Յոթերորդ Բաժին: Եկամուտներ Եվ Նրանց Աղբյուրները

Գրապահարան-ից
09:21, 16 Օգոստոսի 2015 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երրորդ հատոր: Գիրք երրորդ - Կապիտալիստական Արտադրության Ամբողջական Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

ՔԱՌԱՍՈՒՆՈՒԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԵՌՄԻԱՍՆԱԿԱՆ ՖՈՐՄՈՒԼԱ

I[1]

Կապիտալ — շահույթ (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս), հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ. ահա այն եռմիասնական ֆորմուլան) որ ընդգրկում է արտադրության հասարակական պրոցեսի բոլոր գաղտնիքները։

Այնուհետև, նկատի առնելով, որ տոկոսը, ինչպես ցույց է տրված առաջ, հանդես է գալիս իբրև կապիտալին հատուկ, նրա համար բնորոշ արդյունք, իսկ ձեռնարկուական եկամուտը ի հակադրություն դրա՝ իբրև կապիտալից անկախ աշխատավարձ, ապա հիշատակված եռմիասնական ֆորմուլան մերձավոր կերպով հանգում է հետևյալին.

Կապիտալ — տոկոս, հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ, ընդ որում շահույթը՝ հավելյալ արժեքի այդ ձևը, որ սպեցիֆիկ կերպով բնորոշում է արտադրության կապիտալիստական եղանակը, բարեհաջողությամբ վերանում է։

Այս տնտեսական եռմիասնությանը մերձավոր կերպով քննարկելիս մենք բացահայտում ենք հետևյալը.

Նախ՝ հարստության կարծեցյալ աղբյուրները, որոնք կարելի է ունենալ ամեն տարի, վերաբերում են բոլորովին տարբեր ոլորտների և ամենաչնչին իսկ նմանություն չունեն իրար հետ։ Նրանք վերաբերում են միմյանց մոտավորապես ինչպես նոտարային տուրքերը, կարմիր ճակնդեղը և երաժշտությունը։

Կապիտա՜լ, հո՜ղ, աշխատա՜նք։ Բայց կապիտալը բնավ իր չէ, այլ հասարակության մի որոշ պատմական ֆորմացիայի պատկանող հասարակական արտադրական որոշակի հարաբերություն, որ ներկայացված է իրի մեջ և այդ իրին սպեցիֆիկ հասարակական բնույթ է տալիս։ Կապիտալը արտադրության նյութական և արտադրած միջոցների գումարը չէ։ Կապիտալը — կապիտալի փոխարկված արտագրության միջոցներն են, որոնք ինքնին նույնքան կապիտալ են ներկայացնում, որքան ոսկին կամ արծաթը ինքնին փող են ներկայացնում։ Հասարակության մի որոշ մասի կողմից մոնոպոլացված արտադրության միջոցներ, կենդանի բանվորական ուժի նկատմամբ մեկուսացած արդյունքներ և այդ իսկ բանվորական ուժի գործարկման պայմաններ,— ահա թե ինչն է այս մակագրության բերմամբ անձնավորվում կապիտալի մեջ։ Ոչ միայն բանվորների արդյունքները, որոնք ինքնուրույն ուժ են դարձել, արդյունքներն, իբրև իրենց արտադրողներին ստրկացնող ու նրանց գնող ուժեր, այլ նմանապես և հասարակական ուժերը և այդ աշխատանքի ապագա... {՞ անընթեռնելի} ձևը, հակադրվում են նրանց իբրև նրանց արդյունքի հատկություններt հետևաբար, այստեղ մենք ունենք արտադրության պատմականորեն ստեղծված [historisch fabricierten] հասարակական պրոցեսի գործոններից մեկի մի որոշակի, առաջին հայացքից չափազանց միստիկ հասարակական ձև։

Եվ ահա դրա կողքին հողը, անօրգանական բնությունն իբրև այդպիսին, rudis indigestaque moles [կոպիտ ու անմշակ զանգված], իր ողջ սկզբնական վայրենությամբ։ Արժեքը աշխատանք է։ Ուստի հավելյալ արժեքը չի կարող հող լինել։ Հողի բացարձակ պտղաբերությունը չի հանգում որևէ այլ բանի, քան սոսկ նրանք որ որոշակի քանակությամբ աշխատանքը տալիս է հողի բնական պտղաբերությամբ պայմանավորվող որոշակի արդյունք։ Հողի պտղաբերության տարբերությունը հանգում է այն բանին, որ աշխատանքի ու կապիտալի միևնույն քանակները,— հետևաբար, միևնույն արժեքը,— արտահայտվում են երկրագործական արդյունքների տարբեր քանակներով. որ, հետևաբար, այդ արդյունքները տարբեր անհատական արժեքներ են ներկայացնում։ Այդ անհատական արժեքների հավասարեցումը շուկայական արժեքների մեջ հանգում է այն բանին, որ advantages of fertile over inferior soil... are transferred from the cultivator or consumer to the landlord [ավելի պտղաբեր հողից ստացվող օգուտները վատի համեմատությամբ... մշակողից կամ սպառողից փոխանցվում են լենդլորդին] (Ռիկարդո, «Principles», էջ 6)* [Տես 1 ծան. հետո

Եվ, վերջապես, իբրև երրորդն այս միության մեջ՝ հասարակ տեսիլ — աշխատանքն «առհասարակ» [„die” Arbeit], որը ոչ այլ ինչ է, բայց եթե աբստրակցիա և, ինքնին վերցրած, գոյություն չունի առհասարակ կամ, եթե մենք վերցնենք... {անընթեռնելի} մարդու արտադրողական. գործունեությունն առհասարակ, որի միջոցով նա իրականացնում է նյութերի փոխանակությունը բնության հետ, ոչ այն մերկացած ամեն տեսակ հասարակական ձևից ու բնույթի որոշակիությունից, այլ նույնիսկ իր բնական կեցությամբ, անկախ հասարակությունից, կտրված որևէ հասարակությունից, և իբրև կյանքի արտահայտություն ու կյանքի հաստատումն ընդհանուր թե դեռևս անհասարակական մարդուն և թե այն մարդուն, որը մի որևիցե հասարակական որոշակիություն է ստացել։



II

Կապիտալ — տոկոս. հողային սեփականություն, երկրագնդի մասնավոր սեփականություն, ընդ սմին ժամանակակից, արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող,— ռենտա, վարձու աշխատանք աշխատավարձ։ Եվ այսպես, այս ձևի մեջ պետք է ներփակվի եկամտի աղբյուրների կապը։ Ինչպես կապիտալը, այնպես և վարձու աշխատանքն ու հողային սեփականությունը հանդիսանում են պատմականորեն որոշակի հասարակական ձևեր, մեկը՝ աշխատանքի, մյուսը՝ մոնոպոլացված երկրագնդի, ընդ սմին երկուսն էլ կապիտալին համապատասխանող ձևեր են և պատկանում են միևնույն տնտեսական հասարակական ֆորմացիային։

Առաջինը, որ աչքի է ընկնում այս ֆորմուլայում, այն է, որ կապիտալի կողքին, արտադրության մի տարրի այդ ձևի կողքին, որ պատկանում է արտադրության մի որոշակի եղանակի, արտադրության հասարակական պրոցեսի պատմական որոշակի մի ստրուկտուրայի, արտադրության այն տարրի կողքին, որ ձուլված է որոշակի սոցիալական ձևի հետ և ներկայացվում է նրա մեջ, առանց այլևայլության դրվում են. մի կողմից՝ հողը, մյուս կողմից աշխատանքը՝ այսինքն աշխատանքի ռեալ պրոցեսի երկու տարր, որոնք այս իրային ձևի մեջ ընդհանուր են արտադրության բոլոր եղանակներին, հանդիսանում են արտադրության ամեն մի պրոցեսի իրային տարրերը և ոչ մի առնչություն չունեն [nichts zu schaffen haben] նրա հասարակական ձևի հետ։

Երկրորդ։ «Կապիտալ — տոկոս, հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ» ֆորմուլայում կապիտալը, հողը, աշխատանքը հանդես են գալիս իբրև տոկոսի (շահույթի փոխարեն) հողային ռենտայի և աշխատավարձի համապատասխան աղբյուրներ, իսկ վերջիններս ուրեմն որպես առաջինների արդյունքներ, պտուղներ։ Առաջինները հիմք են, երկրորդները՝ հետևանք, առաջինները պատճառ են, երկրորդները՝ արդյունք, ընդ որում այնպես, որ յուրաքանչյուր աղբյուր վերաբերում է իր արդյունքին, ինչպես իրենից զատվածի և իր արգասիքի։ Բոլոր երեք եկամուտներն էլ՝ տոկոսը (շահույթի փոխարեն), ռենտան, աշխատավարձը հանդիսանում են արդյունքի արժեքի երեք մասերը, հետևաբար, արժեքի մասերն առհասարակ, կամ, փողով արտահայտած, փողի որոշակի մասերը, գնի մասերը։ Թեև «կապիտալ — տոկոս» ֆորմուլան կապիտալի ամենից անբովանդակ [begriffsloseste] ֆորմուլան է, բայց այնուամենայնիվ դա նրա ֆորմուլան է, Իսկ ի՞նչպես կարող է հողը արժեք ստեղծել, այսինքն հասարակականորեն որոշակի քանակությամբ աշխատանք և այն էլ սրա սեփական արդյունքների արժեքի այն իսկ հատուկ մասը, որ գոյացնում է ռենտա։ Հողը գործում է, օրինակ, իբրև արտադրության ֆակտոր, երբ ստեղծվում է սպառողական արժեք, նյութական արդյունք — ցորեն։ Բայց նա ոչ մի առնչություն չունի ցորենի արժեքի արտադրության հետ։ Որչափով որ ցորենի մեջ արժեք է ներկայացված, ցորենը դիտվում է սոսկ իբրև որոշակի քանակությամբ իրայնացած հասարակական աշխատանք, ամեն մի առնչությունից դուրս տյն հատուկ իրի հետ, որի մեջ ներկայացված է այդ աշխատանքը, կամ այդ իրի առանձին սպառողական արժեքի հետ։ Սա չի հակասում այն բանին, որ 1) մնացած հավասար պայմաններում ցորենի էժանությունը կամ թանկությունը կախում ունի հողի արտադրnղականությունից։ Երկրագործական աշխատանքի արտադրողականությունը կապված է բնական պայմանների հետ, և նայած վերջիններիս արտադրողականության, միևնույն քանակությամբ աշխատանքը ներկայացված է լինում ավելի կամ պակաս քանակությամբ արդյունքներով, սպառողական արժեքներով։ Թե որքան մեծ է մեկ շեֆֆելի մեջ ներկայացված աշխատանքի քանակը, այդ կախում ունի նրանից, թե քանի շեֆֆել է ստացվում տվյալ քանակության աշխատանքից։ Հողի արտադրողականությունից կախում ունի այստեղ, թե ինչ քանակությամբ արդյունքի մեջ է ներկայացված արժեքը. բայց այս արժեքը տրված է անկախ այդպիսի բաշխումից։ Արժեքը ներկայացված է սպառողական արժեքի մեջ, իսկ սպառողական արժեքը արժեքի ստեղծման պայմանն է։ Բայց տխմարություն է հակադրություն ստեղծել այնտեղ, որտեղ մի կողմում կանգնած է սպառողական արժեքը՝ հողը, իսկ մյուս կողմում՝ արժեքը, և այն էլ արժեքի մի հատուկ մասը։ 2) {Այստեղ ձեռագիրն ընդհատվում է։}



III

Վուլգար քաղաքատնտեսությունն իրականում անում է ոչ այլ ինչ, քան միայն դոկտրինյորաբար մեկնաբանում, սիստեմավորում ու. արդարացնում է բուրժուական արտադրության գործակալների պատկերացումները, գործակալների, որոնք հափշտակված են այդ արտադրության հարաբերություններով։ Ուստի մեզ չի կարող զարմացնել այն հանգամանքը, որ հենց տնտեսական հարաբերությունների դրսևորման ձևի մեջ, որը օտարացած է այդ հարաբերություններից և որի մեջ նրանք prima facie [ակներևաբար] անհեթեթ բնույթ են ընդունում և լի են հակասություններով,— իսկ եթե իրերի դրսևորման ձևն ու նրանց էությունը անմիջականորեն համընկնեին, ապա ամեն մի գիտություն ավելորդ կլիներ,— որ հենց այստեղ վուլգար քաղաքատնտեսությունը լիովին իրեն զգում է ինչպես տանը և որ այդ հարաբերությունները նրան ներկայանում են ինքնին այնքան ավելի ակներև, որքան նրանց մեջ ավելի է թաքնված ներքին կապը, և ընդ սմին որքան ավելի սովորական են թվում նրանք առօրյա պատկերացման համար։ Ուստի նա ամենաչնչին իսկ պատկերանոցում չունի այն մասին, որ այն եռմիասնությունը, որից մեկնում է նա՝ հող — ռենտա, կապիտալ — տոկոս, աշխատանք — աշխատավարձ կամ աշխատանքի գին, ներկայացնում է երեք prima facie անհնարին զուգադրություն։ Ամենից առաջ մեր առջևն է սպառողական արժեք՝ հողը, որ արժեք չունի, և փոխանակային արժեք՝ ռենտան. այսպիսով, իբրև իր վերցրած սոցիալական հարաբերությունը համամասնական հարաբերության մեջ է դրված բնության հանդեպ. այսինքն դուրս է գալիս, որ երկու անհամաչափելի մեծություններ որոշակի հարաբերության մեջ են գտնվում միմյանց հանդեպ։ Այնուհետև կապիտալ — տոկոս։ Եթե կապիտալ ասելով հասկացվում է ինքնուրույն կերպով փողի մեջ ներկայացված արժեքի որոշակի գումար, ապա prima facie անհեթեթություն է պահանջել, որ արժեքն ավելի արժեք պարունակի, քան նա իրոք արժե։ Կապիտալ — տոկոս ձևի մեջ է հենց, որ վերանում է ամեն մի միջնորդավորում, և կապիտալը հանգում է իր ամենաընդհանուր, բայց և այդ պատճառով ինքն իրենով չբացատրվող և աբսուրդ ֆորմուլայի։ Հենց այն պատճառով է վուլգար տնտեսագետը գերադասում կապիտալ — տոկոս ֆորմուլան՝ արժեքի միստիկ հատկությամբ անհավասար լինելու, ինքն իրեն, կապիտալ — շահույթ ֆորմուլային, որ վերջինս արդեն ավելի է մոտենում իսկական կապիտալիստական հարաբերության։ Իսկ այնուհետև, տագնապով զգալով, որ 4-ը 5 չէ, ուստի և 100 թալերը չի կարող լինել 110 թալեր, վուլգար տնտեսագետը փրկություն է որոնում կապիտալից իբրև արժեքից կապիտալի իրային սուբստանցի, նրա սպառողական արժեքի մեջ, որն աշխատանքի համար արտադրության պայման է, մեքենաների, հումքի մեջ և այլն։ Այսպիսով, դարձյալ հաջողվում է առաջին անհասկանալի հարաբերության փոխարեն, երբ 4 = 5, մակաբերել միանգամայն անհարիր հարաբերություն մի կողմից սպառողական արժեքի՝ իրի և մյուս կողմից՝ որոշակի հասարակական արտադրական հարաբերության՝ հավելյալ արժեքի միջև, ինչպես որ հողային սեփականության դեպքում էր։ Հենց որ վուլգար տնտեսագետը հասնում է այս անհամաչափություններին, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում, նա այլևս պահանջմունք չի զգում մտորումները շարունակելու։ Որովհետև նա հենց ճիշտ հասել է այն կետին, որը բուրժուական պատկերացման համար «բանական» է համարվում։ Վերջապես, աշխատանք — աշխատավարձը, աշխատանքի գինը, ինչպես ցույց է տրված I գրքում** [Տես 1 ծան. հետո], մի արտահայտություն է, որ prima facie հակասում է արժեքի հասկացողությանը, նմանապես նաև գնի հասկացողությանը, որն ինքը առհասարակ արժեքի սոսկ որոշակի արտահայտությունն է. և «աշխատանքի գինը» նույնքան անբանական [իռռացիոնալ] է, որքան դեղին լոգարիթմը։ Բայց հենց այստեղ է, որ ամենից ավելի բավարարվում է վուլգար տնտեսագետը, որովհետև այստեղ նա հասել է մինչև խոր հայեցակետը բուրժուայի, որը գտնում է, որ նա փողը վճարում է աշխատանքի համար, և քանի որ հենց ֆորմուլայի հակասումը արժեքի հասկացողությանը վերացնում է նրա համար վերջինս ըմբռնելու պարտականությունը։



Մենք[2] տեսանք, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը պատմականորեն որոշակի ձեն է արտադրության առհասարակ հասարակական պրոցեսի։ Այս վերջինս միաժամանակ թե մարդկային կյանքի գոյության նյութական պայմանների արտադրության պրոցես է և թե բուն իսկ արտադրական հարաբերությունների արտադրության ու վերարտադրության պրոցես, որն ընթանում է արտադրության սպեցիֆիկ պատմա-տնտեսական հարաբերությունների մեջ, և հենց դրանով նաև այդ պրոցեսը կրողների, նրանց գոյության նյութական պայմանների և նրանց փոխադարձ հարաբերությունների, այսինքն վերջիններիս որոշակի հասարակական-տնտեսական ձևի արտադրության և վերարտադրության պրոցես։ Որովհետև այդ հարաբերությունների ամբողջությունը, որոնց մեջ գտնվում են այդ արտադրության կրողները բնության ու միմյանց հանդեպ և որոնց մեջ նրանք արտադրում են,— այդ ամբողջությունն էլ հենց հասարակությունն է, որ դիտվում է նրա տնտեսական կառուցվածքի տեսակետից։ Կապիտալիստական արտադրության պրոցեսը իր բոլոր նախորդների նման ընթանում է որոշակի նյութական պայմաններում, որոնք, սակայն, միևնույն ժամանակ կրողներն են որոշակի հասարակական հարաբերությունների, որոնց մեջ են մտնում անհատներն իրենց կյանքի վերարտադրության պրոցեսում։ Ինչպես այն պայմանները, այնպես և այս հարաբերությունները մի կողմից արտադրության կապիտալիստական պրոցեսի նախադրյալներ են, իսկ մյուս կողմից՝ նրա հետևանքներ ու արդյունքներ։ Այդ պրոցեսում է, որ նրանք արտադրվում ու վերարտադրվում են։ Այնուհետև մենք տեսանք՝ կապիտալը,— իսկ կապիտալիստը սոսկ անձնավորված կապիտալ է, արտադրության պրոցեսում գործում է լոկ իբրև կապիտալի կրող,— և այսպես, կապիտալը արտադրության իրեն համապատասխանող հասարակական պրոցեսում անմիջական արտադրողներից, կամ բանվորներից, դուրս է քաշում որոշակի քանակությամբ հավելյալ աշխատանք, որը նա ստանում է առանց էկվիվալենտի և որն իր էությամբ մշտապես մնում է հարկադրական աշխատանք, թեկուզ և նա թվալու լինի ագատ պայմանագրային համաձայնության արդյունք։ Այս հավելյալ աշխատանքը արտահայտվում է հավելյալ արժեքով, և այս հավելյալ արժեքը գոյություն ունի հավելյալ արդյունքի մեջ։ Հավելյալ աշխատանքն առհասարակ, իբրև տվյալ պահանջմունքների չափից վեր աշխատանք, պետք է գոյություն ունենա մշտապես։ Բայց կապիտալիստական, ինչպես և ստրկական սիստեմի դեպքում և այլն նա հակամարտ ձև ունի և լրացվում է հասարակության որոշակի մասի լիակատար պարապությամբ։ Որոշակի քանակությամբ հավելյալ աշխատանք է պահանջվում իբրև ապահովագրություն ընդդեմ պատահականությունների, իբրև պայման ազգաբնակության պահանջմունքների զարգացմանն ու նրա պրոգրեսին [Fortschritt] համապատասխանող վերարտադրության պրոցեսի անհրաժեշտ պրոգրեսիվ ընդլայնման, որ կապիտալիստական տեսակետից կոչվում է կուտակում։ Կապիտալի քաղաքակրթիչ կողմերից մեկն այն է, որ նա հարկադրում է այդ հավելյալ աշխատանքը կատարելու այնպիսի եղանակով և այնպիսի պայմաններում, որոնք արտադրողական ուժերի, հասարակական հարաբերությունների զարգացման համար և նոր, ավելի բարձր հասարակական կառուցվածքի [höhere Neubildung] տարրերի ստեղծման համար ավելի ձեռնտու են, քան ստրկության, ճորտատիրության և այլ նախկին ձևերի դեպքում։ Այսպիսով, մի կողմից նա հանգեցնում է մի աստիճանի, որի վրա վերանում են հասարակության մի մասի կողմից գործադրվող հարկադրանքն ու հասարակական զարգացման մոնոպոլիզացիան (ներառելով այստեղ նրա նյութական և ինտելեկտուալ օգուտները) ի հաշիվ մյուսի. մյուս կողմից, այդ աստիճանն ստեղծում է նյութական միջոցներ ու սաղմեր այն հարաբերությունների համար, որոնք հասարակության ավելի բարձր ձևի ժամանակ հնարավորություն կտան միացնելու այդ հավելյալ աշխատանքը ընդհանրապես նյութական աշխատանքին նվիրված ժամանակի ավելի զգալի սահմանափակման հետ։ Որովհետև, նայած աշխատանքի արտադրողական ուժի զարգացման, հավելյալ աշխատանքը կարող է մեծ լինել բանվորական օրվա ընդհանուր փոքր տևողության դեպքում և հարաբերականորեն փոքր՝ բանվորական օրվա ընղհանուր մեծ տևողության դեպքում։ Եթե աշխատանքի անհրաժեշտ ժամանակը = 3 և հավելյալ աշխատանքը = 3, ապա ամբողջ բանվորական օրը = 6, և հավելյալ աշխատանքի նորման = 100%։ Եթե անհրաժեշտ աշխատանքը = 9 և հավելյալ աշխատանքը = 3, ապա ամբողջ բանվորական օրը = 12, իսկ հավելյալ աշխատանքի նորման = միայն 33[math]^1/_3[/math]։ Այսպիսով աշխատանքի արտադրողականությունից է կախված, թե որքան սպառողական արժեք է արտադրվում որոշ ժամանակում, հետևաբար և հավելյալ աշխատանքի որոշ ժամանակում։ Հետևաբար, հասարակության իսկական հարստությունը և նրա վերարտադրության պրոցեսի մշտական ընդլայնման հնարավորությունը կախված է ոչ թե հավելյալ աշխատանքի տևողությունից, այլ նրա արտադրողականությունից և արտադրության այն պայմանների առավել կամ պակաս առատությունից, որոնց մեջ նա կատարվում է։ Ազատության թագավորությունն իրականում սկսվում է միայն այնտեղ, որտեղ դադարում է կարիքի ու արտաքին նպատակահարմարության կողմից թելադրված աշխատանքը, հետևաբար, ըստ իրերի բնության նա գտնվում է բուն նյութական արտադրության ոլորտից այն կողմ։ Ինչպես վայրենին իր պահանջմունքները բավարարելու համար, իր կյանքը պահպանելու և վերարտադրելու համար ստիպված է պայքարել բնության դեմ, այնպես էլ պետք է պայքարի քաղաքակրթված մարդը, պետք է պայքարի բոլոր հասարակական ձևերի և արտադրության բոլոր հնարավոր եղանակների դեպքում։ Նրա զարգացումով ընդլայնվում է բնական անհրաժեշտության այդ թագավորությունը, որովհետև ընդլայնվում են նրա պահանջմունքները, բայց միևնույն ժամանա!լ ընդլայնվում են նաև այն արտադրողական ուժերը, որոնք ծառայում են նրանց բավարարման համար։ Ազատությունն այս բնագավառում ոչ այլ ինչ է, քան այն, որ սոցիալիգացված մարդը, միավորված արտադրողները բանականորեն կարգավորում են նյութերի իրենց այս փոխանակությունը բնության հետ, դնում իրենց ընդհանուր վերահսկողության տակ, փոխանակ, որ դա իբրև կույր ուժ գերիշխի նրանց վրա. դա կատարում են ուժի նվազագույն ծախսումով և այնպիսի պայմաններում, որոնք ամենից ավելի արժանավոր են իրենց մարդկային բնությանը և համապատասխան են նրան։ Բայց և այնպես նա այնուամենայնիվ մնում է անհրաժեշտության թագավորություն։ Նրանից այն կողմը սկսվում է մարդկային ուժի զարգացումը, որն ինքնանպատակ է, սկսվում է ազատության իսկական թագավորությունը, որը, սակայն, կարող է ծաղկել սոսկ անհրաժեշտության այս թագավորության վրա, իբրև իր պատվանդանի վրա։ Բանվորական օրվա կրճատումը հիմնական պայմանն է։

Այս հավելյալ արժեքը կամ այս հավելյալ արդյունքը կապիտալիստական հասարակության մեջ բաշխվում է կապիտալիստների միջև,— եթե մենք մի կողմ թողնենք բաշխման պատահական տատանումները և քննարկենք նրա կարգավորող օրենքը, նրա նորմավորող սահմանները,— իբրև շահութամաս [դիվիդենդ] այն բաժնի համեմատ, որը հասարակական կապիտալի ընդհանուր գումարում պատկանում է նրանցից յուրաքանչյուրին։ Այս կերպարանքով հավելյալ արժեքը հանդես է գալիս իբրև կապիտալին հասնող միջին շահույթ, մի միջին շահույթ, որն իր հերթին տարաբաժանվում է ձեռնարկուական եկամտի ու տոկոսի և որն այս երկու կատեգորիաների ձևով կարող է բաժին ընկնել զանազան տեսակի կապիտալիստների։ Սակայն հավելյալ արժեքի, համապատասխանորեն՝ հավելյալ արդյունքի այս յուրացումն ու բաշխումը կապիտալի կողմից իր սահմանն է գտնում հողային սեփականության մեջ։ Ինչպես գործող կապիտալիստը բանվորից դուրս է քաշում հավելյալ աշխատանք և դրանով իսկ շահույթի ձևով հավելյալ արժեք և հավելյալ արդյունք, այնպես էլ հողային սեփականատերն իր հերթին կապիտալիստից դուրս է քաշում այդ հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի մի մասը՝ ռենտայի ձևով, առաջ շարադրված օրենքների համաձայն։

Եվ այսպես, երբ մենք այստեղ խոսում ենք շահույթի մասին իբրև հավելյալ արժեքից կապիտալին հասնող բաժնի մասին, ապա մենք նկատի ունենք միջին շահույթը (հավասար ձեռնարկուական եկամտին պլյուս տոկոսը), որն արդեն կրճատված է՝ ամբողջ շահույթից ռենտան հանելու հետևանքով (իսկ շահույթն իր մասսայով նույնական է ամբողջ հավելյալ արժեքի հետ). այսինքն ենթադրվում է ռենտայի հանում։ Հետևաբար, կապիտալի շահույթը (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) և հողային ռենտան ոչ այլ ինչ են, բայց եթե հավելյալ արժեքի հատուկ բաղկացուցիչ մասեր՝ կատեգորիաներ, որոնց մեջ հավելյալ արժեքը տարբեր ձևեր է ընդունում նայած նրան, թե նա բաժին է ընկնում կապիտալին թե հողային սեփականությանը. ստորաբաժանումներ, որոնք, սակայն, ոչինչ չեն փոխում նրա էության մեջ։ Ի մի գումարած՝ նրանք գոյացնում են հասարակական հավելյալ արժեքի գումարը։ Հավելյալ աշխատանքը, որ ներկայացված է հավելյալ արժեքի և հավելյալ արդյունքի մեջ, կապիտալը անմիջականորեն բանվորներից է դուրս կորզում։ Հետևաբար, այս իմաստով նա կարող է դիտվել իբրև հավելյալ արժեք արտադրող։ Հողային սեփականությունը ոչ մի առնչություն չունի արտադրության իսկական պրոցեսի հետ։ Նրա դերը սահմանափակվում է նրանով, որ նա արտադրված հավելյալ արժեքի մի մասը կապիտալի գրպանից տեղափոխում է իր սեփական գրպանը։ Այնուամենայնիվ, հողի սեփականատերը կապիտալիստական արտադրության պրոցեսում որոշ դեր է խաղում ոչ միայն շնորհիվ այն ճնշման, որ նա գործադրում է կապիտալի վրա, և նմանապես ոչ թե շնորհիվ նրա, որ հողային խոշոր սեփականությունը նախադրյալ և պայման է արտադրության կապիտալիստական եղանակի, քանի որ նա նախադրյալ և պայման է բանվորների աշխատանքի պայմանների էքսպրոպրիացիայի, այլ հատկապես այն պատճառով, որ հողի սեփականատերը հանդես է գալիս իբրև արտադրության ամենաէական պայմաններից մեկի անձնավորում։

Վերջապես, բանվորն, իբրև իր անձնական բանվորական ուժի սեփականատեր ու վաճառող, աշխատավարձի անվան տակ ստանում է արդյունքի մի մասը, որտեղ ներկայացված է նրա աշխատանքի մի մասը, որը մենք անվանում ենք անհրաժեշտ աշխատանք, այսինքն այդ բանվորական ուժը պահպանելու և վերարտադրելու համար անհրաժեշտ աշխատանք, ինչ բնույթ էլ որ կրեն այդ պահպանման ու վերարտադրության պայմանները՝ լինեն նրանք աղքատիկ թե հարուստ, նպաստավոր թե աննպաստ։

Որքան էլ առհասարակ անհամեմատելի թվան այդ հարաբերությունները, դրանցում կա մի ընդհանուր բան. կապիտալը տարեց-տարի շահույթ է բերում կապիտալիստին, հողը՝ հողային ռենտա հողի սեփականատիրոջը և բանվորական ուժը՝ նորմալ պայմաններում և քանի դեռ նա մնում է պիտանի բանուժ, աշխատավարձ բանվորին։ Ամեն տարի արտադրվող արժեքի ընդհանուր գումարի այս երեք արժեքային մասերը և ամեն տարի արտադրվող ամբողջ արդյունքի դրանց համապատասխանող մասերը կարող են,— կուտակումը մենք այստեղ առայժմ թողնում ենք մի կողմ,— ամեն տարի սպառվել իրենց համապատասխան տերերի կողմից այնպես, որ նրանց վերարտադրության աղբյուրը չցամաքի։ Նրանք ասես ամենամյա սպառման համար նախատեսված բազմամյա ծառի կամ, ավելի ճիշտ, երեք ծառերի պտուղներ են. դրանք գոյացնում են երեք դասակարգերի՝ կապիտալիստի, հողային սեփականատիրոջ և բանվորի տարեկան եկամուտները՝ եկամուտներ, որ բաշխում է գործող կապիտալիստը, որովհետև նա է անմիջականորեն դուրս կորզում հավելյալ աշխատանքը և կիրառում աշխատանքն առհասարակ։ Այսպիսով, կապիտալիստին իր կապիտալը, հողի սեփականատիրոջն իր հողը և բանվորին իր բանվորական ուժը կամ, ավելի ճիշտ, իր բուն աշխատանքը (քանի որ նա իրոք վաճառում է բանվորական ուժը միայն այդ ուժի դրսևորման մեջ, իսկ բանվորական ուժի գինը, ինչպես ցույց է տրված առաջ, կապիտալիստական արտադրության եղանակի բազիսի վրա անհրաժեշտորեն ներկայանում է նրան իբրև աշխատանքի գին) ներկայանում են իբրև նրանց սպեցիֆիկ եկամուտների՝ շահույթի, հողային ռենտայի և աշխատավարձի երեք տարբեր աղբյուրներ։ Եվ նրանք իրոք այդպիսին են այն իմաստով, որ կապիտալը կապիտալիստի համար մի բազմամյա պոմպ է հավելյալ աշխատանք դուրս քաշելու համար, հողը հողային սեփականատիրոջ համար՝ բազմամյա մագնիս այն հավելյալ արժեքի մի մասը առձգելու համար, որ կորզել է կապիտալը և, վերջապես, աշխատանքը՝ շարունակ նորոգվող պայման և ամեն անգամ նորոգվող միջոց, որպեսզի աշխատավարձի անվան տակ ձեռք բերվի բանվորի ստեղծած արժեքի մի մասը, հետևաբար և արժեքի այդ մասով չափվող հասարակական արդյունքի մի մասը՝ անհրաժեշտ կենսամիջոցները։ Նրանք այդպիսին են այնուհետև այն իմաստով, որ կապիտալը սևեռում է տարեկան աշխատանքի արժեքի, ուստի և արդյունքի մի մասը շահույթի ձևով, հողային սեփականությունը՝ մյուս մասը ռենտայի ձևով, և վարձու աշխատանքը՝ երրորդ մասը աշխատավարձի ձևով, և հենց այդ փոխարկման միջոցով այդ մասերը դարձնում է կապիտալիստի, հողային սեփականատիրոջ և բանվորի եկամուտներ, չստեղծելով, սակայն, այն բուն սուբստանցը, որ փոխարկվում է այդ տարբեր կատեգորիաներին։ Ընդհակառակը, բաշխումը ենթադրում է այդ սուբստանցի առկայությունը, այսինքն տարեկան արդյունքի այն ամբողջ արժեքի առկայությունը, որը ոչ այլ ինչ է, բայց եթե իրայնացած հասարակական աշխատանք։ Սակայն արտադրության գործակալներին, արտադրության պրոցեսի զանազան ֆունկցիաները կրողներին բանը պատկերանում է ոչ թե այս ձևով, այլ, ընդհակառակը, խեղաթյուրված ձևով։ Թե ինչու է տեղի ունենում այսդ մենք կտեսնենք հետազոտության հետագա ընթացքում։ Արտադրության այս գործակալներին կապիտալը, հողային սեփականությունը և աշխատանքը ներկայանում են իբրև երեք տարբեր, միմյանցից անկախ աղբյուրներ, որոնցից, իբրև այդպիսիներից, առաջ են գալիս երեք տարբեր բաղկացուցիչ մասերը ամեն տարի արտադրվող արժեքիդ հետևաբար և արդյունքի, որի մեջ նա գոյություն ունի, որոնցից, հետևաբար, առաջ են գալիս այդ արժեքի ոչ միայն տարբեր ձևերը, որ իբրև եկամուտներ հասնում են արտադրության հասարակական պրոցեսի առանձին գործոններին, այլ և այդ արժեքն ինքը, և դրանով իսկ հենց եկամտի այդ սուբստանցը։

{Այստեղ ձեռագրում պակասում է in folio մի թերթ [կիսաթերթի մեծությամբ]}։

... Դիֆերենցիալ ռենտան կապված է հողերի հարաբերական պտղաբերության, հետևաբար, այն հատկությունների հետ, որ առաջ են գալիս հողից իբրև այդպիսուց։ Բայց որչափով որ նա, նախ, հանգչում է հողի տարբեր տեսակների արդյունքների անհատական արժեքների տարբերության վրա, սա հենց այն բնորոշումն է, որ մենք քիչ առաջ հիշատակեցինք։ Որչափով որ նա է երկրորդ, հանգչում է կարգավորող ընդհանուր շուկայական արժեքի վրա, որ տարբեր է այդ անհատական արժեքներից, դա կլինի հասարակական, մրցության միջոցով իրականացվող օրենք, որը ոչ մի առնչություն չունի ոչ հողի, ոչ էլ նրա պտղաբերության զանազան աստիճանների հետ։

Կարող է թվալ, որ գոնե «աշխատանք — աշխատավարձ»-ի մեջ արտահայտված պետք է լիներ բանական հարաբերություն։ Բայց այդ էլ բացակայում է այստեղ այնպես, ինչպես «հող — հողային ռենտա»-յի մեջ։ Որչափով որ աշխատանքը գոյացնում է արժեք և ներկայացված է ապրանքների արժեքի մեջ, նա ոչ մի առնչություն չունի այդ արժեքը տարբեր կատեգորիաների միջև բաշխելու հետ։ Իսկ որչափով որ նա վարձու աշխատանքի սպեցիֆիկ հասարակական բնույթ ունի, նա արժեք չի գոյացնում։ Արդեն առաջ ցույց է տրված առհասարակ, որ աշխատավարձը, կամ աշխատանքի գինը բանվորական ուժի արժեքի կամ գնի լոկ անբանական [իռռացիոնալ] արտահայտությունն է, և այն որոշակի հասարակական պայմանները, որոնց մեջ վաճառվում է այդ բանվորական ուժը, ոչ մի առնչություն չունեն աշխատանքի, իբրև արտադրության ընղհանուր գործոնի հետ։ Աշխատանքը իրայնանում է [vergegenständlicht sich] ապրանքի արժեքի և այն բաղկացուցիչ մասում, որը իբրև աշխատավարձ գոյացնում է բանվորական ուժի գինը։ Այդ մասը նա ստեղծում է ճիշտ այնպես, ինչպես արդյունքի մյուս մասերը։ Բայց նա իրայնանում է այդ մասում ոչ ավելի և ոչ այլ կերպ, քան այն մասերում, որոնք գոյացնում են ռենտա կամ շահույթ։ Եվ առհասարակ քանի որ աշխատանքը մենք սևեռում ենք իբրև արժեքի կերտիչ, մենք այն քննարկում ենք ոչ թե նրա կոնկրետ ձևով [Gestalt], իբրև արտադրության պայման, այլ նրա հասարակական որոշակիության մեջ, որը տարբեր է վարձու աշխատանքի հասարակական որոշակիությունից։

Նույնիսկ «կապիտալ — շահույթ» արտահայտությունը սխալ է այստեղ։ Եթե կապիտալը վերցվում է այն միակ հարաբերության մեջ, որտեղ նա հավելյալ արժեք է արտադրում, հատկապես նրա այն հարաբերությամբ դեպի բանվորը, որով նա բանվորական ուժի, այսինքն վարձու բանվորի վրա գործադրած հարկադրանքով հավելյալ աշխատանք է քամում, ապա չէ՞ որ այդ հավելյալ արժեքը բացի շահույթից (ձեռնարկուական եկամուտ պլյուս տոկոս) իր մեջ պարունակում է նաև ռենտա, կարճ՝ ամբողջ չբաժանված հավելյալ արժեքը։ Այստեղ, ընդհակառակը, կապիտալն իբրև եկամտի աղբյուր հարաբերության մեջ է դրվում միայն այն մասի հանդեպ, որը բաժին է ընկնում կապիտալիստին։ Իսկ դա այն հավելյալ արժեքը չէ, որ նա կորզում է առհասարակ, այլ նրա սոսկ այն մասը, որ նա կորզում է կապիտալիստի համար։ Ավելի ևս կորչում է ամեն մի կապ, եթե այդ ֆորմուլան վեր է ածվում «կապիտալ — տոկոս» ֆորմուլայի։

Եթե սկզբում մենք քննարկում էինք երեք աղբյուրները միմյանցից բաժանող մոմենտները, ապա այժմ տեսնում ենք, որ նրանց արդյունքները, նրանց ծնունդներն, ընդհակառակը, բոլորը պատկանում են միևնույն բնագավառին, արժեքի բնագավառին։ Սակայն դա վերացվում է նրանով (այդ հարաբերությունը ոչ միայն անհամաչափելի մեծությունների միջև, այլև միանգամայն տարբեր, միմյանց հետ ոչ մի առնչություն չունեցող ու անհամեմատելի իրերի միջև), որ կապիտալը, հողի և աշխատանքի նման, իրականում վերցվում է ուղղակի իր իրային սուբստանցով, հետևաբար, պարզապես իբրև արտադրության արտադրված միջոց, ընդ որում նրանից աբստրահվում են իբրև հարաբերությունից դեպի բանվորը և իբրև արժեքից։

Երրորդ։ Այս իմաստով, հետևաբար, «կապիտալ — տոկոս (շահույթ), հող — ռենտա, աշխատանք — աշխատավարձ» ֆորմուլան ներկայացնում է բոլոր մասերում միատեսակ և սիմետրիկ անհարիրություն։ Հիրավի, քանի որ վարձու աշխատանքը պատկերացվում է ոչ իբրև աշխատանքի հասարակականորեն որոշակի ձև, այլ ամեն մի աշխատանք իր բնությամբ պատկերացվում է որպես վարձու աշխատանք (այսպես է պատկերացնում իրեն բանը նա, ով խճճված է արտադրության կապիտալիստական հարաբերություններով), ապա որոշակի, սպեցիֆիկ, հասարակական ձևերն էլ, որ ընդունում են աշխատանքի իրային պայմանները,— արտադրված արտադրամիջոցները և հողը վարձու աշխատանքի վերաբերմամբ (ինչպես, ընդհակառակը, իրենց կողմից նրանք ենթադրում են վարձու աշխատանքը),— ուղղակի համընկնում են աշխատանքի այդ պայմանների իրային կեցությանը, կամ այն տեսքին, որ նրանք առհասարակ ունեն աշխատանքի իսկական պրոցեսում, անկախ նրա ամեն մի կոնկրետ, պատմականորեն որոշակի հասարակական ձևից և նույնիսկ անկախ ամեն մի հասարակական ձևից։ Աշխատանքից օտարացած, նրա հանդեպ ինքնուրույնություն ձեռք բերած և դրանով իսկ փոխարկված աշխատանքի պայմանների ձևը [Gestalt], որի մեջ այսպիսով արտագրված արտադրամիջոցները վերածվում են կապիտալի, իսկ հողը՝ մոնոպոլացված հողի, հողային սեփականության, ուստի առհասարակ արտադրության պրոցեսում որոշ պատմական շրջանի պատկանող այս ձևը նույնացվում է արտադրված արտադրամիջոցների ու հողի կեցության և ֆունկցիայի հետ։ Արտադրության այդ միջոցները կապիտալ են դառնում ինքնին ի բնե. կապիտալը դառնում է պարզապես «տնտեսական տերմին» արտադրության այդ միջոցների համար. և հողն էլ դառնում է ինքնին ի բնե հող, մոնոպոլացված որոշ քանակությամբ հողային սեփականատերերի կողմից։ Ինչպես կապիտալի և կապիտալիստի մեջ,— որն իսկապես ոչ այլ ինչ է, բայց եթե անձնավորված կապիտալ,— արդյունքները ինքնուրույն ուժ են դառնում արտադրողների նկատմամբ, այնպես էլ հողի սեփականատիրոջ մեջ անձնավորվում է հողը, որը նույնպես ծառս է լինում և իբրև ինքնուրույն ուժ իր բաժինն է պահանջում իր օգնությամբ արտադրված արդյունքից։ Այնպես որ ոչ թե հողն է ստանում իրեն պատկանող արդյունքի մի մասը իր արտադրողականությունը վերականգնելու և բարձրացնելու համար, այլ նրա փոխարեն հողի սեփականատերն է ստանում նրա այդ արդյունքի բաժինը՝ վատնելու և շռայլելու համար։ Պարզ է, որ կապիտալը ենթադրում է աշխատանքն իբրև վարձու աշխատանք։ Բայց ոչ պակաս պարզ է, որ եթե աշխատանքից ելնենք իբրև վարձու աշխատանքից, այնպես որ առհասարակ աշխատանքի համընկնումը վարձու աշխատանքին ինքնին ակներև թվա, ապա կապիտալը և մոնոպոլացված հողը պետք է նույնպես ներկայանան աշխատանքի պայմանների բնական ձև աշխատանքի վերաբերմամբ առհասարակ։ Կապիտալն իր էությամբ ներկայանում է այժմ իբրև աշխատանքի միջոցների բնական ձև, ուստի և իբրև զուտ իրային հատկություն, որ առաջանում է նրանց ֆունկցիաներից աշխատանքի պրոցեսում առհասարակ։ Այսպիսով կապիտալը և արտադրված արտադրամիջոցը դառնում են նույնական արտահայտություններ։ Ճիշտ այդպես էլ նույնական արտահայտություններ են դառնում հողը և մասնավոր սեփականությամբ մոնոպոլացված հողը։ Ահա ինչու աշխատանքի միջոցներն իբրև այդպիսիներ, կապիտալ հանդիսանալով ի բնե, դառնում են շահույթի աղբյուրներ, իսկ հողն իբրև այդպիսին՝ ռենտայի աղբյուր։

Աշխատանքն իբրև այդպիսին իր պարզ որոշակիության մեջ իբրև նպատակահարմար արտադրողական գործունեություն, հարաբերության մեջ է դրվում արտադրության միջոցների հանդեպ՝ վերցրած ոչ թե նրանց ձևի հասարակական որոշակիության, այլ նրանց իրային սուբստանցի մեջ, արտադրության միջոցների հանդեպ իբրև աշխատանքի մատերիալի ու միջոցի, որոնք տարբերվում են միմյանցից նույնպես սոսկ իրայնորեն իբրև սպառողական արժեքներ. հողը՝ իբրև աշխատանքի չարտադրված միջոց, մնացածները՝ իբրև աշխատանքի արտադրված միջոցներ։ Հետևաբար, եթե աշխատանքը համընկնում է վարձու աշխատանքին, ապա այն որոշակի հասարակական ձևը, որի մեջ աշխատանքի պայմաններն այժմ դիմակայում են աշխատանքին, իր հերթին, համընկնում է նրանց իրային կեցությանը։ Այդ դեպքում աշխատանքի միջոցներն իբրև այդպիսիներ հանդիսանում են կապիտալ, և հողը իբրև այդպիսին հողային սեփականություն է։ Այս դեպքում այն ֆորմալ ինքնուրույնությունը, որ ձեռք են բերել աշխատանքի այդ պայմանները աշխատանքի հանդեպ, և այդ ինքնուրույնության այն հատուկ ձևը, որ նրանք ունեն վարձու աշխատանքի հանդեպ, հանդիսանում է իբրև մի հատկություն, որ անբաժանելի է նրանցից իբրև իրերից, իբրև արտադրության նյութական պայմաններից, հանդիսանում է իբրև անհրաժեշտաբար նրանց պատկանող մի բնույթ, որն իմմանենտորեն ներաճել է նրանց հետ, իբրև արտադրության տարրերի հետ։ Որոշ պատմական դարաշրջանով պայմանավորված նրանց սոցիալական բնույթը կապիտալիստական արտադրության պրոցեսում վեր է ածվում նրանց իրային բնույթի, որը բնականաբար և, այսպես ասած սկզբից ի վեր նրանց, իբրև արտադրության պրոցեսի տարրերի, բնածին հատկանիշն է համարվում։ Այս դեպքում պետք է թվա, որ այն համապատասխան մասնակցությունը, որ հողը իբրև աշխատանքի գործունեության սկզբնական դաշտ, իբրև բնական ուժերի թագավորություն, իբրև աշխատանքի բոլոր առարկաների պատրաստի գտնված արսենալ, և մյուս համապատասխան մասնակցությունը, որ ցույց են տալիս արտադրված արտադրամիջոցները (գործիքներ, հումք և այլն) արտադրության պրոցեսում առհասարակ իրենց արտահայտությունն են գտնում այն համապատասխան բաժիններում, որ հասնում են նրանց իբրև կապիտալի և հողային սեփականության,— այսինքն նրանց սոցիալական ներկայացուցիչներին,— շահույթի (տոկոսի) և ռենտայի ձևով, նման այն բանին, ինչպես բանվորի համար նրա աշխատանքի մասնակցությունը արտադրության պրոցեսին արտահայտվում է աշխատավարձով։ Այսպիսով թվում է, թե իբր ռենտան, շահույթը, աշխատավարձը ծնունդ են այն դերի, որ խաղում են հողը, արտադրության արտադրված միջոցները և աշխատանքը աշխատանքի պարզ պրոցեսում, նույնիսկ եթե մենք աշխատանքի այդ պրոցեսը գիտեինք իբրև ուղղակի մարդու և բնության միջև տեղի ունեցող պրոցես և աբստրահվեինք ամեն մի պատմական որոշակիությունից։ Սա դարձյալ նույն բանն է, միայն ուրիշ ձևով, երբ ասում են, թե այն արդյունքը, որի մեջ ներկայացված է վարձու բանվորի իր համար կատարած աշխատանքը, ներկայացված է նրա հասույթը, նրա եկամուտը, դա միայն աշխատավարձ է, արժեքի (ուստի և այդ արժեքով չափվող հասարակական արդյունքի) այն մասը, որ ներկայացնում է նրա աշխատավարձը։ Հետևաբար, եթե վարձու աշխատանքը համընկնում է առհասարակ աշխատանքի հետ, ապա աշխատավարձը ևս համընկնում է աշխատանքի արդյունքի հետ, և աշխատավարձով ներկայացրած արժեքի մասը ևս համընկնում է առհասարակ աշխատանքի ստեղծած արժեքի հետ։ Բայց սրա շնորհիվ արժեքի մյուս մասերը ևս՝ շահույթն ու ռենտան, նույնքան ինքնուրույն ձևով հակադրվում են աշխատավարձին և, իրենց հերթին, պետք է առաջանան սեփական աղբյուրներից, որոնք սպեցիֆիկ կերպով տարբեր և անկախ են աշխատանքից։ Նրանք պետք է առաջանան արտադրության մասնակից տարրերից, որոնց տերերին են հասնում նրանք, հետևաբար, շահույթը՝ արտադրության միջոցներից, կապիտալի իրային տարրերից, իսկ ռենտան՝ հողից կամ բնությունից, որը ներկայացնում է հողի սեփականատերը (Ռոշեր)։

Ուստի եկամուտի աղբյուրներից այն իմաստով, որ կապիտալը շահույթի ձևով դեպի կապիտալիստն է ձգում այն հավելյալ արժեքի մի մասը, որ նա կորզում է աշխատանքից, հողի մոնոպոլիան դեպի հողի սեփականատերն է ձգում մյուս մասը ռենտայի ձևով, իսկ աշխատանքը արժեքի վերջին դեռ մնացած մասը աշխատավարձի ձևով տալիս է բանվորին,— այն աղբյուրներից, որոնց միջոցով արժեքի մի մասը փոխարկվում է շահույթի ձևի, մյուսը՝ ռենտայի ձևի և երրորդը՝ աշխատավարձի ձևի,— հողային սեփականությունը, կապիտալը և վարձու աշխատանքը փոխարկ֊» վռւմ են իրական աղբյուրների) որոնցից առաջանում են արժեքի այդ մասերն իրենք և արդյունքի այն համապատասխան մասերը, որոնց մեջ գոյություն ունեն կամ որոնցով կարող են փոխանակվել արժեքի այդ մասերը, ուրեմն փոխարկվում են աղբյուրների, որոնցից վերջին հաշվով առաջանում է արդյունքի արժեքն ինքը[3]։

Արդեն երբ մենք խոսում էինք կապիտալիստական արտադրության եղանակի, և նույնիսկ ապրանքային արտադրության ամենապարզ կատեգորիաների՝ ապրանքի և փողի մասին, մենք նշեցինք այն միստիֆիկացնող բնույթը, որ հասարակական հարաբերությունները, որոնց համար հարստության իրային տարրերը արտադրության ժամանակ կրողներ են ծառայում, փոխարկվում են այդ իսկ իրերի հատկության (ապրանք) և, որ ավելի ցայտուն է, ինքը արտադրական հարաբերությունը փոխարկվում է իրի (փող)։ Հասարակության բոլոր ձևերը, որչափով որ նրանք հասնում են մինչև ապրանքային արտադրություն և փողային շրջանառություն, մասնակցում են այս փոխարկմանը։ Բայց կապիտալիստական արտադրության եղանակի և կապիտալի դեպքում, որը կազմում է նրա գերիշխող կատեգորիան, արտադրության նրա որոշիչ հարաբերությունը, այդ կախարդական և այլանդակ աշխարհը անհամեմատ ավելի մեծ զարգացում է ստանում։ Եթե մենք քննարկելու լինենք կապիտալն ամենից առաջ արտադրության անմիջական պրոցեսում, իբրև մի ուժ, որ դուրս է կորզում հավելյալ աշխատանքը,— ապա այդ հարաբերությունը դեռևս շատ պարզ է։ Եվ իրական կապը դեռևս ուղղակի դրսևորվում է այդ պրոցեսը կրողների՝ կապիտալիստների հանդեպ և դեռ գիտակցվում է նրանց կողմից։ Այդ համոզիչ կերպով ապացուցվում է բանվորական օրվա սահմանների համար մղվող համառ պայքարով։ Բայց նույնիսկ չմիջնագործված այս ոլորտի — աշխատանքի ու կապիտալի միջև կատարվող անմիջական պրոցեսի ոլորտի — ներսում այս պարզ հարաբերությունը չի պահպանվում։ Բուն սպեցիֆիկ կապիտալիստական արտադրության եղանակի պայմաններում, հարաբերական հավելյալ արժեքի զարգացման հետ միասին, զարգանում են աշխատանքի հասարակական արտադրողական ուժերը, ընդ որում այդ արտադրողական ուժերը և աշխատանքի հասարակական կապերը թվում են փոխադրված աշխատանքից կապիտալին։ Սրա շնորհիվ կապիտալն արդեն դառնում է չափազանց խորհրդավոր մի էություն, որովհետև աշխատանքի բոլոր հասարակական արտադրողական ուժերը թվում է թե նրան են պատկանում և ոչ թե աշխատանքին իբրև այդպիսուն, և որ այդ ուժերը կապիտալի սեփական ընդերքից են ծագում։ Իսկ այնուհետև սրան միջամտում է շրջանառության պրոցեսը, որի մեջ, հատկապես նրա նյութափոխանակության և ձևափոխարկման մեջ ներքաշվում են կապիտալի, նույնիսկ երկրագործական կապիտալի բոլոր մասերը այն նույն չափով, որ չափով որ զարգանում է սպեցիֆիկ կապիտալիստական արտադրության եղանակը։ Սա մի ոլորտ է, որի մեջ արժեքի սկզբնական արտադրության հարաբերությունները բոլորովին հետին պլանի վրա են մղվում։ Արդեն արտադրության անմիջական պրոցեսում կապիտալիստը միաժամանակ գործում է իբրև ապրանք արտադրող, իբրև ապրանքային արտադրության ղեկավար։ Ուստի արտադրության այս պրոցեսը բնավ չի ներկայանում նրան պարզապես իբրև հավելյալ արժեքի արտադրության պրոցես։ Բայց ինչ էլ որ ներկայացնելիս լինի այն հավելյալ արժեքը, որ կապիտալը դուրս է կորզում արտադրության անմիջական պրոցեսում և մարմնավորում է ապրանքների մեջ, ապրանքներում ամփոփված արժեքն ու հավելյալ արժեքը պետք է իրացվեն սոսկ շրջանառության պրոցեսում։ Եվ բանն այնպես է ներկայանում, ասես՝ արժեքը, որ փոխհատուցում է արտադրության համար կանխավճարված արժեքները, և առանձնապես ապրանքների մեջ ամփոփված հավելյալ արժեքը, ոչ թե պարզապես իրացվում է շրջանառության մեջ, այլ առաջանում է նրանից։ Այս պատրանքը առանձնապես ամրապնդում են երկու հանգամանք. նախ, օտարացման ժամանակ ստացվող շահույթը, որ կախում ունի խաբեությունից, խորամանկությունից, գործիմացությունից, ճարպկությունից և շուկայական հազարավոր կոնյունկտուրաներից։ Այնուհետև այն հանգամանքը, որ այստեղ բանվորական ժամանակի հետ միասին հանդես է գալիս երկրորդ որոշիչ տարրը՝ շրջանառության ժամանակը։ Թեև սա գործում է միայն իբրև արժեքի և հավելյալ արժեքի գոյացման բացասական սահման, բայց այնպիսի տպավորություն է ստացվում, որ կարծես դա նրանց գոյացման նույնքան դրական պատճառ է, որքան ինքը աշխատանքը, և կարծես նա մտցնում է մի բնորոշում, որը բխում է կապիտալի բնությունից և անկախ է աշխատանքից։ II գրքում* [Տես 2 ծան. հետո] շրջանառության այս ոլորտը մենք բնականաբար պետք է ներկայացնեինք սոսկ իր հարաբերության մեջ դեպի նրա հարուցած ձևի որոշակիությունները, նշեինք կապիտալի կաոուցվածքի [Gestalt] հետագա զարգացումը, որ կատարվում է այդ ոլորտում։ Բայց իրականում այդ ոլորտը մրցության ոլորան է, որի վրա, եթե դիտելու լինենք յուրաքանչյուր աոանձին դեպքը, գերիշխում է պատահականությունը, որի մեջ, հետևաբար, այն ներքին օրենքը, որ իրեն համար ճանապարհ է հարթում այդ պատահականություններում և կարգավորում դրանք, տեսանելի է դառնում այն ժամանակ միայն, երբ դրանք ընդգրկվում են մեծ մասսաներով, և որոնց մեջ, ուստի, նա անտեսանելի ու անհասկանալի է մնում հենց արտադրության առանձին գործակալների համար։ Բայց, այնուհետև. արտադրության իսկական պրոցեսը, իբրև արտադրության անմիջական պրոցեսի և շրջանառության պրոցեսի միասնություն, հարուցում է նորանոր գոյացություններ [Gestaltungen], որոնց մեջ ավելի ու ավելի է կորչում ներքին կապի թելը, արտադրության հարաբերությունները մեկը մյուսի նկատմամբ ավելի ու ավելի են ինքնուրույնանում և արժեքի բաղկացուցիչ մասերը ոսկրանում են միմյանց հանդեպ ինքնուրույն ձևերի մեջ։

Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի փոխարկումը շահույթի որոշվում է նույնքան շրջանառության պրոցեսով, ինչքան և արտադրության պրոցեսով։ Հավելյալ արժեքը շահույթի ձևով վերաբերում է արդեն ոչ թե կապիտալի՝ աշխատանքի վրա ծախսած մասին, որից առաջանում է նա, այլ ամբողջ կապիտալին։ Շահույթի նորման կարգավորվում է սեփական օրենքներով, որոնք թույլատրում և նույնիսկ պայմանավորում են նրա փոփոխությունը՝ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում։ Այս բոլորն ավելի ու ավելի է թաքցնում հավելյալ արժեքի իսկական բնությունը, ուստի և կապիտալի իսկական մեխանիզմը։ Ավելի ևս մեծ չափով է սա կատարվում շահույթը միջին շահույթի և արժեքները արտադրության գների, շուկայական գների կարգավորող միջին գների փոխարկվելու հետևանքով։ Այստեղ միջամտում է հասարակական մի բարդ պրոցես՝ կապիտալների հավասարանքի պրոցեսը, որ անջատում է ապրանքների հարաբերական միջին գները նրանց արժեքներից և արտադրության տարբեր ոլորտների միջին շահույթները (բոլորովին չխոսելով արդեն կապիտալի ինդիվիդուալ ծախքերի մասին արտադրության յուրաքանչյուր հատուկ ոլորտի մեջ) աշխատանքի իսկական շահագործումից առանձին կապիտալների կողմից։ Այստեղ ոչ միայն այդպես է թվում, այլև իրոք ապրանքների միջին գինը տարբեր է նրանց արժեքից, հետևաբար, նրանց մեջ իրացված աշխատանքից, և առանձին կապիտալի միջին շահույթը տարբեր է այն հավելյալ արժեքից, որ այդ կապիտալը կորզել է իր զբաղեցրած բանվորներից։ Ապրանքների արժեքը անմիջականորեն երևան է գալիս լոկ այն ազդեցության մեջ, որ գործում են աշխատանքի արտադրողական ուժի փոփոխությունները արտադրության գների իջեցման և բարձրացման վրա, նրանց շարժման վրա, և ոչ թե նրանց վախճանական սահմանների վրա։ Թվում է, թե շահույթի որոշման մեջ աշխատանքի անմիջական շահագործումը սոսկ երկրորդական գործոնի դեր է կատարում, այն է, որքան որ այդ շահագործումը հնարավորություն է տալիս կապիտալիստին, շուկայական կարգավորող գների առկայությամբ, որոնք, ըստ երևույթին, գոյություն ունեն անկախ այդ շահագործումից, իրացնելու մի շահույթ, որը շեղվում է միջին շահույթից։ Իսկ ինչ վերաբերում է նորմալ միջին շահույթներին, դրանք թվում են կապիտալին իմանենտ [ի բնե հատուկ], շահագործումից անկախ։ Թվում է, թե աննորմալ շահագործումը, ինչպես նաև շահագործումը բարեհաջող, բացառիկ պայմաններում հիմք է ծառայում սոսկ շեղումների միջին շահույթից, և ոչ թե բուն միջին շահույթի։ Շահույթի տարաբաժանումը ձեռնարկուական եկամուտի ու տոկոսի (չխոսելով արդեն վաճառականական և փողային֊ առևտրական շահույթի միջամտության մասին, որ հիմնված է շրջանառության վրա և թվում է ամբողջովին շրջանառությունից բխող, և ոչ թե բուն արտադրության պրոցեսից) ավարտում է հավելյալ արժեքի ձևի ինքնակայացումը, նրա ձևի քարացումը իր սուբստանցի, իր էության նկատմամբ։ Շահույթի մի մասը, հակառակ մյուսի, միանգամայն անջատվում է կապիտալիստական հարաբերությունից իբրև այդպիսուց և ներկայացնում է իբրև ոչ թե վարձու աշխատանքի շահագործման ֆունկցիայից բխող, այլ իր իսկ կապիտալիստի վարձու աշխատանքից բխող։ Հակառակ սրա, թվում է, թե տոկոսը առաջանում է անկախ բանվորի վարձու աշխատանքից և կապիտալիստի սեփական աշխատանքից, այլ նա ծագում է կապիտալից, իբրև իր սեփական անկախ աղբյուրից, եթե սկզբնապես, շրջանառության մակերևույթի վրա, կապիտալը թվում էր կապիտալ-ֆետիշ, արժեք, որ ծնում է արժեք, ապա այժմ, իբրև տոկոսաբեր կապիտալ, նա ներկայանում է ամենից ավելի օտարացած և ամենից ավելի յուրահատուկ ձևով։ Ուստի և «կապիտալ — տոկոս» ֆորմուլան, իբրև երրորդ անգամ «հող — ռենտա» և «աշխատանք — աշխատավարձ»-ին, շատ ավելի հետևողական է, քան «կապիտալ — շահույթը», որովհետև շահույթի մեջ դեռևս հիշողություն է պահպանվում նրա ծագման մասին, որը ոչ միայն անհայտացել է տոկոսում, այլև սևեռված է այդ ծագմանը հակադիր ձևով։

Վերջապես, կապիտալի, իբրև հավելյալ արժեքի ինքնուրույն աղբյուրի կողքին հանդես է գալիս հողային սեփականությունը, որը սահմանափակում է միջին շահույթը և հավելյալ արժեքի մի մասը հանձնում է մի այնպիսի դասակարգի, որն ինքը չի աշխատում, չի շահագործում բանվորներին անմիջականորեն և չի կարող, ըստ տոկոսաբեր կապիտալի օրինակի, հանձնվել բարոյա-խրատական դատողությունների, օրինակ, ռիսկի և զոհաբերությունների վերաբերյալ դատողությունների կապիտալի փոխատվության դեպքում։ Քանի որ այստեղ հավելյալ արժեքի մի մասը անմիջականորեն կապված է թվում ոչ թե հասարակական հարաբերությունների, այլ բնական տարրի՝ հողի հետ, ապա հավելյալ արժեքի տարբեր մասերի առանձնացման ու քարացման ձևը, մեկը մյուսի հանդեպ, ավարտվում է ներքին կապը վերջնականապես խզվում է, և նրա աղբյուրները կատարելապես փակվում են հենց արտադրության փոխադարձ հարաբերությունների առանձնացումով, որոնք կապվում են արտադրության պրոցեսի զանազան իրային տարրերի հետ։

«Կապիտալ — շահույթի» կամ ավելի լավ է՝ «կապիտալ — տոկոս, հող — հողային ռենտա, աշխատանք — աշխատավարձ» տնտեսական այս եռմիասնության մեջ, որ պատկերում է արժեքի բաղկացուցիչ մասերի և առհասարակ հարստության կապը իր աղբյուրների հետ, ավարտված է հանդիսանում արտադրության կապիտալիստական եղանակի միստիֆիկացիան, հասարակական հարաբերությունների իրայնացումը, արտադրության իրային հարաբերությունների և նրանց պատմական-սոցիալական որոշակիության անմիջական սերտաճումը, կախարդված, աղավաղված և գլխիվայր գրված աշխարհը, որի մեջ monsieur le Capital-ը [պարոն կապիտալը] և madame la Terre-ն [տիկին հողը], իբրև սոցիալական խարակտերներ ու միևնույն ժամանակ անմիջականորեն իբրև պարզապես իրեր, տոնում են իրենց դիվատոնը։ Կլասիկ քաղաքատնտեսության մեծ ծառայությունն այն է, որ նա խորտակեց այս կեղծ երևութականությունն ու պատրանքը, հարստության հասարակական տարբեր տարրերի այս ինքնակայացումն ու քարացումը միմյանց հանդեպ, իրերի այս անձնավորում ու արտադրության հարաբերությունների իրայնացումը, ամենօրյա կյանքի այս կրոնը, խորտակեց նրանով, որ տոկոսը հանգեցրեց շահութամասի և ռենտան հավելուրդի միջին շահույթից, այնպես որ երկուսն էլ ձուլվում են հավելյալ արժեքի մեջ. նրանով, որ շրջանառության պրոցեսը ներկայացրեց իբրև լոկ ձևերի մետամորֆոզ և, վերջապես, արտադրության անմիջական պրոցեսում ապրանքների արժեքը և հավելյալ արժեքը հանգեցրեց աշխատանքի։ Սակայն նրա պարագլուխներից նույնիսկ լավագույնները,— և դա այլ կերպ էլ չի կարող լինել բուրժուական տեսակետի տիրապետության դեպքում,— առավել կամ պակաս չափով համակված են, մնում երևութականության այն աշխարհով, որ քննադատաբար խորտակել են նրանք, ուստի և առավել կամ պակաս չափով ընկնում են անհետևողականության, կիսակատարության և անլուծելի հակասությունների մեջ։ Այս կապակցությամբ նույնքան բնական է, մյուս կողմից, որ արտադրության իսկական գործակալներն իրենց շատ լավ են զգում «կապիտալ — տոկոս, հող — ռենտա, աշխատանք — աշխատավարձ» այդ անբանական ու իրական հարաբերություններից կտրված ձևերի մեջ, որովհետև նրանք շարժվում են և ամեն օր գործ ունեն արտաքին երևութականության հենց այգ ձևերի [Gestaltungen] հետ։ Ուստի պակաս բնական չէ, որ վուլգար քաղաքատնտեսությունը, որը ոչ այլ ինչ է, բայց եթե արտադրության իսկական գործակալների ամենօրյա պատկերացույցների դիդակտիկ, առավել կամ պակաս դոկտրինյորական թարգմանությունը և որը սոսկ որոշ խելամիտ կարգ է մտցնում այդ պատկերացումների մեջ, որ նա հենց այդ եռմիասնության մեջ, որտեղ անհետացած է ամեն մի ներքին կապ, գտնում է բնական, ամեն մի տարակույսից վեր գտնվող հիմք իր դատարկ սնապարծության համար։ Միևնույն ժամանակ այս ֆորմուլան համապատասխանում է իշխող դասակարգերի շահերին, որովհետև, սա ազդարարում ու դոգմայի աստիճանի է հասցնում նրանց եկամտի աղբյուրների բնական անհրաժեշտությունը և հավիտենական արդարացումը։

Նկարագրելով, թե արտադրության հարաբերությունները ինչպես են իրայնանում և ինքնուրույնություն ձեռք բերում արտադրության գործակալների հանդեպ, մենք կանգ չենք առնում այն բանի վրա, թե ինչպես են շնորհիվ համաշխարհային շուկայի, նրա կոնյունկտուրաների, շուկայագների շարժման, վարկի պարբերաշրջանների, արդյունաբերության և առևտրի ցիկլերի, բարգավաճման և ճգնաժամի հերթափոխությունների, թե այս ամենի շնորհիվ փոխադարձ կապերն ինչպես են ներկայանում արտադրության գործակալներին իբրև անհաղթահարելի, նրանց վրա տարերայնորեն գերիշխող բնության օրենքներ և հանդես գալիս նրանց հանդեպ իբրև կույր անհրաժեշտություն։ Այս խնդիրների վրա կանգ չենք առնում այն պատճառով, որ մրցության իսկական շարժումը մեր պլանից դուրս է գտնվում և մենք նպատակ ունենք կապիտալիստական արտադրության եղանակի ներքին կազմակերպությունը ներկայացնել նրա, այսպես ասած, իդեալական-միջին տիպի մեջ։

Նախկին հասարակական ձևերի մեջ այս տնտեսական միստիֆիկացիան հանդես է գալիս գերազանցապես փողի և տոկոսաբեր կապիտալի վերաբերմամբ։ Գործի բուն իսկ էությամբ դա բացառված է, նախ, այնտեղ, որտեղ գերակշռում է արտադրությունը հանուն սպառողական արժեքի, արտադրողների անմիջական սեփական կարիքները բավարարելու համար։ Երկրորդ, այնտեղ, որտեղ, ինչպես անտիկ աշխարհում և միջին դարերում, ստրկությունը կամ ճորտությունը կազմում են հասարակական արտադրության լայն հիմքը. արտադրության պայմանների գերիշխումը արտադրողների վրա քողարկվում է այստեղ գերիշխանության և ստրկացման հարաբերություններով, որոնք հանդես են գալիս և տեսանելի են իբրև արտադրական պրոցեսի անմիջական շարժիչ ուժեր։ Սկզբնական համայնքներում, որտեղ իշխում է պրիմիտիվ կոմունիզմը, և նույնիսկ անտիկ քաղաքային համայնքներում այդ համայնական հարաբերություններն իրենք իրենց պայմաններով ներկայանում են իբրև արտադրության բազիս, ինչպես և այդ բազիսի վերարտադրությունը՝ իբրև նրանց վերջնական նպատակը։ Նույնիսկ միջնադարյան համքարություններում ոչ կապիտալը, ոչ էլ աշխատանքը չեն հանդիսանում անկապակից. ընդհակառակը, նրանց հարաբերությունները որոշվում են կորպորատիվ կառուցվածքով, նրա հետ կապված հարաբերություններով և պրոֆեսիոնալ պարտքի, վարպետի դրության վերաբերյալ և այլ պատկերացումներով, որոնք համապատասխանում են այդ հարաբերություններին։ Միայն արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում...



  1. Հետևյալ երեք հատվածները գտնվում են VI բաժնի ձեռագրի զանազան տեղերում։ — Ֆ. Է.։
    * „On the Principles of Political Economy and Taxation". Տես Д. Рикардо. „Начала политической экономии и налогового обложения”, Соч., т. II, Соцэкгиз, 1935, стр. 37։— Խմբ.։
    ** Մարքս. «Կապիտալ», I հ., գլ. 4 — § 3 և գլ. 17։— Խմբ.։
  2. Ըստ ձեռագրի XLVIII գլխի սկիզբը։
  3. Աշխատավարձը, շահույթը և ռենտան ամեն մի եկամտի, հավասարապես և ամեն մի փոխանակային արժեքի երեք սկզբնական աղբյուրներն են (Ա. Սմիթ)։ Այսպիսով նյութական արտադրության պատճառները միևնույն ժամանակ բոլոր գոյություն ունեցող հիմնական եկամուտների աղբյուրներն են (Շտորխ [„Cours d’Economie Poltique”, Pe'tersbourg 1815], էջ 259)։
    * Կ. Մարքս, «Կապիտալ», II h.։— Խմբ.։