«Այնտեղ, ուր մաքուր է ու լուսավոր» Ծերունին կամրջի մոտ
հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ |
Պողպատեշրջանակ ակնոցով ու փոշէթաթախ շորերով մի ծերունի էր նստած ճամփեզրին։ Գետի վրայով մի պոնտոնային կամուրջ էր ձգուած, եւ սայլեր, բեռնատարներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ էին անցնում այդտեղով։ Ջորեքարշ սայլերը անուաճաղերը հրող զինուորների օգնութեամբ կամրջից ճոճուելով մի կերպ բարձրանում էին թեք լանջով։ Բեռնատարները պոկւում էին տեղից ու մղւում առաջ, իսկ գիւղացիները հազիւ էին ոտքերը քարշ տալիս՝ մինչեւ կոճերը փոշու մէջ թաթախուած։ Բայց ծերունին անշարժ նստած էր այնտեղ։ Անչափ հոգնած էր այլեւս որեւէ քայլ անելու։
Իմ առաջադրանքն էր՝ կամուրջն անցնել, հետազօտել կամրջագլուխն ու պարզել, թէ որ մասում է թշնամին առաջացել։ Գործս կատարեցի ու ետ դարձայ կամրջով։ Այժմ արդեն շատ սայլեր չկային, ու այլեւս քիչ մարդ էր երեւում, բայց ծերունին այնտեղ էր դեռ։
— Որտեղացի՞ էք,— հարցրի նրան։
— Սան֊Կառլոսից,— ասաց նա ու ժպտաց։
Դա նրա հայրենի քաղաքն էր, եւ այդ յիշելը հաճելի էր նրան, ու նա ժպտաց։
— Կենդանիներ էի պահում,— բացատրեց նա։
— Օ՜,— ասացի՝ բոլորովին չհասկանալով։
— Հա՛,— ասաց նա,— մնացի էնտեղ, գիտէք, կենդանիներիս պահելու։ Ես վերջում հեռացայ Սան֊Կառլոսից։
Նա ոչ հովվի էր նման, ոչ էլ նախրապանի, եւ ես հայեացքս ձգեցի նրա սեւ, փոշոտ շորերին, քամահար դէմքին, պողպատեշրջանակ ակնոցին ու ասացի․— Էդ ի՞նչ կենդանիներ էին որ։
— Տարբեր,— ասաց նա ու օրորեց գլուխը։— Ստիպուած թողեցի նրանց։
Ես դիտում էի կամուրջն ու Աֆրիկա յիշեցնող Էբրո դելտայի տարածքը, մտմտում, թէ ինչքան ժամանակից թշնամին կերեւայ, ու այդ ամբողջ ընթացքում ականջ դնում՝ սպասելով թեթեւ ձայնի անգամ, որ ազդանշան կը տար կապ կոչուող այդ առեղծուածային իրադարձութեանը, իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ։
— Ինչ կենդանիներ էի՞ն, ասացիք,— հարցրի ես։
— Իրար հետ վերցրած՝ երեք հատ,— բացատրեց նա։— Երկու այծ ու մի կատու ու յետոյ էլ չորս զոյգ աղաւնի։
— Ու դուք ստիպուած թողեցի՞ք դրանց,— հարցրի ես։
— Հա՛։ Հրետակոծութեան պատճառով։ Հրետակոծութիւնն էր պատճառը, որ կապիտանն ասաց՝ հեռանամ։
— Իսկ ընտանիք չունէ՞ք,— հարցրի ես՝ նայելով կամրջի հեռաւոր ծայրին, ուր վերջին մի քանի սայլեր շտապով իջնում էին զառիթափով։
— Չէ՛,— ասաց նա,— միայն կենդանիները։ Կատուն, ինչ խօսք, լաւ կը լինի։ Կատուն իր գլխի ճարը կարող է տեսնել, բայց պատկերացում չունեմ, թէ միւսները՝ ոնց։
— Ի՞նչ քաղաքականութեան կողմն էք,— հարցրի ես։
— Ո՛չ մի,— ասաց նա։— Ես եօթանասունվեց տարեկան եմ։ Տասներկու կիլոմետր եմ արդեն անցել ու հիմի երեւի թէ էլ առաջ չկարողանամ գնալ։
— Էստեղ կանգ առնելու համար հարմար տեղ չի,— ասացի ես։— Եթէ կարող էք, բարձրացէք էնտեղ՝ ճամփից վեր, ուր Տորտոզայի ճամփաբաժաններն են, ու բեռնատարներ են անցնում։
— Մի քիչ կը սպասեմ,— ասաց նա,— ու յետոյ կը գնամ։ Բեռնատարներն ո՞ւր են գնում։
— Դէպի Բարսելոն,— ասացի նրան։
— Էդ կողմերում մարդ չեմ ճանաչում,— ասաց նա,— բայց շատ շնորհակալ եմ։ Կրկին անգամ շնորհակալ եմ։
Նա ապշութեամբ ու յոգնաբեկ ինձ էր նայում, յետոյ ուզենալով հոգու տագնապը ինչ֊որ մէկի հետ կիսել՝ ասաց․
— Կատուն, համոզուած եմ, լաւ կը լինի։ Կարիք չկայ նրա համար խառնուել։ Բա էն միւսնե՞րը։ Հիմի դուք միւսների մասին ի՞նչ էք կարծում։
— Դէ, նրանք էլ երեւի լաւ կը լինեն։
— Էդպէ՞ս էք կարծում։
— Ինչի չէ որ,— ասացի ես՝ նայելով հեռաւոր ափին, ուր այժմ արդեն ոչ մի սայլ չկար։
— Բայց թէ ի՞նչ են անելու հրետակոծութեան տակ, էն դէպքքում, երբ ինձ էդ պատճառով հեռանալ տուին։
— Աղաւնիների վանդակը բա՞ց էք թողել,— հարցրի ես։
— Հա՛։
— Դէ ուրեմն՝ կը թռչեն։
— Հա՛, բա ո՜նց, կը թռչեն։ Բա միւսնե՞րը։ Աւելի լաւ է միւսների մասին չմտածեմ,— ասաց նա։
— Եթէ արդեն հանգստացաք, ես գնամ,— համոզեցի ես։— Դէ, հիմի վե՛ր կացէք ու փորձէք քայլել։
— Շնորհակալ եմ,— ասաց ու ոտքի ելաւ, ճոճուեց ու յետոյ ետ֊ետ գնաց, նստեց փոշու մէջ։
— Ես կենդանի էի պահում,— ասաց նա ծուլորեն, այժմ արդեն՝ ոչ ինձ։— Կենդանիներ միայն։
Ոչինչ հնարաւոր չէր անել նրա համար։ Զատկի կիրակին էր, իսկ ֆաշիստները առաջ էին շարժւում Էբրոյի ուղղութեամբ։ Գորշ, մթնդած, երկնակախ օր էր, այնպէս որ դրանց կործանիչները օդ չէին բարձրանում։ Դա ու նաեւ այն, որ կատուները գիտեն ինչպէս հոգ տանել իրենց մասին, այն ամբողջ բարեբախտութիւնն էր, որ ծերունին կարող էր երբեւէ կեանքում ունենալ։