Արարչի ութերորդ օրը

Գրապահարան-ից
Արարչի ութերորդ օրը

հեղինակ՝ Վահե Քաչա
թարգմանիչ՝ Ալ․ Թոփչյան
աղբյուր՝ «Գիշատիչների խնջույքը»


*

«Այդ տղայի անունը գրված էր ձյան վրա,

արևն այն հալեցրեց, իսկ ջուրը տարավ»։

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Երկու շաբաթ անձրևելուց հետո արևը երևաց։ Ես կնոջս ուղեկցում եմ կայարան։ Նա գնացքով մեկնելու է Նիցցա, ուր մի շաբաթ հետո կմիանամ նրան, երբ Մորեստը Փարիզում կլինի ու կաշխատի կլինիկայում։ Ամեն տարի այս ժամանակ իմ հիվանդներին վստահում եմ նրանև մեկ ամսով արձակուրդ եմ վերցնումև մեկնում դեպի Կոտ դ՝Ազյուր, որտեղ ամառանոց ունեմ։ Մորեստը շնորհալի վիրաբույժ է, աշխատում է Լիոնի հիվանդանոցներից մեկում։ Նա Փարիզը սիրում է օգոստոս ամսին։ Աշխատանքն էլ ծանր չէ․ երեսուն օրվա ընթացքում չորս կամ հինգ վիրահատություն։ 

Սյուզանը տեղավորվում է կուպեում։ Նրան մի քանի թերթ եմ բերում․ ճանապարհորդությունը երկար է։ Մեծ ցանկություն ունեմ նրա կողքին մնալ, և թողնել, որ վագոնը ինձ հասցնի մինչև ծով։ Եվս մեկ շաբաթ համբերություն, և ես մեքենայով կլինեմ այնտեղ։ Սյուզանը ժամանակ կունենա բնակարանը կարգի բերելու։ Նա կարող էր մինչև այս անձրևոտ շաբաթները գնալ, բայց գերադասեց մնալ ինձ հետ, և ես ասացի, որ բախտս բերում է։ Քսան տարի է անցել մեր ամուսնությունից, բայց նրա աչքերի փայլը դեռ չի փոխվել։ Մեր զգացմունքները՝ նույնպես։ Քառասունութ տարեկան եմ, սակայն նույն ջերմությամբ եմ սիրում նրան։

— Դու միանգամի՞ց կգաս հիվանդանոց։

— Ժամը ութն է։ Հինգ րոպեից քո գնացքը մեկնում է։ Ես գոնե մեկ անգամ տիկին Կորբյեից առաջ կմտնեմ հիվանդանոց։

Տիկին Կորբյեն երկար ժամանակ է, ինչ աշխատում է ինձ հետ։ Նա բոլոր վիրահատությունների ժամանակ օգնում է ինձ։ Նրա ներկայությունը հուսադրող է։

— Մնաց երկու րոպե։

Օգոստոսի այս օրերին Լիոնի կայարանը լեփ֊լեցուն է։ Գնացքներն իրար ետևից մեկնում են։ Ուղևորները լի են երջանիկ անհամբերությամբ։ Լրագրավաճառուհին պաշարված է ճամպրուկներով և ճանապարհորդներով։ Շուրջս տիրող այս եռուզեռը ի վերջո արբեցնում է ինձ։ Ես նույնիսկ ներողամտորեն թույլ եմ տալիս, որ ինձ հրեն։

— Ցտեսությո՛ւն։

Վերջին անգամ սեղմում եմ Սյուզանի ձեռքը։ Գնացքը դանդաղ սահում է ռելսերի վրայով։ Եվս մի սուլոց, և ես նստած եմ իմ մեքենայի մեջ, հանգստացած գլխով ու երջանիկ, որ ապրում եմ։ Մի շաբաթ հետո ես նորից կտեսնեմ ծովը և ինձ համար այնքան սիրելի ծովափը։

Իմ կլինիկան Բուլոնյան անտառի մոտ է։ Ծանրաբեռնված երթևեկության պատճառով մեքենան դանդաղ եմ վարում։ Կարծես բոլոր մեքենաներն այսօր ժամադրվել են Լիոնի կայարանի մոտ։ Կես ժամ է պետք, որպեսզի հասնեմ Սեն֊Լազար։ Ես կանգնում եմ կրպակի առջև և մի գավաթ գարեջուր խմում։ Արևը, որ երկու շաբաթ խռովել էր, այժմ բաց թողածը փայլուն կերպով լրացնում է։ Ամեն ինչ տոնական տեսք ունի։ Թուլացնող մթնոլորտ։ Դյուպոնի մոտ վաղ առավոտից հոսում է գարեջուրը։ Երիտասարդներն իրենց ճամպրուկներով հավաքվել են երաժշտական մեքենայի շուրջը։ Նրանք սպասում են, որ մեկնելու ժամը հասնի։ Շրթունքներս թրջում եմ փրփրոտ գարեջրով։ Ինձ թվում է, թե քսան տարեկան եմ։

Ի՜նչ համեմատություն փողոցների երթևեկության հետ։ Այստեղ կատարյալ լռություն է։ Բուժքույրերը քայլում են ոտքի ծայրերին, և երբեք նրանց ձայնն այսքան հեռավո չի թվացել, երբ կողքովս անցնելիս շշնջում են․

— Բարև, բժիշկ…

Մի դուռ եմ բացում։ Հիվանդը, որին երկու օր առաջ եմ վիրահատել, ձեռքերը կրծքին խաչած, պառկած է։ Նա սպասում է։ Մենք սպասում են վերքի վերջնական սպիացմանը։ Գանգի վնասված էր։ Վիրահատումն օգնեց… Դուռը զգույշ ծածկում եմ։ Երեք հիվանդ կողքի սենյակում են։ Ես վախենում եմ նրանց արթնացնել, ուստի գնում եմ իմ աշխատասենյակը։ Մի պահ թեքվում եմ պատուհանին։ Աղջիկների մի խումբ մտնում է անտառ։ Նրանց աղաղակներն արձագանքի պետս հասնում են ինձ և հազարավոր զգացումներ արթնացնում։ Ըստ երևույթին, հիվանդանոցն այսօր ընկճեց ինձ։ Արձակուրդի կարիք եմ զգում։ Այս պահին Սյուզանը պետք է հասած լինի Սանս։

— Բարև, բժիշկ։

Տիկին Կորբյեն է։ Նա զարմացած չէ, որ առավոտ շուտ իրեն աշխատասենյակում է տեսնում։ Սովորաբար ես կլինիկա եմ գալիս կեսօրվա մոտ։ Մեծ մասամբ, եթե անհրաժեշտություն չի լինում, վիրահատում եմ կեսօրից հետո, մոտ ժամը երկուսին։

— Տիկինը մեկնե՞ց։

— Հենց նոր ուղեկցեցի կայարան։

Տիկին Կորբյեն ծնվել է հիվանդապահ լինելու համար։ Նա այդ գործի բոլոր տվյալներն ունի․ կանոնավոր դիմագծեր, լավ առողջություն, մշտաժպիտ և նվիրված։ Եկող շաբաթվանից մեկ ամիս արձակուրդ է վերցնելու։

— Առայժմ, բժիշկ։

Բաց պատուհանից ինձ են հասնում աղմուկն ու ծիծաղը։ Մի սիգարեթ եմ վառում։

Նոր սիգարեթ վառելու պահին, մի ծանոթ աղմուկ ճեղքում է օդը․ ոստիկանության ազդանշանն է։ Հավանաբար դժբախտ պատահար է։ Ես չեմ շարժվում՝ հուսալով, որ աղմուկը կհեռանա։ Մեքենան կանգնում է։ Ազդանշանը շարունակվում է։ Մի քանի ոստիկան եմ նկատում։ Մեքենան ներս թողնելու համար բացում եմ դարբասը։

— Բժի՛շկ։

Տիկին Կորբյեն բացում է դուռը։ Ոստիկանական մեքենան կլինիկայի առջև հազվադեպ է կանգնում։

— Գալիս եմ։

Միջանցքում սպասում եմ բարձրացող վերելակին։ Դռները բացվում են պատգարակի վրա։ Արյունոտ գլխով մի մարդ է պարկած։

— Ավտովթար է, ֊ ասում է ոստիկանը։ ֊ Կարծում եմ, լուրջ է, անհետաձգելի։ Եվ քանի որ ձեր կլինիկան ընկած էր մեր ճանապարհին…

Երկու հիվանդապահ ավտովթարի ենթարկվածին տանում են վիրահատման սրահ։ Տիկին Կորբյեն գործիքներն արդեն պատրաստել է։ Ես զննում եմ վիրավորին։ Տղամարդ է, երեսունին մոտ։ Նա տեսքից ամուր է, բայց լուրջ է վնասվածքը։ Գանգի ճեղքվածք։ Արյունը լերդացել է մազերին։ Զննում եմ մոտիկից։ Դեռ շնչում է։ Պետք է բացել գանգը։ Հարկավոր է շտապել։ Հագնում եմ խալաթը, ձեռնոցները։ Ես պատրաստ եմ։ Անհրաժեշտ է մաքրել լերդացած արյունը, փոշին, փշրված ոսկորները …

Գլուխս բարձրացնում են։ Տիկին Կորբյեի հայացքը հանդիպում է ինձ։ Մի անզոր շարժում։ Մարդն արդեն մահացած է։ Գործիքներն առանց օգտագործելու դնում եմ տեղը։

— Հայտնեք ոստիկաններին։

Ես նայում եմ վիրահատման սեղանին դրված այս անշարժ զանգվածին։ Նայում եմ այս մահացած մարդուն ու մտածում կայարանի անցուդարձի և այն ծիծաղող աղջիկների մասին, որոնք վազում են անտառում։ Կոպերը փակելուց առաջ, նկատում եմ, որ նրա աչքերը կապույտ են։

— Ոստիկանները գնացել են։ Նրանց ասել էին, որ վիրահատությունը երկար կտևի։

Ես նույնիսկ չեմ բողոքում։ Ի՞նչ օգուտ։

— Ընտանիքին հայտնեք։

Նրա փաստաթղթերը դրված են սեղանին, հեռախոսի մոտ։ Թերթում եմ։ Մարկ Դյուման, ծնվել է 1927 թվականի մարտի 2֊ին, ինժիներ, բնակվում է Ալեզիա փողոցում։ Հեռախոս՝ GOB֊40֊17։

Տիկին Կորբյեն արդեն հավաքում է համարը։ Նրա մատները չեն դողում։ Հեռախոսի սկավառակը դանակի պես չոր աղմուկով պտտվում է։

— Ալո, GOB֊40֊17 է՞։

Վերցնում է լսափողը։ Պատասխանում է կանացի մի ձայն։ Տիկին Կորբյեն հազում է։ Նա հուզվում է ավելի, քան ենթադրում եմ։

— Տիկին Դյումա՞նն է լսում։

— Ես եմ։

— Դոկտոր Քերլյանի կլինիկայից է։

Հեռախոսալարի մյուս ծայրում ձայնը փոխվում է։

— Կլինիկայից։ Ինչո՞ւ։

Տիկին Կորբյեն վարանում է։

— Կուզե՞ք հասցեն վերցնել։ Բուլվար Մորիս Բարես, Նոյիյում։

— Ինչո՞ւ, ինչո՞ւ։

— Ձեր ամուսինը քիչ առաջ ավտովթարի է ենթարկվել։ Կուզե՞ք այստեղ գալ։

— Մա՞րկը։

— Դուք հասցեն վերցրի՞ք։ Ես կրկնում եմ։

— Վնասվածքը լո՞ւրջ է։

— Մենք ձեզ սպասում ենք։

— Մի՛ կախեքմ, ասե՛ք իձն… Ես հենց հիմա կգամ։

Տիկին Կորբյեն դանդաղ իջեցնում է լսափողը։

Պատուհանի մոտ տագնապով սպասում եմ տիկին Դյումանին։ Կեսօր է։ Սյուզանը պետք է հասած լինի Լիոն։ Այս ժամին անցորդները հազվադեպ են փողոցում։ Ծառուղիով մի քանի հեծյալներ են վարգում։ Հանկարծ մի տաքսի է կանգնում կլինիկայի մոտ։ Սրտի տրոփյունով տեսնում եմ, թե ինչպես մի կին է իջնում։ Վարորդի հետ հաշիվը փակելիս հայացքը չի կտրում կլինիկայից։ Նետվում է դեպի մուտքը։ Տիկին Կորբյեն ընդունարանում սպասում է նրան։ Բուժքրոջը խնդրել էի Մարկի վերքը մաքրել և գլուխը մաքուր վիրակապով փաթաթել։ Անցնում է մի քանի րոպե։ Ես հետևում եմ վերելակի աղմուկին։ Ինչո՞ւ չի բարձրանում։ Նրա ամուսնու մարմինը հարևան սենյակում է։ Անվերջ թվացող հինգ րոպե։ Հետո՛ քայլերի ձայն եմ լսում։ Տիկին Կորբյեն է։ Նա այլայլված է։ Նրան երբեք այդ վիճակում չեմ տեսել։

— Ուզում էր ինքնասպանություն գործել։

Լռություն։

— Լուրը նրան ինչպե՞ս հայտնեցիք։

— Բերանս դեռ չէի բացել, արդեն գուշակեց։ Կարծում եմ քույրերից մեկն է ասել։ Ընդունարան մտնելուն պես նետվեց դեպի պատուհանը։ Ես ճիշտ ժամանակին բռնեցի նրան։ Ի՞նչ անենք։ Նա ցնցված է …

Լռեց։ Ավելի լավ է ես խոսեմ հետը։

— Բերեք իմ աշխատասենյակը։

Քիչ հետո դուռը բացվում է։ Տիկին Դյումանը ներս է մտնում։ Երիտասարդ է, քսանհինգ տարեկան։ Նա բռնել է ստամոքսը, շնչահեղձ է լինում։ Նրա աչքերը չոր են։ Ես խոսք չեմ գտնում ասելու։

— Ձեր ստամոքսը ցավո՞ւմ է։

Նա բացասաբար շարժում է գլուխը։ Նրա վարքը տարօրինակ է թվում ինձ։ Մոտենում եմ, շոշափում որովայնը։ Մկանները կծկված են, ինչպես կույր աղիի նոպան բռնելիս։ Տիկին Կորբյեն նայում է ինձ։

— Նստեցեք, խնդրեմ։

Նրա շրթունքները սեղմվում են․

— Ես ուզում եմ ճշմարտությունն իմանալ։

Մնում է քարացած։ Չի շարժվում։ Բաց գույնի շրջազգեստով նման է արձանի։ Դիմագծերը նուրբ են։ Անշարժ աչքերը չեն լքում ինձ։ Ժամանակն է, որ ես մի երկու խոսք ասեմ։

— Երեխաներ ունե՞ք։

Ոչ մի արձագանք։ Տիկին Կորբյեն տարուբերում է գլուխը։ Երեխաներ չունի։ Կարիք կա՞ ճշմարտությունն ասելու։ Հանկարծ մի անսովոր կայծ է փայլում նրա աչքերում։ Այդ առկայծումը ծանոթ է ինձ։ Ես համոզված եմ․ լուրը լսելիս, այդ փխրուն կինը, որ ցավագին բռնել է փորը, ինքնասպանություն չի գործի։ Իմ պատուհանը բաց է։ Նրա մկանները կծկված են։ Ես վախենում եմ նրա ջղերից։ Կդիմանա՞ն արդյոք հարվածին։ Ես լրջորեն վախենում եմ։ Արդյոք դրանից հետո տիկին Կորբյեն ստիպված չի՞ լինի խելագար հանելու այս սենյակից։ Հիմա ես միայն մի ելք եմ տեսնում։ Մի քանի ժամից հետո կպարզվի, թե ինչ կլինի։ Ես դժվարությամբ արտասանում եմ․

— Ձեր ամուսինը դեռ ողջ է։

Թեթևություն է իջնում։ Նա ընկնում է բազկաթոռին։ Վերցնում է իմ առաջարկած սիգարեթը։ Ձեռքերը դողում են։ Ես կուզեի նրան տեսնել արցունքներով ողողված։ Լացը կթեթևացներ։ Բայց նրա աչքերը մնում են չոր։ Երբեմն֊երբեմն չար բռնկումներ են երևում այնտեղ։

— Վիրահատե՞լ եք։

— Ոչ։

Խուզարկու հայացքով նայում է ինձ։ Ավելացնում եմ․

— Կոմայի մեջ է։

— Կարո՞ղ եմ նրան տեսնել։

Մի պահ վարանում եմ։

— Ուզում եմ նրան տեսնել, բժիշկ։

— Եկեք։

Առաջնորդում եմ նրան միջանցք։ Բացում եմ դուռը։ Մարկը, փաթաթված գլխով, ընկած է մահճակալին։ Ասես քնած լինի։ Կինը մի քայլ է անում դեպի մահճակալը, կանգնում, դառնում է ինձ․

— Ե՞րբ եք մտադիր վիրահատել։ Արդյոք անհրաժե՞շտ է։

Ճերմակ սավանները, մաքուր վիրակապը, Մարկի հագուստն այնպես է դասավորված աթոռին, որ կարծես պետք է օգտագործվեն և դրանով էլ հույս են ներշնչում։

Կինը թեթևացած վերադառնում է իմ աշխատասենյակը։ Նորից հարցնում․

— Արդյոք վիրահատությունը անհարժե՞շտ է։

Մեղավո՞ր եմ ստելուս համար։ Ինչպիսի՞ն կլինի հակազդեցությունը ճշմարտությունը լսելու պահին։ Հակասական մտքերը բախվում են իմ ուղեղում։ Քանի՜ տարի է, որ չէի վարանել։ Ճշմարտությո՛ւնը, իսկույնևե՛թ։

Մի մեծ հոգնություն պարուրում է ինձ։ Ես խղճում եմ այս գեղեցիկ, երիտասարդ, սիրազեղ կնոջը։ Անձրևին հաջորդած այս արևի հետ մահն ավելի ողբերգական է թվում։ Ես պատասխանում եմ․

— Առայժմ վիրահատումը կարելի է հետաձգել։ Բայց պետք է ձեզ հայտնեմ, որ նրա վիճակը լուրջ է։

— Բայց և այնպես դուք նրան կբուժեք։ Նա դուրս կգա այդ վիճակից…

Լռում եմ։

— Մարկը երիտասարդ է և ամրակազմ։ Այս առավոտ մեքենա նստելիս…

Նա հանկարծ լռում է։

— Լսեք։ Վերադարձեք տուն։ Ձեր հեռախոսի համարը գիտեմ։ Այս երեկոյից սկսած ձեր նորություններ կհայտնեմ։

Նա միանգամից վեր է կենում և կարծես գլխի ընկնելով, որ իմ աշխատասենյակը սպասասրահ չէ, ուղղվում է դեպի դուռը։

— Խոստանում եմ ձեզ զանգահարել։

Չեմ համարձակվում ավելացնել՝ «հանգիստ եղեք»։

— Ես չեմ կարո՞ղ Մարկի կողքին մնալ։

— Խոհեմ եղեք։

— Ես նրան չեմ անհանգստացնի։

— Անկարելի է։

Նա շարժում է շրթունքները, պտտում բռնակը։ Մնում է միջանցքում, պատին կպած, Մարկի սենյակի դիմաց։

Մեկ ժամ հետո տիկին Կորբյեն մտնում է իմ աշխատասենյակ։

— Նա դեռ այնտեղ է, բժիշկ։ Ի՞նչ անեմ։

— Դեռ համբերեք։

Գնում եմ հիվանդներին նայելու։

Միջանցքում կանգնած է տիկին Դյումանը՝ ձեռքերը մեջքին, պատին հենված։ Նրա հայացքը դատարկ է։ Ես անցնում եմ նրա կողքով, առանց որևէ ուշադրություն շարժելու։

Իմ ստուգայցը երկար չի տևում։ Աշխատասենյակի մոտ տիկին Դյումանը դառնում է ինձ․

— Բժիշկ, դուք չե՞ք քննելու իմ ամուսնուն։

Մնում եմ տեղումս մեխված։ Վերականգնում եմ սառնասրտությունս։

— Այսօր կեսօրից հետո նրան կնայեմ։ Դուք չեք ուզո՞ւմ վերադառնալ տուն։

Չի պատասխանում։

— Եկեք միասին նախաճաշենք։ Երկուսն անց է։

— Քաղցած չեմ։

Չեմ ստիպում։ Առանց ախորժակի գնում եմ նախաճաշելու։

Ժամը չորսն է։ Մի քանի նշումներ եմ կատարում 18֊րդ դարի վիրաբուժության վերաբերյալ։ Նոյեմբերին կայանալիք խորհրդակցության համար հարկավոր է տվյալներ ճշտել։

Փողոցում երթևեկությունն աշխուժացել է։ Մեքենաներն շտապում են դեպի հարավային խճուղի։ Բոլորը մեկնում են։ Մի քանի օր հետո լքված Փարիզը կմնա տուրիստներին։ Քիչ առաջ Լիոնից զանգահարեց Մորեստը։ Հինգ օր հետո նա կլինի Փարիզում, և ես հնարավորություն կունենամ նախատեսված ժամկետից շուտ մեկնել։

Հանկարծ հիշում եմ տիկին Դյումանին։ Արդյոք նա Փարիզում է մնալո՞ւ։ Ազգականներ ունի՞։ Վեր եմ կենում։ Բացում եմ դուռը։ Պետք է վերջ տալ այս ամենին։ Արդյոք իմ կողմից ստորություն չէ՞ նրան զուր հույսերով սնելը։ Նրա ամուսինը մեռած է։ Ամեն ինչ վերջացած է։ Ես նրան տեսնում եմ նախկին դիրքով, ոտքի վրա։ Տիկին Կորբյեի տված ամսագրերը ընկած են աթոռին։ Նրա հայացքն ինձ վախեցնում է։

— Կբարեհաճեի՞ք մտնել։

Ափսոսանքով անջատվում է պատից ու մտնում իմ աշխատասենյակը։ Ցույց եմ տալիս բազմոցը։ Նստում է։

— Դուք իմ գործը դժվարացնում եք։

— Ինչո՞ւ։

Իսկապես, ինչո՞ւ։ Զգում եմ, որ տարվել եմ իմ ստով։ Ես նրա հետ այնպես եմ խոսում,ասես ամուսինը դեռ կենդանի է։ Փոխում եմ խոսելուս տոնը։

— Ծնողներ ունե՞ք Փարիզում։

— Ծնողներս մահացած են։ Մարկից բացի ուրիշ ոչ ոք չունեմ։

Դարակում փնտրում եմ ծխամորճս։ Առանց շտապելու լցնում եմ։

— Իսկ Մարկի ծնողնե՞րը։

— Նրանք Կանադայում են։

— Եղբայր, քույր ունե՞ք։

— Միայն Մարկը։

— Քանի՞ տարեկան էիք, երբ ձեր ծնողները մահացան։

— Ես շատ ջահել էի։ Որոշ ժամանակ մնացի մորաքրոջս մոտ, հետո հանդիպեցի Մարկին։

Վառում եմ ծխամորճս։ Ծուխը ծուլորեն ոլորվում է։

— Ձեր մորաքույրը դեռ ո՞ղջ է։

Հայացքը դանդաղ ուղղում է ինձ․

— Ինչո՞ւ եք այդ բոլորը հարցնում։ Ես ամեն ինչ ասացի, Մարկը, ուրիշ ոչ ոք…

— Լսեք…

Ես չեմ ուզում նրան հանկարծակիի բերել, բայց անհրաժեշտ է որոշ ճշմարտություններ բացել։

— Մարկը մյուսների պես մի մարդ է։ Նա էլ մսից ու արյունից է։ Պատուհանից նայեք և հազարավոր մարդկանց կտեսնեք, որոնք Մարկի նման են։ Դուք, ես, հիվանդապահները, բոլորս։ Արյունից, մկաններից, նյարդերից, ուղեղից ենք։ Մի գեղեցիկ մեքենա, բայց ենթակա առաջին իսկ պատահարին։ Մենք անկարող ենք դրա դեմ։ Ոմանք հասնում են վերջնակետին, ոմանք էլ ճանապարհին են մնում։

Իրեն Դյումանը համառորեն շարժում է գլուխը։

— Մարկը կբուժվի։

Դատարկում եմ ծխամորճս։ Ծխախոտը դեռ առկայծում է մոխրամանում։

— Ենթադրենք, նա աղետի է ենթարկվել։ Ես ձեզ ասացի, նրա վիճակը լուրջ է։

— Նա դուրս կգա այդ վիճակից։ Այլապես…

— Այլապես ի՞նչ։

— Ոչինչ։ Ես ուզում եմ նրան տեսնել։

— Ո՛չ։ Բայց դուք կարող եք մնալ իմ աշխատասենյակում։

— Ես գերադասում եմ սպասասրահը։

Գնում է դուրս։

Կիսաբաց դռան միջով ես տեսնում եմ Իրեն Դյումանի կիսադեմը։ Նա հրաժարվել է ամեն տեսակի սնունդից։ Շարունակ ոտքի, ձեռքերը թիկունքին, մեջքը թեթևակի կքած, ասես պարմանուհի լինի։ Նրա աչքերը սևեռված են այն սենյակի դռանը, որտեղ պառկած է Մարկը։ Ես չեմ համարձակվում բացել այդ դուռը։ Ես իրավունք չունեմ այդ աստիճան խաբելու։ Տիկին Կորբյեին եմ ուղարկում։ Նա մտնում է ու նորից դուրս է գալիս։ Նրա այցելությունը հանգստացնում է Իռեն Դյումանին։ Երկու ժամ հետո, այսինքն՝ կլինիկայից դուրս գալուց առաջ, հարկավոր է մի բան որոշել։ Մահվան խնդիրը իմ գիտակցության մեջ երբեք այս կերպ չէր դրվել։ Ես պրպտում եմ հուշերս։ Քսան տարվա ընթացքում, այս կլինիկայի մեջ, ոչ ոք այնպես չէր վարվել, ինչպես այս կինը։ Պատահել է, որ հաճախ մխիթարել եմ որևէ անհաջող վիրահատվածի ազգականներին, բայց երբեք չեմ ցուցաբերել այսպիսի թուլություն, որի դեմ այժմ պայքարել եմ փորձում։

Հոսող ժամերի հետ ջլատվեց նաև իմ կամքը։ Բայց, աստվա՜ծ իմ, այսօր եղանակն ինչո՞ւ է այսքան բարեհաճ։ Անտառից ինձ հասնող ձայներն ինչո՞ւ են ուրիշ տեսակ հնչում։ Արձակուրդների, մարդկանցով լցված կայարանների, անտառում զբոսնողների հետ մահվան գաղափարը չի խարսխվում իմ ուղեղում։ Չեմ ուզում հավատալ, թե բավական է մի արյունահոսություն, որպեսզի կյանքի թելը կտրվի։ Չեմ ուզում հավատալ, որ մի անզգույշ ակնթարթը մեքենայում՝ կարող է երկու սիրող էակներ անջատել։ Այնուամենայնիվ, ես ստիպված եմ ընդունել, որ ինձնից ոչ հեռու մի մեռած մարդ կա, որը հարություն է առնում իմ ստով։ Ես վճռում եմ․

Կլինիկայից դուրս գալուց հետո, Իռեն Դյումա՛ն, անհուսության ծանրությունը չեք զգա ձեր ուսերին։ Ձեր սիրտը հավերժորեն չի փակվի։ Դուք ինքնասպան չեք լինի։ Ձեր նյարդերը կդիմանան այդ հարվածին։ Դուք կվերագտնեք ձեզ։ Ես իմ սուտը ժամանակավորապես կպնդեմ և կկարողանամ ձեզ հաշտեցնել կյանքին՝ առանց Մարկի։

Սյուզանը պետք է տեղ հասած լինի։ Ամբողջ ձմեռվա ընթացքում տունը մնացել է փակ։ Գործն անպակաս է։ Բարձերը հարկավոր է պատշգամբ հանել, փոշին մաքրել, ճամպրուկները դասավորել։ Սյուզանը սիրում է իր աշխատանքային օրակարգը։ Եկած օրվանից սկսում է իր շուրջբոլորը կարգի բերել։ Ես վաղ առավոտյան կզանգահարեմ նրան։

Այս որոշումն ինձ անմիջապես հանգստացնում է։ Զգում եմ, որ չեմ սխալվում։ Իրեն Դյումանը երիտասարդ է, նա կարող է վերակառուցել իր կյանքը, բայց պետք է որ հենարան տամ նրան։ Պետք է, որ նոր աչքերով, առանց իր ամուսնու՝ վերագտնի կյանքը։ Իմ անելիքը հեշտ չէ։ Իրենը նման է մի վիրավոր գազանի։ Ես ոչինչ չկարողացա անել նրա ամուսնուն փրկելու համար։ Սակայն Իրենին ես կբուժեմ։

Միջանցքում, ինձ տեսնելով, նա շտկվում է։ Նրա շրթունքները սեղմվում են։ Առանց վարանելու բացում եմ դուռը և հայտնվում Մարկի սենյակում։ Շերտափեղկերն իջեցված են։ Սենյակում դատարկություն է բուրում։ Ես թեքվում եմ դիակի վրա։ Փոխում եմ մարմնի դիրքը։ Հետո բացում եմ դուռը և Իրենին մոտենալու նշան անում։ Մի աննշան մանրամասն ինձ տակնուվրա է անում․ սենյակ մտնելուց առաջ Իրենը հենվում է բռնակին և հանում կոշիկները՝ ոտնաձայները խլացնելու համար։ Ներս է մտնում բոբիկ ոտքերով և անկողնի առջև անշարժանում։ Ծանր պատկեր է։ Ձեռքս դնում եմ Իրենի ուսին և տանում միջանցք։ Նա հագնում է կոշիկները։ Արդյոք նրան բնակա՞ն է թվում Մարկի նոր դիրքը՝ աջ կողքին պարկած։ Անշուշտ, քանի որ այդ մասին հարցեր չի տալիս։

— Բժիշկ, կարո՞ղ եմ ձեզնից մի շնորհ խնդրել։

Նա հիմա ավելի խաղաղ է թվում։

— Ասացեք։

— Ես կուզեի գիշերն ամուսնուս մոտ անցկացնել։

Ես այդ սպասում էի։ Մտածում եմ։

— Մի պայմանաով։ Նախ, կգաք ինձ հետ ճաշելու։

Նրա կոպերն իջնում են, կարծես պատրաստվում էր ասելու․ «Ես քաղցած չեմ», բայց համաձայնում է։

— Շնորհակալություն, բժիշկ։

Նա անխոս, պարապ հայացքով, կծկվեց մեքենայում։ Որոշում եմ նրան ճաշելու տանել մի նավ֊ճաշարան, հետո մտադրությունս փոխում եմ։ Մենք կճաշենք Էյֆելյան աշտարակի ռեստորանում։ Նրա կարծիքը չեմ հարցնում, քանի որ կռահում եմ պատասխանը։ Նրա համար միևնույն է։

Լույսերով ողողված Շանզ֊Էլիզեում մեծ բազմություն կա։ Բոլոր տուրիստները ժամադրվել են Էտուալում։ Իրենը ոչինչ չի նկատում, կարծես տափաստանով անցնելիս լինենք։ Հասնում ենք Էյֆելյան աշտարակ։ Նա ինձ հնազանդորեն հետևում է և վերելակում հարցնում․

— Հիվանդապահները գիտե՞ն, որ դուք այստեղ եք։

— Ես հիմա կզանգահարեմ կլինիկա։ Անհրաժեշտության դեպքում նրանք ինձ կկանչեն։

Դա արդեն սովորություն է։ Քսան տարուց ի վեր, ամեն երեկո ես իմ բացակայությունն այսպես եմ ապահովում։

Մենք տեղավորվում ենք մի խաղաղ անկյուն։ Սրահը կիսով չափ դատարկ է։ Իրենը աչք է ածում կերակրացանկը և դնում պնակի վրա։

— Ընտրեցի՞ք։

Նա բացասաբար շարժում է գլուխը։

— Քաղցած չեմ։

— Դուք երեխայի պես եք ձեզ պահում։

— Քաղցած չեմ։

Չեմ ընդդիմանում։ Կանչում եմ մետր դ՝Օթելին։

— Տիկինը ճաշել է։ Ինձ տվեք արտիշոյի միջուկներ, մի շերտ սաղմոն և տապակած հավ։ Եվ մի շիշ շամպայն։

Ծխախոտի տուփը դնում եմ սեղանին։ Մի՞թե իմ առաջին փորձը պիտի ձախողվի։ Օ՜, ես գիտեմ, որ մասնակցելով այս ճաշին, դրությունը չենք փոխի, բայց կուզենայի, որ նա ախորժաբեր խորտիկներ ճաշակեր, որպեսզի մի պահ շեղվեր ուշադրությունը։ Բայց փորձությունների լանջին՝ հրել պետք չէ։ Սաղմոնը համեղ է։ Նրա վարքը հուսահատեցնում է ինձ, և ես խուսափում եմ երկրորդ անգամ հրավեր անել։ Կարողանում եմ նրան մի փոքր շամպայն խմեցնել և վերջացնում եմ ճաշս։ Մենք տերրաս ենք դուրս գալիս։ Օդը հեշտալի է։ Փարիզը մեր ոտքերի տակ նմանվում է մակետի։ Լույսերն ամենուրեք թարթում են։ Այցելուները հավաքվում են մեր շուրջ։ Կարծես Բաբելոնի աշտարակը լինի։ Իրենը նայում է աստղերին, թարձրացող շենքերին, որոնք քաղաքն են կազմում։ Այս շենքերի անհամար լուսավոր պատուհանների ետևում ստվերներ են շարժվում։ Արդյոք այս պատկերով չէ՞ր, որ ուզեցի նրան հողից կտրել։ Ես, իհարկե, գործել եմ անգիտակցորեն։ Իմ միակ հատուցումն էր նրա շրթունքների շարժվելը տեսնել։

— Ի՜նչ փոքր է այս ամենը…

Ես նրան թողնում եմ խորհել այնքան, մինչև որ մեկը կանչում է ինձ։ Հանդերձապահն է։ Ես նրան նշան եմ անում։

— Բժիշկ Քերլյան, ձեզ սպասում են կլինիկայում։

— Շնորհակալ եմ։

Իրենը բռնում է ձեռքս։ Նա համոզված է, որ գործը իր ամուսնուն է վերաբերում։ Ինչպե՞ս հասկացնեմ, որ ոչինչ չկա։ Հանդերձապահը կապվեց կլինիկայի հետ և կախեց հեռախոսը։

— Գնանք տեսնենք։

— Ի՞նչ կարող է պատահած լինել նրան, բժիշկ։

Վստահեցնում եմ նրան։ Գուցե գործը անցած օրվա վիրահատվածին է վերաբերում։ Գուցե նրա վիճակը վատանում է։ Արյունահոսություն։

Քառորդ ժամ անց հասնում ենք կլինիկա։

Վերելակից դուրս գալիս, նա բռնում է թևս։

— Դիմացն է, բժիշկ։

Մի բուժքույր ինձ հայտնում է, որ սպասում են վեցերորդ հիվանդասենյակում։ Իրենը շունչ է քաշում։ Ես նրան խնդրում եմ աշխատասենյակում սպասել և գնում եմ հիվանդին այցելելու։

Կես ժամ հետո նրան գտնում եմ միջանցքում։

— Լո՞ւրջ էր։

— Երբ գլխի վիրահատություն է, խնդիրը միշտ լուրջ է։

Ես կշռադատում եմ խոսքերս․

— Ամենափոքր վարակը, ամենափոքր արյունահոսությունը մահ է։ Մենք անզոր ենք դրա դեմ։

Իրենը լարված դեմքով, համառորեն նայում է ինձ, հետո, մի քաղցր ձայնով, որ մինչ այդ չէի նկատել, ասում է․

— Մարկը դուրս կգա այդ վիճակից, այդպես չէ՞։

Հոգնաբեկ ես պատրաստվում էի ամեն ինչ խոստովանել, բայց այդ քաղցր ձայնը ինձ զինաթափում է․

— Մի կերպ դուրս կգանք։

Կեսգիշերն անց է։ Վերցնում եմ պայուսակս և Իրենին տանում դեպի վերելակ։

— Դուք խոստացաք, որ ես Մարկի կողքին կմնամ։

— Ո՛չ այսօր, ո՛չ այս երեկո։ Դուք նրան կխանգարեք։ Վաղը…

Նրան նստեցնում եմ մեքենա։ Հասնում ենք Ալեզիա փողոց՝ Իրենի տուն։ Իջնում է, մի պահ կանգ առնում։

— Բարի գիշեր, բժիշկ։ Շնորհակալություն։

Ես գլխով պատասխանում եմ, քանի որ խոսելու ցանկություն չունեմ։ Վերադառնում եմ տուն։ Սյուզանի բացակայությունն ինձ նեղում է։

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Առավոտյան իմ վարքն ինձ թվում է անհեթեթ։ Մահացել է մի մարդ։ Կինը եկել է կլինիկա։ Իմ պարտքն է նրան ասել ճշմարտությունը։ Ես չեմ ակրող դիակը երկար ժամանակ պահել և հաստատել իմ սուտը։ Գոնե հոգեվարքի մեջ լիներ, գոնե հազար հույսից մեկը լիներ… Բայց նա մեռած է, իսկապես մեռած։ Կինը վաղ թե ուշ կիմանա այդ մասին։ Գուցե նա նույնիսկ զայրանա՝ ճշմարտությունն իրենից թաքցնելու համար։

Բացում եմ փեղկերը, և արևը ողողում է սենյակը։ Փակ պատուհաններով ավտոբուսը պտտվում է Վիկտոր Հյուգոյի հրապարակում։ Այս ժամին Սյուզանը պետք է որ տեղավորված լինի ծովահայաց պատշգամբում։

Ժամը ութն է։ Սուրճս կխմեմ այստեղ։ Ես մտածում եմ խոհանոցի մասին, այն մտադրությամբ, որ հեռախոսի մոտով անցնելիս մահվան լուրը հայտնելու համար, տիկին Դյումանի համարը կհավաքեմ։ Ճիշտ չե՞մ միթե։ Յուրաքանչյուր ընտանիքում մեկը մյուսից առաջ է մահանում։ Պետք է կարողանալ հաշտվել դրան։ Ես վերհիշում եմ համարը․ GOB֊40֊17։ Հեռանում եմ պատուհանից և հեռախոսի մոտ մի բուռ արև եմ տեսնում։ Հեռախոսը հայելու պես փայելում է։ Որոշում եմ խմել սուրճս։

Անկասկած արձակուրդի կարիք ունեմ, քանի որ գլխումս ներհակ մտքեր են պտտվում։ Ամենապարզ լուծումը՝ նրան ճշմարտությունը հայտնելն է։ Նա դրանից չի մահանա։ Կխելագարվի՞ արդյոք։ Ինքնասպանության փորձ կանի՞։ Ես ինձ պատկերացնում եմ նրա վիճակում։ Զանգ։ Վերցնում եմ լսափողը։ Ինձ հայտնում են կնոջս մահը։ Առաջին հարց․ ինչպե՞ս մահացավ։ Հեռախոսի տարբերակը համարում եմ չեղյալ։ Դա շատ ստոր է։ Մեքենայի պատահար։ Ինչպե՞ս։ Կինս շատ զգույշ է վարում։ Մի ուրիշ մեքենա է պատահարի պատճառ դարձել։ Ընդունեցինք։ Ի՞նչ են արել։ Շտապ օգնության մի մեքենա եկավ, որ նրան կլինիկա տանի, բայց արդեն ուշ էր։ Նա մահացած է։

Սուրճի բաժակը դնում եմ տեղը և նկատում, որ չնայած վիրահատման քսան տարվա իմ փորձին, կնոջս մահը չեմ կարողանում ընդունել։ Կընդունեի՞ արդյոք, եթե անկողնում մահացած լիներ։ Իհարկե, ավելի հեշտ, բայց պատահարն այնքա՜ն անհեթեթ է։ Տասնյակ հարցեր են ծնվում․ ինչո՞ւ ավտոմեքենա նստաց։ Եթե երկու րոպե ուշ գանցած լիներ… դա հանդուրժելի չէ։ Սուրճս դառնացել է։ Վերցնում եմ լսափողը։

— Ես կուզեի զանգահարել Նիցցա։

Նկատում եմ, որ քրտնել եմ։ Տագնապով սպասում եմ հինգ րոպե, վստահ, որ մի օտար ձայն է ինձ պատասխանելու։ Ոչ, դա Սյուզանի հանդարտ ձայնն է։

— Դո՞ւ ես, Անդրե։

Թողնում եմ, որ նա խոսի։ Ըմբոշխնում եմ նրա մտերիմ ձայնի երանգը։ Վերջացնելով խոսակցությունը, ինձ գտնում եմ նույն կետում։ Պե՞տք է արդյոք Իրեն Դյումանին հայտնել իր ամուսնու մահը, թե՞ մի փոքր էլ համբերել։ Շարունակե՞լ սուտը, օր֊օրի լրջացնելով նրա ամուսնու վիճակը, օր֊օրի վրա հույսի մի բեկոր խլելով նրանից՝ հաշտեցնե՞լ մահվան մտքին։ Գուցե։

Հասնելով կլինիկա Իրենին գտնում եմ միջանցքում։ Նա հագել է ճերմակ, շատ պարզ մի շրջազգեստ։ Գիշերը դեմքին նուրբ ակոսներ է փորել, որոնք ավելի են գեղեցկացրել նրան։ Ես կարողություն չունեմ Իրենին խորհուրդներ տալու։

— Դուք նրան վիրահատելո՞ւ եք, բժիշկ։

— Առայժմ ոչինչ չեմ կարող ասել։

Ես կանչում եմ տիկին Կորբյեին, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ։ Մի քանի գրառումներ եմ անում։

— Եկեք։

Իրեն Դյումանը մոտենում է։ Ես նրան ցույց եմ տալիս Մարկի անկողինը՝ մի թափանցիկ վերմակով ծածկված։ Գլուխը հազիվ է երևում ծածկոցի տակից։ Մարմինը փայտացած է։ Մեռելային գույնը Իրենը չի նկատի։ Ասում եմ․

— Ես նրան թմրացրել եմ։ Սա մի միջոց է, որը վերացնում է մարմնի հակազդումները նյարդաբախումների ժամանակ։ Եթե նյարդաբախումը չափավոր է, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Եթե նյարդաբախումն ուժգին է, հակազդումը գերազանցում է մարմնի դիմադրողականությունը և … ոչ ոք ոչինչ անել չի կարող։

Լռություն։ Նա շարժում է շրթունքները։

— Մարկը կդիմադրի նյարդաբախմանը։

— Ես ձեզ ոչինչ չեմ կարող հավաստիացնել։

— Ես վստահ եմ։

Նա այդ խոսքերն այնպիսի համառությամբ է ասում, որ փշրում է սիրտս։ Դուրս ենք գալիս սնեյակից։ Ըստ սովորության, նրան թողնում եմ միջանցքում։ Ես ետուառաջ եմ անում իմ աշխատասենյակում։

— Իրեն։

Նա առանց հանկարծակիի գալու, բարձրացնում է գլուխը։ Ես նրան այնպես եմ ընտելացել այս քսանչորս ժամվա ընթացքում, որ որոշում եմ անունով կանչել։

— Դուք միջանցքում մնալ չեք կարող։ Խանգարում եք սպասարկող կազմին։ Առանց ուզելու, խանգարում եք նաև ինձ։ Եկեք, դուրս գանք։

— Մենք կվերադառնա՞նք։

— Մենք կվերադառնանք։

Ես մտածում եմ նրան մորգ տանել և դիակներ ցույց տալ, ընտելացնել անշարժ նյութին, ստիպել, որ ձեռք տա Մարկի տարիքն ունեցող անկյանք, երիտասարդ, գեղեցիկ մարդու դեմքին։ Այդպիսի մահ ամեն օր լինում է։ Ի՞նչ պատճառ բռնել։ Հանկարծ մտածում եմ կատակոմբների մասին և մեքենան ուղղում դեպի Դանֆեր֊Ռոշըրոյի հրապարակը։ Ցնցումն այնքան սաստիկ չի լինի։

— Հասանք։

Նա հնազանդորեն, առանց հարց տալու հետևում է ինձ։ Նրան ամենուր կարող եմ առաջնորդել, պայմանով, որ վերադառնանք կլինիկա։ Մուտքի մոտ տասներկու հոգի հերթի կանգանած սպասում են։ Մի քանիսը զինված են գրպանի լապտերով։ Անհոգ դեմք ունեն։ Հետևում ենք գիդին՝ մի նիհար երիտասարդ, որը վզին թաշկինակ ունի փաթաթած։ Իրենը քայլում է կողքիս։ Ես նրան հարցնում եմ, թե մինչ այս եղե՞լ է կատակոմբներում։ Նա բացասաբար շարժում է գլուխը։ Երևում են առաջին ոսկրակույտերը։ Նա կկոցում է աչքերը։ Ռունգները կծկվում են։ Ուշադրությամբ հետևում եմ նրան, չուզենալով ամենափոքր մանրամասն անգամ վրիպել։ Մեզանից առաջ անցած գիդի ձայնը հազիվ ենք լսում։ Շվեդացի մի տուրիստ լապտերը ման է ածում զարդերի պես շարված կոնքոսկրերի և գանգերի վրայով։ Իրենը չի համարձակվում ինձնից մանրամասնություններ հարցնել։ Ես նրան ասում եմ․

— Ցուրաքանչյուր քայլափոխին մենք անցնում ենք տասնյակ տղամարդկանց և կանանց մոտով, որոնք քայլել են, որոնք կերել են, որոնք սիրել են իրար։ Որքա՜ն վսեմ է, միաժամանակ որքան սովորական։ Սրանք մարդիկ են, որոնք ապրել են Փարիզում, նրանք կոչվում էին Ֆիլիպ, Ռոլան, Ռոբեր, Մոնիկա կամ գուցե Իրեն, կամ գուցե Մարկ։

Մնում ենք մի կողմում, մթության մեջ։ Նա մրմնջում է․

— Այո … նրանք գոյություն են ունեցել․ Ֆիլիպը, Ռոլանը, Ռոբերը, Մոնիկան, Իրենը… Մարկը։

— Եկեք, նրանք մեզանից առաջ են անցել։

Մեր քայլերն արձագանքում են այս չարաշուք միջանցքում։ Վերջապես՝ ելքը։ Լույսը վախով սահում է աստիճանների վրայով։ Նա վերջին հայացքն է նետում ետ, հետո դանդաղ բարձրանում։ Դրսում արևը կուրացնում է։ Սրճարանում նստած մարդիկ ապերետիվ են խմում։ Իրենը մտասույզ, լուռ քայլում է։ Ինձ հետ մտնում է ռեստորան, նստում է և, երբ մենյուն եմ ներկայացնում նրան, ցնցվում է։

— Պատվիրեք ինձ համար։ Ես քաղցած չեմ։

Պաղ կերակուրներ և գարեջուր եմ պատվիրում։ Իր պատառաքաղով պոմիդորի մի շերտ է վերցնում, առանց ախորժակի տանում բերանը։ Հետո մի ուրիշ շերտ է վերցնում։ Մի պատառ հաց է կտրում, թաթախում ձեթի և քացախի մեջ, վերցնում գարեջրի բաժակը, կիսով չափ խմում, մաքրում շրթունքների փրփուրը և վերսկսում ուտել։ Այս փոքրիկ մանրամասներն ինձ հուսադրում են։ Նա լավ նախաճաշում է, խմում սուրճը, ընդունում իմ հրամցրած ծխախոտը։ Ծխի երեք քուլա թողնելուց հետո ասում է․

— Մարկի մոտ ենք վերադառնո՞ւմ։

— Քիչ հետո։ Մի պահ մոռացեք նրան։

Մարդիկ են անցնում, լողափի պայուսակներով։ Հավանաբար, լողավազան են գնում։ Իրենը, նախաճաշի ընթացքում հանդարտված, ընդհատում է ծխելը, խուսափող հայացք նետում հանքային ջրով լի իմ բաժակին։

— Գնում ենք։

Նա հանգցնում է ծխախոտը և վեր կենում։ Մենք տեղավորվում ենք խիստ տաքացած մեքենայում։

— Երաժշտություն կուզե՞ք։

Նրան տալիս եմ տրանզիստորը, որը ընկերս է բերել Նյու֊Յորքից և, որը ծխախոտի տուփից փոքր է։ Նա պտտում է կոճակներից մեկը։

— Սա թողե՞մ։

Թեթև երաժշտություն է, ոչ տհաճ։ Հարցնում եմ նրան, թե սիրո՞ւմ է դասական երաժշտություն։ Նա մտածում է և ասում․

— Մոցարտ։

— Իսկ Բեթհովե՞ն, Բա՞խ…

— Մոցարտ։

Նա այդ ասում է նույն համառությամբ, երբ արտասանում էր․

— Մարկ։

Մոնպառնասում, ուղիղ գնալու փոխարեն, թեքվում եմ աջ։ Անցնում եմ մի քանի փոքրիկ փողոցներ և կանգնում մի նրբանցքում, հիվանդանոցի առջև։

— Ընկերակցեք ինձ։ Ես պետք է պաշտոնակցիս տեսնեմ։

Հնազանդորեն իջնում է մեքենայից։ Կաթոլիկ քույրերի առաջնորդությամբ մտնում ենք հիվանդանոց։ Միջանցքը տխուր է և մութ։ Մտնում ենք վերելակ։ Յուրաքանչյուր հարկում, ճաղերի արանքից նկատում ենք անկողիններին երկարած հիվանդների։ Վերելակը հինգերորդ հարկում կանգնում է։

— Այստեղ է։

Իմ գործակիցը բացակա է։ Ավելի լավ։ Իրենին տանում եմ շենքի ձախ թևը։ Կանգնցնում եմ մի մեծ սրահի առջև։ Մոտ քսան մահճակալ։ Ամեն տարիքի մարդ կա։ Ոմանք պառկած են, ոմանք նստած իրենց անկողնին։ Ես հեռվից բարեկամաբար ողջունում եմ լրագրեր բաժանող բուժքրոջը։

— Սա քաղցկեղով հիվանդների սրահն է։

Իրենի աչքերը կկոցվում են։

— Նրանք այդ գիտե՞ն։

— Մեծ մասը։

Հիվանդները մեր մուտքն ընդունում են առանց զարմանքի։ Նրանիցի մի քանիսին ճանաչում եմ։ Ես փնտրում եմ Դանիելի աչքերը՝ քսան տարեկան մի երիտասարդ՝ սպիտակարյունությամբ հիվանդ։ Կռթնել է պատուհանին։ Ձեռքս դնում եմ նրա մեջքին։ Դանդաղ շրջվում է և, Իրենին տեսնելով, կարմրում։

— Ես քեզ ներկայացնում եմ Իրենին։ Նրա ամուսինը մեքենայի վթարի է ենթարկվել։ Նա իմ կլինիկայում է։

Դանիելը վեհերոտ մեկնում է ձեռքը։ Իրենը չի ժպտում, սեղմում է մեկնած ձեռքը։ Նրա աչքերը զննում են հիվանդի աղջկական դեմքը։ Երևի Դանիելի սարսափելի հիվանդության տեսանելի հետքերն է փնտրում։

— Ազգականներդ այս քանի օրը եկա՞ն քեզ տեսության։

— Մորաքրոջս աղջիկը քիչ առաջ այստեղ էր։

Տասը ամիս է, ինչ հիվանդանոցում է։ Սկզբում նրա ծնողներն ամեն օր տեսակցության էին գալիս։ Այժմ քեռորդիների հերթն է։ Մայրն ամեն անգամ այցելելիս, նրա նիհարությունը տեսնելով, հազիվ է զսպում արցունքները։ Հայրն ու եղբայրները աշխատում են արվարձաններում։ Իրենց կիրակին հերթով տրամադրում են նրան։ Դանիելը մատներով հարդարում է մազերը։

— Կարծում էի, թե ամբողջ ամառ անձրևելու է…

Մի քանի րոպե խոսում եմ նրա հետ։ Իրենը ոչինչ չի ասում։ Դանիելը մտնում է անկողին և գիրք վերցնում ձեռքը։

Մի ծերուկ ինձ մոտենալու նշան է անում։ Նա կոկորդի քաղցկեղ ունի։ Աչքերը տարօրինակ կերպով փայլում են նրա դիակային դեմքին։ Նա շշնջում է․

— Դե ինչ, ի՞նչ պետք է լինի ինձ հետ։

Նա խռխռացնում է, օդը ներս քաշում, մի քանի անգամ խոնարհելով գլուխը, որպեսզի օդի հոսանքն ավելի լավ խլի։

— Նրանք ինձ վիրահատել չեն ուզում, ինչո՞ւ։

Ուժասպառ ընկնում է բարձին, փակում աչքերը և կարծես մոռանում իմ ներկայությունը։ Իրենին տանում եմ դեպի պատուհանը։ Ինչ֊որ սարսուռներ են անցնում նրա դեմքով։ Նա հուզված է։

— Դանիելը բուժվելո՞ւ է։

— Դանիելը մահանալու է։ Նա մոմի պես դանդաղ պիտի հանգչի, ինչպես բոլոր տղամարդիկ, որոնց այստեղ տեսնում եք։

Ինձ համար դժվար է այդպես խոսել, բայց պետք է նրան հաշտեցնել մահվան մտքին։ Այս առավոտ նա կմախքներ տեսավ։ Այժմ նա շփման մեջ է կենդանի կմախքների հետ։ Քսան մարդ նրա հետ շնչում են նույն օդը։ Կարող է նրանց հետ զրուցել, հարցեր տալ, դատարկ բաներից խոսել։

— Իրոք ոչ մի փրկություն չկա՞։

— Առայժմ՝ ոչ։

— Նրանք տանջվո՞ւմ են։

— Սրկսումներով հանգստացնում ենք։

— Դա անմարդկային է։

Լռություն։

— Նրանք գիտե՞ն, որ մեռնելու են։

— Հույսով են ապրում։ Բայց մեծ մասը գիտե։

— Գնանք։ Գնանք։

Երբ դուրս էինք գալիս հիվանդանոցից, նա ասաց․

— Երբ Մարկն առողջանա, Դանիելին տեսության կգանք։

Կլինիկայում տիկին Կորբյեն հարցնում է ինձ․

— Մարկ Դյումանի հետ ի՞նչ անենք։

Այս պատմությունը նրան վշտացնում է, բայց նա հասկանում է ինձ։

— Եվս մի քանի օր համբերեք։

Մարմինը սառույցի մեջ է։ Մնում է վարչական գլխացավանքը։ Ես դա կդասավորեմ։

— Ի՞նչ է անում տիկին Դյումանը։

— Առաջադիմում է։ Նա վերջապես ուզեց նստել։ Հանդեսներ է կարդում։

— Ասացեք, որ նրան ուզում եմ տեսնել։

Իրենը մտնում է աշխատասենյակ։ Ձեռքին մի կիսացաբ հանդես ունի։

— Վեցն անց կես է։ Երեք ժամ է, ինչ միջանցքում եք։ Ձեր ներկայությունը Մարկին չի բուժի։

Չի պատասխանում, դեմքին ոչ մի մկան չի շարժվում։ Ես կուզեի, որ նա վերադառնար տուն, ընտելանար իր ամուսնու բացակայության մտքին։

— Գնացեք մի պտույտ արեք անտառում։ Հետո… Հա… Շանզ֊Էլիզեի թատրոնում այսօր համերգ կա։ Կուզե՞ք ինձ ընկերանալ։

— Այնքան էլ չեմ ուզում, բժիշկ։

— Ես ուզում եմ։ Հիմա մի տաքսի կկանչեմ, տուն կգնաք, զգեստը կփոխեք, իսկ ես երեկոյան ժամը իննին կգամ ձեր ետևից։

Ու որովհետև տատանվում է, ես վճռականորեն ավելացնում եմ․

— Հուսով եմ, որ չեք մերժի։ Ես ճշտապահ կլինեմ։

Նա ծածկում է հանդեսը, պատրաստվում հեռանալ։

— Տաքսի մի կանչեք։ Ուզում եմ զբոսնել։

— Կեցցեք։ Մինչև երեկո։

Պատուհանից տեսնում եմ, որ դուրս է գալիս կլինիկայից։ Դա արդեն հաջողություն է։

Այս ժամին Սյուզանը պետք է որ ծովափում լինի։ Հավանաբար, հիմա ծովային հեծանիվ է քշում։ Մի սիգարեթ եմ վառում ու խորասուզվում գրառումներիս մեջ։ Այդ խորհրդակցությունն ինձ ավելի ու ավելի է ոգևորում։ Հարյուր տարի առաջ ինչպե՞ս էին վիրաբույժներն առանց թմրեցման վիրահատում։ Հիվանդին կապում էին, անդամահատում, մասնատում ու խարանում շիկացած երկաթով։ Ես կխոսեմ Ժան Սիլվիայի մասին, որն առանց արյունահոսության միզափամփուշտից քարեր է հեռացրել։

Կես ժամ անց, տիկին Կորբյեն մտնում է աշխատասենյակ։

— Քիչ առաջ տիկին Դյումանին հարևան փողոցի բարում տեսա։

— Ի՞նչ էր անում։

— Ոչինչ։ Կլինիկան էր հսկում։

— Քիչ հետո կխոսեմ նրա հետ։ Ամեն ինչ կարգի՞ն է։

— «3»֊ը այս առավոտ ոտքի կանգնեց։ Թերթեր է պահանջում։

— Թող համբերի մի քանի օր։ Ես նրան վաղն առավոտյան կնայեմ։ Իսկ մյուսնե՞րը։

— Ոչ մի բարդություն։ Ոմն պարոն Մ․ դը Շահան զանգահարեց։ Կարո՞ղ եք այս շաբաթ ընդունել։

— Արձակուրդից հետո։

Շարունակում եմ իմ գրառումները։


Իննին տասնհինգ պակաս դուրս եմ գալիս կլինիկայից։ Օդը քաղցր է, բուրավետ։ Գիշերը համեստորեն ջնջում է ծառերը։ Նստարանի վրա սիրահարները համբուրվում են։ Ավտոմեքենա նստելիս, մտածում եմ Մարկ Դյումանի վթարահար մեքենայի մասին։ Որտե՞ղ է։ Իրենը այդ մասին չի մտահոգվում։ Վաղը կզանգահարեմ ոստիկանություն, կիմանամ մանրամասները։

Ընթացքի եմ գցում մեքենան և թեքվում ձախ։ Ահա և Իրենը։ Նստած է մի դատարկ բաժակի առջև։ Լավ եղանակին «Պուլենի» տերը սեղաններն ու աթոռները տեղավորում է մայթի վրա։ Նրա այցլեուներն անգործ նու դյոււրին աղջիկներն են։

— Ինչո՞ւ տուն չգանցիք։

Բնազդաբար բարձրացնում եմ գլուխս։ Այդպես էլ կասկածում էի։ Մարկի սենյակի պատուհաններն այստեղից երևում են։ Իրենը ելնում է։

— Չգիտեմ, ֊ պարզ պատասխանում է նա։

Նախատինքի խոսքերը կուտակվում են շրթունքներիս։ Սակայն լռում եմ։ Ի՞նչ օգուտ։ Գուցե ես էլ նրա պես վարվեի։ Մի՞թե ես չեմ միակ մեղավորը։ Ես նրան օրորում եմ իմ ստով։ Նրա վերաբերմունքը բնական է։

— Նստեք։

Բացում եմ դուռը։ Նստում է։ Շարժվում ենք Շանզ֊Էլիզեի ուղղությամբ։ Նա զբոսնողներին, մեքենաներին, աֆիշներին ոչ մի ուշադրություն չի դարձնում․ նստել է ուղիղ, խաչած ձեռքերով, չտեսնող աչքերով։ Նրա անթափանց հայացքը ոչինչ չի արտահայտում, և դա անհանգստացնում է ինձ։ Հասնելով նրա տուն, հարցնում եմ, թե չի ցանկանո՞ւմ արդյոք զգեստափոխվել։

— Չեմ ուզում ներս մտնել։

Չեմ ստիպում և բռնում եմ թատրոնի ճամփան։ Համերգը կես ժամից հետո սկսվելու է։ Ծրագրում՝ Բախ, Բեթհովեն, Մալեր։ Չնայած արձակուրդներին, հոծ զանգված է շարժվում դեպի տոմսարկղը։ Իրենին տանում եմ դիմացի բարը։ Տղաները, մանեքենները սրահով մեկ ցրված ճաշում են։ Տեղավորվում ենք մի անկյունում։ Մեծ գոհունակությամբ նկատում եմ, որ Իրենը վերցնում է մենյուն և ուշադրությամբ զննում։

— Պոմիդորի սալաթ եմ ուզում և կանաչիով ձվածեղ։

— Եվ գարեջուր։

— Այո, մի գավաթ։

Նա հանգիստ, գլուխը հակած իր ափսեին, ճաշում է։ Վերջացնելով բիֆշտեքսը, Իրենի հայացքն եմ բռնում՝ ուղղված մի մարդու։ Նա սևեռուն նայում է, հետո ասում․

— Մարկի շարժումները հիշեցնող մի շարժում տեսա։

Համերգը սկսվում է Մալլերի չորրորդ սիմֆոնիայով, որը ես շատ եմ գնահատում։ Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա։ Իրենը ուշադրությամբ լսում է, ասես հայտնության է սպասում։ Առաջին մասը կարծես հետաքրքրում է նրան։ Հետո, նա շարժվում է բազկաթոռի մեջ։ Իսկապես, առաջին անգամ լսելով, Մալերին դժվար է հետևել մինչև վերջ։ Երևի Բեթհովենն ավելի դուր կգա։ Ընդմիջմանը նրան բար եմ հրավիրում։ Նայելով անցնող դեկոլտեներին, ասում է․

— Գուցե պետք էր ուրիշ շրջազգեստ հագնել։

Նա շրթունքները թրջում է բաժակից և ավելացնում․

— Մինչև Մարկը կլինիկայից դուրս չգա, շրջազգեստս չեմ փոխի։

Վերադառնում ենք մեր տեղը։ Բեթհովենը և Բախը նրան չեն հասնում։ Այսպիսի զգայուն էակի անտարբերությունը անհասկանլի է։ Մի երկու հարց եմ տալիս։ Պատասխանում է․

— Այս դահլիճում պետք է կենտրոնանալ։ Բեթհովենից մի քանի կտորներ ոգևորում են, բայց չեն ցնցում։ Մոցարտը, տանը լսելիս, հանգստացնում է։ Նա ինձ բավարարում է։

Ուղեկցում եմ նրան շուկա։ Մեքենան կանգնեցնում եմ և քայլում ենք։ Արկղերը դարսված են մայթի վրա։ Պտուղները շոգից փտում են։ Տապակած կարտոֆիլը ճթմթում է ձեթի մեջ։ Մի կլոշար, մայթին փռված, ձեռքը գլխի տակ, մեծ ախորժակով ախորժակով փտած պոմիդոր է ուտում և լեզվով որսում հոսող հյութը։ Մեզ տեսնելով, նա ժպտում է մի խոսուն ժպիտով, ինչ֊որ բան քրթմնջում և հռհռում։

Մտնում ենք միջանցքի նմանվող մի բիստրո։ Բարձրախոսը խլացնող երաժշտություն է հաղորդում։ Լաքայոտ շորերով մսագործները կարմիր գինի են հրամցնում իրար։ Տիրուհին մի սանդվիչ է կրծում, միաժամանակ մատուցում այցելուներին։ Բոլորը խոսում են բարձր և միասին։ Այնպիսի մթնոլորտ է տիրում, որը գուցե թմերցնի Իրենին։ Սակայն սխալվում եմ։ Նա լարված նստում է, չի խմում, սպասում է։ Հեռանում ենք։

— Վերադառնում եք կլինիկա՞։

— Գնում եմ տուն։ Ուշ է։

— Կլինիկայի մոտ ինձ իջեցրեք։

Արագացնում եմ ընթացքը։ Դեպի Ալեզիա։ Նա ասում է։

— Այսօր առանց բողոքելու, ամենուր հետևեցի ձեզ։ Այդ շնորհը ինչո՞ւ ինձ չեք տալիս։ Ես չեմ ուզում տուն գնալ։

Հասնում ենք։ Բացում եմ դռնակը։ Փողոցն ամայի է։

— Խոհեմ եղեք, Իրեն։

Նա վարանում է, ապա իջնում։

— Բարի գիշեր։ Վաղը կզանգահարեմ ձեզ։

Մեր բաժանումը մի քիչ անսպասելի է կատարվում։ Շանզ֊Էլիզեի վրա թույլ եմ տալիս ինձ տերրասներից մեկը վայելելու։ Ծխամորճի ժամն է։ Տուն վերադառնալու համար, բռնում եմ կլինիկայի ճամփան։ Ամեն ինչ խաղաղ է։ Լույսերը մարած են։ Թեքվում եմ ձախ և, հանկարծ, «Պուլենում» նկատում եմ Իրենին։ Նստել է մի դատարկ բաժակի առջև։ Առանց զարմանքի նշույլ արտահայտելու տեսնում է, թե ինչպես եմ իջնում մեքենայից։ Երկու կին, բարձր աթոռներին թառած, զրուցում են ինչ֊որ ճաղատ մարդու հետ։ Պարի հրապարակում մի ամերիկացի սպա պարում է մի շիկահեր աղջկա հետ։ Բարմենը կոկտեյլ է պատրաստում։

— Ամբողջ գիշեր այստե՞ղ պիտի մնաք։

Ինձ չի պատասխանում, չի նայում անգամ։

— Երեխայի պես եք ձեզ պահում։ Եկեք։

Նա բարձրացնում է գլուխը։

— Ես չեմ կարող տուն վերադառնալ։ Չեմ կարող։

— Լսեք ինձ…

Ի՞նչ ասել նրան։ Ինձ զիանթափված եմ զգում և ավելի ու ավելի մեղավոր։

Ստիպում եմ նրան մեքենա նստել և տանում եմ տուն։

— Դուք այստեղ կքնեք։ Կլողանաք։ Գրքեր կան։ Սառնարանում միրգ կա։ Ես կվերադառնամ կլինիկա։ Վաղն առավոտյան կգամ ձեր ետևից։

Մնում է սնեյակի մեջտեղը կանգնած, անորոշության մեջ։ Ես նրան ժամանակ չեմ տալիս մտածելու և հեռանում եմ։

Իմ աշխատասենյակում շատ հարմար մի բազմոց կա։ Պառկելուց առաջ, վերհիշում եմ օրվա անցածը։

Իրեն Դյումանը տեղի տվեց։ Նա նախաճաշեց, ճաշեց, մասնակցեց համերգին։ Շատ փոքր արդյունք է, եթե նկատի առնենք այն, որ նա կարծում է, որ իր ամուսինը ողջ է։

Արդյոք ժամանա՞կն է ճշմարտությունը ասելու, թե պետք է մի քանի օր էլ սպասել։

Կմտածեմ։

Վաղը։


ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Ինձ համարձակ և միաժամանակ միամիտ է թվում կյանքի հաճույքների ծրագիր կազմելը և այն որպես հենարան աստիճանաբար Իրենին առաջարկելը։ Հիմա նրա միակ հաճույքը Մարկի առողջանալն է։ Այնուամենայնիվ, հույսս չեմ կտրում, որ մինչև մահվան լուրը հայտնելը, կկարողանամ նրա գիտակցության մեջ վերականգնել կյանքի մանրուքները։ Հույսս չեմ կտրում, որ այս քանի օրվա ընթացքում նրան վերափոխված կտեսնեմ։ Ուզում եմ, որ ամուսնու մահը չընդունի որպես իր համար անդարմանելի մի բան։ Կյանքի հաճույքները և հույսի արմատները կազմված են հազար ու մի արտասովոր մանրուքներից․ արևի մի ճառագայթ, մի կրկներգ, մի սովորույթ։ Իրենը գուցե որևէ գիրք ընթերցելով գտնի կյնաքի իմաստը․ գիտական մի սկզբունքի վերլուծման, աստղաբաշխության կամ մի պարտեզի մեջ։ Երկրի շուրջը պտտվող արհեստական արբանյակի կամ ավելի շուտ՝ մի սերմի զննությամբ, որը կարող է ծառ դառանլ։

Ժամը տասն է։ Դուրս եմ գալիս կլինիկայից, որպեսզի գնամ փնտրեմ նրան։ Դռնապանուհին Սյուզանի նամակն է տալիս ինձ։ Հետո կկարդամ։ Զանգում եմ։ Ոչ ոք չի պատասխանում։ Դեռ քնա՞ծ է։ Երկրորդ անգամ եմ զանգում։ Ապա որոշում եմ օգտվել իմ բանալիից։ Ննջարանի դուռը բաց է։ Ոչ ոք չկա։ Իրենը գնացել է։ Մահճակալի վրա դեռ մնացել են նրա մարմնի հետքերը։ Հավաքում եմ համարը։ Պատասխան չկա։ Ուրեմն որտե՞ղ է։ Կլինիկայո՞ւմ։ Նորից նստում եմ մեքենա և նկատում, որ Ալեզիայիյ ուղղությամբ եմ վերցրել։ Մի դատարկ փողոց եմ հասնում։ Շանզ֊Էլիզեից բացի, Փարիզն այս շրջանում լքված քաղաքի է նման։

— Տիկին Դյումանին, խնդրեմ։

— Երկրորդ հարկ, դեպի ձախ, ֊ պատասխանում է դռնապանուհին։

Հնաոճ մի շենք է։ Վերելակ եմ մտնում։ Դռան վրա մի տախտակ է փակցված․ «Մարկ Դյուման, ինժեներ»։ Զանգում եմ։ Դուռը հանկարծակի բացվում է։ Իրենը շնչահեղձ, ցավատանջ և հույսով լի հայացքով նայում է ինձ, ասես շեմին իր ամուսնուն էր տեսնելու։

— Կարո՞ղ եմ ներս գալ։

Մտնում եմ կոկետորեն կահավորված մի սենյակ։ Պատից նկարներ են կախված։ Հեռուստացույց։ Երկու փափուկ բազկաթոռ։ Մարկի լուսանկարը չկա։ Սեղանի վրա մի մեծ ծխամորճ կա, հսկայական մոխրաման, հրահան, ծխախոտ և «Auto֊Journal»։ Կարգուկանոն։ Միայն Մարկն է պակասում։ Իրենը լուռ զննում է ինձ։

— Ինչո՞ւ եք փախել իմ մոտից։

— Վախեցա։

— Ինչի՞ց։

— Ձեր բնակարանից։

Լռում է, հետո հարցնում։

— Մարկը այս առավոտ լա՞վ էր։

— Վատ էր։ Նրա վնասվածքը լուրջ է։ Կարծում եմ, որ դուք մի փոքր համոզված եք դրանում…

Ձեռքի բռնած թերթը ոլորում է, չար նայում ինձ, ասես ես եմ պատասխանատու այդ վնասվածքի համար, ապա դուրս է գալիս սենյակից։

Երկու րոպե անց նրա ձայնը խոհանոցից է հնչում․

— Ձեզ համար սուրճ եմ պատրաստում։

Մի գավաթ սուրճ է բերում։ նա հանգստացած դեմք ունի։ Ես նրա ուշադրությունն եմ հրավիրում հեռուստացույցի ծրագրի վրա։

— Այս ամիս առանձնապես մի բան չկա, ֊ ասում է նա։ ֊ Անցյալ ամիս լավ հաղորդումներ կային։ Այս շաբաթվա ծրագիրը չեմ գնել, որովհետև արձակուրդ պետք է գնայինք։

Հագին նույն սպիտակ շրջազգեստն է։

— Դեպի Կոտ դ՝Ազյո՞ւր։

— Իսպանիա։ Անցյալ տարի…

Լռում է։ Ես նրան ասում եմ, որ իմ կինը Նիցցայում է և վեր եմ կենում։

— Դուք պետք է ձեր իրերի դասավորությունը փոխեք։

— Ինչո՞ւ։

— Ձեզ կթվա, թե նոր կահույք եք գնել։

Նա դիտում է սնեյակը։

— Այս դասավորությունը ինձ դուր է գալիս։ Մենք օրեր ենք կորցրել յուրաքանչյուր կահույքի տեղն ընտրելու համար։

Չեմ պնդում։ Նա կարճ ժամանակով անհետանում է և վերադառնում մի փոքր ճամպրուկով։

— Ես ձեզ հետ կգամ կլինիկա։

Ցույց է տալիս ճամպրուկը։

— Մարկի համար սպիտակեղեն եմ վրեցրել։

Մինչև կլինիկա հասնելը, նրան տանում եմ Մոնպառնասի մոտ գտնվողհիվանդանոցը։

— Գնում ենք քաղցկեղով հիվանդներին տեսնելո՞ւ։

Հանկարծ նկատում եմ, որ սկսել է հարցեր տալ։ Առաջին օրվա հարմությունը կորչում է։ Դա լավ նշան է։

Անցնում ենք նախասրահը։

— Երեկ դուք ընտելացաք մահվան պատկերին։ Այսօր մի հուզող տեսարանի ներկա կլինեք։

Դուռը հրում եմ և նրան դեմ առ դեմ բերում մի պառկած կնոջ, որը շնչահեղձ է լինում։ Նրա կողքին բուժքույր է նստած և մի երիտասարդ բժիշկ, որին ճանաչում եմ։ Իրենը չի հասկանում, բայց կնոջ արձակած ցավի առաջին իսկ աղաղակից նրա դեմքի մկանները կծկվում են։ Կինը, որ պետք է ծննդաբերի, երիտասարդ է՝ քսաներկու տարեկան։ Քրտինքի խոշոր կաթիլներ հոսում են նրա վզով։ Իրենը բռունցքները սեղմած, հմայված նայում է նրան։

Բժիշկը քաշում է սավանը, նայում, դառնում ինձ։ Գոհ է։ Ամեն ինչ նորմալ է։ Բուժքրոջ ձայնը խզում է լռությունը․

— Ուժ տո՛ւր։

Մի խռպոտ աղաղակ է դուրս թռչում ծննդաբերողի կոկորդից։

— Ուժ տուր, ուժ տուր…

Իրենը մեկ կնոջ դեմքին է նայում, մեկ ոտքերին։ Հետո մի տագնապալի հայացք է նետում ինձ։ Ես շշնջում եմ․

— Հանգստացեք, ամեն ինչ լավ է գնում։ Նայեք, ինչ արտասովոր է…

Բուժքույրը թաշկինակով սրբում է կնոջ դեմքը։ Հետո սիրտ տաիս նրան․

— Ուժ տուր, ավելի ուժ տուր…

Իրենը հմայված է։ Թերահավատության մի լույս է անցնում նրա աչքերով։ այդ ուռած փորը մարդ կծնի՞ արդյոք։ Կինը գլուխն աջ ու ձախ է դարձնում։ Նա ամբողջ ուժերը լարել է։ Իրենը շունչը կտրած տեսնում է, թե ինչպես է հայտնվում գլուխը, հետո ուսերը, հետո ոտքերը։ Տղա է։

— Եկեք։

Տանում եմ սպասասրահ։

— Ինչ պարզ է, ինչ պարզ այս ամբողջը, ֊ ասում է նա։

Ու հանկարծ որոշում է․

— Ես երեխաներ կունենամ։


Կլինիկայում ես զիջում եմ նրա համառությանը։ Նա ուզում է Մարկին տեսնել։ Ուրեմն կտեսնի։ Բացում եմ դուռը։ Սենյակը թաղված է կիսախավարի մեջ։ Արհեստական սառեցման սիստեմը գործում է, որպեսզի մարմինը պահպանվի։ Իրենը ճամպրուկը դնում է մի անկյունում և մոտեցնում մահճակալին։ Ամուսնու գլուխը՝ հսկայական վիրակապով փաթաթած, երևում է ծածկոցի տակից։ Անկողնի վրա թթվածնի բարձ կա։ Ի զարմանս ինձ, նա ասում է․

— Ինձ թվում է, թե նա լավացել է։

Մի՞թե այդ աստիճան կույր է։ Որքա՜ն խելագար է հույսը։ Եթե նույնիսկ Մարկի գլուխը կիսված լինի, բավական է, որ ես ասեմ, թե Մարկը ողջ է, որպեսզի նա հավատա։

— Դուրս գանք։

Նա մնում է սպասասրահում։ Տիկին Կորբյեի ուղեկցությամբ գնում եմ հիվանդներին տեսնելու։ Նա հարցնում է, թե երկա՞ր եմ պահելու Մարկին, թե անարխորժություններ չեն լինի՞, քանի որ պետք է հայտարարեինք մահվան մասին։

— Երկու օր էլ համբերենք։

Մտազբաղ, անցնում մեմ Իրենի առջևից։ Մի հանդես ձեռքին, նա ննջում է։ Կուրծքը կանոնավոր իջնում և բարձրանում է։ Դեմքը հանդարտված է։ Հանկարծ հիշում եմ կնոջս։ Սյուզանին գնացքում ծանոթացա։ Իրենի պես ննջում էր՝ ձեռքը դրած ոստիկանական վեպի էջին։ Իմ աշխատասենյակում Սյուզանի նամակն եմ կարդում։ Նա նկարագրում է Նիցցայում անցկացրած իր առաջին օրը։ Մանրամասներով։ Եղանակը, ծովը, կազինոն։ Եկող չորեքշաբթի նրա հետ կլինեմ։

Դուռը հանկարծ բացվում է։ Հայտնվում է Իրենը՝ այլայլված դեմքով․

— Մարկը …

Մի՞թե ճշմարտությունն է իմացել։ Թուքը կուլ է տալիս ու շարունակում ավելի հանգիստ տոնով․

— Բժի՛շկ, Մարկը վեր է կացել։

Սյուզանի նամակը դնում եմ դարակը և պատուհանը լրիվ բացում։

— Հենց նոր նկատեցի։ Նա դուրս եկավ սենյակից։ Եկեք։

— Նրան տեսա՞ք սենյակից դուրս գալիս։

— Հենց նոր։ Նա դուռը կամաց փակեց։

— Գնանք տեսնենք։

Բռնակը պտտելիս մի անհեթեթ տագնապ է պատում ինձ։ Արհեստական քուն… ծիծաղելի է։ Իսկապես, արձակուրդի կարիք ունեմ։

— Կտեսնեք, որ սխալվել եք։

Սենյակում ամեն ինչ կարգին է։ Մարկը նույն դրությամբ պառկած է։ Ամեն ինչ իր տեղում է։ Իրենը տարակուսանքի մեջ ասում է․

— Այնուամենայնիվ ես տեսա, որ անկողնազգեստով և գլուխը վիրակապով փաթաթված մի մարդ դուրս եկավ։ Նա քայլեց դեպի միջանցքի ծայրը…

— Դուք երազ եք տեսել, դա բնական է։ Դուք ննջում էիք ձեր աթոռին նստած։ Սակայն, եկեք ինձ հետ։

Ես նրան տանում եմ սպասասրահի ծայրում գտնվող բուժքույրերի սենյակը։ Հիվանդանոցից մեկը, որին անցած շաբաթ վիրահատել էի, մրգահյութ է խմում և զրուցում բուժքրոջ հետ։ Այդպես էլ կարծում էի։ Հենց այնտեղից դուրս գալիս էլ նրան տեսել է Իրենը։

— Իմ բոլոր հիվանդները գլխներին վիրակապ ունեն։ Եկեք գնանք նախաճաշենք և քայլենք։ Դուք հանգստի կարիք ունեք։

Տարակուսած, անխոս և հնազանդ հետևում է ինձ։


Բայար փողոցի մեջտեղում կանգնում է։

— Այս փողոցը գիտեմ։

Նայում է տներին և շոտլանդական եկեղեցուն։ Որոնում է։ Բառերը խառնվում են նրա շրթունքներին։

— Հիշում եմ … անցած տարի էր… Մարկի հետ այս եկեղեցու դիմացն էինք։

Ձեռքը դնում է պատին։

— Ուրբաթ օր էր։ Ի՞նչ էինք անում այստեղ։ Հա՛, եկել էի Շանզ֊Էլիզեի խանութներից մեկում մի շրջազգեստ նալելու։ Մարկին ժամադրություն էի նշանակել Ռոն֊Պուանի վրա։ Մենք դեռ մեքենա չունեինք։ Երկու ժամ էր անցել, և դեռ չէինք որոշել ռեստորան մտնել։ Հետո պատահաբար այս փողոցը մտանք։ Սոված էինք, բայց ուզում էինք այս կողմերում մնալ։ Մարկը մտավ մի խանութ… Տեսե՛ք, խանութը դեռ բաց է։

Իտալական խանութ է։ Քիանտիի շշերը տերողորմյայի պես շարված են։

— Հետո՞։

— Մարկը մտավ ներս։ Ես սպասեցի դրսում։ Նա գնեց երկու շերտ խոզապուխտ, պանիր, վարունգ և նուշով կարկանդակ։ Եվ մի շիշ քիանտի…

Նա կանգնում է սառած, անուժ, հիշողությունների մեջ կորած։ Մի տարօրինակ միտք է անցնում գլխովս։ Մտնում եմ խանութ։ Գնում եմ երկու շերտ խոզապուխտ, պանիր, վարունգ, երկու կարկանդակ և մի շիշ քիանտի։

— Հետո՞։

Նա չի նկատում իմ ծանրաբեռնված ձեռքերը և շարունակում է․

— Մենք քայլեցինք, կանգ առանք հրապարակում։

Ես նայում եմ Ֆրանսուա Առաջինի հրապարակի շատրվաններին։ Իրենը շարունակում է․

— Հայկական եկեղեցին որտե՞ղ է։ Այստեղ է… Չորս, թե հինգ եկեղեցի կա այս հրապարակի շուրջը։ Հետո քայլեցինք … Մարկը ոչինչ չէր ասում… Նա շոգից հանել էր բաճկոնը։

Այժմն նա հույզով է խոսում։ Ժան֊Գուժոն փողոցը դատարկ է, արևից թուլացած։

— Կտրեցինք ավենյուն, որ հասնենք Սենայի ափ։

Ես նրան ուղեկցում եմ գետափ։ Տուրիստներով լցված մի փոքր նավ սահում է ջրի վրայով։ Մի ջահել աղջիկ է վազում՝ ետևից իր հաճող շունը։ Մի նկարիչ նկարում է։ Իրենը ցույց է տալիս նստարանը։ Նստում ենք։

— Անցյալ տարի էր… Ժամանակը ի՜նչ արագ է գնում… Մենք նախաճաշեցինք այս նստարանի վրա։

Ես բացում եմ փոքրիկ փաթեթները։ Նրան տալիս եմ մի շերտ խոզապուխտ։ Վերցնում է և մեքենայորեն ուտում։ Մեկնում եմ շիշը։ Խմում է շշից։ Հետո, մի կտոր պանիր է կրծում։ Իսկ ես ուտում եմ առանց ախորժակի։ Նա ելնում է։

— Մենք շիշը նետեցինք Սենա։ Լողում էր ջրի երեսին…

Նա վերցրեց շիշը, բայց շպրտելու փոխարեն մոտեցավ ափին և նրբորեն դրեց ջրի վրա։

— Հետո՞։

— Ու բռնեցինք նույն ճամփան։

Մենք նորից անցնում ենք Ժան֊Գուժոն, Բայար փողոցներով, Մոնտեն ավենյուով, Ռոն֊Պուանով։ Նա ոչինչ չի խոսում։ Հասնելով մի կինոթատրոնի, ասում է․

— Ես մտա սրճարաններից մեկը։ Նա գործնական ժամադրություն ուներ։ Ես ուզում էի Շանզ֊Էլիզեում մնալ։ Պայմանավորվեցինք, որ ժամը վեցին Մարինյանում կգա ինձ միանալու։ Այդ օրը մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ։

Ես նրան տանում եմ կինոթատրոն։ Տոմս եմ վերցնում։

Նա մեքենայաբար մտնում է դահլիճ։ Մի պահ մնում եմ անորոշության մեջ։ Թվում է, թե երազի մեջ եմ։ Վերադառնում եմ կլինիկա։


Ժամը վեցին Իրենին գտնում եմ Մարինյանում։ Սրահի խորքում նստած է։

— Եկեք տերրաս։

Ափսոսանքով թողնում է իր տեղը։ Համարյա բոլոր սեղանները զբաղված են։ Ամերիկացի մի սպայի մոտ երկու աթոռ ենք գտնում։ Հաճելի եղանակ է։ Բազմամարդ ամբոխը զբոսնում է Շանզ֊Էլիզեով։

— Պաղպաղակ կուզե՞ք։

Գլխով է անում։ Քառորդ ժամ հետո ես նրան հարցնում եմ․

— Դուք բարկացա՞ծ եք։ Ինչո՞ւ չեք խոսում։

Նա մի ակնթարթ նայում է աչքերիս մեջ, հետո հայացքը շրջում, համառորեն մեխում դիմացի թերթերի կրպակին։ Ես մի թերթ եմ գնում և խորասուզվում ընթերցանության մեջ։ Գլուխս բարձրացնելով՝ նրա հայացքն եմ բռնում որղղված ինձ։ Նա բերանը բաց է անում, կարծես ուզում է ինչ֊որ բան խոստովանել։ Հետո հրաժարվում է։ Ես մտածում եմ Մորեստի մասին, որը մի քանի օր հետո գալու է Լիոնից։ Հասնելով այստեղ, նա դիակը չի տեսնի։ Որոշվա՛ծ է։ Ելնում եմ։ Քայլելու ցանկություն ունեմ։ Իրենը, որ հետևում է շարժումներիս, ասում է․

— Մի քիչ էլ մնացեք։

— Եկեք քայլենք։

Ելնում է։ Զգում եմ, որ ուզում է խոստովանություն կատարել, բայց վարանում է։ Չեմ ստիպում։

— Այնցյալ տարի ի՞նչ արեցիք կինոյից հետո։

Նա փակում է աչքերը։

— Կինոյից հետո՞․ Մարկը եկավ ինձ մոտ… Հետո… Եկեք…

Այս անգամ ես եմ հետևում նրան։ Իջնում ենք Շանզ֊Էլիզե։ Հասնում ենք Կոնկորդ հրապարակ։ Ո՞ւր է տանում ինձ։ Նա քայլում է արագ, լայն քայլերով, հպարտ տեսքով, որը կոշտացնում է նրա դիմագծերը։ Անցնում ենք կամուրջը, թեքվում ձախ։ Նորից ձախ։ Դելինյիի լողավազանը։ Առանց վարանելու մտնում է, մոտենում դրամարկղին և երկու տոմս ուզում։

Լողավազանը լցված է մարդկանցով։ Աղջիկներն ու տղաները լողում են, պարում, երգում։ Իրենը ուղղվում է ռեստորան։

— Ահա՛։

Նստում ենք լողորդների դիմաց։ Մարդիկ իրար հրմշտում են աշտարակի վրա։ Իրենը մի տեսակ կատաղած ասում է․

— Մենք այստեղ ճաշեցինք։

Հետո լռում է։ Նա այլևս ոչ մի բառ չի ասի։ Ժամը ութին վեր է կենում։ Վերադառնում ենք Շանզ֊Էլիզե։ Նա նստում է նստարանին և մի հայացք գցում ջրի ցայտերին։ Հնազանդորեն հետևում եմ։ Այս երեկո ես նրան կհայտնեմ Մարկի մահը։ Գաղտնինք ինձ ճնշում է։

Ժամը ինն անց կես ելնում է և ինձ տանում գնչուական մի կաբարե։ Սրահը համարյա դատարկ է։ Մի քանի զույգ դեսուդեն նստած հանգիստ ճաշում են։ Երաժիշտները նվագում են, շատախոսում, հռհռում։ Մետր դ՝օթելը նայում է ժամացույցին։ Իրենը հրաժարվում է ճաշել, բայց երեք գավաթ շամպայն է խմում։

Նորից նրա հայացքն եմ բռնում՝ ուղղված ինձ։ Նվագախումբը մի գողջրիկ եղանակ է նվագում։ Ջութակները լալիս են։ Սրահը լցված է ծխով։ Իրենը գավաթը բռնել է ափերի մեջ։

— Մարկն իմ պատճառով վթարի ենթարկվեց։

Մի պահ լռելուց հետո շարունակում է․

— Մեքենան նոր էինք գնել։ Ամեն օր մեքենայով գնում էր խճուղու վրա թափառելու։ Երբեմն ես նրան ուղեկցում էի։ Այն առավոտ…

Այցելուներ եկան։ Մետր դ՝օթելը նրանց մենյու է ներկայացնում։

— Այն առավոտ մենք մի փոքր վիճեցինք… դատարկ բանի վրա։ Նա տնից դուրս եկավ առանց ինձ համբուրելու։ Ես նրան հետևում էի պատուհանից և, երբ տեսա, որ մեքենա է նստում, նշան արեցի, որ սպասի… Դուք հիմա կծիծաղեք վրաս… Իջա, որ համբուրեմ նրան։ Հետո նա գնաց։ Տեսնո՞ւմ եք, իմ մեղքով է։ Եթե նրան չուշացնեի, հիմա ողջ և առողջ կլիներ։

Շամպայն եմ լցնում, որ խմի։ Շատ թուլացած է երևում։

— Ձեր մեղքով չէ, Իրեն։ Ճակատագիրն է։

Նա բարձրացրեց աչքերը․

— Այդպե՞ս եք կարծում…

— Համոզված եղեք։ Եթե նա ուրիշ ճամփա բռներ… Եթե ծխախոտ գներ։ Եթե ավելի ուշ վեր կացած լիներ, եթե ավելի շուտ պառկած լիներ… մոռացեք այդ պատմությունը և ասեք, թե այսօր ինչ եք տեսել։

Դանդաղ դատարկում է բաժակը։ Երաժիշտները շրջապատում են մեզ։

— Ֆերնանդելի մասնակցությամբ մի կինոնկար։

— Դա անցյալ տարի էր։

— Այսօր ես մի նկար տեսա Ֆերնանդելի մասնակցությամբ։ Այնցյալ տարի նույնպես։

Հարբած է։ Հիմա ես ներկայացումների ծրագիրը կնայեմ։

Նա հառաչում է․

— Ի՜նչ լավ են նվագում։ Լսեք… կարծես ֊ամանակը կանգնել է։ Կարծես տարիներն իրար են խառնվել։ Կարծես հանց նոր հանդիպել եմ Մարկին։ Կարծես զբոսնում ենք Սենայի ափին։ Շշից գինի ենք խմում և շիշը շպրտում Սենա։ Կարծես…

Նա արդեն չափն անցնում է։ Նյարդերը թուլացած, գլուխը ետ գցած, անշարժ նստել է։ Նրա շրթունքների միջով մի թույլ շշնոջոց է սահում, որը նախադասություն չի դառնում։ Երաժիշնտրեը մի ուրիշ սեղան են շրջապատում։ Մի քանի զույգ մեղմորեն պարում են։

— Մարկ…

Տագնապած նայում եմ Իրենին։ Քնած է։ Հաշիվը փակում եմ և տանում դուրս։ Ամուր պահում եմ, որովհետև ոտքերը ծալվում են։

— Տաքսի՛։

Տալիս եմ նրա հասցեն։ Մեքենայի մեջ գլուխը դնում է ուսիս և քնում։ Իսկ ես ուզում էի Մարկի մահը հայտնել։ Վաղը կասեմ։

Բարձրանում եմ իր սենյակը։ Ուշ է։ Պայուսակից բանալին հանում եմ և դուռը բացում։ Նրա բնակարանում խոնավություն կա։ Լույսը վառում եմ։ Երկու բազկաթոռով, ծխամորճով, Մարկի ամսագրով լցված այս սենյակը շատ տխուր է երևում ինձ։ Իրենին թողնում եմ բազկաթոռի վրա։ Նա խորը քնի մեջ տնքում է։ Մի դուռ եմ բացում։ Ննջարանն է։ Սենյակի կենտրոնում բազմոց կա, կողքին՝ փոքրիկ սեղան։ Բազկաթոռին տղամարդու գիշերազգեստ է դրված։ Կա նաև ծխամորճ և տեխնիկական թերթեր։ Մարկն ամենուր է։ Գլխովս մի միտք է անցնում։ Առանց երկար֊բարակ մտածելու գործում եմ։ Փոխում եմ բազմոցի տեղը։ Փոքրիկ սեղանը դնում եմ պատուհանի մոտ։ Պահարանը հրում եմ մի անկյուն, ծխամորճը, թերթերը, գիշերազգեստը վերցնում եմ և դասավորում դարակում, կարծես ուզում եմ վերացնել Մարկի հետքերը։

Զգում եմ, որ կարգին քրտնել եմ։ Սենյակում Իրենը նույն դիրքով քնած է։ Զգուշորեն վերցնում են նրան և պառկեցնում մահճակալին։ Կոշիկները հանում եմ, սավանով ծածկում։

Գիշերվա ժամը մեկն է։

Կլինիկայում կքնեմ։


ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

Մի մղձավանջային երազ խռովում է քունս։ Մարկը մտնում է իմ աշխատասենյակը և խնդրում, որ Իրենին փորձելու համար հայտնեմ իր մահվան լուրը։ Զարթնում եմ քրտինքի մեջ կորած։ Արևը կուրացնում է։ Սպասում եմ տիկին Կորբյեին։ Նա ժամը տասին գալիս է կլինիկա։ Կանչում եմ նրան, որպեսզի Մարկի վերաբերյալ հրահանգներ տամ։ Վարչական գործերով կզբաղվեմ վաղը։ Իրենին կհայտնեմ։ Պետք է մտածել դագաղի մասին։ Տիկին Կորբյեն կզբաղվի դրանով։ Կաթոլիկ քույերերը աղջիկների մի խումբ են առաջնորդում դեպի ատնառ։ Նրանց ծիծաղն ու աղաղակները կարծես էկրանի միջով հասնեն ինձ։ Սյուզանը սպասում է զանգի։ Վաղը կզանգահարեմ։

Նստում եմ սեղանիս առջև, որպեսզի մի երկար նամակ գրեմ Իրենին և հաղորդեմ ամուսնու մահը։ Վերցնում եմ գրիչը, բայց ձեռքս անշարժանում է սպիտակ թղթի վրա։ Նամակ գրելը, դրոշմանիշ կպցնելը, և փոստարկղի մեջ գցելը շատ հեշտ է։ Հավաքում եմ նրա հեռախոսի համարը և, նրա ձայնը լսելով, շատ եմ զարմանում։

— Գիշերը լավ քնեցի՞ք։

— Ես պետք է ներողություն խնդրեմ ձեզնից երեկվա համար։ Շատ էի հոգնած։ Կահույքի տեղը ինչո՞ւ եք փոխել։

— Այդպես ավելի լավ չէ՞։ Տարիներ ի վեր դուք զարթնում եք միևնույն անկյունում։ Սովորույթը ձեզ կկործանի։

— Մարկն ինչպե՞ս է այս առավոտ։

— Վատ։ Նրա վիճակը չի լավանում։ Ո՛չ, կլինիկա մի եկեք։ Այցելությունները արգելել եմ։ Ինձ սպասեք ձեր տանը։ Քառորդ ժամից կլինեմ այդտեղ։ Ես ձեզ կբացատրեմ։



Դուռը բաց է։ Իրենը նստել է պատուհանի մոտ։ Ինձ տեսնելով, դիրքը չի փոխում։

— Իսկապես ի՞նչ է կատարվում նրա հետ։ Ինչո՞ւ որևէ բան չեք անում։

Նա խոսում է հանգիստ, գրեթե համակարպված մարդու ձայոնվ։ Սիգարեթ եմ վառում և ծուխը փչում առաստաղին։ Նա շարունակում է․

— Ի վերջո, նա կառողջանա՛։ Դուրս կգա՛ կլինիկայից։

Լռություն։ Պատուհանի առջևից թռչուններն են անցնում։ Հանգցնում եմ սիգարեթը։

— Ի՞նչ էիք անում նախքան Մարկի հետ ծանոթանալը։

Իմ ձայնը թեթևակի դողում է, բայց նա չի նկատում։ Բարձրացնում է գլուխը, նայում ինձ, հետո շրջում հայացքը։

— Մարկից առա՞ջ։ Ոչինչ։

Եվ անմիջապես։

— Ինչո՞ւ եք այդ հարցը տալիս։

— Ես ձեզ ասել եմ։ Մարկը ծանր վիճակում է։ Դուք չէիք կարող մի որոշ ժամանակ… մոռանալ նրան։ Պատասխանեք ինձ, Իրեն։ Մարկի հետ ծանոթանալուց առաջ դուք ի՞նչ էիք անում։

Նա բարձրանում է ձեռքը, կարծես բողոքելու համար, բայց անմիջապես իջեցնում է։

— Չգիտեմ։

— Ո՞ւմ էիք հանդիպում։ Ի՞նչ կյանք էիք վարում։ Դուք շարունակ նույն տանը չեք ապրել՝ Ալեզիա փողոցում։ Դուք ուրիշ մարդկանց եք ճանաչել… հիշեցեք։

— Ես մի մարդ գիտեի։ Մեծահոգի, սիրալիր… Նա հաճախ միևնույն բառերն էր գործածում… Երբ մտահոգեված էր լինում, ոտքը գցում էր ոտքին։ Նրա անունն ինձ դուր էր գալիս․ Մարկ։ Ուրիշ ի՞նչ եք ուզում իմանալ։

— Այդ Մարկին ճանաչելուց առաջ, դուք… Վերջապես աշխատե՞լ եք, եղե՞լ եք բարեկամների շրջանում, մի որևէ թաղամասում։

Նա անտարբեր ասում է․

— Մոնպառնասում։ Ես աշխատում էի մի հրատարակչությունում։

— Գնանք Մոնպառնաս։ Ցույց տվեք ինձ այդ թաղամասը։

— Գնանք կլինիկա։

Նա ինձ զինաթափ է անում։ Նայում եմ շուրջս և հանկարծ ինձ հարց տալիս․ խնայողություններ ունի՞ արդյոք։ Ինչպե՞ս է ապրելու այսուհետ։ Հավանաբար ստիպված կլինի աշխատել։

— Ո՞ր հրատարակչի մոտ էիք։

— Ռընյեի։ Մի տարի եմ աշխատել։ Զբաղվում էի նկարազարդումներով։

Ռընյեն գիտական գրքերի հրատարակիչ է։ Տնօրեներից մեկին ճանաչում եմ։ Բելլարին… Ալեն Բելլարին։

— Իրեն։ Իսկ եթե ստիպված լինեք աշխատել…

— Ինչո՞ւ։ Մարկը ինժեներ է։ Նա լավ գործի վրա է և չի ոզում, որ ես աշխատեմ։ Մենք խնայողություններ չունենք, բայց …

— Ենթադրենք, թե առաջիկա մի քանի ամիսը նա չկարողանա աշխատել։ Ի՞նչ կանեք։

— Չգիտեմ։ Գուցե աշխատեմ։ Մեր խնայողություններով այդ մեքենան գնեցինք…

Նորից լռություն։ Պատուհանից շրջիկ վաճառականներ են երևում։ Նրանք վիճում են իրար հետ։ Գնորդները շատ հազվադեպ են։

Իրենը կանգնում է, արագ նայում է հայելուն, մատները քսում է աչքերի տակի կնճիռներին, կարծես ուզում է ջնջել դրանք, և ասում․

— Ուզո՞ւմ եք Մոնպառնասը տեսնել։ Եկեք…

Գնում ենք Մոնպառնաս։ Նա ինձ առաջնորդում է մի փոքրիկ, արևոտ փողոց։

— Գրանդ Շոմիեր փողոցն է սա։ Այստեղ եմ նկարել սովորել։

Մտնում ենք խավար և փոշոտ նախասրահը։ Իրենը մի դուռ է բացում։ Մոտ քսան հոգի ածխամատիտով նկարում են։ Երկյուղած լռություն է տիրում։ Նա շշնջում է․

— Ես ամեն օր գալիս էի այստեղ։ Այդ ժամանակ Մարկին դեռ չէի ճանաչում։

Ես նրան հարցնում եմ․

— Նկարելու ցանկություն չունե՞ք։

Մի քանի գլուխներ դառնում են մեր կողմը։ Լում ենք։

— Շարունակ նույն բնորդուհին է։

Մոտ երեսուն տարեկան մի կին, ձեռքերը կրծքին խաչած, նստել է աթոռին։

— Ոչինչ չի փոխվել։ Ոչինչ, ոչինչ…

Նա այդ ասում է մի տեսակ անհուսությամբ։ Բացում է պայուսակը, գտնում մատիտը, հենցում աթոռի մեջքին։

— Ձախ կողմը՝ լուսամուտի մոտ, թղթեր կային և մի ստվարաթուղթ։

Նա գլուխը չի շրջում։ Ես նայում եմ ու տեսնում սպիտակ թղթերը և ստվարաթղթերը։ Երկու թերթ եմ վերցնում նրա համար։ Թղթերը դնում է գրակալին։ Ձեռքը վարանում է։ Ուշադիր դիտում է բնորդուհուն։ Մատիտը սկսում է ցատկոտել թղթի վրա։ Շուտով նա խորասուզվում է աշխատանքի մեջ։ Ես հեռու եմ քաշվում, որպեսզի չխանգարեմ նրան։ Իրենը նյարդային շարժումներով, արագ նկարում է։ Քառորդ ժամ հետո նրա ձեռքը կանգ է առնում։ Նա անշարժ է։ Արդյոք նորից կսկսի՞ նկարել։ Նրա մեջքի ոչ մի մկանը չի դողում։ Որոշում եմ մոտենալ։ Բնորդուհու մարմինը հարազատորեն վերարտադրված է․ փոքրիկ կուրծքը, փոս ընկած որովայնը, ազդրերը, խաչած թևերը, բայց գլուծը… Մարկի գլուխն է։


— Մենք ամեն օր խմբով գալիս էինք այստեղ։

«Գմբեթը»։ Կապույտ ջինս հագած աղջիկները և մորուքավոր տղաները նստած զովացուցիչ են խմում։ Իրենը սպիտակ մազերով մի մարդու է ցույց տալիս, որը սեղանից սեղան է շրջում և առաջարկում դիմանկարել։

— Նայեք նրան։ Բոլորովին չի փոխվել։ Ի՛նչ արագ է անցնում ժամանակը։

Բաժանը դնում է շրթունքներին։

— Ինձ թվում է, թե դեռ երեկ էր այն ամբողջ կյանքը, որ Մարկից առաջ ունեի ես։ Մարկի հետ ամուսնությունից հետո առաջին անգամ է, որ մտնում եմ այս թաղամասը, թեև այստեղից հեռու չենք ապրում։

— Ձեզից է կախված ձեր անցյալի հետ կապ վերահաստատելը, նկարելը…

Նա շարժում է գլուխը․

— Առաջվա ոգևորությունն այլևս չեմ զգում։ Երկու ժամ է զբոսնում ենք Մոնպառնասում, և ինձ թվում է, թե կեղծում եմ։ Այս թաղամասն այլևս ինձ չի պատկանում։ Երբեմն մի տեսակ կարոտ եմ զգում… Ո՛չ, իսկապես, ես այնքան հուզված չեմ, որքան կուզեի լինել։ Իհարկե, հիշատակները հորդում են, սակայն այստեղ վարած կյանքից հետո ես ուրիշ ուրախություններ ապրեցի, ուրիշ հիշատակներ ամբարեցի։ Գնա՞նք։


Այնուամենայնիվ «Գմբեթից» դուրս գալիս, կանգ է առնում մի պատկերասրահի առջև և ասում․

— Այս պատկերասրահը…

Նա իր միտքը չի ավարտում։ Մոնպառնասը որպես թակարդ առաջարկում եմ նրան, հուսալով, որ մի քանի մանրուքով կկապեմ անցյալին։ Վերջին անգամ, երբ կանգնել է այդ պատկերասրահի առջև, Մարկին դեռ ծանոթ չի եղել։ Նա երջանիկ է եղել, եռանդով լի։ Ես փորձարկումն անում եմ առանց հավատալու։ Բայց, ո՞վ գիտե։ Մարկի մահն իմանալով, գուցե նորից գա այս թաղամասը, փորձի կապվել անցյալին, ինքն իրեն համոզի, որ Մարկից առաջ երջանկ է եղել։ Վերքն ավելի շուտ կսպիանա, ես համոզված եմ։

Նախաճաշում ենք նկարիչների ռեստորանում, հետո, պատահականորեն, հասնում այն հրատարակչության շենքը, որտեղ նա աշխատում էր։ Մտնում ենք բակ։ Իրենը լիաթոք շնչում է։

— Հնձած խոտի նույն բույրը։

Նա ցույց է տալիս առաջին հարկի պատուհանը։

— Սա իմ սենյակն էր։ Ես նկարում էի և զբաղվում հրատարակման գործով։

— Չէիք ուզի՞ նույն տեղը գրավել։

Զարմացած նայում է ինձ․

— Ինչո՞ւ։

— Եթե դուք խնայողություններ չունեք, ստիպված կլինեք աշխատել։

— Իսկ Մա՞րկը։

— Նա առաջիկա ամիսներին չի կարող աշխատել…

Նրա դիմագծերը հանկարծակի կծկվում են։

— Չի խանգարի… գլխի վնասվածքը նրան չի խանգարի…

—Ո՞րն եք գերադասում։ Խելագարվելը, թե՞ մահը։

— Ոչ… ոչ, նա լրիվ կբուժվի։

Հանկարծ Իրենը կորցնում է հավասարակշռությունը։ Ոտքերը ծալվում են։ Ճիշտ ժամանակին պահում եմ նրան։

— Ձեզ ի՞նչ պատահեց։ Հո երրեխա՞ չեք։

— Թողեք ինձ… Գնում եմ Մարկին տեսնելու։ Աղաչում եմ ձեզ։ Ուզում եմ հենց հիմա տեսնել։ Ես կարծեցի, թե նրա գլխի վնասվածքը… Ոչ, դա սարսափելի է, դա անհնար է։ Մի բան ասեք ինձ։

— Եկեք։

Դռան առջև, ինձ ծանոթ տնօրենը, ձեռքով նշան է անում մեզ։ Ճանաչել է։ Իրենը լուռ է։

— Ինչպե՞ս եք, բժիշկ։ Բայց սա մադմուազել Հիլերն է…

Երկու բառով բացատրում եմ նրա ամուսնուն պատահած աղետը։ Նա մեզ հրավիրում է իր սենյակը՝ մի֊մի բաժակ խմելու։ Իրենն անտարբեր նստում է աթոռին։ Սեղանի վրա թղթապանակներ և ձեռագրեր կան։ Ալեն Բելլարը հանում է բաժակները և մի շիշ բացում։

— Դուք գիտե՞ք, որ նկարչի կարիք ունենք։

Քառորդ ժամ անց, Իրենը մտնում է գրքերով լցված իր նախկին սենյակը։ Նստում է սեղանի առջև, կարծես ուզում է անցյալը վերակենդանացնել։ Մի մատիտ է վերցնում և նկարում։ Բելլարն ասում է նրան․

— Այստեղ մնալը միայն ձեզնից է կախված։ Ի՞նչ կարծիքի եք այդ մասին։

Իրենը վերցնում է թղթապանակը, լայն բացում աչքերը, կարծես համոզվելու համար, որ երազում չէ։ Ես սեղանին եմ թողնում հեռուստատեսության ծրագիրը։

— Այս երեկո մի հետաքրքիր հաղորդում կա։ Վաղն առավոտյան կզանգեմ։


ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Զանգահարում եմ Ալեն Բելլարին։ Ամեն ինչ լավ է։ Այս առավոտ Իրենը ժամնը իննին եկել է գործի և մի գծանկար ավարտելու վրա է։ Շատ չի խոսում, բայց աշխատանքը կարծես հետաքրքրում է նրան։ Վաղը կհայտնեմ Մարկի մահը։ Ի վերջո նա պետք է սպասեր դրան։ Այս օրերից հետո, հարվածն այնքան ուժեղ չի լինի։ Տիկին Կորբյեն դագաղը պատվիրել է, կեսօրից հետո պատրաստ կլինի։ Վաղը կզանգահարեմ Սյուզանին։ Իմ դերը գրեթե ավարտված է։ Ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչու ընտրեցի այդ դերը, սակայն համոզված եմ, որ իրավունք ունեի այդպես վարվելու։

Կեսօրին գնում եմ սրճարան՝ Իրենին հանդիպելու։ Տեսնում եմ, թե ինչպես է դուրս գալիս հրատարակչությունից։ Միշտ միևնույն զգեստն է հագին։ Վարանում եմ նրա աչքին երևալ։ Ինձ թվում է, ավելի լավ է նրան մենակ թողնել։ Հեռվից հետևում եմ։

Նա թեքվում է փողոցը, կանգ առնում մի ռեստորանի առջև, կարդում մենյուն, հետո շարունակում քայլել։ Մտնում է մի խանութ և շաքարահաց գնում։ Միայն թե դեպքերը, աշխատանքը, պատասխանատվությունը կլանեն նրան։ Նա երիտասարդ է, և ես համոզված եմ, որ մեկ֊երկու տարի հետո նորից կամուսնանա։ Առայժմ, տեսնելով նրան Մոնպառնասում դեգերելիս, անհուն կարեկցանք եմ զգում նրա նկատմամբ։ Դիմադրում եմ նրան մոտենալու գայթակղությանը։

Գրասենյակ չմտած, հեռախոսը զանգահարում է։ Նախազգում եմ, որ Իրենն է։ Կանչում եմ տիկին Կորբյեին և խնդրում, որ պատասխանի։ Իրենն է։

— Ոչ, տիկին, բժիշկն այստեղ չէ։ Ուզո՞ւմ եք նրան որևէ բան հաղորդել։ Այո՞։

Տիկին Կորբյեն դնում է լսափողը․

— Անջատեց։


Ժամը չորսին զանգահարում է Բելլարը։

— Տիկին Դյումաը չի վերադարձել։

— Կեսօրից հետո որևէ անհետաձգելի գործ ունե՞ր։

— Մի շատ հետաքրքիր և խիստ անհետաձգելի աշխատանք։ Այս առավոտ առաջարկեցի, որ մեկ ուրիշին վստահի։ Հրաժարվեց։ Ուզում էր մինչև երեկո ավարտել։

— Շնորհակալություն։ Երբ որ գա, ինձ տեղեկացրեք։

Արդյոք որտե՞ղ է։ Այս օրերին միայն կլինիկա գալու համար էր դուրս գալիս տնից։ Պետք է որ տանը լինի։ Անհանգստացած, դուրս եմ գալիս կլինիկայից։ Հարցնում եմ «Պուլենի» տիրոջը, արդյոք չի տեսել Իրենին։ Նա Իրենին ճանաչում է։

— Այստեղ էր։

— Ե՞րբ։

— Մոտ մեկ ժամ առաջ։

— Ինչպե՞ս էր տրամադրությունը։

— Սովորականի պես։ Հանքային ջուր ուզեց և, առանց ձեռք տալու, գանց։

Զանգահարում հրատարակչին։ Ոչ։ Նա չի վերադարձել։ Հավաքում եմ նրա համարը։ Զանգ։ Մեկ անգամ։ Երկու անագամ։ Սպասում եմ։ Ոչ մի ձայն։ Արդյոք որտե՞ղ է։ Որոշում եմ գնալ Մոնպառնաս, փնտրել այնտեղ։

Շոգ է։ Երկինքը ծածկվում է սպիտակ ամպերով։ Մի քանի րոպեում հասնում եմ Մոնպառնաս։ Իրենը չկա։ Ոչ «Գմբեթում», ո՛չ «Սելեկտում», ո՛չ «Գրանդ Շոմիերում»։ Գնում եմ նրա տուն։ Մի փոքրիկ գրություն կսահեցնեմ դռան արանքից։

Վերելակում մտքովս անցնում է, որ իմացել է ամուսնու մահը։ Դա մտահոգում է ինձ։ Զանգում եմ․ մարդ չկա։ Համառում եմ․ ապարդյուն։ Ականջս կպցնում եմ դռանը։ Անորոշ աղմուկ եմ լսում։ Իրենը բնակարանում է։ Բռունցքներով ուժգին խփում եմ դռանը։

— Բացե՛ք, Իրեն։

Ոտնաձայներ են լսվում։ Նորից եմ թակում։ Քայլերը մոտենում են։

— Բացե՛ք։

Քայլերը կանգ են առնում։ Մի հոգնած ձայն․

— Թողեք ինձ, խնդրում եմ։ Գնացե՛ք։

— Բացե՛ք…

— Ինչու ինձ հանգիստ չեք թողնում։ Թողեք ինձ։

Նա բացում է դուռը։ Այլայլված դեմք ունի։ Բոլոր պատուհանները փակ են։ Ինձ թվում է, թե ժամանակին եմ հասել։

— Դագաղը Մարկի համար է, այնպե՞ս չէ։

Ուրեմն տեսել է։ Դագաղը մեկ ժամ առաջ բարձրացրին ետնամուտքով, որը «Պուլենի» դիմացն է։

— Այլևս փրկելու հույս չկա՞։

Բացում եմ պատուհաններից մեկը։ Տաք քամի է ներս մտնում սենյակ։ Իրենը համառում է․

— Նրա վիճակը պետք է որ ծանր լինի։

Հանցավոր եմ, որ առաջին օրը ճշմարտությունը թաքցրեցի նրանից։ Մի՞թե իմ բոլոր ճիգերը ապարդյուն են անցել։ Անկասկած, քանի որ իմ առջև խորտակված Իրենն է, որը միայն մի ելք է տեսնում․ ինքնասպանություն։ Այնուամենայնիվ, չեմ ուզում հավատալ, թե միամիտ եմ վարվել։ Չեմ ուզում հավատալ, թե կյանքի հետ կապող ոչ մի զգայուն թել չկա Իրենի սրտում։ Որտե՞ղ է այդ լարը։ Ինչպես ապացուցել, որ նա սխալվում է, որ կյանքը գեղեցիկ է, որ մի օր նա կմոռանա Մարկին։

— Եկեք։

Հանկարծ մի անբացատրելի զայրույթ է հոսում իմ երակներում։ Արյունը գլուխս է խփում։ Առարկաները շաղվում են աչքիս առջև։ Կոպտորեն բռնում եմ Իրենի ձեռքը և իջեցնում աստիճաններով։ Նա սայթաքում է։ Ի՜նչ փույթ։ Բարձրացնում եմ նրան և հրում մեքենայի մեջ։ Իմ վարվելակերպը նրան հանկարծակիի է բերում։ Առանց մի բառ արտասանելու, ապշահար նայում է ինձ։ Ես այլևս չեմ ուզում մտածել, չեմ ուզում հարցեր տալ։ Իմ բոլոր լարված զգայարանները կենտրոնացել են միայն մեքենայի վրա․ շարժիչի միացում, հաղորդիչ լծակի փոփոխում, սլաքի թեքում։ Մրրիկի պես մտնում եմ բուլվար Մոնպառնաս, Շանզ֊Էլիզե, Բուլոնյան անտառ։ Մի հայացք անգամ չեմ գցում կլինիկայի կողմը։ Ահա և խճուղին։ Իմ ոտքը սեղմում է ստարտերը։ 120, 130, 140։ Նորից եմ սեղմում։ Միջատները խփվում են ապակուն և ճզմվում։ Իրենը, ապշահար, չի շարժվում։ Քամին կտրում է շունչս։ Ավելի եմ արագացնում։ Արագությունով հարբած, անցնում եմ բոլոր մեքենաներից։ Գյուղերը տողանցում են։ Ինձ թվում է, թե ոտքս ձուլվել է ստարտերին։ Ղեկն առանց դժվարության սահում է ձեռքերիս մեջ։ Ոչ քամին, ոչ էլ արագությունը չեն մեղմում արտառոց կատաղությունը, որ վիրավոր գազանի պես ճանկռում է կուրծքս։ Ո՞ւր ենք գնում։ Չգիտեմ։ Դողերը հետևում են անվերջ ճանապարհին, հաշվիչը լափում է կիլոմետրերը, բենզինն այրվում է շարժիչի մեջ՝ ինձ չտալով իմ որոնած թեթևությունը։ Աղետի գաղափարը մի պահ մտահում է։ Այսքան թեթևությամբ դեռ չէի վարել մեքենան։ Նորից գյուղեր, ոլորաներ, ծառեր։ Զգում եմ, որ մոտիկ է նպատակաը։

Դովիլին չհասած, առանձնատներով և այգիներով եզերված մի ճանապարհ եմ բռնում։ Ճանապարհի ծայրին, ծովի մոտ, մի հյուղ ունեմ։ Շաբաթ և կիրակի օրերը գալիս ենք այստեղ ձուկ որսալու։ Ոտքս վերցնում եմ ստարտերից և դնում արգելակիչի վրա։ Անիվները ճռնչում են և անշարժանում։ Ամբողջ ճանապարհի ընթացքում Իրենը չխոսեց։Իջնում եմ մեքենայից։ Երկինքը ծածկված է սպիտակ ամպերով և մի թեթև մշուշ է լողում ծովի վրա։ Մեքենայի արկղիկի մեջ խրճիթի բանալին եմ փնտրում։ Ի՞նչ եմ անելու այստեղ Իրենի հետ։ Իմ ցասումը դեռ չի իջել։ Բացում եմ դուռը։ Մոտորանավակս անիվների վրա է։ Ընդամենը երկու անգամ եմ գործածել։ Ցասումը նորից է բռնում ինձ։ Միայն մի ելք եմ տեսնում՝ արագություն։ Երկու տակառիկ վառելիք եմ վերցնում և նավակը հրում դեպի ծովը։

Շարժիչը հազում է, հետո ամբողջ թափով սկսում աշխատել։ Մակույկը սահում է ծովի վրայով։ Իրենը փոքրիկ խցիկում նստած, նայում է ինձ։ Նա սպասում է։ Նավակը ջրի երեսին երկար ակոս է թողնում, որն անհետանում է մառախուղի մեջ։ Շփոթված ճայերը ճեղքում են օդը և թռչում դեպի ափ։ Մի տագնապալից լռություն է պարուրում մեզ։ Ժամանակ առ ժամանակ ծովը բարձրացնում է մեր դյուրաբեկ նավակը և ալիքները չոր աղմուկով փշրվում են նրա իրանին։

Ես գործի եմ դնում վերջին փամփուշտը։

— Իրեն, հավատո՞ւմ եք աստծուն։

Լռություն։ Նրա հայացքը խստանում է․

— Եթե Մարկը առողջանա, կհավատամ։ Եթե ոչ…

Ես խոր շունչ եմ քաշում, կարծես ուզում եմ մեղմել իմ այս անըմբռնելի զայրույթը։ Սպասում եմ իմ ձայնին։ Եվ այդ ձայնն անվրդով է․

— Մարկը մահացել է։

Իրենը անխոս նայում է ինձ։ Հետո շրջում է հայացքը։ Նա ելնում է և թեքվում, որպեսզի դուրս գա խցիկից։

Ափն անհետացել է։ Մենք մենակ ենք ծովի վրա։ Նա անշարժանում է, նայում ջին, որը եռում է պտուտակի տակ։ Ես գոռում եմ, այս անգամ կատաղորեն․

— Մարկը մահացել է։ Նա մահացած է և թաղված։

Ոչ մի շարժում։ Լսեց ինձ։ Ավելի ուժգին եմ գոռում․

— Մարկը մահացել է։ Դուք նրան այլևս չեք տեսնի։

Նրա մեջքը դողում է, բայց նա չի շարժվում։ Ես գոռում եմ․

— Ջուրը նետվելու համար էլ ինչի՞ եք սպասում։ Նետվեցեք, չէ որ Մարկը մեռած է։ Ես ձեզ չեմ փրկի և ափն էլ հեռու է։ Շուտ արեք, որ այլևս չխոսենք նրա մասին։

Ոչ մի ռեակցիա։ Նրա բարակ սիլուետն այլևս չի դողում։ Ես վեր եմ կենում, գլուխս դիպչում է տախտակին, մոտենում եմ ու ցնցում նրան․

— Մեռած է և թաղված։ Մեռած՝ ինչպես բոլորն են մեռնում։ Դագաղը հենց նրա համար էր։ Հիմա նա հողի տակ է։ Նա մեռած է, ինչպես միլիոնավոր մարդիկ, որ ծնվել և մեռել են։ Ինչպես միլիոնավոր մարդիկ, որ ծնվելու են, մեռնելու և փոշի դառնալու։ Մահն ինչո՞ւ պիտի խնայեր Մարկին։ Ինչո՞ւ, ինչո՞ւ։ Մարկն էլ մսից ու արյունից էր։ Բացառիկ ի՞նչ ուներ։ Այո, նա սիրում էր ձեզ և դուք էլ նրան, հետո՞։ Եվ հիմա, եթե կարծում եք, թե Մարկի մահով ամեն ինչ վերջացել է, է՛հ, գնացեք և միացեք նրան։ Եթե կարծում եք, թե աստված չկա, զուր է բույսի պես ապրելը։ Եթե կարծում եք, թե ավելի հեշտ է հավատալ առաջին մարդուն աշխարհ բերող հրաշքին (օրինակներից մեկն էլ Մարկն էր), քան մահից հետո շարունակվող խորհուրդի գոյությանը, ջուրը նետվեք անմիջապես։ Եթե կարծում եք, թե անհնար է մահին մի հնարավորություն տալը, անհետացեք ալիքների մեջ։ Նայեք ինձ, միթե՞ ես ապրող գաղտնիք չեմ։ Ես շնչում եմ, խոսում եմ, մտածում եմ, հորինում եմ, կյանք եմ տալիս, ես իսկապես կենդանի եմ։ Ես անհերքելի ապացույցն եմ մի գաղտնիքի, որը ոչ ոք չի լուծել։ Ինչո՞ւ մահն էլ այդպիսին չլինի։ Ինչո՞ւ ես մի հնարավորություն չշնորհեմ մահին։ Ես ձեզ կբացատրեմ, թե ինչպես է մահացել առաջին մարդը, սակայն անկարող եմ պատմել, թե ինչպես է ծնվել նա։ Տեսնո՞ւմ եք, որ մահը պակաս առեղծվածային է, քան կյանքը։ Հավատացեք ինձ, Իրեն, Մարկն այնպես չի մահացել, ինչպես դուք եք կարծում։ Նա իսպառ չի մահացել։ Տարվա բոլոր շաբաթները կրկնվում են։ Մարկը փակել է իր շաբաթը։ Մի նոր օր է սկսվում նրա համար։

Իջնում է գիշերը։ Շարժիչը կամաց խռխռում է։ Վառելիքը սպառվել է։ Խցիկում երկու թիակ կա։ Որտե՞ղ ենք։ Չգիտեմ։ Ջրի հսկայական տարածություն է մեր շուրջը՝ մառախուղով պարուրված։ Իրենը կուչ է եկել խցիկի մի անկյունում։ Նա լաց չի լինում։ Դիմադրում է արցունքներին։ Մի սիգարեթ է վերցնում, բայց չի կարողանում վառել։ Ձեռքերը դողում են։

— Անցյալ շաբաթ այս ժամին Մարկը նստած էր իմ դիմաց։ Մենք ճաշում էինք։

Ես չեմ շարժվում։ Իմ ցասումն իջել է։

— Մենք ճաշեցինք և գնացինք կինո։ Անցած շաբաթ էր։

Նա լռում է։ Մի երկար լռություն։ Նրա շնչառությանը հանկարծ դառնում է ընդհատ։

— Սա շատ անարդար է։ Սա շա՛տ անարդար է։

Նա ելնում է, դուրս գալիս խցիկից։ Ես տեսնում եմ լացից ցնցվող նրա ուսերը։


Գիշեր է։ Շարժիչը լռել է։ Նավակը ճոճվում է՝ ալիքների քմահաճույքին հանձնված։ Ես քնած եմ եղել։ Աչքերս բացում եմ և Իրենին չեմ տեսնում։ Ինձ թվում է, թե տասը րոպեից ավելի չեմ քնել։ Ելնում եմ։ Իրենը սահել է ջրի մեջ։ Նրա մարմինը լողում է, բայց ձեռքերը դեռ կառչած են շարժիչին։ Կռանում եմ, բարձրացնում նրա գլուխը։

Նրա աչքերում ոչ մի լույս չկա։ Նա հառաչում է և շշնջում.

— Թողեք ինձ, թողեք ինձ։

Ես նրան բռնում եմ մի ձեռքով, չեմ բարձրացնում։

— Թողեք ինձ։

— Ես կթողնեմ, Իրեն։ Բռնեք ձեռքիցս։

Նա չի շարժվում։

— Ձեռքիցս բռնեք, Իրեն։ Ձեզանից ընդամենը դա եմ խնդրում։

Նա բարձրացնում է գլուխը։ Ես պնդում եմ.

— Իրեն, աղաչում եմ։ Հինգ րոպե բռնեք իմ ձեռքից։

Նա զիջում է, և ես ասում եմ նրան։

— Երբ ուզեք, կարող եք թողնել ձեռքս և կսուզվեք։ Ես ձեզ այլևս չեմ պահի։ Հինգ րոպե ուշադիր լսեք ինձ։ Եթե մի սխալ բան ասեմ, թողեք այն ձեռքը, որը բռնել եք։

Ես զգում եմ նրա մատների սեղմումը ձեռքիս վրա։ Նա ինձ լսում է.

— Մարկը մի շաբաթ է, ինչ մեռած է։ Ես ձեզ չէի կարող ճշմարտությունն ասել։ Ուզում էի ձեզ վարժեցնել մահվան գաղափարին։ Ուզում էի ձեզ ապացուցել, որ կյանքը գեղեցիկ է։ Ես նկատեցի. դուք այնպես եք հաշտվել մահվան գաղափարին, որ առանց ափսոսանքի ուզում եք մեռնել, քանի որ Մարկը մեռած է։ Ես ձեզ պարզ ասում եմ. դուք իրավունք չունեք ձեր քմահաճույքով մեռնելու, քանի որ կյանքն իրավունքներ ունի ձեզ վրա։ Դուք ձեր կամքով չեք ծնվել։ Դուք իրավունք չունեք խրոխտանալու մահվան դեմ։ Նայեք ձեր շուրջը. ամեն ինչ ներդաշնակ է։ Եղանակներն ամեն տարի կրկնվում են, ցերեկից հետո գիշերն է գալիս։ Եթե իմ խոսքերն անհեթեթ են, թողեք ինձ։ Եթե ուզում եք այդ ներդաշնակությունը խախտել, հանձնեք ձեզ ալիքներին։ Հենց այս պահին ձեր շուրջն ամեն ինչ հրաշալի է, վեր է մեր բանականությունից։ Բավական է բերանս բացեմ, որպեսզի մի հրաշք կատարվի։ Ես հիմա դժվարանում եմ ընտրել։ Այս ծովը և ձեր շուրջը լողացող ձկները հրաշք են։ Այս մակույկը, որ լողում է մշուշի մեշ, հրաշք է։ Իմ ձայնի հնչյունները, որ թափանցում են ձեր ուղեղը, հրաշք են։ Ջերմությունը, որ զգում եք իմ ձեոքից, հրաշք է։ Եթե կարծում եք, որ իմ խոսքերը սուտ են, բաց թողեք իմ ձեռքը։ Մարկը մեկնեք մի աշխարհ, որն անծանոթ է մեզ։ Բայց այդ անտեսանելի աշխարհը նույնքան իրական ու ճշմարիտ է, որքան մեզ շրջապատող օդը, որքան առաջին տղամարդը, որ պառկեց առաջին կնոջ հետ և, որի ապացույցն ենք մենք։ Ես ձեզ ասացի։ Մի նոր օր է սկսվում Մարկի համար։ Ո՛չ երկուշաբթի, ո՛չ երեքշաբթի, ո՛չ կիրակի։ Դա շաբաթվա ութերորդ օրն է։ Եվ այդ օրը պատկանում է արարչին։ Դա մեզ համար պահված մի անակնկալ է։ Եվ որքան էլ մեծ լինի այդ օրն իմանալու մեր անհամբերությունը, մենք իրավունք չունենք դեպի այնտեղ տանող թելը կտրելու։ Եթե կարծում եք, թե իմ խոսքերը որևէ հիմքից զուրկ են, բաց թողեք ձեռքս։


Լույսը բացվում է՝ առանց փարատելու մշուշը։ Ալյակները խշշում են քամու քմահաճույքին թողնված նավակի շուրջ։ Իրենը դեռ քնած է։ Ես այլևս ո՛չ խոսելու, ո՛չ շարժվելու, ո՛չ էլ մտածելու որևէ ցանկություն չունեմ։

Վերջապես բացում է աչքերը։ Աչքերին թափված մազերը ձեռքով տանում է մի կողմ։

— Ծարավ եմ։

Չեմ պատասխանում։ Նա ելնում է, նայում շուրջը։

— Քաղցած եմ։

Ոչ խմելու բան կա, ոչ ուտելու։ Ճարելու հույս էլ չկա։ Միայն թիակներ կան։

Նա ելնում է, փորձում աշխատեցնել շարժիչը։ Ապարդյուն։ Ցնցում է բենզինի տակառիկները։ Դատարկ են։ Վհատված նորից նախկին դիրքն է ընդունում և փակում աչքերը։


Ամբողջ օրը մնում է պառկած։ Երբեմն բացում է աչքերը, ձեռքերը զննում, փոխում դիրքը։

Իջնում է երեկոն։ Իրենը շշնջում է․

— Ծարավ եմ։

Նա զննում է շարժիչը։ Դիտում է ծովն ու մշուշը։ Պպզում է, նայում և վեր կենում։ Մի վերջին վարանումից հետո, վերցնում է թիակները և հարմարեցնում։

— Խմելու ոչինչ չկա՞։

Նա թիավարում է, բայց ծովը դիմադրում է։ Հինգ րոպե անց դադարում է թիավարել։


Մեկ ժամ հետո մատները թրջում է ջրի մեջ և նորից թիավարում։ Դիմագծերը լարումից կծկված են։ Մակույկն առաջ է շարժվում։ Քառորդ ժամ հետո շնչասպառ, նորից է կանգ առնում։

— Ի՞նչ եք կարծում՝ ափից հեռո՞ւ ենք։

Ես մի անորոշ շարժում եմ անում։ Նորից է թիավարում։ Բայց ծովը դիմադրում է։ Նրա շարժումները ոչ կանոնավոր են, ոչ էլ զորեղ։ Նա դադարում է ու նորից սկսում։ Սկզբում թիակները հազիվ են քսվում ջրի մակերեսին, հետո, աստիճանաբար, խորանում են։ Նա արդեն գիտի գաղտնիքը։ Մակույկը նվազ ճիգով, ներդաշնակ սահում է։

Մազերը քրտինքից կպել են դեմքին։ Խոր շունչ է քաշում և շարունակում է թիավարել։

— Հասնելուց հետո կխմեմ։


Պետք է որ կեսգիշեր լինի։ Իրենը թիակները գցում է, ուժասպառ ընկնում նստարանին։ Ես ելնում եմ, որպեսզի ոտքերիս թմրությունը ցրեմ։ Իրենը նշան է անում։

— Չթիավարեք։

Չնայած ծայրահեղ հոգնածությանը, նստում է թիակների մոտ։

— Ես կհասնեմ։


Եվ կատաղորեն սկսում է թիավարել։


Որքա՞ն ժամանակ է, որ թիավարում է։ Քանի անգամ նրա մկանները լարվածությունից կծկվեցին։


Ես չէի կարծում, թե նա այսքան արիություն կունենա։


— Հենց որ Փարիզ հասնեմ, կփոխեմ կահույքի տեղը։

Թիակները խրվում են ջրի մեջ։ Որպեսզի շնչասպառ չլինի, նա բերանը փակում է և արագ ու ընդհատ շնչում քթով։

— Ամեն շաբաթ համերգ կգնամ։

Քրտինքը ծորում է նրա դեմքով, մշուշելով աչքերը։ Թիակները կատաղորեն ճեղքում են ալիքները։

— Աշխատանք կգտնեմ։

Լուսաբաց է։ Իրենը ամբողջ գիշեր թիավարում էր։ Նա ելնում է, նայում մշուշից կծկված հորիզոնին։ Ափը չի երևում։ Անտրտունջ գրավում է իր տեղը, և ես նկատում եմ, որ նրա ձեռքերը արյունոտ են։ Հետո ի՞նչ։ Բռնում է թիակները և ուսերը շարժում։ Մակույկը շարունակում է սահել։

— Մի օր էլ երեխաներ կունենամ։

Անկարող լինելով բռնել զույգ թիակը, նա այժմ մի թիակով է պայքարում։ Եռանդով խրում է ջրի մեջ և ուժգին ետ քաշում։

Մի ժամ հետո մառախուղը սկսում է ցրվել։ Պտտվում են ճայերը։ Ափը մոտ է։

Իրենը թիակվարում է կանգնած։ Երկու ժամ անց նա ճչում է․

— Ա՛փը։

Եվ մի շաբաթից ի վեր լարված նրա դեմքին բացվում է առաջին ժպիտը։

Ուզում եմ խոսել, բայց բառերը թաղված են մնում սրտումս։


1958