Կուկուլիկուն եւ արեւը

Գրապահարան-ից
22:21, 4 Նոյեմբերի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կուկուլիկուն եւ արեւը

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Լինում է, չի լինում, տանիքին ապրող մի աքլոր է լինում։ Անունն էլ՝ Կուկուլիկու։ Նա պատրաստված էր պղնձից ու միայն մի ոտքն էր, որ երկաթյա էր։ Կուկուլիկուն նստած էր եկեղեցու բարձր ձողասայրին, իսկ եկեղեցին էլ գտնվում էր բլրի գագաթին։

Հենց այդ բլրի ետեւից էլ ամեն առավոտ ծագում էր Արեւը։ Եվ թվում էր, որ Արեւը եկեղեցու ձողասայրին շատ մոտիկ է, այնքան մոտիկ, որ եթե ուզենար՝ Կուկուլիկուն իր պղնձե թեւով կարող էր հասնել նրան։

Առավոտները Արեւը միշտ էլ քաղցած էր լինում։ Նրա սիրելի նախաճաշը հացի կարմրացրած մի շերտն էր, կամ ինչպես անգլիացիներն են ասում՝ թոստը։

Մի անգամ արեւն իր համար նախաճաշ էր պատրաստում եւ հանկարծ զգաց, որ իրեն խուտուտ են տալիս։ Նայեց վար։ Սակայն տանիքին ապրող աքլորից ու եկեղեցու ձողասայրից բացի ոչինչ չնկատեց։

Արեւը ուսերը վեր քաշեց, մի անգամ էլ նայեց շուրջը եւ որոշեց ուտել կարմրած հացը, բայց պարզվեց, որ այն լրիվ այրվել է ու միայն մոխիրն է մնացել։

Արեւի տրամադրությունը ընկավ։ Նա թաքնվեց ամպի ետեւն ու ամբողջ օրը դուրս չեկավ։

Հաջորդ օրն առավոտյան՝ դարձյալ․ հենց որ Արեւն սկսեց նախաճաշի համար հաց կարմրացնել, հանկարծ զգաց, որ իրեն խուտուտ են տալիս։ Նա վար նայեց, վեր քաշեց ուսերը, իսկ երբ մոտեցավ հացին, պարզվեց, որ այն արդեն այրվել է։

Արեւը շատ բարկացավ։ Նա նետեց այրված թոստը ու ամպին էլ ստիպեց, որ անձրեւ տեղա։ Սկսվեց իսկական մի հեղեղ, կայծակն ու որոտն էլ հետը։ Ի՜նչ ամպրոպ էր…

Հաջորդ օրը Արեւը շատ վաղ ոտքի ելավ ու նորից ուզեց նախաճաշ պատրաստել։ Բայց երբ թոստը գրեթե պատրաստ էր, Արեւն զգաց, որ իրեն դարձյալ խուտուտ են տալիս։ Այս անգամ Արեւը հայացքը չկտրեց թոստից եւ ուսերն էլ վեր քաշեց, առանց վար նայելու։ Ճիշտ է, դրանից օգուտ չկար, որովհետեւ սոսկալի խուտուտ էր զգում, ուստի Արեւը ակամա նայեց ներքեւ։ Եվ այդքանն էլ բավական էր, որ նախաճաշը նորից այրվի։ Արեւը մի ակնթարթ միայն շրջվեց, եւ թոստի փոխարեն մնաց մոխիրը։

Արեւը ոչինչ չասաց։ Նա մատները խաչաձեւեց ու հաշվեց մինչեւ տասը։ Հետո մի անգամ էլ հաշվեց մինչեւ տասը, ու զգաց, որ բարկությունն անցնում է։

Հաջորդ օրը առավոտյան, երբ նախաճաշի ժամանակը եկավ, Արեւը առանց հացի շերտը ամրացնելու, պատառաքաղը դրեց կրակին ու սպասեց։ Չանցած մի րոպե, նա նորից զգաց, որ իրեն խուտուտ են տալիս։

Արեւը անվրդով մի կողմ դրեց պատառաքաղն ու նայեց, թե ով է իրեն խուտուտ տվողը։ Բայց դարձյալ ոչ ոքի չտեսավ, բացի Կուկուլիկուից ու եկեղեցու ձողասայրից։ Նա ուշադիր նայեց, հետո նայեց ավելի ուշադիր ու վերջապես հասկացավ, որ այդ Կուկուլիկուն է խուտուտ տալիս իր պղնձյա թեւով։

— Օհո՜,— զարմացավ Արեւը։— Մի՞թե դու ես ինձ խուտուտ տալիս։ Գիտե՞ս, որ քո պատճառով երեք օր իրար վրա իմ թոստերը այրվեցին։ Ա՛յ թե չարաճճին ես, Կուկուլիկու։

— Ներիր, խնդրում եմ,— ասաց Կուկուլիկուն։— Ես չէի ուզում, որ քո թոստերը այրվեն։ Խուտուտ էի տալիս, որպեսզի ծիծաղեցնեմ։

— Այլեւս այդպիսի բան չանես,— ասաց Արեւը։

— Չեմ անի, ազնիվ խոսք,— խոստացավ Կուկուլիկուն։

Հաջորդ օրն առավոտյան Արեւը ծագեց ու, ինչպես միշտ, սկսեց նախաճաշ պատրաստել։ Այս անգամ նրան ոչ ոք խուտուտ չտվեց եւ թոստն էլ, իհարկե, չայրվեց։ Արեւը մի շերտ հաց էլ կարմրացրեց, վրան կարագ քսեց ու տվեց տանիքի աքլորին։

— Ի՜նչ համեղ է,— ասաց Կուկուլիկուն։— Շնորհակալություն, Արեւ։— Եվ նա երեք անգամ պտտվեց մի ոտքի վրա։— Կուկուլիկու,— կանչեց նա։— Կուկուլիկու… Կուկուլի… Կուկու… Կու… Հըխկ… Հըխկ…— Նա սկսեց հազալ, որովհետեւ կոկորդին փշրանք մնաց։

— Ա՛յ թե հիմարն ես, Կուկուլիկու,— ասաց Արեւն ու թփթփացրեց նրա մեջքին։— Ի՜նչ հիմարն ես։— Եվ Արեւը ծիծաղեց, ծիծաղեց ու ծիծաղեց ամբողջ օրը։