Մարտին Իդեն, Գլուխ XXXVIII

Գրապահարան-ից

Մարտին Իդեն
◀ Մարտին Իդեն, Գլուխ XXXVII Մարտին Իդեն, Գլուխ XXXIX ▶


— Գնա՛նք սոցիալիստական ակումբ,— ասաց Բրիսենդենը՝ կես ժամ առաջ արյուն թքելուց թուլացած և հազիվ ուշքի եկած։ Դա վերջին երեք օրվա ընթացքում երկրորդ դեպքն էր։ Նա դողդոջ ձեռքերով բռնել էր իր անբաժան ընկեր վիսկիի բաժակը։

— Ես ի՞նչ գործ ունեմ սոցիալիզմի հետ,— հարցրեց Մարտինը։

— Կողմնակի մարդկանց թույլատրվում է այնտեղ խոսք վերցնել՝ միայն հինգ րոպեից ոչ ավելի,— ասաց հիվանդը,— դուք էլ ելույթ կունենաք։ Ասացեք նրանց, թե ինչու դուք սոցիալիստ չեք։ Ասացեք նրանց, թե ինչ է ձեր կարծիքը նրանց և նրանց էտիկայի, գետտոյի էտիկայի մասին։ Նրանց երեսին նետեցեք Նիցշեին և, իբրև վարձատրություն, թողեք, որ ձեզ բզկտեն։ Այդպիսի վիճաբանությունները օգտակար են նրանց, ինչպես և ձեզ համար։ Ես շատ կուզենայի, որ դուք սոցիալիստ դառնաք իմ մահից առաջ։ Միայն դա կարող է փրկել ձեզ ձեր կյանքի հիասթափության ժամին, որը կհասնի անկասկած։

— Չեմ հասկանում, թե դուք, հենց դուք, ինչպե՞ս կարող եք սոցիալիստ լինել,— նկատեց Մարտինը,— չէ՞ որ դուք ատում եք ամբոխը։ Եվ իրոք, ի՞նչ կապ ունեք, գեղագետ մարդ, խուժանի շահերի հետ։

Այդ ասելով Մարտինը կշտամբանքով մատնացույց արեց վիսկին։

— Երևում է, որ սոցիալիզմը չի փրկում ձեզ։

— Ես շա՜տ հիվանդ եմ,— պատասխանեց Բրիսենդենը,— իսկ դուք ուրիշ եք։ Դուք առողջ եք, ձեր առաջ դեռ կա ամբողջ մի կյանք, և ձեզ հարկավոր է որևէ նպատակ ունենալ կյանքում։ Դուք զարմանում եք, թե ինչու ես սոցիալիստ եմ. կասեմ ձեզ։ Որովհետև սոցիալիզմն անխուսափելի է, որովհետև Ժամանակակից հասարակարգը փտած է և չի կարող երկար Ժամանակ կանգուն մնալ, որովհետև ձեր «ձիավորի» ժամանակն անցել է։ Ստրուկները չեն գնա նրա հետևից։ Ստրուկները խիստ շատ են և չեն թողնի, որ նա երիվար նստի։ Միևնույն է, դուք նրանցից չեք ազատվի և ստիպված կլինեք կուլ տալ նրանց ստրկական բարոյականությունը։ Իհարկե դա այնքան էլ քաղցր բան չէ, բայց ճար չկա։ Դուք ձեր նիցշեական գաղափարներով պարզապես տրոգլոդիտ եք, Մարտի՛ն։ Ինչ որ անցել է՝ անցել է, և ով որ ասում է, թե պատմության մեջ ամեն ինչ կրկնվում է, ստում է։ Դուք իրավացի եք․ ես չեմ սիրում ամբոխը, բայց ի՞նչ կարելի է անել։ Ձիավորին մենք չենք կարող սպասել, իսկ այժմ իշխանության գլխին գտնվող բուրժուական վախկոտ խոզերից ես գերադասում եմ ինչ֊որ կուզեք։ Գնա՛նք․ եթե ես մի քիչ էլ նստած մնամ այստեղ, բոլորովին կհարբեմ։ Գիտե՞ք թե ինչ է ասում բժիշկը. բայց գրո՛ղը տանի բժշկին։ Ես շատ եմ ուզում հիմարացնել նրան։

Կիրակի երեկո էր, և Օքլենդի սոցիալիստական ակումբի փոքր սրահը լի էր բազմությամբ, գլխավորապես բանվորներով։ Հռետորը, խելացի մի հրեա, դուր եկավ Մարտինին, թեև նրա բոլոր ասածները միանգամայն անընդունելի էին Մարտինի համար։ Հռետորի նեղ ուսերն ու ներս ընկած կուրծքը միանգամից ցույց էին տալիս, թե նա իսկական գետտոյի զավակ է, և նայելով նրան, Մարտինը պարզ պատկերացրեց իրեն՝ խղճուկ և տկար ստրուկների հավերժական պատերազմը այս աշխարհի մի բուռն ուժեղների դեմ, որոնք շատ վաղուց իշխել են նրանց վրա և միշտ էլ պիտի իշխեն։ Մարտինի աչքում այդ նիհար մարդը ներկայանում էր որպես մի մեծ սիմվոլ։ Դա մարմնացումն էր՝ կենսաբանական անխուսափելի օրենքի համաձայն կյանքի փշոտ ճամփաներին ոչնչացնող թույլերի և անճարակների դժբախտ զանգվածի։ Նրանք դատապարտվածներ են։ Չնայած նրանց ճարտարամիտ փիլիսոփայությանը և դեպի կոլեկտիվացումը նրանց ունեցած մրջնային հակմանը, բնությունը մերժել է նրանց՝ գերադասելով բացառիկ ուժեղ մարդկանց։ Բնությունն ընտրում է իր լավագույն ստեղծագործությունները, և մարդիկ հետևում են նրա օրինակին՝ բուծելով ազնվացեղ ձիեր և հազվագյուտ բույսեր։ Իհարկե, աշխարհաշենքի ստեղծողը կարող էր հնարել լավագույն մեթոդ, բայց այս աշխարհի մարդիկ ստիպված են հաշվի առնել գոյություն ունեցող մեթոդը։ Հասկանալի է, որ իրենց ոչնչացումից առաջ նրանք կարող են գալարվել և կուչ գալ, ինչպես այդ անում են սոցիալիստները, կարող են հավաքվել ու խոսել այն մասին, թե ինչպես պակասեցնել երկրային գոյության դժվարություններն ու հաղթել տիեզերքը։

Այդպես էր մտածում Մարտինը և նույնն արտահայտեց, երբ Բրիսենդենը վերջապես համոզեց նրան ելույթ ունենալ և մի լավ «կերցնել» դրանց։ Նա բարձրացավ ամբիոն և, ինչպես ընդունված էր անել, դիմեց նախագահին։ Սկզբում նա խոսում էր շատ հանդարտ, մի քիչ կմկմալով, ջանալով կարգի բերել այն բոլոր մտքերը, որոնք հեղեղել էին նրան հրեայի ճառի ժամանակ։ Այսպիսի միտինգներում ամեն մի հռետորի տրվում է հինգ րոպե. բայց երբ սահմանված հինգ րոպեն անցավ, Մարտինը նոր էր սկսել ոգևորվել իր ճառով. նրա հարձակումը սոցիալիստական վարդապետության վրա նոր էր ծավալվել, և որովհետև նա մեծ հետաքրքրություն առաջացրեց, ունկնդիրները միաձայն պահանջեցին նախագահից երկարացնել խոսելու ժամանակը։ Մարտինի մեջ նրանք տեսան արժանավոր հակառակորդին և լարված ուշադրությամբ հետևում էին նրա ամեն մի բառին։ Մարտինը խոսում էր արտասովոր հափշտակությամբ, առանց դեսուդեն ընկնելու և հարձակվելով ստրկական բարոյականության վրա, ուղղակի նշելով, որ ստրուկ ասելով, ինքը նկատի ունի հենց իր ունկնդիրներին։ Նա մեջ բերեց Սփենսերին ու Մալթուսին և գովաբանեց աշխարհի զարգացման կենսաբանական օրենքը։

— Այսպիսով,— եզրափակեց նա իր ճառը,— պետությունը չի կարող գոյություն ունենալ, եթե նա բաղկացած է միայն ստրուկներից։ Էվոլյուցիայի հիմնական օրենքը գործում է այստեղ։ Գոյության պայքարում, ինչպես ես արդեն նշեցի, կապրի ուժեղը և ուժեղի սերունդը, իսկ թույլը և նրա սերունդը դատապարտված են ոչնչացման։ Այդ պրոցեսի հետևանքով ուժեղների ուժը ավելանում է սերնդե֊սերունդ, ահա թե ինչ է էվոլյուցիան։ Իսկ դուք, ստրուկներդ (ես համաձայն եմ, որ տհաճ բան է իրեն ստրուկ ճանաչելը), դուք, ստրուկներդ, երազում եք էվոլյուցիայի մեծ օրենքին չենթարկվող մի հասարակության մասին։ Դուք ուզում եք, որ վտիտներն ու անճարակները չոչնչանան։ Դուք ուզում եք, որ տկարներն էլ ուտեն այնպես, ինչպես ուժեղները, և այնքան, ինչքան կամենան։ Դուք ուզում եք, որ թույլերն ուժեղների հետ ամուսնան և սերունդ արտադրեն։ Իսկ ի՞նչ կլինի այդ բոլորի հետևանքը. մարդկության ուժն ու կենսունակությունը չեն աճի սերնդե-սերունդ, ընդհակառակը՝ կնվազեն։ Ահա ձեր ստրկական փիլիսոփայության նեմեզիդան։ Միայն ստրուկների համար գոյություն ունեցող ձեր ստրկական հասարակությունը կսկսի աստիճանաբար թուլանալ և փլուզվել, մինչև որ վերջ ի վերջո բոլորովին կկորչի։ Մի՛ մոռացեք, որ ես ելակետ ունեմ կենսաբանական օրենքները և ոչ թե սենտիմենտալ բարոյականությունը։ Ստրուկների պետությունը չի կարող գոյություն ունենալ։

— Իսկ Միացյալ Նահանգնե՞րը,— բղավեց ունկնդիրներից մեկը։

— Միացյալ Նահանգնե՞ր,— առարկեց Մարտինը,— տասներեք գաղութներ վռնդեցին իրենց իշխողներին և կազմեցին այսպես կոչված հանրապետություն։ Ստրուկներն իրենք դարձան իրենց տերերը, այլևս չկային տերեր, որոնք սրի ուժով էին կառավարում։ Բայց ստրուկները չեն կարող մնալ առանց տերերի, և ահա գոյացավ իշխողների մի նոր տեսակ՝ ոչ թե համարձակ ազնիվ և ուժեղ մարդիկ, այլ ողորմելի սարդեր, վաշխառու չարչիներ։ Եվ նրանք դարձյալ ստրկացրին ձեզ, բայց ոչ բացահայտ՝ ուժեղի իրավունքով, այլ աննկատելիորեն, զանազան մեքենայություններում, խորամանկությամբ, խաբեությամբ ու ստերով։ Նրանք կաշառեցին ձեր դատավորներին, այլանդակեցին ձեր օրենքները և ձեր որդիներին ու դուստրերին ենթարկեցին այնպիսի ճնշման, որի առաջ նսեմացան ուղղակի ստրկության բոլոր սարսափները։ Ձեր երեխաներից երկու միլիոն հոգի այժմ աշխատում են Միացյալ Նահանգների արդյունաբերական օլիգարխիայի լծի տակ։ Տասը միլիոն ստրուկներ ապրում են՝ առանց ապաստան ու հաց ունենալու։ Ո՛չ, ստրուկների պետությունը չի կարող գոյություն ունենալ, որովհետև դա հակասում է էվոլյուցիայի կենսաբանական օրենքին։ Հենց որ ստրուկների պետություն է ստեղծվում, անմիջապես վրա է հասնում անկումն ու այլասերումը։ Դուք ժխտո՞ւմ եք էվոլյուցիայի օրենքները․ լա՛վ։ Ո՞ւր է այն նորը, մյուս օրենքը, որի վրա հույս ունեք հենվել․ ձևակերպեցեք այդ։ Թերևս դա արդեն արվա՞ծ է։ Այդ դեպքում հայտնեցեք ինձ։

Մարտինը նստեց իր տեղը՝ ամբողջ լսարանի խլացուցիչ աղմուկի տակ։ Շատերը տեղներից վեր թռան և խոսք ուզեցին։ Իրար հետևից տաքացած ու ոգևորված, ուժեղ շարժուձևեր անելով և որոտընդոստ ծափահարությունների տարափի տակ նրանք ետ էին մղում Մարտինի հարձակումը։ Դա իսկական ճակատամարտ էր, գաղափարների կատաղի ընդհարում։ Հռետորներից շատերը խոսում էին ընդհանուր թեմաների շուրջը, բայց մեծամասնությունը անմիջականորեն Մարտինին էր ուղղում խոսքը։ Նրանք Մարտինի համար նոր մտքեր էին արտահայտում. նրա առաջ պարզում էին ոչ թե կենսաբանական նոր օրենքներ, այլ հին օրենքների կիրառման նոր հնարավորություններ։ Նրանք չափազանց հափշտակված էին վիճաբանությամբ, որպեսզի հարգեին էտիկան, և նախագահը ստիպված եղավ մի քանի անգամ կասեցնել նրանց։

Այնպես պատահեց, որ այդ ժողովում ներկա էր երիտասարդ, սենսացիաների սիրահար մի լրագրող, որը ո՛չ խելք ուներ, ո՛չ էլ փորձառություն։ Նա օժտված էր միայն լրագրողի հախուռն համարձակությամբ։ Նա չափազանց տգետ էր, որ կարողանար հետևել վիճաբանության իմաստին․ բայց նա բոլորովին վստահ էր, որ ինքը բանվոր դասակարգին պատկանող այդ շատախոս մտագարներից շատ ավելի բարձր է կանգնած։ Բացի այդ, նա շատ էր հարգում այս աշխարհի ուժեղներին, որոնք բարձր դիրքեր էին գրավում և որոշում էին ազգերի ու թերթերի քաղաքականությունը։ Նա մինչև անգամ ուներ իր իդեալը՝ երազում էր դառնալ առաջնակարգ թղթակից, որը կարողանում է ոչնչից խիստ շատ բան ստեղծել։

Նա այնպես էլ չհասկացավ, թե ըստ էության ինչի մասին է խոսակցությունը, նրան հարկավոր էլ չէր գիտենալ այդ։ Նա ելակետ ուներ առանձին բառեր, ասենք՝ «հեղափոխություն»։ Ինչպես հնէաբանը իր հայտնաբերած մի ոսկրից երևակայությամբ վերականգնում է ամբողջ կմախքը, այնպես էլ այս թղթակիցը կարող էր վերարտադրել մի ամբողջ ճառ իր մտքում մնացած միայն մի «հեղափոխություն» բառի հիման վրա։ Նա դրանով զբաղվեց հենց նույն գիշերը և շատ հաջող կերպով, և որովհետև Մարտինի ելույթն ամենից շատ աղմուկ առաջացրեց, թղթակիցը վճռեց նրա բերանը դնել այդ ճառը՝ պատկերացնելով նրան որպես անարխիստ, իսկ Մարտինի ռեակցիոն անհատապաշտությունը վերածելով ամենածայրահեղ կարմիր սոցիալիզմի։ Երիտասարդ թղթակիցը զուրկ չէր գրական ձիրքից և շատ գեղարվեստորեն պատկերացրեց վայրագ, երկարամազ մարդկանց՝ ջղագարների և այլասերվածների, որոնք բռունցքները թափահարում էին, կատաղի բացականչություններ էին արձակում մոլեգնած ամբոխի աններդաշնակ բվվոցի տակ։