չմոտեցավ: Սեմը նկատեց, որ տերը ոտքից գլուխ պարուրված է սարդոստայնով, իսկ հրեշն արդեն բարձրացնում է նրան առջևի հսկայական ոտքերով՝ պատրաստվելով քարշ տալ դեպի իր որջը: Ֆրոդոյի կողքին ընկած էր լուսարձակող էլֆական սուրը, որը նա այդպես էլ չէր կարողացել գործի դնել: Սեմը երկար-բարակ չմտածեց, թե ինչն է իրեն առաջ մղում՝ քաջությու՞նը, հավատարմությու՞նը, թե՞ պարզապես խելագար կատաղությունը. նա ձախ ձեռքով գետնից սրընթաց բարձրացրեց Ֆրոդոյի թուրրը և վայրի ճիչով նետվեց հարձակման: Արտասովոր տեսարան էր, աննախադեպ նույնիսկ գիշատիչ կենդանիների վայրի աշխարհում, որտեղ հաճախ է պատահում այնպես, որ հուսահատված կենդանին, զինված միայն փոքրիկ ատամներով, անձնուրաց պաշտպանում է իր վիրավոր ընկերուհուն՝ հարձակվելով նրա վրա կռացած մեծ ու հաստակաշի գազանի վրա:

Անհանգստացած հոբիթի բարակ ձայնից, Շելոբը, սթափվելով ասես արյունալի խնջույքի մասին քաղցր մտքերից, դանդաղորեն իր սպանիչ չարությամբ լցված աչքերն ուղղեց դեպի Սեմը: Բայց մինչ նա կհասկանար, որ իր վրա հարձակվում են, և այն էլ այնպիսի կատաղությամբ, ինչպիսին չի հանդիպել երբևէ իր ապրած կյանքի անհամար տարիների ընթացքում, փայլփլուն թուրը խրվեց նրա ոտքը և կտրեց ճիրանը: Սեմը ցատկեց առաջ, սահեց սարդի ոտքերի արանքով և, արագորեն դուրս գալով մյուս կողմից, թուրը խրեց նրա աչքակուտակումներից մեջ՝ բարեբախտաբար Շելոբն այդ պահին գլուխը կախել էր: Ամենամեծ աչքերից մեկը խամրեց:

Փոքրիկ, խղճուկ գազանիկը թաքնվեց սարդի փորի տակ: Գազազած հրեշը ոչ մի կերպ չէր կարողանում խոցել նրան ո՛չ խայթով, ո՛չ ճիրաններով: Սարդի հսկայական փորը ճոճվում էր Սեմի գլխավերևում և սարսափելի գարշահոտություն արձակում: Հոբիթը քիչ էր մնում գիտակցությունը կորցներ, սակայն զսպեց իրեն և, թափ հավաքելով, թրատեց հրեշի փորը:

Բայց ի տարբերություն վիշապների, Շելոբի մարմնի վրա, բացի աչքերից, խոցելի այլ տեղեր չկային: Դարերի ընթացքում նրա մաշկը պատվել էր քարացած կեղտի հաստ զրահով ու ներսից հաստացել, բազմաթիվ նողկալի շերտեր աճեցրել: Սեմի հարվածից նրա փորի վրա երկար, խորը պատռվածք առաջացավ, բայց ճեղքել բոլոր այդ հրեշավոր ծալքերը չէին կարող ո՛չ Թուրինը, ո՛չ Բերենը, ո՛չ թզուկների պատրաստած թրով, ոչ էլ՝ էլֆերի: Ջղաձգորեն ցնցվելով՝ սարդը բարձրացրեց հսկայական փորը՝ և Սեմը տեսավ, որ վերքը պատվել է թունավոր փրփուրով: Ոտքերը չռելով՝ սարդը կրկին սկսեց իջնել, որ ճզմի հոբիթին, բայց ուշացավ. Սեմը ցած գցեց իր թուրը և, երկու ձեռքով բռնելով տիրոջ էլֆական թրի բռնակից, հենեց այն գետնին: Չարացած Շելոբն իր ողջ ծանրությամբ իջավ էլֆական թրի վրա այնպիսի ուժով, որպիսին չկար ոչ մի ռազմիկի ձեռքի մեջ: Որքան ավելի ուժեղ էր սարդը թշնամուն սեղմում գետնին, այնքան ավելի խորն էր թուրը խրվում նրա գարշելի մարմնի մեջ:

Իր երկարատև ու արյունահեղ կյանքի ողջ ընթացքում Շելոբն այդպիսի սարսափելի ցավ երբևէ չէր զգացել: Ո՛չ մի գոնդորցի խիզախ ռազմիկի, ոչ մի կատաղած հսկայական օրքի չէր հաջողվել նույնիսկ քերծել նրա մարմինը՝ մարմինը, որը նա այդքան սիրում ու պահպանում էր: Դող անցավ սարդի մարմնով: Նա կրկին վեր բարձրացավ՝ փորձելով ազատվել սարսափելի ցավից, ուղղեց իր հսկայական դողացող ոտքերը և ջղաձգվելով հետ ցատկեց: Սեմը ծնկի եկավ Ֆրոդոյի կողքին. գարշահոտությունից նրա գլուխը պտտվում էր, բայց թուրը ձեռքից բաց չէր թողնում: Աչքերը պատած մշուշի միջով նա տեսավ Ֆրոդոյի դեմքը և թափ տվեց իրեն, որպեսզի հաղթահարի սրտխառնոցը և չկորցնի գիտակցությունը: Հետո դանդաղ բարձրացրեց գլուխը և տեսավ հրեշին իրենից մի քանի քայլ հեռավորաթյան վրա: Հրեշը նայում էր հոբիթին. վիրավոր աչքից կանաչ հեղուկ էր ծորում, իսկ ծնոտներից թունավոր լորձ էր կախված: Նա չռեց դողացող ոտքերը, մարմնով կպավ գետնին և պատրաստվեց թռիչքի. ցա՛ծ գցել ու մահացու խոցե՛լ, ոչ միայն թունավորել, այլև սպանե՛լ, բզկտե՛լ իրեն այդպիսի ցավ պատճառած ըմբոստ արարածին:

Սեմը գետնին կուչ եկած նայում և իր մահն էր կարդում նրա աչքերում: Եվ հանկարծ, ասես նորից լսելով հեռավոր ձայնը և հասկանալով, թե ինչ պետք է անի, նա ձախ ձեռքով շոշափեց կուրծքը և գտավ այն, ինչ փնտրում էր՝ սառը, ամուր և այդ ուրվականային աշխարհում այդքան հուսալի Գալադրիելի անոթը:

— Գալա՛դրիել,— ասաց նա թույլ ձայնով և լսեց սիրելի Հոբիթստանի անտառներում աստղազարդ երկնքի տակ թափառող էլֆերի հեռավոր, բայց զրգուն ձայները, լսեց ասես երազում ունկնդրած նրանց երգերը, Էլրոնդի բուխարու դահլիճում հնչած ցաղցրալուր մեղեդիները...

Գիլթոնիել ա Էլբերե՛թ:

Նրա լեզուն ազատվեց, ձայնը բացվեց, և Սեմը բացականչեց իրեն անծանոթ լեզվով.

Ա Էլբերեթ Գիլթոնիել
օ մենել փալան-դիրիել,
լե նելլոն սի դինգուրտո՛ս
Աթիրո նին, Ֆանուլիո՛ս:

Եվ ոտքի կանգնեց հոբիթ Սեմուայսը՝ Հեմֆասթի որդին:

— Հապա մի արի էստեղ, գարշա՛նք,— ճչաց նա: — Դու կծել ես իմ տիրոջը, պիղծ արարած, և թա՛նկ կհատուցես դրա համար: Մենք կշարունակենք մեր ճանապարհը, բայց սկզբում ես քո հախից կգա՛մ: Արի՛, արի էստե՛ղ, էլի ես հա՞ ուզում:

Բռնկվելով ասես Սեմի անկոտրում ոգուց՝ անոթը ջահի պես բոցավառվեց նրա ձեռքում, շողշողաց ինչպես ընկնող աստղը՝ ցրելով խավարը իր կուրացուցիչ ճառագայթներուվ: Շելոբն այդպիսի ահեղ երկնային կրակ երբեք չէր տեսել: Ճառագայթներն այրում էին վիրավոր աչքը և անտանելի ցավ պատճառում, մյուս աչքը, թվում էր նրան՝ կուրացել է: Նա նահանջեց, նստեց հետևի ոտքերի վրա և սկսեց անօգնական թափահարել արջևի ոտքերը՝ փորձելով պաշտպանվել այրող լույսից: Սարդի աչքերը բզկտում էին ներքին կայծակները, միտքը հոգևարքի մեջ էր: Թաքցնելով հաշմված գլուխը՝ նա շրջվեց ու դանդաղ, ճիրաններով կառչելով քարերից, սողաց դեպի թունելի սև անցքը:

Սեմը հետևեց նրան: Նա հարբածի պես օրորվում էր, բայց շարունակում էր գնալ: Պարտված Շելոբը վախից դողալով շտապ հեռանում էր՝ աշխատելով որքան հնարավոր է արագ ազատվել թշնամուց: Վերջապես նա հասավ որջի բերանին և, քարերի վրա դեղնակարմիր լորձի հետքեր թողնելով, ծանր մարմինը խցկեց ներս: Սեմը հասցրեց ևս մեկ անգամ թրով հարվածել նրա հետևի ոտքերին: Եվ անզգայացած ընկավ:

Շելոբն անհետացավ: Թե ինչ պատահեց նրան հետագայում, քանի տարի պառկեց նա իր որջում՝ բուժելով վերքերը փրկարար խավարով, աճեցին արդյոք նորից նրա աչք-ողկույզները, ե՞րբ սովը դուրս քշեց նրան որջից և ստիպեց կրկին սարդոստայններ հյուսել Մթամած Լեռների կիրճերում ու ձորերում՝ այդ մասին տարեգրությունները լռում են:

Սեմը մնաց մենակ: Մթնշաղն արդեն խտանում էր անիծյալ երկրում, երբ նա ուշքի եկավ ու հոգնած ոտքերը քարշ տալով վերջապես հասավ այնտեղ, որտեղ անշարժ պառկած էր տերը:

— Տեր իմ, սիրելի տեր իմ,— կանչեց նա, բայց տերը չպատասխանեց:

Երբ Ֆրոդոն սլանում էր առաջ, ուրախանալով ազատությամբ, Շելոբը հսկայական ցատկերով հասել էր նրա հետևից և մեկ արագ հարվածով խայթել նրա պարանոցը: Այժմ նա պառկած էր անշարժ, անզգա, մահացու գունատ, ոչինչ չէր տեսնում ու չէր լսում:

— Տե՛ր իմ, սիրելի՛ տեր իմ,— կրկին կանչեց Սեմը և երկար-երկար սպասեց պատասխանի:

Պատասխան չկար:

Նա արագ կտրատեց Ֆրոդոյի մարմինը պարուրած սարդոստայնը, ականջը դրեց տիրոջ կրծքին, հետո բերանին, բայց կենդանության ոչ մի նշան չհայտնաբերեց. Ֆրոդոյի սիրտը չէր բաբախում, շուրթերը քարացել էին: Սեմը երկար շփեց տիրոջ սառած ձեռքերն ու ոտքերը, հետո ձեռքը դրեց նրա ճակատին:

— Ֆրոդո, պարո՛ն Ֆրոդո, տեր իմ,— թախանձեց նա,— մենակ մի՛ թողեք ինձ: Այդ ես եմ, ձեր Սեմը, պատասխանեք, մի՛ գնացեք առանց ինձ էնտեղ, ուր ես չեմ կարող գալ ձեզ հետ: Արթնացեք, թանկագին տեր իմ, պարոն Ֆրոդո, արթնացեք, խնդրու՛մ եմ:

Սեմը կատաղեց: Նա վեր թռավ տեղից և թուրն անկանոն տարուբերելով օդում սկսեց խելագարի պես վազվզել տիրոջ մարմնի շուրջը՝ ջարդելով քարերն ու անիծելով ողջ աշխարհը: Հետո հանգստացավ, կռացավ Ֆրոդոյի վրա, երկար նայեց նրա գունատ դեմքին՝ և հանկարծ հասկացավ, որ տեսնում է այն, ինչը մի ժամանակ տեսել էր Գալադրիելի հայելու մեջ. մահացու գունատ Ֆրոդոն ամուր քնած է հսկայական սև ժայռի տակ: Համենայն դեպս այն ժամանակ նա մտածեց, որ տերը քնած է, բայց իրականում...

— Նա մահացել է,— ասաց Սեմը: — Այն ժամանակ հայելու մեջ տերը քնած չէր: Նա մեռա՛ծ էր:

Այդ խոսքերն ասես թույն ավելացրին Ֆրոդոյի արյան մեջ, և Սեմին թվաց, թե նրա դեմքն աստիճանաբար կանաչում է:

Սև հուսահատություն պատեց Սեմին: Նա կռացավ, ճակատը հենեց գետնին ու մոխրագույն գլխանոցը քաշեց գլխին. հոբիթի սրտում գիշեր տիրեց, և նա ընկավ մոռացության գիրկը:

Երբ վերջապես սև մութը նահանջեց, Սեմը բարձրացրեց գլուխն ու հասկացավ, որ դեռ գիշեր է: Բայց քանի րոպե կամ ժամ էր անցկացրել մոռացության մեջ, նա չգիտեր: Պառկած էր նա նույն տեղում, և կողքին էլ առաջվա պես պառկած էր մեռած Ֆրոդոն: Լեռները չէին փլուզվել, գետինը չէր ճեղքվել, քարերը չէին վերածվել փոշու:

— Ի՞նչ անեմ ես հիմա, ի՞նչ անեմ,— տնքաց նա: — Ուրեմն էս ամբողջ ճանապարհը, որ անցանք միասին, իզու՞ր էր:

Եվ հանկարծ նա հիշեց իր սեփական բառերը, որ ասել էր դեռ ճանապարհորդության սկզբում, այն ժամանակ ինքն էլ մինչև վերջ չհասկանալով դրանց իմաստը. «Ես, ախր, անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում․․․ Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում...»:

— Բայց ախր ի՞նչ կարող եմ ես անել: Թողնեմ նրա անշունչ մարմինն էստեղ, սարի գլխին, առանց թաղելու և վերադառնամ տու՞ն: Թե՞ շարունակեմ գնալ: Գնա՞լ,— կրկնեց նա և անաորոշոթյունից վախեցած ցնցվեց: — Ինչպե՞ս թե՝ գնալ: Ես, ուրեմն, շարունակեմ գնալ, իսկ նրան ինչ է, թողնեմ էստե՞ղ:

Միայն այդ ժամանակ Սեմը վերջապես լաց եղավ: Արցունքն աչքերին նա կռացավ Ֆրոդոյի վրա, սառած ձեռքերը խաչեց կրծքին, ծածկեց նրան թիկնոցով, ապա մի կողմում դրեց իր թուրը, մյուս կողմում՝ Ֆարամիրի նվիրած գավազանը:

— Եթե ես պետք շարունակեմ գնալ,— ասաց նա բարձրաձայն,— ուրեմն ստիպված եմ վերցնել ձեր թուրը, պարոն Ֆրոդո, մեծահոգաբար ներող եղեք: Փոխարենը ձեզ մոտ կթողնեմ իմը, ահա էստեղ, ձեր կողքին՝ ինչպես գերեզմանոցի այն մեռած թագավորի կողքին էր դրված: Եվ միթրիլե օղազրահն էլ եմ թողնում ձեզ՝ ծեր պարոն Բիլբոյի նվերը: Մեկ էլ ձեր ապակե աստղիկը տեր իմ. դուք ինքներդ եք դա տվել ինձ, և այն ինձ դեռ շատ պետք կգա՝ խավարն ախր էստեղ ամենուր է, և ես նրանից ոչ մի կերպ չեմ կարող ազատվել: Ես այդ նվերին արժանի չեմ. տիրուհի Գալադրիելն այն ձեզ է նվիրել, բայց նա, երևի, կհասկանա: Իսկ դուք, գոնե դուք ինձ հասկանու՞մ եք, տեր իմ: Եթե ես պետք է շարունակեմ...