Changes

Ոճիր և պատիժ, Վեցերորդ մաս

Ավելացվել է 2 բայտ, 09:45, 19 Հունվարի 2016
/* VI */
Այդ ամբողջ երեկոն մինչև ժամը տասը նա անցկացրեց զանազան պանդոկներում և անբարո տեղերում՝ անցնելով մեկից մյուսը։ Որտեղից որտեղ հայտնվեց նաև Կատյան, որը այս անգամ երգում էր մի ուրիշ լակեյական երգ այն մասին, թե ինչպես «ստոր և բռնակալ» ինչ֊որ մեկը
::Սկսեց համբուրել Կատյային։
Սվիդրիգայլովը խմեցրեց թե՛ Կատյային, թե՛ երգեհոնահարին, երգիչներին, սպասավորներին և թե՛ երկու ինչ֊որ գրագիրների։ Այդ գրագիրների հետ նա գլուխ դրեց հատկապես այն պատճառով, որ նրանք երկուսն էլ ծուռ քթերով էին. մեկի քիթը ծռված էր աջ կողմը, մյուսինը՝ ձախ կողմը։ Դա ապշեցրեց Սվիդրիգայլովին։ Ի վերջո գրագիրները նրան տարան մի ինչ֊որ զվարճացուցիչ այգի, որտեղ նա վճարեց մուտքի և այլ ծախսերի համար։ Այդ այգում կար մի բարալիկ, եռամյա եղևնի և երեք թուփ։ Կառուցված էր «դահլիճ», փաստորեն օղետուն, բայց այնտեղ կարելի էր նաև թեյ ստանալ, մի քանի կանաչ սեղաններ և աթոռներ էին դրված։ Հաճախորդներին զվարճացնում էր վատ երգիչների խումբը, ինչպես և մյունխենցի մի հարբած, կարմրաքիթ գերմանացի, որը ծաղրածուի էր նմանվում և չգիտես ինչու խիստ տխուր տեսք ուներ։ Գրագիրները վեճի բռնվեցին ուրիշ ինչ-որ գրագիրների հետ և քիչ մնաց տուրուդմբոց սարքեին։ Սվիդրիգայլովին նրանք դատավոր ընտրեցին, Քառորդ ժամ դատում էր նա, բայց նրանք այնպես էին բղավում, որ բոլորովին հնարավոր չէր որևէ բան հասկանալ։ Իսկությունն այն էր, որ նրանցից մեկը ինչ-որ իր էր գողացել և նույնիսկ տեղնուտեղը ծախել վրա հասած ջհուդի. բայց, ծախելով, չուզեց բաժին հանել իր ընկերոջը։ Ի վերջո պարզվեց, որ վաճառված իրը թեյի գդալ էր, պատկանում էր օղետանը։ Այստեղ իմացան այդ, ու գործը է՛լ ավելի բարդացավ։ Սվիդրիգայլովը վճարեց գդալի արժեքը, վեր կացավ և դուրս ելավ այգուց։ Ժամը մոտ տասն էր։ Այդ ամբողջ ժամանավա ընթացքում նա ոչ մի կաթիլ գինի չխմեց, միայն թեյ պահանջեց, այն էլ պատշաճություն պահպանելու համար։ Երեկոն հեղձուցիչ էր ու մռայլ։ Մինչև ժամը տասը բոլոր կողմերից ահավոր սև ամպեր կուտակվեցին, պայթեց որոտը, ու ջրվեժի պես անձրև թափվեց։ Անձրևաջուրը ոչ թե կաթիլներով էր տեղում, այլ առատորեն հոսում, խփում էր գետնին։ Րոպե առ րոպե շողշողում էր կայծակը, ու մի ցոլքից մինչև մյուսը կարելի էր հաշվել մինչև հինգը։ Սվիդրիգայլովը ամբողջովին թրջված հասավ տուն, փակեց դուռը, բացեց իր բյուրոն, հանեց իր բոլոր փողերը և պատառոտեց երկու-երեք թուղթ։ Այնուհետև փողերը դնելով գրպանը, նա ուզեց փոխել հագուստը, բայց նայելով պատուհանից ու ականջ դնելով ամպրոպին ու անձրևին, ձեռքը թափ տվեց, վերցրեց լայնեզր գլխարկը ու դուրս ելավ առանց բնակարանը փակելու։ Նա գնաց ուղղակի Սոնյայի մոտ։ Սոնյան տանն էր։
Վստահելի
1318
edits