Աշխարհը շուռ է եկել
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Ալիս անունով մի ագռավ էր ապրում։ Ավելի ծույլ ագռավ աշխարհը դեռ չէր տեսել։ Երբեմն նա նոյնիսկ թռչելիս էլ էր քնում եւ շատ զարմանալի ու տարօրինակ երազներ էր տեսնում։
Մի անգամ նա այնքան խորն էր քնել, որ սկսեց շրջված թռչել, եւ մինչ թռչում էր՝ մի երազ տեսավ․ շրջված երազ…
Մռռան կատուն շատ էր սիրում մկներ որսալ։ Սպիտակեղենի զամբյուղում երկու մկնիկ տեսնելով, գաղտագողի մոտեցավ նրանց։
— Տե՛ս, տե՛ս՝ կատուն,— ասաց մի մուկը՝ մյուսին։— Հիմա մենք նրան կորսանք։
Մռռանը զարմացավ․ «Գժվե՞լ են… Մի՞թե մկները կատուներ են որսում»,— մտածեց նա։
Բայց երբ մկնիկները սկսեցին հալածել նրան, Մռռանը զարմանքից, առանց ետ նայելու հազիվ կարողացավ փախչել։
«Այսպիսի կյանք չի լինի․ ամեն ինչ հակառակ է, ամեն ինչ շրջված»,— մտածեց կատուն։
Ու այդ պահին էլ նրա դիմաց ելավ Հաֆ անունով վիթխարի շունը։ Հաֆը զայրացած գռմռաց Մռռանի վրա։
Մռռանը այն է, ուզում էր փախչել ու թաքնվել ծառի կատարին, բայց հանկարծ մտածեց․ «Եթե այս աշխարհը շուռ է եկել, ուրեմն Հաֆը ինքը պիտի փախչի ինձնից»։
Եվ Մռռանը նետվեց Հաճի վրա, իսկ Հաֆն էլ, հասկանալի է, հազիվ կարողացավ փախչել ու ազատել իր գլուխը։
«Այս ինչ հրաշք է,— մտածեց Մռռանը։— Կատուները շներին են հալածում, մկները կատուներ են որսում… Կյանքումս այդպիսի բան չեմ տեսել»։
Նրա աչքն ընկավ ճանապարհին ու տեսավ մի կաթնավաճառ, մի սայլակ ու մի ձի։
Սայլակին լծվել էր կաթնավաճառը, իսկ ձին նստել էր սայլակի վրա ու քշում էր նրան․ «Նո֊ո՜»։ Եվ կաթնավաճառն էլ հնազանդվելով, արագացնում էր ընթացքը։
Հետո Մռռանը հանդիպեց երկու երեխայի, որոնք իրենց ծնողների հետ էին։ Ու այդ երեխաները կշտամբում էին ծնողներին․
— Անպիտաններ… Հիմա տուն կհասնենք, եւ դուք անմիջապես կպառկեք քնելու։ Որպես պատիժ՝ ընթրիքից կզրկվեք։
— Ի֊ի֊ի՜… Էլ չենք անի,— հեծկլտում էին ծնողները։
Արդեն մթնում էր, բայց լուսնի ու աստղերի փոխարեն երկնքում փայլեց արեւը։
«Բայց հիմա գիշեր է,— մտածեց Մռռանը։— Իսկ գիշերով երկնքում հայտնվում են լուսինն ու աստղերը, էլ ի՞նչ գործ ունի այստեղ արեւը»։
— Հապա, հեռացի՛ր,— ասաց նա արեւին։
— Չեմ հեռանա,— ասաց արեւը։— Այս աշխարհը շուռ է եկել, եւ ես էլ պետք է գիշերները լուսավորեմ, որպեսզի ցերեկով էլ մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։
«Սրա վերջը ի՞նչ է լինելու»,— սարսափահար մտածեց Մռռանը։ Եվ պատահաբար վեր նայելով, տեսավ Ալիսին, որ թռչում էր շրջված՝ ոտքերը դեպի վեր։
— Հե՜յ, Ալիս։ Արթնացի՛ր,— գոչեց նա։
Ալիսը արթնացավ ու շարունակեց թռչել, ասես ոչինչ էլ չէր եղել։ Հենց այդ պահին էլ արեւը մայր մտավ, լուսինը ծագեց, աստղերը փայլեցին, կաթնավաճառի ձին սկսեց ինքը քաշել սայլակը, Հաֆը ընկավ Մռռանի ետեւից, իսկ Մռանն էլ մկներին այնքան հալածեց, մինչեւ նրանք դարձյալ թաքնվեցին սպիտակեղենի զամբյուղում։ Մռռանը զգաց, որ քաղցը տանջում է իրեն եւ խոհանոց շտապեց՝ ձուկ ուտելու եւ վրայից էլ կաթ խմելու համար։
Իսկ ծույլիկ Ալիսը վերադարձավ ծառի կատարին գտնվող իր բույնը, տեղավորվեց ու նորից քնեց։
— Ղա՜,— ասաց նա քնելիս։— Ինչ զվարճալի երազ էր։