Հայրս

Գրապահարան-ից
Հայրս

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

Դպրոց էի հաճախում, արձակուրդներին սարերում ոչխար էի արածեցնում, մերոնց հետ կարտոֆիլն էի ցանում, մարգագետնում խաղում էի, քամուց ծածանվող շրջազգեստների տակից աղջիկների սպիտակ շապիկների ծայրերն էի տեսնում` կարմիր նախշազարդ ծաղիկներով, ու շունչս կտրվում էր․ պապիս թաղեցինք, հետո ավարտական երեկոյի վերջին զանգը եղավ, ամբողջ դասարանով, դիրեկտորն էլ մեզ հետ, երգեցինք «Լենին, դու կյանք ես հարակեզ…» եւ ես դպրոցն ավարտեցի, տանից փող գողացա ու փախա մայրաքաղաք, դեռ էլի հավատալով, որ ծնվել եմ նռից։

Մայրաքաղաքի վարձով տրվող նկուղներից մեկում, գյուղում բացակա` արգելված «Աստվածաշունչն» էի ուսումնասիրում եւ, այնուամենայնիվ, հավատում, իր հոր հետ էլ «քաղաքավարի խոսող» մեր գյուղի գրականության ուսուցչին, որ պոեզիան «Աստվածաշնչից» է սկսվում։ Երբ հասա Մատթեւոս ավետարանիչին ու Քրիստոսը խաչի վրա դիմանում էր փշե պսակին, նիզակի հարվածներին եւ մարդու թուլությամբ աղերսում էր Եհովա հորը, որ լեղու բաժակը իրենից հեռու տանեն, չենթարկեն այդ փորձության, համալսարանի շենքի ճակատին ամրացված բարձրախոսները դղրդալով արդեն հայտարարում էին առաջին քննությունների մասնակիցների գնահա տականները, իսկ ես այդ օրը հասկացել էի, որ Քրիստոսն աշխարհի ամենամեծ բանաստեղծն է, Չարենցը` ամենախոշոր աստվածը։

Մեր գյուղում միրգ չկա։ Մայրս ինձ պատմել էր, որ մի շոգ օր դաշտում կարտոֆիլն էին քանդել, ու սիրտը թթու բան է ցանկացել։ Ասում էր․ «Չգիտեմ որտեղից, պապդ տելեգրեյկայի գրպանից մի խոշոր, կարմիր նուռ հանեց, տվեց հորդ, ասավ` աշխատանքը ծանր է, թող հարսը տուն գնա»։ Մայրս ասում էր․ «Եկա տուն, նուռը ջարդեցի, դուռը ներսից փակեցի ու կլեպներն էլ հետը կերա»։ Հետո, մի քանի օր անց ծնվել եմ ես ու, համալսարանի քննություններին չմասնակցած, թափառում էի մայրաքաղաքի փողոցներում ու հավա տում էի, որ ես ծնվել եմ հենց այդ նռից, որ պապս տելե գրեյկայի ծոցագրպանից էր հանել ու տվել մորս։

Փողոցներից մեկում հանդիպեցի պատի տակ նստած ալեխառն մորուքով ծերունուն եւ նայեցինք իրար աչքերի մեջ, ու ես զարմացած մտածեցի` մի՞թե Քրիստոսը դարձյալ եկել է ու ես տեղյակ չեմ։ Նա կապույտ ու ջինջ աչքերը չէր հեռացնում ինձանից։ Առաջարկեց գնալ իր տուն․ «Կզրուցենք»։ Խաղատախտակը ծնկներիս դրած` նարդի էինք խաղում։ Նրա չոր ծնկները ծնկներիս էին կպնում, նա ծիծաղում էր, ես էլ էի ծիծաղում, հետո նրա ձեռները շոշափելով բարձրանում էին ծնկներիցս վեր ու ավելի վեր։ Ես հաստատ տեսա, որ երբ դուրս թռա, նա նստած մնաց։ Գիտեի, որ նա ինձ չի հետապնդում, բայց ես վազում էի, նա գալիս էր։ Ծառերը, շենքերը մնում էին, նա` չէ, բայց նրա նման մի բան ինձ կառչելով` գալիս էր։ Պարեկ միլիցիոներները կանգնեցրին, նրանցից խոշոր գլուխն ասավ․ «Շունչդ տեղը բեր, հետո կասես, թե ինչո՞ւ ես վազում»։ Շունչս տեղը չէր գալիս, ուզում էի փսխել։ Ձախ ականջին բամբակ խրածն ասավ․ «Ոչինչ, մի քիչ տեղում քայլի, կանցնի։ միանգամից կանգնել չի կարելի, երեւում է երկար ես վազել»։ Ծառերը, շենքերը գնում էին, ես կանգնել էի, կապույտ աչքերը կանգնել էին, ոտներս ծալվում էին, չէի կարող անում ոտքի վրա մնալ։ Նրանք թեւերիս տակ ընկած` աջ ու ձախ էին քայլեցնում եւ միաժամանակ գրպաններս ստուգում, ուզում էի փսխել, չէի կարուղանում, ստամոքսս այրվում էր։ Շուրջբոլորակի մարդիկ էին հավաքվել, ձախ ականջին բամբակ խրածը նրանցից պահան ջում էր, որ ցրվեն։ «Սոված եմ»,— ասի։ Խոշոր գլուխն անընդհատ պահանջում էր, որ պատմեմ, թե ինչ է պատահել։ Ես նրան պատմեցի։ Նա ասավ․ «Մի վախենա, դու գնա տուն, մենք կգտնենք կապույտ աչքերով Քրիստոսի նման ծերունուն»։ Ուրախացած ասի․ «Գիտե՞ք` ես նռից եմ ծնվել»։ Խոշոր գլուխն ու ձախ ականջի մեջ բամբակ խրածն իրար նայեցին, ծիծաղողներին նայեցին, հետո նորից իրար, նորից ծիծաղ։ Ասին․ «Նստիր մեքենան»։ Ես չէի ուզում նստել։ Նրանք քաշքշում էին, հավաքվածները ծիծաղում էին, էլի ծիծաղ, ասին․ «Մի ստիպի, որ մենք նստեցնենք»։ Ասի․ «Ուզում եմ տուն գնալ, սոված եմ»։ Երկար չէի համաձայնվում , որ իրենք տուն տանեն։

Խոշոր գլուխը օձիքս բռնած` շպրտեց փոքրիկ, անլուսամուտ ավտոբուսի մեջ, ստվերի նման ծեփվեցի թիթեղյա պատին։ Հետո ես ընկա հատակին, ինքը նստած` ծխում էր։

Հաջորդ օրն առավոտյան լույսի մեջ տեսա իմ պատուհանի ճաղերը։ Երկու տղամարդ բուժակներ, որոնք ամբողջ գիշեր խոշոր գլխի պես, միջանցքներում, զուգարաններում, մահճակալ ների տակ, սենյակից սենյակ թափառող հիվանդների օձիքներից բռնած շպրտում էին դեպի պատերը` հիվանդանոցին պատշաճ խաղաղ գիշերվա պատրանք ստեղծելու համար, ինձ տարան բժշկի մոտ։ Նա երկար զննումներ կատարեց։ Հետո հարցրեց․ «Ձեր ցեղում հիշում ես որեւէ մեկին… ասենք, որ քնից վեր թռչեր, աղաղակեր, հարեւաններին վնաս տար…»։ «Չէ, չեմ հիշում»։ Նա կոպերս երկու բութ մատներով սեղմեց, հետո աչքերս փակ, զույգ ձեռներս առաջ պարզած` սենյակում քայլել տվեց։ «Լավ, բա ինչի՞ վախեցար»։ Ասի․ «Որովհետեւ հավատում եմ, որ նռից եմ ծնվել»։ Երկար նայեց աչքերիս մեջ, ասավ․ «Ի՞նչ գիտես»։ Ասի․ «Մայրս է պատմել…»։ Ասավ․ «Հայ ճարտարապետության մեջ, ինչ֊որ նման մի տեսություն առաջ քաշում են, հիմք ընդունելով խաչքարերի նռները։ Ո՞ւր է, թե այդպես լիներ։ Մայրդ գյուղում ի՞նչ գործ է անում»։ Ասի․ «Ծաղիկներ, այնպես խոշոր, կրակի գույնի կակաչներ է աճեցնում, որ նույնիսկ մեր գյուղի միլիցիոներ Շալիկոն արգելում էր հաջորդ տարի նորից ցանել»։ «Այ քեզ բան, ինչո՞ւ էր արգելում»։ «Արգելում էր, որովհետեւ ջահելները կարող էին սերմը գողանալ, մեկ ուրիշ տեղ ցանել, հետո ծխել»։ «Լավ, էլ ի՞նչ էր ցանում»։ Ասի` մանուշակ, նարգիզ, արեւածաղիկ…

Բժիշկ․— Ռեհան, պետրուշկա չէ՞ր ցանում։

Ասի․ «Նույնիսկ սարի սմբուլ է աճեցնում, տեսե՞լ եք բարակ, երկար, փափկամազ, փիսիկ էլ են ասում, նույնիսկ ասում են, ով որ տանը պահի, դժբախտություն կպատահի…»։

Բժիշկ․— Կոտե՞մ էլ չի ցանում։

Ասի` չէ։

Բժիշկ․— Բա, լավ, գյուղից փախել էիր, որ համալսարան ընդունվեիր, ինչո՞ւ քննություններին չմասնակցեցիր։ Ասի․ «Մատթեւոսի թղթերն էի կարդում, հետո իմացա, որ քննություններն ավարտվել են»։

Բժիշկ․— Ենթադրենք մայրդ ճաշ է եփում, սոխի համար շուկա խոմ չի գնա, սոխը ի՞նչ է, որ ձեր բոստանում չեք ցանում։

Ասի․ «Գույնզգույն մեխակներ է ցանում, քաղաքում դրանց նմանները տեսած չեք լինի, թերթերն այնքան բարակ են, այնպես թափանցիկ»։

Բժիշկ․— Քեզ բուժում է պետք։ Կպառկես, կբուժվես, այդ ընթացքում կհեռագրենք գյուղ, որ ծնողներդ գան։ Հետո դռան երկու կողմում կանգնած սանիտարներին ասավ․ «Որ ծնողները եկան, ասեք, թող անպայման ինձ տեսնեն»։

Ինձ բուժում էին։ Բժիշկը հետեւում էր նշանակումների արդյունքին, որպեսզի չխուսափեմ, ցավոտ ներարկումներից ձեռներս մահճակալին էին կապում, ես ուզում էի, որ մերոնք գան։ Դիմացի N7 հիվանդասենյակի ճաղատ գլխով, միջին տարի քի մարդը, որին բրդի գործարանի տնօրեն էին ասում, գիշերները քիչ֊քիչ, օր օրի ներք նակիս ու բարձիս բամբակն էր գողանում, հետո երկու ամիս անցավ, մերոնք` հայրս ու մայրս եկան։

Մայրս Լենինականի շուկայից խոշոր նռներ էր գնել։ Հայրս բժշկի համար կճուճով բերած մեղրը տարավ նրանց տուն, եկավ, բժիշկը ձեռքով ծանոթացավ հետը։ Ասավ․ «Անվանակիցներ ենք»։ Հայրս ժպտաց, վերնաշապիկի օձիքի կոճոկը արձակեց։ Հետո նրանք բժշկի առանձնասենյակում զրուցում էին։ Բժիշկը մորս տարբեր հարցեր էր տալիս։ Ասավ․ «Իզուր եք տղայի գլուխը լցրել նռան պատմություն ներով»։ Մայրս ասավ․ «Այդ օրը շոգ էր, կեսրարս գրպանից նուռ հանեց…»։

Բժիշկը զայրացկոտ ընդհատեց նրան․ «Այ կնիկ, այդ օրերին փորդ բերանիդ էր հասնում, խոսում ես մատղաշ աղջնակի նման։ Նուռ, նուռ… բա մարդդ…»։ Բազմանշանակ նայեց հորս։ Հայրս քարերին առած գունաթափ քթերով կոշիկներին էր նայում, հետո կռացավ, քրտնած ձեռքի ափով մաքրեց նրանք, նայեց բժշկին, արտաշնչելով ասաց` օֆ։

Ես ուզում էի, որ գնանք տուն։ Բժիշկն էլ էր նայում հորս գունաթափ կոշիկների քթներին ու լսում մորս, թե․ «…ինչո՞ւ Ծովինարը… ես անգրագետ կին եմ, բայց ինչո՞ւ Մարիամը…»։ Բժիշկը թղթի վրա բան էր գրում։ Ես ուզում էի, որ գնանք տուն։ Ասավ․ «Տղան հիմա լրիվ բուժված է, իմ խորհուրդն է, նրան այլեւս մայրաքաղաքում չթողնել, մեծ քաղաքներում հաճախ են սթրեսներ պատահում, կարող է նորից կրկնվել»։ Հետո երկար լռում էր, երկար նայում էր հորս գունաթափ կոշիկների քթներին, որոնց վրա հորս խոնավ ափի հետքը դեռ մնում էր։ Ես ուզում էի, որ գնանք տուն։ Գրած թուղթը տվեց հորս, ասավ․ «Այդտեղ գրված է, կտաք ձեր գյուղի բուժքրոջը, թող նշանակումը նույնությամբ կատարի, ձեր կնոջն էլ է բուժում պետք, ես դեռ այն ժամանակ էլ կասկածեցի, երբ տղայի հետ էի զրուցում»։ Հայրս զարմացած, հանկարծ նայեց մորս դեմքին, ձեռքի ափով սրբեց ճակատի քրտինքը։ Ոտքերը, խամաճիկի թելն արձակած ոտների նման, ծուռումուռ թափվեցին միաժամանակ ամեն կողմ։ Հավաքում, ուղղում էր, կրկին ծռմռվում , անջատվում էին, գալիս քիթ քթի` իրար հպվում։ Բժիշկն ասավ․ «Վտանգավոր բան չկա, դա ապահովության համար է»։ Հայրս թուղթը վերցրեց, ասավ` օֆ, հապշտապ դուրս եկավ։ Հետո, երբ Ախալքալաքից հասանք մեր գյուղի ճամփաբաժանը, վերին գյուղերը գնացող ավտոբուսը մեզ իջեցրեց, ոտքով ենք գյուղ գնում։ Հայրս ամբողջ ճանապարհին չէր խոսել, միանգամից վրա֊վրա ասավ․ «Չեմ հասկանում, ի՞նչ է, բանաստեղծ դառնալու համար անպայման տնից պիտի փախչեիր ու մայրաքաղաքում քյավթառ ծերունիները ծնկներդ պիտի ճակռտեին»։ Մայրս թեւանցուկ արեց ինձ, հայրս առաջ էր ընկել։ Վրացիների գյուղից Սերմանը ոչխար էր արածեցնում, հորս բարեւ գոռաց։ Հայրս, կուզը դուրս գցած, ավելի արագ քայլեց։ Սերմանը բարեւը վրացերեն գոռաց։ Մայրս պինդ սեղմեց թեւս, ասավ․ «Հետ չնայես»։ Հայրս քայլում էր կուչուձիգ անելով։ Սերմանը շրջանցում էր թմբերը, որ հորս դեմընդառաջ դուրս գա։ Նա կանգնել էր ճանապարհի մեջտեղը, ասավ․ «Բարեւ, Օնանի տղա, էս որտեղի՞ց եք գալիս էսպես գերդաստանով։ Փոստի Տասոն ասում է` մանչուն խելռնոց էին պառկեցրել, ի՞նչ է պատահել»։ Հացի տոպրակից մի կապոց սինձ հանեց, տվեց ինձ, ասավ․ «Խոզանի անարատ սինձ է, հենց նոր եմ հավաքել, կեր»,— ու նայեց աչքերիս մեջ․ «Երկուսին գումարած երկուս, ի՞նչ կանի»։ Ասավ․ «Տղա, սինձն էլ անլվա ուտե՞ն»։ Բերանիս մեջ զգում էի հողի համը ու ուզում էի լաց լինել։ Հայրս ասավ․ «Հեչ, բան չկա, սխալմունք էր»։ Հետո մենք մորս հետ գնում էինք, նրանք թմբին պառկած ծխում էին։ Նորից հայրս մեզանից մի տասը քայլ առաջ անցավ։ Ես մանր քարերին հարվածում էի կոշիկի քթով։ Քարերը գլոր֊գլոր հասնում էին հորս կրունկներին, ես նորից էի հարվածում, հետո նորից, հայրս հետ չէր նայում։

Մայրոն ու Համբոն էին գալիս գյուղից։ Հայդուկի փամփշտակալի նման վանդակավոր շալը խաչուփաչ կապած, Մայրոն առաջ ընկած, պարանով պոզերից կապած կարմիր կովին էր քաշում։ Համբոն հորս բարեւեց, ասավ․ «Ֆերշել Գուրգենն ասում է` էս անտերը պրովոդ է կուլ տվել, կամ էլ մինինգիտ է, տանում ենք մթերման։ Փոստի Տասոյից լսեցի` մանչը խելռնոցն էր պառկած, ի՞նչ է պատահել…»։ Հայրս ասավ․ «Սթրես ուներ»։ Հետո նրան հարցրեց․ «Կարող է իմա նա, ի՞նչ բան է սթրեսը, բժիշկն ասում է` մեծ քաղաքներում է պատ ահում»։ Համբոն ուսերը թոթվեց։ Մայրս, ինչ֊որ անորոշ մի բանից վախեցած` դողում էր, բերանումս դարձյալ հողի համն զգացի, ինձ թեւանցուկ էր արել, մենք գնում էինք, հայրս կրկին առաջ էր անցել, կոշիկի քթով հարվածում էի մանր քարերին, քարերը գլոր֊գլոր կպնում էին նրա կրունկներին, մայրս ժպտում էր։

Հայրս հանկարծ կանգնեց, մենք հասանք նրան, շշմած մեզ ասավ․ «Այսքան տարի խելառների հետ եմ ապրել»։ Նա մեզ ասավ, բայց մորս հետ էր խոսում։ Կմկմալուց հասկացա, որ ուզում էր ասել․ «Խելառի եմ սիրել…»,— ինձանից ամաչեց։ Հետո խոսքը կիսատ թողած` դարձյալ առաջ անցավ։ Ես չէի ուզում գնալ, ուզում էի նայել Համբոյի ու Մայրոյի կովին։ Հորս վիզը բարակ ու երկար էր, թե «դսնոցվա» վերնաշապիկն էր մեծ, ես չէի ուզում գնալ։ Ասի․ «ինչո՞ւ ավելի շուտ չէիք գալիս ինձ տանելու»։ Մայրս ասավ․ «Գնանք, գիտե՞ս ինչ սիրուն ձագեր են հանել էն քո սպիտակ դոխերը»։ Ասի․ «Հեռա գիրը երբ էիք ստացել…»,— ու չէի ուզում գնալ։ Մայրս ասավ․ «Գի տե՞ս, որ էն չորս համարի քո գերանդին հայրդ շինել է, որ իր հետ քեզ էլ խոտքաղի տանի»։

Ճանապարհամերձ թմբին նստել էի ու չէի ուզում գնալ, քարով կրունկս հարող կոշիկիս մեխն էի ծեծում։ Մայրս ասում էր․ «Իզուր ես հորդ կասկածում, տես` ոնց է վիզը երկարել, այս մի ամսվա մեջ շատ է նիհարել, մեղք է, գնանք։ Կատակելով, խաղալով, մանր քարերին կխփես, քարերը գլոր֊գլոր կվազեն, հորդ կրունկներին կկպնեն, հետո կնայի, կժպտա ու չես էլ հասկանա, թե ոնց գյուղ հասանք, կասկածել պետք չէ, մարդ էլ իր սեփական հորը կասկածի՞, խելքդ մի բան կտրում է, ինչ է, հայրդ քեզ կթողնե՞ր հիվանդանոցում, անխելք»։ Մանր քարերը կրկին հասնում, թույլ կպնում էին հորս կրունկ ներին, նա հետ չէր նայում, երբ դեռ դպրոցում էի սովորում, պապս մահացել էր, գյուղի տղամարդիկ յայլայում խոտհնձի էին, ես ու հայրս գնացինք Ախալքալաք` դագաղը բերելու։ Վերին գյուղերը գնացող մեքենան իջեցրեց մեզ, ճամփաբաժանից ոտքով էինք գյուղ գալիս։ Դագաղը պարանով ուսած, հայրս առջեւից էր գնում, վիզը բարակ ու երկար էր, ինչ֊որ բանից վախեցած էր ու այս աշխարհում միայնակ։ Այն ժամանակ էլ, կոշիկի քթով մանր քարերին էի խփում, քարերը հասնում, կպնում էին կրունկներին, նա այդպես քայլում էր դագաղը ուսից կախ, ես այդպես խաղում էի, երբ արդեն հեռվում գյուղը երեւաց, նա զայրացած շուռ եկավ, ասավ․ «Գլուխս տարար, վերջ տուր, կոշիկներիդ քթները կպոկես»։ Նա ժպտալով ասավ։ Հետո ճանապարհամերձ թմբին նստած, քաղաքի` բամբակի նման թեթեւ, սպիտակ հացն ու սխտորի բուրմունքով երշիկ էինք ուտում։ Մեջքիս պառկած, գլուխս նրա ծնկներին, հանգստանում էի, նա մազերիս հետ էր խաղում…