Ոստիկանի մեծ հեքիաթը

Գրապահարան-ից
21:45, 3 Սեպտեմբերի 2015 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ոստիկանի մեծ հեքիաթը

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


Տղաներ, իհարկե, դուք ինքներդ էլ գիտեք, որ յուրաքանչյուր ոստիկանական մասում մի քանի ոստիկան հերթապահում են ամբողջ գիշեր, որ եթե մի բան պատահի, ասենք, ավազակները խցկվեն մեկի մոտ կամ պարզապես չար մարդիկ ուզեն որևէ մեկին նեղացնել, օգնության հասնեն։ Այ դրա համար էլ ողջ գիշերը ոստիկանները չեն քնում, ոմանք նստում են պահակատանը, իսկ մյուսները, ― դրանց անվանում են պարեկներ, ― շրջում են փողոցներում ու աչքի տակ պահում ավազակներին, գողերին, ուրվականներին և ամեն տեսակ չար ոգիներին։

Իսկ երբ այդ պարեկների ոտքերն սկսում են ցավել, վերադառնում են պահակատուն և նրանց փոխարինում են մյուսները։ Այդպես շարունակվում է մինչև առավոտ, իսկ որպեսզի պահակատանը չձանձրանան, ծխամորճ են ծխում ու պատմում իրար, թե ով որտեղ ինչ հետաքրքիր բան է տեսել։

Մի անգամ էլ այդպես ահա ոստիկանները նստել ծխում էին ու զրուցում, և այդ ժամանակ վերադարձավ մի պարեկ, անունը․․․ անունը ինչ էր․․․ հա՛, պան Հալաբուրդ, ու ասաց․

― Բարև տղերք։ Զեկուցում եմ, որ ոտքերս արդեն ցավում են։

― Նստիր, հանգստացիր, ― հրամայեց ավագ հերթապահը, ― քո փոխարեն պան Հոլասը կգնա շրջելու։ Իսկ դու պատմիր՝ ինչ նորություններ կային քո տեղամասում ու ինչ պատահարներ եղան։

― Այս գիշեր ոչ մի էնպես բան չպատահեց, ― ասաց Հալաբուրդը։ ― Շտեպանի փողոցում երկու կատուներ կռվեցին, ես նրանց օրենքի անունով քշեցի ու նախազգուշացում արի։ Հետո Ժիտնի փողոցում հրշեջներ կանչեցի իրենց սանդուղքով, որպեսզի ճնճղուկի ձագին էլ ետ դնեն իր բույնը։ Նրա ծնողներին նմանապես նախազգուշացրի, որ հարկավոր է լավ աչք ածել երեխաներին։ Իսկ հետո, երբ քայլում էի Յաչնի փողոցն ի վար, ինչ֊որ մեկը ձիգ տվեց տաբատիս փողկից։ Նայեմ՝ թզուկն է։ Այն, էլի, բեղավորը։ Կարլով հրապարակի թզուկը։

― Ո՞րը, ― հարցրեց ավագ հերթապահը։ ― Այնտեղ մի քանիսն են ապրում․ Սապնաբեղը, Հավատոտիկը, Ծխամորճ մականունով Կվաչեկը, Ճստիկը, Պումպրդլիկը, Շմիդրհալը, Պադրհոլեցն ու Տինտերան, որ վերջերս է բնակություն հաստատել այնտեղ։

― Տաբատիցս քաշող թզուկը, ― պատասխանեց Հալաբուրդը, ― Պադրհոլեցն էր, որ ապրում է, գիտեք, այն ծերացած ուռենու վրա։

― Ա֊ա՜, ― ասաց ավագ հերթապահը։ ― Տղերք, դա շատ օրինավոր թզուկ է։ Երբ Կարլով հրապարակում որևէ բան ես կորցնում, ասենք, մատանի, գնդակ, ծիրան կամ թեկուզ սառցաշաքար, ― նա միշտ բերում հանձնում է պոստովոյին, ինչպես պահանջվում է կարգին մարդուց։ Դե, դե, պատմիր։

― Եվ ահա այդ Պադրհոլեցը, ― շարունակեց Հալաբուրդը, ― ասում է ինձ։

«Պան հերթապահ, ես չեմ կարող տուն ընկնել։ Մի սկյուռ մտել է ուռենու վրայի իմ բնակարանն ու ինձ ներս չի թողնում։

Ես դուրս քաշեցի թուրս, Պադերհոլեցի հետ գնացի նրա ուռենու մոտ և օրենքի անունից հրամայեցի սկյուռին այսուհետև թույլ չտալ այնպիսի գործողություններ, արաքներ ու հանցագործություններ, ինչպես հասարակական կարգի խախտումը, բռնությունն ու ինքնիշխանությունը։ Եվ առաջարկեցի անմիջապես հեռանալ շենքից։

Սկյուռը դրան պատասխանեց․

«Անձրևից հետո»։

Այդ ժամանակ ես հանեցի գոտիս ու թիկնոցս, բարձրացա ուռենու վրա։ Երբ հասա հաստ փչակին, որտեղ ապրում է պան Պադրհոլեցը, վերոհիշյալ սկյուռն սկսեց լաց լինել․

«Պան պետ, խնդրում եմ, մի բռնեք ինձ։ Ես միայն անձրևից պատսպարվելու համար եմ մտել այստեղ, պան Պադրհոլեցի մոտ․ իմ բնակարանի առաստաղը կաթում է»։

«Ո՛չ մի խոսք, տիկին, ― ասում եմ նրան, ― հավաքեցեք ձեր ընկույզները կամ ինչ ունեք այդտեղ և անմիջապես ազատեցեք պան Պադրհոլեցի բնակարանը։ Եվ եթե էլի թեկուզ մեկ անգամ նկատվի, որ դուք ինքնիշխան կերպով, բռնությամբ կամ խորամանկությամբ, առանց թույլտվության ու համաձայնության ներխուժել եք ուրիշի բնակարանը, ես օգնական ուժեր կկանչեմ, մենք ձեզ կշրջապատենք, կձերբակալենք ու կապկպված կուղարկենք ոստիկանական կոմիսարիատ։ Հասկանալի՞ է»։

Ահա, եղբայրներ, այն ամենը, ինչ տեսել եմ այս գիշեր։

― Իսկ ես ահա կյանքումս երբեք ոչ մի թզուկ չեմ տեսել, ― խոսեց հերթապահ Բամբասը։ ― Մինչև հիմի ես ծառայում էի Դեյվիցում, իսկ այնտեղ այդ նոր տներում, ոչ մի ուրվական, հեքիաթային արարածներ կամ, ինչպես ասում են, գերբնական երևույթներ չեն նկատվում։

― Այստեղ այդ թզուկներից ինչքան ուզես, ― ասաց ավագ հերթապահը։ ― Իսկ առաջներում որքա՜ն կային։ Օհո֊հո՜։ Օրինակ, Շիտկովսկի ամբարտակի մոտ հնուց ի վեր մի ջրաթզուկ էր ապրում։ Ճշմարիտ է, ոստիկանությունը նրա հետ երբեք գործ չէր ունեցել, միանգամայն կարգին, ջրաթզուկ էր։ Այ, Լիբերնի ջրաթզուկը ուրիշ․ դա մի հին մեղսագործ է, իսկ Շիտկովսկին շատ օրինավոր երիտասարդ էր․ Պրագայի ջրմուղի վարչությունը նրան նույնիսկ նշանակել էր քաղաքի գլխավոր ջրաթզուկ ու ռոճիկ էր տալիս։ Այդ Շիտկովսկի ջրաթզուկը հետևում էր Վլտավային, որ չցամաքի։ Ջրհեղեղներ էլ չէր սարքում։ Ջրհեղեղները սարքում էին Վերին Վլտավայի ջրաթզուկները՝ բոլոր այդ Վիդերսկիները, Կրումլովսկիներն ու Զվիկովսկիները։ Բայց Լիբենսկի ջրաթզուկը նախանձից դրդված համոզեց նրան, որ նա իր աշխատանքի դիմաց քաղաքային վարչությունից աստիճան պահանջի ու խորհրդականի պաշտոն, իսկ քաղաքային վարչությունում մերժեցին նրան, ասացին՝ բարձրագույն կրթություն չունի։ Այն ժամանակ Շիտկովսկի ջրաթզուկը նեղացավ ու գնաց Դրեզդեն։ Հիմի այնտեղ է ջուր քշում։ Հո ոչ ոքի համար գաղտնիք չի, որ Գերմանիայի բոլոր ջրաթզուկները համատարած չեխեր են։ Իսկ Շիտկովսկու ամբարտակի մոտ այդ օրվանից ջրաթզուկ չի մնացել։ Դրա համար էլ Պրագայում երբեմն ջուրը պակասում է․․․

Իսկ Կարլով հրապարակում գիշերները Լուսատիտիկներ էին պարում։ Բայց քանի որ այդ անվայելուչ էր, ու մարդիկ նրանցից վախենում էին, քաղաքային տնտեսության վարչությունը պայմանագիր կնքեց, որ նրանք տեղափոխվեն զգոսայգի, որտեղ գազային տնտեսության աշխատողը երեկոյան կվառի նրանց, իսկ առավոտյան կհանգցնի։ Բայց երբ պատերազմն սկսվեց, այդ ծառայողին կանչեցին բանակ, Լուսատիտիկների խնդիրն այդպես էլ մոռացվեց։

Իսկ ինչ վերաբերում է ջրահարսներին, ապա միայն Ստրոմովկայում տասնութ հատ կար․ բայց դրանցից երեքը գնացին բալետ, իսկ մեկը ամուսնացավ ստրշովցի մի երկաթուղայինի հետ։

Պրագայի ոստիկանությունում գրանցված տնային ոգիների ու թզուկների թիվը, որոնք կցված են հասարակական շենքերին, վանքերին, զբոսայգիներին ու գրադարաններին, ընդամենը երեք հարյուր քառասունվեց հատ է, չնայած մասնավոր տների թզուկներին, որոնց մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Ուրվականները Պրագայում անթիվ֊անհամար էին, բայց հիմա նրանց վերջ է տրված, քանի որ գիտականորեն ապացուցված է, որ ուրվականներ չեն լինում։ Միայն Փոքրիկ երկրում ոմանք մինչև այսօր էլ չարդախներում, գաղտնի ու ապօրինի կերպով, պահում եմ մեկ֊երկու ուրվական, ինչպես ինձ պատմեց այստեղ Փոքր Երկրի ոստիկանական կոմիսարիատից եկած իմ կոլեգան։ Ահա, ինչպես ինձ հայտնի է, և բոլորը։

― Չհաշված այն վիշապին կամ, ոնց են ասում, Մեծ օձին, որին ապանեցին Ժիժկովոյում, ― ձայն տվեց պահնորդ Կուբատը։

― Ժիժկո՞վ, ― արտասանեց ավագը։ ― Այդ իմ շրջանը չի։ Կյանքումս այնտեղ չեմ հերթապահել։ Երևի, այդ պատճառով էլ չեմ լսել վիշապի մասին։

― Իսկ ես անձամբ մասնակցել եմ այդ գործին, ― ասաց պահնորդ Կուբատը։ ― Ճշմարիտ է, ընդհանրապես գործը քննեց ու օպերացիան վարեց իմ կոլեգա Վոկոունը։ Վաղուցվա բան է։ Այսպես, ուրեմն, մի երեկո ահա թե ինչ է ասում այդ Վոկոունին մի պառավ մորաքույր, ― դա պանի Չաստկովան էր, որ ծխախոտ է վաճառում, բայց իսկականից ասեմ ձեզ, վհուկ էր, կախարդուհի, կամ, ավելի ճիշտ, գուշակուհի։ Մի խոսքով, այդ պանի Չաստկովան ասում է, որ թուղթ բացելով իմացել է, իբր վիշապ Հուլդաբորդը գերության մեջ է պահում մի չքնաղ կուսյի, որին փախցրել է ծնողների մոտից, իսկ այդ կույսը, որպես թե, Մուրցիանսկի իշխանուհին է։

«Մուրցիանսկի, թե մի ուրիշ տեղի իշխանուհին, ― ասաց կոլեգա Վոկոունը, ― միայն թե վիշապը պարտավոր է աղջկան վերադարձնել ծնողներին, այլապես նրա հետ կվարվեն համաձայն կանոնակարգի ու հրահանգների, այլև պաշտոնական հրամանագրերի»։

Այսպես ասաց, գոտեպնդվեց պետական սուսերով, ու մարշ վիշապին գտնելու։ Ով էլ նրա տեղը լիներ, պարզ է, այդպես կվարվեր։

― Անշուշտ, ― ասաց պահնորդ Բամբասը։ ― Բայց ինձ մոտ ոչ Դեյվիցում, ոչ Ստրոշվիցում ոչ մի վիշապ չի հայտնաբերվել։ Դե, հետո՞։

― Եվ ահա, ուրեմն, կոլեգա Վոկոունը, ― շարունակեց Կուբատը, ― սառը զենքը հետն առնելով, գիշերով գնում է, ուրեմն, ուղիղ դեպի Հրեական վառարանները։ Եվ, գետնի տակն անցնեմ, թե սուտ եմ ասում, հանկարծ լսում է՝ մի փոսի մեջ կամ քարայրում մեկը խոսում է ահավոր բասով։ Վոկոունը լուսավորում է պաշտոնեական լապտերիկով ու ի՜նչ տեսնի․ նստած է քարայրում յոթգլխանի մի սարսափելի վիշապ, և այդ բոլոր գլուխները մի անգամից խոսում են, հարցնում, պատասխանում, իսկ մի քանիսն էլ նույնիսկ հայհոյում։ Ինքներդ էլ գիտեք, այդ վիշապները ոչ մի վարվելաձև չունեն, իսկ եթե ունեն, ապա միայն ամենավատ տեսակի։ Իսկ քարայրի անկյունում, ճիշտ որ, լաց է լինում մի չքնաղ կույս, փակելով ականջները, որպեսզի չլսի, թե ոնց են վիշապի բոլոր գլուխները մեկեն խոսում բասով։

«Էյ դո՛ւք, քաղաքացի, ― քաղաքավարի, բայց պաշտոնական խստությամբ դիմում է վիշապին կոլեգա Վոկոունը, ― ձեր փաստաթղթերը։ Ունե՞ք մոտներդ որևէ թուղթ, վկայական, անձնագիր, ինքնության հավաստիագիր, տեղեկանք աշխատավայրից կամ այլ փաստաթղթեր։

Այդ ժամանակ վիշապի գլուխներից մեկը հռհռում է, երկրորդն սկսում է աստծուն հայհոյել, երրորդը զազրախոսել, չորրորդը նախատինք կարդալ, հինգերորդը ծաղրել, վեցերորդը դեմքը ծռմռել, իսկ յոթերորդը Վոկոունին լեզու է ցույց տալիս։

Բայց կոլեգա Վոկոունը իրեն չի կորցնում ու բարձրաձայն բղավում է․

«Օրենքի անունով պատրաստվեցեք ու միասին անհապաղ գնանք ոստիկանատուն։ Դուք նույնպես, աղջիկս։

«Ինչե՜ր է անցնում մտքով, ― բղավում է վիշապի գլուխներից մեկը։ ― Արդյոք գիտես դու, մարդկային մժղուկ, թե ո՞վ եմ ես։ Ես վիշապ Հուլդաբորդն եմ»։

«Հրանադսկի սարերի Հոլդաբուրդը», ― մռնչում է երկրորդ գլուխը։

«Որին կոչում են նաև Մուլհացենսկի Մեծ Օձ», ― ավելացնում է երրորդը։

«Եվ ես քեզ կուլ կտամ, ― բոռում է չորրորդը։ ― Ոնց որ ազնվամորի»։

«Պատառ֊պատառ կանեմ, փոշի կդարձնեմ, ջարդուփշուր կանեմ ու, դրան ավելացրած, դիակդ գետին կփռեմ», ― որոտում է հինգերորդը։

«Եվ գլուխդ կոլորեմ», ― փնթփնթում է վեցերորդը։

«Մեծ կտորը ականջդ կթողնեմ», ― ավելացնում է յոթերորդը զարհուրելի ձայնով։

Ինչ եք կարծում, տղերք, ի՞նչ է անում այդ ժամանակ կոլեգա Վոկոունը։ Կարծում եք, վախենո՞ւմ է։ Ինչպե՜ս չէ։ Երբ տեսնում է քաղցրությամբ բան դուրս չի գալիս, քաշում է իր ոստիկանական մահակը ու ամբողջ ուժով հասցնում վիշապի բոլոր գլուխներին, իսկ նրա ուժը քիչ չէր։

«Ա՛խ, տեր իմ, ― ասում է առաջին գլուխը։ Ախր վատ չէր»։

«Իմ կարկաժը հենց քոր էր գալիս», ― ավելացնում է երկրորդը։

«Իսկ իմ ծոծրակը մժղուկը կծեց», ― փնչացնում է երրորդը։

«Սիրելիս, ― ասում է չորրորդը, ― քո փայտիկով մի անգամ էլ խուտուտ տուր ինձ»։

«Միայն թե ավելի ուժեղ, ― խորհուրդ է տալիս հինգերորդը, ― թե չէ բան չհասկացա»։

«Ու մի քիչ ձախ, ― պահանջում է վեցերորդը, ― իմ այդտեղը սարսափելի քոր է գալիս»։

«Ինձ համար քո ճիպոտը շատ է բարակ, ― ասում է յոթերորդը։ ― Ավելի զորավոր մի բան չունե՞ս»։

Այն ժամանակ Վոկոունը դուրս է քաշում սուսերն ու յոթ անգամ հարվածում վիշապի գլուխներին, այնպես որ թեփուկները զնգում֊զրնգում են։

«Այս արդեն քիչ ավելի լավ է», ― ասում է վիշապի առաջին գլուխը։

«Համենայն դեպս, մի լվի ականջը կտրեց, ― ուրախանում է երկրորդը, ― ախր իմ լվերը պողպատից են»։

«Իսկ իմ այն մազը պոկեց, որն այնպես խուտուտ էր տալիս ինձ», ― ասում է երրորդը։

«Իսկ իմ պզուկը պոկեց», ― պարծենում է չորրորդը։

«Ամեն օր կարող ես այդ սանրով սանրել ինձ», ― մռթմռթում է հինգերորդը։

«Իսկ ես չնկատեցի էլ այդ բմբուլը», ― հայհոյում է վեցերորդը։

«Թանկագինս, ― ասում է յոթերորդ գլուխը, ― մի անգամ էլ շոյիր ինձ»։

Այստեղ Ոկոունը հանում է իր պետական ատրճանակն ու մի֊մի գնդակ արձակում վիշապի ամեն մի գլխին։

― Անե՛ծք, ― բղավում է Մեծ Օձը։ ― Ավազ մի շպրտեք վրաս, կմնա մազերիս մեջ։ Թո՛ւ, աչքս փոշի ընկավ։ Մի բան էլ մնաց ատամներիս մեջ։ Դե, նամուսն էլ լավ բան է, ― ոռնում է վիշապը, հազում բոլոր յոթ կոկորդներով, և բոլոր յոթ երախներից բոցը խփում է Վոկոունի երեսին։

Կոլեգա Վոկոունը չի վախենում, հանում է պաշտոնական հրահանգն ու արագ կարդում, թե ոստիկանը ինչ պիտի անի, երբ նրա դեմ հանդես են գալիս հակառակորդի թվով գերազանց ուժերը․ այնտեղ ասված էր, որ այդպիսի դեպքերում պետք է օգնական ուժ կանչել։ Հետո նայեց հրահանգը, թե ինչ պետք է անել կրակ հայտնաբերելու դեպքում․ այնտեղ ասված էր, որ պետք է հեռախոսով հրշեջներ կանչել։ Կարդալով այդ ամենը, նա սկսեց գործել համաձայն հրահանգի՝ հեռախոսով ոստիկանատնից օգնական ուժ կանչեց ու հրշեջ խումբ։

Օգնության հասանք հենց մենք՝ վեց ոստիկաններս՝ կոլեգաներ Ռաբասը, Մատասը, Հոլասը, Կուդլասը, Ֆիրբասը և ես։ Կոլեգա Վոկոունն ասաց մեզ․

«Տղերք, մենք պետք է այդ աղջնակին ազատենք վիշապի ձեռքից։ Այս վիշապը, ավաղ, զրահապատ է, այնպես որ սուսերը նրան չի վնասում, բայց ես պարզեցի, որ վզի վրա փափուկ մի տեղ կա, որպեսզի նա կարողանա գլուխը թեքել։ Եվ այսպես, երբ ես ասեմ «երեք», բոլորդ մեկեն սրերդ իջեցրեք վիշապի վզին։ Բայց նախ հրշեջները պետք է այս բոցը հանգցնեն, որպեսզի համազգեստներս չվառվի»։

Նա դեռ խոսքը չէր ավարտել, որ լսվեց՝ «Տո՜ւ֊տո՜ւ֊տո՜ւ» ― և դեպքի վայրը ժամանեցին յոթ հրշեջ մեքենա՝ յոթ հրշեջներով հանդերձ։

«Հրշեջներ, ուշադրությո՛ւն, ― առույգ ձայնով բղավեց Վոկոունը։ ― Երբ ասեմ «երեք» ― ամեն մեկդ փողրակի ջուրը բաց կթողնեք ուղիղ վիշապի երախը․ աշխատեցեք կոկորդը բռնացնել ― բոցը հենց այդտեղից է դուրս գալիս։ Եվ այսպես, ուշադրություն․ մեկ, երու երեք»։

Եվ հենց որ սա ասաց՝ «երեք», հրշեջները ջրի յոթ շիթերն ուղղեցին վիշապի յոթ երախներին, որոնցից բոցը դուրս էր հորդում, ինչպես ավտոգեն այրիչից։ Շ֊շ֊շ․․․ Այ թե ֆշշում էր, հա։ Վիշապը խեղդվում էր ու շնչասպառ լինում, հազում էր ու փռշտում, ֆշշացնում ու խռխռում, խորդում ու հայհոյում, թքում ու փնչում, բղավում էր «մայրիկ» ու չորս կողմ պոչով ծեծում, սակայն հրշեջները տեղի չէին տալիս և ջուրը շփում ու շփում էին, մինչև որ վիշապի յոթ երախներից բոցի փոխարեն սկսեց գոլորշի հորդել, ինչպես շոգեքարշից․ այնպես որ երկու քայլի վրա ոչինչ հնարավոր չէր ջոկել։ Հետո գոլորշին ցրվեց, հրշեջները ջուրը կտրեցին, շչակը ոռնաց, և նրանք սլացան դեպի տուն, իսկ վիշապը, կակղած ու թուլացած, միայն փնչում էր, թքում, աչքերը սրբում ու մռթմռթում․

«Սպասեցեք, տղերք, դուք այս չեք մարսի»։

Բայց այդ ժամանակ կոլեգա Վոկոունը բղավեց․

«Ուշադրություն, եղբայրներ, մեկ, երկու, երեք»։

Եվ հենց որ ասաց «երեք» մենք միահամուռ կերպով սրերս իջեցրինք վիշապի յոթ վզերին, և յոթ գլուխները ցած գլորվեցին, իսկ յոթ կտրված վզերից ջուր դուրս հորդեց, ինչպես ջրամբարի ծորակից՝ այնքան որ շատ ջուր էր լցվել այդ վիշապի փորը։

«Իսկ հիմա գնանք այդ Մուրցիանսկի իշխանուհու մոտ, ― ասաց Վոկոունը։ ― Միայն զգույշ, համազգեստներդ չթրջեք»։

«Շնորհակալ եմ քեզանից, քաջակորով ասպետ, ― ասաց աղջիկը, ― որ դու ինձ ազատեցիր այդ Մեծ Օձի ձեռքից։ Ես ընկերուհիներիս հետ Մուրցիանսկի զբոսայգում վոլեյբոլ էի խաղում, բռնուկի ու տապկնոցի, երբ այս հաստ ծերուկ Մեծ Օձը վրա հասավ ու առանց կանգառի ինձ բռնեց բերեց ուղիղ այստեղ»։

«Իսկ դուք ո՞նց էիք թռչում, օրիորդ», ― հարցրեց Վոկոունը։

«Ալժիրի և Մալթայի, Բելգրադի ու Վիեննայի, Զնոյմոյի, Չեսլավի, Զաբեգլիցեի և Ստրաշնիցեի վրայով ուղիղ այստեղ, երեսուներկու ժամ տասնյոթ րոպե հինգ վայրկայնում ֆրանկո֊նետտո», ― ասաց Մարցիանսկի իշխանուհին։

«Դուրս է գալիս, որ այդ վիշապը ուղևորով հեռավորության թռիչքի ռեկորդ է սահմանել, ― զարմացավ կոլեգա Վոկոունը։ ― Օրիորդ, շնորհավորում եմ ձեզ։ Իսկ հիմա հարկավոր է հեռագրել ձեր հայրիկին, որպեսզի նա մարդ ուղարկի ձեր ետևից»։

Դեռ նա խոսքը չէր վերջացրել, երբ սուրալով մոտեցավ մի ավտոմոբիլ։ Այնտեղից դուրս թռավ Մուրցիանսկի թագավորը՝ թագը գլխին, ոտից֊գլուխ սպիտակ կզաքիսի մորթիներից ու թավիշի մեջ։ Ուրախությունից նա վեր֊վեր թռավ մի ոտի վրա ու բացականչեց․

«Թանկագին մանկիկ, վերջապես ես քեզ գտա»։

«Մի րոպե, ձերդ ողորմածություն, ― ընդհատեց նրան Վոկոունը։ ― Դուք ձեր մեքենայով գերազանցել եք երթի արագությունը։ Հասկանալի՞ է։ Վճարեցեք յոթ կրոն տուգանք»։

Մուրցիանսկի թագավորն սկսեց խառնշտել գրպանները, փնթփնթալով․

«Այ թե ավազակն եմ ես։ Ախր ես հետս վերցրել էի յոթ հարյուր դուբլոն, պիսատր ու դուկատ, հազար պեսետ, երեք հազար վեց հարյուր ֆրանկ, երեք հարյուր դոլար, ութ հարյուր քսան մարկ, հազար երկու հարյուր տասնվեց չեխական կրոն, իննսունհինգ գելլեր, իսկ հիմա գրպանումս ոչ մի գրոշ, ոչ մի քոռ կոպեկ չկա։ Ինչպես երևում է, բոլորը ծախսել եմ ճամփին բենզինի և անթույլատրելի արագության երթի տուգանքների վրա։ Ազնիվ ասպետներ, այդ յոթ կրոնը ես կուղարկեմ իմ վեզիրի միջոցով»։

Ապա Մուրցիանսկի թագավորը հազաց֊պրծավ, ձեռքը դրեց կրծքին ու դիմեց Վոկոունին։

«Ինչպես քո համազգեստը, այնպես էլ վեհապանծ տեսքը ասում են ինձ, որ դու կամ փառապանծ ռազմիկ ես, կամ իշխան, կամ, վերջապես, պետական այր։ Ես պարտավոր էի առաջարկել քեզ իմ դստեր ձեռքը, քանի որ դու ազատեցիր նրան ու սպանեցիր Մուլհացենի զարհուրելի Մեծ Օձին, բայց ես քո ձախ ձեռքին նկատում եմ նշանադրության մատանի, որից եզրակացնում եմ, որ դու ամուսնացած ես։ Երեխաներ ունե՞ս»։

«Ունեմ, ― պատասխանեց Վոկոունը» ― Երեք տարեկան մի տղա և նորածին մի աղջիկ»։

«Շնորհավորում եմ, ― ասաց Մուրցիանսկի թագավորը։ ― Իսկ իմը ահա միայն այս աղջնակն է։ Կաց, մտածեցի․ այդ դեպքում ես քեզ կտամ իմ Մուրցիանսկի թագավորության կեսը։ Դա կանի մոտավորապես յոթանասուն հազար չորս հարյուր հիսունինը քառակուսի կիլոմետր տարածություն, յոթ հազար հարյուր հինգ կիլոմետր երկաթուղի, գումարած տասներկու հազար կիլոմետր խճուղի ու քսաներկու միլիոն յոթ հարյուր հիսուն հազար ինը հարյուր տասնմեկ բնակիչ՝ երկու սեռի։ Դե, ինչպես, համաձա՞յն ես»։

«Պան թագավոր, ― պատասխանեց Վոկոունը, ― այստեղ մի խոչընդոտ կա։ Ես և իմ ընկերները սպանեցինք վիշապին, կատարելով մեր ծառայության պարտականությունը, քանի որ նա չենթարկվեց իշխանություններին ու, դիմադրություն ցույց տալով, հրաժարվեց ինձ հետ ոստիկանատուն գալ։ Իսկ ծառայության պարտականությունները կատարելիս մեզնից ոչ ոք ոչ մի դեպքում իրավունք չունի պարգև կամ նվեր ընդունելու։ Այդ արգելված է»։

«Ա֊ա՜, ― ասաց Մուրցիանսկի թագավորը։ ― Բայց այդ դեպքում ես կարող էի, ի նշան թագավորական շնորհակալության, Մուրցիանսկի թագավորության այդ կեսը իր ողջ եղած֊չեղածով նվիրաբերել Պրագայի ոստիկանությանը»։

«Այդ դեռ գուցե մի կերպ կարելի է, ― ասաց Վոկոունը, ― բայց այստեղ էլ որոշ դժվարություններ կան։ Ամբողջ Պրագան, մինչև քաղաքի սահմանագիծը, մեր հսկողության տակ է։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան հոգսեր ունենք, ինչքան վազվռտուք։ Իսկ երբ մենք ստիպված լինենք հետևել նաև Մուրցիանսկի թագավորության կեսին, այնքան կվազվզենք, որ հալից կընկնենք։ Պան թագավոր, մենք ձեզանից շատ շնորհակալ ենք, բայց Պրագան էլ մեզ հերիք է»։

«Դե, այդ դեպքում, ― ասաց Մուրցիանսկի թագավորը, ― ես ձեզ մի տուփ ծխախոտ կտամ, եղբայրներ, որ վերցրել եմ հետս։ Սա իսկական Մուրցիանսկի ծխախոտ է, և հերիք կանի ուղիղ յոթ ծխամորճի, թե որ պինդ չսեղմեք։ Դե, դստրիկս, նստիր մեքենա ու գնացինք»։

― Իսկ երբ նա մեկնեց, մենք, այսինքն կոլեգաներ Ռաբասը, Հոլասը, Մատասը, Կուդլասը, Ֆիրբասը, Վոկոունը և ես, գնացինք պահակատուն ու ծխամորճներս լցրինք Մուրցիանսկի այդ ծխախոտով։ Տղերք, ասեմ ձեզ, այդպիսի ծխախոտ կյանքումս ծխած չկամ։ Նա շատ սարթ չէր բայց փոխարենը մեղրի, թեյի, վանիլի, դարչինի, մեխակի, խունկի ու բանանի հոտ ուներ, բայց ափսոս, մեր ծխամորճները շատ էին մրոտվել, այնպես որ մենք այդ հոտը այնպես էլ չառանք։

Իսկ վիշապին ուզեցինք թանգարան հանձնել, բայց երբ եկան նրա ետևից, նա ամբողջովին դոնդող էր կտրել, երևի նրանից, որ այդքան թրջվել էր ու ջուր կուլ տվել․․․

Ահա այն բոլորը, ինչ ես գիտեմ։


Երբ Կուբատն ավարտեց Ժիժկովի վիշապի հեքիաթը, բոլոր պահնորդները որոշ ժամանակ լուռ ծխում էին․ երևում է, մտածում էին Մուրցիանսկի ծխախոտի մասին։ Ապա խոսեց պահնորդ Հոդերը․

― Քանի որ կոլեգա Կուբատն այստեղ պատմեց Ժիժկովի վիշապի մասին, ես էլ Վոյտեշսկի փողոցի վիշապի պատմությունը կանեմ։ Մի անգամ անցնում էի Վոյտեշսկի փողոցով ու մեկ էլ, պատկերացնո՞ւմ եք, փողոցի անկյունում, եկեղեցու մոտ, տեսնեմ մի ահագին ձու։ Այնքան խոշոր, որ սաղավարտիս մեջ էլ չտեղավորվեց, ու ծա՜նր֊ծանր, ոնց որ մարմարից շինած։

«Այ քեզ բա՜ն, ― ասացի ինքս ինձ, ― սա կա֊չկա, ջայլամի ձու է, կամ դրա նման մի բան։ Տանեմ վարչություն, գտնված իրերի բաժին՝ երևի, տերը կհայտարարի կորստի մասին»։

Այն ժամանակ այդ բաժնում աշխատում էր կոլեգա Պոուրը․ մրսելուց նրա գոտկատեղը կոտրատվում էր, դրա համար էլ վառարանն այնպես էր զլել, որ սենյակում շոգ էր, ոնց որ ջեռոցում կամ չորանոցում։

― Բարև, Պոուր, ― ասում եմ, ― քեզ մոտ այստեղ այնպես շոգ է, ոնց որ դժոխքում։ Զեկուցում եմ, որ Վոյտեշսկի փողոցում մի ձու գտա։

― Դիր մի տեղ, ― ասում է Պոուրը, ― ու նստիր, պատմեմ, թե ինչեր քաշեցի այս գոտկատեղի երեսից։

Դե, խոսեցինք նրա հետ դեսից֊դենից, սկսեց արդեն մթնել, մեկ էլ անկյունում ինչ֊որ ճռթոց լսվեց ու թխկոց։ Վառեցինք լույսը ու ի՜նչ տեսնենք՝ ձվի միջից մի վիշապ է դուրս գալիս։ Իհարկե, տաքությունն էր ազդել։ Հասակով ֆոքստերյերից մեծ չէր լինի, բայց դա մեծ օձ էր, մենք իսկույն գլխի ընկանք, որովհետև յոթ գլուխ ուներ։ Այդտեղ ոչ ոք չէր կարող սխալվել։

― Այ քեզ բա՜ն, ― ասաց Պոուրը, ― ի՞նչ անենք սրան։ Չզանգե՞նք քերթարան, որ գան վերցնեն տանեն։

― Լսիր, Պոուր, ― ասում եմ, ― վիշապը խիստ հազվագյուտ կենդանի է։ Ես կարծում եմ, հարկավոր է թերթում հայտարարություն տալ։ Տերը կգտնվի։

― Լավ, ― ասաց Պոուրը։ ― Իսկ առայժմ սրան ինչո՞վ պիտի կերակրենք։ Փորձենք կաթի մեջ հաց բրդել։ Կաթը երեխաների համար բոլորից օգտակար է։

Վերցրինք յոթ լիտր կաթ ու յոթ բուլկի, մանրեցինք մեջը։ Տեսնեիք, թե մեր վիշապը ո՛նց նետվեց դրա վրա։ Գլուխները հրհրում էին իրար, մռնչում իրար վրա ու այնպես լակեցին, որ ամբողջ գրասենյակը կեղտոտվեց։ Հետո իրար ետևից շրթունքները լիզեցին ու պառկեցին քնելու։ Պոուրը վիշապին փակեց այն սենյակում, որտեղ գտնվում էին Պրագայում կորած ու գտնված բոլոր իրերը, և այսպիսի հայտարարություն տվեց թերթերին․

«Վոյտեշսկի փողոցում գտնվել է ձվից հենց նոր դուրս եկած մի վիշապի ձագ։ Նշանները․ յոթ գլխանի, դեղին ու սև բծերով։ Խնդրվում է տիրոջը դիմել ոստիկանատուն, գտնված իրերի բաժին»։

Երբ առավոտյան Պոուրը գրասենյակ եկավ, զարմանքից քար կտրեց։

― Այ քեզ բա՜ն, աստված իմ, շանթ ու կայծակ, գետինն անցնես, գլուխդ թաղեմ, անիծված լինես, թե որ ավելին ասելու չլինեմ։

Ախր այդ նույն օձը գիշերվա ընթացքում խժռել էր այն բոլոր իրերը, որ կորել և գտնվել էին Պրագայում․ մատանիներ ու ժամացույցներ, դրամապանակներ, թղթապանակներ ու ծոցատետրեր, գնդակներ, մատիտներ, գրչատուփեր, գրիչներ, դասագրքեր ու խաղագնդիկներ, կոճակներ, վրձիններ ու ձեռնոցներ, դրանց ավելացրած և բոլոր պետական թղթապանակները, ակտերը, արձանագրություններն ու կարած թղթերը, մի խոսքով, ինչ որ կար Պոուրի գրասենյակում, այդ թվում նաև նրա ծխամորճը, ածուխի թին ու քանոնը, որով Պոուրը թուղթ էր տողում։ Այնքան շատ բան էր կերել այդ արարածը, որ կրկնակի բոյ էր քաշել, իսկ որոշ գլուխներ տանջվում էին շատակերությունից։

― Այսպես չի լինի, ― ասաց Պոուրը, ― ես այսպիսի անասունին չեմ կարող այստեղ պահել։

Եվ նա զանգեց Կենդանիների հովանավորության ընկերություն, որպեսզի վերոհիշյալ ընկերությունը մեծահոգաբար տեղ տար իր մոտ վիշապի ձագին, ինչպես որ անտեր շներին ու կատուներին էր պատսպարում։

― Խնդրեմ, ― պատասխանեց Ընկերությունն ու վիշապի ձագին վերցրեց իր ապաստարանը։ ― Միայն հարկավոր է իմանալ, ― շարունակեց նա, ― թե այդ վիշապներն իսկապես ինչո՞վ են սնվում։ Բնագիտության դասագրքում այդ մասին ոչ մի խոսք չկա։

Որոշեցին փորձով ստուգել և սկսեցին վիշապիկին կերակրել կաթով, նրբերշիկով, ձվերով, գազարով, շիլայով ու շոկոլադով, սագի արյունով ու թրթուրներով, դարմանով ու սիսեռով, վռիկով, հատիկով ու հատուկ պատվերի երշիկով, բրնձով ու ցորենով, շաքարով ու կարտոֆիլով, ու նաև կլոր քաղցրահացերով։ Վիշապը մաքրազարդեց ամեն ինչ․ բացի դրանից, խժռեց բոլոր գրքերը, տետրերը, նկարները, դռան սողնակներն ու ընդհանարապես այն ամենը, ինչ ունեին այդտեղ։ Նա հասակ էր առնում այնպես, որ շուտով արդեն սենբերնարից էլ ավելի մեծ էր։

Այդ ժամանակ հեռավոր Բուխարեստից Ընկերության անունով մի հեռագիր եկավ, ուր կախարդական տառերով գրված էր․


Վիշապի ձագը կախարդված մարդ է։

Մանրամասնությունները անձամբ։ Կգամ մոտակա երեք հարյուր տարում։ Կախարդ Բոսկո։


Այստեղ կենդանիների հովանավորության ընկերությունը քորեց ծոծրակն ու ասաց․

― Եթե այդ վիշապը կախարդված մարդ է, ապա դա մեր գծով չի և մենք չենք կարող նրան մեզ մոտ պահել։ Պետք է նրան ուղարկել ապաստարան կամ մանկատուն։

Բայց ապաստարաններն ու մանկատները պատասխանեցին․

― Ոչ, եթե մարդը վերածվել է կենդանու, ապա նա արդեն մարդ չի, այլ կենդանի, որով զբաղվում ենք ոչ թե մենք, այլ Կենդանիների հովանավորության ընկերությունը։

Եվ նրանք ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության հանգել։ Արդյունքը եղավ այն, որ ոչ Ընկերությունը, ոչ էլ մանկատները չուզեցին վիշապին իրենց մոտ պահել, իսկ խեղճ վիշապի տրամադրությունն այնպես ընկավ, որ նույնիսկ դադարեց ուտել․ հատկապես տխրում էին նրա երրորդ, հինգերորդ և յոթերորդ գլուխները։

Իսկ այդ ընկերությունում մի փոքրիկ, նիհար մարդ կար, համեստ ու աննկատ, ինչպես մկնիկ, անունը Ն֊ով էր ՝ Նովաչեկ, Ներագ կամ Նոհեյլ․․․ Դե ոչ, անունը Տրուտինա էր։ Եվ երբ որ Տրուտինան տեսավ, թե վիշապի գլուխները ոնց են իրար ետևից վշտից չորանում, ասաց․

― Հարգելի Ընկերություն։ Մարդ է նա, թե գազան, ես պատրաստ եմ այդ վիշապին վերցնելու ինձ մոտ և ինչպես հարկն է հոգալու։

Այստեղ բոլորն ասացին․

― Հիանալի՜ է։

Եվ Տրուտինան վիշապին տարավ իր տուն։

Պիտի խոստովանել, որ նա հոգ էր տանում վիշապին բարեխղճորեն, ինչպես և խոստացել էր․ կերակրում էր նրան, սանրում ու փայփայում․ Տրուտինան կենդանիներին շատ էր սիրում։ Երեկոները, աշխատանքից վերադառնալով, նա վիշապին հանում էր զբոսանքի, որպեսզի կենդանու ոտքերը մի փոքր բացվեին, և վիշապը շնիկի նման վազում էր նրա ետևից ու պոչը խաղացնում։ Անունը դրին Ամինա։

Մի անգամ երեկոյան քերթիչը նկատեց նրանց ու ասաց․

― Պան Տրուտինա, այս ի՞նչ բան է։ Եթե սա վայրի գազան է, գիշատիչ կամ դրա նման մի բան, ապա չի կարելի փողոցներում ման տալ․ իսկ եթե շուն է, ապա դուք պարտավոր եք նրա համար ժետոն գնել ու վզնոց։

― Սա հազվագյուտ տեսակի շուն է, ― պատասխանեց Տրուտինան, ― այսպես կոչվող վիշապապինչեր, կամ յոթ գլխանի օձաշուն։ Այնպես չէ՞, Ամինա․․․ Անհոգ եղեք, պան քերթիչ, ես սրան վզնոց կգնեմ ու համար։

Եվ Տրոտինան Ամինային շան ժետոն գնեց, չնայած խեղճն ստիպված էր դրա համար վերջին փողերը տալ։

Բայց շուտով քերթիչը նորից հանդիպեց նրան և ասաց․

― Պարոն Տրուտինա, սա բանի նման չի։ Քանի որ ձեր շունը յոթ գլուխ ունի, ապա յոթ էլ ժետոն պետք է ու յոթ վզնոց, որովհետև, ըստ կանոնի, յուրաքանչյուր շան վզից մի համար պիտի կախված լինի։

― Պան քերթիչ, ― առարկեց Տրուտինան, ― ախր համարը կածված է Ամինայի հենց մեջտեղի վզից։

― Այդ միևնույնն է, ― ասաց քերթիչը, ― չէ որ մնացած վեց գլուխները վազում են առանց վզնոցի ու համարի, ինչպես թափառական շները։ Ես այդ չեմ հանդուրժի։ Ստիպված եմ վերցնել ձեր շանը։

― Երեք օր էլ համբերեք, ― խնդրեց Տրուտինան, ― ես Ամինային համարներ կգնեմ։

Եվ տխուր֊տրտում տուն գնաց, որովհետև ոչ մի գրոշ չուներ։

Տանը քիչ մնաց դառնությունից լաց լիներ․ նստել ու պատկերացնում էր, թե ոնց քերթիչը կվերցնի Ամինային, կծախի կրկեսին կամ նույնիսկ կսպանի։ Լսելով, թե ինչպես է նա հառաչում, վիշապը մոտեցավ, յոթ գլուխն էլ դրեց նրա ծնկներին ու նայեց աչքերի մեջ իր սքանչելի տխուր աչքերով․ ամեն մի գազան այդպիսի սքանչելի, համարյա մարդկային աչքեր է ունենում, երբ նայում է մարդուն վստահությամբ ու սիրով։

― Ամինա, ― ես քեզ ոչ ոքի չեմ տա, ― ասաց Տրուտինան ու շոյեց վիշապի բոլոր յոթ գլուխները։ Հետո վերցրեց ժամացույցը՝ հոր հիշատակը, վերցրեց կիրակնորյա կոստյումն ու լավագույն կոշիկները, բոլորը ծախեց֊ծախծխեց ու դեռ էլի փող պարտք արավ և այդ բոլոր փողերով շան վեց համար գնեց ու վեց վզնոց, կախեց իր վիշապի վզից։ Երբ նա Ամինային նորից տարավ զբոսանքի, յոթ ժետոնները զնգում էին, ասես բոժոժավոր սահնակ էր անցնում։

Բայց հենց նույն երեկոյան Տրուտինայի մոտ մոտ եկավ այն տան տերը, որտեղ նա ապրում էր ու ասաց․

― Պան Տրուտինա, ձեր շունն ինձ մի տեսակ դուր չի գալիս։ Ճիշտ է, ես շներից գլուխ չեմ հանում, բայց մարդիկ ասում են, որ դա վիշապ է, իսկ ես իմ տանը վիշապներ չեմ հանդուրժի։

― Պան տանտեր, ― ասաց Տրուտինան, ― ախր Ամինան ոչ ոքի չի վնասում։

― Այդ ինձ չի վերաբերում, ― ասաց տանտերը։ ― Օրինավոր տներում վիշապ չեն պահում, և վերջ։ Եթե դուք այդ շանը դուրս չնետեք, ապա նեղություն քաշեք ամսի սկզբից ազատել բնակարանը։ Ես ձեզ նախազգուշացրի, որով պատիվ ունեմ ողջունելու։

Եվ նա դուռը շրխկացրեց իր ետևից։

― Ամինա, տեսնո՞ւմ ես, ― լաց եղավ Տրուտինան, ― դեռ տնից էլ են դուրս անում։ Բայց, միևնույն է, ես քեզ չեմ տա։

Վիշապը կամացուկ մոտեցավ նրան, և նրա աչքերն այնպես հիանալի էին շողում, որ Տրուտինան բոլորովին տակնուվրա եղավ։

― Դե, դե, բարեկամ, ― ասաց նա, ― հո գիտես, որ ես քեզ սիրում եմ։

Հաջորդ օրը, խիստ մտահոգված, նա գնաց աշխատանքի (նա իբրև գրագիր ծառայում էր ինչ֊որ բանկում)։ Եվ հանկարծ պետը նրան իր մոտ կանչեց։

― Պան Տրուտինա, ― ասաց պետը, ― ձեր անձնական գործերն ինձ չեն հետաքրքրում, բայց ինձ տարօրինակ լուրեր են հասել, իբր թե դուք վիշապ եք պահում։ Ո՜ւմ մտքով կանցներ․․․ Ձեր պետերից ոչ ոք վիշապ չի պահում։ Այդ բանը կարող էր իրեն թույլ տալ որևէ թագավոր, կամ սուլթան, բայց ոչ երբեք հասարակ մի ծառայող։ Պան Տրուտինա, դուք ապրում եք ոչ ըստ ձեր միջոցների։ Կամ դուք այդ վիշապից կազատվեք, կամ ամսի մեկից ես ձեզնից կազատվեմ։

― Պան պետ, ― կամացուկ, բայց հաստատակամ ասաց Տրուտինան, ― Ամինային ես ոչ ոքի չեմ տա։

Եվ տուն գնաց այնպես տխուր֊տրտում, որ ոչ տեսնված է, ոչ լսված։

Նստեց աթոռին, վշտից ոչ մեռած, ոչ կենդանի, և արցունքները հոսեցին աչքերից։ Եվ հանկարծ զգաց, որ վիշապը իր գլուխները դրեց նրա ծնկներին։ Արցունքների միջից նա ոչինչ չէր տեսնում, միայն շոյում էր վիշապի գլուխներն ու շշնջում․

― Մի վախենա, Ամինա, ես քեզ չեմ լքի։

Եվ հանկարծ նրան թվաց, թե Ամինայի գլուխը փափկեց, ու գանգրացավ։ Սրբեց արցունքները, նայեց ու ի՜նչ տեսնի․ վիշապի փոխարեն արջևը ծունկի է իջել մի չքնաղ աղջիկ ու քնքշորեն նայում է նրա աչքերին։

― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց Տրուտինան։ ― Իսկ ո՞ւր է Ամինան։

― Ես արքայադուստր Ամինան եմ, ― պատասխանեց գեղեցկուհին։ ― Մինչև այս վայրկյանը վիշապ էի ― ինձ փոխարկել էին վիշապի, որովհետև գոռոզ էի ու չար։ Բայց սրանից հետո գառնուկի պես հնազանդ կլինեմ։

― Թող այդպես լինի, ― հնչեց ինչ֊որ մեկի ձայնը։ Դռների մեջ կանգնած էր կախարդ Բոսկոն։

― Պան Տրուտինա, դուք ազատեցիք նրան, ― ասաց նա։ Սերը մշտապես մարդկանց ու կենդանիներին ազատում է չար կախարդանքներից։

Այ թե ինչ հիանալի ստացվեց, ճիշտ չէ՞, տղաներ։ Իսկ այդ աղջկա հայրը խնդրում է ձեզ անհապաղ ժամանել իր թագավորությունն ու զբաղեցնել գահը։ Այնպես որ շուտ, թե չէ մեկ էլ տեսար գնացքից ուշացանք։


― Ահա և ավարտվեց Վոյտեշսկի փողոցի Վիշապի պատմությունը, ― վերջացրեց Հոդերան։ ― Թե չեք հավատում Պոուրին հարցրեք։