Արքայազն անունով փոքրիկ պինգվինը

Գրապահարան-ից
00:35, 21 Օգոստոսի 2015 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Արքայազն անունով փոքրիկ պինգվինը էջը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Արքայական պինգվինների ընտանիքին պատկանող փոքրիկ պինգվինը, որի անունը Արքայազն էր, ձվի մեջ նստած, մտածում էր, թե ինչպես օր առաջ լույս աշխարհ դուրս գա։ Նա շատ էր ձանձրացել ձվի մեջ նստելուց եւ շատ էր ուզում դուրս գալ ու խաղալ մյուս պինգվինների հետ։

Նա կտուցով, եւ ապա ոտքով ուժեղ հարվածեց ձվի կեղեւին։ Հետո որքան ուժ ուներ սկսեց թմբկահարել, եւ կեղեւը՝ թըխկ, կոտրվեց։

Օֆ, վերջապես նա ծնվեց։

Պինգվին-մայրիկը նայեց նրան եւ չհավատաց աչքերին։ «Զարմանալի է, ― մտածեց մայրիկը։ ― Ինչո՞ւ է իմ փոքրիկը շագանակագույն։ Բոլոր արքայական պինգվինների մեջքին սեւ փետուրներ են լինում, իսկ փորին՝ ճերմակ։ Բայց եթե այս շագանակագույն ներկը լվանք, փոքրիկս է՞լ դռանա սեւ եւ ճերմակ»։

Եվ պինգվին-մայրիկը փորձեց կտուցով քերել Արքայազնի շագանակագույն ներկը, բայց իզուր։ Արքայազնը շագանակագույն էր, շագանակագույն էլ մնաց։

― Ճարը գտա, ― ասաց պինգվին-մայրիկը եւ պահարանից հանեց մեղրով լի ամանը։

Նա Արքայազնի վրա մեղր քսեց եւ ձայն տվեց Փնթփնթան անունով սպիտակ արջին, որպեսզի արջը լզի մեղրը եւ մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը։ Փնթփնթանը մեծ հաճույքով սկսեց ամեն կողմից լիզել Արքայազնին։

― Վայ, խուտուտ է գալիս, ― ծիծաղեց Արքայազնը։

Բայց արջը՝ առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց լիզել մեղրը։ Իսկ երբ լիզեց-վերջացրեց, պինգվին-մայրիկը տեսավ, որ Արքայազնը ինչպես կար, այնպես էլ մնացել էր՝ շագանակագույն։

Փնթփնթանը խորհուրդ տվեց․

― Թող Արքայազնը բարձրանա ձնե բլրակի վրա ու ցած գլորվի։ Գուցե ձյունը կմաքրի այդ շագանակագույն ներկը։

Արքայազնը բարձրացավ բլրակի գագաթն ու գլորվեց ցած։ Գլորվեց, թափ տվեց մարմինը, բայց պարզվեց, որ առաջվա պես շագանակագույն է։

― Գնանք բվեճից խորհուրդ հարցնենք, ― որոշեց պինգվին-մայրիկը։ ― Նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է։

Եւ բուն պինգվին-մայրիկին ասաց․

― Ինչ ծիծաղելի ես, պինգվին-մայրիկ։ Մի՞թե չգիտես, որ պինգվինները ծնվում են շագանակագույն փետուրներով ու երբ մի քիչ մեծանում են, նոր միայն նրանց մեջքը դառնում է սեւ, իսկ փորը՝ ճերմակ։

― Ա՜հ, իհարկե, ― գոչեց պինգվին-մայրիկը։ ― Ես բոլորովին մոռացել էի։

Ու այդպես էլ եղավ, ինչպես ասել էր բուն։

Երբ Արքայազնը մեծացավ, նրա մեջքին աճեցին սեւ փետուրներ, իսկ փորին՝ ճերմակ, ինչպես լինում են բոլոր արքայական պինգվիններինը։