Ալեքսանդր Մակեդոնացի

Գրապահարան-ից
12:59, 30 Օգոստոսի 2015 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ալեքսանդր Մակեդոնացի

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Նամակ Ստագիրից Արիստոտելին
Աթենքի լիցեի դիրեկտորին


Թանկագին Արիստոտել, իմ սիրելի մեծ ուսուցիչ։

Երկար, շատ երկար չեմ գրել ձեզ, սակայն, ինչպես գիտեք, ես շատ էի զբաղված ռազմական գործերով։ Դեպի Հիրկանիա, Դրանզիանա, և Գեդրողիա կատարած արշավների, Բակտրիայի համար մղվող մարտերի ժամանակ։ Ինդոսը անցնելիս իսկապես գրիչ վերցնելու ոչ միջոց կար, ոչ էլ ցանկություն։ Այժմ արդեն մի քանի ամիս է, ինչ Շոշում եմ։ Բայց այստեղ էլ ստիպված եմ գլխովին թաղվել կառավարման գործերի մեջ, պաշտոնյաներ նշանակել ու լիկվիդացնել խարդավանքներն ու խռովությունները, այնպես որ հնարավորություն չունեմ գրելու։ Ճշմարիտ է, իմ գործունեության մասին ընդհանուր առմամբ դուք արդեն գիտեք պաշտոնական հաղորդակցություններից։ Սակայն իմ նվիրվածությունը ձեզ և Հելլադայի լուսավոր մտքերի վրա ունեցած ձեր ազդեցության հավատը նորից են դրդում սիրտս բաց անելու իմ հարգելի ուսուցչի ու դաստիարակի առջև։

Հիշում եմ, թե ինչպես մի քանի տարի առաջ (թվում է՝ որքա՜ն վաղուց էր այդ) Աքիլեսի շիրմի մոտ ես խանդավառ ու խելացնոր մի նամակ հորինեցի ձեզ։ Դա Պարսկաստան արշավելու նախօրյակին էր։ Այնժամ երդվեցի, որ Պելևսի քաջակորով որդին ողջ կյանքում պիտի օրինակ ծառայի ինձ։ Ես երազում էի հերոսության փառքի մասին։ Այդ ժամանակ Թրակիան արդեն նվաճել էի, և մտածում էի, որ իմ մակեդոնացիներին ու հույներին տանում եմ Դարեհի դեմ միայն նրա համար, որպեսզի դափնիներով պսակենք մեզ ու արժանի լինենք մեր նախնիներին, որոնց գովերգել է աստվածային Հոմերոսը։ Կարող եմ ասել, որ և՛ Խերոնիայում, և՛ Գրանիկում եղել եմ այդ իդեալների բարձրության վրա․․․ Բայց այսօր արդեն այն ժամանակվա իմ գործողությունների նշանակությունը այլ կերպ եմ գնահատում քաղաքական տեսակետից։ Զգաստ նայելով իրերին, հարկ է ասել ճշմարտությունը․ հյուսիսից վայրենի Թրակիայի կողմից, միշտ էլ վտանգ է սպառնացել Հունաստանի հետ վատ կապված մեր Մակեդոնիային։ Թրակիացիք մեզ համար անբարենպաստ յուրաքանչյուր պահին կարող էին հարձակվել մեր երկրի վրա, իսկ հույները կօգտվեին դրանից, որպեսզի, խախտելով մեզ հետ կնքած դաշնագիրը, անջատվեին Մակեդոնիայից։ Անհրաժեշտ էր նվաճել Թրակիան, որպեսզի, Հունաստանի դավաճանության պարագայում, մեր թևն անվտանգ դարձնեինք։ Թանկագին Արիստոտել, դա զուտ քաղաքական անհրաժեշտություն էր, բայց այնժամ ձեր աշակերտը դեռևս չէր գիտակցում այդ և անձնատուր էր եղել աքիլեսյան սխրանքների երազանքներին։

Թրակիան նվաճելուց հետո մեր դրությունը փոխվեց, մենք տիրեցինք Էգեյան ծովի ամբողջ արևմտյան ափերին՝ ընդհուպ մինչև Բոսֆոր։ Բայց այդ ծովում Պարսկաստանի ծովային հզորությունն սպառնում էր մեր տիրապետությանը։ Հասնելով Հելլեսպոնտոս ու Բոսֆոր, մենք կանգնեցինք պարսկական ազդեցության ոլորտի մերձավոր վտանգի դեմ առ դեմ։ Վաղ թե ուշ պայքարն անխուսափելի էր մեր և Պարսկաստանի միջև՝ Էգեյան ծովի և նեղուցներով ել ու մուտի համար։ Բարենախտաբար, մենք հարվածն ավելի շուտ հասցրինք, քան Դարեհը։ Այն ժամանակ ես մտածում էի, որ գնում եմ Աքիլլեսի հետքերով և, մարտնչելով հանուն Հունաստանի փառքի, նոր Իլիականի նյութ եմ ստեղծում։ Իրականում, սակայն, ինչպես այժմ եմ հասկանում, խնդիրը վերաբերում էր պարզապես պարսիկներին Էգեյան ծովից ետ մղելու անհրաժեշտությանը։ Եվ ես ետ մղեցի, թանկագին ուսուցիչ, ետ մղեցի այնպես հիմնավոր կերպով, որ գրավեցի ամբողջ Վիֆինիան, Փռուգիան և Կապադովկիան, նվաճեցի Կիլիկիան ու հասա Տարսոն։ Փոքր Ասիան դարձավ մերը։ Ոչ միայն էգեյան հին ջրագուբը, այլև Միջերկրականի, կամ, ինչպես մենք ենք անվանում, Եգիպտական ծովի ամբողջ ափը մեր ձեռքումն է։

Սիրելի Արիստոտել, դուք կասեք, որ դրանով ձեռք է բերված գլխավոր քաղաքական և ստրատեգիական նպատակը՝ Պարսկաստանի լիակատար դուրս մղումը հունական ջրերից։

Սակայն Փոքր Ասիայի նվաճումով ստեղծվեց մի նոր իրադրություն․ հարավում մեր նոր ծովափնյա սահմանները կարող էին Եգիպտոսի կամ Փյունիկիայի սպառնալիքի տակ գտնվել։ Պարսկաստանը կարող էր այդ երկրներից օգնություն ու ռազմանյութ ստանալ՝ մեր դեմ կռիվը շարունակելու համար։ Հետևաբար, անհրաժեշտ էր գրավել Տյուրոսի ափերը և մտնել Եգիպտոս։ Այդ անելով, մենք դարձանք ամբողջ Միջերկրական ծովափի տիրակալը, սակայն միաժամանակ առաջ եկավ մի նոր վտանգ․ հենվելով հարուստ Մեսոպոտամիայի վրա, Դարեհը կարող էր ներխուժել Սիրիա և մեր եգիպտական տիրույթները կտրել փոքրասիականներից։ Անհրաժեշտ էր ինչ ուզում է լինի գլխովին ջախջախել Դարեհին, որը և հաջողվեց ինձ Գավգամելայի մոտ․․․ Ինչպես գիտեք, Բաբելոնը, Շոշը, Պերսեպոլը և Պասարագադին անցան մեր ձեռքը։ Այդպես մենք սկսեցինք իշխել Պարսկական ծոցում։

Սակայն, որպեսզի մեր նոր կայսրությունը անվտանգ դարձնենք հյուսիսից կատարվող հնարավոր հարձակումներից, անհրաժեշտ էր վնասազերծել միդիացիներին ու հիրկանցիներին։ Ես այդ արի, և մեր տիրապետությունները Կասպից ծովից ձգվեցին մինչև Պարսկական ծոցը, բայց դեռ շարունակում էին անպաշտպան մնալ արևելքից։ Այնժամ ես իմ մակեդոնացիներով արշավի ելա դեպի արեյների և դրագիացիների հողերը, ամայացրի Գեդրովզիան ու բնաջնջեցի արախողցիներին, որից հետո հաղթականորեն մտա Բակտրիա։ Ռազմական հաղթանակն ամրապնդեցի ամուսնական կապերով, կնության առնելով Բակտրիայի թագուհի Ռոկսանային։ Դա թեկադրվում էր քաղաքական անհրաժեշտությամբ։

Արևելքում իմ մակեդոնացիների և հույների համար այդքան ընդարձակ երկրներ նվաճելուց հետո, ես պետք է կամա թե ակամա ձգտեի արժանանալ իմ նոր հպատակների՝ վայրենիների բարեհաճությանը։ Դրան հասնելու միջոցներն էին մեծությունն ու շքեղությունը, առանց որոնց Արևելքի աղքատ հովիվները հզոր տիրակալ չեն պատկերացնում։

Ճիշտը կասեմ՝ մակեդոնական իմ հին գվարդիան դժգոհ էր դրանից։ Երևի, նրանց թվում էր, թե իրենց զորավարը երես է թեքել իր մարտական վետերաններից։ Այդ կապակցությամբ ես, դժբախտաբար, ստիպված էի գլխատել իմ հին զինակիցներ Ֆիլոտեսին և Կաիսֆենին․․․ Կյանքով հատուցեց նաև իմ Պարմենիոնը։ Դրա համար ես շատ ցավեցի, բայց ուրիշ ելք չկար, քանզի մակեդոնացիների մեջ առաջ եկած խմորումը վտանգի էր ենթարկում իմ հաջորդ քայլը։ Բանն այն է, որ ես պատրաստվում էի արշավել դեպի Հնդկաստան։ Գիտեք, Գեդրոզիան և Արախոզիան շրջապատված են բարձրաբերձ լեռնելով, ասես պարիսպներով։ Բայց որպեսզի դրանք դառնային անմատչելի բերդեր, ինձ անհրաժեշտ էր մի պլացդարմ, որտեղից հնարավոր էր գրոհներ ձեռնարկել կամ, ընդհակառակը, նահանջել բերդի պարսպի ետևը։ Այդպիսի ստրատեգիական պլացդարմ է հանդիսանում Հնդկաստանը, ընդհուպ մինչև Ինդոս գետը։ Ռազմական տրամաբանությունը պահանջում էր գրավել այդ տերիտորիան, դրա հետ նաև կամրջագլխի ամրությունները Ինդոսի մյուս ափին։ Ոչ մի հեռատես քաղաքապետ կամ զորավար այլ կերպ չէր վարվի։ Բայց, երբ մենք հասանք արդեն Գիվազիա գետին, իմ մակեդոնացիներն սկսեցին տրտնջալ, որ այլևս առաջ չեն գնա, որովհետև հոգնել են, թուլացել հիվանդություններից ու կարոտում են հայրենիքին։ Ստիպված էինք ետ դառնալ։ Դա ահավոր մի ճանապարհ էր իմ վետերանների, բայց ավելի ևս ինձ համար․ ախր ես պատրաստվում էի հասնել Բենգալական ծոցին, որպեսզի արևելքում բնական սահման հաստատեի իմ հարազատ Մակեդոնիայի համար։ Եվ ահա ստիպված էի ժամանակավորապես հրաժարվել այդ մտադրությունից։

Մենք վերադարձանք Շոշ։ Ես կարող էի գոհ լինել, որ այդպիսի վիթխարի կայսրություն եմ ստեղծել մակեդոնացիների և հույների համար։ Սակայն, որպեսզի հույսս չդնեմ միայն իմ հոգնած մարդկանց վրա, իմ զորքի մեջ երեսուն հազար պարսիկ ընդունեցի։ Դրանք լավ զինվորներ են և հարկավոր են ինձ արևելյան սահմանների պաշտպանության համար։ Եվ, պատկերացրեք, իմ վետերանները խիստ նեղացան ինձանից։ Նրանք չհասկացան, որ իմ ժողովրդի համար ձեռք բերելով արևելյան հողերը, որոնք հարյուր անգամ գերազանցում են Մակեդոնիայի չափերը, ես դրանով իսկ դառնում եմ արևելյան մեծ միապետ, որ անհրաժեշտ է արևելյան վեհապետներից խորհրդականներ ու ազնվատոհմ իշխաններ նշանակել ու շրջապատել իրեն Արևելքի շքեղությամբ։ Այդ ամենը քաղաքական բնականոն անհրաժեշտություն է, և ես ընդունում եմ այն, ելնելով Մեծ Մակեդոնիայի շահերից։

Հանգամանքներն ինձանից անձնական նորանոր զոհողություններ են պահանջում, և ես կրում եմ դրանք անտրտունջ, խորհելով միայն իմ փառապանծ կայսրության վեհության և ուժի մասին։ Ստիպված ես վարժվել արևելյան սովորությունների վայրի շքեղությանն ու պերճանքին։ Ես կնության եմ առել արևելյան երեք թագուհիներ, իսկ այժմ, սիրելի Արիստոտել, ինձ նույնիսկ աստված եմ հռչակել։

Այո, թանկագին իմ ուսուցիչ, աստված։ Արևելյան հավատարիմ հպատակները աղոթում են ու զոհեր մատուցում ինձ հանուն իմ փառքի։ Դա քաղաքական տեսակետից անհրաժեշտ է, որպեսզի ես այդ լեռնային անասնապահների ու ուղտապանների մոտ վայելեմ եղած հեղինակությունը։ Ինչքա՜ն վաղուց էր, որ դուք ինձ սովորեցնում էիք գործել բանականության ու տրամաբանության օրենքներով։ Բայց ինչ արած, ինքը բանականությունն ասում է, որ հարկավոր է հարմարվել մարդկային անխոհեմությանը։

Այն ուղին, որով ես ընթանում եմ, կարող է ֆանտաստիկ թվալ։ Բայց այժմ, իմ աստվածային միայնության գիշերային լռության մեջ, մտովին շրջահայելով այդ ամբողջ ուղին, տեսնում եմ, որ երբեք որևէ բան չեմ ձեռնարկել, որը պայմանավորված չլիներ իմ նախընթաց քայլով։

Եվ ահա, լսեցեք, սիրելիդ իմ Արիստոտել, հանուն կայսրության խաղաղության և կարգուկանոնի, ելնելով ռեալ քաղաքական շահերից, նպատակահարմար կլիներ աստված հռչակել ինձ նաև մեր արևմտյան տիրապետություններում։ Այն վստահությունը, որ Մակեդոնիան և Հելլադան ընդունել են իմ անսահմանափակ իշխանության սկզբունքը, ձեռքերս ազատ կարձակեր նաև այնտեղ, Արևելքում, հնարավորություն կընձեռներ Հունաստանի համար բնական սահման նվաճել չինական ծովափին։ Դրանով իսկ ես ընդմիշտ կապահովեի իմ Մակեդոնիայի հզորությունն ու անվտանգությունը։ Ինչպես տեսնում եք, սա խելացի ու զգաստ ծրագիր է։ Ես վաղուց արդեն այն ֆանտազյորը չեմ, որ երդում էր տալիս Աքիլլեսի շիրմի առաջ։

Եվ ահա այժմ խնդրում եմ ձեզ, իմաստուն իմ բարեկամին, որ հույների ու մակեդոնացիների առաջ փիլիսոփայորեն հիմնավորեք ու համոզիչ կերպով փաստարկեք ինձ աստված հռչակելու անհրաժեշտությունը։ Այդ անելով, ես վարվում եմ իբրև իմ արարքների համար պատասխանատու քաղաքապետ ու պետական այր։

Այս է իմ առաջադրանքը։ Ձեզանից է կախված՝ կատարել այն, այդ գործի քաղաքական կարևորության, նպատակահարմարության ու հայրենասիրական իմաստի լիակատար գիտակցությամբ։

Ողջունում եմ ձեզ, թանկագին իմ Արիստոտել։

Ձեր Ալեքսանդր։