Changes

Պահապանները

Ավելացվել է 7086 բայտ, 12:09, 25 Դեկտեմբերի 2015
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
Փոքրիկ կիրճում բարձրահասակ ու գեղակազմ Գալադրիելը, ինչպես թվաց հուզված հոբիթներին, թույլ շողեր էր ճառագում:
— Իսկ ինչու՞ նայենք տեսանելիից այն կողմ և ի՞նչ կտեսնենք այնտեղ,— հարցրեց Ֆրոդոն:
— Շատ բան կարող է ցուցադրել Մոգական Հայելին, եթե ես թույլ տամ,— ժպտաց Գալադրիելը հոբիթին: — Ոմանց ես կարող եմ ցույց տալ և այն, ինչ իրենք են ուզում են տեսնել: Բայց ավելի հետաքրքիր և, գլխավորը, օգտակար է Հայելուն լիովին ազատություն տալը, թեև երբեմն այն կարող է անցանկալի պատկերներ ցուցադրել: Ես չգիտեմ, թե հատկապես ինչ կտեսնեք դուք, եթե Հայելուն ազատություն տանք: Գուցե անցյալը, գուցե ձեր ներկայիս կյանքը կամ այսօրվա որոշ իրադարձություններ, որոնք կարող են ազդել ձեր ճակատագրի վրա, կամ գուցե ապագան՝ սակայն վերջինս ոչ միշտ է իրականանում: Բայց նույնիսկ ամենաիմաստունները հաճախ հայտնվում են փակուղում և չեն կարողանում մեկնաբանել, թե ինչ է ցուցադրել իրենց Հայելին: Ցանկանու՞մ եք փորձել:
 
Ֆրոդոն չպատասխանեց:
 
— Իսկ դու՞,— Սամին դիմեց տիրուհին: — Որքան գիտեմ,— ավելացրեց նա,— դուք հենց դա եք անվանում կախարդություն: «Կախարդություն» բառն ինձ այնքան էլ հասկանալի չէ, առավել ևս, որ դուք կախարդություն եք անվանում նաև Թշնամու նենգամիտ արարքները: Դու ուզում էիր տեսնել էլֆական հրաշագործությունը կամ, ըստ քեզ, իսկական կախարդություն: Դե ուրեմն փորձիր նայել Հայելու մեջ:
 
— Կփորձեմ,— անվստահ արձագանքեց Սամը և, շրջվելով դեպի Ֆրոդոն, հառաչելով ասաց. — Էհ, լավ կլիներ Զառիթափի Պարկուտը տեսնեի: Մենք, ախր, սարսափելի է, թե ի՜նչ երկար տանը չենք եղել... Մի՞թե կախարդանքը ցույց կտա Նորգորդը... Երևի թե ինչ-որ աստղեր կտեսնեմ... կամ այնպիսի մի բան, որ հասկանալ էլ չի լինի:
 
— Եվ այնուամենայնիվ փորձիր,— ասաց Գալադրիելը: — Միայն թե ջրին ձեռքով չդիպչես:
 
Սամը բարձրացավ պատվանդանի վրա և զգուշությամբ նայեց արծաթե թասի մեջ: Մութ ջուրը միայն աստղեր էր արտացոլում:
 
— Պարզ բան է,— փնթփնթաց նա: — Էդպես էլ գիտեի, աստղեր... — և հանկարծ լռեց: Ջրի վրայից ասես դեն նետեցին մութ ծածկոցը: Հայելին պարզվեց, վառ աստղերով երկնքի փոխարեն փայլեց արևը, քամուց շրշացին ծառերի ճյուղերը: Հոբիթը չհասցրեց հասկանալ, թե ինչ երևաց իրեն, որովհետև լույսը հանգավ, և այժմ պղտոր մշուշում նրան երևաց Ֆրոդոն: Վերջինս քնած էր քարե սև պատի տակ, և նրա դեմքը մահվան դալկություն ուներ: Հետո տեսիլքը նորից փոխվեց, և Սամը հասկացավ, որ տեսնում է ինքն իրեն: Ինքը վազում էր ինչ-որ մութ թունելով, հետո երկար բարձրանում էր զսպանակաձև սանդուղքով՝ փնտրելով ինչ-որ մեկին, իսկ ժամանակը սուղ էր... Բայց ու՞մ... Ճիշտ ինչպես ծանր ու ընդհատվող երազում, նրա առջև կրկին արևն էր փայլում և օրորվում էին ծառերի ճյուղերը, բայց ոչ թե քամուց, ինչպես սկզբում թվաց նրան, այլ կացնի հարվածներից: Սամն իրեն կորցրեց:
 
— Սա ի՜նչ չարագործություն է,— զայրացած գոռաց նա: — Ո՞վ է թույլ տվել այդ անիծյալ Թոդ Ավազունսին... Դրանք հոբիթների համար պետքական ծառեր են, հով են անում ջրաղացից մինչև Գետամերձ գնացող ճամփան, իսկ անծյալը դրանք կտրում է... Ախ, հիմա ընկնեի Հոբիթստան, մի լավ դաս կտայի դրան, որ կեղտոտ ձեռքերն ամեն տեղ չգցեր...
 
Ուշադիր նայելով՝ Սամը հայտնաբերեց, որ հին ջրաղացի տեղում աղյուսե այլանդակ շենք է կառուցվում, իսկ շինության կողքին դեպի երկինք է բարձրանում կարմիր աղյուսից մրոտ ծխնելույզը: Ծխի քուլաները արագ թանձրանալով, սև վարագույրով պատեցին Հայելին:
 
— Իսկ Նորգորդում ավելի վատ է,— քրթմնջաց Սամը: — Պարոն Էլրոնդը երևի գիտեր՝ ինչ էր անում, որ Փերեգրինին տուն էր ուղարկում... Ես ձեզ ցույց կտամ, չարագործնե՜ր,— հանկարծ ճչաց նա և, պատվանդանից իջնելով, մռայլ ասաց. — Ես գնում եմ տուն: Նրանք ավերել են Պարկուտի Զառիթափ-Նրբանցքը և փողոց են նետել իմ ծերուկին: Ես տեսա, իմ խեղճուկրակը իր փալաս-փուլուսը լցրել է սայլակի մեջ ու կաղին տալով գնում է:
 
— Բայց դու չես կարող մենակ վերադառնալ,— հանգիստ հիշեցրեց Սամին Գալադրիելը: — Երբ դու շատ էիր ուզում վերադառնալ, վճռեցիր, որ իրավունք չունես Ֆրոդոյին լքելու: Իսկ Հայելին հաճախ այնպիսի իրադարձություններ է ցույց տալիս, որոնց ժամանակը դեռ չի եկել և, շատ հավանական է, որ երբեք էլ չգա, եթե նա, ում ցույց է տվել, չշեղվի իր ընտրած ճանապարհից, որպեսզի կանխի հնարավոր լինելիքը: Մոգական Հայելին վտանգավոր խորհրդատու է:
 
— Իսկ ինձ ոչ մի խորհուրդ էլ պետք չէ, և կախարդություն էլ այլևս պետք չէ,— փնթփնթաց Սամը: Հետո լռեց ու նստեց խոտերին: Ապա նորից խոսեց, ասես փորձելով խեղդել արցունքները:
Վստահելի
1342
edits