Changes

Թավուտում

Ավելացվել է 42 բայտ, 20:24, 24 Մարտի 2013
|հեղինակ = [[Ակուտագավա]]
|թարգմանիչ = Նորայր Ադալյան
|աղբյուր = http://japonialit.blogspot.com
}}
:Դիակի հագին կար բաց կապույտ սույկան2 և կիսամաշ էբոսի գլխարկ3, նրանից, որ դնում են մայրաքաղաքում։ Նա պառկած էր մեջքին։ Այ թե մաքուր գործ է՜ր. մարմնի վրա միայն մի վերք կար. այն էլ ճիշտ կրծքին, իսկ շուրջը թափված բամբուկի չոր տերևները կարծես կենաբարով էին ներծծված։ Ոչ, էլ արյուն չէր հոսում։ Վերքը երևի արդեն չորացել էր։ Հա, մի բան էլ ասեմ, որ վերքի վրա, իմ քայլերից բոլորովին չանհանգստացած, նստել էր մի բոռ։
 :Ասում եք սուսեր կամ նման որևէ բան չկա՞ր։ Ոչ, այնտեղ ոչինչ չկար։ Միայն կրիպտոմերիայի բնի մոտ, որտեղ դիակն էր, մի պարան էր ընկած։ Եվ մեկ էլ... հա՛, հա՛, բացի պարանից կար նաև մի սանր։ Պարանից և սանրից բացի դիակի մոտ էլ ոչինչ չկար։ Իսկ խոտն ու թափված տերեները չորս կողմը տրորված էին, երևի սպանվածը կյանքը էժան չէր տվել։ Ի՞նչ, արդյոք ձի չի՞ եղել։ Ախր այնտեղ ոչ մի ձի էլ չի հասնի։ Ձիու ճամփան ավելի հեռու է, անտառի հետևը։
:ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿ ԿՈՒՍԱԿՐՈՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
:Սպանվածին ես երեկ եմ հանդիպել։ Երեկ... կարծես թե կեսօրին։ Որտե՞ղ։ Սեկիյամայից Յամասինա տանող ճանապարհին։ Ձի նստած մի կնոջ հետ նա գնում էր Սեկիյամա։ Կինը ծածկոցով լայնեզր գլխարկ էր դրել, այնպես որ նրա դեմքը ես չտեսա։ Երևում էր միայն խագիի4 ծաղիկների բանվածքով մետաքսյա շրջազգեստը։ Ձին շիկավուն էր, խոզած բաշով։ Հասա՛կը։  :Սովորականից մոտավորապես չորս սուն բարձր... Ես ախր կուսակրոն եմ, այդպիսի բաներից գլուխ չեմ հանում։ Տղամարդու մո՛տ... այո, նրա մոտ սուր կար՝ գոտուց կախ, իսկ մեջքին՝ նետ ու աղեղ։ Հիմա էլ լավ հիշում եմ, թե ինչպես սև լաքած կապարճից մոտ քսան նետ էր դուրս ցցվել։
:Նույնիսկ մտքովս էլ չէր անցել, որ այդպես կվերջանար։ ճշմարիտն ասած, մարդկային կյանքը անհետանում է վայրկենաբար, ինչպես ցողը, ինչպես կայծակը։ Ա՛խ, ա՜խ, անկարելի է ասել, թե այս ամենը ինչքան ցավալի է։
:ԹԵ ԻՆՉ ԱՍԱՑ ՊԱՀԱՊԱՆԸ ԴԱՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՎՈՐԻ ՄՈՏ, ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
:Այս մա՞րդը, որին ես բռնել եմ։ Սա նշանավոր ավազակ Տաձյոմարան է։ Երբ ես սրան բռնեցի, ձիուց վայր ընկավ և տնքալով պառկեց քարե կամուրջի վրա, այն կամուրջի, որը Ավադագուտայի մոտ է գտնվում։ Ե՞րբ։ Երեկ գիշեր, առաջին պահակության ժամին։ Անցյալ անգամ, երբ մազ էր մնացել, որ նրան բռնեի, հագին նույն կապույտ սույկանն էր և գոտուց կախած սուրը։  :Իսկ այս անգամ, ինչպես տեսնում եք, նրա մոտ նետ ու աղեղ էլ կա։ Ահա թե ինչ։ Դրանք սպանվածի մոտ եղածնե՞րն են։ Դե, այդ դեպքում, անկասկած, սպանությունը կատարել է Տաձյոմարան։ Աղեղը, կաշեպատ, սև լաքած կապարճը, բազեի փետուրներով տասնյոթ նետերը, բոլորը, ուրեմն, պատկանելիս են եղել սպանվածին։ Այո, ձին, ինչպես բարեհաճեցիք ասել, շիկավուն էր, խուզված բաշով։ Երևի այնպես էր վիճակվել, որ ձին նրան թամբից ցած գցի։ Կամուրջից ոչ հեռու ձին խոտ էր պռճոկում, և հետևից քաշ էին գալիս երկար երասանները։
:Այս նույն Տաձյոմարան, որ նման չէ մայրաքաղաքում թրևող մյուս ավազակներին, կանանց համար մեռած է։ Հիշո՞ւմ եք, անցյալ տարի լեռան վրա, Բինձուրային նվիրված Ակիտորիբե տաճարի հետևում, մի կնոջ սպանեցին աղջկա հետ, ըստ երևույթին ուխտագնացներից։ Ասում էին, որ դա նրա ձեռքի գործն է։ Ահա և այս կինը, որ գնում էր շիկավուն ձիով։ Եթե Տաձյոմարան է սպանել տղամարդուն, ապա ո՞ւր է կորել կինը, ի՞նչ է պատահել նրան: Անհայտ է։ Ներեցեք, որ խառնվում եմ ձեր գործերին, բայց հարկավոր է դա հետաքննել։
:Այո, այս դիակը այն նույն մարդունն է, որի հետ ամուսնացած էր իմ աղջիկը։ Միայն թե նա մայրաքաղաքից չէ։ Նա սամուրայ5 էր՝ Կոկուֆուից, որ գտնվում է Վակասայում։ Նրա անունը Կանաձավա Տակեխիրո է, նա քսանվեց տարեկան է։ Ոչ, նա չէր կարող որևէ մեկի չարությունը իր վրա հրավիրել. նա շատ մեղմ բնավորություն ուներ։
 :Իմ դո՛ւստրը։ Նրա անունը Մասագո է, տասնինը տարեկան է։ Նա բնավորությամբ խիզախ է՝ տղամարդուց ոչ պակաս։ Տակեխիրոյից առաջ նա երբեք սիրած չի ունեցել։ Նա թուխ է, ձախ աչքի անկյան մոտ խալ ունի, դեմքը փոքր է և երկարավուն։ :Երեկ Տակեխիրոն աղջկանս հետ ուղևորվեց Վակասա։ Ո՞ր մեղքերիս համար մեզ այսպիսի դժբախտություն հասավ։ Ի՞նչ է պատահել իմ աղջկան։ Փեսայիս ճակատագրի հետ հաշտվել եմ, բայց աղջկաս համար ունեցած տագնապը ինձ հանգիստ չի տալիս։ Ես՝ պառավս, աղաչում եմ ձեզ այն ամենի անունից, ինչ որ սուրբ է, խուզարկեք բոլոր անտառները և մարգագետինները, միայն թե գտեք իմ աղջկան։ Ի՞նչ չարագործն է այդ ավազակը, Տաձյոմարա էիք ասում, ինչ էիք ասում։ Ոչ միայն փեսայիս, այլև աղջկաս... (Որևէ բառ ասելու ուժ չունենալով, լաց է լինում):
:ՏԱՁՅՈՄԱՐԱՅԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈւՆԸ