Փոքրիկ վագրի մասին, որը շատ էր սիրում լոգանք ընդունել
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Բերթ անունով մի փոքրիկ վագր կար։ Խոշոր֊խոշոր, ճերմակ֊ճերմակ եւ սուր֊սուր ատամներ ուներ։ Իսկ մռնչալիս խլացնում էր նույնիսկ որոտի ձայնը։
Բայց եւ այնպես նա շատ բարի ու լավ վագր էր։ Եվ այնքան ժամանակ էր բարի ու լավ, քանի դեռ մեկը չէր մտել լողարան՝ լոգանք ընդունելու։
Որովհետեւ ինքն էլ էր շատ սիրում լոգանք ընդունել եւ կարող էր թեկուզ ամբողջ օրը փակվել լողարանում, եթե միայն միստր եւ միսիս Սմիթներն ու նրանց փոքրիկ աղջիկը, որոնք վագրի հետ նույն տանն էին ապրում, չսկսեին զայրանալ ու կշտամբել։ Պատկերացնո՞ւմ եք, երբ էլ նրանք ուզենային լոգանք ընդունել, Բերթը միշտ մռնչում էր, բացելով իր ճերմակ֊ճերմակ ու խոշոր֊խոշոր ատամները։
— Բերթ, հապա դուրս ե՛կ լոգանքից եւ գնա ընթրելու,— մի անգամ ասաց միսիս Սմիթն ու նրան ցույց տվեց համեղ ոսկորներով խոշոր պնակը։
— Շնորհակալ եմ, ընթրել չեմ ուզում,— պատասխանեց Բերթն ու մռնչաց։
Միսիս Սմիթը քիչ մնաց լաց լիներ։
— Երեխային լողացնելու եմ, իսկ Բերթը չի ուզում դուրս գալ լողարանից,— բողոքեց նա։— Ի՞նչ անենք։
— Ես ճարը գիտեմ,— ասաց միստր Սմիթը։
Նա խանութ գնաց եւ քսան շիշ սեւ թանաք գնեց, իսկ երբ Բերթը շրջվեց, ամբողջ թանաքը լցրեց լոգարանի մեջ։ Ջուրը դարձավ սեփ֊սեւ․ Բերթն էլ սեփ֊սեւ դարձավ։
Մի քանի ժամ անց Բերթը մտածեց, որ ընթրելու ժամանակն է եւ դուրս եկավ լողարանից։
— Վա՜յ, հապա այս վիթխարի սեւ կատվին նայեք,— ասաց միստր Սմիթը։
— Իսկապես… Եվ ինչ էլ գեղեցիկ կատու է,— ասաց միսիս Սմիթը։
— Ո՞նց թե՝ կատու,— վրդովվեց Բերթը։— Ես ոչ թե կատու եմ, այլ՝ վագր։
— Վագրերը շերտավոր են լինում,— ասաց միստր Սմիթը։— Ոչ թե քո պես սեւ։
«Աստված իմ։ Գուցե իսկապես դարձել եմ կատու»,— մտածեց փոքրիկ վագրը։
— Բայց կատուները լողալ չեն սիրում,— շարունակեց միստր Սմիթը։— Ճի՞շտ է։
— Ճիշտ է,— համաձայնեց Բերթը։
Ընթրիքից հետո Բերթը այգի դուրս եկավ։ Այստեղ նրան հանդիպեց հարեւանի շունը, որի անունը Արքայազն էր եւ որը սիրում էր հալածել կատուներին։
— Ըհը՛… Կատու է, —ուրախացավ շունը։— Հիմա մենք նրան ցույց կտանք։
Ճիշտն ասած, նա այնքան էլ վստահ չէր իր վրա, որովհետեւ դեռ երբեք այդքան խոշոր կատու չէր տեսել։ Բայց վարժվել էր այն բանին, որ իր հաչոցը լսելուն պես կատուները գլխապատառ փախչեն, ուստի եւ առանց վախենալու նետվեց դեպի Բերթը, երախը բացեց ու սկսեց հաչել։
Բերթը անվրդով մռութը շրջեց դեպի շունն ու միայն մի անգամ մռնչաց, այսպես․ Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ֊Ռ։
Այդքան սարսափելի գազանի Արքայազնը դեռ առիթ չէր ունեցել հանդիպել։ Եվ նա մի կերպ իրեն նետեց ցանկապատից այն կողմ եւ պո՛ւկ, փախավ։
Քիչ անց այգի եկավ միստր Սմիթը, եւ Բերթը նրան հարցրեց․
— Ես իրո՞ք կատու եմ։ Կատու լինելու համար ես արդյո՞ք շատ մեծ չեմ։
— Դու կատու չես,— ասաց միստր Սմիթը։— Իհարկե կատու չես, այլ վագր։ Վագրերի այն յուրահատուկ ցեղից, որոնք լոգարանում նստում են կես ժամից ոչ ավելի։ Դա վագրերի լավագույն ցեղն է։
Բերթը իրեն շոյված զգաց։
— Յուրահատուկ ցեղից եմ,— համաձայնեց նա։— Լավագույն ցեղից։
Եվ նա հաճույքից լռլտաց, ու սկսեց լիզել ինքն իրեն․ այնքան լիզեց, որ սեւն անցավ, ու նա նորից դարձավ վագր՝ դեղնավուն եւ մուգ շերտերով վագր։
Հետո նա տուն գնաց եւ միսիս Սմիթին ասաց․
— Մտնել լոգանք ընդունելու։
Տաք ջրով նա մի լավ լողացավ։ Լոգարանում նստեց ուղիղ կես ժամ։ Միսիս Սմիթը նրան գովեց եւ լիքը դույլ պաղպաղակ տվեց։
Բերթը գլուխը մտցրեցց դույլի մեջ ու կերավ ամբողջ պաղպաղակը, ասելով․
— Հա՛մ֊հա՛մ֊հա՛մ… Ի՜նչ համեղ է։ Իսկը իմ սիրած պաղպաղակն է։