Changes
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
Լեռնամոտը համարվում էր Հոբիթստանի և անմարդաբնակ տարածքների միջև ընկած բնակելի փոքրիկ շրջանի գլխավոր գյուղը: Մոտակայքում ծվարել էին ևս երեքը. Հիմնը՝ լեռան մյուս կողմում, Կոմբը՝ դեպի արևելք ընկած խորը հովտում և Արչետը՝ Չետի անտառի եզրին: Լեռը և գյուղերը շրջապատված էին երկու-երեք մղոն լայնությամբ վարելահողերի ու պուրակների շերտով:
Այստեղի բնակիչները խարտյաշ, կարճահասակ բայց թիկնեղ ժողովուրդ էին, գնահատում էին ազատությունը և սիրում էին զվարճանալ: Գյուղերը չէին ենթարկվում ոչ ոքի իշխանությանը և իրենք էին տնօրինում իրենց ճակատագիրը: Որքան էլ տարօրինակ լինի, նրանք ավելի պատրաստակամորեն էին իրեն իրենց մոտ ապաստան տալիս հոբիթներին, թզուկներին ու էլֆերին, քան դա ընդունված է մարկանց մոտ: Տեղական ավանդությունների համաձայն, նրանք ապրում էին այստեղ անհիշելի ժամանակներից և սերում էին այս հողերում բնակություն հաստատած ամենաառաջին մարդկային ցեղերից: Քչերին վիճակվեց վերապրել ավագ դարաշրջանի փոթորիկը, բայց, երբ արքաները Ծովի այն կողմից կրկին վերադարձան Միջերկիր, նրանք լեռնամոտցներին գտան նույն տեղում: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել լեռնամոտցիների կյանքում, թեև արքաներն արդեն վաղուց հիշողություն են դարձել:
Մեր պատմության ժամանակներում լեռնամոտցիները հեռավոր արևմուտքում ապրող միակ մարդիկ էին, համենայն դեպս միակը Հոբիթսատանի շրջակայքից հարյուր լիգ հեռավորության վրա, բացառությամբ խորհրդավոր թափառականների, որոնց երբեմն կարելի էր հանդիպել անմարդաբնակ հողերում: Գյուղացիները Տեղացիները նրանց անվանում էին Հետքագետներ, բայց ովքեր էին նրանք և որտեղից, ոչ ոք չգիտեր: Այդ թափառականները սևահեր էին ու հասակով գերազանցում էին լեռնամոտցիներին. ըստ տեղացիների, նրանք սովորական մարդկանցից լավ էին տեսնում, լավ լսում և նույնիսկ հասկանում էին գազանների ու թռչունների լեզուն: Այդ Հետքագետները դեգերում էին հարավում ու արևելքում՝ երբեմն հասնելով մինչև Մշուշապատ, սակայն նրանց թիվը գնալով փոքրանում էր, ու վերջերս առհասարակ հազվադեպ էին հայտնվում: Իսկ երբ հայտնվում էին, լուրեր էին բերում հեռավոր երկրներում կատարվող իրադարձությունների մասին և հին ու զարմանալի ասույթներ էին պատմում, որոնք լսել ցանկացողների քանակը շատ մեծ էր: Եվ այնուամենայնիվ լեռնամոտցիները նրանց չէին սիրում և աշխատում էին հեռու մնալ: Բացի մարդկանցից, Լեռնամոտի շրջանում քիչ չէին նաև հոբիթները: Նրանք պնդում էին, որ Լեռնամոտը հոբիթական ամենահին բնակավայրն է. իբր՝ մենք որ էստեղ ապրում էինք, Բրենդիդուիմի այն ափին իսկի հոբիթի ոտք չէր դիպել, իսկ Հոբիթստանն առհասարակ դեռ գոյություն չուներ: Հոբիթների գլխավոր բնակավայրը համարվում էր Հիմնը, բայց Լեռնամոտում էլ շատ հոբիթական բներ կային՝ հատկապես լեռան լանջին, մարդկանց կացարաններից վերև: Մանր ու խոշոր ժողովուրդը, ինչպես իրենք էին անվանում միմյանց, խաղաղ ու հանգիստ ապրում էին կողք կողքի, ամեն մեկն զբաղվում էր իր գործով ու չէր խանգարում մյուսին, բայց և՛ մարդիկ, և՛ հոբիթները իրենց համարում էին բնիկ լեռնամոտցի: Էլ ուրիշ ոչ մի տեղ աշխարհում այդպիսի յուրօրինակ հարևանություն հնարավոր չէր հանդիպել: Տեղացիները՝ թե՛ մանր, թե՛ խոշոր, արկածների ու ճամփորդությունների սիրահար չէին: Հիմնականում բավարարվում էին շրջանային լուրերով՝ հարևան գյուղերից եկող նորություններով: Ճիշտ է, երբեմն լեռնամոտցի հոբիթները հասնում էին Բրենդիդուիմք, երբեմն էլ նույնիսկ մինչև արևելյան ծայրամաս, սակայն հոբիթստանցիները Լեռնամոտ, կարելի է ասել, չէին գնում, թեև բրենդիդումյան կամրջից մինչև այդ փոքրիկ շրջանի սահմանը ընդամենը մեկ օրվա ճանապարհ էր: Երբեմն պատահական բրեդիդուիմցի կամ որևէ արկածասեր Տուկ մեկ կամ երկու օրով հյուրընկալվում էին տեղի պանդոկում, բայց լեռնամոտցիները նույնիսկ դրանից էին արդեն հետ վարժվել: Հոբիթստանում լեռնամոտցիներին և բոլորին, ովքեր բնակվում էին չորս նահանգների սահմաններից դուրս, համարում էին օտարերկրացի և խուսափում էին նրանցից՝ համարելով տգետ ու անտաշ գեղջուկներ: Իսկ օտարերկրացիներ Միջերկրի արևմուտքում այդ օրերին ավելի շատ կային, քան կարծում էին հոբիթստանցիները: Ճիշտ է, այդ ճանապարհորդներից ոմանք հասարակ թափառաշրջիկներ էին. որջեր էին փորում՝ որտեղ պատահի, ու դուրս էին թռչում այնտեղից, հենց որ կարիքը ստիպում էր: Բայց լեռնամոտում բնակվում էին բացառապես պատվարժան ու բարեկեցիկ հոբիթներ, որոնք գրեթե ոչնչով չէին զիջում Հոբիթստանի իրենց հեռավոր ազգականներին: Նրանք, ի տարբերություն հոբիթստանցիների, դեռ չէին մոռացել այն ժամանակները, երբ այդ երկու շրջանները լավ հարաբերությունների մեջ էին: Խոսում էին, նույնիսկ, որ Բրենդիբաքերի տոհմն արյունակցական կապ ունի լեռնամոտցիների հետ: Լեռնամոտում մոտ հարյուր քարե տուն կար, որտեղ ապրում էին մարդիկ: Այդ տները հմնականում կառուցված էին լեռան լանջին՝ ճանապարհի վերևում, պատուհաններով դեպի արևմուտք: Ճանապարհի մյուս կողմում խորը խանդակ էր, որը, սկսվելով լանջից, մեծ կիսաշրջան էր գծում գյուղի շուրջը և նորից միանում լանջին: Խանդակի ներքին կողմի երկայնքով կենդանի ցանկապատ էր ձգվում: Ճանապարհն անցնում էր խանդակի մեջ լցված հողաթմբի վրայով և դեմ առնում ցանկապատի մեջ բացված մեծ դարպասին: Գյուղի մյուս ծայրին նույնպես նմանատիպ դարպաս կար: Մութն ընկնելուն պես երկու դարպասն էլ ամուր կողպում էին: Ցածր երկակի դռների մեջտեղում փոքրիկ խուց էր կառուցված, որտեղ նստում էր պահակը: Անցնելով դարպասը և շարունակելով գնալ գլխավոր ուղիով՝ ճամփորդը հասնում էր մեծ պանդոկին: Այն կառուցել էին շատ վաղուց, երբ ճանապարհը դեռ չէր ամայացել: Լեռնամոտը կառուցվել էր երկու հնագույն ուղիների խաչմերուկում. այն ժամանակ գյուղի արևմտյան մասում Մեծ Ուղին հատվում էր մի հին ճանապարհի հետ, որով անցած օրերին Լեռնամոտ էին այցելում ոչ միայն մարդիկ, այլ նաև էլֆեր, թզուկներ և այլոք:
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Ի դեպ, Դարպասի հետևում պահակախուց կար և պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու: