Խաղցեք գառնուկներս, ուլիկներս...

Գրապահարան-ից
23:42, 27 Հուլիսի 2015 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խաղցեք գառնուկներս, ուլիկներս...

հեղինակ՝ Հակոբ Մնձուրի
աղբյուր՝ «Երկեր»


ԽԱՂՑԵՔ ԳԱՌՆՈՒԿՆԵՐՍ, ՈՒԼԻԿՆԵՐՍ, ԽԱՂՑԵՔ,

ՄԱՐԴՆ ԱԼ ԳՆԱՑ, ՏԵՐՏՆ ԱԼ ԳՆԱՑ, ԽԱՂՑԵՔ


Կըլլա, կըլլա, Կոչենց Տյուկե Մամային պես, քուրդ Յուսուբ Մամային պես լայն երեսներով Մամա մը կըլլա:

Աս Մաման տասը մաքի, հինգ այծ կունենա, ամենքն ալ ծներ են, տասը գառ, հինգ հատ ալ ուլ բերեր են։ Հովիվը ամեն առտու մաքիներն ու այծերը արոտ կտանի, իրիկունը կբերե։ Գառներն ու ուլերը կմնան գոմը։ Մե՜... մե՜... մե՜... մե՜... կմայեն մինչև իրիկուն, մայրերնին կուզեն։

Մաման ի՞նչ ընե ասոնց։ Խոսքե չեն հասկնար, որ խրատ մը տա, «մայրերնիդ իրիկունը պիտի գա, ձայներնիդ կտրեցեք» ըսե։ Սիրտը կհատնի, քանի անոնց ձայնը կլսե։ Մարտը կանցնի, ապրիլ է, աղվոր օդ մը կա դուրսը։ «Ասոնք տանիմ, Ավազանին ձորը պտտցնեմ, թող վազեն, խաղան, ձայներնին կտրեն» կխորհի: Ցախերուն մեջեն բիր մը կառնե, բուրդն ու քարմանը հետը, գոմին դուռը կբանա, ուլերը, գառները կթափին դուրս։ Անոնց ուզածն ալ ադ էր արդեն՝ ներսը չմնալ։ Ալ չեն մայեր, կվազեն մեկ մը՝ վեր, մեկ մը՝ վար։

Մաման ձեռքի բիրովը կհավաքե, առաջքը կձգե, գեղեզերքը՝ Խորուկալ կտանի։ Հոն ալ երկու, երեք օր առաջվանին չի նմանիր. աղբանոցներուն վրայեն ձյուները գացեր են, արևին մեջ դեղին֊դեղին կփայլին աղբերը։ Հավերը, աքաղաղները խումբ֊խումբ հավաքվեր են, աղբերը կքրքրեն իրենց ոտքերովը, ուտելիք գարի կփնտրեն։ Ուրիշներ ալ հեռացեր են մինչև Մինասենց, Դպրենց պարտեզները, Տեմուրճենց ընկուզի մեծ ծառին տակը գացեր են, ի՞նչ կընեն՝ չես գիտեր։ Աղբյուրին ճամբան, կալերը, կալերուն պատին տակերը, հովիտին արտերը չոփ֊չոր են։ Մինակ Մազիկանց արտին մեջ քչիկ մը ձյուն կերևա, ան ալ՝ հատնելու վրա է։ Կաքվուկին քարը, իր ժայռերովը, մեծ կաշեպատ Ասմավուրք մըն է, կըսես, որ կեցուցեր են բլուրին գագաթը, մեծ պահքին իրիկունները ժամը կկարդան, որ ժողովուրդը մտիկ ընե ան՝ Ասմավուրքին պես։

Մաման բլուրը կելլե իր գառներովն ու ուլերովը, ձորին շուրջը կերթա ու... բերանը բաց կմնա, հավատալը չի գար։ Ամառը եկեր է ձորը։ Դարվար, մինչև վարը, հողերը լվացվեր են գիտես թե, բայց թաց չեն, անանկ չորուկ, անանկ տաքուկ են, որ Մամային ոտքերը կտաքնան չետուկներուն մեջ։ Ամեն կողմ գետինները կանաչցեր են, մկան ակռիկներու, եզան ճակատիկներու, խործնաներու ծիլերը դուրս ելեր են։ Գառները, ուլերը հապա՞։ Մեկեն ի՞նչ եղան, չի հասկնար։ Մե՜... մե՜... պոռալը մոռցան։ Հողերը կուտեն։ Հողերը կուտվի՞։ Բերաննին կառնեն, փո՛ւֆ կընեն, կփչեն, իրարու ետևե կփռթկեցնեն։ Խործնաներու, եզան ճակտիկներու ծիլերը կփրթցնեն, ուտել գիտե՞ն, բերաննուն մեջ կդարձնեն, կթափեն գետին։ Ատոնք կթողուն, իրարու վրա կցատկեն, իրար կպառկեցնեն, կելլեն, կվազեն դարվար, դարվեր, ետքն ալ երկու տոտիկներուն վրա կկենան, բարև բռնելու պես կընեն, ճակատ֊ճակատի կուգան, ճակատ֊ճակատի կշարվին, ճակտիկ կընեն։

Մաման կուրախանա, կխնդա՝ քանի անոնց կնայի։

— Խաղցեք ուլիկներս, գառնուկներս, խաղցեք, ձեզ ամեն օր հոս կբերեմ, աղվոր, աղվոր կխաղաք,— կըսե, քարմանը դարձնելով, բուրդը մանելով։

Ձորին առուն կիջեցնե։ Առվին ջուրերը այնպես շատցեր են, որ երկու ափերուն մեջ չեն սեղմվիր։ Տերպապային շինած երեք աղբյուրներուն գուռերը հորդեր են, առուն կվազեն։ Լեռան կուրծքի Գոռչանեն ջուրերը կնետվին վար՝ իրենց բոլոր ուժովը, իսկ առուին սկզբնավորությանը, վերը, երկու ուռիները անշարժ կսպասեն, գլուխնին մեկ կողմ ծռած ու տերևազուրկ:

Առուն տեսան, զարմացան գառները, ուլերը։ Ջուրին մոտեցան ու նայեցան: Խմելը չէին գիտեր որ... բերաննին դպցուցին ու ետ փախան, ետքն ալ սկսան բերաննին առնել ու իրարու երեսին, իրարու աչքերուն նետել։ Չէին սորվեր որ՝ ջուրը ի՞նչ կընեն։

Առուն ի վար կակկուռիկներ տեսան։ Հինգ֊վեց հատ մը կային, երկայն ցողուններով, մեջը ծուծով։ Չոփ֊չոր էին դեռ։ Մեկը միայն քիչ մր կանչցեր էր: Մաման.

— Կակկուռիկներ, յարերնիդ մեռեր են,— կըսե խնդալով:

Կակկուռիկները լսեցին, ամենքը դարձան, իրեն նայեցան։

Ուլերը, գառները շիտակ քալել գիտե՞ն։ Պարտեզներ տեսան, պատերեն ներս ցատկեցին։ Ավլված, հարդարված չէին։ Աշունը ինչպես ձգեր էին, այնպես կմնային ածուներուն մեջ թափած տերևներով, սոխի փուրելով։ Հոս կան սոխեր, ազատքեղեր նորեն բուսեր էին, իսկ անկյունները, պատերուն եզերքի մորմենիները, փշատիները չէին արթնցեր դեռ, խորունկ քունի մեջ էին։ Ուլերը, գառները շարունակեցին ցատկել ածուե ածու, պարտեզե պարտեզ։ Մաման, քարմանը ձեռքը, աչքը անոնց.

— Խաղցեք ուլիկներս, գառնուկներս, խաղցեք, ալ զափթիե չի գար, ձիավոր չի գար՝ փարա ուզելու, մարդն ալ գնաց, տերտն ալ գնաց, խաղցե՛ք,— ըսավ։

Պարտեզի մը մեջ նշենի մը ծաղկեր էր, գետինեն մինչև գագաթը՝ մեկ կարմիր֊մեկ ճերմակ, մեկ կարմիր֊մեկ ճերմակ, մեկ կարմիր֊մեկ ճերմակ ծաղիկներով կփռփռար արևեն։

Գառները, ուլերը վազեցին նշենիին։ Պիտի ավրեին, պիտի թափթփեին ծաղիկները։ Մաման չթողուց, պարտեզներեն հանեց, դարձուց դարվերները։

Բամբուսիկ մը բուսեր էր, մեկ հատ մը, մինակը։ Մաման գիտեր, որ ան պահակ էր, ուրիշներն ալ պիտի ըլլային ան մոտերը, խումբով, շատ։ Անոնք կպահվեին, չէին երևար, կքաշվեին։ Իրավ ալ, փնտրելով՝ գտավ, ավելի անդին, երկու֊երեք գծի վրա՝ կարգով տասը, տասներկու հատ մը. բամբուսիկներուն պես ալ աղվորիկ ծաղիկ կա՞ աշխարհիս վրա։ Պտտիկ։ Քանի՞ մը ըսեմ։ Հոգեհանգիստներուն ժամը մոմեր կբաժնեն ժողովուրդին, անոնց չափ կա ու չկա։ Բայց ամչկոտ, ամչկոտ։ Կդողան՝ շատ նայելու ըլլաս վրանին։ Վարդերուն անունը ելած է։ Անոնց անանկ մետաքսավետ, լուսեղեն կարմիրը ունի՞ն վարդերը, անոնց բաժակներուն լուսեղեն դեղին հոտոցիկները ունի՞ն։ Եվ բույրերը։ Ոչ մեկ բույրի հետ կփոխես։ Մաման չթողուց, որ գառները, ուլերը մոտենային, թնթեին։ Պիտի մեռցնեին, մեղքը պիտի մտնեին։ Արդեն որչա՞փ կապրին։ Քսան, քասնըհինգ օրվան հարսնություն մը ունին, հետո կթոշնին։

Դարվերները նորեն մեկ պահակի, նորեն երկու֊երեք գծերով՝ տասը, տասնըհինգ բամբուսիկներու հանդիպեցան։ Մաման չթողուց, որ ուլերը, գառները մոտենային։

Ու քալեցին դարվերերն ու դարվարիները։

Հանկարծ ամպ մը հայտնվեցավ ու իսկույն մեծցավ ու մեծցավ, սևցուց երկինքը՝ ամեն կողմովը։ Ձյուն մը սկսավ։ Միասին ալ՝ մրրիկ մը: Մրրի՜կ մը, ձյո՜ւն մը, որ ձմռան մը մեջտեղն ալ անանկ եղած մը չուներ: Աչք աչքի չէր տեսնվեր։

Դո՞ւն էիր, խաղցեք գառնուկներս, ուլիկներս ըսողը, դո՞ւն էիր՝ ամեն օր ձեզ հոս կբերեմը ըսողը։ Մաման շվարեցավ, անճըրկեցավ։ Գառները, ուլերը մեկ բերան՝ մե՜... մե՜... մե՜... մե՜... պոռացին: Մաման ի՞նչ ըներ։ Գյուղեն շատ հեռացեր էին, մոտ չէր, որ տուն դառնային։ Ժայռ մը կար, կռնակը ժայռին տվավ ու նստավ։ Գառները, ուլերը մեկ բերան շարունակեցին լալ՝ մե՜... մե՜... մե՜... Ձյունը տեղաց ու տեղաց, մրրիկը փչեց ու փչեց։

Մաման ձյունե մամա մը եղավ։ Ուլերուն, գառներուն լացերը դադրեցան։

Գյուղացիները չհասկցան Մամային ուր երթալը, ինչ ըլլալը։ Գիշերը ձյունը դադրեցավ, հանդարտեցավ օդը։ Առտուն գյուղ մը ժողովուրդը ելավ՝ Մաման փնտրելու։ Ու, վերջապես, գտավ։ Ժայռին առջևը երկու թևերը ծալեր, մնացեր էր։ Մեռեր էր։ Ձյունե գունդիկ մը եղեր էր, քարմանն ալ՝ առաջքը։ Ուլերն ու գառներն ալ առջևը սառեր էին։

Ձյունը թաղած էր անոնց մանրիկ սրունքներն ու մանրիկ գլուխները։ Արդեն քսան, քսանըհինգ օրվան ծնածներ էին։

Մաման ժայռին առջևը թաղեցին։ Ուլերն ու գառներն ալ անմիջապես վարը։ Անոնք հող եղան։ Ամեն ապրիլին՝ պահակ բամբուսիկ մը, ավելի վերը, երեք գծի վրա, տասնըհինգ բամբուսիկներ կբուսնին իրենց հողակույտերուն վրա։ Հիմա մենք հոն չենք. հիմա ալ բամբուսիկները նորեն կբուսնի՞ն, արդյոք, կըսեք։