Changes
==Քրիստոնեական գիտություն==
===Գլուխ առաջին===
Անցյալ ամառ, երբ ախորժակի վերականգնման բուժընթացն ավարտելուց հետո լեռնային առողջարանից վերադառնում էի Վիեննա, մթության մեջ գայթեցի և ժայռից ցած ընկա, կոտրելով ձեռքերս, ոտքերս և մնացած ամեն բան, ինչ կարելի էր կոտրել ու, բարեբախտաբար, այդ վիճակում ինձ գտան գյուղացիները, որոնք կորած էշ էին փնտրում, և փոխադրեցին մոտակա բնակավայրը, ուր տեղավորեցին գյուղական ծղոտածածկ տանիքով, ամբողջ ընտանիքի համար ձեղնահարկային սենյակներով ու ընդտանիքյա գեղեցիկ փոքրիկ պատշգամբով այն ցածրիկ, մեծ տներից մեկում, որոնց զարդարանքն են արկղերի մեջ աճեցվող վառվուն ծաղիկները և կատուները․ ներքնահարկում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակն էր, գոմից միջնապատով անջատված, իսկ բակում, լուսամուտների տակ վեհորեն ու տպավորիչ վեր էր խոյանում տան հպարտությունն ու հարստությունը՝ գոմաղբի կույտը։ Դուք, հավանորեն, նկատեցիք, որ դա տիպիկ գերմանական ֆրազ է, այն վկայում է, որ ես հաջողությամբ տիրապետում եմ այդ լեզվի մեխանիկային ու ոգուն և արդեն կարող եմ, մեկ անգամ թամբելով մի ֆրազ, նրանով, առանց իջնելու, գնալ ամբողջ օրը։
===Գլուխ երկրորդ===
Հասկանալի է, որ ամբողջ գիշերը ես տառապեցի, համենայն դեպս ես այդ կարող էի կռահել բոլոր նշաններից, բայց, վերջապես, գիշերն անցավ, և Քրիստոնեական գիտության քարոզչուհին հայտնվեց, ու ես գոտեպնդվեցի։ Նա միջին տարիքի էր, խոշորակազմ ու ոսկրոտ, տախտակի նման ուղիղ, մռայլ դեմք ուներ և ընդգծված ծնոտ, հռոմեական կտուց, և նա երրորդ աստիճանի այրի էր, նրան կոչում էին Ֆուլեր։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ գործի կանցնենք, որպեսզի որոշ թեթևություն զգայի, բայց նա ջղայնացնելու աստիճան դանդաղաշարժ էր։ Նա դուրս քաշեց գնդասեղները, արձակեց ճարմանդները, կոճգամերը և կոճակները ու մեկը մյուսի հետևից վրայից հանեց իր բոլոր թիկնոցները, ձեռքի մի թափահարումով ուղղեց դրանց ծալքերը և խնամքով կախեց բոլոր իրերը, հանեց ձեռնոցները, պայուսակից՝ գիրքը, այնուհետև աթոռը մոտեցրեց մահճակալիս ու անշտապ նստեց․ ես հանեցի լեզուս։ Նա ներողամտաբար, բայց սառն անտարբերությամբ ասաց․
===Գլուխ երրորդ===
Հեռակա և համատեղ բուժման մոգական ներգործությամբ ոսկորներս սկսեցին կամաց֊կամաց ներս քաշվել և անհետանալ։ Այդ բարի գործը սկսվեց արագ թափով և առաջ գնաց լրիվ ընթացքով։ Իմ մարմինը եռանդագին ձգվում էր և ամեն կերպ ճկվում, որպեսզի հեշտացներ վերականգնման պրոցեսը, և յուրաքանչյուր մեկ֊երկու րոպեն մեկ անգամ իմ մարմնում ինչ֊որ տեղ լսվում էր ցածրաձայն շրխկոց, և ես հասկանում էի, որ այդ պահին ջարդված ոսկրի երկու ծայրերը հաջողությամբ միանում են։ Թեթևակի խուլ շրխկոցը, ճռճռոցը, կրճտոցը և թխթխկոցը չէին դադարում հաջորդ երեք ժամվա ընթացքում, հետո ամեն ինչ լռեց, ջարդված բոլոր ոսկորները սերտաճեցին։ Մնացին միայն հոդախախտումները, դրանք յոթն էին ու ոչ ավելի՝ ազդրերի, ուսերի, ծնկների և վզի, այնպես որ դրանց հաշիվը շուտով մաքրվեց՝ դրանք մեկը մյուսի հետևից խուլ շրխկոցով սահում ընկնում էին իրենց տեղը, ասես ինչ֊որ տեղ խցան էր դուրս թռչում, և ես ոտքի ցատկեցի ամբողջովին նորացած, առանց մի վնասվածքի՝ եթե խոսքը վերաբերում է կմախքին, և մարդ ուղարկեցի ձիաբույժի հետևից։
===Գլուխ չորրորդ===
Ոչ ոչ չի տարակուսում, որ ոգին մարմնի վրա հսկայական ազդեցություն է գործում․ ես ևս դրանում հավատացած եմ։ Հին ժամանակներից ի վեր կախարդը, երազահանը, գուշակողը, հեքիմը, շառլատանը, ինքնուս բուժակը, կրթված բժիշկը, ոգեկոչողն ու հիպնոսողն իրենց պրակտիակայում օգտագործել են <b>հիվանդի երևակայությունը։</b> Նրանք բոլորն ընդունել են այդ ուժի առկայությունն ու զորությունը։ Բժիշկները շատ հիվանդների ապաքինում են հացի հաբերով․ նրանք գիտեն, որ այնտեղ, որտեղ հիվանդությունն առաջացել է երևակայության հետևանքով, բժշկի նկատմամբ հիվանդի հավատը հացի հաբերին էլ բուժիչ հատկություն կշնորհի։