Changes
Վհուկը
,|վերնագիր = Վհուկը
|հեղինակ = [[Անտոն Չեխով]]
|թարգմանիչ = [[Դ. ԴեմիրնյանԴեմիրճյան]]
|աղբյուր =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Գիշերվա մոտ էր։ Տիրացու Սավելի Գիկինը պառկել էր իր համար եկեղեցու պահականոցում ահագին անկողնում և չէր քնում, թեպետ միշտ սովորություն ուներ քնելու հավերի հետ։ Ճարպոտած, բազմագույն չթի կտորտանքով կարած վերմակի մի ծայրից նայում էին նրա շիկակարմիր, կարծր մազերը, մյուս ծայրի տակից ցցվել էին խոշոր, վաղուց չլվացած ոտքերը։ Նա ականջ էր դնում... Նրա պահականոցը խրվել էր պարսպի մեջ, և միակ պատուհանը դուրս էր գալիս դեպի դաշտը։ Իսկ դաշտում մի իսկական պատերազմ էր։ Դժվար էր հասկանալ, թե ով ում էր ջնջում աշխարհից և ում կործանման համար էր բնության մեջ շիլափլավ եփվում, բայց դատելով անլռելի, չարագույժ թնդյունից, ինչ֊որ մեկի բանը շատ վատ էր։ Ինչ֊որ մի անհաղթելի ուժ մեկի հետևից էր ընկել դաշտում, մոլեգնում էր անտառում և եկեղեցու կտրանը, չարությամբ բռունցքներով ծեծում էր պատուհանը, գցում, քրքրում էր, իսկ ինչ֊որ մի հաղթված բան ոռնում էր և լաց լինում... Աղիողորմ լացը լսվում էր մերթ պատուհանի հետևը, մերթ կտուրի վրա, մերթ էլ վառարանում։ Դրա մեջ լսվում էր ոչ թե օգնության կոչ, այլ թախիծ, մի գիտակցություն, որ արդեն ուշ է, փրկություն չկա։ Ձյան թմբերը թեթև ծածկվել էին սառցե բարակ կեղտով, դրանց և ծառերի վրա արցունքներ էին դողում, ճանապարհների և շավիղների վրա շաղվում էր ցեխի և հալած ձյան խյուսը։ Մի խոսքով, գետնի վրա հալհլոց էր, բայց երկինքը մութ գիշերի միջով չէր տեսնում այդ և ինչքան ուժը պատում էր, թափում էր հալած գետնի վրա նոր ձյան փաթիլները։ Իսկ քամին զբոսնում էր հարբածի պես... Նա չէր թողնում, որ ձյունը նստի գետնին և պտտեցնում էր մթության մեջ ինչպես ուզում էր։