Մի քիչ կանաչ

Գրապահարան-ից
Մի քիչ կանաչ…

հեղինակ՝ Ֆրեդերիկ Բրաուն
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Աստղային կարուսել»

Մանուշակագույն երկնքում հուրհրում էր հսկայական բոսորագույն արեւը։

Հորիզոնում, կարմրագորշ թփերով ծածըված կարմրագորշ հարթավայրից այն կողմ երեւում էին կարմիր ջունգլիները։

Մաքհերին մեծ֊մեծ քայլերով ուղղվեց այդ կողմը։ Կարմիր ջունգլիներում որոնումները դժվար եւ վտանգավոր գործ էր, բայց եւ՝ խիստ անհրաժեշտ։ Մաքհերին արդեն տակնուվրա էր արել այսպիսի հարյուրավոր մացառուտներ․ հիմա պետք է նայեր այս մեկը։

— Գնանք, Դորոտի,— ասաց նա։— Դու պատրա՞ստ ես։

Մաքհերիի ուսին նստած հինգ վերջավորություններով փոքրիկ էակը ոչինչ չպատասխանեց, ի միջի այլոց՝ ինչպես միշտ։ Դորոտին խոսել չէր կարող, բայց նրան կարելի էր դիմել։ Ինչեւիցե, էլի ընկեր է։ Դորոտին այնքան թեթեւ էր, որ տարօրինակ զգացում էր առաջացնում Մաքհերիի մեջ, ասես նրա ուսին միշտ հպված էր ինչ֊որ մեկի ձեռքը։

Դորոտին իր հետ էր արդեն… քանի՞ տարի։ Չորսից ոչ պակաս։ Ինքը մոտ հինգ տարի է այստեղ է, իսկ Դորոտին երեւի չո՞րս տարի է իր հետ։ Մաքհերին թույլ սեռին էր վերագրել Դորոտիին միայն այն պատճառով, որ նա քնքշությամբ հպվում էր իր ուսին, ասես կանացի ձեռք լիներ։

— Դորոտի,— շարունակեց նա,— մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։ Մացառուտներում առյուծ ու վագր կարող են լինել։

Նա բացեց գոտուց կախված պատյանը եւ ամուր սեղմեց արեգակնային ատրճանակը։ Հարյուրերորդ անգամ նա շնորհակալ եղավ իր երաջնիկ աստղին այն բանի համար, որ վթարի ժամանակ հաջողվել էր փրկել գործնականորեն հավերժական, անգին զենքը։ Բավական էր մի երկու ժամ ատրճանակը պահեր արեւի, ցանկացած պայծառ արեւի տակ, եւ նա սկսում էր կլանել էներգիա, որը հետո անջատվում էր ձգանը սեղմելիս։ Առանց այդ ատրճանակի Մաքհերին երբեք չէր կարողանա դիմանալ այդ երկար հինգ տարիները Կրյուգեր—III մոլորակի վրա։

Նա դեռ չէր հասել կարմիր ջունգլիներին, երբ տեսավ առյուծին։ Հասկանալի է, որ այդ կենդանին ոչնչով չէր նմանվում երկրային առյուծին։ Նրա մորթին կարմիր էր եւ հազիվ էր նկատվում գորշակարմիր թփերի ֆոնի վրա, որտեղ նա թաքվում էր։ Այդ առյուծն ուներ ութ փափուկ թաթ՝ ճկուն եւ զորեղ, թեփուկավոր մռութի, որը վերջանում էր թռչնային կտուցով։

Մաքհերին էր այդ հրեշին անվանել առյուծ։ Բայց նույնպիսի հաջողությամբ կարող էր այլ կերպ անվանել, որովհետեւ նա դեռ անուն չուներ։ Իսկ եթե ունեցած էլ լիներ, ապա նրա «կնքահայրը» չէր վերադարձել Երկիր ու չէր պատմել Կրյուգեր—III֊ի բուսական եւ կենդանական աշխարհի մասին։ Դատելով ըստ պաշտոնական վիճակագրության, մինչեւ Մաքհերին այստեղ վայրէջք էր կատարել միայն մեկ նավ, բայց նրան չէր վիճակվել այստեղից մեկնել։ Հենց այդ նավն էլ փնտրում էր Մաքհերին, փնտրում էր արդեն հինգ տարի։

Եթե նրան հաջողվի գտնել այդ նավը, գուցե այնտեղ լինի էլեկտրոնային այնպիսի սարքավորում, որը ջարդվել էր Մաքհերիի նավում վայրէջքի ժամանակ։ Ու այդ դեպքում նա կկարողանար վերադառնալ Երկիր։

Մաքհերին կանգ առավ կարմիր մացառներից տասը քայլի վրա եւ նշան բռնեց այն տեղը, ուր թաքնվում էր գազանը։ Սեղմեց ձգանը, հաջորդեց կուրացուցիչ կանաչ բռնկումը— միայն մեկ ակնթարթ, բայց ինչպիսի՜ հրաշալի ակնթարթ— եւ թփերը, եւ ութթաթանի առյուծն անհետացան։

Մաքհերին գոհունակությամբ փնչացրեց․

— Դու տեսա՞ր, Դորոտի։ Այն կանաչ էր, եւ միայն այդ գույնը չկա քո արնակարմիր մոլորակում։ Կանաչ գույնը Տիեզերքի ամենահրաշալի գույնն է։ Ես գիտեմ կանաչ մոլորակը, ու մենք միասին կթռչենք այնտեղ։ Իհարկե, կթռչենք։ Դա իմ հայրենիքն է, Դորոտի, աշխարհիս ամենագեղեցիկ մոլորակը։ Եվ քեզ անպայման դուր կգա։

Նա շրջվեց, հայացքով ընդգրկեց կարմրագորշ թփերով ծածկված կարմրագորշ հարթավայրը, որ տարածվել էր մանուշակագույն երկնքի տակ, իսկ երկնքում հուրհրում էր մուգ կարմիր արեւը, Կրյուգեր III֊ի հավերժական մուգ կարմիր արեւը։ Այն երբեք չէր անցնում հորիզոնի հետեւ, քանի որ մոլորակը միայն մեկ կողմով էր ուղղված դեպ նա, ինչպես Լուսինը՝ Երկրի նկատմամբ։

Այստեղ ոչ գիշեր կար, ոչ ցերեկ, եթե դու չես անցել մոլորակի ցերեկային ու գիշերային սահմանը, իսկ գիշերային կողմում այնքան ցուրտ էր, որ այնտեղ ոչ մի կյանք չէր կարող լինել։ Այստեղ չկային նաեւ տարվա եղանակներ։ Ջերմաստիճանը միշտ նույնն էր, ոչ քամի կար, ոչ ամպրոպ։

Նորից ու նորից, արդեն որերո՜րդ անգամ, նրա մտքով անցավ, որ Կրյուգեր III֊ի վրա ապրելն այնքան էլ վատ չէր լինի, եթե կարելի լիներ մի որեւէ կանաչ բան տեսնել, բացի արեգակնային ատրճանակի բռնկումից։ Այստեղ հեշտ է շնչելը, ջերմաստիճանը տատանվում է տերմինատորում 5°C֊ից մինչեւ 30°C հասարակածում, որտեղ արեկի ճառագայթներն ուղղահայաց են ընկնում։ Ուտելիք ինքչան ասես կա․ նա արդեն վաղուց էր սովորել ուտելի բույսերը եւ կենդանիները զանազանել ուտելու համար ոչ պիտանիներից։

Այո, դա հրաշալի մոլորակ էր։ Վերջ ի վերջո Մաքհերին հաշտվեց այն մտքի հետ, որ ինքը այստեղի միակ բանական էակն է։ Դրանում նրան շատ օգնեց Դորոտին․ ինչ որ է, կա մեկը որի մոտ կարելի է սիրտը բացել, չնայած Դորոտին չէր կարողանում նրան պատասխանել։

Միայն թե, աստված իմ, ինչպես էր նա ուզում նորից տեսնել կանաչ աշխարհը՝ Երկիրը… Միակ մոլորակը տիեզերքում, որտեղ գերակշռում է կանաչ գույնը, որտեղ քլորոֆիլը ամբողջ կենդանականի հիմքն է։

Մյուս մոլորակներում, նույնիսկ Արեգակնային համակարգի մոլորակներում, Երկրի հարեւան մոլորակներում, շատ հազվադեպ են ժայռերի վրա պատահում մամուռի կանաչավուն շերտեր, որոնք ավելի շուտ կարմրավուն են։ Տարիներ շարունակ կարելի է ապրել այդ մոլորակների վրա եւ ոչ մի կանաչ բան չտեսնել։

Այդ մտքերից Մաքհերին հոգոց հանեց եւ սկսեց մտածել բարձրաձայն, դիմելով Դորոտիին․

— Այո, Դորոտի, Երկիրը միակ մոլորակն է, որտեղ արժե ապրել։ Կանաչ դաշտեր, կանաչ մարգագետիններ, կանաչ անտառներ… Գիտե՞ս, Դորոտի, եթե ինձ հաջողվի Երկիր վերադառնալ, ես էլ երբեք չեմ հեռանա այնտեղից։ Խուլ անտառում մի խրճիթ կսարքեմ ինձ համար։ Բայց պիտի գտնեմ մի այնպիսի բացատ, որտեղ գրեթե ծառեր չլինեն եւ որտեղ միայն խոտ աճի, կանաչ խոտ։ Եվ խրճիթն էլ կանաչ կներկեմ։

Նա նորից հոգոց հանեց եւ նայեց իմ առջեւ տարածված կարմիր մացառուտներին։

— Ի՞նչ ասացիր, Դորոտի։— Դորոտին ոչինչ չասաց, բայց Մաքհերին հաճախ էր ձեւացնում, որ լսում է նրա հարցերը․ այս խաղը օգնում էր նրան չթռցնել խելքը։— Կամուսնանա՞մ արդյոք Երկիր վերադառնալուց հետո։ Դու ինձ ա՞յդ մասին էիր հարցնում, չէ՞։

Նա ուշացրեց պատասխանը։

— Ո՜վ գիտի։ Գուցե՝ այո, գուցե՝ ոչ։ Հիշո՞ւմ ես, ես քեզ ասել եմ այն կնոջ մասին, որին թողել եմ Երկրում։ Մենք շուտով պիտի ամուսնանայինք։ Բայց հինգ տարին շատ երկար ժամանակ է։ Երեւի հայտնել են, թե ես անհետ կորել եմ, իսկ գուցեեւ՝ զոհվել։ Հազիվ թե նա սպասի ինձ։ Իհարկե, եթե սպասելիս լինի, կամուսնանամ նրա հետ… Իսկ եթե չսպասի… Ի՞նչ կանեմ այն ժամանակ։ Դու ուզո՞ւմ ես իմանալ դա։ Ինքս էլ չգիտեմ։ Բայց ինչ կարիք կա ժամանակից շուտ հուզվելու, իհարկե, եթե ես կանաչ կին գտնեի, կամ էլ գոնե կանաչ մազերով կին, այնպես կսիրահարվեի նրան, որ խելքս կթռցնեի։ Իմ մոլորակի վրա գրեթե ամեն ինչ կանաչ է, բացի կանանցից։

Նա քմծիծաղեց ի պատասխան սեփական կատակի եւ ատրճանակը պատրաստ բռնած մտավ մացառուտները, որտեղ ոչ մի կանաչ չկար, միայն մերթ ընդ մերթ ատրճանակի կանաչ բռնկումներն էին լուսավորում շուրջը։

Թերեւս, բացի Դորոտիի ներկայությունից, նա չէր խելագարվում նաեւ այս կրակոցների շնորհիվ։ Օրական մի քանի անգամ նա տեսնում էր կանաչ բռնկումը… Մի քիչ կանաչ, որպեսզի չմոռանա, թե ինչ տեսք ունի այդ գույնը, պարզապես որ աչքը ետ չվարժվի այն զանազանելուց, եթե երբեւիցե իրեն բախտ վիճակվի տեսնել կանաչ…

Նա հայտնվեց ջունգլիների փոքրիկ կղզյակում (ճիշտ է, երկրային չափերը հազիվ թե կիրառելի լինեին Կրյուգեր III֊ի համար)։ Այստեղ, հավանաբար, կլինեին միլիոնավոր այսպիսի կղզյակներ, քանի որ Կրյուգեր—III֊ը Յուպիտերից մեծ էր։ Մարդկային մի ողջ կյանքը չէր բավականացնի նրա մակերեսը հետազոտելու համար։ Մաքհերին դա գիտեր, բայց ազատություն չէր տալիս իր մտքերին։ Եթե նա իրեն թույլ տար կասկածել, որ կգտնի այս մոլորակի վրա իջած միակ տիեզերանավի բեկորները, կամ էլ եթե չհավատար, որ այնտեղ կգտնի այն սառքերը, առանց որոնց չի կարող տեղից շարժել իր սեփական տիեզերանավը, նրա վիճակը վատ կլիներ։

Մեկ քառակուսի մղոն տարածությամբ ջունգլիների կղզյակը ծածկված էր այնպիսի խիտ մացառներով, որ նրանց միջով անցնելը շատ դժվար էր, եւ Մաքհերին մի քանի անգամ դադար էր տալիս, որ մի քիչ հանգստանա եւ ուտի։ Նա սպանեց երկու առյուծ եւ մեկ վագր։ Դուրս գալով թավուտից, Մաքհերին առաջ գնաց բացատով, դանակով նշաններ անելով ծառերի վրա, որ երկրորդ անգամ նույն տեղում չփնտրի նավի բեկորները։ Ծառաբները փափուկ էին, դանակի շեղբը հեշտությամբ կտրում էր կեղեւը, մերկացնելով վարդագույն փայտը, ասես մաքրում էր կարտոֆիլի կճեպը։

Մաքհերին նորից դուրս եկավ միապաղաղ կարմրագորշ հարթավայրը։

— Այս անգամ էլ չկա, Դորոտի,— ասաց նա։— Գուցե մեր բախտը բերի ուրիշ մացառուտներում։ Այ թեկուզ հենց այնտեղ, հորիզոնի մոտ։

Մանուշակագույն երկինք, բոսորագույն արեւ, կարմրագորշ հարթավայր, կարմրագորշ թփեր։

— Երկրի կանաչ բլուրները, Դորոտի, քեզ անպայման դուր կգան…

Կարմրագորշ անծայր հարթավայր…

Անփոփոխ մանուշակագույն երկինք։

Բայց այս ի՞նչ ձայն է գալիս այնտեղից, վերեւից։ Ի՞նչ ձայն… Չի կարող պատահել, այստեղ այսպիսի բան երբեք չի եղել։ Նա դեպի Երկինք բարձրացրեց աչքերը եւ տեսավ…

Բարձր֊բարձր մանուշակագույն երկնքում նա տեսավ մի փոքրիկ սեւ կետ։ Այն շարժվում էր։ Տիեզերանավ։ Դա կարող էր միայն տիեզերանավ լինել։ Կրյուգեր—III֊ի վրա թռչուններ չկային։ Եվ հետո՝ թռչունները հրե պոչ չեն ունենում…

Նա գիտեր, թե ինչ պիտի անի, նա արդեն հազարերորդ անգամ մտածել էր, թե ինչպես հայտնի իր ներկյաության մասին, եթե երբեւիցե տիեզերանավ հայտնվի։ Նա թափով դուրս հանեց ատրճանակը եւ կրակեց դեպի երկինք։ Բռնկումը, իհարկե, մեծ չէր, բայց կանաչ էր։ Եթե օդաչուն նայում էր մոլորակին, եթե գեթ մի անգամ նայեր, նախքան կթռչեր֊կանցներ, նա պիտի նկատեր կանաչ բռնկման հատնվելն այն մոլորակի վրա, որտեղ ոչ մի կանաչ չկա։

Նա նորից սեղմեց ձգանը։

Եվ օդաչուն տեսավ։ Երեք անգամ բաց թողնելով բոցի շիթ (դա տագնապ ազդանշանի պատասխանն էր), նա սկսեց վայրէջք կատարել։

Մաքհերին ամբողջ մարմնով դողում էր։

Նա շա՜տ երկար է սպասել, եւ ահա, վերջապես, կատարվեց։ Նա ձեռքը տարավ դեպի ուսը եւ դիպավ հինգ վերջավորություններով փոքրիկ էակին, որը հանգչում էր այնտեղ, ինչպես կանացի ձեռք։

— Դորոտի,— շշնջաց նա,— դա…

Նա այլեւս ոչ մի բառ չկարողացավ ասել։ Տիեզերանավը իջնում էր։ Մաքհերին մի հայացք նետեց իր հագուստին, եւ հանկարծ այն մտքից, թե ինչ տեսքով պիտի հայտնվի իր փրկարարին, ամաչեց։ Նրա ողջ հագուստը բաղկացած էր գոտուց, որից կախված էր պատյանը, դանակը եւ ինչ֊որ գործիքներ։ Նա կեղտոտ էր։ Անպայման վատ հոտ էլ կփչեր նրանից, կեղտի հաստ շերտի տակ մարմինը թվում էր հյուծված ու նույնիսկ ծերացած։ Իհարկե, նա քաղցած էր մնացել, բայց եթե Երկիր ընկներ, երկրային լավ սնունդը անճանաչելիորեն կփոխեր նրան։

Երկի՜ր։ Երկի՜ր։ Կանաչ բլուրնե՜ր։

Մաքհերին անհամբերությունից սայթաքելով, վազեց այնտեղ, որտեղ ցած էր իջնում տիեզերանավը․ այն արդեն բավական իջել էր, եւ Մաքհերին կարողացավ որոշել, որ դա մեկտեղանի նավ է։ Ի վերջո դա կարեւոր էլ չէ, հարկ եղած դեպքում այնտեղ կարող են երկու հոգի էլ տեղավորվել, ծայրահեղ դեպքում իրեն կհասցնեն մոտակա բնակելի մոլորակը, իսկ այնտեղից մի ուրիշ տիեզերանավով կհասնի Երկիր։

Երկիր։ Կանաչ բլուրներ, կանաչ դաշտեր, կանաչ հովիտներ…

Վազելիս նա մեկ աղոթում էր, մեկ նզովում, եւ արցունքները գլորվում էին նրա այտերի վրայով։

Հետո նա սպասեց, մինչեւ դռնակը բացվեց եւ այնտեղից դուրս եկավ միջաստղային տեսուչի համազգեստով մի սլացիկ երիտասարդ։

— Դու ինձ կտանե՞ս հետդ։

— Իհարկե,— պատասխանեց երիտասարդ մարդը։— Դու վաղո՞ւց ես այստեղ։

— Հինգ տարի։

Մաքհերին գիտեր, որ լաց է լինում, բայց ոչինչ չէր կարող անել։

— Ա՜յ քեզ բան,— բացականչեց օդաչուն։— Ես տեսչության ծառայությունից եմ, լեյտենանտ Արչերը,— ներկայացավ նա։— Իհարկե, ես քեզ կտանեմ։ Թող միայն շարժիչը մի քիչ հովանա, իսկ հետո ես նորից այն կաշխատացնեմ։ Ես քեզ կտանեմ Քարտաջ, Ալդեբարան—III, իսկ այնտեղից դու կթռչես քո ուզած տեղը։ Որեւէ բան չե՞ս ուզում հիմա։ Ուտե՞լ։ Խմե՞լ։

Մաքհերին լուռ օրորեց գլուխը։ Նրա ծնկները ծալվում էին։ Ուտել… խմել… մի՞թե դա նշանակություն ունի։

Երկրի կանա՜չ բլուրներ։ Ինքը դեռ կտեսնի այդ բլուրները։ Կարեւորը միայն դա է, եւ ուրիշ ոչինչ… Նա այնքան շատ էր սպասել, եւ ահա վերջապես իրականանում է…

Հանկարծ մանուշակագույն երկինքը թռվռաց նրա աչքերի առջեւ ու սեւացավ։ Մաքհերին վայր փլվեց։

Ուշքի գալով տեսավ, որ պառկած է, իսկ լեյտենանտը իր շրթերին է մոտեցրել շիշը։ Նա մեծ կում արեց, հեղուկն այրեց կոկորդը։ Հետո նստեց եւ իրեն լավ զգաց։ Նայեց շուրջը, համոզվեց որ նավը ոչ մի տեղ չի թռել, եւ նրա հոգու վրա զարմանալի անդոր իջավ։

— Սպասենք, ինչեւ դու մի քիչ ուժ հավաքես,— ասաց օդաչուն։— Կես ժամ հետո ճանապարհ կընկնենք, իսկ վեց ժամ հետո Քարտաջում կլինենք։ Ուզո՞ւմ ես, հետո խոսենք, մինչեւ որ լրիվ ուշքի կգաս։ Պատմիր ինձ, թե ինչ էր քեզ պատահել։

Նրանք նստեցին կարմրավուն թփերի ստվերում, եւ Մաքհերին ամեն ինչի մասին պատմեց Արչերին։ Հարկադրյան վայրէջքի, խորտակված նավի մասին, որը նա չէր կարողանում վերանորոգել։ Այն մասին, ինչպես հինգ տարի շարունակ փնտրում էր ուրիշ նավ— նա կարդացել էր, որ այս մոլորակի վրա կործանվել է ուրիշ տիեզերանավ էլ, որի սարքերը կարող էին օգնել Մաքհերիին իր նավը կարգի բերելու համար։ Իր երկար որոնումների մասին։ Եվ Դորոտիի մասին, որ տեղ էր գտել իր ուսին․ այժմ կար մեկը, որի հետ ինքը խոսում էր։

Բայց երբ Մաքհերին արդեն վերջացնում էր իր պատմությունը, լեյտենանտ Արչերի դեմքն այլայլվեց։ Նա դարձավ ավելի լուրջ եւ կարեկից։

— Լսիր, ծերուկ,— զգուշորեն հարցրեց նա,— ո՞ր թվին ես դու այստեղ թռել։

Մաքհերին գլխի ընկավ, թե ինչ կա նրա մտքին։ Միթե ինքը կարող էր ճշտորեն չափել ժամանակն այս մոլորակի վրա, որտեղ չկան տարվա եղանակներ, որտեղ հավերժական ցերեկ է, հավերժական ամառ…

— Քառասուներկուսին,— պատասխանեց նա։— Քանի՞ տարով եմ սխալվել, լեյտենանտ։ Իրականում քանի՞ տարեկան եմ ես։ Իմ հաշվելով՝ երեսուն։

— Հիմա յոթանասուներկու թիվն է։ Ուրեմն դու երեսուն տարի այստեղ ես, եւ հիմա հիսունհինգ տարեկան ես։ Բայց դու մի տխրի,— շտածեր ավելացնել նա։— Մեր բժշկությունը մեծ հաջողությունների է հասել։ Դու դեռ շատ կապրես։

— Հիսունհինգ,— կամացում կրկնեց Մաքհերին,— Երեսուն տարի…

Լեյտենանտ Արչերը կարեկցանքով նայեց նրան։

— Լսիր, ուզո՞ւմ ես միանգամից ամեն ինչ ասեմ քեզ։ Մնացած վատ բաները։ Ճիշտ է, ես հոգեբան չեմ, բայց ինձ թվում է, որ ավելի լավ է դու միանգամից իմանաս ողջ ճշմարտությունը։ Չէ որ հիմա քեզ համար ավելի հեշտ կլինի, երբ դու հեռանում ես այստեղից։ Դե, ուրեմն կլսե՞ս ինձ, Մաքհերի։

Ավելի վատ բան չէր կարող լինել այն լուրից, որ իրեն հիմա ասացին։ Իհարկե, ինքը կլսի, չէ որ շուտով վերադառնալու է Երկիր, կանաչ Երկիր։ Նա նորից մի հայացք նետեց մանուշակագույն երկնքին, բոսորագույն արեւին, կարմրագորշ հարթավայրին եւ հանգիստ պատասխանեց․

— Սկսիր, լեյտենանտ։ Դե՜հ։

— Դու հրաշալի ես դիմացել այստեղ երեսուն տարի, Մաքհերի։ Շնորհակալ եղիր ճակատագրին այն բանի համար, որ հավատացել ես, թե Մառլեի տիեզերանավը իջել է Կրյուգեր—III֊ի վրա։ Իրականում այն կործանվել է Կրյուգեր—IV֊ի մակերեսին բախվելիս։ Դու երբեք նավ չէիր գտնի այստեղ։ Բայց, ինչպես ճիշտ նկատեցիր, այդ որոնումները քեզ օգնել են պահպանել առողժ դատողությունը… գրեթե առողջ։

Նա մի պահ լռեց եւ ապա ավելի մեղմ շարունակեց։

— Քո ուսին ոչ ոք չկա, Մաքհերի։ Դորոտիին ստեղծել է քո երեւակայությունը։ Այսինքն, դա կարեւոր էլ չի, տեսիլը քեզ օգնել է դիմանալ եւ ապրել։

Դանդաղ, շատ դանդաղ Մաքհերին ձեռքը տարավ դեպի ձախ ուսը։ Շոշափեց։ Այնտեղ ոչ ոք չկար։

— Հասկացիր, ծերուկ, արդեն հենց այն, որ դու չես թռցրել խելքդ, մե՛ծ հրաշք է։ Երեսուն տարի մենակ։ Բայց եթե հիմա, երբ ես ամեն ինչ քեզ պատմեցի, դու առաջվա պես պիտի հավատաս քո ցնորքներին, ապա Քարտաջի կամ Մարսի հոգեբույժները մի րոպեում կօգնեն քեզ ազատվել դրանցից։

— Ամեն ինչ վերջացավ,— մռայլ ասաց Մաքհերին,— Դորոտին չկա այլեւս։ Ես… ես հիմա չգիտեմ, լեյտենանտ, երբեւիցե հավատացե՞լ եմ Դորոտիի գոյությանը։ Ես նրան հորինել էի, որ մեկի հետ խոսեի ու դրա համար էլ խելքս չեմ թռցրել։ Ինձ թվում էր… ինձ թվում էր, թե ուսիս քնքուշ ձեռք է հպված։ Ես ասե՞լ եմ այդ մասին։

— Այո, ասել ես։ Ուզո՞ւմ ես մնացածն էլ իմանալ։

— Մնացա՞ծը,— հայացքը նրա վրա գամեց Մաքհերին։— Ես հիսունհինգ տարեկան եմ։ Դրանցից երեսունը կորցրել եմ նավի որոնումների վրա, որը չէի էլ կարող գտնել, որովհետեւ այն ընկել էր ուրիշ մոլորակ։ Այս բոլոր տարիների ընթացքում ես էլ կարծես ես չեմ եղել։ Բայց միթե դա կարեւոր է, երբ հիմա կարող եմ նորից գնալ Երկիր։

Լեյտենանտ Արչերը գլուխը օրորեց։

— Միայն թե ո՛չ Երկիր, ծերուկ։ Եթե ուզում ես՝ Մարս, Մարսի հրաշագեղ, դեղին բլուրները։ Կամ, եթե դու լավ ես դիմանում շոգին՝ մանուշակագույն Վեներա։ Բայց ո՛չ Երկիր։ Հիմա այնտեղ ոչ ոք չի ապրում։

— Երկրի վրա՞… Ոչ ո՞ք…

— Այո… Տիեզերական աղետ… Բարեբախտաբար, մենք կարողացանք ժամանակին իմանալ։ Մենք տեղափոխվեցինք Մարս, հիմա այնտեղ չորս միլիոն երկրացի կա։

— Երկիրը չկա այլեւս,— առանց որեւէ արտահայտության ասաց Մաքհերին։

— Այո, ծերուկ։ Բայց Մարսը բնալ էլ վատ մոլորակ չէ։ Կսովորես… Ճիշտ է, կզգաս կանաչի կարոտը…

— Երկիր չկա այլեւս,— նորից առանց որեւէ արտահայտության կրկնեց Մաքհերին։

— Ես ուրախ եմ, որ դու այդպես հանգիստ ընդունեցիր դա, ծերուկ,— ասաց Արչերը։— Չէ որ դա հարված էր։ Բայց մենք արդեն կարող ենք թռչել։ Գնամ ստուգեմ սարքերը։

Նա վեր կացավ եւ ուղղվեց իր փոքրիկ նավի կողմը։ Մաքհերին հանեց ատրճանակը։ Կրակոց— եւ լեյտենանտ Արչերը անհետացավ։ Հետո Մաքհերին ոտքի ելավ եւ գնաց դեպի հրթիռը։ Նշան բռնեց, կրակեց եւ հրթիռի մի մասն անհետացավ։ Վեց կրակոց հետո հրթիռից ոչինչ չմնաց։ Ատոմները, որոնցից բաղկացած էր լեյտենանտ Արչերը, եւ ատոմները, որ քիչ առաջ հրթիռ էին, պտտվում էին օդում, մնացել էին գետնի վրա էլ, բայց արդեն անտեսանելի էին։

Ատրճանակը դնելով պատյանի մեջ, Մաքհերին ճանապարհ ընկավ դեպի հորիզոնի մացառուտների կարմիր շերտը։

Նա ձեռքը տարավ դեպի ուսը, այնտեղ նորից նստած էր Դորոտին, ինչպես այն չորս֊հինգ տարիների ընթացքում, որ նա անց էր կացրել Կրյուգեր—III մոլորակում։

Մաքհերին նորից զգաց, որ կանացի քնքուշ ձեռք է հպված իր ուսին։

— Մի տխրի, Դորոտի,— ասաց նա։— Մենք անպայման կգտնենք նավը։ Գուցե նա ընկել է այ այն մացառուտների մեջ։ Իսկ երբ գտնենք…

Նրա առջեւ արդեն պատի պես կանգնած էին ջունգլիները, կարմիր ջունգլիները։ Այնտեղից մի վագր դուրս թռավ։ Վարդագույն֊թանաքագույն, վեցթաթանի, տակառի պես խոշոր գլխով։ Մաքհերին նշան բռնեց, սեղմեց ձգանը։ Տեսավ կուրացուցիչ կանաչ բռնկումը։ Միայն մեկ ակնթարթ, բայց ինչպիսի հրաշալի՜ ակնթարթ… Վագրը չքացավ։

Մաքհերին գոհ փնչացրեց․

— Դու տեսա՞ր, Դորոտի։ Կանաչ էր, իսկ այդ գույնը ոչ մի մոլորակում չկա, բացի այն մոլորակից, որտեղ պիտի թռչենք։ Կանաչ գույնը Տիեզերքի ամենագեղեցիկ գույնն է։ Ես գիտեմ կանաչ մոլորակը, ամենագեղեցիկ մոլորակը։ Դա իմ հայրենիքն է, Դորոտի։ Նա քեզ անպայման դուր կգա։

— Իհարկե, Մաք,— պատասխանեց Դորոտին։

Փոքրիկ էակի ցածր, կոկորդային ձայնը շատ լավ էր ծանոթ նրան։ Մաքհերին չզարմացավ, որ նա իրեն պատասխանեց, նա միշտ պատասխանում էր։ Նա Դորոտիի ձայնը գիտեր իր ձայնի պես։ Մաքհերին ձեռքը կպցրեց փոքրիկ էակին, որը նստած էր իր մերկ ուսին։ Ասես կանացի քնքուշ ձեռք էր հպվում իրեն։

Նա նայեց շուրջը, մի հայացք գցեց կարմրագորշ հարթավայրին, որը ծածկված էր կարմրագորշ թփերով, նայեց մանուշակագույն երկնքին, որտեղ հուրհրում էր բոսորագույն արեւը։ Եվ ծիծաղեց։ Դա խելագարի ծիծաղ չէր, այլ մեղմ, ներողամիտ ծիծաղ։ Մի՞թե կարեւոր է այդ բոլորը։ Չէ որ ինքը շուտով կգտնի նավը, այնտեղից կհանի իրեն անհրաժեշտ սարքերը ու այդ ժամանակ կվերադառնա Երկիր։

Կանա՜չ բլուրներ, կանա՜չ դաշտեր, կանա՜չ հովիտներ…

Նա նորից շոյեց իր ուսին հպված ձեռքը եւ նայեց շուրջը։ Ատրճանակը բռնած մտավ կարմիր ջունգլիները…