Սիրահարություն մը
հեղինակ՝ Հակոբ Մնձուրի |
Ա
Այն թվականներուն ես ուսանող էի Կ.֊ի մեջ։
Կ.֊ը մեր նահանգագլուխ քաղաքն էր։ Իմ ծննդավայրս նահանգին հարավային սահմանին ճիշտ ավարտին, Եփրատի ձախ ափին, ցորենաշատ, արգավանդ գավառի մը մեջ, համանուն մեկը մեծ մյուսը փոքր զույգ գյուղերե կբաղկանար։ Ես փոքրեն էի։ Ջորեպանի ոտքով վեց օրվան ճամփա հեռու էր ան Կ.֊են, ուր ես գացեր էի Ս.֊ի մեջ երկրորդական ուսում ստանալու համար։
Առաջին մեկնումես հետո անցեր էին ամբողջ հինգ տարիներ ու ես չէի վերադարձեր։ Բովանդակ տարին, արձակուրդներն ալ միասին, ես վարժարանին մեջ կանցընեի, խումը մը ուրիշ ուսանողներու հետ, որոնք ինծի պես հեռավոր վայրերն էին։ Ամեն ամառ ես միշտ փափաքներ կունենայի այցելելու իմ ծննդավայրս, բայց որովհետև երկարատև ճամփորդության մը ծախքերուն իմ պայմաններս այնքան ալ թույլատու չէին, միշտ կհրաժարեի այդ մտքերեն։
Իմ հայրենի գյուղս։ Պետք է ըսեմ, որ ես շատ կսիրեի զայն։ Ու ատիկա բացատրելի էր ինծի համար։ Նախ ես գյուղացի էի, գյուղի տղա։ Շատ բնականորեն իմ մեջս կապրեին հիշատակները, տեսարանները իմ տունիս, իմ գյուղիս, իմ մանկությանս օրերուն։ Ատոնց վերհիշումները բուռն կարոտներ կարթնցնեին իմ ներսս։
Հետո կար գրականության ազդեցության պարագան։ Ես գյուղը այն օրերուն կտեսնեի վեպերուն, քերթվածներուն մեջեն։ Բոլոր ազգերու գրականութենեն ես ինչքան գեղեցիկ բաներ կարդացեր էի գյուղի մասին։ Գրողները հաճախ հոգիի ինչ դողացումներով, ինչ քնարերգությամբ, հայրենաբաղձիկ ինչ ոգեկոչումներով երգած էին զայն, խոսած անոր վրա։ Ես կհամակվեի, կհափշտակվեի միշտ ալ զգացական այդ դրվագներեն։
Ու ասոնցմե զատ կար նաև երկրորդ պարագա մը. վարժարանին մեջ փոքրաթիվ խումբ մը ուսանողներ գրելու, գրողներ դառնալու երազը ունեինք։ Ամեն ամիս մեր թերթը կհրատարակեինք, իհարկե ձեռագիր, արձակներով ու քերթվածներով ծայրե ի ծայր։ Պարբերական հավաքույթներ, վիճաբանաթյուններ կսարքեինք, խմբապտույտներ կկազմակերպեինք, միշտ պատանեկան խանդավառություններով. ինչպես շատ բնական է այդ տարիքին մեջ։ Մենք բոլորս ալ հավատավորներն էին ք այն շարժումին, որ այդ օրերուն մեր գրականության մեջ ձև ու կյանք առնելու վրա էր.— թե հայ արվեստը իր բոլոր ճյուղերովը, ընդ որս և գրականությունը որպեսզի կարենա դեղին հոգին ցոլացնել, յուրահատուկ գեղեցկությունները երևան հանել, բնագավառեն ներշնչվելու, անկե առնելու է իր ավիշը, անոր հողեն ծնելու է, այդպեսով միայն կենսունակ, բաբախուն, ինքնատիպ, նույն ատեն խորապես մարդկային կարենալ դառնալու համար։ Ու ատոր համար պետք է դիմել, մոտենալ բուն իսկ ակին, առավելապես գյուղին, ապրիլ հոն, ճանչնալ ու սիրել զայն։
Ու ուսումնասիրության համար, ի՞նչ ավելի հարմար վայր քան իմ գյուղս, իմ գավառս, կխորհեի ես ամեն անգամուն։
Այդ հինգերորդ տարիին ամառը քննությունները ավարտած, արձակուրդը սկսած էր նույնիսկ մեկ֊երկու շաբաթե ի վեր, երբ ես վերջապես վճռեցի գյուղ վերադառնալ։ Հաջորդ տարին վկայականս պիտի ստանայի։ Կխորհեի վարժարանին նպաստովը արտասահման մեկնիլ բարձրագույն ուսման հետևելու։ Պարզ էր, որ եթե վարանեի, չիրագործեի որոշումս, երկար ատեն չպիտի կրնայի երթալ ու գոհացնել իմ երազներս։
Ահա թե ինչ պիտի ընեի։ Պիտի մնայի իմ գյուղս, պիտի շրջեի մոտակա բոլոր գավառները։ Պիտի ջանայի ուսումնասիրություններ կատարել, նյութեր հավաքել։ Հետո պիտի աշխատեի, պիտի մասնակցեի գյուղական բոլոր աշխատանքներուն։ Ատիկա օգտակար պիտի ըլլար ինծի ոչ միայն իբրև մարմնական մարզանք, այլև այն ատեն այնպես կխորհեինք մեր ուսանողական շրջանակին մեջ, թե որպեսզի լրիվ ճանչնանք հայ գյուղն ու իր ժողովուրդը իր բոլոր կողմերովը, պետք է մտնենք անոնց մեջ, նույնանանք անոնց հետ։ Ուսանողական խանդավառ օրերու իդեալներ։
Բ
Այդ տարի հուլիսի կեսն էր, արտքաղը սկսեր էինք մեր գյուղին մեջ։
Գյուղին հարավի ու արևմուտքի մասերուն արտերը ցանված չէին, արոս էին։ Ջրկորուսի դաշտին, Վերն֊Աղբյուրիկի լեռան, Կապուտ Կապաններու, Եփրատի սարալանջերու կողմն էր քաղը։ Մեր պապերեն մնացած կարգադրություն մըն էր ատիկա, արտերը երկու խումբի բաժներ էինք, հաջորդաբար մեկը արոս կթողեինք, մյուսը կցանեինք։
Գեղեցիկ, առատ հունձք կար նորեն այդ տարի։ Արդեն հազվադեպ էր, որ մեր այդ կողմի արտերուն հունձքը սակավ ըլլար։ Լավ մշակված, արգավանդ հող ունեին անոնք։ Պատահեր, որ անձրև չգար, երաշտ ըլլար, դարձյալ հյուսիսի հովերը, որ շարունակ կփչեին, չէին թողար, որ հասկերը կանխահասորեն չորնային, կաճեցնեին, կլեցնեին զանոնք։
Ջրկորուսի բովանդակ դաշտին, հետո լեռնակողերու զառիվարներու, սարահարթերու տափարակներուն վրա հունձքը հասակ նետեր, հորդեր էր։ Տեսնելու արժանի էր։ Կխայտար, կալևետեր, կծփար։
Հասկերը՝ յուրաքանչյուր երեսին խիտ առ խիտ շարված չորսական կարգ ցորեններով՝ իրենց պարունակած ալյուրեն պայթելու աստիհան գոգացած՝ ծանրութենեն ծռեր էին մեկ կողմերնուն։ Փափուկ նրբափոշին՝ մոնը՝ իջած իրենց վրա կփայլեին անոնք կարմրորակ տարածություններով։ Արտերուն մեջը մտնեիր կթաղվեր, կանհայտանար հասակդ։ Օձը չէր կրնար պատռեր ու ճամփա առներ։ Ձիավորը իր ձիովը կստիպվեր կենալ թումբը, չէր համարձակեր ճեղքել ու անցնել։ Մանգաղը նետեիր, չէր իյնար, կմնար մակերեսին։ Գործածելով մեր գյուղացիներուն պատկերավոր նկարագրությունները, այնպես ծովացած հունձք կար, ու մեր ժողովուրդը չափազանց ուրախ էր այդպիսի առատության մը տիրանալուն։
Ես ինքս ալ կմասնակցեի այդ տարվան արտքաղի աշխատանքներուն։ Չէ՞ որ դեռ վարժարանեն ես որոշած էի ատիկա։ Հետո ես կսիրեի արտքաղը, սարալանջերու վրա բացօթյա գիշերները, հնձվորներու ոգևորությունները։ Բացի այդ՝ տուները պարպված էին իրենց բնակչութենեն, բոլոր գյուղացիները փոխադրված էին սարերը, և ես մինակութենես պիտի ձանձրանայի ամայացած գյուղին մեջ։
Արտերուն որաները կալը տանեյա գործը ստանձներ էի ես։ Որան֊կրող էի, ինչպես կանվանեին մեր երկրին մեջ։ Իմ ընելիքս էր հավաքել արտին երեսին կարգով ինկած խուրձերը, բեռնալ կենդանիներուն ու փոխադրել գյուղ։ Այնքան այ դյուրին չէր։ Յոթը անասուններու կարավան մը ունեի առաջքս. ճամփաները լեռնային, խորտուբորտ, զառիվար էին, խուրձերը մարդահասակ երկայն։ Պետք էր բարձր բեռնալ որպեսզի հասկերը գետինները չքսվեին ու փչանային։ Պետք էր միշտ հսկեի որ պարանները թուլնալով չքակվեին ու բեռները փլեին։ Ու գյուղեն մեկ ու կես, երկու ժամ հեռավորություն, ու հուլիսի այրող արևին մեջ, ու արշալույսեն սկսելով մինչև գիշեր, օրական չորս անգամ։ Բայց ես վարժված էի մանկութենես այս աշխատանքներուն։ Իմ մորթս, մանավանդ երեսներս, վիզս, ձեռքերս մուգ գույն մը կառնեին տակավ։ Ես սորված էի տոկալուն։
Հիմա ալ կնկարվի իմ աչքերուս առջև անցած օրերու այդ տեսարանը։ Կենդանիներ՝ որաներով բեռնավոր՝ իրարու ետև մեկ կարգով կընթանային առաջքես։ Անդադար խշրտուք մը կբարձրանար բեռներեն, հասկերուն իրար քսվելեն։ Ես՝ երկայն երկծայր ձող մը՝ հակ֊կալը ձեռքս, որաները փլելու պարագային նեցուկ տալով բեռնալու համար, կհետևեի անոնց։ Քրտինքը կհոսեր դեմքես։ Երկայն, մինչև գետին հասնող խուրձերուն ներքև կենդանիները չէին տեսնվեր, կկորսվեին։ Ինծի կթվեր թե ճամփուն երկայնքին որաներու դեզեր էին անոնք, որոնք շարժվելով, շարժվելով կառաջանային շարունակ։
Ես կանցնեի արտերու եզերքեն։ Բովանդակ դաշտին եզերքը ցրված էին այր ու կին հնձվորներու բազմությունները, որոնք կհնձեին անդադար։ Ամեն ճամփաներեն նույնպես որայաբարձ ջորիներու, էշերու շարաններ կհայտնվեին։ Անոնք կուգային, կհասնեին, կմիանային իմինիս, երկայն֊երկայն կարավան մը կկազմվեր, ու որան֊կրող տղոց մեծ խումբով, կենդանիներուն պարանոցներեն կախ զանգակներուն բազմաձայն հնչյուններով ու երգերով մենք հաղթականորեն կիջնայինք գյուղ, կալերը։
Սայլերով փոխադրությունը անհնարին էր, որովհետև ոչ֊տափարակ, լեռնուտ էր մեր երկիրը, զառիվար ու զառիվեր ճամփաներով։
Այդ տարի մենք չորս տուներ միացած կհնձեինք. մեր գերդաստանին իրարմե բաժնված երեք տուները, կնքահայր Գալուստենք։ Ընդամենը քսանմեկ հնձվոր։ Ունեինք նաև մեզ հետ երեք ծծկերներ։ Անոնց մայրերը հնձող ըլլալուն՝ միասին բերած էինք զանոնք։ Եռաձող վրաններ, տաղաններ հաստատեր էինք անոնց համար, կախօրաններով, որոնց մեջ կքնացնեին։ Պետք է ընդունիլ, որ մեր աշխատանքի այդ միացումը օգտակար էր մեր ժողովուրդին, քանի մը պատճառներով։ Նախ, որ մենք արտերը կգիշերեինք։ Ամեն տուն այր չէր ըլլար, բացակա կրնային գտնվիլ. հեռավոր սարահարթի արտի մը մեջ գիշերելը, պառկիլը կիներուն համար անապահով պիտի ըլլար։ Հետո բազմատեսակ գործ էր արտքաղը։ Կեմ պատրաստել, խուրձ կապել, բեռնալ ոչ֊կանացի աշխատություն էին։ Ու ատոնցմե զատ բազմությամբ հնձելով մենք ավելի ոգևորությամբ, ավելի արագ քաղը կառաջացնեինք ու կավարտեինք։
Իսկ կարգը միշտ կհարգվեր, կպահպանվեր մեզ բոլորես։ Դժգոհություններու տեղի չէր տրվեր։ Արտքաղի ավանդություններուն համաձայն, որ տանը արտը հաջորդեր՝ անորինը կհնձվեր, կարգով էր, ու ճաշի պատրաստությանը անոր կպատկաներ, անկե կղրկվեր։
Գ
Անցեր էին երկու շաբաթներ, երրորդ երկուշաբթին էր։
Տասնչորս օրերե ի վեր քաղելով ու առաջանալով մենք տակավ հասեր ու բարձրացեր էինք Վերն֊Աղբյուրիկի սարալանջերը։
Այդ օրվընե սկսած կնքահայր Գալուստենց պիտի քաղեինք։ Թեթևակի զառիվար չորս խոշոր արտեր ունեին անոնք, քիչ հեռու իրարմե այդ մասերուն վրա, որով շաբաթվան մը աշխատանք կար հոն մեզ համար։
Այդ երկուշաբթին արշալույսին առաջին բեռները ես փոխադրեր, երկրորդին՝ որաները կալը փլցնելե վերջ՝ անասունները միասին առնելով գյուղ մտա ցերեկվան ճաշը տանելու։
Կնքահայր Գալուստենց տունը գյուղին կեդրոնն էր, փողոցի առուի մը եզերքին, ուրկե շաբաթը երեք օր ջուր կվազեր վարի պարտեզներու հերթի օրերուն։ Անոր կինը՝ ամառնային միակ մանուսա էնթարիով մը, ծնոտն ու զլուխը կապույտ լաչակով՝ դուռը կայնած կսպասեր ինծի։ Ան իմ ծննդավայրիս մյուս գյուղեն՝ Մեծեն հարս եկած էր։ Շվաքը պատին երկայնքին շարած էր կես օրվան փիլավին պղնձե ու մածնաթանին հողե վեցյակ մը ամանները, բոլորին բերաններն ալ կտավ սարեկներով սարեկած։ Օգնելով որ տեղավորեմ բեռան պարկերուն մեջ, գդալները երկնցուց ըսելով.
— Գևորգ, դուն ալ համրե, տես լմա՞ն են, քսանչորս հատ պիտի ըլլան։ Այսօր երեք հոգի ավելի պիտի ունենաք։ Մարանցս լուր տվեր էի, անոնք շատվոր են, օգնելու գան մեզի, Նշանը, Հարսը, Նարոն ղրկեր են։ Դուն մինչև արտ երթաս, անոնք հասած կըլլան արդեն։
Ես համրեցի, լման էին։
Հեծա բեռնով ջորիին վրա, որպեսզի կարող ըլլամ վարելու։ Որքան անգամներ որան֊կրողները անհեռատեսությամբ թանին, թանապուրին կճիկները կոտրեր էին թողելով, որ կենդանին քարի մը կամ ծառի մը քսվի, զարնվի ու զովացուցիչի սպասող արտվորին չոր փիլավ մը ու ցամաք հաց մը միայն տարվի։ Մյուս անասուններն ալ պախուրցեցի իրարու ետև ու ճամփա ելա։
Արտ հասա, որ անոնք եկեր էին արդարև, ու ծռեր կքաղեին մերիններուն կարգին։
Ես կճանչնայի Նշանը արդեն։ Ան հիմա բարակ, երկայնահասակ տղամարդ մըն էր դարձեր, սպիտակ թաղիքով, արտվորի սպիտակ սեղմ զզեստներով, մեջքին կարմիր գոտիով, դանակին սև կոթը գոտիեն դուրս թողած։ Նշանը զիս տեսնելուն պես եկավ իմ մոտս։ Մենք սեղմեցինք իրարու ձեռք, խոսեցանք իրարու հետ։ Իր կինն ալ միջահասակ, կարմիր քողքված կին մը, հետևեցավ անոր։ Առանց բառ մը արտասանելու ան բարևեց ինծի, մեր երկիրին կիներուն բարևելու եղանակովը, ամփոփելով աջ ձեոքին բթամատը, ցուցամատն ու միջնամատը, դնելով մեղմորեն իմ ձեռքիս վրա, հետո բաժնելով ու տանելով իր շուրթին, հետո ճակատին, ի վերջո կրկին շուրթին։ Երկու անգամ կրկնեց այդ արարողությունը, միշտ միայն իր մատները համբուրելով ու ճակատին դնելով։ Ես կհասկնայի հաջորդաբար երկու անգամ կատարեց բարևելը, ինծի բարի եկար ըսել կուզեր։ Հետո հեռացավ, միշտ մունջ։ Իսկ Նարոն իբրև ազապ աղջիկ չեկավ։
Սեղանի ատեն եղավ։ Կիները գետնին տաք, այրվող հողերուն վրա սփռոցը տարածեցին, քսանըչորս հոգիներս նստանք բոլորաձև շուրջը։
Սովորություն էր. նախ քաղցրեղենները հանեցին։ Թարմ թոնրահացերե յուղին մեջ տապկված ճմուռ, շաքարափոշի ցանված վրան, հետո ձվածեղ՝ շաքարաջուրով թրջված։ Արտային ամեն միջօրեի ճաշին նախամասն էր ատիկա։ Կիզիչ արևին մեջ մենք մեծ ախորժով կերանք։ Հետո փիլավին, մածնաթանին ամանները զատ֊զատ երեք տեղ դրին։ Դգալները սկսան երթևեկել ամաններեն բերանները։
Կուտեինք ու կխոսեինք։
Բայց ես առավելապես Նարոն կդիտեի, նստած կիներու կարգին։
Հինգ տարիներ առաջ իմ տեսածս չէր ան։ Փոխվեր էր։ Ցորենագույն դեմքով, դեղնագույն մազերով նուրբ, երկայն աղջիկ մըն էր դարձած ան։ Իմ ուշադրությունս առանձնապես կգրավեին մանավանդ անոր հասակն ու մազերը։ Մեր երկրի կիներուն հատուկ չէր այդպես նուրբ, սլացիկ երկայն հասակը, իսկ մազերը ոսկիի զմայլելի գույնի մը մեջ հալելով կիջնային աղջկա հատուկ ծաղկենկար, փոքրիկ լաջակին ներքևեն ու նստած ըլլալով կհասնեին մինչև գետինը ու դեռ գետնին վրա ալ կերկննային։
Սեղանին վրա իմ աչքերս չէին հեռանար անկե։ Անգամ մը անոր նայվածքն ալ իմինիս հանդիպեցավ. դիտեցի որ ան շիկնեցավ ու գետին հակեց։ Ուրեմն զգաց, որ ես կքննեի զինքը, խորհեցա հաճույքով։
Ճաշեն վերջ բոլորը ցրվեցան. խուրձերը կանգնեցուցին հոս ու հոն, շուքին պառկեցան, ճաշքունը քնանալու համար։ Ես ալ հանգչեցա պահ մը, հետո ելա բեռցա որաները ու մեկնեցա։
Տաք էր, օգոստոսի միջօրետքի սաստիկ տաքերեն։ Գետիններուն հողերը կայրեին։ Շոգեն չորցած ճերմկած խոտերը կնվաղեին, կաթիլ մը անձրևի պապակովը կտոչորվեին, հայտնապես կտեսնվեր։ Քրտինքները կողողեին աչքերս, պարանոցիս թաշկինակով ես իզուր կսրբեի դեմքս, և սակայն չէի զբաղվեր տաքով, Նարոյին վրա կմտածեի։
Դ
Այդ առաջին անգամեն հետո ու անկե վերջ ամեն օր իմ սիրտս ավելի ու ավելի գրավվեցավ Նարոյեն։ Սիրահարված էի, բացահայտորեն կզգայի ատիկա։ Բայց խնդիր էր ինծի համար, Նարոն ալ կսիրե՞ր զիս, տեղյա՞կ էր իմ զգացումներուս, ինչպե՞ս իմանալ, հարաբերվիլ հետը։ Արդարև մեր նայվածքները բազում անգամներ հանդիպած էին իրարու, կհետևցնեի թե ան գուշակած էր, որ ես կհետաքրքրվեի իրմով, բայց այդքանը շատ անբավական, տարտամ էր։
Ինծի հայտնի էին մեր երկրին բարքերը։ Աղջիկ մը, տղա մը միատեղ չէին ձգեր, մենք չէինք կրնար ազատորեն կենալ քով֊քովի, խոսիլ, այսպեսով հաղորդել մեր զգացումները։ Պետք էր առանձնություն գտնել, ու ես այդ կորոնեի։ Իսկ օրվան բոլոր ժամերուն բազմություն կար մեր շուրջը։ Անգամ մը առաջին պատեհություն մը ձեռք անցընեի, մնացյալը կդյուրանար, կըսեի ես ինծի։
Հինգշաբթի նորեն կես օր էր։ Ճաշը ավարտեցավ, խորհեցա մոտակա ձորը երթալ։ Ճաշքունի պահը այդպես կուզեի անցընել։ Հոն աղբյուր մը կար, գացի. միակ գուռ մը առաջքը, փողրակեն ջուրը մեջը կվազեր. նստա մոտը, ձորին մենության մեջ սկսա ունկնդրել աղբյուրին եղանակին։
Հանկարծ վերեն, ձորի գլխեն, ջրվոր կին մը հայտնվեցավ։ Կուժը շալակը ան վար կիջնար։ Ո՞վ գիտե ո՞ր արտեն կուգա, մտովի ըսի։ Քիչ հետո մոտեցավ ու ես ճանչցա։
Նարոն էր։
Իմ սիրտս սկսավ արագորեն տրոփել։ Առիթը եկավ, խորհեցա իսկույն։
Նարոն առաջացավ, տեսնելով զիս շփոթեցավ, բայց շուտով տիրապետեց անձին։ Առանց բառ մը արտասանելու կուժը փողրակին շրթին դրավ, սպասեց լեցվելուն։
Կանցնեին րոպեները, իսկ ես կվարանեի։ Բարեբախտաբար ջուրին վազքը բարակ էր, արագ չէր լեցվեր։ Ան հիմա շատ մոտս էր ինծի ու առաջին անգամն էր, որ ես այդքան մոտեն կտեսնեի։ Չհամարձակելով ինծի դարձնել նայվածքը, աչքերը ուրիշ կողմ էր ուղղած։ Ես ազատորեն կքննեի զինքը։
Ես կնշմարեի, որ ան հուզված էր, կուրծքը կելևէջեր արագ֊արագ, քրտինքի կայլակներ կփայլեին իր ցորենագույն դեմքին վրա։
Հայտնի էր, որ աղբյուրը մոտ ըլլալուն, հավանած էին մինակը ղրկել, այլապես իր տարիքը աղջկան պիտի չթույլատրեին։ Եվ արդարև արտին չհնձված մեկ մասը կերևեր ձորին խորքեն։
Խզեցի լռությունը, խոսեցա։ Ան միշտ առանց ինծի նայելու պատասխանեց, թե արտը ջուր չէր մնացեր, եկեր էր արտվորին ջուր տանելու։
Հակառակ իմ պաղարյունության ճիգերուս, ես ալ հուզված էի։ Հիմա կգիտակցեի, թե ես ալ անհամարձակ էի սիրո մեջ։ Առաջին անգամն էր, որ աղջկան մը հետ դեմ դիմաց կգտնվեի։
Վճռեցի վերջ տալ վարանումներուս ու խոսեցա ուղղակի նպատակիս անցնելով։
— Գիտե՞ս, Նարո, ես քեզ կսիրեմ, դուն շատ աղվոր ես,— ըսի։
Չպատասխանեց։ Այլայլեցավ, շիկնեցավ։
—Մի վախնար, բան մը չեմ ըներ,— ըսի,— միայն գիտցիր, թե ես քեզ կսիրեմ։
Ամբողջ մարմնովը կդողար։
Կուժը լեցուցած էր ու կվազեր շրթեն դուրս։
Կուժը շալակը նետեց գուռին քովի հանգչեքարիկին վրայեն ու մեկնեցավ։
Ե
Ավելի վերջ վերադարձա արտ։ Առանց համենալու բեռցա խուրձերը ու ճամփա ելա, ու ճամփուս ընթացքին ըրածիս վրա խորհեցա։ Կմտածեի, թե կրցած էի հաղորդել սերս, ան գիտեր հիմա, թե կսիրեի զինքը։ Իրավ, կըսեի յուրովի, ան չարտահայտվեցավ, ոչ հաստատական, ոչ ժխտական պատասխան տվավ, բայց ես կվերագրեի անոր անհամարձակությանը։
Այնուհետև ու այդ հանդիպումեն հետո մանավանդ ես անոր մեջ որոշ փոփոխություն մը կտեսնեի արդեն, ինչ որ այլապես ուրախություն կառթեր ինծի։ Ավելի զվարթ կերևեր։ Հարսներուն, կիներուն հետ շարունակ կգաղտնախոսեր հնձած ատենը և միշտ խնդալով կավարտեր իր ըսելիքը, զանոնք ալ խնդացնելով։ Ինչ որ լավ էր, կմեկնեի ես, իմ սիրային արտահայտություններս հեռու անհանգստացնելե, ուրախացուցած էին զինքը, ավելի զվարթացուցած։
Ես հիմա ավելի եռանդով, գոհունակ տրամադրություններով կկատարեի որան֊կրողի պաշտոնս։ Նարոյին ակներև փոփոխությունը կքաջալերեր զիս սիրային հետապնդումներս շարունակելու։ Հիմա գիշերներուն կսպասեի։
Այդ հինգշաբթին անցավ, ուրբաթ իրիկունը ընթրիքը կանուխ բերի։ Սեղանին վրա ես ամենքեն ավելի կխոսեի, կկատակեի, իսկ Նարոն ինչպես ամեն անգամուն, կլռեր։
Ընթրիքեն հետո այրերը ցրվեցան, իսկ կիները անկողինները պատրաստելու ելան։ Անոնք նախ մերինները տարածեցին, հետո իրենց անկողինները, խուրձեր կանգնեցնելով ու անոնց ետև ձգելով, տղամարդոցմե չտեսնվելու համար. իսկ երախատեր հարսները զերծ էին աշխատանքեն, ուղղակի իրենց տաղաներուն գացին, ծունկի եկան դիեցնելու իրենց երեխաները։
Ես որոշեցի Նարոն փնտրել ու գտնել։
Սարալանջի բոլոր արտերուն մեջ խմբվեր էին զրույց կընեին։ Երբեմն, հանկարծ արտե արտ, կամ սարալանջի կողերեն դեպի դաշտը կանչեր կերկարաձգվեին։ Գիշերին մեջ մարդիկ իրարու կձայնեին, հետո կլռեին անմիջապես։ Մեր արտին կից Մղտեսի Գիրգորի արտն էր. հոն ալ այրեր հավաքվեր էին։ Կխոսեին անոնք, ու գիշերին մեջ անոնց երկայն ծխափողերուն կրակները կփայլեին։ Ինքը Մղտեսի Գիրգորը երկայն բրդյա ապայի մը մեջ՝ ամենքեն վեր նստած, կոնաձև սպիտակ թաղիքին շուրջ սև շերպեթե մը բոլորած, կլոր մորուքը ունկնդիրներուն ուղղած Ղատի֊Ղռաններու, Տելի֊Պաշներու արշավանքներեն կպատմեր։ Բազմությունը ուշադրությամբ մտիկ կըներ զինքը։
Պահ մը ականջ դրի այդ զրույցներուն, հետո հեռացա միշտ Նարոն փնտրելով բազմություններուն մեջ։ Բայց ան չէր հանդիպեր աչքերուս։
Նույն պահուն մոտակա բարձունքե մը խարույկ մը փայլեցավ մութին մեջ։ Բոցը տակավ կմեծնար, կբարձրանար։ Ուրախ բացականչություններ գիշերին մեջ տարածվեցան։ Կրցա իմանալ։ Այդ կողմի արտերով որան֊կրող տղաքն էին։ Նապաստակ էին որսացեր, կխորովեին։ Նապաստակը ես գիտեի, որ պիղծ կենդանիներեն կհամարվեր մեր երկրին մեջ, մեր ժողովուրդը ոչ ուտելի համարելով կխորշեր անկե, իսկ վերջին ժամանակները միայն երիտասարդները սկսած էին ուտել։
Մեկեն խորովածները իրարու ձեռքե հափշտակելու աղաղակներ բարձրացան։ Կհրճվեին կրակին շուրջբոլորը, նախապատմական մարդերու տեսարան մը պարզելով։
Արտ դարձա։ Մարդ չէր եկեր, բոլոր անկողինները պարապ էին։
Հանկարծ ինչքա՜ն մեծ եղավ ուրախությունս։ Նարոն մինակը նստած էր իր անկողինին մոտը։ Մոտեցա։
— Նարո... դուն հո՞ս ես եղեր,— ըսի։
Ձեռքը բերնին տանելով խնդրեց, որ կամաց խոսիմ, որպեսզի երախատեր հարսները չիմանան՝ մեր ձայնեն արթննալով, ու պատմեց թե ինքն ալ նոր դարձեր էր։ Ես դիտեցի, որ ան չշփոթեցավ, ընտելացած էր և զիս զգուշության հրավիրելով հայտնի ընել կուտար, թե չէր նեղվեր իմ ներկայութենես։
Առաջարկեցի, որ արտին մյուս եզերքը, ձորին շուրթը երթանք, ուր ոչ ոքե տեսնվելու վտանգը կար։ Նախ վարանումի շարժուձև մը ըրավ, հետո հետևեցավ։
Նստանք քով֊քովի։ Առաջքնիս՝ վարը ձորը կխորանար գիշերին մեջ լուռ ու ամայի։ Մեր թիկունքեն մացառները կփակեին ամեն տեսարան, ոչ մեկը կխանգարեր մեզ։
Ձեռքը ձեռքիս մեջ առի. չընդդիմացավ, թույլ տվավ, խոսեցանք իրարու հետ, ես ուզեցի գիտնալ, թե կսիրե՞ զիս։ Կարճ լռութենե մը հետո պատասխանեց. նախ ընդհանուր, անորոշ բառեր արտասանելով, հետո ինծի համար անսպասելի համարձակությունով մը, սկսավ խոստովանիլ, թե կսիրեր զիս, թե ան առաջին անգամ, երբ տեսած էր, սեր զգացած էր իր սրտին մեջ իմ մասիս, և թե իմ նայվածքներուս իմաստը հասկցած էր։
Հիմա կհասկնայի վերջին օրերու իր զվարթությունը։ Մեկը մյուսեն ավելի անակնկալներ էին իր խոսքերը ինծի համար։ Ես չէի կրնար հուսալ, թե ան այնքան ուժեղ սերով մը կսիրեր զիս։ Անսահման էր իմ ցնծությունս։
Ի վերջո հայտնեցի մտադրություններս, վկայականը ստանալես հետո կազմած ծրագիրներս, միասին ապրելիք մեր կյանքը։ Խորունկ լռությունով մը մտիկ ըրավ, հիշեցնելով ինծի, թե մինչև այդ օրը կրնայի լքել զինքը, խոստմնադրուժ ըլլալ. բայց ես ամեն իվիք ապահովցուցի զինքը իմ հավատարմությանս մասին։
Հետո կարգադրեցինք կիրակի այգիները գտնել զիրար։ Ան խոստացավ սպասելու ինծի։
Ձեռքը միշտ ձեռքիս մեջ կպահեի։ Մոտեցուցի շրթներս դեմքին. ջանաց ընդդիմանալ, բայց իմ համառ կառչումներուս առջև վերջ ու վերջ թուլցավ, տեղի տվավ։ Բազուկներս պարանոցին շուրջը, սկսա համբուրել։
Արտ դարձա, որ երգերը սկսեր էին։ Միայն մերինեն չէր, հեռուեն, մոտեն, բոլոր արտերեն կբարձրանային եղանակները։ Լուսինը ծագեր էր լեռան վերևեն, լուսավորեր էր բովանդակ շրջավայրը։ Ամեն մարդ ոտքի վրա էր, գրաված էին իրենց կարգերը, կհնձեին օգտվելով գիշերային լույսեն օր առաջ ավարտելու համար քաղը։ Մեր արտին մեջ կերգեին «Եկուր, աղվոր, եկուր հետդ ջուխտ երթանք», հետո՝ «Լուսունկան փրթավ խորեն» արտերգերը։ Միշտ այրերը կսկսեին, հետո կիները կըկրկնեին։ Լուսունկին լույսին մեջ, հակած մեկ գծի վրա, փուշերեն չխայթվելու համար մատերնին փայտե մատնոցներ անցուցած, զարնելով ու չխչխկացնելով մանգաղներուն ու մանգաղները տարուբերելով կխմբերգեին անոնք բարձր, խիստ բարձր։ Ես կորոշեի մասնավորապես բոլորին մեջեն Նարոյին ձայնը։ Անոնք նույն ատեն մրցում մըն ալ սկսեր էին։ Այրերն ու կիները երկու խումբի բաժնված, արտին չհնձված մասերեն երկու հավասար բաժիններ ընտրած, կհնձեին արագ֊արագ, անընդհատ առաջանալով, բուռ֊բուռ որաները շարելով իրենց ետևը։
Մեկեն բարձրաձայն ծիծաղներու մեջ կիները հաղթանակը տարին, այրերեն առաջ ավարտելով ու թումբ հասնելով։
Անմիջապես ստորոտի արտին մեջ ուրիշ տեսարան մը հայտնվեցավ։ Ելա կայնեցա։ Երկու տղամարդեր քով֊քովի կհնձեին։ Անոնք իրենց հակած թիկունքներուն վրա մանուկ մըն էին կայնեցուցեր, մանուկին մեկ ոտքը մեկին, երկրորդը մյուսին թիկունքին։ Ու կառաջանային մանգաղներու միաչափ շարժումներով, միշտ մանուկը իրենց վրա կրելով, առանց ցնցումներ պատճառելու։ Ու միաժամանակ հարց֊պատասխանի ձևով երգախառն զվարճալի տրամախոսություն մը արտասանելով բարձրաձայն, հաճախ ծիծաղ առթող բառերով, բոլոր արտերուն արտվորը հանդեսի կայնեցնելով։
Վարեն, շատ վարեն գանգակներու եղանակներ լսվեցան։ Բազմաթիվ զանգակներ միահամուռ կհնչեին։ Որան֊կրող անասուններու կարավան մըն էր, որ կանցներ դաշտին կեդրոնեն։
Ինչ գեղեցիկ էին այս բոլորը լուսնային այս վճիտ գիշերին մեջ։ Ես ախորժով մտիկ կընեի, չէի հագենար դիտելեն ու զմայլելեն։ Ինծի ծանոթ էին այս տեսարանները մանկութենես ի վեր։ Ուրախ էի ներկա ու մասնակից ըլլալով իմ գյուղացիներուս ոգևորություններուն։
Ինծի կթվեր, թե աշխատանք չէր, տոն էր, արտային հանդես էր, որ կկատարվեր լուսունկի լույսով, գիշերային այս պահուն։
Բավական վերջը ես քնացա։
Խնդալու ձայն մը զիս արթնցուց։ Բացի աչքերս, Նարոն էր։
— Հարկա՜վ... քաղաքին մեջ մեծցող մը ասանկ կըլլա, կծուլանա... Արև֊արեգակ է եղեր ամեն դի, օրհարսակ ու դուն դեռ կքնանաս... Որան֊կրողները ետ դառնալու եղան...
Կկատակեր։ Իր խոսքերեն կրցա իմանալ, որ ավարտած ըլլալով քաղը, արտվորը կնքահայր Գալուստենց երրորդ արտը փոխադրվեր էր. որոշեր էին չարթնցնել զիս, որ քնանամ, իսկ ինքը մատնոցները կորսնցուցած ըլլալը պատրվակելով մնացած էր, պարզապես զիս արթնցնելու համար։ Ու փայտե գունավոր մատնոցները շարժելով գլխիս վրա, կրկին սկսավ խնդալ իր սուտին վրա։
Ցորենագույն արտերուն վրա ծիծաղի փոսիկներով ու առավոտյան արևին ցոլքերուն մեջ իսկապես անդիմադրելիորեն թովիչ էր։ Ելա, փորձեցի բռնել, բայց ան փախավ ձեռքես. սկսավ վազել ու հեռանալ, ուշացած ըլլալը հայտնելով։
— Կիրակի օրը, այգիները,— ես հիշեցուցի... Գլխովը հաստատական նշան ըրավ։
Արտին եզերքը խուրձեր կային։ Սկսա հավաքել զանոնք բեռնալու համար։
Զ
Շաբաթ երեկոյին գյուղ դարձած էինք արդեն։
Կիրակի առտու կանուխ արթնցա։ Սևագրությունները ունեի քանի մը ավանդություններու, զոր իմ խնդրանքիս վրա պատմած էին ինծի, գիշերները արտերու մեջ։ Ամփոփեցի, գրի առա զանոնք, ու մեկնեցա դեպի այգիները որոշված ժամադրության համար։
Եփրատին հանգող ձորի մը մեջ, մեր գետին երկու ափերուն վրա ժամերով կերկարեին մեր զույգ գյուղերուն այգիները։ Համբավավոր էին անոնք։ Այդ օրը արտերուն բոլոր ժողովուրդը հոն փոխադրված էր։ Մերերն ալ գացեր էին։ Ծառերուն ներքև, որթատունկերուն մեջ, ամենուրեք մարդ կար։
Ճիշտ որոշված ժամուն կես օրե վերջ ես քայլերս ուղղեցի Ջերման, գետաձորին այն մասը, ուր կգտնվեր Նարոյենց այգետունն ու այգին։ Գիտեի թե մեծ, շատ մեծ ժայռ մը կար կեդրոնը։ Ծառերուն ներքևեն, թուփերուն մեջեն կառաջանայի հայտնի զգուշությունով մը, որպեսզի մարդու չհանդիպիմ ու հերյուրածո բացատրություններ տալու չստիպվիմ։ Հուզումներով լի կտրոփեր սիրտս։
Հասա այգետան դուռը, զարկի, բայց անսպասելի բան մը ինծի համար.— փակ էր։ Մարդ չկար։ Նարոն չէ՞ր եկեր արդյոք, թե խա՞ղ մըն էր ըրած։ Խոսք տված էր։ Արդյոք որևէ արգելք մը պատահա՞ծ էր։
Սրտաբեկ, հուսախաբ հեռացա. նստա հեղեղներեն քշվելով բերված հսկա ժայռին շուքին։ Սպասեցի, թերևս կարելի ըլլար տեղեկություն մը առնել։
Փոշոտ, մերկ ոտքերով, հին կապույտ էնթարիով ու գունաթափ լաջակով պառավ մը անցավ մոտես, ձեռքը հողե կարմիր լայն աման մը ջուրով լեցուն։ Չնշմարեց զիս ու պիտի երթար, հարցուցի այգիին տերերը։ Հայտնի էր, որ խուլ էր, պոռալով ու ձեռքի նշաններով հասկցուցի։
— Անոնցմե այսօր մարդ չեկավ,— պատասխանեց ապշահար նայվածքով ու քալեց։
Ճարահատ, դուրս եկա այգին։ Ի՞նչ ընելու էր ուրեմն։
Միտքս Մելիքյանը ինկավ։ Խորհեցա Լ. երթալ, անոր գյուղը, որ Եփրատի հանդիպակաց ափին էր։ Ան եկած էր ինծի նախապես ու հրավիրած իրեն այցելելու։ Մեր Ս.֊են էր, նախորդ տարին ավարտած էր, վարժարանին մեջ մենք լավ մտերիմներ էինք։
Ինծի ծանոթ էին ճամփաները, ուստի անմիջապես մեկնեցա։
Կիրակի ըլլալուն, գյուղին երիտասարդությունը, աղբյուրին ծառերուն ներքև հավաքված էին։ Մելիքյանն ալ հոն էր. տեսնելով զիս վազեց ինծի, ուրախությամբ սեղմեց ձեռքս, ու իր տունը տարավ։
Երկհարկ, զույգ դուռով տուն մըն էր, կարգով բազմաթիվ սենյակներով, հատակները սև ու սպիտակ խիճերով խճաքարված։
Ամուսնացած էր գյուղեն աղջկան մը հետ, բայց իր կինը բնավ չերևցավ, ան միշտ կզգուշանար սենյակ մտնելե։ Ճաշի պահերան անգամ Մելիքյանի փոքր եղբայրը կսպասարկեր։ Մենք այդ ամբողջ օրը գրեթե խոսեցանք Ս.֊են, ուսանողական օրերեն։ Իրեն ծանոթ էին իմ հակումներս, իսկ ինք հասարակական մարդ էր եղեր, գյուղին մեջ հոգաբարձու, քաղաքին մեջ գավառական ժողովի անդամ. ուսումնական խորհուրդի ատենապետ, միաժամանակ վարելով բոլոր այդ պաշտոնները, վիճաբանելով բոլորին հետ և պարտադրելով իր տեսակետները։ Երեկոյան գյուղին երիտասարդները հավաքվեցան մեզ մոտ, ես կտեսնեի, որ բոլորը կակնածեին իրմե։
Երկուշաբթի օրը ևս ան զիս պահեց իր մոտ։ Շրջեցանք միասին։ Այդ երկու օրվան ընթացքին ես հահախ կխորհեի Նարոյին վրա, մեր վրիպած ժամադրության մասին, Մելիքյանին ուշադրությունը գրավելու աստիճան։ Ան ուզեց իմանալ, բայց ես ծածկեցի իրմե։
Իսկ երեքշաբթի կանուխ առավոտով ես հրաժեշտ առի։ Կշտապեի ամենակարճ ճամփով արտ հասնելու. այս պատճառով լեռներու վրայեն կերթայի։ Մտքիս մեջ կկազմեի այն վերաբերումը զոր ցույց պիտի տայի Նարոյին։ Ամենեն առաջ իրեն նկատմամբ անտարբերություն, ցրտություն պիտի ձևացնեի։ Հետո երբ առանձին մնայինք, գիտեի ընելիքներս։
Արտ հասա։ Եվ սակայն մեր սովորական արտվորներն էին, ոչ Նարոն, ոչ ալ Նշանն ու կինը կային։
Հիմա կհայտնվեր, որ տեղի ունեցած էր բան մը, այս վերջին մեկ երկու օրերուն մեջ։ Բայց ի՞նչ էր անցած֊դարձածը. կուզեի այդ իմանալ։
Անտարբերություն կեղծելով՝ պարզ հետաքրքրության մը համար հարցուցի արտվորին անոնց բացակայության պատճառը.
— Չենք գիտեր... չեկան...— պատասխանեցին, բայց այնպես իրարու նայելով ու շեշտով, որ նշանակալից էր, կհայտնեին, թե չէին ուզեր իմացնել ինծի։
Որաները բեռցա, ճամփա ելա։ Քիչ վերջը Միքայելը հասավ, իր որայաբարձ անասուններովը։ Մանկության օրերու ընկեր, այն ատենեն ի վեր նույն պարզամիտ բարի տղան էր։ Միասին բավական առաջանալե հետո ան հաղորդեց ինծի պատահածները։
Իմացվեր է իմ սիրահարությունս Նարոյին հետ։ Նշանին կինը նշմարեր և լրտեսեր է տալոջը ընթացքը, զգուշացուցեր է, բայց տալը չէ սեպեր զինքը։ Տուն դարձին, շաբաթ գիշեր հայտներ է ամուսինին։ Նշանը, իր երկու եղբայրները, հայրը բորբոքեր են մեզ երկուքիս դեմ, որոշեր են չթողուլ, որ զարգանան մեր սիրահարությունները, արգիլեր են Նարոյին տունեն դուրս ելլելու։ Գյուղին մեջ հարուստ տունե մը կուզեն եղեր արդեն, կիրակի առտու անմիջապես նշանտուքը կատարեր են, հաջորդին ալ հարսնիքը կատարելու որոշումով։
— Բոլոր արտերուն մեջ կխոսին ձեր վրա,— ավելցուց Միքայել։
Հավատալ պիտի չուզեի, եթե արդեն իրականությանը չհաստատեր Միքայելին խոսքերը։
Ես շարունակեցի դարձյալ որաները կրել։ Մեր արտին մեջ բոլորը կզգուշանային ինծի որևէ ակնարկություն ընելե։
Անցան օրեր, նորեն շաբաթ իրիկուն եղավ։ Հաջորդ օրը Նարոն պիտի ամուսնացնեին։ Արտերեն տուն դարձ էր. ամեն շաբաթ իրիկվան պես բոլորը գացին, բայց ես չուզեցի դառնալ, մնացի։
Առանձնության պահանջը կզգար հոգիս, մինակ սկսա ման գալ։ Գիշեր եղավ, արտերուն մեջ մարդ չէր երևեր, տեղ֊տեղ, թումբերուն մոտ տաղաններու ձողեր, ջուրի կուժեր կտեսնվեին, արտվորը թողեր գացեր էր։ Հիմա գիշերները ավելի զով էին, խարույկի ջերմության մը կարիքը զգալի կդառնար, կամ թերևս ես կմսեի։ Երբեմն աղվեսներու խմբական կաղկանձյուններ կլսվեին։ Կլռեին, հետո նորեն կվերսկսեին։ Երբեմն գետի ձայն մը կհասներ ականջիս։ Բայց գետերը հեռու էին. անոնց ձայները չէին կրնար ըլլալ, հովն էր անշուշտ։
Գիտեի, որ Մղտեսի Գիրգորը սովորություն ուներ կիրակիները արտերը անցընելու, գիտեի նաև որ Կապուտ֊Կապաններու կողմերը կքաղեին անոնք։ Գացի շիտակ հոն ու մութին մեջ իր ծխամորճին կրակեն կրցա որոշել ու գտնել զինքը։ Տասնյակ մը անկողիններ, իրենց արտվորին բոլոր վերմակներն ու ներքնակները վրայե վրա տարածեր, անոնց վրա նստեր էր ծալապատիկ, ապային մեշ փաթթված, հայացքը Եփրատի ձորին ու Տերսիմի լեռնաշղթային։
Տեղ տվավ, նստա մոտը անկողիններուն վրա։ Զարմանալի սովորություններով մարդ էր ան։ Շարունակ կծխեր, կվերջացներ. հետո նորեն կսկսեր։ Բայց ծխախոտ չէր ան, իր պատրաստությունն էր, որթատունկի, թթենիի, զազան բույսերու չորցած տերևները մանրելով։ Անշուշտ գիտեր իմ պատմությունս, բայց որևէ բառ չարտասանեց այդ մասին։ Հին օրերեն խոսեցանք, լուսինը երևցավ հալած, մանրցած իր վերջին քառորդին մեջ, տմույն ճառագայթներ սփռեց մեր դեմքին։ Քնացանք:
Առտուն արթնցա արևի ցոլքերուն մեջ։ Խոզաններուն կանանչ խոտերը կերցնելու համար հովիվները իրենց հոտերովը կթափառեին իմ շուրջս։ Իրենց կաշյա պարկերուն մեջ պահած ամաններով կաթ կթեցին բերին հաջորդաբար ինծի։ Մեծ ախորժով խմեցի թանձր, տաք, փրփրոտ կաթը։
Մինչև ցերեկ շրջեցա դաշտին մեշ, հետո բլուրի մը գագաթը ելա, հոնկե մեր լեռան, Կապույտ լույսին ու առաջքի մեր երկու գյուղերուն նայեցա։
Հանկարծ ուշադրությունս գրավեց իմ գյուղես մեծ գյուղը տանող ճամփուն վրա կիներու թափոր մը, որ կառաջանար։ Հետո նույն այդ գծին ուղղությամբ իմ նայվածքս ինկավ գյուղին մուտքի կալերուն կից, ձախին տունի մը վրա։ Բազմություն մը կերևեր վարը՝ դռան առաջքը, երդիկին վրա. մինչև ցվիքները։ Իսկույն հասկցա, հարսնետունն էր. փեսին տունը, բազմությունը՝ հարսնևորներն էին, իսկ կիներու թափորը, որ կուղղվեր դեպի հոն, կին հրավիրյալներն էին, անութներուն տակ ընծաներով, զոր փեսին պիտի մատուցանեին անշուշտ պսակի գտակին վրայի խաչը համբուրած ատեն։ Զուռնայի եղանակներն ալ ես կարծեցի լսել, ու նույն պահուն հրացանաձգություններ թնդացին։
Նարոյին հարսնիքն էր, Նարոն կկարգեին։
Զղջացի հոն գալուս համար, ոտքի ելա։
Իրիկվան բոլոր արտերուն մեջ հնձվորներու բազմությունը երևցավ։ Մերերն ալ վերադարձան։ Անոնք ինծի նամակ մը տվին, բացի կարդացի. Դարյանեն էր։
Ան ալ մեր Ս.֊են էր, Մելիքյանի հետ ավարտած։ Առևտրական էր եղած, իր գործերուն բերումով կշրջեր քաղաքե քաղաք, մինչև հեռավոր գավառները։ Մելիքյանին գյուղեն անցնելով իմ գալս իմացեր էր, ուրախությունը կհայտներ ու կհրավիրեր իր գյուղը՝ Բ.։
Չէի ուզեր մնալ արդեն իմ գյուղիս մեջ։ Վերջին անցքերեն շրջապատս փոխելու կարիքը կզգայի։ Ընդունեցի հրավերը ու հաջորդ առտուն իսկ մեկնեցա։
* * *
Ամբողջ երկու շաբաթ ես հյուր եղա Դարյանին։
Արձակուրդը լրանալու մոտ էր, գյուղ դարձա։ Արտքաղը վերջացած, ամայացեր էին արտերը, մարդ չէր մնացեր, բոլոր ժողովուրդը գյուղին բոլորտիքը կալերն էին, կալ կկամնեին։
Տակավ մեկնելու պատրաստություններ կտեսնեի։ Վերագտած էի նախկին հանդարտությունս, երբեմն միայն Նարոն կհիշեի. վերհիշումը կկսկծացներ սիրտս, հետո նորեն կանցներ տագնապը։
Վերջին կիրակին էր։ Երեքշաբթի օրը ջորեպանս պիտի գար զիս տանելու։ Ես մեր մեծ գյուղը գացի հրաժեշտ առնելու ուսուցիչ Արեգյանեն։
Առաջարկելով ինծի միասին վերջին պտույտ մը ընել, գյուղին կեդրոնի մեծ առվին փողոցն ի վար պարտեզները գացինք։ Նստանք իր պարտեզին մեջ, խոսեցանք։
Միջոց մը Արեգյանը կանչվեցավ գյուղեն։ Խնդրելով, որ սպասեմ իր վերադարձին, գնաց։
Մինակ մնացի։ Ընկողմանեցա, սկսա պատերուն երկայնքին տնկված բարդիները դիտել, որոնց տերևները դեղնելով կթափեին գետին։ Նույն պահուն դռան փայտե սողնակը քաշվեցավ, բացվեցավ, կին մը հայտնվեցավ։ Վարի պարտեզներու ճամփան մեջեն ըլլալով, կհասկցվեր որ ճակատի դռնեն դուրս պիտի ելլեր։ Ոտքի կարմիր կոշիկներեն, կարմիր հանդերձներեն, լաջակին բոլորտիքի փունջերեն, մինչև հոնքերն ու ծնոտեն մինչև շրթները գոցելեն, կուրծքին փայլող խոշոր զարդոսկիներեն հայտնի էր, որ նորհարս ու հարուստի հարս էր։ Մոտեցավ ու նայեցավ ինծի։
— Չճանչցա՞ր,— հարցուց լաջակներու մեջեն, ձեռքը բերնին դրած։
Նարո՜ն էր։ Արդարև չէի ճանչցած։ Թույլ ժպիտ մը ուրվագծվեցավ դեմքին վրա ու մարեցավ իսկույն լաջակներու ծալքերուն մեջ։
— Գյուղ մտնելդ տեսա,— սկսավ ան։— Երդիկն էի, ձավարցու կչորացնեինք արևին ու թռչուններեն կպահեինք։ Ես շատ սպասեցի, որ իմ կողմս կդառնաս, կնայիս։
Հասկցա, որ ան հետևեր էր երդիկեն ինծի, Արեգյանին երթալս, հետո միասին ելլելնիս տեսած էր... Կխոսեր շատ հանդարտ թոնով մը, եղանակով մը, որ հատուկ էր հիվանդութենեն նոր ապաքինողի մը, և որ բավականաչափ ուժ չունի իր մեջ խոսելու։
Խորհեցա ըսելու իրեն, թե ի՞նչ պիտի ըներ զիս. ինչո՞ւ կհետաքրքրվեր. չէ՞ որ ընդմիշտ բաժնված էինք մենք այլևս իրարմե։ Բայց չուզեցի ըսել, իսկ ինք կռահեց միտքս։
— Ես գիտեմ, դուն վշտացած ես... Կարելի է զայրացած ալ ես, բայց ի՞նչ ընեմ։ Մինակս, եղբայրներուս, հորս, պարագաներուս դեմ։ Ոչ մեկը մտիկ ըրավ իմ լացերուս։ Ես տկար էի ու անզոր...
Հարսնության լաջակներուն մեջ պահված իր դեմքը ավելի նրբացած էր։
Արցունքներ երևցան իր թարթիչներուն ներքև։
Հեռացավ։
* * *
Երեքշաբթի ջորեպանս եկավ։ Ալ ի՞նչ ունեի ընելիք։
Դեպի Կ. վեցօրյա ճամփորդությանս ընթացքին ու ամբողջ շաբաթներ վարժարանին մեջ, երբ կառանձնանայի, Նարոյին փղձկումը կպատկերանար իմ աչքերուս առջև, իր նորհարսնության հանդերձներուն մեջ։ Ընկերներուս ոչ մեկուն պատմեցի։