Changes

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ավելացվել է 43 116 բայտ, 18:13, 12 Մարտի 2013
:Նա չէր կարող իմանալ, որ այդ պահին երկրի տարբեր վայրերում գաղտնի հավաքված բազմաթիվ մարդիկ՝ բաժակները բարձր պահած, զսպված ձայներով ասում էին.
:— Հարրի Փոթթերի՝ ողջ մնացած տղայի, կենա՛ցը։
 
==Գլուխ երկրորդ ==
==Անհետացած ապակին==
 
:Գրեթե տաս տարի էր անցել այն օրից, երբ Դարզլիները՝ մի առավոտ սովորականի պես արթնացան ու շքամուտքի նախաշեմին գտան իրենց զարմիկին։ Սակայն, կարելի էր ասել, որ Բեկտենիների նրբանցքում ոչինչ չէր փոխվել։ Արևը բացվում էր տնամերձ կոկիկ խուզված նույն սիզամարգերի վրա և լուսավորում Դարզլիների տան շքամուտքի «թիվ 4» բրոնզե նույն ցուցատախտակը, նույն պատուհանից սողոսկում էր նրանց հյուրասենյակը, որը գրեթե նույնն էր, ինչ այն երեկո, երբ պարոն Դարզլին դիտում էր երեկոյան ճակատագրական լուրերը բվերի մասին։ Միայն բուխարու վրա դրված լուսանկարներից կարելի էր կռահել, թե ինչքան ժամանակ էր անցել այն օրից։ Տաս տարի առաջ բուխարու վրա շարված բազմաթիվ լուսանկարներում պատկերված Դադլին առաջին հայացքից հիշեցնում էր տարբեր գույնի պոպոզավոր գլխարկներ դրած մի մեծ վարդագույն փչովի գնդակ։ Սակայն Դադլի Դարզլին արդեն մանուկ չէր, և այժմ լուսանկարներից նայում էր չաղ, հարդագույն մազերով մի տղա, որն իր առաջին հեծանիվն էր քշում, կարուսել էր նստել տոնավաճառում, համակարգչային խաղ էր խաղում հայրիկի հետ և մայրիկի գրկում նստած ՝ թուշը դեմ էր տվել նրա ջերմեռանդ պաչիկներին։ Մինչդեռ սենյակում ոչինչ չէր ակնարկում այն մասին, որ այդ տանը մեկ ուրիշ տղա էլ կար։
:Այնինչ Հարրի Փոթթերը նույնպես այդ տանն էր ապրում, և այդ պահին դեռևս քնած էր ու երազ էր տեսնում։ Սակայն դա երկար չտևեց։ Մորաքույր Պետունիան արդեն արթուն էր, և նրա պահանջկոտ, սառցասղոց ձայնը հանկարծ խանգարեց առավոտյան անդորրը։
 
:― Արթնացի՛ր... վե՛ր կաց, ասում եմ... հենց հիմա՛։
:Հարրին ցնցումով արթնացավ քնից և նստեց անկողնու մեջ։ Մորաքույրը թմբկահարեց նրա դուռը։
:— Վե՛ր կաց, ― ծղրտաց նա։ Հարրին լսեց, թե ինչպես մորաքույր Պետունիան քայլեց դեպի խոհանոց, հետո լսեց գազօջախի վրա դրվող թավայի ձայնը։ Հարրին ետ ընկավ մահճակալի մեջ և փորձեց հիշել իր տեսած երազը։ Լավ երազ էր՝ թռչող մոտոցիկլ էր տեսել։ Շատ հետաքրքիր զգացում ուներ, ասես այդ նույն երազն առաջին անգամ չէր տեսնում։
 
:Մորաքույրը վերադարձել ու կանգնել էր դռան ետևում։
:— Դեռ չե՞ս արթնացել, — պահանջկոտ ձայնով հարցրեց նա։
:— Արդեն արթնացել եմ... — ասաց Հարրին։
:— Շարժվի՛ր տեղիցդ, ինձ պետք ես խոհանոցում։ Արագ այստեղ արի, որ ձվածեղին հետևես։ Եվ տե՛ս, վա՜յ քեզ, եթե հանկարծ թողնես, որ խոզապուխտն այրվի։ Այսօր, Դադլիիս ծննդյան օրն է, և ամեն ինչ պետք է կատարյալ լինի։
 
:Հարրին խոր հոգոց հանեց։
:— Ի՞նչ ասացիր... — ճչաց մորաքույրը դռան ետևից։
:― Ոչինչ, ոչինչ...
 
:Դադլիի ծննդյան օրն էր։ Ինչպե՞ս կարող էր ինքը մոռանալ։ Հարրին դանդաղ նստեց անկողնու մեջ և սկսեց փնտրել կիսագուլպաները։ Մի զույգ կիսագուլպա գտավ մահճակալի տակից և մեկի վրայից մի մեծ սարդ թափ տալով, հագավ։ Հարրին սովոր էր սարդերին, որովհետև սարդերը պարզապես վխտում էին աստիճանների տակի խորդանոցում, իսկ նրա ննջարանը հենց այդտեղ էր։
:Երբ հագնվեց վերջացրեց, դարս եկավ խորդանոցից   և   հյուրասենյակով   ուղղվեց   դեպի   խոհանոց։
 
:Խոհանոցի սեղանը գրեթե չէր երևում Դադլիի ծննդյան նվերների փաթեթների տակ։ Ամենայն հավանականությամբ, Դադլին այսօր կստանա իր ուզած նոր համակարգիչը էլ չխոսենք երկրորդ հեռուստացույցի և մարզական հեծանիվի մասին։ Թե Դադլիի ինչի՞ն էր պետք մարզական հեծանիվը, Հարրիի համար մեծ գաղտնիք էր, որովհետև Դադլին շատ չաղ էր և տանել չէր կարող որևէ մարմնամարզական գործողություն, եթե, իհարկե, դա չէր ենթադրում որևէ մեկին դնգստել ու բոթբթել։ Դադլիի սիրած թիրախը Հարրին էր, սակայն, բարեբախտաբար, Դադլին հաճախ չէր հասցնում բռնել նրան, որովհետև, թեև Հարրիի տեսքից չէիր ասի, բայց նա շատ ճարպիկ էր և արագաշարժ։
 
:Թերևս դա վաղ մանկությունից մութ խորդանոցում ապրելու հետևանքն էր։ Ինչևէ, Հարրին իր տարիքի համեմատ շատ փոքրամարմին ու թուլակազմ էր երևում։ Նա նույնիսկ ավելի մանր ու նիհարիկ էր թվում իր իրական չափերից, որովհետև նրա բոլոր հագուստները մորաքրոջ որդու հնամաշ կամ նրա համար արդեն փոքրացած շորերն էին, իսկ Դադլին մոտավորապես չորս անգամ ավելի խոշոր էր նրանից։ Հարրին նիհար դեմք ուներ, ոսկրոտ ծնկներ, սև մազեր և վառ կանաչ աչքեր։ Նա կլոր շրջանակներով ակնոց էր կրում, որը բազմաթիվ տեղերում ամրացված էր սոսնձապատ երիզով։ Ակնոցի ամեն մի կոտրվածք հիշատակ էր մնացել բթին Դադլիից ստացած հերթական բռնցբահարվածից։ Միակ բանը, որ Հարրիին դուր էր գալիս իր արտաքին տեսքի մեջ, դա՝ ճակատի մազափնջի տակ թաքնված, տարօրինակ ուրվագծով բարակ սպին էր, որը կայծակի ճառագայթ էր հիշեցնում։ Ինչքան Հարրին հիշում էր իրեն, այդ սպին ունեցել էր իր ճակատին, և առաջին հարցը, որ երբևէ տվել էր մորաքույր Պետունիային, հենց դրա մասին էր եղել, թե որտեղի՞ց իրեն այդ սպին։
 
:― Ավտովթարի ժամանակ ես ստացել, երբ ծնողներդ – մահացան, ― ասել էր մորաքույրը, ― և այլևս հարցեր չտաս։
:«Հարցեր չտաս»֊ը Դարզլիների հետ խաղաղ ապրելու գլխավոր նախապայմանն էր։
:Մինչ Հարրին թավայի վրա ձվածեղ էր սարքում, քեռի Վերնոնը մտավ խոհանոց։
 
:— Մազերդ սանրի՛ր... — մռնչաց նա առավոտյան ողջույնի փոխարեն։
:Առնվազն շաբաթը մեկ անգամ, քեռի Վերնոնը՝ աչքերը լրագրից վեր բարձրացնելով, նայում Էր Հարրիին ու բղավում, որ նրա մազերը պետք Է կտրել։ Հարրին, թերևս, ավելի հաճախ Էր մազ կտրելու համար վարսավիրանոց գնում, քան իր դասարանի մյուս բոլոր տղաները միասին վերցրած, սակայն միևնույն է՝ տարբերություն չկար։ Նրա մազերը պարզապես շարունակում էին աճել իրենց ուզածի պես արագ և տարբեր ուղղություններով։
 
:Հարրին արդեն խոզապուխտն էր տապակում, երբ Դադլին մոր հետ միասին մտավ խոհանոց։ Դադլին շատ նման Էր քեռի Վերնոնին։ Նա լայն ու կլոր վարդագույն դեմք ուներ, պարանոցը գրեթե լրիվ բացակայում էր, աչքերը մանր էին ու բաց երկնագույն, իսկ ծանր, հարդագույն մազերը՝ հարթ պառկած էին նրա ճարպակալած գլխի վրա։ Մորաքույր Պետունիան հաճախ էր ասում, որ Դադլին փոքրիկ հրեշտակի է նման, իսկ Հարրին հաճախ մտածում Էր, որ Դադլին ոնց որ կեղծամ հագած խոզ լինի։
 
:Հարրին ձվածեղով և խոզապուխտով ափսեները դրեց սեղանի վրա, ինչը բավականին դժվար խնդիր էր, որովհետև սեղանը գրեթե լրիվ ծածկված էր նվերների փաթեթներով։ Մինչ այդ Դադլին սկսել էր հաշվել իր նվերները։ Նրա դեմքը մռայլվեց ու բողոքի հերթական ցույցը գուժող զավեշտական արտահայտություն ընդունեց։
 
:— Երեսունվեց, ― ասաց նա, մերթ ընդ մերթ նայելով հորն ու մորը, — անցած տարվանից երկու հատով պակաս է։
:― Հոգի՛ս, դու դեռ մորաքույր Մարջի նվերը չես հաշվել։ Տե՛ս, ահա այստեղ է, այս մեծ փաթեթի տակ։
:― Շատ լավ, ուրեմն եղավ երեսունյոթ, ― ասաց Դադլին կարմրատակելով։ Հարրին, որն արդեն բողոքի մի մեծ դադլիական ցույց Էր կանխատեսում, սկսեց արագ֊արագ կուլ տալ իր խոզապուխտով ձվածեղը՝ վախենալով, որ չի հասցնի նախաճաշը վերջացնել, եթե հանկարծ Դադլին սեղանը շուռ տա։
 
:Մորաքույր Պետունիան, որն ակնհայտորեն նույնպես կանխազգում Էր մոտալուտ արհավիրքը, արագ ավելացրեց.
:― Եվ մենք քեզ համար ևս երկու նվեր կգնենք այսօր, երբ միասին գնանք քաղաք։ Ի՞նչ կասես, փուփուշիկս։ Եվս երկու նվեր։ Լավ կլինի չէ՞...
:Դադլին մի պահ մտածեց, կարծես դժվարին խնդիր էր լուծում և, վերջապես, դանդաղ ասաց.
:― Ուրեմն, այդ դեպքում ես կունենա՜մ... երեսո՜ւն... երեսո՜ւն...
:― Երեսանիննը, քաղցրիկս, ― արագ ասաց մորաքույր Պետունիան։
:― Փո՛ւհ... ― Դադլին ծանր նստեց աթոռին և ձեռքը վերցրեց ամենամոտ դրված փաթեթը։
:― Այդ դեպքում ՝ լա՛վ։
 
:Քեռի Վերնոնը հրճվանքով քրթմնջաց։
:― Փոքրիկ ավազակս գիտի՜ իր ունեցածի հաշիվը պահել... ճիշտ հայրիկի պես է։ Ա՛յ, այդպե՜ս, Դադլի֊Մադլի, ա՛յ, տղա եմ ասել։
:Եվ նա խառնշտորեց Դադլիի մազերը։
 
:Այդ պահին հեռախոսը զրնգաց, և մորաքույր Պետունիան գնաց պատասխանելու։ Իսկ Հարրին ու քեռի Վերնոնը դիտում էին, թե ինչպես էր Դադլին տարբեր չափերի փաթեթների միջից իրար ետևից հանում մարզական հեծանիվը, կինոխցիկը, հեռաղեկով թռչող խաղալիք ինքնաթիռը, համակարգչային տասնվեց նոր խաղերը, տեսամագնիտոֆոնը։ Մորաքույր Պետունիան հյուրասենյակ վերադարձավ ճիշտ այն  պահին,  երբ Դադլին ձեռքի ոսկյա ժամացույցի տուփի փաթեթավորումն էր պլոկում։ Նա վրդովված և մտահոգ տեսք ուներ։
 
:— Վատ լուրեր, Վերնոն, — ասաց նա, — տիկին Ֆիգը ոտքը կոտրել է և չի կարող սրան վերցնել, — նա գլխով արեց Հարրիի ուղղությամբ։
 
:Դադլիի ծնոտն անակնկալից կախ ընկավ, իսկ Հարրիի սիրտն ուրախությունից սկսեց արագ բաբախել։ Ամեն տարի Դադլիի ծննդյան օրը ծնողները Դադլիին ու նրա ընկերներից մեկին ամբողջ օրով տանում էին զբոսանքի ՝ տարբեր զվարճայգիներ, համբուրգեր֊բարեր կամ կինո։ Ամեն տարի Հարրիին թողնում էին տիկին Ֆիգի՝ մի ծեր, ցնդած կնոջ մոտ, որը հարևան փողոցում էր ապրում։ Հարրիի համար անտանելի տանջանք էր տիկին Ֆիգի մոտ մնալը։ Նրա ամբողջ տանից թթու դրած կաղամբի հոտ էր գալիս, և տիկին Ֆիգն ամեն անգամ ստիպում էր Հարրիին կրկին և արդեն որերորդ անգամ, ծայրից ծայր դիտել իր երբևէ ունեցած բոլոր փիսոների լուսանկարներով ալբոմը։
 
:— Հիմա ի՞նչ ենք անելու, — ասաց մորաքույր Պետունիան կատաղած նայելով Հարրիին, կարծես Հարրին էր մեղավորը։ Հարրին գիտեր, որ պետք է կարեկցանք զգար խեղճ տիկին Ֆիգի նկատմամբ, որը դժբախտաբար ոտքը կոտրել էր։ Սակայն դա այնքան էլ հեշտ չէր, մանավանդ, երբ պատկերացնում էր, որ մինչև Մռռանի, Խունջիկի, Մրթոշի, Ձյունիկի, Չոմբոյի ու Թավիշի հետ իր հաջորդ հանդիպումը մի ամբողջ տարի ժամանակ է ունենալու։
 
:— Միգուցե Մարջի՞ն զանգահարենք, — առաջարկեց քեռի Վերնոնը։
:— Ի՜նչ ես ասում, Վերնոն, նա այս տղային տանել չի կարող։
:Դարզլիները հաճախ էին այդպես խոսում Հարրիի մասին, կարծես նա սենյակում չէր կամ էլ այնքան անուղեղի մեկն էր, ինչպես Ֆիկուսի տերևին կպած մի կակղամորթ կենդանի, որ չէր էլ կարող հասկանալ, թե իր մասին են խոսում։
 
:— Իսկ էն... անունը ի՞նչ էր... դեհ, քո ընկերուհի Իվոնը։
:— Արձակուրդների է գնացել Մայորկա, ― փնչացրեց մորաքույր Պետունիան։
:— Դուք ինձ կարող եք տանը մենակ թողնել, — մեջ ընկավ Հարրին ՝ հեռավոր հույս փայփայելով, որ տանը մենակ մնալով գոնե, ի փոփոխություն իր տաղտկալի առօրյայի, կկարողանա ուզածի չափ հեռուստացույց նայել և գուցե նույնիսկ, քանի դեռ տանը մարդ չի լինի, մի քիչ էլ կմիացնր Դադլիի համակարգիչը։
 
:Մորաքույր Պետունիան այնպիսի տեսք ընդունեց, ասես հենց նոր մի ամբողջ կիտրոն էր ծամել։
:— Հա՜, ճի՛շտ է... Հետո էլ գանք տեսնենք տունը փլատակների մեջ, — ծամածռված դեմքով ասաց նա։
:— Ես տունը չեմ պայթեցնի, — ասաց Հարրին, բայց նրան ոչ ոք չէր լսում։
:— Գուցե նրան մեզ հետ կենդանաբանական այգի՞ տանենք, ու... — դանդաղ ասաց մորաքույր Պետունիան, — թողնենք մեքենայի մեջ։
:— Մեքենան լրիվ նոր է, ինչպե՞ս կարելի է նրան մեքենայի մեջ մեն-մենակ թողնել։
 
:Դադլին սկսեց բարձրաձայն հեծկլտալ։ Իրականում նա բոլորովին էլ լաց չէր լինում։ Երևի վերջին յոթ տարիների ընթացքում ոչ մի անգամ էլ իսկապես լաց չէր եղել, բայց նա շատ լավ գիտեր, որ եթե դեմքը ծռմռի ու սկսի վնգվնգալ, մայրը նրա սրտի ուզածը կանի։
:— Դամփլի-Դադիդա՜մզ, լաց մի՜ լինիր, դուդուշի՜կս։ Մամին չի՜ թողնի, որ նա քո տոնը փչացնի, — սվսվացնելով բացականչեց մորաքույր Պետունիան՝ գրկելով իր թանկագին մսագնդին։
:— Չե-ե՜մ ուզու-ո՜ւմ... որ նա մեզ հետ գա–ա~... — վնգում էր Դադլին, կեղծ հեծկլտոցների արանքամ, — նա ամե-ե՜ն ինչ միշտ փչացնու-ու՜մ է...
 
:Դադլին մայրիկի թևերի տակից մի գեշ ծամածռություն,արեց Հարրիի երեսին, և հենց այդ պահին հնչեց դռան զանգը։
:— 0՜հ, տեր աստվա՛ծ, արդեն եկան... — ասաց մորաքույր Պետունիան կիսացնորված տեսքով, և հաջորդ վայրկյանին Դադլիի լավագույն ընկեր Փիրս Փոլբիսը ներս մտավ իր մայրիկի հետ միասին։ Փիրսը առնետանման դեմքով, ոսկրամարմին տղա էր։ Դադլիի ոհմակում Փիրսն էր սովորաբար բռնում ու ետևից պդինդ պահում այն զոհի ձեռքերը, ում Դադլին դնգստում ու բոթբթում էր։ Ընկերոջը տեսնելով, նա անմիջապես դադարեցրեց իր կեղծ լացը։
 
:Կես ժամ անց Հարրին ՝ չհավատալով իր բախտին, նստած Էր Դարզլիների նոր մեքենայի ետևի նստարանին, Փիրսի ու Դադլիի կողքին և նրանց հետ միասին, կյանքում առաջին անգամ, ուղևորվում էր դեպի կենդանաբանական այգի։ 
 
:Մորաքույրն ու քեռի Վերնոնը չէին կարողացել այդ օրը նրանից ազատվելու համար որևէ բան հորինել և որոշել էին վերցնել իրենց հետ։ Սակայն տանից դուրս գալուց առաջ քեռի Վերնոնը Հարրիին մի կողմ տարավ։
:— Զգուշացնում եմ քեզ, — ծանր շնչելով շշնջաց նա՝ իր խոշոր կարմրատակած դեմքը գրեթե կպցնելով Հարրիի քթին, — ես հիմա քեզ զգուշացնում եմ, տղա՛, եթե այսօր որևէ արտասովոր բան պատահի, եթե ընդհանրապես որևէ բան պատահի, ապա մինչև :Ծննդյան տոները խորդանոցիցդ դուրս չես գա։
 
:— Ես ոչինչ չեմ անի, — ասաց Հարրին, — ազնիվ խոսք։
:Ամբողջ խնդիրն այն էր, որ Հարրիի շուրջը հաճախ, իրոք, շատ տարօրինակ բաներ էին կատարվում, և իմաստ էլ չուներ Դարզլիներին ասել, որ ինքը դրանց հետ ոչ մի կապ չուներ կամ որ դրանք ինքը չէր արել։
 
:Մի անգամ մորաքույր Պետունիան՝ հոգնած ու բարկացած, որ Հարրին վարսավիրի մոտից միշտ վերադառնամ է այնպես, ասես կյանքում երբեք վարսավիրի մոտ չի էլ եղել, վերցրեց խոհանոցային մկրատը և այնքան կարճ կտրեց Հարրիի մազերը, որ ավելի լավ կլիներ, եթե նրա գլուխը պարզապես խուզեր։ Մանավանդ, որ նա դիտավորյալ երկար թողեց միայն Հարրիի ճակատի սպին ծածկող մազափունջը՝ իբր թե, որ այդ այլանդակ սպին չերևա։ Դադլին ծիծաղից փորը բռնել էր և մի կուշտ ձեռք առավ ու ջղայնացրեց Հարրիին, իսկ Հարրին անքուն գիշեր անցկացրեց՛ պատկերացնելով, թե հաջորդ օրն ինչ է կատարվելու դպրոցում, որտեղ նա առանց այն էլ բոլորի ծաղրուծանակի առարկան էր իր լեն-լմփոշ՝ Դադլիից ժառանգած, հնամաշ հագուստների և սոսնձապատ երիզով ամրացված ակնոցի պատճառով։
 
:Սակայն հաջորդ առավոտյան Հարրին արթնացավ մազերը ճիշտ նույն երկարության, ինչ մինչև մորաքույր Պետունիայի հաշվեհարդարը։ Դրա համար նրան մեկ շաբաթ խորդանոցից դուրս չթողեցին, թեև նա փորձում էր ապացուցել, որ ինքը չի կարող բացատրել, թե ինչպես են իր մազերն այդքան արագ երկարում։
 
:Մեկ ուրիշ անգամ մորաքույր Պետունիան փորձում էր նրան հագցնել Դադլիի հին, գարշելի ջեմպրներից մեկը (բավական չէ՝ զզվելի մանանեխագույն, հետն էլ՝ նարնջագույն ծոպիկներով)։ Որքան ավելի շատ էր նա ջանում Հարրիի գլուխը ջեմպրի վզանցքից ներս մտցնել, այնքան վզանցքն ավելի էր փոքրանամ։ Վերջապես այնքան փոքրացավ, որ նրա մեջ հազիվ թե կարելի լիներ կտորից կարված մի տիկնիկ խցկել, բայց ոչ՝ Հարրիի գլուխը։ Ի մեծագույն հանգստության Հարրիի, մորաքույր Պետունիան եզրակացրեց, որ չարաբաստիկ ջեմպրը, երևի, լվացքի մեքենայի մեջ լվանալուց է մտել, և այդ անգամ Հարրիին չպատժեցին։
 
:Մի օր, սակայն, Հարրին մեծ փորձանքի մեջ ընկավ՝ դպրոցի խոհանոցի տանիքին հայտնվելու պատճառով։ Դադլիի ոհմակը սովորականի պես հետապնդում էր նրան, երբ... և՛ ի զարմանս Հարրիի, և՛ ի զարմանս մյուսների, նա հանկարծ հայտնվեց խոհանոցի ծխնելույզին։ Դարզլիները մի շատ բարկացած նամակ ստացան դպրոցի ուսմասվարից, որտեղ ասվում էր, որ Հարրին բարձրացել էր դպրոցի շենքի տանիքը։ 
 
:Սակայն Հարրին ինչ էր արել որ՝ իր հետապնդողներից փախչելիս, ընդամենը ցատկել Էր խոհանոցի դռան ետևում շարված մեծ աղբադույլերի վրայով, ինչը և նա փորձում էր խորդանոցի փակ դռան ետևից բղավելով բացատրել քեռի Վերնոնին։ Հարրին ենթադրում էր, որ գուցե ցատկելու պահին քամին էր իրեն վերև քշել ու տանիք բարձրացրել։
 
:Սակայն այսօր ոչինչ չպետք է պատահեր։ Կարելի էր նույնիսկ համակերպվել Դադլիի և Փիրսի ընկերակցությանը, միայն թե հեռու լիներ դպրոցից, խորդանոցից ու տիկին Ֆիգի կաղամբահոտ հյուրասենյակից։
 
:Քեռի Վերնոնը մեքենա քշելիս սիրում Էր տարբեր բաներից բողոքել մորաքույր Պետունիային։ Նա, ընդհանրապես, անդադար ինչ-որ բանից բարձրաձայն բողոքելու սովորություն ուներ, օրինակ՝ գործարանի աշխատողներից, Հարրիից, քաղաքապետարանից, Հարրիից, բանկից, կրկին Հարրիրց։ Դրանք բողոքելու նրա սիրած թեմաներն էին, իսկ այդ առավոտվա բողոքի թեման մոտոցիկլավորներն էին։
 
:— ...Թոկից փախածների պես աջ ու ձախ են սլանում ու իրենց աղմուկով խլացնում մարդկանց... Վը՜գզ, հա՛ վը՜գզ... Խուլիգաննե՛ր... — ծայրահեղ սրտնեղած ասաց նա, երբ մի մոտոցիկլ սլացավ նրանց կոդքով։
:— Ես երազումս մոտոցիկլ եմ տեսել, — ասաց Հարրին հանկարծ հիշելով իր երազը, — ...թռչող մոտոցիկլ։
 
:Քեռի Վերնոնը քիչ մնաց մեքենան խփեր դիմացից գնացող բեռնատարին։ Նա տեղում լրիվ շրջվեց և կաս-կարմիր կտրած, հսկայական բեղավոր բազուկ հիշեցնող դեմքով, բղավեց Հարրիի վրա.
 
:― ՍՈՏՈՑԻԿԼՆԵՐԸ ՉԵՆ ԹՌՉՈԻՄ։
:Դադլին ու Փիրսը քրքջացին։
:— Ես գիտեմ, որ չեն թռչում, — ասաց Հարրին, — դա ընդամենը երազ Էր։
 
:Սակայն հաջորդ վայրկյանին նա փոշմանեց, որ ընդհանրապես բերանը բաց էր արել։ Եթե Դարզլիները բարկանում էին Հարրիի հարցերից, ապա կարելի էր ասել, որ նրանք կատաղության գերագույն աստիճանի էին հասնում, երբ Հարրին պատմում էր ինչ-որ արտասովոր իրերի կամ իրադարձությունների մասին, անկախ այն բանից երազում էր տեսել դրանք, թե, անգամ, մուլտիպլիկացիոն կինոնկարում։ Կարծես, Դարզլիները վախենում էին, որ տղայի մոտ կարող են վտանգավոր գաղափարներ ծագել։
 
:Շատ արևոտ շաբաթ օր էր, և կենդանաբանական այգին լի էր զբոսանքի դուրս եկած ընտանիքներով։ Մուտքի մոտ Դարզլիները Դադլիի ու Փիրսի համար մեկական շոկոլադե մեծ պաղպաղակ գնեցին։ Եվ միայն այն պատճառով, որ մինչև նրանք կհասցնեին Հարրիին կրպակի մոտից առաջ շտապեցնել, կրպակում նստած ժպտացող կինը՝ Հարրիին ուղղելով խոսքը, հարցրեց նրան, թե նա ինչ պաղպաղակ է ուզում՝ ստիպված, Հարրիի համար էլ գնեցին կիտրոնի մի էժանագին սառցիկ։ Հարրին բոլորովին դժգոհ չէր։
 
:«Շատ էլ համեղ է», — մտածեց նա և սառցիկը լպստելով մոտեցավ գորիլայի վանդակին, որը գլուխը քորելիս անչափ նմանվեց Դադլիին, միայն մի տարբերությամբ, որ գորիլան սևահեր էր։
 
:Հարրին չէր կարող մտաբերել, թե իր կյանքում երբ էր մեկ ուրիշ նման հիանալի առավոտ անցկացրել։ Նա զգուշորեն Դարզլիներից քիչ հեռու էր քայլում, որպեսզի Դադլին ու Փիրսը, որոնք մինչև ճաշն արդեն սկսել էին ձանձրանալ կենդանիներից, հանկարծ չհիշեին իրենց սիրած սովորական զբաղմունքը՝ «հարրիաորսը»։ Նրանք ճաշեցին կենդանաբանական այգու ռեստորանում։ Եվ երբ Դադլին հերթական հիստերիկ բողոքի ցույցն արեց, որովհետև, իր կարծիքով, իր պաղպաղակը բավականաչափ մեծ չէր և երկու տեսակի գնդիկով պակաս էր աղանդերների ցանկում նշված տեսականուց,  քեռի  Վերնոնը  նրան գոհացնելու  համար  մեկ ուրիշ պաղպաղակ էլ գնեց, և Հարրիին թույլ տվեցին, որ նա վերջացնի Դադլիի առաջին պաղպաղակը։
 
:Հետո միայն Հարրիի մտքով անցավ, որ ինքն արդեն այդ ժամանակ պետք է գլխի ընկներ, որ ամեն ինչ չափազանց լավ էր երկարատև լինելու համար։
 
:Ճաշից հետո նրանք գնացին սողունների սրահը։ Այնտեղ զով էր և մութ, իսկ պատերի երկայնքով ապակյա, լուսավորված վանդակներ էին տեղադրված։ Ապակիների ետևում ամեն տեսակի մողեսներ ու օձեր՝ գալարված,  հանդարտ պառկած էին տարբեր չափերի փայտի կտորների ու բարերի վրա։ Դադլին և Փիրսը ուզում  էին  տեսնել  թունավոր  կոբրաներին   և  մարդ ճզմող հսկայական պիթոններին։ Դադլին անմիջապես գտավ ամենամեծ օձին։ Օձն այնքան մեծ էր, որ կարող էր երկու անգամ փաթաթվել քեռի Վերնոնի մեքենայի շուրջը և ճզմելով մեծ աղբարկղի վերածել այն։ Սակայն այդ պահին պիթոնը շատ խաղաղ տրամադրություն ուներ, իրականում օձը պարզապես խոր քնած էր։
 
:Դադլին մի պահ կանգնեց ու քիթն ապակուն սեղմած անթարթ նայեց պիթոնի դարչնագույն փայլփլող գալարներին։
:— Այնպես արա թող շարժվի–ի–ր–ի~... — վնգաց նա հոր վրա։ Քեռի Վերնոնը զգուշորեն կտկտացրեց ապակուն, սակայն օձը շարունակում էր հանգիստ ֆսսացնել։
:― Ձանձ–րա–լի–ի֊ի~ Է... ― շարունակեց վնգալ Դադլին տեղում դոփելով։
 
:Հարրին մոտեցավ ցուցափեղկին և ուշադիր նայեց օձին։ Զարմանալի չի լինի, եթե օձն ինքը ձանձրույթից սատկած լինի՝ ո՛չ ընկեր կա, ո՛չ զրուցակից, բացի այս հիմար մարդկանցից, ովքեր մատներով օրնիբուն թմբկահարում են նրա վանդակաբաժնի ապակին և նույնիսկ չեն թողնում, որ ձանձրույթից գոնե հանգիստ քնի։ Դա նույնիսկ ավելի վատ Է, քան խորդանոցում ապրելը, որտեղ միակ այցելուն մորաքույր Պետունիան է, երբ դուռը թակում է իրեն քնից արթնացնելու համար։ Իրեն առնվազն թույլ են տալիս, որ խորդանոցից դուրս գա ու ազատ շարժվի ամբողջ տանը, մտածեց Հարրին։
 
:Օձը հանկարծ բացեց իր հուլունքաձև աչքերը։ Դանդաղ, շատ դանդաղ սկսեց գլուխը բարձրացնել, մինչև աչքերը հասան Հարրիի աչքերի մակարդակին։
:Օձն աչքով արեց։
 
:Հարրին աչքերն անթարթ պլշեց օձի վրա։ Հետո նա արագ շուրջը նայեց, որ ստուգի, թե արդյոք իրեն տեսնող կա՞։ Ոչ ոք իր կողմը չէր նայում։ Նա ետ նայեց օձին և պատասխան աչքով արեց։
 
:Օձը գլուխը թեթև թափ տվեց քեռի Վերնոնի ու Դադլիի կողմը, հետո աչքերը դեպի առաստաղը բարձրացրեց, ասես ուզում էր ասել Հարրիին. «է՜հ, բարեկամս, ի՜նչ արած, առավոտից երեկո սա է իմ կյանքը»։
 
:— Գիտեմ, — մրմնջաց Հարրին ապակու ետևից, թեև համոզված չէր, որ օձն իրեն կլսի, — իսկապես զզվելի Է։
:Օձն արագ-արագ գլուխը թափ տվեց։
:— Իսկ դու որտեղի՞ց ես, — հարցրեց Հարրին։ Օձը պոչի ծայրը ցցեց դեպի վանդակի ապակու կողքին պատի վրա փակցված փոքր ցուցանակը։ Հարրին նայեց ցուցանակին.
:«Բոա Կոստրիկտոր, Բրազիլիա»։
:— Իսկ այնտեղ լա՞վ էր։
:Բոա Կոնստրիկտորը կրկին պոչացույց արեց ցուցանակը, և Հարրին շարունակեց կարդալ. «Կենդանին բուծվել է կենդանաբանական այգում»։
:— Օ՛հ, հասկացա՜... Ուրեմն դու Բրազիլիայում երբեք չե՜ս եղել...
 
:Մինչ օձը գլուխը բացասաբար աջ ու ձախ էր շարժում, մի խլացուցիչ աղաղակ լսվեց Հարրիի ետևից, որից երկուսն էլ՝ օձն ու Հարրին ցնցվեցին։
:— ԴԱԴԼԻ՜։ ՊԱՐՈՆ ԴԱՐԶԼԻ՜։ ԱՅՍՏԵ՛Ղ ԵԿԵՔ՝. ՆԱՅԵ՛Ք ԱՅՍ ՕՁԻՆ։ ՏԵՍԵ՛Ք, ԹԵ ԻՆՉԵ՜Ր է ԱՆՈԻՄ։
 
:Դադլին ՝ սագի պես շորորալով, ինչքան կարող էր արագ, գլորվեց նրանց կողմը։
:― Հե՜յ, դո՛ւ, մի կողմ քաշկի՛ր, ― գոռաց նա և բռունցքով հարվածեց Հարրիի կրծքին։ Անակնկալից Հարրին փռվեց սալահատակի վրա։ Դրանից հետո ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ոչ ոք նույնիսկ չհասկացավ էլ, թե ինչ տեղի ունեցավ։
:Մի վայրկյան առաջ Փիրսն ու Դադլին հենված էին օձին սրահից անջատող ապակուն, իսկ հաջորդ վայրկյանին նրանք սարսափահար աղաղակով ետ ցատկեցին։
 
:Հարրին նստեց հատակին ու խոր շունչ քաշեց։ Բոա Կոնստրիկտորին սրահից անջատող ապակին անհետացել էր։ Հսկա օձը արագ-արագ գալարվելով դուրս էր գալիս իր վանդակաբաժնից ՝ ցած սոդալով հատակի վրա։ Սողունների սրահում գտնվող բոլոր մարդիկ ճվճվոցով նետվեցին դեպի ելքը։
 
:Հարրին կարող էր երդվել, որ երբ օձն անցնում էր իր կոդքով մի խուլ ֆսսացող ձայն ասաց. «Բրազզի՜լիա... եսս տուն եմ գալիսս... Շշշնորհակալաթյո՜ւն, ամի՛գո...»
 
:Սողունների սրահի վարիչը ցնցված էր։ 
:— Բայց, ախր, ապակին... — անդադար կրկնում էր նա, — ...իսկ ո՞ւր կորավ ապակին։
 
:Կենդանաբանական այգու տնօրենն ինքն իր ձեռքով մորաքույր Պետունիայի համար մի բաժակ շաքարով մուգ թեյ պատրաստեց և անդադար կրկին ու կրկին ներողություն էր խնդրում պատճառած անհանգստության համար։ Փիրսն ու Դադլին միայն անիմաստ մկմկում էին։ Հարրին շատ լավ էր հիշում, որ օձը՝ սրահով   անցնելիս,   միայն   թեթևակի  քսվեց   նրանց կրունկներին։ Սակայն, երբ նրանք բոլորը միասին վերադարձան քեռի Վերնոնի մեքենան, Դադլին արդեն պատմում էր, թե ինչպես օձը քիչ մնաց պոկեր իր ոտքը, իսկ Փիրսը երդվում էր, որ օձը քիչ էր մնում ՝ գալարների մեջ սեղմելով, խեղդեր իրեն։ Սակայն Հարրիի համար ամենասարսափելին եղավ այն ժամանակ, երբ Փիրսը վերջապես այնքան հանդարտվեց, որ հանկարծ հիշելով, ասաց.
:— Հարրին խոսում էր օձի հետ, խոսում էիր չէ՞, Հա՛րրի։
 
:Քեռի Վերնոնը համբերությամբ սպասեց մինչև Փիրսը, վերջապես, ապահով գնաց տուն և հետո միայն անդրադարձավ Հարրիին։ Նա այնքան կատաղած էր, որ հազիվ էր խոսքերն արտասանում։ Մի կերպ կարողացավ արտաբերել.
:— Գնա... խորդանոցդ... կմնաս... առանց ընթրիքի... — հետո, ծանր շնչելով, ուժասպառ փլվեց բազկաթոռի մեջ, իսկ մորաքույր Պետունիան վազեվազ մի մեծ ըմպանակ բրենդի բերեց նրա համար։
 
:Ավելի ուշ Հարրին պառկած էր իր մութ խորդանոցում, և նրա ամենամեծ ցանկությունը ժամացույց ունենալն էր։ Նա չգիտեր, թե ժամը քանիսն էր և չէր կարող կռահել, արդյոք Դարզլիներն արդեն բնել են, թե՝ ոչ։ Քանի դեռ նրանք քնած չէին, Հարրին չէր համարձակվի խոհանոց սողոսկել որևէ ուտելիք վերցնելու համար։
 
:Արդեն տաս տարի էր, ինչ նա ապրում էր Դարզլիների հետ. այն օրից, ինչ հիշում էր իրեն՝ տաս դժբախտ, ողորմելի տարիներ։ Եթե միայն իր ծնողները մահացած չլինեի՜ն ավտովթարից... Նա չէր հիշում ո՛չ այդ չարաբաստիկ ավտովթարը, որ խլել էր իր ծնողներին, ո՛չ ինքն իրեն՝ ավտոմեբենայի մեջ վթարի ժամանակ։ Երբեմն, երբ խորդանոցում անցկացրած երկար ու ձիգ ժամերին հիշողությունը շատ էր լարում, ինչ-որ տարօրինակ տեսիլք էր մտաբերում՝ կանաչ լույսի մի կուրացնող ճառագայթ և ճակատն այրող ցավի սուր զգացում։ Երևի հենց դա էր ավտովթարից մնացած իր հիշողությունը, մտածում էր նա, բայց չէր կարողանամ հասկանալ, թե այդ ի՛նչ կանաչ լույս էր և որտեղի՞ց էր այն գալիս։ Ծնողներին բոլորովին չէր հիշում։ Մորաքույրն ու նրա ամուսինը երբեք իր ծնողների մասին չէին խոսում, իսկ Դարզլիների տանը հարցեր տալը խստիվ արգելված էր։ Դժվար թե իր ծնողների լուսանկարները լինեին ինչ-որ տեղ այդ տանը։
 
:Հարրին, երբ ավելի փոքր էր, երազում էր ու երազում, որ օրերից մի օր իրեն անծանոթ մեկ ուրիշ ազգական կգա իր ետևից ու կտանի իրեն այդ տանից։ Սակայն նման բան չէր կատարվում,  և Դարզլիները նրա միակ ընտանիքն էին։ Թեև երբեմն նրան թվում էր կամ գուցե նա գաղտնի հույս էր փայփայում, որ փողոցում պատահած ինչ-որ անծանոթ մարդիկ, կարծես, ճանաչում էին իրեն։ Բավականին տարօրինակ անծանոթներ էին դրանք։
 
:Մի անգամ, երբ մորաքույր Պետունիայի ու Դադլիի հետ խանութ էին գնացել գնումներ անելու, մանուշակագույն, բարձրագագաթ ցիլինդրով մի անծանոթ փոքրամարմին ծերուկ սիրալիր գլխով արեց նրան։ Տղային կատաղած հարցաքննելաց հետո, թե որտեղից գիտի այդ մարդուն, մորաքույր Պետունիան Հարրիին ու Դադլիին, ձեռքերից բռնած վազեվազ քարշ տվեց տուն՝ առանց խանութից որևէ բան գնելու։ Մի անգամ էլ շատ տարօրինակ տեսքով մի ծեր կին՝ լրիվ կանաչ հագնված, ուրախ-ուրախ ձեռքով արեց նրան ավտոբուսի պատուհանից։ Մեկ ուրիշ անգամ երկար մորեգույն վերարկու հագած մի ճաղատ մարդ երկու ձեռքով ամուր բռնեց նրա ձեռքը, սրտանց թափահարեց ու արագ հեռացավ՝ առանց մի բառ անգամ ասելու։ Այս բոլոր մարդկանց հետ կապված ամենատարօրինակն այն էր, որ նրանք անհետանում էին, մինչև Հարրին կհասցներ մի լավ նայել նրանց վրա։
 
:Դպրոցում Հարրին ոչ մի ընկեր չուներ։ Բոլորը գիտեին, որ այդ տարօրինակ Հարրի Փոթթերը՝ իր լեն֊լմփոշ, հնամաշ շորերով ա ջարդված ակնոցով, Դադլի Դարզլիի ոհմակի մշտական որսն է, և ոչ ոք չէր համարձակվում ընկերանալ կամ նույնիսկ զրուցել նրա հետ՝ վախենալով իր վրա հրավիրել Դադլիի ոհմակի ուշադրությանը։