Ամառ առանց այգաբացի - Գլուխ 15

Գրապահարան-ից

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 14 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 16 ▶


Մարմարա ծովի ափով անցնելով՝ գնացքը կանգ առավ «Հեյդար փաշա» կայարանում, որը Բաղդադի երկաթգծի վերջին կանգառն էր և գտնվում էր մայրաքաղաքի ասիական մասում։ Ճանապարհորդներից, զինվորականներից, շրջիկ վաճառականներից և բեռնակիրներից կազմված խայտաբղետ ամբոխի միջով անցնելով, Վարդանն ու Արամը շտապեցին դեպի նավամատույցը։ Գորշ ջրից այն կողմ երևում էր Կոստանդնուպոլսի եվրոպական մասը, որը Վարդանն իր մայրենի քաղաքն էր համարում, այդ աշնանային գորշ օրը խորհրդավոր տեսք ուներ։

Կոստանդնուպոլիս։ Այս երեք տարիների ընթացքում որքան էր նա երազել այս քաղաքի մասին։ Նա համակվեց տարօրինակ մի զգացումով՝ ոգևորություն և ափսոսանք, ուրախություն և տագնապ։ Այս կարճ ժամանակահատվածում այնքան իրադարձություններ էին տեղի ունեցել, որ նա դեռևս չէր հասցրել դրանք գիտակցել։ Արուսյակի սպանության բոթը, Մարոյի ու Թովմասի ողջ լինելու լուրը, Հալիթ փաշայի սպանությունն իր աչքի առաջ։ Երկու օր առաջ Աֆիոնում գնացք նստելիս նրա գլխում խռնված մտքերին հիմա ավելացել էր իր հարազատներին՝ Տիրանին, Մեսրոպ քեռուն, Արփինե մորաքրոջը, Լուսիկ քույրիկին տեսնելու տագնապով երանգավորված երջանկությունը։ Պատերազմն ավարտվել էր, սակայն այդ իրադարձությունը, որին այդքան տղամարդիկ և կանայք սպասել էին անհամբերությամբ, չէր ուրախացնում Վարդանին։ Մարոն ու Թովմասը Այնթապի գավառապետի «պատանդն» էին, ըստ Պետրիի խոսքերի, և քանի դեռ նրանք չէին վերադարձել մայրաքաղաք իր մոտ, Վարդանը չէր կարող զգալ, որ նոր կյանք էր սկսվում։

— Ո՞ր ենք մենք գնում,— հարցրեց Արամը Վարդանին և նրան իրականության գիրկը վերադարձնելու համար հպվեց նրա թևին։

Տղան շփոթված էր և նույնպես ապագայի մասին էր մտածում, չհասկանալով, թե այդ ապագայում ինչ էր իրեն սպասում։ Նա մոլորված և, հատկապես, անպաշտպան էր զգում իրեն այդքան մեծ ամբոխի մեջ։

Վարդանը մի նավամատույցի մոտեցավ, ուր նավավարները, նավակներում նստած, հաճախորդների էին սպասում։ Նրանց քանակով էր պայմանավորված կատարված ուղերթների հաճախականությունը Կոստանդնուպոլսի եվրոպական մասից ասիականը։ Վարդանը լսեց, որ նրանք քննարկում էին մի քանի օր առաջ Մուդրոսում կնքված հրադադարը։ Կապիտուլյացիայի պայմանները նրանց ավելի քիչ էին հուզում, քան օտար զինվորների ներկայությամբ պայմանավորված աշխատանքի ծավալի ավելացումը։

Աղքատ գյուղացու հագուստի շնորհիվ, Վարդանը պայմանավորվեց խելամիտ գնով մինչև Ղալաթիա նավարկելու մասին, սակայն զգուշավոր նավավարը սկզբում ուզեց դրամը տեսնել։ Նրանք տեղավորվեցին թեթև և երկու կողմից սրածայր նավակի մեջ, որը կանաչ և դեղին էր ներկված, իսկ ծայրերում վիշապներ էին պատկերված։ Նավավարը, հակված ուսերով, ժամանակից շուտ ծերացած դեմքով պինդ մի տղամարդ էր, որը թիավարում էր անհոգ տեսքով։ Նավակն արագ էր շարժվում նաև հոսանքի շնորհիվ։ Մարմարա ծովում՝ Բոսֆորի նեղուցում հածանավեր էին կանգնած։ Արամը, տեսնելով հսկա հրանոթները, զարմացավ.

— Երկաթե՞ նավեր։

— Ռազմանավեր։ Տեսնո՞ւմ ես նրանց դրոշները։ Այս մեկը բրիտանականն է, այն մեկը՝ ֆրանսիականը, իսկ այն մեկն էլ՝ իտալականը։

Նավակն անցավ տարբեր չափեր ունեցող բեռնատար նավերի, շոգենավերի արանքով։ Արամը ձեռքը ջրի մեջ ընկղմեց, որպեսզի համոզվեր, որ այն աղի էր, ինչպես ասել էր Վարդանը։ Հիացած, նա չէր հասցնում ամեն ինչ տեսնել, և նրա ոգևորությունը փոխանցվեց նրա ուղեկցին։ Կոստանդնուպոլիսը փռված էր իր յոթ բլուրների վրա և դեպի երկինք էր մեկնում մինարեթների իսկական մի անտառ։ Թոփգափուի պալատը, որը կառուցված էր բարձունքներից մեկի վրա, ամենաբարձրն էր։ Ոսկեղջյուրից պաղ քամի փչեց, ցրեց մառախուղի քողը, լավացնելով տեսանելիությունը, և Բոսֆորի ափին երևաց սուլթանի մյուս պալատի՝ Դոլմաբախչեի սպիտակ մարմարապատ ճակատը։ Պալատի շուրջը բլուրներին կառուցված տներր կարծես իրար վրա կիտված լինեին։

— Ի՞նչ է սա,— հարցրեց Արամը, ձեռքով ցույց տալով այգիներով շրջապատված Թոփգափուին։

— Սուլթանի պալատը։ Դրանից ձախ Սուրբ Սոֆիան է, բլրի հետևում, իսկ աջից «Արևելյան էքսպրեսի» «Սիրկեջի» կայարանն է։

Տղան սարսռաց։ Սուլթա՜ն։ Սուլթանը, որի անունն իրենց գյուղի մարդիկ դողդոջուն ձայնով էին արտասանում։ Այն սուլթանը, որր իրենց բոլորին կյանք պարգևելու կամ սպանելու իշխանությունն ուներ։ Արամը գիտակցեց, որ ինքը շատ ավելի հեռու էր գտնվում իր ծննդավայրից, քան ինքը կարծում էր։ Ոչ, դա ուրիշ աշխարհ էր, այլ իրականություն, որի մասին ինքը գաղափար չուներ։ Նա իր հուզմունքն արտահայտեց խուլ ձայնով ասված նախադասությամբ.

— Ես չէի կարծում, որ քաղաքն այսքան մեծ կարող է լինել։

Այդ նախադասությունն արտասանելու տոնից Վարդանը հասկացավ, թե որքան շփոթված էր իր ուղեկիցը։ Նա տղայի ձեռքը վերցրեց իր ափի մեջ.

— Դու վախենալու բան չունես։ Ես քեզ կամաց-կամաց կծանոթացնեմ քաղաքի հետ և մի օր այն քեզ համար նույնքան հարազատ կդառնա, որքան ձեր գյուղը շրջապատող հանդերը։ Դու կտեսնես, որ սա հազար ու մի երազի քաղաք է, ուր ամեն ինչ հնարավոր է։ Տե՞ս։

Նա ցույց տվեց մի օդանավ, որր թռչում էր նեղուցի ջրերի վրայով։ Արամը, որը երբեք ինքնաթիռ չէր տեսել, հայացքով հետևեց, մինչև այն անհետացավ։ Իրեն հիացրած այդ միջադեպը էլ ավելի սրեց նրա տագնապը։

— Ի՞նչ է ինձ սպասում։ Կապադովկիայում ես միշտ էլ կարող էի աշխատել որևէ գյուղացու մոտ։ Այստեղ...

Վարդանը ձեռքը դրեց նրա ուսին։

— Դու միայնակ չես։ Իմ ընտանիքն ու ես, մենք քեզնով կզբաղվենք։

Նավակը բռնեց Ոսկեղջյուրի ուղղությունը և անցավ Ղալաթիայի կամրջի տակով։ Կամրջի բազրիքին հենված հետաքրքրասերների մեջ շատ էին օտար զինվորները, և նրանց ներկայությունը ջերմացրեց Վարդանի հոգին։ Նրանք ափ իջան և գնացին դեպի Ղալաթիայի աշտարակը։ Մեքենաներ, ձիակառքեր, ավանակներ և հետիոտներ, բոլորն էլ խռնվել էին փողոցներում։ Կլոր հրապարակի կենտրոնում, հարթակի վրա կանգնած ոստիկանը փորձում էր կարգավորել երթևեկությունը ձեռքի շարժումներով և սուլիչի ձայնով։ Չնայած աղմուկին, լսվում էին շոգենավերի շչակների ձայները։

Կոստանդնուպոլիսը չէր փոխվել Վարդանի վերջին՝ 1913 թ., այցելությունից ի վեր։ Մարդկանց վարքագծում և փողոցների մթնոլորտում չէր զգացվում, որ պատերազմ էր եղել, որ Անատոլիայում ջարդեր էին տեղի ունեցել։ Չնայած կապիտուլյացիային, առևտուրն ու գործարարությունը, ինչպես միշտ, համակարգում էրն Կոստանդնուպոլսի կյանքը։ «Անարգ Բյուգանդիոն»— այսպես էին անվանում քաղաքը դարեր առաջ։ Այն այնքան էր հարմարվել նվաճողների ներկայությանը, որ ձուլում էր դրանց։ Եթե ֆրանսիացի և անգլիացի զինվորականների ներկայությունը ոմանց թշնամանքն էր հարուցում, ապա բնակիչների մեծամասնությունը ուրախությամբ էր ընկալում եվրոպացիների ներկայությունը, որը նպաստում էր համընդհանուր բարեկեցությանը։

Մայրաքաղաքը միշտ էլ եղել էր հրաշքների և գաղտնիքների քաղաք, խարդավանքների, կրքերի և Արևմուտքի ու Արևելքի հանդիպման վայր, չգործող մի հնոց, ուր ազգերն ու լեզուները խառնվում էին, սակայն չէին ձուլվում։ «...Ուր ամեն ինչ հնարավոր էր»: Վարդանը հիշեց այս բառերը, որ քառորդ ժամ առաջ ինքն ասել էր Արամին և զգաց, որ ոգեշնչումը հետին պլան էր մղել այն զգացմունքները, որոնք մինչ այդ տիրացել էին իր հոգուն։

Նրանք հասան Յուկսեկ Բանդըրըմ։ Դա մի փողոց էր, որը սանդուղքի էր նմանվում և երիզված էր խանութներով, որով բարձրանալով, նրանք հասան բարեկեցիկ Բերա թաղամասը, ուր հիմնականում ապրում էին հայեր, հույներ, հրեաներ և եվրոպացիներ։ Կենտրոնական փողոցը իր բազմալեզու ցուցանակներով գիշերային ակումբներով, թանկարժեք իրերի խանութներով, ռեստորաններով և հրուշակարաններով մայրաքաղաքի գլխուղեղն էր։ Այստեղ Փարիզի վերջին նորաձևության նմուշներով հագնված նրբագեղ կանանց կողքին կարելի էր տեսնել չարսավների մեջ փաթաթված կանանց, իսկ եզրավոր գլխարկները, նրբաթաղիք գլխադիրները, ֆեսերը և գլխակապերը խաղաղ գոյակցում էին։ Արամը հառաչեց.

— Ապշեցուցիչ է։ Ես չգիտեմ, թե արդյոք ես կկարողանա՞մ ընտելանալ այս ամենին։

— Դա շատ շուտ տեղի կունենա,— պատասխանեց Վարդանը ցրված։

Սա այն թաղամասն էր, ուր ինքն ապրել էր մի ժամանակ և չէր կարողանում չմտածել այն մասին, որ ինքն ու Մարոն գրեթե ամեն երեկո զբոսնում էին այս մայթերով և գնում էին «Մարկիզայի մոտ» հրուշակարանը թխվածք ուտելու և թեյ խմելու։ Նա պարզորոշ հիշում էր Մարոյի ձեռքի ծանրությունն իր ձեռքի վրա, նրա քայլվածքի ռիթմը, որին ինքը հարմարվում էր, նրա ձայնի տեմբրը, երբ նա ցածրաձայն քննարկում էր հանդիպած մարդկանց։ Ապագայի մասին իրենց երազանքները... Վարդանն արագացրեց քայլերը, կարծես փորձելով փախչել իր մտքերից։

Քիչ անց նրանք հասան Ղալաթասարայի վարժարանին, Վարդանը շարունակեց ճանապարհը ուղղահայաց նեղ փողոցով և առանց վարանելու կանգ առավ այն շենքի առջև, ուր ապրում էր իր քեռորդի Տիրանը։ Արամը գերադասեց ներքևում մնալ, իսկ Վարդանն արագ բարձրացավ և, հասնելով բնակարանի դռանն ու հետևելով ժամանակին իրենց սահմանած պայմանական նշանին, երեք երկար զանգ հնչեցրեց, իսկ հետո՝ երկու կարճ։ Մի թուրք բացեց դուռը և պատասխանեց, որ ինքն արդեն մի քանի ամիս ապրում էր այդ բնակարանում։ Նա չգիտեր, թե ուր էր տեղափոխվել նախկին վարձակալը։ Հիսաթափված՝ Վարդանն իջավ այն հույսով, որ Տիրանին գոնե չէին ձերբակալել իր գործունեության համար։ Արամը նստել էր սանդուղքի առաջին աստիճանին և հոգնած տեսք ուներ։ Ճանապարհորդությունը բեռնատար վագոնով երկար էր տևել և դժվարին էր, իսկ նրանք քայլել էին ավելի քան մեկ ժամ։

— Ուզո՞ւմ ես մի քիչ հանգստանանք,— հարցրեց Վարդանը, որը նույնպես հոգնածություն էր զգում։— Դու երևի քաղցած ես։

— Ես կարող եմ շարունակել,— պնդեց տղան, որը չէր ուզում բեռ դառնալ իր ընկերոջ համար։

Ձիակառքը նրանց տարավ մեկ այլ ուղերթով դեպի Ղալաթիայի կամուրջը, որով նրանք անցան և հասան Ենի Ջամի մզկիթի մոտ։ Դերձակի արհեստանոցի և գորգերի ու մետաքսեղենի խանութների միջև ծվարած Մեսրոպ Մեսրոպյանի տպարանը գտնվում էր մի նեղ փողոցում, մզկիթի հարևանությամբ։ Վարդանը հուզմունքով նայեց ցուցափեղկին, որի վրա կարմիր տառերով գրված էր՝ «Մեսրոպյան և որդիներ, տպագրիչներ»: Ապակու հետևում ցուցադրված խունացած թանաքով և արևից դեղնած թերթերով տպագրության օրինակները հնարավորություն չէին տալիս տեսնել տպարանի ներսը։ Ի՞նչ էր ինքն այնտեղ տեսնելու։ Բաբախող սրտով Վարդանը հրեց դուռը, և զանգի ծլնգոցը ազդարարեց նրա մուտքը։ Նույն սուր զնգոցը, ինչպես առաջ։ Գրասեղանի մոտ նստած Լուսիկ քույրիկը հաշիվներն էր ստուգում։ Նա աչքերը բարձրացրեց և ապշեց։ Նա մի քիչ գիրացել էր, և նրա նիհար դեմքը այժմ կլորիկ էր դարձել։ Մոտ երեսուն տարեկան էր, սակայն ավելի երիտասարդ էր թվում՝ նոր սանրվածքի շնորհիվ։

— Վարդան,— բացականչեց նա։

Գրիչն ընկավ նրա ձեռքից և կեղտոտեց հաշվեմատյանը՝ մի մեծ լաքա թողնելով։ Աղմուկով հետ հրելով աթոռը, Լուսիկը վազելով մոտեցավ եղբորը և նետվեց նրա գիրկը։

— Վարդան, Վարդան,— կրկնում էր նա միաժամանակ ծիծաղելով և լացելով։– Ինչպիսի երջանկություն, ինչպիսի երջանկություն։

Վարդանը նրան ջերմորեն գրկեց և ինքն էլ սկսեց հուզմունքից ծիծաղել։

— Այո, սա երջանկություն է։ Ես միշտ հույս եմ ունեցել, որ այս օրը կգա։ Դու գեղեցկացել ես, Լուսիկ։ Ինչպես են հայրդ, մայրդ, Տիրանը։

— Լավ։

— Ես մտա Տիրանի բնակարանը։

— Նա ստիպված էր տեղափոխվել, ոստիկանության պատճառով։

Նա հոնքերը կիտեց և հարցրեց անվստահ.

— Մարո՞ն, Թովմա՞սը։

Վարդանը մռայլվեց։

— Ողջ են, փառք Աստծու։ Ես դեռ չգիտեմ, թե որտեղ են, բայց շուտով մենք կտեսնենք նրանց։

Երիտասարդ կինը, թեթևացած, հոգոց հանեց, չնայած եղբոր մտահոգ ձայնը նրան զարմացրեց։ Նա մի քիչ հեռացավ և հայացք նետեց գրասենյակն արհեստանոցից բաժանող վարագույրի վրա։

— Այստեղ մնա, ես հայրիկին զգուշացնեմ։ Նրան հարկավոր է խնայել։

— Ի՞նչ է նրան պատահել,— հարցրեց Վարդանը մտահոգ։

— Նա սրտի երկու նոպա է տարել տեղահանությունների սկզբից ի վեր։ Հիմա իրեն ավելի լավ է զգում, սակայն չպետք է հուզվի։ Սպասիր այստեղ։

Նա անհայտացավ արհեստանոցում, իսկ Վարդանը նշան արեց Արամին, որը խելոք կանգնած էր դռան մոտ։ Երկու րոպե անց վարագույրը մի կողմ թռավ, և Մեսրոպ քեռին ներս եկավ փնթփնթալով իրեն հետևող դստեր վրա։

— Խնայե՜լ, խնայե՜լ։ Այսպիսի հուզմունքը օգտակար է ինձ համար, միայն լռությունն է, որ կրծում է իմ սիրտը։

Քեռին, որը պետք է որ յոթանասուներկու տարեկան լիներ, նիհարել էր և կորցրել այն գիրուկ տեսքը, որը նա բարեկեցության նշան էր համարում, իսկ գլուխը գրեթե ամբողջությամբ ճաղատ էր։ Նա ձեռքերը պարզեց և գրկեց Վարդանին առանց մտահոգվելու իր կեղտոտ գոգնոցի և թանաքոտ ձեռքերի մասին։

— Տղա՜ս։ Ի՛մ սիրելի զարմիկ։ Փառք Աստծու։ Հազար փառք Աստծուն։ Լուսիկն ասաց, որ Մարոն ու Թովմասը շուտով մեզ կմիանան։ Աստված լսեց իմ աղոթքները։

Վարդանը գերադասեց չհերքել կնոջ և որդու հնարավոր վերադարձի մասին ակնարկը։ Քեռին հետ-հետ գնաց, հանեց ոսկե շրջանակով ակնոցը և արցունքները սրբեց։

Վարդանը նկատեց, որ աչքերի տակ այտուցներ ուներ և շատ գունատ էր։

— Հերիք է վրաս բժշկի պես նայես,— ասաց Մեսրոպը ծիծաղելով։— Ես երբևէ այսքան առողջ չեմ եղել։

— Այդպես եմ նայում, որպեսզի համոզվեմ, որ սա երազ չէ, որ ես իսկապես Կոստանդնուպոլսում եմ։

Քեռին կրկին գրկեց իր զարմիկին և մի կուշտ լացելով շշնջաց.

— Աստված հրաշք է գործել։

Երկար հոգոցներից հետո նա թաշկինակով աչքերը սրբեց և ներողություն խնդրեց.

— Տարիքն ինձ կնոջ պես լալկան է դարձրել։

Եվ նա նորից ծիծաղեց և Վարդանին զննեց ոտքից գլուխ։

— Դու չես փոխվել, որդիս։ Ընդամենը մի քիչ նիհարել ես։ Քունքերիդ սպիտակն ավելացել է։ Այդպես չէ՞, Լուսիկ։

Լուսիկը հաստատեց։

— Վարդանը մեր ընտանիքի ամենագեղեցիկ տղամարդն է։

Իրեն օտար զգալով այդ ընտանեկան տեսարանի ընթացքում, Արամը գնաց սենյակի խորքը, մի կողմ քաշեց վարագույրը և մի հայացք նետեց արհեստանոցի կողմը։ Տպագրիչ մեքենայի կտկտոցը էլ ավելի հստակ լսվեց։ Արամին նկատելով՝ Մեսրոպը հրամայական տոնով ասաց.

— Ա՛յ տղա, քարշ մի եկ այստեղ։

— Սա իմ ուղեկիցն է,— ասաց Վարդանը, գնալով նրա հետևից և նրան ներկայացնելով հարազատներին։— Քեռի ձեզ եմ ներկայացնում Արամին, որին ես իմ որդին եմ համարում։ Գիտեք, նա հերոս է։ Նա փրկել է բազմաթիվ որբերի, և ես իմ կյանքով նրան եմ պարտական։

Մեսրոպ Մեսրոպյանր գրկեց տղային և համբուրեց.

— Բարի գալուստ, Արամ։ Դու կարող ես քեզ համարել մեր ընտանիքի անդամը։

Արամը, շփոթված, գլխով արեց։ Նա կարմրեց, երբ Լուսիկը սեղմեց ձեռքը և նրան «Արամ եղբայր» անվանեց։

— Ես փակում եմ տպարանը,— հայտարարեց Մեսրոպ քեռին։– Մենք գնում ենք խմելու և քեֆ անելու։ Լուսիկ, գնա եղբորդ հետևից, և մեզ միացեք տանը։

Նրանք տաքսի վերցրեցին՝ նախապատերազմյան մի «Սիտրոյեն», որի որոշ մասերը պակասում էին, Հարբիյե թաղամասը, ուր ապրում էին Մեսրոպյանները, գնալու համար։ Զառիթափ փողոցի վրա կային համեմատաբար նոր տներ և մի քանի՝ առնվազն երկու հարյուր տարեկան փայտյա գորշ տներ փայտե ճաղերով լուսամուտներով, որոնք հնարավորություն էին տալիս մահմեդական կանանց դուրս նայել առանց դրսից երևալու։ Թուրք ընտանիքները շարունակում էին իրենց նախնիների տներում ապրել, չնայած շրջապատում հիմնականում հայեր էին բնակվում։

Արփինե մորաքույրը, որն է՛լ ավելի էր գիրացել, իսկ մազերը լրիվ ճերմակել էին, նրանց բուռն ընդունեց։ Նա չխնայեց ոչ ուրախության բացականչությունները, ոչ օրհնանքները Աստծու և նրա բոլոր սրբերի հասցեին, խառնեց ծիծաղն ու արտասուքը, հարցը հարցի վրա տվեց առանց պատասխանների սպասելու և ուզեց ամեն ինչ միանգամից անել, խմիչք մատուցել, ճաշը պատրաստել, Վարդանին ու նրա պատանի բարեկամին կարգին հագուստ տալ։ Նա, որ սովորաբար շատ հանգիստ էր և այնքան գործունյա, որ ընդունում էր հանպատրաստից եկած հյուրերին այնպես, կարծես նրանց սպասում էին, այսօր շփոթված էր թվում։ Նա դես ու դեն էր գնում, ինչ-որ գործեր էր ձեռնարկում և կիսատ թողնում, գնում էր դեպի խոհանոց, հետո ճանապարհի կեսից հետ էր գալիս ասելու համար այն, ինչ մոռացել էր։ Մեսրոպը նրան ստիպեց կանգ առնել, նրան մղեց դեպի բազմոցը, իսկ ինքը գնաց կոնյակի շիշը և բաժակները բերելու։ Ծեր կինը նստեց զարմիկի կողքին, շոյեց նրա մազերը և բազմիցս համբուրեց։ Հետո սեղմեց նրա ձեռքերը և այդպես լուռ նստեց՝ նրան նայելով։ Երանելի մի ժպիտ կերպարանափոխել էր նրան։

Վարդանը աչքը պտտեց հյուրասենյակով։ Թավշյա երկու բազմոցները, մի քանի աթոռները, գրադարակները, ցածր սեղանները դրանց վրա կիտված թերթերով, մեծ պարսկական գորգը և լուսամուտների դիմաց դրված բույսերը թաղարների մեջ. ամեն ինչ այնպես էր, ինչպես ինքը հիշում էր, սակայն նա տարօրինակ և տհաճ մի զգացողություն ուներ, կարծես այդ պահն ինքն արդեն ապրել էր։ Միգուցե այն պատճառով, որ շատ էր սպասել այդ պահին։

— Պարգևը դեռ Նյու Յորքո՞ւմ է,— հարցրեց նա ճնշող լռությունը խախտելու համար։

— Նա անդամագրվել է Արտասահմանյան զորաբանակին և կռվել է Սիրիայում ֆրանսիացիների հետ։

— Նուբարից նորություններ կա՞ն։

— Եղբայրդ ու նրա կինը դեռևս Երուսաղեմում են։ Նրանք մեզ հայտնել են, որ կգան Ամանորից հետո։

— Ես շատ եմ ուզում նրանց տեսնել,— հառաչեց Վարդանը մտածկոտ։

— Մարոն ու Թովմասն այդ ժամանակ մեզ հետ կլինեն, չէ՞։

Քեռին եկավ շիշը ձեռքին, իսկ Արամը բյուրեղապակյա սկուտեղի վրա դրած բաժակներ էր բերում։ Վարդանն օգտվեց նրանց հայտնվելուց՝ բացատրություններից խուսափելու համար։ Ծեր կինը մտահոգված տեսքով իր զարմիկին էր նայում և պատասխանի էր սպասում։ Մեսրոպը բոլորին խմիչք լցրեց.

— Ես բաժակ եմ բարձրացնում Մարոյի ու Թովմասի մոտալուտ վերադարձի համար,— ասաց Արփինեն, Վարդանին խոսեցնելու նպատակով։

— Այն պահի կենացը, երբ մենք բոլորս միասին կլինենք,— ավելացրեց Մեսրոպը, որը լսել էր իր կնոջ հարցը հյուրասենյակ մտնելիս։

Վարդանը լուռ խմեց, հետո նայեց ազգականներին և խոսեց ջանալով թաքցնել հուզմունքը.

— Անկեղծ լինելու համար... Ես գիտեմ միայն, որ Մարոն ու Թովմասը ապրում են Այնթապի վալիի մոտ։ Ի՞նչ պայմաններում, ես ոչինչ դրա մասին չգիտեմ։

— Նրանք բանտարկյալ են,— ասաց Արամը, որի լեզուն կոնյակից բացվեց։ Նրա քինոտ ձայնը զարմացրեց բոլորին և նրանք շրջվեցին տղայի կողմը, որը կանգնած էր լուսամուտի մոտ։ Ծեր մարդու և նրա կնոջ շփոթված տեսքից, իսկ Վարդանի կատաղած հայացքից Արամը հասկացավ, որ ավելի լավ կլիներ, եթե չբացահայտեր իր ատելությունը։ Այնթապի հիշատակումը նրան Պետրիին հիշեցրեց և արնաշաղախ Արուսյակին։ Նա շրչջվեց և աչքերը փողոցին հառեց։

— Արամը ճիշտ է ասում,— համաձայնեց Վարդանը։— Ես կասկածում եմ, որ նրանց այնտեղ են պահում իրենց կամքին հակառակ։

— Այդ մարդը պետք է թույլ տա նրանց հեռանալ,— մռնչաց Մեսրոպ քեռին բռունցքը բազկաթոռի արմնկակափն իջեցնելով։— Հիմա, պատերազմի ավարտից հետո, նա ստիպված կլինի։

— Այո, և ես կջանամ, որ դա որքան կարելի է ավելի շուտ տեղի ունենա։

Վարդանի ձայնը այնքան վճռական հնչեց, որ նրա խոսքերին խորը լռություն հետևեց։ Բոլորը մտածում էին ասվածի մասին և փորձում պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել Մարոյի և նրա որդու վիճակը օսմանյան գավառապետի տանը։ Խոսակցությունը շարունակելու համար Արփինե մորաքույրը մեղմորեն ասաց.

— Կարևորն այն է, որ երկուսն էլ ողջ են, որ նրանք ջարդերին զոհ չեն գնացել։ Կարևոր չէ, թե ինչպես...

Նա ուշադիր նայեց զարմիկին։ Հայացքը շատ պերճախոս էր։ Վարդանը գլխով արեց.

— Դուք իրավացի եք, Արփինե մորաքույր։

Մեսրոպը խմեց իր կոնյակը և ամփոփեց.

— Աստված այնքան գթասիրտ է, որ մեզ իր հովանու տակ է առել այս փորձությունների ընթացքում։ Նա խնայեց մեր ընտանիքը և դա իսկական հրաշք էր։ Միայն քո զոքանչը...

— Խեղճ կին,— շշնջաց Վարդանը, որի աչքի առաջ հայտնվեց Ազնիվ խանումը՝ իր խիստ սև շրջազգեստով, ամեն առավոտ իրեն թեյ մատուցելիս։

✻    ✻



Անցած տարիները չէին զրկել Տիրանին պատանեկան եռանդից, որը նրա հմայքի հիմնական մասն էր կազմում։ Ճակատի կնճիռները նրան լուրջ տեսք էին տալիս, նա գլխահակ էր քայլում, կարծես մտքերի մեջ խորասուզված լիներ։ Սակայն հենց որ սկսում էր խոսել, նրա շագանակագույն աչքերը բոցավառվում էին, նա ձեռքերն էր թափահարում, իսկ երբ լսում էր իր զրուցակցին, նրա ճակատը նորից կնճռոտվում էր, և նա հաճախակի ձեռքը տանում էր դեպի իր քթի ծայրը։

Քեռորդիները, նույն տարիքի լինելով, իրար որպես եղբայր էին ընկալել և կիսել ամեն ինչ. խաղերը արձակուրդների ժամանակ, սիրային արկածները վարժարանում սովորելիս, իսկ հետո քաղաքական գործունեությունը։ Նրանց հանդիպումն այնքան հուզական էր, որ նրանք չէին կարողանում խոսել։ Բոլորի հուզված հայացքի ներքո նրանք գրկախառնվեցին և բարձրաձայն ծիծաղելով միմյանց մեջքին էին թփթփացնում։

— Եղբայրս,— վերջապես ասաց Տիրանը։— Հենց սկզբից ես գիտեի, որ նրանց ձեռքերը կարճ էին քեզ հասնելու համար։ Քո նամակը... Օ՜, քո նամակը, երկու տարի առաջ։ Իսկ հետո քո հոդվածները։ Սակայն կարո՞ղ ես ինձ ասել, թե ինչու էիր քո անունով ստորագրում։

Հիմա, որ նա ուշքի էր եկել, հարցերը խռնվում էին նրա գլխում։ Նա շտապում էր իմանալ, թե ինչ էր կատարվել Վարդանի հետ։

— Ինչո՞ւ չէիր ընտրել քո սովորական ծածկանուններից մեկը,— նորից հարցրեց նա։

— Ուզում էի բոլորին իմաց տալ, որ ողջ եմ։

— Դու ինձ շփոթության մեջ չես գցի։ Դե լա՜վ, Վարդան, խոստովանիր, որ այդպիսով դու մարտահրավեր էիր նետում կառավարությանը։

— Ես դրա մասին մտածելու սիրտ չունեի։ Գուցե դրանում մի քիչ սադրանք կար։

— Ես գիտեի,— հաղթական տեսքով ասաց Տիրանը։

Մինչ Արփինե մորաքույրն ու Լուսիկը ճաշ էին պատրաստում, տղամարդիկ հյուրասենյակում դանդաղորեն դատարկեցին կոնյակի շիշը։ Վարդանը ստիպված եղավ նորից բացատրել, թե որտեղ էին Մարոն ու Թովմասը։ Տիրանր հայհոյեց, իսկ հայրը վրդովված հայացք նետեց նրա վրա։ Նա ասաց.

— Ես կօգնեմ, որ դու նրանց Պոլիս բերես։ Անհրաժեշտության դեպքում կդիմեմ ընկերներիս օգնությանը։

Այս երեք տարիների ընթացքում Տիրանը կարդացել էր Վարդանի բոլոր հոդվածները և անհամար վկայություններ տեղահանության մասին, սակայն ուզում էր, որ եղբայրը նկարագրեր այն ամենը, ինչի վկան ինքը եղել էր։

Վարդանր հակաճառեց.

— Պահն այնքան էլ հարմար չէ, չե՞ս կարծում։

— Տիրան, դու անուղղելի ես,— ասաց Մեսրոպ քեռին խիստ տոնով։– Դու երբեք չես տարբերում, թե ինչն է պատեհ, ինչը՝ ոչ։ Այսօր մենք տոնում ենք մեր երջանկությունը։ Դժբախտությունների մասին կխոսենք մեկ ուրիշ անգամ։

Տիրանը, որը սովոր էր այդ հանդիմանություններին, չպատասխանեց։ Հոր հիվանդությունից հետո նա խուսափում էր նրա հետ վիճելուց։

— Ճիշտ է, կարելի է և հետաձգել։

Սակայն նա չէր կարողանում իրեն զսպել և երբ Մեսրոպը խոհանոց գնաց, նա հայտարարեց.

— Մենք շատ աշխատանք ունենք անելու, Վարդան։ Թուրքերը պետք է պատասխան տան։

— Ուզում ես ասել՝ սուլթանի կառավարությունը։ Շատ թուրքեր կան, որոնց շնորհիվ ես այսօր այստեղ եմ։

— Այո, ես դա էի ուզում ասել՝ Թալեաթը և նրա հրոսակախումբը,— ասաց Տիրանը, որը չէր սիրում, երբ իր սխալներն էին բռնում։– Օգնության կապակցությամբ... Ուրգուպի այդ կինը... ինչպես է նա։

— Արուսյակը...— ասաց Վարդանը դողդոջուն ձայնով։— Նա մահացել է։

— Ինչպիսի՜ դժբախտություն։

Արամը լարվեց և գունատվեց։ Նա չէր կարող հանդուրժել, որ Վարդանը այդ ողբերգության մասին կիսատ-պռատ խոսեր և գրգռվեց.

— Նրան տանջել էին, դրանից է մահացել։

Վարդանը նշան արեց լռելու, սակայն Արամը անթարթ նայում էր Տիրանին, հանձին որի նա հետաքրքրված ունկնդիր էր գտել։ Նա պահանջ էր զգում պատմելու այն ամենը, ինչ խեղդում էր իրեն։

— Ես նրա համար վրեժխնդիր եղա իմ դաշույնով,— ասաց նա ձեռքը թափ տալով։

— Պատմիր ինձ,— խնդրեց Տիրանը, նրան իր կողքին նստեցնելով։

Վարդանը վեր կացավ և գնաց լվացվելու։ Արամի հետ մենակ մնալով, Տիրանը, որը ոգեշնչվել էր Արամի պատմածներից, հարցուփորձ արեց նրա ընտանիքի մասին, այն մասին, թե ինչպես էին նրանք Արուսյակի ու Քերիմի հետ միասին փրկում որբերին Կապադովկիայում։ Տիրանը, որը անհագ էր, բազմաթիվ հարցեր էր տալիս։ Նրա ձայնի մեջ նախանձ էր զգացվում, հայացքում մի տեսակ տենդ կար, քանի որ ինքը ափսոսում էր, որ չէր մասնակցել այդ իրադարձություններին։

Երբ Մեսրոպը վերադարձավ հյուրասենյակ, Արամը խոսում էր ձեռքերը թափ տալով, և ծեր մարդը նոր նկատեց տղայի ձեռքի վիրակապը, քանի որ մինչ այդ Արամը ձեռքը գրպանում էր պահում։

— Դու վիրավորվա՞ծ ես,— անհանգստացավ նա։

— Մեծ բան չէ։

Տիրանը պնդեց, որ Արամը ցույց տար իր վերքը, և տղան, ամաչելով, ցույց տվեց։ Մեսրոպն ու նրա որդին այլայլվեցին սարսափից, կարծես չորս հատված մատներով ձեռքը խտացումն էր այն սարսափեյի պատմությունների, որ նրանց պատմել էին։

— Նրան հարկավոր է հիվանդանոց տանել,— բացականչեց Տիրանը։— Վերքը բորբոքված է։ Վարդանը չի՞ նկատել։

Արամը պաշտպանեց իր բարեկամին.

— Այո, նկատել է, բայց ավելի կարևոր էր կյանքներս փրկել։

Նա նորից վիրակապեց ձեռքը և, աքլորանալով, ասաց.

— Սա վաղուցվա վերք է և կարող է մեկ օր էլ սպասել։ Ես այլևս ցավ չեմ զգում, բայց սովից մեռնում եմ։

Այդ խոսքերից Մեսրոպ քեռին, որը մատով արցունքն էր սրբում, ծիծաղեց։ Նա թփթփացրեց տղայի ուսին.

— Սա այն մարդկանցից է, որոնց ես սիրում եմ։ Դա գոհ կլինես, տղաս, իմ կինը գերազանց խոհարար է։

Ճաշասենյակի սեղանն արդեն գցված էր։ Արփինե մորաքույրը լավագույն սպասքն էր դրել։ Նրանք խաչի նշանն արեցին և տան տերն աղոթեց բացակաների համար։ Լուսիկը լոլիկով և դափնետերևով պատրաստված ձուկ բերեց։ Արամը ախորժակով էր ուտում՝ առանց հետևելու վարվեցողության կանոններին, և ոչ մեկի մտքով չանցավ նրան նկատողություն անել։ Հակառակը, Մեսրոպը նրան նորանոր ուտեստներ էր առաջարկում և ստիպում էր, որ բոլորից էլ վերցներ։ Արփինեն հետևում էր տղային նույն մայրական հայացքով, ինչպես և իր որդուն ու զարմիկին։ Քեռին խոսում էր իր տպարանի մասին և ասում էր, որ պատվերները կրկին շատացել էին տարիների անգործությունից հետո, և նա տեղեկություններ էր հաղորդում թաղի այն հայերի մասին, որոնց Վարդանը ճանաչում էր։ Նրա կինն ու Լուսիկը ձայնակցում էին նրան, Տիրանը խուսափում էր իրեն հետաքրքրող ասպարեզից՝ քաղաքականությունից խոսելուց, և դրանից զրույցը շատ թեթև էր, կարծես պատերազմը նոր չէր ավարտվել։

Նրանք բոլորն ուզում էին ամեն ինչ մոռանալ և նոր կյանք սկսել, սակայն Վարդանն իրեն այդ շռայլությունը չէր կարող թույլ տալ։

Այս ճաշկերույթը նրան կրկին հիշեցնում էր, որ իր համար ոչինչ ավարտված չէր, և եթե նա պատասխանում էր տան տերերին կամ գլխով էր անում, ապա թաքցնելու համար, որ ինքը նրանց ուշադիր չէր լսում։ Մարոյի բացակայությունն այդ պահին նա գրեթե ֆիզիկապես էր զգում։ Չէ՞ որ իրենք այնքան անգամ էին ճաշել այդ սեղանի շուրջ և Մարոն նստում էր Արամի նստած տեղում։ Չնայած ինքը շատ ուրախ էր կրկին Մեսրոպյանների տանը սեղան նստելու, սակայն չէր կարողանում կենտրոնանալ։ Նա հիշում էր Սվասի իր տան ճաշասենյակը, Թովմասի տարեդարձի ճաշկերույթը, որը փաստորեն իրենց համար հրաժեշտի ճաշկերույթ էր, գրամոֆոնի երաժշտությունը, որը ոչ ոք չէր լսում, երգող Մարոյի հիասքանչ ձայնը, տան դռանը կապված պոնիի մասին մտածող Թովմասի երջանիկ դեմքը, Ազնիվ խանումի, Արմենի, Արաքսիի տխուր աչքերը...

— Ինչի՞ մասին ես մտածում, եղբայր,— ջերմորեն հարցրեց Լուսիկը՝ հպվելով նրա ձեռքին։

Վարդանը ցնցվեց և ներողություն խնդրեց այդ բացակայության համար։

— Դու շատ հոգնած ես, իսկ մենք քեզ ձանձրացնում ենք մեր զրույցներով,— ասաց Արփինե մորաքույրը։— Ուզո՞ւմ ես գնալ և պառկել։

— Ինձ ձեր թանկագին ներկայությունից, էլ չասած ձեր շատ համեղ ուտեստներից զրկելո՞ւ համար,— պատասխանեց Վարդանը՝ իրեն ստիպելով ծիծաղել։— Երբե՛ք:

Տիրանն իր ծնողներին և քրոջը պատմեց Արամի քաջագործության մասին, որը հարձակվել էր ատրճանակով զինված տղամարդու վրա Վարդանի կյանքը փրկելու համար։

— Աստված իմ, մի՞թե դա հնարավոր է,— բացականչեց Արփինե մորաքույրը վախեցած։— Այդքան փոքր և այդքան քաջ։

— Ես տասնվեց տարեկան եմ,— հակաճառեց Արամը,— և ֆիդայի եմ։

Մեսրոպ քեռին գունատվեց և վայր գցեց պատառաքաղը։ Տիրանը հիացած սուլեց և գրգռված ձայնով ասաց.

— Արամի պես երեխաների գոյությունը ապահովում է մեր ապագան։ Ես խմում եմ Հայաստանի կենացը։

— Տիրան,— նրան կարգի հրավիրեց մայրը, աչքերով Մեսրոպին ցույց տալով, որը բարկանում էր։– Դրա ժամանակը չէ։

— Ֆիդայի, ֆիդայի,— փնթփնթաց քեռին անտրամադիր։– Բռնությամբ հնարավոր չէ ոչինչ անել։

Նա խորը շունչ քաշեց հանգստանալու համար, բարձրացրեց բաժակը, և նրա օրինակին հետևեցին բոլորը։ Նա շարունակեց վճռական ձայնով.

— Այո, ես խմում եմ Հայաստանի կենացը։ Բայց իմացեք, զավակներս, որ բռնության և զենքի վրա հույս դնելը սխալ է։ Ի վերջո, հաղթանակում է այն երկիրը, որն ունի աչքի ընկնող և բանիմաց սերուցք, և ոչ այն երկիրը, որն ավելի մեծ բնակչություն ունի կամ բանակ։

Տիրանը համաձայն չէր։

— Իսկ ի՞նչ կասես մերոնց հաղթանակների մասին օսմանյան բանակի դեմ ռուսական ճակատում։ Նրանք մեզնից հարյուր անգամ շատ էին։

Հայրը փնթփնթաց.

— Իսկ ինչպե՞ս կարող է մի բուռ մարդ կանգնեցնել մեծ բանակը, ի՞նչ ես կարծում։ Որովհետև նրանք ավելի լա՞վ էին զինված։ Ո՛չ։ Որովհետև նրանք տոգորված էին գաղափարով։ Այդ հաղթանակները, որոնց մասին խոսում ես, հաստատում են իմ խոսքերը։ Ի՞նչ ես կարծում, Վարդան:

Վարղանն ուսերը թոթվեց։ Արփինեն հայացքով նրան աղերսում էր միջամտել։ Վարդանը չէր սիրում որպես դատավոր հանդես գալ իր քեռու և եղբոր վեճերի ժամանակ, ինչպես հաճախ էր պատահում անցյալում։

— Պետք է խոստովանեմ, որ լավ չեմ հասկանում, թե ինչն է ձեզ հակադրում։

Տիրանը մի կողմ հրեց իր ափսեն և, բացատրելով, սկսեց քարտեզ նկարել վուշե սփռոցի վրա.

— Ես ասում եմ, որ մենք պետք է պայքարենք մեր երազած Մեծ Հայքը նվաճելու համար։ Անատոլիայի հայկական գավառները չի կարելի թողնել այն մարդկանց, ովքեր ոչ մի իրավունք չունեն դրանց տիրանալու։ Հայրիկը, հակառակը, համարում է, որ մենք պետք է բավարարվենք այսօրվա Հայաստանով՝ Արևելյան Հայաստանով, այն պատճառաբանությամբ, որ արդեն իսկ շատ արյուն է հեղվել։

Մեսրոպ քեռին մատը սեղանին խփեց.

— Հինգ դարերի ընթացքում մենք վերջապես երկիր ունենք, որի մասին կարող ենք ասել, որ մերն է։ Կարևոր չէ, որ այն փոքր է, այն մերն է, և դա բավական է, որ ամբողջ աշխարհի հայերն իրենց որբ և անհայրենիք չզգան։ Չի կարելի վտանգել այն, ինչ ունենք, ձգտելով նվաճել այլ տարածքներ։

Նա լռեց և նայեց զարմիկին՝ սպասելով իր կարծիքի հաստատմանը։ Տիրանը նույնպես սպասում էր Վարդանի պատասխանին։ Վարդանը պատառը կուլ տվեց և մի կում գինի խմեց մտածելու ժամանակ ունենալու համար։ Նրա կարծիքով, ինքը հիասթափեցնելու էր և՛ մեկին, և՛ մյուսին։

— Մեսրոպ քեռի, դուք ինչ-որ չափով իրավացի եք։ Մեր ժողովրդի համար շատ կարևոր է, որպեսզի վերջապես գոյություն ունենա այդ անկախ Հայաստանը, որը ոգեշնչման աղբյուր է յուրաքանչյուրիս համար։ Դա շատ փոքր ձեռքբերում է, որը պետք է ամրապնդել, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող ապագայում ավելի մեծ հավակնություններ ունենալ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Անատոլիայի հայկական գավառները, ինչպես նաև Կիլիկիան մեզ հանձնվեն։ Իհարկե, հաղթանակած դաշնակիցների հետ բանակցությունների միջոցով։ Հնարավո՞ր է դա, արդյոք։ Միայն ապագան ցույց կտա։

— Սողոմոնի վճիռ,— հայտարարեց Լուսիկը, որը հրճվեց, տեսնելով, թե ինչպես հոր և Տիրանի վեճը ոչ ոքի ավարտվեց։

Մեսրոպը Տիրանին նայեց գրեթե աղերսող հայացքով, սակայն դիմեց Վարդանին.

— Տիրանն ուզում է այնտեղ գնալ։ Ես ապարդյուն կերպով նրան ասում եմ, որ այնտեղ կռիվ է, սով, համաճարակներ...

— Յուրաքանչյուրը պետք է կարեցածն անի իրավիճակի բարելավման համար,— հետադարձեց Տիրանը։— Ինձ թվում է, որ ես օգտակար կլինեմ այնտեղ։

Հայրը հոգնած ձայնով ասաց.

— Ինձ թվում է, որ Կոստանդնուպոլսում շատ բան կա անելու։ Պետք է հասնել այն բանին, որ դաժանությունների պատասխանատուները պատժվեն, որ Մարոյի և Թովմասի պես գերության մեջ հայտնված կանայք ու երեխաները ազատ արձակվեն, որպեսզի բաժանված ընտանիքները վերամիավորվեն, պետք է զբաղվել որբերով, պետք է պահանջել ողջ մնացածների ունեցվածքի վերադարձը։

— Դրանով զբաղվող շատ մարդ կա, հայրիկ։

Մեսրոպը շարունակեց փաստարկել.

— Հիմա, երբ Օսմանյան կայսրությունը պարտվել է, կկատարվեն այն բարեփոխումները, որոնք մենք միշտ պահանջել ենք։ Անհրաժեշտության դեպքում արևմտյան տերությունները դրանք կպարտադրեն կառավարությանը և սուլթանին։ Հավասարություն, դավանանքի ազատություն, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն, նույն օրենքները բոլոր քաղաքացիների համար։

— Ես դրան չեմ հավատում,— ամփոփեց Տիրանը։– Կտեսնեք, պանթուրանիզմին փոխարինելու կգա ազգայնամոլությունը, և մեզ համար ոչինչ չի փոխվի։

Վարդանը ոչ մեկի կողմը չէր ուզում բռնել, հատկապես որ ճիշտ մտքեր կային և՛ մեկի ասածներում, և՛ մյուսի, սակայն պակասում էին տարրեր, որոնք թույլ կտային կանխատեսել այն շրջադարձը, որ կարող էր անել պատմությունը առաջիկա ամիսների և տարիների րնթացքում։ Եվ, բացի դրանից, նա գիտեր, որ անիմաստ էր փորձել հաշտեցնել Մեսրոպի և նրա որդու տեսակետները։ Բավական էր, որ մեկը մի տեսակետ հայտներ, ապա մյուսը անմիջապես հակառակը կասեր։ Չնայած անսահման սիրուն, որը միավորում էր նրանց, նրանք միշտ հակադրվել էին միմյանց, անկասկած այն պատճառով, որ իրար շատ նման էին։ Նրանք միայն մեկ հարցում էին համամիտ եղել՝ հակասություններից խուսափելու միակ միջոցը Տիրանի առանձին ապրելն էր։

— Իսկ եթե ուրիշ բանից խոսենք,— առաջարկեց Արփինե մորաքույրը։– Վարդանն ու նրա պատանի բարեկամը նոր են եկել։

Մեղավոր ժպտալով՝ Մեսրոպն ու Տիրանը համաձայնվեցին։ Դրանից հետո զրույցն ընթացավ զգուշավորությամբ։ Խոսեցին պատերազմի և այն փոփոխությունների մասին, որոնք տեղի կունենային ամբողջ աշխարհում, սակայն ինչ-որ կեղծ բան կար, երբ խոսում էին Օսմանյան կայսրության անկման մասին առանց հիշատակելու Հայաստանը։

Ճաշի ավարտին որոշվեց, որ Արամը պետք է մնար Մեսրոպյանների տանը, ուր տղաների սենյակն ազատ էր, իսկ Վարդանը գնար Տիրանի մոտ։

✻    ✻



Բերայի կենտրոնական փողոցի գիշերային կյանքի մարելուն պես, զարթնեց Կոստանդնուպոլիսը իր աշխատավորների, բեռնակիրների, արհեստավորների ու խանութպանների հետ, որոնց երկար օրը հազիվ էր բավականացնում իրենց ապրուստը վաստակելու համար։ Երթևեկության աղմուկը, որը բաղկացած էր սայլերի ճռռոցից և մեքենաների շարժիչների պայթյուններից, խրխնջոցներից և մեքենաների շչակներից, արթնացրեց Վարդանին։ Նրան մի քանի վայրկյան անհրաժեշտ եղավ՝ հիշելու, որ գտնվում էր իր քեռորդու նոր բնակարանում, նախկին բնակարանից երկու փողոց այն կողմ։ Հարկադրված լինելով տեղափոխվել, Տիրանը չէր ցանկացել շատ հեռանալ կենտրոնական փողոցից, որի աշխուժությունը նրան անհրաժեշտ էր։

Մթության մեջ մոտ տասը զույգ աչքեր նայում էին Վարդանին։ Դրանք հայ գործիչների լուսանկարներն էին՝ զորավարներ, գրողներ և փիլիսոփաներ, որոնք քեռորդին փակցրել էր իր հյուրասենյակի պատերին։ Հյուրասենյակը կահավորված էր մի բազմոցով, որի վրա քնել էր Վարդանը, կարմիր փայտից պատրաստված մի ցածր սեղանով, որի վրա լրագրեր էին կիտված, և երեք տարբեր ոճի աթոռներով, իսկ այդ լուսանկարները հյուրասենյակի միակ զարդն էին։

Չնայած նրանք մինչև ուշ գիշեր խոսել էին ձերբակալությունից հետո Վարդանի հետ տեղի ունեցածի մասին, վերջինս չկարողացավ քնել։ Նա շտապում էր գործի անցնել Մարոյին ու Թովմասին ազատելու համար։ «Պահել»... Ի՞նչ էր թաքնվում իրականամ այդ բառի տակ։ Արդյոք նրանց ձերբակալել էին իրեն ձեռք գցելու համա՞ր։ Դժվար էր պատկերացնել։ Ամենատրամաբանական բացատրությունը Մարոյի հիասքանչ գեղեցկությունն էր... Վարդանը հեռու քշեց այդ միտքը և կենտրոնացավ ձեռքի տակ եղած միջոցների վրա, որոնք կօգնեին իր հարազատների ազատագրության գործին։ Մարոյին հեռագիր ուղարկելու մասին նույնիսկ չէր կարելի մտածել։ Հեռագիրը նրան չէր հասնի և միայն կարող էր նախազգուշացնել գավառապետին, որը հնարավորություն կունենար նրանց տեղափոխելու, իսկ հետո ասելու, որ ինքը ոչնչից տեղյակ չէր։

Փոքրիկ խոհանոցին հարող ճաշասենյակում Տիրանը սեղանն էր գցում։ Վարդանը միացավ նրան։ Մինչդեռ քեռորդին նախաճաշում էր, կլանելով հաց, պանիր, մուրաբա և ձիթապտուղ, Վարդանը սովորականի պես բավարարվեց թեյով։ Նա Տիրանի հետ կիսեց իր հոգսերը Մարոյի և Թովմասի կապակցությամբ։

— Դժբախտաբար ընկերներիցս ոչ մեկը չի կարող օգնել,— պատասխանեց Տիրանը մտահոգ տեսքով։— Մեծամասնությունը թաքնվում է սուլթանի ոստիկանությունից։ Լավ կլիներ, եթե դու կապվեիր «Ռոբերտ վարժարանի» դեկանի հետ։ Նա Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի նախագահն է և, անկասկած, կկարողանա քեզ օգնել կամ գոնե խորհուրդ տալ։

— Ես նրա մոտ կգնամ հենց այսօր։

— Իսկ հետո ի՞նչ ես մտադիր անել։

— Արամին հիվանդանոց պետք է տանեմ։

— Դրա մասին չեմ հարցնում, Վարդան։ Առաջիկայում։

— Դեռևս չգիտեմ։ Մինչև Մարոն ու Թովմասն այստեղ չլինեն...

— Մենք քո կարիքն ունենք։ Դու անհատականություն ես, Վարդան։ Պատերազմի ընթացքում քո գրած հոդվածները բարձրացրել են քո վարկը հայության շրջանում։

— Եվ անկասկած անցանկալի են դարձրել կառավարության աչքերում։ Ուդի Յաշար դերվիշին փնտրում են սպանության համար և ես չգիտեմ՝ ոստիկանությունը չի՞ բացահայտել, թե ով էր թաքնվում այդ անվան տակ։ Հիմա տեղաշարժվում եմ մի թուրք բարեկամի փաստաթղթերով։ Այս պահին ես գերադասում եմ աննկատ մնալ։

— Մեր գործին օգնելու այլ միջոցներ էլ կան։

— Դրա մասին կխոսենք մեկ այլ անգամ, խնդրում եմ։ Այս առավոտ գլուխս խառն է, և միակ մտահոգությունս կնոջս և որդուս գտնելն է։

Նախաճաշից անմիջապես հետո Վարդանը կառք վարձեց Արամին Յեդիկալեի հայկական կենտրոնական հիվանդանոց տանելու համար, որը գտնվում էր Մարմարա ծովի ափին։ Երկար ճանապարհը դուր եկավ տղային, որին ամեն ինչ զարմացնում էր. տարբեր ազգերի բազմությանը, հնի և նորի խառնուրդը, ավտոմեքենաները և, հատկապես, եվրոպական հագուստով կանայք, որոնց ոտքերը բաց էին մինչև սրունքները։ Երկու ժամ սպասելուց հետո, քանի որ հիվանդների և վիրավորների բազմությունը խռնվել էր հիվանդանոցի միջանցքներում, մի վիրաբույժ մաքրեց և այրեց Արամի ձախ ձեռքի վերքերը։ Երբ նրանք դեպի ելքն էին գնում, Վարդանը հանդիպեց Շանթ Թագվորյանին՝ համալսարանական մի ընկերոջ, որր բժիշկ էր։

— Մենք անձնակազմի կարիք ունենք,— ասաց Շանթը։— Կարիք ունենք նաև լավ դեղագործի։ Դու ազա՞տ ես։

Զարմանալով այդ առաջարկությունից՝ Վարդանը մի պահ վարանեց.

— Մտածել է պետք...

Քանի որ Շանթը շատ զբաղված էր և ժամանակ չուներ քննարկումների, պայմանավորվեցին միասին ճաշել հաջորդ օրը։

Կառք նստելուց առաջ Վարդանն ասաց իր երիտասարդ ընկերոջը.

— Այս մաքուր վիրակապով և բաճկոնով շատ պատկառելի տեսք ունես։

Արամը փքվեց սիրամարգի պես։

— Նկատեցի՞ր, տիկին Արփինեն կտրել է մազերս։ Նա շատ բարի է իմ նկատմամբ։ Պարոն Մեսրոպը նույնպես։

— Իսկ Լուսիկ քույրի՞կը։ Նա քո դուրը գալի՞ս է,—— հարցրեց Վարդանը կատակով։

— Դե... Նա... Նա իսկական օրիորդ է։

Կեսօրից հետո Կոստանդնուպոլիս վերադառնալով, Վարդանն ու Արամը նստեցին Բեբեկ՝ Բոսֆորի ափին գտնվող մեկ այլ արվարձան մեկնող մի փոքր շոգենավ։ Նրանք ափ իջան Բեբեկի փոքր հրապարակի մոտ և ճանապարհը շարունակեցին ոտքով։ Որքան մոտենում էին ամերիկյան վարժարանին, այնքան Վարդանի անհամբերությունը հանդարտվում էր։ Նա բազմիցս էր անցել այս ճանապարհով, երբ Տիրանի հետ շտապում էին դասի, և նա հիշում էր հատվածներ իրենց բոցաշունչ վեճերից։ Այդ ժամանակաշրջանում իրենք իդեալիստներ էին, համոզված, որ փոխելու էին աշխարհը։ Քառասունմեկ տարեկանում Վարդանը գիտակցում էր, որ ինքը եղել էր իրադարձությունների խաղալիքը և ոչ թե դրանց հրահրողը։ Անկասկած դա բոլորի ճակատագիրն էր. հարվածներ ստանալ, հակահարված տալ, վերապրել։ Տիրանը կարծես դեռևս չէր ընդունում այդ իրողությունը։

— Գեղեցիկ է,— ասաց Արամը Վարդանի ուշադրությունը գրավելու համար։

Այս նոր աշխարհից շփոթված տղան ուզում էր որևէ հարազատ ձայն լսել։ Օրը պարզ էր, տեսանելիությունը՝ լավ։ Վարդանը ցույց տվեց նեղուցի անատոլիական ափի հին պարիսպներից այն կողմ ընկած սարերը։

— Այդ ուղղությամբ են գտնվում Աֆիոնը, Ուրգուպը։

Տղան թուքը կուլ տվեց.

— Հեռու է...

Վարդանը բռունցքով նրան բոթեց։

— Կտեսնես, դու երջանիկ կլինես այստեղ։

— Մեսրոպ քեռին ինձ առաջարկեց որպես աշակերտ աշխատել իր տպարանում, չնայած ես միայն մեկ աշխատող ձեռք ունեմ։

— Դա քո դուրը կգա՞։

— Չգիտեմ։ Պետք է ապրուստը վաստակել։

Մտնելով ամերիկյան վարժարանի դարպասից ներս, նրանք դուրս եկան ոլորապտույտ ճանապարհից և սկսեցին բարձրանալ հետիոտնի համար նախատեսված աստիճաններով։ Բավականին զառիթափ բարձունքը հաղթահարելուց հետո նրանք հասան պատատուկով պատված շենքերին, որոնք երիզում էին ֆուտբոլի դաշտը։

— «Ռոբերտ վարժարան»,— բացականչեց Վարդանը շնչակտուր։— Ես այստեղ սովորել եմ, Արամ։ Դու չէի՞ր ուզենա սովորել։

— Ես գրել-կարդալ սովորել եմ մեր գյուղի դպրոցում։ Դա բավական է։

— Գրել-կարդալ իմանալը բավական չէ։ Դու խելացի ես և եթե սովորես, կարող ես մասնագիտություն ունենալ, կդառնաս կարևոր մարդ և կամուսնանաս «իսկական օրիորդի» հետ, ինչպես դու անվանում ես նրանց։

Տղան գլուխը հպարտորեն բարձրացրեց։

— Ես արդեն տղամարդ եմ և չեմ ուզում տարիներ անցկացնել դպրոցի դասարանում փակված։

Վարդանը չպնդեց՝ մտածելով, որ դեռ կվերադառնա այդ խնդրին։ Քանի նրանք սպասում էին Ուոշբորն Հոլի հնացած փայտյա դռան մոտ, Արամը հետաքրքրությամբ հետևում էր պատանիներին, որոնք ֆուտբոլ էին խաղում գիմնազիայի առջև գտնվող հարթակին։ Քարտուղարուհին որպես Հակի ներկայացած Վարդանին ուղեկցեց երկրորդ հարկ, ուր գտնվում էր դեկան Մակ Ջիլի գրասենյակը։

Սենյակը, ուր Վարդանը բազմիցս էր մտել, փաստորեն չէր փոխվել քսան տարիների ընթացքում։ Կաղնեփայտից պատրաստված հին ապակեպատ գրապահարանները, նույն կաշվե մաշված բազկաթոռները, ծանր օդը։ Նույնիսկ վարագույրները փոխելիս պահպանել էին մուգ կանաչ գույնը։ Դեկան Մակ Ջիլը՝ ալեհեր մազերով և թարմ դեմքով մոտ հիսուն տարեկան մի մարդ, Վարդանին ընդունեց խիստ դեմքով։ Նրա կարծիքով, սև կոստյում հագած այցելուն կարող էր միայն գաղտնի ոստիկանությունից լինել կամ էլ բարձրաստիճան պաշտոնյա։

Դեկանը զուսպ ձևով թուրքերեն ողջունեց Վարդանին, իսկ վերջինս անգլերեն պատասխանեց.

— Ես ժամանակին սովորել եմ ձեր վարժարանում, երբ դեկանը դոկտոր Բլեյկն էր՝ 1896 թ.։ Հակի Չելեբին իմ անունը չէ, ես հայ եմ։

Հետաքրքրվելով՝ դեկան Մակ Ջիլը ասաց քաղաքավարի տոնով.

— Ես երջանիկ եմ ընդունելու նախկին աշակերտի։ Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել, պարոն...

— Պալյան։ Վարդան Պալյան։

Հոնքերի թեթեակի շարժումից Վարդանը գուշակեց, որ իր անունը անծանոթ չէր դեկանին։ Դա կարող էր միայն օգնել իրեն։ Նա շարունակեց.

— Դուք Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի նախագահն եք։ Մենք գնահատում ենք այն օգնությունը, որ ամերիկացիները ցույց են տալիս հայերին, հատկապես որբերին։

— Մեր միջոցները սահմանափակ են, իսկ կարիքներն՝ անսահման,— հառաչեց դեկանը։— Հուսանք, որ պատերազմի ավարտի հետ գործը կկարգավորվի։

— Այո, հույսը կարող է վերածնվել։

Սեղանին կիտված փաստաթղթերը ցույց տալով՝ Վարդանը շարունակեց.

— Ձեր ժամանակը թանկ է, և ես կանցնեմ իմ այցելության նպատակին։ Իմ խնդրանքն անձնական բնույթ ունի։ Իմ կինն ու ինը տարեկան որդիս պատանդ են պահվում Այնթապում գավառապետ Ռըզայի կողմից։

— Պատա՞նդ,— ասաց դեկանը հոնքերը կիտելով։— Միգուցե ապաստան է տվել տեղահանությունից փրկելու համար և այդ դեպքում գավառապետը նրանց Կոստանդնուպոլիս կուղարկի ձեզնից նամակ ստանալուն պես։ Պատա՞նդ, դուք համոզվա՞ծ եք։

— Այո։

Մակ Ջիլն ուղղվեց և առաստաղին նայեց՝ կզակը տրորելով։ Վարդանը հասկացավ, որ իր դեմարշն արդյունք չէր տալու։

— Ինչպիսի ցավալի պատմություն,— հառաչեց դեկանը։– Նման դեպքերը բազում են։ Տեղահանությունների հետևանքով բաժանված, սակայն ողջ մնացած ընտանիքները միացնելը երկար և դժվարին գործ է։ Ձերոնք գոնե ողջ են, և դուք պետք է փառք տաք Աստծուն։

— Ես դա արդեն արել եմ,— պատասխանեց Վարդանը՝ վատ թաքցնելով անհամբերությունը։– Իսկ այն, որ հիմա ուզում եմ նրանց տեսնել, դա արդեն չափից ավելի՞ է։

— Իհարկե, ոչ։ Սակայն ես անկեղծ կլինեմ ձեզ հետ, պարոն Պալյան։ Սեր կոմիտեն շատ բան անել չի կարող։ Երկրի ներսում իրավիճակը բարդ է և անկայուն։ Պարզ չէ, թե ում ձեռքում է իշխանությունը, ո՞վ է որոշումներ րնդունում։

— Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ձեր կոմիտեն ոչինչ չի անի,—— հարցրեց Վարդանը մի քիչ չոր տոնով։

— Ոչ։ Մեր միսիոներներից մեկը կգնա Ռըզա բեյ գավառապետի մոտ, սակայն շատ հույսեր չկապեք դրա հետ։ Եթե գավառապետը պահում է ձեր կնոջն ու որդուն, նա մեր էմիսարին պարզապես դուրս կվռնդի։

— Ես ձեզնից շատ շնորհակալ եմ ինչ-որ փորձ անելու համար։

Դեկան Մակ Ջիլը գրանցեց անուններն ու մանրամասները և Մեսրոպ Մեսրոպյանի տպարանի հասցեն։

— Ես ձեզ տեղյակ կպահեմ։ Սակայն համբերությամբ զինվեք, քանի որ հաղորդակցությունը շատ դանդաղ է։

Դեկանն իրեն նեղություն չտվեց Վարդանին մինչև գրասենյակի դուռը ուղեկցելու և, նրա ձեռքը սեղմելով, ասաց.

— Ձեր փոխարեն ես կդիմեի բրիտանացիներին։ Այնթապի շրջանը նրանց հսկողության տակ է։ Փորձեք հանդիպել դեսպանատան քարտուղար պարոն Դևիդ Պուտնամին։

— Շնորհակալություն տեղեկության համար, պարոն դեկան։

Անկարևոր թեմաներով կարծիքների փոխանակումից հետո Վարդանը հրաժեշտ տվեց Մակ Ջիլին։ Նա խորր հիասթափություն չէր ապրում, քանի որ հասկանում էր, որ իր հարազատներին ազատագրելը հեշտ գործ չէր լինելու։ Արամը նրան էր սպասում նախասրահում, ուր նա ուսումնասիրում էր վարժարանի հիմնադիրների դիմանկարները։

— Ովքե՞ր են այս մարդիկ։

— Ձախից՝ պարոն Ռոբերտը աջից՝ պարոն Համլինը։ Նրանք հիմնադրել են այս վարժարանը, որպեսզի քեզ պես տղաները կարողանան կրթություն ստանալ և ղեկավար դառնալ։

Արամը ծամածռվեց.

— Ես հեղափոխական կլինեմ, քո քեռորդի Տիրանի պես։

— Նա՞ է գլուխդ այդ միտքը մտցրել։

Տղան ստել չէր կարողանում, և Վարդանը որոշեց խոսել քեռորդու հետ։

Երբ նրանք հեռանում էին, մահմեդական գերեզմանոցի վերևում գտնվող դարատափով և դարպասի մոտով, Համլին Հոլի դիմաց գտնվող աշտարակի զանգն ազդարարեց դասերի ավարտը։

✻    ✻



Հաջորդ օրն առավոտյան Վարդանը ներկայացավ Ինգլիզ Սարայի՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, որը գտնվում էր Ղալաթիասարայի խաչմերուկում։ Ոչ այնքան վաղուց Օսմանյան կայսրության մայրաքաղաքը վերադարձած անգլիացիները դեռևս լրիվ չէին տեղավորվել, և այգում զինվորների հսկողության ներքո մեքենաներ էին կանգնած։ Մարդիկ, որոնցից շատերը հայերեն էին խոսում, հերթ էին կանգնել վիզա ստանալու համար։ Վարդանը մոտեցավ դռնապանին, որը չէր համոզվում և պնդում էր, որ նա պետք է նախապես պայմանավորվեր հանդիպման մասին։ Վարդանն ասաց, որ ինքը գալիս էր Մակ Ջիլի կողմից շատ կարևոր գործով։ Շփոթված ծառայողը որոշեց դիմել իր վերադասներին։ Մի քանի րոպե անց նա ժպտալով վերադարձավ և ուղեկցեց Վարդանին կապույտ պաստառներով պատված նախասրահը, ուր փակցված էր Գևորգ Հինգերորդի դիմանկարը։

— Պարոն քարտուղարը ազատվելուն պես ձեզ կընդունի։ Իսկ մինչ այդ որևէ բան կցանկանայի՞ք։ Խմի՞չք։ Թե՞յ։ Սո՞ւրճ։

Վարդանը հրաժարվեց, սակայն քիչ անց ափսոսաց, քանի որ ստիպված եղավ սպասել երեք քառորդ ժամ։ Դևիդ Պուտնամը վերջապես եկավ։ Կարճ կտրած ալեխառն մազերով, շիկահեր բեղերով՝ նա նախկին զինվորականի չոր շարժուձև ուներ, սակայն խոսում էր բարյացակամ տոնով և ջերմ ձայնով։ Նա թեյ հյուրասիրեց իր այցելուին և անթարթ լսեց նրա պատմությունը։ Վերջում գլխով արեց և իր համակրանքն արտահայտեց պարզապես ասելով.

— Այ քեզ պատմություն։

Հետո նա գլանատուփ հանեց գրպանից, որի վրա փորագրված էր՝ Թագավորական նավատորմիղ.

— Ծխախո՞տ։

Հրահանը գրպանը դնելով նա ասաց.

— Դուք դեռևս դիմում չեք գրել, սակայն ենթադրում եմ, որ դուք հույս ունեք մեր օգնությամբ հասնելու ձեր կնոջ և որդու ազատ արձակմանը։ ճի՞շտ է։

— Ազատ արձակմա՞նը,— զարմացավ Վարդանը։— Նրանք հանցագործներ չեն։ Նրանք պատանդ են։

— Ես հենց դա էլ ուզում էի ասել,— պատասխանեց Դևիդ Պուտնամը, անհարմար զգալով։— Հավատացեք, պարոն Պալյան, որ ես ցավում եմ ձեր դժբախտության, ինչպես նաև ձեր ժողովրդի դժբախտությունների համար։

— Շնորհակալություն, պարոն Պուտնամ։ Դուք ճիշտ եք կռահել, ես հույս ունեմ, որ Նորին պայծառափայլության հպատակները կմիջնորդեն Այնթապի գավառապետի մոտ։

— Կփորձենք, սակայն դա այդքան էլ հեշտ չէ։ Նա գավառապետ է։

Դեսպանատան քարտուղարի ձայնի մեջ որոշ անվստահություն կար, որը զարմացրեց Վարդանին։

— Ձեր բանակը վերահսկում է այդ շրջանը, այդպես չէ՞։

— Վերահսկել, դեռ վաղ է այդպես ասել։ Մենք նոր-նոր հաստատվում ենք Կիլիկիայում, և մեր մարդիկ այնտեղ շատ զգույշ են։ Սուլթանի բանակը դեռևս զորացրված չէ, օսմանյան պաշտոնյաները մնում են իրենց պաշտոններին, կատարյալ խառնաշփոթ է։ Գավառապետ Ռըզան ազդեցիկ մարդ է, և մենք նրա կարիքն ունենք։

— Հետևաբար դուք նրան խնայելու եք։

— Այո,— պատասխանեց Դևիդ Պուտնամը խորամանկ ժպտալով։

Վարդանը սեղմեց բազկաթոռի արմնկակալները ինքնատիրապետումը չկորցնելու համար, սակայն չկարողացավ թաքցնել իր վրդովմունքը։

— Այդ մարդը մասնակցել է հայերի տեղահանություններին, որոնք ջարդերի պատճառ են դարձել։ Նա նույնիսկ այդ տեղահանությունների կազմակերպիչն էր իր գավառում։ Եվ դուք համագործակցո՞ւմ եք նրա հետ։

Քարտուղարը հանգստացնող շարժում արեց.

— Մենք այլ ելք չունենք... այս պահին։ Պատերազմի հանցագործները կպատժվեն, ինչպես դաշնակիցները տեղյակ էին պահել Բարձր դռանը հենց սկզբից։ Իսկ Ռըզա բեյի հանցագործ լինելը կպարզեն դատավորները։ Ամեն դեպքում, ըստ մեր ունեցած տեղեկությունների այդ մարդը հովանավորել է ձեր հայրենակիցներից շատերին... այդ թվում նաև ձեր կնոջն ու որդուն։

Վարդանը ներքուստ եռում էր։ Սակայն նա չպետք է վաներ այդ մարդուն, որն այս պահին միակն էր, որ կարող էր իրեն օգնել։ Նա անվրդով ասաց.

— Ես չեմ դատապարտում Ռըզա բեյին, առավել ևս չեմ հանդիմանում անգլիացիներին նրա հետ համագործակցելու համար։ Միակ բանը, որ ուզում եմ, իմ հարազատներին գտնելն է։

— Դա լիովին հասկանալի ցանկություն է, պարոն Պալյան,— համաձայնեց Պուտնամը, գոհ մնալով, որ այցելուն ողջամտություն էր ցուցաբերում և խուսափում էր աղմուկ բարձրացնելուց։— Իսկ ես, անձամբ, կհետևեմ գործի ընթացքին։ Ես անթույլատրելի եմ համարում, որ այդ գավառապետը ձեր կնոջը գերի պահի իր հարեմում։

Վարդանն առանց աչքը թարթելու լսեց այդ նախադասությունը, որը վիրավորում էր նրա ինքնասիրությունը։ Քարտուղարը շարունակեց.

— Ես ասում եմ, որ նրան պետք է խնայել։ Հետևաբար խոսք անգամ չի կարող լինել նրա տուն զինվորների դասակ ուղարկելու մասին, ձեր ընտանիքը ազատագրելու համար։ Մենք պետք է խուսափենք նրան իր հայրենակիցների աչքում վարկաբեկելուց։

Վարդանը գլխով արեց։ Նա հասկանում էր այդ դիրքորոշումը, չնայած այն իրեն վրդովում էր։ Պուտնամը կռահեց նրա հոգեվիճակը և բարյացակամորեն ասաց.

— Ճիշտ է, սիրտը չի ենթարկվում Պետության շահերին, բայց համաձայնեք, որ երեք տարի սպասելուց հեստ ևս երեք շաբաթ սպասելը սարսափելի չէ։

— Համաձայն եմ։

Դեսպանատան խորհրդականը ոտքի կանգնեց և ձեռքը մեկնեց իր այցելուին, այդպիսով ցույց տալով, որ հանդիպումն ավարտված էր։

— Վստահեք մեզ, պարոն Պալյան, մենք կվերադարձնենք ձեր ընտանիքը։ Դռնապանին թողեք ձեր հասցեն, որպեսզի կարողանամ ձեզ հետ կապվել։

Վարդանը ջերմորեն շնորհակալություն հայտնեց և ասաց, որ ինքը երբեմն զանգ կտա նորություններ իմանալու համար։

— Համեցեք։

Տիրանի տան մոտ գտնվող սրճարանում, ուր նրանք ժամադրվել էին եղբոր հետ, ազատ տեղեր կային միայն խորքում, պատի տակ։ Սրճարանը լեցուն էր տուն ճաշի վերադառնալուց առաջ մեկ բաժակ խմիչք խմելու եկած տղամարդկանցով և շատ աղմկոտ էր։ Վարդանը վերմուտ պատվիրեց, մտովի վերանայեց Պուտնամի հետ խոսակցությունը, և դա նրան չհանգստացրեց։ Պետական շահ։ Ի՞նչ կշիռ կարող էին ունենալ կինն ու ինը տարեկան երեխան դիվանագիտական խաղերի կողքին։ Նա չէր կարող զուգահեռ չտանել իր և իր ժողովրդի վիճակի միջև։ Ինչպիսի՞ փոփոխություններ կկրեն դաշնակիցների գեղեցիկ ճառերը անկախ մեծ Հայաստանի մասին, երբ կգա Օսմանյան կայսրության ապագան վճռելու հարցը։ Այդ ժամանակ ի հայտ կգան այնքան իրարամերժ շահեր։ Եվ դարձյալ դիվանագիտությունը...

Քեռորդին եկավ կես ժամ անց։ Վարդանը նրա հետ կիսեց իր մտահոգությունները։

— Հնարավորություն ընձեռիր անգլիացիներին ցույց տալու, թե ինչի են նրանք ընդունակ,— պնդեց նա։

— Ուզում եմ ինքս այնտեղ գնալ և զբաղվել այդ գործով։

— Ճիշտ եմ ասում, դու գիժ ես։ Ժամանակ կար, երբ դու ինձ անգիտակից և անխելք էիր համարում։

— Մարոն ու Թովմասը միակն են, ինչ ես ունեմ, Տիրան։

— Եթե հայտնվես Այնթապում, կարող ես նրանց ընդմիշտ կորցնել։ Գավառապետ Ռըզան շատ լավ առիթ կունենա քեզ ոչնչացնելու և կառավարությունը չէ, որ կհանդիմանի դրա համար։

Վարդանը ստիպված էր համաձայնել, որ եղբայրն իրավացի էր։ Վերջինս շարունակեց.

— Հնարավորություն տուր անգլիացիներին գործելու։ Իսկ եթե նրանք անհաջողության մատնվեն, ես քեզ հետ Այնթապ կգամ, երդվում եմ։ Երկուսս և մի քանի բարեկամներ...

Վարդանը գլխով արեց։ Ինքը պետք է իր դժբախտությանը դիմանար։

Քիչ անց նրանք դուրս եկան սրճարանից հունական ռեստորան գնալու համար, ուր Տիրանը հաճախ էր ճաշում։ Սովորականի պես Բերայի գլխավոր փողոցը մարդաշատ էր, իսկ խանութները փակվում էին։ Ռեստորանները լցվում էին այցելուներով, գիշերային ակումբները նախապատրաստվում էին ընդունել իրենց այցելուներին, իսկ մարմնավաճառները իրենց տեղերն էին գրավում փողոցների անկյուններում։

Սուր հայացքով մի թուրք, որը նրանց էր հետևում սրճարանի մոտից, տեղավորվեց ռեստորանի խորքում։

— Այս մարդը սրճարանո՞ւմ էր,— հարցրեց Վարդանը հետաքրքրված։

Գուցե նրանք իր հե՞տքն էին հայտնաբերել։ Իշխանությունները չէին կարող իմանալ իր ով լինելը։ Ամեն դեպքում Հակիի փաստաթղթերը մոտն էին։ Այդուհանդերձ, մի քիչ անհանգստանալով, նա ասաց.

— Ինձ թվում է, որ նա մեզ զննում է։

Տիրանը բարձրաձայն ծիծաղեց.

— Քեզ թվո՞ւմ է։ Նա ստվերի պես ինձ է հետևում։ Ոստիկան է, կամ պետական անվտանգության գործակալ։

— Դա քեզ բոլորովին չի՞ անհանգստացնում։

— Հավանաբար, ինձ հետևելն այս մարդու համար սովորություն է դարձել։ Ես այլևս վտանգավոր չեմ նրանց համար, հատկապես, որ նրանք պարտվել են։ Հակառակը, ես օգտակար եմ նրանց։

— Չեմ հասկանում։

— Արդեն հինգ ամիս է, ինչ այստեղ է Հայաստանի Հանրապետության մի պատվիրակություն։ Ես աշխատում եմ նրանց և Կոստանդնուպոլսի խառը կոմիտեի հետ։ Ավելի պարզ, ես բանակցում եմ կառավարության հետ, որը հետևաբար իրավազոր չէ ինձ բանտարկելու իր ոստիկանության միջոցով։

— Իսկ այդ բանակցությունները որևէ բան տալի՞ս են։

— Նոր կառավարությունը որոշակի ճկունության է ցուցաբերում։

— Կարծում ես նրանք անկե՞ղծ են,— կասկածանքով հարցրեց Վարդանը։

— Հիմա՝ այո, սակայն շատ շուտ կարող են փոխել իրենց տեսակետները։ Հարկավոր է նրանց խոսքի վրա բռնել և որքան կարելի Է շուտ ներքաշել արևմտյան տերությունները։

— Նրանք նույնպես կարող են արագ փոխել իրենց տեսակետը։

Վարդանը քեռորդուն վստահեց այն կասկածները, որ ծագել Էին բրիտանական դեսպանատան քարտուղարի հետ հանդիպումից հետո։ Տիրանը սկզբում փաստարկներ բերեց այդ խոսքերի դեմ, որոնք պարտվողական Էր համարում, հետո հառաչեց.

— Ճիշտն ասած, ես նույնպես դրա մասին մտածել եմ։ «Հայկական հարցը» մոդայիկ Է օտար մայրաքաղաքներում, սակայն նրանք շատ շուտ մեզ կմոռանան։

— Ես դրանից եմ վախենում։ Հայաստանը ծանրակշիռ փաստարկ չի լինի խաղաղության բանակցություններում։

— Ճիշտ Է։ Ուստի անհրաժեշտ Է, որ արևմտյան թերթերում հայտնվեն հոդվածներ, որոնք կհիշեցնեն արևմտյան տերություններին իրենց խոստումները և իրենց պարտավորությունները։ Դու պետք Է սկսես գրել, Վարդան։

— Պետք Է ուղիներ գտնել այդ հոդվածների համար։

— Ես այդպիսի մարդ ունեմ։ Ուիլյամ Դևսոնը ամերիկացի լրագրող Է, որը համակրում Է մեր գործին։ Ահա։ Աչքերդ փայլեցին։ Ոգևորվո՞ւմ ես, ինչպես տասը տարի առաջ։

— Ոչ, Տիրան։ Ես կորցրել եմ առաջադիմության հանդեպ այն միամիտ հավատը, որ մենք ունեինք այն ժամանակ։

Տիրանը գերադասեց չպատասխանել։ Նա բարձրացրեց մատուցողի բերած վերմուտի բաժակը և շշնջաց.

— Հայաստանի կենացը։

Նրանք մի քանի անգամ խմեցին այդ կենացը։

✻    ✻



Շաբաթներն անցնելու հետ Վարդանն ավելի և ավելի անհամբեր Էր դառնում։ Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեն պատասխան Էր ստացել Ռըզա բեյից այն մասին, որ ինքը չէր օթևանել ոչ մի հայուհու, բացառությամբ մի քանի աղախինների, որոնք կարող էին հեռանալ, եթե ցանկանային։ Սակայն մի միսիոներ, որը տեղում էր գտնվում, խոսակցություններ էր լսել, որ գավառապետը արդեն մի քանի տարի շատ գեղեցիկ հայուհի սիրուհի ուներ։ Վարդանի կարծիքով դա կարող էր միայն Մարոն լինել։ Գավառապետի սիրուհի՞։ Բարկանալով՝ նա մտածհց, որ մարդիկ շատ արագ էին եզրակացություններ անում։ Ինչ վերաբերում է բրիտանական դեսպանատան քարտուղարին, որին Վարդանը զանգահարում էր ամեն երկու-երեք օրը մեկ, ապա նա երդվում էր, որ ինքն ամեն ինչ անում էր գործն արագացնելու համար։ Դևիդ Պուտնամը այդ հապաղումը բացատրում էր Կիլիկիայի անկայուն վիճակով և հաղորդակցության դժվարություններով։

Սպասումը լցնելու համար Վարդանն ինքնամոռաց աշխատում էր լուսաբացից մինչև գիշեր։ Լուսաբացին նա նստում էր Տիրանի բնակարանի հյուրասենյակի լուսամուտի առջև դրված սեղանի մոտ։ Հարսանեկան նկարից և Արփինե մորաքրոջ նվիրած բեգոնիայից բացի, կահույքի վրա միայն թղթեր էին ցրված։ Երբ քաղաքն արթնանում էր, նա արդեն երկու-երեք ժամ աշխատած էր լինում։ Փողոցից ներս թափանցող աղմուկը ոգեշնչում էր նրան, և նա հիշում էր, որ ինքը դիմում էր լայն հասարակությանը և ոչ թե մի քանի մասնագետների։ Իր նախադասությունները պետք է հուզեին և համոզեին։ Ինքը պետք է պարզ միջոցներով շատ բարդ բաներ բացատրեր։

Ցերեկները Վարդանը որպես դեղագործ աշխատում էր հայկական գլխավոր հիվանդանոցում, որը որակյալ անձնակազմի պակաս էր զգում երկրի խորքից ամեն օր ժամանող հիվանդ և թերսնված որբերի հոսքին դիմագրավելու համար։ Կոստանդնուպոլսի հայերի բարեգործության ու կամավորական շարժման շնորհիվ քաղաքում և արվարձաններում բազմաթիվ որբանոցներ էին բացվել։ Ցանկանալով իր ավանդն ունենալ՝ Վարդանն աշխատում էր խորհրդանշական աշխատավարձով։ Այդ պահին նա դրամի կարիք չուներ, քանի որ Մեսրոպ քեռին կլորիկ մի գումար էր նրան հանձնել։ Դա պատերազմից անմիջապես առաջ Նյու Յորքում Պարգևի կողմից իրացված ափիոնից ստացված գումարի Վարդանի բաժինն էր։

Գրեթե ամեն երեկո Վարդանը Տիրանի հետ միասին մասնակցում էր տարբեր հայկական կոմիտեների ժողովներին։ Հաղթողների միջնորդությամբ իրականացվող ճնշումների շնորհիվ այդ կազմակերպություններին հաջողվել էր ստիպել նոր օսմանյան իշխանություններին պաշտոնապես ճանաչել Իթթիհատի կառավարության մեղքը հայերի «տեղահանությունների» համար և խոստանալ փնտրել և հայրենիք վերադարձնել այն կանանց ու երեխաներին, որոնց ստիպել էին դավանափոխ լինել, ինչպես նաև պարտավորվել 1915 թ. «տեղահանված» հայերի սեփականությունը վերադարձնել։

Կազմվել էր հայերից, թուրքերից, հույներից և անգլիացիներից բաղկացած խառը հանձնաժողով, որը պետք է նախապատրաստեր սեփականության վերադարձին վերաբերող օրենքի նախագիծ։ Հետո ստեղծվել էր Կոստանդնուպոլսի հետաքննության հանձնաժողովը, որը պետք է քններ հայերի դեմ հանցագործություններ կատարած մարդկանց գործերը։ Որպեսզի ոչ մի հանցագործ չխուսափեր արդարադատությունից, Տիրանն ու իր ընկերները ստվար թղթապանակներ էին կազմում, որոնք պետք է հանձնվեին դատավորներին։ Կազմվել էր նաև հայկական պատվիրակություն, որը պետք է մասնակցեր Փարիզում կայանալիք խաղաղության բանակցություններին։ Այդ պատվիրակությանը հիմնականում պետք է ձևակերպեր Հայաստանի տարածքային պահանջները և անվտանգության երաշխիքներ պահանջեր դաշնակիցներից։

Վարդանը մասնակցում էր այդ գործընթացին, սակայն չէր կարող ներգրավվել պաշտոնական որևէ կառույցում, քանի որ արտասահմանում տպագրված հոդվածները նրան կասկածելի էին դարձրել կառավարության աչքում և դա կարող էր վնասել հայերի շահերին։ Մինչդեռ նա կցանկանար բացահայտորեն ծառայել այդ բարդ խնդիրներին, որոնք ծառացել էին հայերի առջև։ Նախկին խորհրդարանականի նրա փորձը կնպաստեր բանակցություններին։ Փոխարենը նա ստիպված էր լռել և բավարարվել ծառայամիտ խորհրդականի դերով։ Երբ իր այդ վիճակից չափից ավելի էր վրդովվում, ինքն իրեն ծաղրում էր՝ ասելով, որ իր մեջ ինքնասիրությունն էր խոսում։ Նրա կուլիսային գործունեությունը նույնքան օգտակար էր, որքան օգտակար կլիներ, եթե պաշտոնական պատգամավոր լիներ։ Միայն փառքն էր պակասում։

Նա հաճախ էր Արուսյակի մասին մտածում, որն այլևս չէր տեսնելու այդ Հայաստանը, ուր նա այդքան ցանկանում էր ապրել, և նա հիշում էր այն երազանքը, որ կինը համարձակվել էր իրեն վստահել մթության քողի տակ՝ մտերմության պահից հետո։ Նա պատկերացնում էր, որ իրենք ապրում էին Վանա լճի ափին կամ էլ Արարատ լեռան ստորոտում գտնվող իրենց տանը։ Նա այդ երկու վայրերի նկարներն էր տեսել։ Դա մեծ տուն էր՝ լի երեխաների՝ իրենց երեխաների ծիծաղով։ Վարդանի դեղատունը առաջին հարկում էր, իսկ ինքը տնային տնտեսությունն էր վարում և իր հաճույքի համար մշակում էր մեծ այգին։ Նա երազում էր, որ միասին ծերանային՝ երջանիկ և իրենց մեծ ընտանիքի սիրով ու հայրենակիցների հարգանքով շրջապատված։

Խեղճ Արուսյակ, որն անմնացորդ նվիրվել էր ուրիշներին։ Կենսախինդ և կրքոտ Արուսյակ, որն իր սերն էր պարգևում շրջապատող մարդկանց այնպես, ինչպես բարդին է սերմերը ցրում քամու հետ։ Անհեթեթ մահին զոհ գնալով՝ նա այլևս չէր վայելելու մայրության բերկրանքը։ Նրա ձայնը մարել էր, իսկ ձեռքերը քարացել էին առհավետ։ Նրա սիրտը... Եվ այդ ամենը այն պատճառով, որ մի օր նա կռացել էր փոսում ընկած կիսամեռ մի մարդու վրա։ Բավարար չափո՞վ էր արդյոք ինքը նրան սիրել։ Ոչ այնքան, որքան նա կուզեր և արժանի էր։ Վարդանն իրեն մեղավոր էր զգում, որ այն գիշեր, Ուրգուպում, ինքը լուռ էր մնացել, երբ Արուսյակն իրեն էր վստահել Հայաստանի իրենց տան մասին երազանքը։

Երկու օրը մեկ Վարդանը ճաշում էր Մեսրոպ քեռու տանը։ Այնտեղ նա անմիջապես մոռանում էր հիվանդանոցի տրտմությունը և ժոդովների գրգռվածությունը՝ ընկղմվելով ընտանեկան մթնոլորտի մեջ։ Սակայն այնտեղ նա էլ ավելի սուր էր զգում Մարոյի և Թովմասի բացակայությունը։ Մեսրոպն ու նրա կինը վճռել էին ապրել այնտեղ, ուր իրենց կյանքը կանգ էր առել 1914 թ., և ապրել այնպես, կարծես պատերազմի տարիները չէին եղել։ Վարդանը շատ լավ էր հասկանում նրանց ինքնախաբեության ցանկությունը։ Նրանք ուզում էին հավատալ, որ ամեն ինչ լինելու էր այնպես, ինչպես եղել էր առաջ, և Վարդանը չէր փորձում նրանց սթափեցնել։ Լուսիկը նույնպես որդեգրել էր այդ ներողամիտ կեցվածքը տարեց ծնողների նկատմամբ։ Տիրանը դրան անկարող էր և գերադասում էր հազվադեպ հայտնվել իր ծնողների տանը։ Այդ իրավիճակը շահեկան էր Արամի համար, որը դարձել էր ինչ-որ չափով նրանց որդին, որին փայփայում էր Արփինե մորաքույրը և երես էր տալիս Մեսրոպ քեռին, որը հանձին նրա տեսնում էր տպարանում իրեն հաջորդողին։

Այդ երեկո, ինչպես ամեն անգամ, երբ նա ազատ ժամանակ էր ունենում, Վարդանը գնաց «Թոքաթլլան» հյուրանոցը։ Կենտրոնական փողոցում, դեսպանատների հարևանությամբ գտնվող հյուրանոցում և նրա մրցակից «Բերա Պալասում» իջևանում էին բոլոր օտարերկրացիները, և այնտեղ խայտաբղետ ամբոխ էր հավաքվում։ Դռնապանը մտերմիկ ողջունեց Վարդանին։ Այդ պատվին արժանանում էին միայն մշտական հաճախորդները։

Իր մարմարե սալերով, թանկարժեք փայտանյութից պատրաստված խնամված կահույքով, թաղարների մեջ աճող արմավենիներով հյուրանոցը պահպանում էր այն հնաոճ նրբագեղությունը, որով հռչակ էր ձեռք բերել պատերազմից առաջ։ Մեծ նախասրահում մի քանի հոգի թերթ էին կարդում։ Հավանաբար ինչ-որ մեկի էին սպասում կամ էլ հետևում էին որևէ մեկի։ Խմբված մարդիկ աշխույժ զրուցում էին։ Նախասրահին կից բարը մարդաշատ էր։ Դեսպանատների աշխատողներ, տարբեր ազգությունների զինվորականներ, գաղտնի գործակալներ տարբեր երկրներից, օտար թերթերի թղթակիցներ, ֆինանսիստներ, արդյունաբերողներ, վաճառականներ և շքեղ մարմնավաճառներ։ Այստեղ մեկ երեկոյի ընթացքում ավելի շատ գործարքներ էին կնքվում, քան բորսայում մեկ շաբաթում։ Տեղեկությունները վաճառվում կամ փոխանակվում էին խելահեղ ռիթմով, և ոչ մի գաղտնիք երկար չէր պահպանվում։ «Թոքաթլյան» հյուրանոցում Վարդանը հաճախ օգտակար տեղեկություններ էր հավաքում հայկական հարցի վերաբերյալ կամ էլ իր հոդվածների համար։

Ճաշասրահից լսվում էր վալսեր կատարող նվագախմբի ձայնը։ Վարդանը բար մտավ և հայացքով փնտրեց Ուիլյամ Դևսոնին։ Ամերիկացի լրագրողին հեշտ էր գտնել ոչ այնքան բարձր հասակի, որքան նրա ճչացող կոստյումների և անբռնազբոս վարքագծի շնորհիվ։ Խմիչքը չարաշահելու հետևանքով նա ավելի ծեր էր երևում, քան իր տարիքն էր՝ քառասունվեց տարեկան։ Վարդանը նրան նկատեց վաճառասեղանի մոտ, ուր նա խոսում էր ուսերը բաց շիկահեր խոշոր մի կնոջ հետ։

— Դոն Քիշոտ,— բացականչեց ամերիկացին՝ Վարդանին տեսնելով։

Այդ ցինիկի կատակն ավելի հաճոյախոսության էր նմանվում։ Վարդանը ժպտաց։ Դևսոնը համբուրեց հարևանուհու մերկ ուսը և միացավ իր ծանոթին, նրան բերելով մի բաժակ շամպայն։ Նրանք տեղավորվեցին սրահի խորքում գտնվող սեղաններից մեկի մոտ։

— Ահա հոդվածները,— ասաց Վարդանը, նրան տալով երկու ծրար։

— Հենց սկզբից գործի՞ մասին։ Մենք դեռ մի կում էլ չենք խմել։

— Ծույլիկների արքայի կենացը,— ասաց Վարդանը բաժակը բարձրացնելով։

— Իդեալիստների արքայի կենացը։

Դևսոնը նայեց ծրարներին, որոնցից մեկը Փարիզ էր հասցեագրված, իսկ մյուսը՝ Նյու Յորք, և բաճկոնի գրպանը դրեց։

— Գիտեք, ինչպես ասում են բողոքական քահանաները, դուք ինձ փորձության եք ենթարկում։ Երբեմն ուզում եմ ձեր փոխարեն ստորագրել ձեր հոդվածները։ Վարդան, բարեկամս, դուք միայն դրանով եք զբաղվա՞ծ։ Միայն գրո՞ւմ եք։

— Ես աքաղաղների հետ եմ արթնանում... այն ժամանակ, երբ դուք պառկում եք քնելու։

— Վանական,— հառաչեց Դևսոնը զվարճացած,— իմ ընկերը վանական է։

Չնայած իր կատակներին, նա հիանում էր Վարդանով, որին նա համարում էր այլասերված աշխարհում հազվագյուտ անկեղծ մարդկանցից մեկը։ Նա նրան թուղթ մեկնեց.

— Սա իմ թերթի հավաստագիրն է։

Վարդանը գրպանից դրամ հանեց.

— Ձեր ծախսերի հատուցումը։

— Ոչ,— հրաժարվեց Դևսոնը։— Ես ձեզ արդեն ասել եմ, որ սա հայերին օգնելու իմ համեստ բաժինն է։ Ինձ խմիչք հյուրասիրեք և այդ մասին այլևս չխոսենք։

Վարդանը շամպայն պատվիրեց իր համար և կրկնակի վիսկի ընկերոջ համար։

— Ձեր վերջին հոդվածը շատ արձագանքներ է ունեցել։ Թերթը հեղեղված է ընթերցողների նամակներով, որոնք մանրամասներ են պահանջում։ Ուստի իմ գլխավոր խմբագիրր ցանկանում է, որ դուք երեսուն-քառասուն էջ գրեք։ Հայկական հարցի պատմությունը, որը նա կհրապարակի չորս կամ հինգ համարներում։

— Հոյակապ է։ Ես մի քանի օրից կբերեմ։

— Մի քանի օրի՞ց,— բացականչեց Դևսոնը սարսափած։— Դուք խայտառակում եք ձեր մասնագիտությունը, վարկաբեկում եք մեզ բոլորիս։ Մեզ շաբաթներ պետք կլիներ այդքանը գրելու համար։

— Ինձ և հարազատներիս համար դա հրատապ գործ է,— պատասխանեց Վարդանը լուրջ տեսքով։

Դևսոնը լրջացավ և հարցրեց.

— Հույս ունեմ, որ դուք պատրանքներ չեք փայփայում հաջողության հասնելու ձեր հնարավորությունների վերաբերյալ։

— Գիտեմ, որ դժվար կլինի։

— Նայեք այս դահլիճին ու այս մարդկանց և ասացեք ինձ, թե ի՞նչ տպավորություն են նրանք թողնում։

Վարդանը պատասխանեց առանց վարանելու.

— Կտակը կարդալուց առաջ նոտարի գրասենյակի նախասրահում հավաքված ագահ ժառանգների տպավորություն։

— Իրավացի եք։ Սրանք Օսմանյան կայսրության լեշը բաժանելու համար բոլոր ծագերից եկած գիշատիչներ են։ Տեսեք։ Անգլիացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ, ամերիկացիներ, գերմանացիներ, բելգիացիներ, հրեաներ, արաբներ, արևելցիներ և նույնիսկ հայեր, սրանք բոլորն այստեղ են, որովհետև շահութաբեր գործարքի հոտն են առել։

Նա ցույց տվեց կարճ կտրած մազերով տղամարդկանց, որոնք շամպայն էին հյուրասիրում իրենց սեղանին նստած թուրք պաշտոնյային։

— Նույնիսկ բոլշևիկներ, որոնք յոթերորդ երկնքում են ժողովրդի փողերով։ Համոզված եղեք, որ նրանք իրենց կողմից վճարված յուրաքանչյուր բաժակը ներդրում են համարում և դրանից կուզեն օգուտ քաղել։ Երբ կգա վճռական որոշումներ ընդունելու պահը, այլևս ոչ ոք չի մտածի սկզբունքների մասին։ Կմոռացվեն գեղեցիկ խոստումները և վեհանձն գաղափարները։ Money talks, այդպես են մեզ մոտ ասում։

— Ես այն հույսով եմ գրում, որ կկարողանամ ստիպել քաղաքականությամբ զբաղվող մարդկանց հիշելու հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության այլ փոքրամասնությունների հանդեպ իրենց ստանձնած պարտավորությունները։

— Հավատացեք ինձ, Վարդան, ֆինանսիստները, վկայակոչելով ազգային շահը, ի վերջո կարողանում են պարտադրել իրենց տեսակետը քաղաքական գործիչներին։ Սա այն Է, ինչ ձեզ պես մտավորականները երբեք չեն գիտակցում։

— Կյանքն ու իրադարձությունները արդեն վաղուց ինձ ստիպել են իրատես դառնալու, Բիլ։ Ես գիտեմ, որ համակրանքի այն ալիքը, որը գոյություն ունի, կսպառվի, և որ, համապատասխանաբար, ժամանակը մեր դեմ Է։ Սակայն դեռևս ոչինչ կորած չէ։

— Ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ այդպես լինի, Վարդան։

Դևսոնը դատարկեց իր բաժակը և հայացքը պտտեցրեց դահլիճով։

— Ապա մի սրանց նայեք,— ասաց նա արհամարհանքով։— Այս սրիկաներն իրենց մորը կծախեն մեկ ոսկե դրամով։

— Դա նախանշում է այս երկրի ապագան։

— Համոզված չեմ, որ այս մարդիկ ի վերջո կշահեն։ Մի օր ես ձեզ կտանեմ իմ տան մոտ գտնվող պանդոկը։ Այնտեղ Թուրքիայի համար այլ ապագա է նախանշվում։

— Ազգայնականնե՞րը։

— Այո, գրազ կգամ, որ հինգ տարուց այստեղ քաղաքացիական պատերազմ կսկսվի։

Էլի խմիչք պատվիրելուց հետո Դևսոնը կոկորդը մաքրեց և հարցրեց՝ ձևանալով, որ կարևորություն չէր տալիս այդ հարցին.

— Ձեր բարեկամները նախապատրաստվո՞ւմ են խաղաղության համաժողովին։

— Այո,— պատասխանեց Վարդանը, որին լրագրողի հետաքրքրասիրությունը կասկածելի թվաց։

— Եվ ի՞նչ, արդյունքներ կա՞ն։

Վարդանը խուսափողական պատասխան տվեց.

— Ճիշտն ասած, ես այնքան էլ տեղյակ չեմ։

Դևսոնը ժպտաց, տեսնելով այդ զգուշավոր դիրքորոշումը, որը նրան բոլորովին չէր վիրավորում։ Նրա կարծիքով, հայերը պատճառ ունեին չվստահելու։

— Ուզո՞ւմ եք իմանալ իմ մտքի էությունը, Վարդան,— ասաց նա՝ բացելով ծխախոտի տուփը։– Ձեր ժոդովուրդը միայն մեկ անդավաճան դաշնակից ունի՝ նախագահ Վիլսոնը։

— Նա իսկապես աչքի ընկնող մարդ է։

— Աչքի ընկնո՞ղ։ Ավելին, նա ձեզ պես իդեալիստ է, սիրելիս։

Դևսոնը մի կում վիսկի խմեց, հետո ծխախոտի ծուխը ներս քաշեց և շարունակեց, ցուցամատը թափ տալով.

— Իդեալիստ է, որն իշխանություն ունի։

Նրա լեզուն արդեն կապ էր ընկնում, սակայն նա պահպանում էր մտքի պայծառությունը։

— Հավատացեք ինձ, Վարդան, եթե դուք ուզում եք իսկապես օգտակար լինել ձեր հայրենակիցներին, ապա պետք է Վաշինգտոն գնաք։ Ամեն ինչ որոշվելու է այնտեղ և ոչ թե Փարիզում։ Նյութեր ներկայացնել նախագահին, հանդիպել նրա խորհրդականների հետ, վկայել սենատորների առջև, ահա թե ինչ պետք է անեք։

Առաջին անգամ չէր, որ Դևսոնը այդ կարծիքն էր արտահայտում։ Վարդանն այն խելամիտ էր համարում, սակայն այդպիսի ճանապարհորդությունն անհնար էր իր համար։

— Իսկ ի՞նչ է ձեզ խանգարում այդ բանն անելու,— հարցրեց Դևսոնը, հենց ինքն էլ դրա պատասխանը տալուց առաջ, որը նա ուղեկցեց տխուր ծամածռությամբ։— Այո, ձեր կինը...

Վարդանը մտովի տեսավ երեք բլուրների վրա տեղադրված այդ քաղաքը՝ Այնթեպը, որով նա անցել էր նախորդ տարի Փաշազադե Շահիր Միթադի նվագախմբի հետ, առանց կասկածելու, որ ինքն անցնում էր Մարոյի և Թովմասի կողքով։