Changes
/* Գլուխ 32 */
Ես ստեղծված չեմ մտածելու համար։ Ստեղծված եմ ուտելու համար։ Աստված վկա, ուտել, խմել ու պառկել Կետրինի հետ։ Գուցե հենց ա՛յս գիշեր։ Ոչ, դա անհնար է։ Ուրեմն՝ վաղը գիշեր, և լավ ընթրիք, և սավաններ, և այլևս երբեք չբաժանվել, և միշտ միասին ապրել։ Ըստ երևույթին, ստիպված կլինենք անմիջապես հեռանալ։ Նա կգա։ Գիտեի, որ կգա։ Պետք է մտածել։ Արդեն մթնում էր։ Պառկել մտածում էի, թե ուր գնանք։ Շատ տեղեր կային գնալու։
==Գիրք չորրորդ==
==Գլուխ 33==
Վաղ առավոտյան, լուսաբացից առաջ, երբ գնացքը Միլանի կայարանի մոտ դանդաղեցրեց ընթացքը, ես թռա վագոնից։ Անցա ռելսերի վրայով, հայտնվեցի ինչ֊որ շինությունների արանքում, ապա դուրս եկա փողոց։ Գինետներից մեկը բաց էր, ու ես ներս մտա մի բաժակ սուրճ խմելու։ Վաղ առավոտվա, ավլված փոշու, սրճի բաժակների մեջ դրված գդալների ու սեղանի վրա գինու գավաթների թողած հետքերի հոտերն էին տարածվել շուրջը։ Վաճառասեղանի առջև կանգնել էր գինետան տերը։ Սեղաններից մեկի մոտ երկու զինվոր էին նստած։ Մոտեցա վաճառասեղանին, մի բաժակ սուրճ խմեցի ու մի կտոր հաց կերա։ Սուրճը մոխրագույն էր դարձել կաթից, ու ես հացի կեղևով հանեցի փրփուրը։ Տերն ինձ նայեց։
― Գրապպա չե՞ք ուզում։
― Ոչ, շնորհակալություն։
― Իմ հաշվին, ― ասաց նա, մի փոքրիկ բաժակ լցրեց ու մոտեցրեց ինձ։ ― Ի՞նչ նորություն կա ճակատում։
― Չգիտեմ։
― Նրանք հարբած են, ― ասաց նա, ցույց տալով սեղանի մոտ նստած զինվորներին։ Կարելի էր հավատալ նրա խոսքին։ Նրանք իսկապես հարբած էին երևում։
― Պատմեք, ― ասաց նա։ ― Ի՞նչ է կատարվում ճակատում։
― Ես ոչինչ չգիտեմ ճակատի մասին։
― Տեսա, թե դուք ինչպես իջաք։ Թռաք գնացքից։
― Նահանջում են։
― Կարդում եմ թերթերը։ Իսկ ի՞նչ է կատարվում։ Վերջացա՞վ։
― Դժվար թե։
Նա կարճլիկ շշից գրապպա լցրեց բաժակի մեջ։
― Եթե ինչ֊որ բան կարգին չէ, ― ասաց նա, ― ես կարող եմ թաքցնել ձեզ։
― Ամեն ինչ կարգին է։
― Եթե կարգին չէ, այստեղ ապրեք։
― Այստե՞ղ։
― Իմ տանը։ Այստեղ շատերն են ապրում։ Ում գործերը որ կարգին չեն, ինձ մոտ են մնում։
― Եվ ի՞նչ, շատերի՞ գործերը կարգին չեն։
― Նայած, թե ինչ նկատի ունեք։ Դուք Հարավային Ամերիկայի՞ց եք։
― Ոչ։
― Իսպաներեն գիտե՞ք։
― Մի քիչ։
Նա սրբեց վաճառասեղանը։
― Հիմա դժվար է սահմանն անցնել, բայց և այնպես հնարավոր է։
― Ես մտադիր չեմ սահմանն անցնելու։
― Կարող եք այստեղ մնալ ինչքան ուզեք։ Կտեսնեք, թե ես ինչ մարդ եմ։
― Հիմա ես պետք է գնամ, բայց կհիշեմ հասցեն ու կվերադառնամ։
Նա շարժեց գլուխը։
― Եթե այդ ձևով եք խոսում, ուրեմն, չեք վերադառնա։ Իսկ ես կարծում էի, թե ձեր գործերն իսկապես կարգին չեն։
― Կարգին են։ Բայց ինձ համար թանկ է բարեկամի հասցե ունենալ։
Տասը լիրա դրեցի վաճառասեղանին՝ սրճի գինը։
― Գրապպա խմեք ինձ հետ, ― ասացի ես։
― Պարտադիր չէ։
― Խմեք։
Նա երկու բաժակ լցրեց։
― Հիշեք, ― ասաց նա։ Եկեք ինձ մոտ։ Ոչ ոքի չվստահեք։ Այստեղ դուք լավ կզգաք։
― Չեմ կասկածում։
― Չե՞ք կասկածում։
― Այո։
Նա լուրջ տեսք ուներ։
― Այդ դեպքում, թույլ տվեք մի բան ասել։ Այս համազգեստով ման չգաք։
― Ինչո՞ւ։
― Թևերի վրա պարզ երևում են պոկված աստղերի տեղերը։ Կտորի գույնն ուրիշ է։
Չպատասխանեցի։
― Եթե փաստաթղթեր չունեք, կարող եմ տալ։
― Ի՞նչ փաստաթուղթ։
― Արձակուրդի։
― Կարիք չկա։ Փաստաթուղթ ունեմ։
― Դե լավ, ― ասաց նա։ ― Բայց եթե կարիք ունենաք, կարող եմ ամեն ինչ ճարել ձեզ համար։
― Իսկ ի՞նչ արժեն այդ փաստաթղթերը։
― Նայած։ Մատչելի գին է։
― Հիմա ոչ մի բանի կարիք չունեմ։
Նա թոթվեց ուսերը։
― Ինձ մոտ ամեն ինչ կարգին է։
Երբ դուրս էի գալիս, նա ասաց․
― Չմոռանաք, որ ես ձեր բարեկամն եմ։
― Չեմ մոռանա։
― Դեռ կհանդիպենք, ― ասաց նա։
― Այո, ― ասացի ես։
Դուրս եկա ու հեռացա կայարանից, որտեղ զինվորական ոստիկաններ կարող էին լինել, և փոքր զբոսայգու ցանկապատի մոտ կառք վարձեցի։ Կառապանին հիվանդանոցի հասցեն տվեցի։ Հիվանդանոց հասնելուց հետո մտա դռնապանի խցիկը։ Կինը համբուրեց ինձ։ Իսկ նա սեղմեց իմ ձեռքը։
― Վերադարձել եք։ Ողջ֊առողջ։
― Այո։
― Նախաճաշե՞լ եք։
― Այո։
― Ինչպե՞ս եք, tenente: Ինչպե՞ս եք, ― հարցնում էր կինը։
― Հիանալի։
― Չե՞ք նախաճաշի մեզ հետ։
― Ոչ, շնորհակալություն։ Ասեք, խնդրում եմ, միսս Բարկլին հիմա հիվանդանոցո՞ւմ է։
― Միսս Բարկլի՞ն։
― Անգլիացի հիվանդապահուհին։
― Նրա աղջիկը, ― ասաց կինը։
Նա թփթփացրեց թևիս ու ժպտաց։
― Ոչ, ― ասաց դռնապանը։ ― Գնաց։
Սիրտս ճմլվեց։
― Հաստա՞տ գիտեք։ Ես հարցնում էի բարձրահասակ և խարտյաշ ջահել անգլուհու մասին։
― Հաստատ գիտեմ։ Գնացել է Ստրեզա։
― Ե՞րբ է գնացել։
― Երկու օր առաջ, մի ուրիշ անգլիացի հիվանդապահուհու հետ։
― Լավ, ― ասացի ես։ ― Ուզում եմ ձեզ մի բան խնդրել։ Ոչ ոքի չասեք, որ տեսել եք ինձ։ Դա շատ կարևոր է։
― Ոչ ոչի չեմ ասի։
Ես տասը լիրա տվեցի նրան։ Մա մի կողմ հրեց դրամը։
― Խոստանում եմ ոչ ոքի չասել, ― կրկնեց դռնապանը։ ― Փող պետք չէ։
― Ինչո՞ց կարող ենք օգնել, signor tenente, ― հարցրեց կինը։
― Միայն դրանով։
― Մենք համր ենք, ― ասաց դռնապանը։ ― Եթե որևէ բանի կարիք ունենաք, ձայն տվեք։
― Լավ, ― ասացի ես։ ― Ցտեսություն։ Կհանդիպենք դեռ։
Կանգնել էին դռան մեջ ու նայում էին իմ ետևից։
Կառք նստեցի ու կառապանին տվեցի Սիմոնսի հասցեն, իմ այն ծանոթի, որ երգեցողության դասեր էր առնում։
Սիմոնսը քաղաքի մյուս ծայրում էր ապրում, Պորտա Մաջենտայի մոտ։ Երբ սենյակ մտա, նա դեռ անկողնում էր և քնատ էր երևում։
― Չափազանց վաղ եք զարթնում, Հենրի, ― ասաց նա։
― Առավոտվա գնացքով եմ եկել։
― Սա ի՞նչ նահանջ է։ Ճակատում եղե՞լ եք։ Ուզո՞ւմ եք ծխել։ Սեղանի վրա է, տուփի մեջ։
Մեծ սենյակ էր, պատի տակ մահճակալ, դիմացը՝ դաշնամուր, զգեստապահարան և սեղան։ Նստեցի մահճակալի կողքի աթոռին։ Սիմոնսը, բարձերին հենված, ծխում էր։
― Վատ են գործերս, Սիմ, ― ասացի ես։
― Իմ գործերն էլ են վատ, ― ասաց նա։ ― Միշտ էլ վատ են։ Չե՞ք ուզում ծխել։
― Ոչ, ― ասացի ես։ ― Ի՞նչ է պետք Շվեյցարիա գնալու համար։
― Ո՞վ է ուզում գնալ, դո՞ւք։ Իտալացիները ձեզ չեն թողնի։
― Այո։ Գիտեմ։ Իսկ շվեյցարացինե՞րը։ Ի՞նչ կանեն շվեյցարացիները։
― Կներկալեն։
― Գիտեմ։ Բայց ո՞րն է դրա մեխանիկան։
― Առանձնապես ոչինչ։ Շատ պարզ բան է։ Ուր ուզեք՝ կարող եք գնալ։ Կարծեմ պետք է միայն տեղեկացնել կամ նման մի բան։ Ի՞նչ կա։ Ոստիկանությունը հետևո՞ւմ է ձեզ։
― Դեռ պարզ չէ։
― Մի ասեք, եթե չեք ուզում։ Բայց հետաքրքիր էր լսել։ Այստեղ ոչինչ չի պատահում։ Պյաչենայում խայտառակ կերպով տապալվեցի։
― Ցավում եմ։
― Օ, այո․․․ շատ վատ անցավ։ Չնայած լավ էի երգում։ Ուզում եմ մի անգամ էլ փորձել այստեղ, Լիրիկոնում։
― Ափսոս, որ չեմ կարող ներկա լինել։
― Դուք չափազանց քաղաքավարի եք։ Չլինի՞ իսկապես անախորժ պատմության մեջ եք ընկել։
― Չգիտեմ։
― Եթե չեք ուզում, մի ասեք։ Իսկ ինչո՞ւ եք այստեղ և ոչ թե այդ անիծյալ ռազմաճակատում։
― Որոշեցի վերջ տալ, արդեն բավական է։
― Կեցցեք։ Ես միշտ էլ գիտեի, որ ձեր գլուխն աշխատում է։ Կարո՞ղ եմ օգտակար լինել։
― Բայց դուք շատ եք զբաղված։
― Երբեք, իմ սիրելի Հենրի։ Երբեք։ Ուրախ կլինեմ, եթե զբաղվելու բան ունենամ։
― Մենք նույն հասակն ունենք։ Պիտի խնդրեի, որ գնայիք և քաղաքացիական զգեստներ գնեիք ինձ համար։ Ես ունեմ, բայց Հռոմում եմ թողել։
― Դուք այնտեղ ապրել եք , չէ՞։ Գարշելի տեղ է։ Ինչպե՞ս եք դիմացել։
― Ուզում էի ճարտարապետ դառնալ։
― Բնավ ճարտարապետ դառնալու տեղ չէ։ Ոչինչ էլ մի գնեք։ Ինչ որ պետք է, ինքս կտամ։ Ես ձեզ այնպես հագցնեմ, որ անճանաչելի դառնաք։ Հանդերձարան գնացեք։ Սիրելի բարեկամ, դուք ոչ մի բան գնելու կարիք չունեք։
― Բայց ավելի լավ է գնեմ, Սիմ։
― Սիրելի բարեկամ, ինձ համար ավելի հեշտ է տալ, քան գնալ առնել։ Անձնագիր ունե՞ք։ Առանց անձնագրի հեռու չեք գնա։
― Այո։ Պահել եմ հին անձնագիրս։
― Դե, ուրեմն, հագնվեք, սիրելի բարեկամ, և առաջ դեպի հին ու բարի Հելվեցիան։
― Դա այնքան էլ հեշտ չէ։ Նախ պետք է Ստրեզա գնամ։
― Դրանից լավ բա՞ն, սիրելի Բարեկամ։ Նավակ կնստեք և կանցնեք դիմացի ափը։ Եթե ես երգելու փորձեր չանեի, ձեզ հետ կգայի։ Եվ կգամ։
― Կարող եք տիրոլյան ոճի անցնել։
― Եվ կանցնեմ, սիրելի բարեկամ։ Չնայած լավ եմ երգում։ Ու տարօրինակն էլ հենց այդ է։
― Գլուխս կկտրեմ, եթե լավ չեք երգում։
Նա ավելի հարմար տեղավորվեց բարձին ու մի հատ էլ ծխեց։
― Ավելի լավ է չկտրեք ձեր գլուխը։ Չնայած լավ եմ երգում։ Անչափ ծիծաղելի է, բայց լավ եմ երգում։ Սիրում եմ երգել։ Լսեք։ ― Նա մի կտոր մռնչաց «Աֆրիկուհուց», վիզը լարվեց, երակները ցցվեցին։ ― Լավ եմ երգում, ― ասաց նա։ ― Ուզում է հավանեն, ուզում է չհավանեն։
Դուրս նայեցի պատուհանից։
― Գնամ, բաց թողնեմ կառքը։
― Շուտ վերադարձեք, սիրելի բարեկամ, նախաճաշենք միասին։
Նա վեր կացավ անկողնուց, ուղղեց մարմինը, խորը շունչ քաշեց և սկսեց մարզանք անել։ Իջա փողոց ու վճարեցի կառապանին։
==Գլուխ 34==
Քաղաքացիական հագուստներով կարծես դիմակահանդեսում լինեի։ Երկար ժամանակ էր, ինչ զինվորական համազգեստ էի հագնում և հիմա ձգվածության պակաս էի զգում։ Տաբատը կարծես ընկնում էր վրայիցս։ Միլանում Ստրեզայի տոմս գնեցի։ Գնեցի նաև նոր գլխարկ։ Չէի կարող Սիմի գլխարկը դնել, բայց նրա կոստյումը հիանալի էր։ Ծխախոտի հոտ էր գալիս վրայից, ու երբ նստեցի կուպեում և նայեցի պատուհանից, զգացի, թե ինչքան նոր է գլխարկս և թե ինչքան հին էր կոստյումս։ Իսկ ես պատուհանից երևացող լոմբարդյան թաց դաշտավայրի չափ տխուր էի։ Կուպեում նստել էին մի քանի օդաչուներ, որոնք բանի տեղ չդրին ինձ։ Նրանք խուսափում էին ինձ նայել և արհամարհանք էին տածում այս տարիքում քաղաքացիական զգեստներ հագած մարդկանց հանդեպ։ Ես չվիրավորվեցի։ Առաջ գուցե հենց ինքս վիրավորեի նրանց ու կռիվ սարքեի։ Գալարատեում նրանք իջան, ու ես ուրախ էի, որ մենակ մնացի։ Մոտս թերթ կար, բայց չէի կարդում, որովհետև չէի ուզում կարդալ պատերազմի մասին։ Որոշել էի մոռանալ պատերազմը։ Ես անկախ հաշտություն էի կնքել։ Ահավոր մենակություն էի զգում, ու գնացքը երբ Ստրեզա հասավ, ուրախացա։
Կարծում էի, թե կայարանում հյուրանոցների ներկայացուցիչներ կլինեն, բայց ոչ ոք չկար։ Սեզոնը վաղուց էր վերջացել, ու ոչ ոք չէր դիմավորում գնացքը։ Ճամպրուկը ձեռքիս իջա վագոնից։ Դա Սիմի ճամպրուկն էր ու շատ թեթև էր, որովհետև բացի երկու շապիկից ուրիշ ոչինչ չկար մեջը։ Մինչև գնացքի շարժվելը կանգնեցի կառամատույցում, անձրևի տակ։ Մոտեցա մի մարդու և հարցրի, թե որ հյուրանոցներն են բաց։ Բայց էին Grand Hotel և Des Iles Borromees և մի քանի այլ փոքրիկ հյուրանոցներ, որոնք աշխատում էին կլոր տարին։ Ճամպրուկը ձեռքիս, անձրևի տակ սկսեցի քայլել դեպի Des Iles Borromees հյուրանոցը։ Ճանապարհին մի կառք տեսա ու նշան արեցի, որ կանգնի։ Ավելի լավ է կառքով գնալ։ Մենք մոտեցանք մեծ հյուրանոցի շքամուտքին, և դռնապանը, հովանոցը ձեռքին, դուրս եկավ։ Նա շատ քաղաքավարի էր։
Ես լավ համար ընտրեցի։ Մեծ ու լուսավոր սենյակ էր, պատուհանները նայում էին դեպի լիճը։ Ամպերը կախվել էին լճի վրա, բայց գիտեի, որ արևի տակ գեղեցիկ տեսարան կլինի։ Ասացի, որ կնոջս եմ սպասում։ Ատլասե վերմակով ծածկված երկտեղանի մի մեծ մահճակալ կար, letto matrimoniale:<ref>Ամուսնական անկողին (իտ․)։</ref> Առաջնակարգ հյուրանոց էր։ Անցա երկար միջանցքով, լայն աստիճաններով իջա ցած ու գնացի բար։ Ես ճանաչում էի բարմենին։ Նստեցի բարձր աթոռակին, աղած նուշ ու տապակած կարտոֆիլ կերա։ Մարտինին սառն էր ու անարատ։
― Ի՞նչ եք անում այստեղ borghese<ref>Քաղաքացիական զգեստ (իտ․)։</ref>֊ով, ― հարցրեց բարմենը, երկրորդ անգամ խառնելով մարտինին։
― Արձակուրդի մեջ եմ։ Ապաքինման եմ եկել։
― Հիմա ոչ ոք չկա այստեղ։ Չեմ հասկանում, ինչո՞ւ չեն փակում հյուրանոցը։
― Ձուկ որսո՞ւմ եք։
― Մի քանի հիանալի ձուկ եմ բռնել։ Տարվա այս եղանակին կարելի է հիանալի ձկներ որսալ։
― Ստացա՞ք իմ ուղարկած ծխախոտը։
― Այո։ Իսկ դու ստացա՞ք իմ բացիկը։
Ծիծաղեցի։ Չէի կարողացել ծխախոտ գտնել։ Նա ծխամորճի ամերիկյան ծխախոտ էր ուզել, բայց իմ ազգականներն այլևս չէին ուղարկում և կամ ինչ֊որ տեղ բռնագրվում էին այն։ Համենայն դեպս, էլ չէի ստանում։
― Մի կերպ կճարեմ, ― ասացի ես։ ― Քաղաքում երկու անգլուհիների հանդիպե՞լ եք։ Երեկ չէ առաջին օրն են եկել։
― Հյուրանոցում անգլուհիներ չկան։
― Հիվանդապահուհի են։
― Երկու հիվանդապահուհու տեսել եմ։ Մի րոպե, հիմա կիմանամ որտեղ են։
― Նրանցից մեկն իմ կինն է, ― ասացի ես։ ― Եկել եմ տեսնելու նրան։
― Մյուսն էլ իմ կինն է։
― Ես չեմ կատակում։
― Ներեցեք հիմար կատակի համար, ― ասաց նա։ ― Ես չհասկացա։
Դուրս եկավ ու երկար ժամանակ չվերադարձավ։ Ես ձիթապտուղ, աղած նուշ ու տապակած կարտոֆիկ կերա և վաճառասեղանի ետևում կախված հայելու մեջ քաղաքացիական հագուստներով տեսա ինձ։
Բարմենը վերադարձավ։
― Կայարանի կողքին մի փոքր հյուրանոց կա, այնտեղ են, ― ասաց նա։
― Սանդվիչ ունե՞ք"
― Հիմա զանգ կտամ։ Ոչինչ էլ չունեմ, հասկանում եք, հաճախորդ չկա։
― Ի՞նչ է, լրի՞վ դատարկ է հյուրանոցը։
― Մի քանի հոգի կան միայն։
Սանդվիչ բերեցին, ու ես երեք հատ կերա ու մի բաժակ էլ մարտինի խմեցի։ Երբեք ավելի սառը ու ավելի մաքուր բան չէի խմել։ Այդ սառնությունն ու մաքրությունն ինձ նորից քաղաքակիրթ դարձրին։ Երկար ժամանակ է, ինչ կարմիր գինի, վատ սուրճ ու գրապպա էի խմում և հաց ու պանիր ուտում։ Նստել էի բարձր աթոռակին, կարմիր փայտի, բրոնզի ու հայելիների հաճելի շրջապատում ու ոչինչ չէի մտածում։ Բարմենը մի քանի հարց տվեց։
― Մի խոսեք պատերազմի մասին, ― ասացի ես։
Պատերազմն ինչ֊որ հեռու տեղ էր։ Գուցե և ընդհանրապես պատերազմ չկար։ Այստեղ չկար պատերազմ։ Ու ես հասկացա, որ պատերազմն ինձ համար արդեն վերջացել է։ Բայց չէի զգում, թե իսկապես վերջացել է։ Ես նման էի այն աշակերտին, որ փախել է դասերից ու հիմա մտածում է, թե ինչ է կատարվում դպրոցում։
Երբ հյուրանոց եկա, Կետրինն ու Էլեն Ֆերգյուսոնը ճաշում էին սեղանի շուրջը։ Դեմքը չէր երևում, տեսնում էի նրա մազերի ուրվագիծը, և այտերը, և հրաշալի վիզը, և ուսերը։ Ֆերգյուսոնն ինչ֊որ բան էր պատմում։ Երբ ներս մտա, նա լռեց։
― Աստվա՜ծ իմ, ― ասաց նա։
― Հելլո, ― ասացի ես։
― Դո՞ւք եք, ― ասաց Կետրինը։
Դեմքը լուսավորվեց։ Նա անչափ երջանիկ էր, որպեսզի կարողանար հավատալ։ Համբուրեցի նրան։ Կետրինը կարմրեց, ու ես նստեցի սեղանի մոտ։
― Այ թե շփոթեցրիկ, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Ի՞նչ գործ ունեք այստեղ։ Ճաշե՞լ եք։
― Ոչ։
Ներս մտավ մատուցողուհին, ու ես նրան ասացի, որ ինձ համար էլ պնակ բերի։ Կետրինը, երջանիկ աչքերով, անընդհատ ինձ էր նայում։
― Ինչի՞ եք մուֆտայով, ― հարցրեց Ֆերգյուսոնը։
― Կաբինետի անդամ եմ դարձել։
― Անախորժ պատմության մեջ եք ընկել։
― Զվարճացեք, Ֆերջի։ Մի քիչ զվարճացեք։
― Ձեզ տեսնելն ինձ չի զվարճացնում։ Գիտեմ, թե ինչ փորձանքի մեջ եք գցել այս աղջկան։ Դուք ինձ համար բնավ էլ զվարճալի պատկեր չեք։
Կետրինը ժպտում էր և սեղանի տակից ոտքով կպչում ինձ։
― Ինձ ոչ մի փորձանքի մեջ չի գցել, Ֆերջի։ Ես ինքս եմ ընկել։
― Ես նրան տանել չեմ կարող, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Նա պարզապես կործանեց ձեզ իտալական իր նենգ խաղերով։ Ամերիկացիներն իտալացիներից էլ վատն են։
― Իսկ շոտլանդացիներն այնքան բարոյական են, ― ասաց Կետրինը։
― Ես այդ մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ նրա իտալական նենգության մասին։
― Մի՞թե ես նենգ եմ, Ֆերջի։
― Այո։ Նենգից էլ վատ եք։ Դուք իսկական օձ եք։ Իտալական համազգեստով ու թիկնոցով օձ։
― Բայց հիմա իտալական համազգեստ չունեմ։
― Դա էլ է մի ավելորդ անգամ ապացուցում ձեր նենգությունը։ Ամբողջ ամառը սեր խաղացիք ու աղջկան երեխայով թողեցիք, իսկ հիմա երևի ուզում եք արանքը ճղել։
Ժպտացի Կետրինին նա էլ ինձ ժպտաց։
― Երկուսս էլ ենք ուզում արանքը ճղել, ― ասաց նա։
― Երկուսդ էլ արժեք իրար, ― ասաց Ֆերգյուոնը։ ― Ես ամաչում եմ ձեր փոխարեն, Կետրին Բարկլի։ Ոչ ամոթ ունեք, ոչ պատիվ, և դուք էլ նրա նման նենգ եք։
― Պետք չէ, Ֆերջի, ― ասաց Կետրինը և թփթփացրեց նրա ձեռքին։ ― Մի հայհոյեք ինձ։ Դուք գիտեք, որ մենք սիրում ենք իրար։
― Հանեք ձեր ձեռքը, ― ասաց Ֆերգյուսոնը։ ― Դեմքը կարմրել էր։ ― Եթե ամոթ ունենայիք, ուրիշ հարց։ Բայց աստված գիտե՝ քանի ամսական հղի եք ու կարծում եք, թե խաղ ու պար է դա և դեռ մինչև ականջներն էլ ժպտում եք, որ ձեզ գայթակղեցնողը վերադարձել է։ Ոչ ամոթ ունեք, ոչ էլ խիղճ։
Նա արտասվեց։ Կետրինը մոտեցավ ու մի ձեռքով գրկեց նրան։ Երբ նա վեր կացավ Ֆերգյուսոնին հանգստացնելու համար, նկատեցի, որ նրա մարմնի կազմվածքը չէր փոխվել։
― Ինձ համար միևնույն է, ― հեծկլտում էր Ֆերգյուսոնը։ ― Միայն թե սոսկալի է։
― Դե, դե, Ֆերջի, ― հանգստացնում էր նրան Կետրինը։ ― Ես ամաչելու եմ։ Մի լացեք, Ֆերջի։ Մի լացեք, իմ լավ Ֆերջի։
― Լաց չեմ լինում, ― հեծկլտում էր Ֆերգյուսոնը։ ― Լաց չեմ լինում։ Միայն երբ հիշում եմ, թե ինչ ահավոր փորձանքի մեջ ընկաք․․․ Նա ինձ նայեց։ ― Ատում եմ ձեզ, ― ասաց նա։ ― Նա չի կարող ստիպել, որ չատեմ ձեզ։ Կեղտոտ և նենգ ամերիկյան իտալացի։
Նրա աչքերն ու քիթը կարմրել էին արտասվելուց։
Կետրինը ժպտում էր ինձ։
― Ինձ գրկելիս մի ժպտացեք նրան։
― Անխոհեմ եք վարվում, Ֆերջի։
― Գիտեմ, ― հեծկլտում էր Ֆերջին։ ― Ուշադրություն մի դարձրեք։ Շատ եմ հուզված։ Անխոհեմ եմ վարվում։ Գիտեմ։ Ուզում եմ, որ երկուսդ էլ երջանիկ լինեք։
― Մենք երջանիկ ենք, ― ասաց Կետրինը։
Ֆերգյուսոնը նորից լաց եղավ։
― Չեմ ուզում, որ այս ձևով երջանիկ լինեք։ Ինչո՞ւ չեք ամուսնանում։ Հո ամուսնացած չե՞ք, ուրիշ կին չունե՞ք։
― Ոչ, ― ասացի ես։
Կետրինը ծիծաղեց։
― Ծիծաղելու ոչինչ չկա, ― ասաց Ֆերգյուսոնը, ― սրանց մեծ մասը կին ունի։
― Կամուսնանանք, Ֆերջի, ― ասաց Կետրինը, ― եթե դա ձեզ հաճույք կպատճառի։
― Պետք չէ ինձ հաճույք պատճառել։ Դուք ինքներդ պետք է ցանկանայիք։
― Շատ զբաղված էինք։
― Այո։ Գիտեմ։ Զբաղված էիք երեխաներ սարքելով։
― Կարծում էի, թե նորից կարտասվի, բայց դրա փոխարեն հանկարծ դառնություն զգացվեց ձայնի մեջ։
― Իսկ հիմա, անշուշտ, նրա հետ կգնաք։
― Այո, ― ասաց Կետրինը։ ― Եթե նա ցանկանա։
― Իսկ ե՞ս։
― Վախենո՞ւմ եք մենակ մնալ։
― Այո։
― Այդ դեպքում ձեզ մոտ կմնամ։
― Ոչ, նրա հետ գնացեք։ Հենց հիմա գնացեք։ Էլ ոչ մեկիդ էլ չեմ ուզում տեսնել։
― Ճաշենք, հետո։
― Ոչ։ Հենց հիմա գնացեք։
― Ֆերջի, խոհեմ եղեք։
― Ասում եմ հենց հիմա կորեք։ Երկուսդ էլ գնացեք։
― Գնանք, ― ասացի ես։
Ֆերջին արդեն ձանձրացրեց ինձ։
― Իհարկե, դուք կուզենաք գնալ։ Նույնիսկ ճաշելիս ուզում եք ինձ մենակ թողնել։ Ես վաղուց էի երազում իտալական լճերը տեսնել և այ թե ինչ ստացվեց։ Օ, օ՜, ― հեծկլտաց նա, նայեց Կետրինին, հետո ինչ֊որ բան մնաց կոկորդին ու սկսեց հազալ։
― Մինչև ճաշի վերջը կմնանք, ― ասաց Կետրինը։ ― Ես ձեզ մենակ չեմ թողնի, եթե ուզում եք, որ մնամ։ Ես ձեզ մենակ չեմ թողնի, Ֆերջի։
― Ոչ, ոչ։ Ես ուզում, որ գնաք։ Ուզում եմ, որ գնաք, ― նա սրբեց աչքերը։ ― Ինչքան անխոհեմ եմ։ Շատ եմ խնդրում, ուշադրություն մի դարձրեք։
Մատուցող աղջիկը շատ էր ազդվել այս արցունքներից։ Ու հիմա, երբ հաջորդ ուտելիքը բերեց ու տեսավ, որ վիճակն արդեն ավելի լավ է, մի տեսակ հանգստացավ կարծես։
Գիշերը՝ հյուրանոցում, մեր սենյակում, որի դռան ետևում երկար ու դատարկ միջանցքն է, և մեր կոշիկները դռան առջև, և հաստ մի գորգ սենյակի հատակին, և անձրև պատուհանից դուրս, և սենյակում լույս, հաճույք ու ցնծություն, հետո՝ մութ, և բարակ սավանների ու հարմարավետ մահճակալի հուզում, և ուրախ զգացում, որ տուն ես վերադարձել, որ այլևս մենակ չես, և երբ արթնանաս գիշերը, մյուսը չի անհետացել, առաջվա պես պառկած է տեղում։ Եվ մնացած ամեն ինչն անիրական է։ Հոգնելիս քնում էինք, իսկ արթնաալիս, երկուսս էինք արթնանում, ու մեզնից ոչ մեկն այլևս մենակ չէր։ Հաճախ տղամարդն ուզում է մենակ մնալ, կինն էլ է ուզում մենակ մնալ, ու եթե սիրում են իրար, երկուսին էլ վիրավորանք է պատճառում այդ ցանկությունը։ Բայց ես կարող եմ անկեղծորեն ասել, որ մենք այդպես չէինք։ Երբ միասին էինք, երկուսո՛վ էինք մենակ, մենակ էինք մյուսների մեջ։ Կյանքումս առաջին անգամ էի զգում այդ։ Շատ կանանց հետ եմ եղել, սակայն միշտ մենակ եմ մնացել, իսկ դա ամենամեծ մենակությունն է։ Բայց երբ մենք միասին էինք լինում, երբեք մենակություն ու վախ չէինք զգում։ Գիտեմ, որ գիշերը տարբեր է ցերեկից, որ փոխվում է ամեն ինչ, որ գիշերվանն անհնար է ցերեկը բացատրել, որովհետև արդեն գոյություն չունի, ու եթե մարդ արդեն մենակ է զգում իրեն, ապա գիշերն այդ մենակությունն էլ ահավոր է դառնում։ Բայց երբ Կետրինի հետ ես, ոչ մի տարբերություն չկա գիշերվա ու ցերեկվա միջև, միայն մի բանն է տարբեր, գիշերը նույնիսկ ավելի հաճելի է։ Քանի որ մարդիկ այսքան արիություն են իրենց հետ աշխարհ բերում, աշխարհը պետք է սպանի այդ մարդկանց, որպեսզի կոտրի ու ընկճի նրանց, ու հենց դրա համար էլ սպանո՛ւմ է։ Աշխարհը բոլորին է կոտրում և ընկճում և դրանից հետո, այդպես կոտրված ու ընկճված, շատերն է՛լ ավելի ամուր են դառնում։ Բայց ովքեր չեն կոտրվում և չեն ընկճվում, նրան էլ է սպանում աշխարհը։ Առանց խտրության նա սպանում է ամենալավերին, ամենաքաջերին, իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույն է, քե՛զ էլ կսպանի, միայն թե առանց շտապելու։
Հիշում եմ, թե ինչպես արթնացանք առավոտյան։ Կետրինը քնած էր դեռ, և արևի լույսն ընկել էր սենյակ։ Անձրևը դադարել էր, ու ես վեր կացա անկողնուց, մոտեցա պատուհանին։ Ներքևում պարտեզներ էին տարածված, որոնք մերկ էին հիմա, բայց գեղեցիկ ու կանոնավոր․ մանրախճով ծածկված արահետներ, ծառեր, լճի շուրջ՝ քարե պարիսպ, արևի տակ՝ լիճ, իսկ հեռվում՝ լեռներ։ Կանգնել, դիտում էի պատուհանից, ու երբ շրջվեցի, տեսա, որ Կետրինն արդեն արթնացել ու ինձ էր նայում։
― Ինչպե՞ս ես, սիրելիս, ― հարցրեց նա։ ― Լավ օր է, չէ՞։
― Ինչպե՞ս ես զգում։
― Շատ լավ։ Ինչ հրաշալի գիշեր էր։
― Ուզո՞ւմ ես նախաճաշել։
Ուզում էր նախաճաշել։ Ես էլ էի ուզում, ու մենք անկողնում կերանք, նոյեմբերյան արևը թափանցել էր լուսամուտից, ու ես նախաճաշի սկուտեղը ծնկներիս էի դրել։
― Չե՞ս ուզում թերթ կարդալ։ Հիվանդանոցում միշտ կարդում էիր։
― Ոչ, ― ասացի ես։ ― Հիմա չեմ ուզում։
― Ուրեմն, այնքան վատ է եղել, որ կարդա՞լ ել չես ուզում։
― Այո, չեմ ուզում այդ մասին կարդալ։
― Ափսոս, որ չեմ եղել քեզ հետ, ես էլ ամեն ինչ կիմանայի։
― Եթե մի օր գլխումս տեղավորվի, կպատմեմ։
― Իսկ քեզ չե՞ն ձերբակալի, եթե առանց համազգեստի տեսնեն։
― Երևի կգնդակահարեն։
― Այդ դեպքում մենք չպետք է այստեղ մնանք։ Պետք է արտասահման անցնենք։
― Արդեն մտածել եմ այդ մասին։
― Կգնանք։ Սիրելիս, պետք չէ իզուր տեղ վտանգի երթարկվել։ Ասա, ինչպե՞ս ես Մեստրեից Միլան հասել։
― Գնացքով։ Այն ժամանակ դեռ համազգեստով էի։
― Իսկ դա վտանգավոր չէ՞ր։
― Ոչ այնքան։ Ես երթևեկության արտոնյալ վկայական ունեի։ Մեստրեում փոխեցի թվականը։
― Սիրելիս, այստեղ ամեն րոպե կարող են քեզ ձերբակալել։ Չեմ ուզում։ Ինչպե՞ս կարելի է այդպիսի հիմարություն անել։ Իսկ ի՞նչ կլինի մեր վիճակը, եթե քեզ բռնեն։
― Արի այդ մասին չմտածենք։ Հոգնել եմ մտածելուց։
― Ի՞նչ կանես, եթե ձերբակալելու գան։
― Կկրակեմ։
― Տեսնո՞ւմ ես ինչ հիմար ես, մինչև մեր գնալը չեմ թողնի, որ հյուրանոցից դուրս գաս։
― Իսկ ո՞ւր ենք գնալու։
― Խնդրում եմ, այդպես մի խոսիր, սիրելիս։ Ուր որ ուզես կգնանք։ Բայց այնպիսի մի տեղ ընտրիր, որ հենց հիմա էլ կարողանանք գնալ։
― Լճի մյուս ափը Շվեյցարիան է, կարող ենք այնտեղ գնալ։
― Շատ լավ կլինի։
Ամպերը դարձյալ կուտակվեցին, ու լիճն սկսեց մթնել։
― Չեմ ուզում միշտ հանցագործի նման ապրել, ― ասացի ես։
― Այդպես մի խոսիր, սիրելիս։ Այդ երբվանի՞ց ես հանցագործի պես ապրում։ Էլ չենք ապրի հանցագործի պես։ Սրանից հետո երջանիկ կլինենք։
― Ես հանցագործ եմ զգում ինձ։ Դասալքել եմ բանակը։
― Սիրելիս, խնդրում եմ խելքդ գլուխդ հավաքիր։ Ոչ մի դասալքություն։ Չէ՞ որ դա իտալական բանակ է։
Ես ծիծաղեցի։
― Իմ խելոք աղջիկ։ Արի նորից անկողին մտնենք։ Երբ անկողնում ենք, ինձ համար ամեն ինչ փոխվում է։
Քիչ անց Կետրինն ասաց․
― Էլ հանցագործ չես զգում քեզ, չէ՞։
― Ոչ, ― ասացի ես։ ― Երբ քեզ հետ եմ, չեմ զգում։
― Ինչ հիմար տղա ես, ― ասաց նա։ ― Բայց ես կհետևեմ քեզ։ Լավ է, չէ՞, որ առավոտները սիրտս չի խառնում։
― Հիանալի է։
― Չես գնահատում, թե ինչ հրաշալի կին ունես։ Բայց դա ինձ համար նշանակություն չունի։ Ես քեզ մի այնպիսի տեղ կտանեմ, որ չկարողանան ձերբակալել, և մենք հիանալի կապրենք միասին։
― Արի հենց հիմա գնանք։
― Գնանք սիրելիս։ Երբ ուզես, ուր ուզես։
― Արի ոչ մի բանի մասին չմտածենք։
― Արի։