Changes
/* III։ Շարունակությունը */
=== III։ Շարունակությունը ===
Ես հիմա խոսել սկսեցի պատիժների, հավասարապես նաև այդ հետաքրքիր պարտականությունների տարբեր կատարողների մասին, սոսկ այն պատճառով, որ տեղափոխվելով հոսպիտալ, այդ ժամանակ էլ հենց առաջին ակնառու ըմբռնումը ստացա բոլոր այդ գործերի մասին։ Մինչ այդ միայն լսելով գիտեի։ Մեր երկու հիվանդասենյակներում էին խմբված շպիցռուտեններով պատժված բոլորը՝ գումարտակներից, կալանավորական բաժանմունքներից և ուրիշ զորախմբերից՝ տեղավորված մեր քաղաքում և ամբողջ շրջակայքում։ Այդ առաջին շրջանում, երբ շուրջս կատարվող ամեն ինչին դեռես այնքան ագահորեն հետևում էի, ինձ համար բոլոր այդ տարօրինակ կարգերը, բոլոր այդ պատժվածները և պատժին նախապատրաստվողները, բնականաբար, շատ ուժեղ տպավորություն էին գործում։ Ես հուզված էի, շշկլված, վախեցած։ Հիշում եմ, որ այն ժամանակ էլ հանկարծակի և անհամբեր սկսեցի խորանալ այդ նոր երևույթների բոլոր մանրուքների մեջ, այդ թեմայով խոսակցություններ և պատմություններ լսել ուրիշ կալանավորներից, ինքս էի հարցեր տալիս, լուծումներ որոնում։ Իմիջիայլոց, ուզում էի գիտնալ վճիռների և ի կատար ածումների բոլոր աստիճաններն՝ անպայման, պատժումների բոլոր երանգները, իրենց՝ կալանավորների տեսակետներն այդ ամենի մասին։ Ջանում էի պատկերացնել պատժի գնացողների հոգեբանական վիճակը։ Արդեն ասել եմ, որ պատժից առաջ հազիվ թե մեկնումեկը սառնարյուն լիներ, չբացառելով անգամ նրանց, որոնք նախապես քանիցս ծեծվել էին։ Այստեղ ընդհանրապես դատապարտվածների վրա իջնում է մի տեսակ սուր, սակայն զուտ ֆիզիկական վախ, ակամա և անդիմադրելի, մարդու համակ հոգեկան էությունը ճնշող վախ։ Հետագայում էլ, մի քանի բանտային տարիների կյանքում, ակամա հետևում էի այն դատապարտվածներին, որոնք պատժի առաջին կեսից հետո հոսպիտալում պառկելուց և մեջքներն ապաքինելուց հետո, դուրս էին գրվում, վաղն ևեթ մահակների՝ հաստատված մնացած կեսը կրելու։ Պատիժը երկու կեսի բաժանելը միշտ կատարվում է պատժին ներկա բժշկի վճռով։ Եթե հանցանքի համար նշանակած հարվածների թիվը մեծ է, այնպես, որ կալանավորը միանգամից չի դիմանա դրան, ապա այդ թիվը բաժանում են երկու, անգամ երեք մասի, ելնելով այն բանից, թե ինչ կասի բժիշկն արդեն բուն պատժման ընթացքում, այսինքն՝ կարո՞ղ է, արդյոք, պատժվողը շարունակել շարքի միջով գնալ, թե կյանքի համար դա վտանգ կներկայացնի։ Unվորաբար, հինգ հարյուր, հազար, նույնիսկ մեկուկես հազար հարվածը միանվագ են հասցնում, բայց եթե վճիռը երկու, երեք հազար հարված է, ապա ի կատար ածելը երկու կեսի է բաժանվում, անգամ երեք մասի։ Նրանք, ովքեր աառաջին կեսից հետո բուժելով մեջքները, գնում էին հոսպիտալից՝ մյուս կեսի տակ մտնելու, դուրս գրման օրը և նախօրեին սովորաբար մռայլ էին լինում, խոժոռ, չխոսող։ Նրանց մեջ նկատվում էր մտքի որոշ բթացում, մի տեսակ անբնական ցրվածություն։ Այդպիսի մարդը խոսքի չէր բռնվում և ավելի շատ լռում էր, ամենահետաքրքրականն այն էր, որ կալանավորներն էլ երբեք չեն խոսում և աշխատում են խոսք չբացել, թե ինչ է սպասում իրեն։ Ոչ ավելորդ բառ, ոչ սփոփանք, նույնիսկ ջանում են ընդհանրապես քիչ ուշադրություն դարձնել նման մեկի վրա։ Անշուշտ, դա ավելի լավ է դատապարտվածի համար։ Լինում էին բացառություններ, ինչպես օրինակ, Օռլովը, ում մասին արդեն պատմել եմ։ Պատժի առաջին կեսից հետո, նա սրտնեղվում էր միայն, որ մեջքը երկար ժամանակ չի լավանում և որ իրեն չի կարելի շուտափույթ դուրս գրվել՝ մնացած հարվածները կրելու, կալաներթի հետ գնալու իրեն նշանակված աքսորավայրը և ճանապարհին փախչելու։ Բայց նրան գրավում էր նպատակը, և Աստված գիտե, թե ինչ էր մտքինը։ Մոլեգին և կենսունակ խառնվածքի տեր մեկն էր։ Նա շատ գոհ էր խիստ բորբոքված վիճակում, թեև կոծկում էր իր զգացումները։ Բանն այն է, որ դեռես նախքան պատժի առաջին կեսը մտածում էր, որ մահակների տակից դուրս չի գալու և պետք է որ մեռնի։ Նրան էին հասնում տարբեր լուրեր՝ ղեկավարության միջոցառումների մասին, նախքան դեռ դատի տակ էր։ Դեռևս այն ժամանակ նախապատրաստվում էր մահվան։ Սակայն անցնելով առաջին կեսը, քաջալերվեց։ Հայտնվեց հոսպիտալում՝ կիսամահ ծեծված, դեռ երբեք այդպիսի խոցեր չէի տեսել։ Սակայն նա եկել էր ուրախ սրտով, հուսով, որ կենդանի է մնալու, որ լուրերը սուտ էին, որ իրեն, ահա, բաց են թողել մահակների տակից, որ հիմա, երկար ժամանակ ենթադատ պահվելուց հետո, արդեն սկսել էր երազել ճանապարհ, փախուստ, ազատություն, դաշտեր ու անտառներ... Դուրս գրվելուց երկու օր անց նա մահացավ նույն հոսպիտալում, նախկին մահճի վրա, չդիմանալով երկրորդ կեսին։ Բայց արդեն հիշատակել եմ այդ մասին։
Եվ սակայն նույն կալանավորները, ովքեր այդքան ծանր օրեր ու գիշերներ էին անցկացնում բուն պատժից առաջ, պատիժը կրում էին արիաբար, չբացառած նաև ամենափոքրոգիներին։ Ես հազվադեպ եմ տնքոցներ լսել նույնիսկ հոսպիտալ մտնելու առաջին գիշերը, հաճախ նույնիսկ արտակարգ ծանր ծեծվածներից։ Ընդհանրապես, ժողովուրդը կարողանում է դիմանալ ցավին։ Ցավի վերաբերյալ շատ եմ հարցուփորձ արել։ Երբեմն կամենում էի որոշակիորեն գիտենալ, ինչքան է մեծ այդ ցավը և վերջապես ինչի հետ կարելի է համեմատել։ Ճշմարիտն ասած, չգիտեմ, ինչի համար էի հարցնում։ Մի բան եմ հիշում, որ ոչ պարապ հետաքրքրասիրությունից։ Կրկնում եմ, ես հուզված էի ու ցնցված։ Սակայն ում էլ հարցրեցի, չկարողացա ստանալ ինձ բավարարող պատասխանը։ Դաղում է, ոնց որ կրակով վառես՝ ահա այն ամենն, ինչ կարողացա իմանալ, և դա բոլորի միակ պատասխանն էր։ Դաղում է, ուրիշ ոչինչ։ Առաջին այդ ժամանակ, ավելի մոտիկից շփվելով Մ.-ի հետ, հարցուփորձ արեցի նաև նրան։ «Ցավոտ է,— պատասխանեց նա,— շատ, իսկ զգացողությունը՝ դաղում է ոնց որ կրակը, կարծես մեկքդ խորովվում է ուժեղ կրակի վրա»։ Մի խոսքով, բոլորը նույն բանն էին նշում։ Իմիջիայլոց, հիշում եմ, այն ժամանակ էլ մի տարօրինակ նկատառում ունեցա, որի ճշմարտացիությունն առանձնապես չեմ պնդում։ Սակայն հենց կալանավորների վճռի ընդհանրականությունը դա խստիվ պահպանում է. այն է, որ մտրակածեծը, եթե մեծ քանակությամբ է տրվում, մեզ մոտ կիրառվողներից ամենածանրն է։ Կարող է թվալ, թե առաջին հայացքից է դա անհեթեթ և անհնարին։ Բայց և այնպես, հինգ հարյուր, նույնիսկ չորս հարյուր հարվածով կարելի է մարդուն մահացու մտրակածեծ անել, իսկ հինգ հարյուրից ավելի համարյա հաստատապես։ Հազար մտրակին մեկ անգամից չի դիմանա նույնիսկ ամենաամուր կազմվածքի տեր մարդը։ Այնինչ, հինգ հարյուր մահակը կարելի է կրել, առանց կյանքի համար որևէ վտանգի։ Հազար մահակին կարող է դիմանալ, կյանքի համար չերկյուղելով, նույնիսկ ոչ ամուր կազմվածք ունեցող մարդը։ Նույնիսկ երկու հազար մահակածեծով չի լինի սպանել միջին ուժի և ամրության կազմվածք ունեցող մարդուն։ Բոլոր կալանավորներն ասում էին, որ մտրակածեծն ավելի վատ է մահակներից։ «Ճիպոտի մրմուռն ուժեղ է,— ասում էին նրանք,— տանջանքն ավելի շատ»։ Իհարկե, ճիպոտն ավելի տանջալի է մահակից։ Դրանք ավելի սաստիկ են ձաղկում, ավելի ուժեղ ազդում նյարդերի վրա, բորբոքում դրանք չափից ավելի, ցնցում հնարավորությունները։ Չգիտեմ, հիմա ինչպես, բայց ոչ ուշ անցյալում կային ջենտլմեններ, ում իրենց զոհին ձաղկելու հնարավորությունն ընձեռում էր մի բան, ինչ հիշեցնում է մարքիզ դը Սադին և Բրենվիլյեին։ Կարծում եմ, այդ զգացողության մեջ ինչ-որ բան կա, որից նվաղում է այդ ջենտլմենների սիրտը՝ քաղցր ու ցավագին միաժամանակ։ Կան մարդիկ, որոնք ծարավի են վագրի պես լիզել արյունը։ Ով մեկ անգամ զգացել է այդ իշխանությունը, այդ անսահման տերուտիրականությունը ճիշտ իր պես մարդու, իր իսկ պես ստեղծված, Քրիստոսի օրենքով իր եղբոր մարմնի, արյան և ոգու վրա, ով փորձել է իշխանությունը և իր վրա Աստծո պատկերը կրող մեկ այլ անձի ամենամեծ նսեմացման կատարյալ հնարավորությունը, նա արդեն ակամա դառնում է իր զգացումների մեջ անիշխան։ Բռնակալությունը սովորություն է որ կա, ունի զարգացման միտում, զարգանում է և ի վերջո դառնում հիվանդություն։ Ես պնդում եմ, որ ամենալավագույն մարդը կարող է կոպտանալ և սովորույթից բթանալ գազանի աստիճան։ Արյունը և իշխանությունը կարբեցնեն, կզարգանան կոպտացումը, այլասերումըր, մտքին ու սրտին մատչելի և վերջապես քաղցր կդառնան ամենաաննորմալ երևույթները։ Բռնակալի ներսում մարդը և քաղաքացին կկործանվեն ընդմիշտ, իսկ վերադարձը մարդկային արժանապատվության, զղջման, վերածնման՝ նրա համար կդառնան այլևս անհնարին։ Ընդսմին, նման ինքնակամության օրինակը, հնարավորությունն ամբողջ հասարակության վրա ներգործում են վարակիչ կերպով. նման իշխանությունը գայթակղիչ է։ Այդպիսի երևույթի անտարբեր հայեցող հասարակությունն արդեն իսկ վարակված է հիմնովին։ Մի խոսքով, մարմնական պատժի իրավունքը, տրված մեկին՝ մյուսի հանդեպ, հասարակության խոցերից մեկն է, նրա մեջ քաղաքացիականության ամեն մի սաղմի, ամեն քայլափոխի ոչնչացման ամենաուժեղ միջոցներից մեկը և աներկբա, անդիմադրելի քայքայման կատարյալ հիմքը։
Դահճից խորշում են հասարակության մեջ, սակայն դահիճ֊ջենթլմենից՝ ամենևին ոչ։ Միայն վերջերս հակառակ կարծիք հայտնվեց, սակայն հայտնվեց սոսկ գրքերում, վերացարկված։ Անգամ նրանք, ովքեր կարծիք են հայտնում, ոչ բոլորն են դեռևս խլացրել իրենց մեջ ինքնիշխանության պահանջը. նույնիսկ ամեն մի ֆաբրիկատեր, ամեն մի ձեռնարկատեր անպայման մի տեսակ բորբոքիչ հաճույք պիտի զգա, որ իր աշխատողը երբեմն ամբողջովին, ընտանյոք հանդերձ կախված է միայն և միայն իրենից։ Հավանորեն այդպես է, ոչ շուտով սերունդն իր մեջ ժառանգաբար անցած բաներից կկտրվի, մարդը ոչ այնքան շուտ կհրաժարվի այն ամենից, ինչ արյան մեջ է, նրան է տրվել, այսպես ասած, մորական կաթի հետ։ Այդպիսի վաղահաս հեղաշրջումներ չեն լինում։ Գիտակցել մեղքը և տոհմական մեղսագործությունը դեռևս քիչ է, շատ քիչ, հարկավոր է կատարելա պես ետ վարժվել։ Իսկ դա այնքան էլ շուտ չի կատարվում։
Ես խոսք բացեցի դահճի մասին։ Դահճի հատկություններ, սաղմնային վիճակում, կան ժամանակակից ամեն մարդու մեջ։ Սակայն մարդուս գազանային հատկությունները հավասարաչափ չեն զարգանում։ Եթե մեկնումեկի մեջ դրանց զարգացումը գերակշռում է մյուս բոլոր հատկությունները, ապա նման մարդը, հարկավ, դառնում է սարսափելի և այլանդակ։ Երկու կարգի են լինում դահիճները. ոմանք կամավոր, մյուսները՝ կախյալ, պարտադրված։ Կամավոր դահիճն, անշուշտ, բոլոր առումներով ցածր է կախյալից, որոնցից սակայն այնքան խորշում է ժողովուրդը, խորշում է սարսափի չափ, նողկանքի աստիճան, չգիտակցված, համարյա միստիկ երկյուղի աստիճան։ Իսկ որտեղի՞ց է այդ համարյա սնոտիապաշտ վախը մի դահճի և անտարբերությունը, համարյա թե հավանությունը մյուսի նկատմամբ։ Օրինակներ են լինում՝ ծայրաստիճան տարօրինակ․ ես ճանաչել եմ նույնիսկ բարի, ազնիվ, անգամ հասարակության մեջ հարգված մարդկանց, այնինչ նրանք, օրինակի համար, չեն կարողացել սառնասրտորեն տանել, եթե պատժվողը չի գոռացել ճիպոտների տակ, չի խնդրել ու աղերսել խնայել իրեն։ Պատժվողներն անպայման պիտի բղավեն և աղերսեն խնայել։ Այդպես է ընդունված։ Դա համարվում է պատշաճ և անհրաժեշտ, և երբ մի անգամ զոհը չի կամեցել բղավել, ապա պատժողը, ում ճանաչում էի և ուրիշ առումներով կարող էր համարվել թերևս բարեսիրտ, նույնիսկ անձամբ վիրավորվել է տվյալ դեպքում։ Սկզբում նա կամեցել էր թեթև պատժել, սակայն չլսելով սովորական «ձերդ ազնվություն, հարազատ հայր, ողորմացեք, ստիպեք ձեզ համար հավերժական աղոթք անել Աստծուն» և այլն, և այլն, կատաղել և հիսուն լրացուցիչ ճիպոտ է հասցրել, կամենալով կորզել թե՛ բղավոց, թե՛ աղաչանք, և կորզել է․ «Զի կ-կարելի, կոպտություն է դա»,— շատ լրջորեն պատասխանեց նա ինձ։ Իսկ ինչ վերաբերում է իսկական, ենթակա և պարտավոր դահճին, ապա հայտնի է, որ աքսորի դատապարտված կալանավոր է, սակայն չուղարկված, որ դահճի գործ անի։ Սկզբում նա սովորելու է կարգվում մեկ ուրիշ դահճի մոտ և նրանից սովորելով, հավերժորեն մնում է բանտում, ուր պահվում է առանձնահատուկ պայմաններում, հատուկ սենյակում, նույնիսկ ունենալով իր տնտեսությունը, սակայն միշտ մնալով պահակի հսկողության տակ։ Իհարկե, կենդանի մարդը մեքենա չէ, դահիճը թեև խփում է ըստ պարտականության, բայց երբեմն նույնպես տաքանում է, սակայն թեև խփում է ոչ առանց հաճույքի իր համար, փոխարենը՝ համարյա երբեք անձնական ատելություն չի ունենում իր զոհի հանդեպ։ Ճարպիկ հարվածը, գործի իմացությունը, ընկերների և հասարակության առաջ իրեն ցույց տալու ցանկությունը խթանում են նրա ինքնասիրությունը։ Նա ջանում է հանուն արվեստի։ Բացի դրանից, շատ լավ գիտե, որ մերժված է բոլորից, որ սնոտի վախն ամենուր դիմավորում է իրեն և ուղեկցում։ Չի կարելի երաշխավորել, թե դա ազդեցություն չունի նրա վրա, չի սաստկացնում նրա մեջ մոլեգնությունը, գազանային հակումները։ Անգամ երեխաները գիտեն, որ նա «հրաժարվում է հորից և մորից»։ Տարօրինակ բան. ինչքան վիճակվել է ինձ տեսնել դահիճների, բոլորն էլ եղել են բանիմաց, զարգացած մարդիկ, խելացի և անսովոր ինքնասիրության, անգամ հպարտության տեր։ Այդ հպարտությունը նրանց մեջ զարգացե՞լ էր, արդյոք, ի հակազդում իրենց հանդեպ ընդհանուր արհամարհանքի, սաստկացե՞լ էր, արդյոք, իրենց զոհին ներարկած վախի գիտակցումից, նրա վրա տերուտիրականության զգացումից՝ չգիտեմ։ Գուցե թե նույնիսկ հենց իրադրության այն հանդիսավորությունը և թատերականությունը, որով հայտնվում էին նրանք հասարակության առաջ՝ կառափնարանի վրա, որոշ չափով նպաստում էին բարձրամտության զարգացմանը։ Հիշում եմ, մի անգամ ինձ վիճակվեց որոշ ժամանակ հաճախակի հանդիպել և մոտիկից հետևել այդպիսի մի դահճի։ Միջահասակ մեկն էր, ջլուտ, չորչորուկ, քառասուն տարեկան կլիներ, բավական հաճելի և խելացի դեմքով, գանգուր մազերով։ Մշտապես արտակարգ ծանրումեծ էր, հանգիստ, արտաքուստ իրեն պահում էր ջենթլմենավարի, միշտ պատասխանում հանգիստ, կշռադատ և նույնիսկ սիրալիր, սակայն մի տեսակ բարձրամիտ սիրալիր, կարծես ինչ-որ բանով պարծենում էր իմ առաջ։ Պահախմբի սպաները հաճախ իմ ներկայությամբ խոսքի էին բռնվում նրա հետ և իրավ, նրա հանդեպ կարծես նույնիսկ որոշ հարգանքով։ Նա գիտակցում էր դա, և պետերի առաջ դիտավորյալ կրկնապատկում իր բարեկրթությունը, չորությունը և սեփական արժանապատվության զգացումը։ Ինչքան ավելի սիրալիր էր խոսում նրա հետ պետը, այնքան անզիջում էր թվում նա, թեև ամենևին չէր ելնում նրբագույն բարեկրթության սահմաններից, սակայն վստահ եմ, որ այդ պահին իրեն համարում էր անչափելի վեր իր հետ խոսող պետից։ Դեմքին էր գրված դա։ Պատահում էր, որ երբեմն ամռան շատ շոգ օրերին նրան ուղարկում էին, պահակի հսկողությամբ, երկար ու բարակ ձողով սատկացնելու քաղաքային շներին։ Այդ փոքր քաղաքում չափազանց շատ էին և ոչ մեկին չպատկանող և անսովոր արագությամբ բաղմացող շները։ Արձակուրդային ամիսներին դառնում էին վտանգավոր, և ղեկավարության կարգագրությամբ, շներին ոչնչացնելու համար դահիճ էր ուղարկվում։ Սակայն անգամ այդ նվաստացուցիչ պաշտոնն, ըստ երևույթին, բոլորովին չէր նսեմացնում նրան։ Հարկ էր տեսնել, թե ի՜նչ արժանապատվությամբ էր նա քայլում քաղաքի փողոցներով, հոգնած պահակի ուղեկցությամբ, սոսկ իր տեսքով վախեցնելով հանդիպած կանանց և երեխաներին, ի՜նչ հանգիստ, անգամ վերեից էր նայում հանդիպողներին։ Իմիջի այլոց, դահիճները լի ու առատ էին ապրում։ Փող ունենում էին, շատ լավ սնվում, խմիչքը կար։ Նրանց ձեռքը փող էր ընկնում կաշառքների միջոցով։ Քաղաքացիական դատապարտվածը, ում պատիժ էր սահմանվել դատարանով, նախօրոք, թեկուզև ինչ-որ բանով, թեկուզև վերջին ունեցածով վճարում էր դահճին։ Սակայն ոմանցից, ունևոր դատապարտվածներից, իրենք էին վերցնում, նշելով գումարի չափը՝ համապատասխան կալանավորի ենթադրյալ ունեցվածքի, վերցնում էին երեսուն ռուբլի, երբեմն էլ ավելի շատ։ Կարգին ունևորների հետ նույնիսկ լավ առևտուր էին անում։ Դահիճը, հարկավ, շատ թույլ պատժել չի կարող, պատասխան կտա սեփական մեջքով։ Բայց և այնպես, որոշակի կաշառքի դեպքում, կխոստանա զոհին, որ շատ ցավոտ չի ձաղկի։ Համարյա միշտ համաձայնում էին նրա առաջարկությանը, եթե՝ ոչ, իսկապես կպատժի բարբարոսաբար, ինչ լիովին նրա իրավունքն է։ Պատահում էր, որ նա նշանակալի գումար էր սահմանում նույնիսկ բավականին չունևոր մեղադրյալի համար, հարազատները գնում֊գալիս էին, առևտուր անում, աղաչանք֊պաղատանք, և մեծ փորձանք կլիներ, եթե չբավարարեին նրան։ Նման դեպքերում դահճին շատ է օգնում իր ներշնչած ահավոր սարսափը։ Ինչ արտառոց բաներ ասես, չեն պատմում դահիճների մասին։ Իմիջիայլոց, իրենք՝ կալանավորներն են ինձ հավատացրել, որ դահիճը կարող է սպանել մեկ հարվածով։ Սակայն, նախ և առաջ, ե՞րբ է դա փորձվել։ Այդուհանդերձ, կարող է պատահել։ Այդ մասին շատ հաստատական էին խոսում։ Իսկ դահիճն անձամբ ինձ երաշխավորում էր, թե կարող է դա անել։ Խոսում էին նաև, որ նա կարող է խփել ամբողջ թափով, ուղիղ հանցագործի մեջքին, սակայն այնպես, որ հարվածից հետո փոքրիկ սպի էլ չի գոյանա, իսկ հանցագործը նվազագույն ցավ իսկ չի զգա։ Իմիջիայլոց, բոլոր այդ ֆոկուսների և նրբությունների մասին արդեն շատ պատմություններ կան։ Բայց եթե դահիճը նույնիսկ կաշառք էլ վերցնի թեթև պատժելու համար, այդուհանդերձ, առաջին զարկը հասցնելու է ամբողջ ուժով և թափով։ Դա նույնիսկ սովորություն էր դարձել նրանց համար։ Հաջորդ հարվածները նա կմեղմի, հատկապես, եթե նախապես են վճարել։ Բայց առաջինը, վճարել են, թե՝ ոչ, իրենն է։ Ճիշտն ասած, չգիտեմ, ինչի համար է դա արվում։ Արդյո՞ք, որ միանգամից վարժեցնի զոհին հետագա հարվածներին, այն հաշվով, որ շատ դժվար հարվածից հետո արդեն այնքան տանջալի չեն թվա թեթևները, կամ էլ պարզապես փորձում է գոռոզանալ զոհի առաջ, սարսափ ներշնչել նրան, շշմեցնել առաջին հարվածից, որպեսզի հասկանա, թե ում հետ գործ ունի, մի խոսքով, ցույց տալ իրեն։ Համենայն դեպս, պատժումն սկսելուց առաջ իրեն բորբոքված վիճակում է զգում, հասկանում է իր ուժը, տերուտիրական է համարում իրեն։ Այդ պահին նա դերասան է, նրա վրա զարմանում և նրանից զարհուրում է հանդիսականը և հարկավ, ոչ առանց վայելումի է նա բղավում իր զոհի վրա, նախքան առաջին հարվածը. «Քեզ պինդ պահի, դաղելու եմ»՝ տվյալ դեպքում սովորական և ճակատագրական բառեր։ Դժվար է պատկերացնել, թե ինչքան կարելի է խեղել մարդու բնույթքը։
Հոսպիտալում առաջին այդ օրերին շարունակ լսում էի կալանավորական պատմությունները։ Բոլորիս համար ահավոր տաղտկալի էր պառկելը։ Ամեն օրն այնքան նման էր մյուսին։ Առավոտյան դեռ զբաղեցնում էր բժիշկների այցելությունը և դրանից քիչ հետո՝ ճաշը։ Ուտելիքն, անշուշտ, նման միօրինակության մեջ նշանակալի զբաղմունք էր։ Կերակուրները տարբեր էին, նշանակված ըստ պառկածների հիվանդության։ Ոմանք ուտում էին միայն սուպ, որևիցե ձավարով, մյուսները՝ միայն շիլա, երրորդները՝ միայն սպիտակաձավարի շփոթ, որի սիրահարները շատ շատ էին։
Երկար պառկելուց կալանավորները փափկակյաց էին դարձել ու սիրում էին համեղ ուտել։ Ապաքինվողներին և համարյա առողջներին մի կտոր տավարի խաշած միս էին տալիս, «եզան միս», ինչպես ասում էին մեզ մոտ։ Բոլորից լավ կերակուրը լնդախտային բաժնինն էր՝ տավարի միս, սոխով, ծովաբողկով և այլն, երբեմն էլ՝ թեյնիկի խուփով օղի։ Հացը նմանապես, ըստ հիվանդության սև էր լինում, կամ կիսասպիտակ, շատ լավ թխված։ Ճաշաբաժինների նշանակման այդ պաշտոնականությունը և նրբությունը սոսկ ծիծաղեցնում էր հիվանդներին։ Անշուշտ, որոշ հիվանդությունների դեպքում կալանավորն ինքը ոչինչ չէր ուտում։ Փոխարենն այն հիվանդները, որոնք ախորժակ ունեին, ուտում էին, ինչ ուզում էին։ Ոմանք փոխանակում էին կերակուրները, այնպես որ մի հիվանդությանը հարմար ուտելիքն անցնում էր միանգամայն ուրիշի։ Մյուսներն, ում թեթև կերակրաբաժիններ էին նշանակված, տավարի միս կամ լնդախտային բաժին էին գնում, կվաս խմում, հոսպիտալային գարեջուր, նույնպես գնելով նրանցից, ում դա նշանակված էր։ Ոմանք նույնիսկ երկուական բաժին էին ուտում։ Այդ բաժինները վաճառվում կամ վերավաճառվում էին փողով։ Տավարի մսով կերակուրը բավական բարձր գին ուներ, արժեր հինգ կոպեկ՝ թուղթ փողով։ Եթե մեր հիվանդասենյակում ոչ մեկից գնելու բան չէր լինում, պահակին ուղարկում էին կալանավորական մյուս հիվանդասենյակ, եթե ոչ՝ հենց զինվորների հիվանդասենյակները, «ազատները», ինչպես մեզ մոտ էին ասում։ Ծախել ուզողներ միշտ էլ գտնվում էին։ Նրանք մնում էին մի կտոր հացի հույսին, բայց փող էին կիտում։ Իհարկե, չքավորությունն համընդհանուր էր, սակայն նրանք, ովքեր փողից֊մողից ունեին, անգամ շուկա էին ուղարկում կալաչներ, նույնիսկ անուշեղեն և ուրիշ֊ուրիշ բաներ գնելու։ Մեր պահակները բոլոր այդ հանձնարարությունները կատարում էին միանգամայն անշահախնդիր։ Ճաշից հետո գալիս էր ամենատրտում ժամանակը։ Ոմանք քնում էին՝ անգործությունից, ոմանք շատախոսում, մյուսները կռվշտում, մեկն էլ ինչ֊որ բան պատմում բարձրաձայն։ Եթե նոր հիվանդներ չէին բերում, ավելի թախծալի էր լինում։ Նորեկի գալուստը համարյա միշտ որոշ տպավորություն գործում էր, հատկապես, եթե ծանոթ չէր լինում որևէ մեկին։ Նրան զննում էին, ջանում իմանալ, թե ով է, ինչ մարդ է, որտեղից ու ինչ գործով։ Նման դեպքերում առանձնապես հետաքրքրվում էին կալանառաքվածներով։ Նրանք միշտ ինչ֊որ բան պատմում էին, ի դեպ, ոչ իրենց մտերմիկ գործերից, այդ մասին, եթե մարդն ինքը չէր խոսում, երբեք հարցուփորձ չէին անում, այլ այնպես. որտեղի՞ց են գալիս, ո՞ւմ հետ, ճամփան ինչպե՞ս էր, ո՞ւր են գնալու և այլն։ Ոմանք, լսելով նոր մի պատմություն, տեղնուտեղն, ասես թռուցիկ, հիշում էին իրենց ապրածից մի որևէ բան, տարբեր կալանառաքների, կալաներթերի, կատարածուների, խմբերի պետերի մասին։ Շպիցռուտեններով պատժվածները նույնպես հայտնվում էին այդ ժամերին, իրիկնադեմին։ Նրանք միշտ թողնում էին բավականին ուժեղ տպավորություն, ինչպես, ի դեպ, արդեն հիշատակվել է։ Սակայն նրանց ամեն օր չէին բերում և այն օրը, երբ նորեր չկային, անցնում էր մի տեսակ ալարկոտ, կարծես եղած բոլոր դեմքերը միմյանց ահավոր ձանձրացրած լինեին, նույնիսկ վեճեր էին ծայր առնում։ Մեզ մոտ ուրախանում էին անգամ խելագարներով, որոնց բերում էին ստուգման։ Պատժից ազատվելու համար խելագար ձևացնելու խորամանկությունը երբեմն կիրառում էին դատապարտյալները։ Ոմանց շուտով մերկացնում էին կամ ավելի լավ է ասել, հենց իրենք էին վճռում փոխել գործողությունների քաղաքականությունը, և երկու֊երեք օր խենթուխելառություններ արած կալանավորը մեկ էլ հանկարծ դառնում է խելոք, սսկվում ու մռայլադեմ խնդրում դուրս գրվելու։ Ոչ կալանավորները, ոչ բժիշկները այդպիսի մեկին չէին կշտամբում, ամոթանք չէին տալիս, հիշեցնելով ոչ վաղուցվա օյինները, սուսուփուս դուրս էին գրում, լուռ ճանապարհում, և երկու֊երեք օր անց նա հայտնվում էր մեզ մոտ՝ պատիժն արդեն կրած։ Ասենք, նման դեպքերը հաճախակի էին ընդհանրապես։ Բայց իսկական խելագարները, որոնց բերում էին ստուգման, իսկական Աստծո պատիժ էին դառնում ամբողջ հիվանդասենյակի համար։ Որոշ խելագարների՝ ուրախ, ժիր, գոռացող, պարող ու երգողներին կալանավորները սկղբում դիմավորում էին համարյա թե ցնծությամբ։ «Այ քեզ ուրախություն»,— իրար մեջ ասում էին նրանք, նայելով որևէ նոր բերված ծամածռվողի։ Սակայն ինձ համար ահավոր դժվարին ու ծանր էր այդ թշվառականներին տեսնելը։ Ես երբեք չեմ կարողացել սառնարյուն նայել խելագարներին։
Իմիջիայլոց, նոր բերված և քրքիջով դիմավորված խելագարի անվերջանալի ծամածռությունները և անհանգիստ արարմունքները շուտով կատարելապես ձանձացնում էին բոլորին և երկու օրում վերջնականապես հանում համբերությունից։ Նրանցից մեկին մեզ մոտ պահեցին երեք շաբաթվա չափ և ստիպված էինք լինում ուղղակի փախչել հիվանդասենյակից։ Ասես դիտավորյալ, այդ ընթացքում մի խելագարի էլ բերեցին։ Այս մեկն ինձ վրա առանձնահատուկ տպավորություն գործեց։ Դա եղավ իմ տաժանակրության երրորդ տարում արդեն։ Առաջին տարին, կամ ավելի լավ է ասել, բանտային իմ կյանքի առաջին ամիսներին, գարնանը, մի խմբի հետ գործի էի գնում երկու վերստ հեռու, աղյուսի գործարան՝ վառարանագործների և մատակարարի հետ։ Պետք էր գալիք ամառային աղյուսագործության համար կարգի գցել վառարանները։ Այդ առավnտ գործարանում Մ.֊ցկին և Բ.֊ն ինձ ծանոթացրին այնտեղ որպես վերակացու ապրող ենթասպա Օստրոժսկու հետ։ Լեհ էր, բարձրահասակ, չորչորուկ, չափազանց վեհ և նույնիսկ վեհաշուք տեսք ունեցող վաթսունամյա ծերունի էր։ Սիբիրում էր վաղեմի ժամանակներից ծառայության մեջ ու թեև հասարակ ժոդովրդի ծոցից էր ելել, եկել էր որպես երեսնական թվականների զորքի զինվոր, բայց Մ.֊ցկին և Բ.֊ն նրան սիրում ու հարգում էին։ Նա մշտապես ընթերցում էր կաթոլիկ Աստվածաշունչը։ Խոսքի բռնվեցի նրա հետ, խոսում էր այնքան փաղաքուշ, այնքան խելամիտ, այնքան հետաքրքրաշարժ էր պատմում, այնպես բարեհոգի և ազնվաբար նայում։ Այդ ժամանակից ի վեր երկու տարի չտեսա նրան, լսեցի միայն, որ մի գործով հետաքննության տակ է, ու հանկարծ նրան մեր հիվանդասենյակ բերեցին, որպես խելագարի։ Նա ներս մտավ ճղճղոցներով, քրքիջով և ամենաանպարկեշտ, ամենակամարինյան շարժմունքով պար եկավ հիվանդասենյակում։ Կալանավորները ցնծում էին, բայց ես այնպե՜ս տխրեցի... Երեք օր անց բոլորս արդեն չգիտեինք ուր թաքնվել նրանից։ Նա վիճում էր, կռվշտում, ղժղժում, երգում, նույնիսկ գիշերը, րոպեն մեկ այնպիսի նողկալի արարմունքներ անում, որ շատերի սիրտը պարզապես խառնել սկսեց։ Ոչ մեկից չէր վախենում։ Նրան ջերմաշապիկ հագցրին, բայց դրանից մեր բանը վատացավ, թեև առանց շապկի վեճի էր բռնվում ու կռիվ սարքում համարյա բոլորի հետ։ Այդ երեք շաբաթվա մեջ ամբողջ հիվանդասենյակը ոտքի էր ելնում և միաձայն խնդրում գլխավոր բժշկին՝ մեր գանձը տեղափոխել ուրիշ կալանավորական հիվանդասենյակ։ Այնտեղ, իրենց հերթին, երկու օր անց խնդրում էին տեղափոխել մեզ մոտ։ Իսկ քանի որ միանգամից երկու խելագար էին հայտնվել մեզ մոտ, անհանգիստ ու կռվազան, ապա մի հիվանդասենյակը փոխարինվում էր մյուսով և խելագարներ փոխանակում։ Բայց երկուսն էլ ավելի վատացան։ Բոլորն ազատ շունչ քաշեցին, երբ վերջնականապես նրանց մեզ մոտից տարան ինչ֊որ տեղ...
Հիշում եմ ևս մի արտառոց խելագարի։ Մի անգամ, ամռանը բերեցին դատապարտյալի, հաղթանդամ և արտաքուստ անճոռնի մարդ էր, քառասունհինգ տարեկան, ծաղկատար դեմքով, արնակոխ մանրիկ աչքերով և չափազանց մռայլ և խոժոռ տեսքով։ Տեղավորվեց իմ կողքին։ Պարզվեց շատ խոնարհ մեկն է, ոչ ոքի հետ չէր խոսում և նստած էր, կարծես ինչ֊որ բան մտմտալով։ Սկսեց մթնել, և նա հանկարծ դիմեզ ինձ։ Ուղղակի, առանց երկար֊բարակ նախաբանի, սակայն այնպիսի տեսքով, կարծես արտակարգ գաղտնիք է հայտնում, սկսեց պատմել, որ օրերս իրեն կվճռեն երկու հազար հարված, բայց դա չի լինի, որովհետև գնդապետ Գ․֊ի դուստրն իր համար բարեխոսում է։ Տարակուսանքով նայում էի նրան և պատասխանեցի, որ տվյալ դեպքում, ինձ թվում է, գնդապետի դուստրն ի վիճակի չէ որևէ բան անել։ Դեռևս ոչինչ չէի կռահում, բերել էին ամենևին էլ ոչ որպես խելագարի, այլ սովորական հիվանդի։ Հարցրի, թե ի՞նչն է հիվանդ։ Պատասխանեց, որ չգիտե և որ իրեն ինչ-որ բանի համար են այստեղ ուղարկել , իսկ ինքն առողջ է կատարելապես, և գնդապետի դուստրը սիրահարված է իրեն, որ մի անգամ, երկու շաբաթ դրանից առաջ, աղջիկն անցել է աբվախտի մոտով, իսկ ինքն այդ պահին դուրս է նայել ճաղապատ պատուհանից։ Իրեն տեսնելուն պես, աղջիկը տեղնուտեղը սիրահարվել է։ Եվ այդ օրից, տարբեր ձևերով, արդեն երեք անգամ եղել է աբվախտում։ Առաջին անգամ եկել է հոր հետ, եղբոր մոտ, որը սպա էր և աբվախտում էր, մյուս անգամ մոր հետ էր եկել ողորմություն բաժանելու և, իր մոտով անցնելիս, շշնջացել էր, թե սիրում է նրան և կփրկի։ Տարօրինակ էր, թե ինչպիսի նուրբ մանրուքներով էր ինձ պատմում այդ ամբողջ անհեթեթությունը, որն, անշուշտ, ծայրեծայր ծնվել էր նրա խեղված, խեղճ գլխում։ Իր ազատմանը պատժից նա հավատում էր սրբությամբ։ Իր հանդեպ այդ օրիորդի կրքոտ սիրո մասին նա խոսում էր հանգիստ, հաստատական, և արդեն չնայած պատմության համակ անհեթեթությանը, խիստ արտառոց էր լսել սիրահարված օրիորդի նման ռոմանտիկ պատմությունը հիսունին մոտ, այդչափ վհատված վշտաբեկ և տգեղ արտաքինով մարդու։ Տարօրինակ էր, թե ինչ կարող է անել պատժման ահը վախվորած այդ հոգու հետ։ Գուցեև նա, իրոք, պատուհանից տեսել էր ինչ-որ մեկին, և սարսափից նրա մեջ սաղմնավորված խելագարությունը, ժամ առ ժամ աճելով, հանկարծ մեկեն իր ելքն էր գտել, իր ձևը։ Թշվառական այդ զինվորը, որն ամբողջ կյանքում գուցեև ոչ մի անգամ չէր մտածել օրիորդների մասին, հանկարծակի մի ամբողջ սիրավեպ էր հորինել, բնազդաբար կառչելով թեկուզև այդ ծղոտից։ Ես լուռ լսեցի և նրա մասին հայտնեցի մյուս կալանավորներին։ Սակայն երբ մյուսները սկսեցին հետաքրքրվել, նա ողջամտորեն լռեց։ Հաջորդ օրը բժիշկը երկար հարցուփորձ արեց նրան, և քանի որ նա ասաց, թե ոչնչով հիվանդ չէ, զննումից էլ դա իրոք այդպես էր, ապաև դուրս գրեցին նրան։ Բայց քանի որ նրա հիվանդաթերթիկում գրված էր sanat, իմացանք արդեն, երբ բժիշկներ ելան հիվանդասենյակից, այնպես որ ասել նրանց, թե բանն ինչ է, այլևս չէր լինի։ Այն Ժամանակ ինքներս էլ դեռևս լիովին չէինք կռահում, թե ինչն է գլխավորը։ Այնինչ, բանը նրան մեզ մոտ ուղարկած ղեկավարության սխալն էր, որը չէր բացատրել, թե ինչի համար են նրան ուղարկում հիվանդանոց։ Ինչ֊որ անփութություն էր թույլ տրվել։ Իսկ գուցեև նրան ուղարկողները նույնիսկ սոսկ կռահել և ամենևին վստահ չեն եղել նրա խելագարությանը, առաջնորդվել անհստակ լուրերով, ուղարկել մեզ մոտ՝ ստուգելու։ Ինչ ուզում է լինի, բայց թշվառականին երկու օր անց դուրս բերեցին պատժման։ Կարծես, դա շատ էր ազդել նրա վրա՝ անսպասելիությամբ, մինչև վերթին րոպեն չէր հավատացել, որ կպատժեն իրեն, և երբ սկսել էին տանել շարքերի միջով, սկսել էր «կարաուլ» բղավել։ Այս անգամ հոսպիտալում նրան պառկեցրին արդեն ոչ մեզ մոտ, այլ մահճակալների բացակայության պատճառով, ուրիշ հիվանդասենյակում։ Սակայն ես տեղեկացա և իմացա, որ ութն օր շարունակ, ոչ մի բառ չի փոխանակել, շփոթված է եղել ու սաստիկ տխուր... Հետո, երբ մեջքը սպիացավ, նրան ինչ-որ տեղ ուղարկեցին։ Համենայն դեպս, այլևս ոչինչ չլսեցի նրա մասին։
Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես բուժմանը և դեղերին, ապա ինչքան կարողացա նկատել, հիվանդները համարյա չէին կատարում բժշկի հանձնարարությունները և դեղորայք չէին ընդունում, բայց ծանր հիվանդները և ընդհանրապես իրոք հիվանդները շատ էին սիրում բուժվել, բծախնդրությամբ խմում էին իրենց փոշի և հեղուկ դեղերը, բայց ամենից շատ մեզանում սիրում էին արտաքին գործածության դեղերը։ Պուլիկներ, տզրուկներ, տաք թրջոցալաթեր, արյունառություն, որոնք այնքան էին սիրում և այնքան հավատում է դրանց հասարակ մարդը, մեզ մոտ ընդունում էին կամենալով և նույնիսկ հաճույքով։ Ինձ հետաքրքրեց մի տարօրինակ հանգամանք։ Նույն մարդիկ, որոնք այնքան համբերատար էին մահակների և ճիպոտների պատճառած տանջալի ցավերը կրելիս, հաճախ տրտնջում, ձևեր էին թափում, նույնիսկ տնքում էին ինչ֊որ պուլիկներից։ Արդյոք, շատ էին քնքշակյաց դարձել, թե ուղղակի ձևականություն էին անում՝ չգիտեմ ինչպես բացատրեմ։ Ճիշտ է, մեր պուլիկները հատուկ տեսակի էին։ Սարքը, որով ակնթարթորեն ճեղքվում է մաշկը, բուժակն անհիշելի ժամանակներում կորցրել կամ փչացրել էր, կամ գուցեև սարքն էր փչացել, այնպես որ ադեն բուժակն էր հարկադրված նշտարով անհրաժեշտ փոքր կտրվածքներն անել մարմնի վրա։ Ամեն պուլիկի համար տասներկու փոքր կտրվածքներ էին անում։ Սարքով ցավոտ չէր։ Տասներկու փոքր կտրվածքներ արվում էին մի անգամից, հանկարծակի, և ցավ չէր զգացվում։ Բայց նշտարով կտրվածքներն ուրիշ են։ Նշտարն անհամեմատ դանդաղ է կտրում, ցավը զգալի է, իսկ քանի որ ասենք, տասը պուլիկի դեպքում հարկ է հարյուր քսան այդպիսի կտրվածք անել, ապա բոլորը միասին, հարկավ, զգալի էր։ Ես փորձել եմ դա, բայց թեև ցավոտ էր և դառնացնող, այդուհանդերձ, ոչ այնպես, որ չդիմանաս ու տնքտնքաս։ Անգամ երբեմն ծիծաղելի էր նայելը մի որևէ աժդահայի կամ պնդակազմ մեկի, թե ինչպես է ջղաձգվում ու սկսում թնկթնկալ։ Ընդհանրապես, դա կարելի է համեմատել, թե ինչպես որևէ լուրջ գործում հաստատակամ և անգամ հանգիստ մեկը, մելամաղձություն և քմահաճություն է անում տանը, երբ անելիք չկա, չի ուտում, ինչ տալիս են, կռվշտում է ու նախատում, սրտովը չէ ամեն բան, բոլորն իրեն վրդովեցնում են, բոլորն իրեն կոպտում են, բոլորն իրեն տանջում են, մի խոքով, աչքն ունքից վեր է թռցնում՝ ինչպես երբեմն ասում են նման պարոնների մասին, որոնք հանդիպում են, ի դեպ, հասարակ ժողովրդի մեջ էլ, իսկ մեր բանտում, համատեղ ընդհանուր փոխշփումների պարտգային, նույնիսկ շատ հաճախ։ Մեկ֊մեկ հիվանդասենյակում հենց յուրայիններն էին սկսում ձեռ առնել նման փափկակյացի, մեկնումեկն էլ պարզապես հայհոյում էր, և սա իսկույն ձենը կկտրեր, ճիշտ կարծես սպասում էր հենց հայհոյեն իրեն, որ լռի։ Հատկապես դրանց չէր սիրում Ուստյանցևը և երբեք առիթը ձեռքից բաց չէր թողնում, որ կռվի փափկակյացի հետ։ Ընդհանրապես էլ առիթը չէր կորցնում, որ մեկնումեկի հետ կռիվ սարքի։ Դա նրա վայելումն էր, պահանջմունքը, անշուշտ, հիվանդությունից, մասամբ էլ՝ բթամտությունից։ Ուրեմն, սկզբից կնայեր լրջորեն ու անքթիթ, ապա մի հանգիստ, համոզկեր ձայնով կսկսեր խրատներ կարդալ։ Ամեն ինչ նրա գործն էր, ճիշտ ասես կարգված էր մեզ մոտ՝ կարգուկանոնին կամ ընդհանուր բարոյականությանը հետևելու։
― Քիթն ամեն տեղ կխոթի,— երբեմն ծիծաղելով կասեին կալանավորները։ Իմիջիայլոց, նրան խնայում և խուսափում էին հետը կռվի բռնվելուց, այլ այնպես, երբեմն կծիծաղեին։
― Հո չասա՜ց, հո չասա՜ց։ Երեք սել բեռ կըլնի։
― Էդ ինչ ասացի որ։ Հայտնի բան է՝ տխմար մարդու առաջ գլխարկ չեն հանի։ Ուրեմս, էլ ի՜նչ է գոռգոռում դանակի տակ։ Տաքը սիրում ես, սառն էլ սիրի, ասել է, թե դիմացի։
― Ախր քե՞զ ինչ։
― Չէ, ախպորս ասեմ,— ընդհատեց կալանավորներից մեկը,— ճիպոտը՝ ոչինչ, ես փորձել եմ, բայց ավելի գեշ ցավ չկա, քան որ ականջդ քաշում են երկար ժամանակ։
Բոլորը ծիծաղեցին։
― Չլինի՞ քոնը քաշել են։
― Կարա՞մ ասեմ չէ։ Շատ լավ էլ քաշել են։
― Ես եմ ասում, թե ինչի են էդպես լոշտակ։
Այդ կալանավորը՝ Շապկինն, իրոք, շատ երկարականջ էր, տնկված երկու կողմի վրա։ Թափառաշրջիկներից էր, դեռևս երիտասարդ, գործունյա և սուսուփուս մեկը, որը խոսում էր միշտ մի տեսակ լուրջ, թաքուն հումորով, ինչ նրա որոշ պատմություններին բավականաչափ ծաղրականություն էր հաղորդում։
― Ախր, ես ինչի՞ մտածեմ, որ ականջներդ քաշել են։ Ախր, որտեդի՞ց անցնի մտքովս, դդում գլուխ,— նորից մեջ ընկավ Ուստյանցևը, զայրացած դիմելով Շապկինին, թեև, ի դեպ, դա ամենեին էլ նրան չէր ուղղված, այլ բոլորին՝ ընդհանրապես, բայց Շապկինը նույնիսկ չնայեց նրան։
― Բա քո՞նն ով է քաշել,— հարցրեց մեկ ուրիշը։
― Ո՞վ։ Ոնց թե՝ ով, ոստիկանները։ Ախպեր տղերք, թափառական լինելու համար էր։ Էն օրերին հասանք Կ., երկու հոգով էինք, ես ու մեկն էլ կար, էլի թափառական, անունը՝ Եֆիմ, մականուն չուներ։ Ճամփին, Տոլմինա գյուղ կար, մի մուժիկից քիչումիչ թռցրինք։ Էդպիսի մի գյուղ կա, Տոլմինա։ Ուրեմս, գնում ու նայում ենք. մի բան էլ էդտեղ ձեռ գցենք, ու հայդա։ Հանդում ազատություն կա չորս կողմդ, քաղաքում է վախենալի՝ ով չգիտի։ Էհ, առաջին գործներս եղավ, որ մտանք գինետուն։ Նայեցինք դես, նայեցինք դեն։ Մեկը մոտ եկավ, խանձված֊սևացած, արմունկները ճղճղված, շորերն էլ գերմանական։ Խոսքի բռնվեցինք։
― Իսկ դուք ո՞նց, ասեց, թույլ տվեք հարցնել, թղթերի գծով։
― Չէ, ասինք, թուղթ չկա։
― Էդպես֊ս։ Մենք էլ֊ս։ Էստեղ, հետս երկու լավ ընկեր կան, էլի գեներալ Կուկուշկինի մոտ են ծառայում։ Ուրեմս, համարձակվում եմ հարցնել, մենք մի քիչ քեֆ արեցինք, փող էլ չի ընկել ձեռներս։ Մի կես շտոֆ պատվեք մեզ։
― Մեզ շատ հաճելի կըլնի, ասացինք։ Էհ, խմեցինք։ Ու էստեղ նրանք մեզ մի բան ցույց տվին սեղանական, ասել կուզի մերոնքական գործերից։ Տուն էր, քաղաքի ծերին, հարուստ քաղքենի էր ապրում, մեկջը լիքն ապրանք, ու որոշեցինք գիշերը մտնել։ Մենակ թե էդ հարուստի տանն էլ հինգ հոգով, հենց էդ գիշեր բռնվեցինք։ Մեզ տարան բաժանմունք, հետո էլ ուղիղ ոստիկանապետի մոտ։ Ասեց, ինքս եմ հարցաքննելու։ Եկավ ծխափողով, թեյի բաժակը ետևից բերեցին, բոյ բուսաթով էր, բակենբարդներով։ Նստեց։ Էդտեղ, մեզ չհաշված, երեք հոգու էլ բերին, էլի թափառականներից։ Ախպեր տղերքիս ասեմ, մազալու մարդիկ են էդ թափառականները։ Ոչ մի բան չեն հիշում, կուզես գլխներին պոպոք ջարդի, ամեն բան մոռացել են, ոչինչ չեն իմանում։ Ոստիկանապետն ուղիղ դարձավ ինձ. «Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես»։ Գոռաց, ոնց որ հորի միջից։ Ուրեմս, ինչ ասեմ, ոնց որ բոլորը ես էլ, թե՝ ոչ մի բան չեմ հիշում, ձերդ բարձր բարեծնություն, լրիվ մոռացել եմ։
― Համբերի, ասեց, հետդ խոսելիք ունեմ, ռեխդ ինձ ծանոթ է,— աչքերն էլ հո չի ոլորում վրաս։ Բայց ես դրան մինչև էդ տեսած էլ չկայի։ Դարձավ մի ուրիշի.— դո՞ւ ով ես։
― Թափ տու֊քշին եմ, ձերդ բարեծնություն։
― Քեզ էդպես էլ ասո՞ւմ են՝ Թափ տու֊քշի։
― Էդպես էլ ասում են, ձերդ բարեծնություն։
― Դե լավ, դու Թափ տու֊քշին ես, իսկ դո՞ւ,— ուրեմս՝ երրորդին։
― Նրա հետ ես էլ, ձերդ բարեծնություն։
― Բայց անո՞ւնդ ինչ է։
― Նրա հետ ես էլ, ձերդ բարձր բարեծնություն։
― Էդ ո՞վ է քեզ անուն դրել, սրիկայի մեկը։
― Բարի մարդիկ, ձերդ բարեծնություն։ Աշխարհն առանց բարի մարդկանց չի լնում, հայտնի բան է, ձերդ բարեծնություն։
― Իսկ ովքե՞ր են էդ բարի մարդիկ։
― Մտիցս մի քիչ թռել են, ձերդ բարեծնություն, ներող կլինեք, մեծ հոգու տեր մարդ եք։
― Բոլորի՞ն ես մոռացել։
― Լրիվին մոռացել եմ, ձերդ բարձր բարեծնություն։
― Բայց հեր ու մեր ունեցել ես, չէ՞... Գոնե նրանց հիշո՞ւմ ես։
― Պետք է որ եղած ըլնեն, ձերդ բարեծնություն, չնայած էլի մի քիչ մոռացել եմ, վայ թե եղել են, ձերդ բարեծնություն։
― Բայց որտե՞ղ ես ապրել մինչև հիմա։
― Անտառում, ձերդ բարձր բարեծնություն։
― Միշտ անտառո՞ւմ։
― Միշտ անտառում։
― Լավ, իսկ ձմռա՞նը։
― Ձմեռ, չեմ տեսել, ձերդ բաձր բարեծնություն։
― Լավ, հիմա դու։ Քո՞ անունն ինչ է։
― Կացին, ձերդ բարձր բարեծնություն։
― Քո՞նը։
― Չմոռանաս սրես, ձերդ բարձր բարեծնություն։
― Քո՞նը։
― Վայ թե սրես, ձերդ բարձր բարեծնություն։
― Բոորդ էլ ոչինչ չե՞ք հիշում։
― Ոչինչ չենք հիշում, ձերդ բարձր բարեծնություն։
Կանգնել, ծիծաղում էր, նրանք էլ ոստիկանապետին էին նայում, քթների տակ խնդմնդում։ Էհ, ուրիշ անգամ ատամներդ էլ կփշրի, թե ձեռն ընկար։ Աժդահա ժոդովուրդ են դրանք, կերած֊խմած։
― Սրանց տարեք բանտ, ասեց, ես սրանց հետ հետո։ Իսկ դու կմնաս,— ինձ ասեց։— Մոտ արի, նստի։— Տեսնեմ սեղանին թուղթ ու գրիչ է դրած։ Մտածեցի. «Էս ի՞նչ է անցել մտքով»։— Ասեց՝ նստի էս աթոռին, գրիչն առ ու գրի,— ինքն էլ բռնեց ականջս ու ոլորեց։ Նրան էի նայում, ոնց որ սատանեն տերտերին։ «Գրել չգիտեմ, ասի ձերդ բարեծնություն»։— Գրի՛։
― Խղճացեք, ձերդ բարեծնություն։ Գրի, ասեց, ինչքան կարաս, գրի,— ինքն էլ ականջս էր ձգում, ձգում, մեկ էլ՝ հո չոլորեց։ Ինչ ասեմ, տղերք, ավելի լավ էր երեք հարյուր ճիպոտ զարկեին։ Գրի ու վերջ։
― Հո չէ՞ր ցնդել։
― Չէ, չէր ցնդել։ Ուրեմն, Տ.֊ում գրագրի մեկը օյին էր խաղացել, պետական փողերն առել ու փախել էր, դրա ականջներն էլ էին լոշտակ եղել։ Է, իմաց էին տվել ամեն տեղ։ Ես էլ նշաններով որ բռնել էի ոնց որ, դրա համար էլ պրիստավն ինձ տանջում էր՝ գրել դիտե՞մ ու ոնց եմ գրում։
― Այ քեզ փորձանք, մեր տղա։ Ցավը շա՞տ էր։
― Ասի՝ ցավում էր։
Ընդհանուր ծիծաղ հնչեց։
― Լավ, բայց գրեցի՞ր։
― Ի՞նչ գրել։ Սկսեցի գրիչը տանել֊բերել, գծել֊գծմծել թղթի վրա, ձեռ քաշեց։ Էհ, մի տասը թաթալոշ էլ հասցրեց, նոր բաց թողեց, ուրեմն՝ էլի բանտ։
― Բայց դու գրել գիտե՞ս։
― Առաջ գիտեի, բայց հենց սկսին ծայրերով գրել, մտահան արեցի...
Այդպիսի պատմություններով, ավելի լավ է ասել՝ դատարկաբանություններով էլ երբեմն անցնում էր մեր տրտում ժամանակը։ Տեր Աստված, այդ ի՜նչ տրտմություն էր։ Երկարուձիգ օրեր, հեղձուկ, հար և նման մեկը մյուսին։ Գոնե մի որևէ գիրք լիներ։ Այդ ընթացքում, հատկապես սկզբում, հաճախ էի գնում հոսպիտալ, երբեմն հիվանդ, երբեմն՝ պարզապես պառկելու։ Բանտից դուրս։ Ծանր էր այնտեղ, ավելի ծանր, քան այստեղ, բարոյապես էլ ավելի ծանր։ Չարություն, թշնամանք, կռվշտոց, նախանձ, անվերջանալի պատրվակարարություն ազնվականներիս հանդեպ, չարամիտ, սպառնացող դեմքեր։ Իսկ այստեղ՝ հոսպիտալում, բոլորն ավելի հավասար էին, ավելի մտերմաբար էին ապրում։ Ամբողջ օրվա ընթացքում ամենատրտում ժամանակը երեկոն էր, մոմերի լույսի տակ և գիշերվա սկզբին։ Շուտ էին պառկում՝ քնելու։ Աղոտ գիշերաճրագը վառ լուսավորում էր հեռվից, դռան մոտից, իսկ մեր ծայրին կիսախավար էր։ Հեղձուկ էր, գարշահոտ։ Ինչ֊որ մեկը չէր կարողանում քնել, ելնում ու նստում էր մահճակալին, մեկ֊մեկուկես ժամ, գիշերագդակով գլուխը խոնարհած, կարծես ինչ֊որ բաներ էր մտածում։ Մի լրիվ ժամ կնայես նրան, ջանալով կռահել, թե ինչ է մտածում, նույնպես ժամանակը մի կերպ սպանելու համար։ Կամ կսկսես անրջել, հիշել անցյալը, վառ ու ծավալեղ պատկերներ կառաջանան երևակայությանդ մեջ։ Այնպիսի մանրուքներ կհիշվեն, որոնք ուրիշ ժամանակ չէիր հիշի ու չէիր զգա այնպես, ինչպես հիմա։ Մեկ֊մեկ էլ ապագան կգուշակես՝ ելնելու ես, չէ՞, բանտից։ Ո՞ւր։ Ե՞րբ է դա լինելու։ Կվերադառնա՞ս, արդյոք, երբևէ հարազատ եզերք։ Կմտածես, կմտածես, ու հույսը կխլրտա հոգուդ մեջ... Մեկ ուրիշ անգամ էլ կսկսես պարզապես հաշվել. մեկ, երկու, երեք և այլն, որպեսզի այդ հաշվի արանքում մի կերպ քնես։ Երբեմն հաշվել եմ մինչև երեք հազար ու չեմ քնել։ Ահա, մեկը շուռումուռ է գալիս։ Ուստյանցևն է հազում իր խորխառատ, թոքախտավոր հազով, հետո թույլ տնքում ու ամեն անգամ ավելացնում. «Տեր Աստված, մեղք եմ գործել»։ Եվ տարօրինակ էր լսել այդ հիվանդ, բեկված ու տնքացող ձայնը՝ համընգհանուր լռության մեջ։ Մի անկյունում նույնպես քնած չեն և խոսում են իրենց մահճակալներից։ Մեկը սկսում է ինչ-որ բան պատմել իր ցավի մասին, հեռավոր, անցած-գնացած բաներից, թափառաշրջիկության մասին, զավակների մասին, կնոջ մասին, նախկին կարգերի մասին։ Եվ շշնջոցից իսկ զգում ես, որ այն ամենն, ինչ պատմում է, արդեն երբեք ետ չի գալու նրա համար, և որ ինքը՝ պատմողը, պոկած մի կտոր է։ Մյուսը լսում է։ Մեղմ, համաչափ շշունջ է լսվում միայն, ճիշտ ասես մի հեռու տեղ ջուր է քչքչում... Հիշում եմ, ձմռան մի երկար գիշեր պատմություն լսեցի։ Առաջին պահին ինձ թվաց մի տեսակ ջերմախտի երազ, կարծես պառկած էի դողէրոցքով, և այդ ամենը տեսնում էի երազիս, զառանցելիս...
=== IV։ Ակուլկայի ամուսինը (պատմվածք) ===
=== V։ Ամռան օրեր ===