Changes
/* V */
== V ==
Երբ Ռասկոլնիկովը հետևյալ առավոտյան, ժամը ուղիղ տասնմեկին մտավ № քաղաքամասի շենքը, հետաքննական գործերի պրիստավի բաժանմունքը, ու խնդրեց իր մասին զեկուցել Պորֆիրի Պետրովյիչին, ապա նա մինչև իսկ զարմացավ, որ իրեն շուտ չեն ընդունում. անցավ առնվազն տասը րոպե, մինչև որ նրան կանչեցին։ Նրա կարծիքով պետք է որ անմիջապես նետվեին իր վրա։ Այնինչ ինքը կանգնելէր ընդունարանում, կողքից անցուդարձ էին անում մարդիկ, որոնք ըստ երևույթին իր հետ ոչ մի գործ չունեին։ Հետևյալ սենյակում, որ գրասենյակի էր նման, նստել ու գրոտում էին մի քանի գրագիրներ, ու ակներև էր, որ նրանցից ոչ մեկն էլ հասկացողություն անգամ չուներ, թե ով է և ինչ է Ռասկոլնիկովը։ Ռասկոլնիկովը անհանգիստ ու կասկածոտ հայացքով հետամտում էր շրջապատը, նայում, թե իր կողքին հո չկա՞ որևէ ոստիկան, իրեն հետամտող որևէ խորհրդավոր հայացք, բայց ոչ մի նման բան չկար։ Նա տեսնում էր միայն գրասենյակային, մանր հոգսեր արտահայտող դեմքեր, հետո ինչ֊որ մարդկանց, ու բոլորն էլ անտարբեր էին իր նկատմամբ, այնպես որ նա կարող էր գնալ ուր որ ուզենար։ Նրա մեջ ավելի ու ավելի հաստատորեն էր ամրանում այն միտքր, որ եթե երեկվա այն հանելուկային մարդը, գետնի տակից ելած այն ուրվականը իրոք ամեն ինչ գիտենար և ամեն ինչ տետած լիներ, ապա մի՞թե իրեն, Ռասկոլնիկովին, հիմա թույլ կտային այդպես կանգնել և հանգիստ սպասել։ Եվ մի՞թե իրեն կսպասեին մինչև ժամը տասնմեկը, մինչև որ ինքը բարեհաճեր գալ։ Դուրս էր գալիս, որ կամ այն մարդը դեռ ոչինչ չի հաղորդել, կամ... նա էլ ուղղակի ոչինչ չգիտե, և ինքն իր աչքերով ոչինչ չի տեսել (և ինչպե՞ս կարող էր տեսնել), ուրեմն այդ բոլորը, երեկ իր, Ռասկոլնիկովի հետ պատահածը դարձյալ տեսիլք է եղել ու իր գրգռված և հիվանդոտ երևակայությունը չափազանցրել է այդ տեսիլքը։ Նույնիսկ դեռ երեկ, ամենաուժեզ տագնապների և հուսալքման ժամերին այդ ենթադրությունը սկսել էր նրան առավելապես հավանական թվալ։ Այժմ կշռադատելով այդ ամենը և պատրաստվելով նոր մարտի, նա հանկարծ զգաց, որ դողում է, ու նույնիսկ զայրացավ, մտածելով, որ դողում է ատելի Պորֆիրի Պետրովյիչի հանդեպ ունեցած վախից։ Նրա համար ամենից զարհուրելին այն էր, որ ինքը դարձյալ պետք է հանդիպեր այդ մարդուն. Ռասկոլնիկովը անչափ, անսահման ատում էր նրան և նույնիսկ վախենում էր, որ չլինի՞ թե իր ատելությամբ որևէ կերպ իրեն մատնի։ Ու այնքան ուժեղ էր նրա զայրույթը, որ դողը իսկույն դադարեց։ Նա պատրաստվեց ներս մտնել սառն և հանդուգն տեսքով ու ինքն իրեն խոսք տվեց որքան կարելի է շատ լռել, դիտել ու լսել և գոնե այս անգամ ինչ կերպ էլ լինի հաղթահարել հիվանդագին կերպով գրգռված իր բնությունը։ Հենց այդ ժամանակ նրան կանչեցին Պորֆիրի Պետրովիչի մոտ։
Բանից դուրս եկավ, որ Պորֆիրի Պետրովիչը այդ րոպեին իր կաբինետում մենակ էր։ Նրա կաբինետը ոչ մեծ էր, ոչ էլ փոքր․ այնտեղ դրված էին՝ մի մեծ գրասեղան մոմլաթով պատած բազմոցի առաջ, արկղերով, թեք երեսով մի գրասեղան, անկյունում մի պահարան, մի քանի աթոռ, այդ ամենը պետական կահույք էր, դեղին, հղկած փայտից։ Մի անկյունում, հետին պատի մեջ, կամ ավելի լավ է ասել միջնորմում, կար մի փակված դուռ, ուրեմն պետք է որ միջնորմի մյուս կողմում ուրիշ սենյակներ էլ լինեին։ Երբ Ռասկոլնիկովը ներս մտավ, Պորֆիրի Պետրովիչը իսկույն ծածկեց դուռը, որտեղից մտել էր եկվորը, ու նրանք կաբինետում երկուսով էին։ Պորֆիրի Պետրովիչը իր հյուրին դիմավորեց ըստ երևույթին առավելապես ուրախ և սիրալիր տեսքով, և միայն մի քանի րոպե հետո Ռասկոլնիկովը որոշ նշաններից նկատեց, որ նա կարծես շփոթված է, կարծես նրան մոլորեցրել են կամ գտել ինչ-որ խիստ առանձնակի ու ծածուկ բանով զբաղված վիճակում։
— Օ՛֊օ՛, պատվելի, ահա և դուք... մեր կողմերում...— ասաց Պորֆիրին, երկու ձեռքն էլ մեկնեց Ռասկոլնիկովին։― Էհ, նստեցեք, պատվելիս, թե՞ դուք գուցե չեք սիրում, որ ձեզ tout court<ref>Կարճ (ֆրանս․)։</ref> պատվելի անվանեն... Խնդրում եմ սա անպարկեշտություն չհամարեք... նստեցեք այստեղ, բազմոցին։
Ռասկոլնիկովը նստեց՝ շարունակ նայելով նրան։
«Մեր կողմերում», «ներողություն անպարկեշտության համար», ֆրանսերեն «tout court» բառը և այլն և այլն, դրրանք բոլորը բնորոշ նշաններ էին։ «Սակայն նա երկու ձեռքն էլ մեկնեց ինձ, բայց ոչ մեկը չտվեց, իսկույն ետ քաշեց», կասկածանքով մտածեց Ռասկոլնիկովը։ Երկուսն էլ հետամտում էին միմյանց, բայց հենց որ նրանց հայացքները իրար էին հանդիպում, երկուսն էլ կայծակի արագությամբ դրանք մի կողմ էին դարձնում։
— Ես բերի դիմումս... ժամացույցի մասին... ահա։ Ճի՞շտ է գրված, թե՞ հարկավոր է նորից գրել։
— Ի՞նչ, դիմո՞ւմ։ Այդպես, այդպես... մի անհանգստանաք, ճիշտ այդպես,— ասաց Պորֆիրի Պետրովիչը, կարծես ինչ-որ տեղ շտապելով, և այդ ասելուց հետո վերցրեց ու նայեց թուղթը։— Այո, ճիշտ այսպես։ Ուրիշ ոչինչ չի հարկավոր,— նույնպես հապճեպ ավելացրեց նա և թուղթը դրեց սեղանին։ Հետո, մի րոպե անց, արդեն ուրիշ բանի մասին խոսելիս՝ դարձյալ վերցրեց թուղթը և դրեց մյուս, թեք երեսով գրասեղանին։
— Դուք կարծեմ երեկ ասացիք, որ կցանկանայիք պատշաճ ձևով ինձ հարցեր տալ... այն սպանված կնոջ հետ... իմ ունեցած ծանոթության մասին,— սկսեց Ռասկոլնիկովը։— «Ինչո՞ւ ես ասացի՝ ''կարծեմ''»,— կայծակնաթափ անցավ նրա մտքով։— «Լավ, ինչո՞ւ եմ այսպես անհանգստանում, որ ասել եմ այդ ''կարծեմ'' բառը»,— նույնպես կայծակնաթափ հղացավ նա այս երկրորդ միտքը։
Եվ նա հանկարծ զգաց, որ հենց միայն Պորֆիրիի հետ շփվելուց, հենց միայն երկու խոսքից ու երկու հայացքից իր կասկածամտությունը մի ակնթարթում աճեց և հրեշավոր չափերի հասավ... որ դա սարսափելի վտանգավոր է, ջղերը գրգռվում են, հուզմունքը սաստկանում։ «Փորձանք է, փորձանք... էլի բերանիցս խոսք կթռցնեմ»։
— Այո, այո, այո, մի ան հանգստանաք, չպետք է շտապել, չպետք է շտապել,— փնթփնթում էր Պորֆիրի Պետրովիչը՝ սեղանի մոտ բոլորովին աննպատակ քայլելով ետ ու առաջ, նետվելով մերթ դեպի լուսամուտը, արկղերով սեղանը, մերթ նորից դեպի գրասեղանը, մերթ խուսափելով Ռասկոլնիկովի կասկածոտ հայացքից, մերթ էլ հանկարծ կանգ առնելով և դեմ առ դեմ նայելով նրան։ Չափազանց տարօրինակ էր թվում նրա կարճ, հաստլիկ և կլոր կերպարանքը, ասես այլևայլ կողմեր գլորվող, բոլոր պատերին ու անկյուններին դիպչող ու ետ թռչող գնդակ լիներ»
— Կանենք, ամեն ինչ կանենք... Դուք ծխո՞ւմ եք, ունե՞ք։ Ահա, խնդրեմ,— շարունակեց Պորֆիրին՝ հյուրին պապիրոս հրամցնելով...— Գիտե՞ք, ես ձեզ ընդունում եմ այստեղ, իսկ իմ բնակարանը հենց մեր կողքին է, միջնորմի ետևում... պետական է, իսկ ես հիմա ժամանակավորապես մասնավոր բնակարանում եմ։ Այստեղ որոշ նորոգումներ պետք էր կատարել։ Այժմ համարյա պատրաստ է... գիտե՞ք, պետական բնակարանը հիանալի բան է, չէ՞, ի՞նչ եք կարծում։
— Այո, հիանալի բան է,— պատասխանեց Ռասկոլնիկովը՝ համարյա հեգնոտ նայելով նրան։
— Հիանալի բան է, հիանալի բան է...— կրկնում էր Պորֆիրի Պետրովիչը՝ հանկարծ կարծես թե մտորելով մի ինչ֊որ բոլորովին այլ բանի մասին,— այո, հիանալի բան է,— ի վերջո համարյա բղավեց նա՝ հանկարծ աչքերը հառելով Ռասկոլնիկովին և կանգ առնելով նրանից երկու քայլ հեռավորությամբ։ Այդ հաճախակի, հիմար կրկնությունը, որ պետական բնակարանը հիանալի բան է, իր գռեհկությամբ խիստ հակասում էր այժմ իր հյուրին հառած լուրջ, խոհուն և հանելուկային հայացքին։
Բայց դա է՛լ ավելի գրգռեց Ռասկոլնիկովի բարկությունը, և սա արդեն ոչ մի կերպ չէր կարող հրաժարվել ծաղրական և շատ անզգույշ մարտահրավերից.
— Գիտե՞ք ինչ,— հարցրեց նա հանկարծ՝ համարյա հանդգնորեն նայելով Պորֆիրիին և կարծես հաճույք զգալով իր հանդգնությունից,— ամեն տեսակ քննիչների համար կարծեմ գոյություն ունի այսպիսի իրավաբանական կանոն, այսպիսի իրավաբանական պրիյոմ. նրանք սկզբում սկսում են հեռվից, դատարկ բաներից կամ նույնիսկ լուրջ, միայն թե բոլորովին կողմնակի բաներից, որպեսզի այսպես ասած՝ խրախուսեն կամ ավելի լավ է ասել՝ զվարճացնեն հարցաքննվողին, ''քնեցնեն'' նրա զգուշությունը, իսկ հետո հանկարծ մի որևէ ճակատագրական ու վտանգավոր հարցով անսպասելիորեն շշմեցնեն նրան, այդպես չէ՞. կարծեմ մինչև այժմ էլ դա սրբությամբ հիշատակվում է բոլոր կանոններում և հրահանգներում։
— Այդպես, այդպես... ի՛նչ է, դուք կարծում եք, թե ես դրա համա՞ր էի հիշատակում պետական բնակարանը...— Այս ասելով, Պորֆիրի Պետրովիչը կկոցեց աչքերը, ապա աչքով արեց, ինչ-որ մի ուրախ և խորամանկ բան սահեց նրա դեմքով, ճակատի կնճիռները հարթվեցին, աչքերը ասես փոքրացան, դիմագծերը ձգվեցին, և նա հանկարծ բռնվեց նյարդային, երկար ծիծաղով, որից օրորվում ու ցնցվում էր ամբողջ մարմինը։ Միաժամանակ նա ուղիղ նայում էր Ռասկոլնիկովի աչքերին։ Վերջինս նույնպես ծիծաղեց, թեև այդ ծիծաղը մի փոքր բռնազբոսիկ էր. տեսնելով այդ, Պորֆիրին այնպես փառ֊փառ ծիծաղեց, որ դեմքը համարյա կարմրեց. Ռասկոլնիկովի զզվանքը անցավ զգուշության բոլոր սահմանները, նա դադարեցրեց ծիծաղը, մռայլվեց, ու երկար, ցասկոտ նայում էր Պորֆիրիին, աչքը չէր կտրում նրանից, քանի դեռ նա շարունակում էր իր երկար ծիծաղը և կարծես դիտմամբ դա չէր դադարեցնում։ Անզգուշությունը, սակայն, երկու կողմից էլ ակնհայտ էր. դուրս էր գալիս, որ Պորֆիրի Պետրովիչը կարծես թե իր հյուրի վրա է ծիծաղում, որը ատելությամբ է ընդունում այդ ծիծաղը, և այս հանգամանքը շատ քիչ է շփոթեցնում նրան՝ Պորֆիրի Պետրովիչին։ Դա խիստ նշանակալից էր Ռասկոլնիկովի համար, նա հասկացավ, որ Պորֆիրի Պետրովիչը նախորդ անգամ էլ ամենևին չէր շփոթվել, այլ ընդհակառակը, թերևս Ռասկոլնիկովն ինքն էր թակարդի մեջ ընկել, որ պարզապես այստեղ ինչ-որ մի բան, ինչ֊որ մի նպատակ կա, որ ինքը չգիտե. գուցե ամեն ինչ արդեն նախապատրաստված է և այժմ, հենց այս րոպեին կբացահայտվի ու կպայթի իր գլխին...
Ռասկոլնիկովը անմիջապես, ուղղակի անցավ գործի, վեր կացավ ու վերցրեց գլխարկը։
— Պորֆիրի Պետրովիչ,— ասաց նա վճռականորեն, բայց բավական թունդ ջղայնոտությամբ,— դուք երեկ ցանկություն հայտնեցիք, որ ես ձեզ մոտ գամ ինչ-որ հարցաքննությունների համար։ (Նա առանձնապես շեշտեց ''հարցաքննություններ'' բառը)։ Ես եկել եմ, ու եթե այդ հարկավոր է ձեզ, հարցեր տվեք, թե չէ ինձ թույլ տվեք գնալ։ Իմ ժամանակը սուղ է, ես գործ ունեմ... Ես պետք է գնամ կառքի տակ ընկած հենց այն աստիճանավորի թաղման, որի մասին դուք... նույնպես գիտեք...— ավելացրեց նա՝ իսկույն բարկանալով այդ ավելացման համար, իսկ հետո է՛լ ավելի ջղայնացավ,— այդ ամենը ինձ ձանձրացրել է, լսո՞ւմ եք, և արդեն վաղուց է ձանձրացրել․․․ Ես մասամբ հենց դրանից եմ հիվանդ եղել․․․ մի խոսքով,— համարյա բղավեց նա, զգալով, որ հիվանդության մասին ասածը էլ ավելի անտեղի էր,— մի խոսքով, բարեհաճեցեք կամ հարցեր տալ ինձ, կամ հենց այժմ բաց թողեք․․․ Իսկ եթե հարցաքննելու եք, ապա այդ պետք է լինի ոչ այլ կերպ, քան ընդունված ձևով։ Այլ կերպ թույլ չեմ տա. ուստի և առայժմ մնացեք բարով, որովհետև հիմա մենք երկուսով անելիք չունենք։
— Տեր աստված, այդ ինչե՞ր եք ասում, ախր ինչի՞ մասին պիտի ձեզ հարցաքննեմ,— կչկչաց Պորֆիրի Պետրովիչը՝ իսկույն փոխելով թե՛ խոսելու տոնը, թե՛ տեսքը, ու վայրկենապես դադարեցնելով ծիծաղը,— խնդրում եմ չանհանգստանաք,— ավելացրեց նա՝ մերթ էլի նետվելով բոլոր կողմերը, մերթ հանկարծ փորձելով նստեցնել Ռասկոլնիկովին,— չպետք է շտապել, չպետք է շտապել, դրանք բոլորը միայն դատարկ բաներ են։ Ընդհակառակը, ես շատ ուրախ եմ, որ դուք, վերջապես, մեզ մոտ եկաք... Ես ձեզ իբրև հյուր եմ ընդունում։ Իսկ այս անիծված ծիծաղի համար դուք, պատվելիս Ռոդիոն Ռոմանովիչ, ներեցեք ինձ։— Ռոդիոն Ռոմա՞նովիչ, կարծեմ այդպես է ձեր անուն֊հայրանունը, այո՞... Ջղային մարդ եմ, դուք ինձ ծիծաղեցրիք ձեր դիտողության սրամտությամբ, պատահում է, որ ծիծաղից դողում եմ տերևի նման, այն էլ ամբողջ կես ժամ... Ծիծաղկոտ եմ, էլի՛։ Չաղությանս պատճառով նույնիսկ վախենում եմ կաթվածից։ Նստեցեք խնդրեմ, պատվելիս... թե չէ կմտածեմ, որ բարկացել եք...
Ռասկոլնիկովը լռում էր, լսում ու հետամտում դեռ էլի ցասկոտ ու մռայլված։ Նա նստեց, բայց գլխարկր պահեց ձեռքին։
— Ես ձեզ մի բան կասեմ իմ մասին, պատվելիս, Ռոդիոն Ռոմոնավիչ, այսպես ասած՝ բնութագրի բացատրման համար,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ քայլելով այս ու այն կողմ, կարծես էլի խուսափելով իր հյուրի աչքերին նայելուց։— Գիտե՞ք, ես ամուրի եմ, այնքան էլ նրբակիրթ չեմ ու անհայտ մարդ եմ, բացի դրանից, անցած, փետացած, միայնակ մարդ եմ։ Ը... ը՛մ... դուք նկատե՞լ եք, Ռոդիոն Ռոմանովիչ, որ մեզնում, այսինքն՝ Ռուսաստանում և մանավանդ պետերբուրգյան շրջաններում, եթե երկու խելացի մարդ, դեռ այնքան էլ լավ ծանոթ չլինելով, բայց, այսպես ասած, փոխադարձաբար իրար հարգելով, ինչպես հիմա ես և դուք, հանդիպում են իրար, ապա ամբողջ կես ժամ ոչ մի կերպ չեն կարողանում խոսակցության թեմա գտնել, փետանում են միմյանց հանդեպ, նստում են ու քաշվում իրարից։ Խոսակցության համար թեմա են գտնում բոլորը, զորօրինակ, կանայք... զորօրինակ, բարեկիրթները, բարձր դիրքի մարդիկ, նրանք միշտ էլ խոսակցության թեմա են ունենում, c’est de rigueur<ref>Այդպես է ընդունված (ֆրանս․)։</ref>, իսկ միջին կարգի մարդիկ, զորօրինակ մենք, բոլորն էլ քաշվող են ու զրուցասեր են... այսինքն թե մտածողներ են։ Ինչի՞ց է դա, պատվելիս, արդյո՞ք հասարակական շահեր չկան, թե՞ մենք շատ ազնիվ ենք և չենք ցանկանում իրար խաբել, չգիտեմ։ Հը՞։ Դուք ի՞նչ եք կարծում։ Գլխարկդ վար դրեք, է՛, կարծես հենց հիմա գնալու եք, իրավ, անհարմար է այդ տեսնելը... Ես, ընդհակառակը, անչափ ուրախ եմ...
Ռասկոլնիկովը ցած դրեց գլխարկը՝ շարունակելով լռել և լրջորեն, մռայլ ունկնդրել Պորֆիրիի դատարկ ու խառնաշփոթ շաղակրատանքին։ «Սա ի՞նչ է, մի՞թե իսկապես նա ուզում է իր հիմար շատախոսությամբ ցրել իմ ուշադրությունը»։
— Ես ձեզ սուրճ չեմ առաջարկում, տեղը չէ. բայց ինչո՞ւ մի հինգ րոպե չնստել բարեկամի հետ, ասուլիս անել, հը՞,― անլռելի շաղակրատում էր Պորֆիրին,— գիտե՞ք, այդ բոլոր պաշտոնական պարտականությունները մի կողմ... բայց դուք, պատվելիս, մի վիրավորվեք, որ ես հա՛ ետ ու առաջ եմ քայլում, ներեցեք, պատվելիս, շատ եմ վախենում, որ կվիրավորեմ ձեզ, իսկ քայլելը ինձ խիստ անհրաժեշտ է։ Հա՛ նստած եմ լինում, այնպես որ, ուրախությամբ եմ մի հինգ րոպե քայլում․․․ Հեմորոյ ունեմ... Հա՛ մտադրվում եմ մարմնամարզությամբ բուժվել, ասում են, որ պետական, իսկական պետական և նույնիսկ գաղտնի խորհրդականները հաճույքով ցատկում են պարանի վրայից․ ա՛յ թե ինչպիսի բաներ, հը՛մ, գիտությունը մեր դարում... Այդպես... Հա՛, այստեղի այդ պարտականությունների, հարցաքննությունների և այդ բոլոր ձևականությունների մասին... Ա՛յ, դուք, պատվելիս, հիմա ինքներդ բարեհաճեցիք հիշատակել հարցաքննությունները... գիտե՞ք, պատվելիս, Ռոդիոն Ռոմանովիչ, իսկապես, այդ հարցաքննությունները երբեմն հարցաքննողին ավելի շատ են խելքից հանում, քան հարցաքննվողին... Այդ մասին դուք, պատվելիս, բարեհաճեցիք այժմ միանգամայն արդարացիորեն և սրամտությամբ դիտողություն անել։ (Ռասկոլնիկովը ոչ մի այդպիսի դիտողություն չէր արել)։ Մարդ գլուխ է կորցնում, ուղղակի գլուխ է կորցնում, միշտ միևնույն բանը, միշտ միևնույն բանը, միալար, ոնց որ թմբուկի զարկը։ Հրե՛ն, ռեֆորմ է գնում, մեզնում գոնե ինչ֊ինչ անուններ կփոխվեն, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Ինչ վերաբերում է մեր իրավաբանական հնարանքներին, ինչպես որ դուք բարեհաճեցիք սրամտությամբ արտահայտվել, ապա ես լիովին, միանգամայն համաձայն եմ ձեզ հետ։ Ասացեք խնդրեմ, բոլոր մեղադրյալներից, նույնիսկ տրեխավոր մուժիկներից, ո՞ր մեկը չգիտե, որ նրան, զորօրինակ, սկզբում կողմնակի հարցերով են քնեցնում (ըստ ձեր հաջողակ արտահայտության), հեաո էլ հանկարծ շշմեցնում են, ասես կացնով խփում կատարին քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, ինչպես դուք հենց կետին խփեցիք, քա՛հ֊քա՛հ. ուրեմն դուք իսկապես կարծում էիք, թե ես ուզում էի շշմեցնել ձեզ մեջտեղ բերելով բնակարանը... քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Ծաղրասեր մարդ եք, էլի։ Լավ, այդ թողնենք։ Հա՛, ի միջի այլոց, մի խոսքից մի ուրիշ խոսք է դուրս գալիս, մի մտքից մի ուրիշ միտք, գիտե՞ք, քիչ առաջ դուք բարեհաճեցիք խոսել պատշաճ ձևով հարցաքննություն կատարելու մասին... Դե, ձևս ո՞րն է, գիտե՞ք, շատ դեպքերում դա դատարկ բան է։ Երբեմն հենց միայն բարեկամաբար խոսելը ավելի շահավետ է։ Ձևը երբեք չի կորչի, թույլ տվեք սրանով հանգստացնել ձեզ. և ի՞նչ է ձևը ըստ էության, հարցնում եմ ձեզ։ Չի կարելի ամեն քայլափոխում ձևով կաշկանդել քննիչին։ Քննիչի գործը, այսպես ասած, յուրատեսակ ազատ արվեստ է կամ նման մի բան․․․ քա՛հ-քա՛հ-քա՛հ...
Պորֆիրի Պետրովիչը մի րոպե շունչ առավ։ Առանց հոգնելու նա մերթ անիմաստ, դատարկ ֆրազներ էր թափում, մերթ հանկարծ ինչ֊որ հանելուկային բառեր էր դուրս տալիս և անմիջապես նորից անիմաստ բան էր ասում։ Նա արդեն համարյա վազում էր սենյակով մեկ՝ ավելի ու ավելի արագ քարշ տալով իր պարարտ ոտքերը, շարունակ նայելով հատակին, աջ ձեռքը մեջքին գրած, ձախը անընդհատ թափահարելով, տարբեր կողմեր շարժելով, և այդ շարժումները զարմանալիորեն չէին հարմարվում նրա խոսքերին։ Ռասկոլնիկովը հանկարծ նկատեց, որ նա, վազվզելով սենյակում, մի երկու անգամ կարծես թե մի ակնթարթ կանգ էր առնում դռան մոտ և կարծես թե ականջ էր դնում․․․ «Հո որևէ բան չի՞ սպասում»։
— Դուք իսկապես որ միանգամայն իրավացի եք,— դարձյալ վրա բերեց Պորֆիրին՝ արտասովոր պարզամտությամբ և ուրախ նայելով Ռասկոլնիկովին (վերջինս դրանից ցնցվեց ու վայրկենապես զգաստացավ),— իսկապես իրավացի եք, որ բարեհաճեցիք այդպիսի սրամտությամբ ծաղրել իրավաբանական հնարանքները քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Մեր այդ խորիմաստ֊հոգեբանական հնարանքները, (իհարկե մի քանիսը) չափազանց ծիծաղելի, թերևս անգօտակար են այն դեպքում, եթե խիստ կաշկանդված են ձևականությամբ։ Ը֊ը՛մ․․․ Այո... ես էլի պիտի անդրադառնամ ձևին. ասենք թե ես ինձ հանձնարարված որևէ գործի հիման վրա ընդունում կամ ավելի լավ է ասել՝ կասկածում եմ, որ մի որևէ մեկը, մյուսը, երրորդը, այսպես ասած, ոճրագործ է... Դուք հո պատրաստվում եք իրավաբան դառնալու, այնպես չէ՞, Ռոդիոն Ռոմանովիչ։
— Այո, պատրաստվում էի․․․
— Դե ուրեմն ահա ձեզ, այսպես ասած, մի փոքրիկ օրինակ ապագայի համար, այսինքն՝ չկարծեք, թե ես համարձակվում եմ սովորեցնել ձեզ. դուք հո ուշագրավ հոդվածներ եք տպում հանցագործությունների մասին։ Ոչ, այնպես, էլի, համարձակվում եմ իբրև փաստ մի օրինակ բերել. հա՛, ասենք թե ես, զորօրինակ, մեկին, մյուսին, երրորդին ոճրագործ եմ համարում, լավ, հարց եմ տալիս, ինչո՞ւ պետք է ես նրան որոշ ժամանակից շուտ անհանգստացնեմ. թեկուզև նրա դեմ հանցանշաներ ունենամ։ Ես պարտավոր եմ, զորօրինակ, մեկին շուտ ձերբակալել, իսկ մի ուրիշը հո այլ բնավորություն ունի, ուրեմն ինչո՞ւ չթողնել, որ սա ման գա քաղաքում, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Հը՛մ, տեսնում եմ, որ դուք սա այնքան էլ չեք հասկանում, դե ուրեմն ես ձեզ ավելի պարզ կասեմ, թե որ ես, զորօրինակ, նրան շատ շուտ նստեցնեմ, չէ՞ որ այդ կերպ նրան, այսպես ասած, բարոյական հենարան կտամ, քա՛հ-քա՛հ-քա՛հ, դուք ծիծաղո՞ւմ եք։ (Ռասկոլնիկովի մտքովն էլ չէր անցնում ծիծաղել, նա նստել էր շրթունքները սեղմած, իր բորբոք հայացքը չկտրելով Պորֆիրի Պետրովիչի աչքերից)։ Մինչդեռ բանը հո այսպես է, որոշ անձանց նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է հարկավոր, որովհետև մարդիկ տարբեր են ու բոլորի նկատմամբ միևնույն պրակտիկան է գործադրվում։ Դուք հիմա բարեհաճում եք ասել հապա հանցանշաննե՞րը. լա՛վ, ասենք թե հանցանշաններ կան, բայց չէ՞ որ հանցանշանները մեծ մասամբ կարող են կասկածելի լինել, հոգիդ սիրեմ, ու չէ որ ես քննիչ եմ, ուրեմն և թույլ մարդ եմ, խոստովանում եմ այդ բանը. կուզենայի հետաքննությունը, այսպես ասած, մաթեմատիկորեն պարզ պատկերացնել, կուզենայի այնպիսի հանցանշան գտնել, որ բոլորովին պարզեր գրությունը, Որ ուղղակի և անվիճելի ապացույց լիներ։ Թե որ ես մեկին անժամանակ ձերբակալեմ, թեկուզև հավատացած լինելով, որ հենց նա է ոճրագործը, չէ՞ որ ես թերևս ձեռքիցս բաց կթողնեմ նրա հետագա մերկացման միջոցները, ինչո՞ւ, որովհետև ես նրան, այսպես ասած, որոշակի գրության մեջ կդնեմ, այսպես ասած, հոգեբանական որոշ վիճակ կստեղծեմ նրա համար և կհանգստացնեմ նրան, և ահա նա ձեռքիցս կգնա, կմեկուսանա, ի վերջո կհասկանա, որ ինքը կալանավոր է։ Ասում են, թե Սևասաոպոլում, Ալմայից անմիջապես հետո, խելոք մարդիկ թունդ վախենում էին, որ հենց այն է, թշնամին բացարձակ ուժով գրոհ կտա և կգրավի Սևաստոպոլը․ իսկ երբ տեսան, որ թշնամին գերադասել է կանոնավոր պաշարումը և առաջին զուգահեռագիծն է անցկացնում, ասում են խելոք մարդիկ խիստ ուրախացան և հանգստացան, ուրեմն մի երկու ամիս հո կձգձգվի գործը, դե, կանոնավոր պաշարմամբ հո շուտ չեն գրավի քաղաքը։ Էլի ծիծաղո՞ւմ եք, էլի չե՞ք հավատում։ Դե իհարկե, դուք էլ իրավացի եք։ Այո, իրավացի եք։ Դրանք բոլորը մասնակի դեպքեր են, համաձայն եմ ձեզ հետ. հիշատակածս դեպքը իրոք մասնակի է։ Բայց այնուհանդերձ ահա թե ինչին պետք է հետամտել, ամենահարգելի Ռոդիոն Ռոմանովիչ. չէ՞ որ բնավ գոյություն չունի այնպիսի ընդհանուր դեպք, որի վերաբերյալ կիրարկելի լինեն իրավաբանական բոլոր ձևերն ու կանոնները և որը հաշվի առնելով, դրանք գրվեն գրքերում, որովհետև ամեն մի գործ, թեկուզ, զորօրինակ, ամեն մի ոճիր, իրականում տեղի ունենալով, իսկույն ևեթ բոլորովին մասնակի դեպք է դառնում, այն էլ երբեմն ինչպիսի մասնակի դեպք, բնավ նման չի լինում մինչ այդ կատարված դեպքերին։ Երբեմն խիստ զավեշտական այդպիսի դեպքեր են պատահում։ Ասենք թե ես մի որևէ հանցագործ պարոնի բոլորովին ազատ թողնեմ, չձերբակալեմ ու չանհանգստացնեմ, բայց նա ամեն ժամ և ամեն րոպե գիտենա կամ գոնե կասկածի, որ ես գիտեմ ամեն ինչ, բոլոր գաղտնիքները, ու գիշեր֊ցերեկ հետամտում եմ նրան, ծածուկ հսկում, ու եթե նա այդպիսով շարունակ վախ ու կասկածանք զգա, հոգիս վկա, էլ չի համբերի, ուղղակի ինքը կգա, ու թերևս մի այնպիսի բան կանի, որով ամեն ինչ կպարզվի այսպես ասած՝ մաթեմատիկական ճշտությամբ, և դա հաճելի կլինի։ Դա կարող է պատահել թեկուզ անճոռնի մուժիկի հետ, առավել ևս մեզ նմանի, արդիականորեն խելոք, այն էլ որոշ ուղղությամբ զարգացած մարդու հետ։ Դրա համար էլ, սիրելիս, խիստ կարևոր է հասկանալ, թե մարդը ինչ ուղղությամբ է զարգացած։ Հապա նրանց նյարդե՛րը, նյարդե՛րը, դուք դրանք մոռացել եք. չէ՞ որ դրանք հիվանդ, գրգռված, քայքայված են լինում... Իսկ որքա՜ն, որքա՜ն մաղձ է լինում նրանց բոլորի մեջ։ Չէ՞ որ դա, աղբորս ասեմ, հարկավոր դեպքում յուրատեսակ հանք է։ Եվ ինչո՞ւ պետք է ես անհանգստանամ, որ նա ազատ շրջում է քաղաքում։ Թող, թող առայժմ զբոսնի, չէ՞ որ ես առանց այն էլ գիտեմ, որ նա իմ զոհն է ու ձեռքիցս չի պրծնի։ Եվ ո՞ւր պիտի փախչի, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Արտասահմա՞ն, թե ինչ։ Արտասահման լեհացին կփախչի և ոչ թե ''նա'', մանավանդ որ ես հետևում եմ և միջոցներ եմ ձեռնարկել։ Հայրենիքի խորքե՞րը կփախչի, թե ինչ, Բայց չէ՞ որ այնտեղ մուժիկներ են ապրում, իսկական, տրեխավոր, ռուս մուժիկներ, արդիականորեն զարգացած մարդը ավելի շուտ կգերադասի բանտ ընկնել, քան ապրել այնպիսի օտարերկրացիների հետ, ինչպիսիք մեր մուժիկներն են, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Բայց այս բոլորը դատարկ բան է և գործի արտաքին կողմն է։ Ի՞նչ ասել է՝ կփախչի, դա երկրորդական հարց է. գլխավորը՝ նա ինձնից չի փախչի ոչ այն պատճառով, որ փախչելու տեղ չունի, նա ''հոգեբանորեն'' չի փախչի, քա՛հ-քա՛հ-քա՛հ~։ Օ, ինչպիսի՜ արտահայտություն է սա. նա բնության օրենքով չի փախչի ինձնից, թեկուզև նույնիսկ փախչելու տեղ ունենա։ Տեսե՞լ եք մոմի առջև ճախրող թիթեռնիկին։ Նա, հանցագործը, շարունակ կֆռռա իմ շուրջը, ինչպես թիթեռնիկը մոմի շուրջը․ ազատությունը անհաճո կդառնա, նա մտածմունքի մեջ կընկնի, կշփոթվի, կխճողվի, ինչպես թակարդի մեջ ընկածը, մահու չափ տագնապահար կլինի... Դեռ ավելին, ինքը երկու անգամ երկուսի պես մի որևէ մաթեմատիկական ճշմարտություն կասի ինձ, միայն թե ես նրան պատշաճ ընդմիջում տրամադրեմ... Ու շարունակ, շարունակ շրջաններ կգծի իմ շուրջը՝ ավելի ու ավելի փոքրացնելով շառավիղը, ու հո՛պ, ուղղակի կընկնի իմ բերանը, ու ես նրան կուլ կտամ, իսկ դա շատ հաճելի է, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, դուք չե՞ք հավատում։
Ռասկոլնիկովը չէր պատասխանում, նա նստած էր դալկադեմ և անշարժ, դարձյալ նույն լարվածությամբ նայում էր Պորֆիրիի դեմքին։
«Լա՛վ դաս է,— մտածում էր նա սարսռելով։— Սա արդեն նույնիսկ մկան հետ կատվի խաղ էլ չէ, ինչպես այդ եղավ երեկ։ Ոչ էլ սա իր ուժն է ապարդյուն ցույց տալիս և... թելադրում ինձ. սա շատ ավելի խելոք է և այդ չի անի... Այստեղ ուրիշ նպատակ կա. ի՞նչ նպատակ։ Է՛յ, դատարկ բան է դա, բարեկամ, իզուր ես ինձ վախեցնում և խորամանկում։ Դու չունես ապացույցներ և գոյություն չունի երեկվա մարդը։ Դու ուզում ես ուղղակի խելքահան անել ինձ, նախապես ջղայնացնել և այդ վիճակում կուլ տալ ինձ, սակայն բան չի դուրս գա, կգլորվես, կգլորվես։ Բայց ինչո՞ւ, ինչու այդ աստիճան ինձ հուշել... Հիվանդ նյարդերիս վրա՞ է սա հույս դնում, թե ինչ... Ոչ, աղբերացու, ձեռ քաշի, կգլորվես, թեև դու ինչ-որ բան ես պատրաստել... Դե հիմա կտեսնենք, թե այդ ինչ ես պատրաստել»։
Եվ նա հավաքեց բոլոր ուժերը՝ պատրաստվելով սարսափելի ու անհայտ աղետին։ Երբեմն նա ուզում էր հարձակվել և տեղնուտեղը խեղդել Պորֆիրիին։ Դեռ այստեղ մտնելիս նա վախենում էր իր այդ կատաղությունից։ Նա զգում էր, որ չորացել են իր շրթունքները, սիրտը խփում է, բերանի փրփուրը մակարդվում։ Բայց և այնպես նա որոշեց լռել և առայժմ ոչ մի խոսք չասել։ Նա հասկացավ, որ դա լավագույն տակտիկան է իր վիճակում, որովհետև ոչ միայն ինքը բերանից խոսք չի թռցնի, այլև ընդհակառակը, իր լռությամբ կջղայնացնի թշնամուն, որը թերևս ինքը բերանից խոսք թռցնի։ Գոնե դրա վրա նա հույս էր դնում։
— Ոչ, ես տեսնում եմ, որ դուք չեք հավատում, կարծում եք, թե ես անմեղ կատակներ եմ անում,— շարունակեց Պորֆիրին։ Նա ավելի ու ավելի էր աշխուժանում, անընդհատ քրքջում էր հաճույքից, դարձյալ սկսում էր ֆռռալ սենյակով մեկ։— Դե իհարկե, դուք իրավացի եք. իմ կերպարանքը աստծու կամքով այնպիսին է, որ ուրիշների մեջ զավեշտական մտքեր է առաջացնում, բուֆոնի կերպարանք է. բայց ես ահա թե ինչ կասեմ ձեզ․ դարձյալ կրկնում եմ, որ դուք, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ, ներեցեք ինձ, ծերուկիս, դեռ երիտասարդ եք, այսպես ասած, առաջին երիտասարդությունն եք անցկացնում, դրա համար էլ մարդկային միտքը ամենից բարձր եք գնահատում, ինչպես և ամբողջ երիտասարդությունը։ Ձեզ գայթակղեցնում են մտքի աշխույժ սրությունը և բանականության վերացական փաստարկները։ Եվ դա, օրինակ, իսկ և իսկ հիշեցնում է առաջվա ավստրիական հոֆկրիգսրատը, այսինքն՝ որքան որ ես կարող եմ դատել ռազմական իրադարձությունների մասին. նրանք թղթի վրա Նապոլեոնին ջախջախեցին ու գերի վերցրին, իրենց կաբինետում ամեն ինչ սրամտությամբ հաշվարկեցին ու ամփոփեցին, բայց արի ու տես, որ գեներալ Մակը իր ամբողջ բանակով անձնատուր եղավ, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Տեսնում եմ, տեսնում եմ, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ, դուք ծիծաղում եք ինձ վրա, որ ես զինվորական չլինելով, ռազմական պատմությունից եմ օրինակներ բերում։ Դե ինչ արած, այդպիսի հակում ունեմ, սիրում եմ ռազմական գործը, սիրում եմ կարդալ ռազմական նյութերը... ուղղակի անտեսել եմ իմ կարիերան։ Հիրավի, ես պետք է իբրև զինվորական ծառայեի։ Գուցե Նապոլեոն չդառնայի, բայց մայոր հո կլինեի, քա՛հ֊քա՛հ-քա՛հ։ Հա՛, սիրելիդ իմ, հիմա ես ձեզ մանրամասն կասեմ ամբողշ ճշմարտությունը այն ''մասնակի դեպքի'' դեպքի մասին, պարոնիս ասեմ՝ իրականությունը և բնությունը կարևոր բաներ են ու երբեմն ամենաճշգրիտ հաշվարկն էլ ապարդյուն են դարձնում։ Է՛, լսեցեք ծերունուս, լուրջ եմ ասում, Ռոդիոն Ռոմանովիչ (այս ասելով, հազիվ երեսունհինգ տարեկան դարձած Պորֆիրի Պետրովիչը իրոք որ կարծես հանկարծ բոլորովին ծերացավ. նույնիսկ ձայնն էլ փոխվեց, և նա մի տեսակ կուչ եկավ), հետո ես սրտաբաց մարդ եմ... սրտաբա՞ց մարդ եմ, թե՞ ոչ, ի՞նչ եք կարծում։ Թվում է, որ միանգամայն այդպես եմ. նման բաները իզուր հաղորդում եմ ձեզ և դրա համար պարգև չեմ պահանջում, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Հա՛, ուրեմն շարունակում եմ. իմ կարծիքով սրամտությունը հիանալի բան է. դա, այսպես ասած, բնության զարդն է և կյանքի սփոփանքը, և ի՛նչ ֆոկուսներ ասես, որ չի կարողանում հորինել, այնպես որ, մի որևէ խեղճ ու կրակ քննիչ որտեղի՞ց կարողանա դրանք կռահել, ինքն էլ իր ֆանտազիայով տարված, ինչպես և միշտ լինում է, որովհետև դե նա է՛լ հո մարդ է։ Հենց միայն բնությունն է փրկում խեղճ քննիչին, այ թե ինչն է ցավալի, իսկ այդ մասին չի էլ մտածի սրամտությամբ տարված երիտասարդությունը, «որը քայլում է բոլոր արգելքների վրայով» (ինչպես դուք երեկ բարեհաճեցիք միանգամայն սրամտորեն և խորամանկաբար արտահայտվել)։ Ասենք թե նա, այսինքն՝ մարդը, ստում է, դա ''մասնակի դեպք'' է, incognito, ու ստում է շատ լավ, միանգամայն խորամանկորեն. թվում է, որ հաղթել է ու պետք է վայելի իր սրամտության պտուղները, իսկ նա թըրը՜մփ, ուշագնաց ընկնում է, այն էլ ամենահետաքրքիր և ամենախայտառակ տեղում։ Գուցե և դա հիվանդությունից է, օդն էլ սենյակներում երբեմն ծանր է լինում, բայց և այնպես, բայց և այնպես նա, այդ մարդը, կասկածելու առիթ է տալիս։ Հիանալի ստել է նա, բայց չի կարողացել բնությանը ապավինել։ Ահա թե որտեղ է նենգամտությունը։ Մի այլ անգամ, իր սրամտության աշխուժությամբ տարված, սկսում է հիմարի տեղ դնել իրեն կասկածող մարդուն, սփրթնում է ասես դիտմամբ, ասես խաղ անելով, բայց ''միանգամայն բնականորեն'' է սփրթնում, միանգամայն մոտ է լինում ճշմարտությունը, և ահա նա դարձյալ կասկածելու առիթ է տալիս, թեև առաջին անգամից խաբում է, բայց գիշերվա ընթացքում մտատանջության մեջ է ընկնում, եթե ինքը վրիպող պտուղ չէ։ Ու ամեն քայլափոխում էլ այդպես է։ Եվ ի՞նչ․ ինքն է սկսում առաջ վազել, սկսում է քիթը խոթել այնտեղ, ուր չեն խնդրում, սկսում է անընդհատ խոսել այնպիսի բաների մասին, որոնք, ընդհակառակը, պետք է լռության տալ, սկսում է զանազան այլաբանություններ մեջտեղ բերել, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Ինքն է գալիս ու հարցնում՝ ինչո՞ւ ինձ այսքան երկար ժամանակ չեն բռնում, քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Եվ դա կարող է պատահել ամենասրամիտ մարդու, հոգեբանի ու գրականագետի հետ։ Բնությունը հայելի է, ամենաթափանցիկ հայելի, նայիր դրան և հիացիր, ա՛յ թե ինչ։ Հա՛, ինչո՞ւ այդպես գունատվեցիք, Ռոդիոն Ռոմանովիչ, օդը հո ծանր չէ՞ ձեզ համար, լուսամուտը չբանա՞մ։
— Օ, խնդրեմ չանհանգստանաք,— գոչեց Ռասկոլնիկովը ու հանկարծ սկսեց քրքջալ,— խնդրեմ չանհանգստանաք։
Պորֆիրին կանգ առավ նրա դիմաց, սպասեց ու հանկարծ ինքն էլ սկսեց քրքջալ։ Ռասկոլնիկովը վեր կացավ բազմոցից, անսպասելիորեն, միանգամից դադարեցրեց բոլորովին տարօրինակ իր ծիծաղը։
— Պորֆիրի Պետրովիչ,— ասաց նա բարձրաձայն ու կտրուկ, թեև հազիվ էր կանգնում դողացող ոտքերի վրա,— ես, վերջապես, պարզ տեսնում եմ, որ դուք ուղղակի կասկածում եք, թե ես եմ սպանել այն պառավին և նրա քրոջը, Լիզավետային։ Իմ կողմից հայտարարում եմ ձեզ, որ այդ ամենը վաղուց ձանձրացրել է ինձ։ Եթե գտնում եք, որ ինձ օրենքով հետապնդելու իրավունք ունեք, ապա հետապնդեցեք, եթե գտնում եք, որ ձերբակալելու իրավունք ունեք, ձերբակալեցեք։ Բայց ես թույլ չեմ տա ինձ ձեռ առնել ու տանջել...
Հանկարծ նրա շրթունքները սկսեցին դողալ, աչքերը փայլեցին կատաղությունից և ուժգին հնչեց ձայնը, որ մինչև այժմ զուսպ էր։
— Թույլ չե՛մ տա,— բղավեց նա հանկարծ, բռունցքը ամբողջ ուժավ մեկ խփելով սեղանին,— լսո՞ւմ եք դուք, Պորֆիրի Պետրովիչ, թույլ չեմ աա։
— Ախ, տեր աստված, էլի ի՞նչ պատահեց,— գոչեց ըստ երևույթին բոլորովին վախեցած Պորֆիրի Պետրովիչը,— հարգելի Ռոդիոն Ռոմանովիչ, բարեկամս, պատվելիս, ինչ պատահեց ձեզ։
— Թույլ չե՛մ տա,— նորից բղավեց Ռասկոլնիկովը։
— Սիրելիս, կամաց, ախր կլսեն, կգան, ի՞նչ պիտի ասենք նրանց, մտածեցեք,— սարսափահար Պորֆիրի Պետրովիչը՝ դեմքը հուպ մոտեցնելով Ռասկոլնիկովի դեմքին։
— Չե՛մ թույլ տա, չե՛մ թույլ տա,— մեքենայաբար կրկնում էր Ռասկոլնիկովը՝ բայց նույնպես հանկարծ բոլորովին շշնջալով։
Պորֆիրին արագ շուռ եկավ ու նետվեց լուսամուտը բանալու։
— Թարմ օդ է հարկավոր։ Ջուր խմեիք, բարեկամս, ախր դա նոպա է։— Եվ նա նետվեց դեպի դուռը, հրամայելու, որ ջուր բերեն, բայց հենց այնտեղ, անկյունում ջրամանով ջուր էր դրված։
— Պատվելիս, խմեցեք,— շշնջաց նա՝ ջրամանը ձեռքին վազելով դեպի Ռասկոլնիկովը,— գուցե օգնի...— Պորֆիրի Պետրովիչի վախը և կարեկցությունը այնքան բնական էին, որ Ռասկոլնիկովը լռեց ու սկսեց սուր հետաքրքրությամբ նայել նրան։ Սակայն նա ջուր չխմեց։
— Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիս, ախր այդպիսով դուք ձեզ կգժվեցնեք, հավատացնում եմ ձեզ, օ, օ՛ֆ։ Խմեցեք, դե գոնե մի քիչ խմեցեք, էլի։
նա ուղղակի ստիպեց Ռասկոլնիկովին վերցնել ջրով լեցուն բաժակը։ Ռասկոլնիկովը մեքենայաբար բաժակը մոտեցրեց շրթունքներին, բայց ուշքի գալով, բաժակը զզվանքավ դրեց սեղանին։
— Այո, դա նոպա էր։ Այդ կերպ դուք, բարեկամս, կվերադարձնեք ձեր առաջվա հիվանդությունը,— բարեկամական տոնով ասաց Պորֆիրի Պետրովիչը, որը դեռ էլի ինչ-որ շփոթված տեսք ուներ։— Տեր աստված, ախր դուք ձեզ լավ չեք պահպանում։ Երեկ Դմիտրի Պրոկոֆիչն էլ ինձ մոտ եկավ։ Համաձայն եմ, համաձայն եմ, որ իմ բնավորությունը խայթող է, վատթար, իսկ սրանք այ թե դրանից ինչ են հետևեցրել... Տեր աստված, եկավ երեկ, ձեզնից հետո, մենք ճաշեցինք, հա՛ խոսում էր ու խոսում, ես հենց միայն լսում էի. հը՛մ, մաածում եմ... օ՛, տեր աստվպծ, ձեր կողմի՞ց էր եկել, թե ինչ։ Դե նստեցեք, էլի՛, բարեկամս, ի սեր Քրիստոսի, նստեցեք։
— Ոչ, իմ կողմից չէր եկել, բայց ես գիտեի, թե նա ինչի համար էր եկել ձեզ մոտ,— խիստ տոնով պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Գիտեի՞ք։
— Գիտեի։ Հետո ի՞նչ։
— Այն, օր ես ձեր ուրիշ սխրագործություններն էլ գիտեմ, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ. ամեն բանի տեղյակ եմ. ես գիտեմ, թե ինչպես գուք հենց գիշերամտին, երբ մթնել էր, գնացել էիք ''բնակարան վարձելու'', զնգզնգացրել էիք զանգակը, արյան մասին էիք հարցրել, շփոթեցրել էիք ներկարարներին ու դռնապաններին։ Ես հո հասկանում եմ այն ժամանակվա ձեր հոգեկան տրամադրությունը... Ախր դուք այդ կերպ կգժվեցնեք ձեզ, հոգիս վկա։ Դուք ձեզ կորցնում եք։ Ձեր մեջ շատ ուժեղ, ազնիվ զայրույթ է առաջացել նախ՝ բախտի հարվածներից, հետո էլ թաղապետների պատճառած վիրավորանքներից, և ահա դուք դես-դեն եք ընկնում, որպեսզի, այսպես ասած, բոլորին ստիպեք խոսք բացել և դրանզվ միանգամից ամեն ինչ վերջացնել, որովհետև ձեզ ձանձրացրել են այդ հիմարությունները և այդ բոլոր կասկածները։ Այդպես է, չէ՞, կռահեցի՞ ձեր տրամադրությունը։ Միայն թե դուք այդ կերպ ոչ միայն ձեզ, այլև Ռազումիխինին էլ ուժասպառ կանեք, չէ՞ որ նա շատ ''բարի'' մարդ է և կարող է այդ վիճակին հասնել, ինքներդ գիտեք։ Դուք հիվանդություն ունեք, իսկ նա՝ առաքինություն, հիվանդությունը նրան էլ է կպչում։ Երբ հանգստանաք, ես ձեզ մի բան կպատմեմ... Դե նստեցեք, էլի, ի սեր Քրիստոսի, խնդրում եմ, հանգստացեք, ձեր երեսին գույն չի մնացել, նստեցե՛ք։
Ռասկոլնիկովը նստեց, նրա դողն անցնում էր, և տաքությունը դուրս էր գալիս ամբողջ մարմնով մեկ։ Խորին զարմանքով, լարված լսում էր նա վախեցած և բարեկամաբար իրեն մասին հոգացող Պորֆիրի Պետրովիչին։ Բայց նա չէր հավատում վերջինիս ոչ մի խոսքին, թեև հավատալու մի ինչ-որ տարօրինակ ցանկություն էր զգում։ Բնակարանի վերաբերյալ Պորֆիրիի անակնկալ խոսքերը նրան բոլորովին ապշեցրել էին․ «Հը՛մ, ուրեմն սա գիտե բնակարանի մասին և հենց ինքն էլ այդ պատմում է ինձ», մտածեց Ռասկոլնիկովը։
— Այո, մեր դատական պրակտիկայում եղավ համարյա այսպիսի մի դեպք, հոգեբանական, հիվանդագին մի դեպք,— շուտասելուկով շարունակեց Պորֆիրին։— Մեկը իրեն հայտարարել էր մարդասպան, այն էլ ինչպե՜ս, մի ամբողջ հալյուցինացիա մոգոնեց, փաստեր ներկայացրեց, պատմեց հանգամանքները, շփոթեցրեց, մոլորեցրեց բոլորին և ամեն մեկին, և ի՞նչ․ նա մասամբ, առանց որևէ դիտավորության, սպանության պատճառ էր եղել, միայն թե մասամբ, ու հենց որ իմացավ, որ սպանության առիթ էր տվել, վշտացավ, շշմեց, ցնդվեց, բոլորովին խելքը թռցրեց ու ինքն իրեն հավատացրեց, թե հենց ինքն է մարդասպանը։ Վերջապես, կառավարիչ սենատը քննեց գործը, ու դժբախտը արդարացվեց, հանձնվեց խնամակալության։ Շնորհակալություն կառավարիչ սենատին։ Է-է-հե՛, ա՛յ-ա՛յ-այ, ախր դրանից ի՞նչ է հետևում, պատվելիս, այդ կերպ կարելի է տենդային վիճակի հասնել, երբ նման հակումները մարդուն ջղագրգիռ են դարձնում, ստիպում են գիշերով գնալ զանգակ զնգզնգացնել, արյան մասին հարցնել։ Գործնականում ես հո ուսումնասիրել եմ այդ ամբողջ հոգեբանությունը։ Այդ կերպ հո բանը կարող է այնտեղ հասնել, որ մարդը լուսամատից կամ զանգակատնից ներքև կգլորվի, նման զգացումը գայթակղիչ կլինի։ Հըմ, զանգակը զնգզնգացնե՜լը․․․ Հիվանդություն է դա, Ռոդիոն Ռոմանովիչ, հիվանդություն է։ Շատ եք անտեսել ձեր հիվանդությունբ։ Գոնե խորհուրդ հարցնեիք փորձված բժշկից, թե չէ ձեր այն հաստափորը ի՛նչ է որ... Զառանցանքի մեջ եք դուք, այդ բոլորը զառանցանքի մեջ է կատարվում․․․
Մի ակնթարթ ամեն ինչ պտույտ եկավ Ռասկոլնիկավի շուրջ։
«Մի՞թե, մի՞թե սա հիմա էլ է ստում,— անցավ նրա մտքով։— Անկարելի է, անկարելի,— վանում էր նա այդ միտքը՝ նախապեա զգալով, թե դա իրեն ինչպիսի կատաղության ու զայրույթի կարող է հասցնել, զգալով, որ ինքը կարող է խելագարվել կատաղությունից»։
— Այդ եղել է ոչ թե զառանցանքի մեջ, այլ հարթմնի վիճակում,— գոչեց նա՝ լարելավ իր բանականության ամբողջ ուժը, որպեսզի խորամուխ լիներ Պորֆիրիի խաղին։— Հարթմնի, հարթմնի վիճակում, լսո՞ւմ եք։
— Այո, հասկանում եմ և լսում։ Դուք երեկ էլ ասում էիք, թե զառանցանքի մեջ չի եղել, նույնիսկ առանձնապես շեշտում էիք, որ զառանցանքի մեջ չի եղել։ Այն ամենը, ինչ որ դուք կարող եք ասել, հասկանում եմ։ Է֊է֊հե՛․․․ Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիդ իմ, հապա լսեցեք թեկուզ հենց այս հանգամանքը։ Եթե դուք իրոք, իսկապես հանցավոր լինեիք կամ որևէ կերպ մասնակից լինեիք այս անիծված գործին, մի՞թե ինքներդ կպնդեիք, որ այդ բոլորը արել եք ոչ թե զառանցանքի մեջ, այլ ընդհակառակը, միանգամայն զգաստ վիճակում։ Այն էլ առանձնապես պնդում եք, մի առանձին համառությամբ պնդում, էլ ինչպե՞ս կարող էր, էլ ինչպե՞ս կարող էր այդ լինել, ներեցեք։ Չէ՞ որ, ըստ իս, բոլորովին ընդհակառակը։ Չէ՞ որ եթե դուք որևէ մեղք ունենայիք, պետք է պնդեիք, թե դա անպայման զառանցանքի մեջ է եղել։ Այդպե՞ս է, հո այդպե՞ս է։
Ինչ֊որ նենգամտություն էր արտահայտում այդ հարցը։ Ռասկոլնիկովը ընկրկեց դեպի իրեն թեքված Պորֆիրիից, թիկնեց բազմոցի թիկնակին և լուռ, տարակուսանքով, սևեռուն նայեց նրան։
— Հիշենք պարան Ռազումիխինին, այսինքն այն, թե արդյո՞ք նա երեկ իր կողմից էր եկել խոսելու, թե՞ ձեր դրդմամբ էր եկել։ Դուք պետք է ասեիք, որ իր կողմից էր եկել ու թաքցնեիք, որ դա ձեր դրդմամբ էր եղել։ Բայց չէ՞ որ դուք այդ չեք թաքցնում։ Դուք հո պնդում եք, որ հենց ձեր դրդմամբ էր եկել։
Ռասկոլնիկովը երբեք այդ չէր պնդել։ Նրա մեջքով սարսուռ անցավ։
— Դուք հա՛ ստում եք,— ասաց նա թույլ ձայնով ու դանդաղ, հիվանդագին ժպիտից ծռմռվող շրթունքներով,— դուք էլի ուզում եք ինձ ցույց տալ, թե գիտեք իմ ամբողջ խաղը, նախապես գիտեք իմ բոլոր պատասխանները ավելացրեց նա՝ ինքն էլ համարյա զգալով, որ արդեն ինչպես հարկն է չի կշռադատում իր ասածը,— ուզում եք վախեցնել ինձ... կամ ուղղակի ծիծաղում եք ինձ վրա...
Այս ասելով, նա շարունակեց դեմ առ դեմ նայել Պորֆիրիին, ու հանկարծ կրկին անսահման ցասումը առկայծեց նրա աչքերում։
— Դուք շարունակ ստում եք,— գոչեց նա։— Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ ոճրագործի համար ամենից լավ է հնարավորին չափ ճշմարտությունն ասել... հնարավորին չափ չթաքցնել այն, ինչ որ կարելի է չթաքցնել։ Ես ձեզ չեմ հավատում։
— Ա՛յ թե ինչպես եք դես֊դեն ընկնում,— քրքջաց Պորֆիրին,— ձեզ հետ դժվար է գլուխ հանել. ինչ֊որ մենամոլություն կա ձեր մեջ։ Ուրեմն չե՞ք հավատում ինձ։ Իսկ ես ձեզ կասեմ, որ արդեն հավատում եք, արդեն քառորդ արշինի չափ հավատացել եք, իսկ ես կաշխատեմ, որ հավատաք մի ամբողջ արշինի չափ, որովհետև իրոք սիրում եմ ձեզ և անկեղծորեն ձեզ բարիք եմ ցանկանում։
Ռասկոլնիկովի շրթունքները ղողացին։
— Այո, ցանկանում եմ,— շարունակեց Պորֆիրին՝ թեթևակի, բարեկամաբար բռնելով Ռասկոլնիկովի թևը, արմունկից քիչ վերև,— վերջնականապես եմ ասում ձեզ՝ հետամուտ եղեք ձեր հիվանդությանը։ Մանավանդ որ ձեզ մոտ է եկել ձեր ընտանիքը․ մտածեցեք նրա մասին։ Հարկավոր է նրանց հանգստացնել, գուրգուրել, իսկ դուք նրանց վախեցնում եք...
— Ձեր ի՞նչ գործն է, դուք այդ որտեղի՞ց գիտեք, ինչո՞ւ եք այդպես հետաքրքրվում։ Ուրեմն դուք հետամտում եք ինձ և ուզում եք այդ ինձ ցո՞ւյց տալ։
— Պատվելիս, չէ՞ որ հենց ձեզնից, հենց ձեզնից իմացա այդ ամենը։ Դուք չեք էլ նկատում, որ հուզված վիճակում ամեն ինչ կանխավ ասում եք և՛ ինձ, և՛ ուրիշներին։ Պարոն Ռազումիխինից, Դմիտրի Պրոկոֆիչից նույնպես երեկ հետաքրքիր շատ մանրամասնություններ իմացա։ Դուք ինձ ընդհատեցիք, իսկ ես ձեզ կասեմ, որ ձեր կասկածամտության հետևանքով, ձեր ամբողջ սրամտությամբ հանդերձ դուք բարեհաճել եք նույնիսկ կորցնել առողջ դատողությունը իրերի դրության նկատմամբ։ Զորօրինակ, թեկուզ վերցնենք նույն թեման զանգակների մասին․ այդ տեսակ թանկարժեք բանը, այդ տեսակ փաստը (հո մի ամբողջ փաստ է) ես հենց այնպես, ոտով-գլխով ձեզ հայտնեցի, հենց ես, քննիչս։ Եվ դուք դրա մեջ ոչինչ չե՞ք տեսնում։ Եթե ես ձեր նկատմամբ թեկուզ մի քիչ կասկածեի, մի՞թե այդպես կվարվեի։ Ընդհակառակը, ես պետք է սկզբից փարատեի ձեր կասկածանքները և ցույց չտայի, որ այդ փաստին արդեն տեղյակ եմ, ձեր ուշադրությունը շեղեի հակադիր կողմը, ու հանկարծ, ոնց որ կացնով խփես մարդու գլխին (ըստ ձեր արտահայտության), ձեզ շշմեցնեի. «Հը, պարոն,— ասեի,— ի՞նչ էիք բարեհաճում անել սպանվածի բնակարանում երեկոյան ժամը տասին, համարյա թե տասնմեկին, ինչո՞ւ էիք զանգահարում, ինչո՞ւ էիք հարցնում արյան մասին, ինչո՞ւ էիք դռնապաններին շփոթեցնում և պորուչիկի մոտ, թաղամաս կանչում»։ Ահա թե ես ինչպես պիտի վարվեի, եթե ձեր նկատմամբ թեկուզ մի կաթիլ կասկած ունենայի։ Հարկավոր կլիներ ինչպես հարկն է ձեզնից ցուցմունքներ վերցնել, խուզարկություն կատարել ու թերևս ձերբակալել ձեզ... Եթե ես այլ կերպ եմ վարվել, ուրեմն ձեր դեմ կասկածներ չունեմ։ Իսկ դուք, կրկնում եմ, կորցրել եք ձեր առողջ դատողությունը և ոչինչ չեք տեսնում։
Ռասկոլնիկովը ցնցվեց ամբողջ մարմնով, այնպես որ Պորֆիրի Պետրովիչը շատ պարզ նկատեց այդ բանը։
— Դուք էլի ստո՛ւմ եք,— գոչեց նա,— ես չգիտեմ ձեր նպատակները, բայց դուք հա՛ ստում եք... Առաջ դուք այդպես չէիք խոսում, ես չեմ սխալվում... Դուք ստո՛ւմ եք։
— Ե՞ս եմ ստում,—վրա բերեց Պորֆիրին, ըստ երևույթին տաքանալով, սակայն պահպանելով իր բոլորովին ուրախ ու ծաղրալի տեսքը, կարծես բնավ չանհանգստանալով, որ իր մասին այդպիսի կարծիք ունի պ. Ռասկոլնիկովը։— Ե՞ս եմ ստում... Հապա քիչ առաջ ես ինչպե՞ս վարվեցի ձեզ հետ (հենց ես, քննիչս), չէ՞ որ ինքս ձեզ հուշեցի ու տվի պաշտպանության բոլոր միջոցները, ինքս ձեզ հրամցրի այդ ամբողջ հոգեբանությունը. «Հիվանդություն է,— ասացի,— զառանցանք է, վիրավորանք թաղապետների կողմից, մելամաղձոտություն» և այլն, և այլն» Չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Սակայն, ի դեպ ասեմ, պաշտպանության այդ բոլոր հոգեբանական միջոցները, հնարքներն ու պատրվակները շատ անհիմն են ու կասկածելի, որպես թե «հիվանդություն է, զառանցանք, տեսիլքներ, այդպես է թվացել, չեմ հիշում». այդ բոլորը այդպես է, բայց ինչո՞ւ, պատվելիս, հիվանդ վիճակում և զառանցանքի մեջ միշտ այդպիսի տեսիլքներ են պատկերանում և ոչ թե ուրիշները։ Կարող էին և այլ տեսիլքներ լինել, այնպես չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
Ռասկոլնիկովը հպարտությամբ և արհամարհանքով նայեց նրան։
— Մի խոսքով,— կտրուկ և բարձրաձայն ասաց նա, վեր կենալով և մի քիչ ետ հրելով Պորֆիրիին,— մի խոսքով, ես ուզում եմ գիտենալ, թե արդյոք դուք ինձ վերջնականապես ազա՞տ եք համարում կասկածներից, թե ոչ: Ասացեք, Պորֆիրի Պետրովիչ, ասացեք հաստատ ու վերջնականապես, շո՛ւտ, հենց հիմա՛։
— Ա՛յ քեզ գլխացավանք, ձեզ հետ գլխացավանքն անպակաս է,— գոչեց Պորֆիրին միանգամայն ուրախ, նենգավոր և բնավ չանհանգստացած տեսքով։— Ախր ձեր ինչի՞ն է պետք այդ գիտենալ, ձեր ինչի՞ն է պետք այդքան շատ բան գիտենալ, եթե դեռ բոլորովին էլ չեն սկսել ձեզ անհանգստացնել։ Դուք կարծես երեխա լինեք, ձեռքերդ դեպի կրակն եք պարզում։ Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում, ինչո՞ւ եք ձեզանով զբաղվելու առիթ տալիս մեզ, ի՞նչ պատճառներով, հը՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
— Կրկնում եմ, որ այլևս չեմ կարող այդ բոլորը տանել...— ցասկոտ գոչեց Ռասկոլնիկովը։
— Ի՞նչը, անորոշ դրությո՞ւնը,— ընդհատեց Պորֆիրին։
― Մի՛ խայթեք ինձ, ես չեմ ուզում այդ բոլորը տանել ... Ասում եմ ձեզ, որ չեմ ուզում... Չեմ կարող և չեմ ուզում․․․ Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք,— բղավեց Ռասկոլնիկովը՝ դարձյալ բռունցքը խփելով սեղանին։
— Կամաց, է՛, կամա՛ց, ախր կլսեն, լրջորեն եմ նախազգուշացնում. զսպեցեք ձեզ։ Ես չեմ կատակում, շշնջալով ասաց Պորֆիրին, բայց այս անգամ նրա դեմքին արդեն չկար քիչ առաջվա կանացիորեն բարեհոգի ու երկչոտ արտահայտությունը. ընդհակառակը, հիմա նա ուղղակի ''հրամայում էր''՝ խստորեն կիտելով հոնքերը ու կարծես մի անգամից խախտելով բոլոր գաղտնիքներն ու երկիմաստությունները։ Բայց դա միայն մի ակնթարթ տևեց։ Շփոթված Ռասկոլնիկովը հանկարծ իսկական մոլեգնության հասավ․ բայց, տարօրինակ բան, նա դարձյալ հնազանդվեց կամաց խոսելու հրամանին, թեև կատաղության ամենաուժեղ մոլուցքով էր բռնված։
— Ես թույլ չեմ տա ինձ տանջել,— շշնջաց նա ինչպես քիչ առաջ, ցավով ու ատելությամբ, վայրկենապես գիտակցելով, որ չի կարող չենթարկվել հրամանին, և է՛լ ավելի կատաղելով այդ մտքից,— ձերբակալեցեք ինձ, խուզարկեցեք ինձ, բայց հաճեցեք գործել ընդունված ձևով և ոչ թե խաղ անել ինձ հետ։ Չհամարձակվեք...
— Ձևի մասին մի անհանգստանաք,— ընդհատեց Պորֆիրին առաջվա նենգավոր քմծիծաղով և կարծես հաճոյալից նայելով Ռասկոլնիկովին,— ես ձեզ, պատվելիս, հրավիրել եմ տնական ձևով, միանգամայն բարեկամաբար։
— Չեմ ուզում ձեր բարեկամությունը և թքում եմ դրա վրա, լսո՞ւմ եք։ Ահա վերցնում եմ գլխարկս և գնում։ Հապա, այժմ ի՞նչ կասես, եթե մտադիր ես ձերբակալել։
Նա վերցրեց գլխարկը և քայլեց դեպի դուռը։
— Իսկ մի՞թե չեք ուզում սյուրպրիզը տեսնել, քքջաg Պորֆիրին՝ դարձյալ արմունկից վերև բռնելով նրա թևից և դռան մոտ կանգնեցնելով նրան։ Ըստ երևույթին նա ավելի և ավելի ուրախ ու աշխույժ տեսք էր ընդունում, իսկ դա Ռասկոլնիկովին վերջնականապես հանում էր համբերությունից։
— Սյուրպրի՞զ, ի՞նչ է դա, ի՞նչ սյուրպրիզ,— հարցրեց նա հանկարծ կանգ առնելով ու երկչոտ նայելով Պորֆիրիին։
— Uյուրպրիզ է, էլի, հենց այստեղ, դռան ետևն է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ (Նա մատով ցույց տվեց միջնորմի փակված դուռը, որի ետևում իր պետական բնակարանն էր)։— Ես նրան փակել եմ, որ չփախչի։
— Ի՞նչ բան է դա, ո՞ւր է, ի՞նչ է...— Ռասկոլնիկովը մոտեցավ դռանը և ուզեց բաց անել, բայց դուռը փակված էր։
— Փակված է, ա՛յ, բանալին։
Եվ իրոք, Պորֆիրին գրպանից հանեց ու ցույց տվեց բանալին։
— Ստում ես դու,— բղավեց Ռասկոլնիկովը՝ արդեն չզսպելով իրեն,— ստում ես, անիծված խեղկատակ,— ու նետվեց դեպի դուռը ընկրկած, բայց ամենևին չվախեցած Պորֆիրիի վրա։
— Ես ամեն ինչ, ամեն ինչ հասկանում եմ,— վրա տվեց նա Պորֆիրիին։— Դու ստում և ձեռ ես առնում ինձ, որպեսզի ես ինձ մատնեմ...
— Դուք արդեն մատնեցիք ձեզ, հարգելի Ռոդիոն Ռոմանովիչ։ Դուք հո կատաղության հասաք։ Մի գոռաք, թե չէ մարդիկ կկանչեմ։
— Ստում ես, բան չի դուրս գա, կանչիր մարդկանց։ Դու գիտեիր, որ ես հիվանդ եմ, և ուզում էիր ինձ ջղայնացնել, կատաղության հասցնել, որ ես ինձ մատնեմ, ահա քո նպատակը։ Ոչ, դու փաստեր բեր։ Ես ամեն ինչ հասկացա։ Դու փաստեր չունես, դու միայն ապարդյուն, չնչին ենթադրություններ ես անում Զամետովի նման... Դու գիտեիր իմ բնավորությունը, ուզում էիր ինձ մոլեգնության հասցնել, հետո էլ հանկարծ շշմեցնել տերտերներով, դեպուտատներով... Դու սպասո՞ւմ ես նրանց, հա՞, ինչո՞ւ ես սպասում, ո՞ւր են, դե բեր։
— Այստեղ ի՞նչ դեպուտատներ կարող են լինել, պատվելիս։ Տե՛ս թե մարդը ինչեր է երևակայում։ Այստեղ չի էլ կարելի ձեր ասած ձևով վարվել, դուք գործը չգիտեք, սիրելիս... Ձևը չի փախչի, ինքներդ կտեսնեք...— փնթփնթում էի Պորֆիրին՝ ականջը դռան կողմը պահած։
Եվ իրոք, այդ ժամանակ դռան ետևից, մյուս սենյակից ինչ-որ աղմուկ լսվեց։
— Հը՛մ, գալիս են,— բղավեց Ռասկոլնիկովը,— դու կանչել էիր նրանց... Դու սպասում էիր նրանց, դու այդ հաշվի էիր առել... Դեհ, բեր այստեղ բոլորին, դեպուտատներին, վկաներին, էլ ի՞նչ ես ուզում... բեր, էլի, ես պատրաստ եմ, պատրաստ եմ...
Բայց այստեղ պատահեց տարօրինակ մի դեպք, իրերի սովորական ընթացքում այնքան անսպասելի մի բան, որ, իհարկե, ո՛չ Ռասկոլնիկովը, ո՛չ էլ Պորֆիրի Պետրովիչը չէին կարող այդպիսի վախճան սպասել։
== VI ==