Changes
/* Գլուխ 29 */
― Մեզ մոտ եկեք, tenente: Մենք ձեզ սոցիալիստ կդարձնենք։
Ճանապարհը ձախ էր թեքվում և, պարսպապատ այգու կողքով, բարձրանում դեպի ցածրիկ բլուրը։ Իսկ երբ լեռնային ճանապարհ հասանք, նրանք լռեցին։ Չորսս էլ միասին էինք քայլում ու շտապում։ ==Գլուխ30== Ավելի ուշ մենք դուրս եկանք դեպի գետը տանող ճանապարհը։ Լքված բեռնատարների ու սայլակառքերի երկար շարանը ձգվում էր մինչև կամուրջը։ Ոչ ոք չկար։ Գետի ջուրը բարձրացել էր, և ռումբն ավերել էր կամրջի մեջտեղը։ Կամարն ընկել էր գետը և սուզվել ջրի մեջ։ Մենք քայլում էինք ափի երկայնքով ու անցնելու տեղ փնտրում։ Գիտեի, որ քիչ հեռու երկաթուղային մի կամուրջ կար ու մտածում էի, որ գուցե հնարավոր լինի այդտեղից անցնել։ Արահետը թաց էր ու ցեխոտ։ Ոչ մի զինվոր չէր երևում, միայն՝ լքված գույքեր և ավտոմեքենանաեր։ Ափի մոտ ևս ոչ ոք և ոչինչ չկար, բացի թաց մացառուտներից ու ցեխոտ հողից։ Երկար քայլեցինք գետի ափով․ ու վերջապես տեսանք երկաթուղային կամուրջը։ ― Ինչ գեղեցիկ կամուրջ է, ― ասաց Այմոն։ Դա երկաթից կառուցված մի երկարավուն կամուրջ էր գետի վրա, որը սովորաբար ցամաքում էր մինչև հատակը։ ― Քանի չեն պայթեցրել, եկեք շուտ անցնենք, ― ասացի ես։ ― Մարդ չկա, որ պայթեցնի, ― ասաց Պիանոն։ ― Բոլորը գնացել են։ ― Երևի ականապատված է, ― ասաց Բոնելլոն։ ― Առաջ դուք գնացեք, tenente։ ― Լսո՞ւմ եք այս անարխիստին, ― ասաց Այմոն։ ― Ստիպեք թող ինքն առաջինը գնա։ ― Ե՛ս կգնամ, ― ասացի ես։ ― Դժվար թե այնպես ականապատված լինի, որ մի հոգու քայլերից պայթի։ ― Տեսնո՞ւմ ես, ― ասաց Պիանին։ ― Այ թե ինչ է նշանակում խելք։ Իսկ դու ինչո՞ւ խելք չունես, անարխիստ։ ― Խելք որ ունենայի, հիմա ուրիշ տեղ կլինեի, ― ասաց Բոնելլոն։ ― Լավ ասաց չէ՞, tenente, ― հարցրեց Այմոն։ Արդեն կամրջի մոտ էինք։ Երկինքը նորից ամպել էր ու անձրև էր կաթկթում։ Կամուրջը շատ երկար ու շատ հաստատուն էր թվում։ Մագլցելով բարձրացանք հողաթումբը։ ― Մեկ֊մեկ անցնենք, ― ասացի ես ու սկսեցի քայլել կամրջով։ Ուշադիր նայում էի կոճափայտերին ու ռելսերին և լարեր կամ ականապատման հետքեր փնտրում, բայց ոչինչ չնկատեցի։ Կոճափայտերի արանքներից կարելի էր տեսնել արագահոս ու պղտոր գետը։ Հեռվում, թաց դաշտերից այն կողմ, անձրևի տակ, երևում էր Ուդինը։ Անցա կամուրջը ու ետ նայեցի։ Քիչ այն կողմ ևս մի կամուրջ կար։ Դեղնագույն, ցեխոտ մարդատար մի ավտոմեքենա անցավ այդ կամրջով։ Բազիրքները բարձր էին, ու ավտոմեքենան անմիջապես կորավ տեսողությունից։ Երևում էին վարորդի, նրա կողքին նստած մարդու ու ետևում տեղավորված երկու հոգու գլուխները։ Բոլորն էլ՝ գերմանական սաղավարտներով։ Մեքենան ափ հասավ ու անհետացավ ծառերի ու լքված բեռնատարների ետևում։ Ես ձեռքով նշան արի Այմոյին, որը քայլում էր կամրջով, ու հասկացրի նրան ինչպես նաև՝ մյուսներին, որ շտապեն։ Ես իջա ներքև ու նստեցի երկաթուղային հողաթմբի տակ։ Այմոն ևս հետևեց ինձ։ ― Տեսա՞ք մեքենան, ― հարցրի ես։ ― Ոչ։ Մենք ձեզ էինք նայում։ ― Գերմանական շտաբի մեքենան անցավ վերևի կամրջից։ ― Շտաբի մեքենա՞ն։ ― Այո։ ― Հիսո՜ւս Քրիստոս։ Մյուսներն էլ եկան ու նստեցին ցեխոտ հողաթմբի տակ, որտեղից երևում էին ծառերի շարքը, առուն ու ճանապարհը։ ― Կարծում եք, կտրվա՞ծ է ճանապարհը, tenente: ― Չգիտեմ։ Միայն գիտեմ, որ այս ճանապարհով գերմանական շտաբի մեքենան անցավ։ ― Դուք լրի՞վ առողջ եք, ― tenente: Ձեր գլուխը չի՞ պտտվում։ ― Մի սրամտեք, Բոնելլո։ ― Չխմե՞նք, ― հարցրեց Պիանին։ ― Եթե մեր ճանապարհն իսկապես կտրված է, գոնե խմենք մի քիչ։ Նա գոտու վրայից հանեց տափաշիշը ու բացեց խցանը։ ― Տեսեք, տեսեք, ― ասաց Այմոն և ցույց տվեց դեպի ճանապարհը։ Գերմանական սաղավարտներ էին շարժվում կամրջի բազիրքի վրայից։ Թեքված էին առաջ և շարժվում էին շատ սահուն, գրեթե անբնական արագությամբ։ Երբ ափ հասան, տեսանք սաղավարտ հագած զինվորների։ Հեծանվորդների վաշտ էր։ Տեսա առաջին երկուսին։ Առողջ էին ու կարմրաթուշ։ Սաղավարտներն իջել էին ճակատների վրա ու ծածկել դեմքերի մի մասը։ Կարաբինները կախված էին հեծանիվների շրջանակներից։ Նռնակները կախված էին գոտիներից։ Սաղավարտներն ու մոխրագույն համազգեստները թաց էին, և նրանք գնում էին անշտապ, չորս կողմը նայելով։ Առջևից երկու հոգի էին գնում, հետո՝ չորս, հետո՝ էլի երկու, հետո՝ միանգամից տասը կամ տասներկու, հետո՝ էլի տասներկու, հետո՝ միայն մեկը։ Չէին խոսում, բայց եթե խոսեին էլ, գետի աղմուկը թույլ չէր տա լսել։ Ճանապարհին անհետացան տեսողությունից։ ― Հիսո՜ս Քրիստոս, ― ասաց Այմոն։ ― Գերմանացիներ էին, ― ասաց Պիանին, ավստրիացիներ չէին։ ― Ինչու ոչ ոք չի կանգնեցնում նրանց, ― ասացի ես։ ― Ինչո՞ւ չեն պայթեցրել կամուրջը։ Ինչո՞ւ հողաթմբերի վրա գնդացիրներ չկան։ ― Մե՞զ եք ասում, tenente, ― ասաց Բոնելլոն։ Ես անչափ զայրացել էի։ ― Խելքները թռցրել են։ Ներքևում մի փոքրիկ կամուրջ են պայթեցնում։ Իսկ գլխավոր խճուղու կամուրջը թողնում են։ Ո՞ւր են կորել։ Ինչ է, ոչ ոք չի՞ փորձելու նրանց կանգնեցնել։ ― Մե՞զ եք ասում, tenente, ― կրկնեց Բոնելլոն։ Ես լռեցի։ Դա ինձ չէր վերաբերում։ Իմ միակ գործն էր՝ երեք սանիտարական մեքենաները Պորդենոնե հասցնել։ Սակայն այդ էլ չհաջողվեց։ Իսկ հիմա իմ միակ գործն էր Պորդենոնե հասնել։ Բայց, հավանաբար, նույնիսկ Ուդին չէի կարողանա հասնել։ Գրողի ծոցը, թող չկարողանամ։ Պետք է պարզապես հանգիստ լինել, կրակի տակ չընկնել կամ գերի չբռնվել։ ― Կարծեմ տափաշիշը բացեցիք, չէ՞, ― հարցրի Պիանիին։ Նա տափաշիշը մեկնեց ինձ։ Ես բավական խմեցի։ ― Կարող ենք գնալ, ― ասացի ես։ ― Թեև շտապելու բան չունենք։ Ուզո՞ւմ եք ուտել։ ― Հարմար տեղ չէ, ― ասաց Բոնելլոն։ ― Դե լավ, գնացինք։ ― Այս կողմով չգնա՞նք։ Աչքից հեռու կլինենք։ ― Ավելի լավ է՝ վերևով։ Նրանք այս կամրջով էլ կարող են անցնել։ Ավելի վատ, եթե հանկարծ մեր գլխավերևում հայտնվեն, ու մենք չնկատենք նրանց։ Սկսեցինք քայլել ռելսերի վրայով։ Մեր երկու կողմերում ձգվում էր թաց հարթավայրը։ Հարթավայրից այն կողմ երևում էր Ուդինի բլուրը։ Տանիքները ետ էին քաշվել ու ճամփա տվել ամրոցին։ Երևում էին զանգակատունն ու աշտարակի ժամացույցը։ Դաշտում շատ թթենիներ կային։ Հեռվում, ինչ֊որ տեղ, ռելսերը մասնատված էին։ Կոճափայտերը ևս հանել ու գցել էին հողաթմբի տակ։ ― Ներէև՛, ներէև՛, ― ասաց Այմոն։ Մենք վազեցինք ու թաքնվեցինք հողաթմբի տակ։ Հեծանվորդների մի ուրիշ խումբ էր անցնում ճանապարհով։ Նայեցի հողաթմբի ծայրից ու տեսա նրանց։ ― Նրանք տեսան մեզ, բայց կանգ չառան, ― ասաց Այմոն։ ― Մեզ կսպանեն այստեղ, tenente, ― ասաց Բոնելլոն։ ― Մենք չենք հետաքրքրում նրանց, ― ասացի ես։ ― Նրանք ինչ֊որ ուրիշ մարդկանց են հետապնդում։ Մեզ համար ավելի վտանգավոր է, եթե հանկարծ դեմ առ դեմ հանդիպենք։ ― Ես կնախընտրեի այստեղով գնալ, աչքից հեռու, ― ասաց Բոնելլոն։ ― Լավ, գնացեք։ Իսկ մենք ռելսերով կքայլենք։ ― Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞նք անցնել, ― հարցրեց Այմոն։ ― Անպայման։ Նրանք այնքան էլ շատ չեն։ Գիշերը մի կերպ կանցնենք։ ― Շտաբի մեքենան ի՞նչ գործ ուներ այստեղ։ ― Աստված գիտե, ― ասացի ես։ Մենք գնում էինք ռելսերի վրայով։ Բոնելլոն հոգնեց ցեխերի միջով քայլելուց ու միացավ մեզ։ Երկաթուղային գիծը հիմա թեքվում էր դեպի հարավ ու հեռանում խճուղուց, և մենք չէինք կարող տեսնել, թե ինչ էր կատարվում ճանապարհին։ Ջրանցքի կամուրջը պայթեցված էր, բայց մենք անցանք ցցագերանների վրայով։ Հեռվից կրակոցի ձայներ էին լսվում։ Ջրանցքն անցնելուց հետո նորից դուրս եկանք երկաթուղագիծ, որը դաշտերի միջով ուղիղ տանում էր դեպի քաղաք։ Առջևում երևում էր մի ուրիշ երկաթուղագիծ։ Հյուսիսում այն խճուղին էր, որտեղ հեծանվորդներին տեսանք։ Հարավում ճյուղավորվում էր մի փոքրիկ ճանապարհ, որի երկու եզրերին խիտ ծառեր կային։ Մտածում էի, որ ավելի լավ է հարավով գնալ և, քաղաքը շրջանցելով, դաշտերի միջով հասնել Կամպոֆորմիո և Տալյամենտոյի խճուղին։ Մենք կարող էինք խույս տալ նահանջի գլխավոր ճանապարհից և Ուդինից այն կողմ ընտրել երկրորդական ճամփաներ։ Գիտեի, որ հարթավայրի միջով բազմաթիվ միջգյուղա ճանապարհներ էին անցնում։ Սկեսեցի իջնել հողաթմբից։ ― Գնանք, ― ասացի ես։ Որոշեցի դուրս գալ միջգյուղա ճանապարհը և հարավային կողմից շրջանցել քաղաքը։ Բոլորս էլ իջնում էինք հողաթմբից։ Ճանապարհից կրակեցին մեզ վրա։ Փամթուշտը խրվեց հողաթմբի ցեխերի մեջ։ ― Ետ դարձեք, ― ասացի ես։ Սայթաքելով սկսեցի բարձրանալ հողաթումբը։ Վարորդներն առջևում էին։ Հնարավորին չափ արագ բարձրացա հողաթումբը։ Խիտ թփուտների միջից երկու անգամ էլ կրակեցին, և Այմոն, որը կտրում֊անցնում էր ռելսերը, օրորվեց, սայթաքեց ու երեսնիվայր ընկավ գետին։ Մենք նրան քաշեցինք մյուս կողմը ու շրջեցինք մեջքի վրա։ ― Գլուխը պետք է ոտքերից բարձր լինի, ― ասացի ես։ Պիանին տեղաշարժեց նրան։ Նա պառկել էր ցեխոտ հողաթմբի վրա, ոտքերը դեպի ցած, շնչում էր անկանոն և ամեն արտաշնչման հետ արյուն էր թափվում բերանից։ Երեքս էլ, անձրևի տակ, պպզել էինք նրա շուրջը։ Փամփուշտը կպել էր ծոծրակին, անցել գլխի միջով և դուրս եկել աջ աչքի տակից։ Մինչև ես փորձում էի վիրախծծել երկու անցքերը, նա մեռավ։ Պիանին նրա գլուխն իջեցրեց հողին, մառլյայի կտորով սրբեց դեմքը, հետո թողեց նրան ու մի կողմ քաշվեց։ ― Սրիկաներ, ― ասաց նա։ ― Սրանք գերմանացի չեն, ― ասացի ես։ ― Այստեղ գերմանացիներ չեն կարող լինել։ ― Իտալացիներ, ― ասաց Պիանին, այդ բառն օգտագործելով որպես մակդիր։ ― Italiani: Բոնելլոն ոչինչ չասաց։ Նստել էր Այմոյի կողքին ու չէր նայում նրան։ Պիանին վերցրեց Այմոյի գլխարկը, որ ընկել էր հողաթմբի վրա ու ծածկեց նրա դեմքը։ Ապա հանեց տափաշիշը։ ― Ուզո՞ւմ ես, ― Պիանին տափաշիշը մեկնեց Բոնելլոյին։ ― Ոչ, ― ասաց Բոնելլոն ու շրջվեց իմ կողմը, ― ռելսերի վրա այս բանը կարող էր ամեն մեկիս պատահել։ ― Ոչ, ― ասացի ես։ ― Պատճառն այն էր, որ ուզեցինք դաշտով անցնել։ Բոնելլոն բացասաբար շարժեց գլուխը։ ― Այմոն մեռած է, ― ասաց նա։ ― Ո՞վ է լինելու հաջորդը, tenente. Հիմա ո՞ւր ենք գնալու։ ― Իտալացիները կրակեցին, ― ասացի ես։ ― Ոչ թե գերմանացիները։ ― Եթե գերմանացի լինեին, երևի բոլորիս էլ կսպանեին, ― ասաց Բոնլլոն։ ― Իտալացիները մեզ համար ավելի վտանգավոր են, ― ասացի ես։ ― Վերջապահներն ամեն ինչից վախենում են։ Իսկ գերմանացիները գոնե գիտեն, թե ինչ են ուզում։ ― Ճիշտ եք ասում, tenente, ― համաձայնեց Բոնելլոն։ ― Հիմա ո՞ւր ենք գնալու, ― հարցրեց Պիանին։ ― Ավելի լավ է մինչև մութն ընկնելն սպասենք։ Եթե կարողանանք մի կերպ հարավ հասնել, ամեն ինչ լավ կլինի։ ― Նրանք ստիպված են բոլորիս էլ սպանել, որպեսզի ապացուցեն, թե առաջինին զուր չեն սպանել, ― ասաց Բոնելլոն։ ― Չեմ ուզում ռիսկի դիմել։ ― Ուդինի մոտ մի տեղ կգտնենք ու կթաքնվենք, ― իսկ երբ մթնի, կաշխատենք անցնել։ ― Որ այդպես է, գնանք, ― ասաց Բոնելլոն։ Սկսեցինք իջնել հողաթմբի հյուսիսային կողմից։ Ետ նայեցի։ Այմոն պառկած էր հողաթմբի անկյան տակ, ցեխերի մեջ։ Նա շատ փոքր էր, ձեռքերը ձգված երկու կողքերին, փաթաթան հագած ոտքերն ու ցեխոտ կոշիկները կպած էին իրար, գլխարկը ծածկել էր դեմքը։ Նա շատ մեռած էր երևում։ Անձրև էր գալիս։ Մինչև հիմա ինձ ոչ ոք այնքան դուր չէր եկել, որքան նա։ Նրա թղթերն իմ գրպանում էին, ու ես պետք է գրեի նրա ընտանիքին։ Հեռվում, դաշտերի մեջ, մի ագարակատուն էր երևում։ Շուրջը՝ ծառեր, իսկ տան առաջ՝ օժանդակ շինություններ, երկրորդ հարկում ցցագերանների վրա պատշգամբ էր կառուցված։ ― Ավելի լավ է իրարից հեռու քայլենք, ― ասացի ես։ ― Առաջինը ես կգնամ։ Քայլերս ուղղեցի դեպի ագարակատունը։ Դաշտում մի արահետ կար։ Անցնում էի դաշտի միջով և անընդհատ սպասում, որ ահա ուր որ է կսկսեն կրակել ագարակատան ծառերի ետևից կամ հենց ագարակատնից։ Ես ուղիղ այնտեղ էի գնում, և տունն աչքերիս առաջ երևում էր պարզ ու հստակ։ Երկրորդ հարկի պատշգամբը մխրճվել էր խոտանոցի մեջ, ու ցցագերանների արանգներում խոտ էր լցված։ Բակը շրջապատված էր քարե պարսպով, ու ծառերի վրայից անձրև էր կաթկթում։ Բակում մեծ ու դատարկ, քեղիներն անձրևի տակ դեպի վեր ցցված երկանիվ մի սայլ կար։ Անցա բակի միջով ու կանգնեցի պատշգամբի տակ։ Դուռը բաց էր, ու ես ներս մտա։ Բոնելլոն ու Պիանին հետևեցին ինձ։ Մութ էր ներսում։ Գնացի խոհանոց։ Մեծ ու բաց օջախում մոխիր կար։ Մոխիրների վրա պուտուկներ էին կախված, բայց՝ դատարկ։ Պրպտեցի չորս կողմը, սակայն ուտելու բան չգտա։ ― Հենց խոտերի վրա էլ կպառկենք ու կսպասենք, ― ասացի ես։ ― Ի՞նչ եք կարծում, Պիանի, կարո՞ղ ենք ուտելու բան գտնել, մարագ տանել։։ ― Գնամ տեսնեմ, ― ասաց Պիանին։ ― Ես էլ գնամ, ― ասաց Բոնելլոն։ ― Լավ, ― ասացի ես։ ― Ես մարագ եմ գնում, տեսնեմ ինչ կա։ Փնտրեցի ու գտա քարե աստիճանները, որոնք դուրս էին տանում գոմից։ Գոմում ինչ֊որ չոր հոտ էր տարածվել, որն անձրևի տակ հաճելի էր թվում։ Անասուն չկար, երևի հետներն էին տարել ագարակատունը լքելիս։ Մարագը կիսով չափ խոտով էր լցված։ Տանիքի վրա երկու պատուհան կար, մեկը տախտակներով էր մեխված, իսկ մյուսը նեղլիկ մի ձեղնանցք էր հյուսիսային կողմում։ Տանիքում մի փողրակ կար, որտեղից խոտը գցում էին կերատաշտի մեջ։ Խաչաձև տախտակներ էին մեխված այն դռնակին, որի առջև բերքահավաքի ժամանակ, խոտով բարձված սայլեր էին կանգնում։ Լսում էի, թե ինչպես էր անձրևը տկտկացնում տանիքին, և խոտի հոտ էի զգում, ու երբ ներքև իջա, զգացի նաև չորացած գոմաղբի մաքուր հոտը։ Կարելի էր տախտակներից մեկը պոկել և հարավային կողմի պատուհանից նայել դեպի բակը։ Մյուս պատուհանը հյուսիսում էր, ուղիղ դաշտի վրա։ Եթե սանդուղքը չլիներ, կարելի էր որևէ պատուհանից տանիք բարձրանալ և այնտեղից հնարավոր էր իջնել նաև փողրակի միջով։ Խոտանոցը մեծ էր և, վտանգի դեպքում, կարելի էր թաքնվել խոտերի մեջ։ Ըստ երևույթին, հուսալի տեղ էր։ Վստահ եմ, որ մենք հիմա հարավում կլինեինք, եթե չկրակեին մեզ վրա։ Չի կարող պատահել, որ այստեղ գերմանացիներ լինեն։ Նրանք գալիս էին հյուսիսից, Չիվիդալեի կողմից։ Բացառված էր, որ հարավից գային։ Իտալացիներն ավելի վտանգավոր են։ Վախեցած էին, դրա համար էլ կրակում էին աջ ու ձախ։ Անցյալ գիշեր շարասյան մեջ շշուկ ընկավ, թե հյուսիսում իտալական համազգեստ հագած բազմաթիվ գերմանացիներ են խառնվել նահանջող բանակին։ Չէի հավատում։ Պատերազմի ժամանակ միշտ էլ այդպիսի լուրեր են տարածվում։ Եվ դա միշտ թշնամին է անում։ Երբեք չես լսի, թե ինչ֊որ մեկը գերմանական համազգեստ է հագել, որպեսզի իրարանցում ստեղծի գերմանական բանակում։ Գուցե և անում են, բայց այդ մասին երբեք չեն խոսում։ Չէի հավատում, թե գերմանացիներն այդպիսի միջոցների էին դիմում։ Չէի հավատում, որ դա անհրաժեշտ է նրանց։ Ի՞նչ կարիք կար իրարանցում ստեղծել նահանջող բանակում։ Իրարանցում ստեղծում են զինվորների թիվն ու ճանապարհների սակավությունը։ Առանց գերմանացիների էլ գլուխ չեն հանի։ Բայց և այնպես մեզ կարող են ծպտված գերմանացիների տեղ դնել ու կրակել։ Կրակեցին չէ՞ Այմոյի վրա։ Խոտից լավ հոտ էր գալիս և, մարագում պառկած, թվում էր, թե վերանում են բոլոր անցած տարիները։ Պառկել էինք մարագում, զրուցում էինք ու օդաձիգ հրացանով կրակում ագռավների վրա, երբ նրանք նստում էին առաստաղի եռանկյուն անցքի ծայրերին։ Հիմա մարագ չկար, հիմա այնպիսի տարի էր, որ բոլոր սպիտակ եղևնիները կտրել էին և նախկին անտառի տեղում մնացել էին միայն ծառաբներ, չորուկներ, ճյուղեր ու թորթոջներ։ Վերադարձ չկա։ Ի՞նչ կլինի, եթե առաջ չգնաս։ Երբեք չես վերադառնա Միլան։ Իսկ եթե վերադառնաս, ի՞նչ օգուտ։ Հյուսիսից, Ուդինի կողմից, կրակոցի ձայներ էին լսվում։ Գնդացիր էր կրակում։ Թնդանոթի ձայն չկար։ Իսկ դա ինչ֊որ բան նշանակում է։ Երևի ստիպել էին, որ զորքի մի մասը հավաքվեր ճանապարհի ծայրին։ Նայեցի ներքև ու կիսախավար բակում տեսա Պիանիին։ Թևի տակ մի մեծ երշիկ կար, ինչ֊որ ապակյա աման ու երկու շիշ գինի։ ― Բարձրացեք, ― ասացի ես։ ― Այնտեղ է սանդուղքը։ Հետո գլխի ընկա, որ պետք է օգնել նրան, ու ցած իջա։ Այնքան երկար էի պառկել խոտերի վրա, որ գլուխս պտտվում էր։ Կարծես կես քուն, կես արթուն լինեի։ ― Որտե՞ղ է Բոնելլոն, ― հարցրի ես։ ― Կասեմ, ― ասաց Պիանին։ Մենք բարձրացանք սանղուղքով։ Նստեցինք և ուտելիքները դրեցինք խոտերի վրա։ Պիանին հանեց խցանահանը ու բաց արեց շշերից մեկը։ ― Մոմով են զմռսել, ― ասաց նա։ ― Երևի համեղ կլինի։ ― Նա ժպտաց։ ― Որտեղ՞է Բոնելլոն, ― հարցրի ես։ Պիանին նայեց ինձ։ ― Գնաց, tenente, մենք պատերազմի կողմնակից չենք։ ― Իսկ դուք ինչո՞ւ չգնացիք նրա հետ։ ― Չէի ուզում ձեզ մենակ թողնել։ ― Իսկ ո՞ւր գնաց։ ― Չգիտեմ, tenente: Գնաց։ ― Դե լավ, ― ասացի ես։ ― Երշիկը կտրեք։ Պիաին ինձ նայեց կիսախավարում։ ― Խոսելու ժամանակ կտրում էի, ― ասաց նա։ Խոտերի վրա նստած, երշիկ էինք ուտում ու գինի խմում։ Երևի հարսանիքի համար էին պահել գինին։ Այնքան հին էր, որ կորցել էր գույնը։ ― Դուք այս պատուհանից նայեք, Լուիջի, ― ասացի ես, ― իսկ ես՝ մյուս։ Երկուսս էլ առանձին շշերից էինք խմում, ու ես վերցրի իմ շիշը, ավելի վեր բարձրացա, երեսնիվայր պառկեցի խոտերի վրա ու նեղ պատուհանից սկսեցի դիտել թաց հարթավայրը։ Չգիտեմ, թե ինչ էի սպասում տեսնել, բայց բացի դաշտից և մերկ թթենիներից և անձրևից ուրիշ ոչինչ չտեսա։ Գինի էի խմում, սակայն տրամադրությունս չէր փոխվում։ Այնքան երկար էին պահել, որ փչացել էր և կորցրել գույնն ու որակը։ Նայում էի, թե ինչպես էր մթնում։ Մութը շատ արագ էր տարածվում։ Անձրև էր գալու, և սև գիշեր էր լինելու։ Երբ արդեն լրիվ մթնեց, այլևս իմաստ չուներ պատուհանից նայելը, ու ես վերադարձա Պիանիի մոտ։ Նա քնած էր, ու ես չարթնացրի նրան և լուռ նստեցի կողքին։ Նա խոշորակազմ էր, և քունը խորն էր շատ։ Քիչ անց արթնացրի, ու մենք ճամփա ընկանք։ Տարօրինակ գիշեր էր։ Չգիտեի, թե ինչ էի սպասում, գուցե մա՞հ, գուցե՝ կրակո՞ց, փախո՞ւստ մթության մեջ, բայց ոչինչ չպատահեց։ Առվի մոտ, երեսնիվայր պառկած, սպասեցինք մինչև որ գերմանական գումարտակն անցավ ու անհետացավ տեսողությունից, հետո վեր կացանք, անցանք խճուղին և ուղղվեցինք դեպի հյուսիս։ Երկու անգամ, անձրևի տակ, գերմանացիների հանդիպեցինք մոտիկից, բայց նրանք չնկատեցին մեզ։ Հյուսիսային կողմից շրջանցեցինք քաղաքը ու ոչ մի իտալացու չտեսանք, հետո, որոշ ժամանակ անց, դուրս եկանք նահանջի գլխավոր ճանապարհը և ամբողջ գիշերը քայլեցինք Տայլամենտոյի ուղղությամբ։ Երբեք չեմ պատկերացրել, թե նահանջը կարող էր այսքան հսկայական լինել։ Ամբողջ երկիրն էր բանակի հետ շարժվում։ Ամբողջ գիշեր քայլեցինք ու առաջ անցանք տրանսպորտից։ Ոտքս ցավում էր, ու ես հոգնած էի, բայց մենք շատ արագ էինք քայլում։ Թվում էր, թե Բոնելլոն հիմարություն արեց և իզուր գնաց հանձնվելու։ Ոչ մի վտանգ չկար։ Մենք երկու բանակի միջով անցանք, ու ոչ մի պատահար տեղի չունեցավ։ Եթե չլիներ Այմոյի մահը, կթվար, թե ընդհանրապես վտանգ չի եղել։ Ոչինչ չպատահեց, երբ մենք բացեիբաց քայլում էինք երկաթգծի վրայով։ Եվ սպանությունը հանկարծակի էր ու անիմաստ։ Մտծում էի, թե արդյոք որտեղ էր հիմա Բոնելլոն։ ― Ինչպե՞ս եք, tenente, ― հարցրեց Պիանին։ Մենք քայլում էինք ճամփեզրով, որովհետև խճուղին լցված էր տրանսպորտով ու զինվորներով։ ― Շատ լավ։ ― Հոգնեցի քայլելուց։ ― Մեր գործը հիմա քայլելն է։ Կարիք չկա վրդովվելու։ ― Բոնելլոն խենթ է։ ― Իհարկե, խենթ է։ ―Ի՞նչ եք անելու նրան, tenente: ― Չգիտեմ։ ― Հո չե՞ք կարող ասել, որ գերի է հանձնվել։ ― Չգիտեմ։ ― Գիտեք, եթե պատերազմը շարունակվի, ընտանիքին պատասխանատվության կկանչեն։ ― Պատերազմը չի շարունակվի, ― ասաց զինվորներից մեկը։ ― Մենք տուն ենք գնում։ Պատերազմը վերջացավ։ ― Բոլորն են տուն գնում։ ― Բոլորս ենք տուն գնում։ ― Գնացինք, tenente, ― ասաց Պիանին։ Ուզում էր առաջ անցնել։ ― Tenente? Ո՞վ է tenente-ն։ Abbasso gli ufficiali! Կորչեն սպաները։ Պիանին թևանցուկ արեց ինձ։ ― Ավելի լավ է անունով դիմեմ ձեզ, ― ասաց նա։ ― Մեկ էլ տեսար փորձանք պատահեց։ Քանի անգամ են սպաների գնդակահարել։ Մենք արագացրինք մեր քայլերն ու առաջ անցանք։ ― Այնպես կզեկուցեմ, որ նրա ընտանիքին պատասխանատվության չկանչեն, ― շարունակեցի մեր խոսակցությունը։ ― Եթե պատերազմը վերջանա, դա ի՞նչ նշանակություն ունի, ― ասաց Պիանին։ ― Բայց չեմ հավատում, որ վերջանա։ Շատ լավ կլիներ, եթե վերջանար։ ― Շուտով կիմանանք, ― ասացի ես։ ― Չեմ հավատում, որ վերջանա։ Բոլորն էլ կարծում են, թե վերջացավ, բայց ես չեմ հավատում։ ― Evviva la Pace,<ref>Կեցցե խաղաղությունը (իտ․)։</ref> ― գոռաց զինվորներից մեկը։ ― Մենք տուն ենք գնում։ ― Լավ կլիներ, եթե տուն գնայինք, ― ասաց Պիանին։ ― Չե՞ք ուզում տուն գնալ։ ― Ուզում եմ։ ― Չենք գնա։ Չեմ կարծում, որ պատերազմը վերջացավ։ ― Andiamo a casa,<ref>Դեպի տուն (իտ․)։</ref> ― գոռաց զինվորներից մեկը։ ― Զենքերն են գցում, ― ասաց Պիանին։ ― Քայլելու ժամանակ հանում են զենքերն ու գցում։ Հետո գոռում են։ ― Իզուր են զենքը գցում։ ― Նրանց թվում է, որ եթե զենքերը գցած լինեն, էլ չեն կարող ստիպել, որ կռվեն։ Խավարի ու անձրևի մեջ ճանապարհ բացելով քայլում էինք ու տեսնում, որ զինվորներից շատերը զենքերը չէին գցել, կախել էին ուսերից։ ― Ո՞ր բրիգադայից եք, ― հարցրեց մի սպա։ ― Brigada di Pace, ― գոռաց ինչ֊որ մեկը։ ― Խաղաղության բրիգադայից։ Սպան լռեց։ ― Ի՞նչ էր ասում։ ― Ի՞նչ էր ասում սպան։ ― Կորչի՛ սպան։ Evviva la Pace. ― Գնանք, գնանք, ― ասաց Պիանին։ Մենք անցանք անգլիական երկու սանիտարական մեքենաների կողքով, որոնք խառնվել էին մյուս լքված մեքենաներին։ ― Գորիցիայից են, ― ասաց Պիանին։ ― Տեսել եմ, գիտեմ։ ― Մեզնից անցել են։ ― Մեզնից առաջ ճամփա ընկան։ ― Հետաքրքրիր է, որտեղ են վարորդները։ ― Երևի առջևում են։ ― Գերմանացիները կանգ են առել Ուդինի մոտ, ― ասացի ես։ ― Բոլորս էլ պետք է գետն անցնենք։ ― Այո, ― ասաց Պիանին։ ― Եվ հենց դրա համար էլ ինձ թվում է, որ պատերազմը կշարունակվի։ ― Գերմանացիները կարող էին առաջ գնալ, ― ասացի ես։ ― Հետաքրքիր է, ինչո՞ւ չեն գնում։ ― Չգիտեմ։ Ես այս պատերազմից բան չեմ հասկանում։ ― Երևի տրանսպորտի են սպասում։ ― Չգիտեմ, ― ասաց Պիանին։ Հիմա, երբ մենակ մնաց, ավելի կիրթ էր։ Իսկ առաջ, վարորդների շրջապատում՝ անզուսպ լեզու ուներ։ ― Ամուսնացա՞ծ եք, Լուիջի։ ― Գիտեք, որ ամուսնացած եմ։ ― Գուցե դա՞ է պատճառը, որ չուզեցիք գերի հանձնվել։ ― Մասամբ։ Իսկ դուք ամուսնացա՞ծ եք։ ― Ոչ։ ― Բոնելլոն էլ չէր ամուսնացած։ ― Չի կարելի ամեն ինչ ամուսնությամբ բացատրել։ Բայց, իհարկե, ամուսնացած մարդը կուզենա կնոջ մոտ վերադառնալ, ― ասացի ես։ Ինձ դուր էր գալիս կանանց մասին խոսելը։ ― Այո։ ― Ինչպե՞ս է ձեր ոտքը։ ― Մի քիչ ցավում է։ Լուսաբացից առաջ հասանք Տալյամենտոյի ափը և վարար գետի ափով մոտեցանք կամրջին, որի վրայով անընդհատ մեքենաներ էին անցնում։ ― Կարող էին ամրանալ գետի մոտ, ― ասաց Պիանին։ Մթության մեջ թվում էր, թե գետը շատ է վարարել։ Ջուրն ալեկոծվել էր և դուրս եկել հունից։ Փայտե կամուրջը գրեթե երեք քառորդ մղոն երկարություն ուներ և գետը, որ սովորաբար նեղ վտակներով հոսում էր քարերով ծածկված լայն հունի միջով, հիմա բարձրացել էր գրեթե մինչև կամուրջը։ Մենք քայլեցինք գետափով, ապա խառնվեցինք կամուրջն անցնող բազմությանը։ Վարար գետից մի քանի ոտնաչափ վերև, բազմությանը խառնված, դանդաղ քայլում էինք անձրևի տակ, ու ես նայում էի շուրջս, հետևում գետի հոսանքին և քիչ էր մնում ընկնեի պայթուցիկների արկղի վրա։ Հիմա, երբ ստիպված էինք մեր քայլերը հարմարեցնել ուրիշների քայլերին, ես ինձ շատ հոգնած զգացի։ Կամրջի վրա աշխուժություն չկար։ Մտածում էի, թե ինչ կլիներ, եթե ցերեկն ինքնաթիռը ռմբակոծեր կամուրջը։ ― Պիանի, ― ասացի ես։ ― Այստեղ եմ, tenente: Ամբոխը նրան մի փոքր առաջ էր հրել։ Ոչ ոք չի խոսում։ Աշխատում էին հնրավորին չափ շուտ անցնել կամուրջը և միայն այդ մասին էին մտածում։ Մենք գրեթե անցել էինք։ Կարմջի երկու ծայրերին, ձեռքներին լապտերներ բռնած, կանգնած էին մի քանի սպաներ ու կարաբինավորներ։ Երկնքի ֆոնի վրա երևում էին նրանց ուրվանկարները։ Երբ մոտեցանք, տեսա, թե ինչպես սպաներից մեկը ցույց տվեց զորասյան մեջ քայլող մի մարդու։ Կարաբինավորը գնաց, բռնեց այդ մարդու թևից, բերեց ու դուրս հանեց ճանապարհից։ Մենք գրեթե հասել էինք սպաներին։ Նրանք ուշադիր զննում էին զորասյան մեջ քայլողներին, երբեմն խոսում իրար հետ, առաջ անցնում և լուսավորում որևէ մեկի դեմքը։ Դեռ լրիվ չէինք մոտեցել, երբ մեկ ուրիշին էլ բռնեցին։ Փոխգնդապետ էր։ Երբ նրան լապտերով լուսավորեցին, տեսա թևի աստղերը։ Սպիտակ մազեր ուներ, և կարճահասակ էր ու գիրուկ։ Կարաբինավորները նրան ևս դուրս հանեցին ճանապարհից։ Երբ հավասարվեցինք սպաներին, նրանք ինձ էին նայում։ Հետո նրանցից մեկը մատնացույց արեց ինձ և ինչ֊որ բան ասաց կարաբինավորին։ Տեսա, որ կարաբինավորը զորասյան ծայրից ճամփա բացելով ուղղվեց իմ կողմը, հետո զգացի, որ բռնեց օձիքիցս։ ― Ի՞նչ է պատահել, ― ասացի ես։ ― Նա չպատասխանեց։ Հարմար առիթ էր փնտրում ինձ բռնելու համար։ Ձեռքս տարա մեջքիս, որպեսզի ատրճանակ հանեմ։ ― Ինչ է, չգիտե՞ս, որ իրավունք չունես սպային ձեռք տալ։ Երկրորդը ետևից բռնեց թևս և այնպես ոլորեց, որ քիչ էր մնում կոտրեր․ ես շուռ եկա, բայց առաջինը հարձակվեց ու բռնեց վզիցս։ Ոտքերով խփեցի նրան և ձախ ձեռքով հարվածեցի աճուկներին։ ― Եթե դիմադրի, կրակեցեք, ― ասաց ինչ֊որ մեկը։ ― Սա ի՞նչ բան է, ― փորձեցի գոռալ ես, բայց ձայնս բարձր չհնչեց։ Ինձ էլ դուրս հանեցին ճանապարհից։ ― Եթե դիմադրի, կրակեցեք, ― ասաց սպաներից մեկը։ ― Տարեք։ ― Ովքե՞ր եք դուք։ ― Հետո կիմանաք։ ― Ովքե՞ր եք դուք։ ― Դաշտային ոստիկանություն, ― ասաց մի ուրիշ սպա։ ― Ինչո՞ւ ինքնաթիռներ ուղարկելու փոխարեն չխնդրեցիք, որ մոտենամ։ ― Չպատասխանեցին։ Պարտավոր չէին պատասխանելու։ Դաշտային ոստիկանությունն էր։ ― Տարեք մյուսների մոտ, ― ասաց առաջին սպան։ ― Լսեցի՞ք։ Օտարի նման է իտալերեն խոսում։ ― Դու էլ ես այդպես խոսում, սրիկայի մեկը, ― ասացի ես։ ― Մյուսների մոտ տարեք, ― ասաց առաջին սպան։ Ինձ անցկացրին սպաների կողքով, դուրս հանեցին ճանապարհից և տարան գետափնյա դաշտը, որտեղ մի խումբ մարդիկ էին կանգնած։ Քայլելու ժամանակ կրակոցի ձայներ լսվեցին։ Տեսա հրացանների բռնկումն ու լսեցի համազարկի ձայները։ Մոտեցանք խմբին։ Չորս սպաներ կանգնել էին կողք֊կողքի և նրանց առջև, երկու կարաբինավորների մեջտեղում՝ մի մարդ։ Քիչ հեռվում, կարաբինավորների հսկողության տակ, մի խումբ մարդիկ էին սպասում։ Չորս կարաբինավորներ, իրենց հրացաններին հենված, կանգնել էին հարցաքննող սպաների մոտ։ Նրանք լայնեզր գլխարկներ էին դրել։ Ինձ հրեցին հարցաքննության սպասող մարդկանց խմբի մոտ։ Նայեցի հարցաքննվողին։ Դա այն փոքրամարմին, գիրուկ ու ալեհեր փոխնդապետն էր, ում քիչ առաջ ձերբակալել էին զորասյան մեջ։ Սպաները հարցաքննում էին գործնական ու սառը տոնով, այն իտալացիների ինքնազսպությամբ, որոնք կրակում են, բայց գիտեն, որ իրենց վրա չեն կրակի։ ― Ո՞ր բրիգադից եք։ ― Նա պատասխանեց։ ― Ինչո՞ւ ձեր գնդի հետ չեք։ Նա պատասխանեց։ ― Մի՞թե ձեզ հայտնի չէ, որ սպան պետք է միշտ իր զորամասի հետ լինի։ ― Հայտնի է։ Այսքան։ Հիմա մի ուրիշ սպա խոսեց։ ― Ձեր և ձեր նմանների պատճառով է, որ բարբարոսները ներխուժել են մեր հայրենիքի սրբազան հողը։ ― Ներեցեք, ― ասաց գնդապետը։ ― Ձեր նմանների դավաճանության պատճառով է, որ մենք կորցրինք մեր հաղթանակի պտուղները։ ― Դուք երբևիցե նահանջե՞լ եք, ― հարցրեց փոխգնդապետը։ ― Իտալացիներն իրավունք չունեն նահանջելու։ Մենք, անձրևի տակ կանգնած լսում էինք նրանց խոսակցությունը։ Մենք կանգնել էինք սպաների դիմաց, իսկ հարցաքննվողը՝ մեր առջև, խմբի ծայրին։ ― Եթե մտադիր եք ինձ գնդակահարել, ― ասաց փոխգնդապետը, ― խնդրում եմ միանգամից գնդակահարել, առանց նորից հարցաքննելու։ Անհեթեթ էր այս հարցաքննությունը։ ― Նա խաչակնքեց։ Սպաներն սկսեցին խոսել իրար հետ։ Նրանցից մեկը ինչ֊որ բան գրեց ծոցատետրի մեջ։ ― Լքել է իր զորամասը, պետք է գնդակահարվի, ― ասաց նա։ Երկու կարաբինավորները փոխգնդապետին տարան գետափ։ Նա ծեր էր, գլխաբաց քայլում էր անձրևի տակ, երկու կարաբինավորների մեջտեղում։ Չնայեցի, թե ինչպես գնդակահարեցին նրան, բայց լսեցի համազարկը։ Սպաներն արդեն հաջորդին էին հարցաքննում։ Այս սպան ևս հեռացել էր իր զորամասից։ Չթողեցին, որ բացատրություն տա։ Երբ կարդացին ծոցատետրի էջերից մեկի վրա գրված դատավճիռը, նա լաց եղավ ու մինչև գետափ շարունակեց լաց լինել, իսկ երբ նրան գնդակահարեցին, արդեն հաջորդին էին հարցաքննում։ Հենց որ որևէ մեկին գնդակահարում էին գետափի մոտ, սպաներն շտապում էին հաջորդին հարցաքննել։ Եվ այսպիսով պարզ դարձավ, որ նրանք ուրիշ ոչինչ չեն կարող անել։ Ես չգիտեի հարցաքննությա՞ն սպասել, թե՞ անմիջապես փախուստի փորձ անել։ Միանգամայն պարզ էր, որ ես իտալական համազգեստ հագած գերմանացի եմ։ Ես գիտեի, թե նրանց խելքն ինչպես էր աշխատում, եթե իհարկե, աշխատում էր ու եթե ընդհանրապես խելք ունեին։ Երիտասարդ սպաներ էին, և նրանք փրկում էին իրենց հայրենիքը։ Տալյամենտոյի մոտ երկրորդ բանակն էր վերակազմավորվում։ Նրանք գնդակահարում էին մայորներին ու ավելի բարձրաստիճան սպաներին, որոնք հեռացել էին իրենց զորամասերից։ Նույն ձևով էլ դատաստան էին տեսնում իտալական համազգեստ հագած գերմանացի ագիտատորների հետ։ Նրանք պողպատե սաղավարտ էին հագել (մեզնից միայն երկու հոգի այդպիսի սաղավարտ ունեին, ինչպես նաև կարաբինավորներից մի քանիսը)։ Իսկ մյուսները՝ լայնեզր գլխարկ էին դրել։ Մենք նրանց կոչում էինք ինքնաթիռներ։ Կանգնել էինք անձրևի տակ, և հերթով մեզ տանում էին հարցաքննելու և գնդակահարելու։ Մինչև հիմա բոլոր հարցաքննվողներին գնդակահարել էին։ Հարցաքննում էին չտեսնված անկիրթ ու անտարբեր, այն մարդկանց նվիրական օրինապահությամբ, որոնք տնօրինում են ուրիշի կյանքը, իսկ իրենց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Հիմա հարցաքննում էին գծային գնդի գնդապետին։ ― Որտե՞ղ է ձեր գունդը։ Նայեցի կարաբինավորներին։ Նրանք նայում էին նոր ձերբակալվածներին։ Մյուսները նայում էին գնդապետին։ Ես կռացա, դուրս թռա երկու կարաբինավորների արանքից և, գլուխս հակած, վազեցի դեպի գետը։ Գետափի մոտ սայթաքեցի և շրմփոցով ընկա ջուրը։ Գետը շատ սառն էր, և ինչքան որ հնարավոր էր դիմանալ, մնացի ջրի տակ։ Զգացի, որ հոսանքը տանում էր ինձ և այնքան ժամանակ մնացի տակը, մինչև գլխի ընկա, որ այլևս չեմ կարողանալու ջրի երես դուրս գալ։ Դուրս եկա, խորը շունչ քաշեցի ու անմիջապես նորից ջրի տակ մտա։ Համազգեստով ու կոշիկներով դժվար չէր ջրի տակ մնալ։ Երբ երկրորդ անգամ դուրս եկա տակից, մի գերան նկատեցի առջևում, լողալով հասա ու մի ձեռքով բռնեցի այն։ Գլուխս թաքցրի գերանի տակ և փորձ էլ չարեցի վրայից նայելու։ Չէի ուզում ափը տեսնել։ Վազելիս ու առաջին անգամ ջրի երես դուրս գալու ժամանակ կրակոցի ձայներ լսեցի։ Այդ ձայնը լսվում էր նաև ջրի մակերեսի մոտ։ Հիմա կրակոց չկար։ Գերանը ճոճվում էր ջրի վրա, ու ես մի ձեռքով բռնել էի այն։ Նայեցի դեպի ափը։ Թվում էր, թե ափը շատ արագ էր շարժվում։ Գետի վրա մեծ քանակությամբ փայլտեր էին լողում։ Ջուրը շատ սառն էր։ Մենք անցանք թփուտներով ծածկված կղզյակի մոտով։ Երկու ձեռքով բռնեցի գերանը և թողեցի, որ տանի ինձ։ Հիմա ափն արդեն չէր երևում։