Որտեղի՞ց է հայտնվել ծովաստղը
հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ |
Ժամանակին աշխարհում ապրում էին յոթ փիղ։
Ամենամեղ փիղը, մի քիչ փոքր փիղը, մի քիչ ավելի փոքր փիղը, միջնեկ փիղը, միջնեկ փոքր փիղը եւ, վերջապես, ամենափոքրը, կամ, ավելի ճիշտ՝ փղիկը։
Մի անգամ նրանք ծովափնյա բլրի գագաթին կանգնած նայում էին աստղերին։
Մութ գիշեր էր, եւ աստղերը չափազանց պայծառ էին փայլում։
Ծովի ձկներն էլ էին նայում աստղերին։ Հենց որ ընկնող աստղ էին տեսնում, սուզվում էին ծովի խորքերը՝ աստղը գտնելու համար, որովհետեւ նրանց թվում էր, թե աստղը ընկել է ծովի հատակը։
— Եկեք ընկնող աստղ որսանք,— առաջարկեց ամենամեծ փիղը։
— Եկեք,— համաձայնեցին մյուսները։
Եվ ամենամեծ փիղը կնճիթով բարձրացրեց մի քիչ փոքր փղին, իսկ մի քիչ փոքր փիղը՝ մի քիչ ավելի փոքր փղին, իսկ մի քիչ ավելի փոքր փիղը՝ միջնեկին, իսկ միջնեկը՝ միջնեկից փոքրին, իսկ միջնեկից փոքր փիղը՝ փոքր փղին, իսկ փոքրը՝ ամենափոքրին կամ, ավելի ճիշտ՝ փղիկին։
Հետո ամենամեծ փիղը բոլորին նետեց դեպի վեր, եւ նրանք սուրացին դեպի ընկնող աստղը։ Հետո մի քիչ փոքր փիղը բոլորին նետեց դեպի վեր, եւ նրանք շարունակեցին սուրալ դեպի ընկնող աստղը։ Հետո մի քիչ ավելի փոքր փիղը մյուսներին նետեց դեպի վեր, եւ նրանք շարունակեցին սուրալ դեպի ընկնող աստղը։ Հետո միջնեկ փիղը մյուսներին նետեց դեպի վեր, եւ նրանք շարունակեցին սուրալ դեպի ընկնող աստղը։ Հետո միջնեկից փոքր փիղը դեպի վեր նետեց փոքրին ու ամենափոքրին, եւ նրանք գրեթե հասան ընկնող աստղին։ Հետո փոքր փիղը դեպի վեր նետեց ամենափոքրին, կամ ավելի ճիշտ՝ փղիկին, եւ փղիկը կնճիթով որսաց ընկնող աստղը ու փոխանցեց փոքր փղին, իսկ փոքր փիղը՝ միջնեկից փոքրին, իսկ միջնեկից փոքրը՝ միջնեկին, իսկ միջնեկը՝ մի քիչ մեծ փղին, իսկ մի քիչ մեծ փիղը՝ մի քիչ ավելի մեծ փղին, իսկ մի քիչ մեծ փիղը՝ մի քիչ ավելի մեծ փղին, իսկ մի քիչ ավելի մեծ փիղը՝ ամենամեծ փղին, սա էլ տվեց ձկնիկին, որը կուլ տվեց աստղը եւ դարձավ ծովաստղ։