Changes
/* Ռազմական աղոթք */
Հետագայում շատերը պնդում էին, թե դա խելագարի մեկն է եղել, որովհետև նրա ճառը զուրկ էր որևէ իմաստից։
==Որոշ բաներ զղջալու մասին==
Շատ հետաքրքրական են որոշ բառերի առաջացրած սխալ զուգորդումները։ Վերցնենք, օրինակ, «զղջալ» բառը։ Մենք առանց որևէ խորհրդածության այդ բառը զուգորդում ենք բացառապես մեղքի հասկացության հետ։ Դեռ մանուկ հասակից մենք հավատում ենք, որ զղջում ենք միայն վատ արարքների համար, թեև իրականում անվերջ ու ջանասիրաբար զղջում ենք մեր կատարված լավ արարքների համար։ Շատ հաճախ մեղքի համար զղջալով, մենք դա անում ենք մակերեսորեն, պարտականությունից ելնելով, անտարբերությամբ, զուտ մտահայեցորեն, բայց երբ մենք զղջում ենք լավ արարքի համար, այդ զղջումը լինում է տանջալից, այրող և ուղղակի սրտից է բխում։ Շատ հաճախ մեղքի համար զղջալով, մենք մեզ ներում ենք և մոռանում կատարվածը։ Բայց զղջալով լավ արարքի համար, մենք հազվադեպ ենք հոգեկան անդորր ձեռք բերում և սովորաբար շարունակում ենք տառապել մինչև կյանքի վերջը։ Եվ այդպիսի զղջումը մնում է հավերժ թարմ, ուժեղ, խոր և գործուն։ Սրտանց բարերարություն անելով անշնորհակալ մարդուն, ինչպիսի՜ հաստատակամությամբ, ինչպիսի՜ անդուլ եռանդով զղջում ենք նրա համար։ Այդպիսի զղջման համեմատությամբ մեղքի համար զղջալը անալի, խղճուկ ու րոպեական մի բան է։
Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր միջին մարդ ամեն ինչով ինձ նման է, այլապես չէի սկսի այդպես մերկացնել իմ էությունը։ Ես ասում եմ «միջին մարդ» և դրանով սահմանափակվում եմ, որովհետև չեմ տարակուսում, որ կան մարդիկ, որոնք չեն զղջում իրենց բարի արարքների համար նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց հատուցում են դավաճանությամբ ու ապերախտությամբ։ Ես կարծում եմ, որ այդ մի բուռ մեծահոգի մարդիկ պետք է երկնքում լինեին՝ այստեղ նրանք միայն խանգարում են։ Իմ կյանքում ես մի քանի միլիոն մեղք եմ գործել։ Դրանցից շատերի համար, հավանաբար, զղջացել եմ, բայց հիմա արդեն չեմ հիշում, որոշ մեղքերիս համար մտադրվել եմ զղջալ, բայց այնպես էլ չեմ զղջացել․ և դրանք բոլորը մոռացել եմ, բացառությամբ ամենավերջերս գործածների և երկու֊երեք վաղեմի մեղքերի։ Իմ կյանքում ես կատարել եմ տասնմեկ լավ արարք։ Դրանք բոլորը հիշում եմ, իսկ դրանցից չորսը՝ զարմանալի պարզությամբ։ Եվ բավական է հիշեմ այդ չորս արարքներից որևէ մեկը, որպեսզի սկսեմ զղջալ, մի բան, որ պատահում է տարեկան առնվազն հիսուներկու անգամ։ Եվ դրանց համար զղջում եմ նույն այրող դառնությամբ, ինչպես որ առաջին անգամ։ Եթե գիշերն արթնանում եմ, դրանք էլ ասես գետնից բուսնում են և մինչև առավոտ ինձ հետ լինում։ Իմ գործած մեղքերը ինձ չեն ծառայել այնքան երկար, ինչպես դրանցից մեկը։ Եվ մեղքերիցս ոչ մեկի համար չեմ զղջացել և այնպիսի կրքոտ ավյունով ու անկեղծությամբ, ինչպես այդ չորս հիանալի ու ազնիվ արարքներիս համար։
Հնարավոր է, որ դուք՝ այս տողերն ընթերցողներդ, պատկանում եք այն մի բուռ մոլորյալներին, որոնց տեղը երկնքում է։ Այդ դեպքում դուք չեք հասկանա, թե ինչի մասին եմ պատմում, և իմ խոսքերը ձեզ դուր չեն գա, բայց դրանք դուր կգան ձեր մերձավորին, եթե նրա հիսուն տարին լրացել է։
:::::::::::::::::::::::15 օգոստոսի 1906 թ․