Օտար մի երկրում

Գրապահարան-ից
21:20, 25 Օգոստոսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Օտար մի երկրում

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Նինա Ա․ Ջաղինյան (բնագրից)
աղբյուր՝ «Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր»

Աշնանը պատերազմը դեռ շարունակւում էր, բայց մեզ համար այն այլեւս չկար։ Միլանում աշնանը ցուրտ էր, ու շատ վաղ էր մթնում։ Վառւում էին էլեկտրական լոյսերը, եւ հաճելի էր թափառել փողոցներում՝ նայելով ցուցափեղկերին։ Խանութների դրսի մասում կախուած էին մեծ քանակութեամբ թռչուններ, աղուէսի մորթիների վրայ ձիւն էր մաղուած, ու քամին ուռցնում էր դրանց պոչերը։ Փորոտիքը հանած եղնիկի սառեցուած մսեղիքը ծանր կախ էր ընկած, քաշքշում էր դրանց փետուրները։ Ցուրտ աշուն էր, եւ քամին լեռներից վար էր իջել։

Մենք բոլորս ամէն օր կէսօրին հիւանդանոցում էինք լինում։ Քաղաքի միջով հիւանդանոց կարելի էր հասնել տարբեր ճամփեքով։ Երկու ճամփայ ձգւում էր ջրանցքի երկայնքով, բայց այդպէս շատ էր հեռու Հիւանդանոց կարելի էր ընկնել միայն ջրանցքի վրայ ձգուող որեւէ կամրջով։ Կամուրջները երեքն էին։ Դրանցից մէկի վրայ մի կին բոված շագանակ էր վաճառում։ Նրա թաւայի մօտ տաք էր։ Եւ շագանակը գրպանիդ մէջ դեռ երկար ջերմութիւն էր արձակում։ Հիւանդանոցի շէնքը շատ հին էր ու շատ գեղեցիկ, եւ մենք մտնում էինք մի դարպասից, անցնում բակի միջով, դուրս գալիս միւսից՝ հակառակ կողմում։ Բակում գրեթէ միշտ ականատես էինք լինում թաղման թափորի։ Հին շէնքի ետեւում կային նոր աղիւսէ առանձնաշէնքեր, եւ այնտեղ մենք հանդիպում էինք ամէն օր ու շատ սիրալիր էինք միմեանց հանդէպ․ իրար որպիսութիւն էինք հարցնում, հեծնում սարքերին, որոնց հետ այնքա՜ն յոյսեր էինք կապում։

Սարքին, որին նստած էի, մօտեցաւ բժիշկն ու հարցրեց․

— Ինչ՞վ էիք հրապուրուած պատերազմից առաջ։ Սպորտով զբաղւո՞ւմ էիք։

Ասացի․— Այո՛, ֆուտբոլ էի խաղում։

— Հրաշալի՛ է,— ասաց նա։— Էլի՛ կարող էք խաղալ, առաջուանից էլ լաւ։

Ծունկս չէր ծալւում, ոտքս չորացել էր մինչեւ կոճս, եւ սարքը պիտի ծունկս ծալեր ու շարժել տար, ինչպէս հեծանիւ քշելիս։ Բայց այն դեռեւս չէր ծալւում, իսկ սարքն էլ ամէն անգամ ցնցւում էր, երբ բանը հասնում էր ծալուելուն։ Բժիշկն ասաց․— էդ բոլորը կանցնի։ Բախտդ բերել է, երիտասարդ։ Շուտով նորից չեմպիոնի պէս կը խաղաս։

Կողքի սարքին մի մայոր էր նստած, որը մի շատ պստլիկ ձեռք ունէր՝ ասես երեխայի լինէր։ Նա ինձ աչքով արեց, երբ բժիշկը սկսեց զննել ձեռքը՝ դրդուած երկու կաշուէ փոկերի արանքին, որոնց վեր ու վար էին անում ու հարուածում ընդարմացած մատներին, յետոյ հարցրեց․

— Իսկ ես էլ ֆուտբոլ կը խաղա՞մ, բժիշկ։

Նա շատ յայտնի սուսերամարտիկ էր, իսկ պատերազմից առաջ՝ լաւագոյնը ողջ Իտալիայում։

Բժիշկը գնաց իր աշխատասենեակն ու փայտացած ձեռք պատկերող մի լուսանկար բերեց, որ բուժումից առաջ նոյնքան փոքրիկ էր, որքան մայորինը, եւ որը յետոյ փոքր֊ինչ մեծացել էր։ Մայորը առողջ ձեռքով վերցրեց նկարը եւ ուշի֊ուշով նայեց վրան։

— Վիրաւորուա՞ծ է,— հարցրեց նա։

— Դժբախտ պատահար գործարանում,— ասաց բժիշկը։

— Շա՛տ հետաքրքիր է, շատ հետաքրքիր,— ասաց մայորն ու նկարը վերադարձրեց բժշկին։

— Հիմա համոզուեցի՞ք։

— Ո՛չ,— ասաց մայորը։

Գրեթէ իմ տարիքի երեք տղաներ կային, որ այստեղ գալիս էին ամէն օր։ Երեքն էլ Միլանից էին․ նրանցից մէկը պատրաստւում էր փաստաբան դառնալ, միւսը՝ նկարիչ, երրորդը՝ զինուորական։ Եւ բուժումն ընդունելուց յետոյ մենք երբեմն միասին գնում էինք «Cafè Cova», որ «La Scala»֊ի մօտ էր։ Եւ քանի որ չորսով էինք, գնում էինք ամենակարճ ճամփով՝ բանուորական թաղամասի միջով։ Տեղացիները ատում էին մեզ այն բանի համար, որ սպա էինք, եւ յաճախ, երբ անցնում էինք նրանց մօտով, գոռում էին գինետներից․ «A basso eli ufficiali!»[1]։ Մեզ հետ երբեմն հոսպիտալ եկող չորրորդ տղայի դէմքը կապուած էր սեւ մետաքսէ թաշկինակով․ նա քիթ չունէր, ու դէմքը կարգի պիտի բերէին։ Նա ճակատ էր մեկնել զինուորական ակադեմիայից եւ վիրաւորուել այնտեղ ընկնելուց մի ժամ անց։ Հետագայում նրա դէմքը կարգաւորել էին, սակայն նա սերում էր շատ հին մի գերդաստանից, իսկ նրա քթին այդպէս էլ չէին կարողացել պատշաճ ձեւ տալ։ Նա մեկնեց Հարաւային Ամերիկա ու ծառայութեան մտաւ ինչ֊որ բանկում։ Բայց դա յետոյ էր, իսկ այն ժամանակ մեզնից ոչ ոք չգիտէր, թէ կեանքն ինչպիսի ընթացք կը ստանայ այնուհետ։ Մենք միայն գիտէինք, որ պատերազմը դեռեւս շարունակւում է, սակայն մեզ համար այն այլեւս աւարտուած էր։

Մենք բոլորս նոյնատիպ շքանշաններ ունէինք, բացի դէմքին սեւ մետաքսէ կապ ունեցող տղայից, բայց նա չափազանց քիչ ժամանակ էր ճակատում եղել, որպէսզի դրանցից ստանար։ Բարձրահասակ պատանին՝ խիստ դալուկ դէմքով, այն, որ պատրաստւում էր փաստաբան դառնալ, Արդիտիի[2] գնդի լեյտենանտ էր եւ ունէր այդպիսի երեք շքանշան, որից մենք մէկական ունէինք։ Նա շատ երկար ժամանակ էր մահուան դէմ մաքառել ու մի տեսակ իրեն մեկուսացուած էր զգում։ Մեզնից իւրաքանչիւրն էլ մեկուսացուած էր զգում, ու ոչինչ էլ մեզ չէր կապում իրար, բացի հոսպիտալի ամենօրեայ հանդիպումներից։ Յամենայն դէպս, երբ գնում էինք սրճարան «Cafè Cova» քաղաքի ամենավտանգաւոր մասով, գնում էինք խաւարի մէջ, իսկ գինետներից լոյս էր ծորում, եւ բարձրաձայն երաժշտութիւն լսւում, ու երբ կտրում֊անցնում էինք փողոցը, ուր կանայք ու տղամարդիկ խռնուած էին լինում մայթերին, ստիպուած էինք լինում հրել նրանց, որ անցնենք,— զգում էինք, որ մեզ իրար կապում է այն, ինչ կեանքում կրել ենք, եւ այն, ինչը նրանք՝ այդ մարդիկ, որ ատում են մեզ, չեն կարող հասկանալ։

Ամէն ինչ հասկանալի էր «Cafè Cova»֊ում, ուր տօնական էր ու տաք, ոչ այնքան լուսաւոր, ուր երեկոները աղմկոտ էր ու ծխով լի, եւ միշտ աղջիկներ էին լինում սեղանների մօտ, եւ պատկերազարդ ամսագրեր պատերին՝ կեռիկներից կախ։ Cova յաճախող աղջիկները իսկական հայրենասէրներ էին, ու ինձ համար պարզեցի, որ այդ ժամանակ ամենահայրենասէրները Իտալիայում սրճարանի աղջիկներն էին ու երեւի թէ դեռ այդպիսին են հիմա էլ։

Տղաները սկզբում քաղաքավարութեամբ հետաքրքրւում էին իմ շքանշաններով ու հարցնում, թէ ինչի համար եմ ստացել դրանք։ Ես նրանց ցոյց էի տալիս պատուոգրերս, որոնցում փքուն բառեր էին գրուած եւ ամէն տեսակ «fratellanza»[3] եւ «abnegazione»[4], բայց դրանցում իրականում, եթէ հանենք պաճուճանքը, ասւում էր, որ ինձ շքանշաններ են տուել, որովհետեւ ամերիկացի եմ։ Դրանից յետոյ նրանց վերաբերմունքն իմ հանդէպ որոշակիօրէն փոխուեց թէեւ ես դեռ ընկեր էի համարւում՝ կողմնակի անձանց համեմատութեամբ։ Ես նրանց ընկերն էի, բայց ինձ դադարեցին իւրային համարել, հենց որ կարդացին պատուոգրերս։ Նրանց մօտ ամէն ինչ այլ էր․ իրենց շքանշանները ստացել էին բոլորովին այլ բանի համար։ Ճիշտ է, ես վիրաւորուել էի, բայց բոլորս էլ գիտէինք, որ վէրքս, ի վերջոյ, դիպուածի հետեւանք էր։ Յամենայն դէպս, ես չէի ամաչում իմ պարգեւներից եւ երբեմն՝ մի քանի բաժակ կոկտեյլ խմելուց յետոյ, երեւակայում էի, թէ արել եմ այն ամէնը, ինչի համար նրանց պէս արժանացել եմ դրանց։ Սակայն գիշերը՝ սառը քամու տակ վերադառնալով դատարկ փողոցներով, փակ խանութների կողքով, ջանալով հնարաւորինս լապտերների մօտով անցնել՝ գիտէի, որ երբեք էլ այդպիսի բաներ ինձ վիճակուած չէ անել, ու շատ էի վախենում մեռնել ու մտածում էի, թէ ինչ կը լինի ինձ հետ, երբ կրկին ընկնեմ ճակատ։

Շքանշանով այդ երեք տղաները նման էին որսորդական բազէների, իսկ ես բազէ չէի, թէեւ նրանց, որոնք կեանքում երբեք որսի դուրս չեն եկել, կարող էի եւ այդպիսին թուալ, բայց նրանք, այդ բոլոր երեքն էլ հրաշալի դա հասկանում էին, ու մենք կամաց֊կամաց իրարից հեռացանք։ Սակայն այն տղայի հետ, որ վիրաւորուել էր ճակատ ընկնելու հենց առաջին օրը, ընկերներ մնացինք, քանի որ նա այժմ արդեն չէր կարող իմանալ, թէ իրենից ինչ դուրս կը գայ, քանի որ նրան էլ իւրային չէին համարում, ու նա ինձ դուր էր գալիս հենց նրանով, որ նրանից էլ, թերեւս, բազէ չէր ստացուի։

Մայորը, որ նախկինում յայտնի սուսերամարտիկ էր եղել, հերոսութեան չէր հաւատում, եւ քանի դեռ բազմած էինք մեր սարքերին, երկար զբաղւում էր իմ քերականական սխալներն ուղղելով։ Նա ինչ֊որ չափով արդեն գովել էր իմ իտալերէնը, ու մենք իրար հետ դիւրութեամբ էինք հաղորդակցւում։ Ես նրան ասացի, որ իտալերէնը ինձ չափից դուրս հեշտ է թւում, որպէսզի դրանով լրջօրէն զբաղուէի։— Դէ, հա՛,— ասաց մայորը։— Իսկ ինչո՞ւ չէք դուք քերականութեանը ուշք դարձնում։ Ու մենք ուշադրութիւն դարձրինք քերականութեանը, եւ շուտով իտալերէնը այնքան խրթին դարձաւ, որ վախենում էի անգամ որեւէ բառ ասել, քանի դեռ քերականական կանոնները գլխումս չէին տեղաւորուել։

Մայորը հոսպիտալ էր գալիս շատ կանոնաւոր։ Չեմ կարծում, թէ մի օր անգամ բաց թողած լինէր, թէեւ, իհարկէ, սարքերին հաւատ չէր ընծայում։ Եղաւ մի պահ, երբ մեզնից ոչ ոք չէր հաւատում դրանց, ու մի անգամ մայորն ասաց, թէ այդ ամէնը զուտ յիմարութիւն է։ Սարքերն այդ ժամանակ նորոյթ էին, ու դրանք պիտի փորձարկուէին մեզ վրայ։ «Ապուշի՛ հնարանք,— ասաց նա,— զառանցանք, ուրիշ ոչինչ»։ Ես այդ օրը քերականութեան դասին պատրաստ չէի, եւ մայորն ասաց, թէ ես խարանն եմ ողջ մարդկութեան, իսկ ինքը՝ յիմար, որ գլուխ է դնում ինձ հետ։ Նա կարճահասակ էր ու ձիգ նստել էր աթոռին՝ աջ ձեռքը սարքի մէջ դրած, եւ նայում էր ուղիղ առջեւի պատին, իսկ փոկերը, որոնց մէջ մատներն էին կապուած, խուլ ձայնով վեր ու վար էին անում։

— Ի՞նչ էք անելու, երբ պատերազմը վերջանայ, եթէ, իհարկէ, երբեւէ վերջանայ,— հարցրեց նա ինձ։— Քերականօրէն ճի՛շտ խօսէք։

— Կը վերադառնամ Ամերիկա։

— Ամուսնացա՞ծ էք։

— Ո՛չ, բայց հոյս ունեմ ամուսնանալ։

— Համա թէ յիմա՛րն էք,— ասաց մայորը։ Ասես թէ շատ էր բարկացած։— Մարդ չպէ՛տք է ամուսնանայ։

— Ինչո՞ւ, Signor Maggiore[5]։

— Ինձ «Signor Maggiore» մի՛ ասէք։

— Բայց ինչո՞ւ մարդ չպէտք է ամուսնանայ։

— Չի՛ կարելի ամուսնանալ, չի՛ կարելի,— ասաց նա բարկացած։— Եթէ մարդուն վիճակուած է ամէն բան կորցնել, նա չպէտք է դա էլ խաղաքարտերին դնի։ Նա պիտի գտնի այն, ինչ չի կարելի կորցնել։

Նա խօսում էր խիստ զայրացած ու դառնութեամբ եւ ուղիղ իր առջեւ՝ մի կէտի էր նայում։

— Իսկ ինչո՞ւ պիտի անպայման կորցնի որ։

— Կը կորցնի՛,— ասաց մայորը։ Նա պատին էր նայում։ Յետոյ նայեց սարքին, չորացած ձեռքը թափով քաշեց փոկերի միջից եւ ուժգին զարկեց ազդրին։— Կը կորցնի՛,— գրեթէ գոռաց նա։— Հետս մի՛ վիճէք։— Յետոյ կանչեց սանիտարին՝ «Կանգնեցրէ՛ք այս անիծեալ բանը»։

Նա գնաց միւս սենեակը, ուր բուժում էին էլեկտրականութեամբ ու մասաժով։ Յետոյ լսեցի, թէ ինչպէս թոյլտւութիւն խնդրեց բժշկից՝ զանգահարելու, եւ իր ետեւից ծածկեց դուռը։ Երբ նա կրկին սենեակ մտաւ, ես արդեն մէկ այլ սարքի վրայ էի նստած։ Հագին անջրանցիկ վերարկու եւ կեպի կար։ Նա մօտեցաւ ինձ ու ձեռքը դրեց ուսիս։

— Կներէք ինձ,— ասաց նա ու առողջ ձեռքով թփթփացրեց ուսիս։— Չէի ուզում կոպիտ լինել։ Հենց նոր կինս մահացաւ։ Ներեցէ՛ք ինձ։

— Ա՜հ,— ասացի՝ խիստ ցաւ զգալով։— Շա՜տ եմ ցաւում։

Նա կանգնած էր կողքիս՝ ներքեւի շրթունքը կծելով։

— Շա՜տ ծանր բան է,— ասաց նա։— Չե՛մ կարող դրա հետ հաշտուել։

Նա հայեացքը վրաս սահեցնելով յառեց պատուհանին։ Յետոյ սկսեց լալ։— Ո՛չ մի կերպ չեմ կարող հաշտուել,— ասաց նա ու հազից խեղդուել սկսեց։ Ու յետոյ դեռ լացելով՝ գլուխը զինուորականի պէս բարձր, ոչ մի բանի չնայելով՝ անցաւ սարքերի կողքով ու դուրս եկաւ սենեակից։

Բժիշկն ինձ ասաց, թէ մայորի կինը, որ շատ էր ջահել, ու որի հետ նա ամուսնացել էր միայն երբ զինուորական ծառայութեան համար վերջնականապէս ոչ պիտանի էր ճանաչուել, բահացել է թոքաբորբից։ Հիւանդութիւնը ընդամէնը մի քանի օր է տեւել։ Ոչ ոք չի սպասել, թէ նա կը մեռնի։ Մայորը երեք օր չերեւաց հոսպիտալում։ Յետոյ սովորական ժամին կրկին եկաւ՝ համազգեստի թեւքին սեւ երիզ կապած։ Այդ ընթացքում պատերին յայտնուեցին ամէն տեսակի վէրքերի նախնական վիճակն ու սարքերով բուժման ընթացքը պատկերող խոշոր չափի նկարներ։ Մայորի սարքի առջեւ իր ձեռքի նման երեք նկար կար՝ բուժումից յետոյ լրիւ նորմալ դարձած։ Չգիտեմ, թէ բժիշկը որտեղից էր այդ նկարները ձեռք բերել։ Ես միշտ մտածում էի, որ այդ սարքերով առաջինը մեզ էին բուժում։ Սակայն այդ լուսանկարները մայորին դոյզն իսկ յոյս չէին ներշնչում, քանզի նա պատուհանից դուրս էր նայում միայն։
  1. A basso eli ufficiali! (իտալ․) — Կորչե՛ն սպաները։
  2. Արդիտի (իտալ․)— կամաւոր հետեւակայիններ առաջին աշխարհամարտի ժամանակ
  3. «fratellanza» (իտալ․) — եղբայրութիւն
  4. «abnegazione» (իտալ․) — անձնազոհութիւն
  5. Signor Maggiore (իտալ․) — պարոն մայոր